ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶՈՒԳԱՀԵՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԲՆՈՐՈՇՈՂ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՎԻՃԱԿ
Գ. Սողոմոնյան
Համակարգային տրանսֆորմացիաների փուլում գտնվող հասարակության առանձնահատկությունն այն է, որ մարդիկ այստեղ հայտնվում են յուրատեսակ սահմանային իրադրության մեջ, ուր խախտվել են էկզիցենտիալ անվտանգության նախկին որոշարկված սահմանները, իսկ անորոշությունն ու վախը դարձել են առընթեր կյանքի պարտադրված ընթացակիցները։ Պատահական չէ, որ նման պայմաններում հնի (որոշարկվածի) եւ նորի (անորոշի) հակամարտությունը ձեռք է բերում ընդգծված քաղաքական ու գաղափարական ուղղվածություն, որն ընթանում է իմաստա-արժեքային եւ բարոյահոգեբանական ներհակասական պայքարի լարված մթնոլորտում։ «Նոր աշխարհակարգի» ձեւավորման տառապալից ընթացքում բախվում են երկու իրարամերժ աշխարհայացքային եւ արժեքային համակարգեր։ Հասարակության մեջ զուգահեռաբար գործում են ինչպես սոցիալական համակեցության նախորդ՝ անցած փուլին բնորոշ արժեքներն ու հարաբերությունները, նորմերն ու սկզբունքները, այնպես էլ դրանց տրանսֆորմացված, նորացված (երբեմն խորթ ու անընդունելի) տարատեսակները։ Ձեւավորվում է սոցիոմշակութային առանձնահատուկ մի իրավիճակ, որը տրանսֆորմացիոն հասարակությունները դարձնում է երկընտրանքային21։ Այն կարելի է բնութագրել որպես «սոցիալական զուգահեռականության» սկզբունք, որը բնորոշ է բոլոր անցումային հասարակություններին եւ դրսեւորվում է թե՛ ինստիտուցիոնալ եւ թե՛ արտաինստիտուցիոնալ հարաբերություններում։ Անորոշ հավասարակշռության (անհավասարակշռության) վիճակում հայտնված անցումային շրջանի շվար մարդու համար շատ դժվար է ներառվել զուգահեռական հարաբերությունների ու արժեքների մեջ։ Առավել եւս, որ հասարակական նոր, տրանսֆորմացված հարաբերությունները ներկայացնող սոցիալական ինստիտուտները երբեմն իրենք են տատանվում արժեքների ու նորմերի, անգամ օրենսդրական ամրագրման առնչությամբ22։
Սոցիալիստական հասարակությունը, որպես հարաբերությունների ու արժեքների գործառնության ու վերարտադրության կոլեկտիվիստական համակարգ, ստեղծել էր սոցիալական զուգահեռականության ձեւավորման եւ դրսեւորման սոցիալ-տնտեսական ու գաղափարա-քաղաքական առանձնահատուկ դաշտ։ Արժեքային այս համակարգում անհատն ընկալվում էր որպես հասարակությանը ստորադասված, վաղօրոք առաջադրված «համահասարակական» հսկայածավալ նախագծերի իրականացման անդեմ դերակատար, սոսկական պտուտակ՝ զոհաբերելի «պայծառ» ապագային, որը չէր կարող իր իրավունքները որեւէ կերպ հակադրել կոլեկտիվին։ «Հասարակական հարահոսը» նպատակամղված էր կաղապարված, անդեմ միջակությունների սոցիալական արտադրությանն ու վերարտադրությանը։ Սեփական պատասխանատվության լղոզված գիտակցությունը պարարտ հող էր ստեղծում բոլոր սխալները եւ վրիպումներն արտաքին հանգամանքներով պատճառաբանելու համար։ Ամորֆ ամբողջի մեջ տարրալուծվելը դարձել էր սոցիոմշակութային ադապտացիայի հուսալի եղանակ։ Այս պայմաններում մասնավոր (անձնական) կյանքը հակադրվում էր հասարակականին (պաշտոնականին)։ Ընդ որում, այդ հակադրությունը դրսեւորման տարբեր արտահայտություններ էր գտնում. «հասարակություն-իշխանություն», «ազգ-պետություն», «շարքային մարդիկ-իշխանություններ», «մենք-նրանք» եւ այլն։ Կենսագործունեության բոլոր ոլորտների քաղաքականացումը, սոցիալական կյանքն ամբողջապես վերահսկելի, ուստի նաեւ կառավարելի դարձնելու իշխանությունների ցանկությունը մարդկանց մոտ առաջացնում էր այդ ամենից որեւէ կերպ պաշտպանվելու պատասխան արձագանք։ Միայն հարազատներին ու մտերիմներին ապավինելը, սեփական մորթ-կաղապարի մեջ ամփոփվելը, անձնական կյանքը որպես էկզիստենցիալ անվտանգության ապահով գոտի ընդունելը դարձել էր սոցիալիստական հասարակական հարաբերությունների ու արժեքների մեջ ներառվելու յուրահատուկ եղանակ։
Այսպիսով, «Homo Sovieticus»-ը դատապարտված էր կենսագործել զուգահեռաբար գործող արժեքային տարբեր համակարգերում։ Նա առերեւույթ «պետական քաղաքացու» կողմնորոշում ուներ, իսկ անձնական կյանքում փորձում էր ապրել «ազատ քաղաքացու» գաղափարախոսությամբ24։ Ըստ այդմ իրականացվում էր հասարակական հարաբերությունների մեջ ներառման երկաստիճան գործընթաց։ Այս պայմաններում հասարակական արժեքների ու նորմերի անհատականացումը երկշերտ էր։ Մի կողմից՝ անհրաժեշտ էր անհատականացնել եւ սոցիալական վարքում դրսեւորել իշխող քաղաքական կարգերին ու գաղափարախոսական արժեքներին համապատասխանող «ճակատային» (ֆասադային) հարաբերություններ, մյուս կողմից՝ անձնական, «խորքային» հարաբերություններ։ Ամբողջատիրական երկրում պարտադրյալ հնազանդության դատապարտված, առերեւույթ օրինապահ «պետական քաղաքացին» համակարգից չօտարվելու նկատառումներով գործում էր «ճակատային» հարաբերություններին ու արժեքներին համապատասխան։ Բայց նույն քաղաքացին ազատ, պետական վերահսկողությունից դուրս եւ անձնական կյանքում գործում էր իր արժեքային կողմնորոշումներին եւ անձնական համոզմունքներին համապատասխանող «խորքային» հարաբերություններից ելնելով։ Խորհրդային շրջանի մարդը, որպես կանոն, հասարակական կյանքում «պետական քաղաքացի» էր, անձնական կյանքում՝ «ազատ քաղաքացի»։ Պետական կառույցների, տիրապետող արժեքային համակարգերի հետ հարաբերվում էր գործառության «ի համերաշխություն» մոդուսով, իսկ մտերիմների, արժեքային նույն կողմնորոշումների ու համոզմունքների տեր մարդկանց հետ հարաբերվում էր գործառության «խորքային», ողջախոհության «ազատ» մոդուսով։
«Սոցիալական զուգահեռականության» սկզբունքն այլ բնույթ ու պայմանավորվածություն, հետեւաբար նաեւ գործառնական վիճակ է դրսեւորում շուկայական, ազատական հարաբերություններին ու արժեքներին միտված հետխորհրդային անցումային հասարակություններում։ Սոցիալ-տնտեսական եւ արժեքա-իմաստային նոր հարաբերություններն արմատապես փոխում են սոցիալական գերակայությունների նախընթաց կարգը։ «Հայրական (պետական) հոգատարությունից» զրկված, ազատական շուկայի իր իրավունքները, հետեւաբար նաեւ պատասխանատվության ողջ լրջությունը գիտակցող քաղաքացին ինքը եւ միայն ինքը պետք է պայքարի բարեկեցության ու անձնական հաջողության համար։ Մրցակցային դաշտում սոցիալապես պարգեւատրելի է դառնում պրոֆեսիոնալիզմն ու անձնական իրական վաստակը։ «Հանրապետական առաքինություններ» եւ «քաղաքացիական կուլտուրա» պահանջող տրանսֆորմացվող պրագմատիկ հասարակության համար կարեւորագույն արժեքներ են համարվում սոցիալական ակտիվությունն ու նախաձեռնությունը, հնարամտությունն ու նորամուծությունը, վճռականությունն ու ռիսկը։ Բնականաբար, արժեքային հին համակարգին վարժված քաղաքացին նոր պայմաններում կանգնում է հոգեբանական եւ սոցիոմշակութային լուրջ խնդիրների առաջ:
Արմատական տրանսֆորմացիաների փուլում գտնվող այսօրվա «ազատ քաղաքացու» եւ երեկվա «պետական քաղաքացու» զուգահեռական կարգավիճակների միջեւ ներանձնային լուրջ պայքար է ընթանում25: Պետականորեն երաշխավորած նվազագույն պաշտպանվածությանը սովոր, սոցիալական վերահսկողության մշտարթուն տեսադաշտում գտնվելուն վարժված «պետական քաղաքացու» համար շատ դժվար է հաշտվել «ազատ քաղաքացու» պարտադրանքի հետ: Հասարակության կայուն եւ գործառութային հստակություն ունեցող արժեքներին ու հարաբերություններին սովոր «պետական քաղաքացին», հայտնվելով գաղափարական ու քաղաքական, իրավական ու բարոյական զուգահեռականության մեջ, ուր ամեն ինչ թողնված է անհատի հոգեբանական կարգավորիչներին, դժվարանում է հստակորեն կողմնորոշվել եւ նախընտրել վարքը բաղադրող դրդապատճառների այն համախումբը, որն առավելագույնս կապահովի նոր, տրանսֆորմացված հարաբերությունների մեջ ներառվելու հնարավորություն: Ահա թե ինչու հետխորհրդային շրջանի անցումային հասարակությունում հայտնված մարդը մերթ ճոճում է նոր ժամանակների (որպես «ազատ քաղաքացի») սուրը, մերթ հին ժամանակների (իբրեւ «պետական քաղաքացի») վահանով պաշտպանվում: Սոցիալական քաոսի, հասարակական հարաբերությունների ու արժեքների վերահսկման ու կարգավորման գործում պետական ներազդեցության բացակայության պայմաններում անընդհատ խորանում է հասարակության եւ անհատի միջեւ գոյացած վիհը, սկզբից օտարումը, իսկ այնուհետեւ անտարբերությունն ու անվստահությունը դառնում են իշխանությունների հետ հարաբերվելու գերակա եղանակներ: Ընդսմին, որքան նվազում է անցյալին վերադառնալու հավանականությունը, նույնքան մեծանում է այն իդեալականացնելու հակումը: Անցյալն իդեալականացնելու հոգեբանական հայտնի երեւույթը վաղ թե ուշ ծնում է «փրկչի» գաղափարին ապավինելու անհրաժեշտություն: Երբ համակարգի համար սոցիալ-հոգեբանական լարվածությունն ու անորոշությունը դառնում են խրոնիկական հիվանդություն, անխուսափելիորեն ծագում է
Սոցիալական կարոտախտը, որպես զուգահեռական գոյավիճակի արդյունք, համահարաբերակցվում է նույնականության խնդրի հետ: Վերափոխված իրականության մեջ ինքնանույնականության որոնումներում կտրուկ աճում է մեկուսանալու միտումը: Սեփական բացառիկության հաստատման ջանքերը հաճախ ավարտվում են նրանով, որ մարդիկ ամփոփվում, կաղապարվում են սոցիալական կեցության հայտնի շրջանակներում (փակ համակարգ)՝ անթափանց դառնալով նորի, փոխակերպվողի հանդեպ: Նման դեպքերում սովորաբար սրվում է հատկապես էթնոազգայինի նշանակությունը, ինչը «խառնակ ժամանակների» տիպական դրսեւորումներից մեկն է:29 Այս պայմաններում շահագրգիռ քաղաքական ուժերը նպաստավոր հնարավորություն են ստանում հասարակական նախընտրելի կարծիքի ձեւավորման համար իրականացնել ամենատարբեր մեքենայություններ, որոնց նպատակը կարոտածին սոցիալական տրամադրության ստեղծումն է: Սոցիալական կարոտախտը, փաստորեն, վերածվում է գործառնական մշտական գործոնի, որը վերաբերում է ոչ այնքան գիտակցության տարրերին (հոգեւոր-բարոյական արժեքներ, նորմեր, գաղափարներ, իդեալներ), որքան անցած դարաշրջանին բնորոշ արտաքին ատրիբուտների դրսեւորմանը: «Ստանդարտ» ատրիբուտների որոշակի համախումբը, որն անվերապահորեն ընդունվում է հասարակության որոշակի մասի կողմից, միշտ վառ է պահում կարոտածին սոցիալական տրամադրությունները: Սրանք, որպես կանոն, զուգահեռական գոյավիճակի հետեւանքներ են, իսկ գոյության եւ գործառության առումով տարաշերտ։ Կարոտախտը՝ որպես մտածողություն եւ սոցիալական վարքի հնարավոր տեսակ, դրսեւորման տարբեր եղանակներ կարող է ունենալ։ Սոցիոմշակութային առումով դրանցից առավել հետաքրքիր են գործունեության իրացման նպատակադիր եւ իմաստաստեղծ ձեւերը2։ Նպատակադիր գործունեությունն ապահովում է կենսագործունեության ողջ պրոցեսը, ռացիոնալ-կառուցողական է, արժեքային բնույթ ունի եւ ուղղված է սոցիալական համակեցություն ենթադրող մարդկային գործունեության իմաստավորմանը։
Սոցիալական դինամիկայի տրանսֆորմացիոն փուլում հասարակության ինստիտուցիոնալ եւ սոցիոմշակութային զուգահեռական գոյավիճակն անցյալի եւ ներկայի փոխգործունեության տեսանկյունից ձեռք է բերում որոշակի առանձնահատկություններ։ Պ. Բերգերը եւ Տ. Լուկմանը նշում են, որ հասարակության գործառնության ճգնաժամային փուլերում սոցիալականացման իրական հիմունքի դերում հանդես է գալիս ներկան։ Այն հանդես է գալիս որպես անցյալի նկատմամբ ներկայի այնպիսի հարաբերություն, որը հաճախ սուբյեկտիվորեն վերամեկնաբանվում է՝ անցյալին վերագրելով հատկանիշներ, որոնք նրան բնորոշ չեն եղել։ Ընդ որում, այդ վերամեկնաբանությունն իրականացվում է ներկայի ենթակայական ընկալմանը համապատասխան. առընթեր ժամանակի հոռետեսական ընկալումը հանգեցնում է անցյալի իդեալականացմանը, լավատեսական ընկալումը՝ դրա բացասական վերամեկնաբանությանը30։ Մյուս կողմից, սակայն, ավանդույթների փոխանցման միջոցով անցյալն էապես պայմանավորում է ներկայի ձեւավորման ընթացքը։ Կոլեկտիվ երեւակայությունը սնվում է կոլեկտիվ հիշողության մշակման երկարատեւ ժամանակաշրջանից։ Անցյալն այս դեպքում հանդես է գալիս որպես ապագայի գրավական2: Անհատին ներկայացված ընտանեկան, ընկերային, կրոնական ու քաղաքական բոլոր ավանդույթներից ու սովորույթներից կպահպանվեն եւ նոր ժամանակներում կգործառեն միայն նրանք, որոնք ընդունակ կլինեն առավելագույնս ներառվել լիարժեք ներկայով ապրող մարդկանց կենսագործունեության մեջ։
Այսպիսով, անցյալի մասին կոլեկտիվ հիշողությունն իր մեջ պահպանում է այն ամենը, ինչը սահուն ներգրավվել է մարդկային գործունեության մեջ։ Անցումային շրջանի սոցիալական կյանքի քաոսային դրությունը կազմալուծում է ժամանակների ներդաշնակությունը։ Անցյալի նկատմամբ կարոտը եւ վաղնջական արժեքների ու նորմերի վերականգնումը հաճախ թելադրվում են հասարակական կյանքում լայնածավալ փոփոխությունների նկատմամբ խուճապահարույց վախի զգացմամբ, որն այն պատրանքային գիտակցությունը կարող է ստեղծել, թե սրընթաց փոփոխությունների անմեկնելի հորձանուտում հուսալի հենակետ եւ առավելագույն ապահովություն կարելի է գտնել միայն անցյալում։ Այսպիսով, արագորեն փոխակերպվող արդիականության նկատմամբ էկզիստենցիալ վախը մարդկանց ստիպում է ապավինել հարազատ ու սովոր «պապենական հանդերձանքին»31։ Սակայն, տրանսֆորմացվող իրականությունը «սոցիալական զգեստապահարանից» օգտվելու իր աներկբա ճշգրտումներն է մտցնում։ Կարեւորելով հանդերձ անցյալը՝ անհնարին է անտեսել ներկան։ Իհարկե մարդիկ, որպես կանոն, իրենք են ընտրում սեփական վարքի դետերմինացման եղանակը։ Նրանք, ովքեր ընտրել են անցյալի միջոցով ինքնադետերմինացման եղանակը, իրենց դուրս են մղում ապագայի արարման գործընթացից։ Մինչդեռ նրանք, ովքեր ընտրել են նպատակների եւ արժեքների միջոցով ինքնադետերմինացման եղանակը, ինքնիրացվում են որպես արարման սոցիալական գործողության սուբյեկտներ։ Ուստի ընդունես, թե չընդունես փոխակերպվող իրականության «խաչ տառապանքը», միեւնույն է պարտադրված ես ապրել անցումային հասարակության արժեքա-իմաստային զուգահեռական աշխարհում։
Հետսոցիալիստական տրանսֆորմացիոն հասարակությունների զուգահեռական գոյավիճակը, ի թիվս բազմաթիվ այլ փոխակերպումների, դառնում է նաեւ հասարակական գիտակցության տարաբնույթ այլակերպումների դրդապատճառ։ Սոցիալական համակարգի անցումային փուլի հասարակական գիտակցությունն ամենից առաջ կարելի է բնութագրել որպես «երկատված գիտակցություն», որին բնորոշ են ոչ թե սոսկ հակասական, այլ՝ փոխբացառող կողմնորոշումներ ու դիրքորոշումներ։ Համաձայնության ընդհանուր եզրեր գտնելու ցանկությունը, հնարավոր փոխզիջումների գործառնությունը հասցվում է նվազագույնի, ավելին՝ ախոյանների նկատմամբ ծայրահեղ թշնամանքը եւ դրանով պայմանավորված անզիջում մտածողությունն ու պահվածքը շատ հաճախ դառնում են վարքի հիմնական դրդապատճառները։ Զուգակից այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են անհատականն ու հասարակականը, իրավականն ու բարոյականը, մարդկայինն ու համամարդկայինը երկատված գիտակցության եւ հատկապես դրա իրացման պայմաններում կարելի է հայտնաբերել հակամարտության, անհամաձայնության հակասական պրոցեսներ32։ Երկատված գիտակցությունը, ըստ էության, ենթադրում է հասարակական գիտակցության ամբողջականության կազմալուծում, որի հետեւանքը որպես կանոն լինում է սոցիալական համակարգի բարոյական, տնտեսական եւ քաղաքական մոտալուտ կործանման նախապայմանների ստեղծումը, հոգեւոր երկրաշարժը։
Անցումային հասարակության զուգահեռական դրությունը հասարակական գիտակցության այլակերպման մի այլ վիճակ է ստեղծում, որը կարելի է ներկայացնել «մարգինալ գիտակցություն33» հասկացությամբ։ Հետխորհրդային տրանսֆորմացիոն հասարակությունների լինելիության բարդ ու ներհակասական գործընթացներում հասարակական գիտակցության բոլոր նախկին ձեւերն ու տեսակները արմատական բեկման ենթարկվեցին, բոլորին հարկադրելով անմիջապես կամ փոքր ինչ հապաղումով գիտակցել իրենց սոցիալական նոր դրությունը, որոնք ինչպես պարզվեց, հասարակության մեծամասնության համար անկայուն է։ Անկայուն դրությունը հանգեցրեց նրան, որ գիտակցության նախկին բնութագրերի մեծ մասն էապես փոխվեց, մյուսներն ընդհանրապես անհետացան։ Միեւնույն ժամանակ, հասարակական իրական պրակտիկայում նորերը, ըստ էության, դեռեւս չեն հասցրել ամրագրվել։ Ավելին, որեւէ համոզվածություն չկա, թե այդ «նորագոյացումները» լիովին բավարարելու են թե՛ առանձին մարդկանց եւ թե՛ հասարակությունն ամբողջության մեջ վերցված։ Սոցիալական դրության նման անկայունության ու անորոշության հետեւանքով հասարակական գիտակցությունը հայտնվում է մարգինալ վիճակում, երբ տարօրինակ ձեւով զուգակցվում են հին եւ նոր քաղաքական գաղափարները, ազգայնական եւ կոսմոպոլիտական կողմնորոշումները, կրոնական եւ աթեիստական համոզմունքները, աշխատանքային եւ սպառողական դիրքորոշումները։ Այս ամենը հիմք է տալիս պնդելու, որ անցումային հասարակությունում հասարակական զուգախոտոր գիտակցության բնորոշ հատկանիշ է դառնում մարգինալությունը, երբ հասարակական գիտակցության ցանկացած դրսեւորում արտահայտում է իր սահմանային բնությունը, հին եւ նոր իմաստա-արժեքային համակարգերի անհավասարակշռությունը։
Տրանսֆորմացիոն հասարակության գիտակցությունը սովորաբար գերծանրաբեռնված է։ Քաղաքական եւ տնտեսական, իրավական ու բարոյական կողմնորոշիչների կտրուկ փոփոխությունները անպայմանորեն ապակազմակերպում են արժեքային համակարգը, ինչը բնականաբար ենթադրում է իրականացվող տարաբնույթ փոխակերպումների տարբեր ընկալումներ։ Սոցիալական զուգահեռականության գործառնական վիճակում այդ պրոցեսն աստիճանաբար ուժգնանում է, դրսեւորվելով ամենատարբեր ձեւերով, բայց ամենից հաճախ՝ որպես «կեղծ գիտակցություն»։ Այս դեպքում իրադարձություններն ու պրոցեսները, արժեքներն ու նորմերը գիտակցության մեջ արտացոլվում են աչառու, խեղաթյուրված ձեւով։ Կեղծ գիտակցության ձեւավորմանն ու ընդլայնմանը նպաստում են ոչ միայն առարկայական, այլեւ՝ ենթակայական բազմաթիվ հանգամանքներ։ Տրանսֆորմացիոն գաղափարներն ու իդեալները ոչ միշտ եւ հաճախ ոչ այն մարդկանց կողմից են ենթարկվում կայունության փորձարկման։ Խոսքի եւ գործի տարբերությունը հասնում է սոսկալի չափերի։ Արդյունքը լինում է այն, որ հիասթափված մարդկանց պարտադրյալ համակերպումն այլընտրանք չենթադրող պայմանների նկատմամբ նշանավորվում է հասարակական գիտակցության տրանսֆորմացիոն ձեւախեղմամբ։ Կեղծ գիտակցությունը սովորաբար դրսեւորվում է միֆերի եւ կարծրատիպերի ձեւով, որոնք թեպետ ոչ միանշանակ են ազդում մարդկանց կյանքի վրա, բայց, որպես կանոն, հաճախ ճնշում են ամեն նորը, ոչ տիպօրինակը։ Զարմանալիորեն անծանոթ նորի նկատմամբ արձագանքը լինում է այն, որ գիտակցության եւ վարքի մեջ ձեւավորվում է ոչ լիարժեքության տրանսֆորմացիոն բարդույթը։ Կեղծ գիտակցությունը հանգեցնում է ոչ ճիշտ եզրահանգումների, հետեւաբար նաեւ՝ պրակտիկ գործողությունների։ Այն վտանգավոր է նրանով, որ խեղելով մարդկանց առանձին խմբեր եւ սոցիալական բազմաթիվ խավեր, ամբողջությամբ ձեւախեղում է նաեւ իրապես գործառող հասարակական գիտակցությունը։
Անցումային հասարակությունում սոցիալական զուգահեռականության գործունեական դրսեւորումները գործառնության եւ վերարտադրության տրանսֆորմացիոն նոր հիմունքներ են ձեռք բերում։ Եթե «սոցիալական զուգահեռականության» երկշերտությունը սոցիալիզմի շրջանում բնորոշ էր հասարակական հարաբերությունների իրացման առավելաբար անձնային մակարդակին հատուկ գործառույթներին, ապա անցումային հասարակությունում այն գործառնության նոր հիմունքներ է գտնում՝ դրսեւորվելով ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ մարդկային մակարդակներում։ Ինստիտուցիոնալ մակարդակում զուգահեռականությունը պահպանվում է, քանի որ մի կողմից շարունակում են գործել իրենց դարն ապրած, բայց դեռեւս իներցիայի ուժով գոյատեւող հասարակական հին ինստիտուտները եւ դրանց բնորոշ արժեքներն ու հարաբերությունները, իսկ մյուս կողմից՝ տրանսֆորմացիոն գործընթացների հրամայականով պայմանավորված սոցիալական նոր ինստիտուտները։ Ընդ որում, թե հին, թե նոր սոցիալական ինստիտուտներում գործում է հարաբերությունների եւ արժեքների նախորդ համակարգում ձեւավորված, զուգահեռական արժեքների միջեւ անընդհատ ընտրություն կատարելու պարտադրանքին դատապարտված անցումային շրջանի հակասական քաղաքացին։ Մարդկային մակարդակում զուգահեռականությունը պահպանվում է շնորհիվ վարքը թելադրող սոցիալ-հոգեբանական որոշ շարժառիթների առանձնահատկության։ Անցումային հասարակության «պետական քաղաքացին» կարոտով է հիշում այն «երանելի» ժամանակները, երբ պետականորեն պաշտպանվում էին աշխատանքի, անվճար կրթության, առողջապահության եւ սոցիալական այլեւայլ ծառայությունների երաշխավորված իրավունքները։ Հարաբերությունների եւ արժեքների նման համակարգն անհատականացրած տրանսֆորմացիոն շրջանի «պետական քաղաքացուն» շարունակում է թվալ, թե սոցիալական բոլոր ծառայությունները, անկախ հասարակական բարիքի ստեղծման մեջ սեփական ներդրման չափից, պետությունը պարտավոր է տրամադրել բոլորին եւ հավասարաչափ։
Սոցիոմշակութային որոշակիության հաստատմամբ հնարավոր կլինի հաղթահարել հարաբերությունների ու արժեքների զուգահեռական գործառնության տրանսֆորմացիոն վիճակը եւ հասնել կայունության։ Դրան հնարավոր է հասնել միայն այն ժամանակ, երբ սերնդափոխությունների արդյունքում «սոցիալիզմի ներքին աքսորից» ազատագրված «Homo sovieticus» մարդկային տիպը, ձերբազատվելով միայն իրեն բնորոշ պարտադիր ձեւախեղումներից («պետական քաղաքացի» եւ «ազատ քաղաքացի»), որոշարկված մտակեցվածքով, որպես անկախ պետության ազատ քաղաքացի, կդառնա հասարակական հարաբերությունների իրական կրողն ու կերտողը, եւ երբ բոլորի հետ հարաբերվելու գերակա կերպն ու եղանակն ազատ քաղաքացու համար կլինի ոչ թե զոհասեր, ցանկապաշտ կուռքի, այլ ճշմարտության իրապաշտ մարտիկի արժանապատիվ կեցվածքը։