'’Մի օր երեկոյան, տատիս սենյակ մտնելով, սեղանի վրա ընտանեկան հին ալբոմը տեսա: Զարմացա. վաղուց, շատ վաղուց այն չկար ու հանկարծ տեսնում եմ իմ դիմաց դրված:
Սկսեցի զգուշությամբ թերթել: Ու թվաց, իմ ձեռքում մի հին ու հազվագյուտ մասունք է, որն իր մեջ պահում է վաղուց ավարտված պատմություններ, անկրկնելի պահեր, մարդկանց պատկերներ, որոնք արդեն կամ շատ ծեր են, ինչպես Մարգարիտ տատս կամ այլեւս մեզ հետ չեն:
Շարունակում էի թերթել...
-Իմ հեռավոր ազգականուհին էր եկել: Նստեցինք, խոսեցինք: Հետո ալբոմը բերեցի, նկարները սկսեցինք նայել եւ մեր ջահելությունը հիշել,- իմ թիկնուքում հանկարծ լսեցի մորական տատիս մեղմ ու հուզված ձայնը:
-Հավանաբար քսան տարի չեմ տեսել այս ալբոմը: Որտե՞ղ էր այն, տատ,- հարցրի ես:
-Իմ դարակներից մեկի մեջ էր, այնտեղ էի պահում: Ո՞ւմ են հետաքրքիր այս խունացած լուսանկարները: Միեւնույնն է, այս մարդկանցից շատերին չեք հիշում կամ ճանաչում,- իմ զարմացած խոսքին, պատասխանեց տատս:
-Ի՞նչ կապ ունի դա, մեր հարազատներն են, չէ՞: Խնդրում եմ , այլեւս չպահես, թող մյուս ալբոմների հետ լինի,- ասացի ես:
-Լավ, բալես...-ասաց տատս ու քսքստացնելով հողաթափերը, դուրս եկավ սենյակից:
Իրոք, ինչո՞ւ էր պահել իր մոտ, ինչո՞ւ էր միայն իրենը համարում այս լուսանկարները: Երեւի գտնում էր, որ որպես անցյալի մնացուկ` անուշադրության կմատնենք իր թանկ հուշերի այս պատառը:
Բայց ինչո՞ւ եմ զարմանում տատիս վարմունքի վրա, չէ՞ որ մեզնից յուրաքանչյուրն իր շոշափելի եւ ոչ շոշափելի թանկ իրը կամ երեւույթն ունի, որոնք անձեռնմխելի են ու գտնվում են տան կամ հոգու թաքուն անկյուններում:
Նայում էի ալբոմի պատկերներին ու այդ պահին մեջս մի տարօրինակ ցանկություն առաջացավ` բարեւել այդ ծանոթ ու անծանոթ մարդկանց: Մտածում էի, վերջին անգամ ե՞րբ են իրենք «բարեւել», իրենց ուղղված ամենահասարակ, բայց կենդանի խոսքը ե՞րբ են ստացել...
«Բարեւ» ու վերջ...
Նրանցից շատերին չգիտեմ, չեմ տեսել, բայց նայելով նրանց նկարներին, թվում է այնքան ծանոթ են, այնքան մոտ:
-Ի~նչ տարօրինակ վարմունք. կենդանի մարդկանց են բարեւում, - կասի ինչ որ մեկը: Թող այդպես լինի, միեւնույնն է ես ուզում եմ այս մարդկանց ասել.
-Թեկուզ տարիների հեռվից, ընդունեք իմ «բարեւը» : Ժամանակը չէ, որ կարող է հեռու պահել մեզ` ինձ ու ձեզ, այլ միայն հիշողությունը. մարում է հիշողությունդ, մարում ես նաեւ դու:
Որքա՞ն ժամանակ հետո ես նորից կթերթեմ ալբոմն ու «բարեւ» կասեմ այս մարդկանց... Իսկ քանի-քանի~ անգամ է այն թերթվել, քանի -քանի~ մատներ են այս դեղնած ու խունացած թերթիկներին կպել: Ու քանի-քանի հայացք է սահել թերթիկներից ոչ պակաս խունացած լուսանկարների վրայով: Ժամանակը խաղացել է իր դերը, ծերացրել, սրբելով տարել այս նկարների փայլը:
Նայում եմ խմբով լուսանկարներին: Այնտեղ իրական ծիծաղ ու շարժում եմ տեսնում, քեֆերի ժամանակ, գյուղի այգիներում:
Ահա տատս ու պապս ավելի ջահել ժամանակ, ուրախ դեմքերով, իրենց այգում` թոռնիկներով ու երեխաներով շրջապատված:
Որքան տաք են այս նկարները: Մեր օրերի լուսանկարներում նման բան չես տեսնի: Արհեստական ու շինծու ինչոր բան կա նրանցում: Չէ , չես համեմատի այս լուսանկարների հետ: Թեկուզ եւ սրանց մեջ անցյալի շունչն է, միեւնույնն է, ավելի կենդանի են...
Էջ առ էջ, զգուշությամբ շրջում եմ ալբոմի էջերը, շշնջալով բարեւում ու հարցնում.
-Ի՞նչի մասին են խորհել այս մարդիկ նկարվելիս, ի՞նչ կյանք են ապրել եւ ի՞նչ են ունեցել...-լռություն է միայն: Կանցնեն տարիներ եւ նույն հարցերը կծագեն մեկ ուրիշի գլխում, երբ նա թերթի իմ ու իմ ժամանակակիցների ալբոմը...
Ու հանկարծ մի լուսանկար, մյուսներից ավելի հաստ ու էլ ավելի դեղնած: Ինձ է նայում մի զույգ` հրաշք գեղեցկությամբ երիտասարդ մի կին, թեւանցուկ արած պատկառելի տեսքով տղամարդու:
Այնքան գեղեցիկ է լուսանկարի կինը, որ շփոթվեցի` ո՞վ է, դերասանուհի՞: Կարծես մեծն Սիրանույշը լինի...Բայց չէ, սա հարազատ մարդ է: Ո՞վ է...Ա~խ, հիշեցի` մորս հորաքույրն է ` Վարդուհին, իր ամուսնու հետ:
Նայեցի լուսանկարի տարեթվին` 1916 , Աշխաբադ: Նկարի անկյունում հեղինակի ազգանունն է. ոմն Սիմոնով... Նկարվածների ետեւի մասում ծանր, կիսով չափ բացված վարգույրներ են, կնոջ աջ կողմում բավականին լայն ու գեղեցիկ բազմոց է երեւում: Նկարը հավանաբար արված է տանը:
Ճերմակ , ժանեկազարդ, երկար զգեստով է երիտասարդ կինը: Այնքան համաչափ են դիմագծերը, այնքան գեղեցիկ: Խնամքով հավաքված են խիտ ու գանգուր մազերը: Զգեստի բարձր օձիքը գրկել է կնոջ գեղանի պարանոցը եւ ճերմակ ու քնքուշ դեմքն առել իր մեջ, որպես մի հազվագյուտ մարգարիտ:
Զարդերը քիչ են, բայց` թանկարժեք: Վզին ոսկյա շղթա է, իր մեծ ու գեղեցիկ կուլոնով, իսկ ամուսնուն թեւանցուկ արված ձեռքի մատնեմատին` բավականին մեծ քարերով մատանի: Գեղեցկության հետ մեկտեղ, երիտասարդ կնոջն իրական հմայք է տալիս նրա խոհուն հայացքը: Իսկ բեղ մորուքով տղամարդու ամբողջ կեցվածքը հուշում է, թե որքան հպարտ է նման կին ունենալու համար:
Լուսանկարը տեսնելով` հիշեցի այն ամենը, ինչ մայրս պատմել է մեզ իր սիրելի հորաքոջ մասին:
-Շատ երիտասարդ տարիքում են աղջկան ծնողներն ամուսնացրել: Ամուսինը` Մակիչ Մկրտչյանը, Միջինասիական առեւտրային ընկերության անդամ էր, մեծահարուստ: Նա իր կնոջից` Վարդից, քսանհինգ տարով մեծ էր: Տարիքը բոլորովին չխանգարեց, որ սիրով ու համերաշխ ամուսիններ լինեն, երեխաներ ունենան:
Մինչ հեղափոխությունն ապրել են Աշխաբադում: Հեղափոխության հետ փոխվում է ամեն ինչ նրանց կյանքում: Ունեցած ամբողջ քսակներով ոսկին, Վարդը տալիս է մորը, որն այդ ժամանակ աղջկան հյուր էր եկել, որպեսզի մայրն իր հետ հայրենի գյուղ` Բանանց տանի:
Մայրը բերում է, բայց շուտով Ռուսաստանում իշխանության է գալիս Կերենսկու ժամանակավոր կառավարությունը:
-Այդ ոսկին էլ ուժ չունի, փոխի թղթադրամի, - իմանալով ոսկու մասին, ասում է ընտանիքի մտերիմներից մեկը:
-Երբ փոքր էինք,- շարունակում էր պատմել մայրս,- տանիք էինք բարձրանում, որ նրա տակ, այդ խաղաղ անկյունում խաղանք: Այնտեղ` սնդուկների մեջ, Կերենսկու թղթադրամներն էին պահվում: Վերցնում էինք, խաղում, դրանցով փոքրիկ փաթեթներ սարքում: Տատը մի օր տեսնելով, թե ինչով ենք խաղում, ախ ու վախ արեց ու ասաց.
-Ձեր աստվածը սիրեք, էս փողերին ձեռք մի տվեք, մեկ էլ տեսաք սրանց ժամանակը նորից եկավ: Ձեր հորաքրոջ ամբողջ հարստությունն է սա եղել...Նա իմ քայլը չներեց: Դե ո՞վ կներեր: Խեղճ Մակիչի ամբողջ ունեցվածքը թուղթ դարձրի...-տխուր ասաց տատս, մեր ձեռքից առավ թղթադրամները, հարթեցրեց ու նորից դասավորեց սնդուկների մեջ...
Իսկ ի՞նչ ճակատագիր ունեցավ այս զույգը: Սիրով ապրեցին, խաղաղ ապրեցին, բայց խոր ծերությունը ցավի ու կսկիծի մեջ ապրեցին: Փոքր որդին զոհվեց Մեծ Հայրենականում, մեծը` վիրավոր վերադարձավ, սկսեց աշխատել գործարանում: Գեղեցիկ, բարձրահասակ մի երիտասարդ էր նա: Բայց սպանվեց տանը, նախանձի թույնով թաթախված ընկերոջ ձեռքով, թիկունքից հասցրած ատրճանակի կրակոցից...
Աղջիկները չցանկացան ամուսնանալ, որոշեցին մինչ մահ պահել եղբայրների սուգը: Միմիայն բարեկամների ու ազգականներիի պնդումներից հետո ավագ դուստրը` արդեն բավականին հասուն տարիքում, ամուսնացավ:
-Ձեր ծնողները մեղք են: Ինչո՞ւ չեք ամուսնանում, ժառանգներ ունենում: Բա չորս զավակից մի թոռ անգամ չտեսնե՞ն,- մտահոգված հարցնում էին մտերիմները:
Միայն մի թոռնուհի ունեցավ Վարդը: Ծնվեց հրաշք մի աղջիկ` Նեկտարը: Ընտանիքի ամբողջ սերը, կորցրած զավակների կարոտը նրա մեջ խտացավ ու ծլարձակեց...
Հորաքրոջ փոքր աղջիկն այդպես էլ չամուսնացավ:
Զարմանալի է` ես այս մարդկանց, ինչպես ալբոմի մյուս լուսանկարներից նայող շատերին, իրական կյանքում չեմ տեսել, չեմ ճանաչել, բայց հեռու հեռվից, մի լուսանկարի շնորհիվ արդեն գիտեմ նրանց կյանքի պատմությունը:
Ես նրանց արդեն ճանաչում եմ:
Ու գրեթե մեկ դար անց ասում նրանց .
-Բարեւ ու նորից բարեւ...