1989թ. Հայաստանի նախարարների խորհրդին կից պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանման եւ օգտագործման գլխավոր վարչությունը ոտք դրեց Արցախ աշխարհ՝ ի դեմս նախագծողների եւ շինարարների։ Վերջիններս շատ մեծ պատասխանատվությամբ էին մոտենում ինչպես նախագծման, այնպես էլ շինարարական աշխատանքներին։ Հուշարձանների ուսումնասիրման, չափագրման եւ էսքիզային փուլերը կատարվում էին վարչության նախագծային ինստիտուտի կողմից, հաստատվում վերջինիս տեխնիկական խորհրդում եւ, ապա, անցնում աշխատանքային փուլին։ Հարկ եղած դեպքում, եթե հուշարձանի վերականգնումը շատ բարդ էր եւ վիճելի, նախագիծը էսքիզային փուլում ներկայացվում էր գլխավոր վարչության գիտա-մեթոդական խորհրդին, որն էլ տալիս էր վերջնական եզրակացությունը։
Այսպիսով, հուշարձանը վերականգնվում էր ոչ թե պատվիրատուի կամայական ցանկությամբ, կամ էլ նախագծողի լավ կամ վատ ճաշակին համապատասխան, այլ միայն եւ միայն ելնելով տվյալ հուշարձանի օբյեկտիվորեն գոյություն ունեցող վիճակից եւ պայմաններից։
Այսպիսի սկզբունքային մոտեցումով են աշխատել Արցախում մինչեւ 1992թ.։ Այդ ընթացքում կատարվել են որոշակի թվով նախագծային եւ, մասամբ, շինարարական աշխատանքներ։ Վերականգնվել են Հադրութի շրջանի Վանք գյուղի, Ամարասի Վանքի եկեղեցիները, մասամբ Խնածախի, Վերիշենի (Շահումյանի շրջան) եւ Բալուջայի եկեղեցիները։ Մի շարք հուշարձաններում կատարվել են մաքրման հողային աշխատանքներ, որոնք թույլ են տվել ոչ միայն ավելի լավ ուսումնասիրել բուն հուշարձանը, այլ նաեւ շրջակա տարածքը եւ պահպանված բեկորները։ Այս տեսակետից շատ հետաքրքիր եւ բեղմնավոր աշխատանքներ են կատարվել Գանձասարի, Ամարասի, Գտչավանքի վանական համալիրներում, Հերհեր գյուղի եկեղեցում։ Այս հուշարձանների համար կազմվել են նախագծեր, որոնք անցել են գիտա-մեթոդական խորհրդով եւ արժանացել հավանության։ Կազմվել են նաեւ որոշ նախագծեր, որոնք սակայն ընդհանրապես մնացել են դարակների վրա՝ գտնվելով վտանգավոր շրջաններում։ Դրանց թվին են պատկանում Շոշ եւ Տող գյուղերի եկեղեցիների նախագծերը։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակումից հետո Արցախի պատմամշակութային հուշարձանների ճակատագիրն անցավ տեղական մարմինների, մասամբ էլ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի տնօրինության տակ։ Զուգահեռաբար սկսվեցին նաեւ ակտիվ պատերազմական գործողությունները։ Ցավոք, այս երկու գործոնն էլ հենց բախտորոշ եղավ հուշարձանների ապագա ճակատագրի համար։ Հանրապետությունը դեռ երկար ժամանակ հնարավորություն չէր ունենալու հուշարձաններով զբաղվելու։
Ահա այսպիսի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պայմաններում Արցախի հուշարձաններն ընկան կամայականության գիրկը։ Եղան հուշարձաններ, որոնք լրիվ կամ մասամբ ոչնչացվեցին պատերազմական գործողությունների եւ թալանի հետեւանքով։ Սակայն նրանց սպառնում էր մեկ այլ վտանգ, որին էլ մենք կանրադառնանք ավելի մանրամասն։
Ի երջանկություն մեզ, Արցախում սկսվեց զգացվել գործող եկեղեցիների ավելի ու ավելի մեծ կարիք։ Այդ իսկ պատճառով Արցախում նոր շնչով ու թափով ծավալվեցին նորոգման աշխատանքները, սակայն արդեն ոչ նախկին որակով եւ պատասխանատվությամբ։
Սկսենք նրանից, որ նախագծերը սկսեցին կատարվել մասնավոր անձանց կողմից, որոնք չունեին ոչ միայն դրա իրավունքը, այլ նաեւ համապատասխան կրթություն։ Եվ դրանում, ես կարծում եմ, որ հարկ է մեղադրել Արցախի թեմին, որն այդ հարցում, փաստորեն ցուցաբերեց որոշակի անփութություն եւ անպատասխանատվություն։ Այդպես կատարվեցին Բադարայի եւ Խանձքի եկեղեցիների նորոգման աշխատանքները։ Աշխատանքներ կատարվեցին Բալուջայի եկեղեցու վրա, որոնք բոլորովին չէին համապատասխանում նախկին նախագծին։
Սակայն այս ամենը չարիքի փոքրագույնն էր։ Նույն սկզբունքով սկսեցին մոտենալ այնպիսի հուշարձանների, ինչպիսիք են Գանձասարի վանական համալիրը եւ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին։ Վերջիններիս կանրադառնանք ավելի մանրամասն։
Գանձասարի վանական համալիրի համար, ինչպես նշեցինք վերը, ժամանակին արված է եղել բարձրորակ նախագիծ՝ հաստատված էսքիզային փուլում։ Սակայն, հետագայում, աշխատանքային նախագծի պատվեր Արցախի թեմի կողմից չտրվեց։ Ի հակառակ դրան, ռմբակոծված եւ ավերված երիցատան փոխարեն կառուցվեց մի նոր մասնաշենք, որն իր բովանդակությամբ եւ կերպարով բոլորովին չէր համապատասխանում համալիրի պատմականորեն կազմավորված ճարտարապետական կերպարին։ Կառույցը, ի տարբերություն մյուս օժանդակ կառույցների, ոչ թե կառուցված է խամ քարով, այլ սրբատաշ մեծածավալ քարերով, որով փորձում է մրցել համալիրի պաշտամունքային կառույցների հետ։ Բարեբախտաբար հաջողվեց կանգնեցնել երիցատան երեք մեծ շքամուտքերի կառուցումը։
Համալիրում նորոգվել է նաեւ գավիթը։ Արեւմտյան ճակատի մուտքի առջեւ կառուցվել են աստիճաններ, որոնք կայլանդակեին անգամ ցանկացած սովորական շենքի ճակատ։ Ռոտոնդան նորոգվել է բացարձակ հաշվի չառնելով տեղում գոյություն ունեցող նախկին ռոտոնդայի հետքերը։
Պարսպապատից դուրս կատարվում է շինարարություն, որին չխանգարելու համար տեղահան են արվում հին գերեզմաններ։ Վերջին փաստը թողնում ենք առանց մեկնաբանության։
«Նախագծերը», ըստ որի կատարվում են շինարարական աշխատանքները, բացարձակապես չեն վերահսկվում ո՛չ մասնագետների, եւ ո՛չ էլ պետության կողմից։
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին պատկանում է Արցախի լավագույն հուշարձանների թվին։ Եվ թվում է, թե նման հուշարձանին կարելի էր մոտենալ ավելի մեծ պատասխանատվությամբ։ Սակայն՝ ոչ։ Եկեղեցում վերացրեցին հոգեւոր դասը եւ ոչնչացրեցին հետքերը։ Վերջինս պարտադիր է եկեղեցիներում՝ հոգեւորականներին ժողովրդից առանձնացնելու համար։ Միայն վանքային եկեղեցիները չունեն հոգեւոր դաս, քանի որ միայն հոգեւորականներ են մասնակցում բոլոր տեսակի եկեղեցական արարողություններին։
Եկեղեցու թմբուկը նորոգվեց շատ մակերեսային, առանց համապատասխան կոնստրուկտորական ուսումնասիրության։ Վեղարը թիթեղապատվեց, այն դեպքում, երբ կային քարե ծածկի բոլոր հետքերը։ Եկեղեցու լանջերը նույնպես թիթեղապատվեցին այնքան սխալ եւ անորակ, որ թաղերը ներսից խոնավ են, որն էլ աստիճանաբար բերելու է կառույցի քայքայմանը։
Այժմ մեծ ցանկություն կա նորոգելու եւ վերականգնելու Հերհեր գյուղի եկեղեցին։ Սակայն ոչ մեկի մտքով անգամ չի անցնում նախագծման պատվերը տալ նախկին հեղինակներին, որոնց կողմից ժամանակին բավական մեծ աշխատանք է կատարվել հուշարձանի ուսումնասիրության եւ վերակազմության համար։
Ձեզ եմ ներկայացնում Արցախի թեմի միջոցով իրականացվող Ննգի գյուղի Ս.Աստվածածին եկեղեցու նորոգման նախագծի վերաբերյալ իմ նկատառումները.
Եթե հաշվի առնենք, որ նախագիծը կատարվել է ոչ թե վերականգնող ճարտարապետի, այլ շինարար-կոնստրուկտորի կողմից, կարելի է եւ լռել։ Բայց եթե հիշենք, որ մենք ուզում ենք պահպանել ոչ միայն մեր եկեղեցիները, այլ նաեւ այն ավանդույթները եւ արվեստը, որ նրանք կրում են իրենց մեջ, պիտի խոսենք հետեւյալ հարցերի մասին։
1. Չափագրություններ- նախագծում չեն երեւում ինչպես եկեղեցու, այնպես էլ նրա բեկորների եւ մանրամասների չափագրությունները, որոնք հիմք պիտի ծառայեին վերականգնման հիմնավորված նախագծի համար։ Պարզ չէ, թե նախագծվող քիվերը համապատասխան են գոյություն ունեցողին, թե նոր են նախագծվել։
2. Զանգակատուն - նախագծվել է նոր զանգակատուն, սակայն չի երեւում այն համեմատական վերլուծությունը, որի հիման վրա դրվել է նոր զանգակատունը։ Վերջինիս ձեւը, համաչափությունները անհասկանալի են եւ չմեկնաբանված։ Սկզբունքորեն սխալ է լուծված զանգակատան «գմբեթարդը»։ Նման բրգաձեւ ծածկով անալոգ հայ ճարտարապետության մեջ գոյություն չունի։ Սխալ են լուծված քարե ծածկասալերի ձեւը, չափերը եւ միացման հանգույցները։
3. Ծածկերը - անհասկանալի է, թե ինչու լանջերը ծածկված են թիթեղով, այն էլ ցինկապատ (փայլփլուն), իսկ ռոտոնդան (զանգակատունը) քարով։ Չէ որ ցինկապատ թիթեղով ծածկված եկեղեցիներ Արցախի գյուղերում չեն եղել։
4. Սալահատակ - եկեղեցու սալահատակը իր մասշտաբով, ստեղծած կերպարով եւ տրամադրությամբ ոչ մի ընդհանուր բան չունի հայկական եկեղեցիների սալահատակների հետ։ Նրա մասշտաբը հավասարեցված է սովորական սան.հանգույցների, լոգասենյակների եւ խոհանոցների հատակների մասշտաբին (300x300 մմ, կերամիկական սալիկների չափին)։
Դիտելով նախագիծը, թվում է, թե հեղինակը ծանոթ չէ հայ ճարտարապետության ոչ պատմությանը, ոչ տեսությանը, եւ ոչ էլ գեղագիտությանը։
Այս ամենը վկայում է այն մասին, որ պատմամշակութային եւ ճարտարապետական հուշարձանները պիտի ունենան մի տեր, եւ դա պիտի լինի պետությունը։ Միայն նա կարող է վերահսկել եւ կառավարել հուշարձանների հաշվառումը, պահպանումը, վերականգնումը եւ օգտագործումը։ Նա պիտի հանդես գա որպես պատվիրատու բոլոր տեսակի աշխատանքների՝ կապված հուշարձանների հետ։ Միայն պետությունը կարող է կրել ազգային մշակույթի ավանդույթների պահպանման ծանր եւ պատասխանատու բեռը, քանի որ հենց դրանք են հանդիսանում յուրաքանչյուր ազգի հոգեւոր հեների կրողները։ Եւ ոչ մեկը իրավունք չունի ոչնչացնել կամ խեղաթյուրել դարերից եկած ու մեր սերունդներին հասած, արյունով ու քրտինքով վաստակած ու պահպանված մեր ազգային ավանդույթները։