'’Բանանց-Բանանոց... Արցախ աշխարհի Գարդման գավառի մի հետաքրքիր ու գեղեցիկ, հազարամյա պատմություն ունեցող գյուղ է այն, որը ի ցավ մեր սրտի այժմ գտնվում է Ադրբեջանական հանրապետությունում: Ըստ ավանդության հիմնադրվել է Գանձակի հետ միասին: Իսկ անվանումը պայմանավորված է Բանանոց` գործարան բառով, քանի որ այստեղ եղել են քարի ու երկաթի հանքեր ու երկաթաձուլարաններ: Գյուղը Դաշկեսան քաղաքից 13 կմ հյուսիս-արեւելք, Բանանց կամ Արություն գետի ձախ ափին է, երկու բլրակների վրա` երեք կողմերից շրջապատված լեռներով, ժայռերով:
Հեռու անցյալում, մարդիկ անտառներից կողովներով հող բերեցին, գետից առուներ գցեցին ու այդ նույն ժայռերի վրա խաղողի ու հոնի, խնձորի ու տանձի այգիներ ստեղծեցին. ժայռերը ծաղկեցրին: Դա բանանցեցու անսահման աշխատասիրությունն էր, սերը դեպի իր տունն ու հողը:
Քանի որ Բանանցի սարերը հարուստ էին երկաթի հանքերով, ապա գյուղում կառուցեցին երկաթաձուլարաններ: Դա էր պատճառը, որ բանանցեցիները դեռ հնուց զբաղվում էին երկրագործությամբ, երկաթագործությամբ, ինչպես նաեւ այլ արհեստներով` արծաթագործություն, ոսկերչություն, սայլագործություն, գորգագործություն: Բանացում է գործվել մեզ հասած հայկական ամենահին գորգերից մեկը` Եռակամար խորանով գորգը, գործած 1202 թվին: Այժմ այն գտնվում է Վիեննայի թանգարաններից մեկում:
Գյուղում եւ նրա շրջակայքում շատ էին մատուռներն ու խաչքարերը: Գերեզմանոցներից մեկում պահպանվում էր 1477 թվից մի խաչքար:
Իսկ գյուղի ամենահին եկեղեցուն ժողովուրդն անվանում էր Մեծ Պապ: Ուներ նաեւ այլ եկեղեցիներ ու վանքեր` Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որը կառուցվել է ապառաժոտ մի վայրում, վեց սյունների վրա 1863 թվին, Քալադասարի եկեղեցի, Դամբլաձորի եկեղեցի: Իսկ մատուռներն էին` Ծիրանավորի ձորի խաչը, Խլփանց պապը, Խաչի սռի խաչը, Ոսկեթելիկը, Բաղերի խաչը եւ էլի շատ ու շատ մեծ ու փոքր մատուռներ: Ամեն շաբաթ ու կիրակի այս մատուռներում մոմ էին մարդիկ վառվում ու հին հեթանոսական ծեսերից մեկն էին կատարում` մատաղը:
Բանանցեցիները ժայռերը պատռել ու ջուր են բերել հեռավոր սարերից իրենց բնակավայր ու սառնորակ աղբյուրներ կառուցել: Ահա ամենահայտնի աղբյուրներից մի քանիսը .
Կրմնջի աղբյուր, որը գտնվում էր Հին կամրջի մոտ:
Յանցի աղբյուր, ամենահին ու հայտնի աղբյուներից մեկը` Յանցի կամրջի մոտ:
Մոսունց աղբյուր` Մոսունց ջրաղացի մոտ:
Տոնունց թաղի աղբյուր:
Բնիչանց աղբյուր: Այս աղբյուրն անգամ երաշտի ժամանակ չի ցամաքել:
Փողոսկի աղբյուր` գյուղամիջի աղբյուր:
Բբանց Մակի աղբյուր եւ էլի շատ ու շատ աղբյուրներ:
19-րդ դարի կեսերին Բանանցն ուներ ծխական, իսկ դարավերջին` նաեւ պետական դպրոց: Երեխաները սովորում էին, կրթություն ստանում եւ այն շարունակում Գանձակում, Թիֆլիսում, իսկ նշանավոր եւ հարուստ տոհմերի զավակները նաեւ Ցարական Ռուսասատանի քաղաքներում` Մոսկվա, Պետերբուրգ: Բանանցեցին մեծ սեր ու հարգանք էր տածում կրթության հանդեպ:
Իսկ գյուղի նշանավոր ու հեղինակավոր տոհմերն էին` Տեր-Ավետիքյանները, Տեր- Իսրայելյանները, Տեր- Միքայեյլանները, Տերյանները, Հովհաննիսյանները, Շահմուրադյանները, Տոնյաններ, Եպիսկոպոսյանները, Մկրտչյանները, Վանյանները...Այս տոհմերից յուրաքանչյորն իր գյուղին ու ազգին է թողել ունեցած վաստակն ու գործը` լինի խաղաղ պայմաններ, թե պատերազմի դաշտ:
Տեր-Ավետիքյանների ամենանշանավոր դեմքն էր մեծ հայերնասեր, ցարական բանակի գնդապետ Եգոր Տեր-Ավետիքյանը: Նրա սխրագործությունների մասին խոսել ու դեռ շատ կխոսեն իր հայրենակիցները...Ինքնապաշտպանական ջոկատներ ստեղծելով` նա բազմաթիվ անգամ պաշտպանեց հայրենի գյուղը, նրա մարդկանց թուրքերի հարձակումներից անցած դարասկզբի թոհ ու բոհի տարիներին: Լիելով դաշնակցական, նա հեղափոխությունից հետո սակայն չէր կարող մնալ նորաստեղծ Սովետական երկրում: Նա, որի կյանքը լի էր քաղաքական ու ռազմական իրադարձություններով, ստիպված էր հեռանալ հայրենիքից: Աշնանային մի օր, լողալով` կտրեց անցավ Արաքսը եւ հայտնվեց Պարսկաստանում, որտեղ էլ ապրեց մինչ կյանքի վերջ, հայացքն ուղղած դեպի իր հայրենիքը...
Գյուղի կենտրոնական փողոցները սալահատակեցին պատերազմից հետո այնտեղ աշխատող գերմանացի ռազմագերիները: Նրանք կառուցեցին նաեւ երկաթգիծն ու գերմանական ոճի գեղեցիկ կամուրջներ, որոնք խիստ կարեւոր նշանակություն ստացան թե Բանանցի, թե հարեւան գյուղերի համար:
Բանանցեցիները քեֆերի ու հարսանիքների մեծ սիրահար էին: Սեղանների վրա հոսում էր իրենց իսկ ձեռքով քաշած գինին: Այգիների բերք ու բարիքի առատությունից այդ նույն սեղանները կքվում էին, իսկ շուրջը թեւածում էր երգն ու երաժշտությունը: Դա հատկապես օրեր տեւող հարսանիքներում էր լինում: Ինչպես ուրախության, այնպես էլ տխրության պահերին, բանանցեցիները միահամուռ էին, մի բռունցք:
Այսպես միահամուռ էլ նրանք` թե կին, թե տղամարդ կանգնեցին Ֆաշիստական Գերմանիայի դեմ: Բանակ զորակոչվեց ավելի քան 1200 բանանցեցի: Նրանցից 600-ը չվերադարձավ:
Չեխոսլովակիայի համար մարտերում զոհվեց Վիրաբ Հովհաննիսյանը: Նա դարձավ չեխ ժողովրդի հերոսը եւ Սլավկովում էլ թաղվեց: Նրա հիշատակին այստեղ կառուցվեց հուշարձան կոթող:
Առաջին կին օդաչուն եղել է բանանցեցի Թագուհի Վանյանը: Պատերազմում իր կատարած սխրանքների համար նա պարգեւատրվեց «Կարմիր աստղ» եւ Լենինի շքանշաններով:
Պատերազմից հետո համագյուղացիների համախմբվածությամբ ու հանգանակություններով մարտիրոսված տղաների հիշատակին որոշվեց կառուցել կոթող` արծիվ- հուշարձան, դիմաց տեղում` մի գեղեցիկ ու բարձրադիր վայրում, բոլոր կողմերից ի տես գյուղի ու գյուղացիների: Հուշարձանի կառուցումը սկսում է համաժողովրդական բնույթ ստանալ: Ամբողջ գյուղն է մասնակցում նրա աշխատանքներին: Այս եզակի ու գեղեցիկ հուշարձանի հեղինակն էր Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Պետական մրցանակի դափնեկիր Ռաֆայել Իսրայելյանը, իսկ քանդակագործը` վաստակավոր քանդակագործ Արա Հարությունյանը: Այս վաստակաշատ եւ իրենց գործի մեծ գիտակների մասնակցությունն արդեն խոսում էր կոթողի արժեքի մասին:
Այդ հուշարձանը պետք է դառնար ոչ միայն սրբազան վայր, այլեւ սեւազգեստ մայրերի մխիթարանքի աղբյուրը:
Անցնում էր ժամանակը: Մոտենում էր կոթողի բացման օրը, գյուղը սպասման մեջ էր...
Սակայն այն... չկայացավ: 1969թ. հուլիսի 27-ի առավոտյան, հենց բացման օրը` գիշերը, գողացան արծիվը, քանդեցին նորաստեղծ, դեռ չբացված կոթողը...
Անհնար է պատկերացնել այն, ինչ կատարվեց գյուղում:
Շուտով տարածվեցին հուշարձանի քանդման «պատճառների» մասին լուրեր. արծիվը դաշնակցական կառավարության խորհրդանշանն էր, իսկ նրա աչքերից Զորավար Անդրանիկն էր նայում: Սովետական իշխանության օրոք դա արգելված, չլսված երեւույթ էր, իսկ ադրբեջանցիների համար այսպես կոչված` խիստ վիրավորանք:
Բանանցեցիներն ադրբեջանական կառավարությունից բազում անգամներ պահանջեցին վերադարձնել արծիվը, թեկուզ փշրված:
Սակայն, ձայն բարբառո հանապատի... Արծիվը տուն չվերադարձավ, նրա փոխարեն կոթողին ամրացրին ընդամենը մի սովորական հուշաքար:
Առ այսօր միայն ժամանակն է թեթեւ քողով ծածկել բանացեցու վիշտը:
1991թ. Հ.Հ առաջին նախագահը` ստանձնելով նախագահական պարտականությունները, հայ ժողովրդի առաջ երդվեց` վկա ունենալով մեր պատմության մասունքներից մեկը` «Վեհամոր Ավետարանը», որը դեռ դարեր առաջ իր տեւական հանգրվանն էր գտել Բանանց գյուղում, որտեղ էլ կնքվել է «Ծեր» եւ «Պահապան» անուններով` իր հնության եւ զորության պատճառով:
Վեհամոր Ավետարանն այն ձեռագրերից է, ուր միավորվում են երդման երկու սրբազան վկաներ` ավետարան եւ խաչ: Ավետարանի շականակագույն կաշին զարդարված է բազում գեղեցիկ ակերով ու խաչերով: Ծեր Ավետարանը եղել է համայնքի պահապանը, որը շրջել է այն գյուղերը, որտեղ զգացվել է նրա կարիքը: Դա շարունակվել է մինչեւ 1974 թիվը: Վեհամոր Ավետարանը շատ ավելի հին է, քան 862 թվականին գրված Մլքե թագուհու եւ 887 թվականին գրված Լազարյան ավետարանները: Ավետարանի գրչության վայրը Սյունյաց աշխարհի Մաքենոցաց հռչակավոր ուխտը պետք է ենթադրել: Իսկ թե ինչպես է հայտնվել Բանանցում, անհայտ է:
1974թ. Վեհամոր Ավետարանը թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Գրիգորյանը հանձնում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին: Այդ պահից ի վեր Մեծ Բանանց գյուղի Ծեր Ավետարանը դառնում է հայ հավատացյալ համայնքի պահապան Ավետարանը: Իսկ մեկ տարի անց կաթողիկոս Վազգեն Առաջինն այն հանձնեց Մատենադարանին:
Դեռ որքան չպատմված ու չգրված պատմություններ ուներ գյուղն իր մեջ պահած եւ որքան էլ դեռ կստեղծվեին ու կմնային, եթե Գարդման աշխարհի շատ ու շատ գյուղերի նման 90-ականների սկզբին, հայտնի պատճառներով չսկսեր հայաթափվել:
Բանանցը-Բանանոցը իր զավակների սրտում ընդմիշտ կմնա որպես մի արյունոտ վերք, որպես հեռուներում կորսված երազ, որը վաղ թե ուշ կդառնա իրական, կդառնա շոշափելի...
***
«Թշնամի» բարեկամը
-Մակիչ, ես էլ չեմ գալիս քեզ հետ, պետք ա Գետի հողի բաղս մտնեմ, տենամ` սարքեցին չափարը, -իր հետ քայլող ընկերոջը դիմելով, ասաց Սերգին ու չսպասելով պատասխանի, վիրավոր ոտքը քարշ տալով, ճանապարհից շեղվեց դեպի նոր կառուցվող երկաթգիծը, որից վերեւ այգիներ էին. նրանց մեջ էր իր այգին:
Պատերազմը երկու տարի էր ավարտվել էր, բայց ամեն անգամ դժվարությամբ բարձրանալով այս ճանապարհով, վիրավոր ոտքը հիշեցնում էր կրած տանջանքների մասին: Անգամ եթե ոտքն էլ վիրավոր չլիներ, գյուղի վերեւում, նրա ամբողջ երկարությամբ երկաթգիծ կառուցող գերմանացի գերիների ներկայությունն արդեն հերիք էր, որ հիշեր...
Բայց դե գերին ի՞նչ...Խեղճ ու կրակ մարդիկ են հիմի իր առաջ: Սերգին այդ ամենը լավ գիտե: Կռվի դաշտում ուրիշ ա գերմանացին, խաղաղ պայմաններում` լրիվ ուրիշ:
Արդեն մեկ տարի է, ինչ կառուցում են երկաթգիծը, իսկ դրանից առաջ կամուրջներ կառուցեցին: Ու ո~նց են կառուցում, ի՞նչ շնորքով ու ի՞նչ սիրուն...Քարերն էնպես են դասավորում կողք- կողքի, էնպես ուղիղ, հավասար, որ թվում ա մեր պապերի նման կաթով են պատում: Մի մազաչափ էլ չեն շեղվում...
Ու այսպես, մտքերի մեջ ընկած քայլում էր Սերգին ու միաժամանակ մտածում չափարի մասին` Բբանց Հարությունը եթե իր խոստացածի պես չսարքի, ուզած փողը չեմ տա:
Այսպես, մի մտքից մյուսը թռչելով, ինքն էլ չնկատեց, որ հասել է կառուցվող երկաթգծին: Ձայներ լսելով, բարձրացրեց գլուխն ու տեսավ, որ գերիները գլուխները կախ քլունգներով, մուրճերով աշխատում են: Իսկ նրանց հսկող մարդը երբեմն-երբեմն սրան նրան կարգադրություններ է անում: Սերգին նայեց գերիներին ու սիրտը կուչ եկավ. հիշողությունները սեղմեցին կոկորդը: Սկսեց, որքան կարող է արագ քայլել. ուզում էր շուտ հեռանալ այդտեղից, հասնել իր այգին:
Այլեւս չէր ուզում նայել գերիների կողմը: Բայց չգիտես ինչպես, ասես ինչ-որ մեկը հրեց իրեն: Դեմքը շրջեց դեպի աշխատող մարդիկ: Իր դիմաց տեսավ մի բարձրահասակ գերմանացու, որն աջ ձեռքում պահելով քլունգը, ձախով ճակատի քրտինքն էր սրբում: Սերգին ու գերին միայն մի հայացք ձգեցին միմյանց եւ բանանցեցին շարժվեց առաջ: Ու հանկարծ...հոսանքահարվածի նման կանգնեց: Կանգնելով առողջ ոտքի վրա` կտրուկ շրջվեց դեպի գերմանացին, որն էլ իր հերթին էր սկսել անթարթ հայացքով իրեն նայել: Նա գերմանացուն էր ապշահար նայում, գերմանացին` նրան:
-Վա~յ...Իմ փրկի~չ, դո՞ւ ես...-մոտենալով գերուն, սկսեց գոռալ Սերգին:
- Bist du das? -զարմացած իր հերթին էլ գոչեց գերին:
-Հանս ջան, ե ս եմ, ե ս,- խփելով կրծքավանդակին, ասես ուշքի գալով, գոչեց Սերգին,- դու ստե՞ղ ես, այ ախպեր ջան: Ո՞նց ես:
-Good-good !,-ուրախացած ու շփոթված, որ տեսնում է իր ծանոթին այսքան ժամանակ անց, պատասխանեց Հանսը:
Ամեն ինչ այնքան արագ կատարվեց, որ անգամ գերիներին հսկող զինվորը չհասկացավ ու չկարողացավ անմիջապես Սերգիին հեռու պահել գերուց:
-Ա~յ մարդ, գժվե՞լ ես: Էս ի՞նչ ես անում: Չգիտե՞ս, որ չի կարելի: Գերուն առել ես գիրկդ, որ ի՞նչ:
-Այ բոյիդ մեռնեմ, Հանսն իմ փրկիչն ա, նա ինձ փրկել ա:
-Դե , դե ...Վերջ տուր ու հեռացիր,- ձեռքով հեռու պահելով Սերգիին, գոռաց հսկիչը:
-Հա~նս, Հա~նս...-իր գրկում ամուր պահելով գերմանացուն, ուրախացած գոչում էր Սերգին: Այդ պահին, բոլոր գերիներն ու նրանց մոտով անցնող մարդիկ ապշահար նրանց էին նայում` սա ի՞նչ բան է...
-Freund, freund !- շարունակում էր գոռալ գերմանացին:
-Էս մարդը չի հասկանում, որ չի կարելի,- ավելի խիստ տոնով, ասաց զինվորը:
-Սա էն գերմանացին ա, որ իմ կյանքը փրկեց, ինձ չգնդակահարեց: Բա հիմա տեսնելով ստեղ, գոնե չհարցնեմ` ո՞նց ես: Չնայած...- խոսքը կիսատ թողեց բանանցեցին: Նա ուզում էր ասել` դե ո՞նց պետք է լինի գերու վիճակը, բայց լռեց: Հանկարծ այնպես չլինի, իր խոսքերը վատ անդրադառնան Հանսի վիճակին կամ թեկուզ հենց իր. ընտանիք ունեցող մարդ է:
-Չնայած ի՞նչ,-հարցրեց զինվորը:
-Չնայած տեսնում եմ, որ լավ ա,- իրեն չկորցնելով, պատասխանեց Սերգին:
-Դե լավ, իսկ հիմա հեռացիր,- ասաց հրացանավորը: Սերգին հայացքը չկտրելով աշխատանքը վերսկսած Հանսից, ոտքը քարշ տալով հեռացավ: Այգիների մոտ, նորից նայեց գերմանացու կողմը: Հանսն աշխատում էր եւ միաժամանակ իր ուղղությամբ նայում:
Ու այդ օրվանից ամեն օր Սերգին այցի էր գալիս իր բարեկամ գերուն: Տանն ինչ լիներ ուտելու կբերեր` խաշած կարտոֆիլ թթվի հետ, տապակած կանաչի կամ լոբով ճաշ: Մեկ-մեկ էլ եթե կինը մսով ճաշ էր ունենում եփած, էն գլխից Հանսի համար էր լցնել տալիս: Սկզբում շատ դժվար էր գերու մոտ այդքան հաճախ գալը, բայց նա կարողացավ լեզու գտնել զինվոր-հսկիչների հետ` իր փրկչի մասին խոսելով` համոզել.
-Նա ինձ գերությունից, մահից փրկել ա:
Ու միաժամանակ սկսեց գիշեր-ցերեկ մտածել, թե ինչպե՞ս օգնի գերմանացուն:
-Պատկերացնո՞ւմ ես,- ասում էր Սերգին կնոջը,- էդ մարդը վտանգի ենթարկելով իր կյանքը` իմ կյանքն ա փրկել ու հիմա ինքն ա գերի:
Ու ամեն անգամ վերհիշելով` նորից էր պատմում ծանոթներին ու բարեկամներին իր կրած տառապանքները...
***
Վիրավորվել էի Կիեւ մոտ մղվող թեժ մարտերում: Շատ ծանր է եղել վիճակս, բացի այդ հենց գերմանացու քթի տակ եմ ընկած եղել: Մերոնք չեն կարողացել ինձ իրենց հետ տանել: Երբ գերմանացին մոտենում է, նկատում է, որ կենդանության ինչ-որ նշաններ եմ ցույց տալիս: Երբ ուշքի եկա, հասկացա, որ ծանր վիրավոր եմ, հետն էլ գերի: Ձախ ոտքս չէր ծալվում ու դրա հետ էլ բաց վերք, սաստիկ ցավեր: Փորձեցին բուժել: Ես էլ ոչ լեզու գիտեի, ոչ էլ նրանց ասածներից էի բան հասկանում: Նրանց վաշտն գյուղի մեջ էր, անտառից ոչ հեռու: Ոտքս ուռել էր, բորբոքվել: Ցավից ո~նց էի տնքում, գիշերները չէի քնում: Գերմանացի սպաներից մեկը մի օր մտավ մարագ, այնտեղ էինք ես ու ինձ նման գերիներն ապրում, նկատեց, որ հազիվ եմ կարողանում ոտքի վրա մնալ, քայլել: Նայելով ինձ` անունով դիմելով իր զինվորներից մեկին (պարզվեց նրա անունը Հանս է), ինչ որ բան ասաց ու դուրս եկավ:
Հաջորդ օրը սրանց մոտ ինչ-որ աշխուժություն սկսվեց: Հասկացանք, որ տեղափոխվում են: Մարագի տախտակների արանքներից նկատեցինք, որ տարբեր իրեր են բարձում բեռնատարները:
Առավոտյան մարագ մտավ մի բարձրահասակ զինվոր: Դուռը բացելով, նա ինձ դուրս կանչեց: Համեմատած մյուսների իմ վիճակն ավելի վատ էր, վերքն ավելի խորը, ուստի ինձ իրենց հետ տանելն անիմաստ էր...
Դուրս եկա ու նրա առջեւից հազիվ քայլելով սկսեցի գնալ: Գնում էի ու մտածում` էս էլ ե ս ու իմ ճակատագիրը. եկա, կռվեցի, բայց կռիվս կիսատ` գերի ընկա ու շուտով կմեռնեմ: Երբ հասանք կիսաքանդ ու այրված տներով գյուղի ծայրը, հիշեցի իմ գյուղը` Բանանցը, մտքով հասա տուն, թռա երեխաներիս մոտ: Ձեռքս դրեցի կրծքիս: Գոնե վերջին անգամ նայեմ երեխեքիս նկարին, մտածեցի ու ձեռքս տարա ծոցս: Մի ճմրթված նկար հանեցի իմ մաշված ու քրքրված շապիկի ջեբից: Էդ շապիկի միակ շատ, թե քիչ նորմալ մասը ջեբն էր մնացել: Իսկ էդ խեղճ ու կրակ, անմեղ նկարը կռվի հենց առաջին օրից էր ինձ հետ:
Գերմանացին երեւի չնկատեց, նա կամաց ու անխոս գալիս էր իմ ետեւից: Իսկ ես նայում էի նկարին ու արցունքներից խեղդվում:
-Էլ չեմ տեսնի ձեզ, ո՞նց կմեծանաք, ո՞նց կապրեք առանց ձեր հոր...-կամաց մրմնջում էի ես:
Ու հանկարծ չգիտեմ ի՞նչ ռիսկ արեցի` շրջվեցի գերմանացու կողմը: Նա զարմացավ իմ տեսքից: Հավանաբար մտածեց, որ վախից եմ լաց լինում, հետո խիստ դեմք ընդունելով հրացանն ուղղեց ուղիղ սրտիս:
-Geh schneler! Geh weiter !- հրամայեց գերմանացին:
Ուշադրություն չդարձնելով հրամանին, ցույց տվի նկարը: Մարդն ավելի զարմացավ, նայեց ինձ, նկարին: Սկսեցի ձեռքերով հասկացնել, որ այս էրեխեքը` երեք փոքրիկները, իմն են:
-Good, good,-ասաց գերմանացին ու մի թեթեւ ժպտաց: Նրա ժպիտից ես ոգեւորվեցի: «Մեկ է, էսա մեռնելու եմ. գնդակահարելու է, գոնե փորձեմ խոսել», - մտածում էի ես: Դե խոսելն էլ ո՞րն էր, ոտ ու ձեռով հասկացնում էի:
-Բա , գերմանացի, իմ էրեխեքն են: Բա դու ունե՞ս էրեխա, - նորից ձեռքերով հասկացնելով, հարցրեցի ես: Գերմանացին հասկացավ: Մի երանելի ժպիտ հայտնվեց նրա դեմքին: Ապա ձեռքը տարավ կուրտկի մեջի ջեբն ու մի նկար էլ ինքը հանեց: Նկարից ինձ էին նայում երկու պուճուր, շեկ էրեխեք:
-Und das sind meine kinder ,- փորձեց հասկացնել նա ինձ: Հասկացա, նրա էրեխեքն էին նկարում: Ժպտացի: Նա էլ ժպտաց:
-Դե դու կգնաս քո էրէխեքի մոտ, իսկ ես, ես էլ կկորչեմ, հող ու մոխիր կդառնամ,-ասացի ու երեսս շրջեցի: Կոկորդիս ինչ-որ բան էր կանգնել:
Զարմանալի էր, բայց նա նկատեց հուզմունքս, թեւիցս քաշեց ու նայեց երեսիս: Ծուռ ժպիտի նման մի բան երեւաց նրա դեմքին: Նայեց ուղիղ աչքերիս ու ինչ-որ բան սկսեց հասկացնել: Ոչինչ չէի հասկանում: Ու հանկարծ էն եմ հասկանում, որ ասում ա` գնա, վազիր ռազմաճակատի հակառակ ուղղությամբ, ու ինքը ձեռքով ցույց տալով մերոնց կողմը` տեղում վազում է: «Էս մարդը գիժ ա երեւի,- մտածեցի ես,- ու իր գիժ հալով արի տես ինձ ձեռ ա առնում»:
Տեսա` չէ, սա լուրջ ա ինձ հետ: Հասկացնում ա` փախի...Բայց ինչո՞ւ: Ոչ մի բան չէի հասկանում: Նա համոզում էր, իսկ ես մտածում էի` հենց սկսեմ վազել, ետեւիցս կրակելու ա: Քանի~ քանիսին են այդպես սպանել: Քարացել մնացել էի, չգիտեի անելիքս: Թեւիցս քաշեց, ստիպեց, որ առաջ գնամ, վազեմ: Սկսեցի կամաց վազել...Վազում էի ու ետ-ետ նայում: Տեսնելով, որ անընդհատ ետ եմ նայում, գերմանացին իր կանգնած տեղում ավելի արագ սկսեց վազել, դրանով ստիպեց ինձ արագացնել վազքս: « Էսա կկրակի, էսա կկրակի...»,- մտածում էի ու նորից ետ նայում: Երբ բավականին հեռացել էի, վերջին անգամ ետ նայեցի. գերմանացին չէր երեւում: Ու հանկարծ կրակոցներ լսեցի: Ինձ «սպանեց»:
Զարմանալիորեն ցավս իմ վախից ու լարվածությունից այնպես էր բթացել, որ ասես ոչ վիրավոր էր ոտքս, ոչ էլ ցավում էր:
Ու այսպես վախով, վիրավոր ոտքս մի կերպ քարշ տալով մտա անտառ, հասա մերոնց...
***
-Նամակ գրեցի Կրեմլ: Մեր վարժապետ ընկեր Սիմոնին խնդրեցի, որ գրի: Ես պատմեցի, նա էլ շարադրեց: Ապրի ինքը. լավ էլ գրեց, դե վարժապետ մարդ ա, նրանից լավ ես չէի կարող գրել: Ու հիմա մնում ա սպասեմ,- տուն գալով, ասաց Սերգին կնոջը:
-Մենակ թե գլխիդ փորձանք չբերես, այ մարդ:
-Ոնց որ պետքն ա գրել եմ տվել: Մանրամասն գրել ա, թե որտեղ, որ ճակատում եմ կռվել, երբ եմ վիրավորվել, գերի ընկել: Հետո որքան եմ մնացել գերության մեջ, ոնց եմ փրկվել, ոնց ա Հա նսն ինձ փրկել,- բացատրեց ամուսինը կնոջը: Բայց բանանցեցին գիտեր, հասկանում էր` իր նամակը հղի է բազմաթիվ վտանգներով...
Եվ իրոք, նրան ամիսներ շարունակ սկսեցին հարցաքննել: Ներքին գործերի բաժին էին ամեն օր առավոտյան կանչում ու հարցերի տարափ թափում գլխին: Եւ միշտ նույն հարցերը` ուրեմն դու Մոսկվա ես հա՞ գրել: Իսկ ե՞րբ ես կռիվ գնացել, ե՞րբ ես վիրավորվել, ե՞րբ եւ ինչպե՞ս եղավ, որ գերի ընկար: Ու ի՞նչ, մի նկարի շնորհիվ քեզ փախցրեց գերմանացին: Հա՞...
-Հա , հենց էդ նկարի շնորհիվ: Ախր նա էլ ինձ նման հայր էր: Որ այդպես չլիներ, իր գրպանում ի՞նչ էր անում իր երեխաների նկարը: Հասկանում եմ, հազարից մեկ ա հնարավոր նման բան, բայց եղել ա չէ՞, ես էլ` էդ եղելության վկան: Էլ ի՞նչ ա պետք ձեզ,- ամիսներ շարունակ շարունակում էր բացատրել բանանցեցին:
Ու այդպես հարց ու պատասխանով, երբեմն բաժնում աշխատակիցների կողմից գիշերները պահելով` շարունակվում էր գերմանացուն փրկելու բանանցեցու անկոտրում կամքը: Այդ ամենը շարունակվեց այնքան, մինչեւ որ Մոսկվայից պատասխան նամակը եկավ.« Ազատ արձակել գերմանացուն»:
Սերգին ուրախությունից իրեն կորցրել էր: Նա այդ ամբողջ ժամանակ թեեւ ցույց չէր տվել, բայց վախենում էր, որ ազատելու փոխարեն ավելի խիստ կմոտենան գերմանացուն, իսկ իրեն ի՞նչ կանեն, անգամ մտածելն էր սարսափեցնում: Բայց արի տես, նամակն եկավ: Իր խնդրանքը լսեցին, իրեն հավատացին:
Հանսը չէր հավատում, որ ազատ է: Նա կորցրել էր իրեն ու անընդհատ լալիս էր...
-Freund, freund !-ասում էր նա ու փաթաթվում իր հայ փրկչին:
Մեկ ամիս անց, Սերգին իր փրկիչ ու բարեկամ գերմանացու եւ նրան ուղեկցող զինվորի հետ մեկնեց Մոսկվա ու այնտեղից էլ նրան ճանապարհեց հայրենիք: