Քըրսթին Ա. Հենսեն, Ռոքսան Ք. Քաուֆման, Ստեֆըն Սայֆըր
Նախաբանը` Փամելա Քոֆլինի եւ Լիզ Լորանի
Առաջաբանը` Վացլավ Հավելի
Նվիրվում է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի մանուկներին,
ովքեր առաջինն էին, որ բաց սրտով ու մտքով ընդունեցին ժողովրդավարական կրթության գաղափարները
Գիրքը տպագրված է «Քայլ առ քայլ» Բարեգործական հիմնադրամի պատվերով
ՍՈՐՈՍ Հինադրամները/ Բաց Հասարակության Ինստիտուտը հւնադրամների, ծրագրերի եւ հաստատությունների մի ամբողջ ցանց է ներառում, որոնք հիմնադրվել եւ ներկայումս էլ հովանովորվում են բարեգործ Ջորջ Սորոսի կողմից, հետամուտ լինելով ողջ աշխարհում եւ, ի մասնավորի, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, նաեւ նախկին ԽՍՀՄ-ի երկրներում բաց հասարակությունների զարգացման խթանմանը: Այս նպատակով ՍՈՐՈՍ հիմնադրամը համագործակցում է Չիլդրընզ Ռիսորսիզ Ինթըրնեշնել (CRD) կազմակերպության հետ` ընթերցողի ուշադրությանըներկայացվող, երեխաներին ու նրանց ընտանիքներին ուղղված եւ «Քայլ առ Քայլ» անվանումը կրող ծրագրի իրականացման ուղղությամբ:
CRI-ը Վաշինգտոնում գործող ոչ պետական, շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որն իր գործուն մասնակցությունն ու օժանդակությունն է բերում Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող կուռ կրթական համակարգին համապատասխանեցված եւ նախաձեռնությանը միացած տասնինը երկրների մշակութային ավանդույթների հիման վրա խարսխված ծարագրի իրականացմանը։
Բաց Հասարակության Ինստիտուտ, Նյու Յորք -10106
7-րդ Ավենյու, թիվ 888
հեռ. 212.757.2323
ֆաքս 212.974.0367
Է-փոստ`[email protected]
Չիլդրընզ Ռիստորսիզ Ինթըրնեշնլ
Վաշինգտոն-20007, NW, Հոլ Փլեյս, թիվ 2262/205
հեռ. 202.625.2508
ֆաքս 202.2509
Է-փոստ`[email protected]
CIR-ը թույլ է տալիս հատվածաբար պատճենահաճելու սույն գիրքը` սահմանափակ քանակությամբ (20) ոչ շահութաբեր կրթական
կազմակերպությունների կողմից օգտագործվելու նպատակով։
Գրքից հատվածներ հրատարակելու համար CIR-ին պետք է
գրավոր հայտ ներկայացնել։
ՆԱԽԱԲԱՆ
Երիտասարդ սերնդի կրթությունն այն բնագավառն է, որին հարկ Է առավելագույն հոգածությամբ մոտենալ։ Բոլոր մյուս բնագավառները կախյալ են նրանից։ Ինչպիսի՞ն են լինելու մեր կրթարանները։ Կարծում եմ, որ տասը տարի անց նրանք պետք է լինեն լիովին բարեփոխված եւ հաստատուն։ Խոսքն, իհարկե, չի վերաբերում լոկ շենքային հարմարությունների բարելավմանն ու համակարգիչներով, նոր դասագրքերով դպրոցները համալրելուն: Ամենակարեւորը կրթության նոր հայեցակարգի կազմավորումն է։ Ուսումնառության բոյոր մակարդակներում, լինի դա մսուր-մանկապարտեզ, թե բարձրագույն ուսումնական հաստատություն, դպրոցն է այն վայրը, ուր պետք է կազմավորվի եւ հղկվի ազատ ու անկախ մտածողության ոգին։ Առաջնահերթ անհրաժեշտություն է դպրոցներում մարդասիրական վեհ սկզբունքների գերակայության հաստատումը. մեծ նշանակություն պետք է տրվի դրանցում դասավանդող ուսուցիչների անհատականությանը, ուսուցիչներ, որոնց ոգեղենության ու անձնական օրինակի միջոցով յուրահատուկ «ձգողական դաշտ» կստեղծվի նրանց շրջապատող սաների համար. հարկ կլինի նաեւ ապահովել տեխնիկական եւ այլ մասնագիտական կրթության հավասարակշիռ զուգորդումը հումանիտար գիտություններին հարող համընդհանուր գիտելիքների դասավանդման հետ։
Վացլավ Հավել
Ամառային մտորումներ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Այս գիրքը ներկայացնում է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, ինչպես նաեւ նախկին Խորհրդային Միության նորակազմ ժողովրդավարական պետությունների ակնառու մանկավարժների եւ ընտանիքների սերտ համագործակցությամբ ձեռք բերված արդյունքը։ Այն Բաց հասարակության ինստիտուտի եւ «Չիլդրընզ Ռիսորսիզ Ինթըրնեշնլ» կազմակերպության կողմից թվով տասնինը երկրներում նախաձեռնված՝ կրթական համակարգի բարեփոխման գործընթացի բաղկացուցիչ մասերից մեկն Է։ Ինչպես Նախաբանում նշում է Վացլավ Հավելը՝ «...դպրոցն է այն վայրը, ուր պետք է կազմավորվի եւ հղկվի ազատ ու անկախ մտածողության ոգին»։
Փամելա Քոֆլին
«Չիլդրընզ Ռիսորսիզ Ինթըրնեշնլ»
Լիզ Լորան
Բաց հասարակության ինստիտուտ
ԵՐԱԽՏԻՔԻ ԽՈՍՔ
Մենք խորապես համոզված ենք, որ ժողովրդավարության կուլտուրան ուսուցանվում եւ ձեւավորվում է հետեւողական, ամենօրյա ջանքերի շնորհիվ։ Այդ գործընթացը հասարակության կրտսեր քաղաքացիների՝ երեխաների շրջանում սկսելու դեպքում բաց հասարակության սկզբունքներն արդեն արմատավորված կլինեն հաջորդ սերնդի համար։ Մանկակենտրոն դասասենյակների ստեղծման գաղափարը կոչված է նպաստելու ժողովրդավարության սկզբունքների հաստատմանը, ինչպես նաեւ նոր շունչ ու եռանդ տալու ողջ կյանքում սովորելուն պատրաստ եւ բաց հասարակության մեջ հաջողությամբ ապրելու եւ գործելու ունակություններ ձեւավորած անհատներին։
ԳԼՈՒԽ 1.
Կրթություն եւ ժողովրդավարություն
Այս գիրքը մանկավարժությամբ հետաքրքրվող բոլոր անձանց ուշադրությանն է ներկայացնում վերաբերմունքի, վարվելակերպի եւ դասավանդման ստրատեգիայի այն միջոցները, որոնց գործադրմամբ հնարավոր է մանկահասակ երեխաներին նախապատրաստել մշակութային մի նոր համակարգի՝ բաց, ժողովրդավարական հասարակության պայմաններում ապրելու եւ գործելու։ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում գնալով մեծանում են ժողովրդավարության կուլտուրան զարգացնելու եւ ընդլայնելու հնարավորությունները, որի առկայությամբ անհատն ու համայնքը գնահատվում են հավասարապես, նմանապես են արժեւորվում արդարությունն ու հավասարությունը, անձի ազատությունը, ինչպես նաեւ հասարակության բարօրությունը, որի դեպքում անհատի ներուժն ու բնության շնորհած բարիքները պահպանվում եւ զարգացվում են նույն՝ հավասարության սկզբունքով։
ժողովրդավարության բարձրագույն ձեւը՝ լիակատար համամասնակցությունը կառավարման գործընթացներին եւ իրավունքների ու հնարավորությունների ընդհանուր հավասարությունը, այսօր էլ մնում է մարդկության չիրականացած երազանքը։ Սակայն կյանքում թերեւս չկա այլ գաղափար, հանուն որի արժե նույն համառությամբ պայքարել եւ նոր նվաճումների ձգտել։
Սկզբունքներ եւ ուղենիշներ
Հնարավորություններ եւ սեփական նախաձեռնություն
Ինքնարժեւորում եւ զորացում
Համատեղ կառավարում
Ժողովրդավարական հասարակության մեջ ընդգրկված յուրաքանչյուր խումբ կամ ընտանիք եզակի է, քանի որ նրա գործելակերպը կազմավորվում է կանոնների, արժեքների եւ գործողությունների միասնական ստեղծման ու զարգացման միջոցով։ Ըստ դր. Սիֆելդտի, «Ուսուցիչները չպետք է հրահանգներ արձակեն եւ ակնկալեն, որ երեխաները կուրորեն պետք է հետեւեն դրանց։ Սովորելու համար նախատեսված հանձնարարության կամ հմտության վրա կենտրոնանալու փոխարեն, ուսուցիչները հարկ է, որ առանձնակի ուշադրություն դարձնեն նրան, թե ինչպես են երեխաներն իրենց զգում մյուս երեխաների շրջապատում, ինչպես են արձագանքում մյուսների գործողություններին եւ շփվում միմյանց հետ»։ (Սիֆելդտ եւ Բարբուր, 1994, էջ 584)։
Մտքի եւ խոսքի ազատություն
Մտքի եւ խոսքի ազատությունը բաց հասարակության հիմնական հատկանիշն է. այն առաջինն է անհետանում, երբ հասարակությունն սկսում է զարգանալ այլ՝ ներփակվածության ու ազատությունների վերացման ուղիով։ Այդուհանդերձ, հարկ է նշել, որ ներկայիս ավտորիտար կառավարման հասարակարգերն ստիպված են գոյակցելու համակարգիչների, Ինտերնետի, ֆաքսիմիլային եւ բազմացնող մեքենաների, ինչպես նաեւ տեխնիկայի առաջընթացի շնորհիվ երեւան եկած այլ միջոցների առկայությամբ, միջոցներ, որոնք ընձեռում են մտքի եւ խոսքի ազատության ինստիտուտի զարգացման աննախադեպ հնարավորություններ։ Մանկահասակ երեխաների համար գիտության եւ տեխնիկայի ձեռքբերումներին հասու լինելը նվազ կարեւոր է, քան կամքի եւ ինքնարտահայտման ձեւերի ազատության կիրառման ուղղակի, անմիջական փորձառությունը։ Ակնկալվում է, որ մանկապարտեզ հաճախող երեխաները պետք է հնարավորություն ունենան կազմավորելու եւ ազատ արտահայտելու սեփական կարծիքը։ Այս ակնկալիքն առկա է նախադպրոցական ուսումնական ծրագրի բոլոր ոլորտներում։ Գունավորելու մեխանիկական առաջադրանք նախատեսող, պատրաստի պատկերներ տալու կամ արվեստի ուսուցումը սոսկ ձեռքի աշխատանքի դասի վերածելու փոխարեն, երեխաներին հարկ է ամեն կերպ խրախուսել նկարչության կամ շինարարության միջոցով արտահայտելու իրենց սեփական մտածելակերպը, զգացմունքները եւ գաղափարները։ Գրաճանաչության պարապմունքների ժամանակ նրանց կարելի է առաջարկել քննարկել, բանավոր կամ գրավոր խոսքով արտահայտել սեփական իմացությունն ու զգացողությունները։ Նրանց տրվում են մաթեմատիկական, գիտական եւ ակադեմիական այլ հմտություններ կազմավորելու բազում հնարավորություններ (Սիֆելդտ եւ Բարբուր, 1994, էջ 584)։
Ուժն ընդդեմ հարգանքի
Ուսուցիչները ուսումնական գործընթացի համատեղ հսկողություն են իրականացնում, եւ այս գործելակերպն արտացոլում է հասուն քաղաքացիական հասարակությանը բնորոշ համամասնակցության համակարգի արժեքներն ու սկզբունքները, որի առկայությամբ բացառվում է առանձին անհատի կամ մարդկանց փոքր խմբի իշխումն ավելի մեծ խմբի վրա։ Ուսուցիչները նաեւ միջոցներ են ձեռնարկում այնպիսի մթնոլորտի ստեղծման ուղղությամբ, ուր հնարավոր չէ մեկ երեխայի կամ երեխաների փոքր խմբի ազդեցությունը մյուսների վրա։ Ներարկվում ու խրախուսվում է հարգալից վերաբերմունք յուրաքանչյուր անհատի հանդեպ։ Երեխան կարող է այս կամ այն չափով հավանել իրեն շրջապատող մյուս երեխաներին, սակայն պետք է հարգանքով վերաբերվի մյուսների անձին, արժանապատվությանը եւ հիմնական իրավունքներին։ Բոլոր փոխգործողությունների ընթացքում թույլատրելի է համարվում միայն հարգալից բառերի գործածումը, անգամ այն դեպքում, եթե այդ փոխգործողությունները բարկության կամ առճակատման դրսեւորումներ են։ Ըստ պատշաճի հաշվի է առնվում յուրաքանչյուր երեխայի վարվելակերպի ներազդեցությունը մյուսներին։ Թեեւ մանկահասակ երեխաներին ոչ միշտ է հաջողվում հեշտությամբ կամ լիովին գիտակցել եւ կշռադատել այս կարգի հասկացությունները, ուսուցիչները կարող են նրանց սովորեցնել հարգանքով վերաբերվել մյուսներին։
Տարբերությունների եւ նմանությունների ընկալումը
Մանկակենտրոն ուսուցման ծրագիրը, ինչպես նաեւ բաց հասարակություններն ընդհանրապես, ընդունում են այն փաստը, որ յուրաքանչյուր մարդ եզակի է իր տեսակի մեջ եւ կարող է արժեքավոր ներդրում ունենալ ընդհանուր գործում։ Նմանապես, նույն ազգային-մշակութային կազմավորումը ներկայացնող անհատների խմբերը կարեւոր դեր են խաղում համայնքի կենսագործունեության ընթացքում։ Հասարակությունները գնալով ավելի բազմաշերտ ու բազմազգ են դառնում, սակայն, դժբախտաբար, այդ բազմազանությունը հաճախ զուգորդվում է ազգային խտրականության դրսեւորման եւ անհարկի սահմանազատումների գոյացման հետ։ Այստեղ ուսուցիչներն ու ծնողները շատ բան ունեն անելու. մյուսների հանդեպ բարյացակամությունը եւ տարբերությունների պատշաճ գնահատումը երեխաների հոգիներում սերմանելու միջոցով, նրանք կարող են զանազան ագգային եւ մշակութային արժեքների ու սովորույթների նկատմամբ ավելի դրական վերաբերմունք արմատավորել ըմբռնման եւ ճանաչման, այլ ոչ՝ դրժման ու առճակատման։ Խոսքը միայն այն մասին չէ, որ անկախ ագգային, կրոնական, սեռական կամ ռասայական պատկանելությունից, բոլորին պետք է տրվեն «հավասար հնարավորություններ»։ Մեծահասակները պետք է գիտակցաբար վերլուծեն մարդկանց միջեւ եղած տարբերությունների ու նմանությունների ճանաչման գործընթացը եւ այդ ճանաչումն ի սպաս դնեն երեխաների միջեւ փոխըմբռնման մթնոլորտի հաստատմանը։ Լուրջ ֆիզիկական թերություն ունեցող երեխան պատճառ է դառնում, որ նման պակասություններ չունեցող երեխաները վերանան մակերեսային տարբերություններից, ճաշակեն դրական այն զգացողությունները, որոնք առաջանում են կարիքավոր ընկերոջն օգնելու հետեւանքով, եւ սովորեն հանդուրժող ու համբերատար լինել։
Երեխաները եւ գիտական հետազոտությունների
արդյունքները
Երբեմն ուսուցիչներն ու ծնողները մտավախություն են հայտնում, որ մանկակենտրոն դասասենյակում հնարավոր չի լինի ապահովել ինտենսիվ, եռանդուն եւ նպատակային ուսուցման համար անհրաժեշտ պայմանները։ Միացյալ Նահանգներում կատարված հետազոտությունները հաստատում են ճիշտ հակառակը։ Թերեւս այն պատճառով, որ ուսումնական գործընթացն ու հմտությունների ձեւավորումը սերտորեն կապված են երեխայի զգացմունքների եւ ինքնարժեւորման ու զորացման հետ, մանկակենտրոն նախադպրոցական ծրագրերի մասնակցած երեխաների ակադեմիական ունակությունները նկատելիորեն գերազանցում են ավելի ավանդական մեթոդներով ղեկավարվող կրթարանների սաներինը։ Ընդ որում, այս տարբերությունները պահպանվում են մանկապարտեզից հետո շատ տարիներ անց (Մարկոն, 1992, Մարկոն, 1990, Միլլեր եւ Բիզել, 1984)։ Հետազոտողները հանգել են նաեւ այն համոզման, որ ավելի ժողովրդավարական կրթարաններ հաճախած երեխաները, չափահաս դառնալուց հետո, ավելի հազվադեպ են հայտնվում գործազուրկների շարքում կամ հանցանքներ գործում, փոխարենը՝ աչքի են ընկնում մյուսների հանդեպ ավելի հոգատար եւ պատասխանատու վերաբերմունքով (Շվայնհարտ, Բարնզ եւ Վայկարտ, 1993)։ Որքան ավելի հարազատ է ուսուցումը մանկակենտրոն դասավանդման սկզբունքներին, այնքան ավելի լավ արդյունքների է հասնում երեխան թե՛ սոցիալական, թե՛ ակադեմիական տիրույթներում։
ԳԼՈՒԽ 2
Մանկակենտրոն դասասենյակ
Ներկայացված իրավիճակում երեխաները մեխանիկական կրկնության միջոցով սովորում են տարբեր ուրվագծերի անվանումները։ Նրանք հնարավորություն չունեցան շոշափելու, խաղալու, համեմատելու, տեսակավորելու, շարելու կամ այլ կերպ ուսումնասիրելու առարկաների բազում հատկանիշները։ Եվ ոչ էլ պարապմունքի կազմակերպման եղանակը նպաստեց, որ երեխաներն ավելի խորը եւ լուրջ կշռադատումներ կատարեն կամ արտահայտեն իրենց անհատական կարծիքները։ Դե, իսկ խաղադեկորները մի կողմ, երեխաներին ոչ հասանելի տեղում դնելով, ուսուցիչը բացառեց տվյալ նյութի հետագա, լրացուցիչ ուսումնասիրումը։ Այսպիսով, ուսումնառությունն ընթացավ ուսուցչի կողմից նախանշված հունով, այլ ոչ` երեխաների բնական մղումների։
Մանկակենտրոն դասասենյակում մթնոլորտը միանգամայն տարբեր է։ Այն կազմավորվում է երկու հիմնական սկզբունքների շուրջ՝
Երեխաներն ստեղծում են սեփական իմացությունը, հիմնվելով իրենց ունեցած փորձառությունների եւ իրենց շրջապատող աշխարհի հետ փոխգործողությունների վրա։
Ուսուցիչները լավագույնս խթանում են երեխաների աճն ու զարգացումը նրանց հետաքրքրությունների, կարիքների եւ ուժեղ կողմերի հետ հաշվի նստելու եւ ուսուցումը դրանց շուրջ կազմակերպելու միջոցով։
Դասասենյակը յուրահատուկ լաբորատորիա է, ուր երեխաները հանդես են գալիս հետազոտողի, նկարչի, ընկերոջ, գիտնականի դերերում։ Ուսուցիչներն, իրենց հերթին, «բեմադրիչներ» են, որոնք դասասենյակը վերածում են նմանատիպ լաբորատորիայի։ Նրանց վրա է դրվում ուսումնանյութերի այնպիսի կազմակերպումը, որն առավելագույնս կխրախուսի երեխաների ստեղծագործական փորձարարությունը, հայտնագործություններ կատարելու հարատեւ մղումը եւ ընթացքում ծագող հիմնահարցերի լուծումը։
Ուսուցիչները հարգանքով են վերաբերվում երեխաների արտահայտած մտքերին. օգտագործում են դրանք ուսումնածրագրի ձեւավորման ընթացքում։ Ուսուցիչները փոխգործողության մեջ են մտնում երեխաների հետ, մինչ վերջիններս զբաղված են այս կամ այն գործողությամբ կամ խաղով. նրանք երեխաներին ներկայացնում են խրախուսական, հոգատար վերաբերմունքի օրինակներ, դիտարկում եւ ուշիուշով լսում են աշխատանքային կենտրոններում գտնվող երեխաներին, արձանագրում եւ գնահատում են սեփական դիտարկումները, ապա օգտագործում են նշված դիտարկումները երեխաների համար նոր ծրագրերի եւ անհատականացված պարապմունքների կազմակերպման նպատակով։
Այս մթնոլորտում, ուր ուսուցիչները ամեն կերպ ձգտում են խրախուսել երեխաների հետաքրքրությունները, մանկապարտեզի սաները դեռ մանկուց զարգացնում են իրենց կարեւորության եւ սեփական նախաձեռնության գգացումը։
Մանկակենտրոն դասասենյակում երեխաները
սովորում են ընտրություն կատարել
ընդգրկվում են աշխույժ խաղերում
գործածում են մտածողությունը զարգացնող նյութեր
աշխատում են կողք-կողքի եւ սովորում հոգ տանել միմյանց մասին
ձեռք են բերում աշխատանքի եւ մյուս երեխաների հանդեպ պատասխանատվության զգացումը
Մանկակենտրոն դասասենյակում ուսուցիչները
հանձն են առնում երեխաների օրը հետաքրքիր եւ զվարճալի դարձնել
անհատականացնում են ուսումնական պրոցեսը
Ուսուցիչները նաեւ ընտրություն են կատարում, ծրագրում են նպատակային խաղերը եւ աշխատանքները, երեխաներին առաջադրում են բաց, խոհահարույց հարցեր, ինչպես նաեւ պատշաճ պայմաններ են ստեղծում երեխաների ուսումնառության համար։
Վերջին շրջանի հետազոտությունները ցույց են տվել, որ ոչ-պաշտոնական, մանկակենտրոն ուսուցումը երեւան է բերում տեւական առավելություններ մեկուսացված, առանձին հմտությունների վրա կենտրոնացող դասավանդման նկատմամբ (Շվայնհարտ, Բարնզ եւ Վայկարտ, 1933թ.)։ Աշխատանքային կենտրոններում գրաճանաչության, մաթեմատիկայի եւ բնագիտության թեմատիկ համադրման միջոցով կարելի է ապահովել ճանաչողական եւ զգացմունքային զարգացման օպտիմալ մթնոլորտ։
Որոշումներ ընդունելու կարողությունը ժողովրդավարական գործընթացի հիմնարար տարրերից է։ Տարբեր աշխատանքային կենտրոնների, նյութերի, ուտելիքի, հագուստի միջեւ ընտրություն կատարելով, երեխաներն աստիճանաբար, ապահով ու լավ կազմակերպված դասասենյակի պայմաններում սովորում են ընդունել ճիշտ որոշումներ։ Սովորում են նաեւ ստանձնել տվյալ որոշման հետ կապված պատասխանատվությունը, հասկանալ իրենց գործողությունների հետեւանքները։ Երեխայի առջեւ ծառանում են այլընտրանքի բազում խնդիրներ.
«Եթե հիմա զբաղվեմ խադադեկորներով, չեմ կարողանա մասնակցել խոհարարության պարապմունքին։ Ո՞րն է ավելի կարեւոր ինձ համար»։
Այս կարգի դասասենյակում երեխաներին հնարավորություն է տրվում օգտագործել յուրաքանչյուր աշխատանքային կենտրոնում տեղադրված նյութերն այնպես, ինչպես նրանք են կամենում։ Նրանք ինքնուրույնաբար զննում են այդ նյութերը, քննարկում դրանք ընկերների հետ։ Նրանք հորինում են միեւնույն նյութի օգտագործման տարբեր ձեւեր։ Ուսուցչի դերն է` դիտարկել երեխաներին նրանց խաղի ընթացքում եւ խրախուսել նրանց նոր նախաձեռնությունները։ Նա տալիս է այնպիսի հարցեր, որոնք մղում են երեխաներին նորանոր «հետազոտությունների» եւ ավելի բարձրակարգ հմտությունների ձեռք բերման։ Դասասենյակի ոչ պաշտոնական մթնոլորտը թույլ է տալիս երեխաներին սովորելու առանց շտապողականության, առանց միմյանց հետ համեմատվելու եւ առանց «միակ ճիշտ» ձեւն ընդօրինակելու պարտադրման։
Աշխույժ խաղ
Խաղը վաղ հասակի երեխ
Ուսումնական նյութերի բազմազանությունը
եւ նրանց օգտագործումը
Ծնողներից մեկը մի անգամ դիմեց հետեւյալ հարցով՝ «Արդյոք չե՞ն ձանձրանա երեխաները միեւնույն խաղադեկորները տարիներ շարունակ օգտագործելուց»։ Փորձենք զննել, թե ինչպես է երեք տարեկանին հատուկ զարգացման աստիճան ունեցող երեխան զբաղվում կառուցողական նյութերով եւ ապա` նույն խաղադեկորներն օգտագործող վեց տարեկանը. տարբերությունն ուղղակի ապշեցուցիչ է։ Երեք տարեկանը խորանարդիկները դասավորում է շարքի տեսքով, հետո մի քանի այլ մասնիկներ է շարում մեկը մյուսի վրա։ Եթե մի քանի ուրիշ երեխաներ էլ են ներգրավված խաղի մեջ, ապա երեխան կարոդ է միանալ զուգահեռ խաղին։ Մոտ տասը կամ տասնհինգ րոպե անց երեխան տեղափոխվում է մեկ այլ աշխատանքային կենտրոն։ Մյուս կողմից, 6-ամյա երեխան համարյա միշտ քաջ պատկերացնում է, թե ինչ է ցանկանում կառուցել՝ աշտարակներով ու դիտակետով ամրոց, շարժական կամրջով գետ։ Այս բարդ կառույցների վրա երեխան կարող է աշխատել մենակ կամ, շատ հաճախ, մյուսների հետ միասին՝ աշխույժ քննարկելով կամ նույնիսկ վիճարկելով կամուրջը պահող սյուների վրա կիսաշրջանաձեւ խաղադեկորի տեղադրման նպատակահարմարությունը։ Վեց տարեկան երեխայի աշխատանքն ավելի բարդ է, ավելի վերացական, այն կարող է շատ ավելի երկար տեւել։ Խաղադեկորները կարող են նոր գրավչություն ստանալ, եթե դրանց կողքին երեխաներին առաջարկվեն օժանդակ նյութեր՝ փոքրիկ մարդուկներ, կենդանիներ, նշաններ, տիկնիկներ, թուղթ եւ ֆլոմաստերներ, ինչպես նաեւ այլ առարկաներ, որոնք տարվա ընթացքում կարող են հաջողությամբ փոխարինել միմյանց եւ նոր հետաքրքրություն առաջացնել աշխատանքի ժամանակ։
Ուսուցչի պատասխանատվությունը
Համայնքային հարաբերությունների զարգացում
«Այսօրվա աշխարհում, - գրում է հոգեբան-մանկավարժը, - առանձնապես կարեւոր է կարողանալ դուրս գալ սեփական անձի տիրույթից եւ գործի դնել ինքնատիրապետման դասերը։ Մեզ կենսապես անհրաժեշտ է մյուս մարդկանց հետ կապակցման ուղիներ որոնել եւ ըմբռնել մեր սեփական անձերը որպես ամենատարբեր խմբերի՝ մերձավորների, համայնքի, ողջ աշխարհի, անդամներ։ Մենք պետք է սովորեցնենք երեխաներին հոգատարություն ցուցաբերել ուրիշների հանդեպ, ինչպես նաեւ ստանալ նման հոգատարություն ուրիշներից» (Չարնի, 1992, էջ 32)։
Ճանաչել միմյանց անունները. Երեխաները սովորում եւ գործածում են միմյանց անունները եւ ծանոթանում մյուսների հետաքրքրություններին ու զգացմունքներին։
Պահպանել հերթականությունը. Երեխաները սկսում են հերթով անել այս կամ այն գործողությունը։ Մեծանալուն համընթաց, հերթափոխության այս գործընթացն ավելի հաճախ առանց վիճաբանության ու անցանկալի երեւույթների է տեղի ունենում։
Կիսվել. Երեխաները սովորում են ուշադրությունը, սեփական ժամանակը կիսել ուսուցչի հետ, ավազի տարածքը, ուտելիքը, մատիտները կիսել մյուս երեխաների հետ։
Տեղ տալ իրար շրջանում. Երեխաները սովորում են տեղ բացել շրջանում ուշացողների համար, ինչպես նաեւ նստել նրանց կողքին, ում թերեւս չեն համարում իրենց մտերիմները։
Միանալ ընդհանուր գործունեությանը. Երեխաները սովորում են միանալ փոքր խմբերին, իրենց լուման բերելով ընդհանուր խաղին կամ զբաղմունքին։
Մյուսներին հրավիրել մասնակցելու. Երեխաները սովորում են, թե ինչպես կարելի է մյուսներին հրավիրել միանալու իրենց խմբի գործունեությանը։
Բարյացակամ լինել. Երեխաները սովորում են ողջունել միմյանց եւ հետաքրքրվել մյուսների կացությամբ ու տրամադրությամբ։
Համագործակցել. Երեխաները համագործակցում են մեկ ընդհանուր աշխատանք կատարելու ընթացքում, միասին խնդիրներ լուծում եւ թիմերով կամ փոքր խմբերով մասնակցում առանձին խաղերի։
Լուծել ծագող կոնֆլիկտները. Երեխաները սովորում են, որ դժվարությունների եւ պրոբլեմների մասին խոսելու, իրար հետ սեփական զգացողություններն ու տեսակետները կիսելու միջոցով ավելի հեշտ եւ արդյունավետ կարելի է դրանք հաղթահարել։
Դասարանական առօրյան պետք է երեխաներին հնարավորություն տա փոխգործողության մեջ մտնելու մյուսների հետ ամենաբազմազան եղանակներով՝ մեծ ու փոքր խմբերում, մեկ կամ երկու երեխաների հետ շփումների ընթացքում։ Օրինակ, վեցամյա Սամվելը դիտում է, թե ինչպես է չորս տարեկան Աննան ջանում լուծել տիեզերանավ պատկերող գլուխկոտրուկը։ Սամվելը նստում է Աննայի կողքին ու հարցնում` արդյոք ինքը կարո՞ղ է միանալ խաղին։ Սամվելը հարմարեցնում է գլուխկոտրուկի մի տարրը մյուսի ուրվագծին։ Սամվելը տեղադրում է մի տարր, ապա Աննան է փորձում գտնել հաջորդը։ Զննելու ու գործելակերպը քննարկելու օգնությամբ Աննան նոր կարողություն է ձեռք բերում։ Սամվելը գոհ է, որ կարողացավ իր խաղընկերոջն օգնել։
Ձեռներեցություն եւ պատասխանատվություն
Այս իրավիճակում ուսուցիչը նպաստում է երեխայի մոտ կախվածության ու անկարողության, այլ ոչ` սեփական ուժերի նկատմամբ հավատի ու պատասխանատվության ամրապնդմանը։ Շատ հաճախ երեխաները մեծ զարմանք են պատճառում ուսուցիչներին եւ ծնողներին, ապացուցելով, որ իրենք շատ ավելի մեծ կարողություններ ունեն հոգալու իրենց պատկանելիքների մասին, հավաքելու իրենց իսկ իրերը եւ ինքնուրույն գործողություններ կատարելու, քան ակնկալում են մեծահասակները: Իսկապես բարձրորակ ուսումնական ծրագիր կարող է համարվել այն, որը երեխաներին առաջադրում է իրական կյանքի փորձի միջոցով որոշումներ ընդունելու պատասխանատվություն ստանձնելու եւ առանց մեծահասակների միջամտության հնարավորին չափ շատ բան անելու առիթներ։ Իրենց առջեւ ծառացող մարտահրավերներն ընդունելով՝ երեխաները զարգացնում են անհրաժեշտ հմտություններ եւ հավատ ձեռք բերում սեփական ուժերի նկատմամբ։
Ձեռներեցության զարգացում
Պատասխանատվության զարգացում
Անհատականացում
Մանկակենտրոն դասասենյակը նախատեսում է անհատականացված ուսուցման բազում մակարդակների առկայություն։ Խմբային պարապմունքների մեծ մասը կազմակերպվում Է փոքր խմբերում՝ անհատականացման առավելագույն աստիճանն ապահովելու նպատակով։ Դա նշանակում է, որ օրվա գրաֆիկը հնարավորին չափ հարմարեցվում է յուրաքանչյուր երեխայի աշխույժ զբաղմունքի եւ հանգստի կարիքներին։ Կահավորանքը, նյութերը, դասասենյակի կազմակերպման եղանակը կոչված պետք է լինեն նպաստելու երեխաներից յուրաքանչյուրի զարգացմանը, իսկ ծրագրված պարապմունքները պետք է կարեւոր նշանակություն ունենան նրանց համար։ Անհատականացումը պահանջում է նաեւ, որ մանկավարժն այնպիսի խաղեր ու պարապմունքներ կազմակերպի երեխաների համար, որոնք կօգնեն նրանց գիտակցելու սեփական հաջողություններն ու դժվարությունները հաղթահարելու իրական ուղիները։ Արդյոք իրատեսակա՞ն է այս նպատակակետը։ Գուցեեւ ոչ միշտ, կամ ոչ բոլոր երեխաների համար միաժամանակ։ Սակայն միանգամայն հնարավոր է ձգտել դասասենյակում իրականացվող ուսուցման անհատականացման առավելագույն աստիճանին։ Երեխաների համար ճկուն եւ հետաքրքրաշարժ գործունեության տեսակներ կազմակերպելու, ինչպես նաեւ դրանց ընթացքում երեխաների մանրազնին դիտարկման միջոցով ուսուցիչը կարող է ըստ անհրաժեշտության փոփոխել եւ ճշգրտումներ մտցնել պարապմունքների մեջ։ Անհատականացումը մանկակենտրոն դասավանդման ծրագրի կարեւորագույն տարրերից է, քանզի որքան ավելի բարձր է անհատականացման աստիճանը, այնքան ավելի արդյունավետ է ուսուցչի աշխատանքը: Այս պայմաններում է, որ նվազում են վարքագծային հիմնախնդիրները եւ բարձրանում է զարգացման ու բազմակողմանի աճի մակարդակը (Սայֆըր, 1990)։
Երեխայի անհատականության հատկանիշները
Չափազանց կարեւոր Է, որ ուսուցիչները լիովին ըմբռնեն երեխայի անհատական հատկանիշները։ Յուրաքանչյուր սանի անհատականության ասպեկտների ընդունումն արդյունավետ ուսուցման անկյունաքարերից է։ Հատկանիշներից յուրաքանչյուրի դեպքում, որպես օրինակ, առանց գնահատականներ առաջարկելու եւ համեմատությունների մեջ ընկնելու, քննության կառնվեն երկու երեխաների՝ Դանիելի եւ Աննայի, բնութագրերը։ Կարեւոր է արձագանքել յուրաքանչյուր երեխայի անհատականությանը, այլ ոչ՝ դատել կամ գնահատել այն։
Ընտանեկան կուլտուրա
Տարիք
Միանգամայն ակնհայտ է, որ երեք տարեկանների գործելակերպն ու մտածելակերպը զգալիորեն տարբերվում են չորս կամ հինգ տարեկան երեխաների վարքից։ Ուսուցիչների համար պարտադիր պայման պետք է համարվի երեխայի բնականոն զարգացման փուլերի մտապահումը։ Օրինակ, հնգամյա երեխաները մեծամասամբ ավելի երկար ժամանակ կարող են կենտրոնացած պահել իրենց ուշադրությունը, ավելի հեշտ են շփվում մյուսների հետ, միանում են համեմատաբար ավելի փոխգործուն երեւակայական խաղերին, եւ ավելի լավ են ըմբռնում վերացական հասկացությունները, քան երեք կամ չորս տարեկանները։ Այս առումով տարիքը այն կարեւոր գործոնն է, որը պետք է հաշվի առնել այս կամ այն խաղը ծրագրելիս, նրա անցկացման ձեւն ու տեւողությունը որոշելիս։
Դանիելը հինգ տարեկան է, իսկ Աննան` երեք։ Դանիելը հաճույքով զբաղվում է մեկ կամ երկու 24-կտորանոց գլուխկոտրուկը տասնհինգից քսան րոպեի ընթացքում հավաքելով։ Աննան ամենայն հավանականությամբ հինգից տասը րոպեից ավելի չի հատկացնի 6 կամ 8 կտորանոց երկու-երեք գլուխկոտրուկ հավաքելուն։
Զարգացումային մակարդակ
Անհատականություն եւ խառնվածք
Անհատականությունն ու խառնվածքը բնորոշող բազում հատկանիշներ կան, եւ յուրաքանչյուր հատկանիշ նախատեսում է բնավորության միանման գծերի շարք, որն առկա է այս կամ այն երեխայի դեպքում։ Ահա հնարավոր համադրումներից մի քանիսը.
լուրջ / մարդամոտ
եռանդուն / հանդարտ
էքստրովերտ / ինտրովերտ
հետաքրքրասեր / անտարբեր
հաշտվող / անզիջում
մաքրասեր / թափթփված
խիզախող / զգուշավոր
վստահող / անհավատ
Ուսուցիչները պետք է քաջ գիտակցեն, որ իրենց սեփական անհատականությունն ու խառնվածքը կարող են էապես տարբերվել սաների անհատական հատկանիշներից եւ անգամ որոշակի բախումների պատճառ դառնալ։ Բնավորության նման տարբերությունների ըմբռնումն ու ընդունումն է, որ հնարավորություն է տալիս ուսուցչին նպաստավոր կենսական մթնոլորտ ստեղծել երեխաների համար։
Սեռը
Սեռային տարբերությունները այնքանով զգալիորեն են աչքի զարնում, որ հաճախ ուսուցիչները գերագնահատում են դրանց նշանակությունը անհատի հատկանիշների որակման ընթացքում։
Ուսումնառության ոճը
Որոշ երեխաներ ուսումնական նյութն ավելի դանդաղ են յուրացնում, մյուսները՝ համեմատաբար ավելի արագ։ (Բոլորովին պարտադիր չէ տվյալ հատկանիշը համարել ինտելեկտի ցուցանիշ, քանզի ընդունված փաստ է, որ որոշ «դանդաղկոտներ» ավելի բազմակողմանիորեն են յուրացնում մատուցվող հասկացությունները, քան նրանց «արագաշարժ» մրցակիցները)։ Որոշ երեխաներ նյութի ընկալման իմաստով զգալի կախվածության մեջ են մյուսներից, մինչդեռ մյուսներն ավելի լավ են հաղթահարում իրենց առջեւ դրված ուսումնական խնդիրը ինքնուրույն աշխատանքի միջոցով։ Հաճախ երեխան ուսանում է առաջնային զգայական ընկալումների շնորհիվ, այսինքն՝ հնարավոր է, որ տվյալ երեխան հիմնականում իր տեսողական զգացողությունների միջոցով է տեղեկություններ քաղում ու մեկնաբանում իրեն շրջապատող աշխարհը: Մեկ այլ երեխա նույնը կարող է անել իր մոտ ավելի լավ զարգացած լսողական, շոշափողական կամ զգայական ունակությունների շնորհիվ: Ինչպես եւ անհատականության ու խառնվածքի դեպքում, բնորոշ հատկանիշներն այստեղ էլ կազմում են միանման տարրերից բաղկացած մի շարք, որի այս կամ այն հատվածն աոավել հարմար կարող է դիտվել այս կամ այն երեխայի համար։ Այս հատկանիշներն առավելապես նկատելի են, երբ երեխան յուրահատուկ այդ շարքի այս կամ այն բեւեռում Է գտնվում։ Նման պարագայում դասավանդման ստրատեգիան պետք է համապատասխան փոփոխությունների ենթարկվի: Աննան, օրինակ, ավելի շատ հարում է լսողությամբ ընկալողների/սովորողների շարքի սահմանային դիրքին։ Լսելու նրա ունակությունը վառ արտահայտված Է, եւ, ի տարբերություն բազում այլ երեխաների, նա ի սկզբանե նյութը տեսնելու եւ այդ միջոցով այն յուրացնելու անհրաժեշտություն չի զգում։ Դաշնամուրի ստեղնաշարի վրա ծանոթ եղանակներն ավելի հեշտորեն է վերարտադրում, երբ փակում է աչքերը։ Որպես կանոն, նա խուսափում է նկարչության եւ ծեփագործության հետ կապված աշխատանքներից։ Դանիելի ընկալունակությունը մեծապես կախված է տեսողության միջոցով ստացվող ինֆորմացիայից։ Շատ հազվադեպ է ընտրում երաժշտության կենտրոնը, փոխարենը նախընտրում է զբաղվել գունագեղ, բազմաբովանդակ, մարդկանցով, ավտոմեքենաներով եւ շենքերով լի նկարների ստեղծմամբ։ Ի տարբերություն Աննայի, Դանիելն ամենայն հավանականությամբ կմոռանա իրեն ասվածը, սակայն վիզուալ (տեսողական) բնույթի հիշեցումը մեծապես կօգնի նրան մտապահելու նյութը։ Ասենք, լվացարանի վերեւում կախված` ձեռքերը լվացող երեխայի պատկերը զուգարանից օգտվելուց հետո լվացվելու մասին ճիշտ ընտրված հիշեցում կլինի Դանիելի համար։
Հետաքրքրությունները
Բոլոր երեխաներն էլ առնվազն մեկ առավել նախընտրելի զբաղմունք ունեն։ Ոմանց գրավում են մեծ բեռնատարները եւ ավտոմեքենաները, կամ դինոզավրերը, կամ որոշակի սպորտաձեւը, մանկապարտեզի այս կամ այն աշխատանքային կենտրոնը։ Երեխաների այս հետաքրքրությունները հաշվի առնելով, դաստիարակը կարող է հնարամտորեն նախատեսել ուսումնական ծրագրի բոլոր հատվածներն ընդգրկող պարապմունքներ կամ խաղեր։ Երբեմն երեխաներն արտահայտում են իրենց հատուկ հետաքրքրությունները եւ հետամուտ լինում դրանց միայն տան պայմաններում, եւ տեղին է հարցնել նման հետաքրքրությունների առկայության մասին երեխաների ծնողներին։ Որոշ դեպքերում ուսուցիչը կարող է մի ամբողջ թեմա զարգացնել մեկ կամ մի քանի երեխաների նախասիրության շուրջ։ Օրինակ, երբ Աննան եւ նրա ընկերներից մեկը հատուկ հետաքրքրություն են դրսեւորում ձիերի նկատմամբ, դաստիարակչուհին թեմատիկ ուսուցման շրջանակներում ծանոթացնում է երեխաներին ձիերի վարժեցման առանձնահատկություններին, գեղարվեստական եւ գիտահանրամատչելի գրքեր կարդում նրանց համար, կազմակերպում համապատասխան բովանդակության նկարների եւ ձեռքի աշխատանքների ստեղծման հետ կապված պարապմունքներ, ապա ներկայացնում տարբեր տեսակի ձիերի բարձրությունը, կատարում դրանց տարրական համեմատում (մաթեմատիկա), ինչպես նաեւ առաջարկում երեխաներին երգեր երգել կամ հորինել ձիերի մասին։ Ու թեեւ տվյալ թեման զարգանում է ընդամենը երկու երեխաների նախասիրության բերումով, գրեթե բոլոր երեխաներն են մեծագույն հաճույքով մասնակցում խաղային պարապմունքներին։
Ուժեղ եւ թույլ կողմերը
Բոլոր երեխաներն ունեն իրենց ուժեղ կողմերը (հմտություններ, որոնք հատկապես լավ են զարգացած) եւ թույլ կողմերը (հմտություններ, որոնք ուսուցչի օգնությամբ պետք է զարգացվեն)։ Հաճախ այս երկուսը զարմանալիորեն միահյուսված են։ Դանիելի նկարչական եւ մանր շարժողական մկանների հմտությունները նրա ուժեղագույն կողմն են, սակայն նրան հաճախ է հարկ լինում օգնել այլ երեխաների հետ խաղալու կամ շփվելու հարցում։ Աննան երգելու ու պարելու բացառիկ ընդունակություններ ունի, սակայն մկրատի հետ գործ ունենալիս նրան գրեթե միշտ պետք է լինում օգնել։ Լավ ուսուցչին սովորաբար հաջողվում է այնպես զուգորդել երեխաների ուժեղ կողմերն ու նրանց հետաքրքրությունները, որպեսզի միաժամանակ ամրապնդվեն նրանց համեմատաբար թույլ զարգացած ունակությունները։ Դանիելի դաստիարակչուհին նրան զույգ է ընտրում այնպիսի մի երեխայի, որը մեծ հետաքրքրություն եւ օժտվածություն է դրսեւորում նկարչության եւ ձեռքի աշխատանքի նկատմամբ, աոաջարկելով, որ նրանք միասին նկարեն մեծ թղթի վրա։ Մյուս կողմից, նա օգնում է Աննային ճիշտ վարվել մկրատի հետ, զուգորդելով այդ զբաղմունքը «Հմուտ մկրատ» մանկական երգ հորինելու հետ։ Այսպիսով, նորաստեղծ երգի հնչյունների ներքո, Աննան ավելի մեծ պատրաստակամությամբ է հաղթահարում իր համար այդքան դժվար առաջադրանքը։
Սեփական անձի ընկալումը
Ինչպե՞ս են երեխաներն իրենք իրենց ընկալում։ Որքանո՞վ իրատեսական է նրանց պատկերացումը սեփական կարողությունների ու թույլ կողմերի մասին։ Ինչպե՞ս են նրանք գնահատում առանձին առաջադրանքը հանձն առնելու ու կատարելու սեփական հնարավորությունները։ Սրանք են սեփական անձի ընկալման հիմնական ցուցիչները: Մանկապարտեզ այցելող բոլոր երեխաների պատկերացումները սեփական անձի մասին տարբեր են։ Ոմանք համարում են իրենց այս կամ այն առումով անկարող, մյուսները բավականաչափ բարձր են գնահատում սեփական կարողությունները, իսկ երեխաների մեծ մասի պատկերացումները սեփական ունակությունների մասին նախորդ երկու խմբի համեմատ միջանկյալ դիրքում են գտնվում։ Գերարժեւորումը, այսինքն՝ այս կամ այն առաջադրանքը կատարելու առումով սեփական կարողությունների գերագնահատումը, նույնքան խնդրահարույց է, որքան թերարժեւորումը, կամ՝ անտեղի անվստահությունը տվյալ առաջադրանքը կատարելու ունակության վերաբերյալ: Ուսուցիչների խնդիրն է օգնել երեխաներին ճիշտ գնահատելու սեփական ունակությունները, ինչպես նաեւ սովորեցնել նրանց, թե որոնք են առաջացող պրոբլեմների լուծման ուղիները (ինչն, ըստ էության, ձեռներեցության կարեւոր մասն է կազմում). այս իմաստով հարկ է ճիշտ որոշել, թե արդյոք երեխային առաջարկված հանձնարարությունը չափազանց դժվար չէ՞ ինքնուրույն կատարելու համար։ Սեփական ուժերի նկատմամբ ինքնավստահության սերմանումը մեծ նշանակություն ունի երեխայի ընդհանուր զարգացման գործում։ Աննան ընդհանուր առմամբ ճիշտ է գնահատում սեփական ուժերը եւ հակված է լավատեսորեն ու խանդավառությամբ ստանձնելու նոր ու դժվարին հանձնարարությունները: Դանիելի պատկերացումները սեփական հնարավորությունների մասին նվազ իրատեսական են. այս եզրակացության եկավ նրա ուսուցչուհին այն պահին, երբ լսեց երեխայի՝ նկարչությունից ոչ այնքան լավ լինելու մասին արտահայտությունը։ Այժմ ուսուցչուհին ժամանակ առ ժամանակ ասում Է Դանիելին այն մասին, թե ինչն է, իր կարծիքով, առանձնապես դուր գալիս իրեն նրա նկարներում։ Նա նաեւ բազում առիթներ է ստեղծում, որ երեխան հայտնվի առաջատարի դերում, հնարավորություններ ունենա ընտրություն կատարելու եւ դրանով իսկ էլ ավելի զարգացնելու սեփական ուժերի նկատմամբ վստահությունը, ինչը ժամանակի ընթացքում էապես կնպաստի երեխայի ինքնարժեւորման հաստատմանը։
ԳԼՈՒԽ 3
Ծրագրի կազմում մանկակենտրոն
ուսուցման համար
Նախորդ գլխում քննարկվեց, թե ինչպես պետք Է կազմակերպել մանկակենտրոն աշխատանքները երեխաների հետ։ Հարկ է նշել, որ շատ ուսուցիչներ կարծիք են հայտնել այն մասին, որ ավանդական ուսուցումը կենտրոնացված Է եղել այն անհրաժեշտ գիտելիքների վրա, որոնք պետք Է ձեռք բերեն երեխաները։ Մի կողմից՝ որոշակի նյութի, թեմայի ուսուցման, իսկ մյուս կողմից՝ տվյալ տարիքի հետ կապված առանձնահատուկ հմտությունների ուսուցման վերաբերյալ շատ ուսուցիչների աոջեւ դրվում են պարզ եւ որոշակի պահանջներ։ Այս գլուխը կանդրադառնա այնպիսի հարցերի, որոնք բացահայտում են ուսուցման թեման, եւ կտա որոշ առաջարկություններ ուսուցման մեթոդների արդյունավետության մասին։ ճիշտ պլանավորման դեպքում ուսուցիչները հաջողությամբ կարող են հասնել երկու նպատակներին միաժամանակ։ Շատ դեպքերում ուսուցման թեման ազդեցություն Է ունենում դասի ուսուցման եղանակի վրա։ Օրինակ՝ սնկերի թեմայից պարզ հասկանալի Է, որ սունկը կարելի Է ձեռքերի մեջ պահել (տարբեր սնկերի շոշափում եւ համտեսում), դասակարգել (սնկերի տեսակավորում), պատկերազարդել (նկարչական, սոսնձով աշխատանքներ)։ Մյուս կողմից, աֆրիկյան կենդանիներին նվիրված թեման նույն հեշտությամբ հնարավոր չի լինի մատուցել վերը նշված գործողությունների միջոցով։
Անհատ երեխաների համար նպատակների
ուրվագծում
Երեխաների դիտարկումից եւ նրանց ընտանիքների հետ զրույցներից ուսուցիչները պետք է լավ իմանան առանձին երեխաներին բնութագրող ուժեղ եւ թույլ կողմերը, պահանջմունքները եւ հետաքրքրությունները։ Դիտարկման հարցաթերթիկները ուսուցիչների համար ավելի են հեշտացնում այս տեղեկատվության հավաքման եւ երեխաների զարգացման բոլոր ոլորտների պարբերական ընդգրկման աշխատանքները։ Այս հարցաթերթիկները ուսուցիչներից պահանջում են ըստ առաջնահերթության դասակարգել այն, ինչ հետազոտել են, քանի որ երեխաների մասին կարելի է հարյուրավոր հետազոտություններ կատարել։ Ելնելով այս գիտելիքներից, յուրաքանչյուր երեխայի համար ուսուցիչը ուրվագծում է մի քանի նպատակ։ Օրինակ, մի երեխայի համար նպատակ կարող է լինել դասարանի տարբեր աշխատանքներում նրա մասնակցությունը, որի ընթացքում նա պետք է փոխվի դեպի լավը եւ սովորի ավելի հեշտ հաղորդակցվել մյուս երեխաների հետ։ Մի այլ երեխայի համար նպատակը մինչեւ տասը հաշվելն է եւ փոքր խմբերով աշխատանքների ժամանակ եւ ճաշի ժամերին քննարկումներին մասնակցելը։ Մեկ ուրիշի համար նպատակը առարկան ըստ երեք բնութագրիչների տեսակավորելն է, սեփական անունն ու ազգանունը գրելը, ինչպես նաեւ որոշ խաղերի ընթացքում այլ երեխաների առաջնորդությունը հանգիստ ընդունելը։ Յուրաքանչյուր դեպքի համար, նպատակների սահմանման ժամանակ հաշվի են առնվում սոցիալական, զգայական, իմացական, լեզվական, առողջական եւ զարգացման մնացած ոլորտները։
Անհատական առաջընթացի փաստագրում
եւ վերահսկում
Պլանավորման նպատակով փաստագրման կարեւոր մաս են կազմում նախորդ բաժիններում նկարագրված անհատական դիտարկումները, նպատակները եւ ստրատեգիաները։ Շատ օգտակար է յուրաքանչյուր երեխային վերաբերող տեղեկատվությունը պահել առանձին քարտարաններում։ Հետազոտությունները պետք է շարունակվեն կանոնավոր կերպով. երբ երեխան հասնում Է իր աոջեւ դրված նպատակին, մի նոր նպատակ պետք է սահմանվի նրա համար։ Ինչպես նաեւ շատ օգտակար կլինի ունենալ մեկ կամ երկու էջանոց հարցաթերթիկ դասարանի բոլոր երեխաների անուններով եւ նրանց նպատակների եւ ստրատեգիաների համառոտ նկարագրությամբ, որը կօժանդակի դասընթացների նախապատրաստման գործընթացին։ Դասընթացի պլանը պետք է ներառի համառոտ տեղեկատվություն այն տասը երեխաների վերաբերյալ, ովքեր մասնակցելու են անհատականացված աշխատանքներին՝ նրանց անունները (տարբերանշանը կամ անվան սկզբնատառերը), ինչպես եւ երբ պետք է աշխատանքը նրանց ներկայացվի (ստրատեգիաները)։ Դասընթացի պլաններում պետք է նկարագրվեն նախատեսվող անհատականացման եղանակները։ Ուսուցիչները շատ հաճախ ցուցաբերում են ստեղծագործական մոտեցումներ եւ հանպատրաստից կարողանում են յուրաքանչյուր երեխայի հետ անցկացնել անհատական արդյունավետ աշխատանքներ։ Այս դեպքում ուսուցիչը պետք է պլանավորման բոլոր հարցաթերթիկներում եւ երեխաների անձնական փաթեթներում գրանցի աշխատանքը եւ նրա արդյունքը։ Իրականում անկետաները ծառայում են եւ՛ պլանավորման, եւ՛ արխիվացման նպատակներին։ Այդ հարցաթերթիկները հավասարապես օգտագործվում են ուսուցիչների եւ ընտանիքի անդամների կողմից՝ որպես պլանավորման գործընթացի մշակման օգնություն, որպեսզի բավարարեն երեխաների անհատական ուսումնառության կարիքները եւ գրանցեն այդ երեխաների առաջընթացը։
Խմբի հատկանիշները
Պլանների երկրորդ հիմնական աղբյուրը երեխաների որոշակի խումբն է։ Երեխաների յուրաքանչյուր խումբ բացառիկ է։ Նրանք եւ ուսուցիչը հիմնում են մի փոքր համայնք, որն ունի իր սեփական կուլտուրան։ Աշխատանքային ծրագրերի գաղափարները եւ նրանց ներկայացման ձեւերը պետք է համապատասխանեն այս խմբին. ինչ ծրագրված է երեխաների մի խմբի համար, ծրագրված չէ մյուսի համար։ Մի ուսուցիչ մշակում է երկշաբաթյա թեմա՝ նվիրված սարդերին, այն բանից հետո, երբ նա տեսնում է երեխաների բուռն հետաքրքրությունը բակի խաղահրապարակում գտնված սարդի նկատմամբ։ Մի այլ ուսուցիչ պլանավորում է թեմա՝ նվիրված արջերին, այն բանից հետո, երբ երեխաները հրապուրվել էին իրենց համար ընթերցված գրքի «արջի» կերպարով։ (Քանի որ այս մանկապարտեզը գտնվում է գյուղական բնակավայրում, շատ երեխաներ ծանոթ են արջերին։) Մեկ այլ ուսուցիչ պլանավորում է երեխաների ծնվելուն վերաբերող թեմա, այն բանից հետո, երբ իմանում է, որ երեք երեխաների մայրեր հղի են, իսկ չորրորդը նոր է ծննդաբերել։ Մեկ այլ խմբում հիվանդանոցային բուժումը դարձավ թեմա, երբ երեխաներից երկուսը պատրաստվում էին վիրահատման։ Ձկնորսությունը մեկ այլ խմբի համար դարձավ թեմա այն բանից հետո, երբ զբոսանքի ժամանակ ուսուցիչը նկատեց երեխաների աննկարագրելի հետաքրքրությունը գետի մոտ ձուկ որսացող մարդկանց նկատմամբ։ Իսկ երբ դպրոցի հարեւան շենքը վառվեց, հրդեհի դեմ պայքարն ու հրդեհի դեպքում անվտանգության պահպանումը եւս դարձավ ուսուցման թեմա։
Մանկահասակ երեխաների զարգացումը
Պլանավորման աշխատանքների գաղափարի եւ դրանց ճիշտ ներկայացման երրորդ աղբյուրը ուսուցչի փորձն է։ Որոշ թեմաներ երեքից յոթ տարեկան երեխաների մեծամասնության համար կարեւոր են համարվում բոլոր մշակույթներում։ Այս ցանկի մեջ են ընտանիքը, սիրելի կենդանիները, նորածինները, ջուրը, ավտոմեքենաները եւ բեռնատարները, ազնվությունը, սիրելի ուտեստները, երաժշտությունը, ընկերությունը, սարսափները եւ գնումները։ Այլ կերպ ասած, երեխաները այս ամենի հետ առնչվում են իրենց առօրյա կյանքում։ Եթե այս թեմաներից յուրաքանչյուրը համապատասխանեցվի խմբի տարիքին, կարողությունների մակարդակին, կուլտուրային եւ այլ բնութագրերին, ապա մանկապարտեզներում կդրվի հաջող եւ գրավիչ կրթական փորձի հիմք։
ԳԼՈՒԽ 4
Հավասարություն
Այս իրավիճակը բացահայտում Է գործելակերպ, որը մերժելի Է, քանի որ ուսուցիչը չի կանխում ռասիստական վարքագծի դրսեւորումը։ Չմիջամտելով՝ նա բացահայտորեն հաստատում Է երեխաների վարքագիծը եւ հավանություն տալիս նրանց մոտեցումներին։
Բազմամշակութային իրազեկություն
Ուսուցիչը պետք է ստեղծի այնպիսի միջավայր, որտեղ երեխան զգա, որ իր տան մշակույթի (դրվածքի) գործելակերպը արժեքավոր է եւ կարեւոր։ Ուսուցիչները պատասխանատու են նաեւ երեխաների մեջ մանկապարտեզի մշակույթի նկատմամբ իրազեկության դաստիարակման համար։ Օրինակ՝ երեխան կարող է խուսափել մեծի հետ տանը հայացք փոխանակելուց, քանի որ որոշ ընտանիքներում դա անհարգալից վերաբերմունքի նշան է մեծի նկատմամբ, մինչդեռ մանկապարտեզում երեխայի կողմից հայացք չփոխանակելը կարող է ուսուցչի կողմից դիտարկվել որպես անհարգալից վերաբերմունք։ Ուսուցիչը կարող Է տեղյակ չլինել, որ երեխան իր մշակույթի կոնտեքստում գործում է ճիշտ եւ չհասկանալ նրա վարքագիծը կամ այն բացասական համարել։ Այդ իսկ պատճառով ուսուցիչը պետք է լավատեղյակ լինի խմբի երեխաների ընտանիքների հավատքի, արժեքների, առօրյա կյանքի, սպասելիքների եւ սովորույթների մասին։ Ընտանիքի առօրյան կարելի է ներկայացնել դասարանի առօրյա կյանքում։ Ճաշի ժամին ուսուցիչները կարող են երբեմն երգել Անդրեյի ընտանիքում ընդունված, ճաշից առաջ երգվող երգը կամ քնի ժամին պատմել այն հեքիաթը, որը Մերիին պատմում են տանը՝ քնելուց առաջ։
Բազմալեզու դասարաններ
Երեխայի ընտանեկան դրվածքի ճանաչման օգտակար եղանակ է դասարանի հիմնական լեզվի հետ միասին գործածել նաեւ երեխայի տանը օգտագործվող լեզուն կամ բարբառը։ Լեզուն մշակույթի ամենամեծ հաղորդակցման ձեւն է։ Ուսուցիչը դասարանում երեխաների համար գրքեր է կարդում, երգեր երգում, բանաստեղծություններ սովորեցնում տանն օգտագործվող տարբեր լեզուներով, որպեսզի երեխաները համոզվեն, որ իրենց լեզուն եւ մշակույթը եւս գնահատվում են։ Այս աշխատանքները երեխաներին օգնում են, որպեսզի նրանք ճանաչեն եւ հարգանքով վերաբերվեն իրենց մշակույթից տարբերվող այլ մշակույթներին։ Լեզուների իմացությունը մեծ առավելություն է մարդկանց համար, այն ավելացնում է նրանց իրազեկությունը եւ խթանում է փոխադարձ հարգանքն ու ըմբռնումը։
Որոշ դասարաններում, որտեղ հաճախ լսվում է երկրորդ կամ երրորդ լեզուն, կամ մեծ թվով երեխաներ խոսում են իրենց մայրենի լեզվից բացի նաեւ այլ լեզուներով, անհրաժեշտ է ստեղծել երկլեզու կամ եռալեզու դասարաններ։ Սա նշանակում է, որ դասարանի բոլոր երեխաները սովորում են օգտագործել կամ հասկանալ երկու կամ երեք լեզվի բառերն ու արտահայտությունները։ Դրան հասնելու շատ եղանակներ կան։ Կարելի է սովորեցնել երեխաներին տարբեր լեզուների ընդհանուր բառերը (թվական եւ գոյական անուններ), ինչպես նաեւ օրվա ընթացքում որոշակի ժամանակ հատկացնել ոչ հիմնական լեզվով խոսելու համար։ Պարտադիր չէ, որ ուսուցիչները լավ իմանան երեխաների կողմից դասարանում օգտագործվող բոլոր այդ լեզուները, բայց ցանկալի է ինչ-որ մակարդակով խոսել եւ հասկանալ դրանք:
Հարգալից վերաբերմունքի սերմանում
Հավասարության ամրապնդման ամենազորավոր միջոցներից մեկը ազգային տարբեր ավանդույթների նկատմամբ հարգալից վերաբերմունքի սերմանումն է։ Ուսուցիչն ինքը պետք է կիրթ եւ քաղաքավարի լեզվով արտահայտվի ուրիշներին քննարկելիս, հաղորդակցվի երեխաների, մարդկանց եւ ծնողների հետ՝ ցուցադրելով իր հարգանքը նրանց նկատմամբ։ Ուսուցչուհին ասում է. «Մարին այսօր տանն է, որովհետեւ նրանց ընտանիքում նշվում է իրենց հավատքի կարեւոր մի տոն։ Եկեք վաղը Մարիին խնդրենք պատմել այդ տոնի մասին»։ Նույնքան կարեւոր է խուսափել ուրիշների մասին բացասաբար արտահայտվելուց, անկախ այն բանից, թե նրանք ներկա են, թե՝ ոչ։ Որոշ մարդիկ հակված են մյուսներին չսիրելու, մարդկանց որոշակի խմբերի նկատմամբ անվստահություն սերմանելու։ Ուսուցիչը կոչված պետք է լինի կանխելու բացասական զգացմունքների փոխանցումը երեխաներին՝ նրանց զերծ պահելով անհանդուրժողական մեկնաբանություններից։ Նա պետք է աշխատի սեփական սխալների բացահայտման եւ վերացման ուղղությամբ եւ համոզվի, որ այդ շեղումները չեն փոխանցվել երեխաներին եւ նրանց ընտանիքներին։
Համախմբման խրախուսում
Ուրիշների նկատմամբ արհամարհանքը գիտելիքներով փոխարինելը ստեղծում է փոխըմբռնման եւ կարեկցանքի զգացում մարդկանց միջեւ եւ կոտրում է նախապաշարմունքի պատնեշը։ Դրա համար երբեմն երկար ժամանակ եւ անմիջական փորձառություն է պահանջվում։ Բազմազանության ապահովումը մանկապարտեզում հավասարության խրախուսման արդյունավետ միջոց է։ Ուսուցիչն աշխատում է մանկապարտեզում միավորել տարբեր երեխաների, ըստ ազգային եւ լեզվական խմբերի, հավատքի, տարիքի (խառը տարիքային խմբավորում) եւ կարողության մակարդակի (ներառյալ տարբեր աստիճանի անաշխատունակ երեխաների)։ Թեպետ այս ամենն ավելի Է բարդացնում ուսուցչի աշխատանքը, նա պետք Է կարողանա սովորեցնել երեխաներին հասնել փոխըմբռնման եւ տարբերությունների, բազմազանության ճանաչման։ Դժվարին աշխատանք է նախապաշարմունքների հաղթահարումը (մեծապես հիմնված հին առասպելների եւ սնահավատության վրա), որն արտահայտվում է որոշ ծնողների, աշխատողների եւ երեխաների շրջանում, բայց դա կարելի է իրականացնել միայն տարբերությունների հետ ունեցած ուղղակի փորձով, որից կրտսեր երեխաները կարող են հանդուրժողականություն սովորել։
Խտրականության դրսեւորում եւ մանկավարժի
միջամտությունը
Նախապես քննարկված, անմիջական փորձից սովորած դրական դասերը հաճախ պահանջում են փորձառու ուսուցչի միջամտություն ու հմուտ ուղղորդում։ Եթե մեծահասակը կամ երեխան ուրիշի հանդեպ անհանդուրժող կամ կոպիտ է վարվում, ապա անհրաժեշտ է որեւէ բան ձեռնարկել։ Ուսուցչուհին սահմանում է դասարանական կանոն. «Յուրաքանչյուրը հարգանքի եւ կարեկցանքի կարիք ունի։ Ես թույլ չեմ տա որեւէ մեկը վնասի ձեզ եւ թույլ չեմ տա, որ դուք վնասեք որեւէ մեկին»։ Նա բնորոշում է վիրավորողի զգացմունքները՝ ասելով. «Ես գիտեմ, որ դու ջղայնացած ես, քանի որ նոր ես սովորում շփվել այլ, քեզանից ինչ-որ բանով տարբերվող մարդկանց հետ»:
ԳԼՈՒԽ 5
Հմտություններ, ընդունակություններ
եւ հնարամտություն
Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպայի շատ երկրներում ուսուցիչները բարձրորակ երաժշտության, նկարչության, պարի, դերասանական արվեստի եւ մարմնամարզության մատուցման ու ուսուցման հարուստ փորձ ունեն։ Ուսումնական ծրագրի այս կարեւոր բաժինները խորապես կապված են յուրաքանչյուր երկրի մշակութային ժառանգության հետ։ Ազգագրական պարերը, ժողովրդական հեքիաթները, ավանդական երգերը եւ երաժշտական գործիքները սերնդից-սերունդ փոխանցում են մշակութային արժեքները եւ ավանդույթները։ Արեւմտյան եւ Կենտրոնական Եվրոպան աշխարհի կատարողական ու վիզուալ արվեստի լավագույն ստեղծագործությունների հայրենիքն է՝ մասնավորապես դրամատուրգիայի, պարարվեստի եւ երաժշտության։ Երեխաները մեծանում են այս միջավայրում եւ ստեղծագործական արժեք ներկայացնող մշակույթների աշխարհում։
Եվրոպական շատ երկրներում թեթեւ ատլետիկան ազգային հպարտություն է, որտեղ շատ սպորտաձեւերում գերազանց են հանգես գալիս աշխարհահռչակ ատլետները։ Մանկապարտեզներում երեխաներին տրվում են արվեստի եւ սպորտի բնագավառներում իրենց ուժերը փորձելու լայն հնարավորություններ։ Մանկակենտրոն գործելակերպը խթանող ուսումնական ծրագրերում ուսուցիչները ձգտում են աջակցել, ընդլայնել եւ բացահայտել արվեստի եւ սպորտի ոլորտներում երեխաների ընդունակությունները։
Նկարչության դասավանդում
Մանկակենտրոն ուսուցման մեթոդներով ղեկավարվող ուսուցիչը կարող է երեխաների մեջ մեծ սեր սերմանել նկարչության նկատմամբ։ Նա երեխաներին տալիս է նյութի եւ թեմայի ընտրության իրավունք եւ աշխատում է նրանց հետ անհատապես, կամ փոքր խմբերով։ Իտալիայի Ռեգգիո Էմիլիա քաղաքի մանկապարտեզի նախադպրոցական խմբում (ուր ուսուցիչները հիանալի աշխատանք են կատարում, երեխաներին մատուցելով տեղական գեղարվեստի ինտենսիվ ուսուցման հնարավորություններ՝ ըստ երեխաների կատարած ընտրության) երեխաների մի փոքր խումբ որոշեց իրենց խաղահրապարակում ստեղծել թռչունների մի զվարճալի այգի։ Արվեստի շնորհալի ուսուցիչը մեկ ամսից ավել աշխատեց երեխաների հետ այգու կառուցման եւ ձեւավորման վրա, մշտապես հաշվի առնելով նաեւ երեխաների առաջարկները։ Երեխաներն էին նախագծել կառույցը, ընտրել նյութերը։ Այդ կառույցը իրականում երեխաների կառույցն էր, ոչ թե մեծերինը (Էդվարդ, Գանդինի եւ Ֆորման)։
Դերակատարում
Շատ երեխաներ սիրում են հանդես գալ մարդկանց առջեւ, մինչդեռ մյուսները նման իրավիճակներում ճնշված եւ վախվորած են զգում։ Ուսուցիչը անհատական մոտեցում է ցուցաբերում երեխաների նկատմամբ, երբ նրանք ընտրում են, թե ինչպես գործեն։ Նա ուղենիշ է առաջարկում երեխաների հարմար գործելակերպի համար՝ ինչ կերպար ներկայացնել, ինչ երգ երգել, երգել կամ պարել, բանաստեղծություն արտասանել։
Կազմակերպեք բեմադրություններ առանց հանդիսատեսի,
Կազմակերպեք բեմադրություն խմբի մյուս երեխաների համար,
Վայելեք երգն ու պարը առանց ներկայացման,
Ներգրավեք բոլոր ծնողներին, ուսուցիչներին, որպես պարային, բեմականացման եւ սպորտային միջոցառումների մասնակիցների։
ԳԼՈՒԽ 6
Դրական վարքագծի քաջալերում
Երեխայի վատ վարքագծի հանդեպ նման մոտեցումը չի նպաստում երեխայի վարվելակերպի բարելավմանը։ Այսպիսի մոտեցումը նվազեցնում Է երեխաների ինքնավստահությունը, ստիպելով նրանց զգալ էլ ավելի նվաստացած եւ անարժան։ Այն երեխաները, որոնք իրենց լավ են պահում, նաեւ լավ գիտեն, թե ինչպես բավարարեն իրենց կարիքները դրական, արդյունավետ եղանակով, եւ գիտակցում են սեփական կարողություններն ու արժանիքները։ Նրանք չեն ցանկանում ուրիշներին վերահսկել կամ ցույց տալ, որ մյուսներից լավն են։ Նրանք ամեն գնով ուշադրություն չեն պահանջում, կարող են ղեկավարել իրենց մղումները եւ որոշ ժամանակով հետաձգել իրենց կարիքները։ Հետեւաբար, ուսուցչի խնդիրն է երեխաների մոտ զարգացնել այդ կարողությունները, եթե դրանց պակասը նրանք զգում են։ Պարզ ասած՝ նրանց շփոթեցնելը, նսեմացնելը, սերը մերժելը կամ պատիժը չեն նպաստում դրական վարքագծի ձեւավորմանը։ Փաստորեն, այս գործելակերպն ավելի է բարդացնում վիճակը, քանի որ երեխան ինքն իրեն սկսում է բացասաբար վերաբերվել ու նաեւ բարկությամբ է լցվում ուսուցչի հանդեպ։
Դրական վարքագծի ապահովման սկզբունքներ
Երբ երեխան պարբերաբար ցուցաբերում է բացասական վարքագիծ՝ հարձակում, ֆիզիկական եւ բանավոր ագրեսիա, դաժանություն եւ ինքնապարսավում, ուսուցչուհին պետք է ձեռնարկի հետեւյալ երեք քայլերը միաժամանակ.
1. Բացահայտել այդ վարքագծի հնարավոր արմատները եւ սկսել դրանց փոփոխության գործընթացը։ (Փոխակերպում)
2. Ստեղծել հոգատար, արձագանքող, աջակցող մթնոլորտ, որտեղ կանխվում է վատ վարքագծի դրսեւորումը։ Պետք է փոխել նաեւ ֆիզիկական միջավայրը՝ այդ երեխային նոր միջադեպերից պաշտպանելու համար։ (Կանխարգելում)
3. Միջամտել դրականապես, երբ վարքագծի փոփոխության կարիք կա, եւ երեխային ինքնահսկում եւ ինքնատիրապետում ներշնչել։ (Միջամտություն)
Փոխակերպում
Ամեն վարքագիծ ունի իր դրդապատճառը, բայց հաճախ դժվար է լինում բացահայտել այն։ Երեխաները կարող են բացասական վարքագիծ դրսեւորել տարբեր պատճառներով, օրինակ՝
Վարքագիծն արդարացնում է իրեն, եւ երեխան ստանում է այն, ինչ ուզում է, լինի դա խաղալիք, թե ուշադրություն։
Դա կարող է լինել սովորութ
յուն, որն անգիտակցաբար ընդունվում կամ ձեւավորվում է տանը կամ ընտանիքում։
Դա կարող է ջղայնության, վախի կամ այլ էմոցիաների արտահայտման ձեւ լինել։ Նույնիսկ փոքրիկ երեխաները ունեն բարդ զգացմունքներ, բայց նրանք երբեմն չեն կարողանում համապատասխանորեն արտահայտել դրանք։
Դա կարող է լինել ինքնատիրապետման պակասը, որը բացատրվում է որոշ ֆիզիկական պատճառներով. օրինակ՝ թերի սնուցում կամ թույլ առողջություն, ալերգիա, ուղեղի ֆիզիոլոգիական շեղումներ, տհասություն՝ ուշացած զարգացման պատճառով։
Նրանք իրենց զգում են անզոր եւ անկարեւոր, եւ պետք է հաճախակի եւ բուռն կերպով հաստատեն իրենց ուժը։
Նրանք չգիտեն իրենց ցանկացածը կամ պահանջածը ստանալու մի այլ ճանապարհ։
Կանխարգելում
Միջամտություն
Երբ երեխան վատ արարք Է թույլ տալիս, մեծահասակներից շատերը շտապում են նրան պատժել. ով ինչպես կարող է։ Ցավոք սրտի, դա արդյունավետ եւ ցանկալի ձեւ չէ երեխային ուղղելու եւ նրա վարքագիծը փոխելու համար։ Պատժամիջոցները, ինչպես օրինակ՝ խոսքով ստորացումները (երեխային ապուշ կամ հիմար անվանելը), ֆիզիկական ցավ պատճառելը (ապտակելը, կսմթելը, հրելը), կամ իրավունքներից եւ արտոնություններից զրկելը երբեք էլ լավ արդյունք չեն տվել։ Ծանր բնավորությամբ երեխաներն արդեն իսկ իրենց զգում են հուսալքված եւ ուժասպառ։ Պատժամիջոցները խորացնում են այդ զգացմունքները, իսկ վարքը դարձնում ավելի վատ։ Պատժամիջոցները, երեխայի համար այնքան անհրաժեշտ վստահության փոխարեն, ուսուցչի հետ թշնամական հարաբերություններ են ստեղծում։ Պատիժը փոխակերպում է ուսուցչի ուղերձը երեխային. նա սկսում է մտածել, որ ուժեղ եւ բարձր դիրք ունեցողը միշտ ճիշտ է։ Իրականում կոնֆլիկտը կարելի է լուծել խաղաղ ճանապարհով. ոչ մի անձ մյուսին չպետք է իշխի։
Սիջամտության ամենալավ ստրատեգիան ելնում է այն իրողությունից, որ երեխան անտեղյակ է, այլ ոչ չարամիտ։ Ուսուցիչն առաջարկում է կարիքների բավարարման դրական եւ արդյունավետ եղանակներ։ Նա նախ բնորոշում է երեխայի ցանկությունները, եւ հետո օգնում է նրան դրսեւորել տարբեր վարքագծեր։ Որոշ երեխաներ պահանջում են առավել ուղղորդված օգնություն։ Այս դեպքում պահանջվում է բավականին ժամանակ եւ ջանքեր ներդնել, եւ ուսուցիչը պետք է պատրաստ լինի նման ջանքեր գործադրելու դժվար վարքով երեխաների հետ աշխատելիս։
Երեխաների կարիքների եւ զգացմունքների արժեւորում
Սալլիի եւ Ալմայի հետ կապված իրավիճակում առաջին բանը, որ պետք է աներ ուսուցչուհին, երեխաների զգացմունքները ընդունելն էր։ Նա պետք է օգտագործեր հետեւյալ արտահայտությունը. «Ես տեսնում եմ, որ դու իսկապես ուզում ես Ալմայի ձեռքի խաղալիքը։ Ես կօգնեմ քեզ դա ձեռք բերել, բայց ես չեմ թողնի, որ որեւէ մեկը վիրավորի քեզ, եւ չեմ թողնի, որ դու վիրավորես որեւէ մեկին»։ Այս տեսակի արտահայտությունները համապատասխանում են այն երեխաներին, որոնք դժվարանում են հսկել իրենց մղումները։ Հաղորդակցության նման ձեւը հուշում է երեխային, որ ուսուցիչն իր բարեկամն է եւ ձգտում է իրեն օգնել։ Եթե երեխան զգա, որ ուսուցիչն իր կողքին է, պատրաստ է իրեն օգնելու, ապա նա չի խաբի, չի փախչի եւ կլսի ուսուցչին։
Ինքնակառավարում
Մինչ ուսուցչուհին կմիջամտի, երեխան պետք է լինի համապատասխան էմոցիոնալ վիճակում։ Եթե երեխան անհանգիստ է, ուսուցչուհին պետք է նրան օգնի հանգստանալ։ Երեխաները հանդարտվում են տարբեր ձեւերով՝ շատերը հանդարտվում են, երբ նրանց կանչում են մեղմորեն, մյուսները՝ երբ նստում են ուսուցչի կողքին եւ երաժշտություն լսում, ոմանք՝ գրքի նկարները նայելով, մի մասն էլ՝ ուսուցչի ձեռքը բռնած զբոսնելով։ Ինքնակարգավորում սովորեցնելով, ուսուցիչը երեխայի մեջ ձեւավորում է մի շատ կարեւոր հմտություն, որը նրան կօգնի ամբողջ կյանքում տիրապետելու իր մղումները եւ զգացմունքները։
Վարքագծային արդյունավետության բարձրացում
Երբ երեխան վատ արարք է թույլ տալիս, ուսուցչուհին պետք է ենթադրի, որ երեխան պարզապես չի հասկանում արարքի նշանակությունը։ Նա շատ հանգիստ կարող է երեխային սովորեցնել մեկ ուրիշ՝ արդյունավետ վարքագիծ, որը կիրառելով կարելի է ստանալ նույն արդյունքը։ Եթե երեխան լավ գիտե ինչ է անում եւ անում է դիտավորյալ, այնուհանդերձ այս աշխատանքը կանխում է ուսուցչի եւ երեխայի միջեւ ուժային պայքարը։ Այն նաեւ օգնում է երեխային պատասխանատվություն կրել իր արարքների համար, սովորեցնելով, թե նա ինչ կարող է անել եւ ինչպես ձեռք բերել այն, ինչ ուզում է։
Ուղղորդում
Սա այն ստրատեգիան է, որի միջոցով ուսուցիչը սովորեցնում է երեխային ձեռք բերել այն, ինչ նա ուզում է, կամ մատչելի եղանակով անել այն, ինչ ուզում է։ Սա նման է ընդունելի վարքագծի մշակմանը, սակայն ավելի ուղղորդված է եւ անմիջական։ Այս դեպքում պետք է ճիշտ համապատասխանեցնել երեխայի գործողությունները եւ մտադրությունները։ Այն երեխային, որը քարեր է դուրս շպրտում, կարելի է տալ մեկ այլ բան՝ դուրս նետելու համար, կամ ցույց տալ քարերը շպրտելու ավելի ապահով տեղ։ Եթե երեխան որոշել է քարեր շպրտել իր բարկության պատճառ հանդիսացած օբյեկտի վրա, ապա ուսուցչուհին պետք է օգնի նրան գտնելու իր բարկությունն արտահայտելու մի այլ արդյունավետ եղանակ։ Սալլիի դեպքում ուղղորդման օրինակ կլինի մեկ այլ խաղալիքով նրան գայթակղելը։ Ուղղորդման միջոցով գտնված այս լուծումը, սակայն, տվյալ պարագայում սոսկ ժամանակավոր ելք է, քանի որ այն Սալլիին չի ուսուցանում որեւէ այլընտրանքային եղանակ կիրառել՝ ագրեսիայի փոխարեն։ Ուղղորդման ստրատեգիան արդյունավետ է դեռահաս երեխաների համար։ Այն կարելի է օգտագործել որպես կարճաժամկետ լուծում, այն դեպքում, երբ ընդունելի վարքագծի ձեւավորմանն ուղղված միջոցառումները հարկ է հետաձգել ավելի հարմար ժամանակի։
Բնական հետեւանքներ
Այս ստրատեգիան վարքագծի հետեւանքների վրա ինքնուրույն սովորելու հնարավորություն է տալիս երեխային։ Փոքր-ինչ դժվար է նրա կիրառումը փոքր տարիքի երեխաների դեպքում, քանի որ նրանք նոր են սկսում հասկանալ պատճառահետեւանքային կապը։ Ամեն դեպքում լավ գաղափար է երեխայի հետ քննարկել այն, ինչ տեղի է ունեցել, այնպես, որ նա կարողանա լսել կամ տեսնել իր արարքների հետեւանքները։ Բնական հետեւանքների մասին մտորելը ավելի արդյունավետ է ավագ տարիքի երեխաների համար (յոթ տարեկան եւ բարձր), չնայած նրանք էլ երբեմն պատահածի քննարկման համար ուսուցչի կարիքն ունեն, որպեսզի լավ հասկանան, թե ինչպես կարող է իրենց վարքագիծը վատ հետեւանքներ առաջացնել եւ ինչ կարող են նրանք անել հաջորդ անգամ։
Ուսուցիչը կարող է բացատրել Սալլիին, որ երբ նա խլում է խաղալիքը մյուս երեխաներից, ապա նրանք էլ չեն ուզենա խաղալ Սալլիի հետ։ Ուսուցիչը կարող է ասել. «Քո սիրելի խաղալիքով խաղալու շատ եղանակներ կան եւ այս դեպքում մյուս երեխաներն էլ քեզ կսիրեն։ Թույլ տուր ինձ քեզ օգնել։ Ես կձեւացնեմ, թե Ալման եմ եւ խաղում եմ քո սիրելի խաղալիքով։ Դու կարող ես գալ ինձ մոտ եւ ասել, որ դու ուզում ես խաղալ ինձ հետ կամ հարցնել, արդյոք ես կփոխանակեմ իմ խաղալիքը քոնի հետ»։
Անտեսում
Ուսուցիչը պետք է համոզված լինի, որ իր ուշադրությունը անզգուշորեն չի նպաստում ոչ ճիշտ վարքագծի ձեւավորմանը։ Եթե վարքի նպատակն է ուշադրություն գրավել, կամ ուսուցչին ներքաշել ուժային պայքարի մեջ, ապա ուշադրությունը ծառայում է վարքի նպատակին։ Եթե ուսուցիչը հասկանում է, թե ինչ է կատարվում, նա կարող է չնկատել այդ վարքագիծը եւ այն համարել անվտանգ։ Ավելի ուշ, երբ երեխան արդեն խաղաղվել է, նրան հարկ է սովորեցնել ցանկությունների բավարարման ավելի մատչելի եղանակ (ինչպես նկարագրված է Արդյունավետ վարքագծի ապահովման սկզբունքներ բաժնում)։ Նա նաեւ կարող է ավելի շատ ուշադրություն նվիրել Սալլիին այն ժամանակ, երբ երեխան բացասական վարքագիծ չի ցուցաբերում։
Թերեւս Սալլին հուսալքված է, քանի որ նա ուսուցչից չի ստանում այնքան ուշադրություն, որքան որ նա կուզեր, որովհետեւ ուսուցիչը զբաղված է այլ երեխայով։ Նա գիտե, որ կզայրացնի ուսուցչին, եթե խլի խաղալիքը եւ հրի Ալմային։ Նա անում է այդ բանը, երբ տեսնում է, որ ուսուցիչը նայում է իրեն։ Ուսուցիչը մի քանի րոպե չի նկատում այս ամենը։ Այնուհետեւ երեխան խաղում է Ալմայից խլած խաղալիքով։ Ուսուցիչը բացատրում Է Սալլիի վարքը եւ ցույց տալիս, թե ինչպես պետք է վարվել: Ուսուցիչը այժմ դրական ուշադրության է արժանացնում Սալլիին, երբ նա ճիշտ է վարվում։ Սա Սալլիին պարզորեն հասկացնում է, որ նա կարող է ստանալ ուսուցչի ուշադրությունը, երբ խելամիտ է գործում։
Ընտրության փոփոխում
Եթե նկարագրված բոլոր ստրատեգիաները հաջողություն չեն ունենում, եւ երեխան դարձյալ անկարգ է, ապա ուսուցչուհին պետք է երեխային խնդրի ընտրել հանգիստ աշխատանք եւ մյուսներից հեռու լինի։ Ինչեւէ, նախքան այս բանն անելը ուսուցչուհին պետք է երեխային տա իր վարքն ուղղելու մի հնարավորություն եւս։ Ուսուցիչը պարզորոշ բացատրում է, թե երեխան ինչ պետք է անի խաղի մեջ մնալու համար, եւ եթե անկարգությունները շարունակվեն, ապա նա պետք է այլ խաղ ընտրի։ Ուսուցիչը երեխային կարող է առաջարկել գործունեության երկու կամ երեք տարբերակ։ Այն բանից հետո, երբ երեխան ընտրում է, թե ինչ է անելու, ուսուցչուհին պետք է երեխային հիշեցնի, որ վայելուչ պահելու դեպքում նա կարող է վերադառնալ եւ մասնակցել խաղին։ Այս մոտեցումը ցույց է տալիս, որ երեխան չի կարող միանալ խաղին իր ուզած ժամանակ, այլ նրան տրվում է ինչ-որ բան անելու հնարավորություն։ Ուսուցիչը Սալլիին չի պատժում կամ նվաստացնում այն բանի համար, ինչը դուրս է նրա հսկողությունից։ Երբ նա սկսում է մասնակցել խաղին, ուսուցչուհին նրան դիմավորում է խրախուսական խոսքերով եւ հիշեցնում նրա ընդունելի վարքագծի մասին։
Միջավայրի վերափոխում
Շատ հաճախ արդյունավետ միջամտության եւ պաշտպանական ստրատեգիաները նույնն են։ Եթե երեխաները սիրում են վազվզել սենյակում, փոխեք սենյակի կահույքի դասավորությունը՝ երկար, ազատ տարածություններից խուսափելու համար։ Եթե երեխաները հաճախ են խաղալիքների համար վիճում, ապա գուցե խաղալիքներն են պակաս։ Եթե երեխաներն ի վիճակի չեն կենտրոնանալ իրենց աշխատանքի վրա, միգուցե սենյակը շատ բաց է եւ այդ տարածքը կիսելու համար կահույք կամ պահարաններ են անհրաժեշտ։ Սալլիի համար նոր խաղալիքների ձեռք բերումը կամ պատրաստումը մի եղանակ է, որով միջավայրը հարմարեցվում է նրան։
Արտասովոր վարքագիծ ցուցաբերող երեխաներ
Եթե երեխաները դրսեւորում են անհանգիստ, հաճախ ֆիզիկական ագրեսիայով արտահայտվող վարքագիծ, մեծահասակը պետք է լինի երեխայի կողքին՝ նրան անընդհատ հսկողության տակ պահելու համար։ Եթե հնարավոր է նշվածն իրագործել առանց մյուս երեխաների կարիքներն անտեսելու, կունենանք իդեալական լուծում։ Եթե դա հնարավոր չէ եւ վարքագիծը չի փոփոխվում, ապա ուսուցչուհին օգնության կարիք ունի։ Արհեստավարժ մանկական հոգեբանը պետք է զննի երեխային եւ հանդիպի նրա ծնողների հետ՝ իրավիճակը քննարկելու համար։ Մանկապարտեզը միայն այն դեպքում կարելի է համարել արտառոց վարքագիծ դրսեւորող երեխայի գտնվելու պատշաճ վայր, եթե կրթարանում առկա է համապատասխան հոգեբանական ծառայություն, որից կարող են օգտվել թե՛ մանկավարժները, թե՛ ծնողները։
ԳԼՈՒԽ 7
Առողջ սովորությունների զարգացում
Սնվելու ժամանակը
Վերը նկարագրված իրավիճակում երեխաների համար բացառվում է նախաձեռնություն հանդես բերելու, պատասխանատվության, ինքնարտահայտման եւ հմտություններ զարգացնելու հնարավորությունը։ Ուսուցիչների վարվելակերպը թելադրում է կախվածություն. երեխաներն իրենց հյուրի պես են զգում մեծահասակների միջավայրում։
Սնունդը երեխայի կյանքում կարեւոր հանգամանք է։ Կերակուր պատրաստելու եւ ուտելու գործընթացները որոշակիորեն ազդում են երեխայի սոցիալական եւ մշակութային կյանքի վրա։ Չպետք է մոռանալ, որ սննդի հետ կապված սովորությունները կազմավորվում են շատ վաղ տարիքում եւ ապա հիմնականում պահպանվում ողջ հետագա կյանքի ընթացքում։ Ճաշի ժամին երեխաների եւ մեծահասակների համատեղ սնվելը երեխաներին հաղորդակցվելու եւ լիցքաթափվելու հնարավորություն է տալիս։ Կարեւոր է, որ մեծահասակները երեխաներին թույլ տան մասնակցելու ճաշի նախապատրաստման աշխատանքներին։ Երեխաներն իրենց անկախ եւ ինքնավստահ են զգում, երբ նրանց պատասխանատվություն կրելու, երբեմն էլ սխալվելու հնարավորություն է տրվում։
Կերակրատեսակների ընտրություն
Երեխաներին մատուցվող սնունդը պետք է լինի որքան հնարավոր է թարմ եւ բազմազան։ Նպատակահարմար է համագործակցել մանկական եւ դիետիկ սննդի մասնագետների հետ՝ ճիշտ որոշելու համար երեխաներին մատուցվող սննդի քանակն ու կալորիականությունը։ Օրինակ՝ այն ծրագրերում, որտեղ երեխաները կրթարանում անց են կացնում գրեթե ողջ օրը, նրանց օրական սննդաբաժինը եւ տեսականին պետք է լիովին բավարարեն տվյալ տարիքի երեխաների համար նպատակահարմար համարվող չափանիշներին։
Ուսուցիչը ճաշատեսականին պետք է քննարկի ընտանիքների անդամների հետ ծնողական ժողովի ժամանակ եւ այն փակցնի ցուցատախտակին, որպեսզի ծնողները տեղեկացվեն, թե իրենց երեխաները ինչ են ուտում օրվա ընթացքում։ Եթե ուսուցիչները կասկածներ ունեն սննդի անորակության մասին, ապա այս դեպքում նրանք պետք է զրուցեն երեխաների ծնողների հետ, որպեսզի վերջիններս դիմեն տարածքային կամ պետական ղեկավարներին։ Օրինակ, մանկապարտեզային ծրագրերում առողջ եւ դիետիկ սննդի ապահովման համար կարելի է բանակցել պետական ղեկավարների հետ՝ լայն սպառման տեսականի ձեռք բերելու համար (ձեթ, ալյուր, թարմ միս, բանջարեղեն)։
Նախապատրաստում նախաճաշին/ճաշին
Երեխաներին դասարանում պետք է տրվեն առաջադրանքներ։ Ճաշի ժամին այդպիսի աշխատանքներ կարող են լինել յուրաքանչյուրի համար նստատեղեր դասավորելը (ափսեներ, ուտելիք, անձեռոցիկներ, բաժակներ), սնունդը սեղաններին դնելը, սեղանները մաքրելը։ Երեխաները շատ բան են սովորում ճաշի ժամին կատարած կենցաղային, առօրյա աշխատանքներից։ Նրանք գործնականում օգտագործում են իրենց հաշվելու հմտությունը եւ մի առարկան մյուսի հետ համապատասխանեցնելու ունակությունը։ Եթե նստատեղերին անուններ են փակցված, ապա երեխաները ճանաչում են, թե ով որտեղ է նստում, ճշտորեն դասավորում են ափսեները, բաժակները, անձեռոցիկները։
Հնարավորության դեպքում դասարանը պետք է ունենա երեխաների տարիքին համապատասխան սպասք՝ գդալներ, պատառաքաղներ, սկահակներ, բաժակներ, դանակներ, փոքր գդալներ, ափսեներ եւ այլ անհրաժեշտ ամանեղեն, որպեսզի երեխաները դրանք հեշտությամբ կարողանան տեղափոխել։ Եթե նման հնարավորություն չկա, ուսուցչուհին երեխաներին թույլ է տալիս օգտագործել մեծահասակների սպասքը։ Եթե կա պլաստմասսայից պատրաստված ամանեղեն, դրանք եւս կարելի է օգտագործել, քանի որ վերջիններս չեն կոտրվում վայր ընկնելիս։
Մանկապարտեզում ճաշի կամ նախաճաշի ժամն ընտանեկան հավաքի նմանությամբ կազմակերպելը չափազանց խրախուսելի է։ Սա նշանակում է, որ մեծահասակները եւ երեխաները (ուսուցիչները եւ հյուր եկած մեծահասակները) ճաշում են միասին, միմյանց հյուրասիրում։ Սա շատ կարեւոր է եւ՛ երեխաների, եւ՛ մեծահասակների համար, երբ նրանք կարող են միասին նստել եւ զրուցել ճաշի եւ օրվա կարեւոր դեպքերի մասին։ Մեծահասակները չպետք է կանգնեն սեղանի մոտ եւ հսկեն, այլ պետք է միանան սեղանի շուրջ նստած երեխաներին։
Զուգարանից օգտվելը
Վերը նկարագրվածը ոչ անհատական մոտեցման եւս մի օրինակ է։ Այս իրավիճակում երեխաների անհատական կարիքները անտեսված են։ Շատ ժամանակ է ծախսվում սպասելու եւ շարք կանգնելու համար, այն դեպքում, երբ ժամանակը կարելի է օգտագործել ակտիվ խաղերի միջոցով ուսուցման վրա։
Հանգստի ժամ
Յուրաքանչյուր անհատին անհրաժեշտ քնի ժամանակահատվածը տարբեր է։ Որոշ երեխաներ քնում են օրվա ընթացքում, մյուսները հանգստանում են, մի մասն էլ սիրում է ննջել։ Դասարանական ծրագիրը եւ դասացուցակը պետք է հարմարեցված լինեն նման անհատական տարբերություններին։ Շատ դասարաններ ունեն մահճակալներով ննջասենյակ, որն օգտագործվում Է միայն հանգստի ժամին։ Մյուսներն օգտագործում են մանկական մահճակալներ, որոնք դասավորված չեն եւ հանգստի ժամին բացվում են դասասենյակում։ Բոլոր դեպքերում ուսուցիչը պետք է հարմարվի այն երեխային, որը չի ուզում քնել կամ քնում է շատ քիչ։
Աջ կամ ձախ ձեռքի օգտագործում
Բազմաթիվ առասպելներ են պտտվում «ձախլիկության» վերաբերյալ։ Եվ այդ առասպելները սովորաբար մատնանշում են, որ աջով գրելն ու նկարելը ճիշտ եւ ընդունված ձեւն Է։ Երբեմն ծնողները եւ ուսուցիչները ստիպում են երեխաներին աջով գրել կամ նկարել, կարծելով, թե «աջլիկ» լինելն առավելություն է։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ դա նյարդայնացնում է երեխաներին, իսկ ծնող-երեխա փոխհարաբերություններում լարվածություն է ստեղծում։
Վաղ հասակից երեխաներն իրենց առօրյայում զանազան գործողություններ են կատարում՝ հավասարաչափ օգտագործելով եւ՛ աջ, եւ՛ ձախ ձեռքերը։ «Ձախլիկ» կամ «աջլիկ» լինելու հանգամանքը պայմանավորված է գեներով։
Երեխաներին չպետք Է արգելել օգտագործելու ձախ ձեռքը, եթե դա թելադրված է բնությամբ։ Մատիտը ձախից աջ ձեռքը տեղափոխելը, կամ «ձախլիկության» համար երեխային պատժելը նվաստացնում եւ հոգեկան ցնցման է ենթարկում նրան։ «Ձախլիկ» կամ «աջլիկ» լինելը ընդգծում է յուրաքանչյուր անձի անհատականությունը։ Երեխաներից շատերը օգտագործում են երկու ձեռքը հավասարապես, մյուսներն առավել օգտագործում են ձախ ձեռքը։ Այս բոլոր տարբերակներն ընդունելի են, եւ չափազանց կարեւոր է չարգելել երեխային օգտագործելու ձախ ձեռքը, եթե դա նրա մոտ դառնում Է սովորություն։
Փոքր երեխաներին կյանքը երբեմն շփոթեցնում է, վախեցնում, ճնշում եւ հիասթափեցնում։ Նրանց մոտ ձեւավորվում են սովորություններ, որոնք օգնում են մեղմել նրանց փոքրիկ վշտերը։ Սա բոլորովին չի նշանակում, թե դրանք բացասական սովորություններ են։ Այսպես, հանգստացնող սովորությունների շնորհիվ երեխան իրեն ապահով եւ պաշտպանված Է զգում։ Այդ սովորությունները դրսեւորվում են մատը բերանը դնելով, կամ քնելիս սիրած խաղալիքը գրկելով։
Բթամատը բերանը դնելը կամ մատը ծծելը բնորոշ է գրեթե բոլոր երեխաներին։ Որոշ երեխաներ այդ սովորությամբ ծնվում են։ Մատը ծծելը օգնում է երեխային հանգստանալ եւ լիցքաթափվել։ Ծծելը ամենաառաջին գործողությունն է, որը երեխան կատարում է ծնվելուց անմիջապես հետո։ Հաճախ 3-4 տարեկանում, միջավայրին հարմարվելուց հետո, երեխան դադարում է մատը ծծել։ Սակայն կան երեխաներ, որոնք նույնիսկ այդ տարիքում շարունակում են ծծել մատը՝ ապահով եւ պաշտպանված զգալու համար։
Ծնողները շատ են անհանգստանում, երբ երեխայի մոտ այդ սովորությունը չի վերանում նույնիսկ նախադպրոցական տարիքում։ Այդ սովորությունը դադարեցնելու փորձերը կարող են նյարդայնացնել երեխային։ Մատը ծծելը պատճառներ ունի եւ ծնողները պետք է փորձեն վերացնել այդ պատճառները, այլ ոչ թե հարկադրեն երեխային դադարեցնելու այդ սովորությունը։
Մեկ տարեկան երեխաները երբեմն ընտրում են մի որեւէ առարկա, որն անընդհատ պետք է իրենց հետ լինի։ Այդ առարկաները հաճախ կոչվում են «անցումային առարկաներ», որովհետեւ օգնում են երեխային մի վիճակից կամ միջավայրից սահուն անցում կատարել մեկ այլ վիճակի կամ միջավայրի (Լիխ, 1995)։ Փափուկ խաղալիքները, մանկական վերմակները, երեխաներին սիրելի այլ իրեր ծառայում են որպես «անցումային առարկաներ»։ Ծնողների բացակայության դեպքում երեխաները նման իրերի շրջապատում իրենց ապահով եւ պաշտպանված են զգում։ Սի մասնագետ ասել է. «Շատերը կարծում են` երբ երեխան իրեն հաճախակի գրկել է պահանջում, դա բնական է եւ օգտակար։ Սակայն ոչ մեկը չի գիտակցում, որ դա անպաշտպանվածության կամ որեւէ այլ դժվարության ազդանշան է»։
«Անցումային առարկաների» եւ մատը ծծելու սովորության վերաբերյալ ուսուցիչների եւ ծնողների մտահոգությունները գրեթե համընկնում են։ Ծնողներից շատերը կարծում են, թե նախադպրոցական տարիքում երեխան պիտի ձերբազատվի մատը ծծելու սովորությունից։ Ինչեւէ, յուրաքանչյուր երեխա առանձնահատուկ է։ Նրանց կարիքները տարբեր են եւ ժամանակ առ ժամանակ փոփոխվում են։ Շատ կարեւոր է, որ ուսուցիչները եւ ծնողները հատուկ ուշադրություն դարձնեն, թե հատկապես որ առարկայով է սիրում զբաղվել երեխան եւ փորձեն պարզել, թե ինչու է նա հենց այդ առարկան ընտրել։
Ծնողներից բաժանվելը
Բաժանման վախը անհանգստացնում է բոլոր երեխաներին։ Հատկապես փոքր տարիքի երեխաները դպրոց գնալիս մեծ դժվարությամբ են բաժանվում ծնողներից։ Այդ է պատճառը, որ նրանք սփոփանք են փնտրում ուսուցիչների մեջ։ Երեխային միայնակ թողնելով, մտածելով, որ նա վաղ թե ուշ կհարմարվի նոր միջավայրին, կամ թույլ տալով, որ նրան ծաղրեն, մենք միայն բազմապատկում ենք նրա ապրումները։ Երեխաները պետք է համոզված լինեն, որ ծնողները վերադառնալու են, իսկ նրանց բացակայության ընթացքում իրենց մասին հոգ տանող կգտնվի։
Եթե երեխան դժվարությամբ է ծնողից բաժանվում, ապա ուսուցիչները եւ ծնողները համատեղ պետք է մտածեն երեխային սփոփելու ձեւերի մասին։ Կախված նրանից, թե երեխան որքան պաշտպանված է զգում իրեն, նա ժամանակ առ ժամանակ ծնողից բաժանվելիս դժվարություններ կունենա։
Ծնողին խնդրեք սկզբնական շրջանում մի քանի օր շուտ չհեռանալ եւ օգնել երեխային ծանոթանալ եւ հարմարվել նոր միջավայրին, դասասենյակին եւ երեխաներին։
Խնդրեք ծնողին անպայման հրաժեշտ տալ երեխային (այլ ոչ թե փախչել, որպեսզի երեխան լաց չլինի) եւ ասել, թե երբ է վերադառնալու։
Հարցրեք ծնողին, թե երեխան հատկապես որ խաղալիքներով է սիրում խաղալ եւ նրա գալու ժամին այդ խաղալիքները առանձնացրեք, որպեսզի երեխան զգա, որ իր մասին հոգ են տանում։
Առանձնահատուկ ուշադրությամբ եւ հոգատարությամբ վերաբերվեք երեխային, մինչ նա կհարմարվի նոր միջավայրին։
Երեխայի համար պայմաններ ստեղծեք, որպեսզի նա կարողանա իր զգացմունքներն արտահայտել նկարելով կամ իր «լավ բարեկամի» հետ զրուցելով։
Թույլ տվեք երեխային տանից բերել իր սիրած խաղալիքները կամ իրերը։
Ստեղծեք այնպիսի մթնոլորտ, ուր երեխաներն իրենց ապահով կզգան եւ շրջապատված կլինեն հոգատարությամբ։
Այս գլխում մենք կենտրոնացանք այն մեթոդների վրա, որոնց կիրառումը նպաստում է երեխաների առողջ սովորությունների ձեւավորմանը: Երեխաներին ընտրության հնարավորություն ընձեռելը, նրանց լսելը, նրանց զգացմունքներն ամբողջությամբ արտահայտելուն նպաստելը, յուրաքանչյուր երեխայի նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերելը եւ նրանց ինքնօգնության հմտություններ հաղորդելը խթանում են երեխայի ֆիզիկական եւ մտավոր զարգացումը:
ԳԼՈՒԽ 8
Հաղորդակցություն երեխաների, ծնողների
Ուսուցիչների, երեխաների եւ ծնողների միջեւ անկեղծ հաղորդակցությունները կենսական նշանակություն ունեն կրթական այն ծրագրերի համար, որոնք երեխային նախապատրաստում են ապրել եւ գործել ժողովրդավարական հասարակարգում։ Անկեղծ եւ արդյունավետ հաղորդակցությունների որոշ տարրեր առավել կարեւոր են, անկախ այն բանից, թե ովքեր են հաղորդակցվող կողմերը՝ ծնողներ-երեխաներ, գործընկերներ, երեխաներ-ուսուցիչներ, ուսուցիչներ-ծնողներ։ Ուսուցիչը, որպես դասասենյակի առաջնորդ եւ հեղինակություն, պետք է այդ տարրերը հնարավորին չափ ամբողջական ընդգրկի իր հաղորդակցությունների հմտություններում։
Այսպիսով, նա դրսեւորում է այն հմտություններն ու վարվելակերպը, որոնք խթանում են ժողովրդավարությունը եւ ստեղծում ժողովրդավարական միջավայր։
Հաղորդակցության բաղադրիչները
Երկկողմանի հաղորդակցություն
Հաղորդակցվող կողմերն իրենց կարծիքն ու տեսակետը արտահայտելու հավասարապես ազատ հնարավորություն ունեն։ Երեխան կամ ծնողը նույնքան անկաշկանդ կարող են հաղորդակցվել ուսուցչի հետ, որքան ուսուցիչը՝ նրանց հետ։
Փոխադարձ հարգանք
Խորասույզ ունկնդրում
Երբ մեկը խոսում է, նրան լսողը պետք է կենտրոնանա նրա յուրաքանչյուր խոսքի վրա, ոչ թե այդ ընթացքում մտովի ձեւակերպի իր պատասխանը կամ մտածի մեկ այլ բանի մասին։
Գործուն ունկնդրում
Լսողը պետք է հաղորդակցվի աչքերով, պետք է լինի ուշադիր, ժամանակ առ ժամանակ գլխով անի եւ եթե համոզված չէ, որ ճիշտ է հասկացել զրուցակցին, պետք է նրա միտքը իր խոսքերով արտահայտի եւ հարցնի. «Արդյոք ճի՞շտ եմ հասկացել ձեզ»։ Որպեսզի ձեր զրուցակիցը համոզված լինի, որ նրան հետաքրքրությամբ եք լսում, երբեմն արձագանքեք այո, հասկանում եմ, իհարկե բառերով եւ, եթե որեւէ բան չեք հասկացել անպայման պարզաբանող հարցեր տվեք։
Ընկալունակություն
Հաղորդակցվող յուրաքանչյուր կողմ պետք է ջանա իրերը տեսնել զրուցակցի աչքերով։ Դա կարելի է արտահայտել շարժուձեւի միջոցով, մի փոքր առաջ գալով, որպեսզի ուշադիր լսեք նրան, երեխային գրկելով կամ նրա հասակին հավասարվելու նպատակով կքանստելով, ձայնին ջերմ ու բարեկամական երանգ հաղորդելով։
Հասկանալու կարողություն
Անկախ նրանից, թե զրուցակցին որոշ բառեր կամ արտահայտություններ հասկանալի են թե ոչ, դժվար չէ ըմբռնել ասվածի իմաստը։ Փոքր երեխաները հաճախ չեն կարողանում ճիշտ արտահայտել այն, ինչ ուզում են, քանի որ նրանց խոսքը եւ հաղորդակցման հմտությունները լրիվ ձեւավորված չեն։ Եթե երեխան ասում է. «Ընկ. Ֆրիդա, ես քեզ ատում եմ», թերեւս փորձում է ասել. «Դուք բավականաչափ ուշադրություն չեք դարձնում ինձ վրա։ Ես ուզում եմ, որ իմ նկատմամբ ավելի հոգատար լինեք»։ Ճշմարիտ փոխըմբռնման կարելի է հասնել ասվածի իմաստին եւ ոչ թե բառերին արձագանքելու միջոցով։
Հանձնառություն
Հաղորդակցվող յուրաքանչյուր կողմ պետք է պարտավորվի լսել մյուս կողմին, փոխըմբռման նպատակով տալ պարզաբանող հարցեր եւ փորձել զրուցակցի միտքն՛ արտահայտել սեփական բառերով։
Հաղորդակցման բազմաձեւություն
Ենթադրությունների բացառում
Լավ հաղո
րդակցվելու համար հարկավոր է փորձ ունենալ: Ոչ արդյունավետ հաղորդակցությունը կարող է թյուրըմբռնման տեղիք տալ: Հաղորդակցության հմտություններին տիրապետողները կրկնում են իրենց ասածները, հետադարձ կարծիք են հարցնում, պարզաբանման հարցեր են տալիս, ստուգում են` արդյո՞ք զրուցակցի խոսքը եւ գործը համընկնում են, թե՞ ոչ, եւ երբեք չեն ենթադրում, որ իրենց ամբողջությամբ հասկացել են, հատկապես եթե դա հաղորդակցման առաջին փորձն է:
Ուղղամտություն եւ հակիրճություն
Մանկահասակ երեխաների հետ դրական
հաղորդակցման ապահովումը
Ուսուցչի խոսքը եւ գործը չպետք է իրարից տարբերվեն։ Անհրաժեշտ է խոսքին զուգահեռ նաեւ գործել՝ երկարատեւ քննարկումներից եւ ելույթներից խուսափելու համար։ Եթե երեխան խաղադեկորներով խաղալիս դրանք նետում է, տեղին կլինի, որ ուսուցիչն օգնի նրան հավաքել խաղադեկորները եւ որեւէ բան կառուցել՝ շեշտելով. «Տե՛ս, թե ինչեր կարող ես կառուցել խաղադեկորներով»։ Նման վերաբերմունքը դրական երանգ է հաղորդում երեխայի հետ հաղորդակցությանը։ Ցանկալի է ավելի հաճախ երեխային ասել. «Դու կարող ես, կարելի է այսպես անել»՝ «Պետք չէ, չի կարելի»-ի փոխարեն։ Եթե երեխան սենյակում վազվզում է՝ «մի վազիր» ասելու փոխարեն խնդրեք նրան սենյակում քայլել եւ բացատրեք՝ ինչու։
Ուսուցչի շարժուձեւը եւ ձայնի երանգը ավելին են ասում, քան նրա բառերը։ Նա նստում է երեխայի կողքին՝ նրա հետ խաղալիս, եւ նայում նրա աչքերի մեջ։ Նա պետք է խուսափի քննադատական, հոգնած, ձանձրացած կամ զայրացած ձայնով խոսելուց եւ փոխարենը ջերմ, բարեկամական հաղորդակցման միջոցով ստեղծի վստահելի փոխհարաբերություններ։ Երեխաների ուշադրությունը գրավելու համար ուսուցիչը պետք է ճիշտ ձեւեր գտնի. երբեմն ցածրաձայն խոսի նրանց հետ, երբեմն բարձրաձայն։ Փորձը ցույց է տվել, որ հաճախ ցածրաձայն խոսելով ավելի հեշտ է երեխաների ուշադրությունը գրավել։
Ինչպես հաղորդակցվել բարդ իրավիճակներում
Մանկապարտեզի դաստիարակները եւ աշխատակազմը օրվա ընթացքում բազմաթիվ մարդկանց հետ են շփվում։ Բնական է, որ կարող են ստեղծվել բարդ իրավիճակներ, եւ դրանք ավելի կբարդանան, եթե զրուցակցի հետ հաղորդակցվելը դժվարացած է։ Որոշ ծնողներ, գործընկերներ կամ երեխաներ ագրեսիվ են, զայրացկոտ, խորամանկ (փորձում են անուղղակի ձեւով ստանալ այն, ինչ ուզում են)։
Եթե դուք դժվարանում եք հաղորդակցվել ձեր զրուցակցի հետ՝ նրա բարդ եւ անհասկանալի պահվածքի պատճառով, լավ կլինի սկզբում լռել։ Սա ձեզ ժամանակ կտա մտովի լավագույնս ձեւակերպել տրվելիք պատասխանը եւ շատ տեղեկություն ստանալ լսելու միջոցով։ Դուք պետք է թույլ տաք, որ ձեր զրուցակիցն արտահայտի զայրույթը եւ հանդարտվի։ Այնուհետեւ կարող եք ասել. «Թույլ տվեք մտածել», կամ կարող եք առաջարկել մեկ այլ հանդիպում հաղորդակցության համար ավելի նպաստավոր պայմաններում։
Այդ հանդիպման ընթացքում կարող եք օգտագործել «ես»-ով սկսվող արտահայտություններ՝ «Ես կարծում եմ», «Ես կառաջարկեի», «Ես համոզված եմ» եւ այլն։
ԳԼՈՒԽ 9
Ընտանիքի եւ համայնքի ներգրավում
Ժողովրդավարությունը նախատեսում է, որ քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան մասնակցելու իրենց համար կենսական նշանակություն ունեցող որոշումների կայացմանը, այլ ոչ թե դուրս թողնվեն սոցիալական ակտիվության այս բնագավառից: Բարձրակարգ մանկապարտեզներն իրենց ծրագրում պետք է ղեկավարվեն հետեւյալ սկզբունքով՝ երեխաների ընտանիքները, հետեւաբար եւ համայնքն ընդհանրապես, մասնակից պիտի դառնան մանկապարտեզի ծրագրերին։ Աֆրիկայում մի այսպիսի ասացվածք կա. «Երեխայի դաստիարակությանը պետք է ամբողջ գյուղը մասնակցի»։ Չափազանց կարեւոր է երեխայի դաստիարակման մեջ ներգրավել ամբողջ համայնքը։ Ծնողների ներգրավումը նույնպես կարեւոր է նման ծրագրերում, եւ դա կարելի է խրախուսել հետեւյալ կերպ.
Ծնողներին պետք է տեղեկացնել ծրագրի նպատակների եւ խնդիրների մասին։
Օրական եւ շաբաթական գործունեության ցուցակները պետք է փակցնել ծնողների անկյունում՝ ցուցատախտակին։
Պետք է կազմել ծնողական ժողովների, հանդիպումների եւ տնային այցելությունների ժամացուցակ։
Ընտանիքի անդամներին պետք է հրավիրել եւ ընդունել ցանկացած ժամանակ, երբ նրանք գալիս են մանկապարտեզ։
Պետք է կազմել ընտանեկան խորհրդատվական հանձնախումբ։
Մանկապարտեզի ծրագիրը կարտացոլի ժողովրդավարական արժեքներն այն դեպքում, երբ ծնողները եւ մանկապարտեզի աշխատակազմը միմյանց հետ մշտական շփման մեջ կլինեն եւ տեղեկատվություն կփոխանակեն՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի, դիմացինի տեսակետը եւ կարծիքները գնահատելու սկզբունքի վրա։ Ինչպես ցանկացած ժողովրդավարական համակարգում, այստեղ էլ երկկողմանի պարտականություններ եւ իրավունքներ են սահմանված։ Երեխաների ծնողները պետք է տեղյակ լինեն ծրագրի խնդիրների, նպատակների եւ ակնկալվող արդյունքների մասին։ Մանկապարտեզի աշխատակազմը պարտավոր է հնարավորին չափ շատ տեղեկություններ ու ժամանակ տրամադրի ծնողներին՝ ծագած բոլոր հարցերին պատասխանելու եւ մտահոգությունները փարատելու համար։ Մանկապարտեզի աշխատակազմը պարտավոր է գիտակցել երեխաների բազմազան կարիքների առկայությունը եւ հաշվի առնել յուրաքանչյուր երեխայի ընտանեկան հանգամանքները։
Ընտանեկան մասնակցության ապահովման
եղանակները
Ծնողների հետ հաղորդակցվելու եւ նրանց մանկապարտեզի ծրագրերում ներգրավելու բազում ձեւեր կան։ Առավել ճիշտ ճանապարհը տարբեր եղանակներով ծնողների հետ հաղորդակցվելն է։ Այդպիսով դուք կկարողանաք բավարարել ձեր ծրագրում ներգրավված բոլոր ընտանիքների կարիքները։
Երեխաներին մանկապարտեզ բերելու եւ տուն տանելու
ժամանակը
Երկտող եւ հուշատետր
Երեխայի միջոցով ծնողներին ոչ պաշտոնական գրություններ ուղարկելը նույնպես նպաստում է ուսուցչական կազմի եւ երեխայի ընտանիքի միջեւ կապերի ամրապնդմանը։ Գրությունները պետք է լինեն հակիրճ եւ հստակ, պետք է նկարագրեն երեխայի հաջողությունները, նրա վարքը կամ ձեռք բերած հմտությունները, կամ կարելի է գրության միջոցով ծնողին շնորհակալություն հայտնել մանկապարտեզի ծրագրում ունեցած մասնակցության համար։ Ծնողները գնահատում են ուսուցչի նման վերաբերմունքը եւ նրանք նույնպես կարող են պատասխան գրություն ուղարկել ուսուցչական կազմին։
Տեղեկատու ցուցատախտակներ
Լրատուներ
Լրատուները կամ տեղեկատու թերթիկները ուսուցչի եւ ծնողների հաղորդակցման արդյունավետ ձեւերից են։ Երկու շաբաթը կամ ամիսը մեկ անգամ երեխայի միջոցով նրա ընտանիքի անդամներին լրատու ուղարկելը երաշխավորում է ծնողների իրազեկությունն ուսումնական ծրագրի ընթացքի վերաբերյալ։ Լրատուի մեջ զետեղված թեմաներն ու տեղեկությունները պետք է ընտրված լինեն այնպես, որ չկրկնեն հաղորդակցման այլ ձեւերով ու մեթոդներով ծնողներին հրամցվող տեղեկությունները։
Լրատուն հիմնականում անդրադառնում է կրթարանում կազմակերպվող միջոցառումներին եւ աշխատանքներին, ինչպես նաեւ այդ աշխատանքները տնային պայմաններում կիրառելու ձեւերին։ Կարելի է նաեւ կազմել թեմատիկ լրատու, ուր կշոշափվի, օրինակ, աշնան կամ գույների թեման։ Երեխաների ծնողները, նրանց ընտանիքի մյուս անդամները եւ համայնքի անդամները նույնպես կարող են տեղեկություններ տրամադրել լրատուի մեջ զետեղելու համար։ Այսպես, երեխաներից մեկի մայրը՝ մասնագիտությամբ մանկական բժիշկ, լրատուի համար համառոտ հոդված էր գրել հաճախակի կրկնվող մանկական հիվանդությունների բուժման եղանակների մասին։
Տնային այցելություններ
Տնային այցելությունները խթանում են ընտանիք-մանկապարտեզ կապը։ Այս այցելությունները կարող են տարբեր նպատակներ հետապնդել, սակայն առաջին հերթին դրանք օգնում են ուսուցչին ավելի լավ ճանաչել երեխային, նրա ընտանիքը, նրա փոքրիկ բարեկամներին եւ այն միջավայրը, ուր ապրում եւ մեծանում է երեխան։ Երեխաներին դուր է գալիս, երբ ուսուցիչն այցելում է նրանց տները։
Երբեմն թե՛ ուսուցիչներին, թե՛ ծնողներին մի փոքր անհանգստացնում է տնային այցելությունների գաղափարը։ Եթե տնային այցելությունը դիտվում է զուտ որպես ծանոթանալու նպատակով կատարված այց եւ այդ տանը հյուրընկալման բոլոր հասարակական նորմերը պահպանվում են, ապա ամեն ինչ լավ է ընթանում։ Երեխաները շատ են ուրախանում, երբ ուսուցիչները նրանց հյուր են գալիս։ Նրանք անպայման ցուցադրում են իրենց խաղալիքները եւ իրենց համար այլ թանկ իրերը։ Ուսուցիչը կարող է իր հետ խաղալիք բերել, որպեսզի երեխան խաղա դրանով, մինչ ինքը ծնողների հետ կզրուցի։
Ընտանեկան խորհրդատվական հանձնախումբ
Ընտանեկան խորհրդատվական հանձնախումբը ծրագրի իրականացման ընթացքում ակտիվ եւ կարեւոր դեր է խաղում։ Հանձնախումբը ձեւավորվում է ընտանիքների կամ համայնքների անդամներից։ Հանձնախմբի ստեղծման նպատակն է համագործակցել մանկապարտեզի աշխատակազմի հետ եւ հարկ եղած դեպքում խորհուրդ տալ ծրագրին վերաբերող հարցերի վերաբերյալ։
Յուրաքանչյուր ոք պետք է լավ հասկանա ընտանեկան խորհրդատվական հանձնախմբի դերն ու պարտականությունները՝ ծագող պրոբլեմները հարթելու գործում։ Ուսումնական տարվա սկզբին պետք է հստակ սահմանել, թե որ հարցերի վերաբերյալ ընտանեկան խորհրդատվական հանձնախումբը կարող է որոշումներ կայացնել եւ որ հարցերի շուրջ՝ մանկապարտեզի աշխատակազմը։ Շատ կարեւոր է սկզբից եւեթ հստակեցնել այն հարցերի շրջանակը, որոնց վերաբերյալ հանձնախումբը իրավասու է զուտ առաջարկություններ անել։ Ժողովրդավարական կառույցներում ընդունված կարգի համաձայն, հանձնախումբը գործում է զուտ խորհրդատվական դիրքերից եւ իրավասու չէ կառավարել ծրագիրը։ Ծրագրի կառավարման աշխատակազմը կրթական ծրագրեր է կազմում եւ բաղկացած է վաղ տարիքի երեխաների դաստիարակության մասնագետներից։ Բյուջետային ծախսերը հաճախ կառավարվում են պայմանագրային եւ իրավական պարտավորություններից ելնելով, եւ խորհրդատվական հանձնախմբի լիազորություններից դուրս են։
Ծնողական սենյակ
Յուրաքանչյուր մանկապարտեզում որոշակի տարածք պետք է հատկացվի ծնողներին։ Ծնողական կամ ընտանեկան կոչվող այս սենյակներում ծնողները երեխաների եւ նրանց դաստիարակության մասին կարդում են թերթեր, գրքեր, ամսագրեր, հանգիստ մթնոլորտում զրուցում են մանկապարտեզի աշխատակազմի եւ այլ ծնողների հետ, հանդիպումներ են անցկացնում, կամ երեխաների համար ժամանակավորապես խաղալիքներ եւ գրքեր են վերցնում։
Ընտանիքի անդամները դասասենյակում
Սկզբնական դաստիարակությունը երեխան ստանում է ընտանիքում` իր վրա կրելով ընտանիքի դրոշմը: Ծնողների մասնակցությունը կրթական ծրագրին, դասերի ժամանակ դասասենյակում գտնվելը մեծապես օգնում են երեխային. դրանից շահում են թե՛ երեխաները, թե՛ ծրագիրը: Ընտանիքի ներգրավումը կախված է ընտանեկան հանգամանքներից, ընտանիքի անդամների զբաղվածության աստիճանից եւ աշխատաժամերից: Օրինակ` որոշ ընտանիքներ հնարավորություն ունեն շաբաթը մեկ անգամ ժամանակ տրամադրել ուսուցչին օգնելու, մյուսներն ինչ-որ նյութեր են ուղարկում ընտանեկան աշխատանքային կենտրոններում օգտագործելու համար, կամ օգնում են վերանորոգել խաղահրապարակի սարքավորումները: Որոշ դասաժամերին ներկա գտնվելը եւ օգնություն ցույց տալը ծրագրում ընտանիքների ներգրավման լավագույն ձեւերից է:
Դասասենյակում որոշ ժամանակ անցկացնելով, ծնողները ծանոթանում են դասարանական աշխատանքներին, դիտարկում իրենց երեխաներին մյուս երեխաների հետ շփվելիս: Ծնողների աջակցությունից շահում են նաեւ ուսուցիչները, որովհետեւ նրանց համար հեշտանում է յուրաքանչյուր երեխայի համար անհատականացված աշխատանքներ կազմակերպելը: Շատ կարեւոր է ընտանիքի անդամներին խրախուսելը, որպեսզի նրանք գան մանկապարտեզ եւ ուսուցչական կազմին աջակցեն, ելնելով մի շարք պատճառներից.
Ակտիվ եւ ստեղծագործական դասարաններում ուրախ է եւ երեխաների հետ նման միջավայրում լինելը` հաճելի:
Ծնողի աջակցությամբ ավելի հեշտ է անհատականացնել աշխատանքները: Երբ օգնականներ ունես, ավելի հեշտ է միաժամանակ գործողություններ կատարել թե՛ բնագիտության, թե՛ մաթեմատիկայի աշխատանքային կենտրոններում:
Օրվա ընթացքում կարելի է անցկացնել նաեւ հատուկ միջոցառումներ. խոհարարություն, էքսկուրսիաներ, նկարչություն եւ երեկույթներ:
Երբ ծնողներն աջակցում են դասարանական աշխատանքներին, նրանք սկսում են ավելի լավ պատկերացնել ծրագրի նպատակները եւ նրա իրականացման ձեւերը: Երբ ծնողները մասնակցում են ծրագրին եւ տեսնում, թե որքան անկախ են իրենց երեխաները, նրանք սկսում են գիտակցել մանկակենտրոն ծրագրի առավելությունները: Ծնողներից շատերը պարզապես զարմանում են այն բանի վրա, թե երեխաներն ինքնուրույն որքան բան կարող են անել:
Այնպիսի գործողություններ, որոնք հնարավոր է իրականացնել նաեւ տանը, ծնողները սովորում են դասարանում` ուսուցչին աջակցելու միջոցով:
Չնայած այս ամենին, որոշ ծնողների մանկապարտեզ գալու եւ ուսուցչին աջակցելու գաղափարը այնքան էլ չի հրապուրում: Եվ դա իր պատճառներն ունի: Օրինակ`
Նրանց կարող է թվալ, որ իրենց օգնության կարիքն իրականում ոչ ոք չի զգում:
Նրանք վախենում են սխալվել:
Նրանք չգիտեն՝ ինչ է պետք անել:
Նրանց թվում է, թե իրենք ոչնչով չեն կարող օգտակար լինել:
Նրանք հստակ չեն պատկերացնում դասարանական կանոնները եւ ընթացակարգերը:
Դասասենյակում ընտանիքների անդամների
հարմարավետության աստիճանը
Ընտանիքի անդամների հետ առնչվելու առաջին իսկ վայրկյանից ուսուցչական կազմը պետք է նրանց համար ստեղծի հյուրընկալ մթնոլորտ։ Ցանկացած առիթով հաղորդակցության նպատակը պետք է լինի ընտանիքների ակտիվ մասնակցությունն իրենց երեխաների ուսումնառության գործընթացին, քանի որ ոչ ոք երեխային այնքան լավ չի ճանաչում, որքան նրա ընտանիքի անդամները։ Ծրագրային խնդիրների եւ նպատակների, գործունեության ծրագրի բաց եւ հստակ ներկայացումը, փոխադարձ հարգանքի վրա հիմնված փոխհարաբերությունները խթանում են ընտանիքների մասնակցությունը ծրագրին։
Ուսումնական հաստատությունը եւ դասասենյակները երբեմն վանում են սաների ընտանիքների անդամներին։ Եվ կրթարանը, եւ դասասենյակները պետք է գրավիչ լինեն ծնողների համար։ Ուսուցչական ամբողջ կազմի պարտականությունն է խրախուսել սաների ընտանիքների անդամների այցելությունները մանկապարտեզ։ Ուսումնական տարվա սկզբում շատ կարեւոր է ծնողներին բացատրել, որ նրանք ցանկացած օր կարող են գալ մանկապարտեզ եւ մասնակցել դասարանական աշխատանքներին։
Ցուցատախտակին կարող եք գրանցման թերթիկ փակցնել, ուր ծնողները կգրանցվեն՝ նշելով մանկապարտեզ/դպրոց գալու իրենց հարմար ժամը։ Այցելության տեւողությունը նշանակություն չունի։ Հնարավոր է, որ ծնողն ընդմիջման ժամին կամ աշխատանքի գնալիս մի քանի րոպեով մտնի կրթարան՝ փոքրիկների համար գիրք կարդալու կամ խաղադեկորների կենտրոնում երեխաներին օգնելու։ Մյուսները կարող են գրանցվել՝ ամեն շաբաթ կամ ամեն օր մի քանի ժամ դպրոցում աշխատելու համար։
Տեղեկատվություն դասասենյակ հաճախող
ընտանիքների համար
Նախադպրոցական խմբերում օրական հարյուրավոր, եթե ոչ հազարավոր գործողություններ են կատարվում։ Եվ բոլորովին պարտադիր չէ, որ երեխաներին օգնելու նպատակով մանկապարտեզ եկող ընտանիքի անդամները նախապես իմանան, թե ինչ են անելու։ Ուսուցիչներն իրենք կբացատրեն ծնողներին, թե ինչ պետք է անել։ Նրանք ծնողներին պետք է հստակ ուղղություն տան այնպիսի գործողություններ կատարելու վերաբերյալ, որոնք օգտակար կլինեն այդ օրվա ծրագրային խնդիրների իրականացման տեսակետից։ Դա կարելի է անել թղթի վրա կոնկրետ ծնողի անունը եւ համապատասխան հանձնարարությունը գրելով եւ փակցնելով ցուցատախտակին։ Կամ՝ նույն թերթիկները կարելի է պահել աշխատանքային կենտրոններում։
Հանձնարարությունների առանձնահատկությունը կախված է դասասենյակում ծնողի դրսեւորած ինքնուրույնության աստիճանից, առաջադրանքից եւ ծնողի հմտությունից։
Մասնակցեք խմբային աշխատանքներին։ Նստեք երեխաների կողքին։
Երեխաներին խրախուսեք ինքնուրույն հագնվել եւ հանվել, բայց հարկ եղած դեպքում օգնեք նրանց։
Երեխաների նկարչական աշխատանքները, խաղադեկորներով խաղալը կամ փայտամշակման նմուշները մի մեկնաբանեք։ Ավելի լավ է` հարցնել երեխային, թե նա ի՞նչ է պատրաստել։ Խնդրեք, որ նա բացատրի, թե ինչ է պատրաստել։
Հարկ եղած դեպքում առանց երկմտելու հարցերով դիմեք ուսուցչական կազմին։
Երեխաներին դիմեք անուններով, ասեք նրանց ձեր անունը։
Հարմարավետ հագուստ հագեք, որպեսզի ազատ կարողանաք նստել հատակին եւ երեխաների հետ դրսում խաղալ։
Երեխաների մասին մի խոսեք այլ ծնողների հետ։ Եթե որոշ մտահոգություններ կամ հարցեր ունեք, դիմեք ուսուցչին։ Երեխայի վարքը նրա ներկայությամբ մի քննարկեք։
Եթե որոշ գաղափարներ կամ առաջարկություններ ունեք, ուսուցչական կազմին տեղեկացրեք այդ մասին, որպեսզի նրանք հնարավորության սահմաններում դրանք կիրառեն։
Անպայման ծանոթացեք կարգապահական նորմերին՝ մինչ դասասենյակ մտնելը։ Աշխատակազմին հարցրեք, թե ինչպես պետք է վարվել, երբ երեխաները հարվածում են միմյանց, կամ կռվում են իրար հետ։
Եթե տիրապետում եք յուրահատուկ հմտությունների կամ որեւէ տաղանդ ունեք, ուսուցչական կազմին տեղեկացրեք այդ մասին, որպեսզի նրանք հարկ եղած դեպքում օգտագործեն ձեր հնարավորությունները։
Երեխաներին բավականաչափ ժամանակ տվեք, որպեսզի նրանք ինքնուրույն կատարեն առաջադրանքը եւ միայն անհրաժեշտության դեպքում առաջարկեք ձեր օգնությունը։
Եթե դուք ծնողներին հրավիրում եք մասնակցելու որոշակի միջոցառման, ապա նրանց պետք է տրվեն հստակ հանձնարարություններ եւ բավականաչափ տեղեկատվություն։ Ընտանիքի անդամները հյուր են դասասենյակում եւ բոլոր հյուրերի նման՝ նրանք ավելի պատրաստակամ են օգնել, երբ գիտեն, թե իրենցից ինչ է ակնկալվում։
Գնահատանք եւ ճանաչում
Յուրաքանչյուր ոք ձգտում է, որ իրեն գնահատեն, եւ սաների ընտանիքների անդամները բացառություն չեն։ Չէ՞ որ նրանք իրենց թանկարժեք ժամանակի մի մասը տրամադրում են մանկապարտեզ գալուն, ծրագրերում որեւէ ձեւով ընդգրկվելուն եւ դրանով իսկ նրանք արժանի են ամենայն դրվատանքի ու շնորհակալական խոսքերի։ Ստորեւ բերված են առաջարկություններ ծնողների եւ սաների ընտանիքների այլ անդամների ջանքերը գնահատելու եւ նրանց համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու վերաբերյալ։
Յուրաքանչյուր ծնողի շնորհակալություն հայտնեք աջակցության համար։
Աջակիցներին տարածք տրամադրեք հանգստանալու եւ անձնական իրերը դնելու համար։
Բավականաչափ սնունդ ապահովեք, որպեսզի ծնողները կամ ընտանիքի անդամները երեխաների հետ ուտելու հաճույքը վայելեն։
Կամավոր օգնականների համար հատուկ ցուցատախտակ պատրաստեք։
Ծնողների կամ ընտանիքի այլ անդամների համար երախտիքի վկայականներ մշակեք։
Կազմակերպեք երեկույթ՝ նվիրված բոլոր նրանց, ովքեր նպաստել են ծրագրի հաջող իրականացմանը։
Ժողովրդավարական գործընթացների ըմբռնումը սկսում է ձեւավորվել այն ժամանակ, երբ ծնողները համատեղ միջոցառումներ են ծրագրում, կամ, ասենք, քվեարկում են էքսկուրսիայի տեղանքը որոշելու համար։ Ծնողները սկսում են գիտակցել, որ ժողովրդավարությունը նաեւ պատասխանատվություն է ենթադրում։ Նրանք պարտավոր են երեխաներին ընտրության եւ պրոբլեմները լուծելու հնարավորություն տալ։ Ծնողները պետք է երեխաներին թույլատրեն լինել ինքնուրույն, որոշակի պատասխանատվություն կրել, նաեւ սխալվել։
ԳԼՈՒԽ 10
Փոխադրում տարրական դպրոց
Թե՛ երեխաների, թե՛ ծնողի համար ժողովրդավարական սկզբունքներով ղեկավարվող մանկապարտեզից դյուրին չէ փոխադրվել ավանդական դպրոց։ Մանկապարտեզում երեխաներին խրախուսում են ինքնուրույն լինել եւ ծնողները դիտվում են որպես համագործակիցներ։ Մինչդեռ տարրական դպրոցից շատերում մշակված են որոշակի կրթական խնդիրներ ու նպատակներ, եւ երեխաները պետք է անվերապահորեն ենթարկվեն ղեկավարությանը։ Հանրակրթական դպրոցների աշխատանքներում ծնողների ներգրավման գաղափարը ոչ միշտ է ընդունվում կամ խրախուսվում դպրոցի ուսուցչական կազմի եւ ղեկավարության կողմից։
Սակայն ճիշտ ծրագրավորման եւ նախապատրաստման միջոցով մանկապարտեզից դպրոց փոխադրվելը կարելի է հեշտացնել։ Փոխադրման ծրագրի հիմնական նպատակն է՝ ապահովել, որ մանկապարտեզի եւ երեխայի ապագա դպրոցի ուսուցիչները ծանոթ լինեն միմյանց փիլիսոփայությանը, կրթական ծրագրերին, ինչպես նաեւ ծնողներին ու երեխաներին առաջադրվող խնդիրներին։ Հենվելով այս տեղեկությունների վրա, մշակվում են փոխադրման ծրագրեր՝ երեխաների եւ ընտանիքների անցումը կարգավորելու համար։
Փոխադրման աշխատանքների մեջ է մտնում տարրական դպրոցի ուսուցչին երեխայի ուժեղ եւ թույլ կողմերի, կարիքների մասին տեղեկացնելը, ծնողների շարունակական մասնակցության խթանումը եւ ժողովրդավարական փորձի փոխանակումը։
Յուրաքանչյուր մանկապարտեզում պետք է լինի փոխադրման ծրագիր՝ մշակված ծնողներից, մանկապարտեզի դաստիարակներից եւ տարրական դպրոցի ուսուցիչներից համալրված հանձնախմբի կողմից։
Անցումային շրջանի ծրագիր
Մանկապարտեզի աշխատակազմի գործունեությունը
դպրոցական, տեղական եւ տարածաշրջանային
մակարդակներում
Ստորեւ բերված են գործունեության մի քանի տեսակներ՝
Այցելություններ Կրթության նախարարության տեղական եւ տարածաշրջանային բաժիններ, որոնք զբաղվում են դպրոցներով։ Ուսուցիչները ներկայացնում են իրենց մանկապարտեզի փիլիսոփայությունն ու մոտեցումները` կրթության բաժինների պաշտոնյաներին աոաջարկելով տեղերում ծանոթանալ ծրագրին։ Միեւնույն ձեւով կարելի է այցելություններ կատարել տեղական տարրական դպրոցներ, հանդիպել տնօրենների եւ ուսուցիչների հետ։
Հանդիպումներ տարրական դասարանների եւ մանկապարտեզի աշխատակազմի միջեւ՝ ծրագրի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման նպատակով։
Տարրական դասարաններ այցելելու միջոցով մանկապարտեզի երեխաները հնարավորություն կունենան ծանոթանալ տարրական դասարանի ուսուցիչների կողմից կիրառվող կրթական մեթոդոլոգիային։
Մանկապարտեզի նախադպրոցական խմբի սաների համար տարեկան մեկ կամ երկու անգամ մի քանի ժամով այցելություններ կազմակերպեք այն դպրոցներ, ուր երեխաները պետք է հաճախեն։
Հանդիպեք ձեր տարածքի բոլոր տարրական դասարանների ուսուցիչների հետ եւ զրուցեք նրանց ապագա սաների մասին։ Ծնողներին նույնպես հրավիրեք մասնակցելու այդ հանդիպմանը։ Ծնողների թույլտվությամբ տարրական դասարանի ուսուցչուհուն կարող եք տրամադրել երեխայի առաջընթացի եւ վարքի դիտարկման վերջին վերլուծության պատճենը։ Սրանով դուք տեղեկություններ կհաղորդեք մանկապարտեզի ծրագրի արժեքների եւ նպատակների, ինչպես նաեւ երեխայի զարգացման վերաբերյալ։
Կազմակերպեք հանդիպում տարրական դպրոցի ուսուցիչների եւ նախադպրոցական խմբի երեխաների, ինչպես նաեւ. տարրական դպրոցի աշակերտների եւ նրանց ծնողների հետ՝ դպրոցական կյանքը, իրենց ակնկալիքները քննարկելու համար։
Տարվա վերջում կազմակերպեք ծնողական ժողովներ, որպեսզի ծնողները հնարավորություն ունենան քննարկել տարրական դպրոցի վերաբերյալ իրենց հուզող հարցերը։
Մանկապարտեզի նախադպրոցական խմբի սաներին հանձնարարեք նկարներ նկարել կամ երկտող գրել իրենց ապագա ուսուցչուհուն։ Այդպիսով, վերջինիս անուղղակիորեն տեղեկություններ են հաղորդվում երեխաների ընտանիքների եւ սիրած զբաղմունքի մասին։
Անցումային շրջանի ծրագրման հանձնախմբի գործունեությունը
քաղաքային, տարածաշրջանային կամ հանրապետական
մակարդակներում
Համաժողովների, գործնական պարապմունքների, հանդիպումների միջոցով փոխադրման արդյունավետ ստրատեգիաների եւ մանկապարտեզ-տարրական դպրոց համագործակցության քննարկումներ կազմակերպել։
Տարբեր ծրագրերում կիրառված անցումային շրջանի արդյունավետությանը նպաստող նյութերը, հաշվետվությունները, զեկույցները, համաձայնագրերը տրամադրել ուսուցիչներին եւ ադմինիստրացիային։
Նպաստել տարրական դպրոցների կրթական ծրագրերում ժողովրդավարական ընթացակարգերի զարգացմանը եւ ընդգրկմանը։
Առաջարկել ժողովրդավարական մոտեցումների վերաբերյալ ուսուցում եւ մեթոդական օժանդակություն։
Վերը նշված հարցերի քննարկման նպատակով կազմակերպել հանրապետական համաժողովներ եւ հանդիպումներ տարրական դպրոցների աշակերտների, տնօրենների եւ Կրթության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Տարրական դպրոցներում ծնողական կոմիտեների, խմբերի կազմավորում եւ խրախուսում։
Երեխաներին ներկայացվող պահանջներ եւ ակնկալիքներ
Տարրական դպրոցների համակարգերից շատերը որոշակի պահանջներ եւ ակնկալիքներ ունեն երեխաներից։ Երեխաները մանկապարտեզից դպրոց փոխադրվելիս պետք է տիրապետեն որոշակի հմտությունների։ Նման պահանջները ճնշում են գործադրում մանկապարտեզի ուսուցիչների, երեխաների եւ նրանց ծնողների վրա, ինչը երբեմն բացասաբար է անդրադառնում մանկապարտեզների ծրագրերի վրա. Հաճախ ուսուցիչները եւ ծնողները ստիպված են լինում երեխաներին հաղորդել այնպիսի հմտություններ, որոնք չեն համապատասխանում երեխայի զարգացման մակարդակին, կարիքներին, կամ նախադպրոցական տարիքի երեխաների կրթության լավագույն մեթոդներին։ Եթե երեխային ներկայացվող պահանջները իրատեսական չեն, ապա ուսուցիչը պետք է ջանքեր գործադրի դրանք շտկելու ուղղությամբ։ Պահանջները պետք է ներկայացվեն երեխաների զարգացման մակարդակին եւ խնդիրներին խիստ համապատասխան։ Օրինակ, եթե պահանջվում է, որ երեխան մինչեւ տասը հաշվել իմանա, ապա ուսուցիչը կարող է առաջարկել այն փոխարինել հետեւյալ պահանջով՝ երեխան պետք է կարողանա հաշվել իրեն շրջապատող առարկաները (աշխատանքային կենտրոններում խաղացող երեխաների թիվը, թխվածքաբլիթների քանակը եւ այլն), իսկ եթե տասից բարձր կարողանա հաշվել, ավելի լավ։ Որոշ դեպքերում ուսուցիչը պարտավոր է տարրական դպրոցի պահանջներն ընդգրկել մանկապարտեզի ծրագրում, եթե դրանք աջակցում են ժողովրդավարական գործընթացների զարգացմանն ու ամրապնդմանը։
Հարկ է ղեկավարվել հետեւյալ սկզբունքներով՝
Երեխաները պետք է կարողանան արդյունավետ ընտրություն կատարել ուսումնառության խնդիրների եւ նպատակների հարցում։
Երեխաները պետք է տիրապետեն հաղորդակցման հմտություններին։
Ծնողները պետք է տեղյակ լինեն իրենց երեխաների թույլ եւ ուժեղ կողմերին, հետաքրքրություններին եւ կարիքներին։
Երեխաների՝ մանկապարտեզից տարրական դպրոց փոխադրվելու ընթացքում ուսուցիչը, հիմնվելով տարբեր նպատակների, փիլիսոփայության եւ մեթոդների վրա, պարտավոր է նույնությամբ պահպանել մանկապարտեզի նախադպրոցական ծրագրի հիմնարար սկզբունքները, չձգտելով հարմարեցնել դրանք տարրական դպրոցի առանձնահատկություններին։ Սակայն նա պետք է երեխաներին նախապատրաստի նոր միջավայրին։ Դա կարելի է անել խաղերի, բեմականացման, խաղասենյակի դասավորվածությունը դասասենյակի նմանեցնելու միջոցով։ Նման մեթոդներն ավելի արդյունավետ կլինեն, եթե մինչ դրանց կիրառումը երեխաները գոնե մեկ անգամ այցելած լինեն իրենց ապագա դպրոցը։
Դպրոցական պահանջները կարող են նրանց ավելի հաճելի թվալ, եթե դուք ստեղծեք դպրոցանման միջավայր եւ նրանց աստիճանաբար ընտելացնեք այդ միջավայրին։ Երեխաներին խնդրեք, որ նրանք նստեն եւ լսեն, շարքով կանգնեն, ձեռք բարձրացնեն եւ տետրերում գրեն։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Գրքում քննարկված փիլիսոփայությունն ու փորձը համապատասխանում են Ջ. Դյուիի հիմնարար հայեցակետին, որը նա առաջին անգամ կիրառեց տարիներ առաջ Միացյալ Նահանգներում իր իսկ ստեղծած դպրոցում՝ ժողովրդավարություն սովորեցնելու նպատակով։ Մանկակենտրոն դասարաններում կրթություն ստացող երեխաները փորձում են իրենք իրենց եւ միմյանց հասկանալու լուրջ հմտություններ ձեւավորել։
Դասարաններում արտացոլվում են հասարակության արժեքները եւ մշակույթը։ Բաց, ժողովրդավարական մշակույթներում դպրոցը պետք է խրախուսի երեխաների մասնակցությունը կրթության ու դաստիարակության գործընթացներին։ Ուսուցիչներն ու ծնողները, համատեղ ջանքերի գործադրմամբ, երեխաների աճի եւ զարգացման բազում հնարավորություններ են ստեղծում, որպեսզի վերջիններս կարողանան հաղթահարել հետագա կյանքի առօրեական դժվարությունները։ Երեխաները սովորում են ծանր ու թեթեւ անել, ընտրություն կատարել, հոգ տանել իրենց մասին, արտահայտել իրենց զգացմունքներն ու գաղափարները։ Մանկակենտրոն դասարանների սաները նվիրվում են ուսումնառությանը եւ խանդավառությամբ լծվում իրենց նպատակների իրականացման գործին։
Նրանք են լինելու նոր աշխարհի նավապետները՝ հուսանք՝ ավելի բարի եւ սրտացավ աշխարհի։
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
Charney, Ruth. Teaching Children to Care. Greenfield: North-East Foundation for Children, 1992.
Derman-Sparks, Louise. Anti-Bias Curriculum. Washington: NAEYC, 1989.
Frest, J., and P. Jacobs. Play Deprivation: A Factor in Juvenile Violence. Dimensions of Early Childhood, 23 (3) (1995): 14-39.
Greenspan, Stanley, and Nancy T.Greenspan. The Essential Partnership. New York: Penguin Books, 1989.
Johnson, J.E. J.F.Christle, and T.D.Yawkey. Play and Early Childhood Development. Glenview: Scott, Foresman, and Company, 1987.
Leach, Penelope. Your Growing Child from Babyhood through Adolescence, New York: Alfred A.Knopf, 1995.
Marcon, R. Early Learning and Early Identification: Final Report of the Three Year Longitudinal Study. Washington, D.C.: Eric Reproduction Service, No. ED 331 934, 1990.
Miller, L.B., and R.P.Bizzel. Long-term Effects of Four Preschool Programs: Ninth-and-Tenth-Grader Results. Child Development 55 (4) (1984) 1570-87.
Paley, V.G. You Cant Say You Cant Play. Cambridge: Harvard University Press, 1992.
Saifer, Steffen. Practical Solutions to Practically Every Problem: The Early Childhood Teachers Manual. St. Paul: Redleaf Press, 1990.
Schweinehart, L.J., H.V. Barnes, and D.P. Weikart. Significant Benefits: The High/Scope Perry Preschool Study. Ypsilianti: High/Scope Press, 1993.
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ
ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ
«Նոյյան Տապան» տպագրատուն