Ձյունը
Ձյուն էր գալիս, առատ, թանձր ձյուն: Գալիս, նստում էր փողոցներին, բարձրանում վեր` դեպի ծառերի կատարներն ու տների տանիքները, ծածկում մեծի ու փոքրի թողած ոտնահետքերը, նստում դեպի տուն վազող մարդկանց ուսերին, դեմքին ու վայրկյանների ընթացքում ծանրացնում նրանց ցրտից կուչ եկած կոպերը:
Վաղուց էր, ինչ քաղաքն այդքան առատ ձյուն չէր տեսել:
Իսկ այն` այդ փափուկ ու սպիտակ հրաշքը, ոչ միայն ցուրտ ու անհարմարություն էր պարգեւում շրջապատին, այլ նաեւ մի շատ կարեւոր ?գործ? էր անում. ծածկում էր փողոցների անկյուններում վաղուց կուտակված, արդեն քայքայված ու բորբոսնած, գարշահոտությունը դեռ երեկ շուրջը բռնած, բայց այսօր արդեն սառած`աղբը, քանդված ասֆալտն ու անպետք իրերով լցված փոսերը:
Անարատությունը ծածկում էր ամբողջ կեղտը...
Հանկարծ այդ ճերմակության մեջ կեղտոտ, նիհար, ասես ոսկորները պարկի մեջ լցրած շների մի խումբ երեւաց: Դնչներն առաջ պարզած գնացին ու վրա հասան փողոցի այն հատվածներին, որտեղ դեռ երեկ աղբ էր կուտակված: Հոտհոտելով սկսեցին առջեւի թաթերով քանդել սառած ձյունը: Այնքան քանդեցին, մինչեւ բացեցին ամբողջ աղբը ու գռմռալով սկսեցին քրքրել: Մի քանի րոպե անց, աղբանոցն իր ամբողջ նախկին տեսքով երեւան եկավ, դեռ մի բան էլ ավելի` աղբին խառնվեց անարատ ձյունը, որն արդեն վեր էր ածվել մոխրագույն ցեխի:
Բակը թվում էր մեկնված, հսկայական ?հյուսիսային ճերմակ արջ?` մեծ, թարախակալած ու խոր վերքով, այնքան խոր, որ թվում էր ամբողջ փորոտիքը դուրս էին թափել: Այն քրքրում ու էլ ավելի էին մեծացնում անտեր շները, որոնք ժամանակ առ ժամանակ նաեւ գռմռում էին սառած, ճռճռան ձյան վրայով հազիվ քայլող մարդկանց վրա. աղբանոցն իրենց տարածքն էր ու իրենք էլ տերն այդ ամբողջի: Մարդիկ նայում էին շների կողմը եւ տեսնելով ամենը` զզվանքով շրջում երեսներն ու արագ-արագ անցնում: Թվում էր` աղբը մի օրվա մեջ էր օդից ընկել ու այստեղ-այնտեղ կուտակվել: Իրենք` մարդիկ, բոլորովին մեղք չունեն...
Մինչդեռ ձյունը` մարդուս ստեղծած ամենանուրբ գործվածքից ավելի այդ հրաշքը, շարունակում էր գալ, նստել, ճերմակեցնել շուրջբոլորը: Իսկ աղբակույտերի վրա իջնելով, էլ ավելի շատացնել ցեխը:
Որոշ ժամանակ անց աղբանոցին մոտեցան նաեւ ցնցոտիների մեջ կորած, երկար, մաշված վերարկուներ հագած, գրեթե նույն տարիքի թափառաշրջիկ երեք ծերունի: Մոտեցան ու սկսեցին հայացքով զննել աղբանոցը: Նրանցից մեկը ձեռքի փայտով նախ հեռվից փորփրեց աղբը, հետո ավելի մոտենալով` ակտիվացրեց որոնումները:
Ի՞նչ են փնտրում վաղուց բորբոսնած ու սառած աղբում: Նայողի համար սարսափելի էր, զզվելի այդ փնտրտուքը: Ի՞նչ կարող է մարդուն այնտեղ հետաքրքրել: Ուտելի՞ք, բայց ի՞նչ ուտելիք, ինչպիսի՞ ուտելիք, ո՞ր մի տեսակ ուտելիքը:
Երեքը միասին սկսեցին քանդել, փորփրել տեղանքը, ինչոր բան գտնել ու գցել տոպրակների մեջ. մետաղի կամ փայտի կտոր, հացի չոր ու սառած պատառ կամ էլ ինչ-որ անպետք փայլուն իր:
?Սպիտակ արջի վերքը? գնալով ավելի էր մեծանում:
Իսկ շները, որ մինչ այդ շարունակում էին գռմռալ իրենց կողքով անցնող պատահական անցորդների վրա, ծերերին նկատելով` մոտեցան եւ իրենց սառած ու կեղտոտ դնչերը մոտեցրին նրանց: Մարդկանց ներկայությամբ նրանք իրենց դիրքերը զիջեցին: Շներին տեսնելով, ծերուկների սառն ու անտարբեր, մինչ այդ շրջապատում ոչ մեկին չտեսնող հայացքը ջերմացավ, ժպիտ հայտնվեց դեմքերին: Սկսեցին փաղաքշել չորքոտանիների գլուխները: Քիչ անց լիքը տոպրակներով նստեցին այստեղ-այնտեղ փռված, ձյան միջից հազիվ երեւացող քարերին, իսկ կենդանիները` նրանց ոտքերի տակ: Հանկարծ ծերուկներից մեկն իր տոպրակի միջից ինչ-որ բան հանեց եւ մոտեցրեց շներից մեկի դնչին: Շունը հոտհոտեց, հետո բերանն առավ: Մյուս շները դա նկատելով վեր ելան ու մոտեցան մարդուն, որը նորից ուտելիք հանեց ու շպրտեց նրանց առաջ: Սրանք կերան, բայց նորից դնչերը մոտեցրին ծերունուն: Վերջացավ, էլ ուտելու բան չկա, ձեռքերը տարածելով` կարծես ասաց մարդն ու շուտ տվեց տոպրակը: Տոպրակն իրոք դատարկ էր: Բայց դա չխանգարեց, որ շներն իրենց շնային դժգոհությունը հայտնեն` գռմռան ու նորից պտտվեն աղբանոցում: Հետո ետ եկան ու դնչները դրին ծերունիների չորացած, նախկինում հազարագույն կարկատաններով ծածկված, բայց վաղուց ծակծկված ու գունաթափված, շալվար հիշեցնող հագուստի միջից` ցցված ծնկներին: Մաշված շալվարի մեծ ու փոքր անցքերի միջից երեւում էին անհայտ ժամանակներից ջրի երես չտեսած, կեղտի շապիկով ամուր պարուրված մերկ ոտքերը:
Այս ծերուկները միմյանց հետ գրեթե չէին խոսում, իսկ եթե խոսում էին, ապա մի քանի բառ միայն: Խոսքի հետ բացվում էին բերանները` անտեր ու ավերակ խոռոչի նման, որտեղ ցցված էին իրարից հեռու, հատուկենտ, ջարդված ու սեւացած ատամներ հիշեցնող բեկորները: Հետո շոյում էին, քաշքշում իրենց նման անտուն արարածիներին: Կենդանիները ոգեւորվում էին, ուրախ-ուրախ խաղացնում պոչերը: Նրանք` մարդն ու շունը երջանիկ էին, երջանիկ յուրովի:
Տարաձայնություն չկար...
Իսկ ձյունը շարունակվում էր թափվել ու էլ ավելի շատացնել շրջապատի ճերմակը, աղբանոցում` ցեխը:
Հանկարծ ուրախությունն ընդհատվեց. աղբանոցին մոտեցավ մի մարդ: Նրա ձեռքի աղբի գունավոր տոպրակը գրավեց շների ուշադրությունը, բնազդով զգացին, որ այնտեղ անպայման ուտելիքի մնացորդներ կլինեն: Նրանցից մեկը, հավանաբար ամենաբկլիկը, պոչը խաղացնելով սկսեց մոտենալ մարդուն:
-Հեռո~ւ, դու էիր պակասը,-գոռաց մարդը: Բայց արդեն ուշ էր. շունն ինչ-որ հոտ էր առել տոպրակից եւ առանց ուշադրություն դարձնելու գոռոցին, լեզուն հանած ավելի առաջացավ: Մարդը դրանից կատաղեց:
-Դե հերիք եղա’վ, մի օր էլ մեզ եք ուտելու: Էս ի՞նչ պատիժ է,-նորից գոռաց ու ձեռքի տոպրակը շպրտեց, էլ ավելի շատացնելով շաբաթներ շարունակ առաջացած աղբակույտը: Երբ շունն առանց վախի ավելի մոտեցավ, մարդը հանկարծ ձեռքը տարավ, բռնեց կենդանու պոչն ու բարձրացրեց: Թվաց, կենդանու ոսկորները խշխշալով հավաքվեցին ?պարկի? մի անկյունում: Խեղճ կենդանին, որն իր ծնված օրից քացուց բացի ուրիշ շփում չէր ունեցել այս մարդկանց հետ, ասես զարմացավ մարդկային նմանատիպ վերաբերմունքից: Մի պահ մնաց անշարժ կախված, հետո սկսեց վեր բարձրանալ, փորձելով ազատվել անսովոր վիճակից: Բայց դա երկար չտեւեց, քանի որ մարդն ազատ ձեռքը տարավ գրպանն ու անսպասելիորեն դանակ հանեց: Հաջորդ վայրկյանին չրթոցով բացեց ու լսվեց դանակի սուր շեղբի սվվոցը: Մի հարվածով մարդը կտրեց շան պոչը: Այնքան արագ կատարվեց այս ամենը, որ ոչ հեռու նստած ծերունիները ոչինչ չկարողացան հասկանալ: Շունն ընկավ, պոչը մնաց մարդու ձեռքում: Կենդանին ցավից կաղկանձեց, գռմռաց, պտտվեց տեղում, մի փոքր հեռացավ ու թափով ետ եկավ դեպի մարդը: Ծերացած ծնոտներով բռնեց նրա շալվարից ու սկսեց քաշքշել: Մարդն անակնկալի եկավ եւ ետ-ետ գնալով ընկավ ձյունախառը ցեղի մեջ:
Լսվեց գոռոց` օգնեցե~ք, կերավ ինձ: Այդ ժամանակ միայն ծերունիները վեր թռան նստած տեղերից եւ իրենց հոգնած ու չորացած ոտքերով հասան մարդուն:
-Հեռո~ւ, հեռո~ւ գնա, բաց թո’ղ ոտքը, թո’ղ դրան,-չորս կողմից սկսեցին գոռալ շան վրա: Տեսնելով, որ գոռոցը ոչինչ չի փոխի, շունն ավելի է կատաղում, ծերունիներից մեկը, գրկեց շանն ու փորձեց ետ պահել: Բայց ծերուկը հազիվ էր կարողանում վիրավոր կենդանուն պահել իր գրկում, շունը հաչոցում էր, ձգվում իրեն ցավ պատճառողի կողմը: Իրավիճակը փրկեց երկրորդ ծերունին. ձեռքի փայտով հարվածեց շան ոտքերին, կենդանին կաղկանձեց ու չոքեց, հաչոցը կտրեց:
-Տեսաք չէ՞, ոնց էր ուզում ինձ կծել, սա դեռ ինձ կուտեր էլ,- գետնից վեր կենալով, ամբողջովին ցեխոտ ու կեղտոտ, թշշացրեց մարդը:
-Ինչո՞ւ պոկեցիր պոչը, ի՞նչ էր արել քեզ էդ խեղճ անասունը,- բարկացած հարցրին ծերունիները,- դանակն էլ գրպանդ ես պահում, որ ցանկացած պահի ում ուզես վնասե՞ս:
-Լավ եմ անում: Կարող է ձեզնից էլ թույլտվություն վերցնեի ու նոր տնից դուրս գայի, թե կարծում եք պետք է թողեի ինձ ուտեր: Հա՞: Դեռ վրես էլ գոռում են,- մատը տնկելով, էլ ավելի բարձր գոռաց մարդը:
-Բա ո՞ւմ վրա բարկանանք, դո’ւ ես մեղավոր: Քեզ ուտելու համար չէր էդ խեղճ հայվանը մոտենում, այլ տոպրակիդ վրա էր գալիս: Նրա հաչոցին դու մի նայի, էնքան ծեր է, անուժ, որ խնդրես էլ, քեզ չի կծի, իսկ դու` անխիղճ, պոչը պոկեցիր:
-Ձեզ նման քաֆթառ են, լավ էլ իրար գտել եք, անտուն թափառականներ:
-Չե՞ս ամաչում: Դու մեզ տղա ես սազում, բա դա ասելու բա՞ն է:
-Ինչ որ կա է’ն եմ ասում: Համ էլ ես ձեզ ինչ տղա` շները լինեն ձեզ տղա:
-Անամոթ մա’րդ...- մաշված ատամների արանքից թշշացրեց շանը գրկած ծերունին:
-Լեզուդ կտրելու եմ շան պոչի նման: Հիշեցե’ք, ես սա այսպես չեմ թողնի, քիչ էր մնում կյանքին մնաս բարով ասեի,-գոռաց մարդը ծերուկի երեսին:
-Դու ես մեղավոր...-առաջ գալով ու ավելի բարձր գոչելով, ասաց մյուս ծերունին:
-Դեռ կհանդիպենք: Ասեմ, ինձ դեռ լավ չգիտեք:
-Բա սա մա՞րդ էր,-մի փոքր լռելուց հետո, ասաց ծերունիներից մեկն ու կախեց գլուխը:
-Մարդու տեսքով, գազանի հոգով,-նայելով ցեխոտ, հեռացող մարդու ետեւից, ավելացրեց շանը դեռ գրկում պահած ծերուկը:
-Երանի լեզու ունենար էս կենդանին ու հարցներ` ո՞ր մեղքիս համար, այ մարդ կոչեցյալ...-թեքվելով ու շոյելով շան գլուխը, ասաց մյուս ծերունին:
Օդն ավելի սառավ. այժմ ցրտին գումարվել էր էլ ավելի դաղող, ոչ մարդկային վարքագիծը:
Իջավ երեկոն, իսկ կեսգիշերին մոտ, խավար լռության մեջ կրակոցներ հնչեցին, հետո շների կաղկանձ: Մի քանի րոպե անց ամեն ինչ նորից լռեց:
Առավոտյան շրջապատը սպիտակի մեջ փայլում էր: Գիշերվա առատ ձյունը թափվել, ծածկել էր նաեւ աղբանոցը ու քանի որ փորփրող չէր եղել` այն ամբողջությամբ ճերմակի մեջ էր: Բայց մի փոքր այն կողմ, ինչ-որ տարօրինակ, սառած մուգ կարմրություն էր երեւում:
Կեսօրին մոտ, երբ արեւը բարձրացավ եւ իր թույլ շողերով տաքացրեց օդը, ծերունիները նորից երեւացին: Ուշադիր նայելով շուրջբոլորը, սկսեցին կամաց մոտենալ աղբանոցին: Անատամ բերաններով փորձեցին շվշվացնել: Անլեզու ընկերներին էին փորձում կանչել, բայց ոչ մի պատասխան: Նայեցին իրար ու զարմացած բարձրացրին ուսերը: Նորից շվշվացրին, բայց զուր: Ու հանկարծ նկատելով անսովոր կարմիրը, գնացին նրա ուղղությամբ: Հասան ու զարմացած հայացքներով կանգնեցին: Երկար նայեցին, հետո ծերուկներից մեկը միանգամից չոքեց ու սկսեց ձեռքերով արագ-արագ ետ տանել սառած ձյունը, մյուսները հետեւեցին նրան: ?Սպիտակ արջի? փորոտիքը նորից բացվեց, լայնացավ ու նրա մեջ աղբի հետ միասին երեւացին թափառական շների արդեն արյունաքամ դիակները...
Ծերուկները զարմացած ու վախեցած շարունակում էին չոքած մնալ ձյան մեջ: Այնքան հուզված էին տեսածից, որ չէին էլ զգում գետնից բարձրացող սառնությունը: Հետո նրանցից մեկը, որ առաջինն էր չոքել գետնին, բռնեց իրեն ավելի մոտ շան գլուխը: Արցունքները սկսեցին հոսել նրա մաշված ու վաղուց ակոսված դեմքով:
-Էս ինչո՞ւ նման բան արեց: Ինչո՞ւ...
- Սպանեց մեր հոգուն մոտ արարածներին...
- Սպանեց մեր ընկերներին:Նրանք միակն էին, որոնք երբեք չեն դավաճանել, չեն խաբել, ծաղր ու ծանակի չեն ենթարկել մեզից ոչ մեկին: Մեր ետեւից քար չեն շպրտել ու անտեղի չեն վիրավորել, մարդու լեզվով չեն դաղել ու ?կծել?,-հազիվ կարողացավ շարունակել երրորդ ծերունին:
Արյունաքամ շունը երախը բացել էր ու սառած աչքերով նայում էր մարդուն, էն մարդուն, որի հետ դեռ երեկ խաղ էր անում, ուրախանում ու ուրախացնում:
-Համոզված եմ,նույն բանը կաներ նաեւ մեզ հետ, եթե այստեղ գիշերած լինեինք...Ու որտե՞ղ էր Աստվածն այդ պահին:
-Աստված ուժեղի կողմն է:
-Այդպես մի ասեք, Աստված ամեն ինչ տեսնում է ու ոչինչ անհետք չի թողնում...- ավելացրեց երրորդ ծերունին, մյուս երկուսը նայեցին նրան ու ոչինչ չասացին:
Ձյունը շարունակում էր գալ:
Ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, թե ինչ է կատարվում աղբանոցում: Անգամ աղբ նետողները չէին տեսնում. նետում էին հերթական աղբ, էլ ավելի մեծացնում նրա տարածքն ու արագ հեռանում: Ոչ ոք չէր հարցնում` ի՞նչ է պատահել, ինչո՞ւ եք լացում, էս աղբի կույտերի մեջ ի՞նչ եք անում, ա՞յ մարդիկ:
Անցան օրեր: Աղբահավաք մեքենան վերջապես եկավ ու հավաքեց ամբողջ աղբը:
Ձյունն էլ եկավ, թափվեց` էլ ավելի մեծ ուժով ու բոլորովին ծածկեց նախկին աղբի տեղը: Շուրջը դարձավ էլ ավելի անարատ ու սպիտակ:
Իսկ մի՞թե այնտեղ ինչ որ բան է եղել: