Հայ ազատագրական պայքարի մարտավարությունը 1895-1898 թթ.
Հովիկ Գրիգորյան
Օնլայն Ընթերցում
Էջ 1 / 2
Ներածություն
19-րդ դարի վերջի - 20-րդ դարի սկզբի հայ ազատագրական պայքարի նկատմամբ չի խամրել գիտական հետաքրքրությունը: Դա միանգամայն բնական է, քանզի Հայաստանում եւ սփյուռքում հարուստ պատմագիտական գրականության առկայությամբ հանդերձ, հիմնախնդրի որոշ կողմեր այսօր էլ սպառիչ լուսաբանված չեն, իսկ մի մասն էլ վերագնահատության կարիք են զգում: Օրինաչա՞փ էր այդ պայքարը, արեւմտահայությունն այլընտրանքի հնարավորություն ունե՞ր, պայքարի ընթացքում գործադրված միջոցներն որքանո՞վ էին ընդունելի եւ արդյունավետ, արդյո՞ք իրատեսական էին պայքարի ռազմավարությունն ու մարտավարությունը, ազգային-քաղաքական ուժերը բավականաչափ ճկու՞ն էին պայքարի ընթացքում համապատասխան մարտավարական շտկումներ կատարելիս, որքանո՞վ էր Հայկական հարցի լուծումը կախված արտաքին քաղաքական գործոններից...
Այս եւ նմանատիպ հարցադրումներն, անշուշտ, սոսկ հռետորական չեն, իսկ պատմագիտական ոչ աղքատ ժառանգության առկայության պայմաններում դրանց տրվող պատասխաններն էլ՝ ոչ միանշանակ: Կարծում ենք այսօր բոլոր հիմքերը կան, որպեսզի պատմագիտությունը հիմնախնդրի ուսումնասիրման գործում նախորդ շրջանին բնորոշ փաստական նյութի կուտակումից ու շատ դեպքերում էմպիրիկ շարադրանքից, քաղաքական ու գաղափարախոսական կաշկանդումներից որակական անցում կատարի դեպի փաստերի համակողմանի եւ օբյեկտիվ վերլուծություն՝ պատասխան տալով վերը նշված հարցադրումներին: Ըստ որում, այդ ուղղությամբ յուրաքանչյուր փորձ կանխավ դատապարտված կլինի ստույգ ձախողման, եթե ուսումնասիրողը հիմնախնդրին չմոտենա պատմականության դիրքերից՝ դեպքերն ու գործընթացները չքննարկի ժամանակի որոշակի՝ անկրկնելի պայմանների մեջ, այլ հետին թվով՝ մարգարեանալու ձգտումով: Ցավոք, ոչ վաղ անցյալում պատմագիտությունն այդ հարցում ունեցել է որոշակի, եւ ամենեւին էլ ոչ եզակի, օրինակներ:
Մեկ գրքի շրջանակներում, անշուշտ, անհնարին է եւ նման հավակնություն էլ չունենք տալ վերը շարադրված հարցադրումների սպառիչ եւ հիմնավորված պատասխանը: Պարզապես կփորձենք անդրադառնալ հայոց ազատամարտի համար սկզբունքային նշանակություն եւ կար—որություն ունեցող պայքարի մարտավարության հարցին եւ ներկայացնել այն էվոլյուցիան, որն ապրել է հայոց ազատամարտը 1895-1898թթ.՝ մեր ժողովրդի արեւմտահայ հատվածի համար ստեղծված չափազանց ծանր պայմաններում:
Հայկական հարցի միջազգայնացված եւ 1890-ական թվականների կեսերին վերաբացված լինելն այն գործոններն են, որոնցից վերացարկվելը պարզապես անհնար է դարձնում այդ տարիների հայ ազատագրական պայքարի մարտավարության որեւէ ընկալում: Հետեւաբար, վերջինիս հետ առնչվող հարցերը կարող են քննարկվել միայն Հայկական հարցի, եւ ընդհանրապես մերձավորարեւելյան խնդիրների, շուրջ տերությունների միջեւ ծավալված դիվանագիտական սուր պայքարի ու նրանց հակամարտ շահերի բախման համապատկերի վրա: Ըստ որում հիմնականում ուշադրության կենտրոնում կպահենք 1896-1897թթ. իրադարձությունները, երբ Հայկական հարցը դարձել էր մերձավորարեւելյան ճգնաժամի առանցքային խնդիրներից մեկը՝ դրանով իսկ էապես ազդելով ազատագրական պայքարի մարտավարության վրա:
1. «Զուգակցված հարվածների»
մարտավարությունը
1895-1898թթ. ընդգրկող համեմատաբար կարճ ժամանակահատվածում հայ ազատագրական շարժման գլուխ կանգնած ուժերի կողմից կիրառված պայքարի մարտավարությունն ուսումնասիրության օբյեկտ դարձնելը թելադրված է այն հանգամանքով, որ այդ տարիները յուրատեսակ անցումային փուլ են ազատագրական զինված պայքարի գործընթացում: Դրանում մի կողմից պահպանվում են նախորդ փուլի մարտավարության որոշակի տարրեր, մյուս կողմից ուրվագծվում պայքարի հետագա ընթացքի վերաբերյալ քաղաքական ուժերի կողմից որդեգրված նոր մոտեցումներ, դրսեւորվում նախորդ շրջանի իրադարձություններն արժեւորելու եւ ավելի արդյունավետ միջոցներ կիրառելու փորձեր: Ի տարբերություն նախորդ տարիներին բնորոշ ակնհայտ ռոմանտիզմին, ինչը դրսեւորվում էր քաղաքական ուժերի շրջանում հայդուկային կամ պարտիզանական պատերազմի դերի գերագնահատմամբ, այն արագորեն ընդհանուր ապստամբության վերաճելու մտայնության գերակայությամբ եւ ինչն արտացոլվել էր քաղաքական կուսակցությունների ծրագրերում ու նրանց կողմից հրատարակված առաջին փաստաթղթերում1, Սասունի 1894թ. եւ, հատկապես, Զեյթունի 1895թ. ապստամբություններից հետո պայքարի հետագա մարտավարության հարցում սկսում են դրսեւորվել սկզբունքորեն նոր մոտեցումներ:
Ընդունելի չէ պատմագիտական գրականության մեջ որոշակի նկատառումներով շրջանառության մեջ դրված այն թեզը, համաձայն որի հայոց զինյալ ազատամարտի ողջ ընթացքում այն ղեկավարող ուժերը չեն հրաժարվել պայքարի սկզբնական մեթոդներից, չեն փորձել գտնել ավելի արդյունավետ միջոցներ: Այդ առումով հատկանշական է Լեոյի տեսակետը. «Կարելի էր... հույս դնել, որ ժամանակի ընթացքում հայ կազմակերպությունները կը զգաստանան, կը բուժվեն ռոմանտիզմից, կը սկսեն բազմաթիվ փորձերով, խրատված մտքի լրջությամբ ըմբռնել քաղաքական դասավորումների ույժերի փոխհարաբերությունների րեալ պահանջները եւ դրանց համեմատ էլ գործողության այս կամ այն յեղանակի փոփոխումներ կը կատարեն: Բայց ի դժբախտություն հայ ժողովրդի այդպիսի հույսերը չարդարացան: Ինչպիսի սկզբնական մեղքերի մեջ ծնվեցին այդ կազմակերպությունները, նույնպիսի մեղքերով էլ գնացին մինչեւ իրենց կատարյալ կործանումը»2:
Հայոց ազատամարտին տրված իր գնահատականներում Լեոյից շատ հեռու չի գնում Լ. Չորմիսյանը. «Կուսակցութիւններու գործունեութեան ամենեն անհասկանալի եւ անբացատրելի իրողութիւնը կը կազմե վստահաբար անոնց ղեկաւարներուն անխորտակելի համառութիւնը գործնական կեանքի փորձերէն որեւէ խրատ չառնելու: Քաղաքական գործունեութեան միջոցներեն իբրեւ մեկը յեղափոխական պայքարի մեթոտը ընդունելու որոշումը շատ հասկանալի է արեւմտահայութեան ընդհանուր պայմաններուն մեջ: Այդ մեթոտին առաջին փորձերը, երիտասարդական խանդավառ տրամադրութիւնով պատրաստուած, հասկանալի են նույնպես իրենց ձախող արդիւնքներով: Ինչ որ անհասկանալի եւ մութ կը մնայ այդ փորձերուն մնայուն եւ տեվական կրկնութիւնն է»3:
Տալով նմանատիպ գնահատականներ եւ անվանապես ընդունելով հայ ազգային հեղափոխության օրինաչափությունը, վերը հիշատակված հեղինակները, սակայն, չեն առաջարկում գործելակերպի այն այլընտրանքը, որը կարող էր հանգեցնել Հայկական հարցի դրական լուծմանը: Նրանք երկչոտ փորձ են անում գրել սուլթանի հետ համաձայնության ինչ-ինչ եզրեր որոնելու, ծայրահեղ եւ ոչ ծայրահեղ միջոցներով ինչ-որ զիջումներ կորզելու մասին4, ինչն առնվազն անհասկանալի է, քանի որ իրենք էլ ընդունում են Բեռլինի վեհաժողովից հետո հայերի բնաջնջման թուրքական քաղաքական ծրագրի գոյության փաստը5:
Անշուշտ, չի կարելի բացարձակացնել քաղաքական կուսակցությունների գործունեությունը եւ ժխտել հայոց ազատամարտը գլխավորող գործիչների կողմից հատկապես պայքարի առաջին տարիներին վարած ոչ իրատեսական քաղաքականությունն ու թույլ տրված սխալները: Կյանքն արագորեն ցույց տվեց զինյալ պայքարին արեւմտահայության պատրաստ լինելու մտայնության անիրատեսական լինելը: Չարդարացան նաեւ հայդուկային-պարտիզանական կռիվներն ընդհանուր ապստամբության վերաճելու հույսերը: Անգամ Սասունի 1894թ. եւ Զեյթունի 1895թ. ապստամբությունները, որոնք 1890-ականների առաջին կեսին Երկրում ծավալված զինված պայքարի ամենահզոր դրսեւորումներն էին, ակնհայտորեն ցույց տվեցին ընդհանուր ապստամբությանն արեւմտահայության անպատրաստ լինելը: Հայկական հարցի գործնականին դրանց ներդրումը սոսկ մերձավորարեւելյան ճգնաժամի նոր փուլի սկզբնավորումը եւ դրանում Հայկական հարցի առաջին պլան մղվելն էր:
Սասունի 1894թ. իրադարձությունների շուրջ ամիսներ շարունակ ծավալված դիվանագիտական պայքարի հանրագումարը դարձավ 1895թ. մայիսի 11-ին սուլթանին ներկայացված հայկական բարենորոգումների անգլո-ֆրանս-ռուսական համատեղ նախագիծը6, որի շուրջ հետագա ամիսներին ծավալվեց իսկական դիվանագիտական պատերազմ: Թեեւ այդ նախագիծը խիստ չափավոր էր՝ հայերի կողմից ընդունելի լինելու համար, բայց ընդունելի չէր նաեւ Աբդուլ Համիդ 2-րդի համար: Չնայած կեղծավոր հայտարարություններին, վերջինս միանշանակ բացասական դիրքորոշում ուներ բարենորոգումների խնդրում: «Այն ինչ որ անվանում են Բարենորոգումներ՝ վստահօրեն կարելի է ասել, մեր կործանումն է, - գրում է սուլթանն իր հուշերում,- Ինչու՞ են ցանկանում մեզ հետ ժառանգական թշնամութեան մեջ գտնվող պետութիւնները Բարենորոգումները մեր գլխին կապել, որովհետեւ նրանք լավ գիտեն որ այդ Բարենորոգումները պարունակում են իրենց մէջ մեր պետութեան կործանման պացիլները»7: Նման համոզմունքների տեր անձնավորությունը, բնականաբար, ամեն ինչ պետք է աներ հայկական բարենորոգումների ծրագիրը թաղելու համար: Այդ հարցում նա վարպետորեն օգտագործում էր մեծ տերությունների շահերի հակամարտությունը Մերձավոր Արեւելքում: Հայկական հարցում գնալով որոշակի քայլերի, Անգլիան, Ֆրանսիան, Ռուսաստանը եւ մյուս տերությունները, բնականաբար, չէին կարող վերացարկվել իրենց մերձավորարեւելյան ընդհանուր քաղաքական շահերից: Դա գործնականում բացառում էր նրանց կատարյալ համերաշխությունը: Եթե հետագա ամիսներին Սոլսբերիի գլխավորած անգլիական կառավարությունն աստիճանաբար ուժեղացնում էր ճնշումը սուլթանի վրա՝ վերջինիս պարտադրելով ձեռնամուխ լինել բարենորոգումների իրականացմանը8, եւ առաջարկում տերություններին կտրուկ ու համատեղ քայլերի դիմել՝ անգամ դնելով Օսմանյան կայսրության բաժանման հարցը, ապա այդ տարիներին իր արտաքին քաղաքականության ծանրության կենտրոնը Հեռավոր Արեւելք փոխադրած Ռուսաստանը՝ ի դեմս արտգործնախարար, իշխան Ա.Լոբանով-Ռոստովսկու, ամեն կերպ հակադրվում էր դրան եւ, բացառելով Անգլիայի միայնակ հանդես գալու հնարավորությունը, փորձում սառեցնել Արեւելյան հարցը, ձախողել Եգիպտոսի ու սեւծովյան նեղուցների հարցում անգլիական ծրագրերը, պահպանել Օսմանյան կայսրության «ամբողջականությունն ու ինքնուրույնությունը», «թույլ չտալ իր սահմանների մոտ Անգլիայի ազդեցության տակ գտնվող հայկական պետական կազմավորման ստեղծումը»9: Ավելին, երբ Ավստրո-Հունգարիայի արտգործնախարար Ա.Գոլուխովսկին առաջարկեց, որ Բեռլինի դաշնագիրը ստորագրած տերություններն «անկարգությունները» դադարեցնելու նպատակով Սեւծովյան նեղուցներ մտցնեն իրենց ռազմանավերը, Ռուսաստանը հանդես եկավ նաեւ դրա դեմ՝ փոխարենն ընդամենն առաջարկելով եվրոպացիներին պաշտպանելու նպատակով կրկնապատկել Կ.Պոլսում տերությունների ունեցած ռազմանավերի թիվը՝ դրանք դարձնելով երկուական10:
Օգտվելով անգլո-ռուսական հակամարտությունից, սուլթանը ոչ միայն ձախողում է բարենորոգումների իրականացումը, այլեւ 1895թ. աշնանը Արեւմտյան Հայաստանում եւ կայսրության հայաբնակ այլ վայրերում իրականացնում հայկական զանգվածային ջարդեր: Այդ հանգամանքը փաստորեն նաեւ Ռուսաստանի այն ժամանակվա իշխանությունների վրա է դնում ոչ միայն հայկական բարենորոգումների ձախողման, այլեւ 1895թ. աշնանը եւ հետագայում կատարված ջարդերի մեղքի ու պատասխանատվության մի որոշակի բաժին: Հանգամանք, որը չեն ժխտում նաեւ առանձին ռուս հեղինակներ:
Այս ամենից հետո, թեեւ 1895թ. հոկտեմբերին սուլթանը ձեւականորեն հայտարարում է բարենորոգումները գործադրելու իր որոշման մասին, բայց իրականում այն հայերի բնաջնջման որոշում էր: Անգլիացի գրող եւ թուրքական պատմության գիտակ Լորդ Կինրոսը (Պատրիկ Բալֆուր), անդրադառնալով այդ հարցին, շատ դիպուկ է գնահատում Պետերբուրգում Թուրքիայի նախկին դեսպան Շաքիր փաշայի դերը, որի վրա էր դրված բարենորոգումների իրականացման պարտականությունը. «Իրականում նրա (Շաքիր փաշայի՝ Հ.Գ.) դերը յուրաքանչյուր առանձին վերցրած շրջանում զանգվածային սպանությունների ծրագրավորումն ու իրագործումն էր: Շաքիր փաշայի նպատակը լիակատար ոչնչացման հեռանկարով հայ քրիստոնյաների թվաքանակի անխնա կրճատումն էր եւ հօգուտ թուրք-մահմեդականների նրանց հողերի բռնագրավումը»11:
Այսպիսով, ազատագրական պայքարի առաջին տարիների հաշվեկշիռը դրական չէր արեւմտահայության համար: Հսկայական զոհերի հանդեպ ակնհայտորեն չնչին կամ ոչինչ էին ձեռքբերումները: Դա, բնականաբար, առաջին պլան պետք է մղեր հետագա գործելակերպը ճշգրտելու հարցադրումը: Հայությունը կամ պետք է դադարեցներ զինված պայքարը, որն իրականացվող ցեղասպանության քաղաքականության պայմաններում հավասարազոր էր անձնատվության՝ դրանից բխող գուցե շատ ավելի ծանր հետեւանքներով, կամ պետք է շարունակեր այն՝ ընտրելով ավելի արդյունավետ միջոցներ, միաժամանակ, առաջնահերթ խնդիր ունենալով նոր, զանգվածային ջարդերի կանխումն ու բացառումը:
Բնականաբար, առաջին հերթին այդ ընտրության առաջ պետք է կանգներ 1890-ականների առաջին կեսին զինյալ պայքարի գլուխ կանգնած քաղաքական ուժը՝ հնչակյան կուսակցությունը, որի ուսերին էին ծանրացած ոչ միայն գործնական պայքարի կազմակերպման դժվարությունները, այլեւ դրանց անմիջական հետեւանքների համար քաղաքական պատասխանատվությունը: Հայոց ազատամարտի առաջին շրջանի բնավ էլ ոչ մխիթարական արդյունքների համապատկերի վրա միանգամայն բնական էր այդ կուսակցության պառակտումը Զեյթունի ապստամբության ավարտից անմիջապես հետո: Եթե կուսակցության Ա. Նազարբեկյանի գլխավորած ու հիմնականում կովկասահայերից կազմված թեւը հետագա տարիներին, ըստ էության, գրեթե դուրս մղվեց արեւմտահայ ազատագրական պայքարից, ապա վերակազմյալ հնչակյան անվանումը ստացած թեւը, որը գերազանցապես համալրված էր զինյալ պայքարին անմիջականորեն մասնակցած եւ ծագումով արեւմտահայ գործիչներով, որոնք համեմատաբար ազդեցիկ դիրքեր ունեին հատկապես Կիլիկիայում ու Կ. Պոլսում, 1896թ. հրավիրված իր առաջին համագումարում առաջիկա մարտավարության վերաբերյալ ընդունեց միանգամայն իրատեսական որոշում. «...Նկատի ունենալով, որ մասնակի ցոյցերու գործունէութիւնը այսուհետեւ չի կարող օգտակար ըլլալ ապստամբական գործին, նկատելով, որ՝ բարթիզանական կռիւը, հրոսակային խումբերու գործունէութիւնը եւ մասնակի ապստամբութիւնները լոկ միջոցներ են՝ քաղաքական կեանքից զրկուած ժողովուրդներին մարտական ոգի ներշնչելու. կռուի եւ քաղաքական կեանքի պատրաստութեան համար եւ տեսնելով որ՝ Հնչակեան կուսակցութեան ինը տարուան այդ ուղղութեամբ գործադրած աշխատանքները արդէն իրենց նպատակին հասել են, եւ այսուհետեւ այդ միջոցների գործադրումը վնասակար կը լինի, ուժերը կը ջլատե եւ կը վատնէ, նկատելով որ՝ սոցիալիզմը աւելորդ եւ վնասակար է հայոց դատին համար, ժողովը որոշում է՝ դադրեցնել այդ գործունէութիւնը եւ պատրաստուիլ ընդհանուր ապստամբութեան»12:
Այսպիսով, նախորդ տարիներին պայքարը ղեկավարող ուժը ճշգրտում է իր գործելակերպը: Այն մի կողմից որոշակիորեն սահմանազատվում է սոցիալիզմից, որպես տվյալ փուլում Հայկական հարցի համար ոչ պիտանի ու վնասակար գաղափարից, մյուս կողմից՝ որդեգրում ընդհանուր ապստամբության համար ուժերի նախապատրաստության քաղաքական ուղեգիծ, որն, անշուշտ, ամենացանկալին եւ արդյունավետը կարող էր լինել հայոց ազատամարտի համար: Մինչդեռ նույն թվականից ազատագրական պայքարի ղեկը ստանձնած դաշնակցությանը նույն գաղափարին հանգելու համար դեռեւս որոշակի ժամանակ էր պետք:
Դրանով հանդերձ, արդարությունը պահանջում է արձանագրել, որ Հայկական հարցի ու ընդհանուր ապստամբության հեռանկարների հարցում դաշնակցությունն ավելի վաղ էր հստակեցրել իր տեսակետը: Դեռեւս 1895թ. սկզբին տեղի ունեցավ ՀՅԴ «ընդհանուր» ժողով, որն ինչ-ինչ հանգամանքներում հետագայում ստացավ «ռայոնական» կամ «շրջանային» ժողովի կարգավիճակ, բայց որի որոշումները խիստ կարեւոր էին հետագա անելիքների ճշգրտման առումով: Անդրադառնալով ազատագրական պայքարի հեռանկարների հարցին, այն արձանագրեց, որ «ազատութիւնը պահանջում է... ծանր եւ վտանգալի ձիգ տարիների անխոնջ գործունէութիւն... Ժողովրդական ապստամբութիւնը երկնքից չէ իջնում եւ ոչ էլ գետնից սունկի պես բուսնում, այլ նախապատրաստւում, կնքւում, սրբագործւում է նոյն ազգի բոլոր մաքուր զաւակների տասնեակ տարիների ընթացքում գործ դրած անընդհատ դառնագին աշխատանքով... Հայկական յեղափոխական դրամայի առաջին գործողութիւնն է միայն, որը, անշուշտ, տեղի կը տայ շուտով միւս գործողութիւններին... Պետք է պատրաստ լինել, պետք է զինուել... Ճակատագրական կռիւը յայտնուած է, յետ դառնալը կամ դանդաղկոտութիւնը ամօթալի, մահաբեր, նոյնիսկ անկարելի է...»13: Ըստ որում, նույն ժողովն իր կարեւոր խնդիրն էր համարում «...գալ համաձայնութեան այն ընթացքի վերաբերմամբ, որ հարկավոր է բռնել ներկայ բարդ հանգամանքներում, որպեսզի բոլոր խմբերի գործողութիւնների մեջ լինի ներքին համերաշխութիւն Տաճկահայաստանի ազատութեանը աւելի կատարելութեամբ հասնելու համար»14:
Այսպիսով, գիտակցվում էր նոր մարտավարության անցնելու անհրաժեշտությունը: Սակայն, 1895թ. վերջին ամիսներին Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում ծավալված իրադարձությունները կանխորոշում են ՀՅԴ գործունեության միանգամայն այլ ընթացք: Հետագա երկու տարիներին թե՛ բուն Երկրում, թե՛ Կ. Պոլսում ՀՅԴ կողմից ակնհայտորեն դրսեւորվում են հարձակողական գործելակերպի միտումներ, ինչը հիմք է տալիս այդ տարիներին դաշնակցության որդեգրած մարտավարությունը պայմանականորեն անվանել «անցումային» կամ «զուգակցված հարվածների» մարտավարություն:
Այն «անցումային» կարելի է անվանել, քանի որ այդ տարիներին ՀՅԴ գործունեության մեջ մի կողմից շարունակում են կիրառվել նախորդ տարիներին բնորոշ գործելակերպի որոշակի տարրեր, մյուս կողմից զինյալ պայքարի գործընթացում դրսեւորվում են նոր միտումներ, որոնք ավելի տիպական էին հետագայում՝ 1898թ. որդեգրված նոր մարտավարությանը:
Այդ տարիներին ՀՅԴ որդեգրած քաղաքական գիծը կարող է բնութագրվել նաեւ որպես «զուգակցված հարվածների» մարտավարություն, քանի որ դրան բնորոշ էր Երկրում, Կ. Պոլսում ու կայսրության ծովեզրյա խոշոր քաղաքներում միաժամանակյա կամ ժամանակի առումով մեկը մյուսին անմիջապես հաջորդող երկու եւ ավելի զուգակցված ու մասշտաբային հարվածներ հասցնելու գործելաոճը:
Քանի որ այդ տարիներին դաշնակցությունն արդեն հայոց ազատամարտի առաջատար ուժն էր, ուստի նրա կողմից կիրառվող վերը նշված մարտավարությունն էլ տիրապետող է դառնում հայ ազատագրական շարժման համար: Այդ մարտավարության գլխավոր քաղաքական խնդիրն է դառնում Հայկական հարցի օգտին միջազգային միջամտության ապահովումը: Դրա վրա էական ազդեցություն են թողնում մի կողմից Հայկական հարցի շուրջը ծավալված դիվանագիտական գործընթացները, երկրորդ դեպքում՝ զանգվածային ջարդերն ու դրանց արդյունքում ստեղծված բարոյա-հոգեբանական ծանր իրավիճակը եւ վերջապես՝ պայքարի նախորդ շրջանից քաղած որոշ դասեր:
Նախ, զանգվածային ջարդերից հետո հայության միջավայրում ձեւավորված բարոյա-հոգեբանական մթնոլորտը, բնականաբար, օրակարգում դնում է վրեժխնդրության հարցը: Օսմանյան կայսրությանը հասցվելիք հուժկու հարվածները մի կողմից բարոյական մասնակի բավարարվածություն կտային հայությանը, կբարձրացնեին նրա կորովը, կամրապնդեին ինչ-որ տեղ սասանված վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, մյուս կողմից՝ կսաստեին թուրք-քրդական մոլեռանդ զանգվածին եւ, ի վերջո, թուրքական պետությանը ցույց կտային հայոց ազատամարտի կենսունակությունն ու շարունակականությունը՝ ստիպելով նրա հետ հաշվի նստել որպես ռազմա-քաղաքական լուրջ գործոնի: Ըստ որում, այդ խնդիրը հնարավոր կլիներ իրականացնել միայն այն դեպքում, եթե հայոց ազատամարտը դուրս գար ինքնապաշտպանական շրջանակներից եւ ընդուներ հարձակողական երանգներ:
Թեեւ Հայկական հարցի գլխավոր ճակատը մնում էր բուն Երկիրը, որտեղ շարունակվում էր ազատագրական պայքարը, այնուհանդերձ, այնտեղ ուժերի հաշվեկշիռը հայության օգտին չէր եւ վերջինս ի վիճակի չէր սեփական ուժերով ապահովելու հարցի բնականոն լուծումը: Այդ առումով կարեւոր նշանակություն ուներ միջազգային հանրության ուշադրության պահպանումը, քանի որ ստեղծված իրավիճակում հարցի դրական լուծման գործում վճռորոշ դերը պատկանում էր միջազգային դիվանագիտությանը: Ճիշտ է, նախորդ ամիսներին ռուս-ֆրանսիական ջանքերով որոշակիորեն չեզոքացվել էր Հայկական հարցում անգլիական ակտիվությունը, սակայն հարցը շարունակվում էր մնալ օրակարգում եւ ալեկոծել եվրոպական հասարակական կարծիքը: Դա հույս էր ներշնչում, որ Օսմանյան կայսրությունում իրավիճակի նոր անկայունացումը կրկին առաջին պլան կմղի Հայկական հարցը եւ հայությանը կբերի ցանկալի լուծումներ:
Հայկական հարցի նոր ակտիվացման պահանջն անհրաժեշտաբար դնում էր զինյալ պայքարը բուն Երկրի սահմաններից դուրս բերելու խնդիրը: Արեւմտյան Հայաստանը շատ հեռու էր Եվրոպայից եւ այնտեղ ծավալված անգամ ամենաբուռն իրադարձությունները հարկ եղած միջազգային արձագանքը չէին ստանում, քանի որ դրանց վերաբերյալ տեղեկատվությունը տեղ էր հասնում կցկտուր եւ մեծ ուշացումով: Հետեւաբար՝ պետք էր լրացուցիչ ազդակ, շնորհիվ որի հայոց ազատամարտի մասին լուրերը ժամանակին կհասնեին Եվրոպա: Աշխարհագրական հարմար դիրքի, տնտեսական ու ռազմաքաղաքական մի շարք հանգամանքների պատճառով նման ազդակ կարող էին հանդիսանալ Օսմանյան կայսրության մայրաքաղաքում եւ ծովեզրյա խոշոր քաղաքներում կազմակերպվող գործողությունները:
Խիստ յուրահատուկ էր Կ.Պոլսի դերը հայ ազատագրական շարժման համար: Օսմանյան կայսրության դեմ ազատագրական պայքարի դուրս եկած ժողովուրդներից ոչ մեկը մինչ այդ չէր փորձել Կ.Պոլիսը վերածել պայքարի լուրջ թատերաբեմի: Բալկանյան ժողովուրդների պարագայում դա միանգամայն հասկանալի էր: Մշտապես գտնվելով եվրոպական դիվանագիտության տեսադաշտում, նրանք իրենց վրա ուշադրություն հրավիրելու համար Կ. Պոլսում ծայրահեղ քայլերի դիմելու անհրաժեշտությունը չէին զգում: Մյուս կողմից, հույներից բացի, Բալկանյան մյուս ազգությունները չնչին բաժին ունեին Կ.Պոլսի բնակչության մեջ եւ չէին կարող այնտեղ շատ ակտիվ լինել: Միանգամայն այլ էր իրավիճակը հայերի համար: Առաջին աշխարհամարտի նախօրյակին Կ.Պոլսի շուրջ 1,2 մլն. բնակչության 18%-ը (թուրքերից հետո ամենամեծաքանակը)՝ հայեր էին15: Անշուշտ, պոլսահայությունը քաղաքական ու մարդկային վիթխարի կապիտալ էր, որը մտավոր ու տնտեսական առումով ավելի բարձր լինելով բուն Երկրի հայությունից, բնականաբար, չէր կարող դուրս մնալ հայ քաղաքական ուժերի տեսադաշտից: Բայց եթե հնչակյանները 1890-ականների առաջին կեսին հիմնականում բավարարվում են այստեղ խաղաղ ցույցեր կազմակերպելով, ապա դաշնակցությունը հետագա տարիներին այն դարձնում է զինյալ պայքարի ասպարեզ՝ փորձելով կայսրության սրտում հասցված շոշափելի հարվածներով դրական լուծում ապահովել Հայկական հարցին: Այդ առումով Կ.Պոլսի դերը հատկապես աճեց, երբ սկզբնավորվեց եւ իրական դարձավ հայ-մակեդոնական դաշինքը, որը հնարավորություն ստեղծեց սուլթանական բռնապետության դեմ առաջին անգամ օգտագործել պայքարի սկզբունքորեն նոր, բայց ազդեցիկ այնպիսի զինամիջոցներ, ինչպիսիք էին դինամիտը, ուժանակն ու ռումբերը:
Հայ-մակեդոնական քաղաքական շփումները սկսվել էին Եվրոպայում՝ «Դրոշակի» խմբագրության միջոցով: 1895թ. կեսերին նման շփումներ տեղի են ունենում նաեւ Կ.Պոլսում եւ մի քանի ամսվա բանակցությունների արդյունքում վերածվում հայ-մակեդոնական դաշինքի:
Դեռեւս 1895թ. հունիսի 8-ին ՀՅԴ Կ.Պոլսի կազմակերպության ղեկավար Հ. Յուսուֆյանը (Մելիք) «Դրոշակի» խմբագրությանն ուղղված նամակում հայտնում է հայ-մակեդոնական շփումների մասին: «Բուլգարներու(մակեդոնացիների՝ Հ.Գ.) ներկայացուցիչը երկու օր է հոս եկած է յատկապես մեզ հետ բանակցելու համար,- գրում է Յուսուֆյանը,- Անոնք կ՛ուզեն գործել դինամիտով եւ մեր գործակցութիւնը կ՛ուզեն: Մենք տակաւին... վերջնական համաձայնութիւն չտուինք: Եթե համաձայնինք, պէտք է միաժամանակ գործենք Պոլիս եւ Մակեդոնիա: Կարծես թե պիտի համաձայնինք...»16: Նույն տարվա հուլիսի 25-ին գրված նամակում, հայտնելով մակեդոնացիների հետ պաշտոնական բանակցություններն ավարտելու մասին, Յուսուֆյանը ներկայացնում է կնքվելիք պայմանագրի բովանդակությունը, մասնավորապես նշելով, թե. «Հոս կ՛ուզեն մեզի ձգել, իրենք կը խոստանան ինչքան պետք է մեզի հայթայթել (խոսքը դինամիտի մասին է ՝ Հ.Գ.) եւ կը փափաքին, որ շուտով սկսինք... Հոս ինչ-որ ընենք այդ ուղղութեամբ, երկուքիս անունով պիտի ըլլայ, իսկ իրենցը՝ իրենց անունով, բայց արդեօք մի այսպիսի միացեալ գործունէութիւն մը մեր դատին արդի պայմաններու մեջ օգտակա՞ր թէ վնասակար կրնայ ըլլալ: Մենք սկզբունքով համաձայնած ենք, բայց միայն կը վախնանք թէ վնասենք, փոխանակ օգնելու ...»17: Հետագա շաբաթների ընթացքում, սակայն, փարատվում են համագործակցության նպատակահարմարության վերաբերյալ կասկածները: Ստացվում է նաեւ ՀՅԴ ղեկավար մարմինների համաձայնությունը: Սեպտեմբերի 9-ին Յուսուֆյանն արդեն հայտնում է դինամիտի առաջին խմբաքանակի ստացման եւ պայմանագրի շուրջ վերջնական համաձայնության գալու մասին18: Սեպտեմբերի 21-ի նամակում, որը գրվել է հնչակյանների կազմակերպած Բաբ Ալիի ցույցից հետո՝ Կ. Պոլսում ստեղծված ծանր իրադրության պայմաններում, Յուսուֆյանը հայտնում է, թե. «Վճռած ենք մակեդոնացիներու հետ ռումբ տինամիտի դիմել...»19: Մի քանի օր անց՝ սեպտեմբերի 26-ին նա ոչ միայն հայտնում է մեծ քանակությամբ ուժանակ եւ ռումբեր ստանալու մասին, այլեւ, ըստ էության, առաջին անգամ առաջ է քաշում Կ. Պոլսում ռումբային կռիվներ սկսելու գաղափարը, դա համարելով օրհասական վիճակում գտնվող հայության փրկության ելքը: Նա առաջարկում է «...ուլտիմատում մը ներկայացնել թուրք կառավարութեան ու վեց պետութեանց. եթէ չտրուին մեր պահանջները, սկսել-կամ ապրիլ կամ մեռնիլ վճռել: Ինչ անելու էք շուտ ըրեք, ալ սպասելու, դանդաղելու ժամանակը չէ... հակառակ պարագային մենք կը ջնջուինք բոլորովին այս ընթացքով 1-2 տարուայ մէջ, եթէ այս վիճակը շարունակուի...»20:
ՀՅԴ ղեկավարության մեջ Կ. Պոլսի յուրահատուկ դերի հարցում այդ ժամանակ որեւէ տարակարծություն չկար: Դեռեւս 1895թ. նախատեսվում էր այնտեղ մեծ ցույց կազմակերպել մայիսյան բարենորոգումների ծրագրի իրականացման պահանջով: Բաբ Ալիի ցույցը եւ դրան հաջորդած դեպքերը թեեւ ձախողեցին այդ մտահղացման իրականացումը, բայց ավելի ակնառու դարձրին Կ. Պոլսի դերն ու նշանակությունը:
Այդ հարցում արտահայտելով ՀՅԴ բյուրոյի կարծիքը՝ Ս. Զավարյանը 1895թ. հոկտեմբերի 3(15)-ին «Դրոշակի» խմբագրությանը գրում է. «Պոլիսը առաջնակարգ դեր է խաղալու դեռ շատ օրեր, գուցէ տարիներ: ...ամենաքիչ վտանգը այստեղ ու ամենամեծ արդիւնաւետութիւնը որեւէ գործի ( հազար ռուբլին Պոլիս աւելի մեծ գործ կը կատարէ, քանց 10 հազարը Խնուս, Վան, մի ոյժը անուան, գործի առաջանալու տեսակէտից աւելի արդիւնք կը տայ Պոլսում, քանց 10 ոյժ Վան, Խնուս)... Մեզանից մէկը պիտի գնայ այնտեղ:
Այստեղից օգտակար կարող էինք լինել Թոփալն (Քրիստափոր Միքայելյանը՝ Հ. Գ.) ու ես»21:
Նույն օրերին Կ. Պոլիս՝ Հովհաննես Յուսուֆյանին ուղղված նամակում Ս. Զավարյանը զարգացնում է իր նախորդ գաղափարը. «Ի նկատի ունենալով երկրի հեռու լինելը, թղթակիցների բացակայութիւնը, Բարձր Դրան Պոլիս լինելը, ի նկատի ունենալով, որ այդտեղ 100 հազար գաղթական կայ եւ հայերը մի տեղ են, որ դա քաղաք է, ինձ թւում է, որ այդտեղի 10 ոյժի, 10 ռուբլու գործը աւելի արձագանք կը ստանայ, քան 100 ոյժը եւ 100 ռուբլունը խուլ տեղերում: Ահա ինչու Պոլսի վրայ մեծ ուշադրութիւն պիտի դարձնել: Մանավանդ հիմա, երբ իսկական փոփոխութիւնները նոր են սկսուելու, հարկաւոր է ահագին հմտութիւն... Գուցե ես ինքս կարողանամ մի քանի ամսից ձեզ մոտ անցնել»22: Նոյեմբերի 6-ին Կ. Պոլիս ուղարկված նամակում Ս. Զավարյանն արդեն առաջարկում է որոշակի գործողություններ. «Այդտեղ աշխատեցեք, յարմարութիւնները բոլոր այդտեղ են. րիսկը համեմատաբար քիչ, որովհետեւ տերութիւնները մօտ են, հասարակութիւնը աւելի շուտ ու աւելի ճիշդ գաղափար է կազմում, իսկ ներքին նահանգներից, գուցէ, ձայնը բոլորովին չի էլ հասնում: Մի խօսքով, այդտեղի արածը թէ՛ աւելի շուտ ուշադրութեան առարկայ կը դառնայ եւ թէ՛ պակաս զոհ կը պահանջի. գործ, գործ եւ էլի գործ, թէ կարող էք մի բան թռցրէք օդը ...»23:
Այսպիսով, 1895թ. վերջերին Կ. Պոլիսը հայտնվում է ՀՅԴ ուշադրության կենտրոնում: Անգամ շոշափվում է վերջինիս ղեկավարների Կ. Պոլիս փոխադրվելու հարցը: Օսմանյան դրամատան գրավմանը նախորդած ամիսներին մասնավորապես առարկայորեն դրվում է Ռոստոմի (Ստ. Զորյան) Կ. Պոլսում հաստատվելու հարցը, որը չի իրականանում միայն վերջինիս անսպասելի հիվանդության պատճառով24: Այնուհանդերձ, դա չի խանգարում, որ դրսից Կ.Պոլիս մտնեն մի շարք գործիչներ, որոնց վիճակված էր կարեւոր դերակատարություն ունենալ ծրագրված ձեռնարկների իրականացման գործում:
Նույն ամիսներին ուրվագծվում են նաեւ Կ. Պոլսում եւ Երկրում կիրառվելիք մարտավարության հիմնական սկզբունքները, հստակեցվում նպատակները, որոշակիացվում դրանց իրականացման մեխանիզմները:
Հայկական զանգվածային ջարդերն առաջացրել էին վրեժխնդրության բնական զգացողություն. հարվածներին պետք էր պատասխանել հարվածներով: Այդ մասին նույնիսկ բարձրաձայն հայտարարում էին ազատամարտի որոշ ղեկավար գործիչներ: Անդրադառնալով Տրապիզոնի հայության 1895թ. ջարդերին, Ս. Զավարյանը գրում է. «Եթէ նոյնիսկ րեֆորմները մտցնեն, այդ բարբարոսութիւնը այդպէս չպիտի թողնել: Վրէժ է հարկաւոր, ոչ միայն վրեժի համար, այլ իբրեւ նախազգուշութիւն այդպիսի բարբարոսութիւնների... Իմ կարծիքս է. մի-երկու ամսից յետոյ եթէ հանդարտութիւն լինի, օդ ցնդեցնել մի քանի տաճկաց դեսպանատներ, օրինակ, Պետերբուրգ, Փարիզ, Վիեննա... Նոյնը կ՛անենք եւ Պոլիս եւ կը յայտարարենք: Ես բոլորովին լուրջ եմ խօսում սրա մասին»25:
Մի քանի օր անց՝ հոկտեմբերի 9 (22)-ին գրած նամակում Ս. Զավարյանը շարունակում է նույն գաղափարը: «Ինձ համար քանի գնում, այնքան աւելի է պարզւում, որ ոյժ պիտի տալ տեռօրին: Ինչպես գրած էի եւ ամսիս սկիզբի նամակի մէջ, այս բոլոր կանիբալական գործերից յետ անհրաժեշտ է դրանց պատասխանել նոյնատեսակ կանիբալական միջոցներով»26: Թեեւ Ս. Զավարյանի կողմից դեսպանատները պայթեցնելու վերաբերյալ արված առաջարկները չափից ավելի ծայրահեղ էին թվում ընդունելի լինելու համար, այնուհանդերձ, պետական ահաբեկչությանը նույն կերպ պատասխանելու եւ Երկրում ակտիվ հարվածների դիմելու գաղափարները խիստ կենսունակ էին եւ ունեին ոչ սակավաթիվ կողմնակիցներ: Դրանք պաշտպանություն են գտնում նաեւ «Դրոշակի» խմբագրության կողմից՝ ի դեմս Հոնան Դավթյանի եւ այդ ժամանակ Կ. Պոլսից հեռացած ու Ժնեւում հաստատված Հովհաննես Յուսուֆյանի:
Հոնան Դավթյանի գրչով այդ օրերի տրամադրությունն էր արտահայտում «Դրոշակը»՝ գրելով հետեւյալ տողերը. «Տմարդ թշնամին պիտի՛ պատժուի, պէ՛տք է վրէժխնդիր լինել կոտորածների, սարսափների իսկական հեղինակից ու նրա հերոսներից: Եւ մի՞թէ կարող է պատահել, որ հայի... ընտանիքը բռնաբարողը ու անպատուողը, նրա տունը եւ ինչքը աւերողը, նրա արեան մէջ լողացողը անպատիժ մնա՞յ. ո՛չ, նա պիտի պատժուի, պիտի՛ վրէժխնդիր լինել... այլեւս յապաղելու չէ, տատանման րոպէն վաղու՜ց պիտի անցած համարել:
Եւ դաւաճան, ոճրագործ է նա՛, որ ձեռները ծալած հանդիսատեսի դերը կը կատարի:
Կռի՛ւ է, մորթու՛մ են, կռուենք»27:
Թավրիզի գործիչներին 1896թ. փետրվարին ուղղված նամակում Հ. Դավթյանը տվյալ փուլում գործունեության գլխավոր միջոցներ է համարում «...տերրօրը եւ հայդուկային գործունեութիւնը եւ այն էլ կատաղի ձեւով»: Նա առաջարկում է դեն նետել դիվանագիտությունն ու քաղաքական հանգամանքները եւ «...սկսել գործունէութիւն եւ այն էլ քանդող, աւերող, հրդեհող, կոտորող...»28: Այդ գաղափարները պաշտպանելով հանդերձ՝ Հ. Յուսուֆյանն իր հերթին կոչ էր անում հրաժարվել թուրք զանգվածի նկատմամբ զուսպ քաղաքականություն վարելու, նրա «չեզոքացման» նախկին մարտավարությունից եւ վերջինիս հանդեպ վարել ավելի կոշտ քաղաքականություն: «Ըստ իս եթէ մեր կողմէն աւերուին, կործանուին, թալանուին... թուրք քանի մը գիւղեր,- գրում է Հ. Յուսուֆյանը,- այդ աւելի շուտով կը չեզոքացնէ քան թէ առաջուան տակտիկան, որ... այժմ... թէ՛ սխալ եւ թէ՛ վնասակար է: Թուրքին երբ ծեծես, քո բարեկամը, քո շունը կը դառնայ... հետեւաբար մեր հայդ. խմբերը պիտի յարձակուեն թուրք գիւղերի վրա, աւերեն, կործանեն, այրեն եւ սարսափահար անեն թուրք ազգաբնակութիւնը, հրդեհեն կառավարական հիմնարկութիւնները... այս ձեւը ըստ իս նախընտրելի է... ուղղակի պիտի սկսել եւ կատաղի, յարատեւ, անընդհատ կերպով... Եթէ ձեր տրամադրութեան տակ ուժեր ունիք պատրաստի, առանց ուշացնելու թող արշաւեն Թուրքիա եւ հանդիպած թուրք գիւղերը աւերեն, հրդեհեն... եւ այս ամենից լաւ ու ազդու դասը կը լինի»29:
Ակտիվ ու կտրուկ գործողությունների հարց դնելով՝ ՀՅԴ ղեկավար գործիչները դրանց հետ լուրջ քաղաքական ակնկալիքներ էին կապում: Նրանք համակարծիք էին, որ գործի դրվելիք ծայրահեղ միջոցառումների գերագույն նպատակը պետք է լինի արտաքին միջամտության առաջ բերումը: 1895թ. նոյեմբերին գրված նամակում Ս. Զավարյանն, անդրադառնալով այդ խնդրին, գրում է. «...մեր գլխաւոր անելիքը չպիտի մոռանանք, թէ չէ հարցը եթէ հիմա չլուծուեց - ամեն ինչ տարուած է: Պիտի առաջ բերել միջամտութիւն (կոնֆերենցիա) կամ պատերազմ եւ մինչեւ իրականացնելը (նահանգների գրաւելը ուրիշ տերութեան զօրքերով - ինձ թւում է առանց գրաւումի խաղաղութիւնը դժուար թէ կը վերականգնուի) գործը անպատճառ շարունակել. քանի մենք աւելի գործ, ոյժ ցոյց տանք, այնքան աւելի գրաւական կայ որ մեր ձայնը աւելի լսուած կը լինի»30: Իրենց հերթին Հ. Դավթյանը եւ Հ. Յուսուֆյանը որպես միջազգային միջամտության հնարավոր հետեւանքներ քննարկում են նաեւ Օսմանյան կայսրության բաժան-բաժան արվելու, կամ որպես հայերի համար ընդունելի համեմատաբար վատթար տարբերակ՝ Արեւմտյան Հայաստանը Ռուսաստանի կողմից ռազմակալման ենթարկվելու հնարավորությունները31: Դա վկայում է, որ ազատագրական պայքարի ղեկավարներն, անշուշտ, որոշակի պատկերացում ունեին դիվանագիտական կուլիսներում ընթացող պայքարի եւ անգլիական, մեր կողմից արդեն հիշատակված, առաջարկների մասին:
Նույն նամակում՝ գործնականում արտահայտելով ՀՅԴ բյուրոյի կարծիքը, Ս. Զավարյանը որոշակիացնում է միջազգային միջամտություն առաջ բերելու նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Որպես այդպիսիք նշվում են.
1. Գործունեության կտրուկ ակտիվացումը Կ. Պոլսում:
2. Հայդուկային նոր, մեծաքանակ խմբերի ստեղծումը եւ դրանց անհապաղ ուղարկումը Արեւմտյան Հայաստան: Մասնավորապես առաջ է քաշվում Կարսի շրջանից՝ Էրզրումի, իսկ Պարսկաստանի տարածքից՝ Վասպուրականի ուղղություններով արշավախմբեր ուղարկելու գաղափարը32:
Փաստորեն նշված առաջարկներով ուրվագծվում է պայքարի մարտավարությունը 1896թ. համար: Ճիշտ է, հետագա ամիսներին դրա շուրջ տեղի են ունենում նոր, ակտիվ քննարկումներ, որոնք իրենց արտացոլումն են գտնում ՀՅԴ Բյուրոյի, «Դրոշակի» խմբագրության եւ ՀՅԴ Կ.Պոլսի ու Պարսկաստանի կազմակերպությունների ղեկավար գործիչների նամակագրության մեջ, բայց այդ քննարկումներն ավելի շատ վերաբերում էին հասցվելիք հարվածների որոշակիացման, դրանց նախապատրաստական աշխատանքներին, իրականացման ժամկետներին, հարվածներն իրար հետ զուգակցելու խնդիրներին եւ այլն: Անդրադառնալով այդ շրջանում «Դրոշակի» խմբագրության պատասխանատուներ Հ. Դավթյանի եւ Հ. Յուսուֆյանի հետ իր հանդիպմանը, Արմեն Գարոն (Գ. Փաստրմաճյան) նույնպես վկայում է 1895թ. նոյեմբեր - դեկտեմբերին վերը նշված մարտավարության ձեւավորված լինելու մասին33:
1896թ. համար ծրագրված մարտավարության հստակ ձեւակերպումը տալիս է Ս. Վրացյանը: «Մի շարք գրաւոր եւ բանաւոր խորհրդակցութիւններից յետոյ,- գրում է նա,- Հ.Յ.Դ. Բիւրոյի, Երկրի եւ Պարսկաստանի մարմինների ու գործիչների միջեւ, որոշւում է 1896-ին, միաժամանակ, Պոլսում եւ Երկրի ներսը՝ Պարսկաստանից ու Կարսի շրջանից կատարել ընդհանուր յեղափոխական ձեռնարկներ, որոնց բնոյթը թողնւում էր որոշել տեղական մարմիններին. Կովկասեան մարմինները պիտի բերէին իրենց նիւթական եւ բարոյական աջակցութիւնը»34:
Դրանով հանդերձ, ճշտված չէին հիմնական անելիքները Կ. Պոլսում՝ դրանց ընտրությունը թողնելով տեղական մարմիններին: Երկարատ— փնտրտուքից հետո՝ միայն ամիսներ անց, հստակ դարձավ Օսմանյան դրամատան գրավման եւ դրան զուգահեռ մյուս ձեռնարկների իրականացման գաղափարը: Իսկ մինչ այդ, քննության առարկա էր դարձել Կ. Պոլսում անհատական խոշոր ահաբեկչության նախապատրաստման հարցը: Որպես թիրախներ նկատի էին առնվել ոստիկանության նախարար Նազըմը, նրա գործակից Հյուսնին, ապա սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը: Հայկական ջարդերից անմիջապես հետո նման թիրախների ընտրությունն առաջին հերթին վրիժառության նպատակ էր հետապնդում: Օսմանյան դրամատան գրավման ձեռնարկի կազմակերպիչ Բաբկեն Սյունին (Պետրոս Փարյան) դեռեւս 1895թ. դեկտեմբերին Ժնեւ՝ Հ. Յուսուֆյանին գրած նամակում առաջարկում է. «Թող Նանսիի մեր բարեկամներ (նկատի ուներ Արմեն Գարոյին եւ նրա ընկերներին՝ Հ. Գ.) եթէ անկեղծ հայրենասէրներ են, հոս գան ի միացած ուժերով մեր վրէժ լուծենք գազան Համիտէն, որու մասին անկասկած եմ որ յաջողութիւննիս մեծ պիտի ըլլայ...»35: ՀՅԴ Կ. Պոլսի կազմակերպության ղեկավարներից Ա. Վռամյանը նույնպես 1896թ. փետրվարին որոշակիորեն անդրադառնում է Աբդուլ Համիդի ահաբեկման ծրագրին: «Գալով տեղական գործերուն,- գրում է նա «Դրոշակի» խմբագրությանը,- Հիւսնիի խնդիրը յետաձգեցինք Սուլթանին համար, բայց հիմա ալ տարաձայնութիւն կայ մեր մէջ. մեր ընկերները կը պնդեն թէ շատ անխոհեմ գործ է այդ, որովհետեւ իսկոյն կը կրկնուին կոտորածները... Չէ՞ որ ամէն պարագայի մէջ խալիֆէն որուն դէմ պիտի ըլլայ այդ փորձը, նոյնիսկ այն վալիները, որ հիմա կը զսպեն, իրենք այս անգամ առաջին նշանը չպիտի՞ տան նոր ջարդերուն:
Ենթադրէնք թէ մինչեւ իսկ Եւրոպ. զօրքը գրաւէ քաղաքը, բայց մինչեւ այդ ըլլալը, մինչեւ նորի մը գահակալութիւնը... ո՞վ պիտի զսպե խուժանը... Այդ առարկութիւններն անտեղի չեն, եւ իրաւ որ ես ինքս ալ հակուած եմ այդ կարծիքին, թէեւ գեղեցիկ առիթ մը փախցուցած կ՛ըլլանք, խնդիրը փակուած չէ. վերջին անգամ մեր ընկերներուն վճռին պիտի ձգենք...»36:
Ավելի ուշ՝ 1896 թ. հունիսին՝ կրկին անդրադառնալով այդ հարցին, որպես անցյալի, Ա. Վռամյանը հիշում է, որ «Նոյնիսկ երեք հոգիի յանձնարարուած էր՝ Բաբգէնին, Եգիպտացիին եւ Զարեհին ուսումնասիրել հրէշին անցնելու ճամբան Ռամազանի մէջ»37: Փաստերը ցույց են տալիս, որ 1896թ. Ռամազան 15-ին սուլթանից վրեժխնդիր լինելու բոլոր պատրաստությունները տեսնված էին: Բայց, ինչպես վկայում է Հոնան Դավթյանը, թեեւ որոշված էր «...Մեծ-Շանը (Աբդուլ Համիդին՝ Հ.Գ.) սատկեցնել աղօթքի գնալուց... բայց հէնց վերջին օրը հրաժարւում են ընդհանուր կոտորածից վախենալով»38:
Գնալով տիրապետող է դառնում Կ. Պոլսում մասշտաբներով վիթխարի հարված հասցնելու գաղափարը: Կ. Պոլսի գործիչներին հատկապես մեծ վստահություն է հաղորդում տեղում՝ սեփական ուժերով ռումբերի պատրաստման գործի յուրացումը, որը հնարավորություն է տալիս ձեռքի տակ ունենալ մեծ քանակությամբ ռումբեր եւ որի մասին 1896թ. ապրիլին ոգեւորությամբ ՀՅԴ ղեկավար մարմիններին տեղեկացնում էր Ա. Վռամյանը39:
Քայլ առ քայլ գնալով մեծամասշտաբ ձեռնարկի կազմակերպմանը, Կ. Պոլսի գործիչները մերժում են հապճեպ եւ լավ չնախապատրաստված ձեռնարկներ կատարելու ՀՅԴ Բյուրոյի ու «Դրոշակի» խմբագրության համառ առաջարկները: Լուրջ կասկած հայտնելով նման քայլի արդյունավետության ու հետեւանքների մասին, Ա. Վռամյանը 1896թ. հունիսի 2(14)-ին գրած նամակում ներկայացնում է խնդրի վերաբերյալ իր նկատառումները: «...Ձեր ստիպումները հարսանիքի (նկատի ունի ձեռնարկը՝ Հ.Գ.) մասին քիչ մը անտեղի կը գտնեմ,-գրում է նա,- ...խելքերնիս գլուխնիս ժողվելու եւ ահարկու բան մը ընելու ենք: Ի՞նչ օգուտ մէկ-երկու հատ մը գործածել (խոսքը ռումբերի մասին է՝ Հ. Գ.), երբ անոր անմիջական հետեւանքը պիտի ըլլայ բազմաթիւ ձերբակալութիւններ եւ միջոցներ, որոնք արգելք պիտի ըլլան երկրորդելու մեր փորձը... ինչո՞ւ... վտանգենք, ժամանակի պզտիկ հաճոյքին զոհենք աւելի տեւականը եւ հոյակապը: Ցորչափ այս անհամերաշխութիւնը կը տիրէ եւրոպ. դիւանագիտութեան մէջ, ուշ չէ: Այն ատեն այդ մարդիկ մատերնին պիտի զարնեն, երբ տեւական ահարկու գործողութիւն մը վեր ու վար ընէ մայրաքաղաքը... Ընելու է, բայց խոշոր, ջախջախիչ գործ մը...
Այս բոլորին մէջ իմ ցաւս այն է, որ գործ մը կը կատարենք, առանց իրարմէ տեղեկութիւն ունենալու: Վանի դէպքը եթէ վերջացած սեպենք, անօգուտ գործ մը եղաւ:
...Գալով մեզ... առանց հիմնաւոր պատրաստութեան խենթութիւն է. եւ իմացէք, որ այստեղի մեր անյաջողութիւնը... թերեւս իսպառ անհնարին դարձնէ նորի մը կրկնութիւնը...
Ձգենք զգացումները եւ խելքով շարժինք »40:
Թեեւ 1896 հունիսի 13(25)-ի նամակում Ա. Վռամյանը հայտնում է, թե «...արդեն Հիւսնին եւ Նազըմը ճամբելու որոշումը տուած ենք եւ սկսած ենք...»,41 սակայն ակնհայտ է, որ նրա վերը նշված նկատառումների համապատկերի վրա Նազըմի եւ Հյուսնիի ահաբեկման գաղափարն արդեն չէր կարող նախկին հմայքն ունենալ: Որոնումները կրկին շարունակվում են: ՀՅԴ Կ. Պոլսի գործիչներից Սարգիս Մինասյանը Բաբկեն Սյունուն նվիրված հոդվածում վկայում է, որ վերջինս էր, որ «...ամբողջ Պոլիսը վառելու խորհուրդը յղացավ. թէեւ մերժվեցավ իբր անագորոյն գործողութիւն մը...»: Ի վերջո, նույն Բաբկեն Սյունին էր, որ առաջարկում է Օսմանյան դրամատան գրավման գաղափարը, որը դրվում է Կ. Պոլսում գործադրվելիք ձեռնարկների առանցքում42:
Մինչ Կ. Պոլսում որոնումներ էին կատարվում եւ ծրագրեր մշակվում, ՀՅԴ Պարսկաստանի եւ Կովկասյան ղեկավար մարմիններն իրենց հերթին նախապատրաստում էին մյուս հարվածները: Ըստ որում, արդեն 1895թ. կեսերից նկատվում է պայքարը կոորդինացնելու, գործողությունները փոխադարձ համաձայնեցնելու եւ ուժերն առանձին շրջաններում կենտրոնացնելու միտումներ: Քննադատաբար մոտենալով նախորդ տարիների գործունեությանը, 1895թ. ամռանը «Դրոշակին» ուղղված նամակում Ռոստոմը գրում է. «Մեր առաջին եւ ամենամեծ սխալը նրանում է, որ մենք ամբողջ Տաճկահայաստանը միանգամից ցանկացանք ոտքի կանգնեցնել. մենք չկարողացանք ընտրել մի կէտ եւ կենտրոնացնել այնտեղ մեր ուժերը: Իսկ ցրելով մեր ուժերը՝ մենք դարձեալ անկարող եղանք ընտրել համապատասխան գործունէութեան եղանակ»: Շարունակելով իր միտքը, նա առաջարկում էր լուռ ու մունջ աշխատել, որոշակի կետեր տեղափոխել անհրաժեշտ ուժեր եւ նոր միայն ընդհանուր ծրագրով սկսել այս կամ այն գործը43: Որպես նման մտածողության գործնականացման օրինակ 1895թ. ամռանը Կարսի գծով Երկիր են մտնում Հրայրի(Ա.Ղազարյան)՝ երկու, Աղբյուր Սերոբի (Ս. Վարդանյան) եւ Թաթուլի (Արամ Արամյան) խմբերը: Դրանցից Աղբյուր Սերոբի խումբն անցնում է Ախլաթ, իսկ Հրայրի եւ Արամ Արամյանի խմբերը կենտրոնանում են Բասենում՝ խնդիր ունենալով Կարինի, Ալաշկերտի ու Խնուսի երիտասարդության կազմակերպումն ու զինումը44: Նույն ամիսներին Ռոստոմի գաղափարներով ներշնչված երկիր են մտնում նաեւ ՀՅԴ մի քանի այլ փորձված գործիչներ՝ Դուրբախը (Խնուս), Աբրոն, Կառնենու Մկրտիչը (Մուշ) եւ այլն: Ինքը՝ Ռոստոմը, հասնում է Էրզրում45: Միաժամանակ, Կարսի մարզի սահմանամերձ հայկական գյուղերում ստեղծվել էին զենքի պահեստներ ու հավաքվել մարտական խմբեր՝ Երկիր մտնելու եւ այնտեղ գտնվող ուժերի հետ համատեղ գործողություններ սկսելու համար: Նմանատիպ պատրաստություններ տեսնվել էին նաեւ Պարսկաստանում: 1896թ. փետրվարին՝ «Դրոշակի» խմբագրությանը տեղյակ պահելով Կովկասյան մարմինների ծավալած գործունեության մասին, Ա. Վռամյանը գրում է, թե «...մոտ երկու հազար հայդուկ կը պատրաստուին Խնուս եւ Վասպուրական արշաւել»46: Թեեւ հետագա իրադարձությունները չհաստատեցին այդ տեղեկատվության բացարձակ ճշմարտություն լինելը, այնուհանդերձ, այն որոշակի պատկերացում է տալիս ՀՅԴ Կովկասյան ու Պարսկաստանի մարմինների ծավալած գործունեության մասին:
Արշավանքի հմայքը մեծացնելու նպատակով ՀՅԴ Երեւանի Կոմիտեն բանակցություններ է սկսում Րաֆֆու նշանավոր վեպի հերոս Խենթի (Սամսոն Տեր-Պողոսյան) հետ՝ արշավանքին վերջինիս մասնակցությունն ապահովելու ակնկալիքով: Այդ բանակցություններն ավարտվում են 1896 թ. ապրիլի 10-ին: Խենթը պարտավորվում է իր խմբով անցնել Արեւմտյան Հայաստան ու զինված պայքար սկսել, իսկ Դաշնակցությունը պարտավորվում է նրան տրամադրել 100 հրացան՝ 200-ական փամփուշտով եւ հոգալ նրա գիմնազիայում սովորող որդու ուսման ծախսը47: Չնայած 1896թ. համար ծրագրված արշավանքների ձախողումից հետո էլ Խենթի հետ բանակցությունները շարունակվում են, սակայն ինչ-ինչ պատճառներով չի հաջողվում ապահովել նրա մասնակցությունը 1897թ. իրականացված ձեռնարկներին՝ մասնավորապես Խանասորի արշավանքին:
Սակայն, նախապատրաստական աշխատանքները տրամաբանական ավարտին հասցնել չի հաջողվում: Թուրքական իշխանությունների գործողություններն էլ թույլ չեն տալիս ժամանակի առումով զուգակցել Կ. Պոլսի եւ Երկրի ձեռնարկները: 1896թ. հունիսին հայ երեք քաղաքական կուսակցությունների համատեղ ուժերով կազմակերպված Վանի ինքնապաշտպանության ձախողումը եւ Պարսկաստանի ուղղությամբ նահանջող ինքնապաշտպանական հիմնական ուժերի ոչնչացումն արմատապես փոխում են իրավիճակը՝ անհնարին ու նաեւ ոչ ցանկալի դարձնելով նախատեսված արշավանքների իրականացումը:
Վանի դեպքերից անմիջապես հետո՝ 1896թ. հունիսի 22-ին Կարսում կայացած ՀՅԴ զինվորական խորհուրդը, որին մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Ս. Զավարյանը, ՀՅԴ այդ տարիների աչքի ընկնող զինվորական գործիչներ Հրայրը, Արամ Արամյանը, Արիստակես Զորյանը (Կարո), Երվանդ Բաբերյանը (Ջալլադ), Հայկ Մելիք-Դադայանը (Աբա-Մելիք), Բարսեղ Տեր-Գրիգորյանը (Ղարա-Մելիք) եւ Կարսի գործիչները, քննության ենթարկելով միջազգային իրավիճակի, Կ. Պոլսի ու Երկրի իրադրության, ճանապարհների անցանելիության, ուժերի կենտրոնացման եւ այլ խնդիրներ՝ կայացնում է հետեւյալ որոշումը. «Մինչեւ 20 օր պատրաստ լինել անցնելու. եթէ Վանի դէպքերը, սպանութիւնները մեծ չափով եղած լինեն, այդ քսան օրից յետոյ չանցնել. եթէ փոքր չափով եղած լինեն, անցնել յարձակում գործելով»48:
Դեպքերի հետագա ընթացքը, սակայն, չարդարացրեց սպասելիքները: Վանի ջարդերը սպասվածից ավելի մեծամասշտաբ էին: Մեծ կորուստներ էին կրել նաեւ տեղի ռազմունակ ուժերը՝ հատկապես արմենականները: Մասնավորապես, գրեթե լիովին բնաջնջվել էին Վանից դեպի Պարսկաստան հեռացող ինքնապաշտպանական ուժերը: Մյուս կողմից՝ 1896թ. հուլիսի 2-ին Բասենի Քյոփրիքյոյ գյուղում ձերբակալվել էին Բասենի եւ Կարինի հայդուկային խմբերի ղեկավարներ Հրայրը եւ Արամ Արամյանը՝ առանց ղեկավարի թողնելով տեղի ուժերին: Իրենց հերթին, ռուսական իշխանություններն ուժեղացնում են խստությունները Կարսի եւ Երեւանի սահմանամերձ շրջաններում՝ կատարելով նաեւ ձերբակալություններ:
«Մեր ծրագիրը մեծ մասամբ խորտակուեց,- հուլիսի 10-ին «Դրոշակի» խմբագրությանը գրված նամակում դառնությամբ արձանագրում է Ս. Զավարյանը,- Ի՞նչ դրութիւն է ներսը (նկատի ունի Վանը՝ Հ.Գ.) դժուար է գիտենալ: Ի՞նչ ենք անելու, էլի չգիտեմ: Պարզ է, որ երբ հարկաուոր էր օգնութեան գնալ, մենք պատրաստ չէինք:
Ջալլի (Ջալլադի՝ Հ.Գ.) ձեռնարկութիւնը (նկատի ունի Կարսից կատարվելիք արշավանքը՝ Հ.Գ.) նոյնպես անորոշ դրութեան մէջ է. ներկայ պարագաներում դժուար նրանք համարձակուեն որոշ բան անել... Միակ յոյսը Պոլիսն է... Մեծ յուսահատութիւն է: Գլուխս շատ խառն է, չգիտեմ ինչ կը լինի...»49:
Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ Ս. Զավարյանի մտավախությունն անտեղի չէր: Հուլիսի 21-ին Կարսում գումարված զինվորական գործիչների նոր ժողովը, քննարկելով Արեւմտյան Հայաստանում շարժումներ առաջ բերելու հարցը, աննպատակահարմար է համարում արշավանքը՝ ելնելով այն միաձայն համոզմունքից, որ «...խմբի անցնելը անպատճառ առաջ պիտի բերէ կոտորած, որ թաքուն, լուռ անցնելը անհնարին է համարւում, ընդհարումը անխուսափելի է եւ այլն...»50: Երկու օր անց՝ ստանալով նաեւ ՀՅԴ Բյուրոյի պատասխանը, որը Ս. Զավարյանի վկայությամբ այդ հարցում միասնական կարծիք չուներ, Կարսի ժողովը միաձայն որոշում է ցրել տեղի խումբը՝ հրաժարվելով արշավանքի գաղափարից51:
Այսպիսով, 1896թ. համար նախատեսված երեք խոշոր ձեռնարկներից երկուսից հարկ եղավ հրաժարվել: Ստեղծված իրավիճակում հնարավոր եղավ գործի դնել միայն Կ. Պոլսինը:
Պատմագիտության մեջ անճշտություններ կան Օսմանյան դրամատան գրավման գաղափարի հղացման ժամանակի վերաբերյալ: Հաճախ այն շփոթում են Կ. Պոլսում հզոր ձեռնարկի կազմակերպման վերաբերյալ ընդունված որոշման հետ: Ելնելով դրանից, մի դեպքում Օսմանյան դրամատան գրավման ծրագրի հղացումը վերագրվում է 1895թ. աշնանը52, այլ դեպքում՝ խոսվում արդեն 1896թ. փետրվար-մարտից դրա նախապատրաստական աշխատանքները սկսելու մասին53: Մինչդեռ վերը շարադրված նյութն անառարկելիորեն վկայում է, որ անգամ 1896թ. հունիսի կեսերին ՀՅԴ Կ. Պոլսի ղեկավար գործիչները դեռեւս չէին որոշակիացրել հասցվելիք հարվածը:
Այնուհանդերձ, դա չխանգարեց, որ ամիսներ շարունակ տենդագին աշխատանքներ տարվեին ռումբերի ու զինամթերքի պաշարներ կուտակելու եւ դրսից Կ. Պոլիս կազմակերպչական ունակություններ ունեցող մտավորական գործիչներ փոխադրելու ուղղությամբ: Աստիճանաբար Կ.Պոլիս են թափանցում ՀՅԴ Բյուրոյի կողմից գործուղված Հակոբ Վարդ-Պատրիկյանը (Վարդո), Սմբատ Խաչատրյանը (Բորիս), «Դրոշակի» խմբագրության կողմից ուղարկված՝ տակավին երիտասարդ ուսանողներ Արմեն Գարոն, Հայկ Թիրաքյանը (Հրաչ), Լեւոն Նեւրուզը: Իսկ Կ.Պոլսում մինչ այդ արդեն ձեւավորվել էր գաղափարական ու նվիրված երիտասարդների մի կորիզ՝ ի դեմս Ա. Վռամյանի, Բաբկեն Սյունու, Արտաշես Դեւյանի (Եգիպտացի), Արտաշես Անդրեասյանի, Խաչիկ Գնունու (Շահեն), Արտաշես Միսաքյանի եւ ուրիշների:
Աստիճանաբար ուրվագծվում ու ավարտական տեսք է ստանում ձեռնարկը՝ իր առջեւ դրված քաղաքական որոշակի նպատակադրումներով եւ իրականացման տեխնիկական մանրամասներով: Դրա առանցքում դրվում է Օսմանյան դրամատան գրավման խնդիրը: Լինելով միջազգային՝ գլխավորապես ֆրանս-անգլիական կապիտալի շահերի հետ կապված հաստատություն, Օսմանյան դրամատունը, ձեռնարկը մտահղացողների կարծիքով, լիովին հարմար էր եվրոպական շահերը հարվածի տակ դնելու եւ Հայկական հարցի դրական լուծման հեռանկարով միջազգային ցանկալի միջամտություն ապահովելու համար: Ձեռնարկը հղացողների մտածելակերպի եւ սպասելիքների մասին ուշագրավ վկայություններ է տալիս Արմեն Գարոն: «... եթե մեր յուսացածին պես ձեռնարկը հաջող դուրս գար, 24 ժամէն Պոլիսը գրաւած կը լինէր եւրոպական զինուորներով, եւ Հայկական հարցը կը ստանար իր ցանկալի լուծումը,- գրում է նա,- Չէ՞ որ նոյն տարին, Մայիս ամսին, եւրոպական մեծ պետութեանց դեսպանները պաշտօնապէս յայտարարած էին Սուլթանին, որ առաջին առթիւ, երբ Պոլսոյ մէջ նորէն խառնակութիւններ ծագեին, իրենք իրենց 12 մարտանաւերու զինուորները ցամաք պիտի հանէին կարգը վերահաստատելու համար: Եւ այդ իսկ նպատակաւ մենք ընտրեր էինք Բանկ Օթոմանի գրաւումը, իբրեւ միջոց ստեղծելու դեսպանները իրենց սպառնալիքը ի գործ դնելու»54: Թեեւ Արմեն Գարոն նման մտածելակերպի պատասխանատվությունը կապում է Հակոբ Վարդ-Պատրիկյանի հետ55, սակայն կասկածից վեր է, եւ մեր կողմից արդեն բերված փաստերն էլ վկայում են, որ վերջինս, իր անձնական կարծիքն արտահայտելով հանդերձ, հանդես էր գալիս որպես ՀՅԴ Բյուրոյի եւ ղեկավար գործիչների ընդհանուր տեսակետի արտահայտիչ: 1896թ. համար մշակված մարտավարության հարցում վերջիններիս շրջանում էական տարակարծություններ չկային:
Կ.Պոլսում հասցվելիք հարվածի թափը զորացնելու եւ այն ավելի մասշտաբային դարձնելու նկատառումով Օսմանյան դրամատան գրավմանը զուգահեռ նախատեսվում էին նաեւ գրեթե հավասարարժեք այլ հարվածներ: Նախատեսվում էր հայ մարտիկների ռմբային հարձակում Սամաթիայի զորանոցի վրա, Ղալաթիայի կամրջի վրա վարչապետի կառքի ոչնչացում եւ ռմբային հարվածներ դեպի դրամատուն շարժվող զորքերին56: Դրանց տեխնիկական հստակ իրականացումը սպառնում էր հանգեցնել ավերիչ հետեւանքների եւ քաոսային իրավիճակ ստեղծել կայսրության մայրաքաղաքում:
Օսմանյան դրամատան գրավման ձեռնարկի ղեկավարությունը ստանձնում է Բաբկեն Սյունին՝ օգնականներ ունենալով Արմեն Գարոյին եւ Հայկ Թիրաքյանին: Սամաթիայի գործողությունը պետք է ղեկավարեին Խաչիկ Գնունին, Արտաշես Անդրեասյանը եւ Արտաշես Միսաքյանը:
Ամբողջությամբ վերցրած՝ մտահղացումը վիթխարի ցուցական-ահաբեկչական ձեռնարկ էր, որը դուրս գալով դավադրության եւ ահաբեկչության այն ժամանակ ընկալելի շրջանակներից, ավելի շատ մարտի դաշտում երկու բանակների բախում էր հիշեցնում, թեեւ ակնհայտորեն անհավասար էին բախվող ուժերի իրական հնարավորությունները: Երկրում հասցվելիք միաժամանակյա հարվածների հետ զուգակցվելու դեպքում, որը ցավոք չստացվեց, այն իսկապես կարող էր տպավորիչ լինել: Թեեւ Կ.Պոլսում առաջին անգամ մեծաքանակ ռումբերի եւ ուժանակի օգտագործման հանգամանքն արդեն իսկ մեծապես նպաստում է հարկ եղած տպավորության ապահովմանը:
Մասշտաբայնության ու մեծաթիվ մարդկանց ներգրավվածության պայմաններում նախապատրաստված ձեռնարկը չէր կարող մինչեւ վերջին պահն աննկատ մնալ ոստիկանության եւ ամենուր վխտացող լրտեսների աչքից: Մասնավորապես աչքի է զարնում Սամաթիայում տիրող եռուզեռը: Տեղի հայ բնակչության կասկածելի պահվածքը, շատ հայերի՝ Սամաթիայից հեռանալու ձգտումը, վկայությունն էին այն բանի, որ ընդհանուր ձեռնարկի՝ Սամաթիային վերաբերող մասն, ըստ երեւույթին, գաղտնիք չէր մնացել: Իշխանություններն իրենք այստեղ նախահարձակ եղան՝ կատարելով խուզարկություններ ու ձերբակալություններ: Դրանց հետեւանքով իրադարձությունները Սամաթիայում ի սկզբանե ընթացան այլ սցենարով: Այստեղ կռվողները, Խ. Գնունու, Ա. Անդրեասյանի եւ Ա. Միսաքյանի գլխավորությամբ, հարձակողական գործողության փոխարեն ստիպված բավարարվեցին շուրջ 18 ժամ տեւած ռմբահարումներով եւ, թեեւ հերոսական, բայց ինքնապաշտպանական կռիվներով:
Սամաթիայի իրադարձությունները հիմք են տալիս կասկածի տակ դնելու նաեւ շրջանառության մեջ դրված այն թեզը, թե իբր թուրքական իշխանությունները նախապես տեղյակ էին Օսմանյան դրամատան գրավման ծրագրին եւ այն չկանխեցին, որպեսզի դրամատան գրավումն օգտագործեն Կ. Պոլսում հայկական նախապես պատրաստված ջարդեր իրականացնելու համար57: Առաջին հայացքից դրա օգտին է վկայում նաեւ «Դրոշակը»՝ դեպքերից գրեթե անմիջապես հետո՝ 1896թ. սեպտեմբերին, իր էջերում զետեղելով հետեւյալ տեղեկատվությունը. «Սեպտեմբերի 5-ին Դեսպանները սուլթանի դէմ արտասովոր խիստ լեզու են բանացնում. առաւել որ հավատացնում են՝ որ սուլթանի պալատում իմանում են եղել հայերի խլրտման մասին նախօրոք...»58: Նման տեղեկատվության աղբյուրը հիմնականում դիվանագիտական՝ մասնավորապես անգլիական, շրջանակներն են եւ այն կարող էր աղճատված ու ոչ ամբողջական լինել: Անշուշտ, Կ.Պոլսում հայկական ջարդերը իշխանությունների կողմից նախապես պատրաստված լինելու մասին տեսակետն անառարկելի է: Բայց, կարծում ենք, որ Սամաթիայի իրադարձությունները, որպես առիթ, ինքնին լիովին բավարար կարող էին լինել այդ ջարդերը սկսելու համար: Իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ իշխանությունների ունեցած տեղեկատվությունը վերաբերում էր հենց Սամաթիային, որտեղ նրանք անմիջապես փորձեցին չեզոքացնել հայ հեղափոխականներին եւ դեպքերը տանել իրենց հարմար սցենարով՝ ապահովելով նաեւ կատարվելիք ջարդերի «արդարացումը»: Նման պայմաններում դրամատան գրավումը թույլ տալը, եթե դրա վերաբերյալ իսկապես կար տեղեկատվություն, անհասկանալի եւ անտրամաբանական էր: Թուրքական իշխանությունները ջարդերը սկսելու համար որպես առիթ կարող էին օգտագործել նաեւ դրամատունը գրավելու փորձի ի սկզբանե չեզոքացումը եւ ոչ թե թույլ տալ վերջինիս գրավումը, որը, ինչպես ցույց տվեցին հետագա դեպքերը, լուրջ գլխացավանք դարձավ սուլթանի համար: Բացի այդ, դրամատունը գրավողների վերաբերյալ հստակ ու ճշգրիտ տեղեկատվության չտիրապետելու հանգամանքը (որեւէ պատկերացում չկար նրանց թվաքանակի, ով լինելու, զինվածության աստիճանի մասին եւ այլն) նույնպես վկայում է ընդհանուր ձեռնարկի գոնե այդ կողմին իշխանությունների անտեղյակության մասին:
Թեեւ ծրագրված հարվածն ամբողջությամբ չի հաջողվում կյանքի կոչել, իսկ արդարությունն էլ պահանջում է արձանագրել, որ գրեթե անհնարին է նմանատիպ ձեռնարկները մինչեւ վերջին մանրամասնությունը գործադրելը, այնուհանդերձ, Կ.Պոլսում առանցքային հարվածը հաջողվում է հասցնել: Բաբկեն Սյունու գլխավորությամբ 26 վրիժառուներ՝ ատրճանակներով եւ 200 ռումբերով զինված, 1896թ. օգոստոսի 14-ին գրոհում են Օսմանյան դրամատան վրա, գրավում այն՝ կռիվների ընթացքում մեծ կորուստներ պատճառելով զորքերին, ոստիկանությանն ու խուժանին: Դրամատունը 13 ժամ գտնվում էր հայ մարտիկների ձեռքում: Այստեղ գտնվող 157 աշխատակիցներ ու հաճախորդներ հայտնվում են պատանդի կարգավիճակում: Դրամատունը գրավելու պահին զոհվում է ձեռնարկի անմիջական կազմակերպիչ Բաբկեն Սյունին եւ ղեկավարությունն անցնում է մինչ այդ հեղափոխական պայքարի մեծ փորձ չունեցող Արմեն Գարոյին ու Հայկ Թիրաքյանին:
Նույն օրը Կ.Պոլսում տարածվում է թուրք ժողովրդին ուղղված՝ թուրքերեն լեզվով գրված թռուցիկը, իսկ Բեռլինի դաշնագիրը ստորագրած վեց տերությունների դեսպաններին է ներկայացվում ՀՅԴ Կ. Պոլսի Կենտրոնական կոմիտեի հայերեն, թուրքերեն ու ֆրանսերեն լեզուներով գրված շրջաբերականը:
Թուրք ժողովրդին ուղղված դիմումում շեշտվում էր այն գաղափարը, որ հայ հեղափոխականների կռիվը ոչ թե թուրք ժողովրդի, այլ նրա կառավարության դեմ է59: Նման դիմումն, անշուշտ, վկայում էր հայ գործիչների քաղաքական միամտության մասին: Զանգվածային ջարդերից հետո էլ նրանք շարունակում էին որոշակի հույսեր կապել թուրք զանգվածի չեզոքության հետ, անտեսելով այն ակնհայտ փաստը, որ այդ զանգվածը միանշանակ գտնվում էր մահմեդական հոգեւորականության ֆանատիկ գաղափարների ազդեցության ներքո: Մյուս կողմից, դիմումի անմիջական հասցեատերը՝ թուրք ժողովուրդը, իր ճնշող մեծամասնությամբ անգամ տառաճանաչ չէր: Դիմումի բովանդակությունը նրան կարող էր հասցվել միայն այն մարդկանց միջոցով, ովքեր մեծավ մասամբ իրենք էին ամբոխին հրահրում ջարդերի:
Մեծ տերությունների դեսպաններին ներկայացված շրջաբերականում հիմնավորվում էին նման ծայրահեղ քայլի դիմելու հանգամանքները եւ ներկայացվում հայկական պահանջները: «Մեր արիւնով սրբագործուած մեր պահանջներուն կուգայ հիմա միանալու եւ սրբազան վրէժի սեւեռուն գաղափարը, որը սեւ ուրուականի պէս արձանացած է մեր աչքերուն առջեւ,- մասնավորապես ասվում էր նրանում,- Դիւանագիտական խաղերու ժամանակն ա՛լ անցած է:
Մեր հարիւր-հազար նահատակներուն թափած արիւնը մեզի իրաւունք կուտայ ազատութիւն պահանջելու»60:
Պահանջվում էր Արեւմտյան Հայաստանում անմիջապես գործադրել խոստացած բարենորոգումները, հայերին վերադարձնել նրանցից թալանված ունեցվածքն ու անշարժ կայքը, թույլ տալ գաղթականների անարգել վերադարձը, ազատել հայ քաղաքական բանտարկյալներին եւ այլն: Մեկ անգամ եւս հավաստելով հայ հեղափոխականների վճռականությունը, շրջաբերականն ավարտվում էր հետեւյալ խոսքերով. «Կը կրկնենք, ո՛չ մէկ զոհողութեան առջեւ կանգ պիտի առնենք մեր նպատակին հասնելու համար:
Այսուհետեւ ազատ կը համարինք ինքզինքնիս ամեն պատասխանատուութենէ...
Մենք կը մեռնինք, գիտենք, բայց յեղափոխութիւնը, որ հայ ժողովրդի մինչեւ ոսկրները թափանցած է, պիտի շարունակէ սպառնալ Սուլթաններու գահին, ցորչափ մեր մարդկային իրաւունքները ձեռք չբերենք եւ ցորչափ կենդանի մնայ վերջին հայը»61:
Դրամատունը գրավողները, իրենց հերթին, բանակցություններ սկսելով իշխանությունների հետ եւ աչքի առաջ ունենալով Կ.Պոլսում սկսված ջարդերը, ներկայացնում են հետեւյալ պահանջները.
1. Միջազգային միջամտությամբ ապահովել ամբողջ երկրի խաղաղությունը:
2. Ընդունել բարենորոգումների վերաբերյալ ՀՅԴ Կ.Պոլսի Կենտրոնական կոմիտեի բոլոր պահանջները:
3. Ուժ չգործադրել դրամատունը գրավողների դեմ:
4. Կյանքի լիակատար ապահովություն տալ ինչպես դրամատանը գտնվողներին, այնպես էլ Կ.Պոլսի այլ մասերում ընթացող կռիվների բոլոր մասնակիցներին:
Խոստանալով մինչեւ իրենց պահանջների կատարումն անվնաս պահել դրամատան կայքը, դրամը, պատանդ վիճակում գտնվող 157 ծառայողներին, հայ վրիժառուները հակառակ պարագայում սպառնում էին պայթեցնել Օսմանյան դրամատունը՝ իրենց հետ փլատակների տակ թողնելով ամեն ինչ62:
Սպառնալիքն ավելի քան ազդեցիկ էր, եւ ի վերջո, ինչպես եւ սպասվում էր, գործին միջամտում է միջազգային դիվանագիտությունը՝ ի դեմս Կ.Պոլսի ռուսական դեսպանատան առաջին թարգման Ն. Մաքսիմովի: Միջամտում է ոչ թե Հայկական հարցին լուծում տալու, այլ Աբդուլ Համիդին մեկ անգամ եւս ծանր վիճակից հանելու համար:
Հայտնի է, որ դրամատան գրավման լուրը ստանալով, սուլթանն, առանց երկար մտածելու, հրամայում է թնդանոթներով ռմբակոծել դրամատան շենքը: Միայն վերջին պահին վրա հասած Ն. Մաքսիմովն է, որ նրան ետ է պահում այդ քայլից՝ դեսպանների անունից հայտարարելով, որ դրամատանը պատանդ հայտնված եվրոպացիներից որեւէ մեկին փորձանք պատահելու դեպքում տերությունների ռազմանավերը կռմբակոծեն սուլթանի պալատը: Ուշքի եկած սուլթանը ռուս դիվանագետին է թողնում հարցի խաղաղ կարգավորումը63: Վերջինս գործադրում է բոլոր կարողություններն իր պետության համար խիստ անցանկալի ու պայթյունավտանգ իրավիճակը լիցքաթափելու եւ գրեթե իրականանալի դարձած միջազգային միջամտությունը կանխելու համար:
Իսկ թե որքանով էին Օսմանյան դրամատան գրավումը եւ Կ.Պոլսի իրադարձություններն անցանկալի ռուսական դիվանագիտության համար, վկայում է այն փաստը, որ Ռուսաստանի արտգործնախարար Ա. Լոբանով-Ռոստովսկին Վիեննայից Պետերբուրգ վերադառնալու ճանապարհին՝ գնացքում, ստանալով Օսմանյան դրամատան գրավման մասին հեռագրալուրը, սրտի կաթվածից հանկարծամահ է լինում64: Ուշագրավ է նաեւ, որ այդ օրերին հենց ռուսական կառավարությունն իր սպառնալիքներով թույլ չտվեց անգլիական նավատորմի մուտքը սեւծովյան նեղուցներ՝ հօգուտ հայերի Օսմանյան կայսրության վրա ճնշում գործադրելու նպատակով:
Նման պայմաններում հայ վրիժառուները ռուսական միջնորդից լավ սպասելիքներ չէին կարող ունենալ: Ն. Մաքսիմովը նրանցից չի էլ թաքցնում իր երկրի կառավարության ժխտական դիրքորոշումը կատարվածի նկատմամբ եւ հասկացնում, որ անիմաստ են միջազգային միջամտության սպասելիքները: Խուսափողական դիրք գրավելով բարենորոգումների հարցում, Մաքսիմովը հայտարարում է, որ առանց իր եվրոպացի պաշտոնակիցների համաձայնության նման խոստումներ տալ չի կարող: Դրամատունը չթողնելու եւ այն պայթեցնելու դեպքում նա հայ հեղափոխականներին սպառնում է նույն գիշերն իսկ Կ.Պոլսում սկսվելիք հայկական ջարդերով եւ Հայկական հարցի հանդեպ Եվրոպայի մինչ այդ ունեցած բարյացակամ վերաբերմունքի փոփոխությամբ: Ջարդերի սպառնալիքն ազդու էր եւ այդ հարցում խիստ զգայուն հեղափոխականներն ի վերջո տեղի են տալիս: Բավարարվելով Մաքսիմովի՝ բարենորոգումների հարցով զբաղվելու եւ Կ.Պոլսում ջարդերը կանխելու ոչնչով չերաշխավորված խոստումներով, հայ վրիժառուները թողնում են դրամատան շենքը եւ փոխադրվում օտարերկրյա նավերից մեկը: Հաջորդ օրը նրանց այցելած ռուս, անգլիացի եւ հատկապես ֆրանսիացի դիվանագետներն արդեն միանգամայն այլ լեզվով էին խոսում՝ մոռանալով նախորդ օրն իրենց անունից Մաքսիմովի տված խոստումների մասին:
Հայ հեղափոխականները դառը հուսախաբության րոպեներ են ապրում: Ամեն ինչ անդառնալիորեն կորած էր, եւ նույն օրն իսկ ֆրանսիական «Ժիրոնդ» շոգենավը նրանց հեռացնում է Կ.Պոլսից: Շուրջ 18-ժամյա հերոսական պայքարից հետո դադարում են նաեւ Սամաթիայի ռումբային կռիվները եւ բախումները Կ.Պոլսի առանձին վայրերում՝ հայ հեղափոխականների փաղանգից խլելով Խ. Գնունու, Ա. Անդրեասյանի, Ա. Միսաքյանի պես հերոսական նոր անուններ, բայց ոչինչ չավելացնելով Հայկական հարցի լուծման գործնականին: Ինչ վերաբերում է Կ. Պոլսում նախապես ծրագրված մյուս ձեռնարկներին, ապա դրանք ընդհանրապես մնում են անկատար: Իսկ որպես այդ ամենին պատասխան, քաղաքակիրթ Եվրոպայի աչքի առաջ, Կ.Պոլիսը նորից ականատեսը դարձավ հազարավոր հայերի մինչ այդ խնամքով նախապատրաստված ու սուլթանի կողմից հրահրված ջարդերին:
Ի՞նչը դրդեց դրամատունը գրաված մարտիկներին այդքան հեշտությամբ զիջել դիրքերը, խաբվել դիվանագիտական խաղերին եւ հրաժարվել դրամատունը պայթեցնելու նախնական սպառնալիքից: Այդ հարցի պատասխանն այսօր էլ միանշանակ չէ: Ժամանակին անգլիական դեսպանի տեղակալը հեղափոխականների նման քայլը բացատրել է սովի սպառնալիքով, քանի որ, համոզված լինելով եվրոպական տերությունների անհապաղ միջամտության հարցում, նրանք ուտելիքի պաշարներ չէին վերցրել իրենց հետ65: Հայկ Թիրաքյանը դեպքերից անմիջապես հետո, «Դրոշակում» տպագրված իր հուշերում, դրամատան շենքն արագ թողնելը բացատրում է Կ.Պոլսում սկսվելիք ջարդերի պատասխանատվությունն իրենց վրա չառնելու ձգտմամբ66: Ամերիկյան պատմաբան Ուիլյամ Լենգրը «Իմպերիալիզմի դիվանագիտությունը» աշխատության մեջ դա բացատրում է Բաբկեն Սյունու զոհվելով: Նա գրում է, որ «երբ խումբին ամենէն կարեւոր անձը (Բաբկեն Սյունին՝ Հ.Գ.) սպաննւեցավ, մնացեալները ուժասպառ եղան եւ քաջութիւնը չունեցան իրենց ծրագիրը գործադրելու»67: Կատարվածին գրեթե նույն գնահատականն է տալիս նաեւ նախորդ դարասկզբի հայ պահպանողական մտայնությունը ներկայացնող Եղիշե քահանա Գեղամյանցը. «Եթէ «Դաշնակցութեան» հերոսները յարձակւելով այդ հիմնարկութեան վրայ՝ ուզում էին բանկի տէրերի,- Եւրոպացիների,- ուշադրութիւնը Տաճկահայաստանի վրայ հրաւիրել, կամ նրանց սպառնալ... նրանք պարտաւոր էին անշուշտ յօդս ցնդեցնել բանկը, ընչաքաղց եւ շահամոլ Եւրոպացիների գրպանին եւ անձին խփել փոքր ինչ...
Սակայն «Դաշնակցութեան» հսկաները այդ չարին... Մաքսիմովին անսալով նրանք՝ յանկարծ մի-մի գաճաճ դարձան, զէնքերը վար դրին, վատաբար յետ դարձան ե՛ւ... ե՛ւ... շոգենաւ նստելով Եւրոպայ, Մարսիլիա փախան»68:
Թե՛ Ու. Լենգրի, թե՛ Ե. Գեղամյանցի տեսակետներն ընդունելի չեն:
Դրամատունը գրաված մարտիկներին դասալքության ու վախկոտության մեջ մեղադրելը տեղին չէ, քանի որ նրանցից շատերն իրենց հետագա գործունեությամբ ապացուցել են, որ դրամատան դեպքը պատահականություն չէր իրենց կենսագրության մեջ:
Միանգամայն հնարավոր համարելով Հայկ Թիրաքյանի բացատրությունը, այնուհանդերձ, կարծում ենք, որ նշված հարցում ճշմարտությանը երեւի թե ավելի մոտ է Արմեն Գարոն, որը խոստովանում է, թե դրամատունը գրավողները չեն ունեցել բավարար քանակությամբ ուժանակ՝ իրենց սպառնալիքն իրագործելու համար: Թեեւ դեպքերի թարմ տպավորության տակ գրված հուշերում Հայկ Թիրաքյանը պնդում է իր մոտ մեծ քանակությամբ ուժանակ ունենալու մասին, սակայն կարծում ենք, որ նա այն ժամանակ կարող էր եւ հասկանալիորեն պետք է շրջանցեր ուժանակի սակավության պարագան: Շատ ավելի ուշ գրելով իր հուշերը, Արմեն Գարոն այդ հանգամանքը ծածկելու անհրաժեշտությունը չուներ: Նա վկայում է, որ ուժանակի հիմնական պաշարներն օգտագործվել էին ռումբեր պատրաստելու համար: Ձեռնարկի կազմակերպիչներն այնքան վստահ էին միջազգային միջամտության խնդրում, որ անգամ բավարար չափով ուժանակ չէին թողել՝ իրադարձություններն ոչ իրենց ծրագրածով ընթանալու պարագայում՝ դրամատան շենքը պայթեցնելու սպառնալիքն իրականացնելու համար: Արմեն Գարոյի վկայությամբ դրամատունը գրաված հայ մարտիկների մոտ կար ընդամենը 1,5կգ (այլ տարբերակով՝ 2,5կգ) ուժանակ, որն, անշուշտ, բավարար չէր իրենց սպառնալիքն ի կատար ածելու համար: Վերջին պահին ընդամենը 18 ռումբ եւ 50-ական փամփուշտով 17 ատրճանակ ունեցող վրիժառուները, բնականաբար, այլընտրանքի մեծ հնարավորություններ չունեին69: Եվ այդ առումով ամերիկյան պատմաբանի եւ Ե. Գեղամյանի կողմից նրանց հասցեագրված դասալքության ու անվճռականության մասին մեղադրանքները միանգամայն անհիմն են:
Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում դաժան իրականությունը ճշգրտում եւ սրբագրում էր հայ հեղափոխականների համար անխախտ ճշմարտություն համարվող գաղափարները: Օսմանյան դրամատունը գրավող հերոսները եւ նրանց հետ հայ ազատագրական շարժումը ստանում էին ծանր դասեր: Այդ համապատկերի վրա սոսկ բարոյական սփոփանք պետք է համարել հայ վրիժառուների անձնվիրության, խիզախության ու ազնվության վերաբերյալ այն մի քանի հայանպաստ հոդվածները, որոնք տպագրվեցին եվրոպական մամուլի տարբեր օրգաններում: Դրանք գալիս էին ճշմարտությունն ասելու Կ.Պոլսի դեպքերի մասին, բայց էական ոչինչ չէին ավելացնում Հայկական հարցի լուծման գործնականին:
Իրենց առջեւ դրված ռազմավարական խնդիրները չլուծելով հանդերձ, Օսմանյան դրամատան գրավումը եւ Սամաթիայի իրադարձություններն ունեցան գործնական որոշ հետեւանքներ:
Չնայած կռիվների ընթացքում թշնամին կարողացավ չեզոքացնել մայրաքաղաքի տարբեր մասերում բռնկված հայկական դիմադրության օջախները, սակայն նրա ունեցած կորուստներն ավելի քան նշանակալի էին: «Նյու-Յորք Հերալդը» սպանված թուրք զինվորների թիվը հաշվում էր 450, «Դեյլի Նյուսը»՝ 400, իսկ «Թանի» թղթակցի վկայությամբ Կ. Պոլսի դեպքերից հետո միայն զինվորական հիվանդանոցներում հայտնված վիրավոր զինվորների թիվը հասնում էր 500-ի: Հայկական աղբյուրները թուրքերի կորուստը հաշվում են շուրջ 1500 սպանված, որի մի զգալի մասն, անշուշտ, կարող էր բաժին ընկնել թուրք խուժանին70: 1895թ. սոսկալի ջարդերին եւ հատկապես Վանի 1896թ. ինքնապաշտպանության ձախողմանը հաջորդած ծանր պայմաններում հայ վրիժառության այդ հուժկու հարվածները եւ դրանց արդյունքում Օսմանյան դրամատան առջեւ, Սամաթիայում ու Կ.Պոլսի այլ վայրերում փռված թուրք զինվորների ու խուժանի հարյուրավոր դիակները գալիս էին մեկ անգամ եւս ի լուր ամենքի ազդարարելու, որ հայ ազատագրական շարժումը մարած չէ, որ հայությունը նորից պայքարում է իր հարցի դրական լուծման համար: Հանգամանք, որը չէին կարող անտեսել ո՛չ տերությունները, ո՛չ էլ Օսմանյան իշխանությունները:
0սմանյան դրամատան գրավումը որոշակի փոփոխություններ է մտցնում տերությունների վերաբերմունքի մեջ: Շատերը հակված էին կատարվածը միայն նախերգանքը համարել այն դեպքերի, որոնք սպառնում էին ցնցել Կ.Պոլիսը: Անգամ լուրեր էին տարածվել մեծ տերությունների Կ.Պոլսի դեսպանատները պայթեցնելու ծրագրի գոյության մասին: Չնայած ՀՅԴ Կ.Պոլսի Կենտրոնական կոմիտեն հատուկ հայտարարությամբ հերքում է այդ լուրերը, բայց դրանք անհետեւանք չեն մնում: Ավելի կոշտ ու վճռական է դառնում տերությունների դիրքորոշումն Աբդուլ Համիդի նկատմամբ: Դեսպանները հրաժարվում են տոնել սուլթանի գահակալության տարեդարձը, որը նախկինում նշվում էր մեծ շուքով71: Իր հերթին կրկին ալեկոծվում է եվրոպական հասարակական կարծիքը՝ որոշակի ճնշում գործադրելով տերությունների գործելակերպի վրա: Այս անգամ եւս նախաձեռնությունն իր ձեռքն է վերցնում անգլիական դիվանագիտությունը: Օսմանյան դրամատան դեպքերից կարճ ժամանակ անց՝ 1896թ. հոկտեմբերին Անգլիան կրկին առաջարկում է գումարել եվրոպական տերությունների դեսպանաժողով եւ քննարկել բարենորոգումների հարցը72: Միաժամանակ, Անգլիայի կողմից տերություններին արվում է Թուրքիայի դեմ համատեղ ու կտրուկ գործողությունների դիմելու առաջարկ՝ ընդհուպ մինչեւ Աբդուլ Համիդի գահազրկումը: Բրիտանական պրեմիեր Սոլսբերին Նիկոլայ 2-րդ ցարի հետ հանդիպման ժամանակ կոչ է անում չվախենալ Օսմանյան կայսրության փլուզումից: Նա համաձայնվում է որոշակի պայմանների դեպքում նեղուցների հարցում հանդես չգալ Ռուսաստանի հավակնությունների դեմ: Նիկոլայ 2-րդը սուլթանի գահընկեցության հարցում տալիս է իր նախնական համաձայնությունը, բայց մեկ օր անց, դեսպան Ե. Ստաալի խորհրդով, հրաժարվում է դրանից: Այնուհանդերձ, ցարն ընդունում է անգլիական առաջարկը, համաձայն որի տերությունների Կ. Պոլսի դեսպաններին պետք է հանձնարարվեր մշակելու բարենորոգումների ծրագիր ոչ միայն հայկական վիլայեթների, այլեւ ամբողջ կայսրության համար: Անգլիան առաջարկում էր սուլթանին հարկադրել ընդունելու այդ ծրագիրը՝ հարկ եղած դեպքում անգամ գնալով պարտադրանքի:
Օսմանյան դրամատան գրավմանը հաջորդած ամիսներին ուժեղանում է տերությունների ռազմական ակտիվությունը Միջերկրական ծովի արեւելյան շրջանում եւ նեղուցների մերձակայքում: Տերությունների ռազմանավերի՝ Դարդանելի նեղուց կամ Կ.Պոլիս մտնելու հնարավոր տարբերակներն օրակարգում դնում են Վերին Բոսֆորի շրջանը ռուսական դեսանտի կողմից գրավելու հարցը: Նման տարբերակն անգամ քննարկվում է ռուսական կառավարող շրջանների կողմից: Կ.Պոլսում Ռուսաստանի դեսպան Նելիդովը համամիտ չէր Ա. Լոբանով-Ռոստովսկու մինչ այդ վարած թուրքական քաղաքականության հետ եւ Թուրքիայում ռուսական ակտիվության մեծացման կողմնակից էր: Դա հատկապես ակնհայտորեն դրսեւորվում է Ա. Լոբանով-Ռոստովսկու մահվանից հետո: 1896թ. նոյեմբերի 18-ին Նելիդովը ցարին ներկայացնում է մի գրություն, որում, մատնանշելով Թուրքիայում տիրող անիշխանությունը, հնարավոր նոր ելույթները եւ արտաքին միջամտության իրական սպառնալիքը, առաջարկում էր անսպասելի դեսանտ իջեցնել Բոսֆորի երկու ափերին: Այդ հարցը քննարկման է դրվում հատուկ խորհրդակցությունում: Բուռն քննարկումից հետո որոշվում է Վերին Բոսֆորը Ռուսաստանի կողմից գրավելու պայմանով միայն համաձայնություն տալ տերությունների նավերի ռազմա-ծովային ցույցին Դարդանելում կամ էլ Կ. Պոլիս մտնելուն՝ այնտեղ քաոսային վիճակ ստեղծվելու դեպքում քրիստոնյաներին ու եվրոպացիներին պաշտպանելու համար73:
Եվրոպական էսկադրան, սակայն, չմտավ Դարդանել, իսկ Բոսֆորում դեսանտ իջեցնելու նախապատրաստական աշխատանքները Ռուսաստանի համար ի հայտ բերեցին լուրջ խնդիրներ: Ուշագրավ է, որ 1912թ. Նիկոլայ 2-րդին գրած զեկուցագրում, հետին թվով անդրադառնալով կատարվածին, Ռուսաստանի արտգործնախարար Պ. Սազոնովը փորձում է լույս սփռել այդ իրադարձությունների վրա՝ գրելով հետեւյալ տողերը. «հայկական կոտորածների միջոցին, երբ մենք կարող էինք գրաւել Պոլիսը Անգլիայի հաւանութեամբ, ստիպւած եղանք հրաժարւել այդ բանից, որովհետեւ մեր փոխադրական միջոցները պակաս էին եւ ցամաքային ուժերի զօրաշարժի պայմանները՝ անբաւարար»74:
Այնուհանդերձ, տերությունների Կ.Պոլսի դեսպանները մշակում են բարենորոգումների նախագիծ, բայց վերջինս անգամ չի ներկայացվում սուլթանին: Նախորդ ամիսներին վատթարացած հույն-թուրքական հարաբերությունները հասնում են իրենց ծայրակետին եւ պայթում է հունական ապստամբությունը Կրետեում: Վերջինս մերձավորարեւելյան ճգնաժամի առաջին պլան է մղում Կրետեի խնդիրը՝ ստվերում թողնելով նախորդ տարիներին չարչրկված Հայկական հարցը:
Եթե տերությունների վճռականությունը մինչեւ վերջ չհերիքեց բարենորոգումների մշակված ծրագիրը գործադրել տալու համար, ապա նրանց կողմից ձեռնարկված քայլերը Օսմանյան դրամատան գրավմանը հաջորդած ամիսներին զգուշացրին սուլթանին: Վերջինս հարկադրված էր հրաժարվել նոր զանգվածային ջարդերի կազմակերպումից: Մինչեւ Ադանայի 1909թ. դեպքերը հայկական զանգվածային ջարդեր այլեւս տեղի չեն ունենում: Չնայած դրանց համար առիթների պակաս սուլթանն, անշուշտ, չէր զգում:
Օսմանյան դրամատան գրավումը, 1894-1896թթ. մյուս խոշոր իրադարձությունների (Սասունի ու Զեյթունի ապստամբություններ, Վանի ինքնապաշտպանություն եւ այլն) հետ միասին, 1890-ական թվականների հայ ազատագրական զինված պայքարի բարձրակետն էին: Եթե տերությունների վրա դրանք սպասված ազդեցությունը չունեցան եւ չհանգեցրին միջազգային միջամտության, ապա թուրքական պաշտոնական շրջանների եւ հակահամիդյան ընդդիմադիր ուժերի համար ակնհայտ դարձավ, որ Օսմանյան կայսրությունում հայ ազատագրական շարժումը վերածվել է ռազմաքաղաքական լուրջ գործոնի, որը հնարավոր չէ անտեսել: Դա հարկադրում է Աբդուլ Համիդին՝ իր կառավարման ողջ ընթացքում թերեւս միակ անգամ, բանակցություններ սկսել հայ ազգային կուսակցությունների հետ: Օսմանյան դրամատան դեպքից շատ չանցած՝ 1896թ. աշնանը, սուլթանի գիտությամբ Եվրոպա ուղարկված պատվիրակը հայկական նահանգներում բարենորոգումներ մտցնելու խոստումներ է տալիս՝ զինված պայքարը դադարեցնելու պայմանով: Անդրադառնալով դրան, «Դրոշակը» 1896թ. հոկտեմբերի 7-ի համարում գրում է. «Թիւրք կառավարութիւնը որոշել է՝ հայ յեղափոխականներուն հետ բանակցութեան մտնել, խոստանալով Ասիոյ բոլոր նահանգներուն մէջ բարենորոգումներ մտցնել, միայն թէ ռումբերու գործածումը դադարեցնեն: Ասոր համար Տիրան-պէյ Տատեան, Արթին փաշայի տղան, տաճիկ կառավարութեան կողմէ յատուկ պաշտօնով կը մեկնի Եւրոպա յեղափոխականներուն հետ համաձայնութեան մը յանգելու համար: Բարով, հազար բարի երթայ...»75:
Հետագա իրադարձություններն եկան հաստատելու «Դրոշակի» տեղեկատվությունը: Սուլթանի եւ հայ քաղաքական ուժերի միջեւ միջնորդի դերակատարությունն իր վրա է վերցնում Թուրքիայի արտգործախարարության առանցքային պաշտոնյաներից մեկը՝ Հարություն(Արթին) փաշա Տատյանը: Վայելելով սուլթանի բարեհաճությունը, նա աշխատում էր վերջինիս հաշտեցնել հայերի հետ: Նրա անունից Ժնեւում ՀՅԴ հետ բանակցություններ են վարում իր որդի Տիրան բեյ Տատյանը (1896թ. հոկտեմբեր), ապա Վաղինակ Աճեմյանը (1897թ. փետրվար) եւ ի վերջո Հարություն փաշայի եղբորորդի Տրդատ բեյ Տատյանը (1897թ. հոկտեմբեր): Վերջինիս հետ բանակցությունները շարունակվում են նաեւ հետագայում: Միայն 1899թ. մարտին, այլեւս անիմաստ համարելով դրանց հետագա շարունակումը, ՀՅԴ-ն հատուկ ծանուցագրով ազդարարում է դրանց խզումը: Գրեթե միաժամանակ՝ 1897-1898թթ., Փարիզում բանակցություններ էին վարվում նաեւ վերակազմյալ հնչակյան կուսակցության հետ, որը տվյալ պահին, ՀՅԴ-ից հետո, իր ազդեցությամբ հայ քաղաքական երկրորդ ուժն էր Օսմանյան կայսրությունում: Այդ բանակցությունների մանրամասները պատմագիտական գրականության մեջ արդեն լուսաբանված են76: Պարզապես հարկ ենք համարում անդրադառնալ դրանց միայն մի կողմին՝ կապված Կ.Պոլսում ՀՅԴ ակտիվության, մասնավորապես Օսմանյան դրամատան գրավման եւ դրա հետ առնչվող դեպքերի, առաջին հերթին ռումբերի ու ուժանակի օգտագործման, թողած ազդեցության հետ:
Բանակցությունների ընթացքում տալով բարենորոգումներ անցկացնելու խոստումներ, Արթին փաշայի պատվիրակները համառորեն առաջ էին քաշում ակտիվ, հարձակողական մարտավարությունից հրաժարվելու եւ հատկապես Կ.Պոլսում նման քայլեր չձեռնարկելու պահանջներ: Մասնավորապես պնդում էին, որ հայ հեղափոխականները հրաժարվեն ռումբերի եւ ուժանակի գործածությունից: ՀՅԴ կոմիտեներին 1898թ. հունվարին ուղարկված շրջաբերականում «Դրոշակի» խմբագրությունն այդ կապակցությամբ գրում է. «Տրդատ պէյը Յարութիւն փաշայի կողմէն կուգար խնդրելու մեզ դադրեցնել ռմբաձգութիւնները Պոլսի մէջ եւ ընդհանրապէս ամէն կարգի բռնական գործեր, դիւրացնելու համար փաշային ջանքերը հաշտարար քաղաքականութեան մը շնորհիւ բարւոքելու Թուրքիոյ հայոց վիճակը»77: Իր՝ Հարություն փաշայի նամակներն էլ վկայում են, թե նրա, իսկ դա նշանակում է հենց սուլթանի, համար որքան կարեւորություն ուներ հայ հեղափոխական կոմիտեների հանդարտությունը եւ ապստամբական ձեռնարկներ կատարելուց ձեռնպահ մնալը78:
Հատկանշական է, որ ՀՅԴ-ին արված բանակցությունների դիմումները կամ անմիջապես հաջորդել են Կ. Պոլսում ռումբերի եւ ուժանակի գործածությանը, կամ էլ նախորդել դրանց օգտագործման հնարավոր սպառնալիքին: Եթե Տիրան բեյ Տատյանի դիմումն անմիջապես հաջորդում է Օսմանյան դրամատան գրավմանը, իսկ Տրդատ բեյ Տատյանինը՝ Բաբ Ալիի ռումբի պայթեցմանն ու Խանասորի արշավանքին, որոնց կանդրադառնանք ստորեւ, ապա Վաղինակ Աճեմյանի դիմումը նախորդում է մահմեդականների համար սրբազան համարվող Ռամազանի 1897թ. տոնին, երբ սուլթանն առավել խոցելի կլիներ եւ վտանգ կար, որ այդ հանգամանքը հեղափոխականները կօգտագործեն Աբդուլ Համիդից վրեժխնդիր լինելու համար79:
Իսկ որ նման սպառնալիքն իրական էր, այդ մասին սուլթանին պարբերաբար հիշեցնում էին մամուլից եւ այլ աղբյուրներից քաղված տեղեկությունները: Մասնավորապես, 1898թ. հոկտեմբերին գրած նամակում Հարություն փաշա Տատյանը տեղեկացնում է, որ Կ.Պոլսում լուրեր են տարածվել Գերմանիայի կայսեր այցի օրը դաշնակցականների կողմից սուլթանի կառքի ռմբահարման մտադրության մասին80: Անգամ հերքվելով, նման լուրերն, անշուշտ, մշտական լարվածության մեջ էին պահում իշխանություններին, առաջին հերթին՝ սուլթանին:
Այսպիսով, իր գլխավոր նպատակին՝ միջազգային միջամտության ապահովմանը չհասնելով հանդերձ, Օսմանյան դրամատան գրավման ձեռնարկը լուրջ կռվան դարձավ հայոց ազատամարտի համար: Օսմանյան իշխանություններն որեւէ երաշխիք չունեին, որ նման, գուցե եւ ավելի մասշտաբային, ձեռնարկներ հետագայում էլ չեն ցնցի կայսրության մայրաքաղաքը՝ ունենալով անկանխատեսելի, ինչու չէ, նաեւ աղետալի հետեւանքներ: Դա լուրջ գործոն էր, որի չեզոքացման խնդիրը դարձավ սուլթանի մտահոգություններից մեկը եւ որը նա մինչեւ վերջ էլ չկարողացավ լուծել: Թեեւ պետք է արձանագրել, որ հայ ազատագրական շարժումն էլ, իր հերթին, չկարողացավ ավելի արդյունավետ օգտագործել այդ կռվանը, քանզի հետագայում հասցված հարվածները մի կողմից հազվադեպ էին, մյուս կողմից՝ ցավոք աչքի չընկան դիպուկությամբ:
2. Նոր մարտավարության որոնման ուղիներում
Սուլթանի ներկայացուցչի հետ բանակցությունները 1896թ. աշնանից առերեւույթ կիսազինադադարային իրավիճակ էին ստեղծել, որի ընթացքում ազատագրական ուժերը միառժամանակ, կարծես, հրաժարվել էին ակտիվ գործողություններից: Սակայն, դա երեւույթի սոսկ արտաքին քողն էր, պայքարը շարունակվում էր: Ըստ որում, 1896թ. ստեղծված իրավիճակն իր որոշակի կնիքն էր դնում ազատագրական ուժերի հետագա գործելակերպի վրա: Հայկական բարենորոգումների շուրջ բանակցությունները, ինչպես տեսանք, 1896թ. աշնանը դեռեւս շարունակվում էին: Չնայած Կրետեի խիստ սրված հարցն աստիճանաբար երկրորդ պլան էր մղում հայկականը, սակայն, հայ քաղաքական շրջանակներում շարունակում էին կենսունակ մնալ միջազգային միջամտության հույսերը: Ստեղծված պայմաններում ազատագրական ուժերը մի կողմից ուշադրության կենտրոնում էին պահում Կ.Պոլիսը, որտեղ նախորդ ամիսներին հասցված հարվածի արդյունավետությունն առանձնապես վիճարկելի չէր համարվում, մյուս կողմից՝ իրականացնում Երկրում ուժեր կենտրոնացնելուն նպատակամղված քայլեր: Վերը նշված հանգամանքները, բնականաբար, իրենց կնիքը պետք է թողնեին1897թ. համար մշակված մարտավարության վրա:
Եթե 1896թ. պայքարի մարտավարությունը, ինչպես վերը տեսանք, հիմնականում ձեւավորվում է ՀՅԴ Բյուրոյի, «Դրոշակի» խմբագրության, ՀՅԴ Կ.Պոլսի ու Պարսկաստանի ղեկավար մարմինների միջեւ գրագրության արդյունքում՝ ընդհանուր նպատակադրումներից աստիճանաբար անցնելով իրագործվելիք քայլերի որոշակիացմանը, ապա 1897թ. մարտավարության մշակման գործում առանցքային դեր է խաղում ՀՅԴ 1896-1897թթ. «ընդհանուր» ռայոնական ժողովը: Չնայած դրան ընդհանուր ժողովի կարգավիճակ տալու փորձը ձախողվեց, բայց եւ այնպես, իր ընդունած որոշումներով այն ընդհանուր ժողովի նշանակություն ունեցավ:
Այդ ժողովում քննարկման դրված հարցերից առանցքայինը մարտավարության խնդիրն էր: Ժողովի պահպանված արձանագրությունները թեեւ խիստ սեղմ են եւ հաճախ այս կամ այն հարցի քննարկման համառոտ ամփոփագիր են ներկայացնում, բայց եւ այնպես, հիմնականում արտացոլում են այն բուռն պայքարը, որն ընթացել է ազատագրական պայքարի հետագա քայլերի ընտրության վերաբերյալ: Ըստ որում, ընդունված որոշումներն էլ հանդիսանում են յուրատեսակ փոխզիջում նախկին եւ ավելի ուշ՝ ՀՅԴ 2-րդ ընդհանուր ժողովում ընդունված, նոր մարտավարությունների միջեւ: Շրջանային ժողովը, միաձայն մերժելով ցուցական գործունեությունը դադարեցնելու եւ միայն խաղաղ նախապատրաստությամբ զբաղվելու հարցադրումը, «որոշեց շարունակել կենդանի յեղափոխական գործունեութիւնը...»81: Անընդունելի է համարվում նաեւ երկրի ներքին նահանգներում ակտիվ գործունեությունը դադարեցնելու եւ բոլոր ուժերը եվրոպական Թուրքիայում՝ գլխավորապես Կ.Պոլսում, կենտրոնացնելու առաջարկը: Նման դիրքորոշումը հիմնավորվում է այն բանով, որ «Յեղափոխական գործը բուն ժողովրդական մի գործ է, ուստի ե՛ւ վնասակար ե՛ւ նոյնիսկ անհնարին է հեռանալ ժողովրդից եւ բաւականանալ միայն եւրոպական Տաճկաստանով»: Ընդունելով հանդերձ եվրոպական Թուրքիայի եւ Կ.Պոլսի կարեւոր դերակատարությունը` Հայկական հարցի լուծման համար պայքարում, ժողովը, միաժամանակ, արձանագրում է, որ «Հայկական Յեղափոխութիւնը բուն Երկրում առաջ է եկել որոշ պայմաններից եւ քանի որ այդ պայմանները ոչ թէ վերացել, այլ աւելի եւս վատթարացել են, ուստի խօսք անգամ չի կարող լինել ներքին նահանգների գործունէութիւնը դադարեցնելու մասին»82: Ելնելով վերը նշված հարցադրումներից, ժողովը որոշում է «մեծ ուշադրութիւն դարձնել Կռուածաղիկի (Կ.Պոլսի՝ Հ.Գ.) վրայ, բայց միեւնոյն ժամանակ շարունակել ակտիւ գործունէութիւնը ե՛ւ ներքին նահանգներում»83:
Ընդունված որոշումը նշանակում էր, որ առաջիկայում եւս Կ.Պոլիսը շարունակելու էր մնալ հայոց ազատամարտի կարեւոր թատերաբեմ՝ պահպանելով առանցքային դերերից մեկը նրա մարտավարության մեջ:
ժողովն ի հայտ է բերում մոտեցումների ակնհայտ տարբերություն հատկապես Արեւմտյան Հայաստանում գործադրվելիք մարտավարության հարցում: Վերջինս բուռն վիճաբանությունների եւ երկարատեւ քննարկումների առարկա դարձավ: Մի դեպքում առաջ էր քաշվում երկրում հայդուկային մանր խմբերի գործունեությամբ բավարարվելու, մեկ այլ դեպքում՝ մանր խմբերով Վասպուրականում ուժերը կենտրոնացնելու, այնտեղ մեծ գործ սկսելու, երրորդ դեպքում՝ ուժերը Սասունում կենտրոնացնելու, այլ պարագայում՝ Պարսկաստանից վրեժխնդրական մեծ արշավանք կազմակերպելու եւ այլ առաջարկներ: Առաջին առաջարկը միաձայն մերժվում է այն պատճառաբանությամբ, որ «հայկական յեղափոխութիւնը արդէն անցուցել է զուտ հայդուկային գործունէութեան շրջանը, որ այդ խմբերը իրանց մանր մունր յարձակումներով ու աղմուկներով չեն կարող Եւրոպայի ուշադրութիւնը գրաւել, չեն կարող ժողովրդից հեռու մնալ եւ կոտորածների ու բռնութիւնների առիթ չտալ. վերջապէս ամեն տեղ չկան լեռնային ապաստարաններ, ուր այդ խմբերը իրանց գոյութիւնը պահպանել կարողանան»: Դրանով հանդերձ որոշվում է. «Երկրի այս կամ այն գաւառում արդէն կազմակերպուած հայդուկային խմբերը չոչնչացնել, որովհետեւ, ինչպէս անցեալում, այնպէս էլ ապագայում կարող են որոշ պաշտպանութիւն ցոյց տալ ժողովրդին»84:
Մյուս առաջարկությունների կապակցությամբ ընդունվում են հետեւյալ որոշումները.
«ա). Խանարազի, Բերդիկի ռայոնում (խոսքը Կարսի ու հարակից սահմանամերձ շրջանի մասին է՝ Հ.Գ.) եղած ուժերը կենտրոնացնել Բարձրաւանդակ (Սասուն՝ Հ.Գ.), թէկուզ զէնքը տեղացիներին յանձնելով:
բ). Վրէժստանում (Ատրպատական՝ Հ.Գ.) պատրաստի ոյժ (զէնք եւ մարդիկ) պահել եւ յարմար դէպքում մեծ արշաւանք գործել սահմանից:
գ). Վրէժստանում արշաւանքի անհրաժեշտ պատրաստութիւնները տեսնելուց յետոյ, աւելացած զէնքը մի կերպ Շամ (Վասպուրական՝ Հ.Գ.) ուղարկել գոնէ տեղացիների ձեռքով»85:
Այսպիսով, ընդունված որոշումներն ակնհայտորեն փոխզիջումային էին: Մի կողմից անցած փուլ էր համարվում հայդուկային գործունեությունը, մյուս կողմից պահպանվում էին մինչ այդ ստեղծված հայդուկային խմբերը: Մի դեպքում սկզբունքային որոշում էր ընդունվում Սասունում եւ Վասպուրականում ուժերի կենտրոնացման վերաբերյալ, որի ուղղությամբ հետագա ամիսներից գործնական քայլեր կատարվեցին, այլ պարագայում՝ վճիռ կայացվում նախորդ տարվա հարձակողական գործելակերպը շարունակելու օգտին՝ ի դեմս վրեժխնդրական մեծ արշավանքի եւ Կ.Պոլսում ակտիվ ցուցական գործունեության: Ըստ որում, ակնհայտ էր, որ առաջիկա ամիսներին վճռորոշը պետք է լինեին հենց հարձակողական բնույթի ձեռնարկները, որոնք միտված էին երկու կարեւոր խնդիրների լուծման.
1.Հայկական հարցի նկատմամբ պահպանել միջազգային դիվանագիտության ուշադրությունն ու հետաքրքրությունը՝ հնարավորության դեպքում ապահովելով միջամտություն:
2. Չնայած կիսազինադադարային այն իրավիճակին, որն առաջ էր եկել սուլթանի ներկայացուցիչների հետ սկսած բանակցությունների հետեւանքով, այդ ձեռնարկները նպատակ ունեին բանակցությունների տեղապտույտի կամ անարդյունավետության դեպքում հակառակորդի վրա ճնշում գործադրելու միջոց հանդիսանալ՝ վերջինիս հարկադրելով գնալ զիջումների: Նամանավանդ, ինչպես վերը տեսանք, թուրքական կողմը համառորեն պնդում էր, որ հայ հեղափոխականները հրաժարվեն նմանատիպ քայլերից:
Ռայոնական ժողովի մասնակից Նիկոլ Դումանը (Ն. Տեր-Հովհաննիսյան), որն արշավանքի ամենաեռանդուն ջատագովն ու կազմակերպիչն էր, ժողովից անմիջապես հետո՝ 1897թ. փետրվարի 8-ին ՀՅԴ Թավրիզի կոմիտեին գրված նամակում ահա ինչպես է ներկայացնում 1897թ. համար ընդունված մարտավարությունը.
«Սիրելիք,
Առաջ ու առաջ՝ խուդաֆիս, աւհալը շարիֆ...
Որոշուած է ուժեղ գործունէութիւն եւրոպական Տաճկաստանում եւ արշաւանք մեր կողմից (ընդգծումը մերն է՝ Հ.Գ.): Առաջինը այն պատճառով, որ եւրոպական դիպլոմատիան բուռն կերպով միջամտում է իր շահերը վնասուելուց յետոյ: Իսկ իր շահերը կենտրոնացած են եւրոպ. Տաճկաստանում եւ ոչ թէ խուլ անկիւններում: Եւ որովհետեւ դիպլոմատիայի լուրջ ուշադրութեան գրաւումը առայժմ ընդունուած է իբրեւ առանցք մեր գործունէութեան, պետք է այնպիսի ձեւ տալ, որ լինի ուժեղ, ցնցող, սահմանի վրայ, որ մօտիկ լինի Սալմաստին, որպէսզի յատուկ թղթակցի (որ պիտի գայ) միջոցով կարելի լինի տեղեկութիւնները թարմ-թարմ եւ ուռցրած Եւրոպա հասցնել»86:
Պատմագիտական գրականության մեջ Խանասորի արշավանքը գրեթե միշտ ներկայացվել է որպես կազմակերպական առումով ինքնուրույն եւ մեկուսի ռազմական գործողություն եւ գլխավորապես շեշտվել է նրա վրեժխնդրական ու պատժիչ կողմը: Մինչդեռ արշավանքի կազմակերպչի՝ Նիկոլ Դումանի, վերը բերված խոսքերը վկայում են, որ այն պետք է լուծեր ոչ միայն, եւ ոչ այնքան, վրիժառուական ու պատժիչ խնդիրներ, որքան՝ փորձեր իր նպաստը բերել Հայկական հարցի դրական լուծմանը: Կ.Պոլսի ձեռնարկների հետ միասին այն «անցումային» կամ «զուգակցված հարվածների» մարտավարության կողմերից մեկն էր:
Միաժամանակ, նախատեսվող արշավանքն, ըստ էության, նախորդ տարվա համար ծրագրավորված վրեժխնդրական գործողությունը տրամաբանական ավարտին հասցնելու նպատակը պետք է հետապնդեր: Վանի 1896թ. ինքնապաշտպանության ձախողումից եւ Հրայրի ու Արամ Արամյանի ձերբակալությունից հետո այդ ձեռնարկը մնացել էր չիրականացված, իսկ այդ նպատակով հատկապես Պարսկաստանում կուտակված միջոցները (զենք, զինամթերք, կռվող ուժեր) հիմնականում պահպանվել էին: Ըստ որում, եթե 1896թ. արշավախմբերի առջեւ դրվում էին մահմեդական զանգվածը զսպելու եւ «դաստիարակչական» խնդիրներ, ապա Վանի իրադարձություններից հետո Պարսկաստանից կատարվելիք արշավանքը ստանում էր ավելի որոշակի եւ նպատակային ուղղվածություն: Թեեւ ռայոնական ժողովն արշավանքի հետ կապված մանրամասնությունների որոշումը թողել էր տեղական կոմիտեներին, բայց նույն ժողովում արշավանքի կողմնակիցները գտնում էին, որ դրա «...նպատակն է լինելու վրէժ լուծել քիւրդ մահմեդականներից եւ տաճիկ զօրքից, ցոյց տալ, որ հայ ժողովուրդն էլ ոյժ ունի, իր թշնամիներին պատժելու եւ բարեկամներին խնայելու, դրանով վերականգնեցնել վհատուած հայերի բարոյական ոգին, առաջ բերել մեծ խլրտում, եւ վերջապէս գրաւել դիպլոմատիայի ուշադրութիւնը»87:
Այսպիսով, արշավանքի հիմնական թիրախ պետք է հանդիսանար Պարսկաստանի հետ սահմանամերձ շրջանների քրդությունը, մասնավորապես Շարաֆ բեկի գլխավորած մազրիկ ցեղը, որն իր վճռական դերակատարությունն էր ունեցել Վանի 1896թ. ինքնապաշտպանության ձախողումից հետո այնտեղից Պարսկաստան նահանջող հայկական ուժերը ոչնչացնելու գործում եւ, բացի այդ, Աղբակի հայության ջարդերի իրականացնողն էր: Չնայած ռայոնական ժողովի արձանագրություններում ապագա արշավանքի վերաբերյալ այլ մանրամասնություններ արտացոլված չեն, այնուհանդերձ, դրա վերաբերյալ որոշակի լրացուցիչ տեղեկատվություն տալիս է Նիկոլ Դումանի՝ Թավրիզի կոմիտեին գրած եւ մեր կողմից արդեն հիշատակված նամակը: Տեղեկացնելով, որ արշավանքի մասնակիցների թիվը նախատեսված է 300, որն ինքնին աննախադեպ երեւույթ կլիներ հայոց ազատամարտի համար, Նիկոլ Դումանը միաժամանակ հայտնում էր, որ արշավանքի վերաբերյալ որոշումը կփոխվի, եթե ՀՅԴ Վասպուրականի եւ Ատրպատականի Կենտրոնական կոմիտեները կարողանան համոզիչ փաստերով ապացուցել, որ հնարավոր է Վասպուրականի որեւէ վայրում կենտրոնանալ եւ տեւական դիմադրություն ցույց տալ թշնամուն88: Վերը նշված տողերից պարզ երեւում է, իսկ հետագա իրադարձություններն էլ ակնհայտ ցույց տվեցին, որ 1897թ. համար նախատեսված մարտավարության խնդրում կային էական տարաձայնություններ ՀՅԴ Բյուրոյի եւ Ատրպատականի ու Վասպուրականի Կենտրոնական կոմիտեների միջեւ: Վերջիններս դեմ էին այդ տարվա մարտավարության առանցքային գաղափարներից մեկին՝ արշավանքի իրականացմանը: Նրանք ուժերը Երկրում՝ տվյալ պարագայում Վասպուրականում, կենտրոնացնելու կողմնակիցներ էին: Նման պայմաններում Նիկոլ Դումանին ու նրա գաղափարակիցներին վիճակված էր հաղթահարել լուրջ խոչնդոտներ արշավանքի նախապատրաստման եւ իրականացման ճանապարհին:
Հետագա դեպքերն ակներեւ են դարձնում կարծիքների միասնության բացակայությունը նաեւ Կ.Պոլսում իրականացվելիք ձեռնարկների հարցում: «Դրոշակի» խմբագրությունը, որը ՀՅԴ 1896-1897թթ. ռայոնական ժողովի որոշմամբ ստանում էր Բյուրոյի իրավասություններ եւ որի ներկայացուցիչը չէր մասնակցել այդ ժողովին, հետագայում լուրջ առարկություններ է ներկայացնում ինչպես 1897թ. համար ծրագրված պայքարի մարտավարության մեջ Կ.Պոլսի դերի, այնպես էլ այնտեղ նախատեսված ձեռնարկների իրագործման ժամկետի, դրանց տեխնիկական կողմի ու կազմակերպիչների վերաբերյալ: Փաստորեն, մարտավարության հարցում ՀՅԴ ղեկավար գործիչների կարծիքների միասնությունը, որն առկա էր 1896թ., բացակայում էր 1897թ.:
Այդ առումով հատկանշական է հատկապես Ս. Զավարյանի եւ Ռոստոմի կարծիքների էական տարբերությունը Կ.Պոլսի դերի եւ, ընդհանրապես, մարտավարության խնդրում, քանի որ նրանցից առաջինը ներկայացնում էր ՀՅԴ Բյուրոյի, իսկ երկրորդը՝ «Դրոշակի» խմբագրության տեսակետը: «Դրոշակի» խմբագրությանը գրած նամակներում Ս. Զավարյանը կոչ էր անում «գործերը թարմ պահել Պոլսի կողմերում» եւ գտնում, որ «ամենապատասխանատու դերը այսօր Պոլսոյ վրայ է ընկած...»89: Մինչդեռ Ռոստոմն այդ հարցում ուներ միանգամայն այլ տեսակետ: ՀՅԴ Վասպուրականի կազմակերպության ղեկավար Վազգենին (Տ. Տերոյան) 1896թ. դեկտեմբերին գրած նամակում նա հստակ ներկայացնում է իր դիրքորոշումը հայոց ազատամարտի, նրա խնդիրների ու հետագա անելիքների վերաբերյալ: Նկատի ունենալով մեզ հետաքրքրող հարցի համար Ռոստոմի նամակում առկա մտքերի կարեւորությունը, այն բերում ենք ամբողջությամբ՝ առանց կրճատումների: «Պէտք է ասել, որ վերջին ժամանակներս մեր գործունէութիւնը բաժանւում է երկուսի,- գրում է նա,- առաջինը՝ ներքին նահանգներում ժողովրդի մեջ յեղափոխական մեծ ոյժ պատրաստելն է, որի համար անհրաժեշտ են հայդուկային կոմիտէի գործերը, ժողովրդին զէնք մատակարարելը, իսկ երկրորդը՝ մեր հարցը դիպլոմատիայի սեղանի վրայ միշտ պահելն է, որի համար եռանդուն գործ պէտք է սկսել այն տեղերում, ուր եւրոպացիք մեծ շահեր ունին: Մեր գործունէութիւնը գլխաւորապէս ամփոփուած էր ներքին նահանգներում մինչեւ Պոլսոյ կռիվը (նկատի ունի Օսմանյան դրամատան գրավումը՝ Հ.Գ.): Մեր գործունէութիւնը չէր փայլում, ճիշդ է, բայց նա բուն կեանքի մէջ ոյժ էր գոյացնում: Մինչդեռ Պոլսոյ կռիւը յեղափոխական ուժի տեսակէտից աւելի թոյլ լինելով, քան թէ օրինակ, Վանայ կռիւները, դիպլոմատիայի Եւրոպայի Տաճկաստանից դուրս գտնուող հայերի համար անհամեմատ աւելի մեծ նշանակութիւն ունեցաւ: Այժմ շատերը հաւանական է հրապուրուին այս յաջողութիւններով եւ աշխատին Պոլսոյ նման կենտրոններում ամփոփել մեր գործունէութիւնը: Բայց մեր կարծիքով, որովհետեւ ներկայ շարժումը գլխաւորապէս հարկաւոր է ներքին նահանգներում ապրողների համար եւ որովհետեւ դոքա ամէն րոպէ ենթակայ են ահռելի վտանգների, պէտք է պնդել միշտ, որ ներքին նահանգներում գործունէութիւնը թուլացնելու մասին մտածելն անգամ աւելորդ է»90:
Այնուամենայնիվ, սկզբունքային տարաձայնություններով հանդերձ, առաջիկա տարվա մարտավարության վերաբերյալ վճիռը կայացված էր, եւ հետագա ամիսներին ՀՅԴ Ատրպատականի եւ Կ.Պոլսի ղեկավար մարմինները ձեռնամուխ են լինում նախատեսված ձեռնարկների կազմակերպմանը՝ փորձելով նաեւ հնարավորության դեպքում հասցնել միաժամանակյա հարվածներ:
Կյանքը ցույց տվեց, սակայն, որ միաժամանակյա հաջող հարվածներ հասցնելն անհնարին էր: ՀՅԴ Կ.Պոլսի եւ Ատրպատականի կազմակերպությունները ձեռնամուխ են լինում դրանց իրագործմանը ստարտային անհավասար պայմաններում: Եթե Ատրպատականում տեղական իշխանությունների համեմատաբար լոյալության պայմաններում հայ հեղափոխականները քիչ թե շատ ազատ գործելու հնարավորություն ունեին եւ դեռեւս նախորդ տարվանից այնտեղ կուտակվել էին անհրաժեշտ կռվող ուժեր, զենք ու զինամթերք, եւ պարզապես մնում էր ավարտին հասցնել նախապատրաստական աշխատանքները, ապա Կ.Պոլսում իրավիճակը միանգամայն այլ էր: Օսմանյան դրամատան գրավման դեպքից հետո այստեղ չափից ավելի խստացել էր հսկողությունը: Այդ հանգամանքը գրեթե անհնարին էր դարձնում պայթուցիկ նյութերի ու զինամթերքի մուտքը Կ.Պոլիս: Մյուս կողմից, դրամատան գրավման եւ Սամաթիայի կռիվների արդյունքում տեղի գաղափարական ու ռազմունակ ուժերի մի զգալի մասը զոհվել էր, որոշները ֆրանսիական «Ժիրոնդ» նավով Կ.Պոլսից անվտանգ հեռացել էին, իսկ երրորդներն էլ անվտանգության նկատառումներով այն լքել էին հետագա ամիսների ընթացքում: Կ.Պոլիսը հարկադրված էր թողնել նաեւ ՀՅԴ տեղի կառույցի ղեկավար Ա. Վռամյանը, որն ընդգրկվում է «Դրոշակի» խմբագրության կազմում: Անհրաժեշտ էր տեւական ժամանակ այդ կորուստների հետեւանքները վերացնելու, կազմակերպությունը նոր՝ կարող ու նվիրված ուժերով համալրելու եւ կրկին զորեղացնելու համար: Բայց տեղի ուժերը չեն կարողանում, եւ դրա համար անհրաժեշտ ժամանակն էլ չունեին, զոհվածներին ու հեռացածներին փոխարինել վճռականություն, կամք ու փորձառություն ունեցող բավարար թվով գործիչներով: Նման պարագայում Վարդգեսի (Գիսակ, Հ. Սերենգուլյան) նման գործիչը պարզապես եզակի բացառություն էր: Մյուս կողմից հնարավոր չեղավ դրսից արագորեն Կ.Պոլիս ուղարկել փորձված գործիչներ: Հոնան Դավթյանի Կ. Պոլսում հաստատվելու եւ գործունեություն ծավալելու փորձն ընտանեկան ինչ-ինչ խնդիրների պատճառով հաջողություն չի ունենում: Թեեւ, ինչպես 1896թ., այս անգամ եւս, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի կարգավիճակով Կ.Պոլիս է մտնում Սմբատ Խաչատրյանը (Բորիս), բայց նրա անձնական ունակությունների ու կարողությունների մասին լուրջ, եւ ինչպես հետագա իրադարձությունները ցույց տվեցին, ոչ անհիմն, առարկություններ ուներ հատկապես «Դրոշակի» խմբագրությունը:
«Դրոշակի» խմբագրությունը մեր կողմից վերը նշված հանգամանքները նկատի ուներ, երբ Ատրպատականի գործիչներին 1897թ. մայիսի 8-ին ուղղված նամակում բացառում էր Կ.Պոլսում եւ Ատրպատականում միաժամանակ գործելու հնարավորությունը: «Կռուածաղիկի (Կ. Պոլսի՝ Հ.Գ.) հետ միաժամանակ գործելու գաղափարը իրագործել չի կարելի,- ասվում էր այդ նամակում,- Գոնէ մօտիկ ապագայում, որովհետեւ դեռ պատրաստ չեն»91:
Դրան հակառակ, ՀՅԴ Բյուրոն եւ Ատրպատականի Կենտրոնական կոմիտեն պնդում էին միաժամանակյա կամ մեկը մյուսին հաջորդող հարվածներ հասցնելու վրա: Նույն օրերին Ռոստոմին գրած նամակում Քրիստափոր Միքայելյանը, ներկայացնելով իր՝ բնականաբար նաեւ ՀՅԴ Բյուրոյի, տեսակետն այդ հարցում, գրում է. «Կռուածաղկի մեր ընկերներին գրեցինք, որ հնար եղածի չափ շտապեցնեն իրանց անելիքը, որովհետեւ ներկայ կրիտիկական րոպէն (նկատի ունի հույն-թուրքական պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակը՝ Հ.Գ.) անենայարմարն է մեր նպատակների համար եւ այսօրուայ նոյնիսկ փոքրիկ ձեռնարկը կարող է աւելի մեծ ազդեցութիւն ունենալ, աւելի լաւ հետեւանք առաջացնել, քան թէ ապագայի մեծ նախապատրաստած գործը: Բացի դրանից, կարծում ենք, որ անհրաժեշտ է Վրէժստանի արշաւանքը եւ Կռուածաղկի ձեռնարկը միմեանց հետ կապել, այսինքն՝ այնպէս անել, որ մեկը միւսին հետեւի»92: Տեղյակ պահելով, որ արշավանքի նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտված են եւ որ այն կիրականացվի մայիսի վերջին կամ հունիսի սկզբին, Քրիստափորը «Դրոշակի» խմբագրությանն առաջարկում էր, որ վերջինս իր կողմից դիմի Կ.Պոլսի գործիչներին՝ այնտեղ նախատեսված ձեռնարկն արագացնելու համար93: Մինչդեռ, ինչպես տեսանք, «Դրոշակի» խմբագրությունն այդ հարցում միանգամայն այլ կարծիքի էր: Հետագա իրադարձություններն էլ ակնհայտորեն ցույց տվեցին, որ հույն-թուրքական առճակատման հետեւանքներն ամենեւին էլ բարենպաստ չէին Հայկական հարցի հետագա վերարծարծման համար:
Արշավանքի իրագործման ժամկետի հարցում Քրիստափոր Միքայելյանի լավատեսությունը, սակայն, չի արդարանում: Դա բացատրվում է երկու հանգամանքներով: Նախ, ՀՅԴ Ատրպատականի մարմինները որոշակիորեն ձգձգում են դրա իրականացումը՝ հույս ունենալով արշավանքը զուգակցել Կ.Պոլսում նախատեսված ձեռնարկների հետ: Մյուս կողմից, չնայած Ատրպատականում նախապատրաստական աշխատանքների ավարտին, ռայոնական ժողովի որոշումից հետո էլ արշավանքի նպատակահարմարության հարցում շարունակում էին պահպանվել էական տարաձայնություններ Ատրպատականի եւ Վասպուրականի ղեկավար գործիչների շրջանում: Նրանցից ոմանք (Վազգեն, Վարդան (Ս.Մեհրաբյան), Պետրոս Սերեմճյան (Բուլղարացի Պետո), Գուրգեն(Բ. Մալյան) եւ ուրիշներ) դեմ էին արշավանքին եւ առաջարկում էին եղած ուժերը խումբ-խումբ փոխադրել Վասպուրական, ամրանալ որեւէ վայրում, օրինակ՝ Շատախում եւ պայքար ծավալել թշնամու դեմ, մինչդեռ մյուսները (Նիկոլ Դուման, Քրիստափոր Օհանյան, Գալուստ Ալոյան, Սարգիս Օհանջանյան (Ֆարհատ) եւ ուրիշներ)՝ ընդհակառակը, արշավանքն իրականացնելու կողմնակիցներ էին: Նրանց միջեւ առաջացած առճակատումը վերացնելու եւ արշավանքին ընթացք տալու նպատակով 1897թ. հուլիսին, որպես ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Սալմաստ է ժամանում Հարություն Շահրիկյանը: Նրա ջանքերով տարակարծությունները հարթվում են եւ վերջնական վճիռ է կայացվում արշավանքի օգտին: Դրանով հանդերձ, մասամբ բավարարվում է նաեւ Վասպուրականի գործիչների պահանջը, եւ նախքան արշավանքը 25 (այլ տարբերակով 35) հոգանոց զինված խմբով Վան են վերադառնում Վազգենը եւ Գուրգենը: Վերջինս ՀՅԴ լիազոր ներկայացուցչի իրավասություններով շուտով անցնում է Ախլաթ, ապա Տարոն- Սասունի շրջան94:
Դաշնակցական 253 մարտիկներից բաղկացած արշավախումբը 1897թ. հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերը Վարդանի (արշավախմբի հրամանատար), Իշխանի (փոխհրամանատար), Նիկոլ Դումանի (արշավանքի կազմակերպիչ) ու այլոց հրամանատարությամբ Ատրպատականի տերիտորիայից անցնում է պարսկա-թուրքական սահմանը եւ Արաուլ լեռան փեշերին՝ Խանասորի դաշտում վաղ առավոտյան հարվածում Շարաֆ բեկի գլխավորած քրդական մազրիկ ցեղախմբին: Աղեղնաձեւ շրջապատելով մազրիկցիների 250 վրանները, որոնց կենտրոնում գտնվում էին Շարաֆ բեկի երեք սպիտակ վրանները, հայ մարտիկները գնդակոծում են հակառակորդին՝ նրան պատճառելով մեծ կորուստներ: Շատերն, այդ թվում նաեւ Շարաֆ բեկը, իրենց կյանքը փրկում են փախուստի դիմելով: Գրավելով հարմար դիրքեր, հայ վրիժառուները հուլիսի 25-ին ետ են մղում մազրիկցիներին օգնության եկած հարեւան քրդական ցեղերի, ինչպես նաեւ կառավարական բազմահազար ուժերի գրոհները՝ կռիվների ընթացքում տալով 19 հերոս նահատակներ: Ի վերջո, դիմելով նահանջի՝ արշավախումբը վերադառնում է Պարսկաստան՝ պահպանելով իր հիմնական մարտական ուժը, զենքն ու հանդերձանքը:
Խանասորի արշավանք աննախադեպ երեւույթ էր հայոց ազատամարտի համար: Այն ցուցադրեց հայ հայդուկի հոգու վեհությունը, նրան բնորոշ մարդասիրությունը եւ ընդհանրապես հայ ազատագրական շարժման բարոյական բարձր նկարագիրը: Այդ տարիներին ժողովրդի միջավայրում ստեղծված եւ Խանասորի վրիժառու հայ հայդուկին նվիրված երգի «Կնոջն երբեք ձեռք տալու չէ վրեժխնդիր քաջ ֆիդան» պատվիրանի իմաստ ունեցող տողը հայ ազատագրական շարժման անխախտելի կանոններից մեկը դարձավ:
Լինելով մեծամասշտաբ արշավանքներից առաջինը եւ նաեւ հետագա տարիներին կազմակերպվածներից ամենաբազմամարդը, Խանասորի արշավանքը շահեկանորեն տարբերվում է մյուս բոլոր արշավանքներից, որոնք, որպես կանոն, ավարտվում էին մարդկային ու ռազմական ռեսուրսների մեծ կորուստներով: Իր բովանդակությամբ եւ նախնական ծրագրմամբ այն պատժիչ-վրեժխնդրական ձեռնարկ էր եւ հարձակողական մարտավարության դրսեւորում: Չնայած նրա առջեւ դրված գլխավոր ռազմական խնդիրը՝ մազրիկ ցեղի բնաջնջումը, չի իրագործվում, այնուհանդերձ, այն լիցք է հաղորդում հայ ազատագրական շարժմանը՝ կրկին ցուցադրելով պայքարը շարունակելու վճռականությունը: Մյուս կողմից, այն, անկասկած, որոշակի զսպող ազդեցություն է ունենում նաեւ թուրք-պարսկական սահմանի շրջակայքում բնակվող քրդական այլ ցեղերի համար: Նրանք սկսում են ընկալել, որ հարկ եղած դեպքում հայն էլ կարող է իրենից մարտական ուժ ներկայացնել եւ վրեժխնդիր լինել իրեն կոտորողներից: Հիշյալ հանգամանքը սահմանամերձ շրջանների քրդերի մի մասին դրդում է կամ առանձին դեպքերում բարեկամանալ հայերի հետ, կամ գոնե չեզոք դիրք գրավել նրանց նկատմամբ95: Դա կարեւոր հանգամանք էր, եւ հետագա տարիներին իր որոշակի նպաստն է բերում Պարսկաստանից Վասպուրական զենքի փոխադրման գործի նոր ձեւով կազմակերպմանը եւ այսպես կոչված «ծծման» եղանակի հաջող կիրառմանը: Ուշագրավ է, որ տարիներ անց ինքը՝ մազրիկցիների ցեղապետ Շարաֆ բեկն էլ փնտրում էր դաշնակցության բարեկամությունը96: Այդ մասին ուշագրավ վկայություն է թողել Համբարձում Երամյանը, որին ամենեւին էլ չի կարելի «մեղադրել» դաշնակցականամետ լինելու մեջ: Նա գրում է. «Դաշնակցութիւնը, սակայն, պիտի յաջողէր ի վերջոյ Շէրէֆ պէյը իւր ձեռքին մէջ հլու կամակատար գործիք մը դարձնել ու նոյն իսկ անոր ուղղակի եւ անուղղակի օժանդակութեամբ զէնք փոխադրել մինչեւ Վան ու շրջակաները»:97 Բայց եւ այնպես, հանուն ճշմարտության, պետք է արձանագրել, որ Խանասորի արշավանքը չկարողացավ եւ չէր էլ կարող իրագործել արմատական շրջադարձ հայ-քրդական հարաբերություններում: Ազգային, կրոնական, սոցիալ-տնտեսական ու քաղաքական բազմազան հանգամանքների պատճառով դրանք հետագա տարիներին էլ մեծամասամբ շարունակում էին մնալ թշնամական:
Պատժիչ-վրեժխնդրական հարցեր լուծելով հանդերձ, Խանասորի արշավանքը, ինչպես վերը տեսանք, հայոց զինյալ ազատամարտի 1897թ. համար նախանշված մարտավարության մաս էր կազմում եւ ուներ նաեւ Հայկական հարցի վրա դիվանագիտության ուշադրությունը հրավիրելու խնդիր: Ճիշտ է, այդ բնագավառում նրա արդյունքները շոշափելի չէին եւ միջազգային արձագանքներն էլ սպասվածից փոքր, բայց դրանք ավելի շատ պայմանավորված էին ոչ թե արշավանքի անարդյունավետությամբ, այլ այդ ամիսներին ստեղծված միջազգային որոշակի իրավիճակով, մասամբ նաեւ Կ.Պոլսում Խանասորի արշավանքին զուգահեռ իրականացվելիք ձեռնարկների գրեթե լիակատար ձախողմամբ:
Արշավանքն իրականացվեց մերձավորարեւելյան ճգնաժամի եզրափակիչ փուլում՝ Հայկական հարցի համար ստեղծված խիստ անբարենպաստ պայմաններում: Կրետեում 1897թ. սկսված հակաթուրքական ապստամբությունը մարելու ջանքերն ապարդյուն են անցնում եւ նույն տարվա ապրիլին բռնկվում է հույն-թուրքական պատերազմը: Դրա ընթացքն անհաջող էր հունական կողմի համար, եւ տերությունների միջնորդությամբ մայիսին կնքվում է զինադադար, իսկ սեպտեմբերին՝ հաշտության պայմանագիր: Դրանով Օսմանյան կայսրությունը ձեւականորեն պահպանում էր իր տարածքային ամբողջականությունը, բայց՝ ի հաշիվ Կրետեին տրված վարչական ինքնավարության՝ քրիստոնյա գեներալ-նահանգապետի գլխավորությամբ:
Ռուսաստանի, Անգլիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի մանդատը ստանալով այդ պաշտոնը ստանձնում է հունական արքայազն Գեորգը98: Կրետեի խնդիրն այնքան առանցքային էր մերձավորարեւելյան քաղաքականության մեջ, որ այդ ամիսներին իր վրա էր բեւեռել միջազգային դիվանագիտության ուշադրությունը՝ տեսադաշտից դուրս թողնելով եւ երկրորդական դարձնելով Հայկական հարցը: Դա ի դերեւ է հանում հայ ազատագրական պայքարի գլուխ կանգնած առանձին գործիչների այն սպասելիքները, թե Կրետեի խնդրի ակտիվացումը լրացուցիչ լիցք կհաղորդի տերությունների գործունեությանը նաեւ Հայկական հարցում: Հույսերը, թե արշավանքն ու Կ.Պոլսի ձեռնարկները կրկին առաջին պլան կմղեն այն, չեն արդարանում:
Ցավոք, շոշափելի ու պատշաճ արդյունքներ չեն ունենում նաեւ Կ. Պոլսի համար նախատեսված ձեռնարկները: Կ.Պոլիս բավարար քանակությամբ ուժանակ, ռումբեր եւ փորձված գործիչներ մտցնելու մի քանի ամսվա ջանքերն ապարդյուն են անցնում: Հնարավոր չի լինում ապահովել նաեւ տեղական ուժերի այն մասշտաբով մասնակցությունը ձեռնարկներին, որպիսին առկա էր 1896թ.: Մի կողմից այդ հանգամանքը, մյուս կողմից` Խանասորի արշավանքին եւ Օսմանյան դրամատան գրավման տարելիցին անպայման արձագանքելու ցանկությունը, ՀՅԴ Կ.Պոլսի ղեկավար գործիչներին հարկադրում են չնչին ուժերով գնալ ամենեւին էլ լավ չնախապատրաստված ձեռնարկների իրականացման: Դա նկատի ուներ Հոնան Դավթյանը, երբ ՀՅԴ Ատրպատականի կոմիտեին 1897թ. օգոստոսի 7-ին ուղարկված նամակում գրում էր հետեւյալ տողերը. «Կռուածաղիկի գործերը դանդաղ են գնում, շնորհիւ այն հանգամանքին, որ մինչեւ օրս բոլոր մտածուած միջոցները (իւղ ներմուծելու) ապարդիւն են անցել, եւ այժմ կանգ են առել մի ձեւի վրայ, որը յոյս է ներշնչում թէ կարելի կը լինի շուտ ժամանակում մի բան սկսել: Նախնական պատրաստութիւնները լաւ են, եւ միանգամայն յուսալի»99:
Սակայն, այդ նամակը գրելուց մեկ օր առաջ Կ.Պոլսում տեղի ունեցած դեպքերը, որոնց մասին նամակը գրելիս բնականաբար դեռեւս տեղյակ չէր Հոնան Դավթյանը, ակնհայտորեն ցույց տվեցին, որ վերը նշված տողերում առկա լավատեսության համար առանձնակի հիմքեր չկային:
Նախորդ տարվա ձեռնարկների փորձից ելնելով վճիռ էր կայացվել այս անգամ եւս Կ.Պոլսում միաժամանակ իրականացնել մի քանի հարվածներ: Որպես գլխավոր թիրախ ընտրված էր Օսմանյան կառավարության նստավայր Բաբ Ալին: Նախատեսվում էր կառավարության նիստի ժամանակ այդ շենքում հզոր ռումբ պայթեցնել՝ կառավարությունը ոչնչացնելու նպատակով: Ճիշտ նույն ժամին մեկ այլ վրիժառու, իր ձեռքում ունենալով ուժանակով ծրար, պետք է թափանցեր Օսմանյան դրամատուն եւ պայթեցներ այն: Եւս երկու հայ մարտիկներ, այդ պահին ռումբեր նետելով Ղալաթա-Սարայի վրա, պետք է ոչնչացնեին այնտեղ գտնվող զինվորներին ու ոստիկաններին: Թեեւ նախատեսված հարվածները չունեին նախորդ տարվա ձեռնարկների մասշտաբայնությունը, բայց դրանց կազմակերպիչները հույս էին փայփայում հաջողության պարագայում խառնաշփոթ իրավիճակ ստեղծել կայսրության մայրաքաղաքում:
Ձեռնարկների իրագործման օրը՝ 1897թ. օգոստոսի 6-ին Բեռլինի դաշնագիրը ստորագրած 6 տերությունների Կ.Պոլսի դեսպաններին է ներկայացվում ՀՅԴ Կ.Պոլսի Կենտրոնական կոմիտեի հայտարարությունը: Դրանում հիշեցվում էր հայ ժողովրդի ծանր վիճակը եւ շեշտվում, որ 1896թ. օգոստոսի 14-ից հետո անցած մեկ տարում որեւէ դրական փոփոխություն չի արձանագրվել նրա կյանքում: Հայտարարությունն ավարտվում էր հետեւյալ խոսքերով. «Մենք կը պահանջենք ինչ որ անհրաժեշտ է լոկ իբրեւ մարդ ապրելու համար եւ երբեք չպիտի դադրինք գործելէ, մինչեւ չիրականանան մեր այս արդար, իրաւացի եւ մեր նահատակ եղբայրներու արիւնով նուիրագործուած պահանջները»100:
Կ.Պոլսում կազմակերպված ձեռնարկներից երկուսն ի սկզբանե ձախողվում են: Օսմանյան դրամատուն մտած եւ Ղալաթա-Սարայի վրա ռումբեր պայթեցնելու փորձ կատարած մարտիկներն անմիջապես ձերբակալվում են, այդպես էլ չհասցնելով կատարել իրենց վրա դրված առաջադրանքները: Թեեւ գլխավոր թիրախի՝ Բաբ Ալիի համար նախատեսված ռումբը պայթում է, իսկ այն իրականացնողներն էլ զերծ են մնում ձերբակալությունից, այնուհանդերձ, սխալ հաշվարկի եւ տեխնիկական անճշտության պատճառով պայթյունի հետեւանքներն ավելի քան համեստ էին101:
Այսպիսով, Կ. Պոլսում հասցված հարվածներն ամբողջության մեջ անարդյունավետ էին եւ չեն կարողանում լուծել իրենց առջեւ դրված խնդիրները: Մասամբ այդ պատճառով, մասամբ էլ միջազգային նոր արձագանքների առիթ չստեղծելու մտահոգությամբ, սուլթանն այս անգամ գերադասում է լռությամբ կուլ տալ վիրավորանքը: Այլ պարագայում նա գուցե չէր հրաժարվի նոր ջարդերի իրականացումից, բայց Կրետեի խնդրի սառեցման գործընթացում նրան ձեռնտու չէր հայկականի վերարծարծումը: Թերեւս դա նկատի ուներ գերմանական «Քյոլնիշե Ցայտունգ» թերթը՝ այդ օրերին գրելով հետեւյալ տողերը. «Բ. Դրան պայթիւնը քաղքին մէջ մեծ գրգռում պատճառեց: Կառավարութիւնը առաջին անգամ ծածկեց եղելութիւնը, յետոյ հաստատւեցաւ, որ Մեծ-Վեզիրին քարտուղարներէ մեկը, Զիա պէյ, եւ ուրիշ չորս պաշտօնեաներ սպաննւած են, քանի հոգի ալ վնասւած»102:
Թեեւ ամբողջության մեջ 1897թ. համար ծրագրված մարտավարությունը չի հասնում իր նպատակին, այնուհանդերձ, Խանասորի արշավանքը եւ Կ.Պոլսի թեկուզ եւ ձախողված ձեռնարկները հարկադրում են Աբդուլ Համիդ 2-րդին վերսկսելու ՀՅԴ հետ ընդհատված բանակցությունները: Այդ դեպքերից հետո եւ դրանց անմիջական ազդեցությամբ էր, որ Տրդատ բեյ Տատյանը մեկնում է Ժնեւ եւ այնտեղ ամիսներ շարունակ վարում արդեն վերը հիշատակված բանակցությունները: Ինչ վերաբերում է Խանասորի արշավանքի եւ Կ.Պոլսի ձեռնարկների միջազգային արձագանքներին, ապա «Կ.Պոլսի հորիզոնի վրա սեւ ամպեր նշմարվելու» եւ Կ.Պոլսի դեսպանատներն ու սուլթանի պալատը ֆրանսիացի ու ռուս զինվորների միջոցով պահպանվելու մասին եվրոպական մամուլում հայտնված լուրերը մնացին սոսկ օրվա ասեկոսներ103: 1897թ. աշնանն ակնհայտորեն թուլացած էր, եթե չասենք բացակայում էր, հետաքրքրությունը Հայկական հարցի նկատմամբ:
3. ՀՅԴ 2-րդ ընդհանուր ժողովը.
ազատագրական պայքարի նոր մարտավարության մշակումը
Հայ զինյալ պայքարի 1897թ. համար ծրագրված հարվածները հարկ եղած արդյունավետությունը չունեցան: Չհաջողվեց ապահովել նաեւ դրանց միասնականությունը՝ միաժամանակյա լինելու կամ մեկը մյուսին հաջորդելու առումով: Այնուհանդերձ, «զուգակցված հարվածների» կամ հարձակողական մարտավարության ձախողումը պայմանավորված էր ոչ այնքան հեղափոխական ուժերից կախված սուբյեկտիվ հանգամանքներով, որքան արտաքին քաղաքական գործոններով: Մերձավոր Արեւելքում տերությունների շահերի ընդգծված հակադրությունը բացառեց նրանց միասնական գործողությունները Հայկական հարցում:
Հատկապես Ռուսաստանի կողմից Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականությունը պահպանելուն նպատակամղված վճռական գործողությունները բացառեցին որեւէ դրական արդյունք այդ բնագավառում: Իսկ դա նշանակում էր, որ միջազգային միջամտության ճանապարհով Հայկական հարցին դրական լուծում ապահովելուն միտված, հարձակողական բովանդակություն ունեցող «զուգակցված հարվածների» մարտավարությունը, որը 1895թ. վերջերից ընկած էր հայոց ազատամարտը գլխավորող ՀՅԴ գործունեության հիմքում, չարդարացրեց ու սպառեց իրեն եւ հետագայի համար այլեւս չէր կարող կիրառելի լինել: Եթե դեռեւս 1896թ. վերջերին հայ ազատագրական պայքարը կազմակերպող ու ղեկավարող գործիչների մի մասի շրջանում այդ խնդրում կային լուրջ կասկածներ, ապա 1897թ. աշնանը, հատկապես Կ.Պոլսի ձեռնարկների տապալումից հետո, կիրառվող մարտավարության հասցեին բարձրաձայն հնչեցին լուրջ քննադատության խոսքեր:
Արդեն 1897թ. օգոստոսին ՀՅԴ Բալկանյան կոմիտեների ընդհանուր ժողովում դրվում է Կ.Պոլսում իրականացված վերջին ձեռնարկների նպատակահարմարության հարցադրումը: Ուշադրություն է հրավիրվում դրանց անժամանակ ու լավ նախապատրաստված չլինելու վրա եւ առաջադրվում է բուն երկրում ժողովրդին զինելու ու պատրաստելու հարցը104:
Հետագա ամիսներին դժգոհությունները հասնում են այն աստիճանի, որ «Դրոշակի» խմբագրությունը, ի դեմս Ռոստոմի ու Ա. Վռամյանի, շտապում է ամենուրեք հղված նամակներով լուսաբանել տեղի ունեցած իրադարձությունները, հանդարտեցնել մտքերը եւ ներկայացնել սեփական նկատառումները կատարվածի վերաբերյալ105: Այդ նկատառումների հակիրճ ամփոփումը կարելի է տեսնել 1897թ. սեպտեմբերի 20-ին գրված նամակում, որում մասնավորապես ասվում է. «Պոլսի վերջին դեպքերու մասին հարկաւ տեղեկութիւններ ստացած եք ցարդ: Գործը յաջող ալ անցներ, եթէ անդարմանելի կորուստներ ալ չունենայինք - տեղական Սիւնիք կոմիտէն (լաւագոյնը ) փճացած է. Փարիզցին եւ իր ընկերը ձերբակալուած,- Կեդր. Կոմիտէն չուած (Բորիսը, Գիսակը, Սիւնին դէպքէն առաջ մեկնած) ալ չըլլար, բայց անժամանակ էր. ի զուր է կարծել թէ Պոլսի մէջ մեր խնդրով կարող էին զբաղիլ, յունական հաշտութիւնը չկնքած, Կրետէի խնդիրը չկարգադրած: Շատ ծախք, մեծամեծ կորուստ եւ քիչ գործ ու արդիւնք: Շատ դժուար է, եթէ միայն անկարելի չըլլայ, բան մը պատրաստել Պոլսի մէջ այն վճռական վայրկեանին համար, երբ բարենորոգումներու խնդիրը երեւան գայ: Բոլոր կոմիտեներն ալ դժգոհութիւն կը յայտնեն. գրեթէ ցարդ մեր ստացած նամակները այդ ոգով գրուած են»106:
Հիմնականում ճիշտ հարցադրումներով հանդերձ, այդ նամակներում հնչում են նաեւ անարդարացի քննադատական խոսքեր Կ.Պոլսի ձեռնարկների անմիջական կազմակերպիչների հասցեին: Նրանք մեղադրվում էին ինքնագլուխ գործունեության մեջ: Մասնավորապես, 1897թ. դեկտեմբերի 11-ին Հ. Յուսուֆյանին հղված նամակում Ա. Վռամյանը մատնանշում է այն հանգամանքը, որ «արտասահմանի ո՛չ մէկ մարմնի հաւանութիւն առնուած էր կատարելիքի մասին եւ ո՛չ մէկուն հաղորդուած պատրաստուող ցոյցին հանգամանքը: Բաւական չէ այդ. տեղացոց ընդդիմութիւնը կոտրելու համար արտասահմանի ընկերներու անունով գործած են»107: Նման մեղադրանքը տեղին չէր, քանզի, ինչպես վերը տեսանք, Կ.Պոլսի ձեռնարկների մասին կար ՀՅԴ 1896-1897թթ. ռայոնական ժողովի որոշումը, իսկ ՀՅԴ Բյուրոն էլ պնդում էր, որ այդ ձեռնարկները զուգակցվեն արշավանքի հետ, մի հանգամանք, որը ՀՅԴ Կ. Պոլսի Կենտրոնական կոմիտեն փորձեց իրականացնել ստեղծված անչափ դժվարին պայմաններում: Եվ եթե նրա կողմից կար ինքնագլուխ գործելու պահ, ապա դա կարող էր լինել սոսկ իրականացվելիք ձեռնարկների որոշակիության եւ դրանց տեխնիկական նախապատրաստության հարցերում: Մինչդեռ դրանք չունեցան եւ չէին էլ կարող ունենալ վճռորոշ դերակատարություն ընդհանուր մարտավարության ձախողման գործում: Այդ առումով երեւույթին ավելի իրատեսորեն էր մոտենում Ռոստոմը, երբ 1897թ. հոկտեմբերի 10-ին ՀՅԴ Բյուրոյին գրած նամակում վերջինիս հասցեին էր ուղղում հետեւյալ քննադատական տողերը. «Իսկ թէ ինչ է եղել Պոլսում, ինչ գանգատներ են տեղում, այս բոլորի մասին գրաւոր փաստեր են կուտակվում: Այս բոլորի պատասխանատուութիւնը ձեզ վրայ է բարդւում. դուք եղաք բոլորի պատճառը»108: Գիտենալով ՀՅԴ Բյուրոյի առանցքային գործիչների սկզբունքային դիրքորոշումն այդ հարցերի վերաբերյալ, չի կարելի չհամաձայնել Ռոստոմի այդ քննադատության հետ:
Այսպիսով, Կ.Պոլսի ձեռնարկների ձախողումը եւ հատկապես միջազգային փոփոխված իրադրությունը լուրջ տարակուսանքներ են առաջ բերում ազատագրական պայքարի մինչ այդ կիրառվող մարտավարության արդյունավետության ու ճշտության վերաբերյալ: ՀՅԴ Կ.Պոլսի կազմակերպության մեծ կորուստները եւ կայսրության մայրաքաղաքում հսկողության էլ ավելի խստացումն ակնհայտ են դարձնում, որ Կ. Պոլիսը տեւական ժամանակով այլեւս ի վիճակի չի լինելու ակտիվ մասնակցություն բերել սուլթանական բռնապետության դեմ մղվող գործնական պայքարին: Ազատագրական պայքարի ակտիվության կենտրոնն անխուսափելիորեն դառնում էր բուն Արեւմտյան Հայաստանը: Վերջինս, իր հերթին, նախորդ տարիների պայքարից թուլացած եւ զանգվածային ջարդերի արդյունքում ուժասպառ, ի վիճակի չէր շարունակելու ակտիվ ու հարձակողական բնույթի զինված պայքարը: Ստեղծված իրավիճակում, բնականաբար, գերիշխող պետք է դառնար հարձակողական մարտավարությունից հրաժարվելու, գալիք կռիվների համար Երկրի ուժերը համախմբելու եւ լուռ, համբերատար աշխատանքով ժողովրդին զինելու մտայնությունը: Նման մտայնությունը քաղաքական գծի վերածելու եւ ժողովրդին ընդհանուր ապստամբության նախապատրաստելու գաղափարն ազատագրական պայքարի մարտավարության առանցքում դնելու գործում վճռորոշ դեր խաղաց 1898թ. ապրիլ-հուլիս ամիսներին տեղի ունեցած ՀՅԴ երկրորդ ընդհանուր ժողովը: Հանուն ճշմարտության պետք է արձանագրել, որ վերջինիս կողմից մարտավարության վերաբերյալ ընդունված բոլոր սկզբունքային որոշումները նախապես ստացել էին ՀՅԴ Կովկասյան մարմինների 1897-1898թթ. տարեկան շրջանային ժողովի հավանությունը109:
Թե ազատագրական պայքարի մարտավարությունը ճշգրտելու եւ հստակեցնելու հարցը որքան հրատապ ու կարեւոր էր ՀՅԴ համար, վկայում է այն փաստը, որ ընդհանուր ժողովը դրա քննարկմանը տրամադրում է 15 երկարատեւ նիստեր: Ըստ որում, չնայած ընդհանուր ժողովը տեղի էր ունենում Հայկական հարցի համար ստեղծված միջազգային միանգամայն աննպաստ պայմաններում՝ կապված Կրետեի հարցի լուծումից հետո մերձավորարեւելյան խնդիրների նկատմամբ տերությունների ուշադրության ժամանակավոր թուլացման հետ, այնուհանդերձ, հարկ է համարվում մարտավարության խնդիրները քննարկելուց առաջ վերաբերմունք արտահայտել Հայկական հարցի լուծման գործում արտաքին գործոնի դերի վերաբերյալ: ՀՅԴ 2-րդ ընդհանուր ժողովը «սկզբունքով միաձայն ընդունեց, թէ առանց եւրոպական միջամտութեան անկարող ենք մեր ժողովուրդի ազատութեան գործը գլուխ բերել, հետեւաբար, գործունէութեան եղանակը որոշելու ատեն ի նկատի պիտի ունենալ այդ միջամտութիւնը յառաջ բերելու բոլոր հնարաւորութիւնները»110: Այդ որոշմամբ, ելնելով նախորդ տարիների փորձից, ՀՅԴ-ն սկզբունքով հրաժարվում էր Հայկական հարցն ինքնուրույն՝ միայն հայ ժողովրդի ուժերով լուծելու, իր գործունեության առաջին շրջանին բնորոշ, մտայնությունից:
Ընդհանուր ժողովի կողմից որդեգրվելիք մարտավարության խնդրում ուրվագծվում են երեք հիմնական մոտեցումներ, որոնք արտացոլում էին դեռեւս նախորդ ամիսներին նկատվող տրամադրությունները:
Որոշ պատվիրակներ ստեղծված իրավիճակում անկարելի ու վնասակար էին համարում բուն Արեւմտյան Հայաստանում զինյալ պայքարի շարունակումը, առաջարկում դադարեցնել այն, ամբողջ ուժը գործադրել Թուրքիայի ծովեզրյա կետերի վրա, որտեղ կազմակերպված ցուցական ելույթներով կարելի կլիներ շոշափել Եվրոպական շահերը, վառ պահել ուշադրությունը Հայկական հարցի նկատմամբ եւ Եվրոպայի օգնությամբ հասնել խոստացված բարենորոգումների իրականացմանը: Ինչպես վերը տեսանք, հենց նման մտայնությունն էր, որ խիստ վտանգավոր ու անցանկալի էր համարում Ռոստոմը:
Ընդհանուր ժողովում, թեկուզ թույլ, բայց եւ այնպես դրսեւորվում է նաեւ նախկին մարտավարությանը բնորոշ ցույցը եւ ֆիդայական-պարտիզանական կռիվը զուգակցելու մտայնությունը: Չնայած վերջինիս կողմնակիցների թիվը չնչին էր:
Վերը նշված երկու մտայնություններին հակադրվում է երրորդ մոտեցումը, որին վիճակված էր գերակշռող դառնալ ժողովականների շրջանում: Մերժելով զուտ ցուցական գործունեությամբ սահմանափակվելու առաջարկը, ժողովականների մեծամասնությունն անընդունելի էր համարում երկրում գործելու անհնարինության, դրամական միջոցների սակավության եւ նմանատիպ այլ փաստարկները: Նրանք պնդում էին, որ ազատագրական շարժման բուն արմատները Արեւմտյան Հայաստանում են, ուստի ՀՅԴ գործունեության սառեցումն այնտեղ չի հանգեցնի պայքարի դադարեցմանը: Երկրում իրենց գոյությունը պահպանող եւ օրեցօր ասպարեզ իջնող նոր ուժերին անղեկ թողնելը, նրանց կարծիքով, կարող էր հանգեցնել ծանր ու աղետալի հետեւանքների: Առարկելով ցուցական ելույթների դերի ու հետեւանքների գերագնահատման մտայնությանը, նրանք գտնում էին, որ նման ելույթները արդյունավետ կարող են լինել սոսկ այնքանով, որքանով կշաղկապվեն բուն երկրում կատարվող դեպքերի հետ եւ որ պաշտոնական Եվրոպան ու հանրային կարծիքն այն ժամանակ միայն կմիջամտեն Հայկական դատին, «երբ հայ ժողովուրդի հզօր բողոքը լսեն իր իսկ օճախին մոտ...»: Դրանով հանդերձ, նրանց կողմից մերժվում էին նաեւ պարտիզանական-ֆիդայական կռիվները, որոնք, ինչպես նախորդ տարիների փորձն էր ցույց տվել, դրական արդյունքներ չունենալով, կարող էին պարզապես ջարդերի առիթ հանդիսանալ:
Որպես այլընտրանք առաջ էր քաշվում Երկրում ուժերի կենտրոնացման գաղափարը: Այն մի կողմից թույլ կտար ժողովրդին պատրաստել ապագա ընդհանուր շարժման համար, այլ պարագայում՝ ինքնապաշտպանության անհրաժեշտ միջոցներ կընձեռներ նրան, ի վերջո՝ բարենպաստ արտաքին հանգամանքների դեպքում, մարտի դաշտ հանելով պատրաստի ռազմական ուժեր՝ դրական լուծում կապահովեր Հայկական հարցին: Լիովին չբացառելով ցուցական ելույթները, դրանց կիրառման միակ ընդունելի վայր համարվում էր Կ.Պոլիսը՝ նկատի ունենալով վերջինիս արեւմտահայ կենտրոն լինելու հանգամանքը, անցյալի փորձը եւ այնտեղ միջազգային միջամտություն ապահովելու մեծ հավանականությունը: Իբրեւ վերը նշվածի ամբողջացում, առաջարկվում էր երկարատեւ դիմադրության համար բոլոր ուժերը կենտրոնացնել Երկրի մի քանի ամուր եւ հարմար կետերում, նույն ժամանակ Կ.Պոլսում նախապատրաստել զորեղ ցույց եւ այն իրագործել, երբ որոշված կետերը կլինեն ապստամբած կամ ապստամբության պատրաստ վիճակում111:
Վերոհիշյալ բոլոր մոտեցումներն երկարատեւ քննարկումների ենթարկելով, ընդհանուր ժողովը «...ստւար մեծամասնութեամբ (2 ձայն դէմ) սկզբունքով ընդունեց ուժերու կեդրոնացումը երկրին մէջ, ցոյցը Պոլիս եւ ծովեզերեայ քաղաքները, եւ մերժելով ֆետայական ասպատակային գործունէութիւնը՝ ընդունեց մարտական-զինամարզական խումբեր կազմակերպելու ծրագիրը»112: Ավելի ուշ՝ ՀՅԴ 3-րդ ընդհանուր ժողովը (1904թ.) վերահաստատում է ցույց-կենտրոնացումի վերաբերյալ վերը նշված որոշումը՝ միաժամանակ խիստ որոշակիացնելով «կենտրոնացում» հասկացությունը: «Կեդրոնացում,- ասվում էր այդ որոշման մեջ,- կը նշանակէ համախմբում ռազմական, դրամական եւ կազմակերպող ուժերու՝ աշխարհագրական եւ ազգաբնակչական տեսակէտով նպաստաւոր պայմաններ ներկայացնող սահմանափակ վայրերու մէջ՝ իրենց անհրաժեշտ շրջանակներու հետ»113:
Այսպիսով, հայ ամենաազդեցիկ քաղաքական կուսակցությունը, որի ձեռքում 1896թ. ի վեր գտնվում էր ազատագրական պայքարի ղեկը, Երկրի տարածքում սկզբունքորեն հրաժարվում էր հայդուկային-պարտիզանական պայքարի մարտավարությունից եւ իր առջեւ դնում ապագա՝ ընդհանուր ու երկարատեւ ապստամբական շարժման համար ժողովրդի ուժերն աստիճանաբար համախմբելու խնդիրը: Իսկ դա նշանակում է, որ հայոց ազատամարտը ձերբազատվում էր նաեւ հարձակողական մարտավարության այն դրսեւորումներից, որոնք նրան բնորոշ էին դեռեւս 1896թ. սկսած: Չնայած 1898-1899թթ. Արեւմտյան Հայաստանի տարածքում տեղի են ունենում մի շարք բախումներ մի կողմից Պարսկաստանից ու հատկապես Ռուսաստանից երկիր զենք փոխադրող զինատար խմբերի, մյուս կողմից թուրքական ու քրդական կանոնավոր եւ անկանոն ուժերի միջեւ, սակայն Խաթավինի, Ավերակ ջաղացի, Խաստուրի, Սպահան լճի եւ այլ կռիվները, թշնամու կողմից պարտադրված լինելով չի կարելի համարել հարձակողական մարտավարության դրսեւորում: Նույն տեսանկյունից պետք է դիտարկել նաեւ Բաբշենի, Ցրոնքի եւ Աղբյուր Սերոբի ու Գուրգենի վարած վերջին մյուս մարտերը: Այդ առումով կարծում ենք ճիշտ չէ Ա. Նորյանը (Ա. Միքայելյան), որը հարձակողական մարտավարության կիրառումը հասցնում է մինչեւ 1899թ. վերջերը114:
Քանի որ Արեւմտյան Հայաստանի աշխարհագրական պայմանները, ժողովրդագրական վիճակը եւ ազատագրական պայքարի համար անհրաժեշտ դրամական միջոցների սակավությունն անկարելի էին դարձնում այդ խնդրի լուծումը երկրի ամբողջ տարածքի համար, ուստի ուժերի կենտրոնացման համար ընտրվում էին համեմատաբար ստվար հայ բնակչություն ունեցող այն շրջանները, որոնք աշխարհագրական հարմար դիրք եւ ազատագրական զինյալ պայքարի ավանդույթներ ունեին: Ելնելով վերը նշված չափանիշներից, ՀՅԴ 2-րդ ընդհանուր ժողովը որպես ուժերի կենտրոնացման եւ ապստամբության նախապատրաստման շրջաններ առանձնացնում է Բարձրավանդակը (Տարոն-Սասունի շրջան) եւ Լեռնավայրը (Կիլիկիան): Միաժամանակ խնդիր է դրվում ջանքեր գործադրել Շատախ-Վասպուրականի հայաշատ շրջանը զինելու եւ այնտեղ զինամարզական-մարտական խմբեր կազմելու վերաբերյալ: Այդ նպատակով, որպես առաջին քայլ, Շատախ-Վասպուրական պետք է տեղափոխվեին եւ հավասարապես բաշխվեին Խանասորի արշավանքից հետո Ատրպատականում մնացած շուրջ 300 հրացանները115: Ավելի ուշ՝ ՀՅԴ 3-րդ ընդհանուր ժողովի կողմից վերը նշված շրջանը նույնպես հավասարազոր իրավունքներով առանձնացվում է որպես ուժերի կենտրոնացման երրորդ շրջան116:
Մերժելով հայդուկային-ասպատակային գործունեությունը, ՀՅԴ 2-րդ ընդհանուր ժողովը վճիռ է կայացնում ամենուրեք, առաջին հերթին ուժերի կենտրոնացման շրջաններում, տեղացի երիտասարդներից մարտական-զինամարզական խմբերի կազմակերպման օգտին: Այդ խմբերի ստեղծման նպատակ էր հռչակվում տեղացիներից հեղափոխական կռվող ուժերի պատրաստումը, հարկ եղած պարագայում դրանց օգնությամբ ժողովրդի ինքնապաշտպանության ապահովումը117: Նման տարբերակով փորձ էր արվում հայկական հեղափոխությունը ֆիդայական պայքարի ռելսերից փոխադրել ժողովրդական հեղափոխության ավելի ցանկալի, բնական ու արդյունավետ հարթություն:
Որդեգրելով կենտրոնացման մարտավարություն եւ նկատի ունենալով դրա համար համեմատաբար խաղաղ ու հանգիստ պայմանների ապահովման անհրաժեշտությունը, ՀՅԴ 2-րդ ընդհանուր ժողովը սկզբունքային որոշում է ընդունում նաեւ կենտրոնացման շրջաններում անհատական ահաբեկումների իրականացումն էապես սահմանափակելու օգտին՝ այդ հարցում վճիռների ընդունումն արտոնելով միայն համապատասխան շրջանների նորաստեղծ Պատասխանատու Կենտրոնական կոմիտեներին: Խստացվում էին նաեւ կենտրոնացման վայրերից դուրս՝ Երկրի այլ շրջաններում ահաբեկումների իրականացման պայմանները: Նման մոտեցումը նպատակ ուներ ահաբեկումների իրականացումը սահմանափակել ծայրահեղ անհրաժեշտության շրջանակներում եւ հնարավորինս խուսափել դրանց արդյունքում առաջ եկող անկայուն եւ պայթյունավտանգ իրավիճակներից:
Խանասորի համեմատաբար հաջող իրականացված արշավանքի հմայքը, բնականաբար, հետագայում էլ կարող էր ազատագրական ուժերի համար հրապուրիչ պահել նման ձեռնարկների իրականացման գաղափարը՝ խոչնդոտելով ուժերի կենտրոնացման բնականոն գործընթացին: Աշխատելով բացառել նման գործողությունները, ընդհանուր ժողովը վճիռ է կայացնում ուժերի կենտրոնացման ժամանակաշրջանում նոր արշավանքների կազմակերպման անցանկալիության վերաբերյալ: Միեւնույն ժամանակ արտոնվում էր, ապստամբություն սկսվելու պարագայում, Երկրից դուրս կազմված կամավորների խմբերով արշավանքներ ձեռնարկել՝ այդ եղանակով օժանդակելով երկրում սկսված շարժմանը118: Այդ, մասամբ էլ ՀՅԴ 3-րդ ընդհանուր ժողովի որոշումների հիման վրա էր, որ ավելի ուշ՝ 1903-1904թթ. կազմակերպվեցին Սասունում սկսված նոր շարժմանն օժանդակելուն միտված արշավախմբերը: Ճիշտ է այդ գործընթացում դրսեւորվեցին էական ու լուրջ բացթողումներ, որոնց հետեւանքով Խանասորի արշավանքից հետո կազմակերպված արշավախմբերը, գրեթե առանց բացառության, ձախողվեցին, բայց դրանց պատճառների քննարկումը դուրս է սույն հետազոտության խնդիրների շրջանակից:
Որոշակի փոխզիջման արդյունք էին ՀՅԴ 2-րդ ընդհանուր ժողովի որոշումները ցուցական գործունեության վերաբերյալ: Չնայած Կ.Պոլսում նախորդ տարիներին տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքները գրեթե անհնարին էին դարձնում այնտեղ մոտ ապագայում նոր ձեռնարկների իրականացումը, այնուհանդերձ, սկզբունքով ընդունելով Կ.Պոլսում եւ Թուրքիայի ծովեզրյա քաղաքներում ցուցական գործունեությունը շարունակելու անհրաժեշտությունը, ժողովը միաձայն վճիռ է կայացնում կենտրոնացման գործին զուգընթաց Կ.Պոլսում ցույցի անհապաղ կազմակերպման օգտին: Դրանով հանդերձ, էապես սահմանափակվում եւ խիստ որոշակիացվում են ցուցական գործունեության շրջանակները: Խնդիր է դրվում Կ.Պոլսում եւ կայսրության ծովեզրյա քաղաքներում մեծ ու փոքր ցույցեր կազմակերպել միայն Երկրում հայկական ապստամբություն սկսվելու պարագայում, կամ ընդհանուր ժողովների միջեւ ընկած ժամանակամիջոցում` ՀՅԴ բյուրոների եւ Պատասխանատու Կենտրոնական կոմիտեների ներկայացուցիչներից ստեղծված ՀՅԴ Կամքը Ներկայացնող նորաստեղծ մարմնի կողմից նպաստավոր համարված պահին: Հատկապես երկրորդ դեպքում, երբ անհնարին կլիներ ցույցի նախապատրաստումը Կ. Պոլսում, իսկ քաղաքական հանգամանքները կպահանջեին դրա անպայման իրականացումը, ՀՅԴ Կամքը Ներկայացնող Մարմինը իրավունք էր ստանում սեփական հայեցողությամբ այն կազմակերպել կայսրության ծովեզրյա որեւէ քաղաքում:
Այդ ամենով հանդերձ, նախորդ տարիների փորձից ելնելով (Տրապիզոնի 1895թ. սեպտեմբերի դեպքերը եւ այլն), աննպատակահարմար էր համարվում ցույցերի կազմակերպումը գավառական ծովափնյա քաղաքներում՝ նկատի ունենալով քաղաքական առումով դրանց ոչ շահավետությունը, հետեւանքների անկանխատեսելիությունը եւ արդյունքում` նոր ջարդերի հնարավորությունը:
Սահմանափակելով եւ երկրում ծավալվող շարժման խնդիրներին ենթարկեցնելով ցուցական գործունեությունը, ընդհանուր ժողովը, մյուս կողմից, միաձայն ընդունում է տիրապետող տրամաբանությունից շեղվող մի վճիռ, որն, անշուշտ, զուտ ցուցական գործունեությամբ սահմանափակվելու գործելակերպի կողմնակիցներին արված որոշակի զիջում էր: Այդ որոշմամբ խնդիր էր դրվում Կ.Պոլսում «Անկախ ցոյց կատարել, այսինքն՝ առանց երկրի պատրաստութիւններուն սպասելու, այն պարագային միայն, երբ անպայման մեծ ու հոյակապ գործ մը յոյս կայ գլուխ բերելու»119:
Թեեւ ընդհանուր ժողովի պահպանված արձանագրություններում չի հստակեցվում վերը նշված որոշման իրական բովանդակությունը, այնուհանդերձ, կարծում ենք, եւ հետագա իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ դա Մեծ Մարդասպանին՝ սուլթան Աբդուլ Համիդ 2-րդին պատուհասելու վճիռ էր: Ճիշտ է, ՀՅԴ այդ շրջանի աչքի ընկնող գործիչներից Արամ Հակոբյանը (Կարեն), որը 2-րդ ընդհանուր ժողովի պատգամավոր էր եւ վերջինիս կողմից ստեղծված Կ.Պոլսի Պատասխանատու Կենտրոնական կոմիտեի անդամ, հետագայում՝ Ս.Վրացյանի հարցադրումներին որպես պատասխան գրած իր նամակում պնդում է, որ Կ.Պոլսի ցույցի ձեւի հստակեցումը, այն է՝ սուլթանին ոչնչացնելու մասին վճիռը, ընդունվել է ՀՅԴ Կամքը Ներկայացնող Մարմնի Ֆիլիպեում գումարված ժողովում (Բուլղարիա, 1901թ. գարուն)120, սակայն ուշագրավ է, որ ՀՅԴ հաջորդ՝ 3-րդ ընդհանուր ժողովը գրեթե նույն ձեւակերպումն է տալիս սուլթանի ահաբեկման խնդրին: Վերը նշված որոշման հետ համեմատելու եւ ակնհայտ նույնությունը ապացուցելու համար հարկ ենք համարում բառացիորեն մեջբերել ՀՅԴ 3-րդ ընդհանուր ժողովի կողմից Ցուցական գործունեության վերաբերյալ ընդունված բանաձեւի երրորդ կետը, որը միանշանակ վերաբերում էր սուլթանին: «Երկրի շարժումներէն անկախ գործ կատարել Վիշապի մէջ այն պարագային միայն, - ասվում էր դրանում,- երբ յոյս կայ հոյակապ ձեռնարկ մը գլուխ բերելու»121: Կարծում ենք լրացուցիչ մեկնաբանություններն ավելորդ են:
Ինչ վերաբերում է Արամ Հակոբյանի վկայություններին, ապա դրանք, արված լինելով շուրջ երեք տասնամյակների հեռվից, հասկանալիորեն կարող էին ունենալ եւ իսկապես պարունակում էին մի շարք անճշտություններ ինչպես Ֆիլիպեի ժողովի գումարման ժամկետի, այնպես էլ դրանում քննարկված հարցերի վերաբերյալ: Ֆիլիպեի ժողովն, անշուշտ, անդրադարձել է ցուցական գործունեության խնդրին, բայց, ամենայն հավանականությամբ, միայն ձեռնարկի իրականացման համար անհրաժեշտ միջոցների հայթայթման հարցի հետ կապված:
Նկատի ունենալով նոր մարտավարության իրականացման գործընթացում շրջաններից յուրաքանչյուրի յուրահատուկ դերակատարությունը, ընդհանուր ժողովը ստեղծում է Կռվածաղկի (Կ.Պոլիս), Բարձրավանդակի, Լեռնավայրի եւ Վասպուրականի Պատասխանատու Կենտրոնական կոմիտեներ՝ դրանց վրա դնելով իրենց շրջանների համար նախատեսված խոշոր ձեռնարկների իրականացման ղեկավարությունը: Պատասխանատու Կենտրոնական կոմիտեների կազմը համալրվում է մինչ այդ փորձված, պայքարի բովով անցած գործիչներով: Մասնավորապես, Բարձրավանդակի Պատասխանատու Կենտրոնական կոմիտեն կազմվում է այնպիսի փորձված գործիչներից, ինչպիսիք էին Աղբյուր Սերոբը, Գուրգենը, Սեւքարեցի Սաքոն (Ս. Ծովանյան), Վարդանը եւ Հրայրը: Միաժամանակ, անհրաժեշտ է համարվում Բարձրավանդակ եւ Վասպուրական ուղարկել կազմակերպչական ունակություններով օժտված մտավորական գործիչներ122: Հատկապես այս վերջին որոշման հիման վրա էր, որ հետագա տարիներին, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի կարգավիճակով, Վասպուրականում իր գործունեությունը ծավալեց Վարդգեսը, իսկ Տարոն-Սասունի շրջանում՝ Վահանը (Վ. Մանվելյան): Նրանցից առաջինը նախապես ուղարկված լինելով Տարոն-Սասունում գործելու համար, հարկադրված էր մնալ Վասպուրականում՝ տեղի կազմակերպության համար Վազգենի զոհվելուց հետո (1898թ.) ստեղծված բարդ ու ծանր իրավիճակի պատճառով:
Այսպիսով, բուն երկրում կիրառվելիք մարտավարության վերաբերյալ իր որդեգրած սկզբունքային նոր դիրքորոշմամբ եւ դրա հաջող իրագործմանը միտված կազմակերպական քայլերով ՀՅԴ-ն փորձում է արմատական բեկում մտցնել հայ ազգային-ազատագրական զինյալ պայքարի ընթացքի մեջ՝ այն ուղղորդելով դեպի համաժողովրդական զինյալ պայքարի եւ ընդհանուր ապստամբության կազմակերպման բնականոն ուղին: Կարծես այլեւս ոչինչ չէր կարող խոչնդոտել հստակ մշակված քաղաքական գծի կենսագործմանը:Այնուհանդերձ, կյանքը ցույց տվեց, որ տեսականորեն ճիշտ ու հստակ մարտավարական գծի նախանշումը բազմիցս ավելի դյուրին է, քան այն գործնականում կյանքի կոչելը, որ ռեալ իրականությունը, զանազան օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներ, հաճախ պարտադրաբար իրենց սրբագրումները կարող են մտցնել դրա նյութականացման գործընթացում:
Վերջաբան
Օսմանյան բռնապետության դեմ ծավալված հայ ազատագրական շարժումը 1890-ական թվականների կեսերից հարկադրված էր հրաժարվել նախորդ տարիներին բնորոշ պայքարի ձեւերից եւ էական սրբագրումներ կատարել զինյալ պայքարի մարտավարության մեջ: Եթե մինչ այդ ազատագրական պայքարը ղեկավարած հնչակյան կուսակցությունը՝ հատկապես նրա արեւմտահայ գործիչներից ձեւավորված վերակազմյալ հնչակյան թեւը, հրաժարվելով մասնակի ցույցերի ու պարտիզանական-հայդուկային կռվի մարտավարությունից, արդեն 1896թ. որդեգրում է ընդհանուր ապստամբության նախապատրաստման գիծ, ապա այդ տարիներին հայոց ազատամարտի ղեկը ստանձնած ՀՅԴ-ն միառժամանակ փորձում է կյանքի կոչել ակտիվ, հարձակողական բնույթի քայլերով Հայկական հարցին դրական լուծում ապահովող մարտավարություն:
Հայկական զանգվածային ջարդերը, այդ տարիներին Հայկական հարցի վերաբացված լինելը, հայ ազատագրական պայքարը ղեկավարող գործիչներին հույսեր էին ներշնչում, թե հնարավոր է Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կ. Պոլսում միաժամանակ հասցված ուժեղ եւ կտրուկ հարվածներով քաոսային իրավիճակ ստեղծել կայսրությունում եւ միջազգային միջամտության ճանապարհով դրական լուծում տալ հարցին:
Այդ ուղղությամբ 1896-1897թթ. ձեռնարկված քայլերը, սակայն, սպասված արդյունքը չեն տալիս: Մյուս կողմից, Կրետեի հարցի կտրուկ սրումը եւ դրան հաջորդած հույն-թուրքական պատերազմը թուլացնում են տերությունների հետաքրքրությունը Հայկական հարցի նկատմամբ: Նման պայմաններում, հայոց ազատամարտը ղեկավարող քաղաքական ուժը՝ ՀՅԴ-ն, 1898թ. գումարված իր 2-րդ ընդհանուր ժողովում հրաժարվում է «զուգակցված հարվածների» մարտավարությունից, եւ մերժելով ազատագրական պայքարում հայդուկային-ֆիդայական կռվի դերի գերագնահատման մտայնությունն ու գործելակերպը, փորձում հայոց ազատամարտը տանել ժողովրդական հեղափոխության ուղիով՝ որդեգրելով ուժերի կենտրոնացման եւ երկրում ընդհանուր ապստամբության նախապատրաստման քաղաքական գիծ: Դրան համապատասխան, ընդունվում են նաեւ Կ. Պոլսում եւ կայսրության ծովափնյա քաղաքներում ցուցական գործունեության վերաբերյալ որոշումներ: Սակայն, հետագա տարիների իրադարձությունները, ցավոք, հնարավորություն չեն տալիս լիարժեք կյանքի կոչել այդ որոշումները:
Սկզբնական շրջանում Պատասխանատու Կենտրոնական կոմիտեները, տարբեր պատճառներով, չեն կարողանում արդյունավետ գործունեություն ծավալել իրենց շրջանների համար նախատեսված որոշումների իրագործման ուղղությամբ: Այդ առումով հատկանշական է հատկապես Բարձրավանդակի օրինակը: Վերջինիս Պատասխանատու մարմնի անդամությունից ի սկզբանե հրաժարվում է Վարդանը, ապա թուրքական իշխանությունների կողմից Տարոնում ձերբակալվում է Սեւքարեցի Սաքոն՝ չկարողանալով որեւէ դերակատարություն ունենալ նոր մարտավարության կյանքի կոչման գործում: Ընդհանուր ժողովի ավարտից կարճ ժամանակ անց նահատակվում են ազատագրական պայքարի Տարոն- Սասունի շրջանի աչքի ընկնող ղեկավարները՝ Գուրգենը (ապրիլ, 1899թ.) եւ Աղբյուր Սերոբը (հոկտեմբեր, 1899թ.)՝ Պատասխանատու մարմնի միակ գործուն անդամի՝ Հրայրի ուսերին թողնելով նոր մարտավարության կյանքի կոչման բարդ ու դժվարին խնդիրը: Վերջինս այդ ճանապարհին ստիպված էր հաղթահարել ոչ միայն թշնամու միանգամայն բնական ու հասկանալի դիմադրությունը, այլեւ հայդուկային մարտավարության կողմնակիցների բուռն ընդդիմությունը: Իսկ դա ամենեւին էլ հեշտ խնդիր չէր, եթե նկատի առնենք, որ այդ դիմադրությունը գլխավորում էին ճանաչված հայդուկապետեր Անդրանիկը (Ա. Օզանյան), Գեւորգ Չավուշը (Գ. Ադամյան), Սպաղանաց Մակարը եւ ուրիշներ, որոնք իրենց կենսագրության մեջ ունեին թշնամու դեմ մղած բազմաթիվ մեծ ու փոքր կռիվներ:
Իշխանությունների ընտրած գործելաոճն էլ ինքնին պարարտ հող էր ապահովում հայդուկային մարտավարության որոշակի կենսունակության համար: Ցանկանալով կանխել եւ դեռ սաղմում վիժեցնել հայոց ազատամարտը համաժողովրդական ապստամբության վերաճելու բնական գործընթացը, իշխանությունները եւ նրանց հովանավորությունը վայելող քուրդ ցեղապետերն արեւմտահայության նոր հարստահարություններով, բռնի ու վայրագ գործողություններով, ազատագրական ուժերին դրդում էին հանպատրաստից ելույթների: Դրա արդյունքում անօգուտ վատնվում ու փոշիանում էին ընդհանուր ապստամբության համար կենտրոնացվող զինական, դրամական ու մարդկային ռեսուրսները: Մյուս կողմից հարկ էր լինում հրաժարվել հայդուկային խմբերը ցրելու կամ դրանց գործունեությունը սառեցնելու գործելակերպից, որը, բնականաբար, նույնպես չէր նպաստում նախանշված քաղաքական գծի իրականացմանը:
Մարտավարական երկու գծերի միջեւ պայքարը Տարոն-Սասունում շարունակվում է մինչեւ 1902թ. գարունը, երբ որպես ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ այստեղ է ժամանում Վահանը, որը վերջ տալով ազատագրական ուժերի երկու թեւերի միջեւ երբեմն ծայրահեղության հասնող առճակատմանը, ասպարեզ է բացում նոր մարտավարության իրականացման համար: Բայց խիստ անհրաժեշտ ժամանակն արդեն բաց էր թողնված, քանի որ ժամանակից շուտ պայթում է Սասունի նոր՝ 1904թ. ապստամբությունը՝ անավարտ թողնելով Հրայրի ծրագրերը:
Զանազան պատճառներով, ՀՅԴ 2-րդ ընդհանուր ժողովին հաջորդած տարիներին, ուժերի կենտրոնացման ուղղությամբ չեն կարողանում արդյունավետ գործունեություն ծավալել նաեւ Վասպուրականի ու Լեռնավայրի Պատասխանատու Կենտրոնական կոմիտեները:
Հայ եկեղեցու գույքի բռնագրավման մասին ցարական 1903թ. հունիսի 12-ի օրենքի հրապարակումից հետո Կովկասում տեղի ունեցած բուռն իրադարձություններն էլ իրենց հերթին հայ քաղաքական կուսակցությունների ուշադրությունն էապես շեղում են դեպի կովկասյան գործերը, որն ինքնին բացասաբար է ազդում Արեւմտյան Հայաստանում ուժերի կենտրոնացման գործընթացի վրա:
Որոշակի հանգամանքների՝ ՀՅԴ Կ.Պոլսի Պատասխանատու Կենտրոնական կոմիտեի անդամ Գարեգին Խաժակի ձերբակալության, եւ հատկապես դրամական միջոցների սղության պատճառով, ՀՅԴ 2-րդ ընդհանուր ժողովին հաջորդած տարիներին չի հաջողվում իրագործել նաեւ սուլթանի վերաբերյալ ընդունված վճիռը: Միայն «Փոթորիկ» խմբի գործունեության արդյունքում ձեռք բերելով հետագա գործունեության համար կենսական դրամական միջոցներ, ՀՅԴ-ն իր 3-րդ ընդհանուր ժողովի որոշմամբ գործնականորեն ձեռնամուխ եղավ այդ խնդրի իրագործմանը՝ դրա համար ստեղծելով Կ.Պոլսի, իր կազմով հեղինակավոր, Ցուցական մարմին՝ Քրիստափոր Միքայելյանի գլխավորությամբ: Սակայն, ինչպես «Փոթորիկի» հետ առնչվող հարցերի, այնպես էլ հետագա իրադարձությունների լուսաբանումը դուրս է սույն հետազոտության խնդիրների շրջանակից:
Հպջ’Վպ
ԿՑՊպսՖվօպ ՈրտպՍՑօ ՈՐՎ'վրՍՏռ ՏրՉՏոՏՊՌՑպսՖվՏռ ոՏՐՖոօ ՍՏվՓՈ 19-չՏ ՉպՍՈ վցՋՊՈ’Ցր' Չ վՏՉՏՎ ՏրՉպքպվՌՌ. Թ փՈրՑվՏրՑՌ, րտՏՐվօՎ 'Չս'պՑր' ցտՏՑՐպոս'պՎօռ Չ ՌրՑՏՐՌՍՏ-վՈցփվՏռ սՌՑպՐՈՑցՐպ ՑպջՌր, րՏչսՈրվՏ ՍՏՑՏՐՏՎց րՑՏ'ՉՔՌպ ՉՏ չսՈՉպ ՈՐՎ'վրՍՏռ ՏրՉՏոՏՊՌՑպսՖվՏռ ոՏՐՖոօ տՏսՌՑՌփպրՍՌպ րՌսօ, ՌջվՈփՈսՖվՏ տՐՌՎպվՌՉ ՑՈՍՑՌՍց, վպ ՏտՐՈՉՊՈՉՔց’ րպո' Չ ՊՈսՖվպռՔՌւ րՏոօՑՌ'ւ, վպ րՎՏչսՌ տՐՏ'ՉՌՑՖ վՈՊսպՋՈքց’ չՌոՍՏրՑՖ Ռ ՊՏ ՍՏվՓՈ ՏրՑՈսՌրՖ տՐՌՉպՐՋպվՓՈՎՌ ֆՑՏռ ՑՈՍՑՌՍՌ. ԿՊվՈՍՏ, ՐՈրրՎՈՑՐՌՉՈ' ՎպՑՏՊօ ՊպռրՑՉՌ' ՈՐՎ'վրՍՌւ վՈՓՌՏվՈսՖվՏ-տՏսՌՑՌփպրՍՌւ րՌս վՈ ՏոքպՎ ՒՏվպ րՏոօՑՌռ րպՐպՊՌվօ 90-ւ չՏՊՏՉ 19-չՏ ՉպՍՈ, Չ տպՐՉց’ ՏփպՐպՊՖ, ՉՏջՏովՏՉսպվՌ' ԸՐՎ'վրՍՏչՏ ՉՏտՐՏրՈ, տՐՌւՏՊՌՎ Ս րսպՊց’քՌՎ ջՈՍս’փպվՌ'Վ:
1. ձՋպ Չ րպՐպՊՌվպ 90-ւ չՏՊՏՉ 19-չՏ ՉպՍՈ, տՏրսպ ՉՏրրՑՈվՌռ Չ հՈրցվպ Ռ իպռՑցվպ, ՐցՍՏՉՏՊ'քՌպ ՏրՉՏոՏՊՌՑպսՖվՏռ ոՏՐՖոՏռ տՏսՌՑՌփպրՍՌպ րՌսօ ՏՑՍՈջօՉՈ’Ցր' ՏՑ ՌՊպՌ տպՐպՐՈրՑՈվՌ' չՈռՊցՍրՍՌւ ոՏպՉ Ռ սՏՍՈսՖվօւ ՉՏրրՑՈվՌռ ՉՏ ՉրպՏոքպպ ՉՏրրՑՈվՌպ.
2. կՈՐՑՌ' թվփՈՍ, Չ ՏրՏոպվվՏրՑՌ պպ ՐպՏՐչՈվՌջՏՉՈվվՏպ չվփՈՍրՍՏպ ՍՐօսՏ, Չ ՏրվՏՉվՏՎ տՐպՊրՑՈՉս'’քպպ ջՈտՈՊվՏպ ՈՐՎ'վրՑՉՏ, ր րպՐպՊՌվօ 1896-չՏ չՏՊՈ ՏՑՍՈջՈՉՔՌրՖ ՏՑ տՐպՋվպռ ՒՏՐՎօ ՊպռրՑՉՌռ, տպՐպւՏՊՌՑ Ս ՑՈՍՑՌՍպ տՏՊչՏՑՏՉՍՌ ՏոքպչՏ ՉՏրրՑՈվՌ'.
3. ԹՏտՐպՍՌ ֆՑՏՎց, տՏրսպ իպռՑցվրՍՏչՏ ՉՏրրՑՈվՌ' տՈՐՑՌ' ԺՈՔվՈՍՓցՑ’վ, Չջ'ՉՔՈ' վՈ րպո' ՐցՍՏՉՏՊրՑՉՏ ոՏՐՖոՏռ, փՈրՑՌփվՏ ՏՑՍՈջՈսՈրՖ ՏՑ տՐպՋվՌւ ՎպՑՏՊՏՉ ՊպռրՑՉՌռ Ռ Չ ՑպփպվՌպ տՏփՑՌ ՊՉցւ սպՑ տօՑՈսՈրՖ տցՑպՎ վՈրՑցտՈՑպսՖվօւ ՔՈչՏՉ ՊպՐՋՈՑՖ ԸՐՎ'վրՍՌռ ՉՏտՐՏր Չ տՏսպ ջՐպվՌ' ՉպսՌՍՌւ ՊպՐՋՈՉ, Ռ տՏրՐպՊրՑՉՏՎ ՊՌտսՏՎՈՑՌփպրՍՏչՏ ՉՎպՔՈՑպսՖրՑՉՈ ՊՏոՌՑՖր' ՏրցքպրՑՉսպվՌ' ՐպՒՏՐՎ. Թ ֆՑՌ չՏՊօ Չ րՑպՐՋվպ Պպ'ՑպսՖվՏրՑՌ ԺՈՔվՈՍՓցՑ’վ ոօսՈ ջՈսՏՋպվՈ ՑՈՍՑՌՍՈ վՈվպրպվՌ' ՏՊվՏՉՐպՎպվվօւ ՌսՌ տՏրսպՊց’քՌւ րՌսՖվօւ ցՊՈՐՏՉ Չ իՈտՈՊվՏռ ԸՐՎպվՌՌ Ռ ԽՏվրՑՈվՑՌվՏտՏսպ. նՑց ՑՈՍՑՌՍց ՎՏՋպՎ ՏւՈՐՈՍՑպՐՌջՏՉՈՑՖ ՍՈՍ "ՑՈՍՑՌՍՈ ՍՏՎոՌվՌՐՏՉՈվվօւ ցՊՈՐՏՉ".
4. կՏրՍՏսՖՍց ոպրրտՏՐվօՎ ՐցՍՏՉՏՊՌՑպսպՎ ՏրՉՏոՏՊՌՑպսՖվՏռ ոՏՐՖոօ ՍՏվՓՈ 19-չՏ ՉպՍՈ 'Չս'սՈրՖ տՈՐՑՌ' ԺՈՔվՈՍՓցՑ’վ, ՑՈՍՑՌՍՈ "ՍՏՎոՌվՌՐՏՉՈվվօւ ցՊՈՐՏՉ" րՑՈվՏՉՌսՈրՖ ՑՌտՌփվՏռ Չ ՏրՉՏոՏՊՌՑպսՖվՏռ ոՏՐՖոպ 1896-1897չչ. հսպՊՏՉՈՑպսՖվՏ, ՌՎպվվՏ Չ ՐՈՎՍՈւ ֆՑՏռ ՑՈՍՑՌՍՌ վպՏուՏՊՌՎՏ ՐՈրրՎՈՑՐՌՉՈՑՖ ՑՈՍՌպ ջվՈփՌՑպսՖվօպ ֆտՌջՏՊօ ՈՐՎ'վրՍՏռ ՏրՉՏոՏՊՌՑպսՖվՏռ ոՏՐՖոօ, ՍՈՍ ջՈւՉՈՑ ԿՑՑՏՎՈվրՍՏչՏ ոՈվՍՈ Չ 1896չ. Ռ ղՈվՈրՏՐրՍՌռ տՏւՏՊ 1897 չՏՊՈ. ԿՊվՈՍՏ, տՐՌՎպվպվՌպ ֆՑՏռ ՑՈՍՑՌՍՌ, վպրՎՏՑՐ' վՈ ՏՑՊպսՖվօպ ՐպջցսՖՑՈՑօ, ՉՉՌՊց ՏտՐպՊպսպվվօւ ցրսՏՉՌռ, վպ տՐՌՉպսՏ Ս ՐպՔպվՌ’ տՏրՑՈՉսպվվօւ ջՈՊՈփ.
5. կՏրսպ ՐպՔպվՌ' ԽՐՌՑրՍՏչՏ ՉՏտՐՏրՈ Չ 1897չ. ՉՐպՎպվվՏ ՏրսՈո ՌվՑպՐպր ՊպՐՋՈՉ Ս ոսՌՋվպՉՏրՑՏփվօՎ տՐՏոսպՎՈՎ Ռ ՊՈսՖվպռՔպպ տՐՌՎպվպվՌպ ՑՈՍՑՌՍՌ "ՍՏՎոՌվՌՐՏՉՈվվօւ ցՊՈՐՏՉ" րՑՈսՏ վպՐպՈսՖվօՎ Ռ ոպրտՏսպջվօՎ Պս' ՈՐՎ'վրՍՏչՏ ՏրՉՏոՏՊՌՑպսՖվՏչՏ ՊՉՌՋպվՌ'. հՏջՉՈվվՏպ Չ ֆՑՌւ ցրսՏՉՌ'ւ 2-Տպ Տոքպպ րՏոՐՈվՌպ տՈՐՑՌՌ ԺՈՔվՈՍՓցՑ’վ (1898չ.), ՐՈջՐՈոՈՑօՉՈպՑ Ռ տՐՌվՌՎՈպՑ վՏՉց’ ՑՈՍՑՌՍց. ԸՀՂԺ ՏՑՍՈջօՉՈպՑր' ՏՑ ՑՈՍՑՌՍՌ չՈռՊցՍրՍՌւ ոՏպՉ Ռ տպՐպւՏՊՌՑ Ս րՏջՊՈվՌ’ ՉՏպվվՏ-ՑՐպվՌՐՏՉՏփվօւ չՐցտտ. կօՑՈ'րՖ տպՐպՉպրՑՌ ՈՐՎ'վրՍՏպ ՏրՉՏոՏՊՌՑպսՖվՏպ ՊՉՌՋպվՌպ Չ ՐցրսՏ ՏոքպվՈՐՏՊվՏչՏ ՉՏրրՑՈվՌ', ԺՈՔվՈՍՓցՑ’վ տՏսՏՋՌս Չ ՏրվՏՉց րՉՏպռ Պպ'ՑպսՖվՏրՑՌ ՓպվՑՐՈսՌջՈՓՌ’ րՌս Չ վՈՌոՏսպպ ոսՈչՏտՐՌ'Ցվօւ ՐՈռՏվՈւ Պս' ՏՐչՈվՌջՈՓՌՌ Չ ոցՊցքպՎ ՏոքպչՏ ՉՏրրՑՈվՌ'. հ ֆՑՏռ ՓպսՖ’ րցՋՈ’Ցր' ՐՈՎՍՌ րՏորՑՉպվվՏռ Պպ'ՑպսՖվՏրՑՌ Չ ԽՏվրՑՈվՑՌվՏտՏսպ, Պս' ՍՏՑՏՐՏռ ՐՈվՖՔպ ոօսՌ ւՈՐՈՍՑպՐվօ ՎպՑՏՊօ տՐՏՉպՊպվՌ' ՐՈջսՌփվՏչՏ ՐՏՊՈ ՈՍՓՌռ, ՏչՐՈվՌփՌՉՈ’Ցր' ՐՈՎՍՌ ՏրցքպրՑՉս'պՎՏչՏ ՑպՐՐՏՐՈ, ՏՐչՈվՌջՈՓՌՌ տՏւՏՊՏՉ Ռ Ց.Պ. տցՑպՎ ՉվպրպվՌ' Չ ֆՑՌ ՉՏտՐՏրօ րցքպրՑՉպվվօւ տՏտՐՈՉՏՍ.
RESUME
Some aspects of the Armenian liberation struggle of the late 19th century need to be revised. In particular, the thesis proposed in historical literature that the political forces that led the Armenian liberation struggle had, from the very beginning, adopted the tactics that was not justified by the subsequent events, and failed to show proper flexibility remaining adherent to it to the end looks quite disputable. However, considering the methods of action of the Armenian national-patriotic forces against the general background of events of the mid-1890s, and, first of all, the renewed push for the Armenian Question, we come to the following conclusions:
1. It was already after the insurrection in Sasun and Zeytun in the mid-1890s that the political forces guiding the liberation struggle abandoned the idea of forcing the transformation of the so-called tactics of hayduk combats and local insurgencies into a general uprising.
2. The Hnchak Party, especially its re-organized Hnchak wing, that mainly represented the Western Armenians, abandoned the previous form of action and took up the tactics of preparing a general uprising beginning in the middle of 1896.
3. Despite this, after the Zeytun insurrection, Dashnaktsutiun, which assumed the leadership of the struggle, partially abandoned the previous methods of action and, for about two years, was trying to keep the Armenian Question in the field of the great powers vision by means of offensive steps and to seek to have the reforms carried out by means of diplomatic interference. During these years, the core of Dashnaktsutiuns activities was the tactics of delivering simultaneous or consequent heavy blows in Western Armenia and Constantinople. This tactics can be characterized as a tactics of combined blows.
4. As the Dashnak Party was unquestionably in the forefront of the liberation struggle of the late 19th century, the tactics of combined blows became typical for the liberation struggle of 1896-1897. Consequently, it is within the framework of this tactics that such considerable episodes of the Armenian liberation struggle as the seizure of the Ottoman Bank in 1896 and the Khanasor campaign of 1897 should be regarded. However, some results notwithstanding, the application of this tactics failed to bring about solutions to the tasks set in view of certain conditions.
5. After the resolution of the Cretan Question in 1897, the interest of the great powers in Middle East problems temporarily slacken and further application of the combined blows tactics became unfeasible and useless for the Armenian liberation movement. In these conditions, the second general assembly of the Dashnak Party convened in 1898 developed and adopted a new tactics. The ARF abandoned the tactics of hayduk combats, and, assuming centralization of forces in the most favorable regions of the country for the organization of a general uprising in the future as the basis of its activities, passed on to the establishment of military-training groups, trying to put the Armenian liberation struggle on the way of a popular uprising. It was with this purpose that the framework of activities in Constantinople earlier notable for methods of conducting various kinds of actions, organization of campaigns, etc. was restricted by means of introducing considerable amendments in these issues.
Աղբյուրների եւ գրականության ցանկ
Ա. Սկզբնաղբյուրներ
1. Հայաստանի Հանրապետության Հասարակական Քաղաքական Կազմակերպությունների Փաստաթղթերի Կենտրոնական Պետական Արխիվ, ֆ. 4047, ց.1, գ. 6:
2. Դիւան Հ. Յ. Դաշնակցութեան, հ.1, Պոսթըն, 1934:
3. Դիւան Հ. Յ. Դաշնակցութեան, հ. 2, Պոսթըն, 1935:
4. Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Ա. հատոր, Պէյրութ, 1972:
5. Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Բ. հատոր, Պէյրութ, 1985:
6. Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Դ. հատոր, Պէյրութ, 1982:
7. Թեոդիկ, Ամենուն տարեցույց, ԺԶ տարի, 1922:
8. Գ. Լազեան, Հայաստան եւ հայ դատը հայեւռուս յարաբերութիւններու լոյսին տակ, Երեւան, 1991:
9. Ծրագիր Հնչակեան Կուսակցութեան, Լօնդօն, 1897:
10. Հայաստանը միջազգային դիվանագիտության եւ սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923), խմբագրությամբ Ջ . Ս. Կիրակոսյանի, Երեւան, 1972:
11. Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան. Ալբոմ-Ատլաս, Ա. հատոր, 1890-1914, Լոս Անճելըս, 1992:
12. Յուշապատում Հ.Յ. Դաշնակցութեան. 1890-1950, Բոստոն, 1950:
13. Յոնան Դաւթեան, Ա. հատոր, Աթէնք, 1988:
14. Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (քառահատոր շարք), Ա. հատոր, Աթէնք, 1990:
15. Ռոստոմ, մահուան վաթսունամեակին առթիւ, Պէյրութ, 1979:
16. ըՐՈՑրՍՈ' տՏՎՏքՖ տՏրՑՐՈՊՈՉՔՌՎՕ ՉՕ ՁցՐՓՌՌ ԸՐՎ'վՈՎՕ, ԾՏրՍՉՈ, 1898.
Բ. Մենագրություններ, հուշագրություններ եւ հոդվածներ
1. Ա. Ամուրեան, Հ.Յ. Դաշնակցութիւնը Պարսկաստանում 1890-1918, Թեհրան, 1950:
2. Արմեն Գարօ, Ապրուած օրեր, Բոստըն, 1948:
3. Եղիշէ Ա.-Ք. Գեղամեանց, Ռուս բիւրօկրատիան եւ հայերը (մտորումներ), Բագու, 1917:
4. Հ. Գրիգորյան, Ահաբեկչությունը որպես ազգային-ազատագրական պայքարի ձեւ (XIX դարի վերջ- XX դարի սկիզբ), «Հայոց ցեղասպանություն. պատճառներ, դասեր», մաս 2, Երեւան, 1995:
5. Գուրգեն Եազըճեան, Ապտիւլ Համիտ Բ. Կարմիր Սուլթանը, Պէյրութ, 1980:
6. Համբարձում Երամեան, Յուշարձան Վան-Վասպուրականի, հատոր Բ., Աղեքսանդրիա, 1929:
7. Լեո, Անցյալից, Թիֆլիս, 1925:
8. Լեո, Թիւրքահայ յեղափոխութեան գաղափարաբանութիւնը, հ. Բ., Փարիզ, 1935:
9. Լ. Խուրշուդյան, Հայկական հարցը, Երեւան, 1995:
10. Ա. Մանդելշտամ, Ռուսաստանի քաղաքականութիւնը Թուրքահայաստանում մեծ պատերազմի նախօրեակին, «Վէմ», 1935, N 1:
11. Լ. Մկրտչյան, Օսմանյան բանկի գրավման գործողությունը 1896 թվականին, «Բանբեր Երեւանի համալսարանի», 1994, N 3:
12. Ա. Նորեան, Դրւագներ Հ. Յ. Դաշնակցութեան գործունեութիւնից, Բոստոն, 1917:
13. Լ. Չորմիսեան, Համապատկեր արեւմտահայոց մէկ դարու պատմութեան, Բ. հատոր, Պէյրութ, 1974:
14. Պատմութիւն Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան 1887-1962, Ա. հատոր, Պէյրութ, 1962:
15. Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, հհ. 2-3, Երեւան, 1990:
16. Կարօ Սասունի, Պատմութիւն Տարօնի աշխարհի, Պէյրութ, 1956:
17. Արշակ Օ. Սարգիսեան, Հայոց հարցը իննսնական թւականներուն (ըստ ամերիկեան պատմագրի), «Վէմ», 1938, N 3:
18. Մ. Վարանդեան, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Երեւան, 1992:
19. Էդուարդ Տարօնեան, Արիւնոտ եւ արեւոտ էջեր (դրուագներ Հ.Յ.Դ. գործունէութենէն), Պէյրութ, 1934:
20. Թ. Ը. ժՎպՓ, Ը. Թ. ԼչվՈՑՖպՉ Ռ ՊՐ., ԼրՑՏՐՌ' ՉվպՔվպռ տՏսՌՑՌՍՌ ՀՏրրՌՌ. ԽՏվպՓ XIX վՈփՈսՏ XX ՉպՍՈ, ԾՏրՍՉՈ, 1999.
21. խՏՐՊ ԽՌվՐՏր, ՀՈրՓՉպՑ Ռ ցտՈՊՏՍ ԿրՎՈվրՍՏռ ՌՎտպՐՌՌ, ԾՏրՍՉՈ, 1999.
22. ծ. հ. ԽՌվ'տՌվՈ, Թ. Ը. թպՏՐչՌպՉ, Ծ. Ձ. կՈվփպվՍՏՉՈ, Թ. ՄպՐպՎպՑ; ԹՏրՑՏփվօռ ՉՏտՐՏր ՉՏ ՉվպՔվպռ տՏսՌՑՌՍպ ՀՏրրՌՌ (ՍՏվպՓ ղVIII-վՈփՈսՏ ղղ ՉՉ.), ԾՏրՍՉՈ, 1978, ր. 268.
23. Ծ. ԽՏփՈՐ, ԸՐՎ'վՏ ՑցՐպՓՍՌպ ՏոքպրՑՉպվվՏ-տՏսՌՑՌփպրՍՌպ ՏՑվՏՔպվՌ' Ռ ԸՐՎ'վրՍՌռ ՉՏտՐՏր Չ ՍՏվՓպ ղlղ-վՈփՈսպ ղղ ՉպՍՏՉ, ժՐպՉՈվ, 1988.
Գ. Մամուլ
1. «Դրօշակ», 1891, N 2, 1896, N 20, 21, 23, 27:
2. «Հայրենիք» ամսագիր, 1941, NN 3, 8, 1942, N 5, 1943, NN 2, 4, 5, 1944, NN 1, 2, 3:
3. «Վէմ», 1935, N 1, 1938, N 3:
Էջ 1
ընդհանուր 2 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով