Գրախանութ-գրադարան
+374 55 50 90 52 Սակագին՝ AMD ֏ | USD $ | EUR € | RUB ₽ AM RU EN WA FR DE
Վերադառնալ գրքի էջին
Ձայնիս խորհուրդը Նաիրա Փիրումյան
Էջ / 5
The text of this work is presented in the original language.

Ձայնիս խորհուրդը

Նաիրա Փիրումյան

Օնլայն Ընթերցում Էջ 1 / 5

Հոգիս տխուր, հոգիս տրտում, Խոհերիս մեջ անդադրում... Մութ է... Տանն եմ. ծվարած` այս մեծ աշխարհի իմ փոքրիկ ու տաք անկյունում: Բազմոցին նստած` ձեռքերիս օղակի մեջ են ծալած ոտքերս: Օրորվում եմ խոհերիս գրկում: Մտքերս իրար են հաջորդում: ալիս են նստում-մնում կամ էլ շուտ հանգչում... Շուրջս լռություն է. անչափ հետաքրքիր վիճակ` անտեսանելի գույներ, անլսելի ձայներ: Ու այդ ամենը քո մեջ է նստած: Լռությունն էլ մտքի նման լցվում է ներսդ, ամբարվում, հետո շատ բան ասում ու տեսնում: Ուրեմն այն նաեւ խոսուն է, որը պահի մեջ դառնում է ավելի պերճախոս, քան ամենաճարտար զրույցը...Որքա~ն եմ սիրում այս վիճակը` այս շատախոս անդորրը, որը հեշտությամբ կտրում է քեզ իրականությունից: Հասկանալ, սովորել ու պարզապես լսել է պետք լռության մեծ խորհուրդը... Հեռախոսի զանգը հնչում է ու հնչում... Մտքերով տարված, չլսելու եմ տալիս. պարզապես լսափողը վերցնելու ցանկություն չունեմ: Զանգը դադարեց: Փառք աստծո... Անջատել է պետք, որ նորից չհնչի, հոգնեցնում է: Եվ ի՞նչ է ուզում այդ աներեսը: Անդորրս խախտեց... -Ինչո՞ւ չվերցրիր լսափողը,- հանկարծ սենյակում հնչեց մի ձայն: -Ո՞վ է,- զարմացած հարցրի ես: -Դու,- եղավ պատասխան: -Ի՞նչ: Ե՞ս: -Դու: -Է~, հետո՞,- անտարբեր ասացի ես, բոլորովին նշանակություն չտալով այդ տարօրինակ պատասխանին ու չգիտեմ ինչու, հավանաբար վախից, անսպասելի գոռացի: -Չքվի~ր... Ձայնը լռեց: Կորավ: Մթության մեջ, նրա թեւերի օրորում մնացի միայնակ... Մութն էլ շատ հետաքրքիր ու տարօրինակ է: Ոչինչ չես տեսնում: Խավարով ծածկված է ամեն ինչ, սկսած քեզնից: Եթե ձայն չհանես այդ անթափանց տարածությունում տարալուծված մի չգոյություն ես: Բայց սպասե~ք, չէ որ սրտիս զարկերը լսում եմ ...Կամ ի՞նչ չգոյություն: Պարզապես մթության մեջ եմ, խավարում: Եթե խարխափելով փնտրես ինձ` կգտնես ու կզգաս: Եթե փնտրես... Լույսը պաշտում եմ, խավարն էլ` սիրում. հոգուս ոչ մի խորթ վարմունք, նայվածք ու շարժ չի երեւում նրա մեջ: Լռություն ու մութ...

Էջ 1 ընդհանուր 5 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով

«Նոյյան Տապան» Էլեկտրոնային Գրադարան

© Թվայնացված և պահպանված բնօրինակ ֆոնդ

Բաժնեկցիլ Գիրքով

Cover
Գրքի Անվանում

books.nt.am

Սկանավորեք սմարթֆոնով