1 11-րդ կարմիր բանակի ճնշման տակ, համաշխարհային հեղափոխության մոլուցքով տարված, հայ բոլշեւիկների ջանքերով Լեռնային Ղարաբաղում 1920թ. մայիսին հաստատվեցին խորհրդային կարգեր։ Երկրամասի հայությունն իր գալիք ապագան միամտորեն կապեց նոր կարգերի հետ եւ հոգու ջերմությունն ու աշխատանքային ավյունը անմնացորդ նվիրաբերեց խորհրդային կարգերի ամրապնդմանը։
Արցախահայության այն հույսը, թե խորհրդային կարգերի հաստատումը կնպաստի մայր հայրենիքի հետ Արցախի միացմանը, շուտով հօդս ցնդեց եւ միանգամայն պարզ դարձավ, որ 11-րդ կարմիր բանակը երկրամասը բռնազավթել է հօգուտ Խորհրդային Ադրբեջանի։
Տիրելով Արցախին, 11-րդ կարմիր բանակը 1920թ. հունիսին ժամանակավորապես նվաճեց նաեւ Զանգեզուրի մի մասը։
Գարեգին Նժդեհի ազատագրական բանակի հարվածների տակ 11-րդ կարմիր բանակը ստիպված հանգրվանեց Արցախում։ Անպատժելիության մթնոլորտում Արցախում լայն ծավալ ստացան բռնություններն ու ալան-թալանը։ 1920թ. նոյեմբերի 30-ին Գարեգին Նժդեհը 11-րդ բանակի հրամանատարներից մեկին՝ Սեմյոնովին գրած նամակում, մերկացնում է կարմիր բանակի հակահայկական, հակաժողովրդական գործունեությունը։ Նա փաստերով ցույց է տալիս, թե հուլիսից մինչեւ նոյեմբերի վերջը այդ «ազատարարները» Ադրբեջանի եւ բոլշեւիկների պահանջով ինչպիսի անմարդկային արարքներ են կատարել Սյունիքում եւ Արցախում՝ թալանելով, առանց այն էլ կարիքի մեջ գտնվող Ղարաբաղը եւ Զանգեզուրը։ Նժդեհը կարմիրների պարտության պատճառները համարում է նրանց քաղաքական անհամբերությունն ու աղանդավորությունը 1։
Հարկ է նշել, որ ի տարբերություն Խորհրդային Հայաստանի, Լեռնային Ղարաբաղում բոլշեւիկները եկեղեցու եւ հոգեւորականության նկատմամբ ավելի անսանձ ու կամայական քաղաքականություն էին վարում։ Եթե Խորհրդային Հայաստանում եկեղեցին դիտվում էր որպես նոր կարգերին ընդդիմադիր ուժ, ապա Ղարաբաղում, միաժամանակ, համարվում էր հակաադրբեջանական շարժման ոգեշնչողն ու կազմակերպիչը։ Պատահական չէր, որ 1920թ. ամռանը մի խումբ ձերբակալված հայրենասերների շարքում կային նաեւ հոգեւորականներ։ Արմենակ Ղարագյոզյանի հրամանով ձերբակալվեցին Տեր-Մեսրոպ Շահնազարյանը, Դալի Մահրասան, Բեգլար Միրումյանը, Կարապետ Ասլանյանը, կապիտան Արամյանը եւ ուրիշներ, որոնց տարան Թարթառ՝ հանձնեցին թուրք դահիճներին, որոնք էլ բոլորին կացնահարեցին2։
Պաշտոնապես ճանաչելով եկեղեցու անկախությունը, պետությունն իրականում միջամտում էր նրա գործերին, փորձելով ժողովրդին հակադրել հոգեւորականությանը։
Ժողովրդի քաղաքական լուսավորական աշխատանքների մեջ հատուկ տեղ էր գրավում հակակրոնական ագիտացիան եւ պրոպագանդան։
Բոլշեւիկ ղեկավարները բծախնդիր եռանդով ձեռնամուխ էին լինում աթեիստական դաստիարակությանը։ Տեղական իշխանության մարմինները գյուղերում կազմակերպում էին հրապարակային դասախոսություններ, հրավիրում էին այսպես կոչված մասնագետ աթեիստների, որոնք իրենց հայեցակետով բացատրում էին կրոնի ծագման, կրոնական տոնակատարությունների առաջացման պատճառները։
Գյուղական խորհուրդները եւ կուսակցական բջիջները խրճիթ-ընթերցարաններին կից կազմակերպում էին բնագետների եւ անաստվածների խմբակներ, որոնցում պարտադիր կերպով ընդգրկում էին ողջ չափահաս բնակչությանը։ 1928թ. մարզում կար 63 անաստվածների միություն եւ 58 հակակրոնական խմբակ3։
Ստալինյան բռնությունների սաստկացման պայմաններում «անաստվածների խմբակները» վերափոխվեցին «Մարտնչող անաստվածների միության»։
Մարզում հավատացյալ ժողովրդի դարերից եկած ավանդույթները շահարկելով՝ կազմակերպում էին հասարակական կարմիր կնունք կամ ինչպես արձագանքել է ժամանակի մամուլը՝ մի շարք ընտանիքներ իրենց նորածին երեխաներին դնում էին կոմերիտ բջիջի քարտուղարի ձեռքին եւ «հոկտեմբերացում» էին կատարում, այսինքն` վերջինս պարտավորվում էր սրան դաստիարակել կոմունիստական ոգով 4։
Նմանօրինակ մարդկանց ճնշման տակ տասնյակ քահանաներ հրաժարվում էին իրենց պաշտոնից եւ փորձում այլ բնագավառներում օգտավետ լինել ժողովրդին։ Սակայն ուսյալ այս խավը ընդհանրապես տեղ չուներ, որովհետեւ նրանք համարվում էին խորհրդային կարգերին խորթ տարրեր եւ ամենուր հարցերը լուծվում էին բոլշեւիկյան սոցիալ-դասակարգային սկզբունքով ու մոտեցումով եւ հիմնականում ասպարեզը տրված էր չքավոր գյուղացիների ներկայացուցիչներին։
1927թ. Ղարաբաղում 15 քահանաներ դարձել էին ուսուցիչներ, սակայն նրանց խորթ աչքով էին նայում, որովհետեւ գտնում էին, որ նրանք հրաժարվել են քահանայությունից, փարաջայից ու միրուքից եւ ո՛չ քահանայական հայացքներից 5։
Եկեղեցու նկատմամբ բացահայտ բռնությունները նոր թափ առան 1929 թվականից, երբ «համատարած կոլեկտիվացման» պատճառով խիստ սրվել էր տնտեսական եւ քաղաքական իրադրությունը։ Համատարած հարձակում կատարվեց եկեղեցու եւ վանքերի հարստությունների վրա։ Նրանց անշարժ գույքը, կալվածքները բռնագրավելուց հետո՝ կողոպտվեցին մյուս հարստությունները։ Դեռ ավելին, կարճամիտ որոշ ղեկավարներ բնակչության աթեիստական դաստիարակության լավագույն միջոց էին դարձրել եկեղեցիների հիմնահատակ կործանումն ու եղած գույքի ցաքուցրիվ անելը։ Նման տխուր բախտի արժանացան Արցախի հարյուրավոր եկեղեցիներ, վանական համալիրներ, որոնք դիմանալով միջնադարյան մղձավանջային ժամանակներին, ավերվեցին լուսավորյալ 20-րդ դարում։
1929թ. փետրվարի 21-ին Ադրբեջանի մինիստրների խորհրդի որոշման հիման վրա մարզկոմը 108 եկեղեցիներ փակել եւ դրանք վեր է ածել կուլտուր-լուսավորական հիմնարկությունների 6։
1929թ. հոկտեմբերի 4-ին մարզգործկոմի որոշմամբ փակվեց Ամարասի հռչակավոր եկեղեցին, իսկ պատմամշակութային արժեքներն ուղարկվեցին Բաքու՝ ուսումնասիրելու համար։ Հիշեցնենք, որ առայսօր այդ սրբությունները «ուսումնասիրվում են» Բաքվում եւ Ադրբեջանի վայ-գիտնականների թեթեւ ձեռքով համարվում են աղվանական, երբեմն էլ հանգամանքների բերումով, դարձնում իրենց թուրք նախնիների ստեղծածը, իսկ Ամարասը անվանում Աղ օղլան։
Փաստորեն, խորհրդային իշխանությունը՝ հիմնովին կործանելով Արցախում դարեր շարունակ ստեղծված ու մաքրագործված Հայ Առաքելական եկեղեցու բնականոն գործող համակարգը, արցախահայությանը զրկեց ոչ միայն հասարակ մարդուն տրված հավատքից, այլ նաեւ ինքնության պահպանման ամենահիմնական հենասյուներից։
2 Մ.թ.ա. 7-րդ դարի վերջերին Առաջավոր Ասիայում կատարվեցին նոր տեղաշարժեր, որոնք իրենց անդրադարձները ունեցան Հայկական լեռնաշխարհի քաղաքական կացության վրա։
Աննախընթաց վերելքի ուղին բռնեց Մարաստանը։ Մյուս կողմից էլ ՈՒրարտուն ապրում էր ներքին խռովահույզ ժամանակաշրջան։ Օրեցօր իրենց զգացնել են տալիս կենտրոնախույս ուժերը։ Արմե-Շուբրիայի կառավարիչ Պարույր Սկայորդին, չենթարկվելով ՈՒրարտուի կենտրոնական իշխանությանը, իր ձեռքի տակ է միավորում լեռնաշխարհի ողջ արեւմտյան մասը՝ Վանա լճից մինչեւ Եփրատ։ Այդ ժամանակ Մարաստանը եւ Բաբելոնը դաշինք էին կազմել ընդդեմ Ասորեստանի։ Նրանց միանում է Պարույրը՝ հայկական զորքերով։ Դաշնակիցների հարվածների տակ մ.թ.ա. 612թ. կործանվեց երբեմնի հզոր Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, իսկ մ.թ.ա. 580-ական թվականներին՝ Վանի թագավորությունը։ Մարաստանի Կիաքսար թագավորը իրեն մատուցած ծառայության դիմաց Պարույրին ճանաչեց իբրեւ Հայոց թագավոր։
Այսպիսով, Հայաստանում հիմնվում է նոր թագավորական դինաստիա, որը Պարույր արքայի ազգական եւ իրավահաջորդ Երվանդ Սակավակյացի անունից ստացավ «Երվանդունյաց» կամ «Երվանդական» անունը (մ.թ.ա. 580-ական-201թթ.)։
Երվանդունիները իրենց գահակալության առաջին իսկ տարիներից ուշադրության կենտրոնում էին պահում Արարատյան դաշտավայրը, որը շուտով դառնում է հայ ժողովրդի տնտեսական-քաղաքական եւ մշակութային կյանքի կենտրոնը։
Հայոց արեւելից նահանգների հայությունն աշխարհագրական տեսակետից առավել մոտ լինելով նոր թագավորական տան կենտրոնատեղիին, ավելի գործուն մասնակցություն ունեցավ պետականության կերտմանը։
Նոր կազմավորված հայկական թագավորությունը ստիպված էր դիմակայել երեկվա իր դաշնակցին՝ Մարաստանին։ Վերջինս, տիրելով Արաքսի հովտում եւ Միջագետքում գտնված հաղորդակցության ուղիներին, փորձում էր իր գերիշխանությունը տարածել նաեւ Հայաստանի վրա։ Մարաստանի Աստիագես կամ առասպելական Աժդահակ թագավորի դեմ պայքարը գլխավորեցին Երվանդ Սակավակյացը եւ նրա որդի Տիգրանը։ Հայոց թագավորը զորք է ժողովում Հայաստանի տարբեր նահանգներից, այդ թվում Արցախից եւ Ուտիքից ու հասնում հաջողության1։ Այդ պայքարում հայերին աջակցում են պարսից Աքեմենյանները՝ Կյուրոս Մեծի գլխավորությամբ, որոնք ապստամբել էին Մարաստանի դեմ։ Տիգրան Ա-ի օժանդակությամբ Կյուրոսը մ.թ.ա. 550 թվականին ստեղծում է աշխարհակալ Աքեմենյան պարսկական տերությունը։ Արցախը մ.թ.ա. 550 թվականից մինչեւ 331թվականը գտնվում էր Աքեմենյան գերիշխանության տակ2։
Տիգրան Ա Երվանդյանի գահակալության շրջանում Հայաստանը ենթարկվեց սկյութական հարձակումներին։ Չնայած Հայոց թագավորը նրանց նկատմամբ հաղթանակի հասավ, բայց եւ այնպես ժամանակի ընթացքում սկյութներին հաջողվեց բնակություն հաստատել Կուրի աջափնյակում՝ Գանձակի գավառում, որը անվանվեց Շակաշեն։ Էթնիկ բախումների հետեւանքով նշված տարածքներից հայ բնակչության մի հատվածը տեղափոխվեց Կուրի ձախ ափը3 եւ մինչեւ Արցախյան շարժման սկիզբը ապրում էր այնտեղ։
Մ.թ.ա. 4-րդ դարում Աքեմենյան տերությունը բռնել էր քայքայման ուղին։ Նրա անկումն արագացրեց Բալկանյան թերակղզու հյուսիսում գտնվող Մակեդոնիայի արքա Ալեքսանդր Մեծի ձեռնարկած արշավանքը։
Մ.թ.ա. 331թ. Գավգամելա վայրում Ալեքսանդրը հաղթանակ է տանում Աքեմենյանների նկատմամբ եւ վերջ դնում երբեմնի հզոր կայսրությանը։ Մեծ Հայքի սատրապ Երվանդը, օգտվելով առիթից, իրեն հռչակեց անկախ կառավարիչ։ Հայաստանն, այսպիսով, վերականգնվում է որպես ինքնուրույն թագավորություն։ Հայկական անկախ պետականության վերականգնումը արդյունք էր նաեւ Հայաստանի հասարակության ներքին զարգացման, նրա հասունացման, հայոց բոլոր նահանգների միակամության, իշխանության նոր, ավելի բարդ ձեւեր ստեղծելու ունակության։
Հայկական թագավորության սահմանների մասին որոշ տեղեկություններ են պահպանվել։ Ինչպես երեւում է Քսենոփոնի «Կյուրոպեդիայի» որոշակի տվյալներից, Հայաստանի եւ Ատրպատականի սահմանը անցնում էր Արաքսի միջին հոսանքի շրջանից Ուրմիա եւ Վանա լճերի միջով մինչեւ Ջերմ գետի (Բոհտան սու) ակունքների շրջանը։ Ջերմ գետով հարավային սահմանը ձգվում էր դեպի արեւմուտք եւ շարունակվում Արեւմտյան Տիգրիսով կամ Մասիոս(Տուր-աբդին) լեռնաշղթայով մինչեւ Եփրատ։ Հայաստանի արեւմտյան սահմանի մի մասը պետք է անցած լինի Ամանոսի լեռներով եւ Կոմմագենե երկրի արեւմտյան եզրով։ Եփրատ գետից սահմանը անցնում էր Եկեղիքի հարավային մասով։ Արեւմտյան Եփրատից դեպի արեւմուտք եւ հյուսիս գտնվում էր Փոքր Հայքը՝ մինչեւ Կապադովկիա եւ Պոնտական լեռները։ Եփրատի վերին հոսանքից հյուսիսային սահմանը ընթանում էր դեպի արեւելք, հավանաբար՝ Ճորոխով, իր մեջ ամփոփելով արդեն փասիանների եւ հեսպերիտների, ինչպես նաեւ տաոխների երկրները։ Հայկական պետության հյուսիս-արեւելյան սահմանը Կուր գետն էր։ Արեւելյան Այսրկովկասի այդ ժամանակաշրջանի պատմության տվյալներից երեւում է, որ Կուր գետից արեւելք ձգվող տարածությունները, որտեղ բնակվում էին աղվանական բազմաթիվ ցեղեր, գտնվում էին մարական սատրապության եւ ապա Ատրպատականի պետության հսկողության տակ4։
Փաստերը վկայում են, որ Երվանդունյաց պետության կազմի մեջ մտնում էին նաեւ Արցախը եւ Ուտիքը։
Մ.թ.ա. 4-3-րդ դարերում հայոց արքունական տան կալվածներն ու ձմեռանոցն Ուտիք նահանգում էր5։
Պատահական չէր, որ մ.թ.ա. 2-րդ դարում Արտաշեսի եւ Երվանդի միջեւ թեժ պայքարը նոր ընթացք ստացավ Ուտիքում։ Խորենացին վկայում է, որ Երվանդը Ուտիքում էր, երբ լուր ստացավ, թե Արտաշեսի դայակ Սմբատը պարսիկների հետ դաշնակցած մեծաքանակ զորքերով խորանում է Հայոց նահանգներում։ Երվանդը այդ նահանգում թողնելով կողմնապահներ, ինքը տեղափոխվում է խոր թիկունք՝ Արարատյան դաշտավայր, իր շուրջը համախմբելով դաշնակիցներին։
Արտաշեսը, մտնելով ՈՒտիք, նրան են միանում հայ նախարարները եւ համատեղ ուժերով Սեւանա լճի ափերով հասնում Երվանդի բանակին։ Ճակատամարտում պարտության մատնելով Երվանդին, մ.թ.ա. 201թվականին Արտաշեսը գրավում է Երվանդաշատ մայրաքաղաքը եւ իրեն հռչակում Մեծ Հայքի կառավարիչ6։ Նույնը կատարեց Զարեհը Ծոփքում։ Քիչ անց մ.թ.ա. 189թվականին Արտաշեսը, օգտվելով արտաքին բարենպաստ հանգամանքներից, իրեն հռչակեց անկախ Մեծ Հայքի թագավոր։
Լինելով Երվանդունյաց տոհմի շառավիղներից մեկը, նա այնքան մեծագործություններ կատարեց եւ խոր հետք թողեց Հայոց կենսագրության մեջ, որ ընդունված է նոր պետությունը անվանել Արտաշեսյան (մ.թ.ա. 189-մ.թ.1թ.)։
Հույն պատմագիր եւ աշխարհագիր Ստրաբոնը վկայում է, որ հայկական պետությունը Արտաշեսի օրոք ընդարձակվել է բոլոր չորս ուղղություններով։ Դեպի արեւելք կատարված արշավանքների հետեւանքով ձեռք բերված երեք երկրամասերից` Կասպիանե, Փավնիտիս, Բոսորոպեդիա, վերջինն համընկնում է Պարսպատունիք գավառին, երկրորդի տեղը պարզ չէ, իսկ առաջինը՝ Կասպիանեն, Կուրի եւ Արաքսի գետախառնուրդի շրջանն է եւ նրանից արեւելք, մինչեւ Կասպից ծովն ընկած երկիրը, որը նույնանում է Փայտակարանի հետ7։ Մ.Խորենացին այն անվանում է Կասբից երկիր8 եւ, հենվելով Օղյումպ քրմի պատմածի վրա, մանրամասնություններ հաղորդում Արտաշեսի՝ դեպի այդ կողմ կատարած արշավանքի մասին9։ Մ.Խորենացու հաղորդմամբ, այդ երկիրը նախապես էլ Հայաստանի իշխանության տակ է եղել եւ Արտաշեսի օրոք ապստամբել է։ Արտաշեսը զորք է ուղարկում զորավար Սմբատի ղեկավարությամբ, որը ճնշում է ապստամբությունը եւ գերեվարում երկրի թագավոր Զարդմանոսին ու բնակչության մեծ զանգվածներ։ Այն հանգամանքը, որ այստեղ Կասբից երկիրը(Ստրաբոնի Կասպիանեն) դիտվում է որպես հայկական պետության ապստամբած մաս եւ ոչ նվաճվող երկիր, թերեւս արտացոլումն է այն իրողության, որ հայկական էթնոսը արդեն նախապես տարածված էր այս երկրամասում։ ՈՒստի եւ նրա քաղաքական միավորումը հայկական պետության հետ կարող էր ընկալվել որպես վերամիավորում։
Պատահական չէ, որ Ստրաբոնը, խոսելով Արցախի մասին, պատմում է, որ այն չի սահմանակցվում հարեւան երկրների հետ եւ գտնվում է Մեծ Հայքի խորքում։ Ըստ Ստրաբոնի՝ Արցախը (Օրխիստինան) այդ ժամանակ արտահանում էր մեծաքանակ պատերազմական ձիեր10։ Ստրաբոնը մ.թ.ա. 1-ին դարի եւ մ.թ. արշալույսի Հայաստանը նկարագրելով որպես ականատես, նրա կազմի մեջ ներկայացրել է Շակաշեն-Ուտիքը եւ Օրխիստինա-Արցախը՝ որպես այդ երկրի բուն նահանգներ։ «Կիրը (Կուր),- գրել է նա,- սկիզբ է առնում Հայաստանում, նեղ գետահովտով հոսում է դեպի Ալբանիան՝ Առատաջուր եւ հախուռն անցնելով նրա եւ Հայաստանի միջով»11։
Ստրաբոնի հաղորդած տեղեկությունները հնարավորություն են տալիս որոշելու պատմական Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանները։ Հյուբշմանը գտնում է, որ Հայաստանն Արտաշեսի օրոք իր մեջ բովանդակում էր Փայտակարանը, Սյունիքը, Վասպուրականը, Այրարատը, Գուգարքը, Տայքը, Բարձր Հայքը, Տուրուբերանը, Չորրորդ Հայքը, Աղձնիքը, Մոկքը, Կորճայքի մի մասը, ՈՒտին ու Արցախը, այսինքն՝ հնագույն Հայաստանի 15 նահանգներից 13-ը12։ Հույն պատմիչը վկայում է, որ մ.թ.ա. 2-րդ դարում Հայաստանի բնակչությունը միալեզու էր13, այսինքն՝ հայալեզու։
Ստրաբոնի վկայությունները հաստատվում են Մովսես Խորենացու տեղեկություններով։ Պատմահայրն ասում է՝ Վաղարշակ ավանդական արքայի (Արտաշեսի) օրոք Հայոց պետության սահմանները գծվեցին «զեզերբ հայկական խօսիցս», այսինքն՝ հայոց լեզվի տարածման սահմաններով։ Շարունակելով իր միտքը, Մ.Խորենացին հաղորդում է, թե ինչպես Վաղարշակ-Արտաշեսը կարգավորում է իր արքունիքը, ստեղծում գործակալություններ, նահանգներում նշանակում կառավարիչներ։ Արտաշեսը Հայկի սերնդից Առանին կարգեց Կուրի եւ Արաքսի միջագետքի, այսինքն՝ Արցախի եւ Ուտիքի կուսակալ։ «Աշխարհն էլ Աղվանք կոչվեց,- գրում է պատմահայրը,- նրա քաղցր բնավորության պատճառով, որովհետեւ նրան աղու էին ասում»14։
Լեոն, խոսելով հայոց պետականության գոյության համար վերոհիշյալ գավառների ռազմավարական նշանակության մասին, գրել է. «
առանց Ղարաբաղի լեռնաստանի անհնարին է երեւակայել Հայաստանի սրտի՝ այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը հյուսիսային եւ արեւելյան տափաստաններից, Ղարաբաղը անմիջական շարունակությունն է այն հզոր պաշտպանողական պատվարի, որ ներկայացնում է Գուգարքը(այժմյան Լոռին եւ հարակից գավառները)։ Եվ այս է պատճառը, որ հայկական պետության հիմնադիրներ հանդիսացած Արտաշեսն ու Տիգրանը Գուգարքի հետ միասին Հայաստանի սահմանների մեջ են մտցրել եւ ՈՒտին, Արցախն ու Սյունիքը»15։ «Արտաշեսի սերնդից էր,- ասում է Ստրաբոնը,- Տիգրանը. նա իշխում էր բուն Արմենիայում, որը սահմանակից էր Մարաստանին, Աղվանքին, Իբերիային մինչեւ Կողքիս եւ Սեւ ծովի մոտ գտնվող Կապադովկիային»16։ Տիգրան Բ Մեծը, շարունակելով իր պապի՝ Արտաշես Ա-ի կիսատ թողած գործը, առավել ընդարձակեց տերության սահմանները՝ ստեղծելով ծովից ծով Հայաստան։ Նա ոչ միայն ամրապնդեց իր նախորդների ստեղծած միասնական հայկական պետությունը, այլեւ նրա քաղաքական ազդեցության տակ առավ հարեւան երկրները։ «Հայաստան աշխարհագրական գաղափարը,- ասում է Հյուբշմանը,- հաստատուն կերպով զարգացավ Տիգրանի ժամանակ, որն առաջին անգամ Հայաստանին միացրեց Ծոփքն ու Կորդուքը։ Հաջորդ դարերին այս գաղափարը տիրող մնաց հայերի մոտ, թեեւ քաղաքական հարաբերությունները միշտ նույն գաղափարին չէին համապատասխանում։ Եթե հարավային նահանգները պարսիկներին էին անցնում, արեւմտյանը՝ հույներին, հյուսիսայինները՝ վրացիներին կամ աղվաններին, եւ եթե հռոմայեցիներն ու պարսիկները երկիրը իրենց մեջ էին բաժանում՝ Հայաստանը հայերի համար միշտ այն երկիրն էր համարվում, որը- հին բացատրությամբ- իր սահմաններն ուներ հարավից Մասիս լեռը (ի նկատի ունի Տավրոսը, որ Հայաստանը բաժանում էր Միջագետքից, Ստրաբոն), արեւելքից՝ Ատրպատականն ու Մեդիան, հյուսիսից՝ Կասպից ծովի կողմերը գտնվող Պարաքռաթրյան լեռները՝ Վրաստանը, Աղվանքը եւ Կովկասը՝ Մոսքյան եւ Կողքիսյան լեռներով, արեւմուտքից՝ Պարխարը եւ Սկյուդիսեսը, Փոքր Հայքն ու Եփրակո(որը Հայաստանը բաժանում էր Կապադովկիայից եւ Կոմմագենից)»17։
Լայնածավալ տերությունը ներքաշվեց հելլենիստական մշակույթի ոլորտը, որի բնորոշ գծերից մեկը քաղաքաշինությունն էր։ Տիգրան Բ Մեծը բուն Հայաստանում կառուցեց չորս քաղաքներ եւ նրանք կոչեց իր անունով՝ Տիգրանակերտ։ Դրանցից մեկը գտնվում է Արցախում՝ Աղդամից ոչ շատ հեռու եւ որի հիմքերը առ այսօր պահպանվում են։
Տիգրան Բ Մեծը, ունենալով հզոր բանակ, անխաթար էր պահում երկրի սահմանները։ Մ.Խորենացին պատմում է, որ երբ Տիգրանը գտնվում էր տերության հարավային սահմաններում, լսում է, «թե Վայկուն անունով մի ելուզակ վրդովում է Հայոց աշխարհը, գրավելով այն ամուր լեռը, որ մինչեւ այսօր էլ այդ ելուզակի անունով կոչվում էր Վայկունիք»18։ Ամենայն հավանականությամբ, պատմահոր ներկայացրած Վայկունիքը, Արցախի Վայկունիք- Քարավաճառ գավառն է։
Ցավոք, հայ եւ օտար աղբյուրները Հայաստանի սահմանների, երկրի ու նրա բնակչության ազգագրական վիճակի մասին ամենայն մանրամասնությամբ խոսելով հանդերձ, շատ քիչ տեղեկություններ են հաղորդում Երվանդունիների եւ Արտաշեսյանների ժամանակ Հայոց արեւելից նահանգների ժողովրդի ներքին կյանքի, նրա մշակույթի եւ նիստ ու կացի մասին։