Հասարակական տրանսֆորմացիաների գործընթացները բարդ եւ ամենեւին էլ ոչ միանշանակ երեւույթներ են: Համակարգի անցումային վիճակի ամենաբնորոշ գծերից մեկն այն է, որ այստեղ մի կողմից դեռեւս գործում են նախկին սոցիոմշակութային արժեքներն ու նորմերը, մյուս կողմից հասարակական կյանքի վրա սկսում են ազդեցություն թողնել նաեւ նոր՝ դեռեւս վերջնական որակական որոշակիություն չստացած սոցիոմշակութային կարգավորիչները: Այս հանգամանքը հարուցում է յուրահատուկ խառնաշփոթ ու անորոշ վիճակ: Համակարգի կենսագործունեության անորոշությունը դառնում է հասարակական կյանքի տարբեր ոլորտների գործառնական երկիշխանության պատճառ, որի հետեւանքով մարդկանց սոցիալական շահերին առնչվող տրանսֆորմացիոն խնդիրները անխուսափելիորեն հարուցում են ներհամակարգային հակասություններ ու կոնֆլիկտներ: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է հնարավորինս նվազագույնի հասցնել տրանսֆորմացիայի սոցիալական գինը՝ նրա հարուցած սոցիալ-տնտեսական, բարոյական եւ հոգեբանական բացասական հետեւանքները: Հակառակ դեպքում, ինչպես ցույց է տալիս Հայաստանի փորձը, տրանսֆորմացիոն խնդիրը, ինչ-որ մի փուլից սկսած, հասարակության կողմից այլեւս չի ընկալվում որպես համակարգի օպտիմալացման եղանակ: Ավելին, տրանսֆորմացիոն խնդրի հարուցած դժվարությունները որոշ դեպքերում կասկածի տակ կարող են դնել նույնիսկ առկա քաղաքական վարչակարգի լինել-չլինելու հարցն ընդհանրապես, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ներհամակարգային օրգանական համերաշխության կայացման ու պահպանման վրա35:
Տվյալ դեպքում հասարակական համակարգի անցումային փուլի ներքին իմաստն ու բովանդակությունը հենց ծագած համակարգային անորոշության հաղթահարման մեջ է, որի իրականացումը կազդարարի որակապես նոր սոցիումի կայացումը:
Համակարգի ընդհանուր գործառնական անորոշությունն այնպիսի վիճակ է, որը կարող է դրսեւորվել տարբեր մակարդակներում եւ ոլորտներում: Այս շարքում սոցիոմշակութային անորոշության հետազոտությունը կարեւորվում է հատկապես այն պատճառով, որ նախ՝ այստեղ «թաքնված» են կոնկրետ հանրության որպիսությունը պայմանավորող սոցիալական փոփոխականները, եւ երկրորդ՝ այս դաշտի ազդեցությունը հասարակության վրա հատկապես ազդեցիկ է, որովհետեւ ինչպես մշակութային մյուս ֆենոմենները, սոցիոմշակութային դաշտը եւս շատ իներտ է: Այստեղ առկա նորմերը շատ ավելի երկար են գործում եւ պահպանողական են: Հետեւաբար, այս երեւույթի ուսումնասիրության ժամանակ անհրաժեշտ է միշտ հաշվի առնել մշակույթի՝ արտաքին ազդեցություններին դիմակայելու ընդունակությունը եւ տրանսֆորմացիոն գործընթացների մեջ կատարել համապատասխան ճշգրտումներ36:
Սոցիոմշակութային անորոշության այսպիսի բնութագրությունից բխում է, որ անցումային փուլերում գործում է սոցիոմշակութային զուգահեռականության սկզբունքը, ինչը շատ ավելի ցայտուն է երեւում սոցիոմշակութային ոլորտում:
Սոցիոմշակութային զուգահեռականությունը մարդկանց ամենօրյա կյանքում դրսեւորվում է իրականության արժեւորման կենսափիլիսոփայության ձեւով: Խորհրդային «պետական» քաղաքացին ապրում եւ գործում էր մի այնպիսի սոցիոմշակութային դաշտում, որի բնորոշ գծերն էին սոցիալական նվազագույն ապահովվածությունը, բաշխման հավասարարական սկզբունքը, գաղափարական ու արժեքային պարտադրված միանշանակությունը եւ այլն: Հայտնվելով միանգամայն նոր սոցիոմշակութային դաշտում, լիովին չվերափոխված եւ կենսագրության նախորդ բեռից չազատված՝ նա ստիպված է գործել ու կողմնորոշվել «ազատ» քաղաքացու չափորոշիչներով: Արդյունքում, որպես կանոն, անցումային փուլի մարդը հայտնվում է սոցիոմշակութային երկընտրանքների մեջ եւ փորձում հավասարապես օգտագործել եւ վարքի սոցիալական ծրագիր դարձնել եւ՛ նախորդ, եւ՛ նոր սոցիոմշակութային իմպերատիվները (զուգահեռականության սկզբունք)37:
Անդրադառնալով հետխորհրդային սոցիալական օրինաչափություններին՝ կարող ենք նշել, որ նրանցում զուգահեռաբար գործառնում են մի կողմից խորհրդային, հիմնականում քաղաքական ոլորտով կարգավորվող, մյուս կողմից՝ արդեն շուկայական հարաբերությունների եւ տնտեսական այլ մեխանիզմների միջոցով գործառնող բաց սոցիալական համակարգին բնորոշ զարգացման ու վերարտադրության մեխանիզմները: Արդյունքում բախվում են քաղաքականացված պլանային տնտեսության անհրաժեշտությունը՝ մի կողմից, շուկայական տնտեսության նպատակահարմարությունը՝ մյուս կողմից:
Նկատենք, սակայն, որ սոցիոմշակութային անորոշությունը, պայմանավորված լինելով անցումային հասարակության մեջ առկա տրանսֆորմացիոն գործընթացներով, ունի առաջացման սեփական ներքին եւ արտաքին պատճառները:
Սոցիոմշակութային անորոշություն առաջանում է այն ժամանակ, երբ մարդիկ հայտնվում են որակապես նոր կենսագործունեության դաշտում: Նման դեպքերում առկա սոցիալականացված մշակույթը բախվում է այն միջավայրի հետ, ուր գործում են վարքի այլ շարժառիթներ ու սկզբունքներ: Ընդ որում, նոր մշակույթի ազդեցությունը կարող է պայմանավորված լինել ինչպես մշակութային գլոբալիզացիայի, այնպես էլ «ավանդական» կենսաձեւի նորացման արդյունքում առաջացած սոցիալական փոփոխություններով: Մարդիկ հայտնաբերում են, որ իրենց նոր գործելակերպը հակասում է նախորդ սոցիոմշակութային նորմերին: Եվ քանի դեռ նոր կենսակերպը չի ամրագրվել նոր մշակութային նորմերում, ավանդական մշակույթը կորցնում է ինքնըստինքյան ենթադրվող լինելու իր հատկությունը՝ վերածվելով պրոբլեմատիկի, պարտադրվողի եւ հնացածի:
Անորոշության պատճառ կարող են դառնալ ոչ միայն «մշակույթ-միջավայր» արտաքին փոխհարաբերությունները, այլեւ ներմշակութային գործոնները: Երբ սոցիոմշակութային տարբեր ոլորտներ ձեռք են բերում զարգացման տարբեր տեմպեր, տեղի է ունենում որոշ տարրերի մշակութային «ուշացում»: Օրինակ, այսօրվա Հայաստանի համար իրավունքի, քաղաքականության, տնտեսության, ֆինանսաբանկային համակարգի անհամաչափ զարգացումները դարձել են սոցիալական դաշտի անկայունությանը նպաստող գործոններ: Սոցիալական համակարգն օրգանապես փոխկապակցված ներհամակարգային տարրերի այնպիսի ամբողջություն է, ուր ամեն մի տարր, ունենալով իրեն բնորոշ գործառույթ ու խնդիր, միաժամանակ «ծառայում» է համակարգին՝ կատարելով նրա պահանջները: Ներհամակարգային ֆունկցիոնալ կախվածության փաստից հետեւում է, որ համակարգի ներսում ամեն մի քիչ թե շատ սոցիալական նշանակության խախտում ձեւախեղում է առաջ բերում նաեւ մյուս ոլորտներում: Այսպես, օրինակ, տրանսֆորմացիոն փուլ մտած հասարակություններում տնտեսական հարաբերությունների ոլորտում տեղ գտած թերություններն, ի վերջո, բացասաբար են անդրադառնում սոցիալական կյանքի մյուս ոլորտների վրա եւս, դառնում սոցիալական ձեւախեղումների առաջացման պատճառ: Հետեւությունը մեկն է. համակարգի տարրերից յուրաքանչյուրի ոչ օպտիմալ զարգացումը առաջ է բերում բացասական հետեւանքերի անընդհատ աճող շղթա, որի հետեւանքով համակարգը կորցնում է ճկունությունն ու միասնականությունը, հասարակական նշանակություն ունեցող խնդիրների նկատմամբ դառնում անընկալունակ:
Այսպիսի ապակազմակերպման, ապահամաձայնեցման, շեղման գործընթացները շատ հաճախ հանգեցնում են յուրատեսակ սոցիալական վթարների եւ հարուցում համապատասխան սոցիոմշակութային ճգնաժամեր: Նման դեպքերում մարդկային կյանքի ենթատեքստը եւ սոցիալական գործողությունները այս դեպքում կորցնում են համասեռությունը, փոխադարձ համաձայնվածությունը եւ կայունությունը, ինչը հատկապես ցայտուն է հասարակության նորմերը, արժեքները, համոզմունքները շոշափող մշակութային դաշտի տրանսֆորմացիաների ժամանակ38:
Սոցիալական վթարներն առաջ են բերում գործելակերպի եւ մտածելակերպի սովորական ընթացքի փոփոխություններ, փոխում են, հաճախ ողբերգորեն, մարդկանց վարքը եւ ներաշխարհը, առաջ է գալիս մեծ լարվածություն՝ կապված կոնկրետ սոցիալական փոփոխությունների ակնկալիքների հետ: Ընդ որում, ցնցումային իրադարձությունների շարքում կարող են լինել ամենաբազմազան երեւույթներ, ինչպես, օրինակ, հեղափոխությունները, ֆոնդային բորսայի կամ շուկայի փլուզումը, արմատական տնտեսական բարեփոխումները, բռնության ամենաբազմազան դրսեւորումները, կրոնական ռեֆորմացիան, կառավարական ճգնաժամերը, պատերազմները, ցեղասպանությունը եւ այլն:
Խնդիրը, հետեւաբար, հանգում է անորոշության իրավիճակների պարագայում հնարավոր սոցիալական ցնցումների կանխագուշակմանը եւ կանխարգելմանը: Տրամաբանական է, որ այս գործի հաջողության համար պետք է նախ եւ առաջ հետազոտել նման սոցիալական խանգարումների նախանշանները եւ դրանց առաջացման պատճառները: Լեհ տեսաբան Պ. Շտոմպկան, ուսումնասիրելով անցումային փուլերում սոցիոմշակութային տրավմաների պրոբլեմը, առանձնացնում է նման երեւույթի նախանշանների հետեւյալ սանդղակը39.
- Անվստահության սինդրոմ: Ցնծությունից հետո ի հայտ եկավ «հաջորդ առավոտվա» սինդրոմը: Նոր կառավարությանն անսահման վստահություն հայտնելուց կարճ ժամանակ անց իշխանությունների նկատմամբ ժողովրդի հավատը եւ վստահությունը աննախադեպ անկում ապրեցին, ինչը շարունակվում է մինչեւ օրս:
- Ապագայի նկատմամբ մռայլ հայացք: Բնակչության չնչին մասն է, որ փոփոխությունները համարում է ճիշտ եւ տեղին: Մարդկանց ավելի շատ հուզում են վախը, տագնապը, երեխաների ապագայի անորոշությունը: Արդյունքը լինում է այն, որ հասարակության լայն շերտերը դադարում են որեւէ պլան կազմել ապագայի վերաբերյալ՝ կենսական կարեւորագույն խնդիր դարձնելով առընթեր հոգսը:
- Կարոտաբաղձություն անցյալի հանդեպ: Սոցիոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդկանց գերակշիռ մասի բարեկեցությունը նվազել է, նախկինում նրանք ավելի լավ էին ապրում: Նման հանգամանքներում ներկա սոցիալ-տնտեսական անկայունությունը սկսում է համեմատվել խորհրդային ժամանակների ապահովված սոցիալական մինիմումի հետ: Արդյունքում «վերադարձ անցյալին» կոչեր սկսում են հնչել ոչ միայն առօրեական, այլեւ քաղաքական մակարդակներում:
- Քաղաքական անտարբերություն: Թեեւ կուսակցությունների թիվն արդեն անցնում է հարյուրից, բայց նրանց գերակշիռ մեծամասնությունը իրականում «բազմոցային կուսակցություններ» են: Ժողովրդավարական ընտրությունների գործընթացին ընտրողների մեծ մասը վերաբերվում է անտարբերությամբ՝ չհավատալով, որ ընտրությունների միջոցով հնարավոր է ինչ-որ չափով բարելավել իրենց սոցիալական վիճակը:
- Կոլեկտիվ հիշողության հետխորհրդային վնասվածք: Խոսքը նախկին վարչակազմը այս կամ այն չափով պաշտպանող մարդկանց, խորհրդային անցյալի եւ դերի գերագնահատման մասին է: Հիմնականում լուսավոր գծերով հիշվող անցյալը բախվում է ներկայի անորոշ իրականության «մռայլությանը», եւ արդյունքում հետխորհրդային ժամանակների մասին սկսում են մտածել կորստի ու ցավի զգացումով: Անցումային փոփոխություններից տուժած սոցիալական խավերը, որպես կանոն, բարձրացնում են հատուցման, ռեւանշի եւ պատասխանատվության հարցեր: Ի պատասխան նման կոչերի, սոցիալական մյուս բեւեռը առաջ է քաշում նոր սոցիոմշակութային դաշտը «մաքրելու» եւ «ապակոմունիստացնելու» պահանջներ:
Սոցիոմշակութային անորոշությունն առաջին հերթին ազդում է հասարակության սոցիալական կառուցվածքի վրա՝ քանդելով նախկինում կայացած սոցիալական հարաբերությունները, ինստիտուտներն ու սոցիալական աստիճանակարգը: Ընդ որում, հասարակության սոցիալական կառուցվածքի բնույթի եւ ընդհանուր ձեւի կտրուկ փոփոխությունը հանգեցնում են ոչ միայն առարկայական, այլեւ արժեքային ու սոցիալական նոր շերտավորումների: Սոցիալական կառուցվածքի անորոշության արդյունքում առաջ է գալիս նաեւ դերային անորոշություն: Այն կենսակերպը, որը մինչանցումային փուլում սովորական ու բնականոն էր թվում, նոր պայմաններում դառնում է խորթ ու անսովոր: Նման իրավիճակներում նոր կենսաձեւի հաստատման անհրաժեշտությունը հարուցում է հակազդեցություններ, քանի որ արդեն գործառնող կենսակերպի եւ սոցիալական դերերի բացասումը, ինչպես նաեւ նոր դերային հարաբերությունների հաստատումը, հետեւաբար նաեւ գոյության նոր աղբյուրների գործարկումը այնքան էլ դյուրին չէ: Անցումայնության սկզբնական փուլերում այս փոփոխությունները նպաստում են մերժողական, հոռետեսական տրամադրությունների ձեւավորմանը:
Ամեն դեպքում այս գործընթացների հետեւանքով սոցիումի կյանքից աստիճանաբար մեկուսանում եւ օտարվում են սոցիամշակութային ադապտացիայի անհրաժեշտ նախապատրաստվածություն չունեցող խավերն ու առանձին մարդիկ: Սոցիոմշակութային անորոշությունների հետեւանքով առաջացած այսպիսի վթարային իրավիճակների ազդեցությունները մասնագիտական գրականության մեջ հաճախ բնութագրվում են «սոցիալական ծերություն» կամ «սոցիալական մահ» հասկացություններով:
Սոցիալական անորոշության եւ սոցիալական օտարվածության ծայրահեղ դրսեւորումը՝ սոցիալական մահը, արտահայտվում է սոցիալական ինստիտուտների գործունեությանը մասնակցելուց հրաժարման եւ կամ հնարավորություն չունենալու ձեւով: Երբեմն նաեւ այդ օտարվածությունն ու «մահը» դրսեւորվում են տարբեր սոցիալական խմբերից (էթնիկ, մասնագիտական, կրոնական եւ այլ) հրաժարվելու կամ դրանց հակադրվելու ձեւով: Ի. Լեւչենկոն առանձնացնում է նման անոմալ վիճակների առաջացման ու տարածման հետեւյալ գործոնները՝ բռնատիրական քաղաքական ռեժիմը, էքստրեմալ իրավիճակները (բնական աղետներ, պատերազմներ, ապստամբություններ, հեղափոխություններ, հասարակական կարգի փոփոխություններ եւ այլն), սոցիալական ստրատիֆիկացիայի այնպիսի քաղաքականությունը, որի արդյունքում աճում է սոցիալական բուրգի հիմքում գտնվող մարդկանց թիվը, հումանիտար միջավայրը դառնում է աննպաստ եւ ուժեղանում է նորի հանեպ անհանդուրժողականությունը 40:
Շատ հաճախ հասարակական կյանքից մարդու ինքնաբացառման (բացառման) պատճառ կարող է դառնալ նաեւ այսպես կոչված աղքատության մշակույթը, որի կրողները հաշտվում են իրենց կենսակերպի ցածր մակարդակի հետ, հրաժարվում սոցիումի ինստիտուտներին մասնակցությունից, մերժում մեծամասնության կողմից ընդունված արժեքները41: Այս միջավայրում գերակայություն են ստանում այնպիսի դիրքորոշումներ, ինչպիսիք են կախվածությունը, նվաստացած վիճակը, անօգնականությունը, աշխատանքի ցածր մոտիվացիան, ձգտումների ցածր կուլտուրան, առօրյա հոգսով ապրելու սկզբունքը:
Հասարակության նոր սոցիալական շերտաբաժանումը, դերային անորոշությունը, սեփականության ձեւի փոփոխությունը, գործազրկությունը, հանրության տնտեսական կյանք ներմուծված նոր շուկայական մեխանիզմներին հանրության ծանոթ չլինելը նպաստում են նաեւ տնտեսական ոլորտի անկայունությանն ու անորոշությանը: Եվ եթե ժամանակին չկիրառվեն համապատասխան միջոցառումներ, ապա տնտեսական ոլորտի անորոշ վիճակը կարող է հսկայական վնաս հասցնել հասարակության հետագա զարգացմանը:
Հարկ է նկատել, որ վերոհիշյալ երեւույթի պատճառները պետք է փնտրել նաեւ ընդհանուր քաղաքական դաշտի անկատարության մեջ, որը եւս կրում է հասարակական ընդհանուր անորոշության ազդեցությունը:
Քաղաքական անորոշությունը հասարակական կյանքում տեղի է ունենում նախ եւ առաջ քաղաքական սուբյեկտների գործունեության մակարդակում:
Քաղաքական կյանքին առանձին սուբյեկտների մասնակցությունը կարող է իրագործվել տարբեր ձեւերով՝ իշխանական լիազորությունների կատարում, օրենքների նախագծերի, քաղաքական գծի քննարկում, ընտրություններին մասնակցություն եւ այլն42: Այդ գործընթացներից խմբերի եւ անհատների մեկուսացումը քաղաքական անորոշության հետեւանք է:
Նույն անորոշության մեկ այլ տարատեսակ է քաղաքական անշարժունությունը՝ քաղաքական վարքի «փակ» ձեւը43, որը հատուկ է հատկապես հետխորհրդային շատ հասարակությունների, այդ թվում նաեւ մեր երկրին: Այն իր մեջ ներառում է մի կողմից՝ քաղաքական վարքի իրականացման անհնարինությունը՝ պայմանավորված օբյեկտիվ (չզարգացվածություն) եւ սուբյեկտիվ (հասարակական կյանքից անհատի, խմբի «անջատվածություն») գործոններով, մյուս կողմից՝ քաղաքական անտարբերություն՝ կապված գոյություն ունեցող քաղաքական համակարգը չընդունելու հետ: Քաղաքական անշարժունության տարատեսակ է ընտրական գործընթացից մարդկանց հրաժարումը: Այս հանգամանքը մասամբ պայմանավորված է նրանով, որ մարդիկ այլեւս չեն հավատում ընտրություններում գործարկվող տեխնոլոգիաների արդարությանը եւ այդ ընտրություններից դրական ակնկալիքներ չունեն: Այսպիսի «անհավատների» մեջ շատ են հատկապես հասարակության աղքատ խավի ներկայացուցիչները, որոնց գոյատեւման խնդիրներից բացի ոչ մի բան չի հետաքրքրում: Այս կապակցությամբ սոցիալական սուբյեկտների քաղաքական կուլտուրայի բարձրացումը, նրանց քաղաքական անշարժունության հաղթահարումն ու հասարակական-քաղաքական գործունեության մեջ ներառվածությունն է, որ պետք է ելակետ հանդիսանան քաղաքական նոր որոշակիության կայացման համար:
Եթե վերն ասվածները վերաբերում էին սոցիոմշակութային անորոշության դրսեւորումների հիմնականում մակրո մակարդակին, ապա նույն անորոշության ազդեցությունը հոգեւոր ոլորտի վրա արդեն ավելի շատ առնչվում է առանձին անհատների ներաշխարհին, եւ այստեղ մենք գործ ունենք նույն անորոշության արդեն միկրո մակարդակի հետ: Հոգեւոր մակարդակում այսպիսի անորոշության պատճառով կազմակերպված սոցիալական խումբը կարող է վերաճել ամբոխի, որին բնորոշ է անդեմությունը: Կորցնելով հոգեւոր ոլորտի որոշակիությունը՝ մարդը կորցնում է արտաքին աշխարհում գործելու իր ուղեցույցները եւ ձեռք է բերում «միաչափ մարդուն» բնորոշ հատկանիշներ: Արդյունքում, որպես կանոն, դադարում են գործել երբեմնի ակտիվ կենսադիրք ունեցող քաղաքացու ինքնավար եւ անհատական հոգեկան պրոցեսները: Հոգեկան պրոբլեմներն այդ պատճառով վերածվում են քաղաքական պրոբլեմների44: Դա հատկապես բնորոշ է ամբողջատիրական հասարակարգերին, որտեղ պետության ներխուժումը անձնական կյանք, ընտանիք, նրանց գաղափարական մշակումը հանգեցնում են մարդկանց ներաշխարհի ամայացման՝ զրկելով նրանց իրական սուբյեկտիվությունից եւ ընտրություն կատարելու հնարավորությունից:
Ամեն դեպքում, անկախ սոցիոմշակութային դաշտի ապամիասեռության ծագման պատճառներից ու հետեւանքներից, երեւույթը միանշանակորեն չի ընկալվում հասարակության տարբեր խավերի կողմից: Որակական որոշակիության խախտման դեպքում առկա են թե՛ այն խորապես ընկալող եւ վերապրող կենտրոնական խմբեր եւ թե՛ ծայրամասային խմբեր, ում համար տվյալ խանգարումը այնքան էլ էական չէ: Անցումային գործընթացներով պայմանավորված սոցիոմշակութային անորոշ իրավիճակների ազդեցությունը հասարակության տարբեր խմբերի վրա կարող է տրամագծորեն հակադիր լինել: Մեկի համար այն ապակառուցողական է, մյուսների համար՝ օգտակար եւ ցանկալի, երրորդներն այն ընդհանրապես անտեսում են: Այլ կերպ ասած, որոշ խմբեր, պայմանավորված մշակութային եւ սոցիալական դիրքով, ավելի զգայուն են, ճգնաժամը մեկնաբանելու եւ արտահայտելու ավելի բարձր ընդունակություն ունեն, մինչդեռ մյուսները՝ ոչ: Օրինակ, հետխորհրդային մոդելի ողբերգական պարադոքսն այն է, որ այն բոլոր առումներով իրենից ներկայացնում էր «դեպի անկում միտված խաղ»: Արդյունքում ամենատուժածը եւ մարգինալացվածը դուրս եկան բնակչության սոցիոմշակութային եւ պրոֆեսիոնալ առումով առավել զարգացած խավերը: Տրանսֆորմացիոն գործընթացների արդյունքում տեղի ունեցավ ոչ միայն տնտեսական պահանջների հաղթանակ ավելի բարձր կարգի շարժառիթների նկատմամբ, այլեւ հասարակության ամենազարգացած խմբերի կարգավիճակի եւ ազդեցության անկում45:
Շուկայական նոր հարաբերությունները ներմուծեցին մրցակցություն եւ ձեռքբերումների մեծ շերտավորում: Արդյունքում «պետական քաղաքացու» կարգավիճակից անցումը «ազատ քաղաքացու» կարգավիճակին հասարակական լայն շերտերի կողմից ընկալվեց իբրեւ հասարակական պայմանագրի, պետության պարտավորությունների խախտում: Պատահական չէ, որ նման միտման կողմնակիցները անցումային փոփոխությունները դիտում են իբրեւ ողբերգական քայլ:
Այսպիսի սոցիոմշակութային ցնցումների արդյունքում առօրյա կենսաձեւի փլուզումը հանգեցրեց մասսայական ապակողմնորոշման, ինքնության կորստի՝ ինչպես անհատական, այնպես էլ խմբային մակարդակներում: Մյուս կողմից, սակայն, այստեղ են սկսվում նոր մշակութային մոդելների որոնման գործընթացները, որոնք պետք է կոչված լինեն աշխարհի թեկուզեւ այլ, բայց որպես ամբողջության՝ հասկանալի եւ կարգավորված պատկերի, սոցիոմշակութային դաշտի որակական որոշակիության վերականգնմանը46: Արդյունքում հանգում ենք նոր սոցիալական իրականությանը հասարակության համարժեք ադապտացիայի խնդրին: Ընդ որում, ադապտացիոն գործընթացներն ինքնին երկիմաստ են: Մի դեպքում այս գործընթացները կարող են պատճառ դառնալ հանրության անդամների սոցիալական կապերի հետագա կորստի, նրանց սոցիալական մեկուսացման, ապասոցիալականացման ուժեղացման, ինչը ծայրահեղ դեպքերում կարող է հանգեցնել նույնիսկ անձի ամբոխայնացմանը: Սակայն նույն ադապտացիոն գործընթացների ճիշտ կազմակերպումը ենթադրում է սոցիալական կապերի մակարդակի պահպանում նոր ձեւավորված հասարակական միջավայրում: Օրինակ, հասարակական աշխատանքների առկայություն, կրթամշակութային գործունեության ծավալում եւ ընդհանրապես այն ամենը, ինչը կարող է նպաստել անձի վերասոցիալականացմանը, հասարակական կյանքում նրա ներառվածությանը:
Խոսքն այստեղ հասարակության ինքնազարգացման ընդունակության եւ պատրաստականության մասին է, ոչ միայն բազային ինստիտուտների, այլեւ սոցիալական կառուցվածքի արմատական փոփոխության միջոցով47:
Այս գործընթացների ուսումնասիրությունն է, որ նպաստելու է անցումային հասարակություններում սոցիոմշակութային անորոշության հետեւանքով առաջացած սոցիալական վթարների հետեւանքների հնարավորինս մեղմացմանը:
Այստեղ ամենից առաջ պետք է նկատի ունենալ, որ սոցիալական ադապտացիան միաժամանակ եւ՛ գործընթաց է, եւ՛ վիճակ48: Որպես գործընթաց այն իրականացվում է անհատի վարքը տիրող նորմերի եւ արժեքների հետ համապատասխանության բերելու համար: Ադապտացիայի վիճակն անհատի՝ արտաքին միջավայրի հանդեպ վերաբերմունքի բնութագրությունն է, որը ծառայում է ադապտացիայի, որպես գործընթացի, հաջողության ցուցանիշ:
Անցումային հասարակություններում տեղի ունեցող գործընթացների համատեքստում սոցիալական ադապտացիան կարելի բաժանել հետեւյալ փուլերի՝ սոցիալական ցնցման վիճակ, հարմարվողական ռեսուրսների մոբիլիզացում, պատասխան սոցիալական միջավայրին49:
Սոցիալական անորոշության հանդեպ հասարակության տարբեր խավերի վերաբերմունքը միանշանակ չէ: Այդ իսկ պատճառով հասարակության մեջ ադապտացիայի այս երեք փուլերը անցնում են ծայրահեղորեն անհավասարաչափ. որոշ խմբեր անցնում են առաջ, մյուսները սոցիալական վարքի նոր մոդելները յուրացնում են շատ դանդաղ, երրորդներն ընդհանրապես մնում են ցնցման վիճակում՝ չկարողանալով ոչ հարմարվել, ոչ էլ մշակել իրենց դերային փոփոխություններին քիչ թե շատ համարժեք վարքի սոցիալական եւ սոցիալ-հոգեբանական ռացիոնալ ծրագիր: Հայաստանում եւ ընդհանրապես հետխորհրդային միջավայրում ադապտացիայի բարդ պրոբլեմներից մեկն էլ այն է, որ այս գործընթացները տեղի են ունենում մի քանի սերունդ շարունակ գոյություն ունեցող հասարակական ինստիտուտների, նորմերի եւ արժեքների արմատական տրանսֆորմացիաների պայմաններում: Այդ պատճառով էլ նոր ինստիտուցիոնալ ձեւերը, նորմերը եւ արժեքները ստանում են լոկ տեղային տարածում, ինչի հետեւանքով սահմանափակվում են նրանց հնարավորությունները բնակչության զգալի մասի հարմարվողական ջանքերին աջակցելու խնդրում: Մինչդեռ տրանսֆորմացիոն հասարակության մեջ առկա վերափոխումներն այսպես թե այնպես շոշափում են հասարակության բոլոր խավերի շահերը, քանի որ տրանսֆորմացիայի ընթացքում փոխվում է սոցիալական դերերի այն համակարգը, որի մեջ մարդիկ նախկինում գտել էին իրենց շահերի արտահայտման ու պաշտպանության քիչ թե շատ գործող մեխանիզմներ: Այս է պատճառը, որ սոցիալական համակարգի արմատական տրանսֆորմացիայի պրոբլեմը պետք է դիտել ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլեւ քաղաքական, գաղափարական ու ընդհանուր մշակութաբանական տեսանկյունից:
Ժողովրդավարական ինստիտուտներին անցման գործընթացի ավարտը կապված է բնակչության մեծամասնության կողմից նոր արժեքների, դիրքորոշումների, սոցիալական եւ մշակութային-գաղափարախոսական նորմերի ընդունման հետ: Այս արժեքների եւ նորմերի արմատական նորացումը, անցումը նոր կարգի նոր պատկերացումերին, վարքի նոր նմուշներին եւ սովորություններին տեղի է ունենում հիմնականում սերնդափոխության՝ նոր սերունդների սոցիալականացման փուլում50: Սակայն սերնդափոխության երկար տարիների փոխարեն կարելի է հասարակական կյանքի համապատասխան կազմակերպման շնորհիվ հասնել այն բանին, որ նոր սոցիոմշակութային դաշտը կայանա ավելի լայն մասշտաբներով եւ շատ ավելի բարձր տեմպերով: Խնդիրն այստեղ նախ եւ առաջ հանգում է երկրի օրգանական մոդեռնիզացիայի իրականացմանն ընդունակ նոր սուբյեկտների ձեւավորմանը51: Այս գործընթացը ներկայանում է ոչ միայն մեծամասնության կողմից նոր արժեքների ընդունման, այլ ավելի շատ համընդհանուր ազգային արժեքների սինթեզի ձեւավորման տեսքով: Այս պատճառով էլ, քանի դեռ երկրում չեն ձեւավորվել սոցիալական այնպիսի մակրոսուբյեկտներ, որոնք ոչ միայն շահագրգռված կլինեն ժողովրդավարական բարեփոխումներով, այլեւ բավարար չափով ինտեգրացված եւ հզոր՝ տվյալ խնդիրը գործնականորեն լուծելու համար, հանրության՝ նոր իրականությանն ուղղված ադապտացիոն ջանքերը կարող են հանգեցնել բոլորովին հակառակ արդյունքների: Հետեւաբար, նոր սոցիալական ինստիտուտների ձեւավորման եւ արդյունավետ գործառնության համար անհրաժեշտ են հասարակության բոլոր խավերի եւ շերտերի ջանքերը: Միայն այդպիսի համատեղ նպատակասլաց գործունեության համակարգը կարող է նպաստել սոցիալական եւ մշակութային նոր որակական որոշակիության կայացմանը եւ հետագա օպտիմալ գործառնության կազմակերպմանը: