Գրախանութ-գրադարան
+374 55 50 90 52 Սակագին՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM RU EN WA FR DE
Վերադառնալ գիրքի էջին
ԳԵՂԱՄԱ ԵՐԿԻՐ (պատմաաշխարհագրական ուսումնասիրություն) Արմեն Ղարագյոզյան
Էջ / 23
The text of this work is presented in the original language.

ԳԵՂԱՄԱ ԵՐԿԻՐ (պատմաաշխարհագրական ուսումնասիրություն)

Արմեն Ղարագյոզյան

Օնլայն Ընթերցում Էջ 1 / 23

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

Գեղամա երկիրն ընդգրկել է Սեւանա լճի արեւմտյան եւ հարավարեւելյան ափամերձ շրջանները: Երկրամասը հյուսիս-արեւելքից եզերվում է Արեգունի եւ Սեւանի լեռնաշղթաներով: Արեգունի լեռնաշղթան սկսվում է Սեւանի լեռնանցքից եւ տարածվում մինչեւ Քաշաթաղ լեռնագագաթը1: Այն ունի 56 կմ երկարություն, որի առանցքային մասն ունի 2400-2600մ բարձրություն: Քաշաթաղ եւ Հինալ լեռնագագաթների միջեւ ձգվում է Սեւանի լեռնաշղթան: Նրա լեռնակատարի բարձրությունը 2600-2800մ է: Առանձին գագաթներ (Քաշաթաղ, Քարխաչ, Սարինտ) հասնում են 2900-3370մ բարձրության: Լեռնաշղթայի հարավարեւելյան մասն ավելի բարձր է՝ Հինալ գագաթում հասնում է 3367մ, որից դեպի հարավ-արեւմուտք, 42 կմ երկարությամբ, տարածվում է Արեւելյան Սեւանի լեռնաշղթան: Նրա առավելագույն բարձրությունը Քեթի (Ծառասար) գագաթն է (3437մ):

Սեւանա լճի հյուսիսարեւմտյան ափի ուղղությամբ, 68 կմ երկարությամբ եւ 48 կմ լայնությամբ տարածվում է Գեղամա լեռնավահանը: Նրա առանցքում ջրբաժանի կենտրոնական մասը հասնում է մինչեւ 3000մ բարձրության: Լեռնավահանի կենտրոնական մասում գտնվում են ամենաբարձր խարամային կոները (Մազազ, Սեւկատար, Գեղմաղան, Նազելի, Աժդահակ): Դրանցից մի քանիսի խառնարանները լցված են ջրերով եւ առաջացել են լճակներ: Նշանավորն Ակնա լիճն է: Աժդահակից դեպի հարավ ընկած են ավելի քան 3000մ բարձրություն ունեցող Սպիտակասարը եւ Գեղասարը: Լեռնավահանի հյուսիսարեւմտյան մասում տեղադրված են մի շարք հրաբխային կոներ՝ Եռաթմբերը (Գութանաթումբ, Վեցկեսար, Արորակ), Մեծ եւ Փոքր Լճասարեր, Մենակսար, Գութանասար եւ այլն2: Արեւելյան Սեւանի լեռներից դեպի արեւմուտք՝ զուգահեռականին մոտ ուղղությամբ, ձգվում է Վարդենիսի լեռնաշղթան, որի ամենաբարձր գագաթի՝ Վարդենիսի բարձրությունը 3522 մ է3:

Էջ 1 ընդհանուր 23 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Բաժնեկցիլ Գիրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով