'’Ծեր էր, անօգնական ու միայնակ: Հիվանդ էր, գամված` անկողնուն: Ու արդեն քանի ամիս էր այդ ծերունուն խորթ քույրն էր խնամում, որին օտարների մոտ չգիտես ինչու «ազգականուհի» էր անվանում ծերունին: Քրոջ օգնությամբ էր ինքը օրվա մեջ հազիվ մեկ անգամ վեր կենում անկողնուց, մի պտույտ կատարում սենյակում, նստում հին, կաղնե փայտե սեղանի մոտ, մաշված ու էլ ավելի հին աթոռին մի կարճ ժամանակ եւ նորից պառկում:
Որքան զզվելի ու անտանելի էր դարձել մարդու համար այդ անիմաստ արարողությունը, պտույտը: Հետո պառկում էր ու սպասում: Ինչի՞ն էր սպասում: Մահվա՞ն: Իր տարիքում էլ ինչի՞ կարող էր սպասել: Երազներ այլեւս չուներ: Երազ մնալով` նրանք մաշվեցին: Իսկ իրականությունն իր համար դաժան է ու դառը. ծեր է, հիվանդ:
Երբեք չամուսնացավ: Երբեք մշտական կին չունեցավ իր կողքին, որ սիրեր, հոգ տաներ իրեն: Միակ կինը, որ երբեւէ մտածել ու մտածում է իր մասին, դա խորթ քույրն է: Նա էլ արդեն երիտասարդ չէ: Կինը ճաշն է եփում, տունը հավաքում, իրեն օգնում սենյակում պտույտ անելու, հետո թողնում ու գնում է: Նա էլ իր հոգսերն ունի:
Բնակարանը, որտեղ արդեն կես դար էր ապրում էր ծերունին, առաջին հարկում էր: Միակ պատուհանը նայում էր աստիճաններին: Այն աստիճաններին, որով մյուս բնակիչներն են բարձրանում վերեւի հարկերը: Այստեղ աղմուկը միշտ շատ է: Մարդիկ իջնում են, բարձրանում, խոսում, իսկ երեխաները` աղմկում: Եւ քանի որ ծերունին չէր ուզում տեսնել իջնողներին ու բարձրացողներին, ապա խնդրեց քրոջը` ավելի հաստ ու մուգ վարագույր կախել պատուհանից:
-Ախր այսպես գոնե տեսնում եք մարդկանց եւ իմ գնալուց հետո երեկոներն այնքան էլ միայնակ չեք մնա ու նրանց հեռավոր ներկայությունը կզգաք: Ինչո՞ւ եք այդքան առանձնացած ուզում լինել հիմա, չէ՞ որ տարիներ շարունակ տեսել եք այդ մարդկանց` ձեր հարեւաններին,-մի օր հարցրեց կինը:
-Իսկ հիմա չեմ ուզում,- պատասխանեց տղամարդը:
Վարագույրը կախվեց: Աղմուկը կարծես մի փոքր խլացավ, բայց դրա հետ նաեւ լույսը պակասեց:
-Դե ոչինչ,- ասաց ծերունին, երբ ազգականուհին բողոքեց` ձեզ լույս է պետք, իսկ այսպես կիսախավար է սենյակը,- ես չեմ ուզում ոչ ոքի տեսնել, թող նրանք էլ ինձ չտեսնեն:
Կինն այլեւս ոչինչ չասաց: Երբ նա գնում էր, ծերունին մնում էր մենակ: Պառկած մահճակալին, ընկնում էր մտքերի ետեւից: Իսկ դրանք այնքան խառն էին, այնքան բազմատեսակ. կյանքից պատառիկներ էին, հուշեր:
Հիշում էր իր երիտասարդ տարիները, հեռավոր ու երջանիկ օրերը: Մի օր էլ միտքը թռավ ու գնաց հասավ խառտյաշ մազերով, ճերմակ, ժանեկազարդ բլուզով աղջկան: Ո՞վ էր նա` լեհուհի՞, ուկրայնուհի՞: Չգիտեր, երբեք չհարցրեց: Միշտ հեռու-հեռվից էր հայացքով հետեւում աղջկան: Մի անգամ նույնիսկ ավտոբուսում տեսավ: Աղջիկն այնքան մոտ էր կանգնած իրեն, որ զգաց նրա մարմնի ջերմությունն ու հոտը: Կանգառներից մեկում աղջիկն իջավ, ինքը մնաց, չգնաց նրա ետեւից: Ամաչում էր, վախենում... Իջավ ամենավերջին կանգառում, ինչո՞ւ հենց այստեղ, ինքն էլ չիմացավ: Ի~նչ հիմարն եմ` բարկացավ իր անվճռականության վրա...
Որոշ ժամանակ անց աղջկան տեսավ մի երիտասարդի հետ:
Ծերունին հայացքը պտտեց սենյակում: Գզգզված, ճերմակ մազերով գլուխը, որ հավանաբար առավոտից չէր սանրել, թեքեց աջ, նայեց սենյակի ձախ անկյունը, թեքեց ձախ, նայեց` աջ անկյունը: Ու հանկարծ նկատեց, որ միակ պատուհանից կախված վարագույրի ներքեւի ծայրը մի փոքր թեքվել է ու պատուհանի ապակին բաց է: Նեղվեց.
-Ինչո՞ւ է բաց թողել: Հազար եմ ասել` գնալուց առաջ ուշադիր եղեք ամեն ինչին:
Ծերունին հայացքը չէր կտրում բաց ապակուց: Իսկ այն աներեսաբար շարունակում էր բաց մնալ: Ազգականուհին առավոտյան է գալու: Ուրեմն այն մինչ առավոտ բա՞ց է մնալու: Ի~նչ սարսափելի է: Ու հանկարծ ծերունուն թվաց ինչոր մեկն իրեն է նայում: Ներսում մթություն է, ինձ չեն տեսնի, մտածեց ծերունին: Իսկ ինքը կարող է տեսնել այդ փոքրիկ ճեղքից. սովորաբար աստիճանների վրա երեկոները լույս է վառվում: Այդ պահին այնտեղ էլ մութ էր: Չէ, երեւի իրեն թվաց, թե ներս են նայում:
-Դուք երեկ պատուհանը բաց էիք թողել: Խնդրում եմ այլեւս նման բան չանեք:
-Ներեցեք անուշադրությանս համար:
Մթնեց: Ազգականուհին ավարտեց իր գործն ու գնաց: Նրա գնալուց հետո միայն ծերունին նկատեց, որ այսօր վարագույրը երեկվանից մի փոքր ավելի է մի կողմի վրա հավաքված:
-Սա ինչ բա~ն է,-գոչեց ծերունին: Նրան ոչ ոք չլսեց: Նայում էր, նայում, աչքը չէր կտրում պատուհանից:
Հանկարծ կարծես երեխայի ստվեր երեւաց: Հետո ավելի պարզ տեսավ: Իրեն նայողը փոքրիկ, խարտյաշ մազերով աղջնակ էր, կլիներ հինգ-վեց տարեկան: Նայեց-նայեց ծերունուն պատուհանի ներքեւի բաց անկյունից, ժպտաց ու փախավ: «Երեւի վերեւի հարկում է ապրում»,- մտածեց ծերունին:
-Չեմ հասկանում, որտե՞ղ է ձեր միտքը: Նորից բաց էիք թողել պատուհանը:
-Ներեցեք: Ծերացել եմ, շատ բան մոռացության եմ տալիս,-արդարացավ կինը:
Ու այսպես օրեր շարունակ պատուհանի մի փոքրիկ մասը բաց էր թողնում կինը: Նա «մոռանում» էր ծածկել վարագույրը: Իսկ աղջիկը երեկոները մոտենում էր, նայում ծերունուն ու հեռանում: Ու քանի գնում ավելի վստահ էր դառնում: Առաջվա նման մի հայացք չէր գցում ու փախչում, այլ կանգնում էր ու հետեւում պառկած ծերունուն: Իր պարզ, վճիտ հայացքով նա չէր կարողանում հասկանալ` ինչո՞ւ է այդ պապիկն օրեր շարունակ պառկած մնում, ինչո՞ւ է իրեն այդքան խիստ նայում, իսկ երբեմն երբեմն` ժպտում...
Իսկ գիշերները, երբ շուրջն ամեն ինչ լուռ էր, լուսնի մի շող էր այդ փոքրիկ բաց անկյունից ներս ընկնում, փռվում ծերունու մահճակալին, թեթեւ լուսավորում սենյակը: Իսկ նա` հոգնած օրից ու մտքերից, քուն էր մտնում: Ի՞նչ երազներ էին գալիս նրան, անհայտ է, քանի որ առավոտյան ինքն էլ չէր հիշում` տեսել է, թե ոչ:
Ժամանակն անցնում էր: Կամաց-կամաց ծերունին ու փոքրիկը սովորեցին մեկ-մեկու: Աղջիկը մոտենում էր պատուհանին, նայում ներս` ծերունուն, ապա հայացքով պտտվում սենյակում: Իսկ երբեմն էլ այնքան էր մոտեցնում հայացքն ապակուն, որ դեմքը ծռմռվում էր ու ծիծաղելի դառնում, դա ուրախացնում էր ծերունուն. նա ժպտում էր: Ու այդպես հեռվից, ապակու ետեւից շփվում էին ծերունին ու փոքրիկ աղջիկը:
-Դուք նորից բաց եք թողել պատուհանը,- երբեմն հենց այնպես, ասես օդում, ասում էր ծերունին ազգականուհուն:
-Այո, մեղավոր եմ,-պատասխանում էր կինն ու թաքուն, մեղմ ժպտում:
-Գիտե՞ք Գրետա, այսօր ինձ ավելի լավ եմ զգում,- մի օր ասաց ծերունին,- ես կարող եմ այստեղ, աթոռին նստած սպասել ձեզ: Դուք հանգիստ գնացեք ու գնումներ արեք: Ես ձեզ այստեղ կսպասեմ:
-Իրո՞ք կարող եք մինչ վերադարձս նստած մնալ,-զարմացած հարցրեց կինը:
-Այո:
Կինը գնաց: Ծերունին մնաց նստած, հետո հայացքը գցեց պատուհանին: Ոչ ոք չկար: Երկար նայեց: Ու հանկարծ մի փոքրիկ ու քնքուշ դեմք տեսավ, որը մի պահ երեւաց ու չքվեց: Ծերունին տխրեց:
-Նա ինձ միայն մահճակալին գամված է տեսել: Հավանաբար չճանաչեց, որ ես եմ, թե չէ կմնար,-մրմնջաց նա:
Լսվեց դռան ճռռոց:
-Ինչ որ բա՞ն եք մոռացել, Գրետա,- հազիվ շրջվելով դեպի դուռը, հարցրեց մարդը: Բայց զարմանքից քարացավ: Դռների մեջ կանգնած էր իր անծանոթուհին` փոքրիկ աղջիկը:
-Ա~խ, այդ դո՞ւ ես փոքրիկ, ներս արի: Դու ինձ անակնկալի բերեցիր,- շփոթված, բայց եւ ուրախացած, ասաց ծերունին:
Աղջիկը շարունակում էր կանգնած մնալ:
-Մոտեցիր ինձ, փոքրիկ,- նորից ասաց ծերունին: Բայց աղջիկը չէր շարժվում, նայեց ծերունուն, հետո հայացքով ուսումնասիրեց սենյակը: Բայց այնտեղ իրեն հետաքրքրող ոչինչ չտեսավ. ոչ խաղալիքներ, ոչ հայելիներ, որոնց առջեւ սիրում էր պտտվել փոքրիկը:
-Պապիկ, դուք հիվա՞նդ եք,-հանկարծ հարցրեց երեխան: Նրա անմեղ հարցը հասավ ծերունու հոգուն, հուզեց նրան: Երբեք, ոչ ոք նման հարց չէր ուղղել իրեն:
-Այո, իմ անուշիկ, -մեղմ ու տխուր ժպիտով պատասխանեց պապիկը: Նրա խոսքից աղջիկը տխրեց, նայեց մահճակալի կողմը, հետո ծերունուն ու փոքրիկ քայլերով մոտեցավ նրան:
-Ես ձեզ ա~յ այն պատուհանից էի նայում,- ձեռքը մեկնելով պատուհանի կողմը, ասաց աղջիկը:
-Գիտեմ, ես էլ քեզ էի տեսնում:
-Իմ պապիկը մահացել է,-գլուխը կախելով, տխուր ասաց փոքրիկը,-մայրիկս ասում է, որ նա երկնքից է հիմա նայում մեզ, բայց ես նրան չեմ տեսնում...
Ծերունին ձեռքը մեկնեց, փոքրիկը բռնեց այն ու ավելի մոտեցավ: Մարդն իր ոսկրացած ձեռքերով ջերմ ու ամուր գրկեց երեխային: Նայեցին իրար, ժպտացին:
-Ես պապիկ չունեմ,- նորից ասաց փոքրիկն ու քիչ անց ավելացրեց,- ես ուզում եմ պապիկ ունենալ:
Ծերունին մի ձեռքով շոյեց աղջկա ոսկե գանգուրները, իսկ մյուսով բռնեց երեխայի թմբլիկ ձեռքերը, որոնք նա դրել էր ծերունու ծնկին: Ծեր ու հիվանդ մարդը մի քանի րոպեում փոխվել էր: Նրա դեմքը` միշտ խիստ ու տխուր, դարձել էր ժպտուն, դարձել` լուսավոր: Պարզվում է, այս աշխարհում ինչ որ մեկն իր կարիքն ունի...
-Դու շատ լավ բալիկ ես,- ասաց ծերունին:
-Հիմա դուք լա՞վ եք,- տեսնելով ծերունու դեմքի լույսը, զգալով ձայնի փոփոխությունը, հարցրեց փոքրիկը:
-Այո անուշիկս, շատ...
Խոսքը մնաց կիսատ, հանկարծ դուռը բացվեց: Դռների մեջ երեւաց Գրետան:
-Մենք հյուր ունենք,- ժպիտն աչքերում, ասաց ծերունին քրոջը:
Այն, ինչ տեսավ կինը, ցանկացած երեւակայությունից դուրս էր: Փոքրիկը ծերունու գրկո՞ւմ: Միթե՞, միթե դա իրական է: Չոր ու ցամաք ծերունին, որի դեմքին ժպիտն անգամ հազվադեպ երեւույթ էր, գրկել էր աղջնակին ու ժպտում էր...
Ինքն ուզում էր, որ եղբայրը գոնե ապակու ետեւից «շփվի» հարեւանների հետ, տեսնի նրանց անցուդարձը, պարզապես ապրի: Մինչդեռ այս փոքրիկը «ջարդեց» ապակին, ժպիտ բերեց հիվանդ ծերունու շուրթերին. կյանքի բերեց նրան: