ԱՆՏԻԿ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ՀԱՐՑԸ «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒԹՅԱՆ» ՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Սեյրան Զաքարյան
Ակադեմիկոս Ս.Ս. Արեւշատյանը, 1999թ. լինելով իմ դոկտորական ատենախոսության պաշտոնական ընդդիմախոս, իր պաշտոնական կարծիքում ցանկություն էր հայտնել, որ հետագայում շարունակեմ զբաղվել X XIV դարերի հայ մշակույթի, հատկապես` «Հայկական Վերածնության» տեսությանն աղերսվող հարցերի ուսումնասիրությամբ: Քանի որ այդ ցանկությունը համահունչ էր իմ նախասիրությանը, սկսեցի այդ ուղղությամբ աշխատել: Սույն ժողովածուում տպագրվող հոդվածը այդ ուսումնասիրության շրջանակներում կատարված աշխատանքների նախնական արդյունքներից է:
Չնայած այդպիսի պնդումներին, այնուհանդերձ, Արեւելյան եւ Հայկական Վերածնության կողմնակիցները Արեւելքի երկրներում եւ Հայաստանում ծաղկած մշակույթում տեսնում են անտիկ ավանդույթների վերականգման փաստը: Մ. Աբեղյանի կարծիքով X XI դարերում հայ գրականության մեջ «վերածնվել է հեթանոսական դարերի բուն աշխարհիկ ոգին եւ աշխարհայեցությունը՝ հակառակ կրոնական-եկեղեցականի»5: Ըստ Ն. Մանուկյանի՝ «նոր պայմաններում գրականության, արվեստների եւ ճարտարապետության մեջ մասնակիորեն տեղի է ունենում աշխարհիկացում, ուժեղանում է բնականին նմանվելու ձգտումը, արժեքավորվում է ոչ միայն մարդու հոգեկանը, այլեւ՝ ֆիզիկականը, ստեղծվում են գրական նոր ժանրեր: Հայ մատենագիրները նոր առաջացող երեւույթները դրսեւորում եւ հաստատում են նաեւ կրոնական-կանոնական գրականության առանձին մտքերի նոր ու յուրահատուկ մեկնաբանությամբ: Խոսքը մասնավորելով մատենագրության մեջ դրսեւորված երեւույթներին, պետք է ասել, որ հայ մատենագիրները պեղել են հայ եւ համաշխարհային մշակույթի գանձերը, առաջին հերթին դիմել V դարի հայկական պատմագեղարվեստական արձակին, որի միջոցով էլ հեթանոսական շրջանի հայկական բանահյուսությանն ու գրականությանը, ինչպես նաեւ հին հունական հարուստ գրականությանը: Այդ ամենից նրանք վերցրել են կենսահաստատը, լուսավորն ու գեղեցիկը, օգտագործել ժողովրդական բառն ու բանը, արվեստի որոշ կողմեր /անմիջականությունը, պարզությունը, պատկերավորման արվեստի գյուտերն ու գույները, ռիթմիկան ու հանգավորումը/ եւ միջնադարյան հոյակապ ճարտարապետությանն ու մանրանկարչությանը զուգընթաց ստեղծել մի յուրահատուկ վերածնություն գրականության մեջ»6:
Վ. Չալոյանը նշում է, որ Անիի ժամանակաշրջանի Հայաստանում վերածնվում էր հին մշակույթը, երեւան էր գալիս նոր հարաճուն հետաքրքրություն դեպի հին հունական եւ հելլենիստական, ինչպես հին հայկական մշակույթի հեղինակները, դեպի նրանց փիլիսոփայական, տրամաբանական, մաթեմատիկական ու բնագիտական, պատմական ու քերականական երկերը: Ուսումնասիրվում էին Դավիթ Անհաղթի եւ Անանիա Շիրակացու աշխատությունները: Շրջանառության մեջ են մտնում անտիկ մշակույթի ներկայացուցիչների հին ու նոր թարգմանությունները, օրինակ, բնության մասին Զենոնի երկը, Թեոնի ճարտասանությունը, Դիոնիսիոս Թրակիացու քերականությունը, Պլատոնի «Թիմեոս» եւ «Ֆեդոն» տրամախոսությունների նոր թարգմանությունները: Վերածնության շրջանում Հայաստանի զանազան վայրերում, անտիկ աշխարհի օրինակով, հիմնվում են գիտական կենտրոններ / Հաղպատ, Անի, Սանահին, Գլաձոր, Տաթեւ եւ այլն/, որտեղ ուսումնասիրում էին փիլիսոփայություն, տրամաբանություն, գրականություն եւ արվեստ, մաթեմատիկա, բնագիտություն, քերականություն եւ ճարտասանություն: Ըստ Հ. Թամրազյանի՝ այս շրջանի նշանավոր մտածողները «անցյալի աշխարհիկ արվեստների ու գիտության ուսումնասիրությունը եւ վերծանումը դարձրել էին իրենց գիտական գործունեության եւ դպրոցի կրթության հիմքը»7:
Միջնադարյան մշակույթի ձեւավորման, զարգացման եւ անկման ժամանակահատվածում տեղի են ունենում անտիկ մշակութային ժառանգության յուրացման գործընթացներ: Հ. Մորի կարծիքով՝ միջնադարյան եվրոպական մշակույթի ձեւավորման շրջանում անտիկ մշակույթի յուրացումը մակերեսային, հատվածական բնույթ է կրել, ուստի կարելի է դա, խիստ իմաստով, յուրացում չհամարել: Անտիկ մշակույթի առաջին յուրացումը կատարվում ֆեոդալիզմի ամբողջական զարգացման շրջանում, այսինքն, երբ ֆեոդալական հասարակության մեջ ձեւավորվում են ապրանքադրամական հարաբերություններ, եւ դրա հետ մեկտեղ երեւան է գալիս բյուրգերությունը, բյուրգերական գիտակցությունը, որի արտահայտիչն էր մտավորականությունը (մագիստրոսներ, նկարիչներ, բանաստեղծներ), կամ բյուրգերական մտածելակերպի ազդեցությունը կրած քաղաքացիներ, որոնք, ի հակադրություն եկեղեցական դոգմատիկայի, ստեղծում են աշխարհի իրենց պատկերը, իրենց գիտությունը, գրականությունը եւ արվեստը: Այս գործընթացը նկատվում է ինչպես Արեւմուտքում, այնպես էլ Արեւելքում, ինչը կարող է համեմատությունների անցկացման հիմք լինել:
ա) Անտիկ երկերի թարգմանություններ եւ մեկնաբանություններ, որոնց շնորհիվ որոշակի պատկերացում է ստեղծվում անտիկ մշակութային ժառանգության մասին: Եվրոպայում նշանակալից էր հատկապես Արիստոտելի ժառանգության տարածումը:
բ) Ուղղափառ (գերիշխող) գաղափարախոսության դեմ ուղղված կամ դրանից շեղվող գաղափարախոսության առաջացում (օրինակ` լատինական ավերոիզմը Եվրոպայում), որը տարբերվում է ուղղափառ ուսմունքից ոչ միայն ըստ ձեւի, այլեւ մասամբ նաեւ ըստ բովանդակության (օրինակ` առաջադրվում են մատերիայի հավերժության, անհատական հոգու հավերժության ժխտման գաղափարները, երեւան է գալիս աստվածաբանությունից անկախ բնագիտական ու փիլիսոփայական մտածողություն եւ այլն):
գ) Եկեղեցու հակահարձակում, որը սկզբում կիրառվում է արգելքներ, այնուհետեւ իր ուսմունքում սկսում է օգտագործել «մշակման ենթարկված» կատեգորիաներ:
դ) Անտիկ մշակույթի այս պաշտոնական փոխառությունը սահմանափակվում է որոշակի մտաձեւերի, կատեգորիաների եւ գիտական մեթոդների կիրառմամբ: Երեւան են գալիս «հավաքումներ», հանրագիտարաններ, որոնք համակարգում են այդ ժամանակվա գիտելիքները: Այսպիսի փոխառությունն անխուսափելիորեն հանգեցնում է բնագիտական հարցադրումների, աշխարհիկ գիտության, փորձի եւ փորձնական գիտելիքի նկատմամբ հետաքրքրության աճին, որը, սակայն, դեռեւս գտնվում է աստվածաբանության հսկողության տակ, կամ, համենայն դեպս, դրանից լրիվ անկախ չէ:
Անտիկ մշակույթի յուրացման վերածնական փուլի հատկություններն են.
ա) առաջին պլանում հայտնվում է անհատը, որով ձգտում է աշխարհիկ կյանքում հասնել կատարելության, ազատորեն իրականացնել իր ունակությունները: Այդ անհատը հրաժարվում է տանել ստրկացումը եւ եկեղեցու հոգեւոր լուծը:
բ) ռացիոնալությունը, որպես կրոնական գերիշխանությունից ազատվելու կատեգորիա, ձեռք է բերում նոր նշանակություն եւ հաղթանակ է տանում իռացիոնալ, միստիկ ուղղության նկատմամբ,
դ) ազգային գիտակցությունը, ազգային լեզուն հակադրվում է լատինական լեզվին, ազգային պետականության գաղափարը՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու աշխարհակալական նկրտումներին,
ե) երեւան է գալիս կրթվածության նոր իդեալ, որը գիտակցաբար հակադրվում է միջնադարյան սխոլաստիկական իդեալին9:
Միջնադարի եւ Վերածննդի մշակույթների թռուցիկ համեմատությունը (Հ. Մորի կողմից թվարկված հատկությունները կարելի է ավելացնել նորերով) ցույց է տալիս, որ դրանցում վերածնվել են ինչպես նման, այնպես էլ տարբեր մշակութային արժեքներ ու ավանդույթներ: Սակայն բոլոր դեպքում տարբերությունները ակնհայտ են: «Ճիշդ այնպէս, ինչպէս միջին դարերի աշխարհայեցութիւնը բացասում էր անտիկ մշակոյթի աշխարհիկ ոգին՝ իր համար ընդունելի արժէքների ժառանգորդմամբ, այդպէս էլ վերածնութիւնը մերժում էր միջնադարի կրօնա-եկեղեցական եւ ասկետիկ ոգին՝ ժառանգելով իր համար ընդունելի արժէքները: Միջնադարը ստեղծել է իր մշակոյթը՝ անտիկ առանձին աւանդոյթների վերաիմաստավորմամբ, վերածնութիւնը իր արժէքները՝ թէ անտիկ աւանդոյթների վերարծարծմամբ եւ թէ միջին դարերի առանձին նուաճումների զարգացմամբ»10:
Այն հանգամանքը, որ հայ հին բանավոր մշակույթը մեծ դեր չի խաղացել ժամանակաշրջանի գրականության զարգացման մեջ, գուցե այնքան էլ էական չէ, որովհետեւ, գտնվելով արեւմտյան քաղաքակրթության մշակութային տարածքում, հայերի, ինչպես եւ եվրոպական բոլոր ազգերի մշակույթների զարգացման հիմքում ընկած է հունահռոմեական ավանդույթը, որ կարող էր վերականգվել Հայաստանում: Ի՞նչ է դրանից վերականգվել X XIV դդ. Հայաստանում եւ, ամենակարեւորը, ինչի՞ համար է վերականգվել:
Հայտնի է, որ անտիկ եւ հելլենիստական մշակույթի տարրերը մեզանում յուրացվել էին դեռեւս V VII դարերում, ընդսմին, որոշակի նպատակով: V դարի երկրորդ կեսից սկսած Հայաստանը հայտնվում է ռազմաքաղաքական, գաղափարական, կրոնական եւ մշակութային նոր իրավիճակում, ինչը պայմանավորում է աշխարհիկ բովանդակության գիտելիքի ներմուծման անհրաժեշտությունը: Ըստ Ս.Արեւշատյանի՝ «աշխարհիկ գիտություններն ու աշխարհիկ կրթվածությունն արդեն ոչ թե շքեղություն էին կամ կասկածելի հակվածություն դեպի «արտաքին» հեթանոսական գիտելիքները, այլ աստվածաբանական զանազան պրոբլեմների հիմնավորման ու մեկնաբանման անհրաժեշտ հենարան էին»11: Այսինքն՝ աշխարհիկ բովանդակությամբ գիտության եւ գրականության տարածումը կոչված էր ամրապնդելու հայ եկեղեցու գաղափարական դիրքերը: Ինքնըստինքյան հասկանալի է, որ անտիկ եւ հելլենիստական մշակույթից հիմնականում յուրացվում էր այն, ինչ ընդունելի էր քրիստոնեական գաղափարախոսության համար կամ գոնե չուներ հակաքրիստոնեական ուղղվածություն եւ աշխարհայացքային առումով սպառնալիք չէր տիրապետող գաղափարախոսության համար: Այսինքն՝ շնորհիվ այսպիսի գործառույթի, այդ անտիկ-հելլենիստական ավանդույթը արդեն իսկ վաղ միջնադարյան հայ մշակույթում «խաղաղ գոյակցում» էր տիրապետող կրոնա-աստվածաբանական ավանդույթի հետ: Դրա հնարավոր «հեղափոխականացնող» նշանակությունը իր իսկ գոյությունն էր: Ուստի, եթե X XIV դարերում վերականգվում էին անտիկ ու հելլենիստական ավանդույթները, ապա դրանք ոչ թե զուտ անտիկ, այլ քրիստոնեական ավազանում «մկրտված» արժեքներ էին: Եթե նույնիսկ ընդունենք, որ դա անտիկ մշակութային տարրերի վերականգում էր, ապա պետք է պարզենք, թե դրանք կոչված էին ամրապնդելո՞ւ, թե խարխլելու տիրապետող գաղափարախոսությունն ու մտածելակերպը: Այլ խոսքով, պետք է ցույց տալ, թե դրանց ներկայությունը ինչ հեղափոխող դեր է կատարել այս շրջանի մշակույթի զարգացման գործում:
Այն հանգամանքը, որ նշված ժամանակաշրջանում շրջանառության մեջ են դրվել քերականական, տրամաբանական, ճարտասանական երկեր, ապա զարմանալի ոչինչ չկա, որովհետեւ միջնադարում հենց այդ գիտություններն էին անհրաժեշտ կրոնական մեկնագիտության (էկզեգետիկայի)/ եւ աստվածաբանության զարգացման համար: Կրոնական, աստվածաբանական տեքստերի մեկնաբանման համար անհրաժեշտ էր լավ տիրապետել տրամաբանական եւ քերականական նյութին: Բնավ էլ պատահական չէ, որ Արիստոտելից թարգմանվել են հիմնականում տրամաբանական բնույթի երկեր: Այս տեսանկյունից վիճահարույց է Վ.Չալոյանի այն միտքը, թե քերականության ուսումնասիրումն ու հետազոտումը այդ ժամանակաշրջանում «ինքնին Վերածնության երեւույթ էր, թեկուզ նրա համար, որ ընդդեմ աստվածաբանության՝ «Studia divina», առաջադրվում էր «գիտություն մարդու մասին»՝ «Studia humana», որի տակ հասկացվում էր ոչ միայն լեզվի եւ մտածողության վերաբերյալ գիտություն, այլեւ հավասար չափով գրականագիտություն, էսթետիկա, ճարտասանության տեսություն, հումանիտար իմացությունների մի ամբողջ կոմպլեքս»12: Այս միտքը վիճահարույց է, նախ, այն պատճառով, որ եվրոպական Վերածնության մեջ վերածնական էր ոչ թե քերականության ուսումնասիրությունը (դա բնորոշ էր նաեւ միջնադարյան շրջանին), այլ լայն իմաստով բանասիրության առաջացումը, նեղ իմաստով, քննադատական բանասիրական հետազոտության երեւան գալը: Երկրորդ, իր բնույթով քերականությունը ո՛չ կարող է հանդես գալ աստվածաբանության դեմ, ո՛չ էլ՝ հավակնել «մարդու մասին գիտության» կոչմանը: Իսկ ավելի կոնկրետ, քերականության վերաբերյալ միջնադարյան հայ մտածողների (Գրիգոր Մագիստրոս, Հովհաննես Քռնեցի, Հովհաննես Երզնկացի) աշխատություններում առհասարակ չեն դիտարկվում աշխարհայացքային բնույթի հարցեր, չեն առաջադրվում ո՛չ հակաստվածաբանական, ո՛չ էլ «հումանիստական» բնույթի գաղափարներ: Ուստի, փաստական որեւէ հիմք չկա պնդելու, թե այդ ժամանակաշրջանի համար քերականության ուսումնասիրությունը «ինքնին Վերածնության երեւույթ էր»: Գրականության, հատկապես բանաստեղծության մեջ նկատվում է համանման մի երեւույթ. հայ հեղինակները (Գրիգոր Մագիստրոս, Հովհաննես Սարկավագ, Ներսես Շնորհալի, Հովհաննես Երզնկացի եւ ուրիշներ) հիշատակում են անտիկ որոշ բանաստեղծների անուններ, հիացմունք արտահայտում նրանց քերթողական արվեստի մասին, փորձում որոշ դեպքերում ընդօրինակել անտիկ հեղինակներին, սակայն նրանց քերթողական արվեստի վրա անտիկ ժառանգության լուրջ ազդեցության մասին դժվար է խոսել: Ռ. Գրիգորյանի կարծիքով այդ ազդեցությունը հույն մեծ հեղինակների ստեղծագործությունների արտաքին հատկանիշների նմանակումից այն կողմ չի անցել13: Այն հետազոտողները, ովքեր իրավացիորեն նշում են, թե X XIV դարերում հետաքրքրությունն անտիկ ավանդույթների հանդեպ առավել կրքով եւ խորությամբ է դրսեւորվել, նաեւ ավելացնում են հետեւյալը. «Այո, անտիկ ճարտարապետության Վերածնունդ այն ձեւով, ինչպես դա եղավ Եվրոպայում, Հայաստանում (որը այնուամենայնիվ ունեցել է իր անտիկը) 10-14-րդ դարերում չի եղել, այլ եղել է անտիկի (անտիկայնության) վերածնունդ ճարտարապետության մեջ, չի եղել նաեւ ճարտարապետության մեջ «հեղաշրջում» ինչպես Իտալիայում՝ գոթիկայի դեմ»14:
Նշված ժամանակահատվածում աշխուժանում է նաեւ բնագիտական եւ բնափիլիսոփայական միտքը, սակայն քննարկվող հարցերը, հատկապես` սկզբունքային, աշխարհայացքային բնույթ ունեցողները, եւ դրանց լուծումները, չնչին բացառությամբ, էապես չէին տարբերվում V VII դդ. առաջադրված լուծումներից: Էվկլիդեսի «Երկրաչափության» թարգմանությունը, Հովհաննես Սարկավագի մաթեմատիկական աշխատությունները, Մխիթար Հերացու եւ Գրիգորիսի բժշկագիտական գրքերը, Հովհաննես Երզնկացու, Հովհան Որոտնեցու եւ այլոց բնափիլիսոփայական բնույթի դատողությունները, թեեւ բովանդակային առումով ընդգրկում էին հարուստ նյութ, սակայն ամբողջությամբ վերցրած տեղավորվում էին ավանդական պատկերացումների շրջանակներում: Այսինքն՝ նրանց երկերում չի առաջադրվում աշխարհի բնափիլիսոփայական այնպիսի պատկեր, որը տարբերվեր կամ միտում ունենար տարբերվելու նախորդ դարերում մշակված պատկերից:
Այլ խոսքով, անտիկ ավանդույթների, անտիկ գիտության եւ փիլիսոփայության որոշ տարրերի վերականգնումը տվյալ շրջանի մշակույթում կատարել է ոչ թե հեղաշրջող-հեղաբեկող, այլ պահպանողական գործառույթ: Անցյալի մշակութային ժառանգության յուրացումը կատարվել է միջնադարյան մտածողության եւ գաղափարախոսության շրջանակներում, նպաստել է տիրապետող աշխարհայացքի ամրապնդմանը: Այսպիսի մոտեցումը թույլ է տալիս բացատրել Արեւելյան Վերածնության կողմնակիցների այն միտքը, թե արեւելյան երկրներում, այդ թվում` Հայաստանում, անտիկ ավանդույթների ընդհատում չի եղել: Միանգամայն հնարավոր է, որ այդ երկրներում անտիկ մշակույթի տարրերը պահպանել են իրենց կենսունակությունը, սակայն հեղաշրջող դեր չեն խաղացել: Օրինակ, շատ բյուզանդագետներ նշում են, որ հետաքրքրությունը անտիկ ժառանգության նկատմամբ եղել է բյուզանդական, հատկապես XI XIV դարերի մշակույթի (գրականություն, փիլիսոփայություն, արվեստ եւ այլն) բնորոշ գծերից մեկը: Բայց ասել, թե այդ հետաքրքրությունը Վերածնության արտահայտություն է «արդարացի չի լինի, քանի որ Բյուզանդիայում կապը անտիկի հետ, ըստ էության, երբեք չի ընդհատվել, թեեւ եղել է տարբեր ըստ դրա ընկալման ու հասկացման աստիճանի եւ բնույթի: Կարեւոր է նկատի ունենալ այլ հանգամանք. ինչպես էլ որ բյուզանդական մշակույթը մոտենում էր անտիկին, այնուհանդերձ, անտիկ հնության ձեւերի եւ գաղափարների նույնական վերարտադրության մասին այստեղ խոսք լինել չի կարող: Միջնադարյան քրիստոնեական Բյուզանդիան իրենից ներկայացնում էր բոլորովին այլ պատմական, սոցիալ-մշակութային ամբողջություն, այլ կառուցվածք: Նրանում անտիկը, նույնիսկ դրան առավելագույն մերձեցման դեպքում, կարող էր կատարել սոսկ բաղադրամասի գործառույթ»17: Բյուզանդագետները նշում են նաեւ այն հանգամանքը, որ միջնադարյան Բյուզանդիայում անտիկ մշակութային ժառանգությունը վերաիմաստավորվում եւ յուրացվում էր եկեղեցու չթուլացող հսկողության տակ, օգտագործվում՝ ուղղափառության նպատակների համար18:
Անտիկ ավանդույթների տեղի եւ դերի հարցի (եւ ոչ միայն այդ հարցի) քննարկման ժամանակ Արեւելյան եւ Հայկական Վերածնության կողմնակիցները, չգիտես ինչու, չեն ցանկանում համեմատել «նախավերածնական» ժամանակաշրջանի (XI XIII դդ.) եվրոպական կամ բյուզանդական մշակույթի հետ: Եթե կատարվեր այդպիսի համեմատական վերլուծություն, ապա համոզված եմ, որ շատ հարցեր իսկույն կպարզաբանվեին: Համենայն դեպս, այդ ժամանակահատվածի եվրոպական եւ հայկական մշակույթների միջեւ ավելի շատ ընդհանրություններ եւ նմանություններ կարելի է տեսնել, քան թե տարբերություններ: Այս կապակցությամբ տեղին է մեջբերել Ա. Հովհաննիսյանի այն միտքը, որ «այդ դարերում Հայաստանի եւ հարեւան երկրների փիլիսոփայության, գիտության, արվեստի եւ գրականության մեջ չի կատարվել որեւէ հեղաբեկում, որ զարգացած ֆեոդալիզմի պայմաններում այս կամ այն չափով կատարված չլիներ նաեւ Արեւմուտքում՝ նախքան այդտեղ կսաղմնավորվեր կապիտալիզմը կամ նախքան այդտեղ ծայր կառներ կապիտալի նախասկզբնական կուտակումը»19:
Որպեսզի համոզվենք այս մտքի ճշմար
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Կոնրադ Ն.Ի., Վերջաբան, «Վ. Չալոյանի «Հայկական Ռենեսանս» գրքում, Երեւան, 1964, էջ 228:
2. Իսաբեկյան Հ., Հայկական Ռենեսանսի ճարտարապետությունը, Երեւան, 1990, էջ 186:
3. Տե՛ս նույն տեղում:
4.<rus>ծցՓցոՌՊջպ Մ. Լ. հՏոՐՈվՌպ րՏփՌվպվՌռ. Ձ. 4. ՁոՌսՌրՌ, 1987.</rus> հ. 18.
5. Աբեղյան Մ., Վերածնությունը հայոց հին գրականության մեջ, «Տեղեկագիր ՍՍՌՄ գիտությունների ակադեմիայի հայկական ֆիլիալի, 1941, թիվ 5-6, էջ 87:
6. Մանուկյան Գ. Առաջաբան // Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, Երեւան, 1971, էջ 4:
7. Թամրազյան Հ.Ս., Հայ քննադատություն, Գիրք Բ (6 15-րդ դդ.), Երեւան, 1985, էջ189:
8. Գրիգորյան Գ. Հ., Միջնադարյան հայ փիլիսոփայության հանգուցային հարցերի շուրջ, Երեւան, 1987, էջ 31:
9.<rus> ԾՏՐ ղ. ՀպվպրրՈվր Ռ ՀպվպրրՈվր: ՀպՓպտՓՌ' ՊՐպՉվպռ ՍցսՖՑցՐօ Չ րՐպՊվՌպ ՉպՍՈ ՍՈՍ ՍցսՖՑցՐվՏ-ՌրՑՏՐՌփպրՍՈ' տՐՏոսպՎՈ // հՐպՊվՌպ ՉպՍՈ. 1976, Չօտ. 40. հ. 189 190. </rus>
10. Ղազինյան Ա., Գրիգոր Նարեկացի, Բանաստեղծական արուեստը, Անթիլիաս-Լիբանան, 1995, էջ 65:
11. Արեւշատյան Ս.Ս., Դավիթ Անհաղթը հին Հայաստանի ականավոր փիլիսոփա, Երեւան, 1980, էջ 17 18:
12. Չալոյան Վ.Կ., Հայկական Ռենեսանս, Երեւան, 1964, էջ 81:
13. Տե՛ս Գրիգորյան Ռ., Հունա-հայկական գրական կապերի պատմությունից // Պատմա-բանասիրական հանդես, 1963, թիվ 3:
14. Իսաբեկյան Հ., նշված աշխատությունը, էջ 186:
15. Չալոյան Վ.Կ., նշված աշխատությունը, էջ 152:
16. Գրիգորյան Գ.Հ., նշված աշխատությունը, էջ 10 15:
18. Նույն տեղում, էջ 634:
19. Հովհաննիսյան Ա., Արդյոք միջնադարյան Հայաստանում տեղի ունեցել է կապիտալի նախասկզբնական կուտակում // Պատմա-բանասիրական հանդես, 1959, թիվ 1, էջ 222: