Ս. ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ ԴԵՐԸ ՀԱՅՈՑ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Կառլեն Միրումյան
Հայոց փիլիսոփայության պատմությունը հայագիտական ու փիլիսոփայապատմական համեմատաբար երիտասարդ գիտաճյուղերից է: Այն սկիզբ է առել 1940 50-ականներին վաստակաշատ գիտնականներ Վ.Կ. Չալոյանի եւ Հ.Գ. Գաբրիելյանի աշխատությունների շնորհիվ: Նրանց հաջողվեց առանձնացնել հայոց փիլիսոփայության պատմության պրոբլեմային դաշտը, մասամբ՝ վեր հանել եւ լուսաբանել անցյալում կուտակված փիլիսոփայական հարուստ նյութը, նշմարել հայ փիլիսոփայական մտքի առնչությունները այլ ժողովուրդների փիլիսոփայական ժառանգությանը (անտիկ, միջնադարյան, նորաեվրոպական), դրա ինքնատիպ բնույթն ու կարեւորությունը թե՛ ազգային, թե համաշխարհային փիլիսոփայության ամբողջական եւ համակողմանի հետազոտության տեսանկյունից: Բնական է, որ այդ ժամանակաշրջանում հետազոտական-մեթոդաբանական զինանոցը պայմանավորված էր մարքս-լենինյան մեթոդաբանությամբ եւ գաղափարախոսական սկզբունքներով: Այդուհանդերձ, գիտական եւ ազգային հիմնական խնդիրը լուծված էր. հայոց փիլիսոփայության պատմությունը հանդես եկավ իբրեւ գիտափիլիսոփայական գիտելիքի ինքնուրույն բնագավառ:
Հայոց փիլիսոփայության պատմության ձեւավորման եւ հետագա զարգացման երկրորդ փուլում, մի կողմից, տեղի է ունենում հետազոտությունների ընդարձակում, մյուս կողմից՝ դրանց խորացում: Այս փուլում առանձնանում են Սեն Արեւշատյանի հիմնարար աշխատությունները, որոնք, կարծում եմ, նշանավորեցին հայոց փիլիսոփայության պատմության՝ իբրեւ ինքնաբավ գիտաճյուղի ձեւավորման ավարտը եւ սկզբնավորեցին դրա զարգացման փուլը:
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի բազմամյա տնօրեն Սեն Սուրենի Արեւշատյանը ծնվել է 1928 թ. Երեւանում: Արծաթե մեդալով ավարտել է Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցը (1945) եւ գերազանցության դիպլոմով՝ Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը (1951), ապա ընդունվել է Հայաստանի ԳԱ ասպիրանտուրա՝ մասնագիտանալով հայ հին եւ միջնադարյան փիլիսոփայության պատմության մեջ: 1954 1959 թթ. նա աշխատել է Հայաստանի ԳԱ փիլիսոփայության եւ իրավունքի սեկտորում իբրեւ ավագ գիտաշխատող: 1956 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ նվիրված Գրիգոր Տաթեւացու փիլիսոփայական հայացքների վերլուծությանը: 1959 թ. ցայժմ աշխատում է Մաշտոցի անվ. Մատենադարանում նախ որպես սկզբնաղբյուրների գիտական թարգմանության, ապա հին բնագրերի ուսումնասիրման բաժինների վարիչ: 1958-1960 թթ. համատեղությամբ վարել է «Պատմա-բանասիրական հանդես»-ի պատասխանատու քարտուղարի պաշտոնը: 1982թ. մինչեւ օրս նա Մաշտոցի անվ. Մատենադարանի տնօրենն է: 1971 թ. նա պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ նվիրված Հին Հայաստանում փիլիսոփայական գիտության ձեւավորման վերլուծությանը: 1982 թ. նա ընտրվել է Հայաստանի ԳԱ թղթակից անդամ, իսկ 1996 թ.՝ ակադեմիկոս: Նա նաեւ Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր է:
Ս. Արեւշատյանի գիտական գործունեությունը ընդգրկում է հայոց փիլիսոփայության պատմության բնագավառի ուսումնասիրության բոլոր հիմնական ուղղությունները.
1. հայ փիլիսոփայական ու բնափիլիսոփայական հուշարձանների համահավաք գիտական տեքստերի պատրաստում,
2. միջնադարյան հայ փիլիսոփայության հուշարձանների թարգմանություն ռուսերեն եւ վերածում ժամանակակից հայերենի,
3. առանձին հայ փիլիսոփաների հայացքների վերլուծություն,
4. պատմամշակութային առանձին դարաշրջանի փիլիսոփայական մտքի հետազոտություն,
5. անթոլոգիական տարբեր հրատարակություններում Հայաստանի վերաբերյալ բաժինների նախապատրաստում, թարգմանություն, լուսաբանում եւ մեկնաբանում:
Այսպիսով, Ս. Արեւշատյանը իր գործունեության մեջ փայլուն կերպով զուգակցում է փիլիսոփայության պատմաբանի, աղբյուրագետի, տեքստաբանի եւ թարգմանչի հմտությունները: Իր հիմնարար հետազոտություններով նա փաստորեն ստեղծեց հայոց փիլիսոփայության պատմության աղբյուրագիտական հիմքը, էապես նպաստեց դրա գիտական չափանիշների, հետազոտական սկզբունքների մշակմանն ու բյուրեղացմանը:
Ս. Արեւշատյանի տեքստաբանական եւ թարգմանական լայն գործունեության շնորհիվ գիտական շրջանառության մեջ են դրվել հայ եւ համաշխարհային գիտափիլիսոփայական մշակույթի բազմաթիվ հուշարձաններ. «Հերմիա եռամեծի առ Ասկլեպիոս սահմանք», Զենոն իմաստասերի «Յաղագս բնութեան», Հովհան Որոտնեցու «Հավաքեալ ի բանից իմաստասիրաց», Հովհաննես Երզնկացու «Ի տաճկաց իմաստասիրաց գրոցն բանք», «Մեկնութիւն ստորոգութեանցն Արիստոտելի», Անանիա Շիրակացու «Տիեզերագիտություն» աշխատությունները:
Նա կազմել, թարգմանել եւ ծանոթագրել է «Արեւելյան երկրների երաժշտական էսթետիկա» (Մոսկվա, 1967) եւ «Համաշխարհային փիլիսոփայության անթոլոգիա» (Մոսկվա, 1967) անթոլոգիական հրատարակությունների հայկական բաժինները: Դրանց միջոցով ռուսալեզու գիտական հասարակայնությունը հնարավորություն ունեցավ ծանոթանալու հայոց փիլիսոփայության եւ էսթետիկայի կարեւոր նվաճումներին:
Ս. Արեւշատյանը բացառիկ դեր խաղաց V VI դարերի հայ մեծ փիլիսոփա Դավիթ Անհաղթի փիլիսոփայական ժառանգության ճշգրտման, քննական տեքստերի պատրաստման, ռուսերեն եւ աշխարհաբար հայերեն թարգմանելու գործում: 1960 1976 թթ. նա հրատարակել է Դավիթ Անհաղթի երեք երկասիրության քննական բնագրեր՝ ռուսերեն թարգմանությամբ, առաջաբանով եւ ծանոթագրություններով. 1. Սահմանք իմաստասիրութեան, Երեւան, 1960, 2. Մեկնութիւն ի Վերլուծականն Արիստոտէլի, Երեւան, 1967, 3. Վերլուծութիւն Ներածութեանն Պորփիւրի, Երեւան, 1976: Այս երկերը նա հրատարակեց նաեւ աշխարհաբար թարգմանությամբ (Երեւան, 1980): 1975 թ. Մոսկվայում «Փիլիսոփայական ժառանգություն» հայտնի մատենաշարով նա լույս ընծայեց Դավիթ Անհաղթի հիշյալ աշխատություններից բաղկացած հատորյակը ռուսերեն լեզվով, որը վերահրատարակվեց 1980թ.՝ մեծ փիլիսոփայի ծննդյան 1500-ամյակի առիթով: Նույն 1980թ. Ս. Արեւշատյանը լույս ընծայեց Դավիթ Անհաղթի գրչին պատկանող չորս փիլիսոփայական երկասիրությունների քննական բնագրերը: Հատորյակը, բացի նշված երեք երկերից, ընդգրկում է նաեւ «Մեկնութիւն ստորոգութեանցն Արիստոտէլի» արժեքավոր աշխատությունը:
Որոշ գիտնականներ ժամանակին իրավամբ նշել են, որ Դավիթ Անհաղթի հոբելյանի տոնակատարությունը միջազգային մասշտաբով, որը վերածվեց համազգային ու համաշխարհային մշակութային երեւույթի, թերեւս Ս. Արեւշատյանի 25-ամյա մանրազնին ու քրտնաջան գիտական աշխատանքի արգասիքն է: Այս տոնակատարությունը կարծես պսակեց Ս. Արեւշատյանի գիտական գործունեության մի ուղղությունը, գիտականորեն վավերացրեց հայոց փիլիսոփայության պատմության՝ որպես ինքնուրույն գիտաճյուղի «քաղաքացիության» իրավունքը եւ նոր հեռանկարներ բացեց հետագա ուսումնասիրությունների համար:
Ս. Արեւշատյանը մեծ ներդրում ունի նաեւ միջնադարյան հայ փիլիսոփայության պատմության առանցքային խնդիրների, ականավոր փիլիսոփաների հայացքների գիտական վերլուծության մեջ: Այս առումով կարեւորվում են նրա հետեւյալ հետազոտությունները. «Գրիգոր Տաթեւացու փիլիսոփայական հայացքները» (ռուսերեն, Երեւան, 1957), «Փիլիսոփայական գիտության ձեւավորումը Հին Հայաստանում (V VI դդ.)» (ռուսերեն, Երեւան, 1973), «Միջնադարյան Հայաստանի փիլիսոփայական դպրոցների պատմության շուրջ» (ռուսերեն, Երեւան, 1980), «Դավիթ Անհաղթ» (ռուսերեն, Մոսկվա, 1980, հայերեն, Երեւան, 1980), «Գլաձորի համալսարանը միջնադարյան Հայաստանի լուսավորության կենտրոն» (Ա. Մաթեւոսյանի համահեղինակությամբ, հայերեն եւ ռուսերեն, Երեւան, 1984):
Չափազանց մեծ է Ս. Արեւշատյանի դերը Դավիթ Անհաղթի փիլիսոփայական ժառանգության, միջնադարյան գիտափիլիսոփայական, թարգմանական եւ այլ կարգի բազմաթիվ հուշարձանների հեղինակների, գրության ժամանակի ճշգրտման հարցում: Այս ուղղությամբ կատարած հետազոտությունները բացառիկ նշանակություն ունեն ոչ միայն հայագիտության, այլեւ միջնադարագիտության համար առհասարակ:
Ս. Արեւշատյանը մասնակցել է հայ ժողովրդի պատմության բազմահատորյակի ստեղծմանը՝ տալով V XVIII դդ. հայոց փիլիսոփայության պատմության ակնարկային շարադրանքը:
Որպես գիտական գործունեության ինքնուրույն ուղղություն կարելի է դիտել Ս. Արեւշատյանի գիտախմբագրական աշխատանքը: Նա եղել է հայոց փիլիսոփայության, իրավունքի, պատմության, բժշկագիտության եւ այլ ոլորտների հուշարձանների ռուսերեն թարգմանությունների գիտական խմբագիր. Հովհան Որոտնեցու «Վերլուծութիւն ստորոգութեանցն Արիստոտէլի», Վահրամ Րաբունու «Մեկնութիւն ստորոգութեանցն Արիստոտէլի», Սմբատ Սպարապետի «Դատաստանագիրք», Եղիշեի «Վարդանանց պատմություն» եւ այլն, մի շարք մենագրական աշխատություններ:
Սեն Արեւշատյանը լավագույնս ներկայացրել եւ տարածել է հայոց փիլիսոփայության եւ առհասարակ մշակույթի նվաճումները ոչ միայն իր գիտական հետազոտությունների, այլեւ բազմաթիվ միջազգային եւ համամիութենական գիտաժողովներում (Սիրիա, Լիբանան, Հորդանան, Լեհաստան, Ֆրանսիա):
Կարեւոր եւ չափազանց հեռանկարային է Ս. Արեւշատյանի առաջադրած հիմնավորված գիտական այն վարկածը, որ Կեղծ Դիոնիսիոս Արեոպագացու անունով հայտնի փիլիսոփայական-աստվածաբանական երկերի ժողովածուի (չորս տրակտատներ եւ տասը նամակ) երկու տրակտատը պատկանում է Դավիթ Անհաղթին:
Ս. Արեւշատյանի բազմակողմանի եւ բեղմնավոր գործունեության շնորհիվ հայոց փիլիսոփայության պատմությունը ամրապնդեց իր տեղը հայագիտության եւ հասարակական գիտությունների համակարգում, ավելին՝ ստացավ համամիութենական եւ միջազգային ճանաչում: Նրա ավելի քան 150 գիտական աշխատությունները, այդ թվում՝ շուրջ 25 մենագրություններն ու գրքերը արդի հայագիտության հիմնարար եւ մնայուն արժեքներից են: