Հարգելի ընկերներ, տիկնայք եւ պարոնայք։ Իմ ելույթը բաղկացած է երկու մասից, եւ, նախքան բուն թեմային անդրադառնալը, հարկ եմ համարում համառոտակի ներկայացնել հուշարձանների պահպանության եւ ուսումնասիրման վարչության կատարած աշխատանքները վերջին երկու տարում։ Այո՛, հուշարձանների պահպանության եւ ուսումնասիրման վարչությունն Արցախում ստեղծվել է շուրջ երկու տարի առաջ, եւ, իմ կարծիքով, արվել է հնարավորը ներկայիս սուղ ու դժվարին պայմաններում։ Այսպես, վերահաշվառել ենք Մարտակերտի շրջանի եւ Ստեփանակերտ քաղաքի հուշարձանները, ընդ որում, Մարտակերտում դրանց թիվը կառավարության կողմից հաստատված 229-ից հասցվել է շուրջ 1200-ի։ Պատմաճարտարապետական եւ հնագիտական հուշարձանների պահպանության նկատառումներից ելնելով, կազմվել են պայմանագրային ձեւեր, այսպես կոչված պահպանական պարտավորագրեր, որոնք օգտագործվում են այս կամ այն հուշարձանի պահպանության գործը օրենսդրական ճանապարհով կարգավորելու համար։ Օրինակ, Խոջալուի օդանավակայանի ղեկավարության հետ կնքվել է պահպանական պարտավորագիր՝ օդանավակայանի տարածքում գտնվող դամբարանադաշտի պահպանության համար։
Պատմական հուշարձանների, ինչպես նաեւ բնության եւ կենդանական աշխարհի պահպանության բարելավման նկատառումներից ելնելով, կազմել ենք ծրագրեր՝ Արցախում կազմակերպելու-ստեղծելու «Խաչեն» եւ «Դիզակ» բնապատմական եւ «Շուշի» պատմա-մշակութային արգելոց-թանգարաններ։
Իրականացրել ենք պեղման-ուսումնասիրման աշխատանքներ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղում, առայժմ 200 հուշարձանի համար պատրաստվել են ցուցատախտակներ (երեք լեզուներով), ընթացքի մեջ են դրանց տեղադրման աշխատանքները։
Որոշակի հաջողություններ են արձանագրվել հուշարձանների նորոգման-բարեկարգման ասպարեզում։ Դահրավ գյուղում ավարտվել են Րաֆֆու հուշաղբյուրի վերակառուցման, Հացի գյուղում՝ Բռի եղցու որմնափակ հուշակոթողի նորոգման-ամրակայման, Կղարծիի «Թարգմանչաց» վանքի արտաքին նորոգման աշխատանքները։ Միաժամանակ իրականացվել են մի շարք՝ առավել անմխիթար վիճակում գտնվող, պատմական գերեզմանոցների բարեկարգման-ցանկապատման աշխատանքներ (օրինակ, Նախիջեւանիկի Փիրումյանների տոհմական, Խնապատի IX-XX դդ պատմական եւ Շուշիի հյուսիս-արեւելյան եզրի գերեզմանատները)։
Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի կապակցությամբ, կազմվել են 12 գրքույկների եւ բուկլետների տեքստեր՝ համապատասխան լուսանկարներով, տպագրվել է «Ասկերանի բերդ» գրքույկը, տպագրության ընթացքում են իմ հեղինակությամբ «Խաչենի ամրոցները», «Խնապատ» գրքերը, Շ.Մկրտչյանի «Վանդալիզմ կամ ինչպես էին թուրքերը պահպանում հայկական-քրիստոնեական հուշարձանները Արցախում» փաստաթղթերի անգլերեն թարգմանությամբ ժողովածուն, Հ.Հարությունյանի «Շուշի. նորահայտ նյութեր քաղաքի պատմության մասին» գրքույկը եւ այլն։
Հարգելի ընկերներ, Արցախում, ներառյալ ազատագրված տարածքները, այսօր պահպանության տակ են առնված շուրջ 10000 հուշարձաններ, որոնք ամենօրյա ուշադրության եւ հսկողության կարիք ունեն։ ԼՂՀ իշխանությունները լիազորել են մեզ՝ Մշակույթի նախարարությանը՝ պահպանել մեր ազգային արժեքները՝ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան։ Այլ խոսքով, պետությունը ստեղծել է վարչություն, մշակել օրենք հուշարձանների պահպանության մասին եւ հանձնարարել մեզ, որպեսզի առաջնորդվելով այդ օրենսդրական ակտով, իրականացնենք հուշարձանների պահպանության գործը։ Եվ ոչ-ոք իրավունք չունի՝ առանց այդ գործի հիմնական տեր ու տնօրեն Մշակույթի նախարարության գիտության ու համաձայնության, ոտնձգություններ կատարել հուշարձանների նկատմամբ, զբաղվել ինքնագործունեությամբ, կամայականությամբ, ոչ-ոք իրավունք չունի անտեսել օրենքը, որը պետք է լինի հավասար բոլորի համար՝ անկախ զբաղեցրած դիրքից։
Օրենքի 30-րդ հոդվածում գրված է. «հուշարձանների ամրակայման, նորոգման եւ վերականգնման աշխատանքներն իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ եւ վերահսկողությամբ», ընդ որում, լիազորված մարմնի հետ նախօրոք համաձայնեցվում են աշխատանքների նախագծային առաջադրանքներն ու նախագծերը։ Սակայն, հուշարձաններ վերականգնող կազմակերպություններից ԼՂՀ տարածքում, առայժմ Արցախի թեմն է խախտում այս կարգը, որոնք դրսեւորվում են հուշարձանի նախնական տեսքն աղճատող նորոգումներով։ Նախորդ ելույթներից մեկում բավականին փաստեր բերվեցին։ Դրանք, իհարկե, տեղի չէին ունենա, եթե այդ աշխատանքներն իրականացնեին «մասնագիտացված կազմակերպությունները եւ այն մասնագետները, որոնք ունեն համապատասխան լիցենզիա եւ տվյալ հուշարձանում աշխատանքներ կատարելու համար սահմանված կարգով տրված թույլտվություն» (հոդված 32)։ Դուք ինձ հարց եք տալիս, թե ես տեղյակ ե՞մ արդյոք, թե ինչ է կատարվում Գանձասարի շրջակայքում եւ ո՞վ է այն թույլատրել։ Միանգամից պատասխանում եմ, որ այդ աշխատանքներն իրականացնելու համար մեզ հետ ոչ-ոք չի խորհրդակցել։ Չի եղել լիազորված մարմնի կողմից օրենքով սահմանված գրավոր համաձայնություն կամ թուլտվություն։
Վանքի մոտ կատարվող շինարարության մասին զարմանալիորեն իմացել եմ Երեւանում։ Հայաստանի հուշարձանների պահպանության վարչության պետը ինձ մատնացույց է արել շինարարությունը պատկերող մի լուսանկար եւ հարցրել, թե արդյո՞ք տեղյակ եմ այդ ամենի մասին։ Ես տեղյակ չէի, քանի որ աշխատանքները սկսվել էին նախքան իմ վարչության պետ նշանակվելը եւ Արցախում տիրող ընդհանուր իրավիճակին նոր էի ծանոթանում։ Պարզվեց, որ մի արտասահմանցի է ֆիկսել շինարարությունը, այն ներկայացրել ՀՀ հուշարձանների պահպանության վարչություն՝ որպես արտառոց փաստ, քանզի շինարարությունն իրականացվում էր հուշարձանի պահպանության գոտու տարածքում։ Վերադառնալով Ղարաբաղ, անմիջապես սկսեցի զբաղվել այդ հարցով, պարզելու համար շինարարության հետ կապված հանգամանքները։ Սկզբում դիմել եմ Մարտակերտի վարչակազմի մշակույթի բաժնի վարիչին՝ ինձ նախնական տեղեկություններ հաղորդելու համար, որը սակայն հրաժարվել է, ասելով, որ ինքը «դանոսչիկ» չէ եւ տեղեկություններ չի կարող տալ։
ՊՄՊ Արցախի ծառայության պետ Ջ.Թադեւոսյանի հետ միասին եղանք Գանձասարում։ Պարզվեց, որ աշխատանքների ընթացքում տեղահան են արվել ոչ միայն գերեզմաններ, այլեւ հնագիտական առանձին հուշարձաններ։ Նման դեպքերում աշխատանքներ կատարող կազմակերպությունը պարտավոր էր գոնե անհապաղ հայտնել լիազորված մարմնին՝ տվյալ դեպքում Մշակույթի նախարարությանը, որը սակայն չի արվել։ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում (հոդված 21) գրված է. «Հուշարձանների քանդումը արգելվում է։ Հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանների տեղափոխումը
փոփոխումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության թույլտվությամբ
Հուշարձանների տեղափոխման եւ փոփոխման թուլտվություն տրվում է միայն լիազորված մարմնի եզրակացության հիման վրա։ Նախքան հուշարձանը տեղափոխելը կամ փոփոխելը
լիազորված մարմինը կազմակերպում է հուշարձանի գիտական ուսումնասիրման, չափագրման եւ լուսանկարման աշխատանքները»։
Տվյալ դեպքում այս պահանջներից եւ ոչ մեկը չի կատարվել։
Որոշ պարզաբանումների համար եղանք Շուշիում, նպատակ ունենալով հանդիպել Պարգեւ Արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, որը սակայն տեղում չէր։ Հանդիպեցինք Կորյուն անունով մի հոգեւորականի։ Իմ այն հարցին, որ ճի՞շտ է արդյոք, որ Գանձասարում գերեզմաններ են քանդվել, նա պատասխանեց, որ «այո՛, ճիշտ է»։ Բայց չէ՞ որ դրանք հուշարձաններ են, - ասացի ես։ Հոգեւորականի վրա «հուշարձան» բառը լավ տպավորություն չթողեց։ «Գերեզմանն ի՞նչ հուշարձան։ Դրանք բոլորը պետք է քանդվեն-վերացվեն։ Վանքերի մոտ ոչ մի գերեզմանոց էլ չպիտի լինի»,- ասաց նա։ Եվ այդ ամենը մի քանի հոգու ներկայությամբ։ Կարծում եմ, մեկնաբանություններն ավելորդ են։
Հարգելի ընկերնե՛ր, ոչ-ոք իրավունք չունի շրջանցել օրենքը եւ այն վերածել ձեւական փաստաթղթի։ Ոչ-ոք իրավունք չունի ձեւափոխել-աղճատել պատմական հուշարձանը, որի նախնական տեսքը պետք է պահպանվի։ Պետք է վերջ տալ հուշարձանները թիթեղապատելու գործընթացին՝ որպես նորոգման ընտրված հեշտ ձեւ։ Ավարտելով խոսքս այս հարցի հետ կապված, ուզում եմ հիշեցնել, որ ոչ մի տարբերություն չի կարող լինել պատմության աղավաղման, խեղաթյուրման եւ հուշարձանների նորոգման ժամանակ թույլ տրված աղավաղումների ու աղճատումների միջեւ։
Ի պատասխան Ձեր հարցման, ես ստիպված էի ելույթս սկսել նորոգման աշխատանքների դրվածքից։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մյուս բնագավառների մասին։
Ստուգումները ցույց են տվել, որ տեղերում անբավարար է հսկողությունը հուշարձանների նկատմամբ, որի արդյունքում անդառնալի վնասներ են հասցվում մեր նախնիների թողած պատմա-մշակութային ժառանգությանը։ Ինչպես նախկինում, այսօր էլ գրանցվում են դեպքեր, երբ հնավայրերից խաչքարեր են տեղափոխվում եւ տեղադրվում բնակավայրերում, ճանապարհամերձ հատվածներում, աղբյուրների վրա՝ աղավաղելով պատմությունը։ Նման փաստեր են արձանագրվել Արցախի մի շարք բնակավայրերում։ Օրինակ, Ուլուբաբից կամ Սեյդիշենի մոտակա հանդամասերից խաչքարեր են տեղափոխվել Սեյդիշեն, Սարդարաշենի Նորշեն-Ցրտաջուր վայրից Նորագյուղ են փոխադրվել շուրջ մեկ տասնյակ հուշակոթողներ եւ այլն։
Յուրաքանչյուր հուշարձան պետք է մնա, պահպանվի իր նախնական տեղում՝ պատմական միջավայրում։ Օրենքով արգելված են այլ վայրերից հուշարձանների տեղափոխումները, որը, նորից եմ կրկնում, աղավաղում է մեր պատմությունը։ Ներկայումս կազմվում է տեղահանված-տեղափոխված հուշարձանների ցուցակ՝ դրանք առաջիկայում իրենց նախկին վայրերը տեղափոխելու համար։
Արցախում գրանցվել են դեպքեր, երբ հուշարձանները օգտագործվում են այլ՝ անթույլատրելի ու անպատվաբեր նպատակներով։ Օրինակ, առանձին եկեղեցիներ վեր են ածվել մարագների, որոշ հուշարձաններում անասուններ են պահվում։ Վարչակազմերը, գյուղապետարանները պետք է խստիվ միջոցներ ձեռնարկեն նման երեւույթները կանխելու համար։
Հարգելի ընկերներ, գանձախուզությունը կարծես թե մեծագույն չարիք է դարձել մեր իրականության մեջ։ Գրեթե չկա մի վանական համալիր կամ հուշարձանախումբ, ուր ոտք դրած չլինեին ոսկի փնտրողները, որոնք գանձ գտնելու-հարստանալու մոլուցքով տարված, փորփրում են հուշարձանների հիմքերը, պղծում գերեզմանները։ Հասկանալի է, որ խելքը գլխին մարդը նման գործերով չի կարող զբաղվել, քանզի գիտակցում է, որ հուշարձաններում, մասնավորապես քրիստոնեական կոթողներում, բացառվում է ոսկու առկայությունը, ուղղակի, նման սովորույթ չի էլ եղել մարդկանց հավատալիքներում։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գանձախույզները հիմնականում տխմար, անմակարդակ, առանձին դեպքերում՝ որոշակի շեղումներով մարդիկ են, որոնց եթե չհասկացնես, ի վիճակի չեն իմանալ հուշարձանի դերն ու նշանակությունը, ճանաչել այն, որպես ազգային արժեք։ Մենք ներքին կարգով աշխատում ենք այդ ուղղությամբ եւ արդեն առանձին գյուղերում ի հայտ ենք բերել օրինազանցների։ Սակայն, այս գործում մեծ անելիքներ ունեն իրավապահ մարմինները, որոնք ցավոք, տեղերում մատնված են անգործության, քանզի առայսօր ոչ մի գանձախույզ չի բռնվել եւ պատասխանատվության չի ենթարկվել։ Բայց չէ՞ որ նրանք մեր շարքերում են եւ հարկ եղած դեպքում ի հայտ բերելը այնքան էլ մեծ դժվարություն չի կարող ներկայացնել։
Վերջացնելով խոսքս այս հարցի հետ կապված, գտնում եմ, որ «գանձախուզություն» երեւույթի դեմ պայքարը պետք է լինի միասնաբար ու անընդմեջ։ Ընդ որում, պետք է փոխվեն պայքարի ձեւերը, մասնավորապես, բնակավայրերում ակտիվացնելով դասախոսությունները բնակչության ու, հատկապես, մատաղ սերնդի շրջանում, որը, ինչպես ցույց է տվել փորձը, վատ արդյունք չի տալիս։
Հարգելի ընկերներ, հուշարձանների պահպանության բարելավման գործում մեծ առաջընթաց եւ արմատական բեկում կարող է լինել միայն այն դեպքում, երբ բոլորը ուղեկցվեն «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքով, որպեսզի հուշարձանների հետ կապված պետական կառավարման տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմիններն իմանային իրենց պարտականությունները եւ չզլանային դրանք կատարել։ Կարեւոր է նաեւ հուշարձանների դերի ու նշանակության պրոպագանդումը դպրոցներում, որպեսզի մատաղ սերունդը գիտակցի իրենց նախնիների թողած պատմական ժառանգության պահպանության կարեւորությունն ու անհրաժեշտությունը՝ մանավանդ Արցախում։
Հարգելի ընկերներ, վերջին ժամանակեներս Արցախում, Հայաստանում եւ նույնիսկ Ռուսաստանում ի հայտ են եկել տասնյակ մարդիկ, որոնք համապատասխան կրթություն չունենալով, զբաղվում են Արցախի պատմության հարցերով, գրում հոդվածներ, գրքեր եւ օգտվելով բնակչության անտեղյակությունից, հաճախ գիտակցաբար, գյուտ անելու մոլուցքով տարված, աղավաղում են մեր պատմությունը, փորձում էժանագին-շինծու գրվածքներով երեւելի դառնալ հասարակության մեջ։ Ոմանց թվում է, որ եթե իրենք հաջողությունների չեն հասել իրենց բուն մասնագիտությունների մեջ, կարող են զբաղվել պատմագրությամբ, որտեղ կարելի է հեշտությամբ իրենց դրսեւորել եւ հայրենասերի համբավ ձեռք բերել։
Մենք միշտ էլ պայքարել, այսուհետ կպայքարենք բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն աղավաղել Արցախի պատմությունը եւ փաստացի նյութերով ցույց կտանք ճշմարտությունը, որպեսզի հենց իրենք համոզվեն, որ պատմությունը «Թաթունց բոստան» չի, որ ով ինչ ուզենա անի, այլ մի զորեղ գիտություն, որ հենվում է ոչ թե հեքիաթաբանությունների, այլ փաստերի, հավաստի աղբյուրների վրա։ Եվ որպեսզի այս խոսքերը մերկապարանոց չթվան, խոսենք փաստերով։
Իմ ձեռքի տակ է մի ցուցակ, որտեղ նշված են մեկ տասնյակ հեղինակներ, որոնք աչքի են ընկել Արցախի պատմությունը կամ նրա առանձին դրվագները աղավաղելու ասպարեզում։
Լրագրող Լեւոն Մկրտչյանի մասին շատ է խոսվել ու գրվել։ Այդ անձնավորությունը վերջին 5 տարիների ընթացքում շուրջ երկու տասնյակ անգամ հանդես է եկել մամուլում, նույն բովանդակությամբ, հաճախ էլ նույն վերնագրի տակ տպագրելով նույն բանը Ստեփանակերտ քաղաքի մասին։ Ահա նրա գրվածքների պատճենահանված օրինակները, որտեղ հեղինակը բամաթիվ շինծու, անհիմն ու հակագիտական փաստարկներով, ընդ որում, առանձին դեպքերում՝ գիտակցաբար, կարելի է ասել ազնիվ հայրենասերի դիմակով աղավաղում է քաղաքի պատմությունը, չարաշահելով մարդկանց, ժողովրդի անտեղյակությունը։ Կարծում եմ հարկ չկա մանրամասն ներկայացնելու պարոն Մկրտչյանի՝ կարելի է ասել ծիծաղ առաջացնող բամաթիվ փաստարկները մի քաղաքի մասին, որը հազարամյակների պատմություն ունենալով, մեղմ ասած, արժանի չէ նման անհարգալից վերաբերմունքի։
Մյուս հեղինակը, որ հարկ եմ համարում ներկայացնել, Բակուր Կարապետյանն է։ Որպես լրագրող, արցախյան ազատամարտի տարիներին նա հանդես է եկել բազմաթիվ հրապարակումներով ու ռեպորտաժներով, որոնք այսօր պատմական մեծ արժեք են ներկայացնում։ Մեծ է նաեւ նրա դերը այլ ասպարեզներում։
Վերջին ժամանակներս Բ.Կարապետյանը զբաղվում է պատմագրությամբ։ Լավ էլ անում է։ Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր անելիքը։ Բայց եթե պատմություն ես գրում, այն էլ՝ ճշմարտացի, պետք է կարողանաս անպայման փաստացի տվյալներով հիմնավորել քո ասելիքը, պետք է կարողանաս առաջնայինը տարբերել երկրորդականից, իրականը զատել հեքիաթաբանությունից։ Դեռ ավելին, մտավորականը պետք է լինի ազնիվ, անգամ ի հոգուտ Արցախի չաղավաղի պատմությունը, քանզի Արցախը հարուստ պատմություն ունենալով, ինչպես գիտեք, դրա կարիքը երբեւէ չի ունեցել։
Վերջերս Բ.Կարապետյանը հրապարակել է «Շուշի բերդաքաղաքը» գիրքը, որտեղ դժվար է ասել՝ սխալն է շատ, թե ճիշտը։ Այս գրքում տեղ են գտել բազմաթիվ անճշտություններ, աղավաղումներ, ցավոք, առանձին դեպքերում՝ գիտակցաբար։
Միայն մի օրինակ. փորձելով ապացուցել, որ Շուշին XV եւ հետագա դարերում էլ հիշատակվում է պատմական աղբյուրներում, պարոն Կարապետյանը Շոշ գյուղի տվյալները վերագրում է Շուշիին։ Մատենադարանի ֆոնդերում պահպանվող 1428 եւ 1575թթ. ձեռագրերը, որ տեղ են գտել նշված գրքում, իրականում, Շուշի քաղաքի հետ որեւէ առնչություն չունեն։ Մատենադարանից գրի առնված ձեռագիրը Բ.Կարապետյանը ներկայացնում է հետեւյալ կերպ. «Ի փառս նմանէ գաւառս Վարընթոց, ի գաւառս, որ կոչի Շուշոյ,
Անդ հովանեաւ սուրբ Աստուածածնին։ Գրեցաւ ի թվականութեանս Ռիդ» (1575)։
Իրականում, պետք է լինի. «
ի Փոսանհանկ գաւառս Վարընթոյ, ի գաւղս որ կոչի Շուշոյ, ընդ հովանեաւ սուրբ Ստեփաննոսիս ի հանգիստ սորա այրաւեր եւ ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնին։ Արդ, գրեցաւ ի թվիս Ռիդ» (1575)։
Այսպիսով, նկատի ունենալով, որ նախկինում Շուշի քաղաքում եղել է Ս.Աստվածածին եկեղեցի, Բակուր Կարապետյանը Շոշ գյուղին վերաբերող այս արձանագրությունը վերագրում է Շուշի քաղաքին, գիտակցաբար արձանագրությունից դուրս թողնելով Սուրբ Ստեփանոս անվանումը, այլապես ընթերցողը կհասկանար, որ ձեռագրում նշված երկու եկեղեցիները գտնվում են Շոշ գյուղում եւ Շուշի քաղաքի հետ կապ չունեն։
Շուշին որպես բնակավայր (քաղաք, ամրոց) գրավոր աղբյուրներում հիշատակվում է առնվազն VI դարից, իսկ համաձայն հնագիտական ուսումնասիրությունների՝ մ.թ.ա. II-I հազարամյակից։
Արժե՞ արդյոք հիմնավոր ու մանրակրկիր ուսումնասիրություն կատարելու փոխարեն, կառչել փրփուրներից եւ ինչպես ասում են՝ «ունքը շինելու փոխարեն, աչքը հանել»։ Ցավալի է, որ այսօր նման աշխատություններն են հավակնում ինչ-որ պետական մրցանակների կամ փորձ արվում ներկայացվել իբրեւ դոկտորական դիսերտացիաներ։
Հաջորդ հեղինակը բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանն է։ Ես այդ անձնավորությանը մոտիկից չեմ ճանաչում, երբեւէ չեմ շփվել նրա հետ, բայց մի քանի անգամ պատիվ եմ ունեցել քննադատության դիրքերից մոտենալ նրա առանձին գրվածքներին, մասնավորապես Կաղանկատույք բնակավայրի տեղադրության հետ կապված, որը շատ խիստ վրդովվեցրել է Արցախում ճանաչում գտած մտավորականին։ Եվ շատ իզուր։ Ես, որ նրա տեղը լինեի, շատ հանգիստ, առանց այլեւայլության կընդունի առողջ դիտողությունը եւ ոչ թե սկզբունքային համառությամբ հրաժարվեի ճշմարտությունից։ Այն, որ Կաղարծին Կաղանկատույքը չէ, ապացուցվում է բազմաթիվ գրավոր փաստարկներով, որը սակայն պարոն Բեգլարյանը չի ցանկանում ընդունել։ Կարծում եմ, դարձյալ այդ նույն չարաբաստիկ «սկզբունքից» ելնելով եւ դիտավորյալ։
Մամուլում եղած քննադատությունները չընդունելով, այսօր Բեգլարյանը նույն՝ Կաղանկատույքի տեղադրության հետ կապված հոդվածը տպագրել է իր «Արցախնամե» գրքում, արհամարհելով ոչ միայն գրախոսներին, այլեւ այն բազում պատմական փաստերը, որոնք հիմք են ծառայել մերժելու Կաղարծին Կաղանկատույքը համարելու հեքիաթաբանությունը։ Նման մոտեցում ցուցաբերելով, պարոն Բեգլարյանը պարզ է, ոչինչ չի շահել։ Նրա ո՛չ պատիվն է բարձրացել եւ ո՛չ էլ հեղինակությունը։ Արցախի պատմությունն էլ ոչ շահել է եւ ոչ էլ տուժել, քանզի պատմական աղբյուրներով չհիմնավորված գրվածքները մնում են սոսկ մի թղթի կտոր եւ ուրիշ ոչինչ։
Օգտվելով առիթից, ես պարոն Բեգլարյանին կոչ եմ անում ողջախոհության։
Հարգելի Ընկերներ, ժամանակի սղության պատճառով հնարավոր չէ մեկ առ մեկ անդրադառնալ բոլորին, ցույց տալ նրանց սխալները։ Ավարտելով խոսքս, գտնում եմ, որ պետք է վճռականորեն պայքարել Արցախի պատմությունը աղճատողների դեմ, որը պետք է լինի ոչ միայն սոսկ առանձին անհատների, այլ գիտական հիմնարկությունների, կազմակերպությունների միջոցով։ Մենք պետք է միշտ հիշենք եւ նկատի ունենանք, որ այսօրվա սխալը, օրինակ, մամուլում լույս տեսած մի ինչ-որ շինծու-հակագիտական թղթակցություն կամ հոդված, ասենք մի 200-300 տարի հետո ինչ-որ մեկի համար կարող է պատմական աղբյուր ծառայել եւ օգտագործվել օտարների կողմից, որն անցանկալի է։ Իմ ցանկությունն է, որ ամեն մարդ զբաղվի իր գործով, որը շատ ավելի օգուտ կբերեր մեր ժողովրդին։