Քանի որ մեր «Բնագրի լեզվաբանական վերլուծություն» աշխատության մեջ, ինչպես նաեւ «Խոսքի մշակույթ. նրա ուսուցումը»* գրքում հանգամանորեն բացահայտված են գործառական ոճերի (խոսքի) տեսակներն ու առանձնահատկությունները, ցույց են տրված բնագրի լեզվաբանական վերլուծության խնդիրներն ու նպատակները, ուստի եւ նպատակահարմար չենք համարում վերստին անդրադառնալ դրանց: Նպատակ ենք դնում լեզվաբանական, մասամբ նաեւ գրականագիտական նկատառումներով վերլուծել Ավ. Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը, որ մի ամբողջական բնագիր է, գեղարվեստական չափածո խոսքի տեսակ՝ իր բազմազան բաղադրիչներով: Իհարկե, գեղարվեստական խոսքի լեզվաբանական վերլուծությունը շատ կողմերով առընչվում է նաեւ գրականագիտականին, այդ պատճառով էլ մեր քննության մեջ շոշափվում են նաեւ գրականագիտական հարցեր, գաղափարական երեւույթներ: Եվ այլ կերպ չի էլ կարող լինել, քանի որ խոսքի, գաղափարների արտահայտման հիմնական միջոցը լեզուն է:
Արդ, փորձենք որոշակի համակարգի մեջ ներկայացնել «Աբու-Լալա Մահարի» պոեմի լեզվաբանական վերլուծությունը՝ չկտրելով գրականագիտականից:
ՊՈԵՄԻ ՄՏԱՀՂԱՑՈՒՄԸ, ՆՅՈՒԹԸ, ԹԵՄԱՆ,
ԳԱՂԱՓԱՐԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Ավ. Իսահակյանը իր բազմաթիվ երկերում պատկերել, ներկայացրել է նյութի ու շահի աշխարհը, ձաղկել տիրող խավարը, անբարո բարքերը, աշխատավոր մարդկանց բիրտ կեղեքումներն ու հալածանքները, անարդար կարգերի վարքն ու բարքը: Եվ բանաստեղծն իրավացիորեն մերժել է այդ ամենը: Սակայն կապիտալիստական աշխարհն առավել քան սուր, ավելի համընդգրկուն քննադատել, մերկացրել է նա «Աբու-Լալա Մահարի» անզուգական պոեմում, որ գրել է 1909 թ. հայրենի Ղազարապատ գյուղում: Պոեմում պատկերված դեպքերն ու գործողությունները, երեւույթները տեղի են ունենում այն ժամանակ, երբ տապալվում է ռուսական առաջին (1905 թ.) հեղափոխությունը, եւ երբ հետադիմական ուժերն սկսում են ավելի դաժանորեն հալածել աշխատավորական զանգվածներին, հետապնդել հասարակության առաջավոր, ազատամիտ մարդկանց, շատերին բանտարկել ու աքսորել: Ահա՛ հենց այդ շրջանում ամենուրեք իշխում էին անզուսպ կամայականությունները, վայրենի ուժը, ամեն տեսակի ոտնահարումները: Զգայուն ու ազատամիտ բանաստեղծը ծանր ու ցավագին տվայտանքներ է ապրում եւ ժամանակների թոհուբոհի տպավորության տակ արտահայտում է իր շիկացած ցասումն ու բողոքը անարդար կարգերի նկատմամբ՝ երկնելով «Աբու-Լալա Մահարի» խոհական, փիլիսոփայական անմահ երկը:
1909 թ. Ավ. Իսահակյանը մեղադրվում է հակացարական գործունեության մեջ եւ նետվում Թիֆլիսի Մետեխի բանտը, ուրկից գրավականով ազատվում է՝ վեց ամիս նստելուց հետո: Այնուհետեւ կանչվում է Երեւան՝ հարցաքննության: Նա նորից է մեղադրվում հակացարական գործունեության մեջ: Ձերբակալվելու վտանգն սպառնում է բանաստեղծին. նրա մեջ առաջանում է ցարական իշխանությունից փախչելու տրամադրություն: Եվ այդպիսի մտահղացմամբ ժայթքում է ազգային ու համաշխարհային քնարերգության ամենահուժկու եւ տարողունակ երկերից մեկը՝ «Աբու-Լալա Մահարի» ահագնաթափ հեղեղը, որն իր տարափի տակ է առնում բովանդակ աշխարհը՝ իր հակասություններով, խորդուբորդություններով, հակամարդկային դրվածքով:
Պոեմում Ավ. Իսահակյանը վերարտադրում է իր տրամադրությունները, տպավորությունները, խոհերն ու մտորումները, դժգոհությունները, շիկացած ցասումն ու ընդվզումը: Եվ այդ ամենը փոխաբերաբար արտահայտում է 10-րդ դարի բանաստեղծ, իմաստասեր Աբու-Լալա Մահարու շուրթերով: Այդ հնարը Իսահակյանի պոետական խոսքը դարձնում է հուժկու ու ահագնաթափ, իմաստուն ու խորախորհուրդ: Եվ թվում է, թե միջնադարն է տեղափոխվել Ավ. Իսահակյանի ապրած երիտասարդական կյանքի ժամանակները: Բայց դա միայն թվացողություն է, հնարանք. իրողությունն այն է, որ սրբապղծությունները, անսանձ կամայականությունները միջնադարյան շրջանի համեմատ առավել բիրտ ուժով ծավալվում են բանաստեղծի ապրած ժամանակաշրջանում, նոր հարաբերությունների պայմաններում: Եվ պոեմի քնարական հերոսը՝ Աբու Մահարին, հենց ինքը՝ Իսահակյանն է: Հնարանքը լոկ միջոց է՝ բանաստեղծի եսը քողարկելու, ցարական իշխանությունից, տեղական ցեցերից, գրաքննությունից այս ու այն կերպ խուսափելու համար:
Խոսքի նյութը, թեման ժամանակի իրականությունն է, գաղափարը՝ այդ իրականության ոչնչացնող քննադատությունը եւ ձգտումը դեպի լուսաշող հեռուները, դեպի լույսն ու արեւը: Իսկ Իսահակյանի խոսքի բովանդակությունը նրա թեմայի ու արտահայտած գաղափարի միասնությունն է կամ՝ թեմատիկ-գաղափարական հիմքը:
Ավ. Իսահակյանը պոեմի սկզբում, որ բաղկացած է 19 տողից, ներկայացնում է Աբու Մահարուն, որ Բաղդադի հռչակավոր բանաստեղծն էր: Նա տասնյակ տարիներ ապրեց խալիֆաների հոյակապ քաղաքում, ապրեց փառքի ու վայելքի մեջ, սեղան նստեց հզորների ու մեծատունների հետ, գիտունների եւ իմաստունների հետ վեճի մտավ, սիրեց եւ փորձեց ընկերներին, եղավ ուրիշ-ուրիշ ազգերի հայրենիքներում, տեսավ եւ դիտեց մարդկանց եւ օրենքները: Եվ նրա խորաթափանց ոգին ճանաչեց մարդուն, ճանաչեց եւ խորագին ատեց մարդուն եւ նրա օրենքները: Եվ քանի որ չուներ կին ու երեխաներ, բոլոր իր հարստությունը բաժանեց աղքատներին, առավ իր ուղտերի փոքրիկ քարավանը՝ պաշարով ու պարենով, եւ մի գիշեր, երբ Բաղդադը քուն էր մտել Տիգրիսի նոճիածածկ ափերի վրա, գաղտնի հեռացավ քաղաքից...
Իրոք, փաստ է, որ Աբու-Լալա Մահարին ապրել է 10-րդ դարում, փաստ է, որ նրա շիրմաքարին գրված է եղել. «Իմ հայրը իմ դեմ մեղանչեց, սակայն չմեղանչեցի ես ոչ ոքի դեմ»: Սա է իրողությունը: Պոեմի բոլոր դեպքերն ու գործողությունները, երեւույթների նկարագրությունները Իսահակյանի պայծառ մտքի ծնունդներ են, եւ այնուհետեւ լսելի է միայն պոետի խրոխտ ու առնական եւ սթափեցուցիչ ձայնը, որ հնչում է պոեմի ամբողջական խոսքի մեջ:
Հետո բանաստեղծը պատկերում է արշավող քարավանի ընթացքը, եւ ոլորվում է պատումը՝ ներառելով աշխարհի թոհուբոհը, աշխարհի հրաշքայնությունը, սիրո գնահատումները, սերն ու կնոջը, ժամանակի օրենքները, եղկելի մարդկանց, ընկերոջն ու բարեկամին, փառքը, պատիվը, հարգանքը, գանձը, ամբոխը, համայնքը, հայրենիքը, օրենքն ու իրավունքը, իշխանությունը, չար ու վատ մարդկանց հոգեբանությունը, կյանքի հակասությունները եւ այլն: Հետո հերոսը «փախչում է» «չար իշխանության քինոտ բռունցքից, որ չհասնի իրեն»: Եվ ամեն ինչից դըժգոհ բանաստեղծի «խոհերի խոլ քարավանը, բազեների պես ծեծկված մրրկով», «խռիվ ու ցրիվ սլանում էր՝ մի լույս հանգրվան գտնելու հեւքով»: Իսկ այդ հանգրվանը «խավարների դեմ անհաղթ ախոյան, գարունների մայր, ուրախության ծով», իր «գլխի վերեւ» նազող Արեւն է: Ուրեմն՝ արեւային աշխարհ՝ ի հակակշիռ բանաստեղծի պատկերած «արյան բաղանիք» աշխարհի: Պայծառ մի լավատեսություն, որ քնարական հույզով ու բույրով շողշողում է Իսահակյանի խոսքի առանձին տողերում եւ, մանավանդ, յոթներորդ եւ վերջին սուրահներում:
Եվ այսպես՝ Ավ. Իսահակյանի խոսքն ունի որոշակի առարկա, նյութ, թեմա եւ դրանց դրսեւորման ինքնատիպ բովանդակություն:
ՊՈԵՄԻ ԽՈՍՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ:
ԽՈՍՔԻ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԿՈՂՄԻ ԵՎ ՁԵՎԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ
Իսահակյանի խոսքը մի ամբողջական շքեղ կառույց է՝ իր բոլոր մեծ ու փոքր բաղադրիչների ներդաշն փոխկապակցվածությամբ: Չկան անտեղի կցմցումներ, ավելորդություններ, ամեն ինչ չափ ու կշռույթի մեջ է: Կառույցը բաղկացած է նախաբանից, որ խոսքի ելման կետն է, յոթ սուրահներից եւ վերջին սուրահից, որ եզրափակման դեր է կատարում յոթ սուրահներում արտահայտած բովանդակության:
Պոեմի բաղկացուցիչները՝ սկիզբն ու վերջին սուրահը, մնացյալ յոթ սուրահները, պարզ ու բարդ նախադասությունները, տրամաբանորեն կապված են միմյանց եւ ձեւավորում են խոսքի ամբողջ կառույցը: Վերջակետված կամ կախման կետերով ավարտված նախադասությունները, խոսքի ավելի ծավալուն հատվածները (ինչպես իսահակյանական խոսքի սկզբի հատվածը, յոթ սուրահները եւ վերջին՝ ամփոփիչ սուրահը) կապակցվում են բառական (շաղկապներ, շաղկապական բառեր, շատ գոյականներ, ածականներ եւ այլ խոսքի մասերին պատկանող բառեր) եւ քերականական (շարահյուսություն, շարադասություն, նախադասությունների ընդհանուր անդամ կամ անդամների խումբ) միջոցներով*: Այս մասին, սակայն, քիչ հետո:
Հայտնի է, որ բովանդակության եւ գաղափարի դրսեւորման հիմնական միջոցը լեզուն է: Իսահակյանի խոսքի լեզուն եւ բովանդակությունը նույնպես սերտ դաշնության մեջ են: Ազգային մտածելակերպն ու դրա արտահայտման ձեւը՝ լեզուն, Իսահակյանի խոսքում բնաբուխ է, արտակարգ շքեղ ու հայեցի: Կարելի է ասել ձեւի մեջ գրեթե խաթարումներ չկան, եւ այդ ձեւը՝ լեզուն, ներդաշն է խոսքի բովանդակային կողմի հետ, որ պարզորոշ երեւալու է մեր քննության ընթացքում:
Նախ՝ նախադասությունների երանգային եւ կառուցվածքային տեսակների ու վերջիններիս բաղադրիչների կապակցության միջոցների մասին: Ավ. Իսահակյանի՝ քննարկվող խոսքն ունի 181 պարզ ու բարդ նախադասություններ: Գերակշռում են բարդ համադասական եւ բարդ ստորադասական նախադասությունները: Կան պարզ ընդարձակ նախադասություններ եւ միայն կոչական բառերով ու կոչական բառակապակցություններով մի քանի նախադասություններ: Կիրառվել են ըստ երանգի նախադասությունների բոլոր տեսակները՝ պատմողական, հարցական, հրամայական, բացականչական: Պարզ ընդարձակ եւ բարդ համադասական նախադասությունների (միասին վերցրած) գերակայությունն ստեղծել է ոճի սահունություն, հանդարտություն, վիպելու, նկարագրելու հնարավորություններ: Հույզերը, ապրումները, բանաստեղծի հոգեկան ալեբախումները հատկապես վարարում, հորձանք են տալիս կոչական բառակապակցություններում եւ հրամայական ու բացականչական նախադասություններում: Բարդ ստորադասական նախադասություններն արտահայտում են պատճառահետեւանքային հարաբերություններ:
Պարզ ընդարձակ ու բարդ նախադասությունների բաղադրիչների կապակցման ձեւերն ու միջոցները լիովին համապատասխանում են հայոց լեզվի քերականական ու շարահյուսական գործուն օրինաչափություններին: Գրեթե բացակայում են կապակցական անճշտությունները: Բերենք մի քանի օրինակ:
1. Եվ քարավանը ճեղքելով վստահ
մրրկապարը վայրագ ջինների,
Անշեղ ու անվախ ձգվում էր առաջ՝
ղողանջյուններով հուզված զանգերի:
Պարզ ընդարձակ, պատմողական երանգի նախադասություն է, որի բաղադրիչ շարահյուսական միավորները՝ «ճեղքելով վստահ մրրկապարը վայրագ ջինների» (ձեւի պարագա դերբայական դարձվածով բառակապակցություն՝ շրջուն շարադասությամբ), «ղողանջյուններով հուզված զանգերի» (նույնպես ձեւի պարագա դերբայական դարձվածով բառակապակցություն՝ շրջուն շարադասությամբ), ստորոգյալին կապակցվել են հնչերանգներով եւ շարահարությամբ: Անշեղ ու անվախ համադաս ձեւի պարագաները կապակցվել են ու շաղկապով եւ հնչերանգով: Առաջ տեղի պարագան շարահարությամբ կապվել է ստորոգյալին: Ենթական (եւ քարավանը կապակցությունը) կրել է տրամաբանական շեշտ եւ ընկել նախադասության սկիզբը: Քարավանը բառից հետո ստորակետ պետք է դրվեր, որ չկա:
2. Եվ մրրիկները մռնչում էին (1),
արմավն ու նոճին շաչում (2), շառաչում (3),
Եվ քարավանը կամուրջ քանդելով
եւ քառատրոփ վազում էր (4), թռչում (5):
Բարդ համադասական նախադասություն է, որի առաջին, երկրորդ, երրորդ բաղադրիչ պարզ նախադասություններն իրար հետ հարաբերակցվել են հնչերանգներով, շարահարությամբ, չորրորդը երրորդին հարաբերակցվել է եւ շաղկապով ու հնչերանգով, 5-րդը 4-րդին հարաբերակցվել է շարահարությամբ եւ հնչերանգով: Կամուրջ քանդելով ձեւի պարագա դերբայական դարձվածը եւ շաղկապով կապակցվել է նույն դերը կատարող մյուս ձեւի պարագային (քառատրոփ), որոնք անմիջաբար կապված են վազում էր ստորոգյալին եւ հատկանշում են գործողության ձեւը: Միանգամայն ճիշտ ձեւով շառաչում, թռչում համադաս նախադասություններում զեղչվել են ենթակաները, օժանդակ բայերը, որոնք, սակայն, տրամաբանորեն առկա են:
Քննարկվող խոսքի մեջ քիչ չեն այն բարդ համադասական նախադասությունները, որոնց բաղադրիչները հնչերանգի հետ մեկտեղ կապակցված են եւ, ու, բայց, իսկ, սակայն համադասական շաղկապներով: Կիրառված են բարդ համադասական միավորիչ, տրոհական, ներհակական, հավելական նախադասությունները, որոնց բաղադրիչները կապակցված են հնչերանգով եւ շաղկապներով, շարահարությամբ:
Չմոռանանք նշել, որ բարդ համադասական նախադասությունների բաղադրիչներում համարյա միշտ ստորոգյալները արտահայտված են նույն ժամանակով, դեմքով ու թվով, որոնք հաճախ ներքին ու արտաքին հանգեր են ստեղծում եւ նպաստում մտքերի արտաբերումների երաժըշտականությանն ու մեղեդայնությանը: Այդ իմաստով դիտարկենք հետեւյալ նախադասությունը.
Եվ քարավանը՝ օրոր ու շորոր,
զնգում էր առաջ ու ետ չէր նայում,
Անհայտ ուղին էր Աբու-Լալային
բյուր հրապույրով կանչում, փայփայում:
3. Սրիկա է նա (1), ով հայր է լինում (2),
ով երանավետ ծոցից ոչնչի՝
Գոյության կոչում թշվառ հյուլեին (3)
եւ գլխին վառում գեհենն այս կյանքի (4):
Բարդ ստորադասական նախադասություն է՝ երեք ստորադաս բաղադրիչ նախադասություններով, որոնք ենթակա երկրորդական նախադասություններ են, այսինքն՝ փոխարինում են գերադասի պայմանական նա ենթակային: 2-րդը գերադասի հետ կապակցվել է ով հարաբերական դերանունով, որ ե՛ւ շաղկապի դեր է կատարում, ե՛ւ շարահյուսական միավորի՝ ենթակայի, 3-րդ բաղադրիչը նույնպես հարաբերակցվել է շաղկապական բառով, հնչերանգով, իսկ չորրորդը երրորդին կապակցվել է եւ շաղկապով, հնչերանգով, զեղչել ենթական: Եթե նախադասությունը փոխարկենք, կստացվի հետեւյալ կառույցը.
Սրիկա է հայր լինողը, երանավետ ոչնչի ծոցից թշվառ հյուլեին գոյության կոչողը եւ այս կյանքի գեհենը գլխին վառողը:
Իսահակյանի խոսքում բարդ ստորադասական նախադասությունների կախյալ բաղադրիչները, ինչպես սովորաբար լինում են, կապակցվում են հնչերանգներով, շարահարությամբ, երբ, ինչ որ, որ, ով, որով, որոնք, ինչպես, եւ որոնց, որպես թե, ուր, ով որ, իսկ երբ, ուր որ... այնտեղից, որի, այնքան... որքան շաղկապներով եւ շաղկապական բառերով: Բացակայում են քանի որ, հենց որ, թե որ, այնպես որ, որովհետեւ, որպեսզի եւ մի քանի այլ շաղկապներ:
Կան նաեւ այնպիսի բարդ ստորադասական նախադասություններ, որոնցում զեղչված է շաղկապը, եւ կապակցությունն արտահայտվում է հնչերանգով ու շարահարությամբ: Օրինակ՝
Հարբեցրո՛ւ ինձ (1), հարբեցրո՛ւ ինձ (2),
քո անմահ գինով հարբեցրու ինձ (3),
Մոռանամ մարդուն, սուտն ու մռայլը (4),
մոռանամ հավերժ չարիքն ու թախիծ (5):
Չորրորդ եւ հինգերորդ նախադասություններն ըստ էության կախյալ են, նրանք ստորադասված են առաջին, 2-րդ, 3-րդ գլխավոր բաղադրիչ նախադասություններին, որոնք հարաբերակցվել են հնչերանգներով եւ շարահարությամբ: Պարզորոշ հասկացվում է, որ երրորդ անգամ կիրառված ինձ բառից հետո պետք է լինի նպատակի իմաստ արտահայտող որ կամ որպեսզի շաղկապներից մեկնումեկը: Ինչո՞ւ հարբեցրո՛ւ (երեք անգամ կրկնված), որպեսզի կամ որ մոռանամ մարդուն, սուտն ու մռայլը, չարիքն ու թախիծը, այսինքն՝ զեղչվել են որ կամ որպեսզի շաղկապները, եւ կապակցումն արտահայտվել է շարահարությամբ, հնչերանգով: Իսահակյանի խոսքում անհրաժեշտաբար զեղչվել են ենթականեր, ստորոգյալներ, օժանդակ բայի տարբեր դրսեւորումներ, շարահյուսական այլեւայլ միավորներ, սպասարկու դեր կատարող բառեր:
Նկատելի է նաեւ, որ նախադասություններում (ե՛ւ պարզ, ե՛ւ բարդ) բաղադրիչ միավորները մեծավ մասամբ կապակցվել են շարահարությամբ (շարադասությամբ), հնչերանգներով: Համեմատաբար սակավ են (խոսքը միայն վերաբերում է վերջակետված նախադասություններին) բաղադրիչ նախադասությունների կապակցումները շաղկապներով եւ շաղկապական բառերով: Այդ երեւույթը նորից ու նորից ընդգծում է Իսահակյանի խոսքի սահունությունը, շարժունությունը, ռիթմերի, երաժշտության հրավառությունը:
Այժմ անդրադառնանք խոսքի ամբողջական կառույցի հատվածների (սուրահների), վերջակետված նախադասությունների միմյանց հետ կապակցման միջոցներին: Պետք է նշել, որ Իսահակյանի «խոհերի քարավանի» թելն անընդհատ ձգվում է, չկա ընդհատում, եւ դա մի շղթա է, որ օղակ առ օղակ հյուսում է ամբողջական խոսքի մարգարտաշար կառույցը՝ իր մեծ ու փոքր բոլոր բաղադրիչներով: Բացի սկիզբ-նախաբանից, մնացած բոլոր սուրահներն սկսվում են եւ շաղկապով: Եվ այդ եւ-ը սուրահներն իրար միավորելու, կապակցելու, մտքերի ընթացքը շարունակական դարձնելու զորեղ դեր է կատարում՝ ագուցելով խոսքի մեծ հատվածները: Ավելին՝ 362 տողերից, բացի համադաս անդամների, բարդ նախադասությունների բաղադրիչների հաճախադեպ կապակցումներից, 73-ն սկսվում են եւ շաղկապով, որ դարձյալ մտքերի կապերի դերն է կատարում:
Վերջակետված նախադասություններից հետո կիրառական են նաեւ այնպիսի բառեր, որոնք կապակցման դեր են կատարում: Վերցնենք, օրինակ, 3-րդ սուրահը, որի մեջ պատկերվում է լուսնկա գիշերը, պատկերվում է «հեքիաթ աշխարհը», մերկացվում են «կույր ու գուլ մարդիկ», օրենքները: Բանաստեղծը նորից նկարագրում է հրաշք բնությունը, հետո զրուցում է իր քարավանի հետ, արտահայտում իր խոհերը: Գերակա դեր են կատարում առանձին երեւույթներն ու առարկաները իրար միացնող բառերի խմբեր, կապակցություններ, որոնք դրվել են վերջակետված նախադասությունների սկզբում. աղբյուրի նման կարկաչելով ընթացող քարավան, լուսին՝ պայծառ փայլող, նիրհ մտած ծաղկունք, ծիածանաթեւ հավքեր, մեխակի բույրով շշնջող բույր, արմավ ու նոճի՝ անուշ քնի մեջ, հովի զրույցի ունկնդրություն, աշխարհ՝ դյութական հեքիաթ, ազգեր՝ եկած ու գնացած, երազ կյանք, որոնց հակադրված են կույր ու գուլ մարդիկ՝ իրար կոկորդից պատառ հանող, օրենքներ՝ լուծ ու խարազան, եղկելի մարդիկ, ունայնաշունչ հողմ, որ պիտի շաչի նրանց ոսկորների վրա: Եվ նորից երեւում է հակադրության մյուս կողմը, այսինքն՝ հակադիր երեւույթների միասնությունը. գոհար աստղեր, ղողանջ, արար աշխարհ՝ լցված ու դյութված բյուր նվագներով, անուրջներ եւ նոր խոհերի, մտածումների ընթացք դեպի լուսազգեստ ափեր, ազատ ոգու հրճվանք եւ այլն:
Նմանատիպ հակադրամիասնություններով առատ են բոլոր սուրահները, իսկ դրանք տարբեր երեւույթների, առարկաների, վիճակների, մտածումների ու խոհերի արտացոլումների, պատկերումների միջեւ կապակցական հանգույցների դեր են կատարում եւ ամբողջացնում խոսքի ծավալուն հատվածները, սուրահները: Դա նման է բարդ համադասական նախադասությունների ներհակական հարաբերություններին: Տարբերությունն այն է, որ բարդ համադասական նախադասությունների մի տեսակում ներհակություններն արտահայտվում են իսկ, եւ, բայց, սակայն, քան թե եւ այլ շաղկապներով, իսկ սուրահների, հատվածների միջեւ հիմնականում ներհակություններ են ստեղծում գեղարվեստական հակադրությունները, հակընդդեմ երեւույթների, վիճակների, իրողությունների գեղագիտական պատկերումները: Վերցնենք, օրինակ, հետեւյալ բարդ համադասական նախադասությունը.
Նրա հետեւում լոկ անապատն էր
փռված հոլանի՝ լույսերի ծոցում (1),
Իսկ գլխի վերեւ արեւն էր նազում
շափուղյա վարսերն անծիր տարածուն (2):
Այս նախադասության երկու բաղադրիչ պարզ նախադասություններում արտահայտված մտքերը իսկ շաղկապով ներհակ հարաբերությունների մեջ են, բայց ընդհանուր կապակցություն են ստեղծել, ամբողջական կապակցություն: Կապակցման այս նույն դերը Իսահակյանի խոսքի ծավալուն հատվածներում, սուրահներում կատարում են գեղարվեստական հակադրությունները, զուգադրական պատկերները:
Ծավալուն հատվածները, սուրահները իրար միացած են մտքերի շարունակական, ձգվող թելերով, տրամաբանական անցումներով: Դրանք բոլորը խոսում են իրար հետ եւ պայմանավորված են միմյանցով, չկա անջատում:
Իհարկե, կապակցման գերակա դերերը, ինչպես նշել ենք շարադրանքում, կատարում են բառական եւ քերականական միջոցները:
Ընդհանրացման կարգով նշենք, որ Ավ. Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը մի ամբողջական կուռ, անխաթար կառույց է, ամբողջական խոսք, որի բոլոր մեծ ու փոքր բաղադրիչները ձեւի ու բովանդակության միասնություն են կազմում: Նա նման է ճարտարապետական այն շքեղ կառույցներին (օրինակ՝ բնութենաստեղծ Մասիսը, Սուրբ Հռիփսիմեի եկեղեցին, Գանձասարի վանքը, Այա Սոֆյա տաճարը, Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարը եւ այլն), որոնց բոլոր մեծ ու փոքր բաղադրիչները օրգանապես ագուցված են իրար, խոսում են միմյանց հետ, ձախ ու ծուռ ոչինչ չկա եւ ներկայանում են իբրեւ լուսեղեն հրաշակերտություն: Եվ այդպիսի մի հրաշակերտություն է «Աբու-Լալա Մահարի» գեղարվեստական խոսքը: Դա կերեւա նաեւ պոեմի լեզվական արտահայտչական, պատկերավորման միջոցների համակարգի, բառապաշարի եւ այլ խնդիրների քննության ու վերլուծության ընթացքում: Ուրեմն եւ՝ անդրադառնանք դրանց մեկնաբանումներին:
ՊՈԵՄԻ ԼԵԶՎԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Պոեմը լեզվական պատկերավորման միջոցների, խոսքի արտահայտչությունների մի հրավառ գանձարան է՝ լեցուն մարգարտահյուս լեզվական իմաստային միավորներով:
Մակդիրներ. նիրհած գիշեր, անուշ ղողանջ, մեղկ փափկություն, անուշ գանձեր, պայծառ ադամանդեղեն ծիծաղ, գոհար աստղեր, շքեղ, անշեջ դաշնակ, անուշ քուն, ազատ, կույս եւ սուրբ զմրուխտյա հեռուն, սեգ քարավան, անապատի մեջ՝ վայրի ու բոցոտ, պղնձացած շեկ ժայռեր, սնարները վես, վայրագ հողմեր, նիրհած Բաղդադ, աչքերը վճիտ, անուշ մրմունջ, նիրհած դաշտեր, սեգ արմավներ, հուր շունչ, հրեշտակաթեւ շուշան, ոսկեշող երազ, անուշ լացել, հուր տարփանք, կնոջ մարմին՝ պագշոտ, օձեղեն, սերը՝ մահի պես անգութ, քաղցր թույն, Ո՛վ սեր, բնության դու խոշտանգիչ կամք, նենգ ու դավադիր ոգի աննահանջ, // Դու թոհուբոհի ընդերք մոլեգնած, արյուն ցավատանջ, արյան մղձավանջ: // Համբույրները շողոմ ու դժնյա, հնչուն արցունքներ, վշտոտ կարոտ, երազական թախծանքի քնքուշ, վիշտը անհունի նման, այրվող ժայռեր, դառն ու ցավոտ հուշեր, հեզ լուսնկա, ծիածանաթեւ հավքեր, քնքուշ մրմունջ, հեքիաթն այս շքեղ, կույր ու գուլ մարդիկ, գործերը չար, ունայնաշունչ հողմեր, հեքիաթն այս ոսկյա, անշեջ զնգոց, վսեմ երգեր, լուսազգեստ եզերք, սուրբ մենակություն, վիրավոր հոգի, կարեկից մի սիրտ, լացող հավիտյան, սուրբ արտասուք, մեծ ազատություն՝ անհուն, անտարած, ոսկի աստղեր, վճիտ գիշեր, փիրուզյա հեռվում, գիշերն ահարկու՝ ե՛ւ սեւ, ե՛ւ հսկա, մռայլ ամպեր, մահասարսուռ շառաչում էին, հեծեծում էին հողմերը տխուր, ամեհի հողմեր, ժանտ քաղաքներ, հուզված զանգեր, իշխանությունը՝ սերունդներ լափող, անհագ վաշխառու, անկուշտ ձրիակեր, պատերազմների հավերժ հերյուրող, հեգ սիրտ, չար իշխանություն, քինոտ բռունցք, բոց հողմ, հզոր ոսկի, գարշ աշխարհ, խոսքս հրեղեն, լուռ անապատ, լպիրշ ու արբշիռ ցոփ խնջույքներ, մեծ քաղաքների՝ հացի ու կրքի ժխորով լցված, քարավանն հեստոտ, հակինթյա ժայռ, ոսկեղեն աշխարհ, աշխարհասփյուռ ազատություն, հրաբորբոք հրապույրներ, վեհ արեւ, լույս անուրջներ, հրակոծ սիրով, ոսկեճաճանչ վարսեր, համբույրի խայթով քո հրդեհակեզ, սիրաբորբոք թըռչում եմ, ոսկեփրփուր ծիրանիդ շքեղ, լույս փառքեր, հուր ալիքներ, հրաշունչ թեւ, ոսկի թեւեր, շափյուղյա վարսեր, ոսկեփրփուր ծիրանի:
Ընդգծված մակդիրները, որոնք գեղարվեստորեն, գեղագիտորեն բնորոշում են տարբեր առարկաներ, երեւույթներ, վիճակներ, երբեմն էլ գործողություններ, օժտված են արտակարգ պատկերավորությամբ եւ զգացմունքայնությամբ, լեզվաոճական կշռույթով: Դրանք կապակցությունների, նախադասությունների կառույցներում խոր իմաստներ են արտահայտում, գունագեղ են դարձնում պատկերավորությունը:
Ինչպես պարզ երեւում է, այդ մակդիրներն արտահայտված են գոյականներով (գոհար, բոց, լույս, ոսկի), ավելի հաճախ՝ ածականներով, ինչպես նաեւ հարակատար, ենթակայական դերբայներով, դերբայական դարձված կապակցություններով. կապային կապակցումներով, որոնցից շատերն ունեն ետադաս կիրառություններ եւ ընկած են տրամաբանական շեշտերի ու առանձին հնչերանգների տակ՝ դրանով իսկ նպաստելով պոեմի երաժշտայնությանն ու ռիթմին, ելեւէջավորումներին:
Իսահակյանի խոսքում շատ են գեղարվեստական համեմատությունները, որոնք, զուգակցելով երկու առարկաներ կամ երեւույթներ, պատկերն ավելի նկատելի, պարզ ու գունեղ են դարձնում: Համեմատության մի եզրի օգնությամբ բացատրվում, բնութագրվում է մյուսը: Կիրառված համեմատությունները, առարկաների, երեւույթների ընդհանուր գծերը բացահայտելուց զատ, դրսեւորում են հեղինակի վերաբերմունքը, նրա զգացմունքների, մտորումների գնահատման չափանիշը: Այսպես՝ Աբու-Լալայի քարավանը քայլում էր աղբյուրի նման մեղմ կարկաչելով, անապատի դեղին շեղջերը հորձանքներ կտան ալիքների պես, ատում եմ սերը՝ մահի պես անգութ, հավիտյան այրող, խոցող գաղտնաբար, զանգակներն, ասես, հեկեկում էին եւ ծորում հատ-հատ հնչուն արցունքներ, քարավանն, ասես, լալիս էր անուշ, նրա վիշտը անհունի նման, ինչպես իր ուղին, եւ լուսինն ինչպես ջեննեթի մատաղ փերիի կուրծքը՝ չքնաղ, լուսափառ, աշխարհն էլ ասես մի հեքիաթ լինի՝ անսկիզբ, անվերջ, հրաշք դյութական, գիշերն ահարկու՝ ե՛ւ սեւ, ե՛ւ հըսկա, մի չղջիկի պես թեւերը փռեց, խավարն՝ ասես թե պատած խավարով, եւ հողմերն ահեղ՝ նժույգների պես՝ սանձարձակ վայրի արշավում էին, հողմերը մահասարսուռ շառաչում էին եւ աղաղակում հազար ձայներով, ասես, վիրավոր գազաններ էին, մռնչում-ոռնում հողմի բերանով, հեծեծում էին հողմերը տխուր, որպես թե մի սիրտ լաց լիներ անհույս, վայ նրան, ով որ տուն ու տեղ ունի, կապված է շան պես իրեն տան շեմին, բարեկամներից հեռու տար դու ինձ, որոնք անկշտում մժղուկների պես հետեւում են քեզ, հողմերն անհեթեթ ջինների նման՝ Աբու-Լալայի խոժոռուն դեմքին քրքջում էին..., Եվ քարավանը վազում էր, թռչում... ասես, փախչում էր չար իշխանության քինոտ բռունցքից, որ չհասնի իրեն, իրենց աղեղի պարանոցները՝ ուղտերը լարած աղեղի նման, զիլ վազում էին, կարծես՝ վախեցած փախչում էր արագ՝ առանց հանգրվան, խոլ քարավանը նրա խոհերի, բազեների պես ծեծկված մրրկով, սլանում էին խռիվ ու ցրիվ, փռվեց, ծավալվեց ծիրն անապատի, վառ-վառ հուրհրաց, ինչպես տիտանյան հսկա առյուծի ոսկեփառ մորթի, եւ ուղտերն, իբրեւ ոսկի մակույկներ, թռչում էր անհագ՝ դեպի արեւը, եւ ինքն էլ պայծառ՝ նման արեւին եւ այլն:
Ինչ խոսք, ընդգծված գեղարվեստական համեմատությունները, որոնք իրենց կառույցներում հաճախ ունեն մակդիրներ, կամ՝ մակդիրներ ունեն համեմատության մյուս եզրերը, հեղինակի մտքերը դարձնում են առավել քան պատկերավոր, ցայտուն եւ իմաստալից:
Ավ. Իսահակյանի խոսքում շատ են այն բառերը, արտահայտությունները, որոնք կիրառվել են այլաբերական իմաստով: Հայտնի է, որ այլաբերությունը իմաստային բարդ երեւույթ է, որեւէ բառ, որեւէ կապակցություն հաճախ փոխարինվում է մեկ այլ բառով, կապակցությամբ՝ նրանց իմաստների ինչ-որ նմանության կամ առնչության հիման վրա: Այլաբերությունը, բացի իր հիմնական նշանակությունից, տվյալ բառակապակցության մեջ ստանում է նոր իմաստ՝ փոխարինվող բառի իմաստը: Այդ երկու իմաստներից հիմնականը դառնում է հենց բառի, կապակցության նոր, անուղղակի նշանակությունը, իսկ նրա սովորական իմաստը մի պահ հետ է մղվում եւ չի առնվում ուշադրության: Օրինակ՝ մեղկ փափկության մեջ Բաղդադն էր նիրհում, շատրվանները քրքջում էին պայծառ ծիծաղով ադամանդեղեն, բույր ու համբույր էր խընկարկվում չորս կողմ, գոհար աստղերի քարավանները թափառում էին երկնի ճամփեքով, սիրտս այրի՛ր արեւի սրտում, ծածկում ես մարդու դժոխքը հոգու, ետ դարձավ նայեց նիրհած Բաղդադին, լուսնի տակ մի խորշ պիտ գտնեմ, զեփյուռների սրինգները մեղմ գեղգեղում էին եւ այլն:
Այս պատկերավոր կապակցություններում ընդգծված բառերն ու արտահայտությունները իրենց բառարանային, ուղղակի իմաստները մղել են երկրորդական կողմ եւ գոյավորել այլաբերական, փոխաբերական նշանակություններ, որոնք խոսքին հաղորդել են պատկերավորություն, իմաստային խորություն, գեղագիտական մտածողություն:
Երկում հեղինակը շատ է օգտագործել փոխաբերություններ (մետաֆորներ) եւ փոխանունություններ (մետոնիմիաներ): Երկու երեւույթների, առարկաների նմանության վրա հենված այլաբերական բառերը փոխաբերություններ են (մետաֆորներ), որոնցով անչափ հարուստ է Ավ. Իսահակյանի պոեմը: Օրինակ՝ նիրհած գիշեր, իժ դարձավ խայթող իմ սերը, ողջույնը կառնեմ բորենիների, արեւը հոգու դարձնում ես խավար, նիրհ էին մտել ծաղկունքը բուրյան, հովը շշնջում էր, կյանքը երազ է, աշխարհը՝ հեքիաթ, եղկելի՛ մարդիկ, փոշի կդառնան ձեր վատ սրտերը, ձեր գործերը չար, եւ կանչում էին նրան կաթոգին լույս թարթումները ոսկի աստղերի, երբ Բաղդադը քուն էր մտել, հեծեծում էին հողմերը տխուր, եւ մրրիկները մռնչում էին եւ այլն:
Հասկանալի է, որ փոխաբերությունները, փոխանունությունները նույնպես զորեղացնում, հարստացնում են պատկերվող առարկաների, երեւույթների իմաստային կողմերը եւ ակնառու ու հետաքրքրական դարձնում խոսքը: Փոխաբերությունները, փոխանունությունները գեղարվեստական խոսքի պատկերավոր մտածողության անբաժանելի բաղադրիչներն են:
Փոխանունության մեջ, որ այլաբերության հիմնական տեսակներից մեկն է, որեւէ առարկայի անվան փոխարինումը մյուսով՝ կատարվում է ոչ թե նմանության, այլ երկու երեւույթների միջեւ եղած որեւէ կապի վրա: Գիտակցելով կապը՝ հեղինակը մի առարկայի փոխարեն մյուսի անունն է տալիս, բայց հասկանալի է դարձնում առաջինը: Այսպես՝ «անհայտ ափերը, կույս հեռաստանը» կապակցությունները երկի մեջ խորհրդանշում են լուսավոր գալիքը, ապահով ու արդար կյանքը: «Լույս ափերը» կապակցությունը նույնպես խորհրդանշում է գալիք պայծառ օրերը: Կամ՝ «կյանքի ցավի տակ» արտահայտությունը վերաբերում է մարդու ցավերին, հոգսերին, որոնք պիտի փարատեն բանաստեղծի երազած «աստղը հեռավոր, հրեշտակաթեւ շուշանն սպիտակ», այսինքն՝ բանաստեղծի ըմբռնմամբ՝ «երազուն ու կապույտ հեռուն», որ նորոգ աշխարհ, նորոգ կյանք է իմաստավորում:
Շրջանառված են նաեւ այնպիսի փոխանունություններ, որոնցում պարունակվող առարկայի կամ երեւույթի անունը փոխարինվում է պարունակյալով, օրինակ՝ «եւ կտրում թելը նրա խոհերի» արտահայտության մեջ թելը բառը փոխարինում է խոհերի, մտքերի կապին, մտածումների շարունակությանը: «Որի հողն արնոտ՝ անդուլ հերկողը չոր քար է կրծում իր հացի հանդեպ» կապակցության մեջ անդուլ հերկողը բառակապակցությունը իմաստավորում է հողի մշակին՝ շինականին, ռամիկ մարդուն, եւ սրանք, իբրեւ պարունակյալներ, ներառում են վերջին հասկացությունների իմաստները: Կամ՝ օրենքը «բիրտ ուժեղների սուրն է դաժան», որ «հավիտյան կախված է անզորի գլխին», նա «խողխողում է խեղճին» (հասարակ մարդուն) եւ «պաշտպանում հզորին» (հարուստին, կեղեքողին): Կամ՝ իշխանությունը «սերունդներ է լափում», նա «անհագ վաշխառու է», «անկուշտ ձրիակեր», «պատերազմների հավերժ հերյուրող», նա «անցած դարերի, գալիք դարերի մեծ դահիճն է... եւ մեծն ավազակ», որի «անցած ուղին ոճիր ու նախճիր է», «սարսափներ վիժող», «ոխակալ ոհմակ»: «Չար իշխանության քինոտ բռունցքը» ճնշման մեքենան է, պետությունը, որից փախչում է Աբու Մահարին:
Պոեմում երբեմն ամբողջ երեւույթը կամ առարկան փոխարինվում է մի մասով, հոգնակի թիվը՝ եզակիով կամ հակառակն: Փոխանունության այդ տեսակը, որ անվանում են սինեկդոխ, նույնպես շատ է կիրառվել Ավ. Իսահակյանի խոսքում: Օրինակ՝
Զոհվում է լավը վատերի համար,
եւ վատն ու չարը՝ լլկում են, տանջում
Մի բուռ լավերին այս վատ աշխարհում,
եւ կյանքի արտում որոմն է աճում:
Վատերի համար զոհվող լավը, «մի բուռ լավերին լլկող, տանջող վատն ու չարը» մի կողմից ներկայացնում են աշխատող, արարող հասարակ մարդկանց, մյուս կողմից՝ կեղեքողներին, պորտաբույծներին, որոնք «կյանքի արտում», այսինքն՝ մարդկային հարաբերությունների ոլորտում, աշխարհի արարչագործության մեջ աճեցնում են որոմը, այն թունավոր սերմը, որ կյանքն է խլում, ապականում ու եղծում է «հեքիաթ աշխարհը»:
Պոեմի պատկերավորմանն ու արտահայտչականությանը գեղագիտական, գեղարվեստական մտածողության հատկանիշներ են հաղորդել ինչպես բնության զանազան երեւույթների, այնպես էլ տարբեր իրերի ու առարկաների անզուգական անձնավորումները: Պոեմում անձնավորված են քարավանը, ուղտերը, գիշերներն ու ցերեկները, ճամփաները, դաշտերը, քրքջացող շատրվանները, գոհար աստղերը, անհուն երկինքը, լուսինը, հովերը, արմավն ու նոճին, «ազատ, կույս եւ սուրբ զըմրուխտյա հեռուն», մարդկային լեզուն, վայրի ու բոցոտ անապատները, գազանները, ծիածանաթեւ հավքերը, ունայնաշունչ ու անհեթեթ հողմերը, ժանտ քաղաքները, ուղտերի զանգակների հեկեկանքը, բուրյան ծաղկունքը, արյան ոստանները, փառքը, պատիվն ու հարգանքը, գանձը, ամբոխը, համայնքը, օրենքն ու իրավունքը, իշխանությունը, անմահ Արեւը, տիեզերական ամբողջ համակարգությունը: «Մեղավոր» աշխարհի պատճառով բանաստեղծի հոգու վիշտը անհուն է, տիեզերական, անչափելի... Դրա համար էլ Իսահակյանը խոր ազգային է եւ համամարդկային, տիեզերքի նման համընդգրկուն: Ահա թե ինչու անձնավորվել են բնության բոլոր երեւույթները, համակ տիեզերքը՝ իր անգո եւ գոյական բոլոր բաղադրիչներով: Միայն մի երկու օրինակ.
Եվ քարավանը Աբու-Լալայի՝
աղբյուրի նման մեղմ կարկաչելով՝
Քայլում էր հանգիստ, նիրհած գիշերով,
հնչուն զանգերի անուշ ղողանջով:
* * *
Հավասար քայլով չափում էր ճամփան
այն քարավանը ոլոր ու մոլոր,
Եվ ղողանջները ծորում քաղցրալուր՝
ողողում էին դաշտերը անդորր:
* * *
Մեղկ փափկության մեջ Բաղդադն էր նիրհում
ջեննաթի շքեղ, վառ երազներով,
Գյուլստաններում բլբուլն էր երգում
գազելներն անուշ՝ սիրո արցունքով:
* * *
Շատրվանները քրքջում էին
պայծառ ծիծաղով ադամանդեղեն,
Բույր ու համբույր էր խնկարկվում չորս կողմ
խալիֆաների քյոշքից լուսեղեն:
* * *
Գոհար աստղերի քարավանները
թափառում էին երկնի ճամփեքով,
Եվ ղողանջում էր ողջ երկինքն անհուն՝
աստղերի շքեղ, անշեջ դաշնակով:
* * *
Մեխակի բույրով հովն էր շշնջում
հեքիաթներն հազար ու մի գիշերվա,
Արմավն ու նոճին անուշ քնի մեջ
օրորվում էին ճամփեքի վրա:
* * *
Եվ քարավանը՝ օրոր ու շորոր,
զնգում էր առաջ ու ետ չէր նայում.
Անհայտ ուղին էր Աբու-Լալային
բյուր հրապույրով կանչում, փայփայում:
Հատվածում մակդիրները, այլաբերությունները, արտահայտչական ու պատկերավորման այլեւայլ միջոցները գիրկընդխառն միահյուսումներով ստեղծել են մի կախարդանք, մի զգլխիչ անձնավորում, որ գեղագիտական անանց ներգործություն է թողնում ընթերցողի վրա եւ նրան դարձնում շքեղ ու հրավառ խոսքի հպատակը, որ ասես ինքն էլ միացել է Աբու-Լալայի քարավանին եւ թռչում է դեպի... անմահ Արեւը՝ մեծ Ազատությունը...
Արեգական վառ ցնցուղի տակ բոցկլտում էին ուղտերը զվարթ, եւ «բարձրաղողանջ կայլակում էին զանգակներն ազատ, ցնծուն լուսազարդ», իսկ Աբու Մահարին «արծվի նման աչքերն անքթիթ՝ արեւին հառած, թռչում էր աննինջ, հոգին լուսարբած եւ երանության ջահերով վառված», նրա «գլխի վերեւ արեւն էր նազում շափյուղյա վարսերն անծիր տարածած», «Եվ ոսկեփրփուր ծիրանին ուսին Աբու Մահարին, մեծ բանաստեղծը, թռչում էր անդուլ՝ հաղթական ու վեհ, դեպի արեւը, անմահ արեւը...»:
Հիրավի, դժվար է այլ կերպ ան
ձնավորել, խորհրդանշել, օրհներգել Արեւը, քան իմաստնաբար պատկերել է Իսահակյանը եւ, իբրեւ նոր կյանքի, ազատ ու անիշխան կյանքի հանգրվան, երազել դեպի Արեւը, դեպի նոր կյանքի եզերքը, ուր չկան «չարեր ու վատեր», եւ ուր իշխում է անապական ու անտարած Ազատությունը...
Պոեմում տեղին ու բնորոշ են օգտագործվել շրջասությունները (պերիֆրազները), որոնք նույնպես ոճական միջոց են եւ անձի կամ առարկայի անվանումն ուղղակի ասելու փոխարեն ընդգծում են միայն նրանց այս կամ այն բնորոշ կողմը, իսկ դա հիմք է տալիս հասկանալու, թե խոսքն ո՛ւմ կամ ինչի՛ մասին է: Վեցերորդ սուրահում, օրինակ, հեղինակը ապիրատ աշխարհ, մարդկային աշխարհ հասկացությունների տակ նկատի ունի «չար ու վատ» մարդկանց, որոնք «հզոր ոսկու միջոցով գողին ազնիվ ու բարեհույս են դարձնում, ապուշին՝ հանճար, վախկոտին՝ կտրիճ, տգեղին՝ չքնաղ եւ պոռնիկին՝ կույս», որոնք կյանքը դարձնում են «արյան բաղանիք», «թույլին՝ հանցավոր, հզորին՝ արդար»: Բանաստեղծը դիմում է «արեւելքին, հյուսիսին, հարավին եւ արեւմուտքին», այսինքն՝ աշխարհի չորս կողմերի մարդկանց, որ լսեն իր «արդար խոսքը», որ «տանեն, տարփողեն իր հրեղեն խոսքը», որ «ծովերից ծով աշխարհներ լսեն, թե ավելի վատ, ավելի զազիր՝ քան մարդը դաժան, այդ մարդն է նորեն»: Զայրույթը այնքան է շիկացել չար աշխարհի, չար մարդու նկատմամբ, որ բանաստեղծը, այլ ելք չտեսնելով, հորդորում է իր քարավանին, որ փախչի «այդ պոռնկության լպիրշ ու արբշիռ ցոփ խնջույքներից, կեղծի, կեղեքման հրապարակներից եւ վաճառանքի պիղծ շուկաներից», ասել է թե ապականված կյանքից, իրականությունից: Հեղինակն օգտագործել է «խոհերի բազեներ» արտահայտությունը, որ խոհերի ընթացք է նշանակում:
Պոեմի նույն սուրահում արեւը շրջասաբար անվանվում է «տիեզերական անհուն բաժակ», «տիեզերական հազարահանդես մեծ խրախճանք», «խավարների դեմ անհաղթ ախոյան», «գարունների մայր, ուրախության ծով», «մայրական գիրկ», «հավետ գթոտ», «մահը խորտակող», «գեղահրաշ, միակ գեղեցիկ», «աստծուց հզոր», «միակ իմ սեր», «միակ իմ մայր, մայրական գիրկ»:
«Շեմս-արեւը ելել է՝ շքեղ, լուսավառ, վարդի, սնդուսի բյուր պարույրներով», եւ նրա «ջահերի ներքո», որ շողեր է նշանակում, «փռվեց, ծավալվեց ծիրն անապատի, վառ-վառ հուրհրաց, ինչպես տիտանյան հըսկա առյուծի ոսկեփառ մորթի»:
Այսպիսով՝ պոեմի խոսքարվեստին գեղագիտական, գեղարվեստական մտքի ու մտածողության պատկերային հրավառություն են հաղորդում նաեւ չափազանց տարողունակ ու իմաստալից շրջասությունները, որոնցով հարուստ է իսահակյանական ինքնատիպ, խիստ անհատական խոսքը:
Չափազանցությունը, իբրեւ ոճական ձեւ, պատկերավորման միջոց, երբեմն բնորոշում է երեւույթի, անձի պակասավոր կողմերը կամ՝ ընդհակառակն: Չափազանցության միջոցով հաճախ համառոտվում է խոսքը, եւ ընդհանրացվում, ընդգծվում են երեւույթի, առարկայի խորքը, բովանդակությունը, որ հաճախ հնարավոր չէ արտահայտել սովորական, ուղիղ մտքերով: Սուր քննադատելով նյութի ու շահի հասարակարգը, բուրժուական այլասերված բարքերն ու հարաբերությունները, դրանց կործանարար ու ավերիչ բնույթը՝ Ավ. Իսահակյանը պարզորոշ տեսնում է, որ «սերունդներ լափող, անհագ վաշխառու, անկուշտ, ձրիակեր, պատերազմների հավերժ հերյուրող» իշխանությունը «մեծ դահիճ է եւ մեծն ավազակ», որ «հրեշի պես» նստել է բանաստեղծի կըծքին, ասել է թե՝ աշխատավոր մարդկանց կրծքին, նրանց «ճակատին բռունցքն է ահեղ սեղմել» եւ «ամեն քայլին շղթա է զարկել», «փականք է դրել լեզվին ու մտքին»: Սրանք Իսահակյանի ապրած շրջանի իշխանության ճշգրիտ եւ ընդհանրացված բնութագրիչներն են, այն իշխանության, որ «փշրում է միշտ մեր ուսերը վար, ամենուր հասնում, ճզմում է մարդուն, եւ իրավունքի դաժան անունով՝ բյուր կառափներից բուրգեր է կերտում»: Չափազանց է, բայց այլ կերպ հնարավոր չէ բացահայտել երեւույթի բովանդակությունը, նրա ներքին էության խորքը: Նմանօրինակ «չափազանցված» արտահայտություններ շատ կան պոեմում, որոնք զորեղ լիցքեր են ամփոփում ընդհանրացումների եւ շլացուցիչ փայլով ներկայացնում ճշմարտությունը:
Խորհրդանիշ (սիմվոլ). սա նույնպես կարեւոր դեր է կատարում իսահակյանական խոսքի հյուսվածքում: Աբու-Լալա Մահարին, որ արաբ բանաստեղծ է, իմաստասեր եւ ապրել ու ստեղծագործել է 10-րդ դարում, այլաբանորեն ինքը՝ Իսահակյանն է, երկի քնարական, ինչպես նաեւ էպիկական հերոսը: Այդ երեւույթը պայմանականություն է, այլաբանություն՝ այլեւայլ նկատառումներով ցարական ու տեղական գրաքննությունից, հալածանքից խուսափելու նպատակով:
Պոեմում խորհրդանիշներ են Արեւը, սուրբ զմրուխտյա հեռուն, երազուն եւ կապույտ հեռուն, անդորր փիրուզյա հեռուն, լույս-հանգրվան արտահայտությունները, որոնք խորհրդանշում են այն նորոգ ու մաքուր կյանքը, որին տենչում է բանաստեղծը՝ ի հակադրություն իր պատկերած գեհենի:
Մեջբերված եւ քննարկված պատկերավորման միջոցները մեկուսացված չեն, դրանք լեզվաոճական, քերականական-շարահյուսական առումներով ներհյուսված են իսահակյանական անհատական խոսքի ամբողջ հյուսվածքին, սերտորեն ագուցված պարզ ու բարդ նախադասությունների ամբողջ կառուցվածքներին: Դրանք այնքա՛ն բնորոշ են ու տիպական, որ բոլորովին հնարավոր չէ փոխարինել նույն իմաստներն արտահայտող բառական կամ բառակապակցական այլ հոմանիշներով, երանգային այլ արտահայտություններով: Դրանք տեղին ու ներդաշն ձուլված են խոսքի շարահյուսական, քերականական մեծ ու փոքր կառույցներին, եւ դրա մեջ պետք է տեսնել նաեւ Վարպետի խոսքի ինքնատիպությունն ու կախարդիչ հմայքը, տարողունակ խտացումներ ու ընդհանրացումներ կատարելու կարողությունը, հայոց լեզվի գունագեղությունը, հայերենով մտքեր արտահայտելու ոճական, շարահյուսական անսահման ճկունությունն ու բազմազանությունը, լայն հնարավորությունները:
ՊՈԵՄԻ ԼԵԶՎԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՉԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Ինչպես գեղարվեստական խոսքում ընդհանրապես, նույնպես եւ Ավ. Իսահակյանի պոեմի արտահայտչական միջոցները դրսեւորում են բառապաշարի հնչյունաբանական, շարահյուսական կառույցների, ռիթմավորման ոլորտներում եւ զգալապես նպաստում առարկաների, երեւույթների, դեպքերի ու գործողությունների պատկերման որոշակիացմանը, արտահայտչական հնարավորությունների ընդլայնմանը, դրանց արտացոլման գեղագիտական ուժին ու էներգային լիցքերին: Վարպետն իր խոսքի ամբողջական կառույցում նրբորեն ու ճաշակով ընդելուզել է լեզվի արտահայտչական միջոցներն այնպես, որ դրանք պատկերավորման միջոցների հետ մեկտեղ հնչում են իբրեւ մի համանվագ, իբրեւ մի երգ երգոց, հայրենական աղբյուրների զրնգուն ու թովիչ կարկաչ, դյութիչ երաժշտություն:
Ավ. Իսահակյանի պոեմում անչափ շատ են տրոհված անդամները, դերբայական դարձվածները, կոչական բառերն ու բառակապակցությունները, ձայնարկությունները, ուղղակի խոսքերում հեղինակային արտահայտությունների դիրքային տարբեր կիրառությունները, մի քանի բաղադրիչներով բարդ համադասական, բարդ ստորադասական, բազմաբաղադրիչ բարդ ստորադասական նախադասությունները: Դրանք բոլորն ստեղծում են հնչերանգների ու տրամաբանական շեշտերի կիրառությունների մեծ հարստություն, այլ կերպ՝ բառերի, տրոհված կապակցությունների, նախադասությունների, սրանց շարահյուսական մեծ ու փոքր միավորների արտաբերման կարգը գոյավորում է ելեւէջումների, հնչերանգների մի ամբողջ համանվագ, որով դրսեւորվում է ելեւէջային (ձայնային բազմազանության) որոշակի, ընդգծված վերաբերմունք արտահայտած մտքերի նկատմամբ, շեշտում, կարեւորում իմաստի այս կամ այն կողմը: Արտաբերման եղանակը՝ հնչերանգը, որոշվում է բառային շեշտով, շարահյուսական միավորների արտասանության ուժով, ձայնի հնչման ներբերանգներով, դադարներով, տաղաչափական ձեւերով եւ այլ գործոններով:
Հմտորեն օգտագործելով հայոց լեզվի հարուստ բառագանձը, պատկերավորման ու արտահայտչական բազմազան միջոցները, ինչպես նաեւ արաբական քասիդի ձեւը, որ բանաստեղծական խոսքին հաղորդում է մի առանձին վեհություն ու հանդիսավորություն, բանաստեղծն ուժեղացրել է ելեւէջավորումն ու հնչերանգը: Երկի բոլոր տները բաղկանում են երկուական տողերից, բացի սկիզբ-նախաբանի տողերից: Դրանցից յուրաքանչյուրը՝ տողը, կազմված է քսան վանկից եւ երեք հատածներով բաժանվում է չորս անդամի: Եվ երկում կիրառված քառանդամ քսան վանկանի չափը ներդաշնակում է ուղտերի քարավանի շարժման ընթացքին: Պոեմի երաժշտայնությանը, հուզականությանը նպաստում են ներդաշն ռիթմը, կանոնավոր հանգերը: Պոեմում ընդգըծված կարեւորություն են ներկայացնում ռիթմավորումն ու հանգավորումը: Բերենք մեկ օրինակ:
Եվ քարավանը՝ օրոր ու շորոր
զնգում էր առաջ ու ետ չէր նայում,
Անհայտ ուղին էր Աբու-Լալային
բյուր հրապույրով կանչում, փայփայում:
Այս տողերում ամեն մի անդամ (Եվ քարավանը // օրոր ու շորոր // զնգում էր առաջ // ու ետ չէր նայում, // Անհայտ ուղին էր // Աբու-Լալային // բյուր հրապույրով // կանչում, փայփայում) կազմված է երկվանկ եւ եռավանկ (ընդամենը՝ հինգ վանկ) ոտքերից (մեծավերջ եւ վերջատանջ). գլխավոր շեշտը սովորաբար ընդունել է երկրորդ ոտքը: Դրանցով հանդերձ՝ բառային շեշտերը, հնչերանգային արտահայտությունները, ա, օ (ո), ու ձայնավորների եւ բաղաձայն հնչյունների կուտակումները (առձայնույթ, բաղաձայնույթ), նայում, կանչում, փայփայում բառերի վերջնավանկ հանգավորումները, նաեւ ներքին հանգավորումները (օրոր, շորոր, զնգում էր, ուղին էր), տողերի քսանական բաց ու փակ վանկերի համաչափ արտաբերումներն ստեղծում են մի հիասքանչ ելեւէջավորում, որ նախադասություններին հաղորդում է ականջը շոյող երաժշտայնություն, ռիթմ, ձայներգություն: Եվ հոգեպարար այդ ձայներգությունը պոեմի ամբողջ կառուցվածքի կարեւոր հատկանիշներից մեկն է:
Բարեհնչունությունը (էվֆոիալավ, հնչյուն, ձայն) Իսահակյանի երկի գլխավոր առանձնահատկություններից մեկն է: Պոեմում ընդհանուր առմամբ ճիշտ են տեղադրված բառերը, շարահյուսական մեծ ու փոքր միավորների օրինաչափ կապակցումները, որոնք խոսքին հաղորդում են հնչյունային ներդաշնություն: Բարեհնչունությունը զորեղացնելու համար հեղինակը խելամտորեն կարեւորել է պոեմի ռիթմը, բանաստեղծական հնչյունաբանության բաղադրիչները՝ հանգերը, բաղաձայնույթներն ու առձայնույթները, շարահյուսական կրկնակները՝ բառերի, կապակցությունների հարակրկնությունները, վերջույթները (դարձյալ բառերի կրկնություններ, բայց տողերի վերջերում) եւ այլն: Պոեմում չկան անտեղի ու աննպատակ կիրառություններ, քերականական համանման ձեւերի ու բառակապակցությունների ավելորդ գործածություններ:
Նշված տեսանկյունով տարրալուծենք, օրինակ, հետեւյալ տունը, կտեսնենք, որ պարզ ընդարձակ նախադասությամբ ձեւավորված այդ կառույցը ո՛չ միայն բարեհունչ է, այլեւ ավելորդ ոչինչ չկա. բառերը, կապակցությունները, շարահյուսական միավորները տեղադրված են ճիշտ եւ արտահայտում են խոր ընդհանրացում՝ ընդգծելով «չար ու վատ» մարդկանց մի օրում գործած հանցանքի չափը: Ահա՛ այդ տողերը.
Համրելով մեկ-մեկ անթիվ քայլերը
իմ քարավանի, իմ անծայր ճամփու,
Անթիվ քայլերը չեն հասնում չափին
մի օրում գործած հանցանքին մարդու:
Իհարկե, է՛լ ավելի տեղին կլիներ, որ դերբայական դարձված բառակապակցությունը, որ ավարտվում է ճամփու բառով, տրոհվեր բութով: Սա իմիջիայլոց: Մնացածը ամեն ինչով տեղին է:
Իսահակյանի խոսքում զգալի դեր են կատարում բառական հակադրությունները (անտիթեզները): Դրանք հաճախ զուգորդում են հակադիր նշանակություն ունեցող բառեր, կապակցություններ: Լինելով ոճական հնար՝ բառական հակադրությունը հեղինակին հնարավորություն է ընձեռել կատարելու ավելի խոր ընդհանրացումներ, ընդգծելու ու շեշտելու պատկերվող երեւույթների, առարկաների բնորոշ հատկանիշները, նպաստելու մտքի իմաստի բացահայտմանը: Օրինակ՝
Եվ ի՞նչ է փառքը,- այսօր քեզ մարդիկ
եղջյուրներից վեր կբարձրացնեն,
Վաղը նույն մարդիկ սմբակների տակ
ճմլելու համար քեզ վար կնետեն:
Ավ. Իսահակյանն այս տողերով, որոնցում առկա են բառական հակադրությունները, կատարել է ծավալուն ընդհանրացում՝ բնութագրելով փառք հասկացության ամբողջ իմաստը, նրա էությունը:
Եվ այսպես՝ բառական բազմաթիվ հակադրություններով Իսահակյանը ձաղկել է կեղծ ընկերոջը, անհավատարիմ կնոջը, պատիվն ու հարգանքը, գանձը, ամբոխը, համայնքը, «ցոփ հարուստների պերճ արոտավայր հայրենիքը», օրենքն ու իրավունքը, իշխանությունը եւ հասարակական ու սոցիալական բազում այլ բարքեր, իրավիճակներ, որոնք խաթարված էին բնականոն ուղուց, բարոյական ու բանական ընթացքից: Սա համահունչ է նաեւ մեր ժամանակների շատ երեւույթներին:
Պոեմը հարուստ է հարակրկնություններով, վերջույթներով: Դրանք, եւս լինելով ոճական կամ շարահյուսական միջոցներ, առանձնահատուկ ընդգծում են կրկնվող միավորների իմաստը, խոսքին հաղորդում երաժշտականություն, ռիթմիկություն: Սովորաբար օգտագործվել են հնչյունային, բառային, բառակապակցային, միավոր նախադասությունների հարակրկնություններ եւ վերջույթներ: Մի երկու օրինակ.
Վիշապ հողմիդ հետ ազատությունը
թո՛ղ գահակալե աշխարհը հանուր,
Եվ ոսկեվառ է վսեմ արեւը
ազատությունը աշխարհասփյուռ:
Բանաստեղծը ազատություն է փափագում. մի դեպքում ազատություն բառը գործողություն կատարողն է, երկրորդ դեպքում՝ երեւույթի կրողը:
Կամ՝ դիմելով ամենազոր Արեւին՝ բանաստեղծը հարակրկնությամբ, վերջույթով կոչում է.
Հարբեցրո՛ւ ինձ, հարբեցրո՛ւ ինձ,
քո անմահ գինով հարբեցրո՛ւ ինձ,
Մոռանամ մարդուն, սուտն ու մռայլը,
մոռանամ հավերժ չարիքն ու թախիծ:
Կարելի է բերել բազմաթիվ այլ օրինակներ, որոնք որակ են կազմում հարակրկնություն եւ վերջույթ ոճական հնարների ոլորտում:
Իսահակյանի պոեմում գործողությունները հաճախադեպ են տեղի ունենում արագ, սրընթաց: Անափ ու անհուն լարվածություն է ապրում հերոսը, որի հոգեվիճակը լարվում է, եւ որը արտակարգ շարժունության մեջ է: Այդ պատճառով էլ անշաղկապությունը, բացթողումը (էլիպսիս) զգալի տեղ են գրավում պարզ ու բարդ համադասական նախադասությունների կառույցներում: Անշաղկապության դեպքում բաղադրիչ համադաս նախադասությունները հարաբերակցվում են հնչերանգով եւ շարահարությամբ: Ահա մի երկու օրինակ:
Ուղտերը արձակ պարուսաններով
հուժկու, մոլեգին, այնպես խոլաբար
Սլանում էին (1), ճախր էին առնում
հրեղեն թափով, խենթ ու խելագար (2):
Երկու բաղադրիչ նախադասություններում միայն խենթ, խելագար ձեւի պարագաներն են կապակցվել ու շաղկապով: Բարդ համադասական նախադասության երկու բաղադրիչ պարզ նախադասությունները, ինչպես նաեւ ձեւի պարագա լրացումները (հուժկու, մոլեգին, խոլաբար, թափով, խենթ ու խելագար) հարաբերակցվել են հնչերանգով, շարահարությամբ, բացի խենթ, խելագար ձեւի պարագաներից:
Կամ՝
Համայնքից փախի՛ր (1), փախի՛ր վրեժից,
մարդկանց արյունոտ արդարությունից (2),
Փախի՛ր կնոջից, սիրուց, ընկերից (3)
շնչահեղձ փախի՛ր մարդու ստվերից (4):
Այստեղ էլ նույնպես ե՛ւ համադ
աս չորս բաղադրիչ նախադասությունները, որոնց ենթակաները զեղչված են (դու), հարակրկնված են ստորոգյալները (փախի՛ր), ե՛ւ որոնք ձեւավորել են մի բարդ համադասական նախադասություն, ե՛ւ համայնքից, վրեժից, արդարությունից, կնոջից, սիրուց, ընկերից, ստվերից բացառական հոլովներով դրված անջատման անուղղակի խնդիրները կապակցվել են հնչերանգներով, շարահարությամբ. չկան համադասական շաղկապներ: Նմանատիպ կառույցները, որոնք որակ են կազմում երկում, դեպքերի, երեւույթների, գործողությունների պատկերմանը հաղորդում են արագություն, շարժունություն, ինչպես նաեւ սահունություն եւ ոճական երանգներ:
Քիչ չեն նաեւ մեծ դադարները կախման կետերից հետո, այսպես կոչված բացթողումները (էլիպսիսները), որոնք խորհելու, մտածելու, քննելու ու մտասուզվելու, նոր մտքեր ավելացնելու տեղիք են տալիս: Բանաստեղծը պոեմն ավարտել է, օրինակ, բացթողումով: Թող ընթերցողը շարունակի մտածել մարդու ու աշխարհի, բնության ու տիեզերքի սարք ու կարգի, մարդկայինի ու մարդկայնության, ազատության եւ այլ երեւույթների մասին: Ահա՛ այդ բացթողումը, որ կատարվել է կախման կետերով (երեք կետ), մեծ դադարով.
Եվ ոսկեփրփուր ծիրանին ուսին
Աբու Մահարին, մեծ բանաստեղծը,
Թռչում էր անդուլ՝ հաղթական ու վեհ,
դեպի արեւը, անմահ արեւը...
Ի դեպ, սխալվում են բոլոր նրանք, ովքեր մտածում են, թե Իսահակյանը փախչում էր իրականությունից: Ո՛չ, նա իր երազած արեւային աշխարհը ուղղակիորեն հակադրել է իր ապրած դժնդակ իրականությանը, ստեղծել այն երանավետ հանգրվանը, ուր ռամկություն կբերեն, ռամկի օրենք ու իրավունք, որ «տեր դառնա ռամիկն իրեն սուրբ վաստակին, արդար հացին» (տե՛ս «Սասմա Մհեր» վիպերգը):
Անշաղկապության հակառակ երեւույթը բազմաշաղկապությունն է, որ նույնպես լինելով ոճական ձեւ, արտահայտչական միջոց՝ հաճախակի կրկնությամբ ընդգծում է առանձին բառերի, երեւույթների իմաստային դերը, խոսքի ընթացքին հաղորդում հանդիսավորություն, շեշտվածություն: Օրինակ՝
Իմ մեջ այրվում է մի անհագ կարոտ, կարեկից մի սիրտ՝
լացող հավիտյան...
Դադարին հաջորդում են՝
Եվ իմ հոգում կա մի չքնաղ երազ, եւ սուրբ արտասուք,
եւ սեր անսահման,
Հոգիս ազատ է, ես չեմ հանդուրժում իմ վրա իշխող
ո՛չ մի զորություն...
Ո՛չ օրենք, սահման, ո՛չ ճակատագիր, ո՛չ չար ու բարի
եւ ո՛չ դատաստան:
Իմ գլխի վերեւ չպետք է լինի ո՛չ մի հովանի,
ո՛չ մի իրավունք,
Եվ իմ կյանքից դուրս ամեն ինչ բանտ է, եւ ստրկացում,
եւ բռնադատում:
Ավ. Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» գեղարվեստական խոսքի բոլոր սուրահները (գլուխները), բացի մեկից, սկսվում են եւ շաղկապով: Պետք է նշել, որ եւ, ու, ոչ, թե՛...թե՛, բայց, կամ շաղկապների կիրառությունները՝ տեղին ու ճշտիվ, հանդիսավորություն են հաղորդում պոեմին, քանի որ Իսահակյանն աստիճանաբար վիպում է դեպքերը, գործողությունները, երեւույթները, աշխարհի դրվածքը, ստեղծում խորհրդավոր ու հանդիսավոր տաք մթնոլորտ, որում առանձին բառերի, կապակցությունների, նախադասությունների, շարահյուսական մեծ ու փոքր միավորների իմաստը, պատումի ձեւը համահունչ դարձնում ուղտերի քարավանի երբեմն դանդաղ, երբեմն սրարշավ ընթացքին: Ճիշտ այդ նշանակությունն ունեն հատվածում ընդգծված շաղկապները, ոչ մի ժխտական դերանունը:
Սակայն միշտ չէ, իհարկե, որ կարելի է օգտագործել կրկնվող շաղկապները, մանավանդ դրանց անհարկի կիրառությունները: Շաղկապները, շաղկապական բառերն ընդհանրապես ունեն իրենց օրինաչափ կիրառությունները խոսքում, եւ դրանց քերականական-շարահյուսական կանոնարկված գործածությունը չի կարելի շփոթել բազմաշաղկապության հետ:
Իսահակյանի պոեմում հաճախ համադրվում են երեւույթները, առարկաները: Զուգահեռականությամբ (պարալելիզմով) հակընդդեմ կողմերում ընդգծվում են երեւույթների, առարկաների նմանությունները կամ տարբերությունները, եւ արվում են անհրաժեշտ ընդհանրացումներ ու հետեւություններ: Զուգահեռականությունը նույնպես գեղարվեստական համեմատություն է. տարբերությունն այն է, որ շարահյուսական կառույցներում կան համեմատության երկու կողմերն իրար կապող բառեր՝ պես, ասես, կարծես, ինչպես, որպես, նման եւ այլն:
Պոեմում կիրառված զուգահեռականությունները զորեղացրել են Իսահակյանի խոսքի ուժը, պատկերավորությունն ու արտահայտչականությունը՝ ներարկելով մեծ էներգիա: Օրինակ՝
Աբու Մահարին արծվի նման
աչքերն անքթիթ՝ արեւին հառած,
Թռչում էր աննինջ, հոգին լուսարբած
եւ երանության ջահերով վառված:
Հենց այդ հոգու լուսարբածության պահին՝
Նրա հետեւում լոկ անապատն էր
փռված հոլանի՝ լույսերի ծոցում (1),
Իսկ գլխի վերեւ արեւն էր նազում
շափյուղյա վարսերն անծիր տարածուն (2):
Տեսե՛ք, թե ընդհանրացնող ինչպիսի՜ դեր են կատարում բարդ համադասական նախադասության հակադրվող (ներհակական) բաղադրիչները. զուգահեռի մի կողմում «հոլանի փռված անապատն է՝ լույսերի ծոցում», մյուս բեւեռում՝ Աբու Մահարու «գլխի վերեւ շափյուղյա վարսերն անծիր տարածուն արեւն է», որ նազում է... Այս հրաշք պատկերը միաժամանակ հակադրված է «ապիրատ աշխարհին»: Հենց այդ տողերն էլ ընդհանրացման մեծ ուժով ավետում են բանաստեղծի լավատեսական ազատասիրական գաղափարների իրականացման հաղթահանդեսը, նրա երազած ազատ աշխարհը:
Ավ. Իսահակյանի պոեմում լեզվական-ոճական առումով շեշտված կարեւորություն են ստանում շրջադասությունները (ինվերսիաները): Պոեմում, հակառակ նախադասության անդամների, շարահյուսական այլ միավորների, ոչ շարահյուսական դեր կատարող բառերի ընդունված շարահյուսական սովորական կարգի, հաճախ, շատ հաճախ շըրջադասվում, տեղերը փոխում են ենթական, ստորոգյալը, գոյականական ու բայական անդամների լրացումները, դերբայական դարձվածները, կոչական արտահայտությունները, միջարկություններն ու ձայնարկությունները, գլխավորի նկատմամբ՝ կախյալ նախադասությունները, ուղիղ խոսքի նկատմամբ՝ հեղինակային արտահայտությունները եւ այլն: Պոեմը հարուստ է բազմազան շրջադասություններով, իսկ դրանք հարստացնում են խոսքի արտահայտչական ոլորտը, ստեղծում ոճական բազմազանություն ու գունագեղություն, քանի որ իրենց դիրքը փոխած բառերը, կապակցություններն ստանում են տրամաբանական շեշտեր (իհարկե, ոչ բոլորը), նոր հնչերանգային արտահայտություններ եւ ընդգծում ու է՛լ ավելի որոշակիացնում իմաստները: Եվ Ավ. Իսահակյանի պոեմն այդ առումով նույնպես ցոլացնում է հայոց լեզվի շարահյուսական հարստությունը, ճկունությունը, մտքերը շարահյուսական այլազանություններով դրսեւորելու լեզվաոճական հնարքները:
Պոեմում չափազանց շատ են շրջադասությունները: Բերենք մի երկտող:
Ատում եմ, ավա՜ղ, եւ հայրենիքը -
պերճ արոտավայր հարուստների ցոփ,
Որի հողն արնոտ՝ անդուլ հերկողը
չոր քար է կրծում իր հացի հանդեպ:
Այստեղ ավա՜ղ ձայնարկությունը միջադաս շարադասություն է ստացել եւ ավելի սրել հեղինակի վիշտը, ցոփ որոշիչը դրվել է իր որոշյալից հետո եւ ընդգծվել, պերճ արոտավայր հարուստների ցոփ բառակապակցությամբ արտահայտված որոշիչը դրվել է հայրենիքը որոշյալից հետո եւ ավելի շեշտել հայրենիք հասկացության հատկանիշը՝ տարբերակված առանձին հնչերանգային արտահայտությամբ: Նույն դերը կատարել է արնոտ ետադաս որոշիչը (փոխանակ՝ արնոտ հողը): Շրջադասված է կիրառվել նաեւ իր հացի հանդեպ բառակապակցությունը, որ սովորական շարադասությամբ պետք է լիներ չոր քար է կրծում կապակցությունից առաջ: Քար ուղիղ խնդիրն ընդգծվելու եւ տրամաբանական շեշտ կրելու պատճառով կրծում (կրծում է) ստորոգյալից առաջ է ընկել՝ «խլելով» նաեւ է օժանդակ բայը:
Բերենք ետադաս որոշիչների մի քանի օրինակ. այն քարավանը ոլոր ու մոլոր, դաշտերը անդորր, գազելներն անուշ, քյոշքից լուսեղեն, երկինքն անհուն, վայրերը թափուր, օրոցք մայրական, հուշեր մանկական, մարդկանց մոտիկ ու հեռուն, շղարշով պայծառ, անապատի մեջ՝ վայրի ու բոցոտ, մարդկանց մոտ՝ կեղծ ու ժպտադեմ, սնարները վես, ճակատը կնճռոտ, աչքերը վճիտ, համբույրի մեջ սուտ, աստղը հեռավոր, շուշանն սպիտակ, սերը՝ մահի պես անգութ, հավիտյան այրող, խոցող գաղտնաբար, ոգի աննահանջ, ընդերք մոլեգնած, արյուն ցավատանջ, աղբյուրն անսպառ, համբույրները շողոմ ու դժնյա, երկունքը դաժան եւ հավերժական, ափին զմրուխտյա, տատասկը դժնի, ուղին ոլոր ու մոլոր, թախծանքի քնքուշ, վիշտը անհունի նման, փերիի կուրծքը՝ չքնաղ, լուսավառ, ծաղկունքը բուրյան, հրաշք դյութական, հնչյուններն անմահ, հեքիաթն այս շքեղ, հեքիաթն այս վսեմ, գործերը չար, ձեռքը անտարբեր, երազն այս չքնաղ, հեքիաթն այս ոսկյա*, ծոցը մայրական, աղբյուր զովաբեր, կարեկից մի սիրտ՝ լացող հավիտյան, սեր անսահման, մեծ ազատության՝ անհուն, անտարած, աստղերը ազատ, աչքերը գոհար:
Եվ այսքանը քաղված է միայն առաջին, երկրորդ, երրորդ սուրահներից: Գոյականներով (գոհար, հեռու), որակական եւ հարաբերական ածականներով, կապային կառույցներով, ենթակայական, հարակատար դերբայներով, դերբայական դարձվածներով արտահայտված ետադաս որոշիչները շրջադասություններ են ստեղծել, ընդգծվել եւ հատկանշել երեւույթներն ու առարկաները: Դրանցից շատերը ոճական արժեք են ստեղծել եւ հարստացրել բառերի, բառակապակցությունների ներքին ու արտաքին իմաստները: Շատերն էլ, միաժամանակ մակդիրների դեր կատարելով, արտահայտում են գեղագիտական, գեղարվեստական իմաստներ՝ դարձյալ բնութագրելով երեւույթներն ու առարկաները:
Բերենք ետադաս ենթակայի, ստորոգյալի, տրոհված լրացումների եւ շարահյուսական այլ միավորների օրինակներ, որոնք քաղվել են 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ վերջին սուրահներից: Այսպես՝ ոստաններն արյան, հիմքերը նրա, անծայր ուղին է իմ տունը հիմա, համբույրը մարդկանց, համբույրն ընկերի, գաղտնիքը սրտիդ, եւ աչքերի մեջ Աբու-Լալայի, կտրում թելը նրա խոհերի, մրրկապարը վայրագ ջինների, ղողանջյուններով հուզված զանգերի, կրկնում էր անդուլ զայրացած սըրտում Աբու Մահարին, վաղը նույն մարդիկ սմբակների տակ ճմլելու համար քեզ վայր կնետեն, հարգանքը մարդկանց, սլացումին վսեմ մտքերի, մի անհուն մկրատ բոլորին խուզող՝ միահավասար եւ միանման, թաղի՛ր հեգ սիրտս ավազների տակ, վաշտերն ամպերի, ճերմակ բաշերին հեռու լեռների, վազում էր, թռչում, զրը՜նգ, հա զրը՜նգ, փոշու ամպերով ծածկելով ճամփեն, եւ միջօրեի բարկ արեւի տակ խիստ բուրում էին նարճիս ու ծոթոր, եւ քարավանը փոշու մեջ կորած՝ քայլում էր դանդաղ, հոգնած, քրտնաթոր, ես ետ չեմ դառնա մարդու մոտ երբեք, Եվ ո՞վ են մարդիկ... աղվեսների հոտ, եսամոլ անհուն, ուրացող մատնիչ. // Անկումիդ ուրախ, արյուններ լափող, գազան մանկասպան եւ դահիճ, դահիճ: Կրոնները ձեր, եւ ստրկության կոփում զնդաններ, թաթը եղեռնի, պատկերն աստծու, վիժվածք շեյթանի, համրելով մեկ-մեկ անթիվ քայլերը իմ քարավանի, հանցանքին մարդու, շեղջերն ավազի, եւ թո՛ղ հոշոտեն ինձ վագր ու առյուծ, զիլ վազում էին, (պետք է տրոհվեր բութով. Ռ. Դ.) իրենց հետքից թողնելով փոշու անծայր քարավան, բուրգերի տակով մեծ քաղաքների՝ հացի ու կրքի ժխորով լցված, վազում էր, սուզվում հեռուների մեջ՝ ոսկեհոս աստղի անզուսպ կարոտով, // Եվ Աբու-Լալան նստեց մենավոր՝ հակինթյա ժայռին գլուխը հենած, // Հայացքը սուզած դյութական հեռուն եւ հաշտ ու պայծառ, հոգին անդորրած: Շեմս-արեւը ելավ՝ շքեղ, լուսավառ, վարդի, սնդուսի բյուր պարույրներով, ծիրն անապատի, սլացքը նետի վայրի բեդվինի, վառ քասիդները այրող կարոտի, երազներն իրենց կուսական սրտի եւ այլն:
Բերված բառակապակցություններում եւ նախադասություններում շրջադասված են ենթականերն ու ստորոգյալները, ավելի հաճախ՝ հատկացուցիչները, ձեւի պարագաները, տեղի պարագան, ձեւի պարագա եւ որոշիչ դերբայական դարձվածները, ժամանակի պարագան, օժանդակ բայերով զեղչված բաղադրյալ ստորոգյալները:
Իհարկե, շրջադասությունների թվարկը այս օրինակներով չի ավարտվում. դրանք բազում են, որոնք նույնպես ընդգծում ու ցուցանում են Ավ. Իսահակյանի խոսքարվեստի ճկունությունը, լեզվաոճական հարստությունը, հայոց գեղարվեստական խոսքի պերճությունն ու հմայքը, մտքերի արտաբերումների շարադասական, շարահյուսական պեսպիսությունը:
Ավ. Իսահակյանի պոեմը հարուստ է նաեւ աստիճանավորումներով (գրադացիաներով), որոնք աստիճանաբար բարձրացնում կամ «թուլացնում են» խոսքի հոսքը, նրան հաղորդում հույզերի էներգիա, իմաստային շեշտվածություն, արտահայտչականություն, մտքերի լարվածություն եւ ստեղծում դասդասումներ, վերջիններիս շարունակական զարգացումներ ու թռիչքներ: Օրինակ՝ ողջունելով Արեւին, որին բանաստեղծը աստծուց վեր է դասում, համարում է կյանքի աղբյուր, անմահ մայր, մայրական գիրկ՝ բարի ու սուրբ, բանաստեղծն անընդհատ ծավալում է մտքերի շղթայակապ ընթացքը, զորեղացնում խոսքի ներգործության ուժը եւ կերպավորում Արեւի պատկերն ու էությունը:
Ահա՛ այդ հատվածը, ուր հռետորական կոչ-դիմումով ներբողում է անձնավորված Արեւին.
Տիեզերական դու բաժակ անհուն՝
ոսկի արբեցման եւ երանության,
Դու հրճվանքի, հրապույրների
հրեղեն գինու դու անհուն օվկիան:
* * *
Տիեզերական հազարահանդես
դու մեծ խրախճանք, բարի՛ արեգակ,
Ահա՛ իմ հոգին - մի ծարավ բողբոջ,
թափի՛ր նրա մեջ գինիդ անապակ:
* * *
Քո երջանկությամբ, քո իմաստությամբ,
քո հավերժությամբ հարբեցրո՛ւ ինձ,
Տո՛ւր ինձ անցյալի անգայթ մոռացում,
լույս անուրջներում քո բուրումնալից:
* * *
Հարբեցրո՛ւ ինձ, հարբեցրու ինձ,
քո անմահ գինով հարբեցրու ինձ,
Մոռանամ մարդուն, սուտն ու մռայլը,
մոռանամ հավերժ չարիքն ու թախիծ:
* * *
Քո վսեմությամբ հարբեցրու ինձ,
հարբեցրո՛ւ ինձ լույս-հիացքներով,
Խավարների դեմ անհաղթ ախոյան,
գարունների մայր, ուրախության ծով:
* * *
Դու միակ բարի, դու միակ իմ սեր,
դու միայն սուրբ, մայրական դու գիրկ,
Դու հավետ գթոտ, մահը խորտակող,
դու գերահրաշ, միակ գեղեցիկ:
* * *
Ես սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ,
հրակոծ սիրով կիզի՛ր, խոցիր ինձ,
Եվ ոսկեճաճանչ վարսերդ շքեղ
փռի՛ր ինձ վրա եւ գուրգուրի՛ր ինձ:
* * *
Սա դեռ ունի իր շարունակությունը, իր ահագնացող սլացքը: Եվ այս աստիճանավորումը նարեկացիական հզոր շնչով, լեզվական պատկերավորման ու արտահայտչության տարբեր միջոցներով արտահայտված աղոթերգի հրավառություն է, կատարյալ օրհներգություն, մի խորունկ աղերս ու խտացված բաղձանք առ Արեւ, դեպի ուր հաղթական ու վեհ թռչում է Աբու Մահարին՝ «ոսկեփրփուր ծիրանին ուսին»:
Շարադրանքի մեջ հպանցիկ խոսվեց նաեւ հանգերի, առձայնույթների, բաղաձայնույթների մասին, որոնցով նույնպես ընդգծվում, սրվում է բառերի, կապակցությունների, բանատողերի նշանակությունը, առաջնային պլան մղվում բովանդակության այս կամ այն երանգը, ուժեղացվում հուզականությունը: Շեշտենք, որ պոեմը անչափ հարուստ է ներքին ու արտաքին բնորոշ հանգերով, միեւնույն ձայնավոր ու բաղաձայն հնչյունների քանակային կուտակումներով, որոնք ձայնային ելեւէջումներով, հուզաարտահայտչություններով երանգավորումներ են ստեղծում: Եվ այդ նրբություններն իմանալու, ըմբոշխնելու համար պետք է ուղղակի կարդալ պոեմը կամ անգիր արտաբերել առանձին հատվածներ, առանձին տներ, իհարկե, ճիշտ պահպանելով ազգային շեշտադրությունը, հնչերանգը: Հենց քիչ վերը բերված հատվածը, շարադրանքում օգտագործված տողերը մեր ասածների անառարկելի վկայություններից են, ուստի եւ նոր օրինակներ բերելու անհրաժեշտություն չկա:
Իսահակյանի խոսքում բազմաքանակ են հռետորական հարցը, բացականչությունը, դիմումն ու կոչը, որոնք ընդգծել, շեշտել են տարբեր մտքերի այս կամ այն երանգը: Ճարտասանական հարցը, որ բնավ հարցական նախադասություն չէ այդ հասկացության ուղիղ նշանակությամբ, ուժեղացրել է բանաստեղծի խոսքի հուզական շեշտերը՝ հաճախ իր մեջ ամփոփելով նաեւ պատասխանը: Օրինակ՝
Ի՞նչ է օրենքը, մարդկանցից օրհնած,
բիրտ ուժեղների այդ սուրը դաժան,
Անզորի գլխին կախված հավիտյան,
խեղճին խողխողող, հզորին պաշտպան:
Պոեմում Ավ. Իսահակյանը ճարտասանական հարցերով դիմում է ինքն իրեն. եւ կինն ի՞նչ է որ, ի՞նչ է ընկերը եւ բարեկամը, եւ ի՞նչ ենք թողել, եւ ի՞նչ է փառքը, ի՞նչ է պատիվը, հարգանքը մարդկանց, եւ ի՞նչ է գանձը, ի՞նչ է ամբոխը, ի՞նչ է համայնքը, ի՞նչ է օրենքը, եւ ո՞վ են մարդիկ: Եվ ելնելով ժամանակների իրավիճակից՝ հանգամանորեն, փիլիսոփայական խորությամբ, տրամաբանական դատողությամբ տալիս է այդ հասկացությունների պատասխանները՝ ստեղծելով լարված հետաքրքրություն, հուզական մթնոլորտ, բացահայտելով շահի ու նյութի տիրակալների, աշխարհի բիրտ տերերի հոգեբանությունը, մարդկային հարաբերությունների անբարո հատկանիշները:
Երբեմն էլ ճարտասանական հարց է առաջադրում եւ միտումնավոր չի տալիս պատասխան, որ ընթերցողն ինքը որոնի, գտնի պատասխանը կամ մտալար հետեւի բանաստեղծի մտքերի սլացքին, մտքերի քարավանին՝ իմանալու համար առաջադրանքի լուծումը: Այսպես՝
Ո՜հ, ի՜նչ ազատ եմ, անպարփակ ազատ,
մի՞թե կարող է այս մեծ Սահարան
Պարուրել, գրկել իր ծիրերի մեջ
ազատությունս՝ անհուն, անսահման:
Հարցումին նախորդող ճարտասանական բացականչությունն առավել լարվածություն ու հետաքրքրություն է ստեղծել եւ գրավել ընթերցողին՝ մի նոր, ազատ կյանքի հերուների ծիրերը տեսնելու ակնկալությամբ:
Կամ՝
Եվ ո՞վ է հյուսել հեքիաթն այս վսեմ,
հյուսել աստղերով, բյուր հրաշքներով,
Եվ ո՞վ է պատմում բյուր-բյուր ձեւերով՝
անդուլ ու անխոնջ՝ այսպես թովչանքով:
Իսահակյանի խոսքի ամբողջական կառույցում ճարտասանական բացականչությունները, որոնք այնքա՜ն բազմաքանակ են, որոշակիորեն ընդգծում են բառերի, կապակցությունների արտահայտչական իմաստները, նրանց լիցքավորում առավել հուզական, շեշտված երանգներով: Ճարտասանական բացականչությունները, հաճախ ներառելով ձայնարկություններ, է՛լ ավելի են զորեղացնում հուզաարտահայտչական էներգիան: Մի երկու օրինակ.
Ա՜խ, մնաք բարեւ չեմ ասում ես ձեզ,
իմ հոր գերեզման, օրոցք մայրական...
Կամ՝
Ո՜հ, կնոջ մարմի՛ն, պագշոտ, օձեղեն,
դիվական անոթ ոճիրների չար...
* * *
Ո՜հ, իմ մա՛յր արեւ, քո ոսկեփրփուր
ծիրանին շքեղ ձգի՛ր ուսերիս... եւ այլն:
Հեղինակը, հռետորական դիմումներում եւ կոչերում իր խոսքը հաճախ ուղղելով մարդկանց, անձնավորված առարկաների կամ ինքն իրեն, զգալիորեն զորեղացնում է ձայնի արտահայտչական, հուզական ելեւէջումները, ստեղծում հանդիսավորություն: Դրանք քնարական հերոսին եւ ընթերցողին միաժամանակ մղում են որեւէ կարեւոր գործողության: Օրինակներ բերելու հարկ չկա, քանի որ պոեմում շատ են նաեւ հրամայական նախադասությունները, որ արտահայտում են հորդոր, կոչ, թելադրանք, հրաման, առաջարկ, ցուցում, կարգադրություն:
Հավելենք նաեւ, որ պոեմի շատ արտահայտություններ վերածվել են թեւավոր մտքերի՝ աֆորիզմների, որոնք արտահայտում են տարբեր իրողությունների, երեւույթների, մարդկային հարաբերությունների, հոգու էության մասին տարողունակ իմաստներ: Այսպես՝ «Եվ քայլիր մինչեւ օրերիս վերջը», «Իժ դարձավ խայթող իմ սերը հիմա», «Խարխուլ մակույկով հանձնվիր ծովին, քան թե հավատա կնոջ երդումին», «Աշխարհն էլ, ասես, մի հեքիաթ լինի...», «Կյանքը երազ է, աշխարհքը՝ հեքիաթ...», «Ծանոթ շները չեն հաչում վրադ, ծանոթ մարդիկ են հաչում քո վրա», «Կյանքի արտում որոմն է աճում» եւ այլն:
Այսպիսով՝ մեր քննարկումները վկայում են, որ՝ ա) Ավ. Իսահակյանի պոեմը անչափ հարուստ է լեզվական պատկերավորման ու արտահայտչական միջոցներով, իսկ դրանք խոսքի գեղարվեստականության, գեղագիտության որոշիչ չափանիշներն են, բ) պարզորոշ երեւում են հայոց լեզվի գործուն օրինաչափությունների կիրառության բազմազան ձեւերն ու հնարները՝ հայոց բառերի ու նախադասությունների իմաստավոր արտահայտման բազմաձեւություններով ու նրբերանգներով, գ) լեզվական արտահայտչական ու պատկերավորման միջոցները մի ընդհանուր համակարգի մեջ են եւ ներկայացնում են իսահակյանական խոսքի (պոեմի) կարեւոր բաղադրիչները՝ վարպետորեն ընդելուզված կառուցվածքին ու բովանդակությանը, դ) խոսքի ամբողջական կառույցում, նախադասություններում ու բառակապակցություններում տեղին են այդ միջոցների կապակցման ձեւերն ու եղանակները, ե) քննարկվող խոսքը բարդ կառույց է՝ իր բազմազան բաղադրիչների, շարահյուսական ու քերականական, լեզվաոճական միջոցների, պատկերավորման ու արտահայտչական ձեւերի համակարգի պիրկ ու կանոնիկ արտացոլումներով:
ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՊՈԵՄԻ ԲԱՌԱՊԱՇԱՐԸ
Անդրադառնալով Իսահակյանի գեղարվեստական խոսքի բառապաշարի քննությանը՝ հատուկ պիտի նշենք, որ անչափ հարուստ է բառապաշարը, որի մեջ կան գրական հայերենի հազարավոր բառեր, եւ որոնք կազմում են հիմնական շերտը: Կան նորաստեղծ բառեր՝ նորաբանություններ, քիչ թվով բարբառային բառեր եւ օտարաբանություններ, հնաբանություններ, ավելի ճիշտ՝ գրաբարյան շրջանի բառերը:
Այդ բոլորը խոսքի մեջ, նախադասություններում օգտագործվել են նպատակադիր ճշգրտությամբ՝ հմտորեն պահպանելով բառերի ուղղակի եւ անուղղակի (փոխաբերական) կիրառությունների նրբերանգները, քերականական ձեւերի ճշտիվ գործածությունները:
Նորաբանություններ են, օրինակ, հրդեհակեզ, նոճիածածկ, ծով-անապատ, նանրամիտ, հրեշտակաթեւ, ճահիճ-մահիճ, ծիածանաթեւ, թողած-լքած, լույս-ղողանջ, լուսազգեստ, հավերժափայլ, աստղաբիբ, հազարաճիրան, արշավասույր, վաճառանք, ոսկեհոս, բյուրաթույր, կարոտանք, հազարահանդես, երջանկասփյուռ, արեւանալ, օձ-կարիճներ, բարձրաղողանջ, լուսարբած, ոսկեփրփուր, լույս-հիացք, թույն-ատելություն եւ այլն:
Քանի որ դեպքերը, գործողությունները ծավալվում են Արաբստանում, այդ պատճառով էլ Արեւելքը երանգավորելու, տիպական դարձնելու համար Վարպետն օգտագործել է օտար բառեր. օրինակ՝ խալիֆա, սուրահ, ջեննաթ, բլբուլ, գյուլստան, քյոշք, իբլիս (սատանա), Հեջազ (տեղանուն), ջեհնեմ (դժոխք), ջիններ (երեւակայական երեւույթներ, քաջքեր), բաշեր (գլուխներ, կատարներ), շեյթան (սատանա, նաեւ գիշատիչ կենդանի), Ալ-Կորան (աղոթագիրք), շեմս-արեւ, սալամ (բարեւ, ողջույն), շյուքր, բեդվին (թափառող արաբ), քասիդ (արեւելյան բանաստեղծության տեսակ), սերաբ (պատրանքների, հրապույրների տեսիլ), գազել (արեւելյան ոտանավորի տեսակ), բալասան (դեղ, ճար):
Հեղինակը տեղին ու ճաշակով օգտագործել է գրաբարյան բառեր եւ կենդանություն տվել դրանց. օրինակ՝ խնկարկել, անգույթ, երկին, բյուր, դաշնակ, կիզել, դույզն-ինչ, ոգել, պագշոտ, բուրյան (հոտավետ), եղկելի, ոստան, դրուժան, ապարոշ, մուճակ (կոշիկ), կառափ (գլուխ), նախճիր, ճիրան (երախ, բերան), հեստոտ (անհնազանդ, ստամբակ), օրհնյալ լինես, սնդուս (մետաքսյա փայլուն գործվածք), կայլակել (կաթիլվել, շիթվել), ունկն դնել (ականջ դնել, լսել), հրեշտակ, նանիր (ունայն, դատարկ, փուչ), քղանցք, առապար (քարքարոտ տեղ) անդորրած, առավել, բնավ, բարկ, պատիր, տարփանք, նանրամիտ, անհեթեթ եւ այլն:
Շրջանառության մեջ դնելով հնաբան բառեր՝ բանաստեղծը հարըստացրել է իր բառապաշարը, ընդլայնել առարկաների, երեւույթների պատկերման իմաստային հնարավորությունները, կենդանի ու գործածական դարձրել հայոց բառագանձի չզորացրված զինվորներին: Այո՛, բառերը չեն զորացրվում, միայն անհրաժեշտաբար օգտագործել է պետք: Ճիշտ այդպես էր մտածում եւ իր գործերում կիրառում շատ հնաբանություններ հայոց պատմության երեւելի գիտակ, տաղանդավոր արձակագիր Հայկ Խաչատրյանը:
Իսահակյանը իր խոսքում կիրառել է ժողովրդախոսակցական սակավաթիվ բառեր, բառաձեւեր: Այսպես՝ ճամփեք, ընկերի, կարոտնա, նորեն (նորից), չքվիմ, արնոտ, արյունի (արյան), արի՛ք (եկե՛ք, արե՛ք), կրնկոխ: Եվ ընդամենը՝ այսքան. բայց սակավաթիվ այդ բառերն ու բառաձեւերը միանգամայն տեղին են միահյուսված համապատասխան նախադասություններին եւ հնչում են իրենց բնորոշ իմաստներով:
Միանգամայն շատ են բայերի դիմավոր եւ անդեմ ձեւերի կիրառությունները, որոնք շարժունություն, սլացք են հաղորդում պատկերվող դեպքերին, երեւույթներին ու գործողություններին, ընդգծում քարավանի արշավասույր ընթացքը եւ ոլորում Աբու-Լալայի խոհերի ու մտքերի շղթան, որի թելերն ընթանում են առաջ՝ պարուրվելով խոսքի ամբողջական համակարգի ոլորաններում: Անցած, ընթացքի մեջ գտնվող դեպքերն ու երեւույթները, գործողություններն ու եղելությունները հատկանշվում են բայի սահմանական եղանակի անցյալ կատարյալ, անցյալի անկատար, վաղակատար եւ անցյալի վաղակատար, անցյալի հարակատար ժամանակներով: Բերենք դրանցից մի քանիսը. քայլում էր, չափում էր, ողողում էին, նիրհում էր, երգում էր, քրքջում էին, խընկարկվում էր, թափառում էին, սիրեցի, դարձավ, սիրել եմ, համրել եմ, նայեց, շրջեց, փարվեց, համբուրեց, կախվեցին, օրորվում էր, երազել ես, տենչացել ես, մեղանչեց, չափում էր, խոսում էր, գեղգեղում էին, թախծում էր, չէր ափսոսում, չէր վերցնում, հյուսել է, եկել են, չեն ըմբըռնել, լցված էր, կանչում էին, չէին շողշողում, գալարվում էին եւ այլն:
Ներկա դեպքերն ու երեւույթները, գործողությունները, Աբու Մահարու խոհերն հատկանշվում են բայի ներկա ժամանակով. օրինակ՝ չէր ասում, ատում եմ, զարդարում է, ծածկում ես, սիրում է, գրկում է, դարձնում ես, խայթում են, հոշոտում են, պղծում են, չվում է, այրվում է, չեմ հանդուրժում, նզովում եմ, տեսնում եմ եւ այլն:
Քանի որ Աբու Մահարին շարունակ խոհերի ու խոկումների մեջ է եւ հաճախ զրուցում է քարավանի հետ, այդ նկատառումով էլ բազմաթիվ են հրամայական բայաձեւերը: Մի քանի օրինակ. գնա՛, սլացի՛ր, այրի՛ր, քայլի՛ր, տա՛ր, խոսի՛ր, շաչեցե՛ք, պայթեցե՛ք, զարկեցե՛ք, արշավե՛ք, ցրե՛ք, թռի՛ր, հանձնի՛ր, ազատի՛ր, լափեցե՛ք, տարե՛ք, տարփողե՛ք, փախի՛ր, տրորի՛ր, կոխի՛ր, ծածկի՛ր, տարածվի՛ր, պսակի՛ր, վառի՛ր, թափի՛ր, հարբեցրո՛ւ, արյունոտի՛ր, բա՛ց, սլացի՛ր եւ այլն:
Շատ են այն բայաձեւերը, որոնք հատկանշում են Աբու-Լալայի սպասելիք հույսերի, իղձերի, ցանկությունների կատարումը: Դրանք արտահայտված են բայի ըղձական, պայմանական, հարկադրական եղանակների բայաձեւերով: Ահա՛ դրանցից մի քանիսը. խփեմ, կտան, կառնեմ, հոշոտեն, լիզես, չհագենաս, փարե, ասես, կդառնան, կսրբե-կավլե, կշաչե, չպետք է լինի, կլլկեն, չհոշոտեն, կմոռանան, չլինեին, կերթաս, չքվիմ, կբարձրացնեն, վար կնետեն, սայթաքես, ջնջե, չգտնի, չշնչե, հոշոտեն, շաչեն, թո՛ղ գահակալե, ոսկեվառե*, մոռանամ, թո՛ղ խլանան, կուրանամ, չնայեմ, արեւանամ, հավերժանամ, սուրամ, պիտի գտնեմ եւ այլն:
Իսահակյանի խոսքը հարուստ է նաեւ բայի դերբայական ձեւերով. խոսքաշարում սփռվել են անորոշ դերբայի գոյականական կիրառությունները, ենթակայական, հարակատար դերբայները, որոնք դարձել են առարկաների, երեւույթների իմաստային հատկանիշները բնութագրող որոշիչներ, բաղադրյալ ստորոգյալների ստորոգելիներ, ձեւի պարագաներ եւ շարահյուսական այլ միավորներ:
Անորոշ դերբայի կիրառություններ. առանց լսելու (բացառման անուղղակի խնդիր), ճմլելու համար (նպատ. պարագա), վայելելու երազն այս չքնաղ (նպատ. պարագա), գնա՛, մեղմ հնչյուններդ հյուսելով (դերբ. դարձված, ձեւի պարագա), արշավում էին հորձանքներ տալով (դերբ. դարձված, ձեւի պարագա), ճեղքելով վստահ մրրկապարը վայրագ ջինների (դերբ. դարձված, ձեւի պարագա), աղբյուրի նման մեղմ կարկաչելով (նույնը) եւ այլն:
Ենթակայական, հարակատար դերբայների որոշչային, պարագայական եւ բաղադրյալ ստորոգյալների ստորոգելիական կիրառություններ. օրինակ՝ խայթող սեր, պղնձացած ժայռերի տակ, նիրհած դաշտեր, կանչող աղբյուրներ, սերը՝ հավիտյան այրող, խոցող գաղտնաբար, մոլեգնած ընդերք, բեղմնավորող եղեռն, անցած ճամփեքին, անցնող ու դարձող քարավաններին, անցնող քարավան, խոցված հոգիս, խայթված հոգիս, պատած խավարով, այրված դաշտերից, դյութող հայրենիք, զայրացած սրտում, քամված արյուն, խուզող մկրատ, անցած ուղին, շնչած օդ, դիմակված դեւեր, աստվածացնող թաթ, գործած հանցանք, լարած նետեր, խանձված դաշտեր, քարացած գյուղեր, ծեծկված մրրիկ, այրող կարոտ, կախարդված հոգի, անցած ճամփեքին, եկող ու անցնող քարավաններին եւ այլն: Ընդգծվածները կապակցություններում որոշիչներ են, մի քանիսն ունեն նաեւ ածականական կիրառություններ, այսինքն՝ դարձել են ածականներ. ինչպես՝ կախարդված, ծեծկված, խայթող, խոցող, խոցված, խայթված:
Դերբայներից մի քանիսն էլ բաղադրյալ ստորոգյալներ են ձեւավորել, օրինակ՝ կանգնած եմ, վախեցող չեմ, կապված է, փախչողը չեմ, պղծող է, ուրացող (են), լակող (են), վաճառվող (են): Բնագրերում օժանդակ բայը զեղչված է:
Կան ենթակայի դեր կատարող երկու դերբայ՝ արբողը ստրուկ է դառնում, անդուլ հերկողը չոր հաց է կրծում:
Դերբայներով ձեւավորված մի քանի դարձվածային կապակցություններ նախադասություններում ձեւի պարագայի դեր են կատարում. օրինակ՝ նստեց՝ հակինթյա ժայռին գլուխը հենած, հայացքը սուզած դյութական հեռուն, հոգին անդորրած, թռչում էր՝ արեւին հառած, հոգին լուսարբած, երանության ջահերով վառված:
Մի երկուսն էլ, կապվելով բայ ստորոգյալին, դարձյալ ձեւի պարագայի դեր են կատարում, իսկ մեկն էլ՝ ուղղակի խնդրի. չէր ափսոսում թողած-լքածին, ճեղքելով մտիր, վախեցած փախչում էր:
Կան նաեւ նպատակային օգտագործված մակբայներ, կապեր, կապական բառեր, շաղկապներ եւ շաղկապական բառեր, վերաբերականներ, ձայնարկություններ: Օրինակ՝ անդուլ, ուժգին, հանգիստ, բնավ, նորից, առաջ, հիմա, միշտ, աշխարհով մեկ, մերթ, հետ, մեջ, վրա, նման, տակ, առանց, դեպի, պես, համար, որ, թե, եւ, ու, ինչ որ, մինչեւ, քան թե, բայց, որոնք, երբ, սակայն, եթե, ինչպես, իսկ, ո՛չ...ո՛չ, կամ, ով որ, որով, իսկ, թո՛ղ, ասես, կարծես, ահա, զրը՜նգ, ավա՜ղ, ա՜խ, վա՜յ, ո՜հ: Շաղկապներից հաճախադեպ (գրեթե բոլոր տներում եւ սուրահների սկըզբում) կիրառել է եւ-ը, որը խոսքի կծիկի մասերը շարունակ կապում է իրար եւ առաջ տանում պատումի թելը:
Տարբեր խոսքի մասերին վերաբերող բառերի նպատակամետ կիրառությունները նույնպես վկայում են քննարկվող խոսքի բառապաշարի հարստությունը: Այդ մասին են խոսում նաեւ պարզ ու բաղադրյալ բազմաթիվ բառերի գործածությունները, հատկապես բառերի մի զգալի մասի բազմիմաստային, փոխաբերական դրսեւորումները, հոմանիշների, հականիշների նրբիմաստային տարբերակումները, բառերի ավելորդ ու անտեղի կրկնություններից խուսափելը:
Այսքանն ասելը քիչ է, քանի որ Իսահակյանի ըմբռնմամբ «բառը մի ձեւ է, մի կերպարանք է, որ անզոր է արտահայտելու լիովին կամ որոշակի այն միտքը, այն զգացումը, որ տվյալ վայրկյանում ունի հոգին: Մենք բառերի տակ պիտի հասկանանք շատ բան, պիտի երեւակայենք, պիտի գլխի ընկնենք, պիտի վերապրենք, ամեն բառ տակը մի աշխարհ ունի» (ընդգծումը մերն է. Ռ. Դ.): Եվ միայն այդպես պիտի կարդալ ու ըմբռնել Իսահակյանի բառերը, նրա երկի բառապաշարը, որ մի բազմերանգ խճանկար է՝ իր քերականական, լեզվաոճական, շարահյուսական բազմազան արտահայտումներով: Եվ իրոք, Իսահակյանի ըմբըռնումը ճիշտ է եւ ընդհանրական՝ «ամեն բառ տակը մի աշխարհ ունի», առհասարակ միայն այդպես պիտի հասկանալ բառերը, նրանց կիրառությունները խոսքի եւ նախադասությունների հյուսվածքում:
Ընդհանուր գծերով սրանք են Ավ. Իսահակյանի անզուգական պոեմի լեզվական-ոճական առանձնահատկությունները, գեղարվեստական չափածո խոսքի լեզվաբանական վերլուծության խնդիրներն ու մոտեցումները:
Եվ մեծն Իսահակյանը խոսքի զորավոր ուժով, մտքերի փայլատակումներով համարձակորեն սուզվել է իր ապրած ժամանակաշրջանի երեւույթների, առարկաների, դեպքերի ու գործողությունների, մարդկային հարաբերությունների դրվածքի ոլորտները եւ ներկայացրել մի ամբողջ կացութաձեւի հակամարդկային բովանդակ էությունը՝ տիեզերական չափանիշներով ու կշռույթով: Եվ հեղինակը իր հանճարեղ ու տարողունակ վերլուծումներով ու քննարկումներով կարողացել է արտահայտել ճշմարտությունը, հստակորեն բնորոշել աշխարհի աղաղակող հակասությունները, չար ու բիրտ ուժերին՝ կատարելով լայնահուն ընդհանրացումներ ու իմաստալից խտացումներ: Եվ այդ ամենը հնչեցրել է հրեղեն խոսքի ճառագայթումներով ու շողարձակումներով, իսկ այդօրինակ խոսքը իրոք պատշաճում է հավերժորեն կարկաչող հայոց լեզվին:
Եվ Իսահակյանը իմաստուն խոսքի, խորունկ մտքերի տիրակալ է., որ իր խոհերի ու խոկումների քարավանով գնում է դեպի դարերի հեռուները, դեպի լուսավոր հեռաստանները, հավիտյաններից հավիտյանս...
Հայոց լեզվի մեջ մարմնացած է հայ ժողովրդի հոգին: Ամեն մի բառը նրա հոգու մի կտորն է: Այդ բառերի մեջ են նյութացած, առարկայացած մեր վիշտը, զրկանքները, դառն ու զվարթ ապրումները, մեր երազները, հույսերը, իղձերը, սերը... մի ամբողջ ժողովուրդ... Նրա համար արյուն են թափել մեր նախնիները:
Ավ. Իսահակյան
Մեր լեզուն բարձր լեռներից եւ խորունկ ձորերից ծնած լեզու է, բարձունքների եւ խորությունների լեզու:
Ավ. Իսահակյան
...Հայաստա'ն աշխարհ, քո դաշտերն այրված են Աստծո հայացքի բոցերից, եւ անծայր փոշիներն են դեգերում քո արդար ճանապարհների վրա, Աստծո քայլափոխերից ելած փոշիները: Եվ խորն են մեր մտքերը քո ձորերի նման եւ բարձր են քո լեռների նման, որոնց ճակատներն աստղերին են դիպչում, եւ խոհերը՝ անհունի մեջ:
Ավ. Իսահակյան
Համբուրելով այս երեք բառերը՝ «Ազգ, լեզու, հայրենիք», հանձնում եմ հայությանը պահելու, իրականացնելու, զարգացնելու, հավերժացնելու:
Ավ. Իսահակյան