Թափառող հոգին
Նաիրա Փիրումյան
Օնլայն Ընթերցում
Էջ 1 / 18
Վրեժխնդրության ու սիրո մեջ
կինն ավելի բարբարոս է,
քան տղամարդը:
Ֆ. Նիցշե
Օրեր շարունակ այդ տանը կռիվ էր, վեճ...
-Հասկացի'ր, դու հիմի չես կարա էդ էրեխուն ունենալ: Թող այս փոքրիկը մի քիչ մեծանա, նոր կմտածենք երկրորդի մասին: Չես տեսնո՞ւմ մեր վիճակը. հազիվ ա աշխատածս փողը հերիքում, - բարկացած ասում էր ամուսինը կնոջը:
-Բայց ես հղի եմ եւ չեմ ուզում հրաժարվել իմ էրեխից, չեմ ուզում ազատվել նրանից... Երբեք չեմ մոռանա, ոնց էին իմ նախկին ընտանիքում տարիներով երեսիս շպրտում, որ չբեր եմ, չոր ծառի նման եմ, կին չեմ ու հանկա՞րծ...հղիանալուց հետո չունենամ էս էրեխին, որի սրտիկի զարկն եմ արդեն զգում իմ կրծքի տակ: Մահվան գնով անգամ կունենամ...Ու հետո էլ, փողը պատճառ չի. մենք վատ չենք ապրում: Թող մեկի փոխարեն երկու էրեխա մեծանա: Պատճառն էն ա, որ դու ինձ չես սիրում եւ չես ուզում, որ ես էլ էրեխա ունենամ...Դու դեռ սիրում ես քո Անուշին, դա յա իմ դժբախտությունը...
-Հիմարություններ ես խոսում, վերջ տո'ւր,- գոչեց ամուսինը:
-Ճշմարտությունը դառն ա, հա՞: Բայց ես մեղավո՞ր եմ...- հարցրեց կինը:
-Իսկ դու սիրո՞ւմ ես էս էրեխուն, ասա` սիրում ե՞ս,- հանկարծ խոսքը փոխեց ամուսինը:
-Սիրում եմ, բայց ինքս էլ եմ ուզում մայր դառնալ,- ասաց կինն ու ավելացրեց,- դու ինձ չես հասկանում...
-Հետո կունենաս, հետո...Էլ ոչ մի բան չեմ ուզում լսել` գնա բժշկի,- ասաց ամուսինն ու դուրս ելավ տնից:
Երկաթգիծը ձգվում էր լեռների ստորոտով:
Շատ ու շատ տարիներ առաջ, աչքից հեռու, զուտ պաշտպանական նպատակով, մարդիկ լեռները պայթեցնելով ու ճեղքելով, ճանապարհ են գցել այս քարքարոտ վայրերով:
Փոխվեց մեծ աշխարհը, բայց ժամանակի զարկից ու շնչից կտրված մնացին հայոց այս խաղաղ ու հանգիստ վայրերը:
Հեռուներից քամու բերած սերմերը` ընկնելով ժայռերի խոռշերը, անձրեւի ջրով, արեւի լույսով սնվելով, ճեղքելով քարերը` ծլեցին, աճեցին ու դարձան թփեր: Իսկ թփերը մեծացան ու խտացան...
Շուրջն այնպիսի խաղաղություն էր, որ եթե մի փոքր ավելի լարեիր լսողությունդ, անպայման կլսեիր բզեզների բզզոցն ու թփերի մեջ երեւացող զանգակածաղկի զանգի մեղմիկ զարկերը:
Բայց հանկարծ օդը շարժվեց, խլվեց ժայռերի անդորրը: Այն խախտեց հեռվից եկող բեռնատար գնացքի սուլոցը:
Մեքենավարը, որի կյանքի քսան եւ ավելի տարիներն անցել էին այս ճանապարհը կտրելով, անգիր գիտեր բոլոր ժայռերը, նրանց ամեն մի ծալքը: Անգամ գիտեր, թե որ խոռոչում ինչ թուփ է գարնանն աճում: Շրջապատը մարդու աչքին դարձել էր սովորական ու հարազատ:
Գնացքը շարունակում էր փնչացնելով սուրալ առաջ: Նրանց դիմաց, օձի նման գալարվում էր ճանապարհը:
Ու հանկարծ հեռվից, հենց գծերի մեջ, մեքենավարը մարդկային մի ստվեր նկատեց: Ավելի մոտենալով` ստվերը դարձավ գլխաշորը թափահարող կին:
-Ո՞վ զարմանք,-մտածեց մարդը,- սա ի՞նչ բան է: Ի՞նչ է անում այս կինն այստեղ: Ի՞նչ է պատահել:
Որքան մոտենում էին, այնքան կնոջ շարժումներն ավելի արագ էին դառնում:
-Գծերի մեջ մարդ կա կանգնած, կանգեցնում ենք գնացքը, - անհանգստացած գոչեց մարդն իր օգնականներին` Աշոտին ու Գոռին եւ միանգամից արգելակեց մեքենան:
-Այո, տեսնում եմ, կին է, երիտասարդ կին, - պատասխանեց Աշոտը:
Գնացքի երկաթյա անիվները կրակներ ժայթքեցնելով, ավելի ուժգին փնչացնելով, ասես բողոքելով ոչ ճիշտ ժամանակին իրենց կանգառի համար` կանգնեցին: Մարդիկ աջ ու ձախ պատուհաններից դուրս նայեցին: Մարդկային ոչ մի շունչ չկար տեսադաշտում:
-Իջեք տեսեք ի՞նչ եղավ այդ կինը,- ասաց մեքենավարն օգնականներին: Երիտասարդներն իջան:
Ոչ ոք չկար:
-Ի՞նչ եք շշմած կանգնել,- տեսնելով զարմացած տղաներին, ձայն տվեց մեքենավարը:
-Այստեղ ոչ մի կին էլ չկա,- մոտենալով պատուհանից իրենց նայող մարդուն, ասաց Աշոտը:
-Ինչպե՞ս թե կին չկա: Իսկ մեր տեսածն ո՞վ էր:
-Այո, չկա,- ուսերը բարձրացնելով, ասաց տղան:
Ոչինչ չհասկանալով, մեքենավարն ինքն էլ իջավ գնացքից, շրջանցեց այն ու մնաց կանգնած: Իրոք, ոչ ոք չկար տեսադաշտում...
-Ո՞ւր է կինը: Հօդս ցնդեց ի՞նչ է: Դուք տեսաք չէ՞ նրան,- զարմացած հարցրեց մարդը:
Իսկ Գոռն ուսերը բարձացնելով, ապշահար ասաց.
-Իհարկե տեսանք: Նույնիսկ մտածեցի` խենթ է հավանաբար, որ հենց այստեղ է կանգնած, չէ՞ որ ոչ կայարան է սա, ոչ` կանգառատեղ:
-Հե~յ, որտե՞ղ եք...-կանչեց մեքենավարն ու նայեց շուրջը: -Ոչինչ չեմ հասկանում: Նա հո՞ չէր կարող կանգնեցնել մեզ ու ինքն այս ժայռերի մեջ թաքնվել: Ո՞րն էր նպատակը:
-Կամ վարկյանական ցած վազել ու ներքեւում` արտերի մեջ մտնել,- մեքենավարի միտքը շարունակեց Աշոտը:
-Մի՞գուցե խափկանք էր, որ երեւաց մեր աչքին,- մտքերի մեջ մոլորված, ասաց մեքենավարը,- իսկ մենք հիմարաբար կանգնեցրինք մեքենան, ժամանակից ուշանում ենք...
Մարդու խոսքը մնաց կիսատ. մանկան մի բարձր ճիչ կտրեց այն:
-Երեխա~,- ճչացին տղամարդիկ միասին եւ նոր միայն նկատեցին իրենցից մի քանի մետր հեռու, գծերի մեջ մի բարուր: Իրար նայելով, զարմացած լսածից ու տեսածից, նրանք վազեցին դեպի երեխան: Երեխան ճչում էր...Նա այնքան էր թափահարել իր թմբլիկ տոտիկները, որ բարուրը բացվել էր: Մի հրաշք մանչուկ էր, հինգ-վեց ամսական:
-Սա այն կնոջ երեխան է: Սա էլ այն գլխաշորն է, որը թափահարում էր նա, - ասաց Գոռն ու երեխայի վրայից վերցրեց սպիտակ, մետաքսյա նուրբ գլխաշորը:
-Եթե նրա երեխան է, ապա ինչո՞ւ է թողել, այն էլ` այստեղ,- վախեցած վերցնելով փոքրիկին, ասաց մեքենավարը:
-Մի՞թե չեք հասկանում, թողել է, որ գնացքի տակ մնա,- չարացած ասաց Գոռը:
-Ինչպիսի~ հիմարություն: Եթե ուզում էր գնացքի տակ թողնել, այդ դեպքում, ինչո՞ւ կանգնեցրեց այն,- ասաց Աշոտը:
-Կամ էլ այս երեխան նրա մեղքի պտուղն է: Նմանատիպ բաներ շատ եմ լսել: Կարծում եմ, մեզ հանձնելով` ցանկացավ ազատվել նրանից,- ենթադրեց Գոռը:
-Չէ~, այստեղ ուրիշ բան կա,- ասաց մեքենավարն ու երեխային նայելով, ժպտաց,- ի~նչ էլ լավ բալիկ է:
Մարդու ձեռքերի մեջ իրեն ավելի տաք ու ապահով զգալով, փոքրիկը լռեց, նույնիսկ ի պատասխան մարդու ժպիտի` ժպտաց:
-Այստեղ ուրիշ գաղտնիք կա,- նորից ասաց մարդն ու ավելացրեց,- ամենամոտ բնակավայրը Տեղ գյուղն է, հինգ կիլոմետր է հեռու:
-Այո,- նրա խոսքը հաստատեց Աշոտը:
-Իսկ հիմա լսեք,-շարունակեց մեքենավարը,- գնացքը երկար կանգնել չի կարող: Դուք շարունակում եք ճանապարհը, իսկ ես գնում եմ այդ գյուղ ու հարցուփորձ անում:
-Ես չեմ կարող քեզ մենակ թողնել, անհանգստությունից սիրտս կպայթի: Իսկ եթե այդ գյուղից չի երեխան: Ի՞նչ ես անելու: Արի միասին գնանք: Մի քիչ դու կտանես փոքրիկին, մի քիչ էլ ես, - ասաց Գոռն ավագ ընկերոջը:
-Գիտես, երեւի դու ճիշտ ես: Աշոտ, մենակ կվարես գնացքը, առանց մեզ գնա,- դիմելով տղային, ասաց մեքենավարը:
-Իսկ դուք` երկո՞ւսդ,- հարցրեց տղան:
-Տա աստված, երեխան մոտիկ գյուղից լինի, գտնենք հարազատներին, հանձնենք նրանց եւ մինչ երեկո կարողանանք ետ գալ: Այդ դեպքում ետդարձիդ կհասցնես մեզ վերցնել: Մենք քեզ հենց այստեղ էլ կսպասենք,- ասաց մեքենավարը տղային:- Դե քեզ բարի ճանապարհ, մեզ էլ հաջողություն:
-Իսկ եթե երեխան այդ գյուղից չլինի, ի՞նչ եք անելու,- հարցրեց Աշոտը:
-Այդ ժամանակ մենք երեխայի հետ կսպասենք քեզ ու միասին կտանենք ոստիկանություն: Այլ ելք չենք ունենա,- մտախոհ ասաց մարդը:
Գնացքը փնչացնելով սկսեց իր ճանապարհով ընթանալ, իսկ տղամարդիկ թեքվեցին դեպի աջ եւ ուղղվեցին դեպի գյուղ: Ճանապարհին սկսեցին վերլուծել բոլոր հնարավոր եւ անհնար պատճառները, որոնք դրդել էին երիտասարդ կնոջը թողնել երեխային:
Երեխան մեկ ճչում էր, մեկ ժպտում...
-Հավանաբար քաղցած է,- մտահոգ ասաց մեքենավարը:
-Այո: Աստված գիտի քանի ժամ է արեւի տակ պառկած մնացել: Անխիղճ կի~ն...- բացականչեց Գոռը:
Օրը թեքվում էր, բայց ամառվա այդ ժամերին դեռ շոգ էր:
-Ոչինչ չեմ կարողանում հասկանալ...- ինքն իրեն նույն հարցն էր կրկնում մարդը:
Շոգից ու ծարավից խեղդվելով, երկու տղամարդիկ հասան գյուղ: Նրանց տեսքն այնքան հոգնած էր, փոշոտ, մարդիկ զարմացած նայում էին նրանց...
-Եթե երեխան այս գյուղից լինի, ուրեմն` թե մեր, թե փոքրիկի բախտը բերեց,- ասաց մեքենավարը:
-Իսկ եթե գտնենք, բայց չցանկանան վերցնել: Չէ՞ որ հենց մայրը թողեց երեխային: Նա կփորձի ինչ-ինչ ձեւերով խուսափել փոքրիկից: Շատ կուզեի տեսնել այդ երկարամազին ու նայել աչքերի մեջ,- թշշացրեց Գոռը:
-Իսկ մի՞գուցե մայրը չէր: Այդքան համոզված մի խոսիր,- ասաց ընկերը:
Տներից մեկի բակում, ստվերի մեջ մի ծեր կին էր նստած: Նրա ձեռքում ձեռագործ էր: Երբ տղամարդիկ մոտեցան, կինը բարձրացրեց գլուխն ու նայեց օտարականներին:
-Բարի օր,- ասացին տղամարդիկ:
-Բարեւ ձեզ,- պատասխանեց կինը:
-Մեզ ջուր չե՞ք տա,- հարցրեց մեքենավարը: Կինը կանչեց.
-Աստղի~կ:
Տան դուռը բացվեց եւ դռների մեջ երեւաց տասնամյա մի աղջիկ:
-Ի՞նչ ա եղել, տատիկ,- հարցրեց երեխան:
-Բալես, ջուր են ուզում էս մարդիկ:
Քիչ անց, աղջիկը ջուր բերեց: Տղամարդիկ փոքրիկ կումերով խմեցրին երեխային, հետո իրենք խմեցին:
-Շնորհակալություն Աստղիկ,- ասացին մարդիկ ու ժպտացին աղջկան, որն ի պատասխան նույնպես ժպտաց ու արագ հեռացավ:
Հագեցնելով ծարավը` մեքենավարը նստեց կնոջ կողքին:
-Հեռվից եք գալիս հա՞, հոգնած ու տանջված եք երեւում,- ասաց կինը:
-Այո, շատ ենք հոգնած ...-պատասխանեց մեքենավարն ու հանկարծ հարցրեց,- դուք վաղո՞ւց եք այս գյուղում ապրում:
-Ծնված օրից: Էդ խի՞ եք հարցնում,- զարմացավ կինը:
-Մենք այս փոքրիկին գնացքի գծերի մեջ...- մեքենավարի սաստող հայացքի տակ, Գոռի խոսքը մնաց կիսատ: Մի՞գուցե երեխան այս գյուղից չէ, մտածում էր մեքենավարը, ինչո՞ւ այսպես միանգամից խոսել:
-Էդ ի՞նչ ա ասում,- հարցրեց կինը, ձեռքով ցույց տալով Գոռին:
-Ձեր գյուղում ո՞վ ունի այս տարիքի երեխա,- չլսելու տալով կնոջ խոսքը, հարցրեց բարուրը գրկին մարդը:
- Ձեր էրեխեն ինչքա՞ն ա:
-Դե, կլինի հինգ -վեց ամսական:
-Գյուղում կան էդ տարիքի էրեխեք: Վանունք էլ ունեն մոտովորապես էդ չափի պուճուր: Նրանք իմ հարեւաններն են, մի քանի տուն ներքեւ են ապրում,- բացատրեց կինը:
-Դուք երբեւէ տեսե՞լ եք նրանց երեխային,- փորձեց որքան հնարավոր է հանգիստ, հարցնել մեքենավարը:
-Հա, ո՞նց չեմ տեսել:
-Ուրեմն թե տեսնեք, կճանաչե՞ք փոքրիկին, չէ՞,- կնոջ պատասխանից հուզված, մեջ ընկավ Գոռը:
-Բա ոնց չեմ ճանաչի,- ասաց կինն ու զարմացած նայեց Գոռին,- էդ խի՞ եք էդքան տարօրինակ բաներ հարցնում:
-Նայեցեք խնդրում եմ, այս փոքրիկին, ուշադիր նայեք, - գրկի մեջ ամուր պահելով երեխային, ասաց մեքենավարը: Կինը շրջվեց ու վիզը երկարացնելով նայեց երեխային:
-Վա~, Վանունց էրեխեն ա: Դուք ո՞վ եք, է~,- ոչինչ չհասկանալով իրավիճակից, հարցրեց կինը:
Տղամարդիկ նայեցին իրար: Նրանց հոգուց մի մեծ, շատ մեծ քար ընկավ ասես. գտնվեց փոքրիկի ընտանիքը, երեխան հենց այս գյուղից է:
Բայց հանգույցը մնում էր դեռ չարձակված...
-Մի բարկացեք: Շուտով ամեն ինչ կիմանաք,- ասաց մեքենավարը: Կնոջ բարձր ձայնից երեխան շրթունքը կախեց ու սկսեց նորից լալ:
-Քաղցած է,-ինքն իրեն խոսեց Գոռը:
-Ախր էս երեխեն խի՞ չի իրա ծնողների կողքին,- հարցրեց կինը,- ո՞վ եք, բարեկամ եք Վանունց: Հա՞:
-Լսեք տիկին...
-Տղա ջան, էդ տիկին- միկինը թող: Ես գյուղի կնիկ եմ, դա ինձ խորթ ա: Ասա` Աստղիկ մորքուր ու վերջ, -ասաց կինը:
- Աստղիկ մորքուր, այս երեխան հայր, մայր ունի՞,- հարցրեց մեքենավարը:
- Վա~, էրեխին ծնողներից վերցրնում եք, հետո գալիս իմ դուռը եւ հարցնում` երեխան ծնողներ ունի՞: Կարո՞ղ ա էդ էրեխին գողացել եք,- հարցրեց արդեն բորբոքված կինն ու կանչեց թոռնուհուն,- Աստղի~կ...
-Հանգստացե~ք խնդրում եմ, ես ամեն ինչ հիմա ձեզ կբացատրեմ: Ես գնացքի մեքենավարն եմ, իսկ այս տղան` իմ օգնականը: Մենք երեխային գծերի մեջ գտանք: Հասկանո՞ւմ եք...
-Էդ ի՞նչ եք ասում: Էրեխեն ծնողներ ունի: Ախր էս մի քանի ամսական էրեխեն չի' կարա հենց նենց գծերի մեջ լի, հնարավոր չի',- գոչեց կինը:
-Ինչպե՞ս հնարավոր չէ, եթե նրան այնտեղից ենք վերցրել...
Դուռը բացվեց եւ դռների մեջ նորից երեւաց աղջիկը:
-Բալես, գնա եւ կանչի Վանունց հարսին: Ասա` տատս կանչում ա, շուտ արի'...Իսկ տուք մնացեք ստեղ: Հիմի կգա էրեխի մերն ու տուք ծեր տված հարցերի պատասխանը կստանաք: Բայց եթե գողացել եք էս քյորփին ու սա չգիտդեմ ի՞նչ խաղ ա, որ ուզում եք խաղալ, ուրեմն...-գլուխը խորհրդավոր ձեւով շարժելով, խոսքը կիսատ թողեց կինը : Տղամարդիկ նայեցին իրար: Երեխան, որ մինչ այդ ճչում էր, հոգնեց ասես ինքն իր ձայնից ու նորից լռեց...Թվում էր մեծերը չէին լսում երեխայի ճիչը:
Մի փոքր անց, բակում նստածները նկատեցին դեպի իրենց եկող փոքրիկ Աստղիկին եւ նրա հետ արագ-արագ քայլող կնոջ ու տղամարդու: Երկու տղամարդիկ սկսեցին ուշադիր դիտել մոտեցող կնոջը: Սա այն կինը չէ, որին իրենք տեսել են. նա երկար մազերով էր, ավելի բարձրահասակ, մտածեցին տղամարդիկ ու նայեցին իրար:
Երբ նրանք մոտեցան, ծեր կինը հարցրեց տղամարդուն.
-Ո՞ւր ա ձեր էրեխեն Ռուբեն:
- Մեր էրեխեն չկա, Աստղիկ մորքուր: Ես ոստիկանություն եմ դիմել: Բայց չեմ հասկանում, թե խի մինչեւ հիմի նրանք չկան: Սպասում ենք...Եվ ահա իմացանք, որ կանչում եք: Ի՞նչ ա էղել,- հուզված ասաց Ռուբենը:
-Հիմի կպարզենք: Իսկ ոստիկանները հույս ունեմ, որդի որ են կհայտնվեն,- խեթ նայելով օտարականներին, ասաց կինը:- Բա ո՞նց կորցրիք էրեխին, հու ասեղ չի, տանը չի՞ք...
-Արհեստանոցում աշխատում էի, հանկարծ Էմման մտավ արհեստանոց ու լացով, աղաղակով ասեց թե` էրեխին գողացել են, երեխեն չկա,- հուզված, շարունակեց մարդը:
-Հա, ես մի քանի րոպեով դուրս եկա տնից, երբ ետ եկա, էրեխեն օրորոցում չէր,- ուսերը բարձրացնելով, բացատրեց կինը:
-Ուշադիր մտիկ արեք, ձերը չի՞ էս էրեխեն,- հարցրեց ծեր կինը եւ ձեռքը մեկնեց երեխայի կողմը:
Երեխային մոտեցավ նախ մայրը, հետո հայրը:
-Մեր էրեխեն ա,- շշնջաց Էմման ու դողացող ձեռքերով առավ իր գիրկը փոքրիկին, սեղմեց կրծքին:
-Մերն ա,- կրկնեց ամուսինն էլ ավելի շփոթված:
-Ինչպե՞ս է հայտնվել գնացքի գծերի մեջ այս փոքրիկը,- վրդովված հարցրեց մեքենավարը:
-Չգիտեմ,- շփոթված պատասխանեց կինը:
-Իսկ դուք ովքե՞ր եք, որ էրեխեն ձեր մոտ ա,- բարկացած հարցրեց Ռուբենն անծանոթներին: Նրանց շուրջը կամաց -կամաց սկսեցին հավաքվել մարդիկ:
-Կարծում եմ երեխային ինչոր մեկը ցանկացել է սպանել,- ուշադրություն չդարձնելով հոր խոսքերին, ասաց Գոռը: - Խիղճը կորցրած մեկն է այդ մարդը, որ նախ գողացել է փոքրիկին, իսկ հետո...
-Սպասի'ր, -սաստեց ընկերը:
-Ի՞նչ է կատարվում,- գոռաց Ռուբենը:
-Ինչո՞ւ չեք ուզում հասկանալ, մենք ձեր երեխային գնացքի գծերի մեջ ենք գտել ու բերել հասցրել գյուղ: Մտածեցինք, ամենամոտ գյուղն է սա, մի՞գուցե այս գյուղից են տարել երեխային,- հնարավորինս հանգիստ բացատրեց մեքենավարը:
- Բայց ո՞վ կարող ա նման բան արած լինի,- նայելով շուրջը հավաքված մարդկանց, ձեռքերը տարածելով, հարցրեց Ռուբենը,- անգամ թշնամին նման բան չի անի:
-Ես կասեի, որ ոչ մեկն էլ նման բան չի անի: Բայց արի տես` արել են...-ասաց ծեր կինը:
-Շատ տարօրինակ ա էս բոլորը: Ինչ որ բացատրություն պետք ա ունենա սա, թե` չէ...-ասաց մի տղամարդ:
-Սպասեք, սպասե~ք...Էմմա, էն ո՞ւր էիր գնում առավոտ շուտ էրեխեն գրկիդ,- հանկարծ ամբոխի միջից լսվեց կանացի մի ձայն:
-Ի՞նչ, ո՞վ, ես էի՞ գնում...- շփոթված սկսեց հարցեր տալ Էմման:
-Հա', դու: Ես քեզ տեսա, դու թեքվեցիր մեծ ճանապարհի կողմն ու գնացիր...Ես էլ ինքս ինձ մտածում էի` էսքան շուտ էս աղջիկն ո՞ւր ա գնում:
-Ուրիշին ես տեսել: Ես բակից դուրս չեմ եկել:
-Ինչե՞ր ես ասում, այ աղջիկ,- խիստ զարմացած հարցրեց կինն ու մոտեցավ Էմմային,- ի՞նչ ա, քեզ չեմ ճանաչում: Դու արագ-արագ հեռանում էիր:
-Ի՞նչ ա ասում էս կինը,- նայելով կնոջը` զարմացած խոսեց ամուսինը:
-Չգիտեմ...Չեմ հասկանում...
-Բայց ես քեզ տեսա էրեխի հետ,- նորից կրկնեց կինը:
- Ո՞ւր էիր գնում: Էդ ինչո՞ւ ինձ ոչ մի բան չես ասել,- արդեն կատաղությունից փրփրած, հարցրեց ամուսինը:- Դե, խոսա' ...
-Ես... ես ոչ մի տեղ էլ չեմ գնացել,- շփոթմունքից կաս-կարմիր կտրած խոսեց Էմման:
-Սպասի, սպասի~...Էդ կարո՞ղ ա դու ես եղել...Չլինի քո՞ ձեռքի գործն ա: Հա՞:
-Չէ~, չէ~...
-Վա~յ, դու ես եղել...Ոչ մեկը նման բան չէր անի: Եթե դու իրոք տանն ես եղել, մի քանի րոպեով ես միայն դուրս եկել, ոնց որ ասում ես, էդ դեպքում ո՞վ կհամարձակվեր ներս մտնել եւ էրեխին դուրս հանել:
-Չէ~, ես չեմ...
-Դու ես, դո~ւ, հենց դու...անաստվա~ծ...- գոռաց Ռուբենը:
-Հա, ե'ս եմ եղել, ե~ս,- հանկարծ ճչաց կինը: Այդ պահին նա էգ գազանի էր նման` աչքերը լայն բացած, դեմքը կարմրած:- Իսկ ի՞նչ էիր ուզում` սպանե՞մ իմին, պահե'մ քո էրեխին...
Մարդիկ, որ մինչ այդ բարձրաձայն քննարկում էին դրությունը, լսելով Էմմայի խոստովանությունը` քար կտրեցին:
-Ստոր ես ու դու դեռ մա՞յր ես ուզում դառնալ, հա՞- կատաղած հարցրեց ամուսինն ու կնոջ ձեռքից խլեց երեխային:-Դու էդ ձեւով էիր հա՞ ուզում ստանալ քո երջանկությունը, իմ սերը...
-Ես չկարողացա տանել քո անտարբերությունը, թշնամանքն իմ դեռ չծնված էրեխի հանդեպ, մեր էրեխի...Դու մեկ սիրող ու պաշտող հայր ես, մեկ` որդեսպան...-արդեն խեղդվելով արցունքներից` փորձում էր արդարանալ կինը:- Էս չորս ամիսներին արհամարված էի, ստորացված քո տանը: Իսկ հետո, երբ իմացար հղիությանս մասին է'լ ավելի վատացավ վիճակս...Ես օտար եմ եղել քո տանը, եկվոր...
Զարմանքի ու բողոքի մի բվվոց անցավ ամբոխի միջով...
-Սուրբ էր ձեւացնում իրան, բանից անտեղյակ,- դիմելով ամբոխին, ասաց այն կինը, որն առավոտյան տեսել էր Էմմային:
Ու հանկարծ, փոխվեց ամեն ինչ. կոտրված եղեգի նման Էմման ընկավ գետնին: Նա երկու ձեռքերով բռնեց ամուսնու ոտքերն ու սկսեց լալով համբուրել.
-Ներիր, ներիր, աղաչո~ւմ եմ...Խանդը մթագնել էր ուղեղս, սպանել ամեն մի զգացմունք: Երբ ետ եկա, գժվածի նման էի, տեղս չէի գտնում...Էդ ժամանակ միայն հասկացա արարքիս ամբողջ խորությունը: Ուզում էի ետ դառնալ, բայց սարսափում էի էն մտքից, որ չեմ տեսնի էրեխին այնպես, ինչպես թողել էի...Ներիր, եթե հնարավոր ա...Ների~ր...
-Հեռացի'ր...Իմ էրեխին սպանելով ուզում էիր քոնին կյանք տա՞լ, լույս աշխարհ բերե՞լ, -գոռաց Ռուբենը:
-Մի մոռացիր, նա նաեւ քո էրեխեն ա: Բայց հիմա...-կինը լռեց մի պահ,- հիմա ես կանեմ այնպես, ինչպես դու ես ուզում. ես կգնամ բժշկի: Թող լինի քո կամքը` հանուն էս փոքրիկ ապրողի ու մեծացողի:
-Հեռացի'ր,- ոտքը հեռացնելով կնոջից, նորից կրկնեց ամուսինը,- քո մտքերով ու վարմունքով ավերեցիր ամեն ինչ եւ դեռ ներվե՞լ ես ուզում, հա՞:
-Սպասիր Ռուբեն, տղաս,- մեջ ընկավ ծեր Աստղիկը,- նրա բերանով այս պահին մայրը խոսաց: Հավատա նրան եւ իմացիր, որդիս, որ դժբախտությունն այնպիսի ուժ ունի, որ ոչ մաքուրին մաքրում ա, բյուեղացնում` հոգին: Ինչի՞ ես մոռանում, ախր նա էլ քիչ չի տառապել մինչեւ քեզ հանդիպելը: Ներիր ու բաց քո տան դուռը նրա առաջ... Կարեւորը, որ երեխան փրկված ա աստծու կամքով:
-Մորաքույր Աստղիկ, քեզ հարգում եմ, բայց այս դեպքում ես ի վիճակի չեմ լսել քեզ` ներել նրան: Ինչքա~ն հեշտ ա դա ասվում...Իսկ եթե այս մարդիկ չնկատեի՞ն էրեխին, եթե նրանք ժամանակին չկանգնեցնեին գնացքը: Ի՞նչ կլիներ էրեխի հետ: Մտածելն անգամ խելագարեցնում ա ինձ,- ասաց Ռուբենն ու որքան հնարավոր է հանգիստ դիմեց կնոջը.
- Գիտե՞ս, ամենամեծ ցավը մեզ տալիս են էն մարդիկ, որոնց մենք սիրում ու հավատում ենք: Բայց արի տես, մեզ երջանկացնելու փոխարեն հաճախ հենց նրա'նք են այրող վերքեր բաց անում մեր սրտերում...Նման վերքերն անբուժելի են: Հեռացիր իմ աչքից ու իմ տանից: Ես այլեւս քեզ տեսնել չեմ ուզում եւ չեմ էլ կարող:
-Դու լավ ասացիր, բայց ախր դու ինձ չսիրեցիր եւ համոզված եմ` չես էլ սիրի...
-Ես քեզ հավատում էի...
-Ես հեռանում եմ: Հեռանում եմ իմ բաժին երջանկությունը տանելով...-ասաց Էմման:
-Ինձ ցավ պատճառելով...- գոչեց նրա ետեւից ամուսինը:
-Ես կաղոթեմ աստծուն ու նա ինձ կների:
-Աստված մանկասպանին չի ների...
-Ինձ կների... -կամաց ասաց կինն ու դուրս եկավ բակից:
-Բա խի՞ղճդ...-վերջին անգամ հարցրեց Ռուբենը: Խոսքը մնաց անպատասխան...
-Մի՞գուցե իմ ասելիքն այստեղ ավելորդ է, բայց ուզում եմ մի բան ասել, թեպետ...թեպետ չգիտեմ ինչպես ասել,- հանկարծ խոսեց մեքենավարը:- Երբ գնացքը մոտենում էր այն վայրին, որտեղ երեխան էր, մի երիտասարդ կին երեւաց մեզ հենց գծերի մեջ, երկար մազերով, մոխրագույն զգեստով: Նա էր, որ ձեռքերը թափահարելով կանգնեցեց գնացքը:
-Երիտասարդ կին ե՞ք ասում, երկար մազերո՞վ, մոխրագույն զգեստո՞վ,- շփոթված հարցրեց Ռուբենը:
-Այո, բայց երբ մոտեցանք, նա անտեսանելի դարձավ, չքվեց պարզապես մեր աչքից: Ո՞րտեղ մտավ, ի՞նչ եղավ, ոչինչ չհասկացանք: Եվ հիմա կուզեի իմանալ, ո՞վ էր այն կինը, որը կարողացավ մեզ հասկացնել, որ գծերի մեջ երեխա կա: Մենք նրան այս ամբոխի մեջ այդպես էլ չտեսանք: Նա' կանգնեցրեց մեզ, իսկ ինչո՞ւ ինքը չվերցրեց, չփրկեց երեխային, դա մնաց հանելուկ ...-ասաց մարդն ու գրպանից հանեց գլխաշորը:
-Սա որտեղի՞ց ձեզ,- խիստ զարմացած, հարցրեց Ռուբենը:
-Բարուրի վրա էր:
-Ախր սա էրեխու մոր գլխաշորն ա,- ասաց մարդն ու վերցնելով գլխաշորը` աչքերը փակեց, հետո շատ կամաց խոսեց, -հետեւեք ինձ, խնդրում եմ:
Նրա տեսքն այժմ շատ ավելի տարօրինակ էր, քան մինչ այդ էր:
Մի խումբ մարդիկ, այդ թվում նաեւ մեքենավարն ու նրա օգնականը գնացին նրա տուն: Երբ մտան` սենյակներից մեկում, պատից կախված մի նկար տեսան:
-Սա հենց մեր տեսած կինն է,- զարմացած գոչեց Գոռը:
-Այո, մեր տեսած կինն է,- էլ ավելի զարմացած, շշնջաց մեքենավարը:
Նկարից նրանց էր նայում գեղեցկատես, երկար մազերով, մոխրագույն զգեստով երիտասարդ մի կին: Նրա վզին հենց նույն գլխաշորն էր փաթաթված:
-Նա է էրեխու իսկական մայրը: Ծննդաբերության ժամանակ մահացավ...-նայելով սիրելի կնոջ նկարին, ասաց Ռուբենը:
-Ա~խ, տեր աստված, ուրեմն կենդանի կերպար դարձած, մահացած մոր հոգին եք տուք տեսել: Էդ աղջիկը հրեշտակի թեւով ա էկել իրա էրեխու մոտ, - շփոթված ասաց ծեր կինն ու խաչ քաշեց երեսին:
-Այդպես էլ կա...Այդ նա փրկեց մեր փոքրիկին...Երեխայի շուրջը նրա թափառող հոգին ա երեւացել այս բարի մարդկանց, - պատասխանեց Ռուբենը:
Դրսից լսվեցին ձայներ. ոստիկաններն էին...
Էջ 1
ընդհանուր 18 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով