Խաչենը Մեծ Հայքի 15 նահանգներից մեկը հանդիսացող Արցախի գավառներից է եղել։ 9-13-րդ դարերում Խաչեն անունով սկսեց կոչվել Արցախ նահանգի մի մասը։
Պատմա-քաղաքական մի շարք անցքերի հետեւանքով, 12-րդ դարի կեսերին Խաչենի իշխանությունը կիսված էր երեք ճյուղի, որոնցից յուրաքանչյուրի զբաղեցրած տարածքը ստացել էր իր հատուկ անունը՝ Ներքին Խաչեն, Կենտրոնական Խաչեն կամ Հաթերք եւ Վերին Խաչեն կամ Ծար։ Ուշ միջնադարյան աղբյուրներում Խաչեն անվան տակ արդեն հասկացվում էր Խաչենի մելիքության բռնած տարածքը Խաչենագետի ավազանում, որովհետեւ նախկին նահանգի տարբեր մասերում 14-րդ դարի սկզբից սկսած, զբաղեցնում էին Գյուլիստանի, Ջրաբերդի, Ծարի, Սոդքի եւ Վարանդայի մելիքությունները։
Խաչենը հարուստ է պատմաճարտարապետական, հնագիտական եւ բազմատեսակ այլ մեծարժեք կոթողներով։ Արցախյան հողը դեռ չուսումնասիրված մագաղաթյա մի գիրք է, նրա ամեն մի քարն իր հերոսական պատմությունն ունի։ Յուրաքանչյուր ժողովրդի պատմական անցյալի, ազգային առանձնահատկությունների եւ կոլորիտի մասին առաջին պատկերացումը կազմելու համար բավական է տեսնել նրա պատմության, մշակույթի որեւէ կոթող-հուշարձան։
Քանի որ խոսք պիտի գնա Վերին Խաչենի պատմաճարտարապետական հուշարձանների ներկա վիճակի մասին, հենց սկսենք դրանից։ Այս տարածաշրջանը ժամանակի ընթացքում կոչվել է նաեւ Ծար, իսկ սովետների օրոք բռնակցվել է Ադրբեջանին եւ կոչվել Քելբաջարի շրջան։ Մինչեւ վերջին ժամանակներս ոչ մասնագետ մարդկանց մեծ մասին քիչ էր հայտնի, թե նշված շրջանի տարածքում որքան հայկական պատմաճարտարապետական հուշարձաններ կան։ Եվ դա մեր մեղքը չէր։ Հայ տարրը այնտեղից աստիճանաբար դուրս էր մղվել, իսկ պատմությամբ ու հնեաբանությամբ զբաղվող հայ գիտնականներն անգամ առանց արգելքների չէին կարող թափանցել այնտեղ, ծանոթանալ հուշարձաններին։ Մեզ օտարել էին մեր մշակույթի այդ հատվածից, ինչը չի կարելի ասել Դադիվանքի մասին, քանի որ վանական այս մեծ համալիրը գտնվում է Մարտակերտի շրջանին կից տարածքում եւ հայերի հոսքը դեպի այնտեղ միշտ էլ եղել է կանոնավոր։ Բացի այդ, Դադիվանքի մասին շատ է գրվել։ Այս գեղեցիկ վանական համալիրը Արցախի հուշարձանների առաջնեկ պիտի համարել, որն այսօր գտնվում է շատ տխուր վիճակում։ Պարբերաբար շրջակա գյուղերի՝ Վ.Հոռաթաղի, Հարությունա գոմերի, Հաթերքի, Վաղուհասի, Կոճողոտի եւ այլ գյուղերի դպրոցականները գալիս են Դադիվանք՝ կավիճով, ածուխով եւ էլ ինչով ասես, վանքի պատերին թողնում իրենց անունները, ազգանունները, փոխանակ իրենց խնամքի ու հովանավորության տակ առնեն երկրամասի հուշարձանների պահպանության գործը։
Շարունակվում են արձանագրվել գանձախուզության դեպքեր։ Մարդիկ անարգել կերպով թափանցում են շրջակա տարածքում գտնվող վանական եւ եկեղեցական համալիրները, պատերից պոկում փոքրիկ խաչքարերը, արձանագրություններով վեմերը, կարծելով, թե դրանց տակ թաքցված կլինեն Դոփյան իշխանների գանձերը։ Բախտախնդիրների այս ձեռնարկած արշավը ողբերգական ու անուղղելի հետեւանքներ կարող է թողնել պատմաճարտարապետական հուշարձանների վրա։ Հենց դրա հետեւանքն է, որ մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն, քարուքանդ է արվել Դադիվանքից 1.5 կմ հյուսիս-արեւելք գտնվող, Վերին Խաչենի իշխանական ճյուղերից մեկին պատկանող, տոհմական գերեզմանոցը։ Այդ գերեզմանատնից անհետացել են մի շարք մահարձաններ, հազվագյուտ արձանագրություններով խաչքարեր, որոնք ունեցել են պատմական եւ ճանաչողական մեծ արժեքներ։
Մեկ ուրիշ դառն իրողություն. օրը կեսօրին երկու անձնավորություն (Հայաստանի քաղաքացիներ) սայլակավոր մոտոցիկլետով եկել են Չարեքտար գյուղը, մտել վանքը, տակնուվրա արել եկեղեցու գավիթը, որպեսզի գտնեն Ծարա քաջանուն իշխան Գրիգորի գերեզմանը եւ «կիսեն» նրան պատկանող գանձերը, որոնք իբրեւ թե դարեր առաջ իշխանի աճյունի հետ թաղվել են գերեզմանում։ Նրանք փոսեր են փորել գավթում, հետո պահակի տղային կարգադրել լցնել այդ փոսերը, իսկ իրենք՝ անհետացել։ Կատարվածը անշուշտ, մեր իրավապահ մարմինների անգործության, հասարակության անհոգության եւ հուշարձանների պահպանության շրջանային աշխատողների անտարբերության հետեւանքն է։
Վերին Խաչենի հոգեւոր կյանքում ժողովրդին մատուցած ծառայություններով Դադիվանքին չի զիջել նաեւ Դոփյանների իշխանական վանական համալիրներից մեկը՝ Սուրբ Աստվածածինը։ Այդ համալիրը գտնվում է Դադիվանքից դեպի արեւմուտք, մոտ 1.5-2 կմ հեռավորության վրա, Թարթառ գետի աջ ափին, անմատչելի, անտառածածկ լեռան ստորոտում։ Վանական համալիրը բաղկացած է երկու հուշարձանախմբերից։ Հյուսիսային հուշարձանախմբում գլխավոր եկեղեցին Ս.Աստվածածինն է, որն ըստ աղբյուրների, կառուցվել է 1174-78թթ Մածնաբերդի Կյուրե թագավորի աղջկա՝ բարեպաշտ Մամքանի ծախսերով։ Իսկ հարավային հուշարձանախումբը բաղկացած է զույգ մույթերով եռանավ բազիլիկ եկեղեցուց, որի արեւմտյան մասից կցված է ընդարձակ գավիթը եւ մատուռը։ Նրա շրջակայքում պահպանվել են աշխարհիկ եւ կենցաղային շատ շենքերի ավերակներ։ Հուշարձանները հարավ-արեւելյան կողմից պատված են եղել 2.5 մ հաստություն ունեցող բերդապարսպով, որի փլատակներն են մնացել միայն, իսկ մեծ գերեզմանատնից ոչ մի հետք չի մնացել։
Երբ 1993թ. գրանցում էինք Քարվաճառի տարածքում գտնվող հուշարձանները, եկեղեցու ճակատակալ քարի վրա եղել է նրա կառուցման մասին մի արձանագրություն։ Սակայն, հետագայում տեսչական շրջագայման ժամանակ, արձանագրությունն անհետացել էր։ Երկար որոնելուց հետո մի անկյունում գտանք հայ վանդալի ձեռքով ջարդուխուրդ արված արձանագրության մի քանի բեկոր։ 824 տարի գոյություն է ունեցել այդ արձանագրությունը, մարդիկ հարգանքով ու երկյուղածությամբ են նայել Աստծո տան այդ գրությանը, իսկ այսօրվա հայ քրիստոնյան՝ առանց երկյուղի եւ ափսոսանքի, ոչնչացնում է իր ժողովրդի ճարտարապետական ժառանգության դասական նմուշը։ Մի՞թե սա մարսելու բան է։ Էլ ինչու՞ ենք պայքարել, արյուն թափել, եթե հիմա պիտի ոչնչացնենք մեր ինքնության վկաները։
Հնագույն պատմություն ունի Ծար ավանը, որի անվամբ էլ դարեր շարունակ կոչվել է ընդարձակ գավառը։ Այս հնագույն հայկական բնակավայրում 1274թ. կառուցվել է Ս.Գրիգոր եկեղեցին, իսկ 1179թ.`առայսօր լավ պահպանված Ս.Սարգիսը։ Այս հուշարձանների շրջակայքում եղել է մեծ հանգստարան, Դոփյան իշխանական տան տոհմային գերեզմանոցը, տարբեր ժամանակներում քանդակված խաչքարեր եւ պաշտամունքային այլ կառույցներ։ Չար ձեռքն այստեղ էլ է թափանցել։ Սուրբ Սարգիս եկեղեցու հարավային պատի վրա գտնվող արձանագրություններից մեկը փորձել են պոկել, բարեբախտաբար չի հաջողվել հանել արձանագրված մեծ քարը, բայց փչացվել, անընթեռնելի են դարձել որոշ տառեր ու բառակապակցություններ։ Իրար են խառնել նաեւ ավանի կենտրոնում գտնվող կիկլոպյան հսկա հղկված ու կարկառային քարերը։
Նման փաստեր են նկատվել նաեւ Բուզլու, Բահարլու, Զագլիկ, Աղկայա, Թեքյագայա, Օրախլի, Սոյուխբուլաղ, Չափնի, Գանլիքենդ, Ղամիշլու եւ այլ գյուղերում, որտեղ կան վանական համալիրներ, եկեղեցիներ, մատուռներ, ամրոցներ, դամբարանաբլուրներ, խաչքարեր եւ այլ տեսակի հուշարձաններ։