Գեղամա երկրի հին եւ միջնադարյան պատմության առանձին հիմնախնդիրներ լուսաբանված են մի շարք աշխատություններում: Սակայն երկրամասի վերաբերյալ եղած սուղ եւ կցկտուր տեղեկությունների ուսումնասիրությունը հնարավորություն է ընձեռել վերականգնել նրա տարբեր ժամանակահատվածների միայն առանձին դրվագներ: Այդ առումով որոշակի հետաքրքրություն են ներկայացնում աշխարհագրական անվանումները, որոնք արժանահավատ ու անգնահատելի սկզբնաղբյուրներ են եւ ունեն ճանաչողական մեծ արժեք: Անտարակույս է, որ նրանց համակողմանի քննության հիման վրա կարելի է հանգել ուշագրավ եզրակացությունների: Սակայն այդ անվանումների մեծ մասը ժամանակի ընթացքում ենթարկվել է զգալի փոփոխությունների, եւ այդ պատճառով պատմական շատ իրողություններ մնում են առեղծվածային: Այսուհանդերձ հին շերտը դեռեւս կորած չէ: Տեղանունների պատմահամեմատական վերլուծությունն զգալի չափով կարող է ընդլայնել մեր պատկերացումները տարածաշրջանի մասին՝ նպաստելով նրա հասարակական, տնտեսական, քաղաքական ու մշակութային առանձնահատկությունների վերականգնմանը: Նշված հիմնահարցերի լուծմանն է նվիրված սույն աշխատությունը:
Հեղինակը խորին շնորհակալություն է հայտնում պրոֆ. Ռ.Հ.Դալլաքյանին աշխատանքին ձեռագիր վիճակում ծանոթանալու եւ օգտակար դիտողություններ կատարելու համար: