Պատմությունն ակնհայտորեն վկայում է, որ փիլիսոփայական միտքը նոր հանգրվանի հասնելուց, նոր թռիչք գործելուց առաջ միշտ էլ նահանջել, որոշակի ներքին ճգնաժամային իրավիճակ է ապրել: Նկատենք, որ ճգնաժամային ու նորացման փուլերի միջեւ առկա հարաբերությունները չի կարելի բնութագրել «վատ» կամ «լավ» հասկացություննով: Պարզապես փիլիսոփայությունը իր ժամանակի յուրացումն է մտածողության մեջ, մտածողության ձեւով: Փոխվել են ժամանակները՝ պետք է փոփոխվեն նաեւ մեր պատկերացումները: Իսկ որո՞նք են առանցքային, գերակայական նշանակություն ունեցող փոփոխությունները: Ժամանակակից քաղաքակրթությունը հրաժարվել է հասարակության, մարդկային պատմության ուղղագիծ շարժման, ինչ-որ տեղից մեկ այլ տեղ գնալու եւ ոչ թե լինելու, դառնալու մտայնությունից: Մեր հիշողության մեջ դեռեւս թարմ են սոցիալիզմի լիակատար, վերջնական հաղթանակի, կոմունիզմի ծավալուն շինարարության փուլային, աստիճանական եւ ուղղագիծ շարժման վերաբերյալ պատկերացումները:
Ցավոք, այժմ էլ քաղաքական որոշ ուժեր հոգեբանորեն դժվար են հաղթահարում նման հայեցակետը, որի արդյունքում առաջին պլան է մղվում ոչ թե բնականոն գործառնվող, ինքնավերարտադրվող հասարակական համակարգի ձեւավորման հրամայականը, այլ ինչ-որ տեղ գնալու, ինչ-որ աստիճանի հասնելու, նույնիսկ անցած-գնացած փուլերին վերադառնալու դիցաբանական պատկերացումները:
Հասարակության միագիծ զարգացման հայեցակետի հիմքում դրված են եղել հեղափոխությունների, անհանդուրժողականության, անկայունության, սոցիալական գրգռականության արհեստական տարածման գաղափարները: Քաղաքակրթության ներկա փուլում այդ հասկացությունները ոչ միայն դուրս են մղվում ժամանակակից սոցիալ-փիլիսոփայական լեքսիկոնից, այլեւ նույնիսկ համեմատվում են «ահաբեկչություն» հասկացության հետ: Մասամբ այս ամենի բերումով էլ մեզանում դավանված մարքսիստական փիլիսոփայությունը, հատկապես նրա սոցիալական տեսությունը հայտնվել է մարգինալ, հայեցողական կարգավիճակում: Նման իրավիճակի հաղթահարման, սոցիալ-փիլիսոփայական մշակույթը նոր հանգրվանի հասցնելու կարեւորագույն նախապայմաններից մեկը արդեն ինտելեկտուալ ավանդույթի ուժ ստացած այն պատկերացումների կամ հայեցակետի հաղթահարումն է՝ համաձայն որի հասարակությունը, որպես ամբողջական համակարգ, հանգիստ, կայուն եւ հավասարակշռված պայմաններում օժտված չէ ինքնաշարժման, ինքնազարգացման ներքին մեխանիզմներով ու հնարավորություններով: Իրականում, ինչպես վկայում է մարդկության պատմական փորձը, հասարակության համակարգային փոփոխությունների, ինքնակատարելագործման եւ օպտիմալ գործառնության հնարավորությունը պետք է բացատրել ոչ թե համահասարակական կոնֆլիկտների առկայությամբ ու դրանք բռնի, հեղափոխական միջոցներով հաղթահարելու օգնությամբ, այլ համակարգին ներհատուկ կառուցվածքային, գործառնական եւ վերարտադրական գործընթացներով, սոցիոմշակութային տրանսֆորմացիաներով, որոնք պայմանավորված չեն մասսայական խժդժություններով ու կարճատեւ հեղափոխական ակցիաներով, այլ հանդիսանում են հասարակ քաղաքացիների ամենօրյա գիտակցական գործունեության հանրագումարային արդյունքը: Սա ամենեւին էլ չի բացառում լոկալ, հատվածային բնույթի հակասությունների ու կոնֆլիկտների առկայությունը, որոնց խաղաղ հաղթահարման հիմնական միջոցը բառիս ամենալայն իմաստով պետք է լինի «ռեսուրսների» հավասարակշռված բաշխումը կոնֆլիկտող կողմերի միջեւ եւ այդ ճանապարհով համակարգի կայունության եւ հավասարակշռության ապահովումը:
Սոցիալական փիլիսոփայության ճգնաժամային իրավիճակի հաղթահարումը եւ դրանով իսկ նրա գործնական նշանակության ապահովումը հավանաբար ենթադրում է երկու փոխկապակցված խնդիրների իրականացում. առաջին՝ կողմնորոշվել դեպի հասարակության համակարգային վերլուծությունը, բացահայտել նրա կառուցվածքային, գործառնական եւ վերարտադրական առանձնահատկությունները՝ դրանով իսկ որոշակիորեն շփվելով կառավարչական եւ իրավական գործունեության դաշտի հետ, երկրորդ՝ հասարակության, որպես ամբողջական համակարգի վերաբերյալ տեսության մշակմամբ սոցիալական փիլիսոփայությունը անխուսափելիորեն կարող է դառնալ կիրառական սոցիոլոգիայի, սոցիալական հոգեբանության, ինչպես նաեւ քաղաքագիտության բնական դաշնակիցը եւ այս գործառույթով նույնպես ունենալ հասարակական պահանջարկ: Համակարգային տրասֆորմացիաների արդի փուլում հատկապես կարեւորվում են հասարակական հարաբերությունների ու արժեքների գործառնության այն առանձնահատկությունները, որոնք կապված են նոր ժամանակների փիլիսոփայական իմաստավորման հետ: Ներկա ժողովածուն կատարվող փոխակերպումների սոցիալ-փիլիսոփայական նոր մեկնության փորձ է, որն իր տեսակի մեջ առաջիններից մեկը լինելով, ընթերցողի ուշադրությունը կենտրոնացնում է հատկապես սոցիոմշակութային դժվարահաճ փոխակերպումների, ինչպես նաեւ այդ փոխակերպումների համատեքստում ազգային կենսափիլիսոփայության ակունքների վերլուծության վրա:
Վերջին տասնամյակի համակարգային տրանսֆորմացիաների հետեւանքով էական փոփոխության են ենթարկվել հասարակական կյանքի բոլոր ոլորտները: Ինքնին հասկանալի է, որ այդ ընդհանուր գործընթացներից չէր կարող անմասն մնալ նաեւ փիլիսոփայական մշակույթը, առավել եւս, որ այն այսօր հայտնվել է մի տեսակ «խաղից դուրս» վիճակում՝ հասարակության հոգեւոր կյանքի ծայրամասային տիրույթում: Ընթերցողին ներկայացվող այս աշխատանքը նշված մտահոգության արտահայտություն է, եւ նրանում փորձ է արվում հասարակության համակարգային վերլուծության օգնությամբ սոցիալական փիլիսոփայությանը ներարկել կիրառական որոշակի երանգներ՝ ապահովելով նրա, թեկուզ եւ միջնորդավորված, ներառվածությունը հասարակության գործառնության ծիրում, տնտեսական, քաղաքական եւ իրավական վճիռների կայացման գործընթացներում:
Ենթադրվում է, որ նորացվող սոցիալական փիլիսոփայությանը հավակնող այս աշխատանքը կարժանանա ոչ միայն սոցիալական փիլիսփայությամբ, կիրառական սոցիոլոգիայի ու սոցիալական հոգեբանությամբ զբաղվող մասնագետների, այլեւ գործնական քաղաքականությամբ ու կառավարչական գործունեությամբ զբաղվող քաղաքացիական ծառայողների լայն շրջանների ուշադրությանը: