Կդադարես սիրել, երբ դադարես ապրել: Ռ. Ռոլան
Բարեւ... Բարեւ իմ հեռավոր ընկեր, ճակատագրի իմ սեւ ու կարմիր խաղ, սիրո գեղեցիկ անուրջ ու նաեւ ցավ. փշոտ կարոտ...Իմ կոտրված երազ...րում եմ քո կերպարն իմ սրտում, արցունքն աչքերիս:
Զարմանում ես. ինչո՞ւ եմ հանկարծ գրիչ վերցրել եւ գրել այսքան տարիների լռությունից հետո: իտեմ, համոզված եմ, որ նամակս կշփոթեցնի քեզ, քանի որ վաղուց, շատ վաղուց չենք գրել, ավելի ճիշտ` չեմ գրել, առավել եւս չենք տեսել իրար:
Բայց ո~չ, իմ կորած սեր, ես գրել եմ, գրել անթի~վ նամակներ. ամեն նամակիդ ի պատասխան հինգ կամ տասը նամակ...ՀԱՎԱՏԱ': Բայց ցավում եմ` զգալով, որ չես հավատում խոսքիս, անգամ նամակիս իսկությանը: Դա ե'ս, ե'ս եմ գրել քեզ, սրանք ի'մ տողերն են...Ու սիրտս ցավում է, ճմլվում միայն այն մտքից, որ հենց այս պահին, չնայած տողերիս ջերմությանն ու նրանց մեջ դրած անսահման կարոտին, հայացքդ սառն է, անտարբեր:
-Հը~մ, սա ի՞նչ անծանոթուհու նամակ է` սխալ հասցեով ուղարկված,- նայելով նամակիս, կասես դու, թեպետ հոգիդ ալեկոծվում է արդեն իրարամեջ մտքերից, - հե~յ, փոստատար, ուշադիր եղեք հաջորդ անգամ: Նամակն իմը չէ...տե'ք տիրոջը:
Ուրեմն ի՞նչ, դու նույնիսկ ցանկություն չես ունենա նայել ծրարի նե՞րսը: եթ մի հայացք գցել նամակիս, որին տարիներ շարունակ համոզված եմ` սպասել ես: Տողերիս, որ մատներս այրում են այժմ գրելով: Քե'զ գրելով...Աղաչո~ւմ եմ, ետ մի վերադարձրու այն, բացիր ու կարդա:
Տեր աստված, այդ դեպքում ինչի՞ համար էին իմ այսքան սպասելիքները, տառապանքը, քո հանդեպ հավատը եւ վերջապես միայնությանս մեջ քո անտեսանելի կերպարի հետ ապրելը:
Մեղք բան եմ ասում, անհավատալի, թող ների ինձ աստված, բայց քեզնից թանկ, զավակիս ծնվելուց հետո անգամ, չեմ ունեցել ոչ ոք: Ոչ ոք...
Հավատո՞ւմ ես, հասկանո՞ւմ ես...
Ի սեր աստծո եւ մեր ունեցած սիրո, նորից եմ խնդրում, չփորձես նամակս փոստատարին հանձնել, ասելով` իմը չէ: Աղաչում եմ լսիր ՎԵՐՋԻՆ անգամ: Այլեւս քեզ երբեք չեմ անհանգստացնի, իմ պատճառով երբեք չես նեղվի:
...Նամակս բացեցի՞ր...Այո, բացեցիր: ոնե հիմա հավատո՞ւմ ես, որ ի'մ նամակն է:
իտեմ, խաբված ես քեզ համարել, չէ որ ամեն գրելով ժամանակի հետ սպասելիքներդ մարել են: Պատասխան չի եղել վերջին տարիների քո ոչ մի նամակին: Այո, չես ստացել: Բայց ես գրել եմ...իտեմ, հիմա ծիծաղում ես խոսքերիս վրա: Բայց զուր է ծիծաղդ` բարձր, լիաթոք եւ իհարկե...քինոտ: Դա արտաքուստ, իսկ ներքո՞ւստ...
Որպեսզի հավատաս խոսքիս, ինձ կեղծ ու անսիրտ չհամարես, այս նամակի հետ ես քեզ եմ ուղարկում քո բոլոր նամակների պատասխանները, որոնք ես գրել ու պահել եմ քո նամակների հետ: Ուշադիր նայիր տարեթվերին: Տեսնո՞ւմ ես, մեկ օրվա մեջ որքան նամակ եմ գրել, որոնք վաղուց արդեն խունացած են, քանի որ գրելու պահին թաթախվում էին իմ արցունքներով, իմ ցավով, քեզ անպատասխան թվացող, տեղ չհասնող սիրո խոստումներով...
Որքան էլ փորձում էի ապահով թաքցնել նամակներդ, միեւնույնն է նրանք այնքան լուսավոր էին, որ թվում էր, սենյակ մտնողը նրանց լույսից կարող էր շրջել դեմքը դեպի իմ թաքուն գաղտնարանը, հետաքրքրված յուրօրինակ լույսից` բանալ դարակն ու անշուշտ տեսնել իրար վրա դարսած, կանոնավոր ձեռագրով գրված նամակներդ, որոնք ուղղված էին ինձ, միմիայն ինձ: Նամակներդ վախով ստանում էի, սրտի դողով բացում, կարդում բազում- բազում անգամներ, արցունքներով թրջում, համբույրներով ծածկում ու նորից ծրարելով դնում գրասեղանիս դարակներից մեկում, աչքից հեռու, մի մութ անկյունում: Միայն թե ոչ ոք չնկատեր, իմ «անբիծ» անվան վրա մի փոքրիկ, շատ փոքրիկ բիծ չնշմարվեր:
Ինչպե՞ս, խախտել սահմանված կա՞րգը, դեմ գնալ հանրությա՞նը...Ամուսնացած կին եւ դեռ շարունակություն ունեցող սիրային նամակնե՞ր...Իսկ եթե կան նաեւ հանդիպումներ...Դա սարսափելի է:
Միշտ սիրել ու հիշել եմ քեզ, եւ վախեցել բացահայտվելուց, իմ պահած սիրուց: Ու թեկուզ հեռվից, այդ սիրուց մնացած մի փոքրիկ շողն անգամ, այն ժամանակ կարող էր մի մեծ խարան լինել իմ նման «պարկեշտ», ամուսնացած կնոջ համար:
Սե՞ր...Ա~, դա անցած-գնացած մի պատմություն է եղել: Դե բոլոր ջահելներն էլ ունեցել են, ապրել` մտածում էին իմ ընտանիքում: Իսկ հիմա~ դու կին ես եւ մայր, ուրեմն անկարելի է երտասարդ տարիներիդ ունեցածը, ընտանիք բերել ու անշուշտ հիշել: Մոռացիր ընդմիշտ` ասում էր մի ձայն: Ձայնը մարում էր, հիշողություններս` փոթորկվում...Մեր պատմությունն իմ ներսում շարունակվում էր...
«Պարկեշտ» կին, «անբիծ» անուն...Ինչպիսի~ գեղեցիկ նկարագիր ինձ նման կնոջ համար, որը երբեք չսիրեց ամուսնուն, հոգով ու մտքով միշտ դավաճանեց նրան: Օ~, իսկ դա սարսափելի է: Շատ ավելի ցավոտ սիրող տղամարդու համար: Նա` այդ հրաշալի մարդը, չէր կարողանում մտնել իմ աշխարհը` որքան էլ ուզում էր, պայքարում էր, նրա դռներն ամուր կողպված էին: Ու ապրելով այս բոլոր տարիներին գեղեցիկի ու սիրո մեջ, որ ուղղում էր ինձ ամուսինս` անկարող էի փոխվել: Սիրվեցի, շատ սիրվեցի որպես կին...Ավա~ղ, ես չսիրեցի...
Քանի տարի է անցել, կարո՞ղ ես ասել: Տա՞ս, թե...Հավանաբար ` թե...Ինչեւէ, ես քեզ ամեն օր հիշել եմ: Ամեն լուսաբացի հետ քո անունն է եղել իմ շուրթերին ու քո հեռու- հեռավոր կերպարն իմ հոգում:
Հետաքրքիր է, ի՞նչ ես մտածում այ այս տողերը կարդալով:
Անցար հաջորդին: Իսկ հիմա՞... Կարդում ես սիրո՞վ, կարոտո՞վ, թե պարզապես կարդում ես այժմ միայն կարդալու համար` հետաքրքրությունից դրդված: Հիշո՞ւմ ես ինչոր բան անցած պահերից ու ապրածից, մեր լուսաբացից ու կեսօրից... Թե՞ հիշողություններդ քամուն ես տվել, որ ցրի, վերացնի, անպատասխան թվացող սիրուդ կրակը...ոչ, ո~չ անշուշտ արդեն մոխիրը:
...Մեր սիրո մեջ ինձ համար երբեք չիջավ երեկո...
Որքան էլ փորձես մակերեսորեն նայել այս ամենին, համոզված եմ, որ քո հոգում փոթորիկ է այժմ: Մեր արեւածագն է քո հայացքում, լազուր երկնքը` քո աչքերում:
Նամակս գրում եմ գիշերով: իշեր է, բայց արդեն կոտրված...
Նոր օր կարթնանա շուտով, կարթնանա քնաթաթախ բալիկի նման:
Հետո կթափահարի գանգրահեր գլուխը, որ քունը վերջապես թոթափի, կարթնանա գունավոր երազներից, թաթախված վաղորդյան ցողով ու ջերմությամբ:
իտցիր, երբ արեւը բարձրանա հորիզոնում եւ գարնանային գույներով ողողվի օրը, երբ մարդիկ շարունակեն իրենց սովորական առօրյան, նրանք չեն էլ նկատի, որ մի կին հեռացավ այս աշխարհից, երբ իրենցից մեկը առավոտյան սուրճն էր ըմպում, մյուսն անկողնում սեր անում սիրած էակի հետ, երրորդը` պարզապես կռվում հարեւանի հետ:
Ես կլքեմ այս տաք գարունը, կլքեմ որդուս, կլքեմ իմ աշխարհը: Վերջապես կլքեմ քեզ, որին կյանքից առավել սիրել եմ եւ որի հետ հեռու հեռվից ապրել:
Ցավն ու հուզմունքը խեղդում են ինձ: Ձեռքս դողում է: Նկատո՞ւմ ես, ինչպես են տողերս անհամաչափ դառնում: Ախր, գիտակցությունս հանգչում է կամաց-կամաց: Վերջին ճիգերս եմ հավաքում, որ կարողանամ քեզ հետ լինել գոնե այս ՎԵՐՋԻՆ, ինձ ու քեզ կապող նամակով` մեր սիրո արդեն միակ ՎԿԱՅՈՎ:
Ի՞նչ խոսքերով ինձ արդարացնեմ, ի՞նչ օրինակներ քեզ բերեմ, որ հավատաս ինձ գոնե վերջին անգամ: Ինձ շատ ես սիրել, ես քեզ` հազարապատիկ: Եվ հոգիս, որ մի ջինջ ու մաքուր ավազան էր իմ ու քո օրերում, վաղուց պղտորվել է, տիղմն այնքան շատ է, որ հատակի քարերը չեն երեւում:
Ես չկարողացա լինել հիանալի կին իմ ամուսնուն. չսիրեցի նրան: Չտվի իմ հոգու այն ամբողջ սերն ու նվիրվածությունը, որ տալիս է կինն իր տղամարդուն: Ես չկարողացա տալ նրան այն, ինչ ամուր պահված էր միմիայն քեզ համար: Ավա~ղ, քեզ համար էլ, թեկուզ հեռվից չկարողացա լինել սիրված ու հասկացված էակ: Ես ոչինչ չկարողացա լինել այս մեջ աշխարհում: Տեղ չկար ինձ համար, իմ իսկական դերի համար: Ոչ կին, ոչ սիրուհի, ոչ լավ մայր...Ո՞վ եմ եղել...
Իհարկե, մի էակ, որն իր շուրջը կարողացել է միայն կեղծ երջանկություն հյուսել, հավատացնել մյուսներին, որ իր մեջ ունի ամեն մի լավի մարմնացումը` համեստություն, բարոյական մեջ արժեքներ, կանացի բազում շնորհներ: Կեղծի~ք...Սո~ւտ...Միայն դու ես եղել իմ հոգում, միայն քեզ համար են եղել այդ շնորհները: Պատկերացրել եմ, որ դու ես իմ կողքին, որ քեզ եմ տալիս իմ ունեցածը...
-Հիմա ուշ է այդ ամենը խոստովանել,- ասում ես դու, արդեն ընթերցելով նամակիս մեծ մասը: -Ինչո՞ւ լքեցիր ինձ:
-Հիմա միայն կարող եմ ասել. հեռացա քեզ պահելու համար: Այո, այո, հազար անգամ այո~...Ծնողքդ չհավատացին մեր սիրույն: Մայրդ եկավ մոտս ու ասաց.
-Եթե սիրում ես, թո'ղ ու հեռացի'ր: Մի դժբախտացրու նրան: Դու իմ ընտանիքի անդամ լինել չես կարող: Մեր անո~ւնը, մեր դի~րքը...Ապա նայիր քեզ, ո՞վ ես դու...կոշիկ կարողի աղջիկ: Կոշիկ կարողի, ոչ ավել , ոչ պակաս:
Այդպես, ուղիղ ճակատիս, աչքերիս մեջ նայելով, ասաց մայրդ: Ես խոնարհեցի աչքերս: Իսկ նա խշխշացնելով իր թանկարժեք շորի փեշերը հեռացավ: Երբ բարձրացրի հայացքս, տեսադաշտում նրան չտեսա...
Կոշիկ կարելն անշուշտ ամոթալի գործ էր քո շրջապատի համար, մեծ ծաղր ընտանիքիդ: Կոշիկ կարողի աղջկան էի՞ք հարս տանելու, ինչպիսի խայտառակությո~ւն, ամո~թ քաղաքում իրենց դիրքով ու կշռով հայտնի մարդկանց ընտանիքին:
Բայց արի ու տես, որ ամուսնացա քո ընտանիքից ոչ պակաս լավ ու հայտնի ընտանիքում: Ընդունեցին սիրով, ջերմությամբ: Ամուսնական քողի տակ մտա ու շղթայեցի ինքս ինձ այս անգամ էլ իմ ծնողքի պահանջով...Ինչպիսի~ շրջապտույտ, ճակատագրի ինչ խա~ղ: Հասկացա, որ կոշիկ կարող, թե մեծ դիրքի տեր մարդ` նույնն են էությամբ: Մարդս իր բնույթով երբեք էլ չի փոխվում. բարձրին է ձգտում:
Ի՞նչ արած, անցավ անցածը: Միայն մի բան եմ աղերսում, հավատաս խոսքիս, հիշես ասածներս: Եթե ոչ այս պահին, ապա գոնե հետո...Ես դա կզգամ այն աշխարհում: Նման բաները հեռացածներն ավելի լավ են զգում, նրանք շատ ավելի զգայուն են, քան կենդանի մարդը: Եվ հետո, չէ որ հոգիները միշտ պտտվում են իրենց սիրելիների շուրջը: Ուրեմն մահվան դեպքում ես կարող եմ քո կողքին լինել, շարունակել այն շարունակելին, որ կտա ինձ աստված: Կարոտդ չեմ զգա այլեւս երբեք...Ես «կապրեմ» իմ աներեւույթ կերպարով քեզնով ու քո շնչով:
Մեծ դժվարությամբ եմ գրում, մարում եմ...Կարոտն ու ծանր հիվանդությունը խեղդեցին ինձ...Իմ այս աշխարհում մնալը, այս գեղեցիկ բնությունը, մարդիկ տեսնելն էլ հասու չեն ինձ...Դա հետեւանք է իմ գործած ու չգործած մեղքերի...
Մինչդեռ որքան եմ սիրել կյանքը, ծիրանագույն շողերի մեջ թաթախված արեւածագը եւ անշուշտ գարունը...
Ի~նչ լավ է, որ այսօր դրսում գարուն է, գույներ ու արեւ:
Իսկ օրը բացվեց: Եվ արեւը բարձրացավ հորիզոնում...
Ձեռքդ դողում է, մի հուզվիր, նամակս ամուր պահիր ափիդ մեջ: Ամեն ինչ անցավ, սիրելիս: Մթնեց: