Անցյալ դարի վերջերին տեղի ունեցած որոշ իրադարձություններ էականորեն փոխակերպեցին ժամանակակից սոցիոմշակութային իրականությունը: Խոսքը հասարակական կյանք ներխուժած նորագույն ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասին է: Սոցիոմշակութային իրականության այդ փոփոխությունները բարենպաստ պայմաններ ստեղծեցին հատուկ տիպի կողմնորոշումների ու աշխարհընկալումների ձեւավորման եւ տարածման համար: Մասնագիտական գրականության մեջ այդ տիպի երեւույթները ստացել են «ինֆորմացիոն հասարակություն» անունը:
Ի՞նչ է իրենից ներկայացնում «ինֆորմացիոն հասարակությունը», ո՞րոնք են նրա բովանդակության հիմնական ու էական կողմերը:
Սկսած XX-րդ դարի 60-ական թվականներից արեւմտյան սոցիոլոգները եւ սոցիալական փիլիսոփայությամբ զբաղվող հետազոտողները (Դ. Բելլ, Դ. Ռիսման, Է. Թոֆլեր, Ա. Թուրեն եւ այլք) առաջին անգամ սկսում են լրջորեն քննարկել հասարակական զարգացման որակապես նոր փուլ մտնող քաղաքակրթության վերաբերյալ բազմաբնույթ հարցեր ու խնդիրներ: Նրանք այդ նոր փուլը բնութագրում են որպես հետինդուստրիալ կամ ինֆորմացիոն հասարակություն, որի հիմնական առանձնահատկությունն այն է, որ մարդու կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում ինֆորմացիոն տեխնոլոգիաները որոշիչ դեր են խաղում:
Նկատենք սակայն, որ վերոհիշյալ հետազոտողները «հետինդուստրիալ հասարակություն» եւ «ինֆորմացիոն հասարակություն» հասկացությունները հաճախ օգտագործում են որպես հոմանիշներ, մինչդեռ այդ հասկացությունները ունեն բովանդակային տարբեր իմաստ ու ծանրաբեռնվածություն:
Հետինդուստրիալ հասարակության տեսության հիմնադիրը համարվում է ամերիկյան սոցիոլոգ Դանիել Բելլը, թեեւ, ինչպես նկատում է Վ. Ինոզեմցեւը, «հետինդուստրիալ հասարակության տեսության ակունքներն արդեն առկա էին Լուսավորության դարաշրջանի գիտնականների ու փիլիսոփաների ուսմունքներում, նրանց արտահայտած հասարակական գաղափարների ու իդեալների մեջ: Նրանք առաջիններից էին, որ հասարակական զարգացման հիմնական երաշխիք հայտարարեցին մարդու նյութական կյանքի պայմանների հետեւողական բարելավումը»69: Ավելացնենք նաեւ, որ հետինդուստրիալ հասարակության տեսության մեթոդաբանական մի շարք հիմնարար սկզբունքներ արդեն իսկ ձեւավորվել ու ձեւակերպվել էին պոզիտիվիստական փիլիսոփայության ուսմունքներում: «Անհրաժեշտ է նկատել, որ «ինֆորմացիոն հասարակության» հայեցակարգը իր էությամբ պոզիտիվիստական տեսություն է ......»70: Եվ այնուամենայնիվ, Դ. Բելլը առաջիններից մեկն էր, որ «Գալիք հետինդուստրիալ հասարակությունը» գրքում համակարգային վերլուծության ենթարկեց վերոհիշյալ պրոբլեմը: Նա առաջ քաշեց այն գաղափարը, որ տեխնոլոգիաների բուռն զարգացման հետեւանքով «նոր ձեւավորվող հասարակություններում հիմնական արտադրող ուժը դառնում է գիտությունը: Այդ տիպի հասարակության զարգացման ներուժը պայմանավորված է ինֆորմացիայի եւ գիտական գիտելիքի մասշտաբներով»71:
Ըստ նրա՝ այդ հասարակության հիմնական նախանշաններն են. ծառայությունների ինստիտուտի ձեւավորումը, տեխնոկրատ խավի վճռորոշ դերը, հասարակության մեջ նորամուծությունների եւ քաղաքական որոշումների կայացման ժամանակ գիտական գիտելիքի դերի աճը, «ինտելեկտուալ» տեխնիկայի ստեղծումը եւ այլն: Վերլուծելով տնտեսության նոր կողմերը՝ Բելլը եզրակացրեց, որ հասարակության մեջ անցում է նկատվում զարգացման ինդուստրիալ փուլից դեպի հետինդուստրիալը, որն ուղեկցվում է տնտեսության մեջ ոչ թե արտադրական, այլ տարբեր բնույթի ծառայությունների ճյուղի գերակայությամբ:
«Գալիք հարյուրամյակում մարդու տնտեսական եւ սոցիալական կյանքում գիտելիքի առաջացման միջոցների, ինչպես նաեւ մարդու աշխատանքային գործունեության բնույթի համար վճռորոշ նշանակություն է ստանում հեռահաղորդակցությունների վրա հիմնված նոր սոցիալական կացութաձեւի կայացումը: Ինֆորմացիայի ու գիտելիքների կազմակերպման եւ մշակման ոլորտներում տեղի ունեցող հեղափոխությունը կապված է միաժամանակ հետինդուստրիալ հասարակության կայացման հետ, որում կենտրոնական դեր է խաղում համակարգիչը»72:
Հարկ է նշել, որ հետինդուստրիալ հասարակության տեսության կողմնակիցների մոտ հասարակական զարգացման նոր փուլի անվանման հարցում միասնական կարծիք չկա: «Ինֆորմացիոն դարաշրջանի էությունը արտահայտելու համար օգտագործվում են «հետբուրժուական», «հետկապիտալիստական», «հետմոդեռնիստական», «հետքաղաքակրթական», «հետտնտեսական», «հետբողոքական», «հետպատմական», «հետնավթային» հասկացություններ, որոնք ի վերջո հանգում են Դ. Բելլի հեղինակած «հետինդուստրիալ հասարակություն» հասկացությանը եւ դրանց ընդհանրությունը միայն այն է, որ բոլորն էլ կրում են «հետ» նախածանցը»73:
Հետինդուստրիալ հասարակության տեսություններում առաջ է քաշվում պատմական ընթացքի յուրահատուկ ըմբռնում, որը կարելի է բնութագրել որպես եռաստիճան հայեցակարգ: Ըստ այդ տեսությունների՝ սոցիումը անցնում է զարգացման երեք փուլեր՝ մինչինդուստրիալ (ագրարային), ինդուստրիալ եւ հետինդուստրիալ: Այդ ենթատեքստում, օրինակ, Թոֆլերը հասարակության զարգացման պատմությունը բաժանում է երեք ալիքների հետեւանքով ձեւավորված քաղաքակրթությունների՝ ներկա դարաշրջանը բնութագրելով որպես «երրորդ ալիքի քաղաքակրթություն»74:
Սոցիումի զարգացման երեք փուլերի հիման վրա «ինֆորմացիոն հասարակության» տեսաբանները առանձնացնում են հասարակության երեք հիմնական տիպեր: Ըստ այդ տարբերակման՝ առաջինը մինչինդուստրիալ հասարակությունն է, որի հիմքում ընկած է մարդ-բնություն փոխհարաբերությունները, երկրորդը՝ ինդուստրիալ հասարակությունը, որի հիմքում մարդ-վերափոխված բնություն փոխհարաբերություններն են, իսկ երրորդը՝ հետինդուստրիալ հասարակությունը, որի հիմքում մարդկային փոխհարաբերություններն են:
Հետինդուստրիալ հասարակության հայեցակարգը այժմ էլ գտնվում է բազմաթիվ հասարակական գիտությունների ուշադրության կենտրոնում, եւ որ ամենակարեւորն է, այն դիտվում է որպես ժամանակակից հետազոտությունների մեթոդաբանական հիմք: Նկատենք նաեւ, որ արդեն 90-ական թվականներին հասարակական զարգացման հիմնարար հատկություններն ընդգծելու նպատակով որոշ տեսաբաններ փորձում են օգտագործել բովանդակային իմաստով ավելի կոնկրետ հասկացություններ: Մասնավորապես, լայն տարածում է ստանում «ինֆորմացիոն հասարակություն» հասկացությունը:
Դժվար չէ նկատել, որ «ինֆորմացիոն հասարակության» եւ «հետինդուստրիալ հասարակության» տեսությունների միջեւ գոյություն ունի ժառանգական կապ: Ավելին, այդ գաղափարախոսությունները պատմամշակութային միեւնույն տեղաշարժերի արդյունք են եւ արտահայտում են ստեղծված սոցիոմշակութային նոր իրականությունը, որին բնորոշ է.
1. ինֆորմացիոն ռեսուրսների աճ, տնտեսության մեջ ինֆորմացիոն արտադրության գերակայություն, ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերության մեջ համապատասխան մասնագետների առկայություն եւ հասարակության ինֆորմացիոն բազայից օգտվելու տեխնիկական ու իրավական հնարավորություններ եւ այլն,
2. «Ագրարային - ինդուստրիալ - հետինդուստրիալ» հասարակություն շղթայում ինֆորմացիոն հասարակությունը մարդկության պատմական զարգացման նոր փուլ է:
3. Ինֆորմացիոն հասարակությունը մարդկության զարգացման նոր փուլ է, որում արտադրության եւ սպառման մեջ գերակշռողը ինֆորմացիոն ապրանքներն ու ծառայություններն են: Իհարկե, դա չի նշանակում, որ արդյունաբերական եւ գյուղատնտեսական սպառման ավանդական ապրանքները կորցնում են իրենց նշանակությունը, պարզապես սպառվող ապրանքների ու ծառայությունների արտադրության գործընթացում եւ ծավալներում ինֆորմացիոն ծառայությունների եւ ապրանքների չափաբաժինը գերակշռող է:
Սոցիոմշակութային այս նոր երեւույթը հետազոտող տեսաբանները, որպես կանոն, շեշտը դնում են ոչ այնքան ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման, որքան տեխնոլոգիական հասարակության կայացման վրա կամ էլ՝ բնութագրում ժամանակակից սոցիումը՝ առաջնորդվելով մարդկանց կյանքի վրա ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ գիտելիքների շարունակ մեծացող դերով: Այսպես՝ Տ. Սթոունյերը պնդում էր, որ «ինֆորմացիան կապիտալի նման կարելի է կուտակել՝ հետագա օգտագործման համար: Ինֆորմացիոն հասարակության մեջ ազգային ինֆորմացիոն ռեսուրսները հարստության ամենամեծ պոտենցիալ աղբյուրներն են»75:
Մասնագիտական գրականության մեջ հաճախ ինֆորմացիոն է սահմանվում այն հասարակությունը, որտեղ մարդիկ մեծ հնարավորություններ ունեն առնչվելու ինֆորմացիայի հուսալի աղբյուրներին, ինչի շնորհիվ վերանում է ձեռքի աշխատանքը, արտադրությունը մեքենայացվում ու ավտոմատացվում է եւ «... հասարակության կրթության եւ զարգացման շարժիչ ուժը դառնում է ոչ թե նյութական, այլ ինֆորմացիոն ապրանքի արտադրությունը»76:
Նման հասարակություններում ինֆորմացիան դառնում է յուրատեսակ արդյունաբերական արտադրանք, իսկ նրա արտադրությունը՝ արտադրական արդյունաբերության մի տարատեսակ:
Այժմ փորձենք պարզել, թե «ինֆորմացիոն հասարակություն» եւ «հետինդուստրիալ հասարակություն» հասկացություններից որ՞ն է ավելի համարժեք նկարագրում երրորդ հազարամյակի նախաշեմին ձեւավորվող իրականությունը: Ըստ էության այդ տերմինները իրենց բովանդակությամբ շատ մոտ են, քանի որ հետինդուստրիալ հասարակությունն իր էությամբ ինֆորմացիոն բնույթ ունի, եւ նրանում մարդու գործունեության հիմնական ձեւը ինֆորմացիոն է: Այդ իմաստով «ինֆորմացիոն հասարակություն» հասկացությունն ավելի կոնկրետ բովանդակություն ունի:
Բացի այդ, ինֆորմացիոն հասարակության տեսության կողմնակիցները «իրենց հետազոտություններում շեշտը դնում են կոնկրետ պրոբլեմների ուսումնասիրությունների վրա»77, շնորհիվ որի «ինֆորմացիոն հասարակության» տեսությունը դարձավ նոր ձեւավորվող հասարակական իրականության տեսական-գաղափարախոսական արտահայտությունը եւ կյանքի կոչեց ժամանակակից քաղաքակրթությանը բնորոշ բազմաթիվ հրատապ հարցերի շուտափույթ լուծման անհրաժեշտություն: Քննարկումների առարկա դարձան ինֆորմացիոն հասարակության ինչպես դրական, այնպես էլ բացասական միտումները, մասնավորապես՝ տնտեսապես զարգացած հզոր պետությունների ու անցումային շրջանում գտնվող բազմաթիվ պետությունների միջեւ մեծացող անդունդը: «Ինֆորմացիոն դարաշարջանի նման վտանգներին դիմակայելու ամենաարդյունավետ մեթոդները ընկած են ոչ թե գլոբալ ինֆորմացիոն տարածությունից սահմանազատվելու, այլ այդպիսի հասարակության ձեւավորմանը սեփական լիարժեք մասնակցության ոլորտում»78: Առաջ են գալիս մի շարք հոսանքներ ու կոնցեպցիաներ, որոնք միավորվում են գլոբալիզացիա կոչվող գաղափարախոսության ներքո, ըստ որի միայն միասնության մեջ է մարդկության փրկության ուղին, եւ որ միայն համատեղ ջանքերով կարելի է խուսափել մարդկության կործանումից ու տարբեր բնույթի համաշխարհային աղետներից:
Այսպիսով՝ ինֆորմացիոն հասարակությունը գիտելիքի վրա հիմնված հասարակություն է, որտեղ ապահովված են անհատների եւ սոցիալական խմբերի անձնական եւ սոցիալական խնդիրների կենսագործունեության եւ լուծման համար անհրաժեշտ ինֆորմացիայի ու գիտելիքի ձեռք բերման հնարավորությունները: Ըստ Ռակիտովի՝ հասարակությունը համարվում է ինֆորմացիոն, եթե
- ցանկացած անհատ, անհատների խումբ, ձեռնարկություն կամ կազմակերպություն երկրի ցանկացած կետում եւ ցանկացած ժամանակ, համապատասխան վճարով կամ անվճար, ավտոմատացված մուտքի եւ կապի համակարգի հիման վրա կարող է ստանալ իր կենսագործունեության եւ անձնական ու սոցիալական կարեւոր խնդիրների լուծման համար անհրաժեշտ ինֆորմացիա եւ գիտելիքներ,
- հասարակության մեջ արտադրվում եւ գործում է ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաների մատչելի ցանցեր,
- գոյություն ունեն զարգացած ենթակառուցվածքներ, որոնք ապահովում են ազգային ինֆորմացիոն ռեսուրսների ստեղծումն այն ծավալով, որն անհրաժեշտ է շարունակ աճող գիտատեխնոլոգիական եւ սոցիալ-պատմական առաջընթացի համար,
- տեղի է ունենում արտադրության եւ կառավարման բոլոր ոլորտների ու բնագավառների արագացված ավտոմատացման եւ մեքենայացման գործընթաց,
- կատարվում են սոցիալական կառույցների արմատական փոփոխություններ, որոնց արդյունքում ընդլայնվում է ինֆորմացիոն գործունեության եւ ծառայությունների ոլորտը79:
Ելնելով վերոնշյալ մեկնաբանություններից, ինֆորմացիոն հասարակությունը կարելի է բնութագրել որպես այնպիսի քաղաքակրթություն, որի զարգացման եւ գոյության հիմքում ընկած է յուրահատուկ ոչ նյութական սուբստանցիա, որը պայմանականորեն կոչվում է «ինֆորմացիա» եւ որն ունի փոխհարաբերության հատկություն ինչպես մարդու հոգեւոր, այնպես էլ նյութական գործունեության հետ: Վերջին հատկությունը հատկապես կարեւոր է նոր հասարակության էությունը հասկանալու համար, քանզի մի կողմից ինֆորմացիան ձեւավորում է մարդու կյանքի նյութական միջավայրը՝ հանդես գալով տեխնոլոգիաների, ծրագրերի եւ այլնի դերում, մյուս կողմից՝ ներանձնային փոխհարաբերությունների հիմնական միջոց է: Այսինքն՝ ինֆորմացիան միաժամանակ որոշում է մարդու եւ սոցիալ-մշակութային կյանքը եւ նրա նյութական կեցությունը: Սրանում է, մեր կարծիքով, գալիք հասարակության սկզբունքային նորությունը:
Այլ կերպ ասած՝ ինֆորմացիոն հասարակությունը պատմական զարգացման որոշակի փուլում գտնվող հասարակության այնպիսի վիճակ է, որտեղ մարդու կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտների եւ աշխարհայացքային համընդհանուր պատկերացումների ձեւավորման վրա առավել ազդեցություն են թողնում ինֆորմացիոն տեխնոլոգիաները եւ հեռահաղորդակցական կապի ժամանակակից միջոցները:
Առաջավոր երկրների գիտության եւ տեխնիկայի զարգացման ընթացքը ցույց է տալիս, որ իրոք աստիճանաբար ուրվագծվում են ինֆորմացիոն հասարակության տեսաբանների կանխատեսումները: Իսկ կանխատեսվում էր, որ ամբողջ աշխարհը կվերածվի մարդկանց միասնական կոմպյուտերիզացված եւ ինֆորմացիոն հասարակության՝ բաղկացած էլեկտրոնային բնակարաններից ու քոթեջներից (Է. Թոֆլեր): Ցանկացած կացարան սարքավորված կլինի հնարավոր էլեկտրոնային սարքերով ու հարմարանքներով: Մարդկանց գործունեությունը գլխավորապես կենտրոնացած կլինի ինֆորմացիայի մշակման ուղղությամբ, իսկ նյութական եւ էներգիայի արտադրությունները կիրականացնեն մեքենաները:
Ինֆորմացիոն հասարակության բնորոշ գծերից մեկը ինֆորմացիոն տեխնոլոգիաների հիման վրա ինֆորմացիայի վերամշակման նոր ինդուստրիայի ձեւավորումն է: Այդ տեսակետից ինֆորմացիոն է համարվում այն տնտեսությունը, որում զբաղվածության ցուցանիշներով եւ ազգային արտադրանքի իր բաժնով արդյունաբերությունը զիջում է ծառայությունների ոլորտին:
Ամփոփելով վերը շարադրվածը՝ դժվար չէ տեսնել, որ ինֆորմացիոն հասարակությանը բնորոշ են հետեւյալ բնութագրերը.
- լուծված է ինֆորմացիոն ճգնաժամի հիմնախնդիրը, այսինքն՝ հակասությունը ինֆորմացիոն հոսքի եւ ինֆորմացիոն պահանջարկի միջեւ,
- ապահովված է ինֆորմացիայի առաջնայնությունը այլ ռեսուրսների նկատմամբ,
- ինֆորմացիոն տեխնոլոգիաները գլոբալ բնույթ ունեն եւ ընդգրկում են մարդու սոցիալական գործունեության բոլոր ոլորտները,
- մեծանում է ինֆորմացիայի եւ գիտելիքի դերը հասարակական կյանքի բոլոր բնագավառներում, եւ այդ գիտելիքները դառնում են սոցիալ-տնտեսական, տեխնոլոգիական եւ մշակութային զարգացման կարեւորագույն ռեսուրսներ,
- ձեւավորվում եւ զարգանում է ինֆորմացիոն ինդուստրիան՝ որպես արտադրության առավել շարժուն, օգտակար եւ ազդեցիկ ոլորտ,
- առաջանում է ինֆորմացիայի եւ ինֆորմացիոն ծառայությունների սպառման զարգացած շուկա,
- ստեղծվում են նոր ինֆորմացիոն-հաղորդակցական տեխնոլոգիաներ եւ դրանց ակտիվ ներդրումը գործունեության բոլոր ոլորտներում էապես փոխում է կրթության, աշխատանքի, հասարակական կյանքի եւ հանգստի նախկին ձեւերի բովանդակությունը,
- ինֆորմացիան եւ ինֆորմացիոն ռեսուրսներն առավելություն են ստանում գործունեության առարկայական-էներգետիկ տարրերի նկատմամբ,
- ստեղծվում են ինֆորմատիզացիայի պահպանմանը եւ ամրապնդմանը նպաստող սոցիոմշակութային պայմաններ,
- գոյություն ունի համամարդկային արժեքների առաջնայնություն եւ հումանիտար կողմնորոշում ունեցող ինֆորմացիոն պահանջմունքների բավարարվածություն,
- ձեւավորված է ողջ մարդկային քաղաքակրթության ինֆորմացիոն միասնականությունը, եւ այլն:
Նշված բնութագրերը հիմնականում արտացոլում են ինֆորմացիոն հասարակության դրական ձեռքբերումները: Բայց, ելնելով քաղաքակրթության զարգացման ներկա միտումներից, կարելի է առանձնացնել նաեւ ինֆորմացիոն հասարակության անցնելու առաջադիմականությունը մերժող մի շարք դիրքորոշումներ, որոնց հիմքում ընկած է անվստահությունը, թե ժամանակակից տեխնոլոգիաները կարող են բարելավել մարդու կյանքը եւ սոցիալական ինստիտուտների գործառնությունները: Մասնավորապես.
- զանգվածային լրատվամիջոցների ազդեցության աճը հասարակության վրա,
- ինֆորմացիոն տեխնոլոգիաների ներխուժումը մարդկանց եւ կազմակերպությունների մասնավոր կյանքը,
- «ինֆորմացիոն վերնախավի» (ինֆորմացիոն տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող մարդկանց) եւ սպառողների միջեւ անջրպետի առաջացումը,
- առավել զարգացած երկրների մշակութային ագրեսիայի մեծացում թույլ զարգացած կամ անցումային փուլում գտնվող երկրների նկատմամբ,
- փոքր ազգերի համար սեփական մշակութային, ազգային, ինչպես նաեւ լեզվային յուրօրինակությունը կորցնելու վտանգ եւ այլն:
Մասնագիտական գրականության մեջ ինֆորմացիոն հասարակության հիմնական չափանիշներից առանձնացվում են հասարակական ինստիտուտների ինֆորմատիզացիան, միասնական ինֆորմացիոն դաշտի առկայությունը, ինֆորմացիայի մատչելիությունը, նոր տիպի կրթական համակարգի ձեւավորումը, նոր ինֆորմացիոն մշակույթի ստեղծումը, ինֆորմացիոն անվտանգության համակարգի ձեւավորումը, ինֆորմացիոն գործունեության հումանիտար կողմնորոշման աճը եւ այլն:
Ամփոփելով ասվածը՝ կարելի է ենթադրել, որ «ինֆորմացիոն հասարակության» տեսությունը կոչված է ուսումնասիրել քաղաքակրթության զարգացման էական միտումները եւ դրանք արտացոլել տեսական-աշխարհայացքային հայեցակարգերում: Ինֆորմացիոն հասարակությունը ինչ-որ իմաստով նոր ձեւավորվող պատմամշակութային երեւույթ է եւ արտացոլում է քաղաքակրթության կառուցվածքային արմատական փոփոխությունների ուղղվածությունն ու միտումները:
Ընդհանրապես ինֆորմացիոն տեխնոլոգիաները չպետք է դիտարկել որպես զուտ տեխնիկայի աշխարհին պատկանող երեւույթներ: Դրանք արդեն այնքան խոր են ներթափանցել մարդկային կյանքի գրեթե բոլոր ոլորտները, որ այլեւս հնարավոր չէ դուրս գցել ընդհանուր աշխարհայացքային եւ մշակութաբանական ենթատեքստից: Այդ իսկ պատճառով էլ ինֆորմացիոն հեղափոխության փաստը անհրաժեշտ է դիտարկել եւ ուսումնասիրել աշխարհայացքային փոփոխությունների համատեքստում: Ինֆորմացիոն-տեխնոլոգիական քաղաքակրթության ձեւավորումը եւ ժամանակակից հասարակության կյանքում այդ հիմքի վրա կատարվող գլոբալ փոփոխությունները փիլիսոփայական-մեթոդաբանական իմաստավորման լուրջ կարիք ունեն:80
Այդ տեսակետից «ինֆորմացիոն հասարակության» տեսության գլխավոր նպատակներից մեկը նոր սոցիումը արտահայտող համապատասխան կատեգորիաների ու դրույթների մշակումը եւ աշխարհայացքային բնույթ կրող փոփոխությունների ուսումնասիրումն է: Ինչպես նշում է «ինֆորմացիոն հասարակության» տեսության հիմնադիրներից Թոֆլերը, «մեր կյանքում նոր տիպի քաղաքակրթություն է ծնվում, եւ կույր մարդիկ ամենուրեք փորձում են այն անտեսել: Այդ նոր քաղաքակրթությունը իր հետ բերում է ընտանեկան կյանքի նոր ոճ, փոխվում են ճանապարհները, որոնցով մենք քայլում ենք կյանքում, նոր տնտեսություն, նոր քաղաքական կոնֆլիկտներ են առաջանում, եւ դրանից բացի, փոփոխություն է կրում նաեւ ամբողջ գիտակցությունը: Այդ նոր քաղաքակրթության հիմնաքարերն արդեն այժմ կան ... »81: Թոֆլերն առաջիններից մեկն էր, որ պրոբլեմը դուրս բերեց տեխնիկական եւ հեռահաղորդակցական նորամուծությունների շրջանակներից եւ կանխատեսեց գալիք հասարակության էությունը. «Մարդիկ ավելի շատ են սկսում գիտակցել, - գրում էր նա, - որ մեր շուրջ նոր տիպի մշակույթ է ձեւավորվում: Եվ հարցը միայն համակարգիչների մեջ չէ ... »82:
Ինֆորմացիոն հասարակության նպատակն այդ հասարակության բոլոր անդամների ինֆորմացիոն պահանջմունքների բավարարումն է գործունեության բոլոր ոլորտներում, եւ այդ հիմքի վրա բնակչության կյանքի համար նորմալ սոցիալ-տնտեսական եւ հոգեւոր-մշակութային պայմանների ստեղծումը: Ինֆորմացիա ստանալու ժամանակակից միջոցների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների լայն կիրառությունը հասարակական զարգացման նոր հնարավորություններ է ստեղծում եւ հանգեցնում նրա անդամների հնարավորությունների իրականացման մեծացմանը: Ինֆորմացիոն հասարակությունը իր մեջ մարդկանց կյանքի բարելավման, պետության սոցիալական եւ տնտեսական կառուցվածքների ամպապնդման հսկայական ներուժ է պարունակում: Ինֆորմացիոն հասարակության առավելություններից կարեւորագույնը հենց այն է, որ այդպիսի հասարակության անդամների համար ստեղծվում են հավասար պայմաններ՝ իրենց ներուժի բացահայտման եւ իրականացման համար: