Ճամփորդները
Այսօրը ծնվում է երեկվա օրից...
Վերջին ժամանակներս հաճախ եմ սկսել անդրադառնալ հուշերիս` մտքիս ու հոգուս անընդհատ վերապրվող զգացումներին: Կտոր-կտոր հավաքելով` նրանք ինձ են բերում ապրածս կյանքի տխուր կամ ուրախ պատկերները: Եվ ժամանակի մեջ վերաձեւվելով, արմատներ ձգելով, հաճախ մնում են իմ մեջ, որպես միայն գեղեցիկի ու կարոտի զգացումներ...
Նրանց մեջ եմ փորձում գտնել շատ շատ հարցեր, անգամ ինքս ինձ: ,Հարյուրե տարվա նամակներն եմ կարդում, նորից կարդում, հուշերս փորփրում...Նրանց մեջ եմ հանգիստ: Նրանք են իմ իրական ունեցածը: Նրանք են իմը...
-Ո՞ւր եք գնում, այ ժողովուրդ,- հարցրեց ճամփեզրին կանգնած մի կին, դիմելով անցնող բազմագույն ու բազմաշերտ ամբոխին:
-Մակարավանք,- ասացի ես, մի փոքր հեռանալով քայլող թափորից:
-Բոլորդ միասի՞ն ու այսպես ոտքո՞վ,- զարմացած հարցրեց ճամփեզրի կինը: Հետո ձեռքը դրեց ճակատին` ավելի լավ դիտելու անցորդներին:
-Հա,- այս անգամ պատասխանեց ինձնից մի փոքր հեռու քայլող պապս:
-Մի՞գուցե դուք էլ գաք մեզ հետ,- հարցրեց հորեղբայրս:
-Սիրով, բայց հիմա, հենց այնպես վեր կենալ ու գալ ձեզ հետ` չեմ կարող,- ժպտալով պատասխանեց կինը:
Մենք շարունակեցինք մեր ճանապարհը, կինը մնաց հեռվում, մեր ետեւից նայելով:
Մի մարդու նման` ծեր , թե երիտասարդ, միասին էինք քայլում. հունը գտած, դանդաղ հոսող գետի նման:
Այնքան մեծ էր խումբը, որ շատերին անգամ դեմքով` չգիտեի: Որտեղի՞ց են նրանք եկել, ինչո՞ւ են մեզ հետ եւ ինչո՞ւ են ծանոթ, թե անծանոթ հավաքվել մի տեղ, անհայտ էր...Եվ վերջապես ամենամեծ հարցը` ի՞նչն է մեզ բոլորիս այսպես համախմբված տանում...
Ես անշուշտ գտա պատասխանը, բայց բավականին ուշ` ճամփորդության վերջում, երբ բոլորս` մեծ, թե փոքր, ծանոթ, թե անծանոթ, հավաքվեցինք այդ սուրբ վանքի շուրջը...
Չգիտեմ ինչու, մի քանի րոպե կանգնեցի տեղում, մարդկային գետն անցավ իմ կողքով, ասես իմ միջով` ուշադրություն չդարձնելով ինձ: Հետո դուրս ելա շարքից, շրջվեցի դեմքով դեպի թափորն ու տեսա մերոնց ու անծանոթ մարդկանց:
Առաջին գիշերը մնացել էինք անտառում, վրաններում: Լուսադեմին, երբ իմ վրանից դուրս ելա, տեսա, որ անծանոթներն արդեն մեզ հետ են. երեկ խումբը համեմատաբար փոքր էր: Պարզվում է, այդ մարդիկ տեղյակ են եղել մեր ճամփորդության մասին եւ ընթացքում միացել են խմբին:
Ճանապարհն անցնում էր անտառով, բայց գնում էինք հանգիստ, առանց դժվարության. մթնոլորտը ջերմ ու աշխույժ էր եւ ոչ ոք չէր զգում կամ տեսնում, որ շատերն առաջին անգամ են միասին:
-Հայ գիդի օրեր, հա~,- հանկարծ, լռությունը խախտելով ասաց պապս:- Էս ճամփով ինչքան եմ քընացել: Վանքն էն թվերին` պատերազմից առաջ էլ, եդով էլ մեզ հաց տվող հընգեր էր: Անասուն ինք արածացնըմ: Փետ ինք պիրըմ: Տեր ու տիրական էր սաղ քոլըմը: Ոնց վոր մինը վիրեւից ինչ կար չկար կողքին պահ տված լեր: Ու մենք էլ քընըմ, էդ պահ տվածը հըվաքըմ ու պիրըմ ինք:
Մեր վանքն ուրիշ պան ա լել մեզ հըմար:
-Հա,- համաձայնվեց տատս ու դիմելով կողքից քայլող մարդկանց, շարունակեց:- Պատերազմի տարիներին էլ ասըմ չեմ: Անաստված ժամանակ էր: Վանքի բաղերըմը ես էլ եմ աշխատել ու էն թվերին իմ նման շատ կընանիք: Է~, ժըղոուրդ ջան արեգինը դուզ ա ասըմ, վանքը մեզ հըմար ուրշ ա լել...Ճիշտ ա, հիլ չին անըմ քընանք մոմ վառենք, աղոթնեք, մանավանդ մենք, իմ հորական օջախի մարդիկ, ասըմ ին կուլակ եք լել, հիմի էլ մոմ եք վառը՞մ: Վախը շատ էր, բայց վանքի շուքն ու շունչը մեզ հըմար հերիք էր,-հետո ավելացրեց,- մի պան պատմեմ, լսեք: Ճիշտ ա պատմությունս մի քիչ տխուր ա, բայց դե պատմեմ...
-Պատերազմ էր,- սկսեց Կեցս,- արեգինին ֆրոնտ ին տարել ու նրա պես շատ շատ մըրդկերանց: Մնացել ինք կնանիքս: Շատ տժար էր ապրիլը... Դե հո՞ւ ապրըմ չինք: Սով էր: Ժղոուրդը սոված: Շատերը քընըմ ին թուրքերըմը` Ադրբեջան, աշխատըմ, որ մի կտոր հաց պիրեն իրանց րեխանց հըմար: Նրանք հարուստ ին, ամեն ինչ էլ ունին` ցորեն, կյարի, կուկուրուզ: Նրանց հողը մերից լավն ա: Նրանց բախտն էլ էր երեւի մերից լավը...
Ղըլթաղչոնք էլ պատերազմի տարին կեղմն ին հարուստ: Դե, վանքի կողքին հող ունին: Քընացի ընդի քաղհան արի: Էդ տան նանը մի թաս փոխինձ տվուց: Մի թաս փոխինձ էր, մի աման փոխինձ` իմ սաղ օրվա արածը...Ինչ վորա էր, ուրխացած պիրի տուն. էդ օրվա համար հաց կար...
Րեխեքը տանը մենակ ին: Կրակ- ճրագ էլ չկար: Փոխինձը տրի թախտին ու քընացի Խոռնանցից էլ կրակ պիրեմ, ճրով խառնեմ ու եփեմ: Եկա: Մտա տուն կրակը ծեռիս: Մտա տուն ու ...ի՞նչ տենամ` թասը տարտակ թախտին տըրած: Իրեքն էլ, իրանց քիր Ամալն էլ հետերնուն, խեդվիլով կերել ին հում փոխինձը: Էս ի՞նչ եք արել այ րեխեք ջան, սիրտս ճաքիլով հըրցրի ու կրակը ծեռիս շշկլված նստեցի հին, մի ոտը կարճ թախտին: Կրակը վե տառավ տափին, շախ հընցավ. տափը հողից էր...Րեխանցս էրեսերնուն ու դոշերը սաղ փոխինձ էր: Աչքերնում պլպլցնիլով ինձ ին մտիկ անըմ: Մին էլ էն տենամ Արմիկս առաջ եկավ` պուճուր պյուռը տկլոր փորին հուպ տված` մամա ջան, մենք կերել ենք, էս էլ քու փայն ա: Ասեց ու պռնի փոխինձը շըհանց տըվուց: Մատների արանքով են լած փողինձն էլ վետառավ: Չոքեցի առաջին, խտտեցի պարակ ու լղար ուսերն ու սկսեցի լաց լիլը: Ո՞նց ին կերել, խեդվել չին` մինչեւ հըմի զարմանըմ եմ: Մեռներ ծեր մերը...
Արմիկի են հուպ տված պուճուր պուռը` մտիցս մինչեւ մահ գերեզման քյնալ չի,- ասաց տատս եւ թեւի մեջ պահած թաշկինակը հանելով սրբեց աչքերը: Նրան նայելով շատերս հուզվեցինք: -Վանքի մասին ամեն խոսալով հիշըմ եմ` բաղն էլ, էդ օրվա տուժս էլ ու Արմիկիս պուռը:
Մոռանալու պան չի...Մի քիչ էլ որ պըրցըրանանք շհանց կտամ էդ բաղը:
-Է~, մերա ջան, անցած բան է, մի հուզվիր,- ասաց հորեղբայրս եւ ամուր գրկելով մոր ուսերը` շրջեց երեսն ու ինքն էլ վերապրելով մանկության այդ անջնջելի պատառիկը, ձեռքը տարավ դեպի աչքերը: Բոլորս լուռ էինք:
Տատս յոթանասունութ տարեկանում վերհիշեց էր իր կյանքի այդ հատվածը: Պատմությունն անշուշտ տխուր էր, բայց միեւնույնն է, նա իր ապրած պահի ետեւից էր գնում:
-Պապի բա հիշո՞ւմ ես, ոնց մինչեւ վանքը մեր ետեւից վազեցիր` ճլեցիր,- խախտելով լռությունը, հանկարծ հարցրեց Արտակը` հորեղբորս տղան, փորձելով ցրել տիրող տխուր մթնոլորտը:- Զուտ նրա համար, որ խոզերը թողած` սկսել էինք մի բացատում խաղալ: Դա վանքից բավականին ներքեւ էր:
-Հա~, ինչ պահեր էին,- ծիծաղելով ասաց եղբայրս` Դավիթը,- բայց ինչ խղճուկ ու մեղք էինք այդ պահին, երբ հայնտվեց պապը: Ո~նց վախեցանք ... Մեկ էլ խաղի թունդ պահին ի՞նչ տեսնենք, պապը գոռալով` խոզերն ո՞ւր են, գալիս է: Իբր խեղճ անասուններին տարել էինք արածացնելու: Թե մեզնից ի՞նչ արածացնողներ: Խոզերը կորցրել էինք...
-Դավ, բա հիշում ես, երբ փախչում էինք, կոշիկդ մնաց ցեխի մեջ: Վախից ետ չդառար, թե չէ պապը բռնելու էր ու ամբողջ բարկությունը քեզնից հանի:
-Ո՞նց չեմ հիշում, մի կոշիկով վազելով, շնչակտուր հասցրեց վանքի տակ: Ետ դառնալուց էլ տեսանք կոշիկի հետքն է միայն մնացել. անասուններ էին անցել վրայով, տրորել էին կոշիկս: Մեկով հասա գյուղ` թեւիս տակ պահած...Թե էդ մեկն ինչո՞ւ էի այդպես պինդ պահել:
-Ուզում էիր հուշ մնա,- ծիծաղելով ասաց Արտակն ու շարունակեց: -Կեց ջան, նենց էր մեզ ճլել, էս տնաշենի պապը, որ վախից չզգացինք, թե որ կողմ ենք փախչում: Հետո զգացինք` որ ուղիղ, դեպի վանք...
-Բա որ ինքն էլ մինչեւ վանք վազեց մեր ետեւից , բա դա՞, չալարեց էլ, է՞,- ավելացրեց Դավիթը:
-Հիշում ես պապ, որ մի օր քեզ ասացի` պապի համար երկաթե կոշիկներ առ, որ դիմանան, ինչքան էլ մեր ետեւից վազի, չմաշվեն,- աչքով անելով Դավիթին, ասաց Արտակը:
-Դե, դե շան լակոտ, քեզ լուրջ պահիր,- հոնքերը խոժոռելով, ասաց հորեղբայրս:
-Էնա, էդ ա ձեր արեգին պապը,- մի հոնքը բարձրացնելով ավելացրեց տատս:
-Այ կնիկ, նորից սկսեցիր, նորից ե՞ս եմ մեղավորը: Քու դաստիրակած թոռներն են,- բարկացած ասաց պապը: Նրանք միշտ մեր պատճառով կռվում էին:
-Դե լավ, հայրիկ ջան, էլ մի նեղի մորս,- փորձելով ծնողների չսկսված վեճը մարել` ասաց հորեղբայրս:
-Վանքի հետ կապված մի հուշ էլ ես պատմեմ, հատկապես, որ երեխաները վերհիշեցին խոզերի հետ կապված դեպքը: Սա էլ մի այլ, յուրատեսակ պատմություն է,- սկսեց գնդապետ Հովիկը` հորեղբորս մանկության ընկերը: Այժմ նա Նահանգներում է ապրում: Մարդը հայենիք էր եկել ու իմանալով դեպի վանք մեր ճանապարհորդության մասին, սիրով միացել էր մեզ: - Տարիներ առաջ, մի քանի մանկության ընկերներով Երեւանից գյուղ էինք գնացել: Արմենը ծնողներին տեսնելուց հետո առաջարկեց բարձրանալ անտառ` վանքի տակ, մի քիչ զբոսնել ու մի կտոր հաց ուտել, ինչպես ինքն էր ասում: Երբ տեղ հասանք, տեսանք մեր սիրած գողտրիկ անկյունում, մի տաս-տասերկու հոգի քեֆ են անում: Ոչ ոքի, բացի գյուղի սովխոզի նախագահ Աբազովից, չէինք ճանաչում:
Այդ մարդիկ արդեն մի ոչխար խաշլամա էին դրել, մեկ ուրիշը խորովածի համար էր: Սեղանը շատ ճոխ էր: Բարեւեցինք: Աբազովը տեսնելով Արմենին, ուրախացավ եւ ընկերներին ներկայացրեց, որպես Երեւանում ապրող մեր ամենալավ համագյուղացին. ,րականագետ է Արմենը: Շատ է սիրում իր գյուղը: Համագյուղացիներին միշտ օգնում է, ուստա արեգինի էլ տղան էե:
Էլ չթողեցին, որ մենք առանձնանաք. սկսվեց միասին կեր ու խումը: Խնջույքի թեժ պահին, նկատեցինք խոզեր են մոտենում: Մի քիչ հետո երեւաց խոզարածը: Մոտեցավ, կանգնեց, բոլորին աչքի տակով ուսումնասիրեց ու հետո բարեւեց: Սրան տեսնելով Աբազովը կամաց, բայց մեզ լսելի փսփսաց, հայհոյեց` էս կլյաուզնիկ շան տղան որտեղի՞ց հայտնվեց, վաղն ամբողջ շրջանը կիմանա այս հավաքի մասին: Բոլորս փուշ կտրեցինք: Ախպերս` Արմենը, Աբազովի վարորդին իր մոտ կանչեց` մի նոր շիշ օղի բեր ու մի մեծ էլ բաժակ: Էս վարորդս գնաց ու մոտիկ աղբյուրի տակից` մի սառը օղի բերեց: Հետո Արմենս մոտեցավ խոզապահին` քեռի ջան, մոտեցիր, մի կտոր բան կեր, մի բաժակ էլ օղի խմի: Խոզապանը թեք-թեք նայեց էս Արմենին, հավաքված մարդկանց, ասես ուզում էր բոլորիս դեմքերը մեխել հիշողության մեջ: Արմենս մի մեծ կտոր միս դրեց հացի վրա, մի բաժակ օղի լցրեց ու տվեց էս մարդուն: Սա խմեց, կերավ: Արմենս նորից լցրեց, նորից խմեց, կերավ: Մենք անխոս նայում էինք էս երկուսին: Արմենի լցնելը, սրա անմիջապես խմելն ու ուտելը շատ հետաքրքիր էր: Հետո էս Արմենը թե` դե քեռի ջան, հիմա նստի ու մի կարգին զակուսկի արա: Քեռիս նստեց, բայց արդեն լավ- լավ էր...Մի քիչ անց, վարորդը խոզապահիս թեւերն ընկած տարավ ու մի ծառի տակ պառկեցրեց: Դրանից հետո մենք մինչեւ ուշ գիշեր քեֆ արեցինք:
Հետագայում ինչ պարզվեց: Էս խոզապահը քնում է, մնում քնած, գիշերը տուն չի գնում: Խոզերը կորցնում է, հետո մի ամբողջ օր փնտրելով` հազիվ գտնում:
Տանն իհարկե անհանգստանում են, խառնվում իրար` վորդի՞ ես մնացել, այ մարդ:
Իսկ սա ինչ ասի, որ լավ լինի.
-Աղբալյան Հովիկի հետ քեֆի եմ եղել:
Նրանք էլ թե` բա դու նրա հետ ի՞նչ գործ ունես:
-Դե մի քանի հոգով քեֆ ին անըմ, մենակ նրան եմ հիշըմ: Մարդն ինձ կանչեց, լավ հյուրասիրեց, խըմըցրուց: Դուզն ասաց, ես մի քիչ ավել խըմեցի: Ու յեդով ծառի տակին` քոլըմը, մնացի քնած:
Բոլորս ծիծաղեցինք...
-Ու էս կիսատ պռատ սուտը,- շարունակեց գնդապետը,- տարածվեց գյուղով մեկ, թե իբր ինձ հետ քեֆ է արել, ես եմ նրան ուտեցրել ու խմեցրել: Մի քանի օր անց հանդիպեցի Աբազովին: Պատմեցի լսածս: Նա էլ ծիծաղելով թե.
-Ամեն ինչ էլ կլինի: Ապրի Արմենը, ես նրա ցավը տանեմ, մեզ խայտառակությունից փրկեց: Ախր էդ մարդիկ տարբեր շրջաններից էին եկել, պատկերացնո՞ւմ ես, ինչ ամոթ բան կլիներ, մարդկանց մի կտոր հաց ես պատիվ անում, հետո էլ կլյաուզնիկություն անում...
Ահա սա է վանքի հետ կապված իմ հիշողություններից մեկը: Եվ միանալով Մակարավանք գնացողներիդ հետ, անցած գնացած օրերիս հուշը մանկությանս ընկերոջ հետ` ցանկացա նորից վերապրել:
Ընկերները նայեցին իրար ու մեղմ ժպտացին. հիշեցին:
-Ես ճիշտ է չեմ տեսել Մակարավանքը (հուսով եմ շուտով կտեսնեմ), բայց Նաիրչիկը Կուրգանում մի այսպիսի պատմություն պատմեց, որ պատահել է հենց վանքի բակում: Ու լսելով պատմածը, չգիտեի՞նք ծիծաղենք, թե լաց լինենք,- սկսեց խոսել ինձնից ոչ հեռու քայլող սերբ ընկերուհիս` Դրագիցան:- Դեպքը եղել է Վարդեվառին, երբ ընտանիքով ու բարեկամներով գնացել էին նշելու իրենց համար այդ մեծ տոնը: Անտառում երեխաները սկսում են խաղալ, վազվզել, հետո էլ ծառից ճոճանակ են կապում ու սկսում ճոճվել: Հերթը հասնում է Նաիրչիկին, Արշակն էր նրան ճոճելու: Նաիրչիկը խնդրում է եղբորը, որ սա որքան հնարավոր է ուժեղ հրի, որպեսզի թափով լինի ճոճքը: Մեկ-երկու, Նաիրչիկը բողոքում է.
-Է~հ Արշակ, ուժե~ղ...
Դրանք Նաիրչիկի վերջին խոսքերն են լինում... Չէ, էլ չեմ կարող պատմել, թող ինքը շարունակի,- ասաց ընկերուհիս` մեղավոր հայացքով նայելով ինձ:
-Չէ, Նառ, ես եմ պատմելու,- մեջ ընկավ Արտակը,- դեպքն աչքիս առաջ է: Էս Նաիրան որ շատ ասաց` ուժեղ ճոճի, ուժեղ ճոճի Արշակ, սա էլ ինչքան ուժ ուներ իր հարյուր կիլոգրամանոց քաշով ` հրեց: Մեկ էլ էն տեսանք, մեր քուրը պոկվեց ճոճքից, օդում պտտվեց ու թրը~փ... Նաիրաս ընկավ... Ընկավ գետնին, խոտերի վրա...Մոտեցանք: Անշարժ պառկած էր: Մտածեցինք` մեռավ...Ուզում էինք մեծերին կանչել, հանկարծ մեր քուրը շարժվեց, տնքալով նստեց: Մենք նրան վախով, ուշադիր ու անձայն հետեւում էինք: Կամաց բարձրացավ ու ուսը բռնելով սկսեց լացել.
-Վայ մամա ջան, կողոսկրս...
Էդ որ չտեսանք ու լսեցինք` ամեն ինչ միանգամից մոռացանք ու սկսեցինք բարձր-բարձր ծիծաղել` ուսից բռնել, կողոսկր է ասում...
-Դուք մինչեւ հիմա էլ էդ կարծիքի՞ն եք, որ ուսս ու կողոսրս չեմ տարբերում իրարից ,- սուտ նեղացած ասացի ես,- ախր շփոթված էի, ցնցված ցավից: Մի կողմից ցավում էր քերծված ուսս, մյուս կողմից` կողոսկրս եւ ես ուզում էի երկուսի ցավն էլ միասին շեշտել...
Բոլորս նորից ծիծաղեցինք...
-Իսկ ես հիշում եմ, մի այսպիսի բան: Մեզ, երեխաներս հավաքել ու վանք էր տարել հորեղբայրս,- սկսեց պատմել Դավիթը,- սկսեցինք կրակ անել խորովածի համար: Ես Արմիկ պապային օգնում էի, երբ հանկարծ լսեցի` վայ...Նայեցի իրեն: Տեսա աջ ձեռքի ցուցամատը բռնել է: Մատը վառել էր: Հետո իր կապույտ աչքերում խորհրդավորություն պահելով, ինձ նայեց ու հանպատրաստից այսպիսի տողեր ասաց.
Խորովել եմ մատիս կեսը, բայց չեմ զգացել,
Երբ հասարակ մի բանից ես միշտ եմ լացել,
Ծերությունը սա է որդիս, արեւս վկա,
Ի՞նչ իմանաս, թե հետո ի՞նչ փորձանք կգա...
-Ճիշտ է տղա ջան, մեծության հետ ավելի մեծ փորձանքներ են լինում,- ասաց հորեղբայրս ու ցույց տալով մատը` ավելացրեց,- իսկ էն վառած մատիս սպին մինչեւ հիմա մնում է...
Մենք շարունակում էինք մեր պատմություններն անել ու քայլել դեպի վանք: Ուշադիր լսում էի այդ մարդկանց ու մտածում., Ինչ հետաքրքիր է ստացվում: Մարդիկ ամեն մեկն իր պատմությունն է պատմում: Տարբեր պատմություններ են անշուշտ, բայց ուշադիր լսելով, կարելի է տեսնել, որ դրանք մեկը մյուսի շարունակությունն են...Հատիկը նույնն էե:
-Այ, հենինք Ղլթախչոնց բաղը,- ասաց տատս ու ցույց տվեց վանքից մի փոքր ներքեւ մի բավականին մեծ տարածք: Շատ գեղեցիկ ու հարթ տարածք էր: Այժմ այդտեղ մրգատու ծառեր կային կանգնած:
Վերջապես հասանք այն տեղը, որտեղից լավ երեւում է Մակարավանքը: Անշարժ կանգնել ու նրան էինք նայում: Այն իր հազարամյա հնությամբ, բայց նորովի տեսքով (վերակառուցվել էր) հառեց մեր առաջ:
-Մեռնեմ զորությանդ,- ասաց մի կին ու չոքելով խաչակնքեց երեսը: Նրան հետեւեցին մի քանի այր ու կին: Նրանք աղոթում էին, մրմնջում մեզ անլսելի խոսքեր:
-Ահա եւ ծառը: Ինչ հետաքրքիր հուշեր արթնացան մեջս` ընդհանրապես մանկությունս, մենք բոլորս: Այն ժամանակ, երբ փոքր էինք ու միատեղ, շատ ավելի երջանիկ էինք,- դեպի ծառը քայլելով, տխուր ժպիտով ասացի ես:
-Նառ, այ այստեղ ընկար,- ասացին Դավիթն ու Արտակը:
-Այո, հենց այստեղ էր :
-Իսկ այս բաց տեղում խորովածի կրակն էր արել մեր հորեղբայրը,- հիշեց Դավիթը:
Խորովել եմ մատիս կեսը, բայց չեմ զգացել...
Նա չշարունակեց...
Մյուսներն էլ հիշեցին իրենց հետ կատարվածը, պատմեցին ու վերհիշեցին...
Մակարավանքը մեզ բոլորիս համախմբեց ու բերեց այստեղ: Նա ստիպեց մեր ապրած օրերի վերհուշի ետեւից գալ: Ինչպես առավոտյան արեւի դուրս գալով, ամեն ինչ իր իրական տեսքն ու ձեւն է ստանում, այնպես էլ վանքը կրկին տեսնելով` մեր հուշերը վերակենդանացան ու նորից ապրեցինք մեր մեջ պահածը:
-Ահա այն վանքը, որի շուրջ այսքան պատմություններ պատմեցինք ու դեռ կպատմենք,- ասաց հորեղբայրս ու ավելացրեց,-ողորմի քեզ, վարպետ Մակար: Նա է եղել այս վանքի վարպետը:
Հանկարծ պայծառ երկինքը մթնեց: Արեւն անհետացավ ութ ամպերի մեջ: Որոտաց կայծակ: Լուսավորեց մեզ ու անտառը: Ու այդ լույսերի մեջ երեւաց մի կերպար` երկար, ալեխառն մազ- մորուքով, արտասովոր հագուկապով, հին ու տձեւ ձեռնափայտով: Թվաց վանական է, բայց վանական չէր: Մարդը վանքի բաց դռների մոտ էր, որոնք մինչ այդ փակ էին: Ինչպե՞ս էին բացվել` անհայտ մնաց...
Ամեն ինչ այնքան անսպասելի էր ` մարդու հայտնվելը, դռների բացվելը...
Մի անբացատրելի ուժ էր այդ ամենը տանում...
Հետո տեսանք վանական- ոչ վանականը նայեց վերեւ` վանքի պատի վրա փորած արեւի հնամյա ժամացույցին: Այնուհետեւ ձեռքը մեկնեց ու շոշափեց հնամաշ քարերից մեկը, մատներն իրար քսեց ու սկսեց շնչել նրա վրայի փոշին: Թավ հոնքերը խոժոռեց: Հետո ի զարմանս մեզ, ականջը մոտեցրեց քարին ու մեզ լսելի ձայնով ինքն իրեն խոսեց.
-Է~հ, ժամանակների մեջ քարի հոտն ու ձայնը փոխվել է:
-Մի՞թե քարը ձայն ունի,- հարցրեց ինձ անծանոթ մեկը:
-Իհարկե, ապա փորձիր լսել,- պատասխանեց մարդն ու մտավ ներս:
Երբ նա անհայտացավ մեր տեսադաշտից, մոտեցանք վանքին ու ամեն մեկս փորձեցինք որքան հնարավոր է մոտ պահել ականջը` քարի ձայնը լսելու համար: Ասես կախարդված, սպասում էինք ձայնին, բայց ոչինչ չլսեցինք, թեպետ մեր այդ վարմունքի մեջ արդեն յուրահատուկ, հետաքրքիր խորհրդավորություն էինք տեսնում:
Սկսեց անձրեւել: Դրսում մնալ չէինք կարող, մտանք վանք: Ներսում խունկի անուշ հոտն էր կանգնած:
-Շատ եմ սիրում այս հոտը,- ասացի կողքիս կանգնած Դրագիցային, որն արդեն վառել էր իր մոմը: Նա իր զարմացած ու հիացած հայացքը պտտեց վանքի ներսում ու ասաց.
-Իրոք, որքան հին է վանքն ու որքան գեղեցիկ: Այս քարերն ասես շնչում են ու պատմածներդ էլ կենդանանում են իմ առաջ: Ձեր վանքերն իրենց կառուցվածքով, զարդանախշերով շատ են տարբերվում մերից: Ինչպիսի հյուսած խաչքարեր ունեք, զարմանալի է: Լսի, իսկ թռչուննե՞րը քարից ծեծած: Ախր, ո՞ր մեկը թվեմ, մի վանքի մեջ անգամ` մեկը մյուսին նմանվող նախշ չկա:
-Ժամանակի առումով իմ ազգը շատերից է մեծ, դա է պատճառը, որ մեր ամեն ինչ խիստ յուրօրինակ ու հետաքրքիր է:
-Ճիշտ ես,- համաձայնվեց սերբուհին:
Կանգնել էինք վանքի հզոր սյունների տակ: Խորանի մոտ ՄԱՐԴՆ էր: Նա լուռ ու միայնակ աղոթում էր...
Որքան ժամանակ մնացինք վանքում, չեմ հիշում: Դրսում անձրեւը դադարել էր: Սկսեցինք կամաց կամաց դուրս գալ: Հավաքվեցինք վանքին հարող հին ընկուզենու տակ:
ՄԱՐԴԸ մնաց Մակարավանքում...Մենք նրան այլեւս չտեսանք: Թեպետ մենք ինքներս դեռ երկար մնացինք վանքի մոտ...
Մեզ համար երբեք ավարտ չունեցող հուշերի մեջ էինք...