ՍՈՑԻՈՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՄՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ԲՆՈՒՅԹԸ ԱՐԴԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ
Էմմա Թումասյան
Օնլայն Ընթերցում
Էջ 1 / 23
Քաղաքական շուկան հասարակական զարգացման ծրագրերի ու նախագծերի ձեւավորման ու վաճառահանման յուրահատուկ բնագավառ է, ուր սոցիալ-քաղաքական ու էթնիկ սուբյեկտների պահանջմունքներն ու շահերն արտայատվում են արժեքային, աշխարհայացքային տեսանկյունից: Արդի քաղաքական շուկա մուտք գործելուց առաջ յուրաքանչյուր «ապրանքարտադրող» պետք է ջանախնդրորեն ուսումնասիրի եւ վերլուծի սոցիալ-տնտեսական ու սոցիալ-քաղաքական միջավայրի վիճակն ու առանձնահատկությունները՝ խնդիր ունենալով հայտնագործել նոր եւ կամ անհրաժեշտ չափով չբավարարված կարիքներ ու պահանջմունքներ: Քանի որ դրանք ունեն չափազանց փոփոխական պատմական եւ սոցիոմշակութային բնույթ, ապա նոր պահանջարկի «կանխագուշակումը» բավականին բարդ խնդիր է: Սա պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ «ձեռնարկատերը» գործում է սպառողական պահանջարկի բավարարման մրցակցային միջավայրում, ինչը բնականաբար ձեւավորում է անորոշություն: «Մրցակցությունն իրենից արժեք է ներկայացնում այն եւ միայն այն պատճառով, որ դրա արդյունքներն անկանխատեսելի եւ ընդհանուր առմամբ տարբեր են նրանցից, որոնց գիտակցաբար ձգտում կամ կարող էր ձգտել յուրաքանչյուրը»1։ Մրցակցության նման ըմբռնումը պայմանավորում է ժամանակակից շուկայական տնտեսության եւ ավանդական տնտեսության սկզբունքային տարբերությունը: Շուկան ոչ թե վաղօրոք հայտնի փաստերից մակաբերված նախափորձնական պլանավորում է, այլ ստեղծագործ արձագանքն անընդհատ փոփոխվող գործոնների բազմության նկատմամբ: Ժամանակակից քաղաքական էթիկան դեպի մրցակցային միջավայր միտված «ձեռնարկատիրական» էթիկա է, որն իշխանությունը չի դիտարկում որպես մոնոպոլ սեփականություն: Հասարակական համակարգի համար հավասարապես վտանգավոր են թե՛ իշխանության գերկենտրոնացումը, թե՛ ոչ բավարար կենտրոնացումը:
«Իշխանությունը գեր թե թեր կենտրոնացված է» դատողության բարոյական հիմքը ուղղակիորեն կապված է «հասարակականորեն անհրաժեշտ կարգ» եւ «հավելյալ կարգ» հասկացողությունների տարբերակման հետ: Հավելյալ կարգն այն հավելուրդային կարգն է, որը պարտադրվում է հասարակությանը ոչ թե հօգուտ ամբողջի, այլ բացառապես հօգուտ իշխանավորների փոքր խմբի: Հավելյալ կարգը հակադիր է հասարակականորեն անհրաժեշտ կարգին: Կառավարությանը տրված իշխանությունը պետք է բավարար լինի ինչպես արտաքին ռեալ սպառնալիքներից պաշտպանվելու, այնպես էլ՝ նվազագույն ներքին կարգի եւ բարոյական հարաբերությունների պահպանման համար: Հասարակությանն անհրաժեշտ է կարգի հենց այն մակարդակ, որն արդարացված է նաեւ բարոյապես:
Սոցիալական արդի տրանսֆորմացիոն համակարգերի քաղաքական շուկայում ընթացող թեժ մրցապայքարի մասնակիցներից նրա «ապրանքը» հասարակական պահանջարկ կունենա, ով անաչառությամբ եւ արագորեն արձագանքում է ժողովրդի կարիքներին ու պահանջմունքներին, ով կարող է ապահովել մեկնարկային արդար ու հավասար պայմաններ՝ նպատակ ունենալով բացահայտել հասարակության այն խավերի թաքնված սոցիալական ներունակությունը, ովքեր առընթեր ժամանակում ապրում են ապագայի հույսով: Սոցիալական նման պարտավորությունների հստակ պատասխանատվությամբ քաղաքական շուկա մտած դերակատարի առաջարկը միշտ էլ հասցեատեր-պահանջարկ կունենա, ի տարբերություն սոցիոմշակութային ինտուիցիան կորցրած այն քաղաքական դերակատարների, որոնք շուկայական տնտեսությունը դիտարկում են որպես սոցիալական տեխնոլոգիաների առանձնահատուկ տիպ՝ անտեսելով սոցիումի գոյության ու գործառության մշակութային ու բարոյական նախադրյալները: Արդի քաղաքական շուկայում հաջողության հասնելու եւ անհրաժեշտ սոցիալական բազա ունենալու նախապայմաններից մեկը հասարակության գործառության սոցիոմշակութային հիմունքների իմացությունն է, քանի որ այն պարզաբանում է կայունի ու փոփոխականի, անձի եւ հասարակության, մշակույթի ու սոցիալականության լծորդման առանձնահատկությունները:
Սոցիալական համակարգի տրանսֆորմացիոն փուլի կայունության պահպանման (հասարակականորեն անհրաժեշտ կարգ) կարեւորագույն պայմաններից մեկը սոցիոմշակութային հավասարակշռությունն է: Այն արտահայտում է համակարգի մշակութային եւ սոցիալական բաղադրամասերի հավասարակշռության հիմունքները, որոնք պետք է ապահովեն հասարակական տարբեր գործառույթների, կառուցվածքների եւ պրոցեսների այնպիսի իրացում, որի դեպքում տեղի կունենա գործունեության սուբյեկտների հասարակական պահանջմունքերի, արժեքների ու շահերի հավասարակշռվող, զուգակշռվող բավարարում2։ Սոցիոմշակութային մեկ տիպից մյուսին անցման ընթացքում, տրանսֆորմացիոն շարունակական գործընթացներին զուգահեռ տեղի է ունենում սոցիոմշակութային հավասարակշռության կտրուկ խախտում, որի արդյունքը լինում է սոցիետալ ճգնաժամը: Դրանից խուսափելու եւ որոշակի անտրոպոսոցիետալ հավասարակշռության պահպանելու համար անհրաժեշտ է ելնել շուկայական տնտեսությանը հատուկ արդի մրցակցային քաղաքական դաշտին բնորոշ սոցիոմշակութային որոշակի իմպերատիվներից։
Նոր ժամանակներից սկսված գիտությունն աշխարհը ներկայացնում էր որպես հսկայական մի ժամացույց, որպես հատուկ մի մեխանիզմ, որտեղ հայտնի պատճառներից կարելի էր հանգել կանխատեսելի հետեւանքների: Սա տիեզերքի բացարձակ կանոնակարգված, դետերմինիստական («լապլասյան») պատկերն է, որին մեկ անգամ շարժում հաղորդելով պարզապես անհրաժեշտ է հետեւել նախասահմանված իրադարձությունների ընթացքին։ Այլ կերպ ասած, ըստ այդ մոտեցման ցանկացած գործընթացի ելակետային պայմանների իմացությունը կանխորոշում է հնարավոր արդյունքներն ու հետեւանքները։ Իրականում տիեզերքը եւ հատկապես հասարակական կյանքը, շատ ավելի բարդ համակարգ է եւ հնարավոր չէ պատճառահետեւանքային միագիծ պատկերացումներով այն մեկնաբանել։ Ավելին, վաղօրոք մշակված պրակտիկ-տեխնոլոգիական «դեղատոմսերով» հնարավոր չէ փոխել պատմության ընթացքը։ Տրանսֆորմացիոն պատմությունների փորձը ցույց է տալիս, որ նման ձեռնարկումները վաղ թե ուշ ձախողվում են։ Ցանկացած «երաշխավորագիր» պատմության ընթացքը կարող է փոխել նաեւ անկանխատեսելի-անցանկալի իմաստով: Արդի քաղաքակրթության սոցիոմշակութային շուկայում հաջողելու համար դասական ռացիոնալիզմի սկզբունքները դեռեւս երաշխիք չեն եւ ինչպես նկատում է Ի. Պրիգոժինը, անհրաժեշտ է առաջնորդվել նաեւ սիներգետիկական տրամաբանությամբ3։ Դասական գիտությունը (եւ հասարակագիտությունը) սոցիալական վարքը նկարագրում էր՝ առաջնորդվելով դետերմինիստական տրամաբանությամբ, այսինքն՝ օբյեկտի առկա վիճակի բացատրությունը մակաբերվում էր բացառապես անցյալի օբյեկտիվ պատճառներից: Հետդասական գիտությունը (եւ հատկապես հասարակագիտությունը) պետք է առաջնորդվի ոչ թե բացատրության, այլ՝ ըմբռնման տրամաբանությամբ: Ըմբռնումը «այնպիսի գաղափարական տարածության ստեղծում է, որի շրջանակներում, անգամ առանձին դիրքերի տարասեռության դեպքում, առարկայի ճանաչողության առնչությամբ գոյություն կունենա դրանց փոխգործակցության ռեալ հնարավորություն... տարածություն, որը դիրքերի կոնֆլիկտայնությունը կվերափոխի առարկայի իմացության կառուցողական հակասությունների»4: Բանակցությունների արվեստն այն է, որ ամբողջությամբ չկապվելով անցյալի բեռի հետ, կարողանաս ազատորեն ընտրել ապագան: Արժեքային գերակայություն պետք է ունենա ոչ թե «պատճառը», այլ՝ «նպատակը»: Այդ երկընտրանքը նոր հնչեղություն է ձեռք բերում հատկապես սոցիալական համակարգերի արմատական տրանսֆորմացիաների փուլում։ Նկատենք նաեւ, որ նման իրավիճակներում «ինչու» հարցը ունի բացարձակորեն տարբեր երկու իմաստներ: Մեկը, պատճառների որոնմամբ, ուղղված է դեպի անցյալը եւ մեր վարքը սահմանում է անցյալի իրադարձություններով: Մյուսը, նպատակի որոնմամբ, ուղղված է դեպի ապագան եւ մեր վարքը սահմանում է մեր իսկ ազատ կամքով»5: Մարդիկ, որպես կանոն, իրենք են ընտրում սեփական վարքի դետերմինացման եղանակը: Նրանք, ովքեր ընտրել են անցյալի միջոցով ինքնադետերմինացման եղանակը, իրենց դուրս են մղում ապագայի արարման գործընթացից: Մինչդեռ նրանք, ովքեր ընտրել են նպատակների եւ արժեքների միջոցով ինքնադետերմինացման եղանակը, ինքնիրացվում են որպես արարման սոցիալական գործողության սուբյեկտներ:
Բնականաբար, մարդը հանգամանքներից ազատ չէ, բայց եւ ամբողջությամբ դրանցով կանխորոշված չէ: Մարդկային գոյությունը գտնվում է մի տրանսֆորմացիոն անընդհատության մեջ, որի մի բեւեռում «պատճառականությունն է առանց շարժառիթների», մյուսում՝ «շարժառիթներն առանց պատճառականության»: Ինչպես նշում է Դ. Ռիկյորը, մարդը մի արարած է, որը միաժամանակ պատկանում է բացատրության եւ ըմբռնման ոլորտին: «Ըմբռնել՝ նշանակում է տեղափոխվել այլ կյանք»6:
Ըմբռնել քաղաքական սուբյեկտին նշանակում է հնարավորին չափ նրա վարքում առանձնացնել այն, ինչն իսկապես պայմանավորում է նրա անազատությունը (դետերմինավորվածությունը), այսինքն՝ պարզաբանել, թե որտեղ է նա բաց, ընկալունակ ընտրության առջեւ, որտեղ՝ ոչ: Սա բացատրության եւ ըմբռնման սահմանազատման առաջին հիմունքն է։ Բացատրության եւ ըմբռնման սահմանազատման երկրորդ հիմունքը կապված է ամբողջականության խնդրի հետ: Բացատրության «արարողակարգը» ենթադրում է օբյեկտի մասնատման տրամաբանություն, երբ որպես ամբողջից անկախ փոփոխական առանձնացվում է մասն իր «մաքուր տեսքով» եւ ենթարկվում փորձառական ազդեցության, մոդելավորման՝ նպատակ ունենալով բացահայտել նրա ֆունկցիոնալ բնութագրերը: Ի դեպ, անցումային հասարակությունների համակարգային տրանսֆորմացիաների առաջին փուլում, երբ նաեւ բացակայում է բարեփոխումների քիչ թե շատ միասնական հայեցակարգ, համակարգի առանձին ոլորտների մասնատման ու տարանջատման սկզբունքը խիստ տիրապետող է։ Գիտական բացատրությունն օպերացիոնալ գիտելիք է, որը չսպասելով մինչեւ օբյեկտի մասին ամբողջական պատկերացումների ստեղծմանը, արդեն իսկ պիտանի է նրա վրա ազդելու համար: Նոր ժամանակների օպերացիոնալ գիտության ձեւավորումը կապված է եվրոպական «պրոմեթեւսյան մարդու»՝ բնությունն իրեն ենթարկելու անհամբեր ձգտման հետ: Գիտությունը բնության (կամ հասարակության) մեջ առանձնացնում է որոշակի կապեր եւ հարաբերություններ, նպատակ ունենալով ստանալ օպերացիոնալ գիտելիքներ, որոնք ոչ թե ըմբռնման, այլ տեխնոլոգիական օգտագործման հիմք պետք է հանդիսանան: Օգտագործման հարաբերական անկախությունն ըմբռնումից դարձավ գիտատեխնիկական առաջընթացի բազմաթիվ կործանարար հետեւանքների աղբյուր: Այն նույնքան վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ սոցիալական կյանքի տրանսֆորմացիաների մոդելավորման ժամանակ։ Պատահական չէ, որ քաղաքական գիտելիքի հետ կապված պրոբլեմն այսօր հատուկ հնչեղություն է ձեռք բերել:
Ըմբռնման հենքերից մեկը, որը սերտորեն կապված է ամբողջականություն հասկացության հետ, ինքնարժեքությունն է: Երբ այն դիտարկում ենք որպես օբյեկտի (էթնո եւ սոցիոմշակութային համակարգեր) ազատ գոյության իրավունք (ինքնորոշման իրավունք), դառնում է արդի քաղաքակրթության սոցիոմշակութային կարեւոր ինպերատիվ։ Եթե մեթոդաբանական իմաստով (զուտ բանականության տեսանկյունից) ինքնարժեքությունը հանդես է գալիս որպես օբյեկտի ազատ գոյության «իրավունք»՝ անկախ նրա մասին մեր տեսական նախասպասված պատկերացումներից, ապա պրակտիկ առնչությամբ՝ մեր օգուտի սպասումներին չհամապատասխանելու իրավունք: «Ես օբյեկտիվ եմ դառնում միայն այն ժամանակ,- գրում է Գ. Գադամերը,- երբ ընդունում եմ ուրիշի ազատ սուբյեկտիվությունը, այսինքն՝ նրա ունակությունը տարբերվելու ինչպես իմ նախասպասումներից, այնպես էլ՝ իր նախկին սեփական պատկերից»7: Ըմբռնումն այս առումով բացահայտում է իր կախվածությունը այնպիսի ոչ գիտական իրողություններից, ինչպիսիք են վստահությունը եւ սերը:
Վստահության անգամ նվազագույն քանակը ստեղծում է ըմբռնման որոշակի նախադրյալներ: Յուրաքանչյուր ոք մյուսին հասկանալու հնարավորություն ունի միայն վստահության որոշակի կանխավարկածի առկայության դեպքում, երբ ուրիշի կեցությունն ընկալվում է ոչ թե որպես սոսկ գոյություն, այլ՝ որպես իմաստ եւ արժեք, այսինքն՝ որպես աշխարհի ճիշտ նույնքան նշանակալի բաղադրատարր, ինչպիսին իր սեփական կեցությունն է: Ֆ. Ֆուկույաման «Վստահություն» գրքում գրում է, որ տնտեսագետները ճիշտ չեն արժեւորում «մարդկային կապիտալը»՝ այն հանգեցնելով գիտելիքների մակարդակին եւ որակավորմանը: Սրանից զատ «մարդկային կապիտալը» որոշակի առնչությամբ միջանձնային շփման ունակություն է, որը կարեւոր նշանակություն ունի ոչ միայն տնտեսական ակտիվության, այլեւ՝ հասարակական կյանքի բոլոր ոլորտների համար... Որպեսզի ժողովրդավարության ... ինստիտուտները արդյունավետ գործեն, պետք է կարողանան համագործակցել որոշակի մինչժամանակակից մշակութային կարգի հետ... Օրենքը, պայմանագիրը, տնտեսական նպատակահարմարությունն անհրաժեշտ են, բայց ոչ բավարար որպես հետինդուստրիալ հասարակությունների կայունության եւ բարեկեցության հիմունքներ, դրանց պետք է հավելել այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են փոխադարձության, բարոյական պարտավորությունների... եւ վստահության սկզբունքները, որոնք հիմնվում են ոչ թե ռացիոնալ հաշվարկի, այլ՝ ավանդույթների եւ սովորույթների վրա»8: Վստահության կանխավարկածն արդի քաղաքակրթության մյուս կարեւոր սոցիոմշակութային ինպերատիվն է։ Երբ բնական վստահության կարողականությունը մոտենում է իր սահմանին առաջանում է յուրահատուկ մի երկընտրանք. կամ հասարակությունը կվերածվի վտանգավոր ու անկառավարելի խառնամբոխի, կամ անհրաժեշտ կլինի ստեղծել թանկարժեք, բայց, ընդհանուր առմամբ, քիչ արդյունավետ փախհատուցման մեխանիզմներ՝ բազմատեսակ ոստիկանական ուժերի, տարաբնույթ վերահսկողական տեսչությունների ու հանձնաժողովների տեսքով: «Միմյանց նկատմամբ վստահություն չտածող մարդիկ կարող են փոխգործակցել միայն ձեւական կանոնների եւ դրույթների համակարգի շրջանակներում, որոնք անհրաժեշտ է անընդհատ վերամշակել, համաձայնեցնել... Վստահությանը փոխարինող այս բոլոր իրավական հնարքները հանգեցնում են այն բանի աճին, ինչը տնտեսագետները անվանում են «տրանսակցիոն ծախսեր»: Այլ կերպ ասած, հասարակության մեջ անվստահության գերակայությունը հավասարազոր է տնտեսական գործունեության բոլոր ձեւերի նկատմամբ լրացուցիչ հարկի ներմուծմանը, որից ազատված են վստահության բարձր մակարդակ ունեցող հասարակությունները»9: Վստահության կանխավարկածը սոցիոմշակութային իմպերատիվ հռչակած հասարակությունն առաջնորդվում է սոցիոկենտրոնության սկզբունքով10, որը տնտեսությունից պահանջում է հիշել իր մշակութային նախադրյալների մասին եւ ամեն ինչ անել դրանք չկազմալուծելու համար, իսկ մշակույթից՝ հիշել զարգացման առաջնայնության մասին եւ այն չզոհաբերել հանուն ժառանգորդության եւ «միասնականության», երբ «մշակույթը հանդիսանում է հասարակական հսկողության գերին»11: Վստահությունը, փաստորեն, հասարակության քաղաքակիրթ հավասարակշռության պահպանման անհրաժեշտ պայմանն է: Բայց, ոչ պակաս կարեւոր արժեք ունի պանդետերմինիզմի կողմից արհամարված այնպիսի մի զգացմունք, ինչպիսին սերն է:
Նոր եվրոպական ռացիոնալիզմի փաստարկման շրջանակներում, բացատրության տրամաբանության համաձայն սերը, ինչպես եւ այլ զգացմունքները նվազեցնում են ճանաչողական կարողությունները: Դասական գիտության օբյեկտ-սուբյեկտային հարաբերությունների փորձառության մեջ մարդկային բոլոր հակումներն ընկալվում են որպես իմացության խոչընդոտ, ուստի սուբյեկտիվ ապրումների անտեսումն օբյեկտի նկատմամբ վերաբերմունքի օպտիմալ եղանակն է: Ճիշտ հակառակ կարգավիճակն ունի սերը հետդասական գիտության շրջանակներում: Սուբյեկտ-սուբյեկտային հարաբերությունների ժամանակ սերը, որպես ըմբռնողական գիտելիքի նախադրյալ, հնարավորություն է ընձեռում բացահայտել սառը բանականությունից թաքնված այն կողմը, ուրվագծվող հեռանկարը, որն անհասանելի է դատողական ճանաչողությանը: «Բացարձակապես սխալ են նրանք,- գրում է Վ.Ֆրանկլը,- ովքեր պնդում են, թե սերը կուրացնում է: Հակառակը, սերը տեսողություն է տալիս, հենց նա է մարդուն տեսողունակ դարձնում: Չէ՞ որ այլ մարդու արժեքը, ինչը տեսնելու եւ ընդգծելու հնարավորություն է ընձեռում սերը, դեռեւս իրողություն չէ, այլ սոսկ պարզ հնարավորություն, այն, ինչ դեռ չկա, բայց գտնվում է լինելիության ընթացքում, այն, ինչ կարող է լինել եւ ինչը պետք է լինի: Սերն ունի ճանաչողական ֆունկցիա»12: Սեփական ինքնությունը, անհատականության ամբողջականությունը պահպանելու, աշխարհի եւ այլոց հետ հարաբերվելիս ներդաշնակ համակեցության մեջ գտնվելու կարեւորագույն նախադրյալը սերն է։ «Այն համամասնակցության եւ ընդհանրության ապրում է, որը մարդուն հնարավորություն է ընձեռում լիարժեքորեն դրսեւորել իր ներքին ակտիվությունը... Ավելորդ է դառնում ինչպես այլ մարդու, այնպես էլ՝ սեփական կարեւորության չափազանցման պահանջմունքը»13։
Այսպիսով, բացատրությունը հետեւում է պատճառա-հետեւանքային դետերմինիստական տրամաբանությանը, որը «մռայլ անցյալից» մակաբերում է կասկածելի, անորոշ ապագան, մինչդեռ ըմբռնումը հետեւում է ոչ թե դասական գիտության միագիծ դետերմինիզմի, այլ՝ մշակույթի տրամաբանությանը, որտեղ հաճախ գործում է «ռեակտիվ կախվածության» սկզբունքը։ Անբարենպաստ ընտանիքներում ձեւավորվում են ձախորդ երեխաներ, բայց լինում է եւ հակառակը՝ երեխաներն որպես անձ ձեւավորվում են ի հեճուկս ծնողների բացասական օրինակի։ Այս օրինաչափությունը նկատվում է նաեւ հոգեւոր մշակույթի զարգացման ասպարեզում։ Պատահում է, որ հասարակության զարգացման խառնակ ժամանակներում ստեղծվում են արվեստի ու մշակույթի լուսավոր, կենսահաստատ ստեղծագործություններ։ Եվ հակառակը՝ բարեհաջող ժամանակները տառապում են սոցիոմշակութային ամլությամբ։ Մշակութային «փոխհատուցման» այս երեւույթը կարելի է մեկնաբանել սոցիոմշակութային ըմբռնման տրամաբանությամբ: Կանխատեսել «ռեակտիվ կախվածության» սկզբունքը դասական գիտության բացատրողական գիտելիքով անհնարին է։
Ըմբռնողական սոցիալական գիտելիքի շրջանակներում արդի քաղաքական շուկայում մեծ պահանջարկ վայելող «ապրանքը» պետք է լինի նաեւ հանդուրժողականությունը։ Սակայն պարադոքս է, որ քաղաքական շուկայում այդ ապրանքի առաջարկը շատ քիչ է եւ կամ ընդհանրապես չկա։ Բանն այն է, որ հասարակության անցումային փուլերում, ի տարբերություն սոցիալական դինամիկայի նախընթաց ժամանակների, մարդիկ նախընտրում են խնդիրների լուծման ոչ թե օպտիմալ, այլ՝ արագ ուղին։ Ժամանակակից հասարակության մեջ մարդու ճակատագիրը դարձել է պրոբլեմ, որն ամեն մի սերունդ ինքը պետք է լուծի։ Ապագայի առնչությամբ սկզբունքային անորոշության իրավիճակը մարդուն դնում է այնպիսի մի դրության մեջ, երբ նա պարտադրված է ժամանակի հետ ոչ անվտանգ խաղ վարել։ Խուսափելով անհապաղ ընտրությունից՝ հնարավոր է շահել, բարելավել առկա իրավիճակը, բայց եւ հնարավոր է տանուլ տալ։ Ժամանակակից մարդուն բնորոշ արագ որոշումներ կայացնելու ցանկությունը բխում է նաեւ վաղվա իրավիճակի սարսափեցնող չիմացությունից։ Որքան մարդիկ ավելի քիչ են բավարարված ներկայով, այնքան նրանք հակված են արագ (բայց ոչ միշտ օպտիմալ) վճիռներ կայացնելու։ Սոցիալական չարդարացված շտապողականությունը, հապճեպ, իրադրային որոշումներ կայացնելու գայթակղությունը, «հենց այստեղ եւ հենց այս պահին» հաղթանակի հասնելու անհագուրդ ցանկությունը ազատական շուկայի մրցակցային դաշտում ստեղծում են փոխադարձ անհանդուրժողականության կործանարար մի մթնոլորտ, որի գործառնությունը կարող է հանգեցնել սոցիետալ ճգնաժամի։ Դրանից խուսափելու, ներդաշնակ համակեցությամբ զարգացումն ապահովելու համար քաղաքական շուկայում սոցիալական բոլոր դերակատարների համար սոցիոմշակութային իմպերատիվի կարգավիճակ պետք է ձեռք բերի հանդուրժողականությունը։
Բոլոր մշակույթներին էլ այս կամ այն չափով բնորոշ է նարցիսիզմը, որը «Մենք» եւ «Նրանք» հակադրության մեջ ձեւավորում է պոտենցիալ կոնֆլիկտային հարաբերություններ, ուստի եւ՝ անհանդուրժողականություն։ Ավելորդ է երազել մի հասարակության մասին, ուր ապրում են բացառապես նպատակառացիոնալ գործողություններ իրացնող մարդիկ։ Այնուամենայնիվ, ռեալ է այնպիսի հասարակության գոյությունը, ուր առկա է հանդուրժողականության մի աստիճան, որը թույլ է տալիս, չճնշելով սեփական ինքնությունը, համագոյակցել այլախոհների հետ, այսինքն՝ հանդուրժող լինել։ Ֆրանսիական լուսավորական շարժման ականավոր դեմքերից մեկի՝ Ֆ.Վոլտերի կարծիքով հանդուրժողականությունը բնական իրավունքի առաջին սկզբունքն է եւ պայմանավորված է մարդկային սխալականությամբ. «Սխալ գործելը մարդկային է, եւ մենք դա անում ենք միշտ, ուրեմն եկեք ներենք միմյանց սխալները»։ Միակ սխալը, որն ըստ Վոլտերի դժվար է հանդուրժել՝ անհանդուրժողականությունն է։ Սակայն, հանդուրժողականությունն ունի իր սահմանները։ Զիջել անհանդուրժողականությանը՝ հանդուրժելի լինելու համար, նշանակում է խարխլել քաղաքակիրթ համակեցության եւ քաղաքացիական հասարակության հիմքերը։ Չի կարելի հանդուրժել անհանդուրժողականությունը, բռնությունն ու դաժանությունը։ Ճարահատ հանդուրժողականությունը սոցիալական ապատիայի եւ անտարբերության սկիզբն է։ Հանդուրժողականությունն ընդունելի է, եթե նպաստում է տարբեր մշակույթների, անհատականության ինքնահաստատման եւ անարգել դրսեւորման, այլակերպության գոյության իրավունքի ճիշտ ըմբռնմանը, անընդունելի՝ եթե ձեւավորում է սոցիալական անելանելիության համաձայնողական գիտակցություն, պարտադրված հարաբերությունների ու արժեքների ստիպողական ընդունում։ Հանդուրժողականությունը պետք է լինի ոչ թե դատապարտված գոյության անճարակ պահվածք, այլ՝ արժանապատիվ համակեցության շնորհ։ Ըմբռնողական գիտելիքի շրջանակներում այն պետք է ներկայացնել ոչ թե որպես հասարակական հարաբերությունների տրանսֆորմացիոն զարգացմամբ պարտադրվող, անպայմանորեն օրինաչափ դրսեւորում ունեցող մի երեւույթ, այլ՝ մարդկանց ավելի ազատ, աշխարհն ավելի խաղաղ տեսնելու ակնկալիքով պայմանավորված կամավոր կեցվածք եւ գործելակերպ։
Հետխորհրդային տրանսֆորմացիոն հասարակություններում հանդուրժողականության կոչերը, հանդուրժողական պահվածքը, առավել եւս գործելակերպը հասարակական կյանքում (հատկապես քաղաքականության ոլորտում) թույլ են ու անսովոր։ Պատահական չէ, որ բոլոր այն կազմակերպությունները, որոնք հանդես են գալիս հանդուրժողականության մասին հայտարարություններով, որակվում են որպես Արեւմուտքի «շահագրգիռ» քաղաքականության գործակալներ, որոնց անպայմանորեն պետք է հակադրվել։ Հաճախ «մենք չենք հանդուրժի» անհաշտ դիրքորոշումը ներկայացվում է որպես ինքնության պահպանման միակ գրավական։ Արդյունքը լինում է այն, որ կորչում է ռեալ օգտավետության պահը, ազատական-շուկայական հարաբերություններին բնորոշ պրագմատիկ ոգին։ Հանդորժողականությունը սոցիալական կյանքում պետք է ընկալվի ոչ թե որպես քաղաքական տեխնոլոգիայի հերթական հնարք, այլ՝ համընդունելի, սոցիոմշակութային քաղաքակիրթ իմպերատիվ։
Հայտնի է, որ ազգային մտակեցվածքը, սովորույթներն ու ավանդույթներն ավելի պահպանողական են, քան՝ իրավա-քաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրողությունները։ Հանդուրժողականությունը14, սակայն, որպես սոցիալական դաշտի ամենադանդաղ փոխակերպվող ավանդական համալիրի բաղադրատարր, տրանսֆորմացիոն հասարակությունում երկդեմ տարակեցություն է դրսեւորում։ Ազատական հասարակության ձեւավորման միկրոսոցիալական մակարդակում (ընտանիք, ազգակցական համակարգ, հարեւանական հարաբերություններ) հանդուրժողականությունը դեռեւս կայուն եւ կարեւոր արժեք է, թե՛ պահվածքի, թե՛ գործելակերպի առումով։ Մինչդեռ մակրոսոցիալական մակարդում (միջխավային, միջկուսակցական, երբեմն ազգամիջյան ու միջպետական հարաբերություններ) հակադրությունների ահագնացող խորացման պատճառով հանդուրժողականությունը կորցնում է կայունությունը։ Արդյունքը լինում է այն, որ համակարգը կորցնելով հավասարակշիռ համակեցության հիմունքները, հայտնվում է անհանդուրժող, գիշատիչ հարաբերությունների ճիրաններում։ Երկդեմ տարակեցության վիճակը հատկապես հիվանդագին դրսեւորումներ է ունենում կրթա-դաստիարակչական ոլորտում։ Շատ ծնողներ ստիպված են երկակի դաստիարակություն տալ իրենց երեխային. տանը նա պիտի լինի հարգալից, հնազանդ ու հանդուրժող, իսկ դրսում՝ անհնազանդ, ագրեսիվ ու անհանդուրժող։ Բնական է, որ նման պայմաններում ավանդական ժամանակների դպրոցը, որը հակադրված էր փողոցին, ընկալվում է որպես դրական արժեք, իսկ անոմիայի վիճակում գտնվող փոխակերպվող հասարակության մերօրյա դպրոցը, որտեղ հաճախ իշխում են փողոցից ներմուծված շեղվող վարքին բնորոշ հարաբերությունները՝ որպես նոր ու բացասական արժեք։
Քաղաքացիական հասարակության կառուցման գլխավոր խնդիրներից մեկը երկդեմ տարակեցության վիճակի հաղթահարումն է, այսինքն տարաբեւեռ արժեքային համակարգերի աստիճանական մերձեցումը եւ դրանց միջեւ սոցիոմշակութային քաղաքակիրթ, ընդհանրական դրական դաշտի ստեղծումը։
Հանդուրժողականությունը ոչ թե վարքի նախասահմանված, համապարտադիր, այլ ազատ, կամընտրական ձեւ է, բայց դա չի նշանակում, թե այն պետք է դուրս լինի ինստիտուցիոնալ կանոնակարգման դաշտից, եւ անկախ՝ սոցիալական վերահսկողությունից։ Սոցիալական բոլոր ինստիտուտները (ընտանիք, դպրոց, եկեղեցի, պետություն եւ այլն), «գործընկերային արժեքների» եւ «երկխոսական նորմերի» մշակմամբ պետք է կանոնակարգեն եւ պաշտպանեն սոցիալական սուբյեկտների հասարակայնորեն ընդունելի, բայց եւ միաժամանակ անձնապես իմաստավորված դերային վարքը համակեցության փոխհանդուրժելի, ուստի նաեւ կայուն մթնոլորտ ձեւավորելու համար։ Եթե մարդկանց միկրոսոցիալական պրակտիկան (որն իր մեջ ներառում է նաեւ կոլեկտիվ անգիտակցականը, ազգային խառնվածքը, հոգեմտակեցվածքի առանձնահատկությունները) հնարավորություն է ընձեռում մակրոմակարդակում փոխգործակցել ինստիտուցիոնալ կառույցների հետ, ապա հասարակության մեջ ձեւավորվում է համերաշխ համակեցության վիճակ, որին, բնականաբար բնորոշ կլինի սոցիալական կայուն հավասարակշռությունը եւ հասարակական գիտակցության հանդուրժողականության բարձր աստիճանը15։
Ազատական, բաց հասարակություններում քաղաքական իշխանությունը ժառանգական սեփականություն չէ, ուստի «պատմական բանականությունը» իր ակնհայտ կամ թաքուն կամքի դրսեւորման մոնոպոլ իրավունքը ոչ մեկին չի վստահում։ Իրականության մեջ չկա սոցիալական որեւէ ատյան, որը հնարավորություն ունենա մենիշխանորեն մարմնավորել հասարակական բարիքի կամ «առաջընթացի օրենքները»: Հասարակության պատմական հեռանկարի ողջ պատասխանատվությունը միայնակ չի կարող ստանձնել անգամ ամենաիմաստուն քաղաքական մենակատարը։ Անցումը պատմության բարձրագույն նպատակների իմացության հավակնոտ գիտելիքից ժողովրդավարական համեստ մտածողությանը, որի համաձայն հեռավոր ապագայի խորհրդավորության առջեւ բոլորը հավասար են, Արեւմուտքում նախապատրաստել է կրոնական Ռեֆորմացիոն, հենց այն բողոքական բարոյագիտությունը, որը Մ. Վեբերի բնորոշմամբ եղել է ժամանակակից մրցակցային ձեռնարկչության սոցիոմշակութային հիմքը։ «Կապիտալիզմի ոգին» ստեղծվել է սեփական անձի նկատմամբ բարձրագույն խստապահանջության շնորհիվ։ Տնտեսական կյանքի ռացիոնալացման ամենակարեւոր նախապայմանը հենց այդ ոգին է։ Ռացիոնալ ձեռնարկատիրոջ համար խորթ են ցուցադրական ճոխությունն ու շռայլությունը, ցուցամոլությունն ու փառասիրությունը։ Նրա զուսպ ու համետ խառնվածքին բնորոշ է կենսակերպի որոշակի ասկետականությունը1։ Սակայն կողմնորոշվել, առավել եւս առաջադիմել ժամանակակից ազատական հասարակության տնտեսական (քաղաքական) շուկայում՝ ապավինելով միմայն դրա ռացիոնալացման վեբերյան հայեցակետին, նպատակահարմար չէ։ XXI դարի սոցիալական դինամիկան ըմբռնելու համար անհրաժեշտ է ուրվագծել նոր ռացիոնալության սահմաններ, երբ աշխարհն ընկալվում է որպես նպատակա-արժեքային փոխակերպումների այնպիսի իմաստավորում, որի խնդիրը ոչ թե հերթական հաղթանակների արձանագրումն է, այլ մարդկության՝ կենսա-սոցիալական յուրահատուկ տեսակի արժանապատիվ համակեցության իրագործման երկարաձգումը։ Նոր ռացիոնալության այս գաղափարախոսությունը կարելի է ներկայացնել որպես հումանիտար անտրոպոմորֆիզմ։ Այս տրամաբանության շրջանակներում արժեքը, փաստորեն, դիտարկվում է որպես անընդհատությունն ապահովող սոցիալական հիմունք, որի համար կարեւոր է ոչ թե այն հարցը, թե «ինչպիսի՞ն է» (աշխարհի ճշմարիտ պատկեր), այլ՝ այն, թե «ինչպիսի՞ն պետք է լինի» (աշխարհի ցանկալի պատկեր)16։
Պատմության բարձրագույն գաղտնիքներին հաղորդակից լինելու դասական ռացիոնալության հավակնությունն անհամատեղելի է քաղաքական բաց շուկայի տրամաբանությանը, այն շուկայի, որտեղ ապրանքառաքողները դիտարկվում են որպես ի սկզբանե իրավահավասար, իսկ լավագույններն առանձնացվում են ոչ թե ապրիորի, այլ՝ ապոստերիորի՝ ընտրությունների միջոցով։ Կայունության ու քաղաքական գործընթացների կանխատեսելիության համար մրցակցությունը սահմանափակող հեգեմոնիզմը ի սկզբանե նեղացնում է քաղաքական արտադրության շրջանակները՝ ընկճելով ստեղծագործությունն այն դերակատարների, որոնք կողմնորոշված են դեպի խմբիշխանների կողմից դեռեւս չնկատված կամ անտեսված հասարակական նոր պահանջմունքները։ Սոցիալական ռացիոնալության նախկին ըմբռնումն աշխատանքի քաղաքական բաժանման շրջանակներում մրցակցին («ուրիշին») դիտարկում է ոչ թե որպես տիրապետող ուժի պահեստային, անհրաժեշտ փոխլրացում, այլ՝ որպես խոչընդոտ, վտանգավոր առընթերություն՝ դատապարտված ոչնչացման։
Ճիշտ հակառակ իմացական եւ արժեքային նշանակությունն ունի նոր ռացիոնալության հումանիտար անտրոպոմորֆիզմի սկզբունքը, որտեղ ինտերսուբյեկտիվությանը հատկացված է սոցիոմշակութային իմպերատիվի կարգավիճակ։ Կենսագործունեությունը, որպես մարդկային փորձի դրսեւորման անսահմանորեն լայն ոլորտ, անհրաժեշտորեն ինտենսսուբյեկտիվ է։ «Աշխարհը,- գրում է ֆենոմենոլոգիայի ժամանակակից հետեւորդ Ա.Շյուցը,- իմ անձնականը չէ։ Նրա կազմի մեջ են նաեւ ուրիշները, ոչ միայն որպես իմ փորձի մարմիններ եւ օբյեկտներ, այլ որպես alter ego, այսինքն նույնպիսի ակտիվությամբ օժտված սուբյեկտիվություններ, ինչպես եւ ես»17։ Այլակերպ «Ուրիշի» գոյությունը հասարակական կյանք է ներմուծում էկզիստենցիալ որոշակի լարվածություն, որը չի մակաբերվում սոցիալական կազմակերպման այս կամ այն տիպից։ Այն պայմանավորված է մարդկային փոխհարաբերությունների առանձնահատկությամբ, հետեւաբար պահպանվում է ցանկացած հասարակության մեջ։ Հասարակական կյանքը ոչ միայն բնութագրվում է լարվածությամբ, այլեւ որոշակի առումով հենց ինքը լարվածություն է։ Էկզիստենցիալ լարվածությունը, սակայն, ոչ թե անբեկանելի դատավճիռ է, այլ՝ սոցիալական համակեցության գոյավիճակ, ուր արժանապատվորեն գործառելու համար անհրաժեշտ է առաջնորդվել ինտերսուբյեկտիվության սկզբունքով, այսինքն՝ սոցիալական իրականությունն ընդունել որպես բազմաթիվ «Ես»-երից բաղկացած մի ամբողջականություն, որտեղ յուրաքանչյուրը ոչ միայն յուրահատուկ եւ անկրկնելի է, այլեւ՝ սուբյեկտիվ եւ ինքնակամ։ Անհատն այս դեպքում իրեն ընկալում է որպես բազմաթիվ «Դու»-երից մեկը, իսկ հասարակությունը ներկայանում է որպես «Դու»-երից բաղկացած մի բազմություն, որտեղ յուրաքանչյուր ոք պարտավոր է ընդունել այլոց սեփական «Ես»-ը, ընդունել այն իմաստով, որ իրեն տրված չէ ստիպել մյուսներին աշխարհին նայել իր աչքերով, որ նրանք իրենց մտքերում ու վարքում միշտ կարող են պահպանել այն, ինչն ինքն ի վիճակի չէ կանխատեսել եւ ինչն իր համար կարող է անսպասելի լինել։
Ո՞րն է «ուրիշի» սկզբունքային արժեքն արդի քաղաքական շուկայի մրցակցային դաշտում։ Ինտերսուբյեկտիվիզմի տրամաբանության շրջանակներում դա այն է, որ «ուրիշի» ձայնով իր գոյությունն է ազդարարում սոցիալական խնդիրը, այն խնդիրը, որն այս կամ այն պատճառով իշխանությունը հակված չէ նկատել։ Քաղաքական մենիշխան համակարգում լռեցված ձայները, (ինչը կապված է «անհարմար» կուսակցությունների արգելման կամ մարգինալացման հետ) ընդերքում աստիճանաբար հասունանալով, «նիրհող» վիճակից մեկեն «արթնանալով» կարող են վերածվել սոցիալական լուրջ պրոբլեմի։ Իշխանության կողմից ժամանակին արձագանք չգտած, արհամարված պրոբլեմները շարունակաբար սրվելով, ի վերջո կկազմալուծեն հասարակական ողջ համակարգը, որի արդյունքը, բնականաբար, կլինի սոցիետալ ճգնաժամն ու անդառնալի քաոսը։ Քաղաքական մենիշխանության ողբերգությունն այն է, որ ոչ ինքն է հարցեր լուծում, ոչ էլ թույլ է տալիս, որ ուրիշները լուծեն։ Մինչդեռ քաղաքական խաղընկերության արվեստը պահանջում է ազատական շուկայում անպայմանորեն ընդունել մրցակցի առկայությունը, նրան դիտարկելով ոչ թե որպես սեփական գոյության հնարավոր սպառնալիք կամ խոչընդոտ, այլ որպես հավանական մի դերակատար, որն ընդունակ է հասարակական նոր պահանջմունքները վերածել նորամուծությունների համար անհրաժեշտ պահեստային պաշարների։
Ինտերսուբյեկտիվությունը, որպես սոցիալական իրականության կարեւոր հատկանիշ, առաջադրում է սկզբունքային նշանակություն ունեցող եւ այլ խնդիրներ։ Մասնավորապես, այն հրաժարվում է քննարկել սոցիալական իրականությունը այսպես կոչված «նախագծի տրամաբանության» տեսանկյունից։ «Նախագծի տրամաբանությունը» նոր եվրոպական մտածողությունից, հատկապես լուսավորչականներից եկող եւ XIX դարի բազմաթիվ մտածողներին բնորոշ այն ձգտումն է, համաձայն որի հնարավոր է մշակել եւ կյանքի կոչել հասարակության արմատական վերափոխման համապարփակ եւ ավարտուն մի նախագիծ։ Ըստ այդ տրամաբանության՝ ճանաչելով սոցիալական կյանքի օրինաչափությունները, մտածողը կարող է առաջարկել ապագա կատարյալ հասարակության օրինակելի նախագիծը եւ այն «անխախտ» ուղին, որով հարկավոր է ընթանալ դրան հասնելու համար։ Այդպիսի մոտեցումը ելնում էր այն ենթադրությունից, թե գիտնական-փիլիսոփան ունակ է իրեն մտովի դուրս բերել հասարակական կյանքի «փակագծերից», եւ սեփական տեսակետը «հասարակ» մահկանացուների սխալական դիրքորոշումից զատելով, ռացիոնալ մտածողության վեհ բարձունքներից ազդարարել այն ճանապարհի մասին, որը տանում է դեպի «լուսավոր ապագան»։ «Նախագծի տրամաբանությունը» հաշվի չէր առնում բազմաթիվ հանգամանքներ. մասնավորապես այն, որ մարդու սուբյեկտիվությունը տրամաբանորեն հիմնավորված նախագծի իրականացման ճանապարհին չի կարող դիտարկվել սոսկ որպես ցավալի եւ կամ ոչ այնքան նշանակալի խոչընդոտ։
Ինտերսուբյեկտիվության հաշվառման դեպքում իրավիճակն էապես փոխվում է։ Առաջին՝ հեղինակը (փիլիսոփա տեսաբան, քաղաքական գործիչ), չնայած հասարակական կյանքի մասին օբյեկտիվ հայացք մշակելու իր բոլոր ջանքերին, ի վիճակի չէ բացարձակ առումով օտարվել իր սուբյեկտիվությունից։ Միշտ առկա է այս կամ այն հանգամանքով պայմանավորված սխալվելու հավանականության որոշակի աստիճանը։ Այն հատկապես մեծանում է կապված նախագծի մասշտաբայնության եւ տեւողության հետ. որքան ժամանակի եւ տարածության մեջ հեռավոր են այն իրողությունները, որոնք հեղինակի խորհրդածությունների առարկան են, այնքան դժվար է կանխատեսել դերակատարների վարքը, երաշխավորել գործելակերպի ու պահվածքի միանշանակությունը։ Եվ երկրորդ՝ սոցիալական գլոբալ նախագծերը, անկախ նրանից, թե ինչի են ձգտում դրանց հեղինակները, իրականում մարդկանց զրկում են սեփական սուբյեկտիվությունը դրսեւորելու իրավունքից։ Այդպիսի նախագծերը «որոշում են ուրիշի փոխարեն», այսինքն ուրիշներին դիտարկում են միայն հնազանդ պտուտակի դերում, որոնց վարքը կարելի է հստակորեն հաշվարկել, միանշանակորեն կանխատեսել, հետեւաբար՝ ծրագրավորել։ «Նախագծի տրամաբանությունից» հրաժարվելու շարժառիթը կապված է նաեւ անձի բարոյական նշանակության կարեւորման եւ հատկապես՝ ազատության իրավունքի ընդունման հետ։ «Ես չեմ կարող համոզված լինել,- ասում է Ժ.-Պ.Սարտրը,- թե պայքարի ընկերները մահիցս հետո կշարունակեն իմ գործը, որպեսզի այն հասցնեն առավելագույն կատարելության, քանի որ այդ մարդիկ ազատ են, եւ վաղը իրենք են որոշելու, թե ինչպիսին պիտի լինի մարդը»18։ Սա չի նշանակում, սակայն, թե ընդհանրապես պետք է հրաժարվել ապագայի (անձնական, թե հասարակական) որեւէ պլան կազմելուց։ Պարզապես անհրաժեշտ է նկատի ունենալ, որ անգամ ամենակատարյալ նախագիծն ընդամենը հավանական է, քանզի դրա իրականացումը կախված է բազմաթիվ անձանց սուբյեկտիվ նպատակամղումներից, որոնք ամեն պահ կարող են փոխվել, քանի որ ներհակասական մարդու ամենատարբեր մտադրությունների իրական տերը, հետեւաբար նաեւ պատասխանատուն, ոչ թե նախագծի հեղինակն է, այլ հենց ինքը՝ մարդը։
Այսպիսով, մենիշխանության փիլիսոփայության (դասական ռացիոնալություն) եւ խաղընկերության փիլիսոփայության (նոր ռացիոնալություն) միջեւ անցնում է այն եզրագիծը, որը սահմանազատում է համապարփակ կանխատեսման լապլասյան խիստ դետերմինիզմի նախկին աշխարհը՝ ժամանակակից, անհամեմատ ավելի մարդ ստոխաստիկական օրենքների եւ հավանական մոտեցումների նոր աշխարհից։ Նա, ով մրցակցային արդի քաղաքական շուկայում փափագում է հասնել ախոյանների վարքի տոտալ կանխատեսմանը, դատապարտված է բախվել հանգամանքների անկանխատեսելիությանը, մինչդեռ նա, ով համաձայն է իր կողքին հանդուրժել ճարտար ու աշխույժ մրցակիցների գործառնությունը, կշահի հակաէնտրոպիական այնպիսի գործոններ, ինչպիսիք են «նրանց» կամքը եւ «նրանց» ինֆորմացիան։ Քաղաքակիրթ հասարակության մեջ հաջողության համար ծավալվող մրցավազքը պետք է ընթանա խաղընկերոջ հետ հարաբերությունների շարունակման համատեքստում, այսինքն անհրաժեշտ է մրցակցի հետ հարաբերությունների կառուցման այնպիսի ձեւաչափ ընտրել, որպեսզի հնարավոր լինի առավելագույնս ընդարձակել խաղընկերության սահմանները՝ գիտակցելով, որ խաղընկերային ընդհանուր դաշտում դիրքերը մշտապես «ամրագրված» չեն, այլ՝ ենթակա փոխատեղման։ Ուստի պատահական չէ, որ բանակցային գործընթացի ժամանակակից հայեցակարգը վկայում է, որ մասնակիցներից յուրաքանչյուրը երկակի շահ է հետապնդում. հասնել հաջողության եւ խաղընկերների հետ լավ փոխհարաբերություններ պահպանել19։
Քաղաքական մրցակցային շուկայում «ուրիշների» ներկայության անպայմանությունը, նրանց հետ անընդհատ հարաբերությունների հեռանկարի մանրակրկիտ հաշվարկը ստիպում է նորովի գնահատել նրանց շահերը։ Երբ խնդիրը միայն այս պահին եւ այս անգամ հաղթանակի մարտավարությունն է, ապա նրանց շահերը մնում են նրանց շահերը։ Մինչդեռ, երբ խնդիրը երկարատեւ, քաղաքակիրթ հարաբերությունների պահպանման ռազմավարությունն է, ապա նրանց շահերը դառնում են մեր շահերը։ Ախոյանի պարտությունը, ծայրահեղ դժգոհությունը, դրանով իսկ պայմանավորված՝ վարքի անկանխատեսելիությունը վաղ թե ուշ կդառնա նաեւ մեր պարտության պատճառը։ Այստեղից՝ պարադոքսալ մի պահանջ, որը մեր կարծիքով արդի քաղաքական շուկայի համար ամենակարեւոր սոցիոմշակութային իմպերատիվն է. ընդդիմախոսից հրաժարվելու, նրան խաբելու, ի վերջո կործանելու փոխարեն վարել հումանիտար անտրոպոմորֆիզմի սկզբունքի վրա հիմնված ռազմավարական հեռահար քաղաքականություն։ Այսինքն, ոչ միայն հաշվի առնել մրցակցի շահերը, այլեւ բանակցությունների ժամանակ հնարավորինս ամրապնդել նրա դիրքերը, բանաձեւելով անգամ մյուս կողմի այն շահերը, որոնք գուցե եւ ինքը դեռ չի գիտակցել եւ ներկայացրել որպես բանակցությունների պայման։ Միեւնույն է, վաղ թե ուշ մրցակիցը կգիտակցի իր շահերը եւ ամենայն հավանականությամբ կպահանջի վերանայել ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանով իսկ ընդհանուր ապագան դարձնելով նվազ կանխատեսելի (անկանխատեսելի), ուստի եւ՝ սարսափելիորեն անորոշ ու խիստ վտանգավոր։
Էջ 1
ընդհանուր 23 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով