Վերադարձը
Նարեն տուն էր վերադառնում... Վերադառնում` հայրական օջախ... Ավելի ու ավելի մոտենալով տանը, երիտասարդ կնոջ հոգում նրա տեսքն արդեն հեռվից` մեքենայի միջից, փոթորիկ առաջացրեց, սիրտը սկսեց արագ-արագ բաբախել... Ներսում հույզերի ու հուշերի ալիք բարձրացավ:
Նա վերադառնում էր այնտեղ, որի պատերի ներսում միշտ ջերմ ու տաք մթնոլորտ էր ու ինքը` անչափ երջանիկ: Այդ տանն իր ընտանիքն էր, իր ծնողները. իրեն սիրող մարդիկ... Լսվում էր խոսք ու զրույց, ծիծաղ ու լաց...
-Ինչո՞ւ չես ցածրացնում երաժշտությունը,- լսում էր մոր ձայնը:
-Մամ, այսպես ավելի լավ է: Ախ բարձր եմ սիրում լսել, ցածրից բան չե~մ հասկանում,- նեղվում էր Նարեն:
-Դա դու ես սիրում, իսկ ընդհանրապես իմացիր, երաժշտություն սիրող մարդը, երբեք այնքան բարձր չի միացնի, որ անգամ հարեւան բակերում մարդիկ ականջները փակեն: Հասկանո՞ւմ ես ասածս,- արդեն բարկացած հարցնում էր մայրը: Ինքը չուզելով, քիթ մռութը կախելով, վախենալով, որ մոր խոսքին կմիանա նաեւ` հորը, ցածրացնում էր: Ինձ ոչ ոք չի հասկանում` մտքում տալով ու առնելով, ինքն իրեն ասում էր Նարեն: Ինչո՞ւ չեմ կարող անել այն, ինչ ուզում է սիրտս: Հետո բարձրանում էր աթոռին ու սկսում ինքը երգել: Ծնողները նայում էին «երգչին», գլուխները պտտում ու անխոս ժպտում...
Ա~խ, երանի ետ պտտվեր կյանքի անիվն ու մայրն է'լ ավելի բարկանար իր վրա: Թող որ մի լավ ջարդ տար, ինչպես հաճախ էր ասում, երբ Նարեն բարկացնում էր նրան: Թող որ ամեն ինչ մոր սրտով մնար ու լիներ, միայն թե նրանք` իր անուշ ծնողները, հիմա ապրեին, իր կողքին լինեին: Եվ չմարեր ծնողական այն հուրը, որ ջերմացնում էր իրեն...
Հիշում էր, ինչպես էր հարեւան փողոցից վազելով մոտենում իրենց տանը, կանգնում պատի տակ ու վիզը ձգելով այնքան նայում պատուհաններին, մինչեւ ծնողներից մեկն ու մեկը երեւում էր պատշգամբում: Հետո չարաճճի տղայի նման աչքով էր անում, ձեռքը թափահարում ու մտնում տուն: Եվ տանն այնպիսի աղմուկ էր բարձրացնում, ասես մի խումբ երեխաներ են խաղում:
-Այս ի՞նչ երեխա է, փոթորիկ է տեղով,- մեղավոր ժպիտը դեմքին, հորը նայելով` ասում էր մայրը...
Այժմ տունը դատարկ էր, լցված էր միայն անցյալի քաղցր հուշերով:
Եվ նրա ամեն մի անկյունում ծվարել ու դեռեւս մնում էին իր կյանքի անկրկնելի պատկերները` ծնողների ստվերները, նրանց ծիծաղը. հոր բեղի տակ քաղցր ժպիտն ու սիգարետից անբաժան կերպարը եւ իհարկե` ժամանակ առ ժամանակ մոր բարձրացրած ձայնն իր վրա ...
Դժվարությամբ բացեց դուռը, ճամպրուկները ցած դրեց, մի պահ կանգնեց դռան շեմին. չհամարձակվեց ոտքը ներս դնել: Բաց դռնից նայեց այն, ինչ երեւում էր տեսադաշտում` գեղեցիկ գծանախշերով շորերի հին փայտյա կախիչը, նրա կողքին դրված հին լաքապատ աթոռն ու պատից կախված կլոր հայելին: Հենց այն հայելին, որի մեջ հաճախ էր սիրում նայել ինքը` ծաղրածուի նման ծամածռելով դեմքը:
-Միմոսություններիդ վերջ տուր: իրքդ վերցրու ու կարդա: Ամառն անցավ, իսկ դու շատ քիչ կարդացիր,- լսում էր կողքից անցնող մոր խոսքը: Սեղանի վրա միանգամից երկու կիսատ գիրք կար, բայց դա քիչ էր սիրող ու պահանջկոտ մոր համար:
-Չեմ կարդալու, մեկ է միշտ դժգոհ ես ինձնից: Մի օր չեղավ գովաս ինձ: Լարիսայի մաման գովալով ման է գալիս իր աղջկան, իսկ դո՞ւ,- նեղսրտում էր Նարեն: Լարիսան իրենց բակից էր, գոռոզ ու ինքնահավան մի աղջիկ:
-Ես ի՞նչ: Այդ ո՞ր մայրն է սեփական երեխային գովում:
-Լարիսայի:
-Թող նա գովա, ես չեմ գովա: Թող իմ երեխային ուրիշները գովան, եթե արժանի է,- հանգիստ ասում էր մայրը: Եվ գովում էին.
-Սոնայի աղջիկը չարաճճի է, բայց լավն է, հասկացող: Մի քիչ մեծանա, փեսացուները հերթ չեն տա:
Հազիվ պահած հուզմունքը, որ դեռ ճանապարհին խեղդում էր, դուրս հորդաց... Արցունքները ողողեցին նրա գեղեցիկ դեմքը, խառնվեցին քթից հոսող հեղուկին. նրանց կանգը չէր երեւում: Արդեն թաց թաշկինակը, մոտեցնում էր մեկ աչքերին, մեկ քթին: Դեմքը կարմրել էր...
Նարեն նայում էր ու ահավոր ցավ զգում իր որբացած ու օտարացած տան համար... Այս սառն ու անխոս լռության համար...
Ծնողները վաղուց չկան, ավտովթարից զոհվեցին: Ինչո՞ւ գոնե մեկն իր հետ չէ հիմա: Ինչո՞ւ հեռացան միասին` միայնակ թողնելով իրեն այս մեծ աշխարհում:
Հարցեր ու հարցեր, անպատասխան հարցեր...
Ծնողների մահից հետ, որոշ ժամանակ անց, երբ մի փոքր սառավ կսկիծը, Նարեն ամուսնացավ: Մեկնեց այլ երկիր, բայց հեռացավ այն մտքով, որ շուտով ամուսնու հետ կվերադառնա: Կաշխատեն ու կապրեն այս տանը, իր քաղաքում...
Վերջապես ուժ հավաքելով, վերցրեց իրերն ու ներս մտավ:
ողտրիկ ու խաղաղ հայրական տունը տարիների հետ մոռացության էր մատնվել: Շրջեց սենյակներում ու ցավով տեսավ անմխիթար վիճակը` փոշու, սարդոստայնի մեջ կորած տունը, պատերի անմխիթար տեսքը: Քանդված տանիքից անձրեւաջրերն անընդհատ թափվելով` խոնավացրել էին պատերը, տունը:
Վերանորոգելու խիստ կարիք ուներ: Ամեն ինչ զերոյից պետք է սկսել:
Հուզմունքը խեղդում էր Նարեին: Նա նորից ու նորից էր իրեն հարց տալիս, չէր հանգստանում... Ինչո՞ւ թողեց այս ամենն ու գնաց: Չէ՞ որ իրական երջանկությունն այստեղ էր, այս տաքուկ տանը, որտեղ գոնե ծնողների ստվերներն էին իր հետ: Ինչո՞ւ հավատաց, ինչո՞ւ գնաց: Հոգին կուչ էր գալիս, մղկտում իր գործած սխալից: Բայց արդյո՞ք որեւէ մեկը կարող է գուշակել, թե մեկ կամ երկու տարի անց, ինչ կարող է լինել իր հետ: Իհարկե ` ոչ: Չէ որ ի վերուստ տրվածն ու գրվածը չի փոխվում կամ ջնջվում:
Նա պարզապես հավատաց այն մարդուն, որը փոթորկի պես մտնելով իր կյանքի մեջ, կախարդեց, փոխեց նրա տխուր, բայց արդեն մի փոքր խաղաղված ներաշխարհը: Ինքն անչափ սիրեց այդ մարդուն, ընդունելով նրան որպես իր ամբողջության մի կեսը:
Սկզբնական շրջանում ամեն ինչ այնքան լավ էր, այնքան ռոմանտիկ ու թեթեւ, ասես հեքիաթում: Իրական հեքիաթում...
Նոելն այն տղամարդն էր, որին կարող էր երազել ցանկացած կին` գեղեցիկ ու առնական. փողոցում ոչ մի կին անտարբեր չէր անցնում նրա կողքով: Նման պահերին Նարեն ավելի էր սեղմվում ամուսնու թեւին, հպարտանում, որ իրենն է այդ տղամարդը:
Ուշադիր ու բարի. երբ մի փոքր վատ էր զգում, ամուսինը կողքին էր, հետաձգելով` ամենաանհետաձգելի գործերը:
-Ջերմություն ունես: Հիմա բարձր չէ, բայց մեկ էլ տեսար բարձրացավ,- ասում էր Նոելն ու նստելում կնոջ կողքին` նրա փոքրիկ ու տաք ափն առնում իր մեծ ափի մեջ:
Առատաձեռն ու մեծահոգի. որքա~ն նվերներ էր ստանում ամուսնուց:
-Պետք չէ այսքան գնել, պահարանների մեջ տեղ չմնաց,- բողոքում էր կինը:
-Մի մտահոգվիր, մեկ ուրիշ պահարան կգնենք,- փաթաթվելով սիրելի էակին, ասում էր ամուսինը:
Խենթանում էր Նարեն նրա համար, ժպիտից` հալվում: Անկողնում էլ անզուգական սիրեկան էր ու պարզապես ուսուցիչ...
-Դու իմ ՈՒՐՈՒՆ ես,- սիրում էր ամեն անգամ ծիծաղելով կրկնել կինը:
-ՈՒՐՈՒՆ քեզ շատ է սիրում,- ջերմ համբույրներ տեղալով կնոջ տաք ու ուռուցիկ շուրթերին, ասում էր Նոելը: Նրանց կյանքում այդ շրջանում, ամեն ինչ կատարյալ էր, ամեն ինչ գեղեցիկ...
Նոր երկիր մեկնեցին: Ամուսինը դիվանագետ էր: Իսպանիայում նոր ու անծանոթ երեւույթներ բացվեցին Նարեի առաջ: Շատ բան տեսավ, հասկացավ նա այստեղ: Ու սիրեց հայերի նման տաքարյուն իսպանացիներին, սովորեց կենցաղը, լեզուն: Մի խոսքով, նորովի գտավ այստեղ իրեն, նոր, բոլորովին այլ լույսի տակ: Շփվում էր, խոսում, ինչպես վաղուց այստեղ ապրած մեկը:
Ժամանակ անցավ... Կարծես ոչինչ չէր փոխվում:
Բայց... մի օր հանկարծ, երջանկություն ասածը փշրվեց բյուեղապակու նման: Սրտի մեջ մի սուր ցավ զգաց, կծկվեց. հասկացավ իր խաբված ու դժբախտ վիճակը` իր հանդեպ ունեցած ամուսնու անհասկանալի սերը:
-Դու երբեւէ հիշո՞ւմ ես քո առաջին սիրույն,- մի առավոտ, սուրճի սեղանի շուրջ նստած, առանց նախաբանի հարցրեց Նոելը:
-Ե՞ս, իմ սիրո՞ւյն, -զարմացած հարցրեց Նարեն,- դե դա այնքան մեծ չէր որ հիշեմ, մանկական սեր էր, խաղ:
-Միգուցե քեզ համար: Իսկ ես չեմ մոռացել իմ նախկին ընկերուհուն,- շատ հանգիստ ասաց Նոելը:
-Ի~նչ: Ի՞նչ ես ուզում դրանով ասել,- անսպասելի խոսքից` զարմանքից քար կտրած, սուրճով լի բաժակն օդում պահած, հարցրեց Նարեն: Նայեց ամուսնու դեմքին: Մի՞գուցե կատակում է... Դիմակ էր արդեն, դեմք չկար... Նայվածքը ծանր էր ու անշարժ: Հասկացավ... Ի՞նչ... Մի՞թե ճշմարիտ են խոսքերը:
-Երկուսդ էլ թանկ եք ինձ համար եւ առավելություն տալ որեւէ մեկիդ, դժվարանում եմ: Այսքան ժամանակ ես նրան չեմ մոռացել, քեզնից էլ չեմ ուզում հեռանալ: Հավատա, շատ եմ փորձել նրան չհիշել, բայց անկարող եմ,- շարունակեց Նոելը:
-Բայց ես քո կինն եմ, ինչպե՞ս կարող ես նրան հիշել եւ նման համեմատություն անել,- վիրավորանքից, ցավից շփոթված, հարցրեց Նարեն:
-Ոչինչ մի հարցրու, քեզ սիրում եմ, նրան էլ մոռանալ չեմ կարող:
-Միթե՞ դա սեր է,- արցունքներից խեղդվելով հարցրեց կինը:
-Չգիտե՞մ ինչ է,-իբրեւ պատասխան հնչեց ամուսնու խոսքը:
-Իմացած եղիր, քեզ որեւէ մեկի հետ կիսել չեմ կարող: Ես կամ նա,- գոչեց Նարեն ու դուրս ելավ խոհանոցից` առանց խմելու իր սուրճը: Բաժակը շրջվեց, սուրճը թափվեց ճերմակ սփռոցին` թողնելով մի մուգ հետք... Սրտի վրա վերք բացվեց...
Իրավ է, անապատը ճանաչելու համար պետք չէ ուսումնասիրել ամբողջ ավազը, մեն մի հատիկն էլ բավական է հասկանալու անծայրածիր տարածությունը: Մի խոսքն էլ բավական էր, ճանաչելու այդ մարդուն` իր ամուսնուն: Իսկ ո՞վ է նա. հանկարծ այդ պահից անծանոթ ու օտար մեկը...
Երազներն այրվեցին, մոխրացան... Քամի բարձրացավ, մոխիրը ցրվեց... Իսկ հե՞տք մնաց... Ցավ:
Ինչպիսի~ կրքոտությամբ ու պարզապես խելացնորությամբ էր Նարեն սիրել Նոելին: Ինչպիսի~ քնքշանք ու նվիրվածություն էր նա տվել ամուսնուն: Տեր Աստված, իսկ իրեն թվում էր, ինքն անչափ սիրված է...
Ավա~ղ, այդ ամենը ցնդեց մի քանի վարկյանում... Սիրո վարդագույն ու թանձր շղարշը շորորալով, կամաց-կամաց սահեց, օ~, ո~չ, չսահեց` պատռվեց ու երեւաց այսքան ժամանակ խորամանկ ձեւով թաքցրածը:
Կո~ւյր, կո~ւյր է եղել ինքը...
Այդ օրվանից չքվեց նրա հոգեկան անդորրը, կարծեցյալ երջանկությունը: Փլվեց նրա մեջ ամեն ինչ, կորցնելով հավատն այն մարդու հանդեպ, որի հոգուն իրականում խորթ էին իսկական սերն ու նվիրվածությունը:
Ժամանակն անցնում էր ու ավելի ու ավելի էր հասկանում Նարեն, որ միեւնույնն է, ինքը ոչինչ չի կարող փոխել Նոելի մեջ, քանի որ ամուսինն ինքը չի էլ փորձում: Եվ այսպես, ժամանակն էլ անկարող եղավ հարթելու ամուսնու անհասկանալի վարմունքը: Բաժանվեց առանց խոսքի ու կռվի, հեռացավ ընդմիշտ...
Այժմ Նարեն հասկանում է, որ տխուր անցյալը չես մաքրի կյանքից, քո ներսից: Պարզապես գցի հոգուդ մի անկյուն եւ թույլ մի տուր գլուխ բարձրացնի ու խանգարի առաջ նայելուդ...
Ու իր հայրենի քաղաքում` Երեւանում, նա փորձեց ապրել նորովի...
Նախ լուծեց աշխատանքի հարցը: Թեպետ դժվարությամբ, բայց կարողացավ մանկատներից մեկում տեղավորվել որպես հոգեբան: Ինքը չուներ սեփական երեխաներ: Սակայն լինելով մանկավարժ իր էությամբ, անչափ սիրում էր մանուկներին, հասկանում նրանց հոգիներն ու միշտ նրանց մեջ, նրանց մաքուր աշխարհում տեսնում կյանքի իրական համն ու հոտը:
Երեխաները, որոնցից շատերը ծնողի երես անգամ չէին տեսել, դարձան նրա մտքի ու օրվա անցուդարձի կենտրոնական դեմքերը, նրան շատ հարազատ մարդիկ:
Ինքը նույնպես սիրվեց...
լխովին անցավ աշխատանքի: Աշխատում էր տանը շատ քիչ լինել: Նույնիսկ ազատ օրերին գնում էր մանկատուն, խաղում երեխաների հետ, գրքեր կարդում, հերոսների կերպարներ ստեղծում նրանց համար:
Ժամանակը հոսում էր մեղմիկ առվակի նման ...
Բայց որքան էլ զբաղված լիներ իր փոքրիկներով, մտքից դուրս չէր գալիս տան հետ կապված հարցը: Խելքը գլխին, գործից տեղյակ մարդ էր պետք, որ կարողանար իր ուզածի պես անել գործը: Բայց ո՞ւմ գտնել: Նա իր շրջապատում սկսեց հետաքրքրվել, թե ո՞վ կարող է վերանորոգել տունը: Սկսեց այցելել իր ծանոթ- բարեկամների տները, որպեսզի տեսնի նրանց նոր վերանորոգած բնակարանները: Որոշ տներ դուր էին գալիս, որոշ տներ` ոչ...
Նարեն եւ շտապում էր եւ սպասում իր ուզած վարպետի «հայտնվելուն»: Ընկերուհիներից մեկը մի օր ասաց, որ գտել է մի մարդու, որն իրոք կարող է լինել Նարեի ուզած վարպետը: «ործից լավ է հասկանում: Համոզված եմ կհավանես նրա ձեռքի արածը», ասել էր ընկերուհին:
Տղամարդը, որը շուտով հայտնվեց տանը, բավականին բարձրահասակ, ճաղատ, սեւ աչքունքով , կոպիտ դիմագծերով մարդ էր: Նա Նարեին բավականին լուրջ անձ թվաց: ործի համար դա շատ կարեւոր է, մտածես կինը:
Սկսվեցին վերանորոգման աշխատանքները: Նարեն այնպես դասավորեց իր օրը, որ ինքը եւս կարողանար մասնակից լինել գործին: Եվ մեծ սիրով սկսեց մասնակցել: Իր հոգու ամբողջ կորովն ու սերը ներդրեց այդտեղ: Վարպետի հետ խոսելով, խորհրդակցելով ընտրում էր սենյակների գույները: Միաժամանակ սիրով, առանց հոգնելու շրջում խանութներում, գնում բազում գեղեցիկ աքսեսուարներ` արձաններ, բազմաթիվ մեծ ու փոքր նկարներ: Եղավ հնավաճառների մոտ, գտավ, գնեց վաղուց մոռացված իրեր, հնաոճ մոմակալներ, ինչ-ինչ զարդեր: Երբեմն գնում էր գեղեցիկ, բայց ոչ գործածական մանրուքներ, որոնք միայն մանկության քաղցր հուշեր էին արթնացնում իր մեջ: Եվ այդ ամենը պետք է նորովի զարդարեին, կենդանություն տային մոռացության մեջ մնացած տանը: « Նույնիսկ ծիծաղելի է, ախր ինչո՞ւ եմ գնում այսքան մանր ու գեղեցիկ իրեր: Հուշերս եմ կենդանացնում», արդարացնում էր ինքն իրեն:
Չնայած վարպետի լրջությանը, նրա նկատմամբ Նարեն չգիտես ինչու սկզբից մի փոքր թերահավատություն ուներ. այդքան փնտրելուց հետո եթե հանկարծ այն մարդը չլինի, որն իրոք իրեն պետք է: Հետո աշխատանքի հետ զգաց, որ սխալվում է. նա իր գործի գիտակն է, մեծ ճաշակի տեր մարդ: Կարողանում էր տանտիրուհուն ճիշտ խորհուրդներ տալ: Նարեն կամաց-կամաց սկսեց հավատալ ու ընդունել մարդու կարծիքը: Ու աշխատանքները թեպետ դանդաղ, բայց շատ գեղեցիկ ու կայուն առաջ էին գնում:
Վարպետին զարմացնում ու հիացնում էր Նարեի այդքան մեծ սերն ու ջերմությունը դեպի տունը, ամեն մի փոքրիկ դետալի հանդեպ նրա ուշադրությունը, նուրբ ճաշակի զգացումը: Նա ոչինչ չէր ասում, բայց իր լռության մեջ ամեն ինչ նկատում էր...
Այդ ընթացքում Նարեն փոխվել էր, առօրյա դժվարություններին նայում էր ավելի հանգիստ, նույնիսկ հումորով: Նա սիրում էր զրուցել: Խոսում էր, պատմում իր կյանքից` այս տանն ապրած օրերից: Իսկ Իսպանիայից` ոչինչ... Թե գործում, թե զրույցների մեջ երեւում էր նրա հոգու մեծությունը: Այն գրավում էր այդ օտար ու լռակյաց մարդուն: Աչքի պոչով հետեւում էր Նարեին, տեսնում նրա մեջ լավ տանտիկին եւ վերջապես հումորի մեծ զգացումով կին:
-իտեք, խոհարարական շնորքս տատիցս ու մորիցս եմ ժառանգել: Նրանք շատ շնորհալի կանայք էին,- հպարտությամբ ասում էր Նարեն:
-Այո, դուք շատ համով ձեռք ունեք,- համտեսելով պատրաստված ուտեստը, հանգիստ պատասխանում էր վարպետը: Ավելին ասել կամ գովալ նա չէր համարձակվում. կնոջը դուր չի գա, մտածում էր մարդը:
Իր չարտահայտվելով, լռակյացության մեջ կախարդվեց վարպետը Նարեով: Տղամարդուն հաճելի էր կնոջ ներկայությունը, նրան լսելը: Դա երեւում էր նրա լուռ ժպիտից, աչքերի փայլից:
Ժամանակի հետ, աշխատանքի ընթացքում, նրանք ավելի մտերմացան:
Մի անգամ աննկատելի մնալով, կիսաբաց դռնից տղամարդը տեսավ, թե ինչպես, ինչ գեղեցիկ շարժումներով է Նարեն փոխում շորերը: եղեցիկ մարմնաձեւերը` կլոր կրծքերը, կոնքերի համաչափ կորությունը, որ թաքցնել շորի տակից երբեք հնարավոր չի եղել, երեւաց վարպետին իր ամբողջ մերկությամբ: Հաճելի սարսուռ անցավ տղամարդու մարմնով: Զգաց, որ երկար նայել չի կարող: Հեռացավ դռնից... Բայց այդ օրվանից նրա աչքից ոչինչ չվրիպեց` ոչ կնոջ մատների միամիտ հպումը մազերին ու կզակին, ոչ միջանցքով անցնելիս ինքն իրեն հայելու մեջ ձգած մի թեթեւ ու ակնթարթային հայացքը: Այդ փոքրիկ պահերը մեխվում էին վարպետի ուղեղում ու պտտվում ամբողջ օրվա ընթացքում:
Բայց միեւնույն է, նա իրեն հեռու էր պահում, խուսափում Նարեի տաք հայացքից` կարծելով, որ ինքն այն տղամարդը չէ, որին կձգտեր այդ կիրթ ու գեղեցիկ կինը: Սակայն սխալվում էր: Իր կոշտության մեջ անգամ, նրա պահելաձեւը, խոսքի կշիռը, լրջությունն անչափ հաճելի էին Նարեին:
Երբ Նարեն բացակայում էր տնից, ինչոր բան կորցրածի նման էր դառնում տղամարդը: Անհանգիստ էր, սպասումների մեջ` մեկ պատուհանից էր նայում, մեկ ժամացույցին: Իսկ Նարեի ներկայությամբ ներքուստ հանգստանում էր: Ու զգում էր, որ ժամանակի հետ իրեն ավելի ու ավելի է ձգում կինը: Հոգու ինչպիսի կրակ, սրտի ինչպիսի լույս էր նա իր մեջ պահում, իսկ հայացքն այնքան մաքուր էր, այնքան անկեղծ: Նարեի քնքուշ խոսքը, ժպիտը, շարժումները փոթորկում էին վարպետի հոգին: Սա հենց այն կինն է, որին փնտրել էր տղամարդը: Պարզապես կնոջ իդեալ իր համար... Իսկ ի՞նքը նրա համար: Այդ միտքը վախեցնում էր վարպետին:
Ինչպես ցանկացած կին, Նարեն եւս զգում էր իր անչափ հաճելի լինելը: Թեպետ նման հարցերում նա շատ զուսպ էր, բայց նրա կրծքի տակ թաքնված սիրտը, վաղուց կարոտ էր սիրո եւ քնքշանքի...
Եվ արդեն օդում զգացվում էր, որ նրանց գլխավերեւում, անտեսանելի թելերով հյուսվում է մի գեղեցիկ սիրավեպ...
Ժամանակի հետ աշխատանքն ինքնաբերաբար նրանց սկսեց էլ ավելի մոտեցնել ու Նարեին սկսեց հարազատ դառնալ վարպետը...
Բայց երբեմն ինչ ինչ հարցերի շուրջ վեճեր էին ծագում...
-Այս սենյակին միմիայն այս գույնն է պետք,- ասում էր վարպետը:
-Ոչ, ես ավելի բաց եմ ուզում,- կամակոր երեխայի նման ասում էր Նարեն:
-Լսեք, սա շատ լուսավոր սենյակ է, ձեր ընտրած գույնը պետք չէ այստեղ, մի տոն մուգ է պետք,- արդեն բարկացած ասում էր վարպետը: Նարեն հոնքերը խոժոռում էր, դժգոհ դեմք ընդունում, բայց զգալով, որ վարպետի ասածն ավելի իրական է` լռում էր:
Եվ ահա մի օր, երբ արեւը քնկոտ խաղաղությամբ մայր էր մտնում, նրանք դեռ աշխատում էին: Ավարտել էր պետք այդ օրը սենյակի մի հատվածը: Նարեն գլխաշորը կապած, ինքն իր վարմունքից գոհ, վրձինը ձեռքին օգնում էր վարպետին: Ու հանկարծ չգիտես ինչպես, ետ-ետ գնաց, ներկերի տարաններին կպավ ու ընկավ` վնասելով ոտքը:
-Ա~հ,- բռնելով ոտքը, տնքաց Նարեն:
-Ի՞նչ եղավ,-հարցրեց տղամարդը:
-Ոտքս...
Վարպետը սկզբից կաշկանդված, հետո ավելի համարձակ մոտեցավ ու առանց երկար մտածելու գրկեց վիրավոր կնոջը: րկեց ու շփոթվեց նրա մոտիկությունից ու հոտից... Մի կերպ զսպեց իրեն: Բայց արդեն ուշ էր: Այդ պահին, մարմինների այդչափ մոտ լինելուց, երկուսի մեջ էլ գլուխ բարձրացրեց կրքի ճնշված ալիքը. հոսանքահարվեցին... Տղամարդը Նարեին գրկած տարավ դեպի մահճակալը: Մոտ լինելը մի փոքրիկ կայծ էր նրանց համար, որպեսզի բորբոքվի նրանց ներսի պահված հրդեհը: Տղամարդու մոտիկությունից Նարեն մոռացավ իր ոտքի ցավը: Վարպետը գրկեց Նարեի ուսերը: Ներքին ջերմությունն առավ իր մեջ նրանց ու մի վարկյանում ողողվեցին ասես մեկ -մեկով: Վարպետը շուրթերը մոտեցրեց կնոջ կիսաբաց, այրվող շուրթերին: Շրթունքները տաք ու անվերջ համբույրներ այս ամենի մեջ... Ինչպիսի քնքշանքով տղամարդն իր գրկի մեջ առավ կնոջը, ինչպիսի գուրգուրանքներ նա տվեց այդ հիանալի էակին, որը շատ վաղուց զերծ էր այդ ամեն լավից ու կարոտ` տղամարդու թունդ հոտի, անգամ կոպիտ կրքի ու խաղի, որ իր մեջ թաքցրած ուներ վարպետը... Վերջապես կայացավ նրանց ոչ միայն մարմինների, այլ նաեւ վաղուց իրենց իսկ շուրջը պտտվող անտեսանելի հոգիների ջերմ շփումը:
-Սա խենթություն է,- շշնջաց կինը:
-եղեցիկ խենթություն... Միթե՞ քո հոգին չի ձգտում դրան,- հարցրեց տղամարդը:
-Թող լինի այն, ինչ պետք է լինի, - լսվեց Նարեի շշունջը:
Տղամարդն այսպես ստացավ կնոջ համաձայնությունը` գնալ էլ ավելի առաջ, իր բուռն զգացմունքների արտահայտմամբ ու կրքով: Ու գնացին դեպի հաճույքը: Օ~, որքան գեղեցիկ էր նրանց սկսած խաղը` ցանկությունների կրակ ու բոց էր իրենց մեջ...
Սենյակն անչափ ցուրտ էր, բայց նրանք դա չզգացին: Եվ այդ սառնությունը քշվեց հեռու-հեռու... Նրանց շուրջն արդեն այնքան տաք էր, թվում էր այնքան արեւ կա, որ այրվում էին առանց արեւի... Խոսում էին սիրո լեզվով, լեցուն տաք բառերով, քնքշանքով:
-Զգո՞ւմ ես, ժամանակն ասես կանգ է առել մեր շուրջը,- մեղմորեն հարցրեց տղամարդը:
-Այո, ամեն ինչ զգում եմ,- ասաց Նարեն:- Իսկ ինչո՞ւ այսքան ձգձգեցինք մեր միացումը: Չ՞է որ վաղուց էինք զգում իրար:
-Ամեն ինչ իր հասունացման մեջ է գեղեցիկ ու համեղ: Սիրելիս, մեզ պարզապես ժամանակ էր պետք, որպեսզի մենք էլ ավելի հասկանանք միմյանց,- շատ ամուր առնելով իր ուժեղ թեւերի մեջ կնոջը, ասաց տղամարդը:
Դեմքը մոտեցրեց նրա դեմքին եւ շուրթերին տաք ու երկար համբույրների տարափ տեղաց, շուրթերի օղակի մեջ առնելով նրա թմբլիկ շուրթերն իրենց քաղցր համով...
... Նարեն լույս ճառագող հայացքով նայեց ու շատ ամուր հպվեց տղամարդուն` շնորհակալ իրեն պարգեւած երջանկության ու վաղուց չապրած հաճելի պահերի համար...
Իր կոպիտ էությամբ, բայց եւ հասկացող վարմունքով վարպետը նվաճեց կնոջ սիրտը: Դա սկիզբն էր մի նոր, իսկական սիրո:
-Սա էր ուրեմն իմ վերադարձը, վերադարձ դեպի տուն, դեպի հեռուներում կորցրած ու այստեղ վերագտած իրական երջանկություն,- տղամարդու ամուր ու տաք գրկում ինքն իրեն շշնջաց Նարեն: