Խոր աշուն է...
Օրերը մռայլ են, երկինքն` ամպամած, անձրեւներն` անդադար, այգու ծառերը` վաղուց մերկ: Հողը խշշում է թափված ու կիսափտած տերեւների առատությունից: Քայլելուց ոտքերդ խրվում են թաց ու փխրուն հողի մեջ, ցեխոտվում: Հողը կպչուն, հողը թաց...Երբ դադարում է անձրեւը, բարձրանում է քամի: Թե մեկը, թե մյուսը իր ներկայությամբ ցույց է տալիս բնության տված ուժը:
Նախկին կանաչի մեջ կորած ծառերն այժմ սեւին են տալիս իրենց մերկությամբ: Շուրջբոլորն աշնանային տխրություն ու գորշություն է: Ու այս ամենի մեջ թվում է` չորացել է այգին. կանաչի ոչ մի հետք...
Բայց զարմանալիորեն, չնայած այս ուշ աշնանը, այս տխուր եղանակին, այս անդադար ծեծող անձրեւին, երբ հողի մեջ կարելի է տեսնել միայն գորշ ու կիսափտած տերեւներ, ծառերից մեկի վրա նկատվեց տերեւ: Մի տերեւ: Այն էլ կանաչ, այն էլ շատ սիրուն: Նայում ես, թվում է` քնից նոր արթնացած ու բացված լինի: Նրա մակերեսի թելանման ջլերը եւ ժանեկազարդ եզրերը դեռեւս լավ մնում են: Ու այս ցրտին նուրբ տերեւին կամ քամին է թակում կամ անձրեւը: Բայց...չի պոկվում: Աներես է, մտածեցին թափված, խոնավությունից գորշացած, իրենց իրական տեսքը կորցրած մյուս տերեւները:
-Ի՞նչու չի պոկվում,- հանկարծ հնչեց ներքեւից մի ձայն. հողի մեջ կորած, միայն մի փոքրիկ մասը երեւացող տերեւանման ինչ-որ գոյություն:
-Մի՞գուցե տերեւ չէ,այլ նրան շատ նման որդ,- հեգնանքով հարցրեց նույն վիճակի մեջ մեկ ուրիշ տերեւ:
-Մի՞թե չես տեսնում, տերեւ է: Ապա նայիր, ինչ էլ կանաչ է:
-Նա մեզ նման չդեղնեց, չծերացավ, հողի ու ցեխի հետ չխառնվեց: Զարմանում եմ, ի՞նչպես է դիմանում այս ցրտին, - լսվեց բոլորովին այլ ձայն: Բոլորի կիսատ- պռատ, նախանձոտ հայացքներն ուղղվեցին վեր, դեպի տերեւը:
-Ա~խ, ինչու ոչ ոք չկա իմ կողքին: Մենակ եմ, տխուր,- լսվեց տերեւի սվսվոցը վերեւից` ծառի ճյուղից: Նրան ներքեւում ոչ ոք չլսեց:
-Երիտասարդ ես, կդիմանաս,-ասաց քամին ու սուրաց նրա կողքով:
-Մենակ եմ,-կամաց ասաց տերեւն ու խոնարհեց աչքերը:
-Կանաչ ես,-ժպտաց ճյուղը:
-Կանաչ եմ, բայց մենակ...
Քամու ընթացքից տերեւը սկսեց դողալ:
Ներքեւում թաց է, ցեխ, բայց միասին են, միախառնված մի գոյի մեջ: Վերեւում չոր է, բայց ...մենակ է տերեւը:
-Մի նեղվիր, հոգուդ լույսը քեզ կտաքացնի, մենությունդ կմեղմանա,- շարունակեց ճյուղը:
-Լույսը մարեց, երբ բոլորը լքեցին ինձ,- տխուր ասաց տերեւը: Սկսեց խոշոր կաթիլներով անձրեւ տեղալ:
Ոչ ոք այգում չէր երեւում: Միայն ծառերն էին ` մերկ ու գորշ եւ կանաչ տերեւը` կպած ճյուղից: Մերկ ծառի ճյուղին կպած միակ տերեւը, կանաչ տերեւը հանկարծ սկսեց մեղմիկ երգել...Նա երգո՞ւմ է, զարմացան ներքեւինները:
Որքա՞ն կապրեմ: Չեմ ուզում մեռնել, չեմ ուզում մյուսներին նմանվել` փտել, դառնալ հող ու տարալուծվել, մոռացվել: Ազատություն եմ ուզում, թռիչք եմ ուզում: Կապույտ երկինք եմ ուզում...
Անձրեւը դադարեց, քամին ուժգնացավ: Տերեւի սվսվոցն արագացավ: Թիթեռի նման թափահարում էր թեւիկերը: Որքան ուժ ուներ ամուր կառչեց ճյուղին, որի մեջ դեռ հյութ կար, ջուր...
Կամաց կամաց իրիկնանում էր: Արեւը շրջապատից հավաքեց իր վերջին ու թույլ շողերը, թաքցրեց ծոցի մեջ, գլուխը դրեց ամենաբարձր սարին ու քուն մտավ: Ցուրտը խառնվեց գիշերային լռությանն ու էլ ավելի տխրեցրեց միայնակ տերեւին:
Առավոտյան երկինքը մռայլ էր. անգույն ու մթնած ամպեր էին լողում: Միայն թե նորից չանձրեւի, մտածեց տերեւը:
Հետո մտքով գնաց հեռուները, դեպի անցած տաք ամառը: Երբ կանաչի մեջ կորած էր ամեն ծառ ու թուփ: Այն ժամանակ շատ ավելի երջանիկ էր, նա չէր տարբերվում, նա միայնակ չէր. բոլորի հետ էր:
Ամռանն այգում մեղունների բզզոցն էր, թռչունների ծլվլոցը, որ ինչպես մի անուշ մեղեդի լցնում էր այգին: Արեւի ու չչորացած խոտի հոտն էր, որ ձգում էր մարդկանց: Այգում արեւ էր, այգում ծիծաղ...
Եվ այդ ուրախ այգու չորս կողմը մոռի թփեր էին, այնքան խիտ ու բարձր, որ հարեւան այգու ոչ մի շարժ չէր նկատվում: Ի~նչ աշխուժություն էր շուրջբոլորը, ի~նչ եռուզեռ: Ծառերի տակ երեխաները խաղում էին , վազվզում, թաքնվում մոռի խիտ թփերի մեջ: Հոգ չէր, որ փշերից վնասվում էր նրանց դեմքի ու ձեռքերի նուրբ մաշկը, պատռվում` շորերը: Նրանց համար կարեւորը թաքստոցի ապահով լինելն էր, որ չնկատեր «թշնամին»: Իսկ երբ նրա կողմից գտնվում էին, գոռուն գոչյուն էր բարձրանում: Տերեւը հիշեց, որ մի անգամ դանդաղկոտ ու բկլիկ Արշակը թաքնվելով թփերում, անկարող եղավ դիմանալ մոռի համեղ պտուղների տեսքին ու սկսեց ուտել: Ուտելով իր թաքստոցում եղածը, կամաց կամաց դուրս եկավ ու սկսեց մոռ փնտրել մյուս թփերի վրա: Ինքնամոռաց քաղում ու ուտում էր:
-Արշա~կ, ես տեսա քեզ,- հեռվից նկատելով մոռ ուտող տղային կանչեց այանեն ու վազելով հասավ նշանակետին,- թո`ւ, Արշակ:
-Վա~յ,-գոչեց ասես թմբիրից արթնացած Արշակը,- դա հաշիվ չէ:
-Ինչպե՞ս, ես քեզ տեսել եմ: Է~, մոռ չուտեիր,- բարկացած ասաց այանեն:
-Է~հ,-նեղացած, ձեռքը թափ տալով հեռացավ Արշակը, բայց քիչ անց, նորից խառնվեց խաղացող երեխաների խմբին:
Այն օրից այգին շատ էր փոխվել...
Տերեւն ուշադիր շուրջը նայեց: Տեսավ դիմացի հսկա տանձի ծառը: արնանն ու ամռանն այն կորած էր կանաչ սաղարթների մեջ, վաղ աշնանը` հասած ու մեղրածոր պտուղների: Այժմ նրա ճյուղերն էլ լրիվ մերկ են:
Սակայն այդ հզոր ծառը վիրավոր էր: Ժամանակին կայծակից նրա հսկա բունը երկու մասի էր բաժանվել: Առաջին հայացքից թվում է, կացնահարված է եղել: Ասես կացնով ու երկաթե սեպով են ճեղքել: Ճեղքը պատռվել ու երեւան է եկել կաթնագույն ու մաքուր միջուկը եւ իհարկե նրա միջի զոլերը` արտահայտիչ, համաչափ, ասես` հատուկ գծած:
Բայց որքա՞ն ուժգին է եղել ճայթյունը ճեղքվելու պահին ու ինչպե՞ս է ոռնացել այս հսկա ծառը վիրավոր գազանի նման, այդ մտքից տերեւը սարսռաց: Ըմբոստացել է հավանաբար բնության արհավիրքի ու իր նոր վիճակի դեմ: Շրջապատը դղրդացել է ու ոռնոցը բերնեբերան լցվել այգուց ներքեւ իջնող ձորը: Համոզված եմ գել ու գազան չի մնացել, բոլորն էլ փախել են իրենց թաքստոցներից` ձորի խորշերից, իր մեջ պատկերացնում էր տերեւը :
Տարիների հետ ծառի բացված ու վերքոտված տեղերը սպիացել են, մգվել, իսկ ճյուղերը փռվել ու կիսապառկած կանգնել, անգամ հզորացել: Կայծակը վիրավորեց ծառին, բայց չվախեցրեց: Նա շարունակեց բերք տալ...Այն էլ մեղրածոր...
Զարմանալի է, որ մյուս ծառերին ոչինչ չի եղել: Այդքան մոտ ու անվնաս: Նրանք տեսել ու տեսնում են ծառի վերքը, ինքն իրեն ասաց տերեւը, բայց անտարբեր են: Նրանց համար նա նույնիսկ չկա...Թեպետ հենց նա առավ իր վրա բնության զայրույթն ու փրկեց մյուսներին... Ու այսուհետ, թող որ երիտասարդ ծառերի ճյուղերը կպչեն ծեր ծառի ճյուղերին, միհյուսվեն, անգամ մեծանալով խճճվեն: Միեւնույնն է` նա չկա...
Վիրավոր ու ծեր: Ո՞ւմ է պետք: Հավանաբար մտածում են կողքի ծառերը:
Ժամանակի լռության ու անտարբերության մեջ ի՞նչ ցավեր է նա կրել, ինքն իրեն նորից հարցրեց տերեւը...
-Ինձ չեն սիրում,-առանց նախաբանի, հանկարծ մտքին այլ ընթացք տալով, ասաց տերեւը:
-Ինձ էլ չեն սիրում,- ասաց ծառը:
-Ինչո՞ւ,-հարցրեց տերեւը:
-Չգիտեմ,- լսվեց պատասխանը: Ծառը չուզեց ավելին ասել...
-Ուզում եմ գնալ, թռչել ու հեռանալ այստեղից,- տխուր ասաց տերեւը:
-Մենակ դժվար կլինի:
-Տխուր է,- հուզվեց տերեւը:
-Չեմ վիճում,- ասաց ծառը:
-Դու այնքան հանգիստ ես:
-Այլ ելք չկա, թեւեր չունեմ...
Իջնում էր երեկոն: Ցուրտն ավելի սեղմից շրջապատից օտարված ծեր ծառին ու կանաչ տերեւին:
-Մրսում եմ:
-Ես էլ...
-Դեռ ցավո՞ւմ է վերքդ,- հանկարծ հարցրեց տերեւը:
-Սպին է ցավում, իսկ նրա ցավն ավելի ահավոր է, այն միշտ հիշեցնում է վերքդ: Հարվածի պահին բացված տեղից անգույն արյունը հոսեց գետի նման ու թաթախեց չորսկողմը: Թուլացա: Դարձա անկենդան: Ինձ թվում էր կընկնեմ ու կմեռնեմ: Հետո կամաց կամաց կփտեմ, կխառնվեմ հողին: Բայց արմատներս պահեցին ինձ, նրանք շատ հզոր են: Հողի ընդերքից` ջուր, արեւից լույս վերցրին ու ապրեցի: Արմատներս հզոր են:- նորից կրկնեց ծառը:-Եթե ուշադիր դիտես, նույնիսկ կտեսնես արյան ցողեր ծառին ու խոտին:
-Չեմ տեսնում,- մեղավոր ասաց տերեւը:
-Ուշադիր չես,- պատասխանեց ծառը:
-Ինչո՞ւ քեզ չեն սիրում,- նախկին հարցը նորից կրկնեց տերեւը:
-Դե~, ի՞նչպես ասեմ, ես այգու ամենածեր ծառն եմ: Իսկ դա շատ բան է ասում. տարիների հետ ավելի քիչ երեւույթների հետ ես համակերպվում:
-Իսկ ի՞նչը քո սրտով չէ:
-Այժմ երիտասարդ ծառերի պտուղները տեսքով գեղեցիկ են, բայց ներսում չորություն է, անհյութ են,- պատասխանեց ծառը:- Բայց չէ որ հողի տակ այնքան ջուր կա, իսկ նրա մեծ մասը կորչում, անհետանում է զուր: Արմատները ծուլանում են մի փոքր ուժ տալ իրենց ու ավելի շատ ջուր վերցնել ու բարձրացնել, կենարար հյութով լցնել իրենց ճյուղերը, հետո էլ ծաղիկի նուրբ թերթրիկներն ու պտուղը: Ու որքան համեղ կդառնան նրանք, որքան հյութալի ու քաղցր...
-Դու ծեր ես, բայց քո պտուղները լավն են: Ես տեսա ինչպես են բերքահավաքին քո շուրջը պտտվում մարդիկ,- ասաց տերեւը:
-Արմատներս են հզոր,- հանգիստ ասաց ծառը:
-Լավ է, մարդիկ սիրում են քեզ: Ինձ ոչ ոք չի սիրում,- ասաց տխուր աշնան մեջ ապրող կանաչ տերեւը:
-Ես նրանց պտուղ եմ տալիս: Թեպետ միշտ էլ պետք կլինեմ,-պատասխանեց ծառը:- Իսկ դու կանաչ ես եւ շատ սիրուն:
-Մենակ եմ:
-Բոլորն են մենակ,- հուսադրեց ծառը
-Ներքեւում մենակ չեն:
- Խառնուրդ պետք չէ, այնտեղ քո տեղը չունես:
-ոնե ուրախ են:
-Չհավատաս, կեղծ է:
Կեսօր էր: Հանկարծ ամպերը ետ քաշվեցին ու երեւաց արեւը: Տարվա այդ ժամանակ նա ճիշտ է շատ թույլ է, բայց ամենաթույլ շողն անգամ հաճելի է շրջապատին: Տերեւն աշխուժացավ, նա էլի ինչոր բաներ ասաց ծեր տանձենուն ու հետո լռեց: Հայացքը գցեց հեռուները` դիմացի սարերին ու բլուրներին, որոնք այգու մերկ ծառերի շնորհիվ տեսանելի էին: Տեսնես ի՞նչ կա այնտեղ` հեռուներում, ինքն իրեն հարցրեց տերեւը: Նրան թվում էր, այնտեղ գարուն է, կանաչ ու խոտ:
Արեւը երկար չմնաց: Նա լուռ ու մունջ, ոսկե գլուխը կախ` հեռացավ: Հիմա այնքան ուժ չուներ, որ թելադրեր իր կամքը, իշխեր բնությանը: Նա զիջել էր ժամանակին` ցրտին ու թացին...
Քամին նորից սկսեց բարձրանալ: Տերեւը հայացքը չէր կտրում հեռուներից, նայում էր ու նայում: Ինչի՞ն, ինքն էլ չգիտեր: Բայց հանկարծ ինչ որ բան նկատեց: Նրան թվաց, թիթեռներ են հեռվում, որոնք թռչում են քամու ընթացքին համահունչ, հույս ունենալով ինչոր բան գտնել այգում:
- Օ~, փոխեք ձեր ճանապարհը, գնացեք մեկ ուրիշ տեղ, այստեղ ոչինչ չեք գտնի, - գոռաց տերեւը: Բայց նրան ոչ ոք չէր լսում, բացի տանձենուց:
-Ինչո՞ւ ես գոռում,- հարցրեց ծառը:
-Թիթեռներ են այս կողմ թռչում, հավանաբար ծաղիկ են փնտրում,-ասաց տերեւը:
-Ո՞ւր է թիթեռ,-հարցրեց ծառն ու իր բարձրությունից ավելի ուշադիր նայեց տերեւի ցույց տված ուղղությամբ:- Թիթեռներ չեն, խենթուկ, տերեւներ են: Տարվա այս եղանակին թիթեռ չի լինում:
-Տերեւնե՞ր,- կարծելով լավ չլսեց, նորից կրկնեց տերեւը,-տերեւնե՞ր:
-Այո, տերեւներ, քեզ նման կանաչ,- պատասխանեց տանձենին:
-Ինձ նման կանաչ տերեւնե՞ր են,- հուզված նորից հարցրեց տերեւը:
Եվ իրոք, թվացյալ թիթեռներն էլ ավելի մոտենալով, դարձան կանաչ տերեւների մի խումբ: Նրանք օդում գեղեցիկ շարժումներով պարում էին, բարձրանում-իջնում: Ասես իրոք կանաչ թիթեռներ լինեն:
-Որտեղի՞ց եք գալիս, -հարցրեց ծառը:
-Վերեւից` անտառից,-պատասխանեց ամենականաչ տերեւը:- Խոր աշունն այնտեղ դեռ նոր է սկսվում ու կամաց կամաց մտնում իր տխուր օրերի մեջ: Բայց այս գիշեր սարսափելի քամի բարձրացավ: Մեզ պոկեց: Պոկեց անխիղճը: Ախր դեռ շուտ էր, չխնայեց: Շուրջն ամեն ինչ խառնվել էր իրար...
-Եկեք այստե~ղ, ինձ մոտ,- իր նմաններին տեսնելով` ուրախացած ճչաց տերեւը : Սվսվալով ու թիթեռի նման թեւիկները շարժելով , տերեւները թռան ձայնի կողմը:
-Օ~, ահա քեզ եւս մի կանաչ տերեւը: Բայց դու մենակ ես այստեղ,-շուրջը նայելով ասաց մի տերեւ ու նստեց ճյուղին, մեր տերեւին շատ մոտ:
-Այո, մենակ եմ: Բայց այգում մի բարի ծերունի ընկեր ունեմ: Ա~յ, այն դիմացի տանձենին է,- հպարությամբ ասաց տերեւը:
--Օ~, ինչ հզոր է:
-Այո, շատ ուժեղ է,-պատասխանեց տերեւը:
-Իսկ կուզե՞ս գալ մեզ հետ,- հանկարծ հարցրեց ամենականաչ ու սիրուն տերեւը:
-Իսկ ո՞ւր,- զարմացած հարցրեց ճյուղին կպած տերեւը:
-Հեռո~ւ,-լսվեց պատասխան:
-նա նրանց հետ: Կունենաս եւ ազատություն եւ թռիչք,- ասաց ծառը:
-Այո, դու ճիշտ ես:
-Դե ուրեմն` գնա:
Տերեւը, որ մինչ այդ երազում էր թռիչքի ու ազատության մասին, մի պահ ասես կորցրեց իրեն: Երազն այնքան մոտ էր ու իրական...
-Իսկ դո՞ւ ,-հանկարծ հարցրեց ծերուկ ծառին:
-Ես ի՞նչ:
-Ես չեմ ուզում քեզ մենակ թողնել,- տխուր ասաց ճյուղին կպած կանաչ տերեւը:
-Ես սովոր եմ, մի տխրիր,- ասաց ծառը:- Ավելի լավ է թռչես ու գնաս քո նմանների հետ:
-Մի՞թե քեզ համար ավելի տխուր չի լինի առանց ինձ, բոլորովին մեն մենակ:
-Ես քեզ կհիշեմ, մենությունս կսփոփվի, իսկ դու պարզապես պահպանիր հիշողություններդ ու այգու բույրը:
-Ես չեմ մոռանա ոչինչ,- ասաց տերեւը:
-Դե արի մեզ հետ,շտապի~ր- սվսվացին մյուս տերեւները:
Այդ պահին քամին ուժգնացավ: Նա սուրաց տերեւների միջով, պտտեցրեց նրանց իր թեւերում: Բարձրացրեց վեր, հետո թողեց նրանց , իջավ դեպի ճյուղին կպած տերեւն ու սկսեց ավելի ուժգին շարժել ճյուղը:
-Ես քեզ պոկեմ ու դու կթռչես նրանց հետ,- ասաց քամին ու այնպես թրթռացրեց տերեւին, ճյուղին նստած տերեւին, ծառի միակ կանաչ տերեւին, որ սա պոկվեց ու սկսեց ցած իջնել:
-Ա~խ, ցավաց,- տնքաց ցած իջնող տերեւը:
-Զգո~ւյշ,- ճչացին մյուս տերեւները:- Ներքեւում ցեխ է, եթե ընկնես, էլ չես կարող բարձրանալ:
Տերեւը լավ գիտեր ներքեւի թացը: Փտած տերեւները կուլ կտան իրեն անմիջապես: Նայեց. գորշությունն ավելի էր խտացել ներքեւում: Ամեն ինչ միախառնվել էր: Ավելի ուշադիր նայելով` տերեւը նկատեց, որ տերեւանման ոչ մի գոյություն էլ չկա...
Պոկված տերեւը դեռ չգիտեր թռչել, նա մոլորվել էր ստացած ազատության մեջ եւ այդ պահին վեր թռչելու փոխարեն ցած իջավ: Քամին իջավ տերեւի ուղղությամբ եւ իր գիրկն առնելով կանաչ տերեւին, բարձրացրեց վեր:
-Դե հիմա թռիր,-ասաց նա: Տերեւը շարժեց թեւիկներն ու զգաց, որ կարող է պահել իրեն ու բարձրանալ: Ավելի ուժգին շարժեց: Բարձրացավ:
-նացի~նք,- ուրախ ճչացին մյուս տերեւները:
Ճյուղից պոկված տերեւն օդում պտտվելով, թռավ ու նստեց ծեր ծառի ճյուղին:
-Ես քեզ միշտ կհիշեմ,-ասաց տերեւը:
-Ես էլ քեզ,-պատասխանեց ծառը:- Թռիր, վայելիր ազատությունդ:
-Ես հիմա եմ հասկանում, որքան շատ կտխրեմ առանց քեզ...
-Դու քո նմանների հետ կլինես,- ասաց ծառը: Տերեւը թեւիկները թափահարելով քսեց ծառին. նրան գրկելու նման մի բան էր դա ու թռավ- գնաց: Քիչ անց կորավ ծեր ծառի տեսադաշտից:
-Նա փրկվեց, նա ազատ է,- ինքն իրեն ասաց տանձենին ու ժպտաց...