ԱՌԱՋԱԲԱՆ
19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի հայոց ազատամարտի լուսաբանումն ամբողջական չի կարող լինել առանց բազմածալ այնպիսի մի խնդրի պարզաբանման, ինչպիսին նյութական միջոցների հարցն է: Կասկածի ենթակա չէ, որ ազգային, քաղաքական եւ քիչ թե շատ լուրջ ցանկացած այլ խնդրի հաջող լուծումը բացառվում է՝ առանց համապատասխան միջոցների համախմբման: Որեւէ քաղաքական կազմակերպություն, նախքան պայքարի մեջ մտնելը, իր համար նախ պետք է ճշգրտի ու հստակեցնի հետեւյալ հարցերը. որքա՞ն են հակառակորդի ուժերն ու հնարավորությունները, եւ ինչպե՞ս են ձեռք բերվելու իր հաջողությունն ապահովող անհրաժեշտ միջոցները: Եւ դա միանգամայն բնական է, քանզի ցանկացած քաղաքական ուժ միայն հակառակորդի եւ սեփական ուժերի խստիվ հաշվարկի հիման վրա կարող է մշակել իր մարտավարությունը: Ըստ որում, քաղաքական ուժերը միշտ չէ, որ խտրություն են դրել միջոցների հայթայթման հարցում: Քիչ չեն դեպքերը, երբ չբավարարվելով ներքին ռեսուրսներով, նրանք չեն խորշել նաեւ արտաքին, հաճախ կասկածելի, օժանդակությունից: Երբեմն նման աջակցությունը վճռորոշ է եղել՝ ապահովելով հարցի դրական լուծումը:
Բնական է, եթե ոչ ի սկզբանե, գոնե պայքարի գործընթացում նման հարցադրման առաջ են կանգնել նաեւ հայոց ազատամարտը ղեկավարող ազգային-քաղաքական ուժերը: Որքան էլ Օսմանյան կայսրությունը 19-րդ դարում կրում էր «հիվանդ մարդ» պիտակը, բայց եւ այնպես ուներ ռազմատնտեսական ահռելի ներուժ: Նրա դեմ պայքարում հաջողության գլխավոր երաշխիքներից մեկը կարող էր լինել մարդկային, ռազմական ու դրամական մեծ միջոցների հավաքագրումը: Եթե ասվածին հավելենք, որ նախորդ դարասկզբին հայ ազգային-քաղաքական ուժերն ամբողջովին մխրճվեցին հակացարական պայքարի ոլորտ եւ իրենց ուսերին տարան նաեւ հայ-թաթարական կռիվների ամբողջ ծանրությունը, ապա նման անհրաժեշտության առաջ կանգնելը միանգամայն բնական պետք է համարել:
Արդյո՞ք հայկական շարժումն ունեցավ իր արտաքին հովանավորները՝ ի դեմս «աջակից» պետությունների կամ քաղաքական ուժերի, ինչպես պնդում են թուրք պատմագիտության ներկայացուցիչները: Որքանո՞վ արտաքին ռազմական ու դրամական օժանդակության բացակայությունն ազդեց հայկական շարժման ընթացքի ու արդյունքների վրա: Որո՞նք էին հայոց ազատամարտի ֆինանսավորման ներքին՝ ազգային աղբյուրները: Որքանո՞վ այդ ռեսուրսների անբավարար լինելը կամ գրեթե բացակայությունն իրենց կնիքը դրեցին ազատամարտի մարտավարության վրա՝ պայմանավորելով քաղաքական ուժերի ոչ ցանկալի, երբեմն՝ նաեւ պարտադրված գործելակերպը: Արդյո՞ք կար բռնի դրամահավաքությունից խուսափելու այլընտրանքը: Ինչպիսի՞ք էին բռնի դրամահավաքության արդյունքները եւ հետեւանքները: Այս ու նմանատիպ այլ հարցադրումներն այսօր սոսկ հռետորական չեն եւ դրանց պատասխաններն էլ հետաքրքրություն են ներկայացնում: Եթե այս հարցերի մի մասի պարզաբանումը թելադրված է հայկական շարժման օրինականությունը կասկածի տակ դնող եւ այն վարկաբեկել փորձող ուժերի շինծու մեղադրանքները հերքելու անհրաժեշտությամբ, ապա մյուսների լուսաբանումն էլ թույլ կտա ընկալել հայ ազատամարտի որոշ նրբերանգներ, պարզել վերջինիս ուժեղ ու թույլ կողմերը, ժամանակի կոնկրետ պայմաններում նրա առջեւ դրված առանձին խնդիրների գրեթե անհաղթահարելիությունը, ինչպես նաեւ արձանագրել նրա որոշ արդյունքներ:
ԳԼՈՒԽ 1. ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՌԱԶՄԱ-ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ՍՏԵՂԾՄԱՆ
ՀՆԱՐԱՎՈՐ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
1.Արտաքին ֆինանսավորման հարցը
Մինչ հայոց ազատամարտի նյութական ապահովման իրական աղբյուրների հարցին անդրադառնալը, պարզաբանենք նրա արտաքին ֆինանսավորման հնարավորության խնդիրը, որը շարունակվում է շահարկվել թուրքական պատմագրության կողմից: Գաղտնիք չէ, որ 19-րդ դարի ազգային-ազատագրական շարժումների ծավալման գործում վճռորոշ է եղել արտաքին գործոնի դերակատարությունը: Այսպես, Օսմանյան կայսրության դեմ բալկանյան ժողովուրդների պայքարը հաջողությամբ է պսակվել՝ շնորհիվ բարեկամ պետությունների ու հասարակական որոշակի խավերի դիվանագիտական, ռազմական ու նյութական աջակցության: Անուրանալի են եվրոպական հասարակայնության եւ հատկապես Ռուսաստանի դերը Հունաստանի ազատագրման գործում: Աշխարհահռչակ գրող Բայրոնի նյութական օժանդակությունը եւ մասնակցությունը հույն ժողովրդի ազատագրման գործընթացին արտացոլում է ժամանակի առաջադեմ մարդկության մտայնությունն այդ հարցում: Շատ ավելի բացահայտ ու գործնական էր ռուսական աջակցությունը սլավոն ժողովուրդների՝ սերբերի ու բուլղարների ազատագրական պայքարին: Ռուսական պետությունը զենք, զինամթերք, դրամ ու զինվորական կադրեր էր տրամադրում, իսկ Ռուսաստանի սլավոնական կոմիտեներն իրենց հերթին նույն նպատակներով միջոցներ էին հանգանակում: Եթե 1830-1850-ական թվականներին այդ աջակցությունը համեստ էր ու սքողված, ապա 1863, 1867 եւ 1876 թվականների իրադարձությունների ժամանակ՝ ավելի քան ակնհայտ1: Ավելին, երբ Բեռլինի վեհաժողովից հետո, Բուլղարիայի մասնատման հետ կապված, համընդհանուր դժգոհություն էր տիրում բուլղարների միջավայրում, Բուլղարիայում ռուսական զորքի հրամանատար գեներալ Տոտլեբենի կարգադրությամբ 50000 հրացան տրամադրվեց բուլղարներին, ինչը վճռորոշ դեր խաղաց մի քանի տարի հետո երկրի խաղաղ միավորումն ապահովելու գործում2: Թեեւ ոչ նույն մասշտաբներով, բայց եւ այնպես, բուլղարական շարժմանն օժանդակություն է ցուցաբերվել նաեւ հարեւան Սերբիայի կողմից: Տարիներ անց, օսմանյան լուծը թոթափած Բուլղարիան իր հերթին օժանդակում էր մակեդոնական շարժմանը:
Այս համապատկերի վրա բնավ անտրամաբանական չէին կարող համարվել նմանատիպ զարգացումները նաեւ հայոց ազատամարտի համար: Հայկական հարցի շուրջ ստեղծվել էր մի իրավիճակ, երբ վերջինիս լուծումը բացառվում էր առանց արտաքին զորեղ աջակցության: Ըստ որում ակնկալվում էր Բեռլինի դաշնագիրը ստորագրած եթե ոչ բոլոր մեծ պետությունների, ապա գոնե Ռուսաստանի ու Անգլիայի համատեղ գործողությունները: Նման մտայնությունը բացատրվում էր ինչպես Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի նախորդ տասնամյակների քաղաքականությունը շարունակվելու տրամաբանությամբ, այնպես էլ Անգլիայի կողմից Բեռլինի վեհաժողովում 61-րդ հոդվածն իր ճաշակով ու շահերին համապատասխան ձեւակերպելու հանգամանքով եւ հետագայում հայկական բարենորոգումները գործադրված տեսնելու ցանկությամբ: Մերձավոր Արեւելքում անգլո-ռուսական շահերի անհամատեղելիությունը եւ երկու տերությունների փոխադարձ կասկածամտությունը, սակայն, բացառեցին այդ համագործակցությունը:
Ռուսական քաղաքականությունը Հայկական հարցում 1880-ական թվականներից սկսեց խոտորվել, իսկ 1890-ականների կեսերից դարձավ ընդգծված թշնամական: Դրանում իրենց դերը խաղացին եւ՛ նոր ազատագրված Բուլղարիայի «դավաճանությունը», եւ՛ ռուսական մերձավորարեւելյան քաղաքականության կտրուկ փոփոխությունը, եւ՛ Ռուսաստանի արտգործնախարար Լոբանով-Ռոստովսկու ակնհայտ անբարյացակամ դիրքորոշումը Հայկական հարցում, եւ՛ այլ հանգամանքներ: Ստեղծված պայմաններում, երբ բացակայում էր Ռուսաստանի դիվանագիտական եւ բարոյական օժանդակությունը, միամտություն կլիներ ակնկալել նրա ռազմական ու դրամական աջակցությունը: Որ Ռուսաստանը նյութապես չի աջակցել հայկական շարժման ծավալմանը, խոստովանել են անգամ այդ հարցում խիստ զգուշավոր ու կասկածամիտ անգլիացի դիվանագետները: Վկայակոչենք Վանի անգլիական փոխհյուպատոս Դեւեյին: 1889թ. ապրիլի 13-ին Վանի հյուպատոս Չերմսայդին հղված գաղտնի գրության մեջ, կտրուկ հերքելով Հայաստանի ու Բուլղարիայի խնդիրները նույնացնելու մտայնությունը, նա գրում է. «Հետ գնանք նախապատերազմյան Բուլղարիա: Առանց որեւէ կասկածի ռուսական դրամն ու գործակալներն ակտիվորեն օգտագործվում էին պատերազմին նախորդած 16-17 տարիների ընթացքում: Վանի հայերի շրջանում ռուսական ինտրիգներն անծանոթ եւ աներեւակայելի էին: Միայն 1880 թվականին էր, որ կարճ ժամանակի ընթացքում մի քանի գործակալներ են նշանակվել, որպեսզի դժգոհության ալիք բարձրացնեն եւ, հնարավոր է, որ փոքր չափի գումար է ծախսվել, բայց նման բան դրանից հետո չի լսվել»3:
Իհարկե, անգլիացի դիվանագետի վկայությունը վերաբերվում է մինչեւ 1889թ. եղած իրավիճակին, երբ Հայկական շարժումը նոր էր սկզբնավորվում: Բայց այն միանշանակ կարելի է տարածել նաեւ հետագա շուրջ երկու տասնամյակների վրա, քանի որ ռուսական քաղաքականությունը Հայկական հարցում գնալով դարձավ ավելի բացասական: Մյուս կողմից, իրավիճակը տիպական էր ոչ միայն Վանի վիլայեթի, այլեւ ամբողջ Արեւմտյան Հայաստանի համար, քանի որ հենց Վանի սահմանամերձ վիլայեթում պետք է դրսեւորվեր ռուսական առավել ակտիվությունը: Հետեւաբար, այդ տարիներին ոչ միայն բացառվում էր ռուսական զենքի ու դրամի մատակարարումը, այլեւ ռուսական իշխանություններն ամեն կերպ աշխատում էին փակել այն բոլոր հնարավոր աղբյուրները, որոնով կարող էր սնվել Հայկական շարժումը: Որպես վկայություն բերենք Կովկասի ոստիկանության դեպարտամենտի 1895թ. հուլիսի 4-ով թվագրված գրությունը. այն անհրաժեշտ էր համարում «...դադարեցնել դրամի ժողովարարությունները ռուսահայերի մեջ, արգելել զենքի եւ ռազմամթերքի հղումը Պարսկաստանի վրայով Թյուրքիա...»4:
Ռուսական իշխանությունները խիստ կասկածանքով էին վերաբերվում հատկապես Կովկասի Հայոց Բարեգործական Ընկերության եւ հայոց եկեղեցու գործունեությանը: Դրանք համարվում էին Հայկական շարժումը նյութապես ապահովող կարեւոր աղբյուրներ:
Կովկասի Հայոց Բարեգործական Ընկերության նկատմամբ սահմանվել էր ոստիկանական խիստ հսկողություն: Իշխանություններն Ընկերությանը մեղադրում էին իրական եկամուտները թաքցնելու, դրանք հեղափոխական կոմիտեներին տրամադրելու մեջ: Ժանդարմական վարչության առաջարկով 1899թ. միացյալ ընկերության գործունեությունը դադարեցվեց: Այն բաժան-բաժան արվեց առանձին ճյուղերի: Թեեւ նրա Բաթումի, Ալեքսանդրապոլի եւ այլ մասնաճյուղեր փակվեցին, բայց դրանից հետո էլ կասկածները չփարատվեցին: 1901թ. հարց բարձրացվեց դադարեցնելու նաեւ Թիֆլիսի Հայոց Բարեգործական Ընկերության գործունեությունը՝ այն հիմնավորմամբ, որ ընկերությունն իր եկամուտներն օգտագործում է Թուրքիայում տառապող եղբայրներին օժանդակելու համար5: Անշու՛շտ, խնդիրն այս պարագայում ոչ այնքան Հայկական շարժումը նյութապես ապահովելու գործում Կովկասի Հայոց Բարեգործական Ընկերության իրական դերակատարության որոշումն է, ինչը բնավ էլ դյուրին խնդիր չէ, որքան այդ երեւույթի նկատմամբ ռուսական իշխանությունների ծայրահեղ բացասական դիրքորոշման արձանագրումը:
Ցարական իշխանությունները կասկածից վեր էին համարում Ամենայն Հայոց կաթողիկոսի ու Էջմիածնի Սինոդի համակրանքը հայկական շարժման նկատմամբ: Նրանք նաեւ համոզված էին, որ եկեղեցին հայոց ազատամարտը նյութապես ապահովող գլխավոր աղբյուրներից մեկն է: Է. Ակնունին այսպես է բնութագրել այդ հարցում առկա մոլորությունը. «Կայ եւ մի այլ մոլորութիւն:- Այն, որ հայոց եկեղեցին՝ իր սպասաւորների միջոցով ամեն տարի անսպառելի դրամ է տալիս հայկական գործին եւ հանդիսանում է իբրեւ այդ քաղաքական շարժման նեցուկ եւ աջակից: Ցարի գործակալների անխախտելի համոզմամբ, տարի չէ անցնում, որ ամեն մի վանք եւ եկեղեցի իր միջոցներից բաժին չհանէ թիւրքահայերի դատին.- կաթողիկոսը տալիս է առնւազն կես միլիօն, սինօդականներից իւրաքանչիւրը՝ հարիւր հազար, թեմական առաջնորդը՝ յիսուն հազար, վարդապետներն ու քահանաները առնւազն հազար,- եւ այդ ահագին գումարը միլիօններ կազմած հոսում է ու հոսում դէպի Հայաստանի սահմանները, որտեղ զենքի ու ռումբի փոխւած, մուտք է գործում Վան, Մուշ, Սասուն մինչեւ իսկ Կ.Պոլիս եւ ստեղծում այն քաղաքական փոթորիկը, որ այնքան ուժգին սարսափ է տալիս գահերին ու գահակալներին: Այդ փողերով է, որ յեղափոխական լրագիրներ են տպագրում Եւրոպա, նրանց շնորհիւն է, որ ցոյցեր են կազմակերպում կովկասեան սահմանների վրայ, դրանով են ապրում յեղափոխական մարմիններն ու տերրօրիստները, դա է հնոցը բոլոր չարիքների»6: Որքան էլ Ակնունու խոսքերը հռետորական հնչերանգներ ունեն, իսկ նրա կողմից հիշատակվող գումարների չափերն էլ երեւակայական, այնուհանդերձ, պատկերացում են տալիս հայոց եկեղեցու կարողությունների ու դերի վերաբերյալ ռուսական կառավարող շրջաններում իշխող կարծիքի մասին: ԵՒ այդ չափազանցեցված պատկերացումներն ամենեւին էլ երկրորդական դեր չխաղացին 1903թ. հունիսի 12-ի օրենքի ընդունման գործում:
Ի դեպ, հայկական շարժման ֆինանսավորման գործում, Էջմիածնի ունեցած դերի մասին, գրեթե նույնպիսի պատկերացում ունի նաեւ ժամանակակից թուրք պատմաբանը: Նա, հենվելով 1895 թվականով թվագրված Օսմանյան արխիվային մի վավերագրի վրա, գրում է. «Օրինակ՝ Ռուսական Կովկասի Էջմիածնի հայ եկեղեցին 100000 ռուբլի է փոխադրել Բրիտանիա՝ զենք գնելու համար»7: Այն, որ 1895թ.՝ Հայկական հարցում Անգլիայի ակտիվության պայմաններում, Օսմանյան կառավարող շրջաններում նման կասկածներ կարող էին լինել, միանգամայն բնական է: Բայց տարօրինակ է, որ թուրք պատմաբանը դա լրջորեն կարող է պնդել նաեւ մեր օրերում, առանց նույնիսկ նեղություն տալու իրեն հարցնել, թե որքանո՞վ էր նպատակահարմար այդքան հեռվում զենք գնելը, կամ ի՞նչ եղան այն հազարավոր զենքերը, որոնք կարող էին ձեռք բերվել այն ժամանակ ամենեւին էլ ոչ համեստ այդ գումարով:
Կյանքը ցույց տվեց, որ ռուսական ու թուրքական շրջաններում լայնորեն տարածված այդ մտայնությունն ընդհանուր ոչինչ չուներ իրականության հետ: Նախ, հայ եկեղեցին չուներ այն հսկայական միջոցները, որոնց մասին հեքիաթներ էին տարածում նրա հակառակորդները: 1903թ. հունիսի 12-ի օրենքի գործադրումն ի հայտ բերեց այն պարզ ճշմարտությունը, թե իրականում որքան համեստ էին Էջմիածնի կարողությունները: Երկրորդ, հայոց հայրապետ Մկրտիչ Խրիմյանը, թեեւ անձամբ համակրում էր Հայկական շարժումը, ինչի վկայությունը նախորդ տասնամյակների նրա կենսագրությունն էր, իսկ հայ եկեղեցին էլ ուներ ոչ սակավաթիվ հայրենասեր գործիչներ, բայց եկեղեցին, ընդհանուր առմամբ, մնում էր որպես ցարիզմի կողմից վերահսկվող, խիստ պահպանողական համակարգ եւ ի զորու չէր նեցուկ դառնալ Հայկական շարժմանը:
Հայկական շարժումը ֆինանսավորողի կասկածյալների շարքում էր նաեւ Անգլիան: Իշխան Լոբանով-Ռոստովսկին ուներ այն թյուր համոզմունքը, թե հայ հեղափոխականները դրամական օգնություն են ստանում անգլիական կառավարությունից8: Ինչ վերաբերում է թուրք պատմաբաններին, ապա նրանք անգլիական օժանդակության վերաբերյալ ոչ միայն ակնարկներ են անում, այլեւ առանձին դեպքերում պարզապես ծայրահեղությունների մեջ ընկնում՝ մատնանշելով նաեւ սիոնիստական կազմակերպությունների ու մասոնական օթյակների եռանդուն դերակատարությունն այդ հարցում: Աբդուլ Համիդ 2-րդի ջատագով Մուստաֆա Թուրանը 1964թ. հրատարակված մի գրքույկում պնդում է, թե սիոնիստները սուլթանի վարչակարգը տապալելու համար իբր օգտագործել են Անգլիայի Էդուարդ 5-րդ եւ Շվեդիայի Գուստավ 5-րդ թագավորներին, որոնք մասոնական օթյակներում բարձր դիրքեր ունեին: Թուրանի ասելով Անգլիայի թագավորն իբր հայ հեղափոխականներին 13000 ոսկի է տրամադրել Օսմանյան դրամատան եւ դրանից առաջ Բաբ Ալիի դեպքերը ստեղծելու համար9: Թեպետ այդ պնդումը լուրջ չէ, այնուհանդերձ, հարկ ենք համարում դրա հետ կապված երկու դիտարկում կատարել: Նախ, նշված ձեռնարկները հայ երկու կուսակցությունների գործունեության արդյունք էին եւ, լավ իմանալով միմյանց նկատմամբ նրանց փոխադարձ վերաբերմունքը, լիովին պետք է բացառել համատեղ հանդես գալն այդ հարցում: Երկրորդ, ՀՅԴ Թիֆլիսի Բյուրոյի, «Դրոշակ» թերթի խմբագրության եւ Կ.Պոլսի դաշնակցական գործիչների ամիսներ տեւած աշխույժ գրագրությունից ակնհայտ երեւում է, որ Օսմանյան դրամատան գործողության համար անհրաժեշտ միջոցները ձեռք են բերվել Կովկասի ու Բալկանների հայկական միջավայրում արված ժողովարարության արդյունքում:
Ճշմարտության դեմ մեղանչած չլինելու համար արձանագրենք, որ 1890-ականների զանգվածային ջարդերի ժամանակ, կարոտյալ հայերին օգնելու նպատակով, Անգլիայում ստեղծված Վեստմինիստրի դքսի կոմիտեն դրամական գլխավոր օժանդակությունը ցույց տվեց 100000 հայերի սովից փրկելու համար, իսկ անհատ անգլիացիների տրամադրած գումարներով օթեւան ստացան հարյուրավոր որբեր10: Բայց այդ ամենը բնավ էլ դրամական եւ ռազմական օժանդակություն չէր հայոց ազատամարտին: Համենայն դեպս, չկա որեւէ փաստ, որը վկայեր հայկական շարժումը զինելու գործում Անգլիայի նյութական մասնակցության օգտին:
Ամփոփելով, արձանագրենք, որ 1890-ականներին Անգլիան Հայկական հարցին ցուցաբերած դիվանագիտական աջակցությունից այն կողմ չգնաց, իսկ 1890-ականների վերջերից հայկական խնդիրների նկատմամբ նրա վերաբերմունքն ակնհայտ կրավորական դարձավ:
Անդրադառնանք նաեւ եվրոպական առանձին պետությունների կամ նրանց հասարակայնության կողմից հայկական շարժման հանդեպ ցուցաբերած աջակցության մասին թուրք հեղինակների ակնարկներին11: 1890-ականների կեսերին՝ զանգվածային ջարդերի ծանր տպավորության ներքո, քաղաքակիրթ աշխարհում ձեւավորվեց համակրանք հայերի ու Հայկական հարցի նկատմամբ: Բազմահազար որբերի եւ անօթեւան մարդկանց կարիքները հոգալու նպատակով հանգանակություններ կազմակերպվեցին: Մեկ տարում մեկ միլիոն ֆրանկ հավաքվեց Շվեյցարիայում, մինչեւ 1897թ. շուրջ մեկ միլիոն ֆրանկ ժողովվեց Ֆրանսիայում Օ. Շարմետանի եւ այլոց ջանքերով: Նույն ժամանակ ավելի քան մեկ միլիոն մարկ հանգանակվեց Եոհ. Լեփսիուսի կողմից: Համեմատաբար պակաս չափերով միջոցներ հանգանակվեցին նաեւ Ռուսաստանում եւ այլ երկրներում12: Այդ եւ հետագա տարիներին հանգանակված գումարներն օգտագործվեցին բացառապես որբերի, անօթեւանների ու սովյալների հրատապ կարիքները բավարարելու, բայց ոչ երբեք հայկական շարժմանը նյութապես աջակցելու համար: Ինչ վերաբերում է այլազգի համակիրներին, ապա Հայկական շարժման նկատմամբ նրանց համակրանքը պլատոնականությունից այն կողմ չանցավ: Հայկական շարժումը, ցավոք, չունեցավ իր բայրոնները:
Պետք է արձանագրել, որ հայ քաղաքական ուժերն ազատագրական պայքարի ֆինանսավորման հետ առնչվող հարցերում կարողացան զերծ մնալ մի արատավոր երեւույթից: Այսօր արդեն գաղտնիք չէ, որ Ռուսաստանում գործող ազդեցիկ հեղափոխական կուսակցություններից շատերն ուղղակի կամ միջնորդավորված դրամական օժանդակություն են ստացել Ռուսաստանի հակառակորդ պետություններից՝ Ավստրիայից, Գերմանիայից, Ճապոնիայից եւ այլն: Դրանից չեն խորշել ոչ միայն վրացի, ուկրաինացի, ֆինն, լեհ հեղափոխականները, այլեւ առավել ամենաազդեցիկ ու հեղինակավոր համարվող եւ «հեղափոխական բարձր սկզբունքներ» դավանող սոցիալ-դեմոկրատներն ու սոցիալիստ-հեղափոխականները: Մասնավորապես, պահնորդական բաժանմունքը հավաստի փաստեր ուներ այն մասին, որ սոցիալիստ-հեղափոխականները, ֆինն հեղափոխականների միջոցով, դրամ են ստացել Ճապոնիայից, դրանով զենք գնել՝ Ռուսաստան փոխադրելու եւ ցարիզմի դեմ պայքարելու համար: Այդ համապատկերի վրա դրական պետք է գնահատել այն, որ պահնորդական բաժանմունքի արխիվներում նման որեւէ փաստ չկար՝ ի վնաս հայ ազգային կուսակցությունների13:
Այսպիսով, Օսմանյան, ապա նաեւ Ռուսական կայսրությունների դեմ ծավալված հայկական շարժումը, հանգամանքների բերումով, զուրկ մնաց դրամական ու ռազմական արտաքին օժանդակությունից: Միանշանակ դրական գնահատել այդ հանգամանքն, իհարկե, չի կարելի: Ռուսաստանի ու Անգլիայի կողմից համատեղ կամ նրանցից որեւէ մեկի կողմից առանձին ցուցաբերված ֆինանսական ու զինական արդյունավետ աջակցությունը միանգամայն այլ հեռանկար կապահովեր օսմանյան լծի դեմ մղվող հայ զինյալ պայքարին: Այս պահին մեզ մնում է միայն արձանագրել. հայ ազատագրական շարժման ֆինանսավորման եւ զինական օգնության գործում արտաքին օժանդակությունն իսպառ բացակայում էր:
2.Ներքին աղբյուրները
Հայությանը մնում էր սեփական ուժերով լուծել հայոց ազատամարտը նյութապես ապահովելու դժվարին խնդիրը: Իդեալականն այդ պարագայում կլիներ այն, որ հարցի լուծմանը հայությունը ձեռնամուխ լիներ ազգովի: Հայրենիքի ազատագրման գործին իրենց նյութական օժանդակությունը կբերեին Ռուսաստանում, Պարսկաստանում ու գաղթավայրերում ապրող հայերը եւ, ինչու ոչ, նաեւ արեւմտահայությունը: Համամասնաբար իրենց ներդրումը կկատարեին հայ դրամատերն ու արդյունաբերողը, պետական աստիճանավորն ու հոգեւորականը, մտավորականն ու առեւտրականը, գյուղացին ու բանվորը: Ազգային տուրքի ժողովման կատարյալ ու համապարփակ համակարգի ստեղծումն անկասկած լայն թափ կհաղորդեր հայկական շարժմանը, պայքարը ղեկավարող քաղաքական ուժերին ետ կպահեր չմտածված կամ հապճեպ կատարված հարկադրական քայլերից, հնարավորություն կտար եթե ոչ ամբողջովին, գոնե մասամբ չեզոքացնել այն անբարենպաստ պայմանները, որոնցում ընթանում էր հայկական շարժումը: Բայց իրական կյանքում իդեալական տարբերակներ չեն լինում, չեղան նաեւ հայկական շարժումը նյութապես ապահովելու հարցում:
Հայկական շարժումը, սկզբնավորման պահից, մեծ սպասելիքներ ուներ հատկապես հայ մեծահարուստներից: Հայտնի է, որ հասարակության այս շերտն իր հայրենանվեր վառ ներկայացուցիչներն ունեցավ Բալկանյան ժողովուրդների ազատագրական պայքարի ընթացքում: Այդ առումով առանձնացել է հատկապես հունական հեղափոխությունը: Հայտնի է, որ 1824-1825թթ. հունական ապստամբության ժամանակ եղան երկու հույն մեծահարուստներ, որոնցից մեկը հայրենիքի ազատագրման գործին տրամադրեց կես միլիոն ոսկի ֆրանկ, մյուսը՝ մեկ միլիոն ֆրանկ14: Հույն մեծահարուստ Ավերովն իր գրեթե ամբողջ կարողությունը նվիրաբերեց հայրենիքի ազատագրության գործին15:
Եվրոպական ժողովուրդների 19-րդ դարի ազատագրական շարժումների օրինակով դաստիարակված հայ հեղափոխականները, բնականաբար, ակնկալում էին նմանատիպ զոհողություն հայ մեծահարուստներից: 1890-ականների սկզբներին, երբ հայկական շարժումն իր առաջին քայլերն էր անում, եւ ռոմանտիկ պատկերացումներ կային դրա հնարավոր չափերի ու Հայկական հարցի շուտափույթ լուծման հեռանկարների մասին, ռուսահայ ունեւոր խավը դրսեւորեց ոգեւորության որոշ նշաններ՝ հավանաբար բաժին ակնկալելով ապագա հաղթանակի դափնիներից: Նրա առանձին ներկայացուցիչներ բացեցին քսակները եւ դրամական օժանդակություն ցուցաբերեցին «Սուրբ գործին»: Հնչակյան ակունքներից եկող որոշ վկայություններ կան այն մասին, որ հայ մեծահարուստների «առատաձեռնությունը» հատկապես դրսեւորվել է հայոց ազատամարտի երկու դրվագների հետ կապված: Դրանցից առաջինը եղել է 1890թ. Գում Գափուի ցույցից հետո, իսկ երկրորդը՝ Սասունի 1894թ. դեպքերի ժամանակ16: Թե որքան էր այդ նվիրատվությունների չափը, սոսկ կռահումներ կարելի է անել: Կուսակցությունների գաղտնապահությունը, նրանց գործունեության առաջին տարիներին դրամական հաշվեմատյանների բացակայությունը, նվիրատուների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը եւ այլ հանգամանքներ հարկադրաբար փակի տակ են պահել դրա վերաբերյալ տեղեկատվությունը եւ թույլ չեն տալիս լիարժեք պատկերացում կազմել առաջին մի քանի տարիներին հայոց ազատամարտին նվիրաբերված գումարների չափի մասին: Այնուհանդերձ, այդ տարիների առանձին ակտիվ գործիչների կողմից ավելի ուշ տպագրված հուշագրությունների աղքատիկ տեղեկությունները հիմք չեն տալիս խոսելու մեծ գումարների մասին: Հնչակյան գործիչներից Ռուբեն Բերբերյանը, օրինակ, վկայում է, որ Մոսկվայի Ժամհարյան նշանավոր դրամատան տերերից Յ. ժամհարյանը, բանաստեղծ Ս. Շահազիզի խնդրանքով, իր տանը 1891թ. կազմակերպել է հավաքույթ՝ հնչակյան կուսակցության օգտին դրամի ժողովարարության նպատակով: Իսկ դրանից կարճ ժամանակ անց նա 1500 ռուբլի է տրամադրել ՀՅԴ գործիչ, ապագա գնդապետ Մ. Սամարցյանին՝ Տուլայում Հայկական շարժման համար զենք գնելու նպատակով17: Իհարկե, նման օրինակներ եղել են նաեւ Թիֆլիսի, Բաքվի, Պետերբուրգի եւ Ռուսաստանի հայաբնակ այլ կենտրոնների հայ մեծահարուստների շրջանում: Դրանով հանդերձ, հայ մեծահարուստների միջավայրը չունեցավ իր ավերովները:
Երբեմն-երբեմն փշրանքներ նետելով հայկական շարժմանը՝ ռուսահայ ունեւոր խավը մեծամասամբ մնաց կրավորական դիտորդի դերում՝ պատրաստ ուրախանալու շարժման հաջողություններով, բայց նաեւ դատափետելու նրա սխալները, իսկ անհաջողությունների դեպքում՝ իրեն հնարավորինս հեռու պահելու նրանից: «Բաքուն, մի անսպառ վոսկեհանք Մանթաշյանների, Ղուկասյանների եւ նրանց նման շատերի համար,- գրում է Լեոն,- մի անպտուղ ու անջրդի - անապատ էր այն գործի համար, վոր առաջ էր տարվում Բալախանու, Սեւ-Քաղաքի հալումաշ բանվորների գրոշներով»18: Այս գնահատականը միանշանակ կիրառելի էր ռուսահայ ողջ իրականության համար:
Դրական հատկանիշներով, առավել եւս, չի փայլել արեւմտահայ ունեւորը: Վերջինիս սպառիչ ու սպանիչ բնութագիրը տվել է ծագումով արեւմտահայ Մալխասը. «Հազուագիւտ բացառութիւնները մէկդի թողելով, պէտք է ըսեմ, թէ Թուրքիոյ հայ հարուստները խիստ եսասէր, խանձուած հոգիով, բացարձակապէս անարժէք հաւաքականութիւն մը կը ներկայացնէին: Ամբողջովին կլանուած խանութպանական հաշիւներով՝ անոնք ոչ կը հետաքրքրուէին հայ ժողովուրդով եւ ոչ ալ ազգային իտէալ մը զիրենք մտածել կուտար: Հայը որքան հարստացած՝ այնքան մեկուսացածէ հայ իրականութենէն... Մինչդեռ... Վասպուրականի, Տարօնի, Էրզրումի, Տրապիզոնի նահանգներու հայ ժողովուրդը նիւթական իր ողորմելի միջոցներով կ'աշխատէր զինուիլ ամէն գնով, մեր մեծապատիւ ունեւորները, իրենց ճարպացած քսակները բոլորովին անմատչելի դարձուցին նման բանի մը համար, մինչեւ որ համազգային ահաւոր աղէտը վրայ հասաւ, երբ մենք անպատրաստ գտնուեցանք: Եւ, ո՜վ հեգնանք, բոցավառուած Իզմիրի մէջ փճացան բազմաթիւ վաճառականական մեծ տներ, որոնցմէ մէկուն կէս կարողութեամբ իսկ կարելի էր զինել նահանգի մը հայութիւնը»19:
Դաժան, բայց միանգամայն արդարացի գնահատական:
Որպեսզի հայ մեծահարուստների մասին ասվածը սոսկ հռետորական չհնչի, խոսենք փաստերով: Քրիստափոր Միքայելյանի վկայում է, որ մինչեւ 20-րդ դարի սկիզբը ընդամենը մի դեպք է եղել, երբ հայ մեծահարուստը համեմատաբար մեծ գումար՝ 25000 ֆրանկ է տրամադրել՝ հայոց ազատամարտի համար զենք ձեռք բերելու համար20: Թեեւ, հասկանալի պատճառներով, նա չի նշում նվիրատուի անունը, բայց, կարծում ենք, խոսքը վերաբերում է Բեսարաբիայի հարուստ կալվածատիրոջ այրի տիկին Անուշին: 1891թ. ժամանելով Ժնեւ, նա զենք գնելու համար «ի յիշատակ իր հանգուցեալ ամուսնոյն եւ յօգուտ ազգային գործին» Հնչակյան կուսակցության տրամադրության տակ դրեց 10000 ռուբլի: Դա այն ժամանակ գրեթե հավասարազոր էր 25000 ֆրանկին կամ 1000 անգլիական ոսկուն: Տիկին Անուշը խոստանում էր ավելի մեծ գումար հատկացնել առաջին ձեռնարկի հաջողության դեպքում: Այդ ժամանակ զենքի հայթայթման եւ Արեւմտյան Հայաստան փոխադրելու մեխանիզմները դեռեւս նոր էին մշակվում: Մասնավորապես, չկային հստակ պատկերացումներ փոխադրման ուղիների վերաբերյալ: Այդ եւ այլ հանգամանքների հետեւանքով ձեռնարկը հաջողությամբ չպսակվեց: Ավստրիայում գնված եւ մեծ դժվարություններով Հունաստան փոխադրված շուրջ 700 հրացանների չնչին մասը հասավ իր նպատակին21:
Նպատակ չունենք ներկայացնել տիկին Անուշի միջոցներով գնված զենքը երկիր փոխադրելու ոդիսականի մանրամասները: Միայն արձանագրենք, որ ոչ մի մեծ գործ համատարած հաջողությունների շարունակական շղթա չի կարող ներկայացնել: Նկատի ունենալով գործի նորությունը եւ այն կազմակերպելու դժվարությունները, թերեւս ներելի, գուցե նաեւ ուսանելի կարելի է համարել այդ ձախողումը: Բայց, ըստ երեւույթին, դա չներվեց նման հարցերում առանց այն էլ խիստ զգուշավոր հայ մեծահարուստների կողմից: Ավելի ուժեղացավ նրանց կասկածամտությունը թե՛ հայկական շարժման հնարավորությունների, թե՛ այն ղեկավարող ուժերի ունակությունների վերաբերյալ: Անշուշտ, դա բացատրություններից մեկն է, թե ինչու տիկին Անուշի օրինակը ամենեւին վարակիչ չդարձավ ունեւոր հայության համար: Անգամ բարեգործի համբավ ունեցող հայ մեծահարուստները զգուշորեն խուսափում էին այդ գործին մասնակցելուց: Նման համապատկերի վրա սարկազմով պետք է ընկալել Թիֆլիսի նահանգային Ժանդարմական վարչության պետ, գեներալ Դեբիլի զեկուցագրի ստորեւ բերվող տողերը. «Յեթե այդ կուսակցությունները այնքան հարուստ եւ հզոր չլինեյին (խոսքը 1890-ականների կեսերի մասին է - Հ.Գ.), ապա... չեյին կարող կազմակերպել բազմամարդ զինված հրոսակախմբեր, թվով մի քանիսը մինչեւ 1000 հոգի, չեյին հաջողիլ նրանց ապստամբության տեղը հասցնել՝ չնայած ռուս կառավարության ձեռք առած միջոցների ու հսկողության: Այդ կուսակցությունների շարքերում գտնվում են բանկիրներ եւ շատ ունեվոր (ընդգծումները մերն են - Հ.Գ.) ու տարիքով ինքնուրույն մարդիկ...»22:
Մի կողմ թողնելով 1000 հոգանոց զինված հրոսակախմբերի մասին հեքիաթները, որոնց մասին խոսելն իսկ այսօր ծիծաղելի կլիներ, քննության առնենք կուսակցությունների հարստության ու հզորության մասին վարկածը՝ դրան պատասխանելու իրավունքը վերապահելով այդ հարցին քաջատեղյակ Ռուբեն Բերբերյանին: «Յեղափոխական կուսակցութիւնների գանձարանը,- գրում է նա,- ինչ որ էլ պատմեն չարակամ կամ տգէտ առասպելները, շատ քիչ անգամ միլիոններ տեսաւ. փշրանքներ էին որ ժողուվում էին աշխարհի չորս մասերից եւ գանձանակի յատակը չընկած արդէն ծախսւում էին հարիւր տեսակ պէտքերի համար: Մինչդեռ Հայ Յեղափոխական գործը ոչ թէ միլիոնների, այլ տասնեակ միլիոններ կարիք ունէր միշտ...»23:
Հեղափոխական կուսակցությունների աղքատիկ գանձարկղի մասին է վկայում նաեւ նրանց հանդեպ ոչ միշտ անաչառ Լեոն24: Ինչ վերաբերում է հայկական շարժմանը բանկիրների եւ շատ ունեւոր մարդկանց մասնակցության հարցադրմանը, ապա ժամանակին դրա ամենեւին էլ ոչ հաճելի, բայց օբյեկտիվ պատասխանը տվել է Քրիստափոր Միքայելյանը՝ «Պատմական չարիք» հոդվածում. «Հազարաւոր անհատներ կարելի է գտնել հայերիս մէջ, որոնցից իւրաքանչիւրը կարող էր ամբողջ նահանգներ զինել Տաճկահայաստանի մէջ: Դուրս եկա՞ւ գոնէ մէկը:
Հազարաւոր նիւթապես ապահով հայեր Հնդկաստան, Անգլիա, Ամերիկայ, Աֆրիկայ, ջահանամ են գնում՝ ով գիտէ ինչ դժոխային միջոցներով՝ իրենց ունեցածը աւելացնելու համար, բայց եւ ոչ մէկը չգտնւեց, որ այսպիսի մի անսովոր պատմական դժբախտութեան օրերում (նկատի ունի 1894-1896թթ. զանգվածային ջարդերը - Հ.Գ.) տեղիցը շարժւեր հասարակօգուտ ոեւէ ձեռնարկի համար: Եւ այս ոչ միայն հին սերնդի ներկայացուցիչների մէջ, այլեւ երիտասարդ դրամատերերի շրջանում, որոնք ունեն եւ ուսում, եւ զարգացում ու երբ սկսում են խօսել հասարակական գործունէութեան եւ ժողովրդի շահերին ծառայելու անհրաժեշտութեան վրայ, Գլադստօններ ու Լասսալներ պետք է գերեզմաններից կանչւեն նրանց հետ մրցելու համար...
Մենք ունենք հազարաւոր հայեր, որոնցից իւրաքանչիւրը կարող էր նոյնքան մարդ կերակրել, նոյնքան որբանոցներ հիմնել, որքան այդ արւեց մի քանի ազգերից ժողովւած դրամներով, բայց դու՞րս եկաւ այդպիսի մեկը: Յայտնի է, որ միակ մի Ջանշեան, ծագումով միայն հայ, իսկ կրթութեամբ կէս վրացի, կէս ռուս, իր անձնական աշխատանքով աւելին արեց հայ մանուկների համար, քան մեր «ազգասէր» հարուստները»25:
Ասվածից հետո մնում է մեկ անգամ եւս ցավով արձանագրել, որ հայկական իրականությունը ոչ միայն չունեցավ իր ավերովները, այլեւ ազգային միջավայրից դուրս եկած լեփսիուսներն ու շարմետանները: Մեզ կարող են առարկել՝ բերելով առանձին մեծահարուստ հայերի կողմից հօգուտ աղետյալ հայրենակիցների կատարած նվիրատվությունների փաստեր: Դրան պատասխանում ենք, որ մի քանի հարյուր կամ հազար ռուբլու չափով կատարած այդ մուծումները բնավ չէին կարող եւ չամոքեցին աղետյալ հայության բազմաբնույթ պահանջները: Դրանք, սակավ բացառություններով, ավելի շատ հայ մեծահարուստների վարկանիշը պահելու նպատակ էին հետապնդում:
Մինչեւ 20-րդ դարի սկիզբը հայոց ազատամարտը նյութապես ապահովելու հոգսն առավելապես ընկած էր հայ ոչ ունեւոր խավերի վրա: Դրամը ձեռք էր բերվում ամենատարբեր ուղիներով: ՀՅԴ աչքի ընկնող գործիչներից Սարգիս Օհանջանյանը (Ֆարհատ) իր հուշերում այսպես է ներկայացնում 1890-ականների կեսերին այդ հարցում գոյություն ունեցող իրավիճակը. «Պէտք է ասել, որ սկզբնական շրջանում մեր կազմակերպութեան միջոցները շատ ողորմելի էին: Խմբերի անդամավճարներ, երբեմն-երբեմն սահմանափակ համակրողների շրջանում միանուագ հանգանակութիւն եւ շա՜տ հազուագիւտ դէպքերում կամաւոր նուէրներ: ...«Աւետիս ման գալու» (ամանորը շնորհավորելու նպատակով տնետուն շրջելը եւ դրա դիմաց դրամական չնչին վճարներ ստանալը - Հ.Գ.) նման աննշան միջոցը կազմում էր կազմակերպութեան մուտքի մշտական աղբիւներից մէկը»26: Այն, որ ՀՅԴ Պարսկաստանի կազմակերպության ղեկավար գործիչներից մեկը Թիֆլիսում «ավետիս» ման գալով 93 ռուբլու չափ մի աննշան գումար է վաստակել իր կուսակցության համար, վկայում է, թե ինչ մեծ դժվարությամբ եւ կաթիլ-կաթիլ էին ժողովվում հայոց ազատամարտի համար կենսական միջոցները: Եթե միջոցների ձեռք բերման վերը թվարկված աղբյուրներին հավելենք նաեւ կամավոր վճարվող տուրքերը, հանդեսների, երեկույթների, ներկայացումների ժամանակ ստացված եկամուտները, կազմակերպված վիճակախաղերը, աշակերտության շրջանում դրամի ժողովարարությունները, հեղափոխական գրականության եւ անգամ հայ հեղափոխականների նկարների վաճառքից հավաքվող գումարները, ապա երեւի թե թվարկած կլինենք հայոց ազատամարտի համար ժողովվող միջոցների հիմնական աղբյուրները: Հայ գրողն ու մտավորականը, ուսուցիչն ու աշակերտությունը, ուսանողն ու գաղափարական օրիորդը, բանվորը, արհեստավորն ու գյուղացին՝ ահա հասարակության այն շերտերը, որոնց ուսերին էր գերազանցապես ծանրացած հեղափոխության գանձարկղը համալրելու դժվարին, գրեթե սիզիփոսյան խնդիրը: Այդ գործը տարվում էր ամենուր՝ Կովկասում ու Պարսկաստանում, Բալկաններում ու եվրոպական այլ երկրներում, ԱՄՆ-ում ու Եգիպտոսում եւ այլուր: Գրոշ առ գրոշ հավաքվող այդ գումարները թեեւ վկայում էին հայ ազատամարտի բարոյական բարձր վարկանիշի եւ դրանք ժողովող անհատների անսահման հայրենասիրության ու անձնվիրության մասին, բայց միանգամայն անբավարար էին շարժման հարաճուն պահանջները բավարարելու համար:
Թե ինչ չափերի են հասել այդ եղանակով հավաքվող գումարները, միայն մոտավոր կարելի է պատկերացնել: Բանը նրանում է, որ մինչեւ 1890-ականների կեսերը, երբ դրամի ժողովարարությունը համեմատաբար ակտիվ է եղել, կուսակցությունները որեւէ հաշվետվություն չեն ներկայացրել: Համենայն դեպս դրանք առայսօր չեն հրապարակվել: Հնչակյանները մշտապես շրջանցել են այդ թեման: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա մեր ձեռքի տակ եղած ամենավաղ հաշվետախտակը, որը թույլ է տալիս քիչ թե շատ պատկերացում կազմել հարցի մասին, թվագրվում է 1895թ. առաջին կիսամյակով եւ սահմանափակվում միայն ռուսական կայսրության տարածքով: Այդ հաշվետախտակից երեւում է, որ 1895թ. առաջին կիսամյակում ՀՅԴ Ռուսաստանի կազմակերպությունները, ներառյալ Անդրկովկասը, որպես մուտք ունեցել են 35767 ռուբլի, որից 8501 ռուբլին ստացվել էր անդամավճարներից, 4430 ռուբլի՝ ներկայացումներից, համերգներից եւ «ավետիսներից», 13565 ռուբլի՝ հանգանակություններից ու նվիրատվություններից: Փաստորեն գումարների առյուծի բաժինը ստացվել է վերը նշված ուղիներով: Ըստ որում, հաշվետախտակից հատկապես նկատելի է Բաքվի բանվորության դերակատարությունը, ինչը շարունակվեց նաեւ հետագա տարիներին27: Եթե հիմք ընդունենք ՀՅԴ աչքի ընկնող գործիչ Հովսեփ Թադեւոսյանի այն պնդումը, թե ՀՅԴ 2-րդ ընդհանուր ժողովին նախորդած տարիներին «...ռուսահայերի նիւթական օժանդակութիւնը կազմել է... մեր կազմակերպութեան տարեկան բիւդջեի առնուազն 2/3 մասը...»28, ապա ՀՅԴ 1895թ. հաշվեկշռի մուտքային մասը, ներառյալ նաեւ Ռուսաստանից դուրս եղած կազմակերպություններինը, կարող էր կազմել մոտավորապես 100.000-110.000 ռուբլի: Կարծում ենք դա իրականությանը միանգամայն մոտ թիվ է: ՀՅԴ Արեւելյան բյուրոյի 1899թ. հունվարի ժողովի նյութերը թույլ են տալիս նաեւ մոտավոր պատկերացում կազմել, թե 1890-ականների սկզբների բարենպաստ համարվող տարիներին ի՞նչ մուտք է ունեցել դաշնակցությունը: Այդ փաստաթղթում արձանագրված է. «...Ընդհանուր Ժողովի ծրագրած կեդրոնացումները ամենանուազագոյն մինիմումի չափով հնգապատիկ աւելի նիւթական միջոցների են կարօտ քան Դաշնակցութեան ամենայաջող տարիների մուտքի գումարը»29: Քանի որ կենտրոնացման երեք եւ կիսակենտրոնացման մեկ շրջանի համար նախատեսվել էր 700.000 ռուբլի բյուջե, հետեւաբար 1890-ականների սկզբներին ՀՅԴ-ն իր տրամադրության տակ լավագույն դեպքում ունեցել է տարեկան 140.000 ռուբլի, ինչն ամենեւին էլ մեծ գումար չէր իր կազմակերպական կառույցները նոր-նոր ստեղծող կուսակցության համար: Այդ տարիներին իր տրամադրության տակ եղած միջոցներով շատ ավելի հարուստ չի եղել նաեւ հնչակյան կուսակցությունը: Չնայած, վերջինիս պարագայում անգամ մոտավոր կռահումներ անել հնարավոր չէ՝ հրապարակի վրա փաստերի բացակայության պատճառով:
1890-ականների կեսերից դրսեւորվեցին կուսակցությունների մուտքերի նվազման միտումներ: Դարավերջին իրական մուտքերը մի քանի անգամ կրճատվեցին՝ հասնելով նվազագույն չափերի: Դա պայմանավորված էր այն բանով, որ հայ ունեւոր խավը ջարդերի, ձախողումների եւ շարժման դժվարությունների ազդեցության ներքո հրաժեշտ տվեց նախկին ռոմանտիզմին՝ զլանալով տրամադրել անգամ նախկինում տրվող չնչին գումարները: Թեեւ հարկ է խոստովանել, որ միջոցների պակասն իրեն զգացնել է տվել նաեւ նախկինում:
Ազատագրական պայքարը ղեկավարող ուժերն առաջին տարիներին փորձում էին այդ բացը լրացնել՝ որդեգրելով քիչ միջոցներով համեմատաբար մեծ արդյունքի հասնելու գործելակերպ: Վերջինս թելադրված էր այն իշխող մտայնությամբ, թե հայկական շարժման առջեւ դրված գլխավոր խնդիրը ցուցական բնույթի ելույթներով միջազգային հանրության ուշադրության հրավիրումն է, ինչը, ենթադրաբար, պետք է հանգեցներ շահագրգիռ պետությունների արագ միջամտությանը եւ հայանպաստ որոշումների ընդունմանը: Այս տեսանկյունից պետք է դիտարկել 1890թ. Գում Գափուի եւ 1895թ. Բաբ Ալիի ցույցերը Կ.Պոլսում: Բուն Արեւմտյան Հայաստանում ընդհանուր ապստամբություն կազմակերպելու համար բավարար միջոցներ չունենալով, հնչակյաններն այնտեղ կիրառեցին լոկալ ապստամբությունների գործելակերպը՝ պարզապես հույս դնելով Սասունի կամ Զեյթունի հայության զինական ավանդույթների վրա: Միաժամանակ, Կ.Պոլսում եւ կայսրության հայաբնակ վայրերում կազմակերպվում էին անհատական ահաբեկումներ՝ տպավորություն գործելու եւ կուսակցության հեղափոխական վարկանիշը բարձրացնելու համար: Այլ կերպ ասած, հնչակյանների կազմակերպած բոլոր խոշոր ձեռնարկները իրականացվեցին նվազագույն միջոցների վատնումով: Եվ դա ոչ թե այն պատճառով, որ խնդրո շրջանում ազատամարտը ղեկավարող կուսակցությունը միջոցներ էր խնայում, այլ պարզապես նման միջոցներ չուներ: Թե ինչ հետեւանքներ ունեցավ այդ գործելակերպը հայկական շարժման եւ հենց հնչակյան կուսակցության համար, քաջ հայտնի է:
Ազատամարտի ղեկավարի դերում հնչակյաններին փոխարինած ՀՅԴ-ն 1896-1897թթ. նույնպես կիրառեց քիչ միջոցներով մեծ արդյունք ստանալու գործելակերպը: Վերջինս մասամբ արդարացված էր այդ տարիներին Հայկական հարցի նկատմամբ միջազգային հետաքրքրության առկայությամբ: ՀՅԴ-ն այդ տարիներին գործադրեց «զուգակցված հարվածների» մարտավարություն, որի բաղկացուցիչ տարրեր հանդիսացան Օսմանյան դրամատան գրավումը 1896թ. եւ Խանասորի արշավանքը 1897թ.: Դրանք պահանջեցին անհամեմատ ավելի մեծ միջոցներ եւ կյանքի կոչվեցին ՀՅԴ-ի ուժերի գերագույն լարումով: Բավական է նշել, որ միայն Խանասորի արշավանքի համար ծախսվել է ավելի քան 40.000 ռուբլի, ինչն այն ժամանակ փոքր գումար չէր անգամ ՀՅԴ-ի նման ազդեցիկ կուսակցության համար30: Վերոնշյալ գործելակերպը դաշնակցության պարագայում նույնպես շոշափելի արդյունքներ չունեցավ:
Գլուխ 2. ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՒ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՅԹԱՅԹՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
1890-ական թվականների առաջին կեսի հանրագումարները սփոփիչ չէին հայոց ազատամարտի համար: Չարդարացրեց հայդուկային կռիվը համընդհանուր ապստամբության վերաճելու հետ կապվող հույսը: Իրատեսական չէր նաեւ առաջիկայում միջազգային միջամտություն ակնկալելու մտայնությունը: Հետեւաբար՝ անիմաստ էր դարձել պայքարը զուտ ցուցական-հայդուկային գործունեության շրջանակում սահմանափակելը: Ստեղծված պայմաններում հնչակյանները՝ 1896թ., իսկ ՀՅԴ-ն՝ 1898թ. հրաժարվեցին հայդուկային պայքարի մարտավարությունից, իրենց առջեւ դնելով ապագա համընդհանուր ապստամբության համար Երկրի առավել բարենպաստ շրջանները կազմակերպելու ու զինելու խնդիրը: Հայոց ազատամարտի ղեկն իր ձեռքում պահող ՀՅԴ-ն, որպես ուժերի կենտրոնացման շրջաններ, առանձնացրեց Բարձրավանդակը (Սասուն) եւ Լեռնավայրը (Կիլիկիա), կիսակենտրոնացման շրջան՝ Վասպուրականը: Ցուցական գործունեության կենտրոնի կարգավիճակը, որոշ սահմանափակումներով, պահպանեց նաեւ Կ.Պոլիսը: Որոշվեց նոր թափ հաղորդել նաեւ եվրոպական քարոզչությանը:
Ի դեպ, վերջին հանգամանքը որոշ պարզաբանումների կարիք ունի: Դիվանագիտության օրակարգից Հայկական հարցի դուրս գալուց հետո եվրոպական քարոզչության համար նկատելի միջոցներ ծախսելն առաջին հայացքից կարող էր ավելորդ թվալ: Մինչդեռ այդ քարոզչությունն անհրաժեշտ էր Հայկական հարցը Եվրոպայում վառ պահելու համար, թուրքական իշխանությունների կողմից այնտեղ տարվող հակահայկական քարոզչությունը չեզոքացնելու համար: Հենց թուրքական աղբյուրներն են վկայում, որ Աբդուլ Համիդը, Բեռլինի դաշնագրի եւ հայկական ջարդերի հարցերում եվրոպական մամուլի ու քաղաքական շրջանների կարծիքները գնելու համար, ծախսել է 235.000 օսմանյան ոսկի, բաժանել 640 շքանշան, չհաշված այն ադամանդներն ու մարգարտաշար մանյակները, որոնցով՝ նվերի անվան տակ, կաշառվում էին պաշտոնատար անձանց կանայք ու դուստրերը31: Բնականաբար, հայկական շարժումը, թեկուզ համեստ չափով, պետք է հակադարձեր այդ քարոզչությանը:
Այսպիսով, 1890-ականների վերջին հայկական շարժումը կատարում է հերթական քայլը դեպի ավելի բարձր փուլ: Այն պահանջում էր տարիների համառ ու համակարգված աշխատանք՝ ժողովրդին զինելու եւ համընդհանուր ապստամբության պատրաստելու համար: Բայց, սկզբից եւեթ, ազատամարտը ղեկավարող ուժերը բախվեցին այնպիսի լուրջ խոչընդոտի, ինչպիսին կենտրոնացման համար անհրաժեշտ միջոցների հարցն էր: Դա թելադրված էր երկու հանգամանքներով.
Նախ, 1895-1896թթ. զանգվածային ջարդերի արդյունքում շարժումը կորցրել էր իր երբեմնի հմայքը եւ լավատեսական ակնկալիքներն անգամ համակիրների մի մասի շրջանում: Հայ ունեւոր խավի այն շերտը, որը նախորդ տարիներին շատ թե քիչ միջոցներ էր տրամադրում ազատամարտի կարիքներին, մասամբ հիասթափված տերությունների վերաբերմունքից, մասամբ էլ այլեւս վնասակար համարելով զինյալ պայքարը շարունակելը, գրեթե դադարեցրեց հատկացվող օժանդակությունը: Ոգեւորության նկատելի անկում նկատվեց նաեւ աշխատավորության շրջանում: Այդ ամենի արդյունքում կտրուկ նվազեցին կուսակցությունների դրամարկղ մտնող միջոցները:
Երկրորդ, նոր մարտավարությունը բացառում էր քիչ միջոցներով մեծ արդյունք ստանալու նախկին գործելակերպը: ՈՒժերի կենտրոնացման համար առանձնացված շրջանները զգում էին ռազմական ու կազմակերպչական տաղանդ ունեցող կադրերի, դրամական ու զինական մեծ միջոցների սուր կարիք: Հայոց ազատամարտի ապագային հավատացող գործիչներն ըմբռնում էին, որ Երկրի գալիք շարժումները նախորդներից պետք է տարբերվեն զանգվածայնությամբ, տեւականությամբ եւ նոր ջարդերի բացառմամբ: Նման խնդիրների լուծումը, բնականաբար, նախկինի համեմատ, պահանջում էր սկզբունքորեն նոր մոտեցումներ, առաջին հերթին՝ մարդկային, դրամական ու ռազմական անհամեմատ մեծ ներդրումներ:
Կասկած չկար, որ ժողովրդի հոգնածությունն ու հիասթափությունը վաղ թե ուշ փոխարինվելու էին շարժման նոր վերելքով: Դրա համար սոսկ ժամանակ էր պետք: Մինչդեռ ազատամարտը ղեկավարող ուժերը սպասելու ժամանակ եւ իրավունք պարզապես չունեին: Հարկավոր էր համառ ճիգեր գործադրել ապագա հզոր շարժումների ռազմաֆինանսական բազան նախապատրաստելու եւ ժողովրդական պայքարի նոր վերելքը կազմ ու պատրաստ դիմավորելու համար: Ահա նման իրավիճակում հասունացավ հայ մեծահարուստների հարկադրական «հարկահանության» գաղափարը՝ որպես տվյալ փուլում հայոց ազատամարտի ֆինանսավորման կարեւոր միջոցիսսսս:
Բռնի հանգանակության ճանապարհով կուսակցական բյուջեն համալրելու հարցադրման առաջ թե՛ հնչակյան, թե՛ դաշնակցություն կուսակցությունները կանգնեցին դեռեւս 1895թ.: Իրականությանը չի համապատասխանում պատմագիտության մեջ տեղ գտած այն թեզը, թե իբր հին հնչակյան կուսակցությունն իր գործունեության ողջ ընթացքում զերծ է մնացել բռնի հանգանակության դիմելուց եւ այդ հարցում խուսափել է ահաբեկումներից ու մարդասպանություններից32: Ճիշտ է, ձեռքի տակ եղած փաստերը հարուստ չեն, բայց անառարկելիորեն վկայում են, որ հնչակյաններն առաջինն են իրականացրել բռնի հանգանակություն: Թիֆլիսի Ժանդարմական վարչության գաղտնի զեկուցագրից երեւում է, որ նրանք 1895-1896թթ. Թիֆլիսում մեծահարուստ հայերից բռնությամբ դրամ են գանձել: Վերջիններիս ներկայացվել են հնչակյան կուսակցության կնիքով դրոշմված նամակներ եւ մահվան սպառնալիքով, «ի սեր թուրքահայ եղբայրների», պահանջել համապատասխան դրամական մուծումներ: Պահանջվող գումարների չափը տատանվել է 1000-5000 ռուբլու շրջանակում: Ցավոք հնչակյանները չկարողացան բացառել ծայրահեղ քայլերը: 1895թ. դեկտեմբերին եւ 1896թ. հունվարին եղել են մերժողների նկատմամբ ահաբեկումների դեպքեր: Վերջին պարագայում սպանվել է վաճառական Ստեփան Գեւորգյանը: Հնչակյան այդ ձեռնարկի վերջնական պատկերը պարզ չէ: Գիտենք միայն, որ այն իրականացնողներից երկուսը՝ Ալեքսանդր Կարախանյանցը եւ Լեւոն Ամինյանը Թիֆլիսի Զինվորական դատարանի կողմից դատապարտվել են համապատասխանաբար 20 եւ 25 տարվա տաժանակրության33: ՈՒշագրավ է, որ Թիֆլիսում հնչակյանների իրականացրած բռնի հանգանակությանը ժամանակին անդրադարձել է ֆրանսիական հեղինակավոր «Թան» թերթը՝ Օսմանյան դրամատան գրավմանը նվիրված խմբագրականում: Թերթը, խիստ քննադատելով հնչակյաններին, դրանով հանդերձ, նաեւ նրանց արարքն ինչ-որ տեղ արդարացնող ակնարկներ է անում. «Հարուստ հայրենակիցները սարսափահար ընել, իրենցմէ դրամ խլել որ պատերազմի ջիղն է, պատժելու եւ իբրեւ օրինակ ներկայացունելու համար վերջ տալ անոնց կեանքին եթէ չհամաձայնին ձեռքերնին գրպաննին տանելու, այդպիսի վարմունք մը շատ չփայլիր խղճահարութեամբ, բայց գոնէ միտք մը, նպատակ մը, գոյութեան իրաւունք մը կունենայ»34:
Այլ ճակատագիր ունեցավ բռնի դրամահավաքության առաջին առաջարկը ՀՅԴ-ի պարագայում: Սարգիս Օհանջանյանը վկայում է, որ 1895թ. կայացած «ընդհանուր» շրջանային ժողովում եղել են կուսակցության միջոցները բռնի դրամահավաքությամբ լրացնելու առաջարկներ, ինչը, սակայն, մերժվել է այն հիմնավորմամբ, որ նման «միջոցը անվայել է եւ կուսակցության արժանիքն արատավորող»35: Ժողովի խիստ հակիրճ արձանագրություններում այդ մասին ուղղակի վկայություն չկա, բայց այն հանգամանքը, որ քննարկված հարցերի մեջ զենքի ու դրամի հայթայթման խնդիրները երկրորդական չեն եղել36, հիմք են տալիս կարծելու, որ նման հարցադրում իրոք եղել է:
Առաջիկա մեծածավալ խնդիրների լուծմանն անհրաժեշտ նյութական միջոցների կտրուկ նվազման փաստը արձանագրեց նաեւ ՀՅԴ Կովկասյան մարմինների 1897-1898թթ. տարեկան շրջանային ժողովը: Ելնելով այն իրողությունից, որ տվյալ պահին շարժման նկատմամբ համակրանքն առկա է միայն հասարակ ժողովրդի մի մասի միջավայրում, շրջանային ժողովն առաջիկա ընդհանուր ժողովում քննարկվելիք հրատապ խնդիրների թվում ընդգրկեց նաեւ դրամական հարցը37: Որոշվեց այսուհետ ընդհանուր ժողովներում կազմել եկամուտների եւ ծախսերի մոտավոր նախահաշիվ38:
Դրամական խնդիրը լուրջ քննարկումների առարկա դարձավ ՀՅԴ 2-րդ ընդհանուր ժողովում: Նոր՝ լայնածավալ խնդիրներին ձեռնամուխ լինելուց առաջ ՀՅԴ-ն զբաղվեց իր ֆինանսական համակարգի վերաքննությամբ եւ վերափոխմամբ: Հաշվեքննիչ հանձնաժողովի կողմից առաջին անգամ քննարկվեցին ու վավերացվեցին ներկայացված բոլոր հաշիվները: Կազմակերպություններին ուղարկվեցին տիպական աղյուսակներ՝ իրենց մոտ առկա դրամի ու զենքի հաշիվներն այդ տեսքով ՀՅԴ բյուրոներին ներկայացնելու համար: Դրամական կայուն մուտք ապահովելու նպատակով դաշնակցականների համար սահմանվեց կանոնավոր կուսակցական տուրք39:
Այսպիսով, շուրջ ութ տարվա գործունեությունից հետո ՀՅԴ-ն առաջին անգամ լրջորեն մտահոգվում է ազատամարտի հետ կապված դրամական ու զինական խնդիրները կանոնակարգելու, մշտական ու կայուն եկամուտներ ապահովելու եւ հեռանկարային ծրագրավորմամբ դրանք օգտագործելու մասին: Նման քայլի նա գնաց՝ նպատակ ունենալով լուծել երեք հիմնական խնդիրներ.
1. Հնարավորինս հաշվենկատ եւ խնամքով օգտագործել վերջին տարիներին էապես նվազած միջոցները:
2. Բացառել ազատամարտին տրամադրված միջոցների յուրացումները եւ հնարավոր զեղծումները զանազան բախտախնդիրների կողմից: Դա մի ցավալի երեւույթ էր, ինչը նախկինում չէին կարողացել բացառել թե՛ հնչակյանները, թե՛ դաշնակցությունը:
3. Իր գործունեությունը համապատասխանեցնել նոր մարտավարությամբ նախատեսված խնդիրների պայմաններին ու պահանջներին:
Դրամական հարցի շուրջ ընդհանուր ժողովում ծավալված քննարկումներն արտացոլված չեն հրապարակված փաստաթղթերում: Բայց այդ խնդրի վերաբերյալ ժողովի ընդունած բանաձեւի որոշ ձեւակերպումներ, ՀՅԴ արեւելյան բյուրոյի 1899թ. հունվարյան ժողովի արձանագրությունները եւ ուղղակի կամ անուղղակի այլ փաստեր վկայում են, որ ընդհանուր ժողովում առանձին պատգամավորների կողմից լրջորեն առաջարկվել է ազատամարտի համար անհրաժեշտ միջոցները բռնությամբ գանձել հայ մեծահարուստներից: Նախաձեռնությունը գալիս էր ծագումով արեւմտահայ պատգամավորներից: Այդ հարցում վերջիններիս միջավայրում իշխող մտայնության մասին պատկերացում է տալիս արեւմտահայ գրող, դաշնակցական գործիչ Առանձարի (Միսաք Գույումջյան) 1900թ. գրած նամակը. «1-5-10-50 ֆրանկներով կամ դոլարներով հաւաքուած գումարները՝ գործի պահանջներուն հետ համեմատելով այնքան չնչին են, որ ամանով թափուած ջրի պէս ամէն անգամ կէս ճամբան կը ցամքին ու ջաղացքը չեն կրնար դարձնել: Մեզի մէկ անգամէն խոշոր գումար մը պէտք է, առանց ատոր իմ կարծիքով չենք կրնար երբեք խոշոր գործ մը կատարել ու այսպէս հազիւ թէ յեղափոխութեան անունը կը պահպանենք: Պէտք է ամէն բանէ առաջ այդպիսի գումար մը ձեռք ձգելու ճարը խորհիլ. կամ պետական փոստաներ զարնելով, կամ հարուստ տաճիկներու տները մտնելով եւ կամ ուրիշ միջոցով մը»40:
Անդրադառնալով ընդհանուր ժողովում բռնի դրամահավաքության առթիվ արված առաջարկին, Ա. Ահարոնյանը գրում է. «Այս ժողովում ի միջի այլոց առաջին անգամ խնդիր է ծագում բռնի միջոցներով դրամ հավաքել ունեւորներից յօգուտ թիւրքահայ ինքնապաշտպանութեան: Առաջարկութիւն բերողն է Ա. Վռամեան, թիկունք ունենալով իր թիւրքահայ ընկերներին: Նրանց պատճառաբանութիւնը պարզ է. հայ ունեւորը երբեք կամաւ նուիրատու չի լինի իր ցեղի ապահովութեան գործի համար: Միւս կողմից առանց լայն նիւթական միջոցների անհնարին է թիւրքահայ ժողովրդի ինքնապաշտպանութիւնը ի կատար ածել... Եթէ հայ ունեւորը չի ուզում իր տարրական պարտքը կատարել հանդէպ իր վտանգուող ցեղի, ասում են առաջարկ բերողները, ապա ուրեմն նրանց պէտք է բռնութեամբ ստիպել զոհաբեր լինել:
...Վռամեանի առաջարկը մերժւում է»41:
Ժողովից տասնամյակներ անց՝ Ս. Վրացյանի հարցումներին տված իր պատասխանում, որոշ լրացուցիչ պարզաբանումներ է տվել նաեւ ՀՅԴ 2-րդ ընդհանուր ժողովում Բաթումի կազմակերպության պատգամավոր Արամ Հակոբյանը (Կարեն): «Դեռ 1898ի Ընդհ. Ժողովում,- գրում է նա,- մի քանի պատգամաւորներ (գլխաւորաբար տաճկահայեր) բռնի հանգանակութեան հարցը դրինք, բայց մեծամասնութիւն չշահեց. բուռն կերպով դէմ արտայայտուեցին Բագուն, Շուշին եւ Թիֆլիսը: Բայց Ընդհ. Ժողովից յետոյ պատգամաւորները չպիտի կարողանային իրենց վայրը վերադառնալ, եթէ մեր (Բաթում-Նաւահանգիստ) Հյուսիս. Կովկասում կէս բռնի հաւաքած փողը չլինէր. իսկ երբ գործիչները մտան Երկիր կամ պատրաստւում էին մտնել, դրամական տագնապը իր գագաթնակէտին հասաւ. անել կացութիւն էր ստեղծուել. (կուսակցութեան տարեկան պիւտճէն 40,000 րուբլին չէր անցնում)»42:
Որ բռնի դրամահավաքության նախաձեռնությունը գալիս էր արեւմտահայերի միջավայրից, դրանում կասկած չկա: Բայց որոշ վերապահությամբ պետք է վերաբերվել այն փաստին, թե անմիջական նախաձեռնողը Ա. Վռամյանն էր: Նախ, Արամ Հակոբյանը լռության է մատնում Ա. Վռամյանի պարագան: Նկատի ունենալով վերջինիս ոչ շարքային դերակատարությունը ՀՅԴ-ում այդ եւ հետագա տարիներին, քիչ հավանական է, որ Ա. Հակոբյանը չհիշատակեր նրան, եթե իսկապես բռնի հանգանակության նախաձեռնությունը գալիս էր նրանից: Երկրորդ, 1901թ. մարտի 25-ին Դաշնակցության Կամքը Ներկայացնող Մարմնի Ֆիլիպեում գումարվելիք ժողովին ուղղված իր նամակում Ա. Վռամյանը բռնի դրամահավաքության վերաբերյալ անում է լուրջ վերապահումներ, ինչն առնվազն տարօրինակ է, եթե իսկապես այդ գործը նախաձեռնողը նա էր: Համոզվելու համար բերենք ծավալուն, բայց միանգամայն անհրաժեշտ հատվածներ այդ նամակից. «Գալով դրամ հանգանակելու խնդրին սպառնալիքի տակ՝ ինչ որ օրուան խնդիրն է եղած հիմա, մանաւանդ Կովկասի մէջ, սկզբունքով հաւան ըլլալով հանդերձ, կը թողում Կովկասի արդի վիճակին ծանօթներու ձեռնհասութեանը:
Վտանգներով ու անփոխարինելի կորուստներով շրջապատուած է այդ խնդիրը: Ես կը վախնամ որ Կովկաս ունեցածնիս ալ վրայ տանք, երթայ. ընկերները բռնուին, աչքի զարնող ընկերներ վարչական եղանակով Կովկասէն վտարուին, եւ բնակչութիւնը ահ ու սարսափի տակ մինչեւ հիմա տուած կոպէկն ալ խնայէ...:
Արդեօք խաղաղ միջոցները սպառա՞ծ են... Ես կը կարծեմ որ եթէ Բորիսը, էլլենը (Սմբատ Խաչատրյանը եւ Քրիստափոր Միքայելյանը - Հ. Գ.) եւ ուրիշներ, ճամբորդութիւն մը ընէին, շատ աւելի նուազ վտանգի կ'ենթարկուէին, քան ինչ որ տեռորները պիտի առաջ բերեն, եւ թերեւս շատ աւելի գումար քաշեն հանեն քան սովորական տարիները ստացուած է: Կարծեմ կովկասցիք այդ միջոցները գործ դրած չեն իր ընդարձակ չափովը..:
Ես գոնէ այդ վերջին միջոցը կ'առաջարկէի,- վստահելի, կարող ընկերներու խմբեր ցրուել գաւառները: Երբ չկայ քաղաքական գործ մը, խօսքի փրոփականտան անոր տեղը լեցնելու է:
Ես եթէ այս դիտողութիւնները տկար սեպուին ժողովիդ մեծամասնութեան համար եւ որոշէք անպատճառ բռնի եւ սպառնալիքով հանգանակութեան ձեռնարկել, կ'առաջարկէի որ.
1. Որոշ շրջանի մը համար միայն թոյլ տաք առաջին անգամ, փորձի համար:
2. Պահանջէք որ խիստ կարգապահ եւ անձնուէր, փորձուած տարրերէ կազմուի գործադիր խմբակը:
3. Այդ գործը բոլորովին բաժանել տեղական կոմիտէի իրաւասութենէն:
4. Միջոցներ ձեռք առնել որ ո'րեւէ թղթի կտորով եւ այլն չմատնուի Դաշնակցութեան անունը այդ գործին մէջ»43:
Ամփոփելով Ա. Վռամյանի մոտեցումները, ակնհայտ է դառնում, որ.
1. Նա թեեւ սկզբունքով դեմ չէր բռնի դրամահավաքին, բայց միաժամանակ լուրջ մտահոգություն ուներ, որ այն Կովկասում կարող էր պատժիչ քայլեր առաջ բերել ՀՅԴ-ի դեմ, իջեցնել վերջինիս վարկանիշը, ավելի վատթարացնել դրամական խնդիրը:
2. Ա. Վռամյանը, որպես բռնի դրամահավաքին այլընտրանք, առաջարկում է օգտագործել ՀՅԴ հեղինակավոր գործիչների անձնական հմայքն ու բարոյական վարկանիշը եւ նրանց միջոցով կատարվող քարոզչության ճանապարհով ձեռք բերել անհրաժեշտ գումարները:
3. Այլընտրանքի բացակայության պարագայում առաջարկում է գործնական այնպիսի քայլեր, որոնք նվազագույն կդարձնեն ձեռնարկի հնարավոր բացասական հետեւանքները:
Հետեւաբար, եթե ընդհանուր ժողովից երեք տարի անց, երբ դրամական խնդիրն ավելի էր բարդացել, Ա. Վռամյանն առաջարկում է բռնի դրամահավաքին այլընտրանք գտնել, նա թերեւս չէր կարող այդ գործի նախաձեռնողը լինել:
Ինչպես վերը նշվեց, բռնի դրամահավաքին կտրուկ դեմ են եղել Կովկասը, առաջին հերթին՝ Բաքուն, Թիֆլիսը եւ Շուշին ներկայացնող պատգամավորները: Դա միանգամայն բնական է, քանի որ կովկասահայ հենց այդ կենտրոնների մեծահարուստները պետք է դառնային անմիջական թիրախներ: Հատկապես դեմ է եղել Բաքուն ներկայացնող Քրիստափոր Միքայելյանը: Նրա դիրքորոշումը, սակայն, թելադրված չէր Կովկասի ունեւոր խավին հաճոյանալու կամ նրան պատնեշելու ցանկությամբ: Ինչպես տեսանք, նա առանձնակի բարձր կարծիք չուներ այդ խավի մասին: Քրիստափորի նման կեցվածքը պայմանավորված էր գաղափարական լուրջ մոտիվներով: Նա հատկապես զգուշանում էր բռնի դրամահավաքի հավանական բացասական՝ բարոյազրկող հետեւանքներից: «Քրիստափոր դեմ է բռնութեան...,- գրում է Ա. Ահարոնյանը,- դեմ է մանաւանդ՝ հեշտ ձեւով ձեռք բերուած դրամի առատութեան:
Նրա կարծիքով դրամը ինքնին կը գայ կուսակցական դրամարկղը, եթէ վարիչները իրօք գործ ցոյց տան, իսկական ազատագրական գործ, որ ընդունակ լինի խանդավառել, հրահրել հասարակական զանգուածները: Դրամը առանց հիմնական գործի եւ մանաւանդ՝ հեշտ ձեռք բերած խոշոր միջոցները... արագութեամբ կարող են անբարոյականացնել կուսակցական շարքերը, խաթարել յեղափոխական մաքուր նկարագիրը...»44:
Չնայած ընդհանուր ժողովը բացասական դիրքորոշում է ունեցել բռնի հանգանակության հարցում, ինչի մասին վկայում են Ա. Հակոբյանը եւ Ա. Ահարոնյանը, այնուհանդերձ, արեւմտահայ պատգամավորների ճնշումը եւ միջոցների սուր կարիքը հարկադրել են ընդունել արտաքուստ ժխտական, բայց բռնի դրամահավաքի համար սողանցք թողնող վճիռ: Ժողովի արձանագրության «Դրամական խնդիր» բաժնում առկա է հետեւյալ ձեւակերպումը. «Ժողովը հանձնարարեց կոմիտէներուն ամէն կերպ ջանալ խոյս տալու սպանութեան դիմելէ դրամ հաւաքելու գործին մէջ»45: Կարծում ենք, հենց սա է հիմք հանդիսացել ՀՅԴ Արեւելյան բյուրոյի 1899թ. ժողովի արձանագրության մեջ տեղ գտած այն ձեւակերպման համար, թե «...տեռորի գործադրութիւնը վերապահուել է Ընդհանուր Ժողովի կողմից ամենածայրայեղ եւ յուսահատական դէպքում...»46: ՈՒստի վերապահումով պետք է մոտենալ Մ. Վարանդյանի այն պնդմանը, թե «...2-րդ Ընդհանուր ժողովը՝ ընդունելով հանդերձ բռնի հանգանակութեան սկզբունքը, յանձնարարեց մարմիններուն՝ տերրօրի դիմել միայն ամենածայրայեղ, յուսահատական պարագաներում»47: Կարծում ենք Մ. Վարանդյանը պարզապես կրկնել է Արեւելյան բյուրոյի ժողովի արձանագրության վերոնշյալ տողերը:
Այն բանի օգտին, որ ՀՅԴ 2-րդ ընդհանուր ժողովը սկզբունքով չի ընդունել բռնի հանգանակության որոշում, վկայում են հետեւյալ փաստարկները.
1. Ընդհանուր ժողովի արձանագրություններում պարզապես բացակայում է նման ձեւակերպումը: Լավագույն դեպքում դրան առավել մոտ է մեր կողմից արդեն վերը հիշատակված կետը:
2. Նման կարեւոր որոշումը չէր կարող բանավոր ընդունվել: Դա բնորոշ չէր ՀՅԴ գործելակերպին:
3. Այն չէր կարող մեկնաբանվել որպես գաղտնիք պարունակող եւ հրապարակման ոչ ենթակա կետ, քանի որ ընդունված որոշման փոխարեն հրապարակված արձանագրությունում պետք է դրվեին բազմակետեր, ինչը սովորաբար արվում է նման դեպքերում:
Բռնի դրամահավաքի խնդիրն ավելի բուռն քննության առարկա դարձավ ՀՅԴ Արեւելյան Բյուրոյի 1899թ. հունվարյան ժողովում՝ կապված ՀՅԴ պատմության մեջ առաջին անգամ կազմված բյուջեի հետ: Վերջինիս առանցքում դրված էր ապագա ապստամբական շրջաններում գոնե նվազագույն միջոցների կենտրոնացումն ապահովելու խնդիրը: Մեկ միլիոն ռուբլի նախատեսված բյուջեի ավելի քան 2/3-ը՝ շուրջ 700.000 ռուբլին բաժին էր ընկնում կենտրոնացման երկու շրջաններին՝ Բարձրավանդակին (Սասուն) ու Լեռնավայրին (Կիլիկիա), կիսակենտրոնացման շրջան նախատեսված Վասպուրականին եւ ցուցական գործունեության շրջան նախատեսված Կռվածաղկին (Կ.Պոլիս): Նախատեսվում էր կենտրոնացման շրջաններին հատկացնել 300.000-ական ռուբլի, ինչը հնարավորություն կտար հիշյալ շրջաններն ապահովել նվազագույնը 1500-ական հրացանով, մեկ միլիոն փամփուշտով, կենտրոնացման համար անհրածեշտ ուժերով, ռազմական եւ այլ պաշարներով: 50.000-ական ռուբլի էր նախատեսվում Վասպուրականում ուժերի կիսակենտրոնացման եւ Կ.Պոլսում ցուցական գործունեություն իրականացնելու համար:( Բացի այդ, զգալի միջոցներ էին նախատեսվում Երկրում թռուցիկ հրոսակախմբերի ու մարզական խմբերի ստեղծմանը նպաստելու, նաեւ եվրոպական քարոզչությանը զարկ տալու համար: Նախատեսված բյուջեի ավելի քան 2/3-ը՝ 700.000 ռուբլի պետք է հայթայթեին Արեւելյան բյուրոյի վերահսկողության տակ գտնվող շրջանները՝ Ռուսաստանի ու Պարսկաստանի կազմակերպությունները, մնացած 300.000-ը՝ Արեւմտյան բյուրոյի շրջանները (Եվրոպա, Բուլղարիա, Ամերիկա, Եգիպտոս, Օսմանյան կայսրության արեւմտյան շրջաններ): Ի դեպ, եթե նկատի առնենք, որ Արեւելյան բյուրոյի բաժին գումարի ընդամենը 20.000 ռուբլին էր ընկած Պարսկաստանի կազմակերպության վրա, ապա անուղղակիորեն մեկ անգամ եւս հաստատվում է Հովսեփ Թադեւոսյանի այն պնդումը, թե ՀՅԴ Ռուսաստանի կազմակերպություններն իսկապես համալրել են կուսակցական բյուջեի ոչ պակաս 2/3-ը: Ըստ որում, Արեւելյան բյուրոյին բաժին ընկած միջոցների համալրման հիմնական ծանրությունը դրվում էր Բաքվի եւ Հյուսիսային Կովկասի վրա, քանի որ հիմնականում այնտեղ էին կենտրոնացած հայազգի մեծահարուստները48: Հետեւաբար, անհրաժեշտ գումարների մեծագույն մասն ակնկալվում էր ստանալ ունեւոր հայերից, քանի որ այդ շրջանների աշխատավոր զանգվածը, անգամ ցանկության դեպքում, ի վիճակի չէր տրամադրել նման գումարներ:
Թե ինչպե՞ս է մնացած 300.000 ռուբլին բաշխվել Արեւմտյան բյուրոյին ենթակա շրջանների վրա, պարզ չէ: Պարզապես հետագա դեպքերը ցույց տվեցին, որ այդ գումարը հայթայթելու գործում չէին անտեսվել նաեւ Օսմանյան կայսրության արեւմտյան շրջանների՝ հատկապես Զմյուռնիայի հայ մեծահարուստները:
Ժողովի մասնակիցների մեծ մասը դեռեւս հույսեր էր փայփայում, որ բյուջեի համալրման հարցում հնարավոր կլինի ապահովել ունեւոր խավի դրական վերաբերմունքը: Այդ տեսանկյունից պետք է դիտարկել ընդունված որոշման հետեւյալ կետը. «Որովհետեւ Դաշնակցութիւնը կեդրոնացման վայրերում... իրա զինակիցներին եւ մարտախմբերին ոչ միայն ռազմական մթերք՝ այլ եւ երկրի տնտեսական պայմաններից ստիպուած, նրանց պաշարն էլ մատակարարելու, հայթայթելու կամ նպաստելու պարտաւորութիւնն է վերցրած, որը կրկնապատկում է Դաշնակցութեան նիւթական միջոցների սպառումը, եւ որի մասին, հաւանականաբար, միջին ու բուրժուազիական դասակարգերը անտեղեակ են, եւ որոնք թերեւս աւելի համակիր վերաբերուէին Դաշնակցութեան՝ եթէ տեղեկանային գործունէութեան ու նիւթական զոհողութեան այս եղանակի հետ,
Որոշուեց յանձնարարել շրջանի բոլոր մարմիններին, որ ժողովարարութեան միջոցին... պարզաբանեն Դաշնակցութեան գործունէութեան այս կարգի մանրամասնութիւնները»49:
Իհարկե, չէր կարելի հույս կապել ունեւոր խավի վերաբերմունքի արագ եւ արմատական փոփոխության հետ: Կենտրոնացման համար հրատապ լուծումներ էին պահանջվում: Առանց խոշոր գումարների եւ նախնական պատրաստության այդ գործում հնարավոր չէր լուրջ առաջընթաց: Ամենեւին էլ անտեղի չէր այն մտավախությունը, որ քաղաքական հանգամանքները կարող են կտրուկ փոխվել: ՈՒստի հարկավոր էր հնարավորինս լարել ջանքերը՝ հարկ եղած պարագայում կրկին անպատրաստ վիճակում չհայտնվելու համար:
Արեւելյան բյուրոյի ժողովի արձանագրությունները վկայում են, որ Կարսի (Ջրաբերդ) կազմակերպության ներկայացուցչի կողմից արվել է կտրուկ միջոցների դիմելու առաջարկ, ինչը սուր վիճաբանությունների առիթ է տվել: Քրիստափոր Միքայելյանի բացակայության պայմաններում՝ դրամական խնդրում բռնության կիրառումը համառորեն մերժում էր հատկապես Սիմոն Զավարյանը: Ի վերջո, 5 ձայնով՝ ընդդեմ 2-ի ընդունվեց մի որոշում, որով մեկ անգամ եւս հետաձգվում էր ծայրահեղ միջոցների կիրառումը: «Բայց, որովհետեւ մեծամասնութիւնը չէր կարողանում խղճի հանդարտութեամբ, հաստատել թէ բոլոր հնարաւոր խաղաղ միջոցները իրագործուել եւ անյաջող սպառուել են,- ասվում էր որոշման մեջ,- Որովհետեւ սուր միջոցի՝ այսինքն տեռորի գործադրութիւնը վերապահուել է Ընդհանուր Ժողովի կողմից ամենածայրայեղ եւ յուսահատական դէպքում,
Որոշուեց չորսից մինչեւ վեց ամիս անպայման աշխատել ծանուցեալ խաղաղ միջոցների իրագործումին, եւ նոյն ժամանակամիջոցում եթէ Դաշնակցութեան նիւթական միջոցները ցանկացուած ծաւալն ու յաջողութիւնը չեն ստացել, այն ատեն միայն Բիւրոյի շրջանական երկրորդ ժողովը գումարելով կատարել գործունէութեան հաշուետուութիւնը եւ արդիւնքի համաձայն վճռել յանձնարարել կոմիտէներին Ընդհանուր Ժողովի արտօնած ծայրայեղ միջոցը իրագործելու, ուր որ անհրաժեշտ է համարւում»50:
Քվեարկության արդյունքն արդեն վկայում է սուր պայքարի մասին, քանի որ կտրուկ միջոցների առաջարկ անող Կարսի ներկայացուցիչը միայն խորհրդակցական ձայն է ունեցել: Ահաբեկչության անհապաղ կիրառման օգտին քվեարկել են Արեւելյան բյուրոյի 7 անդամներից 2-ը: Հավանաբար, կտրուկ քայլերի օգտին քվեարկել են Հովհաննես Յուսուֆյանը եւ Սուրեն մականունով գործիչը, որի ինքնությունը դեռեւս ճշտված չէ: Նման եզրակացության հիմք է տալիս այն փաստը, որ վերոհիշյալ գործիչները, Արեւելյան բյուրոյի ժողովից որոշ ժամանակ անց, հրաժարվել են բյուրոյի անդամությունից եւ դադարեցրել ակտիվ կուսակցական աշխատանքը: Ինչեւիցե, Հ. Յուսուֆյանի՝ 1901թ. հունվարին Արեւելյան բյուրոյին, իսկ 1903թ. դեկտեմբերին ու 1904թ. հունվարին ՀՅԴ 3-րդ ընդհանուր ժողովին ուղղված նամակներից երեւում է նրա ընդգծված դժգոհությունը Արեւելյան բյուրոյի «սիրող» գործիչներից51:
Անցան նաեւ նախատեսված ամիսները, մինչդեռ դրական տեղաշարժ, դրամի հանգանակության խնդրում, չարձանագրվեց: Դրանով հանդերձ, դաշնակցության ղեկավար կառույցները չէին շտապում կյանքի կոչել կայացված որոշումը, ինչը կարելի է բացատրել հետեւյալ հանգամանքներով.
1. Միջոցների կտրուկ նվազումը սկզբում անմիջականորեն չխոչընդոտեց կենտրոնացման մարտավարության իրականացմանը: Բանը նրանում է, որ 1895-1897թթ. արշավախմբերի կազմակերպման նպատակով Կարսի շրջանում եւ Պարսկաստանում կուտակվել էին հարյուրավոր հրացաններ, զինամթերք եւ այլ ռազմական պարագաներ: Առժամանակ հրաժարվելով արշավախմբերից՝ ՀՅԴ 1896-1897թթ. շրջանային ժողովը, ապա նաեւ 2-րդ ընդհանուր ժողովը խնդիր էին դրել այդ զենքն ու զինամթերքը փոխադրել համապատասխանաբար՝ Սասուն եւ Վասպուրական: 1898-1899թթ. այդ խնդրի լուծմանն էին ձեռնամուխ եղել Ճարտարի (Հակոբ Վարդանյան), Խանի (Բարսեղ Թիրաքյան) եւ այլոց գլխավորած զինատար խմբերը: Ճիշտ է, վերջիններիս գործունեությունը միշտ չէ, որ հաջող էր ընթանում, բայց Երկիր զենք փոխադրելու խնդրում ֆինանսական միջոցների հարցը, որքան էլ սուր, դեռեւս ծայրահեղության աստիճանի չէր հասել:
2. Դեռեւս հույսեր էին փայփայվում, թե կարելի կլինի խուսափել անցանկալի բռնությունից: Որոշ փաստեր վկայում են, որ Ք. Միքայելյանը, դեռ 1900թ. սկզբին, Ֆրանսիայի հարավում՝ Նիցցայում, հայոց ազատամարտին նյութական օժանդակություն տրամադրելու առաջարկով դիմել է ծագումով շուշեցի, մոսկվաբնակ դրամատեր Իսահակ Ժամհարյանին, որը հետագայում պետք է դառնար «Փոթորիկ» խմբի առաջին թիրախը52: Նման առաջարկներ հավանաբար արվել են նաեւ այլ հայ մեծահարուստների: Բայց դրանք դրական արձագանքներ չեն ունեցել: Մերժումների ազդեցությամբ է, որ Ք. Միքայելյանը նույնպես հանգեց բռնի դրամահավաքության անխուսափելիության մտքին:
Ք. Միքայելյանի դիրքորոշման մեջ որոշակի բեկում նկատվում է արդեն 1900թ.: «Դրոշակ»-ի խմբագրականում, որն, անշուշտ, արտահայտում էր նրա տեսակետը եւ հավանաբար պատկանում նրա գրչին, սուր քննադատության են ենթարկվում հայ բուրժուազիան ու մտավորականը, որոնց հասցեին ուղղվում են հետեւյալ խոսքերը. «Բայց ինչու՞ զայրանալ միայն Եւրօպայի անտարբերութեան դէմ... Ի՞նչ էր անում այս ամբողջ տարւայ ընթացքում ինքը հայը. ի՞նչ էր անում հայութեան այն մասը... որ լսում էր սովի աղաղակները, որբերի լացը, լսում էր զէնք ու հաց պահանջող իր եղբօր ձայնը. ի՞նչ էր անում հայ բուրժուան, հայ երիտասարդութիւնը, հայ ինտէլիգենցիան, մեր ժողովրդի ունեւոր եւ մտածող մասը: Ոչինչ... որքան եւ ծանր լինի մեզ համար այդ դառն խոստովանութիւնը:
Նրանց կարծրացած սրտում ոչ մի ազնիւ ձայն արձագանք չտւեց, նրանց գոսացած ձեռքից ոչինչ չընկաւ, որով կարելի լինէր թէկուզ մազի չափ թեթեւացնել հեծող երկրի արիւնոտ բեռի ծանրութիւնը: Նրանց փոյթը չէ, որ հայ յեղափոխականն ընկնում է անհաւասար կռւում «փամփուշտ տւեք» գոչելով եւ անեծքով փշրում է իր հրացանը ժայռի վրայ՝ սպասելով թշնամու գնդակին...»53:
«Դրոշակ»-ի 1900թ. օգոստոս եւ նոյեմբեր ամիսների համարներում տպագրված «Պատմական չարիք» հոդվածում Քրիստափոր Միքայելյանն ավելի է խստացնում հայ բուրժուազիային տրվող բնութագրիչ գնահատականները: Դրանց անդրադարձել ենք նախորդ էջերում: Արձանագրելով համազգային ճիգերի բացակայությունը կամ թուլությունը, նա ցավով է նշում, թե «...քանի-քանի գործեր - նոյնիսկ անպայման ապահով իրենց անմիջական արդիւնքների տեսակէտից - չեն ձեռնարկւել եւ չեն ձեռնարկւում այսպիսի մի ճգնաժամում միմիայն միջոցների կամ մարդկանց պակասութեան պատճառով...»54:
Դրամական միջոցների խնդիրը շարունակում է մնալ «Դրոշակ»-ի ուշադրության կենտրոնում նաեւ 1901թ.: «Խեղճ հայեր» խորագրով անստորագիր հոդվածն իր արծարծած մտքերով ասես վերը նշվածների տրամաբանական շարունակությունը լինի: Շարադրանքի ոճից ու շեշտադրումներից կարելի է ենթադրել, որ այն նույնպես Քրիստափորի գրչի արգասիքն է: Համոզվելու համար քաղվածաբար բերենք որոշ հատվածներ այդ հոդվածից. «Տւե՞ց հայը իր բազուկը, փողը, իր համակրութիւնը եւ Երկիրը չփրկւե՞ց: - Երբէք: Լաւագոյն օրերին՝ կարող հայը միայն իր նիսիա համակրութիւնը տւեց, իսկ անաջող տարիներին՝ իր տրտունջը, դժգոհութիւնը նոյնիսկ անէծքը...
Աղքատ, դատարկ թիւրքական գանձարանը փողով ապստամբ քրդերից գնդեր կազմեց, փողով զօրանոցներ կանգնեց Այգեստանի կրծքում, Զեյթունի գագաթի վրայ, Տալւորիկի լանջերում, իսկ հարուստ, միլիոնատէր, դրամով զօրեղ հայը չի՞ կարող, ո՛չ, չի ուզում, չի էլ մտածում նոյն փողով զէնք տալ կռւողին, հաց հայդուկին, գրիչ՝ պրօպագանդիստին... Արդարութեան գործը մնաց կիսակատար: Բռնաւորը արիւն չտւեց: Աշխարհ դեռ չտեսաւ մեր հարւածի արդիւնքը, մեր վրէժի պտուղը... Անմեղների արեան դիմաց՝ ոճրագործութիւնը մնաց անպատիժ: Վրէժի տեղ՝ հնչում է լացը: Անձնվիրութեան տեղ՝ փշրանք,- փշրանք փողի, փշրանք ոգեւորութեան, փշրանք վրէժի...»55:
Փաստորեն վերը նշված հոդվածներով Քրիստափոր Միքայելյանը ոչ միայն գաղափարական հենք է նախապատրաստում՝ հիմնավորելու եւ արդարացնելու համար ապագա բռնի դրամահավաքությունը, որի եռանդուն հակառակորդն էր մինչ այդ, այլեւ կարծես համոզում է ինքն իրեն այդ խնդրում այլընտրանքի բացակայությունը:
Իսկ մինչ այդ բռնի դրամահավաքի կողմնակիցները պարզապես դառնում են անհամբեր, իսկ նրանց հետագա քայլերը զսպելն՝ անհնար: ՀՅԴ Կ.Պոլսի Կենտրոնական Կոմիտեի երկու անդամներ՝ Արամ Հակոբյանը եւ Աշոտ Եղիկյանը (Սեւ Աշոտ) Նովոռոսիյսկում 1899թ. աշնանը գումարում են մերձսեւծովյան շրջաններն ընդգրկող կազմակերպությունների շրջանային միացյալ ժողով, որն ընդունում է բռնի հանգանակություն սկսելու կտրուկ որոշում: Վերջինս, գրեթե վերջնագրի տեսքով, ներկայացվում է ՀՅԴ Արեւելյան բյուրոյին: Հավանաբար հենց այդ որոշումն է ստիպել գումարելու Դաշնակցության Կամքը Ներկայացնող Մարմնի ժողով, որը կայացավ Ֆիլիպեում: Ժողովի գումարման նախօրեին՝ 1901թ. սկզբին, ՀՅԴ Բալկանյան Կենտրոնական Կոմիտեի հանձնարարությամբ, նույն Աշոտ Եղիկյանը բռնի հանգանակություն է կազմակերպում Բալկաններում56: Հետագա հապաղումն այլեւս անիմաստ էր, առավել եւս, որ ամենեւին չէր բացառվում գործընթացի անկառավարելի դառնալը:
Գլուխ 3. ԲՌՆԻ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ ԵՒ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
1.. «Փոթորիկ» գործողության առաջին շրջանը
Բռնի դրամահավաքի մասին որոշումն ընդունվեց Ֆիլիպեում 1901թ. մարտ-ապրիլին կայացած Դաշնակցության Կամքը Ներկայացնող Մարմնի ժողովում: Դրանում ՀՅԴ Արեւմտյան բյուրոն ներկայացնում էին Քրիստափոր Միքայելյանն ու Ռոստոմը, Արեւելյան բյուրոն՝ Հարություն Շահրիկյանը (Նիթրա), Կ.Պոլսի Պատասխանատու Կենտրոնական Կոմիտեն՝ Ռոստոմը, Արամ Հակոբյանն ու Աշոտ Եղիկյանը, Լեռնավայրի (Կիլիկիա) Պատասխանատու Մարմինը՝ Հայկ Թիրաքյանը (Հրաչ): Բարձրավանդակի (Սասուն) եւ Վասպուրականի Պատասխանատու Մարմինները չէին մասնակցում: Դրանցից առաջինի միակ գործող անդամ Հրայրի երկրից հեռանալը ցանկալի չէր, իսկ Վասպուրականի Մարմինը դեռեւս ձեւավորված չէր: Ֆիլիպեում կայացված որոշումների մասին որոշակի տեղեկատվություն են տալիս ժողովի մեզ հասած համառոտ արձանագրությունը57 եւ Ս. Վրացյանի հարցերին Արամ Հակոբյանի տված ու մեր կողմից արդեն հիշատակված պատասխանները58: Դրանք վկայում են, որ առանցքային խնդիրը դրամականն էր: Քննարկված բոլոր հարցերի, այդ թվում՝ հանգանակության գործընթացում ահաբեկչության թույլատրելիության, մասին ժողովը կայացրել է միաձայն որոշումներ: Դա հարկ ենք համարում ընդգծել, քանի որ երբեմն փորձ է արվում գործը ներկայացնել այնպես, թե իբր Ք. Միքայելյանը մինչեւ վերջ կտրուկ մերժել է բռնության գործադրումը հանգանակության հարցում:
Փաստելով նախկինի համեմատ ավելի մեծ միջոցների անհրաժեշտությունը եւ արձանագրելով այդ հարցում ժողովրդի տրամադրվածության անկումը, ժողովը կայացրեց հետեւյալ որոշումը. «...ընդունելով հանդերձ թէ, մանաւանդ Սարուստանի (Ռուսաստան - Հ.Գ.) մէջ, պետական խստութիւններ, ճնշումներ եւ հետեւաբար անձերու անխուսափելի զոհաբերութիւններ կարող են տեղի ունենալ, մի պարագայ որ կրնայ նոյնիսկ կազմակերպութիւնը գէթ մի ժամանակի համար անգործութեան դատապարտել Սարուստանի մէջ, բայց աչքի առաջ ունենալով անցեալի փորձառութիւնը, գործի ու ժամանակի խիստ պահանջները, եկաւ այն եզրակացութեան, որ այլեւս ժամանակն է ընդհանուր եւ կարեւոր մի ժողովարարութեան դիմելու - ի հարկին չխուսափելով տեռորի միջոցին դիմելէ - որի արդիւնքը կարենայ բաւականութիւն տալ Ընդհանուր Ժողովի գծած սահմաններով Երկրի մէջ որոշ չափով յեղափոխական ձեռնարկներ յաջողցնելու համար, հանգանակութեան հիմք ունենալով Արեւելեան Բիւրոյի կազմած նախահաշուի քանակը»59:
Բռնի հանգանակության մասին սկզբունքային որոշում կայացնելով հանդերձ, փորձ արվեց այդ վճռի իրագործումը դնել թույլատրելի շրջանակների մեջ եւ նվազագույնի հասցնել հնարավոր բացասական արձագանքները: «Ժողովը,- ասված էր որոշման մեջ,- ...կը յանձնարարէ հնարաւորութեան չափով սահմանափակ պահել տեռորի գործադրութիւնը եւ կատարել գլխաւորապէս անոնց վրայ, որոնք յայտնի են իրենց զգացումներով ու կեանքով իբրեւ հասարակութեան կողմէ արհամարհուածներ»60:
Ժողովարարությունը եւ դրա հետ կապված հնարավոր ահաբեկումները պետք է կատարվեին Կ.Պոլսի Պատասխանատու Կենտրոնական Կոմիտեի անունից: Դաշնակցության Կամքը Ներկայացնող Մարմնի անդամներից կազմվեց կազմակերպիչ-վարիչ մարմին, որը հետագայում հայտնի դարձավ «Փոթորիկ» մարմին կամ «Դրամ» կոմիտե անունով: Այն ինքը պետք է որոշեր գործադրվելիք քայլերը, մշակեր դրանք իրականացնելու ուղիները, ընտրեր կազմվելիք ահաբեկիչ ու այլ խմբերի կազմը: Կամավոր սկզբունքով այդ մարմնի մեջ ներգրավվեցին Քրիստափոր Միքայելյանը, Ռոստոմը, Աշոտ Եղիկյանը եւ Արամ Հակոբյանը: Որպես ՀՅԴ Արեւելյան բյուրոյի ներկայացուցիչ, մարմնի կազմում հետագայում ներգրավվեց նաեւ Հարություն Շահրիկյանը61: Ստեղծված մարմինը, հանգամանքների բերումով, չկարողացավ նույն կազմով արդյունավետ գործել: Մարտավարական բնույթի տարաձայնությունների պատճառով նրա կազմից դուրս եկավ եւ Կովկասից հեռացավ բռնի հանգանակության առավել ակտիվ կողմնակից Արամ Հակոբյանը62: Մեծ ուշացումով Կովկաս ժամանեց Ռոստոմը: Մարմնի կազմում ուշ ներգրավվեց Հ. Շահրիկյանը: Նման պայմաններում, «Փոթորիկ»-ի գործունեության մեջ ի սկզբանե վճռորոշ էր Քրիստափոր Միքայելյանի դերակատարությունը:
Առաջին հայացքից տարօրինակ կարող են թվալ ինչպես Քրիստափոր Միքայելյանի կամավոր ներգրավվելը այդ մարմնի կազմում, այնպես էլ նրա կողմից հանգանակության գործի անմիջական ղեկավարության ստանձնումը: Չէ՞ որ նա տարիներ շարունակ ոչ միայն այդ ձեռնարկի եռանդուն հակառակորդներից էր, այլեւ այն համարում էր հեղափոխականի բարոյական նկարագրին ոչ հարիր: Արամ Հակոբյանը տալիս է նաեւ այդ հարցի պատասխանը. «Քրիստափոր ցանկանում էր ինք սկզբից ներկայ լինել, որպէսզի «սխալներ չարուեն»... Քրիստափորը ո՛չ թէ ստիպուած, այլ իր ցանկութեամբ գործի անցել էր...»63:
Թվում էր Քրիստափոր Միքայելյանին ներքուստ կաշկանդող բարոյական կապանքները հաղթահարված են եւ նա, իր ձեռքը վերցնելով բռնի հանգանակության գործի անմիջական ղեկավարությունը, հանգիստ խղճով, բարոյականության հնարավոր նորմերը պահպանելով՝ կիրականացնի այլեւս այլընտրանք չունեցող ձեռնարկը: Բայց անգամ այդ պահին, ջրում խեղդվողի նման, նա փորձում է կառչել փրփուրներից: Այդ մասին բացառիկ եւ հետաքրքիր վկայություն է թողել Արամ Հակոբյանը: «Քրիստափորը հակառակ էր «Փոթորիկ»-ին,- գրում է նա,- բայց անել էր կացութիւնը, ուրիշ ելք չկար, գլուխ ծռեց իրականութեան առջեւ (միաձայն էր որոշումը)... բայց իբրեւ քօմպրօմիս, առաջարկեց (այդ առաջարկը արձանագրութեան մէջ չմտաւ) որ նախքան «Փոթորիկ»ի գործի ձեռնարկելը «խաղաղ» միջոցներով ձեռք բերել որեւէ կարեւոր գումար եւ այդ պարագայում չձեռնարկել «Փոթորիկ»ին: Բոլորս էլ համաձայնուեցինք»: Արամ Հակոբյանը բերում է «խաղաղ միջոցների» երկու օրինակ: Քայլերից առաջինն անծանոթ որեւէ կազմակերպության անունից մեծահարուստ Մանթաշեւի Եվրոպայում սովորող որդիներից մեկի «կամավոր առեւանգումն էր»: Հույս կար, որ որդուն ազատելու համար Մանթաշեւը կտրամադրի պահանջվող գումարը, որի մի մասը ենթադրվում էր տրամադրել որդուն: Վերջինս իր ծախսերի համար բավարար դրամ չէր ստանում եւ այդ պատճառով դժգոհ էր հորից: Մանթաշեւի որդու հետ բանակցությունները, սակայն, հաջող ավարտ չունեցան:
Որպես երկրորդ կես «խաղաղ» միջոցի օրինակ բերվում է նշանավոր հայդուկ Բուլղարացի Պետոյի՝ մակեդոնացի հեղափոխականների հետ Թուրքիայում բռնի դրամ ձեռք բերելու փորձը: Նման հաջող փորձ մակեդոնացի հեղափոխականները մինչ այդ կատարել էին: Բայց 1901թ. հուլիսին հայ-մակեդոնական տաս հոգանոց հայդուկային խմբի համատեղ փորձը ձախողվեց(: Խմբի անդամների մեծ մասը զոհվեց: Պետոն իր մեկ հայ եւ երկու մակեդոնացի ընկերների հետ 1901թ. դեկտեմբերին կախաղան բարձրացվեց Ադրիանապոլսում64:
Հիմք չկա չհավատալու Արամ Հակոբյանի վկայությունների հավաստիությանը, մանավանդ այն դեպքում, երբ Բուլղարացի Պետոյի ճակատագիրը քաջ հայտնի է: Ա. Հակոբյանի վկայությունը պարզապես լույս է սփռում հայ-մակեդոնական հայդուկային խմբի հետապնդած իրական նպատակի վրա: Վերը նշված օրինակները մեկ անգամ եւս ակնառու ցուցադրում են այն ողբերգությունը, որ կարող էր ապրել հայ գաղափարական ու նվիրյալ հեղափոխականը: Վանի 1896թ. հունիսյան ինքնապաշտպանական մարտերի եւ Խանասորի արշավանքի մասնակիցը, կենդանության օրոք արդեն լեգենդ դարձած հերոսը, նահատակվում էր ոչ թե իր պաշտած Երկրի ազատագրման համար մղվող կռվում, այլ նույն Երկրի ազատագրման համար հույժ կենսական միջոցներ հայթայթելիս:
Հավանաբար Ք. Միքայելյանը դիմել է նաեւ այլ քայլերի: Բայց Ֆիլիպեի ժողովին հաջորդած ամիսներին դրական որեւէ առաջընթաց չի արձանագրվել: Նման պայմաններում Ք. Միքայելյանը 1901թ. աշնանը թողնում է Եվրոպան եւ 1902թ. սկզբին ժամանում Կովկաս: Մ. Վարանդյանի վկայությամբ, մինչ այդ, նա «Դրոշակ»-ի տպարանում իր ձեռքով պատրաստում է «Փոթորիկ» կոմիտեի ազդարարագիրը: ՀՅԴ Կ.Պոլսի Կենտրոնական Կոմիտեի անունից մահվան սպառնալիքով տուրք էր պահանջվում հարուստ հայերից՝ ի սեր արեւմտահայության ազատագրության65: «Փոթորիկ» ահաբեկիչ խմբի անունից կազմված այդ ազդարարագիրն ուներ հետեւյալ բովանդակությունը.
«Յարգոյ Հայրենակից
Կ.Պոլսոյ Պատասխանատու Կեդրոնական Կոմիտէի որոշմամբ յօգուտ հայկական դատի ընթացիկ պէտքերու Ձեզմէ կը պահանջուի ...... րուբլի:
Այդ գումարը վճարելուն համար Ձեզի ժամանակ կը տրուի ընդամէնը ......
......: Վճարման համար խումբս Ձեզի կը թողու շրջանէն գտնել մարդիկ, որոնք ի սէր Ձեր եւ տարաբաղդ հայկական խնդրուն, յանձն կ'առնուն հասցնել յիշեալ գումարը Կ.Պոլսոյ Պատասխանատու Կեդրոնական Կոմիտէին եւ ստանալ անորմէ պատշաճ անդորրագիր:
Ներկայ պահանջի մերժման պարագային՝ պիտ դատապարտուիք մահուան պատժի: Նոյն պատժին պիտ ենթարկուիք եւ այն ատեն, երբ փորձիք կառավարչական միջամտութիւն հրաւիրել եւ խմբիս անդամներուն ոեւէ կերպ վնասել»66:
Քրիստափորը ճերմակ կտավե պաստառների վրա բազմացրեց եւ իր հետ վերցրեց ազդարարագրի բազմաթիվ օրինակներ: Ձեռնամուխ լինելով «Փոթորիկ» գործողությանը, դաշնակցության առաջնորդը լրջորեն մտահոգված էր, որ այդ խիստ պատասխանատու գործին մասնակից դարձվեն գաղափարական ու բարոյական բարձր նկարագիր ունեցող անձինք: Գաղտնիք չէր, որ նման գործում ոչ բոլորը կարող էին խուսափել գայթակղությունից: Հաջողության երաշխիքներից մեկն էլ՝ ձեռնարկը կուսակցական տեղական մարմիններից անկախ ու գաղտնի իրականացնելու հանգամանքն էր, ինչն անհրաժեշտ էր համարել Ֆիլիպեի ժողովը: Հետեւաբար՝ Քրիստափորը շատ դեպքերում ստիպված էր գործին մասնակից դարձնել վերը նշված պայմաններին բավարարող, բայց տակավին անփորձ ու կովկասյան գործիչներին քիչ ծանոթ կամ անծանոթ անձանց: Նա իր հետ Կովկաս է բերում Շվեյցարիայում եւ Գերմանիայում ուսումը կիսատ թողած Գրիգոր Օդաբաշյանին (Սարգիս Բարսեղյան) ու Մարգար Ժամհարյանին (Մռավ), ինչպես նաեւ թեքիրդաղցի Օննիկ Նեւրուզին: Այդ երեք երիտասարդներին հետագայում վիճակված էր հերոսական կենսագրություն եւ մնայուն տեղ հայոց ազատամարտի պատմության մեջ, ինչն անկասկած վկայում է մարդկանց ճանաչելու Քրիստափորի ընդունակության մասին: Բայց այն ժամանակ նրա կատարած ընտրությունը շատերն էին անհաջող համարում, գտնելով, որ նա «շրջապատել էր իրեն բազմապիսի միմիանց անհամապատասխան եւ գործի համար միանգամայն անպէտք մարդկանցով»: Տարիներ անց Արամ Հակոբյանը դա համարել է «Փոթորիկ»-ին իր չմասնակցելու եւ Կովկասից հեռանալու պատճառներից մեկը67: Քրիստափորի ընտրությանն ավելի կոշտ գնահատականներ է տվել ՀՅԴ այդ շրջանի աչքի ընկնող գործիչներից Հակոբ Վարդ-Պատրիկյանը (Վարդո), որը նրա առավել ընդգծված քննադատներից էր68: Ճշմարտության որոշ տարրեր պարունակելով հանդերձ, նման գնահատականներն, ավելի շուտ, կովկասյան առանձին գործիչների անձնական վիրավորվածության կամ չբավարարված հավակնությունների դրսեւորում էին:
Կովկաս ժամանելով 1902թ. հունվարին, Քրիստափորը, զանազան պատճառներով, «Փոթորիկ»-ին ձեռնամուխ եղավ միայն կես տարի անց: Դրանում, հավանաբար, իրենց դերը խաղացին Ա. Հակոբյանի դուրս գալը մարմնից, Ռոստոմի ու Հ. Շահրիկյանի ուշ վերադարձը եւ այլ հանգամանքներ: Հայտնի է, որ «Փոթորիկ»-ի իրականացման ընթացքում Քրիստափորը դժգոհ էր մնացել վերոնշյալ գործիչներից, ինչը կարող էր բացատրվել վերջիններիս կրավորական դիրքով կամ կես ճանապարհին գործից հեռանալու հանգամանքով: Հետեւաբար՝ իրենից անկախ, նրա վրա էր ընկնում ինչպես կազմակերպական աշխատանքի առյուծի բաժինը, այնպես էլ՝ հնարավոր ձախողումների ամբողջ պատասխանատվությունը:
«Փոթորիկ»-ի առաջին թիրախ ընտրվեց Իսահակ Ժամհարյանը: Դա ամենեւին պատահական չէր: Ինչպես տեսանք, նա առաջիններից էր, ում «Փոթորիկ»-ը ձեռնարկելուց առաջ դիմել էր Քրիստափորը՝ հուսալով խուսափել բռնի հանգանակությունից: Ի. Ժամհարյանի բարեգործական որոշակի հակումները հիմք էին տալիս հուսալու, որ կտրուկ պահանջի դեպքում նա չի մերժի, ինչը թույլ կտար սկզբից եւեթ խուսափել անցանկալի պատժիչ քայլերից եւ արյունահեղությունից: Հետեւաբար, չի կարելի համաձայնել Վարդոյի հետ, որը Ժամհարյանին առաջին թիրախ ընտրելը համարում է խիստ անհաջող քայլ69: Այլ բան է, որ դեպքերը, ցավոք, ընթացան միանգամայն անցանկալի սցենարով:
1902թ. սեպտեմբերի 5-ի ուշ երեկոյան Շուշիում իր հանգիստն անցկացնող Ի. Ժամհարյանն ակումբից տուն վերադառնալիս առեւանգվեց «Փոթորիկ» խմբի կողմից: Նրան տանելով ապահով վայր, ներկայացնում են հայոց ազատամարտի համար ստեղծված ծանր իրավիճակը եւ առաջարկում նյութական աջակցություն բերել այդ գործին: Ի. Ժամհարյանից պահանջվում է 30.000 ռուբլի, ինչը նրա համար առանձնակի մեծ գումար չէր: Ժամհարյանը խնդրում է ազատ արձակել իրեն՝ պատվո խոսք տալով վճարել պահանջվող գումարը: Զգուշացնելով, որ մատնության դեպքում չի խուսափի պատժից, նրան ազատ են արձակում՝ պայմանավորվելով, որ հաջորդ օրն անձամբ Շուշիի Պեխի աղբյուրը կբերի պահանջվող գումարը: Ազատություն ստացած Ի. Ժամհարյանն իրատեսորեն չընկալեց ստեղծված վիճակի բարդությունը: Թերեւս վտանգն անցած համարելով կամ գուցե ոստիկանության ճնշման ներքո նա մատնություն կատարեց: Ժամադրավայրում Ի. Ժամհարյանին սպասող Գրիգոր Օդաբաշյանը եւ Սմբատ Ամիրյանը ձերբակալվեցին: Դեպքը մեծ արձագանք ունեցավ: Հնչեցին սուր քննադատական խոսքեր ինչպես հակադաշնակցական ճամբարից, այնպես էլ դաշնակցության շարքերից:
Ի. Ժամհարյանի մատնությունից հետո դրամի հանգանակության գործում ահաբեկչության կիրառումն անխուսափելի դարձավ: Այլ պարագայում դաշնակցությունը ստիպված կլիներ հրաժարվել «Փոթորիկ»-ի հետագա գործադրությունից, քանի որ օրինակը սպառնում էր վարակիչ դառնալ մյուս մեծահարուստների համար: Գնալով մատնության, Իսահակ Ժամհարյանը կայացրել էր իր մահավճիռը: 1902թ. դեկտեմբերի 15(28)-ին Մոսկվայի հայկական եկեղեցու բակում՝ բազմության ներկայությամբ նա դաշունահարվեց «Փոթորիկ»-ի անդամ ագուլիսցի Մատթեոսի կողմից: Ժանդարմական վարչության զեկուցագրում դեպքը մեկնաբանվում է այսպես. «...բանկիրը (Ի. Ժամհարյանը - Հ.Գ.) սպանվեց Մոսկվայում, այն էլ յեկեղեցու բակում, ժամերգության պահուն, բոլոր հայերի աչքի առաջ, վորպեսզի ահաբեկումը կատարյալ լինի: Ժանդարմական ոֆիցերին տված ցուցմունքների մեջ ահաբեկող Մինասյանը (խոսքը Մատթեոսի մասին է - Հ.Գ.) իր արարքը բացատրեց նրանով, վոր բանկիրը հեղափոխական գործի համար չեր տվել պահանջած 30 հազար ռուբլին, իսկ հանցավորներին մատնել էր վոստիկանության ձեռքը»70:
Ի. Ժամհարյանի ահաբեկումը մեծ տպավորություն թողեց եւ ճանապարհ բացեց դրամի հանգանակության համար: Անցնելով Բաքու եւ Թիֆլիս, Քրիստափորը լայն զարկ տվեց այդ գործին: «Փոթորիկ» խմբի կազմն ընդլայնվեց: Նրա գործուն անդամներ դարձան Համբարձում Աղաջանյանը (Կարո)71, Մկրտիչ Աղամալյանը (Սարհատ)72, Մարտիրոս Չարուխչյանը73: Վկայություններ կան, որ «Փոթորիկ»-ի գործում իրենց որոշակի ներդրումն են ունեցել նշանավոր հայդուկներ Նիկոլ Դումանն74 ու Սեբաստացի Մուրադը75, ապագա միհրանական շարժման առաջնորդ խմբապետ Միհրանը (Գաբրիել Քեշիշյան)76 եւ ուրիշներ:
Ժնեւից Քրիստափոր Միքայելյանի բերած ազդարարագրերը մեկը մյուսի ետեւից ներկայացվում էին Թիֆլիսի, Բաքվի, Շուշիի եւ այլ վայրերի մեծահարուստներին՝ նրանց կանգնեցնելով բարդ երկընտրանքի առաջ: Ոստիկանությանը տեղեկացնելու սկզբնական ցանկությունը, որին հակված էր ազդարարագրերը ստացողների մի մասը, աստիճանաբար երկրորդ պլան մղվեց՝ իր տեղը զիջելով զգուշավորությանը: Չնչին բացառություններով, մեծահարուստները բացեցին իրենց քսակները՝ վճարելով պահանջվող գումարները: Ոմանք գերադասեցին մեկնել Փարիզ եւ անձամբ ՀՅԴ Արեւմտյան բյուրոյին մուծումներ կատարել77: Թերեւս դրան նպաստեց նաեւ այն, որ «Փոթորիկ» կոմիտեն՝ ելնելով առաջին անհաջողության դառը փորձից, ըստ երեւույթին, էապես նվազեցրել էր վճարվելիք գումարի չափը: Ճիշտ է ուղղակի փաստեր չունենք, բայց այն, որ ՀՅԴ 3-րդ ընդհանուր ժողովի ընթացքում եւս հինգ հոգու կողմից կատարվել են վճարումներ՝ 20.000 ռուբլի ընդհանուր գումարով, մեզ ստիպում է հանգել այդ կարծիքին78: Չէ՞ որ միայն Ի. Ժամհարյանից պահանջվել էր 30.000 ռուբլի:
Եղան նաեւ հրաժարվողներ եւ ոստիկանությանն ապավինողներ: Նրանց մեջ հատկապես առանձնանում էին բաքվեցի մեծահարուստ Հարություն Ադամյանը եւ Կողբի աղահանքերի տեր Զաքար աղա Ջանփոլադյանը: Ի դեպ, վերջինս դաշնակցական նշանավոր վրիժառու Հմայակ Ջանփոլադյանի հորեղբայրն էր: Թեեւ հրաժարվողները տեւական ժամանակ գտնվում էին ոստիկանության աչալուրջ պաշտպանության ներքո, բայց չկարողացան խուսափել Ի. Ժամհարյանի ճակատագրից: 1904թ. հունիսի 10-ին Բաքվի քաղաքային այգում դաշունահարվեց Հարություն Ադամյանը: Նա արհամարհանքով մերժել էր «Փոթորիկ»-ի կողմից իրեն արված կրկնակի ու եռակի դիմումները, ինչը Սասունի 1904թ. ապստամբության լարված օրերին մեծ զայրույթ էր առաջացրել նրա նկատմամբ: Հարություն Ադամյանի ահաբեկիչներն էին Մկրտիչ Աղամալյանը, Մարտիրոս Չարուխչյանը եւ Համբարձում Աղաջանյանը79: Ի դեպ, Վ. Մինախորյանը մեկ այլ պարագայում Ադամյանի ահաբեկման ամսաթիվ է նշում 1904թ. հուլիսի 10-ը80:
Հ. Ադամյանի ահաբեկման առաջ բերած ուժեղ տպավորությունը եւ մանավանդ ահաբեկիչների անվնաս մնալը հնարավորություն ընձեռեցին ավարտին հասցնել սկսված գործը: «Փոթորիկ»-ը նոր ու ավելի ազդու դիմումներ հղեց բոլոր նրանց, ովքեր մինչ այդ ամեն գնով խուսափել էին վճարումներ կատարելուց: Վախեցած մեծահարուստները 1904թ. երկրորդ կեսին շտապեցին նրա հետ փակել իրենց հաշիվները81:
Այլ ճակատագիր ունեցավ Զաքար աղա Ջանփոլադյանը: ՀՅԴ-ն մեծ ջանքեր թափեց նրան պատժելու համար: Ապարդյուն փորձեր կատարեցին Հմայակ Ջանփոլադյանը, ՈՒսուլ Խեչոն, ախալցխացի Աշիկը, հնչակյան Ղեւոնդը եւ ուրիշներ: Բայց Ջանփոլադյանը ծայրահեղ զգուշավոր էր, ինչը տարիներ շարունակ հնարավորություն չէր տալիս ի կատար ածել նրա վերաբերյալ կայացված որոշումը: Նոր «Փոթորիկ»-ին էր միայն վիճակված ավարտին հասցնել այն: 1906թ. ամառվա վերջին, Համո Օհանջանյանի անմիջական հանձնարարությամբ, այդ բարդ խնդիրը լուծեց ՀՅԴ այդ տարիների ամենահամարձակ ահաբեկիչներից Մարտին (Ջումշուդ) Տեր Գալստյանը՝ իրեն աջակից ունենալով Սուրմալուի Բլուր գյուղի բնակիչ Ալեքսանին (Հռո): Վերջինս Դրոյի զինակիցն էր: Զաքար աղա Ջանփոլադյանի ահաբեկումն իրականացվեց Կողբում՝ օրը ցերեկով, իրեն պաշտպանող ոստիկանների եւ աղ գնող գյուղացիների ամբոխի աչքի առաջ: Ահաբեկումը կատարվեց ոչ թե «Փոթորիկ»-ի, այլ ՀՅԴ Կովկասի Ահաբեկիչ Մարմնի անունից82:
Ի. Ժամհարյանը, Հ. Ադամյանը, Զ. Ջանփոլադյանը եւ նրանց տիպի մեծահարուստները միակ խոչընդոտը չէին «Փոթորիկ»-ի ճանապարհին: Շատ ժամանակ չէր անցել, երբ կովկասյան միջավայրում ծլեցին անհայտ խմբակներ ու անհատներ, որոնք, օգտվելով իրավիճակից, նույնպես սկսեցին սպառնագրերի օգնությամբ դրամ շորթել հայ մեծահարուստներից: Ճիշտ է, սկզբնապես երեւույթը չուներ այն վտանգավոր մասշտաբները, որոնք բնորոշ էին ռուսաստանյան 1905-1907թթ. հեղափոխության շրջանին, բայց արդեն իսկ նշմարվող միտումները չէին կարող չանհանգստացնել: Թերեւս դրանով է բացատրվում «Փոթորիկ» խմբի անունից «Հայտարարություն» խորագրով ազդարարագրի հրապարակումը: Այդ փաստաթղթի ստեղծման պահը ստույգ հայտնի չէ, բայց տեքստի բովանդակությունից ակնհայտ է, որ այն պետք է թվագրել 1903թ. առաջին ամիսներով: Այն ունի հետեւյալ բովանդակությունը.
«Վերջին օրեր, Ժամհարեանին սպանութենէն ետքը, կարգ մը անյայտ խմբակներ, հանգամանքներէն օգտուելով, սպառնական նամակներով շատերուն դիմումներ կընեն դրամ կորզելու նպատակաւ:
Պարտք կը համարինք այդ առթիւ յայտարարել՝ ի գիտութիւն հասարակութեան.
ա).Որ այդ խմբակները ոեւէ առնչութիւն չունին Շուշւայ մէջ Ժամհարեանին վերայ յարձակում գործած խմբին հետ եւ պիտ ճանաչուին իբր բախտախնդիրներ, որոնց տրուած դրամները երբէք չը պիտի նպատակի ծառային:
բ).Որ ներքոյ ստորագրեալ «ՓՈԹՈՐԻԿ» ահաբեկիչ խումբը, ըստ որոշման Պօլսոյ Պատասխանատու Կենտրոնական Կոմիտէյի, իր դիմումները պիտ սահմանափակէ քանի մը յայտնի կրեսոսներով միայն.
գ).Որ մեր դիմումները կ'ուղեկցւին պատշաճ ապացոյցներով:
դ).Որ մեր իւրաքանչիւր պահանջի գանձման փոխարեն Պատասխանատու Կօմիտէի կողմէն կը տրւին անդորրագրեր, որոնց կրող անձինք կ'առնուին խմբիս անմիջական պաշտպանութեան ներքոյ եւ կրնան համարձակօրէն արհամարիլ ու մերժել բոլոր բախտախնդիրներու եւ այլ կուսակցութիւններու պահանջներուն, միանգամայն վստահ ըլլալով, որ անոնք կ'ենթարկուին մեր անխնայ եւ անխուսափելի դատապարտութեան:
«ՓՈԹՈՐԻԿ» խմբի անդամներուն ճանաչող, ինչպէս նաեւ պատահական կերպով անոնց տեսած կամ անոնց մասին ոեւէ տեղեկութիւն ունեցող ամէն անձնաւորութիւններ (տան տէրեր, խանութպաններ, հարեւաններ, հին ծանոթներ, ոեւէ տեղ պատահած անհատներ եւ այլն եւայլն) սաստկապէս կը նախազգուշացնւին ոստիկանական կամ դատական քննութիւններու ատէն միշտ խուսափիլ ոեւէ ցուցմունքներ տալէն: Հակառակ պարագային իւրաքանչիւր ցուցմունք պիտի նկատուի եւ պատժուի իբրեւ բացարձակ մատնութիւն»83:
Հայտարարությունը չի որոշակիացնում, թե ինչ կազմակերպությունների կամ խմբերի մասին է խոսքը: ՀՅԴ 3-րդ ընդհանուր ժողովի որոշ փաստաթղթերից եւ Հակոբ Վարդ Պատրիկյանի մասնակի վկայություններից կարելի է ենթադրել, որ խոսքը կարող էր վերաբերվել նաեւ Ռուսաստանի առանձին վայրերում, մասնավորապես Բաթումում, դաշնակցական առանձին կառույցների կողմից իրականացված բռնի հանգանակության դեպքերին: Դրանց ընթացքում, ցավոք, արձանագրվել էր նաեւ սպանության դեպք: Բաթումում 1903թ. հուլիսի 29-ին սպանվել էր Խաչատրյան եւ ընկ. գրասենյակի կառավարիչ Ալ. Թարխանյանը84:
Անդրադառնալով այդ դեպքերին, ՀՅԴ 3-րդ ընդհանուր ժողովը կայացրեց հանդիմանություն եւ նախազգուշացում պարունակող հետեւյալ որոշումը.
«Քննելով «Փոթորիկ»ի գործունէութեան հետ կողմնակի կերպով կապուած Նաւահանգստի (Բաթում - Հ.Գ.) եւ Սարուստանի (Ռուսաստան - Հ.Գ.) մէկ քանի վայրերու մէջ տեղի ունեցած բռնի հանգանակութեան եւ սպանութեան մը յանգող դէպքերը, նկատելով որ այդ յանցանքներու մէկ մասը առաջ եկած են դէպքերու մասնակից մարմիններու իրենց իրաւասութեան սահմանի թիւր ըմբռնումէն, եւ նախատեսելով որ այդ կարգի երեւոյթներ կարող են առաջ բերել հասարակական բարոյականի անկում, կազմակերպական կարգապահութեան խորտակում եւ Դաշնակցութիւնն ու գործը վտանգի ենթարկող դժուարութիւններ,
Ընդհ. Ժողովը որոշեց յանդիմանութեան ենթարկել ընդհանուր կերպով բոլոր այն անհատներն ու մարմինները, որոնք այդ դատապարտելի դէպքերուն մասնակից են եղած ուղղակի կամ անուղղակի կերպով, քանի որ Ժողովի համար անկարելի եղավ, անհրաժեշտ վկաներու եւ փաստերու պակասութեան պատճառով, ճշդել իսկական պատասխանատուները:
Ժողովը այս որոշումը կը նկատէ իբր նախազգուշութիւն մը բոլոր մարմիններու համար՝ առաջիկային խստիւ համակերպելու կարգապահութեան օրէնքներուն»85:
Ցավոք, հանդիմանությունները, հասարակության բարոյական անկման եւ հնարավոր այլ չարիքների մասին նախազգուշացումները հարկ եղած զսպիչ ազդեցությունը չունեցան: Արտաքին ու ներքին մի շարք գործոնների ազդեցությամբ այդ երեւույթը վերածվեց չարիքի: Դրան տուրք տվեցին ոչ միայն կազմակերպություններ ու խմբեր, այլեւ առանձին անհատներ: Նման մի անհատի մասին տեղեկություններ է տալիս Մարտին Տեր Գալստյանը: Նա վկայում է, որ Բաքվի հայ վաճառականներից ոմն Մովսես Ագարոնով պատրաստել էր ՀՅԴ կեղծ կնիք եւ հարուստներից դրամ էր շորթում: «Փոթորիկ»-ի ներկայացուցիչ Մարգար Ժամհարյանի հանձնարարությամբ Մարտին Տեր Գալստյանը ահաբեկել է զեղծարարին86:
Ինչեւիցե, «Փոթորիկ»-ի առջեւ դրված խնդիրները հիմնականում լուծված էին: Քրիստափոր Միքայելյանը, Աշոտ Եղիկյանը եւ «Փոթորիկ» խմբի այլ անդամներ հեռացան արտասահման: 1903թ. աշնանը, օրհասական կռվի պատրաստվող Սասունին ռազմական օժանդակություն հասցնելու կես ճանապարհին, իր տասնյակ զինակիցների հետ նահատակվեց Օննիկ Նեւրուզը: Ինչ վերաբերում է «Փոթորիկ» խմբի ձերբակալված անդամներին, ապա նրանց ճակատագրերը տարբեր զիգզագներ ունեցան: Ագուլիսցի Մատթեոսին ծանր ոդիսական էր վիճակված: Մոսկվայում ու Կովկասում ճաշակելով բանտի «հաճույքները», նա տասնամյա աքսորի դատապարտվեց: Սիբիրյան աքսորավայրից փախչելով, Մատթեոսը միառժամանակ ծպտյալ ապրեց Կովկասում: Հետագայում նա անցավ Վան, որտեղ գործեց մինչեւ երիտթուրքական հեղաշրջումը: Կյանքի վերջին տարիներն անցկացնելով Մուշում, Մատթեոսը զոհ գնաց Մեծ եղեռնին:
Եռանդուն քայլեր են ձեռնարկվում Շուշիում ձերբակալված Գրիգոր Օդաբաշյանին ազատելու ուղղությամբ: ՀՅԴ Բաքվի Կենտրոնական Կոմիտեն այդ գործը հանձնարարում է Ա. Գյուլխանդանյանին եւ Մ. Ժամհարյանին: Նրանց հաջողվում է Գանձակի նահանգական դատարանում կեղծ գործ հարուցել Գրիգոր Օդաբաշյանի նկատմամբ: Դա հնարավորություն տվեց Շուշիի բանտից վերջինիս փոխադրել Գանձակ: Կես ճանապարհին՝ Եվլախ կայարանում Հարություն Պետրոսյանը (Ստեփան Ստեփանյան) եւ Աղաբեկ Մելիք Շահնազարյանը աջակցեցին Գրիգորի փախուստին: Ի դեպ, Հարություն Պետրոսյանը Գրիգորի պատանեկության շրջանի ընկերն ու մրցակիցն էր: Մինչ այդ նա եռանդուն մասնակցություն էր ունեցել 1903թ. հունիսի 12-ի օրենքի դեմ բողոքի զանգվածային ելույթներին, իսկ հիշյալ դեպքից շատ չանցած նահատակվեց Զանգեզուրում՝ հայ-թաթարական կռիվների ընթացքում: Ինչ վերաբերում է Գրիգորին, ապա, ձեռք բերելով պարսկական անձնագիր, նա այսուհետ ստացավ Սարգիս Բարսեղյան անունը: Հետագայում, որպես դրսի օժանդակ գործիչ, նա մասնակցություն բերեց Արյունոտ սուլթանի պատուհասման գործի նախապատրաստմանը: Քրիստափոր Միքայելյանի նահատակվելուց կարճ ժամանակ անց Սարգիսն անցավ Պարսկաստան, ապա Վան՝ եռանդուն մասնակցություն բերելով Վասպուրականի ազատագրական պայքարին: Մեծ եղեռնի օրերին Վանա Սարգսին նույնպես վիճակվեց Մատթեոսի դաժան ճակատագիրը87:
«Փոթորիկ»-ի հետ կապված որոշ հարցեր այսօր էլ լիովին պարզ չեն: Դեպքերի մասին տեղեկությունները մեծամասամբ քաղում ենք դրանց հետ այս կամ այն չափով առնչված գործիչների հուշագրությունների ժլատ տողերից՝ այն էլ միայն այնքանով, որքանով առնչվել են հիշյալ անձերի հետ: Այնուհանդերձ, ընդունելի չէ առանձին ուսումնասիրողների այն պնդումը, թե «Փոթորիկ»-ը երբեք հաշվետվություն չի տվել եւ որ ամենեւին պարզ չէ, թե ինչ նպատակներով են օգտագործվել ՀՅԴ-ի կողմից այդ եւ հետագա տարիներին հանգանակված գումարները: Միանգամայն բնական է, որ, իբրեւ հեղափոխական գաղտնի կազմակերպություն, ՀՅԴ-ն չէր կարող, պարզապես դրա իրավունքն էլ չուներ, հանրության սեփականությունը դարձնել լիակատար տեղեկատվությունն այդ հարցում: Դա կնշանակեր ոչ միայն բացահայտել սեփական խաղաքարտերը, այլեւ վտանգի ենթարկել բոլոր նրանց, ովքեր որեւէ ձեւով առնչվել են այդ խնդրի հետ: Դրանով հանդերձ, ներկուսակցական որոշակի հաշվետվություն, այնուամենայնիվ, եղել է: Այդ են վկայում ՀՅԴ 3-րդ եւ 4-րդ ընդհանուր ժողովների արդեն հրապարակված փաստաթղթերը: Սոֆիայում կայացած 3-րդ ընդհանուր ժողովում «Փոթորիկ» խումբը միայն ընդհանուր հաշվետվություն է տվել, քանի որ խոստացել էր գաղտնի պահել վճարողների անունները: Բայց հաշվետվությունից, դա նույնն է ինչ վերահսկողությունից, ընդհանրապես դուրս չմնալու համար, խումբը ընդհանուր ժողովի կողմից ընտրված երեք հոգանոց մասնախմբի առջեւ բացահայտել է այն բոլոր անձանց անունները, ովքեր մասնակցել են վճարողների հետ բանակցություններին կամ էլ վճարման ժամանակ ներկա գտնվել: Լսելով այդ մասնախմբի բացատրությունները, ընդհանուր ժողովը վավերացրել է «Փոթորիկ»-ի հաշիվները:
«Փոթորիկ»-ի հաշվետվությունից երեւում է, որ մինչեւ 3-րդ ընդհանուր ժողովը հանգանակվել է 379500 ֆրանկի չափ գումար: Ժողովի ընթացքում դրան գումարվել է եւս 20000 ռուբլի (53000 ֆրանկ): Հետեւաբար, մինչեւ ընդհանուր ժողովի ավարտը «Փոթորիկ»-ից ստացվել է 432500 ֆրանկ, որը հավասարազոր էր 163200 ռուբլուն88: Տարիներ անց՝ ՀՅԴ 4-րդ ընդհանուր ժողովի քննիչ հանձնաժողովի կողմից «Փոթորիկ»-ի հաշիվների վերաբերյալ տրված զեկուցումից պարզվում է, որ 3-րդ ընդհանուր ժողովից հետո՝ մինչեւ 1904թ. դեկտեմբեր, ստացվել է եւս 101205 ռուբլի 70 կոպեկ89: Այն ֆրանկի վերածելու պարագայում կստանանք շուրջ 268200 ֆրանկ: 1905թ. «Փոթորիկ»-ը որեւէ մուծում չի ունեցել: Հետեւաբար, 1903-1904թթ. նրա կողմից
հանգանակված ընդհանուր գումարը կազմել է 264405 ռուբլի կամ շուրջ 707000 ֆրանկ:
2. Զմյուռնիայի տեղը դրամական միջոցների հայթայթման գործում
Մինչեւ ՀՅԴ 3-րդ ընդհանուր ժողովը, «Փոթորիկ» գործողությունից դուրս բռնի կամ կես բռնի մասնակի հանգանակություններ են կատարվել նաեւ ՀՅԴ Արեւմտյան բյուրոյի իրավասության ներքո գտնվող որոշ շրջաններում: Վերջինիս անունից Բալկաններում հանգանակություններ են կատարել Ռոստոմը եւ Հակոբ Վարդ Պատրիկյանը՝ ընդհանուր առմամբ կուսակցական բյուջեն համալրելով 3500-4000 ոսկի ֆրանկով90:
«Փոթորիկ»-ից անջատ գլխավոր բռնի հանգանակությունը կատարվել է Զմյուռնիայում (Իզմիր): Կ.Պոլսից եւ Տրապիզոնից հետո այն Օսմանյան կայսրության երրորդ ծովափնյա քաղաքն էր, որտեղ ՀՅԴ-ն առավել եռանդուն էր գործում: Գտնվելով Միջերկրական ծովի ափին, Զմյուռնիան կեսեվրոպական վաճառաշահ քաղաք էր: Հայ բնակչությունն այստեղ զգալի թիվ էր կազմում: Առաջին աշխարհամարտի նախօրեին Իզմիրի վիլայեթի հայության թիվը հասնում էր 72500-ի91: Նրանցից տեղաբնիկները, գրեթե առանց բացառության, խոշոր ու մանր առեւտրականներ էին, որոնք ապրելով հունական միջավայրում, մասամբ օտարացած ու հունականացած էին: Զմյուռնիայի հայության ազգային դիմագիծը պահում էին գավառներից եկած գաղթականները, որոնք մեծամասամբ արհեստավորներ ու բանվորներ էին: Իր կառույցները ստեղծելով այստեղ, ՀՅԴ-ն սկզբնապես նպատակ էր դրել ապահովել տեղի մեծահարուստ հայերի համակրանքը՝ ակնկալելով շոշափելի նվիրատվություններ Հայկական շարժման օգտին: Փաստորեն արեւմտահայ իրականության մեջ Զմյուռնիային վերապահվում էր այն դերը, որը Կովկասում հայ հեղափոխության համար խաղում էր Բաքուն: Պատահական չէ, որ ՀՅԴ կուսակցական տեղանունների ցանկում Զմյուռնիան ստացել էր «Ոսկեհանք» անվանումը:
Զմյուռնիային վերապահված այդ դերի հետաքրքիր բնութագրում է տվել տեղի դաշնակցական գործիչ Հ. Թոքաճյանն իր հուշերում. «Իզմիրը յայտնի էր իր շատ մը մեծահարուստ հայ վաճառականներով եւ անհատ հարուստներով: Կարծեմ, ճիշդ այս պատճառով կազմակերպական անունով ան կը կոչուէր «Ոսկեհանք»: Արդարեւ, երկար տարիներ «Դրօշակ»ի նուիրատուութեան ցանկերուն մէջ «Ոսկեհանք»ի ընկերներու կողմէ եղած նուէրները աչքի կը զարնէին: ՈՒ մենք միշտ հպարտ ու երջանիկ կը զգայինք ամէն անգամ, որ «Դրօշակ»ին մէջ մեր «Ոսկեհանք»ին նուիրատւութեանց ցանկը տպուած կը տեսնէինք:
Կազմակերպութեան կարեւորագոյն հարցն էր Երկրի կռուող ֆետայիներուն զէնք ու ռազմամթերք հայթայթելու համար տեղական հայ հարուստներէն դրամ հանգանակել»92:
Հետագա տարիներին Զմյուռնիային վիճակված էր կարեւոր դեր խաղալ նաեւ դեպի Կիլիկիա ցամաքային ճանապարհների ապահովման եւ ցուցական խոշոր ձեռնարկների կազմակերպման գործում:
1897թ. սկզբին Զմյուռնիայում կազմավորված ՀՅԴ Ոսկեհանքի Կոմիտեն հենց սկզբից փորձել է միանվագ մեծ նվիրատվություններ հանգանակել տեղի հայ մեծահարուստներից՝ որպես յուրահատուկ հեղափոխական հարկ: Ըստ որում յուրաքանչյուր 1000 օսմանյան ոսկու դիմաց սահմանվել էր հինգ ոսկու չափով հարկ: Դա մեծ գումար էր, եւ Զմյուռնիայի հայ մեծահարուստներն, անշուշտ, պատրաստ չէին կամովին զոհաբերել այն: Սկզբնական մի քանի հարյուր ոսկին հանգանակելուց հետո, անզգուշության եւ թույլ տված որոշ սխալների պատճառով, ձեռնարկը կիսատ մնաց: Ավելին, Կոմիտեի վտանգված ներկայացուցիչ Վահանը (Նիկոլ Մատինյան) ստիպված էր հեռանալ՝ իր տեղը զիջելով ՀՅԴ նշանավոր գործիչ Գարեգին Խաժակին: Զգալով Կոմիտեի թուլությունը, մեծահարուստները բացահայտ պայքար սկսեցին ՀՅԴ դեմ: Դրան միացավ նաեւ Մ. Մամուրյանի «Արեւելյան մամուլ» լրագիրը: Ինքը՝ Մ. Մամուրյանը ՀՅԴ-ի դեմ գրեց «Մուրացկանությունը իբր արվեստ» հոդվածը: Վիճակը փոքր ինչ շտկվեց, երբ որպես պատասխան հրապարակվեց Գարեգին Խաժակի «Բաց նամակ Մամուրյանին» գրությունը: Այն իր կուռ տրամաբանությամբ եւ բանավիճելու արվեստով մեծ տպավորություն թողեց: Դրանից հետո դիմումները վերսկսվեցին, բայց արդեն տեղեկացված իշխանություններն, իրենց հերթին, ձեռնարկեցին խուզարկություններ՝ թույլ չտալով ավարտին հասցնել սկսված հանգանակությունը93:
Զմյուռնիայում բռնի հանգանակության գլխավոր փորձը ձեռնարկվեց «Փոթորիկ»-ից միանգամայն անկախ, բայց դրան գրեթե զուգահեռ: Ոսկեհանքի կառույցն այդ ժամանակ անմիջականորեն ենթարկվում էր ՀՅԴ Կիլիկիայի Պատասխանատու Մարմնին: Վերջինիս համար Զմյուռնիան Կիլիկիա մուտք գործելու համեմատաբար դյուրին հենակետ էր: Այդ պատճառով 1901թ. սեպտեմբերի վերջերին այստեղ է ժամանում ՀՅԴ Կիլիկիայի Պատասխանատու Մարմնի անդամ Հայկ Թիրաքյանը (Հրաչ, Ֆարհատ)՝ Կիլիկիա անցնելու համար94: Բայց, նկատի ունենալով Զմյուռնիայի կարեւորությունը եւ տեղի դաշնակցական կառույցում այդ ժամանակ ստեղծված լարված վիճակը, նա հաստատվում է այստեղ՝ իր ձեռքը վերցնելով Ոսկեհանքի նորակազմ Կենտրոնական Կոմիտեի ղեկը: Լինելով Ֆիլիպեի ժողովի մասնակից եւ տեղյակ լինելով «Փոթորիկ»-ի ստեղծմանը, Հրաչ Թիրաքյանն, այնուհանդերձ, որոշում է Զմյուռնիայում վերսկսել դիմումները եւ ՀՅԴ Կիլիկիայի Պատասխանատու Մարմնի անունից բռնի հանգանակություն ձեռնարկել: Այնինչ իրադրությունը Զմյուռնիայում դրա համար միանգամայն աննպաստ էր:
Նախ, թուրքական իշխանությունները նախորդ դեպքերից հետո դարձել էին աչալուրջ եւ ուժեղացրել հսկողությունը: ՀՅԴ ներկայությունը Զմյուռնիայում փաստ էր: Հետեւաբար, քայլեր պետք է ձեռնարկվեին դրսեկ գործիչներին հայտնաբերելու, ձերբակալելու եւ դաշնակցական կառույցը ջախջախելու համար: Այդ նպատակով ոստիկանությունը Կ.Պոլսից բերել էր Մաքսուտ Ասլանյան անունով բավականին ուսյալ մի հայ լրտես: Վերջինս պաշտոնապես հանդես էր գալիս որպես «Մանզումե» թերթի թղթակից: Նրան աջակից դարձավ նաեւ տեղացի հոգեւորական Տեր Աբրահամի որդին՝ նախկին հնչակյան Գարեգին Տեր Մանիկյանը: Երկու լրտեսները վայելում էին ոչ միայն իշխանությունների, այլեւ Զմյուռնիայի հոգեւոր առաջնորդ Մելիքսեդեկ արքեպիսկոպոս Մուրադյանի, մեծահարուստ Մատթեւոս Պալեոզյանի եւ այլոց աջակցությունը: Զմյուռնիայում հայերն ամենուր տեսադաշտում էին, եւ իշխանությունների ու մեծահարուստների համագործակցությունը գրեթե բացառում էր հաջող հանգանակությունը:
Երկրորդ, նախքան Հրաչ Թիրաքյանի ժամանումը բարդ իրավիճակ էր ստեղծվել Ոսկեհանքի կազմակերպության շարքերում: Հակասություն էր առաջացել կոմիտեի եւ վերջինիս հնագույն գործիչ Սմբատ Պոյաճյանի (Էդվարդ, Սիսակ) միջեւ: Էդվարդին աջակցում էր Զմյուռնիայի ՀՅԴ կառույցի առավել ակտիվ «Որոտ» խումբը: Հրաչի Զմյուռնիա ժամանելուց հետո հակասություններն ավելի ուժեղացան՝ հանգեցնելով Ոսկեհանքի Կենտրոնական Կոմիտեի կազմից Էդվարդի հեռացմանը, իսկ որպես դրա պատասխան՝ Կենտրոնական Կոմիտեի հետ «Որոտ» խմբի, ապա նաեւ այլ խմբերի կապերի խզմանը95: Բնականաբար, ներքուստ պառակտված կազմակերպությունն ի զորու չէր առանց լուրջ կորուստների իրագործել ծրագրված հանգանակությունը:
Նոր դիմումների շարժառիթ դարձավ մեծահարուստ, մատնիչ Չիլինկրոֆի (հավանաբար պետք է լինի Չիլինգարով) ահաբեկման անհաջող ավարտված փորձը: Այն խիստ վախեցրեց մեծահարուստներին: Հենվելով «Արյուն» խմբի վրա, Հ. Թիրաքյանը ձեռնամուխ եղավ նոր շրջաբերականներ ուղարկելուն: Խմբի անդամներ Սուրենը, Պարույրը եւ Տաճատը, առանց բացահայտվելու, երկու օրում հաջողությամբ ցրեցին կարմիր կնիք կրող 72 շրջաբերականներ: Միաժամանակ լուրեր տարածվեցին, թե շրջաբերականները ցրել են արտասահմանից հատուկ այդ նպատակով ժամանած երեք անհատներ, որոնք, իրենց գործը կատարելով, իբր արդեն հեռացել են Զմյուռնիայից: Մնացած շրջաբերականները հասցեատերերին են ուղարկվում Դարդանելից՝ ֆրանսիական փոստի միջոցով96:
Ստույգ հայտնի չէ, թե որքան շրջաբերականներ ուղարկվեցին: Բայց դրանք իրոք անակնկալի բերեցին թե՛ մեծահարուստներին, թե՛ իշխանություններին: Յուրաքանչյուր մեծահարուստից պահանջվում էր իր կարողության համեմատ մուծումներ կատարել: Խոստացվում էր նվիրատուների անուններն անվտանգության նկատառումով գաղտնի պահել, բայց նաեւ խստորեն նախազգուշացվում էր, որ զերծ մնան մատնելու գայթակղությունից: Ստեղծվում է նույնպիսի իրավիճակ, ինչն առկա էր «Փոթորիկ»-ի պարագայում: Մեծահարուստների որոշ մասը պատրաստ էր տեղի տալ եւ վճարել, բայց մեծ մասը հակված էր մերժելու: Վերջիններիս մեջ առանձնանում էր Մատթեւոս Պալեոզյանը: Նրա նախաձեռնությամբ եւ հոգեւոր առաջնորդ Մելիքսեդեկ Արքեպիսկոպոս Մուրադյանի նախագահությամբ առաջնորդարանում շարունակ ժողովներ են գումարվում: Ի վերջո, որոշվում է մերժել: Պալեոզյանը եւ ուրիշներ ստացած շրջաբերականները հանձնում են իշխանություններին: Դրանից հետո քայլեր են ձեռնարկվում լրտեսներ Մաքսուտի ու Գարեգինի միջոցով դաշնակցական ղեկավարներին հայտնաբերելու եւ ձերբակալելու ուղղությամբ:
Շուտով ձերբակալվում է ՀՅԴ Զմյուռնիայի կառույցի աչքի ընկնող գործիչ Հակոբ Աբրահամյանը (Վարդ): Դա կատարվում է հետեւյալ հանգամանքներում: Ներկայանալով հոգեւոր առաջնորդին, որը նույնպես շրջաբերական էր ստացել, Վարդը պահանջում է վճարել գումարը: Սրբազանի պատասխանը խուսափողական էր: Առժամանակ անց Վարդը նորից է այցելում նրան: Նոր այցելությունը համընկնում է մեծահարուստների հերթական հավաքի հետ եւ ծանր տպավորություն թողնում: Առաջնորդը հրաժարվում է ընդունել Վարդին, իսկ լրտեսներ Մաքսուտն ու Գարեգինը սկսում են հետապնդել նրան: Թեեւ Վարդին հաջողվում է ազատվել հետապնդողներից, բայց մի քանի օր անց նույն լրտեսների ջանքերով ձերբակալվում է: Նա ենթարկվում է ծեծի ու տանջանքների, բայց պահում է ոգու կորովը: Բանտում որոշ ժամանակ պահվելուց հետո, որպես ամերիկահպատակ, Վարդն ազատվում եւ արտաքսվում է Թուրքիայից:
Հետագա հապաղումը դառնում է վտանգավոր: Այն, բնականաբար, մեկնաբանվելու էր որպես ՀՅԴ-ի թուլության նշան: Չնայած Ոսկեհանքի Կենտրոնական Կոմիտեի եւ դաշնակցական խմբերի միջեւ առկա սուր հակասություններին, երկու կողմն էլ դիմում են կտրուկ քայլերի: Էդվարդի շուրջը համախմբված «Որոտ» եւ «Արյուն» խմբերի եռանդուն ջանքերով իրականացվում են վերը նշված լրտեսների ահաբեկումները: 1902թ. հուլիսի 2 (15)-ին 23-ամյա Զարեհ Անդրեասյանի (Արամ) 18-ամյա Սամուել Քիրեզյանի (Պարույր) կողմից Զմյուռնիայի կենտրոնում, օրը ցերեկով, ահաբեկման ենթարկվեց Մաքսուտ Ասլանյանը: Վերքերը ծանր էին, եւ 18 օր անց նա մահացավ հիվանդանոցում՝ վերջին պահին զղջալով իր արարքների համար ու դրանցում բացահայտ մեղադրելով սրբազանին: Մեկ ամիս անց՝ 1902թ. օգոստոսի 6-ի առավոտյան, իր աշխատավայրում՝ Թոփալյան վաճառատան մեջ Պողոս Քեհեյանի (Արշակ) եւ Աբրահամ Պետիկյանի կողմից ահաբեկման ենթարկվեց լրտես Գարեգին Տեր Մանիկյանը, որը նույն գիշեր մահացավ հիվանդանոցում: Երկու դեպքում էլ ահաբեկիչներն անվտանգ հեռանում են արտասահման97:
Զմյուռնիայում բռնի հանգանակության հետ առնչվող մեծադղորդ ահաբեկումը, սակայն, թուրքական իշխանությունների մոտ բարձր վարկանիշ ունեցող Մատթեւոս Պալեոզյանի ահաբեկումն էր: Նրա նախաձեռնությամբ էր Կ.Պոլսից Զմյուռնիա բերվել Մաքսուտը, նա էր լրտես Գարեգինին հովանավորողը եւ ցուցումներ տվողը: Պալեոզյանը ոչ միայն իր ստացած շրջաբերականն անձամբ հանձնել էր իշխանություններին, այլեւ Մելիքսեդեկ սրբազանի հետ կարեւոր դեր էր խաղացել, որպեսզի մյուսներն էլ հրաժարվեն վճարել գումարները եւ հանձնեն ստացած շրջաբերականները: Մ. Պալեոզյանը վերածվել էր նույնպիսի լուրջ խոչընդոտի, ինչպիսին Ի. Ժամհարյանն էր «Փոթորիկ»-ի պարագայում: Առանց նրան ասպարեզից հեռացնելու բացառվում էր հաջող հանգանակությունը:
Պալեոզյանի ահաբեկումը կազմակերպում է Հ. Թիրաքյանը: Նա Կովկասից հատուկ այդ նպատակով հրավիրում է ծագումով մանիսացի, 25-ամյա Խորեն Սարգսյանին (Պետրոս Ազիզով): Վերջինս մինչ այդ նկատելի մասնակցություն էր ունեցել հայոց ազատամարտին: Խաստուրի նշանավոր կռվում ծանր վիրավորվել էր եւ միայն հրաշքով փրկվել: Դեռեւս Կովկասում Պետրոս Ազիզովն աչքի էր ընկել որպես համարձակ վրիժառու: Նրա ձեռքով էին ահաբեկվել մատնիչներ Շիկոն՝ Ալեքսանդրապոլում, Սամուելը՝ Թիֆլիսում եւ մահմեդական ավազակապետ Շերիֆ բեկը՝ Բաքվում98: Մկրտիչ Թոքաճյանը Ազիզովին, որպես ահաբեկիչ, Զմյուռնիա բերելը հիմնավորում է «տեղական երիտասարդությանը չվտանգելու» Հ. Թիրաքյանի մտահոգությամբ՝ նկատի ունենալով Պալեոզյանի «հասարակ մահկանացու» չլինելու հանգամանքը99: Դա ընդունելի բացատրություն չէ: Պետրոս Ազիզովի հրավիրվելը թելադրված էր Հ. Թիրաքյանի եւ Զմյուռնիայի դաշնակցական խմբերի ծայրահեղ լարված հարաբերություններով, որի մասին արդեն ասվել է: Պալեոզյանի հաջող ահաբեկումը ոչ միայն ճանապարհ էր բացելու դրամի հանգանակության համար, այլեւ բարձրացնելու էր Ոսկեհանքի Կենտրոնական Կոմիտեի հեղինակությունը՝ վերջինիս հնարավորություն տալով զսպել եւ իր շուրջը համախմբել չափից ավելի եռանդուն ու ինքնագլուխ խմբերը:
1902թ. հոկտեմբերի 4-ի առավոտյան, Զմյուռնիայի Բանկալթը կոչված վայրի իր գրասենյակում, Մ. Պալեոզյանն ահաբեկման ենթարկվեց Պետրոս Ազիզովի կողմից: Ատրճանակի միակ կրակոցը մահացու էր: Բայց ահաբեկման համար ընտրված վայրը հաջող չէր: Լավ ծանոթ չլինելով Զմյուռնիային, Պետրոս Ազիզովը չկարողացավ խուսափել հետապնդումից: Մ. Պալեոզյանի մոտ աշխատող թուրք բեռնակիրների կողմից բռնվելով ու դաժան ծեծի ենթարկվելով՝ նա հանձնվեց ոստիկանություն: Հ. Պոյաճյանն իր հուշերում Մ. Պալեոզյանի ահաբեկման ամսաթիվ է նշում 1902թ. սեպտեմբերի վերջերը: Նա նաեւ պնդում է, թե այդ դեպքից մի քանի օր հետո է, որ ձերբակալվել է Հ. Թիրաքյանը100: Կարծում ենք թե՛ մեկը, թե՛ մյուսը տասնամյակներ անց հուշեր գրելու հետեւանքով առաջ եկած պարզ թյուրիմացություններ են, որոնք դյուրին է ճշտել ավելի վստահելի աղբյուրով: Մ. Պալեոզյանի ահաբեկման դեպքն այնքան արտառոց էր, որ Զմյուռնիայի ռուսական հյուպատոսը հարկ է համարել այդ մասին նույն թվականի հոկտեմբերի 8-ին հատուկ հաղորդագրություն ուղարկել իր վերադասին: Դրանում մասնավորապես ասվում էր. «4-ին տեղիս համայնքի յերեւելի ու հարուստ անդամներից մեկը՝ Մատթեւոս Բալեոզյան՝ չարամիտ սպանության զոհ դարձավ: Հանցավորը հանդիսանում է վոմն Պետրոս Ազիզյան, 28 տարեկան, պարսկահպատակ...»101: Բնականաբար, ահաբեկիչը թաքցրել էր իր իսկական անունը, տարիքն ու թուրքահպատակ լինելու հանգամանքը:
Պալեոզյանի ահաբեկմամբ Զմյուռնիայում 1902թ. ծավալված դրամատիկ իրադարձությունները չավարտվեցին: Արդեն հաջորդ գիշերն իր բնակարանում ձերբակալվեց Հրաչ Թիրաքյանը: Ձերբակալվեցին նաեւ նրա կինը՝ Իսկուհի Թիրաքյանը եւ այդ օրը Թիրաքյանների բնակարանում գիշերող ՀՅԴ գործիչ Մինասը: Իսկուհի Թիրաքյանը որոշ ժամանակ անց բանտում զավակ ունեցավ եւ աքսորվեց Տրապիզոն: Այնտեղից հետագայում հաջողվեց նրան անցկացնել Կովկաս: Հրաչ Թիրաքյանը դատապարտվեց 101 տարվա բանտարկության եւ 1908թ. երիտթուրքական հեղաշրջումը դիմավորեց բանտում:
Ինչ վերաբերում է Պետրոս Ազիզովին, ապա նրա պարագայում, բախտի հեգնանքով, կրկնվեց Բուլղարացի Պետոյի ճակատագիրը: Պալեոզյանի ահաբեկման համար նա դատապարտվեց մահապատժի: Մահավճռի գործադրումը ձգձգվեց շուրջ երեք տարի եւ իրագործվեց 1905թ. օգոստոսի 8-ին՝ սուլթանի ահաբեկման ձախողված փորձից հետո: Ազիզովը կախաղանն ընդունեց հպարտ, առանց վախի նշույլի: Մահվանից միայն րոպեներ առաջ նա խոստովանեց, որ ինքը թուրքահպատակ Խորեն Սարգսյանն է՝ ծնունդով Մանիսայից102: Եվս մի հայդուկ նահատակության պսակ ընդունեց ոչ թե իր պաշտելի Երկրի տարածքում՝ նրա ազատագրման համար մղվող կռվում, այլ հայոց ազատամարտի ամենափշոտ ճանապարհին՝ նրա համար խիստ կենսական նյութական միջոցներ հայթայթելիս:
Պալեոզյանի ահաբեկումը, չնայած ահաբեկչի ձերբակալությանը, շանթահար արեց Զմյուռնիայի մեծահարուստներին: Սարսափն այնքան մեծ էր, որ նրանցից շատերը հիվանդության պատրվակով հրաժարվեցին մասնակցել Պալեոզյանի նույն օրն իսկ տեղի ունեցած հուղարկավորությանը, իսկ Մելիքսեդեկ սրբազանը շտապեց արագ եւ անշուք ավարտել այն: Նոր, ծածուկ խորհրդակցություններից հետո Զմյուռնիայի վաճառականները որոշեցին բացել քսակները103: Հակոբ Վարդ Պատրիկյանը վկայում է, որ 1903թ. առաջին ամիսներին Զմյուռնիայի հայ մեծահարուստների մի մասը պարզապես դրամատնային փոխանցումով, ուրիշներն էլ Եվրոպայում հանդիպելով ՀՅԴ Լեռնավայրի Պատասխանատու Մարմնի ներկայացուցիչներին, վճարում են պահանջվող գումարները104:
Զմյուռնիայում իրականացված բռնի հանգանակության իրական արդյունքներն այսօր էլ պարզ չեն: ՀՅԴ 3-րդ ընդհանուր ժողովին Կիլիկիայի Պատասխանատու Մարմնի տված հաշվետվությունն այդ հարցում սահմանափակվում է ստորեւ բերվող ժլատ եւ գրեթե ոչինչ չասող տողերով. «Կիլիկիոյ Պատ. Մարմնի տուած տեղեկութիւններէն յայտնուեցավ, որ իր նախաձեռնութեամբ Ոսկեհանքի մէջ կատարուած բռնի հանգանակութեան արդիւնքը եղած է ...... ֆրանք, ...... անձնաւորութիւններէ: Խումբը ունեցած է ...... մարդու կորուստ՝ զանազան աստիճանի պատիժներու դատապարտուած»105: Կարծում ենք, որ նույն ժողովի կողմից հաստատված նախահաշվում որպես Կիլիկիայի Պատասխանատու Մարմնի տնօրինության տակ գտնվող պատրաստի գումար հիշատակված 16000 ֆրանկը Զմյուռնիայի բռնի հանգանակության արդյունքում գոյացած ամբողջ գումարը չէ, այլ դրա սոսկ մի փոքր մասը:
3.Բռնի հանգանակության առաջին շրջանի հանրագումարները. արդյունքներ եւ հետեւություններ
«Փոթորիկ»-ի գործունեությունը, Զմյուռնիայում, Բալկաններում եւ Ռուսաստանում կատարված մյուս հանգանակությունները դաշնակցության համար 1904թ. ստեղծեցին նյութական հիմք, որի վրա հենվելով այն կարող էր միաժամանակ մի քանի ուղղություններով ծավալել եռանդուն գործունեություն: Եվ դա այն դեպքում, որ 1903թ. հունիսի 12-ի օրենքից հետո ՀՅԴ-ն որդեգրել էր նաեւ արեւելահայ դատը, ինչը նրանից պահանջելու էր մարդկային եւ նյութական լրացուցիչ ռեսուրսներ: Բայց եւ այնպես, դաշնակցության նյութապես ապահով վիճակը բացառապես կատարված բռնի հանգանակություններով բացատրելը ճիշտ չէ: Բանը նրանում է, որ հայոց եկեղեցու գույքի բռնագրավումից հետո կրկին մեծացել էր ՀՅԴ-ի ազդեցությունը զանգվածների շրջանում: Դա հանգեցրել էր նրա շարքերի աննախադեպ զորեղացման, բնականաբար նաեւ դրամական մուտքերի զգալի աճի: Ապացույցը՝ ՀՅԴ 3-րդ ընդհանուր ժողովի կողմից հաստատված նախահաշիվը, որտեղ «Փոթորիկ»-ի միջոցով ձեռք բերված գումարը կազմում էր 326000 ֆրանկ, մինչդեռ այլ ուղիներով 1904թ. ստանալիք գումարները կազմելու էին 303800 ֆրանկ: Մասնավորապես, մեծ գումարներ էին սպասվում Բաքվից, Ամերիկայից, Կարսից, Ալեքսանդրապոլից եւ այլ վայրերից106: Իսկ դա նշանակում էր, որ ՀՅԴ-ն՝ հաղթահարելով նախորդ տարիների նյութական ճգնաժամը, կրկին ի զորու էր տնօրինել նյութական ռեսուրսների այնպիսի ծավալներ, ինչպիսիք ուներ 1890-ականների առավել բարենպաստ տարիներին:
ՀՅԴ նյութական վիճակի կայունացմանն ու բարելավմանն առաջիկայում էապես նպաստելու էին նաեւ այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք էին՝ կուսակցական բոլոր մարմինների կողմից իրենց տնօրինած դրամական ու զինական միջոցների մասին պարբերաբար հաշվետվություն ներկայացնելը, դրանց օգտագործման վրա խիստ հսկողություն սահմանելը, պարտադիր կուսակցական տուրք վճարելը (եկամտի 2-10%-ի չափով), «Դրոշակ»-ի տուրք սահմանելը եւ այլն:
Գումարների առյուծի բաժինը ՀՅԴ 3-րդ ընդհանուր ժողովը տրամադրեց Սասունի ժամանակից շուտ պայթած ապստամբությանն օժանդակելուն (145000 ֆրանկ), Կիլիկիայում (200000 ֆրանկ) եւ Վասպուրականում (46000 ֆրանկ) ուժերի կենտրոնացմանը, Ցուցական Մարմնի ու «Փոթորիկ»-ի գործունեության կազմակերպմանը (150000 ֆրանկ): Համեմատաբար մեծ միջոցներ էին հատկացվում նաեւ Կովկասի Ինքնապաշտպանության Կենտրոնական Կոմիտեին (50000 ֆրանկ), «Pro Armenia»-ի տպագրության եւ եվրոպական քարոզչության գործին (30000 ֆրանկ)107:
Դրամական խնդրի առերեւույթ հաջող լուծումը եւ մուտքերի նկատելի ավելացումն, այնուհանդերձ, տեսադաշտից դուրս չթողեցին բացասական այն երեւույթները, որոնք ակնհայտ դրսեւորվել էին բռնի հանգանակության ընթացքում: Այդ հողի վրա կատարված սպանությունները, հասարակության մեջ դրանց հետեւանքով առաջացած վախի մթնոլորտը, հեղափոխականների ձերբակալությունները, դրամահավաքին ուղեկցող անխուսափելի գայթակղությունները, զանազան խաչագողերի հանդես գալը, քաղաքական հակառակորդների սուր քննադատությունը չէին կարող մտահոգության տեղիք չտալ եւ քննարկման առարկա չդառնալ: Առավել եւս, որ ՀՅԴ-ն ծայրահեղ անհրաժեշտությունից դրդված էր գնացել այդ քայլին եւ նրա շարքերում իսկ մեծ թիվ էին կազմում բռնի հանգանակության երդվյալ հակառակորդները: ՀՅԴ 3-րդ ընդհանուր ժողովը մեկ անգամ եւս իր վերաբերմունքն արտահայտեց հարցի վերաբերյալ: Ընդունված բանաձեւն արձանագրեց. «...տուած եւ գործադրած որոշումը բռնի հանգանակութեան մասին՝ Ընդհանուր Ժողովը կ'ընդունի որոշ, տագնապալի վայրկեաններուն մէջ իբր անխուսափելի միջոց մը, որը սակայն իբր բացարձակ չարիք (ընդգծումը մերն է - Հ.Գ.)՝ պէտք է իր կիրարկութեանը մէջ սահմանափակուի Ընդհանուր Ժողովի կողմէն մասնաւոր որոշումներով»: «Փոթորիկ»-ի գործի հետագա տնօրինումը վերապահվում էր միայն ժողովի կողմից ստեղծված Ցուցական Մարմնին՝ այն էլ մինչեւ Դաշնակցության Խորհրդի առաջիկա նիստը: ՀՅԴ արտասահմանյան որեւէ այլ մարմնի արգելվում էր բռնի միջոցներով դրամ հանգանակել: Նման ճանապարհով հավաքված դրամի բախշման իրավասությունը ընդհանուր ժողովից բացի տրվում էր միայն Դաշնակցության Խորհրդին108:
Այսպիսով, «բացարձակ չարիք» համարելով բռնի դրամահավաքությունը եւ որոշում կայացնելով «Փոթորիկ»-ի առաջիկա լիկվիդացման մասին, ընդհանուր ժողովն, այնուհանդերձ, իր ընդունած վճիռներով մեկընդմիշտ չէր փակում ապագա բռնի դրամահավաքի ճանապարհը: Անցնող ամիսները ցույց տվեցին, որ այդ երեւույթի հետագա կիրառումն արգելող որոշումների ընդունումը դեռ բավարար չէ դրանից վերջնականորեն ազատվելու համար: Կուսակցական դրամարկղը հեշտ ճանապարհով համալրելու տարբերակը շարունակում էր գայթակղել հատկապես Կովկասյան եւ Ռուսաստանյան որոշ կառույցների: Ամենեւին պատահական չէ, որ ՀՅԴ Արեւելյան մարմինների 1904թ. դեկտեմբերին կայացած 4-րդ շրջանային ժողովը նորից անդրադարձել է խնդրին: Հերթական անգամ ընդունվել է բանաձեւ միջոցների հավաքման հարցում որեւէ բռնություն բացառելու մասին: «Շրջանային Ժողովը,- ասվում էր դրանում,- որոշեց միանգամայն արգիլել մեր մարմիններին այսուհետեւ ուղղակի կամ անուղղակի կերպով ստիպող միջոցներով դրամ ժողովելը, վերապահելով այդ իրաւունքը Ընդհանուր Ժողովի կողմից ընտրուած յատուկ ստիպողական միջոցներով դրամ ժողովող «Կռուածաղիկ» Մարմնին (Ցուցական Մարմին - Հ.Գ.), խնդրելով՝ որ վերոյիշեալ Մարմինը իր դիմումների մասին իմացում տայ համապատասխան շրջանի Կեդր. Կոմիտէի անդամներից մէկին, թիւրիմացութիւնների եւ հակասութիւնների տեղիք չտալու համար»109:
1905թ. փետրվարի վերջին գումարված Դաշնակցության Խորհուրդը, որի վրա էր դրված «Փոթորիկ»-ի գործունեությունը դադարեցնելու խնդիրը, չհասցրեց անդրադառնալ այդ հարցին, քանի որ անավարտ մնաց Քրիստափոր Միքայելյանի ու Վռամշապուհ Քենդիրյանի նահատակության պատճառով: Բայց 1905թ. ապրիլին, Ժնեւում նորից գումարված Խորհուրդը, այլ հարցերի կողքին, քննարկել է նաեւ «Փոթորիկ»-ի հարցը՝ ընդունելով հետեւյալ որոշումը. «Խորհուրդը որոշեց դադարեցնել «Դրամ» («Փոթորիկ» - Հ.Գ.) կոմիտէի կողմէ նոր դիմումները, մաքրել հին հաշիվները՝ առանց ծայրայեղ միջոցների դիմելու»110: Նման որոշումն ընդունվեց դաշնակցության համար նյութական բարենպաստ պայմաններում: Անգամ սկսված հայ-թաթարական ընդհարումներն արգելք չհանդիսացան դրա համար, քանի որ դեռեւս հնարավոր չէր կանխատեսել դրանց իրական ծավալներն ու հետեւանքները:
ՈՒշագրավ է, որ Դաշնակցության Խորհուրդը նույն օրերին հաստատեց նաեւ ՀՅԴ 1905թ. նախահաշիվը: Վերջինիս վրա դեռեւս նկատելի ազդեցություն չունեին ինչպես հայ-թաթարական ընդհարումներով պայմանավորված լրացուցիչ ծախսերը Կովկասում, այնպես էլ նույն հանգամանքով բացատրվող դրամական խոշոր միջոցների հոսքը կուսակցական գանձարկղ: Այնուհանդերձ, նախահաշվի մուտքային մասը կազմում էր ՀՅԴ-ի համար մինչ այդ աննախադեպ գումար՝ 385000 ռուբլի, որից 268160 ռուբլին կուսակցության այդ տարվա սպասվելիք դրամական մուտքերն էին լինելու: Համեմատության համար արձանագրենք, որ այն փոքր ինչ գերազանցում էր «Փոթորիկ»-ի կողմից 1903-1904թթ. հանգանակված ամբողջ գումարը: Ինչպես նախորդ տարիներին, դաշնակցության ծախսերի առյուծի բաժինը՝ մոտ 220000 ռուբլի, ուղղորդվելու էր արեւմտահայ ազատագրական շարժման հրատապ պահանջների բավարարմանը: Դրանով հանդերձ, նկատելի գումարներ էին հատկացվում նաեւ արեւելահայ դատի, մասնավորապես կովկասահայության ինքնապաշտպանության, խնդիրների լուծմանը111: Դա նշանակում էր, որ ՀՅԴ-ն դրամական ճգնաժամը թողել էր անցյալում եւ կարող էր ամբողջ թափով նետվել իր հիմնական գործունեության ոլորտը: Բայց սկսված հայ-թաթարական կռիվները նորից կտրուկ փոփոխություն մտցրեցին ՀՅԴ գործունեության մեջ, նրա առջեւ դրեցին նոր եւ բարդ խնդիրներ՝ հարկադրելով նաեւ մեկ անգամ եւս գնալ միջոցների հայթայթման անցանկալի ճանապարհով:
4. «Փոթորիկ» գործողության երկրորդ շրջանը
1905թ. սկսված Ռուսաստանյան առաջին հեղափոխությունը կտրուկ փոխեց իրավիճակը կայսրության ողջ տարածքում, բնականաբար, նաեւ Անդրկովկասում: Կենտրոնական ու տեղական իշխանությունների շփոթահար, ինչ-որ տեղ կաթվածահար վիճակը, Կովկասյան վարչակարգի մեծ ու փոքր պաշտոնյաների սադրիչ գործողությունները, երկրամասի ժողովուրդների փոխհարաբերություններում անցյալում ամբարված եւ հեղափոխությանը նախորդած տարիներին ուժեղացած փոխադարձ անվստահությունն ու թշնամանքը, օբյեկտիվ ու սուբյեկտիվ այլ հանգամանքներ պարարտ հող էին ստեղծել ազգամիջյան լուրջ բախումների համար: Նման պայմաններում, 1905թ. փետրվարի 6-ին Բաքվում թաթար ամբոխի ձեռնարկած հայերի ջարդն արագորեն վերածվեց հայ-թաթարական խոշոր ընդհարման, որը վարակի նման տարածվեց ամբողջ երկրամասով: Բաքվի, Երեւանի, Ելիզավետպոլի ու Թիֆլիսի նահանգների հայ-թաթարական խառը բնակչություն ունեցող գրեթե բոլոր տարածքները, որոշակի ընդմիջումներով, ավելի քան մեկ եւ կես տարի դարձան իսկական պատերազմական գործողությունների թատերաբեմ: Դրանց ընթացքում կողմերը կրեցին մարդկային եւ նյութական վիթխարի կորուստներ:
ՈՒնեցած սակավ ռեսուրսները բացառապես արեւմտահայության ազատագրման խնդրին նպատակաուղղած կովկասահայությունը սկզբնապես ի զորու չէր արժանվույնս դիմակայել լավ զինված եւ իշխանությունների բացահայտ համակրանքը վայելող թաթարներին: Ռուսաստանի տիրապետության ներքո իրենց ֆիզիկական գոյությունն ապահով համարելով՝ նախորդ տասնամյակների ընթացքում հայերը բացարձակապես չէին մտահոգվել զինվելու, հարկ եղած պարագայում պաշտպանվելու մասին: Բաքվի 1905թ. փետրվարյան դեպքերն օրվա հրամայական խնդիր դարձրին կովկասահայության ինքնապաշտպանության կազմակերպման հարցը: ՀՅԴ-ի աննախադեպ հզորացումը, զանգվածների միջավայրում նրա հեղինակության կտրուկ աճը, նախորդ տարիներին կուտակած կռվի փորձը, ձեռքի տակ ունեցած մարտական ուժերն ու զենքի պաշարները, զենք հայթայթելու եւ փոխադրելու ասպարեզում ունեցած մեծ կապերը, կուսակցական խիստ կարգապահ շարքերի առկայությունը եւ այլ որակներ դաշնակցության համար օրինաչափորեն ապահովեցին հայկական ինքնապաշտպանության կազմակերպչի ու ղեկավարի դերը:
Բնականաբար, առաջին պլան մղվեց զենք ձեռք բերելու եւ արեւելահայությանը զինելու հարցը: Պատերազմի ասպարեզ էր դարձել վիթխարի տարածք եւ այնտեղ ապրող հայ բնակչության հնարավորինս արագ զինումը պահանջում էր ահռելի ջանքեր, դրամական խոշոր միջոցներ: Ճիշտ է, նախորդ տարիների համեմատ ՀՅԴ-ի միջոցները նկատելի աճել էին, բայց միանգամայն անբավարար էին այդ խնդիրը լուծելու համար: Արդեն 1905թ. փետրվարի վերջին գումարված ՀՅԴ Խորհուրդը դեպքերի թարմ տպավորության ներքո անդրադարձավ հայ-թաթարական ընդհարումների հարցին: Դեռեւս անկարելի էր կանխագուշակել այդ բախումների հետագա ծավալման իրական չափերը: Այնուհանդերձ, Կովկասին զենք մատակարարելու նպատակով հատուկ մարմին կազմվեց, որի մեջ մտնում էին Հայկունին (Երվանդ Համամչյան), Մռավը (Մարգար Ժամհարյան), Սաքոն, Ֆելիքսը (Զավենյան) եւ Հակոբ Չիլինգարյանը (Աշոտ Հայկունի): Ստեղծված մարմինը թերեւս կարելի է ՀՅԴ ապագա Զինական Ֆոնդի (Զիֆոն) նախատիպը համարել, չնայած նրանում ներգրավված անձանց մի մասը, զանազան պատճառներով, այդ ուղղությամբ նկատելի գործունեություն չծավալեց: Այդ մարմնի տրամադրության տակ դրվեց 20000 ռուբլի: Մի փոքր ուշ՝ ապրիլին կայացած նիստում, Դաշնակցության Խորհուրդը գումարի չափն ավելացրեց՝ հասցնելով 25000 ռուբլու, բայց դեպքերի սրընթաց զարգացումը ցույց տվեց, որ այդ գումարը չափից ավելի համեստ էր զենքի ու զինամթերքի ահռելի պահանջները բավարարելու համար112:
Հայ-թաթարական կռիվներն անմիջապես բացահայտեցին արեւելահայ ունեւոր խավի բնավորության գծերն ու մտածելակերպը: Արեւմտահայ ազատագրական շարժումը նյութպես աջակցելու խնդրում խիստ անտարբեր եւ ժլատ արեւելահայ մեծահարուստը համեմատաբար առատաձեռն գտնվեց կովկասահայության ինքնապաշտպանությունն ապահովելու հարցում: Դա միանգամայն բնական էր, քանի որ կովկասահայ մեծահարուստն արագ ըմբռնեց, որ դրանով իսկ փրկում է իր անձն ու կարողությունը: Ասվածը նախ եւ առաջ վերաբերում է Բաքվի հայության ունեւոր շերտին, որն առաջինն ընդունելով թաթարական հարվածի ծանրությունը, հասկացավ վտանգի խորությունը: Արեւելահայ ունեւոր խավի տրամադրության այդ փոփոխությունն արձանագրել է Աբրահամ Գյուլխանդանյանը: «Պէտք է խոստովանել,- գրում է նա,- որ ընդհանրապէս հայութիւնը ոչ միայն կարողացաւ գիտակցել վտանգի մեծութիւնը, այլ եւ անմիջապէս ըմբռնեց կարիքի չափը եւ շատ վայրերում անմիջապէս ինքնաբերաբար հանգանակութիւններ կատարեց:
Երբ փետրուարի դէպքերը տեղի ունեցան Բագւում, Բագուի ունեւոր դասը քիչ բացառութեամբ, իր մասնակցութիւնը բերեց, որոնցից շատերը ինքնաբերաբար իրենց գումարները դնում էին Դաշնակցութեան տրամադրութեան տակ՝ Բագուի եւ առհասարակ ամբողջ հայութիւնը զինելու համար»113:
Ա. Գյուլխանդանյանը նաեւ վկայում է, որ փետրվարյան դեպքերից հետո Բաքվում ստեղծվել էր մնայուն մարմին՝ քաղաքացիների շրջանում հարգանք վայելող մեծահարուստ Բոգդան Դոլուխանյանի գլխավորությամբ: Այդ մարմինը հայ մեծահարուստների վրա հատուկ տուրք էր սահմանել եւ ամեն ամիս հավաքված գումարները հանձնում էր ՀՅԴ Բաքվի Կենտրոնական Կոմիտեին: Բաքվի մարմնի այդ քայլին արձագանքեցին նաեւ Ռոստովի, Նոր Նախիջեւանի եւ Մոսկվայի շատ հայեր, որոնք իրենց հանգանակած գումարները նույնպես մեծամասամբ հանձնեցին դաշնակցությանը114: Որոշ փաստեր վկայում են, որ միայն Բաքվի հայությունն այդ շրջանում հանգանակել է շուրջ 800.000 ռուբլի: Դրանում իր վաստակն ուներ նաեւ Բաքվի հայության միջավայրում անառարկելի հեղինակություն վայելող Նիկոլ Դումանը115: Նախկինում, հօգուտ հայոց ազատամարտի, հանգանակված գումարների հետ համեմատած դա, անկասկած, վիթխարի գումար էր: Հայ-թաթարական ընդհարումների շառավղի ընդլայնման եւ Անդրկովկասի գրեթե ամբողջ տարածքում մղվող պատերազմական գործողությունների տեսք ստանալուն զուգընթաց այն, սակայն, դարձավ միանգամայն անբավարար զենքի ու զինամթերքի գոնե նվազագույն պահանջները բավարարելու համար: Մինչդեռ կովկասահայ՝ հիմնականում Բաքվում կենտրոնացած բուրժուազիան, նյութական վիթխարի կորուստների եւ արդեն կատարած նվիրատվությունների արդյունքում, այլեւս ի զորու չէր լիովին ապահովել հայաբնակ բոլոր շրջանների կարիքները: Դա, բնականաբար, օրախնդիր էր դարձնում Ռուսաստանի ապահով վայրերում եւ արտասահմանում ապրող հայության նյութական աջակցության հարցը: Այդ առումով ուշագրավ փաստաթուղթ է 1905թ. նոյեմբերին Կովկասի մի խումբ ազդեցիկ հայերի կողմից արտասահմանի հայ մեծահարուստներին ուղղված դիմումը: Այն օգնության աղերսանքի յուրատեսակ ճիչ էր. «Անդրկովկասի ամբողջ հայութիւնը այսօր ապրում է պատմական մի արիւնոտ ճգնաժամ, որով նրա գոյութեան, նրա լինել - չլինելու հրամայող ու անողոք խնդիրն է դրւած...
Իրերի այս կացութեան մէջ ուրիշ ելք չէր մնում, բայց եթէ զինւել ու պաշտպանւել: Եւ սպառնացող վտանգի բոլոր ահաւոր իմաստը գիտակցելով՝ հայ ժողովուրդը Հ.Յ. Դաշնակցութեան ղեկավարութեամբ ահա տասն ամիս է, որ մղում է անհաւասար ու անողորմ կռիւ՝ գոյութիւնը ու պատիւը պաշտպանելու համար: Սակայն, հայ մարտական ուժերը ներկայ ծանր պահանջներին համապատասխան կերպով զինելու համար բավական չեն Կովկասում ապրող հայ ունեւորների, հայ գիւղացիութեան միջոցները: Մասնաւորապէս հայ ունեւորը՝ պարբերաբար ջարդերով մեծամեծ նիւթական վնասներ կրած եւ անձն էլ վտանգի մէջ, Հ.Յ. Դաշնակցութեան միջոցով մեծ զոհաբերութիւններ է յանձն առել եւ դեռ շարունակում է տալ իր վերջին կոպէկները: Բայց դա մի կաթիլ է պահանջի մեծութեան առաջ: Զէ՛նք, զէ՜նք, այլապէս հայ ցեղի դէմ կազմւած հրէշաւոր դաւադրութիւնը կարող է իւր վախճանական նպատակին հասնել: Այդ պատճառով մենք՝ ըմբռնելով ներկայ մոմենտի բոլոր տրագիկական նշանակութիւնը մեր ցեղի ապագայի համար... դիմում ենք ձեզ, արտասահմանի ապահովութիւն վայելող հայութեան ունեւոր մասին, որ շուտափոյթ օգնութեան հասնէք ազգային այս հսկայական աղէտի առաջն առնելու համար:
Իւրաքանչիւր վայրկեանը թանգ է, եւ ուշանալը կամ թերանալը այս նւիրական պարտքի մէջ հաւասար է մեծագոյն յանցանքի:
Հայ ցեղի գոյութիւնը վտանգի մէջ է. օգնեցե՛ք հզօրապէս եւ արագ»116:
Դիմումը, որի ներքո ստորագրել էին Ա. Մելիք-Ազարյանը, Գասպար Տեր-Մարգարյանը, Եփրեմ Ծատուրյանը, Յ. Խունունցը, Տիգրան Աֆրիկյանցը, Յ. Շատինյանը, Բ. Եղիազարյանը, Ալ. Խատիսյանը, Սամսոն Հարությունյանը եւ բժիշկ Կ. Ստեփանյանը, չունեցավ սպասված արդյունքները: Դրանք չնչին էին կամ գրեթե ոչինչ:
Արդյունավետ չէր նաեւ Պետերբուրգի մի խումբ ունեւոր եւ մտավորական հայերի՝ դրամական խնդիրը լուծելու նախաձեռնությունը: Նրանց գումարած ժողովներում, որոնց ՀՅԴ Բաքվի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցչի կարգավիճակով մասնակցում էր նաեւ Հ. Քաջազնունին, որոշվել էր ստեղծել խոշոր դրամական ֆոնդ: Դրա մի փոքր մասը նախատեսվում էր օգտագործել քարոզչության նպատակով, իսկ մեծագույն մասը՝ 80-90%-ը (շուրջ երկու միլիոն ռուբլի) պետք է տրամադրվեր դաշնակցությանը, որպես «ամենավստահելի եւ ձեռնհաս մարմնի»՝ ինքնապաշտպանության համար զենք ձեռք բերելու նպատակով: Փոխարենն առաջարկվում էր, որ «Դաշնակցութիւնը պարտաւորուի առ այժմ կանգնեցնել ագրեսիւ յեղափոխական գործունէութիւնը՝ մինչեւ հանգամանքների փոխուելը, հայ-թրքական յարաբերութիւնների հաշտ կերպարանք ստանալը եւ Ռուսաստանում նոր կառավարութիւն հաստատուելը»: ՀՅԴ-ն լուրջ վերապահումներով ընդունեց այդ առաջարկությունը, բայց, ինչպես վկայում է Ս. Վրացյանը, պետերբուրգցի հայերի այդ նախաձեռնությունը նույնպես որեւէ արդյունք չունեցավ117:
Ընդհարումների ծավալները գնալով մեծանում էին, դրա հետ նաեւ՝ զենք ու զինամթերքի պահանջը: Ճիշտ է, գավառների հայությունն իր հնարավորությունների չափով նույնպես աշխատում էր միջոցներ հանգանակել, բայց ակնհայտ էր, որ անհրաժեշտ են մեծ գումարներ: Հատկապես մեծ միջոցներ էր կլանում Ելիզավետպոլի նահանգը՝ առաջին հերթին Ղարաբաղի գավառը: Վերջինիս ինքնապաշտպանության ղեկավար Վարդանը (Սարգիս Մեհրաբյան) ոչ միայն զենքի ու զինամթերքի նորանոր պահանջներ էր առաջադրում Բաքվի Զիֆոնին, այլեւ իր ներկայացուցիչներն ուղարկելով Գանձակ, Թիֆլիս, Ռուսաստան՝ ամեն տեղից զենք ու զինամթերք էր պահանջում: Նման պայմաններում, ՀՅԴ Բաքվի Կենտրոնական Կոմիտեի անդամների միջավայրում, հասունացավ նոր, բռնի հանգանակություն ձեռնարկելու տրամադրություն: Հարց բարձրացվեց հանգանակություն իրականացնել հայ մեծահարուստների այն շերտի միջավայրում, որն անգամ այդ բախտորոշ օրերին անտարբեր էր մնում ազգի ճակատագրի նկատմամբ118: Բաքվի գործիչների այդ տրամադրությունը դրսեւորվում է ՀՅԴ Ապառաժի (Ղարաբաղ) մարմնին Բաքվի Կենտրոնական Կոմիտեի հղած նամակի հետեւյալ տողերում. «Այլ շրջանների, մանավանդ ձեր, պահանջները բավարարելու համար, մեզ մնում է դիմել կայանալիք Դաշնակցության Կովկասյան Շրջանային Ժողովին՝ բռնի հանգանակություն ձեռնարկելու համար: Ձեր պատգամավորներին դուք եւս ուղարկեցեք նույնպիսի առաջարկով»119:
ՀՅԴ Կովկասյան շրջանային ժողովը բացվեց 1905թ. նոյեմբերի 13-ին՝ Թիֆլիսում: Այն համընկավ հայ-թաթարական կռիվների բորբոքման հերթական արարի հետ: Ելնելով ինքնապաշտպանության խնդրի առաջնահերթությունից՝ ի սկզբանե լայն քննարկման առարկա դարձվեց դրամական խնդիրը: Շուշին եւ Ղարաբաղը ներկայացնող Համազասպը՝ Ասկերանի կռիվներում փառաբանված հերոսը, իր ներկայացրած շրջանի կարիքները բավարարելու համար պահանջեց 5000 հրացան, 600000 փամփուշտ եւ 50000 ռուբլի՝ ընթացիկ ծախսերի համար: Ալեքսանդրապոլի (Քար) ներկայացուցիչ Ավետիք Իսահակյանը (Գուսան) իր շրջանի համար դրեց 70000 ռուբլու պահանջ՝ այլ շրջանների ինքնապաշտպանության համար զենք հայթայթելու նպատակով: Բաքվի ներկայացուցիչն իր հերթին դրեց առնվազն երկու միլիոն ռուբլի հայթայթելու հարցը120: Այդ պահանջները, բախման ասպարեզ դարձած շրջանների անբավարար զինվածության մտահոգիչ վիճակը եւ նոր բախումների վերաբերյալ օրեցօր ստացվող տագնապալի լուրերն այն վճռորոշ հանգամանքներն էին, որոնց ճնշման ներքո ժողովը տեղի տվեց եւ ձայների մեծամասնությամբ ընդունեց դրամ հանգանակելու նպատակով «Փոթորիկ»-ի գործունեությունը ժամանակավորապես վերականգնելու որոշում(:
«Փոթորիկ»-ի վերակազմումը հանձնարարվեց նախկին «Փոթորիկ»-ին: ՀՅԴ որեւէ այլ մարմնի արգելվում էր հանգանակության համար բռնի միջոցների դիմել, իսկ այն խախտող մարմիններն ու անհատները «Փոթորիկ»-ի հայեցողությամբ ենթակա էին խիստ պատժի: Կովկասի ու Ռուսաստանի կուսակցական բոլոր մարմինները պարտավոր էին հարկ եղած դեպքում ամեն տեսակ աջակցություն ցույց տալ «Փոթորիկ»-ին, իսկ վերջինս պարտավոր էր իր կողմից արվող դիմումների մասին վաղօրոք տեղեկացնել տեղական մարմիններին: Դիմումները պետք է սահմանափակվեին միայն մի քանի քաղաքներով եւ ունեւոր խավի չափազանց նեղ շրջանակով: Ամեն ինչ պետք է արվեր ծայրահեղ միջոցներից խուսափելու համար: Ձեռք բերված գումարները հանձնվելու էին Զինական ֆոնդին՝ միայն զինման եւ ինքնապաշտպանության գործին հատկացնելու համար: «Փոթորիկ»-ն իր գործունեության վերաբերյալ տարեկան գոնե մեկ անգամ հաշվետվություն պետք է տար Շրջանային ժողովին121:
Ի դեպ, զինման խնդրի հետ կապված, շրջանային ժողովը կայացնում է նաեւ մի կարեւոր որոշում: Մինչ այդ զենքի հայթայթման գործն իրականացնում էին կենտրոնական կոմիտեներին կից ստեղծված մարմինները: Այդ հարցը կանոնակարգելու նպատակով որոշվում է ՀՅԴ Արեւելյան բյուրոյին կից կազմել հատուկ մարմին՝ Զիֆոն (Զինական ֆոնդ): Զենքի գնման ամբողջ գործը կենտրոնացվում է վերջինիս ձեռքում122:
Նախքան «Փոթորիկ»-ի նոր գործունեությանն անցնելն անհրաժեշտ է հստակեցնել եւս մեկ հարց: Ճիշտ չէ այն մոտեցումը, երբ փորձ է արվում նոր «Փոթորիկ»-ը նույնացնել նախկինի հետ: Բանը նրանում է, որ «Փոթորիկ»-ի առաջին շրջանի եռանդուն գործիչներից ոմանք (Ք. Միքայելյան, Մ. Ժամհարյան, Օ. Նեւրուզ) արդեն նահատակվել էին, ուրիշներն էլ (Ա. Եղիկյան, Ս. Բարսեղյան) զբաղված էին այլ գործերով: Ձեռքի տակ չունենք փաստեր նաեւ Մ. Աղամալյանի անմիջական մասնակցության մասին: Թերեւս նախկիններից բացառություն էր միայն Հարություն Շահրիկյանը, որի գլխավորությամբ էլ կազմավորվել էր նոր «Փոթորիկ»-ը: Այդ հանգամանքը գաղտնի չի մնացել նաեւ ցարական իրավապահ մարմիններից: Դաշնակցության լըժինյան գործում Հ. Շահրիկյանի դերակատարությունը նոր «Փոթորիկ»-ում բնութագրվում է հետեւյալ կերպ. «...նրա կարգադրությամբ է, որ բյուրոյի անունից՝ մահվան սպառնալիքով, հարուստ հայերից իրականացվում են մեծ գումարների հասնող հարկադրական դրամահավաքներ: 1906թ. նրա կողմից, կուսակցության այլ անդամների հետ միասին, Դոնի Ռոստով ու Նախիջեւան քաղաքներում եւ Արմավիրում հարուստ, խոշոր հայ առեւտրականներից իրականացվել են մեծ գումարի դրամահավաքներ: Նույն թվականի հուլիսին Արմավիր գյուղում, նրա կարգադրությամբ, ահաբեկիչների կողմից սպանվել է տեղի վաճառական Նիկոլայ Շահնազարովը՝ կուսակցության բյուրոյի 10000 ռուբլի հանձնելու պահանջը մերժելու համար»123: Նույն գործում առկա մի շարք փաստաթղթեր վկայում են, որ Հ. Շահրիկյանից բացի նոր «Փոթորիկ»-ում եռանդուն դերակատարություն են ունեցել ՀՅԴ Թիֆլիսի Կենտրոնական Կոմիտեի անդամներ Սահակ Մատինյանը, Սարգիս Մանասյանը, ՀՅԴ Արեւելյան բյուրոյի անդամ Ստեփան Տեր Մկրտչյանը (Գագիկ) եւ ուրիշներ124: Վերջին երկու գործիչներին վերապահված էր վստահելի անձանց միջոցով հանգանակված գումարները Թիֆլիս փոխադրելու եւ ըստ պատկանելության հանձնելու խնդիրը: Նրանք նաեւ կարեւոր դերակատարություն ունեին կենտրոնական Զիֆոնի համակարգում:
«Փոթորիկ»-ն իր դիմումները վերսկսեց 1906թ. փետրվարին: Հիմնական ասպարեզ դարձան ՀՅԴ Նալբանդի (Դոնի Ռոստով-Նախիջեւան) եւ Ժլատի (Վլադիկավկազ) Կենտրոնական Կոմիտեների իրավասության ներքո գտնվող շրջանները: Թիրախ դարձան ազգային դիմագիծը գրեթե կորցրած հայազգի մեծահարուստները, որոնք մինչ այդ որեւէ մասնակցություն չէին ունեցել վտանգված կովկասահայությանը նյութապես աջակցելու գործին: Այս անգամ եւս չհաջողվեց խուսափել ծայրահեղ քայլերից: Արմավիրի բնակիչ Նիկոլայ Շահնազարովը մերժեց 10000 ռուբլի վճարելու դիմումը, որից հետո նրանից պահանջվող գումարի չափը կրկնապատկվեց: Շահնազարովը մերժեց նաեւ երկրորդ դիմումը եւ 1906թ. հունիսի 22-ին ահաբեկման ենթարկվեց Արմավիրի Սադովայա փողոցում: Ոստիկանության հետապնդումից խուսափելիս երկու ահաբեկիչներից մեկը, սյանն անզգուշաբար հարվածելով, վնասեց ծունկը: Հասկանալով, որ փախչել չի կարող, հետքերը թաքցնելու եւ ընկերոջ համար բեռ չդառնալու համար նա ինքնասպանություն գործեց: Երկրորդ ահաբեկիչը, ոչնչով չկարողանալով օգնել ընկերոջը, ճարպկորեն խուսափեց հետապնդումից: Ինքնասպանություն գործած ահաբեկիչի վեհանձն քայլը մեծ տպավորություն է թողել: «Կուբան» թերթի վկայությամբ նրա հոգեհանգստին մասնակցել են արմավիրցի շուրջ 200 հայեր եւ ռուսներ125:
Նիկոլայ Շահնազարովի ահաբեկումը թողնում է հարկ եղած տպավորությունը: «Փոթորիկ»-ի ազդարարագրերը ստացած հարուստ առեւտրականները շտապում են վճարել պահանջվող գումարները: «Դաշնակցության գործում» առկա փաստաթղթերը վկայում են, որ արդեն հուլիս-սեպտեմբեր ամիսներին Հարություն Շահրիկյանի եւ Սահակ Մատինյանի կողմից շոշափելի գումարներ են փոխանցվում Թիֆլիս եւ Մոսկվա՝ ՀՅԴ բյուրոյին կամ կենտրոնական Զիֆոնին հանձնելու համար: Գումարները Թիֆլիս փոխանցվել են Ա. Մելիք-Ազարյանի, Փ. Եդիգարյանի եւ ՀՅԴ համար վստահելի այլ մեծահարուստների անուններով, իսկ Մոսկվա՝ Ժամհարյան նշանավոր դրամատան անունով: Վճարողների ամբողջական ցուցակը եւ յուրաքանչյուրի վճարած գումարի չափը այսօր էլ հայտնի չէ: Ժամանակին, անվտանգության նկատառումներով, գաղտնի են պահվել ինչպես հանգանակողների, այնպես էլ գումարը վճարողների ու դրանք պահողների անունները: Հանգամանքների բերումով որոշ անուններ, այնուհանդերձ, բացահայտվել են: Հայտնի է, որ Դոնի Ռոստովի մեծահարուստ Բոգուրսուկյանից գանձվել է 30.000 ռուբլի, Կիսլովոդսկում՝ Ալեքսանդր, Գավրիլ եւ Միխայիլ Տարասով եղբայրներից՝ 15.000-ական ռուբլի եւ այլն126:
Ինչպիսի՞ք էին «Փոթորիկ»-ի այս շրջանի իրական արդյունքները: Որքանո՞վ այն կարողացավ լուծել իր առջեւ դրված առանցքային՝ կովկասահայության ինքնապաշտպանության համար զենք ու զինամթերք ապահովելու խնդիրը: Այս հարցադրումների պատասխանը մասամբ տրվում է Ստ. Տեր Մկրտչյանի կողմից «Փոթորիկ»-ի հաշիվների վերաբերյալ ՀՅԴ 4-րդ ընդհանուր ժողովին տված զեկուցման մեջ: Նրա տվյալների համաձայն՝ 1906թ. փետրվարից մինչեւ ընդհանուր ժողովի սկիզբը Նալբանդի եւ Ժլատի շրջաններում 13 հոգուց հանգանակվել է 315.000 ռուբլի: Նույն շրջաններում, Կենտրոնական Կոմիտեների նախաձեռնությամբ, հանգանակվել է եւս 52.000 ռուբլի: «Փոթորիկ»-ի հետ է կապվում նաեւ Մոսկվայում հասարակության կողմից ընտրված մասնախմբի հանգանակած 97.000 ռուբլին: Բացի այդ «Փոթորիկ»-ը դիմումներ էր կատարել նաեւ Թիֆլիսում (Մեծ քաղաք)՝ վեց հոգուց հանգանակելով եւս 220.000 ռուբլի: Փաստորեն, մինչ ընդհանուր ժողովը, «Փոթորիկ»-ի միջոցով հանգանակած գումարները կազմել են 684.000 ռուբլի: Եթե դրան հավելենք արդեն արված դիմումներից ակնկալվող եւս 130.000 ռուբլին, որի ավելի ուշ վճարման վերաբերյալ տեղեկություններ չունենք, ապա այս շրջանում «Փոթորիկ»-ի ամբողջական արդյունքը կարող էր լինել 814.000 ռուբլու սահմաններում127: ՈՒստի, լուրջ վերապահությամբ պետք է մոտենալ ՀՅԴ նշանավոր գործիչ, այդ տարիներին Ժլատի Կենտրոնական Կոմիտեի անդամ Արտաշես Չիլինգարյանի այն պնդմանը, որ Արմավիրում չերքեզահայ մեծահարուստի (մեր կողմից արդեն հիշատակված Նիկոլայ Շահնազարովի) ահաբեկմանը հաջորդած մի քանի ամիսների ընթացքում Հյուսիսային Կովկասն իբր հայկական ինքնապաշտպանության համար ՀՅԴ-ին տրամադրել է երկու միլիոն ռուբլի128: Նման խոշոր գումար ՀՅԴ-ի պաշտոնական որեւէ փաստաթղթում արձանագրված չէ: Մինչդեռ հայտնի է այդ տարիներին զենքի, զինամթերքի ու դրամի հարցերում վերջինիս խիստ կանոնակարգված մոտեցումը: ՈՒշագրավ է, որ «Դաշնակցության գործում» պահպանված եւ մեզ հասած Նալբանդի ու Ժլատի Կենտրոնական Կոմիտեների 1905-1907թթ. հաշվետվություններում թեեւ փաստեր կան այդ մարմինների կողմից կենտրոնական Զիֆոնին ու ՀՅԴ բյուրոյին փոխանցված մեծ գումարների մասին, բայց դրանք մի քանի անգամ պակաս են Ա. Չիլինգարյանի հիշատակած գումարից:
Խոսենք փաստերով: Նալբանդի եւ Ժլատի մարմինների հաշվետվությունից երեւում է, որ 1906թ. Նալբանդը Զիֆոնի տնօրինությանն է հանձնել 75.540 ռուբլի, իսկ Ժլատը՝ 145.092 ռուբլի 73 կոպեկ՝ ընդամենը 220.623 (վերջին թիվը 3-ի փոխարեն պետք է լինի 2) ռուբլի 73 կոպեկ: Նույն ժամանակ Ժլատը ՀՅԴ Արեւելյան բյուրոյին է փոխանցել եւս 161.395 ռուբլի 31 կոպեկ: Այսպիսով, փոխանցված գումարները կազմել են 382.008 ռուբլի129: Ճիշտ է դրանք բազմիցս գերազանցում են նախկինում այդ շրջաններից հավաքվող գումարները, բայց շատ հեռու են երկու միլիոնից:
Եվս մեկ դիտարկում: Վերը հիշատակված գումարն ընդամենը մի փոքր է գերազանցում «Փոթորիկ»-ի կողմից Նալբանդում եւ Ժլատում հանգանակված գումարը: Քանի որ ՀՅԴ 4-րդ ընդհանուր ժողովին կենտրոնական Զիֆոնի ներկայացրած 1905-1906թթ. հաշվեկշռի մեջ Նալբանդը եւ Ժլատը ներկայացված չեն, հետեւաբար, կարելի է ենթադրել, որ այդ մարմինների հաշվետվություններում հիշատակված գումարները հենց «Փոթորիկ»-ի կողմից այդ շրջաններում հանգանակված գումարներն են: Ա. Չիլինգարյանի հիշատակած երկու միլիոն ռուբլին չէր կարող վերաբերվել նաեւ 1907թ., քանի որ ՀՅԴ այդ տարվա հաշվեկշռում Նալբանդ-Ժլատ շրջանից ակնկալվում էին միանգամայն համեստ մուտքեր130:
«Փոթորիկ»-ի կողմից 1906թ. հանգանակված գումարների մեծ մասը՝ շուրջ 496.000 ռուբլի, տրամադրվել է ՀՅԴ Արեւելյան բյուրոյին եւ կենտրոնական Զիֆոնին: Բացի այդ, եւս 50.000 ռուբլի տրամադրվել է Նալբանդի Զիֆոնին եւ Ժլատի ու Բաքվի Կենտրոնական Կոմիտեներին: Նշված գումարները տրամադրվել էին բացառապես ինքնապաշտպանության խնդիրների լուծման՝ առաջին հերթին զենք ու զինամթերք ձեռք բերելու նպատակով: ՀՅԴ 4-րդ ընդհանուր ժողովին կենտրոնական Զիֆոնի ներկայացրած հաշվեկշռից երեւում է, որ 1905-1906թթ. այն իր տնօրինության տակ ունեցել է 628.000 ռուբլի 11 կոպեկ գումար, որի հիմնական մասը՝ 463.788 ռուբլի 58 կոպեկը կազմել են «Փոթորիկ»-ի կողմից անմիջականորեն կամ ՀՅԴ Արեւելյան բյուրոյի միջոցով ուղարկված գումարները(: Իր տնօրինության տակ եղած գումարներից Զիֆոնը շուրջ 99.000 ռուբլի տրամադրել է այլ մարմինների՝ ինքնապաշտպանության հետ կապված խնդիրների լուծման համար: Մնացած գումարներից 457.788 ռուբլի 29 կոպեկ ծախսվել է զենք, զինամթերք եւ ռազմական պարագաներ ձեռք բերելու, դրանք Անդրկովկաս փոխադրելու եւ պահեստավորելու համար: Մասնավորապես, գնվել եւ տեղափոխվել են 2.304 տարբեր մակնիշի հրացաններ, 1.003 մեծ եւ 2.839 փոքր ատրճանակներ, հրացանի ու ատրճանակի 1.893.690 փամփուշտներ, զենքի զանազան մասեր, մեծ քանակությամբ վառոդ, գնդակ, արճիճ, ճաթռուկ, ռումբի ու հրթիռի պարագաներ, դաշույններ ու ֆիննական դանակներ, զինվորական հանդերձանք եւ այլն131: Քանի որ Զիֆոնի հաշվեկշռում «Փոթորիկ»-ի գործունեության արդյունքում ստացված գումարները գրեթե համընկնում են նրա կողմից զենքի ու զինամթերքի ձեռք բերման համար ծախսված գումարներին (տարբերությունն ընդամենը 6.000 ռուբլի է), կարող ենք մոտավոր, բայց միանգամայն իրատեսական պատկերացում կազմել այդ հարցում «Փոթորիկ»-ի խաղացած դերի մասին: Ինչպես արդեն նշել ենք, կենտրոնական Զիֆոնը, որպես ՀՅԴ Արեւելյան բյուրոյին կից մարմին, ստեղծվել էր 1905թ. նոյեմբերի երկրորդ կեսին՝ Կովկասյան շրջանային ժողովի որոշմամբ: Հետեւաբար, վերը բերված տվյալները վերաբերվում են մասամբ 1905թ. դեկտեմբերին եւ առավելապես 1906թ.՝ «Փոթորիկ»-ի գործունեության երկրորդ շրջանին:
Ավելի դժվար է որոշել հայության զինման գործում «Փոթորիկ»-ի իրական բաժինը: Դրա վերաբերյալ, առայսօր, ամփոփիչ տվյալներ հրապարակված չեն: Մոտավոր պատկերացում, այնուհանդերձ, կարելի է կազմել՝ վերը բերված տվյալները համադրելով Ա. Գյուլխանդանյանի որոշ դիտարկումների հետ: Արձանագրենք, որ Ա. Գյուլխանդանյանն իր բերած տվյալները թեեւ համարում է իրականությանն ավելի մոտ, բայց եւ այնպես՝ մոտավոր: Ըստ նրա, հայ-թաթարական բախումների ավարտական փուլում ՀՅԴ-ն Կովկասում իր տրամադրության տակ ունեցել է շուրջ 4.000 հրացան եւ 2.000-2.500 մեծ ատրճանակներ, որոնք տարբեր շրջանների կարիքներին համապատասխան տեղաբաշխվել են հայ-թաթարական խառը բնակչություն ունեցող տարածքներում: Եվս նույն քանակությամբ հրացաններ ու մեծ ատրճանակներ ժողովուրդը ձեռք է բերել իր կամ դաշնակցության միջոցներով: Հետեւաբար, ըստ Ա. Գյուլխանդանյանի, կովկասահայության տրամադրության ներքո եղել են 8.000 հրացաններ եւ մոտ 4.000 մեծ ատրճանակներ: Դրանց համար ձեռք են բերվել մոտ 7-8 միլիոն փամփուշտներ: Դա նշանակում է, որ «Փոթորիկ»-ի բաժինն այդ գործում եղել է ոչ պակաս, քան մեկ քառորդը, ինչն, անշուշտ, փոքր ներդրում չէ132: Համեմատության համար նշենք, որ 1905թ. նոյեմբերի կեսերին՝ «Փոթորիկ»-ի գործունեությունը վերսկսելու պահին, ՀՅԴ-ն Կովկասում իր տրամադրության տակ ուներ ընդամենը 1.800 մոսին ու բերդան հրացաններ, 640 մաուզեր մակնիշի ատրճանակներ եւ 100.000 փամփուշտ133:
Ինչ վերաբերում է կովկասահայության ինքնապաշտպանության համար այդ տարիներին ծախսված ամբողջական գումարին, ապա գրեթե անհնար է պարզել դրա իրական չափը: Զենքի ու զինամթերքի գների պարբերական ու սրընթաց աճը, դրանց փոխադրման ընթացքում անխուսափելի կորուստները, ժողովրդական հանգանակությունների ամփոփ պատկերի բացակայությունը, կուսակցական եւ ոչ կուսակցական բնույթ ունեցող տարբեր մարմինների ներգրավվածությունն ու զուգահեռ գործունեությունն այդ ասպարեզում, դրանց ամբողջական հաշիվների բացակայությունը, անհատական ճանապարհով զենք ձեռք բերելու բազմաթիվ օրինակները, հայկական ինքնապաշտպանության մարտիկներին հանդերձանքով, սնունդով եւ այլ պարագաներով ապահովելու նպատակով ծախսված ահռելի գումարների հաշվարկված չլինելը եւ նմանօրինակ այլ հանգամանքներ այսօր էլ գործնականում բացառում են անգամ մոտավոր մի գումարի հրապարակման հնարավորությունը: Չնայած կասկածից վեր է, որ ծախսվել են այն ժամանակների համար իսկապես տպավորիչ գումարներ: Դա հնարավորություն է ընձեռել, որ կովկասահայությունն առավելության հասնի թվով իրեն զգալիորեն գերազանցող, մինչ այդ անհամեմատ ավելի լավ զինված, իշխանությունների բացահայտ կամ թաքուն աջակցությունը վայելող Կովկասի թրքության հանդեպ՝ դառնալով քաղաքական լուրջ գործոն Անդրկովկասում:
Կովկասահայության ինքնապաշտպանության հետ կապված՝ այն տպավորությունն էր ստեղծվել, թե հայ ազգային կուսակցությունները հրաժարվել են արեւմտահայ դատից՝ իրենց գործունեությունը սահմանափակելով լոկ կովկասահայության ինքնապաշտպանության եւ համառուսական հեղափոխական շարժման շրջանակներով: Նման մտածելակերպն ամենեւին էլ երկրորդական դեր չի խաղացել 1906-1907թթ. դաշնակցության շարքերում այնպիսի երեւույթի դրսեւորման համար, ինչպիսին միհրանական շարժումն էր: Մինչդեռ փաստերը վկայում են, որ այդ տարիներին ՀՅԴ-ն զբաղված էր ոչ միայն կովկասահայ խնդիրներով, այլեւ՝ դեպի Երկիր զենք, զինամթերք, դրամ եւ գործիչներ փոխադրելու եռանդուն ջանքերով: Մի կողմից ՀՅԴ-ն կազմակերպում էր Հ. Զավրիյանի նշանավոր առաքելությունը Տարոն՝ Սասունի 1904թ. ապստամբության վերքերն ամոքելու եւ նպաստներ բաժանելու նպատակադրմամբ: Մյուս կողմից՝ հայ-թաթարական կռիվների եռուն շրջանում անգամ, այն գործիչներ եւ մեծաքանակ զենք ու զինամթերք էր փոխադրում Վան-Վասպուրականի շրջան, որն այդ տարիներին դիտարկվում էր որպես ապագա հզոր ապստամբավայր: Հատկապես մեծ հույսեր էին կապվում Վասպուրականի լեռնային շրջանների՝ այսպես կոչված Լեռնապարի հետ: Այդ ամենն իրականացվում էր հնարավորինս անաղմուկ, արդյունավետ՝ առանց խռովելու Վասպուրականի հայության համեմատական անդորրը եւ իր վրա հրավիրելու թուրքական իշխանությունների ուշադրությունը: Մալխասը, որն այդ տարիներին գործում էր նախ թուրք-պարսկական սահմանների մոտ, ապա՝ Վասպուրականում, տվել է այդ գործունեության դիպուկ բնութագրումը. «Հոս միջանկեալ ըսեմ, որ հակառակ բոլոր սպասումներուն, եւ հոռետես մարգարէութիւններուն, Դաշնակցութիւնը 1905-էն մինչեւ 1908-ը, Երկրի համար, աւելի շատ մտաւորական ղեկավարներ հասցուց, աւելի դրամ ճամբեց, աւելի զէնք եւ ռազմամթերք սահմաններէն ներս մտցուց, քան ատկէ առաջ, 25 տարիներու ընթացքին, բոլոր յեղափոխական կուսակցութիւնները միասին առած»134: Չբավարարվելով ՀՅԴ այդ տարիների գործունեության ընդհանուր բնութագիրը ներկայացնելով՝ Մալխասը նաեւ որոշակիություն է մտցնում ՀՅԴ Վասպուրականի կառույցի ստացած դրամական ու զինական աջակցության խնդրում: «...Այն չնչին գումարը,- գրում է նա,- որ կը պահանջուէր մեր կողմէն, որպէս տարեկան պիւտճե (35000 ռուբլի - Հ.Գ.), առանց չափազանցութեան, տասնապատկուեցաւ 1906-1907 թուականին: Բացի նիւթականէն, Կովկասէն ղրկուած ապրանքները, ու անոնց համար եղած անհրաժեշտ ծախսերը, ապահովաբար երեք հարիւր հազարը անցան: Միւս կողմէն... Վասպուրականի ժողովուրդը, միեւնոյն թուականին, անհատական թէ խմբական զէնքերու համար, կազմակերպութեան միջոցով, աւելի քան հարիւր հազար րուբլի ծախսեց: Այս... Վասպուրականի նման շրջանի համար չափազանց խոշոր գումար մ'էր»135:
Բերված վկայությունները ցույց են տալիս, որ տարիների որոնումներից հետո կարծես գտնվել էր արդյունավետ մի համակարգ, որը հնարավորություն էր տալիս համադրել դրսի ու ներսի ռեսուրսները, առանց ավելորդ ցուցարարության իրականացնել մարդկային, դրամական ու զինական միջոցների կենտրոնացում ապագա ապստամբական շրջաններից մեկում՝ Վասպուրականում եւ բարենպաստ պահին նրա բնակչությանը ոտքի հանել լավ նախապատրաստված ու երկարատեւ ապստամբության համար: Ցավոք, տարիների տքնաջան աշխատանքի արդյունքները ջուրն ընկան հայ ազատագրական շարժման համար աղետալի ու անուղղելի հետեւանքներ ունեցած մի դիպվածի՝ Դավոյի դավաճանության հետեւանքով: Նպատակ չունենալով ներկայացնել ժամանակին Վանն ու Վասպուրականը ցնցած այդ դեպքի մանրամասները, բավարարվենք միայն դրա որոշ հետեւանքներն արձանագրելով: Վանի զինապահեստների մեծ մասի մատնության հետեւանքով թշնամու ձեռքն անցան 300 հրացան, շուրջ 600 հազար փամփուշտ, ավելի քան 200 կիլոգրամ պայթուցիկ, 175 կիլոգրամ սպիտակ վառոդ, փամփուշտ ու ռումբ լցնելու գործիքներ, ռազմական նշանակություն ունեցող այլ իրեր: Նույն ժամանակ ձերբակալվեցին ու բանտ նետվեցին Վանի դաշնակցական կառույցի ղեկավարների մեծ մասը136: Կորուստները, որքան էլ ծանր, թույլ են տալիս մոտավոր պատկերացում կազմել այդ դեպքին նախորդած ամիսներին Վասպուրականի հայության իրական զինվածության մասին: Նկատի ունենալով ՀՅԴ Լեռնապարի կառույցի ղեկավար Վանա Իշխանի (Նիկողայոս Պողոսյան) անզիջում բնավորությունը, պետք է որ առնվազը նույնքան, եթե ոչ ավելի, զենք ու զինամթերք լիներ առանձին Կենտրոնական Կոմիտեություն հանդիսացող Լեռնապարի զինապահեստներում, որոնք Վանի աղետի ժամանակ մնացին չբացահայտված: Դրանց հավելելով նաեւ Վանի չբացահայտված պահեստներում եւ բնակչության ու այլ կուսակցությունների մոտ առկա զենք ու զինամթերքի թեկուզ փոքր քանակությունը, կստանանք Վասպուրականի համար, նախկինի համեմատ, ազդեցիկ մի պատկեր: Անգամ Վանի աղետից հետո էլ Վասպուրականը մնաց Արեւմտյան Հայաստանի համեմատաբար լավ զինված շրջաններից մեկը, ինչն ամենեւին էլ երկրորդական դեր չխաղաց Մեծ եղեռնի բախտորոշ օրերին: Համեմատության համար հիշենք, որ ՀՅԴ-ի կողմից դեռեւս 1898թ. ուժերի կենտրոնացման շրջաններ ընտրված Բարձրավանդակը եւ Կիլիկիան չկարողացան շրջանցել ազգակործան աղետը:
5.Հրաժարում բռնի հանգանակությունից
Մի կողմ դնելով արեւելահայության միջավայրում իրականացված բռնի ու կամավոր հանգանակությունների դրական արդյունքները՝ անդրադառնանք այդ երեւույթի, մասնավորապես «Փոթորիկ»-ի, բացասական հետեւանքներին: Բայց մինչ այդ, հարցի մեկ այլ կողմի մասին: Կարծում ենք, ճիշտ չէ այն մտայնությունը, երբ հայ իրականության մեջ բռնի դրամահավաքության հետ կապված բացասական երեւույթները բացառապես փորձում են բացատրել «Փոթորիկ»-ով: Երեւույթն առաջին հերթին համառուսաստանյան արմատներ ուներ: Այդ հարցում հայ ազգային կուսակցություններն ամենեւին էլ բացառություն չէին: Նույնիսկ ռուս ամենաազդեցիկ եւ հեղափոխական բարոյականության բարձր սկզբունքների մասին ճառող կուսակցությունները՝ էսէռներն ու սոցիալ դեմոկրատները, դեպքերի տրամաբանությամբ, 1905-1907թթ. զերծ չմնացին հեղափոխության կարիքների համար բռնությամբ դրամ հայթայթելու գայթակղությունից: Ըստ որում, նրանք մեծամասամբ շեշտը դնում էին պետական միջոցների եւ մասնավոր դրամատների ու ընկերությունների կողոպտման վրա: Հատկապես եռանդուն էին էսէռները եւ նրանցից առանձնացած էսէռ-մաքսիմալիստները: Վերջինները 1906թ. մարտի 8-ին՝ ընդամենը 15 րոպեի ընթացքում, Մոսկվայի փոխադարձ վարկավորման ընկերությունից կողոպտեցին այն ժամանակների համար ահռելի գումար՝ 875 հազար ռուբլի: Դա ավելին էր, քան հանգանակել էր «Փոթորիկ»-ն իր գործունեության երկրորդ շրջանում: Նույն էսէռ-մաքսիմալիստները Պետերբուրգի Ֆանարնայա նրբանցքում կողոպտեցին 400 հազար ռուբլի պետական գումարներ, որի ընթացքում եղան մեծ թվով զոհեր: 1908թ. Թուրքմենստանում՝ պետական գանձատան վրա էսէռ մարտիկների հարձակման արդյունքում, ձեռք բերվեց 300 հազար ռուբլի: Էսէռներից ետ չմնացին նաեւ նրանց այդ հարցում խիստ քննադատող սոցիալ-դեմոկրատները: 1906թ. սեպտեմբերի 21-ին, փոստային վագոնի վրա ՈՒրալի սոցիալ-դեմոկրատ գրոհայինների հարձակման արդյունքում, կողոպտվեց 150-160 հազար ռուբլի: Մի փոքր ուշ՝ 1907թ. հունիսի 13-ին, բոլշեւիկները Կամոյի (Սիմոն Տեր-Պետրոսյան) գլխավորությամբ Թիֆլիսի Երեւանյան հրապարակում իրականացրին պետական 250 հազար ռուբլու բռնագրավում137:
Մեծ ու փոքր բռնագրավումների շարքը կարելի է շարունակել՝ հավելելով նաեւ Ռուսաստանի այլ ազգային-հեղափոխական կուսակցությունների՝ մասնավորապես լեհական սոցիալիստների եւ վրացական ֆեդերալիստների գործունեությունը: Բնականաբար, նման գործելակերպը Ժամանակի ընթացքում պետք է հանգեցներ աղետալի հետեւանքների: Առավել եւս, որ թվարկված կուսակցությունների շարքերը հեղափոխության տարիներին էապես ընդլայնվել էին՝ համալրվելով թեեւ համարձակ ու եռանդուն, բայց հաճախ կրթական միանգամայն անբավարար մակարդակ ունեցող, գաղափարապես ոչ հասուն եւ բարոյական սկզբունքներից գրեթե զուրկ մարդկանցով: Հեղափոխության եզրափակիչ փուլում նախկին մարտական դրուժինաների անդամների, էսէռ ու սոցիալ-դեմոկրատ մարտիկների շարքերում դրսեւորվեցին բռնության եւ ահաբեկման ճանապարհով ապրուստի միջոցներ հայթայթելու միտումներ: Անիշխանությունն ու ավազակությունը լայն տարածում գտան հեղափոխության երեկվա զինվորների միջավայրում: Ամենուրեք հանդես էին գալիս «հեղափոխական» բանդաներ՝ «անարխիստ-կոմունիստների», «անարխիստ ինդիվիդուալիստների» եւ այլ ցուցանակների ներքո: Հեղափոխական կարգախոսերով քողարկված՝ նրանք զբաղվում էին կողոպուտով եւ դրամաշորթությամբ: Նախկին էսէռների ու սոցիալ-դեմոկրատների կողքին դրանցում ընդգրկվել էին նաեւ գործազուրկներ, զանազան բախտախնդիրներ, ոչ սակավ դեպքերում՝ նաեւ հեղափոխական կուսակցությունների գործուն անդամներ: Օրինակ, սոցիալ-դեմոկրատ գրոհայինների միջավայրում այնքան տարածված էր զենքի օգնությամբ միջոցներ հայթայթելու գործելակերպը եւ մարտական դրուժինաներում ընդգրկված երիտասարդ բանվորներն այնքան արագ էին վերածվում արհեստավարժ «սեփականազրկողների», որ ՌՍԴԲԿ Ստոկհոլմի 4-րդ համագումարը հատուկ բանաձեւով անթույլատրելի համարեց մասնավոր ունեցվածքի սեփականազրկումը, իսկ հաջորդ՝ Լոնդոնի համագումարում, որոշում կայացվեց մարտական դրուժինաների ցրման եւ «պարտիզանական գործողությունների» ու սեփականազրկման արգելման մասին138:
Անդրկովկասն ու արեւելահայ իրականությունը նույնպես զերծ չմնացին նման երեւույթներից: Հասարակության բարոյական նկարագրի խեղումները, որոնք նշմարվել էին դեռեւս «Փոթորիկ»-ի առաջին շրջանում, ամբողջ սրությամբ դրսեւորվեցին հայ-թաթարական կռիվների եզրափակիչ փուլում: Արեւմտահայ դատի շահարկման, շանտաժի, բացահայտ ահաբեկման, կողոպուտի եւ այլ միջոցներով դրամ շորթելը դարձավ սովորական երեւույթ: Վիճակն առավել բարդացել էր այն բանի հետեւանքով, որ դրան տուրք էին տալիս ոչ միայն բախտախնդիրներն ու խաչագողերը, այլեւ՝ քաղաքական կուսակցությունների երբեմն ոչ շարքային անդամներ, երեկվա ինքնապաշտպանական կռիվների մարտիկներ, ինչը, բնականաբար, հեղինակազրկում էր կուսակցություններին, առաջ բերում նրանց լուրջ անհանգստությունը:
Երեւույթը լավ պատկերացնելու համար բերենք որոշ հատկանշական օրինակներ: 1906թ. օգոստոսին, Հյուսիսային Կովկասի Իլինկա բնակավայրում, բացահայտվեց ոմն Գեւորգ (Եգոր) Օրդուեւ՝ Ենի-Գալե կեղծանունով: Ձեռքի տակ ունենալով ՀՅԴ Արեւելյան բյուրոյի կեղծ կնիք եւ դրոշմատետր, նա շրջում էր Կենտրոնական Ռուսաստանի ու Հյուսիսային Կովկասի քաղաքներում՝ «ի նպաստ արեւմտահայ դատի» կարգախոսով դրամ շորթելով հայ բնակչությունից: Թեեւ ՀՅԴ Ժլատի Կենտրոնական Կոմիտեի վճռով խաչագողը ահաբեկման ենթարկվեց եւ այդ կապակցությամբ համապատասխան ազդարարագիր հրապարակվեց, բայց նման երեւույթները հետագայում էլ շարունակվեցին՝ բնականաբար առաջին հերթին հարվածելով ՀՅԴ-ի հեղինակությանը139:
Ավելի բարդ էր իրավիճակը Կովկասի հայաբնակ կենտրոններում՝ Բաքվում եւ Թիֆլիսում: Այստեղ հավաքվել էին մեծ թվով անգործ մնացած ինքնապաշտպանության մարտիկներ, ռուսական, վրացական ու հայկական հեղափոխական կուսակցությունների նախկին՝ այժմ արդեն անիշխանական հովեր առած անդամներ, մեծ ու փոքր բախտախնդիրներ: Նրանք ապրուստի միջոցներ էին հայթայթում՝ բացահայտ որս սկսելով բուրժուազիայի ներկայացուցիչների նկատմամբ: Թիֆլիսում նման տարրերի հավաքատեղին «Վենեցիա» ճաշարանն էր, ուր ծրագրվում էր «գործողությունների» մեծ մասը140: Բաքվում եռանդուն գործունեություն էին ծավալել «Անարխիստական», «Բոմբիստ», «Տեռորիստ», «Կարմիր հարյուրյակ» եւ այլ անվանումներով խմբակներ: Դրանցում ընդգրկվածները մեծամասամբ հայեր, ռուսներ եւ վրացիներ էին: Այդ խմբակները հարուստներից սպառնալիքներով դրամ էին շորթում կամ օրը ցերեկով զբաղվում կողոպուտով: 1906թ. սեպտեմբերի 16-ին «Անարխիստական» խմբակի կողմից, որի ղեկավարն էր նախկին հնչակյան Սարգիս Քալաշյանը, իրականացվեց ահաբեկչական գործողություն արդեն հիշատակված Բոգդան Դոլուխանյանի նկատմամբ, որի արդյունքում վերջինս վիրավորվեց141: Կովկասահայ բուրժուազիայի շատ ներկայացուցիչներ նորից ստացան սպառնագրեր՝ դրամ վճարելու պահանջով: Քիչ չէին նրանք, ովքեր ստիպված էին թիկնապահներ վարձել երեկվա զինվորներին՝ իրենց անձը հարձակումներից պաշտպանելու համար: Ստեղծվել էր ահ ու սարսափի մթնոլորտ: Տանը, փողոցում եւ հասարակական վայրում քաղաքացին ամեն պահ ենթակա էր հարձակման կամ կողոպտման վտանգի:
Այդ վիճակին վերջ դնելու համար հարկավոր էին կտրուկ քայլեր ինչպես ամեն կարգի բախտախնդիրների, այնպես էլ երեկվա զինվորների ու հեղափոխականների նկատմամբ: Բայց մինչ այդ, ինչպես ռուսական հեղափոխական կուսակցությունները, ՀՅԴ-ն եւս պետք է վերջնականորեն հստակեցներ իր դիրքորոշումը բռնի հանգանակության հարցում եւ վերջ տար իր մարտիկների միջավայրում ծայր առած անառողջ երեւույթներին: Դրական որոշ արդյունքներով հանդերձ, «Փոթորիկ»-ը ՀՅԴ-ին կանգնեցրել էր հեղինակազրկման վտանգի առաջ: Գործին ավելի բարդ երանգ էր տալիս այն հանգամանքը, որ բռնի հանգանակություններից ու զեղծարարություններից զերծ չէին մնացել այդ օրերին ՀՅԴ ղեկավարության հասցեին ամենակտրուկ քննադատությամբ հանդես եկող դաշնակցական այնպիսի գործիչներ, ինչպիսիք էին Բուլղարիայում հրատարակվող «Շարժում» թերթի խմբագիր Վարդոն եւ Կովկասում ծայր առած միհրանական շարժման ղեկավար խմբապետ Միհրանը: Ի դեպ, ինչպես վերը նշվել է, Միհրանը ժամանակին առնչվել էր «Փոթորիկ»-ի առաջին շրջանի գործունեության, իսկ Վարդոն՝ Բալկաններում եւ Զմյուռնիայում իրականացված բռնի հանգանակությունների հետ: ՀՅԴ-ն պարտադրված էր վճռականորեն եւ մեկընդմիշտ վերացնել բոլոր խոցերը՝ կանգ չառնելով անգամ վիրահատական ցավոտ քայլերի առաջ:
Բռնի հանգանակության եւ ապագայում դրա թույլատրելիության հարցերը լուրջ քննարկման առարկա դարձան ՀՅԴ 4-րդ ընդհանուր ժողովում: Հարցի վերաբերյալ Եղիշե Թոփչյանի զեկուցումը բուռն քննարկումների եւ կարծիքների բախման առարկա դարձավ: Դրսեւորվեցին երկու ծայրահեղ, իրարամերժ մոտեցումներ: Այս անգամ եւս բռնի հանգանակության օգտին հանդես եկան արեւմտահայ ծագում ունեցող գրեթե բոլոր պատգամավորները (Ա. Վռամյան, Ս. Մինասյան, Ռ. Զարդարյան, Թ. Ջելալյան, Վ. Տաթեւյան, Սեբաստացի Մուրադ, Սեպուհ): Այլ պարագայում նրանք բացառում էին արեւմտահայ դատի համար հաջող պայքարի հնարավորությունը: Արեւելահայ պատգամավորներից նրանց պաշտպանում էին Ռոստոմը եւ բանաստեղծ Ավետիք Իսահակյանը (Գուսան): Վերջիններս թեեւ չէին ժխտում ցավոտ երեւույթների առկայությունը, բայց նաեւ ընդունելի չէին համարում բռնի հանգանակությունը մեկընդմիշտ, առանց որեւէ բացառության, մերժելու տարբերակը: Բռնի հանգանակության օգտին առավել ծանրակշիռ փաստարկներ բերում էին Սեբաստացի Մուրադը, Սեպուհը եւ Ա. Վռամյանը: «Մէկանգամ ընդմիշտ մերժել բռնի հանգանակութիւնը՝ մենք անկարող ենք,- հայտարարում էր Մուրադը,- քանի որ երկրում խոշոր պատրաստութիւնների հրամայողական պահանջի առաջն ենք կանգնած լինելու: Հարկավոր են միջոցներ: Մեր դաշնակցական կազմակերպութիւնները չեն կարողանայ բաւարարութիւն տալ գործի հսկայական կարիքներին: ՈՒրիշ ճանապարհ ցոյց տվէք, որպէսզի կարելի լինի այլ կերպ դրամ հայթայթել՝ այն ժամանակ կը թողնենք բռնի հանգանակութիւնը»142:
Հարցն ավելի կտրուկ էր դնում Սեպուհը. «Մենք որոշումներ ենք արել՝ Երկրի գործունէութեան, ցուցական ձեռնարկների եւն. մասին, բայց բոլոր այդ ծրագիրները մնալու են անիրագործելի, քանի որ մենք այստեղ չենք ուզում ընդունել բռնի հանգանակութիւնը: Անպատճա՛ռ պէտք է ընդունենք. հակառակ դէպքում բացարձակօրէն դրէք բաժանման հարցը: Ինքս մինչեւ այժմ դէմ եմ եղել բաժանման ձգտումներին, բայց քանի որ չէք ընդունում բռնի հանգանակութիւնը՝ լաւ է բաժանուենք»143:
Ինչպես միշտ, ավելի տարողունակ եւ բազմակողմանի էին Ա. Վռամյանի փաստարկները. «...քաղաքական նպատակ ունենք իրագործելու, եւ այն էլ մօտիկ ապագայում: Մեզ շտապել է հարկավոր, իսկ շտապելու համար՝ անհրաժեշտ է փող... Մենք չենք կարող գործնական յեղափոխական լինել եւ նոյն ժամանակ անպայման ու բացարձակօրէն մաքուր մնալ... մենք պէ՛տք է բարոյական լինենք այն չափով միայն, որ մեր գործը բարոյապէս չգահավիժի... Ես շեշտում եմ, որ ո՛չ թէ դրամն ինքը վնասում է մեզ, այլ նրա գործածման ձեւը... Կրկնում եմ, մենք պէտք է թողնենք տեսական սկզբունքները. քարացած դոգմաների երկրպագու չենք. հարկաւոր է գործնական լինել: Մենք չենք միայն, որ բռնի կերպով դրամ ենք կորզում. նոյնն են անում, գուցէ աւելի լայն չափերով ու աւելի կեղտոտ միջոցներով, սոցիալ-դեմոկրատներն ու սոցիալիստ-յեղափոխականները: Մեր յեղափոխական գործը պէտք է առաջ տարուի՝ ամբողջ ժողովրդի միահամուռ օժանդակութեամբ. ամէն մէկը պարտաւոր է նպաստելու. հակառակ դէպքում, աւելի լաւ է՝ մէկ-երկուսը զոհուեն, քան փողի եւ զէնքի պակասութեան պատճառով՝ ամբողջ գաւառներ վտանգուեն»144:
Հակառակ արեւմտահայ պատգամավորների՝ արեւելահայ պատվիրակների ճնշող մեծամասնությունը կտրուկ հանդես եկավ բռնի հանգանակության դեմ: Դրանում, անկասկած, վճռորոշ դեր խաղաց կովկասյան տխուր այն իրականությունը, որին արդեն բախվել էին նրանցից շատերը: Բոլոր տեսակի բռնի հանգանակությունները միանշանակ մերժում էին հատկապես Ս. Զավարյանը եւ Խ. Մալումյանը (Ակնունի): Նրանց աջակցում էին Հ. Օհանջանյանը, Ա. Մանուկյանը, Ա. Մաշուրյանը, Ա. Իսահակյանը (Ա. Ջամալյան), Վարդանը (Ս. Մեհրաբյան), Ստ. Տեր-Մկրտչյանը (Գագիկ) եւ ուրիշներ: Քննարկումները բուռն էին եւ դյուրությամբ չէ, որ ընդունվեց Ս. Զավարյանի ու Խ. Մալումյանի առաջարկած՝ բռնի հանգանակությունը լիովին մերժող բանաձեւը145: Արձանագրելով հասարակության լայն խավերի շրջանում բռնի հանգանակության առաջ բերած բարոյալքումը, ինչը թուլացրել էր նաեւ կուսակցական մարմինների գործունեությունը, հաշվի առնելով այդ հարցում ՀՅԴ-ի եւ այլ կազմակերպությունների դառը փորձը եւ այդ երեւույթի տխուր հետեւանքները, ընդհանուր ժողովը որոշեց.
«1)Իսպառ արգելել բռնի միջոցների գործածութիւնը՝ հանգանակութեան գործում.
2)Ամենախիստ պատասխանատւութեան ենթարկել այն անդամներին եւ մարմիններին, որոնք կը շարունակեն դիմել բռնի միջոցների.
3)Ազդու միջոցներ ձեռք առնել վերջ տալու այն բռնի հանգանակութիւններին, որ կատարում են այլ եւ այլ բաղդախնդիրներ, կազմակերպութեան անունից, գաղտնի կամ խարդախ միջոցներով...»146:
Դրամական խնդիրների հետ որոշակիորեն առնչվում էին նաեւ ժողովի կայացրած կտրուկ եւ խստագույն պատիժներ սահմանող որոշումները Վարդոյի, Միհրանի «Ժամանակավոր զինվորական խորհրդի» եւ Կարսի (Ջրաբերդ) շրջանի զեղծարարների վերաբերյալ147:
Սկզբունքային որոշումն ընդունված էր: Հետագա ամիսներին ՀՅԴ-ն եռանդուն քայլեր ձեռնարկեց իր շարքերը մաքրելու, զանազան խմբերի ու անհատ բախտախնդիրների չեզոքացնելու ուղղությամբ: Հատկապես սուր պայքար ծավալվեց Բաքվում, որտեղ այդ տարրերն առավել ակտիվ էին: Ստեղծելով իր «կանաչ հարյուրյակը»՝ ՀՅԴ-ն Բաքվի փողոցներում, ռեստորաններում եւ հասարակական այլ վայրերում բացահայտ պայքարի մեջ մտավ նրանց հետ՝ մեկը մյուսի ետեւից չեզոքացնելով այդ խմբերն ու դրանց առավել աչքի ընկնող ներկայացուցիչներին՝ չխնայելով անգամ չափն անցած երեկվա զինվորներին: Ահաբեկման ենթարկվեց նաեւ Ս. Քալաշյանը, իսկ նրա խումբը՝ չեզոքացվեց: ՀՅԴ Բաքվի Կենտրոնական Կոմիտեն 1907թ. օգոստոսին հանդես եկավ հատուկ հայտարարությամբ՝ իր վրա վերցնելով այդ խմբերի չեզոքացման պատասխանատվությունը եւ խստորեն նախազգուշացնելով մնացյալներին, որ հրաժարվեն խոտոր ճանապարհից148:
Բայց դա վերջը չէր: Շուտով ՀՅԴ-ի համար միանգամայն տհաճ իրադարձության թատերաբեմ դարձավ Ալեքսանդրապոլը: 1907թ. սեպտեմբերի 21-ին այստեղ առեւանգվեց քաղաքի ունեւորներից Եգոր Բաղդասարյանը: Նրան ազատելու համար «Մաքսիմալիստների թռուցիկ ջոկատի» անունից պահանջվեց նախ 35000, ապա 23000 ռուբլի փրկագին: Թեեւ ՀՅԴ Արեւելյան բյուրոյի կողմից Ալեքսանդրապոլ ուղարկված լիազոր քննիչն արագ բացահայտեց գործի հանգամանքները, իսկ առեւանգվածն էլ ազատ արձակվեց, բայց կազմակերպիչները հասցրին ստանալ պահանջվող փրկագինն ու անհայտանալ: Անցկացված մանրամասն քննությունը բացահայտեց ՀՅԴ Ալեքսանդրապոլի կառույցի մի շարք անդամների մասնակցությունն այդ գործին: Իսկ առավել տհաճն այն էր, որ առեւանգման կազմակերպիչն էր ՀՅԴ Ալեքսանդրապոլի Կենտրոնական Կոմիտեի նախկին անդամ Ֆելիքս Զավենյանը (Վահան): Ի դեպ, նա ՀՅԴ 3-րդ ընդհանուր ժողովի ստեղծած երեք հոգանոց այն հանձնախմբի անդամներից մեկն էր, ում ժամանակին վստահվել էր «Փոթորիկ» խմբից առանձին հաշվետվության ընդունումը: Դեպքի կապակցությամբ ՀՅԴ-ն ստեղծեց հատուկ ատյան: Վերջինս ընդունեց խիստ որոշումներ, իսկ Արեւելյան բյուրոն 1907թ. հոկտեմբերի 18-ին հանդես եկավ հատուկ հայտարարությամբ149: Բայց նման երեւույթները լիովին արմատախիլ անել դարձյալ չհաջողվեց: Ավելին, դրամաշորթերի ու կեղծարարների գործունեության ասպարեզ դարձան նաեւ Փարիզը, Ժնեւը, եվրոպական այլ քաղաքներ, ուր շարունակվում էր ՀՅԴ-ի անունից սպառնալիքներով դրամ պահանջելը: ՀՅԴ Արեւմտյան Բյուրոն այդ կապակցությամբ հարկադրված էր նորից հանդես գալ հատուկ հայտարարությամբ, ազդարարելով, որ.
«1)Կազմակերպութեան Ընդհանուր Ժողովը խստիւ արգելել է սպառնական դիմումները դրամական գործում, եւ ուրեմն այդօրինակ փաստերը ոչ այժմ եւ ոչ ապագայում որեւէ կապ Դաշնակցութեան հետ չեն կարող ունենալ:
2)Այն անձինք, անանուն եւ կեղծարար, որոնք կը փորձեն շահագործել կազմակերպութեան անունը՝ դրամաշորթութեան համար, կ'ենթարկւին, համաձայն կուսակցութեան «Կանոնագրի», խիստ պատասխանատւութեան եւ պատժի...»150:
Բռնի դրամական հանգանակություններից եւ դրանց ընթացքում թույլ տրված ծայրահեղություններից չկարողացան զերծ մնալ նաեւ վերակազմյալ հնչակյանները: Ավանդաբար ուժեղ դիրքեր ունենալով Կիլիկիայում, նրանք վերջինիս ազատագրման կարգախոսի ներքո իրականացնում էին բռնի հանգանակություններ Կ.Պոլսի, Եգիպտոսի, ԱՄՆ-ի եւ այլ վայրերի հայ մեծահարուստների միջավայրում՝ առանց, սակայն, գործնական որեւէ հաջողություն արձանագրելու հայոց ազատամարտի ասպարեզում: Մինչդեռ ներկուսակցական սուր բախումները, այդ հողի վրա կատարված փոխադարձ սպանությունները, կուսակցական միջոցների աննպատակ մսխումների վերաբերյալ շրջանառվող լուրերը, այդ խնդրում փոխադարձ մեղադրանքները եւ այլ հանգամանքներ, բնականաբար, խարխլում էին հայ մեծահարուստների առանց այն էլ տկար հավատը վերակազմյալ հնչակյան կուսակցության նկատմամբ: Ձեռքի տակ չունենք որեւէ փաստական տվյալ վերակազմյալ հնչակյանների կողմից բռնի հանգանակված գումարների չափի մասին, քանի որ այդպիսիք առայսօր հրապարակված չեն: Ա. Կիտուրի կարծիքով խոսքը բավական մեծ գումարների մասին է: Հայ մեծահարուստների միջավայրում գնալով մեծանում էր դժկամությունը, ինչը եւ հանգեցրեց չարդարացված մի քանի ահաբեկումների: 1905թ. Կ.Պոլսում, ԱՄՆ-ից ժամանած վերակազմյալ հնչակյանի կողմից սպանվեց հայտնի մեծահարուստ, նախկինում բարերարությամբ աչքի ընկած Աբիկ ՈՒնճյանը, որը հրաժարվել էր վճարել իրենից պահանջվող գումարը: 1907թ. հուլիսի 22-ին Նյու Յորքում, վերակազմյալ հնչակյան Պետրոս Խաչատրյանի կողմից, նույն շարժառիթով սպանվեց գորգերի վաճառական Հովհաննես Թավշանջյանը: Այս երկու սպանությունները ժամանակին լայն արձագանք ունեցան: Հատկապես Հ. Թավշանջյանի ահաբեկումը հուզեց ամերիկյան հասարակական կարծիքը՝ առաջ բերելով նաեւ մի շարք հայասեր գործիչների բնական դժգոհությունը: Բռնի հանգանակության հարցի հետ կապված՝ վերակազմյալ հնչակյանների վերջին աղմկահարույց գործը արեւմտահայ նշանավոր գրող, նախկին վերակազմյալ հնչակյան Արփիար Արփիարյանի ահաբեկումն էր Եգիպտոսում: Վերջինս իր կողմից խմբագրվող «Լուսաբեր»-ի էջերում բռնի հանգանակության համար անխնա քննադատում էր երեկվա կուսակիցներին՝ նրանց անվանելով «Սուրբ գործի» անվան տակ հանդես եկող դրամաշորթեր: Նա կոչ էր անում եգիպտահայ մեծահարուստներին չվախենալ եւ տեղի չտալ սպառնալիքներին: Մամուլի էջերում նախկին կուսակիցների դեմ բուռն եւ անզիջում պայքարն էլ դարձավ նրա ահաբեկման պատճառը151:
Երիտթուրքական հեղաշրջումից անմիջապես հետո՝ 1908թ. օգոստոսի 8 (21)-ին ՀՅԴ Կ.Պոլսի Պատասխանատու Մարմինը հերթական անգամ հանդես եկավ Կ.Պոլսում ու գավառներում դաշնակցության անունից բռնի հանգանակություն անող խարդախների դեմ հայտարարությամբ՝ սպառնալով ամենախիստ պատիժներով152: Բայց հայ իրականության համար արատավոր այդ երեւույթը հաղթահարելու գործում վճռորոշ դեր չխաղացին ոչ վերոհիշյալ կազմակերպությունների կողմից այդ երեւույթին վերջ տալու նպատակով արված հայտարարություններն ու գործադրած պատիժները, ոչ էլ այդ հարցում միանգամայն բացասաբար տրամադրված հասարակական կարծիքի ազդեցությունը: Որքան էլ տարօրինակ հնչի, այդ գործում «դափնին» պատկանում է երիտթուրքական հեղաշրջմանը: Դրանից հետո է, որ հայ հեղափոխական կազմակերպությունները, առաջին հերթին ՀՅԴ-ն, առժամանակ դադարեցրին ազատագրական զինյալ պայքարը եւ իրենց ծրագրերը համապատասխանեցրին սահմանադրական Թուրքիայի պայմաններին: Դրանով վերացավ բռնի դրամական հանգանակության գաղափարական հենքը եւ հիմնականում փակվեց նման ճանապարհով միջոցներ կորզելու զանազան բախտախնդիրների ճանապարհը:
Գ Ր Ա Կ Ա Ն Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
1.ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐՆԵՐ
1. ՀԱԱ, ֆ. 4045, ց. 2, գ. 4, 22:
2. ՀԱԱ, ֆ. 4047, ց. 1, գ. 30, 33:
3. ՀԱԱ, Ֆ. 4047, ց. 3, գ. 1, 2, 3, 4:
4. Նիւթեր Հ.Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Ա. հատոր, Պէյրութ, 1972:
5. Նիւթեր Հ.Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Բ. հատոր, Պէյրութ, 1985:
6. Նիւթեր Հ.Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Գ. հատոր, Պէյրութ, 198..:
7. Նիւթեր Հ.Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Դ. հատոր, Պէյրութ, 1982:
8. Թեոդիկ, «Ամենուն տարեցույց», ԺԶ տարի, 1922:
9. <rus>ըՐՈՑրՍՈ' տՏՎՏքՖ տՏրՑՐՈՊՈՉՔՌՎՕ ՉՕ ՁցՐՓՌՌ ՈՐՎ'վՈՎՕ, ԾՏրՍՉՈ, 1898.</rus>
10. Armenia: Political and Ethnic Boundaries 1878-1948, Editor Anita L.P.Burdett, Archive Editions, 1998.
2. ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՈԴՎԱԾՆԵՐ
1. Է. Ակնունի, Դեպի կռիւ, Ժընեվ, 1904:
2. Ա. Ահարոնեան, Քրիստափոր Միքայէլեան, Բոստոն, 1926:
3. Ա.Ամուրեան, Ցարական «Օխրանայ»յի արխիվը, Թեհրան, 1978:
4. Ռ. Բերբերեան, Ի՞նչպէս հեռացայ հնչակեան կուսակցութիւնից, «Հայրենիք», 1943, N1:
5. Ռ. Բերբերեան, Պատրանքների շրջանից, «Վէմ», 1938, N3:
6. Հրանդ Գանգրունի, Հայ Յեղափոխութիւնը Օսմանեան բռնատիրութեան դեմ (1890-1910), Պէյրութ, 1973:
7. Ա. Գյուլխանդանեան, Հայ-թաթարական ընդհարումները Բագուի մէջ, «Հայրենիք», 1934, N7:
8. Ա. Գյուլխանդանեան, Յեղափոխական դէմքեր, «Հայրենիք», 1936, N11:
9. Գուրգէն Եազըճեան, Ապտիւլ Համիտ Բ. Կարմիր Սուլթանը, Պէյրութ, 1980:
10. Մ. Թոքաճեան, Վերյիշումներ անցյալէն, «Հայրենիք», 1960, N 5, 6:
11. Յ. Թոքաճեան, Հ. Յ. Դաշնակցութիւնը Իզմիրի մէջ (յուշատետրիս էջերէն), «Հայրենիք», 1936, N9:
12. Գ. Լազեան, Դէմքեր հայ ազատագրական շարժումէն, Գահիրէ, 1949:
13. Գ. Լազեան, Յեղափոխական դէմքեր,Գահիրէ,1945:
14. Լեո, Անցյալից, Թիֆլիս, 1925:
15. Ա.Հակոբեան, Յիշողութիւններ անցեալեն, «Հայրենիք», 1926, N7:
16. Ազատ Համբարյան, Ազատագրական շարժումները Արեւմտյան Հայաստանում (1898-1908թթ.), Երեւան, 2000:
17. Մալխաս, Ապրումներ, Ա. հատոր, Պէյրութ, 1956:
18. Վ. Մինախորեան, Անջատականները, «Վէմ», 1933, N1:
19. Վ. Մինախորեան, Մեր կեանքի օրերը, «Հայրենիք», 1948, N N 3, 5:
20. Նիկոլ-Դուման (գիծեր իր կեանքէն), Պուքրէշ, 1933:
21. Պատմութիւն Ս.Դ. Հնչակեան կուսակցութեան 1887-1962, խմբ. Ա. Կիտուր, Ա. հատոր, Պէյրութ, 1962:
22. Յ. Պոյաճեան, Հ.Յ. Դաշնակցութիւնը Իզմիրի շրջանին մէջ, «Հայրենիք», 1956, N12, 1957, N 1:
23. Արշակ Օ. Սարգիսեան, Հայոց հարցը իննսնական թւականներուն, «ՎԷՄ», 1938, N3:
24. Ռ. Սեւեան, Մարտիրոս Չարուխչեան, «Յեղափոխական ալպոմ», 1964, N3:
25. Հ. Սիմոնյան, Ազատագրական պայքարի ուղիներում, գիրք 1, Երեւան, 2003:
26. Վ. Վալադեան, Լեռնապարի Իշխանը, «Հայրենիք», 1958, N11:
27. Վ. Վալադեան, Համբարձում Աղաջանեան, «Հայրենիք», 1959, N1:
28. Մ. Վարանդեան, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Երեւան, 1992:
29. Մ. Վարանդեան, Մուրատ (Սեբաստացի ռազմիկին կեանքն ու գործը), Պոսթըն, 1931:
30. Մ. Վարանդեան, Քրիստափոր Միքայէլեան, «Նորք», 1991, N8-9, N10-12:
31. Վարդօ, Տասը տարի Հայ Յեղ. Դաշնակցութեան մէջ, Վառնա, 1906:
32. Մարտին (Ջումշուդ) Տէր Գալստեանի յուշերը, Փոթորիկի ճամբով, «Հայրենիք», 1954, N1:
33. Ֆար-Հատ, Իմ յիշատակարանը, «Հայրենիք», 1942, N6:
34. <rus>ԸչՈՒՏվՏՉՕ Թ.Խ., իՈչՐՈվՌփվՈ' ՏւՐՈվՍՈ, կպՑՐՏչՐՈՊ, 1918.</rus>
35. <rus>ըցՊվՌՓՍՌռ Կ. Թ., ՁպՐՐՏՐՌջՎ Չ ՀՏրրՌռրՍՏՎ ՏրՉՏոՏՊՌՑպսՖվՏՎ ՊՉՌՋպվՌՌ, ԾՏրՍՉՈ, 2000.</rus>
36. <rus>Ժ. ԽՏրպՉ, ծՏՉՈ' ՌրՑՏՐՌ' ըՏսչՈՐՌՌ, ԾՏրՍՉՈ, 1952.</rus>
37. <rus>կՐՈռրՎՈվ խ.թ. ՁպՐՐՏՐՌրՑօ Ռ ՐպՉՏս’ՓՌՏվպՐօ, ՏւՐՈվվՌՍՌ Ռ տՐՏՉՏՍՈՑՏՐօ, ԾՏրՍՉՈ, 2001.</rus>
38. International Terrorizm and the drug connection. Sympozium on international terrorizm: Armenian terrorizm, its supporters, the narcotic connection, the distorion of history, Ankara, 1984.
3.ՄԱՄՈՒԼ
1. «Արմէնիա», 2 սեպտեմբերի 1896, թիւ 10:
2. «Դրօշակ», 1900, NN 1, 6, 9, 1901, N 6, 1902, N5, 1906, N 4, 10, 1907, NN 5, 8, 10, 11-12:
3. «Հայրենիք», 1926, N 7, 1934, N7, 1936, NN9, 11, 1941, N10, 1942, N 6, 1943, N1, 1948, N 3, 5, 1954, N 1, 1956, N12, 1957, N 1, 1958, NN 9, 11, 1959, N1, 1960, N5, 6:
4. «Յեղափոխական ալպոմ», 1964, NN 3, 5:
5. «Նորք», 1924, NN 4, 5, 1991, N8-9, N10-12:
6. «Վէմ», 1933, N1, 1934, N1, 1938, N3:
Ծանոթագրություններ
1 Տե՛ս <rus>Ժ. ԽՏրպՉ, ծՏՉՈ' ՌրՑՏՐՌ' ըՏսչՈՐՌՌ, ԾՏրՍՉՈ, 1952, րՑՐ. 286, 294, 301-302.</rus>
2 Տե՛ս <rus>Ժ. ԽՏրպՉ, ծՏՉՈ' ՌրՑՏՐՌ' ըՏսչՈՐՌՌ,</rus> էջ 459:
3 Armenia: Political and Ethnic Boundaries 1878-1948, Editor L.P. Burdett, Archive Editions, 1998, p. 144.
4 «Նորք», 1924, NN 4, 5, էջ 431:
5 Տե՛ս «Նորք», 1924, NN 4, 5, էջ 428, 441:
6 Է. Ակնունի, Դեպի կռիւ, Ժընեվ, 1904, էջ 24:
7 International Terrorism and the drug connection. Symposium on international terrorism: Armenian terrorism, its supporters, the narcotic connection, the distorion of history, Ankara, 1984, p. 175.
8 Տե՛ս Արշակ Օ.Սարգիսեան, Հայոց հարցը իննսնական թւականներուն, «Վէմ», 1938, N3, էջ 80:
9 Տե՛ս Հրանդ Գանգրունի, Հայ Յեղափոխութիւնը Օսմանեան բռնատիրութեան դեմ (1890-1910), Պէյրութ, 1973, էջ 362:
10 Տե՛ս <rus>ըՐՈՑրՍՈ' տՏՎՏքՖ տՏրՑՐՈՊՈՉՔՌՎՕ ՉՕ ՁցՐՓՌՌ ՈՐՎ'վՈՎՕ, ԾՏրՍՉՈ, 1898, րՑՐ. LV-LVIII. </rus>
11 Տե՛ս International terrorism and the drug connection..., p. 128-129.
12 Տե՛ս <rus>ըՐՈՑրՍՈ' տՏՎՏքՖ... րՑՐ. D, LXXI, LXXIII.</rus>
13Տե՛ս Ա.Ամուրեան, Ցարական «Օխրանայ»յի արխիվը, Թեհրան, 1978, էջ 94: Նաեւ՝ <rus>ԸչՈՒՏվՏՉՕ Թ.Խ., իՈչՐՈվՌփվՈ' ՏւՐՈվՍՈ, կպՑՐՏչՐՈՊ, 1918, րՑՐ. 250-251.</rus> Նաեւ՝ <rus>կՐՈռրՎՈվ խ.թ. ՁպՐՐՏՐՌրՑօ Ռ ՐպՉՏս’ՓՌՏվպՐօ, ՏւՐՈվվՌՍՌ Ռ տՐՏՉՏՍՈՑՏՐօ, ԾՏրՍՉՈ, 2001, րՑՐ. 125.</rus>
14 Տե՛ս Ռ. Բերբերեան, Ի՞նչպէս հեռացայ հնչակեան կուսակցութիւնից, «Հայրենիք», 1943, N1, էջ 50-51:
15 Տե՛ս Մ. Վարանդեան, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Երեւան, 1992, էջ 263:
16 Տե՛ս Ազատ Համբարյան, Ազատագրական շարժումները Արեւմտյան Հայաստանում (1898-1908թթ.), Երեւան, 2000, էջ 138:
17 Տե՛ս Ռ. Բերբերեան, Պատրանքների շրջանից, «Վէմ», 1938, N3, էջ 46-49:
18 Լեո, Անցյալից, Թիֆլիս, 1925, էջ 102:
19 «Հայրենիք», 1941, N10, էջ 90:
20 Տե՛ս «Դրօշակ», 1900, N9, էջ 131:
21 Մանրամասն տե՛ս Ռ. Բերբերեան, Պատրանքների շրջանից, «Վէմ», 1938, N3, էջ 29-34:
22 «Նորք», 1924, NN 4,5, էջ 433:
23 Ռ. Բերբերեան, Ինչպէս հեռացայ հնչակեան կուսակցութիւնից, «Հայրենիք», 1943, N1, էջ 50:
24 Տե՛ս Լեո, Անցյալից, էջ 71:
25 «Դրօշակ», 1900, N9, էջ 131:
26 Ֆար-Հատ, Իմ յիշատակարանը, «Հայրենիք», 1942, N6, էջ 54:
27 Տե՛ս Նիւթեր Հ.Յ. Դաշնակցութեան պատմութեան համար (այսուհետեւ՝ Նիւթեր...), Բ. հատոր, Պէյրութ, 1985, էջ 72-73:
28 Նիւթեր..., բ. հատոր, էջ 85:
29 Նույն տեղում, էջ 92:
30 Տե՛ս Մ. Վարանդեան, Հ.Յ. Դաշնակցութեան պատմութիւն, էջ 187:
31 Տե՛ս Գուրգէն Եազըճեան, Ապտիւլ Համիտ Բ. Կարմիր Սուլթանը, Պէյրութ, 1980, էջ 620:
32 Տե՛ս Ազատ Համբարյան, նշված աշխատ., էջ 137:
33 Տե՛ս «Նորք», 1924, N4,5, էջ 433-434, 449:
34 «Արմէնիա», 2 սեպտեմբերի 1896, N10:
35 Տե՛ս Ֆար-Հատ, Իմ յիշատակարանը, «Հայրենիք», 1942, N6, էջ 54:
36 Տե՛ս Նիւթեր..., Բ. հատոր, էջ 20-21:
37 Տե՛ս նույն տեղում, էջ 36-38:
38 Տե՛ս նույն տեղում, էջ 43:
39 Տե՛ս Նիւթեր..., Բ. հատոր, էջ 66-67:
40 Նիւթեր..., Ա. հատոր, Պէյրութ, 1972, էջ 70:
41 Ա. Ահարոնեան, Քրիստափոր Միքայէլեան, Բոստոն, 1926, էջ 99-101:
42 Նիւթեր..., Բ. հատոր, էջ 94:
43 Նիւթեր..., Բ. հատոր, էջ 361:
44 Ա. Ահարոնեան, նշված. աշխատ., էջ 100:
45 Նիւթեր..., Բ. հատոր, էջ 67:
46 Նույն տեղում, էջ 92:
47 Մ. Վարանդեան, Հ.Յ. Դաշնակցութեան պատմութիւն, էջ 264:
( Ի դեպ, Մ.Վարանդյանի կողմից բերված թվերը միշտ չէ, որ համապատասխանում են մերին: Կարծում ենք այս հարցում հիմք պետք է ընդունել Արեւելյան բյուրոյի ժողովի արձանագրությունը, ինչը եւ արել ենք: Համեմատելու համար, տե՛ս Նիւթեր..., Բ. հատոր, էջ 90-91: Նաեւ՝ Մ. Վարանդեան, Հ.Յ. Դաշնակցութեան պատմութիւն, էջ 263-264:
48 Տե՛ս Նիւթեր..., Բ. հատոր, էջ 92:
49 Նիւթեր..., Բ. հատոր, էջ 92:
50 Նիւթեր..., Բ. հատոր, էջ 92:
51 Տե՛ս Նիւթեր..., Բ. հատոր, էջ 182-185:
52 Տե՛ս Մ. Վարանդեան, Հ.Յ. Դաշնակցութեան պատմութիւն, էջ 267:
53 «Դրօշակ», 1900, N1, էջ 2:
54 Նույն տեղում, N6, էջ 86:
55 «Դրօշակ», 1901, N6, էջ 100-101:
56 Տե՛ս Նիւթեր..., Բ. հատոր, էջ 94:
57 Տե՛ս Նիւթեր..., Բ. հատոր, էջ 361-366:
58 Տե՛ս նույն տեղում, էջ 94-98:
59 Նիւթեր..., Բ. հատոր, էջ 362:
60 Նույն տեղում:
61 Տե՛ս նույն տեղում, էջ 94, 364:
62 Տե՛ս Նիւթեր..., Բ. հատոր, էջ 97-98:
63 Նույն տեղում, էջ 97:
(Գ.Լազյանը նշում է 1900թ., ինչը ճիշտ չէ: Կարծում ենք այդ թյուրիմացության ակունքները պետք է փնտրել Ա.Հակոբյանի «Յիշողութիւններ անցեալեն» խորագիրը կրող հուշերում (Տե՛ս «Հայրենիք», 1926, N7, էջ 124): Ավելի քան քառորդ դար անց անդրադառնալով այդ դեպքերին, Ա.Հակոբյանը հասկանալիորեն կարող էր նման ժամանակագրական բնույթի սխալներ թույլ տալ: Մինչդեռ Պետոյի խմբի անդամ Խաչիկ Ասլանյանի մահախոսականում, որը տպագրվել է «Դրօշակ»-ի 1902թ. N5-ում (էջ 76-78), որպես Ադրիանապոլսի մոտ տեղի ունեցած ընդհարման եւ Խ.Ասլանյանի զոհվելու տարեթիվ նշվում է 1901թ. հուլիսը: Վերջին տարեթվի օգտին բերենք եւս մեկ փաստարկ: Հայտնի է, որ Պետոն անհաջող ընդհարումից հետո գերվել է եւ գտնվել բանտում՝ մինչեւ կախաղան բարձրացվելը: Մինչդեռ Ֆիլիպեի ժողովում՝ 1901թ. ապրիլին, նա ընտրվել է ՀՅԴ Կիլիկիայի Պատասխանատու Մարմնի անդամ, ինչը նրա բանտում գտնվելու դեպքում բացառվում էր:
64 Տե՛ս Նիւթեր..., Բ. հատոր, էջ 94-95: Նաեւ՝ Գ. Լազեան, Յեղափոխական դէմքեր, Գահիրէ, 1945, էջ 400:
65 Տե՛ս Մ. Վարանդեան, Հ.Յ. Դաշնակցութեան պատմութիւն, էջ 265:
66 Նիւթեր..., Բ. հատոր, էջ 367:
67 Տե՛ս Նիւթեր..., Բ. հատոր, էջ 97-98:
68 Տե՛ս Վարդօ, Տասը տարի Հայ Յեղ. Դաշնակցութեան մէջ, Վառնա, 1906, էջ 48-49:
69 Տե՛ս Վարդօ, նշված աշխատ., էջ 48-49:
70 «Նորք», 1924, N 4,5, էջ 443-444, 449:
71 Տե՛ս Վ. Վալադեան, Համբարձում Աղաջանեան, «Հայրենիք», 1959, N1, էջ 12-13:
72 Տե՛ս Հ. Սիմոնյան, Ազատագրական պայքարի ուղիներում, գիրք 1, Երեւան, 2003, էջ 322-323:
73 Տե՛ս Ռ. Սեւեան, Մարտիրոս Չարուխչեան, «Յեղափոխական ալպոմ», 1964, N3, էջ 69-71:
74 Տե՛ս Գ. Լազեան, Յեղափոխական դէմքեր, էջ 325:
75 Տե՛ս Մ. Վարանդեան, Մուրատ (Սեբաստացի ռազմիկին կեանքն ու գործը), Պոսթըն, 1931, էջ 52:
76 Տե՛ս Նիւթեր..., Բ. հատոր, էջ 97:
77 Տե՛ս Մ. Վարանդեան, Քրիստափոր Միքայէլեան, «Նորք», 1991, N8-9, էջ 96, N10-12, էջ 165:
78 Տե՛ս Նիւթեր..., Բ. հատոր, էջ 127:
79 Տե՛ս Վ. Մինախորեան, Մեր կեանքի օրերը, «Հայրենիք», 1948, N5, էջ 87: Նաեւ՝ Ռ. Սեւեան, Մարտիրոս Չարուխչեան, «Յեղափոխական ալպոմ», 1964, N3, էջ 69-71:
80 Տե՛ս Վ. Մինախորեան, Անջատականները, «Վէմ», 1933, N1, էջ 104:
81 Տե՛ս Ա. Գյուլխանդանեան, Յեղափոխական դէմքեր, «Հայրենիք», 1936, N11, էջ 86: Նաեւ՝ Ռ. Սեւեան, Մարտիրոս Չարուխչեան, «Յեղափոխական ալպոմ», 1964, N3, էջ 71:
82 Մանրամասն տե՛ս Մարտին (Ջումշուդ) Տէր Գալստեանի յուշերը, Փոթորիկի ճամբով, «Հայրենիք», 1954, N1, էջ 41-46:
83 Հայաստանի Ազգային Արխիվ (Այսուհետեւ՝ ՀԱԱ ), ֆ. 4047, ց. 1, գ. 33, թ. 1:
84 Տե՛ս Վարդօ, նշված աշխատ., էջ 49: Նաեւ՝ Վ. Մինախորեան, Մեր կեանքի օրերը, «Հայրենիք», 1948, N3, էջ 70:
85 Նիւթեր..., Բ. հատոր, էջ 132:
86 Տե՛ս Մարտին (Ջումշուդ) Տէր Գալստեանի յուշերը, Փոթորիկի ճամբով, «Հայրենիք», 1954, N1, էջ 25:
87Տե՛ս Ա. Գյուլխանդանեան, Յեղափոխական դէմքեր, «Հայրենիք», 1936, N11, էջ 86: Նաեւ՝ Գ. Լազեան, Դէմքեր հայ ազատագրական շարժումէն, Գահիրէ, 1949, էջ 224-225:
88 Տե՛ս Նիւթեր..., Բ. հատոր, էջ 127-128, 365:
89 Տե՛ս նույն տեղում, Գ. հատոր, Պէյրութ, 198..., էջ 274:
90 Տե՛ս Նիւթեր..., Բ. հատոր, էջ 157:
91 Տե՛ս Թեոդիկ, «Ամենուն տարեցույց», ԺԶ տարի, էջ 261-263:
92 Յ. Թոքաճեան, Հ. Յ. Դաշնակցութիւնը Իզմիրի մէջ (յուշատետրիս էջերէն), «Հայրենիք», 1936, N9, էջ 139:
93 Տե՛ս Նիւթեր..., Բ. հատոր, էջ 352-354:
94 Տե՛ս «Յեղափոխական ալպոմ», 1964, N5, էջ 135:
95Մանրամասն տե՛ս Նիւթեր..., Բ. հատոր, էջ 147-152: Նաեւ՝ Յ. Պոյաճեան, Հ.Յ. Դաշնակցութիւնը Իզմիրի շրջանին մէջ, «Հայրենիք», 1956, N12, էջ 94-96: Նաեւ՝ Վարդօ, նշված աշխատ., էջ 28-34:
96Տե՛ս Նիւթեր..., Բ. հատոր, էջ 149: Նաեւ՝ Հ. Թոքաճեան, նշված աշխատ., «Հայրենիք», 1936, N9, էջ 139-140: Նաեւ՝ Մ. Թոքաճեան, Վերյիշումներ անցյալէն, «Հայրենիք», 1960, N5, էջ 88:
97 Մանրամասն տե՛ս Հ. Պոյաճեան, նշված աշխատ., «Հայրենիք», 1956, N12, էջ 97-102: Նաեւ՝ Հ. Թոքաճեան, նշված աշխատ., «Հայրենիք», 1936, N9, էջ 140-143: Նաեւ՝ Մ. Թոքաճեան, նշված աշխատ., «Հայրենիք», 1960, N5, էջ 89-92:
98Տե՛ս «Դրօշակ», 1906, N4, էջ 61-62:
99 Տե՛ս Մ. Թոքաճեան, նշված աշխատ., «Հայրենիք», 1960, N6, էջ 88:
100 Տե՛ս Հ. Պոյաճեան, նշված աշխատ., «Հայրենիք», 1957, N1, էջ 83:
101 «Նորք», 1924, N4,5, էջ 447:
102 Տե՛ս «Դրօշակ», 1906, N4, էջ 63:
103 Տե՛ս Մ. Թոքաճեան, նշված աշխատ., «Հայրենիք», 1960, N6, էջ 88-89:
104 Տե՛ս Վարդօ, նշված աշխատ., էջ 50-52:
105 Նիւթեր..., Բ. հատոր, էջ 128:
106 Տե՛ս Նիւթեր..., Բ. հատոր, էջ 130:
107 Տե՛ս Նիւթեր..., Բ. հատոր, էջ 130:
108 Տե՛ս Նույն տեղում, էջ 129:
109 ՀԱԱ, ֆ. 4047, ց. 1, գ. 30, թ. 2-3: Նաեւ՝ Նիւթեր..., Բ. հատոր, էջ 209-210, 221:
110 Նիւթեր..., Բ. հատոր, էջ 230:
111 Տե՛ս Նիւթեր..., Բ. հատոր, էջ 230-231:
112 Տե՛ս Նիւթեր..., Բ. հատոր, էջ 227, 231:
113 Ա. Գյուլխանդանեան, Հայ-թաթարական ընդհարումները Բագուի մէջ, «Հայրենիք», 1934, N7, էջ 141:
114 Տե՛ս նույն տեղում:
115 Տե՛ս Նիկոլ-Դուման (գիծեր իր կեանքէն), Պուքրէշ, 1933, էջ 12-13:
116 «Վէմ», 1934, N1, էջ 117-118:
117 Տե՛ս Նիւթեր..., Բ. հատոր, էջ 240:
118 Տե՛ս Ա. Գյուլխանդանեան, Հայ-թաթարական ընդհարումները Բագուի մէջ, «Հայրենիք», 1934, N7, էջ 142:
119 ՀԱԱ, ֆ. 4047, ց. 3, գ. 3, թ. 2763:
120 Տե՛ս Նիւթեր..., Բ. հատոր, էջ 237:
( Ի դեպ, ակադ. Հ. Սիմոնյանի վերջերս հրատարակված մեծարժեք աշխատության մեջ այս հարցում առկա է ակնհայտ թյուրիմացություն: Մեծավաստակ պատմաբանը նշում է, որ. «1905թ. վերջերին հայկական բոլոր բնակավայրերը զինված էին՝ մի տեղ ունենալով բավարար, մի ուրիշ տեղում՝ քիչ հրացաններ ու զինամթերք: Այդ հանգամանքը հնարավորություն ստեղծեց, որպեսզի արդեն 1905թ. աշնան վերջին դաշնակցությունը դադարեցնի «Փոթորիկ»-ի գործունեությունը: Այդ նպատակով նախ Հ.Յ.Դ. արեւելյան եւ արեւմտյան բյուրոները, ապա նաեւ կ. կոմիտեները շարքերին իջեցրին խստիվ հրահանգներ» (Հ. Սիմոնյան, Ազատագրական պայքարի ուղիներում, գիրք 1, Երեւան, 2003, էջ 331): Նման տեսասկետը ճիշտ չէ: Ընդհակառակը՝ ինչպես վերը տեսանք, հենց այդ ժամանակ է, որ ինքնապաշտպանության համար անհրաժեշտ միջոցների ծայրահեղ կարիքը հարկադրեց որոշում կայացնել «Փոթորիկ»-ի գործունեությունը ժամանակավորապես վերականգնելու մասին: «Փոթորիկ»-ի երկրորդ շրջանի գործունեությունը ծավալվել է 1906թ. փետրվարից եւ վերջնականորեն կասեցվել միայն 1907թ.՝ ՀՅԴ 4-րդ ընդհանուր ժողովի որոշմամբ:
121 Տե՛ս Նիւթեր..., Բ. հատոր, էջ 240:
122 Տե՛ս Նիւթեր..., Գ. հատոր, էջ 245:
123 ՀԱԱ, ֆ. 4047, ց. 3, գ. 1, թ. 317:
124 Տե՛ս նույն տեղում, գ. 2, թ. 1078:
125 Մանրամասն տե՛ս ՀԱԱ, ֆ. 4047, նույն տեղում, ց. 3, գ. 1, թ. 132:
126 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 4047, ց. 3, գ. 2, թ. 1078, գ. 4, թ. 3282-3283:
127 Տե՛ս Նիւթեր..., Գ. հատոր, էջ 275:
128 Տե՛ս «Հայրենիք», 1958, N9, էջ 22:
129 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 4047, ց. 3, գ. 2, թ. 1089:
130 Տե՛ս Նիւթեր..., Գ. հատոր, էջ 246, 314:
( ՀՅԴ 4-րդ ընդհանուր ժողովին «Փոթորիկ»-ի ու Զիֆոնի տված հաշվետվություններում այս հարցում առկա է շուրջ 30.000 ռուբլու տարբերություն: Հնարավոր է, որ «Փոթորիկ»-ից ստացած գումարների մի մասը Զիֆոնի հաշիվներում արձանագրվել է այլ մարմիններից ստացված մուտքերի տակ: Համենայն դեպս այդ տարբերությունն ընդհանուր ժողովում որեւէ տարակուսանք չի առաջացրել: Ինչ վերաբերում է «Փոթորիկ»-ի կողմից ՀՅԴ բյուրոյին, իսկ վերջինիս կողմից՝ Զիֆոնին փոխանցված գումարների տարբերությանը (մոտ 2.200 ռուբլի), ապա այն, փոխանցված գումարի համեմատ, չնչին է:
131 Տե՛ս Նիւթեր..., Գ. հատոր, էջ 246, 275:
132 Տե՛ս Ա. Գյուլխանդանեան, Հայ-թաթարական ընդհարումները Բագուի մէջ, «Հայրենիք», 1934, N7, էջ 145-146:
133 Տե՛ս Նիւթեր..., Բ. հատոր, էջ 237:
134 Մալխաս, Ապրումներ, Ա. հատոր, Պէյրութ, 1956, էջ 436:
135 Մալխաս, նշված աշխատ., էջ 485:
136 Տե՛ս Վ. Վալադեան, Լեռնապարի Իշխանը, «Հայրենիք», 1958, N11, էջ 53:
137Տե՛ս <rus>կՐՈռրՎՈվ խ. թ., ՁպՐՐՏՐՌրՑօ Ռ ՐպՉՏս’ՓՌՏվպՐօ, ՏւՐՈվվՌՍՌ Ռ տՐՏՉՏՍՈՑՏՐօ, ԾՏրՍՉՈ, 2001, րՑՐ . 192-193, 308.</rus> Նաեւ՝ <rus>ըցՊվՌՓՍՌռ Կ. Թ., ՁպՐՐՏՐՌջՎ Չ ՀՏրրՌռրՍՏՎ ՏրՉՏոՏՊՌՑպսՖվՏՎ ՊՉՌՋպվՌՌ, ԾՏրՍՉՈ, 2000, րՑՐ. 179, 331.</rus>
138Տե՛ս <rus>ըցՊվՌՓՍՌռ Կ. Թ.,</rus> նշված աշխատ., էջ 183-184, 330:
139 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 4047, ց. 3, գ. 2, թ. 1398-1399: Նույնը՝ «Դրօշակ», 1906, N10, էջ 159-160:
140 Տե՛ս Լեո, Անցյալից, էջ 206-207:
141 Տե՛ս «Դրօշակ», 1906, N10, էջ 151-152:
142 Նիւթեր..., Գ. հատոր, էջ 211:
143 Նույն տեղում, էջ 215:
144 Նիւթեր..., Գ. հատոր, էջ 212:
145 Մանրամասն տե՛ս նույն տեղում, էջ 209-212, 215, 261:
146 Նույն տեղում, էջ 262: Նույնը՝ «Դրօշակ», 1907, N5, էջ 75:
147 Տե՛ս «Դրօշակ», 1907, N5, էջ 77-78:
148 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 4045, ց. 2, գ. 22, թ. 42: Նաեւ՝ «Դրօշակ», 1907, N8, էջ 119-120:
149 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 4045, ց. 2, գ. 4, թ. 4: Նաեւ՝ «Դրօշակ», 1907, N11-12, էջ 179-180:
150«Դրօշակ», 1907, N10, էջ 154:
151 Մանրամասն տե՛ս Պատմութիւն Ս.Դ. Հնչակեան կուսակցութեան 1887-1962, խմբ. Ա. Կիտուր, Ա. հատոր, Պէյրութ, 1962, էջ 296-297: Նաեւ՝ Ա. Համբարյան, նշված աշխատ., էջ 123-124:
152 Տե՛ս Նիւթեր..., Ա. հատոր, էջ 177: