* * *
Արդարացված է. օձն - աստղով,
Իսկ ստորությունը ամոթխած - այս բարձ երկնքով:
Ճահիճը - ջրվեժով: Քարը - հացով:
Տգետ ամբոխը - Մարսելիեզով, արքան-
Դժբախտ պահով: Երբեք չկորացվող իրանը - շիրիմով
Սապատավոր, սապատը շիրիմի - վարդո՜վ...
* * *
Սե՛ր իմ: Ի՛մ Սե՜ր: Հոգեվարքի ժամին եւ դագաղում նույնիսկ -
Ես կլարվե՛մ, կհրապուրվե՛մ, վե՛ր կթռչե՜մ:
Օ՜, սիրելի՜ս...
Ամպակույտի վրա, թե - շիրմակույտի տակ,
Քե՛զ ես երբե՜ք, երբե՜ք հրաժեշտ չե՛մ տա:
Եվ նրա համար չե՛ն - զույգ թեւերս չքնա՜ղ,
Որ ծանրությունն հողի պահեմ սրտիս վրա:
Այն արվարձանը բարուրվածների՝ անա՜չք, անձա՜յն,
Ես ինձանով չե՛մ բազմացնի, հարկա՜վ:
Թափով թեւերս կազատե՜մ ու կպոկեմ միանգամի՜ց
Իրանս ձիգ - բարուրներից քո՛, Մա՜հ.
Շրջակայքում այդ միջոցին անտառը կխանձվի՜,
Ու կհալչե՜ն հազար վերստի ձյուները պաղ:
Բայց եւ այնպես, թե ես - ուսե՛րս, թեւե՛րս, ծնկնե՛րս, կծկելո՜վ,
Թույլ տամ՝ տանե՜ք, թաղե՜ք ինձ - լոկ այն հույսով,
Որ ես նորից կելնե՜մ այդ աճյունից - ծաղկող
Վարդի թփով՝ զրնգուն իմ տողերով:
* * *
Քանի՜-քանիսն են կործանվել այն անդունդում -
Փռված հեռվում...
Կգա մի օր՝ կանհետանամ ես էլ այդպես -
Լուռ ու անտես:
Ամե՜նը, ինչ երգում, փայլում ու պայքարում էր -
Կպաղի՜.
Եվ ձայնս իմ քնքույշ, եւ ծամերիս ոսկին,
Եվ կանաչ ցոլքն իմ աչքերի:
Իսկ կյանքը կընթանա՝ մեր գորշ այս առօրյան -
Հացով իր օրական:
Ամենը կլինի այնպես, ասես,
Չեմ էլ եղել ես:
Ես, մանկան պես միշտ փոփոխվող,
Շատ շուտ զայրույթս մոռացող,
Ես, որ այնպես էի սիրում, երբ բուխարում
Ածուխն էր մոխրանում...
Իսկ թավջութակի ձա՜յնը... Աղմո՜ւկը անտառի...
Ժամ-պատարա՜գը մեր գյուղի...
Ես - միշտ կարոտ կյանքին ու կյանքով լի -
Չեմ էլ եղել, ասես, հողի վրա ջերմ ու սիրալիր:
Ձեզ բոլորի՜ցդ (ի՛նձ՝ չափ ու սահման չճանաչող,
Ինձ ի՞նչ - դու բարեկա՜մ ես, թե օտա՜ր...),
Ձեզ բոլորի՜ցդ պահանջում եմ ես - հավա՜տ,
Ձեզ բոլորի՛ցդ ես խնդրում եմ - սե՜ր:
Սե՜ր - նրա համար, որ բանավոր- գրավոր, գիշեր-ցերեկ,
Հանուն արդարության, գոչում եմ ու ճչում.
- «Ո՛չ» կամ «Այո՛», եւ նրա համար, որ ես, իմ քսան տարում,
Հաճախ եմ շատ տխրում - ինձ սիրեցե՜ք,
Եվ նրա համար, որ բախտն է իմ - ներել անվե՜րջ,
Անսանձ իմ քնքշության համար,
Չափն անց գոռոզության համար -
Ինձ սիրեցե՜ք,
Արագընթաց կյանքիս համար, անկեղծ խոսքիս ու -
Կեղծ խաղիս համար... Լսե՜ք -
Մեկ էլ նրա համար, որ պիտ մեռնե՜մ՝
Ինձ սիրեցե՜ք...
* * *
Արոսի՛ն
Կոտրատում էին
Արշալույսի՜ն:
Արոսու
Բախտը չա՛ր է՝
Դառը-դա՜ռը:
Արոսին՝
Ալեւո՜ր
Զառիվայր է...
Արոսի՛ն՝
Բա՛խտն է
Ռուսի՜:
* * *
Բացվեց կամացուկ մի փեղկը ահա:
Լուսամուտից - հոգու մասն երեւաց:
Դե՛, ե՛կ, բացե՜նք մյուս փեղկն էլ հիմա,
Բացենք մյուս փեղկն էլ - գոցած...
* * *
Նոր տարուն ես - մեն-մենակ:
Ե՛ս, հարուստս,- խեղճ աղքատ:
Թեւավո՜րս - անիծվա՜ծ:
Ինչ-որ տեղ - անթիվ ձեռքեր,
Իրար սեղմված, ու գինի - հին ու ընտի՜ր...
Բայց այդ օրը - անիծված էր թեւավո՜րը:
Ա՛յն, միա՜կը - մեն-մենակ էր, մեն- մենա՜կ՝
Ասես պատուհանի աչքում - լուսնյակ:
* * *
Հայրենի տան մաշող կարոտն՝
Գլխացավանք, ծաղրի արժան: Եվ միեւնույն է ինձ համար,
Թե որ ճամփով մի քարքարոտ
Շուկայից տուն քարշ տալ պաշար.
Տուն-զորանոց, հիվանդանոց,
Որն չգիտե - որ ե՛ս եմ տերն...
Եվ միեւնույն է ինձ դարձել,
Թե մեն-մենակ որտե՞ղ ապրեմ,
Եվ միեւնույն է, թե դարձյալ
Ո՞վ կստիպի ինձ ղնջրտալ,
Ասես գերի առյուծ:
Եվ ո՞վ պիտի նորից վանի՛, թաղի՛ ինձ -
Իմ «Ես»-ի մեջ: Եվ միեւնույն է, թե որտե՞ղ
Նվաստանամ, չընտելանամ (չե՛մ էլ տքնում),
Ասես այն արջը կամչատյան,
Որ հարազատ սառույցներն է երազում:
Չեմ հրապուրվի անգամ լեզվով
Իմ մայրենի - կաթնակոչով նրա,
Եվ միեւնույն է, թե որով,
Քեզ դիմացինդ չհասկանա.
(Դա ընթերցող լինի, թե բամբասանք կթող,
Թե տոննայով թերթեր կուլ տվող...)
Նա պատկանում է քսաներորդ դարին,
Իսկ ես - դարերից դո՜ւրս:
Ապշած, գերան անզգամ դարձած,
Որը առաջ՝ ծառուղիում - ծառ էր կանաչ,
Նայում եմ. մեկ են արդեն ամենքը ու ամենը,
Եվ ամենից էլ անտարբեր է
Հարազատից հարազատը՝ եղած- անցածը...
Օրերը, տարեթվերը, կարծես ձեռքով սրբած,ջնջված են,
Ու ես՝ մի մերկ հոգի լինեմ, ասես,
Ի՜նչ-որ մի տեղ ծնված:
Ինձ - հայրենիքս իմ - չպահպանեց՝ այնպես վանեց,
Որ խուզարկուն էլ սրատես վերից վար էլ հոգիս թե քրքրի -
Ա՜խ, հարազատ իմ անցյալից ո՛չ մի նշան՝
Մի բիծ անգամ, նա չի՛ գտնի:
Դատարկ է ինձ համար տաճարն, օտար - ամեն մի տուն,
Ամենքը ու ամենը՝ անտարբեր ու միեւնույն:
Բայց երբ աչքովս է ընկնում, ճանապարհին,
Մի որեւիցե թուփ, մանավանդ - արոսի՜ն...
* * *
Ինչ-որ ձեզ պիտանի չէ, մարդի՛կ, բերե՛ք ի՜նձ.
Կվառվի՜ իմ կրակում - ամեն ի՜նչ:
Ինձ կյա՛նքն էլ է հուզում, ինձ մա՛հն էլ է հուզում՝
Կընծայեմ ամե՜նն - իմ կրակին կիզիչ:
Բոցը նյութ է սիրում - չոր, թեթեւ.
Պսակնե՜ր, ցախ, բառեր ու բառե՜ր...
Թող սնված դրանցով, բարձրանա կրակն իր հո՜ւր:
Իսկ դո՛ւք՝ հարություն առե՜ք ու նորից ապրե՜ք - մոխրից էլ մաքո՜ւր:
Փյունիկ հավքն եմ՝ երգում եմ - վառվում հրավառ:
Պահպանե՜ք բարձր կյանքս հրդեհի՜:
Հուր կրակ եմ - վառվում եմ իսպառ.
Թող գիշե՜րն էլ ձեր լուսավո՜ր լինի:
Կրակի շատրվա՜ն - խարույկ սառցի՜:
Բարձր եմ պահում իրանս սլացիկ:
Բարձր եմ կրում եւ պաշտոնս իմ՝
Ժառանգի՜ ու Զրուցակցի՜:
* * *
Գիշեր է քաղաքում իմ մեծ - գիշե՜ր:
Նիրհած տնից փախչում եմ դուրս, ասես ստվեր:
- Բայց ամուսի՞նդ... Երեխա՞դ... - մարդիկ կասեն...
Իսկ ես - հիշում եմ միմիայն - գիշե՜ր, գիշե՜ր...
Փչո՜ւմ, ավլում է հուլիսյան քամին,
Պատուհանից, հեռվում, հնչում է նվագն անուշ:
Քամի՜ն, անխիղճ քամին - մինչ արշալույս
Պիտի կրծքիս խփի՝ հասնի - հոգվույս:
Կա սեւ բարդին, եւ լույսն ահա - պատուհանում,
Աշտարակից - ժամացույցի ղողանջն է պարզ հնչում,
Ձեռքիս ծաղիկը - կա, քայլերս - չփնտրող եւ ոչ մեկին,
Ստվերս - կա... Իսկ ես - չկա՛մ, չկա՜մ...
Ահա - ոսկյա շարանը լապտերի,
Ու համն - անմիտ ծամած մի տերեւի...
Ազատեցե՜ք կապանքներից այս առօրյա,
Դե՛, հասկացե՜ք, երա՛զ եմ ես, ցնո՜րք միայն...
* * *
Թե թեւավոր է հոգին ծնվել՝
Խրճի՜թ, ապարա՜նք - նրան միեւնույն են:
Ի՜նչ Չինգիզ-խան, ի՜նչ Հրոսի ավեր...
Լոկ երկու ոսոխ աշխարհում ունեմ -
Միասին ձուլված երկվորյակ երկու.
Կուշտի հագությունն ու - քաղցը սոված մարդու:
* * *
Մի սուսեր ուներ այդ Դոն-Ժուանը,
Եվ մեկ էլ ուներ նա՝ Դոննա-Աննա:
Պատմեցին մարդիկ ինձ լոկ այսքանը,
Լոկ այսքանն ուներ չքնաղ դժբախտը՝ Դոն - Ժուանը:
Բայց այսօր ես խելացի եղա.
Կես գիշեր էր՝ ճանապարհ ընկա:
Ինչ-որ մեկը համընթաց քայլում՝
Անուններ էր թվարկում...
Ու միգում հալչում, կորչում էր գավազանը...
Ո՛չ, չուներ Ժուանը - Դոննա-Աննա...
* * *
Իրիկնապահի Արեւը - ավելի բարի ու մեղմ է,
Քան արեւը կեսօրվա.
Մոլեռանդ է, ոչ թե ջերմ է,
Միշտ արեւը կեսօրվա:
Հեզ, հանգիստ ու ինքնամփոփ է
Իրիկնապահի Արեւը:
Իմաստուն է՝ խուսափում է
Կուրացնել նա մեր աչքերը:
Պարզությամբ արքայական իր
Հուզելով,
Արեգակը Իրիկնապահի
Բանաստեղծին թա՜նկ է ավելի:
Խավարով խաչված ամեն մի երեկո,
Արեգակը Իրիկնապահի
Ամբոխին երբե՛ք
Գլուխ չի՛ տալիս:
Կործանվող գահից, հիշի՛ր
Ֆեբի՜ն: Կործանվո՜ղը - վա՛ր չի նայում.
Իր հայացքը - վե՛ր է հառում՝
Երկնքի՜ն:
Մի՛ հապաղի հարեւան
Կատարին զանգակատա՜ն:
Ե՛ս թող լինեմ քո վերջի՜ն
Զանգակատուն - ապաստանն:
* * *
Արեւը - միակն է, բայց քայլում է քաղաքից քաղաք:
Արեւը - լոկ ի՛մն է՝ ո՛չ մեկին չե՛մ զիջի նրան:
Նրա շո՛ղն էլ անգամ.- ո՛չ մի ժամով, ո՛չ մի հայացքի: Երբե՜ք: Ո՛չ մեկի՜ն:
Թո՛ղ կործանվեն խավարում անվերջ քաղաքներն անթի՜վ:
Որ չպտտվի - ամուր կպահե՜մ նրան իմ ափերում:
Ի՜նչ հոգս՝ թե ձեռքե՛րս, շուրթե՛րս ու սի՛րտս է այրո՜ւմ:
Կընկնե՜մ ետեւից, կերթա՜մ հետքերով - թե խավարում նա կորչի՜...
Արեւ՜, ի՛մ Արեւ՜, ես քեզ ո՛չ մեկին չե՛մ զիջի՜...
* * *
Թեւքը բարակ պատմուճանիս
Ձեռքիդ իջավ, բարեկամս:
- Թեւավոր եմ ես, իսկապե՜ս,
Դժբախտության իմ ընկերս:
Դա հասկացար. բայց ինչպե՞ս
Կդիմանաս իմ անիծյալ քնքշությա՜նս:
Չե՛ս դիմանա, եւ ահա՛, երախտապարտ ջերմությանս,
Համբուրում ես թեւքս բարակ...
Իսկ քամին փչո՜ւմ, խարույկներն է մարում,
Երփներանգ վրանները քաշքշում, քրքրում,
Պատմուճանիս թեւիկները ձեռքիդ վրայից մի կողմ քաշում...
Փչո՜ւմ, շնչո՜ւմ ու շշնջո՜ւմ.
- Հոգի՛դ անմեղ մի՛ կործանի՜ր՝
Թեւավոր կին դու մի՛ սիրի՜ր...
ՍԵՐ
Հո՞ւր: Յաթաղա՞ն:
Խոսենք համեստ,-
Պետք չէ՛ ճոռոմ այդպես.
Կսկիծ է դա՝ մոտ ու ծանոթ,
Ինչպես աչքիդ - ափը ձեռքիդ,
Ու շուրթերիդ -
Անունը զավակիդ:
* * *
Չե՛մ հուզում, չե՛մ արբեցնում՝
Կանացի նազ ու տուզով ես քեզ չե՛մ թույնում:
Շիտակ ձեռքս եմ քեզ պարզում.
Ա՛ջս իմ, որով գրում եմ,
Որով միշտ դստերս օրհնում եմ:
Այս իմ ձեռքս եմ քեզ մեկնում,
Որ թղթի վրայով սահում՝
Աստծո տվածն է գրի առնում:
Ձախը՝ ա՜խ, հանդուգն է նա,
Քծնվո՜ղ, նե՜նգ ու խարդա՜խ:
Առ դու ձեռքս ա՛ջ, ահա՛՝
Վստահելի՜ ու արդա՛ր:
* * *
Ինչպես աջ ձեռքը - ձախ ձեռքին՝
Հոգուն իմ մոտ է - քո հոգին:
Մենք իրար կից ենք - ջերմ ու երջանի՜կ,
Ինչպես աջ թեւը - ձախ թեւին:
Բայց երբ մրրիկ է բարձրանում - ավա՜ղ,
Անդունդն է երեւում - թեւից թեւ՝ աջ եւ ձախ:
* * *
- Դու մեզ պատմիր գարնան մասին,-
Թոռը խնդրում է պառավին:
Բայց գլուխն է իր տարուբերում,
Այսպես է նա պատասխանում.
- Գարունը, օ՜հ, մեծ մեղք է դա,
Ահե՜ղ ու ահավո՜ր է նա...
- Սիրո մասին պատմեիր դու մեզ,-
Չքնաղ թոռը երգում է հեզ:
Հայացքը իր հառած կրակին.
- Օ՜հ,- հառաչում է նա կրկին.
- Սերը՝ մեծ մե՜ղք է,
Սերը՝ աղե՜տ է, սերը՝ ահե՜ղ է...
Արշալույսին, հետո, բակում,
Անմեղությունն էր անուշ երգում.
- Սերը՝ մեծ մե՜ղք է, սերը՝ աղե՜տ է,
Սերը՝ ահե՜ղ է...
* * *
Կուսությո՜ւն - կորով. ասես մահն ու փառքը՝
Սքանչելի ու հին է այս դաշինքը:
Ես երդվում եմ կարմիր արյունով իմ,
Սեփական գանգրահեր գլխով իմ -
Խաղաղության սուրբ բեռից բացի,
Ուրի՛շ բեռ - ուսերիս երբեք չի՛ լինի՜:
Ձեռքս քնքուշ իջեցնում եմ սրիս՝
Կարապաձեւ պարանոցին քնարիս:
* * *
Ահա՛ նա - տե՛ս՝ օտարությունից հոգնած,
Մի առաջնորդ - զորքից զրկված:
Ահա՛ - կում-կում խմում է բուռն գետակից -
Իշխանը՝ զրկված իր երկրից:
Իշխանությո՜ւն եւ զորք, եւ հաց, եւ մայր -
Ամենն, ամենն այնտե՜ղ է նրա համար:
Հիանալի՜ է ժառանգությունդ քո - տիրի՜ր,
Ընկեր - առանց ընկերների՜:
* * *
Զույգ ձեռքերս տրված են - զույգն էլ մեկնեմ ամենքին:
Եվ շուրթերս տրված են - ամենն անվանեմ: Իսկ աչքե՞րս... տե՛ս, ինչ բարձր է կամարն հոնքերիս.
Զարմանում եմ, երբ տեսնում եմ սեր մի ուժգին,
Թե - չկա ո՛չ մի սեր - զարմանում քնքշաբար ավելի:
Իսկ այս զանգը, որ ծանր է Կրեմլի զանգերից,
Որ զարկում ու զարկում է կրծքումս անդադար,-
Ո՞վ գիտե... Չգիտեմ... Երեւի այն տրված լինի ինձ,
Որ չափից ավելին ես չապրե՜մ ռուսական հողի վրա:
* * *
Ճակատն համբուրել - հոգսից ազատել:
Համբուրո՜ւմ, համբուրո՜ւմ եմ ճակատդ:
Աչքերն համբուրել - քնատությունը ցրել:
Համբուրո՜ւմ, համբուրո՜ւմ եմ աչքերդ:
Շուրթերն համբուրել - ծարավն հագեցնել:
Համբուրո՜ւմ, համբուրո՜ւմ եմ շուրթերդ:
Ճակատն համբուրել - հիշատակը ջնջել:
Համբուրո՜ւմ, համբուրո՜ւմ եմ ճակատդ:
* * *
Անունդ քո - թռչուն ձեռքիս,
Անունդ քո - սառցե կտոր, հալչող լեզվիս:
Անունդ քո - շուրթից թռած
Հինգ տառ՝ մի վանկ դարձած:
Թռիչքում բռնած գնդակ է նա,
Բերանում - զանգակ մի արծաթյա:
Քարը, նետած անդորր լճակ,
Քո անունդ դարձյալ կտա:
Երբ սմբակներն են դոփում թեթեւ,
Զրնգում է անունդ հնչեղ:
Եվ քունքին դեմ տված չրխկոցն բլթակի
Անունդ դարձյալ կկրկնի:
Անունդ քո - օ՜, ո՛չ, ցնո՜րք է դա...
Համբույր է դա - աչքերիդ փակ,
Կոպերիդ - նո՜ւրբ, անշա՜րժ ու պա՜ղ.
Սառն ու մաքուր ձյունոտ համբույր՝
Սարի աղբրից - կապույտ մի կում:
Անունդ շուրթերիս՝ խորն ու հանգիստ եմ քնո՜ւմ...
* * *
Ահա՛ նրա՜նք շտապով գրված,
Դառնությունից, գգվանքից - շիկացած.
Սեր ու սիրո մեջ է խաչված
Իմ ակնթարթը, ժամը, օրը, տարին ու դարը:
Լսում եմ. դղրդում է ողջ աշխարհը, ու ինչ-որ տեղ՝
Ամպրոպ է, թե աղետ: Վերստին փայլում են նետ, աղե՜ղ -
Դա - Ամազոնն է... Իսկ ես - անզոր եմ սանձը ձգել գրչիս.
Ա՜խ, երկու վարդ արյունս քամեցին սրտի՜ս:
* * *
Ճղեցի երակներս. անկանգուն -
Շռռա՜ց կյանքս:
Դե՛մ տվե՜ք կաթսաները մաքուր.
Ափսե՛, թա՛ս ու սինի՜...
Թեպետ, ի՛նչ էլ բերեք՝ փո՛քր, տափա՛կ կլինի՜:
Շպպո՜ւմ է արյունս, սեւ հողին թափվում՝
Եղեգնն է սնում... Անարգե՜լ, անկանգո՜ւն-
Տողերս հոսում են, հոսո՜ւմ...
* * *
«Մնաք բարո՜վ, դո՛ւք, ի՛մ սարե՛ր,
Մնաք բարո՜վ, դո՛ւք, ի՛մ գետե՜ր,
Մնաք բարո՜վ, դո՛ւք, ի՛մ արտե՜ր,
Մնաք բարո՜վ, դո՛ւք, ի՛մ խոտե՜ր...»:
Զինվորին մայրը խաչն էր հագցնում,
Զավակից հավիտյան բաժանվում...
Ու նորից - խրճիթից կռացած.
- Դո՛ւք, ի՛մ գետե՜ր, բարո՜վ մնաք...
* * *
Թող չհիշե՜ պատանին -
Անօգնական ծերությունը:
Թող չհիշե՜ ծերունին -
Երջանիկ ջահելությունը:
Ամեն ինչ սրբում-տանում են ալիքները կապուտա՜կ...
Ծովը - քոնը չէ՛, ավա՜ղ,
Մոռացություն, նինջ, նիրհա՜նք
Թող իջնի՜ մարդկանց վրա:
Խորշոմավոր դու անցորդ, մի՛ հիացի՜ր-
Այն հեռու առագաստով...
Ա՜խ, ծերություն, մի՛ հիացի՜ր -
Ջահելության օրերով:
Ամեն մեկը - իր դարդով. ով սպասում է իր վերջին,
Ով՝ կարոտ է դեռ ուսմանն...
Մոռացություն, նիրհանք, նի՜նջ,
Թող իջնի՜ մարդկանց վրա:
Ոսկեհեր ջահելություն,
Ծերությունից - դաս մի՛ առնի.
Ծածկամիտ է ծերությունն,
Խելացնոր ու անմիտ:
Մոռացություն, նինջ, նիրհա՜նք,
Թող իջնի՜ մարդկանց վրա...
* * *
Վերջապես ես էլ գտա
Անհրաժեշտ ինձ մի մարդու.
Ինչ-որ մեկը մահու չափ
Իմ կարիքն է միշտ զգում:
Ինչպես աչքն է մեր ուրախ - ծիածանին,
Ինչպես բույսն է միշտ կարոտ - սեւահողին,
Կարեւոր է միշտ մարդուն՝
Մյուսի կարիքն իրենում:
Ծիածանից, անձրեւից,
Ու սեփական էլ բազկից,
Կարեւոր է ավելի
Մեկի կարոտը ձեռքի - ի՛մ ձեռքերի՜ն...
Լադոգայից լայն է դա
Սարից էլ կանգուն՝
Երբ ի՛մ ձեռքի կարիքն է զգում
Ինչ-որ մեկի խոցը հոգու:
Եվ, որ վերքը քո ափի,
Բացել, ինձ ես վստահել,
Ես ի՛մ ձեռքս, այդ առթիվ,
Պատրաստ եմ - այրե՜լ:
* * *
Երկնքում սեւ - գրված են բառեր,
Իսկ աչքերն սքանչելի - կուրացել են, մարել...
Մեզ համար ո՛չ մահիճն է մահվան սոսկալի,
Ո՛չ էլ քաղցր է մահիճն տենչանքի:
Քրտինքով գրող՝ դաշտերում վարող:
Մեզ ծանոթ է եռանդ մի ա՜յլ -
Թեթեւ հուրը, գանգրերից վեր պարո՜ղ՝
Սոսափյունը - ոգեշնչմա՜ն:
* * *
Ասես աստղեր, վարդեր, ասես, - տողերն ծնվում են ու աճում,
Ասես գեղեցկություն, որն ավելորդ է ընտանյաց կյանքում,
Իսկ գովասանքներին, պսակներին - միշտ նույնն եմ ես պատասխանում.
- Ախ, այս բոլորն, արդյոք, ինձ որտեղի՞ց:
Նիրհում ենք. եւ ահա - սալ քարերի արանքներից՝
Հյուր երկնային - չորս ծաղկաթերթերից:
Մարդի՜կ, դե՛, հասկացե՛ք, պոետը երազում կգուշակի՝
Թե՛ բանաձեւը ծաղիկի, եւ թե՛ օրենքը աստղերի՜:
* * *
Օրհնում եմ աշխատանքը առօրյա,
Օրհնում եմ եւ հանգիստը գիշերվա,
Եվ - գթությունն Աստծո Վերջին Օրվա...
Օրհնում եմ ես - Բարի օրենքը եւ Բարի օրենքը:
Օրհնյա՜լ լինի եւ քղամիդս - քրքրված,
Փոշոտ իմ գավազանս - ճառագայթ դարձած:
Օտար օջախն էլ թո՛ղ օրհնյա՜լ լինի,
Հա՜ցն էլ - այդ օջախի...
* * *
Ահա՛, երկու ծառ. ձգվում են - ձգտում են իրար:
Ահա՛, երկու ծառ - կանգնած են: Տունս - դիմացն է:
Տունս՝ հին: Ծառերը՝ ծեր: Ես՝ ջահել:
Թերեւս դա՛ է պատճառը,
Որ կարող եմ խղճալ - ի՜նչ-որ ծառեր:
Նա, որը փոքր է, վերջին իր ուժերն է լարում,
Թվում է - կին է. ձգո՜ւմ է թեւերը, ձգո՜ւմ...
Ի՜նչ ծանր է նայելը, ինչպես է ձգվում ա՛յն, ջահե՜լը,
Ձգտում է մյուսին, որը ծեր է,
Մյուսին, որն տոկուն է, որն շա՜տ դիմացկուն է,
Բայց, ո՞վ գիտե, երեւի,- դժբախտ ավելի:
Ու մայրամուտի բոցում, անընդհատ՝
Թե՛ անձրեւին եւ թե՛ ձյան տակ,
Ասես հենվել են ուզում ուսին՝ մեկը մյուսի,
Ձգվում են, ձգտում են միշտ՝ մեկը մյուսին,
Օրենքն է ընդմի՜շտ՝ մեկը մյուսի՜ն...
* * *
Կարմիր ողկույզով
Բռնկվեց սնձենին.
Տերեւաթափ էր՝
Ես ծնվեցի:
Վիճում էին բյուր
Զանգերն քաղաքի.
Օրը - շաբաթ էր՝
Սուրբ Հովսեփի:
Եվ ես մինչ հիմա
Ծամել եմ ուզում
Ողկույզն դառնահամ
Կրակոտ սնձենու: