«Ամեն բան փորձեք, ապա բարին ընդունեք»:
(Մովսես Կաղանկատվացի)
«Արդ հանգիստ առեք, խոհեր իմ մռայլ,
Դուք ինձ տանջեցիք երկար տարիներ,
Եվ իմ ուղեղի հորձանքում դարձյալ
Գալարվում են խենթ բոցե տեսիլներ»:
(Ջորջ Գորդոն Բայրոն)
«Մեզնից ամեն ոք իր կրակն ունի,
իր սեփական, միայնակ կրակը»:
(Ջոն Սթայնբեք)
Առաջին անգամ քաղաք եկա միդռնանի ավտոբուսով: Հունիսի սկիզբն էր, տաք, արեւոտ օր: Ճամփին, կանաչուտ մի տեղ հաց կերանք` զոռ տալով լիմոնադին, որը հետո նեղություն տվեց, ու ամաչում էի ավտոբուսը կանգնեցնել: Պատկերասրահում կլիներ երկու ժամ` մի նկարից մյուսը գնացինք: Այնքան մոտ էի կանգնում, որ աչքերս շաղվում էին, եւ ոչ ոք չասաց` հեռվից նայիր: Միտքս էլ շարունակ զուգարանի կողմն էր: Աստծուց աղաչում էի, որ շուտ վերջանա ամեն ինչ. իմը որ այդպես էր, մյուսներինը` հաստատ չգիտեմ:
Շուկան էլ եմ հիշում. միրգը` շատ, կանաչին` շատ, մարդը` շատ: Երեքանոցն ափումս պինդ սեղմած վազ էի տալիս կործած մրգամանի շուրջ բոլորը` ներսից, դրսից, իսկ պաղպաղակ չկար: Էս կրպակին էի մոտ գնում, էն կրպակին, չկար ու ոչ մի տեղ չկար: Կյանքումս պաղպաղակ չէի կերել, չէի առել ձեռքս ու մենակ կինոնկարներից գիտեի: Դրա համար շատ էի ուզում առանց համը տեսնելու տուն չգնալ, որ հետո եղբայրներիս պատմելու բան ունենամ: Աչքս գցում էի շուկայի դռնից ելումուտ անող մարդկանց` պես-պես շորերով: Պաղպաղակ ուտողներ էի տեսնում, բայց թե որտեղի՞ց էին առնում, չգիտեի, գլխի չէի ու ամաչում էի հարցնել: Վախենում էի հեռու գնալ, որովհետեւ շուկայի տեղը կկորցնեի ու մեր ավտոբուսը, ուսուցիչն էլ ասել էր` հեռու չգնաք: Որ ասեր էլ , չէի գնա, վախենում էի. ավտոները, մարդիկ շատ էին` պատկերացրածիցս շատ: Ես հայ էի, Փարիզին մարտահրավեր նետող Ռաստինյակը չէի, այլ` Գիքորը:
Շատ ման եկա, թե քիչ` չգիտեմ: Երեւի` շատ: Գուցե մոլորված գառի պես դեռ մի տասը պտույտ էլ տայի` ներսից, դրսից, բայց ձեն տվին, թե` արի, գնում ենք: Չէի ուզում ճմրթված երեքանոցը հետս գյուղ տանել, որովհետեւ չէի կարողանա սուտ խոսել, կասեի, որ մոտս է, ու ձեռքիցս կառնեին. տնեցիների իրավունքն էր: Բայց ափսոսս գալիս էր, համ էլ ծախսի համար էին տվել, ուրեմն` իմ փողն էր: Եվ քանի որ ինձ այդպես էի տրամադրել, շուկայի ներսի խանութը մտա: Աչքս կոնֆետներին ընկավ ու պաղպաղակի փողով շոկոլադ առա, կարծեմ` հինգ հատ: Երկու, շատ-շատ` տասը ոտք հազիվ լիներ խանութից մեր ավտոբուս ընկած ճանապարհը, սակայն ես հասցրի հինգ շոկոլադն իրար ետեւից կուլ տալ: Ոչ ոք չտեսավ, մենակ թե բերանիցս հոտ առան ու հարցրին` էս անուշ հոտը որտեղի՞ց, ի՞նչ հոտ է: Չպատասխանեցի: Շատ որ հարցրին, ասի` չգիտեմ, ես էլ ձեզ պես:
Հետո, հիշում եմ, ամբողջ ճանապարհին ջուր էի ուզում խմել, որովհետեւ շատ էի վազել, քրտնել, շոկոլադն էլ` մի կողմից:
Հազիվ ոտքս տուն դրած` եղբայրներիցս տարիքով մոտիկները վազեցին եկան, թե` պատմիր: Նրանց համար ես հեքիաթի հերոս էի, յոթ ախպոր փոքրը. շատ ուզելուց, սիրելուց ինձ այդ աչքով էին տեսնում, ու դավաճանած կլինեի, եթե ասեի, որ Գիքորն եմ ու Գիքորից էլ վատը: Թե ինձ թողնեին, գուցե ճիշտն ասեի, բայց միջոց չեղավ: Հարցը տվին, ետեւից` պատասխանը, հարցը տվին, ետեւից` պատասխանը:
- Քանի՞ կոպեկանոց էր,- ասին ու իրենց մտքում գինը որոշած լինելով` մյուս հարցին անցան:
- Շոկոլադովն էր լա՞վ, թե՞ բաժակովը:
Էդ մեկից էլ որ պրծան, էս անգամ դարձան, թե`
- Թուղթն ի՞նչ արիր, գցեցի՞ր, թե՞ ոնց:
Վերջը` իրենք իրենց չխաբեցին, ես խաբեցի, իրենք իրենց խաբեցին, ես չխաբեցի: Համենայնդեպս, մեջտեղ տուժողը ես եղա, որովհետեւ խիղճս շատ անգամներ տանջեց, բայց էլ չկարողացա իսկությունն ասել ու հիմա եմ խոստովանում` ուշացումով, թող իմանան:
***
Հաջորդ քաղաք գալս դպրոցն ավարտելուց հետո եղավ: Բոլորի, ինձ համար եւս` անսպասելի ընդունվեցի: Խոսակցություններ եղան, թե կաշառքով եմ անցել, թե հայրս փթերով մեղր է տարել դասախոսներին ու էլի նման բաներ, բայց այդպես չէր, ճիշտ եմ ասում: Էն ժամանակ չհավատացին, գուցե հիմա էլ քմծիծաղ տվողներ լինեն, եթե ասեմ, որ ինձ քաղաք տասը ռուբլով ճամփեցին: Որ լիներ, կտային, բայց չկար, ու միակ ճշմարտությունը դա է: Ես չեմ նեղանում, ոչ ոքի չեմ մեղադրում, որովհետեւ նրանք եւս ճիշտ էին, ու երեւի այդպես պետք է լիներ. չպիտի ընդունվեի: Գրականությունից, պատմությունից, աշխարհագրությունից ու էլի մեկ-երկու այդպիսի առարկայից էի հինգ, մնացածը երեք էր, մի բան էլ դենը: Շարադրություններն էլ մի տեսակ էին, ցույց տալու բան չէին, պարզապես դասատուս թաքուն իր համար հինգ էր դնում ու տնօրենին կարդալու չէր տալիս: Հիմա որ մտածում եմ, վայ թե վախենում էր ասեն` «երկու» դիր, որովհետեւ անհեթեթ բաներ էի գրում:
Ընդունվելս էլ մի տեսակ եղավ: Եղբայրս` քաղաքում չապրողը, անունը` Թորոս, դեմ էր, չէր ուզում բանասիրական տայի, որովհետեւ ասում էր` դիմումները շատ են, ու հավանականություն չկա: Բայց ես թարսվել էի եւ իմը պնդեցի: Նա ինձանից խելոք էր, չհարցրեց` ինչո՞ւ: Որ հարցներ, չէի կարողանա պատասխանել: Հիմա էլ ի վիճակի չեմ: Միայն ասաց, որ լավ կլինի չընդունվեմ, որովհետեւ օրվա հացի կարոտ կմնամ ու մինչեւ կյանքիս վերջը կոպեկ կհաշվեմ, որ ուսուցիչները մեր օրերում էլ պատիվ չունեն: «Ինձ տես, քեզ խղճա»,- էս էլ վերջում ասաց: Հետո նա գնաց գյուղ` իր տունուտեղին, եւ ես մնացի մյուս եղբորս` Մերուժի տանը:
Շոգ էր, ես քաղաքի օդին, աղմուկին սովոր չէի ու հենց պատմության գիրքը ձեռքս էի առնում, քունս տանում էր, թմրում էի: Որպեսզի չքնեմ, շատ չքնեմ, Ջեկ Լոնդոն էի կարդում: Էդ արանքում տասներկու հատորը կարդացի, էն էլ` մեծ սիրով: Անուշ գրող է, գրվածքների մեջ համովն ավելի շատ է, քան անհամը` իմ կարծիքով:
Եղբայրս էդ գարուն էր ամուսնացել ու կնոջն առած գնացել էր ծովափ հանգստանալու: Չգիտեմ, սիրո՞վ էր գնացել, թե՞ զոռով, բայց ինչքան հասկացա` կնոջ ցանկությամբ էր եղել: Չորս սենյականոց բնակարանն ինձ էր մնացել, Ծովինար քրոջս ու փեսայիս` Հրաչին: Նրանք էլ էին նոր ամուսնացել ու հլա որ տունուտեղ չունեին, որովհետեւ միակ աշխատողը քույրս էր, ստացածը` յոթանասուն ռուբլի: Փեսաս էլ նոր ավարտած` նեղվում էր, որ աշխատանք չունի, բնակարան չունի, գրանցումն էլ եղբորս տան վրա է: Բայց լավ տղա էր, փեսայի նման չէր, երեւի քույրս դրա համար էր սիրում: Առաջին օրերն էր, ամաչում էի մոտը կարգին հաց ուտել, ինքն էլ հա զոռում էր: Մի անգամ պանիր բերեց: Լավ կերանք, ախորժակով կերանք, սակայն պանիրը քիչ էր ու ոչ իմ առածը, համ էլ քաշվում էի. շատ չկերա:
- Ինչո՞ւ չես ուտում,- հարցրեց:
- Լավը չէ,- ասի:
- Ի՞նչը,- հարցրեց:
- Պանիրը,- ասի:
- Ինչո՞ւ,- հարցրեց:
- Հոտուկ է,- ասի:
Պանիրը կանաչ էր, ամառվա շոգից հալվել էր, բորբոսած էր: Ճիշտը ես էի: Երեւույթին որ խորքից նայես էլ, հոգեբանորեն նայես էլ, ճիշտը ես էի: Բայց փեսաս ծիծաղեց, ու ճիշտն ինքը դուրս եկավ: Իմ էդ ասածը դարձավ բերանի ծամոն, բայց էլի չեմ նեղանում, որովհետեւ սրտում չարություն չկար: Համ էլ դեռ էն ժամանակ մտածեցի, որ ինքը եւս քաղաք գալու առաջին տարին նույն Գիքորն է եղել ու, երեւի, ավելի վատը: Ես պանրի էդ տեսակին` հատուկ կանաչեցրածին էի անծանոթ, նա մի ուրիշ բանի, մեկ ուրիշն էլ մեկ ուրիշ բանի: Թող ոչ ոք չպարծենա, քաղաքում ապրածը` նույնպես, որովհետեւ էդ մեծաբանելու բան չէ: Էն աստված: Մեկը կարող է քաղաքում ծնվել ու բոլորովին քաղաքացի չլինել, սովորաբար էլ այդպես է, եւ` հակառակը: Համ էլ` բանը մի քաղաքով չի վերջանում: Աշխարհում էլի քաղաքներ կան` մեկը մեկից մեծ, գեղեցիկ եւ, եթե խնդրին էդ անկյունից նայենք, թքած ունի մյուսների վրա: Իսկ թե գործը իրար անպատիվ անելուն հասավ, էն փոքրիկ գյուղն էլ դրա իրավունքն ունի: Բայց աշխարհի բանն այդպես չէ, ու լավ է, որ այդպես չէ, որովհետեւ ծննդավայրից ավելի կարեւորը հայրենիքն է, մեկ էլ` մարդ լինելը:
Հիմա դառնանք մեր պատմությանը: Փեսաս առաջին օրն ինձ տեսնում է Ջեկ Լոնդոն կարդալիս ու Ծովինար քրոջս ասում` չի ընդունվի: Երկրորդ օրն էլ որ տեսնում է հաստափոր գիրքը ձեռքիս, ավելի համոզված է ասում` չի ընդունվի, քիթս կկտրեմ, եթե ասածս չեղավ: Հետո ինձ պատմեցին: Ես, ինչպես արդեն ասել եմ, ընդունվեցի, փեսաս քիթը չկտրեց, բայց առաջին տարին ամեն հանդիպելիս գլուխն օրորում էր`
- Այ տղա, էդ ո՞նց եղավ:
- Ի՞նչ իմանամ,- ասում էի:
Էն անգամ էլ բռնել էր քրոջս ու թե`
- Ախպերդ գրող կդառնա:
- Մեզնից ի՞նչ գրող,- ասել էր քույրս:
- Դու չգիտես,- համոզված առարկել էր:
Տարիներ հետո, երբ հարցրի, թե իրո՞ք այդպիսի բան է ասել, հարցին հարցով պատասխանեց.
- «Ավազակները» կարդ
ացե՞լ ես:
Գլխով արեցի:
- Ո՞վ է գրել:
- Շիլլերը:
- Ապրես,- ոգեւորվեց: - Այ, դու մի օր «Ավազակներ»-ի նման հանճարեղ գործ ես գրելու:
- Գոնե տաղանդավոր ասա,- ներքուստ շոյվեցի ես, թեեւ ոչ մի լուրջ տող դեռ գրած չունեի, հավատ` առավել եւս:
- Քո գործը չէ,- այն ժամանակ կարճ պատասխանեց: - Օրը կգա, հետդ կխոսեմ:
Հիմա` այս տողերի վրա օր մաշելիս էլ դեռ ոչ մի տող չեմ տպագրել, իմ գրելու մասին ոչ ոք չգիտե, ինքը` նույնպես, բայց շարունակում է հավատալ: Թե կատարվի գուշակությունը, պատկերացումներումս շատ բան պիտի փուլ գա, որովհետեւ Հրաչի հայրը ժամանակին Լոռվա գյուղերում հայտնի գրբաց է եղել:
- Ես հորս եմ քաշել,- միշտ սիրում է շեշտել:
***
Էդ օրերին քիչ-քիչ աչք-երեսս բացվեց, էնքան, որ ավտոբուսով եղբորս տնից հասնում էի համալսարան ու նույն ճամփով, առանց կուշտուկուռ նայելու ետ գալիս: Գիշերները ոտքս տնից դուրս չէի գցում, որովհետեւ վախենում էի կորչելուց, փողոցն անցնելու կարգն ու կանգառներն էլ կարգին չգիտեի: Կանգնում էի պատուհանի առաջ, նայում խավարում ցոլցլացող լույսերին, նայում էի ու մտածում, այնքան, մինչեւ քույրս ու փեսաս գան: Առավոտն էլ էի նույն լուսամուտից նայում. քաղաքն ուրիշ էր լինում, ոչ գիշերվա նման: Մտածելս էլ շատ չէր գալիս: Գլխիցս չէր, ցերեկվանից էր: Արեւն այդ կողմից էր ելնում, բայց ինձ միշտ թվում էր, թե սխալ է ու արեւելքը չէ: Էդքան հասարակ բանը չէի կարողանում որոշել, խառնում էի:
Հետո սեպտեմբեր եկավ, քույրս ու փեսաս բնակարան վարձեցին, եղբայրս էլ կնոջ հետ ծովափից տուն դարձավ: Մի տեսակ փոխված էր, եւ մաշկի, դեմքի կարմրությունը հարազատ չէր, օտար էր: Ծովափի կյանքն էր գովում, տանձի էժանությունը, հետո, իբր էդ քիչ էր, դարձավ բա` Երեւանը ապրելու տեղ չէ, նրանց տանձն էլ մերից հյութեղ է:
- Հլա էն տանձից բեր ուտենք,- ասածը հաստատելու համար ձայնեց պատշգամբում գործ անող կնոջը:
Մենք երկար սպասեցինք, մինչեւ հարսը մի ճամպրուկ միրգը խառնշտելուց, վերուվար, ծանրութեթեւ անելուց հետո երեք պոչատ, զարկված միրգ ափսեում` ներս մտավ: Կարգն ու մարդկայինն էն էր, որ եղբայրս տանձն ու պնակը պատով տար, բայց ծովափը խիստ էր ազդել վրան, եւ մենք քսաներորդ դար էինք խաղում:
- Համով է,- ասաց Մերուժան եղբայրս ու ախորժակով կերավ իր բաժինը:
- Չսիրեցի,- քաղաքավ
արության համար թեթեւ բերան կծելուց հետո ես միրգը ետ դրեցի ափսեն:
- Համով է,- իմ բաժինը եւս ուտելով` իրենը պնդեց եղբայրս:
Հարսը` Ալիսն անձայն կերավ:
Էն էլ ասեմ, որ եղբայրս դեռ ծովափում եղած ժամանակ վճռել էր ծխելը թողնել: Որոշում կայացնողն ինքը չէր, պարզ է: Էդ գիշեր էնքան խոսեց, էնքան շեշտեց չծխելու օգուտն ու անհրաժեշտությունը, էնքան համոզեց ինձ, իրեն, որ չհավատացի: Շատ խոսելու, արածը շատ կարեւորելու պատճառը չգիտակցված դժգոհությունն էր, հոգեվարք ապրող, պարտված անհատականության ճիչը: Այդպես է. հաճախ լալիս ենք` չիմանալով ինչու, ծիծաղում ենք` անպատճառ, չուզելով ենք ծիծաղում, չկամենալով ենք լալիս: Էդ մեր ներսինն է այլակերպ աշխարհ ելնում` մեզ համար իսկ անսպասելի, անճանաչ:
Եղբայրս, ուրեմն, գնաց քնելու: Ես կարդում էի` մոռացած մեր խոսակցությունը, ծխախոտի ճմրթված, համարյա լիքը տուփը: Երկու ժամ էր անցել, թե ավելի, ձայն հասավ ականջիս: Հողաթափերը քստքստացնելով եկավ, թե` քունս չի տանում: Չէի ուզում գրքից կտրվել - չպատասխանեցի: Նստեց, մի երկու րոպե պատուհանից չերեւացող բակին նայեց, հետո ձեռքը գողունի ճզմած տուփին տարավ: Իմ կողմը չէր նայում, ես էլ չէի նայում: Կարծում էր չեմ նկատում, բայց լավ էլ տեսնում էի: Ծխատուփն իր հաշվով աննկատ վերցրեց ու մտավ զուգարան: Մտավ, դուռը փակեց: Քիչ անց լուցկու չռթոց լսեցի. ծխախոտն էր վառում: Էդ բոլորն էնքան միամիտ, էնքան երեխայավարի արեց, որ շատ սիրեցի ու մտածեցի, որ ես էլ նույնը կանեի: Գիտեի` իրեն խաբելու համար նստել է զուգարանին, իբր, իսկականից էդ գործին է, ծուխն էլ անուշ զարկում է սրտին, հետո դես-դեն փչում, իբր, չի ծխում: Բայց, դե, ո՞ւր պիտի գնար. սիրուն դուրս էր ելնում դռան ճեղքից:
Ծխեց, ջուրը քաշեց, իբր, պրծա ու գնաց ննջասենյակ: Էդ դեպքի վրա երկար մտածելով հանգեցի այն մտքին, որ եղբորս ապագան նախանձելի չէ, ու իմ օրն էլ լավ չի լինի, եթե նրանց հետ ապրեմ: Մանավանդ տեսնում էի` հարսը ընդունվելուս վրա ամենեւին ուրախ չէ, թեեւ ցույց չէր տալիս, եղբայրս էլ կամուկացի մեջ էր ու ոչ մի անգամ չասաց` մեր տանը կմնաս, չնայած բնակարանն իրենն էր, փող աշխատողն ինքն էր, ոչ թե մյուսը, որ անարմատ էր, եկվոր ու գրանցում չուներ:
Նման բաների մասին միայն իրիկունները, քնելուց առաջ էի մտածում, մեկ էլ հացի նստելիս, երբ ասում էին` կեր, ու չէի ուտում, որովհետեւ սրտանց չէր ասվում: Հնար լիներ, միշտ դրսում կսնվեի եւ քրոջս տանը, բայց հնար չկար, թոշակ էլ չէի ստանում: Հնար լիներ, իրենց տանը չէի քնի, բայց քրոջս մոտ տեղ չկար, հանրակացարանն էլ ասել էին` հունվարից հետո:
Ծովոն չեղած տեղից ամեն շաբաթ երկու-երեք ռուբլի էր տալիս, բանակից նոր եկած ու դեռ աշխատանք չգտած եղբայրս` Արան, չեղած տեղից չորս-հինգ ռուբլի էր տալիս - այդպես ապրում էի:
Քաղաքին արդեն քիչ-քիչ ծանոթացել էի, կուրսի տղաների հետ քիչ-միչ ընկերացել, աղջիկների հետ` չէ: Աղջիկներից վախենում, սարսափում էի, չնայած բոլոր սիրուններին սիրում ու բոլորի վրա սիրահարվել էի: Թե տղաներից մեկին նկատեի նրանց հետ ազատ-արձակ խոսելիս, նախանձն ուտում էր, թեւանցուկ քայլող, կինոյում, այգում` խուլ մի տեղ համբուրվող զույգի տեսնելիս սիրտս ճմլվում ու մտքումս ասում էի` եկեք ինձ սիրեք:
Ուսանող եղբայր էլ ունեի` հանրակացարանում ապրողը, անունը` Գալե, սովորեցնում էր աղջիկներից խոսք առնելու, նրանց հետ ծանոթանալու, նրանց սիրտը գրավելու, մոտեմոտ անելու եղանակները, բայց` անօգուտ: Հորինված, երեւակայության արդյունք տեսությունները նրան պետք չէին եկել ու հիմա մեծահոգաբար ինձ էր զիջում, փորձում գործնականում ճշտել, ստուգել պիտանիությունը` կարծելով, թե իրենից համարձակ եմ: «Ոտքդ,- ասում էր,- դասի ժամանակ աննկատ մոտեցրու կողքինիդ ազդրին: Հպիր ու թող մնա: Եթե կտրուկ մի կողմ քաշվեց, պետք չէ: Ներողություն խնդրիր, ասա, որ պատահական է եղել: Իսկ թե ձայն չհանեց, ուրեմն դուրը եկել ես, ուրեմն իր շունչն էլ է կտրվում ու հաճույքից, հուզմունքից նվաղել է: Համոզվելու համար ոտքդ մի փոքր հեռացրու եւ սպասիր: Եթե համարձակ է, մոտեմոտ կանի, թե որ չէ` երկչոտ է, խաղը վերսկսիր»: Այդպես հա խոսում էր, համոզում, բայց ես իր մտքին չէի գալիս, որովհետեւ չէի կարողանում այդ մազաչափ տարածությունը մտքով իսկ անցնել, ու ոտքս ներքեւում` գրասեղանի տակ փայտանում մնում էր: Չկարողանալուս պատճառն այն էր, որ հուզվում էի, ինձ ստորացած զգում: Սիրելու, աղջիկ գայթաղկելու անպատիվ, անմաքուր եղանակ էր: Հիմա էլ եմ այդպես կարծում: Եղբայրս նույնպես, համոզված եմ, ուրիշներից էր լսել, կարդացել ու նրա ուղեղի հորինածը չէր, որովհետեւ ինքը եւս չէր կարողանում:
Էս բոլորը, որ պատմվեց, ներսից, տակից էր այդպես, դրսից` չէ: Դրսից նայողը, կողքից նայողը բան չէր տեսնում, որովհետեւ հպարտ էի ու ոչ ոքի մոտ չէի խեղճանում, չէի բացվում: Միակ սխալը, որ արել եմ, իմ գիտեցածով, պանրի հարցում էր, էն որ պատմեցի: Մնացած ժամանակ` առերեւույթ ու իրականում եւս` գոռոզ, իշխանավայել: Չիմացած բաները չէի հարցնում, ոչ մեկից մի ռուբլի չէի մուրում, ծխախոտ չէի խնդրում, որեւէ մեկի փողով ու նրա հաշվին չէի խմում: Թե էդ հպարտությունը որտեղի՞ց ու արմատներն ուր են հասնում, չգիտեմ, չեմ կարող ասել: Կարծածովս` մարդկային հպարտություն է, ազնիվ հպարտություն, որ թեքվել, կեռանալ, ցածրանալ չուներ, թեեւ հաճախ կյանքի ծանրածանր գլանն այնպես է մամլում, հարթում ճամփին հանդիպած ամեն քար ու խիճ, որ գերադասելին ու ճիշտը պատիվ ասածն առժամանակ մի կողմ դնելն է:
Արտաքինս վատը չէր, շարժուձեւս` ոչ գեղավարի, հղկված էր էնքան, որ շատերը զարմանում էին` իմանալով գյուղից լինելս: Էլ չգիտեին, որ սուրճը զզվանքով եմ խմում. համը տհաճ էր ու կարոտում էի մանկութ հարազատ հոտերին: Էն էլ ասեմ, որ առաջին սուրճը ուսանող եղբորս` Գալեի հետ խմեցի: Մի ումպից հետո այլեւս չէի ուզում բերան տալ, բայց նա իրենը պնդեց, ասաց, որ ճար չունեմ, որ ինչքան շուտ սովորեմ, էնքան լավ, որ դեռ շատ առիթ կունենամ չուզած բաներ անելու: Էդ բոլորը հասարակ բառերով, հասկանալի, մարդավարի ասաց, ու ես ըմբռնեցի, ամենեւին չնեղացա, ընդունեցի, մանավանդ այդ միջոցին նրա ծանոթներից երկուսը մոտեցան: Եղբայրս հետները զրուցում էր ու աչքունքով ինձ հասկացնում, որ սուրճն ըմպեմ, ինձ թեթեւ պահեմ, որովհետեւ ամոթ է, գլխի կընկնեն ինչն ինչոց է ու իրենց անարժան տեղով մտքներում կծիծաղեն վրաներս, գուցեեւ` բարձրաձայն: Իսկ մեկ որ ծիծաղեցին, ձեռք առան, կարծիք կազմեցին, փոխելը դժվար է:
Սուրճ խմելն այդպես սովորեցի, ծխելը նույնպես խմելը` չէ, կարգին, հիմնավոր, միշտ խմել չսովորեցի, որովհետեւ մարմինս խմիչք չէր վերցնում, ու ավելորդ բաժակը ետ էր գալիս:
***
Քաղաքի կյանքը, քաղաքում ապրելը գյուղինի հետ համեմատած` եւ հեշտ էր, եւ դժվար: Մարդկանց քչությունից, միշտ նույն դեմքերը տեսնելուց, գյուղի մենակությունը տխուր ու ձանձրալի էր, անտանելի: Հոգնում, զզվում էի ինքս ինձ հետ լինելուց, ինքս ինձ հետ զրուցելուց: Քաղաքում դարձյալ միայնակ էի, բայց դա ցանկալի, անհրաժեշտ առանձնություն էր, առանց որի դեմքս, ինձ կկորցնեի: Ով հեշտ, լավ, կամավոր է մերվում նոր կյանքին, հեշտ, լավ, կամավոր էլ կորչում է: Փափուկ միսը տեսե՞լ եք մսաղացն ինչքան հանգիստ է աղում: Ջիլն ու ոսկորը` չէ, դեմ են առնում: Ես ներսից էդ տեսակ գունդուկծիկ դարձած, փշերս ոզնու պես պարզած, երկու կես եղած ապրում էի: Մի կեսս «ներեցեք», «խնդրեմ», «շնորհակալություն» մամլիչի տակ խեղվում, ճկվում էր, որպեսզի մյուս կեսին ազատ, արձակ, իր համար մտածելու, տեսածն ու լսածը ծանրութեթեւ անելու հնարավորություն տա: Շրջապատը տեսնում էր առաջին` տեսանելի կեսին, նրան, որը բոլորի հետ ավտոբուս էր նստում, քայլում էր, ժպտում, խոսում, իսկ երկրորդը` պատսպարվածը, թաքնվածը, պատենավորվածը` վախվորած ու համարձակ, երկչոտ ու հանդուգն, բայց ինքնուրույն, մենակ ու մեկուսի ապրում էր, իր աշխարհն ուներ եւ իր մտքերը, մտածում էր ոչ այնպես, ինչպես առաջինը, ասում, անում էր ոչ այն, ինչ առաջինը, թեեւ ճշմարիտն ու անսուտն ինքն էր:
Այդպես բաժան-բաժան ապրում էի, դժվար էի ապրում, որովհետեւ, ճիշտ է, մի կեսս պաշտպանում էր մյուսին, հեշտացնում մյուսի գործը, բայց թե` ուժերի երկատումից երկու կեսս էլ ձգված ճոպան էին:
Ինձ լավ ու ազատ միայն եղբայրներիս, քրոջս հետ էի զգում, էն էլ` ոչ բոլորի ու ոչ ամեն ժամանակ: Կարող էի թուլացնել զսպանակները, լաց լինել, եթե կամենայի, նեղսրտել ու նեղանալ, եթե շատ էի լցված, կամ, պարզապես, լռել եւ վայելել հարազատի կողքին լինելու հաճույքը: Խոստովանանք լինի, նույնիսկ նրանց մոտ հազվադեպ էի խեղճանում, որովհետեւ չէի ուզում հարազատներիս հոգսին հոգս ավելացնել, որովհետեւ տեսնում էի` հեշտ չէին ապրում, գուցե` ավելի դժվար, քան ես: Դրա համար ավելի հաճախ առույգ էի ձեւանում ու կյանքով լեցուն, անհոգ էի ներկայանում ու ժպտուն, որպեսզի ինձ ուրախ տեսնելով` իրենք թեթեւանան, որպեսզի գոնե իմ մասին չմտածեն:
- Ձեր բաժին վիշտն ինձ տվեք,- մտքումս ասում էի,- մենակությունն ինձ տվեք,- մտքումս ասում էի,- եւ անարցունք ապրեք, հեշտ ապրեք, անցավ ապրեք:
Քիչ ասում էի, շատ մտածում, քիչ ասում էի, շատ ցանկանում: Բարի գիշեր էի մաղթում բաժանվելիս ու գնում` նրանց բաժին մենակությունն ուսերիս, նրանց բաժին արցունքն աչքերիս: Իմ փոխարեն ապրում էի, նրանց փոխարեն ապրում էի: Իրենք եւս, տեսնում էի, իմ փոխարեն են ապրում, բոլորս միասին ու բոլորս առանձին միմյանց փոխարեն էինք ապրում ու դրանով էինք հարուստ, եւ շատ բան էինք տեսնում, եւ շատ բան էինք զգում, որովհետեւ շատ էինք, բազմադեմ ու` մեկ: Էդ ամբողջը նրանից էր, որ մեր արյունը, նույն արյունը, պատահականության ու բնության բերումով ժամանակ առ ժամանակ պորտալարով հոսել, դարձել էր ձեռք, ոտք, թեւ, թիկունք, ականջ, սիրտ, մարդ էր դարձել եւ մորս կոնքից դուրս սահել արեւ աշխարհ: Այսինչ թվին այդ արյունից մեծ եղբայրս էր ծնվել, առժամանակ հետո մյուս եղբայրս էր ծնվել, քույրս էր ծնվել, էլի եղբայր ու եղբայրներ էին ծնվել եւ` ես: Յոթն էինք ու մի քույր. էլ ո~նց կարող էինք ուրիշ լինել:
Էս բոլորը պարծենալու համար չեմ ասում, ամենեւին: Մտադրություն չունեմ ինձ կամ էլի մեկին` մերոնցից, հատուկ համարել: Հակառակը, միշտ այն հիմար կարծիքն եմ ունեցել, թե ես ամենավատ կավից եմ հունցած, թե բոլորն ինձնից լավ են, ուժեղ են, խելոք են, հատուկ են ու առանձնահատուկ, իրենք են ու ես չեմ: Չեղած արարքներ էի վերագրում ուրիշներին եւ ունեցածս չէի տեսնում, չէի գնահատում, որովհետեւ ավելի մոտիկից միայն ինձ գիտեի, ինձ էի ճանաչում, ինձ էի տեսնում, թաքուն արածս էր աչքիս առաջ, թաքուն մտածածս, որովհետեւ մշտապես բացված գիրք էի` թերություններով, թուլություններով, փծուն մտքերով ու ես` միակ ընթերցողը: Որքան էլ ջանում էի պատիվ չբերող արարքներս, խոհերս չմտաբերել, ջնջվելու արժանի էջերը չվերընթերցել, չէր լինում. ամեն անգամ թերթերն իրենք իրենց շրջվում էին, եւ ես կանգնում էի ներքին դատավորիս առաջ` անկամ, անուժ, անկայուն. էլ չգիտեի, որ բնությունս է այդպես, մարդն է այդպես... Նարեկացի էլ չէի կարդացել, միայն անունը գիտեի:
Թերահավատությունն անձիս, ուժերիս նկատմամբ այն աստիճան խոր արմատներ էր գցել, այնպիսի հաստաշերտ նստվածք տվել, որ ժամանակի ընթացքում թեեւ մասամբ փոխվեց կարծիքս իմ, մարդկանց մասին, բնավարությունս շտկել չկարողացա եւ մնացի երկչոտ ու շատ տուժեցի դրանից, ու շատերը չարաշահեցին այն:
***
Եկավ պահ, որ մերոնց տանն ապրելն այլեւս անհնար դարձավ: Հոգնել էի ամեն առավոտ աղբ թափելուց, խանութ գնալուց էի հոգնել, սոված մնալուց, փքուն խոսքերից ու երեխա պահելուց: Ես` թագավոր, ընկճվել, դարձել էի մի բուռ, բերանխուփ ու կամազուրկ: Հարսը շշերը քսան կոպեկով հաշվում տալիս էր ձեռքս` թե տար: Տասնհինգ կոպեկով հանձնում էի խանութին, որովհետեւ իսկական արժեքով չէին ընդունում, չեղած փողիցս հիսուն կոպեկ, մի ռուբլի (նայած ժամանակ) դնում վրան ու ետ գալով տալիս էի իրեն: Կոպեկ-կոպեկ հաշվում էր:
- Էդ ո՞նց ես անում, որ քեզ քսանով են հաշվում,- ամեն անգամ հարցում էր:
- Երեւի խղճում են, գլխի են, որ ուսանող տղա եմ, անթոշակ,- մի օր էլ ասացի:
Չգիտեմ, ակնարկս տեղ հասա՞վ, թե՞ չհասկանալու տվեց: Միայն էնքանը գիտեմ, որ եղբորս այդ հարցով հետո հաճախ էր նեղություն տալիս, ինձ օրինակ բերում: Ինչեւէ, Ալիսը, տեսնում էի, տերն է տունուտեղի, կայացնողն է վճիռների: Նրա հաշվով էն, որ իրենց տանն էի մնում, արդեն շատ էր: Եղբայրս էլ արդեն եղբայր չէր, այլ միայն ամուսին` դարձյալ նրա որոշմամբ:
Նամակ գրեցի հորս, որ գա: Այդքանը: Թե ինչու, չէի բացատրել: «Հանրակացարանում եմ ուզում ապրել»,- երբ եկավ, ասի: Նայեց աչքերիս, մեկ անգամ էլ նայեց` ավելի խորը, բան չասաց: Հպարտ մարդ էր, հպարտախոհ ու հպարտասիրտ, անկոտրում կամք ուներ: Ուզում էի լաց չլինել, չէր լինում: Ներսումս հայհոյում էի ինձ, չէր լինում: Ի՞նչ ապրեց, նվաստս չեմ կարող ասել, բայց տեսա` հպարտությունը դրեց մի կողմ, ձգվեց ու մտավ ռեկտորի աշխատասենյակը: Քիչ մնաց` երեք թե չորս րոպե: Ի՞նչ ասաց, էլի անտեղյակ եմ, բայց դիմումը թելադրելիս շեշտեց պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ լինելը, մի բան, որից սովորաբար խուսափում էր:
Ուրիշ անգամներ քաղաք գալիս երկու-երեք օր, պատահում էր մի շաբաթ մնում էր: Այս անգամ` չէ: Ավտոկայանում դրամապանակից տասը ռուբլի հանեց, տոմս առավ` մեկ ռուբլի հիսուն կոպեկի: Վեց ռուբլի` երկու երեքանոց ինձ տվեց, մնացածը դրեց տեղը:
- Թոշակն էս քանի օրս կստանամ: Ալյուր պիտի առնենք, թե մնաց, կճամփեմ,- ասաց:
- Գալեի ու Արայի հետ ընկերություն արա,- էս էլ պատուհանից` ավտոբուսի շարժվելու պահին ասաց:
Նա գնաց, ու ես հոնգուր-հոնգուր լաց եղա: Դեկտեմբեր ամիսն էր, մութը վրա էր տվել ու արցունքներս թաքցնելու հարկ չէի զգում:
Այդպես մեկ էլ հեկեկացի երեք տարի հետո, երբ նա մեռավ: Լենինգրադից նոր եկել էի: Ասին` հիվանդ է: Ձմեռային կոշիկ էր ուզել: Բերել էի` ներսից քեչա, պինդ, տաք: Սրտով էի առել, իմ առաջին նվերն էր հորս, ու ինքնաթիռի ցնցումներից օրորվելով, կոշիկները նվիրելու պահը հարյուր անգամ վերապրելու հաճույքից տարուբեր էի Երեւան հասել:
Լուրի հետ չհաշտվելով, չհավատալով, լուրի հետ կռիվ տալով գյուղ գնացի: Ճիշտը լուրն էր, որովհետեւ հորս հիվանդանոցում տեսա` ուռած ոտքերով, շնչարգելությունից կապտած շուրթերով: Հեւոցը մինչեւ հիմա ականջումս է: Թորոս եղբայրս մոտն էր ու շուտ-շուտ ուղղում էր բարձը, ոտքերը տրորում, իրեն դես-դեն գցում, բայց` անօգուտ: Հիվանդությունը չէր զիջում, հորս ցավը կիսել, թեթեւացնել չէր լինում, ու նա գնալով նվաղում էր: «Ամառվա շոգին գյուղական հիվանդանոցի սպիտակ ներկած պատերի մեջ հայրս, եղբայրս, ես` մոտեցող մահի դեմ» կտավը շարունակ աչքիս առաջ է ու ինձ հետ կտանեմ, երբ Ժամը գա: Նեղվում էի ճերմակ պատերից, ճերմակ սավաններից էի նեղվում, նրան այդ վիճակի մեջ տեսնելու մտքից էի նեղվում, ու որպեսզի սիրտս թթխմոր դարձնող ադրենալինը ծախսեմ, անգիտակցաբար, բնազդորեն սեղմում ու սեղմում էի երկաթյա մահճակալի սառը գլուխը, ու, որպեսզի մի բան ասած, արած լինեմ, խոսք բացեցի կոշիկների մասին: Իբրեւ շնորհակալության նշան, գլխով արեց, հետո հայացքը սահեց ներքեւ` ուռած ոտքերին: Սփոփած լինելու համար իմ կակուղ խելքով դուրս տվեցի`
- Մի համար մեծ եմ առել:
Նա ձայն չհանեց: Ես ավելի վատ զգացի, որովհետեւ հանկարծ հասկացա, որ նրա մտքով վատ բան անցավ, ու որպեսզի դրությունը շտկած լինեմ, մի բան ասած, արած, հիվանդության, մահվան հետ կապված նրա մտքերը ցրած լինեմ, ավելացրի`
- Ձմռանը բրդյա գուլպաներով հագնելու համար եմ ասում:
Այդ պահին Թորոսը բուժքրոջ հետ մտավ, ու խոսակցությունը դրանով փակվեց: Առաջին անգամ եմ պատմում` տասնչորս տարի անց:
Սրսկումից հետո եղբայրս մի քանի ժամով գնաց տուն` հանգստանալու, որովհետեւ երեք գիշեր չէր քնել, բայց նա դարձյալ երեք գիշեր անքուն մնաց, որովհետեւ կես ժամ անց հայրս վատ զգաց, եւ շնչարգելության նոպան էլի բռնեց: Թթվածնի բարձիկն ու սրսկումներն այլեւս չէին օգնում, գլխավոր բժշկի ներկայությունը չէր օգնում, եւ ես միջոց գտնելով` բուժքրոջը խնդրեցի մեր տուն զանգել, հայրս էլ ասաց` ինձ տուն տարեք:
Վազեվազ եկավ Թորոս եղբայրս, Գալե եղբայրս եկավ, ու մենք թեւերի տակ մտած նրան սենյակից դուրս հանեցինք: Բուժքույրը սենյակի դուռը բացել, մեզ էր սպասում, բայց բանը դրան չհասավ, որովհետեւ Համզե հայրս մեր ձեռքերի վրա, մեր թեւերի վրա, մեր աչքերի առաջ հանգեց: Սա՞ է վերջը,- հարցնում էի ես ու չէի հավատում, որովհետեւ ամեն ինչ անսպասելի եղավ, գեշ եղավ ու ոչ այնպես, ինչպես գրքերում է: Հայրս` մեծ տոհմի զավակ, հայրս` հպարտ, ազնվական ճակատով, ազնվական խոհերով, հայրս` հասուն տղաների տեր, անունը` Համազասպ, մեռավ գյուղական հիվանդանոցի միջանցքում:
Ուզում էի լաց լինել ու չէի կարողանում, որովհետեւ անհեթեթ էր ամեն ինչ ու ոչ բանաստեղծական, որովհետեւ որքան էլ ասում էի` վերջ, ուղեղս ընդվզում էր, չէր ընդունում կատարվածը: Այդ էլ ասեմ` առաջին անգամ էի հարազատի մահ տեսնում:
Պատգարակին դրած, «Շտապ օգնության» մեքենայով նրան տուն տարանք: Դրսում արեւ էր, ամառ, օգոստոս ամիսն էր: «Նախավկա մատուռի խաչը` կապույտ երկնքում, արեւը` վրան» - այս կտավը եւս լավ հիշում եմ: Ես բռնել էի հորս գլուխը, որ ցնցումներից օրորվում էր, խղճի խայթ էի զգում ու չգիտեի, թե հետո ինչ պիտի լինի, եւ երբ հարեւանները, քեռիս լողացնելու համար մեր սրահի կողմը թեքվեցին, շարունակում էի գլուխը ձեռքերումս բռնած պահել: Բայց նրանք թույլ չտվեցին եւ ասին` գնա: Հիմա եմ հասկանում, թե որքան նրբանկատ էին, որովհետեւ վատ բան կլիներ, եթե տեսնեի նրա մերկ, անհոդակապ մարմինը:
Մթնող օրվա մեջ չորս մոմերը թույլ ճթթոցով այրվում էին` երկուսը հորս գլխավերեւում, երկուսը` ոտքերի մոտ, դիակը երեքկողմյան բոլորած կանայք քչփչում էին, ախուվախ անում, իսկ ես լալիս էի, ու ինձ ձայնակից էր քույրս, եղբայրներս էին ձայնակից: Հետո Ծովոն իր ու մորս փոխարեն լալուց ուժասպառ` դադար տվեց, եղբայրներս շատ լաց լինելը պատշաճ չհամարելով` գնացին ծխելու, ու ես շարունակեցի միայնակ արցունք թափել: Հեկեկում էի, որովհետեւ ինձ թվում էր, թե մեղք գործած կլինեմ, եթե լռեմ, որովհետեւ ուրիշ լացող չկար, որովհետեւ կանայք ինձ էին նայում, որովհետեւ հորս մոմագույն դեմքին ես չէի տեսնում կյանքի կրակը, «իր սեփական, միայնակ կրակը», որովհետեւ նրա ոտքերին Լենինգրադից բերածս կոշիկներն էին` նույնքան ապերջանիկ, որովհետեւ քարերին զարկվելու բախտին նույնիսկ չարժանացան ու հազիվ ծնված` հողվելու էին:
Հիմա` տասնչորս տարի անց այս տողերը գրելիս դարձյալ եմ հեկեկում, որովհետեւ այդպես էլ նրան ճանաչելու, նրա մտքերը կարդալու, նրա միայնակ վառվող կրակին մոտ լինելու ու նրանով ջերմանալու հնարավորություն չունեցա: Իմ հպարտասիրտ, իմ ազնվադեմ հայրը... Նա այդպես գնաց, ու ինձ մնում է սփոփանքն այն մտքից, որ հետո կտեսնեմ, հետո կզրուցեմ, հետո կճանաչեմ, երբ ժամը գա:
***
Հանրակացարանում ապրելուն Մերուժան եղբայրս դեմ չեղավ, իսկ կինն ասաց, որ կյանքն այնտեղ ավելի հետաքրքիր կանցնի, եւ նա մասամբ իրավացի էր: Ունեցած մի քանի գիրքը կապոց արի, մի քանի շորը ճամպրուկը խցկեցի եւ դուրս եկա: Աստիճանահարթակին կանգնած Մերուժը, երբ արդեն մի հարկ իջել էի, գոռաց, որ իրենց չմոռանամ եւ շուտ-շուտ այցելեմ: Ալիսը կողքին ժպտում էր, ուստի ես եղբորս արարքը սխրանք համարեցի ու պարտված զինվորի մարտակոչ, չնայած վճռականություն չկար ձայնում եւ ավելի շատ իր խիղճը հանգստացնելու համար էր ասված: Պատասխանեցի, որ կգամ, բարի գիշեր մաղթեցի եւ շարունակեցի առույգ ցատկերով իջնել: Ամեն ինչ բնական եղավ, քսաներորդ դարի մակարդակով: Այն էլ ասեմ, որ գյուղից բերած բրդյա անկողինը չէի վերցրել, նրանք էլ չհիշեցրին, թեեւ պետք էր, դեկտեմբերի վերջն էր, ու երկու գունաթափ ծածկոցի տակ հանրակացարանի առաջին հարկում գիշերները մրսում էի:
Սենյակը հյուսիսային թեւում էր, եւ արեւ ամենեւին չէր առնում: Կենվորներից երկուսը, չդիմանալով զօր ու գիշեր կանգնած մգլահոտին, որ լվացքասենյակներին հարող բորբոսած պատից էր գալիս, լքել էին հանրակացարանն ու գնացել վարձով ապրելու: Դեմ-դիմաց զուգարանն էր: Առաջին օրերին վաղ առավոտյան արթնանում էի` սենյակ հասնող զարհուրելի ձայներից: Վայրենի խնչում էին, ազատվում ուսանողական ճաշարանում կերած տասներկու կոպեկանոց կաղամբապուրից: Զզվանքից ծամածռվելով` բարձով փակում էի ականջներս, բայց ոչինչ չէր օգնում, ու աչքիս պատկերանում էր սպիտակ լվացարանին սոսնձված ժահրագույն լորձը:
Լվացքասենյակում համեմատաբար մաքուր էր, սակայն ոչ պակաս անտանելի էր էժանագին օճառի գարշահոտը: Լպրծուն փայտերին, լոգատաշտին, լվացարանին չդիպչելու համար ճկվում, հասնում էի ծորակին ու նրա տակ լվանում ոտքերս` հերթով, սկզբում մեկը, ապա հանգստանալուց, շունչ առնելուց հետո` մյուսը:
Այդպես էր առաջին օրերին, ապա քիչ-միչ ընտելացա, ձայներն այլեւս չէին ազդում, եւ մինչեւ տասը-տասներկուսը քնում էի, ուշանում դասերից, թեպետեւ խոստովանեմ. կեղտոտությանը չկարողացա հարմարվել եւ երկու տարի անց ես եւս գնացի վարձով տուն փնտրելու:
Թեեւ վատ, անհրապույր ու դժվար էր հանրակացարանային կյանքը, բայց ես ինձ արքա էի զգում. ազատ-արձակ կարող էի մեկնվել մահճակալին, սրտիս ուզածի չափ ծխել, ու ոչ մի չար աչք կողքից չէր խեթի, թաքուն չէր ֆշշա, ինչպես եղբորս տանն էր:
Սենյակի հնաբնակ ուսանողը սուսիկ-փուսիկ, աշխարհից պարտք ու պահանջ չունեցող տղա էր` կարճահասակ, թուխ դեմքով, մազերը` կուպրը օրինակ: Կես տարի միասին մնացինք` մինչեւ ամառային արձակուրդները: Միշտ նույն կոստյումն էր հագին, նույն հնամոդա փողկապը: Մանր ատամներով սանր ուներ` կեղտից անցքերը խցանված - մի քանի անգամ քսում էր մազերին եւ, հարդարանքը ավարտված համարելով, գնում բուֆետ: Ուտում էր մանրամասնորեն, մանրակրկիտ, ախորժակով` լիներ ձկան պահածո, թե երշիկ: Բնածին առողջություն ուներ, եւ ես միշտ զարմանում էի, թե այդքան փոքր մարմնում ինչպես են տեղավորվում երկու հարյուր գրամ երշիկն ու կես մատնաքաշը:
Հայելուց չէր օգտվում. հավանաբար ժամանակին փորձով համոզվել էր, որ ուշագրավ, դիտարժան քիչ բան ունի դեմքին: Բաղնիք հազվադեպ էր գնում, եթե գնար, ուրեմն` երեք-չորս ժամը ուզես. լողանար պիտի` երկար, ածիլվեր, լվանար ամսվա ընթացքում կուտակված սպիտակեղենը` գուլպաները, թաշկինակներն ու սենյակ գալով` փռեր մահճակալի, աթոռների գլխին, կախեր լուսամուտի բռնակներից:
Ինձ այդպես էլ անծանոթ մնաց նրա ներաշխարհը, թեպետեւ մի քանի անգամ փորձեցի զրույցի մեջ քաշել, բացել: Կամ շատ խելոք էր, կամ` նեղմիտ: Ավելի երկրորդին եմ հակված, թեեւ ապացույցներ չունեմ ու, հնարավոր է, սխալը ես եմ: Չմերվեցինք իրար, ճիշտ է, բնավորությամբ եւս շատ էինք տարբեր, բայցեւայնպես գոհ եմ նրանից ու շնորհակալ, որովհետեւ հնաբնակ լինելով` ոչ մի անգամ չփորձեց իշխանություն բանեցնել, չդժգոհեց, երբ ուշ ժամի գալով փակ էի գտնում հանրակացարանի դուռն ու քնից վեր հանելով` բացել տալիս պատուհանը:
Տարիներ հետո մի անգամ պատահաբար դեմ-դիմաց ելանք: Թվաց, այն օրերի կոստյումն է հագին, այն օրերի փողկապը: Ամենեւին չէր փոխվել: Չտեսնելու, չճանաչելու տվինք երկուսս էլ ու անցանք: Թեթեւ խղճի խայթ եմ զգում, բայց գիտեմ, եթե դարձյալ հանդիպենք, կրկին չնկատելու կտամ: Թե ինչո՞ւ, դժվարանում եմ ասել:
Հանրակացարանի հարցը, ինչպես արդեն ասացի, հորս շնորհիվ լուծվեց: Ձմեռային քննաշրջանից հետո թոշակ էլ ստացա: Երեք-չորսի փոխարեն օրը մեկ-երկու անգամ էի սնվում, օր կար` դատարկ խավարտով գոհանում, բայց երեսունհինգ ռուբլին, միեւնույն է, չէր հերիքում, եւ ամսվա չորրորդ շաբաթը դառնում էր դաժան փորձաշրջան:
Ծխախոտի հարցը հեշտ էր. հայտարարում էի, թե` ծխելը թողել եմ, թեեւ դասամիջոցներին, երբ տղաները գլուխ գլխի «բքում» էին, ինքնաբերաբար մղվում էի դեպի ծուխը: նրանք ծիծաղում էին` տեսնելով տառապանքս եւ ասում, որ` մեկ է, ամեն ինչ անցած ամսվա նման կվերջանա ու կամքս չի հերիքի, մեծահոգաբար ծխատուփ էին դեմ անում, գայթակղելու համար ցուցադրական անփութությամբ ծխե օղակներ բաց թողնում օդում, հետո, համառությանս վրա զարմանալով, ձեռք քաշում կամ կատակի տալիս` մեքենա է ուզում առնել, վճռել է հարստանալ ու այդպիսի բաներ: Ես ժպտում էի, եթե պետք էր, հետները հռհռում, տենդագին գործող ուղեղս խոսքի սրությանն արժանի պատասխան էր որոնում ու գտնելիս` շրմփացնում խոսքաշինության անտես սեղանին, թեեւ ներսումս դառնություն էր, ու սիրտս ճմլվում էր ցավից, վիրավորանքից:
Ավելի դժվարը կերակրվելու խնդիրն էր: Եթե մեծ դասամիջոցին տղաները բուֆետ էին գնում, հրաժարվում էի, ասելով, որ հաց չեմ կերել ու ճաշարան պիտի գնամ, իսկ երբ ճաշարանի կողմն էին ուղղվում, պատճառ բռնելով կուշտ կերածությունը, դիմում էի դեպի բուֆետ: Նրանք մի-մի ռուբլի հավաքած գնում էին, իսկ ես ետ էի դառնում, գտնում իրականում կուշտ մեկին եւ հետը զրուցում, տրամադրություն չեղած պահի պատի թերթերն էի կարդում, ծանոթանում դասացուցակին եւ կամ` ճաղաշարին հենված, պարզապես նայում գնացող-եկողին:
Ինձ նման ու ինձնից վատ վիճակում գտնվողներ կային, բայց նրանք հեշտ էին տանում այդ ամենը. ասում էին, որ դրամ չունեն, ուրիշից մեկ ռուբլի, երեք, հինգ, ինչքան կարողանան, պոկում էին` մոռանալով վերադարձնել, ծխախոտ երբեք չէին ունենում, սակայն նեղություն էլ չէին կրում եւ սրանից-նրանից ուզվորություն անելով` բոլ-բոլ ծխում էին: Տղաների մի տեսակ էլ կար, որ իրենը պահում էր, ուրիշինը ծխում, անփող էր ներկայանում ու այլոց հաշվին սնվում, խմում, չնայած եթե գլխիվայր թափ տայիր, կարմիր տասնոցներ կթափվեին, թանկանոց ծխատուփեր: Չունեւորներին, իսկապես աղքատներին խղճում էի, բայց եւ ատում նույն այդ թշվառությունն իբրեւ զենք, վահան գործածողներին: Թոշակի կեսն առաջին երկու-երեք օրը տղաների հետ մսխում էի, գերադասում նրանց մեկի դիմաց տասնմեկը ծախսել, միայն թե գծուծի, տնանկի տպավորություն չթողնեմ: Եթե փող էի երազում, ապա նրա համար, որպեսզի վճարեմ նեղության օրոք ինձ նեցուկ կանգնածներին, տասնապատիկ հատուցեմ լավության դիմաց: Եղած-չեղած մի քանի շորը շուտ-շուտ փոխում էի` ունեւոր եւ հարգս գիտցող ներկայանալու համար: Աղքատ-հպարտն ինձ համար էր ասված, այն տարբերությամբ, որ իմը ցուցադրական չէր, այլ ներսից եկող, ինքն իր հետ կռիվ տվող, ինքն իր միսն ուտող: Այն էլ ասեմ, որ եթե ընդունվելուս առաջին տարին չհիվանդացա, չմրսեցի, անկողին չընկա, առաջին հերթին առողջ, ջահել մարմնիս եմ պարտական, ապա` Մոսկվայում սովորող եղբորս` Խորենի կիսամաշ վերարկուին, որը երեք լրիվ տարի հագա ու առաջինն էր իմ կյանքում: Չմոռանամ նաեւ կռունկավար եղբորս` Արայի ամեն ամիս տված տասը ռուբլին, որը ոչ մի կերպ չէի ուզում վերցնել, բայց նա համառում էր եւ մեծի իրավունքով ճխտում գրպանս, թեեւ ինքն էլ մի բանի տեր չլինելով` բանվորական հանրակացարանում էր ապրում: Նաեւ համառությանս եմ պարտական ու կամքիս, որ գիտակցաբար լարել, բռունցք էի շինել, թեեւ այն ժամանակ յոգերի ուսմունքին անհաղորդ էի եւ բնավորությունս փնովելիս «չորկող» բառով էի որակում հաստատակամությունս, որ մշեցի պապերիցս էի ժառանգել:
***
Առաջին պլանում սովորելը չէր, այլ ապրելը, մանավանդ շատ դասախոսներ ժամավաճառությամբ էին զբաղվում. Ուստի դասի չնստելը, դասերին մատների արանքով նայելը ուսանողների շրջանում դիտվում էր ողջունելի քայլ: Ավելի հաճախ միջանցքներում, համալսարանի բակում ու գարեջրի կրպակներում, կինոթատրոններում էինք թրեւում, քան լսարանի դուռ բացում, եւ դրանում մեղավորը, էլի եմ ասում, դասախոսներն էին: Գիտեմ, իս այս մտքերով նրանց զայրույթը շարժեցի, բայց առիթը եկել է եւ պիտի ասեմ ու կուզեի, որ նրանք իրենց քրմական բարձունքից տեսնեին կատարվածը: Կարդացողը կարդում էր, չկարդացողը` կյանքը մսխում, իսկ կրթիչները դասախոս-դասախոս, գիտնական-գիտնական էին խաղում, ու նրանց ճոռո-ճոռո նախադասություն-բառաշարքերը հնչում էին իբրեւ ձայն բարբառո հանապատի (հատուկենտ բանախոսները, բանուսույցները հաշվից դուրս են):
Ու քանի որ բանն այդպես էր, վճռեցի աշխատել: Ամենահարմարը պահակությունն էր: Երկար որոնելու հարկ չեղավ: Ուսանող եղբայրս` Գալեն, որ արդեն գիշերային աշխատանքի երկու տարվա փորձ ուներ, գիտահետազոտական մի մեծ ինստիտուտում ինձ համար տեղ գտավ: Վատն այն էր, որ պետք է աշխատեի նաեւ ցերեկը: Քսանչորս ժամ օրապահություն, յոթանասուներկու` հանգիստ - այդպես էր կարգը: Յոթանասուն ռուբլին քիչ փող չէր, ու ես դիմում գրեցի, չնայած գիտեի` ամիսը ութ օր դասի չգնալը կարող է վրաս թանկ նստել. ամբողջ հույսս պահակության ժամերին կարդալու վրա էի դրել, ինքնակրթության պակասը, թերին լրացնելու:
Չորս տարուց ավելի` մինչեւ ավարտելս առանց պատահարի, անփորձանք աշխատեցի: Իմ կարիքն այնտեղ չկար, տասնյակ մյուս պահակների կարիքը` նույնպես, սակայն աշխատում էինք, որովհետեւ ծայրը ծայրին կապելու համար մեզ դրամ էր պետք, նրանց էլ ցույց տալու, ձեւի համար` պահակային ծառայություն:
Իրիկունը` յոթի կողմերը ներկայանում էինք, ատրճանակները ստորագրությամբ ստանում, կապում կոնքերիս եւ գնում պահակակետ: Հիվանդ ուղեղի, հոռետես, ծեծկված հոգով մարդկանց ձեռքին փորձանք է զենքը: Հմայիչ, ձգող բան կա մետաղյա բարալիկ փողում: Միայնության մեջ, երբ դադարում էր ելումուտն ու քաղաքը քուն մտնում, ժամանակ մեռցնելու համար հանում էի ատրճանակը, գնդակները մեկիկ-մեկիկ շարում պտտվող թմբուկին եւ, պահպանակը բացած, դեմ անում քունքիս: Մնացածը երեւակայության գործ էր: Շա~տ ափսոս, այն օրերի մտածումներս գրի չառա: Հավատացնում եմ, լավ, դրամատիկ դեպքերով հարուստ, նովելային վերջաբանով պատմություններ դուրս կգային:
Մնացած ժամանակ կամ կարդում էի, կամ` ննջում: Պահակակետերը մի քանիսն էին: Երկրորդ մուտքի մոտ ցերեկը դժվար էր, գիշերը, ընդհակառակ, կարող էիր վառարանը կարմրացնել, եթե ցուրտ է, եւ ձեռքերդ գլխատակիդ քնել: Կենտրոնական լաբորատորիան աշխատում էր նաեւ գիշերը: Կողմնակի մարդկանց մուտքն արգելվում էր, սակայն անցագիր հարցնող չկար: Թույլ լույսի պատճառով երկար կարդալ չէր լինում: Նստում էի սեղանիկի առաջ եւ միալար աղմուկի տակ տարուբերվում: Կեսգիշերին կոպերս ակամայից փակվում էին, ու որպեսզի չքնեմ, ժամանակ առ ժամանակ տրորում էի աչքերս: Ջահել, լրջմիտ հագուստ-կապուստով, շարժմունքով աղջիկներ, տղաներ էին միջանցքով անցնում-դառնում: Ինքնասիրությունս թույլ չէր տալիս նրանց ներկայությամբ քնով ընկնել, սակայն հաճախ այդ պայքարում պարտվում էի, եւ գլուխս հակվում էր ներքեւ: Սեղանին կռթնած փորձե՞լ եք քնել: Տասնհինգ-քսան րոպեից ավելի հնարավոր չէ: Դաստակներդ հոգնում, թմրում են, արյան վատ շրջանառությունից կանգային երեւույթներ սկսվում:
Շատ բան պահակախմբի պետից էր կախված: Չորս հերթափոխ կար: Սուբուչեւը ծառայության ժամանակ սիրում էր խմել, մեծ մասամբ` այլոց հաշվին: Նման օրերի բարի էր դառնում, ասես նույն անձնավորությունը չլիներ` շատախոսում էր, հայհոյում կնոջը:
- ծպՍՏՎց վպրսՏՉՏ,- վերջում զգուշացնում էր եւ գնում թաքուն մի տեղ քնելու:
Բաժակի ընկեր էլ ուներ` Գուգոն` կուրծքը ներս, ուսերը նեղ, դեմքը ճմրթված: Տնամերձ հողամաս ունեին, ու հետը հաճախ ինքնաքաշ օղի էր բերում: Թորելու եղանակը լավ չգիտեր, թե ինչ, Գուգոյի արաղից զարհուրելի հոտ էր գալիս, երեսին փառ բռնում, գույնն էլ զուլալ չէր:
Ինքն ու Սուբուչեւը մի իրիկուն երկու շիշ գրպանները եկան: Ետնամուտքի պահակակետում էի, կլիներ իննի կողմերը:
- Մեջներիս թեթեւը դու ես, վազիր խանութ,- ասաց Գուգոն:
Ոչ փող տվեցին, ոչ հարցրին` ունե՞ս:
- հպսպՊՍց ՑՏՋպ ,- ետեւիցս կանչեց Սուբուչեւը:
Դիմացի խանութը փակ էր: Երեւի իրենք եւս գիտեին: Ունեցածս հինգ ռուբլուց երկուսը տաքսուն տվի, մնացածով երշիկ առա, հաց, պանիր` ինչ որ գտնվեց: հպսպՊՍՈ չառա: Կար, բայց չառա:
Մինչ ետ կգայի, վառարանը կարմրացրել, պահակակետը լավ ավլել, ինձ էին սպասում: Բաժակ չկար: Գուգոն կես լիտրանոց բանկա գտավ, լվաց, օղիով թեթեւ ողողեց եւ` սկսեցին: Առաջին խումից հետո ինձ եւս լցրին` բանկայի կեսից շատ: Օղին տաք էր, լավ թորած չէր, ես սոված էի, անպատիվ, վիրավորական բան էր բանկայով արաղվելը, բայց խմեցի: Երկուսով ոգեւորում էին, չափ տալիս, իսկ ես ընկել էի նրանց տրամադրության տակ: Զարհուրանք օղուն վերջ չկար, քիչ էր մնում որձկայի, բանկայի հաստ պռունկը շրթունքիս չէր կանգնում, բայց հաշիվ չէր:
Մտքումս նրանց հայհոյելով մինչեւ վերջին կաթիլը խմեցի: Ապա հաց կերա, ու անսովորության պատճառով խմիչքը գլխիս տվեց. սկսեցի ինձնից դուրս խոսել:
- Հայ ֆիդայիններ, ջան ֆիդայիններ, ձեր մայրերը ձեզ ղուրբան...,- երգում էի:
- ըպջ րպսպՊՍՌ վպ ՑՏ,- տրտնջում էր Սուբուչեւը:
- Մշո սուլթան, Սուրբ Կարապետ, թող լինի ձեզ պահապան...
- ըպջ ՍՈՐՑՏՔՍՌ, րպսպՊՍՌ վպ ՑՏ,- մնում-մնում` կրկնում էր:
- Հայ ֆիդայիններ, ջան ֆիդայիններ...,- երգի շարունակությունը չիմանալով` նույնին էի դառնում ես:
- ՁՏսՖՍՏ րտՏՍՏռվՏ. իՈփպՎ տպրվՌ? Գուրգեն, լցրու:
Մնացածն իրենք խմեցին: Նրանց գնալուց հետո ես գլխապտույտ ունեցա, սիրտս խառնեց եւ սկսեցի ետ տալ: Որձկում էի ու որձկում, եւ միջոց չէր մնում, ուժ չէր մնում հայհոյելու Սուբուչեւին, Գուգոյին, օղի հնարողին ու ինձ: Կարծում էի կմեռնեմ, համոզված էի, թե չեմ դիմանա: Չմեռա, դիմացա, բայց Գուգոյի արաղի հոտը մինչեւ հիմա քթումս է:
Մնացած ժամանակ Սուբուչեւն անհետաքրքիր, կարգին գերի մարդ էր` միշտ թթված: Ողջ գիշերը մի պահակակետից մյուսն էր աճապարում, բայց չար չէր, թեեւ սիրում էր հայհոյանքը:
Մինինը` ազգությամբ հրեա, բավարարվում էր հեռախոսազրույցով: Գուշակել, թե երբ կզանգի, դժվար էր: Որոշակի կարգ չուներ: Կարծիքովս` դիտմամբ էր այդպես անում: Մեկ էլ տեսար, հերթափոխն ընդունեցիր թե չէ` զը~նգ...
- Պահեստներն ստուգեցի՞ր:
- Այո,- ասում էի:
- Բոլո՞րը:
- Անխտիր:
- Կնիքները տեղո՞ւմ են:
- Ամեն ինչ կարգին է, ապահով եղեք:
- Նորից ստուգիր,- ու կախում էր:
Կարող էր եւ ամբողջ երեք ժամ լռել, սակայն պահակակետը լքել ոչ ոք չէր համարձակվում, որովհետեւ ներել չուներ, իսկ մեկ-երկու այդպիսի դեպքը բավական էր, որպեսզի հեռացնեին: Նման պահերին բռնկվում էր, անցնում ռուսերենի, որին ավելի վարժ էր տիրապետում: Իսկ ընդհանրապես, բնությամբ խաղաղ, օրինավոր մարդ էր` սրտի փեղկերը գոց:
Նորիկը տրամադրությամբ աշխատող էր: Եթե գործերը բարեհաջող էին ու ստուգող չկար, տասներկուսի-մեկի կողմերը հեռախոսահամարը թողնում էր գլխավոր մուտքի պահակին ու տուն գնում: Չար լեզուներն ասում էին, որ բնակարանում հեռախոս չունի: Ես այդպես էլ նրան զանգելու առիթ չունեցա, ու հիմա` տարիներ անց չեմ ուզում վրաս մեղք վերցնել: Մանավանդ ինձ համակրում էր, հաճախ գրաֆիկն այնպես կազմում, որ առաջին վեց` լավագույն ժամերը լինեմ կենտրոնական մուտքում, ապա` մեկի կողմերն ուղարկում էր հանգստանալու:
Ըստ կարգի, չորսին պետք է ինձ արթնացներ եւ ճամփեր պահակակետ, բայց նա հաջորդ երեք ժամը «պահեստային» էր նշանակում, ու շարունակում էի մինչեւ լուսաբաց քնել, թեեւ այդ նպատակի համար հատկացված սենյակում միշտ ծանր հոտ էր կանգնած, իսկ անկողինն այնքան կեղտոտ էր, որ գերադասում էինք հագուստով պառկել:
Ինչ էր գտել իմ մեջ, չգիտեմ, չեմ կարող ասել: Եվ ընդհանրապես, մարդս կողքին կատարվող քիչ բան է ունակ բացել, մեկնել: Ինչպե՞ս, ինչո՞ւ հենց առաջին հանդիպումից այս մեկին սիրում ենք, ընդունում, մյուսին, որ ավելի տեսքով է, ուշագրավ, խելամիտ, մերժում: Անտես ի՞նչ ճառագայթներ են փոխանցվում մեկիցս մյուսին, արյան, մտածողության, կառուցվածքի այդ ի՞նչ չգիտակցված ընդհանրություն է:
Չորրորդ ծառայության պետին, օրինակ, որ էլի հայ էր, չէի սիրում: Նա` նույնպես, միայն այն տարբերությամբ, որ ես թաքցնում էի, դաստիարակությունս թույլ չէր տալիս բնածին հակակրանքն ի ցույց հանել, իսկ ինքը` ամենեւին: Ամեն կերպ աշխատում էր կծոտել, ուշ էր ուղարկում քնելու, ժամից շուտ արթնացնում, տեղի-անտեղի դժգոհում:
- Հիմա առանց փողի ոչ ոք չի ընդունվում,- մնում-մնում` ասում էր:
- Հիմիկվա բարձրագույնավարտները` պատը քեզ օրինակ,- էս էլ իբրեւ սոխեռրած էր ավելացնում ասածին:
Եթե ուշադրության չէի արժանացնում, չէի ընդունում մարտահրավերը, ավելի էր փրփրում: Հրանոթի փողն ուղղում էր իմ կողմն ու վառում պատրույգը.
- Ինձ մի աչքով ե՞ս նայում, գիտե՞ս ժամանակին ի~նչ արվեստագետ էի:
Իսկ ընդամենը զինվորական նվագախմբում փողհար էր եղել: Թե ինչո՞ւ էր ուզում ոտատակ առնել հոգիս, էլի չեմ հասկանում: Կարծում եմ` նախանձից, թեեւ, ինչքան գիտեմ, առիթ չէի տալիս:
- Եթե Ոսկի ձկնիկը խոստանար ձեր ցանկությունը կատարել, ի՞նչ կկամենայիք,- մի անգամ հարցրի:
- Փող,- առանց վայրկյան հապաղելու պատասխանեց:
- Ուրի՞շ,- շարունակեցի:
- Առողջություն:
- Ուրի՞շ:
- Էլի փող: Հարստության դեպքում մյուսներն իրենք իրենց կլինեն:
Համառեցի: Զարմացած, խեթ նայեց: Հավանաբար վատ հոտ առավ, կարծեց անվտանգության գծով գործակալ եմ ու, քանի որ բնածին զգուշավորություն ուներ, ասաց.
- Խաղաղություն:
Ներսումս փռթկացի:
- Ես Մասիսը կուզեի, կորցրած հայրենիքս,- ասացի:
- Չեմ հավատում,- արհամարհանքով ծամածռվեց:
- Ինչո՞ւ,- վիրավորվեցի:
- Ըտենց: Խոսք է, ասում ես:
Հետագայում նույն հարցը շատերին տվեցի ու գրեթե բոլորից նմանակ պատասխան ստացա, միայն թե` մարմնով տկարները պահի տակ առաջին հերթին առողջություն էին կամենում, փառքի ծարավները` ճանաչման ձգտում ու այդ կարգի բաներ: Ոչ մեկի լեզվին չէր գալիս հայրենիք բառը, եւ մտածում էի, որ նրանց մտքում, երազներում, ուղեղի թաքստարաններում, արյան սպիտակ ու կարմիր գնդիկների ճողփյունում եւս այն չկա, այլապես արեւերես կելներ: «Տուր ինձի, Տեր, ուրախությունն անանձնական»: Լինում էին պահեր, որ կասկածն ուտում էր, եւ շատ տալուց-առնելուց հետո ճշմարիտն իրենց էի դուրս բերում, իսկ ինձ` գրքերով սնված մարդ, ընդամենը կանխավ ասելիքս իմացող:
Ճշտելու համար դիմացի խանութի պահակին, որ մենակությունից ձանձրանալով` տամայի տախտակն անութի տակ ամռան տաք օրերին գալիս էր մեզ հետ ժամանակ սպանելու եւ հողին ամուր կպած, պարզկենցաղ մարդ էր, այն քչերից, ում ներկայությամբ բացվել եմ, սրտումս եղածը մասամբ ասել, հարցնում էի.
- Քեռի Ավետիս, եթե ասեն` մի զոհ է պետք ու Արեւմտյան Հայաստանը ձեզ կտանք, կզոհվե՞ս:
- Չէ,- աչքը տամայի դաշտին` անխռով պատասխանում էր:
- Ես կզոհվեմ,- ասում էի:
- Էրեխա չունիս, դրա համար պոռո-պոռո կխոսաս:
- Երեխայիս էլ կզոհեմ,- բորբոքվում էի:
- Այ բալա, դարտակ բաներով քու միտք մի տանջա: Էդ ճանապարհով հողի հարց ոչ լուծվել է, ոչ կլուծվի,- ու քարն առաջ էր մղում:
Մատներն այնքան խոշոր, մսուտ-մկանուտ էին, որ քարը դժվարանում էր բռնել ու ձեռքի հետ մյուսներն էլ էր տեղաշարժում: Ուղղում էի, պատասխան քայլն անում, հետո դառնում նույն խոսակցությանը:
- Ես որ չզոհվեմ, դու որ չզոհվես, ես չմտածեմ, դու չմտածես, բա վերջը՞:
- Լավ տունուտեղ դի, հայ էրեխեք ունեցի, ջոջցու... ըհըն քզի հայրենասիրություն: Հետո... մարդ էղի...
- Հավատա, կզոհվեմ:
Չէր հավատում:
- Ամեն մարդ իրենը լինելուց առաջ ազգինն է եւ իրավունք չունի միայն իր մասին մտածելու:
- Խաղդ խաղա,- սառը ջուր էր լցնում ոգեւորությանս:
Իսկ ես սրտանց էի ասում ու հիմա էլ մի վայրկյան չեմ կասկածում, որ այդպես կանեմ, չնայած այն էլ գիտեմ, որ վճռական պահին հնարավոր է արյունս վախ առնի, ու մարմինս չենթարկվի մտքիս, իսկ մեկ ուրիշը, որ լռել ու իր սիրո մասին բարձրագոչ ոչինչ չի ասել, ավելի քաջակորով գտնվի ու պատրաստ` զոհվելու, ու պատրաստ` կռվելու, եթե տեղը գա, ժամը գա:
Ավետիս քեռին այդպիսի մարդ էր` պարապ խոսքին ականջ չպահող:
***
Տնօրենի տեղակալի քարտուղարուհին տանը մնացած աղջիկ էր` երեսունհինգին մոտ, ոտնաթաթերից մինչեւ կուրծքը` արտակարգ գեղեցիկ, սրտագրավ` իմ հաշվով: Մյուսներն էլ, երեւի, նույն կարծիքին էին, որովհետեւ, տեսնում էի, շատերի հայացքն էր ետեւից կախ ընկած գնում` անգամ դռան ծածկվելուց հետո: Չսիրված աղջիկ էր` փշոտ լեզվի պատճառով: Ետեւից բամբասում էին, դեմից` նույնպես: Չարության պատճառը, իմ կարծիքով, էն էր, որ միայնակ ու անտեր ու նաեւ քարտուղարուհի լինելն ի նկատի ունենալով` շատերն էին ծոցը մտնելու առաջարկ արել եւ մերժվել: Այլ զենք չունենալով` աջ ու ձախ ծեփում -շշպռում էր, տղայավարի պատասխանում, ու որձերը, որպեսզի իրենց եւ մյուսների աչքին փորձառու, կյանք տեսած, ինչ իմանամ ինչ-ինչ գեղեցկուհիների վայելած ներկայանան, շարունակում էին քրքրել հոգին:
- Էդ դաբաղած կաշին ինչո՞ւ ես պահում:
- Աշխարհում ես ու դու որ մնայինք, ո՞նց կլիներ իմ բանը:
- Զարիկը` փոստատան թանաքամանը քեզ օրինակ:
- Բոչկան Զարիկի համար նույնն է` ինչ լոտոյի քարը:
Ու նման զարհուրանք, ստոր, գռեհիկ կատակներ: Կնիկների ծոցը քնած օրը կուշտուկուռ, դեմքերից գոհությունը կաթեցնելով էին ծաղրում, մերժում ստացած, առնացիությամբ չփայլած ժամանակ` խոսքին ժահր շաղախած:
Իսկ ինքը, էն աստված, լավն էր` խորունկ-խորունկ հոգով: Խղճում էի, ինքն էլ` ինձ, որովհետեւ,- ասում էր,- մյուսների պես չես, որովհետեւ,- ասում էր,- եթե ինձ նմանի հետ խոսքուզրույցի ես բռնվում, որձությունդ մի կողմ դրած, մարդուն տեսնում, ուրեմն` ուրիշ տեսակ ես, իսկ ուրիշ տեսակին, ասում էր,- ով հասնում, քացի է տալիս` դեմից, թիկունքից, թաքուն, աչքերին նայելով, մյուսի կոշիկը փոխ առած:
Որ ասեմ սիրահարվել էի` չէ, անտարբեր ասեմ` դարձյալ չէ: Խառնակ զգացում էր` նայած տրամադրության: Չարանում էի, որ տգեղ դեմք ունի ու կոպիտ մաշկ, որ բոլորին իր առաջ խոնարհեցնելու գեղեցկություն չունի, որ բնությունը մարմինը կերտելիս ոտքերից է սկսել եւ պարանոցին հասնելուց հետո իրեն սպառած լինելով` մնացածը գլխեռադ արել: Ի՞նչ իմանամ:
Հերթապահությանս օրերը գիտեր: Գալիս էր, ոտքը կախ գցում ու զրուցում էինք: Առաջին ամիսներին ուզում էի աչքին փորձված երեւալ. ամաչում էի: Հետո տեսա, որ անմեղությունս ծաղրի առարկա չի շինում, կամաց-կամաց` ինչպես քրոջ, հարազատի, շատ մոտիկ մեկի առաջ, բացեցի հոգիս: Մեկս մյուսի կարիք զգում էինք, միմյանց զգում էինք: Արվեստից, գրքերից, Հոլիվուդի աստղերից ու Նոբելյան մրցանակի արժանացածներից չէինք խոսում: Էդ բոլորը պահել էինք մարդու գնահատության ուրիշ չափանիշներ ունեցող անձանց հետ ընթանալիք խոսակցությունների համար ու զուտ կյանքին, մեզ առնչվող հարցեր էինք քննում:
Ինստիտուտի հյուրանոցատիպ շենքում էր ապրում` մենակ: Բարեկամներ էլ չուներ: Տեսնում էի` չի ուզում տուն գնալ, վախենում է մենակությունից, ճակատագրի հետ դեմառդեմ կանգնելուց ու հա ձգում է զրույցը, մի թեմայից անցնում մյուսին:
Հիմարություն էլ եմ դուրս տվել, խելոք բաներ էլ ասել, որովհետեւ չէի ուզում հուսախաբ անել ու միտքս լարում էի, չէի ուզում կեղծել ու ազատ-արձակ խոսում էի: Ինքն ավելի էր գրավված ինձնով: Մայրության հասնող սեր կար, որ թաքցնում, ցույց չէր տալիս, բայց տեսնում-զգում էի. շարժումները, նայվածքն էին այդ ասում, շոկոլադի սալիկներն ու ընկույզի միջուկը, որ շուտ-շուտ բերում էր ու կեսից շատն ինձ տալիս, կաշվե ձեռնոցները, որ ձմռանը նվիրեց, իսկ ես հաջորդ օրը կորցրեցի, մարմնի խաղն ու աչքերի փայլը, որ ճմլկոտելով ու հորանջով ուզում էր թաքցնել, սակայն չէր լինում եւ էլի հազար ու մի նման բան:
Սակայն այդպես երկար չէր կարող շարունակվել: Ես կերել էի շոկոլադը, ընկույզի միջուկն ու ինձ պարտավորված էի զգում, տղամարդ էի ու ինձ պարտավորված էի զգում, բնավորությունս էլ` մի կողմից:
Եվ մի օր աշխատանքից հետո ասացի.
- Ինձ քո սենյակը տար:
Ձայնս, ի զարմանս ինձ, մի տեսակ դուրս եկավ: Ես գողության մեջ բռնվածի պես եղա ու կրքոտվեցի, ու վախեցա:
- Ուզում եմ տեսնել,- նահանջի տեղ թողնելու, վախիս դեմն առնելու համար` ավելացրի:
- Մնա ուրիշ անգամ: Հյուրասիրելու բան չունեմ:
Զարիկի ձայնը եւս ուրիշ տեսակ էր ու պաղատանքի պես հնչեց:
- Թեյ հո կգտնվի՞:
Զգույշ ու վախվորած, ամոթից իրար ու շուրջներս չնայելով, ուզելով ու չուզելով գնացինք:
Փոքրիկ սենյակ էր` անկյունում խոհանոց, լողասենյակ` զուգարանը հետը: Զարիկն ասում էր` նստիր, իսկ ես չէի կարողանում. գնում-գալիս էի, աչքս պատուհանից դուրս գցում, նայում պատին կախ ջրանկարին, որ պնակ էր, նուռ ու դանակ - երեքն էլ սիրուն ու խոսուն: Նկարի կատարումը չեմ կարող որակել, բայց մարդը բան էր ասում եւ չափի զգացում կար:
Հետո ես առանց խոսքի արձակեցի վերնաշապիկիս կոճակները, հանվեցի ու մինչեւ գոտկատեղս մերկ` գնացի դեպի անջատիչը:
- Պետք չէ,- ասաց Զարիկն ու մոտենալով` վերստին վառեց լույսը:
Ես ձեռքս երկարեցրի, եւ խավարը կրկին պարուրեց մեզ: Ապա ազատ ձեռքով գրկեցի նրա մեջքը: Ինձ լրիվ կորցրել, դողդողում էի: Նա պատին հենված` նրբորեն խուսափում էր պարանոցը որոնող իմ շրթունքներից:
- Ես քեզ սիրում եմ,- շշնջում էի, ու պահի տակ իմ ասածն անկեղծ էր:
- Չէ, դու հրապուրված ես միայն: Հետո կամաչես այս օրվա համար, իսկ ես այդպես չեմ կամենում:
Նա նույնպես հուզված էր, բայց կարողանում էր տիրապետել իրեն, եւ ուղեղիս հեռավոր ծալքերից մեկում առկայծում էր բամբասանքի արժեք ունեցող առօրյա մի խոհ: «Գեղեցիկ, ջահել տղա է գտել եւ ուզում է իր համար շահավետ ամուսնության առաջարկ կորզել»,- ասում էր նա: Թքած, եթե նույնիսկ այդպես է,- ջերմի մեջ աքացի տալով էժան-անարժան մտքին, վճռեցի ես` պատրաստ ամեն պատահարի:
- Ես քեզ հետ կամուսնանամ,- հեւոցի մեջ ասացի` փորձելով նրան անկողնու կողմը տանել:
- Իսկ ես` չէ: Մի արա, կնեղանամ:
Վճռականություն կար ձայնում: Նա իրոք սրտմտել էր, եւ ես կանգ առա:
- Հագնվիր, կմրսես:
- Թող մրսեմ, թող մեռնեմ,- ու խռոված մեկնվեցի մահճակալին:
Տղամարդկային արժանապատվությունս վիրավորված էր: Ինձ վատ էի զգում: Պահն անցել էր, եւ ապուշություն էին թվում բոլոր ասածներս: Շան լափ ասածը էդ մի քանի րոպեում գլխիս լցրի: Դու,- ասում էի,- տխուր մարդ ես ու դանդալոշի մեկը, եւ այդպես էլ չես հասկանա, թե ուրիշներն ինչ են ասում, անում, ինչպես են սիրահետում, որ կանայք փեշները քշտած վազում են: Միշտ այդպես կբախվես իրականությանն ու զարմացած, հիասթափված` չես կարողանա պարզել, թե ինչու ամեն ինչ այնպես չեղավ, ինչպես կինոնկարներում է, գրքերում, ինչպես քեզ շրջապատող մարդկանց ամենօրյա պատմություններում: Կաշխատես բացատրություն գտնել ու` կսխալվես: Տեսա՞ր, օրիորդ չէր, որ ասեիր կուսությունից վախեցավ, ամուսնացած ու երեխաների տեր չէր, որ մտածեիր, թե հազար ու մի խառնակ զգացում է կաշկանդում: Եթե հետդ ամուսնանալ էր կամենում` ինքդ առաջարկեցիր, թե պարկեշտ-մարկեշտ է խաղում... Անհեթեթ է, իհարկե, այս կյանք, սեր կոչվածը: Դու արյունով քեզ բոլորովին օտար մեկին գգվել, փայփայել, սիրել ես կամենում, իսկ նա ուրախանալու, զգացմունքներդ գոնե հարգելու փոխարեն վիրավորում է, արհամարհում, կոպտում, մինչեւիսկ` ատում: Ո՞րն է քո մեղքը, այն, որ հպվել ես ուզում մազերի՞ն...
Զարիկի ձայնը չէր լսվում, չգիտեի ինչ գործի է: Ցանկանում էի, որ մոտենա, սփոփի, սիրտս առնի, իսկ նա կենդանության նշաններ ցույց չէր տալիս, ու դրանից մարմինս, միտքս պաղել էին:
Աչքերս փակ, ականջս ձայնի` սպասում էի, ու հույսս Զարիկն էր: Ինձ որ մնար, ապուշի պես հա կպառկեի, եւ շարունակությունը նույնքան տխուր ու անբնական կլիներ: Բայց նա նրբանկատ աղջիկ էր, հոգեբանություն իմացող: Անփորձությամբ հանդերձ` պակաս նշանառուն ես չէի:
Եկավ` հուշիկ, հնազանդ, բարձրակրունկ կոշիկները պատի տակ թողած ու բոբիկ: Օդը շարժվեց, տատանվեց, առավ դեմքիս, ռունգներիս, ու ես դողացի` աչքերս գոց սպասելով լինելիքին:
Մնացածը մանրամասն չեմ պատմի. կարիք չկա: Սխալ հասցեով չգնալու համար հուշելու կարգով կասեմ միայն, որ այդպես լինում է առաջին անգամ կնոջ հետ լինելիս, երբ շատ ես հուզված եւ կամ` երկարատեւ ընդմիջումից հետո: Պարծենալու հարկ չեմ զգում, ամաչելու, թաքցնելու` առավել եւս, որովհետեւ բնականը դա է ու ճիշտ: Իսկ ամեն ճշմարիտ հիմքում ու մինչեւ վերջ ազնիվ է: Անպայման ազնիվ է:
Մենք պատուհանը բացելու միջոց չէինք գտել, ու շոգ էր, լույսը վառելու մասին չէինք մտահոգվել, ու մութ էր, ես ինձ կրկին տղամարդ էի զգում, եւ որպեսզի փորիս տակ գոլած քրտինքի ճողփյունը չլսեմ, վերմակի դեր կատարող սավանը դարձրել էի միջնորմ` երկուսիս եւ շարունակում էի սղոցել լռությունը:
- Քեզնից ծնված երեխան գեղեցիկ կլինի,- ասում էր` խավարում շոյելով մազերս:
- Եվ խելոք,- լրացնում էր` դեմքը հպելով կրծքիս:
Փաղաքշանքին անձնատուր` վայելում էի նաեւ խոսքի հաշիշը:
Այդ գիշերը ես Զարիկի հետ, Զարիկի կողքին լուսացրի: Մշեցի Ավետիսի խանութի լույսերը խաղում էին սենյակի պատերին, գոց փեղկերից ինձ էր հասնում բարդու խշշոցը, երբ դադար էինք առնում, աշխարհը կար, ու ես ապրում էի նրա բովանդակ գեղեցկությունը, թեեւ` քնատ, թեեւ` դադրած: Պատանի մարմնիս կուտակածը կուց-կուց մզվել, ցամքել էր, բայց ինձ ավելի ուժեղ, վստահ էի զգում եւ ուզում էի, որ գիշերը երկարի, թանձրուքը հոսի անվերջ, ու սիրուց մնչա Զարիկը: Մշուշվել էր ուղեղս` չեմ կարող ասել, ինչու: Առանձնապես մտածելս չէր գալիս, միայն հիշում եմ, զգացմունքների շատությունից բնապաշտական տրամադրություն էր իջել վրաս, ու քանի որ բանաստեղծելու շնորհք չունեի, շուրթերիս Մեծարենցի տողերն էին`
Գիշերն անույշ է, գիշերն հեշտագին,
Հաշիշով օծուն եւ բալասանով...
Արտասանում էի, բայց դա քիչ էր, երգում էի` էլի քիչ էր, ու մնացածը մտքումս էի ասում, մտքումս էի երգում, թեեւ, էն էլ ասեմ, մի փոքր ամաչում էի ու ցավ զգում` հիշելով վաղամեռիկ բանաստեղծին, որուն հողմավար նավակները ոչ ձյունանույշ պայիկները ետ դարձուցին, ոչ իրիկվան հովիկները:
Զարիկը քիչ ծիծաղում էր, շատ լալիս, ջանում էր համոզել, որ երկրորդ տղամարդն եմ իր կյանքում, եղբորից էր պատմում, առաջին ամուսնությունից, իսկ ես, խոստովանանք լինի, չէի ուզում լսել, մի փոքր ձանձրանում էի, չնայած ցույց չէի տալիս ու քաղաքավարությունից դրդված` աշխատում էի սփոփել: Նա կին էր, ըստ որում` թույլ եւ, բնույթին հավատարիմ, վաշ-վիշն էր խառնել սիրո վայելքին: Տարիքն էլ` իր հերթին, հոգեխռով վիճակը` նույնպես: Իսկ ես` ես էլ պահի տակ իմ առանցքից դուրս քիչ բան տեսնող ու տղամարդ լինելս գիտակցող այր էի:
Այգաբաց չեղած, որպեսզի կողմնակի աչքերը չնկատեն, դուրս եկա: Տեսել էին, ու ամեն ինչ գեշ վերջացավ:
Ինձնից հետո կատարվածին անտեղյակ` սուլելով հասա կանգառ: Տրամվայ չկար, ու ես ծառին թիկն տված կանգնեցի: Ցուրտ էր, մայթի երկայնքով ձգվող բարդիները սրսփում էին, ստվերները տարուբերվում էին ասֆալտին, թռչունները բացվող օրվա հետ սկսել էին ամենօրյա համերգը` տերեւների, այդ առավոտ նաեւ` ինձ համար, եւ ուրիշ էր լուսաբացը, ու գույներն էին ուրիշ, ինչպես մանկան նկարչատետրում:
Հետո օրորվելով եկավ տրամվայը: Նրա շորորը, զնգոցն ու թախկ-թիխկը եւս հաճելի էին, նույնպես եւ արջաքունը` հանրակացարանի մեր խոնավ սենյակում, որ մի ամբողջ ցերեկ ու գիշեր տեւեց:
Երեք օր անց նորից աշխատանքի գնացի: Հերթափոխն ընդունելիս, դրանից առաջ` ատրճանակի դիմաց մատյանում ստորագրելիս խոսակցության պատառիկներ հասան ականջիս: Զարիկի անունն էին տալիս: Աշխատում էի կապ գտնել, հասկանալ ինչն ինչոց է, չէր լինում: Մյուսները, երեւում էր, մանրամասնորեն գիտեին ամբողջը, ու ոչ ոք եղելությունն սկզբից` ինչպես որ է պատմելու հարկ չէր զգում: Ուշադրություն չդարձնելու համար հարց չէի տալիս, թեեւ անորոշությունն սպանում էր ու տագնապում` սիրտս: Կատարվածը ոնց որ թե էն գիշերվա հետ կապ ուներ, մանավանդ գլխավոր մուտքը ցերեկը հսկող կանայք մի տեսակ էին նայում, ասես ինչ-որ բանի սպասելիս լինեին, իսկ գանգրամազ Կորյունը, որ հետս չուներ` Զարիկի «սիմպատիան» լինելուս համար, առանց պատճառի հռհռում էր եւ շատ էր գոհ աշխարհից:
Հերթափոխի պետն այդ օրը Մինինն էր: Նա առաջին երեք ժամը ետնամուտքի մոտ նշանակեց: Անորոշությունից տապակվելով մի ժամի չափ նստել էի, երբ ոտնաձայն առա: Նորիկն էր, ասաց, որ Մինինը վատ է զգացել եւ ինքն է փոխարինելու: Հետո հարցրեց` ի՞նչ կա-չկա: Ես կարեկցանքի պես բան տեսա աչքերում, հարցում ու առաջին անգամ խնդրեցի հաջորդ երեք ժամը կենտրոնական մուտքում նշանակել: Չխոստացավ, ասաց` տեսնեմ: Ուզում էի մոտ լինել անցուդարձին, մտքիս կար, եթե հնարավոր լինի, մեկ-երկու րոպեով ծլկել Զարիկի սենյակը:
Նա ամեն ինչ իմ ուզածի պես արեց, շնորհակալ եմ, ու տասներկուսի կողմերը ես արդեն գիտեի եղելությունը: Մշեցի Ավետիսից էլ եմ շնորհակալ: Տամայի տախտակը թեւի տակ եկավ: Ինքը եւս խաղի տրամադիր չէր. ձեւի համար շարեցինք, ու նա պատմեց, որ երեք օր առաջ մեկին տեսել են Զարիկի սենյակից դուրս գալիս: Հյուրանոց-հանրակացարանի պարետին են կանչել, մտել նրա սենյակը: Զարիկը սկզբում ոչինչ չի խոստովանել, հետո երբ շատ են նեղել, վիրավորել, ասել է, որ էդ իր գիտենալու բանն է ու մյուսները թող քթները ուրիշի գործերի մեջ չխոթեն: Բանն ապա զեկուցագրի է հասել, մտել արհկոմ եւ խեղճին ստիպել են դիմումի համաձայն ազատվել: «Էդ էլ լավություն ենք անում»,- վերջում ասել են: Երեւի այդպես է, որովհետեւ եթե մարդս իր գլխի տերը չէ, ու նրա փոխարեն մտածող, որոշում կայացնող, արածն ու չարածը լավ ու վատ որակողներ կան, պիտի ամեն բան սպասել: Մատուցած ծառայություններդ մի կողմ դրած` կարող են եւ դավաճանի խարան կպցնել, անբարոյական կոչել, քարկոծել, ոտատակ տալ, եթե պետք լինի ու անհրաժեշտ, եթե ճահիճը շարժվի ու հիդրան երկարի շոշափուկները, եթե արեւի տակ, ցցին կապված, ամբողջ օրը քնող գամփռ-կարծիքին,- ինչպես Կոստաս Վառնալիսի բերանով Սոկրատեսն է ասում,- փորձես դուրս բերել ընդարմացած վիճակից, քանդես շղթան:
Ավետիս քեռին պատմում էր, իսկ ես երեւակայությամբ շարում էի դեպքերն իրար ետեւից ու տեսնում առավոտ կանուխ միջանցքում հավաքված կանանց խառնամբոխը, բարոյականություն կոչվող բերդապարսպին տնկած ամբիոնից սերը քարկոծող արհկոմի անդեմ անդամներին ու նաեւ` հալածված, խուսափուկ հայացքը Զարիկի, բարձրացած ժխորն էի լսում ու նաեւ` հեծկլտոցը նրա:
Պատմության երկրորդ մասն անսպասելի էր` գոնե ինձ համար: Զարիկը եղբոր հետ եղած-չեղածը բարձել էր մեքենային ու մեկնել, թե ուր` ոչ ոք չգիտեր:
Ներսումս դատարկության պես բան էի զգում, ցավ առնում, որ անորոշ տեղ էր, կար ու չկար: Ճմլվում էր ու ճմլվում, մզզում, նվում էր էն, որ հոգի են ասում, սիրտ, որ ձախ անութի տակ է ու որի շնորհիվ մենք կանք` ուրախ, կյանքով լի, երբ առողջ է, անցավ եւ կիսամեռ ենք, երբ կոտրված է, զարկված, անուժ` արյուն ճամփելու թուլությունից ծալվող մեր ծնկներին, դառնությունից լեղի թքող մեր լեզվին, թալկոցից երկտակվող մեր ստամոքսին:
Պահվածքս երեւի սովորական չէր, որովհետեւ Ավետիս քեռին մնաց-մնաց, հարցրեց`
- Տղա, կարծիք կա, որ Զարիկի մոտից կանուխ ելածը դու ես: Վայ թե ճիշտ են անաստվածները:
Առանց այդ էլ կախ գլուխս ավելի հակեցի, մտցրի շեքերիս արանքն ու մնացի ծնկներս գրկած: Աչքերս թե բարձրացնեի, կտեսներ արցունքները: Պատին կախ լուսարձակից ճառագայթված-շաղված-դաղված թիթեռը, որ սողալով ուզում էր դուրս պրծնել իմ ստվերից, ֆոկուսից ընկած նկար էր հիշեցնում` կոպերիս տակ գոլած արցունքի պատճառով, Զարիկը` հարսնաքողի ծալքերում ծրարված ամպաքուլա: Անձկալի Զարիկը` լքված, մինակուկ, անբիծ ու այլեւս` սիրուն:
- Մոռցի: Չեղնելու գործ գլուխ չի գա,- ասաց Ավետիս քեռին:
Սխալ չէր ասում: Ինձ գիտեր, կյանքը` նմանապես: Թե չէ` ինչո՞ւ չպիտի գլուխ գար, եթե իմ տեղ մեկ ուրիշը լիներ, եթե չբավարարվեր դժգույն թիթեռին ներբանի տակ առնելով, ինչպես ոմանք` Զարիկին, եթե հերսը մնար ու չիջներ, սերը մնար ու չպարտակեր` անգամ մշեցի Ավետիսից: Կա՞ր, որ մնար: Թե լիներ, կգտներ նրան, հազար քարի տակից կգտներ, կառներ գիրկն ու կասեր`
- Զարիկ, տեսա՞ր, հրապուրանք չէր, տեսա՞ր, չամաչեցի այն օրվա համար ու եկա, որպեսզի հոսի սիրո թանձրուքը, չլուծվի գիշերը, դադարի պահերին միայն լսելի լինի բարդու խշշոցը, իսկ թռչունների ծլվլոցը` այգաբացին, տերեւների օրորը` ծափողջույն:
- Զենքը լավ կլինի չկապես,- գնալուց առաջ զգուշավոր ասաց Ավետիս քեռին:
Շարունակեցի ոտքով թռցնել ասֆալտին չեղած քարերը:
- Տուր, առավոտս էլի քեզ կտամ:
- Չի կարելի: Թե տեսան, գործից կհանեն,- չհասկանալու տալով` անհոգ պատասխանեցի:
Ավետիսը սխալվում էր: Ես մտադիր չէի ինքնասպան լինել: Հրապուրանք էր ընդամենը` անցողիկ, ու ճիշտը դու էիր, Զարիկ: Ես ամաչում էի դեմքիդ տգեղության համար, մինչդեռ հոգու տգեղությունն առավել ամոթալի է, ամաչում էի տարիքիդ համար, մինչդեռ պառաված մտքերն իմն էին: Գեղապաշտը դու էիր, ես` սովորական որձ, արմաղանը դու էիր, ես` անարժան գգվանքիդ:
- Քեզնից ծնված երեխան գեղեցիկ կլինի,- ասում էիր` շոյելով մազերս:
- Եվ խելոք,- ասում էիր` դեմքդ հպելով կրծքիս:
Գոնե քո ուզածը լիներ, գոնե հրայրքոտ այն օրը հանդիպած լինեն մեր պտուղները` ինչպես ես ու դու: Ինչպես ես ու դու:
Ետ դառնալու, անցյալը քրքրելու քաջություն այսօր էլ չունեմ` վախկոտս, հայացքս բարձրացնելու, մարդկանց մեջ քեզ որոնելու համարձակություն այսօր էլ չունեմ` հոգով ամայիս: Ճիշտ է, այն գիշեր առաջին անգամ պահակակետում քունս չտարավ, բայց հետո քեզ տասն ու շատ անգամ դավաճանեցի` մտքով, իրապես, զօրուն եւ տիրոջ սքեմի տակ, չնայած պահեր եղան, որ նրանց անկիրք գրկում արյան եռք ապրելու համար հաճախ քեզ օգնության կանչեցի` մտաբերելով անկողինդ, հաշիշը` խոսքերիդ ջերմոցը` մարմնիդ: Ու կրակվեցի, ու սրսփացի, ու սարսռացի` ուրիշի համար, ավաղ:
Որտե~ղ ես...
***
Քաղաքն իր ու ինձ համար կար, գոյություն ուներ, ես նրա համար` չգիտեմ: Մեծ, հզոր քաղաքը... ասում էր` ապրիր, ապրում էի, հուպ էր տալիս կողերս` ճկվում էի, գույն տալիս, գույն առնում: Ներսից մասամբ էի հղկվել, դրսից` հիմնովին: Վարժվել էի սեւ սուրճին ու ձիթապտղին, ձկան խավիարի համն էի տեսել, ձախլիկությունս անիծելով` ընտելացել դանակն աջ ձեռքով, պատառաքաղը` ձախով բռնելուն, ծեծել-ծեծկվել էի... Փլուզվում ու փլուզվում էր կառույցս, երկրաչափական նվազող պրոգրեսիայի պես դաստիարակությունս զրոյին էր մոտենում եւ ջրի երես էին ելնում նախորդներիս կողմից դարեր ու դարեր մարմնի, հոգու խորք-խորխորատները քշված բնազդները` մութ, կենդանական...
Նեղ, անձուկ քաղաքը... ալիքվում, ճողփում էր ֆուտբոլի օրերին: Կարգի պահապանները` ինքնավստահ, շատությամբ ու համազգեստով` ուժեղ, խաղից մեկուկես-երկու ժամ առաջ շղթայում էին քարակոփ գողտրիկ շինությունը, իսկ ամբոխը` միս ու արյուն, մարզաթասից դուրս հորդող աղմուկից արբած, խաղը տեսնելու ցանկությունից խենթացած` մղվում ու մղվում էր առաջ: Գլխավոր մուտքի մեծ սլաքը նյարդային շտապողականությամբ մի խազից մյուսն էր ոստնում` դողը, հուզումը փոխանցելով խմբվածներին: Տոմս ունեցողներից ոմանք ներողամիտ, մյուսները` դժգոհ, դժկամ, նեղսիրտ, հրմշտում էին, ոտքի, ձեռքի, արմունկի համար տեղ բացում եւ ապերջանիկ ֆուտբոլիստների հաստ մսաշերտը ճեղքելով` առաջանում:
Պարսպի ու կարգի պահապանների շրջագծից ներս ընկնելը նպատակ էր, նպատակի «ա» կետը: Ստադիոնին մերձ մեկմեկու հենված հյուղակների բակ-բատշգամբներով սուրում-հասնում էի պարսպի հյուսիսային թեւը, ուր հսկիչներն ամեն քառասուն-հիսուն մետրի վրա էին կանգնում: Հարմար պահ որսալով` ելնում էի պարսպին եւ այնտեղից թռչում ցած: Երկուսուկես մետրից ասֆալտին ցատկելը հեշտ բան չէր, բայց կանգնելու, ցավ զգալու ժամանակ չկար:
Առավել դժվարը նպատակի «բ» կետն իրագործելն էր` կամարաձեւ մուտքերից ներս լցվող ֆուտբոլասերների հոսքին խառնվելը: Ո՞վ շուտ կկտրի տարածությունը` դո՞ւ, ոստիկա՞նը... Բանդ բուրդ է, եթե նրան միանան մոտերքում գտնվողները: Թե ճարպիկ չեղար, կալմեջ կանեն եւ` վերջ: Կարեւորն այս պարագայում ճիշտ հաշվարկն է: Փոքրիկ սխալն իսկ բավական է, որպեսզի ռետինե դագանակի հարվածներ ստանաս ու ճզմված ականջաբլթակով կրկին հայտնվես պարսպից դուրս:
Այս ամենից բացի, կար եւ գլխավոր, նպատակների նպատակը: Մուտքերի մոտ, հսկիչներից բացի ոստիկաններ էին կանգնում: Մտածելու, ծանրութեթեւ անելու ժամանակ այս փուլում եւս չի տրվում: Թե կանգնեցիր, մզմզացիր, գլխի կընկնեն, որ անտոմս ես: Անհրաժեշտ է վճռական տեսք ընդունել, մոտենալ հսկիչին ու մեկ ռուբլիանոցը թաքուն խոթել գրպանը: Իհարկե, հնարավոր է եւ չվերցնի: Այդ դեպքում աղմուկ կբարձրանա, ու քոթակելով դուրս կանեն: Ես այդ գիտեի: Դեռ հեռվից սեւեռուն հետեւում էի, որոշում հսկիչի ով լինելը` բարի՞ է, չա՞ր, կուլ կգնա՞ դրամին, թե՞... Եթե տվյալները չէին համապատասխանում, արտաքինը չէր տրամադրում, կամ վճռականությունս չէր հերիքում, անցնում էի հաջորդին, իբր, չեմ գտել հարկավոր մուտքը: Պատահում էր, երկու-երեք պտույտ էի կատարում մարզադաշտի շուրջը...
Վերջապես ներսում եմ: Բարձրանում էի վերեւ եւ տեղ գրավում ողորկ սյուների արանքում: Կանգնելը, կանաչ խաղադաշտում ծավալված պայքարին մոտ լինելն իսկ մեծ բավականություն էր: Ռիթմիկ ելնում-իջնում էին արեւածաղկի սերմ չրթող ձեռքերը, ծխի երիզները, քուլաները ձգվում էին վեր, մշուշի պես բռնում տրիբունաները, ու ես իննսուն րոպե սյունը գրկած ճոճվում էի հաճույքից: Բավականություն էի զգում նույնիսկ մերկապարանոց հայհոյանքից ու կոպիտ կատակներից, որ աջ ու ձախ առատորեն շաղ էին տալիս անզուսպ հանդիսականները, «Ավրորայի» դառը ծխից, որից դեղնում էին մատներս ու ճռճռում թոքերս եւ խաղից` անգամ մերոնց պարտվելու դեպքում:
Ուրի~շ էին այդ րոպեները: Մարդիկ` զիջող, պատրաստակամ, սեղմվում էին, որպեսզի տեղ տան տոմս չունեցողին, ժպտում, քրքջում էին, որպեսզի Նոյի ժամանակների անեկդոտ պատմողն իրեն վատ չզգա ու ընդհանրապես` կատակին, սխալ ասված խոսքին չարությամբ չէին պատասխանում:
- Փոսը, փոսը,- խաղավարտից հետո գոռում էին նրանք` չլուսավորված ելքից դուրս շտապելով:
- Փո~սը,- արձագանքում էին կամարները:
Բոլորն զգուշանում էին, խույս տալիս երեւութական խանդակից, մտքներում շնորհակալ լինում հիշեցման համար, իմանալով հանդերձ, որ առջեւում վտանգ չկա: Նրանք իննսուն րոպե միասին էին եղել, միասին շնչել, ապրել էին, զգացել միմյանց ու հիմա` օտարացումից, բաժանվելուց առաջ, իրենք իրենց հետ ու մենակ մնալուց առաջ` պատշաճության սահմաններում հոտային հատկություններն էին դրսեւորում ու սերը` հանդեպ նմանին:
Փոսը խորհրդանիշը, խտացումն էր ապրածի, օրերի` ընդհանրապես, որոնք դատարկ ու լի, տհաճ ու սիրուն, չնչին ու զորեղ, անհեթեթ ու խորիմաստ վարկյաններից, ժամերից էին կազմված ու գումարվելով, հյուսվելով, խառնվելով ու լուծվելով` դառնում էին տարի, ամբողջ մի կյանք: Թե հազար տարի առաջ ուրիշներն ինչպես էին ապրել իրենց բաժին գարունն ու ամառը, ինչպես էին ապրում դիմացի սարից ու սարերից այն կողմ, ինչպես էին ապրելու հետո, կարեւոր չէր, որովհետեւ Տերն ասել էր` սա է քո ժամանակը, վիճակախաղի քո բաժին տոմսը, այն տապակը, որտեղ խորովվելու ես դու: Ուրեմն` գոհացիր եղածով, այլապես տապակից այն կողմ, տապակից դուրս կրակն է, աշուն մի սարքիր օրդ, որովհետեւ այն ամեն տեղ նույնն է:
Հետո քաղաքն ուրիշ ստադիոն կառուցեց` մեծ ու գեղեցիկ: Տոմս գնելն այլեւս անլուծելի խնդիր չէր. կարող էի խաղից ժամեր առաջ ներս մտնել ու կիզիչ արեւի տակ նստած` հիանալ կանաչ, անթերի խաղադաշտով, վայելել կիրճի գեղեցկությունն ու մոտալուտ հաղթանակը, մտովի լավագույն հարձակվող հռչակել ինձ ու լինել հողագնդի բոլոր ծագերում, գոլեր խփել` աներեւակայելիորեն գեղեցիկ ու հագուրդ տալ ֆուտբոլասերների կրքերին, բայց, միեւնույն է, սարատակի քարակոփ շինության գույներն ուրիշ էին:
Ուրի~շ էին:
... Պարիսպն այդ մասում անկյուն էր տալիս: Մերձակայքում ոչ ոք չկար: Հեռվում հսկիչները խումբ-խումբ զրուցում էին, միայն աչքի տակով հետեւում կարգին: Պահը հարմար էր, ու ես առանց երկար-բարակ մտածելու ցատկեցի: Դեռ օդում տեսա անկյունադարձի մոտ թաքնված ոստիկանին - ինձ էր սպասում: Հավանաբար հեռվից տեսել էր: Նկատելը քիչ է, կարդացել էր մտքերս, հաշվել քայլերս եւ դարան մտած աչք էր պահում:
Ես կարկամեցի, իսկ նա մեկ-երկու րոպեի ընթացքում արդեն տասն անգամ բռնած լինելով` անշփոթ ոստնեց եւ աքցանեց թեւս:
- Գնանք,- ու թեթեւակի հրեց:
Գոհունակություն կար աչքերում. հուսախաբ չէի արել:
Փորձեցի ազատվել: Մատներն ավելի ամուր ագուցվեցին փխրունոսկր դաստակիս: Հասկացա, որ այդ կերպ փրկվել հնարավոր չէ: Լավագույն ելքը հնազանդվել էր: Ամաչում էի, մանավանդ աչքի տակով տեսնում էի` մի քանիսն արդեն մեզ էին հետեւում: Ուշադրություն չգրավելու, ավելորդ քաշքշուկից խուսափելու համար լրիվ ենթարկվեցի: Պարզապես ջանում էի ճիշտ գուշակել շարժման ուղղությունը, աշխատում էի համընթաց քայլել, որպեսզի կողմնակի աչքը խաբվի, կարծի, թե ես ու կարգի պահապանը ծանոթ-բարեկամներ ենք ու ինձ, ոչ թե կամքիս հակառակ տանում են, այլ սեփական ցանկությամբ եմ հետը ճամփա ելել, հաշտ ու խաղաղ ինչ-որ տեղ շտապում. ես` քաղաքացիական հագուստով, նա` համազգեստով:
Համոզվելու համար մի քանի անգամ հեռվից ուրիշի աչքով ինձ ու ոստիկանին նայեցի, տեսա, ոչինչ, մանրամասների մեջ չմտնելու դեպքում կարելի է նաեւ այդպես` ջայլամավարի լուծել հարցերը: Թողած կարեւորը` ո՞ւր է տանում, ի՞նչ պետք է ասեմ, անեմ, ինչպե՞ս արդարանամ, ընկել էի հիմար, անհարկավոր մանրուքների ետեւից: Գործնական մարդը, հավատացած եմ, իմ պարագայում խնդիրն այդ տեսանկյունով չէր քննի եւ ելք կգտներ:
Ինչեւէ: Նա ինձ տարավ մեկի մոտ, որն ավելի տարիքով էր, ի տարբերություն մյուսների` բարեկազմ, ճարպի ոչ մի ավելցուկ: Ծառայական համազգեստը ձիգ նստում էր վրան: Այն օրերին զինվորական կոչումներից առանձնապես գլուխ չէի հանում, եւ ինձ համար ամենահարգին փոխգնդապետն էր: Գնահատության արժանին ոչ թե բուն կոչումն էր, այլ բառը` փոխգնդապետ, որ թմբուկի զարկեր էր հիշեցնում` խրոխտ, առնական: Մանկուց սիրում էի այդ բառը, պարտիզանական կյանքի մասին պատմող գրքերում էլ, հո, առատորեն սփռված է: Ընդհանրապես, ուրիշները` չգիտեմ ինչպես, բայց ես ինձ նախընտրելի բառեր ունեմ, ինչպես, ասենք` «հուշիկ», «մտրուկ», «գայթել», «սոսափյուն»..., որոնք իրենց արյունակից հոմանիշներից ջոկվում, առանձնանում են հոտով, համով, գույնով: Մարդկանց համար նման դեպքում ասում են` աստղով: Երեւույթը գուցե բացատրություն ունի, գուցեեւ զուտ ենթակայական զգացողություն է, համենայնդեպս, դրանք իմ բառերն են. մեծ մասին ծանոթ եմ փոքրուց, բառարաններից, մյուսների հետ էլ մտերմանալու, ողջագուրվելու առիթ կունենամ: Նրանք առայժմ ինձնից անկախ, ինձնից դուրս ապրում են, ինչպես մարդիկ, որոնց կյանքը դեռ մեր դեմ է հանելու, ինչպես այն օրը, երբ ինձ ու ինձ որոշեցի, որ սեւ «Վոլգա-24»-ի կողքին ճեմողը փոխգնդապետ է, միայն ու միայն փոխգնդապետ, թեեւ երբ նրա մասին պատմեցի ծանոթներիս, ասացին, որ առնվազն գեներալ եղած կլինի: Եվ լուրջ ասացին:
Ոստիկանը մեկ նախադասությամբ զեկուցեց, թե կոնկրետ ինչ` հիմա դժվարանում եմ ասել: Կարեւոր էլ չէ: Միայն «բերման ենթարկել» արտահայտությունն եմ հիշում, որը տպավորվեց ուղեղումս եւ ես, դարձյալ հիմար բնավորությանս պատճառով, սկսեցի ուղեղի պոչով ծանրութեթեւ անել գտածոն, հիանալ մեր լեզվի ճկունությամբ: Ձեզ հետ չի՞ պատահել` լսում եք ու չեք լսում, կամ թե` ուղեղներդ կիսում եք, երկու, պատահում է նաեւ` չորս մասի բաժանում, ու ամեն մեկն իր քեֆին ինչ ուզում մտածում է: Ժողովուրդը երեւի նման դեպքերի համար է ասել` մի ականջից մտնում է, մյուսից դուրս գալիս: «Զը~նգ» - դռան զանգը ղողանջում է չորս պատերի մեջ, քո գլխում, բայց լսողն ո՞վ է: Պատմում, բացատրում են, հետո ասում` հասկացա՞ր: Գլխով ես անում: Նա գնում է, իսկ դու մնում ես շվարած` ներսումդ անապատ է, բառ անգամ չի մնացել: Դանակը ման ես գալիս, ման` չկա, հետո, երբ այլեւս պետք չէ, գտնում ես... ձեռքումդ:
Այ, էդ վիճակում էի:
- Ուսանո՞ղ ես,- հարցրեց փոխգնդապետը, հետո պատասխանիս չսպասելով` դարձավ ոստիկանին: - Կարող եք գնալ:
Ես զսպված դժգոհություն տեսա` ուղղված իր ենթակային, մասամբ նաեւ` ինձ, որովհետեւ խոսքի տոնն ասում էր, որ հարցն առաջին անգամ չի տալիս: Այդ ընթացքում նա կռանալով վերցրեց լսափողը: Զարմացա - առաջին անգամ էի ավտոմեքենայում հեռախոս տեսնում: Ինչ-որ բան խոսեց, հետո` երբ կոպերի տակով ինձ նայեց, ժպիտի պես բան նկատեցի:
- Ո՞ր կուրսում ես:
Պատասխանեցի:
- Հանրակացարանում ես ապրում,- մտահոգ ասաց, ու ես ապշեցի մարդկանց ճանաչելու նրա ունակության վրա: Հիմա լիներ, չէի զարմանա, որովհետեւ ուսանողին, այն էլ հանրակացարանում ապրող, պահակություն անող ուսանողին ճանաչելը դժվար խնդիր չէր, առավել եւս` ներքին գործերի նախարարության աշխատողի համար:
Նա հայացքը հառեց խմբված ոստիկաններին, ապա սահեցրեց հրապարակով. ինչ-որ բան էր մտածում: Թվաց, խոսելու պահանջ է զգում, բայց պաշտոնը, տարիքը, իմ լռակյացությունը, ժամանակի սղությունը, թե ինչ, խանգարում են, կաշկանդում: Թախիծ հայտնվեց դեմքին, մի բան, որ պաշտոնյա մարդկանց շրջանում ընդունված չէ: Հասարակական վայրերում նրանք սովորաբար թաքնվում են գործնական մարդու դիմակի ետեւում, եթե նույնիսկ այդ պահին նվվում է հոգին:
- Տղայիս ես հիշեցնում,- ինձ համար անսպասելի անկեղծացավ նա:
Ծանրությունը մի ոտքիցս տեղափոխեցի մյուսին. չգիտեի ուրիշ ի՞նչ կարելի է անել: Այդ ժամանակ մեզ մոտեցան երկու բարձրաստիճան ոստիկաններ: Փոխգնդապետը միանգամից փոխվեց` լրջացավ, ձգվեց, թուլությունը թաղեց ներսում, դարձավ պաշտոնյա: Եկվորները ձեռքերը գլխարկներին տանելով` ողջունեցին: Փոխգնդապետը մեկնեց ձեռքը, փոքր-ինչ ժպտաց: Պաշտոնի բերումով նրանց միջեւ գոյություն ունեցող անջրպետը սեղմվեց, փոքրացավ: Եկվորներից մեկն այն աստիճան ոգեւորվեց, որ կարծելով փոխգնդապետի բարեկամն եմ` ինձ եւս ձեռքով բարեւեց: Նրան հետեւեց մյուսը: Ես շփոթված` պատասխանեցի ձեռքսեղմումներին եւ մեղավոր շուրջս նայեցի: Թյուրիմացությունը փոխգնդապետին հավանաբար իմ խնդիրը լուծելու ելք հուշեց:
- Դարբինյան, բարեկամիս տար կառավարական օթյակը,- մտերմիկ կարգադրեց:
Այնքան հեշտ, բնական, հանգիստ ասաց, որ պահի տակ նույնիսկ ես հավատացի: Այդպիսի սուտը մի քանի ճշմարտություն արժեր: Ենթականերն սկսեցին ինձ ավելի հարգալից նայել: Շփոթմունքս թաքցնելու համար լուրջ դեմք ընդունեցի, իսկ երբ եկավ մեկնելու պահը, արդեն այնքան էի վարժվել դերիս, որ կարողացա շնորհակալախառն ժպիտով «ցտեսություն» ասել փոխգնդապետիս:
Մենք կտրեցինք հրապարակը, աստիճաններով բարձրացանք եւ մուտքը պահող երկու ոստիկանների արանքով մտանք ներս: Վերեւ տանող սանդուղքներին ուղեգորգեր էին գցված: Անծանոթ միջավայրն սկսեց ազդել վրաս: Յուրաքանչյուր քայլի հետ հուզմունքը շատանում էր: Հետո աստիճանները վերջացան, եւ մենք իսկապես կառավարական օթյակ մտանք: Այնտեղ ոչ ոք չկար: Ես տեսա կիսով չափ լցված տրիբունաները, խաղադաշտը, եւ սիրտս մի փոքր տեղն ընկավ:
- Կնստես այստեղ,- երկրորդ շարքի նստատեղերից մեկը մատնացույց արեց ուղեկցող ոստիկանը: - Ընկեր... (նա անուն-հայրանուն ասաց, որը ես նույն պահին մոռացա) տեղն է:
- Եթե հարցնեն, կասես (Դարբինյան կոչվածն այստեղ եւս տվեց փոխգնդապետի անուն-հայրանունը)... բարեկամն եմ:
Նա գնաց: Ես զգույշ տեղավորվեցի նստարանին: Հնար լիներ, կպառկեի հատակին փռած գորգին, որպեսզի տրիբունաներից չտեսնեին: Թվում էր, բոլորն աչքերը օթյակին են պահել: Ինձ նման երկչոտ, կյանքի վայելքները չճաշակած փխրուն սրտի տեր մարդու համար շատ-շատ էր տրվածը: Տասն անգամ ավելի լավ կզգայի, եթե հանդիսականներին ինձնից բաժանող բազրիքից այն կողմ լինեի:
Առաջին ցանկությունը, որ մենակ մնալուց հետո գլխումս ծնվեց, փախչելն էր: Ուրիշ ժամանակ քիվից կախվելով տրիբունա իջնելն ինձ համար առանձնակի դժվար բան չէր լինի, բայց հիմա հազար աչք էր նայում: Մնում էր եկած ճանապարհը:
Ես ոտքի ելա եւ կիսաբաց դռնով զգուշորեն առաջացա: Սանդղահարթակից դեպի ձախ տրիբունաների տակ տանող այլ աստիճաններ կային: Ներքեւում` աջակողմյան թեւի վրա հիմնական մուտքն էր: Ոստիկաններից մեկի թիկունքն էր երեւում, մյուսի` ստվերը: Նրանց կողքով անցնելու համար համարձակությունս չէր հերիքի, բացի այդ` փոխգնդապետին նորից հանդիպելուց էի վախենում: Վճռեցի ձախակողմյան աստիճաններով իջնել: «Եթե նկատեն, կասեմ զուգարանն եմ որոնում»,- ճշտեցի ասելիքս:
Մտադրությունս իրագործել, սակայն, չհաջողվեց, որովհետեւ կեսճամփին ականջիս կանացի կոպիտ ձայներ հասան, միաժամանակ ավելի քստքստոց լսվեց: Ըստ երեւույթին ներքեւում իրոք զուգարան կար: Դուրս գալիս ետեւիցս փակել էի դուռը ու երբ վախվորած ետ դարձա, մի պահ երկմտեցի, չգիտեի` սանդղահարթակի վրա բացվող երեք-չորս դռներից որն է օթյակինը: Մեկը ճեղք արեցի: Աչքովս ընկավ թավշյա օթոցը, կողքին սեղանը` վրան կոնյակի, հանքային ջրի շշեր, կոնֆետ, նարինջ, բյուրեղապակյա բաժակներ: Երկյուղած փակեցի, ապա բացեցի կենտրոնի դուռը - օթյակինն էր:
Խաղին կես ժամ էր մնում, եւ սթափվելու ժամանակ դեռ կար: Դիմացի սարալանջին, որտեղից դաշտը, նայած որ կետից, կիսով չափ երեւում էր, սկսել էին մարդիկ հավաքվել.` տոմս չունեցողներն էին: Ռադիոյի մեկնաբանն ամեն անգամ, երբ դաշտում լարվածությունը գագաթնակետին էր հասնում, խանդավառված` գեղարվեստական շնչով նկարագրում էր լանջի գեղեցկությունը` հարկ առ հարկ ելվերող առանձնատներ` կարմիր, ճերմակ տանիքներով, սաղարթախիտ անտառ, սուլոցով անցնող գնացք, ճամփեզրին խումբ-խումբ, քարե թասում` կուտակ-կուտակ, հուզմունքից եփվող մարզասերներ:
Ափսոս, հիմա այդպիսի մեկնաբաններ չկան:
Խաղից հինգ րոպե առաջ օթյակն սկսեց լցվել: Ես ձգվեցի, մեկ անգամ եւս ուղղեցի փողկապս: Միայն մի քանիսն այտն ի վար նայեցին, մյուսները չնկատելու էին տալիս: Որքան հասկացա` ամեն մեկն իր տեղն ուներ, որովհետեւ առաջին շարքում երկու նստատեղ այդպես էլ ազատ մնաց: Ինձ հասակակից մեկը եւս կար, միայն թե նա իրեն ազատ էր պահում: Ուշացածները ողջունում էին, անաղմուկ գրավում իրենց տեղը: Մտովի պատասխանում էի բարեւին, աշխատում կոնկրետ ոչ մեկին չնայել: Որ ուզեի էլ, չէի կարողանա - հոգեպես պարտված զինվոր էի, երամն ընկած օտար թռչուն` վանդակված, ամեն պահ ճանաչվելու վտանգին ենթակա:
Չլիներ եղբորս խորհուրդը` ամեն օր սափրվելու մասին, չլինեին փողկապն ու վերնաշապիկը, որ այդ առավոտ էի արդուկել, սպիտակ, անպզուկ մաշկ թե չունենայի, երեւի բանը հարթ չընթանար:
Վերջապես ֆուտբոլային քայլերգն սկսվեց, ու ես թեթեւացած շուրջս նայեցի: Տրիբունաները, աստիճանները, ինչպես միշտ, ծեփի պես բռնել էին հանդիսականները: Գրկվելու համար ազատ սյուն չէր մնացել նաեւ վերնասրահում: Այսօրվա պես ականջումս է ետեւի` երրորդ շարքից եկող փոփսոցը: Աչքի պոչով նայեցի: Երկուսն էլ տարիքն առած բարեհամբյուր դեմքով տղամարդիկ էին: Նրանց ֆուտբոլը չէր հատաքրքրում: Տասը րոպե կլիներ` խոսում էին: Շշուկը հավանաբար հասավ նաեւ առաջին շարքում նստածներին, որովհետեւ նրանցից մեկը շուռ եկավ եւ նայեց ետ: Ինչպես դպրոցում, երբ ուսուցիչը հայացքով սաստում է վերջին շարքում նստած չարաճճի տղաներին, օթյակում միանգամից լռություն իջավ, որը մինչեւ խաղավարտ այլեւս չխախտվեց:
Այդ օրվա խաղից ես բան չհասկացա, ինչպես առաջին անգամ ստադիոն ոտք դնելիս, երբ ուշք ու միտքս մարդկանց կողմն էր, որոնք մեղրահացը ծայրից-ծայր բռնած մեղուներ էին հիշեցնում` շարժուն, տաք: Հազար բան էր անցնում մտքովս: Փոխգնդապետի արարքն էի վերլուծում, նրա հետ կապված զանազան պատմություններ հորինում, կրկին հանդիպելու տարբերակներ մշակում: Անգամ ընդմիջմանը, երբ օթյակում նստածների մեծ մասը դուրս գնաց, ու ես մտքով նրանց տեսա կողքի սենյակում օթոցին ընկողմանած կոնյակ ըմպելիս, հիշողությանս դաշտում նա էր: Տեսնում էի մեքենայի կողքին տխուր ետուառաջ քայլելիս, միասին էի տեսնում` ինձ ու փոխգնդապետին - սլանում ենք Սեւան տանող ճանապարհով, երեկոյան ետ գալիս տուն, ուր նրանից բացի ոչ ոք չէր ապրում: Փոխգնդապետն ինձ ասում էր` այսուհետեւ հանրակացարան չես գնա, այս բնակարանը քոնն է: Ապա նա պատմում էր ավտովթարից մահացած կնոջ ու տղայի մասին, սիրուց էր խոսում, անսահման մենակությունից ու վշտից եւ առաջարկում էր լցնել այն դատարկությունը, որ մնացել էր կորուստներից հետո: Ես նրան չէի մերժում, օգնում էի, որպեսզի ոտքի կանգնի եւ իմաստ ստանա կյանքը, իր հերթին նա նեցուկ էր դառնում, ու բացվում էին իմ դեմ դռները բոլոր, եւ ես հաղթական խրվում էի հորձանուտը կյանքի, հաշվեհարդար տեսնում կարիքի հետ:
Այն աստիճան էի երեւակայությանս զոռ տվել, որ երբ երկրորդ խաղակեսին օթյակը կրկին լցվեց, արդեն ուսերս շտկած էի նստել եւ հոգեպես հավասար էի զգում մյուսներին, եթե ոչ ավելի:
Հետագայում երկար եմ խորհել փոխգնդապետի մասին ու միշտ հանգել այն մտքին, որ նրան այդպիսի արարքի մղողը, ըստ երեւույթին, իրոք վիշտն էր, չբուժված վերքը, որը մարդուն կարող է եւ չարացնել ու չորացնել, եւ թե նախանձոտ մեկի ներաշխարհը հիմնահատակ փոխելով` դարձնել վեհանձն, լայնախոհ` ընդունակ հոգու ամենագեղեցիկ թռիչքների: Այլապես... սոսկ նմանությունը բավակա՞ն էր ստահակ ուսանողի առաջ հոգու փեղկերը թեթեւակի բացելու համար, այլապես... նա կվտանգե՞ր իր պաշտոնը: Հանկա՞րծ ու ես օթյակում հիմար արարք թույլ տայի: Հնարավո՞ր էր - ինձ նման բնավորությունից` միանգամայն: Մյուս կողմից` եթե այդպես է, եթե ներքին զգացողությունը չի խաբում, խաղից հետո ինչո՞ւ չմոտեցավ: Գուցե շտապ գո՞րծ պատահեց, ու ե՞ս պիտի իրեն փնտրեի: Թե՞ էլի եմ ամեն ինչ գրքային տեսնում: Բայց օթյակը, հո, եղե՞լ է, իսկապես եղել է:
Տա Աստված, կյանքը մեզ վերստին հանդիպեցնի - կկարողանամ, մեջս համարձակություն կգտնեմ տարիներ շարունակ մտատանջություն պատճառած հարցերի պատասխանն ստանալ: Ինչեւիցե, իմ երբեւէ ապրած ամենահուզումնալից օրերից մեկն էր այդ օրը, ինձ սակավ հանդիպած պատվական մարդկանցից էր փոխգնդապետը:
Ի~մ «փոխգնդապետը»...
***
Թոշակն ամիսը մեկ էին տալիս: Անդամավճարից, մանր-մունր պահումներից հետո երեսունի չափ մնում էր: Ստանում էինք ու հինգ-վեց տղայով գնում Աշոտի վարձու խուցը: Մի լավ զուգարանի չափ տարածություն էր, հավանոցի պես բան` ընդհանուր շինությունից առանձին, պատերը` թղթի հաստության, ներսից-դրսից սվաղած: Վառեիր` շոգ էր, անջատեիր` նույնն էր, ինչ դրսում: Սկզբում խորդանոց էր եղել: Որպեսզի տարածություն չխլի, կառուցել էին հողամասից դուրս: Խցին մոտենալու համար պետք է անցնեիր ցանկապատի ու երկաթգծի միջեւ թողնված արահետով: Ընդհանուր շինությունից հեռու լինելը եւ լավ էր, եւ վատ, որովհետեւ ջրի ու զուգարանի համար ահագին պտույտ պիտի տայիր: Գնացքի ձայնն էլ` մյուս կողմից:
Ցերեկները` ոչինչ. ընդհանուր աղմուկի մեջ դղիրդը մասամբ խլանում էր: Գիշերը` գլուխդ առ ու փախիր: Վարձու սենյակը դառնում էր կուպե, ռիթմիկ ցնցվում` դիխկ ու դրըխկ, դիխկ ու դրըխտ, դիխկ ու դրըխտ... Բուֆետից թռցրած անկանթ բաժակում սուրճ չէր մնում, մոխրամանի դեր կատարող պահածոյի թիթեղյա տուփում` մոխիր: Վերջին վագոնի անցնելուց հետո դեռ երկա~ր ճոճվում, գնում-գալիս էր ճանճի աղտեղանքով նախշված «երկար աղիք, պոչը` ծաղիկ» էլեկտրալարն ու «թիխկ-թախկն» արձագանքվում էր լղարիկ պատերի ներսում ծրարված մի բուռ օդում: Առժամանակ հետո խուցը խաղաղվում էր, իրերն օտարում էին հարկադրաբար ներարկված արյունն ու խուփբերան սպասում հաջորդ սուլոցին:
Գնացքներն անցնում-դառնում էին, իսկ մենք աղմուկին, ցրտին, կոկորդ քերող, աչք մռմռացնող ծխին անհաղորդ` խաղում էինք: Մեկ, մեկ, մեկ... բաժանում էի խաղաթղթերը, նույն արագությամբ լռության մեջ եւս երկու պտույտ կատարում սեղանին ու ավելցուկը դնում մի կողմ: Նյարդերից թույլը հենց առաջին պտույտին ձեռքն էր առնում խաղաթուղթը, մյուսներն անտարբերության քողը դեմքներին` սպասում էին: Աշոտը բարձր նիշ հավաքելու դեպքում կարմրում էր, բլթբլթացող ջուրը գցված կենդանի խեցգետինը` օրինակ: Կարճ, ուժեղ մատներում չռված խաղաթղթերը թեթեւակի դողում էին, վերին շրթունքին քրտինքի մանրիկ կաթիլներ գոյանում, ու նա ազատ ձեռքը շուտ-շուտ թաշկինակին էր տանում: Սիրակը քթի տակ ժպտում էր` վաղորոք գրպանում տեսնելով սեղանի կենտրոնում կիտված դրամը, Դերոն` գունատվում, լեզվով անընդմեջ խաղում չորացող բարակ շուրթերի հետ, երբեմն նաեւ բութ մատն առնում բերանը: Վաղոն զուսպ էր, փորձառու: «Սեկան» նա բերեց մեր կուրսը: Անտանելի դանդաղ` ձեռքը պարզում էր թղթերին, վերցնում ու ծայրը մի փոքր ետ տանելով` էլ ավելի դանդաղ նայում: Ապա երկար-երկար ուղղում էր, վերջում անփութորեն նետում սեղանին: Ամբողջ գործողության ընթացքում դեմքին ոչ մի մկան չէր շարժվում եւ չգիտեինք` մասնակցելո՞ւ է խաղին, թե՞ «փաս» գնաց:
Գեւորգը մի գլուխ տնքում էր, դժգոհում բախտից, հաճախակի փոխում տեղը: Խաղում էր միայն բարձր միավոր ունենալիս: Տղաները դա գիտեին եւ սովորաբար «բլեֆի» չէին գնում: Նեղսրտած հավաքում էր գրավագումարն ու, սեղանին թողնելու սովորություն չունենալով, իսկույն գրպանը լցնում` սպիտակը ջոկ, պղինձը` ջոկ, որպեսզի հետո մեկիկ-մեկիկ հանի: Նրա համար տարվելու թույլատրելի սահմանը տասը ռուբլին էր, դրանից ավելի, դանակ դեմ անեիր, չէր խաղա:
Ամենահամարձակն Արմանն էր` համառ, սակայն նյարդային: Ավելի հաճախ վերջում պարտված էր թողնում խուցը: Նրա հետ խաղալը զգուշություն էր պահանջում. կարող էիր մինչեւ վերջին կոպեկը դատարկվել:
Ես միջակ, անհավասարակշիռ խաղացող էի: Տարվելիս տրամադրությունս ընկնում էր, դառնում էի անհամարձակ: Նման դեպքում շարունակ «փաս էի գնում»: Օր էր լինում, ընդհակառակ, նույն այդ անհաջողությունից բորբոքվում էի, չարանում, անցնում «բլեֆի», որը կարող էր նաեւ կործանարար լինել, եթե դիմացինս Վաղոն, Արմանը կամ Սիրակն էին: Իսկ սովորաբար` խաղում էի` ելնելով ունեցածս միավորներից, խաղընկերներիս հոգեվիճակից: Մյուսները եւս, իհարկե, հոգեբանություն գիտեին, ու ես ջանում էի թաքցնել ապրումներս: Պատահում էր, կարդում էին մտքերս, լինում էին նաեւ թակարդը գերազանց լարելու դեպքեր:
Խաղում իմ հակառակորդը, թշնամին գոբսեկ Վաղոն էր: Ով ուզում է կրեր, բայց ոչ նա, ում ուզում էր տարվեի, սակայն ոչ նրան:
Երաթյա օրենք էինք սահմանել` խաղալ միայն թոշակի օրը: Մոլությանը չտրվելու նպատակով կանխարգելիչ ուրիշ քայլեր էլ էինք ձեռնարկել` խաղի ժամանակ պարտք չտալ ոչ մեկին` մեկ ռուբլուց ավելի գրավագումար չդնել, մինչեւ վերջին կոպեկը տարվածին մեկական ռուբլի տալ` տուն հասնելու համար: Չվերցնելը բացառված էր:
Երկրորդ կուրսում մի շրջան իսկական խաղամոլից չէի տարբերվում: Թոշակին նախորդող վերջին մի քանի օրերին ու հետո սկսվում էր մղձավանջը: Քնել չէր լինում. ամբողջ գիշերը երազում խաղաթղթեր էի բաժանում` ինձ երեք զինվոր, Վաղոյին` տասնոցներ, կամ` երկուսիս էլ հավասար` երեսունմեկ միավոր: Տղաները մեկ-երկու շրջանից դուրս էին գալիս: Մնում էինք երկուսով: Ի վերջո Վաղոյի նյարդերը տեղի էին տալիս եւ բացվում էր: Հետո մյուսներն էին կրկնախաղին մասնակցելու իրավունք ստանալու համար թղթադրամի շեղջին գումարում իրենց բաժինը: Սեղանի շուրջ լարվածությունը հասնում էր գագաթնակետին: Բոլորը շունչները պահած սպասում էին: Այս անգամ արդեն իմը երեք տուզ էր լինում, նրանը` արքաներ...
Այդպես` մինչեւ առավոտ, մինչեւ թոշակի օրն ու հետո...
Վաղոն վերջին շրջանում ընկերոջ հետ էր գալիս: Քաղաքի տղա էր` ընկած-ելած, վտանգավոր բնավորություն: Ժամանակին ցերեկայինում էր սովորել: Երկրորդ կուրսում, իբր, կռվել էր դասախոսներից մեկի հետ, մեր հայհոյել: Իր ասելով` տարեվերջին դիտմամբ կտրել էին ու ճամփել բանակ: Կես տարի էլ չէր ծառայել. մի ամիս շարունակ գիշերները թրջել էր տակը, խաբել բժշկական հանձնաժողովին ու ազատվել: Ծանոթ, շատ անգամ լսված պատմություն էր, գլուխ գովանների բերանի ծամոն, եւ ես չէի հավատում: Չէի հավատում նաեւ բանակից հետո գիշերայինում վերականգնվելու պատմությանը, որովհետեւ ֆակուլտետը մեկ իրավաբանական էր ասում, մեկ` փիլիսոփայության: Հետն աչքով-աչք չունեի. նախ որ` Վաղոյի ընկերն էր, հետո` շատ էր դատարկախոս: Տղաները եւս չէին համակրում, բայց նրանք, ի տարբերություն ինձ, կարողանում էին հետը զրուցել, կատակ անել, իսկ ես խռովածի պես էի պահում, չնկատելու տալիս:
Վաղոյի հետ միշտ զույգ էին կազմում: Խաղն այդպիսի իրավունք չի տալիս, բայց նրանք առանց խոսքի, աչք-ունքով իրար հասկանում էին: «Տաքացնելու» համար մեկը փող էր գցում, մյուսն ընդունում մարտահրավերը: Զգուշանալով երկկողմանի կրակից` շատերը «փաս» էին գնում` մարտադաշտը թողնելով երկուսին: Հետո նրանցից մեկը հրաժարվում էր խաղից, ու մյուսին մնում էր գրպանել հավաքված գումարը: Ամեն ինչ արվում էր թույլատրելիության սահմաններում, եւ ես չարանում էի, որովհետեւ իմ, տղաների թոշակը համբակին էր բաժին դառնում:
Այդ օրն էլ ամեն ինչ սովորական հունով էր ընթանում: Արդեն երեք թե չորս ժամ խաղում էինք: Ծխախոտ միայն Վաղոյի մոտ էր մնացել: Նա չէր մերժում, բայց եւ ձեռքը չէր գնում տուփը սեղանին դնի: Ատամներս սեղմած նստել էի: Աշոտն ու Գեւորգը ծխող չէին - նրանց համար միեւնույնն էր: Դերոն մի անգամ ծխելուց հետո ամաչում էր երկրորդը խնդրել, Արմանը` չէ.
- Գոբսեկ, սիգարեթ...
Վաղոն ձեռքը տանում էր ծոցագրպանը, հենց այնտեղ բացում տուփի բերանն ու ծխախոտը մատների արանքում` մեկնում Արմանին: Վերջինս ծխում էր, հետո նորից`
- Գոբսեկ, սիգարեթ...
Գործողությունը կրկնվում էր: Արմանը կամ չէր նկատում Վաղոյի տառապանքը, կամ մտադիր էր այդ կերպ տակնուվրա անել գծուծի հոգին:
Խաղն ավարտելուց առաջ սովորություն ունեինք գրավագումարը կրկնակի դնել: Արմանն առաջարկեց երեքական ռուբլով սկսել: Այդպես էլ արեցինք: Ինձ մոտ մնաց ընդամենը չորս ռուբլի. ամենաշատը կարող էի առաջին պտույտին բացվել: Եթե նույնիսկ ունեցածս երեք տուզ լիներ, հետագայում չէի կարողանա խաղը շարունակել:
Աշոտը կարմրատակած առաջինը դրեց երեք ռուբլին: Հերթը հասավ Վաղոյի ընկերոջը` Սերգեյին: Նա եւս անցավ: Դերենիկը հենց սկզբից խաղաթղթերը բացել էր. բոլորովին տարբեր քարեր էին - իմաստ չուներ խաղը շարունակելը: Արմանը միավոր չունենալու դեպքում անգամ նման հնարավորությունը ձեռքից բաց չէր թողնի: Նա եւս երեք ռուբլի դրեց: Գեւորգը, ինչպես միշտ, տնքում էր: Ի վերջո նա «փաս» գնաց: Վաղոն աչքի պոչով վերջին պահին նայեց թղթերն ու միացավ խաղին: Սիրակն այդ օրը չէր եկել: Մնացի ես: Քսան միավորը դատարկ բան էր մեծ թվով խաղացողների դեպքում, բայց միաժամանակ գայթակղիչ գումար էր, խաղի վերջը, եւ բացառված չէր, որ բոլորն էին «բլեֆի» գնացել: Մի պահ վճռեցի դնել երեք ռուբլին ու բացվել, սակայն աչքս առավ Արմանին: Նա աննկատ գլխով բացասական շարժում արեց: Ես չհասկացա` միավոր չունի եւ ուզում է, որ գոնե ե՞ս շարունակեմ, թե՞ երեք տուզ, կամ նման մի բան է ձեռքին ու չի կամենում, որ խաղը փչացնեմ: Նրա պահվածքից վերջինն ավելի ճշմարտանման էր, ու ես հրաժարվեցի:
- Ինչքա՞ն էր,- ձգվեց Գեւորգը:
Ես ծալեցի խաղաթղթերը:
- Հետո կասեմ,- որպեսզի չնեղանա, վերջում ավելացրի:
Երկրորդ պտույտին եւս չորսից ոչ մեկը չբացվեց: Աշոտի ոտքը սեղանի տակ թեթեւ դողում էր: Նրա ձեռքին անպայման բարձր միավորներ էին, հնարավոր էր նույնիսկ` երեք տուզ, այլապես երկար չէր շարունակի: Սերգեյն անհանգիստ` տեղում տիտիկ չէր անում: Քսանմեկ, քսաներկու միավորից ավելի հազիվ թե ունենար: Նրա հույսը ակնհայտորեն Վաղոն էր: Արմանի շրթունքները ձգվել էին, դանակի շեղբի պես բարակել: Երկրորդ պտույտին գրեթե համոզված էի, որ նա «բլեֆ» է անում եւ վառվելու դեպքում ինձ նման տուն կգնա առանց թոշակի: Վաղոն դիմակավորվել էր: Գեւորգն այլեւս չէր տնքում. գրավվել էր խաղով:
Երրորդ պտույտի ժամանակ Աշոտը ծոցագրպանից հանեց անձնագիրը եւ կաշվե կազմի արանքից մի քսանհինգանոց դուրս քաշեց. հոգեպահուստ գումարն էր, հավանաբար` տան վարձը: Առնվազն երեք արքա ունի,- մտածեցի:
Հետո սեղանի շուրջ դեպքերն ընթացան կայծակի արագությամբ: Սերգեյը Վաղոյից ծխախոտ վերցրեց եւ սեղանի վրայից ձգվելով, իբր, վառում է, գողունի աչքը նրա խաղաթղթերին գցեց: Ուզում էր ճշտել` խաղը շարունակի՞, թե՞ չէ: Տարվելու դեպքում կորուստը գոնե երկուստեք չէր լինի: Նրա արածը, ըստ էության, մեծ հանցանք չէր, ուրիշ մեկը լիներ, ձայն չէր հանի, բայց այդ պահին բորբոքվեցի, ու երբ նա «փաս» գնաց, ասացի.
- Այս խաղը հաշիվ չէ, պիտի խառնել:
Բոլորն անակնկալի եկան:
- Քո ի՞նչ գործն է,- չար նկատեց Սերգեյը:
- Կարծում ես չտեսա՞ ոնց նայեցիր Վաղոյի թղթերը:
- Ղզիկ բան ես, հա,- արհամարհանքով նետեց նա ու դարձավ Վաղոյին: - Ոչ մի խառնել, խաղա:
Ես չհասկացա, թե ինչ կատարվեց ինձ հետ: Պատճառը, հավանաբար «ղզիկ» բառն էր, որ խելագարեցրեց: Գուցե ճշմարտություն կար նրա ասածում, այլապես այդ աստիճան չվիրավորվեի: Տղաների ներկայությունը, անկասկած, եւս դեր խաղաց: Գետնից կտրեցի սեղանն ու ամբողջ ուժով հրեցի Սերգեյի կողմը.
- Մամայիդ...
Նա չհասցրեց հայհոյել, որովհետեւ հաջորդ վարկյանին ճանկեցի մոխրամանն ու շպրտեցի նրա վրա: Նույն պահին Արմանը կողքից հասցրեց բերանին: Ես եւս վրա տվի: Նա կծկվեց պահարանի անկյունում, բնազդական շարժումով գլուխն առավ ձեռքերի մեջ: Բոլորը խառնվեցին իրար: Խփում էինք ես ու Արմանը: Վաղոն, Աշոտը քաշքշում էին մեզ, աշխատում բաժանել:
- Լավ, հերիք է,- լսեցի Արմանի ձայնը:
Ես դադար տվեցի: Գեւորգն ինձ մի կողմ տարավ: Շունչս չէր հերիքում:
- Չփոշմանեք,- ասաց Սերգեյն ու ուղղվեց դեպի դուռը:
Հասցրի նայել դեմքին` ոչ մի կապտուկ, ավելի շատ քնից նոր արթնացածի եւ դեռեւս չլվացվածի տեսք ուներ: Հարվածները հիմնականում առել էին գլխին, ձեռքերին:
- Գնա, քո...
Ես հայհոյեցի, բայց կռվելու ցանկություն այլեւս չկար:
- Վզներդ մեկ-մեկ պոկելու եմ,- նա մատով կիսաշրջան գծեց օդում` ընդգրկելով բոլորիս:
Ես ձգվեցի դեպի դուռը: Գեւորգը կառչեց ուսերիցս:
- Սերգեյ, ես էլ եմ գալիս, կանգնիր,- ձայնեց Վաղոն, հետո դարձավ մեզ - վաղը տղերքին կհավքի, տեսնեմ ի՞նչ եք անելու: Հինգ հոգով մի մարդու վրա թափվում ե՞ն:
Նա դուրս գնաց: Պատուհանից մեկ անգամ եւս լսվեց ընկերոջը կանչող նրա ձայնը: Աշոտը, Դերոն, Գեւորգը լռության մեջ ուղղեցին սեղանը, հավաքեցին թափված խաղաթղթերը, թղթադրամն ու կոպեկները: Անկողնու ծածկոցն ամբողջովին մոխիր էր: Ուշադրությունս գրավեց բավական տանելի մի ծխուկ: Ես այն վերցրի, սակայն լուցկի չգտնվեց: Աշոտը մատնացույց արեց էլեկտրասալիկը: Ինձ հետեւելով` Արմանը եւս սկսեց ծխուկ փնտրել: Այդ ընթացքում Աշոտն ու Դերենիկը չորս ծայրերից բռնած` ծածկոցը տարան դուրս:
- Էս փողե՞րն ինչ ենք անելու:
Աշոտն էր:
Ես ուսերս թոթվեցի:
- Թող մնա քեզ,- ասաց Արմանը:
- Ինչի՞ս է պետք,- զգուշացավ Աշոտը:
- Տուրուդմփոցի առթիվ բերեք վաղը լավ քեֆ անենք:
Գեւորգի առաջարկը խելքին մոտ թվաց. այսուայն կողմից հավանության նշան տվեցին:
- Որ քթներիցս չգա, լա՞վ է,- երկիմաստ նկատեց Արմանը:
Ես վախի պես բան զգացի: Ինձնից բացի, երեւի բոլորը նրա խոսքերն իբրեւ կատակ ընդունեցին: Արմանը զինվորությունը թողածի պես էր, ես` նույնպես:
- Քեզ մոտ ի՞նչ թղթեր էին,- հարցրի:
Արմանը, կարծես, չհասկացավ, թե՞ տրամադիր չէր խոսելու:
- Բլե՞ֆ էիր անում,- շարունակեցի:
- Ջոկերով էի` քսաներկու: Քո՞նն ինչքան էր,- դարձավ նա Աշոտին:
- Երեք աղջիկ: Չթողիք, էլի, կարգին խաղայինք: Իմն էր լինելու:
- Ծըը~,- բերանը ծպացրեց Գեւորգը,- Վաղոյինը երեք կարոլ էր:
- Ի՞նչ գիտես,- բռնկվեց Աշոտը:
- Հրես, լուսամուտի գոգին է մնացել,- Գեւորգը փոքր-ինչ վիրավորված` սեղանին ծեփեց թղթերը:
- Սպասեք գոնե տեսնեմ ինչքան է:
Աշոտն սկսեց արագ-արագ հաշվել` միայն թղթադրամները:
- Երեսունութ ռուբլի:
Ես ոչ մի զգացում չունեցա, նույնն էր թե ասեին` երեսունութ կոպեկ:
Ուշ ժամ էր, եւ մենք երկար քայլեցինք փողոցով: Դերոն ու Գեւորգը ոգեւորված պատմում էին կռվի մանրամասները, հիշում իմ` մոխրամանը շպրտելը, Արմանի ցատկն ու դիպուկ հարվածը, Սերգեյի` անկյունում անպաշտպան կուչ գալը եւ այդ ամենը համեմատելով «Երեք հրացանակիրների», արկածային այլ կինոնկարների հետ` գտնում էին, որ պատահարը Փարիզի ետնախորշերին եւ Դյումայի գրչին արժանի էր:
- Վաղն աշխատեք միասին լինել: Սերգեյն իրոք մարդ կբերի,- բաժանվելուց առաջ զգուշացրեց Արմանը:
- Կուրսում երեսուն տղա ենք, ի՞նչ կարան, ինչ անեն,- մեծամտեց Դերոն:
- Վաղոյին հաշվեցի՞ր,- քմծիծաղ տվեցի ես:
- Որտեղի՞ց գտավ զզվանքին...
Զզվանքը Սերգեյն էր: Գեւորգը ձայն չհանեց: Իրադարձութունները նրան ընդամենը քսվել-անցել էին, եւ նա խորքից չէր ապրում կատարվածը:
Հետո Արմանը նրանցից ներողություն խնդրելով` ինձ մի կողմ տարավ.
- Էգուց որ դասի չգաս, ավելի ճիշտ կանես:
- Բա դո՞ւ:
Նա աչքով արեց.
- Ամեն բան լավ կլինի, չմտածես:
Գիշերը ես երկար շուռումուռ եկա անկողնում ու միայն լուսադեմին քնեցի: Արթնացա տասներկուսին: Դասերն արդեն պրծնելու վրա էին, երբ համալսարան հասա: Առաջինը Սիրակին հանդիպեցի - բուֆետում սուրճ էր խմում:
- Արա՞, էդ ի՞նչ եք արել:
Նա զարմանալի դիմագծեր ուներ: Ծիծաղելիս մաշկը քշտվում էր, բերանի բացվածքը դառնում ականջների շարունակությունը:
Ես եւս ժպտացի:
- Ի՞նչ կա:
- Քեզ հլա չեն գտե՞լ:
Հանցանքի մեջ բռնվածի զգացողություն ունեցա:
- Ո՞վ:
- Սերգեյը տասնհինգ-քսան տղա է հավաքել: Քանի չեն տեսել, սուսուփուս տուն գնա:
- Ի՞նչ ես ասում, պարզ խոսիր,- վիրավորվեցի ես, նաեւ, խոստովանանք լինի, վախեցա:
- Ձեզնից մեծ գործեր եք բռնում:
- Զզվեցրիր, թե բան կա, ասա:
- Հրես Արմանը դասից կելնի, տես: Խփել են, ծնոտը լրիվ ճղել:
- Ինչո՞վ,- սոսկացի ես:
- Ի՞նչ իմանամ: Տարանք պոլիկլինիկա. երեք կար են դրել:
Դառնությունից ներսս ճմլվեց: Ես ծխախոտ վառեցի: Մատներս թեթեւակի դողում էին, Սիրակը, երեւի նկատեց:
- Հիմա զանգը կտա, արի գնանք:
Ես նայեցի ժամացույցին. դեռ հինգ րոպե կար: Մենք ելանք միջանցք, բայց որպեսզի դասախոսը չնկատի, մտանք կողքի ազատ լսարանը, ու Սիրակը պատմեց մանրամասները:
Սկզբում նրանք Գեւորգին էին բռնել: Վաղոն միջամտել էր, ասել, որ նա մեղք չունի: Համենայդեպս` լավ վախեցրել էին: Մեկը նույնիսկ թեթեւ ապտակել էր: Ապա եկել էր Դերոյի ու Աշոտի հերթը: Փողն Աշոտի մոտից վերցրել էին ու հարցրել մեր մասին: Վախենալով ծեծվելուց` Դերոն անգամ սենյակիս համարն էր ասել: Այդ պահին էլ մոտեցել էր Արմանը:
- Երեկ դու էի՞ր ինձ խփողը,- վրա է քշել Սերգեյը:
- Հա,- քաջություն է ունեցել պատասխանելու Արմանը:
Խոսքին հետեւել է բռունցքի հարվածը: Արմանը երերացել է, բայց հասցրել է պատասխանել: Նրանք շատ են եղել, ու քաշքշուկի մեջ ինչ-որ մեկն ատամնավոր ձեռնապանով խփել է Արմանի ծնոտին: Աշոտը, Դերոն ու կուրսից էլի մի տասը տղա վախեցել են պաշտպան կանգնել նրան: Այդ ամբողջ ընթացքում Վաղոն աղվեսի պես միջին դիրք է բռնել, արդարանալու համար իր ձեւով ներկայացրել կատարվածը, իբր, անմեղ տեղը հինգ-վեց հոգով թափվել ենք խեղճի վրա: «Արմանի ու Տարոնի նմանների (Տարոնը ես եմ) քիթ-մռութը մի անգամ պիտի ջարդել, որ իրենց տեղն իմանան»,- վերջում ասել է:
- Ընենց որ` մնացել ես դու,- նորից բերանն ու ականջները մի գծի բերեց Սիրակը:
Այդ միջոցին զանգը տվեց, ու մենք ոտքի ելանք: Սիրակը դուռը ճեղք արեց: Աղմուկ լսվեց, քիչ հետո երեւաց դասախոսը, ետեւից` կուրսի տղաները: Այլեւս համբերություն չունենալով` կրնկի վրա բացեցի դուռը եւ ընդառաջ գնացի: Նրանք օղակեցին ինձ: Մի քանիսի աչքերում կարեկցանք տեսա, նաեւ` ուրախություն, անտարբերություն, անգամ թշնամանք: Կարեւորը, սակայն, ինձ համար այդ պահին Արմանն էր: Վերջապես նա դուրս եկավ: Մեր հայացքները հանդիպեցին: Նա ժպտաց`
- Արի, արի, իմ անբախտ մոքիր:
Ես մոտեցա եւ երկար սեղմեցի ձեռքը, ասես ներողություն խնդրելիս լինեի կատարվածի համար:
- Կիկոս ջան, էս ի՞նչ օրն են գցել,- կատակին կատակով պատասխանեցի:
- Ամեն ինչ լավ է, չմտածես,- գիշերվա ասածը կրկնեց նա ու վերստին ժպտաց, ավելի շուտ` փորձեց ժպտալ, որովհետեւ ծնոտը տակից գրկած վիրակապը, որ ամրացված էր բժշկական նեղերիզ կպչուն ժապավենով, խանգարում էր:
- Էլի եկան,- լսվեց տղաներից մեկի երկյուղած ձայնը:
Բոլորը սսկվեցին: Ես հասկացա, թե եկողներն ովքեր են: Անհայտ, անդեմ վտանգից երկյուղած` շուրջս նայեցի: Միակ անձնավորությունը, որից կարելի էր օգնություն ակնկալել, Արմանն էր: Բայց նա այնքան անօգ ու թույլ էր, որ եթե նույնիսկ մատով թեթեւակի դիպչեին ծնոտին, արյունահոսությունը կվերսկսվեր:
- Մտիր լսարան,- ասաց նա:
- Գալիս են` գան,- զայրացած, որ ինձ համար այդքան դողում է, պատասխանեցի:
- Մտիր, ասում եմ:
Ձայնում աղերսանք, միաժամանակ հրաման կար:
- Չի լինի,- չար կտրեցի:
Մինչ այդ նրանք մոտեցան: Մի քանիսին համալսարանում տեսել էի, ու դեմքերը ծանոթ էին:
- Սերգեյ, սպասիր,- ընդառաջ գնաց Արմանը: - Ռոբ ջան, դու ասիր, որ էս գործը վերջացնում ենք, չէ՞,- սիրաշահող տոնով նա այս անգամ խոսքն ուղղեց մեկին, որը տարիքով կլիներ երեսունին մոտ:
Գլխի մազերը կիսով չափ թափվել էին, մաշկը արեւի տակ շատ մնալուց թրծվել: Երեւում էր, նրանք իրար վաղուց էին ճանաչում: Արմանը նախքան համալսարան ընդունվելը ուսումնարանում էր սովորել եւ քաղաքի «գողական» տղերքից մի քանիսին գիտեր:
- Սրանցից ո՞րն ա,- Արմանի խոսքին կարեւորություն չտալով` հարցական Սերգեյին նայեց Ռոբ կոչվածը:
Վերջինս գլխով ինձ մատնացույց արեց: Առանց այդ էլ մյուսները ետ-ետ էին գնացել, ու ես մնացել էի շրջանակի ներսում: Նա մի պահ նայեց ինձ, հետո հայացքն ուղղեց հավաքվածներին: Հավանաբար վտանգավոր ոչինչ չգտնելով, կրկին դարձավ ինձ` այս անգամ սեւեռուն: Նրան նախօրոք պատմել էին իմ մասին, ետեւում հավատարիմ ոհմակն էր, իսկ ես գրեթե մենակ էի, չգիտեի ով է, ինչ է մտադիր, ինչի է ունակ:
Ըստ երեւույթին ուժգին վախի դեպքում մարդու մեջ պաշտպանական նույնքան զորեղ հակաուժ է ծնվում` անտարբերությունը: Ես այդ վիճակում էի: Այնքան հանգիստ էի, որ կարողացա գրպանիցս ծխախոտ հանել եւ վառել, չնայած միտքս տենդագին գործում էր: Ապրումներից իշխողն այդ պահին ատելությունն էր Վաղոյի, Սերգեյի, նրանց նմանների նկատմամբ, ովքեր զորեղ էին ու միասնական, դաժան էին ու հետեւողական` իրենց վրեժխնդրության մեջ: Սասնա ծռերի զորությունը լիներ վրաս,- մտածում էի,- բռնեի սրա թեւից ու չախկալների աչքի առաջ վզակոթին տալով դուրս գցեի միջանցքից: Տեսնեի դրա գողական պահվածքից ի՞նչ կմնա: Հետո ծնկի իջեցնեի բոլորին Արմանի առաջ ու ասեի` ներողություն խնդրեք, ասեք, որ այսուհետ էլ ոչ մեկին խեթ չեք նայի:
- Էդ պեպելնիցեն որ շպրտել ես, հանկարծ ու` կպներ,- հատ-հատ բառերն իրեր ետեւից շարեց Ռոբը` շարունակելով անքթիթ նայել:
- Շպրտել էի, որ կպչի,- մարտահրավերն ընդունեցի ես:
- Իյա~...,- պատասխանը նրա համար փոքր-ինչ անսպասելի էր, բայց իրեն չկորցրեց: - Մի հլա քեզ նայի, հետո...
- Ի՞նչ ես ուզում ասել,- թեթեւակի ժպտացի ես:
- Չէ, նայի, նայի. առաջ քեզ, հետո` Սերգոյին:
- Ահան, ասենք թե նայեցի,- ու իսկապես ոտքից գլուխ չափեցի Սերգեյին:
- Լավ տեսա՞ր:
Նա, կարծես, շփոթված լիներ, իմ համարձակ տոնը ոնց որ թե ազդեցություն էր թողնում: Բայց ` ոչ :
- Ուզածդ ասա,- չգրգռելու համար մտերմիկ ասացի:
- Հիմա որ երկուսիդ նստեցնեմ մաշինեն, տանեմ քաղաքից դուրս, կգա՞ս:
- Այսի՞նքն,- զգուշացա ես:
Առաջին միտքը, որ ծագեց գլխումս, սպանությունն էր: Կտանեն, խուլ մի տեղ կդանակահարեն եւ` վերջ:
- Թող երկուսով իրենց հաշիվները պարզեն: Հո սխալ չե՞մ ասում,- դարձավ նա Արմանին:
Սերգեյը ֆիզիկապես ուժեղ էր, հաղթանդամ եւ հավասար պայմաններում, եթե հոգեբանական գործոնները մի կող դնեինք, հախիցս կգար: Արմանը երեւի դրա համար էր հայացքն ինձնից նրան փոխադրում: Ես վախեցա. ինձ փրկելու նպատակով հանկարծ չսկսի՞ երես ծռել: Էդ էր մնացել պակաս: Առաջին հերթին` արժանապատվությունը: Ավելի լավ է քիթ ու մռութս աղցան շինեն, քան ստորանանք: Առանց այդ էլ խեղճն իմ պատճառով է էդ օրն ընկել,- մտքումս ասացի:
- Համաձա՞յն ես:
Հարցը Սերգեյին էր ուղղված:
- Ես երեկ գիշերն եմ ասել, որ վիզը կկտրեմ,- հոխորտաց նա:
- Որ այդպես է, դիմացի այգին գնացեք,- միջամտեց Արմանը: - Մյուսներդ չմոտենաք:
Նա այդ կերպ էր ուզում ինձ օգնած լիներ:
Մենք առաջ ընկանք, նրանք` մեր ետեւից: Միջանցքից դուրս գալուց հետո միայնակ գնացինք: Երրորդ աչքով տեսնում էի դռան մոտ խմբվածներին, նրանց մեջ` Արմանին, Սիրակին, Վաղոյին, Գեւորգին, մյուսներին: Ես ետ նայեցի: Այդպես էլ կար: Հիսուն մարդ կլիներ: Կողքերից եւս կռվի հոտն առել էին, ու գնալով խումբն ստվարանում էր: Նրանք առաջ էին մղվում, Ռոբն ու Արմանն աշխատում էին կանխել...
Այդ պահին մի սոսկալի հարված ինձ գետնից կտրեց: Առաջին պահ ցավ չզգացի, բայց երբ ոտքի կանգնելու փորձ արի, քթիցս ու բերանիցս արյունը ցայտեց, այնքան ուժգին, որ դիմադրելու մտքից հրաժարվեցի եւ ծնկած` աշխատեցի երկու ձեռքով կանգնեցնել հոսքը: Չգիտեմ, եթե հավաքվածները մոտ չվազեին, Սերգեյը նորից կխփե՞ր: Կարծում եմ` այո: Ես լրիվ անպաշտպան էի, ու նա կարող էր գործի դնել նույնիսկ աքացին: Այդպես նենգորեն հարվածողն ի վիճակի էր նաեւ ուրիշ բանի:
Ականջիս հասավ Ռոբի ձայնը.
- Վերջ: Սերգո, էլ չխփես:
Խռնված` բոլորն աղմկում էին: Տղաներից մեկը գրպանիցս թաշկինակը հանեց, ու ես դեմ արի քթիս:
- Ցվրվեք, ոչ մեկդ չմնա,- չարացած` սրա-նրա վրա էր քշում Ռոբը:
Նրա տեսքը երեւի ազդեցիկ էր, որովհետեւ շատերը, որքան էլ տեսարանը հետաքրքիր էր, վախեցած հեռացան: Արանքում դարձավ ինձ`
- Գլուխդ բարձր, բարձր պահիր:
Առանց նրա խորհրդի էլ փորձել էի, սակայն հոսքն առատ էր, եւ արյունը լցվում էր կոկորդս, հազացնում: Մանկուց լսել էի, որ մարդու արյունը, իբր, աղի է, իսկ միսն ուտել հնարավոր չէ: Այն ժամանակ եւս, հենց առիթ էր լինում` մատս մանգաղով, դանակով կտրվում էր, փորձում էի համն ու զարմանում: Նույնն այդ պահին. չթքելու համար կուլ էի տալիս - աղիության ոչ մի զգացողություն:
- Չլնեմ-չիմանամ նորից կռվեք: Լսեցի՞ր, Սերգո:
- Հա, Ռոբ ջան,- պատասխանեց, հետո թե` իրիկունը ես կգամ:
Հուզմունքի ոչ մի հետք: Խոսակցությունն այնքան հանգիստ, առօրեական էր, որ ատելությունից, զայրույթից, խեղճությունից, անզորությունից քիչ էր մնում լաց լինեի: «Ախ, ինչո՞ւ բռնցքամարտի չգնացի,- մտածում էի,- գոնե կարատեի մի քանի ձեւ իմանայի»: Իհարկե, մտքովս անցնում էին եղբայրներս, բայց վախը, որ նրանք չեն կարողանա վրեժխնդիր լինել, ետ էր կանգնեցնում: Ամենաշատը ոհմակում շնագայլերի քանակը կկրկնապատկվեր, կեռապատկվեր, գուցեեւ գործի դրվեին դանակները, ատրճանակները, կապարե ձեռնապաններ, ռետինե մտրակներ - ո՞վ գիտե դրանց զենքերի ամբողջ տեսականին: Եվ հետո` ի՞նչ բացատրություն տայի մեր գզվռտոցին: Տասնինը տարեկան տղա, հո բերանս ջուր չէի՞ առնի, ինչպես երեխա ժամանակ: Խոստովանեի՞, որ թղթախաղով եմ զբաղվում ու կռվշտոցն առաջինը սկսողը ես եմ եղել: Չէի՞ն ասի` էդ քեզ քիչ է, սատկացրած պիտի լինեին:
Իր առաքելությունն ավարտած համարելով` Ռոբը գնաց, նրա հետ` էլի չորս-հինգը: Սերգեյը, Վաղոն, նրանց բանակից ով կար, նույնպես ցրվեցին: Կուրսի տղաներն արդեն համարձակ` շրջապատեցին ինձ: Մեկը բուֆետից դույլով ջուր բերեց, կարծեմ` Արտակը: Ես լվացվեցի: Թաշկինակն ամբողջովին արյուն էր:
- Ո՞ւմ մոտ մաքուրը կա:
Սիրակն իրենը մեկնեց: Արմանը կոխեց դույլը եւ մզելուց հետո տվեց ինձ:
- Դիր քթիդ:
Արյունը չէր կտրվում: Նա ծնկեց իմ առաջ:
- Հո ատամ չի՞ կոտրվել:
Ես թքեցի: Ատամներս տեղում էին: Հարվածը հիմնականում քթիս էր առել:
Դրանից հետո մի ամբողջ շաբաթ միայն բերանով էի շնչում. լերդված արյունը թույլ չէր տալիս:
Ժամանակի ընթացքում ցավը մոռացվեց, մնաց վիրավորանքը, որ ամեն անգամ ապրում եմ, երբ մատներս ակամա շոշափում են քթոսկրի կոտրվածքի բուժումից հետո գոյացած սպին: Այս պատմության օգուտն այն եղավ, որ ես վերջ տվեցի թղթախաղին, թեեւ այն էլ ասեմ` եթե նույնիսկ պատահարը չլիներ, միեւնույն է, մոլությանը գերի չէի դառնա: Սեւ ակնոց պետք չէ, մեր այդ տարիների վարքը քննելու համար եւ` ընդհանրապես, քանի որ ծեծկված, միօրինակ կյանքը եւս մի բան չէ: Պարտադրված, նույնիսկ բացարձակ ճշմարտությունը զրոյի արժեք ունի, երբ չի ստուգվում անձնական փորձով: Երեխային հազար անգամ ասում ես` մի արա, բայց նա անում է. ձեռքը կրակին է մեկնում, բոբիկ ոտքը դնում փշրված ապակուն, մետաղն առնում ատամների տակ, որպեսզի անձամբ ճանաչի աշխարհը, իրերն ու երեւույթները, տարբերի կծուն քաղցրից, լավը վատից, ցավը հաճույքից, սուտը ճշտից... Բնության թելադրանքով է այդ, նրա կամքով: Այնպես որ` վախենալու հարկ չկա. ջրապտույտը թույլերին է խորքերը քաշում, խութերը միայն փուխր կողերով նավակներին կարող են վնասել: Անտարակույս, երբեմն մեծ, հազար տոննա ջրատարողությամբ նավն էլ է հատակ իջնում, երբեմն փորձանքը կողքով չի անցնում, ու դանակը մինչեւ բռնակը անմեղ մեկի կողն է խրվում, սակայն դրանք բացառություններ են: Օրինաչափը, ճշմարիտը կյանքից առած դասն է, որ չի մոռացվում, այլ ամեն անգամ կարմիր լույսի պես կանգնեցնում է մեր ընթացքը եւ ասում` հիշիր, սա այն խոտոր, փորձանքաշատ ճանապարհն է, որով դու այսինչ օրն անցար:
Սերգեյի հետ կապված մի փոքրիկ միջադեպ եւս ուզում եմ հիշել: Մոտավորապես մեկ ամիս էր անցել, երբ նրան բռնացրի գարեջրատանը: Ընկերոջ հետ էր: Չորս գավաթ գարեջուր վերցնելով` զբաղեցրին սեղանի դեր կատարող կոճղերից մեկը: Մենք անկյունի ցածրիկ սեղանի շուրջ էինք նստած: Կիսախավարում, աղմուկի, ծխի մեջ դժվար էր նկատվելը: Սկզբում աշխատում էի ուշադրություն չդարձնել. ինձ համար լցնում-խմում էի: Կես ժամ անց խմիչքը տվեց գլխիս, ու նրա հետ բախվելու միտքը, որ շարունակ ուղեղիս խորքերն էի քշում, համառորեն ստվերեց մյուսներին, դարձավ սեւեռուն նպատակ: Ոտքի ելա, գավաթը ձեռքիս մոտեցա նրանց:
- Չէի՞ր սպասում,- հանգիստ հարցրի:
Ժպիտի պես մի բան աղավաղեց դեմքը: Անհանգիստ ինձ դարձավ, ապա` անկյունում նստած տղաներին: Ընկերը, հավանաբար ինձ ծանոթի տեղ դնելով` անտեղյակ մարդու հանդարտությամբ գնաց դատարկ գավաթները լցնելու:
- Էլ ինձ չբերես,- ետեւից կանչեց Սերգեյը:
- Ոչինչ, վերջինն է,- առարկություն չընդունող տոնով արձագանքեց ընկերը:
- Ո՞նց ես,- հարցրի:
- Լավ,- ժպտաց:
Գլխով ցույց տվեցի ձեռքիս կիսադատարկ գավաթը`
- Եթե հիմա սրանով իջնեմ գլխիդ, էլի՞ լավ կզգաս:
- Ասե՞մ գարեջուր բերի,- հարցն անպատասխան թողեց նա:
Որքան էլ զարմանալի է, ներսումս ոչ մի ատելություն չկար նրա նկատմամբ: Քիչ առաջվա կռվելու ցանկությունից հետք չէր մնացել: Հիշում եմ` պարզապես ուզում էի հասկացնել, որ այն օրը ստորաբար վարվեց ինձ ու Արմանի հետ, որ իրեն վեց հոգով չէինք ծեծել, որ ոչ մի կարգին հարված չէր առել դեմքին եւ կարիք չկար այդքան աղմուկ բարձրացնել ու մոտավորապես նման բաներ:
- Չլինի՞ կարծում ես այն օրը մեզ վախեցրիր:
- Ես ե՞րբ բան ասի:
Հավանաբար շատ էի հարբած, այլապես խոսքի վերամբարձ տոն չէի ընտրի: Չգիտես ինչու, անցա դուք-ի`
- Ընդունում եք, որ հիմա կարող եմ ձեզ ծեծել:
- Ասենք թե էսօր դուք շատ եք, ծեծեցիր, վաղն էլ ես մարդ հավքեցի, ո՞վ կշահի:
Որքան էլ մշուշված էր գլուխս, պարզ տրամաբանությունը պառկեց ուղեղիս: Հասկացա նաեւ, որ նա պատկերացրածից ավելի փորձառու է եւ գիտի, թե որտեղ ինչ խոսի:
Մինչ այդ ընկերը վերադարձավ` ձեռքին երեք լիքը գավաթ: Սերգեյը մեկը պարզեց ինձ.
- Խմենք:
Նրան ակնհայտորեն ոչ ոքի հաշիվը ձեռնտու էր: Ես եւս խաղաղ էի տրամադրված: Արդեն ձեռքս երկարել էի, որպեսզի գավաթը վերցնեմ, սակայն վերջին պահին միտքս եկավ Արմանը` բինտած ծնոտով, ու ես մտածեցի, որ նրան դավաճանելու իրավունք չունեմ, ուստի ասացի.
- Ես իմը կխմեմ:
Լռության մեջ դատարկեցինք գավաթները: Հետո նրա ընկերը ֆուտբոլից հարցրեց. անցած օրվա խաղի արդյունքն էր ուզում իմանալ:
- Հաշիվն, ինչքան գիտեմ, մնաց նույնը` 1:1, չէ՞,- հարցն ինձ ուղղեց Սերգեյը:
Ի՞նչ ի նկատի ուներ նա. երեկվա խա՞ղը, որը հակառակորդ թիմի հաղթանակով էր ավարտվել, թե՞ մեր հաշիվը: Գլխապտույտ էի զգում, սիրտս խառնում էր, ու ես կարճ կապեցի.
- Խաղն ավարտվեց 1:1` հօգուտ հյուրերի:
Չսպասելով ծիծաղի ավարտին` դիմեցի միջանցք, ուր զուգարանն էր: Քաղաքավարության կանոնները, երբ ֆիզիկապես անտանելի վատ ես զգում, դառնում են անկարեւոր: Ներսի գաղջ օդը բավական էր, որպեսզի խմածս ետ գա: Սկսեցի որձկալ: Այն, թվում էր, վերջ չունի: Շունչ քաշելու միջոցին հայհոյում էի գարեջուր հորինողին, «Անաբասիսն» ու նրա հեղինակ Քսենոֆոնին, որը մեր թվականությունից դեռեւս չորս դար առաջ Հայաստանում կավե կարասների մեջ գինի էր տեսել, գինու երեսին` գարու լողացող հատիկներ: Սիրտս թափում ու թափում էի, իսկ մտքումս գարեջրի մասին առաջին գրավոր հիշատակությունն էր ու հույն պատմիչի կարծիքը` «Այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար ախորժելի ըմպելիք էր»: Ես սովոր չէի գարեջրին, բացի այդ` քսաներորդ դարում խախտելով պատվիրանը` չափից ավելի էին ջուր խառնում խմիչքին, երբեմն նույնիսկ` սոդա:
Երբ ետ եկա, Սերգեյը գնացել էր:
***
Թող չթվա, թե ուրիշ կյանք չունեի ու օրերս բոլոր` ստահակությամբ էին անցնում: Ամենեւին: Պարզապես ես հիմա վարվում եմ այն ծնողների պես, ովքեր իրենց արատավոր զավակին շատ ավելի են սիրում առողջներից, որովհետեւ խղճի խայթ են զգում, գիտեն` առանց փաղաքշանքի, գուրգուրանքի էլ առողջը հասակ կնետի, ավելին` կստվերի մյուսին, կխլի խեղվածի բաժին սերը, ու նա` ճակատագրով դատապարտված, բնությամբ անկատարը միշտ իրեն անկատար կզգա, կզգա լքված, մոռացված: Թող նա նույնպես ապրի, արեւի տակ ջերմանա, որովհետեւ, որքան էլ կիսակատար, իրենն է, ինքն է, իր շարունակությունը:
Մոռացած ամեն ինչ, մենք մեր ֆիզիկական ու հոգեւոր ուժերը չե՞նք կենտրոնացնում` բուժելու մարմնի այն մասը, որը հիվանդ է: Ու նա չի՞ դառնում ամենակարեւորը, ամենասիրելին: Սիրտ,- ասում ենք,- արյուն մղիր, որպեսզի ախտահարվածն իրեն վատ չզգա, ուժասպառ չլինի: Թոք, թթվածին տուր, դու` ստամոքս` կոպիտ ու անտաշ, սնունդ հասցրու, մյուսներդ, բոլորդ... զրկեք, չարչրկեք ձեզ, որովհետեւ նույնն է սպասում ամենքիդ, թե միասնական չլինեք, կհանգչի կրակն ու մոռացության մոխրով կպատվի ողջը, թե արհամարհեցիք թույլին:
... Հարյուր հիսուն հազարանոց քաղաքի աչքի առաջ օրը ցերեկով ինքնաթիռը դուրս է պրծել ամպերից ու թեւով զարկվել մոտակա լեռանը: Առժամանակ երկաթե թռչունը շարունակել է թպրտալ օդում, ու պոկված թեւի բացվածքից սկսել են ներքեւ թափվել ուղեւորները: Հետո օդանավաը կորցրել է կառավարումը, սոսկալի բարձրությունից ընկել կիրճը: Քաղաքն շտապել է աղետի վայրը, եւ մարդիկ գետի ջրերից, գլաքարերի արանքից, ծառերի կատարներից ու թփուտներից ժողվել են ինքնաթիռի կտորտանքները, զոհվածների մարմինները: Սրտաճմլիկ ու զարհուրելի է եղել ամբողջը, բայց մի տեսարան հիմնովին ցնցել է բոլորին: Մացառների մեջ նրանք տեսել են մեջքի վրա տափակված-ջախջախված տղամարդու` գրկին երկու-երեքամյա երեխա: Հոր մարմինը կեսից չի եղել, բայց նա, ասում են, բազուկներով այնքան պինդ էր գրկել զավակին, որ դժվարացել են անջատել մարմինները: Երեխայի դեմքին, ականատեսների պատմելով, հարվածի ոչ մի հետք չեն նկատել: Հետագայում դիահերձումը պարզել է, որ փոքրիկի սիրտը չի դիմացել գլխապտույտ անկմանը եւ կեսճամփին պայթել է: Հայտնի է դարձել նաեւ, որ նա ի ծնե երկու ոտքից կաղ է եղել, սապատավոր, որ հոր ու տղայի հետ ինքնաթիռում եղել են եւս երեքը նրանց ընտանիքից` կինը, երկրորդ տղան եւ աղջիկը:
Այդ ի՞նչ ուժ է ծնողին ստիպել ներքեւ գահավիժելիս գրկից բաց չթողնել զավակին, այդ ո՞ր զորության շնորհիվ է նա մեկուկես-երկու կիլոմետր շարունակ մեջքի վրա իջել, որպեսզի գետնին զարնվելիս հարվածն իր վրա առնի: Մինչդեռ գրկինն ընդամենը խեղանդամ երեխա է եղել:
Կարդում էի շատ, նույնիսկ` չափից ավելի: Գրեթե ոչ մի նոր կինոնկար, ներկայացում, ցուցահանդես, երեկո բաց չէի թողնում: Լցվում էի` միայն թե անկարգ, առանց որոշակի նպատակադրության: Հիմա եմ հասկանում, թե այդ օրերին որքան ավելորդություններ լցրի գլուխս: Դեռ ոչինչ, ի ծնե համբերություն չունենալով` բաց էի թողնում ոչինչ չասող երկխոսությունները, ձանձրալի նկարագրությունները` բնության, մարդկանց բնավորության գծերի, հագուստ-կապուստի, տան կայքի...
Լավն ու վատը մեծ մասամբ հոտառությամբ, բնազդով էի ջոկում: Ամենադժվարը (այսօր եւս) նկարչությունն է: Անճաշակ, վատ նկարի տակ եթե հայտնի մեկի ազգանունը գրեին, կհավատայի: Ինձ համար կարեւորը գունային լուծումներն էին: Կարող էի ոչինչ չհասկանալ կտավից, գլխի չընկնել, թե ինչ է կամենում ասել նկարիչը, բայց գույներն ազդեին վրաս, բարձրացնեին տրամադրությունս, հուզեին, կամ հակառակ` նյարդայնացնեին, անգամ նողկանքի զգացողություն առաջացնեին:
Երաժշտությունը մի շրջան դարձել էր անհրաժեշտություն: Այնքան էի զգում կարիքը, որ առաջին կուրսի վերջում երեսուն, թե երեսունհինգ ռուբլով հինգերորդ կուրսն ավարտած մի ուսանողից օգտագործած նվագարկիչ առա, ձայնապնակներ, հիմնականում` դասական: Միացնում էի ու կարդում: Չխանգարող բաներ են: Եղած-չեղածը, որքան հիշում եմ, վեց ձայնապնակ էր: Շատ լսելուց մի քանիսի վրա խազեր էին առաջացել: Երաժշտական լսողություն ամենեւին չունեի, բայց երբ սենյակում, հանրակացարանի միջանցքում ոչ ոք չէր մնում, դնում էի որեւէ երգապնակ ու փորձում ձայնակցել: Ֆիգարոյի արիայից մի քանի տող բավական տանելի էի վերարտադրում, այնքան լավ, որ այսօր էլ չեմ մոռացել: «Տղամարդիկ,- ասվում է այնտեղ,- բացեք ձեր աչքերը, այլեւս համբերելու ուժ չկա: Գիշեր ու զօր կանայք մեզ խաբում են, անվերջ խաբում են»:
Թատրոնից, ցերեկույթ-երեկույթներից շուտ հոգնեցի: Ավելորդ թատերայնության, անճաշակ ձեւավորումների պատճառով բեմում նույնիսկ ամենակատարյալ, կյանքային երկխոսությունը, գործողությունը հնչում էին կեղծ, ձանձիր: Դերասաններից շատերն ընդամենը խաղում էին: Իսկ մեծարանքի երեկոները, հո, բոլորն ասես նույն հիասթափեցուցիչ սցենարով էին խաղարկվում: Նման մի հանդիպում, սակայն, տպավորվել է ուղեղումս: Բեմում երեք շարքով նստել էին տիտղոսակիր գիտնականները, դասախոսները: Ներքեւում, դեմ դիմաց մենք էինք` ես ու Արմանը, ետեւում` վեց հարյուր տեղանոց դահլիճը: Սովորաբար իմ սիրած տեղը վերջն է, բայց այդ անգամ ուշացել էինք, ու Արմանն առաջարկեց առաջին շարքում նստել, որը հյուրերի, լրագրողների համար էր: Մեր տեղը չէր, սակայն նստեցինք, ու հանող չեղավ:
Այդ օրն ինձ համար մեկ անգամ եւս պարզեցի, որ կյանքում ուրիշի տեղն ու աթոռն զբաղեցնելն այնքան էլ դժվար բան չէ, եթե համարձակ ես ու նախահարձակ, կամ թե` ձեռքիցդ բռնող ունես, որը դռների մոտ խռնված հարյուրավոր եռանդուն պատանիների ու աղջիկների, շարքային դասախոսների միջով քեզ անցկացնում, բերում է բեմի առաջամաս եւ ասում` այս տեղը քոնն է, քեզ համար է պահված, ընկողմանիր, որքան քեֆդ ուզում է, որքան կտեւի թատերախաղը: Հերիք է բազմեցիր. մեծանում ես, լցվում, դառնում աթոռի շարունակությունը, անբաժան մասը, ու կողքից նայողներից քչերի մտքով է անցնում, որ դա քո տեղը չէ: Ամենեւին քո տեղը չէ:
Ուրեմն, առոք-փառոք նստել էինք, եւ ես հնարավորություն ունեի մոտիկից ուսումնասիրել բեմում նստածների դեմքերը, պահվածքը: Հեռուստատեսությունից նկարելու էին եկել: Լուսարձակները մեկ դահլիճին էին պահում, մեկ` բեմին, մեկ` զեկուցողին: Կինոխցիկը որ կողմն ուղղվում էր, մարդիկ այնտեղ լարվում էին, ձգվում, անբնական դիրքեր ընդունում, ես ու Արմանը` նույնպես: Հիշում եմ, բեմի երկրորդ շարքում նստածներից մեկը դադարի պահերին շարունակ մի ձեռքը ճակատին էր հենում` իբր խոհերի մեջ է, մյուսով քչփորում էր քիթը: Չգիտեմ, ուրիշ մեկը դահլիճից նկատե՞ց, բայց ես ու Արմանը շարունակ նրան էինք հետեւում, ինչպես հակահետախուզության գործակալները` դետեկտիվ կինոնկարներում:
- Ճայ, ճայ, լսո՞ւմ ես, օբյեկտը գործի դրեց շերեփը,- ականջիս շշնջում էր Արմանը:
- Շարունակիր հետեւել,- նույնպես շշուկով կարգադրում էի ես:
Քիչ անց Արծիվը վերստին միանում էր կենտրոնին, երբ բեմում նստածի ձեռքն իջնում էր աթոռի տակ` ազատվելու եղունգով կառանած չորուկից:
- Օբյեկտը դատարկում է հանքաքարը:
- Չխանգարել,- հրամայում էի ես:
Այդ միջոցին լուսարձակներն ուղղվում էին բեմին, ու դարձյալ էր հնչում Արծվի տագնապալի ձայնը.
- Ճայ, ճայ, օբյեկտը պատրաստվում է կերպարանափոխության, ապա նորից` այս անգամ գրեթե այլայլված: - Օբյեկտը համապատասխան դիրք ընտրեց: Նա այլեւս նույն անձնավորությունը չէ: Ճայ, ճայ, ճայ... ես կարծես կորցնում եմ նրան: Անհասկանալի է, մարդ քանի՞ դեմք կարող է ունենալ:
- Անձնական հարցերը` մի կողմ: Փիլիսոփայությունը պարապ օրվա գործ է: Աշխատիր գտնել նրան: Օգնական ուժեր եմ ուղարկում:
Հաջորդում էր պատասխանը` արդեն հանգիստ.
- Նկարահանումն ավարտվեց: Օբյեկտը կրկին գործի դրեց շերեփը:
- Հիանալի է: Շարունակիր զգոն լինել: Իսկ քո հարցին ահա թե ինչ կպատասխանեմ. բնական վիճակում մարդն ունի մեկ դեմք, սակայն հանգամանքներն ու միջավայրը, հասարակությունն ու հասարակարգը հաճախ նրան պարտադրում են այլ կերպարանք: Ստիպողաբար դիմազրկվածներին պետք է վերապահումով դատել, որովհետեւ բոլորն էլ, թեկուզեւ կարճատեւ պահ, ընդվզել են, բայց պայքարը շարունակելու համբերություն ու ուսնկից չունենալով, բարոյալքված ետ են կանգնել, հաշտվել ճակատագրի հետ: Պախարակելին կամավոր այլակերպությունն է, եթե այն, իհարկե, վեհ նպատակներ չի հետապնդում կամ` ֆիզիկական արատը, պակասավորությունը քողարկելու թելադրանքով չէ: Իսկ ընդհանրապես` շատ հանդուգն, շատ առաքինի, մեծ եւ կամ խելագար պետք է լինել` մարդկանց անդիմակ ներկայանալու համար: Ու, եթե չքարկոծվեցիր, ոտնատակ չգնացիր, հասարակությունն սկզբում թեկուզեւ դժկամորեն, բայց կընդունի քեզ, ապա եւ` կսիրի, կընդօրինակի:
***
Եղբայրներով գլուխ գլխի հազվադեպ էինք հավաքվում: Մեկ-երկուսին չգալու պատճառ միշտ լինում էր: Քաղաքն էլ իր հերթին` ամեն մեկիս առանձին ատամի տակ առած ծամծմում էր, մամլում, ու գնալով ուշ-ուշ տեսնվելը դառնում էր սովորական: Անցյալում` գեղջուկ տղա, «Ֆորսայթները» կարդալիս ապշել էի, թե էդ ինչպե՞ս է, որ արյունակիցներն ամիսներով, տարիներով միմյանց չեն տեսել, թեեւ ապրելիս են եղել նույն քաղաքում, իրարից երկու քայլ հեռու:
Ես հորս խորհրդին հլու` Արայի, Գալեի հետ էի ընկերություն անում, ջանում կապը չկտրել: Հասակային տարբերությունը փոքր էր, ու հեշտ էինք իրար հասկանում: Երեք տարվա անհաջողությունից հետո վերջապես Արան էլ էր ընդունվել, ըստ որում` շատ պատահական: «Միայն ու միայն իրավաբանական...»- ասում էր: Մենք արդեն քչից-շատից հասկացել էինք, որ տարբեր մասնագիտություններով գնալը սխալ է, կյանքում մենակ կլինենք ու առաջին ճամփա բացողը, որ ավելի ճիշտ կլիներ մեծ եղբորս օրինակով բոլորս գյուղատնտես դառնայինք, թե չէ` մեկս ուսուցիչ էր, մյուսը` բժիշկ, էն մեկելը` ֆիզիկ, բանասեր... Հիմա էլ Արան. ժառանգական չորկողությունը բռնել էր` իրավաբանական:
- Իրավաբանական ընդունվում են լավ ապրելու համար, դու կկարողանա՞ս, կաշխատե՞ս,- ասում էինք:
- Չէ: Պիտի ընդունվեմ, որպեսզի հենց էդ վերցնողի ձեռքը բռնեմ,- հերսոտում էր:
- Մեղքը քո վիզը,- հենց գալիս էր ամառը, ճարահատյալ հաշտվում էինք:
Չէր կտրվում, բայց չէր էլ ընդունվում: Մեկ-երկու միավոր միշտ պակասում էր: Էդ տարի էլ էր դուրս մնացել, սակայն գործով ընկնելով` հա էսօր-էգուց էր գցում թղթերը ետ վերցնելու հարցը: Սեպտեմբերի թե հոկտեմբերի կեսերին փողոցում պատահաբար տեսնում է միասին քննություն հանձնած ծանոթին ու իմանում, որ լրացուցիչ ընդունելությունից հետո տասնվեց միավոր ունեցողներից երեքն անցել են: Նա մեզ պատմեց, մենք` մեծերին, նրանք էլ եղան համալսարանում, հետաքրքրվելով պարզեցին, որ իսկապես, թյուրիմացաբար թե միտումնավոր, նույնքան միավոր հավաքած հինգ դիմորդներից երկուսին, այդ թվում եւ եղբորս դուրս են թողել, երեքին` ընդունել: Արան բանակում եղել էր, շինարարությունում էր աշխատում, պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամի զավակ էր, հետեւաբար` չընդունելու ոչ մի հիմք չունեին:
Եղբայրներս դիմում գրեցին ռեկտորի անունով, ու դեկտեմբերի կողմերը նրան ընդունեցին իրավաբանականի հեռակա առաջին կուրս: Առաջ ընկնելով ասեմ, որ սովորեց, ավարտեց գերազանցության դիպլոմով, էն էլ առանց կաշառքի, ծանոթի, կուրսային աշխատանքներն ուրիշին գրել տալու (հազվադեպ երեւույթ հեռակա բաժինների համար), բայց այդպես էլ մասնագիտությամբ աշխատանք չգտավ, թեեւ նախարարությունում խոստացել էին տեղավորել ու հա խաբում էին, տանում-բերում, էնքան, մինչեւ զզվեց, ձեռ քաշեց աշխարհի հարցերը տալով-առնելով լուծողների հետ օրենքի անունից խոսելու մտքից:
Իսկ պատմությանս տարիներին շինարարությունում կռունկավար էր: Դասերից հետո մեկ-մեկ, երբ գրադարանից հոգնում էի, գնում էի մոտը: Ես ներքեւից գոռում էի, նա չէր լսում, ինքը վերեւից նշան էր անում, չէի հասկանում: Վերջը անջատում էր, իջնում ցած:
- Ձերքով եմ անում, որ վերեւ գաս, չես հասկանո՞ւմ,- ժպտալով մոտենում էր:
- Ասում եմ` անջատիր նոր,- արդարանում էի ես:
- Վերջ տուր, այ տղա. ի՞նչ կա վախենալու: Արի,- ու առանց ետ նայելու մագլցում էր վերեւ, ինչպես նավաստին` առագաստապարաններով:
Ես վախվխելով հետեւում էի: Երկաթաձողերը հարյուր տեղ հատվում էին իրար, ու գլուխս ամեն վայրկյան դես-դեն էի թեքում, որ չխփեմ: Շորերիս կեղտոտվելուց էի վախենում, կեսճամփին ուժասպառ լինելուց: Բանվորական ձեռնոցներին չէի վստահում. ուզում էի անպայման մաշկով զգալ մետաղը: Թաթմանի դեպքում վախենում էի մատներս պլստան հանկարծ ու ընկնեմ, ջարդուխուրդ լինեմ: Բայց թե` մետաղյա աստիճաններն ամռանը վառում էին, ձմռանը կպչում, պլոկում մաշկս: Էդ բոլորից, իհարկե, եղբայրս տեղյակ չէր: Ամաչում էի ասել: Նա մասամբ գլխի էր, որովհետեւ տեսնում էի` վերեւից թեեւ ծիծաղելով, այնուամենայնիվ ամեն քայլիս հետ մտովի ձգվել-ելնելով է ցուցումներ տալիս: Շունչս ընկնում էր տեղը միայն վերեւում` խցիկում, ուր սովորաբար զով էր: Ապակիները Արան հանած էր լինում, եւ քամին խաղում էր, շրջում գրքի էջերը, որ նա կարդալու համար էր հետը վերեւ տանում: Մինչ կտուրից կտուր, փողոցից փողոց ցատկելով հայացքս կտրում-անցնում էր քաղաքը լայնքով-երկայնքով, ես սարսափած բռնում էի երկաթաձողերից:
- Նազարի մեկը, ոնց ծնվել էիր, ընենց էլ մնացիր,- մի քիչ հիասթափված, որ այդքան վախկոտ եմ, մի քիչ ներողամիտ, որ ինչ էլ լինի իր եղբայրն եմ, նեղսրտում էր Արան:
Ձայն չէի հանում, որովհետեւ նրա ասածն էր ճիշտ: Բարձրությունից սոսկալի վախենում էի, գլխապտույտ զգում: Մեր եկեղեցիներն ու վանքերից շատերը չեմ տեսել զուտ վախի պատճառով` ամեն մեկը մի քարափի գլխի, երկրի թաքուն ծալքերում: Հիշում եմ, Տաթեւ էինք գնում: Անձրեւ էր, մառախուղ, գետը ներքեւում` պղտոր, ճանապարհը` լպրծուն, այնքան նեղ, որ հերիք է դեմից մեքենա գար - անցնելու տեղ չէր լինի: Վախից սպիտակել էի, մտովի արդեն հազար անգամ տեսել մեր ավտոբուսը` քարերին զարկվելով կիրճի հատակը գլորվելիս:
Իջնում ու իջնում էինք, ոլորանին վերջ չկար, ճանապարհին վերջ չկար, ձորին վերջ չկար: Մյուսները պատուհաններին ծեփվել, վայելում էին կիրճի զարհուրելի գեղեցկությունը, իսկ ես գունատ` դեսուդեն էի գլորում դատարկ շիշը, որ շարունակ գալիս, ընկնում էր ոտքիս տակ: Ականջումս դողերի շփշփոցն էր, արգելակների ճռինչը, որոնց վստահված էր իմ ու մյուսների կյանքը: Հետո լավ էր` վարորդը զայրացավ նրանց վրա, ասաց, որ չի կարելի ավտոբուսի կիրճահայաց կողմում շատ հավաքվել, որովհետեւ ծանրության կենտրոնը կխախտվի: Եթե չամաչեի, կխնդրեի կանգնեցնել մեքենան. կիջնեի, ոտքով կգնայի - թե բնության հզոր շունչը կառնեի եւ թե սրբապիղծի պես չէի նեղսրտի մեր նախնիներից` համալսարանը խորխորատում, վանքը կիրճի պռնկին կառուցելու համար:
Չգիտեմ ինչու, ներքին համոզմունք ունեմ, որ կմեռնեմ քնած ժամանակ, անսպասելի: Նման ցնցումներից հետո սիրտս երկար չի հանդարտվում, իսկ երբ տարիքս առնեմ, կդիմանա՞, մի օր չի՞ պայթի: Պատահել է` օդում սիրուն, թեթեւ լողում եմ, ինչպես ծովում, երբ ջուրը շատ է խաղաղ, շատ է մաքուր, բայց անսպասելի մի բան կաշկանդել է, աքցանել ոտք ու ձեռքս եւ բարձունքից` զարկված թռչունի պես ընկել եմ: Երկու-երեք օրը մեկ, պատահել է մի գիշերում չորս-հինգ անգամ այդպես խփվել ու ընկել եմ: Հետագայում երազները մեկնաբանող հոդվածներ, մենագրություններ եմ կարդացել (ձեռքս ընկած), բայց ամենահավաստին թվացել է Ջեկ Լոնդոնի բացատրությունը` «Ադամից առաջ» զարմանահրաշ գրքում:
Եղբայրներիս պատմելով` փոքր տարիքում եւս երկչոտ եմ եղել: Առուն թռչել-անցնելուց եմ վախեցել, աքլորից, սարդից, խավարից` մանավանդ: Նրանց ասելով` ամբողջն սկսվել է նրանից, երբ երկու թե երեք տարեկանում խաղալիս ընկել եմ թոնիրը: Իրիկուն է եղել` ցուրտ, բքառատ: Քամին ետ է տվել վառարանի ծուխը, լցրել սենյակները: Մերոնք ստիպված անկողինները քարշ են տվել թոնրատուն ու բոլորակն փռել: Երեխաներն ուրախությունից գզվռտվել են, հեքիաթ, անեկդոտ պատմել: Ես հազիվ քայլելիս եմ եղել: Թմբլիկ երեխա, սիրուն, վերջինը լինելու պատճառով` երես տված: Ուսուցիչ եղբայրս` Պարույրը, գլուխը մտցրել է վերմակի տակ, գռմռացել: Ես ուրախությունից ճչալով` Սասնա Մհերի պես վրա եմ տվել առյուծին, որպեսզի երկու կես անեմ: Մեկ խեղդելուց, տասը խեղդելուց հետո ետ-ետ եմ գնացել, որ նորից վրա պրծնեմ, բայց կեսճամփին ոտքս սայթաքել է, ընկել եմ թոնիրը, եւ հրճվանքի ճիչը փոխվել է սարսափի: Այրուքի ցավը մեղմելու համար նրանք նստուկիս փամփլիկ թշերին ձեթ են քսել, ապա` թանաք, սակայն ձայնս ողջ գիշեր քամու, գոմի տանիքը քանդել փորձող գայլերի ոռնոցին ու մարագում ապաստանած Չալո շան կաղկանձին հավասար լսվել է:
Վախն այդպես է մտել մարմինս, եթե... արյամբ չեմ ժառանգել` նախնիներիցս, որոնք թուրք ու թաթարի, արաբ ու պարսիկի, հույնի, հռոմեացու, մոնղոլի եւ էլի հազար ու մի գել ու գազանի հետ շատ կռիվ տալուց հոգնած դադար են տվել, իսկ նրանք` անքանակ, արնախում, վայրագ, ճոճել են թրերն ու սրածել արուներին` կանանց, արգանդում նոր-նոր սաղմնավորվող զավակների աչքի առաջ, որպեսզի մայրերի երկյուղը հետո փոխանցվի մյուս ծնվողներին: Ու էլ դուրս չգա:
Վերեւից շինհրապարակը, շաղախ բարձած մեքենաները, ցանկապատից այն կողմ` փողոցը անբնական էին երեւում: Մարդիկ շատ էին կառչած հողին, ասես կիսով չափ գետնի մեջ խրված մեխեր լինեին, որը ծռված, որն ուղիղ: Բանվորները` ճապաղած, գցում էին կեռիկները, ձեռքով, գլխով նշան անում, իսկ երբ մետաղյա ճոպանները ձգվում էին, ու բեռը կտրվում էր հողից, փոշու վրա ոտնահետքեր թողնելով` ուղղություն էին վերցնում շարժատնակի կողմը` պատսպարվելու տապից: Նրանք սովորաբար սափրված չէին լինում, քայլում էին թույլ-թույլ, եւ հագուստը թափվում էր վրաներից: Բիբերը` լայն, արյունած, որ գաջի, ցեմենտի, ավազի հետ հաճախ գործ ունենալուց էր, դեմքերը` հողմահար, վզի մաշկը` կնճռոտ, մազերն արեւի տակ երկար մնալուց` շեկին տվող, առանց բնական փայլի, եթե լինում էր էլ, ապա` կեղտից:
Ամեն անգամ նրանց տեսնելիս խղճի խայթ էի զգում եւ մեղավոր, որ իմ ներկայությամբ, սպիտակ վերնաշապկով, փողկապով, վրաս կիպ նստող շալվարով հիշեցնում եմ մեկ այլ կյանք: Նրանք նույնը մտածո՞ւմ էին իրենց մասին: Երեւի` չէ, որովհետեւ ամեն մարդ իր հայելին, դիտակն ունի, որը հաճախ իրերն ու երեւույթները բեկված է ցույց տալիս: Իրականում գործավորներն ինձնից եւ շատ էին վաստակում, եւ գոհ էին այն վիճակից, որում գտնվում էին, մեծ սպասելիքներ չունեին ու օդային ամրոց չէին կառուցում: Շատ անգամ եղբորս հետները համեմատելով տեսել էի, որ նա ուրիշ երամի թռչուն է, որովհետեւ «Վեսլի Ջեկսոն» էր հանում խցիկ եւ միշտ ածիլած դեմք ուներ, թեեւ այն էլ ասեմ` իրեն բանվորներից հեռու չէր պահում ու շատ էր սիրված:
Տեսնելու բան էր, թե այդ նույն անթրաշ, հոգնած դեմքով մարդիկ ինչպես էին պաշարել հիվանդանոցը, հայացքներում ինչ անհանգստություն, լարում կար, երբ եղբորս կյանքը վտանգի տակ էր: Դեպքը պատահեց աշնանը, աշխատանքի ժամին: Ընդմիջումից հետո Արան ամեն օրվա պես հանում է կռունկի խարիսխները եւ մագլցում վերեւ: Կաբելն ինչ-որ տեղ բացվածք է ունենում, որովհետեւ, երբ նա սեղմում է շարժիչն ընթացքի գցող կոճակը, մետաղյա ամբողջ աշտարակը հոսանքահարվում է: Սոսկալի, հզոր մի ուժ ցնցում է եղբորս, բայց նա հասցնում է ձայնել` անմարդկային, մահվան սարսափի ճիչով: Պատահականության, թե ճակատագրի բերումով բանվորներից մեկն այդ պահին ծխելիս է լինում: Վայրկենաբար գլխի ընկնելով ինչն ինչոց է, նա ձեռքը գցում եւ անջատում է հոսանքը: Եղբորս մեծագույն դժվարությամբ, քանի որ ձեռքերն արդեն գոսացած են եղել, լեզուն կուլ գնացած, գիտակցությունը կորցրած, իջեցնում են ու հասցնում հիվանդանոց:
Հեշտ պրծավ, հաստատապես մահից պրծավ, որովհետեւ (բժիշկների ասելով), եթե հոսանքահարությունը եւս կես րոպե ձգվեր, մարմինը կածխանար: Աշխղեկն ու շինվարչության պետը, անվտանգության գծով ինժեները շատ էին վախեցած. մի քանի օր շարունակ գնում-գալիս էին, մեծերի` Պարույրի, Մերուժանի, Խորենի հետ բանակցում, փող առաջարկում, որ չբողոքենք: Ահագին գումար էր, մեր եղբորը կարգին օգնություն կլիներ, երեւի կարողանար անգամ չորս պատ գնել, բայց մտքներովս նման բան չէր անցնում, չնայած կողքից խորհուրդ տվողներ կային: Վիրավորական էր նույնիսկ դրա մասին մտածելը, սակայն եղբայրներս այդ մարդկանց ամենեւին չանպատվեցին, առավել եւս` չվախեցրին, պարզապես ասացին, որ կարող են հանգիստ մնալ, որ իրենք ոչ մի ընտանիք չեն ուզում քանդել, մտադիր չեն ոչ մի երեխայի իրենց հոր ետեւից լացով թողնել: Ես չէի զարմանում մեծերի բռնած դիրքից, որովհետեւ ինքս էլ նույն կերպ էի մտածում, չարությամբ չէի տրամադրված վախից սքլուն, երբեմնի ինքնավստահությունը կորցրած այդ բավական կուշտուկուռ մարդկանց հանդեպ: Պատահար է,- խորհում էի,- փորձանք, որից ոչ մեկս ապահովագրված չէ եւ հետո` ասենք թե նրանք մեղավոր են ու պատժվեցին, որեւէ բան կփոխվի՞, աշխարհը կսիրունանա՞: Եթե եղբայրս մեռնելու էր, պիտի մեռներ` անկախ այդ ամենից:
Երրորդ թե չորրորդ օրը Արայի մատները բացվեցին, լեզուն ետ եկավ, այրվածքներն անցան, ու նա դուրս գրվեց: Քրոջս, եղբայրներիցս երկուսի հետ կոնյակ, շոկոլադ առած գնացինք հոսանքն անջատող գործընկերոջը շնորհակալություն հայտնելու: Պարզսիրտ, իսկական մարդ էր, նույնը` կինը, երեխաները: Սեղան բացեցին, եկան հարեւանները, քեֆ-ուրախությունը ձգվեց մինչեւ կեսգիշեր, ու մեկ անգամ եւս համոզվեցի, որ մեր աշխարհը նրանց շնորհիվ է կանգուն, եւ եթե կա մեկը, որ դեռ բան պիտի սովորի, ես եմ, եւ այն մեկը, ում աշակերտելու եմ, նա է, նրանք են:
***
Երկրորդ կուրսի վերջում լքեցի հանրակացարանը: Արան, ինչպես ասացի, ընդունվել էր, Գալեն փոխադրվել հինգերորդ կուրս, ու մենք որոշեցինք տուն վարձել: Ամառ էր, շոգ, տարեվերջյան քննությունները հանձնել էինք եւ ի՞նչն էր շատ` ազատ ժամանակը: Ես ու Գալեն լեզուներս դուրս գցած վերուվար էինք անում քաղաքի փողոցներում, բակերում, իբր, վարձով տուն ենք փնտրում: Մարդաշատ, բանուկ փողոցներում հեշտ էր, որովհետեւ մեզ ուշադրություն դարձնող չկար, մենք էլ ոչ մեկի չէինք դիմում: Պաղպաղակ էինք վայելում ու ժամանակ շահելու համար ման գալիս:
Հերթ էինք սահմանել` մեկ ես էի հարցնելու, մեկ` Գալեն: Թե ջահել տղաներ էին հանդիպում, լավ հագնված կին, աղջիկ, անցնում-գնում էինք, որպես թե` կարեւոր գործ ունենք: Եթե բախտներս բերեր ու դեմներս տնային տնտեսուհի, թոշակառու դուրս գար, մոտենում էինք.
- Ներողություն, ձեր շենքում վարձով տուն տվող չկա՞:
Պատասխանները տարբեր էին լինում: Մարդ կար` չոր «չգիտեմ» էր ասում, սրտացավները, մեր վիճակում ինչ-որ ժամանակ գտնվածները, նախքան «չէ-ն» երկար-բարակ հարցուփորձում էին` ովքեր ենք, որ գյուղից, ինչքան ժամանակով ենք վարձում, քանի հոգով ենք մնալու, ինչ ենք տալու... Ուրիշի խոհանոցին ծանոթանալու համար չկա հա՞րց:
Սկզբնական շրջանում սիրահոժար պատասխանում էինք, աշխատում գոհացնել, կարծելով` հարցերի ետեւում միայն հետաքրքրասիրություն չի թաքնված: Այդ օրերին ինչ կարգի մարդ ասես չտեսանք: Վարձով սենյակ տվողներ, իհարկե, կային, բայց ոչ սրտներիս ուզածը: Մեզ առանձին բնակարան էր անհրաժեշտ` հեռախոսով, ջեռուցմամբ, մնացած հարմարություններով, իսկ իրենք պատշգամբ էին առաջարկում, լավագույն դեպքում սենյակներից մեկը` համատեղ ապրելու պայմանով, որը ձեռնտու չէր, որովհետեւ գիշերները ուշ տուն գալ կար, իրարից թաքուն աղջիկ-բան բերելը եւս մտքներումս ունեինք: Ամառն էլ նոր էր սկսվել. թե մենք մեզնով լինեինք, կարելի էր նաեւ, կիսամերկ ման գալ - իրարից ի՞նչ ունեինք, թաքցնելու ամաչելու: Վերջը` մեր բույնն էինք ուզում, որ` ում կամենանք, հրավիրենք, ինչ ցանկանանք, անենք: Ապրելն էլ մարդավայել պիտի լիներ, քաղաքաբնակի կյանքով` առանց եփել-թափելու, վառարանի, դրսի արտաքնոցի, որի դեպքում շատ հաճախ գարշահոտությունից կերածդ ավելի շուտ բերանովդ է ուզում գալ, ոտքերդ փետանում են ու չես կարողանում տեղդ տիտիկ անել:
Ուրեմն, առաջին օրերին բնակելի բարձրահարկ շենքերի վրա էինք հույսներս դրել, էն էլ` կենտրոնի: Մտածում էինք` շատ-շատ, ամիսը հիսուն-վաթսուն ռուբլու հաշիվ լինի (այն ժամանակ բնակարանները հիմիկվա գինը չունեին): Բայց թե` կենտրոնից հույսներս շուտ կտրեցինք, որովհետեւ հետներս ավելի հաճախ դռան ետեւից էին խոսում, կամ` ճեղք արած: Փողոցի շոգից մեզ գցում էինք քարակոփ շենքերի զով մուտքերն ու հոգեբանորեն նախապատրաստվելու համար մի-մի հատ ծխում: Դրսի աղմուկից հետո լռությունը եւ հաճելի էր, եւ ճնշող: Օտարի դռանը կանգնած շան զգացողություն ունեինք: Վերեւի հարկերում մերթ ընդ մերթ դռներ էին բացվում-խփվում, թրխկոց էր լսվում, ծորակից թափվող ջրի խշշյուն, երեխայի լացի ձայն, ապա` դարձյալ լռություն:
- Խորոված ծիծակի հոտ առնո՞ւմ ես,- շշուկով հարցնում էր Գալեն:
- Բարձր ասա, հո գողություն չե՞նք անում,- անհարկի դիտողություն էի անում ես, որ ավելի շուտ ինձ էր ուղղված:
Սկսում էինք առաջին հարկից: Ամեն դուռ չէ, որ զարկում էինք: Կաղնեփայտե, երկաթյա, պլաստիկատից, երկարուկ դռները` կրկնակի, եռակի փականքով, անտես փշեր ունեին եւ լիության, ճոխ կյանքի, ապահով հետոյի մասին էին խոսում: Պակասում էր ցուցանակը` «Ձեռք չտալ, մահացու է»: Ընտրում էինք համեմատաբար համեստ, նախնական տեսքը փոքրիշատե պահպանած դռները: Դիտմամբ աստիճաններին դոփելով, իբր պետքներս չէ, մոտենում էինք եւ` զը~նգ: Ղողանջը ելեւէջում էր սենյակով մեկ` միջանցքից հասնում խոհանոց, ուր շուկայից գնած պես-պես մրգերն էին` ջոկ-ջոկ, լվացված, ջուրը վրան, յուղալի ճաշը` ջեռոցին, գարեջուրը, օղին` սառնարանում: Տանտիրուհին հողաթափերը քստքստացնելով մտնում է հյուրասենյակ` հարցը գլխում - ո՞վ է անպատեհ ժամին զանգահարողը: Գողերը, տուն թալանողները վերջին շրջանում շատացել են: Ամենեւին ահ չունեն: Օրը ցերեկով գալիս են, դուռը բախում, թե` լույսի մարդն եմ, ջրմուղինը, ի՞նչ իմանա: Միամիտ-միամիտ բացում են, իսկ դրանք` թրըխկ, մի ծանր բանով տալիս են գլխին, ձեռուոտը կապում, փալասից-բանից ճխտում բերանն ու սկսում իրենց գործը: Ասում են` դեմքերին կապրոնից գուլպա են քաշում, որ չճանաչեն: Քանի~ դեպք է եղել: Ու պատահական էլ մարդիկ չեն, է՞ - բարեկամ, հարեւան: Գիտեն, թե որ ժամին տանը տղամարդ չի լինում: Գալիս են, հյուրի անվան տակ աչքները չորս արած նայում` ինչը որտեղ է, որպեսզի հետո ժամանակ չկորցնեն: Չես իմանում ոսկեղենն ուր դնես. քեզնից լավ գիտեն տեղը: Պատմում են` խորամանկ մեկն ահագին` մի բուռ մատանի, վզնոց, ականջող, ինչ ունի` ադամանդից, բանից, տնից դուրս գալիս միշտ սեղանի ջնջոցի մեջ է թաքցրել: Գողերը մտել են, տակնուվրա արել պահարանները, գրքերը մեկ առ մեկ թերթել, վերմակները, անգամ բազմոցի երեսը պատռել, բայց մտքներով չի անցել փալասի տակ նայեն: Դիտմամբ էլ, ասում են, էդ կնիկը շորն էնքան կեղտոտ է պահել` որ զզվեն, ձեռք չտան: Վերջում, թե ինչքանով է ճիշտ, գողերը տեսել են, որ հաշիվները սխալ դուրս եկավ, առել են դանակն ու ամբողջ կահույքը փչացրել: Բայց թե հիմիկվա գողերին դրանով չես խաբի, քթները մինչեւ իսկ աղբի դույլն են կոխում: Կեղտոտները: Շատ ժամանակ, ասում են, թաղայինի մատն էլ է խառը լինում: Գիտեն, չէ՞, ով ինչ գործի է, երբ է գնում, երբ գալիս: Տեղն ասում են, իրենք մի կողմ քաշվում: Պարզ է` հետո մեջները կիսում են: Էս ինչ դարի հասանք: Մա՞րդ էլ ունեցածը վախենա ցույց տա, տեղ գնալիս չկախի վզով...
Տանտիրուհին թավշյա բազմոցին ընկողմանած այդպես մտածում էր, իսկ ես ու Գալեն նորից էինք մատներս զանգին մոտեցնում` զը~նգ: Ներսում եղողը ցնցվում էր, նայում դռանը, պատշգամբին` հանկարծ կողքի բնակարանից, լուսամուտից չմտնե՞ն:
Դարձյալ լռություն էր իջնում, լսելի դառնում ժամացույցի թիկ-թակը` դաշնամուրի գլխին, բարձրախոսի խռխռոցը` խոհանոցում:
Տիրուհին վերջապես ելնում էր, կատվի քայլերով մոտենում դռանը.
- Ո՞վ է:
- Մի րոպեով բացեք, եթե կարելի է:
- Ո՞վ ես:
- Ուսանող ենք:
Բանալին պտտվում էր անցքի մեջ ու դուռը ետ գնում: Շղթան գցված էր լինում, ասել է թե` չի վստահում:
- Ի՞նչ եք ուզում:
Պահվածքում զգուշավորություն, դեռեւս վախ կա:
- Վարձով տուն ենք փնտրում:
Դեմքը փոխվում էր, դառնում արհամարհական. ձայնում զայրույթ հայտնվում:
- Սխալ հասցեով եք եկել,- ասում էր, վրա բերում դուռը:
Մենք` եթե հասցնեինք, համարձակությունը հերիքեր, քաղաքավարության սահմաններում պահում, թույլ չէինք տալիս փակել:
- Ներողություն, իսկ շենքո՞ւմ - գուցե պատահաբար իմանաք:
- Ոչ,- ու քթներիս դեմ գոցում էր:
Փակ դռների, թանձր վարագույրների ետեւում ապրողների նկատմամբ ակնածանքը տարիների ընթացքում, իհարկե, մարեց, կարծիքը, թե նրանք այլ կենցաղով են ապրում, փոխվեց, որովհետեւ առիթներ եղան ու տեսա, որ այնտեղ եւս պատուհանից պատուհան ձգվող լվացքապարանին ներքնազգեստ, արեւերես ելնելու իրավունք չունեցող ամոթաշորեր են կախվում: Եվ եթե տարբերություն անգամ կար, ապա` ոչ նրանց օգտին:
Երկրորդ օրն էր: Հոգնել էինք, անընդհատ մերժվելուց` նյարդայնացել: Լիցքաթափվելու համար իրար հետ էինք կռվում, մեկ-մեկու մեղադրում` անճարակության, խոսել, գրավել չկարողանալու համար: Գալեն մեծի իրավունքով, մեծի ջղայնությամբ մի դուռ եւս զարկեց: Հետեւեց շան հաչոց, ճանկռտոց հիշեցնող աղմուկ` դռան ետեւում: Ուզում էինք ետ դառնալ, դուռը բացվեց, եւ շեմքին երեւաց երեսունհինգին մոտ բարետես մի կին: Կողքին ողորկ, կուպրի պես փայլուն մազերով ահարկու շունն էր, աչքերում` կրակ, մեծությունը` մի լավ հորթի չափ:
Մենք ակամա նահանջեցինք:
- Ո՞ւմ եք ուզում,- բավական սիրալիր, տրամադրող ձայնով հարցրեց կինը:
- Ոչինչ, ոչինչ: Կներեք...
- Վախեցա՞ք:ծցՍՈ ցւՏՊՌ ,- դարձավ նա շանը:
Մկանակույտը չհասկանալու տվեց:
- շ ՍՏՎց չՏՉՏՐ’,- նա գրեթե ուժով մի կողմ հրեց հսկա, մսոտ գլուխը:
- Վարձով տուն է պետք,- շփոթված ժպտաց Գալեն:
- Եղբայրնե՞ր եք:
- Ըհը,- միաժամանակ գլխով արեցինք:
Նա կկոծեց աչքերը: Չհասկացա` որոշո՞ւմ է կայացնում, թե՞ կարճատես է:
- Երկուսի՞դ համար է:
- Երեքիս:
- ...Մեկիդ կարող եմ,- ու հայացքն ինձնից անցավ Գալեին, նորից ինձ, հետո կանգ առավ նրա վրա, մնաց:
- Ախր...
Թույլ չտվեց շարունակել.
- Կարող եք բնակարանը տեսնել. միայն մեկդ: Դուք,- նա տեղ բացեց, որպեսզի Գալեն անցնի:
Եղբայրս ակամա ենթարկվեց:
-Ես կսպասեմ,- հասցրի ասել:
Կինը ետ արեց դուռը, սակայն փականքը չգցեց: Հենվեցի բազրիքին ու ժամանակ մեռցնելու համար ծխախոտ վառեցի: Սկզբում մտքովս վատ բան չէր անցնում, բայց հետո, երբ Գալեն ուշացավ, սկսեցի անհանգստանալ: Փորձեցի բանալու անցքից նայել - ոչինչ չէր երեւում, ականջս դեմ արի - անօգուտ: Չլինի՞... Միտքս եկան տեսածս կինոնկարները, կարդացածս գրքերը, մարդկանց պատմածները: Զոռ էի տվել երեւակայությանս ...Կինը Գալեին առաջնորդում է հյուրասենյակ, այնտեղից` ննջարան: «Սա քո սենյակն է լինելու,- ասում է, մատնացույց անում երկտեղանոց մահճակալը,- այստեղ կքնես»: Գալեն բերանը բացում է` առարկելու, բայց չի հասցնում, իսկ նա մոտենում է պատուհանին. «Տես, ինչ հրաշալի տեսարան է բացվում»: Գալեն առաջանում է, շղարշի ետեւից նայում փողոցին, դիմացի պուրակին: Լռությունը երկարում է, եւ նրանք երկուստեք լսում են իրենց սրտերի զարկերը: Հետո կինը նրբագեղ շարժումով գոցում է թավշյա կանաչ վարագույրները: «Գիշերը, որպեսզի փողոցի լույսերը չխանգարեն, այսպես կվարագուրենք սենյակը»: Կիսախավարում Գալեն ժպտացող աչքեր է տեսնում: «Քեզ դո՞ւր է գալիս իմ ննջարանը»,- շարունակում է կինը: Գալեն անորոշ ֆսֆսում է: «Իսկ ե՞ս»,- կինն արձակում է խալաթը պահող գոտին եւ հայացքը թաղում Գալեի աչքերի մեջ: «Անուշիկս»,- ասում է նա: Գալեն մղվում է առաջ: «Տարիներ շարունակ սպասել եմ, համոզված, որ կգաս, անպայման կգաս»: Կինը քթիկը քնքշորեն քսում է եղբորս քթին: Գալեն գրկում է նրան: Խալաթը սահում է ցած... «Մի շտապիր, թույլ տուր ես հանեմ քո շորերը»,- շշնջում է կինը: Գալեն հանձնվում է նուրբ ձեռքերի շոյանքին: Ողկույզ հիշեցնող գիրգ ստինքները մշուշի մեջ ճոճվում են, թպրտում, գնում-գալիս: «Այս գիշեր դու ինձ մոտ կմնաս: Վաղը, մյուս օրը նույնպես: Համաձա՞յն ես»: Գալեն գլխով է անում: «Ու այդպես ամեն օր: Ի՞նչ ունես կորցնելու»: «Տարոնը դրսում սպասում է»,- թույլ առարկում է Գալեն: «Ոչինչ, նա կհասկանա ինչն ինչոց է ու կգնա. տղամարդիկ նման բաները շուտ են ըմբռնում»:
Իսկ ես հեռանալու մտադրություն ամենեւին չունեի: Մտովի տեսնելով այդ ամենը` նախանձում էի Գալեին, չարանում, որ ընտրությունն ինձ վրա կանգ չառավ: Ապա վավաշոտ մտքերը հեռու էի վանում` անցնելով այլ տարբերակի: Իսկ եթե... նա մենակ չէ՞, եւ ուրիշ կանայք եւս կա՞ն: Բռնում են եղբորս, կապոտում եւ հերթով... Տեսնում էի Գալեի տառապանքից չռված, բներից դուրս թռչող աչքերը, ագուցված ձեռքերն ու այտուցված աճուկները...
Մի քանի անգամ ձեռքս տարա բռնակին, հետո անվճռական կանգ առա: Նա իրոք ուշանում էր, եւ ես չգիտեի ինչպես վարվել: Եթե առաջին տարբերակն էր ճշմարտանման, վատություն արած կլինեի երկուսին էլ, քար գցած` հաճույքի ջրհորը:
Ներսից շան հաչոց լսվեց` մեկ, երկու, ապա գռմռոցի պես բան, ու նորից` լռություն: Հաստատապես սկսեցի անհանգստանալ: Երկրորդ հորինվածքն ավելի մոտ էր ճշմարտությանը: Ի՞նչ իմանաս, գուցեեւ տղամարդիկ կան տանը, դրանց ետին մտքերն ինչպե՞ս գուշակես:
Միջանցքի անկյունում մրգի դատարկ արկղ կար` մեծերից, ամուր կողերով, պաշտպանության համար միանգամայն պիտանի: Մտքումս ունեի ուշանալու դեպքում բացել դուռը, եւ եթե շունը վրա տա, էլ ոչ դես, ոչ դեն` հագցնել գլուխը: Դրանից հետո ինչքան քեֆը տա, թող զարկվի պատերով. շուն չէ, վագր էլ լինի, չի կարողանա դուրս պրծնել, իսկ ես այդ ընթացքում կհասցնեմ ազատել Գալեին: Գրպանումս գոնե դանակից-բանից լիներ,- ափսոսանքով մտածում էի,- մեկ էլ տեսար: Չորս հազար տարում մոտներս դանակ պահել չսովորեցինք:
Պատմության անցքերը քննելու, մեր սխալներն ու կորուստները միլիոներորդ անգամ կշեռքին դնելու ժամանակ այս անգամ, սակայն, չեղավ, որովհետեւ դռան ետեւից ձայներ լսվեցին, ու քիչ հետո երեւաց Գալեն, ետեւից կինը` շան կաշեփոկից բռնած: Ես տեսա, որ եղբայրս կենդանու ահից գրեթե օդով է քայլում` դմակը, ուսերը վեր քաշած:
- Ցտեսություն, Գալուստ,- անունը հստակ շեշտեց կինը:
- Ցտեսություն,- ամեն տեղ, բայց ոչ նրա աչքերին նայելով պատասխանեց Գալեն:
- Ինչո՞ւ ուշացար,- երբ ետեւում դուռը փակվեց, հարձակվեցի ես:
- Սպասիր շենքից դուրս գանք,- դեռեւս կատարվածի տպավորության տակ, վախենալով, որ կինը կլսի` շշնջաց Գալեն:
Արդեն փողոցում նա գրպանից թղթի մի կտոր հանելով մանրամասն մանրատեց, ապա նետեց աղբամանը:
- Էդ ի՞նչ էր,- հարցրի:
- Հեռախոսի համարը:
- Ի՞ր,- գլխով շենքը ցույց տվեցի ես:
- Ըհը:
- Ինչո՞ւ պատռեցիր:
- Պետքս է՞ որ:
- Ի՞նքը տվեց,- նախանձեցի:
- Հա:
- Ո՞նց:
- Թղթի վրա գրեց, դրեց գրպանս:
- Իր ձեռքո՞վ:
- Հա, ի՞նչ ես կպել, է: Դրա մեջ ի՞նչ կա:
- Չես ուզում, մի պատմիր,- նեղացա ես:
Գալեն թեքվելով մտավ այգի:
- Ո՞ւր: Էլ տուն չե՞նք փնտրելու:
- Չէ:
Ուսերս թոթվելով ծխախոտ հանեցի:
- Ինձ էլ տուր,- ձեռքը տուփին երկարեց Գալեն:
- Չեմ տա, պատմի՞ր...
- Ա~, դե բան չկա ասելու: Երեք սենյականոց բնակարան էր` ինքն ու շունը: «Մի մենյակը,- ասաց,- կարող եմ վարձով տալ»:
- Երեքի՞ս:
- «Երեքդ,- ասում էր,- շատ կլինեք: Ես աղմուկի սովոր չեմ»:
- Ու ինչքան էր ուզո՞ւմ:
- Վարձ չէր ուզում: «Էնքան որ տունը տղամարդ մտնի-ելնի: Էդ էլ հերիք է»,- ասաց:
- Համաձայնվեցի՞ր:
- Շունը չուզեց:
-Ո՞նց,- հարցրի, հետո ուշքի եկա: - Ձեռ ե՞ս առնում:
- Քո գործն է. չես ուզում, մի հավատա: Սենյակը ցույց տալուց հետո տարավ խոհանոց, սուրճ դրեց, միրգ: Ըսենց տանձեր էին,- Գալեն երեխայավարի ինչքան կարող էր, չռեց մատները: - «Ի՞նչ կխմես»,- հարցրեց: «Ոչ մի բան»,- ասացի: Չլսեց: Բարից կոնյակ հանեց` չբացած: Ուզում էր բաժակ էլ բերել, էդ պահին շունը կատաղած գլխով ետ տարավ խոհանոցի դուռն ու սկսեց գռմռալ, վրա քշել ինձ:
- Հետո՞:
- Հետո էն, որ ինձ թողած սկսեց շան հետ խոսել: «ծպ ւՏփպՔՖ, վպ վՈՊՏ»,- ասաց:
- Ռուսերե՞ն:
- Հա:
- Հասկանո՞ւմ էր:
- Լրիվ:
- Ու շան խոսքն անցա՞վ:
- Պատկերացրու` հա: Ոնց որ դրա մարդը լիներ:
Գալեն անմեղ ասաց, բայց հետո ետ դարձավ ու կառչեց մտքից.
- Այդպես էլ կար:
- Այսինքն...
- Կատակը մի կողմ: Վերջում համարը որ տվեց, բա թե` «Դու ինձ հետո զանգիր, հնարավոր է, հանուն քեզ շնից հրաժարվեմ»:
- Անո՞ւնն ինչ էր:
- Շա՞ն:
- Դրա:
- Ինչ իմանամ... զզվանքը... Հաստատ բան եմ ասում, խանդում էր:
- Ուսերին, ծնկների մոտ վերք - բան չկա՞ր,- հարցրի:
- Կարծես ուշք ու միտքս էդ էր: Գոնե մի դեղձ վերցնեի,- ափսոսանք հայտնվեց Գալեի դեմքին:
Էդ էր ու էդ. հրաժարվեցինք կենտրոնում տուն վարձելու մտքից: Իսկ երբ ծայրամասային թաղամասերից մեկում մի բիձուկ իրենց շենքի նկուղային լքված կաթսայատունն առաջարկեց, ձեռք քաշելով նախնական մտադրությունից, որոշեցինք բախտներս մասնավոր տներում փորձել, մի բան, որ հեշտ լուծելի խնդիր էր: Մեր թափառումների օգուտն այն եղավ, որ քիչ թե շատ ճանաչեցինք քաղաքը, նրա մարդկանց, իմացանք, որ այն դրսից ձմերուկի պես շերտեր ունի, իսկ ներսից նույն միջուկն է, միայն թե հասունացման տարբեր փուլերում` կեղեւին մերձ մասում խակ, անհամ ու անգույն, կենտրոնում` քաղցր ու փուխր, շատ հասած լինելուց` տեղ-տեղ սմքած, գույնը` դեղնին զարկող, չօգտագործվելու դեպքում` ենթակա նեխման: Հունդերը միջակա, հիմնական ուտելի շերտում էին, որ կարմիր էր, առողջ ու հյութալի:
***
Ի վերջո մենք տուն վարձեցինք կենտրոնին նայող բարձրադիր թաղամասում, քրոջս հարեւանությամբ: Խաղաղ, ետ ընկած անկյուն էր` ծառաշատ, կիսագյուղ-կիսաքաղաք: Տունը եռահարկ էր, քարից, պինդ, հիմնավոր կառուցված` ձմռանը համեմատաբար տաք, ամռանը` զով: Մեզ տրամադրված սենյակները երկուսն էին: Վարձն էլ շատ չէր` հիսուն ռուբլի, մենակ թե հարմարություններն էին քիչ: Վառարանի մասին մենք պիտի հոգայինք, ջուրն ու զուգարանն էլ ընդհանուր էր: Սկզբում չէինք ուզում, բայց քույրս, որ ամուսնու, երեխաների հետ արդեն երկրորդ տարին նույն հարկի մյուս մենյակներն էր զբաղեցրել, համոզեց: «Էժան է` մեկ, ես ձեր կողքին կլինեմ, շորներդ կլվանամ, գոնե մեկ-մեկ տաք ճաշ կուտեք` երկու, տանտերերը լավ մարդիկ են` էս էլ երեք»,- ասաց: Համաձայնվեցինք, մանավանդ հոգնել էինք թափառելուց, ուրիշի դուռ զարկելուց, գտածներս էլ նույնը, եթե ոչ ավելի վատը պիտի լիներ:
Երրորդ օրվա իմ բավական հիմար արարքը պատճառ դարձավ, որպեսզի ծանոթանանք թե տանտերերի եւ թե մյուս կենվորների հետ: Թեեւ անցյալում շատ էինք եղել քրոջս տանը, մի քանիսին դեմքով գիտեինք, բայց ծանոթությունը գլխի շարժումից այն կողմ չէր անցել, էն էլ` եթե նրանց տանը հանդիպեինք: Քաղաքում, այլ տեղ հանդիպելիս չճանաչելու էինք տալիս, նրանք` եւս:
Նոր ընկեր էի գտել, իր ասելով` երաժիշտ: Ռեստորանում էր նվագել, երեկոյան սեանսներից առաջ` կինոթատրոններում, սակայն այդ օրերին անգործ էր: Ծանոթացել էինք գործիս տեղը: Ինչ-որ մեկի զանգով եկել էր գեղմասվարի տեղի համար: Մտադիր էր երիտասարդներից վոկալ-գործիքային նոր խումբ հիմնել: Ինստիտուտը ժամանակին այդպիսինն ունեցել էր: Գործիքներն ակումբում իմ աշխատանքի ընդունված օրվանից մնում էին: Կնքված վիճակում մեզ պահպանության հանձնված սենյակներից մեկն էլ դա էր: Վերջը` նրա այցը համընկել էր տնօրենի ընդմիջման ժամին ու արագ շփվող տղա լինելով` հասցրեց ծանոթանալ հետս: Գոքոր էր անունը: Հերթափոխը հանձնելուց հետո դուրս գալիս նորից տեսա: Գործն ստացվել էր, եւ նա առաջարկեց այդ առթիվ մի-մի թաս (իր բառն է) խմել: Ապա ես նրան հրավիրեցի մեր տուն: Կարգ ու կանոնը հարգող մարդու տեսանկյունով սխալ վարվեցի, որովհետեւ իրերը դեռ չէինք հասցրել դասավորել, հատակին թափված էին մնում գրքերի կապոցները, զանազան փալաս-փուլուս:
Արան Գոքորից թաքուն մատը թափ տալով` կարգի բերեց տունը, Գալեին ճամփեց խանութ` հացի, օղու, գարեջրի: Քույրս պոմիդորով ձվածեղ արեց, ծաղկակաղամբից թթու ուներ, բացեց, եւ բացօթյա պատշգամբում լավից-վատից սեղան սարքեցինք: Այդ ընթացքում փեսաս` Հրաչն էլ եկավ` չեղած տեղից ուրախություն անող: Կես ժամ անց բաժակների թվով անցել էր ինձանից ու Գոքորից, ձեռքն առել սեղանի կառավարումը: Տանտիրոջը` Եղիշին ձեն տվեց: Սա եկավ կնոջ` Էմմայի հետ, որն ամուսնուց տասնհինգ-քսան տարով ջահել էր, շարժուն: Տանտերն օրինավոր մարդ էր. կնոջը երկրորդ բաժակից հետո ճամփեց վերեւ` գինու ետեւից:
- Տնական կարմիր գինի է` մաքուր խաղողի: Հրես աշունը գա, կտեսնեք ինչ խաղող ունեմ:
Նրա հայացքն ընդգրկեց պատշգամբի լայնքով ձգվող թարմաները: Վազերի մի մասը ձգվել, հասել էին սյուներին, փաթաթվել նրանց, բարձրացել երրորդ հարկ: Կծիկ-կծիկ կախված կանաչ ողկույզների, արջաթաթ հիշեցնող տերեւներին մնում էին խաղողակերի դեմ սրսկված պղնձարջասպի կապտավուն հետքերը: Անցած աշնանը չդիմանալով գայթակղությանը` ձգվել, մի ողկույզ պոկել էի ու անլվա կերել: Այն ժամանակ, երբ քրոջս պատմեցի, խառնվեց իրար ու պարտադրեց մի շիշ մածուն խմել` վախենալով թունավորումից:
Քեֆի թունդ միջոցին Գոքորը խնդրեց ցույց տալ զուգարանի տեղը:
- Այ Տարոն, նոր-նոր սկսում ենք, դուք էս ո՞ւր,- կարծելով թե ընկերս գնում է, իսկ ես ճանապարհելու եմ ելել, լրջացավ փեսաս:
- Ետ ենք գալու,- թաքուն, որպեսզի մյուսները չտեսնեն, գլխով զուգարանի կողմը ցույց տվեցի:
- Շունը կապված է, չվախենաք,- մեր երթուղին գուշակեց տանտերը:
- Խմած մարդուն դրանք ձեռք չեն տալիս,- հանգստացրի ես:
Թե որտեղ էի կարդացել, ումից էի լսել, չգիտեմ: Հարյուր տոկոսով համոզված էի, որ այդպես է:
Զուգարան տանող ճանապարհն անցնում էր շնաբնի կողքով: Կենդանին ամուր շղթայված էր ծառին, բացի այդ` մեզ նրանից բաժանում էր ցանկորմը, բայց, միեւնույն է, սոսկալի վախենում էինք, որովհետեւ ամեն անցնել-դառնալիս գռմռում էր, ձգում կապը: Ես որ` շատ էի վախենում: Հետաքրքիրն այն է, որ ոչ բոլորի վրա էր հաչում: Արային, օրինակ, առաջին իսկ օրից ընդունեց, Գալեին` նայած ժամանակ, իսկ ինձ հետ մինչեւ վերջ աչքով աչք չուներ: Պատճառը գիտեի: Ինչպես ասել եմ արդեն, քույրս ու փեսաս մեկ տարուց ավելի նրանց տանն էին սենյակ վարձել: Հյուր եկած ժամանակ մի քանի անգամ սրտի տրոփյունով հաղթահարել էի «ականապատ» գոտին ու ետ եկել, բայց որպեսզի սիրտս հանգստացնեմ, պատշգամբի ապահով բարձունքից լեզու էի հանել դատապարտյալին (խոսքը շան մասին է), խակ շլորով խփել, ջուր ցանել վրան: Ինչ իմանայի, որ հետո մեր հանդիպումներն ամենօրյա են դառնալու, միմյանց ենք նայելու, նա` ատելությամբ վառվող աչքերով, ես` ներքեւում նապաստակի պես երկյուղած, վերեւում` չար ու համարձակ:
Այդ օրը, իհարկե, մեր հարաբերությունները դեռ այդ աստիճան սրված չէին, ու ես Գոքորին համարձակ առաջնորդեցի այգու խորքը: Սովորականի պես նա բնից ելավ, ողնաշարը աղեղեց, սակայն խմիչքի հոտ առնելով, ինչպես ամեն անգամ` չգռմռաց: Թեթեւանալուց հետո ետ եկանք: Շանը հավասարվելով` կանգ առա.
- Տեսնո՞ւմ ես ինչ խելոքն է:
Թունդ հարբած էի, բայց եւ հիշում եմ, ուզում էի մտերմանալ հետը, որովհետեւ կողքիդ մշտապես թշնամի ունենալն էլ մի բան չէ: Հին քենը մոռացած` բարերարի կեղծ ժպիտը դեմքիս դարձա շանը.
- Արի, քութս, քութուլս:
Կենդանին ավելի ձգվեց, զգույշ, չհավատալով, չվստահելով, բայց մոտեցավ: Ես անհամբեր` երկարեցի ձեռքս, միաժամանակ շուրթերս հավաքելով սովորական շնականչ տվի: Իրավ, խիստ էի գինով, այլապես կհասցնեի ձեռքս ետ քաշել, որովհետեւ անսպասելի չեղավ այդ ամենը, տեսա, թե նա ինչպես բացեց երախն ու երկու մատս ատամների տակ առավ: Միաժամանակ ականջիս հասավ գռմռոցը: Նա ինձ ատում էր, բայց վախն էլ` մարդուց ընդհանրապես, ամուր էր նստած մարմնում, քանի որ ատամները գրեթե չէր սեղմում` ծեծվելու ահից: Ես ձեռքս ինձ էի քաշում, նա` իրեն: Այդ ամենը լռության մեջ էր կատարվում` Գոքորի ներկայությամբ: Ի վերջո մատներս ազատեցի, բայց երկուսի մաշկն էլ ծայրից ծայր պատռված էր, եւ մի քանի վայրկյանի չափ ժանիքների բացած ակոսում միայն մաքուր միսն էր երեւում` բաց կարմիր, որն աստիճանաբար թնդեց, ու արյունը ծորաց բոլոր կողմերից: Ցավ ամենեւին չէի զգում, շան հանդեպ թշնամանք` եւս, պարզապես ափսոսում էի, որ չվստահեց ինձ: Իսկ ձեռքս իսկապես բարեկամաբար էի պարզել:
Դրանից հետո միայն պատշգամբում իմացան ինչն ինչոց է: Բոլորը, բնականաբար, խառնվեցին իրար, իսկ ամենից շատ` քույրս ու տանտերը:
- Կատաղած կլինի, անպայման պիտի սրսկենք,- պնդում էր Ծովոն:
- Այ քուրս, ինչ կատաղել, ինչ բան,- կարծես արդեն դատարան ենք քարշ տալիս, պաշտպանվում էր տանտիրուհին:
- Ես դրան կսատկացնեմ,- հոխորտում էր տանտերը:
Փեսաս նույնպես անհանգիստ էր, իսկ Արան ու Գալեն փորները բռնած ծիծաղում էին: Գոքորը շփոթմունքի մեջ էր: Աղմուկի վրա ներքեւի կենվորն էլ եկավ` քառասնամյա այրի` կրքահարույց, բայց մարմնեղ, վարքից թույլ կնոջ քայլվածքով ու նայվածքով: Երկու աղջիկ ուներ` մեկը մեկից անուշ: Նրանք էլ էին վերեւ վազել, տանտիրոջ տղան ու աղջիկը եւս` գրեթե մեզ հասակակից, աղջկա անունը` Գոհար: Սիրուն չէիր ասի, բայց տգեղ ամենեւին չէր: Աչքերը խոշոր էին, խոնավ փայլով, մեջքը` ճկուն: Մի մեծ խալ կար դեմքին, որ օր կար սազում էր, օր կար` չէ: Աստղով աղջիկ էր, միջին ճաշակի համար` իսկական հարսնացու, մանավանդ` հոնք ու թարթիչ չէր հանում, ներկում: Մաշկը եւս վատ չէր` ցորնագույնի տվող:
Գոհարը բժշկական ուսումնարանում էր սովորում` քույրական գծով: Տանը բինտ, բամբակ, յոդ ունեին - բերեց: Բոլորը տեղ բացեցին, ու նա նազանքով, կաս-կարմիր կտրած` մաքրեց մատներս արյունից, սպիրտ չկար - օղիով վարակազերծեց, հետո բացեց յոդի փոքրիկ շիշը: Շունչն ինձ էր առնում, եւ ես հաճելի թմբիրի մեջ էի:
- Տարոն, դիմացիր,- ասաց փեսաս:
Նա այնքան թեթեւ էր յոդոտ բամբակը հպում վերքին, այնքան նուրբ էր ձեռքս բռնել, որ պատրաստ էի անվերջ այդպես մնալ, ամբողջ մի հավերժություն: Փեսաս նման բաներից շուն էր` շատ բան տեսած, շուտ նկատող:
- Է, ինչո՞ւ չէ, տեղը լինեի, մյուս ձեռքս էլ կտայի շան բերանը,- ակնարկեց:
Բոլորը թեթեւացած ծիծաղեցին, մանավանդ Գոհարն անցել էր փաթաթելու գործին, եւ խղճալի, միաժամանակ տհաճ չէր ձեռքիս նայելը: Առանձնապես գոհություն կար տանտերերի դեմքին:
- Հլա էս բաժակը խմի,- փեսաս ըմպանակով օղին դեմ արեց քթիս:
- Էս մարդն էլ...,- ինձ պաշտպանության տակ առավ քույրս: - Չե՞ս տեսնում, արյուն է կորցրել, դեմքին գույն չկա:
- Հիմա քո կարծիքով էդ արյուն կորցնելուց է՞, թե՞ քիչ խմելուց: Տարոն, ինձնից քեզ խորհուրդ. կյանքում կանանց չլսես: Խմիր:
Ես մինչեւ վերջ դատարկեցի բաժակը: Իսկ դեմքիս գունատությունը ոչ թե քիչ, այլ շատ խմելուց էր:
- Ապրես, այ հիմա կասեմ` տղամարդ ես:
Փեսաս թթվի մի կտոր դեմ արեց շրթունքիս:
- Սա էլ կեր,- հետո անցավ հումորի: - Բա ասում էիր շունը խմած մարդուն չի կծո՞ւմ:
Քույրս դեռ չէր հանդարտվել.
- Ախր, ըսենց ո՞նց կլինի: Բա որ բա՞ն պատահի: Չէ, հագնվիր, բժշկի եմ տանելու. թող սրսկեն:
- Սրսկել... Առաջ որ սրսկել չկար, մարդիկ չէի՞ն ապրում: Չե՞ս լսել,- տանտերը դարձավ քրոջս,- ժողովուրդն ինչ է ասում` շան կծածը շան մազով են բուժում: Ինձ որ հարցնեք, էդ յոդ-մոդը դատարկ բաներ են: Անլեզու կենդանուց մի փունջ մազ ես պոկում, դնում վերքին` պրծավ-գնաց:
- Այ շաշ,- լրջացավ փեսաս,- խմած մարդուն սրսկում ես, որ ի՞նչ - տեղնուտեղը մեռնի՞:
Վերջին փաստարկը քրոջս համոզեց, ու խնդիրը համարվեց փակված, մանավանդ` Հրաչը նորից էր սկսել ինձ ծաղրել:
-Ասում ես ոնց եղա՞վ, մատդ ինչու տվիր բերա՞նը:
- Գնանք ցույց տամ,- կատակին փորձեցի նույնով պատասխանել ես:
- Չէ, իսկապես. ախր կապը կարճ է,- լրջացած ընկերոջս դարձավ տանտերը:
Գոքորն սկսեց պատմել, իսկ ես այդ ընթացքում գնացի սենյակ: Գլուխս պտտվում էր, թույլ-թույլ էի: Մեկնվեցի մահճակալին ու քնեցի մինչեւ առավոտ:
***
Քույրս չգիտես ինչու որոշել էր, որ Գոհարը Գալեին հարմար թեկնածու է:
- Ընտիր աղջիկ, ման չեկած, հերն ու մերը գլխին. էս ծով տներից քեզ բաժին կհանեն, կտնավորվես,- ասում էր:
Եղբայրս ոնց որ թե դեմ չէր: Գոհարն այդ տարի բարձրագույն պիտի տար գործերը, ծնողները խնդրել էին, ու նա մեկ-մեկ իջնում էր ներքեւ, որ Գալեն հետը պարապի:
- Հը, խոսեցրի՞ր,- երբ գնում էր, հարցնում էինք:
- Հրայրիկն ու Զորիկը թողնո՞ւմ են, որ...,- քրոջս մեկուկես, երեք տարեկան երեխաների վրա էր մեղքը գցում եղբայրս: - Րոպեն մեկ մտնում-ելնում են:
- Այ անպետքներ, չեմ ասե՞լ քեռուն մի խանգարեք, թողեք պարապի,- լուրջ-լուրջ նեղանում էր Ծովոն:
Այդ մասին քրոջս ու տանտերերի միջեւ, որքան հիշում եմ, բացահայտ խոսակցություն չէր գնացել, սակայն վերջիններս, թվում էր, գիտեին եւ չտեսնելու էին տալիս, երբ իրենց քսանամյա աղջիկը մեն-մենակ երեք արուների որջն էր մտնում:
Գոհարի նկատմամբ զգացմունք, թերեւս, թեթեւակի ունեի, որը, սակայն, խեղդում էի, թույլ չէի տալիս սաղմնավորվի, որովհետեւ սրբապղծության պես բան կլիներ, եթե հետագայում գործը լրջանար ու նա դառնար մեր հարսը: Գալեն էլ, ըստ էության, առանձնակի տարված չէր նրանով, պարզապես հոսանքն ընկած գնում էր` առաջնորդվելով «ինչ լինելու է, կլինի» սկզբունքով:
Բայց մի օր էլ մեր սովորական «հը, խոսք առա՞ր» հարցին պատասխանեց.
- Կիրակի կինո ենք գնալու:
Նորությանը րոպե անց տեղյակ էին նույնիսկ քրոջս փոքրիկները: Յուրաքանչյուրս իր պարտքն էր համարում խորհուրդ տալ` այսպես կանես, այն` միայն այնպես: Գալեն քթի տակ խնդմնդում էր, ամեն առաջարկ ծանրութեթեւ անում: Միայն փողկապի հարցում ընդվզեց.
- Չեմ կապի, կնեղվեմ:
Վերջը, երկու օր ժամանակ կար: Բոլոր հարցերը քննեցինք, տասն անգամ նրա փոխարեն կանգառից սկսած մինչեւ տոմսարկղ ուղեկցեցինք Գոհարին` զրուցելով եղանակի, առաջիկա քննությունների մասին, բուն խնդրին չառնչվող այլ թեթեւ թեմաներով, քաղաքավարության սահմաններում հարեւանցի բռնեցինք թեւից` մուտքից ներս մտնելիս, սպասասրահում սրճեցինք` նրա բաժակում «Գ» տառը տեսնելով ու այլ խորհրդանշաններ` սպասվելիք փոփոխությունների, ապա դահլիճ հրավիրող զանգի ձայնը լսելով` օգնեցինք ոտքի ելնել ու այլեւս բաց չթողեցինք ձեռքը:
Գալեն կիրակի օրը սպասված ժամից շուտ տուն եկավ: Մեր հաշվով, կինոյից հետո նրանք թեւ թեւի այգի պետք է մտնեին, որպեսզի տերեւների սոսափյունի տակ դողացող շուրթերով համբուրվեն, սրսփալով սեղմվեն իրար` կոտրատվելու աստիճան, հավատարմության խոսքեր մրմնջան միմյանց ականջի եւ կամ գրկված լռեն` ձեռքը ձեռքում, ուսն ուսի, հայացքը իրենց Աստղին:
Փեսաս խառնեց շախմատը (հարմար առիթ էր պարտությունից խույս տալու), քույրս խնդրեց իջեցնել հեռուստացույցի ձայնը: Գալեն դեմքին ժպիտ ծեփեց, բայց դա թեթեւ, ներսից եկող բնական խինդ չէր, այլ անճարակ ծաղրանկար` ծիծաղերես մարդու:
- ...,- յուրաքանչյուրիս մտքում նույն հարցն էր:
- Վերջ,- առաջինը խոսեց Գալեն:
- Ինչի՞ն,- բոլորիս կանխեց Արան:
- Գոհարի անունն էլ մոտս չտաք:
- Թագավորի տղան այստեղ մատը կծեց,- իբր իր համար ամեն ինչ պարզ է, նստուկով բազմոցը հիմնավոր շոշափեց Հրաչը:
- Սյան տիրոջ հերն անիծեմ...,- քիչ առաջվա Գալեին փոխարինելու եկավ իսկականը` թույլ, զուլալ, մինչեւ հատակը երեւացող հոգով:
- Ի՞նչ սյուն, այ ախպեր,- շփոթված առաջացավ քույրս:
- Դահլիճի: Տոմսերից մեկը սյան էս կողմում էր, մյուսը` էն:
Փեսաս փռթկացրեց, ետեւից` ես ու Արան:
- Է, մեկի հետ փոխեիր,- զարմացավ քույրս, որ աշխարհի միամիտն էր:
Նա թափ տվեց ձեռքը, հետո խեղճացավ.
- Եթե մտքովս անցներ:
Մեր հոմերական ծիծաղը, երեւի, հասնում էր երկրորդ հարկ, ուր Գոհարն էր:
- Ճամփի՞ն էլ չխոսեցրիր,- հույսը չէր կտրում քույրս:
- Չեմ ուզում` պըրծ,- անառարկելի տոնով ընդհատեց Գալեն:
Նա իր խոսքի տերը եղավ, իսկ Գոհարն այդ ամառ ինստիտուտ չընդունվեց, հայրը` Եղիշն էլ ոչ դես, ոչ դեն - նշանեց աղջկան: Գալեն կորցրեց ունեցած առավելությունը, իշխանությունը, եւ ես, Արան վերստացանք Գոհարով հիանալու, նրան աչքով անելու, անվնաս, պատշաճության սահմաններում սիրահետելու, երազում տեսնելու, նրա մասին մտածելու բարոյական իրավունքը: Նա այլեւս բոլորինս էր:
***
Պարապ ժամերին հաճախ էինք գլուխ գլխի հավաքվում: Չսպառված կիրքը, հակառակ սեռի կողքին լինելու, նրա հետ պարզապես զրուցելու հաճույքը երկրորդ հարկից Գոհարին, կողքի` պատկից բակից հորեղբոր աղջկան` Նունեին, առաջին հարկից այրի կենվորին` Վարսիկին բերում էր ամուրիներիս սենյակը: Գոհարը շղթայվելուց առաջ նշանածից թաքուն վայելում էր իր ազատությունը, հորեղբոր աղջիկը` մատղաշ մարմնի ձեռքին գերի, չգիտեր ինչ է անում, այրին դեմ չէր կյանքի փշրանքներից օգտվելուն: Գարեջուրը մենք էինք ապահովում, ուտելիքը, մնացած մանր-մունր բաները` նրանք: Շատ ժամանակ դրանց կարիքը չէր զգացվում: Թուղթ էինք խաղում, ավելի հաճախ` միացնում ձայնագրիչը: Պարում, խոսում էինք սրտներս ուզածի չափ: Քնելու կանչող, ականջներս ոլորող չկար: Ընտանեկան մտերմիկ մթնոլորտը միաժամանակ թե տրամադրում էր բացվելու եւ թե խանգարում:
Սովորաբար մեկ կամ երկու կողմնակի աչք միշտ լինում էր. փեսաս, որ դեմ չէր ջահելության եւ ծխելու պատրվակի տակ գալիս ու մնում էր, քույրս` խանդոտ, աչալուրջ, որ գործ-բան թողած աճապարում էր ամուսնուն հսկելու, Վարսենիկի երկու մանկահասակ աղջիկները` դեռեւս չարն ու բարին չտարբերող, Գոհարի եղբայրը` պատանության շեմը նոր-նոր ոտք կոխած: Նա պատուհանագոգին նստած կում-կում գարեջուր էր խմում ու մշուշված նայում պարանոցս գրկած ու մարմինն ինձ հանձնած քրոջը: Ինչ էր մտածում, չգիտեմ, երեւի նախանձում էր ու երազում այն օրը, երբ ինքը նույնպես գրկված կպարի մեկ ուրիշի հետ: Գոհարն աչքերը փակ, գլուխը նազանքով թեքած ճոճվում էր` արբած երաժշտությունից, ինձնից փոխանցվող ջերմությունից: Մեկ ուրիշ օր Գալեին էր բաժին ընկնում նա, ու ես Վարսիկին էի պարի հրավիրում: Նա հասակով գրեթե ինձ հավասար էր, ինչպես ասել եմ արդեն, մարմնեղ: Նրա հրայրքին, հոլանի ձեռքերի, գիրանալու նշաններ ունեցող փորի ու ռետինե թուլացած գնդակ հիշեցնող կրծքերի սեղմումներին արձագանքելու համար ստիպված էի ուժ գործադրել: Վարսիկը փորձված էգ էր, ու ես ներքին վախ ունեի, թե առիթի դեպքում կխայտառակեմ տղամարդկային ցեղը: Էլ չգիտեի, որ այդպիսիք, ընդհակառակը, անկողնում ավելի շուտ են հագենում:
Պարում էինք, քրոջիցս, եղբայրներիցս, Գոհարից թաքուն դեպի ինձ էի ձգում Վարսիկին, մանրամասնորեն հարթում մարմնի անհարթությունները: Ես սեղմվում էի, նա սեղմվում էր, ես սեղմվում էի, նա սեղմվում էր... այրին մոռանում էր պատշգամբում քրոջս երեխաների հետ խաղացող իր փոքրիկներին, ես` մերոնց: Հետո շուրջանակի նստում էինք, պտտեցնում դատարկ շիշը: Վզիկն ում ուղղությամբ կանգներ, նա պիտի հայտներ իր` պահի ցանկությունը: Նման խաղերը միշտ սրտովս չեն եղել, բայց չձանձրանալու համար, քանի որ մենք մերոնք էինք, լարում էի ուղեղս.
- Թող Գոհարն ինձ սեր խոստովանի,- ասում էի, երբ շիշը հոլի պես պտտվելով` անշարժանում էր: Նշանված լիներ-չլիներ, բոլորի ներկայությամբ կորզում էի սիրո խոստովանությունը. խուսափել, հրաժարվել, խուսանավել չկար, այլապես կզրկվեր խաղից:
- Թող Նունեն,- մեկ ուրիշ անգամ ասում էի,- ինձ համբուրի:
Կամքն իմն էր: Մատղաշ, տասնվեցամյա շուրթերի համբույրը կարող էի վայելել թե բոլորի ներկայությամբ եւ թե մենության մեջ` խորքի սենյակում:
- Չեղավ, կրկնել,- աղմկում էր փեսաս,- երբ նա համբուրում էր օդը:
Վախվորած շրթունքները` թիթեռի թեւեր, այս անգամ թեթեւակի հպվում էին այտիս:
- Անցնել պատժախուց,- պահանջում էր Հրաչը:
Ֆրանսիական կինոաստղերի թեթեւությամբ բացում էի ննջասենյակի դուռն ու համընդհանուր ծիծաղի ուղեկցությամբ Գոհարի հորեղբոր աղջկան հրավիրում ներս:
Լավ, պինդ դռներ էին, որովհետեւ փակվելուց հետո աղմուկը մեկեն խլանում էր ու բարձր պատերի ներսում, ուր երեք երկաթյա մահճակալից, սենյակի մի պատի տակ հենց հատակին շարված գրքերից բացի ուրիշ կայք չկար, մնում էինք ես ու Նունեն: Լռությունը, ընդարձակ սենյակը, համեմատաբար զով օդը սառը ցնցուղի դեր էին կատարում: Երկուսիս խուսափուկ հայացքն էլ առանց կանգառի սահում էր անկողինների վրայով ու երեւակայություններս թափ առած` գալիք օրերի մեջ տեսնում էր առագաստի գիշերը: Բայց թե` լրջանալու, երեւակայությանը տրվելու ժամանակ չկար, որովհետեւ հյուրասենյակից մեզ էր հասնում փեսայիս ձայնը.
- Տարոն, կանչայ:
Կարճահասակ, բայց նրբին կազմվածքով Նունեն ձկան պես մի վայրկյան խաղում էր գրկումս, թպրտում, թեեւ ես համբույրն առնում էի պատշաճության կանոնները չխախտելով` առանց կրքի նշույլի, ապա բացում էի դուռը: Պայթում էին ծափերը, եւ կարմիրը զարկում էր երկուսիս դեմքին, որովհետեւ նրանք հասցրած էին լինում կինոնկարներից, գրքերից սիրային դրվագներ վերհիշել` մասնակի աղավաղումներով, իմ ու Նունեի «մասնակցությամբ»:
***
Ամոթխածությունը, բարոյականության մասին պատկերացումների կայունությունը թույլ չէին տալիս բնականոն ապրել այդ ամենը: Մարդկային ստոր կրքերի կրող էի ինձ հաշվում, խենեշի մեկը` ունակ արգահատելի ամեն արարքի: Սթափ ուղեղով քննելով նախորդ օրվա վարմունքս` ամաչում էի ինքս ինձնից, ցերեկը, հո, ամոթից գետին էի մտնում, երբ հայացքս առնում էր քրոջս, Գալեին, Արային, Վարսիկի փոքրիկներին, Գոհարի եղբորը, որի սիրտն առնելու համար, իբրեւ թե լավություն, մի գլուխ ծխախոտ էի հրամցնում: Տարիներ հետո միայն իմացա, որ եղբայրներս իրենց այդ օրերին ավելի համարձակ են պահել, ու ես նրանց համեմատ ընդամենը գառնուկ եմ եղել, եթե ոչ` հորթ: Արան, օրինակ, տնեցիների բացակայության ժամանակ մի քանի անգամ սուրճ խմելու պատրվակի տակ գնացել է Նունեի մոտ: Նրա պատմելով` հատակի գորգին ժամեր շարունակ երկուսով սիրուց թավալ են տվել` գրեթե մերկ: Նա գոհացել է համբուրելով, Նունեի մարմար մարմինն ու կարծր կրծքերը (իր բառերն են) շոյելով, որովհետեւ չի ցանկացել մեղքի տակ մտնել, գիտենալով, որ կարճլիկության պատճառով հետը չի ամուսնանա (նա խիստ բծախնդիր էր այդ հարցում եւ, նպատակին հետամուտ, ի վերջո երկարասրունքի հետ զույգվեց):
Գալեն նմանապես. գիշերվա խենթ մի պահի, երբ բոլորս քնած ենք եղել, պատշգամբի սյունը գրկած իջել է առաջին հարկ, ծեծել այրու դուռը: Կամաց, որպեսզի երեխաները չարթնանան, որպեսզի մյուս կենվորները, տանտերերը չլսեն, Վարսիկը ներսից շշուկով Գալեին խնդրել է տուն գնալ, բայց եղբայրս համառել է, ու նա ստիպված բացել է դուռը` ոչ ներս առնելու մտքով: Գալեն ոտքը դեմ է արել, չի թողել փակի: Վարսիկն ընդդիմացել է, սակայն երբ եղբայրս սթափված` ցանկացել է ետ դառնալ, ձեռքից բռնած, խարխափելով տարել է ննջասենյակ` ետեւից գոցելով դուռը: Ու պղծել են անկողինը` կողքի մահճակալին քնած երեխաների, գլխավերեւում սեւ շրջանակի մեջ առնված տղամարդու լուսանկարի ներկայությամբ: Երկրորդ գիշերն էլ է եղբայրս նույն ճանապարհով ցած իջել, բայց այս անգամ Վարսիկը դուռը չի բացել, հետո մյուս օրը վախեցրել է, թե` քրոջդ կասեմ: Այդ մասին Գալեն ինձ պատմեց ամիսներ անց: Վարսիկի հակոտնյա վարմունքը դնելով կողք կողքի, եկա այն եզրակացության, որ նա մեղավոր չէ, ուստի սկսեցի ամոթանք տալ եղբորս:
- Ստորություն է արածդ,- վիրավորեցի:
Նա չնեղացավ, որովհետեւ հոգու խորքում իրեն այդպիսին չէր հաշվում: Բացատրությունը եւս հիմքից զուրկ չթվաց:
- Վարսիկիդ անմեղ չկարծես: Էնքան եմ բռնացրել «24-ով» տուն գալի~ս: Տեսնեիր, թե անկողնում ինչ ակտիվ էր` ֆրանսիական ձեւով:
- Բա մյուս օրը,- առարկեցի,- ինչո՞ւ ներս չառավ:
- Որովհետեւ չի ուզում հարեւան-բարեկամներն իմանան: Երկու աղջիկ ունի ամուսնացնելու, խելոք:
Ճիշտը եղբայրս էր: Այդ խոսակցությունից երկու, թե երեք ամիս անց պատահած անցքը` չլսված-չտեսնված խայտառակություն, եկավ հաստատելու նրա ասածը:
***
Ամառ էր: Պատուհանները գոցում էինք` խեղդոց էր, բացելիս մոծակներն էին գզում: Կեսգիշեր կլիներ: Շոգից հալածված` դուրս էի եկել պատշգամբ ծխելու, երբ ներքեւից ականջիս ձայն հասավ: Խաղողի փարթամ ճյուղերը դեսուդեն տանելով գլուխս երկարեցի: Վարսիկենց խոհանոցում լույս էր վառվում: Նա աղջիկներին ուղարկել էր պիոներական ճամբար եւ մնացել միայնակ, սակայն քրոջս, մեր տուն հազվադեպ էր բարձրանում, թեեւ հակառակը պիտի լիներ:
Ինձ համար ծխում էի, ստվերների խաղից փորձում գուշակել, թե նա ինչով է զբաղված, երբ դուռը բացվեց եւ ներսից տաշտով ջուրը շլմփոցով թափեցին առմուտքի բետոնին: Թեթեւ փոշի ելավ, ջուրը խշշոցով տարբեր ուղղությամբ հոսեց ներքեւ: Չոր գետինը չկարողացավ կլլել առաջին ալիքը, որը ծխուկ, ծառի մանրիկ ճյուղ, թղթի կտոր բերանն առած սողաց առաջ ու դեմ առնելով ծաղկաթմբին` խճճվեց մնաց: Թեթեւ օճառահոտ առա:
- Տանտիրոջը կասեմ...
Կատակս կիսատ մնաց, որովհետեւ լույսն այդ պահին մարեցին: Նա, հավանաբար, չլսեց: Շարունակեցի ծխել: Դիմացը լույսերով ողողուն քաղաքն էր, որը սակայն, խաղողի խիտ սաղարթի պատճառով թվում էր երկնքի շարունակությունը` աստղերի առկայծումով:
Ականջիս այս անգամ սառնարանի բացվել-փակվելու ձայն հասավ, թեթեւ ծիծաղ եւ տղամարդու խուլ հազ: Թե՞ թվաց: Եթե Գալեն ներսում քնած չլիներ, կկարծեի նա է: Լսողությունս լարեցի, բայց այդպես էլ ուրիշ ձայն չառա: Համենայնդեպս, ծխախոտի մնացուկը դիտմամբ ուղիղ ներքեւ շպրտեցի, որը զարկվելով բետոնին` կայծեր ցրիվ տվեց: Թող իմանան, որ նկատողներ էլ կան,- թեթեւ չարությամբ մտածեցի:
Երբ անկողնուն հասա, Վարսիկը մտքիցս ելել էր: Ժամացույցն ուղղեցի, զանգի սլաքը դրեցի վեցի վրա, լարեցի ու քուն մտա: Կլիներ արդեն գիշերվա երեքը: Գլխավոր պահակապետին խնդրել էի աշխատաժամերս փոխել, եւ այդ օրերին առավոտներն էի գործի գնում. դասերի շրջան չէր:
Հերթափոխից հետո թեեւ քունս տանում էր, տուն չգնացի: Ուտելու բան, երեք շիշ գարեջուր առած իջա ձորը, ողջ օրը խարկեցի մարմինս, կասկածելի մաքրությամբ գետաջրում լավ լողացա, ապա արեւմտոցին դարձա տուն` այն տրամադրությամբ, որ օրս զուր չանցավ: Իսկ թե այդ ընթացքում ինչ տեսարանից զրկվեցի, հիմա կասեմ:
Փողոցն ինձ դիմավորեց «Շտապ օգնության» շչակով, մեքենայի ետքից վազող երեխաներով, մեր տան մոտ խմբված հիսուն-հարյուրի չափ կին-տղամարդով. իտալական կինոնկարներից բոլորիդ ծանոթ տեսարան: Մերոնք էլ էին այնտեղ: «Վատ բան պատահած չլինի՞»,- առաջին պահ մտածեցի: Մանավանդ, տեսնում էի, քրոջս շրջապատել էին կանայք, որոնց հետ նա սովորաբար հարեւանություն չէր անում: Շփոթմունք կար տանտերերիս դեմքին: Արան, փեսաս, Գալեն առանձին խումբ էին կազմել: Խոսում էին բոլորը: Այնքան մեծ էր հուզումը, որ ոչ ոք բարեւս չլսեց, չառավ:
- Էս ի՞նչ հաշիվ է,- ամենափրկիչ ծխախոտը հանելով հարցրի:
Պատմողը փեսաս էր, մյուսները լրացնում էին:
- Տարան,- սկզբում ասաց նա:
- Ո՞ւմ,- հետեւեց իմ հարցը:
- Վարսիկին,- ժպտալով պատասխանեց:
- Ո՞ւր:
- Բաժանելու իրարից:
Հետեւեց հռհռոցը: Ես նույնպես ծիծաղեցի` հենց այնպես, առանց ըմբռնելու` խոսքն ինչի մասին է:
- Ինքը` հեչ, աղջիկներն են մեղք,- ինձ թողած մյուսների հետ միտքը կիսեց Հրաչը:
Ի՞նչ կարող էր պատահած լինել: Հեգնանքը, կանանց դեմքերի արտահայտությունը հիվանդության, դժբախտ պատահարի մասին չէին խոսում:
- Իսկը Ամերիկայի բան է,- լսեցի կողքից:
Շուռ եկա ձայնի ուղղությամբ: Պառավներից մեկը չանչ էր անում «Շտապ օգնության» ետեւից, որը վաղուց չկար:
- Էս սուրբ հողը ոնց էլ դրանց նմաններին պահում է,- գլուխն էր տարուբերում փեսայիս ամբողջովին սեւ հագած մայրը, որը վերջերս էր հյուր եկել գյուղից:
- Բան ասեք, հասկանամ,- նեղացա ես:
Այսօր էլ նյարդայնանում եմ, երբ կարճ կապելու փոխարեն խոսքը կտուրն են գցում: Փեսաս, հո, նման բաներում վարպետ էր:
- Ախպեր, ես չեմ կարող,- շինծու լրջացավ նա,- թող ձերոնք պատմեն: Մենակ էն կասեմ, որ գրքերում էլ կարդացած չես լինի:
Համա թե գիտի, որ բառը որի ետեւից դնի: Փոքր տարիքում մենք էինք միմյանց հետ այդպես վարվում: Դատարկ մի բան պահում էինք բռերումս ու գրգռում դիմացինի հետաքրքրասիրությունը: «Կոպեկ, կոճակ, կավիճ, ծիրանի կուտ, վեգ, գրչածայր, զահրումար»: Մի փոքր ետ էինք տանում մատներս եւ աննշան ի ցույց հանում թաքցրածի եզրը: «Ռետին, շլորաչիր, շաքար, շան...»:
- Վարսիկը սիրածին տուն է բերել: Գիշերը քնել են, բայց...
- Ի՞նչ սիրած,- բոզանոց է դարձրել տունը,- Արայի խոսքը կտրեց Հրաչը: - Էլ չի ասում` տուն է, երեխաներ են մտնում-ելնում, կին, աղջիկ կա:
Նա իրոք լրջացել էր. վիրավորանք կար դեմքին: Ես մտաբերեցի անցած գիշերվա միջադեպը. ուրեմն այն օրը ականջս չէր խաբում:
- Էհ, ի՞նչ անենք...,- ու ժամանակին սեղմեցի լեզուս, եթե ոչ հակառակվելու տամարս էլի կբռներ, կսկսեի հիմար-հիմար դուրս տալ, կասեի` «Դու էլ ես գիշերները քրոջս ծոցը մտնում, ուրիշները` իրենց կանանց: Ձեր կողքին նույնպես, ամենաշատը մի պատ այն կողմ` երեխաներ, բարեկամներ կան: Էդ ո՞նց եղավ, որ ձերը բարոյական կոչեցիք: Ինչ է, թե պահարանում ԶԱԳՍ-ի կնիքով վկայական ունեք, հա՞: Ընդամենը էդ չէ՞ պարկեշտի ու անբարոյականի սահմանը»:
- Մեր գյուղի շներին հիշո՞ւմ ես, ոնց էին...,- հուշեց Գալեն:
Ինչ-որ բան սկսեցի հասկանալ: Շարունակում էի լսել, բայց միտքս արդեն գյուղում էր: ...Գարնան անձրեւոտ օրերին ոհմակը ետեւից` էգը բոստանից-բոստան էր անցնում` ոտքի տակ տալով սոխի, կարտոֆիլի մարգերը, նոր ծլած գարին: Տղաներով բահ, մտրակ, եղան, պատահական փայտ առած` Ամերիկայի առաջին նվաճողների պես դաժանորեն հալածում էինք արբունքի մեջ գտնվող կենդանիներին: Ոհմակը կամաց-կամաց նոսրանում էր, մնում էին երկուսը: Նրանց համար դժվար էր փախչելը, մանավանդ, երբ դեմները պատ էր ելնում: Կոխում էինք մի անկյուն ու սկսում քարով, փայտով ծեծել... մինչեւ բաժանվեին կամ թե մեծերից մեկնումեկը տեսներ, գոռգոռար վրաներս: Որտեղի՞ց այդքան զարհուրելի չարություն, այդ ի՞նչ անգթություն էր: Նիհար, լերկ կողերով դելը` ցեխակոլոլ, թրջված, արուն` շաղված, շփոթահար հայացքով, ընդարմության մեջ...
- Պատկերացնո՞ւմ եք, մի ամբողջ գիշեր ու ցերեկ էդ վիճակում են մնացել: Վայ ձեր ինչն ասեմ,- ու Արան զարմանքից ափերը զարկեց իրար:
Թե՞ ավելի շատ: Երկու գիշեր ու երկու ցերեկ էր անցել իմ` պատշգամբում ծխելու օրվանից, երբ Վարսիկը տաշտով ջուր թափեց, հետո ականջիս տղամարդու ձայն հասավ: Բայց հո չէի՞ ասի: Իբր խոսելու քիչ նյութ ունեն...
- Իսկ ո՞վ է առաջինը տեսել:
- Եղիշը: Վարձի օրերն են եղել, պատահական մտել է ու բռնել. սառնարանից ուտելիքը հանելիս են եղել: Հլա պատկերացրեք,- ու Արան խնդմնդաց:
- Հետաքրքիր է` չիմանայինք - ի՞նչ կլինեին:
- Գալե, պատկերացրու քեզ նրանց տեղը, ո՞նց կվարվեիր,- իր իսկ հարցով նրան նեղը գցեց Հրաչը:
- Ինքնասպան կլինեի: Հաստատ բան եմ ասում:
- Գոնե գիշերով փախչեին,- փորձեցի ելք գտնել:
- Տունդ շեն մնա, պատկերացնո՞ւմ ես... փողոցում, էն էլ` գիշերով. տեղնուտեղը շանսատակ կանեին,- համոզված բացատրեց փեսաս:
- Պատգարակին ո՞նց էիք դրել, ով...,- հարցրի ու փոշմանեցի ես:
- Աշխարհում ինչքան միամիտ հարց կա, դու ես տալիս: Իրար վրա` ուրիշ ո՞նց դնեին,- ոտքի ելավ նա:
Թաշկինակը, որ չկեղտոտվելու համար փռել էր քարին, մոռացավ վերցնել: Ծառայություն մատուցելու ցանկություն ամենեւին չունեի: Սակայն քույրս` ամուսնու նկատմամբ միշտ ուշադիր, մոտեցավ ու նոր նկատեց ինձ.
- Տարոնս, դու էլ ե՞ս այստեղ,- ջերմորեն ձեռքը մեջքովս գցեց, հետո օրորեց գլուխը: - Խայտառակություն: Տնից հանելու են:
- Երեխաները հո գլխի չե՞ն:
- Չէ: Համարյա մարդ չտեսավ: Սավանով ծածկել էին:
- Դո՞ւք էիք զանգ տվել:
- Տանտերը: Ուրիշ ժամանակ շուտ չեն գա: Հինգ րոպեից տեղ հասան:
- Էդ ի՞նչ Ամերիկա էին ասում, ականջիս հասավ,- հանկարծ հիշեցի ես:
Քույրս ծիծաղեց:
- Անաստվածի կինն էլ, փոխանակ ամոթից գետինը մտնի, կռիվ էր տալիս:
Շարունակեցի համբերատար սպասել:
- Մեքենայի մեջ դժվարանում էին մտցնել: Մի ծայրը Արան էր բռնել: Սավանը ետ գնաց, ու անամոթ տեսարանը բացվեց: Կանանց չգիտե՞ս` վրա պրծան, աշխարհի երեսին ինչ խոսք կար, ասին:
- Իսկ Վարսի՞կը:
- Պակասն ինքը չէր,- քույրս դարձյալ ծիծաղեց: - Տարավ-բերեց ու ի՞նչ ասի, որ լավ լինի:
- Ի՞նչ:
- Բա թե` հողեմ ձեր գլուխը, կյանքներումդ տեսած կայի՞ք` էն էլ ձրի: Տրաքվեք, հրես գնալու ենք Ամերիկա:
- Մեղադրելու չէ. գժվել է: Բայց ինչո՞ւ անպայման Ամերիկա:
- Սիրողն, ասում են, ախպար է` էնտեղից եկած,- բացատրեց քույրս, հետո թեման համարեց փակված: - Գնանք, հիմա իրեն կերավ:
Ամուսնուն նկատի ուներ: Ետեւից լուռ գնացի: Աստիճանների վրա շուռ եկավ.
- Ասում են` մարդն էլ ոչ թե հարբած ժամանակ սիրտը ետ տալուց է խեղդվել, այլ, իբր, իր սարքած գործն է:
- Չեմ հավատում,- կրքոտ ընդհատեցի: - Նոր դու էիր ասում` չգիտե՞ս մերոնց. չոփը գերան շինել գիտեն: Մի հավատա:
- Այ ախպեր, ես բան ե՞րբ ասի,- նահանջեց քույրս: - Կարծում ես իմ մեղքը չի՞ գալիս: Գոհարն ասում է` կարելի էր էդ ամբողջն առանց աղմուկի էլ անել: Մի սրսկել է. մկանները թուլանում են, բաց թողնում:
Ծովոյի դեմքը կարմիր ներկվեց: Ես չտեսնելու տվի:
Վարսիկին այլեւս չտեսանք: Տասն օր անց իմացանք, որ սենյակները նոր կենվոր է զբաղեցրել:
Այդ ընթացքում ուրիշ իրադարձություններ էլ կատարվեցին: Ընդհանրապես, զարմանալի տուն էր` դիվային արարքների տրամադրող: Պատճառը չեմ կարող բացատրել: Հակված եմ կարծելու, որ նման բաներ ամենուր են կատարվում, միայն թե շատերը թաքցնում են, ծածկադմփոց անում:
Տանտիրուհին` Էմման, օրինակ, կյանք ուտող կին էր` ամուսնուց, ինչպես ասել եմ արդեն, տասնհինգ-քսան տարով մեծ: Շ~ատ էր փնթի: Ձեռքից գրեթե բան չէր գալիս, բայց խոսել, բամբասել գիտեր: Ժամանակին, ասում էին, դավաճանել է ամուսնուն, բայց բանը մեկ-երկուսից այն կողմ չէր անցել: Եղիշը, իբր, իմանալով այդ, լավ քոթակել է, ու նա ետ է կանգնել խոտոր ճանապարհից: Ետ էր կանգնել, բայց թե` ցանկությունը, չսպառված կիրքը, ատելությունը պիտի՞ ելք գտնեին: Գալիս էր ու` տը-տը-տը-տը-տը-տը: Հենց այնպես, իրենից դուրս խոսում էր: Թեմայի, ասելիքի պակաս չուներ: Եթե ուրիշ բան չլիներ, կանցներ ամուսնուն.
- Փող չի տալիս, չգիտեմ ի՞նչ կերակուր պատրաստեմ:
Իսկ ինքն ընդհանրապես չէր աշխատում, ու ողջ տունը պահողը ամուսինն էր:
- Մոսկվա գնաց, քոռնամ, թե բան բերեց:
Բայց մենք լավ գիտեինք, որ Գոհարի համար օժիտ է գնել` ննջարանային կահույք: Ինքը լիներ, հաստատապես կմսխեր փողերը եւ դատարկ տուն կգար: Տեղյակ էինք նաեւ, որ մեկ օրով ճամփից ետ էր ընկել` զամբյուղով միրգը, տեսակ-տեսակ նվերները Էմմայի` Ռոստովում ապրող մորն ու քրոջը տալու համար:
- Ի~, Ծովո ջան, ես էլ պիտի ասեմ, թե մարդ ունեմ:
Քույրս, վարձակալ լինելով, պարտավորված էր զգում լսել, թեեւ, տեսնում էի, նվաստացած է` նման զրույցների ակամա մասնակիցը լինելու համար:
Այդ օրը եւս առավոտ շուտ եկել էր ու սովորականի պես քակել բողոքի տոպրակի բերանը: Չլիներ պատշգամբից եկող նրա լացակումած ձայնը, ես, Գալեն, քանի որ դեմը կիրակի էր, երկար կքնեինք: Քույրս լվացք էր անում, փեսաս, Արան անկյունի թախտին ծխում էին, կեսականջ լսում:
- Էրեխեքը չլինեին, կթողնեի, կգնայի: Օր չտեսանք, կյանք չհասկացանք:
Չլսելու համար պատրաստվում էի գլուխս ավելի խոր թաղել վերմակի տակ, երբ պատշգամբի դուռը շրխկոցով բացվեց, եւ խելագար մի գոռոց շառաչեց վաղորդյան զուլալ օդում: Ես ու Գալեն վեր թռանք: Դուրս չհասցրինք գալ, որովհետեւ Էմմայի մարմինը զարկվեց պատշգամբ տանող մեր դռանը: Քիչ մնաց ընկնի, բայց մի կերպ պահեց իրեն: Վերջին պահին Գալեն հասցրեց օգնել: Ամուսինը, երեւի, ամբողջ զայրույթը բռունցքի մեջ էր դրել, այլապես դժվար թե կարողանար մի հարվածով կնոջ իննսուն կիլոգրամանոց մարմինը տեղից թռցնել: Ուրիշ մեկը կսկսեր աղեկտուր հեկեկալ, բայց Էմման` ամենեւին. կատաղությամբ հասավ թախտին (Արան ու Հրաչը տանտիրոջը բռնելու համար ոտքի էին ցատկել), ակնթարթային արագությամբ հանեց տախտակներից մեկն ու վրա բերեց ամուսնուն: Հրաչը ճարպիկ ցատկով հասցրեց կանխել հարվածը, որը մասամբ առավ նրա ուսին, դաստակին:
- Պոռնիկի մեկը,- մռնչաց Եղիշը:
- Թքեմ երեսիդ, թքեմ, թքեմ, թքեմ,- խելակորույս կրկնում էր կինն ու ձեռքը գցում ամուսնու երեսին, մազերին, պոկեց վերնաշապկի կոճակները:
Մի կերպ բաժանեցինք: Ետեւից` ամոթ-բան մի կողմ դրած, գրկել էի Էմմայի մեջքը: Սոսկալի ուժեղ էր: Պոկվելու համար ձեռքը գցեց թախտին, որը տեղաշարժվել, հասել էր կենտրոն, դեմ առել լվացքի մեքենային: Ի վերջո այն աղմուկով շուռ եկավ, եւ մենք հավասարակշռություններս կորցնելով` հայտնվեցինք բետոնին: Ջուրը ողողեց տակներս: Լավ էր, քույրս հասցրեց կախվել սպիտակեղենից:
Ողբալի, միաժամանակ ծիծաղաշարժ տեսարան էր: Բոլորս շնչակտուր էինք եղել, Էմման ֆնչում-փնչում էր, մարմնի մյուս ճարպածալքերից միայն դիրքով տարբեր կրծքերը ելնում-իջնում էին: Տանտիրոջ ծվատված դեմքից արյուն էր հոսում: Քույրս սառը ջուր բերեց: Նա լվացվեց: Փեսաս լրագրի պատառիկներով կարկատեց, գոցեց եղունգների տաշած տեղերը:
- Ի՞նչ ես ուզում: Հերիք չեղա՞վ,- հուսահատ, լալու պատրաստ ձայնով ասում էր տանտերը` առանց մեր աչքերին նայելու. ամաչում էր:
- Դու, դու ես ամեն ինչի մեղավորը:
- Անամոթ, ի՞նչդ է պակաս:
- Ամեն ինչս: Քեզ, քեզ, ամեն ինչ թող քեզ լինի, մենք մարդ չենք:
- Մենակ հարյուր ռուբլու նվեր մորդ առա, քրոջդ տարա, էլ ի՞նչ անեի:
- Պահ, պահ, պահ: Մեծ բան է արել,- զրույցին մեզ մասնակից անելու, պաշտպանություն ակնկալելու միտումով պատասխանեց Էմման:
- Կարգին էլ բարեկամներ ունի, գիտե՞ս: Ռուսաստանում են ապրում, բայց մեր ադաթները, սովորությունները` բոլորը պահել են: Թե էս վիժվածքը որտեղից...,- գլուխը տարուբերելով փեսայիս դարձավ տանտերը: - Այսինքն, դուք նրանց տեսել եք: Անցյալ աշնանն էին եկել: Հիշո՞ւմ եք, կարգին ուրախացանք:
- Դու ես վիժվածքը: Իմ քույր Սիրուշին ուզեցիր պաչել: Կարծես չտեսա: Ասեմ պիտի, ասեմ` թող իմանան:
- Անամոթ, ուրիչ խոսք չունեմ,- Եղիշը դիմեց դեպի դուռը, հետո կեսճամփին ետ դարձավ: - Առավոտ շուտ մարդկանց դիվադադար արեցինք: Արի, արի, խայտառակի մեկը:
Նա գնաց:
- Ի~նչ խորամանկն է. վերեւից` բալկոնից ամեն ինչ լսել է: Ոչ ոք չկիսեց նրա ոգեւորությունը:
Նման միջավայրում մեծացած երեխաներից, անշուշտ, ամեն բան պիտի սպասել, թեեւ հակառակը նույնպես լինում է: Ամուսնությունից կես տարի հետո Գոհարը ետ եկավ: Այդ օրերին քաղաքում չէի. զինվորական աստիճան շնորհելու համար մեզ տարել էին բանակ: Հավանաբար ոչ մի լուրջ պատճառ չկար, այլապես ամուսինը ետեւից չէր գա: Վիճել էին, իրար թթու խոսք ասել: Խոսակցությանը ներկա էր եղել նաեւ Գոհարի եղբայրը, որին այդ աշուն պիտի բանակ տանեին: Թե ինչ են ասել, խոսել, որոշակի ոչ ոք չգիտի, բայց զայրացած մի պահի ամուսինը հայհոյել է Գոհարին, տանտերերիս` հետագայում դատարանում տված վկայությամբ, նաեւ ապտակել: Եղբայրն առանց խոսքի նստած տեղից ոստնել է ու ձեռքի դանակը, որով փայտ տաշելիս է եղել, խրել է փեսայի փորը` մեկ, երկու, երեք, ապա դիվոտած` հատակից կտրելով քրոջը, երրորդ հարկի պատշգամբից շպրտել ցած: Լավ է, թարմաները, կանաչ որթատունկը պահել են - ոչ մի լուրջ վնասվածք չի ստացել, քերծվածքներից, կապտուկներից բացի: Իսկ ամուսինը մեռավ` հիվանդանոցում, դանակահարվելուց մեկ ամիս հետո: Այդ մասին նամակներից մեկում քույրս էր գրել:
Հետագա դեպքերի ժամանակ ես արդեն քաղաքում էի. ժամկետը` երկու ամիս, լրացել էր եւ մեզ կրտսեր լեյտենանտի կոչումով ճամփել էին տուն: Ծնողները փող խաղացրին, ու դատարանը, նկատի առնելով հանցագործի հոգեխռով վիճակը, մասամբ նաեւ` տարիքը, բավարարվեց ութ տարով: Այդ դեպքից հետո Գոհարին ճամփեցին Ռոստով` տատի, մորաքրոջ մոտ:
Մեր ընտանիքում եւս կտրուկ փոփոխություններ կատարվեցին: Արան ամուսնացավ, Գալեն արդեն մի տարուց ավելի բանակում էր, քրոջս ու փեսայիս քաղաքի ծայրամասում նոր բնակարան տվեցին, եւ մոլության որջում մնացի միայնակ, սակայն շուտով ես էլ լքեցի այն: Պարզապես փախա - ուղեգիր վերցնելով գնացի գյուղ` ուսուցչություն անելու: Սակայն «հազարոտնուկն» արդեն տարածել էր շոշափուկները: Քաղաք-հիդրան զոհ էր պահանջում, եւ հեքիաթի վիշապի բաժինը մեր տնից առաջինը Մերուժան եղբայրս դարձավ` նա, որի մասին մի փոքր ասել եմ:
***
Երկու տարի շարունակ տառապեց: Սիրտն էր հիվանդ: Կրկնվում էր հորս պատմությունը, միայն այն տարբերությամբ, որ նա լավից-վատից իր բաժին կյանքն ապրեց, վաթսուներկու ծաղկունք տեսավ, իսկ եղբայրս` մատղաշ երեխաների տեր, կինը` ջահել: Կինը... բայց այդ մասին` հետո: Աստված, ինձ ուժ տուր ամեն ինչ պատմել կարողանալու համար:
Սկզբնական շրջանում կարծում էինք մրսել է, կանցնի: Եղավ պահ, որ հիվանդանոցից դուրս գրվեց: Լավ էր, չէիր ասի, թե հիվանդ է եղել, կամ` է: Սակայն իրականում այդպես չէր: Բժիշկներն էլ ասել էին, որ աշխատելը մտքից հանի: Իսկ նա բանի տեղ չդրեց: Մի քանի օր հետո լսեցինք, որ առողջարան մեկնելու եւ հիմնովին կազդուրվելու փոխարեն գործի է գնացել, երեկոյան տուն դարձել գնումներով ծանրաբեռնված ու աստիճաններով ելնելիս կրկին վատացել, այն աստիճան, որ ստիպված են եղել «Շտապ օգնություն» կանչել: Նորից հիվանդանոց, սրսկումներ, տասնյակ բժիշկների փոխայցեր...
Կազդուրվեց, կարգավորվեց սրտի աշխատանքը, առաջարկեցին բուժումը շարունակել առողջարանում, բացատրեցին, որ սրտամկանը թուլացել է, լոճվել, որ թեկուզեւ ոչ հիմնովին, բայց կարելի է վերականգնել նախկին վիճակը, միայն թե այսուհետեւ հարկավոր է զգույշ լինել` չհուզվել, ծանրություն չբարձրացնել, այլ խոսքով` սրտին նեղություն չտալ: Խորեն եղբայրս` Մոսկվայում սովորած, խելքը գլխին մասնագետ, բժիշկների այն տեսակից, որոնք հիվանդին ամեն ինչ բացեիբաց ասում են, գիտակցորեն մասնակից դարձնում բուժման ընթացքին, շարունակ զգուշացնում էր.
- Քո սիրտն ընդունիր լիցքավորված մարտկոց` ընդունակ, ասենք, հարյուր հազար զարկի: Խնայողաբար օգտագործելու դեպքում այն կծառայի քսան, հակառակ պարագայում` երկու-երեք տարի:
Այնքան մանրակրկիտ էր վերլուծում սրտի աշխատանքը, որ ես մաթեմատիկական ճշգրիտ մտածողությունը դնելով բանաստեղծականի կողքին, ակամա գերապատվությունը տալիս էի առաջինին:
- Ծանրամարտիկը միանգամից բարձրացնում է երկու հարյուր կիլոգրամանոց ձողը: Ինձ ու քեզ նույնի համար երեք-չորս մոտեցում է պետք: Այդպես էլ առողջ սրտին հինգ լիտր արյունը մղելու համար մեկ րոպեում վաթսուն կծկում է անհրաժեշտ, տկար, թուլացած սրտամկանին` հարյուր քսան ու ավելի: Որքան մեծ լինի բեռը, նա այնքան շատ պետք է քրտնի, ջանքեր գործադրի ու վաղ սպառի պահեստած ուժերը, ջլատվի, հիշեցնի երեխային նոր կերակրած մոր ստինք, ռետինյա ծակ գնդակ:
Մերուժն անսալով նրա խորհուրդներին` մեկնեց առողջարան, սակայն տասն օր անց ետ եկավ` պատճառ բռնելով եղանակը, վատ սնունդը, բուժանձնակազմի անհոգի վերաբերմունքը: Հավատացինք: Միայն Պարույրն էր այլ կարծիքի:
- Խանդում է,- մի օր ասաց:
- Պատճառ չունի,- առաջին պահ չհավատացինք:
Միտքն ապա կամաց-կամաց արմատ գցեց: Հարսը տասներկու տարով ջահել էր եղբորիցս` տեղով եռանդ: Այդ օրերին, ասես դիտմամբ, որոշեց, որ իսկը լոգասենյակը սալիկապատելու ժամանակն է: Ապա հերթը հասավ խոհանոցի կահույքին, պատշգամբը կիսեց` երկկողմանի պահարանով, մեկը` ննջասենյակ` աղջկան, մյուսը` մթերանոց: Չեխական սալիկներ, ծորակներ, վիետնամական մանրատախտակ, հազար ու մի ներկեր: Տարիուկես տունը շինհրապարակ էր դարձել, մի վարպետին փոխարինում էր մյուսը:
Էլի ամառ էր` տոթակեզ: Ասֆալտից շոգի էր ելնում` թել-թել: Ավարտական քննություններից հետո ես երկու ամսով եկել էի քաղաք` թրեւելու, առնելու կարոտս մայթերից, ծխից ու աղմուկից, եկել էի վայելելու աղջիկների շատությունը, աչքերի անամոթ փայլը, հավակնոտ անտարբերությունը, որովհետեւ ինն ամսում բոլ-բոլ կշտացել էի գյուղի անգրավ հագուստ-կապուստով կանանց քննախույզ հայացքներից, արդեն հասուն աշակերտուհիների վեհերոտ հիացմունքից:
Պատահաբար Մերուժին տեսա: Հենվել էր կանգառի ծառաբնին ու շնչում էր` ընդհատ: Ինձ տեսնելով ուղղվեց, թույլ ժպտաց: Փոսիկը, որ նման դեպքերում միշտ ծաղկում էր ձախ այտին, չտեսա - այդքան նիհարել էր: Քրտինքի մանր կաթիլներ էին շարվել ճակատին, ձեռնափը խոնավ էր:
- Ո՞նց ես,- հարցրի:
- Ոչինչ,- փորձեց ուսերը շտկել, առույգ երեւալ:
- Ո՞ւր ես գնում,- շարունակեցի ու, քանի որ խիղճս տանջում էր իմ` առողջ, իսկ նրա` հիվանդ լինելու պատճառով, ավելացրի: - Սոսկալի տոթ է, օդ չկա:
Ուզում էի ասել, որ իր վատ զգալը ոչ թե տկարության, այլ եղանակի հետեւանք է: Ես նրան վերստին թույլ, հիվանդ լինելու հնարավորություն էի տալիս:
- Ահավոր շոգ է,- հաստատեց նա ու հանեց թաշկինակը:
Սրբում էր ճակատը, իսկ ես հետեւում էի, թե ինչպես է ժամանակից շուտ թորշոմած կաշին ոսկորի վրա մի քունքից մյուսը շարժվում:
- Տո՞ւն էիր գնում:
- Լվացարանի ետեւից էի եկել, էն էլ չեղավ,- խոստովանելով` մեղավոր շուրջը նայեց:
Կարծում էր, թե կսկսեմ նախատել` առողջությանը չհետեւելու համար, սակայն ես ձայն չհանեցի, քանի որ չէի ուզում գրգռել: Երկուսս էլ մի պահ լռության մեջ զրուցում էինք իրար հետ, այնուհետեւ նա թափ տվեց ձեռքը:
- Գնանք տուն,- ասաց:
- Չէ, մեկի հետ պայմանավորված եմ,- ժամացույցին նայելով ստեցի ես:
- Դո՞ւ ոնց ես,- երբ բաժանվելու համար մեկնեցի ձեռքս, հարցրեց:
- Երեսի զոռով ապրում եմ,- վերջերս լսած շաբլոն դարձվածքով պատասխանեցի: - Փողը տուր, վարպետները քարի տակից էլ լինի, կգտնեն,- վերջում չհամբերելով` ավելացրի:
- Այդպես էլ կանեմ,- պահի տակ ոգեւորվեց նա:
Բաժանվեցինք: Երկու քայլ չարած ես դարձա.
- Մերուժ, եթե վատ ես զգում, ուղեկցեմ:
- Չէ, մի անհանգստանա: Տաքսիով կգնամ - փո՞ղ չունեմ:
Դրամ ուներ, ըստ որում` շատ, բայց ես համոզված չէի, թե իր համար նման շռայլություն թույլ կտա:
- Դե տես,- ու շտապ-շտապ հեռացա, իբր, ժամադրությունից եմ ուշանում, աչքերս արդեն լցվում էին, նաեւ` չէի ուզում տեսնել, թե ինչպես է շտապում ավտոբուս նստել, որն այդ պահին հակառակի պես ժամանեց:
Աշնանը նա նորից հիվանդանոց ընկավ, այս անգամ` վերջնական: Քույրս առաջին օրը մի փոքր վիճեց հարսի հետ. հիվանդանոցում տեսել էր տնից բերած հասարակ գավաթն ու ալյումինե գդալը եւ զանգել նրան.
- Ամոթ չէ՞, եղբորս հետ այդ բաժակն ու գդալն ես դրել: Տեսնողն ի՞նչ կասի: Չունենայիք` ուրիշ:
- Էդքան որ շատ ես ուզում, ինքդ տար,- հեռախոսի մյուս ծայրից կոպտորեն պատասխանել էր, հետո զգալով, որ ասվածը շատ է խիստ, տալի սիրտն առնելու համար անցել էր մեղմ տոնի: - Կարեւորն էդ չէ, այ Ծովո:
Կարեւորը, անտարակույս, բուժվելն էր, բայց դրա համար առաջին հերթին անհրաժեշտ էր թուլացնել նյարդերը, հիվանդ լինելու իրավունք վաստակել, հավաստիանալ, որ ընկնելու դեպքում չի փոխվի կողակցի վերաբերմունքը, սեր էր պետք նրան` կրկնապատկված, բազմապատկված, եւ խնամք, որպեսզի ուժ ունենա` ոտքի ելնելու: Իսկ երբ զլանում ես շուկայից կիտրոն գնել` նկատի առնելով թանկությունը, երբ անասնական սարսափի մեջ ոչ թե անկողնուն գամվածի տառապանքն են տեսնում, այլ իրենց գալիք անապահով օրերը, երբ հիվանդի տնքոցն ընդամենը ամուսնությունից առաջ կատարած հաշվարկների սխալականության եւ փլուզվող ծրագրերի մասին է հիշեցնում, մնում է խռովել աշխարհից, դեմքը շրջվել պատի կողմը:
***
Բժիշկները մեկը մյուսի ետեւից հիվանդասենյակից դուրս եկան եւ առանց մեր կողմը նայելու գնացին: Կիսաբաց դռնից երեւում էր աթոռին թիկնած Մերուժանի կիսադեմը: Բիբերը տարօրինակորեն լայնացել էին, սպիտակուց գրեթե չէր մնացել: Դեղնություն կար անգամ այտուցված պարանոցին, որ մարմնում ժամ առ ժամ ավելացող ազոտի հետեւանք էր: Թաթերի ծայրին առաջացանք: Մերուժանի կոպերը ետ գնացին, մի պահ անտարբեր նայելուց հետո շարունակեց միայնակ գոտեմարտել «հազարոտնուկի» հետ: Մահճակալներից մեկն ազատ էր, մյուսին պառկած տարեց հիվանդը անքթիթ մեզ էր հետեւում, իսկ մատները վարժ շարժումով շերտերի էին բաժանում բռնցքաչափ խնձորը: Կլպելուց հետո նա պատառները հերթով տանում էր բերանն ու անշտապ ծամում: «Ժամանակին ոչ ոք չի սովորեցրել բերանը փակ ուտել»: Եղբորս հեւոցից, անկյունում դրված սառնարանի աղմուկից ավելի բարձր սպիտակ, տարիքին անհամապատասխան առողջ ատամների խրթխրթոցն էր լսվում: «Ամենայն հավանականությամբ հիվանդությունն ախտորոշելիս սխալվել են»,- այս անգամ մտածեցի:
Իսկ Մերուժանի հարցում... Հույսը Խորենն էր: Մասնագիտական չգրված կարգին հավատարիմ, նա չէր միջամտում կոլեգաների գործին, թեեւ վերջիններս խորհրդակցում էին հետը, ասում, թե ինչ են մտադիր: Իսկ հիմա, երբ բոլորը հուսահատ ետ կանգնեցին, նա եղբորս կյանքը բախտախաղի դնելու վճռականություն, ձախողվելու դեպքում խղճին մեղք բարդելու քաջություն ունեցավ` բուժքրոջը կարգադրելով եռակի բաժին միզաբեր սրսկել: Կյանք, կամ` մահ: Միջին դիրք չկար: Այդ մասին ասաց միայն մեզ` տղամարդկանցս: Գիտեր, կանանց նյարդերը կարող են չդիմանալ, իսկ հիվանդի մոտ` իմանալու դեպքում, հնարավոր է հոգեբանական արգելակում առաջանա` սեւեռուն գաղափարից:
Մերուժանն անտեղյակ` մեկնեց թեւը, անգամ չցնցվեց, երբ ասեղը մտավ երակի մեջ - այդ աստիճան թույլ էր, ուժասպառ:
Գիշերվա տասի մոտերքը վերջապես երիկամներն սկսեցին գործել: Մենք դուրս հրավիրեցինք քրոջս եւ հարսին: Ծովոն հրաժարվելով` ընդամենը դեմքը շուռ տվեց պատի կողմը: Ես ու Գալեն մտանք թեւերի տակ, իսկ Արան ձեռքն առավ կես լիտրանոց բանկան: Ցայտերը հասնում էին մատներին, բայց նա, տեսնում էի, չի խորշում: «Աստված իմ, օգնիր, թող ապրի եղբայրս: Մեղք ենք բոլորս»,- այդ ամբողջ ընթացքում մտքումս ասում էի:
Երբ Արան լրագրում փաթաթած միզանոթը տարավ դուրս` զուգարանում թափելու, ես նայեցի քրոջս: Նա շարունակում էր կանգնած մնալ` դեմքով դեպի պատը: Լաց է լինում,- գլխի ընկա, ու այդ մտքից իմ աչքերը եւս թրջվեցին:
Ապա մենք դուրս եկանք միջանցք ծխելու: Խորենի լարվածությունն անցել էր, միայն աչքերում հոգնություն կար:
- Սիրտն արդեն լրիվ կծկումներ ի վիճակի չէ կատարել: Արյունը հազիվ թոքերին ու գլխուղեղին է հասնում: Երիկամներում նույնպես կանգային երեւույթներ էին սկսվել: Հիմա, կարծես, բացվեց,- ծխում էր ու բացատրում:
- Իսկ դե՞ղը,- հարցրի:
- Թուլացնում, ընդարձակում է հյուսվածքները, չնայած` իր բացասական կողմն էլ ունի:
Այդ պահին քույրս մոտեցավ.
- Եկեք:
Խորենը լարվեց. նրա մեջ կրկին խոսեց բժիշկը: Անհանգստությունը փոխանցվեց նաեւ մեզ:
- Էլի է ուզում,- միտքն ավարտեց Ծովոն:
- Լավ է: Մնում է սիրտը դիմանա,- ինքն իր հետ խոսեց Խորենը, հետո ձեռքն ուժգին խփեց ծնկին: - Բա՛, ասում են բժշկության մեջ հրաշք չի լինում:
Առավոտյան, երբ գյուղ մեկնելուց առաջ կրկին հիվանդանոց գնացի, դեղնությունը կիսով չափ անցել էր: Ծովոն ազատ մահճակալին կծկված` ննջում էր: Ինձ տեսնելով` ուղղվեց.
- Եկա՞ր:
Մերուժանին չարթնացնելու համար ընդամենը գլխով արեցի` մի փոքր տարակուսելով հարցի անիմաստության եւ ձայնի բարձր տոնի համար:
- Արդեն լավ է: Վտանգն անցավ:
Ես շուռ եկա դռան կողմը. Խորենն էր ներս մտնողը: Նա ձեռքերն ու դեմքը մանրակրկիտ չորացնելուց հետո սրբիչը փռեց Մերուժանի մահճակալի գլխին: Նրանք իրենց զգում էին` ինչպես տանը: «Որքան արագ է մարդ ամեն ինչի ընտելանում»,- մտածեցի ես:
Երրորդ` ձախակողմյան մահճակալը դատարկ էր, հարդարած, հիմնովին հավաքած: Գիշերն այնտեղ, կարծես, մարդ չէր քնել: «Ծերուկն ո՞ւր է այդքան վաղ վեր կացել»: Ուշադրությունս գրավեց մահճակալի տակ դրված լիտրանոց ամանը, մեջը` կիսով չափ ջուր, դնովի ատամնաշար: «Այ թե առողջ ատամներ են»: Վճիտությունը կորցրած ջրում լողացող թելիկների, անկենդան ատամների տեսքից փշաքաղ` ոտքով բանկան հրեցի խորքերը:
- Մոռացել են վերցնել,- լսեցի քրոջս ձայնը:
- Դո՞ւրս գրվեց,- հարցրի:
Ծովոյի դեմքին շփոթություն տեսա: Թե՞ թվաց: Համենայնդեպս ինչ-որ բան այնպես չէր:
- Ուրիշ պալատ տեղափոխեցին,- վերմակը Մերուժանի առանց այդ էլ ծածկված թիկունքին վրա բերելով` արձագանքեց:
- Ես գնում եմ տուն,- ընդհատեց Խորենը: - Իրիկվա կողմ էլի կգամ: Կփորձեմ քնել: Այնտեղից էլ զանգ կտամ աշխատանքիս տեղը. երկու օր եղավ գործի չեմ գնում: Տարոն, մինչեւ իմ գալը կարո՞ղ ես Ծովոյի հետ մնալ:
- Եթե պետք է, կմնամ, ինչ խոսք,- անվարան պատասխանեցի: - Ինքն ո՞ւր է:
Նկատի ունեի հարսին:
- Ալիսը գնաց երեխաներին դպրոց ճամփի,- միջամտեց Ծովոն:
- Դե, ես գնացի,- ոտքի ելավ Խորենը: - Բուժքրոջն ամեն ինչ ասել եմ,- հետո դարձավ ինձ,- իսկ գործիդ տե՞ղը - բան չե՞ն ասի:
- Մի թեթեւ տեղյակ եմ պահել: Եթե չգնամ, գլխի կընկնեն:
Խորենի ետեւից դուրս եկա միջանցք` ուղեկցելու: Հենց դուռը ետեւիցս փակվեց, նա մտերմիկ գոտկեց մեջքս.
- Գիշերը պալատի հիվանդը մահացավ:
- Ո՞նց,- ապշեցի ես. եղավ պահ, որ կարծեցի, թե խոսքը Մերուժին է վերաբերում: Չլինի՞ մեռած էր, ու ես չհասկացա:
- Ինֆարկտից: Տեղնուտեղը սպիտակեց: Մի րոպե հետո սառցի կտոր էր: Նման դեպք պրակտիկայումս չի հանդիպել:
- Ո՞ւմ մասին ես ասում, է...,- նյարդերս չկարողացա զսպել ես:
- Կողքի հիվանդի. էն որ ախորժակով խնձոր էր ուտում,- անհանգստությունս հասկանալով` ժպտաց եղբայրս:
«Որքան խաբուսիկ, սխալ են մեր պատկերացումները կյանքի, համոզված կարծիքը` մարդկանց մասին: Ավելի հաճախ գոհանում ենք իրերի, երեւույթների առաջին շերտը թափանցելով, դատողություններ ենք անում` տեսանելիից ելնելով ու... չարաչար սխալվում ենք»:
- Մերուժի մոտ այդ մասին չխոսեք. թող չիմանա:
Նա գնաց: Աստիճանահարթակին կանգնած` սպասեցի, մինչեւ ներքեւում լռեցին ոտնաձայները: Ապա մոտեցա մուտքի վրա բացվող պատուհաններին: Բակում` ընդհանուրից բավական հեռու միահարկ շինություն կար, որի մոտ տասը-տասներկու մարդ կլիներ հավաքված: «Շտապ օգնության» մեքենան, ետեւի դուռը բաց, մոտեցել էր մուտքին: Դիարանն է,- անցավ մտքովս,- բարեկամները լուրն առել են:
Ցայտաղբյուրից ջուր խմելուց հետո Խորենն ուղղվեց եւ ընդառաջ գնաց մեկին, որը ձեռքին պայուսակ ուներ: Ուշադիր նայելուց հետո նոր ճանաչեցի բաժանմունքի վարիչին. առաջին անգամ էի տեսնում քաղաքացիական հագուստով: Նրա դեմքին զարմանքախառը հիասթափություն կար: Ինչ էին խոսում, ինձ անհայտ էր, ուստի չկամեցա վաղօրոք գուշակություն անել: Գուցե եղբորս դեռ կենդանի լինելու մասին լո՞ւրն էր պատճառը: Միգուցե Խորենն իր պարտքն էր համարել ասե՞լ, որ հիվանդներից մեկը հանկարծամահ է եղել: Եթե միտքս մնա, կհարցնեմ,- քայլերս հիվանդասենյակ ուղղելով` որոշեցի:
Մերուժն արթնացել էր: Այն աստիճան լավ էր զգում իրեն, որ համայցի ժամանակ, թեեւ դժվարությամբ, պատասխանեց բժիշկների հարցերին, միայն թե լեզուն, շրթունքները շատ հեղուկ կորցնելուց սկսել էին ճաքճքել, եւ ասածը դժվար էր հասկացվում:
Կեսօրին գյուղից եկավ ութսունամյա հորաքույրս` Արաքսին, միշտ կոկիկ, դեմքը սպիտակ` ինչպես լավ մշակած մագաղաթ: Մթերքները թոռան ձեռքն էր տվել: Բազկատարած մոտեցավ ու երկա~ր գրկից բաց չէր թողնում Մերուժին: Ես տեսա, թե ինչպես եղբորս աչքերը լցվեցին: Աշխատում էր զսպել, սակայն չկարողացավ ու հեկեկաց:
- Ջոջոն քեզ մատաղ, ջոջոն քեզ մատաղ,- մրմնջում էր Արաքսին, թեթեւակի օրորում եղբորորդու հիվանդկախ մարմինը:
Ցավից արցունքած բոկոտն մանուկն էր նրա գրկում: Արյունած բութ մատը փոշուց մաքրել էր, խանձուր արել վերքին ու հիմա գրկած հանգստացնում էր` մինչեւ մայրն աղբյուրից դառնա:
Իսկ Մերուժը... հիվանդանոցային տհաճ հոտի փոխարեն գյուղի, մեր հացատան, մարագում դիզված խոտի, չորաթանի բույրն էր առնում, մոռացել էր տարիքը, բժիշկներին, կնոջը - երեխա էր` անօգ, անկար:
Երկուսի դիրքն էլ անհարմար էր: Արագորեն բարձերը հարմարեցրի եղբորս մեջքին, ապա բռնեցի հորաքրոջս թեւից, որ միայն շոր էր: Իմ շարժումը սթափեցրեց Մերուժին, նա ուղղվեց, ուժատ մանուկը մնաց այնտեղ` լեռնահովտում: Ծովոն աթոռ բերեց: Ջոջոն նստեց, բայց դիրքը սրտով չէր: Աթոռով կիպ մոտեցավ Մերուժի մահճակալին, բռնեց ձեռքը: Այդ պահին միայն աչքս ընկավ դռան մոտ կանգնած Վարդանին. մեծացել էր, բարդին` օրինակ: Երկու ձեռքով շարունակում էր բռնած պահել կապոցները` գլխի չընկնելով գոնե արցունքները մաքրելու համար հատակին դնել:
- Վարդան զորավարս, արի, արի քեռուն բարեւի, ձագ,- հորաքույրը ներքեւից վերեւ հպարտությամբ նայեց ցածրիկ ու երկարուկ հիվանդասենյակի հետ չգնացող թոռանը:
Վարդանը ձեռքինը զգուշորեն ցած դրեց եւ կարմիրը երեսին մոտեցավ մահճին ընկողմանած Մերուժին, բարեւեց, հետո ամոթը մի կողմ դրած կռացավ, պինդ-պինդ համբուրեց: Ես տեսա, որ Ծովոն աչքերը նորից է սրբում:
-Մեռնիմ արեւին, մարդ է դարձել,- գորովանքով նկատեց հորաքույրը: - Քեռին թող ոտքի ելնի, գանք տանենք մեր տուն: Էն մաքուր օդն ու ջուրը բոլ են, որ քու ցավ մոռնաս: Խաչ,- կիսակռվարար դարձավ Ծովոյին,- էրեխուն դեղեր էս օրը թալին:
Նա վերստին անցավ հանդարտիկ տոնի. շոյում էր Մերուժի ձեռքը, երգեցիկ ասում.
- Մոժոյիս փափուկ տեղ գցիմ, անուշ-անուշ քնի, ելնի, արդար կարագ, մածուն ուտի, պաղ ջուր վրեն խմի, զօրուն ման գա սարեր, սիրտ հովնա, կարոտ առնի, քաղքի մունդռություն դուրս գա իրնե,- հետո խոսքը դարձյալ ուղղեց Ծովոյին: - Բալեն հաց կերե՞,- ու չսպասեց պատասխանի: - Վարդանս, բեր, բեր իմ ձեռքով էրեխուն հաց տամ: Հենց իմանաս քու մոր թխուկն է: Իրնե իմ սորվուգ, լույս դառնա:
Լավաշում փաթաթած խաշլամա էր` դեռ տաք, անքաշ պանիր, ապակյա լիտրանոցով կարագ` երեսին ջուր, որպեսզի չհալվի, մածուն` դեղին սերը վրան, էլի մանր-մունր բաներ` ձու, կանաչի, մի կապ թթու դրած էրժնակ:
- Ուտողն ո՞վ է, էսքան բերել ես,- թույլ ժպտաց Մերուժը:
- Քու գործ չի: Կեր, որ ուժ ունենաս, քու ցավ խեղճցուս:
- Միասին ուտենք: Ծովո, երկու օր է ինձ հետ տանջվում ես, վերցրու,- Մերուժանը ձգվեց եւ մի պատառ խաշլամա վերցնելով` մեկնեց նրան:
- Առանց ուտել հալբաթ կհիվանդնաք: Ես որ լուսուն չուտիմ, իմ գլոխ կպտտվի, էն աստված:
Ախորժակով, մոռացած, որ հիվանդանոցում ենք, վայելում էինք մանուկ օրերի բույրն ու գույները պահած ուտեստները, երբ դուռը բացվեց, եւ ներս մտավ Ալիսը: Մերուժը մեղավոր ժպտաց, թվաց` ներողություն է խնդրում անկիրթ տեսարանի համար: Հարսը սարքած ժպիտը դեմքին բարեւելով` շպարված այտը հարեւանցի դեմ արեց ջոջոյի շուրթերին, հետո դարձավ ամուսնուն.
- Իմանայի ուտելիք են բերել, չէի չարչարվի: Քո սիրած ձեւով եմ պատրաստել:
Նա ձեռքի մոմլաթե պայուսակից, որի կողերին տաբատով աղջիկ էր դրոշմած, թթվասեր հանեց, տապակած կարտոֆիլ` կես կիլոյանոց բանկայի մեջ, երկու կտոր հաց, մեկ այլ ամանով` կիսել - ամենաատածս բանը: Սեղանին փռված ուտելիքների կողքին նրա բերածն այն աստիճան քիչ, անշուք էր, որ ակամա այլ բան մտածելու առիթ էր տալիս: Հորաքույրը զարմանքով, հետաքրքրությամբ հետեւում էր ամանները սեղանին տեղավորող հարսին: Բոլորը լռել էին, ուտել չէր լինում:
- Կարտոֆիլ լցնե՞մ,- հարսը դիմեց Մերուժին:
- Յուղո՞վ է,- հարցրեց հորաքույրը:
Ալիսը ժպտաց.
- Էհ, տիկին Արաքսյա, կարագը հերիք անո՞ւմ է որ: Գյուղի նման անչափ, անկշեռք չէ:
«Կարծո՞ւմ ես, տիկին: Գիտե՞ս, թե մի կիլոգրամ կարագի համար, որը, համոզված եմ, չփչանալու անվան տակ էսօր-էգուց տանելու ես տուն, Վարդանը (անգամ բարեւի չարժանացրիր) քանի խուրձ խոտ է բերել սարից ու ի~նչ դժվարությամբ...
Ամառն ամբողջ` մեր գործը անասնակեր կուտակելն էր. հունիս-հուլիսին` խոտ, օգոստոսին` ծղոտ: Առավոտ վաղ ճամփա էինք ընկնում` տասը-տասներկու տղա: Մի շնչով ելնում էինք Նախավկա սարը, մատուռի մոտ դադար առնում, որպեսզի սքանչանանք հովտում փռված աշխարհի ամենաչքնաղ բնակավայրով, ձեռնափի վրա բացվող երակ` գեղադիր ձորակներով, մեկը նրբիրան օրիորդ` կորած ծառուտում, մյուսը թրծած կողերով այր` սպասումի պահին: Ապա հայացքներս ոստոստելով անցնում էր անհրապույր բլուրներով, մի պահ միայն նկատում շոգի արտաշնչող Արտին սարն ու շարունակում գնացքը, զարկվում կապույտ մորմոք Լեռանը, շուրջպարի ելած նրա արնակից քույրերին, եղբայրներին ու շրջանցելով` մոլորվում կորուսյալ Երկիր տանող ճանապարհներին...
- Հիմա զենքի տեսակ կա, որ եթե այստեղից նշան բռնես, Արաքսի էն կողմում թուրք զինվորին կհասնի,- ասում էր Հարութը:
- Եթե երեւա,- նկատում էր մեկնումեկը:
- Ես տեսնում եմ: Հրեն, ետուառաջ է քայլում` կեռ թուր է կապել, գլխին չալմա կա, աչքերը ներս ընկած են, ճպռոտ:
Ասում էր լուրջ, առանց հեգնանքի նշույլի, ու շատ ժամանակ հավատում էինք: Ես որ` այդպես էի:
- Ի՞նչ կա չհավատալու: Արայի լեռան մոտ մի տեղ կա, որտեղից Սիփանը երեւում է,- պաշտպանում էի ես: - Հայրս է ասել:
- Իր աչքով տեսե՞լ է: Չեմ հավատում,- ձեռքն էր թափ տալիս Խչոն:
- Քո գործն է,- հետո բորբոքվում էի: - Բա ո՞նց է Աբովյանը Մասսի գլխից ծովից ծով Հայաստանը տեսել: Ճիշտ չե՞մ ասում:
- Վանա լիճը նույնպես,- հաստատում էր Հարութը, որ խմբում ամենամեծն էր, նաեւ` ամենակարդացածը: Դպրոցը վաղուց էր ավարտել, բայց հասակակիցներին թողած, մեզ հետ էր ընկերություն անում: «Խեւ է, ծալը պակաս»,- նրա մասին ասում էին:
- Դուք ասիք, ես էլ հավատացի: Համ էլ ե՞րբ է Հայաստանը ծովից ծով եղել,- չէր հանդարտվում Խչոն:
- Տիգրան երկրորդի օրոք: Մի սահմանը Միջերկրական ծովն էր, մյուսը` Վրկանա:
- Էդ ո՞րն է, Սեւ՞ը:
- Չէ: Սեւ ծովը մերը չի եղել, հետո այն Պոնտական էր կոչվում:
- Բա Վանա լճի՞ն առաջ ինչ էին ասում,- նրա գիտելիքներով հիացած` հարցնում էի ես ու բերանբաց սպասում պատասխանի:
- Բզնունյաց:
- Իսկ էն մյո՞ւսը, որ կողքին է:
- Ուրմիո լճի հետ ես` Կապուտան,- հայացքը մուժին` վերացած պատասխանում էր:
- Ստից խոսում եք,- խեղճանում էր Խչոն:
- Գրքերում գրած է: Չես հավատում, գնա կարդա,- թեւ առած պատասխանում էի` խոսքս տպավորիչ դարձնելու համար անգիր ցիտելով «Քաջ Նազարից»: - Սեւանին էլ Գեղամա ծով են ասել, դե իմացիր,- Հարութի` մի քանի օր առաջվա ասածը մտաբերելով` վրա-վրա շարունակում էի գիտելիքների իմ պաշարն ի ցույց հանել ես:
- Դե որ էդքան գիտես, ասա. հիմա թուրք պագրանիչնիկն ի՞նչ է անում,- ծաղրական տոնի էր անցնում նա:
- Ղութին հանել է, որ ծխի: Հրեն, տեսնում եմ` արծաթե տուփ է` Վանի վարպետների պատրաստած: Նույնիսկ տառերը` մեսրոպյան, երեւում են: Կոտորածի ժամանակ է ձեռք գցել: Գլուխը, գիտե՞ս, քոնի պես լոլոզ է:
Մենք հռհռում էինք եւ անութի տակից հանելով պարկերը` շրմփացնում Խչոյի հետույքին:
Կոլտնտեսության խոտհարքներ տանող ճանապարհն անցնում էր Մարդասպան ձորով: Անձրեւաջրերը լվացել-տարել էին սայլուղու հողն ու ավազը, գլաքարերը հանել արեւերես: Որձաքարերից մեկի վրա` մյուսներից համեմատաբար ողորկ ու հարթ, պայտ հիշեցնող փոսիկ կար: Սուրբ Սարգսի ոտատեղ էր անունը: Երկրորդ դադարը այդտեղ էինք տալիս, եւ նորից ծայր էին առնում զրույցն ու վեճը` Սուրբ Սարգսի՞նն է, թե՞ Վարդան Մամիկոնյանինը, եթե Սարգիսը Գեւորգ Մարզպետունին է (ինչպես համոզված պնդում էր Հարութը), ապա նա մեր շենով անցնելիս նժույգից իջե՞լ է, թե՞ սուրացել-անցել:
- Էդ մեկը չգիտեմ, բայց Նիկոլայ առաջին թագավորին Բարսեղ Բեհբութովը դիմավորել է մեր գյուղում. այնտեղով է անցել Արքունական ճանապարհը,- պատմության դասն էր շարունակում Հարութը:
- Ի՞նչ գիտես,- դարձյալ մեջ էր ընկնում Խչոն:
- Կարդացել է,- սաստում էինք մենք:
- Որտե՞ղ,- շարունակում էր նա:
- Գրքերում,- միաբերան պատասխանում էինք:
- «Եվ ապա...-յի վրայով (տալիս էր մեր գյուղի անունը), ուր նրան դիմավորել էր հայկական նահանգի կառավարիչ իշխան Բարսեղ Բեհբութովը, հոկտեմբերի հինգին (1837թ.), անցավ Սարդարապատ»: («Արձագանք» նո. 34, 2-ը սեպտեմբերի 1884թ):
- Կերա՞ր,- հրճվում էինք մենք:
Նա մեր հանրագիտարանն էր, հոմանիշների, բացատրական, ուղղագրական, ուղղախոսական բառարանը, հաշտարար դատավորը:
- Սեւանատակ - նշանակում է Սեւանի տակ,- պնդում էր Լեռնիկը: - Այդտեղից էլ անեծքը` Սեւանա տակ անցնես, այսինքն` խեղդվես:
- Ոչ, ուզում է ասել` սեւ Անիի տակ գնաս: Անիի երկրաշարժի հետ է կապված,- եռանդուն իմ վարկածն էի պաշտպանում ես:
- Բարդ բառ է, կազմված սեւ եւ հատակ արմատներից: ԱՆ-ը ածանց է,- մեր ոգեւորության վրա սառը ջուր էր լցնում Հարութը: - Ժողովուրդն ի նկատի ունի հողի տակ անցնելը: Խոսքը մահվան եւ թաղվելու մասին է:
Ու հավատում էինք, որ նա է ճիշտ:
Ձորի վերին նվագով բարձրանալիս սուսուփուս էինք առաջանում, որովհետեւ վերեւում խոտհարքներն էին. հանդապահն ամեն րոպե կարող էր տեսնել, լսել ձայներս: Ոչխարի տասնյակ հոտերի կողմից թրաշված անհրապույր բլուր-բլրակներից, ձոր ու ձորակներից հետո մեր դեմ բացվող ակնահաճո տեսարանը` կորնգանի կարմիր կարկատաններ ալպյան մարգագետնի կանաչ շրջազգեստին, այն աստիճան ցնցող էր, որ մոռանում էինք տեւական վերելքի պատճառած հոգնությունը, շարունակաբար կրկնվող անպտուղ վեճերը: Նպատակակետը միջնակներն ու արտերի քարի կիտուկներն էին (չընգըլ էինք ասում), ուր ծնկահար, երբեմն նույնիսկ` գոտկատեղը հասնող խոտ էր աճում: Կորնգանին ձեռք չէինք տալիս, որովհետեւ բռնվելիս ներել չկար: Մարդ-մուրդ չլինելու դեպքում վազքով, հակառակ պարագայում` կուզեկուզ, պատահում էր նաեւ` սողեսող հասնում էինք միջնակին, պարկի հետ փաթաթած մանգաղը հանելով սկսում տենդագին արագությամբ հնձել: Շտապողականության, հուզմունքի, վախի պատճառով, ժամանակ էր լինում, խոտի, ավելի շուտ` ծաղկեփնջի հետ մատներս էինք կտրում:
Աչքաչափով բավարար կանաչ զանգված հնձելուց հետո մանգաղը մի կողմ էինք դնում եւ հավաքածը լցնում պարկը: Գործողությունը վարպետություն էր պահանջում: Որքան ուժներս պատում, սեղմում էինք, որպեսզի հիմնավոր, պինդ լցվի, այլապես հարյուր-երկու հարյուր քայլ չարած պարկն ու պարանը թուլանալով` ճամփին հազար ու մի նեղություն կպատճառեին: Խչոն գործում էր բռունցքով, այնքան էր հուպ տալիս, որ պարկի կարերը ղռռոցով բացվում էին: Լեռնիկը դիմում էր ոտքի օգնությանը: Մերոնցից համահավասար լցնելու վարպետ էր Գալեն: Ապա պղնձյա լարով գոցում էինք բերանները, պարանը փռում գետնին եւ օգնում մեկս մյուսին` կապելու: Փոքրերը մի պարկով էին գալիս, ինձ նման միջակ ուժի տերերը` երկու, Խչոն, որ բոլոր հարցերում էր ագահ, Հարութը, մեր Արան` երեք:
Սրտներս տեղն էր գալիս ձորակը մտնելուց հետո միայն: Պարկերը դնում էինք, վերջնականորեն ուղղում կապերն ու իծաշարուկ ընկնում ճամփա: Պարանը խրվում էր մաշկի մեջ, փայտացնում մատներս, ցավեցնում ուսոսկրը: Տեղափոխում էինք մյուս ուսին, ապա` ավելի բարձր` ճակատներիս: Հարութը խորհուրդ չէր տալիս, սակայն այդպես ավելի հեշտ էր. ծանրությունը հիմնականում ընկնում էր թիկունքին եւ ուսերին: Հետագայում Թուրքիայի մասին պատմող հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ նկատեցի, որ Պոլսի բեռնակիրները եւս կաշեփոկերը ճակատով էին անցկացրել:
Դադարի կայուն տեղեր ունեինք, մեր քարերը, որոնց բեռը հենած` շունչ էինք առնում: Հարութը, Վրեժը, Արան ծխում էին, Խչոն ախուվախով պտտվում էր ունեցվածքի շուրջ-բոլորը, պատռված անցքերից դուրս ցցված խոտի փնջերը ներս խրում, երբեմն-երբեմն աչք գցում մյուսների պարկերին` չլինի՞ իրենից ծանրը, լավ ճխտածը կա:
Աչքս աշխարհաստեղծման առաջին օրվանից ալիք-ալիք սառած բլուրներին էի գցում, կանաչ փնտրում` ծարավս, բիբերիս ցավը մեղմելու համար - զուր: Ծլթփա քարափներով հոսում էր հոտը` գլխավերեւում փոշեամպ, պոկոտում խոտի վերջին շյուղը, կճղակների տակ առնում այն ամենը, ինչ հանդիպում էր ճանապարհին, ու թավշյա զրահից զրկված սարը` այլեւս անօգնական, հոգեւարքի մեջ փորձում էր մերկ մարմինը շղարշել շոգիով, սակայն զուր. պարզ նկատվում էին լեռան կողոսկրերը, որովհետեւ անձրեւաջուրը ներծծվելու փոխարեն լվացել-տարել էր հողաշերտը` մնացյալը թողնելով քամուն, հաջորդ տեղատարափին:
Արեւն արդեն զենիթին էր հասած լինում, տոթը վրա էր տալիս, եւ մենք ջանում էինք շուտ դուրս պրծնել ձորի ճնշող գորշությունից, ուր քամի այդ ժամերին չէր խաղում, հեղձուկ էր անգամ ստվերում:
Երկրորդ դադարն ավելի երկար էր տեւում: Բեռան տակից դուրս գալու, մարմնի փայտացած մասերի շարժունությունը վերականգնելու ժամանակ ունեինք: Հանում էինք քրտնած շապիկները, մեզ տալիս սյուքին: Ճակատներիս գծագրվում էր պարանի հետքը` կենտրոնում փոս ընկած ու կարմիր, եզրերը` ուռած, որ արյան կանգառի հետեւանք էր: Շփում էինք մինչեւ մաշկի հարթվելը: Աշխուժանում էինք, երբ Հարութն անցնում էր ժայռի թիկունքը` բնական պետքերի համար:
- Գնաց,- գլխով էր անում մեկնումեկը:
Խչոն, էլի մի քանիսը փորձել էին սեփական աչքերով ստուգել գյուղում պտտվող խոսակցությունների իսկությունը, բայց չէր հաջողվել, որովհետեւ նա ամեն անգամ խույս էր տվել` մեջքը դեմ անելով: Հարութը երկու, թե երեք տարի առաջ էր ամուսնացել, սակայն` կարճատեւ: Ամիս անց բաժանվեց: Ասում էին` նորահարսը հորանց տուն է դարձել կուսությունը պահած: Հարսանիքից հետո երկրորդ օրը խոսքուկռիվ եղավ` մայրերի: Հարութենք կարմիր խնձոր չէին ճամփել: Աղջկա կողմն ասում էր` փեսան տղամարդ չէ, աղջիկը կույս քնում, կույս ելնում է: Հարութի մայրն իր հերթին անիծում էր էն օրը, որ ականջ դնելով հարեւաններին` գնաց աղջիկ ուզելու, էն էլ ում տնից` անբարոյական Սոնայի, որի հետ շրջկենտրոնում ինչքան վարորդ կա, պառկել է: «Սուտ է, պտուղը ծառից հեռու չի ընկնի»,- մեր փողոցով անցնելիս ասում էր:
Գյուղն այդ օրերին ավելի հակված էր աղջկա կողմի ասածին, որովհետեւ առաջներում հարսնացուի վարքում կասկածելի ոչինչ չէր նկատել: Բացի այդ, Հարութի մոր կենցաղն էլ այդ առումով փայլուն չէր: Եվ հետո` բարբարոս խոսքուկռվում հակառակորդ կողմն իրեն ավելի անամոթ ու նախահարձակ էր պահում: «Մեղա քեզ, տեր աստված, անմեղ էրեխուս արատավոր շինեցին»,- հիշում եմ, հետո ջոջոյի մոտ սիրտը բացելիս ասում էր Հարութի մայրը: Իսկ պատմածս օրերին բանը նույնիսկ հասել էր այնտեղ, որ աղջկա մայրը, քույրը, էլի չգիտեմ ով, գնացել էին նրանց տուն, պահանջել, որ փեսան իրենց ներկայությամբ պառկի հարսնացուի հետ, որպեսզի հետագայում զուր տեղը խոսք-խորաթա չլինի: Քայլը կատարել էին, համոզված, որ նախ` Հարութը դրան չի գնա, եւ ապա` եթե մինչեւ իսկ համաձայնի, հուզումն ու օտարների ներկայությունը կանեն իրենց գործը: Իսկ Հարութը թքել էր բոլորի վրա ու թողել տնից գնացել: Ամբողջ երեք շաբաթ, տեսնողներ էին եղել, գիշերները քնում էր Նախավկա մատուռում: Աղջկա կողմը դրա համար նույնպես բացատրություն գտավ: «Սրբի դուռն է գնացել, որ Աստված այրական շնորհք պարգեւի»,- ասել էին:
Պատմությունը վերջացավ նրանով, որ աղջիկը մի ամիս սպասելուց հետո գնաց հոր տուն, իսկ Հարութը... անվանարկվեց: Չհավատացողներ էլ կային, բայց սուտը, զրպարտությունը, ախտախառն միտքը զարմանալի հատկություն ունեն` նստվածք են տալիս, որքան էլ ջանաս չենթարկվել, օտարել քեզնից: Կասեմ միայն, որ հետո Հարութն ամուսնացավ էլ, երեխա էլ ունեցավ, սակայն խարանը, որ դրոշմել էին ճակատին, մնաց: Իսկ ինչ վերաբերում է թիկունքով կանգնելուն, այսօր այն բացատրում եմ կրթվածությամբ, բարոյական բարձր նկարագրով: Ինչի՞ նման կլիներ, եթե նա իրենից տարիքով փոքրերի ներկայությամբ գոհացներ բնական պետքերը:
Երրորդ դադարը մատուռի մոտ էր: Ինչքան էլ ծարավ, դադրած լինեինք, ետ էինք տանում փայտյա դուռը, մի քանի րոպե վայելում քարե պատերի, ծխահար առաստաղի, սալարկած հատակի զովությունը: Խչոն, Աղասն այդ ընթացքում հասցնում էին մաքրազարդել խաչհամբույրի թասը, իսկ մենք փոքրիկ քարերը ետուառաջ շարժելով` ջանում էինք ամրացնել պատին: Մեր ցանկությունը պետք է այդ պահին հայտնեինք` միայն Սրբին լսելի: Եթե քարը չընկներ, կպած մնար փոսիկում, ուրեմն` ամենաբարձյալին հաճո էր խնդրանքը: Հավատ չէինք ընծայում, բայց եւ շատ էինք ցանկանում մնա, չընկնի. Ի՞նչ իմանաս, գուցե այս անգամ...
- Սուրբ Նախավիկ, արա այնպես, որ մայրս կենդանանա:
- Թող Հասմիկը նկատի իմ տառապանքը:
- Բաց լինի ճամփան մինչեւ Տիգրանակերտ, Արտոս, Փոքր Հայք ու Փայտակարան:
- Անտառներով պատվեն լերկ բլուրները:
- Գա այն օրը, երբ մեր հարեւան Վարոյին կհարցնեն` էս եռահարկ տունը որտեղի՞ց, էն մյուսը, սա, սա... ո՞նց առար:
- Պարկերը դարն ի վար գլորելիս պատռվի Խչոյինն ու խոտը ցանուցիր լինի:
- .......................:
Պարկերը զարկվում էին այս քարին, դեմ առնում այն թփին, փշին, իրար, լռվում-մնում: Ուղղում էինք ու նորից` գիլ-գլոր, գիլ-գլոր - այս անգամ մինչեւ առուն, որ այդ ամիսներին ցամաքած էր լինում: Պատահում էր, բեռը խփելով թմբին, ոստնում-անցնում էր դենը, ընկնում Սարգսենց այգին:
Առաջին, երկրորդ, երրորդ շալակ խոտն այդպես, այդ ճամփով էր տուն հասնում: Հետագայում օր օրի շալակատարի մեր գործը դժվարանում էր, խոտհարքը հեռանում: Սկսվում էր համատարած հունձը, մարգագետին-օրիորդը զրկվում էր կուսությունից, կարմրականաչ` երիցուկներով նախշված զգեստից, այլեւս օծանելիքի բույրը չէինք առնում, մարդ, անասուն լցվում էին դաշտ, ու մի խուրձ խոտի համար ստիպված էինք հասնել գյուղի հեռավոր հանդերը` գնալ-գալը 15-20 կիլոմետր ճամփա:
Գարու ծղոտի համար հատուկ պարկեր ունեինք` մարդահասակ: Կիտուկը ետ էինք տալիս, պաճը լցնում ու ընկնում ճամփա: Հնձած արտով քայլելը դժվար էր - ծղոտը հարում էր ոտքերս, մարգագետնով` էլ ավելի - փշերն էին կախ ընկնում, մաշված ոտնամաններից սողոսկում ներս: Գլխավերեւում կիզիչ արեւ, ոտքի տակ, մեկ` խանձված գետին, մեկ` խոզան, մեջքն ի վար վազող քրտինք, կողքներիցս տարուբերվող դատարկ տափաշիշ... Քայլում էինք` ականջներումս խոզանի միալար խշրտոցը, որը երբեմն-երբեմն ընդմիջվում էր արտույտի մոլոր կանչով, բլրի ետեւից անցնող մեքենայի հռնդոցով: Նման պահերի արագացնում էինք քայլերս, մինչեւ ձայնը հեռանում-կորչում էր ու կրկին մենակ էինք մնում` մեր մտքերի, քստքստոցի, բեռան, քրտինքի, ծարավի ու վերեւից թափվող կրակի հետ:
Մի տարի, լավ հիշում եմ, զինվորական փոքրիկ կայազոր էր հայտնվել մեր կողմերում: Ամբողջ ամառը մնացին: Բլրակի գագաթին անտենայով մեքենա էին կանգնեցրել, չորս-հինգ վրան խփել: Մեզ արդեն դեմքով գիտեին: Փոքրերս տափաշշերն առած վազում էինք, վրա պրծնում ջրին: Խմում էինք` մեկ, երկու, էլի, էլի, ապա ջրամաններն էինք լցնում: Ծարավներս հագեցնելուց հետո նոր էինք զգում, թե որքան սոված ենք: Մոտերքում մեծ սալաքար կար, կենտրոնում` գուռ: Զինվորները հացի ավելցուկը այնտեղ էին լցնում: Չդիմանալով գայթակղությանը` ընտրում էինք համեմատաբար խոշոր, վրան մատնահետքեր չունեցող կտորները: Պատահում էր, ամբողջական հացեր էին շպրտած լինում, հիմնականում` սեւ, օգոստոսյան արեւի տակ երկար մնալուց այն աստիճան չոր, որ ուտելիս լնդերս քերծվում էին, արյուն գալիս...
Տիկին, գյուղում այդպես էին կարագի ու մածնի տեր դառնում: Հապա ի՞նչ ես կարծում: Քո ամուսինն էլ` ջահել ուսանող, ամառները մեկ-մեկ միանում էր մեզ: Իսկ նրանց ժամանակ ավելի վատ է եղել: Կռվի տարի... գողեգող մտել են հնձած արտը, կռութ հավաքել: Գլխի ընկա՞ր ինչի մասին է խոսքը - արտում մնացած ցորենի հասկի, էն որ հավք ու անասունի բաժինն է եղել: Հավաքել են, փունջ արել, որպեսզի հետո նույն այդ Մարդսպան ձորում` արդեն աչքից հեռու հասկը փշրեն տոպրակում, էրնեն, որ ինչ է` մեկ-երկու կիլո ցորեն դուրս գամի ճաշացու: Բռնվելու դեպքում, հո, թողություն չկար. հաշվված էին ամեն հասկը, ցորենի, գարու յուրաքանչյուր հատիկը:
Կարծում ես շա՞տ բան է փոխվել: Չէ: Չե՞ս հավատում, արժանապատվությունդ մի կողմ դիր ու հարցրու Վարդանին: Որ սկսել եմ, լավ, շարունակեմ, թեեւ գիտեմ` ձանձրացրի: Ուրեմն` հնձից հետո մեկ-երկու շաբաթով մարդկանց թույլ են տալիս փոցխել խոզանը: Ավելի շուտ, տեսք են ընդունում, թե, իբր, չեն նկատում: Էդ էլ էն դեպքում, եթե նախագահը հասկացող մարդ է, գյուղացու դրության մեջ մտնող: Թե չէ կան, որ հնձելուց հետո ետեւից կապում են տրակտորն ու եղած-չեղածը հերկում, տալիս հողի տակ` հանուն վաղվա լավ բերքի: Անասունին անգամ կրծելու բան չի մնում: Իսկ սովորաբար` ծղոտի վերջին հակը տեղափոխելուց հետո մեծ ու փոքր լցվում են դաշտ: Շուտ վրա հասածներին կորնգանի, գարու արտերն են բաժին ընկնում, ուշ եկողներին` ցորենինը, որ ավելի կոշտ է, դժվարամարս, սնունդը քիչ: Փոցխում են, միջնակներն ու կոմբայնի դանակների չբռնած տեղերը վերստին հնձում, կիտում մի տեղ: Գիշերները շատ մարդ դաշտում է քնում, որովհետեւ աշխատում են մինչեւ արեւմտոց, մինչեւ հորիզոնի կարմրելն ու ստվերների երկարելը` արտով մեկ: Աստիճանաբար աղմուկը դադարում է, թռչունները սսկվում են, գյուղում առկայծել են սկսում լույսերը, երկնքում` աստղերը, քամի է ելնում, տարուբերում միջնակների փշերը, խռնդատի խավոտ կոթունները, ավելուկի չորացած փնջերը` սերմերի կարմիր շարուկով: Տաք հողին, ծղոտի վրա շոր են փռում, շուրջանակի նստոտում` եթե շատվոր են, եւ ուտում` ինչ ունեն` հոգնած, խաղաղ հայացքները խավարին, հարեւանների` հեռվում երեւացող ու կորչող ծղոտի դեզերին: Փոքրերն ապա դադրած քուն են մտնում, պատանիները մտովի տեղափոխվում գյուղ, ակումբի դռանը հավաքվածների հետ ասում-խոսում, երկար նայում կինո, գրադարան գնացող աղջիկների ետքից, կամ թե չէ` դարձյալ մտովի, շրջանցում բլուրն ու գողեգող մոտենում դեզին պառկած հասակակից օրիորդին, որն այդ պահին սպասման, հաճելի թմբերի մեջ քնել չի կարողանում ու չգիտի ուզածն ինչ է, ու չգիտի աճուկներն ի վեր ելնող անորոշ, անհասկանալի ցանկությունը որտեղից է` հողի՞ց, որ տաք է, ծղոտի՞ց, որ հացի բույր ունի ու տարփանքի գույն, թե՞ բլրից այն կողմ պառկած հասուն արտ-պատանու մնչոցից, որ քամու հետ ալիք-ալիք գալիս, առնում է ականջին, ողողում ներսն ամբողջ, տիրում միտք ու մարմին: Տղան ձեռքը երկարում, անզգայության մեջ բուռն է վերցնում հողի գուղձը, տրորում ափի մեջ, ապա պոկոտում խրբուկի փափուկ փնջերն ու փշրում, դարման անելով տալիս քամու բերանը: Աղջիկը ելնում, շորորաքայլ գնում է, մղվում բլրի կողմը, ոտքն առնում է խլուրդի կիտած հողին, քիչ է մնում ընկնի, պարզում է ձեռքերն ու գայթելով առաջանում, խորանում խավարում: Հետո միայն աչքը ջոկում է բլրի կատարին նստած հոր ծխախոտի կայծերը, ականջը լուցկու չրթոց է որսում, քրթմնջոց, ապա` քխկոց (հոր ձեռքից ծխախոտն է ուրեմն ընկել) ու... ետ է դառնում: Կեսգիշերին լուսնյակը դուրս է լողում ամպերի տակից, հարթավայրն ամբողջ, սարերը` խոժոռ, ներկում կաթնագույն, ու քեզ թվում է` հազարամյա հողագնդի վրա աշխարհաստեղծման առաջին օրից քիչ բան է փոխվել. նույնն են հողը, լեռները` կուտակ, երկինքը` սեւին տվող, ծղրիդի ձայնը` խաղաղ օրերի նշան, շշուկը քամու, սվսվոցն էրժնակի ու մարդը` նույնպես: Այդպես էլ խաբկանքի մեջ քնում ես մինչեւ արեւգալ, մինչեւ ծղոտը տանելու համար կժամանի բեռնատարը...
Տիկին, քմծիծա՞ղ ես տալիս, ջոջոյի հագուստ-կապուստը, բարբառը, որով անուշ զրուցում է հիվանդի հետ, սրտո՞վդ չեն: Քոնը, տիկին, չիմացանք, քոնը ո՞րն է: Ճանաչածս օրվանից էդ եք: Գիտեմ-չգիտեմ` ուշք ու միտքդ դրամն է, առնելը, կուտակելը: Խոսակցություններդ էլ, հո, բյուրեղապակուց, գորգից այն կողմ չանցան: Պարծենում ես, թե ճաշի քառասուն արծաթյա գդալ ունես, թե սպասքապահարանն ու գրքերինը տրաքվում են տեսակ-տեսակ հախճապակե, բյուրեղյա սկահակներից, բաժակներից: Ծաղկամանդ միայն հինգ հարյուր արժե, ջահը` անճաշակություն - հազար: Սակայն ի՞նչ օգուտ, եթե առել-շարել ես շուրջբոլորդ ու չես օգտագործում, եթե խոհանոցում գործածության մեջ էլի տասը տարի առաջվա պռունկը թռած ջրամանն ու միայն ուսանողական ճաշարաններում, զորանոցներում հանդիպող պատառաքաղ, գդալ, ափսեներն են: Ի՞նչ: Ձեռքդ չի գնում, որովհետեւ հալալ քրտինք է՞: Չէի ասի: Կարծում ես կմոռանա՞մ. առաջին տարին էր: Գալեի հետ զբոսնում էինք ձեր կողմերը: Խանութում խաղող էին ծախում` ընտիր, հոկտեմբեր ամսվա ոսկեգույն ողկույզներ, մի արկղ արեւ: Հինգ ռուբլի տվեցինք: Երեքը Գալեն ուներ, երկուսը` ես: Հանրակացարան` Գալեի սենյակը տանեինք, բան չէր հասնի, համ էլ` հեռու էր: Ձեր տուն առաջարկեցի: Երկրորդ ամիսն էր, որ ձեզ հետ էի ապրում ու չէի հասցրել լավ ճանաչել: Մտածում էինք` կլվանանք, միասին կուտենք ամբողջը` անկաշկանդ, առանց ձեւ ու ձեւականության, ինչպես դաշտում է, ինչպես, երբ մենակ ես: Հիշո՞ւմ ես: Գալեն ուզում էր արկղով խոհանոց մտնել, չթողեցիր, թե` պատշգամբ տար: Երկու-երեք ժամ նստեցինք, տասն անգամ շուռումուռ տվինք օրվա թերթերը, հեռուստացույցի ալիքները փոխեցինք, մինչեւ Մերուժը եկավ: Հույս ունեինք, որ գոնե այդ ժամանակ խաղողը մեջտեղ կհանես: Մերուժն էլ տաք մատնաքաշ էր բերել (խաղողը հաց ու պանրով գիտե՞ս որքան լավ է): Բայց թե` չբերեցիր, մտքովդ չանցավ: Երեւի քո հաշվով` արտառոց ոչինչ չկար: Ի՞նչ մեծ բան էր` մի արկղ խաղող, եղած-չեղածը` հինգ ռուբլու: Փոխարենը թեյ հյուրասիրեցիր, հոտած զեյթուն, որ իբրեւ երկրորդական հումք ռեստորաններից - ինչ իմանամ որտեղից դուրս էին գրել` խոզերին կերակրելու համար, իսկ եղբայրս քո թելադրանքով լավերը ջոկել, բերել էր տուն: Հիշեցի՞ր: Բա Արային ու նրա հարսնացուին ինչպե՞ս էիր ընդունել: Քիչ մնաց չամուսնացած բաժանվեին: Առաջին անգամ էին ձեր տուն գալիս, էն էլ` քո պնդմամբ. եղբորս ասել էիր, թե` բեր տեսնենք, ծանոթանանք: Կրկնվել էր մոտավորապես նույն պատմությունը, ինչ ինձ ու Գալեի հետ: Նրանց այցը զուգադիպել է Մերուժի գալուն: Արան օգնել է խաղողը մեքենայից հանեն, ու ամեն մեկը ձեռքին մի արկղ (հիմա կասես` խաղողի պոչը բռնել, չես թողնում) բարձրացել հինգերորդ հարկ` ետեւից նշանածը: Հյուրին կիսատ-պռատ ընդունելուց հետո շտապել ես պատշգամբ, ողկույզները մեկ առ մեկ հանել եւ, որպեսզի չփչանա, տեղավորել. լավերը` մի կողմ, համեմատաբար վատերը, ճխլվածները` մի: Վերջում արկղերում մնացած հատիկները ջրի տակ լավ լվացել ես ու... հյուրասիրել հարսնացուին: Հիմա դարձյալ կասես` ի՞նչ կա որ, ես էլ էի ուտում: Իհարկե, քո ասածն է. չոփը գերան ենք շինում, ձեւականությունների, մանրուքների ետեւից ենք ընկել: Համ էլ, իրոք, ափսոս էր, հո չէի՞ր թափի: Այստեղ են ասել` սայլի տեղ սայլվորն է ճռռում: Ու հիմա ջոջոյին ջանում ես համոզել, թե Մերուժն էն գլխից ուտող չէր: Ախր, քո տվածն ինչպե՞ս կուլ գնա, երբ հաշվում, ռուբլու ես վերածում յուրաքանչյուր պատառը...
***
Հորաքույր Արաքսին գնաց` խոստանալով Վարդանի հետ գյուղից ավելուկ ճամփել, սիբեխ ու սիվտկուկ: Մերուժի հայացքը երկար չէր պոկվում դռների արանքում Ծովոյի հետ զրույցի բռնված ջոջոյի թիկունքից. ասես կախ ընկած ուզում էր հասնել կորսված փառքի պես անձկալի մանկության վայրերը, որպեսզի մի վերջին անգամ տեսնի երկինքը, մայրամուտին` բոսոր, հրայրքոտ, գիշերը` կապարագույն, աստղացան, այգաբացին` գաղտնախորհուրդ, կաթներանգ, ունկնդիր լինի ծառերի սոսափին` երազուն, շունչն առնի հողի, քարերի` վրան մամուռ, տարիների կնճիռ, մագլցի պառաված ծերպն ի վեր` բռնած մացառներից, կոխ տա փշերը` բրդի ծվեններով զարդարուն, ջուր խմի աղբյուրներից` սառցահամ, խենթանա բզզյունից` մեղուների, դեղին ծփանքից` ցորենարտի... ու մնացյալից նույնպես, որ իրենն էին` եւ շապիկն օձի` քարի ճղոնում, եւ սարդոստայնը` ձեղունից կախ, եւ աղավնին ճախրող` ճերմակ ճարմանդ օդում, մասրենին կարմիր` անտաշքարե պատից այն կողմ...
Ինչպես հետո պարզվեց, նկատվածն անցողիկ տրամադրություն չէր, որ իջավ Մերուժի վրա հորաքրոջ այցից հետո, այլ սեւեռուն գաղափար, համակ էություն` մղումը բոլոր նյարդերի, մարմնամասերի, բոլոր բջիջների: Դա ընդվզում էր եւ հոգու, եւ մարմնի, որոնք շատ են զորեղ` դաշինքի մեջ գտնվելիս, համախոհ լինելու դեպքում: Այն կեղծ միջավայրից բնականին, օտարից հարազատին դառնալու, միտքն ու մկանները կապանքող վիճակից ելնելու, ազատության անհրաժեշտությունը գիտակցելու, դարձի պահ էր: Ամեն ձուկ իր ջրում պիտի լողա, ամեն ծառ իր հողն ունի,- շարունակաբար կրկնում էր ջոջոյի խոսքերը:
- Բերաններիս համն է փոխվել, շնչածս օդն է ուրիշ, ուրիշ բան մտածում ենք, այլ բան խոսում, ներսում լալիս ենք, դրսից ժպտում: Անունն ի՞նչ է, չկարողացա Համազասպ անունը դնել տղայիս վրա: Ամոթ: Ոնց էի հիպնոզվել: Անբարեհո~ւնչ է: Թող լինի անբարեհունչ, Համազասպ էլ չէ` թող Համզե լինի - դրանից անուշ անո՞ւն: Ես որ չդնեմ, ո՞վ դնի, եթե ոչ ես` ո՞վ պահի, տեր կանգնի, փոխանցի: Դավաճանություն է: Սրանից մեծ դավաճանությո՞ւն: Գոնե դպրոցի հարցում չզիջեի...
- Մերուժ ջան, հանդարտվիր,- ասում էի,- մի տեղ կորցնում ենք, մեկ այլ բանում` շահում: Ժողովրդական խոսքը հիշիր` չկա չարիք առանց բարիքի:
- Չգաս, ինձնից քեզ խորհուրդ` քաղաք չգաս: Թե լավացա, ես էլ եմ գալու: Գյուղում հող կառնեմ` Նախավկա սարի տակ, կամ Օձի քարափի դիմաց: Տուն կշինեմ` իսկական, մնայուն տուն,- վրա-վրա կրկնում էր, հետո շնչասպառ` ինձ մոռացած գնում Նոր տան հիմքերը գցելու` իր ձեռքով, իր ուզածով:
Կյանքի վերջին օրերը տանն անցկացրեց: Գիշերները հերթով խնամում էինք` Խորենը, Արան, Գալեն, ես, Ծովոն, մեծերից` Թորոսը, Պարույրը, որ էլի գյուղում էին ապրում: Կնոջը մոտ չէր թողնում. նյարդերի վրա ազդում էին նրա յուրաքանչյուր խոսքը, շարժումը: Ալիսը եւս իր հերթին, ինչպես պարզ նկատվում էր արդեն, հաշտվել էր ամուսնու մահվան մտքի հետ: «Ձեր մեռելը` ձեզ»,- որոշել էր, թեեւ տեղն եկած ժամանակ վարպետորեն ախուվախ էր անում, լալիս: Երեխաներն էլ մի տեսակ ընտելացել էին հորը միշտ հիվանդ տեսնելուն, ամենօրյա անցուդարձին: Փոքրիկը (ի՞նչ մեղադրես) ամբողջ օրը դրսում խաղում էր, տանը եղած ժամանակ աղմկում, բարձր ձայնով միացնում հեռուստացույցը, կռվում քրոջ հետ: Մեծ տղան, որ այդ տարի պիտի ավարտեր դպրոցը, շինարարական ֆակուլտետի համար էր պատրաստվում: Յոթհարյուրական ռուբլով մայրը դասախոսներ էր վարձել: Ամբողջ օրը կամ կողքի սենյակում կարդում էր, խնդիր, վարժություն լուծում` անցուդարձին անհաղորդ, եւ կամ` անաղմուկ հագնվելով գնում պարապողների մոտ: Ալիսը երկաթյա օրենք էր սահմանել` դասերից բացի չզբաղվել ոչնչով, մնացյալ ամեն ինչ անկարեւոր է, կշեղեն գերագույն նպատակից, ոչ մի հուզում, ոչ մի ապրում, եթե անգամ մեռնողը հայրդ է ու դու` նրա արյան ուղիղ շարունակողը: Միայն աղջիկն էր սրտին մոտ ընդունում հոր վիճակը: Լռությունից, դեմքին իջած թախծից, հեռուստացույցն անջատած պահելու համառ, անլուր ջանքերից, ամեն մի արարքում նկատելի էր գորովը: Մատղաշ, նոր-նոր հասունացող աղջիկ, ծնկում էր հոր առաջ եւ քնքշանքով, զգույշ, որպեսզի ցավ, նեղություն չպատճառի, գուլպաները հագցնում Մերուժի թմբուկի պես ուռած ոտքերին, հետո շփում-շփում սառը մաշկը` ջանալով վերականգնել արյան շրջանառությունը:
- Գնա, անուշս, ես լավ եմ: Սառը հատակին մի ծնկիր,- ասում էր հայրը:
Որպեսզի մեծ սենյակից հեռուստացույցի ձայնը չհասնի, փակում էի ննջասենյակի դուռը, նստում Մերուժի կողքին: Տեսնում էի, ժամանակ առ ժամանակ գալիս` ոտքերի թաթերին, կանգնում է, ականջը դեմ անում ապակուն: Հայրը ներսում տնքում էր, ընդհատ շնչում, իսկ նա անփայլ, նախշկեն ապակու ետեւում արցունքներն էր սրբում, հազիվ լսելի հեծկլտում` ինչպես շան քոթոթը, երբ դրսում ցուրտ է, ցեխ, ու անհոգի մեկը քացով տվել կողոսկրին, թռցրել է աղբակույտի վրայից, ուր պիտանի բան էր փնտրում:
Ոտքերի ուռչելուց հետո վիճակը երեւութապես մի քանի օր լավացավ, շնչառությունը բացվեց: Ուրախություն երեւան եկավ դստեր դեմքին, բայց դա վերջն էր: Դարձյալ միզակապություն նկատվեց, ու հեղուկը կուտակվել սկսեց արդեն վերջույթներում: Խորենի ասելով` լյարդը մեծացել, ճնշում էր ստոծանուն, երիկամներում, ստամոքսում գոլած արյունը` իր հերթին: Անընդհատ քխկում էր, ջանում թոքերում հավաքված լորձից, փրփուրից ազատվել, բայց շնչուղիները կրկին ու կրկին լցվում, խցանվում էին. անհրաժեշտ քանակությամբ արյուն արդեն թոքերը եւս չէին ստանում: Հավանաբար նույնն էր կատարվում նաեւ ուղեղի հետ: Առանձին կենտրոններ այլեւս չէին կառավարվում. տարօրինակ բաներ էր խոսում: Համենայնդեպս` սթափ ուղեղի դատողություններ չէին: Հասկանալն էլ դժվար էր, որովհետեւ լեզուն, ձայնալարերը կորցրել էին ճկունությունը: Մենակ քայլել, ոտքի վրա մնալ ի վիճակի չէր: Թեւերի տակ մտած բերում էինք հյուրասենյակ: Նստում էր բազկաթոռին, հայացքը հառում թանձր վարագույրների բացվածքից թափանցող դրսի լույսին, ականջ պահում բակում խաղացող երեխաների աղմուկին: Ծովոն բրդյա ծածկոցը գցում էր ուսերին, ծոփքերը վերջում փաթաթելով ծնկներին: Ես հողաթափերն էի ուղղում, Արան` թիկունքի բարձը: Թույլ էր տալիս իր մասին հոգալ, խնամել, բայց րոպե հետո ծնկներից գցում էր շորը, բոբիկ ոտքերը երկարում սառը հատակին: Մենք իրար էինք խառնվում:
- Չի մրսում,- հասկացնում էր:
Ի՞նչը մրսեր, որտեղի՞ց մրսեր. ոչ թե ոտք ու ծունկ էր, այլ տձեւ զանգված` մաշկի յուրատեսակ փայլով:
Երբեմն հայացքը պտտվում էր սենյակով, մեկ առ մեկ կանգնում տան կայքի վրա: Անտարբերությանը նման պահերի փոխարինելու էր գալիս ատելությունը: Սեւացած, ուռած շրթունքները շարժվում էին, աչքերում չար փայլ էր հայտնվում: Թվում էր, թե հիմա վեր կկենա ու կտա-կփշրի ինչ կա տանը` կյանքը խորտակած այդ հարյուրների հասնող բյուրեղապակյա ծաղկամաններն ու գավաթները, սկահակները, հախճապակյա նկարազարդ ափսեներն ու սուրճի, թեյի, ճաշի սպասքները, ոսկեզօծ գդալ-պատառաքաղները, մոմակալները, առաստաղի ու պատի ջահերը, լատունյա մետրանոց սափորներն ու աշտանակները` բերված հազար ու մի տեղից - էլ Ճապոնիա ու Հնդկաստան, Գերմանիա ու Չեխոսլովակիա, ինչ գիտենաս` ուր: Երբեմնակի էլ զայրալից հայացքն ուղղում էր խոհանոցի դռանը, ուրկից գդալ-պատառաքաղի ձայն էր գալիս: Հասցեատիրոջն էր փնտրում ու չգտնելով, պատահում էր, նախատինքով մեզ դառնում, կարծես ասելիս լիներ` դուք նույնպես մեղավոր եք: Ես էի կուլ գնացել նյութին, օրերս, ուժերս, կյանքս այս աղբը հավաքելու վրա վատնեցի, իսկ դուք` ինչո՞ւ չստիպեցիք, չասիք` կանգնիր, ետ մնա: Շարունակ զիջելով, լռելով` Չարին դրսեւորվելու, իրեն առաջնորդ հորջորջելու, ճիշտ ու ճշմարիտ համարելու հնարավորություն, իրավունք, ուժ տվեցինք: Տվեցինք: Մինչդեռ կարող էր ամեն ինչ այլ ընթացք ունենալ, եթե... Ափսոս միայն` ապրած օրերը, ինչպես գրքի վատ գրված գլուխ, պարբերություն, ջնջել, նորովի շարադրել եւ կամ` հիմնովին շտկել հնարավոր չէ: Շա~տ ափսոս: Միշտ բռնվելու, մերկացվելու, ութ-տասը տարի բանտ նստելու ահը սրտումս, դողէրոցքի մեջ, խոտոր ճանապարհներով փող բերի տուն, սուտ-փուտ տեղեկանքներ ստորագրեցի, հարյուր տեսակ տականքի հետ գործ ունեցա, որպեսզի գրպանումս 25, 50, 100 ռուբլի (նայած օր) տուն գամ, ինչ է թե` կնոջս այսօր սա է պետք, վաղն ուրիշ մի բան, որովհետեւ կամենում էր մետաղով, փայտով, զահրումարով լցնել սենյակները, գինդերը կախ տալ ականջներից, որովհետեւ ունեցածը նրան միշտ քիչ էր թվում ու իբրեւ օրինակ աչքի առաջ ուներ մանեկեն ընկերուհիներին, նրանց «եղջյուրավոր» ամուսիններին, որոնք ամեն օր էին խորոված ուտում, մի քանի մեքենա ունեին եւ տներ: Աչքերով, մարմնով, խոսքով, ներկա ու բացակա պահերին հրամայում էր` դեհ, մի հապաղիր, շուտ, գտիր անհրաժեշտ գումարը, ապրանքը, իսկ թե որտեղի՞ց, ի՞նչ ճանապարհով, հետաքրքիր չէ: Դիմացիր վազքին, ձի, ուրիշ ճար չունես: Տես, հա, հյուր գնալիս չփորձես հոգնած, ուժասպառ երեւալ. առույգ, միշտ առույգ, անհոգ: Հաճոյախոսիր, համաշխարհային մեծությունների անուններ տուր... Չլինեմ-չիմանամ խոսքիդ մեջ բարբառ սպրդի - չեմ ների, իմացած լինես...
***
Մերուժենց տանը չեղած ժամանակ ամեն րոպե սպասում էի զանգի, վատ լուրի: Անխուսափելին պիտի կատարվեր, պիտի գար: Չգիտեմ` իր մտքով մահ անցնո՞ւմ էր, երեւի` այո, որովհետեւ խաղաղ մի պահի Ծովոյին ասել էր, որ եթե բան է` մեռնի, երեխաներն օրվա հացի կարոտ չեն մնա. բանկում այնքան դրամ ունի, որ ցանկացած պահի կարող են փոքրի համար տուն գնել, նույնիսկ ապագա հարսնացուների ոսկեղենն է պատրաստ` ամեն ինչ տեղը տեղին` մատանի, ականջօղեր, մանյակ...
Հիմա, երբ մի առ մի վերհիշում եմ ասածները, փրկվելու, հիվանդությանը հաղթելու ճիգերը, հուսահատ պայքարը, համոզվում եմ, որ` այո, գիտեր եւ ասպետորեն տարավ ամեն ցավ, միայնակ գոտեմարտեց, միայնակ հաղթվեց:
Խոր գիշեր էր: Մյուսները, Ծովոն գնացել էին, Ալիսը երեխաների հետ փակվել էր մյուս սենյակում, հանգցրել լույսը: Մտադիր չէի քնել, բայց Մերուժը պահանջեց պառկել` ասաց` լավ եմ զգում: Այդպես էլ առանց հանվելու մեկնվեցի կողքի մահճակալին, որպեսզի անհրաժեշտության դեպքում ժամանակ չկորցնեմ: Աչքս նոր էր կպել, երբ ծանրություն զգալով` արթնացա: Մերուժը ետ էր գցել գլուխը, ընկել վրաս: Առաջին միտքը, որ անցավ գլխովս, մահն էր:
- Մերո՞ւժ,- շշուկով հարցրի:
- Այսպես ավելի հանգիստ է, դու պառկած մնա:
Ակամա ձեռքս երկարելով` շոյեցի ճակատը, մազերը: Մատներս դողում էին: Ամուր հպել էի, որպեսզի չզգա:
- Վախեցա՞ր,- հոգեվիճակս հասկացավ նա:
«Իսկ դո՞ւ, չե՞ս սարսափում»,- ուզում էի հարցնել, հետո մտածեցի` մահամերձի հետ չի կարելի նման բաներ խոսել:
- Լույսը վառիր,- կարգադրեց:
Վառեցի:
- Օդանցքը բաց, շոգ է:
Կատարեցի նաեւ այդ ցանկությունը:
- Ծխախոտ կպցրու:
Երկու ամիս կլիներ չէր ծխում: Վառեցի, մի երկու անգամ ներս քաշեցի, տվի իրեն: Անհավես ծխեց: Այնքան թույլ էր, անուժ, որ ծխախոտը մատների արանքից մի քանի անգամ ընկավ: Մի ձեռքով գլուխն էի պահել, մյուսով ստեպ-ստեպ վերցնում էի մոխիրը:
- Մեծ սենյակ տար:
Մի կերպ տարա: Մարմինն ավելի էր թուլացել, ոտքերը գրեթե քարշ էին գալիս: Բազկաթոռին փոքր-ինչ ննջեց, հետո թե` աթոռին նստեցրու: Տեղը չէր գտնում: Հիմա էլ պահանջեց պառկեցնել գորգին:
- Ուղիղ տեղ եմ ուզում:
Ենթարկվեցի:
Խղճում էի: Այնքա~ն մեղք էր: Հնար լիներ, ցավը մի քանի օրով ինձ տար, իսկ ինքը հանգստանար` քներ, շնչեր ազատ, լիաթոք... Միայնակ` ցավի, մահվան, անտարբեր քնած աշխարհի դեմ - այս է մարդու ճակատագիրը: Ինչ ուզում ես արա, անկարող ես կիսել տառապանքը: Շփոթված կանգնել էի: Ներքեւում` հատակին մի կողքից մյուսն էր շրջվում նրա արդեն չպայքարող, հոգնած, ուժասպառ մարմինը:
- Մերուժ, վեր կաց, Մերուժ...
Ծնկած` ցածր, լացակումած շշնջում էի: Չէի ցանկանում, որ հարեւան սենյակում քնած կինը, երեխաները լսեն:
- Թող:
- Գնանք, տեղաշորում պառկիր, Մերուժ ջան, կմրսես... Ախպեր ջան...
Ձայնիս պաղատագին երանգը, հավանաբար, ազդեց: Ուշքը եկավ վրան:
- Անհարմար է,- ուռած շուրթերի արանքից մի կերպ արտաբերեց:
- Ախր, ասում եմ, է... Սավանը փոխել եմ, հիմա հանգիստ կպառկես:
- Անհարմար է,- էլի կրկնեց, ու ես գլխի ընկա. նկատի ուներ հատակին մեռնելը:
Մի կերպ հասցրի անկողնուն, հենեցի բարձերին: Վաթսուն կիլոգրամը, երբ չես կամենում ցավ պատճառել, բռնելու հարմարություն չկա, երեւի հավասար է հարյուր քսան ու ավելի կիլոգրամի, բայց թե` քո մեջ էլ անսպառ ուժեր կան, ու վերցնում ես - գրկում, տեղափոխում` լինի մեկ տոննա, մեկ կիլոմետր...
- Ծիծաղելի է,- մրմնջաց:
- Ի՞նչը, Մերուժ:
Չպատասխանեց: Իր վիճա՞կը նկատի ուներ, թե՞ տարիների հեռվից ապրածն է այդպես ներկայանում:
- Անջատեք:
Թվաց, սխալ եմ հասկանում:
- Անջատեք, ասում եմ:
Նա գիտակցությունը կորցնում էր:
- Ի՞նչը, Մերուժ, ի՞նչն անջատեմ:
- ..րուս..ցու.ցը:
- Հեռուստացո՞ւյցը: Հիմա, Մերուժ ջան, հիմա:
Ես գնացի մյուս սենյակ, միացրի, ապա դարձյալ անջատեցի հեռուստացույցը, որ հիվանդանալուց հետո էին առել` գունավոր, ութ հարյուր ռուբլիանոց:
Միջանցքում հեռախոսն էր: Երկրորդ զանգին Խորենը վերցրեց: «Հիմա կգամ, աշխատիր չշարժել»,- մյուս ծայրում ասաց: Շտապեցի ետ` Մերուժի մոտ: Նա կողքի պառկած` հազիվ շնչում էր: Տպավորությունն այնպիսին էր, թե քնած է: Շրթունքները շարժվում էին, հասկանալ հնարավոր չէր: Ծնկեցի:
- Լույսը, լույսը, լույսը...,- ամեն շնչի հետ մրմնջում էր:
- Խանգարո՞ւմ է: Հրես կանջատեմ:
Ննջասենյակի լույսն առանց այդ էլ հանգցրել էի: Ինչպես հեռուստացույցի դեպքում` խաբուսիկ տպավորություն ստեղծելու նպատակով մի քանի անգամ միացրի-մարեցի անջատիչը: Չգիտեմ` չխկոցը լսե՞ց: Երբ կրկին մոտեցա մահճին, շուրթերը շարունակում էին նույնը կրկնել` ավելի մեծ դադարներով.
- Լո~ւյսը...
Հետո շունչը ներս քաշեց: Ճակատագրական պահը չկանխազգալով` հետեւեցի արտաշնչելուն: Այն զարմանալիորեն երկար տեւեց: Երկար տեւեց ու եղավ վերջինը:
- Մերուժ...
Ձայնս, չգիտես ինչու, համակ լռության մեջ խորհրդավոր հնչեց: Այդպես լինում էր Նախավկա մատուռում, երբ մեն-մենակ մտնում էի ներս ու ոտքերիս արձագանքից փշաքաղ` խորանի առաջ քարանում-մնում:
Զգույշ, որպեսզի սրբապղծություն չկատարեմ, որպեսզի իմ աշխարհիկ, երկրային արարքներով չխանգարեմ նրան, հավերժորեն խարխափել չտամ խավարում, անտես մի ուժի թելադրանքով սպասեցի, մինչեւ վերջին շունչը խորդյունով դուրս եկավ Մարմնից, իսկ Հոգին թեւերը պարզած գնաց Լույսի, կյանքի վերջին պահին գտած Լույսի` ամենքիս ճանապարհին ի վերջո հայտնվող Լույսի ետեւից:
Ապա թեքությամբ պառկած Մերուժին շուռ տվի մեջքի վրա, հարդարեցի դեմքի կնճիռները, գրպանիս սանրով ուղղեցի մազերը եւ, ձեռքերը կրծքին խաչելուց հետո, փակեցի կոպերը: Այդ ամենը, որ րոպեներ տեւեց, կատարեցի` ինչպես առօրյա այլ աշխատանք: Եղբայրս, զարմանալի բան, ինձ համար կենդանի էր, միայն թե հիմա չէր խոսում, չէր շնչում: Մարմինն էլ տաք-տաք էր: Ովքեր կարծում են, թե մահից հետո մարդն անմիջապես դիակնանում է, սառչում, սխալվում են: Հաճախ նման թյուրիմացության մեջ գցողը գրքերն են, մահվան մտացածին, հորինովի նկարագրությունները:
Խորենը քաղաքի մյուս ծայրում էր ապրում, նրա գալուն դեռ ժամանակ կար, ու ես մտածեցի, որ Մերուժի կնոջը, երեխաներին, եղբայրներիս, Ծովոյին կարելի է առայժմ նաեւ տեղյակ չպահել - միեւնույն է, ոչինչ շտկել հնարավոր չէր. տասնհինգ րոպե շուտ իմանային, թե ուշ` նույնն էր: Փոխարենը ես նրա հետ լռիկ զրուցելու հնարավորություն կունենայի, մանավանդ հայտնի է, թե կանայք նման պարագաներում ինչպես են պահում իրենց:
Մոտ քաշելով աթոռը` նստեցի դեմքով դեպի Մերուժը: Ձեզ հետ երբեւէ պատահե՞լ է երկու ականջն էլ գոցել բամբակով: Այ, այդ վիճակում էի: Լռությունն արձագանքվում էր ուղեղումս: Առանձնապես տխուր չէի: Ես, որ շատ զգայուն, թույլ նյարդեր ունեմ եւ սրտխառնուք պատճառելու աստիճան պարզունակ կինոնկար դիտելիս, գիրք կարդալիս անգամ բուռ-բուռ արցունք կարող եմ թափել, նստել էի չոր աչքերով, հանգիստ, ասես անցավորաց աշխարհը ես էի գնացել` անպարտք, անպահանջ: Հավանաբար դեր էր խաղում այն, որ ինձ ամիսներ շարունակ նախապատրաստել էի նրա մահվան մտքին: Գուցե ամեն ինչ աչքիս առաջ էր կատարվել, դրա համար: Հնարավոր է` պատասխանատու էի զգում պահի համար եւ այդ իսկ պատճառով զրկել էի ինձ թուլություն դրսեւորելու իրավունքից: Թե՞ Մերուժին էի քիչ սիրում, չէի սիրում: Ոչ: Ես սա ասում եմ հանգիստ խղճով: Պատճառն ուրիշ էր: Ես Մահվան ականատեսն էի եւ հայտնագործել էի նրա սարսափելի չլինելը: Այո, մեռնելն այսուհետ ինձ համար սոսկալի չէր: Մարդը չի մեռնում: Մահը մեր հերթական վիճակն է: Եղբայրներս հիմա իմ կողքին չեն, չկան, ես չգիտեմ, թե նրանք ինչ են անում, ինչպես են շնչում: Ես նրանց կարող եմ տեսնել միայն վերհիշելով, պատկերացնելով: Նրանց գոյությունը, կենդանությունն ինձ համար անհատական` սուբյեկտիվ զգացողություն է: Նույնը եւ` աշխարհի: Մարդս տեսնում, նկատում է այն, ինչ իր կողքին է, մնացյալը գոյություն ունի անկախ իրենից: Այդպես էլ Մերուժը: Իր փոքրիկ «Զապով» դատարկ փողոցներով, քնած քաղաքի սառը լույսերի ուղեկցությամբ այստեղ շտապող Խորենը հիմա ի՞նչ է մտածում մեր մասին, ինչպե՞ս է տեսնում երկուսիս` Մերուժին ու ինձ: Նրա տեսածը համապատասխանո՞ւմ է իրականությանը: Ոչ: Նաեւ` այո: Մենք նրանից, նրա տեսադաշտից դուրս ենք, զգացողություն ենք, անցյալի մտապատկեր, աննյութեղեն: Աշխարհն անհնար է աչքի առաջ ունենալ, սակայն դա չի նշանակում, թե նրանք` միլիարդավոր իրերը, մարդիկ, կենդանիները, աղմուկները, հոտերն ընդհանրապես չկան:
Երկու օր անց մենք կբաժանվեինք Մերուժից, հետո նաեւ` մեկս մեկից. նա կիջնի հող, մյուսներս կգնանք մեր ճամփով` դեպի անհայտություն, եւ կմնա հիշողությունը` թե ողջերի ու թե մահացածների մասին:
Չգիտեմ, որեւէ բան հասկացրի՞: Ասածս իդեալիզմի հետ մի կապեք: Այն ժամանակ, այժմ նույնպես հավատում եմ այն բանին, ինչ տեսնում եմ, շոշափում, լսում, բայց եւ ընդունում եմ ինձնից դուրս եղողի գոյությունը: Մերուժի մահվան շնորհիվ ես հայտնաբերեցի ճշմարտությունը, որ վաղուց էր հայտնի, իսկ ինձ համար մինչ այդ ընդամենը սիրուն, խելացի միտք էր, փիլիսոփայություն: Ես այդ օրը տեսա նաեւ կենդանության ու մահվան միջեւ եղած սահմանը, անդունդ-անջրպետը, որն անցնել, լցնել անհնար է: Մեռնողը չի տեսնում մահը: Սա փրկություն է: Ձեզ երբեւէ հաջողվե՞լ է հսկել սեփական մարմնի քունը - երբեք: Կա մի սահման, որը գիտակցությունից դուրս է: Այդպես եւ մահը: Նա գալիս է, երբ մենք այլեւս չկանք:
Նստած տալիս-առնում էի, ինչ ձեզ պատմեցի: Նայում էի եղբորս, իսկ աչքիս առաջ Համազասպ հայրս էր` դարձյալ անկենդան, գոց աչքերով, շուրթերի խորքից երեւացող ատամնաշարով` վրան թեթեւ ժանգ, դեղնություն: Աստված իմ, Մերուժը որքա~ն նման էր նրան: Նույն ցցված այտոսկրերն էին, նույն ճակատը, ժպիտը` մանավանդ: Խաղաղ արտահայտություն էր իջել դեմքին: Կրքերը, տառապանքները բոլոր` երկրային, մնացել էին ետեւում, կորցրել արժեքն իրենց, իմաստն իրենց:
Դռան զանգը հնչեց երկար, կերկերուն: Միջանցք գնալիս շարժում նկատեցի մյուս ննջասենյակում. ինչ-որ մեկն արթնացել էր:
Անսովոր կողպեք էր` նրանցից, որ երկաթյա դռներին են դնում, ու ես բացելու փոխարեն երկրորդ պտույտով լրիվ փակեցի այն:
- Հակառակ, հակառակ ուղղությամբ: Տնաշենին հազար ասի.., ետեւիցս լսեցի Ալիսի քնատ ձայնը:
- Հիմա...
Դրսից խոսակցության պատառիկներ էին հասնում - Խորենը մենակ չէր: Մեկը ջանադրաբար կոշիկներն էր մաքրում առմուտքի փալասին: Ի վերջո գլխի ընկնելով ինչն ինչոց է` ես բացեցի դուռը, ու քանի որ միջանցքը շատ էր նեղ, ետ-ետ գնացի: Առաջինը Ծովոն մտավ, ետեւից` Խորենը, Արան, Գալեն: Նրանց տեսնելն ու աչքերիս արցունքների ցայտելը մեկ եղավ:
- Վախ, ախպեր ջան,- քույրս հեծկլտոցով փլվեց ուսիս:
Խորենը, Գալեն, Արան տագնապով խուժեցին ննջասենյակ: Այդ պահից սկսած ամեն ինչ խառնվեց իրար: Աղմուկը ոտքի հանեց նաեւ անխռով քնած երեխաներին: Նրանց ներկայությունը նոր ուժով բորբոքեց զգացմունքները: Ծովոն անզուսպ հեկեկում էր, Ալիսը փոքրիկին գրկած` ստեպ-ստեպ թաշկինակը տանում էր կարմրած քթին: Անուշի ձայնը մտաբերելիս հիմա էլ ամբողջ մարմնով փշաքաղվում եմ, սարսուռ է իջնում վրաս: Ո~նց էր անտերունչ գայլուկի պես վնգստում: Անդրանիկ որդին` Արթուրը, մնջվել, մնացել էր. ակնհայտորեն ուղեղում չէր տեղավորվում կատարվածը: Արան գոտկել էր նրա մեջքը, կարծես ասելիս լիներ` պինդ կաց, տղամարդ եղիր, այսօրվանից քո ուսերին նոր բեռ է դրվում:
- Վերջին պահին բան չասա՞ց,- երբ լացի առաջին ալիքն անցել էր, միջոց գտնելով` հարցրեց Ալիսը:
Մի պահ չմտաբերեցի Մերուժի ամենավերջին խոսքը: Ուստի առանց ետին մտքի, փոքր-ինչ ուշացումով պատասխանեցի.
- Ասաց` ծիծաղելի է:
- Վախ, իմ տանջված Մերուժ...,- նոր ուժով սկսեց Ծովոն:
Ալիսը հավանաբար ոչինչ չհասկացավ, կամ` ասվածն անկարեւոր համարեց:
- Իսկ երեխաներիս, ինձ չհիշե՞ց, մեր մասին բան չխոսե՞ց,- համառեց նա:
- Չէ,- այս անգամ նկատելի սառնությամբ պատասխանեցի: - Վերջին պահին նա իր հետ էր` միայն իր:
«Մեռնողները ամենեւին պարտավոր չեն ապրողների մասին հոգալ, մանավանդ` քեզ նմանի, որը ետեւից պինդ փակում է դուռը, որպեսզի հոգեվարքի շունչը ականջը չընկնի, չխանգարի քունը»:
- ԾՏՌ րՌՐՏՑՍՌ. ԽՈՍ վՈՎ ոօՑՖ տՏրսպ ֆՑՏչՏ?,- ռուսերենի անցավ Ալիսը:
Անբնական, օտար ու կեղծ էին հնչում բառերը: Արցունքներն անգամ անզոր էին վարագուրել տպավորությունը:
- Իմ քեղճ ախպեր,- մղկտում էր Ծովոն,- ամենատանջված ախպեր, լավ օր չտեսած ախպեր,- հետո հայացքը սահեց մեր վրայով: - Վա~յ...
Հուզումը տիրել էր Ծովոյին: Նա էքստազի մեջ էր ընկնում:
- Եթե մեզ սիրում ես, քեզ խնայիր,- սաստեց Խորենը:
Ապա ձայնի վրա ներս եկան հարեւանները. դուռը բաց էր մնացել (այն այդպես էլ երեք օր չփակվեց): Վշտակցելուց հետո մոտիկներն իրենց պարտքը համարեցին երեխաներին տանել: Իրականում եւս` նրանց ներկայությունը խանգարել միայն կարող էր:
- Արթուրս շատ զգայուն է, պարապելուն կխանգարի. չի կարողանա կենտրոնանալ,- անկեղծորեն ախուվախ էր անում Ալիսը: - Վաղը երեքին նորից կանչել է` իննի կուրսը պիտի ամփոփեն:
Ես տեսա հարեւաններից երկուսի խոսուն հայացքները: «Երիտասարդ ամուսին է կորցրել, փոխանակ ծամերը փետի, խոսելու նյութ է գտել»,- համոզված եմ, ասում էին նրանք իրար:
Գալեի նյարդերի վրա այդ ամբողջը երեւի ավելի շատ էր ազդում, որովհետեւ բավական չոր նկատեց.
- Դրա ժամանակը չէ:
- Մերուժն ինչքա~ն էր ուզում Արթուրս ընդունվի: Ինքը տվեց պարապելու: Չէր թողնում մի գործ անի, դասերիդ եղիր,- ասում էր: Վերջին անգամ, երբ հիվանդանոցում էր, ուզում էի հետս տանել, չթողեց,- առանց ընդմիջումի ոգեւորված արդարանում էր Ալիսը, ու մյուսներն ստիպված էին ունկնդրել:
«Նոր խաղաթուղթ է ընկել ձեռքդ, այսուհետեւ ամեն քայլափոխի կօգտագործես»:
Լավ էր, Ծովոն մտաբերեց գյուղի եղբայրներիս` Պարույրին ու Թորոսին, շնորհիվ որի խոսակցության թեման փոխվեց: Հարեւաններից մեկը պատրաստակամ` ձեռքն առավ խոսափողը: Արան ասաց համարները: Պատվերն ընդունողը կես խոսքից հասկանալով` միացրեց: Քույրս ողբաձայն հայտնեց լուրը: Այնուհետեւ մեջտեղ եկավ Մերուժի ծոցատետրը, ուր ընկերների, ծանոթների, հեռու-մոտիկ բարեկամների հեռախոսահամարներն էին: Պրոզայիկ առօրյան հազար ու մի ծալքերով կանգնեց մեր առաջ` ստիպելով գործել արագ, անվրեպ:
Կանանց դուրս հրավիրեցինք սենյակից: Մեզնից ոչ ոք թաղման արարողությունների փորձ չուներ: Գիտեինք մի բան միայն` ամեն ինչ պետք է արվի անթերի, ինչպես ընդունված է, ինչպես կարգն է, ինչպես վայել է օրինավոր հանգուցյալին, իր հարգը գիտցող մեռելատիրոջը:
Լուսադեմին, երբ գյուղից եկան Պարույրը, Թորոսը, հորաքույր Արաքսին, մենք արդեն Մերուժին լողացրել, հագցրել էինք, պառկեցրել սեղանին: Պակասում էին կոշիկները: Ստիպված էինք սպասել խանութի բացվելուն: Մինչ այդ լուծվեց նաեւ դագաղի խնդիրը: Գումարը Հրաչն էր տրամադրել, մնացածը Թորոսը բերեց: Հետագայում պետք է ամեն մեկս մեր բաժինը տայինք: Մնում էր տեղի հարցը: Այդ առթիվ տարակարծություններ կային:
- Գյուղ կտանենք,- ասաց մեծ եղբայրս` Պարույրը:
- Ընտանիքը, մենք այստեղ ենք. իմաստ չունի,- առարկեց Խորենը:
Պարույրը զարմացավ: Չէր կարծում, թե մեկնումեկը, այն էլ` եղբայրներից, դեմ կգնա:
- Գյուղն արդեն գիտի: Սպասում են,- հանգիստ շարունակեց նա:
Որքան էլ անսպասելի էր, Գալեն, Արան եւս Խորենի կողմը բռնեցին:
- Սա է իր տունը: Ամեն մեռել իր տնից պետք է դուրս գա,- պաթետիկ, առարկություն չընդունող տոնով նկատեց Արան:
- Ամեն մարդ իր հողում պետք է թաղվի, որտեղ ծնվել, մեծացել է,- պոռթկաց Թորոսը: - Իսկ սա քեզ հայտնի՞ է:
Նա քաղաքին ընդհանրապես թշնամի էր եւ մարդկանց գնահատելու, որակելու մի եղանակ գիտեր. եթե լքել, դավաճանել է ծննդավայրին, հողին, գյուղին, ուրեմն` վատն է - նմանին ոչ մի արդարացում, ուզում է դրսերում գեներալ դարձած լինի:
- Այդպես որ լինի, վաղը, մյուս օրը մեր հերթն է գալու, հարկ կլինի բոլորիս գյուղ տանել,- նույնպես գրգռված` Արային պաշտպանության տակ առավ Գալեն:
- Բա կանա՞յք, երեխանե՞րը: Ի վերջո ամեն մեկն իր ընտանեկան դամբարանը պետք է ունենա, չէ՞: Հո չե՞ս բռնի նրանց էլ քարշ տա գյուղ: Վաղը տղան կմեծանա, չի՞ ասի` հորս ինչո՞ւ եք տարել յոթ սարից էն կողմ:
Խորենի ասածը համոզիչ էր հնչում, այն աստիճան, որ Պարույրը լռեց, ընկավ մտածմունքի մեջ: Պայքարը հիմա միայն Թորոսն էր շարունակում, սակայն` առանց լուրջ փաստարկների:
- Ես միայն մի բան գիտեմ. Մերուժին գյուղ պիտի տանել: Նա ոչ մի կապ չուներ այս քաղաքի հետ:
Մենք պատշգամբում էինք հավաքվել, դուռը փակ էր, սակայն դիակի շուրջ նստած կանայք արդեն գիտեին ինչի մասին է խոսքը: Երբ վեճը շատ ձգվեց, մերոնցից մեկը (հիմա չեմ հիշում` ով) առաջարկեց Ալիսի կարծիքը հարցնել: Վերջին հաշվով` նա էր ընտանիքի գլուխը, նա էր տասնյոթ տարի ամեն օր քնել Մերուժի կողքին, նրա հետ կիսել հացի ամեն մի պատառը, տունուտեղ դրել:
Պատշգամբ եկավ նաեւ ջոջոն:
- Բալեք ջան, կամքը ձերն է, բայց ինձ որ լսեք, ձեր լուսահոգի հոր, ձեր մոր կողքին, մեր օրշնուկ հողին Մերուժիս արժան կանեք: Օխտ չափեք, մեկ կտրեք: Չեղնի էգուց-էլօր փոշմանեք:
- Մենք էլ էդ ժամանակ կհանենք, կտանենք գյուղ: Գյուղը միշտ կա:
- Չէ, Խորեն ջան, մեղք մի վերու հոգուդ: Մենք խաչապաշտ ժողովուրդ ենք:
Նա կրկին ետ գնաց: Ալիսին ծանոթացրին խնդրի էությանը:
- Բա մեզ ո՞վ կտանի, կբերի,- լացակումեց նա:
«Մենք, մենք, մենք... Միմիայն քո, երեխաներիդ մասին ես մտածում»:
- Ես: Հենց որ ամուսնուդ գերեզմանին այցի գալ ցանկանաս, զանգիր, կգամ կտանեմ,- կրքոտ վրա բերեց Թորոսը:
- Դե, դուք գիտեք, ձեր եղբայրն է,- խեղճ, թշվառ ձայնով նահանջեց Ալիսը:
- Դուք գիտեքը ո՞րն է,- բորբոքվեց Գալեն,- մենք այստեղ քեզ համար վատամարդ ենք լինում, դու ասում ես` ոնց ուզում եք: Քո ամուսինն է, քո երեխաների հայրը: Եթե ոչ դուք, ապա ո՞վ պիտի վաղը գնա-գա, խնամի շիրմաթումբը:
- Բա դո՞ւք,- իր հերթին անակնկալի եկավ Ալիսը,- Մերուժը ձեր եղբայրը չէ՞ր:
- Էլի մերն է: Բայց լավ կլիներ, որ կենդանության օրոք էլ այդ բանը հիշեիր,- կծեցի ես:
- Ձենդ կտրիր, ոչ մեկդ մի բարի պտուղ չեք,- սաստեց Պարույրը: - Ներողություն խնդրիր:
Ես դժգոհ քրթմնջացի:
- Քեզ հետ եմ, ներողություն խնդրիր,- համառեց Պարույրը:
Մեր ընտանիքում ավագի խոսքը հարգի էր, ուստի ոչ ոք չփորձեց ինձ պաշտպանության տակ առնել: Անօգնական շուրջս նայեցի: Ջոջոյի գնալուց հետո դուռը կիսաբաց էր մնացել: Սեղանին դագաղն էր: Մերուժը հակառակ ուղղությամբ էր պառկած` գլխով դեպի արեւելք: Մազերն էին երեւում, մի փոքր սրված քիթը եւ դեղնել սկսող ականջաբլթակները: Մարմնի մնացած մասը դագաղում էր` ծածկված սավանով: Պարույրի համառությունն ու խիստ անառարկելի տոնն ինձ համար այժմ հասկանալի էին: Ես մոռացա վիրավորանքը: Հեշտ էր նաեւ ներողություն խնդրելը, բայց` ոչ Ալիսից:
- Ներիր ինձ, Մերուժ,- ասացի:
Ապա մտաբերեցի վերջերս կարդացած գիրքը, ուր խոսվում էր ամերիկացի գիտնականների մի հետաքրքիր փորձի մասին: Նրանք պարզել էին, որ մարմնից անջատվելուց հետո գլուխը տասնյոթ ժամ արձագանքում է արտաքին աշխարհի ազդակներին: Փորձերը նրանք կատարել էին կապիկների վրա: Եթե ընդունենք, որ մարդու եւ կապիկի կենսաբանական կառուցվածքը նույնն է, կամ` գրեթե նույնը, ուրեմն Մերուժը դեռեւս ընկալում է շուրջը կատարվող ամեն ինչ` մեր բոլոր խոսակցությունները, ով ինչպես է լալիս, ու որքանով է անկեղծ...
- Ուզո՞ւմ եք Արթուրին էլ կանչենք: Մեծ տղան է, թող նա որոշի,- տհաճ լռությունը խախտեց Խորենը:
- Ո՞ւր է, մինչեւ հիմա աչքովս չի ընկել,- հարցրեց Թորոսը:
- Ցածի հարեւանի տանն է: Ասել եմ, որ մի քիչ ուշ արթնացնեն: Խեղճն ամբողջ գիշեր չքնեց:
«Ի~նչ մեծ բան է: Թող մի գիշեր էլ ոտքի վրա մնա, թեեւ համոզված եմ, տանելուց հետո լավ քնել է: Չլինի՞ այսօր մտադիր ես դասախոսի մոտ ուղարկել: Քեզնից հեռու չէ»:
- Նա հլա որ կակուղխելք երեխա է, ի՞նչ է հասկանում, որ ինչ ասի,- միջամտեց Պարույրը: - Իսկ Մերո՞ւժը: Մերուժը բան չասա՞ց, այդ մասին ակնարկ չի՞ արել:
- Վերջին պահին Տարոնն է մոտը եղել,- հուշելու կարգով տեղեկացրեց Գալեն:
Պարույրը, մյուսները հայացքներն ինձ ուղղեցին: Մասնավորապես հույսով էր սպասում Թորոսը:
- Ասաց:
Հետաքրքրություն հայտնվեց բոլորի դեմքին:
- Կարգադրեց, որ գյուղ տանենք,- ստեցի:
Թորոսը թեթեւացած շունչ քաշեց:
- Էլ ի՞նչ ենք ջուր ծեծում,- ջղայնացավ Պարույրը:
- Բա ինչո՞ւ մինչեւ հիմա չէիր ասում,- նկատեց Արան:
- Դե, ինքը կոնկրետ չասաց, բայց անընդհատ գյուղն էր հիշում, մանկությունը, մտքով, սրտով այնտեղ էր,- պահի տակ հորինեցի ես:
- Ասում եմ, չէ՞. նա այս քաղաքի հետ ոչ մի կապ չուներ,- աչքերը լցրեց Թորոսը:
- Որոշված է,- ոտքի ելավ Պարույրը: - Կոշիկների ետեւից ո՞վ պիտի գնա: Ուշ է արդեն: Հիմա ժողովուրդը կսկսի գալ:
Երբ հյուրասենյակ եկանք, ես երկար կանգնեցի դիակի մոտ: Խիղճս հանգիստ էր - չէի ստել: Կորցնելուց հետո մենք գտել էինք մեր Մերուժան եղբորն ու վերստին կորցնելու իրավունք չունեինք: Չունեինք: Իսկ ինչ մնում էր Ալիսին, նա ննջեցյալի կարիք չէր զգում: Նրան կենդանի, բանող Մերուժն էր պետք: Նա նոր լծկանի կարիք էր զգում եւ... կգտնի: Առայժմ կօգտվի հանգուցյալի անունից. այն հզոր զենք է` գործածելու դեպքում: Նրա անունից` իր համար: Զոհն ինքն է` այրի, երեք երեխան փեշից կախ... Տունը, խնայդրամարկղի գումարները, ոսկեղենը - դրանք իրենն են ու իրենը:
Այդ օրվա իրադարձություններից մեկն էլ է տպավորվել ուղեղումս, չեմ մոռանում: Հոգեհանգստի հրավիրված քահանան արարողության ավարտից հետո մոտեցավ Ծովոյին եւ արծաթյա գողտրիկ մի խաչ պարզելով` անշտապ պատրաստվեց նոր աղոթքի: Վճարելու նպատակով Պարույրը կրկին ձեռքը գրպանը տարավ, կարծելով, թե սքեմավորը դիտմամբ է ձգձգում: Քահանան մեղմիկ հպվեց մեծ եղբորս ուսին.
- Միրտը շատ է ելած:
Նա կարճառոտ աղոթք շշնջաց, Ծովոյի շուրթերին դեմ արեց կաշեկազմ, ոսկեհուռ ճարմանդով գիրքը, իսկ վերջում արդեն աշխարհիկ ձայնով մի քանի անգամ կրկնեց.
- Խաղաղվիր զավակս, խաղաղվիր: Լծակից կորցնելը ծանր բան է:
Տեր հորն այդպես էլ ոչ ոք չուղղեց: Նրան շփոթության մեջ էին գցել քրոջս վշտահար դեմքը, աչքերի տվայտալից փայլը:
Մնացյալի մասին չեմ պատմի: Գիտեմ` արդեն ձանձրացրի. միշտ նույն տխուր, արցունքոտ տրամադրությունը, անցքերը, որոնցից, երեւի, դուք էլ եք կուշտ: Չեմ ասի, թե Ալիսն հետագայում ինչ օյիններ խաղաց մեր գլխին, ինչպես էր սուգ ու շիվան կապել, երբ իմացավ, որ սպասվածից քիչ է թաղման փող հավաքվել, ինչպես էր իրեն օրվա հացի կարոտ ներկայացնում ու ետին աղքատ` պահանջելով ավելցուկ օղիները խանութին հանձնել, ատելությամբ էր նայում նրանց, ովքեր դրամի փոխարեն ծաղկեպսակ ու ծաղիկներ էին բերել, ինչպես մեկ-երկու այցից հետո մոռացավ գյուղի, նաեւ` գերեզմանատան ճամփան եւ սկսեց անիծելով ման գալ, որովհետեւ մեր երեխաների բերնից չէինք կտրում, իրեն տալիս ու ստիպված էր ժամանակ առ ժամանակ խնայդրամարկղ գնալ, թեեւ Մերուժի անվամբ հարյուր ռուբլուց ավելի թոշակ էր ստանում, աշխատավարձ...
***
Այսքան: Սկսելուց առաջ չգիտեի, որ պատմությունս նման ընթացք կունենա: Հեքիաթ էր, բան էր, պատմեցի: Ճիշտն ու սխալը դուք որոշեք: Եթե ինչ-որ բան այնպես չասացի, այդ էլ ոչ թե ամաչելուց, այլ գեղարվեստի շահը հաշվի առա:
Մոռացությունն ու արհամարհանքը` ինձ բաժին, իսկ Ձեզ, ինչպես Հարոլդը կասեր, «իմ երգի խրատներն անսուտ»: