Ռեզիդենտը
Աշոտ Աղաբաբյան
Օնլայն Ընթերցում
Էջ 1 / 403
Նվիրում եմ հորս՝
Լիպարիտ Նիկոլի Աղաբաբյանին
Մաս առաջին
Գենադի
Մուտք
Մոսկվա։ Լուբյանկա։ Փետրվար, 1931թ.։
Ձնաբուքը, զոհին կորցրած գազանի նման պատեպատ զարկվելով, գալարվում էր լուսնկա գիշերվա մեջ, չափչփում նրբանցքներն ու շքամուտքերը, հավաքում փողոցների ձյունն ու շրմփոցով ծեփվելով սառած պատուհաններին՝ նվաղում շենքերի պատերի տակ։
Լուբյանկայի երկրորդ հարկի պատուհանից առկայծող լույսն անթարթ աչքի պես հետեւում էր քամու անփույթ վայրիվերումներին։ Լուսամուտից դուրս նայող զինվորականը, հայացքը փողոցից կտրելով, նկատեց, որ աշխատասենյակն ամբողջությամբ կորել է ծխի մեջ։
Միացյալ պետական քաղաքական վարչության (ՄՊՔՎ) արտասահմանյան բաժնի պետ Արթուր Արտուզովը, լեփ-լեցուն մոխրամանի մեջ հանգցնելով հերթական ծխախոտը, հորանջելով նայեց ժամացույցին. արդեն կեսգիշեր էր։
Աշխատասեղանի թղթապանակների միջից առանձնացրած գործը վերցնելով՝ եւս մեկ անգամ ուշադրությամբ սկսեց ընթերցել.
«Հայկ Բադալի Հովակիմյան։ Ծնվել է 1898թ., Էրիվանի նահանգի Նախիջեւանի Ջագրի գյուղում, չքավոր գյուղացու ընտանիքում։ Մանկությունն անցել է Բաթում եւ Թիֆլիս քաղաքներում։ Այնուհետեւ ընտանիքը տեղափոխվել է Դոնի Ռոստով, ուր Հ. Հովակիմյանն ավարտել է տեխնիկական ուսումնարանը։ 1916 թվականին ընդունվել է պոլիտեխնիկական ինստիտուտ, ավարտել առաջին կուրսը։ 1917թ. ընդունվել է Կոմունիստական կուսակցության շարքերը (կուստոմս՝ N2738)։ Մասնակցել է հեղափոխական գործողություններին։ Կուսակցական աշխատանք է տարել Ստավրոպոլում եւ Միներալնիե Վոդիում։ 1919 թվականին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան, Ալեքսանդրապոլում մասնակցել կուսբջիջների ստեղծմանը։ Աշխատել է երկաթուղային դեպոյում։
1920-ին մասնակցել է բոլշեւիկների մայիսյան ապստամբությանը։
Ապստամբությունը ճնշած դաշնակցական կառավարությունը նրան դատապարտել է երկարաժամկետ բանտարկության։ Յոթ ամիս անց է կացրել Ալեքսանդրապոլի բանտում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո ազատվել է բանտից։
1921-ի հունվարից աշխատանքի է անցել Հայաստանի Արտակարգ հանձնաժողովում։ Եղել է Արմչեկայի կոլեգիայի անդամ եւ ընդհանուր բաժնի վարիչ։ Անանուն նամակի կեղծ տվյալների հիման վրա հեռացվել է կուսակցության շարքերից եւ հինգ ամիս անց վերականգնվել։
«Քաղվածք՝ Հայկական ՍՍՌ Կոմկուսի զտման կենտրոնական հանձնաժողովի 1921թ. նոյեմբերի 29-ի որոշումից։
Հայկ Հովակիմյանին ներկայացվող մեղադրանքն առ այն, որ նա եղել է դենիկինյան սպա՝ հերքվել է։ Հաստատվել է միայն նրա կոշտ վերաբերմունքը աշխատակիցների հանդեպ։ Արտակարգ հանձնաժողովի (ԱՀ) գաղտնիքներ չի հայտնել։
Որոշեցին. թողնել կուսակցության շարքերում՝ կոպտության համար հայտարարելով նկատողություն։ Հանել պաշտոնից։
Կուսակցության զտման հանձնաժողովի քարտուղար՝
Քալանթարովա։
Էրիվանյան կուսարխիվ»։
1922 թվականին Հ. Հովակիմյանն աշխատանքի է անցնում ՀԽՍՀ ժողկոմսովետում որպես պատասխանատու քարտուղար։
1923 թվականին Կոմկուսը Հայկ Բադալի Հովակիմյանին գործուղել է Մոսկվա՝ ուսանելու։ Գերազանց գնահատականներով սովորել եւ ավարտել է Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանը։ Մեկ տարի աշխատել է արտադրությունում՝ քիմիկոս-ինժեների մասնագիտությամբ։ Այնուհետեւ սովորել է Դ. Ի. Մենդելեեւի անվան քիմիատեխնոլոգիական ինստիտուտի ասպիրանտուրայում։ Աչքի է ընկել գերազանց գիտելիքներով։ Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել քիմիական գիտությունների թեկնածուի կոչում։ Ուսման ընթացքում երկու անգամ ստաժավորման է գործուղվել Իտալիա եւ Գերմանիա։
Գերազանց տիրապետում է վեց լեզվի (հայերեն, վրացերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, իտալերեն)։ Ամուսնացած է, ունի մեկ աղջիկ։ Կինը՝ Վշտասպուհի (Վերա) Համբարձումի Աբովյանը, հայ նշանավոր գրող Խաչատուր Աբովյանի ծոռներից է, մասնագիտությամբ բժիշկ...»։
Կենսագրության վերջին պարբերությունն առանց վերընթերցելու Արտուզովն* աղմուկով փակեց թղթապանակը։ «Այո՜, Հայկ Հովակիմյան,- քթի տակ շշնջաց հետախուզության պետը,- այդ ինչպե՞ս եք հասցրել վեց լեզու սովորել, լինել Գերմանիայում եւ Իտալիայում, գիտնական դառնալ եւ նույնիսկ՝ գյուտերի հեղինակ։ Դուք, Հայկ Բադալովիչ, ինձ ա՛յ, այսպես պետք եք», ցուցամատը կզակին քսեց Արտուզովն ու իր մոտ կանչեց օգնականին։
- Վաղն առավոտյան ծանուցագիր ուղարկեք նշված հասցեով, ուզում եմ զրուցել այս երիտասարդ գիտնականի հետ,- ասաց նա՝ մի գրություն փոխանցելով օգնականին։
***
«... Անհրաժեշտ է զգույշ մոտեցում դրսեւորել մասնագետների նկատմամբ, ա՛յն մասնագետների, ովքեր ազնվորեն ու նվիրված են աշխատում»։ Երկրի ժողտնտեսության բարձրագույն խորհրդի ղեկավար Սերգո Օրջոնիկիձեի «Պրավդայի» այդ օրվա համարում տպագրված ելույթի այս տողը կարմիր մատիտով ընդգծելով, Հայկը գրեթե բարձրաձայն ասաց՝ գուցե սա վե՞րջն է, երեւի էլ չեն հետապնդի ինժեներներին։
Լամպի բեկբեկուն լույսի տակ սեղանի դարակից հանեց թերթերի մի խուրձ ու փռեց սեղանին։ «Պրավդայի» բոլոր համարների վրա կարմիրով նշումներ էր արված։ Նորից սկսեց կարդալ «Արդյունաբերական կուսակցության» գործը։ Արդեն մեկ տարի է բացահայտվել է այս ընդհատակյա կուսակցության դավադրությունը։ Ձերբակալվել են կասկածվող երկու հազար ինժեներներ ու գծագրողներ։ Նրանց մեղադրում էին արտասահմանյան մեկ տասնյակի հասնող պետությունների գաղտնի գործակալությունների հետ կապ ունենալու մեջ։ Իբր փորձում էին երկրում կապիտալիզմ հաստատել։ Հինգ հոգու դատարանում մահվան դատավճիռ կարդացին, իսկ երկու օր անց դատավճիռը փոխվեց տասը տարվա բանտարկության։ Գրողը տանի, այսքան «ժողովրդի թշնամիներ» որտեղի՞ց։ Հայկը թերթեց հին էջերը, հայացքը կանգ առավ անցյալ տարվա սեպտեմբերյան համարին։ «Գաղտնազերծվել է «Հակահեղափոխական ընկերությունը» հոդվածում նշվում է 48 պրոֆեսորներից, գյուղատնտեսներից եւ սննդի ձեռնարկության ղեկավարներից կազմված գաղտնի կազմակերպության բացահայտման մասին։ Նրանք մեղադրվում էին պարենային մատակարարումը ձախողելու մեջ։ Պարագլուխն էր պրոֆեսոր Ալեքսանդր Ռյազանցեւը։ Սեպտեմբերի 24-ին բոլոր 48 պրոֆեսորներին գնդակահարեցին որպես ժողովրդի թշնամիների։ Դա՝ անցյալ տարի։ Իսկ այսօր ինժեներներ, քիմիկոսներ, տեխնիկներ են որսում։
- Հա՛յկ, էլի՞ թերթերն ես մրոտում։ - Կինն էր, որ լամպի լույսի թրթռոցից, թե թերթի ճմրթոցից զարթնեց,- լսիր, երեխան մեղք է, հանգցրու լույսը, դու էլ քնիր։
- Վերա, կներես,- շշնջաց Հայկն ու մոտենալով կնոջ մահճակալին, ծալապատիկ նստեց նրա առջեւ։
- Լսիր, այսօր թերթում տպագրվել է Օրջոնիկիձեի խոսքը, երեւի այլեւս կդադարեցնեն ինժեներներին հետապնդել,- կամացուկ, որպեսզի մանկիկը չարթնանա, ասաց Հայկը։
- Դու երիտասարդ ինժեներ ես, արդեն գիտությունների թեկնածու, քո նորարարությունները քիմիկոսները բարձր են գնահատում, շուտով ինստիտուտի լաբորատորիայի ղեկավար կդառնաս, ինչո՞ւ ես անհանգստանում,- շոյելով ամուսնու խիտ, փարթամ մազերը, հազիվ լսելի շշնջաց Վերան։
- Չէ՛, չէ՛, խնդիրը իմ անձը չէ, երկու շաբաթ առաջ մեր լաբորատորիայից տարան Վասյա Շչուկինին ու Ռոման Մելնիկին։ Հրաշալի տղաներ են, ես հո նրանց լավ գիտեմ։ Մինչեւ օրս լուր չկա նրանցից։ Ցավն այն է, որ տանողներին էլ եմ ճանաչում։ Անգրագետ, բռի, անկիրթ ու բութ արարածներ են։ Այ, էդպիսիներից եմ վախենում։ Ոչ պրոֆեսիոնալներից։
- Լսիր, դու այդ ոչ պրոֆեսիոնալների դեմ գործելու համար արդեն մեկ անգամ Երեւանում պատժվել ես, հերիք է,- ասաց կինը,- կաշխատես ինստիտուտում, բնակարան կստանանք...
- Վերա, վաղուց էի ուզում քեզ ասել, որոշել եմ տեղափոխվել Հայաստան, ինձ նման կադրեր այնտեղ էլ են պետք,- ասաց Հայկը, ստուգողական հայացքով նայելով կնոջը,- կապրենք ծնողներիս հետ...
- Լսիր, ինքդ քեզնի՞ց ես փախչում, ի՞նչ է, թե կարծում ես այնտեղ «ժողովրդի թշնամիներ» չեն որսում։ Կներես, բայց կարդացի հորդ նամակը, գրում էր, որ այնտեղ կուլակաթափություն է, բռնել են նույնիսկ հայր Ստեփանոսին։ Նրա տնից որպես սեփականություն 15 մոմ են գտել։ Ընդամենը։
- Դե լավ, Վերա, քնենք, թե չէ Հեղինեն կարթնանա մեր բռբռոցից։ Ամեն ինչ լավ կլինի։ Ես նույնիսկ արդեն դոկտորականիս թեման եմ որոշել։ Կարեւոր չէ՝ այստե՞ղ կպաշտպանեմ, թե՝ Երեւանում։ Բարի գիշեր...
***
Հաջորդ երեկոյան Հայկ Հովակիմյանը սովորականից ուշ վերադարձավ տուն։ Ընկերներով որոշել էին նշել իր թեկնածուական ատենախոսություն հաջող պաշտպանությունը։ Հայկի տրամադրությունը բավականին բարձրացել էր հատկապես ամբիոնի վարիչի խոսքերից հետո։ Ամբիոնում, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայությամբ, նա գրկեց նորընծա թեկնածուին ու ասաց.
- Եթե ինձ մնար, հարգելիս, այդ աշխատանքի համար քեզ միանգամից դոկտորի կոչում կտայի...
Ձեռքը դեռ զանգի կոճակին չհասած, դուռը կրնկի վրա բացվեց, եւ Վերան այլայլված դեմքով ու լացակումած նետվեց ամուսնու գիրկը։
- Հը, ի՞նչ է եղել, հո երեխային բան չի՞ պատահել,- դուռը փակելով, անհանգստացավ Հայկը։
- Չէ, երեխան լավ է... դու... դու ինչո՞ւ ուշացար,- չէր հանգստանում Վերան։
- Լսիր, դու երբեք ինձ այդ հարցը չես տալիս, ես հաճախ անհամեմատ ավելի ուշ եմ տուն գալիս, ասա, ի՞նչ է պատահել։
- Ես վախենում էի, որ այլեւս քեզ չեմ տեսնի, Հայկ,- Վերան հայացքով ցույց տվեց սեղանի վրայի ծրարը։
Հայկը հանգիստ բացեց եւ բարձրաձայն կարդաց երկտողը.
- «Հարգելի ընկեր Հայկ Բադալի Հովակիմյան, ս. թ. փետրվարի 19-ին, ժամը 16.00-ին Դուք հրավիրվում եք Միացյալ պետական քաղաքական վարչություն։ Ընդունարան»։ Օհո՞, իմ համեստ անձն ինչո՞վ է հետաքրքրել ընկեր չեկիստներին,- փորձեց կատակել Հայկը,- եւ դու սրա պատճառո՞վ ես ձեռուոտ ընկել...
- Պետք չէ, Հայկ, արի լրջանանք, սա հետախուզությո՞ւնն է, թե՝ հակահետախուզությունը, ինչի՞ են կանչել։
- Սիրելիս, ես դեռ տանն եմ, չեկայում չեմ, սակայն հարցաքննությունն արդեն սկսված է...
- Վերջ տուր, Հայկ, երբ տարան քո երկու ընկերներին՝ Վասիլիին ու Ռոմանին, դու մահու չափ անհանգիստ էիր։ Հիմա անհոգ մի ձեւանա,- նեղսրտեց Վերան։ Հասկանում էր, որ ամուսինը պարզապես փորձում է հանգստացնել իրեն։
- Սիրելիս, բժշկական ինստիտուտն ավարտեցիր, հիմա ոնց որ թե կարգին էլ բժիշկ ես, էդ քիչ է՝ դեռ Խաչատուր Աբովյանի թոռն էլ ես, բայց հասարակ մի բան չգիտես։ Տանել եւ հրավիրել բառերը նույն իմաստը չունեն։ Կոնկրետ ինձ՝ հրավիրում են՝ ընկեր Հովակիմյան, կա՞ռք ուղարկենք Ձեր հետեւից։ Իսկ ես դեռ կորոշեմ՝ գնա՞մ, թե՝ ոչ։
- Հայկ, քո ուրբաթախոսության մասին ընկերներդ նույնիսկ անեկդոտներ են հյուսում, խոսքդ շուրթերիցդ «աքցանով» են հանում։ Հիմա ի՞նչ պատահեց, մի գլուխ խոսում ես, բայց բան չես ասում։
- Լավ, առանց կատակի։ Ինձ համար անհասկանալի է այս ամենը։ Բայց ոչ մի վտանգ չեմ տեսնում։ Գուցե գործընկերներիս հարցո՞վ են կանչում, երանի կարողանայի օգնել։ Բայց մի բան հաստատ է. վատ բանի համար հրավիրատոմս չեն ուղարկում,- հանգիստ եզրափակեց Հայկն ու կնոջը գրկած մոտեցավ երեխայի օրորոցին։
- Լսիր,- ասաց,- ի՞նչ կոպիտ քաղաքական քայլ ենք կատարել, դու պիտի ծննդաբերեիր Երեւանում, որպեսզի Հեղինե տատիս անունը դնեի աղջկաս, թե չէ ռուսները «հ» եւ «ղ» տառերը չունեն, ու հիմա ծննդականում Էգինա են գրել...
- Բայց մեկ է, դու Հեղինե ես ասում,- ամուսնուն փարվելով շշնջաց Վերան։
***
Քամին փողոցի անտեր շան նման վնգստալով, փաթաթվում է անցորդների ոտքերին, աներեսաբար խցկվում մարդկանց օձիքներից ներս, ձյուն շփում սառած երեսներին։ Ձնաբուքը շտապեցնում էր մարդկանց հոծ խմբերին, ավլում, սրբում նրանց փողոցներից դեպի շենքերի շքամուտքերը։ Վերարկուի մեջ փաթաթված տղամարդը կտրեց փողոցն ու թեքվեց աջ՝ դեպի Լուբյանկա։ Հայացքով ձնամշուշի մեջ վերից վար չափեց Լուբյանկայի շենքն ու մոտեցավ մուտքին։ Նա գնում էր իր բաժին ճակատագրին ընդառաջ։ Բնատուր խելքն ու վառ երեւակայությունն անզոր էին ենթադրելու, որ մուտք գործելով այս սառը, վանող պատերից ներս, նա դուրս կգա այստեղից... 16 տարի անց։ Դուրս կգա չհասկացված երգի նման ու գահընկեց արքայի պես՝ ինչպես բանաստեղծը կասեր...
Մուտքի մոտ զինվորականներն ուշադիր ստուգեցին փաստաթղթերը, անձնագրի ժպտացող լուսանկարը չնմանեցրին տիրոջը։ Վերջինս թույլ ժպտաց, նմանվեց նկարին ու ներս հրավիրվեց։
Բարձրահասակ, թիկնեղ կապիտանը մատյանի մեջ փնտրեց, գտավ անուն-ազգանունը.
- Հայկ Բադալի Հովակիմյա՞ն։ Խնդրեմ, նստեք, քիչ հետո Ձեզ կուղեկցեն ընկեր Արտուզովի մոտ։
Հայկը ցնցվեց։ Ուրեմն, անձամբ Արթուր Քրիստիանովիչ Արտուզո՞վն է իրեն երկտող ուղարկել։ Նրա մասին առասպելներ են պատմում, Հայկը շատ էր լսել թիվ մեկ չեկիստի մասին։ Բայց, քանի որ միշտ կարողանում էր զսպել իրեն, հոգու անհանգստությունը չփոխանցվեց դեմքին։ Հանգիստ, ասես հյուր էր եկել վաղեմի ծանոթին, հենց այնպես նետեց.
- Այո, ես կսպասեմ։
«Գրողը տանի, հին չեկիստն այս ի՞նչ պատիվ է անում իրեն։ Ի՞նչ փորացավ ունեն։ Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել։ Լավ, գուշակություններ չանեմ, շուտով ամեն ինչ կպարզվի»։
Դիմացի դռներից դուրս եկան երկու բարձրաստիճան սպաներ, ընդունարանում սպասող զինվորականները կտրուկ ոտքի կանգնեցին ու պատիվ առան։ Սպաներից մեկի դեմքը ծանոթ էր իրեն, գուցե թերթերից։ Չմտաբերեց։
Գրասենյակի սպաներից մեկը մոտենալով, բարեհամբույր ժպտաց.
- Ընկեր Հովակիմյան, հետեւեցեք ինձ։
Հայկը ոտքի կանգնեց։ Աշխատասենյակի դռան մոտ կախեց վերարկուն ու գլխարկը եւ ներս մտավ։
Մեծ, ընդարձակ սենյակի հեռավոր անկյունում, աշխատասեղանին կռթնած զինվորականը բարձրացրեց գլուխն ու բարեկամաբար ժպտալով դիմավորեց Հովակիմյանին։ Ետ սանրած խիտ, սեւ մազերով, գեղեցիկ խոշոր ու սեւ աչքերով, իսկը Ձերժինսկու բեղ-մորուսով Արտուզովը ազդեցիկ տպավորություն էր թողնում։
- Բարի գալուստ, Հայկ Բադալովիչ,- լայն ժպտալով՝ արտասահմանյան բաժնի պետը հրավիրեց նստել բազմոցին։
- Դուք՝ հայերդ, Հայկ Բադալովիչ, մուգ սեւ մազերով, խոշոր սեւ աչքերով թխամաշկ տղամարդիկ եք, բայց Ձեզ միայն եվրոպացու եմ նմանեցնում։ Ո՞վ է տեսել, որ հայը այսպիսի բաց գույնի մազերով, բաց կապույտ աչքերով ու սպիտակամաշկ լինի,- ժպտալով ասաց Արտուզովը,- ավելի շուտ ե՛ս եմ հայի նման, քան՝ Դուք։
Հետախուզության պետը փորձում էր ջերմ ու անմիջական մթնոլորտ ստեղծել։ Դե ինչ, դեմ չեմ, մտածեց Հովակիմյանը։
- Հայերը, Արթուր Քրիստիանովիչ, պատմությունից հայտնի են հենց ի՛մ արտաքինով՝ բաց գույնի մազերով ու կապույտ աչքերով, այդ հետո են փոխվել, ժամանակի ընթացքում,- աշխատելով թաքցնել ներքին լարվածությունը, հանգիստ պատասխանեց Հայկը։
- Ուրախ եմ, որ ընդունեցիք իմ հրավերը, Հայկ Բադալովիչ,- Արտուզովն առաջարկեց իր ծխախոտը, ինչից Հայկը հրաժարվեց՝ գրպանից հանելով իրենը։
«Իսկ ես տարբերակ ունեի՞ չգալու», մտքում պատասխանեց Հայկը, «իհարկե, ոչ», երեւի մտքում ասաց Արտուզովը։
- Ի՞նչ էր Ձեր թեկնածուական ատենախոսության թեման, Հայկ Բադալովիչ, որն այդքան փայլուն պաշտպանել եք, լսել ենք, լսել ենք բարեկամս,- հարցրեց Արտուզովը։
Հայկը պատասխանեց հարցին, համոզված լինելով, որ իր զրուցակցին դա բնավ չի հետաքրքրում։
- Այսօր մեր երկրին Ձեզ նման երիտասարդ գիտնականներ են պետք, Ձեր կարծիքով ինչի՞ կարիք ունի գիտնականը,- խորամանկ ժպտալով հարցրեց Արտուզովը։
«Ամեն ինչի, բայց՝ ոչ չեկիստների», կուզենար պատասխանել Հայկը, բայց ասաց.
- Ինձ թվում է՝ մենք փորձի փոխանակման կարիք ունենք, այլ երկրների գիտնականների գյուտերին ծանոթանալու անհրաժեշտություն։ Որպեսզի նոր հեծանիվ չհորինենք։ Մի խոսքով՝ ինֆորմացիայի կարիք,- պատասխանեց Հովակիմյանը։
Արտուզովը զարմացած նայեց զրուցակցին, մտածելով, որ նա կռահել է իր ասելիքը։ Բայց որոշեց չշտապել։
- Ձեր ինստիտուտի վերջին կոնֆերանսներից մեկում Դուք փայլուն ելույթ եք ունեցել այդ թեմայով, որն, իհարկե, համարձակ միտք է մեր օրերում։ Բայց, ասացեք խնդրեմ, ինչպե՞ս կարող ես փորձի փոխանակում կազմակերպել, երբ այլ երկրները քեզ թշնամի են համարում, իսկ իրենց գյուտը՝ պետական գաղտնիք,- Արտուզովն արդեն չէր թաքցնում, որ Հովակիմյանի մասին քիչ բան չգիտի։
Ավելի քան ժամուկես նրանք զրուցում էին գիտությունից, քաղաքականությունից։ Իսկ ավելի ճիշտ՝ Արտուզովը հարցնում էր, Հովակիմյանը՝ պատասխանում։ Վերջինս խոսում էր կարճ, առանց ավելորդ ոգեւորության։
Եվ հանկարծ Արտուզովն անսպասելի հարց տվեց, ասես հարձակման անցավ։
- Հայկ Բադալովիչ, մեզ հայտնի է, որ տասը տարի առաջ Ձեզ հեռացրել են Կոմկուսի շարքերից ու հինգ ամիս անց նորից վերականգնել։ Գիտենք նաեւ, որ պատճառը շինծու, պատվիրված մեղադրանքն է եղել, որը հետո հերքվել է։ Դա մեզ չի հետաքրքրում։ Ասացեք խնդրեմ, ի՞նչ է նշանակում նկատողություն հայտարարել աշխատակիցների նկատմամբ կոպիտ վերաբերմունքի համար։ Այդ ի՞նչ կոպտություն էր։
Հայկը հանկարծակիի եկավ։ Էս ի՞նչ են քչփորում։ Ինչո՞ւ են քչփորում։ Նորի՞ց իր դեմ անստորագիր նամակ կա։ Բայց հոգեկան խռովքը զսպելով՝ հանգիստ պատասխանեց։
- Ես հիմա էլ եմ մտածում այնպես, ինչպես այն ժամանակ։ Երկրին ու ժողովրդին անմնացորդ ծառայողների մեջ քիչ չեն անգրագետ, երբեմն, թույլ տվեք ասել՝ տհաս, անպիտան մարդիկ։ Ոչ պրոֆեսիոնալիզմը մեր տունը կարող է քանդել, Արթուր Քրիստիանովիչ։ Ամեն մարդ իր տեղում պետք է լինի,- այս խոսքերն ասելով, Հայկը մտածեց, թե չափից դուրս անկեղծանում է, բայց ավելացրեց.
- Հայչեկայում, ուր կարճ ժամանակ աշխատեցի, այդպիսի պատահական մարդիկ կային։ Օրինակ, հղի կնոջ էին բերել մեզ մոտ՝ որպես հակահեղափոխականի, ինչ է թե՝ մեր պաշտոնյային փողոցում անպատվել էր գռեհկության համար։ Դե, ես էլ տաքացա ու դուրս շպրտեցի գործընկերոջս։ Բոլոր ոլորտներում մասնագետներ են հարկավոր։
Արտուզովը բարձրաձայն ծիծաղեց։
- Այո, Հայկ Բադալովիչ, ցավոք, մեր շարքերում դեռ կան պատահական մարդիկ։ Իսկ ի՞նչ կարծիքի եք մեր հետախուզության եւ հակահետախուզության մասին։
- Կներեք, բայց ինչ էլ որ ասեմ, ոչ մասնագետի խոսք կլինի եւ կնմանվեմ այն մարդկանց, որոնց չեմ ընդունում,- ասաց Հայկը։
- Իսկ Դուք ծանո՞թ եք ՀամԿ(բ)Կ Կենտկոմի Քաղբյուրոյի անցյալ տարվա՝ 1930 թվականի հունվարի 30-ի որոշմանը, որտեղ առաջին անգամ քաղաքական ու պետական մակարդակով որոշակիացվել են հետախուզական աշխատանքների գերակա ուղղությունները։ Արտաքին հետախուզության խնդիրների թվում գիտատեխնիկական հետախուզության ակտիվացումը շատ կարեւորվել է։ Փաստորեն, այսօր մեզ մոտ սկսել է գործել գիտատեխնիկական հետախուզության առանձին բաժանմունք։ Մենք մասնագետների մեծ կարիք ունենք։ Հայկ Բադալովիչ, եթե Ձեզ առաջարկենք աշխատել այդ բաժանմունքում, դեմ չե՞ք լինի։
Իր հիմնական ասելիքը վերջապես շարադրելուց հետո, Արտուզովը կողքանց ուշադիր սկսեց հետեւել Հովակիմյանի ռեակցիային։
Հայկի համար առաջարկն անսպասելի էր։ Մարմնով սարսուռ անցավ։
- Ե՞ս, հետախո՞ւյզ... Դուք կատակո՞ւմ եք, Արթուր Քրիստիանովիչ, ի՞նչ կարող է անել ինժեներ-քիմիկոսը հետախուզությունում։ Չէ՞ որ հենց նոր խոսեցինք ոչ պրոֆեսիոնալիզմի մասին,- Հայկն ակնհայտ շփոթված էր, բայցեւ հասկանում էր, որ ամեն ինչ վաղուց վճռված է եւ ընդամենն այդ մասին իրեն տեղյակ են պահում։
- Իսկ Դուք կարող եք պրոֆեսիոնալ հետախույզ լինել։ Ինչո՞ւ ենք Ձեզ ընտրել։ Նախ՝ գերազանց գիտեք գերմաներեն, անգլերեն եւ իտալերեն։ Թեկուզ կարճ ժամկետով, բայց արդեն եղել եք Գերմանիայում եւ Իտալիայում։ Դուք մեծ հեռանկար ունեցող գիտնական եք, արտասահմանում կարող եք զբաղվել սիրած մասնագիտությամբ։ Կարճ ասած՝ մեզ քիմիկոսներ ու ֆիզիկոսներ են պետք։ Ցարական Ռուսաստանից վատ ժառանգություն ենք ստացել։ Գիտությունն ու տեխնիկան զգալիորեն ետ են մնում այլ պետությունների համեմատ։ Քիչ առաջ Դո՛ւք ասացիք, որ պետք չէ հեծանիվ հորինել, որ փորձի փոխանակում է անհրաժեշտ։ Գիտական ու ռազմական ոլորտում անհավասարաչափություն է։ Մենք դեռեւս թույլ ենք, իսկ դա հղի է պատերազմի վտանգով։ Հայկ Բադալովիչ, անհրաժեշտ է ուժեղացնել գիտատեխնիկական նորաստեղծ հետախուզությունը, երկիր ներմուծել արտերկրի գիտական նվաճումները, միտքը, նորագույն տեխնիկայի գաղտնիքները։ Մենք կարող ենք այս 14-15 տարվա բացը լրացնել Ձեզ նման տաղանդավոր գիտնականների հետախուզական գործունեությամբ։ Անկեղծ ասեմ՝ մենք Ձեր կարիքն ունենք, գիտական իմացությամբ, գերազանց անգլերենով ու գերմաներենով դրսում Դուք կարող եք նվաճել հանրահայտ գիտնականների ուշադրությունը, մտերմանալ նրանց հետ։ Նրանց համոզել նյութական ու գաղափարական հենքի վրա համագործակցել մեզ հետ։ Նոր հայտնագործությունների ու գիտական նվաճումների մասին հետախուզական տվյալները մեզ հնարավորություն կտան կարճ ժամկետում, առանց ֆինանսական մեծ ծախսերի, ոտքի կանգնեցնել մեր արդյունաբերությունն ու ռազմական տեխնիկան։ Լավ, շատ խոսեցի։ Ձեր հարցում չենք սխալվել, այսօր համոզվեցի, որ իսկապես համբերատար եք, զուսպ, ճկուն ու բարեկիրթ։ Դե, դա գործի կեսն է։
- Ես գոհ եմ,- ասաց,- իսկ այժմ կարող եք գնալ։ Կհանդիպենք երկու օրից։ Պատրաստվեք, շուտով մեկնելու եք Գերմանիա՝ Բեռլինի Խորհրդային առեւտրական ներկայացուցչությունում աշխատելու։
Արտուզովը Հովակիմյանին թեւանցուկ ուղեկցեց մինչեւ ելքը։
- Դուք որեւէ ասելիք չունե՞ք, Հայկ Բադալովիչ։
- Իսկ կարելի՞ է մեր հարցին չվերաբերող մի բան խնդրել,- երկար տատանվելուց հետո, համարձակվեց դիմել Հովակիմյանը։
- Այո, իհարկե, եթե խոսքը ընտանիքի մասին է, ապա՝ անհոգ եղեք։ Մեկնելուց մի քանի ամիս անց Ձեր ընտանիքը կմիանա Ձեզ,- Հայկի ուսին թփթփացնելով, ասաց հետախուզության պետը։
- Արթուր Քրիստիանովիչ, ես երկու հրաշալի գործընկեր ունեմ, ովքեր անմնացորդ նվիրված են ե՛ւ գիտությանը, ե՛ւ կոմունիստական գաղափարախոսությանը։ Սակայն սխալմամբ նրանց կալանավորել են։ Ես համոզված եմ, որ նրանք ոչ մի կապ չունեն Արդյունաբերական կոչված կուսակցության հետ։ Ես երեւի իրավունք չունեմ նման բան խնդրելու, բայց...
- Լավ, տվեք նրանց ազգանունները, ես կկարգադրեմ զբաղվել այդ հարցով,- նրան ընդհատեց Արտուզովն ու ավելացրեց,- հա, ի դեպ, մեր զրույցի մասին, բացի կնոջիցդ, ոչ մեկին՝ ոչ մի խոսք։ Ինստիտուտում՝ նույնպես։
***
Լուբյանկայի շենքից դուրս՝ մոսկովյան բքաշունչ փետրվարն իր տարերքի մեջ էր։ Վերարկուի մեջ կծկված Հովակիմյանը քայլեց մինչեւ տրամվայի կանգառ։ Արդեն մթնում էր։ Նրան թվաց, թե ինչ-որ մեկը հետեւում է։ «Ըհը,- մտածեց քմծիծաղով,- սկսվե՞ց, արդեն աչքիս ամեն ինչ կասկածելի է թվում»։
Արտուզովի հետ ծանր, լարված ու երկար զրույցից հետո կարծես պետք է ընկճված ու հոգնած տեսք ունենար։ Բայց նա բավականին լավ էր զգում, տրամադրությունը՝ բարձր։ «Բայց ինչի՞ս վրա եմ այսքան ուրախ, բոլոր ծրագրերս խորտակվեցին, գնում եմ ինձ անծանոթ, վտանգավոր աշխարհ», տրամվայի պատուհանից փախչող շենքերին ու մարդկանց նայելով, մտածում էր Հայկը։ Հետո իր համար հայտնաբերեց բարձր տրամադրության պատճառը։ Ընկերների մասին Արտուզովին հայտնելը կարծես մի մեծ, ծանր բեռից ազատեր իրեն։ Հույս էր փայփայում, որ նրանց բաց կթողնեն։
Արդեն բավականին ուշ էր, երբ տուն հասավ։
Մինչեւ առավոտ Հովակիմյանների լույսը չմարեց։
Հայկը նոր-նոր էր սկսում գիտակցել իրողության ողջ լրջությունը։ Հոգեկան ալեբախումների մեջ հազարավոր հարցականներ էին ծագում։ Իր հետ մեծ հույսեր են կապում։ Հաջողության դեպքում, փաստորեն, ինքը կարող է զգալի ծառայություն մատուցել հայրենի գիտությանն ու արդյունաբերությանը, երկրի ռազմական կարողությունների զարգացմանը։ Եզակի հնարավորություն է ստեղծվել ամբողջովին նվիրվել հայրենիքին, արդարացնել իր գոյությունն այս արեւի տակ։ Միաժամանակ՝ երեսուներկուամյա գիտնականը գիտակցում էր, որ հրաժեշտ է տալիս խաղաղ ու հանգիստ կյանքին, ինչու չէ՝ նաեւ վայելքներին, որ այլեւս ամեն պահի վտանգված է իր կյանքը, եւ այսուհետ ինքը քայլելու է դանակի շեղբի վրայով։ Որ իր կյանքի անգամ հերոսական դրվագները հայտնի են լինելու միայն մեկ, երկու հոգու, իսկ դրա պտուղները վայելելու են ուրիշները։
Հարազատների, ընկերների ու ծանոթների համար ինքը միայն Ուրալ՝ ինչ-որ գիտահետազոտական ինստիտուտ գործուղված գիտության մի թեկնածու է լինելու, որը երկար ժամանակ, գուցեեւ հավերժ, անհետանալու է նրանց տեսադաշտից։
Բայց Հովակիմյանը զգացմունքների գիրկն ընկնողներից չէր, եւ այս ամենն ընդամենը մի քանի րոպե կարող էին զբաղեցնել նրա միտքը։
***... Արթնացավ միայն կեսօրին։ Քթի տակ մռթմռթալով կնոջ վրա, որ ափսոսացել էր ժամանակին արթնացնել, մի քանի կում թեյ խմեց ու շտապ գնաց ինստիտուտ։
Գրասեղանից ու դարակներից աննկատ հավաքեց իրերը, տեղավորեց պայուսակի մեջ։ Հայացքով ուշադիր զննեց գործընկերներին, որոնց հետ այս սենյակում երեք տարի սովորել, աշխատել, ուրախացել ու տխրել է։ Մի անզուսպ զգացում նրան մղում էր բոլորի հետ գրկախառնվելու, հրաժեշտ տալու։ «Սենտիմենտալ մի եղիր», ինքն իրեն սաստելով մտածեց Հայկը։ Բայցեւ մի տհաճ, զզվելի, գաղտագողի, դավաճանական բան էր զգում իր աննկատ հեռանալու մեջ։
Միջանցքում հանկարծ անսովոր, աշխույժ իրարանցում սկսվեց։ Դուռը բացվեց, եւ աշխատակիցների ուղեկցությամբ սենյակ մտան Վասիլի Շչուկինն ու Ռոման Մելնիկը։ Նրանց ձերբակալությունից ավելի քան մեկ ամիս էր անցել։
«Կեցցես, Արտուզով», մտքում ողջունեց Հայկը եւ իրեն շոյված զգաց, որ հետախուզության պետը հավատացել է ընկերների մասին իր խոսքին։
- Ինչպե՞ս ազատվեցիք,- ընկերների հետ ողջագուրվելուց հետո հետաքրքրվեց Հայկը։
- Դե, մի երկու ժամ առաջ կանչեցին քննիչի մոտ եւ ասացին, որ մենք ազատ ենք, կարող ենք տուն գնալ,- պատմեց Վասիլին։
- Ուրախ եմ ձեզ համար,- ասաց Հայկն ու ավելացրեց,- ինձ կներեք, շտապ գործ ունեմ,- եվ վերցնելով պայուսակը՝ արագ դուրս եկավ սենյակից...
Վհուկների որսը
Խորհրդային Միության քրոնիկ հիվանդության՝ լրտեսամանիայի մետաստազները՝ բուռն ու ավերիչ, ծաղկում էին քսանականների վերջերին։ Արեւմուտքը սեւեռված էր միակ բոլշեւիկյան երկրի ներքաղաքական վիճակի վրա։ Ֆաշիստները Գերմանիայում դեռեւս իշխանության չէին եկել, եւ բոլորի ուշադրությունը «սպիտակ ագռավի»՝ ԽՍՀՄ-ի վրա էր։ Ներքաղաքական մթնոլորտի «մաքրման» դաժան գործընթացն ավելի ինքնաոչնչացում էր, քան՝ լրտեսաորս։ Գերմանիան, Անգլիան, Ֆրանսիան հանգիստ կարող էին անգործ դիտորդի դերում պարզապես հետեւել բոլշեւիկների գործողություններին՝ առանց նրանց դեմ դիվերսիաների ծրագրեր մշակելու։ Քանզի առանց դրսի էական միջամտության՝ ԽՍՀՄ-ի «ներքին որդը»՝ լրտեսամանիան, երկիրն ինքնին քայքայում էր։
20-ականների վերջերին քաղաքական ու տնտեսական սադրանքների դեմ ուղղված «Վհուկների որսը» ղեկավարում էր ԽՍՀՄ ՄՊՔՎ-ն՝ Միացյալ պետական քաղաքական վարչությունը։ 1928-ի մարտին հայտարարվեց Դոմբասի ավազանի ածխահանքերում «հակահեղափոխական դավադրության» բացահայտման մասին։ Հյուսիսային Կովկասի ՄՊՔՎ-ի պետ Յու. Գ. Եվդոկիմովի համար առաջին թիրախը դարձան Շախտի քաղաքի ինժեներները, ովքեր, իբր, դավադրության մեջ մտնելով արտերկրում սպիտակ էմիգրացիայի մեջ գտնվող ածխահանքերի նախկին տերերի հետ, նպատակադրվել էին ձախողել հանքերի աշխատանքը։
Քանի որ Մենժինսկին կասկած էր հայտնել դավադրության իսկության մասին, Ստալինն անձամբ էր զբաղվում այս գործով։ Արտադրությունում դժբախտ պատահարները, բանվորների հարբեցողությունը, աշխատանքի վատ կազմակերպումը, ամեն-ամեն ինչ վերագրվում էր ենթադրյալ դավադրությանը, որն իբր ղեկավարվում էր Բեռլինից, Վարշավայից եւ Փարիզից։ Միությունների տան դահլիճում ցուցադրական դատավարությունն ուղղված էր 50 ռուս եւ երեք գերմանացի մասնագետների դեմ։ Ավելի քան 100 հազար բանվոր, գյուղացի, դպրոցական հերթով «թամաշա» էին այդ դատին։ 250 հազար բառից կազմված դատավճռով տասնմեկ հանքափորներ դատապարտվեցին մահվան։ Իհարկե, քչերը գիտեին, որ նրանցից վեցն արդարացվեցին, քանզի դատավարության ողջ ընթացքում ընդամենը կատարում էին ՄՊՔՎ-ի հանձնարարությունը։
Կոմկուսի Կենտկոմի 1928թ. ապրիլյան պլենումում Ստալինն իր զեկույցում հանքափորների գործը համարեց մեծ դավադրության ընդամենը մի օղակ.
«Հիմարություն կլինի ենթադրել, որ միջազգային կապիտալը մեզ հանգիստ կթողնի։ Ո՛չ, ընկերներ, դա ճիշտ չէ։ Դասակարգերը գոյություն ունեն, գոյություն ունի միջազգային կապիտալը, եւ նա չի կարող հանգիստ նայել, թե ինչպես է զարգանում սոցիալիզմ կառուցող երկիրը...»,- ասաց նա։
Վհուկների որսը 30-ականներին տարածված «հիվանդություն» էր նաեւ Եվրոպայում, սակայն դրանից այնտեղ տուժում էին եզակի մարդիկ։ Իսկ ԽՍՀՄ-ում ժողովրդի մտացածին թշնամիները ոչնչացվում էին միլիոններով։
Հանքափորների գործին հետեւեց կուլակաթափությունը, քաղաքական դեմքերի, «աջ ընդդիմության» «վնասազերծումը»։
1930-ին «բացահայտվեց» գյուղատնտեսների եւ սննդի արտադրության ղեկավարների «Հակահեղափոխական միությունը»։ 48 պրոֆեսորներ գնդակահարվեցին։ Նույնը կատարվեց նաեւ ընդհատակյա «Արդյունաբերողների կուսակցության» հետ։ Երկու հազար ինժեներներ մեղադրվեցին խորհրդային կարգերը տապալելու փորձի մեջ։ Ցավալին այն էր, որ մարդիկ հիմնականում հավատում էին, որ իսկապես նման դավադիր կազմակերպություններ կային, հավատում էին նաեւ չեկիստները։ Նույնիսկ Տրոցկին էլ էր համոզված, որ գոյություն ունի «Արդյունաբերողների կուսակցությունը»։ Ըստ նրա՝ «մասնագետ-վնասարարներին վարձել էին արտասահմանյան իմպերիալիզմը եւ ծախու ռուս էմիգրանտները»։
Լրտեսամանիան անտանելի մի համաճարակ էր, որն ուղեկցվում էր սարսափելի հալյուցինացիաներով եւ այնժամ բուժման ենթակա չէր։
Բոլորը բոլորին կասկածում էին։
Սոցիալիստական շինարարություն, այնուամենայնիվ, իրականացվում էր։ Դատապարտյալներից կազմված «աշխատանքային ճամբարներում» հարյուր հազարավոր մարդիկ էին ընդգրկված, որոնք ձրի աշխատուժ էին։ 30-ական թվականներին նոր արդյունաբերական կենտրոններ ստեղծվեցին Ուրալում, Կուզբասում։ Կառուցվեցին նոր քաղաքներ՝ Մագնիտագորսկը եւ Ամուրի Կոմսոմոլսկը։ Էլեկտրականությունը եռապատկվեց։ Սակայն այնքա՜ն քիչ էր այդ ամենը Արեւմուտքի երկրների զարգացած տնտեսությունների համեմատ։ 1930-ի փետրվարին Ստալինն իր ելույթում ասաց. «Հին Ռուսաստանի պատմության առանձնահատկություններից մեկն էլ այն է եղել, որ նրան միշտ խփել են իր հետամնացության համար... Մենք 50 կամ 100 տարով ետ ենք ընկել զարգացած երկրներից։ Մենք պետք է այդ տարածությունը կրճատենք 10 տարում։ Կամ մենք դա կանենք, կամ մենք կկործանվենք»։
Այսպիսին էր իրերի ընդհանուր դրությունը Խորհրդային Միությունում, երբ ՀամԿ(բ)Կ Կենտկոմի Քաղբյուրոն որոշակիացրեց հետախուզական աշխատանքների գերակա ուղղությունները։ Ստեղծվեց գիտատեխնիկական հետախուզության բաժանմունք։ Հետախուզության մեջ սկսեցին ընդգրկել երիտասարդ, տաղանդավոր գիտնականների, ովքեր տիրապետում էին նաեւ օտար լեզուների։
Անգլիան, Գերմանիան եւ Միացյալ Նահանգները արդյունաբերության, սարքաշինության, գիտության ու ռազմական տեխնիկայի ոլորտներում մեծ առաջընթաց էին արձանագրում։ Գիտատեխնիկական հետախուզության գերխնդիրը այդ նվաճումները մեր գիտնականներին հասու դարձնելն էր։ Այդպիսի «արհեստական» եղանակով հնարավոր էր որոշակի մակարդակի հասցնել ԽՍՀՄ արդյունաբերությունն ու ռազմական տեխնիկան՝ համեմատաբար սեղմ ժամկետում եւ ֆինանսական քիչ ծախսերով։
***
Որքան էլ անտրամաբանական թվա՝ 30-ականների սկզբներին Արեւմուտքի կոմունիստական կուսակցություններից ամենագործունը Գերմանիայի կոմունիստական կուսակցությունն էր (ԳԿԿ)։ 1930-ին ԳԿԿ Քաղբյուրոյի անդամ Հանս Կիպպենբերգը, որը խորհրդային հետախուզության ապարատի եւ կուսակցական ընդհատակի միջեւ կապի պատասխանատուն էր, ընտրվեց Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր։ Նույն թվականին ԳԿԿ-ն ստեղծեց մի քանի հազար բանթղթակիցների (բանվորական թղթակից) հզոր ցանց, որի հրապարակային նպատակը կոմունիստական մամուլին երկրի տարբեր մարզերում աշխատող բանվորների վիճակի մասին լրատվություն տալն էր։ Իսկ իրականում բանթղթակիցներն ունեին գաղտնի հանձնարարություն՝ արդյունաբերական եւ ռազմական լրտեսության համար հայթայթել տեխնիկական ինֆորմացիա։ Մինչեւ նացիստների իշխանության գալը Հանս Կիպպենբերգը երեք տարի շարունակ հետախուզական աշխատանք էր տանում՝ օգտվելով պատգամավորի մանդատից ու Ռայխստագի ռազմական գործերով հանձնաժողովի անդամի վկայականից։
Սակայն բանթղթակիցների սիրողական ոգեւորությունը, կուսակցության ու ընդհատակի գործողությունների անհամաձայնեցվածությունը, նաեւ խորհրդային հետախուզության երկչոտ գործողությունները, եւ այս ամենին զուգահեռ՝ ուղղակի փնթի աշխատանքը, մեծ գլխացավանք պատճառեցին ԽՍՀՄ Միացյալ պետական քաղաքական վարչությանը։ Միայն 1931-ին Գերմանիայում դատարանները քննեցին ավելի քան 300 լրտեսական գործեր, որտեղ մեղադրվողները գերմանացի կոմունիստներ էին, իսկ մեղադրանքը՝ լրտեսական գործողությունները՝ հօգուտ ԽՍՀՄ-ի։
Բանակն ու ոստիկանությունը ոտքի հանվեցին, հակահետախուզությունն աշխուժացավ։ Այլ երկրի օգտին լրտեսական գործունեության համար պատիժը խստացվեց։
ԽՍՀՄ ՄՊՔՎ-ն արտասահմանում հետախուզական աշխատանքների կազմակերպման նոր ծրագիր մշակեց։ Այլեւս արգելվեց Գերմանիայում եւ մնացած բոլոր երկրներում որպես գործակալներ տեղի կոմունիստներին ընդգրկելը։ Դա պատճառաբանվում էր նաեւ նրանով, որ նրանք առանց այդ էլ միշտ տեղի անվտանգության մարմինների ուշադրության կենտրոնում են։ Այս հրամանը չկատարելու դեպքում հետախույզներին ու ցանցի ղեկավարներին խիստ պատիժ էր սպառնում։
Ահա այսպիսին էր իրավիճակը երկրում եւ Գերմանիայում, երբ Հայկ Բադալի Հովակիմյանին առաջարկեցին Բեռլինի խորհրդային առեւտրական ներկայացուցչության աշխատակցի փաստաթղթով մեկնել Գերմանիա՝ գիտատեխնիկական հետախուզության։
Ճանապարհ
դեպի Բեռլին
Երկամսյա հատուկ դասընթացներից հետո Արթուր Արտուզովը հին ծանոթի մտերմությամբ ընդունեց Հայկ Հովակիմյանին։
- Հայկ Բադալովիչ, մեր մասնագետներն ուղղակի հիացած են։ Տարբեր, բարդ իրավիճակներում խնդիրների լուծման Ձեր տարբերակները նույնիսկ նորություններ էին Ձեր իսկ պարապողների համար։ Բնութագրում նշում են, որ կարողանում եք արագ կողմնորոշվել, բարդ իրավիճակներում վճռական, ակնթարթային ճիշտ որոշումներ կայացնել, գոհ են նաեւ ֆիզիկական պատրաստվածությունից։ Ողջունում եմ։ Երեւի Աստված ի ծնե հետախույզի շնորհ է տվել։
- Ի ծնե, Արթուր Քրիստիանովիչ, Աստված ինձ քիմիկոսի շնորհ է տվել։ Բայց քանի որ Դուք աթեիստ եք, Աստծո շնորհը ինձնից խլեցիք,- կատակելով ասաց Հովակիմյանը։
- Օհո՛, սրամիտ էլ եք, բայց հիշեք նաեւ, որ ես ժլատ եմ գովասանքի հարցում։ Ուրեմն մի բան կա Ձեր մեջ, որ ասում եմ։ Իսկ ինչ վերաբերում է քիմիկոս լինելուն, ապա արտասահմանում էլ կարող եք դոկտորական պաշտպանել, մանավանդ՝ լեզուների դժվարություն չունեք։ Լավ, ժամանակ չկա, անցնենք գործի։
Արտուզովը գրասեղանի մոտից տեղափոխվեց բազկաթոռին, զրուցակցին էլ առաջարկեց նստել իր դիմաց։ Նա պատրաստվում էր սիգարետ առաջարկել, բայց ձեռքը ետ քաշեց։
- Դուք կարծեմ միայն Ձեր ծխախոտն եք ծխում։ Հայկ Բադալովիչ, ուշադիր լսեք։ Այսօրվանից Ձեր ծածկանունը Գենադի է։ Բոլոր ծածկագրերը, գաղտնի հեռագրերը ստորագրում եք այդ անվամբ։ Բայց Դուք լինելու եք լեգալ հետախույզ։ Հանդես եք գալու Ձեր ազգանունով։ Անվերապահ պետք է կատարեք Կենտրոնի բոլոր հանձնարարությունները։ Տեղում Ձեր ղեկավարը փորձառու ռեզիդենտ (հետախուզական ցանցի ղեկավար) Բերմանն է։ Առաջին գործը քիմիական սարքաշինական գործարանի եւ լաբորատորիայի աշխատակիցներից որեւէ մեկին հավաքագրել-գործակալ դարձնելն է եւ նրա միջոցով գաղտնի փաստաթղթեր ու նորարարություններ կորզելը։ Հավաքագրումը կատարվելու է կամ վճարովի, կամ՝ գաղափարական հենքի վրա։ Խնդրեմ, քիմիկոսի Ձեր ունակությունները դրսեւորեք։ Զգոն եղեք, հետախույզի աշխատանքը սակրավորի աշխատանք է...
***
Բեռլինի Շյոնեֆելդ երկաթուղային կայարանի կառամատույցում Հովակիմյանին դիմավորեց խորհրդային առեւտրական ներկայացուցչության երիտասարդ աշխատակից Ֆյոդոր Ֆոմինը։ Հայկը շնորհակալություն հայտնեց դիմավորելու համար ասելով, որ անհանգստանալու հարկ չկար։
Իրերը տեղավորելով իրեն հատկացված փոքրիկ, բայց հարմարավետ բնակարանում, նա տաք լոգանք ընդունեց եւ դուրս եկավ փողոց՝ մի քիչ թափառելու։
Մոսկովյան ցրտաշունչ եղանակից հետո Բեռլինի մարտյան արեւը դուրեկան էր։ Որոշ ժամանակ քայլելուց հետո նկատեց, որ ինչ-որ մեկը հետեւում է իրեն։ Սկսվե՜ց, մտածեց նա, դե ինչ, համեցեք սրճարան։ Հովակիմյանը մի բաժակ թունդ սուրճ պատվիրեց, գնեց օրվա թերթերը եւ աչքի անցկացրեց։
Երեկոյան, թեյի սեղանի շուրջ ծանոթացավ Գերմանիայում խորհրդային ռեզիդենտ Բորիս Բերմանի եւ տարածքային հետախուզական բաժանմունքների ղեկավար, Արտուզովի տեղակալ Աբրահամ Սլուցկու* հետ։ Սլուցկին Բեռլինից համակարգում էր եվրոպական տասնհինգ երկրների խորհրդային հետախուզական ցանցերը։ Նրանք մանրամասն ներկայացրին իրերի վիճակը տարածաշրջանում, ծանոթացրին աշխատանքային առանձնահատկություններին, զգուշացրին, որ խիստ զգոն են գործում Բեռլինի անվտանգության մարմինները։
Բերմանը, որպես առաջին հանձնարարություն, տեղեկացրեց, որ երկու օր անց Հովակիմյանը պետք է նշված վայրում հանդիպի Եվա անունով մի երիտասարդ կնոջ հետ եւ նրանից ստանա քիմիական սարքաշինական գործարանի առաջատար մասնագետների ցանկը։
- Նա Ձեզ կդիմի հետեւյալ հարցով. «Իմ ժամացույցը փչացել է, չէի՞ք ասի՝ մոտակայքում ժամագործ կա՞։ Ձեր պատասխանը՝ ֆրաու, աջից զուգահեռ փողոցում մի ծերունի ժամագործ է աշխատում։ Ձեռքից կգցի թաշկինակը, Դուք կբարձրացնեք, թաշկինակը հանձնելիս միջից կվերցնեք երկտողը։
- Իսկ ո՞վ է Եվան, հի՞ն մարդ է,- հարցրեց Հովակիմյանը։
- Ոչ, բայց ըստ մեր գործակալի՝ հուսալի կապավոր է,- ասաց Բերմանը։
- Իսկ այժմ գնացեք հանգստանալու։ Առաջիկա օրերին ծանոթացեք քաղաքին, հաճախեք կինո, թատրոն, հետո ժամանակ չեք ունենալու։
***
Դիմացի մայթից կինը շեղակի գալիս էր դեպի Հայկը։ Երբ հասավ իրեն, միանգամից շրջվեց եւ ներողություն խնդրելով, ասաց.
- Պարոն, իմ ժամացույցը փչացել է, չէի՞ք ասի՝ մոտակայքում ժամագործ կա՞։
«Ֆրաու, աջից զուգահեռ փողոցում մի ծերունի ժամագործ է աշխատում», մտքում նշանաբանն ասաց Հովակիմյանը, բայց բարձրաձայն, ի զարմանս գեղեցկադեմ տիկնոջ, պատասխանեց.
- Ներեցեք ֆրաու, ես անծանոթ եմ քաղաքին։
Եվ փողոցն անցնելով, անհետացավ տիկնոջ տեսադաշտից...
Երեկոյան, պայմանավորված ժամին, Հովակիմյանը հանդիպեց Բորիս Բերմանին։ Ասաց, որ չի արձագանքել Եվայի նշանաբանին։
- Ինչպե՞ս հասկանանք, ընկեր Գենադի,- զարմացավ փորձառու հետախույզը։
- Ապահովության համար ես ժամադրավայր ներկայացա տասնհինգ րոպե շուտ։ Առաջացա այն նրբանցքով, որտեղից պետք է գար կապավորը։ Նախորդ օրը ծանոթացել էի տեղանքին եւ գիտեի, որ անկյունում մի պանդոկ կա, որտեղից տեսանելի են հարող փողոցները։ Մտա պանդոկ, մի բաժակ վիսկի պատվիրեցի։ Երբ կինը երեւաց, նկատեցի, որ երկու տղամարդ հեռվից հետեւում են։ Նա մի ակնթարթ ետ նայեց, եւ ինձ թվաց, թե կինը ոչ միայն նկատեց, այլեւ հայացքով ինչ-որ բան պայմանավորվեց նրանց հետ։ Ես արագ դուրս եկա, կարճ ճանապարհով հասա ժամադրավայր։ Մնացածն արդեն պատմել եմ։
- Հայկ Բադալովիչ, Դուք առաջին անգամ եք այս դերում, գուցե Ձեր աչքի՞ն է երեւացել, թե Եվան պայմանավորված էր այդ զույգի հետ,- հարցրեց Բերմանը,- առաջին անգամ նման հոգեվիճակներ լինում են։
- Ներեցեք, բայց խնդրում եմ, եթե հնարավոր է, ստուգեք այդ կնոջը։
- Լավ, կստուգենք, նա մեր երիտասարդ գործընկերոջ ծանոթն է, եթե Ձեր կասկածները հաստատվեն, ուրեմն պետք է խմենք փորձանքից ազատվելու եւ Ձեր առաջին հաջող քայլի կենացը։ Երեկոյան այդ նույն սրճարանում Ձեզ հրավիրում եմ մի գավաթ սուրճի։
Հայկը վատ էր զգում այդ միջադեպի համար։ Մտածում էր՝ գործընկերները գուցե սկսնակի տեղ դնելով չեն հավատում եւ կարծում են, թե այդ բոլորը թվացել է, բայց ինքը նույնիսկ չէր էլ կասկածում։
Երեկոյան, անկյունի սրճարանում Բերմանը սպասում էր Հովակիմյանին։ Երբ Հայկը մոտեցավ սեղանին, Բերմանն արդեն երեք վիսկի էր պատվիրել։ Իսկ ինչո՞ւ երեք։
- Մենք հյուրի՞ ենք սպասում, Բորիս Ռոմանովիչ,- հարցրեց Հովակիմյանը։
- Այո, հիմա կմոտենա։
Քիչ անց սեղանին մոտեցավ մի երիտասարդ տիկին։ Հովակիմյանը շփոթվեց։ Եվան էր։ Բայց ձեւացրեց, թե ամեն ինչ հասկացավ։
- Ծանոթացեք խնդրեմ, մեր փորձառու գործընկերը՝ Եվա Մարտեն։
Պարզվեց, որ ռեզիդենտը փորձել էր Հովակիմյանի զգոնությունը։ Բայց նա խոստովանեց նաեւ, որ իրենք չէին սպասում, թե Հայկը կստուգի Եվային։
- Բայց Դուք լավ դերասան կլինեք,- ծիծաղելով ասաց Եվան,- այնպես պատասխանեցիք ու անտարբեր անցաք, որ Ձեզ պատահական անցորդի տեղ դրեցի։ Եվ Բորիս Ռոմանովիչին ասացի, որ ժամադրավայր չեք եկել։
Առաջին հաղթանակը
Դեռեւս 1919 թվականին հանրահայտ ֆիզիկոս Ռեզերֆորդը հայտնաբերեց, որ մեկ քիմիական տարրի ատոմներն ընդունակ են փոխարկվելու մեկ ուրիշ տարրի ատոմների՝ ալֆա-մասնիկների (հելիումի ատոմների միջուկների) ճառագայթահարմամբ։ Այս հայտնագործությունը հետագայում դարձավ ֆիզիկոսների հետազոտությունների առանցքը։ Ատոմային ֆիզիկայի ոլորտում խորքային ուսումնասիրությունները հեռանկարներ բացեցին ատոմային պայթուցիկ նյութերի ստացման եւ այդ հիմքի վրա հզորագույն զենքի պատրաստման համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին այդ բնագավառի բոլոր աշխատանքներն արդեն գաղտնիացված էին։
Երեսնական թվականներին այս ասպարեզում որոշ աշխատանքներ էին տանում Լենինգրադի եւ Խարկովի ֆիզիկատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտները։
1931 թվականի հուլիսին Լենինգրադի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ա. Ֆ. Իոֆֆեն գերմանացի հայտնի ֆիզիկոս, դոկտոր Լանգեի հրավերով ժամանեց Բեռլին։
Շյոնեֆելդի երկաթուղային կայարանում ակադեմիկոսին դիմավորեց Բեռլինում ԽՍՀՄ առեւտրական ներկայացուցչության աշխատակից Հայկ Հովակիմյանը։ Նա շատ էր լսել Իոֆֆեի մասին, գիտեր, որ վայելում է Ստալինի վստահությունը եւ համարվում է ԽՍՀՄ առաջատար ակադեմիկոսներից մեկը։
Դոկտոր Լանգեի լաբորատորիան, ինչպեսեւ Լենինգրադի ինստիտուտը, զբաղվում էր բարձր էներգիայի (20 եւ 50 մլն վոլտ) մասնիկների արագացուցիչների ստեղծմամբ։
Կենտրոնի հետ խորհրդակցելով՝ Հովակիմյանը շտապ համապատասխան փաստաթղթեր պատրաստեց եւ, որպես խորհրդային երիտասարդ գիտնական, ամբողջ այդ շաբաթն ուղեկցեց ակադեմիկոս Իոֆֆեին։
Դոկտոր Լանգեի լաբորատորիային ծանոթանալու ընթացքում Իոֆֆեն եւ Հովակիմյանը մտերմացան երիտասարդ ինժեներ, ֆիզիկատեխնիկական գիտությունների դոկտոր Հերբերտ Մուրավկինի հետ։
Առաջին իսկ պահից Հովակիմյանի ուշադրությունը գրավեց վարժ ռուսերեն խոսող բարձրահասակ երիտասարդ գիտնականը։ Մտերմիկ զրույցի բռնվելով, Հայկը պարզեց, որ Մուրավկինը խորհրդային քաղաքացիություն ունի։ 1924 թվականին հոր հետ տեղափոխվել է Բեռլին, սովորել ինստիտուտում, դարձել ինժեներ եւ հետագայում կրթությունը շարունակելով, ստացել է ֆիզիկատեխնիկական գիտությունների դոկտորի աստիճան։ Հայկը Իոֆֆեի ուշադրությունը հրավիրեց Մուրավկինի անձին։ Հաջորդ օրերին լաբորատորիայում նրանք քանիցս հանդիպեցին Մուրավկինին։ Դոկտոր Լանգեն նրան էր վստահել խորհրդային հայտնի ակադեմիկոսին լաբորատորիայի աշխատանքներին ծանոթացնելու պատիվը։
Մոսկվա վերադառնալուց առաջ Իոֆֆեն Հովակիմյանի ներկայությամբ սուրճի սեղանի շուրջ երկար զրուցեց Մուրավկինի հետ, որի գիտելիքներով ու մտքի խորությամբ հիացած էր։ Նա երիտասարդ գիտնականին խոստացավ ամսական 300 մարկ նպաստ ուղարկել մինչեւ այն պահը, քանի դեռ կգտնվի Գերմանիայում։ Իսկ երբ ավարտվեն առաջին գեներատորի ստեղծման աշխատանքները, կհրավիրի իր ինստիտուտ՝ ավագ ինժեների հաստիքով։
Մուրավկինը շոյված էր հայտնի ակադեմիկոսի նման ուշադրությունից եւ երախտագիտության խոսքեր ասելով համաձայնեց Իոֆֆեի հետ։... Բեռլին-Մոսկվա գնացքի մեկնելուց առաջ Իոֆֆեն հանկարծ հարցրեց Հովակիմյանին։
- Դուք ի՞նչ եք անում այստեղ, Հայկ Բադալովիչ, Ձեր տեղը լաբորատորիան է, ամբողջ այս ընթացքում ես հետեւում էի Ձեզ, բավականին գլուխ եք հանում այն ամենից, ինչ խոսվում էր լաբորատորիայում, բոլորովին նոր, թարմ մոտեցումներ ունեք, Դուք ինձ զարմացրիք։ Ֆիզիկո՞ս եք, թե քիմիկոս։
- Ես ընդամենը զբաղվել եմ քիմիայով, ընկեր Իոֆֆե, խոստանում եմ չկտրվել իմ մասնագիտությունից,- պատասխանեց Հայկը եւ ակադեմիկոսին խնդրեց չմոռանալ Մուրավկինին նպաստ ուղարկելու մասին։
- Այո, իհարկե, տաղանդավոր երիտասարդ է, նրա ուժերն օգտագործել է պետք,- ասաց ակադեմիկոսը։
«Իհարկե կօգտագործենք», մտքում ասաց հետախույզը՝ բնավ ի նկատի չունենալով այն, ինչ մտածում էր Իոֆֆեն։
***
Հովակիմյանի եւ Մուրավկինի ծանոթությունը շուտով վերածվեց ընկերության։ Հետախույզը քանիցս դիպավ երիտասարդ գիտնականի նուրբ լարերին, մշտապես խոսելով հայրենիքի, նրա նկատմամբ ունեցած պարտքի զգացումի եւ այն խնդիրների մասին, որ ծառացած են երիտասարդ պետության առջեւ։
- Մենք մեր համեստ կարողություններով պետք է նպաստենք, որ ե՛ւ կապիտալիստական, ե՛ւ սոցիալիստական ճամբարներում գիտության ու տեխնիկայի հավասարակշիռ զարգացում ընթանա։ Մեկի առավելությունը կարող է նպաստել զավթողական նկրտումների դրսեւորմանը, իսկ դա հղի է անկանխատեսելի հետեւանքներով՝ ընդհուպ մինչեւ պատերազմներ եւ կոտորածներ,- ասում էր Հովակիմյանը,- անհրաժեշտ է ամեն ինչին հակակշիռ ստեղծել, որովհետեւ միշտ մի երկրի հնարավորությունները ավելի մեծ են լինում մնացածից։ Եվ որպեսզի գիտությունը զենք չդառնա ժողովուրդների գլխին, անհրաժեշտ է այն հավասարակշռել երկու ճամբարներում միաժամանակ։
Նա Մուրավկինին խոստացավ հետաքրքրվել ակադեմիկոս Իոֆֆեի առաջարկով, որը վերաբերում էր ռուս գիտնականին 300 մարկ թոշակ նշանակելուն։
Կենտրոն ուղարկած ծածկագրում Գենադին Արտուզովին խնդրում էր Իոֆֆեին հիշեցնել Մուրավկինի նպաստի մասին։
Սակայն Իոֆֆեն այդպես էլ չկարողացավ լուծել նպաստի հարցը։ Հովակիմյանը զարմացած էր, քանզի գիտեր Իոֆֆեի ազդեցության մասին թե գիտական աշխարհում, թե իշխանությունների վրա։ Ավելի ուշ պարզվեց, որ իրավաբանական խոչընդոտներ են ծագել՝ եթե Մուրավկինը արտասահմանյան քաղաքացի լիներ, նպաստ կստանար։
Հովակիմյանը Մուրավկինից տեղեկացավ, որ դոկտոր Լանգեի լաբորատորիան բարձր հզորության գեներատորներ է պատրաստում գերմանական երկու խոշոր ֆիրմաների պատվերով։ Դրանք են՝ AEG-ը եւ «IG ֆարբենինդուստրի»-ն։ Երկու ֆիրմաներն էլ, ըստ Մուրավկինի, պատրաստ են համագործակցելու ե՛ւ Լենինգրադի, ե՛ւ Խարկովի գիտահետազոտական ինստիտուտների հետ, որոնք նույնպես զբաղված են նման գեներատորներ ստեղծելու խնդիրներով։ Սակայն ֆիրմաները պայման են դնում, որ մերոնք պետք է գնեն իրենց սարքավորումները, իսկ խորհրդային ֆիզիկոսների հայտնագործությունների արտոնագրերը պետք է լինեն AEG եւ «IG ֆարբենինդուստրի»-ի անունով։ Ցավոք, Մուրավկինի հետ AEG-ն աշխատանքային պայմանագիր չի կնքում նրա խորհրդային քաղաքացի լինելու պատճառով։
Այդ օրերին Հովակիմյանը ծրագրեր էր մշակում եւ Կենտրոնին ծածկագրերով հորդորում լուծել Մուրավկինի նպաստի հարցը։ Իրավական տեսակետից անխոցելի մի առաջարկով նա Կենտրոնի միջոցով կարողացավ երիտասարդ գործակալի համար նպաստ դասավորել ԽՍՀՄ ծանր արդյունաբերության ժողկոմատի բյուջեի հաշվին։
Այն, ինչ չկարողացավ անել հանրահայտ ակադեմիկոս Ա. Ֆ. Իոֆֆեն, արեց հնարամիտ ու համառ Հովակիմյանը։
Շուտով Հովակիմյանը նշանակվեց արտաքին հետախուզության Բեռլինի ռեզիդենտի գիտատեխնիկական հետախուզության գծով տեղակալ։
Մուրավկինը կանոնավորապես հույժ գաղտնի եւ փնտրված տեղեկություններ էր հաղորդում հիշյալ երկու գիտահետազոտական ինստիտուտների աշխատանքների մասին։
***
Հետախույզ Գենադիի ուղարկած տեղեկություններն ուսումնասիրվում էին Խարկովի ինստիտուտում։ 1932 թվականի սեպտեմբերին բոլոր նյութերի ամբողջական փաթեթը հանձնվեց ԲԳԿԲ-ի (բանվորագյուղացիական Կարմիր բանակ) կապի վարչությանը, որը ֆինանսավորում էր Խարկովում 2,4 մլն վոլտ հզորությամբ արագացուցիչների արտադրությունը։
1932 թվականի սեպտեմբերին «Պրավդա» թերթը մի լուր տպագրեց, որը ցնցեց գերմանացի ֆիզիկոսներին։ Թերթը գրում էր, որ Խարկովի ֆիզիկայի ինստիտուտում հաջողվել է իրականացնել ատոմի ճեղքումը։
Նյարդացած դոկտոր Լանգեն կանչեց Հերբերտ Մուրավկինին եւ գերմանական առաջատար թերթերից մեկը դնելով սեղանին՝ առաջարկեց կարդալ։ Թերթն արտատպել էր «Պրավդայի» լուրը։
- Դուք չգիտե՞ք, պարոն Մուրավկին, թե Խարկովում ինչ եղանակով են ճեղքել ատոմը, մե՞ր, թե անգլիացիների,- ուղղակի հարցրեց Լանգեն։
Նա գիտեր, որ բացի իրենցից ու բրիտանացիներից, ոչ մի պետություն չի կարող նման ուսումնասիրություն անցկացնել։ Ճիշտ է, Ամերիկայում նույնպես զբաղվում էին այդ խնդրով, սակայն նրանց արագացուցիչները ցածր հզորության էին։ Ու չնայած այնտեղ աշխատում էին աշխարհահռչակ ֆիզիկոսներ Միլլիկենը, Տուվեն եւ Լաուրիտցը, այդ անել նրանց դեռ չէր հաջողվել։
- Ես ձեզ հարցնում եմ, Դուք չգիտե՞ք, թե ում եղանակով են ռուսները ճեղքել ատոմը,- այս անգամ զայրացած դիմեց Լանգեն եւ ձեռքը տարավ սիգարետի տուփին։ Սովորաբար նա չէր ծխում։
- Հարգելի դոկտոր, ես հենց նոր իմացա այս մասին եւ տպագրվածից ավելի բան, բնականաբար, չգիտեմ,- անհանգիստ պատասխանեց Մուրավկինը։
- Դժվար թե Խարկովն ինքնուրույն աներ դա։ Ես կարծում եմ, որ այստեղ ինչ-որ մեկի մատը խառն է,- նկատեց Լանգեն։
Լանգեի այս արտահայտությունը խիստ մտահոգեց Հովակիմյանին։ Մուրավկինի կյանքին վտանգ էր սպառնում։ Բացի այդ, հետախուզությունը, որ շատ բարձր էր գնահատել Հովակիմյանի գործունեությունը եւ առաջադրանք էր տվել ավելի խոր թափանցել AEG-ի գաղտնիքների մեջ, զրկվում էր տեղեկատվության աղբյուրից։
Հովակիմյանը Մուրավկինին խորհուրդ տվեց կասկածներ չհարուցելու համար հանգիստ շարունակել աշխատել եւ հնարավորինս զերծ մնալ իր հետ հանդիպելուց։
Իսկ Կենտրոն՝ Արտուզովին մի ծածկագիր ուղարկեց, որով խնդրում էր Խարկովի ինստիտուտի «դարակներից» անհետացնել Մուրավկինի ձեռագրերը եւ միջոցներ ձեռնարկել ինստիտուտը լրտեսական աչքից հեռու պահելու համար, քանզի տեղեկություններ կան, որ AEG-ը այնտեղ ներթափանցելու մտադրություն ունի։
Նոյեմբերին հետախուզության պետ Արթուր Արտուզովը գրությամբ դիմեց ՄՊՔՎ տնտեսական վարչությանը.
«AEG-ում աղբյուրի պահպանման նպատակով անհրաժեշտ ենք համարում միջոցներ ձեռնարկել AEG-ի լրտեսական գործողություններից Խարկովի ինստիտուտի պահպանման համար, եւ հատկապես՝ մեր աղբյուրի նյութերի պահպանման համար, որոնք ձեռագրերի ու գծագրերի տեսքով են։ Բարձրավոլտ գեներատորի լրացուցիչ նյութերն ուղարկում ենք սույն գրությանը կից նամակով»։
Նախազգուշական մի շարք քայլերից հետո Հովակիմյանը Հերբերտին հանգստացրեց, հավաստելով, որ տեղի անվտանգության մարմինները, կասկածից բացի, ոչ մի հիմք չունեն իրեն բացահայտելու։
Չնայած որոշ կասկածներին՝ Լանգեն շահագրգռված էր Հերբերտ Մուրավկինին ամեն գնով լաբորատորիայում պահելու մեջ եւ ամեն ինչում աջակցում էր երիտասարդ գիտնականին։ Մուրավկինի մասին պաշտոնական բնութագրի մեջ Լանգեն գրում է. «Դոկտոր Հերբերտ Մուրավկինը շուրջ երկու տարի մասնակցում է մեր ինստիտուտի բարձր էներգիայի լիցքավորված մասնիկների արագացուցիչների պատրաստման աշխատանքներին, որոնք անհրաժեշտ են ատոմային միջուկի ճեղքման ու քաղցկեղի ճառագայթային թերապիայի ոլորտների հետազոտությունների համար։ Այդ ընթացքում նա բոլոր առումներով իրեն լավ է դրսեւորել եւ զգալիորեն նպաստել է այդ նախագծի իրականացմանը։ Այնպես որ, այս ոլորտում նրա հետագա գործունեությունը ելնում է գործի շահերից»։
Միջադեպը հարթվեց։ Մուրավկինը կանոնավոր կատարում էր Հովակիմյանի հանձնարարությունները։ Կենտրոնը գոհ էր Բեռլինի գիտատեխնիկական հետախուզական բաժնի աշխատանքներից։ Այդ ընթացքում Հովակիմյանը ծավալուն աշխատանքներ էր տանում ռազմական ու գիտահետազոտական մի շարք գաղտնիացված հիմնարկներում գործակալական ցանցեր ստեղծելու համար։
Մի գիշեր նրան զանգահարեց Մուրավկինն ու շտապ տեսակցություն խնդրեց։
Պայմանավորվածության համաձայն, առավոտյան ժամը 10-ին Գենադին նրան սպասում էր ապակեպատ սրճարանում։ Առաջիկա օրերին Հերբերտը պետք է կարեւոր տեղեկություններ հայթայթեր մի նոր հայտնագործության մասին, որի մասին գերմանացիները խոսում էին շշուկով, բայց հպարտությամբ։ Ի՞նչ է պատահել, գուցե նյութերը հայթայթելիս բացահայտվե՞լ է։ Այդ դեպքում իր հետ հանդիպում չէր խնդրի։ Վառելով հերթական ծխախոտը, Հովակիմյանը պատուհանից նկատեց, որ Հերբերտը սրճարան է գալիս կայծակնային արագությամբ։ Ներս մտավ այլայլված ու շնչակտուր։
- Ինձ հետեւում են, նայեցեք մոտեցող լայնեզր գլխարկով տղամարդուն,- շուտասելուկի պես արտասանեց Հերբերտը,- անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն իմ ձեռքում են, ի՞նչ անենք։
Նա մեկնեց թղթապանակը։ Հովակիմյանը հանգիստ վերցրեց այն, դրեց սեղանի անկյունի հաստափոր հանդեսի մեջ ու ասաց.
- Հանգիստ, Հերբերտ։ Մեկ րոպե կնստես այստեղ, հետո աջ դռնից դուրս կգաս կողքի փողոց, ես կմիանամ քեզ։
Նա վերցրեց փաստաթղթերը, անշտապ գլխին հարմարեցրեց գլխարկն ու դուրս եկավ սրճարանից։ Հերբերտն ակնդետ հետեւում էր նրան։ Հետախույզը մուտքի աղբամանի մեջ աննկատ նետելով փաստաթղթերով լի հանդեսը՝ արագորեն անհետացավ։
Հերբերտը հիշեց, որ ինքն արդեն ուշանում է եւ դուրս եկավ աջ դռնից։
Նրանք մտան մոտակա խանութ։
- Իսկ փաստաթղթերն աղբարկղո՞ւմ մնացին,- հարցրեց Հերբերտը։
- Հիմա դրանք արդեն հուսալի ձեռքերում են, ես մենակ չէի։ Իսկ այժմ պատմիր՝ ի՞նչ է եղել։
- Ինձ շուտով կարտաքսեն երկրից։ Անվտանգության մարմինները Գերմանիային հավատարմության ապացույցներ են պահանջում։ Ուսանող ժամանակ աջակցել եմ էսպերանտիստներին, իսկ անցյալ տարի նրանց ձախ՝ կոմունիստամետ թեւին։ Մի խոսքով ինձնից գլուխ չհանեցին, ուզում են արտաքսել։ Լանգեն չկարողացավ պաշտպանել ինձ։
- Դու կվերադառնաս ԽՍՀՄ*, ես կխնդրեմ՝ հավուր պատշաճի դիմավորեն, իսկ այժմ՝ ցտեսություն, հանգիստ եղիր...
***
1931 թվականի սեպտեմբերի 18-ն է։ Բեռլինյան օրերն այնքան խիտ, հագեցած, իրադարձություններով հարուստ ու հոգսաշատ էին, որ ռեզիդենտի տեղակալի համար այս վեց ամիսները մի քանի ակնթարթ էին թվում։ Սակայն ժամանակի զգացողությունն անմիջապես վերականգնվում էր, երբ հիշում էր կնոջն ու աղջկան։ Հաճախ թվում էր, թե ամբողջ մի դար է անցել, եւ երբ Վերան փոքրիկ Էգինեին գրկած երեւա այս օտար կառամատույցում, ինքը չի ճանաչի նրանց։ Օտարության վեց ամիսների ընթացքում երեւի հազիվ 10 անգամ զանգահարած լինի Մոսկվա։ Խոսացածն էլ երկու բառ. ինչպե՞ս եք, ինչի՞ կարիք ունեք, Հայաստանում բնակվող հարազատներից ի՞նչ լուր կա... Եվ վերջ։ Ավելին չի կարելի։
Շյոնեֆելդի կայարանը կեսօրվա այս ժամերին Բեռլինի ամենաաղմկոտ ու մարդաշատ վայրն է։ Ամենուր հրմշտոց, ամենուր ծանրոցներ ու ճամպրուկներ։ Շտապող մարդիկ ու բեռնակիրներ։ Բարձրախոսը հայտնեց, որ Մոսկվա-Բեռլին երթուղու գնացքը Շյոնեֆելդ կժամանի մեկ ժամ ուշացումով։
«Գերմանական ճշտապահություն», քրթմնջաց Հովակիմյանն ու կպցրեց հերթական գլանակը...
Վերջապես գնացքը ժամանեց։ Մինչեւ Հովակիմյանի 9-րդ վագոնին հասնելը՝ Վերան արդեն իջել էր գնացքից եւ երեխայի ձեռքից բռնած հայացքով իրեն էր փնտրում։ Նրանք գրկախառնվեցին։ «Իսկը մորս պատկերն է», համբուրելով Էգինային, նկատեց Հայկը...
Հաջորդ օրը մինչեւ ուշ երեկոյան թափառեցին Բեռլինի փողոցներում։ Հայկը, որ հայտնի էր իր քչախոս բնավորությամբ, հարցերի այնպիսի տարափ էր տեղում, որ Վերան ուղղակի չէր հասցնում բոլորին պատասխանել։
- Հա՛յկ, մի բան էլ ես հարցնեմ,- ասաց Վերան,- երկու օրվա ընթացքում ոչ մի բառ չասացիր քո մասին։ Ի՞նչ աշխատանք ես անում, ինչո՞վ ես զբաղվում։
- Օհո՛, այս վեց ամսում ինձ դեռ ոչ մեկը չէր հարցաքննել։ Առայժմ։ Բայց ես կպատասխանեմ քո բոլոր հարցերին.... կենսաթոշակի անցնելուց հետո։
Կրպակից մի քանի թերթ գնելով՝ Հայկն ասաց.
- Այսօրվա լուրերին դեռ չեմ ծանոթացել։
- Այստեղ է՞լ ես ամեն օր թերթ գնում, երեւի սովորությանդ համաձայն բոլորի վրա ընդգծումներ ես անում։
- Այդ մեկը՝ ոչ։ Այստեղ բոլոր ընդգծումները միայն մտքում եմ անում։
Ռոթման
Բեռլինում աշխատելիս Հայկ Հովակիմյանը հետախույզի գործը հաջողությամբ էր զուգակցում գիտությամբ զբաղվելու հետ։ Եվ զուր չէր գլխավոր հետախույզ Արտուզովն ասում, թե ուզես-չուզես մեջդ գիտնականը միշտ արթուն է լինելու։
Բեռլինի համալսարանի ֆիզիկայի եւ քիմիայի ամբիոնները հաճախակի բաց դասախոսություններ էին կազմակերպում ճանաչված գիտնականների մասնակցությամբ։ Այստեղ դասախոսություններ էին կարդում նաեւ տարբեր երկրներից հրավիրված մասնագետներ։ Հովակիմյանը բավականին ջերմ հարաբերություններ էր հաստատել քիմիայի ամբիոնի ղեկավարության հետ։ Գրադարանի բոլոր աշխատակիցները հատուկ հարգանքով էին նրան ծառայություն մատուցում։ Հաճախ էր մասնակցում քիմիկոսների տարբեր միջոցառումներին, այս կամ այն թեմայի քննարկումներին։ Համալսարանում նրան ճանաչում էին որպես ԽՍՀՄ առեւտրական ներկայացուցչությունում աշխատող երիտասարդ, խոստումնալի գիտնականի։ Այսինքն, այն, ինչ իրականում կար։ Չգիտեին միայն, որ նա նույն ինքը՝ խորհրդային հետախույզ Գենադին է։
Հայտնի պրոֆեսոր Բերգմանի դասախոսություններից մեկի ժամանակ Հովակիմյանը ձայն խնդրեց եւ ամբիոն բարձրանալով նույն թեմայով ելույթ ունեցավ։ Բերգմանը եւ դասախոսությանը ներկա անվանի շատ գիտնականներ հիացած ու զարմացած էին նրա փոքրիկ հայտնագործությունից։ Փաստորեն, Հովակիմյանը ներկայացրեց երկու տարի առաջ Մոսկվայում՝ Մենդելեեւի ինստիտուտի լաբորատորիայում կատարած իր հետազոտություններից մեկը, որը պետական գաղտնիք չէր պարունակում։
Վերջում, Բերգմանից բացի, նրան ողջունեց նաեւ մի մարդ, որն ամենից շատ էր հետաքրքրում հետախույզ Գենադիին։ Խոսքը պրոֆեսոր Ռոթմանի* մասին է, որն աշխատում էր Բեռլինի քիմիական սարքաշինական գործարանում եւ գիտահետազոտական ինստիտուտում։ Ամիսներ շարունակ Հովակիմյանը համալսարանի գրադարանի ընթերցասրահում ծանոթանում էր Ռոթմանի բոլոր տպագիր աշխատություններին։ Եվ միայն այն ժամանակ, երբ համոզվեց, որ ինքը պատրաստ է ծանոթանալու այս հեղինակավոր գիտնականի հետ, ծածկագիր ուղարկեց Կենտրոն՝ Ռոթմանին հետախուզական աշխատանքների մեջ ներքաշելու փորձի թույլտվություն ստանալու համար։ Մինչ այդ նա բազմիցս խորհրդակցել էր Սլուցկու, Բերմանի եւ Կրոպոտովի հետ։ Այս քայլը խիստ վտանգավոր էր, որովհետեւ անհաջողության դեպքում Հովակիմյանն անմիջապես կձերբակալվեր։ Եվ Կենտրոնի ողջ ծրագրերը գիտատեխնիկական հետախուզության ուղղությամբ կտապալվեին։ Կային, իհարկե, այլ անվտանգ կամ ավելի ճիշտ՝ քիչ վտանգավոր տարբերակներ։ Որպես պահեստային քայլ, Հովակիմյանը կապ էր հաստատել նաեւ քիմիական սարքաշինական գործարանի երկու այլ գիտնականների հետ, որոնց հավաքագրելը դժվար չէր, բայց արդյունքը գոհացուցիչ չէր լինի։
Ռոթմանն ուղղակի հիացած էր իր երիտասարդ կոլեգայի տաղանդով։ Մինչ Կենտրոնը մտածում էր թույլատրել-չթույլատրելու մասին, նրանք արդեն բարեկամներ էին դարձել։ Եվ զրույցի նժարը կամաց-կամաց դեպի քաղաքականություն էր «թեքվում»։
1932-ի նոյեմբերին Կենտրոնից հեռագիր ստացվեց.
Խիստ գաղտնի
Ընկ. Չեռնիգովսկուն*.
Ատտիկան** գոհ է Գենադիի*** գործունեությունից։
Փորձեք անվտանգ, թեկուզ քիչ արդյունավետ տարբերակ։ Ռոթմանին ձեռք չտալ, վտանգը մեծ է։
Ալեքսեեւ****
Բայց Հովակիմյանը շարունակում էր հոգեբանական գրոհը Ռոթմանի վրա։ Նոյեմբերի վերջին նոր ծածկագիր ուղարկեց Կենտրոն.
Խիստ գաղտնի
Ընկ. Ալեքսեեւին.
Խնդրում եմ չխոչընդոտել Ռոթմանի հարցում։
Տեղում ավելի տեսանելի է, քան Ատտիկայից։
Ուղարկել եք՝ վստահեք։ Սպասում եմ շուտափույթ դրական պատասխանի։
Գենադի
Ռեզիդենտ Բերմանը դեմ էր նման բովանդակությամբ ծածկագիր ուղարկելուն։ Փորձառու հետախույզը համոզված էր, որ Կենտրոնը սա կընկալի որպես հրամանի չենթարկվելու քայլ, իսկ դրա համար խիստ պատժում են։ Հետախուզությունում հրամանը, կարգադրությունը նման են սուրբ օրենքի, ենթակա են միայն կատարման եւ ոչ երբեք՝ քննարկման։
- Հայկ Բադալովիչ, Ձեր տեքստի ոճը հրամայական է, բովանդակությունը՝ մեղադրող,- ասաց Բերմանը։
Բայց Հովակիմյանն անդրդվելի էր։ Նա կարողացավ շեֆին համոզել, որ հեռագիրը տան իր անունով։
Չորս օր անց Բերմանը շտապ իր մոտ կանչեց։ Խորամանկ ժպտալով Հովակիմյանին մի գրություն հանձնեց։ Կենտրոնի պատասխանն էր։ Հայկը երկու անգամ կարդաց եւ ուրախ նայեց Բերմանին, որը սեղանին դրված երկու բաժակի մեջ վիսկի լցրեց.
- Հաջողության կենացը։ Շիշը կդատարկենք երեկոյան,- ասաց Բերմանը,- երբ հաղթանակած կվերադառնաս մարտից։
Նա նկատի ուներ Ռոթմանին այդ օրը հավաքագրելու Հովակիմյանի ծրագիրը։
Իսկ Կենտրոնի ծածկագրում երկու բառ էր. «Գենադիին, հաջողություն ենք մաղթում»։
***
Հանդիպումը տեւեց չորս ժամ։ Ռոթմանը գրեթե չէր խոսում։ Երբեմն հարցեր էր տալիս։ Գլուխն առել էր ափերի մեջ ու լուռ լսում էր իր երիտասարդ զրուցակցին, որն անընդհատ ծխում էր, անընդհատ՝ խոսում։ Խոսակցությունը երկու ելք ուներ. կամ ավարտվելու էր ձեռքսեղմումով, կամ Հովակիմյանը ձերբակալվելու էր մինչեւ տուն հասնելը։
Ռեստորանից առաջինը դուրս եկավ Ռոթմանը։ Վերարկուի մեջ կծկված, արագ կտրեց անցավ փողոցն ու անհետացավ մթության մեջ։
Հովակիմյանը մոտեցավ բարմենին, խնդրեց հեռախոսը եւ զանգահարեց Բերմանին։
- Լսիր, բարեկամս, այնտեղ, ուր ես եմ, շատ դառն ու անհամ վիսկի են մատուցում։ Կոկորդս չորացել է, քո շշի մեջ ինչ-որ բան մնացե՞լ է։
- Կեցցես, հարբեցող, հիմա շիշը կբացեմ,- ընկալուչի մեջ ուրախությունից գոռաց Բերմանը։
Հովակիմյանը, լայնեզր գլխարկը հայելու առջեւ ուղղելով, դարձավ բարմենին.
- Դառն է ձեր վիսկին, եղբայր,- ու դուրս եկավ փողոց։... Բերմանն ու Կրոպոտովը գրկաբաց ընդունեցին իրենց ընկերոջը։
- Վիսկին դեռ կսպասի,- նկատելով սեղանին դրված խմիչքն ու ուտելիքը, ասաց Հովակիմյանը եւ թուղթուգրիչ վերցնելով գրեց. «Հույժ գաղտնի, ընկ. Ալեքսեեւին. Ռոթմանը մեզ հետ է՝ առանց հոնորարի։ Գենադի, Չեռնիգովսկի»։
- Ո՞նց թե,- զարմացավ Բերմանը,- առանց հոնորարի՞։
- Այո, հրաժարվեց, կաշխատի գաղափարական հենքի վրա։
- Հայկ Բադալովիչ, Դուք գիտե՞ք, թե ինչ անուն են տալիս Ձեր ետեւից։
- Իհարկե, «Խորամանկ հայ»։
- Որտեղի՞ց իմացաք։
- Ես ականջներս թողնում եմ այնտեղ, որտեղից բամբասանքի հոտ եմ առնում,- կատակեց Հովակիմյանը։
- Դե, ուրեմն ճիշտ են ասում...
Կեսգիշեր էր, երբ Հովակիմյանը տուն հասավ։ Կինն անհանգստացած էր։
- Էս ո՞ւր ես, Հայկ, ճաշը երեք անգամ տաքացրի։ Հո բան չի՞ պատահել։
- Հեչ, ընկերներով խմում էինք, կներես...
***
Մեկ շաբաթ անց Ռոթմանը հանդիպում խնդրեց։ Տեսակցության ժամանակ Հովակիմյանն ափսոսանքով զգուշացրեց, որ այսուհետ չեն կարող նստել, երկար զրուցել, որ բոլոր հանդիպումներն այլեւս պետք է գաղտնի լինեն, շատ կարճ տեւողությամբ եւ հնարավորինս քիչ։ Ռոթմանը գլխով համաձայնության նշան արեց եւ հանձնեց մի հաստափոր թղթապանակ։
- Այստեղ Գերմանիայի բոլոր ռազմական նոր օբյեկտների շինարարության գծագրերն ու տեղեկություններն են՝ ամենայն մանրամասնություններով։ Հաջորդ հանձնարարությունը բավականին բարդ է, կպահանջվի մոտ երեք շաբաթ։
- Շնորհակալություն, դոկտոր, Կենտրոնն իր երախտագիտությունն է հայտնում համագործակցելու համար։
- Ինձ գաղափարական համոզմունքներն են առաջնորդում, ոչ թե՝ շնորհակալությունը,- Ռոթմանն ամուր սեղմեց Հովակիմյանի ձեռքն ու շտապ հեռացավ։
Մի քանի օր անց Բերմանը Հովակիմյանին հայտնեց, որ Կենտրոնը շնորհակալություն է հայտնում հույժ արժեքավոր տեղեկությունների համար, եւ որ այն հետաքրքրել է ամենաբարձր ատյաններին։
Ռոթմանի հաջորդ տեղեկությունը բավականին աշխուժացրեց ԽՍՀՄ քիմիական արդյունաբերության թիվ 94 գիտահետազոտական ինստիտուտի* ղեկավարությանը, որն անմիջապես ձեռնամուխ եղավ ուղարկած հայտնագործությունները արտադրության մեջ ներդնելու գործին։
Ռոթմանի տեղեկությունները սինթետիկ բենզոլի, սելիտրայի եւ նատրոֆոսկի արտադրության առավել կատարելագործված տեխնոլոգիաների մասին էին։ Կարմիր բանակի գլխավոր շտաբն այս փաստաթղթերի համար հատուկ շնորհակալություն հայտնեց ՄՊՔՎ արտասահմանյան բաժնի պետ Արտուզովին։ Գրության մեջ նշվում էր, որ Գենադիի ուղարկած նյութերը հնարավորություն են տալիս սեղմ ժամկետում եւ առանց ֆինանսական ծախսերի նոր տեխնոլոգիաներ կիրառել քիմիական արդյունաբերության մեջ։
Նոր թիրախներ՝
«Աուէր» եւ «Ցեյս»
Դեռեւս Գերմանիայում եղած տարիներին հետախույզ Գենադին մարդկանց հավաքագրելու եւ Խորհրդային Միության համար աշխատացնելու յուրօրինակ տաղանդ դրսեւորեց։ Նրա հավաքագրած գործակալների ճնշող մեծամասնությունը տրամադրած տեղեկությունների դիմաց չէր վճարվում, այլ աշխատում էր գաղափարական համոզմունքներով։ Նա կարողանում էր մարդկանց համոզել։
Գենադիի գործն ավելի էր բարդացնում այն հանգամանքը, որ ԽՍՀՄ-ից դուրս գրեթե բոլոր երկրներում ինֆորմացիոն-քարոզչական միջոցները, պետական ապարատը կանոնակարգված աշխատանքներ էին տանում ԽՍՀՄ-ին վարկաբեկելու, բոլշեւիկյան «կարմիր ժանտախտը» համայն մարդկության սպառնալիք եւ քաղաքակրթության խոչընդոտ ներկայացնելու ուղղությամբ։ Դրան ակամա մեծապես նպաստում էր հենց ԽՍՀՄ-ը՝ իր ներքին քաղաքականությամբ, բռնությունների ահռելի ծավալներով։
Իսկ Գենադին գործ ուներ բացառապես բանիմաց, տեղեկացված, բարձր մտապաշարով, տաղանդավոր, հանրահայտ գիտնականների հետ։ Նրանց խաբելը, շանտաժի միջոցով խորհրդային գործակալ դարձնելը ոչ միայն անշնորհակալ ու անհեռանկար էր, այլեւ՝ գրեթե անհնար (ի դեպ, մեր ունեցած բազմաթիվ փաստաթղթերի ու տեղեկությունների մեջ ոչ մի անգամ չի հիշատակվում շանտաժի որեւէ դեպք)։
Հովակիմյանի համար աշխատանքը բարդ էր նաեւ այն իմաստով, որ նրա շփումը համեմատաբար ապահովված մարդկանց հետ էր, որոնց դժվար թե փողը գայթակղեր։ Նրանց աքիլլեսյան գարշապարը մնում էր գաղափարական համոզմունքը, որն էլ սակայն՝ անվանի գիտնականների մոտ վաղուց հիմնավորապես ձեւավորված էր։
Գենադիի համար աշխատելու խթան կարող էր ծառայել այն հանգամանքը, որ նրանք գիտնականներ էին, ոչ թե քաղաքական գործիչներ՝ քաղաքական համոզմունքներով։
Իհարկե, գիտնական գործակալների գործունեությունը կարելի է պետական դավաճանություն որակել։ Սակայն այստեղ եւս մի նրբություն կա, նրանցից շատերը գաղափարական համոզմունքներից ելնելով էին համագործակցում Հովակիմյանի հետ, նույն համոզմունքների պատճառով անգամ զոհաբերում էին իրենց կյանքը։ Իսկ հիմնականում նրանք գործում էին որպես մարդկության ճակատագրի համար մտահոգ գիտնականներ։ Ա՛յս հանգամանքն էր նաեւ, որ հաջողություն էր բերում խորհրդային հետախույզին։ Մի երկրում գիտության ու հատկապես ռազմական տեխնիկայի մեծ վերելքը այլ երկրների ու ժողովուրդների գլխին դամոկլյան սրի նշանակություն ուներ, եւ գիտնականները պետք է մտածեին նաեւ հակակշռի մասին։ Հանուն խաղաղության եւ գիտության՝ թույլ երկրներին ռազմական տեխնիկայի նորույթներ մատուցելով, ստեղծել այդ հակակշիռը՝ որպես պատերազմի կանխարգելման ամենապարզ միջոց։
Այդ գաղափարները, որ Հովակիմյանը փորձում էր տարածել իր «զրուցակիցների» շրջանում, ինքն ընդունում էր անվերապահորեն։ Նույն նվիրվածությամբ ընդունում էր նաեւ կոմունիստական գաղափարախոսությունը։ Մարդը, որն իր մաշկի վրա զգացել էր ստալինյան ամենադաժան փորձությունները, անգամ այն ժամանակ, երբ դարձավ Բերիայի քինախնդության զոհը՝ համարյա տնային կալանքի կարգավիճակում, էլի վստահ էր, որ Բերիան, նրա նմանները, այդ բռնությունները ուղղակի թյուրիմացություններ են, ծանր հանցագործություններ եւ պայքարով պետք է դրանց դիմակայել։
***
1932-ի կեսերին Կենտրոնը Գենադիին հանձնարարեց ցանկացած գնով սողոսկել գերմանական երկու ռազմականացված գիտահետազոտական գերգաղտնի հիմնարկների «խոհանոց»։ Խոսքը «Աուէր» եւ «Ցեյս» ֆիրմաների մասին էր։
Մոսկվան տեղեկացնում էր, որ այդ օբյեկտները խիստ հսկողության տակ են եւ պետք է լինել ծայրահեղ զգույշ, գործել միայն հարյուր տոկոսանոց երաշխիքի դեպքում։
«Աուէր»-ի հետ կապված մի անհաջող փորձ Հովակիմյանն արդեն ունեցել էր։ Նա չկարողացավ հավաքագրել իր ծանոթ՝ տեխնիկական գիտությունների դոկտոր Բերինգին*։ Բանն աղետալի հետեւանքի չհասավ այն պարզ պատճառով, որ Հովակիմյանը մինչեւ վերջ չտեղեկացրեց իր մտադրությունների մասին։ Մի քանի փորձից հետո համոզվեց, որ անուղղելի ֆաշիստի հետ գործ ունի։
- Թեեւ մենք կոլեգաներ ենք, եւ ես բարձր եմ գնահատում օրգանական քիմիայի բնագավառում Ձեր գիտելիքները, բայց մենք նաեւ անհաշտ գաղափարական հակառակորդներ ենք, պարոն Հովակիմյան,- ասել էր Բերինգը։
- Գիտությունը պետական սահմաններ ու քաղաքական գաղափարներ չի ճանաչում, պարոն Բերինգ, այն մարդկային քաղաքակրթության եւ ոչ թե՝ քաղաքականության ծառան է,- հակադարձել էր Հովակիմյանը։
- Բայց՝ ո՛չ մեռելածին գաղափարախոսության երկրում, ուր գիտության մարդու տեղը Սիբիրն է,- եզրակացրել էր Բերինգը։
Հովակիմյանն աչքի տակ ուներ եւս մի ազդեցիկ գիտնականի, որը «Աուէր» ֆիրմայում մեծ կշիռ ուներ։ Օրգանական քիմիայի ոլորտում նրա որոշ հայտնագործություններ ծանոթ էին հետախույզին։ Մի քանի արդյունավետ հանդիպումներից հետո Հովակիմյանը համոզվեց, որ նա բացարձակապես չի ընդունում նացիստների գաղափարախոսությունը։
Վերջին հանդիպումից հետո արդեն կասկած չէր հարուցում նրա համագործակցելը խորհրդային հետախուզության հետ։
Այդ օրն իսկ Կենտրոնից թույլտվություն խնդրեց հավաքագրելու «Աուէր» ֆիրմայի առաջատար ինժեներ Շտրոնգին։
Երկու շաբաթ անց երկրորդ ծածկագիրն ուղարկեց Մոսկվա.
«Ցեյս» ֆիրմայի գիտաշխատող Լյուդվիգը պատրաստ է համագործակցության։ Սպասում եմ ձեր համաձայնությանը։
Կենտրոնը երկու դեպքում էլ տվեց իր համաձայնությունը։
Չանցած մեկ ամիս Շտրոնգն ու Լյուդվիգը մի քանի օրվա տարբերությամբ հանդիպում խնդրեցին։ Ընդհանրապես առավել դժվար, հոգեբանական իմաստով ծանր ու վտանգավորը հավաքագրելն է։ Սակայն նվազ ռիսկ չի պահանջում նաեւ առաջին անգամ նոր գործակալից տեղեկություններ վերցնելը։ Եվ այդ ամենը պետք է անես ինքդ, որպեսզի միայն քեզ ճանաչեն։
Շտրոնգը ամենայն բծախնդրությամբ, բոլոր մանրամասներով, փաստագրական հարուստ տվյալներով ու նախագծով ներկայացրեց «Աուէր» ֆիրմայի օպտիկական նորագույն սարքավորումները։
Լյուդվիգի տեղեկությունները գծագրերի ու բացատրությունների տեսքով վերաբերում էին հակաքիմիական պաշտպանական նոր միջոցներին ու ձայնախորաչափիչներին։
Գործակալների փոխանցած տեղեկությունների հիման վրա Մոսկվան կարգադրություն իջեցրեց նույնանման միջոցների հայրենական շահագործումն սկսելու մասին։
Հակահետախուզությունն աշխուժանում է
1933-ի փետրվարին անսպասելի հեռախոսազանգ հնչեց Հովակիմյանների բնակարանում։ Հայկը զարմացավ, որ իրեն հիշել է «Աուէր» ֆիրմայի հանրահայտ գիտնական Բերինգը։ Շտապ հանդիպում էր խնդրում՝ ինչ-ինչ հարցեր քննարկելու համար։ Հետախույզը կասկած չուներ, որ համագործակցությունը բացառվում է։ Իսկ գուցե թակա՞րդ է։ Միշտ առաջին հերթին մտածում ես վատ ելքի մասին, որպեսզի բացառես այն։ Իսկ գուցե անվտանգության մարմիններն արդեն տեղյա՞կ են Շտրոնգի մասին։ Բերինգն աշխատում է «Աուէր»-ում, եւ այս վարկածը չի բացառվում։
Բոլոր դեպքերում չգնալը լուծում չէ։ Դա կասկած կհարուցեր։ Խորհրդակցելով Բերմանի հետ, Հովակիմյանը մեկնեց հանդիպման։ Ռեզիդենտը մտածեց՝ գուցե արժե՞ «օգնական ուժեր» ներգրավել։ Բայց իմաստ չուներ։ Ցանկության դեպքում անվտանգության մարմինները հեշտությամբ կձերբակալեն Գենադիին...
Պրոֆեսոր Բերինգն անհամեմատ աշխույժ էր ու ընդգծված բարեհամբույր։ Վիսկի հյուրասիրելով իր երիտասարդ կոլեգային՝ խմեց գիտության ապագայի կենացը։
- Ինչպե՞ս էիք ասում, իմ երիտասարդ գործընկեր, գիտությունը պետական սահմաններ ու քաղաքական գաղափարներ չի՞ ճանաչում։ Ես երկար մտածեցի Ձեր արտահայտած մտքերի շուրջ ու թեեւ այնժամ հակադարձեցի՝ բերելով իմ փաստարկները, բայց եկա այն համոզման, որ Ձեր խոսքերի մեջ ճշմարտության հատիկ կա,- Բերինգն անշտապ վառեց գլանակը, ծխախոտ առաջարկելով Հովակիմյանին։
- Շնորհակալ եմ, ես իմ ծխախոտից կօգտվեմ,- ասաց հետախույզն ու մի ծխախոտ էլ ինքը վառեց։ «Ի՞նչ ես մտմտում, հին աղվես, ասա մտադրությունդ» մտքում մռլտաց նա։ Իսկ Բերինգը շարունակեց իր դասախոսությունը։
- Երբ ստեղծում ես մի նոր բան, երբեք չպիտի մտածես, որ գիտության այդ նվաճումը միայն գերմանացու, ռուսի կամ անգլիացու համար է։ Դա նեղմտություն է, ի վերջո, այն հանրության սեփականությունն է դառնալու, որին կարող է մեկ այլ բան ավելացնել, ասենք, ամերիկացին կամ լեհը։ Ուրեմն, եթե քաղաքակրթության շարժիչ ուժը գիտության առաջընթացն է, պետք է նրա զարգացման համար պարարտ հող ստեղծել։ Ու կարեւոր չէ, թե այն հողագնդի որ անկյունում կստեղծվի։ Դուք համաձա՞յն եք ինձ հետ, դոկտոր Հովակիմյան։
- Ես ուշադրությամբ լսում եմ Ձեզ, պրոֆեսոր։
- Ուրեմն, այդ բազան պետք է բնավորվի այնտեղ, որտեղ պայմաններ կան։ Ըստ իս, այդ կենտրոնը պետք է լինի այստեղ՝ Գերմանիայում։ Մենք հիանալի հնարավորություններ կստեղծենք հեռանկար ունեցող գիտնականների համար։ Օրինակ, Ձեզ կարող ենք առաջարկել մեր առաջատար լաբորատորիաներից մեկում շարունակել գիտական գործունեությունը՝ բարձր աշխատավարձով, ինչը չէիք կարող երազել։ Ապահովել բնակարանով, լուծել կենցաղային բոլոր հարցերը, որպեսզի անմնացորդ նվիրվեք Ձեր սիրած գործին...
- Որը հետո պետք է ծառայի մեծ Գերմանիայի հզորությա՞նը, պրոֆեսոր, Դուք էիք ասում, որ տվյալ երկրի գիտությունը միմիայն իրեն է պատկանում,- ընդհատեց Հովակիմյանը։ «Այս ծերունի աղվեսը փորձում է հավաքագրել ինձ, դարձնել իրենց գործակալը։ Սա չգիտի՝ ում հետ գործ ունի։ Ճակատագրի հեգնա՞նք է, թե պարզապես հակառակ ճամբարներում գտնվող հատուկ ծառայությունների երկու աշխատակիցների հանդիպում»։
Զրույցը երկար տեւեց, բայց՝ անարդյունք։ Հովակիմյանը հարգալի տոնով մերժեց պրոֆեսորին, հասկացնելով, թե գիտության հիմքերը Գերմանիայում չէ, որ պետք է դրվեն, իսկ «սիբիրներ» այստեղ էլ կարող են առաջանալ։... Բերինգի հետ հանդիպման մանրամասները քննարկելիս Սլուցկին, Բերմանը, Կրոպոտովը եւ Հովակիմյանը այն եզրակացությանը հանգեցին, որ գերմանացիները հնարավոր է, լայնածավալ գործողություններ են սկսում՝ օտարերկրյա քաղաքացիներին հավաքագրելու, նրանց իրենց համար աշխատացնելու նպատակով։ Բեռլինում եւ այլ քաղաքներում քիչ չէին Խորհրդային Միության քաղաքացիները, պետք է որոշակի աշխատանքներ տարվեն նրանց հետ, զգուշացվեն հնարավոր շանտաժներից, իսկ խայծը կուլ տվածներին՝ բացահայտել։
***
Վերան համակերպվել էր մենակությանը՝ հասկանալով ամուսնու գործի բնույթը։ Հայկը փորձում էր մեղքը քավել կնոջը կինոյի, թատրոնի եւ ցուցահանդեսների տոմսեր առաջարկելով։ Բայց Վերան ցանկանում էր նման տեղեր հաճախել ամուսնու հետ։
Խորհրդային առեւտրական ներկայացուցչության աշխատակից Սվետլանա Սորոկինան նրանց հրավիրեց ճաշկերույթի։ Հյուրասիրության ժամանակ Հովակիմյանի ուշադրությունը գրավեց մի երիտասարդ, որի պահվածքը բավականին կասկածելի էր։ Ծանոթացավ նրա հետ։ Պարզվեց, որ գիտեր իր մասին։ Անդրեյ Սոկոլովը երիտասարդ գիտնական էր, մեկ տարվա պայմանագրով աշխատում էր այստեղ։ Ինչ-որ բանից շատ հուզված էր, զրույցի ժամանակ չէր կարողանում կենտրոնանալ, եւ բնական երեւալու նրա բոլոր փորձերն ապաշնորհ էին։ Սվետլանայից ճշտեց, որ վերջին շրջանում տարօրինակ բաներ է նկատվում Անդրեյի վարքում։ Միշտ մարդամոտ, զվարճասեր ու շատախոս երիտասարդը դարձել է լռակյաց, խուսափում է ընկերներից, հաճախ անհետանում է տեսադաշտից։ Հովակիմյանն Անդրեյին առաջարկեց դուրս գալ փողոց, մի քիչ զբոսնել, կանանց առիթ տալ ազատ բամբասելու։
Սրճարանում կարճ զրույցից հետո հետախույզը, համոզվելով իր կասկածների մեջ, միանգամից, անսպասելիորեն հարձակվեց երիտասարդի վրա։
- Լսիր, Անդրեյ, ես ամեն ինչ գիտեմ, դեռ ամեն ինչ կորած չէ։ Այստեղից դուրս կգանք միայն այնժամ, երբ սկզբից մինչեւ վերջ պատմես այդ տհաճ միջադեպը։ Ես կօգնեմ քեզ։ Սկսիր։
- Հայկ Բադալովիչ... ես... Դուք... Դուք որտեղի՞ց գիտեք։
- Հարցերը տալիս եմ ես եւ ո՛չ բարեկամաբար, դու արդեն խրվել ես, եւ ականջներիցդ բռնած ես կհանեմ քեզ այդ ցեխից։ Սկսի՛ր...
Այսքան կիրթ, բոլորի ակնածանքը վայելող, նրբազգաց ու բարեկիրթ մտավորականի համբավ ունեցող մարդուց նման կոպիտ խոսք լսելով, Անդրեյը կորցրեց իրեն, աչքերը լցվեցին...
Չորս ամիս առաջ էր։ Գերմաներենին լավ չտիրապետող Անդրեյը ուսուցիչ վարձելու հայտարարություն է տալիս թերթին։ Մի երիտասարդ, հմայիչ ու համեստ աղջիկ առաջարկում է իր ծառայությունը։ Մեկ ամիս ամեն ինչ հարթ է ընթանում։ Եվ մի օր, երեկոյան, դասերն ավարտելուց հետո, Մերին հանկարծ վատանում է, խնդրում է որեւէ դեղ՝ սրտի անբավարարության դեմ։ Խմելուց հետո ավելի է վատ զգում։ Անդրեյին խնդրում է զանգահարել իր ծանոթ բժշկին ու հրավիրել տուն։ Երիտասարդն այդպես էլ վարվում է։ Բժիշկը աղջկան խորհուրդ է տալիս տեղից չշարժվել։
- Մի քանի ժամ հանգիստ քուն է հարկավոր, հետո ամեն ինչ կանցնի,- ասում է նա։
Մերին քնում է բազմոցին։ Գիշերվա ժամը երեքից հետո Անդրեյն ստիպված է լինում կողքի սենյակում քնել, քանզի այդ ժամին, մեկ է՝ աղջիկը զարթնելուց հետո էլ տուն չէր կարող գնալ։ Բայց մեծ է լինում երիտասարդի զարմանքը, երբ առավոտյան արթնանալով տեսնում է, որ Մերին չկա։ Ավելի ուշ նկատում է, որ տան դռները բանալիով կողպված են։ Փնտրում, բայց չի գտնում բանալիների խուրձը։ Ստիպված հեռախոսով փականագործ է հրավիրում, որը ջարդում է դուռը։ Անցնում է մոտ մեկ շաբաթ։ Մերիից՝ ոչ մի լուր։ Ու չնայած իր ու աղջկա միջեւ երբեւէ որեւէ մտերմություն չէր եղել, բայց խուսափում է միջադեպի մասին պատմել ընկերներին ու ղեկավարներին։ Մեկ է, մտածում է, իրեն չեն հավատա։ Մեկ շաբաթ անց դռան զանգը խփում են անվտանգության ծառայության աշխատակիցները։ Զրույցը կարճ է տեւում։ Ներկայանալով որպես Բեռլինի հակահետախուզության աշխատակիցներ, նրանք ասում են, որ իրենց է դիմել խոշտանգված ու սարսափած մի աղջիկ։ Նա իր դիմումի մեջ նշել է, որ Անդրեյ Սոկոլովն իրեն ինչ-որ դեղ է տվել, որից հետո ինքը վատացել է։ Բժիշկ են կանչել, որի գնալուց հետո Անդրեյը ծեծել է, տանջել, այնուհետեւ կապելով անկողնուց՝ բռնաբարել։ Երբ քանդել է կապանքները, աղջիկը վերցրել է սեղանին դրված բանալիների խուրձն ու փախչելով, դրսի կողմից կողպել է դուռը։ Իրեղեն ապացույց բանալիներն ու մարմնի վերքերի մասին բժշկի եզրակացությունը գտնվում է հակահետախուզությունում։
Նրանք ասել են, որ իրենք շահագրգռված չեն սկանդալ սարքելու, բայց աղջիկը բողոքում է։ Գերմանիայի եւ ԽՍՀՄ-ի կառավարությունները դիվանագիտական լավ հարաբերություններ ունեն, եւ իրենք ուզում են հարթել այս տհաճ միջադեպը։ Անհրաժեշտ է որոշակի գումար տալ աղջկան։ Սակայն նրանց նշած գումարը բավականին մեծ էր, Անդրեյի ուժերից վեր էր այդքանը հայթայթելը։ Նրանք ասում են, որ իրենք կարող են տալ այդ գումարը, եթե ինքը մի փոքրիկ ծառայություն մատուցի։ Հայտնում են, որ կգան երկու օրից եւ անհետանում են։ Անդրեյը սկզբում ուզում է տեղյակ պահել ընկերներին, սակայն վախենում է իրեն չհավատան եւ խաչ քաշեն իր կարիերայի վրա։
Գործակալները նորից հայտնվում են եւ մի ցուցակ հանձնելով խնդրում նշված մարդկանց մասին տեղեկություններ հավաքել։ Խոստանում են դրանից հետո այլեւս չերեւալ։ Բայց մեկ շաբաթից կրկին հայտնվում են նոր պահանջներով...
- Այո, երիտասարդ, շատ եք խրվել։ Իսկ պատմությունը սովորական շանտաժ է։ Ես հավատում եմ Ձեր անմեղությանը աղջկա հարցում։ Բայց Դուք արդեն համագործակցում եք նրանց գործակալների հետ։ Եվս մի քայլ՝ եւ Հայրենիքի դավաճանության ուղին կբռնեք։ Ես իմ ընկերներին կխնդրեմ Ձեզ կօգնեն, կասեն, թե ում մասին ինչ լուր հաղորդեք։ Ավելին անել չեմ կարող, ընդամենը համեստ քիմիկոս եմ,- խիստ տոնով ասաց Հովակիմյանը եւ հետաքրքրվեց, թե ում մասին են տեղեկություններ պահանջում հակահետախուզության գործակալները։
Մի շարք մարդկանց թվում Անդրեյը նշեց նաեւ Բերմանի անունը։
Այս ամենի մասին Հովակիմյանը տեղեկացրեց Բերմանին, առաջարկելով միջոցներ ձեռնարկել տղային օգնելու եւ խորհրդային քաղաքացիներին նման միջադեպերից հնարավորինս զերծ պահելու համար։
Միանգամայն պարզ էր, որ հակահետախուզությունը ինչ-որ բանի հոտ է առել եւ լայն ճակատով սկսել է գործել։
Ֆիլտրը
1932-ի դեկտեմբերին ճակատագրի բերումով Հովակիմյանը ծանոթացավ մի մարդու հետ, ում անունը տասը տարի շարունակ խորհրդային հետախույզների շուրթերին էր լինելու։
Բեռլինում, ԽՍՀՄ ներկայացուցչության շենքի առանձնասենյակներից մեկում նա հանդիպեց 30-35 տարեկան մի տղամարդու, որը եկել էր տեղեկանալու ԽՍՀՄ մեկնելու կարգին։
- Հանս-Հենրիխ Կումմերով, գերմանացի գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր, աշխատում եմ «Աուէր» ֆիրմայում։ Համամիտ եմ Ձեր գաղափարախոսությանը, չնայած կոմունիստ չեմ։ Կուզենայի իմ համեստ ծառայությունները մատուցել Ձեր երկրին։ Ես կարո՞ղ եմ մեկնել ԽՍՀՄ՝ բնակության։
Հովակիմյանը բոլորին հայացքով հասկացրեց, որ դուրս գան սենյակից, չնայած ինքը հյուր էր այնտեղ։ Կումմերովին առաջարկեց հանել վերարկուն եւ հարմարավետ նստել բազկաթոռին։
- Ձեր դեմքը ծանոթ է,- ասաց երիտասարդ դոկտորը,- եթե չեմ սխալվում, մենք մի քանի անգամ հանդիպել ենք համալսարանի գրադարանում։
- Այո, իհարկե, ես այնտեղ հաճախ եմ լինում։ Իսկ այժմ պատմեցեք Ձեր մասին։
Հանս-Հենրիխ Կումմերովը երաժշտության պատմություն ու փիլիսոփայություն էր սովորել Բեռլինի համալսարանում, այնուհետեւ երկրորդ մասնագիտություն ձեռք բերել Բեռլինի բարձրագույն տեխնիկական դպրոցում։ 1927-ին ստացել էր ինժեների կոչում, իսկ երկու տարի անց դարձել տեխնիկական գիտությունների դոկտոր։ Բեռլինից ոչ հեռու գտնվող Օրանիենբուրգ քաղաքում աշխատանքի էր անցել «Գազգլյուլիխտ-Աուէր-գեզելշաֆտ» բաժնետիրական ընկերությունում։ Հետագայում տաղանդաշատ ինժեները ծառայել էր հանրահայտ «Լեւե-ռադիո AG» նախագծային բյուրոյում, որը հետագայում, ֆաշիզմի տարիներին, ռազմական կարեւոր պատվերներ էր կատարում։ «Աուէր» ֆիրմայի հետ պայմանագիրը լրանում էր այս տարվա դեկտեմբերին, եւ Կումմերովը մտադիր չէր այն երկարացնել։ Որպես գիտնական ինքը հայտնի է Գերմանիայից դուրս, առաջարկներ ունի Ճապոնիայից եւ Ֆրանսիայից։ Սակայն ընտրում է ԽՍՀՄ-ը։
- Այսքանը,- եզրափակեց Կումմերովը։
- Դո՞ւք եք գերմանական բանակում այժմ օգտագործվող հակագազների հեղինակը եւ երեւի նաեւ օդաչուների հակագազներն են Ձեր աշխատանքի արդյունքը,- ժպտալով հարցրեց Հովակիմյանը։
- Այո՛, Դուք տեղյա՞կ եք,- զարմացավ Կումմերովը՝ օտարերկրացուց իրենց ռազմական գաղտնիքը լսելով։
- Իհարկե, մենք գործընկերներ ենք,- պատասխանեց հետախույզը։
Հետագայում՝ երկրորդ աշխարհամարտի ողջ ընթացքում գերմանացիներն օգտագործում էին այդ նույն հակագազները։
Երկու գիտնականներն անմիջապես մտերմացան։ Մասնագիտական թեմաներով զրուցելուց հետո, Հովակիմյանի գիտելիքներից զարմացած՝ Կումմերովը բացականչեց.
- Կեցցեք։ Լսեք, ի՞նչ եք անում այս պատերի մեջ, Ձեր տեղը լաբորատորիան է։
- Հիմա, բարեկամս, ողջ հողագունդն ինքը մի մեծ լաբորատորիա է, իսկ մենք՝ նրա հլու ծառայողները։
Հովակիմյանը խնդրեց հանդիպել նաեւ երեկոյան՝ ԽՍՀՄ մեկնելու հետ կապված հարցերը հանգամանալի քննարկելու համար...
Ուշ երեկոյան, Կումմերովից բաժանվելուց հետո, Հովակիմյանն ուղիղ գնաց ԽՍՀՄ ներկայացուցչություն։
- Կարեւոր ասելիք ունեմ,- հանդիպելով Բերմանին, ասաց նա,- երեւի հարկ կլինի ծածկագիր ուղարկել Մոսկվա։
Ռեզիդենտին պատմեց Կումմերովի մասին։
- Ես երեկոյան հանդիպեցի նրա հետ, երկար զրուցեցի։ Արդյունքը հոյակապ է։ Կարողացա համոզել, որ Խորհրդային Միությանը օգնելու համար պարտադիր չէ Մոսկվա մեկնել։ Խնդրեցի մնալ այստեղ եւ շարունակել աշխատանքը «Աուէր» ֆիրմայում։ Նա բացառիկ մասնագետ է եւ ֆիրմայի գրեթե բոլոր գաղտնի փաստաթղթերին կարող է ծանոթանալ։ Մի խոսքով՝ դժվար չէ համոզելը, որ ինքը մեզ այստեղ ավելի պիտանի կլինի, քան Մոսկվայում։
- Դուք ինչ է, հավաքագրե՞լ եք արդեն, նա գիտի՞, թե Դուք ով եք։
- Կներեք, բայց ժամանակ չկար Ձեզ հետ խորհրդակցելու։ Հավաքագրելը հավաքագրել եմ, բայց հետախույզ լինելուս մասին միայն կարող է ենթադրել։ Հավատացեք, Կումմերովը վստահելի աղբյուր է, ատում է գլուխ բարձրացող ազգայնամոլներին։ Հա, ի դեպ, տեղեկություններ կտա առանց վարձավճարի, առաջնորդվում է գաղափարական համոզմունքներով։
- Լավ, լավ։ Հայկ Բադալովիչ, պարզ է, որ մարդը Ձեր ձեռքից չէր պրծնի։ Ես ծածկագիրը քիչ հետո կուղարկեմ, կարծում եմ՝ մերոնք կհամաձայնեն համագործակցել նրա հետ, չնայած առանց թույլտվության էլ Դուք սկսել եք։ Ի՞նչ դնենք Կումմերովի ծածկանունը։
- «Ֆիլտր», ինքը հիմնականում դրանով է զբաղվում։
Այդ օրվանից մինչեւ 1942 թվականը Ֆիլտրի անունն անընդհատ նշվում էր ծածկագրերում։
Ֆիլտրից ստացված առաջին տեղեկությունները բավականին լուրջ փաստաթղթեր էին։ Հովակիմյանը Կենտրոն ուղարկեց նրա հայթայթած մարտական թունավոր նյութերի բաղադրակազմերն ու պատրաստելու տեխնոլոգիաները, նոր հակագազների մասին նյութերը։
Մոսկվան բարձր գնահատեց բեռլինյան հետախուզական բաժանմունքի աշխատանքները՝ շնորհակալություն հայտնելով տեղեկատվական աղբյուրների շրջանակներն ընդլայնելու եւ «Ֆիլտր»-ից ստացած արժեքավոր տեղեկությունների համար։
***
Հովակիմյանի՝ Մոսկվա ետ կանչվելուց հետո Կումմերովը շարունակեց համագործակցել հետախուզական ցանցի հետ։
1933-ի դեկտեմբերի 5-ին Գեստապոյում աշխատող մեր հետախուզության գործակալը Բեռլինի պոլիցայ-պրեզիդիումի փաստաթղթերի մեջ նկատել էր Հանս-Հենրիխ Կումմերովի մասին մի փաստաթուղթ.
«Կումմերովը, Օրանիենբուրգում բնակվելիս ծանոթացել է գրող Վլադիմիր Գոսմանի հետ, որն իր եղբոր հետ տպագրում էր գերմանառուսական «Մոսկաուեր նախրիխտեն» թերթը։ Գրողը վերջերս մեկնել է Խորհրդային Ռուսաստան։ Նա Կումմերովին նույնպես խորհուրդ է տվել տեղափոխվել Ռուսաստան, որտեղ արդյունաբերական մեծ շինարարություն է սկսվել։ Դրանից հետո Կումմերովը որոշել է հրաժարվել «Աուէր» ձեռնարկության իր աշխատատեղից, սակայն իր փաստաթղթերը ֆիրմայից ետ չի վերցրել։ Ռուսաստան մեկնելու իր մտադրության մասին բազմիցս հայտարարել է շրջապատում։ Ֆիրմայի մեքենագրուհիներից մեկը աշխատակազմին տեղյակ է պահել այդ մասին։ Այդ պատճառով Կումմերովին կասկածում են արդյունաբերական լրտեսության մեջ։ Իր հերթին աշխատակազմը ոտքի է հանել ոստիկանությանը»։
«Աուէր» ֆիրմայի զգուշավորությունը բացատրվում էր նրանով, որ ինքը զինվորական պատվեր ուներ նացիստներից։
Իրարամերժ լուրերի պատճառով Մոսկվան ժամանակավորապես դադարեցրեց Կումմերովի հետ կապը։
Երկու տարի անց Բեռլինի նոր ռեզիդենտը Գեստապոյի մեր աղբյուրից Ֆիլտրի մասին ստացավ նոր տեղեկություն. «Կումմերովը հակահետախուզությանը եւ ոստիկանությանը հայտնի է միայն իր հայտնագործություններով։ Նրա դեմ ոչինչ չկա»։
Այս երկտողից հետո կապը վերականգնվեց։
Հետախուզության օպերատիվ աշխատակից Միխայիլի հետ հանդիպման ժամանակ Կումմերովն իր հետ բերել էր գերմանական բանակի պատվերով թողարկվող նոր հակագազների բաղադրամասերը եւ դրանց փաստաթղթերը։ Դա նույնպես իր արտադրանքն էր։
- Եվ ի՞նչ կարժենա այդ «հաճույքը»,- հարցրել էր Միխայիլը։
- 40 հազար մարկ,- ասել էր Ֆիլտրը, ի նկատի ունենալով ինքնարժեքը։ Միխայիլի շփոթված դեմքից դոկտորը հասկացել էր թյուրըմբռնումը։
- Ես ձեզ տալիս եմ իմ հայտնագործությունը որպես Ռուսաստանի բարեկամ։ Իհարկե՝ ձրի,- ասել էր նա,- միակ բանը, որ խնդրում եմ, անհրաժեշտության դեպքում ձեր երկրում ապաստան գտնելն է։
Հետագայում Կումմերովն այնպիսի կարեւոր տեղեկություններ էր հաղորդել, ինչպիսիք են մարտական թունավոր նյութերն ու դրանցից պաշտպանվելու միջոցները, սինթետիկ բենզինի ու կաուչուկի պատրաստման տեխնոլոգիաները, տանկերի ռադիոկապի համար նախատեսված սարքավորումները, ինքնաթիռների թռիչքների բարձրությունը որոշող «ռադար» տիպի սարքավորումը եւ այլն, եւ այլն։
Նրա հետ կապն ընդհատվում է 1936թ.՝ ռեզիդենտի փոխվելուց հետո։ 1939 թվականին նորանշանակ ռեզիդենտ Ա. Կորոտկովը վերականգնում է կապը Ֆիլտրի հետ։
1941-ի հունվարին Կումմերովը առաջին անգամ տեղեկություններ է հաղորդում գերմանական փակ գործարաններում արտադրվող պեստիցիդի մասին։ Այն ժամանակ դա փակ թեմա էր։
Պատերազմն սկսելուց հետո էլ կապը չընդհատվեց։ Հիտլերը դեռ ի վիճակի չէր օգտագործել քիմիական նոր զենքերը։ Նա հույսը դրել էր 150 միլիմետրանոց արկերի վրա, որոնք արդեն մեկ ամիս օգտագործում էր Հարավային ռազմաճակատում։ Նորաստեղծ զենքի մասին բոլոր տվյալները Ֆիլտրը կարողացավ հայթայթել եւ ուղարկել Կենտրոն։
Ցանկանալով Կումմերովի հետ կապն ավելի սերտացնել, Կենտրոնն իր գործակալ Բեկին «գործուղեց» Բեռլին։ Սակայն Գեստապոն նրան ձերբակալեց։ Բեկը կտտանքներին չդիմանալով մատնեց Կումմերովին։
1942-ի նոյեմբերին Հանս-Հենրիխ եւ Ինգեբորգ Կումմերով ամուսիններին ձերբակալեցին։ Գեստապոյի քննիչները դաժանագույն միջոցներով տանջեցին նրանց։ Գեստապոն մեկ առ մեկ հանեց Կումմերովի ատամները, բայց բերանից ոչ մի բառ հանել չկարողացավ։ Այդժամ Կումմերովի աչքի առաջ գիլյոտինով կտրեցին կնոջ՝ Ինգեբորգի գլուխը։ 1942 թվականի դեկտեմբերի 18-ին կայսերական ռազմական դատարանը մահվան դատավճիռ կայացրեց։ Բայց դրանից հետո էլ մեկ տարի շարունակ նրան կտտանքների ենթարկեցին։ Երեք անգամ ինքնասպանության անհաջող փորձ արեց։ 1944 թ. փետրվարի 4-ին նրան վերջապես կախաղան բարձրացրին։
1945 թվականից հետո Պլետցենզեի տաժանակիր բանտի խցերից մեկում հայտնաբերեցին գերմանացի մեծ հայրենասեր, ֆաշիզմի ոխերիմ թշնամի Հանս-Հենրիխ Կումմերովի նամակը՝ գրված 1943թ. հունվարի 24-ին.
«Լրտես, լրտեսություն հասկացությունները իրենց սովորական իմաստով չեն արտահայտում իմ վարքագծի էությունը... Այդ վարքագիծը, դիրքորոշումը, գործելաձեւը օրգանապես ծնունդ են առել կոմունիստական շրջապատում այն ժամանակվանից, երբ կոմունիստական աշխարհայացքը իր հայրենիքը գտավ Ռուսաստանում։ Խնդիրն այն էր, որ անհրաժեշտ էր Ռուսաստանը տեխնիկապես զարգացնել՝ հարեւաններից պաշտպանելու համար։ Այդ երկրի ժողովուրդը հրաշալի մարդիկ էին, երկիրը՝ աշխարհայացքով իդեալական, սակայն դեռեւս թույլ՝ տեխնիկայի ոլորտում.... Ռուսաստանի բարեկամները մաքուր խղճով հետեւելով իրենց գաղափարներին, ռազմական ֆիրմաների տեխնիկական գաղտնիքներն էին ուղարկում (իսկ այս ֆիրմաները միմիայն իրենց գրպանները լցնելու նպատակ էին հետապնդում)։ Այդպես վարվեցի նաեւ ես... Բոլորս գիտեինք, որ մեր ուղարկածը երբեք չի օգտագործվելու խաղաղասեր ժողովրդի դեմ, այլ կծառայի միայն պաշտպանության համար, որը եւ հոգեբանական առումով արդարացուցիչ է»։
Այսպես էր մտածում մեծ գիտնականը*, որն իր կյանքը զոհեց ֆաշիզմը հողագնդից արմատախիլ անելու համար։
Ետկանչ
1933 թվականի սեպտեմբերի 24-ն էր։
Այդ երեկո Գենադին ուժասպառության աստիճան հոգնած հասավ ԽՍՀՄ ներկայացուցչության գրասենյակ։
Վաղ առավոտից ոտքի վրա էր։ Հանդիպեց «Աուէր» ֆիրմայի իր գործակալ Շտրոնգին, որը կարեւոր տեղեկություններ էր հայթայթել եւ արտահերթ կապ խնդրել։ Ասես խոսքները մեկ արած, իրար ետեւից արտահերթ կապ էին խնդրել նաեւ «Ցեյս» ֆիրմայից Լյուդվիգը եւ քիմիական սարքաշինական գործարանի պրոֆեսոր Ռոթմանը։ Լյուդվիգի մոտ խնդիրներ էին ծագել Գեստապոյի հետ։ Հարկավոր էր որոշ ժամանակ սառեցնել կապը։ Հակառակի պես նրա մոտ կուտակված ահռելի ինֆորմացիա կար։
Ընդամենը մի անգամ դուռը թակելուց հետո այն անմիջապես կրկնի վրա բացվեց։ Սենյակում վաղուց արդեն իրեն էին սպասում եվրոպական երկրների գծով հետախուզական ցանցի ղեկավար Ա. Սլուցկին, ռեզիդենտ Բ. Բերմանը եւ հետախույզ Պ. Կրոպոտովը։
- Այսօր մեկ տոննա լուր եմ հավաքել,- գլխարկը նետելով կախիչին ու բազկաթոռի մեջ հարմար տեղավորվելով ասաց Հովակիմյանը,- գործը գնալով շատանում է, մեզ էլի մարդիկ են պետք, ընկեր Սլուցկի։
Համապատասխան արձագանք չստանալով, Հովակիմյանն ուշադիր զննեց գործընկերներին։
- Ինչո՞ւ ենք այսպես թթված, ինչ-որ բա՞ն է պատահել։
- Հավաքվել ենք Ձեզ հրաժեշտ տալու, Հայկ Բադալովիչ,- ասաց Բերմանը եւ Հովակիմյանին մեկնեց Կենտրոնից ստացված ծածկագիրը։
Խիստ գաղտնի
Ընկեր Չեռնիգովսկուն.
Գենադիին՝ հանձնել գործերը եւ գործուղվել Ատտիկա*։
Ալեքսեեւ
24.09.33
- Ինչպե՞ս թե, դեռ մեկ շաբաթ առաջ ինձ նոր հանձնարարություն են տվել։ Հազար ու մի կիսատ գործ կա։ Դուք ինձ չէի՞ք բացատրի, Աբրահամ Արոնովիչ,- անակնկալի եկած Հովակիմյանը դիմեց Սլուցկուն՝ հուսալով սպառիչ պատասխանի,- ինչո՞ւ են ետ կանչում։
- Անքննելի են մեկ Աստծո, մեկ էլ՝ Կենտրոնի գործերը, Հայկ Բադալովիչ, նրանք վերեւում են, այնտեղից ամեն ինչ ավելի տեսանելի է,- պատասխանեց Սլուցկին,- ինչեւէ, խմենք բարի ճանապարհի համար։ Մեզ համար հաճելի էր Ձեզ հետ աշխատելը։ Հնարավոր է՝ հաշվի առնելով Ձեր անուրանալի տաղանդն ու աշխատունակությունը, ավելի ծանր բեռ դնեն ուսներիդ։
- Ես էլ եմ շնորհակալ ձեզանից, բոլորիցդ, ես նոր մարդ էի այս գործում։ Դուք ինձ շատ օգնեցիք, ուրախ կլինեմ, որ մի օր այսպես՝ բոլորով նստեինք Արբատի սրճարաններից մեկում,- հուզված ասաց Հովակիմյանը։
- Իսկ դուք համոզվա՞ծ եք, որ այն ժամանակ Մոսկվայում կլինեք,- բազմանշանակ նկատեց Սլուցկին,- Իսկ այժմ անցնենք գործի։ Հայկ Բադալովիչ, բոլոր գործերը պետք է հանձնեք մեկ ամսում։ Ներկայացրեք Ձեր բոլոր գործակալներին, յուրաքանչյուրն ի՞նչ որոշակի հանձնարարություն ունի, ո՞ւմ հետ, ե՞րբ եւ ինչպե՞ս էիք հանդիպում։
Մոտ երկու ժամ տեւած աշխատանքային խորհրդակցությունից հետո Սլուցկին ձեռքը բարեկամաբար դնելով Հովակիմյանի ուսին, ասաց.
- Դուք ճիշտ եք, մեզ օգնական ուժեր են պետք։ Միայն Ձեր բոլոր գործակալների հետ կապերը պահպանելու համար առնվազն հինգ հետախույզ է պետք։
***
Այս խոսակցությունից անցել էր մեկ ամիս։ Ուշ երեկոյան ավարտելով բոլոր գործերը Հայկը տուն հասավ միայն կեսգիշերին։
- Խոհանոցում ճաշ կա, տաքացնե՞մ,- հարցրեց քնից արթնացած Վերան։
- Չէ, սիրելիս, քնել եմ ուզում, վաղ առավոտյան շտապ գործ ունեմ, դու՝ նույնպես։ Երկու օրից վերադառնում ենք Մոսկվա։...Շյոնեֆելդի կայարանից Բեռլին-Մոսկվա ուղերթի գնացքը դանդաղ սկսեց հեռանալ։ Հայկը պատուհանից հայացքով հրաժեշտ տվեց աշնանային Բեռլինին։ Ասես մի ամբողջ հավիտենություն էր ապրել այստեղ։ Մտքում հաշվարկներ արեց. այսօր լրանում է Բեռլինում աշխատելու 940-րդ օրը։ 38940 անհանգիստ, լարված ու վտանգներով հղի ժամեր ապրեց այս հողում։ Բայց այդ ժամանակն իրենն էր, փորձությունների ու ինքնահաստատման ի՛ր ժամանակը, թեկուզեւ տագնապալի, բայց՝ հարազատացած։ Հիշողության կաթնամշուշից ելնում են դեմքեր, դեմքեր... Հերբերտ Մուրավկին, Ռոթման, Շտրոնգ, Լյուդվիգ, Հանս-Հենրիխ Կումմերով։ Ճակատագիրը երբեւէ նրանց հետ էլ չի հանդիպեցնի։
Ի՞նչ է սպասվում վաղը...
ծանոթագրություններ
* Արթուր Քրիստիանովիչ Արտուզով (Ֆրաուչի) - Ծնվել է 1891թ. Տվերում, շվեյցարացի էմիգրանտի ընտանիքում։ Ավարտել է Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Մասնակցել է 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխությանը, 1918-ին՝ Արխանգելսկում անգլիացիների դեմ կռիվներին։ 1919 թվականից պետանվտանգության մարմիններում էր։ Եղել է հատուկ բաժնի պետի տեղակալ, հետախուզական բաժնի պետ։ 1931-1935թթ. խորհրդային արտաքին հետախուզության վարչության պետն էր։ Գիտեր արտասահմանյան չորս լեզու։ Ղեկավարել է հանրահայտ «Տրեստ» եւ «Սինդիկատ-2» գործողությունները, որոնց ժամանակ բացահայտել է սպիտակգվարդիական, անգլիական եւ լեհական լրտեսական ցանցերը։ Պարգեւատրվել է Կարմիր դրոշի շքանշանով, կրկնակի՝ «Պատվավոր չեկիստ» կրծքանշանով։ 1937 թվականի օգոստոսի 21-ին Ներքին գործերի ժողկոմ Եժովի կարգադրությամբ ձերբակալվել եւ որպես «ժողովրդի թշնամի»՝ Լուբյանկայի բանտախցերից մեկում գնդակահարվել է։
Արդարացվել է ետմահու՝ 1956 թվականի մարտի 7-ին։
* Աբրահամ Արոնովիչ Սլուցկի - Ծնվել է 1898թ.։ Ավարտել է Անդիժան քաղաքի գիմնազիան։ Աշխատել է Անդիժանի բամբակի գործարանում։ 1916-17թթ. ծառայել է Սիմբիրսկի 7-րդ հրաձգային գնդում։ 1917թ. բոլշեւիկյան կուսակցության անդամ էր։ Ակտիվորեն մասնակցել է հեղափոխական շարժմանն ու քաղաքացիական պատերազմին։ Անվտանգության մարմիններում է 1920 թվականից։ 1929-1931թթ.՝ ՄՊՔՎ արտասահմանյան բաժնի պետի օգնական էր, 1931-1935թթ.՝ արտասահմանյան բաժնի պետի տեղակալ։ Գիտատեխնիկական հետախուզության ղեկավար աշխատելու ժամանակ գործուղումների է մեկնել Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա։ 1935-1938թթ.՝ ԽՍՀՄ ՆԳԺԿ արտասահմանյան բաժնի պետ։ 2-րդ կարգի պետանվտանգության կոմիսար։ 1938թ. փետրվարի 17-ին մահացել է ԽՍՀՄ ՆԳԺԿ ՊԱԳՎ ղեկավար Մ. Պ. Ֆրինովսկու կաբինետում (ենթադրում են՝ թունավորել են)։ Մահից հետո հեռացրել են կուսակցությունից՝ որպես «ժողովրդի թշնամու»։
* 1933թ. ապրիլին Հ. Մուրավկինը արտաքսվեց ԽՍՀՄ։ Նրան դիմավորեցին Կենտրոնի աշխատակիցները։ Աշխատանքի տեղավորեցին Լենինգրադի էլեկտրաֆիզիկայի ինստիտուտում։ Հովակիմյանը Կենտրոնի աջակցությամբ կազմակերպեց նրա ծնողների վերադարձը հայրենիք։ Մուրավկինը եռանդով լծվեց գործի, սակայն ինստիտուտի ղեկավարությունը խոչընդոտեց նրա գործունեությանը, ապա հեռացրեց աշխատանքից։
Որոշ լենինգրադցիների մասնագիտական նախանձը նրան գործազուրկ դարձրեց։ Մեկ տարի թափառելուց հետո կրկին դիմեց հետախուզություն։ Նրան աշխատանքի տեղավորեցին Մոսկվայի Համամիութենական էներգետիկական ինստիտուտում։ 1937-ին, որպես արտասահմանում երկար ապրածի, ՆԳԺԿ մարմինները ձերբակալեցին։ Նրա հետագա ճակատագիրն անհայտ է։
* Ռոթման կեղծանունը դրել է Հովակիմյանը։ ԽՍՀՄ հետախուզական փաստաթղթերում բազմիցս հիշատակված է այս ազգանունը, բայց երբեք ոչ ոք չիմացավ նրա իսկական անունը, որովհետեւ խոշոր գիտնական էր եւ բացահայտվելու դեպքում կվտանգվեր ե՛ւ նրա, ե՛ւ իր սերունդների կյանքը։ Այսօր էլ նրա անունը բացահայտված չէ։
* Չեռնիգովսկի - Եվրոպական երկրների գծով հետախուզական ցանցի ղեկավար Ա. Ա. Սլուցկի։
** Ատտիկա - ԽՍՀՄ։
*** Գենադի - Հայկ Հովակիմյան։
**** Ալեքսեեւ - ՄՊՔՎ արտասահմանյան բաժնի պետ Ա. Ք. Արտուզով։
* Սա այն գիտահետազոտական ինստիտուտն է, որը 1948-1951թթ. ղեկավարեց Հ. Բ. Հովակիմյանը։
* Անունը կեղծված է։
* ԳԴՀ-ի հռչակման 20-ամյակի առթիվ 1969 թվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը ֆաշիստական Գերմանիայի ջախջախմանը նպաստելու համար դոկտոր Հանս-Հենրիխ Կումմերովին (Ֆիլտր) ետմահու պարգեւատրեց Կարմիր դրոշի շքանշանով։
* ԽՍՀՄ։
Մաս երկրորդ
Մաս երկրորդ
Ռեզիդենտը
Նոր գործուղում
Մոսկվա։ Լուբյանկա։ Նոյեմբեր, 1933թ.։
Մոսկվա հասնելու հաջորդ օրը Հովակիմյանը պայմանավորվածության համաձայն մեկնեց Լուբյանկա՝ հանդիպելու ՄՊՔՎ արտասահմանյան բաժնի պետ Արթուր Քրիստիանովիչ Արտուզովին։ Նրա ետեւից ծառայողական ավտոմեքենա էին ուղարկել։ Լուբյանկա չհասած, վարորդին խնդրեց ավտոմեքենան կանգնեցնել փողոցի անկյունում։
Մնացած ընդամենը մեկ կանգառաչափ տարածությունը ցանկացավ ոտքով գնալ։ Հիշեց, թե մոտ երեք տարի առաջ Լուբյանկա տանող այս նեղլիկ փողոցով առաջին անգամ ինչ հոգեկան ապրումներով էր մոտենում չեկիստների տանը։ Հիմա այն ժամանակվա սառնամանիքը չէ, եւ ինքն էլ առաջվա միամիտ երիտասարդ գիտնականը չէ։
Ընդունարանում ոչ մի ծանոթ մարդ չգտավ, բոլոր աշխատակիցները փոխված էին։ Մոտեցավ խիստ դեմքով մայորին ու ներկայացավ՝ անվտանգության ծառայության կապիտան Հայկ Հովակիմյան։ Մայորը նայեց ընդունելության մատյանի մեջ ու ոտքի ելավ։ Ես հիմա կզեկուցեմ, ասաց։
Արտուզովը դիմավորեց հին, մտերիմ բարեկամի պես։ Գրկախառնվելուց հետո առաջարկեց նստել։
- Երկար ճանապարհ եք կտրել, Հայկ Բադալովիչ, կարող եմ Ձեզ թեյ հյուրասիրել։
- Շնորհակալ կլինեմ։
- Տեսնո՞ւմ եք, ասում էի չէ՞, որ Ձեզ ամեն ինչ կհաջողվի։ Ցավոք, Դուք այն քչերից եք, ումից մենք գոհ մնացինք։ Ուրախ եմ, որ չսխալվեցի Ձեր հարցում։ Բեռլինից ուղարկած Ձեր բոլոր տեղեկությունները մասնագետների ուսումնասիրություններից հետո ուղարկվել են Խարկովի, Մոսկվայի եւ Լենինգրադի գիտահետազոտական ինստիտուտներ։ Այնտեղ արդեն համապատասխան աշխատանքներ են ընթանում, եւ Ձեր աշխատանքի պտուղները շուտով նյութական տեսք կստանան։ Ի դեպ, գիտնականները պրոֆեսիոնալիզմի տեսակետից շատ բարձր են գնահատել Ձեր տեղեկությունները ատոմի ճեղքման*, քիմիական նորագույն տեխնիկայի ու դրանցից պաշտպանվելու նոր միջոցների, հակագազների մասին եւ շնորհակալություն են հայտնել Կենտրոնին։ Իսկ Դուք ասում էիք՝ քիմիկոսն ի՞նչ գործ ունի հետախուզությունում։
- Ուրախ եմ, որ գոնե ա՛յս կերպ գիտությանն օգտակար գործ եմ անում,- ասաց Հովակիմյանը,- այդ դեպքում, Արթուր Քրիստիանովիչ, թույլ տվեք հարցնել՝ ինչո՞ւ ետ կանչեցիք Բեռլինից, այնտեղ մեծ ծավալի աշխատանքներ կան...
- Այդ մասին՝ քիչ հետո։ Ի դեպ, այսօր ծածկագիր ստացա Բեռլինից։ Ռեզիդենտ Բերմանը հիացած է ոչ միայն Ձեր աշխատանքով, այլ նաեւ Ձեր հավաքագրած գիտնական-գործակալներով։ Գրում է, որ Գենադիից հետո էլ նրանք պատրաստակամություն են հայտնել համագործակցելու ռեզիդենտուրայի հետ։
- Արթուր Քրիստիանովիչ, իմ գործակալներից մեկը, եթե հիշում եք, դոկտոր Հերբերտ Մուրավկինը, արտաքսվեց ԽՍՀՄ։ Չէի՞ք ասի, ինչպե՞ս դասավորվեց նրա ճակատագիրը։
- Երեւում է՝ Դուք շատ ուշադիր եք ձեր շրջապատի նկատմամբ, դիմում եք Ձեր ընկերներին բանտից ազատելու խնդրանքով, հիմա էլ՝ Մուրավկինը։
- Արթուր Քրիստիանովիչ, ես երախտապարտ եմ Ձեզ՝ ընկերներիս փրկելու համար։ Իսկ Մուրավկինը կյանքն ամեն րոպե վտանգելով, մեր երկրին անհրաժեշտ տեղեկություններ էր հայթայթում ֆաշիզմի որջում։ Դուք չե՞ք կարծում, որ նման մարդկանց չպետք է մոռանանք։
- Մուրավկինն աշխատում է Լենինգրադի ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտում, ունի իր լաբորատորիան։ Ինչ վերաբերում է մարդկանց աշխատանքն ըստ արժանվույն գնահատելուն, միանգամայն համամիտ եմ Ձեզ հետ։ Մեր ղեկավարությունը, հայրենիքին մատուցած ծառայությունների համար, Ձեզ պարգեւատրել է «Պատվավոր չեկիստ» կրծքանշանով*։
Արտուզովը մոտեցավ աշխատասեղանին, դարակից հանեց կրծքանշանը, վկայականը եւ պատվոգիրը։ Հովակիմյանը շփոթվեց։ Որքան էլ գիշեր-ցերեկ կյանքը վտանգելով հույժ գաղտնի տեղեկություններ էր հայթայթում Բեռլինում, այնուամենայնիվ, իրեն ետ կանչելը ինչ-որ տեղ պայմանավորում էր ղեկավարության ոչ բավարար գնահատականով։ Հիմա արդեն կասկածները փարատվեցին։
- Ծառայում եմ Խորհրդային Միությանը,- հուզված արտաբերեց հետախույզը։
- Մեր ծառայության առանձնահատկություններից մեկն էլ այն է, Հայկ Բադալովիչ, որ ստացած պարգեւների մասին կարող ենք խոսել միայն խոր ծերության ժամանակ, այն էլ՝ մեր թոռների մոտ պարծենալու համար,- ժպտալով ասաց Արտուզովը,- հետախույզն ամեն ակնթարթ վտանգում է կյանքը, ձեռք բերում արժեքավոր տեղեկություններ, բայց հաջողության դափնիները վայելում են ուրիշները։ Մեզ ոչ ոք չի ճանաչում։ Չէ, ինչո՞ւ, ճանաչում են, եթե որեւէ երկրում բացահայտվում ու ձերբակալվում ենք։
Հովակիմյանը չկարողացավ կռահել՝ գլխավոր չեկիստը հեգնանքո՞վ, թե՝ դառնությամբ էր ասում այս խոսքերը։ Երբ Արտուզովը կրկին առաջարկեց նստել բազկաթոռին, Հովակիմյանը մտածեց՝ վերջապես կխոսի ամենակարեւորի մասին։
Արտուզովը ձեռքով սանրեց փոքրիկ մորուքը, վառեց ծխախոտն ու սկսեց.
- Հայկ Բադալովիչ, իսկ այժմ խոսենք ամենակարեւորի մասին, ինչի համար եւ Ձեզ ետ ենք կանչել Բեռլինից։ Ինչպես գիտեք, ԱՄՆ-ը ուշքի է գալիս ծանր ճգնաժամից հետո, պրեզիդենտ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի «Նոր կուրսը» երկիրը ոտքի է կանգնեցրել եւ նպաստել տնտեսական հզորացմանը։ Այսօր այնտեղ, ստուգված տվյալներով, նոր բարձունքների են հասել գիտության, տեխնիկայի եւ հատկապես՝ սպառազինության բնագավառներում,- մի փոքր դադար առնելուց հետո Արտուզովը շարունակեց,- Ամերիկայի Միացյալ Նահանգները Խորհրդային Միության հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել, եւ այսօր, քանի որ մեծ հնարավորություններ կան այնտեղ գործելու, որոշում է կայացվել Ձեզ գործուղել Նյու Յորք՝ մեր ռեզիդենտուրայում գիտատեխնիկական հետախուզություն ձեւավորելու եւ աշխատացնելու նպատակով։
Վերջապես ավարտելով ասելիքը, Արտուզովը խորամանկ ժպտալով, զննող հայացքով չափեց Հովակիմյանին։
- Ի՞նչ կասեք, Հայկ Բադալովիչ։
- Ես ուշադիր լսում եմ։
- Ուրեմն, շարունակեմ։ Դուք Նահանգներ կմեկնեք որպես մեր առեւտրական ներկայացուցչության աշխատակից եւ անմիջապես կընդունվեք Նյու Յորքի քիմիական ինստիտուտի ասպիրանտուրա, կպաշտպանեք դոկտորական դիսերտացիա եւ ինժեների հաստիքով աշխատանքի կանցնեք Ամտորգին կից ԽՍՀՄ քիմիական արդյունաբերության ժողկոմատի լիազորի ապարատում։ Կարծում եմ՝ ուսումը Ձեզ անխոցելի կդարձնի եւ հնարավորություն կտա ծանոթանալ մտքի տիտանների հետ։
- Ներողություն, Արթուր Քրիստիանովիչ, ես պետք է սովորեմ, դոկտորական գրեմ, պաշտպանեմ եւ միաժամանակ հետախուզական աշխատանքնե՞ր ծավալեմ,- զարմացած հարցրեց Հովակիմյանը։
- Ճիշտ այդպես։ Անգլերենին հոյակապ եք տիրապետում, քիմիային՝ նույնպես։ Ի՞նչն է խանգարում, ժամանա՞կը, այն էլ տեղում կգտնեք,- կեսկատակ, կեսլուրջ՝ ասաց Արտուզովը։
- Ամերիկա կմեկնեք երկու ամսից։ Այս ընթացքում մեզ մոտ կարող եք ծանոթանալ այդ երկրի մասին անհրաժեշտ տեղեկություններին եւ որոշ նրբություններին,- եզրափակեց Արտուզովն ու ոտքի ելավ։
«Երկու ամիս, ի՞նչ ես ուզում՝ արձակուրդ էլ են տալիս», ինքն իրեն հեգնեց Հովակիմյանը եւ հարցրեց։
- Արթուր Քրիստիանովիչ, ես գոնե կարո՞ղ եմ այս ընթացքում մեկնել Հայաստան՝ հարազատներիս տեսակցելու։
- Կարծում եմ՝ 8-10 օրը բավական է։ Հա, չմոռանամ՝ Ձեր ընտանիքը Նյու Յորք կժամանի ավելի ուշ...
Օվկիանոսից անդին
Հոկտեմբերյան հեղափոխությունից ի վեր, ընդհուպ մինչեւ 1933 թվականը Խորհրդային Միության ու Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ դիվանագիտական հարաբերությունների մասին խոսք անգամ չէր կարող լինել։ 30-ականների սկզբներին հակախորհրդային քարոզչությունը հասավ ամենավերին էշելոններ։ Ֆրանկլին Ռուզվելտի նախորդը՝ Գուվերը, 1931-ին նույնիսկ հայտարարեց. «Ճշմարիտն ասած՝ իմ կյանքի նպատակը Խորհրդային Միության ոչնչացումն է»*։ Նրա կարծիքին էին պահպանողականները, որոնք մեծ ազդեցություն ունեին երկրում։
Այս ամենի վրա յուղ էին լցնում Գերմանիայի եւ Անգլիայի հատուկ ծառայությունները։
Անգլիական գաղտնի ծառայությունները կաշվից դուրս էին գալիս ԽՍՀՄ-ին պոտենցիալ ագրեսոր ներկայացնելու համար։ Նույնիսկ ժամկետներ էին նշում Լեհաստանի հարավից Գերմանիայի վրա Խորհրդային Միության հարձակման վերաբերյալ։ Այս մասին Արտաքին հետախուզական ծառայության արխիվում պահվում են հայտնի հետախույզ Ֆիլբիի հաղորդագրությունները։
Սակայն, երբ 1932-ի վերջին ընտրություններին Ֆրանկլին Ռուզվելտը դարձավ ԱՄՆ-ի նախագահ, երկրի արտաքին քաղաքականությունը կտրուկ փոխվեց։ Չնայած պահպանողականների կատաղի դիմադրությանը, ԱՄՆ-ը բռնեց ԽՍՀՄ-ի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու ուղին։ Եվ արդեն 1933-ի վերջին, այս երկրները դիվանագիտական կապեր հաստատեցին՝ ԱՄՆ-ը ճանաչեց Խորհրդային Միությունը։
ԱՄՆ-ի գիտության, տեխնիկայի եւ սպառազինության ոլորտներում աննախադեպ հաջողությունների մասին էին խոսում նաեւ ԽՍՀՄ հետախուզության հայթայթած տեղեկությունները։ Ըստ հավաստի աղբյուրների, այստեղի նախագծային բյուրոներում արդեն մշակվում էին ամերիկյան նոր տեսակի զենքեր։
Խորհրդային հետախուզությունը Միացյալ Նահանգներով սկսեց լրջորեն հետաքրքրվել միայն 1933-1934 թվականներին։ Հետախուզական ցանցի համար հարմար «ծածկ» դարձավ Վաշինգտոնում ԽՍՀՄ դեսպանությունն ու Նյու Յորքում գլխավոր հյուպատոսությունը։
1933 թվականին ԱՄՆ-ում ԽՍՀՄ ռեզիդենտ նշանակվեց պրոֆեսիոնալ հետախույզ Պյոտր Դավիդովիչ Գուտցայտը*։ Նա ղեկավարում էր լեգալ ռեզիդենտուրան։ Իսկ անլեգալ հետախուզական ցանցի ղեկավարը Բորիս Յակովլեւիչ Բազարովն էր, որն ԱՄՆ էր մեկնել 1934 թվականին։ Երկու հետախուզական ցանցերն էլ աշխատում էին համագործակցած ու կատարում Կենտրոնի հանձնարարությունները։
***
1934 թվականի հունվարի 28-ին Նյու Յորքի երկաթուղային կայարան ժամանած գնացքից իջավ լայնեզր գլխարկով, ոչ բարձրահասակ, թիկնեղ մի տղամարդ եւ անմիջապես տաքսի պատվիրեց։ Խնամքով սանրած բաց գույնի փարթամ մազերով, կապույտ, խոշոր աչքերով գեղեցիկ երիտասարդն ավելի շուտ աշխարհն իր հյուրախաղերով չափչփած դաշնակահարի էր նման, քան բազմափորձ, ցանկացած բարդ իրադրությունում արագ կողմնորոշվող վճռական ու նախաձեռնող խորհրդային տաղանդավոր հետախույզի։
Բրուկլին ավենյու, տուն 97,- մեքենայի ետեւի նստարանին թիկնելով,- ասաց Հայկ Հովակիմյանը։
Տաք լոգանք ընդունելուց հետո, թեթեւ ու առույգ զգաց, ասես ինքը չէր նավով հազարավոր կիլոմետրեր կտրել։ Դուրս գալով պատշգամբ, բազրիքին հենված հետեւում էր Բրուկլին ավենյուի անցուդարձին։ Պարզ, արեւոտ օրվա մեջ իրեն բոլորովին անծանոթ Նյու Յորքն էր։
Մտքով անգամ չէր անցնում, որ այստեղ կանցնեն իր կյանքի առաջիկա ութ տարիները։ Եվ ենթադրել անգամ չէր կարող, որ լեգենդար հետախույզի կերպարն իր իսկ ձեռքով կկերտի հենց այս քաղաքում։
Նա մտածում էր ընդամենն առաջին քայլի՝ Նյու Յորքի քիմիական ինստիտուտի ասպիրանտ դառնալու եւ դոկտորական* ատենախոսություն պաշտպանելու մասին...
Առավոտյան կանուխ արթնացավ, մի բաժակ թեյ խմեց եւ սովորույթի համաձայն դուրս եկավ փողոց՝ մի քիչ քայլելու։ Ե՛վ Մոսկվայում, ե՛ւ Բեռլինում առավոտյան հանդիպումներից կամ աշխատանքից առաջ շուտ դուրս էր գալիս տնից՝ թարմ լուսաբացի միջով քայլելու։ Բրուկլին ավենյուից թեքվեց Դին սթրիթ, հասավ մինչեւ Կինգստոն ավենյու եւ ժամացույցին նայելով, նստեց պատահած տաքսին։
Նյու Յորքում ԽՍՀՄ գլխավոր հյուպատոս Վ. Ն. Ֆեդյուշինը եւ Նյու Յորքի ռեզիդենտ Դ. Վ. Գուտցայտն իրեն էին սպասում։ Հյուպատոսը խոստացավ առաջիկա օրերի ընթացքում լուծել փաստաթղթերին առնչվող հարցերը։ Իսկ Գուտցայտի հետ խորհրդակցելու համար ժամանակ էր պետք։ Նրանք միասին դուրս եկան հյուպատոսարանի շենքից եւ դանդաղ, անշտապ քայլերով կտրեցին անցան փողոցը։ Եթե ետեւից «պոչ» չկա, հետախույզների համար ամենաանվտանգը փողոցում զրուցելն է։
***
Պյոտր Դավիդովիչ Գուտցայտն ու Հայկ Հովակիմյանը հեռակա ճանաչում էին միմյանց։ Գուտցայտն ավելի քան տասը տարի աշխատել է Կենտրոնի ապարատում, բարեխիղճ, ձեռնահաս, գործին նվիրված անձնավորություն էր ու թեեւ «դաշտում»՝ արտերկրի հետախուզությունում մեծ փորձ չուներ, այնուամենայնիվ, Կենտրոնը հաշվի առնելով նրա կազմակերպչական ընդունակությունները, վստահել էր Նյու Յորքում ռեզիդենտի բարդ գործը։ Այսքանը գիտեր Հովակիմյանը։
Ի տարբերություն Գուտցայտի, Գենադին հայտնի էր «դաշտում» մենակ գործելու, տեղում ինքնուրույն որոշումներ կայացնելու, հաճախ վտանգավոր, բայց անհրաժեշտ քայլերի դիմելու վճռականությամբ։ Գուտցայտին Կենտրոնից տեղեկացրել էին, որ Գենադին հայտնի է նաեւ իր իմպրովիզացիոն ոչ սովորական գործողություններով ու պահվածքով, եւ խնդրել էին ուշադիր լինել ու նրա բոլոր քայլերը համաձայնեցնել Կենտրոնի հետ։ Հաղորդել էին, որ հայ հետախույզը խստապահանջ է թե իր, թե գործընկերների հանդեպ եւ չի հանդուրժում որեւէ թերություն կամ փնթի արված գործ։ Բայց ընդգծել էին նաեւ, որ ցանկացած ծրագիր ի վիճակի է արագ ու սեղմ ժամկետում իրագործել։
- Հայկ Բադալովիչ, Ձեր մասին ինձ մանրամասն իրազեկել են։ Ես դեռ ապարատում էի աշխատում, երբ Կենտրոնին շշպռող մի ծածկագիր էիք ուղարկել։ Ես հիմա էլ հիշում եմ այդ տողը. «Տեղում ավելի տեսանելի է, քան Կենտրոնում։ Գործուղե՞լ եք՝ վստահեք»։ Այնտեղ այնպես էին կատաղել Ձեզ վրա, որ բոլորիս թվում էր, թե՝ վերջ, Ձեր «բմբուլները» քամուն կտան։ Բայց դրությունը փրկեց Արտուզովը։ Ձեր դեմ «դատավճռի» փոխարեն, հանկարծ հանգիստ տոնով ասաց՝ գուցե ինքը ճի՞շտ է,- ժպտալով ասաց Գուտցայտը,- խնդրանքս հետեւյալն է՝ եկեք աշխատենք միասին, ես Ձեր գործելաոճին դեմ չեմ։
- Շնորհակալ եմ անկեղծության համար, Պյոտր Դավիդովիչ, մեր գործերում ամեն ինչ չէ, որ մեզ ցանկալի հունով է գնում։ Հաճախ տեղում ճակատագրական որոշում կայացնելու անհրաժեշտություն է լինում, իսկ մինչեւ Կենտրոնից իրավունք հայցես՝ գնացքը կարող է հեռանալ։
Գուտցայտը հանգամանալի ներկայացրեց Նյու Յորքի իրավիճակը։ Այստեղ անվտանգության մարմինների ուշադրության կենտրոնում են հատկապես գերմանացիներն ու Խորհրդային Միության քաղաքացիները։ Առաջիններին չեն ընդունում որպես ֆաշիստների, իսկ մեզ՝ որպես կարմիրների։
- Ի տարբերություն գերմանացիների, այստեղ իշխանափոխությունն առանց ցնցումների է ընթանում եւ անվտանգության մարմինները չեն շեղվում իրենց հիմնական գործից, որը մեզ նմաններին բացահայտելն է,- շարունակեց Գուտցայտը։
Հովակիմյանը ինստիտուտի ստաժորի «պարտականություններին» զուգահեռ պետք է միջոցներ ձեռնարկեր ներթափանցելու երկու խոշոր ֆիրմաների՝ «Սպերրի ինստրումենտ քոմփընիի» եւ «Սպերրի գիրոսկոպի» ներքին խոհանոցներ, մի շարք կարեւորագույն նախագծեր հայթայթելու համար։ Սակայն առայժմ հարցը հստակ չէր, քանի որ քայլերի հերթականությունը պահանջում էր սկզբից զբաղվել ասպիրանտուրայի խնդիրներով։
- Գործակալների հավաքագրմամբ դեռ ժամանակ կունենաք զբաղվելու,- ասաց Գուտցայտը։
- Իսկ գիտե՞ք ինչ հեքիաթներ են պատմում Ձեր մասին, ընկեր Գենադի, որ եթե մի անմարդաբնակ կղզում Ձեզ դեսանտ իջեցնեն, մեկ շաբաթում տասնյակ գիտնական-գործակալներ կհավաքագրեք ու հետախուզական ցանց կստեղծեք։
- Դրանք հեքիաթներ են, Պյոտր Դավիդովիչ, ինչպես Դուք ասացիք։ Ինչքան էլ փորձ ունենաս, ցանկացած մարդուն հավաքագրելիս ձախողման վտանգի հավանականությունը մեծ է լինում, եւ սխալված սակրավորի նման ոտքիդ տակ ականը կարող է պայթել։ Փորձված աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում...
Այս երկու անհատականություններն իրենց բնավորությամբ ասես լրացնում էին մեկմեկու։ Նյու Յորքի մինչպատերազմյան շրջանի հետախուզական ցանցի* շոշափելի հաջողությունները նաեւ այս հանգամանքով էր բացատրվում։
***
Նյու Յորքի քիմիական ինստիտուտի ասպիրանտուրայի ընդունելության քննությունները փայլուն գնահատականներով հանձնելուց հետո Հայկ Հովակիմյանը ուսմանը զուգընթաց սերտ կապեր հաստատեց հանրահայտ մի շարք գիտնական-դասախոսների հետ։ Այստեղ, ինչպես եւ Բեռլինում, գիտական կոնֆերանսներին մեծ ուշադրություն էին դարձնում։ Հայկն արդեն ընտրել էր դոկտորականի իր թեման՝ օրգանական քիմիայի ոլորտից եւ գիշերներ էր լուսացնում այդ աշխատանքը օր առաջ ավարտելու նպատակով։
Պրոֆեսոր Օրդվինը* մի անգամ նրան առաջարկեց իր դոկտորականի թեմայի շուրջ ելույթ ունենալ գիտաժողովներից մեկում։ Դա մեծ պատիվ էր Հովակիմյանի համար, որովհետեւ գիտաժողովին մասնակցում էին հանրաճանաչ շատ դեմքեր։
Նա հանգամանորեն պատրաստեց իր ելույթը եւ կասկած չուներ, որ այն տպավորիչ կլինի։ Գիտաժողովից մի քանի օր առաջ խորհրդակցելու պատրվակով այցելեց պրոֆեսորին եւ կարողացավ նրա գրասեղանի վրայից վերցնել բոլոր հրավիրյալների ցուցակը։ Գրադարանում մեկ առ մեկ ընթերցելով նրանց անունները, կոչումներն ու աշխատանքի վայրի մասին տեղեկությունները, ցուցամատը դրեց տողերից մեկի վրա։ «Վերջապես Ձեզ գտա, պրոֆեսոր Դեւիս**, գիտե՞ք ինչքան եմ փնտրել Ձեզ»։ Հովակիմյանը գրադարանի աշխատակիցներին հարցրեց, թե պրոֆեսոր Դեւիսի վերջին աշխատություններին հնարավո՞ր է ծանոթանալ։ Նրան չմերժեցին, բայց ասացին, որ չի թույլատրվում գրադարանից գրքերը դուրս հանել։ Երեք օր շարունակ առավոտից իրիկուն ժամանակն անց էր կացնում գրադարանում։ Աշխատություններից մեկն առնչվում էր իր զեկույցի թեմային։ Ընթերցելիս գյուտ արածի պես պայծառացավ։ Սխալ էր գտել։ Կարդաց երկրորդ անգամ։ Համոզվեց, որ տպագրական անփութություն է, բայց սխալը կրկնված էր։ Որոշեց իր անելիքը։ Արտագրեց այդ հատվածը եւ շտապեց տուն։
Արդեն պատրաստի զեկույցի մեջ մի մեծ հատված ավելացրեց պրոֆեսոր Դեւիսի հիշյալ աշխատության մասին։ Նայեց ժամացույցին՝ արդեն երեքն անց էր։ «Բարի գիշեր, պրոֆեսոր, կհանդիպենք ինստիտուտում»։
Հրավիրյալների ցուցակում Դեւիսի անվան դիմաց գրված էր, որ նա արտոնագրված մի շարք գյուտեր ուներ ԽՍՀՄ հետախուզությանը չափազանց հետաքրքրող «Սպերրի ինստրումենտ քոմփընի» եւ «Սպերրի գիրոսկոպ» հանրահայտ ֆիրմաներում։ Հենց այս հանգամանքն էր պրոֆեսոր Դեւիսի աշխատությունների վրա Հովակիմյանի մտասեւեռման պատճառը։... Գիտաժողովից դեռ բավականին ժամանակ կար։ Հայկն ընկերների հետ իջավ բար՝ սրճելու։ Ներքին անհանգստություն էր ապրում։ Կատակ բան չէ, համարձակվել է ելույթ ունենալ մեծ գիտնականների առջեւ։ Այդ պահին նրա համար կարեւորը Դեւիսի ներկայությունը չէր։ Վերջիվերջո ինքը հետախույզ չի ծնվել, ոչ էլ երբեւէ երազել է։ Բայց քիմիական, տեխնիկական գիտությունների մեջ խորանալը, լաբորատորիայում իր աշխատանքի արդյունքները փորձարկելը, առավել եւս դրանում հաջողելը, ժամանակին նրա տարերքն էին։ Նյու Յորքում ուսանելու առաջին իսկ օրերից վայելում էր սիրած գործով զբաղվելու հաճույքը։... Երկու տասնամյակ անց իր ամենամտերիմ ու անդավաճան երկու ընկերներին՝ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին եւ ծովակալ Հովհաննես Իսակովին դեռ պետք է պատմեր բաներ, որոնց մասին մտածել էր դեռեւս քսան տարի առաջ.
- Ես մեծ ակնածանք ունեմ գիտության մարդու նկատմամբ՝ աշխարհահռչակ է նա, թե՝ ոչ։ Եվ հոգուս վրա բեռ էր ծանրանում, երբ գնում էի նրանց հետ ոչ թե զրուցելու, խոսելու գիտության մասին, այլ՝ հեղաշրջելու դեպի մեր կողմը։ Ոչ, ես չեմ ափսոսում, ես ճիշտ գործ էի անում, մեծամտություն թող չթվա, բայց իմ մի զրույցը կարող էր, ասենք ՏՈՒ ինքնաթիռ կամ քիմիական զենքից պաշտպանվելու նորագույն միջոց ստեղծել։ Ինձ համար դժվարը տվյալ հանճարեղ կամ տաղանդավոր մարդուն անհանգստացնելն էր, նաեւ՝ վտանգի ենթարկելը։ Հավատացեք՝ ծանր էր։ Բայց երբ նրանք կիսում էին իմ անհանգստությունը, մտածում էին ԽՍՀՄ-ին օգնել հանուն խաղաղության ու ռազմական հակակշռի, ես ուղղակի ուզում էի համբուրել նրանց ճակատը։ Երբեւէ նրանց մեր պետական շահերին ծառայեցնելու միջոց կամ գործիք չեմ դիտել, որքան էլ շատերին սխալմամբ թվա։ Գուցե նաեւ իմ ա՛յդ մոտեցումն էր նպաստում, որ նրանք մեր սուրբ գործին նվիրվում էին առանց շահադիտության, ելնելով զուտ սկզբունքից ու գաղափարից։ Երբ իմ գիտնական-գործակալներին վտանգ էր սպառնում, ես կաշվից դուրս էի գալիս այն չեզոքացնելու։ Եվ դա՝ ոչ թե գործակալին, տեղեկատվության աղբյուրին կորցնելու վախից, այլ մեծ գիտնականին, նվիրյալին ու մարդուն օգտակար լինելու պարտականությունից...
Այսպես նա մտածում էր նաեւ բարում սրճելու ժամանակ։ Եվ իր անհանգստությունը ամբողջությամբ կապված էր լոկ մեծանուն մարդկանց առաջ ելույթ ունենալու հետ։
Ելույթը տեւեց մոտ կես ժամ։ Օրգանական քիմիայում միեւնույն գործողությունների վերաբերյալ Գերմանիայի, ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի գիտական շրջանների մոտեցումների համադրմանն ու հակադրմանն անդրադարձավ իր խոսքի վերջում։ Բուռն ծափահարություններից հետո նա ներողություն խնդրեց եւ շարունակեց.
- Չէի ցանկանում այս բարձր ամբիոնից խոսել մի՝ առաջին հայացքից աննշան թվացող երեւույթի մասին, սակայն այն կարող է թյուրիմացության մեջ գցել մի ամբողջ սերնդի։ Խոսքս տպագրվող գրքերում հանդիպող վրիպակների, տպագրական սխալների մասին է։ Իմ զեկույցում ես բարձր գնահատական տվեցի դոկտոր Դեւիսի վերջին աշխատությանը, սակայն այն կարդալիս մի քանի անգամ շփոթմունքի մեջ ընկա։ Նույն սխալը կրկնվում էր մի քանի տեղում, մեկ ուրիշը դա կարող է ճշտի տեղ ընդունել։ Կարծում եմ պետք է մինչեւ գիրքը տպվելու վերջին պահը շատ ուշադիր լինենք, որպեսզի մեծ գիտնականի խոսքը աղավաղված չհասնի ընթերցողին...
- Երիտասարդ, ես ողջունում եմ Ձեզ՝ ճիշտ եզրահանգումների համար, նոր մոտեցում ու նոր ասելիք ունեք այս ոլորտում։ Շնորհակալ եմ, որ անդրադարձաք իմ աշխատություններին նույնպես։ Բայց պետք չէր գրքիս մեջ թյուրիմացաբար սպրդած սխալի մասին այդքան խոսել,- բարեհամբույր ժպտալով Հովակիմյանի ձեռքը սեղմեց պրոֆեսոր Դեւիսը։ - Բանն այն է, որ այդ սխալը տպարանինը չէ՝ այլ իմը։ Վերջին պահին կարդացել եմ, բայց՝ անուշադիր։
Բոլորը բարձրաձայն ծիծաղեցին։ Պրոֆեսորը Հովակիմյանին թեւանցուկ արած ուղեկցեց միջանցք։
- Դուք չէի՞ք ցանկանա լինել իմ հյուրը, պարոն Հովակիմյան,- հանկարծ առաջարկեց Դեւիսը։
- Հաճույքով, պրոֆեսոր, ինձ համար մեծ պատիվ կլինի,- իբր քաղաքավարությունից ելնելով հանգիստ ասաց Հայկը, բայց իրականում անչափ ոգեւորված էր անսպասելի հաջողությունից։
- Վաղը հանգստյան օր է։ Հարմա՞ր է Ձեզ, այո՞, ուրեմն կսպասեմ։ Եվ փոխանցեց իր այցետոմսը։
***
Կիրակին ամբողջությամբ անցավ Դեւիսի հարմարավետ ամառանոցում։ Սպասվածից ավելի մարդամոտ Դեւիսը հիանալի զրուցակից էր, բազմակողմանի զարգացած մտավորական։ Պարզվեց՝ ծանոթ է նաեւ կոմունիստական գաղափարախոսությանը, մանրակրկիտ ուսումնասիրել էր այն։ Հայկն ստիպված էր պատասխանել նրա անհամար հարցերին։ Զրույցը խորացավ այն աստիճան, որ թվաց, թե հասել է խաղաթղթերը բացելու պահը։ Սակայն Հովակիմյանը չարեց այդ քայլը։ Հետախույզի աշխատանքում ոգեւորությունը միշտ պետք է ուղեկցվի սառը դատողությամբ։ Ոչ ժամանակին առաջարկը կուտ գնացող հացի պես հում կմնա։
«Դեռ շուտ է, խմորը չի հասունացել»,- մտածեց Գենադին։ Երկուսն էլ սիրում էին շախմատ խաղալ։ Սա առիթ է՝ կրկին հանդիպելու համար։
Այդ օրը Հովակիմյանն իմացավ Դեւիսի արտոնագրված գյուտերի՝ օդագնացության եւ ծովային սարքավորումների մասին։
Նրանց հանդիպումները գնալով ավելի հաճախակի դարձան։ Հովակիմյանն զգում էր, որ վերջապես լրջորեն գործի անցնելու ժամանակն է։
Գուտցայտի հետ խորհրդակցելուց հետո Նյու Յորքից ծածկագիր ուղարկեցին Մոսկվա։ Կենտրոնը թույլատրեց հավաքագրել Դեւիսին։
Երկար մշակված օպերացիան հաղթական ավարտ ունեցավ։
Հովակիմյանն առաջին փակ ծրարն ստացավ բավականին հաստափոր պայուսակով։ Դրանք բոլորը Դեւիսի հեղինակած նորարարություններն էին՝ օդագնացության եւ ծովային սարքավորումների մանրակրկիտ նկարագրություններով ու բազում գծագրերով։ «Սպերրի ինստրումենտ քոմփընին» արդեն սկսել էր դրանց մի մասի արտադրությունը։
Երկու շաբաթ չանցած՝ Դեւիսը հայթայթեց ու Հովակիմյանին հանձնեց ռմբանշանառու եւ ձայնաորս սարքերի գծագրերն ու բաղադրամասերի կազմությունը։
Դեւիսը կարողացավ ֆիրմայի գաղտնի պահարանից հանել ու կրկնօրինակել հեռուստառադիոէլեկտրոնիկային վերաբերող փաստագրական տեղեկություններ։
Հետագայում ԽՍՀՄ ռազմական ծրագրերի իրականացման գործում մեծ դեր խաղացին այդ փաստաթղթերը։
Դեւիսը հետախույզի անուրանալի տաղանդ ուներ։ Հովակիմյանը դա վաղուց էր նկատել։ Եթե ազատ ժամանակ էին ունենում, նա իր գործակալին բացատրում էր հետախուզության նրբությունները։
Դեւիսի հետ հանդիպումներն առայժմ վտանգավոր չէին։ Պրոֆեսորը կարող էր հաճախակի հանդիպել ասպիրանտի հետ։ Հովակիմյանի ուղեղում մի միտք էր հղացել, որը գիշեր-ցերեկ հանգիստ չէր տալիս նրան։ Խորհրդակցի՞ Գուտցայտի հետ, գուցե տեղյա՞կ պահի Կենտրոնին։ Բայց համոզված էր, որ ոչ ոք լուրջ չի ընդունի իր առաջարկը։ Հետախուզության պատմության մեջ նման նախադեպ չէր եղել։ Եվ այդ մի փաստարկն էլ հերիք էր կտրուկ մերժում ստանալու համար։ Որոշեց առայժմ լռել։
Հետագա ամիսներին Հովակիմյանին հաջողվեց եւս երկու գիտնականների ընդգրկել գիտատեխնիկական հետախուզական աշխատանքների մեջ։
Չնայած գերբեռնվածությանը, նա կարողացավ բարեհաջող ավարտին հասցնել իր դոկտորական դիսերտացիան։ Պաշտպանության ժամանակ գիտնականները հիացած էին ոչ միայն նրա իմացությամբ ու լուրջ աշխատանքով, այլեւ անգլերեն հարուստ բառապաշարով։
Գիտությունների նորընծա դոկտորն արդեն կարող էր հանգիստ շունչ առնել եւ զբաղվել միայն հետախուզությամբ։
***
1936-ի ամռանը գիտատեխնիկական հետախուզական ցանցն այնքան էր ընդլայնվել, որ Գենադին այլեւս ֆիզիկապես ի վիճակի չէր այդքան տեղեկություն հավաքելու համար գիշեր-ցերեկ հանդիպումներ ունենալ։ Նա ռեզիդենտ Գուտցայտին խնդրեց օգնական ուժեր տալ։ Սակայն մարդիկ չէին բավականացնում։ Կենտրոնն առայժմ ձեռնպահ մնաց նոր կադրեր տրամադրելուց։
Գենադին մոտ տասը մարդու աշխատանք էր կատարում։ Բոլոր գործակալների հետ հանդիպման որոշակի ժամկետներ էր սահմանել եւ պահանջում էր խստիվ պահպանել գրաֆիկը։ Բայց գործակալները հաճախ արտահերթ հանդիպման անհրաժեշտություն էին ունենում՝ հրատապ լրատվության, իրավիճակի չնախատեսված փոփոխության եւ նոր հանգամանքների պատճառով։
Գործակալների հետ նախատեսված յուրաքանչյուր հանդիպում Հովակիմյանը ամենայն մանրամասնությամբ մշակում էր նաեւ պահեստային տարբերակով։ Բայց որքան էլ այդ հանդիպումները տարբեր տեղերում ու տարբեր ձեւերով լինեին, մեկ է՝ հետախույզի փութաջանությունն աչք կծակեր։
Գենադին որոշեց վճռական քայլերի դիմել։ Վաղուց էր մտմտում գործակալների հետ աշխատելու նոր ծրագիր մշակելու մասին։ Սակայն այն, ինչ ինքն էր պատրաստվում առաջարկել, համոզված էր, որ ոչ Գուտցայտը, ո՛չ էլ առավելեւս Կենտրոնը՝ չեն ընդունի։ Ավելին, իմանալով Գենադիի մտադրության մասին՝ կսահմանափակեն նրա գործունեությունը։ Նրանք գոհ էին Հովակիմյանի աշխատանքից եւ առայժմ ավելին չէին պահանջում։ Բայց Գենադին համոզված էր, որ նոր եղանակով աշխատելու դեպքում հետախուզության տվյալներն առնվազն կեռապատկվեն։
Երեկոյան թղթին տալով իր մտահղացումները, վերջնական տեսքի բերելով աշխատանքային սխեման, որոշեց այնուամենայնիվ, Գուտցայտին ներկայացնել այն։ Հույս ուներ աջակցություն ստանալ ռեզիդենտից։ Որքան էլ ակնկալիքները քիչ էին, Հովակիմյանը գիտեր, որ Գուտցայտն անվերապահորեն հավատում է իրեն եւ խնդիրը պատշաճ ձեւով ներկայացնելու դեպքում պրոֆեսիոնալ հետախույզը կհասկանա գործի էությունը։
Նորարարություն արտաքին հետախուզության ոլորտում
Այդ օրը կարեւոր, արտահերթ հանդիպում ուներ Նյու Յորքից դուրս գտնվող ռազմական մի օբյեկտում գործող իր գործակալի հետ։ Քաղաքից մեկնելուց առաջ Գուտցայտին խնդրեց երեկոյան ժամը 10-ից հետո ժամանակ գտնել եւ այցելել իր բնակարան՝ մի խնդրի շուրջ առանձնազրույց ունենալու։ Ռեզիդենտը սիրով համաձայնեց։
Գործակալի հետ հանդիպման ժամանակ Հովակիմյանը հանձնարարականներ տալուց հետո ասաց.
- Լսեցեք սիրելիս, Դուք ինձ քանիցս հիշեցրել եք, որ գործարանում մի քանի համախոհներ ունեք, որոնք սակայն չգիտեն Ձեր գործունեության մասին։ Խնդրում եմ ուշադիր հետեւեք նրանցից առավել վստահելիներին։ Ավելի մտերմացեք եւ Ձեզ համար պարզեք՝ նրանք կարո՞ղ են եւ կուզենա՞ն, արդյոք, համագործակցել մեզ հետ։ Հարցն ուղղակի չդնեք, երբեք սեփական նախաձեռնությամբ քայլեր չանեք։ Պարզապես ինքներդ համոզվեք՝ նրանք կաշխատե՞ն մեզ հետ գաղափարական համոզմունքներից ելնելով կամ թեկուզ աշխատանքի դիմաց վճարվելով։ Երբ պարզեք, տեղյակ պահեք ինձ։ Մենք պետք է ստուգենք նրանց, որից հետո միայն որոշում կայացնենք։ Հաջողության դեպքում նրանք կճանաչեն միայն Ձեզ։
Նախորդ շաբաթ նման առաջարկ էր արել նաեւ Դեւիսին, զգուշացնելով, որ քայլը ծայրահեղորեն ռիսկային է, պետք է զգույշ գործել։ Իսկ հավաքագրման մասին առայժմ ոչ մի խոսք։
Արդեն մութ էր, երբ վերադարձավ Նյու Յորք։
Պայմանավորված ժամին դուռը թակեց Գուտցայտը։ Տրամադրությունը հոյակապ էր։
- Հայկ Բադալովիչ,- սեղանին մի շիշ վիսկի դնելով, դիմեց Գուտցայտը,- քիչ առաջ գաղտնագիր ստացանք։ Կենտրոնն իր գոհունակությունն է հայտնել մեր ռեզիդենտուրայի օպերատիվ աշխատանքի համար։ Դուք արդեն մայորի կոչում եք ստացել, այնպես որ, նշելու առիթ ունենք։
Մի բաժակ վիսկի խմելով, Հովակիմյանը միանգամից գործի անցավ.
- Պյոտր Դավիդովիչ, Դուք պատրա՞ստ եք մեկ ժամ շարունակ առանց ընդմիջելու լսել ինձ, Ձեր բոլոր հնարավոր առարկություններին կանդրադառնանք ասելիքս ավարտելուց հետո։ Ես ուղղակի խնդրում եմ....
- Հը, հիմա՞ ինչ նոր բան է մոգոնել խորամանկ հայը,- ժպտալով ընդհատեց ռեզիդենտը,- ես համակ ուշադրությամբ լսում եմ։
- Մեր աշխատանքները նոր ոլորտներ են ընդգրկում։ Հետախուզության ավանդական եղանակներն ու մոտեցումները անբավարար են գիտության ու տեխնիկայի այս խելահեղ զարգացման պայմաններում համապատասխան ինֆորմացիա հայթայթելու համար։ Մենք, ճիշտ է, մեր կաշվից դուրս ենք գալիս ու կարողանում ենք Կենտրոնին անհրաժեշտ նյութեր տրամադրել։ Սակայն շատ ոլորտներում կատարվող հետազոտություններին ու տեխնիկայի նորամուծություններին անհաղորդ ենք։ Իսկ որ երկիրը մեզնից գոհ է, ցավոք, մի բացատրություն ունի. մենք այնքա՜ն ետ ենք ընկել զարգացած երկրներից, որ այստեղից ուղարկած գրեթե ցանկացած նորույթ սենսացիա է մեր գիտության համար։ Ես առաջարկում եմ հետախուզական աշխատանքի նոր գործելաոճ կամ նոր դրվածք, չգիտեմ, ինչպես ուզում եք որակեք։ Այն, ինչ ասելու եմ, կապված է մեծ ռիսկի հետ, բայց դա մեզ չպետք է ետ պահի այս քայլից, քանզի արդյունքն անհամեմատ գոհացուցիչ կլինի։
Հովակիմյանը մի պահ շունչ քաշեց եւ մի կում վիսկի խմելով, շարունակեց.
- Առաջարկում եմ որոշ հմուտ գործակալների դարձնել հավաքագրող-գործակալներ։ Այսինքն, օրինակ, Դեւիսին, որը հետախույզի անուրանալի տաղանդ ունի, հանձնարարում եմ իր շրջապատի գիտնականներից մեզ առավել հետաքրքրողներին փորձել հավաքագրել եւ աշխատացնել գիտատեխնիկական հետախուզության համար։ Դա, իհարկե, շատ զգույշ պետք է արվի։ Նա պետք է համոզվի, որ «օբյեկտը» գաղափարական համոզմունքներով կամ վարձավճարով կաշխատի մեզ համար։ «Օբյեկտը» անձամբ կճանաչի միմիայն հավաքագրող-գործակալին։ Հավաքագրող-գործակալը նրա հետ կսկսի համագործակցել միայն մեր կողմից «օբյեկտին» բազմակողմանի ստուգելուց հետո։ Որպեսզի հետքերը միշտ դեպի ռեզիդենտուրա չբերեն, որոշ հավաքագրող գործակալներ «օբյեկտներին» կներկայանան, որպես, ասենք, Անգլիայի, Ֆրանսիայի հետախուզության աշխատակիցներ։ Այսպիսով կավելանա մի նոր օղակ, կունենանք հետախույզ, հավաքագրող-գործակալ եւ ենթագործակալներ եռյակ համակարգը։ Ենթագործակալը բացի հավաքագրող-գործակալից ոչ ոքի չի ճանաչում։ Հավաքագրող-գործակալը բացի հետախույզից, ոչ ոքի չի ճանաչում։ Միակ օղակը, որ բոլորին կճանաչի՝ մենք ենք լինելու։ Եթե այս սկզբունքը կիրառվի, մենք մեր ցանցով կարող ենք մտնել գերգաղտնիացված գրեթե բոլոր օբյեկտները։ Գիտեմ, կպատճառաբանեք, որ ենթագործակալը չի կարող շատ վստահելի անձ լինել կամ հավաքագրող-գործակալը, պրոֆեսիոնալ չլինելով, սխալներ թույլ կտա։ Մենք այս ամենը կսկսենք միայն մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո։
Հովակիմյանը վերջացրեց երկարաշունչ բացատրությունները եւ Գուտցայտին հանձնեց իր նորամուծության սխեման։
Ռեզիդենտը երկար ուսումնասիրեց այն, մի քանի հարց տվեց ու մտածմունքի մեջ ընկավ։
- Լսիր, Հայկ,- մտերմիկ «դու»-ի անցավ Գուտցայտը, ինչը հետախուզությունում ընդունված չէր,- դու ուժերիդ գերագույն լարումով, ամեն վայրկյան կյանքդ վտանգելով արժեքավոր տեղեկություններ ես հավաքում։ Կենտրոնը գոհ է մեր աշխատանքից։ Միշտ անհրաժեշտից ավելին ենք կարողանում հայթայթել։ Ինչո՞ւ ես նոր գլխացավանք ստեղծում քո, իմ, Կենտրոնի համար։ Քեզ համար անսպասելի՞ կլինի, որ կտրուկ մերժեմ։ Իհարկե, ո՛չ,- ինքը հարցրեց ու ինքն էլ պատասխանեց իր հարցին,- քո առաջարկությունը խելահեղ ռիսկ է պարունակում։ Մինչ այժմ հետախուզությունում երբեւէ չի կիրառվել այդպիսի քայլ։ Իսկ արդեն չարդարացված մեթոդով աշխատելը խստիվ մերժվում է։ Սովորական գործակալի համար ամիսներով ծածկագրեր ենք փոխանակում, մինչեւ ստանում ենք Կենտրոնի համաձայնությունը։ Իսկ դու մի նոր օղակ ես ավելացնում։ Բացառվում է, Կենտրոնը կմերժի,- եզրափակեց Գուտցայտը։
- Իսկ ես, Պյոտր Դավիդովիչ, միտք էլ չունեմ Կենտրոնի հետ խորհրդակցելու, առավել եւս համաձայնություն ստանալու։ Դա մենք կանենք Ձեզ հետ միասին,- հանգիստ, առանց Գուտցայտի կողմը նայելու, հայտարարեց Հովակիմյանը։
- Ահա թե ի՜նչ,- բացականչեց ռեզիդենտը,- այս ամենը պատմում ես միայն ինձ համոզելու համար։ Իսկ մտքովդ չի՞ անցնում, թե որտեղ կհայտնվենք քեզ հետ միասին՝ գործը տապալվելու դեպքում, ինչը միանգամայն հավանական է։
- Պյոտր Դավիդովիչ, ես ամեն ինչ հաշվարկել եմ։ Մենք սենսացիոն հաջողություններ կունենանք։ Եվ երբ Կենտրոնը փորձի ճշտել պատճառները, նոր միայն տեղյակ կպահենք մեր քայլերի մասին։ Նրանք փաստի առաջ կկանգնեն։ Իսկ փաստն այն կլինի, որ իմ նորամուծությունն արդեն արդարացրած կլինի իրեն։ Միգուցե այն ուրիշ տեղերում է՞լ կիրառեն...
- Հովերով մի տարվեք, բարեկամս, մեզ ուղղակի կկախեն չհամաձայնեցված գործողությունների համար,- ասաց Գուտցայտը եւ հանգիստ շարունակեց,- գիտե՞ք ինչ, եկեք փորձենք, գուցե Կենտրոնին մանրամասն բացատրելուց հետո համաձայնությո՞ւն ստանանք։ Ա՛յ, Դուք ասում եք փաստի առաջ կկանգնեն, երբ աշխատում էիք Գերմանիայում, մի քանի անգամ փաստի առաջ կանգնեցրիք Կենտրոնին։ Հիշում եմ, ուղղակի կատաղած էին Ձեզ վրա...
«Փոքրիկ խորամանկություն է, եղբայր,- մտքում ասաց Հայկը,- ուզում ես պատասխանատվությունից խուսափե՞լ, իմանալով հանդերձ, որ Կենտրոնը կմերժի»։
- Այսինքն, Դուք դեմ չեք, հարցնենք Կենտրոնի՞ն,- բարձրաձայն ասաց Հովակիմյանը,- Պյոտր Դավիդովիչ, Դուք գերազանց գիտեք, որ կտրուկ մերժում կստանանք։
Հովակիմյանն զգաց, որ սառույցը շարժվում է։ Նա նոր փաստարկներ բերեց, իր խոսքերն օրինակներով ապացուցելով։
Գուտցայտը զենքերը վայր դրեց։ Նա բավականին խելացի եւ փորձառու հետախույզ էր, հասկանում էր, որ Հովակիմյանի առաջարկը նոր գյուտ է հետախուզության պրակտիկայում։ Բայց քաջածանոթ էր նաեւ Կենտրոնի դիրքորոշմանն ու գործելաոճին։
- Լավ, համաձայն եմ մի՛ պայմանով։ Առայժմ հավաքագրող-գործակալ կլինի միայն փորձառու Դեւիսը,- ձեռքը թափ տալով ասաց Գուտցայտը։
- Եվ ինչո՞ւ էի ես Ձեր ռիսկի վրա կասկածում, Պյոտր Դավիդովիչ,- գործընկերոջ պատասխանից ոգեւորված, լայն ժպիտը դեմքին կատակեց Հովակիմյանը։
- Լավ, լավ,- ձեռքով սաստեց ռեզիդենտը,- խմենք, շառից ու փորձանքից հեռու։
- Շառից ու փորձանքից հեռու չենք փախչի մեր այս մասնագիտությամբ,- ասաց Հովակիմյանը։
- Փաստորեն, մենք գործակալին վստահում ենք, որ իր հերթին գործակալական ցանց ստեղծի եւ ինքը ղեկավարի այն, ռիսկի գործակիցը շատ մեծ չէ՞։
- Մեծ է, Պյոտր Դավիդովիչ, բայց Դուք արդեն տվել եք Ձեր համաձայնությունը,- նորից կատակեց Հովակիմյանը։
«Եթե այս հայ գիտնականի նման մի քանի տասնյակ հետախույզներ ունենանք, ոչ մի գաղտնիք մեզանից չի կարող թաքնվել»,- մտածեց Գուտցայտը։
«Եթե ղեկավարությունը միշտ Գուտցայտի նման համարձակ ու խոհեմ գտնվի, մեծ գործեր կարելի է անել»,- մտածեց Հովակիմյանը։
Մուտքի մոտ, հրաժեշտից առաջ, ողջագուրվելով Հովակիմյանի հետ՝ Գուտցայտն ասաց.
- Հայկ Բադալովիչ, հիշեցնեմ, առայժմ հավաքագրող-գործակալ կլինի միմիայն Դեւիսը, հետագայում՝ կերեւա։
- Շնորհակալ եմ վստահության համար։
Հյուրին ճանապարհելուց հետո Հովակիմյանը մոտեցավ ԱՄՆ-ի վարչական քարտեզին ու մատիտով մի քանի նշումներ արեց, ապա բացեց իր իսկ կազմած սխեման եւ համապատասխան վանդակներում գրեց Դեւիսի եւ մի քանի փորձառու այլ գործակալների անուններ։ Գրեթե մինչեւ լուսաբաց գրառումներ էր անում, ինչ-որ սխեմաներ գծում։
Քնելուց առաջ այդ ամենն այրեց...
***
Պայմանավորվածության համաձայն Դեւիսը բերել էր հավաքագրման ենթակա երկու գիտնականների՝ Բրյուսի եւ Ռոջերի* տվյալները։ Ասաց, որ ամբողջությամբ վստահում է նրանց եւ Հովակիմյանի թույլտվությունից հետո պատրաստ է զրուցել ու հավաքագրել։
- Բրյուսը ինքնաթիռաշինական կոնստրուկտորական խոշոր բյուրոյի առաջատար գիտնականներից է, մի շարք գյուտերի հեղինակ։ Ռոջերը խոշոր գիտնական-քիմիկոս է, գիտահետազոտական ինստիտուտի լաբորատորիայի ղեկավար,- ներկայացրեց Դեւիսը։
Հովակիմյանը, արդեն որերորդ անգամ, Դեւիսին մանրամասն բացատրեց հավաքագրելու նրբությունները։ Թեկուզ չնչին կասկածի դեպքում խոսքն ամբողջությամբ փոխելու եւ դիմացինին անվտանգ թեմայի մեջ ներքաշելու խորամանկ քայլերը։
- Մենք մեր մարդկանց միջոցով երկուսի կենսագրություններն ու անցած ուղին կստուգենք։ Անվտանգության ծառայությունների հետ կապը բացառելու դեպքում Ձեզ գործելու հրահանգ կտանք,- եզրափակեց Հովակիմյանը։
Երկու շաբաթվա ընթացքում հետախուզության օպերատիվ աշխատակիցներն ուշադիր հետեւում էին Ռոջերին եւ Բրյուսին, տեղեկանում, թե ում հետ են հանդիպում, ինչ են խոսում։ Ստուգվեցին նաեւ նրանց կենսագրական տվյալները։
Հաջորդ հանդիպման ժամանակ Հովակիմյանը վերջին ցուցումները տվեց Դեւիսին։
- Զգոն եղեք,- ասաց,- ամբողջ հույսս Դուք եք, տապալվեցի՞ք, կտապալվենք բոլորս։ Հաջողության դեպքում կհանդիպենք երկու շաբաթ անց։... Դեւիսը գերազանցեց բոլոր սպասելիքները։ Նա կարողացել էր հավաքագրել ե՛ւ Բրյուսին, ե՛ւ Ռոջերին։
Առաջին արդյունքները հոյակապ էին։ Կարճ ժամանակաընթացքում Կենտրոն ուղարկվեցին մի շարք գերգաղտնի փաստաթղթեր։
Կենտրոնն առաջին անգամ տվյալներ ստացավ ավտոբենզինի ուղիղ թորման, մթնոլորտային-վակուումային տեղակայման, ավիաբենզինի օկտավայի նոր թվի՝ 74-ի արտադրության տեխնոլոգիաների, նավթավերամշակման գործարաններում գազի վերամշակման եւ այլնի մասին։ ԽՍՀՄ-ի սպառազինության համար մեծ նշանակություն ունեցան հինգ տասնյակից ավելի նոր տեխնիկայի մասին ներկայացված մանրակրկիտ փաստաթղթերը, ուր մաս առ մաս տրված էին բոլոր բաղադրամասերն ու նախագծերը։ Դրանցից ներկայացնենք միայն մեկը. Հովակիմյանն ուղարկել էր ամերիկյան նոր ինքնաթիռներից մեկի՝ B-29-ի բոլոր փաստաթղթերը։ Պատմության մեջ շատ փաստեր դիտավորյալ դուրս են թողնվում՝ խորհրդային գիտնականների ինքնասիրությունն ու արժանապատվությունը չվիրավորելու միտումով։ Սակայն փաստը մնում է փաստ. ամերիկյան B-29 ռմբակոծիչը խորհրդային Ժժ-4 ինքնաթիռի նախատիպն է։ Այդ մասին են վկայում ՊԱԿ-ի արխիվները։ «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի թղթակիցը ուսումնասիրելով արխիվային նյութերը, թերթի 1997 թվականի մարտյան համարներից մեկում գրեց, որ խորհրդային հետախույզ Հայկ Հովակիմյանի (Գենադի) շնորհիվ ԽՍՀՄ-ն ստեղծեց Ժժ-4 ինքնաթիռը։
Ֆիզիկայի, քիմիայի, մանրէաբանության խնդիրներին առնչվող փաստագրական հարուստ տվյալները ԽՍՀՄ գիտական հետազոտությունների համար բացեցին նախկինում անհայտ ուղղություններ։ Վ. Անտոնովի եւ Վ. Կարպովի հեղինակած ԺՈռվօպ ՌվՒՏՐՎՈՑՏՐօ ԶՐպՎս՞ գրքում (Մոսկվա, 2001 թ.) Հովակիմյանի ուղարկած տեղեկությունների մասին գրված է. «Ծծմբային նավթի վերամշակման, քսայուղերի եւ ավիաբենզինի, սինթետիկ կաուչուկի եւ պոլիէթիլենի տեխնոլոգիաների մասին տեղեկությունները հարկադրեցին ԽՍՀՄ-ում ստեղծել կոնստրուկտորական նոր բյուրոներ եւ փորձարարական գործարաններ...»։
***
Կենտրոնը ռեզիդենտ Գուտցայտին ուղարկած ծածկագրում իր գոհունակությունն էր հայտնել ողջ ռեզիդենտուրային եւ անձամբ Գենադիին՝ հույժ արժեքավոր տեղեկությունների համար։ Իսկ վերջում խնդրում էր բացատրել, թե ինչ ճանապարհով են կարողանում հայթայթել այդքան շատ եւ գերգաղտնի նյութերը, երբ Կենտրոնից անընդհատ օգնական ուժեր են խնդրում, բայց չեն ստանում։
Գուտցայտը ծածկագիրը մեկնեց Հովակիմյանին եւ ժպտալով ասաց.
- Խնդրեմ, Հայկ Բադալովիչ, Ձեր իսկ ձեռքով գրեցեք պատասխանը եւ ուղարկեք Կենտրոն։
- Հաճույքով։
Նա հնարավորինս սեղմ ներկայացրեց իր նոր մեթոդը, վերջում ավելացնելով, որ, ցավոք, ժամանակը չի ներել ղեկավարությանն այդ մասին տեղյակ պահելու համար։
- Պյոտր Դավիդովիչ, արտաքին հետախուզության պետ ընկեր Սլուցկու* հետ երեք տարի աշխատել ենք Բեռլինում, իմ աշխատաոճին ծանոթ է։ Խնդիրներ չեն ծագի,- վստահ հավաստիացրեց Հովակիմյանը։
Կենտրոնի պատասխանը չափավոր խիստ էր՝ առաջիկայում առանց իրենց համաձայնության կարեւոր որոշումներ չկայացնել։ Գենադիի մեթոդով կաշխատի միայն Գենադին։ Ուրիշներին թույլ չտալ։
***
1937 թվականի սկզբներին Նյու Յորքի ռեզիդենտ Պ. Դ. Գուտցայտը Հայկ Հովակիմյանի մասին Կենտրոն ուղարկած բնութագրում23 նշել է.
Գենադին հետախուզական բաժանմունքի առաջատար հետախույզն է։ Նա առանձնանում է մեծ աշխատասիրությամբ, բոլոր գործողությունների, արարքների կշռադատվածությամբ, հանձնարարության կատարման ժամանակ՝ համարձակությամբ եւ օպերատիվությամբ։ Հաշվի առնելով, որ Գենադին արդեն կուտակել է հետախուզական աշխատանքի մեծ փորձ, ունի կազմակերպչական մեծ ընդունակություններ եւ իր կոլեգաների համար դարձել է մեծ հեղինակություն, գտնում եմ, որ նրան պետք է ցուցակագրել ռեզերվում՝ Տիրում24 կամ ցանկացած բաժանմունքում ղեկավար աշխատանքի առաջ քաշելու համար։
Կարճ ժամանակ անց Հայկ Բադալի Հովակիմյանը նշանակվեց Նյու Յորքի ռեզիդենտի տեղակալ։ Նոր նշանակումը ոչնչով չանդրադարձավ նրա աշխատանքային ռիթմի վրա։
«Վհուկների որսը» շարունակվում է
Մոսկվա։ 1937-1938թթ.։
Մինչ «անտեսանելի ռազմաճակատում»՝ արտասահմանում իրենց դժվարին ու վտանգավոր գործն էին կատարում չեկիստները, հայրենիքում շարունակվում էր «վհուկների որսը»։ Ստալինի անբուժելի հիվանդությունը՝ լրտեսամանիան, ներսից քայքայում էր երկիրը։
Ամենքին ամեն ինչում կասկածող առաջնորդը պետանվտանգության մարմինների ղեկավարներ Յագոդայի, Եժովի, հետագայում՝ Բերիայի ձեռքերով ոչնչացնում կամ սիբիրյան աքսորավայրեր էր քշում միլիոնավոր մարդկանց։ Բռնությունների ալիքը մակընթացություններով ու տեղատվություններով ահագնանում ու մեղմանում էր, բայց չէր դադարում։
«Ժողովրդի թշնամիների» անպտուղ փնտրտուքը սաստկացավ 1930, 1934, 1937-38 թվականներին։ Իհարկե, միամտություն կլինի կարծել, թե այս ամենն ընդամենը անիմաստ դաժանության դրսեւորումներ էին։ Օրինակ, 1934-ի բռնությունները հզորացրին Ստալինի դիրքերը կուսակցության ղեկավարության շարքերում։ 1933-ին հակահեղափոխականների դեմ պայքարի անվան տակ Ստալինն ու իր կողմնակիցները բացարձակ սանձարձակության մղեցին Միավորված պետքաղվարչությանը (ՄՊՔՎ)։ Իսկ կուսակցության իր ընդդիմախոսները ցանկանում էին «սոցիալիստական օրինականություն» հաստատել։ Ի հակակշիռ՝ ստեղծվեց ԽՍՀՄ դատախազությունը։ Ընդդիմությունը փորձեց ակտիվանալ կուսակցության XVII համագումարում, որը կայացավ 1934-ի սկզբին։ Այսօր արդեն ճշգրիտ պարզվել է, որ Կենտրոնական կոմիտեի կազմի ընտրությունների ժամանակ Ստալինը մոտ 300 ձայն պակաս է ստացել, քան՝ Կիրովը։ Բայց ընդդիմությունն այնքան թույլ էր, որ թե այն ժամանակ, թե հետո ժողովրդի մեծամասնությունը նրա գոյության մասին անտեղյակ էր։ Ստալինը գնալով հզորանում էր, անձի պաշտամունքն իր գործն էր անում։ Մենժինսկու մահից հետո ՄՊՔՎ-ն վերանվանվեց ՊԱԳՎ-ի՝ Պետական անվտանգության գլխավոր վարչության եւ հանձնվեց նորաստեղծ Ներքին գործերի ժողկոմատին (ՆԳԺԿ), որի ղեկավար նշանակվեց Յագոդան։
Վերոհիշյալ համագումարից հետո Կիրովի ներկայությունը Ստալինի համար վտանգավոր դարձավ։ Եվ 1934-ի դեկտեմբերի 1-ին Կիրովին սպանեցին Լենինգրադում։ Ստալինը կառավարական ցուցադրական թաղում արեց։ Իսկ երեք օր անց ՆԳԺԿ-ն սկսեց փնտրել տեռորիստներին։ Ամեն ինչ սկսվեց այստեղից։ Յագոդային հաջորդեց Եժովը (1936-1938թթ.)։
Ամենայն հավանականությամբ նոր ժողկոմի զոհերի թիվը ստույգ ոչ ոքի հայտնի չէ։ 1956 թվականին, ԽՄԿԿ Քաղբյուրոյի գաղտնի հարցմանն ի պատասխան, ՊԱԿ-ից գրավոր պատասխանեցին, նշելով հետեւյալ ուշագրավ փաստերը.
1935-1940թթ. ձերբակալվել է մոտավորապես 19 մլն մարդ, որոնցից առնվազն 7 մլն-ը զոհվել կամ մեռել է աքսորավայրերում։ Ամենավտանգավոր «Ժողովրդի թշնամիները» պարզվում է երեք կազմակերպության աշխատակիցներն են եղել՝ կուսակցության, Կարմիր բանակի եւ ՆԳԺԿ-ի։
Կենտկոմի 139 անդամներից, որոնք ընտրվել էին 1934-ի համագումարում, 110-ը գնդակահարվեցին կամ աքսորվեցին։
Նույն համագումարի 1966 պատգամավորներից միայն 59 հոգի մասնակցեցին կուսակցության հաջորդ՝ 1939 թվականի համագումարին։
Հեղափոխական զինվորական խորհրդի 80 անդամներից 75-ը գնդակահարվեցին։ Կարմիր բանակի 35.000 սպաներ գնդակահարվեցին եւ քշվեցին աքսորավայրեր։
Պետանվտանգության մարմիններում «մաքրման» գործընթացը երկու փուլով անցավ։ Եկավ Եժովը եւ իր նախորդի՝ Յագոդայի նշանակած բոլոր առաջին եւ երկրորդ կարգի 18 կոմիսարներին գնդակահարեց (բացի Սլուցկուց, որին թունավորեցին)։ 1937-1938թթ. ապարատում ծառայող 122 բարձր կոչում ունեցող սպաներից միայն 21-ին հաջողվեց մնալ իրենց պաշտոններում։ 1938-ին եկավ Բերիան եւ ավելի մեծ թափով շարունակեց «հունձը»։
Դաժան բռնությունների զոհ դարձած արտաքին հետախուզական վարչության պետերից էին.
Յակով Քրիստափորի Դավիդովը (Դավթյան), հետախուզությունը ղեկավարել է 1920-1921թթ., գնդակահարվել է 1938 թվականի հուլիսին, արդարացվել՝ 1956թ.։
Ռուբեն Պավելի Քաթանյանը (ղեկավարել է 1921-ի ապրիլ-օգոստոս ամիսներին), բանտ է նետվել 1938-1950թթ., արդարացվել է 1955թ.։
Միխայիլ Աբրահամովիչ Տրիլիսսերը (1922-1929թթ) - գնդակահարվել է 1937-ին, արդարացվել՝ 1956թ.։
Ստանիսլավ Ադամովիչ Մեսսինգը (1929-1931թթ.) գնդակահարվել է 1937թ., արդարացվել՝ 1956թ.։
Արթուր Քրիստիանի Արտուզովը (1931-1935թթ.) գնդակահարվել է 1937թ, արդարացվել է 1956թ.։
Սերգեյ Միխայիլովիչ Շպիգելգլասը (1938-ի փետրվար-հունիս) ձերբակալվել է 1938-ին, գնդակահարվել՝ 1941թ.։
Զելման Իսաեւիչ Պասսովը (1938-ի հունիս-նոյեմբեր) ձերբակալվել է 1938-ին, գնդակահարվել՝ 1940-ին։
***
1937 թվականի մարտի 18-ին ՆԳԺԿ սպայի տանը ելույթ ունեցավ Նիկոլայ Եժովը եւ հայտարարեց, որ բացահայտվել է հակահեղափոխական մի մեծ դավադրություն, որի մասնակիցների զգալի մասն արդեն ձերբակալվել է։ Նա ասաց, որ դավադիրները սողոսկել են ՆԳԺԿ-ի սիրտը, իսկ նրանց պարագլուխը իր նախորդն է՝ Յագոդան։
Պարզ էր, որ արտաքին հետախուզության ղեկավարությունը պետք է ձերբակալվեր։ Եժովի ելույթից հետո ձայն խնդրեց Արթուր Արտուզովը եւ անսպասելիորեն հարձակվեց Աբրահամ Սլուցկու վրա։ Նա հարմար առիթ գտավ եւ փորձեց վրեժ լուծել իր փոխարեն արտաքին հետախուզության պետ դարձած Սլուցկուց։
- Հարց եմ տալիս, ասացեք, խնդրեմ, Յագոդայի ժամանակ ո՞վ էր ՄՊՔՎ կուսկազմակերպության ղեկավարը,- գրեթե գոռալով ասաց Արտուզովն ու ինքն էլ պատասխանեց,- Սլո՛ւցկին։
Արտաքին հետախուզության պետը սկզբում շփոթվեց, բայց զգալով, որ Արտուզովի խոսքից հետո իրեն դավադրության մասնակից կհամարեն, տեղից գոռալով պատասխանեց.
- Իսկ ես քեզ եմ հարց տալիս, Արտո՛ւզով, որտե՞ղ էիր դու ապրում, ո՞վ էր ապրում քո դիմաց, Բուլա՞նովը, նա չէ՞, արդյոք, ձերբակալվածների առաջին խմբում։ Իսկ ո՞վ էր ապրում քո գլխավերեւում, Արտո՛ւզով, Օստրո՞վսկին, նա էլ է ձերբակալված։ Իսկ ո՞վ էր ապրում ուղիղ քո տակ, Արտո՛ւզով։ Յագոդան։ Իսկ այժմ ես ձեզ եմ հարցնում, ընկերներ, ո՞վ կարող էր, հաշվի առնելով այսօրվա իրավիճակը, ապրել Յագոդայի հետ նույն տանը, չվայելելով նրա բացարձակ վստահությունը։
Շուտով Արտուզովին ձերբակալեցին ու գնդակահարեցին։ Մեկ տարվա ընթացքում գնդակահարվեցին նաեւ Յագոդայի ժամանակ նշանակված բաժնի պետերը։ Սլուցկուն ժամանակավոր ձեռք չտվեցին։ Բայց դա ընդամենը խայծ էր։ Արտաքին հետախուզության պետին չձերբակալեցին, որպեսզի արտասահմանում գտնվող հետախույզները մտածեն, որ իրենց ոլորտին չեն կպչելու։ Այդ եղանակով նրանց թակարդը գցեցին. արտասահմանից ետ կանչելով, գրեթե բոլոր ղեկավարներին գնդակահարեցին, այդ թվում եւ Պյոտր Գուտցայտին...
1938-ի փետրվարից Սլուցկին արդեն ոչ մեկին պետք չէր։ Նրան հրավիրեցին Եժովի տեղակալ Միխայիլ Ֆրինովսկու աշխատասենյակ, առաջարկեցին թեյ եւ թխվածք։ Հյուրասիրությունից օգտվելուց անմիջապես հետո, հենց աշխատասենյակում Սլուցկին մահացավ։ Իբր սրտի անբավարարությունից։
Նրա թաղմանը ներկա ՆԳԺԿ փորձառու սպաները նկատել էին, որ դեմքին կապտաթթվի հետքեր կան։
Հետախույզների «հարցերը լուծելուն» զուգահեռ, տեղի էր ունենում նաեւ մեկ այլ խոշոր դավադրություն, այս անգամ Կարմիր բանակի բարձրաստիճան սպաների նկատմամբ։ Քաղաքացիական պատերազմի հերոս, մարշալ Տուխաչեւսկուն ձերբակալեցին հայրենիքի դավաճանության մեղադրանքով։ Նրա հետ ձերբակալեցին նաեւ յոթ գեներալների։ Հաջորդ օրը բոլորին գնդակահարեցին։ Մարշալ Վորոշիլովը զեկուցեց, որ դավաճանները «իրենց մեղավոր են ճանաչել, դավաճանության, լրտեսության եւ վնասարարության մեջ»։ Ինչպես հետո հայտարարվեց, նրանք իբր դավադրության մեջ են մտել Տրոցկու եւ նացիստական Գերմանիայի հետ։
Պատմությունը մի հետաքրքիր փաստ է արձանագրել։ Տուխաչեւսկու ձերբակալության օրերին Գեստապոն փորձել է օգտվել Ստալինի հիվանդոտ կասկածամտությունից։ Նրանք կեղծ փաստաթղթեր են պատրաստել, ըստ որի իբր մարշալ Տուխաչեւսկին գերմանացիների օգնությամբ պատրաստվում է ռազմական հեղաշրջում կատարել։ Այդ փաստաթղթերը Գեստապոն «թողել» էր Չեխոսլովակիայի նախագահական շենքի մոտ։ Այդ երկրի պրեզիդենտ Բենեշը լավ հարաբերություններ ուներ Ստալինի հետ։ Գեստապոն հենց նրա միջոցով փորձում էր փաստաթղթերը «հանձնել» Ստալինին, որպեսզի տաղանդավոր զորավարին ոչնչացնեն։ Սակայն մինչեւ Բենեշի Ստալինին տեղեկացնելը Տուխաչեւսկին արդեն գնդակահարված էր։ Ճիշտն ասած Տուխաչեւսկու հարցում միանշանակ չի կարելի պնդել նրա անմեղությունը, քանզի ինչ որ մութ պատմություն, այնուամենայնիվ, եղել էր։ Գերմանացիները անտեղի նեղություն էին քաշել։ ԽՍՀՄ-ն ինքն իր ձեռքով վերացնում էր իր իսկ նվիրյալ զավակներին...
Ժողովրդի ճնշող մեծամասնությունը հավատում էր այս ամենին։ Գրեթե բոլոր գործարաններում ՆԳԺԿ սպայակազմը զբաղված էր քարոզչությամբ։ Մարդկանց համոզում էին, որ իմպերիալիստական գործակալները ներթափանցել են բոլոր գործարաններ եւ փորձում են կազմալուծել աշխատանքները։ Կոլեկտիվներում համատարած անվստահություն էր տիրում։ Նույնիսկ նրանք, ովքեր տուժել էին այս խառնաշփոթից, անվերապահ հավատում էին, որ մեղադրվողներն իսկապես ժողովրդի թշնամիներ են։
Բայց ավելի զարմանալին այն էր, որ այս ամենը «հալած յուղի» տեղ էին ընդունում նաեւ Մոսկվայում աշխատող արտասահմանյան դիտորդները՝ դիվանագիտական ոլորտի փորձառու մասնագետները։
ԱՄՆ-ի դեսպան Ժոզեֆ Դեւիսը Պետդեպարտամենտին հղած իր զեկույցում գրում է, որ ցուցադրական, բաց դատավարությունների ժամանակ «առանց որեւէ կասկածանքի հաստատվում էին պետական դավաճանության մեղադրանքները»։ Հանրահայտ լրագրող, բազմաթիվ մրցանակների դափնեկիր, «Նյու Յորք թայմս» թերթի թղթակից Ուոլտեր Դյուրանտին գտնում էր, որ «շուտով ապագա պատմաբանները կհամաձայնեն Ստալինի առաջ քաշած վարկածների հետ»։ Ռուսական պատմության այդ ժամանակվա ամենահայտնի անգլիացի մասնագետը՝ Բեռնարդ Պերեն, ծանոթանալով ցուցադրական դատավարությունների սղագրություններին, դրանք համարեց «տպավորիչ»։
ՆԳԺԿ այն ծառայողները, ովքեր իրենց կաշվի վրա զգացել էին այդ բռնությունները կամ էլ դեպքերի բերումով զբաղեցնում էին բռնադատվածների թափուր մնացած պաշտոնները, մի նպատակ էին հետապնդում՝ կենդանի մնալ։ Աշխատանքը բթացրել էր նրանց գիտակցությունը, դաժանացրել նրանց։ Դարձել էին մեքենա-կատարողներ։
ՆԳԺԿ-ի հին կադրերը նորերի նման այդքան պարզունակ չէին, որ հավատային դավադրությունների մասին կեղծ դատավարություններին։ Այդ իսկ պատճառով էլ նրանցից շատերին ոչնչացրին։ Բայց նույնիսկ նրանք դժվարանում էին հստակեցնել, թե որ դեպքում է իսկապես «լրտեսություն եւ վնասարարություն», որ դեպքում՝ հորինվածք։
Լավրենտի Բերիան՝ Պետանվտանգության մարմնի ղեկավար
Աբրահամ Սլուցկու խորհրդավոր մահից հետո, 1938 թվականի փետրվարին ՆԳԺԿ ՊԱԳՎ հետախուզության պետի պաշտոնակատար նշանակվեց նրա տեղակալ Սերգեյ Շպիգելգլասը*։ Նա նոր մարդ չէր հետախուզությունում, տասնվեց տարի անընդմեջ աշխատել էր այդ ոլորտում։
Այդ ժամանակ ԽՍՀՄ ՆԳԺԿ ի ղեկավար նշանակվեց տխրահռչակ Լավրենտի Պավլովիչ Բերիան։
Նա իր նախորդի՝ Նիկոլայ Եժովի ավելի «կատարելագործված» ու ավելի ազդեցիկ տեսակն էր։ Այն բոլոր սարսափելի իրադարձությունները, որ կատարվում էին երկրի ներսում, «ներմուծվեց» նաեւ արտաքին հետախուզության ապարատ։ Հենց առաջին օրվանից սկսվեց ապարատի աշխատակիցների «մաղումը»։
Բերիայի առաջին հրամանով ձերբակալվեց Կենտրոնի գիտատեխնիկական հետախուզության պետ Պ. Ն. Կրոպոտովը։ Փոխվեցին այս բաժնի բոլոր աշխատակիցները։
Արտերկրում աշխատող հետախուզական ցանցերի ղեկավարների անձնական գործերը մանրակրկիտ ստուգումների ենթարկվեցին։ «Դաշտում»* աշխատող հետախույզների ուղարկած գաղտնագրերը նորանշանակ աշխատակիցները մեկ առ մեկ ուսումնասիրում էին, չնչին կասկածի դեպքում հեղինակների անունները մտցնում «սեւ» ցուցակ։ Հաշվի չէին առնվում ո՛չ հայրենիքին մատուցած ծառայությունները, ո՛չ բազմամյա փորձը. բոլորը հավասարապես հայրենիքի պոտենցիալ դավաճաններ էին։
Աշխարհի ամենատարբեր երկրներում գործող խորհրդային հետախույզները, այս ամենից անտեղյակ, շարունակում էին իրենց բարդ, վտանգներով լի աշխատանքը։ Մարտ-ապրիլ ամիսներին արտասահմանյան գրեթե բոլոր հետախուզական կետերը միեւնույն բովանդակության ծածկագրեր ստացան Կենտրոնից։ Շտապ ետ՝ Մոսկվա էին կանչվում ռեզիդենտները, նրանց տեղակալները, սովորական հետախույզները։
Ասես աներեւույթ մի ձեռք հատուկ ջլատում էր այս կուռ, խիստ կարգապահ, զուտ պրոֆեսիոնալների կառույցը։
Արտաքին հետախուզությունում, դա լիներ Գերմանիայում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Ճապոնիայում, թե Իսպանիայում, մշտապես պրոֆեսիոնալ կադրերի պակաս կար։ Ռեզիդենտները գրեթե ամեն ամիս Կենտրոնից օգնական ուժեր էին խնդրում։ Բայց այդ պատճառաբանված խնդրանքները հիմնականում անպատասխան էին մնում։ Պատրաստված կադրեր չկային։ Հետախույզներն աշխատում էին գերծանրաբեռնված, իսկ դա բթացնում էր զգոնությունը։ Մի չնչին սխալը կարող էր ողբերգական ավարտ ունենալ թե՛ հետախույզների, թե՛ գործակալների, եւ թե՛ ողջ հետախուզական ցանցի համար։
1938 թվականն այս առումով ամենաաղետալին էր։ Բերիայի կարգադրությամբ ետ էին կանչվում նույնիսկ ամբողջ հետախուզական ցանցեր։ Շատ դեպքերում ռեզիդենտուրաներում մնում էին ընդամենը 3-5 հետախույզներ, որոնք ֆիզիկապես ի վիճակի չէին նույնիսկ իրենց բոլոր գործակալների հետ հանդիպել։ Կապի բացակայությունը գործակալներին ստիպում էր ակտիվանալ, ինչը չէր կարող վրիպել տվյալ երկրի անվտանգության մարմինների տեսադաշտից։ Իսկ Կենտրոնի ետ կանչած հետախույզները հայրենիքում անմիջապես ձերբակալվում էին եւ գնդակահարվում՝ որպես դավաճաններ։ Գրեթե բոլորի մեղադրանքը նույնն էր՝ «համագործակցել են տվյալ երկրի անվտանգության մարմինների հետ»։
Նոր նշանակում...
կամ՝
Առաջին հիասթափությունը
Նյու Յորք։ Բրուկլին ավենյու։ Թիվ 97 շենք։
Երկրորդ հարկի փողոց նայող պատուհանն իր աղոտ լույսով առանձնանում էր թանձր խավարի մեջ։ Աթոռի վրա ծնկաչոք նստած Հայկ Հովակիմյանը կռթնել էր սեղանին թափված թղթերի վրա։ Ինչ-որ բան էր գրում ու ջնջում։ Իր սովորույթի համաձայն դասական երաժշտություն էր միացրել։ Սիրում էր միշտ կրկնել՝ երբ երաժշտությունն ուղեկցում է քեզ, ուղեղդ ավելի բեղմնավոր է աշխատում։ Իսկ սեղանին իր մանր, գեղեցիկ ձեռագրով տասնյակ թղթեր էին՝ խառնիխուռն ցրված։ Ինչ-որ մտքից ոգեւորված կրկին ձեռքն առավ գրիչն ու արագ շարունակեց գրել։ Վերջապես, գրողը տանի, ստացա, գրեթե բարձրաձայն շշնջաց նա ու հաղթանակած՝ գրիչն աղմուկով նետեց սեղանին։
Այդ օրը նա հանդիպել էր ռազմական գործարանում աշխատող իր քիմիկոս գործակալին, որն այս անգամ կարեւոր մի հայտնագործության մասին հայտնել էր բանավոր։ Ուղղակի անհնար էր եղել փաստաթղթերի դուրսբերումը, եւ գիտնականն ամբողջ նյութը մի քանի անգամ կարդալով՝ անգիր էր արել։
- Պարոն Հովակիմյան, այլ կերպ հնարավոր չէր,- ասաց նա,- ես տեղյակ եմ Ձեր եզակի հիշողության մասին, խնդրում եմ ուշադիր լսեք, որպեսզի հետո թղթին հանձնեք։
Եվ նա տասնհինգ րոպե խոսում էր ինչ-որ քիմիական ռեակցիաների, միացությունների եւ այլնի մասին...
Նյու Յորք հասնելով, Գենադին անմիջապես իրեն նետել էր տուն, հեռախոսն անջատել ու նստել գրասեղանի առջեւ։ Գործակալի պատմածը գրելիս պետք է մի շարք քիմիական ռեակցիաներ ու խնդիրներ լուծեր, որպեսզի ստանար գյուտ կոչվածը։ Գրիչը սեղանին դնելով, նայեց ժամացույցին։ Գրողը տանի, արդեն լուսանում է։ Գոնե երկու ժամ քնեմ։ Ինքն իր հետ խոսելով՝ պառկեց քնելու։... Խորհրդային ներկայացուցչության շենք մտավ առավոտյան ուղիղ ժամը 9-ին։ Գուտցայտին առանց բարեւելու ասաց՝ տեսեք ինչ գյուտ եմ բերել։ Եվ ռեզիդենտին ցույց տվեց թղթապանակը։ Գուտցայտն ուշադիր նայեց ու ասաց՝ մի րոպեով տվեք, տեսնեմ։
- Այս ամենը Դո՞ւք եք գրել, Հայկ Բադալովիչ, սա Ձեր ձեռագի՞րն է։ Իսկ այս էջն ամբողջությամբ անհասկանալի է,- զարմացավ Գուտցայտը։
Հայկը նայեց ձեռագրին ու բարձրաձայն ծիծաղեց։
- Պյոտր Դավիդովիչ, ես է՛լ նոր նկատեցի, անհասկանալի չէ, պարզապես ինձնից անկախ հայերեն եմ գրել։ Ես հայկական երաժշտություն էի լսում այս էջը գրելիս։ Իսկ այդ ամենն իմ ձեռագրով եմ գրել, քանի որ այս անգամ գործակալս բանավոր հաղորդեց։
Մինչեւ կեսօր հայտնագործության մասին պատմող ծածկագիրն ուղարկեցին Կենտրոն։
- Գնանք մի տեղ ճաշելու, առաջարկեց Գուտցայտը։
Հովակիմյանը նոր միայն հիշեց, որ երեկվանից ոչինչ չի կերել։
Ճաշից հետո վերադարձան Գուտցայտի աշխատասենյակ։ Կապավորը նրանց էր սպասում։
- Պյոտր Դավիդովիչ, Ձեզ շտապ հեռագիր են ուղարկել,- ասաց նա։
Գուտցայտը երկու անգամ կարդաց այն եւ ուղղակի փռվեց աթոռին։ Դեմքի գույնից Հովակիմյանը հասկացավ, որ ինչ-որ բան է պատահել, բայց այն կարող էր հույժ գաղտնի լինել՝ ուղղված միմիայն ռեզիդենտին։ Այդ իսկ պատճառով չկարդաց սեղանին դրված հեռագիրը։
Գուտցայտն առաջարկեց կարդալ։
Ետկանչ էր։ Մոսկվան Գուտցայտին կարգադրում էր՝ բոլոր գործերը հանձնել Գենադիին եւ անլեգալ հետախույզներ Բազարովի ու Ռումյանցեւի հետ վերադառնալ Մոսկվա։
- Սիրտս վատ բան է գուշակում, Հայկ Բադալովիչ, այստեղ ինչ-որ բան այն չէ,- մտահոգ ասաց ռեզիդենտը։ Հետո կամացուկ շշնջաց տեղակալի ականջին,- այնտեղ քի՞չ են «ժողովրդի թշնամիները», որ այստեղից էլ են հավաքում։
Հովակիմյանը ցնցվեց, նման բան մտքով անգամ չէր անցնում։
- Չի կարող պատահել,- նյարդայնացած ասաց նա։
- Հուսանք, եղբայր, հուսանք։ Հույսը վերջինն է մեռնում։
Նրանք, ոչ ամբողջությամբ, բայց արդեն տեղեկություններ ունեին Կենտրոնում կատարվող անհասկանալի փոփոխությունների մասին։ Գիտեին նաեւ, որ գիտատեխնիկական հետախուզության պետ Պ. Ն. Կրոպոտովը ձերբակալված է։
Պյոտր Դավիդովիչ Գուտցայտը, չնայած պահի տակ գործընկերոջն ասած խոսքերին, հոգու խորքում չէր հավատում դրան։ Գուցե Գերմանիա են ուղարկում, մտածեց նա, ի՞նչ իմանաս։
- Քայլե՞նք մի քիչ,- դիմեց Գուտցայտը Հովակիմյանին։ Դա նշանակում էր՝ դուրս գալ փողոց՝ առանձին զրուցելու։
Նրանք առաջին անգամ էին այդքան բաց ու անկեղծ քննարկում հայրենիքում կատարվող իրադարձությունները։ Հինգ տարի միասին աշխատեցին այս օտար հողում, բայց ժամանակ էլ չունեցան մի կարգին իրար հետ խոսելու։ Հովակիմյանը նոր միայն նկատեց, որ իրենց բոլոր հանդիպումներն ու զրույցները հետախուզության թեմաներից դուրս չեն եկել։
- Դե, երեւի նոր առաջադրանք են տալու,- ինքն իրեն գոտեպնդեց Գուտցայտը,- գնանք, ահռելի գործ կա անելու, ամեն ինչ պետք է Ձեզ հանձնեմ։ Հարկավոր է Մոսկվա մեկնելու լուրը փոխանցել նաեւ Բազարովին* եւ Ռումյանցեւին**։
***
Բոլոր փաստաթղթերը Հովակիմյանին հանձնելով՝ Պյոտր Դավիդովիչ Գուտցայտը, Բազարովի եւ Ռումյանցեւի հետ մեկնեց հայրենիք։
Միացյալ Նահանգներում խորհրդային հետախուզության ամբողջ ցանցի ղեկավարումն ընկավ Հայկ Հովակիմյանի ուսերին։ Գուտցայտի մեկնումից երկու օր անց Կենտրոնից հեռագիր ստացվեց, որով տեղեկացվում էր, որ Հովակիմյանը նշանակվել է ԱՄՆ-ում ԽՍՀՄ ռեզիդենտ։
Գուտցայտը, Բազարովը եւ Ռումյանցեւը դեռեւս հայրենիք չէին հասել։
Իրավիճակը բավականին բարդ էր։ Պատրաստված, պրոֆեսիոնալ հետախույզների պակասը միշտ զգացվում էր։ Վերջին մեկ տարում Կենտրոնը ոչ մի աշխատակից չուղարկեց։ Իսկ Մոսկվա ետ կանչված պրոֆեսիոնալների փոխարեն մասնագետներ ուղարկելու Հովակիմյանի խնդրանքը մերժվեց երեք բառով՝ «Առայժմ բավարարվեք եղածով»։
Մինչեւ Գուտցայտի մեկնելը Վաշինգտոնում պայթունավտանգ, ծայրահեղորեն լարված իրավիճակ էր։ Մոտ երկու շաբաթ առաջ Պյոտր Դավիդովիչը տեղյակ էր պահել, որ այնտեղ դավաճանություն է կատարվել։ Առաջատար կապավոր-գործակալ Ուիտտակեր Չեմբերսը լուրջ հարված էր հասցրել խորհրդային հետախուզությանը։ Նա մատնել էր բարձրաստիճան մի քանի գործակալների։ Նրանցից մեկից՝ ֆինանսների նախարարության պատասխանատու աշխատակից Հարրի Դեկստեր Ուայտից ոչ մի լուր չկար։ Նա ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Հենրի Մորգենթաուի աջ ձեռքն էր։ Ուայտին հասու էին ոչ միայն նախարարության բոլոր գաղտնի դոսյեները, այլեւ մյուս գերատեսչություններից ստացվող գաղտնի տեղեկությունները։ Հայտնի էր միայն, որ Չեմբերսը մատնել է նրան։ Հետագայում պարզվեց, որ Չեմբերսը ամեն ինչ խոստովանել էր անձամբ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական եւ պրեզիդենտ Ռուզվելտի՝ ներքին անվտանգության հարցերով խորհրդական Ադոլֆ Բերլեին։ Վաշինգտոնյան ցանցի ապահովության եւ Ուայտին հայտնաբերելու համար Հովակիմյանը փորձառու գործակալ Նաթան Գրեգորի Սիլվերմաստերին որոշակի հանձնարարականներ տվեց։ Բայց այս ամենի մասին՝ ավելի ուշ։
Դրությունը բարվոք չէր նաեւ երկրի այլ խոշոր քաղաքներում։ Պարզվեց, որ այդ կետերից մեկ-երկու ամիս առաջ մի շարք առանցքային դերակատար հետախույզների Կենտրոնը ետ էր կանչել, նրանց փոխարինող չուղարկելով։
Երբեք խուճապի չմատնվող, սառնասիրտ ու վճռական Գենադին կատաղության աստիճան վրդովված էր։ Նրան անհասկանալի էին Կենտրոնի գործողությունները։ Մոսկվայից ասես դիտավորյալ կազմալուծում էին հետախուզական ողջ ցանցը։
Ռեզիդենտ Հովակիմյանը բավականին խիստ տոնով հեռագիր ուղարկեց Կենտրոն՝ շտապ օգնական ուժեր խնդրելով։ Տեքստի վերջում ավելացրեց՝ «Հակառակ դեպքում Կենտրոնի մեղքով ամեն ինչ կտապալվի»։
Անիմաստ ու անպտուղ համարելով Կենտրոնի հետ կռիվ տալը, նա հերթական անգամ ռիսկի դիմեց։ Այցելեց հետախուզական բոլոր խոշոր կենտրոններ եւ յուրաքանչյուրում մտցրեց իր նորամուծությունը՝ հավաքագրող-գործակալների մեթոդը։ Մանրամասն բացատրում էր նոր մեթոդի բոլոր նրբությունները։ Այդ մասին Կենտրոնին տեղյակ չպահեց։
«Այս մեթոդով միայն ի՞նձ էին թույլատրել աշխատելու, դե, ես էլ աշխատում եմ», ինքն իրեն արդարացրեց ռեզիդենտը։
Կարճ ժամկետում իրավիճակը վերահսկելի դարձավ։ Շատ տեղերում (հատկապես այնտեղ, ուր ինքը նախկինում չէր աշխատել) գործակալները ոչ միշտ էին ճշտապահ ու գործնական։ Խստապահանջ ու անհրաժեշտության դեպքում նաեւ կոշտ ռեզիդենտը խիստ կարգուկանոն մտցրեց շարքերում։ Ոմանք անսովոր էին նման աշխատաոճին, բայց տեսնելով մյուսների գործողությունները, սկսեցին հարմարվել։
Հավաքագրող-գործակալների, այսպես ասած, ինստիտուտը դեռեւս չէր գործում։ Ռեզիդենտը պահանջում էր բազմակողմանի ստուգել մարդկանց, կասկածի ցանկացած նշույլի դեպքում սահմանափակել հանդիպումները գործակալների հետ։ Հավաքագրող-գործակալների հետ կոնսուլտացիաները հիմնականում ինքն անձամբ էր վարում։
***
Միայն առավոտյան հասնելով Նյու Յորք, ռեզիդենտը, առանց տուն մտնելու, գնաց Կենտրոնին նոր տեղեկություններ հայտնելու։ ԱՄՆ-ի արտաքին հետախուզական գերատեսչության ձեռք բերած գաղտնի գծագրերը (որոնք վերաբերում էին գերմանական նոր տիպի տանկերի առանձին դետալներին) գործակալների շնորհիվ հայտնվել էր Հովակիմյանի ձեռքին։ Այդ ամենն ուղղարկելուց հետո նա հանդիպեց Նյու Յորքում ԽՍՀՄ գլխավոր հյուպատոս Ֆեդյուշինին։ Հյուպատոսի հայտնած լուրն ասես կաթվածահար արեց նրան։
- Եվ Դո՛ւք, Դո՛ւք... հավատո՞ւմ եք Ձեր ասածին, ընկե՛ր հյուպատոս։
- Ես ի՞նչ, Հայկ Բադալովիչ, ես ընդամենը փոխանցում եմ իմ իմացածը... որն իրողություն է։
- Բայց Գուտցայտի հետ այդքան ժամանակ աշխատել եք, հավատո՞ւմ եք նման ստոր կեղծիքին։
- Հանգստացեք, ընկեր Հովակիմյան եւ արտահայտությունների մեջ, խնդրում եմ, զգույշ եղեք,- արդեն սառը տոնով խոսեց վրդովված Ֆեդյուշինը։ Զգալով, որ կոպիտ ստացվեց, մեղմ շարունակեց,- մենք Ձեզ հետ միասին երեւի շատ բաներից անտեղյակ ենք։
Հովակիմյանը, անզորությունից ատամները սեղմելով, բառեր չէր գտնում ասելու։
- Լավ, այսպես ո՞ւր ենք գնում եւ ինչի՞ կհասնենք,- հազիվ արտաբերեց նա։
Ուղեղում չէր տեղավորվում հյուպատոսի հայտնած բոթը։ Ինչպե՞ս կարող էր Գուտցայտի նման հայրենիքի նվիրյալ զինվորը դառնալ «ժողովրդի թշնամի»։ Ինչո՞ւ են գնդակահարում ամենալավերին։
***
Ողջ գիշերը լուսացրեց առանց աչք կպցնելու։ 48 ժամ չէր քնել, բայց մինչեւ առավոտ հեռագրի ութ ընդարձակ տեքստ գրեց ու պատռեց։ Տեղը չէր գտնում, պատեպատ էր զարկվում։ Ո՞վ է այս ամենի հեղինակը։ Ի՞նչ որդ է ընկել մեջները։ Արդյոք իմաստ ունի՞ այսքան մարդկանց վտանգի ենթարկելով, ներթափանցել ԱՄՆ-ի գերգաղտնի մութ անկյունները (ուր օձն իր պորտով չէր կարող) եւ արժեքավոր տեղեկություններ հաղորդել Կենտրոնին։ Իսկ եթե նրանք կյանքի գնով ձեռք բերած այսքան փաստաթղթերը պարզապես թղթի թափոնի՞ են վերածում։ Ի՞նչ իմանաս։ Առանց մի կոպեկ ծախսելու միլիոնավոր դոլարների արժողության տեղեկատվություն ես հասցնում։ Իսկ նրանց համար քո կյանքը գրոշ չարժե։ Հիշեց Գուտցայտի խոսքերը. «Այնտեղ քի՞չ են «ժողովրդի թշնամիները», որ այստեղից էլ են հավաքում»։ Նա կանխազգաց իր ճակատագիրը։ Դրա համար մեծ խելք պետք էլ չէր։ Ընդամենը հետեւիր դեպքերի ընթացքին։ Ում հետ աշխատել ես, նրանք արդեն չկան՝ Արտուզովը, Սլուցկին, Գուտցայտը, Բազարովը, Ռումյանցեւը։ Մեծ պրոֆեսիոնալներ... արդեն մոխիր դարձած։ Նորերը հոշոտում են նախորդներին, հետո դառնում են նախորդ ու հոշոտվում իրենց հաջորդների կողմից։
Ո՞ւմ մահն է գուժում զանգը։ Քո՛ մահը։
Հերթն իրենն է... գնդակահարվելու։ Երկրորդ տարին է՝ խոստացել են, բայց ընտանիքը Նյու Յորք չեն ուղարկում։ Ինչո՞ւ։ Պատա՞նդ են պահում։ Բայց ո՞ր շանորդին է մտածում, թե ինքը կարող է լքել հայրենիքը, ուր իր ծնողներն ու հարազատներն են, միակ աղջիկը, պապերի գերեզմանները։ Հայրենիք, որի համար ամեն ակնթարթ վտանգում ես կյանքդ, բայց եւ բախտավոր ես, որ հետախուզությունը քեզ հնարավորություն է տալիս օգտակար լինել նրան։
Բայց ի հատուցումն՝ քեզ կանգնեցնում են գնդակահարության պատի տակ ու ասում, որ ճիշտ չես ապրել։ Ու գնդակահարում են հայրենիքդ։
Իսկ Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինը տեղյա՞կ է այս ամենին։ Եթե այո՝ սարսափելի է, եթե ոչ՝ նույնպես։
Հովակիմյանի մտքով վայրկյան իսկ կասկած չառաջացավ Գուտցայտի նկատմամբ։ Բայց եթե սկզբում մտածում էր, որ դաժան թյուրիմացություն է այս ամենը, այժմ արդեն մտածում էր կանխամտածված դավադրության մասին, որն, անշուշտ, Գուտցայտով, Բազարովով ու Ռումյանցեւով չէր սահմանափակվելու։ Իսկ եթե այս ընկերների հավաքագրած գործակալներն իմանան, որ նրանք գնդակահարված են, ուղղակի աղետ կլինի։
Այս միտքը նրան հանգիստ չէր տալիս։ Չէր բացառում նաեւ ամենասարսափելին. գործակալը, իմանալով, որ կապ է հաստատել «Ժողովրդի թշնամիների» հետ, կարող է վախից ու հուսահատությունից դիմել դավաճանության՝ ինքնակամ հանձնվելով ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին։
***
Հաջորդ առավոտյան Վաշինգտոն մեկնելուց առաջ գնեց օրվա բոլոր թերթերը։ «Նյու Յորք թայմսի» երկրորդ էջում անմիջապես նկատեց «Ժողովրդի թշնամիները գնդակահարված են» վերնագրով ոչ մեծ հոդվածը, որի հեղինակը թերթի մոսկովյան թղթակից, հայտնի ժուռնալիստ Ուոլտեր Դյուրանտին էր։ Թղթակցության մեջ նշված էր, որ արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ մեղադրվող երկու տասնյակ լրտեսներ դատարանի վճռով դատապարտվել են գնդակահարության։ Դատավճիռն արդեն ի կատար է ածված։ Տպված էր նաեւ գնդակահարված անձանց ցուցակը։ Գուտցայտի, Բազարովի, Ռումյանցեւի անունների կողքին կարդաց նաեւ Բեռլինի ռեզիդենտուրայում աշխատող իր երկու գործընկերների անունները...
Վաշինգտոնում հետախուզական ցանցը վերջին շաբաթներին գործել էր Հովակիմյանի մշակած մեթոդով։ Հավաքագրող-գործակալը իր խմբի անդամների հետ կարողացել էր գաղտնի սեյֆից կարեւոր փաստաթղթեր պատճենահանել։ Պայթուցիկ նոր նյութերի մասին ինֆորմացիան հեռագրով շտապ ուղարկեցին Կենտրոն։
Սակայն քիչ չէին նաեւ անհանգստացնող լուրերը։ Տեղի ցանցի պատասխանատուն պատմեց, որ գործակալներից երկուսը կտրականապես հրաժարվում են համագործակցել, պատճառաբանելով, որ չեն ուզում գործ ունենալ «ժողովրդի թշնամիների» հետ։
«Ահա այն, ինչից վախենում էի», մտածեց Հովակիմյանը։
- Հայկ Բադալովիչ,- ասաց հետախույզ Սեմյոնովը,- նրանցից մեկն ավելի է անհանգստացնում ինձ։ Հեռանալիս ասաց, որ եթե ինքը համագործակցել է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրած խորհրդային հետախույզի հետ, ուրեմն այլեւս բացահայտված է այդ մարմինների կողմից։
- Անպայման տեսակցեք նրա հետ։ Համոզեք, որ ցավալի թյուրիմացության հետեւանք է այս ամենը։ Կամ հավատացրեք, որ լուրը դեզինֆորմացիա է, որը կանխամտածված է տարածվել, իսկ «զոհված» անձինք գործուղվել են այլ երկիր։
Նյու Յորքում հանդիպելով Դեւիսի հետ, Հովակիմյանը նույն խնդիրներին բախվեց։ Ստիպված էր հազար ու մի սուտ պատճառաբանություններով հանգստացնել իր առաջին հավաքագրող գործակալին։ Դեւիսի հայթայթած տեղեկություններն այնքան շատ էին, որ կարելի էր մի ամբողջ օր առավոտից իրիկուն ծածկագրեր ուղարկել Կենտրոն։
Երկու օր առաջ Կենտրոն ուղարկած հեռագրում խնդրում-պահանջում էր օգնական ուժեր ուղարկել։ Պատասխանը չուշացավ։ Կենտրոնը խնդրում էր քիչ էլ սպասել, նաեւ կարգադրում էր ռեզիդենտուրայի Վաշինգտոնի մասնաճյուղում աշխատող երեք հետախույզների ետ ուղարկել Մոսկվա՝ նոր գործուղման համար։
Սա արդեն հունից հանեց ռեզիդենտին։ Իհարկե, միշտ էլ փոխատեղումներ լինում են։ Նման մի գործուղումից հետո ինքն էլ էր Գերմանիայից հայտնվել ԱՄՆ-ում։ Բայց Գուտցայտի եւ Բազարովի հետ տեղի ունեցածից հետո կասկածանքի որդը սկսել էր քրքրել հոգին։ «Իսկ եթե չենթարկվեմ իրենց ու տղաներին ետ չուղարկե՞մ»,- մտածեց նա ու անմիջապես էլ հրաժարվեց այդ մտքից՝ համոզվելով իր ասածի անհեթեթության մեջ։ Կենտրոնն ուղղակի կամա, թե ակամա ջլատում էր ռեզիդենտուրան։
Ողջ գիշեր տեքստը մտմտալով՝ առավոտյան վճռեց անպայման ուղարկել։ Նյարդերն արդեն տեղի էին տալիս։
«Կենտրոնը ջլատում է ռեզիդենտուրան»
Այս նախադասությունը հեռագրի առաջին տողն էր։ Խիստ քննադատելով ղեկավարության գործողությունները, բացատրություն էր պահանջում կատարվածի համար։ Հեռագիրն ուղարկող Սեմյոնովն աչքերին չհավատաց։ Նա մի պահ դադարեց տեքստը մեքենագրելուց։ Այդ լռությունը չվրիպեց Հովակիմյանի ուշադրությունից։ Շրջվեց ու հարցական նայեց կապավորին։
- Ես սա չեմ ուղարկի, Հայկ Բադալովիչ, ես երբեք նման բան չեմ հաղորդել։ Դուք չե՞ք զգում, որ Ձեր գրածն ուղղակի գնդակահարության դատավճիռ է Ձեր իսկ դեմ,- շփոթված արտաբերեց Սեմյոնովը։
- Հանգստացեք, բարեկամս,- ձեռքը դնելով նրա ուսին, ասաց Գենադին, ապա խիստ տոնով ավելացրեց,- իմ գրությունները մեկնաբանության ենթակա չեն։ Արեք Ձեր գործը։
Սեմյոնովը լրջացավ։ Առանց այն էլ իրեն շատ բան էր թույլ տվել։ Այսքան տարի աշխատելով Հովակիմյանի հետ, գերազանց գիտեր, որ բավականին խստապահանջ է եւ ավելորդություններ չի հանդուրժում։ Նույնիսկ ղեկավարները զգույշ էին նրա ներկայությամբ ու միշտ զգաստ։ Ինչ-որ մի ուժ կար այս մարդու մեջ, անտեսանելի մի բան, որ պատկառանք էր առաջացնում իր նկատմամբ ու բոլորին զգաստ պահում։
Սեմյոնովը շարունակեց ուղարկել հեռագիրը։ Ահա թե ինչ էր գրում Հովակիմյանը արտաքին հետախուզության պետի պաշտոնակատար Ս. Մ. Շպիգելգլասին.... Տիրում* իմ աշխատանքից ամբողջովին անբավարարվածություն եմ զգում։ Այս վիճակը կարող եմ բացատրել միայն նրանով, որ անցյալ տարվա նոյեմբերից մեր բաժանմունքի օգտակար գործողության գործակիցն սկսել է իջնել բոլորովին մեզանից չկախված պատճառներով։ Եվ դա առաջին հերթին հետեւանք է անհիմն կերպով Տիրից ամենափորձառու որսորդներին** ետ կանչելու եւ այդ կապակցությամբ լողորդներին*** «Դավաճան» համարելու գործելաոճի։
Համառորեն պնդում եմ, որ դավաճանություն, որպես այդպիսին, չկա, բայց առկա է համագործակցելու հրաժարում այն բանից հետո, երբ նրանց հայտնի դարձավ, որ իրենք աշխատել են Տիրից ետ կանչված «ժողովրդի թշնամիների» հետ։ Ես չեմ զարմանա, եթե բաժանմունքի աշխատանքի արդյունքի նվազման առիթով արդեն նաեւ ի՛նձ նման պիտակ կպցնեն։ Այդ իսկ պատճառով համառորեն Ձեզ խնդրում եմ ինձ փոխարինող գտնել։
Գենադի։
24.03.1938****
ԽՍՀՄ արտաքին հետախուզությունում ընդունված կարգ է. Կենտրոնը կարգադրում, հրահանգներ է տալիս, իսկ «դաշտում»՝ արտասահմանի խորհրդային հետախուզական ցանցերում, ռեզիդենտները անվերապահորեն կատարում են դրանք։ Հանձնարարությունները տեղերում քննարկման ենթակա չեն։ Ռեզիդենտների կողմից Կենտրոնի գործողություններին գնահատական տալը, առավել եւս քննադատելը գործնականում ընդունված չէր եւ հետախույզների համար հղի էր վտանգավոր հետեւանքներով։ Այս ամենին քաջատեղյակ էր ութ տարի անընդմեջ «դաշտում» գործող Հայկ Հովակիմյանը։ Սակայն, տեսնելով, թե ինչպես է տարիների ընթացքում մարդկային գերագույն ճիգերով, կյանքի գնով ու արյամբ ստեղծված կառույցը մեկ օրում ավերվում, նա իր պարտքն էր համարում ընդվզել այդ խայտառակ երեւույթի դեմ։ Այլ կերպ չէր կարող։
Գենադին կռահում էր, որ իր կողմից Կենտրոնի գործողությունները «անհիմն» որակելը եւ ռեզիդենտուրան ջլատելու մեջ Կենտրոնին մեղադրելը մահվանը հավասար քայլեր էին։ Եվ երիցս ճիշտ էր կապավորը, երբ այս նամակը որակեց դատավճիռ՝ սեփական անձի դեմ։
Բայց Գենադին այլ ելք չէր տեսնում։ Այլեւս անհնար էր համընդհանուր կասկածամտության ու մատնության մթնոլորտում աշխատել թեւաթափ եղած մարդկանց հետ, ովքեր ամեն պահի կարող էին «ժողովրդի թշնամու» պիտակ վաստակել։
Մատնագրությունների ժամանակը
Մոսկվա։ Լուբյանկա։ Մարտ, 1938թ.։
Այս շենքում հավաքարարից մինչեւ բարձրագույն ղեկավարություն ամբողջությամբ փոխվեցին։ Նրանք, ովքեր աշխատանքի բերումով նշանակվել էին Եժովի օրոք կամ գնդակահարվեցին, կամ աքսորվեցին, կամ էլ տեղափոխվեցին այլ աշխատանքի։ Նորերն զբաղեցրին թափուր տեղերը։ Լավրենտի Բերիայի նորաթուխ կադրերը մասնագիտանում էին առաջին հերթին պասկվիլներ, մատնագրություններ գրելու մեջ։ Զրպարտություններ մոգոնելու, մարդկանց բարի անունը մրոտելու յուրատեսակ մրցույթ էր։ Նոր կադրերը գրում էին հների դեմ, քիթները խոթում հին փաստաթղթերի մեջ ու այնտեղից, եթե ինչ-որ կասկածելի բան էին գտնում, հորթի հրճվանքով «մատերիալ» էին գրում, կամայականորեն մեկնաբանելով այս կամ այն դեպքը։ Կենտրոնական ապարատում աշխատող ազնիվ, պրոֆեսիոնալ հետախույզները չէին կարող անտեսել ու աղբարկղ նետել այդ մատնագրությունները, որովհետեւ ամեն ինչ գրանցվում էր, գուցեեւ՝ մի քանի օրինակից ուղարկվում «վերեւներ»։
Սլուցկու խորհրդավոր մահից հետո արտաքին հետախուզության պետի պաշտոնակատար նշանակված Սերգեյ Միխայիլովիչ Շպիգելգլասի համար, որպես հին պրոֆեսիոնալի, այս ամենը տհաճ ու նողկալի էր։ Սակայն նա այն անհատականությունը չէր, որ կարողանար կանխել երեւույթը։ Գուցե անհնար էլ էր։ Մանր ինտրիգներն ու բանսարկություններն ուղղակի ծաղկում էին։
ԱՄՆ-ում ԽՍՀՄ ռեզիդենտից ստացած վերջին արժեքավոր տեղեկությունների համար Լավրենտի Պավլովիչն անձամբ գոհունակություն էր հայտնել իրեն։ Շպիգելգլասն ուզում էր օգնություն հայցող ռեզիդենտ Հովակիմյանին ընդառաջել եւ այնտեղ մի քանի հետախույզներ ուղարկել, բայց ղեկավարությունն առայժմ թույլ չէր տալիս։
Աշխատասեղանին կռթնած կարդում էր Բեռլինից ստացված ծածկագրերը, երբ օգնականը դուռը թակելով ներս մտավ եւ սեղանին դրեց մի գաղտնագիր։
- ԱՄՆ-ում մեր ռեզիդենտ Գենադիի նամակն է, Սերգեյ Միխայիլովիչ, հենց նոր ստացանք,- ասաց նա եւ արագ դուրս եկավ։
Շպիգելգլասը ծածկագիրը մի կողմ դրեց եւ շարունակեց ընթերցել բեռլինյան լուրերը։ Փաստաթղթերի ընթերցումն ավարտելուց հետո ձեռքը վերցրեց Հովակիմյանի ծածկագիրը։
Դեմքի արտահայտությունն իսկույն փոխվեց։ Հոնքերը կիտած, թթված կարդաց եւս մեկ անգամ ու շպրտեց գետնին։ Նյարդայնացած՝ սենյակի մի անկյունից մյուսն էր նետվում։ Ցանկություն ունեցավ պատռել այն ու նետել աղբարկղ։ Բայց հիշեց, որ Լուբյանկայում ամեն մի թղթի կտոր, առավել եւս՝ ծածկագիր, մուտքագրվում է մինչեւ իրեն հասնելը։ Անկախ կարեւորությունից՝ Բերիայի մարդիկ բոլոր փաստաթղթերի մասին տեղյակ էին պահում իրենց շեֆին։ Ստիպված հատակից վերցրեց ծածկագիրն ու ձեռքով արդուկեց։
«Գժվե՞լ է էս հայը, խելքը հացո՞վ է կրել։ Թե՞ կարծում է միայն ինքն է այդպես մտածում։ Հետո էլ ասում են «խորամանկ հայ»։ Ի՞նչ անեմ հիմա»։ Հետախուզության պետը համոզված էր, որ Բերիան, կարդալով այս տողերը, ուղղակի գնդակահարելու հրաման կտա։
Որոշեց երեկոյան տեղյակ պահել «երկաթյա» շեֆին։
Կեսօրին նրա սեղանին դրվեց երրորդ կարգի զինվորական ինժեներ Պրուդնիկովի ծառայողական զեկուցագիրը։ Հենց առաջին տողից Շպիգելգլասը ցնցվեց։ Մատնագիր էր Հայկ Հովակիմյանի դեմ։
Պրուդնիկովը գրում էր.
Գենադիի աշխատանքը անբաժանելի է ժողովրդի թշնամի Գուտցայտի քայքայիչ գործունեությունից։ Նրա հետ ձեռք-ձեռքի տված, գործելով որպես նրա տեղակալ, Գենադին չէր կարող չիմանալ այն վնասարարության մասին, որ մշտապես ծաղկում էր Նյու Յորքի հետախուզական բաժանմունքում, սակայն նա լռում էր այդ մասին։ Նա չկանխարգելեց սպիտակգվարդիական մամուլը եւ հակասովետական հրապարակումները, որոնք զրպարտում էին ընկեր Ստալինի ներքին քաղաքականությունը՝ այն նմանեցնելով Հիտլերի ներքին քաղաքականությանը։
Անձամբ Հովակիմյանի հավաքագրած եւ նրա հետ կապ պահպանող մի քանի աղբյուրներ տարբեր տեսակի սպիտակգվարդիականներ են, սակայն նա ամեն կերպ պաշտպանում է նրանց, համարելով անփոխարինելի գործակալներ։ Այս ամենը մեզ պետք է զգաստացնի եւ ավելին, նա վտանգավոր է արտաքին հետախուզության համար։ Առաջարկություն.
1. Նյու Յորքյան ռեզիդենտուրայի բոլոր աշխատակիցներին փոխել, իսկ նրա ռեզիդենտ Հովակիմյանին ետ կանչել ԱՄՆ-ից։
2. Հաշվի առնելով մամուլում ընկ. ընկ. Բերիայի, Վորոշիլովի եւ Կագանովիչի բազմաթիվ ելույթներն այն մասին, որ մեր գիտնականներն «իրենք էլ բեղեր ունեն» եւ ի վիճակի են դա ապացուցել ամբողջ կապիտալիստական աշխարհին, հնարավոր եմ գտնում դադարեցնել գիտատեխնիկական ուղղությամբ հետախուզական գործունեությունը, իսկ գիտատեխնիկական ուղղությամբ գործակալությունը եւ նրա աշխատակիցների աշխատանքը սառեցնել։
3. Նամակով դիմել համապատասխան գերատեսչություններին՝ ԱՄՆ-ի խորհրդային ներկայացուցիչներին կադրային հետախույզներով փոխարինելու առաջարկով։
Շպիգելգլասի համար այդպես էլ մութ մնաց՝ Հովակիմյանի ռումբ հիշեցնող նամակի հետ կապ ունի՞ Պրուդնիկովի զրպարտագիրը, թե այն պարզապես հերթական ցեխշպրտոցի է փորձառու հետախույզների դեմ։
Պրուդնիկովի զեկուցագրի վրա մակագրեց.
1. Ձեր առաջարկը՝ գիտատեխնիկական հետախուզության գծով աշխատանքները դադարեցնելու մասին, խնդրում եմ ներկայացնել առավել մանրամասն՝ ընկ. ժողկոմին զեկուցելու համար։
2. Արտասահմանյան գերատեսչությունների եւ նրանց ղեկավարման հարցով կատարել նույնը։
Շպիգելգլասը համոզված էր, որ զեկուցագրի հեղինակը Պրուդնիկովը չէր։ Բայց ընդամենը կարող էր ենթադրել, թե ով է թաքնված նրա անվան տակ։
Արտաքին հետախուզության պետը երեկոյան հրավիրվեց Լավրենտի Բերիայի աշխատասենյակ։ Հաստափոր թղթապանակում նա տեղավորեց նաեւ Հայկ Հովակիմյանի ուղարկած ծածկագիրը։
- Ինչպե՞ս են գործերը, ընկեր Շպիգելգլաս, դիմանո՞ւմ եք,- սառը տոնով սկսեց Բերիան, պենսնեի տակից խորամանկ նայելով զգաստ կանգնած իր ենթակային։ Փայլող ապակիների տակից ժողկոմի աչքերը չէին երեւում,- նստեք, տեսնեմ։
Շպիգելգլասը բացեց թղթապանակը, համառոտ մի քանի տվյալ հաղորդեց Ճապոնիայից, Անգլիայից եւ ԱՄՆ-ից ստացված հաղորդագրությունների մասին։
- Ուրի՞շ։
Շպիգելգլասը զգաց, որ ժամանակն է Հովակիմյանի նամակի մասին խոսելու, այլապես Բերիան ինքն առաջինը կխոսեր։
- Լավրենտի Պավլովիչ, ԱՄՆ-ի ռեզիդենտ Հովակիմյանը, որ անընդհատ օգնական ուժեր էր խնդրում աշխատանքները կարգավորելու համար, այսօր նամակով խնդրում է ետ կանչել իրեն,- նա ծածկագիրը մեկնեց Բերիային, ասես մի մեծ, ծանր բեռից ազատվելով։
Բերիան աչքի անցկացրեց փաստաթուղթը։ Շպիգելգլասին թվաց, թե նա ոչ թե կարդում է, այլ տողերի վրայով վազում։ Համոզվեց, որ նամակը ծանոթ է նրան։
- Եվ ի՞նչ կասեք այս մասին, ընկեր հետախուզության պետ, համաձա՞յն եք ռեզիդենտի գնահատականներին,- պենսնեն կրկին փայլատակեց լույսի տակ, Բերիայի դեմքի մկանները ջղային թրթռացին։
- Ո՛չ, Լավրենտի Պավլովիչ։ Հովակիմյանը քիչ մարդիկ ունի, օգնական ուժեր է խնդրում... աշխատանքը շատ է, երեւի նյարդերը տեղի են տվել...
- Լավ,- կտրուկ ընդհատեց Բերիան,- ես անձամբ կզբաղվեմ այս հարցով, տեսնո՞ւմ եք, իրենք են առիթ ստեղծում,- ժողկոմն այնպես արտասանեց «իրենք» բառը, ասես ժանտախտից էր խոսում,- ոչ մի մարդ չուղարկեք Ամերիկա, մենք պարապ մարդ չունենք, եթե չեն հասցնում, ինչպե՞ս են կարողանում այսքան ինֆորմացիա տալ...
Շպիգելգլասը զարմացած էր ժողկոմի հանդարտությունից, մեկ ուրիշ դեպքում անմիջապես կկարգադրեր ետ կանչել ու «պիտակավորել»։ Բայց նա գիտեր, որ այժմ հետախուզության ամենածանր շրջաններից մեկն է, մասնագետներ չեն մնացել, շատ տեղերում հետախուզական ցանցերը փակվում են։ Հովակիմյանի ռեզիդենտուրան այն քչերից է, որ մշտապես արժեքավոր տեղեկություններ է հաղորդում։ Գուցե նրա բարձր պրոֆեսիոնալի՞զմը փրկեց իրեն։
- Ամերիկայի հարցով կպայմանավորվենք վաղը,- ձեռքը սեղանին խփելով եզրափակեց Բերիան։
Շպիգելգլասը ժողկոմի կաբինետից դուրս գալով, մտքում խաչակնքեց ու թեթեւացած հոգոց հանեց։
***
Այնուամենայնիվ, Հովակիմյանի գլխին ամպեր էին կուտակվում։ Լուբյանկայի աշխատասենյակներում «շրջանառության» մեջ էին նրա մասին զրպարտագրեր ու ինչ-որ նյութեր, որոնք վկայում էին գնդակահարված Գուտցայտի եւ Արտուզովի հետ կապերի մասին։ Ոմանք նույնիսկ Հովակիմյանին ձերբակալելու կոնկրետ օր ու ժամ էին նշում։
Որոշ ժամանակ անց Լավրենտի Բերիան հատուկ հանձնարարությամբ Նյու Յորք գործուղեց իր կողմից վստահելի, փորձառու հետախույզ Ա. Գ. Գրաուրին։ Նա պետական կամ հետախուզական որեւէ գործունեություն չէր կատարելու։ Զբաղվելու էր միմիայն Հայկ Հովակիմյանի հարցով։ Այդ մասին գիտեր միայն մի մարդ՝ իրեն ուղարկողը։
Նյու Յորք, Վաշինգտոն, Քլիվլենդ
Հովակիմյանի ուղարկած վերջին ծածկագրից հետո որոշ ժամանակ Կենտրոնը ոչ մի հեռագիր չուղարկեց։ Ոչ մի հանձնարարություն չտվեց։ Իսկ ռեզիդենտուրան իր ամենօրյա տքնաջան հեւքի մեջ էր։ Արդեն մի քանի կարեւոր տեղեկություններ էր ուղարկվել Կենտրոն։ Իսկ Մոսկվայից՝ ոչ դրական, ոչ բացասական արձագանք։
Վերջապես հեռագիր ստացվեց արտաքին հետախուզության պետ Շպիգելգլասից։ Հենց առաջին տողում գրված էր, որ Հովակիմյանը մնում է որպես ռեզիդենտ եւ պետք է շարունակի նույն աշխատանքը.
Ձեր ընտանիքը մոտակա ժամանակներում կուղարկվի Տիր՝ բնակության։ Հուսով ենք, Դուք կհաղթահարեք հոռետեսական տրամադրությունը եւ առաջիկայում եւս աշխատանքները կկատարեք նույնպիսի հաջողությամբ, ինչպես կարողանում էիք անել նախկինում։ Կադրերի գծով ձեզ անպայման օգնություն կուղարկվի...։
Հովակիմյանը նման «թավշյա» պատասխանի չէր սպասում։ «Կամ ասելիքս ուղեղներին է հասել, կամ մի ինչ-որ նենգ բան են նախապատրաստում»,- մտածեց նա։ Բայց երկու հուսադրող լուր, այնուամենայնիվ, կար այս տողերի մեջ՝ օգնական ուժեր ուղարկելու խոստումը եւ ընտանիքի մասին հիշեցումը։
***
Խորհրդային «Կիմ» շոգենավը Սան Ֆրանցիսկոյի նավահանգիստ ժամանեց չվացուցակի համաձայն։ Հովակիմյանը նավահանգիստ էր եկել կնոջ՝ Վերայի եղբայր Միքայելի* հետ։ Հեռվից նկատելով կնոջն ու ութամյա աղջկան, որոնց վերջին անգամ հինգ տարի առաջ էր տեսել, Հովակիմյանը հուզվեց։ Մեղավոր զգաց նրանց առաջ. «Ես է՞լ ասեմ ամուսին կամ հայր եմ»։ Նա ամուր գրկել էր աղջնակին ու կնոջը եւ խոսքեր չէր գտնում ասելու։ Երկար ու հոգնեցնող ճանապարհին անընդհատ հարցեր էր տալիս կնոջը։ Անչափ ուրախացավ, իմանալով, որ անցած ամառ եղբայրը եկել էր Մոսկվա եւ Վերային ու Էգինային տարել Հայաստան։ Անընդհատ ծնողներից էր հարցնում, նույնիսկ՝ տան կահ-կարասուց։ Նյու Յորքի ճանապարհին չհամբերեց ու կնոջն ստիպեց ճամպրուկից հանել երեւանյան լուսանկարները։ Վերան զարմացել էր։ Հայկը միշտ կապված է եղել հարազատների հետ, ժամանակին հաճախ էր լինում Երեւանում, սիրում էր երկար զրուցել հայ ընկերների հետ, բայց չէր պատկերացնում, որ այսքան կարոտած կլինի Հայաստանին։
- Լսիր Հայկ, ոնց որ երեխա լինես, ես ի՞նչ իմանամ՝ Կոնդում ձեր հարեւան կոնդ Հովհաննեսը կենդանի՞ է, թե՝ չէ։ Կամ Աստաֆյան փողոցի ի՞նչը նկարագրեմ։
- Հա, Վերա, փոքր երեխայի պես զարմանալիորեն հենց Երեւանին եմ կարոտում, որտեղ շատ քիչ եմ ապրել, բայց՝ իմն է։ Լսե՞լ ես, ոնց են Չարենցը, Մարտիրոս Սարյանը...
- Չարենցը մահացավ Հայկ, բանտում մահացավ։
- Ի՞նչ,- միանգամից մթնեց Հովակիմյանը,- ի՞նչ բանտ, ինչո՞ւ...
- Է՜, է՜, Հայկ, Հայկ, շատ բաներից ես անտեղյակ... Ինձ հետ բերել եմ Չարենցի վերջին գիրքը...
***
Կենտրոնի՝ օգնական ուժեր ուղարկելու վերջին խոստումից անցավ երեք ամիս։ Ոչ մի հետախույզ չուղարկեցին։ Հովակիմյանն սկսեց մտածել, որ Մոսկվայում ինչ-որ մի օղակ, խիստ ազդեցիկ օղակ, շահագրգռված է ԱՄՆ-ում գործող հետախուզական ողջ ցանցի տապալմամբ։ Այլապես օգնության ձեռք կմեկնեին։
1938-ի հուլիսին Կենտրոնը մի նոր հրահանգ արձակեց, որով բաժանմունքի եւս վեց աշխատակից ետ կանչվեց Մոսկվա։ Բայց Հովակիմյանն այլեւս չէր զարմանում այդ ամենից։ Արտաքին հետախուզության պետի պաշտոնակատար Շպիգելգլասին արդեն ձերբակալել էին ու «ժողովրդի թշնամի» պիտակել։ Նրա փոխարեն նշանակվել էր Զելման Իսաեւիչ Պասսովը*։ Հովակիմյանը եւս մի հուսահատ փորձ արեց՝ փրկելու կիսով չափ ջախջախված, բայց դեռ մարտունակ ռեզիդենտուրան։ Նոր պետին նոր ծածկագիր ուղարկեց....Կադրերի պակասի պատճառով ամեն մի որսորդի* 18 լողորդ** է բաժին ընկնում։ Ընդհատակայինները*** մնացել են առանց չելնոկների****։ Ըստ էության՝ կանգնեցվել է էկոլոգիական գործունեությունը հիմնական օբյեկտում։ Սառեցվել է նույն աշխատանքը Կարթագենի***** արեւմտյան ափին։
Գենադի
Կենտրոնում, անշուշտ հասկանում էին, որ մեկ հետախույզը տասնութ գործակալի հետ չի կարող աշխատել։ Դրա հետեւանքով, անկախ պրոֆեսիոնալիզմի մակարդակից ու անմնացորդ նվիրումից, վաղ թե ուշ կգրավի ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ուշադրությունը, կկորցնի գործակալների զգալի մասին ու կտապալի ամբողջ հետախուզական ցանցի աշխատանքները։
Հովակիմյանը չէր ուզում հավատալ, որ միայն Կենտրոնի աշխատանքը քննադատելու եւ երկրին անմնացորդ նվիրված հետախույզներին անհիմն դավաճան որակելու համար ղեկավարին դատապարտող իր նամակի պատճառով Լավրենտի Բերիան վրեժ կլուծի ամբողջ հետախուզական ցանցից։
Չէ՞ որ դրանից կտուժի ոչ միայն Կենտրոնը, կորցնելով ԱՄՆ-ի հետախուզական ցանցը, այլեւ՝ երկիրը, որի գիտության, արդյունաբերության ու սպառազինության զարգացման համար Հովակիմյանն իր թիմով գիտական ամենաարդիական նորարարություններն ու ռազմական վերջին տեխնիկան էր սկուտեղի վրա մատուցում։
Մի շարք գիտահետազոտական կենտրոններ, փորձարարական գործարաններ ու կոնստրուկտորական բյուրոներ ստեղծվեցին զուտ ԱՄՆ-ից ուղարկված տվյալների հիման վրա։
Անհնար է, մտածում էր Հովակիմյանը, որ սոսկ անձնական վրեժի հետեւանք լինի այս ամենը, երեւի ավելի լուրջ պատճառներ կան։
Նա կանչեց տեղակալին՝ Պավել Պաստելնյակին* եւ նոր հանձնարարություններ տվեց։
- Ես ոչ մի օգնություն չեմ ակնկալում վերեւից,- անկեղծացավ նա,- մենք պետք է եղած փոքրաթիվ խմբով աշխատեցնենք ամբողջ գործակալական ցանցը։ Յուրաքանչյուր հետախույզի, խմբավար-գործակալի համար մշակել եմ կոնկրետ գործողությունների ժամանակացույց։ Աշխատանքի բաժանում կանենք բոլորիս միջեւ։ 3-4 ամիս այսպես կաշխատենք, մինչեւ Կենտրոնում խելքները գլուխները հավաքեն։ Նրանք, Պավել, ժամանակից շուտ են թաղել մեզ ու գերեզմանաքար պատվիրել։ Մենք դեռ կապացուցենք, թե ինչերի ենք ընդունակ։
Պավել Պաստելնյակը հիանալի ճանաչելով իր շեֆին, գիտեր, որ նրա խոսքն ու գործը մեկ է, որոշեց՝ կանի։ Բայց այս պահին Հովակիմյանի խոսքերը նրան իրատեսական չթվացին։
- Հայկ Բադալովիչ, կներեք, բայց ես չեմ հավատում։ Ամբողջ ռեզիդենտուրայի մեկ-հինգերորդն է մնացել։ Բոլորն օգնության են սպասում։ Գործակալների հետ կապը գրեթե կիսով չափ սառեցված է։ Այս անորոշությունը հոգի է մաշում...
- Լսիր, վերջ տուր հոռետեսությանդ, մենք ավելի վատ վիճակում էլ ենք եղել։ Մեզ չեն ների, եթե տապալենք գործը։ Ոչ թե այդ Կենտրոն կոչվածը, այլ՝ երկիրը չի ների։ Որովհետեւ մենք իսկապե՛ս կարող ենք օգտակար լինել։
Հաջորդ օրվանից Հովակիմյանը, Պաստելնյակը, եւս հինգ աշխատակիցներ մեկնեցին ԱՄՆ-ում գործող իրենց բոլոր ստորաբաժանումները։ Որոշ պատվաստումներից հետո, ինչպես սիրում էր ասել Հովակիմյանը, ստորաբաժանումներն սկսեցին կանոնավոր աշխատել։
Ռեզիդենտը շաբաթներով չէր կարողանում տուն գնալ։ Անընդհատ ճանապարհներին էր։ Հաճախ դեղեր էր ընդունում, որպեսզի չքնի եւ օրն ամբողջությամբ օգտագործի։
Մի գիշեր Քլիվլենդից վերադառնալով, մտավ ռեզիդենտուրա, որպեսզի նոր ձեռք բերած տեղեկությունները հաղորդի Մոսկվա։ Պավելն աշխատում էր կապավորի հետ։ Ներս մտնելուց անմիջապես հետո Գենադին տապալվեց հատակին։ Նրան դժվարությամբ ուշքի բերեցին։ Գենադին լվացվեց, կարգի բերեց իրեն ու մեղավորի պես արդարացավ գործընկերների առաջ. «Կներեք, չորրորդ օրն է՝ չեմ քնել։ Էս դեղերն էլ չեն օգնում, գնամ տուն, մի քիչ քնեմ»։
Այդ պահին զանգահարեց գործակալ Չարլին եւ անհապաղ հանդիպում խնդրեց Հովակիմյանի հետ։ Հայկը սարիդոնի մի հաբ ընդունելով մեկնեց գործակալին հանդիպելու։
Չարլիին մի քանի հանձնարարություններ տալով, Հովակիմյանն արդեն լուսաբացին հասավ հյուպատոսարան։ Ժամանակ չկար գործակալից ստացած արժեքավոր տեղեկությունները ռուսերեն թարգմանելու։ Այս անգամ նա փաստաթղթերն ուղարկեց դիվանագիտական խողովակով։ Իսկ Կենտրոնին ուղարկեց հետեւյալ ծածկագիրը.
Հարմար փոխադրամիջոցով ուղարկում եմ Արտեմիդայի* տվյալները յոդի ջրային լուծույթի, Ջեյրոյի համակարգի կրեկինգյան գազերից իպրիտի արտադրության մասին։ Ինչպես նաեւ գունավոր մետալուրգիայի գլանման եւ հիդրավլիկ մամլիչների գծագրերը։ Վերջիններիս արժեքը գնահատվում է 9 միլիոն դոլար, մենք այն ձեռք ենք բերել անվճար...։
***
Վաշինգտոնում, դեռեւս Գուտցայտի ժամանակ, ամերիկացի գործակալ Ուիտտակեր Չեմբերսի դավաճանությունից հետո հետախուզության տեսադաշտից անհետացավ նաեւ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Հենրի Մորգենթաուի ամենավստահելի մարդը՝ Հարրի Դեկստեր Ուայտը։ Նա ԽՍՀՄ հետախուզության գործակալներից էր, բայց ամենայն հավանականությամբ Չեմբերսը նրան էլ էր մատնել։ Հովակիմյանը տաղանդավոր գործակալ Նաթան Գրեգորի Սիլվերմաստերի օգնությամբ կարողացավ վերականգնել կապերը Ուայտի հետ։ Նաթանն այն ժամանակ աշխատում էր անվտանգության ծառայությունում։ Նա Հովակիմյանին տեղեկացրեց, որ Չեմբերսը 1938-ին մատնել էր ոչ միայն Ուայտին, այլեւ Է. Խիսսին, Ջ. Պիտերսին։ Վերջինս ԱՄՆ-ի կոմկուսի ղեկավարներից էր։ Այս ամենի մասին ԱՄՆ-ի պրեզիդենտի ներքին անվտանգության հարցերով խորհրդական Ադոլֆ Բեռլեն զեկուցել էր Ֆրանկլին Ռուզվելտին, որն ի հակադրություն Ստալինի, երբեք չէր կասկածում իր ենթականերին։ Բայց Չեմբերսի դավաճանությունից հիշյալ անձինք առանձնապես չտուժեցին։ Նրանք հերքեցին բոլոր մեղադրանքները՝ հաստատելով միայն կոմունիստական գաղափարախոսության նկատմամբ իրենց համակրությունը։ Ու քանի որ այն ժամանակ Ռուզվելտը դա հանցագործություն չէր համարում, չձերբակալվեցին։ Սակայն այս ամենից տուժեց ԱՄՆ-ում գործող ԽՍՀՄ ռեզիդենտուրան՝ կորցնելով եզակի գործակալների։
Ընկերներին դավաճանած Ուիտտակեր Չեմբերսը երկար ժամանակ մնաց ընդհատակում։ Վախենում էր, որ ԽՍՀՄ ՆԳԺԿ-ն կամ արտաքին հետախուզությունը ֆիզիկական հաշվեհարդար կտեսնեն իր հետ։ 1939-ին նա նորից հայտնվեց տեսադաշտում, իսկ ավելի ուշ դարձավ «Թայմս» հանդեսի խմբագիրը։
Հովակիմյանը նրան ձեռք չտվեց։
Միայն 1942 թվականին Հետաքննությունների դաշնային բյուրոն հարցաքննեց Չեմբերսին։ Կոմունիստական ընդհատակում գործող ամերիկյան գործակալը նրան ճանաչել էր եւ զեկուցել, որ Չեմբերսը խորհրդային գործակալ է եւ «ավելի շատ է տեղեկացված, քան ցանկացած հետախույզ մեկ տարում կարող էր իմանալ»։ Հարցաքննության ժամանակ Չեմբերսը մինչեւ վերջ չբացվեց, խոսեց միայն կոմունիստական անցյալի մասին, բացառելով լրտեսական գործունեությունը։
Պատերազմի սկսվելուց անմիջապես հետո Հովակիմյանի միջնորդ Սիլվերմաստերի ջանքերի շնորհիվ Հարրի Դեկստեր Ուայտը կրկին սկսեց հետախուզական տվյալներ հաղորդել։ Նա կարողացավ կառավարության տարբեր չինովնիկների Հովակիմյանի մեթոդով աշխատեցնել ԽՍՀՄ-ի համար։ Նրանցից մոտ տասը հոգին Ռուզվելտի զինվորական դեպարտամենտի ստորաբաժանումներում էին աշխատում։
Յակով Գոլոս.
նույն ինքը՝ Զվուկ
Հայտնի գործակալ Յակով Գոլոսը ԽՍՀՄ պետանվտանգության մարմինների արխիվներում ամենաշատ «երեւացող» անուններից է։ Տասներեք տարի նա համագործակցեց ԽՍՀՄ արտաքին հետախուզության հետ։ Սակայն նրա ընդունակություններն առավել ցայտուն դրսեւորվեցին ու օգտագործվեցին ռեզիդենտ Հովակիմյանի օրոք։
OփպՐՍՌ ՌրՑՏՐՌՌ ՐՏրրՌռրՍՏռ ՉվպՔվպռ ՐՈջՉպՊՍՌ քառահատորի երրորդ հատորում նշված է. «1939 թվականից Գոլոսի հետ աշխատանքները վարում էր ԱՄՆ-ում ԽՍՀՄ արտաքին հետախուզության ռեզիդենտ Հ. Բ. Հովակիմյանը։ Նա խիստ եռանդուն ու հաստատակամ հետախույզ էր։ Կարողանում էր նպատակներ դնել եւ անպայման հասնել դրանց կատարմանը։ Գոլոսի հետ աշխատանքը նա զգալիորեն լավացրեց ու արդյունավետ դարձրեց։ Բայց քանի որ Հովակիմյանը հիմնականում անձամբ զբաղվում էր գիտատեխնիկական հետախուզությամբ, հետագայում նպատակահարմար գտավ Գոլոսի հետ աշխատանքը հանձնարարել իր տեղակալ Լուկային»։
Յակով Գոլոսը (Զվուկ) ծնվել էր ԽՍՀՄ-ում, Եկատերինոսլավլում։ ՌՍԴ(բ)Կ շարքերն անցնելուց հետո, 1907 թվականին գաղտնի տպարան է ստեղծում, որի համար ցարական իշխանությունը նրան աքսորում է Սիբիր։ 1914-ին Գոլոսը փախչում է Ճապոնիա, այնտեղից էլ՝ ԱՄՆ։ 1915-1916թթ. ԱՄՆ-ի Սոցիալիստական կուսակցության անդամ էր։ 1926-1929թթ. աշխատել է ԽՍՀՄ-ում՝ նախ Կեմերովոյում որպես ածխային տրեստի կառավարիչ, ապա Մոսկվայում՝ «Մոսքոու նյուս» թերթի բաժնի վարիչ։ 1929-ին վերադառնում է ԱՄՆ։ 30-ական թվականների սկզբներից համարվում էր «մեր վստահելի մարդը ԱՄՆ-ում»։ Գոլոսը հիմնականում աշխատել էր անլեգալ հետախույզների հետ՝ նրանց համար փաստաթղթեր պատրաստելով։ Սակայն նա միշտ հատուկ ծառայությունների տեսադաշտում էր, եւ վատանգավոր էր նրան հետախուզական աշխատանքների մեջ ներքաշելը։ Կենտրոնը կադրային օգնություն հայցող Հովակիմյանին խորհուրդ տվեց օգտագործել Գոլոսին, միաժամանակ զգուշացնելով, որ նա ԱՄՆ-ի անվտանգության մարմինների հսկողության տակ է։ Հովակիմյանը որոշեց օգտագործել այդ հնարավորությունը։ Որոշ ժամանակ անց ռեզիդենտը նրան առաջարկեց իր մեթոդը, եւ Գոլոսը դարձավ հավաքագրող-գործակալ։ Եղավ մի պահ, որ նա, որպես խմբի ղեկավար, գործակալների ամենամեծ ցանցն ուներ։ Ռեզիդենտի ղեկավարությամբ Գոլոսը միաժամանակ աշխատում էր 20 գործակալների հետ։
1939 թվականի հոկտեմբերին Կենտրոն ուղարկած ծածկագրում պարզ երեւում է այդ աշխատանքների արդյունքը.
Վերջին շրջանում Զվուկի միջոցով մենք ձեռք ենք բերել քաղաքապետարանի կնիքով ու ստորագրությամբ 10 մաքուր բլանկ (որոնցով կարողացանք պատրաստել ամերիկյան քաղաքացու անձնագրեր), 70 վկայական (որոնցով տարբեր ազգության մարդկանց համար հպատակության փաստաթղթեր պատրաստեցինք), ինչպես նաեւ կնիքով եւ ստորագրությամբ 27 ծննդական, որոնցով նույնպես անձնագրեր կարելի է պատրաստել...
Ուզած չուզած Հովակիմյանն զբաղվում էր նաեւ հիշյալ փաստաթղթերով։ Գրեթե բոլոր անլեգալների համար օրինական փաստաթղթեր ձեռք բերեց։ Անլեգալ հետախույզները զուր չէին նրան անվանում «ԽՍՀՄ ստվերային դեսպան»։
Գոլոսի բազմաթիվ գործակալներին այնպես էին «աշխատանքի ընդունել», որ ԱՄՆ-ում գործող անգլիական, գերմանական, ֆրանսիական եւ այլ երկրների կազմակերպություններում նրանց ներկայությունն ապահովված էր։ Հաճախ ռեզիդենտը լուրեր էր ուղարկում նաեւ հիշյալ երկրների մասին։
1940-ի ամռանը ռեզիդենտի առաջարկով Գոլոսը կապ հաստատեց կառավարության գերատեսչություններից մեկում պատասխանատու պաշտոն զբաղեցնող Ռոնդի հետ։ Վերջինս իր ոլորտի խոշոր մասնագետ էր եւ մեծ կապեր ուներ կառավարությունում։ Նա հայտնի հակաֆաշիստ էր, համակրանք էր տածում ԽՍՀՄ-ի նկատմամբ։ Շուտով, համոզվելով, որ Ռոնդը հուսալի գործակալ է, Գոլոսի միջոցով Հովակիմյանը նրան առաջարկեց սեփական «աղբյուրներ» հավաքագրել։ Շուտով Ռոնդը, արդեն որպես հավաքագրող-գործակալ, նյութեր էր հավաքում կառավարության ռազմական ու տնտեսական գերատեսչություններում «ծվարած» իր գործակալների միջոցով։ Ռոնդի աշխատանքները բարձր գնահատեցին նաեւ Կենտրոնում։ Նա պարգեւատրվեց Կարմիր աստղի շքանշանով։ Իհարկե, գաղտնիությունից ելնելով պարգեւատրումը նրան չհասավ, բայց պահվում էր Մոսկվայում, իր հատուկ թղթապանակում։
1940-ի ապրիլին ռեզիդենտի կարգադրությամբ «դեսանտ իջեցվեց» ամերիկյան հակահետախուզությունում։ Լուկան զեկուցեց, որ այնտեղ հայտնաբերվել է մի փաստաթուղթ, որտեղ Յակով Գոլոսը նշված է որպես ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի գործակալ։ Հովակիմյանը վաղուց գիտեր, որ Գոլոսն ուշադրության կենտրոնում է, սակայն այդ շրջանում չէր կարող խզել կապերը, քանզի ստիպված էր օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն։ Համենայնդեպս, բոլորին կարգադրեց գործել զգույշ եւ Գոլոսին հանդիպել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։...1942 ին Հովակիմյանից հետո ռեզիդենտ նշանակված Վ. Մ. Զառուբինը որոշակի դժվարություններ ունեցավ գործակալների հետ։ Աշխատանքի ծավալները կիսով չափ կրճատվեցին։ Շատ գործակալների հետ կապը սառեցվեց։ Չնայած Կենտրոնը վերջապես հետախուզական ցանցը լրացրեց նոր կադրերով, սակայն նրանք անփորձ էին եւ ոչ պրոֆեսիոնալ։ Գոլոսի հետ աշխատող հետախույզ Լեոնիդը չկարողացավ հարկ եղածին չափ օգտագործել այդ տաղանդավոր մարդու հնարավորությունները։ Արտաքին հետախուզության պետին գրած իր նամակում Գոլոսը դժգոհություն էր հայտնում անարդյունավետ աշխատանքից։ Հետագայում նրան հասկացրին, որ պետք է խաղից դուրս գալ, այլապես հետախուզական ցանցը կտապալվի։
1943 թվականի նոյեմբերի 25-ին Յակով Գոլոսը հանկարծամահ եղավ։
Անիրազեկություն եւ գլխարկշպրտոցի
Չնայած հավաքագրող-գործակալների եւ որոշ միջոցառումների շնորհիվ հետախուզական ցանցն սկսեց կանոնավոր աշխատել, կադրերի պակասը, միեւնույն է, զգացվում էր։ Ստիպված էին գիշեր-ցերեկ աշխատել՝ Ամերիկայի նման մեծ երկրի ողջ տարածքը վերից վար կտրելով։ Որեւէ օղակի թուլությունից շղթան ամեն պահի կարող էր կտրվել։ Իսկ մշտապես զգոն ու գերլարված՝ քչերը կարող էին երկար դիմանալ։
Առավոտյան Լուկան բերեց անցած օրերի մոսկովյան թերթերը։ Գենադին պետք է կրկին Վաշինգտոն մեկներ։ Որոշեց թերթերն արագ աչքի անցկացնել ու դուրս գալ։ «Պրավդայի» երկրորդ էջում մի փոքրիկ նյութ կարդաց, որից հետո թերթը շպրտեց հատակին։
- Թո՛ւ, գրողը տանի, գլխո՞վ են մտածում այս մարդիկ, թե՝ նստելատեղով,- համարյա գոռաց Հովակիմյանն ու ջղային վառեց ծխախոտը։
Հանկարծակի բռնկված Հովակիմյանի ձայնից գրեթե սարսափած՝ Լուկան հատակից կտրեց թերթն ու հարցական նայեց ոտքի ելած ռեզիդենտին։
- Կարդացե՛ք, կարդացե՛ք գիտության տիտանների մտքի գոհարները...,- պոռթկաց Հովակիմյանն ու կամացուկ թունդ հայհոյեց։
Պավելն առաջին անգամ էր նրա բերանից հայհոյանք լսում։ Վեց տարում՝ առաջին անգամ։ Գենադիի ներկայությամբ ոչ ոք երբեք չէր հայհոյում, չնայած շատերի կարծիքով ռուսերենն առանց այդ «համեմունքի» ռուսերեն չէ։
Ռեզիդենտի տեղակալը կարդաց թղթակցությունն ու զարմանքից քարացավ։
- Ինչպե՞ս թե, ուրեմն անտեղի՞ ենք գիշեր-ցերեկ աշխատում։
Իսկ «Պրավդան» ընդամենը տպագրել էր Բերիայի, Վորոշիլովի եւ Կագանովիչի համատեղ հայտարարությունը, որտեղ բարձրաստիճան այրերն ասում էին, որ Խորհրդային Միությունը գիտատեխնիկական հետախուզության կարիք չունի, որ բարոյական չէ «գողանալ» ուրիշի միտքը, որ մեր գիտնականներն «իրենք էլ բեղեր ունեն» եւ կապիտալիստական աշխարհին կապացուցեն դա։
Պավել Պաստելնյակը թերթեց նաեւ անցած օրերի թերթերը։
- Հայկ Բադալովիչ, երեւի նրանք համատեղ չեն հայտարարություն արել։ Տեսեք, անցած օրերի թերթերում էլ առանձին-առանձին են ասել այդ նույն միտքը։
- Ի՞նչ կարեւոր է Պավել, թե որտեղ, ինչպես են ասել, կարեւոր է, թե ի՞նչ են ասել։ Դա հերթական ընդունված կուրս է։ Բայց այդ ինչո՞վ են այդպես ոգեւորված, ո՞ր մի հաջողությամբ։
Հովակիմյանը իրավունք ուներ այդպես խոսելու։ Միայն վերջին տարիներին Մոսկվա ուղարկած նրա հաղորդագրությունների հիման վրա մի քանի գիտական կենտրոններ են ստեղծվել։ Հետախուզությունն ինքն է Հովակիմյանին հաղորդել, որ իր ուղարկած գիտատեխնիկական նորամուծությունների շնորհիվ երկրում մի քանի փորձարարական գործարաններ են բացվել, նաեւ՝ կոնստրուկտորական բյուրոներ։ Միլիարդների հասնող միջոցներ էին հարկավոր այս կամ այն գիտափորձի, այս կամ այն նորագույն տեխնիկան ստեղծելու համար։ Հովակիմյանն այդ ամենը, առանց որեւէ գրոշ ծախսելու, սկուտեղի վրա մատուցել ու մատուցում էր մեր գիտնականներին։
Բայց ա՛յս հետեւությանն են հանգել երկրի այրերը։
«Սա տղայական լոպպազություն է, ուրիշ ոչինչ։ Գիտնականն իրեն թույլ չէր տա այդպես արտահայտվել, որովհետեւ գիտի, թե մեր գիտությանը տրամադրվող միջոցներն ինչքան ողորմելի են, իսկ գիտությունն ընդամենը նոր է փորձում ոտքի կանգնել»,- մտածում էր Հովակիմյանը։ Անհանգստության պատճառներից մեկն էլ այն էր, որ ենթադրում էր, թե ուր որ է հրահանգ կտան փակել գիտատեխնիկական հետախուզությունը։ Հույսը կտրեց, թե երբեւէ օգնական ուժեր կուղարկեն Նյու Յորքի հետախուզական բաժանմունք։
Տասնյակ տարիներ հետո «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթում վետերան հետախույզներն այս մասին գրեցին. «Մեր գիտությունը այն ժամանակ բավականին հետ էր ընկել, բայց մենք՝ հետախույզներս, չէինք ուզում դիպչել որեւէ մեկի ինքնասիրությանը»։
- Պավե՛լ, նստիր, հիմա հեռագիր ենք տալու այս առիթով,- գործնական տոնով ասաց Գենադին։
- Հայկ Բադալովիչ, իբր նախորդ հեռագիրը մարսեցինք, հիմա էլ երկրո՞րդն եք ուղարկում,- թեեւ կատակով, բայց անհանգստացած, Պավելը հիշեցրեց «ժողովրդի թշնամիներին» վերաբերող Հովակիմյանի նամակը։
- Ի՞նչ իմանաս,- ձեռքը բարեկամաբար տեղակալի ուսին դնելով խոսեց Հովակիմյանը,- մենք դեռ այդ նամակի պատճառով, մեղմ ասած, կտուժենք, բայց գուցե այնտեղ, Մոսկվայում, այն սթափեցրել է նրանց մթագնած ուղեղը ու գուցե մի երկու մարդու կյա՞նք է փրկել։
- Չի կարելի թույլ տալ, որ եռյակի հայտարարությունը շղթայական ռեակցիայով ազդի բոլոր օղակների վրա,- նորից խոսեց նա,- լռելը վախկոտություն է ու այսօր վնասակար՝ մեր երկրի համար։
Հովակիմյանը նստեց, կազմեց հեռագրի տեքստը, երկու անգամ կարդաց։ Չհավանեց։ Պատռեց։ Նորը գրեց, պատռեց՝ նորը գրեց։
- Խնդրեմ, շտապ հաղորդեք այս հեռագիրը։
Չնայած ուշանում էր, բայց սպասեց, մինչեւ հեռագիրն ուղարկվեց։ Հրաժեշտ տալով աշխատակիցներին, մեկնեց Վաշինգտոն։
Պավել Պաստելնյակը տեքստը սեղանից վերցրեց, մի անգամ էլ կարդաց.
Հույժ գաղտնի
Կենտրոն, Ռեդջին*.
Մամուլում հայտնված հայտարարությունն այն մասին, թե Ատտիկային պետք չեն արտասահմանից ուղարկվող գիտատեխնիկական հետախուզության տվյալները, բացատրում եմ զուտ անիրազեկությամբ եւ գլխարկշպրտոցի տրամադրություններով։
Գտնում եմ, որ Արտեմիդայի* ձեռք բերած գիտատեխնիկական նյութերի թերագնահատումը խորապես սխալ է։ Համարձակվում եմ պնդել, որ Արտեմիդան 7 տարվա ընթացքում ձեռք է բերել գիտատեխնիկական հետախուզության գծով հազվագյուտ փաստաթղթեր, որոնք նպաստել են Ատտիկայի գիտատեխնիկական առաջընթացին, նրա պաշտպանունակության ամրապնդմանը, եւ գլխավորը, հնարավորություն է ստեղծել խնայել մտավոր, ֆինանսատարադրամային եւ հեղուկաէներգետիկ պաշարներ, ինչպես նաեւ նպաստել նոր տեխնիկայի առավել արագ ներդրմանը արդյունաբերության մեջ։
Գենադի
Չնայած նամակն ուղարկված էր արտաքին հետախուզության պետի հասցեով, բայց Հովակիմյանը լավ գիտեր, որ իր առաջին ընթերցողը Լավրենտի Պավլովիչ Բերիան է լինելու, եւ հենց նրան էլ ուղղել էր իր խոսքը։
***
ՆԳԺԿ պետանվտանգության գլխավոր վարչության արտաքին հետախուզության պետ Վլադիմիր Դեկանոզովը կարդալով ԱՄՆ-ում ԽՍՀՄ արտաքին հետախուզության ղեկավար Հայկ Հովակիմյանի հեռագիրը, ցնցվեց։ Ուզում էր պատռել, ոչնչացնել, այրել այդ գլխացավանք-նամակը, բայց զսպեց իրեն։ «Չէ, էս հայի գլուխը ցավում է,- մտածեց Դեկանոզովը,- դե, եթե դու կյանքից ձեռք ես քաշել, մենք քեզ կօգնենք»։ Ուզում էր անմիջապես նամակը հասցնել իր շեֆին, հենց հեռագրի իսկական հասցեատիրոջը, սակայն ժամացույցին նայելով՝ միտքը փոխեց։ Լավրենտի Պավլովիչին ներկայանալուն ամբողջ երկու ժամ կար։ Նա մի անգամ էլ կարդաց Հովակիմյանի ծածկագիրը, համոզվեց, որ այն ուղղակի ապտակ է թե՛ Բերիային, թե՛ Վորոշիլովին ու Կագանովիչին։ Համոզված էր, որ Հովակիմյանը չի կարող խուսափել պատժից։ Հիշեց Հովակիմյանի ուղարկած վերջին ծածկագրերը, որոնք արժեքավոր տեղեկություններ էին եւ բարձր գնահատականի էին արժանացել քիմիայի ինստիտուտում։ Բերիան այդ առթիվ իր ներկայությամբ ընդամենը երկու բառ ասաց. «Այո՜, այդ Հովակիմյանը իր գործը գիտի, բա՜յց...»։ Ծոր տալով բառերը, նա չշարունակեց խոսքը։
Դա ընդամենը երկու շաբաթ առաջ էր։ Իսկ ի՞նչ կասի այսօր, երբ նամակը կարդա։
Դեկանոզովը օգնական-քարտուղարին հանձնարարեց շտապ իր մոտ կանչել Պրուդնիկովին։ Գիտեր, որ նույն Պրուդնիկովը Հովակիմյանի դեմ զեկույց էր գրել, առաջարկելով նրան ետ կանչել Նյու Յորքից՝ որպես ժողովրդի թշնամի Գուտցայտի հանցակից։
Պրուդնիկովը ժամանակին ներկայացավ։
- Խնդրում եմ պատրաստվեք, մի քանի օրից մեկնում եք Նյու Յորք։ Պետք է ամենայն մանրակրկիտությամբ հետեւեք Հովակիմյանի բոլոր գործողություններին, ռեզիդենտուրայի ողջ գործունեությանը, հուսով եմ՝ Ձեր եզրակացություններն ու առաջարկությունները մեզ հնարավորություն կտան նրան իր տեղը ցույց տալու։ Ուշադիր եղեք, միշտ զգոն, այդ խորամանկ հայը Ձեզ նման շատերին կարող է տանել ծով ու ծարավ ետ բերել։
Դեկանոզովը կյանքով պարտական էր Լավրենտի Պավլովիչին։ Նրա շնորհիվ էր պաշտոններ ստացել Վրաստանում։ Հենց Բերիան էր նրա օձիքից բռնել ու Թիֆլիսից հասցրել Մոսկվա՝ նշանակելով հետախուզության պետ։ Եվ ահա հարմար առիթ է ցուցադրելու իր նվիրվածությունը շեֆին։
Նոր ղեկավար,
հին հոգսեր
Նյու Յորք։ 4.08.1939թ.
Չնայած աշխատանքներն ընթանում էին առանց միջադեպերի, բոլոր օղակները հստակորեն կատարում էին իրենց վերապահված դերը, ռեզիդենտն զգում էր, որ լարվածությունը հասել է գագաթնակետին։ Ուր որ է տեղի կտան մարդկանց նյարդերը, աշխատանքի այս ռիթմին ամենաշատը կդիմանան երեւի մի ամիս։ Վերջիվերջո մարդկային հնարավորություններն անսպառ չեն, մինչեւ ե՞րբ են օրվա մեջ քսան ժամ աշխատելու։ Հովակիմյանը պատրաստվում էր անցնել աշխատանքի նոր, թեթեւ գրաֆիկի։ Ստիպված պետք է սառեցներ մի շարք գործակալների գործունեությունը։ Նույնիսկ մտադիր էր ժամանակավոր դադարեցնել նաեւ հավաքագրող-գործակալների խմբերից մեկը։ Այս ամենի մասին ցավով էր մտածում, որովհետեւ յուրաքանչյուր գործակալի հավաքագրելիս ներդրել էր իր պրոֆեսիոնալ, գիտական ու մարդկային բոլոր կարողությունները։ Եվ մինչեւ այժմ նրանցից ոչ մեկը չի տրտնջացել այն դժվարին, երբեմն անիրագործելի թվացող հանձնարարություններից, որ տալիս էր ինքը։
Եվ հիմա քանդել կամ թուլացնել վեց տարի օր օրի ստեղծած կուռ, ներդաշնակ կառույցը միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը Կենտրոնում որոշել է փորձարկե՞լ իր նյարդերը։ Քանի՜-քանիսն են նույն այս խմբի արժեքավոր տեղեկությունների շնորհիվ այնտեղ՝ Մոսկվայում, իրենց տաքուկ ու ապահով սենյակներում նստած, շքանշաններ ու մեդալներ ստացել։ Ու հիմա փակե՞լ պրոֆեսիոնալների այս մարտունակ ջոկատի թթվածինը, պատճառաբանելով, թե կադրերը քիչ են, օգնել չեն կարող։ Լավ, բա ի՞նչ բանի էիք, պատրաստեի՛ք։ Չէ՜, դուք եղածներին էլ «ժողովրդի թշնամի» էիք դարձնում...
Նախորդ օրը տեղեկացավ, որ արտաքին հետախուզության պետը կրկին փոխվել է։ որոշեց նրան եւս, արդեն վերջին անգամ, օգնության խնդրանք ներկայացնել.
Հույժ գաղտնի
Երկար ժամանակ, վեց տարի, անընդհատ կտրված լինելով հայրենիքից եւ մեծ զբաղվածության պատճառով ընտանիքիս հետ հազվադեպ հանդիպելով, ես սկսել եմ անասելի հոգնել, իսկ երբեմն էլ ինձ վատ եմ զգում։ Ավելի շուտ դա հետեւանք է այն ապրումների, որոնց պատճառը մեր ռեզիդենտուրայի կադրային ապարատի անհիմն կրճատումներն են եւ Կենտրոնի կողմից, այսպես կոչված, աղբյուրների «դավաճանության» մասին հայտարարությունները։ Դավաճանություն չկա, կա հրաժարում համագործակցությունից եւ մեծ հիասթափություն այն պատճառով, որ իրենք կապ են ունեցել ռուս ժողովրդի «թշնամիների» հետ։ Կատակ բան չէ. անձամբ ռեզիդենտը կապի մեջ է 14 գործակալների հետ, բացի այդ՝ հանդիպում եմ «Զվուկ», «Զվենո» եւ «Յունգ» խմբերի հավաքագրող-գործակալների հետ։ Ինձ վրա է ծանրացել ե՛ւ դրամարկղը, ե՛ւ ֆինանսները, որի տարեկան շրջանառությունն անցնում է 150 հազար դոլարից։ Այս ամենին ավելացրած՝ ենթականերին ղեկավարելը։ Յուրաքանչյուրին ուշադրություն դարձնելու համար իմ ժամանակը չի բավականացնում։ Կենտրոնում շատերը գիտեն, որ ես «ձիու աշխատասիրություն» ունեմ, բայց հավատացեք, ամեն ինչ սահման ունի։ Ս. թ. մարտին ես հարց դրեցի ինձ փոխարինելու մասին, եւ որքան շուտ լինի դա, այնքան լավ կլինի բոլորիս համար։ Այժմ հանգամանքներն ինձ ստիպում են կրկին հիշեցնել ձեզ այդ մասին։ Մոտ ժամանակներս ընտանիքս ամենայն հավանականությամբ տուն կուղարկեմ։ Եթե ինչ-որ պատճառներով ես չստանամ ԱՄՆ-ից ետ գործուղվելու թույլտվություն, կխնդրեմ օգնություն ուղարկել։ Առանց դրա գործը կարող է նկատելիորեն տուժել, քանզի հետախուզական գործունեության տարրական սկզբունքների խախտման դեպքերն ակնհայտ են։ Դատեցեք ինքներդ.
1. Ծածկագրային բաժինը մնացել է առանց սեփական պահակության։ Այդ նպատակով ներգրավվել են կողմնակի մարդիկ՝ խորհրդային ներկայացուցչությունից։
2. Հույժ գաղտնի փաստաթղթերը, որոնք ստանում ենք գործակալներից, արեւմտյան ափերից հատուկ սուրհանդակը չի բերում, այլ ուղարկվում է սովորական փոստով, ինչին հարկ է վերջ տալ։
3. Գործակալների կեսը կապի մեջ չէ, քանի որ չեն բավականացնում աշխատակիցները եւ այլն։ Այս ամենը, իհարկե, նորմալ երեւույթ չէ եւ որպեսզի ռեզիդենտուրան կարգին աշխատի եւ շարունակի ձեռք բերել անհրաժեշտ հետախուզական տեղեկություններ, պետք է շտապ համալրել կադրերով։
Անհրաժեշտ է շտապ ձեռնարկել հետեւյալը.
1. Մեզ մոտ գործուղել հինգ օպերատիվ աշխատողների՝ տարբեր ժողկոմատների, Ամտորգում հավատարմագրված եւ այստեղ գործող մեր այլ գերատեսչությունների աշխատակազմերում սպասարկելու համար։ Նույնքան մարդ՝ գիտատեխնիկական հետախուզությունում աշխատելու համար, որպեսզի իմ եւ Միմոզի գերբեռնվածությունը փոքր-ինչ թեթեւանա։ Նույն մտասեւեռմամբ նպատակահարմար եմ գտնում իմ տեղակալ նշանակել Իգորին (Կ. Մ. Կուկին), ինչպես նաեւ այստեղ թողնել միջազգային ցուցահանդեսի խորհրդային տաղավարի պահպանության պետ Լուկային եւ ասպիրանտուրան ու լեզվի պրակտիկան նոր ավարտած Գլանին, Լավրին ու Տվենին (նրանք կաշխատեն գիտատեխնիկականում)։
2. ԱՄՆ-ի արեւմտյան կետում աշխատելու համար ուղարկել անգլերենի գերազանց իմացությամբ մի հետախույզ։
3. Հաշվի առնելով գաղտնապահության խիստ կանոնները եւ աշխատանքի անլեգալ բնույթը, Զվուկի եռանդուն գործունեությունը Հետաքննությունների դաշնային բյուրոյի տեսադաշտից բացառելու համար անհրաժեշտ է Կենտրոնից գործուղել հատուկ աշխատակցի, որը կիրականացնի նրա հետ կապը։ Անհրաժեշտ է Զվուկին ազատել գործակալների հետ հանդիպելուց եւ հանձնարարել միայն ինֆորմացիայի նոր աղբյուրների հավաքագրումն ու նախապատրաստումը։
4. Խմբավար Բլերիոյին ԱՄՆ-ի արեւմտյան ափերից տեղափոխել արեւելք՝ առավել սրտամոտ մասնագիտության տեր աղբյուրների հետ աշխատելու համար։
5. Անընդհատ լարված, նյարդային ու ռիսկային աշխատանքի պատճառով որոշ հետախույզներ (լեգալ-անլեգալ) այլեւս անկարող են շարունակել աշխատանքը, նրանք անհետաձգելի բուժման կարիք ունեն։ Հուսով եմ, ըմբռնումով կվերաբերվեք այս հանգամանքին եւ կընդառաջեք նրանց։
6. Խնդրում եմ Կենտրոնից ուղարկել հատուկ պատրաստված մարդիկ՝ ծածկագրային բաժնի պահպանությունն իրականացնելու համար։
Գենադի
4 օգոստոսի, 1939թ.։
***
Մոսկվա։ Լուբյանկա։ 4.08.39թ.
Արտաքին հետախուզության վարչության ապարատում կայծակնային արագությամբ մեկ տարվա մեջ հինգ պետ փոխվեց։ Նրանց հետ հիմնականում գալիս ու գնում էր աշխատակազմը։ Աբրահամ Սլուցկու խորհրդավոր մահից հետո Սերգեյ Շպիգելգլասը ղեկավարեց ընդամենը չորս ամիս, այնուհետեւ ձերբակալվեց ու գնդակահարվեց, նրանից հետո Զելման Պասսովը դիմացավ հինգ ամիս, հետո ձերբակալվեց ու գնդակահարվեց։ Նրան փոխարինած Պավել Սուդոպլատովը այդ անիծված պաշտոնում մնաց երկու ամիս, հետո դարձավ պետի տեղակալ ու... չգնդակահարվեց։ Վլադիմիր Դեկանոզովը՝ Բերիայի վստահելի անձը, արտաքին հետախուզությունը ղեկավարեց վեց ամիս ու անցավ այլ՝ բարձր պաշտոնի։
Եվ վերջապես՝ 1939-ի ամռանը նշանակվեց Պավել Միխայիլովիչ Ֆիտինը*, որին վիճակված էր երկար տարիներ ղեկավարել այդ դժվարին բնագավառը։
Հովակիմյանի վերջին նամակն առաջինն էր՝ ուղղված Պավել Ֆիտինին։ Արտաքին հետախուզության պետը ուշադիր ընթերցեց ռեզիդենտի ծավալուն ծածկագիրը եւ մտածմունքների գիրկն ընկավ։ Այս հետախույզի մասին ամենաիրարամերժ կարծիքներ էր լսել Բերիայից, Դեկանոզովից, Զառուբինից, գիտահետազոտական ինստիտուտների ղեկավարներից։ Մի հարցում միակարծիք էին՝ մեծ պրոֆեսիոնալ է, ամենաաշխատունակը ռեզիդենտների մեջ, վիրտուոզ՝ իր գործողություններով, ուղարկած տեղեկությունները՝ խիստ արժեքավոր եւ հավաստի, երբեք դեզինֆորմացիա չի ուղարկել։ Նրա նյութերի հիման վրա բացված գիտահետազոտական ինստիտուտներում, կոնստրուկտորական բյուրոներում ու փորձարարական գործարաններում աշխատող հայտնի գիտնականները Կենտրոնին ուղարկած իրենց եզրակացություններում նշում են, որ Գենադին (նրանցից շատերն անտեղյակ են, թե ով է նա), անշուշտ, տաղանդավոր գիտնական է նաեւ, քանզի նյութերին կից մշտապես մասնագիտական կարեւոր բացատրություններ է ուղարկում։
Այս ամենը Ֆիտինը կարդացել, ուսումնասիրել էր աշխատասեղանին դրված թղթապանակների նյութերով, որոնք իր խնդրանքով արխիվից հանել էր օգնական քարտուղարը։
Բայց քիչ չէին նաեւ բացասական կարծիքները։ Դեկանոզովն, օրինակ, փաստաթղթերի հանձնման ժամանակ զգուշացրեց ուշադիր լինել ԱՄՆ-ի ռեզիդենտ «խորամանկ հայի» նկատմամբ։
- Այդ Հովակիմյանին որ մնա,- ասաց Դեկանոզովը,- Նյու Յորքում նստած կղեկավարի Կենտրոնի մեր վարչությունը, եթե մի քիչ իրեն նեղություն տա՝ երկիրն էլ կուզենա ղեկավարել։ Այնտեղից մեզ սովորեցնում է, թե ինչն ինչպես անենք։ Վտանգավոր մարդ է...
Լավրենտի Պավլովիչ Բերիան, խոսելով ԱՄՆ-ում ռեզիդենտուրայի աշխատանքների մասին, Ֆիտինին ասել էր. «Այնտեղ գործերը վատ չեն, այդ հայը իր գործը գիտի, բայց, ցավոք, քիթն ուրիշի գործերին խոթելու բնավորություն էլ ունի։ Ամեն առաջարկին ականջ չկախեք, Պավել Միխայիլովիչ»։
Իսկ Վասիլի Զառուբինն ամենաջերմ խոսքերը շռայլեց Գենադիի հասցեին.
- Որպես պրոֆեսիոնալ, եթե խուսափեմ հանճարեղ բառից, մեծ տաղանդ է։ Գործողությունների մեջ յուրատիպ ու վճռական է, առասպելներ են պատմում նրա աշխատասիրությունից ու խստապահանջությունից, բայց կյանքում շատ նրբազգաց, մերձավորին ցավակից ու օգնության միշտ պատրաստ անձնավորություն է։ Միակ թերությունը, որը կարող է Ձեզ նյարդայնացնել, իմ կարծիքով, այն է, որ առանց Ձեզ տեղյակ պահելու ի վիճակի է միայնակ կարեւոր վճիռներ կայացնել ու գործել, բայց դա էլ՝ ի շահ ընդհանուր գործի...
Ֆիտինը մի անգամ էլ կարդաց Հովակիմյանի՝ իրեն ուղարկած նամակն ու եզրակացրեց՝ դե ինչ, Հայկ Բադալովիչ, Դուք ինձ շատ հետաքրքրեցիք, կաշխատենք միասին։ Գրողը տանի, մտածեց նա, Հովակիմյանն ինձ դուր եկավ հատկապես իր «բացասական» գծերով։ Եթե Նյու Յորքում նստած ինձ առաջարկություններ է անում, թե ինչ անեմ, դա միայն օգուտ է թե ինձ, թե գործին։
Նա կարդացել էր Հովակիմյանի նամակները «ժողովրդի թշնամիների» եւ Բերիայի, Վորոշիլովի ու Կագանովիչի հայտարարությունների մասին եւ նրա կարծիքին էր, չնայած երբեք այդ մասին չէր բարձրաձայնի։
Ֆիտինը ուշադրություն դարձրեց Հովակիմյանի գործին կցած ատեստացիային.... Նախաձեռնություն եւ հնարագիտություն ցուցաբերելով, Հովակիմյանը մշտապես ձեռք է բերում արժեքավոր փաստագրական նյութեր, որոնք նպաստում են խորհրդային գիտության եւ ժողտնտեսության առաջընթացին։ Նա մեծ ուժ ու էներգիա է ծախսում ոչ միայն հետախուզական տվյալների ձեռքբերման, այլեւ գործակալների ուսուցման ու դաստիարակության վրա՝ նրանց մեջ սերմանելով հետախուզական աշխատանքի համար անհրաժեշտ դրական որակներ՝ համարձակություն, կարգապահություն եւ գաղտնապահություն։ Այդ նպատակներից ելնելով, չնայած զբաղվածությանը, նա ստիպված է մեկնել նաեւ այլ նահանգներ՝ Նյու Յորքից բավականին հեռու, մասնավորապես՝ ԱՄՆ-ի արեւմտյան ափեր...
Պավել Միխայիլովիչ Ֆիտինը, ի տարբերություն նախորդի, սովորություն չուներ իր որոշելիքի շուրջ խորհրդակցել շեֆերի հետ։ Հովակիմյանի նամակը բավական էր Նյու Յորքի իրավիճակը պատկերացնելու համար։
Հենց նույն օրը նա աշխատակազմին կարգադրեց նյույորքյան ռեզիդենտուրայի համալրման համար մի քանի հետախույզների ցուցակ ներկայացնել։ Առաջինը Նյու Յորք գործուղվեց անգլերենի քաջագիտակ հետախույզ Դ. Վ. Օսկոլկովը։
1941 թվականի հունվարին Կենտրոնը Նյու Յորք գործուղեց 26-ամյա հետախույզ Ալեքսանդր Ֆեկլիստովին։ Մինչ այդ արտաքին հետախուզության պետ Պավել Ֆիտինը ծածկագիր էր ուղարկել ռեզիդենտ Հովակիմյանին։
Հույժ գաղտնի
Նյու Յորք, ընկ. Գենադիին.
Ձեզ մոտ որպես ռադիստ եւ հյուպատոսարանի ստաժոր է գործուղվում բանիմաց ու ընդունակ ռադիոինժեներ Ա. Ս. Ֆոմինը (Կալիստրատ)։ Սկզբնական շրջանում նրա գլխավոր խնդիրը մեզ հետ ուղիղ կապ հաստատելն է։
Ռադիոկապի հաստատման եւ «Սկայռայդեր» տիպի ընդունիչի տեղադրման համար անհրաժեշտ է Ֆոմինին հատկացնել հյուպատոսարանի ամենավերին հարկի արեւելք նայող պատուհանով մի սենյակ, որն առանձին մուտք ունենա միջանցք։ Պատերը պետք է ձայնամեկուսիչով լինեն։
Վիկտոր
4.01.1941թ.։
Այսպես, Ալեքսանդր Ֆեկլիստովը (նույն ինքը՝ Ֆոմին, նույն ինքը՝ Կալիստրատ) աշխատանքի անցավ Հովակիմյանի ռեզիդենտուրայում։ Երկու ամիս անց Մոսկվայի հետ ուղիղ ռադիոկապն սկսեց աշխատել։
Շուտով աշխատակազմի ներկայացուցիչները Պավել Ֆիտինի աշխատասեղանին դրեցին եւս երեք հետախույզների փաստաթղթեր՝ Ա. Ն. Անտոնովի, Պ. Պ. Պշենիչնու եւ... Ա. Ի. Պրուդնիկովի։
Փաստորեն Դեկանոզովը չհասցրեց Ա. Պրուդնիկովին ԱՄՆ գործուղել։ Եվ հիմա կարելի է միայն ենթադրել, թե ով նրա անունը խցկեց ցուցակի մեջ։ Այս մասին Ֆիտինը չէր կարող իմանալ։ Չգիտեր նաեւ, թե Բերիայի հատուկ հանձնարարությամբ երեք ամսով Նյու Յորք մեկնած Անդրեյ Գրաուրը ինչ խնդիրներ ունի այնտեղ իրականացնելու...
Ձեր մեթոդները ձեր
դեմ կգործեն
Վաշինգտոնում Հայկ Հովակիմյանը փորձեց կապվել Յակով Գոլոսի հետ, բայց նա քաղաքում չէր։ Կարգադրեց շտապ գտնել ու մինչեւ երեկո պայմանավորվել իր հետ հանդիպելու համար։ Հաջորդ երեկոյան ռեզիդենտը պետք է մեկներ Նյու Յորք, իսկ մինչ այդ՝ բավականին անելիք ուներ։
Երեկոյան հանդիպեց Զվուկին (Գոլոս)։ Վերջինս զարմացած էր ռեզիդենտի հանձնարարությունից։ Հովակիմյանը միշտ խստագույնս կարգադրում էր, որ գաղտնիության տարրական կանոններից ելնելով, երբեք այնպիսի քայլերի չդիմեն, որ գործակալը կամ հավաքագրող-գործակալը իրենից «վերեւ» ճանաչի մեկից ավելի կապավորի։ Իսկ այժմ նա Գոլոսին հանձնարարում է հանդիպում կազմակերպել իր եւ հավաքագրող-գործակալ Ռոնդի միջեւ։ Հովակիմյանը երբեք չի կասկածել իրեն եւ կարող էր ասելիքն իր միջոցով փոխանցել Ռոնդին, բայց երեւի շատ կարեւոր է, մտածեց Գոլոսն ու խոստացավ հաջորդ օրը, կեսօրին կազմակերպել հանդիպումը։
Հովակիմյանը մի քանի անգամ աշխատակիցների միջոցով ստուգել էր Ռոնդին ու նրա հավաքագրած գործակալներին։ Արդյունքից գոհ էր՝ կարելի էր անվերապահորեն վստահել։ Նրա միջոցով ռեզիդենտը կարեւոր տեղեկություններ էր քաղել նույնիսկ Ռուզվելտի աշխատակազմի վերաբերյալ։ Ռոնդը, լինելով կառավարության պատասխանատու պաշտոնյա, ազատ ելումուտ ուներ կառավարության գրեթե բոլոր գերատեսչություններում։
Հանդիպումը կարճ ու բովանդակալի էր։ Ռեզիդենտը խնդրեց թողնել գրեթե բոլոր գործերն ու զբաղվել նոր առաջադրանքով։ Հարկավոր էր պարզել, թե գիտնականները քիմիական ինչ նոր զենք են փորձում պատրաստել։
- Հավաքեք բոլոր այն տեղեկությունները, որոնք վերաբերում են ուրանին։ Անհրաժեշտության դեպքում զգուշությամբ գործակալներ հավաքագրեք նոր հանձնարարության համար։ Առաջին իսկ տեղեկություններ ձեռք բերելու դեպքում կապվեք ուղիղ ինձ հետ, ցտեսություն,- նա ամուր սեղմեց Ռոնդի մեկնած ձեռքը եւ հեռացավ։
Ուղիղ 56 տարի անց ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի այն ժամանակվա աշխատակից, հայտնի հակահետախույզ Ռոբերտ Լամֆիերը, որը ծառայում էր ԱՄՆ-ի տարածքում հենց խորհրդային հետախույզներին հայտնաբերելու համար ստեղծված ստորաբաժանումներից մեկում, կասի.
Այն ամենը, ինչ հունցում էին ռուս հետախույզները, կարելի է վերագրել իրենց ճարպկությանն ու հնարամտությանը, բայց ընդհանուր առմամբ՝ ոչ քիչ չափով նաեւ նրանց գաղտնի ծառայությանը, որն իսկապես չափազանց կոմպետենտ էր։ ՆԳԺԿ-ԿԳԲ-ն այն ժամանակ մի գլուխ բարձր էր Հետաքննությունների դաշնային բյուրոյից...Խորհրդային հետախույզների արմատակալումն ամերիկյան կառավարական մարմիններում սկսվեց 30-ական թվականներին, երբ մոսկովյան հետախուզական ցանցի ռեզիդենտ Հայկ Հովակիմյանը կարողացավ այնտեղ թափանցել կոմկուսի գործիչ Ջակոբ Գոլոսի միջոցով*։
***
Նյու Յորք ժամանելով՝ ռեզիդենտն ուղիղ տուն գնաց։ Մեկ շաբաթից ավելի չէր եղել տանը։ Էգինան բացեց դուռն ու ամուր գրկեց հորը։
- Պապ, ես քեզ կարոտել եմ, ինչո՞ւ ես այսքան ուշ գալիս,- ասաց իննամյա աղջիկն ու աչքերն արցունքով լցված, շարունակեց,- դու իսկի չես էլ հիշում, որ այսօր իմ ծննդյան օրն է։
- Դե՛, դե՛, դու արդեն մեծ աղջիկ ես, բայց քեզ փոքր երեխայի պես ես պահում,- հուզմունքը թաքցրեց հայրն ու հանդիմանանքով ասաց,- դրա համար էլ քո տարեդարձին քայլող տիկնիկ եմ բերել։
Պայուսակից հանեց նվերն ու մեկնեց Էգինային։
Վերան, խոհանոցի դռան շրջանակին հենված, անհանգիստ հայացքով նայում էր ամուսնուն։
- Հայկ, էս ի՞նչ է քո վիճակը, ոսկորներդ են մնացել։
Հայկը խոհանոցում բացեց ճաշի կաթսան ու ոգեւորված կատակեց.
- Եթե մի քանի օր այսպես հայկական տոլմա ուտեմ, ոսկորներս կծածկեմ։
***
Երեկոյան գնաց հյուպատոսարան։ Լուկան զեկուցեց վերջին երեք օրվա լուրերն ու ներկայացրեց գործակալներից ստացված տեղեկությունները։ Հաղորդեց, որ Դեւիսն արտահերթ հանդիպում է խնդրում։
- Ռոջերի ու Բրյուսի տեղեկությունները հանձնեք կապավորին, թող հենց հիմա ուղարկի Կենտրոն, մյուս երկուսին պետք է լրացումներ անեմ։
Ամբողջական տեսքի բերելով Լորենցի հաղորդագրությունները, Հովակիմյանը դրանք տարավ կողքի սենյակ՝ կապավորին հանձնելու։ Այդ պահին դուռը բացվեց, եւ ներս մտավ միջահասակ մի տղամարդ։ Նկատելով Հովակիմյանին, զարմանքից քարացավ։ Նրա հաշվարկներով Գենադին դեռ պետք է Վաշինգտոնում լիներ։
- Դո՞ւք ինչ գործ ունեք այստեղ, ընկեր Գրաուր Անդրեյ Գրիգորեւիչ,- Հովակիմյանի սառը, հատու, իշխող ձայնը շփոթեցրեց նրան։
- Ես... ուզում էի...
- Ի՞նչ էիք ուզում, ես լռում եմ մինչեւ Ձեր պատասխանը,- Հովակիմյանը վաղուց էր հարմար առիթ փնտրում Մոսկվայից մեկ ամիս առաջ ժամանած փորձառու այս հետախույզին «գործի վրա» բռնելու։ Այս սենյակ ոչ մեկն իրավունք չուներ մտնելու բացի իրենից, Լուկայից եւ կապավորից։
Գրաուրը ոչ թե պատասխան չէր գտնում, դա նրա համար դժվար չէր, այլ չէր սպասում, որ զուսպ, միշտ հանգիստ խոսող, բարեհամբույր ռեզիդենտը կարող է այսպես բորբոքվել իր ներկայությունից։
- Ես Ձեզ մոտ եմ եկել,- հազիվ կարողացավ պատասխանել նա։
- «Ինձ մոտն» այստեղ չէ, գնանք ինձ մոտ,- եւ Հովակիմյանը կտրուկ շրջվեց ու դուրս եկավ։ Գրաուրը հետեւեց նրան։
Մտնելով աշխատասենյակ, Հովակիմյանն աթոռն աղմուկով հրեց դեպի սենյակի կենտրոն։ Նստեցեք՝ նույն կոպտությամբ ասաց նա։ Գրաուրը չէր ուզում, բայց ակամա ենթարկվեց։
- Մենք այստեղ գիշեր-ցերեկ գործ ենք անում, իսկ Դուք, ընկեր Գրաուր Անդրեյ Գրիգորեւիչ, անընդհատ ոտքի տակ եք ընկնում, ի՞նչ գործ ունեիք այդ սենյակում։
- Ես արդեն ասացի,- փորձում էր իրեն տիրապետել Գրաուրը։
- Դուք գիտեիք, որ ես այնտեղ չեմ լինի, քանի որ Պավելից իմացել էիք, որ վաղն եմ ժամանելու։ Ուրեմն ինչո՞ւ մտաք այնտեղ։
-...
- Ձեզ հետաքրքրում էր, թե ի՞նչ ենք ուղարկում Մոսկվա՝ Կենտրոն։ Ո՞ր երկիրն է Ձեզ վերահավաքագրել, Գրաուր։ Ո՞ւմ լրտեսն եք։
Գրաուրը սփրթնեց, նա՝ այս հին աղվեսը, որ ամեն տեղ կարող էր մտնել եւ ինֆորմացիա կորզել, լիներ դա արտասահմանում, թե Մոսկվայում, այժմ անկարողությունից լեզուն կուլ էր տվել ու ակնապիշ նայում էր Հովակիմյանի խիստ դեմքին։
- Ձեզ հարցնում եմ, ո՞ւմ լրտեսն եք, Անգլիայի՞, ֆաշիստների՞։ Մեկ ամիս է թրեւ եք գալիս այստեղ։ Կենտրոնից, իբր, ինձ հետ չկապված հանձնարարություն ունեք։ Երկրորդ օրվանից իմ մարդիկ հետեւում են Ձեզ։ Դուք այստեղ հետախուզում եք ինձ։ Ումով եւ ինչով հետաքրքրվել եք՝ տեղյակ եմ։ Այստեղ, այս երկրում ե՛ս եմ հետախույզը։ Ինչո՞ւ եք ոտքի տակ ընկնում։ Ո՞ր երկիրն է Ձեզ այստեղ ուղարկել, ո՞ւմ հանձնարարությամբ եք հետեւում ինձ՝ ռեզիդենտիս։ Այս սենյակից, Դուք դուրս չեք գալու։
Գրաուրն իրեն կորցրեց, հավատաց, որ Հովակիմյանն օտարերկրյա լրտեսի տեղ է դրել։ Մտածելով, որ կյանքին վտանգ է սպառնում, որոշեց հանձնվել.
- Հայկ Բադալովիչ, ես կատարում եմ ընկեր Լավրենտի Պավլովիչ Բերիայի հատուկ հանձնարարությունը, որի մասին միայն ինքը գիտի։ Կենտրոնն անտեղյակ է,- մի կերպ արտաբերեց Գրաուրը։
- Դուք իմ փոխարեն կհավատայի՞ք։ Ժողկոմն ասել է մտեք ծածկագրերի սենյա՞կ։ Ո՞ւմ հանձնարարությունն եք կատարում։
Գրաուրը մանրամասնորեն ամեն ինչ պատմեց։ Երկրի ղեկավարությունը աննպատակահարմար է համարում շարունակել գիտատեխնիկական հետախուզությունը։ Հարկավոր է այն փակել։ Գրաուրը նույնիսկ փորձեց Հովակիմյանին համոզել, որ խորհրդային գիտնականները դրա կարիքը չունեն։
- Իսկ ի՞մ ինչն եք ստուգում,- կոշտ տոնը չէր փոխում Հովակիմյանը։
- Ես ընդամենը հանձնարարություն եմ կատարում, Դուք իրավունք չունեք...
- Ե՞ս իրավունք չունեմ,- ընդհատեց Հովակիմյանը,- լա՜վ, հիմա պատասխանեք, Գրաուր Անդրեյ Գրիգորեւիչ, ե՞րբ է լրանում Ձեր գործուղման ժամկետը։
- Երկու ամսից հետո։
- Ութ օրից Սան Ֆրանցիսկոյի նավահանգստից Մոսկվա է մեկնում «Էննի Ջոնսոն» շոգենավը։ Իններորդ օրը Ձեզ այս տարածքում չտեսնեմ։ Իսկ հիմա թույլ եմ տալիս ողջ եւ առողջ դուրս գալ սենյակից։ Ձեր ժամանակն անցնում է։
Գրաուրը բարձրացավ աթոռից, կամաց մոտեցավ մուտքին, շրջվեց ու ատամների արանքից շպրտեց.
- Դուք այս ամենի համար պատասխան կտաք։
- Չմոռանաք խոսքերս՝ ութ օր։ Ինչ մնում է պատասխան տալուն, Գրաուր Անդրեյ Գրիգորեւիչ, ապա այդ մասին Դո՛ւք պիտի մտածեք։ Օրինակ՝ ընկեր Լավրենտի Պավլովիչին պատմելո՞ւ եք, որ իր գաղտնիքը հայտնել եք ինձ։ Հաջողություն Ձեզ, շրջահայաց եղեք։ Եվ հիշեք,- Հովակիմյանը միանգամից ձայնը բարձրացրեց,- Ճիշտ այսպես, ձեր մեթոդները՝ ձեր դեմ են գործելու...
***
Միջանցքում խլացան Գրաուրի շտապ հեռացող ոտնաձայները։ Դուռը թակեց Լուկան եւ զարմացած ներս մտավ։ Նրանք միաժամանակ փռթկացին, ապա բարձրաձայն սկսեցին ծիծաղել։
- Դուք, ուրեմն, ներկայացո՞ւմ էիք տալիս, Հայկ Բադալովիչ,- ծիծաղի միջից հարցրեց Լուկան։
- Իսկ Դուք կարծում էիք այս սենյակում կկախե՞մ նրան։
- Ես՝ ոչ, իսկ Գրաուրը՝ հաստատ համոզված էր,- շարունակեց ծիծաղել Լուկան։
- Իսկ Դուք ինչո՞ւ էիք լսում մեր խոսակցությունը,- հանկարծ հարցրեց Հովակիմյանը։
- Ես չէի կարող չլսել։ Դուք այնպես բարձր էիք գոռում։
Հովակիմյանը գիտեր, որ նա իրեն լսել է։ Նա դիտավորյալ էր բարձր խոսում, որպեսզի հետո, եթե Գրաուրը սկանդալ սարքի Մոսկվայում, ինքը վկա ունենա։ Գրաուրը կարող է ինչ ասես հորինել։
- Կարծում եք հավատա՞ց,- հարցրեց ռեզիդենտը։
- Ի՞նչ եք ասում, Հայկ Բադալովիչ, հիմա նա արդեն շոգենավի տոմսի համար հերթի է կանգնել։
- Սրա նմաններն են Գուտցայտին, Բազարովին, Արտուզովին «ժողովրդի թշնամու» պիտակ կպցնում։ Ես իրենց մեթոդով գործեցի...
***
Նյու Յորքում ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսի ընդունարանում մեկ տասնյակից ավելի մարդ կար։ Մի անկյունում նստելով, Անդրեյ Գրաուրը մտքում ծրագրեր էր մշակում։ Երեկվա միջադեպից հետո դեռ ուշքի չէր եկել։ Հրեշ է էդ Հովակիմյանը, իսկական հրեշ, նայում է աչքերիդ մեջ ու գուշակում միտքդ։ Ո՞նց տապալեց գործուղումը։ Ի՞նչ է ասելու Լավրենտի Պավլովիչին, կանգնի ու պատմի՞ ողջը։ Նա թեւից կբռնի ու դուրս կշպրտի հետախուզությունից։ Լավագույն դեպքում, իհարկե։ Որոշեց այդ տհաճ, նվաստացնող միջադեպի մասին լռել ու հավետ մոռանալ։ Բայց ինքը վրեժ կլուծի այդ խորամանկ հայից։ Ո՞նց էր հենց առաջին օրվանից գուշակել իր գործուղման նպատակը։
Գրաուրի հերթը հասավ, նրան ներս հրավիրեցին։
Գլխավոր հյուպատոս Ֆեդյուշինի հետ կարճատեւ զրույցից հետո Անդրեյ Գրաուրը տեղեկացրեց, որ հանգամանքների բերումով ցանկանում է յոթ օրից հայրենիք վերադառնալ։ Խնդրեց հանձնարարել համապատասխան բաժնին՝ անհրաժեշտ փաստաթղթեր պատրաստելու։
Յոթ օր անց «Էննի Ջոնսոն» շոգենավը դուրս եկավ Սան Ֆրանցիսկոյի նավահանգստից։ Տախտակամածին կանգնած Անդրեյ Գրաուրը հայացքով հրաժեշտ տվեց Ամերիկային։ Այդ պահին նա հիշեց Հովակիմյանի ինքնավստահ խոսքը. «Այստեղ, այս երկրում ե՛ս եմ հետախույզը»։
Գրաուրը շրջվեց ու գնաց իր նավախուցը՝ Վաթեռլոն գլխիկոր լքող գեներալի նման։
«Այստեղ, այս երկրում ե՛ս եմ զեկուցողը»
Պավել Միխայիլովիչ Ֆիտինը խնամքով պատրաստեց Նյու Յորքի հետախուզական ցանցին օգնական ուժեր ուղարկելու բոլոր փաստաթղթերը։ Ներկայացրեց նաեւ հատուկ ծրագիր, ուր մանրամասնորեն մշակված էին այն միջոցառումները, որոնք հնարավորություն կտային ԱՄՆ-ում զարգացնել հետախուզական աշխատանքները։ Հաշվի էր առնված այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները, ըստ Հովակիմյանի հաղորդագրությունների, եվրոպական երկրներից աշխարհահռչակ շատ գիտնականների հրավիրում է իր երկիր, որ տեխնիկայի եւ գիտության ասպարեզում նրանց մոտ մեծ առաջընթաց կա ու առաջիկայում այս ոլորտում հետախուզությունը մեծ անելիքներ կունենա։ Ժողկոմ Բերիան թռուցիկ ծանոթացավ փաստաթղթերին եւ Ֆիտինին ասաց՝ առայժմ սպասենք։
Մի քանի օր անց ստացավ Բերիայի մերժողական պատասխանը։
Ա. Գրաուրը վերադարձել էր Մոսկվա։ Նա մայրաքաղաք մտավ պատրաստի զեկուցագիրը ձեռքին, որը գրել էր դեռեւս «Էննի Ջոնսոն» շոգենավում։ Հաջորդ առավոտյան արդեն Լավրենտի Բերիայի աշխատակազմի ղեկավարի մոտ էր։ Զեկուցագիրը հանձնելով նրան, Գրաուրը ինքնագոհ քայլերով դուրս եկավ ժողկոմատի շենքից։ «Այստեղ, այս երկրում, ե՛ս եմ զեկուցողը», արդեն փողոցում բարձրաձայն ասաց նա։
Անձամբ Բերիային գրած այս նամակը հասցեատիրոջը ներկայացվեց նույն օրը։ Լավրենտի Պավլովիչին զարմացրեց Գրաուրի շուտափույթ վերադարձը։ Նա բացեց ծրարը։ Արագ ընթերցեց նախաբանն ու ուշադրություն դարձրեց առաջարկություններին.
1. Ի կատարումն ընկ. ժողկոմի հրահանգի, կարծում եմ, հնարավոր է ինֆորմացիայի աղբյուրների հետ տարվող աշխատանքը կրճատել՝ հասցնելով նվազագույնի, հանդիպել միայն արժեքավոր, կասկած չհարուցող գործակալների հետ։ Ելնելով դրանից, գիտատեխնիկական հետախուզության գծով կապի մեջ թողնել 36 գործակալներից 10-ին, իսկ քաղաքական հետախուզության գծով՝ 53-ից՝ 30-ին։
2. Որպես ոչ այնքան վստահելի, նաեւ՝ վատառողջ, ԽՍՀՄ ետ կանչել ռեզիդենտուրայի աշխատակից Հարրիին*, ինչպես նաեւ անլեգալ հետախույզներ Յունգին, Յուզիկին** եւ Մարտինեսին***, որոնց հետախուզության մեջ ներգրավել են ժողովրդի թշնամիներ Եժովը, Պասսովը եւ Շպիգելգլասը։
3. Ռեզիդենտ Գենադիին ետ գործուղել Մոսկվա, որպես քաղաքական վստահություն չներշնչողի եւ հաշվի առնելով նրա կասկածելի վարքագիծը՝ կապված իր ընտանիքը ԽՍՀՄ ուղարկելու հարցում դանդաղելու եւ կնոջ եղբոր* մութ պատմության հետ, նրա հարցը քննել առանձին։ Կարծում եմ՝ նպատակահարմար կլինի հարցերի ամբողջական խումբը ընկ. ժողկոմին մատուցել այնպես, ինչպես ես ներկայացրել էի ընկ. Պրուդնիկովի ս. թ. մարտյան զեկուցման մեջ։
Ահա թե ի՜նչ։ Ուրեմն Պրուդնիկովի մարտյան զեկուցագիր-զրպարտությունը գրել է նույն ինքը՝ Անդրեյ Գրաուրը։ Հիշենք, թե Գրաուրի ներկայացրած ու Պրուդնիկովի ստորագրած նամակում ի՞նչ էր առաջարկվում։
1. Նյու Յորքի ռեզիդենտուրայի բոլոր աշխատակիցներին փոխել, իսկ նրա ռեզիդենտ Հովակիմյանին ետ կանչել ԱՄՆ-ից։ 2. Հաշվի առնելով մամուլում ընկ. ընկ. Բերիայի, Վորոշիլովի եւ Կագանովիչի ելույթները... հնարավոր եմ գտնում դադարեցնել գիտատեխնիկական ուղղությամբ հետախուզական գործունեությունը։ 3. Նամակով դիմել համապատասխան գերատեսչություններին՝ ԱՄՆ-ի խորհրդային ներկայացուցիչներին կադրային հետախույզներով փոխարինելու առաջարկով։
Բերիան զեկուցագիրը դրեց Ֆիտինի առաջարկությունների փաթեթի կողքին ու մի քիչ մտածելուց հետո արտաքին հետախուզության պետի ներկայացրած փաստաթղթի վրա գրեց՝ մերժել։
Գրաուրի զեկուցագրի առաջին հետեւանքը անլեգալ հետախույզ Յունգին Մոսկվա ետ կանչելն էր։
***
Փորձառու անլեգալ Յունգի Մոսկվա ետկանչը նոր հարված էր Հովակիմյանին։ Նա սառնասրտությամբ ընդունեց հերթական մարտահրավերը, ցավում էր միայն, որ գործը դրանից տուժում է։
Յունգի հետ ռեզիդենտը մի նամակ ուղարկեց իր գործընկեր Վ. Մ. Զառուբինին, խնդրեց անձամբ հանձնել։ Նամակում գրում էր.
Հարգելի Վասիլի Միխայիլովիչ,
Դուք, իհարկե, գիտեք, թե ինչի համար էր մեզ մոտ եկել փոս փորող բԱԲ բԱԲ ը*։ Նա փորձում էր ինձ հինգերորդ անկյուն քաշել, բայց իր իմացածներից չէի, երեւի մոռացել էր, որ ես հայ եմ։ Հետո նա սկսեց տքնաջանորեն ինձ համոզել ամբողջ աշխատանքը փակել՝ վկայակոչելով Պավելի** ինչ-որ հրահանգ, որին ես քիչ էի հավատում։ Եվ ընդհանրապես ինձ համար շատ բան պարզ չէ՝ եւ օպերատիվ ու ոչ օպերատիվ աշխատակիցների զանգվածային ետկանչումները կորդոնի պատճառով, ե՛ւ մեր կողմից ներկայացված շատ հարցերում Կենտրոնի մշուշապատ եւ տարօրինակ դանդաղկոտությունը։
Խոստովանեմ. ես սարսափելի հոգնել եմ այս ամենից։ Այդ իսկ պատճառով խնդրում եմ, արեք այն ամենը, ինչ կախված է Ձեզանից եւ միջնորդեք ինձ այստեղից ետ կանչելու համար։
Գենադի։
Հետախույզ Վասիլի Միխայիլովիչ Զառուբինը հասկանում էր գործընկերոջը, բայց գիտեր, որ Հովակիմյանն ամբողջությամբ տեղեկացված չէ Մոսկվայում տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Հակառակ դեպքում այդքան համառորեն չէր պնդի երկիր վերադառնալու իր պահանջ-խնդրանքը։ Լավրենտի Բերիայի հետախուզություն գալուց ի վեր բռնությունների ալիքն ավելի էր սաստկացել։ Զանգվածային բռնությունների հետեւանքով Կենտրոնի գիտատեխնիկական հետախուզությունից ողջ էին մնացել եւ դեռեւս ազատության մեջ էին ընդամենը երկու հոգի։ Իսկ ընդհանուր առմամբ՝ 20 մարդ։ Դժվար չէր կռահել, թե ինչ էր սպասում դեռեւս ամբողջովին չոչնչացված ռեզիդենտուրայի ղեկավարին։ Կամ պետք է գնդակահարեին, կամ հեռացնեին արտաքին հետախուզությունից։ Բայց այս ամենի մասին Զառուբինը չէր կարող զգուշացնել Հովակիմյանին։
Դեռեւս 1938-ի վերջերին համարյա չորս ամիս շարունակ՝ 127 օր արտաքին հետախուզությունից գրեթե ինֆորմացիա չէր ստացվում, չհաշված ԱՄՆ-ից ու Անգլիայից ուղարկվող չնչին լուրերը։ Կենտրոնում գրեթե մարդ չէր մնացել, որին հասցեագրեին այդ լուրերը։ Գլխատելով պրոֆեսիոնալ կադրերի այս դարբնոցը, սկզբում փոխարենը ոչինչ չստեղծեցին։ Հետախուզություն բերեցին ում պատահի՝ կուսակցական, վարչական աշխատողների, բանակի սպաների, պարզապես բարձրագույնավարտների։ Բայց նրանք մասնագետ չէին, նույնիսկ օտար լեզուներ չգիտեին։
Պատերազմի նախօրեին Տոկիոյում այնպիսի իրավիճակ ստեղծվեց, որ ռեզիդենտուրայի աշխատակիցներից ոչ մեկը չէր տիրապետում ոչ անգլերենին, ոչ էլ ճապոներենին։
Իհարկե, այս վիճակը 1939-ի վերջին ու 1940-ի սկզբներին մի քիչ շտկվեց, բայց բավարար չէր կանոնավոր աշխատանքներ տանելու համար։
Հասկանալի պատճառներով Վասիլի Միխայիլովիչ Զառուբինը Հովակիմյանին չգրեց այս մասին, բայց իր պարտքը համարեց պատասխան նամակ ուղարկել.... Փոխանցել եմ խիստ հոգնած լինելու մասին խնդրանքդ։ Այդ մասին վկայեց նաեւ Նյու Յորքից վերադարձած Իգորը*։ Ի՞նչ որոշում կկայացվի՝ չգիտեմ։ Բայց ավելի ճիշտ կլինի, եթե այդ հարցը պաշտոնապես ներկայացնես անձամբ Պավելին։
Մաքսիմ**
23.06.40թ.
Զառուբինը Հովակիմյանին սրանով հասկացնում էր, որ Մոսկվայում բոլոր հարցերը լուծվում են միայն Բերիայի միջոցով։
Փրկել երկուսին
Սան Ֆրանցիսկոյի նավահանգստի բացօթյա սրճարանում Հայկ Հովակիմյանը կնոջն ու դստերը հրաժեշտի վերջին խոսքերն էր շշնջում։ «Էննի Ջոնսոն» շոգենավով քիչ հետո նրանց ճանապարհելու էր հայրենիք։ Դեռեւս հունվարից իրեն զրկել էին ամենամսյա 150 դոլար աշխատավարձից, որն ստանում էր ԱՄՆ-ում ԽՍՀՄ քիմիական արդյունաբերության ժողկոմատի ներկայացուցչությունից։ Ժողկոմը ժամանակին երկու նամակ էր հղել ՀամԿ(բ)Կ Կենտկոմ՝ Ստալինին եւ ՆԳԺԿ՝ Բերիային, տեղեկացնելով, որ ինքն այլեւս չի կարող արտասահմանում այդքան աշխատակիցներ պահել եւ այդ իսկ պատճառով դիմել է ֆինժողկոմին՝ դադարեցնելու տարադրամի դուրսգրումը, որով վարձատրվում էր Հայկ Հովակիմյանը։ Որքան էլ այն որեւէ տրամաբանության չէր դիմանում, բայց՝ իրողություն էր։ Մարդուն, որն իր երկրին ամսական տասնյակ միլիոնավոր դոլարների արժողության գյուտեր, փաստաթղթեր էր մատակարարում, խնայում են 150 դոլար աշխատավարձը։ Սակայն Հովակիմյանն ինչ-որ տեղ նույնիսկ ուրախ էր, որ զրկվել է աշխատավարձից։ Մտածում էր՝ արդեն վերջապես վերեւում հաշտվել են իր վերադարձի մտքի հետ։ Սակայն աշխատավարձից զրկելով, հայրենիք վերադարձի հրաման չէին տալիս, ավելին՝ նոր, կարեւոր հանձնարարությունների ծրագիր էին ուղարկել։
Այս ամենը հաշվի առնելով ռեզիդենտը հասկացավ, որ այստեղ դեռ երկար է մնալու եւ որոշեց գոնե ընտանիքն ուղարկել Մոսկվա։
Հրաժեշտ տալով հարազատներին, մեկնեց Նյու Յորք։
***
Մոսկվա, Լուբյանկա։ 5 օգոստոսի, 1940թ.։
Արտաքին հետախուզության վարչության պետ Պավել Ֆիտինը մի քանի օր շարունակ օպերատիվ աշխատակիցների հետ ծրագրեր էր մշակում երկու կարեւոր անձանց ԱՄՆ-ի տարածքից դուրս բերելու համար։ Առաջինը Մեքսիկայում հույժ գաղտնի մի օպերացիայի համար ԱՄՆ մեկնած «Ռոբերտն» էր, որը պետք է Ամերիկայի տարածքով մտներ Մեքսիկա, սակայն անվտանգության աշխատակիցները ձերբակալել էին Լոս Անջելեսում։ Հարկավոր էր ամեն գնով նրան դուրս բերել բանտից եւ փախցնել ԱՄՆ-ի տարածքից։ Երկրորդ անձնավորությունը՝ «Պրոֆեսորը», անվտանգության մարմինների հսկողության տակ էր։ Մի քանի անգամ փորձել էր փախչել ԽՍՀՄ, բայց ապարդյուն։ ԱՄՆ-ի հակահետախուզության աչալուրջ աչքը գիշեր-ցերեկ հետեւում էր նրան։ Երկար գլուխկոտրուկից հետո Ֆիտինին հուշեցին, որ երկուսի խնդիրն էլ կարող է լուծել ԱՄՆ-ի ռեզիդենտ Հովակիմյանը՝ ինքնատիպ մտահղացումներով ու համարձակ գործողություններով։ Ֆիտինը որոշեց դիմել ղեկավարությանը՝ այդ գործողությունների համար որոշակի գումար դուրս գրելու եւ Հովակիմյանին հասցնելու նպատակով։
- Պավել Միխայիլովիչ, չեմ կարծում, թե մեզ փող կտրամադրեն, նույնիսկ արդեն յոթ ամիս է Հովակիմյանին աշխատավարձից էլ են զրկել,- ասաց ֆինանսական բաժնի աշխատակիցը։
- Ինչպե՞ս թե։ Արդեն մեկ տարի է չենք կարողանում նրան օգնական ուժեր ուղարկել եւ հիմա նույնիսկ աշխատավարձի՞ց ենք զրկել։ Ինչո՞ւ ինձ չեք զեկուցել այդ մասին,- բարկացած դժգոհեց Ֆիտինը։
- Դե, մենք ֆինանսավորման հետ կապ չունենք։ Հովակիմյանը ֆինանսավորվում էր քիմիական արդյունաբերության ժողկոմատից՝ որպես իրենց ներկայացուցչության աշխատակից։
Ֆիտինը խորհրդակցությունից հետո մի նամակ գրեց ՀամԿ(բ)Կ Կենտկոմի հասցեով։
Գաղտնի
Կենտկոմի կադրերի վարչություն, ընկ. Սիլինին.
Հաշվի առնելով ներկա պահին Նյու Յորքում Հայկ Բադալի Հովակիմյանի աշխատանքի անհրաժեշտությունը, խնդրում ենք նրա արտասահմանյան գործուղումը երկարաձգել մինչեւ 1940թ. դեկտեմբերի 31-ը եւ ֆինժողկոմ կարգադրություն իջեցնել՝ նրան պարտքի դիմաց վճարելու համար ս.թ. հունվարի 1-ից հատկացնել ամսական 150 ԱՄՆ դոլար։
ԽՍՀՄ ՆԳԺԿ ՊԱԳՎ 5-րդ բաժնի պետ
Պետանվտանգության մայոր Պ. Ֆիտին։
5.08.1940թ.
Թյուրիմացությունը հարթելուց հետո Ֆիտինը մի ծածկագիր ուղարկեց ռեզիդենտին, որտեղ մանրամասնորեն տեղեկացնում էր հետախուզությանը հետաքրքրող անձանց մասին։ Խնդրում էր գործողությունների ծրագիր մշակել եւ անլեգալ հետախուզական ուժերի հետ օպերատիվ խումբ կազմել ու բանտից ազատել «Ռոբերտին», ապա նրան դուրս բերել երկրի տարածքից։ Մյուս անձնավորության՝ «Պրոֆեսորի» դեպքում պետք է համապատասխան փաստաթղթեր պատրաստել եւ այլ անվան տակ, Հետաքննությունների դաշնային բյուրոյի տեսադաշտից դուրս բերելով ուղարկել ԽՍՀՄ։ Վերջում Ֆիտինը ներողություն էր խնդրում ֆինանսներին առնչվող թյուրիմացության համար։
***
Նյու Յորք մտնելուն պես Հովակիմյանը տեղեկացավ, որ իրեն փնտրում են Լուկան եւ ԽՍՀՄ քիմարդժողկոմատի ներկայացուցչության պատասխանատուն։ Սկզբում այցելեց վերջինիս։
Ստանալով նախորդ յոթ ամսվա աշխատավարձը, շտապեց հանդիպել Լուկայի հետ։ Ֆիտինի վերջին հանձնարարությունը խառնեց Հովակիմյանի բոլոր ծրագրերը։ Նա հույս ուներ մինչեւ աշուն ավարտել կիսատ մնացած բոլոր գործերն ու թույլտվություն ստանալով վերադառնալ Մոսկվա։ Այժմ իրադրությունը լրիվ փոխվեց։
Նախ՝ վերականգնեցին հասանելիք աշխատավարձը, ինչն առանձնապես չուրախացրեց իրեն, քանի որ աշխատավարձ չտալը դիտում էր որպես ետկանչի «պատրաստություններից» մեկը։
Եվ հետո՝ կիսատ-պռատ գործերը չավարտած՝ նոր հանձնարարություն ստացավ։
***
«Ռոբերտին» Սան Ֆրանցիսկոյի մեկուսարանից ազատելու ծրագիրը ռեզիդենտից յոթ օր խլեց։ Երկու տարբերակով, գործողությունների մանրամասն նկարագրություններով ու քարտեզներով փաստաթուղթը նա ներկայացրեց Սան Ֆրանցիսկոյում հավաքված գործակալների փոքրաթիվ խմբին։ Ամբողջ օպերացիային մասնակցելու էր տասներկու մարդ։ Յուրաքանչյուրի անելիքը մեկ առ մեկ ստույգ ժամկետներով նշված էր ծրագրում։ «Շնաձուկ» օպերացիային մասնակցում էին անլեգալ հետախույզները, Զվուկի խմբից մի քանի հոգի, Ռոնդի գործակալներից երեքը։ Գործողություններին մասնակցում էին նաեւ Սան Ֆրանցիսկոյի մեկուսարանի երկու աշխատակիցներ։
Մինչ նավահանգիստ հասնելը Հովակիմյանն արդեն փաստաթղթեր էր պատրաստել թե «Ռոբերտի» եւ թե «Պրոֆեսորի» համար։ Առաջինը նոր անձնագրով հրեա վաճառական էր, երկրորդը՝ հույն հոգեւորական։
Ծրագրի համաձայն հինգ օրից «Ռոբերտին» տեղափոխելու էին մեկուսարանից։ Խումբը ճանապարհին պետք է ցերեկվա ժամը չորսին առեւանգեր նրան եւ շտապ հասցներ նավահանգիստ՝ չորսն անց երեսունին Մեքսիկա մեկնող բեռնատար նավով ճանապարհելու համար։ Չորս օրվա ընթացքում տեղանքը պետք է մանրամասն ուսումնասիրվեր, որոշ դետալներ ճշգրտվեր։ Ամեն ինչ հաշվարկած էր։
Անլեգալ փորձառու հետախույզներից մեկին այս օպերացիայի համար պատասխանատու նշանակելով, Հովակիմյանը մեկնեց Լոս Անջելես՝ «Պրոֆեսորին» ճանապարհելու...
Չորս օր անց հեռագիր ուղարկվեց Կենտրոն, որտեղ նշված էր երկու գործողությունների փայլուն ավարտի մասին...
Իսկ Եվրոպայում պատերազմ էր
1939 թվականի օգոստոսի 23-ին ԽՍՀՄ-ի եւ Գերմանիայի միջեւ չհարձակվելու մասին գաղտնի պայմանագրի կնքումից հետո Եվրոպայում իրադարձությունները սրընթաց զարգացան։ «Մոլոտով-Ռիբենտրոպ» պայմանագրի կնքումից մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 1-ին, գերմանական մեկուկես միլիոնանոց բանակը հատեց Լեհաստանի սահմանը։ Երեք շաբաթ անց ԽՍՀՄ-ն իր զորքերը մտցրեց Լեհաստանի հարավային սահմաններ՝ «իր բաժին» հողակտորներին տիրանալու համար։ Պայմանագրի համաձայն, «տարածքային ու քաղաքական վերանայման» դեպքում ԽՍՀՄ-ի վերահսկողության տակ պետք է անցնեին Հարավային Լեհաստանը, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Ֆինլանդիան եւ Բեսարաբիան։ Նոյեմբերին խորհրդային զորքերը մտան Ֆինլանդիա։ Այս երկրի վրա հարձակման երկու ծրագիր կար։ Ըստ Լենինգրադի զինվորական օկրուգի հրամանատար գեներալ Մերեցկովի՝ Ֆինլանդիայի գրավումը կտեւեր երեք շաբաթ, իսկ գլխավոր շտաբի պետ, մարշալ Շապոշնիկովի ծրագրով անհրաժեշտ կլիներ մի քանի ամիս։ Ստալինն ընտրեց Մերեցկովի տարբերակը։ Ըստ Խրուշչովի հուշերի, Ստալինն ասել էր. «Եկեք այսօրվանից սկսենք... Մենք ընդամենը մեր ձայնը կբարձրացնենք, եւ ֆիններն ստիպված կլինեն ենթարկվել...»։ Բայց Ստալինի հաշիվները սխալ դուրս եկան։ Հելսինկիում ՆԳԺԿ ռեզիդենտ Ռիբկինի հայտնած տեղեկություններն ավելի շուտ ցանկալի լուրեր էին, քան իրականություն։ «Ձմեռային պատերազմը» տեւեց չորս ամիս (1939-ի նոյեմբերի 30-ից 1940-ի մարտ), եւ խաղաղության մասին պայմանագրով Լենինգրադից հյուսիս գտնվող Կարելյան պարանոցն անցավ ԽՍՀՄ-ին, ուր բնակվում էր Ֆինլանդիայի բնակչության շուրջ տասը տոկոսը։
1940-ի ապրիլին Գերմանիան, ի տարբերություն ԽՍՀՄ-ի, «մեկ շնչով» վերցրեց Նորվեգիան։ Իսկ Ֆրանսիան եւ Նիդեռլանդները գրավեց վեց շաբաթում։
1940-ի ամռանը «խաղաղ ճանապարհով» ԽՍՀՄ-ին անցան Մերձբալթյան երկրները։ Այն բոլոր տարածքներում, ուր սկսեց իշխել Խորհրդային Միությունը, ահռելի չափերի հասան բռնությունները։ Ընդհանուր առմամբ մեկուկես միլիոն լեհ «դասակարգային թշնամիներ» անասունների փոխադրման համար նախատեսված ավտոմեքենաների շարասյունով աքսորվեցին Ղազախստան ու Սիբիր։ Միայն 1941 թվականի հունիսի 14-ի լույս 15-ի գիշերը 60 հազար էստոնացիներ, 34 հազար լատիշ եւ 38 հազար լիտվացի նստեցվեցին բեռնատարներ ու աքսորվեցին խորհրդային ճամբարներ*։
1940 թվականի նոյեմբերի 12-ին արտգործնախարար Մոլոտովը, տեղակալ Դեկանոզովը եւ Լավրենտի Բերիայի տեղակալ Վսեվոլոդ Մերկուլովը ժամանեցին Բեռլին՝ բանակցությունների։ Բանակցությունների ընթացքում, նոյեմբերի 20-ին, Իոսիֆ Ստալինը Դեկանոզովին նշանակեց Գերմանիայում ԽՍՀՄ դեսպան։ Արդեն դեկտեմբերի 18-ին Ադոլֆ Հիտլերն ստորագրեց տխրահռչակ թիվ 21 հրահանգը՝ «Բարբարոսի պլանը», որի նախապատրաստական ժամկետը պետք է ավարտվեր 1941-ի մայիսի 15-ին։ Պլանը ստորագրելու հաջորդ օրը Հիտլերն առաջին անգամ ընդունեց ԽՍՀՄ դեսպան Դեկանոզովին։
Բալկաններում գերմանական զորքերի առաջխաղացումը նյարդայնացրեց Խորհրդային Միությանը, որը մի քանի բողոքի նոտա հղեց դաշնակից Գերմանիային։ Պայմանագիր կնքվեց ԽՍՀՄ-ի եւ Հարավսլավիայի միջեւ։ Դրան ի պատասխան, գերմանացիները կայծակնային արագությամբ զորքեր մտցրին Հարավսլավիա, եւ մի քանի աննշան մարտերից հետո, մեկ շաբաթ անց հարավսլավացիները ստիպված էին խաղաղության պայմանագիր ստորագրել Գերմանիայի հետ։ Բնականաբար, Խորհրդային Միությունը բողոքեց այդ քայլի դեմ, սակայն ավելին անել չհամարձակվեց։ Ստալինը դեռեւս հարաբերությունները նորմալ պահելու թույլ հույսեր ուներ։ 1941 թվականի ապրիլին, չհարձակվելու պայմանագրի ստորագրումից ի վեր, գրանցվեցին խորհրդային հումքի Գերմանիա մատակարարման ամենաբարձր ցուցանիշները՝ 208.000 տոննա ցորեն, 50.000 տոննա վառելիք, 8.300 տոննա բամբակ, 8.340 տոննա մետաղ, Տրանսսիբիրյան երկաթուղով տեղափոխվեց նաեւ Գերմանիայի՝ Արեւելքից գնած 4000 տոննա կաուչուկը։ Իհարկե, Խորհրդային Միությունում հասկանում էին, թե իրականում ինչ է կատարվում Եվրոպայում։ Բայց դեռեւս թաքուն հույսեր էին փայփայում չհարձակվելու մասին գերմանա-խորհրդային համաձայնագրի հետ։ Համենայնդեպս, որոշված էր առաջինը չխախտել այն։
Անգլիան եւ Միացյալ Նահանգները խիստ խանդոտ վերաբերմունք ունեին այս գաղտնի պայմանագրի նկատմամբ։ ԽՍՀՄ-ի երկդիմի քաղաքականությունը, բնականաբար, վանում էր նրան իր ապագա դաշնակիցներից։
1939 թվականի վերջերից սկսած ԱՄՆ-ը եւ Անգլիան բավականին սառը հարաբերություններ էին պահպանում ԽՍՀՄ-ի հետ։ Խնդիրը դիվանագիտական ոլորտից անցել էր նաեւ այլ ասպարեզներ։ Երկու երկրներում էլ ԽՍՀՄ քաղաքացիների նկատմամբ խստացվել էր անձնագրային ռեժիմը։ Ե՛ւ Անգլիայում, ե՛ւ Միացյալ Նահանգներում 1940 թվականի առաջին ամիսներից անվտանգության մարմինները առանձնահատուկ ուշադրությամբ էին հետեւում իրենց երկրում աշխատող խորհրդային քաղաքացիներին։ ԱՄՆ-ում բավականին ակտիվացել էր հակահետախուզությունը, որի ուշադրությունը հիմնականում բեւեռված էր ԽՍՀՄ դիվանագիտական կորպուսի եւ ներկայացուցչությունների աշխատակիցների վրա։
Առաջին անգամ ատոմային ռումբի մասին
Երեք անքուն գիշեր, մի քանի հարյուր կիլոմետր հոգեմաշ ճանապարհ, գերլարված, սրտատրոփ հինգ օր. մի քիչ շատ չէ՞ քառասունմեկամյա տղամարդու համար, եթե հաշվի առնենք, որ հաջորդ օրվանից սկսվելու է ավելի բարդ ու առավել լարված շաբաթ։
Նյու Յորք մտնելիս այս մասին էր մտորում ռեզիդենտը։ «Ուղի՛ղ տուն», դիմեց վարորդին։ Մինչեւ վաղը, կեսօրվա ժամը երկուսը հանգստանալ է պետք, գրողի ծոցը բոլոր գործերը։
Դա ռեզիդենտի ամենասիրած զբաղմունքն էր, որի համար վաղուց ժամանակ չէր գտնում։ Իսկ հանգստանալը նրա համար երաժշտություն լսել էր նշանակում։ Հովակիմյանի ձայնասկավառակների հավաքածուի մասին շատերն էին լսել, քչերն՝ ունկնդրել։ Երեւի աշխատավարձի կեսը ձայնասկավառակների վրա էր ծախսում։ Գնում էր բացառապես «RSR VICTOR» ֆիրմայի արտադրանքը, որ այն ժամանակ համարվում էր ամենամաքուր ձայնագրություն կատարող ֆիրման։ Վերայի հետ Մոսկվա ուղարկած ձայնասկավառակները հարյուր կիլոգրամից ավելի էին կշռում։ Բայց դրանք եղածի մեկ հինգերորդն էին։ Եվ ինչպես իր գործում, ձայնասկավառակներ ընտրելիս նույնպես ծայրահեղ բծախնդիր էր։ Օրինակ, Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ նվագախմբի համերգի ձայնասկավառակը գնում էր, եթե դիրիժորը Լեոպոլդ Ստիկովսկին էր, եթե Լա Սկալայինը՝ Ֆրանկո Գիոնի դիրիժորությամբ։ Ուներ նաեւ դիրիժորների եւ օպերային երգիչների հատուկ հավաքածուներ՝ Ֆրեդերիկ Սթոք, Ռոբերտ Արմբրուսթեր, Դինո Օլիվիերի, Արթուր Ռուբինշտեյն, երգիչներ Նելսոն Էդդի, Նինո Մարտինի, Ռիչարդ Կռուքս, Պիեռո Պաուլի (այսօր էլ միակ թոռան՝ Կարինե Դարբինյանի երեւանյան տանը պահպանվում են դրանք)։ Հայկը առավել սիրում էր լսել Չայկովսկու, Պագանինիի, Լիստի, Շոպենի, Մոցարտի, Բեթհովենի, Պուչչինիի ստեղծագործությունները։ Հավաքածուում գերակշռողը Միլանի, Բեռլինի, Ֆիլադելֆիայի, Փարիզի, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբերի կատարումներն էին։
Խելակորույս սիրում էր ջազ, որի բազմաթիվ վարպետների հետ անձամբ ծանոթ էր ու առիթը բաց չէր թողնում նրանց համերգներին ներկա լինելու համար։ Ջազի հանրահայտ երգչուհի Միրանդան սիրահարված էր Հովակիմյանին, նրանց մտերմությունը երեւի սիրավեպի վերածվեր, եթե... հետախուզությունը խստիվ արգելած չլիներ նման դրսեւորումները «դաշտում»։
Նույնքան հարուստ էր նրա ջազային հավաքածուն։
Հայկին սրտամոտ էր նաեւ մեքսիկական ազգային երաժշտությունը։
Հիշում էր, թե ժամանակի առումով ի՜նչ մեծ դժվարությամբ «պատուհան» գտավ եւ Վերային ու Էգինային տարավ Ֆիլադելֆիա՝ Միլանի Լա Սկալայի սիմֆոնիկ նվագախմբի համերգին։
Արդեն մթնում էր, երբ տուն հասավ։ Շունն ու կատուն փաթաթվեցին ոտքերին։ Եվ Մոսկվայում, ե՛ւ Բեռլինում, ե՛ւ Նյու Յորքում նրա տանն անպակաս էին այս կենդանիները։ Իր մենակության ընկերներն էին, սիրում էր կռվել, խաղալ, գետնին թավալվել նրանց հետ...
Այս անմեղ կենդանիներին չէր սիրում միայն Կարոլան՝ տնային տնտեսուհին, Գերմանիայից փախած հրեա կինը։ Հայկը խղճալով նրան՝ որոշ գումարի դիմաց ընդունեց իրենց տանը աշխատելու. օգնում էր Վերային, դայակություն անում փոքրիկին։ Հետաքրքիր է մարդ արարածը։ Կարոլայի պահվածքի մեջ տարօրինակություն նկատելով, Հայկն ընդամենը մեկ օր զբաղվեց նրանով ու պարզեց. իր համեստ աշխատավարձով ու նույնքան համեստ հնարավորություններով Կարոլան կարողացել է փրկագնով գերմանական «Գետտոյից»* փախցնել եւ Ամերիկա հասցնել իր երկու եղբայրներին ու մորը։ Որտեղի՞ց այդքան գումար, որտեղի՞ց այդպիսի կապեր (որեւէ մեկն այն ժամանակ կարո՞ղ էր երեւակայել, թե կաշառքի միջոցով խորհրդային ճամբարներից կարելի է մարդ ազատել)։
Պարզից էլ պարզ էր, որ Կարոլան հատուկ ծառայությունների պատվեր է կատարում։ Հայկն այդ մասին զգուշացրեց Վերային։ Որոշեց Կարոլային դայակությունից չզրկել։ «Ավելի լավ, կնոջն ասաց նա, տունն ապահով է, կհամոզվեն, որ ամեն ինչ կարգին է եւ չեն կասկածի»։ Նման հսկողություն սովորաբար սահմանվում էր խորհրդային քաղաքացիների վրա։ Մի քանի ամիս անց Կարոլան հրաժեշտ տվեց, ասելով, որ ամուսնանում է իսպանացու հետ եւ մեկնում նրա հայրենիք։ Հետաքրքիր էր, որ հրեա աղջկա հետ ամուսնացողը իսպանացի ֆաշիստ էր...
Հովակիմյանը միացրել էր գրամոֆոնը. Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչում էր Լիստի «Հունգարական ռապսոդիան»։
Գրողը տանի, ոչ էլ երաժշտություն եմ կարողանում լսել, մտքերի մեջ խորասուզված, ինքն իրեն կշտամբեց Հովակիմյանը։ Վաղը կեսօրին կարեւոր հանդիպում ունի Ռոնդի, ապա՝ Դեւիսի հետ։
***
Գենադին պարբերաբար Կենտրոնին իրազեկում էր եվրոպայից գիտնականների մեծ ներհոսքի մասին։ Միացյալ Նահանգներ էին գալիս հատկապես ֆաշիզմից ահաբեկված բազմաթիվ ֆիզիկոսներ ու քիմիական սարքաշինության մասնագետներ։ Վերջին շրջանում, որքան էլ տրամաբանական չընկալվի, գալիս էին նաեւ Անգլիայից։ Այս շարժը նրան շատ հետաքրքրեց, մանավանդ երբ պարզեց, որ հիմնականում միջուկային ֆիզիկայի մասնագետներ են։ Գործակալի առաջին տեղեկություններն ստիպեցին, որ ռեզիդենտուրան բավականին լրջորեն զբաղվի այս հարցով։ Երկու ամիս առաջ Գենադին Կենտրոնին ծավալուն վերլուծական հաղորդագրություն ուղարկեց, որտեղ տեղեկացնում էր, որ ամերիկացի գիտնականները ուրանի միջուկի տարանջատումից ազատված էներգիայի օգտագործմամբ փորձում են ստեղծել մինչ օրս նմանը չունեցած ահռելի ուժի պայթուցիկ։
Այս հաղորդագրությունը Կենտրոնում լուրջ չընդունեցին, դրան նպաստեց նաեւ մի քանի հեղինակավոր գիտնականների կարծիքը, որոնք ծանոթանալով ռեզիդենտի ուղարկած փաստաթղթերին, եզրակացրել էին, որ առաջիկա 15-20 տարում նման զենք անհնար է պատրաստելը։
Եվ ահա՝ նոր փաստեր։ Դեւիսի գործակալը Հովակիմյանին այնպիսի համոզիչ փաստաթղթեր ներկայացրեց, որ կասկած չմնաց՝ Ամերիկան ատոմային ռումբ էր պատրաստում։ Այս փաստաթղթերին հասնելու համար մեկ ամսից ավելի ժամանակ պահանջվեց։ Լուրջ ուսումնասիրություններից հետո կազմվեց մի ծրագիր, որի շնորհիվ գործակալ-գիտնականները ներթափանցեցին ուրանով զբաղվող լաբորատորիա։ Այն համարվում էր գերգաղտնի եւ հսկվում էր մի քանի ուժային կառույցների կողմից։
Ատոմային ռումբի մասին հաղորդագրությունը ռումբի պայթյունի էր հավասար։ Առաջին անգամ էր հնչում վիթխարի հզորության այս զենքի մասին։
Մեկ շաբաթ անց ստացվեց Կենտրոնի առաջին արձագանքը. Լոնդոնից ուղարկված հետախուզական տվյալները հաստատել են Գենադիի սենսացիոն լուրը։
Ֆիտինը խնդրում էր հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով արագացնել այդ աշխատանքները։ Իր հերթին խոստանում էր երկու շաբաթվա ընթացքում համալրել Նյու Յորքի ռեզիդենտուրան։
Կենտրոնում գիտատեխնիկական հետախուզության մասին թյուր կարծիքը վերափոխվեց։ Ղեկավարությունը հրաժարվեց գիտատեխնիկական հետախուզություն ունենալու աննպատակահարմարության մասին նախկին դիրքորոշումից։ Հովակիմյանին հանձնարարվեց կարգի բերել բաժանմունքը։ Կիսով չափ «անդամալույծ» այս կառույցը, որ բացարձակ անուշադրության էր մատնված, վերջապես սկսեց համալրվել։
Հովակիմյանն այլեւս չէր հավատում, թե կարող է մեկնել հայրենիք։ Նոր խնդիրներ, նոր հոգսեր։ Օգնական ուժերն այս անգամ չուշացան, բայց գրեթե բոլորն անփորձ երիտասարդներ էին։ Նրանցից երկուսն ընդունվեցին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ասպիրանտուրան։ Ե՛վ նրանք, ե՛ւ մնացած նորեկները չէին կարող կատարել Հովակիմյանի հրահանգները։ Ռեզիդենտն ստիպված էր նրանց սովորեցնել հետախուզության այբուբենը։ Համալրումը նոր հոգս էր ռեզիդենտի համար։ Բայց նա իր գործն անտրտունջ էր կատարում։
Հաջորդ ծածկագիրը պակաս կարեւոր չէր։ Գենադին հարուստ տեղեկություններ էր հայթայթել առաջին ստատոսֆերային ինքնաթիռի, թթվածնային դիմակների, ռազմական նպատակներով գլիցերինի օգտագործման եւ արտադրության տեխնոլոգիաների մասին։ Խորհրդային գիտնականները բարձր գնահատականների են արժանացրել այս նորությունները։
Հաղթահարելով սերնդափոխության խնդիրը, ռեզիդենտը մի ծածկագիր ուղարկեց արտաքին հետախուզության պետ Պ. Ֆիտինին։
Խիստ գաղտնի
Ընկ. Վիկտորին*.
Հենց իրագործվեն իմ նախապատրաստած միջոցառումները, ինքնաթիռաշինության եւ նշանառության համար օպտիկաների մասին հայթայթվեն մանրակրկիտ տեղեկություններ, ես մտադիր եմ եւս մեկ անգամ շոշափել բաժանմունքից ինձ ետ գործուղելու հարցը։ Արդեն մոտ 8 տարի է՝ գտնվում եմ Տիրում**։ Պատրաստ եմ մի քիչ էլ մնալ, բայց միայն Ատտիկայից եկած երիտասարդ որսորդների աշխատանքը կազմակերպելու եւ նրանց XY-ի*** այս կամ այն ուղղությանը տիրապետելուն օգնելու նպատակով։
Գենադի
24.02.1941թ.
Այս անգամ նա գրեթե համոզված էր, որ Կենտրոնը համաձայնություն կտա։ Բանն այն է, որ Բերիայի փոխարեն անվտանգության մարմինները ղեկավարում էր Վ. Ն. Մերկուլովը։ Երեւի այս փոփոխությամբ էր պայմանավորված նաեւ գիտատեխնիկական հետախուզության նկատմամբ ուշադիր վերաբերմունքը։
Շուտով Գենադին Մոսկվայից ստացավ իր վերջին նամակի պատասխան ծածկագիրը, որով վերջապես իրեն թույլատրվեց ետ գործուղվել Մոսկվա։
Ձեռքի տակ եղած բոլոր ֆինանսական հաշվետվությունները, փաստաթղթերը, կիսատ գործերը նա պետք է հանձներ ռեզիդենտի պաշտոնակատար նշանակված Լուկային։ Իսկ Լուկան երկու օր է՝ չկար։
2777 օր՝
դանակի շեղբի վրայով
Այս ձայնասկավառակն անցյալ տարի իրեն նվիրեց դիրիժոր Ժակ Պետերսը. «Լուրջ երաժշտության խենթ սիրահարին՝ դոկտոր Հայկ Հովակիմյանին»։
Միացնելով գրամոֆոնը, արդեն որերորդ անգամ սկսեց լսել տենոր Նելսոն Էդդիի հիասքանչ կատարումը՝ «Ռոզ-Մարի» ֆիլմ-օպերայից։
Դիվանին թիկնած, ձեռքերը գլխի տակ ագուցած, փորձեց հիշել յոթուկես տարի առաջ Նյու Յորքի իր առաջին օրը։ Իսկ վերջինը կլինի երկու շաբաթ անց՝ մայիսի 7-ին։ Տոմսն արդեն գնել է։ «Էննի Ջոնսոն» շոգենավն իրեն հայրենիք կտանի ԱՄՆ-ում «դեսանտ իջնելուց» յոթուկես տարի անց։ Սովորույթի համաձայն սկսեց հաշվել այստեղ անցկացրած օրերն ու ժամերը։ 2777 օր, ուղիղ 64.648 ժամ։ Այսքան օր, այսքան ժամ դանակի շեղբի վրայով ոտաբոբիկ քայլողի նման ու լարախաղացի պես մշտապես պրկված ու հավասարակշռությունը պահպանելով, ռիսկի անդավաճան ուղեկցությամբ հասավ 1941 թվականի մայիսյան այս կեսգիշերին, եւ «Ռոզ-Մարիի» հնչյունների ներքո փորձեց ամփոփել ապրած 42 տարվա վերջին յոթուկեսը։ Շա՞տ բան է կարողացել անել, թե քիչ։ Իսկ ավելին հնարավո՞ր էր։ Կորուստնե՞րն էին շատ, թե ձեռքբերումները։ Այդ հետո էին՝ տարիներ անց, «գրասենյակային առնետները» հաշվելու, որ միայն 1939-1940թթ. ԱՄՆ-ից Մոսկվա է ուղարկվել 31000 էջանոց 450 տեղեկատվական կարեւորագույն փաստաթուղթ, 1055 գծագրերի կոմպլեկտ, նոր տեխնիկայի 163 օրինակ (դրանցից միայն մեկը նշենք՝ B-29 ամերիկյան ռմբակոծիչը Ժժ-4 ինքնաթիռի նախատիպն է)*։ Այս տարիների ընթացքում նրա շնորհիվ ստեղծվեցին մի շարք գաղտնի փորձարարական գործարաններ, նույնիսկ կոնստրուկտորական բյուրոներ**։
Արդյո՞ք ամեն ինչ կարելի է չափել թվերով։ Այդ 31000 գերգաղտնի էջերը հայթայթելիս նույնքան ռիսկի պահեր է ապրել։ Իսկ այդ ամենը ձեռք բերելու նախապատրաստություննե՞րը։ Իսկ եթե Բերիան «էքսպերիմենտ» չանե՞ր։ Իսկ եթե ութ ամիս տախտակամածից, առանց փրկօղակի ծով նետված աղետյալների նման իրեն ու իր խմբին անօգնական չթողնե՞ր։ Եվ դեռ զարմանար, որ չեն խեղդվել։ Ձեռքը թափ տվեց, մոտեցավ գրամոֆոնին։ Ուզում էր Չայկովսկու 4-րդ սիմֆոնիան լսել՝ ձայնասկավառակը չկար։ Հիշեց՝ հատուկ կոմոդի*** մեջ, որ նախատեսված էր զուտ ձայնասկավառակների համար, տեղավորել էր ողջ հավաքածուն (որոշել էր ծանր այդ կոմոդն իր հետ Մոսկվա տանել)։ Փոխարենը միացրեց Չայկովսկու «Եվգենի Օնեգինը»՝ Բեռլինի սիմֆոնիկի կատարմամբ։
Այս տարիների ընթացքում կորուստնե՞րն էին շատ, թե ձեռքբերումները։
Ինչո՞ւ գնդակահարվեցին Գուտցայտը, Արտուզովը, Բազարովը, Ռումյանցեւը... Վաղն ի՞նչ է սպասում իրեն, «Էննի Ջոնսոն» շոգենավը դրա՞խտ, թե դժոխք է ուղեկցելու... տեսնես հիմա՞ ուր են գործուղելու, գուցե Գերմա՞նիա, ագրեսիվ Հիտլերն արդեն գրեթե ամբողջ Եվրոպան ստրկացրել է, չի բացառվում, որ շուտով հարձակվի նաեւ մեր երկրի վրա։ Լուբյանկայում կասեն՝ Հայկ Բադալովիչ, Դուք փայլուն գերմաներեն գիտեք, երեք տարի այնտեղ հետախույզ եք եղել, գնացեք, վերականգնեք Ձեր նախկին կապերը, Ձեր հավաքագրած գործակալները մինչեւ հիմա համագործակցում են մեր ռեզիդենտուրայի հետ։
Իսկ գուցե Իտա՞լիա ուղարկեն, այնտեղ էլ են ֆաշիստներն իշխում։ Կասեն գերազանց իտալերեն գիտեք, նրանց գիտական աշխարհը մութ անտառ է մեզ համար, մի դոկտորական էլ իտալերեն պաշտպանեք։
Իրեն որ մնար, կուզենար փախչել այս ամենից, գոնե մի երկու ամիս Հայաստանում հանգստանար, ծնողներին, եղբայրներին տեսակցեր, հայրենի օջախի ջերմությունն առներ։ Հետո՝ խնդրեմ։... Իսկ Նյու Յորքում իրեն հրաժեշտի երկու շաբաթ է մնացել։ Գուցե հանդիպի՞ որոշ գիտնականների, եղբայրաբար հրաժե՞շտ տա, որոնց հետ երբեք չի խոսել հավաքագրելու նպատակով, պարզապես, որպես գործընկերներ է շփվել։
Զարմանալի է, ինչո՞ւ է իր տեղակալ Լուկան, որ ռեզիդենտի պաշտոնակատար է արդեն, այսքան ժամանակ խրվել-մնացել Վաշինգտոնում։ Գար, ժամանակին գործերի ակտի տակ ստորագրեր ու անցներ աշխատանքի։
Արդեն երրորդ անգամ գործակալ Օկտանն ուզում է արտահերթ կապի մեջ մտնել։ Երկու անգամ մերժել է, երեկ երրորդ անգամ խնդրեց։ Իսկ ինքը ճամպրուկային տրամադրության մեջ, հազար ու մի փաստաթղթեր ստորագրելով է զբաղված եւ հետո՝ արդեն վտանգավոր է, ինքը խաղից դուրս է եկել։ Առանց այդ էլ օրերս ստիպված էր Լուկայի փոխարեն (որն, ասես, գետնի տակ է անցել) հանդիպել Դեւիսի հետ։ Ճիշտ է, արժեքավոր տեղեկություններ էր հայթայթել՝ հրանոթի փողի պարույրի համար նախատեսված հաստոցի գծագրեր, սինթետիկ բենզինի արտադրության նոր տեխնոլոգիաներ, էսկադրոնային նորագույն ականակիրների գծագրեր։ Համենայնդեպս, պետք չէ ռիսկի դիմել։
Կենտրոնը հիացական արտահայտություններով շնորհակալություն էր հայտնել այդ տեղեկությունների համար եւ բարի գալուստ մաղթել՝ դեպի հայրենիք։
Իսկ հիմա էլ՝ Օկտանը։ Լուկան չկա ու չկա։ Ստիպված է վաղը երեկոյան հանդիպել։ Ի՞նչ է ուզում ծերուկը, ի՞նչ նորություն ունի փոխանցելու, ինչո՞ւ է ուզում հատկապես իրեն տեսնել։ Իսկ գուցե թակա՞րդ է, հիշեց փորձված աղվեսի մասին ասացվածքը։ Չէ՛, չէ՛, ծերուկը հրաշալի անձնավորություն է, անձամբ ինքն է ցանկացել օգտակար լինել Խորհրդային Միությանը։ Ամեն դեպքում ռիսկի գործոնը մեծ է...
Հովակիմյանը նայեց պատի ժամացույցին՝ 4 անց 10 էր։ Հարկավոր էր մի քիչ քնել։ Վաղը ծանր օր է լինելու, կեսօրին մանր-մունր գործեր ունի հյուպատոսարանում եւ Ամտորգում, մի շարք հանդիպումներ՝ ռեզիդենտուրայի աշխատակիցների հետ։ Եվ վերջապես, պետք է ստիպված տեսակցի Օկտանին։ Մինչեւ վերջ լսեց Ռիմսկի-Կորսակովի հայտնի արիան Ֆյոդոր Շալյապինի կատարմամբ եւ անջատեց գրամոֆոնը։
***
«Քելլոգ քոմփընի» ֆիրմայում Հովակիմյանի գործակալ Օկտանը դեռեւս ամիսուկես առաջ ցուցում էր ստացել՝ այսուհետ երբեք սեփական նախաձեռնությամբ կապի մեջ չմտնել։ Նա ռազմական մի փակ գործարանի լաբորատորիայի ղեկավար իր ընկերոջը հավաքագրելու համար ռեզիդենտից իրավունք խնդրեց, բայց կտրուկ մերժում ստացավ։
«Ակտիվություն մի ցուցաբերեք, առայժմ դադար տվեք։ Անհրաժեշտության դեպքում ինքներս կկապվենք Ձեզ հետ։ Օկտան, խնդրում եմ եւ կտրուկ պահանջում՝ Ձեր ընկերոջը հավաքագրելու փորձ անգամ չանեք։ Որոշ ժամանակ անց կհաղորդեք նրա տվյալները, մենք մանրակրկիտ կճշտենք ով լինելը եւ նոր միայն դրական կամ բացասական պատասխան կտանք։ Զգուշացնում եմ՝ ոչ մի ինքնագործունեություն։ Վերջին ամիսներին մեր եւ ձեր երկրների հարաբերություններն ինչ-որ տեղ սառել են, եւ Հետաքննությունների դաշնային բյուրոն իր հակահետախուզական ծառայությանը հանձնարարականներ է տվել ԽՍՀՄ քաղաքացիների նկատմամբ հսկողությունը խստացնելու մասին։ Մի քիչ հանգստացեք, անհրաժեշտության դեպքում ինքներս կդիմենք Ձեզ»,- այսպես էր խոսել Հովակիմյանը՝ Օկտանի հետ վերջին հանդիպման ժամանակ։
Սակայն, դեպքերի բերումով, վերջին շրջանում Օկտանը հաճախ էր հանդիպում գործընկերոջը, որն անտարբեր չէր կոմունիստական գաղափարախոսության նկատմամբ։ Դա ոգեւորում էր Օկտանին եւ մղում ավելի մտերմիկ խոսակցության։ Մի օր, ընկերոջ ամառանոցում, այնուամենայնիվ, նա բացեց խաղաքարտերը՝ առաջարկելով համագործակցել ԽՍՀՄ արտաքին հետախուզության հետ։ Ուր որ է՝ Գերմանիան կհարձակվի ԽՍՀՄ-ի վրա, որի սպառազինության մակարդակը թույլ չի տա դիմակայել մինչեւ ատամները զինված ֆաշիստական բանակին։ Այսպես էր այդ քայլը բացատրում Օկտանը, հարկավոր է հանձին ԽՍՀՄ-ի՝ Գերմանիային հակակշիռ ստեղծել։ Լաբորատորիայի ղեկավարն անակնկալի էր եկել, բայց խոստացել էր մտածել այդ մասին։
Եվ մտածեց։ Նույն օրն եւեթ հանդիպել էր գործարանի ղեկավարությանն ու Օկտանի առաջարկության մասին հայտնել նրանց։ Վերջիններս կապվել էին Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցների հետ։
Օկտանը Հովակիմյանի զգուշացումից հետո, այնուամենայնիվ, կապվեց նրա հետ ու տեսակցություն խնդրեց։ Հովակիմյանը մերժեց։
Բայց ոչ ռեզիդենտը, ոչ Օկտանը չգիտեին, որ հեռախոսազրույցն արդեն ձայնագրվում է։ Ապրիլի կեսերին Օկտանին ձերբակալեցին։ Մի քանի օրվա ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումներից հետո նա հակահետախուզությանն անձնատուր եղավ։ Մատնեց Հայկ Հովակիմյանին։ Ռեզիդենտի հետ կապի խնդրանքով նրա վերջին երկու խոսակցությունները պարզապես հակահետախուզության թելադրանքն էին։ Նրանք ուզում էին Հովակիմյանին բռնել «հանցանքի պահին»՝ գործակալի հետ հանդիպման ժամանակ։ Ահա, թե ինչով էին պայմանավորված «Օկտանի» տեսակցության համառ խնդրանքները։
Ապրիլի 26-ի երեկոյան ժամը 19-ին, Կինգստոն ավենյուի գարեջրատան դիմացի սրճարանի մոտ Հովակիմյանը ժամադրվել էր նրա հետ։ ԱՄՆ-ի հակահետախուզության աշխատակիցները նրան տեղում ձերբակալելու մանրակրկիտ ծրագիր էին մշակել։
***
Մինչեւ աշխատանքային օրավերջը Հովակիմյանն զբաղված էր հյուպատոսարանում։ Վեցն անց երեսուն րոպեին դուրս եկավ շենքից ու տաքսի վարձելով, վարորդին խնդրեց իրեն Կինգստոն ավենյու հասցնել։ Ժամադրավայրից մեկ կանգառաչափ հեռավորության վրա դուրս եկավ ավտոմեքենայից եւ մնացած ճանապարհը կտրեց ոտքով։
Դիմացից արագ քայլերով ընդառաջ էր գալիս Օկտանը։ Նրանց հանդիպումները նախկինում առանձնակի լարվածություն չէին պահանջում, գիտությունների երկու դոկտորներ, երկուսն էլ օրգանական քիմիայի մասնագետներ, միշտ էլ առիթ կունենային հանդիպելու, զրուցելու։
Հենց առաջին իսկ պահին Գենադին հասկացավ, որ ինչ-որ բան այն չէ։ Օկտանի ձեռքերը դողում էին, դեմքը գաջի գույն էր ստացել։
- Ի՞նչ է պատահել, դոկտոր, Դուք հիվա՞նդ եք,- հարցրեց հետախույզը։ Օկտանը գլուխը բացասաբար տարուբերեց։ Ուզեց պատասխանել՝ շուրթերը դողացին։
- Ձեզ հետեւո՞ւմ են,- անհանգստացավ Գենադին, խայթող հայացքով նայելով գործակալին։ Օկտանը չդիմացավ։
- Չգիտեմ, երբեւէ կներե՞ք ինձ, ես Ձեզ մատնել եմ, փորձեցի հավաքագրել ընկերոջս, բայց նա ինձ հանձնեց հակահետախուզությանը, երկու շաբաթ է հարցաքննում են։ Ես հիմա նրանց պահանջն եմ կատարում, հինգ-տասը րոպեից Ձեզ ձերբակալելու են...
- Հետագայում կաշխատեք դրանց համոզել, որ զուտ գիտական նպատակներով եք լուր հաղորդել. որպես կոլեգաներ՝ կարծիքներ փոխանակելու համար։
Ռեզիդենտը բարձրաձայն քրքջաց ու մտնելով զրուցակցի թեւը, կտրեց անցավ փողոցն ու նրա հետ մտավ գարեջրատուն։ Օկտանին թվաց, թե Գենադին չհասկացավ իրեն, բայց դռների արանքում լսեց նրա շշնջոցը՝ հիմա կանեք այն, ինչ կասեմ։ Ներս մտնելով, կարգադրեց նստել պատուհանի մոտի սեղանին՝ դեմքով դեպի փողոց, իսկ ինքը մոտեցավ բարմենին, երկու շիշ գարեջուր պատվիրեց ու դիմեց կողքին կանգնած տղամարդուն, որը գարեջուրը շշով էր խմում։
- Պարոն, իմ ծերուկ աներն ինձ հոգնեցրեց իր խրատներով, խնդրում եմ այս երկու շիշը վերցրեք եւ նստեք նրա դիմաց։ Գարեջուրն իմ կողմից, ուզենաք՝ էլի կպատվիրեք,- շուտասելուկի պես ասաց Հովակիմյանն ու քսան դոլար մեկնեց նրան։
- Գլխարկս նոր եմ գնել, ծերուկը կարճատես է, կկարծի թե ես եմ,- այս ասելով նա հանեց գլխարկն ու դրեց հարբեցողի գլխին,- իսկ ես մի սիրունիկի հետ ժամադրություն ունեմ։
- Սիրով,- ասաց Գենադիի առատաձեռնությունից շշմած տղամարդն ու կատարեց խնդրանքը։
Հովակիմյանն անմիջապես մտավ գարեջրատան խոհանոց ու անհետացավ տեսադաշտից։ Ետեւի դռնից դուրս գալով, շենքի անկյունից նկատեց երեք տղամարդու, որոնք գարեջրատան դիմաց կանգնած, թաքուն հետեւում էին ներսում նստած Օկտանին եւ գլխարկը մինչեւ ականջները խոթած տղամարդուն։
Թո՛ւ, գրողը տանի, կարելի՞ էր այսքան բութ լինել, ինչպե՞ս թակարդն ընկա, ընդամենը տասն օր էր մնացել չվելուց։ Ինքն իրեն պախարակելով, Հովակիմյանը նստեց տաքսի եւ խնդրեց հասցնել ԽՍՀՄ հյուպատոսարան։
Լուկան վերջապես վերադարձել էր։ Միասին տեքստ պատրաստեցին եւ պատահածի մասին հեռագրեցին Կենտրոն։
- Լուկա, ինձ ամենայն հավանականությամբ կձերբակալեն։ Եթե փաստեր ունենան՝ այսօր եւեթ։ Եթե հիմնավոր մեղադրանքներ չունենան, կսկսեն հայթայթել։ Իսկ դրա համար նրանց ժամանակ է պետք։ Իմ չքվելու համար՝ նույնպես։ Չնայած չեմ կարծում, թե ինձ կհաջողվի։
***... Հովակիմյանը մասամբ ճիշտ էր։ Հակահետախուզությունը նրան մերկացնելու լուրջ մեղադրանքներ չուներ։ Հետաքննությունների դաշնային բյուրոն մի քանի օրվա ընթացքում օգտագործեց իր ողջ զինանոցը։ Նրանք գրեթե չէին կասկածում, որ դոկտոր Հայկ Հովակիմյանը Ամերիկայում Խորհրդային հետախուզության ազդեցիկ ու առանցքային դեմքերից է։ Բայց ենթադրություններն ու կասկածները մի բան են, ստույգ փաստերը՝ մեկ այլ։ Նրանց ժամանակ էր պետք կասկածները հիմնավորելու համար։
Արտաքուստ Հովակիմյանը շատ հանգիստ էր երեւում։ Նույնիսկ ռեստորան ու օպերա էր հաճախում։ Գիտեր, որ հետեւում են։ Անհոգ էր ձեւանում։ Գրեթե ամբողջ օրն անց էր կացնում ԽՍՀՄ քիմիական արդյունաբերության ժողկոմատի ներկայացուցչության շենքի ինժեների իր աշխատասենյակում։ Հույս ուներ, որ մինչեւ մայիսի 7-ը չի ձերբակալվի։ Իսկ դրանից հետո՝ ցտեսություն, Ամերիկա։ Իհարկե, ինքը միամիտ չէր, գիտեր, որ ցանկացած պահի կարող են ձերբակալել, մանավանդ եթե իմանան, որ երեք օրից մեկնում է հեռավոր նավարկության։
***
Ուշ երեկոյան Նյու Յորքի Հետաքննությունների դաշնային բյուրոյի շենքի չորրորդ հարկում վառվում էին հակահետախուզության պետի աշխատասենյակի լույսերը։ Երեք հոգի, բազկաթոռներին նստած, հայացքով հետեւում էին իրենց շեֆին, որը մտահոգ քայլում էր սենյակում եւ արդեն մի քանի րոպե տեւող լռությունն ասես խախտելու մտադրություն էլ չուներ։ Ի՞նչ որոշում կայացնել, հենց նոր Սան Ֆրանցիսկոյի հակահետախուզության աշխատակիցները հեռագիր են ուղարկել, ըստ որի երկուսուկես օր անց իրենց հետաքրքրությունների դաշտում հայտնված խորհրդային գիտնական, դոկտոր Հայկ Հովակիմյանը «Էննի Ջոնսոն» շոգենավով պետք է մեկնի Մոսկվա։
Հանկարծ շեֆը խախտեց ծանր լռությունը, հանդիմանանքով դիմելով ներկաներին.
- Լավ, ամբողջ ստորաբաժանմունքով երկու շաբաթում չկարողացա՞նք գոնե մի առիթ գտնել այդ մարդուն ձերբակալելու համար։ Տասնչորս օրը քի՞չ էր ութ տարի ողջ երկրի ամենագաղտնի անկյունները սողոսկող այս լրտեսին մերկացնելու համար։ Այդքան անզո՞ր ենք։ Ամենայն հավանականությամբ այդ դոկտոր Հովակիմյանը ղեկավարում է ռուսական ողջ լրտեսական ցանցը։ Երկու օրից նա կչքվի մեր տեսադաշտից։ Եթե հիմա բռնենք, ամբողջ աշխարհի առջեւ խայտառակ կլինենք։ Կասեն սուպերլրտես են բռնել, բայց ոչ մի հանցանշան չունեն։ Ծանոթ գիտնականից տեղեկությունների հայթայթումը կարող են պատճառաբանել զուտ մասնագիտական հետաքրքրությամբ։
Հեռախոսը զնգաց։ Նա վերցրեց ընկալուչը եւ երկու բառ փոխանակելուց հետո զգաստ ձգվեց։
- Լսում եմ, պարոն գեներալ։ Այո, պարոն գեներալ։ Հենց այդպես էլ կանենք... Դեռ ոչ, պարոն գեներալ, ճիշտ է, մեղավոր ենք... Հրամանը կկատարվի, պարոն գեներալ։
Բոլորը ոտքի ելան։
Ձերբակալություն
Հայկն առավոտյան վաղ արթնացավ։ Սովորույթի համաձայն այս ժամերին տաք լոգանք էր ընդունում։ Ընդամենը երկու օր է մնացել, վաղը կմեկնի Սան Ֆրանցիսկո։ Լողանալուց հետո անշտապ հագնվեց եւ դուրս եկավ փողոց։ Անշուշտ, այդ պահին չէր կարող մտածել, որ այդ օրն իր համար պատմական է լինելու եւ անգամ առավոտյան տնից դուրս գալու մասին հաջորդ օրը պետք է Նյու Յորքում ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսին ուղղված նամակում մանրամասն նշեր։
Երեկ, 1941 թվականի մայիսի 5-ին, առավոտյան ժամը 11-ն անց 45 րոպեին ես դուրս եկա Նյու Յորքի Բրուկլին ավենյուի թիվ 97 տան իմ բնակարանից, եւ ուղղվեցի Ամտորգ՝ հայրենիք վերադառնալու հետ կապված որոշ փաստաթղթեր լրացնելու։ Բրուկլին ավենյուի եւ Դին սթրիթի հատման անկյունում ես նկատեցի ավտոմեքենայի մեջ նստած երկու հոգու տարօրինակ վարքագիծը։ Ակնհայտ էր, որ նրանք ինչ-որ մեկին հետեւում էին...։
Մինչեւ Քինգստոն ավենյու ոտքով քայլելուց հետո տաքսի վերցրեց եւ ուղղվեց դեպի քաղաք։ Շուտով նկատեց, որ իրեն կրնկակոխ հետեւում է փողոցում տեսած 67-1315 համարանիշով նույն մեքենան։ «Հեռանալուս հոտն առել են», մտածեց Հովակիմյանը։ Անցնելով Մանհեթենի կամուրջը, դեռեւս Կանալ սթրիթ չմտած, ետեւից եկող մեքենան հավասարվեց իրենց։ Տաքսու վարորդին կարգադրեցին կանգնել, ինչին վարորդն անմիջապես ենթարկվեց։ Նույն ակնթարթին երկու ուրիշ ավտոմեքենաներ ետեւից եւ առջեւից շրջապատեցին տաքսին։ «Դե, արժանավայել դիմավորիր քո բաժին ճակատագիրը, ռեզիդենտ»,- ինքն իրեն ասաց Հովակիմյանը։
Ընթացքից չորս թիկնեղ տղամարդ դուրս նետվեցին եւ գրեթե վազքով անցան տաքսու աջ կողմն ու բացեցին Հովակիմյանի դուռը.
- Դուք պարոն Հովակիմյա՞նն եք։
- Բացատրեցեք, թե ինչո՞ւ կանգնեցրիք ավտոմեքենան,- հարցին հարցով պատասխանեց Հովակիմյանը՝ ցուցադրելով վրդովմունքը։
- Դաշնային դատախազը Ձեզ հրավիրում է իր մոտ՝ Ձեզ հետ կապված ինչ-որ հարցով,- չոր տոնով պատասխանելով Հովակիմյանին, խոսողը ցույց տվեց Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակցի մետաղյա կրծքանշանը։
- Դուք համաձա՞յն եք կամավոր գալ մեզ հետ։
Հանգիստ լսելով ՀԴԲ գործակալին, Հովակիմյանն ասաց.
- Ձեզ հետ որեւէ տեղ գնալուց առաջ, ես պետք է ներկայանամ իմ հիմնարկություն եւ ձեր երկրի ընդունված կարգի համաձայն ինձ հետ փաստաբան վերցնեմ, ինչպես նաեւ,- դանդաղ, բառերը հատ-հատ կրկնելով շարունակեց Հովակիմյանը,- այս ամենի մասին տեղյակ պահեմ ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսին։ Եվ միայն այսքանից հետո, եթե իրականում դատախազն ինձ հետ գործ ունենա, ապա ես ինքնակամ կներկայանամ դատախազություն։ Իսկ այժմ՝ ազատեցեք ճանապարհը, ես շտապում եմ։
Հովակիմյանի չափազանց հանգիստ, բայցեւ արհամարհական տոնից կատաղած գործակալը միանգամից փոխեց տոնը եւ բավականին կոշտ հայտարարեց.
- Դուք պետք է մեզ հետեւեք հենց հիմա եւ քանի որ կամավոր չցանկացաք, այս պահից ձերբակալված եք, մենք Ձեզ ուժով կտանենք դատախազի մոտ։
Նրա կողքին կանգնածը, ցույց տալով իր կոստյումի գրպանը, հայտարարեց, որ իրենք ձերբակալման օրդեր ունեն, սակայն նեղություն չքաշեց այն ներկայացնել, այլ դիմելով մնացածին՝ միանգամից գոռաց.
- Հենց հիմա վերցրեք սրան, դու դեռ կտեսնես...
Բոլորը միասին նետվեցին առջեւի աջ դռան կողմը, սակայն դուռն արդեն փակված էր ներսից։
- Ես դուրս չեմ գա, դուք անօրինական գործողությունների եք դիմում, պահանջում եմ անմիջապես տեղեկացնել հյուպատոսին,- գրեթե գոռաց Հովակիմյանը։
Տաքսու երեք դռներով չորս հոգի ներս խցկվեցին, ուժ գործադրելով ձեռնաշղթաներ հագցրին նրան ու նստեցրին իրենց ավտոմեքենայի մեջ։
Մինչեւ Նյու Յորքի նահանգային արդարադատության շենք հասնելը, Հովակիմյանը ժողովում էր մտքերը, հավանական հարցերին պատասխաններ փնտրում։ Ինչո՞ւ ձերբակալեցին հենց այսօր, հենց այսպես՝ առանց ավելորդ ձեւականությունների։ Հակահետախուզությունը երեւի ցայտնոտի մեջ է։ Ամենայն հավանականությամբ դեռեւս իր դեմ անհրաժեշտ փաստեր չհավաքած հակահետախուզությունը տեղեկացել է ամսի 7-ի իր մեկնման մասին ու պարտադրված քայլերի դիմել։
Չնայած ձեռնաշղթաներ էին հագցրել, ողջ ճանապարհին երկու կողմից ամուր բռնել էին թեւերից։ «Տես ոսկորներդ ինչպես ենք մեկ-մեկ հաշվելու, ծեծուջարդից հետո հայելու մեջ քեզ չես ճանաչելու», անընդհատ կրկնում էր առջեւի նստած հաստավիզը։ «Ուզում եք ինձ հավասարակշռությունից հանե՞լ, դեղնակտուցներ, դե տեսնենք», մտքում պատասխանեց Հովակիմյանը, իսկ հաստավզի խոսքերին ի պատասխան՝ արհամարհական ժպտաց։ «Դուք դեռ ծնկաչոք ներողություն կխնդրեք այս ամենի համար», հանգիստ ասաց նա՝ նույն արհամարհական ժպիտով։
Հասնելով դատարանի բարձրահարկ շենքին, երեք ավտոմեքենաներն արգելակեցին աստիճանների մոտ։ Գործակալները շտապ իջեցրին Հովակիմյանին։ Վերելակով չորս հոգի նրան բարձրացրին 29-րդ հարկ։
Այնտեղ ինձ դիմավորեցին Հետաքննությունների դաշնային բյուրոյի տասից ավելի գործակալներ, որոնք իրար ընդմիջելով ռեպլիկներ էին շռայլում իմ հասցեին՝ «Վերջապես թակա՞րդն ընկար, մենք հիմա քեզ ցույց կտանք», ասում էին նրանք։ Սակայն նրանց չհաջողվեց ինձ հավասարակշռությունից հանել։ Դատարան մտնելով ես համառորեն պահանջում էի թույլատրել զանգահարելու հյուպատոսարան։ Չնայած իմ օրինական ու հանգիստ պահանջներին, ինձ կտրուկ մերժեցին եւ շարունակեցին ծաղրելու միջոցով հունից հանելու փորձերը, որը նրանց չհաջողվեց։
Այսպես էր գրելու Հովակիմյանը հաջորդ օրը։
Շուտով տասնյակ գործակալների խմբից տարբերվեց կոչումով ավագը՝ ոմն Սայմոն։ Նա գործունյա տոնով փորձեց ինչ-որ հարց տալ։ Հովակիմյանն ընդհատեց նրան.
- Որեւէ հարցի չեմ պատասխանի՝ մինչեւ հյուպատոսին չզանգահարեմ։ Ավելորդ ջանքեր չթափեք,- արհամարհական տոնը չփոխելով, ասաց Հովակիմյանը։
- Ձերոնք բոլո՞րն են այդպես համառ,- ատամների արանքից նետեց Սայմոնը,- խորհուրդ կտամ լսող ու բարյացակամ լինել։ Եթե Դուք կատարեք մեր պահանջները եւ Ձեզ կարգին պահեք, նույն բարյացակամ վերաբերմունքին կարժանանաք...
- Ձեր խորհուրդները Ձեր հաստավիզ ու բռի գործակալների համար պահեք։
Տեսնելով, որ կոպտությամբ ոչնչի չեն հասնում, նրանք կտրուկ փոխեցին մոտեցման ձեւը։ Ուտելիք ու ծխախոտ առաջարկեցին։
- Շնորհակալություն, առավոտյան ես կուշտ նախաճաշել եմ, իսկ սիգարետ՝ ինքս էլ ունեմ։
Համոզվելով, որ նրան հարցաքննելը իրենց խելքի բանը չէ, Հովակիմյանին տարան դաշնային դատարանի մեկ ուրիշ շենք՝ 607 սենյակ։ Շուտով ներս մտան սղագրուհին, դատախազի տեղակալը եւ վերջապես Նյու Յորքի նահանգի Հարավային դատական մարզի դաշնային դատախազ Մ. Կորրիան։ Առանց ձեւականությունների Կորրիան սկսեց հարցեր տալ.
- Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալներից ստացած տվյալներով Դուք հրաժարվել եք կամավոր ներկայանալ, որի պատճառով էլ ձերբակալվել եք եւ ուժով բերման ենթարկվել։
Հարգալի, բայցեւ վստահ ձայնով, Հովակիմյանը վճռական բողոք հայտնեց իր դեմ ֆիզիկական ուժ գործադրելու համար, ցույց տալով ձեռքերի վերքերը եւ թույլտվություն պահանջեց հյուպատոսություն զանգահարելու համար։
- Դուք ձերբակալված եք, այդ իմ իրավունքն է Ձեզ թույլատրել-չթույլատրելը,- խիստ տոնով պատասխանեց դատավորը։
Նա հիշեցրեց, որ ինքն առաջնորդվում է ամերիկյան օրենքներով, որոնք տարածվում են թե՛ ամերիկացիների, եւ թե ձերբակալված օտարերկրացիների վրա։
- Ես ոչ մի հիմք չունեմ Ձեզ արտոնություններ տալու,- ասաց դատավորը։
- Իսկ ես պահանջում եմ տարրական մարդկային վերաբերմունք,- հանգիստ, բայց համառ շարունակեց ձերբակալվածը,- ես հատուկ բողոքում եմ առանց փաստաթղթեր ներկայացնելու ինձ ձերբակալելու համար։ Ձերոնք ներկայացան միայն բանավոր խոսքով։
- Պարոն Հովակիմյան, այժմ...,- դատավորի խոսքը կիսատ մնաց։
- Այժմ ես կզանգահարեմ ԽՍՀՄ գլխավոր հյուպատոս ընկեր Ֆեդյուշինին, այլապես ոչ մի հարցի չեմ պատասխանի։ Ամերիկյան օրենքներում գրվա՞ծ է, որ առանց փաստաբանի, ֆիզիկական ուժ գործադրելով արտասահմանցուն հարցաքննեն, հետեւեցեք ձեր օրենքի տառին,- ընդհատեց Հովակիմյանը։
Դատավոր Կորրիան մի քանի անգամ դուրս եկավ սենյակից եւ խորհրդակցեց հարեւան սենյակում նստած ինչ-որ մեկի հետ։ Ժամը 13 անց 15 րոպեին վերջապես Հովակիմյանին թույլատրեցին զանգահարել հյուպատոսին։ Նա հակիրճ ներկայացրեց կատարվածը եւ հյուպատոսին խնդրեց անհապաղ գալ դատարանի շենք, իր հետ բերելով մի փաստաբանի։
- Իսկ այժմ ինձ հանգիստ թողեք, պարոն, խնայեք Ձեր նյարդերը իմ հարցաքննության համար, կխոսենք փաստաբանի ներկայությամբ,- արդեն գրեթե հրամայական տոնով ասաց Հովակիմյանը։
Անցավ ուղիղ երկու ժամ, հյուպատոսը չկար։ «Ի՞նչ են խառնվել իրար, ինչո՞ւ են ուշանում, Կենտրոնից ցուցումի՞ են սպասում այսքան ժամանակ», անհանգստանում էր Հովակիմյանը։
Դատավորն ու գործակալները նյարդայնանում էին։ Կորրիան ասաց, որ ինքն ընդառաջելով Հովակիմյանին, թույլատրեց զանգահարել, սակայն նույն հարգալից վերաբերմունքի չի արժանանում ձերբակալվածի կողմից։ Ինչո՞ւ պետք է իրենք ժամերով սպասեն, երբ համոզված են, որ Հովակիմյանը հատուկ կարգավիճակ եւ դիվանագիտական անձեռնմխելիություն չունի։
- Սպասելը ժամանակի անտեղի կորուստ է, իմ պրակտիկայում սա չլսված բան է։
- Իմ պրակտիկայում նույնպես չլսված ու չտեսնված բան է օրինախախտմամբ ու ֆիզիկական ուժի գործադրմամբ ձերբակալվելը,- դատավորին ի պատասխան ասաց Հովակիմյանը,- կրկնում եմ որերորդ անգամ, ես կպատասխանեմ բոլոր հարցերին՝ հյուպատոսի եւ փաստաբանի գալուն պես։ Հակառակ դեպքում Ձեր բոլոր հարցերն անպատասխան կմնան։
Սպասման ժամերի ընթացքում դատավորն ու մնացյալը հերթով գնում էին ճաշելու։ Հերթապահ գործակալները փորձում էին Հովակիմյանին համոզել, որ մի բան ուտի։ Նաեւ սիգարետ առաջարկեցին։ «Թունավորված չեն, կարող եք օգտվել», ասում էին նրանք։
Ի պատասխան, Հովակիմյանը գրպանից հանեց խորհրդային ծխախոտատուփն ու սկսեց ծխել՝ շնորհակալություն, ես մեր սիգարետից կծխեմ։
Տեսնելով, որ հյուպատոսն ուշանում է, նրանք սկսեցին հարցերի տարափ տեղալ, որոշ դեպքում տարօրինակ թվացին դրանք։
- Ձեզ դո՞ւր է գալիս Ամերիկան։
- Շա՞տ եք շրջել երկրում...
- Ինչպե՞ս են վերաբերվում բոլշեւիկները ձերբակալվածների նկատմամբ։
- Մենք շատ կուզենայինք լինել Ձեր երկրում եւ արժանանալ այն բարեհամբույր վերաբերմունքին, որպիսին մենք ենք հիմա արժանացնում Ձեզ։
- Մեր աշխատակիցներից որեւէ մեկը ծանոթ չէ՞ Ձեզ։
Վերջապես ժամը 3 անց 10-ին դատավոր Կորրիայի աշխատասենյակ մտան ԽՍՀՄ գլխավոր հյուպատոս Ֆեդյուշինը, փոխհյուպատոս Զայկինը եւ հյուպատոսության քարտուղար Սմիռնովը։
Հովակիմյանն ուղղակի վրդովված էր հյուպատոսի դանդաղկոտությունից, նրանց տեսնելով, ավելի խոժոռվեց. ընդամենը մի բան էր խնդրել՝ անպայման գալ փաստաբանի հետ։ Իսկ գլխավոր հյուպատոսը կամ կարեւորություն չէր տվել, կամ չէր հասցրել հարմար փաստաբան գտնել։
Հովակիմյանը հասկանում էր, որ իր ձերբակալման լուրը ռումբի պայթյունի նման է հնչել Մոսկվայում, որ այնտեղ երեւի կարծում են, թե Ամերիկայում մեր հետախուզական ողջ ցանցը ոչնչացման վտանգի տակ է եւ խորհրդա-ամերիկյան հարաբերությունները կարող են սրվել։ Եվ վերջապես՝ մեր ներկայացուցիչների ուշանալը պայմանավորված է Կենտրոնում որեւէ որոշում կայացնելու հապաղումով։
Ինչեւէ։ Հյուպատոսության ղեկավարների ներկայությամբ Հովակիմյանը եւս մեկ անգամ դատախազին բողոք ներկայացրեց իրեն անօրինական ձերբակալելու եւ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցների կոպիտ ու ծաղրական վերաբերմունքի համար։
Կրկնեց նաեւ, որ ինքը չի հրաժարվել դատախազի մոտ գնալուց, այլ միանգամայն օրինական իր տարրական իրավունքն է պաշտպանել՝ պահանջելով այս ամենի մասին տեղյակ պահել ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսին։ Նա դատախազին ներկայացրեց Պետդեպարտամենտի կողմից իրեն տրված գրանցման քարտը, որը տրվում է բոլոր այն խորհրդային քաղաքացիներին, ովքեր աշխատում են Միացյալ Նահանգներում։
Կորրիան դժգոհեց, ասելով, որ այդ փաստաթուղթը կարելի էր ավելի շուտ ներկայացնել, որպեսզի այդքան ժամանակ չկորչեր։ Իսկ այդ տեղեկանքում ասվում էր, որ Հայկ Բադալի Հովակիմյանը ԽՍՀՄ քաղաքացի է եւ Պետդեպարտամենտում գրանցված է որպես ԱՄՆ-ում պաշտոնական խորհրդային ծառայող, ըստ այդմ էլ նա օգտվում է հայտնի արտոնություններից։
- Ի տարբերություն այստեղ աշխատող ԽՍՀՄ քաղաքացի ինժեներների, բացի այս տեղեկանքից, ես ունեմ ոչ թե սովորական քաղաքացիական, այլ՝ ծառայողական անձնագիր եւ օգտվում եմ նաեւ համապատասխան արտոնություններից,- հանգիստ ու հաստատակամ հայտարարեց Հովակիմյանը։
Կորրիան անմիջապես հայտարարեց, որ Հովակիմյանի կարգավիճակը բացառություն չէ եւ փորձեց պարզել, թե ինչն է պատճառը, որ այդքան ուշ է գրանցվել (Պետդեպարտամենտը քարտը տվել էր միայն 1941թ. ապրիլի 4-ից, իսկ քարտի հարցաթերթիկը, որով պետք է Հովակիմյանն ստանար այն, լրացված է եղել դեռես հունվարին)։ Նա հետաքրքրվեց նաեւ, թե ԱՄՆ-ի իշխանությունները 1936թ. նոյեմբերի 17-ին՝ Հովակիմյանի ԱՄՆ մուտք գործելու պահին, ինչ-որ բան գիտեի՞ն նրա մասին*։
Հովակիմյանը հանգիստ ու ինքնավստահ պատասխանեց.
- Ես այստեղ եմ եկել խորհրդային ծառայողական անձնագրով, որի մասին շատ լավ տեղեկացված էին Մոսկվայում Ամերիկայի դեսպանը եւ ԱՄՆ-ի իմիգրացիոն իշխանությունները։
Բացահայտ նկատելի էր, որ դատախազ Մաթիաս Կորրիան բծախնդրորեն վերաբերվելով Հովակիմյանի կարգավիճակի եւ գրանցման հարցերին, պատրաստվում է ձեւակերպել առավել հիմնավոր մեղադրանքներ։ Դատախազություն հրավիրելով որպես վկա, նա Հովակիմյանին արդեն մեղադրանք էր ներկայացնում որպես ԱՄՆ-ում առանց համապատասխան փաստաթղթերի ապրող արտասահմանցու։
Այնուհետեւ սկսվեցին բանակցությունները ԽՍՀՄ հյուպատոսության ներկայացուցիչների եւ դատախազության միջեւ։ Դիվանագետները փորձում էին Հովակիմյանին ազատել կալանքից, դատախազին խոստանալով ցանկացած կանչի դեպքում ներկայանալ դատախազություն։ Բայց դատախազը կտրուկ մերժեց՝ հայտարարելով, որ Հովակիմյանը կալանքից չի ազատվելու։ Ավելին՝ որ կես ժամ անց նրան կտանեն դատարան եւ այնտեղ կլսվի կոնկրետ մեղադրանքը։
Ռեզիդենտը գերազանց էր տիրապետում ԱՄՆ-ում գործող օրենքներին, դրանում արդեն համոզվել էին դատախազության աշխատակիցները։ Դատարանի անունը լսելով ԽՍՀՄ գլխավոր հյուպատոս Ֆեդյուշինը նոր միայն հասկացավ, որ ինքը կոպիտ սխալ է թույլ տվել՝ ուշադրություն չդարձնելով անպայման փաստաբանով ներկայանալու Հովակիմյանի խնդրանք-պահանջին։ Այժմ արդեն, նույնիսկ այդքան վարպետորեն ժամանակ շահելուց հետո, Հովակիմյանը հայտնվեց ակնհայտորեն ոչ շահավետ վիճակում։ Փաստորեն, դատարան էր գնում առանց փաստաբանի, որը բացարձակ անսովոր բան էր ԱՄՆ-ում գործող օրենքների տեսակետից։
- ԱՄՆ-ում գործող օրենքներն ինձ հնարավորություն են տալիս դատարան գնալիս պաշտպան ունենալ, ինչին Դուք, պարոն Կորրիա, խոչընդոտում եք։ Դուք ա՞յլ երկրի օրենքներով եք շարժվում, թե ինչ-որ մեկի ցուցումն եք կատարում,- բավականին կոշտ, բայցեւ հանգիստ ասաց Հովակիմյանը, այլեւս սակայն հույս չունենալով, որ կկատարվի իր պահանջը։
«Գրողը տանի, ի՞նչ միս ու արյունից է ստեղծված այս մարդը, նման իրավիճակում էլ այսքան սառնասիրտ ու հարձակողակա՞ն, նա ավելի շուտ պատին դեմ կտա ոչ թե դատախազին, այլ ինձ, փաստաբան չբերելու եւ ուշացումով ներկայանալու համար»,- այդ պահին խորհում էր ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսը։ «Այս հոխորտանքները Ձեզ չեն փրկի, պարոն Հովակիմյան, մենք հո լավ գիտենք, թե ինչ կարեւոր թռչնակ ենք որսացել, միայն ապուշը կարող է բացել եւ վանդակից դուրս թողնել Ձեզ», մտածեց Մաթիաս Կորրիան, կարեւորություն չտալով Հովակիմյանի հանդիմանություններին։
Ժամը 16-ն անց 45 րոպեին Հովակիմյանին դատարանի դահլիճ տարան, ուր նրան սպասում էր Նյու Յորքի նահանգի Հարավային շրջանի դատավոր Մ. Հուլբերտը։
Դատախազ Մաթիաս Կորրիան հանդես եկավ հետեւյալ մեղադրանքով։
1. ԽՍՀՄ քաղաքացի Հայկ Բադալի Հովակիմյանը Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցների կողմից դատախազին ներկայանալու հրավերը մերժել է, դիմադրություն ցույց տվել, որի համար էլ ձերբակալվել է եւ ուժով բերման ենթարկվել դատախազություն։ Միաժամանակ նա հրաժարվել է ՀԴԲ գործակալներից ստանալ ծանուցագիրն ու կալանավորման օրդերը։
2. Հ. Բ. Հովակիմյանը վաղօրոք իմանալով, որ խախտել է արտասահմանցիների գրանցման մասին օրենքը, պատրաստվել է հեռանալ ԱՄՆ-ից, գնելով տոմս եւ ուղարկելով իրերը, որից հետո միայն՝ մեկնելուց առաջ, կատարել է գրանցման հետ կապված գործողությունները։ Բացի այդ նա նույն օրենքը խախտել է նաեւ 1940 թվականին։
3. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հ. Բ. Հովակիմյանը երկու անգամ խախտել է արտասահմանցիների գրանցման մասին օրենքը եւ փախուստի փորձեր է արել, ինչպես նաեւ դատախազին ներկայանալուց եւ հարցերին որպես վկա պատասխանելուց հրաժարվելու համար պահանջում եմ ձերբակալել նրան, ինչպես նաեւ 25.000 դոլարի չափով գրավ գանձել։
Հաջորդ օրը Ֆեդյուշինին ուղղված իր նամակում Հայկ Հովակիմյանը կգրի.
«... Փաստորեն, դատախազ Կորրիան, ոչ մի հիմք չունենալով, ինձ մեղադրում է այս երկրից փախուստի փորձի մեջ։ Այս ամենը ամենաքիչը տարօրինակ է եւ բացահայտ ցույց է տալիս նրանց՝ առանց փաստերի ու փաստաթղթերի ինձ վրա գործ սարքելու անկարողությունն ու պարզունակությունը։ Նույն հաջողությամբ նրանք կարող են գործ սարքել մեր ցանկացած ինժեների գլխին, ով հանգիստ ու բացահայտ կցանկանա վերադառնալ հայրենիք...»։
Այդպիսով՝ նա մեր դիվանագետներին հուշում էր, որ դատախազությունը փաստեր չունի իրեն լրտեսության մեջ մեղադրելու համար, միաժամանակ ցույց էր տալիս անհրաժեշտ գործողությունների մոտավոր սյուժեն։
Դատավոր Մ. Հուլբերտի՝ դատախազին ուղղված մի քանի հարցերից ակնհայտ դարձավ, որ նրանք ի վիճակի չեն լուրջ մեղադրանքներ ներկայացնել։ Հովակիմյանը եզրակացրեց, որ նրանց շտապողականության պատճառը եղել է միմիայն երկրից իր հեռանալու առիթը։ Անշուշտ, նրանք իրենց ձեռքի տակ կունենան որոշ մեղադրող փաստեր՝ կապված իր հետախուզական աշխատանքների հետ, բայց դրանք դեռեւս բավարար չեն նման լուրջ մեղադրանքի համար։ Նա հասկանում էր նաեւ, որ որոշ ժամանակ անց հակահետախուզությունը կարող է հայթայթել անհրաժեշտ ինֆորմացիա։ Եվ քանի որ այն դեռեւս չկա, որոշեց հակահարձակման անցնել։ Հովակիմյանը հանպատրաստից, բանավոր հետեւյալ հայտարարությունն արեց.
1. Պահանջում եմ իմ տարրական իրավունքը՝ հնարավորություն տվեք դատապաշտպան ունենալ։
2. Ինչպես բոլոր ԱՄՆ գործուղված քաղաքացիները, ես ոչ մի անգամ չեմ խախտել գրանցման մասին օրենքը եւ գործող կարգի համաձայն գրանցվել եմ ե՛ւ 1940, ե՛ւ 1941 թվականներին։ Ինչպես բոլորը, այնպես էլ ես, այս տարվա հունվարին լրացրել եմ համապատասխան հարցաթերթիկը՝ ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսարանում գրանցվելու համար։ Այնպես որ 1941 թվականի ապրիլի 4-ին Պետդեպարտամենտից ստացած քարտը չի բնութագրում իմ գրանցման ժամկետը։ Մեծ հեշտությամբ կարող եք պարզել, թե իմ լրացրած հարցաթերթիկը երբ է մուտքագրվել Պետդեպարտամենտում։ Վաշինգտոնում ԽՍՀՄ ներկայացուցչության եւ Պետդեպարտամենտի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Պետդեպարտամենտը պարտավոր էր ժամանակին տրամադրել գրանցման քարտը։ Միով բանիվ՝ դատի տվեք ձեր Պետդեպարտամենտին։
3. Ես չէի հրաժարվի դատախազություն կամ դատարան ներկայանալուց, բայց այսօրվա տարօրինակ ձերբակալության ժամանակ ինձ այդպես էլ չեն ներկայացվել ոչ ձերբակալման հիմնավորումները, ոչ էլ հրավերի ծանուցագիրը։ Չնայած իմ եզակի զուսպ պահվածքին եւ հանգիստ, օրինական պահանջին, Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները ձերբակալության ժամանակ ֆիզիկական ուժ գործադրեցին, դրա հետեւանքով ես ձեռքից վիրավորվեցի, որի համար էլ այժմ հայտնում եմ իմ բողոքը։
Հովակիմյանին ուշադիր լսող Կորրիան մտածում էր. «Բոլոր հարցերի համար պատասխան ունի եւ իր տեսանկյունից՝ հիմնավոր։ Բայց ե՛ւ ինքը, ե՛ւ բոլորս գերազանց գիտենք ձերբակալության բուն պատճառը, որը բոլորովին կապ չունի այս հարցուպատասխանի հետ։ Ամեն գնով պետք է կալանքի վերցնել եւ թեկուզ աքցանով՝ խոստովանություն կորզել կամ առնվազն խոչընդոտել երկրից նրա դուրս գալուն»։
Դատախազն իր ելույթում կրկնեց բոլոր մեղադրանքներն ու հայտարարեց, որ Հովակիմյանը խեղաթյուրում է փաստերը եւ ինքը ճիշտ է համարում միայն ՀԴԲ չորս գործակալների ցուցմունքները։
Եվս մի քանի հարցեր ճշտելուց հետո դատավոր Մ. Հուլբերտը կնքված ծրարից հանեց մի փաստաթուղթ, որն անտարակույս նախօրոք կազմված ու համաձայնեցված էր իրենց վերադասի հետ։
Փաստաթուղթը հենց դատավճիռն էր, որտեղ ասվում էր, որ դատավորը որոշել է մինչեւ դատավարությունը պատիժ սահմանել կալանքի միջոցով ազատազրկումը կամ 25000 դոլար գրավով կալանքից ազատումը։
Քանի որ, բնականաբար, հյուպատոսությունն ու Ամտորգը պատրաստ չէին այդքան մեծ գումար հայթայթելու, Հովակիմյանին ձերբակալեցին եւ տարան Նյու Յորքի դաշնային բանտ, որը գտնվում էր Վեստ սթրիթ - 427 հասցեում։
***
Մոսկվա։ Լուբյանկա։ Մայիս, 1941թ.։
Արտաքին հետախուզության պետ Պավել Միխայիլովիչ Ֆիտինը մտահոգ քայլում էր իր առանձնասենյակում։ Օրվա մեջ արդեն երկրորդ անգամ նա ծածկագիր էր ստացել ԱՄՆ-ում ԽՍՀՄ հետախուզության ռեզիդենտի պաշտոնակատար Պավել Պաստելնյակից (Լուկա)։
Հույժ գաղտնի
Ընկ. Վիկտորին.... Դրությունը մնում է լարված։ Դեսպան Ումանսկին Վաշինգտոնում ամերիկյան խոշոր փաստաբան Ռիչբերգին վերցրել է, որպեսզի մասնավոր ճանապարհով պարզաբանում մտցնի Գենադիի գործում։ Ռիչբերգը մտադիր է հանդիպել արդարադատության նախարար Ջեկսոնի հետ։ Իսկ առայժմ ամերիկյան իշխանությունները Հրեշի* ճնշման տակ համառորեն փորձում են իրավաբանական ամենատարբեր խայծեր սարքել՝ Գենադիի դեմ լուրջ մեղադրանքներ բարդելու համար, եւ կարող է այնպես պատահել, որ նա վկայից դառնա մեղադրյալ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Հաշվի առնելով այդ ամենը, մենք ուժեղացրել ենք Ամտորգի եւ գլխավոր հյուպատոսարանի շենքերի պահպանությունը։ Բաժանմունք հնարավոր թափանցման դեպքում պատրաստվել ենք այրելու մեր բոլոր փաստաթղթերը...։
Պետանվտանգության ժողկոմ Վսեվոլոդ Նիկոլաեւիչ Մերկուլովը մտահոգված էր հետախույզի ճակատագրով։ Նա Ֆիտինից խնդրել էր Հովակիմյանի հետ կապված բոլոր փաստաթղթերը ներկայացնել իրեն, իսկ երբ ցանկացել էր ծանոթանալ նաեւ նրա ուղարկած ծածկագրերին, Ֆիտինը մերժել էր.
- Դա անհնար է, Վսեվոլոդ Նիկոլաեւիչ, Դուք ի վիճակի չեք լինի մեկ շաբաթում դրանք ընթերցել։ Գենադին մեր ամենաակտիվ ռեզիդենտն է եւ նրա ջանասիրության ու աշխատանքի արդյունավետության մասին վաղուց առասպելներ են հյուսում։ Միայն վերջին մեկ տարվա նրա ուղարկած կարեւորագույն ծածկագրերը 31000 էջ են։ Գուցե ես ամենակարեւորների վերնագրե՞րը ցուցակով ներկայացնեմ, որը սակայն ժամանակ է պահանջում։
- Այդ առասպելների մասին ես էլ եմ լսել։ Պետք է ամեն ինչ անենք նրան փրկելու համար։ Արտգործժողկոմատի տվյալներով Հովակիմյանն իր իսկ հարցաքննությունների ժամանակ, զուսպ լինելով հանդերձ, հարցահեղեղ է թափում ամերիկացի դատախազի ու դատավորի գլխին ու տեղի օրենքների իմացությամբ չզիջելով՝ խիստ նեղն է գցում նրանց։ Ես, Պավել Միխայիլովիչ, համամիտ եմ Ձեզ հետ, պատրաստեք այդ ցուցակը։ Երեկոյան կփորձեմ զեկուցել ընկեր Ստալինին....
Համարյա կեսգիշերին Ֆիտինը երրորդ անգամ մտավ Պետանվտանգության ժողկոմի աշխատասենյակ։
- Ինձ զարմանալիորեն ուրախացրեց ընկեր Ստալինի տեղեկացվածությունը Հովակիմյանի գործունեության մասին։ Դիվանագիտական խողովակներով արդեն լսել էր նրա ձերբակալության լուրը։ Վաղը 25.000 դոլար գրավը Ումանսկին կհանձնի ամերիկյան իրավապահներին եւ Հովակիմյանն ազատ կարձակվի մինչեւ դատավարություն։ Այդ ընթացքում նրանք կփորձեն լուրջ մեղադրանքներ բարդել հետախույզի վրա։ Պետք է զգույշ ու մեծ աշխատանք տարվի այս ուղղությամբ։ Ըստ ընկեր Ստալինի, մենք իրավունք չունենք կորցնել Հովակիմյանի նման խոշոր մասնագետի...
Նույն գիշերը Կենտրոնը հեռագիր ուղարկեց Նյու Յորք.
Մի ընկճվեք, Գենադիի տունդարձի համար մեզանից կախված ամեն ինչ կանենք։ Մանրազնին հսկողություն իրականացրեք, արդյոք չե՞ն հետեւում բաժանմունքի մնացած աշխատակիցներին։ Նկատելու դեպքում մեզ անմիջապես տեղյակ պահեք...։
Այդ երեկոյան զեկուցագրերի մի յուրատեսակ շղթայական ռեակցիա էր առաջացել։ ԱՄՆ-ում գլխավոր հյուպատոսի տեղակալ Զայկինը, որը ներկա էր Հովակիմյանի դատին, այդ առթիվ մանրամասն զեկուցագիր ներկայացրեց գլխավոր հյուպատոս Վ. Ա. Ֆեդյուշինին, Ֆեդյուշինն իր հերթին զեկուցագիր գրեց ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպան Կ. Ա. Ումանսկուն, վերջինս՝ ԽՍՀՄ արտաքին գործերի ժողկոմ Վ. Մոլոտովին, Մոլոտովը՝ Իոսիֆ Ստալինին։ Հետախուզության գծով նմանատիպ շղթա էր կազմվել ծածկագրերի տեսքով՝ Պաստելնյակը՝ Ֆիտինին, Ֆիտինը՝ Մերկուլովին, Մերկուլովը՝ Ստալինին։
Բանտում
Դատարանի դահլիճից Հովակիմյանին տեղափոխեցին դաշնային հետախուզության հատուկ սենյակ, որտեղ նրան խուզարկեցին, լուսանկարեցին, իսկ վերջում մատնահետքեր վերցրին։
Երեկոյան ժամը 6-ին Գենադիին ուղեկցեցին նույն շենքի նկուղային հարկ եւ հանձնեցին բանտի ադմինիստրացիային։ Թաց, խոնավ ու բորբոսահոտ միջանցքով երկու աշխատակիցներ նրան ուղեկցեցին մինչեւ բանտախուց։ Խցում նույն խոնավությունն ու բորբոսահոտն էր, ուր եւս յոթ հոգի էին նստած։ Նա մտածեց, որ մինչեւ առավոտ այստեղ կլուսացնի։ Կալանավորներից երկուսը մոտեցան, սկսեցին հարցուփորձել։ Անմիջապես հասկացավ, որ ՀԴԲ գործակալներ են, ովքեր իբր դատվել էին թմրադեղեր օգտագործելու եւ վաճառքի համար։ «Անիմաստ է ինձ ստուգելը, առանց ձեզ էլ մինչեւ առավոտ կդիմանամ», չոր ու անտարբեր ձայնով սաստեց նրանց։
Մեկ ժամ անց դուռը բացվեց, եւ ներս մտան մի քանի աշխատակիցներ։ Նրանք զույգ-զույգ ձեռնաշղթաներ հագցրին բոլորին, դուրս բերեցին նկուղային հարկից ու նստեցրին կալանավորներ տեղափոխող հատուկ ավտոմեքենան։ Որոշ ժամանակ անց մեքենան կանգնեց Վեստ սթրիթ-427 հասցեում գտնվող բանտի մուտքի մոտ։ Քիչ անց նրանց ուղեկցեցին համեմատաբար մեծ մի բանտախուց, ուր կալանավորների թիվն անցնում էր տասնհինգից։ Միանգամայն ներդաշնակ էին բանտի ադմինիստրացիայի կոպիտ, գռեհիկ վերաբերմունքն ու խցի եզակի հակահիգիենիկ վիճակը։ Ասես ամեն ինչ դիտավորյալ կեղտոտած լինեին։ Քիչ հետո բանտի ադմինիստրացիան բոլորին շարք կանգնեցրեց ու կարգադրեց լրիվ մերկանալ։ Խուզարկեցին բոլորին։ Դա խուզարկություն չէր, այլ մարդկային արժանապատվության ծաղրուծանակ։ Հովակիմյանն ատամները սեղմած դիմադրում էր իր ներսի անհաշտ «ես»-ին։ Դիտավորյալ դանդաղ էին ստուգում՝ կալանավորներին առավել նվաստացնելու, անհարմար վիճակում երկար պահելու համար։
Այդպես մերկ նրանց կեղտոտ միջանցքով ուղեկցեցին բժշկական ստուգման, որից հետո տարան բաղնիք, որտեղ վերցրին բոլորի հագուստները։ Փոխարենը կալանավորի շերտավոր շորեր բաժանեցին։ Հովակիմյանն զգում էր, որ իր նկատմամբ առավել կոպիտ են ու գռեհիկ։ Նրան բաժին հասած զգեստներն անհամեմատ մեծ էին, գուլպաները պատռված, դիտավորյալ գոտի ու ներքնաշոր չտվեցին։ Գիշերը մի քանի անգամ բանտախցի դուռը բացում էին ու իրեն տեղափոխում մի այլ տեղ։ Ի վերջո «տրամադրեցին առանձին բանտախուց»։ «Երեւի ամենակեղտոտ ու գարշելի բանտախուցն են ընտրել», մտածեց ռեզիդենտը։ Քիչ հետո նկատեց, որ բարձ կոչված կեղտակույտը ծրար չունի, վերմակ չկա։ Նյարդայնացավ ու աղմուկով խփեց ճաղապատ դռանը։ Երկու հոգի շտապ մոտեցան ու բացեցին դուռը։
- Քոր եկող տե՞ղ ունես, հանգիստ մնալ չե՞ս կարող,- հարցրեց ներս խուժած երկու աշխատակիցներից մեկն ու ռետինե մահակով ուժեղ հրեց Հովակիմյանին։ Մի պահ ցանկություն առաջացավ հարձակվել ու խլել մահակը։ Բայց նույն ակնթարթին տիրապետեց իրեն ու արհամարհանքով շպրտեց բառերը.
- Բարձի երես ու վերմակ բերեք։
- Քեզ համար նախատեսված չունենք։ Չես սատկի, սովորիր, դեռ պետք կգա։
- Ես արտասահմանյան քաղաքացի եմ եւ թյուրիմացաբար այստեղ եմ մի քանի ժամով, բերեք այն, ինչ ինձ հասնում է ձեր անտեր բանտում։
Նրան հասկացրին, որ ինքը ոչնչով առավել չէ մյուսներից, իսկ ինչ մնում է ժամկետին, ապա այն դեռ կերկարացվի։ Զգուշացրին՝ եթե մի անգամ էլ աղմկես, մահակի ծեծ կուտես։
Հովակիմյանն ուզում էր հավաքել մտքերը, սադրանքների տեղիք չտալ, բայց զգում էր, որ նյարդերը չեն դիմանում։
Ողջ գիշեր չքնեց, անկողնու մեջ նստած մնաց մինչեւ լուսաբաց։ Մտածում էր՝ երեւի դեսպանությունն ու հյուպատոսարանը հայթայթել են 25.000 դոլարը։ Մի քանի ժամ է մնացել, շուտով կազատվի այս դժոխքից։ Տեսնես Կենտրոնն ի՞նչ է մտածում։ Իսկ գուցե մոռացե՞լ են իրեն, գուցե խնայո՞ւմ են դրամը։ Չէ, չի կարող պատահել...
Ժամը յոթին բոլորին արթնացրին։ Մեկ ժամ անց նախաճաշ բերեցին։ Երեկվանից սոված էր, բայց ոչինչ չկերավ։ Նրան զգուշացրին, որ այստեղ չուտելու համար անխնա պատժում են։ «Ձեր այս կեղտոտ խոզանոցում ախորժակս փակվել է», ասաց Հովակիմյանը եւ ափսեն ետ հրեց։
Այդ մասին անմիջապես տեղյակ պահեցին բանտապետին։ Կես ժամ անց նախաճաշից հրաժարված Հովակիմյանին ուղեկցեցին պետի մոտ։ Ճանապարհին անընդհատ հրում էին մահակով։ Կարծես ամեն ինչ դիտավորյալ էին անում, որպեսզի ափերից դուրս գա։ Նոր էր ներս մտել, երբ պետ կոչվածը հայհոյելով հարձակվեց վրան.
- Դուք չգիտե՞ք, որ այստեղ եք հայտնվել որպես վնասարար, թշնամի ու հանցագործ, հերիք է խաղաք, Դուք ոչ մի բանի իրավունք էլ չունեք, սրան տեսեք, սպիտակեղեն է ուզում։ Եթե մի պահանջ էլ դնեք, հենց այստեղ ոտքիս տակ կգցեմ։
- Իմ պահանջն ընդամենը հավասար պայմաններն ու հավասար վերաբերմունքն է, ինչպես ուրիշներին, այնպես էլ՝ ինձ։ Ուրիշներն ունեն այն ամենը, ինչ ես պահանջել եմ։
- Ո՛չ մի պահանջ, դուրս տարեք սրան, թե չէ ոտքիս տակ կգցեմ։
Նրան նորից տարան բանտախուց։ Քիչ անց դույլով տաք ջուր բերեցին, խոզանակ եւ փալասի կտոր ու պահանջեցին լվանալ հատակն ու զուգարանը։ Հսկիչն զգուշացրեց, որ կարգադրությունը չկատարելու դեպքում իր նկատմամբ ֆիզիկական ուժ կգործադրեն։
Բայց շուտով Հովակիմյանի ետեւից երկու այլ հսկիչներ եկան եւ նրան բարձրացրին մեկ ուրիշ սենյակ։ Ասացին, որ դատավարության են տանելու, լողանալ է պետք։ Ուրիշների համեմատ նրան ջրում ավելի երկար պահեցին։ Այնուհետեւ կարգադրեցին կրկին հագնել կալանավորի համազգեստը։ Այդ հագուստով մի քանի դիրքից լուսանկարեցին։
Ավելի ուշ վերադարձրին հագուստն ու հրամայեցին արագ հագնվել։ Երկու սեւամորթների հետ նրան ձեռնաշղթաներ հագցրին ու ավտոմեքենայով տեղափոխեցին դատարան։
Մայիսի 6-ին, ժամը 12-ին նույն կազմով սկսվեց դատավարությունը։ Տարբերությունն այն էր, որ այս անգամ հյուպատոսությունն ու Ամտորգը փաստաբան էին վարձել՝ ոմն Ռեխտի։ Վերջինս, բացի դատավորի հետ գրավի չափի շուրջ վիճաբանելուց, էական ոչինչ չարեց։ Դատավորը գումարի չափը պնդում էր եւ վստահաբար ասում, որ 25.000 դոլարի չափը չի փոխվելու։ Դատն ընդմիջվեց մի քանի ժամով։ Հաջորդ նիստին Հովակիմյանը չմասնակցեց։
***
Դատը վաղուց վերսկսվել էր, բայց Հովակիմյանին այդպես էլ դատարան չտարան։ Հետաքննությունների դաշնային բյուրոյի երկու աշխատակիցների հետ Հովակիմյանը նստած սպասում էր դատավճռին։ Գործակալները շատ հարգալից էին նրա նկատմամբ, հենց սկզբից հանել էին ձեռնաշղթաները։ Սուրճ եւ թեյ առաջարկեցին, որից հրաժարվեց։ Երկար սպասումից հետո ներս մտավ ՀԴԲ մեկ այլ գործակալ եւ հայտնեց, որ Հովակիմյանն իր ուղեկցությամբ պետք է կարեւոր հանդիպման մեկնի։ Ընդամենը տասնհինգ րոպե ճանապարհ անցնելուց հետո նրանք ավտոմեքենան կայանեցին մի գեղեցիկ շենքի առջեւ։ Ավտոմեքենայից դուրս գալով, Հովակիմյանը նկատեց, որ իրեն ուղեկցում է միայն մի հոգի։ Աստիճաններով բարձրացան երկրորդ հարկ, ուր նրանց դիմավորեցին ռեզիդենտին քաջածանոթ չորս գիտնականներ։ Երկուսը Նյու Յորքի քիմիայի ինստիտուտի պրոֆեսորներ էին, մեկը՝ համալսարանից, իսկ վերջինը գիտահետազոտական ինստիտուտներից մեկի առաջատար գիտնականներից էր, որը հինգ տարի առաջ Հովակիմյանի դոկտորական դիսերտացիայի պաշտպանության ժամանակ բարձր էր գնահատել խորհրդային գիտնականի աշխատանքը։
Նրանք Հովակիմյանին առաջարկեցին նստել առատ սեղանի շուրջ, իհարկե, ջերմորեն ողջագուրվելուց հետո։ ՀԴԲ գործակալը հրաժեշտ տվեց ու դուրս եկավ։ Գիտնականները բաժակ բարձրացրին եւ խմեցին Հովակիմյանի բանտից ազատվելու կենացը.
- Պարոն Հովակիմյան, Ձեր հյուպատոսությունը մուծել է անհրաժեշտ 25000 դոլար գրավը։ Դուք ազատ եք արձակվում։ Մի քանի ժամից հյուպատոսարանում կլրացնեք անհրաժեշտ փաստաթղթերը, ըստ որոնց Դուք ստորագրություն եք տալու Նյու Յորքից չբացակայելու մասին՝ մինչեւ դատական գործընթացի ավարտվելը։ Հուսանք, որ այս ամենը թյուրիմացություն է։ Ձեր կենացը,- ասաց գիտնականներից ավագը։
Հովակիմյանը մի կում վիսկի խմեց եւ սկսեց ուշադիր լսել գիտնականներին։ Նա արդեն հասկացել էր, թե ինչ ներկայացում է բեմադրվում։ Հովակիմյանի նման տաղանդավոր գիտնականներին ԱՄՆ-ը գնահատել գիտի։ Կտրամադրեն լավագույն լաբորատորիաներից մեկը։ Աշխատավարձը ամսական կկազմի ուղիղ այնքան, որքան ԽՍՀՄ-ում մեկ տարում է։ Բնակարանի, ավտոմեքենայի, կենցաղային պայմանների պարտադիր ապահովմամբ Հովակիմյանը կարող է նվիրվել զուտ գիտությանը։
Ամբողջ զրույցի ընթացքում Հովակիմյանը ոչ մի բառ չփոխանակեց, համբերությամբ լսում էր բոլորին։ Վերջում գիտնականներից ավագը, որ ԱՄՆ-ում հայտնի էր քիմիական սպառազինության ոլորտի իր հայտնագործություններով, եզրափակեց զրույցը.
- Ամերիկան գիտության զարգացման համար ամենապարարտ հողն է, ցանկալի կլիներ, որ Դուք նախընտրեիք մեզ հետ աշխատել, պարոն Հովակիմյան։
Ռեզիդենտն զգաց, որ եկել է իր խոսելու ժամանակը։ Նա ոտքի ելավ եւ շնորհակալություն հայտնելով բոլորին, ասաց.
- Ամերիկան լավ երկիր է, բայց իմը չէ։ Գիտնականի համար ստեղծագործելու պարարտ հողը հայրենիքն է։ Մեր հայրենիքները տարբեր են, պարոնայք։ Խմենք հայրենիքի կենացը, որն ավելի մնայուն է, քան մենք,- մի բաժակ վիսկի խմելուց հետո ընդունելության համար շնորհակալություն հայտնելով, հարցրեց,- ձեր թույլտվությամբ ես կարո՞ղ եմ հեռանալ։
Պայմանական
ազատություն
Հյուպատոսարանում նրան ջերմորեն ընդունեցին։ Անհրաժեշտ փաստաթղթերն ստորագրելուց հետո գնաց Ամտորգ եւ փակվեց իր աշխատասենյակում։
Արդեն երեկո էր, երբ ավարտեց գլխավոր հյուպատոս Վ. Ա. Ֆեդյուշինին ուղղված տասնհինգ էջանոց զեկուցագիրը*, ուր մանրամասն ներկայացված էր վերջին երկու օրերի բոլոր դեպքերը՝ բացատրություններով ու մեկնաբանություններով։
Նույն երեկոյան զեկուցագիրը հանձնվեց գլխավոր հյուպատոսին։
Ֆեդյուշինն ուշադիր ընթերցեց այն, բայց վերջին պարբերությունը կարդալիս ջղաձիգ շարժումներ արեց։ Կարդաց եւս մեկ անգամ ու բարձրաձայն ասաց.
- Դառն է այս Հովակիմյանը, այսքանից հետո դեռ դժգոհում է։
Փոխհյուպատոս Զայկինը, որ ծանոթ էր այդ տողերին, ասաց.
- Մենք, ընկեր Ֆեդյուշին, արել ենք այն ամենը, ինչ կախված էր մեզնից։
Իսկ գլխավոր հյուպատոսին անհանգստացնողը Հովակիմյանի զեկուցագրի հետեւյալ պարբերությունն էր.... Անհրաժեշտ եմ համարում նկատել, որ չնայած դատախազի եւ ՀԴԲ գործակալների եզակի համառ դիմադրություններին, ես աշխատում էի ժամանակ շահել, որպեսզի հյուպատոսարանի եւ Ամտորգի ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռվի դատարան ներկայանալ ամեն ինչով պատրաստ։ Բայց նրանք ներկայացան առանց փաստաբանի եւ անհրաժեշտ գումարի։ Գտնում եմ, որ միայն մեր ղեկավար ընկերների բյուրոկրատիզմի պատճառով ես ստիպված եղա ամբողջ գիշեր նստել բանտում եւ ենթարկվել անտանելի ծաղրուծանակի ու անթույլատրելի նվաստացումների։ Այս ամենից կարելի էր հեշտությամբ խուսափել, եթե իմ՝ որպես խորհրդային քաղաքացու պաշտպանությունը թեկուզ մի քիչ կազմակերպված լիներ։
Հ. Հովակիմյան
6.05.1941թ.։
Հյուպատոսը գիտեր, թե ինչ կշիռ ունի Հովակիմյանի խոսքը թե՛ ԽՍՀՄ լիազոր ներկայացուցիչ Ումանսկու, թե՛ Կենտրոնի համար։ Ինքը պարտավոր էր զեկույցի մի օրինակն ուղարկել Ումանսկուն, իսկ վերջինս՝ արտաքին գործերի ժողկոմին։ Հնարավոր է, որ դա ազդեր իր կարիերայի վրա, մանավանդ որ Մոսկվան գրեթե հիացած էր դատարանում Հովակիմյանի պահվածքով։ Երկար մտածելուց հետո գլխավոր հյուպատոսը մայիսի 11-ին Հովակիմյանի զեկույցն ուղարկեց Կ. Ա. Ումանսկուն։ Կից ներկայացրեց նաեւ մի գրություն։
ԱՄՆ-ում ԽՍՀՄ լիազոր ներկայացուցիչ
ընկ. Կ. Ա. Ումանսկուն.
Ձեզ, ի գիտություն, ուղարկում եմ ընկ. Հ. Բ. Հովակիմյանի զեկուցման տեքստի պատճենը։ Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում Ձեր ուշադրությունը հրավիրել նամակի վերջին պարբերությանը, որտեղ ընկ. Հ. Բ. Հովակիմյանը փաստերը ճիշտ չի ներկայացրել, ինչի առթիվ ես պնդում եմ Ձեր անմիջական հսկողությամբ անցկացնել անհրաժեշտ հետաքննություն։
Գլխավոր հյուպատոս՝ Վ. Ա. Ֆեդյուշին։
Հովակիմյանի ձերբակալության առթիվ Ֆեդյուշինի ոչ օպերատիվ ու ոչ գործնական քայլերի պատճառը ոչ միայն նրա շփոթմունքն ու պահի տակ չկողմնորոշվելն էր, այլ նաեւ արտգործնախարարության եւ Կենտրոնի փոքր-ինչ սպասողական պահվածքը։ Երեք գերատեսչություններում էլ հասկանում էին, որ դեպքերի անցանկալի զարգացման պարագայում կարող են վնասվել ԱՄՆ-ԽՍՀՄ հարաբերությունները։ Այդ իսկ պատճառով պատասխանատվություն չէին ստանձնում եւ սպասում էին «վերեւների» հրահանգներին։
Ֆեդյուշինը գիտեր, որ առավել ծանր գլխացավանքներն առջեւում են։ Հովակիմյանի դատավարությունը կարող է շատ բարդ ընթացք ունենալ, ամենայն հավանականությամբ կապացուցվի, որ նա հետախուզական ցանցի ղեկավարն է։ Այդ ժամանակ պատիժն անխուսափելի կլինի։ Իսկ եթե հանկարծ ամերիկացիները կարողանան հայտնաբերել, թե Հովակիմյանը ինչ տեղեկություններ է կարողացել հայթայթել այս տարիների ընթացքում, դա իրենց երկրի համար վերջին տարիների ամենամեծ սենսացիան կլինի...
«Ռուսական
լրտեսական որջը
բացահայտվում է...»
1941 թվականի մայիսի 7-ին ամերիկյան գրեթե բոլոր թերթերը ողողված էին Հայկ Հովակիմյանի լուսանկարներով ու նրա մասին պատմող սենսացիոն հոդվածներով։ «Նյու Յորք հերալդ տրիբուն» հանրահայտ թերթը իր առավոտյան համարում տպագրել էր ընդարձակ մի հոդված՝ «Ռուսական լրտեսը երաշխավորությամբ ազատ կարձակվի 25.000 դոլարով» վերնագրով։ Հոդվածագիրը վկայակոչելով դատախազին, գրում է. «... Չնայած Հայկ Հովակիմյանի գործունեությունը դեռ ամբողջովին չի բացահայտված, բայց Նյու Յորքի նահանգի Հարավային մարզի դաշնային դատախազ Մաթիաս Կորրիան հաստատում է, որ Հ. Հովակիմյանը Ամերիկայում ռուսական լրտեսական որջի բացահայտման կարեւոր բանալին է...»։
Ամերիկյան մեկ այլ թերթ՝ «Նոր ռուսական խոսքը», Հովակիմյանի մասին պատմող նյութը վերնագրել էր՝ «ԽՍՀՄ գաղտնի խոշոր գործակալի ձերբակալությունը»։
Մայիսի 8-ին թերթերը գրեցին. «Մոսկվայի գաղտնի գործակալը վերադարձավ Բրուկլինի իր բնակարան», «Լրտեսը հերքում է բոլոր մեղադրանքները», «Նյու Յորք հերալդ տրիբունը» հաջորդ օրը թերթի առաջին էջում զետեղել էր Հովակիմյանի մեծադիր լուսանկարը, իսկ հոդվածը վերնագրել էր՝ «Դոկտոր, Դուք լրտե՞ս եք»։ Թղթակիցը զրույցներ էր ունեցել Հովակիմյանին ճանաչող մի քանի ամերիկյան գիտնականների հետ, որոնք բարձր էին գնահատել խորհրդային գիտնականի տաղանդը, միաժամանակ տարակուսանք հայտնելով վերջին օրերի նորությունների առթիվ։
Հովակիմյանն ուշադիր հետեւում էր մամուլին։ Մինչ այդ էլ կասկած չուներ, որ մեղադրվելու է հետախուզության մեջ։ Բայց ինչո՞ւ էր դատախազ Կորրիան շահագրգռված նման հրապարակումների համար։ Իր հետ հարցաքննության ժամանակ ոչ մի բառ չէին խոսել լրտեսական գործունեության մասին։ Դեռ սկզբից էլ պարզ էր, որ դատախազությունն ու Հետաքննությունների դաշնային բյուրոն համոզված լինելով, որ Հովակիմյանը լրտեսական ցանցում առանցքային դեմք է, այնուամենայնիվ, բավարար տեղեկություններ չունեին այդ գործով նրան բերման ենթարկելու համար։
***
Մայիսի 9-ին Հովակիմյանը ծածկագիր ուղարկեց Պավել Միխայիլովիչ Ֆիտինին.... Դատարանում ինձ իրականում ներկայացնելու են ոչ թե մեղադրանք՝ գրանցման հին օրենքը խախտելու, այլ լրտեսությամբ զբաղվելու համար, որն ամենայն հավանականությամբ հիմնվելու է Օկտանի ցուցմունքների վրա։ Նախօրոք չեմ ցանկանում գնահատել նրա վարքագիծը, սակայն մի բան անժխտելի է, որ ինձ հետ պատահածը չի կարելի այլ կերպ գնահատել, քան որպես դավաճանություն։
Գործի նախաքննության ժամանակ Օկտանը շրջանային դատարանում պատմել է, որ նավթի հանույթի եւ մշակման նոր տեխնոլոգիայի նյութերի համար ստացել է մի քանի հազար դոլար։ Եվ որ իմ տված ողջ գումարը նա թաքցրել է հարկային իշխանություններից, ուստի իրեն եւս մեղավոր է համարում։
Համոզված եմ, որ ամերիկյան մամուլը եւ ՀԴԲ-ն կուռճացնեն իմ գործը՝ ներկայացնելով որպես վերջին տարիների ամենախոշոր գործ, որպեսզի անցկացնեն հակախորհրդային սեւացնող կամպանիա։
Դատապաշտպաններ Բակները եւ Ֆրենկելը, որոնք հարում էին ձախ կազմակերպություններին, շատ մանր են նման խոշոր պրոցեսի համար։ Կարծում եմ, որ հարկավոր է փնտրել ավելի հեղինակավոր դատապաշտպաններ։
Այնուամենայնիվ, ես հոգեպես չեմ ընկճվում եւ պատրաստ եմ կրել ցանկացած զրկանք։
Եվ վերջում՝ գտնում եմ, որ ես դատարանում պետք է հաստատեմ Օկտանի հետ ծանոթությունս, ով տարիներ շարունակ պաշտոնական գործեր է ունեցել մեր ներկայացուցչությունում։ Սպասում եմ կարգադրությունների։
Գենադի
9.05.41։
Մայիսի 8-ի երեկոյան ԽՍՀՄ պետանվտանգության ղեկավարը իր մոտ կանչեց արտաքին հետախուզության պետ Ֆիտինին։
- Երկրի ղեկավարությունը գոհ է Հովակիմյանի մարտական պահվածքից, երեւում է՝ ամուր նյարդեր ունեցող ու երկաթե կամքի տեր անձնավորություն է։ Ցավոք, ամեն ինչ դեռ առջեւում է։ Դատավարությունը կարող է խառնել մեր հաշվարկները։ Անհրաժեշտ է քաջալերել Գենադիին։ Ճիշտ է, գրավով ազատ է արձակվել, բայց հրահանգեք հեռու մնալ ռեզիդենտուրայի աշխատանքներից։ Այժմ նա մշտական հսկողության տակ է։ Մենք հնարավոր ամեն ինչ կանենք ջրից չոր դուրս գալու համար։
Մայիսի 9-ին Ֆիտինը հեռագիր ուղարկեց Պավել Պաստելնյակին.... Խնդրում եմ Գենադիին հայտնել, որ մենք կդիմենք բոլոր անհրաժեշտ միջոցներին՝ նրան ազատելու համար։ Թող նա ամուր մնա, հերքի ամեն ինչ, բացառությամբ Օկտանի հետ ծանոթությունը։ Նրան հայտնեք, որ կնոջ ու դստեր համար չանհանգստանա, նրանց մասին մենք հոգ ենք տանում։ Վստահ ենք գործի բարեհաջող ավարտին եւ իր արժանավայել պահվածքին։
Վյաչեսլավ Միխայիլովիչ Մոլոտովը, մանրամասն ծանոթանալով Հայկ Հովակիմյանի ձերբակալության բոլոր հանգամանքներին, Վաշինգտոնում ԽՍՀՄ լիազոր ներկայացուցիչ Ումանսկուն կարգադրեց պաշտոնական բողոք ներկայացնել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին։ Նա անմիջապես կատարեց հանձնարարությունը։ Սակայն ԱՄՆ-ի կառավարությունն այդ բողոքին ուշադրություն չդարձրեց։ «Մոլոտով-Ռիբենտրոպ» պայմանագրից հետո Միացյալ Նահանգները ԽՍՀՄ-ի հետ հարաբերությունները ջերմացնելու մտադրություն չուներ։ Ղեկավարության վերաբերմունքը վարակի պես տարածվում էր նաեւ ստորին օղակների վրա։
Ուղիղ մեկ ամիս Հայկ Հովակիմյանը կանոնավոր հաճախում էր ԽՍՀՄ քիմիական արդյունաբերության ներկայացուցչության իր գրասենյակը։ Արտաքուստ իրեն հանգիստ ու հավասարակշիռ էր պահում։ Ե՛վ աշխատավայրում, ե՛ւ հյուպատոսարանում մեծ հարգանք էր վայելում։ Բայց արտաքին այդ խաղաղությունն ու ինքնավստահ հանդարտությունը դույզն ինչ առնչություն չունեին նրա բարդ, ծանր, անհանգիստ հոգեվիճակի հետ։ Հարցականներն այնքան շատ էին եւ լուծումները՝ չգտնված, որ արդեն սկսել էր չհավատալ իր գործի հաջողությանը։
Ճիշտ է, Կենտրոնը խոստումներ է տալիս, հուսադրում է։ Բայց ի՞նչ կարող է անել, ինչպե՞ս պիտի ազդի դատավարության ելքի վրա։ Իսկ գուցե այս ամենը խաբկա՞նք է, գուցե վաղո՞ւց են համոզված, որ վիճակն անհուսալի է։ Դատարանում ամեն ինչ հերքելով հարցը չես լուծի, քեզ ոչ ոք չի էլ լսի։
«Ես ավելորդ բեռ եմ Կենտրոնի ուսերին, կույր աղիքի նման իմ բացակա ներկայությամբ խանգարում եմ հետախուզությանը։ Մոսկվան գուցե փնտրում է ելքեր, բայց՝ չի տեսնում։ Կարող եմ ինքս փախուստի ծրագիր մշակել, բայց տապալվելու դեպքում բոլոր հույսերը հօդս կցնդեն։ Կրնկակոխ հետեւում են տանը, փողոցում, Ամտորգում։ Հետաքննությունների դաշնային բյուրոն հատուկ խումբ է առանձնացրել միայն ինձ հսկելու համար...»։
Ավելորդության բարդույթը չէր լքում Հովակիմյանին, բայց առերեւույթ նույն հանդարտ, ինքնավստահ Գենադին էր։
Իսկ հետախուզությունում գործերն այնքան էլ հաջող չէին ընթանում, շատ գործակալների հետ կապն ընդհատվել էր։ Չնայած Հովակիմյանն իր խորհուրդներով փորձում էր օգտակար լինել ռեզիդենտի պաշտոնակատար Պավել Պաստելնյակին, սակայն վերջինս անկարող էր հետախուզական ահռելի ցանցը ողջ թափով աշխատեցնել։ Կենտրոնը որոշեց կիսով չափ «թեթեւացնել» այն։
Հովակիմյանի ձերբակալությունից ուղիղ մեկ ամիս անց Նյու Յորքի դատարանը նրան ծանուցագիր ուղարկեց հունիսի 6-ին դատական նիստը վերսկսելու մասին։
Հովակիմյանը, խորհրդակցելով Կենտրոնի հետ, իր փոխարեն դատարան ուղարկեց դատապաշտպան Բակներին։ Առավոտից մինչեւ երեկոյան ժամը 18-ը տեւած դատավարության ընթացքում քննարկվել էր միայն Հովակիմյանի 1940-1941թթ. գրանցման հետ կապված հարցը։ Նիստը հերթական անգամ ընդմիջվել էր անորոշ ժամանակով։
Դատավարությունը որոշ հույսեր ներշնչեց Հովակիմյանին։ Ակնհայտ էր, որ ՀԴԲ-ն դեռեւս բավարար նյութեր չէր հայթայթել իրեն լրտեսության մեջ մեղադրելու համար։ Սակայն հունիսի 7-ի թերթերը կրկին անդրադարձել էին «խոշոր տրամաչափի լրտեսի» դատավարությանը։ Անհանգստացնողն այն էր, որ թերթերից մեկում նշված էր եւս մի գործակալի անուն։ Տեղեկացվում էր, որ շուտով կրկին կձերբակալվի ռուսական լրտեսական ցանցի ղեկավարներից մեկը, որը 5-6 տարի առաջ Նյու Յորքի քիմիական ինստիտուտում պաշտպանել է դիսերտացիա եւ ստացել տեխնիկական գիտությունների դոկտորի կոչում...
Անցավ եւս երկու շաբաթ։
Երեկոյան աշխատանքից վերադառնալով, Հովակիմյանը միացրեց ռադիոն ու գնաց խոհանոց՝ ընթրելու։ Հանկարծ կաթվածահարի պես ձեռքից բաց թողեց դանակն ու պատառաքաղը։ Վազքով հասավ հյուրասենյակ ու բարձրացրեց ռադիոյի ձայնը։ Հաղորդավարն անընդհատ կրկնում էր միեւնույն լուրը՝ ֆաշիստական Գերմանիան, առանց պատերազմ հայտարարելու, իր զորքերը մտցրել է Խորհրդային Միության սահմաններից ներս։ Կատաղի դիմադրություն ցույց տվող խորհրդային զորքերը նահանջում են...
Պատերազմի սկիզբը
Մոսկվա։ Հունիս, 1941թ.։
1941 թվականի հունիսի առաջին օրերին ԽՍՀՄ-ում Գերմանիայի դեսպան Շուլենբուրգը Մոսկվայի իր նստավայր նախաճաշի հրավիրեց այդ պահին Մոսկվայում գտնվող Գերմանիայում ԽՍՀՄ դեսպան Վլադիմիր Դեկանոզովին։ Նախաճաշին ներկա էին դեսպանի խորհրդական Գուստավ Խիլգերը եւ Ստալինի ու Մոլոտովի թարգմանիչ Վ. Ն. Պավլովը։ Հետագայում այդ հանդիպման մասին Խիլգերը հայտարարեց, որ Շուլենբուրգը Դեկանոզովին հրավիրել էր, որպեսզի նրան տեղեկացնի ԽՍՀՄ-ի վրա Գերմանիայի հանկարծակի հարձակման մասին։ Բրեժնեւյան շրջանի պատմագետներն այդ փաստը հերքում էին, այն անվանելով «ֆանտաստիկ գյուտ»։ 1988 թվականին տպագրվեց մի նյութ, որտեղ ՊԱԿ-ի քսան տարվա պաշտոնաթող սպա Էռնստ Հենրին եւ պատմական դարձած նախաճաշի մասնակից Պավլովը հաստատում էին, որ Շուլենբուրգն իսկապես ուզում էր տեղեկացնել Հիտլերի իրական ծրագրերի մասին։ Իսկ արդեն մեկ տարի անց՝ 1989 թվականին պատմաբան Գեորգի Կումանեւը «Պրավդա» թերթում տպագրած իր հոդվածում, վկայակոչելով Անաստաս Միկոյանի խոսքը, հաստատում է այդ ամենը։ Ըստ Միկոյանի, Շուլենբուրգը Դեկանոզովին բառացիորեն ասել էր հետեւյալը.
- Հնարավոր է՝ դիվանագիտության պատմությունը նման նախադեպ չի ունեցել, բայց ես Ձեզ համար կբացեմ մեր երկրի ամենամեծ գաղտնիքը... Հիտլերը որոշում է կայացրել Խորհրդային Միության վրա հարձակվել հունիսի 22-ին։ Դուք ինձ կհարցնեք, թե ինչու եմ այս քայլին դիմում։ Ես դաստիարակվել եմ Բիսմարկի ավանդույթներով, որը միշտ դեմ էր Ռուսաստանի հետ պատերազմին*։
Այս խոսքերը հնչել են պատերազմից քսան օր առաջ։
Դեկանոզովը Շուլենբուրգի հայտարարությունը պրովոկացիա որակելով հանդերձ, համենայնդեպս զրույցի մասին տեղյակ պահեց Ստալինին։ Վերջինս Քաղբյուրոյի նիստի ժամանակ այդ առթիվ ասաց. «Դեզինֆորմացիան արդեն տարածվում է նույնիսկ դեսպանների մակարդակով»։ Ըստ «առաջնորդի», այդպիսի լուրերը տարածվում են, որպեսզի ԽՍՀՄ-ը Գերմանիային նոր զիջումներ անի։ Ե՛վ նա, ե՛ւ երկրի ղեկավարությունը սպասում էին, որ Գերմանիան ԽՍՀՄ-ին նման վերջնագիր կներկայացնի։
Մինչ այդ, Ճապոնիայում ԽՍՀՄ հետախույզ Ռիխարդ Զորգեն մայիսի 19-ին Կենտրոնին հայտնեց հետեւյալը. «ԽՍՀՄ-ի դեմ Գերմանիան կհանի տասը բանակ, որոնք կազմված են 150 դիվիզիայից»։ Այս լուրը Ստալինին ուղղակի զայրացրեց. կՑՏՑ դՏՐչպ տՐՏրՑՏ ջՈրՐՈվպՓ, ՍՏՑՏՐօռ ՑՈՎ, Չ հտՏվՌՌ, ջՈվՌՎՈպՑր՞ սՌՔՖ րՉՏՌՎՌ ՎՈսպվՖՍՌՎՌ ՒՈոՐՌՍՈՎՌ Ռ տՐՏՉՏՊՌՑ Չրպ ՉՐպՎ՞ Չ ոՏՐՊպս՞ւ ,- ասել էր նա։ Կենտրոնը պատասխան հեռագրում Զորգեին գրեց. «Մենք կասկածում ենք Ձեր ինֆորմացիայի հավաստիությանը»։
«Ինչպե՞ս են այդ տհասները արհամարհում մեր ուղարկած տեղեկությունները», զայրույթից պոռթկացել է Զորգեն։ Այս մասին վկայել է նրա կապավոր Մաքս Կլաուզենը։ Իրականում Զորգեի ուղարկած լուրը խիստ վստահելի էր։ Ստալինը մի հարցում էր ճիշտ՝ Զորգեն, իրոք, թուլություն ուներ կանանց նկատմամբ։ Ճապոնիայի անվտանգության ծառայության սպայի տվյալներով (որը հենց Զորգեին ու նրա խմբի 35 անդամներին կալանավորողն էր) ձերբակալվելու գիշերը Զորգեն եղել է Գերմանիայի դեսպանի կնոջ անկողնում։
Ըստ ՊԱԿ-ի տվյալների, այդ օրերին ամենավստահելի աղբյուրը համարեցին 1941թ. հունիսի 16-ի երեկոյան Գերմանիայից ուղարկած լուրերի հեղինակին։ Դա, ամենայն հավանականությամբ, կամ Խարնակի, կամ Շուլցե-Բոյզենի ուղարկածն էր։ Ծածկագրում հաղորդվում էր.
Գերմանիան ամբողջությամբ ավարտել է Խորհրդային Միության վրա զինված հարձակման ռազմական պատրաստությունները, եւ ցանկացած պահի պետք է սպասել պատերազմի սկսվելուն... Գերմանիայի կողմն անցած Հունգարիան ակտիվորեն զինվորական գործողություններ է սկսել։ Հունգարիայի օդանավակայաններում արդեն տեղակայված են գերմանական կործանիչները։
Հաջորդ օրը կեսօրին Ստալինը կանչեց Մերկուլովին եւ Ֆիտինին։ Աշխատասենյակում, բացի Ստալինից, ոչ ոք չկար։ «Առաջնորդն» ասաց, որ հարկ չկա պատմել ծածկագրերի բովանդակության մասին, ինքն արդեն ծանոթացել է դրանց։
- Հետախուզության ղեկավար, ասացեք, ի՞նչ աղբյուրներից են բխում այդ տեղեկությունները, որտե՞ղ են նրանք աշխատում, որքանո՞վ են վստահելի եւ ինչպե՞ս են կարողացել հայթայթել այդքան գաղտնի տեղեկություններ։
Մինչ Ֆիտինը պատասխանում էր հարցերին, Ստալինը դանդաղ քայլում էր սենյակի մի ծայրից մյուսը։
- Հետախուզության ընկեր ղեկավար, գերմանացիներին, բացառությամբ Վիլհելմ Պիկի*, չի կարելի վստահել։ Պա՞րզ է։
Բայց Ստալինը ի նկատի ուներ ոչ թե Հիտլերին, այլ խորհրդային հետախուզության համար աշխատող գերմանացի գործակալներին։ Նա համառորեն չէր ուզում հավատալ այդ լուրերին։
Ֆիտինին կարգադրեց ստուգել տեղեկատվությունը։
Խորհրդային Միության նկատմամբ Գերմանիայի իրական պլանների մասին ամենալուրջ նախազգուշացումը Չերչիլի 1940 թվականի հունիսի 25-ի նամակն էր։ Այն Ստալինին էր հանձնել ԽՍՀՄ-ում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպան Ստեֆորդ Կրիպսը։ Այդ զգուշացում նամակը ոչ միայն հետախուզական տվյալներ էր պարունակում, այլեւ հմուտ քաղաքագետի ճշգրիտ գնահատականներն էին Հիտլերի ռազմավարական ապագա քայլերի մասին։ Բայց հենց այդ օրվանից Ստալինն սկսեց մտածել անգլիական դավադրության շուրջ։ Նրան թվում էր, թե դա պարզապես Մեծ Բրիտանիայի ցանկությունն է։ Ըստ նրա, անգլիացիների համար լավագույն տարբերակը ֆաշիստների եւ կոմունիստների փոխադարձ ոչնչացումն է։ Ցավոք, Ստալինն իսկապես հավատում էր իր իսկ հորինվածքին։ Նա նույնիսկ Մոլոտովի միջոցով Չերչիլի նամակի մասին հայտնեց Մոսկվայում Գերմանիայի դեսպան Շուլենբուրգին։ Միացյալ Նահանգների համանման զգուշացումը նույն ճակատագրին արժանացավ։
1941 թվականի ապրիլի 3-ին Ուինսթոն Չերչիլը Ստալինին եւս մի նամակ է ուղարկում, որում հիմնավոր փաստերով ապացուցում է Գերմանիայի անխուսափելի հարձակումը ԽՍՀՄ-ի վրա։ Նա նույնիսկ ներկայացրել էր անգլիական հետախույզների միջոցով ձեռք բերված գերմանական մի գաղտնի հաղորդագրության վերծանված տեքստը։
Սակայն Իոսիֆ Ստալինն այս ամենը որակում էր որպես ապատեղեկատվություն։ Նրա համոզմամբ այն ընդամենը անգլիացիների կազմակերպած դավադրության սկզբնական քայլերից է...
Հունիսի 21-ի երեկոյան Ստալինը զանգահարեց Մոսկվայի զինվորական օկրուգի հրամանատար Ի. Վ. Տյուլենեւին եւ հրամայեց 75 տոկոսով մարտական վիճակի բերել հակաօդային պաշտպանության զորքերը։ Բայց դրանից անմիջապես հետո պաշտպանության ժողկոմ մարշալ Տիմոշենկոյին ասաց. «Մենք չեղած տեղը սկսել ենք խուճապի մեջ ընկնել»։
Հարձակումից երեք ժամ առաջ, հունիսի 21 ի երեկոյան ժամը 11-անց 30 րոպեին Պաշտպանության ժողովրդական կոմիսարիատը վերջապես հրահանգեց զորքերը ռազմական պատրաստության բերելու մասին։
Արդեն սկսվել էին մարտական գործողությունները, երբ մարշալ Տիմոշենկոն, զանգահարելով Արեւմտյան հատուկ զինվորական օկրուգի հրամանատարի տեղակալ գեներալ Բոլդվինին, հրամայեց. «Դուք գերմանական զորքերի դեմ ոչ մի գործողություն չպետք է սկսեք առանց մեզ տեղեկացնելու... Ընկեր Ստալինը թույլ չի տալիս հրետանային կրակ բացել գերմանական զորքերի վրա»։ Ի պատասխան, գեներալն ընկալուչի մեջ գոռաց. «Այդպես չի կարելի, զորքերն ստիպված են նահանջել։ Քաղաքներն այրվում են, մարդիկ զոհվում են...»։
Միայն առավոտյան ժամը 7.15-ին պաշտպանության ժողկոմատը խորհրդային զորքերին հարձակման հրաման արձակեց։ Ունենալով ժամանակի հետախուզական ամենահզոր ցանցերից մեկը, Խորհրդային Միությունը հետախուզական ոլորտում իր ամենախայտառակ պարտությունը կրեց 1941 թվականի հունիսի 21-23-ին։ Բայց պատճառը ոչ թե ինֆորմացիայի պակասն էր, այլ այդ ինֆորմացիան վերլուծելու եւ հօգուտ պետության օգտագործելու անկարողությունը։ Հետախուզությունը գործեց, բայց Կրեմլում նստած այրերը, իրենց հիվանդոտ սովորության համաձայն, այս անգամ էլ սկսեցին կասկածել հետախույզներին ու նրանց ուղարկած տվյալներին։
Հետախուզության մասին իր գրքում Քրիստոֆեր Էնդրյուն այս առթիվ տեղին է մեջբերում կարդինալ դե Ռետցի՝ տասնյոթերորդ դարում արտահայտած միտքը. «Ամենաչվստահող մարդիկ ամենահաճախն են հայտնվում տխմար վիճակում»։
Բարի կամքի դրսեւորում
Նյու Յորք։ Հունիս, 1941թ.։
Գերմանիայի հարձակումից հետո պաշտոնական Վաշինգտոնի վերաբերմունքը կտրուկ փոխվեց Խորհրդային Միության նկատմամբ։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչներն անընդհատ հանդիպումներ էին ունենում ԽՍՀՄ լիազոր ներկայացուցիչ Ումանսկու հետ։ «Մոլոտով-Ռիբենտրոպ» պայմանագրից հետո առաջացած սառույցն սկսել էր հալվել։ Երկու շաբաթ անց խորաթափանց քաղաքագետներն արդեն կարող էին գուշակել խորհրդա-ամերիկյան դաշնակցային հարաբերությունների սաղմնավորման մասին։
Հայկ Հովակիմյանը լարված հետեւում էր դեպքերի ընթացքին։ Վերջին տասնհինգ օրերին ընդհանրապես մոռացել էր իր դատավարության մասին։ Կարողացել էր զանգահարել կնոջը, հուսադրել էր, որ ամեն ինչ լավ կլինի, մի քանի ամսից էլ ինքը կվերադառնա հայրենիք։ Նա մշտապես լուրեր էր քաղում ե՛ւ դիվանագիտական խողովակներով, ե՛ւ թերթերից, ե՛ւ, իհարկե զգուշությամբ, հետախուզությունից։ Բայց որեւէ տեղից հուսադրող լուրեր չկային։ Գերմանացիները սրընթաց մխրճվում էին երկրի խորքերը։
Հայրենիքում համընդհանուր զորահավաք էր...
Իսկ ինքն այստեղ օրեր ու ժամեր է սպանում՝ սպասելով իր բաժին ճակատագրին, որն ամենայն հավանականությամբ երկարամյա բանտարկությունն է։
Հուլիսի 4-ին առավոտից Ամտորգում իրեն էր սպասում դատապաշտպան Բակները։ Նա Հովակիմյանին մեկնեց դատարանից ուղարկված ծանուցագիրը, որով տեղեկացվում էր, որ Հովակիմյանը հրավիրվում է հուլիսի 15-ին կայանալիք դատավարությանը։
- Ես վատ բան եմ գուշակում, պարոն Հովակիմյան,- իր անհանգստությունն արտահայտեց փաստաբանը,- դատարանի աշխատակիցները վերջերս Ձեր գործով անհամեմատ աշխույժ են երեւում աչքիս։ Ենթադրում եմ՝ ինչ-որ նոր փաստեր են ի հայտ եկել։
- Ոչ մի նոր փաստ չի կարող լինել, պարոն Բակներ,- իր անհանգստությունը թաքցնելով ասաց Հովակիմյանը,- շնորհակալ եմ մտահոգության համար։ Մի քանի օրից կզանգահարեմ։
Բակների գնալուց հետո Հովակիմյանը հանդիպեց ռեզիդենտի պաշտոնակատար Լուկային։
- Պավել, խնդրում եմ հետեւյալը, այսօր եւեթ Սեմյոնովին (Տվեն) ուղարկում ես Վաշինգտոն, մինչեւ երեկո այնտեղ նա պետք է Գոլոսի միջոցով կապվի Ռոնդի հետ։ Իմ անունից նրան թող հանձնարարի՝ երեք օրվա ընթացքում պարզել, թե իմ գործով դատարանը հուլիսի 15-ին ի՞նչ նոր փաստերով է հանդես գալու։ Կրկնում եմ՝ երեք օրվա ընթացքում։
- Մի անհանգստացեք, Հայկ Բադալովիչ, Սեմյոնովին հենց հիմա կուղարկեմ,- ասաց Լուկան եւ գնաց խնդրանք-հանձնարարությունը կատարելու։
***
Հուլիսի 6-ի կեսօրին Լուկան մտավ ԽՍՀՄ գլխավոր հյուպատոս Ֆեդյուշինի աշխատասենյակ։ Հյուպատոսից բացի այնտեղ էր նաեւ Հովակիմյանը։
Ռոնդը, որ հայտնի էր Պետդեպարտամենտում իր ֆանտաստիկ կապերով, կարողացել էր ժամկետից շուտ իմանալ Հովակիմյանի գործի մանրամասների մասին։
- Հայկ Բադալովիչ, դատարանն այս անգամ հանդես է գալու նոր մեղադրանքով։ Դատելու են արդեն որպես խոշոր լրտեսի, որն անհամար պետական գաղտնիքներ է փոխանցել իր երկրին։ Կարծում եմ՝ այս մասին հենց հիմա պետք է հայտնել Կենտրոնին,- ասաց ռեզիդենտի պաշտոնակատար Պավել Պաստելնյակը (Լուկա)։
- Նաեւ ընկեր Մոլոտովին,- ավելացրեց գլխավոր հյուպատոս Ֆեդյուշինը, որն անկեղծորեն անհանգստացած էր Հովակիմյանի ճակատագրով եւ մտերմանալու ակնհայտ փորձեր էր անում՝ նախկինում տեղի ունեցած թյուրիմացությունը հարթելու համար։
- Շնորհակալ եմ, ընկերներ, ուրեմն Ձեզ չխանգարեմ,- ասաց Հովակիմյանն ու դուրս եկավ աշխատասենյակից։... Իսկ ի՞նչ կարող է անել Կենտրոնը, նրա ուժից վեր է այս հարցի լուծումը։ Իսկ լուծում կա՞։ Մի՞թե քսան տարի փտելու է օտարերկրյա բանտերում։ Ինքը կռիվ չունի ամերիկացիների հետ, որոնց ճանաչեց եւ ընդունեց այս տարիների ընթացքում։ Բայց ինքը հանցագործ է նրանց համար, եւ պատիժն անխուսափելի է։ Որպես «հանցագործ», միայն մի բանի համար էր զղջում, որ ավելի շատ գաղտնիքներ չհաղորդեց հայրենիքին։ Մի տեսակ հաշտ ու խաղաղ էր աշխարհի հետ։ Նույնիսկ հոգու խորքում հաշտ է նաեւ անհաշտ ՀԴԲ-ի գործակալների հետ։ Նրանք իրենց պարտքն են կատարում իրենց հայրենիքի հանդեպ, ինքը՝ իր։ Իսկ ի՞նչ ընթացք կունենա պատերազմը, որին բախտ չի ունենա մասնակցել, որեւէ կերպ օգնել երկրին...
- Ոչինչ չարեցի,- այս մտորումների մեջ խորասուզված, ափսոսաց Հովակիմյանը։
Եվ այս երկու բառն ասում էր մի մարդ, որի մասին 66 տարի հետո «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը գրելու էր. «Արտաքին հետախուզության փակ թանգարանում կարելի է գտնել այն հարցի պատասխանը, թե ինչն էր 1941 թվականից առաջ ԽՍՀՄ ռազմական տեխնիկայի մշակման բնագավառի չտեսնված թռիչքի պատճառը։ Որպես կանոն «լուսավորության» աղբյուրները եղել են ԱՄՆ-ից (նաեւ Գերմանիայից) ստացված մեր հետախուզության տվյալները։ Ամերիկյան ուղղությունը համակարգում էր Հայկ Բադալի Հովակիմյանը...»։
***
Մոսկվա։ Լուբյանկա։ 6 հուլիսի, 1941թ.։
Արտաքին հետախուզության պետ Պավել Միխայիլովիչ Ֆիտինը, Նյու Յորքի ռեզիդենտի պաշտոնակատար Պավել Պաստելնյակի ուղարկած ծածկագիրն ընթերցելուց հետո, խոր մտածմունքի մեջ ընկավ։ Ինչպե՞ս փրկի ռեզիդենտ Հովակիմյանին, բոլոր փաստերը նրա դեմ են։ Հետաքննությունների դաշնային բյուրոն նոր տեղեկություններ է հայտնաբերել։ Արդեն պատերազմ է սկսվել, եւ ընկեր Ստալինը, չնայած Մերկուլովին խոստացել է օգնել Գենադիին, բայց այժմ դրա ժամանակը չունի։ Մերկուլովը կարող էր նրան հիշեցնել, բայց, ցավոք, մի քանի օր առաջ նա այլ աշխատանքի է անցել։ Ու այս բոլոր ձախորդություններին ավելացել է եւս մեկ, վճռորոշ խոչընդոտ՝ Պետանվտանգությունն արդեն ղեկավարում է Լավրենտի Պավլովիչ Բերիան։
Ով-ով՝ Ֆիտինը գերազանց գիտեր Բերիայի եւ Հովակիմյանի վատ հարաբերությունների մասին։ Բերիան այն մարդը չէր, որ հանդուրժեր Հովակիմյանի երկու հայտնի բողոք-նամակներն իր դեմ։ Ավելին՝ հիմա հարմար առիթ է վրեժն առնելու։ Եվ հանուն այդ վրեժխնդրության Բերիան նույնիսկ հայտնի հետախույզ Անդրեյ Գրաուրին գործուղել էր Նյու Յորք՝ Հովակիմյանի դեմ նյութեր հավաքելու։ Ֆիտինը քաջատեղյակ էր, թե ինչպես էր Հովակիմյանը ԱՄՆ-ի տարածքից «քշել» Գրաուրին։ Տեղյակ էր նաեւ դրան ի պատասխան Բերիայի ստոր պահվածքին, որի պատճառով ինքը ութ ամիս շարունակ չկարողացավ օգնական ուժեր ուղարկել Նյու Յորք։ Գուցե այդ էր պատճառը, որ գրեթե մենակ մնացած Հովակիմյանը բացահայտվեց։
Բայց Ֆիտինը թաքուն հույսեր էր փայփայում։ Գիտեր նաեւ, որ Բերիան միշտ բարձր է գնահատել Հովակիմյանի պրոֆեսիոնալիզմը։ Երբեք նրա ուղարկած տեղեկությունների նկատմամբ կասկածներ չուներ այդ կասկածների «տոպրակը»։ Չի բացառվում, որ Բերիան տեղյակ լինի Մերկուլովի եւ Ստալինի զրույցից։ Եթե այդպես է, ուրեմն հաստատ գիտի, որ Ստալինը գնահատում է Հովակիմյանին։ Պետք է փորձել։
Ֆիտինը, անշուշտ, գիտեր, որ կրակի հետ է խաղում, բայց չէր ուզում կորցնել Գենադիի նման հետախույզին։ Մոլոտովն ի պաշտոնե, հնարավոր է, զանգած լինի Ստալինին եւ հաղորդած Հովակիմյանի գործերի բարդացման մասին։
Նա թափ տվեց ձեռքն ու վերցրեց ընկալուչը.
- Լավրենտի Պավլովիչ, Ֆիտինն է խոսում, կարեւոր ասելիք կա, ուզում եմ...
- Շտապ եկեք,- Ֆիտինի խոսքը կտրելով ասաց Բերիան եւ ընկալուչը ցած դրեց։
Ինչի՞ համար է կանչում, ինչո՞ւ էր այդքան չոր տոնով խոսում։ Ֆիտինն իր հետ վերցրեց այդ օրվա ծածկագրերը, որ ստացել էր ԱՄՆ-ից, Անգլիայից, Գերմանիայից, Ճապոնիայից եւ շտապ դուրս եկավ։
***
- Պավել Միխայիլովի՛չ, Դուք ի՞նչ կարեւոր ասելիք ունեիք,- պենսնեի տակից խորամանկ նայելով, հարցրեց Բերիան՝ մի տեսակ անտարբեր, ասես հարցնում է հարցնելու համար։
- Քիչ առաջ հեռագիր ստացա Նյու Յորքից, Հովակիմյանի գործերը վատ են։
- Լա՛վ, տեղյակ եմ, Մոլոտովը հաղորդել է արդեն։ Եվ ի՞նչ եք առաջարկում, ընկեր հետախուզության պետ։
- Ես ուզում եմ խորհրդակցել, Լավրենտի Պավլովիչ, Հովակիմյանը մեր լավագույն հետախույզներից է, նրան կորցնելու շռայլությունը մեզ թույլ տալ չենք կարող։
- Հասկացա, ի՞նչ եք առաջարկում, հարցնում եմ,- չոր տոնը պահպանում էր։
- Գուցե ընկեր Ստալինին տեղյա՞կ պահեիք,- համարձակվեց Ֆիտինը։
- Իսկ գուցե ընկեր Ստալինին առաջարկեի՞ք զանգահարել պրեզիդենտ Ռուզվելտին,- հեգնանքով ասաց Բերիան։
- Ձեր որոշելիքն է, Լավրենտի Պավլովիչ,- պատասխանեց Ֆիտինը եւ մտքում ասաց՝ հրաշալի գաղափար է։ Տեսնես ո՞վ է հեղինակը։
- Ես Հովակիմյանին լավ եմ ճանաչում, ավելի ճիշտ՝ շատ լավ եմ ճանաչում,- ասաց Բերիան,- նա վստահելի պրոֆեսիոնալ է, ձիու պես աշխատասեր, բայց նաեւ ավելորդ ակտիվություն ցուցաբերել գիտի, ուրիշներին ղեկավարել ու գնահատականներ կպցնել գիտի, այդպես չէ՞ ընկեր Ֆիտին։
Ֆիտինը հասկացավ, թե ժողկոմը խոսքն ուր է գլորում։
- Ընկեր Ստալինը գիտի Հովակիմյանին, ավելի ճիշտ՝ տեղյակ է նրա գործերից,- շարունակեց Բերիան,- Ես այսօր հանդիպելու եմ առաջնորդին, հուսով եմ՝ Հովակիմյանի գործը վերցրել եք Ձեզ հետ։ Կփորձենք օգնել։
Ֆիտինը Հովակիմյանի անձնական գործը հանձնեց ժողկոմին։
- Դուք ազատ եք։ Հա, չմոռանամ, ի՞նչ լուր կա Զորգեից...
Դուրս գալով շեֆի աշխատասենյակից, Ֆիտինը թեթեւացած շունչ քաշեց։ Ամեն ինչ հիանալի է, դոկտոր Հովակիմյան, հուսանք, որ հրաշք կկատարվի։
Հասնելով աշխատավայր, Ֆիտինը հեռագիր ուղարկեց Նյու Յորք։ Նայեց ժամացույցին՝ գիշերվա ժամը 3-ն էր։
Հույժ գաղտնի
ընկ. Լուկային.
Գենադիի գործերով զբաղվում ենք։ Թող իրեն ամուր պահի։ Գործի բարեհաջող տեղաշարժի համար հնարավոր ամեն ինչ կարվի։
Վիկտոր։
***
Նյու Յորք։ 11 հուլիսի, 1941թ.։
Առավոտյան ԽՍՀՄ գլխավոր հյուպատոս Ֆեդյուշինը կանչեց օգնականին եւ հանձնարարեց շտապ գտնել Հայկ Հովակիմյանին եւ հրավիրել իր մոտ։ Օգնականը ռեզիդենտին գտավ Ամտորգում եւ փոխանցեց հյուպատոսի խնդրանքը։
Կես ժամ անց Հովակիմյանն արդեն գլխավոր հյուպատոսի ընդունարանում էր։
- Հայկ Բադալովիչ, ընկեր Ֆեդյուշինը խնդրել է առանց սպասելու ներս մտնել։
Գլխավոր հյուպատոսը սիրալիր ընդունեց նրան եւ հայտնեց վերջին լուրը։
- Հայկ Բադալովիչ, առավոտյան Վաշինգտոնից զանգահարեց Կոնստանտին Ումանսկին եւ հայտնեց, որ իրեն շտապ հրավիրել են ԱՄՆ-ի Պետդեպարտամենտ։ Հետաքրքիր է, որ բարձրաստիճան պաշտոնյան բառացիորեն ասել է. «Ձեր երկրի հետախույզ Հայկ Բադալի Հովակիմյանի հարցով խնդրում եմ ներկայացեք Պետդեպարտամենտ»,- ասաց հյուպատոսը,- մինչեւ այժմ նրանք հետախույզ կամ լրտես բառերը պաշտոնապես չէին օգտագործում։
- Զարմանալին միայն այդ չէ, ընկեր Ֆեդյուշին։ Ձեր օգնականից առաջ ինձ զանգահարեց նաեւ իմ դատապաշտպան Բակները եւ հաղորդեց, որ իրեն խնդրել են շտապ ներկայանալ դատավորի մոտ,- իր հերթին հայտնեց ռեզիդենտը։
- Տարօրինակ է, ինչ-որ բան է տեղի ունեցել գիշերը, որ այսպես առավոտ կանուխ նախ Պետդեպարտամենտ, հետո դատարան են հրավիրում։ Հայկ Բադալովիչ, բայց որքան իմ փորձն ինձ ընձեռում է կանխագուշակել, ԽՍՀՄ լիազոր ներկայացուցչին հենց այնպես չէին հրավիրի։ Կամ շատ լավ լուր կա Ձեր մասին, կամ որ քիչ հավանական է՝ շատ վատ,- սկսեց մտորել Ֆեդյուշինը,- համենայնդեպես, ընկեր Ումանսկին խնդրեց, որ Ձեզ հրավիրեմ ինձ մոտ, իսկ ինքը առաջին իսկ հնարավորության դեպքում կզանգահարի հենց Պետդեպարտամենտից։
Գլխավոր հյուպատոսը ծխող չէր, բայց ծխախոտ խնդրեց։
- Ի՞նչ կա ռազմաճակատից,- հարցրեց Հովակիմյանը։
Շուրջ մեկ ժամ զրուցում էին։ Երկուսն էլ հաճախակի նայում էին ժամացույցին։ Ոչ Ումանսկին, ոչ Բակները չզանգահարեցին։
Ներս մտավ քարտուղարը եւ զեկուցեց, որ Պավել Պաստելնյակը շտապ ընդունելություն է խնդրում։
- Ես ասացի, որ Դուք զբաղված եք, բայց նա իրենն է պնդում, ասելով, թե հենց Հայկ Բադալովիչի հետ գործ ունի։ Հյուպատոսն ու ռեզիդենտը նայեցին իրար։ Ի՞նչ լուր է բերել հետախույզը, բո՞թ է, թե ավետիս։
- Շտապ ներս կանչեք,- կարգադրեց Ֆեդյուշինը։
Լուկան ներս մտավ ու գրկախառնվեց Հովակիմյանի հետ։
- Հենց նոր լուր ստացա Վաշինգտոնից,- շնչակտուր եւ ոգեւորված սկսեց նա,- գործակալ Ռոնդը երկու բառ է ուղարկել, խնդրեմ,- ցույց տվեց ծածկագիրը, որի վրա, իրոք երկու բառ էր՝ «Գենադին փրկված է»։
- Բայց՝ ինչպե՞ս, երբ արդեն ինձ հետախույզ են համարում,- տարակուսեց Հովակիմյանը, չնայած լավ գիտեր, որ Ռոնդը մինչ այժմ երբեք չի սխալվել։
Վերջապես հնչեց Վաշինգտոնի վաղուց սպասված զանգը։ Խոսափողի մոտ Ումանսկին էր.
- Հայտնեցեք Հովակիմյանին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պրեզիդենտ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, բարի կամք դրսեւորելով, անձամբ հատուկ գրությամբ կարգադրել է վերջ տալ բոլոր դատական քաշքշուկներին եւ Խորհրդային Միության քաղաքացի Հայկ Բադալի Հովակիմյանին ամենայն աջակցություն ցուցաբերել՝ հայրենիք վերադառնալու հարցում,- պաշտոնական, երկարաշունչ նախադասությունն ավարտելով, Ումանսկին շարունակեց,- Վաղը Հայկ Բադալովիչին սպասում եմ ինձ մոտ, մի շիշ վիսկին՝ իրենից։
Վաշինգտոնի ճանապարհին Հովակիմյանը փորձում էր ի մի բերել վերջին շրջանի իրադարձությունները, Կենտրոնից ստացած ծածկագրերը, որպեսզի կարողանար ըմբռնել ԱՄՆ-ի պրեզիդենտի այդ քայլը։ Պատերազմն սկսվելուց հետո, երբ այլեւս ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ը դաշնակիցներ էին, Ռուզվելտին կարող էր այդ քայլը հուշել կամ խնդրել միմիայն մեկ մարդ...
55 տարի հետո, 1996 թվականին Գ. Կյորնի եւ Վ. Չիկովի՝ Ֆրանսիայում տպագրված «Ինչպես Ստալինն ամերիկացիներից գողացավ ատոմային ռումբը» գրքի նախաբանում ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին աշխատակից Ռոբերտ Լամֆիերը կգրի. «1941 թվականին ՀԴԲ-ն բացահայտեց Հայկ Հովակիմյանին եւ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունն արդեն պատրաստ էր մեղադրանք ներկայացնել, բայց հանկարծ գործին միջամտեց Պետդեպարտամենտը, որի շնորհիվ Հովակիմյանին թույլատրվեց վերադառնալ Ռուսաստան։ Մեզ այս քայլը բացատրեցին հետեւյալ կերպ. ֆաշիստական Գերմանիան հենց նոր հարձակվել է Խորհրդային Միության վրա եւ քաղաքական տեսակետից «ոչ կոռեկտ» էր համարվել Ամերիկայում խորհրդային գլխավոր լրտեսներից մեկի դեմ մեղադրանք ներկայացնելը*»։
Մեկ այլ գրքում** այս մասին գրված էր. «Հովակիմյանին ոչինչ չէր փրկի, բացի հրաշքը։ Եվ հրաշքը կատարվեց։ Նա, պրեզիդենտ Ռուզվելտի հրահանգով բանտից ազատ արձակվեց եւ վերադարձավ հայրենիք»։
***
Շուբերտի սերենադի վերջին ակորդը լսելուց հետո, անջատեց գրամոֆոնը, սկսեց ի մի բերել բոլոր ձայնասկավառակները։ Ձերբակալվելուց առաջ իր հավաքածուի մեծ մասն իրերի հետ արդեն Մոսկվա էր ուղարկել, մնացել էր երկու հարյուրից քիչ ավելի ձայնասկավառակ։ Երկու ալբոմ՝ տասնհինգական ձայնասկավառակով, գնել էր ամենամտերիմ ընկերոջը՝ Արամ Իլյիչ Խաչատրյանին նվիրելու համար։ «Օ՜, ինչպես կհուզվի Արամը, հատուկ նրա ճաշակով եմ պատվիրել», մտածեց Հովակիմյանը։ Այնուհետեւ հատուկ արկղերում դասավորեց իր գրադարանը, որ հիմնականում անգլերեն տեխնիկական գրականություն էր եւ դասականների գործեր։
Նրան թվում էր, թե այստեղ մի ամբողջ կյանք է ապրել, ոչ թե՝ ութ անհանգիստ տարիներ, որոնք լի էին հաջողություններով ու ձախողումներով, երջանիկ պահերով ու տագնապներով։ Գոհ էր ճակատագրից թեկուզ նրանով, որ իրեն հնարավորություն էր տրվել պիտանի լինելու իր երկրին։
Հովակիմյանին մի հարց էր մտատանջում։ Ինչո՞ւ այսօր, երբ հրաժեշտ էր տալիս Ամտորգի եւ հյուպատոսարանի ընկերներին, Մոսկվայից նոր ժամանած հետախույզ Ալեքսանդր Սեմյոնովիչ Ֆեկլիստովը նրան թաքուն շշնջաց՝ զգույշ կլինեք այնտեղ, Հայկ Բադալովիչ, չնայած բոլորը հպարտանում են Ձեզնով ու Կենտրոնում Ձեր մասին առասպելներ են պատմում, սակայն որոշ ղեկավարներ, ատամները սրած, Ձեր վերադարձին են սպասում։ Մոսկվան Նյու Յորքը չէ, այնտեղ հակառակորդը դիմացից չի խփում, այլ թիկունքից։ Մխիթարականն այն է, որ ընկեր Ստալինը, իմ ունեցած տվյալներով, Ձեզ բարձր է գնահատում, իսկ դա թիկունքից հարվածող սրի դեմ ամուր վահան է։
Գուցե Գրաուրի՞ն ի նկատի ունի, դժվար թե, նա փոքր թիթեռնիկ է։ Եթե Լավրենտի Բերիան է, ուրեմն գործերը բարդ են։ Բանն այն է, որ այստեղից գրեթե բոլոր ետ կանչվածները գնդակահարված են։ Ի՞նչ է սպասում իրեն հայրենիքում։ Բայց այդ մասին ավելի լավ է չմտածել։ Այնտեղ պատերազմ է։ Կգնա, կներկայանա ու իր պատրաստակամությունը կհայտնի կրկին հետախուզական լարված ու վտանգավոր թոհուբոհի մեջ մտնելու մասին։ Երկու օրից Սան Ֆրանցիսկոյի նավահանգստից խորհրդային «Կիմ» շոգենավը նրան հայրենիք կտանի։
***
Հայկ Հովակիմյանի ձերբակալությունից հետո Նյու Յորքի հետախուզական ցանցի աշխատանքները բավականին անհաջող էին ընթանում։ Դեռեւս Գենադիի օրոք հետախույզների մեծ պակաս էր զգացվում։ Հովակիմյանի կազմակերպչական եւ պրոֆեսիոնալ արտակարգ տաղանդի ու աշխատասիրության շնորհիվ ուժերի գերլարումով ռեզիդենտուրան այնպիսի արժեքավոր ու բազմաբովանդակ տեղեկություններ էր ուղարկում Կենտրոն, որ շատերին կարող էր թվալ, թե ԱՄՆ-ում հետախույզների մի ամբողջ դիվիզիա է աշխատում։ Իրականում դա մի փոքրաթիվ ջոկատ էր՝ գործակալական մեծաթիվ ցանցով, որն աշխատում էր Հովակիմյանի հայտնի մեթոդով՝ հավաքագրող գործակալների խմբերով։ Հովակիմյանից հետո ռեզիդենտի պարտականությունները կատարող նրա տեղակալ Պավել Պաստելնյակն անկարող էր նույն թափով աշխատել։
Եվ դա ոչ թե նրա պրոֆեսիոնալիզմի պակասից էր, այլ ուղղակի անհնար էր փոքրաթիվ խմբով նախկին թափով աշխատելը։ Կենտրոնն անբավարար էր գնահատում Նյու Յորքի ռեզիդենտուրայի 1941-ի մայիսից հետո կատարած աշխատանքը։ Այն կարգավորելու նպատակով Մոսկվայից գործուղվեց փորձառու հետախույզ Վասիլի Միխայիլովիչ Զառուբինը*։
Նոր ռեզիդենտը, որ Արեւմտյան Եվրոպայում եւ Չինաստանում մեծ փորձ էր կուտակել, Ամերիկայում նոր խոչընդոտների հանդիպեց։ Ժամանակ էր պետք իրավիճակին տիրապետելու համար։ Բայց ժամանակ չկար։ «Հովակիմյանի հավաքագրած գործակալներն ու կապավորները պահանջում էին անհետաձգելի կապեր ու հանդիպումներ։ Կենտրոնի հետ համաձայնեցնելով, որոշվեց 35 ակտիվ գործակալներից 21-ին «սառեցնել»*։
Զառուբինը Մոսկվայից օգնական ուժեր խնդրեց։ Շուտով հետախույզների մի խումբ ժամանեց Նյու Յորք։ Նրանց թվում էր փորձառու Ա. Ա. Յացկովը**։ Նյու Յորքի ռեզիդենտուրան սկսեց վերակենդանացման նշաններ ցույց տալ։
* 1932թ. սեպտեմբերին, Հովակիմյանի ուղարկած տվյալների շնորհիվ Խարկովի ինստիտուտում հաջողվեց իրականացնել ատոմի ճեղքումը։
* «Պատվավոր չեկիստ» կրծքանշանը հանձնվում էր հակահետախուզությունում եւ հետախուզությունում երեք տարուց ոչ պակաս ստաժ ունեցող այն աշխատակիցներին, ովքեր առավել աչքի էին ընկնում ծառայության ժամանակ։
* OփպՐՍՌ ՌրՑՏՐՌՌ ՐՏրրՌռրՍՏռ ՉվպՔվպռ ՐՈջՉպՊՍՌ , Ց. 3, 1997չ.
* Գուտցայտը ծնվել է 1900թ., 1923 թվից հետախուզությունում էր։ Աշխատել է Կենտրոնի ապարատում։ 1933-1938թթ. եղել է ԱՄՆ-ում ԽՍՀՄ ռեզիդենտը։ 1938-ին ետ է կանչվում Մոսկվա եւ Լ. Բերիայի հրամանով գնդակահարվում որպես «լրտես ու դավաճան»։ Արդարացվել է 1956թ.։
* Մեր ձեռքի տակ եղած երկու փաստաթուղթ վկայում են, որ Հովակիմյանը Նյու Յորքում երկրորդ անգամ է պաշտպանել դոկտորականը, իսկ մինչ այդ՝ Մոսկվայում. ( OփպՐՍՌ ՌրՑՏՐՌՌ ՐՏրրՌռրՍՏռ ՉվպՔվպռ ՐՈջՉպՊՍՌ , 3-րդ հատոր 1997թ. եւ պաշտոնական կենսագրության մեջ)։ Իսկ ՊԱԿ-ի արխիվում նշված է, որ մինչ ԱՄՆ մեկնելը գիտության թեկնածու էր։
* 1933-1938թթ. Նյու Յորքի ռեզիդենտը Պ. Դ. Գուտցայտն էր, 1938-1941թթ.՝ Հովակիմյանը։
* Ազգանունը մտացածին է։
** Դեւիսը հանրահայտ պրոֆեսորի ծածկանունն է։ Այս անունը հետագայում բազմիցս նշվում է Նյու Յորքից Մոսկվա ուղարկվող գաղտնագրերում։
* Գիտնականների ծածկանունները։
* 1935թ. Ա. Արտուզովը նշանակվեց Կարմիր բանակի հետախուզական վարչության պետ։ Նրա փոխարեն արտաքին հետախուզության պետ նշանակվեց Ա. Ա. Սլուցկին եւ պաշտոնավարեց մինչեւ 1938 թվականը։
23. էՏՉՏրՑՌ ՐՈջՉպՊՍՌ Ռ ՍՏվՑՐՐՈջՉպՊՍՌ 1997թ., թիվ 3, 4։
24. Տիր - Նյու Յորք։
* Ս. Մ. Շպիգելգլաս Ծնվել է 1897թ., Լեհաստանում։ Սովորել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1917թ. զորակոչվել է բանակ։ Աշխատել է Արտակարգ հանձնաժողովում։ 1922 թվականից արտաքին հետախուզության աշխատակից էր։ Գիտեր ֆրանսերեն, գերմաներեն եւ լեհերեն։ Գործուղվել է Մոնղոլիա, Չինաստան, Ճապոնիա։ 1936-ից արտաքին հետախուզության պետի տեղակալն էր։ 1938-ի փետրվար-հունիս ամիսներին՝ պետի պաշտոնակատար։ 1938-ի հունիսին ձերբակալվել է «ժողովրդի թշնամի» պիտակով։ Գնդակահարվել է 1940թ.։
* «Դաշտ» - արտասահման
* Բորիս Յակովլեւիչ Բազարով - Ծնվել է 1893թ. Բելոռուսիայում։ Եղել է ցարական բանակի սպա։ Արտաքին հետախուզությունում էր 1921 թվականից։ Հետախույզ է աշխատել Բալկաններում, Ավստրիայում, Գերմանիայում։ Խոսում էր բուլղարերեն, սերբ խորվաթերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն։ Վատ չէր խոսում անգլերեն։ 1934 թվականից ԱՄՆ-ում ղեկավարում էր անլեգալ հետախուզությունը։ 1938-ին ետ է կանչվում Մոսկվա եւ գնդակահարվում՝ որպես դավաճան։ Արդարացվել է 1956թ.։
** Ռումյանցեւ - անլեգալ հետախույզ։ 1938-ին գնդակահարվում է որպես դավաճան։
* Տիր - Նյու Յորք։
** Որսորդներ - հետախույզներ։
*** Լողորդներ - գործակալներ։
**** Այս ծածկագիրը տպագրված է էՏՉՏրՑՌ ՐՈջՉպՊՍՌ Ռ ՍՏվՑՐՐՈջՉպՊՍՌ թերթում, 1997թ. թիվ 3-ում։
* Մ. Հ. Աբովյան - ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, Նյու Յորքում միջազգային ցուցահանդեսի ԽՍՀՄ տաղավարի գլխավոր ճարտարապետի տեղակալ։
* Զ. Ի. Պասսով - Ծնվ. 1905թ.։ Անվտանգության մարմիններում էր 1922 թվականից։ Աշխատել է Միացյալ պետքաղվարչության Նովգորոդի, այնուհետեւ՝ Պսկովի բաժիններում։ 1929 թվականին ավարտել է ՄՊՔՎ սահմանապահ բարձրագույն դպրոցը։ 1929-1936թթ. ծառայել է ՄՊՔՎ եւ պետանվտանգության գլխավոր վարչության Օմսկի բաժնում։ 1936-38թթ. աշխատել է ԽՍՀՄ ՆԳԺԿ պետքաղվարչության հակահետախուզության բաժնում։ Արտաքին հետախուզություն է եկել 1938 թվականին եւ ղեկավարել այն հունիս-նոյեմբեր ամիսներին։ Անվտանգության ավագ մայոր էր։ Պարգեւատրվել է Լենինի շքանշանով եւ «Պատվավոր չեկիստ» կրծքանշանով։ 1938-ի նոյեմբերին ձերբակալվել է, 1940-ին՝ գնդակահարվել։
* Որսորդ - հետախույզ։
** Լողորդ - գործակալ։
*** Ընդհատակային - անլեգալ հետախույզ։
**** Չելնոկ - կապավոր։
***** Կարթագեն - ԱՄՆ։
* Պ. Պաստելնյակ - հայտնի հետախույզ Լուկան։
* Արտեմիդա - հետախուզություն։
* Ռեդջ - Արտաքին հետախուզության նորանշանակ պետ Վ. Կ. Դեկանոզովի օպերատիվ ծածկանունն է։ Ծնվել է 1898թ.՝ Բաքվում։ Ավարտել է Թիֆլիսի գիմնազիան եւ ընդունվել Բաքվի բժշկական համալսարան։ 1921 թվականից անվտանգության մարմիններում էր։ Մինչեւ 1931թ. ղեկավար պաշտոններ է վարել Ադրբեջանի եւ Վրաստանի պետանվտանգության մարմիններում։ 1931-1938թթ. կուսակցական-պետական պաշտոններ է վարել Վրաստանի ՍՍՀ-ում։ 1938թ. դեկտեմբերից մինչեւ 1939-ի մայիս ղեկավարել է արտաքին հետախուզությունը։ 1939-1940թթ.՝ ԽՍՀՄ արտաքին գործերի ժողկոմի տեղակալ, 1940-1941՝ Բեռլինում ԽՍՀՄ դեսպան։ Մինչեւ 1947թ. արտաքին գործերի ժողկոմի տեղակալ։ 1953-ին Վրաց. ՍՍՀ ՆԳ նախարար։ 1953 հունիսին ձերբակալվել է Բերիայի գործով եւ նույն թվի դեկտեմբերին՝ գնդակահարվել։
* Արտեմիդա - հետախուզություն։
* Պավել Միխայիլովիչ Ֆիտին - Ծնվ. 1907թ., Տոբոլսկում։ Ավարտել է գյուղատնտեսական ակադեմիայի ինժեներական ֆակուլտետը։ 1932-1934թթ. բաժնի վարիչ է աշխատել «Սելխոզգիզ» հրատարակչությունում, ապա դարձել է խմբագրի տեղակալ։ Ծառայել է Կարմիր բանակում։ 1938-ի մարտից սովորել է ՆԳԺԿ բարձրագույն դպրոցում, ավարտել արտաքին հետախուզության բաժնի արագացված դասընթացները։ 1938-ին արտաքին հետախուզության բաժնի պետի տեղակալ էր, 1939-ի հունիսից մինչեւ 1946թ. հունիս՝ արտաքին հետախուզության պետը։ Ամբողջ պատերազմի ժամանակ նա պատվով կատարեց իր պարտականությունները։ Գեներալ-լեյտենանտ Ֆիտինը բազմաթիվ պարգեւների է արժանացել։ 1946 թվականի հունիսին Բերիայի հրամանով ազատվում է զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկվում Գերմանիա՝ որպես ԽՍՀՄ պետանվտանգության նախարարության լիազոր ներկայացուցչի տեղակալ։ 1947-ին՝ վերստին պաշտոնի իջեցում, ուղարկվում է Սվերդլովսկի մարզի պետանվտանգության վարչության պետի տեղակալ։ 1951-1953թթ.՝ Ղազախստանի պետանվտանգության նախարար։ 1953-ին՝ Սվերդլովսկի ՆԳՆ վարչության պետ, 1953-ի նոյեմբերին ազատվում է աշխատանքից՝ առանց թոշակի իրավունքի։ Այնուհետեւ նշանակվում է ֆոտոկոմբինատի տնօրեն։ Մահացել է 1971թ.։
* էՏՉՏրՑՌ ՐՈջՉպՊՍՌ Ռ ՍՏվՑՐՐՈջՉպՊՍՌ , ❁ 12, 1997չ., բսՈջՈՎՌ ՈչպվՑՈ ԻաԹ .
* Հարրի - Գ. Ս. Ռաբինովիչ, խորհրդային հետախույզ, Նյու Յորքում էր 1934 թվից, Կարմիր խաչի ներկայացուցիչ։
** Յուզիկ -. Ռ. Գրիգուլեւիչ, անլեգալ գործակալ։
*** Մարտինես - Անտոնիո Մարտինես, Կոմինտերնի ներկայացուցիչ։
* Խոսքը Հ. Հովակիմյանի կնոջ եղբոր՝ Մ. Հ. Աբովյանի մասին է, որը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր էր, Նյու Յորքում Միջազգային ցուցահանդեսի ԽՍՀՄ տաղավարի գլխ. ճարտարապետի տեղակալ։ Իբր Մ. Հ. Աբովյանը անհայտ հանգամանքներում մահացել էր։ Բայց դա սխալ էր՝ նա մահացել է 1960 թվականին, Մոսկվայում։
* բԱԲ բԱԲ - նկատի ունի Ա. Գրաուրին։
** Պավել - Բերիայի օպերատիվ ծածկանունն է։
* Իգոր - հետախույզ Կ. Մ. Կուկին։
** Մաքսիմ - Վ. Մ. Զառուբինի օպերատիվ ծածկանունը։
* ԶՐՌրՑՏՒպՐ կվՊՐ’, Ըսպչ բՏՐՊՌպՉրՍՌռ, Զբա։ ԵրՑՏՐՌ՞ ՉվպՔվպտՏսՌՑՌփպրՍՌւ ՏտպՐՈՓՌռ ՏՑ զպվՌվՈ ՊՏ բՏՐոՈփպՉՈ , ԷՏրՍՉՈ, 1990
* «Գետտո» - Գերմանիայում այդպես էին անվանում այն վայրերը, որտեղ հավաքում ու աքսորավայրի պես պահում էին հրեաներին։
* Վիկտոր - Ֆիտինի օպերատիվ ծածկանունը։
** Տիր - ԱՄՆ։
*** XY - գիտատեխնիկական հետախուզություն։
* OփպՐՍՌ ՌրՑՏՐՌՌ ՐՏրրՌռրՍՏռ ՉվպՔվպռ ՐՈջՉպՊՍՌ , Ց. 3 MՏրՍՏՉրՍՌռ ՍՏՎրՏՎՏսպՓ 1997, ՎՈՐՑ
** Բ. ԱվՑՏվՏՉ, Բ. ԶՈՐտՏՉ, TՈռվօպ ՌվՒՏՐՎՈՑՏՐօ ԶՐպՎս՞
*** Այս կոմոդը այժմ էլ սրբությամբ պահպանվում է Հովակիմյանի միակ թոռան՝ Կարինե Դարբինյանի երեւանյան բնակարանում։
* Այս բոլոր հարցաքննությունները ամենայն մանրամասնությամբ նկարագրվում են մի շարք փաստաթղթերում՝ Հովակիմյանի՝ Ֆեդյուշինին գրած նամակը (6.05.1941), փոխհյուպատոս Զայկինի զեկույցը Ֆեդյուշինին, Ֆեդյուշինի նամակը՝ ԽՍՀՄ լիազոր ներկայացուցիչ Ումանսկուն եւ հարցաքննության սղագրությունը։ Այս ամենից է միայն պարզվում, որ Հովակիմյանը 1935-ի վերջին, մինչեւ 1936-ի նոյեմբեր, բացակայել է ԱՄՆ-ից՝ ԽՍՀՄ ղեկավարության գաղտնի հանձնարարության պատճառով, որը մինչ այսօր գաղտնազերծված չէ։
* Հրեշ - նկատի ունի Հետաքննությունների դաշնային բյուրոն։
* Այն մինչեւ այժմ պահպանվում է պետանվտանգության մարմինների արխիվներում։ Նաեւ՝ Հովակիմյանի անձնական արխիվում։ Տես՝ հավելվածը։
* ԶՐՌրՑՏՒպՐ կվՊՐ’, Ըսպչ բՏՐՊՌպՉրՍՌռ, Զբա։ ԵրՑՏՐՌ՞ ՉվպՔվպտՏսՌՑՌփպրՍՌւ ՏտպՐՈՓՌռ ՏՑ զպվՌվՈ ՊՏ բՏՐոՈփպՉՈ
* Վիլհելմ Պիկ (1876-1960) - Գերմանիայի կոմկուսի ղեկավարներից, հետագայում ԳԴՀ պրեզիդենտ։
* HՏՉՏրՑՌ ՐՈջՉպՊՍՌ Ռ ՍՏվՑՐՐՈջՉպՊՍՌ , 1997, ❁ 12
** ԸփպՐՍՌ ՌրՑՏՐՌՌ ՐՏրրՌռրՍՏռ ՉվպՔվպռ ՐՈջՉպՊՍՌ , ԷՏրՍՉՈ, 1997չ., Ց. 3, ր. 178։
* Վասիլի Միխայիլովիչ Զառուբին - Ծնվել է 1894թ. Մոսկվայում։ Մինչեւ 1917թ. մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ 1918-1920թթ. մասնակցել է քաղաքացիական պատերազմին։ 1920-ից պետանվտանգության մարմիններում է։ 1923-1926թթ. ծառայել է Վլադիվոստոկում՝ Պետքաղվարչության տնտեսական բաժնի պետ։ Այնուհետեւ հետախուզական աշխատանքներ է տարել Ֆինլանդիայում, Դանիայում, Շվեդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Չինաստանում։ 1941-1944թթ. նա ռեզիդենտ էր Նյու Յորքում։ Նրա հետ մշտապես աշխատում էր կինը՝ հետախույզ Ելիզավետա Զառուբինան։ 1945-ին արժանացել է գեներալ-մայորի կոչման։ 1944-1948թթ. աշխատել է Կենտրոնում, որպես արտաքին հետախուզության պետի տեղակալ։ Մահացել է 1972թ.։
* OփպՐՍՌ ՌրՑՏՐՌՌ ՐՏրրՌռրՍՏռ ՉվպՔվպռ ՐՈջՉպՊՍՌ , Ց. 3
** Անատոլի Անատոլեւիչ Յացկովը (ետմահու) 1996թ. հունիսի 15-ին ՌԴ նախագահ Բ. Ելցինի հրամանով արժանացել է Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչման։
Մաս երրորդ
Մաս երրորդ
ENORMOUS
ինչպես ստեղծվեց ատոմային ռումբը
Օվկիանոսից անդին եւ հյուսիսում
Պատերազմի սկզբներին (նաեւ ընթացքում) հետախուզությունում այնպիսի իրադրություն էր, որ Խորհրդային Միության դաշնակից ԱՄՆ-ից եւ Անգլիայից անհամեմատ ավելի շատ տեղեկություններ էին ստացվում, քան բուն Գերմանիայից։ Ստալինը ուշադրությունը բեւեռել էր հենց այդ երկրներին. չլինի՞ թե նրանք միմյանց կամ Գերմանիայի հետ եռակողմ բանակցություններ են վարում։ Պատերազմի առաջին ամիսներին, ԽՍՀՄ ռեզիդենտ Հայկ Հովակիմյանի բացահայտվելուց հետո, ԱՄՆ-ում հետախուզական ցանցը որոշ ժամանակ կաթվածահար վիճակում էր, բայց համալրվելով փորձառու հետախույզներով՝ սկսեց նորմալ գործունեություն ծավալել։ Այդ շրջանում Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում առանցքային դեր խաղաց պրեզիդենտ Ռուզվելտի մտերիմ խորհրդական Հարրի Հոպկինսը։ Ստալինը մեծ հույս էր կապում նրա հետ։ Հետագայում այդ հույսերն արդարացան։ Ճիշտ է, անլեգալ հետախույզ Ի. Ա. Ախմերովը հանդիպում էր նրա հետ, բայց սխալ կլիներ Հոպկինսին խորհրդային գործակալ համարելը, վճռական պահերին նա միշտ գերադասում էր ԱՄՆ-ի շահերը։ Ուղղակի Հոպկինսը հիացած էր Ստալինով ու ԽՍՀՄ-ով եւ ամեն ինչով օգնում էր ռուսներին։ Հոպկինսը գաղտնիք պահել գիտեր, նա ոչ ոքի չտեղեկացրեց իր եւ Ախմերովի հանդիպումների մասին։ Նրա գաղտնապահությունը բարձր էր գնահատում Ռուզվելտը, որը Հոպկինսին համարում էր իր ամենավստահելի մարդկանցից մեկը։
Հարրին հավատաց Ախմերովին, երբ վերջինս նրան հանձնեց մի ծրար, ասելով, թե դա Իոսիֆ Ստալինի նամակն է Հոպկինսին։ Իսկ նամակում խորհրդաամերիկյան հարաբերություններում առանցքային դեր էր վերապահվում Հարրիին։ Պրեզիդենտի խորհրդականը Ախմերովին ընդունում էր որպես Ստալինի ոչ պաշտոնական միջնորդ, բայց ոչ երբեք՝ հետախույզ։ Նա գիտեր, որ Ստալինը կասկածամիտ է, չի վստահում դիվանագիտությանը, եւ դրանով էր պատճառաբանում Ախմերովի հետ գաղտնի կապը։ Հոգու խորքում խորհրդականը հպարտ էր, որ իրեն վստահում են ժամանակի երկու հզոր պետությունների երկու հզոր առաջնորդները՝ Ռուզվելտը եւ Ստալինը։
1941-ի հուլիսի 16-ին, որպես պրեզիդենտ Ռուզվելտի ներկայացուցիչ, Հարրի Հոպկինսը ժամանեց Անգլիա՝ Չերչիլի եւ ռազմական կաբինետի հետ բանակցություններ վարելու։ Հուլիսի 25-ին նա հեռագիր ուղարկեց Ռուզվելտին, որով թույլտվություն էր խնդրում այցելել ԽՍՀՄ, գտնելով, որ անկախ նրանից՝ ռուսները կպարտվե՞ն պատերազմում, թե կհաղթեն, պետք է սերտ կապեր պահպանել նրանց հետ։ Ռուզվելտը համաձայնեց։
«Հարրի Հոպկինսին ցուցաբերած ընդունելությունը պարզորոշ վկայում էր, որ այս այցին արտակարգ նշանակություն է տրվում»,- գրել է ԱՄՆ-ի դեսպան Լոուրենս Ստեյնհարդը։ Ամենօրյա հանդիպումների ընթացքում Ստալինը կարողացավ Հոպկինսին համոզել, որ Ռուսաստանն ի զորու է դիմակայել թշնամուն։ Խորհրդականը հիացած էր Ստալինով որպես անհատականության։
1941-ի նրա այցի հիմնական նպատակը Ռուսաստանին անհրաժեշտ հրատապ եւ երկարաժամկետ սպառազինությամբ աջակցելն էր։ Հանդիպումներից հետո նա եզրակացրեց, որ թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Անգլիայում անհիմն թերագնահատում են խորհրդային ռազմական հնարավորությունները։ Հետագայում Հոպկինսը կարողացավ պրեզիդենտ Ռուզվելտին համոզել, որ արժե օգնել ռուսներին։ Խորհրդային ղեկավարները հենց միայն սրա համար բարձր էին գնահատում Հոպկինսին։ Ռուզվելտը դեռ իր որդուն՝ Էլիոտին կասի. «Ես գիտեմ, թե պատերազմում Ռուսաստանի դիմակայելու հնարավորությանը որքանով է հավատում վարչապետ Չերչիլը»։ Եվ մատներով ցույց կտա՝ «զրո», «Հարրին ավելի շատ է հավատում։ Նա նույնիսկ ինձ էլ կարող է համոզել դրանում»։
Հոպկինսն այնքան էր վստահում ռուսներին, որ պահանջում էր օգնությունը չվերահսկել։ Նա այս հարցում լռեցրեց նույնիսկ իրենց զինվորականներին։ Չէր հանդուրժում Ստալինի հասցեին որեւէ վատ արտահայտություն։
Ստալինը ճիշտ էր նկատել, որ երկու երկրների հարաբերությունների դրական զարգացման գործում որոշիչ դեր է խաղացել Հոպկինսի աջակցությունը։ Առանց խորհրդականի Ռուզվելտը դժվար թե Ռուսաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու այդքան արագ որոշում կայացներ։ Ամենայն հավանականությամբ Հոպկինսի միջամտությամբ աշխատանքից ազատվեց Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատան ռազմական կցորդ Իհիթոնը, որն այս ամենին բացահայտորեն դեմ էր։
Ետ կանչվեց նաեւ դեսպան Ստեյնհարդը, որն ըստ Հոպկինսի, չէր վայելում Ստալինի վստահությունը։ Նրա ազդեցությունն այնքան մեծ էր, որ աշխատանքից ազատել տվեց նաեւ Ստալինին միշտ քննադատող Լոյ Ու. Հենդերսոնին, որն այն ժամանակ Պետդեպարտամենտի խորհրդային բաժինն էր ղեկավարում։
Ըստ Ստալինի, Հոպկինսը առաջին ամերիկացին էր, որ հոգով ու սրտով անկեղծորեն խոսում ու կիսվում էր իր հետ։
1943-ի օգոստոսին Հարրի Հոպկինսի գլխավորած պրեզիդենտական արձանագրային կոմիտեն Խորհրդային Միության մասին զեկույցում գրեց.
«Քանի որ Խորհրդային Ռուսաստանը պատերազմում որոշիչ գործոն է, նրան պետք է հնարավորինս աջակցել եւ բոլոր ջանքերն օգտագործել՝ բարեկամական հարաբերություններ ստեղծելու համար։ Ռուսաստանի հետ բարեկամական կապերի պահպանումն ու զարգացումը կարեւոր է նաեւ նրա համար, որ այդ երկիրը, անկասկած, ֆաշիստների նկատմամբ հաղթանակից հետո Եվրոպայում գերիշխող դիրք կունենա...»։
Հարրի Հոպկինսը չէր սխալվում։ Պատերազմի սկզբում եւ ողջ ընթացքում խորհրդա-ամերիկյան հարաբերությունները երիցս ավելի սերտ էին, քան Անգլիայի եւ ԽՍՀՄ-ի։ Հոպկինսի դիրքորոշումը դիմացավ ժամանակի փորձությանը։
***
ԽՍՀՄ-Անգլիա հարաբերությունները հեռու էին ԽՍՀՄ-ԱՄՆ հարաբերությունների մակարդակից։ Լոնդոնում ռուսները Հոպկինսի նման ազդեցիկ դեմք չունեին։ Խանգարող հանգամանք էր նաեւ Ստալինի թերահավատությունն ու հիվանդագին կասկածներն անգլիացիների նկատմամբ։
Որպես այս ամենի հակակշիռ, պատերազմի տարիներին Անգլիայում արդյունավետ էին գործում ԽՍՀՄ հետախույզներն ու գործակալները։ Պատմությունից արդեն հայտնի է «Հրաշալի հնգյակը» կամ «Քեմբրիջյան հնգյակը»։ Նրանցից չորսը՝ Բերջեսը, Բլանտը, Ֆիլբին եւ Կերնկրոսը ներթափանցել էին բրիտանական հետախուզություն։ Նրանց հետ սերտ համագործակցությամբ էր աշխատում Անգլիայում ԽՍՀՄ ռեզիդենտ Անատոլի Գորսկին*, նույն ինքը՝ Անատոլի Գրոմովը, նույն ինքը՝ հետախույզ Հենրին։ Հետաքրքիր է, որ «Հրաշալի հնգյակի» միջոցով հետախուզական ցանցը վերահավաքագրեց Անգլիայում Գերմանիայի հետախույզներից մի քանիսին եւ ողջ պատերազմի ընթացքում նրանց միջոցով սխալ տեղեկություններ էին հաղորդվում Գերմանիային։
Խորհրդային Միության քաղաքականության վրա պատերազմի տարիներին մեծ էր գիտական, քաղաքական եւ զինվորական հետախուզությունների ազդեցությունը։ Գիտատեխնիկական հետախուզության ասպարեզում Անգլիայում եւ Ամերիկայում գործող մեր մասնագետ հետախույզները կարողացան ներթափանցել ատոմային ռումբի ստեղծմամբ զբաղվող գերգաղտնի լաբորատորիաներ։
Այս հզորագույն զենքի մասին առաջին տվյալները հաղորդեցին Անգլիայից Ջոն Կերնկրոսը, իսկ Ամերիկայից՝ Հայկ Հովակիմյանը։ Անգլո-ամերիկյան համատեղ որոշմամբ ատոմային ռումբ ստեղծելու մասին Կերնկրոսը տեղեկացրեց 1940 թվականի հոկտեմբերին։ Կենտրոնը համեմատելով այս եւ մի քանի ամիս առաջ Հովակիմյանի ուղարկած տեղեկությունները, վերջապես համոզվեց, որ իրոք նման զենք պատրաստվում է, չնայած ԽՍՀՄ գիտնականները գրեթե բացառում էին նման ուժգնության ռումբի պատրաստումը։ Կենտրոնի գործակալ Ջոն Կերնկրոսը բրիտանական գիտության գծով կոմիտեի ղեկավար լորդ Խենկի անձնական քարտուղարն էր։ «Մաուդ» կոմիտեն եւ վերոհիշյալ կոմիտեն զբաղվում էին ատոմային ռումբի ստեղծման նախագծերով, գնահատականներ ու եզրակացություններ էին անում գիտության մեջ այս նորույթի առիթով։ 1941-ի ամռանը Կերնկրոսը կարողացավ Կենտրոն ուղարկել այս կոմիտեի զեկույցը, որտեղ ասվում էր, թե 1943 թվականի վերջին հնարավոր է ստեղծել «չափազանց հզոր ուժի զենք»՝ ուրան-235-ի օգտագործմամբ։ Երկու կոմիտեները ամիսներ անց խոստովանեցին, որ ատոմային ռումբի արտադրությունը (նախագիծը կոչվում էր «Տյուբ Էլլոիզ») պահանջում է երկու երկրների սերտ համագործակցությունը։ Սկսվեցին գաղտնի բանակցությունները։
Չնայած այս ամենի մասին Կենտրոնը տեղեկացվում էր, սակայն երկրի ղեկավարությունն այն համարում էր դեզինֆորմացիա։ Նրանց թվում էր, թե դա արվում է ֆաշիստներին դիմակայելու համար անհրաժեշտ սպառազինություն ստեղծող գիտնականների ուշադրությունը շեղելու նպատակով։
Ութ տարի անց
Մոսկվայում Հայկ Հովակիմյանին դիմավորեցին արտաքին հետախուզության աշխատակիցներն իր մտերիմ գործընկերոջ՝ Վասիլի Զառուբինի գլխավորությամբ։ Նա հենց սկզբից կանխեց Հովակիմյանի տրամաբանական հարցը՝ որտե՞ղ են կինն ու աղջիկը։ Զառուբինը տեղեկացրեց, որ մայրաքաղաքում սկսվել է բնակչության էվակուացիան դեպի երկրի խորքերը։ Վերային երեխայի հետ ուղարկել են Նովոսիբիրսկ։
- Հավատալս չի գալիս, Հայկ Բադալովիչ, որ Ձեզ ողջ եւ առողջ եմ տեսնում։ Կենտրոնում գրեթե բոլորս, բացի Ֆիտինից, հույսներս կորցրել էինք,- արդեն ավտոմեքենայի մեջ սկսեց պատմել Զառուբինը,- եթե Ռուզվելտն իմանար քո գործունեության թեկուզ հինգ տոկոսի մասին, նույնիսկ ընկեր Ստալինի խոսքը չէր հարգի ու Ձեզ չէր ազատի...
- Ուրեմն, ընկեր Ստալի՞նն է միջնորդել,- հարցրեց Հովակիմյանը։
-... Չգիտեմ, ես օրինակի համար ասացի,- կարկամելով պատասխանեց Զառուբինը։
- Այդքան փորձված հետախույզ եք, բայց լեզվի սայթաքում թույլ տվիք,- կատակեց Հովակիմյանը։
- Հայկ Բադալովիչ, կարող եմ համոզված ասել, որ այդքան ծանր ճամպրուկների պարունակության ութսուն տոկոսը ձայնասկավառակներ են։ Նախորդ իրերդ ես եմ տեղափոխել։
- Դուք չեք սխալվում, Վասիլի Միխայիլովիչ, իսկական հետախույզ եք,- նորից կատակեց Հովակիմյանը։
Հրաժեշտից առաջ Զառուբինը խնդրեց երկու օր անց՝ երկուշաբթի առավոտյան Լուբյանկա՝ Ֆիտինին ներկայանալ վերջին ամիսների մասին մանրամասն զեկուցագրով...
Բնակարան բարձրանալիս Հայկը ստուգեց փոստը, ուրախացավ, որ երկու նամակ կա Վերայից։
Գրողը տանի, ութ տարում ոչինչ չէր փոխվել։ Հյուրասրահում ավելացել էր միայն Վերայի հետ Ամերիկայից ուղարկած ձայնասկավառակների կոմոդը, որի վրա իր, Վերայի եւ Էգինայի նյույորքյան լուսանկարն էր։ Հանկարծ հիշեց Վերայի նամակները, վառեց լուսամփոփն ու սկսեց կարդալ մեկ ամիս առաջ գրված նամակը.
«Բարեւ Հայկ ջան, ես չգիտեմ՝ այս տողերը ե՞րբ կկարդաս։ Ինձ ու Էգինային քո ընկերներն ուղարկեցին Նովոսիբիրսկ։ Սկզբում հրաժարվեցի, բայց ասացին, որ քո խնդրանքն են կատարում եւ որ պարզ չէ, թե դու երբ կվերադառնաս։ Հինգ ամիս օր ու գիշեր սպասել ենք քեզ, այդպես էլ չիմացա, թե ինչո՞ւ մայիսին չեկար։ Զառուբինն ասում էր, թե կիսատ մնացած հանձնարարություն ես կատարում։ Չեմ հավատում։ Այս ամիսներն ավելի ծանր էին, քան մնացած բոլոր տարիները։
Մենք լավ ենք։ Ես իմ մասնագիտությամբ աշխատում եմ Նովոսիբիրսկի կենտրոնական հիվանդանոցում, Էգինան դպրոց է հաճախում։
Ամերիկայից վերադառնալուց հետո մեզ հաճախ հյուր էին գալիս քո երկու ընկերները՝ Կարո Հալաբյանն ու Արամ Խաչատրյանը։ Արամ Իլյիչը հաճույքով զարմացավ քո ձայնասկավառակների հավաքածուի համար։ Հայկ ջան, ամեն կիրակի, երեկոյան ժամը 8-ին այստեղից զանգահարում եմ Մոսկվա՝ մեր բնակարան։ Ամեն անգամ ականջս ընկալուչին հպած, սպասում եմ քո տաք ձայնին։ Հուսով եմ՝ մի օր կպատասխանես զանգերիս։
Կարոտում ու ջերմ-ջերմ համբուրում եմ։
Քո՝ Վերա»։
***
Օրը շաբաթ էր, վարագույրի արանքից ուշ ամռան առավոտի արեւը ծիկրակում էր ներս, խաղում հոգնած կոպերի վրա։ Աչքերը բացեց։ Իր տանն է։ Անսովոր, խորթ, ալարկոտ մի զգացում գամել անկողնուն, չի թողնում գլուխը բարձից կտրել։ Առաջին անգամ զգաց, որ չի շտապում։ Հանկարծ հիշեց, որ այսօր իր ծննդյան օրն է։ 43-րդ տարին է բոլորում։ Վերջին անգամ Մոսկվայում տարեդարձը նշել է 12 տարի առաջ՝ 1929-ին։
«Գրողը տանի, ի՛նչ էգոիստ է մարդը, մոռանում եմ, որ այստեղ պատերազմ է»,- դժգոհեց ինքն իրենից ու վերկացավ։ Ինչո՞ւ են երկու օր հետո կանչում։ Չէ՞ որ մեր գործում շաբաթ-կիրակի չկա։ Զարմանալի է։
Որոշեց գտնել Արամ Խաչատրյանին։ Հեռախոսահամարը հիշում է։ Բայց ոչ ոք չի պատասխանում։ Մտաբերեց, որ շաբաթ օրերին նա հաճախում էր Հայկական մշակույթի տուն։ Այնտեղ միշտ հանդիպում էին, երկար զրուցում, գուցե հիմա է՞լ է այնտեղ։... Մուտքի մոտ ծանոթ աշխատակիցները նրան չճանաչեցին։ «Ծերացել եմ երեւի», մտածեց ու սկսեց աստիճաններով դանդաղ բարձրանալ։
- Ի՞նչ է կորցրել մեր կողմերում Հայկ Բադալովիչը,- հետեւից լսեց ծանոթ մի ձայն ու շրջվելով նկատեց Արամ Խաչատրյանին, որ թեւերը լայն տարածած ընդառաջ էր գալիս։
Գրկախառնվեցին, երկար մնացին այդպես։
- Հայկ, Հայկ, էս ո՞ւր ես,- ընկերոջն ուշադիր զննելով, հարցրեց կոմպոզիտորը։
- Արամ Իլյիչ, այնպիսի հարց տուր, որ կարողանամ պատասխանել կամ գոնե դո՛ւ հարց մի տուր,- ժպտալով պատասխանեց Հովակիմյանը։
- Լսիր, այսօր նշանավոր օր է, գնանք իմ աշխատասենյակ, նշելու առիթ կա,- ասաց Արամ Իլյիչն ու Հովակիմյանին թեւանցուկ առաջնորդեց միջանցքով։
- Ի՞նչ առիթ է, Արամ Իլյիչ։
- Խմենք, այսօր իմ ընկերոջ ծննդյան օրն է, բարի գալուստ։
Հովակիմյանը զարմացավ։
- Դու որտեղի՞ց ես հիշում, առավոտյան մտաբերեցի, որ վերջին անգամ տարելիցս նշել եմ տասներկու տարի առաջ...
- Տասներկու տարի առաջ՝ հանրակացարանում, ես էի, Հալաբյան Կարոն, Ռուբեն Սիմոնովը...,- Հովակիմյանի խոսքը շարունակեց Խաչատրյանը։
- Էհ, ինձնից ստախոս դուրս չի գա Հայկ, իրականում Կարո Հալաբյա՛նը երեկ հիշեց քո ծննդյան օրը, ասաց՝ այստեղ լիներ՝ ուրախանայինք։ Բայց դե հիմա ի՞նչ ուրախություն։ Դաժան օրեր են, Հայկ։
- Ռուբենին տեսնո՞ւմ ես, ինչպե՞ս է,- հարցրեց Հովակիմյանը։
- Հիմա դրամատիկական թատրոնում է, վաղուց չեմ տեսել, մեկ ամիս կլինի։
- Ժամանակի զգացողությունը, Արամ Իլյիչ, հարաբերական է։ Ես էլ քեզ նման Ռուբենին վաղուց չեմ տեսել, բայց իմ «վաղուցը» մեկ ամիս չէ, այլ տասնմեկ տարի։ Հնարավոր է, նորից մի քանի տարի չհանդիպենք, ո՞վ գիտի։ Ու քանի միասին ենք՝ պատմիր ստեղծագործություններիդ մասին,- ասաց Հովակիմյանը,- գիտեմ «Պեպո» ֆիլմի մասին, Պեպոյի երգդ լսել եմ։ Տեղյակ եմ նաեւ «Զանգեզուր» ֆիլմում քո «Զանգեզուրի քայլերգից», գիտեմ, որ Հայաստանի Գերագույն խորհրդի դեպուտատ ես, ընդամենը այսքանը։
- Բայց որտեղի՞ց ես իմացել,- զարմացավ կոմպոզիտորը։
- Բարեկամս, մոռանում ես, որ իմանալն իմ մասնագիտությունն է,- կատակեց Հովակիմյանը,- Վերայի եղբորից՝ Միքայել Աբովյանից եմ լսել։
- Հայկ, ինչ հրաշալի ձայնասկավառակներ ունես, վերջերս ձեր տանը Վերայի հետ մի քիչ լսեցի։ Ինչքան մաքուր ձայնագրություններ են։
- Ոչ միայն ես ունեմ, այլ նաեւ դու, Արամ Իլյիչ։ Հատուկ պատվիրել էի եւ վերադարձիս նախօրեին ստացա հատուկ ընտրված 30 ձայնասկավառակ։
- Ճաշակիդ չեմ կասկածում, շնորհակալ եմ։ Ինչ մնում է ստեղծագործություններին, ապա այս օրերին, երբ գերմանացիները մոտենում են Մոսկվային, ուզում եմ մի այնպիսի հզոր բան ստեղծել, որ մեր ժողովրդին ոգեւորի, մեջս խմորումներ են, առայժմ՝ սեւագրություն, իսկ վերջին գործս Լերմոնտովի «Դիմակահանդեսն» է, որի պրեմիերան Վախթանգովի թատրոնում վերջերս կայացավ։ Հայկ, պատմիր, ռազմաճակատում ի՞նչ վիճակ է։ Դու կիմանաս։
Երկու վաղեմի բարեկամները երկար զրուցում էին, ու թեեւ նրանք դեռեւս 1924 թվականից էին մտերիմներ եւ վաղուց էին դու-ով խոսում, բայց Հայկը միշտ հայրանունով էր դիմում։
***
Պայմանավորվածության համաձայն կիրակի օրը հանդիպեց Զառուբինին։ Խնդրեց պատմել Լուբյանկայում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ուղղակի սարսռաց ընկերոջ պատմածից։ Զառուբինը զգույշ մարդ էր, շատ բաներ, անշուշտ, թաքցնում էր, բայց եղածն էլ բավական էր ցնցվելու համար։ Հովակիմյանը ԱՄՆ էր մեկնել 1933-ի վերջին, անցել է գրեթե ութ տարի։ Փաստորեն, Կենտրոնի իր ճանաչած քսաներկու աշխատակիցներից քսանը գնդակահարված ու աքսորված էին։ Նա խոսքեր չէր գտնում արտահայտվելու։ Այդ քսանից ուղիղ կեսին անձամբ ճանաչում էր եւ Գերմանիայում ու ԱՄՆ-ում աշխատել էր կողք-կողքի։ Հիանալի պրոֆեսիոնալներ էին, համարձակ ու հայրենասեր հետախույզներ։
- Այսպես ո՞ւր ենք գնում, Վասիլի Միխայիլովիչ, թշնամին էլ ինչո՞ւ է նեղություն քաշում, ինքներս մեզ ոչնչացնում ենք, լավագույններին ենք ոչնչացնում։ Այս ինչ ցեց է մեր ներսից մեզ քրքրում,- վրդովված խոսեց Հովակիմյանը։
- Հայկ Բադալովիչ, ինչքան չլինի Ձեզանից մի քանի շապիկ ավելի եմ մաշել։ Խորհուրդս է՝ զգույշ եղեք, խուսափեք նույնիսկ նման երկխոսությունից։ Լուբյանկայի պատերն ականջներ են։ Ես տեղյակ եմ Ձեր երկու հայտնի հեռագրերից, մեկը «ժողովրդի թշնամիների» առիթով եւ մյուսը՝ ուղղված Բերիայի, Վորոշիլովի եւ Կագանովիչի հայտարարությանը։ Ասում եմ հայտնի հեռագրեր, որովհետեւ դրանց մասին շատերը գիտեն,- գրեթե շշուկով ասաց Զառուբինը, չնայած փողոցում ոչ ոք չէր կարող լսել նրանց,- մենք սպասում էինք, որ Ձեզ էլ «թշնամի» կդարձնեն, հրաշքով փրկվեցիք, բայց նման խայթոցները չեն ներվում ու չեն մոռացվում։
Զառուբինը գիտեր, որ Հովակիմյանը նման խորհուրդների կարիք չունի, բայց իր պարտքն էր համարում հիշեցնել եւս մեկ անգամ։
- Դուք բավականաչափ հայտնի եք «վերեւներում», գուցե դա Ձեզ փրկեց կամ ով գիտի... գուցե այդ նամակների առկայությունը փրկեց։ Չէ՞ որ Ձեզանից առավել հայտնիների հախից են եկել,- շարունակեց Զառուբինը։ Բացի երկու-երեք հոգուց, բոլորը, ներառյալ Ֆիտինը եւ Բերիան, Ձեզ դեմքով չեն ճանաչում։ Երեկ, երբ պատմեցի Ձեր մասին, նկարագրելով նաեւ Ձեր արտաքինը, շատերը զարմացան։ Կարծում էին, թե բարձրահասակ, սարսափազդու, թիկնեղ հսկա եք։
Հովակիմյանը բարձրաձայն ծիծաղեց.
- Վաղը ես կգամ ու կհիասթափեցնեմ բոլորին...
***
Երեկոյան ժամը յոթից Հայկը հյուրասենյակում նստած րոպեներն էր հաշվում։ Արդեն յոթն անց տասնհինգ է, Վերայի հեռախոսազանգին մնացել է քառասունհինգ րոպե։ Բայց կզանգահարի՞, արդյոք։ Իսկ գուցե հիվանդանոցում հերթապահո՞ւմ է։ Ինչո՞վ զբաղվի մինչեւ ութը։ Գրադարակից վերցրեց Թումանյանի քառյակները, որ միշտ իրենից անբաժան էին Բեռլինում, Նյու Յորքում, Վաշինգտոնում։ Փնտրեց, գտավ սիրած քառյակը.
Քուն թե արթուն՝ օրիս շատը երազ եղավ, անցկացավ,
Երազն էլ, նուրբ ու խուսափուկ, վըռազ եղավ, անցկացավ,
Վըռազ անցան երազ, մուրազ, ու չհասա ոչ մեկին,
Կյանքս թեթեւ տանուլ տված գըրազ եղավ, անցկացավ։... Հեռախոսը զրնգաց, նայեց ժամացույցին՝ ուղիղ ութն էր։ Անմիջապես վերցրեց ընկալուչը.
- Այո՛, լսում եմ...
- Ֆյոդր Իվանովիչը տա՞նն է,- լսվեց տղամարդու խռպոտ մի ձայն։
- Դուք սխալվել եք,- հիասթափված դրեց խոսափողը։
Արդեն ութն անց հույսը կտրեց։ Գրողը տանի, ինքը նման պահերը միշտ սենտիմենտալ է համարում։ Իսկ հիմա սիրտը շոշափելու աստիճան բաբախում է։
Երեւի այս կիրակի չի զանգի, հասցեն կա՝ նամակ կգրի...
Զանգը հնչեց։ Մեկ անգամ, երկու, երեք։ Խոսափողը վերցրեց...
- Հա՞յկ, Հայկ ջան, դո՞ւ ես։ Հա՞յկ...
- Ես եմ, Վերա ջան, արդեն տանն եմ... արդեն մեկ ժամ է սպասում եմ զանգիդ, ինչո՞ւ ուշացրիր...
- Մեկ ժամը շա՞տ է, Հա՛յկ, ես մեկ դար է սպասում եմ...
***
Մոսկվա։ Լուբյանկա։ 10 օգոստոսի, 1941թ.։
Մեկ կանգառաչափ այս տարածությունը Հովակիմյանը հաճախ նախընտրում էր անցնել ոտքով։ Հասցնում էր այդ հինգ րոպեի ընթացքում ժողովել մտքերը, կենտրոնանալ եւ հոգեբանորեն նախապատրաստվել սպասվելիք հարցախույզներին։ Տարիներ են անցել, երբ առաջարկեցին աշխատել հետախուզությունում, երբ մեկնեց Բեռլին, վերադարձավ ու գործուղվեց Նյու Յորք։ Ավելի մեծ տագնապներ ապրել էր արտասահմանում, թրծված, փորձառու հետախույզի համար Լուբյանկա՝ Կենտրոն հաճախելը պետք է որ սովորական բան լիներ։ Բայց Լուբյանկա տանող ա՛յս ճանապարհին Հովակիմյանն էլի, բազմաթիվ հարցերի պատասխաններ չունենալով, թաքուն տագնապում էր։ Վերջին անգամ այս ճանապարհով անցել էր 1933-ի նոյեմբերին։ Հիմա Լուբյանկայում ծառայողներից գրեթե ոչ մեկին չի ճանաչի, բոլորին պիտակավորեցին ու կանգնեցրին գնդակահարության պատի տակ կամ փտեցրին Սիբիրներում։
Ընդունարանում յոթ-ութ զինվորականներ կային։ Մոտեցավ քարտուղարին, ներկայացավ.
- Պետանվտանգության ծառայության փոխգնդապետ Հայկ Հովակիմյան, ես հանդիպում ունեմ պետի հետ։
Քարտուղարը, որը բարձրահասակ, ատլետիկ կազմվածքով մայոր էր, զգաստ ոտքի կանգնեց։ Գրասենյակի մի քանի աշխատակիցներ, Հովակիմյանի խոսքից հետո, ասես մեկի հրամանով, ոտքի ելան։ Հոլիվուդյան աստղին հանդիպած մոլի երկրպագուի երջանիկ հայացքով սիրունատես գործավարուհին անսպասելիորեն բացականչեց.
- Հայկ Բադալովիչ, մենք բոլորս անհամբեր սպասում էինք Ձեր վերադարձին, բարի գալուստ։
Հովակիմյանը հիշեց Զառուբինի խոսքերը՝ արտաքինի մասին։ Իսկ աշխատակիցները, որոնք քաջատեղյակ էին Հովակիմյանի գործունեությանը, երեւի զարմացած էին, որ համարյա լեգենդ դարձած պատմությունների հեղինակն արտաքինից ավելի արվեստագետի, երաժշտի էր նման, քան՝ թրծված, հազար ու մի կրակի միջով անցած հետախույզի։
Քարտուղարը բացեց արտաքին հետախուզության պետ Պավել Միխայիլովիչ Ֆիտինի աշխատասենյակի դուռն ու Հովակիմյանին հրավիրեց ներս։
- Վերջապես հանդիպեցինք, դոկտոր Հովակիմյան,- ջերմ ողջագուրվելով ասաց Ֆիտինն ու հրավիրեց նստելու։
Բարձրահասակ, լայնաճակատ ու խելացի աչքերով Ֆիտինի անբռնազբոս պահվածքը դուր եկավ Հովակիմյանին։ Վերջին յոթ տարիներին արտաքին հետախուզությունում յոթ պետ էր փոխվել։ Որպես արտասահմանում հետախուզական ցանցի ղեկավար, նա գոհ էր միայն Ֆիտինի աշխատանքից, որը վերջին շրջանում կարողացավ օգտակար լինել Նյու Յորքի ռեզիդենտուրային։ Հովակիմյանը երախտապարտ էր այս մարդուն, տեղյակ էր, որ իրեն ազատելու գործում իր բաժին լուման է ունեցել։
- Ուրախ եմ ծանոթության եւ երկու տարի միասին արդյունավետ աշխատելու համար,- ասաց Հովակիմյանը եւ պետին մեկնեց իր զեկուցագիրը։
Ֆիտինն առանց նայելու՝ մի կողմ դրեց։
- Հայկ Բադալովիչ, մինչեւ բուն գործին անցնելը, թույլ տվեք կատարել մի հաճելի պարտականություն,- ասաց Պավել Միխայիլովիչն ու մոտեցավ գրասեղանին,- անտեսանելի ռազմաճակատում՝ հետախուզությունում, կռվող մարտիկի պետական պարգեւները հավաքում են Կենտրոնում եւ եթե բախտ է վիճակվում ողջ եւ առողջ հայրենիք վերադառնալ, դրանք հանձնվում են նրան, եթե ոչ՝ հարազատներին։ Ես ուրախ եմ, որ այսօր անձամբ Ձեզ եմ հանձնում։ Խնդրեմ՝ «Կարմիր դրոշի» եւ «Կարմիր աստղի» շքանշանները՝ առաջինով անցյալ տարի եք պարգեւատրվել, վերջինով՝ այս տարվա մայիսին։ Թույլ տվեք շարունակել, Հայկ Բադալովիչ, նախարարությունը Ձեզ պարգեւատրել է նաեւ «ՆԳԺԿ վաստակավոր աշխատակից» կրծքանշանով*, որն ի դեպ քիչ թվով հետախույզներ են ստացել։
- Ծառայում եմ Խորհրդային Միությանը,- հուզված պատասխանեց Հովակիմյանը՝ ստանալով պարգեւները։
- Այսուհետ Դուք գնդապետ եք, դոկտոր,- Ֆիտինը հանձնեց նաեւ գնդապետի ուսադիրներ,- իսկ այժմ գործի անցնենք։ Մենք գիտենք, որ ութ տարի շարունակ, Դուք գիշեր-ցերեկ կատարել եք հետախույզի, ռեզիդենտի խիստ ռիսկային ու ծանր աշխատանքը։ Եվ կատարել եք արժանապատվորեն։ Էլ չեմ խոսում արդյունավետության մասին։ Չպետք է ուրանալ, որ անձամբ Ձեր շնորհիվ այժմ մեզ մոտ կոնստրուկտորական բյուրոներ, մի քանի փորձարարական գործարաններ են ստեղծվել ու գործում են ամբողջ թափով։ Երբ Ձեզ ազատելու համար պատրաստվում էինք Ձեր գործերը ընկեր Ստալինին ներկայացնել, ուղղակի զարմացել էինք։ Պարզեցինք, որ միայն վերջին մեկուկես տարում Կենտրոն եք ներկայացրել 31000 էջ տեխնիկական փաստագրական տվյալներ, 1055 գծագրերի կոմպլեկտ, նոր տեխնիկայի 163 օրինակ։ Ինչո՞ւ եմ այսքան երկար խոսում, Հայկ Բադալովիչ։ Ասելիքս այն է, որ այս ամենը տիտանական աշխատանքի, մեծագույն պրոֆեսիոնալիզմի արդյունք է։ Դուք գոնե արձակուրդի արժանի եք։ Բայց մենք կադրեր չունենք։ Վաղն առավոտից պետք է աշխատանքի անցնեք՝ նշանակված եք արտաքին հետախուզության երրորդ բաժնի պետ։ Կգործենք միասին։
- Ես մնում եմ Մոսկվայո՞ւմ,- զարմացավ Հովակիմյանը։
- Այո, հիմա քարտուղարը ցույց կտա Ձեր աշխատասենյակը,- ասաց Ֆիտինն ու նայելով Հովակիմյանի պարգեւներին, հանկարծ մոտեցավ ու ականջին շշնջաց,- Ձեր հերոսական մաքառումների դիմաց, սրանք համեստ գնահատականներ են, բայց այստեղ Հովակիմյանին նաեւ չսիրողներ կան, որոնք սրան էլ չէին ուզենա արժանացնել Ձեզ։
Տեսնելով, որ դիմացինը բացարձակ անկեղծացավ, Հովակիմյանը նրա ականջին շշնջաց.
- Աստծուց եւ Ձեզանից շնորհակալ եմ, թեկուզ այն բանի համար, որ չեք գնդակահարում։
Ֆիտինն անակնկալի եկավ, բայց տեսնելով Հայկի կիսաժպիտը՝ փռթկաց։
- Այո, ընկեր Բերիան ճիշտ է ասում՝ դառն եք, Հովակիմյան։
- Քաղցրին կուլ են տալիս, Պավել Միխայիլովիչ։
- Իսկ դառն էլ՝ թքում են։
- Բայց չեն մարսում։
- Էն էլ ո՜նց են մարսում, եղբայր։
Այս երկխոսությունը մի մետրից անլսելի էր։
Ֆիտինն ու Հովակիմյանը հասկացան, որ իրերի ու երեւույթների նկատմամբ նույն մոտեցումն ունեն եւ իրենց համագործակցությունը կստացվի։
- Դուք ազատ եք, ընկեր գնդապետ,- բարձրաձայն եզրափակեց Ֆիտինն ու ամուր ձեռքսեղմումից հետո Հովակիմյանին ուղեկցեց մինչեւ ելքը։
Լուբյանկայից դուրս գալով, Հայկը թեթեւացած շունչ քաշեց։ «Ճակատագիրն առայժմ ինձ երես է տալիս, էլի ողջ եւ առողջ եմ»,- մտածեց նա եւ մի քանի կանգառ ոտքով քայլեց...
Հեռագիր Լոնդոնից
Պատերազմի առաջին ամիսներին ատոմային ռումբի ստեղծման նախապատրաստական աշխատանքները լայն թափով էին ընթանում Անգլիայի եւ Միացյալ Նահանգների գերգաղտնի լաբորատորիաներում։ Չնայած խորհրդային գիտնականներն այս ոլորտում բավականին ետ էին մնացել, սակայն չի կարելի ասել, թե նրանք ձեռքները ծալած նստած էին։
Հայտնի գիտնականներ Գեորգի Ֆլյորովը եւ Լեւ Ռուսինովն արդեն ապացուցել էին, որ ուրանի յուրաքանչյուր անջատված միջուկ արձակում է երկուսից մինչեւ չորս նոր նեյտրոններ։ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցներ Յակով Զելդովիչը եւ Յուրի Խարիտոնը կատարեցին շղթայական ռեակցիայի հաշվարկներ եւ սահմանեցին ուրան-235-ի կրիտիկական զանգվածի կարգը՝ մինչեւ 10 կիլոգրամ մեծությամբ, իսկ նեյտրոններին՝ որպես փոխարինող առաջարկում էին օգտագործել «ծանր ջուրը» եւ ածխածինը։ Ակադեմիկոս Ա. Ֆ. Իոֆֆեի ղեկավարած ֆիզիկատեխնիկական ինստիտուտում նրանք պարզեցին նաեւ միջուկային պայթյունի առաջացման պայմանները։ Հենց նրանց կողմից ստեղծած միջուկային ֆիզիկայի լաբորատորիայում Ֆլյորովը եւ Պետրժակը 1940 թվականին արձանագրեցին սպոնտան՝ առանց նեյտրոնների ճառագայթման ուրանի ծանր միջուկների բաժանում։
Բայց պատերազմի սկզբներին ուրանով զբաղվող առաջատար գիտական կենտրոններն էվակուացվեցին Կազան, Ալմա-Աթա, Չելյաբինսկ եւ այլ քաղաքներ, իսկ գիտնականների մի մասը մեկնեց ռազմաճակատ։
Հետախուզությունն անընդհատ տեղեկություններ էր ստանում արտերկրում ատոմային ռումբի հետազոտությունների մասին։ Ստալինը Բերիային հանձնարարել էր ամենայն բծախնդրությամբ ստուգել տվյալները։ Նրա կարծիքով այդ ամենն ապատեղեկատվություն էր, սուտ ինֆորմացիա, որպեսզի ԽՍՀՄ-ին շեղի պաշտպանական միջոցների արտադրությունից եւ ահռելի ռեսուրսներ վատնի անհասկանալի ու առայժմ անհասանելի զենքի ստեղծման վրա։
Շուտով Լոնդոնի խորհրդային հետախույզները Կենտրոն ուղարկեցին մի ծածկագիր, որը կրկին հաստատում էր ատոմային ռումբի ստեղծման մասին տեղեկությունները։
Հույժ գաղտնի
Տեղեկանք
Վադիմը* հաղորդում է ուրանի գծով կոմիտեի** 16.IX.41թ. կայացած խորհրդակցության մասին Հոմերոսի*** տեղեկությունները։ Խորհրդակցությունը նախագահում էր Բոսը*։
Խորհրդակցությունում հայտնվեց հետեւյալը. Ուրանի ռումբը կարելի է ստեղծել երկու տարվա ընթացքում, հատկապես, եթե «Իմպերիալ քեմիքըլ ինդաստրիս**» ֆիրմային պարտավորեցվի այն ստեղծել առավել կարճ ժամկետում։
Վուլվիչյան զինագործարանի ներկայացուցիչ Ֆերգյուսոնը հայտնեց, որ ռումբի բռնկիչը կարելի է ստեղծել մի քանի ամսվա ընթացքում։
Մինչեւ վերջին ժամանակներս կրիտիկական մասսայի հաշվարկը կատարվում էր միայն տեսականորեն, քանի որ ուրան-235-ի միջուկի ճեղքման տրամագծի չափերն անհայտ էին։ Բայց արագ նեյտրոնների հարցի հետ կապված կա ապացույց, որ ուրան-235-ի միջուկի ճեղքումն ու սովորական ուրանինը քիչ է տարբերվում։ Ենթադրվում է, որ դեկտեմբերին կկատարվեն անհրաժեշտ չափումներ։
Մոտ ժամանակներս ուրան-235-ի հարեւան զանգվածների միջեւ նեյտրոնների խտության որոշմամբ նախատեսվում է փորձ անել հասնելու առավել արդյունավետ պայթյունի։
Երեք ամիս առաջ «Մետրոպոլիտեն վիկկերս» ֆիրմային պատվիրվել է ստեղծել 20-աստիճանանոց ապարատ, բայց թույլտվությունը եղել է միայն վերջերս։ Այդ պատվերի կատարման ապահովումը համարվում է առաջնային։
«Իմպերիալ քեմիքըլ ինդաստրիս» ֆիրման պայմանագիր ունի գեկսաֆտորուրանի ստացման մասին, բայց արտադրությունը դեռ չի սկսվել։ Հենց վերջերս ԱՄՆ-ում ուրանի նիտրատի օգտագործմամբ արտադրության առավել հասարակ պրոցեսի համար արտոնագիր է տրվել։
Խորհրդակցության ժամանակ հայտարարվեց, որ լավագույն տեսակի դիֆուզային մեմբրան կարելի է ստանալ ԱՄՆ-ում։ Շտաբի պետերի կոմիտեն իր խորհրդակցությունում (20.IX. 41թ.) որոշում կայացրեց Անգլիայում սկսել ուրանային ռումբի պատրաստման գործարանի շինարարությունը։
Վադիմը խնդրում է գնահատական տալ Հոմերոսի՝ ուրանի մասին նյութերին։
Արտաքին հետախուզության պետ Ֆիտինը այս փաստաթուղթը ներկայացրեց ՆԳ ժողկոմ Լավրենտի Բերիային։
- Ես չեմ հավատում այս հեքիաթներին, սուտ քամիփչոցի է,- կարդալով ծածկագիրը դժգոհեց Բերիան,- սա ավելի շուտ դեզինֆորմացիա է, իսկ մեր հետախույզները, ականջները կախ, խայծը կուլ են տալիս։
- Իսկ ես չեմ կարող Գորսկուն չհավատալ, Լավրենտի Պավլովիչ, մինչ այժմ նրա լուրերը միշտ ճիշտ են եղել,- ընդդիմացավ Ֆիտինը։
- Իսկ եթե անգլիացիները ոչնչի չհասնե՞ն։ Լավ, իսկ ի՞նչ կա Գերմանիայից։
- Գերմանիայում գործերը լավ չեն։ Ռազմական գործողություններին զուգահեռ կասեցրինք ռեզիդենտուրայի գործունեությունը։ Բայց նրանց գիտնականներ Օտտո Հանը եւ Ֆրից Շտրասմենը տաղանդաշատ գիտնականներ են։ Չի կարելի բացառել, որ այնտեղ ուրանի գծով աշխատանքներ չեն ընթանում։
- Դե, գոնե լավ է, որ Ամերիկայից ատոմային ռումբի մասին լուրեր չունենք։
- Ունենք, Լավրենտի Պավլովիչ, վերջերս Նյու Յորքից վերադարձած Հովակիմյանը կոնկրետ փաստեր ունի։
- Եվ ի՞նչ է ասում այդ սուպերհետախույզը։
- Հովակիմյանի տվյալներով, դեռեւս երկու տարի առաջ Թելլերն ու Սցիլարդը Էյնշտեյնին համոզել են, որպեսզի Ռուզվելտին ուղղված իրենց նամակի տակ դնի նաեւ իր ստորագրությունը։ Նամակի բովանդակությունը հետեւյալն է. գիտնականները տեսականորեն ապացուցել են ատոմային ռումբի ստեղծման հնարավորությունը, զգուշացրել են նման զենքի չափազանց վտանգավորությունը, եթե այն հանկարծ ընկնի Հիտլերի ձեռքը։ Փորձերի համար խնդրել են ֆինանսական աջակցություն։ Սպիտակ տան ղեկավարը ցնցվել է այդ նամակն ընթերցելով։ Նա բավականին լուրջ էր ընդունել այս առաջարկը։ 1939-ի վերջին ստեղծվեց ուրանի գծով կառավարական խորհրդակցական խորհուրդ։
- Եվ որտեղի՞ց այդքան մանրամասներ,- հարցրեց Բերիան։
- Հովակիմյանին անհնար է կասկածել։ Նա երբեք չի սխալվում։
- Այնուամենայնիվ, առնվազն մեկ անգամ սխալվել է, թե չէ չէր բացահայտվի։ Լավ, ասենք՝ նրան հավատացինք, իսկ ո՞ւր է ամերիկացիների արդյունքը։ Արդեն երկու տարի է անցել։ Չէ, երեկ ճիշտ էր ասում ընկեր Ստալինը, այս ամենը լավ քողարկված, ճշմարտանման սուտ է։ Այդ իմպերիալիստները երեւի ծրագրել են, որպեսզի մեր երկիրը քաշեն ահռելի ծախսերի ճահիճը։ Մենք դա չենք անի։ Թող մեր գիտնականները նստեն իրենց լաբորատորիաներում եւ ստեղծեն այն ամենը, ինչն այսօր, այս պահին անհրաժեշտ է ռազմաճակատին։ Մենք հիմա իրավունք չունենք շռայլություններ անել մի բանի համար, որը գոյություն չունի։
Ատոմային ռումբին վերաբերող հետախուզական բոլոր փաստաթղթերի թղթապանակը Բերիան վերցրեց ու դրեց դարակում՝ Ստալինին ցույց տալու համար։
- Մի խոսքով՝ ես չեմ հավատում այս ցնդաբանություններին, ոչ էլ դրա ժամանակն ունենք։ Պյոտր Միխայիլովիչ, Դուք բոլոր այս նյութերը կրկնակի, քառակի ստուգեք, իսկ այժմ ազատ եք։ Համենայնդեպս, այս մասին ես տեղյակ կպահեմ ընկեր Ստալինին։
«Դուք չէիք հավատում նաեւ պատերազմի սկսվելու մասին մեր տասնյակ վստահելի տեղեկություններին, հետեւանքը սարսափելի կորուստներն են, ձեր կասկածամտությունը կկործանի այս երկիրը», իհարկե, այս ամենը Ֆիտինը բարձրաձայն չասաց։... Լսելով վերջին տեղեկությունները, Ստալինը Բերիային հրահանգեց հետախուզության բոլոր նյութերը գիտական փորձաքննության հանձնել։ Ներքին գործերի ժողկոմը փաստաթղթերն ուղարկեց բոլոր այն գիտահետազոտական ինստիտուտներին, որոնք պատերազմից առաջ զբաղվում էին ուրանի հետազոտմամբ։ Կույբիշեւ, Կազան, Ալմա-Աթա, Սվերդլովսկ, Չելյաբինսկ եւ այլ քաղաքներ էվակուացված գիտահետազոտական ինստիտուտներում ծանոթացան այդ նյութերին։ Գիտնականները կաշկանդված էին իրենց գնահատականներում։ Նրանք գիտեին, որ սխալ կարծիք հայտնելը հավասար է մահվան։ Եվ լղոզված պատասխաններ էին ուղարկում Կենտրոն։ Ահա մի քանի պատառիկներ տարբեր պատասխաններից.
«Ցանկալի արդյունքների հասնելու հնարավորությունը խիստ կասկածելի է...»։
«Ուրանի ռումբի ստեղծումը, եթե նույնիսկ հնարավոր էլ է, ապա՝ միայն հեռավոր ապագայում»։
«Ուրանի օգտագործմամբ պայթուցիկ նյութի պատրաստման առաջարկությունը մեր կարծիքով առայժմ ժամանակավրեպ է»։
«... Տեսականորեն պայմաններ են ստեղծված, որոնց օգնությամբ պայթուցիկ տիպի շղթայական ռեակցիա է առաջանում, բայց ատոմային ռումբի նախապատրաստումը հնարավոր է միայն տասնհինգ-քսան տարուց հետո..»։
Խարկովցի գիտնականներ Վ. Շպինելը եւ Վ. Մասլովը հետեւյալ եզրակացությանն էին հանգել.
«Ներկայումս ուրանի քայքայման ռեակցիան որեւէ տեղ դեռեւս չի փորձարկվել, այլ ընդամենը սկզբունքորեն հաստատվել է նմանատիպ շղթայական ռեակցիայի իրականացման իրական հնարավորությունը։ Այդ էներգիայի օգտագործումը քիչ թե շատ կարող է հեռավոր նպատակ լինել, որին պետք է ձգտեն գիտնականները...»։
Կասկածամիտ Բերիային այս եզրակացությունները չբավարարեցին։ Նա որոշեց դիմել այդ ժամանակվա ԽՍՀՄ ամենահեղինակավոր գիտնականներից մեկին՝ ակադեմիկոս Ա. Ֆ. Իոֆֆեին։ Բայց Լենինգրադի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը ոչինչ չավելացրեց արդեն եղած եզրակացություններին։ Ըստ նրա՝ մոտակա տասը տարում ատոմային ռումբի ստեղծումն անհնար է։
Վերջնականապես ամփոփելով գիտահետազոտական ինստիտուտների տված եզրակացությունները, Լավրենտի Բերիան որոշեց հանդիպել Իոսիֆ Ստալինին։
Ծանոթանալով մասնագետների եզրակացություններին, Ստալինը հերթական անգամ հիշեցրեց, որ այսօր վտանգավոր է չեղած բանի համար մսխել մարդկային ռեսուրսները, ֆինանսական միջոցներն ու գիտական տեխնիկան։
- Բայց, Լավրենտի, հետախուզությունը թող աչալուրջ հետեւի մեր դաշնակիցների գործողություններին։ Եվ ատոմային գործերի մասին ինձ մշտապես տեղյակ պահիր,- զգուշացրեց Ստալինը։
***
Անգլիայից շարունակվում էր ատոմային ռումբի նախապատրաստական աշխատանքների մասին ծածկագրերի հոսքը։ Ռեզիդենտ Գորսկին (Վադիմ) խիստ մտահոգիչ մի հեռագիր ուղարկեց, որում տեղեկացնում էր, որ Գերմանիայում, կայսր Վիլհելմի ինստիտուտում, Օտտո Հանի եւ Հեյզենբերգի ղեկավարությամբ գերգաղտնի մահացու զենք է պատրաստվում։ Վերմախտի բարձրաստիճան գեներալների տվյալներով այն կերաշխավորի պատերազմում գերմանացիների կայծակնային հաղթանակը։ Հետազոտությունների համար օգտագործվում են ուրան եւ ծանր ջուր, որոնց ապահովմամբ զբաղվում է նորվեգական Ռյուկան քաղաքի «Նորսկ հիդրո» գործարանը։ Որոշված է գործարանի հզորությունը տարեկան ավելացնել 10.000 ֆունտով։ Նշված էր նաեւ, որ ֆաշիստներն ուրանի չափազանց մեծ պաշարներ են կուտակել։
Ծանոթանալով այս հաղորդագրությանը, Բերիան կանչեց Ֆիտինին։ Արտաքին հետախուզության պետն անմիջապես նկատեց, որ ժողկոմն ինչ-որ բանից նյարդայնացած է։
- Ընկեր Ֆիտին, ի՞նչն է պատճառը, որ մենք անընդհատ տեղեկություններ ենք ստանում Անգլիայից ու Գերմանիայից, բայց այսքան ժամանակ Ամերիկայի հետախուզական ցանցը լռում է։ Չէ՞ որ մինչեւ վերջերս այնտեղից այնքան ահռելի ինֆորմացիա էինք ստանում, որ թվում էր, թե ողջ Պետդեպարտամենտը մեզ համար է աշխատում։
- Որովհետեւ Հովակիմյանն այլեւս այնտեղ չէ,- պատասխանեց Ֆիտինը։
- Իսկ նա անփոխարինելի՞ է,- կտրուկ ընդհատեց ժողկոմը։
- Լավրենտի Պավլովիչ, մի քանի օրից Նյու Յորք կուղարկենք Վասիլի Զառուբինին, նա փորձառու հետախույզ է, կարճ ժամկետում գործերը կարգի կբերի։ Ճիշտ է, Հովակիմյանի ստեղծած գործակալական ցանցը գրեթե անհնար է վերականգնել եւ նման արդյունավետությամբ դժվար է աշխատել, սակայն եղածի գոնե կեսը հույս ունենք վերականգնել։
- Իսկ ի՞նչն է խանգարում առաջվա պես աշխատելուն։
- Կներեք, Լավրենտի Պավլովիչ, բայց չեմ կարող չասել, որ ամեն ինչ պայմանավորված էր զուտ Հովակիմյանի անձով, նա ուղղակի աներեւակայելի նախաձեռնող է, երբեք չէր սպասում Կենտրոնի հրահանգներին։ Դուք, անշուշտ, տեղյակ եք նրա հետախուզական նորամուծություններին։ Իսկ անձնական կապերի մասին էլ չեմ խոսում։ Եվ հետո՝ չմոռանանք, որ գիտությունների դոկտոր է։ Մի խոսքով՝ աշխատանքային նույն ծավալներն ունենալու համար անհրաժեշտ է կրկնապատկել ռեզիդենտուրայի կազմը, բայց մենք կադրեր չունենք։
- Լավ, Պյոտր Միխայիլովիչ, Հովակիմյանը թող Զառուբինին ծանոթացնի «ամերիկյան խոհանոցին»։ Մեկնելուց առաջ ընկեր Ստալինը նրան կընդունի։ Նա շատ է կարեւորում ԱՄՆ-ից ստացվող լուրերը։ Եվ նկատել է, որ Հովակիմյանից հետո ինֆորմացիայի քաղց կա Նյու Յորքից։
ENORMOUS
Ուշ երեկոյան, օպերատիվ խորհրդակցությունից վերադառնալով, արտաքին հետախուզության պետ Պյոտր Ֆիտինն անմիջապես կանչեց բաժնի պետերից երկուսին՝ Հովակիմյանին եւ Կվասնիկովին, վերջինս այդ ժամանակ գիտատեխնիկական բաժինն էր ղեկավարում։
Նա տեղեկացրեց, որ խորհրդակցության ժամանակ բավականին թունդ քննադատություն է հնչել հետախուզության հասցեին։ Ժամանակակից մարտական տեխնիկայի բացակայության պատճառով զոհերի թիվն անընդհատ աճում է, մեր զորքերը պարտություն պարտության ետեւից են կրում։
- Պատերազմին ԽՍՀՄ-ի անպատրաստ լինելու մեջ մեղավորության բաժին ունենք նաեւ մենք։ Բայց մեղավոր փնտրելու ժամանակը չէ, թշնամին մեր քթի տակ է, անհրաժեշտ է նոր զինատեսակների մասին տեղեկություններ հայթայթել,- շարունակեց իր խոսքը Ֆիտինը,- վերջերս Չերչիլն իր ելույթում ասել է, որ պատերազմի ելքը վճռվելու է ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաեւ այլ ճակատներում։ Նա նկատի ունի ե՛ւ հետախուզությունը, ե՛ւ լաբորատորիաների աշխատանքը։ Իսկ ահա մեր ռեզիդենտ Գորսկին, կարծես քնած է, ինչքան ժամանակ է՝ նրանից լուր չունենք։
- Ներեցեք, Պավել Միխայիլովիչ,- նեղացած ընդհատեց Հովակիմյանը,- ես Ձեզ հետ համամիտ չեմ։ Եթե արտասահմանյան մեր բոլոր հետախուզական բաժանմունքներն աշխատեին Ձեր իսկ հիշատակած Գորսկու լոնդոնյան սակավաթիվ ցանցի նման, ապա Դուք դժգոհություն չէիք հայտնի մեր ողջ հետախուզական ապարատի գործունեությունից։ Եկեք անաչառ լինենք։ Ես հասկանում եմ, որ խորհրդակցությունում Ձեզ բավականին դառը խոսքեր են ասել բոլորիս պատճառով եւ նոր առաջադրանք են տվել։ Եվ գուցե ճիշտ են արել՝ գերմանացին արդեն Մոսկվայի տակ է։ Բայց պաշտպանվելու եւ թշնամուն երկրի սահմաններից դուրս շպրտելու համար ոչ միայն մարդկային ռեսուրս է հարկավոր, այլեւ առավել ժամանակակից, նորագույն տեխնիկա։ Մոտ ութ տարի աշխատեցի Ամերիկայում։ Դուք, Պավել Միխայիլովիչ, անշուշտ, տեղյակ եք, որ մեր հետախուզական ցանցը պատերազմի նախօրեին ահռելի թվով տեխնիկական գծագրեր, սխեմաներ, նորագույն զինտեխնիկայի բազմաթիվ փաստաթղթեր հայթայթեց եւ ուղարկեց Կենտրոն։ Չեմ էլ ուզում հիշատակել նպատակակետի տարածության չափման արագության եւ ուղղության սարքերի մասին։ Բայց այսօր ես տեսնում եմ, որ դրանցից ոչ բոլորն են իրագործվել։ Այդ արժեքավոր տեղեկությունները, որ ձեռք ենք բերել կյանքի գնով, այստեղ, դարակներում անպետք թղթի տեղ ընկած են։ Սրա համար է՞լ է հետախույզը մեղավոր։ Իսկ հիմա, երբ սեփական քիմքով զգում են վառոդի հոտը, մեր բարձրաստիճան ղեկավարները սթափվել ու պահանջնե՞ր են դնում։ Դուք էլ Ձեր հերթին՝ մեզ։ Գիտե՞ք ինչքան եք թեւաթափ անում հետախույզին, որը հազար ու մի հնարանքով տեղեկություն է կորզում եւ ուղարկում, բայց պատասխան է ստանում, թե գիտե՞ս ինչ, քեզ չենք հավատում, ապացուցիր նոր տվյալներով։ Հետախույզներն աշխատում են նույն արիությամբ ու անձնազոհությամբ, ինչպես զինվորները՝ ռազմի դաշտում։ Նրանք էլ են ամեն ակնթարթ քայլում ականների վրայով։ Պետք չէ նրանց առջեւ շատ խիստ պահանջներ դնել։ Պետք է ուղղակի հավուր պատշաճի կազմակերպել ուղարկած նյութերը գործարաններում զենքի վերածելու գործընթացը։ Լոնդոնում նույն Բարկովսկին ողջ գիշեր թարգմանում էր ուրանի գծով կոմիտեի զեկույցը, ցերեկը՝ վազում հանդիպելու գործակալներին, որոնց անհրաժեշտ է խմբավար-գործակալ դարձնել։ Ի դեպ, երեկ նա հավաքագրել է ատոմային ֆիզիկայի խոշոր մասնագետ, դոկտոր Կյորնին։ Գորսկու երեկվա հեռագրում տեղեկացվում է նաեւ, որ ուրանի հետազոտման հարցում անգլիացիները զգալիորեն առաջ են անցել ամերիկացիներից։ Դա հաստատում են նաեւ ամերիկացի գիտնականներ Յուրին եւ Պեգրամը։ Վերջերս այս երկուսը մեկնել էին Լոնդոն, որպեսզի ճշտեն, թե ինչ փուլում են ուրանի ուսումնասիրությունները։ Իսկ Դուք, Պավել Միխայիլովիչ, ասում եք, որ Գորսկուց վաղուց լուր չկա։ Իմ գնահատականով նրա ռեզիդենտուրան ամենաակտիվն է։
Ֆիտինը չորրորդ ամիսն էր աշխատում Հայկ Հովակիմյանի հետ եւ կամաց-կամաց հարմարվում էր նրա բնավորությանը։ Կենտրոնում ղեկավարի խոսքը ենթակա էր միայն կատարման՝ առանց որեւէ մեկնաբանության։ Բայց Հովակիմյանը միշտ իր տեսակետը հայտնում էր, կարեւորություն չտալով այն համընկնո՞ւմ է ղեկավարների տեսակետներին, թե ուղղակի դեմ է լինում։ Սակայն Ֆիտինն զգում էր, որ հետախույզը դա անում է միմիայն գործի շահերից ելնելով եւ երբեմն նույնիսկ հաճույքով լսում էր իր ընդդիմախոսին։ Հովակիմյանի այս ելույթից հետո նա դժգոհ դարձավ Կվասնիկովին*.
- Բայց երեկվա ծածկագրի մասին ինչո՞ւ չեք ինձ տեղյակ պահել։
- Այն ստացանք ուշ երեկոյան,- ասաց Կվասնիկովը,- թույլ տվեք երկու խոսք ասել իմ ղեկավարած գիտատեխնիկական հետախուզության մասին։ Ես ամբողջովին համամիտ եմ Հայկ Բադալովիչի հետ։ Ինչպես հիշում եք, մամուլում երեք տարի առաջ հրապարակվեց ընկերներ Բերիայի, Վորոշիլովի եւ Կագանովիչի հոդվածն այն մասին, որ կոռեկտ չէ գողանալ արտասահմանյան երկրների գաղտնիքները։ Նույնիսկ միտք էին հայտնել, թե խորհրդային գիտնականներն էլ բեղեր ունեն, թե նրանք ամեն ինչ կարող են հնարել։ Ի պատասխան դրա, մեր որոշ հետախուզական կետեր ուղղորդվելով այդ հոդվածով, անտեսեցին գիտատեխնիկական ուղղությունը։ Այստեղ՝ Կենտրոնում էլ ամբողջությամբ ցաքուցրիվ արեցին գիտատեխնիկական հետախուզության ապարատը, թողնելով միայն ինձ ու Պանինին։ Այն ժամանակ բոլորը լռեցին, չնայած գիտակցում էին, որ տեղի է ունենում դիտավորյալ, ոչնչով չարդարացված գիտատեխնիկական հետախուզության ոչնչացում։ Այն ժամանակ, կրկնում եմ, բոլորը լռեցին։
- Ո՛չ։ Ո՛չ բոլորը լռեցին,- հանգիստ ընդհատեց Հովակիմյանը։
Կվասնիկովը նայեց Հովակիմյանին ու մի տեսակ պայծառացած շարունակեց.
- Այո, Դուք, ընկեր Հովակիմյան, հետախուզությունում միակ, եզակի մարդն էիք, որ համարձակվեցիք արտաքին հետախուզության պետ Դեկանոզովին ծածկագիր ուղարկել՝ ի պաշտպանություն գիտատեխնիկական հետախուզության։ Եթե հիշողությունս չի դավաճանում, Դուք ԳՏՀ-ի* վրա այդ հարձակումը որակեցիք որպես անտեղյակություն եւ մեր երկրի ղեկավար անձերի գլխարկշպրտոցի՝ պարծենկոտության արդյունք։
- Ձեր հիշողությունը վատ չէ, Լեոնիդ Ռոմանովիչ,- ժպտալով ասաց Հովակիմյանը,- Բայց իմ այն ժամանակ արված հայտարարությունից հետո (որը, դատելով արձագանքներից, սվիններով էր ընդունել երկրի ղեկավարությունը), քիչ բան է փոխվել։ Ինչպես այն ժամանակ էին գիտատեխնիկական հետախուզությունը սեւ պարկում պահում, այնպես էլ այսօր։ Այդպես չէ՞, դուք ամենասակավաթիվ ստորաբաժանումը չե՞ք։
- Այդպես է,- համաձայնեց Կվասնիկովը,- ամենաքիչն ենք, բայց մեզանից ամենաշատն են պահանջում։ Այսօր ատոմային ռումբի սեղծման գաղափարը վերաճել է իրական տեսքի եւ ծրագրված գործողությունների բնույթ է ստացել։ Վեց արժեքավոր տեղեկություններ ենք ստացել, բայց դրանք «փտում» են ժողկոմի դարակներում։ Եվ դեռ պահանջում են ինֆորմացիա ԱՄՆ-ից, Գերմանիայից, Անգլիայից...
Ֆիտինը ձեռքի կտրուկ շարժումով ընդհատեց նրան, ցուցամատը դնելով շուրթերին։ Կվասնիկովը հասկացավ գեներալին, այստեղ պատերն էլ ականջ ունեն։
- Մի մոռացեք ընկերներ, որ արդեն մարտեր են սկսվել Մոսկվայի տակ եւ երկրի համար այս պահին մի լոզունգ է կարեւորվում՝ «Ամեն ինչ ռազմաճակատի համար, ամեն ինչ հաղթանակի համար»։ Իրավիճակը պետք է հաշվի առնենք, մենք պետք է այնպիսի անհերքելի ապացույցներ ունենանք, որ ղեկավարության ուշադրությունը սեւեռվի նաեւ ատոմային ռումբի ստեղծման վրա։ Խնդրում եմ այս ուղղությամբ աշխատանքային պլան մշակել եւ պարզել՝ առաջին. ստույգ որտե՞ղ են ընթանում ատոմային ռումբի հետ կապված աշխատանքները։ Ի՞նչ փուլում են դրանք։ Ատոմային այս հետազոտություններին ի՞նչ հայտնի ֆիզիկոս-ատոմագետներ են մասնակցում։ Երկրորդ. պետք է գտնել ուրանով զբաղվող փորձարարական գործարանների, լաբորատորիաների նոր շինությունները, ատոմային վառելիք մատակարարող կազմակերպությունները։ Երրորդ. ԱՄՆ-ը եւ Անգլիան համատեղ աշխատելու նպատակ ունեն, հարկավոր է պարզել բոլոր դետալները։ Չորրորդ՝ Գերմանիայում անլեգալների ուժերով անհրաժեշտ է տեղեկություններ քաղել ատոմային ռումբի ստեղծման աշխատանքների մասին։
- Անգլիայում ուրանի ծրագիրը կոդավորված է «Տյուբ Էլլոիզ» անունով,- խոսեց Հովակիմյանը,- մեզ մոտ, իմ կարծիքով, պետք է հատուկ ուժեր կենտրոնացվեն՝ միայն ատոմային ռումբի ուղղությամբ աշխատանքները կազմակերպելու համար։ Պետք է կոնկրետ անուն մտածել նման նախագծի համար։
- Հայկ Բադալովիչ, երեւի Դուք արդեն մտածել եք անվան մասին, ի՞նչ կասեիք,- հարցրեց Ֆիտինը,- Այն անունը, որը հիմա որոշենք, կարող է վաղը պատմական դառնալ։
- Անունը պետք է ֆանտաստիկ, խորհրդավոր լինի, կապված այնպիսի զենքի հետ, որն ամբողջ երկրագնդի վրա մահ է սփռում։ Առաջարկում եմ անունը դնել «ENORMOUS»*, այն մի տեսակ լղոզված, անհասկանալի ու խորհրդավոր է, ստեղծում է հզոր, սարսափելի տպավորություն։ Այսպես կարելի է կոչել նաեւ ատոմային ռումբին վերաբերող գործը,- ասաց Հովակիմյանը։
- Թող լինի «Էնորմոզ»,- համաձայնեցին Ֆիտինն ու Կվասնիկովը։
Այնուհետեւ երկուսն էլ գրեթե միաժամանակ փորձեցին Հովակիմյանին համոզել, որ հենց ինքն էլ սկսի մտածել այդ խմբին միանալու մասին։ Նրանք իրենց առաջարկությունը հիմնավորեցին մի շարք գործոններով։ Նախ՝ Հովակիմյանը քիմիական գիտությունների դոկտոր է, երկրորդ՝ ատոմային ռումբն ամենայն հավանականությամբ կստեղծվի ԱՄՆ-ում, իսկ Հովակիմյանից լավ այդ երկիրն իմացող չկա։ Այնտեղ մեր հետախուզության գործակալների ճնշող մեծամասնությանը հավաքագրել է անձամբ ինքը։ Ժամանակին ատոմային ռումբի մասին առաջին տեղեկություն հաղորդողներից է։ Եվ, որ պակաս կարեւոր չէ, Հովակիմյանին երկրի ղեկավարությունը կարող է վստահել՝ քաջատեղյակ լինելով նրա ամերիկյան գործողություններին։
- Մենք դեռ կմտածենք, թե գիտությունների դոկտորին ի՞նչ կարգավիճակով կարելի է ներգրավել «Էնորմոզ» ծրագրում, իսկ այժմ երկուսիդ էլ խնդրում եմ դրա ստեղծման միջոցառումների ծրագիր մշակել, զուգահեռ՝ նաեւ «Էնորմոզի» ստեղծման մասին որոշման նախագիծ,- ասաց գեներալ Ֆիտինն ու բարի գիշեր մաղթեց խոսակիցներին։
Գիշերվա ժամը երեքն էր։
***
1941 թվականի հոկտեմբերյան ցուրտ աշնանը Մոսկվան տագնապների մեջ էր։ Թշնամին մայրաքաղաքի մատույցներում էր, գերմանացիներին Մոսկվայից ընդամենը 30 կիլոմետր տարածություն էր բաժանում։ Հակառակորդն օղակում էր մայրաքաղաքը։ Ամեն ինչ կենտրոնացվում էր պաշտպանության համար։ Նորանոր ուժեր էին բերվում բանակի շարքերը համալրելու նպատակով։ Սակայն այդ օրերին այնպիսի գործողություններ սկսվեցին, որոնք հնարավոր էին միայն անհեթեթությունների երկիր ԽՍՀՄ-ում։ ՆԳԺԿ-ն ամբողջ թափով հարձակման անցավ... բանակի ղեկավար անձնակազմի վրա։ Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Ներքին գործերի ժողկոմատի կենտրոնական ապարատը էվակուացվեց Կույբիշեւ։ Մինչ այդ Լուբյանկայում սկսել էին հարցաքննել հարյուրավոր բարձրաստիճան զինվորականների։ Բերիան իր հետ նրանց տեղափոխեց Կույբիշեւ։ Մոտ երեք հարյուր ձերբակալվածների համար այդ պահին տրանսպորտ չկար, եւ Լավրենտի Պավլովիչը կարգադրեց նրանց ուղղակի տեղում գնդակահարել։
Ավելի ուշ՝ 1953 թվականին ձերբակալված Բերիան պետք է խոստովաներ. «Հարցաքննվողներին դաժանորեն ծեծում էին։ Դա իսկական մսաղաց էր»։ Բոլոր ձերբակալվածները, անասելի կտտանքներից հետո խոստովանեցին մտացածին հանցագործությունների մեջ իրենց մեղքերը։ Չընկճվեց միայն գեներալ Ա.Դ. Լոկտիոնովը, որը մինչեւ վերջ հրաժարվեց մեղադրանքներից։ Խորհրդային զինվորական պատմաբան, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Պավլենկոն հետագայում պիտի գրեր. «Հարյուրավոր զինվորական բարձրաստիճան մասնագետներ բանտերում սպասում էին իրենց վախճանին, իսկ ռազմաճակատներում այդ ժամանակ լեյտենանտները գնդեր էին ղեկավարում»։ Կույբիշեւ տեղափոխված զինվորականների մի մասը գնդակահարվեց հոկտեմբերի 28-ի գիշերը։
Մի քանի օր անց Ստալինը կարգադրեց դադարեցնել հարցաքննությունները եւ գործը փակել։ Ոգեւորված Բերիայի գլխին, ասես, սառը ջուր լցրին։ Նա ստիպված էր արդարացնել կենդանի մնացածներին։ Ձերբակալվածներից ամենաբարձր կոչում ունեցող երկու ռազմական ղեկավարները՝ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Կ. Ա. Մերեցկովը եւ սպառազինության նախկին ժողկոմ, գեներալ Բ. Լ. Վաննիկովը, չնայած խոստովանել էին իրենց մեղքերը չկատարած հանցագործությունների համար, ազատ արձակվեցին եւ արդարացվեցին*։
***
Նոյեմբերին Մոսկվայի մատույցներում կենտրոնացված գերմանական զորքերը բառիս բուն իմաստով ցրտահարվեցին։ Դեռեւս ամռանը Հիտլերը, գերագնահատելով իր ուժերը հայտարարել էր, որ «ձմեռային կամպանիա չի լինելու»։ Հուսով էր պատերազմն ավարտել մինչեւ ձմեռ։ Զորքերը, ապահովված չլինելով ձմեռային հագուստով, սառչում էին։ Հազարավոր զինվորներ ցրտից մեռնում էին նույնիսկ գոսպիտալներում։
Մոսկվայի պաշտպանությունը ղեկավարող Գեորգի Ժուկովը դեկտեմբերին հարձակման անցավ եւ կատաղի մարտերով գերմանացիներին ետ մղեց Մոսկվայի մատույցներից։ Մինչ այդ պարտություն չկրած գերմանացիներն ստիպված էին առաջին անգամ անցնել պաշտպանության։ Դա պատերազմի մեծ բեկման սկիզբն էր միայն։
Տաղանդաշատ զինվորական Գեորգի Կոնստանտինովիչ Ժուկովը հաղթանակի խորհրդանիշ դարձավ, ժողովուրդը նրան ազգային հերոսի ծիրանի էր հագցրել։ Ստալինն արդեն սկսել էր խեթ-խեթ նայել նրա բարձրացող հեղինակությանը։ Շուտով ՆԳԺԿ-ն ձերբակալեց Ժուկովի օպերատիվ գծով օգնական, գեներալ-մայոր Վ. Ս. Գոլուշկեւիչին։ Դարձյալ սկսվեցին շինծու մեղադրանքներն ու կտտանքները։ Ժուկովը հասկացավ, որ այդ ամենն ուղղված է իր դեմ։ Ստալինը չէր կարող հանդուրժել իր աչքի առջեւ մեծարվող եւս մեկի գոյությունը։ Ժուկովն իրեն արդեն ասեղների վրա էր զգում։
Ավելի ուշ նա կասի. «Ես պատկանում էի զինվորական բարձր ղեկավարության այն մասին, որը, ճիշտ է, խուսափեց ձերբակալվելուց, բայց այդ վտանգը նրա գլխին կախված էր գրեթե հինգ տարի շարունակ»։
Մոսկվայի այս հաղթանակը միջազգային ասպարեզում կտրուկ բարձրացրեց Խորհրդային Միության հեղինակությունը։ Անգլիան, որ մինչ այդ չէր հավատում ԽՍՀՄ պաշտպանունակությանը, սկսեց դիվանագիտական մերձեցման նոր ուղիներ փնտրել կոմունիստների հետ։
Իր խորհրդական Հարրի Հոպկինսի կանխատեսումներին հավատալով, ԱՄՆ-ի պրեզիդենտ Ֆրանկլին Ռուզվելտը ԽՍՀՄ-ին ռազմական օգնություն ցույց տալու իր ծրագրերը իրականացնելու գործնական քայլերի դիմեց։
Ատոմայինի ստեղծման ճանապարհին
1941-ի դեկտեմբերին Լոնդոնում ԽՍՀՄ դեսպան Իվան Մայսկու ընդունելությանն արժանացավ գերմանացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Նեւիլ Մոտտի եւ Մաքս Բորնի աշակերտ դոկտոր Կլաուս Ֆուկսը։ Նա Բեռլինում մասնակցել էր ուրանի ուսումնասիրություններին, սակայն, լինելով կոմունիստ՝ արտագաղթել էր Անգլիա։ Այժմ Ֆուկսը Անգլիայում մասնակցում էր ատոմային ռումբի նախապատրաստման աշխատանքներին եւ «Տյուբ Էլլոիզ» նախագծից տեղյակ էր որպես «խոհանոցի անդամ»։
- Ձեր երկիրը, որպես հակակշիռ, պետք է նույնպես ատոմային ռումբ ստեղծի, ես ցանկանում եմ օգտակար լինել այդ գործում,- հայտարարել էր երիտասարդ գիտնականը։ Ֆուկսի հետ սկսեց աշխատել Լոնդոնում ԽՍՀՄ դեսպանության զինվորական կցորդ գեներալ Իվան Սկլյարովը, ոը Կարմիր բանակի գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության լոնդոնյան ռեզիդենտուրայի ղեկավարն էր։
Այդ օրերին նրա միջոցով Լոնդոնից ծածկագիր ստացվեց, ուր ներկայացված էին ատոմային ռումբի ստեղծման աշխատանքներին մասնակցող աշխարհահռչակ գիտնականների անունները՝ Ա. Էյնշտեյն, Լ. Սցիլարդ, Է. Մերֆի, Է. Սեգրե, Մ. Բորն, Դ. Ֆրանկ, Գ. Բետե, Է. Վիգներ, Է. Թելլեր, Ռ. Պայերլս, Օ. Ֆրիշ եւ ուրիշներ։
Այս տեղեկություններն ստանալով, ներքին գործերի ժողկոմ Լավրենտի Բերիան ուղղակի կատաղեց, որ այն հայթայթել են ոչ թե իր ենթակայության տակ գտնվող արտաքին հետախուզական ծառայությունները, այլ Կարմիր բանակի գլխավոր հետախուզական վարչությունը։
Շտապ կանչեց Պյոտր Ֆիտինին եւ հանձնարարեց զինվորականների «ձեռքից վերցնել» Կլաուս Ֆուկսին եւ գործակալ դարձնել լոնդոնյան ռեզիդենտուրայի համար։ Նա երբեք չէր հանդուրժում, որ կարեւոր լուրերին առաջինը ուրիշն էր տեղեկանում։
Ֆիտինը կասկած հայտնեց, թե զինվորական հետախուզությունը իրենց չի տրամադրի նման արժեքավոր աղբյուրը։
- Թող Գորսկին Լոնդոնում խոսի գեներալ Սկլյարովի հետ,- ասաց ժողկոմը,- եթե չկարողանա համոզել, թող հասկացնի, որ հակառակ դեպքում Բերիան կխառնվի գործին, այսքանը որ ասի, գործակալին խնդրելով կհանձնեն մեզ։
Ֆիտինը կատարեց կարգադրությունը։ Գորսկին գեներալին չէր կարողացել համոզել եւ ստիպված տվել էր Բերիայի անունը, որից հետո Ֆուկսն սկսեց աշխատել «Էնորմոզի» համար։ Նրա ծածկանունը Չարլզ էր։
Պատերազմի առաջին իսկ ամիսներից սկսած երկրի «առաջնորդին» տագնապալից նամակներ էր գրում ռազմաճակատային գիտնական Ֆլյորովը։ Նա անհանգստանում էր ատոմային ռումբի նկատմամբ խորհրդային ղեկավարների եւ գիտնականների անտարբեր վերաբերմունքից։ Թվով հինգերորդ նամակը Բերիան մակագրեց արտաքին հետախուզության պետ Պ. Մ. Ֆիտինին.
«Խնդրում եմ ուսումնասիրել գիտնական-ռազմաճակատայինի առաջարկությունը եւ ամբողջական տեսքի բերել «Էնորմոզ»-ի գծով նյութերի հետ միասին ու զեկուցել մինչեւ 25.05.42թ.»։
Կվասնիկովն ու Հովակիմյանը ուրանի խնդրին վերաբերող բոլոր նյութերի ուսումնասիրություններն ավարտելով, ընդհանրական մի տեղեկանք ներկայացրին Ֆիտինին, որի եզրակացության մեջ գրված էր.
1. Ֆիզիկոս Ֆլյորովի նամակը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ Խորհրդային Միությունում գործն սկսելու որոշում կայացնելու հարցում։ Բայց առանձին վերցրած, նամակը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ երկրի ղեկավարների ու գիտնականների գործողությունների վրա, քանի որ հեղինակի անունը գրեթե ոչինչ չի ասում։ Նամակն ինչ-որ դեր կարող է խաղալ, եթե ընկ. Ստալինին ներկայացվի մեր հետախուզական տվյալների հետ միասին...
2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրում խոշոր գիտնականներն այնքան էլ չեն հավատում մոտ ապագայում ատոմային ռումբի ստեղծմանը, կառաջարկեինք այս փաստաթղթերը գնահատելու համար ուղարկել ոչ թե հայրենական գիտության լուսատուներին, այլ՝ համեմատաբար երիտասարդ, ազնիվ եւ ատոմային ֆիզիկայի ասպարեզում արդեն բավականին հայտնի մի գիտնականի։
Ֆիտինը երկրորդ անգամ կարդաց եզրակացության երկրորդ կետը եւ զարմացած նայեց Կվասնիկովին։
- Ո՞ւմ ի նկատի ունեք, հաշվի՞ եք առել, որ փաստաթղթերը գերգաղտնի են, եւ մե՛նք չենք որոշում, թե ով պիտի անմիջականորեն զբաղվի,- զարմացած հարցրեց նա։
Կվասնիկովը գլխի շարժումով ցույց տվեց, թե ով է եզրակացության երկրորդ կետի հեղինակը։ Հովակիմյանն անմիջապես սկսեց.
- Պյոտր Միխայիլովիչ, երեքս էլ համոզված ենք, որ մեր ավագ գիտնականներն այս գործից գլուխ չեն հանելու։ Հիշո՞ւմ եք նրանց եզրակացությունները, բոլորը միաբերան կարծում են, թե տասնհինգ տարուց շուտ անհնար է ատոմային ռումբ ստեղծել։ Մեզ երիտասարդ, եռանդուն, տաղանդավոր գիտնական է պետք, որն արդեն զբաղվել է ատոմային ֆիզիկայով։ Ես գիտեմ կոնկրետ մարդու, ով ի վիճակի է ստեղծել ատոմային ռումբ։ Խոսքս ակադեմիկոս Իոֆֆեի աշակերտ, դոկտոր Կուրչատովի մասին է։
- Հայկ Բադալովիչ, իսկ եթե նրան չի ճանաչում ընկեր Ստալինը, չեն ճանաչում Բերիան, մեր հայտնի գիտնականնե՞րը։ Չէ՞ որ նման գործը հանձնարարելու են աշխարհում հայտնի մեր ակադեմիկոսներից որեւէ մեկին, Ձեր ասած մարդը գոնե ակադեմիկոս էլ չէ։
- Իմ ճանաչած մարդկանցից ամենահարմարը Կուրչատովն է։ Ձեր թույլտվությամբ ես կարող եմ խոսել Կուրչատովի հետ։
- Դուք ի՞նչ է, ծանո՞թ եք, կարող եք ուղղակի կապվե՞լ նրա հետ,- հարցրեց Ֆիտինը։
- Այո, մենք իրար շատ լավ ենք ճանաչում, մտերիմներ ենք եղել, ես նրան կարող եմ համոզել։ Պյոտր Միխայիլովիչ, թույլ տվեք մի քիչ էլ հեռու գնալ,- ժպտալով ասաց Հովակիմյանը,- դեռեւս Բեռլինից ինձ լավ է ճանաչում ակադեմիկոս Իոֆֆեն, որին մեծ հարգանքով են վերաբերվում ե՛ւ ընկեր Ստալինը, ե՛ւ ժողկոմը։ Ես կարող եմ հանդիպել նրան եւ համոզել, որ «ամենավերեւներում» բարեխոսի իր աշակերտ Կուրչատովի համար։
- Հայկ Բադալովիչ, եւ այս ամենը Դուք լուրջ խոսակցությո՞ւն եք համարում։ Դուք չգիտե՞ք, որ մենք հետախուզական տեղեկություններ ենք հավաքում, ոչ թե ղեկավարում այս երկիրը եւ ինչ-որ մարդկանց պաշտոն տալիս։ Այդ հարցը անձամբ ընկեր Ստալինն է որոշում,- արդեն խիստ տոնով ասաց Ֆիտինը։
- Այդ դեպքում տարեք եւ ժողկոմի դարակներում թթու դրեք այս փաստաթղթերը, իսկ երբ մեր գլխին ամերիկացիներն ու անգլիացիները ատոմային ռումբ պայթեցնեն, այն ժամանակ մեղավորներ կփնտրեք, թե ով ուշացրեց գործը։ Ա՛յ, մի բանում անմրցելի ենք, հեշտությամբ մեղավորներ ենք գտնում,- վրդովված միջամտեց Կվասնիկովը,- ընկեր Ֆիտին, Դուք կասկածո՞ւմ եք Հովակիմյանի կարողություններին...
- Ոչ, գրողը տանի, ես կասկածում եմ «վերեւների» կարողություններին։
- Բայց կա ավելի կարեւոր խնդիր, քան Կուրչատովի հարցը,- սկսեց Հովակիմյանը։
- Իմ կարծիքով, ինչ-որ ձեւով պետք է համոզել ժողկոմին, որ նա առանձնահատուկ ուշադրություն դարձնի ուրանի վերաբերյալ մեր բոլոր նյութերին։ Պետք է վստահեցնել, որ դրանք ոչ թե դեզինֆորմացիա են, այլ իրական փաստեր։ Նրան պետք է ապացուցել, որ Արեւմուտքն այս բնագավառում եռանդով աշխատում է, որ ատոմային խնդիրը լուծելի է նաեւ մեր երկրում։ Մենք հրաշալի գիտնականներ ունենք, որոնք ի զորու են այդ աշխատանքները կատարել։ Եթե նա հավատա, մենք կարող ենք այս գաղափարն ավելի վերեւներին հասցնել։ Նախագիծը Պաշտպանության պետական կոմիտե ուղարկելիս միայն ընկ. Բերիայի ստորագրությունը քիչ է, պետք է փաստաթղթի տակ ստորագրեն նաեւ Սեմյոնովը կամ Կապիցան։ Ինչպես գիտեք, Ռուզվելտին ուղղված նամակն ստորագրել էր նաեւ աշխարհահռչակ Էյնշտեյնը...
- Հայկ Բադալովիչ, սա Ամերիկան չէ, քաղաքակրթությունը դեռեւս խռոված է մեզանից,- խորամանկ ժպտալով շշնջաց Ֆիտինը,- ընկեր Բերիան չի հանդուրժի, որ իր անվան կողքին լինի եւս մեկինը։
- Իսկ ի՞նչ անենք, ո՞րն է ելքը,- հարցրեց Հովակիմյանը։
Ֆիտինն անսպասելիորեն բարձրացրեց ձայնը.
- Նամակն ուղղված կլինի ուղիղ ընկեր Ստալինին, եւ այն կստորագրի միմիայն մի մարդ, բայց՝ ուժեղ մարդ, մեր «երկաթյա» ժողկոմը։
Գործընկերներին հրաժեշտ տալուց առաջ գեներալ Ֆիտինը դիմելով Հովակիմյանին, կամացուկ ասաց.
- Հայկ Բադալովիչ, «Էնորմոզի» փաստաթղթերն իրավունք ունեն կարդալու միայն հինգ մարդ՝ ընկեր Ստալինը, Բերիան, ես, Կվասնիկովը եւ Դուք։ Վերջ։ Բայց Կուրչատովի հետ Դուք խոսեք, առանց փաստաթղթերի բացատրեք գործի էությունը, հիշեցեք, ակադեմիկոս Իոֆֆեն շատ մտերիմ հարաբերություններ ունի ընկ. Ստալինի եւ Բերիայի հետ, նրա հետ բանակցելիս շատ զգույշ պետք է լինել։ Միայն այս թեմայով խոսելու համար Ձեզ կարող են ուղղակի կախել... Չնայած մարդկանց համոզելու գործում իմ իմացած մարդկանցից լավագույնը Դուք եք։ Իսկ ընդհանրապես Ձեր որոշելիքն է՝ դիմե՞լ նման քայլի, թե ոչ։
- Շնորհակալ եմ վստահության համար, ես արդեն ժամանակ եմ կորցնում,- ասաց Հովակիմյանն ու դուրս եկավ։
«Գրողը տանի, երբեւէ գնահատվելո՞ւ է այս սուպերհետախույզի մեծությունը։ Ո՞վ է այդ Կուրչատովը, որ Հովակիմյանն այսպես համառորեն ուզում է ներքաշել գործի մեջ։ Որտեղի՞ց Հովակիմյանին այսքան կապեր, այսքան ռիսկ», Հովակիմյանի հեռանալուց հետո մտորում էր Ֆիտինը։
***
Իգոր Վասիլեւիչ Կուրչատովն ուշադրությամբ լսում էր իր խոսակցին։ Նա ապշած էր դիմացինի ուրանի մասին ունեցած տեղեկություններից։ Իսկ անգլիական ու ամերիկյան գիտնականների ատոմային ռումբի ստեղծման հետազոտությունները նրա համար նորություն էին։ Հովակիմյանը նրան ուղղակի համոզեց, որ առավել պատրաստված կադր ԽՍՀՄ-ը չունի.
- Իգոր Վասիլեւիչ, ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները ղեկավարելը շատ բարդ, շատ պատասխանատու գործ է, Դուք պետք է պատրաստ լինեք այդ քայլին։ Ցավոք, ես չեմ որոշողը, ոչ էլ իրավունք ունեմ առաջարկելու Ձեր թեկնածությունը։ Բայց եթե ինչ-որ հրաշքով դա հաջողվի եւ Ձեզ ընկեր Ստալինն առաջարկի՝ չհրաժարվեք։ Մեկը պետք է, որ դիմի այդ ռիսկին։ Այդ մեկը Դուք եք, Դուք պատմական առաքելություն ունեք։ Եթե հանկարծ չստացվի, միեւնույն է, Դուք կմասնակցեք այդ աշխատանքներին։ Մեր սերունդները մեզ չեն ների դանդաղկոտության, բթության համար, երբ անգլիացին կամ ամերիկացին ստեղծեն իրենց ռումբը, իսկ մենք՝ մերը չունենանք։ Ավելի մեծ ամոթ մեզ՝ գիտնականներիս համար չեմ պատկերացնում։
Նա Կուրչատովին խնդրեց, որ երբեւէ որեւէ մեկին չպատմի իրենց հանդիպման, առավելեւս՝ զրույցի մասին։ Կուրչատովի համար բազմաթիվ անպատասխան հարցեր առաջացան։ Նա այդպես էլ չհասկացավ, թե ինչպես է հնարավոր, որ աշխարհահռչակ ակադեմիկոսներից ղեկավար ընտրեն 40-ամյա ոչ ակադեմիկոսի։ Մի բանում սակայն հաստատ համոզված էր. հնարավոր է կարճ ժամկետում, արտաքին հետախուզության աջակցությամբ ստեղծել ատոմային ռումբ։
Հովակիմյանի համար առավել դժվար ու հոգեբանական առումով մեծ ջանքեր էր պահանջում Իոֆֆեի հետ զրույցը։ Հանրահայտ ակադեմիկոսին նա պետք է համոզեր, որ երկրում ոչ մի ակադեմիկոս, ներառյալ ինքը, հարմար կադր չեն ատոմային զենքի ստեղծման աշխատանքները ղեկավարելու համար։ Եվ միակ թեկնածուն դոկտոր Կուրչատովն է։
Նրանց զրույցը երկար տեւեց։ Իոֆֆեն բավականին հարգալից էր Հովակիմյանի նկատմամբ, որի հետ առաջին անգամ հանդիպել էր 1931 թվականին Բեռլինի Շյոնեֆելդի երկաթուղային կայարանում, երբ գերմանացի գիտնական Լանգեի հրավերով մեկնել էր ծանոթանալու նրա լաբորատորիայում ընթացող աշխատանքներին։ Ակադեմիկոսն ուղղակի հիացած էր երիտասարդ հետախույզ-գիտնականի գիտելիքներով ու հնարամտությամբ։ Վերջին անգամ Իոֆֆեն Հովակիմյանի մասին կարդացել էր ամերիկյան թերթերում, ուր գրում էին, թե ձերբակալվել է խորհրդային հետախուզական ցանցի ղեկավար գիտնականը։
Ամփոփելով իր խոսքը, Հովակիմյանն ասաց, որ հարգարժան ակադեմիկոսը պատմական մեծ առաքելություն ունի, նա Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինին պետք է համոզի, որ ատոմային ռումբի աշխատանքներն առավել կազմակերպված ու մասնագիտական հմտությամբ կարող է ղեկավարել իր աշակերտը՝ դոկտոր Կուրչատովը։
- Ոչ ոք մեր զրույցի մասին չպետք է իմանա,- հիշեցրեց Հովակիմյանը,- Կուրչատովին առաջադրելը Ձեր անձնական նախաձեռնությունն է։
Հետաքրքիր է, որ ակադեմիկոսը երկու ձեռքով կողմ էր Կուրչատովին եւ Հովակիմյանից նույնիսկ շնորհակալություն հայտնեց այդպիսի միտք հուշելու համար։ Բայց նա չգիտեր, թե երբ եւ ինչ պայմաններում է հնարավոր Կուրչատովի թեկնածությունն առաջադրելը։
***
Հաջորդ օրը Գորսկին Լոնդոնից մի գաղտնագիր ուղարկեց։ Կլաուս Ֆուկսը հայտնում էր, որ շուտով Բիրմինգհեմ կժամանեն ամերիկացի գիտնականները, որպեսզի անգլիացիների հետ պայմանավորվեն համատեղ աշխատելու եւ գործերի վիճակին ծանոթանալու համար։ Կանադայի կառավարությունն իր հերթին պատրաստակամություն է հայտնել մասնակցելու գաղտնի աշխատանքներին եւ համաձայնել է իր տարածքում արդյունաբերական գործարան կառուցել ատոմային վառելիքի արտադրության նպատակով։
Հետախուզության բոլոր փաստաթղթերը, նամակներն ու հեռագրերը ի մի բերելով, Լավրենտի Բերիան որոշեց հանդիպել Ստալինի հետ։ Կրեմլ մտնելիս նա դեռեւս մտահոգ էր. այս անգամ առաջնորդը վերջապես կհամոզվի՞, որ ատոմային ռումբի ստեղծումը միֆ չէ, այլ իրականություն։ Բերիան ինքն էլ մինչեւ վերջերս չէր հավատում դրան, բայց արտաքին հետախուզության տվյալները ոնց որ թե համոզիչ էին։
Ժողկոմը թղթապանակը հանձնեց առաջնորդին։ Ստալինը բացեց առաջին էջն ու սկսեց կարդալ։ Փաստաթղթերի ողջ տրցակն ընթերցելիս ոչ մի անգամ գլուխը չբարձրացրեց, ոչ մի բառ չփոխանակեց։ Ավարտելուց հետո մտքերի մեջ ընկավ, սկսեց մտահոգ քայլել՝ ստեպ-ստեպ ծխամորճ քաշելով։ Բերիան անհանգիստ շարժվեց։
Ստալինը շրջվեց դեպի նա ու ծանր հայացքը հառեց ժողկոմին։ «Կասկածում է, հաստատ կասկածում է», մտածեց Բերիան։ Այդ հայացքը ոչ մի լավ բան չէր խոստանում։ Ասես նոր նկատելով Բերիայի գոյությունը, Ստալինն ասաց.
- Անցիր, նստիր, Լավրենտի, ոտքի վրա ճշմարտություն չկա... Ինչպես եւ չկա քո քաչալ գլխում...
Բերիան դողաց՝ առաջնորդը դժգոհ է իրենից։
- Հերթական դեզինֆորմացիա չէ՞ սա, Լավրենտի։ Ասա ինձ, խնդրեմ, ինչո՞ւ հանկարծ Չերչիլը որոշեց իր գիտահետազոտական աշխատանքների արդյունքները հաղորդել Ռուզվելտին։
- Բանն այն է, ընկեր Ստալին, որ նրանք հասկացել են, որ գերմանացիների կողմից անընդհատ ռմբակոծվող Անգլիայում վտանգավոր է ատոմային ռումբի աշխատանքների շարունակումը։ Կա մեկ վարկած եւս՝ նրանք վերջնականապես համոզվել են, որ գործը միայնակ գլուխ չեն բերի եւ որոշել են ամերիկացիների հետ աշխատել։
- Ուրեմն, այդ զենքը վաղը կուղղվի նաեւ մեր դեմ։ Հա, ի դեպ, Դուք եւ Ձեր տեղակալներն ինձ համոզում էիք, թե հետախուզությանը չի կարելի հավատալ։ Ասում էիք, որ շատ աշխատակիցներ «ժողովրդի թշնամիների» դրածոներն են։
Ստալինը հիշել էր պատերազմից առաջ արտասահմանից ետ կանչված եւ գնդակահարված հետախույզներին։
- Այն ժամանակ հետախուզությունը կրկնակի խաղ էր խաղում, ընկեր Ստալին, նրանք օգտագործում էին կասկածելի աղբյուրներ։ Այդ պատճառով էլ մենք ստիպված էինք հիմնավոր զտում կատարել արտասահմանում աշխատող հետախույզների շրջանում... Բայցեւ նրանցից ոմանք, իմ կարծիքով, կարող էին արժանանալ Ձեր վստահությանը...
Բերիան ուզում էր հասկացնել, որ այդ հետախույզներից ոմանց առաջնորդն անձամբ էր հրահանգել վերացնել։ Եվ դրանք հիմնականում այն հետախույզներն էին, որոնց ուղարկած տեղեկությունները չէին համընկնում Ստալինի պատկերացումներին։
Ստալինը շարունակեց դանդաղ քայլել սենյակում։ Ծխամորճն արդեն հանգել էր, բայց ձեռքից ցած չէր դնում։ Երկար, ծանր լռությունից հետո վերջապես խոսեց.
- Հետախուզության տվյալները մեզ ստիպում են գործողությունների դիմել։ Ես քեզ խնդրում եմ, Լարվենտի, վաղը չէ մյուս օրը ինձ մոտ հրավիրիր Կապիցային, Սեմյոնովին, Խլոպինին եւ Վերնադսկուն։ Մեր անելիքների շուրջ կխորհրդակցենք նրանց հետ։
- Բայց երկու օրում հնարավոր չէ բոլորին հավաքել, ընկեր Ստալին։ Նրանց մի մասը քաղաքում չէ։
- Ոչինչ, նրանց ետեւից ինքնաթիռ ուղարկիր...... Գիտնական-ֆիզիկոսների հետ հանդիպելուց հետո, Ստալինը Բերիային հանձնարարեց նախապատրաստել Պաշտպանության պետական կոմիտեի (ՊՊԿ) արտահերթ նիստ՝ ԽՍՀՄ-ում ատոմային ռումբ ստեղծելու մասին որոշում կայացնելու համար։
Իգոր Կուրչատովը՝ ատոմային ծրագրի ղեկավար
ԽՍՀՄ Պաշտպանության պետական կոմիտեի հատուկ նիստը հրավիրվեց 1942 թվականի խոր աշնանը։ Օրակարգում մեկ հարց էր՝ հետազոտությունների ծավալումը ԽՍՀՄ-ում ատոմային ռումբի ստեղծման նպատակով։ Նիստին հրավիրված էին գիտնականներ Ա. Ֆ. Իոֆֆեն, Ն. Ն. Սեմյոնովը, Վ. Գ. Խլոպինը, Պ. Լ. Կապիցան եւ Ի.Վ. Կուրչատովը։
Ելույթ ունենալով, ակադեմիկոս Իոֆֆեն ասաց.
- Մեզ առաջադրված գիտատեխնիկական բավականին բարդ խնդիրը լուծելու համար կա միայն մեկ պլյուս՝ մենք գիտենք, որ այն լուծելի է։ Բայց մինուսներն անհամեմատ շատ են։ Անգլիացիները ուրանի հետազոտման համար խոշոր գիտնականներ են հավաքել ողջ աշխարհից. Կրոկոֆտ, Չեդվիկ, Ռոտբլատ, Սիմոն, Ֆրիշ, Պայերլս, Լինդեման։ Մենք էլ ունենք հրաշալի գիտնական-ֆիզիկոսներ, բայց բոլորն այժմ զբաղված են պաշտպանական հարցերով։ Անգլիան ծանրակշիռ գիտական բազաներ ունի Օքսֆորդում, Բիրմինգհեմում, Քեմբրիջում եւ Լիվերպուլում։ Իսկ մենք այսօր այդպիսիք չունենք։ Եղածն էլ անհուսալի վիճակում է։ Բրիտանացի գիտնականներն արդյունաբերական ահռելի բազա են հիմնել։ Պատերազմի հետեւանքով մեզանում այն զգալի կորուստ է ունեցել, իսկ գիտական սարքավորումները էվակուացվել են երկրի տարբեր շրջաններ եւ փաստորեն գտնվում են անտեր վիճակում։
- Այնուամենայնիվ, դուք՝ գիտնականներդ, չպետք է ձեռքներդ ծալած նստեք,- նրան ընդհատեց Ստալինը,- իհարկե, հեշտ կլիներ խաղաղության պայմաններում։ Բայց այսօր բոլոր ռեսուրսներն ուղղված են հաղթանակի ապահովմանը։ Դուք պետք է դա հասկանաք, ոչ թե նվնվաք։ Չպետք է մոռանալ, որ Խորհրդային Միությունը երկու առավելություն ունի՝ կազմակերպող եւ մոբիլիզացնող ռեսուրսները եւ մեր գիտության նվաճումներն ատոմային միջուկի ասպարեզում։ Անշուշտ, դժվար կլինի հայրենական ատոմային զենքի ստեղծման առաջին քայլերը, բայց մենք պարտավոր ենք դա անել։ Նյութական մեծ կորուստների, երկրի ողջ ներուժի լարման գնով։ Անհրաժեշտ կլինի ոտքի հանել գիտահետազոտական բոլոր ինստիտուտներն ու կոնստրուկտորական բյուրոները։ Նոր գիտական եւ փորձարարական սարքավորումներով պետք է համալրել արդյունաբերությունը։ Ընկեր Բերիան պետք է առավել օգտագործի մեր գիտական ուժերը։ Եթե Դուք, Լավրենտի Պավլովիչ, կարողանաք հոգատար վերաբերմունք դրսեւորել նրանց նկատմամբ եւ քաջալերել, իսկ ամենագլխավորը՝ կազմակերպել նրանց աշխատանքը, ապա, համոզված եմ, շատ բան կարելի է անել էժան եւ արագ։
Սովորաբար հակիրճ խոսող Ստալինը մի պահ շունչ քաշեց, ուշադիր զննեց իրեն ուղղված հայացքները եւ շարունակեց.
- Ես հասկանում եմ, որ ատոմային ռումբի ստեղծման նախագիծը համապետական ծրագիր է պահանջում։ Չնայած ռազմական ժամանակների ծանր պայմաններին, մենք կգնանք դրան։ Եվ ռիսկը կարդարացվի։ Իրավիճակի ողբերգությունն այն է, որ հանուն խաղաղության պետք է անես այն, ինչ հակառակորդդ։ Միայն փոխադարձ վախը կպահպանի խաղաղությունը։ Դրա համար անհրաժեշտ է. առաջին՝ զարգացնել արդյունաբերական կարեւորագույն ճյուղերը, երկրորդը արտադրության առավել կարճ եւ էժան ճանապարհի փնտրտուքն է։ Ընկեր Բերիա, գիտության բոլոր առանցքային տեղամասերում պետք է նշանակել հեղինակավոր գիտնականների, որպեսզի նրանք կարողանան կոլեկտիվի ջանքերը կենտրոնացնել հետազոտությունների համար։ Երրորդ քայլը՝ անհրաժեշտ է ժողկոմատների եւ վարչությունների ղեկավարներին բացատրել, որ այս խնդրում գիտնականներն առաջատար դերում են եւ ոչ թե կից ուժերի։ Եվ չորրորդ՝ առավել արդյունավետ օգտագործել արտադրական կոլեկտիվների աշխատանքը։ Այժմ ասացեք, խնդրեմ, թե ինչքան ժամանակ կպահանջվի ատոմային ռումբի ստեղծման համար։
Ակադեմիկոս Իոֆֆեն կարծիք հայտնեց, թե ծրագրի իրականացման համար կպահանջվի տասը տարուց ոչ պակաս ժամանակ։ Այդ ժամկետը Ստալինին, բնականաբար, ձեռք չէր տալիս։ Նա գլուխը դանդաղ տարուբերելով, շարունակեց.
- Ոչ, ընկեր գիտնականներ, առանց այդ էլ մենք այսօր հետեւից հասնողի դերում ենք։ Պետք է դուք ձեր ուժերն ու հնարավորությունները ճիշտ բաշխեք։ Մենք, մեր հերթին, պատրաստ ենք ամեն ինչ անել ձեր աշխատանքների ընթացքին արագ թափ հաղորդելու համար։ Պետական կարեւորագույն այս խնդրի համար, կարծում եմ, Լավրենտի Պավլովիչը կապահովի գիտական անհրաժեշտ տեղեկություններով,- Ստալինը բազմանշանակ նայեց Բերիային,- այդ տեղեկությունները կարագացնեն ձեր հետազոտական եւ փորձարարական աշխատանքները։ Սկզբի համար անհրաժեշտ գիտատեխնիկական ինֆորմացիա կարող եք «պատվիրել» ընկեր Բերիային։ Իսկ հիմա ձեր՝ ակադեմիկոսների միջից եկեք որոշենք այս գործի «գլխավոր հրամանատարին»։ Ես գտնում եմ, որ այդ մարդը պետք է լինի նախ՝ խոշոր գիտնական-ֆիզիկոս, ապա եւ՝ լավ կազմակերպիչ...
Ծխամորճը ծխելով, նա դանդաղ ճեմում էր մեծ սրահի մի ծայրից մյուսը։ Մի պահ շրջվեց եւ ուշադիր զննեց լարված իրեն հետեւող ակադեմիկոսներին։
- Իմ կարծիքով, ընկեր Իոֆֆեն շատ հարմար թեկնածու է, նա կլուծի այս խնդիրը։ Եռանդուն է, կարողանում է կարեւորել գլխավորը երկրորդականից, ճիշտ է ձեւակերպում որոշումները։ Ի՞նչ կասեք, ընկեր Իոֆֆե,- հարցրեց, Ստալինը։
Բայց, ի զարմանս առաջնորդի եւ բոլոր ներկաների, ակադեմիկոսը համարձակվեց անմիջապես հանել իր թեկնածությունը, պատճառաբանելով պատկառելի տարիքը։ Տիրեց ծանր, ճնշող լռություն։ Իոֆֆեն զգաց, որ այդ լռությունը պայթունավտանգ է եւ փորձեց մեղմել իրավիճակը։
- Ընկեր Ստալին, գործը կրկնակի կշահի, եթե իմ փոխարեն այդ աշխատանքները ղեկավարի ավելի երիտասարդ, եռանդուն եւ ուրանով լրջորեն զբաղված գիտնական։ Ես կարող եմ առաջարկել այդ մարդու թեկնածությունը, որին անվերապահորեն հավատում եմ։
- Եվ... ո՞վ է այդ գիտնականը, որի ուժերին ավելի եք հավատում, քան ձեր փորձառությանը,- հարցրեց Ստալինը, չկարողանալով կանխագուշակել Իոֆֆեի թեկնածուին։
- Իգոր Վասիլեւիչ Կուրչատովը,- արագ վրա բերեց Իոֆֆեն, ասես իր ուսերից ծանր բեռ գցելով։
- Ես այդպիսի ակադեմիկոսի չեմ ճանաչում,- ծխամորճը բերանից հանելով, ասաց Ստալինը, որը նախորդ օրը ուշադրությամբ կարդացել էր բոլոր ակադեմիկոսների անունները։
- Ընկեր Ստալին, նա ակադեմիկոս չէ։ Առայժմ ընդամենը պրոֆեսոր է,- պատասխանեց Իոֆֆեն։
- Մենք, ինչ է, ընկեր Կաֆտանով, այսպիսի կարեւոր գործի համար արժանի ակադեմիկոս չունե՞նք։
Կաֆտանովը փորձեց դուր գալ առաջնորդին եւ անմիջապես հիշատակեց Կապիցայի անունը, բայց Ստալինի հայացքից ոչինչ չկռահելով, նորից կրկնեց նրա առաջարկը.
- Գուցե իսկապե՞ս ընկեր Իոֆֆեն ղեկավարի, նա...
Ստալինը ձեռքով սաստեց նրան.
- Այդ դեպքում եկեք քննարկենք ընկեր... Կապիցայի թեկնածությունը։ Ես գիտեմ՝ նա միջազգային մեծ հեղինակություն ունի։ Գիտեմ, որ աշխատել է միջուկային ֆիզիկայի կորիֆեյ Ռեզերֆորդի մոտ։ Բայց եկեք հենց իրեն էլ հարցնենք։ Խնդրեմ, ընկեր Կապիցա, խոսքը Ձերն է։ Կապիցան ոտքի ելավ եւ Իոֆֆեից ոչ պակաս համարձակ ասաց.
- Ես համաձայն եմ, բայց՝ պայմանով, որ ինձ թույլ տրվի Անգլիայից հրավիրել միջուկային ֆիզիկայի որոշ մասնագետների, ինժեներատեխնիկական անձնակազմի աշխատակիցների ու առավել մասնագիտացված բանվորների...
Ստալինին բոլորովին դուր չեկավ Կապիցայի առաջարկը։ Գլխի շարժումով Մոլոտովին հասկացրեց, որ անհրաժեշտ է մերժել։ Վերջինս ենթարկվեց առաջնորդի պայմանական նշանին։
- Ձեր պայմաններն անընդունելի են, Պյոտր Լեոնիդովիչ,- կտրուկ ասաց Մոլոտովը։
Անհարմար իրավիճակ ստեղծվեց, գիտության սերուցքը նստած՝ չէր կարողանում այս կարեւոր գործի համար թեկնածու գտնել։
Կրկին ոտքի ելավ Իոֆֆեն.
- Ընկեր Ստալին, ես եւս մեկ անգամ պնդում եմ, որպեսզի խորհրդային ատոմային նախագծի ղեկավար դառնա հենց Իգոր Վասիլեւիչ Կուրչատովը։ Միայն կոչումի պատճառով չի կարելի աչքաթող անել տաղանդավոր այս գիտնականին։
- Լավ, ընկեր Իոֆֆե, բայց թեկուզ կշռի համար սկզբից դուք նրան ակադեմիկոսի կոչում տվեք... Ընկեր Կուրչատովը ներկա՞ է այս նիստին։
- Այո, նա այստեղ է։
Սեղանի ամենահեռավոր անկյունում նստած պրոֆեսորը ոտքի կանգնեց։ Բարձրահասակ, ամուր կազմվածքով, խոշոր, կլոր աչքերով, մուգ սեւ մորուքով տղամարդուն Ստալինը սեւեռուն հայացքով ոտքից գլուխ չափեց, ապա՝ վճիռ կայացրեց։
- Մենք Ձեզ հաստատում ենք ծրագրի ղեկավար, ընկեր Կուրչատով։ Կարող եք սկսել գիտական կոլեկտիվի հավաքագրումը։ Խնդրի լուծման համար կարճ ժամկետում որոշակիացրեք առաջնային հիմնախնդիրները։ Առանց ամաչելու կդիմեք ցանկացած հարցով, բոլորը կընդառաջեն։ Առանձին գրությամբ մանրամասն կնշեք, թե արտասահմանից ինչպիսի գիտական տեղեկություններ են անհրաժեշտ։
- Բայց դա հնարավո՞ր է,- զարմացավ Կուրչատովը,- արտասահմանում բոլոր հետազոտությունները գաղտնիացված են։ Նույնիսկ գիտական հանդեսների էջերից են անհետացել այդ տեղեկությունները։
Լավրենտի Բերիան քիչ մնաց փռթկար Կուրչատովի միամտության վրա։ Ստալինը կանխեց նրան։
- Դա Ձեր խնդիրը չէ, ընկեր Կուրչատով, այդ գործով զբաղվողներ կան։ Դուք էլի՞ ասելիք ունեք։
- Այո։ Շատ կարճ։ Երկիրը պաշտպանելու միակ ուղին բաց թողած ժամանակը վերականգնելն է եւ գաղտնիության պայմաններում մեր երկրի մասշտաբներին համապատասխան ատոմային արտադրություն ստեղծելը։ Եթե մեր աշխատանքների մասին բարձրաձայնենք, Ամերիկան այնպես կարագացնի ատոմային ռումբի ստեղծումը, որ այլեւս անհնար կլինի ետեւից հասնելը...
- Ընկեր Կուրչատով, այնուամենայնիվ, աշխատեցեք հասնել նրանց ետեւից։ Ընկեր Մոլոտովը կառավարության անունից կհամակարգի ծրագիրը։ Աշխատանքի ավարտման վերջնաժամկետ առայժմ չորոշենք,- խոսեց Ստալինը,- բայց, ընկերներ, հիշեցեք. դամոկլյան սուրն արդեն մոլորակի գլխավերեւում է։ Այն վտանգում է մարդկային ողջ քաղաքակրթությունը։ Անհրաժեշտ է հնարավորինս շուտ գտնել այդ ահեղ վտանգի հակաթույնը։ Որքան շուտ, այնքան՝ լավ։ Այդ թվում եւ ձեր՝ գիտնականներիդ համար։ Ինձ հարցեր ունե՞ք։
- Հարցեր չկան,- բոլորի փոխարեն պատասխանեց Լավրենտի Բերիան։
***
Վերջապես, 1942 թվականի վերջին, ԽՍՀՄ Պաշտպանության պետական կոմիտեն Ստալինի ղեկավարությամբ որոշում ընդունեց գիտությունների ակադեմիային կից ատոմային ռումբի ստեղծման համար լաբորատորիա հիմնելու մասին։
Այդ քայլը խորհրդային հանրահայտ շատ գիտնականների համար (որոնք մասնակցում էին ՊՊԿ նիստին) անհասկանալի էր, քանզի անկեղծորեն համոզված էին, որ ատոմային ռումբի նախապատրաստությունը առնվազն երկու տասնյակ տարի կխլի։ Որոշումն ընդունվեց պատերազմական գործողությունների ճակատագրական շրջանում, երբ մարտնչում էին Ստալինգրադի համար, երբ ակնհայտ էր, որ առանց այդ էլ ծայրահեղ սուղ ռեսուրսների զգալի մասը ռազմաճակատից հանվելու է նոր որոշումն իրականացնելու համար։
Դաշնակից երկրներից հայթայթած հետախուզական հարուստ տվյալները վերջապես Ստալինին համոզեցին մտածել ատոմային ռումբի անհրաժեշտության մասին։ Նա գերազանց հասկանում էր, որ ո՛չ ամերիկացիները, ո՛չ առավել եւս ռուսները պատերազմի ժամանակ չեն հասցնելու օգտագործել սարսափելի այդ զենքը։ Բայց այդ հանգամանքն էլ էր խոսում ատոմային ռումբ ստեղծելու օգտին։ Նա հասկանում էր, որ եթե անգամ պատերազմում փայլուն հաղթանակ տոնի, դա գրեթե պարտության հավասար կլինի, եթե սեփական ատոմային ռումբ չունենան։ Հակառակ դեպքում պատկերը հետեւյալն էր լինելու. պատերազմի հետեւանքով ահռելի երկրի ահռելի ավերվածություններ, տնտեսության ու արդյունաբերության զրոյական վիճակ, մարդկային ռեսուրսների սարսափելի կորուստներ։ Իսկ դաշնակից երկրները՝ այդ նույն ժամանակ ծաղկող տնտեսությամբ ու արդյունաբերությամբ եւ դեռ այդ ամենին գումարած՝ սեփական ատոմային զենքով։
Նոր նշանակում
Պաշտպանության պետական կոմիտեի նիստից հետո Բերիան հրավիրեց արտաքին հետախուզության պետ Պավել Ֆիտինին եւ տեղեկացրեց, որ առայժմ ոչ այդքան հայտնի պրոֆեսոր Իգոր Կուրչատովը նշանակվել է ատոմային ռումբի նախագծի ղեկավար։
- Ի՞նչ, Իգոր Կուրչա՞տովը,- զարմանքից բացականչեց Ֆիտինը։
- Ձեզ ի՞նչ պատահեց, Պավել Միխայիլովիչ, Դուք ինչ-որ բա՞ն գիտեք, որից ես անտեղյակ եմ,- իր հերթին զարմացավ ժողկոմը։
- Ո՛չ, ո՛չ,- փորձեց սխալն ուղղել Ֆիտինը,- պարզապես զարմացա, որ երիտասարդ պրոֆեսորին են վստահել այդ չափազանց պատասխանատու գործը։ Եվ դա այն դեպքում, երբ այդքան հանրաճանաչ ակադեմիկոսներ կան։ Բայց Կուրչատովի մասին միայն դրական գնահատականներ եմ լսել։
«Կեցցես, Հովակիմյան։ Հաստատ նրա ձեռքի գործն է։ Բայց ինչպե՞ս է կարողացել։ Ուղղակի հանճարեղ է այս մարդն իր գործում։ Չէ՞ որ դա միայն Ստալինի որոշելիքն էր...», մտածեց Ֆիտինը։ Բերիան կասկածանքով խեթ-խեթ նայեց նրան եւ շարունակեց խոսքը։
- Ուրեմն, հիշեք մեր անելիքները, ընկեր Կուրչատովին ռեժիմի գծով փորձառու օգնական է պետք, որպեսզի ապահովվի հետախուզական աշխատանքների գաղտնիությունը, կարգավիճակը՝ ԽՍՀՄ նախարարների խորհրդի լիազոր։ Այնուհետեւ՝ Ձեր երեք տեղակալներից մեկին առանձնացրեք, որպեսզի զբաղվի հենց հետախուզության ատոմային ռումբի ուղղությամբ եւ Կուրչատովի, Կաֆտանովի ու Պերվուխինի հետ գրագրություններով։ Կաֆտանովն ու Պերվուխինը Պաշտպանության պետական կոմիտեի եւ կառավարության պատասխանատուներն են այս ուղղությամբ։ Այդ տեղակալը պետք է աշխարհի բոլոր ծագերից ատոմային ռումբի մասին տեղեկություններ հայթայթի ու ներկայացնի Կուրչատովին։ Դա շատ պատասխանատու գործ է։
- Կարելի՞ է ընդհատել, Լավրենտի Պավլովիչ,- հարցրեց Ֆիտինն ու դրական պատասխան ստանալով շարունակեց,- ես հենց հիմա այդ պաշտոնի համար առաջարկություն ունեմ։
- Խնդրեմ,- զարմացավ Բերիան։
- Առաջարկում եմ երրորդ բաժնի պետ, գնդապետ Հայկ Բադալի Հովակիմյանին։ Այս գործի համար ամենափնտրված թեկնածուն նա է։
- Մի րոպե։ Իսկ քո երեք տեղակալները՝ Դուբովիկը, Մելնիկովը, Պրուդնիկովը չե՞ն կարող գլուխ հանել։
- Լավրենտի Պավլովիչ, ես ասեմ, Դուք համոզվեք։ Հովակիմյանը քիմիական գիտությունների դոկտոր է, նորարարությունների հեղինակ։ Երկրորդ՝ գերազանց գիտի օպերատիվ վիճակը Գերմանիայում եւ ԱՄՆ-ում։ Երրորդ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ հենց այդ երկրներից է ամենաքիչ հետախուզական տվյալներ ստացվում, այդ նշանակումը նրան կպարտավորեցնի աշխուժացնել աշխատանքները հենց ա՛յդ տարածքներում։ Այդ տեխնիկային նա գերազանց է տիրապետում։ Չորրորդ՝ նշածս երկրներում ինքն աշխատել է «դաշտում» եւ այնտեղ այժմ էլ մեզ հետ աշխատող մի քանի տասնյակ գործակալներ հենց նրա հավաքագրածներն են, անձամբ է ճանաչում։ Իմ կարծիքով բոլոր խաղաթղթերը նրա ձեռքում են։ Եվ հետո՝ Դուք բազմիցս համոզվել եք, որ նա եզակի պրոֆեսիոնալ է...
- Եվ ինքնուրույն վճիռներ կայացնող,- քմծիծաղով ավելացրեց Բերիան։
- Դրսում աշխատելիս դա մեծ առավելություն էր, բայց նա հիմա այստեղ է, եւ ես այս մեկուկես տարում բազմիցս համոզվել եմ, որ նա նաեւ կոլեկտիվ աշխատանքում է փայլում։
Բերիան հասկանում էր, որ հետախուզության պետին հենց այսպիսի տեղակալ է պետք. բարձրակարգ պրոֆեսիոնալ, որը բազմաթիվ խոշոր հետախուզական օպերացիաների մշակման եւ իրագործման անձնական մեծ փորձ ուներ։ Նա այս անգամ առանց երկմտելու ընդունեց Ֆիտինի փաստարկները*։
- Շատ լավ, պատրաստեցեք Հովակիմյանի հրամանը,- ասաց Բերիան,- իսկ այժմ խնդրում եմ պատասխանեք՝ «Էնորմոզի» գծով ինչո՞ւ են այսքան աղքատ Նյու Յորքից եկող տվյալները։ Զառուբինը վա՞տ է աշխատում։ Գուցե իսկապե՞ս գիտատեխնիկական հետախուզության գծով ավելացնենք հետախույզների թիվը։ Ի՞նչ կարծիքի եք, եթե բացի Նյու Յորքից, Լոս Անջելեսում, Վաշինգտոնում եւ Սան Ֆրանցիսկոյում հաստիքներ բացենք։
- Դա մեզ ուղղակի հաջողություն կբերի,- ուրախացավ Ֆիտինը։
- Այդ դեպքում Նյու Յորքում մի տեղ պահեցեք ձեր խելոք Կվասնիկովի համար, թող նա իրեն փորձի «դաշտում»,- հեգնանքով ասաց Բերիան, որը չէր սիրում Կվասնիկովին։
Ֆիտինի գլխին ասես սառը ջուր լցրին։
- Ի նկատի ունեցեք,- թեման փոխեց ժողկոմը,- Այսուհետ Կուրչատովի բոլոր կարգադրությունները պետք է անվերապահորն կատարեք Կենտրոնում, ողջ գործը նա է համակարգելու։ Բոլոր հետախուզական տվյալները պետք է հանձնել անձամբ իրեն։ Դրսի գործակալների մասին պետք է իմանան միայն երեք մարդ՝ Դուք, «Էնորմոզը» ղեկավարող տեղակալը եւ գիտատեխնիկական հետախուզության պետը։ Եվ վերջ։
- Ոչ թե երեք, այլ՝ երկու մարդ։ Կվասնիկովի մեկնելուց հետո Հովակիմյանը կղեկավարի ե՛ւ «Էնորմոզը», ե՛ւ գիտատեխնիկական բաժինը,- անթաքույց դժգոհությամբ ասաց Ֆիտինը, որը դեմ էր Կվասնիկովին Նյու Յորք ուղարկելուն, սակայն չէր կարող բարձրաձայն արտահայտվել։
***
Արտաքին հետախուզության վարչության նորանշանակ պետի տեղակալ Հովակիմյանի աշխատասենյակի դուռը կամացուկ թակեցին։ Հովակիմյանն զբաղված էր եւ արձագանքեց միայն երկրորդ թակոցից հետո։ Դռների արանքում կանգնած փոխգնդապետի երկչոտ պահվածքը Հովակիմյանին ստիպեց հայացքը կտրել փաստաթղթերից։ Հայկն իսկապես զարմացավ։ Անդրեյ Գրաուրն էր, նույն Գրաուրը, որին ինքը մի քանի տարի առաջ ստիպել էր փախչել Նյու Յորքից։ Բերիայի մութ գործերի հլու կամակատարը Ֆիտինի օգնականն էր։ Ամերիկայից վերադառնալուց հետո նրան հաճախակի հանդիպում էր միջանցքում։ Գրաուրը միշտ զինվորական պատվի էր առնում կոչումով ու պաշտոնով իրենից բարձր Հովակիմյանին, բայց երբեք պատասխան պատվի չէր արժանանում։ Այսքանով էր սահմանափակվում նրանց հարաբերությունը։ Հովակիմյանը զարմացավ. տեսնես ի՞նչ փորացավով է եկել այս խորամանկ աղվեսը։ Փորձառու հետախույզը, որը հազարավոր մարդկանց հետ էր շփվել, չէր կարողանում տանել մարդու այս տեսակը։ Գրաուրի նմաններն են անանուն նամակներ գրում, առանց բարդույթների սեփական ստորագրությամբ պասկվիլներ «ձոնում» ազնիվ ու նվիրյալ մարդկանց, նրանց պիտակելով «ժողովրդի թշնամիներ»։ Այս ձեռնածուներին նա երբեք չէր ներում։ Նույնիսկ չէր թաքցնում նողկանքը։ Երբեմն զգում էր, որ իր այդ պահվածքը իրեն իջեցնում է իր իսկ աչքից, բայց միեւնույն է՝ չէր ներում ու վերջ։
- Այս ի՞նչ խարդավանք է քեզ նման ստահակին համարձակություն ներարկել երեւալու իմ տեսադաշտում, Անդրեյ Գրաուր,- հեգնանքով ասաց Հովակիմյանը։
Գրաուրը վիրավորանքը կուլ տվեց։ Նա երկար էր մտածել Հովակիմյանի հետ առանձին խոսելու մասին եւ պատրաստ էր նրա սպանիչ նվաստացումներին։
- Հայկ Բադալովիչ, խնդրում եմ հանգիստ լսեք ընդամենը երկու րոպե։ Ես եկել եմ շնորհավորելու Ձեզ՝ նոր պաշտոնի անցնելու առիթով։ Ես մեղավոր եմ Ձեր առջեւ, խնդրում եմ ներեցեք։ Եղածը եղած է։ Եկեք մոռանանք։ Ինչում ինձ մեղադրում եք, ես կապ չունեմ, ես զինվորական եմ եւ հրաման էի կատարում։ Բոլորին մի ստիպեք Ձեզ նման ուժեղ եւ ըմբոստ լինել։ Դա անհնար է։
- Լսիր, խելոք, գուցե թե ես թուլություն ունենամ քեզ ներելու, բայց դու ինչպե՞ս ես ներողություն խնդրելու գնդակահարված Գուտցայտից, Բազարովից, Ռումյանցեւից, մյուսներից, որոնց եղունգը չարժես, բայց նրանց դեմ մատնագրեր էիր գրում։ Ասա ասելիքդ։
- Հայկ Բադալովիչ, ես գիտեմ, որ ի պաշտոնե արդեն հաճախ եք հանդիպելու ընկեր Բերիայի հետ։ Խնդրում եմ երբեւէ նրան չպատմել իմ եւ Ձեր նյույորքյան այն խայտառակ հանդիպման մասին, երբ ինձ ստիպեցիք մատնել ընկեր Բերիային...
- Ահա թե ինչ, Անդրեյ Գրաուր։ Դու քեզ այնքան ես կարեւորում, որ մտածում ես, թե ես երբեւէ քեզ կարող եմ հիշե՞լ։ Չեղած հոգու մեջ այդքան մեղքեր ունեցող մարդու քո տեսակը գիշերներն, անշուշտ, հանգիստ քնում է։ Գնա ու վայելիր քունդ։ Ինչ մնում է մոռանալուն, ապա ես երբեք ոչինչ չեմ մոռանում։ Բայց կլռեմ։ Դու ինձ չես հետաքրքրում։ Կլռեմ, բայց ոչ ձկան պես, այլ չպայթած ռումբի նման։ Ու եթե երբեւէ նկատեմ, որ շարունակում ես կեղտոտ մատնագրություններդ, ապա խոստանում եմ անձամբ շանսատակ անել քեզ։ Իսկ այժմ ինձ ազատիր քո բացակա ներկայությունից։
- Շնորհակալ եմ, Հայկ Բադալովիչ,- ասաց Գրաուրն ու աներեւութացավ։
***
Երեկոյան Ֆիտինն իր մոտ հրավիրեց Հովակիմյանին։
- Հայկ Բադալովիչ, մեր գործերը սարսափելի գերծանրաբեռնված են։ «Էնորմոզի» աշխատանքները նոր են սկսվում, Դուք շունչ քաշելու ժամանակ չեք ունենալու։ Տասնմեկ տարի առանց հանգստանալու արտասահմանում ասեղների վրայով եք քայլել։ Քանի դեռ հնարավորություն կա, ես Ձեզ մեկ շաբաթով արձակուրդ եմ տալիս, մեկնեցեք Պերմ, Ձեր ընտանիքն այժմ այնտեղ է, եթե չեմ սխալվում։ Գնացեք, կվերադառնաք ընտանիքով։
- Բայց ո՞վ ինձ կթողնի, պատերազմ է...
- Մի քանի օր նվիրեք ընտանիքին, մեզ Ձեր ամուր նյարդերը դեռ պետք կգան։ Գնացեք եւ Ձեր տիկնոջն ու աղջկան բերեք Մոսկվա։ Բայց չեմ հասկանում, ե՞ս պիտի խնդրեմ, որ գնաք, թե՞ Դուք,- ծիծաղեց Ֆիտինը։
- Այդ դեպքում Ձեզ մի խնդրանք ունեմ, Պյոտր Միխայիլովիչ...
- Մի շաբաթով էլ ուղարկենք Հայաստա՞ն,- կատակեց Ֆիտինը։
- Հնարավո՞ր է այնպես անեք, որ դեկտեմբերի 3-ին լինեմ Պերմում, ոչ շուտ, ոչ ուշ։
- Պատերազմից առաջ ժամադրվե՞լ եք։
- Այդ օրը իմ ամենամտերիմ ընկերներից մեկի՝ կոմպոզիտոր Արամ Իլյիչ Խաչատրյանի նոր ստեղծագործության՝ «Գայանե» բալետի պրեմիերան է Պերմում։
- Օ՜, Հայկ Բադալովիչ, ես մոռացել էի Ձեր «հիվանդության» մասին։ Երբ Դուք մեկնեցիք Նյու Յորքից, մեզ տեղեկացրին, որ Դուք «Կիմ» նավով կես տոննա ձայնասկավառակներ եք բերում։ Եվ խորհուրդ էին տալիս ստուգել դրանք։
Հովակիմյանը լիաթոք ծիծաղեց։
- Ինչ վերաբերում է Արամ Իլյիչ Խաչատրյանին, ապա փոխանցեք, որ ես իր երաժշտության ջերմ երկրպագուն եմ։ Ես դրամատիկականում դիտել եմ նրա «Դիմակահանդեսը»,- ոգեւորված ասաց Ֆիտինը։
«Գայանե» բալետը՝ Պերմում
Ձմեռն այստեղ միշտ աշնան վերջին ամիսն իրենով է անում, ու դեռ նոյեմբերից սկսվում է բուք ու բորանը։ Պերմի երկաթուղային կայարանի կառամատույցում իսկական շիլաշփոթ էր։ Ամենուր զինվորականներ էին՝ ռազմաճակատ մեկնողներն իրենց հրաժեշտ տվողների, ռազմաճակատից վիրավոր վերադարձողները՝ իրենց դիմավորողների հետ։ Ձյունախառն քամին անցորդների ոսկորներն էր հաշվում մեկիկ-մեկիկ։
Գնդապետի ուսադիրներով զինվորականին դիմավորող մայորը պատիվ առավ եւ առաջարկեց նստել ավտոմեքենան։ Հովակիմյանին ուղեկցողը տեղի անվտանգության մարմինների ծառայող էր։ Երբ տեղ հասան, գնդապետը նրան վաղվա համար բալետի երեք տոմս պատվիրեց։ Մեքենայից իջնելով, Հովակիմյանն աստիճաններով արագ բարձրացավ երրորդ հարկ եւ սեղմեց դիմացի դռան զանգը։
Հուզված էր, կնոջն ու աղջկան Սան Ֆրանցիսկոյում հրաժեշտ էր տվել երկու տարի առաջ՝ երկու ամիս հետո հանդիպելու խոստումով։ Դուռը չբացեցին, զանգահարեց երկրորդ, երրորդ անգամ։ Տանը մարդ չկար։ Հայկը Վերային իր գալու մասին դիտավորյալ սխալ օր էր ասել։ Կինը նրան վաղն էր սպասում։ Բայց Վերան հո գիտի, որ Հայկը միշտ մի օր շուտ է գալիս։ Մուտքի աստիճաններով մարդիկ էին բարձրանում։ Հովակիմյանը մի կողմ քաշվեց, նրանք աստիճանների վրա կանգնած մնացին։
- Հա՞յկ, վերջապես տեղ հասար,- Վերան էր։
Էգինան վազքով փաթաթվեց հորը։
Ողջ գիշեր զրուցում էին։ Հովակիմյանն այդպես էլ ոչ մի խոսք չասաց Նյու Յորքում իր ձերբակալության մասին, պարզապես երկու տարվա ուշացմամբ ներողություն խնդրեց խոստումը չկատարելու համար, ասելով, որ կարեւոր հանձնարարություն էր կատարում։
- Վերա, վաղը երեքով Արամ Իլյիչի հյուրն ենք։
- Ինչպե՞ս, նա քեզ հե՞տ է եկել,- ուրախացավ կինը։
- Ոչ, ոչ։ Դեռ անցյալ տարվա աշնանից կոմպոզիտորները էվակուացվել են երկրի խորքերը։ Շոստակովիչը Կույբիշեւում է աշխատում, Արամ Իլյիչը՝ Սվերդլովսկում։ Նամակ էր գրել վերջերս։ Ասում է, որ արդեն վերջացրել է իր նոր ստեղծագործության՝ «Գայանե» բալետի պարտիտուրը։ Նամակում տեղեկացրել էր, որ 1942-ի դեկտեմբերի 3-ին Պերմում Լենինգրադի Կիրովի անվան թատրոնն առաջին անգամ բեմադրելու է այն։ Նույնիսկ նշել էր, որ բեմադրության հեղինակն Անիսիմովն է, դիրիժորը՝ Պ. Ֆելդտը, իսկ Գայանեի դերում՝ Տ. Վեչեսլովան է։ Արամ Իլյիչը երեւի հիշել էր, որ ես միշտ կարեւորում եմ դիրիժորին ու երգչին։
- Արամը չգիտի՞, որ դու եկել ես։
- Որտեղի՞ց իմանա։ Նույնիսկ Մոսկվայում մինչեւ իր մեկնելն ընդամենը երեք-չորս անգամ ենք հանդիպել։ Ես գիշերվա ժամը երեքից հետո եմ տուն գնում։
- Այսօր երեկոյան արի հանդիպենք Արամին։
- Ոչ մի դեպքում։
- Ինչո՞ւ։
- Վաղը, միայն «Գայանե» բալետից հետո մենք կմոտենանք նրան։ Այն ժամանակ սյուրպրիզ կլինի։ Պրեմիերայից առաջ Արամին չզբաղեցնենք։
***
Դահլիճը լեփ-լեցուն էր։ Հանդիսականների գրեթե կեսը զինվորական համազգեստով էին։ Հայկն ուղղակի հիացած էր Խաչատրյանով։ Սուսերով պարից հետո, դահլիճն ալեկոծվեց։ Ծափահարում էին ոտքի վրա։ «Բռավո, Արամ Իլյիչ, դու հաղթեցիր», գոռաց Հովակիմյանն ընդհանուր աղմուկի մեջ։ Երբ ներկայացումն ավարտվեց, բեմ հրավիրեցին Արամ Խաչատրյանին։ Որոտընդոստ ծափահարությունների ներքո նա հանդիսականի առջեւ խոնարհել էր իր փառահեղ գլուխը։ Ուրախության արցունքներ էին գլորվում երկու հոգու աչքերից՝ կոմպոզիտորի եւ 12-րդ շարքում կանգնած գնդապետի։ Դահլիճի հայացքի ուղեկցությամբ թատրոնի աշխատակիցը մոտեցավ Արամ խաչատրյանին եւ ծաղկեփնջի հետ մի երկտող փոխանցեց։
Խաչատրյանը մի պահ ուշադրություն չդարձրեց երկտողին, բայց նկատելով, որ ծանոթ ձեռագիր է, ծաղկեփնջերը ցած դրեց եւ կարդաց գեղեցիկ ու մանր ձեռագրով տողերը.
«Դուք հանճարեղ արվեստագետ եք, Արամ Իլյիչ։ Դուք հաղթեցիք։ «Գայանեն» Ձեր նոր անձնագիրն է։ Երբ հայոց արմատներին եք մոտենում, հաջողությունը երաշխավորված է։ Քեզնով ու մեր արմատներով հպարտ, քո արվեստի գերի՝ ոմն Հայկ»։
Արամ Իլյիչը շփոթվեց։ Ուրեմն Հայկն այստեղ է։ Ի՞նչ գործ ունի։ Անունը չգրեր էլ, ձեռագրից կճանաչեր։ Հանդիսականների մեջ հայացքով փնտրեց ու չգտավ։ Քիչ անց՝ նրանք գրկախառնվեցին։
- Վերա, դու է՞լ ես այստեղ։ Ինչպե՞ս եք եկել, որտեղի՞ց։
- Որտեղից, որտեղից։ Դու չե՞ս կանչել նամակով։ Բան ու գործ թողած ստիպված Պերմ ենք հասել,- կեղծ դժգոհեց Հայկը։
Արամ Իլյիչը հասկանում էր նրա կատակները։
Երեկոյան, ընթրիքի սեղանի շուրջ, Հովակիմյանն ասաց.
- Քո «Գայանեն» քեզ հավերժացրեց, Արամ Իլյիչ։ Մահկանացուներս խոնարհվում ենք քո տաղանդի առջեւ։
- Վերջ տուր Հայկ, այդ դո՞ւ ես մահկանացուն։ Քո արածները ոչ մի մահկանացու չի կարող անել։ Մեր տարբերությունն այն է, որ իմ ստեղծածը պետք է բոլորն իմանան, իսկ քո ստեղծածը՝ ոչ ոք։
- Լա՛վ, լա՛վ, Արամ Իլյիչ, մի լրջացրու իմ համեստ դերն այս փուչ կյանքում,- կատակեց Հայկը,- դու քո գլխավոր ճակատամարտը հաղթեցիր, մնում է մենք էլ հաղթանակենք։
Թիվ 2 լաբորատորիա
Հովակիմյանն ու Կվասնիկովը արտաքին հետախուզության տրամադրության տակ եղած բոլոր փաստաթղթերը, հեռագրերն ու ծածկագրերն ի մի բերելով, դասակարգեցին ըստ բաժինների ու կարեւորության։ Ատոմային ռումբի վերաբերյալ նյութերն ամբողջացան մի պատկառելի տրցակի մեջ։
Մինչեւ դրանք Իգոր Կուրչատովին հանձնելը, նրանք մշակեցին փաստաթղթերից օգտվելու եւ փոխադարձ գրագրություններ ուղարկելու կարգը։ Այն խիստ էր եւ գաղտնիության ապահովության տեսակետից չափից դուրս զգուշավոր։ Ե՛վ Ֆիտինը, ե՛ւ Բերիան անմիջապես հաստատեցին այն եւ զգուշացրին, որ երկրի համար այդ կարգը չխախտելն ավելի կարեւոր է, քան որեւէ արժեքավոր տեղեկություն ուշ հանձնելը։
Ամեն ինչ այնքան գաղտնիացված էր, որ թարգմանիչներն ու մեքենագրողներն այդ վեց-յոթ տարիների ընթացքում երբեւէ որեւէ փաստաթուղթ իրենց աչքով չտեսան։ Որեւէ գրություն ու տեղեկություն երբեք չմեքենագրվեց։ Արտաքին հետախուզության «Էնորմոզ» ծրագիր-Կուրչատովի լաբորատորիա «երկխոսության» բոլոր փաստաթղթերը մեկական օրինակ էին եւ միմիայն ձեռագիր վիճակում։ Նույնիսկ ռեզիդենտուրաների աշխատակիցներն այդպես էլ չիմացան, որ իրենց հանձնարարություն է տալիս ու տեղեկություններ ստանում Ի. Կուրչատովը։ Նա մշտապես ներկայանում էր Բորոդին ազգանունով։
Կուրչատովն իրավունք չուներ գնահատականներ ու դիտողություններ գրելիս օգտվել քարտուղարուհու, տեղակալի կամ օգնականի ծառայություններից։ Ամեն ինչ պետք է գրեր անձամբ, միայն ձեռագրով։ Հետախուզության տվյալները նա իրավունք չուներ ցույց տալու որեւէ մեկին։ Կարդալուց հետո դրանք վերադարձնում էր «Էնորմոզ»՝ Հովակիմյանին։ Իսկ կարդացած տեղեկությունները պետք է բանավոր ասեր՝ ում հարկն է։
ԽՍՀՄ-ում ձեռագրերը հասանելի էին Հովակիմյանին, Ֆիտինին, Կուրչատովին եւ հարկ եղած դեպքում՝ Բերիային, Պերվուխինին ու Մոլոտովին։ Եթե հանկարծ որեւէ փաստաթղթի երկրորդ օրինակ էր լինում, հատուկ հանձնաժողովով ոչնչացվում էր։
Համագործակցության այսպիսի կարգը լիովին արդարացվեց։ Արեւմտյան որեւէ երկրի հատուկ ծառայություն այդ ընթացքում գաղափար անգամ չուներ, որ ԽՍՀՄ-ը նույնպես սկսել է աշխատել ատոմային ռումբի ստեղծման ասպարեզում։
Սա գրեթե չտեսնված բան էր։ ԽՍՀՄ հետախուզությունը կարողանում էր հաջողությամբ ներթափանցել Անգլիայի եւ ԱՄՆ-ի գերգաղտնի լաբորատորիաներ, բայց հիշյալ երկրները, մինչեւ ԽՍՀՄ-ի կողմից ատոմային ռումբի փորձարկումը գաղափար չունեին, որ Մոսկվայում զուգահեռ կատարվում են գաղտնի աշխատանքներ...
Ատոմային ռումբի վերաբերյալ հետախուզության ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրությունները Իգոր Կուրչատովն ավարտեց 1943-ի մարտին։ Ապրիլի 9-ին, վերադարձնելով բոլոր փաստաթղթերը, կից ներկայացրեց իր եզրակացություններն ու գնահատականները, միաժամանակ առանձին գրությամբ շարադրեց այն հարցերը, որոնց պատասխաններն ակնկալում էր ստանալ հետախուզությունից։
Փաստաթղթերը հանձնեց ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահի տեղակալ Մ. Գ. Պերվուխինին։ Ձեռագիր 14 էջից բաղկացած պատասխանը Պերվուխինը հանձնեց Բերիայի տեղակալ Մերկուլովին։ Վերջինս՝ Ֆիտինին։ Ֆիտինն իր հերթին այն մակագրեց Հովակիմյանին, խնդրելով հանձնարարականներ պատրաստել եւ ուղարկել Նյու Յորք՝ Կվասնիկովին (ծածկանունը՝ Անտոն)։
«Իմ ուսումնասիրած փաստաթղթերը վիթխարի, անգնահատելի նշանակություն ունեն մեր պետության ու գիտության համար։ Նյութերից պարզ երեւում է, որ ուրանի խնդրով Անգլիայում ընթացող գիտահետազոտական աշխատանքները խիստ լարված եւ լուրջ բնույթ են կրում...», իր եզրակացության մեջ գրում էր Կուրչատովը։
Հայկ Հովակիմյանը ապրիլի 11-ին Ֆիտինի անունով մի ծավալուն ծածկագիր ուղարկեց Նյու Յորք, ուր մանրամասնորեն ներկայացված էին գիտատեխնիկական հետախուզության հետագա անելիքները։ Կուրչատովի շոշափած բոլոր հարցականների պատասխանները մի քանի ամսվա ընթացքում դրվեցին նրա աշխատասեղանին։
Կուրչատովը հիացած էր Հովակիմյանի ու նրա հետախույզների օպերատիվ, արդյունավետ աշխատանքով։
«... Անհրաժեշտ է ընդգծել, որ ստացված նյութերի տեղեկությունները վկայում են ուրանի խնդրի լուծման տեխնիկական հնարավորությունների մասին, եւ թույլ են տալիս ասել, որ հարցերը կարելի է լուծել զգալիորեն կարճ ժամկետում, քան ենթադրում են արտասահմանից ստացված տեղեկություններից անտեղյակ մեր գիտնականները»,- գրում էր Կուրչատովը։
1943-ի դեկտեմբերին դիվանագիտական խողովակով Կենտրոնն ստացավ տասից ավելի հետախուզական արժեքավոր նյութեր։ Դրանց թվում առանձնանում էր մի փաստաթուղթ, որն ստացվել էր ատոմային ռումբի գծով գործակալ Պերսեւսից*։
Նա հայտնում էր, որ «Մանհեթենյան ատոմային նախագիծը» ղեկավարում է գիտնական Ռոբերտ Օպենհեյմերը, որի հետ ինքն աշխատել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Արթուր Խոլի Կոմպտոնի ղեկավարած Մետլաբի** լաբորատորիայում։ ԱՄՆ-ում փորձարարական աշխատանքները միաժամանակ կատարվում էին տասնյակ լաբորատորիաներում։ Օպենհեյմերի պահանջով բոլոր լաբորատորիաները փակվում էին եւ տեղափոխվում Նյու Մեքսիկո նահանգ՝ Լոս Ալամոսի սարահարթ։ Ստեղծվում էր Լոս Ալամոսի գերլաբորատորիան։ Դա խիստ գաղտնիացված տարածք էր, որն աշխարհի հետ կապված էր միայն լեռնային մեկ ճանապարհով։ Ոչ մի կապ չկար արտաքին աշխարհի հետ։ Լաբորատորիայի աշխատակիցներին արգելված էր դուրս գալ Լոս Ալամոսի տարածքից։
Փաստաթղթում Կվասնիկովն այնպիսի մանրամասնություններ էր ներկայացրել, որ թվում էր, թե Պերսեւսը Լոս Ալամոսի մասին որեւէ գաղտնիք չի թողել։
Երբ Բերիան կարդաց ծածկագիրը, անմիջապես Մերկուլովին ու Ֆիտինին զանգահարեց եւ ասաց, որ չի հավատում նամակի ոչ մի տողին։ Նրա կարծիքով անհնար է ԱՄՆ-ի ատոմային գաղտնիքների մասին այսքան հարուստ ինֆորմացիա ստանալը։ Կագրադրեց որեւէ կերպ չարձագանքել ու հանձնարարություն չտալ։ Իհարկե, հնարավոր է, որ այս դիրքորոշումը պայմանավորված լիներ Բերիայի՝ Կվասնիկովի նկատմամբ հակակրանքով։
Կենտրոնի պատասխանին ամիսուկես սպասելուց հետո, Կվասնիկովը հասկացավ, որ իր ուղարկած արժեքավոր տեղեկություններն այդպես էլ չեն օգտագործվի։ Մեծ չարչարանքով, մի քանի մարդու կյանք վտանգելով նա կարողացել էր ձեռք բերել այդ լուրերը, եւ հիմա իր ու Բերիայի անձնական հարաբերությունների պատճառով երկիրը կարող էր տուժել։
Գործակալներն սպասում էին նոր հանձնարարությունների, վտանգ կար, որ բաժանմունքի պասիվ դիրքի պատճառով նրանք անկախ իրենց կամքից կարող էին ռեզիդենտուրայի հետ կապը կտրել։
Երկար մտորելուց հետո Կվասնիկովը ռիսկի դիմեց։ Վտանգելով ե՛ւ իրեն, ե՛ւ Հովակիմյանին, փորձեց օգտագործել Հայկ Բադալովիչի հեղինակությունը եւ մի գաղտնի հեռագիր ուղարկեց անձամբ նրան։ Նրա հաշվարկներով, չնայած «հին հաշիվներին», Բերիան վստահում էր Հովակիմյանին եւ վերջինս կարող էր ուղղակի Բերիայի դարակից հանել փաստաթուղթն ու անձամբ հանձնել «Բորոդինին»՝ Կուրչատովին։ Նա չէր կասկածում, որ ատոմային նախագծի ղեկավարը բարձր էր գնահատելու այդ տեղեկությունը եւ անպայման նոր հանձնարարություններ էր տալու։
Մի շնչով կարդալով հեռագիրը, Հովակիմյանն անմիջապես հասկացավ գործընկերոջը եւ առանց երկմտելու զանգահարեց ուղիղ Բերիային՝ խնդրելով առանձին տեսակցություն։ Բերիան հարցրեց, թե ինչ թեմայի շուրջ է լինելու խոսակցությունը։ Մինչ Հովակիմյանի գալը նա հրավիրեց Ֆիտինին եւ ասաց, որ միասին կլսեն «խորամանկ հային»։
Բերիայի առանձնասենյակ մտնելով, Հովակիմյանն անակնկալի չեկավ Ֆիտինի ներկայությունից։ Հանգիստ շարադրեց իր ասելիքը եւ ուղղակի դիմելով Բերիային, ասաց.
- Լավրենտի Պավլովիչ, խնդրում եմ տվեք բոլոր փաստաթղթերը, որպեսզի Կուրչատովն անմիջապես ծանոթանա եւ եզրակացություններ անի։ Ժամանակը չի սպասում։ Նյու Յորքում Պերսեւսը, Սթարը, Կվասնիկովը մեր կարգադրություններին են սպասում։ Ինչո՞ւ ենք ձգձգում։
Ֆիտինը մտածեց՝ վերջ, Բերիան հիմա կպայթի, ուղղակի Հովակիմյանին դուրս կվռնդի՝ թեկուզ իր կարգադրիչ տոնի համար։ Քիչ է հրամայական տոնը, դեռ ձեռքն էլ մեկնել է փաստաթղթերն ստանալու համար։
- Մի րոպե, մի րոպե,- սկսեց Բերիան,- Դուք ինչ է, հավատո՞ւմ եք, որ մի գործակալ, մի ինչ-որ գիտնական, որքան էլ նախաձեռնող ու հաջողակ լինի, այսպիսի աներեւակայելի ծավալի ինֆորմացիա ձեռք բերի։ Եթե նույնիսկ նրա համար մատչելի լինեն նյութերը, ապա միայն դրանք պատճենահանելու համար այդքան ժամանակ չէր ունենա։
Գեներալ Ֆիտինը հանգստացած հոգոց հանեց։ «Էժան պրծանք», մտածեց նա։
- Այո, այնուամենայնիվ, դա Պերսեւսին հաջողվել է,- շարունակում էր համառել Հովակիմյանը,- հետախուզական աշխարհը ոչ միայն հանելուկային է, այլեւ անկանխատեսելի։
- Իսկ Դո՛ւք, Հայկ Բադալովիչ, ոչ մի անգամ Կվասնիկովից չե՞ք պահանջել՝ պարզել, թե Պերսեւսն այդ ո՞նց է կարողացել այսպիսի նյութեր հաղորդել,- ձայնը բարձրացրեց Բերիան։
- Ոչ, չեմ պահանջել եւ չեմ էլ պատրաստվում պահանջել,- Բերիան ու Ֆիտինը տեղում անհանգիստ շարժումներ արեցին, իսկ Հովակիմյանը հանգիստ շարունակեց միտքը,- առաջին հերթին ռեզիդենտը պետք է հոգա գործակալի անվտանգության մասին։ Եթե մենք սկսենք պարզաբանել, թե գործակալը ինչն ինչպես է արել եւ սկսենք ստուգել, դրանով կարող ենք ամերիկացիների կասկածն առաջացնել։ Եվ երկրորդ՝ եթե Պերսեւսն զգա, որ իրեն չեն վստահում, պարզապես կհրաժարվի մեզ հետ համագործակցելուց։ Դուք գիտեք, թե որքան նրբազգաց են գիտնականները։
Որոշ ժամանակ լռելուց հետո Բերիան ծանր հայացքը գամեց Ֆիտինի վրա։
- Դուք է՞լ եք այդ կարծիքին, Պյոտր Միխայիլովիչ։
- Այո, ես էլ եմ այդպես մտածում,- պատասխանեց Ֆիտինն ու թվարկեց մի շարք պատճառաբանություններ։ Երկար բացատրություններից հետո առաջարկեց Պերսեւսին ստուգելու նոր տարբերակ.
- Շուտով գործակալ Չարլզին Անգլիայից կգործուղենք Ամերիկա եւ առանց Պերսեւսին ստուգելու, կտանք նույն հանձնարարությունը։ Եթե տվյալները համապատասխանեն, ապա ամբողջությամբ կարող ենք վստահել Կվասնիկովի ուղարկած տեղեկություններին։
Բերիան համաձայնեց։ Դարակից հանեց Կվասնիկովի ուղարկած փաստաթղթերն ու հանձնեց Հովակիմյանին։ «Էնորմոզի» գծով մի քանի հանձնարարություն տալով, հրաժեշտ տվեց խոսակիցներին։
Երկու ժամ անց Հովակիմյանը հանդիպեց Կուրչատովին։
***
Իգոր Կուրչատովը Կենտրոնին շնորհակալական նամակ ուղարկեց, ասելով, որ ստացած տեղեկությունները մեծապես նպաստում են գործն արագացնելուն, չնայած բազմաթիվ հարցականներին։ 24 էջանոց ձեռագիր եզրակացության մեջ նա շարադրել էր հարցեր, որոնց պատասխանները Հովակիմյանը պետք է հայթայթեր ԱՄՆ-ում եւ Անգլիայում։
1943 թվականի ապրիլին ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայում երկու հրաման ստորագրվեց։ Առաջինը գիտական նոր կոլեկտիվ ստեղծելու մասին էր, որը կրում էր «Լաբորատորիա-2» անունը։ Երկրորդ հրամանով պրոֆեսոր Ի. Վ. Կուրչատովը նշանակվեց այդ գաղտնիացված օբյեկտի ղեկավար։
Կուրչատովն ընտրեց համախոհների առաջին հնգյակին՝ պրոֆեսորներ Յա. Բ. Զելդովիչին ու Յու. Բ. Խարիտոնին, Սվերդլովսկից հրավիրեց ակադեմիայի թղթակից-անդամ Ի. Կ. Կիկոյինին, Կազանից՝ թղթակից անդամ Ա. Ի. Ալիխանովին ու Գ. Ն. Ֆլյորովին։
Ժամանակի ընթացքում խումբն անընդհատ համալրվում էր։ Կուրչատովին գրեթե անսահման իրավունքներ էին տրվել։ Նա կարող էր գիտնականներ հրավիրել ե՛ւ ռազմաճակատից, ե՛ւ ցանկացած գործարանից, ե՛ւ գիտահետազոտական ինստիտուտներից։ Աշխատանքը կամաց-կամաց հունի մեջ ընկավ։ Գործում էր նաեւ թիվ 1 լաբորատորիան, որը ղեկավարում էր Կ. Դ. Սինելնիկովը։
Բերիան բոլորից գաղտնի ստեղծել էր նաեւ երրորդ լաբորատորիա։ Իրեն հատուկ կասկածամտության արդյունք այդ օղակը համարվում էր պահեստային տարբերակ։ Ի՞նչ իմանաս, գուցե Կուրչատովին ոչինչ չհաջողվի կամ թեկուզ դիտավորյալ՝ նա սկսի «քամի փչել»...
***
Իոսիֆ Ստալինը միշտ կարեւորում էր գիտնականների կոչումները։ Չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները ղեկավարում է ինչ-որ մի պրոֆեսոր։ Նույն՝ 1943 թվականի կեսերին, նրա երաշխավորությամբ Իգոր Կուրչատովի անունը հայտնվեց գիտությունների ակադեմիայի անդամության թեկնածուների ցուցակում։ Սակայն, որքան էլ անսպասելի էր, գաղտնի քվեարկությունից հետո պարզվեց, որ թեկնածուներից միայն մեկն է ընտրվել ակադեմիկոս։ Եվ դա Կուրչատովը չէր, այլ Ա. Ալիխանովը։
Ակադեմիկոս Իոֆֆեն հասկանում էր, որ Ստալինի ցանկությանը դեմ գնալը հղի էր անկանխատեսելի հետեւանքներով։ Ինքը՝ Կուրչատովը, իսկապես, արժանի էր այդ բարձր կոչմանը, բայց չէր ընտրվել։ Իոֆֆեն հանդիպեց ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ Վ. Լ. Կոմարովին եւ ներկայացրեց իրավիճակի նրբությունները։ Կոմարովը առաջարկությամբ դիմեց ԽՄԿԿ Կենտկոմ՝ ակադեմիայի անդամի եւս մեկ տեղ հատկացնելու համար։
Այդպես էլ եղավ։ Երկրորդ փորձից, առանց մրցակիցների, Իգոր Կուրչատովն ընտրվեց ակադեմիկոս։
«Էնորմոզն» ակտիվանում է
1943 թվականի կեսերից «Էնորմոզի» ծրագիրը (ատոմային ռումբի ստեղծման կենտրոնացված հետախուզական աշխատանքները) սկսեց գործել ամբողջ թափով։ Արտաքին հետախուզության պետ Պավել Ֆիտինն ու նրա տեղակալ, «Էնորմոզի» ղեկավար Հայկ Հովակիմյանը Միացյալ Նահանգներում եւ Անգլիայում գործող ռեզիդենտուրաների աշխատանքները ոչ միայն համակարգում էին, հանձնարարություններ, որոշակի ծրագրեր ուղարկում, այլեւ Մոսկվայում նստած, մշակում էին նույնիսկ գործակալների հետ հանդիպումների «սցենարները»։ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները խիստ հսկողություն էին սահմանել ուրանով զբաղվող լաբորատորիաներում։ Հարկավոր էր գործել շատ զգույշ, աննկատ։ Խնդիրը բարդացել էր կրկնակի։ Անհրաժեշտ էր ոչ միայն գերգաղտնի տեղեկություններ հայթայթել, այլեւ, որ պակաս կարեւոր չէր, այնպես աշխատել, որ երբեք չկասկածեն, թե ԽՍՀՄ-ը հետաքրքրվում է ատոմային ռումբով, առավել եւս՝ աշխատանքներ է սկսել այդ նպատակով։ Այս էր պատճառը, որ նույնիսկ գործակալներ Չարլզի եւ Ռայմոնդի* հանդիպման մանրամասները մշակվում էին Հովակիմյանի աշխատասենյակում։ Ահա թե ինչպես էր կազմվել «սցենարը».
1.... Հանդիպումը պետք է կայանա 1944թ. փետրվարի 4-ին, երեկոյան ժամը ութին, Մանհեթենի Հենրի-սթրիթ եւ Իստսայդ փողոցների անկյունում։ Կինոթատրոնի կողմից Չարլզին կմոտենա կարճահասակ, ամրակազմ, միջին տարիքի, խոշոր դեմքով ու խոշոր աչքերով ակնոցավոր մի տղամարդ։ Մի ձեռքին կլինեն կաշվե ձեռնոցները, մյուսին՝ գիրք։ Դա Ռայմոնդն է։ Նա պիտի մոտենա Չարլզին եւ հարցնի՝ Դուք չե՞ք ասի, ինչպես կարելի է հնարավորինս շուտ հասնել Կենտրոնական կայարան։ Պատասխանը պետք է հնչի հետեւյալ կերպ՝ Կենտրոնական կայարան ավելի լավ է գնաք տաքսիով։
2. Եթե փետրվարի 4-ին որեւէ պատճառով հանդիպումը չկայանա, ապա այն կհետաձգվի մինչեւ հաջորդ շաբաթ՝ նույն սցենարով։
3. Հանդիպումը պետք է տեւի 15-20 րոպեից ոչ ավելի։ Գլխավոր նպատակը՝ պայմանավորվել հաջորդ հանդիպման մասին մայիսի 4-ին, Լեկսինգտոն ավենյուի եւ 59-րդ փողոցի խաչմերուկում։
4. Չնախատեսված հանգամանքներով հանդիպումը չկայանալու դեպքում կապը չկտրելու համար Չարլզը պետք է Ռայմոնդին հայտնի իր քրոջ հասցեն, որն ապրում է Բոստոնի արվարձանում եւ կապը հաստատել նամակագրությամբ։
Այսպես, ամենայն մանրամասնություններով համակարգվում էր ողջ աշխատանքը։ Հովակիմյանը հեշտությամբ էր դա անում, քանզի ութ տարվա ընթացքում կարողացել էր չափչփել ԱՄՆ-ի գրեթե բոլոր խոշոր քաղաքներն ու դրանց փողոցները։
Օգոստոսի տվյալներով ուրանով զբաղվող գրեթե բոլոր լաբորատորիաներում ու գործարաններում, գիտահետազոտական ինստիտուտներում ու Լոս Ալամոսում Նյու Յորքի հետախուզական բաժանմունքն ուներ իր ազդեցիկ գործակալները։ Շուտով հավաքագրվեցին գիտնական գործակալներ Ստենլին, Կորդելը, Ֆոգելը, Պերրին, Ռելեն*, Կրոտը**, Մետրը եւ ուրիշներ։ Կենտրոնի հետ առանց համաձայնեցնելու, ռեզիդենտ Կվասնիկովը (որը փայլուն էր կատարում իր գործը) իրավունք չուներ որեւէ քայլի դիմելու։
Հովակիմյանական խստապահանջության մասին առասպելներ պատմող հետախույզները միշտ զուգահեռ հիշում էին նաեւ նրա հոգատարության եւ յուրաքանչյուրի համար սրտացավ վերաբերմունքի մասին։ Մի անգամ Ֆիտինը «կծեց» Հովակիմյանին, ասելով.
- Հայկ Բադալովիչ, ինչպե՞ս կաշխատեիք Հովակիմյանի նման ինքնուրույն գործող ռեզիդենտի հետ։ Ես, օրինակ, կարողացա աշխատել։
- Իսկ ես, Պյոտր Միխայիլովիչ, նրան ուղղակի կկախեի՝ ինքնուրույն գործելու համար,- բարձրաձայն ծիծաղեց Հովակիմյանը։
Գործի մեջ ներգրավվում էին նորանոր գործակալներ՝ Կասյան, Օսիպ, Օսա, Լինզա։
Ֆիտինի եւ Հովակիմյանի թույլտվությամբ ռեզիդենտ Կվասնիկովը մտցրեց նոր աշխատաոճ։ Բոլոր փաստաթղթերը լուսանկարվում էին եւ գործակալից հետախույզներին էին փոխանցվում լուսանկարչական ժապավենի վրա։ Բռնվելու դեպքում կարելի էր պատյանից արագ դուրս քաշել ժապավենը եւ լույսի տալով՝ փչացնել։ Դրանով աշխատանքն ավելի անվտանգ ու արդյունավետ դարձավ։
Հետախուզական տաղանդով աչքի էին ընկնում Ա. Ս. Ֆեկլիստովը (Կալիստրատ) եւ Ա. Ա. Յացկովը (Ալեքսեեւ)։
Ամերիկացիներն ամսեամիս ավելի էին խստացնում հսկողությունը Լոս Ալամոսի ամբողջ կղզիացած տարածքում։ Նույնիսկ սենատոր Հարրի Տրումենը, դառնալով ԱՄՆ-ի փոխնախագահ, չգիտեր, որ «Մանհեթենի նախագծի» վրա ծախսվում են հարյուր միլիոնավոր դոլարներ։
Կենտրոն ուղարկած ծածկագրերից մեկում Կվասնիկովը տեղեկացնում էր, որ Կանադայի Քվեբեկ քաղաքում, ԽՍՀՄ-ից թաքուն, ԱՄՆ-ի պրեզիդենտ Ռուզվելտը եւ Անգլիայի վարչապետ Չերչիլը ԱՄՆ-ի տարածքում համատեղ ատոմային ռումբ ստեղծելու մասին գաղտնի պայմանագիր են կնքել։ Պայմանագրի համաձայն անգլիացիներն իրենց աշխատանքների արդյունքները կտրամադրեն ամերիկացիներին։ Փաստաթղթում մեկ տող նվիրված է Խորհրդային Միությանը. «Ատոմային ռումբի վերաբերյալ որեւէ ինֆորմացիա չհաղորդել երրորդ պետության»։
***
1943-ի ամռանը ձեւավորվեց ԽՍՀՄ նորաստեղծ Պետանվտանգության ժողկոմատը։ Արտաքին հետախուզությունը Բերիայի ձեռքից անցավ ժողկոմ Վսեվոլոդ Մերկուլովի ենթակայությանը, բայց ատոմային ռումբին առնչվող հետախուզական գործողությունները դարձյալ վերահսկում էր Բերիան։
Երկրի ղեկավարությունը գոհ էր «Էնորմոզի» գծով աշխատանքներից, Ֆիտինն ու Հովակիմյանը Կուրչատովին այնքան շատ տեղեկություններ էին փոխանցում, որ վերջինս դժվարությամբ էր հասցնում «ընթերցանությունը» զուգորդել գործողություններին։ Գոհ լինելով Նյու Յորքի ռեզիդենտուրայի արդյունքներից, Կենտրոնն սկսեց մտածել առավել արժեքավոր ատոմային գործակալների անվտանգության մասին։
Թիվ 11743/ 96 ծածկագիր նամակում Կենտրոնը Նյու Յորքին կարգադրեց.
Հույժ գաղտնի
Նյու Յորք։ Անձամբ Անտոնին*.
Պերսեւսին եւ Չարլզին առավել անվտանգ դարձնելու համար խնդրում ենք անընդհատ փոխել նրանց հետ կապի մեջ մտնող չելնոկներին։
Պերսեւսին հրահանգեցեք, որ տապալվելու վտանգի առկայության դեպքում ինքը կարող է ինքնաթիռով թռչել պատերազմի մեջ չգտնվող եվրոպական որեւէ երկիր՝ Շվեդիա, Իսպանիա կամ Շվեյցարիա։ Նրա տվյալները կտրվեն բոլոր որսորդներին։ Ստոկհոլմի, Մադրիդի կամ Ժնեւի կենտրոնական փոստատներում լողորդները նրան կսպասեն գարնան, ամռան կամ աշնան վերջին օրը, ցերեկվա ժամը երկուսին։ Պերսեւսը պետք է մոտենա «Ցպահանջ նամակների հանձնման կետի» պատուհանին (որի վրա գրված է «P» տառը) եւ հարցնի՝ արդյոք նամակ չկա՞ Օբրի Պոլարդի համար։ Որսորդը կլսի նշանաբանը եւ քիչ հետո կմոտենա ու կդիմի. «Ձեր բախտը նույնպե՞ս չբերեց։ Ես էլ, ահա, երրորդ անգամ եմ այստեղ գալիս, բայց դատարկաձեռն եմ հեռանում»։ Այս խոսքերից հետո որսորդը կտա իր ազգանունը, որը կսկսվի լատիներեն այբուբենի «P» տառից հետո եկող տառով...
Վիկտոր
17 հուլիսի, 1943թ.։
Որպես Պերսեւսի կապավոր, Նյու Մեքսիկո նահանգ գործուղելու համար Նյու Յորքի ռեզիդենտուրան ներկայացրեց երեք թեկնածություն՝ Սթարին, Էսթերին եւ Լեսլիին։ Կենտրոնն առանց երկմտելու Սթարին անմիջապես երաշխավորեց, իսկ Էսթերին մերժեց, քանզի նա նախկինում երկու անգամ տապալել էր պայմանավորված հանդիպումները (պատճառը՝ համբերատարության բացակայությունը)։ Կարճ ժամանակ անց թույլատրեցին աշխատել նաեւ Լեսլիին։ Վերջինիս հետ աշխատանքներ էր տանում Անատոլի Յացկովը (նույն ինքը՝ Յակովլեւը, նույն ինքը՝ Ալեքսեեւը, նույն ինքը՝ Ջոննին)։
Որոշվեց Պերսեւսի հետ հանդիպման ուղարկել Լեսլիին։ Սակայն հանդիպումը երեք անգամ չկայացավ։ Պերսեւսը հանդիպման չէր ներկայանում։ Արձակուրդ վերցրած Լեսլիի ժամկետը վերջանում էր։ Կվասնիկովն ու Հովակիմյանը անհանգիստ էին։ Կամ Պերսեւսը որոշել է կապերը խզել ԽՍՀՄ-ի հետ, կամ ինչ-որ բան է պատահել։ Հովակիմյանը, որ տասը տարի արտասահմանում աշխատել էր գիտնական-գործակալների հետ, կարգադրեց չորրորդ անգամ Լեսլիին ուղարկել հանդիպման։ «Գիտնականները երբեմն տարօրինակություններ են ունենում, եւ հնարավոր է, որ Պերսեւսի բացակայությունը պարզապես թյուրիմացություն լինի», գրել էր նա Կվասնիկովին։
Չորրորդ հանդիպումը կայացավ։ Չներկայանալու պատճառը Պերսեւսը բացատրեց երկու բառով՝ «Կներեք, ամիսները խառնել էի»։... Կուրչատովի ոգեւորությանը չափ չկար։ Պերսեւսի հաղորդագրությանը ծանոթանալուց հետո նա Հովակիմյանին ասաց. «Հայկ Բադալովիչ, Դուք գիտե՞ք ինչ եք արել։ Այս լրատվությամբ մեկ տարով կրճատել եք ատոմային ռումբ ստանալու ժամկետը»։ Իսկ Լեսլիին ազատեցին աշխատանքից՝ արձակուրդից ուշ վերադառնալու պատճառով։ Այդ մասին Նյու Յորքը տեղյակ պահեց Կենտրոնին եւ խնդրեց պարզել, թե Լեսլիի ամուսինը ո՞ղջ է արդյոք։ Լեսլիին ասել էին, որ նա զոհվել է։ Կվասնիկովը խնդրում էր «շտապ ստուգել հարեւանի* միջոցով»։ Շուտով Մոսկվայից պատասխան ստացվեց.
«Հայտնեցեք Լեսլիին**, որ Լուիսը*** ողջ եւ առողջ է։ Մինչեւ աշխատանքի տեղավորվելը նրան նյութապես օգնություն ցույց տվեք։ Աշխատանք փնտրեք Լեսլիի համար, ցանկալի է՝ ազատ ռեժիմով։ «Էնորմոզի» գծով ուղարկված տեղեկությունները բարձր գնահատականի են արժանացել»։
Բեկում
Ստալինգրադի ճակատամարտում եւ Կուրսկի աղեղում տեղի ունեցած գործողությունները բեկում մտցրին ռազմաճակատներում։ Հարավային ռազմաճակատում գերմանացիները պատրաստվում էին իրենց, թերեւս, վերջին մեծածավալ հարձակմանը՝ «Ցիտադել» օպերացիային։ Անգլիայում ԽՍՀՄ արտաքին հետախուզության գործակալ, գերմանացի Կերնկրոսը կարողացավ որսալ գերմանական այն ժամանակվա կատարելագործված «Էնիգմա» կապի մեքենայի գաղտնագրերը։ Նա դրանք վերծանում էր եւ Գորսկու միջոցով ուղարկում Կենտրոն։ Կերնկրոսի տեղեկությունների շնորհիվ Կարմիր բանակը, գերմանացիների հարձակումից առաջ, մայիսի 6-ին օդային աննախադեպ հարձակման անցավ գերմանական 17 ռազմական օդանավակայանների վրա։ 1200 կիլոմետր շառավղով (որն ընդգրկում էր Սմոլենսկից մինչեւ Ազովի ծովի տարածքը) եռօրյա օդային հարձակման շնորհիվ ոչնչացվեց ավելի քան 500 գերմանական ինքնաթիռ։ Կորուստներ կրեց նաեւ խորհրդային կողմը, հազար չորս հարյուր թռիչքների ժամանակ ոչնչացվեց 122 խորհրդային ինքնաթիռ։
Չնայած հատուկ նշանակության ռադիոգումարտակների ստեղծումն սկսվեց Ստալինգրադի էպոխայի ավարտին, նրանք Կուրսկի ճակատամարտում մեծ ներդրում ունեցան։ Թշնամու ռադիոկապը որսալու եւ վերծանելու շնորհիվ ուժեղացավ նաեւ օդային հետախուզության աշխատանքը։ Կուրսկի ճակատամարտից առաջ կատարվել է 6000 հետախուզական թռիչք։ Երեք ամսվա ընթացքում, միջեւ գերմանացիների հարձակումը, Կենտրոնական եւ Վորոնեժյան ռազմաճակատների զորքերը առաջնորդվելով հետախուզական տվյալներով, անցկացրին 105 մարտ-հետախուզություն, 2600 գիշերային հարձակում եւ 1500 դարանակալում։ Այդ գործողություններից մեկի ժամանակ միանգամից գերված 187 գերմանական զինվորներն արժեքավոր տեղեկություններ հաղորդեցին հաջորդ օրն սկսվելիք հարձակման մասին։
Չնայած ահռելի կորուստներին՝ Կուրսկի ճակատամարտից հետո սկսվեց խորհրդային բանակի անկասելի հարձակումը, որն ավարտվեց միայն Բեռլինի գրավումից հետո։
***
Այդ ընթացքում իր սեւ գործն էր անում ՆԳԺԿ-ն՝ Լավրենտի Բերիայի գլխավորությամբ։ Ճիշտ է, արտաքին հետախուզությունն անցել էր Պետանվտանգության ժողկոմատի տրամադրության տակ, բայց 1943-ին 53 դիվիզիա եւ 28 բրիգադ (շուրջ 750.000 մարդ) ունեցող ՆԳԺԿ-ն իր համար «գործ էր գտել»։ Շատ դիվիզիաներ օգտագործվում էին որպես արգելափակիչ ստորաբաժանումներ՝ խուճապի մեջ ընկած ու մարտից փախչող զորքերի դեմ։ ՆԳԺԿ մեծ թվով դիվիզիաներ պատժիչ գործողություններ էին իրականացնում «անվստահելի ժողովուրդների» դեմ։ Մի շարք փոքրաթիվ ժողովուրդներ՝ չեչեններ, ինգուշներ, կալմիկյան թաթարներ, կարաչաեւցիներ, կալմիկներ, պովոլժյան գերմանացիներ, զանգվածային բռնությունների ենթարկվեցին, գնդակահարվեցին ու աքսորվեցին Սիբիր։ Ստալինը ցանկանում էր մասսայաբար աքսորել նաեւ ուկրաինացիներին, բայց ափսոսանքով ասում էր, որ դա հնարավոր չէ՝ նրանք չափից դուրս շատ են*։
***
1943 թվականի աշնանը հետախուզությունում իրավիճակը կտրուկ փոխվեց։ Կուրսկի եւ Ստալինգրադի ճակատամարտերից հետո խորհրդային բանակն սկսեց թշնամուն ետ շպրտել իր տարածքներից։ Միջազգային ասպարեզում ԽՍՀՄ հեղինակությունն անհամեմատ բարձրացավ։ Արտաքին հետախուզության ոլորտին, սակայն, այն բացասաբար անդրադարձավ։ Միացյալ Նահանգներն ու Անգլիան, տեսնելով, որ Հիտլերի ռազմական մեքենան կարող է տապալվել, Գերմանիային այլեւս իրենց թիվ մեկ թշնամի չէին համարում։ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի հիմնական նպատակը դարձավ խորհրդային հետախույզների որսը։ Նրանք խիստ հսկողություն սահմանեցին Ամտորգի եւ հյուպատոսարանի աշխատակիցների վրա։ Արտաքին հետախուզության ղեկավարներ Ֆիտինն ու Հովակիմյանը, նոր իրավիճակի հանգույն, մշակեցին հետախուզական գործողությունների նոր մարտավարություն, որն առավել անվտանգ էր դարձնում հետախույզների քայլերը։
Սակայն Հետաքննությունների դաշնային բյուրոյի աչքից չվրիպեց հետախույզ Տվենը, նույն ինքը՝ Սեմյոն Սեմյոնովը։ Նա Միացյալ Նահանգներում էր դեռ 1937 թվականից եւ եղել էր ռեզիդենտ Հայկ Հովակիմյանի լավագույն հետախույզներից մեկը։ «Էնորմոզի» ղեկավարը կարդալով Տվենի տագնապալի հեռագիրը, շտապեց Պյոտր Ֆիտինի մոտ։
- Տվենը անտեղի չի անհանգստանա, Պյոտր Միխայիլովիչ, երեւի դանակը ոսկորին է հասել։ Մենք պետք է փախուստի ծրագիր մշակենք,- ասաց Հովակիմյանը։
Իսկ հեռագրում մասնավորապես գրված էր....Ելնելով այստեղի մեր աշխատանքների եւ օպերատիվության շահերից, պարտքս եմ համարում կարծիք հայտնել հետագայում իմ այստեղ մնալու աննպատակահարմարության մասին։ Խնդրում եմ համապատասխան հրահանգ տալ Ատտիկա ետ գործուղվելու մասին, քանի որ Նյու Յորքի խորհրդային հայրենակիցների շրջանում ես համարվում եմ ամենաերկարակյացը (վեց տարի)։ ԱՄՆ-ի տարածքով իմ հաճախակի շրջայցերը, գործակալների հետ հանդիպումները, լեզվի գերազանց իմացությունը, մշտապես ուշ տուն գնալը, ինձ նկատելիորեն առանձնացնում են գլխավոր հյուպատոսարանի եւ առեւտրային ներկայացուցչության ծառայողների շրջանում...։
Մինչ Սեմյոն Սեմյոնովի ետկանչի որոշումը կայացնելը, Ֆիտինը երաշխավորագիր ներկայացրեց նրան «Կարմիր աստղ» շքանշանով պարգեւատրելու եւ Պետանվտանգության ծառայության կապիտանի կոչում շնորհելու մասին։ Իր գործակալներին կապելով Անատոլի Յացկովի եւ Ալեքսանդր Ֆեկլիստովի հետ, Տվենը պատրաստվեց վերադառնալ հայրենիք։
«Էնորմոզի» աշխատանքները լավագույնս կազմակերպելու եւ ատոմային ռումբի մասին արժեքավոր տեղեկություններ հայթայթելու համար ԽՍՀՄ Պետանվտանգության ժողկոմատի արտաքին հետախուզության վարչության պետի տեղակալ, «Էնորմոզի» ղեկավար, գիտատեխնիկական հետախուզության բաժնի պետ, գնդապետ Հայկ Բադալի Հովակիմյանը պարգեւատրվեց «Կարմիր դրոշի» շքանշանով։ Մեկ ամիս անց նա արժանացավ պետանվտանգության ծառայության գեներալ-մայորի կոչման։
***
Տվենի ետկանչի փաստաթղթերը պատրաստելուց հետո գեներալ-մայոր Հայկ Հովակիմյանը Նյու Յորք ուղարկելիք ծածկագրի շարադրանքը ներկայացրեց Ֆիտինին։
- Այսօր համեմատաբար թեթեւ օր է, Հայկ Բադալովիչ, ղեկավարության հետ հանդիպելու անհրաժեշտություն չկա։ Երեկոյան կողմ կարող եք տուն գնալ,- փաստաթղթերն ընդունելով ասաց Ֆիտինը։
Կեսօրին զանգահարեց Վերան։
- Հա՛յկ, այսօր երեկոյան կարո՞ղ ես մի քիչ շուտ գալ։ Զանգահարեց Կարոն եւ հարցրեց, թե այսօր կամ վաղը ո՞ր ժամերին կարող ենք հյուրեր ընդունել։ Ուզում են շնորհավորել գեներալի կոչումդ։ Ասաց, որ կգան երեքով՝ ինքը, Արամ Իլյիչը եւ Ռուբեն Սիմոնովը։
- Վերա, զանգահարիր եւ խնդրիր, որ այսօր ժամը ութին լինեն մեր տանը, ես կգամ։ Գնումների համար արի պայմանավորվենք։
- Հայկ ջան, ես ամեն ինչ կանեմ, միայն դու չուշանաս։
- Լսիր, կարո՞ղ եմ երկու մարդ բերել։
- Էդ ինչ հարց ես տալիս, Հայկ, իհարկե, ովքե՞ր են։
- Այ, այդ մեկը չեմ ասի, թե չէ Արամ Իլյիչին ու Կարոյին կասես, ուզում եմ սյուրպրիզ անել։
Ընկերներին վաղուց չէր տեսել։ «Այսօր կարոտս կառնեմ բոլորից», մտածեց նա։ Ժամը յոթին մեքենա պատվիրեց եւ դուրս եկավ Լուբյանկայից։ Գնամ «սյուրպրիզի» ետեւից, ինքն իրեն ասաց Հովակիմյանը եւ նայեց ժամացույցին։... Դուռը կրնկի վրա բացեց տասներեքամյա Էգինան եւ գրկելով հորը, շուտասելուկի պես ասաց,
- Պապ, մենք հյուրեր ունենք։
Հին ընկերները ջերմորեն ողջագուրվեցին։
- Արի համբուրեմ ճակատդ, ընկեր գեներալ,- ասաց Արամ Խաչատրյանը։
- Լսում եմ, ընկեր երաժշտության մարշալ,- կատակեց Հովակիմյանը, ապա դառնալով Ռուբենին ու Կարոյին, ասաց.
- Դուք ինձ ուրախացրիք, եղբայրներ։ Բայց գիտեք չէ՞, որ ես բոլորի պատասխանը վերադարձնում եմ։ Հիմա էլ ես եմ ձեզ ուրախացնելու։ Արամ Իլյիչ, հենց հիմա բացեք դուռը, միջանցքում Ձեզ անակնկալ է սպասում։
Կոմպոզիտորն անմիջապես բացեց, եւ դռների դիմաց կանգնած տղամարդը քահ-քահ ծիծաղելով գրկախառնվեց Արամ Իլյիչի հետ։ Ծովակալ Իսակովն էր տիկնոջ՝ Օլգայի հետ։
- Այս որտեղի՞ց հայտնվեցիր Իվան Ստեպանովիչ, ես միշտ ասել եմ, քեզ ադմիրալի համազգեստը շատ է սազում,- ասաց Խաչատրյանը։
Հինգ ընկերներով վաղուց չէին հանդիպել։ Ճարտարապետ Կարո Հալաբյանը, Արամ Իլյիչ Խաչատրյանը, ռեժիսոր Ռուբեն Սիմոնովը եւ ծովակալ Հովհաննես Իսակովը միշտ Հովակիմյանի ցանկալի հյուրերն էին։
- Հայկ, քանի սեղան չենք նստել, նարդին բեր, Թիֆլիսի կինտոներով մի հատ խաղանք,- ասաց Հալաբյանը՝ նկատի ունենալով իրեն ու Իսակովին։
- Ըհը, էլի սկսեցին, հիմա Արամն ու Հայկն էլ կմիանան ու կսկսեն վիճել,- ընկերների բնավորությունն իմանալով, կատակեց Սիմոնովը։
- Արամ Իլյիչ, երեկ երեկոյան ռադիոյով «Գայանե» բալետի պարտիտուրից երեք սիմֆոնիկ սյուիտ հաղորդեցին։ Եթե չեմ սխալվում համամիութենական ռադիոյի սիմֆոնիկ մեծ նվագախումբն էր կատարում։ Դիրիժորը Գոլովա՞նովն էր,- հարցրեց Հովակիմյանը։
- Հայկ, ինչպես միշտ, դու ճիշտ ես, բայց այդքան գործի հետ ե՞րբ ես հասցնում երաժշտություն լսել,- զարմացած հարցրեց Արամ Իլյիչը։
- Դու կարծում ես Մորզեի այբուբենի տկտկոցնե՞րն եմ միայն լսում։
- Նարդին վերջացրեք, տաք կերակուրը բերում եմ,- հայտարարեց Վերան։... Խմում էին հաղթանակի, ընկեր Ստալինի եւ Հայաստանի կենացը։
- Հայկ, գիտե՞ս ինչ եմ որոշել, շուտով գրելու եմ Հայաստանի հիմնը,- ասաց Արամ Իլյիչը։
- Պատերազմն ավարտվի՝ ձեզ հետ Հայաստան եմ գալու, մինչեւ հիմա չեմ եղել,- ոգեւորված ասաց Հովհաննես Իսակովը։
- Ես եմ քեզ ուղեկցելու, կստեղծես Սեւանի նավատորմիղը,- ասաց Հայկը։ Կարոն ու Իսակովը թիֆլիսյան մի հին երգ երգեցին։ Նրանց միացան Հայկն ու Արամ Իլյիչը։
Պատերազմի այս դաժան օրերին հինգ հայորդիներ՝ Հայաստանի հինգ բեկորներ, հավաքվել էին գլուխ-գլխի ու երազում էին հաղթանակի եւ Հայաստանի ապագայի մասին։ Դաժան ժամանակը նրանց դեռ փորձությունների կենթարկի...
«Ալսոսի» օպերացիան
1943 թվականի վերջին Միացյալ Նահանգներում ստեղծվեց հետախուզական հատուկ ստորաբաժանում, որի նպատակը Եվրոպայում դեսանտ իջեցնելն ու ատոմային ռումբի մասնագետներին առեւանգելն էր։ «Ալսոս» խումբը ղեկավարում էր ԽՍՀՄ հետախուզությանը քաջածանոթ գնդապետ Բորիս Պաշը։ Նույն Պաշը, որը Լոս Ալամոսի ատոմային լաբորատորիայի հակահետախուզության պետն էր եւ իր մշտարթուն հսկողությամբ խոչընդոտում էր Նյու Յորքի խորհրդային ռեզիդենտուրայի աշխատանքներին։
Մինչ կոնկրետ գործողությունների դիմելը, ամերիկացիները Ստրասբուրգում կարողացան ձեռք բերել գերմանական ուրանի նախագծի փաստաթղթերը։ Սակայն դա նրանց ոչինչ չտվեց։ Մասնագետները համոզվեցին, որ ԱՄՆ-ի եւ Անգլիայի գիտնականները զգալիորեն առաջ են անցել գերմանացիներից։ Գիտնականների եզրակացությունները «Ալսոս»-ի խմբին չհիասթափեցրին, քանի որ նրանք լավ էին ճանաչում գերմանացիների ձեռագիրը։ Նրանք մտածեցին, թե գերմանացիները դիտավորյալ ապատեղեկատվություն են տարածում, որպեսզի գիտական իսկական հաջողությունները թաքցնեն թշնամիներից։
Բայց իրականում պատկերն այլ էր։ Կուրսկում եւ Ստալինգրադում կրած պարտություններից հետո ցայտնոտում հայտնված Հիտլերը, որը մինչ այդ էլ առանձնապես կարեւորություն չէր տալիս ատոմային ֆիզիկային, կարգադրել էր զբաղվել միայն այնպիսի զենքերի արտադրությամբ, որոնք հնարավոր է պատրաստել 45 օրում։ Նա ավելի էր կարեւորում ՖԱՈՒ-1, ՖԱՈՒ-2 տիպի ռումբերը, քան ատոմայինը, որի ծննդյան տարեթիվն անհայտ էր։
Գերմանական ատոմային նախագծի ղեկավար Վերներ Հեյզենբերգը, խուսափելով օդային հարձակումներից, իր ինստիտուտը տեղափոխել էր փոքրիկ Էխինգեն քաղաքը եւ շարունակում էր նախագծի աշխատանքները։ Ամերիկյան հետախուզությունը կարողացավ հայտնաբերել Հեյզենբերգին։ Նրանք որոշեցին համարձակ քայլի դիմել։ Բորիս Պաշը որոշեց բռնագրավել լաբորատորիան եւ սարքավորումներն ու փաստաթղթերը գիտնականների հետ փախցնել Ամերիկա։ Նրա հաշվարկները ճիշտ դուրս եկան։ Օպերացիան կատարվեց մեծ վարպետությամբ։ Մինչ գերմանացիները կհասկանային, թե ինչ է կատարվում, «Ալսոսը» կարողացավ փախցնել ութ հանրահայտ գիտնականների՝ Օտտո Հանին, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մաքս ֆոն Լաուեին, Վեյցզեկերին, Հեյզենբերգին եւ ուրիշների։
Այս գործողությունից հետո ամերիկացիները համոզվեցին, որ ատոմային առաջին ռումբը կարող են ստեղծել միայն իրենք։ Որոշ ժամանակ անց Լոս Ալամոսի լաբորատորիայում աշխատող բազմաթիվ գիտնականներ իմացան այս պատմությունը։ Սա բացասաբար անդրադարձավ «Մանհեթենյան նախագծի» վրա։ Շատերը համոզվեցին, որ ատոմային զենքը վաղը ծառայելու է քաղաքական նպատակների։ Հակակշիռների մասին այլեւս խոսք լինել չէր կարող, քանի որ Գերմանիան ատոմային ռումբ չէր կարող ունենալ։
Նոբելյան մրցանակակիր Նիլս Բորը դա վաղուց էր կանխազգացել։ Լոս Ալամոսի լաբորատորիա մեկնելուց առաջ նա հատուկ հանդիպեց Անգլիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի հետ եւ նրան հորդորեց ատոմային ռումբի մասին տեղեկացնել ռուսներին։ Բորի պատճառաբանությունը պարզ ու հստակ էր՝ պատերազմից հետո ԱՄՆ-ի եւ Անգլիայի մրցակիցը լինելու է ԽՍՀՄ-ը։ Անհրաժեշտ է, որ նա նույնպես ատոմային ռումբ ունենա, որպեսզի հակակշիռ լինի Լոս Ալամոսում պատրաստվող զենքին։ Հանճարեղ գիտնականը միայն այսպես էր տեսնում խաղաղության պահպանումը հողագնդի վրա։
Բայց Չերչիլը կտրուկ մերժեց։ Նա չէր էլ կարող այլ կերպ վարվել։ Կոմունիստներին ռումբի մասին տեղյակ պահելը հավասարազոր էր դավաճանության, քանզի ԱՄՆ-Անգլիա պայմանագրի կետերից մեկն արգելում էր երրորդ երկրի հետ համագործակցելու հնարավորությունը։
Նիլս Բորը չհուսահատվեց։ Լոս Ալամոս մեկնելուն պես նա անձնական նամակ հղեց Ֆրանկլին Ռուզվելտին, որով ներկայացնում էր նույն խնդրանք-պահանջը, ինչ Չերչիլին։
Պատասխանը նույնն էր՝ մերժում։
***
1943 թվականի դեկտեմբերին «Տյուբ Էլլոիզի» գիտնականների պատվիրակությունը Լոնդոնից մեկնեց Ամերիկա՝ միանալու ատոմային ռումբի «Մանհեթենի նախագծի» իրենց կոլեգաներին։ Ատոմային ռումբի մասնագետներ, հանրահայտ գիտնականներ Ռուդոլֆ Պայերլսի, Օտտո Ֆրիշի եւ այլ անգլիացիների հետ Լոս Ալամոս մեկնեց նաեւ դոկտոր Կլաուս Ֆուկսը, նույն ինքը՝ ԽՍՀՄ արտաքին հետախուզության գործակալ Չարլզը։ Օպերատոր Ռայմոնդի հետ հանդիպելու Հայկ Հովակիմյանի կազմած սցենարին նա ծանոթ էր մինչեւ մեկնելը։ Քիմիկոս Ռայմոնդը Նյու Յորքի ռեզիդենտուրայի գործակալն էր դեռեւս 1936 թվականից, երբ այնտեղ գիտատեխնիկական հետախուզությունը ղեկավարում էր Հովակիմյանը։
Ինչպես եւ պայմանավորված էր դեռ նախորդ տարվա վերջին, 1944-ի փետրվարի առաջին շաբաթ օրը, ամսի 4-ին, Չարլզն ու Ռայմոնդը հանդիպեցին Իստսայդի եւ Հենրի սթրիթի անկյունում։ Չարլզը հաղորդեց, որ որոշվել է իրեն պահել Ամերիկայում՝ «Մանհեթենի նախագծին» մասնակցելու համար։ Հետաքրքիր է, որ ամերիկացիները անգլիացի գիտնականների մեծ խմբից առանձնացրին եւ աշխատանքի վերցրին միայն երեք հոգու՝ Տոնի Սկիրմին, Ռուդոլֆ Պայերլսին եւ Կլաուս Ֆուկսին։
Ամիսներ անց Կլաուս Ֆուկսին տեղափոխեցին Լոս Ալամոսի ատոմային հույժ գաղտնի լաբորատորիա, որտեղ արդեն աշխատում էին Նոբելյան մրցանակի տասներկու դափնեկիրներ։ Հենց այստեղ էր հավաքվում ատոմային ռումբը։ Անգլիացիները ավելի խոր գիտելիքներ ունեին ամերիկացիների համեմատ, սակայն նրանց թույլ չէր տրվում ամբողջական պատկեր ունենալ ողջ գործի մասին։ Յուրաքանչյուրն ուներ իր նեղ, կոնկրետ զբաղմունքը։
Ֆուկսի տվյալներին զուգահեռ Լոս Ալամոսից իր տեղեկություններն էր հաղորդում Պերսեւսը։ Գործակալների ուղարկած նյութերն ուսումնասիրելուց հետո Կուրչատովը հարցադրումներ էր անում «Էնորմոզին»։ Կուրչատովի բոլոր հարցերն ուղարկվում էր Նյու Յորք՝ այնտեղից Լոս Ալամոս։ Պերսեւսի ուղարկած առաջին լուրջ նյութերն ուսումնասիրելուց հետո, Կուրչատովը մի քանի հարցադրումներ արեց հետախույզներին։ Նա իր ձեռագիր գրությունն ուղարկեց Հովակիմյանին, բայց նամակի վրա գրել էր թարգմանչուհու անունը, որի համար Հովակիմյանը նրան նկատողություն արեց։ Խիստ զգուշացվեց նաեւ Անդրեյ Գրաուրը, որն այդ ժամանակ արդեն երրորդ բաժնի պետն էր։ Իսկ նամակի բովանդակությունը հետեւյալն էր.
Հույժ գաղտնի
Ընկեր Ե. Մ. Պոտապովային.... Նյութը շատ արժեքավոր է, այն տալիս է էլեկտրոլիզի արտադրության մեթոդի սխեման, որում տրված է, որ գազի բարդ եւ պայթյունավտանգ այրումը կարելի է փոխարինել ռեակցիոն կոլոններում իզոտոպների փոխանակությամբ։ Արտակարգ կարեւոր է պարզել հետեւյալ լրացուցիչ տեղեկությունները.
ա) Ռեակցիոն կոլոնների փոխանակության հարաբերակցությունը իրենց միջով անցկացվող ջրածնի ժամանակի միավորի քանակի (րոպե կամ ժամ) նկատմամբ։
բ) Ռեակցիոն կոլոնների եւ էլեկտրոլիզների միացության առավել ճշգրիտ սխեման։
Ի. Կուրչատով
22.02.44թ.
Միակ օրինակ...։
Փաստաթղթի վրա մակագրություն էր ավելացրել Պետանվտանգության ժողկոմատի հետախուզության պետի տեղակալ, գեներալ-մայոր Հովակիմյանը։
Ընկ. Գրաուրին. Հետախուզական նյութերի գնահատականներն անհրաժեշտ է ստանալ պաշտոնական սահմանված կարգով, ոչ թե գիտական երկտողի տեսքով*։
Չորս ամիս անց այս հարցերի պատասխաններն ստացվեցին երկու աղբյուրից՝ Պերսեւսից եւ Չարլզից։ Բառացի կրկնել էին նույնը։ Բերիան համոզվեց, որ երկուսն էլ ճիշտ ինֆորմացիա են հաղորդում։
Լոս Ալամոսում Կլաուս Ֆուկսը, որպես գիտական սեմինարի մասնակից, բացի իր աշխատանքից, լավ պատկերացում ուներ նաեւ գրեթե բոլոր լաբորատորիաների ու բաժինների վերաբերյալ։ Որպես գիտնական, այս գործակալն իրեն երջանիկ էր համարում, որ աշխատում է դարի մեծագույն մտածողների՝ Նիլս Բորի, Ջեյմս Չեդվիկի, Հանս Բետի, Էնրիկո Ֆերմիի, Էմիլիո Սերգեի, Ռիչարդս Ֆեյնմանի, Ռուդոլֆ Պայերլսի եւ Օտտո Ֆրիշի հետ։
«Բանտում բոլորի համար տեղ կճարվի»
Մինչեւ 1945 թվականի ապրիլը ակադեմիկոս Իգոր Կուրչատովի գրեթե բոլոր հարցադրումներին հետախուզությունը հստակ պատասխաններ էր տալիս։ Դա մեծապես նպաստում էր խորհրդային ատոմային ռումբի ստեղծման աշխատանքներին, խնայում էր հսկայական միջոցներ ու ժամանակ եւ ավելորդ փորձարկումներից զերծ պահում գիտնականներին։ Բայց եղավ մի պահ, որ Կուրչատովը ֆիզիկապես եւ ժամանակի առումով այլեւս չէր կարող միայնակ ծանոթանալ հետախուզական բոլոր տվյալներին ու գնահատականներ տալ դրանց։ Ապրիլի 30-ին նա մի գաղտնի գրություն ուղարկեց «Էնորմոզի» ղեկավար Հովակիմյանին*, խնդրելով պրոֆեսոր Յու. Բ. Խարիտոնին թույլատրել ծանոթանալու հետախուզական կարեւոր տվյալներից մեկի տեքստին կամ «գոնե երկրորդ էջի կեսից մինչեւ վերջ, բացառելով 22-րդ էջը»։
Հովակիմյանը հասկանում էր տաղանդավոր գիտնականին, բայց գիտեր, որ Լավրենտի Բերիան իրեն խստորեն կպատժի, եթե ընդառաջի Կուրչատովին։ Ի՞նչ անել, շարունակե՞լ նախորդ տարիների աշխատաոճով՝ հույժ գաղտնիություն ապահովելով, թե՞ դիմել ռիսկի՝ հանուն գործի արագացման։
Հովակիմյանը երկար մտածելուց հետո, վերցրեց գրիչը եւ Կուրչատովի ուղարկած գրության վրա մակագրեց. «Բացառության կարգով թույլատրում եմ»։
Հաջորդ օրն այդ մասին նա տեղյակ պահեց Պ. Ֆիտինին։
- Դուք գժվե՞լ եք, Հայկ Բադալովիչ։ Ձեր գլուխը ցավո՞ւմ է։ Առանց այդ էլ Բերիան առիթներ է փնտրում Ձեր նկատմամբ հին ոխը հանելու համար։ Եվ եթե ընկեր Ստալինը Նյու Յորքում Ձեր աշխատանքը բարձր չգնահատեր, Դուք վաղո՜ւց Գուտցայտի, Բազարովի, Արտուզովի ու մյուսների բախտին էիք արժանացել։
- Պավել Միխայիլովիչ, եթե անընդհատ սեփական կաշվի մասին մտածենք, գործը տեղից չի շարժվի։ Խեղճ Կուրչատովն առանց այդ էլ ձեռագրով գրելուց կրակն է ընկել։ Գործերը շատացել են, հաճախ ստիպված է բացակայել լաբորատորիայից՝ տեղերում աշխատանքները ստուգելու համար։ Գոնե մի երկու վստահելի գիտնականներ պետք է օգնեն նրան՝ մեր ուղարկած հաղորդագրություններին ծանոթանալու եւ եզրակացություն տալու համար։
- Բայց հետեւա՞նքը, մտածե՞լ եք հետեւանքի մասին։
- Այո, հետեւանքը՝ ժամկետից շուտ կստեղծենք ատոմայինը։
- Բայց ժամկետից շուտ կարող ենք նաեւ հրաժեշտ տալ այս կյանքին,- ասաց Ֆիտինը, թեեւ համաձայն էր Հովակիմյանի հետ։ Նա գիտեր, որ նույն համառությամբ Հովակիմյանը վաղը կհակաճառի նաեւ Բերիային։
Որոշ ժամանակ անց Կուրչատովն անձամբ դիմեց Ֆիտինին, այս անգամ նրանից խնդրելով թույլատրել նաեւ ակադեմիկոս Կիկոյինին։ Ատոմային նախագծի ղեկավարի պատճառաբանությունները զինաթափեցին հետախուզության պետին։ Ֆիտինը տվեց իր բանավոր համաձայնությունը։
***
Բերիան զանգահարեց Ֆիտինին եւ խնդրեց ներկայանալ ու զեկուցել վերջին երկու ամսվա աշխատանքների մասին։ Ֆիտինը իր հետ վերցրեց «Էնորմոզի» վերաբերյալ բոլոր նյութերը։
Հաստափոր թղթապանակից հանելով առաջին փաստաթուղթը, Բերիան լուռ սկսեց կարդալ Կուրչատովի ձեռագիր եզրակացությունը։ Այնուհետեւ վերցրեց երկրորդ փաստաթուղթը։ Ֆիտինն անհանգիստ շարժումներ արեց։ Նա պատկերացնում էր, թե ինչ է սկսվելու քիչ հետո։
- Սա ո՞ւմ ձեռագիրն է,- հացրեց Բերիան, պենսնեի վրայից աչքերը չռելով Ֆիտինի վրա։
- Ակադեմիկոս Կիկոյինի,- մի կերպ արտաբերեց հետախուզության պետը։
- Ո՞վ է նրան թույլատրել ծանոթանալ հետախուզության հույժ գաղտնի նյութերին։ Ես տեսնում եմ՝ Դուք կորցրել եք զգոնությունը։ Ես հրամայել էի ատոմային ռումբի մասին հետախուզական տվյալներին ծանոթացնել միմիայն Կուրչատովին, այն էլ՝ Հովակիմյանի ներկայությամբ։ Ծայրահեղ դեպքում ձեր աշխատակից Պոտապովայի ներկայությամբ։ Ո՞վ է թույլատրել, ասում եմ։ Ո՞վ է այդ ինքնագլուխը։ Բանտում բոլորիդ համար էլ տե՛ղ կճարվի։
Բերիան չէր խոսում, Բերիան կատաղած գոռում էր։
Երբ նա բանտի անունը տալիս էր, հաջորդ պահին կարող էր խոստումը կատարել։ Բերիան Կիկոյինի ձեռագիր փաստաթուղթը նետեց հատակին։ Ֆիտինը չհամարձակվեց բարձրացնել այն, բայց սթափվեց ու սկսեց արդարանալ։
- Խնդրում եմ՝ մի քանի րոպե լսեցեք ինձ, Լավրենտի Պավլովիչ։ Ընկեր Կուրչատովը վերջին շրջանում հաճախ է լինում Հարավային Ուրալում՝ տնտեսության խնդիրները կազմակերպելու նպատակով։ Երբեմն չենք կարողանում ժամանակին նրան հասցնել հետախուզության հրատապ հաղորդումները...
Ֆիտինը երկար-բարակ բացատրեց իրավիճակը։ Փորձեց մեղմել շեֆի զայրույթը, ոնց որ թե ստացվում էր։ Բայց Բերիան նորից հարցրեց.
- Ո՞վ է թույլատրել, ասում եմ։
Ֆիտինն զգաց, որ պատասխանից խուսափել չի կարող։ Եթե ասի ճշմարտությունը, կարող է գեներալի ուսադիրներից զրկվել։ Բայց խնդիրն ուսադիրները չէր։ Պյոտր Միխայիլովիչն ազնիվ ու շիտակ մարդ էր, երբեք կարիերիստ չէր եղել։ Բայց Բերիան միշտ անկանխատեսելի էր։ Ֆիտինը որոշեց խորամանկել։ Իսկ եթե Հովակիմյանի անո՞ւնը տա։ Ճիշտ է, Բերիան նրան չի սիրում, բայց միշտ հաշվի է նստում նրա պրոֆեսիոնալ կարողությունների հետ։ Եվ վերջապես Հովակիմյանն էլ Խարիտոնին է թույլատրել։
- Լավրենտի Պավլովիչ, Հայկ Հովակիմյանն է համաձայնություն տվել ընկեր Կուրչատովի խնդրանքին։ Գործի շահերն էին պահանջում։
Բերիան խեթ-խեթ նայեց խոսակցին։ Ոչինչ չասաց։ Ծանր, սրտամաշ րոպեներ անցան։
- Գործի շահե՞րն են պահանջում, իսկ գաղտնիության շահերը չե՞ն պահանջում,- Բերիան անհամեմատ մեղմացել էր։
«Հաշիվներս ճիշտ դուրս եկան», թեթեւացած մտածեց Ֆիտինը։
- Այսուհետ նման հարցերը համաձայնեցրեք միմիայն ինձ հետ։ Հովակիմյանին էլ հասկացրեք, որ սա Նյու Յորքը չէ, որ ինքնագլուխ քայլեր անի։ Այլապես չեմ հանդուրժի...
Պատերազմն ավարտվեց, պատերազմն սկսվում է
1945 թվականի մայիսի 9-ի հաղթանակի օրը ողջ աշխարհը ցնծության մեջ էր։ Վերջնականապես տապալվեց ֆաշիստական Գերմանիան։ Սակայն քաղաքական կշիռ ունեցող երկրների ղեկավարներն ու նրանց անվտանգության մարմինները երկու շաբաթ անց համոզվեցին, որ պատերազմի ավարտը ոչ թե խաղաղություն է ազդարարում, այլ մի նոր, երկարատեւ, անտեսանելի սառը պատերազմի սկիզբ։
1945 թվականի մայիսի 19-ին ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ժոզեֆ Գրյուն հայտարարեց.
- Եթե ինչ-որ բան կարող է որոշակի լինել այս աշխարհում՝ դա ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ պատերազմն է։
Լոս Ալամոսի ատոմային լաբորատորիայի գիտնականները ցնցված էին այս հայտարարությունից։ Որքան էլ տարօրինակ հնչի, ժամանակին ԱՄՆ-ի պրեզիդենտ Ֆրանկլին Ռուզվելտին՝ ատոմային ռումբի ստեղծման անհրաժեշտության մասին հղած նամակի տակ իրենց ստորագրությունները դրած աշխարհահռչակ գիտնականներ Ալբերտ Էյնշտեյնն ու Լեո Սցիլարդը ապրիլին մի նոր նամակ գրեցին ԱՄՆ-ի պրեզիդենտին։ Այս անգամ խնդրում էին սարսափելի զենքի հետ կապված բոլոր աշխատանքներն անմիջապես դադարեցնել։ Նրանք պնդում էին, որ ատոմային ռումբը չարիք է մարդկության գլխին, եւ այն գործածելու դեպքում ԱՄՆ-ին ավելի մեծ վնաս կգա, քան՝ օգուտ։
Հայտնի չէ, թե ինչպիսին է եղել Ռուզվելտի վերաբերմունքը նամակին։ Նա ոչ մի գրավոր կամ բանավոր կարգադրություն չի արել։ Նամակն ստանալուց մի քանի օր անց՝ ապրիլի 12-ին, Ռուզվելտը վախճանվեց։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Հենրիխ Ստիմսոնին ուղղված իրենց զեկույցով Չիկագոյի համալսարանի մետալուրգիական լաբորատորիայի ֆիզիկոսները Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջեյմս Ֆրանկի ղեկավարությամբ միացան հանճարեղ գիտնականների հորդորներին։ Նրանք գրում էին, որ ԽՍՀՄ-ը կարճ ժամանակամիջոցում կարող է ստեղծել սեփական ատոմային ռումբը, եթե Ամերիկան սխալ թույլ տա եւ փորձարկի իրենը։
Տագնապներն ավելի խորացան, երբ ատոմային ռումբի՝ «Մանհեթենյան նախագծի» գլխավոր ղեկավար, գեներալ Լեսլի Գրովսը պաշտոնական ճաշկերույթներից մեկի ժամանակ հայտարարեց. «Այժմ մեր նախագծի գլխավոր նպատակը ռուսներին նվաճելն է»։ Այն հարցին, թե չէ՞ որ ռուսներն իրենց դաշնակիցներն են եւ պատերազմի հիմնական բեռը նրանց ուսերին էր, Գրովսը հեգնանքով պատասխանել է.
- Կարեւոր չէ, թե ինչ է եղել երեկ, այո՛, երեկ մենք դաշնակիցներ էինք, իսկ այսօր արդեն՝ թշնամիներ։
Միացյալ Նահանգների գիտական աշխարհի այրերը նոր շարժում սկսեցին՝ ատոմային ռումբի գործարկումը կանխելու նպատակով։ Այդ ժամանակ ԽՍՀՄ ռեզիդենտը Կվասնիկովն էր*։ Նա այդ ամենի մասին ծածկագիր ուղարկեց Ֆիտինին։ Վերջինս ծածկագիրն ուղարկեց Բերիային։
Կարդալով Կվասնիկովի նամակը՝ Բերիան ծածկագրի անկյունում մակագրեց.
«Ընկ. Ֆիտինին։ Չեմ հավատում ձեր Անտոնին, իմ կարծիքով նա հերթական բլեֆն է անում։ Խնդրում եմ ստուգել։ Այս մասին տեղյակ պահեցեք նաեւ ԱԳՆ-ին»։
***
1945 թվականի հունիսին գեներալ-մայոր Հայկ Հովակիմյանն ու գեներալ-լեյտենանտ Ֆիտինը մի ամբողջ օր փակված էին արտաքին հետախուզության պետի աշխատասենյակում։ Գիշերվա ժամը երկուսին նրանք ավարտեցին Գերմանիա գործուղման ուղարկելու հատուկ խմբի ծրագիրը, որով նպատակադրվել էին հնարավորինս գաղտնի այնտեղից ԽՍՀՄ տեղափոխել ուրանով ժամանակին զբաղված լաբորատորիաների եւ արդյունաբերական գործարանների սարքավորումները, ուրանի հնարավոր պաշարները, ինչպես նաեւ գերմանական ատոմային ծրագրին մասնակցած մասնագետներին։
Բերիան եւ Մոլոտովը վավերացրին ծրագիրը, եւ Հովակիմյանը գործի անցավ։ Նա թիվ 2 լաբորատորիայի ղեկավար Իգոր Կուրչատովին առաջարկեց համատեղ խումբ ստեղծել, որին պետք է անդամագրվեին հետախույզներն ու ատոմային ռումբի մասնագետները։ Կուրչատովը դժգոհեց, ասելով, որ իր ձեռքի տակ եղած սարքավորումներն անպիտան են եւ եթե նոր սարքավորումներ բերելու հնարավորություն կա, ինքը երկու ձեռքով կողմնակից է։
- Խմբում ընդգրկվելու համար ի՞նչ մակարդակի մասնագետներ են անհրաժեշտ,- հարցրեց ակադեմիկոսը։
- Ամենաբարձր, Իգոր Վասիլեւիչ, նրա՛նք պետք է հայթայթեն անհրաժեշտ սարքավորումներն ու պաշարները։
- Հայկ Բադալովիչ, ես Ձեզնից շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Դուք նաեւ գիտնական եք, եւ ատոմային ռումբի ստեղծման գործում շատ ճիշտ եք բաշխել հետախուզության եւ գիտնականների դերերը։ Դա մեծապես օգնում է մեզ։ Ես պատրաստ եմ Գերմանիա եւ Ավստրիա գործուղել բարձր որակավորում ունեցող քիմիկոսների, ֆիզիկոսների եւ մետաղագործների՝ ընդհուպ մինչեւ իմ անմիջական օգնականներին՝ Խարիտոնին, Արցիմովիչին, Կիկոյինին, Գոլովինին եւ Ֆլյորովին։ Բայց Դուք կապահովե՞ք նրանց անվտանգությունը։
- Անշուշտ։ Նրանք կլինեն անվտանգության ծառայության գնդապետների համազգեստով։ Յուրաքանչյուրն առանձին թիկնապահ կունենա,- ասաց Հովակիմյանը,- խումբը կգլխավորի փորձառու Ա. Զավենյագինը։
- Իսկ Դո՞ւք,- հանկարծ հարցրեց Կուրչատովը, որ անհանգստացած էր իր գործընկերների անվտանգությամբ։
Հովակիմյանը ծիծաղեց ակադեմիկոսի միամիտ հարցի վրա։
- Մի անհանգստացեք, ամեն ինչ ծրագրված է։ Իսկ ես այլ հանձնարարություն ունեմ։... Խումբը անձամբ Բերիայի հանձնարարություններն ստանալուց հետո, մեկնեց Գերմանիա։ Սակայն արդյունքներն սպասվածից քիչ էին։ Ամերիկյան «Ալսոսը» քիչ բան էր թողել ռուսներին։
Համենայնդեպս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գուստավ Հերցը, մասնագետներ Նիկոլայ Ռիլը, Ֆոն Արդենը եւ մի շարք այլ գիտնականներ բերվեցին Մոսկվա։ Փոխարենը ԽՍՀՄ տեղափոխվեց ավելի քան հարյուր տոննա ուրանի օքսիդ, որը հետագայում օգտագործվեց որպես հումք՝ պլուտոնիումի արտադրության համար (գերմանացիներն այն բռնազավթել էին Կոնգոյից)։
Այս օպերացիայից հետո Հովակիմյանը երկու ամսով բացակայեց ԽՍՀՄ-ից։ Նա երկրի ղեկավարության հատուկ հանձնարարությունն էր կատարում։ Թե իրականում ինչ գործողություն էր, որ հատուկ գեներալին էին խնդրել, մինչեւ օրս էլ գաղտնիք է մնում։
Այս առթիվ միայն մի փաստ կա։ Հարավսլավիայի ղեկավար Իոսիֆ Բրոզ Տիտոն Հայկ Հովակիմյանին պարգեւատրեց «Առաջին աստիճանի պարտիզանական աստղ» շքանշանով։ Եվրոպայից վերադառնալով, արտաքին հետախուզության պետի տեղակալը շարունակեց ղեկավարել «Էնորմոզի» գործը։
***
Շուտով Կենտրոնը Նյու Յորքից ստացավ անհանգստացնող տեղեկություններ՝ ատոմային ռումբի հնարավոր փորձարկման մասին։ Գործակալներ Չարլզը եւ Պերսեւսը հաղորդում էին, որ հուլիսին սպասվում է պայթեցումը։ Ներկայացրել էին նաեւ ռումբի կազմությունը։
Սակայն անբարենպաստ եղանակների պատճառով փորձարկման ժամկետը փոխվեց, որի մասին խորհրդային հետախուզությունը չկարողացավ տեղեկություն քաղել։ Սա այն եզակի դեպքն էր, որ ԽՍՀՄ հատուկ ծառայություններն անզոր գտնվեցին «Մանհեթենի նախագծի» գաղտնազերծման գործում։
Պայթյունը տեղի ունեցավ հուլիսի 16-ին։ Երկու օր անց սկսվեց Պոտսդամի կոնֆերանսը։ Ամեն ինչ ծրագրված էր Ստալինին անակնկալի բերելու համար։ ԱՄՆ-ի պրեզիդենտ Տրումենն այդ մասին տեղյակ պահեց Անգլիայի վարչապետ Չերչիլին։ Երկուսով որոշեցին Նյու Մեքսկիո նահանգում հաջողությամբ ավարտված ատոմային ռումբի փորձարկման մասին Ստալինին ասել հանդիպման ժամանակ։ Երկար փնտրտուքից հետո ձեւը գտան. կասեն հենց այնպես, ասես, կարեւորություն չտալով։ Հետաքրքիր է ԱՄՆ-ի պրեզիդենտի դստեր՝ Մարգարետ Տրումենի հիշողությունն այդ օրվա մասին.
«...Հայրս մոտեցավ խորհրդային ղեկավարին եւ հայտնեց, որ Միացյալ Նահանգներն ստեղծել է «անսովոր ավերիչ ուժի» նոր զենք։ Վարչապետ Չերչիլը եւ պետքարտուղար Բիրնսը գտնվում էին մի քանի քայլ հեռավորության վրա եւ ակնդետ հետեւում էին Ստալինի պատասխան ռեակցիային։ Նա աներեւակայելի հանդարտություն պահպանեց։ Իմ հայրը, պարոն Չերչիլն ու պարոն Բիրնսը եզրակացրին, որ Ստալինը չհասկացավ քիչ առաջ ասվածի նշանակությունը...»։
Հետագայում Չերչիլն այդ պահի մասին կասի. «Ստալինը ոչ մի պատկերացում չուներ, թե որքան կարեւոր է այն, ինչ իրեն հայտնեցին...»։
Իրականում Իոսիֆ Ստալինը շատ լավ էլ հասկացել էր կատարվածի լրջությունը։ Պարզապես նա պատրաստ էր լսելու այդ լուրը եւ ցույց չտվեց, թե այն որքան է դառնացրել իրեն։ Այդ օրը, կոնֆերանսից վերադառնալով իր ժամանակավոր նստավայրը, Գեորգի Ժուկովի ներկայությամբ Մոլոտովին պատմեց եղելությունը։ Ավարտելուց հետո խորամանկ ժպտաց.
- Նրանք համոզված են, որ ես չգնահատեցի իրենց հաջողությունը եւ խիստ հիասթափվեցին իմ պահվածքից... Կարգադրեք հենց հիմա զանգահարել Կուրչատովին։
Կուրչատովը տեղում չէր, կապվեց Բերիայի հետ։
- Քեզ ինչ-որ բան հայտնի՞ է ամերիկյան ատոմային ռումբի մասին,- առանց նախաբանի հարցրեց Ստալինը։
- Այո, ընկեր Ստալին, փորձարկումը պետք է տեղի ունենար մեկ շաբաթ առաջ, բայց արդյունքների մասին դեռեւս տեղեկություններ չունենք։
- Քեզ խաբել են, Լավրենտի, ամերիկացիները փորձարկումն արել են երկու օր առաջ։ Այժմ Տրումենը փորձում է ճնշում գործադրել մեզ վրա, լսո՞ւմ ես այդտեղ։
- Այո, ընկեր Ստալին։
- Դե լսիր, ընկեր Կուրչատովին ասա՝ թող գործն արագացնելու ծրագիր մշակի, տեղում կքննարկենք։ Չպետք է թույլ տալ, որ սրանք ռազմական առավելություն ունենան ու շանտաժի փորձեր անեն։
- Թույլ տվեք, զեկուցել, ընկեր Ստալին,- խնդրեց այլայլված Բերիան։
- Ոչ, Լավրենտի, մենք քեզ կլսենք տանը՝ Մոսկվայում։
Եվ կախեց լսափողը։
Բերիան վիրավոր գազանի նման հարձակվեց հեռախոսի վրա։
- Պավել Միխայիլովիչ, շտապ ինձ մոտ,- եւ նետեց ընկալուչը։
Ֆիտինը ժողկոմի աշխատասենյակ մտնելով, քարացավ։
Բերիան այդ պահին նման էր զոհին հայտնաբերած գազանի։
- Ի՞նչ ես տնկվել, նստիր, քո այդ Կվասնիկովը բանտից այլեւս չի խուսափի, դու գոնե նրան արդեն ե՞տ ես կանչել Նյու Յորքից։
- Ոչ, Լավրենտի Պավլովիչ, հիմքեր չունենք ետկանչի։
- Չունե՞նք, նա անընդհատ կեղծում է, ինչ-որ բլեֆներ է անում։ Պայթյունը երկու օր առաջ է եղել, իսկ այդ խելոքն ասում էր, թե ամսի տասին է լինելու։ Սա քի՞չ է։
Ֆիտինը դժվարությամբ կարողացավ մեղմել շեֆի զայրույթը, ցույց տալով Կուրչատովի բնութագիրը Կվասնիկովի մասին...
***
Ալամագորդոյի անապատում ատոմային ռումբը հաջողությամբ փորձարկելուց հետո, «Մանհեթենի նախագծի» ղեկավար, գեներալ Գրովսը երկրի զինվորական ղեկավարությանը համառորեն համոզում էր, որ ռումբը նետեն իրենց թշնամու՝ Ճապոնիայի վրա։ Ամերիկացիներն այլեւս անիմաստ էին համարում Գերմանիայի վրա այն արձակելը։ Նաեւ զգուշանում էին, որ անհաջողության դեպքում չպայթած ռումբը կարող է հայտնվել գերմանացի ատոմագետների ձեռքում։ Գրովսն առաջարկում էր որպես թիրախ օգտագործել ճապոնական չորս քաղաքներ՝ Կոկուրը, որը ռազմական արդյունաբերական խոշոր կենտրոն էր, Նիիգատան, Հիրոսիման եւ Կիոտոն։ Սակայն Կիոտոյի ռմբակոծմանը դեմ էին պրեզիդենտ Տրումենն ու պաշտպանության նախարար Ստիմսոնը։ Վերջին պահին Կիոտոյի փոխարեն ցուցակում ընդգրկեցին Նագասակի քաղաքը, որը հայտնի էր նավաշինական եւ վերանորոգման գործարաններով ու ռազմածովային նավատորմի զինամթերքի արտադրությամբ։
1945 թվականի օգոստոսի 6-ին, առավոտյան ժամը 8.15 րոպեին առաջին ատոմային ռումբը նետվեց խաղաղ քուն մտած Հիրոսիմայի վրա։ Զոհվեց 100000 մարդ, 37.000-ը ծանր վիրավորվեց, 15000-ն անհայտ կորավ, 250000-ը ճառագայթումից եւ ներթափանցող ռադիացիայից վնասվածքներ ստացավ։
Որպեսզի ճապոնացիները ուշքի չգան, ամերիկացիները որոշեցին ռմբակոծել նաեւ Նագասակին եւ Կոկուրը։ Վերջինս փրկվեց վատ եղանակի պատճառով։
Միայն այս սարսափազդու պայթյուններից հետո ատոմային ռումբի մասնագետ գիտնականները վերջնականապես համոզվեցին, թե ինչ հրեշավոր բան են ստեղծել մարդկության դեմ։
Բերիայի դիրքերն ամրապնդվում են
Մինչեւ 1945 թվականի օգոստոսը ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները ղեկավարում էր Մոլոտովը, իսկ Բերիան նրա տեղակալն էր հետախուզության գծով։ Կուրչատովը դժգոհ էր Մոլոտովի դանդաղկոտությունից եւ անհրաժեշտ տեխնիկական միջոցների բացակայությունը պայմանավորում էր նրա անձեռներեցությամբ։ Բողոքը հասավ «վերեւներին»։
Օգոստոսի 18-ին որոշվեց ստեղծել նոր կառույց՝ Հատուկ կոմիտե։ Ղեկավար նշանակվեց Բերիան։ Կոմիտեի կազմում ընդգրկվեցին սպառազինության նախարար Վաննիկովը, քիմիական արդյունաբերության նախարար Պերվուխինը, Իոֆֆեն, Կապիցան, Կուրչատովը, Մախնյովը եւ Բերիայի տեղակալ Զավենյագինը։ Ստեղծվեց նաեւ ատոմային էներգիայի գծով գիտխորհուրդ, որի անդամներ դարձան «կոմիտեականները» եւ գիտնականներ Ալիխանովը, Խարիտոնը եւ Կիկոյինը։
Այս փոփոխությունները դրական արդյունք ունեցան։ Այդ մասին հետաքրքիր վկայություն է տալիս Կուրչատովի օգնական, պրոֆեսոր Իգոր Գոլովինը. «Բերիայի կազմակերպչական ընդունակություններն ակնհայտ էին։ Նա անսովոր եռանդուն էր։ Ժողովները կարճ էին տեւում, որոշումները կայացվում էին տեղում»։ Բերիան անխնա սկսեց օգտագործել ստրկական աշխատուժը՝ աքսորյալներին։ Աշխատանքներն արագ թափ հավաքեցին։
***
1946 թվականի հունիսի վերջին արտաքին հետախուզության պետ, գեներալ-լեյտենանտ Պավել Միխայիլովիչ Ֆիտինը կանչեց տեղակալ Հայկ Հովակիմյանին։
- Հայկ Բադալովիչ, կանչել եմ հրաժեշտ տալու,- տխուր ասաց նա,- նոր ժամանակներ են սկսվում։ Ընկեր Բերիայի կարգադրությամբ քիչ առաջ ինձ ազատեցին աշխատանքից։ Ի դեպ՝ ոչ ոք նեղություն չքաշեց պատճառաբանել այդ քայլը։ Ինձ ուղարկում են Գերմանիա՝ ԽՍՀՄ Պետանվտանգության նախարարության ներկայացուցչի ցածր պաշտոնին*։
Հովակիմյանն անկեղծորեն հուզվեց։ Յոթ տարի աշխատել էին միասին, յոթ տարի պայքարել Բերիայի կամայականությունների դեմ։ Միշտ փոխըմբռնում է եղել։ Անշուշտ, այս զույգի շնորհիվ էր նաեւ, որ Կուրչատովը կարողացավ արագացնել ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները։
- Ի՞նչ է նշանակում այս ամենը, Պավել Միխայիլովիչ,- հարցրեց Հովակիմյանը։
- Դա նշանակում է, եղբայր, որ հետախուզությունը կատարել է իր գործը, հետախուզությունը կարող է հեռանալ։ Բերիայի ձեռագիրն է՝ երբ գալիս է դափնիներ ստանալու ժամանակը, նա կամ վերացնում է պոտենցիալ դափնեկիրներին կամ հեռացնում է տեսադաշտից։ Մեզ դափնիներ պետք չեն, ուղղակի գործն է տուժելու։ Ես իմ պարտքն եմ համարում Ձեզ զգուշացնել, Հայկ Բադալովիչ, իմ տեղեկություններով Բերիան պատրաստվում է վնասել նաեւ Ձեզ։ Զգուշացեք. «Էնորմոզի» աշխատանքները Դուք եք սկսել ու այժմ էլ շարունակում եք աշխատել։ Վաղը հարցնելու են, թե ո՞վ էր ատոմային հետախուզության կազմակերպիչը, ո՞վ այսքան ահռելի տեղեկություններ քաղեց ԱՄՆ-ից ու Անգլիայից։ Բերիային ձեռնտու չէ, որ ի պատասխան հնչեն Ֆիտին ու Հովակիմյան անունները։ Նա իր անվան կողքին ոչ ոքի չի հանդուրժում։ Ես ուզում եմ շնորհակալություն հատնել Ձեզ՝ համատեղ հոյակապ աշխատանքի համար։ Ինձ համար հաճելի, ինչո՞ւ չէ, նաեւ ուսանելի էր Ձեզ նման սուպերհետախույզի հետ աշխատելը։ Դուք եզակի խելքի, եզակի համառության ու եզակի ռիսկի տեր անհատականություն եք։ Ափսոս, որ մեզ ղեկավարում են ինքնասիրահարված ու քինախնդիր վիժվածքներ։
Հովակիմյանը Ֆիտինին երբեք զայրացած չէր տեսել։ Նա ողջագուրվեց գործընկերոջ հետ։ Անկեղծորեն շնորհակալություն հայտնեց իրեն ու գործին միշտ աջակցելու համար։
- Պավել Միխայիլովիչ, կյանքը միշտ բարդ խնդիրներ է առաջադրում։ Մենք ճակատագրական ժամանակաշրջան ենք ապրում, եկեք խմենք իմ սիրած կենացը։ Խմենք իրար աչքերի մեջ ուղիղ նայելու իրավունքի կենացը։ Այդ իրավունքը մենք վաստակել ենք...
***
1946 թվականի մարտից ժողկոմատները վերանվանվեցին նախարարություններ։ Նույն թվականի սկզբներին Բերիան դարձավ ԽՄԿԿ Քաղբյուրոյի անդամ եւ ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ (որոշ ժամանակ դեռ ժողկոմխորհուրդ էր կոչվում)։ Մերկուլովի փոխարեն Պետանվտանգության նախարար նշանակվեց Վիկտոր Աբակումովը, ներքին գործերի նախարար՝ Սերգեյ Կրուգլովը։ Ստալինը սխալվեց։ Աբակումովին նշանակելով հույս ուներ սահմանափակել Բերիայի ազդեցությունը պետանվտանգության մարմիններում։ Ինչպես հետո կվկայի Խրուշչովը՝ «Աբակումովն արագ դարձավ Բերիայի մարդը»։ Նորանշանակ նախարարն առանց Բերիայի հետ համաձայնեցնելու ոչ մի քայլ չէր անում։ Նույնիսկ Ստալինին որեւէ տեղեկություն զեկուցելուց առաջ, նախ տեղեկացնում էր Բերիային։
Աբակումովի օրոք համակարգում սկսեցին ծաղկել դաժանությունն ու հովանավորչությունը։ Սիրում էր թանկ նվերներ ստանալ։ Հաճախում էր գիշերային ակումբներ, գինարբուքներ սարքում (1951-ին ձերբակալվեց եւ 1954-ին գնդակահարվեց «անբարո վարքի» եւ հովանավորչության մեղադրանքով)։
Պավել Միխայիլովիչ Ֆիտինից հետո արտաքին հետախուզության պետ նշանակվեց գեներալ-լեյտենանտ Պյոտր Նիկոլաեւիչ Կուբատկինը*, որն այս ոլորտը ղեկավարեց ընդամենը երկուսուկես ամիս եւ գործուղվեց Գորկու մարզ։
Դիրիժորը պետք է իմանա պարտիտուրը
Երբ ակադեմիկոս Պյոտր Լեոնիդովիչ Կապիցան հասկացավ, որ իր անունն օգտագործել են Նիլս Բորից տեղեկություններ կորզելու նպատակով, անչափ զայրացավ։ Նա մի նամակ գրեց Իոսիֆ Ստալինին.
«Ընկերներ Բերիան, Մալենկովը, Վոզնեսենսկին Հատուկ կոմիտեում իրենց գերմարդու պես են պահում։ Հատկապես՝ ընկ. Բերիան։ Ճիշտ է, նրա ձեռքին դիրիժորի փայտիկ կա։ Դա վատ չէ, բայց դրան զուգահեռ առաջին ջութակի դերը պետք է խաղա գիտնականը։ Ընկ. Բերիայի հիմնական թուլությունն այն է, որ դիրիժորը ոչ միայն պետք է թափահարի փայտիկը, այլեւ իմանա պարտիտուրը։ Բերիան դա չի կարող, շատ թույլ է։
Անձամբ ես մտածում եմ, որ ընկ. Բերիան կարող է լուծել իր առջեւ ծառացած խնդիրը, եթե դրան նվիրի ավելի շատ ժամանակ եւ ուժեր։ Նա շատ եռանդուն է եւ արագ կողմնորոշվող, լավ է տարբերում գլխավորը երկրորդականից, դրա համար էլ ավելորդ ժամանակ չի վատնում, գիտական հարցերում, անշուշտ, հոտառություն ունի, լավ է որսում դրանք եւ ճիշտ որոշումներ է ձեւակերպում։ Բայց նա մի թերություն ունի՝ չափազանց ինքնավստահ է, եւ դրա պատճառը պարտիտուրը չիմանալն է։ Ես նրան ուղիղ ասում եմ. «Դուք չեք հասկանում ֆիզիկան, թույլ տվեք, մենք՝ գիտնականներս, դատենք այդ հարցերի մասին»։ Բայց նա ինձ ընդդիմանում է, ասելով, որ ես մարդկանցից ոչինչ չեմ հասկանում։ Ընդհանուր առմամբ մեր խոսակցություններն աչքի չեն ընկնում սիրալիրությամբ։ Ես նրան առաջարկեցի ֆիզիկա սովորել, թող գա մեր ինստիտուտ՝ ինձ մոտ։ Չէ որ պարտադիր չէ նկարիչ լինել՝ նկարը հասկանալու համար։... Իմ ու Բերիայի միջեւ ոչինչ չի ստացվում։ Նրա վերաբերմունքը գիտնականների նկատմամբ բոլորովին չեմ ընդունում։... Պետք է, որ Բերիայի նման մեր բոլոր ղեկավար ընկերներն իրենց ենթականերին զգացնել տան, որ այս գործում գիտնականների դերն ԱՌԱՋՆԱՅԻՆ է, ոչ թե օժանդակ։ Նրանք կարծում են, որ եթե գիտեն՝ երկու անգամ երկուսը հավասար է չորսի, ուրեմն մաթեմատիկա գիտեն եւ կարող են հեղինակավոր եզրակացություններ անել։ Սա հենց գիտությունը չհարգելու առաջնային պատճառն է, որը խանգարում է աշխատել։
Ես կուզենայի, որ ընկ. Բերիան ծանոթանա այս նամակին, չէ՞ որ սա մատնագիր չէ, այլ օգտակար քննադատություն։ Այս ամենը ես կարող էի իրեն ասել, բայց նրա հետ հանդիպումը գլխացավանք է...»։
Ստալինը հաճույքով կատարեց ակադեմիկոսի խնդրանքը՝ նամակը ցույց տվեց Բերիային։ Հետագայում Ստալինը հաճախ էր Լավրենտի Բերիայի հոգու հետ խաղալու համար նրան հիշեցնում այս նամակը։ «Հը՛, Լավրենտի, ասում են փայտիկը ձեռքիդ դիրիժոր ես, բայց պարտիտուրից գաղափար չունես, հա՞»։
Այս խայթոցները Բերիային հունից հանում էին, բայց դիմացինը Ստալինն էր։
Կապիցան չէ՝ ով ուզում է լիներ, նա չէր կարող հանդուրժել։ Ցնդած ակադեմիկոսներ, դրանք խելքները գլուխները կժողովեն միայն բանտում փտելիս։ Ստալինի առանձնասենյակից դուրս գալով, հենց Կրեմլից Բերիան զանգահարեց Կապիցային։ Ասաց, որ անհրաժեշտ է հանդիպել։ Բայց Կապիցան վճռել էր նրա ենթակայությամբ Հատուկ կոմիտեում չաշխատել։ Ուղղակի ֆիզիկապես չէր կարողանում տանել մարդու այդ տեսակը։
- Եթե ուզում եք խոսել ինձ հետ, եկեք ինստիտուտ,- կոպիտ ասաց նա՝ հույս ունենալով ազատվել Բերիային տեսնելու տհաճությունից։
- Լավ, ես կգամ,- ասաց Բերիան։
Որպես նվեր իր հետ վերցրեց Տուլայի արտադրության հարուտ դրվագազարդերով որսորդական մի հրացան։ Երկուսի համար էլ դեմ առ դեմ զրույցը շատ ծանր ու տհաճ էր։ Ամենակարող Բերիային Կապիցան ասաց այն ամենը, ինչ կուտակվել էր ներսում, հաշտվելու եզրեր չկային։ Ակադեմիկոսը վտանգավոր խաղի մեջ էր մտել, այլեւս նահանջելու տեղ չուներ։ Բերիան հեռացավ առանց հրաժեշտի։
Մի քանի օր անց Ստալինից Կապիցային ձերբակալելու թույլտվություն խնդրեց։
- Լավ,- ասաց առաջնորդը,- ես նրան կհանեմ քո կոմիտեից, բայց դու նրան ձեռք չտաս։
Կապիցան չգիտեր, որ իր կյանքը փրկել էր իր իսկ գրած բաց նամակը։ Այնուամենայնիվ, նրան 1945-ի դեկտեմբերին հեռացրին Հատուկ կոմիտեից եւ ընդհանրապես մեկուսացրին ատոմային ռումբի նախապատրաստական աշխատանքներից։ Կապիցան դեռ պիտի գոհ լիներ Ստալինից, որ իրեն չարժանացրեց ակադեմիկոսներ Լանդաուի եւ Ա. Կորոլյովի ճակատագրին, որոնք «խելքները գլուխներն էին ժողովում» բանտում։
Դժվար է ասել՝ այն ժամանակ պարտիտուրը Բերիա՞ն չգիտեր, թե Կապիցան։
Վերջին արձակուրդը
Ֆիտինի գնալուց հետո արտաքին հետախուզությունում կատարյալ խառնաշփոթ սկսվեց։ Պատճառը նրա հեռանալը չէր։ Պետանվտանգության նախարար Աբակումովը թքած ուներ արտաքին հետախուզության փորձառու հետախույզների վրա։ Փոխանակ հզորացներ այս օղակը, նա նույնիսկ պահանջեց ժամանակավորապես դադարեցնել որոշ ռեզիդենտուրաների աշխատանքները։ Բազմաթիվ երկրներում գործակալների հետ կապը կտրվեց։ Ասես հատուկ, վերեւից տապալում էին տարիների ընթացքում քրտնաջան աշխատանքի եւ հնարամտության շնորհիվ ստեղծվածը։ Հաղթանակի դափնիներով արբեցած ղեկավարներից շատերը գերադասում էին լավ հարաբերություններ հաստատել Աբակումովի հետ՝ պաշտոնական սանդուղքներով վեր սողոսկելու համար։ Վերջինիս օրոք, այն ժամանակների համար եզակի երեւույթ՝ պետանվտանգության վերին էշելոնում սկսեց ծաղկել նույնիսկ կաշառակերությունը։ Ասես մի համատարած վարակ էր սկսվել։ Մանկուրտ էին դարձել շատերը, չէին հիշում, կամ չէին ուզում հիշել հետախուզական փառահեղ ուղի անցած պրոֆեսիոնալներին։ Լուբյանկայի ներսում երկու «դասակարգ» էր գոյացել՝ «մերոնքականներ» եւ «օտարներ»։
Հովակիմյանի նյարդերը տեղի էին տալիս։ Մի գիշեր նստեց, մինչեւ առավոտ նամակ գրեց Ստալինին, Բերիային, Աբակումովին ու Մոլոտովին։ Չորսին էլ լուրջ մեղադրանքներ էր ներկայացրել երկիրը պահող հենասյուները ոչնչացնելու, համընդհանուր խառնաշփոթ ստեղծելու, ժողովրդի ապագան կասկածի տակ դնելու համար։ Փաստարկներն ավելի քան խոսուն ու հիմնավոր էին։ Նամակի վերջում ստորագրեց։
Հայկ Բադալի Հովակիմյան, Հայկական ՍՍՌ Գերագույն սովետի դեպուտատ, պետանվտանգության գեներալ-մայոր։
Դեռեւս 1947-ի փետրվարի 9-ին ընտրվել էր պատգամավոր։ Իր հայրենակցին հարգանքի տուրք մատուցելով, Հայաստանի ղեկավարությունը հունվարին հեռագրել էր, խնդրելով Հովակիմյանի համաձայնությունը՝ թեկնածու գրանցվելու համար։ Հովակիմյանը անակնկալի էր եկել, չգիտեր՝ իրեն կարելի՞ է ընդհանրապես բաց, հրապարակային գործունեություն ծավալել։ Ճշտելով այդ հարցը՝ սիրով համաձայնել էր։ Լավագույն առիթ էր հայրենիք հաճախակի այցելելու համար։... Առավոտյան նա պատռեց նամակը։ Ո՞ւմ է գրում, որ ի՞նչ։ Իրենք չգիտե՞ն իրենց արածները։ Ի՜նչ երկիր կարելի է ստեղծել, ո՞նց են ոտատակ տալիս ամեն սրբություն։ Առաջին անգամ չէր ուզում աշխատանքի գնալ...
1947-ի ամառն էր։ Հերթական անգամ վերակազմավորեցին հետախուզական մարմինները։ Գլխավոր հետախուզական վարչությունը եւ Պետանվտանգության նախարարության առաջին վարչությունը միացրին եւ անվանեցին ԽՍՀՄ նախարարների խորհրդին կից Ինֆորմացիայի կոմիտե։ Ղեկավարում էր Մոլոտովը։ ԱԳՆ-ի եւ հիշյալ երկու ուղղությունների գծով երեք տեղակալ ուներ։ Գիտատեխնիկական հետախուզությունը վերացրին՝ որպես այդպիսին, աշխատողներին ցրեցին տարբեր բաժիններում։
Հովակիմյանը արձակուրդ վերցրեց եւ սեպտեմբերի 1-ին մեկնեց Սոչի՝ հանգստանալու։ Առավոտյան, մինչեւ մեկնելը, գործով մտավ աշխատավայր։ Միջանցքում հանդիպեց գեներալ-լեյտենանտ Ֆիտինին։ Իմանալով, որ Հայկն արձակուրդ է մեկնում, Ֆիտինը հարցրեց.
- Հայկ Բադալովիչ, Դուք վերադառնալու հույս ունե՞ք։
- Այսի՞նքն։
- Հենց նոր տեղեկացա, որ հերթական «մաքրում» են սկսում եւ մեզ նման մարդկանց ուղարկում են «տուն»։ Այնպես որ արձակուրդդ կարող է մշտական լինել, եղբայր, չնայած՝ գուցե ճիշտը դա է... Հայկ Բադալովիչ, մինչեւ այժմ Ձեզ չեմ ասել, բայց հիմա ուզում եմ տեղյակ պահել, որ 1941-ի հուլիսին, երբ Ստալինի աշխատասենյակում որոշվում էր Ռուզվելտի միջոցով Ձեզ Նյու Յորքից Մոսկվա տեղափոխելու հարցը, ընկեր Ստալինը ծանոթանալով Ձեր գործունեությանը, Մոլոտովի ու Մերկուլովի ներկայությամբ դիմելով Լավրենտի Բերիային, ասել էր՝ Հովակիմյանը վաստակել է իր մահով մեռնելու իրավունքը, ականջիդ օղ արա, Լավրենտի։ Առաջնորդը տեղյակ էր Բերիայի դեմ գրած Ձեր երկու հեռագրերից...
***
Սոչիում անցկացրած մեկ ամիսը մի ամբողջ տարի թվաց։ Վերային եւ Էգինային ոչինչ չասաց Ֆիտինի հետ հանդիպման մասին։ Հանգստյան տանը հանդիպեց իր վաղեմի բարեկամներին՝ Ռուբեն Սիմոնովին, կինոռեժիսոր Կալատոզովին, փորձարկող օդաչու Կոկինակիին։ Երբեմն ժամանակը նրանց շրջապատում էր անցկացնում։ Մի օր Ռուբեն Սիմոնովը հարցրեց.
- Հայկ Բադալովիչ, մենք՝ արտիստներս եւ դուք՝ հետախույզներդ, մի ընդհանրություն ունենք ու մի տարբերություն։ Երկուսս էլ դերասանություն ենք անում։ Մենք միայն բեմում, դուք՝ ամբողջ կյանքում։ Բայց այսօր չի ստացվում խաղդ, շատ տխուր ես ու մտքերով տարված։ Ինչ-որ որդ է ընկել մեջդ ու քեզ ուտում-քրքրում է։
- Է՛հ Ռուբեն, որդը էս երկրի մեջ է ընկել եւ ուտում է բոլորիս։ Ինչ մնում է խաղալուն, ապա այդ հարցում ես ապաշնորհ դուրս եկա։ Ողջ տաղանդս մսխեցի արտասահմանյան «բեմերում», չգիտեի, որ այստեղ, իմ տան մեջ էլ պիտի խաղամ։ Հոկտեմբերի 7-ին արձակուրդս լրանում է, ես չգիտեմ՝ որտե՞ղ կլինեմ հոկտեմբերի 8-ին։ Գուցե ոչ մի տե՞ղ։ Ես չգիտեմ՝ ո՞ւր է գնում այս երկիրը։ Պատերազմից հետո թունելի վերջում լույս երեւաց, բայց թունելը չի վերջանում...
Երկիրը՝ մանկուրտների ձեռքում
1947 թվականի հոկտեմբերի 8-ի առավոտյան Հայկ Հովակիմյանը զանգահարեց Լուբյանկա եւ խնդրեց ուղարկել իր ծառայողական ավտոմեքենան։ Հեռախոսին մոտեցած հերթապահ սպան մի րոպե ժամանակ խնդրեց եւ երեք րոպե անց պատասխանեց. «Կներեք, ընկեր գեներալ-մայոր, ինձ հայտնեցին, որ Ձեզ այլեւս ծառայողական ավտոմեքենա չի հասնում, կներեք...»։
- Ի՞նչ պատահեց, վատ ե՞ս զգում, Հա՛յկ,- ամուսնու դեմքին նայելով անհանգստացավ Վերան։
- Չէ, Վերա, ես շտապում եմ, կզանգահարեմ կեսօրին,- ասաց ու դուրս եկավ տնից։
Լուբյանկայի մուտքի մոտ հերթապահ կապիտանը ուշադիր զննելով անցաթուղթն ասաց.
- Ներեցեք, ընկեր գեներալ-մայոր, մեզ հրամայված է Ձեզ ներս չթողնել, Ձեր անցաթուղթն այլեւս ուժի մեջ չէ։
Հովակիմյանը ցնցվեց։ Ինչպե՞ս կարող են իրեն ներս չթողնել հետախուզություն։ Ամենուր իր առջեւ դռները բաց են եղել, նույնիսկ՝ Կրեմլի։ Սա Բերիայի ձեռագիրն է, ակնոցավոր այս իժը իր տասը տարվա ոխն է հանում։ Ֆիտինը ճիշտ էր։
- Կողքի կանգնեք, կապիտան, բացեք դուռը,- հրամայեց գեներալը եւ առաջացավ։
- Ես իրավունք չունեմ... Դուք իրավունք չունեք,- կմկմաց երիտասարդ կապիտանը, որին գեներալը մի կողմ շպրտեց։
Նա գիտեր, որ թիկունքից կարող էին կրակել։ Բայց թիկունքից արդեն «կրակել» էին։ Պահպանության խումբը հավաքվեց մուտքի մոտ։
- Ո՞վ է ձեր ղեկավարը, ուղեկցեք ինձ անցագրային բաժին։
Անցագրայինում հերթապահող մայորին հարցրեց նոր անցագրի մասին։ Վերջինս ուշադրությամբ ստուգեց ձեռքի տակ եղած մատյանը։
- Ընկեր գեներալ, Ձեր անունը ոչ մի ցուցակում չկա։ Փաստորեն, Դուք մեր աշխատակիցը չեք։
- Տուր այստեղ,- Հովակիմյանը վերցրեց ցուցակները. մայորը ճիշտ էր ասում։
- Խնդրում եմ՝ ազատեք շենքը,- ոգեւորված կարգադրեց հերթապահ բաժանմունքի պետը։
- Զգա՛ստ,- գոռաց Հովակիմյանը։
Բոլորը քարացան, հերթապահ բաժանմունքի պետը դողում էր վախից։ Նրան թվաց, թե ուր որ է գեներալը կապտակի, եւ՝ չսխալվեց։
- Ուղեկցեք ձեր գեներալ Ֆեդոտովի մոտ,- կարգադրեց Հովակիմյանն ու աստիճաններով բարձրացավ երկրորդ հարկ՝ Մոլոտովի հետախուզության գծով տեղակալ Ֆեդոտովի մոտ։
- Հայկ Բադալովիչ, ընկեր Ֆեդոտովը մեկնել է Լենինգրադ, կլինի վաղն առավոտյան,- վախվորած ասաց օգնականը։
- Հայտնեցեք նրան, որ վաղը, ժամը տասին կլինեմ այստեղ,- ասաց Հովակիմյանն ու դուրս եկավ։ Մուտքի մոտ զգաստ կանգնած էր հերթապահ բաժանմունքի պետ փոխգնդապետը՝ դեմքն ապտակից կարմրած ու վախեցած։ Դուրս գալիս գեներալը ոչնչացնող հայացք գցեց նրա վրա ու ատամների արանքից նետեց. «փսլնքոտներ»։ Դա փոխգնդապետին չէր ուղղված...
***
Առավոտյան Հովակիմյանին տուն զանգահարեց Ֆեդոտովի օգնականը.
- Ընկեր գեներալ, ընկեր Ֆեդոտովն զբաղված է, Ձեզ չի կարող ընդունել։ Խնդրեց փոխանցել, որ Դուք այլեւս մեր աշխատակիցը չեք, եւ արդեն մեկ ամիս է՝ կադրերի տրամադրության տակ եք։
- Իսկ ես Ձեզ խնդրում եմ փոխանցեք Ֆեդոտովին՝ մեկ ժամից կլինեմ այդտեղ, մուտքի մոտ կանգնած լաքեյներին զգուշացրու, Ֆյոդր Արտեմիչ,- եւ ցած դրեց լսափողը։
Լուբյանկայի մուտքի մոտ կանգնած հերթապահող սպաները պատիվ առան ու անխոս բացեցին դուռը։ Փոխգնդապետը չերեւաց։ Ընդունարանում քիչ մարդ կար։ Մոտեցավ օգնականին։ Վերջինս զանգահարեց իր շեֆին։
- Խնդրեմ, ընկեր գեներալ, համեցեք ներս,- ասաց օգնականը։
Ֆեդոտովն ընդառաջ եկավ ողջունելու։ Հովակիմյանը սառը բարեւեց ու անմիջապես հարցրեց.
- Ի՞նչ է կատարվում այստեղ, Պյոտր Վասիլեւիչ, ինչի՞ եք փախչում ինձնից, ինչպես բորոտից։
- Հայկ Բադալովիչ, ես նույնիսկ իրավունք չունեի Ձեզ ընդունելու։ Դուք ճիշտ հասցեով չեք եկել, այս կաբինետում հարցեր չեն լուծվում, ի նկատի ունեմ Ձեր հարցը։
- Լսիր, գեներալ-լեյտենանտ, որ այստեղ հարցեր չեն լուծվում՝ դա վատ է։ Բայց դու չե՞ս կարող մարդավարի բացատրել.
- Ոչ, չեմ կարող, Հայկ Բադալովիչ, չեմ կարծում, թե Դուք դա չեք հասկանում։ Ես ընդամենը հրաման եմ կատարում։
- Ո՞ւմ հրամանը։
Ֆեդոտովն զգուշացավ։ Գլխով ցույց տվեց առաստաղը։ Լուբյանկայում դա ընդունված ժեստ էր։ Նշանակում էր՝ Լավրենտի Պավլովիչ Բերիա։
- Ողորմելի վիճակում եք, Պավել Վասիլեւիչ, մնաք բարով,- ասաց Հովակիմյանն ու առանց հրաժեշտ տալու դուրս եկավ սենյակից։ Դռան շրխկոցից պատի ծեփն ընկավ։
«Դեռ հարցական է, թե ով է ավելի ողորմելի վիճակում», մտքում ասաց Ֆեդոտովն ու հանգիստ հոգոց հանեց, ասես հենց նոր փրկվել էր գնդակահարությունից։
***
Մոտ մեկ շաբաթ Հովակիմյանը փորձում էր պարզել իր կարգավիճակը։ Գրեթե բոլոր «փակ դռների» անցագրերն ուներ։ Փորձի համար գնաց Արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարություններ։ Իր անցագրերը ժամկետանց չէին, բայց ամեն տեղ ազգանվան տակ կարմիր մատիտով գիծ էր քաշված՝ Հովակիմյանի մուտքն արգելվում է։ Համոզվեց, որ իր մասին ամենայն ուշադրությամբ «հոգ են տարել»։ Ցմահ արգելված էր արտասահման մեկնելը։ Դա իրեն չէր էլ հետաքրքրում, երբեւէ մտքով չանցավ այնտեղ մեկնել։
- Կարգավիճակս պարզեցի, Վերա,- հոկտեմբերի վերջին դառը կատակով ասաց Հայկը,- տնային կալանքի տակ եմ, բանտապետը դու ես, ամերիկացիները չկարողացան նստեցնել, բայց իմ տանը, իմ հայրենիքում ես դեռ երկար կնստեմ։
Հետախույզի 16 տարվա լարված, անհանգիստ, ամեն ակնթարթ վտանգի սպասող ոդիսականն ավարտվում էր։ Ընդամենը 49 տարեկան էր, ուղիղ մեկ տարի ինքն իրեն բանտեց տան մեջ՝ չհասկացված երգի նման ու գահընկեց արքայի պես։ Գերազանց ճանաչելով Լավրենտի Բերիայի ձեռագիրը, թաքուն տագնապում էր կնոջ ու աղջկա համար։ Ամեն գիշեր սպասում էր՝ ուր որ է, կթակեն դուռը եւ ձեռնաշղթաներ հագցնելով, ընտանիքի հետ միասին կնստեցնեն Սիբիր տանող գնացքը։
Հիասթափությունը, ծանր ապրումները, հայրենիքին անմնացորդ նվիրվելուց հետո իր նկատմամբ նույն հայրենիքի երախտամոռ վերաբերմունքը առողջության վրա իրենց դրոշմը դրին։ Հաճախ էր սրտի նոպաներ ունենում։ 1947-ից սկսեց տառապել շաքարախտով։
Բայց նա գիտեր, որ հայրենիք կոչվածը ոչ Ստալինն է, ոչ էլ, առավել եւս՝ Բերիան։ Հոգեկան ծանր դրամա ապրելով հանդերձ, կարողացավ հաղթահարել հուսահատությունն ու հիվանդությունը։ Խուսափում էր բազում ընկերներից ու ծանոթներից։ Նրանց վտանգի չենթարկելու համար աշխատում էր շփումներ չունենալ։ Խուսափում էին նաեւ իրենից։ Բայց այդ ծանր շրջանում միշտ իր հետ էին Կարո Հալաբյանը, Հովհաննես Իսակովը, Արամ Խաչատրյանը, Ռուբեն Սիմոնովը։ Փոխադարձ այցելությունները ցրում էին ժամանակի տաղտուկը...
Բայց հետագա տարիներին էլ, մինչեւ Ստալինի ու Բերիայի մահը, նա ամեն գիշեր սպասում էր դռան թակոցին։
1948 թվականի փետրվարի 11-ի գիշերը դուռը թակեցին։ Նայեց ժամացույցին, ուղիղ տասներկուսն էր։ Մոտեցավ, ականջ դրեց՝ ոչ մի ձայն։ «Դե, հերն էլ անիծած», ասաց ինքն իրեն եւ միանգամից բացեց դուռը։
Հակաժողովրդական ֆորմալիստը
Արամ Խաչատրյանն էր, անհանգիստ, լարված, հուզմունքից ատամները սեղմած։ Փակվեցին իր սենյակում։ Արամ Իլյիչը չէր կարողանում զսպել հուզմունքը։
- Ինձ հակաժողովրդական ֆորմալիստական ուղղության ներկայացուցիչ հռչակեցին, Հայկ, ի՛նձ, պատկերացնո՞ւմ ես, իմ երաժշտությունը հակաժողովրդական է...,- վերջապես խոսեց կոմպոզիտորը։ Հովակիմյանը հանգստացրեց, թեյ հյուրասիրեց ու դիմեց մաեստրոյին.
- Արամ Իլյիչ, հակաժողովրդականը իրենք են, հանգստացիր, ամեն ինչ կհարթենք, միայն դու մանրամասն ներկայացրու՝ ինչն ինչոց է։
Խաչատրյանը Հոկտեմբերյան մեծ հեղափոխության 30-ամյակին նվիրված մի պոեմ-սիմֆոնիա էր գրել, որը Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում, Պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ բեմադրվեց դեկտեմբերի 25-ին։ Դիրիժորը Ե. Մռավինսկին էր։ Առաջին անգամ երգեհոն էլ օգտագործեց։ Նվագում էր Ի. Բրաուդոն։ Հովակիմյանը ներկա էր համերգին։ Շատ տոնական ու հզոր թափով էր արված։ Նվագախմբի քանակը եռապատկված էր։ Բայց գործն այդքան էլ հաջողված չէր։ Ներկայացումից արդեն մեկուկես ամիս էր անցել...
- Երեկ ԽՄԿԿ Կենտկոմը երաժշտության մասին որոշում կայացրեց,- սկսեց պատմել Արամ Իլյիչը,- մեզ էլ էին կանչել։ Այսօրվա բոլոր թերթերի առաջին էջում այդ մասին է գրված, տես,- եւ Հովակիմյանին մեկնեց օրվա «Պրավդա»-ն։
- Ինձ, Շոստակովիչին, Պրոկոֆեւին, Պոպովին եւ էլի երկու հոգու մեղադրում են, համարելով հակաժողովրդական ֆորմալիստական ուղղության ներկայացուցիչներ։ Հայկ, ամբողջ խնդիրն այն է, որ կարծես թե իրենք ճիշտ են։ Հիշո՞ւմ ես իմ պոեմ-սիմֆոնիան, «Գայանե» բալետի սուսերով պարը, դրանք երեւի ֆորմալիստական գործեր են,- հուսահատ ասաց Խաչատրյանը։
- Արամ Իլյիչ, քեզ նման հանճարեղ կոմպոզիտորը ինչպե՞ս կարող է նման բաներ ասել։ Կներես, որ կոպիտ եմ խոսում, բայց խելքդ տվել ես դրանց ու հավատում ես որակումների՞ն։ «Գայանեն» սքանչելի գործ է, սուսերով պարը՝ առավել եւս։ Ֆորմալիստական ոչինչ չկար եւ քո պոեմ-սիմֆոնիայում։
- Լսիր, ես ուզում էի անկեղծորեն մեծ գործ նվիրել հեղափոխության 30-ամյակին։ Բայց պոեմ սիմֆոնիայում երեւի միջոցների ընտրության հարցում սխալվեցի, շեփորները շատ էին, փորձեցի երգեհոնը հոգեւոր ոլորտից բերել աշխարհիկ։ Չափի զգացողությունը կորցրել էի... հիմա ի՞նչ եմ անելու, էլ չեմ գրի, երեւի։
- Դե վերջ տուր, Արամ Իլյիչ։ Այդ կուսակցական տառակերները քո եղունգը չարժեն։ Նրանք ավազի վրա թափված ջրի պես կկորչեն, քո երաժշտությունը հավերժ է, հասկացա՞ր։ Ե՞ս պիտի ասեմ։ Խնդրում եմ հետեւյալը՝ գիտեմ, երեխայի պես հուզվող ես, ծանր վիրավորել են քեզ, բայց պինդ կաց։ Ամեն ինչ անցողիկ է։ Թքած ունեցիր, վերջապես։ Երբեւէ նման բաներ չասես քո ստեղծագործությունների մասին։ Նրանց ջրաղացին ջուր ես լցնում։ Իսկ ես վաղն առավոտից կզբաղվեմ քո գործով, մարդ կճարենք, պատիժ կոչվածը կմեղմենք։ Դու հո գիտես, որ ես դա կարող եմ...
- Հայկ, քո դիրքն առաջվանը չէ։ Նրանք խուսափում են նույնիսկ քո ազգանունը տալուց, ես չեմ եկել օգնություն խնդրելու, չնայած դրա կարիքն ունեմ։ Պարզապես ուզեցի պատմել։ Այսքանը։
- Օ՜, բարեկամս, դու դեռ ինձ չգիտե՜ս։ Նույնիսկ ամերիկացիներն էին ինձ «խորամանկ հայ» ասում։ Եվ հետո՝ իմ գործը հեշտ է. հո գեներալ Հովակիմյանի համար չե՞մ միջնորդում, այլ մեծ կոմպոզիտոր Խաչատրյանի։ Ես քո բնավորությունը գիտեմ, թուլություններդ նույնպես, շուտ խոցվում ես ու երկար ժամանակ վերքերդ չեն բուժվում։ Իմացիր՝ ամեն ինչ լավ կլինի,- ու գրկեց, համբուրեց Խաչատրյանին։
Հուզմունքից աչքերը լցվեցին. «Ինչ են ուզում այս բյուրեղյա մարդուց։ Տականքներ, ե՞րբ եք հանգստանալու»։
- Կմնա՞ս գիշերելու, Արամ Իլյիչ, մինչեւ առավոտ երաժշտություն կլսենք, կխոսենք, իսկ առավոտյան ես գործի կանցնեմ։
- Երաժշտություն չեմ ուզում լսել։ Ամեն ինչից հոգնել եմ։ Դուրս գանք քայլելու, հետո՝ կգնամ։
***
Էգինան հետո կհիշի, թե ինչպես մի երեկո հայրը ուրախ տրամադրությամբ եկավ տուն ու հարցրեց. «Արամ Իլյիչը չի՞ զանգահարել»։ Հետո ասաց, որ ամեն ինչ կարգին է, նրան էլ չեն հալածի։
- Գուցե մի որոշ ժամանակով գնա Հայաստան, մաքուր օդ շնչի։ Մոսկովյան այս գաղջ, անտանելի մթնոլորտից մի քիչ օձիքն ազատի։ Լավ կլինի, մնում է՝ ինքն իր վերքերն ամոքի։
Կարողացե՞լ էր արդյոք Հովակիմյանն օգնել Արամ Իլյիչին։ Դժվար է պատասխանել։ Կարեւորն այն էր, որ Արամ Իլյիչին, իսկապես, էլ չհետապնդեցին։
Տարիներ անց Էմիլ Խաչատրյանը պետք է խոստովաներ, որ Շոստակովիչին ու Պրոկոֆեւին շարունակում էին հալածել, իսկ Խաչատրյանին հանգիստ թողեցին։ Ոչ ոք չիմացավ, թե ինչ աներեւույթ ձեռք նրան հովանի եղավ։ Բայց նույն Շոստակովիչն արհամարհելով իր նկատմամբ բռնաճնշումները, շարունակում էր նոր ստեղծագործություններ գրել։ Արամ Իլյիչն այդ առումով մի քիչ ուշ ուշքի եկավ։
Հիշեցին
Անցել էր ուղիղ մեկ տարի, ինչ Հովակիմյանի անունը ջնջել էին պետանվտանգության մարմինների բոլոր ցուցակներից։ Չէին կարող կպչել միայն արխիվներին, բայց դրանք էլ մոտ վաթսուն տարի «Հույժ գաղտնի» խորագրի տակ անթեղելու էին պետանվտանգության նկուղներում։... Ինչպես միշտ, հարազատները Երեւանից իշխան ձուկ ու փշատ էին ուղարկել Հովակիմյաններին։
- Երկու օրից պապիդ եղբոր՝ Խաչատուր Աբովյանի մահվան 100-ամյակին նվիրված երեկո է լինելու,- ասաց Հովակիմյանը Վերային, որն իսկապես Աբովյանի հարազատներից էր՝ Վշտասպուհի Աբովյանը,- երեկոյան ընկերներով կհավաքվենք մեր տանը, տղաներին իշխան կհյուրասիրեմ։
1948-ի սեպտեմբերի 16-ին Միությունների տան սյունազարդ դահլիճում ասեղ գցելու տեղ չկար։ Նշում էին Խ. Աբովյանի մահվան տարելիցը։ Ելույթներ ունեցան Տաթեւիկ Սազանդարյանը, Առնո Բաբաջանյանը, Պավել Լիսիցյանը, Վալենտինա Պոպովան, Զեմֆիրա Սեդրակյանը, Սերգեյ Կորենը, Օգանեզովան, Գարագաշը։
Երեկոյան հայերով հավաքվեցին Հովակիմյանների հյուրընկալ օջախում։
- Ձեզ զգացեք, ինչպես Խաչատուր Աբովյանի տանը,- ասաց Հայկը,- վերջապես Աբովյանների փեսա եմ, չէ՞։
Երեկոյի ընթացքում Կարո Հալաբյանը հարցրեց, թե ի՞նչ լուր կա իր գործերից։
- Օ՜, լուր իսկապես կա։ Երեկ համակարգից հեռանալու դիմում ներկայացրի,- ասաց Հովակիմյանը,- պարզվում է՝ մեկ տարի համբերությամբ սպասել էին։ Սկզբում դիմումս չստորագրեցին, խնդրեցին կեսօրից հետո անցնել։ Դե ես էլ՝ անցա։ Պարզվեց՝ դիմումս տարել էին Լավրենտի Պավլովիչին ցույց տալու, երեւի՝ որպես աչքալուսանք։ «Ուզո՞ւմ է, թող գնա, մեծ կորուստ չէ, չենք ափսոսա», ասել էր մեծն Բերիան։ Այնպես որ՝ ազատ թռչուն եմ՝ վանդակի մեջ։
***
Մի երեկո Էգինան փոստից ինչ-որ ծրար բերեց։ Հովակիմյանը զարմացած էր։ Չէր հավատում աչքերին։ ԽՍՀՄ քիմիական արդյունաբերության նախարար Մ. Գ. Պերվուխինը հանդիպում էր խնդրում։ Ժամանակին «Էնորմոզի» գործով հաճախ էին հանդիպում։ Խելացի, շիտակ մարդ էր Պերվուխինը։ Կուրչատովին ուղղված փաստաթղթերը Հովակիմյանը երբեմն նրա միջոցով էր ուղարկում։ Օրգանական քիմիայի ոլորտում Հովակիմյանի մի շարք նորարարություններ Պերվուխինը բարձր էր գնահատել եւ արտադրելու թույլտվություն մակագրել։ Բայց ի՞նչ է ուզում իրենից։ Ինչո՞ւ է հիշել։
Նախարարությունում շատ ջերմ ընդունեցին։ Պերվուխինն անմիջապես ներս հրավիրեց.
- Հայկ Բադալովիչ, ես Ձեզ երկու ամիս է փնտրում եմ։ Ոչ ոք հասցեն չի տալիս։ Նոր եմ իմացել Ձեր պատմությունը։ Դաժան ու անարդարացի են վարվել, ինչպես հաճախ,- անկեղծացավ Պերվուխինը։
- Ով՝ ով, ես հո լավ գիտեմ, թե Դուք ինչ եք արել հայրենիքի համար։ Ես Ձեզ մեծ խնդրանք ունեմ։ Գիտեմ, մեծ է վիրավորանքը։ Բայց խնդրում եմ ամեն ինչ մի կողմ դնել եւ ընդունել իմ առաջարկը։ Ուզում եմ այսօրվանից ստանձնեք թիվ 94 գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պարտականությունները։ Ես գիտեմ, Դուք տաղանդավոր գիտնական եք նաեւ։ Կազմակերպչական ընդունակությունների մասին էլ չեմ խոսում։ Եվ վերջապես, Ձեզ համար խորթ չէ այդ ինստիտուտը։ Ութ տարի Նյու Յորքից ուղարկած Ձեր արժեքավոր տեղեկությունները միս ու արյուն են ստացել հենց այդ հաստատության լաբորատորիաներում։ Հը, ի՞նչ կասեք։ Այս էլ՝ հրամանը։
Իսկապես հրամանը պատրաստ էր։ Հովակիմյանը լռում էր։ Պերվուխինն անհանգստացավ։ Անսխալ ճանաչելով խոսակցին, գիտեր, որ պրոֆեսիոնալ հետախույզը աներեւակայելի արագ մտածող ու վճիռ կայացնող մարդ է։ Ուրեմն ի՞նչն է անհանգստացնում։
- Դուք լա՞վ եք մտածել, ընկեր Պերվուխին։
- Այո, իհարկե։
- Հետեւանքների մասին է՞լ եք մտածել։ Օրինակ՝ Լավրենտի Բերիան գիտի՞ այս մասին։
- Դե, գիտե՞ք ինչ, Հայկ Բադալովիչ, ես Ձեզ ճիշտ եմ հասկանում, բայց սա գիտության ոլորտ է, որոշումը ես եմ կայացնում։
- Իսկ կա՞ մի ոլորտ, որտեղ նա գործ չունենա։
- Հիմա դա կարեւոր չէ։ Ես գիտեմ՝ ինչ եմ անում։
- Այդ դեպքում շնորհավորում եմ Ձեզ։ Ճորտի զգացումը Ձեր մեջ վաղուց մեռել է կամ չի էլ եղել։
- Այդ ես եմ Ձեզ շնորհավորում, Հայկ Բադալովիչ։ Այսուհետ հաճախակի կհանդիպենք։
***
Վերայի ուրախությանը չափ չկար։
- Տեսա՞ր, որ կարգին մարդիկ էլ կան մեր շրջապատում, Հայկ։ Մարդը չի մոռացել անցյալը։ Իսկ դու ասում էիր՝ սրանք բոլորի ուղեղներն ու հիշողությունը ջնջող ապարատ են։
- Էդ ինչի՞ ես էդպես ուրախացել, ինձնից պրծնում ես հա՞, էլ տանը չեմ լինելու,- կատակեց Հայկը։... Քիմիական գիտությունների դոկտոր, թիվ 94 գիտահետազոտական ինստիտուտի նորանշանակ տնօրեն Հայկ Հովակիմյանն աշխատանքի ներկայացավ... պետանվտանգության գեներալի համազգեստով (նա երբեք չհանեց համազգեստը, շատերը մտածում էին, որ այս քայլը պրոֆեսիոնալ հետախույզի կողմից բողոքի նշան է՝ համակարգից իրեն անարդարացիորեն հեռացնելու դեմ)։
Խորհրդային ատոմայինի ծնունդը
Մոսկվա։ Կրեմլ։ 30 օգոստոսի, 1949թ.։
Բերիան, հաստափոր թղթապանակը թեւատակին, խոշոր քայլերով երկար միջանցքով շտապում էր Ստալինի ընդունարան։ Միջանցքի պատուհաններից թափանցող արեւի ցոլքերը մերթընդմերթ փայլատակում էին նրա հրճվալից դեմքից անպակաս պենսնեի ապակիների վրա։
Երեկ առավոտյան Սեմիպալատինսկի մոտակայքում տեղի ունեցավ խորհրդային ատոմային ռումբի փորձարկումը, որը փայլուն արդյունք տվեց։ Բերիան մինչեւ վերջ չէր հավատում հաջողությանը։ Երբ պայթյունից հաշված վայրկյաններ էին մնացել, նա Կուրչատովի ականջին փսփսաց. «Միեւնույն է, ոչինչ չի ստացվելու, Իգոր Վասիլեւիչ»։ Բայց պայթյունից հետո հենց ինքն էլ առաջինը գրկախառնվեց ու համբուրեց նրան։
Ստալինի տրամադրությունը տոնական էր։
- Լավրենտի, արագ կազմեք այս գործում աչքի ընկած գիտնականների ցուցակը, որպեսզի ըստ արժանվույն պարգեւատրենք նրանց։
- Ցուցակը վաղուց է պատրաստ, ընկեր Ստալին։
- Իսկ ինչո՞ւ է վաղուց պատրաստ։ Ես հենց նոր որոշեցի։
- Այդ ցուցակը նախօրոք եմ կազմել, հենց այնպես, բոլոր դեպքերի համար։
- Ինչպե՞ս հասկանամ,- ձայնը խստացրեց Ստալինը։
- Շատ պարզ, ընկեր Ստալին։ Եթե հանկարծ ռումբը չպայթեր, մենք խստորեն կպատժեինք նրանց՝ ընդհուպ մինչեւ գնդակահարություն։ Դրա համար էլ նախօրոք ցուցակ էի կազմել։
- Իսկ ով էր, այդ դեպքում, երկրորդ ռումբն ստեղծելու,- հանգիստ, առանց զարմանալու, հարցրեց Ստալինը։
- Մենք հավաքել էինք գիտնականների երկրորդ՝ պահեստային խումբը...
- Լավրենտի, ստացվում է այսպես. կամ կուրծքը խաչերի մեջ, կամ գլուխը՝ թփերո՞ւմ։
- Ճիշտ այդպես, ընկեր Ստալին, երկու հաշվարկ կար. կամ գնդակահարություն, կամ հերոսի կոչում։
- Իսկ դո՛ւ Լավրենտի, պարգեւատրվողների այդ ցուցակում կա՞ս,- հանկարծ հարցրեց Ստալինը։
- Այո, ընկեր Ստալին։
- Եվ ո՞ր համարի տակ ես, Լավրենտի,- Ստալինն ուղիղ խոսակցի աչքերին էր նայում։
- Դե, առաջին, ընկեր Ստալին, ըստ այբուբենի՝ ինչպես կարգն է...
- Իսկ դու հիշո՞ւմ ես, թե ինչ գրեց ակադեմիկոս Կապիցան քո մասին։ Դիրիժորը պետք է ոչ միայն տարուբերի փայտիկը, այլեւ իմանա պարտիտուրը։ Ինչպես տեսնում եմ, վիճակդ նույնիսկ այբուբենի հարցում է վատ։ Դու լսե՞լ ես, որ որեւէ ազգի այբուբեն «Բ» տառով սկսվի։ «Ա» տառով գիտնական չունե՞նք, թե պարզապես ուզում ես առաջինը միշտ դու լինես։
Բերիան գույնը գցեց։
- Լավրենտի, ինչո՞ւ ցուցակում չկան այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են Ալիխանովը, Արցիմովիչը եւ նոր միայն նրանցից հետո՝ ըստ այբուբենի։ Լավ, վաղը ցուցակը բեր, կորոշենք՝ ում ինչով պարգեւատրել։
Երբ Բերիան դռների մոտ էր, Ստալինն ասաց.
- Հա, Լավրենտի, մոռացա հարցնեմ, դու ա՛յն ցուցակում է՞լ կայիր, որոնց պետք է գնդակահարեին։
Բերիան սփրթնեց.
- Ոչ, ընկեր Ստալին։
- Իզուր, Լավրենտի, իզուր։ Դու էլ ես, ախր, պատասխանատու այս գործում։ Լավ, գնա։
***
Մի քանի օր անց Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում ստացան Կուրչատովը, Խարիտոնը, Զավենյագինը, Զելդովիչը, Վաննիկովը, Շչյոլկինը, Ֆլյորովը, Դուխովը։ Պետությունը նրանց խոշոր գումարներ տվեց, նվիրեց ԶԻԼ-110 եւ «Պոբեդա» ավտոմեքենաներ, իսկ ընտանիքների անդամներին ԽՍՀՄ-ում ցմահ անվճար երթեւեկելու եւ երեխաներին՝ ցանկացած բուհ ընդունվելու իրավունք։ Որոշ ժամանակ անց հինգ հետախույզներ պարգեւատրվեցին Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով՝ Սեմյոն Սեմյոնովը (Տվեն), Անատոլի Գորսկին (Վադիմ), Ալեքսանդր Ֆեկլիստովը (Կալիստրատ), Վլադիմիր Բարկովսկին (Ջերրի), Անատոլի Յացկովը (Յակովլեւ)։ Իսկ Լեոնիդ Կվասնիկովը Կուրչատովի միջնորդությամբ արժանացավ Լենինի շքանշանի։
Այս լուրերը Հովակիմյանը շատ հանգիստ ընդունեց։ Գիտեր, որ իրեն մոռանալու են։ Բոլոր պարգեւատրվածներն իր ենթականերն էին եւ մշտապես կատարել էին ի՛ր հանձնարարությունները, մասնակից էին եղել ի՛ր մշակած ծրագրերին եւ գործողություններին։
***
Մոտ երեք տարի քիմիական գիտությունների դոկտոր Հայկ Հովակիմյանը ղեկավարեց ԽՍՀՄ քիմիական արդյունաբերության նախարարության ազոտային արդյունաբերության պետական գիտահետազոտական եւ նախագծային ինստիտուտը։ Նրա օրոք ինստիտուտի աշխատանքային ծավալները կրկնապատկվեցին։ Գիտական հաստատության հեղինակությունն այնքան բարձր էր, որ արտասահմանյան մի շարք հանրահայտ գիտնականներ սկսեցին համագործակցել ինստիտուտի հետ։ Այդ ընթացքում անձամբ Հովակիմյանը մի քանի տասնյակ հայտնագործությունների հեղինակ դարձավ։ Գիտական աշխարհում հաշվի էին նստում քիմիկոսի կարծիքի հետ։ Նրա շատ գյուտերի տեղեկանքների մեջ թեմայի անվան դիմաց նշված են. «Ենթակա չէ հրապարակման»։ Այսինքն՝ գյուտերի մի մասն օգտագործվում էր ռազմական արդյունաբերության մեջ։
1951 թվականի հուլիսի վերջին Միությունների տան սյունազարդ դահլիճում գիտական կարեւոր մի կոնֆերանսի ժամանակ իրար դեմ-դիմաց հայտնվեցին Լավրենտի Բերիան եւ Հայկ Հովակիմյանը։ Ընդմիջման ժամանակ Բերիան իր շքախմբով անցնում էր միջանցքով։ Բոլոր գիտնականները գլխի խոնարհումով բարեւում էին նրան ու ճանապարհ տալիս։ Մի խումբ գիտնականներ խմբված էին Հայկ Հովակիմյանի շուրջ եւ ուշադիր լսում էին նրա բացատրություններն ինչ-որ հարցի վերաբերյալ։ Բերիան հեռվից նկատեց գեներալի համազգեստով գիտնականին։ Երբ հավասարվեց այդ խմբին եւ արդեն անցնում էր, մի պահ կանգ առավ ու կտրուկ շրջվեց դեպի Հովակիմյանը։ Պենսնեի վրայից սուր, թունավոր հայացքը գամեց գեներալի վրա։ Ի տարբերություն շրջապատի, գեներալը գլուխ չխոնարհեց ու չբարեւեց «երկաթյա» Բերիային։ Հովակիմյանը, արտաքուստ հանգիստ, հայացքը հառեց Բերիայի պենսնեին։ Գրեթե մի րոպե տեւած հայացքների փոխհրաձգության ընթացքում շրջապատը քարացած ու տագնապով սպասում էր դեպքերի ընթացքին։ Բերիայի դեմքի մկանների անհանգստությունը պարզ տեսանելի էր, շրջապատը մտածում էր՝ ուր որ է՝ կպայթի։ Հովակիմյանը, հեգնական ժպիտը չթաքցնելով, անթարթ նայում էր ախոյանի աչքերին։ «Հը, գարշելի ժողկոմ, հիմա՞ ինչ որոգայթ ես լարելու», մտածեց Հովակիմյանը։ Բերիան չէր կարող չնկատել շրջապատի անհանգստությունը, այս ակնթարթն ինքը տանուլ էր տալիս։ Քայլն իրենն էր։ Եվ Բերիան առաջինը գլխով բարեւեց, սպասեց, ստացավ բարեւի պատասխանն ու արագ հեռացավ։
Նույն պահին Հովակիմյանը, Բերիային լսելի, բարձրաձայն դիմեց գիտնականներին. «Հա, ինչ էի ասում, այդ խնդիրը մենք արդեն լուծել ենք...»։
Հինգ օր անց Հովակիմյանին կանչեցին նախարարություն։ Փոխնախարարը շնորհակալություն հայտնեց բեղմնավոր, արդյունավետ աշխատանքի համար եւ ասաց, որ ղեկավարությունը նպատակահարմար է գտնում բազմաթիվ հայտնագործությունների հեղինակ Հայկ Հովակիմյանին նշանակել իր իսկ ղեկավարած գիտահետազոտական ինստիտուտի լաբորատորիայի վարիչ։ Տնօրեն նշանակվեց մեկ ուրիշը։
- Շնորհակալություն՝ վստահության համար։ Ես զինվոր եմ, ղեկավարությունը եթե այդպես է նպատակահարմար գտնում, ես կղեկավարեմ լաբորատորիան,- հանգիստ ասաց գեներալը,- իսկ այժմ երեւի կառաջարկեք արձակուրդ գնալ։
- Այո, Հայկ Բադալովիչ, մեկ ամիս հանգստացեք, հետո՝ անցեք գործի։
Մի քանի օր անց Հովակիմյանը մեկնեց Հայաստան։
Սեպտեմբերին վերադարձավ Մոսկվա եւ աշխատանքը շարունակեց լաբորատորիայում...
***
1953 թվականի մարտի 5-ին Ստալինը վախճանվեց։ Համընդհանուր սուգ էր։ Մոտիկից անձամբ ճանաչողները դժվարությամբ թաքցնում էին իրենց հրճվանքը, հեռվից ճանաչող ժողովուրդը ողբերգություն էր ապրում։ Մի գիշերվա մեջ Բերիան միացրեց Պետանվտանգության եւ Ներքին գործերի նախարարությունները։ Չնայած Ստալինին ձեւականորեն փոխարինում էր Մալենկովը, իրական իշխանությունը Բերիայի ձեռքում էր։ Մինչեւ իշխանության վերջնական զավթումը մեկ քայլ էր մնացել։ Բերիան քաղաքական ժեստ արեց՝ բանտերից ու աքսորավայրերից ազատեց մի քանի տասնյակ հազար բռնադատվածների (նրանց թվում էր նաեւ Մոլոտովի հրեա կինը՝ Ժեմչուժինան)։ Սա մի քայլ էր, որով ուզում էր ապացուցել, որ բոլոր բռնությունների կազմակերպիչը Ստալինն էր։ Սակայն Քաղբյուրոյի յուրաքանչյուր անդամ գերազանց գիտեր, որ Բերիան բոլորի դեմ վարկաբեկիչ նյութեր ունի։ Ստալինի մահից հետո նա մրցակից չէր տեսնում։
Բայց Բերիան սխալվեց։ Նա թերագնահատեց Խրուշչովի հնարավորությունները։ Եվ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։
Բերիային մերկացնելու նպատակով կազմակերպվող դավադրության սկզբում Խրուշչովի հետ համագործակցում էին պաշտպանության նախարար Բուլգանինն ու իր տեղակալ, մարշալ Ժուկովը։ Հետագայում նրանց միացան Մալենկովը, Բերիայի տեղակալ Սերգեյ Կրուգլովը եւ ուրիշներ։
1953-ի հունիսի 26-ի Գերագույն խորհրդի հատուկ նիստին մասնակցող Լավրենտի Բերիան, ոչինչ չէր կասկածում մինչեւ Խրուշչովի ելույթը։ Նիստը պետք է բացեր Մալենկովը եւ ձայն տար Խրուշչովին։ Սակայն նա, «բերանը ջուր» կտրած, վախից լռում էր։ Դրությունը փրկեց Նիկիտա Խրուշչովը, որը տեղից բարձրանալով, հայտարարեց. «Օրակարգում մեկ հարց է. իմպերիալիզմի գործակալ Բերիայի հակակուսակցական պառակտողական գործունեությունը։ Առաջարկություն կա նրան հանել նախագահության եւ Կենտկոմի կազմից, հեռացնել կուսակցությունից եւ հանձնել զինվորական տրիբունալի դատարանին։ Ովքե՞ր են կողմ»։ Քվեարկությունից առաջ պայմանավորվածության համաձայն, Մալենկովը սեղմեց սեղանի տակ տեղադրված գաղտնի կոճակը, եւ զինված սպաների խմբով դահլիճ մտավ Ժուկովն ու ձերբակալեց Բերիային։
Այս մասին հանրությանը տեղյակ պահվեց միայն հուլիսի 10-ին։ Դեկտեմբերի 24-ին հայտարարվեց, որ Գերագույն դատարանը Բերիային եւ նրա եւս վեց կամակատարների մեղավոր է ճանաչել «կապիտալիզմի վերականգնման եւ բուրժուական կարգերի հաստատման» նպատակով կազմակերպված դավադրության մեջ (նրանց թվում էին նաեւ նախկին անվտանգության պետ Մերկուլովն ու արտաքին հետախուզության պետ Դեկանոզովը)։ Նրանք գնդակահարվեցին։
«Կյանքս թեթեւ տանուլ տված գըրազ եղավ, անցկացավ»
1953 թվականի օգոստոսի 11-ի երեկոյան լաբորատորիայից տուն վերադառնալով, Հովակիմյանն անակնկալի եկավ կնոջ եւ ընկերների «դավադրությունից»՝ առատ սեղանի շուրջ իրեն էին սպասում Կարո Հալաբյանը, ծովակալ Հովհաննես Իսակովը, Արամ Խաչատրյանը, Ռուբեն Սիմոնովը, կինոռեժիսոր Կալատոզովը, փորձարկող օդաչու Կոկինակին, իր եղբայրը՝ Աշոտը (որն այն ժամանակ Հայաստանի կառավարությունում գործերի կառավարիչն էր)։ Հայկի սենյակ մտնելուն պես, Իսակովը բաժակ բարձրացրեց.
- Բոլորի սիրելի Հայկ Բադալովիչ, այսօր լրացավ քո ծննդյան 55 տարին, եւ Մոսկվայի հայ համայնքը, Հայաստանից ժամանած մեր ընկերների հետ միասին պիտի իսկական հայկական քեֆ անենք։
- Միայն մի դեպքում, Հովհաննես Ստեփանովիչ, որ այսքան մարդու ներկայությամբ վերջապես խոստանաս աշնանը մեկնել հայրենիք՝ Երեւան, քո ասած իսկական հայկական քեֆն այնտեղ անելու,- ասաց Հովակիմյանը։
- Խոստանում եմ, Հայկ Բադալովիչ, դու այստեղի բոլոր հայերին հորդորում ես հաճախակի լինել հայրենիքում։ Մենք կհետեւենք քո օրինակին,- ասաց ծովակալը։... Երկու ամիս անց Իսակովը տիկնոջ հետ մեկնեց Երեւան՝ եղավ Հովակիմյանների ընտանիքում, մեկ ամիս շրջեց Հայաստանում, նրան ջերմ ընդունելության արժանացրին Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանն ու կառավարության ղեկավար Անտոն Քոչինյանը։ Նրանց զանգահարել եւ զգուշացրել էր Հայկ Հովակիմյանը։
Տարիներ անց իրենց հուշերում դուստրը՝ Էգինան եւ միակ թոռնիկը՝ Կարինեն, կպատմեն, թե որքան հաճախակի էին Մոսկվայի Բոլշոյ կոմսոմոլսկի նրբանցքի իրենց բնակարանում հյուրընկալվում Հայաստանի ղեկավարները։
- Նրանք պապիս հետ փակվում էին նրա առանձնասենյակում եւ ժամերով ինչ-որ նախագծեր, ծրագրեր ուսումնասիրում։ Պապս, թե քիմիական արդյունաբերության, թե ցանկացած ոլորտում պատրաստակամությամբ հայրենիքին օգնում էր իր ուժերի ներածին չափով,- հիշում է թոռը՝ Կարինե Դարբինյանը։
***
Մինչեւ 1967 թվականի աշնանը պետանվտանգության գեներալ-մայոր Հայկ Հովակիմյանը ղեկավարում էր ազոտային արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտի լաբորատորիան։
Աշնանային մի երեկո շաքարախտի եւ սրտի անբավարարության պատճառով անկողին ընկավ։
Վերան կողքից չէր հեռանում։ Բժիշկները ոչ մի հույս չէին տալիս։ Ընդամենը մեկ շաբաթ պառկեց անկողնում։ Անընդհատ Հայաստանից ու հարազատներից էր խոսում։
Հոգին ավանդելու պահին ամուր սեղմեց Վերայի ձեռքն ու հազիվ լսելի շշնջաց.
- Հիշո՞ւմ ես Թումանյանի՝ իմ սիրած քառատողը. «Կյանքս թեթեւ տանուլ տված գըրազ եղավ, անցկացավ»... Ոչինչ չհասցրի անել... ոչինչ չարեցի...
Սա նրա վերջին խոսքն էր։ Եվ դա ասում էր լեգենդար հայորդին, տաղանդավոր գիտնականն ու հետախույզը, որի մասին մահից երեսուն տարի անց պատմաբանները, ուսումնասիրելով պետանվտանգության գերգաղտնի փաստաթղթերը, զարմանքով վկայելու էին, որ երկրի պատմությունը բաց թողնված էջեր ունի՝ ի նկատի ունենալով Հայկ Հովակիմյանի կենսագրությունը։
***
1996 թվականի մայիսի 28-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Բորիս Ելցինի հրամանագրով «Հերոսության եւ արիության դրսեւորմամբ կյանքը վտանգի ենթարկելով, պետական անվտանգության ապահովման նպատակով հատուկ հանձնարարությունների բարեհաջող կատարման համար» արտաքին հետախուզության աշխատակիցներ Վլադիմիր Բարկովսկուն, Լեոնիդ Կվասնիկովին (ետմահու) Լեոնտինա Կոենին (ետմահու), Ալեքսանդր Ֆեկլիստովին, Անատոլի Յացկովին (ետմահու) շնորհվեց Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում։ Մեկ տարի առաջ՝ 1995-ի հուլիսի 20-ին ետմահու հերոսի կոչում էր տրվել Մորիս Կոենին։
Այս բոլոր վեց հետախույզներն ու գործակալները գործում էին գեներալ-մայոր Հայկ Բադալի Հովակիմյանի ղեկավարությամբ եւ նրա անմիջական «հատուկ հանձնարարություններով»։ Սակայն ՌԴ նախագահի հրամանագրում զարմանալիորեն տեղ «չգտավ» Հայկ Հովակիմյանի ազգանունը, չնայած մեծ հայորդին, կյանքը բազմիցս վտանգելով, առավել ու անհավանական թվացող արդյունքների էր հասել։ Գուցե մտածե՞լ էին (կամ թողել էին), որ անկախ Հայաստանի Հանրապետությունը մի օր արժանին կհատուցի իր զավակին։
ծանոթագրություններ
* Անատոլի Գորսկի - Ծնվ. 1907թ., 1936-1939թթ. հետախույզ էր Լոնդոնում։ 1940-ից ռեզիդենտ էր։ Նրա կենսագրականում մի գաղտնիք կար, որը բացահայտվեց 1953 թվականին։ Բոլոր փաստաթղթերում նշված էր, որ նրա հայրը գյուղական ուսուցիչ է եղել Կրասնոյարսկի արվարձանային գյուղերում։ Երբ 1953-ին պատրաստվում էին նրան արտաքին հետախուզությունում պաշտոնի նշանակել, պարզվեց, որ հայրը իրականում եղել է ցարական ոստիկան։ Գորսկուն անմիջապես հեռացրին հետախուզությունից։
* «ՆԳԺԿ վաստակավոր աշխատակից» կրծքանշանը պատերազմից առաջ ու պատերազմի սկզբում շնորհվեց քիչ հետախույզների՝ գեներալ Ֆիտինին, նրա տեղակալ գեներալ Սուդոպլատովին, Ախմերովին, Հովակիմյանին, Ինոյատովին եւ Վոսկրեսենսկայա-Ռիբկինին։
* Վադիմ - Լոնդոնում ԽՍՀՄ ռեզիդենտ Անատոլի Վենյամինովիչ Գորսկի։
** Նկատի ունի Մեծ Բրիտանիայի ռազմական կաբինետի ուրանի կոմիտեն։
*** Հոմերոս - Դոնալդ Մակլին, հանրահայտ «Քեմբրիջյան հնգյակի» անդամ, ԽՍՀՄ գործակալ, աշխատում էր Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունում։ Պատերազմից հետո ԱՄՆ-ում Անգլիայի դեսպանի առաջին քարտուղարն էր, այնտեղից բացահայտման վտանգի տակ փախավ Մոսկվա։ Մահացել է 1983թ.։
* Բոս - Անգլիայի գիտության կոմիտեի նախագահը։
** Անգլիական խոշոր կորպորացիա, ատոմային նախագծի գլխավոր արդյունաբերական կապալառուն։
* Լեոնիդ Ռոմանովիչ Կվասնիկով - Ծնվել է 1905թ., 1940-1963թթ. ղեկավարել է գիտատեխնիկական հետախուզությունը։ Մահացել է 1993թ.։
* ԳՏՀ - Գիտատեխնիկական հետախուզություն։
* Enormous թարգմանաբար՝ սարսափելի, հրեշավոր
* էՌՍՏսՈռ ըՈՉսպվՍՏ, ԵրՑՏՐՌ’ ՉՏռվօ պքպ տՐպՊրՑՏՌՑ վՈտՌրՈՑՖ .
* Բ. լՌՍՏՉ, էպսպչՈսօ , ԷՏրՍՉՈ, 1996
* Պերսեւս - գիտնական-գործակալի ծածկանունն է։ Սկզբում՝ իր, հետագայում հարազատների խնդրանքով իսկական անունն արգելված է հրապարակել։
** Մետլաբ - Չիկագոյի համալսարանի մետալուրգիական լաբորատորիա։
* Ռայմոնդ - Ամերիկայի քաղաքացի Հարրի Գոլդ, ռուս էմիգրանտ Եֆիմ Գոլոդնիցկու որդին, ինժեներ-քիմիկոս, նույն ինքը՝ Առնոն, որը հավաքագրվել էր դեռեւս Հովակիմյանի օրոք, 1935թ. հավաքագրող գործակալ էր։
* Ռելե - Մորտոն Սոբելլ - Ծնվ. 1915թ., ռադարային եւ ղեկավարման սարքերի խոշոր մասնագետ։ Ձերբակալվել է 1950թ. եւ դատապարտվել 30 տարվա ազատազրկման, ոչ մեկի չի դավաճանել։
** Կրոտ - «Բել տելեֆոն» ֆիրմայի խորհրդային գործակալը։
* Անտոն - ռեզիդենտ Կվասնիկով։
* Հարեւան - ռազմական հետախուզության աշխատակից։
** Լեսլի - ԽՍՀՄ գործակալ Լեոնտինա Թերեզա Պետկե, գործակալ Մորիս Կոենի կինը։
*** Լուիս - ԽՍՀՄ գործակալ, ամերիկացի Մորիս Կոենը, որը 1938-ին հավաքագրվել է Իսպանիայում եւ մարտնչել է Ա. Լինկոլնի անվան ինտերնացիոնալ բրիգադի կազմում։ 1996թ. ՌԴ հերոս (ետմահու)։
* Վ. Ֆ. Նեկրասով, «Զինվորական պատմական հանդես», 1985թ. թիվ 9։ Զ. կվՊՐ’, Ը. բՏՐՊՌպՉրՍՌռ, Զբա։ ԵրՑՏՐՌ՞ ՉվպՔվպտՏսՌՑՌփպրՍՌւ ՏտպՐՈՓՌռ ՏՑ զպվՌվՈ ՊՏ բՏՐոՈփպՉՈ , 1990չ.
* Տես՝ հավելվածը։
* Տես՝ հավելվածը։
* Նախկին ռեզիդենտ Զառուբինին 1944 թվականին Հետաքննությունների դաշնային բյուրոն գրեթե բացահայտել էր։ Կենտրոնը կազմակերպեց նրա փախուստը ԽՍՀՄ։
* Բերիան հինգ ամիս Ֆիտինին «տանը նստեցնելուց» հետո միայն ուղարկեց Գերմանիա։ Վեց ամիս անց ետ կանչեց եւ ավելի ցածր պաշտոնի նշանակեց՝ Սվերդլովսկի բաժնի պետի տեղակալ։
* Պ. Ն. Կուբատկին - Ծնվել է 1907թ.։ Անվտանգության մարմիններում էր 1929 թվականից։ Ավարտել էր ԽՍՀՄ ՆԳԺԿ Կենտրոնական դպրոցը։ 1939-1941 թթ. Մոսկվայի մարզի պետանվտանգության վարչության պետն էր, 1941-1946թթ.՝ Լենինգրադի մարզի վարչության պետը։ 1946-ի հուլիս-սեպտեմբեր ամիսներին ղեկավարեց ԽՍՀՄ արտաքին հետախուզությունն ու գործուղվեց Գորկի։ 1949-ին ձերբակալվեց «Լենինգրադյան գործով» եւ 1950-ին գնդակահարվեց։ Արդարացվել է 1954 թվականի մայիսի 26-ին։
Էջ 1
ընդհանուր 403 էջից
Կարող եք թերթել ← → սլաքներով