Buchhandlung-Bibliothek
+374 55 50 90 52 Währung: AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM RU EN WA FR DE
Վերադառնալ գրքի էջին
Մի քանի րոպե մարդկանց մեջ Մարիամ Ամիրխանյան
Էջ / 2
The text of this work is presented in the original language.

Մի քանի րոպե մարդկանց մեջ

Մարիամ Ամիրխանյան

Օնլայն Ընթերցում Էջ 1 / 2

Երեկոյան Սեւանի մոտ լցակայանի հերթի մեջ ենք, մի փոքր հեռու մի խումբ մոլոկան կանայք են կանգնած: Բարձրահասակ են ու ձիգ մեջքով: Ժանյակներով գլխաշոր, երկար կիսաշրջազգեստ, երկարաթեւ բլուզ: Կաթնագույն, թույլ վարդագույն կամ երկնագույն երանգների մի փունջ: -Տեսնես, ինչո՞ւ պարսկուհիները բաց գույնի գլխաշոր չեն կապում, - բարձրաձայն մտմտում եմ ես, - նույն գլխաշորն է, նույն փակ հագուստը... բայց ո՞նց է, որ սրանք գեղեցիկ են, իսկ նրանց նայելիս լարվում ես` սեւն ու թուխը շատ է: Մեր հերթն հասնում է, ես մեքենայից իջնում, գնում եմ սպասասրահ: Անցնում եմ մի մեքենայի կողքով, մեջը անկապ հռհռացող լակոտներ են: Լցակայանի կրպակի վաճառողուհին` թմբլիկ մի աղջիկ անհավանական նեղ մի տաբատով ու շատ ձիգ բլուզով թիկնել է սրանց բաց պատուհանին` կլորիկ բարեմասնությունները դեմ արած մոլոկանների խմբին: Նրանց տղամարդիկ շուռ են եկել, կանայք ցածրաձայն զրուցում են: -Կյա՛նք, - ծորում է վաճառողուհին, - կյա՛նք, որ մյուս անգամ... "Մյուս անգամ"-ն էլ չիմացա, հասա սպասասրահին: Ներսում միայն մի պապիկ էր նստած: Բարձրահասակ, գեր, պատկառելի մի պապիկ: Շատ նման Սերժ Թանկյանի հայրիկին: Բաց դարչնագույն տաբատով, կոկիկ վերնաշապիկով, գեղեցիկ ձեռնափայտով: Արտակարգ գեղեցիկ եւ բավականին թանկարժեք սպորտային կոշիկներով: Նստեցի խորքում ու մտքումս այս պապիկի համար լեգենդ եմ հնարում` փորձելով որեւէ կերպ բացատրել նրա ներկայությունը ա՛յս սպասասրահի մեջ: Մի երկու րոպե չանցած ճնճղուկների պես ճտպտալով` ներս են ընկնում երկու անուշ, սիրուն, սեւ աչք-ունքով, ճեփ-ճերմակ հագ ու կապով երկու աղջնակ: -Պապի՛, մեզի դրամ տուր, հինգը հարյուր դրա՛մ: "Սիրիահայ են", -սիրտս մի տեսակ թռնում է: -Ինչո՞ւ հինգը հարուր, ահա՛ հազար, - բացում է պապիկն իր քսակը: -Չէ՛, պապի՛, մեզի ուրիշ դրամ պետք է, որ ավտոմատին անցքեն անցնի: -Ա՛հ, ահա՛, մեկը, երկուսը, երեքը...

Էջ 1 ընդհանուր 2 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Buch teilen

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով