1 Հավանաբար շատերն են բազմիցս լսել կամ կրկնել, որ թանգարանը մեր դեմքն է, մեր կենսագրությունը, մեր պատմության կանգուն պահապանն ու գիտամշակութային կարեւոր օջախը։ Եվ դրան անառարկելիորեն համաձայնվել են բոլորը, որովհետեւ ասվածը լրիվությամբ համապատասխանում է իրականությանը, որովհետեւ հենց այստեղ են հավաքագրվում ու պահպանվում մեր ժողովրդի հոգեւոր ու նյութական մշակույթի գանձերը՝ սկսած վաղնջական ժամանակներից մինչեւ մեր օրերը։ Եվ պատմության ու մշակույթի այդ գանձերը նույնպես դասվում են մեր ակունքները մատնանշող հուշարձանների շարքը։
Պատմության եւ մշակույթի հուշարձանների գիտական ուսումնասիրության ասպարեզում յուրօրինակ տեղ ունեն թանգարանները, քանի որ նրանց կարեւորագույն հիմնախնդիրներից մեկն էլ հանդիսանում է բնության եւ հասարակության զարգացումը բացահայտող երեւույթների ու իրեղեն նյութերի ուսումնասիրությունը։
Թանգարանների գիտահետազոտական գործունեության հիմնական ուղղությունները բնորոշվում են մի կողմից՝ որոշակի գիտական ճյուղի պատկանելիությամբ, մյուս կողմից՝ գիտահետազոտական ինստիտուտների շարքում թանգարանի դիրքով։ Որպես կանոն, պատմության թանգարանների գիտահետազոտական կարեւորագույն ուղղությունը պատմական գիտությունների ուսումնասիրությունն է. հիմնականում պատմամշակութային արժեքների, այն է պատմական հուշարձանների գիտական հետազոտությունների շնորհիվ։ Հենց այս հանգամանքն էլ հանդիսանում է պատմության թանգարանների որպես գիտահետազոտական հիմնարկության առանձնահատկություններից մեկը։
Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը իր գործունեության ընթացքում առաջնորդվում եւ իրականացնում է թանգարանային գործունությանը բնորոշ պլանային հիմնախնդիրները։ Սակայն հարկ է նշել, որ թանգարանը իր ընդհանուր գործունությամբ հանդերձ ունի նաեւ որոշ առանձնահատկություններ։
Նախ եւ առաջ նրա առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ ԼՂՀ-ում առայսօր չեն գործում գիտահետազոտական ինստիտուտներ, ինչպես օրինակ, հնագիտության, ազգագրության, արվեստի եւ այլն։ Նման պայմաններում, բնականաբար, թանգարանը պետք է հնարավորինս չափով իր վրա վերցնի նաեւ հիշյալ ինստիտուտների պարտականությունները։ Արցախում հայտնաբերված կամ հայտնաբերվող արցախահայ կամ համաշխարհային մշակույթին պատկանող պատմական, գիտական, գեղարվեստական եւ այլազան մշակութային արժեք-հուշարձանները այսօր հիմնականում կենտրոնացվում են հենց Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում։ Այս համակենտրոնացումը, ինքնըստինքյան, պահանջում է լուրջ եւ համակողմանի գիտական մոտեցում ու միաժամանակ մեծ պատասխանատվություն։ Եվ այս ամենով պայմանավորված, Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը պետք է իրավամբ դառնա երկրամասի գիտական կենտրոնը բառի իսկական իմաստով։
Սակայն ճշմարտությունը պահանջում է խոստովանել նաեւ, որ ներկա պայմաններում թանգարանը տակավին չի ստանձնել հիշյալ դերը մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պայմանների բացակայության պատճառով։ Նախ եւ առաջ, թանգարանը չունի գիտահետազոտական ուսումնասիրությունների համար շատ թե քիչ բավարար աշխատանքային գոտի՝ գիտական հետազոտությունների համար անհրաժեշտ սարքավորումներով աշխատասենյակներ, գիտահրատարակչական ծառայություն, պրոբլեմային հիմնահարցերի գիտական լայն քննարկումների համար հատուկ սրահ, որը միաժամանակ կծառայի գիտական նորույթների մասսայականացման կամ քննարկման համար հատուկ դասախոսությունների անցկացմանը եւ այլն։
Գիտական հաստատությունների շարքում, թանգարանի, որպես գիտական օջախի կարեւորագույն առանձնահատկություններից մեկն էլ հոգեւոր ու նյութական հուշարձանների պահպանության հիմնախնդիրն է, որը կազմում է թանգարանների գոյատեւման ու գործունեության հիմնական առանցքը։ Ակնհայտ է, որ պատմության եւ մշակույթի հուշարձանները հանդիսանում են պետության սեփականությունը եւ մշտապես իրենց ուրույն տեղն ու դերն ունեն պետական գանձարանում։ Այս գիտակցությամբ էլ պետք է ցուցաբերվի համապատասխան պետական մոտեցում, այսինքն՝ պետք է ստեղծվեն անհրաժեշտ բոլոր պայմանները թանգարանային ֆոնդերի հետագա զարգացման, եղած ֆոնդերի անխաթար պահպանման համար։
Տարաբախտաբար ստիպված ենք նշելու նաեւ, որ ներկա դրությամբ տխուր իրավիճակ է տիրում Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի ֆոնդերում, էլ չենք խոսում շրջանների թանգարանների ֆոնդերի վիճակի մասին։ Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը առայսօր չունի ֆոնդային պահպանության պահանջներից բխող համապատասխան տարածք։
Ելնելով թանգարանի ֆոնդի իրական վիճակից եւ ղեկավարվելով ֆոնդային աշխատանքին ներկայացվող ընդհանուր պահանջներով ու խնդիրներով, մենք պետք է դրանց լուծման ուղիները որոշելիս ելնենք ստույգ պայմաններից ու հնարավորություններից։ Կարծում ենք ներկա դրությամբ Լեռնային Ղարաբաղի թանգարաններում կենտրոնացված հոգեւոր ու նյութական հուշարձանների, որպես մեր ազգային ժառանգության մի մասի հետագա պահպանության եւ ուսումնասիրության, ինչպես նաեւ հիշյալ գործընթացի աստիճանական զարգացման ուղիները պլանավորելիս հարկ է ամեն մի առանձին դեպքում ելնել առաջին հերթին թանգարանի առանձնահատկություններից, պահանջներից եւ, որ շատ կարեւոր է, հնարավորություններից։ Որովհետեւ հայտնի են դեպքեր, երբ թանգարանները, դեռ ընթացիկ, կարեւոր խնդիրները չլուծած, ձեռնամուխ են լինում մեծ հնարավորություններ, միջոցներ եւ ջանքեր պահանջող աշխատանքների, առանց հաշվի առնելու սեփական ստույգ հնարավորությունները եւ թանգարանի ֆոնդի իրական վիճակը։ Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի առջեւ ծառացած գլխավոր ու առաջնահերթ խնդիրները ժամանակակից էտապում հետեւյալներն են.
1. Թանգարանային հավաքածուի զարգացումը,
2. Թանգարանային ֆոնդի անվթար պահպանման ապահովումը,
3. Պատմության եւ մշակույթի հուշարձանների բազմակողմանիորեն՝ գիտական եւ հասարակական օգտագործման համար պայմանների ստեղծումը։
Ինչպես ասում են «պահել ժառանգությունը բոլորովին չի նշանակում սահմանափակվել ժառանգությամբ»։
ԵՎ ինչպիսի պայմաններում էլ գտնվի թանգարանը այնուամենայնիվ նրա առաջնահերթ խնդիրներից առաջինը թանգարանի հարստացումն ու համալրումն է նյութական ու հոգեւոր հուշարձանների նոր հավաքածուներով։
2 5-րդ դարը հայոց պատմության մեջ բնութագրվեց որպես քաղաքական արհավիրքների դար։ Սասանյանները նպատակ էին դրել վերջնականապես իրենց ենթարկել Այսրկովկասը, այն դարձնել պարսից տերության մի մասը, վերացնել նրա տնտեսական, քաղաքական եւ մշակութային ինքնուրույնությունը։ Եվ այդ նպատակի իրագործման առաջին քայլերից մեկը եղավ ինքնուրույն պետականության վերջնական տապալումն ու մարզպանությունների ստեղծումը։
428թ. Հայաստանում վերացվեց թագավորությունն ու ստեղծվեց մարզպանություն՝ սկզբում նախարարական իրավունքների որոշակի պահպանմամբ, ապա սկսեցին կիրառվել նաեւ այդ իրավունքների վերացմանն ուղղված միջոցառումներ։ Հիշյալ միջոցառումների թվում էր եկեղեցուն եւ հոգեւորականությանը հարկատու դարձնելը։ Անվիճելի փաստ է, որ պետականության կործանումից հետո Հայոց եկեղեցին մնում էր որպես միակ համազգային կենտրոնացնող իշխանությունը եւ պատահական չէր, որ «պարսկական կառավարությունն ամենից շատ այս հիմնարկությունից էր երկյուղ կրում, եւ հասկանալի է, որ պիտի օգտվեր հարմար առիթից՝ նրան մահացու հարվածներ հասցնելու համար»1։
Պարսկաստանի կողմից իրականացված վարչական նոր վերաբաժանման հետեւանքով Հայաստանից անջատվեցին եւ Աղվանքի մարզպանությանը միացվեցին Արցախ եւ Ուտիք նահանգները եւ Աղվանքի հարավային սահմանը հասցվեց մինչեւ Արաքս գետը2։ Հ.Սվազյանի հավաստմամբ՝ այն կատարվել է 461 թվականին՝ Վաչե 2-ի գահից հեռացվելուց հետո։ Նույն տեսակետն է առաջ քաշում նաեւ Բ.Հարությունյանը3։
Քննարկվող ժամանակաշրջանում ձախափնյա բուն Աղվանքում ապրող ցեղերը ապրում էին առանձին-առանձին եւ չունեին կայուն քաղաքական միավոր։ Այս հանգամանքից օգտվելով Հայոց արեւելից կողմանց՝ Արցախի եւ Ուտիքի Վաչե Բ Առանշահիկ թագավորը պարսից Պերոզ թագավորի հովանավորությամբ կառուցում է Պարտավ քաղաքը՝ Ուտիք նահանգի Ուտի-Առանձնյակ գավառի ստորին մասում՝ Թարթառ գետի ձախ ափին եւ հյուսիսցիների ավերիչ արշավանքներից պաշպանությունն ապահովելու համար այն պարսպապատում ու իր աթոռը տեղափոխում է այնտեղ, այնուհետեւ իր իշխանությունը տարածելով նաեւ Կուրի ձախափնյակի վրա։
ԵՎ այսպես, Ուտիքի, Արցախի եւ Կուրի ձախափնյա շրջանների քաղաքական կյանքը իրենց ձեռքը վերցրած Առանշահիկները՝ Վաչե Բ թագավորի գլխավորությամբ, կազմակերպեցին հակապարսկական շարժում հիշյալ տարածաշրջանում։
Պարսկաստանը վերջնական նպատակին հասնելու համար Հայաստան ուղարկեց իր կանոնավոր զորաբանակը։ Հայրենիքի ու եկեղեցու պաշտպանության համար հայերի կողմից մղված հերոսամարտը տեղի ունեցավ 451թ. մայիսի 26-ին, Ավարայրի դաշտում, որտեղ Վարդան զորավարի բանակում թեւ-թեւի տված կռվել են նաեւ Արցախի զինվորականները Բակ Առանշահիկ իշխանի գլխավորությամբ, իրենց նվիրական արյունը հեղելով հանուն հավատքի ու ազգի ազատության։
Ավարայրի ճակատամարտը հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմության անմոռանալի էջերից է, նախ եւ առաջ այն իմաստով, որ այն իր մեջ ներառում էր նաեւ գաղափարական անձնազոհություն. «Ավարայրի դյուցազնամարտում դրսեւորվեց հայ ժողովրդի միասնական, անխորտակելի կամքը, արիության ոգին, ազատասիրությունը, եկեղեցասիրությունն ու հայրենասիրությունը»4։ Ս.Ղեւոնդաց եւ Ս.Վարդանանց պայքարը հաստատեց ինքնուրույն եկեղեցի եւ անկախ պետականություն ունենալու համար մաքառող հայ ժողովրդի ապրելու իրավունքը։
Ավարայրի հերոսամարտում զոհված հայորդիները դասվել են «հայրենիքի նահատակների» շարքը, սրբացվել ու դարձել հայրենիքին անմնացորդ ծառայելու պայծառ օրինակ։ Այսօր էլ «Վարդանանց տոնը» համազգային տոն է, որ նշվում է ամենուրեք՝ թե հայրենիքում եւ թե սփյուռքում5։ Երվանդ Լալայանի տվյալներով դարի սկզբներին այն տոնվում էր նաեւ Գանձակի գյուղերում6։
Ավարայրի նահատակների անունները հավերժացնող բազմաթիվ սրբավայրեր են կառուցվել Հայոց աշխարհի տարբեր վայրերում, այդ թվում նաեւ Արցախում։
Արցախի հայությունը սրբությամբ է պահպանել Ավարայրի բոցաշունչ ոգու՝ Ղեւոնդ Երեցի հիշատակը։ Վարանդայի Ավետարանոց, Սարգսաշեն, Վերին Թաղավարդ եւ Մոշխմհատ գյուղերի կենտրոնում, բարձր սարի գագաթին վեր է խոյանում Սուրբ Ղեւոնդա անապատը կամ Ղեւոնդիկ վանքը։ Եկեղեցում պահպանվում է Ղեւոնդի պատկերը։ Այս բնակավայրերի ծերերը ժամանակին Սարգիս եպիսկոպոս Ջալալյանցին ասել են, թե Ս.Ղեվոնդ երեցի եւ մյուս նահատակ հայերի նշխարները բերել ամփոփել են այդտեղ եւ կառուցել եկեղեցի7։ Եկեղեցում մի շարք մասունքների հետ պահպանվում է Ղեւոնդյանց մասունքները մի արծաթե միջակ խաչում։ Այստեղ հարկ է նշել, որ այն ժամանակների բարքերին բնորոշ էր նահատակված քրիստոնյաների մասունքների առուծախը։ Ղազար Փարպեցին հաղորդում է, որ մի քրիստոնյա խուժիկ առեւտրական, որն առեւտրական գործերով լինում էր Հայաստանի քաղաքներում եւ խոսում հայերեն, ականատես է լինում Ղեւոնդ Երեցի եւ մյուս եկեղեցականների սպանություններին եւ նրանց ոսկորներն, իբրեւ մասունքներ, հանձնում է Պարսկաստանի քրիստոնյա համայնքներին, մի մասն էլ բերում Հայաստան։
Հադրութի շրջանի ծայրամասային Ամուտուկ (հետագայում՝ Թեսխարաբ) գյուղի եկեղեցին կոչվում է Վարդան Զորավարի անունով։ Այդ եկեղեցում, որպես սրբություն, պահվում է սեւագույն քար, որն ըստ ավանդության ներկված է սուրբ Վարդանի արյամբ8։ Վարդան զորավարի անունով մեկ ուրիշ մատուռի ավերակներ գտնվում է Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղում։ Սարգիս Ջալալյանցը գրել է. «Մուշկապատցիք ունեն զքարաշեն եկեղեցի, առ որով է մատուռն սուրբ Վարդան նահատակի, ուր յաճախեն ուխտաւորք բազումք»9։
Այսօր Ս.Ղեւոնդյաց եւ Ս. Վարդանանց հաղթական դրոշը վերստին իր սուրբ ձեռքերում է պահում Հայաստանյաց Առաքելական եկեղեցին, իր բոլոր թեմերով հանդերձ եւ նրանց թվում նաեւ Արցախյան վերաբացված թեմը։ Ս.Ղեւոնդյանց եկեղեցական ուխտապահության գիտակցությունը եւ Ս.Վարդանանց հայրենասիրական ոգին շարունակաբար ապրեցին հայ հոգիների անդաստանում եւ անհրաժեշտության դեպքում վերստին կրկնվեցին հետագա բոլոր դարերում մինչեւ այսօր։