"Noyan Tapan" Publishing
Արցախի հնագույն և միջնադարյան տեղանունների, հանդամասերի, աղբյուրների և բնակավայրերի ծագումնաբանական ուսումնասիրություն:
Հայաստանի տեղանունները հանդիսանում են հայ ժողովրդի պատմության անբաժան մասնիկները։ Հին ու նոր տեղանունների հավաքագրմանը, ճշտմանն ու ստուգաբանմանն են նվիրվել բազմաթիվ աշխատություններ, որոնց թվում առավել ծանրակշիռը բոլորովին վերջերս հինգերորդ հատորով ամբողջացված «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան»-ն է։
Ցարդ, սակայն, գիտական շրջանակներն առավելապես կարեւորել են խոշոր տեղանունները, ինչպես՝ բնակավայրերի, կարեւոր լեռների, գետերի, լճերի, վարչատարածքային զանազան միավորների, հնավայրերի եւ այլ անունները։ Որպես կանոն ուշադրությունից դուրս են մնացել Հայկական լեռնաշխարհի մանրատեղանունները (միկրոտոպոնիմներ)՝ բնակավայրերն իրենց թաղամասերով, յուրաքանչյուր սար ու բլուր, գետ ու վտակ, աղբյուր ու ջրվեժ, հանդ ու արտ, մինչեւ անգամ մենավոր մի ծառ, որոնք ի տարբերություն խոշոր տեղանունների, ինչպես ցույց է տվել պատմությունը, կախված բնակչության տեղաշարժերից (բռնագաղթ, արտագաղթ, կոտորած), ավելի հաճախ են մոռացության մատնվել։ 1915թ-ից հետո այդ ճակատագրին արժանացան պատմական Հայաստանի մեծագույն հատվածի՝ Արեւմտահայաստանի բազմահազար մանրատեղանունները։ Անշուշտ, դեռեւս 1930-40-ական եւ առանձին դեպքերում նույնիսկ 1950-ական թվականներին սկզբունքորեն հնարավոր էր վերապրողների հուշերի միջոցով վերականգնել մանրատեղանունների որոշ մասը։ Սակայն, այդ չանելու պատճառով կորուստն անխուսափելի դարձավ։ Այժմ, պատմական դեպքերի բերումով, նույն ճակատագիրն ունենալու առջեւ է կանգնած 1988-1989թթ. ի վեր հայաթափ Հյուսիսային Արցախը։ Արդեն 13-14 տարի է անցել այդ դեպքերից, եւս այդքան (քիչ ավել կամ պակաս) եւ նշված ուղղությամբ այլեւս անելիք չենք ունենա։ Առաջնորդվելով այս գործի կարեւորության գիտակցումով, արդեն մի քանի տարի է ինչ ձեռնամուխ ենք եղել բռնագաղթված եւ Հայաստանում կամ ԼՂՀ-ում վերաբնակված հյուսիսային արցախցիներից իմանալու, հավաքագրելու եւ պատմության համար ապահովելու կորսված հայաշխարհի մանրատեղանունները։
Աշխատանքային փորձը ցույց է տվել, որ յուրաքանչյուր բնակավայրից հնարավոր է լինում հավաքագրել միջին հաշվով 10-20 մանրատեղանուն։ Դրանց մեծագույն մասն ունի դարերի վաղեմություն։ Շատերի վկայությանն ենք հանդիպում ձեռագիր եւ վիմագիր աղբյուրներում, մասնավորապես կալվածագրերում, հրովարտակներում, առքուվաճառքի պայմանաթղթերում եւ այլն։ Քարտեզագրական հիմքի վրա դրանց տեղադրության ճշտումը հնարավորություն է ընձեռում պատկերացում կազմել աշխարհիկ եւ հոգեւոր տարբեր իշխանությունների (թեմերի, վանքերի, մելիքությունների եւ այլն) զբաղեցրած սահմանների վերաբերյալ։ Մանրատեղանունների շնորհիվ հաճախ ճշտվում են վանքապատկան այս ու այն բնակավայրերի, հանդամասերի տեղադրությունները։
Ուրախ ենք հայտնելու, որ 2002թ. Հայ Օգնության ֆոնդը կարեւորել է մեր այս ծրագիրը եւ արժանացրել շնորհի։ Լիահույս ենք, որ ավելի քան 100 քարտեզներից բաղկացած եւ շուրջ 3000 տեղանուն ընդգրկող «Արցախի մանրատեղանուններ» աշխատությունն ամբողջացված կունենանք 2002թ. տարեվերջին։