Հայոց միջնադարյան պատմության, մշակույթի եւ գաղափարախոսության մեջ, հատկապես՝ Ավարայրի ճակատամարտից հետո, Հայ եկեղեցու գոյությունն ու նշանակությունը իմաստավորվել է իր ազգահավաք ու ազգապահպան մեծ գործունեությամբ, որը իրականանում էր կրոնական- գաղափարախոսական, կազմակերպական ու մշակութային բնագավառներում: Հայոց եկեղեցին վերջնականորեն ինքնահաստատվեց որպես ազգային կառույցի ամենակարեւոր հաստատություն: Փոփոխվող պատմական պայմանների ազդեցությամբ՝ եկեղեցու գոյությունը հավասարազոր էր դառնում ազգային գոյությանը: Բնականաբար, քրիստոնեությանը բնորոշ ընդհանուր աշխարհաքաղաքացիական գաղափարախոսությունը, վերացական բարոյաարժեքային ըմբռնումներն ու մարդասիրությունը Հայոց եկեղեցին ձգտում էր հաղթահարել՝ իր դավանաբանության մեջ ներառելով ազգային մտածողության, հոգեբանության ու գաղափարախոսության որոշ տարրեր, երանգներ, որոնք ծիսապաշտամունքային համակարգի մեջ ամրապնդվում էին հեթանոսական ավանդույթների ու բաղադրիչների ուժեղացմամբ: Աստիճանաբար հասարակության տարբեր շերտերում ավելի ընկալելի ու համոզիչ էր դառնում այն մտածողությունը, որ ազգային գոյության երաշխավորը Հայոց եկեղեցին է: Այսպիսով՝ կարող ենք նշել, որ V VII դարերում, ազգային ինքնությանը սպառնացող վտանգի պայմաններում, ձեւավորվում է քաղաքական ու կրոնական նոր իրավիճակ, որը հնարավորություն էր տալիս հայոց ազգի հիմնական բնորոշիչը եւ գոյության նախապայմանը համարել Հայոց եկեղեցին: Ժողովուրդը պատմականորեն ու հոգեբանորեն իր գոյության հիմնական հատկանիշը, ազգապահպանման գործոնը եւ հնարավորությունը տեսնում էր եկեղեցու մեջ ու նրա շնորհիվ:
Հայոց եկեղեցու ազգային քաղաքականությունը ավելի էր ամրապնդում այս մտածողությունը: Եկեղեցին եւ ազգը ըմբռնվում էին որպես միմյանց հետ փոխկապված ամբողջություն: Այս փոխկապվածությունը հիմք էր տալիս, որպեսզի Հայոց եկեղեցին գաղափարական պայքար մղի քրիստոնեական այլախոհ ուսմունքների, հատկապես՝ ուղղափառ Բյուզանդիայի ու կաթոլիկ Հռոմի քաղաքական ու կրոնական այն նկրտումների դեմ, որոնք ծավալվում էին հայ ժողովրդի ու Հայոց եկեղեցու դեմ: Պատմական, քաղաքական իրադարձությունների ընդհանուր համակարգում աստիճանաբար ավելի ակնհայտ էր դառնում Հայոց եկեղեցու ու նրա գաղափարախոսության ինքնակենտրոն մեծ նշանակությունը ազգային կյանքում: Եվ սրանով է պայմանավորված այն, որ միջնադարում հայկականը, ազգայինը չեն զոհաբերվել հանուն մարդկության կամ քրիստոնեության ընդհանրական գաղափարի, վերացական մարդասիրության: Փիլիսոփայական ու քաղաքական նոմինալիզմի դիրքերից՝ Հայոց եկեղեցին համարվել է բարձրագույն ու ինքնատիպ արժեք, քրիստոնեական եկեղեցիների բաղկացուցիչ մաս, քրիստոնեկան ընդհանուր գաղափարախոսության ազգային դրսեւորում: Այս է պատճառը, որ, ինչպես հիմնավորում են ուսումնասիրողները (Ս. Արեւշատյան, Գ.Գրիգորյան, Հ. Միրզոյան, Կ. Միրումյան, Ս. Զաքարյան եւ ուրիշներ), միջնադարյան կրոնափիլիսոփայական գաղափարախոսության ու քաղաքականության մեջ, հատկապես՝ դավանաբանական վեճերում, կաթոլիկության դեմ մղվող գաղափարական պայքարում եւ այլ հարցերում, հայ մտածողները առաջնորդվել են ազգայինի պահպանման գերխնդրով, ազգայինը կողմնորոշիչ է եղել նրանց համար: Հայոց եկեղեցու, նույնիսկ քրիստոնեության գոյության իմաստը հիմնավորվել է միայն ազգայինի համատեքստում: Իսկ սա առանց ազգային նպատակամղված գաղափարական (գաղափարախոսական) հիմնավորման, թեկուզ քրիստոնեական աշխարհայացքի շրջանակներում, հնարավոր չէր լինի իրականացնել: Ուստի, ակնհայտ է, որ Հայոց եկեղեցու քրիստոնեական գաղափարախոսությունը հայկական միջավայրում, մշակութային ողջ տարածքում ձեռք էր բերում ազգային յուրահատկություն: Այն վերածվում էր ժամանակի տրամաբանությամբ թելադրվող ազգային ինքնատիպ գաղափարախոսության, որը միակն ու տիրապետողն էր ողջ միջնադարյան Հայաստանում (այս դեպքում նկատի է առնվում, որ պավլիկյան ու թոնդրական շարժումները ունեցել են ժամանակավոր բնույթ ու լայն տարածում չեն գտել): Գաղափարական այս նոր սկզբունքի ձեւավորման գործում մեծ դեր կատարեցին ազգայինին նվիրված հայ նշանավոր մտածողները՝ Մեսրոպ Մաշտոցը, Եզնիկ Կողբացին, Եղիշեն, Հովհաննես Օձնեցին, Հովհաննես Սարկավագը, Ներսես Շնորհալին, Հովհանն Որոտնեցին, Գրիգոր Տաթեւացին եւ ուրիշներ, ովքեր տեսականորեն ու պատմական նյութի ընձեռած հնարավորություններով հիմնավորեցին ազգայինի գոյության ու զարգացման այն նոր իդեալը, որը ձեւավորվեց Հայոց եկեղեցու ինքնահաստատման ընթացքում: Հայ պատմիչների պատմագրական աշխատությունները եւս հաստատում էին գաղափարական այս նույն սկզբունքը, քանզի հայ ազգի գոյության, նրա ինքնազարգացման ու ինքնակազմավորման հնարավորությունը նրանք տեսնում էին այդ նույն համակարգի մեջ:
Պատմամշակութային ու գաղափարական այսպիսի հենքի վրա, XVII դ. եւ հատկապես` XVIII դ. սկսվում է աշխարհիկ գաղափարախոսության ձեւավորման գործընթացը, որն ավելի է համակարգվում XIX դարում՝ զգալիորեն հակադրվելով նաեւ կրոնական գաղափարախոսությանը: Սակայն նույնիսկ այս դեպքում՝ ազգային գաղափարախոսությունը որպես անհրաժեշտ տարր իր մեջ ներառում է նաեւ ազգայինին կողմնորոշված քրիստոնեականը, Հայոց եկեղեցին դարձյալ համարվում է ազգակազմավորման ու ազգապահպանման կարեւոր գործոն:
Հատկանշական է այն, որ հայոց պատմության մեջ առաջին անգամ XIX դարի հայ տեսական մտքում է, որ հատուկ կարեւորություն է տրվել ազգի գոյության ու ձեւավորման գործոնների, հնարավորությունների, ազգային կյանքի կազմավորման պայմանների ու չափանիշների, դրանց դերի ու նշանակության ուսումնասիրության հարցերին: Ազգի ու ազգայինի ընդհանուր գերակայությամբ կրոնական ու աշխարհիկ մտածողության շրջանակներում ձեւավորվել են տարբեր մոտեցումներ ու տեսակետներ: Այս առումով առանձնանում են հատկապես կրոնական, պահպանողական ու ազատական հասարակական հոսանքների մոտեցումները: Կրոնական հասարակական հոսանքը՝ իրեն բնորոշ քրիստոնեական գաղափարախոսությամբ ու աշխարհայացքով, շարունակում է այն հիմնական սկզբունքը, որ ազգի վերաբերյալ ձեւավորվել էր միջնադարում: Սակայն, ի տարբերություն այդ ժամանակաշրջանի, երբ կրոնական գաղափարախոսությունը բացարձակ էր ու անքննադատելի, XIX դարում իրավիճակը փոխվել էր: Կրոնական հոսանքի ու գաղափարախոսության դեմ պայքարում ձեւավորվում ու հայ մտավոր կյանքում հեղինակություն էր ստանում նաեւ ազատական հոսանքը՝ ժողովրդավարական, լուսավորական իր հիմնական սկզբունքներով ու արմատականությամբ: Մասամբ սահմանափակվում են Հայոց եկեղեցու գործունեության շրջանակները (օրինակ Արեւմտյան Հայաստանում դա կարգավորվում էր Սահմանադրության ընձեռած հնարավորություններով, ազգային ժողովի լիազորություններով): Այսուհանդերձ, կրոնական հոսանքը ողջ դարի ընթացքում մնում էր ամենատարածվածն ու ժողովրդականացվածը, քանզի դարերից եկող քրիստոնեական գաղափարախոսությունը, Հայոց եկեղեցու դավանաբանությունն ու պաշտամունքը ավելի հասկանալի ու հարազատ էին հայության մեծամասնության համար: Չնայած քննադատությանը եւ ակնհայտ դարձած տեղատվությանը, ղՈռ եկեղեցին եւ հոգեւորականությունը (խոսքը առանձին անհատների մասին չէ ) ժողովրդի գիտակցության մեջ մնում էին որպես անփոխարինելի ուժ ու հեղինակություն, հայության շահերը արտահայտող, ազգային կյանքի կազմակերպումը իրականացնող գործոն: Այսպիսի պայմաններում ազգի գոյության վերաբերյալ ձեւավորվում են երկու հիմնական սկզբունք.
1. Հասարակական-գաղափարական ու մշակութային ասպարեզներում ինքնահաստատվող ազատական հոսանքը (Ն.Զորայան, Ստ.Նազարյան, Մ. Նալբանդյան, Մ. Մամուրյան եւ ուրիշներ) իր գաղափարական սկզբունքներով զգալիորեն սնվում էր նաեւ եվրոպական լուսավորականությունից ու քաղաքական փորձից: Եվ պատահական չէ, որ ուղղակիորեն հակադրվելով կրոնական ու պահպանողական հոսանքներին, հայ լուսավորիչները, ազատականները կրոնը համարում էին ազգակերտիչ գործոններից ( լեզու, քաղաքականություն - պետություն, մշակույթ, մարդաբանական - կենսաբանական յուրահատկություն, պատմություն, ավանդություն - սովորություն եւ այլն ) մեկը, նույնիսկ ոչ կարեւորը, փորձում էին հարցերը քննել ու հիմնավորել տարբեր գործոնների համադրության ու համակարգի մեջ: Այս տեսանկյունով ձեւակերպվում է նաեւ նրանց հիմնական սկզբունքը՝ անկախ կրոնադավանաբանական տարբերություններից (հայ առաքելական, կաթոլիկ, բողոքական,մահմեդական)՝ հայը մնում է հայ:
Այսպես, Գր. Արծրունին նշում է, որ «Ազգության գլխավոր հիմունքները երեքն են՝ ցեղը, լեզուն, հայրենիքը», իսկ կրոնը սրանց համակարգում համարվում է երկրորդական, պայմանական երեւույթ1: Այս մոտեցմամբ՝ նա գտնում է, որ ազգը պատմականորեն ձեւավորված օրգանական մարմին է, եւ հայ մարդը մարդաբանորեն դառնում է այդ մարմնի ու նրա հատկությունների կրողը: Նշանակում է՝ անկախ դավանաբանական տարբերություններից, հայը մնում է որպես հայ: Նրա, ինչպես ժամանակի շատ մտածողների համար՝ հայ մարդ - հայ ազգություն /հայկականություն/ կապը գոյաբանական է ու արժեբանական եւ ունի բնապատմական ու մշակութային պայմանավորվածություն: Ուստի, պոզիտիվիզմի ընդհանուր մեթոդաբանության դիրքերից, նա նշում է. «Ինչպես մի մարդու բնավորությունը զանազանվում է ուրիշից, կախված լինելով մարմնի կազմվածքից, կլիմայից, որտեղ մարդը ծնվել է, որի ազդեցության տակ մեծացել է ու կրթվել, այն շրջանից, որտեղ մարդս երեխայությունից պտտել է, կյանքի ընթացքի հանգամանքներից, - նույնպես եւ ազգության գոյությունը լինելով պատմական եւ օրգանական, նրա բնավորությունն էլ կախված է ցեղից, հայրենիքի աշխարհագրական եւ տեղագրական դիրքից, կլիմայից, պատմական ընթացքի հանգամանքներից ..
Ազգության մարմինը գոյանում է, մեծանում է եւ կազմակերպվում, ինչպես եւ մեծանում ու կազմակերպվում է կենդանու կամ մարդի մարմինը, ենթարկվելով շրջանի ազդեցությանը:
Այն, ինչ դարերով կազմակերպվել է՝ երկրի, պատմության, կլիմայի, ցեղի ազդեցության տակ, անկարելի է մի րոպեում փոխել ասելով՝ այս օրվանից սկսած ես էլ հայ չեմ»2: Ըստ Չիլինկիրյանի՝ «Հայերի ազգայնությունը իրենց հայությունն է: Եվ իբրեւ հայ հանդես են գալիս այն բոլոր անհատները, որոնք ունեն հայության տարրերը՝ հայերեն են խոսում, հայերեն են գրում, պահում են տոհմային ավանդույթները, սովորույթները, թեեւ տարածված լինեն տարբեր տեղեր»3:
2. Կրոնական հոսանքի գաղափարական հայեցակարգում ամրապնդվում է Հայոց եկեղեցու ավանդական այն տեսակետը, որ հայ ազգի ու հայ մարդու ազգակերտիչ ու ազգապահպան հիմնական միջոցը այդ եկեղեցին է՝ ազգային իր գործունեությամբ եւ ազգայինով իմաստավորված գաղափարախոսությամբ: Մնացած բոլոր ազգակերտիչ գործոնները՝ լեզու, մշակույթ, ավանդույթներ եւ այլն, ածանցյալ են համարվում այդ հիմնականին: Այս գաղափարը հիմնավորում են Հ. Չամուռճյանը, Գ.Այվազովսկին, Մ.Մսրյանը եւ կրոնական հոսանքի այլ ներկայացուցիչներ:
Պահպանողական հոսանքը այս հարցում ընդհանրական շատ եզրեր ունի կրոնականի հետ: Հայոց եկեղեցին համարելով ազգակերտման ու ազգապահպանության կարեւոր գործոն՝ պահպանողականները կարեւորում են նաեւ լեզվի, մշակույթի, ազգային ավանդույթների, աշխարհագրական գործոնների դերը: Նման մոտեցումը բնորոշ է Մ.Աղաբեկյանին, Պ.Սիմոնյանին, Ս. Սպանդարյանին, Ա. Հովհաննիսյանին: Պահպանողական ու կրոնական գաղափարախոսների տարբերությունը այս հարցում էական չէ: Երկու հոսանքների ելակետը նույնն է՝ պետականության կորստից հետո Հայոց եկեղեցին հայության ու հայ մարդու գոյության համար ունեցել է եւ շարունակում է ունենալ հիմնարար նշանակություն. այն ազգահավաքման ամենակազմակերպված ու հայությանը միասնական կենտրոնի ու գաղափարի շուրջ համախմբող ուժն է: Սակայն կրոնական հոսանքը գաղափարական իր փաստարկները հիմնականում իրականացնում էր քրիստոնեության ոգով ու հնարավորություններով, այնինչ՝ պահպանողականների համար էական էր նաեւ աշխարհիկ մտածողությունն ու գիտության նվաճումները:
Կրոնական ու պահպանողական հոսանքների նշված ընդհանուր մոտեցումը ունի պատմաճանաչողական, հոգեբանական, քաղաքակրթական ու ազգաբանական հիմնավորումներ: Ինչպես հայտնի է՝
- պատմականորեն կրոնը, առավել եւս ազգային կրոնը, հավատալիքները կարեւոր նշանակություն ունեն էթնիկ հանրույթների ձեւավորման, ազգային որակների, գիտակցության կազմավորման ու հասունացման, էթնիկ փոխհարաբերությունների, արժեքների հաստատման համար: Նրա դերը չափազանց մեծ է նաեւ ազգային մշակույթի ու մշակութային գիտակցության ձեւավորման գործում: Կրոնական գիտակցությունը ներթափանցում է նաեւ ազգային հոգեբանության տարբեր շերտերի մեջ:
- Ինչպես նշվեց վերեւում, Հայոց եկեղեցին Հայաստանում, հատկապես պետականության անկումից հետո, գաղափարական եւ քաղաքական նոր պայմաններին համապատասխան, շարունակեց ազգակերտման, ազգապահպանման, ազգային միասնության հաստատման գործունեությունը: Թշնամական ու այլադավան ժողովուրդների հարեւանության պայմաններում, հիրավի, սա դժվարին ու բարդ խնդիր էր եւ ոչ միշտ էր հնարավոր հասնել ցանկալի նպատակների: Բայց Հայոց եկեղեցին միշտ, նաեւ օտարների տեսանկյունով, ընկալվեց որպես ազգային արժեք ու ազգայինի պահպանման հիմնական կռվան: «Ազգ», «հայրենիք» եւ «եկեղեցի» հասկացությունները թվում է նույնանում էին: Եկեղեցու նկատմամբ ոտնձգությունը ըմբռնվում էր որպես ոտնձգություն ազգայինի ու ժողովրդի նկատմամբ եւ հակառակը: Այսպես, Մ. Աղաբեկյանը պնդում է. «Մեր եկեղեցին այսօր մեր հայրենիքն լինելով՝ պետք է պաշտպանենք որ եւ է թշնամիներու դեմ թե ազգային եւ թե քրիստոնյա»4: Ըստ Չամուռճյանի՝ հայի ազգային կապը կրոնն է, հետեւաբար վերջինս քննադատողները ազգի թշնամիներն են: Ահա, այս մոտեցմամբ կարելի է գնահատել կրոնական գաղափարախոսության ներկայացուցիչների ու պահպանողականների վերաբերմունքը կրոնի ազգակերտիչ ու ազգապահպան նշանակության մասին: Այս տեսակետից կարելի է նաեւ հասկանալ 19- րդ դարի մտածողությանը բնորոշ հետեւյալ ըմբռնումը՝ հայությունը վերածվել է աստվածապետական ազգի:
Նման գնահատականը, առավել եւս իսլամական ժողովուրդների հարեւանությամբ ապրող ու արեւելյան մտածողությամբ առաջնորդվող քաղաքակրթության պայմաններում, արդարացի էր: Սակայն, ձեւավորվում էր նաեւ այն վտանգավոր տեսակետը, որ այլ դավանանք ընդունած հայերը դադարում են հայ լինելուց: Ուստի՝ հայ լինելու չափանիշը համարվում էր Հայոց եկեղեցու դավանաբանությանը հետեւելը: «Մեղու Հայաստանի»-ում նշվում է. «լուսավորչական եկեղեցին, որն է ազգային ..
ազգության անդամների մեջ հայության ոգին եւ դժբախտ հայրենիքի ազատության հույսը կենդանի է պահել: Ով որ իրան հայ է զգում
նա չի կարող չը հարգել, չը պատվել յուր անցյալը, յուր նախահայրերի գերեզմանը, յուր ազգային եկեղեցին»5: Ազգի կազմավորման ու հայապահպանության գործում կրոնի նշանակության մասին հայ մտածողների այսպիսի պնդումները հասկանալու համար՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետեւյալ հանգամանքին եւս: Հայապահպանման խնդիրը XIX դարի կեսերից սկսած ուներ մեծ հրատապություն եւ պայմանավորված էր մի շարք հանգամանքներով: Տարբեր հայկական գաղթօջախներում ձեւավորվում էր տիրապետող ազգերի մեջ հայության ձուլվելու, ազգայինը՝ լեզուն, կրոնը, մշակութային, հոգեբարոյական արժեքները կորցնելու, մոռանալու, աղավաղելու վտանգը: Հաճախ սա կատարվում էր եվրոպացվելու, քաղաքակրթվելու, եվրոպական ազգերին նմանվելու ձգտումով: Ավելին՝
- Հայաստանում ու հայաբնակ այլ վայրերում լայն տարածում էր ստանում կաթոլիկ ու բողոքական քարոզիչների գործունեությունը: Դարի երկրորդ կեսին դա հատկապես պատուհաս էր դարձել արեւմտահայության համար: Կրոնական ասպարեզում՝ արեւմտահայությունը եւ Հայոց եկեղեցին պետք է դիմակայեին ոչ միայն իսլամի, այլ նաեւ կաթոլիկության ու բողոքականության հարձակումներին, հայությանը դավանափոխ անելու նրանց ձգտումներին:
-Տնտեսական, քաղաքական, կրոնական ու բարոյական ճնշման, հալածանքների ենթակա արեւմտահայության մի մասը դավանափոխության մեջ հաճախ տեսնում էր այդ վիճակից դուրս գալու, իր կյանքի ու գույքի անվտանգությունը ապահովելու հնարավորությունը, քանզի ստանում էր նշված կրոնները ներկայացնող համապատասխան երկրների աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների նյութական, մշակութային, քաղաքական հովանավորությունը (խոսքը կաթոլիկության ու բողոքականության մասին է):
- Հայերի իսլամականացումը, որը նաեւ ենթադրում էր նրանց անխուսափելի թուրքացում ու քրդացում, ուներ դարերի պատմություն եւ հիմնականում իրականացվում էր բռնի միջոցներով: Այդպիսով իսլամադավան հայը պահպանում էր իր ֆիզիկական գոյությունը: Բայց, դրա փոխարեն նա քաղաքակրթական, մշակութային նոր բան չէր չէր ստանում: Թուրքական հոգեւոր ու աշխարհիկ իշխանությունները այդպիսով իրականացնում էին նաեւ իրենց ազգակազմավորման խնդիրները, պայմաններ ստեղծում էթնիկ որակների զարգացման համար: 19-րդ դարում դա կազմում էր օսմանականության ու համաիսլամականության քաղաքական ծրագրերի մասը:
- Կաթոլիկադավան ու բողոքականադավան հայերը հաղթահարում էին իսլամականացման վտանգը: Սակայն ցավալին հատկապես այն է, որ դավանափոխությունը հաճախ նույնացվում էր ազգափոխության հետ: Անտեսելով էթնիկ - ազգային որակների նշանակությունը՝ ազգային պատկանելությունը նույնացվում էր դավանվող կրոնի հետ: Սրվում էր հակասությունն ու թշնամանքը տարբեր դավանանք ներկայացնող հայերի մեջ:
Ահա նման պայմաններում է, որ հայ աշխարհիկ ու կրոնական մտավորականության համար սկզբունքային նշանակություն է ստանում ազգապահպանությունը (հայապահպանությունը), ազգային միասնության հաստատումը: Ազգային որակների կազմավորման իմաստն ու նշանակությունը հիմնավորելու համար, միմյանց են զուգորդվում ազգաբանական ու մարդաբանական, կրոնական, փիլիսոփայական ու հասարակական-քաղաքական փաստարկներն ու տեսակետները: Այսպես՝ անդրադառնալով այս խնդիրներին, «Արեւելյան մամուլ»-ում նշվում է, որ մարդկությունը տարբեր ազգերի ամբողջություն է՝ ձեւավորված ցեղերի, կլիմայի, բարոյական ու կրոնական եւ այլ կարգի տարբերությունների շնորհիվ: Ազգերի առաջացումը բնական, հասարակական երեւույթ է: Հետեւաբար, «Ազգությունները ճզմելու կամ միավորելու ճգնողն ոչ միայն բնության, այլեւ նույն իսկ իր էության դեմ ստեպ անգետս կգործե եւ իր ծոցը մեծ հեղաշրջումներ կպատրաստե: Հնար չէ անկլիացին գաղիացի դարձնել եւ ոչ ամերիկացին անկլիացի»6: Բերված քաղվածքում արդեն անառարկելի է ժամանակի մտածողության ոգին արտահայտող այն գաղափարը, որ մարդու ազգային պատկանելությունը, ազգային որակները անփոխարինելի են եւ խիստ անհատականացված: Մարդը գոյաբանորեն առաջանում ու մնում է որպես տվյալ ազգի ներկայացուցիչ, եւ դա մարդու գոյության իսկական ձեւն է, կեցության միակ եղանակը:
Կրոնական հոսանքը եւս առաջադրում ու հիմնավորում է այս նույն պահանջը, սակայն այլ շեշտադրումով՝ այն է, ազգայինի պահպանման մեջ Հայոց եկեղեցու գերակայության ապահովման պահանջով: Եվ սա ոչ թե վերացական ու դոգմատիկ պահանջ է, այլ ունի որոշակի տրամաբանական, պատմական ու քաղաքակրթական հիմնավորումներ ազգային ու տարածաշրջանային չափանիշներով: Այսպես, Գ. Այվազովսկին գտնում է, որ կրոնի ու ազգի փոխհարաբերության հարցը քննելիս պետք է առաջնորդվել ոչ թե եվրոպական երկրների փորձով, այլ ազգային կյանքի հնարավորություններով: Ըստ նրա, պետաիրավական կայուն համակարգ ունեցող, քաղաղաքական սկզբունքներով առաջնորդվող Անգլիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի համար ներազգային կրոնական տարանջատվածությունը էական նշանակություն չունի ու ազգային հիմնախնդրի չի վերածվում: Այնինչ Արեւելքում դա ունի էական նշանակություն, քանզի այստեղ ազգային պատկանելությունը զգալիորեն նույնանում է դավանվող կրոնի հետ: Այդպես է հատկապես Օսմանյան կայսրության մեջ: Ու թեեւ կրոնի ու ազգի տարբեր երեւույթներ լինելը անառարկելի է, սակայն հայ ազգը «հիմիկվան ժամանակս իր հավատքին ու աստվածապաշտության արարողություններեն ի զատ ազգային հոգվո նեցուկ մը եւ ներքին միության կապ մը չունի»:7 Նույն տեսակետն են արտահայտում նաեւ Մ. Աղաբեկյանն ու Հ. Չամուռճյանը: Ըստ վերջինիս՝ հայությունը ապրում է պետաքաղաքական տարբեր համակարգերի մեջ, տարբեր օրենքների ենթակայությամբ ու պահանջներով, ուստի այդ տեսանկյունից չունի միության ու ազգային միասնության հնարավորություններ: Սակայն հայը ունի ազգային մի այլ ընդհանուր հոդակապ՝ « Եվ այս կապը կրոնից միության կապն է. որով իրարու հետ կը միանա ամեն հայ»8:
Կրոն, կրոնական ազգային միություն ասելով հայ մտածողները հասկանում են ոչ թե քրիստոնեությունը ընդհանրապես, այլ դրա ազգայնացված, հայկականացված տարբերակը, որով նրանք հակադրվում էին նաեւ հայ կաթոլիկների ու բողոքականների կրոնական ու ազգային նկրտումներին: Այսպիսով՝ նրանք հայի ազգային ու կրոնական պատմությունն ու արժեքների համակարգերը շաղկապում էին միմյանց, վերցնում միասնության ու ընդհանրության մեջ, ընդգծում քրիստոնեության հետ ունեցած ընդհանրությունն ու տարբերությունը հենց ազգային անհրաժեշտությամբ: Այվազովսկին այս կապակցությամբ նշում է. « Բնիկ Հայ կամ ճշմարիտ Հայ նա է միայն՝ որ յուր ազգային սեպհական եկեղեցվո դավանանքը անխառն կպահպանե, հանդերձ մեջի արարողություններովն ու ծեսերովը»9 : Ու թեեւ հայը որպես քրիստոնյա քրիստոնեական «մեծ ազգի» մասն է կազմում, սակայն « մեր փնտրածը այդ կրոնական ազգությունը չէ, հապա ազգային կրոնը կամ դավանությունն է՝ իբրեւ գլխավոր ու որոշիչ նշան Հայուն»10: Ինչպես տեսնում ենք՝ հայ ազգի բնորոշման ու ինքնադրսեւորման գործում Այվազովսկին կարեւոր նշանակություն է հատկացնում ազգային դավանանքին եւ միայն դրա հիման վրա լեզվին ու այլ « բնական կամ պատահական հատկություններին»:
Ազգ - կրոն փոխհարաբերության ըմբռնման նշված կարեւորությունը , ժամանակի մտածողության տրամաբանվածությունն ու հիմնավորվածությունը հասկանալու համար, վկայակոչենք նաեւ պահպանողականների վերաբերմունքը այս հարցի վերաբերյալ: Ըստ Աղաբեկյանի՝ « Հայաստանյացս Եկեղեցին ունի... ինչպես իրան քրիստոնեական ճշմարիտ հավատո, հուսո եւ սիրո անսպառ աղբյուրն, նոյնպես եւ ազգային զգացմանց արտաքին տիպն, ազգայնության ծեսերն.... Նա ամփոփում է իրան մեջ որպես ճշմարիտ քրիստոնեություն, նոյնպես եւ ճշմարիտ ազգայնություն... Հայերի համար կրոնական եւ ազգային հանդեսներն մի են եղել եւ ոչ թե տարբեր: Եկեղեցին նրանց ազգայնության կենտրոնն է եղել, ուր ցոլացել են միաբանության եւ հայրենասիրության բոցափայլ ճառագայթներն»11:
Ազգի կազմավորման ու գոյության գործում Հայոց եկեղեցու նշանակության ընդգծումը այն հիմնական կռվանն էր, որով կրոնական հոսանքի ներկայացուցիչները հիմնավորում էին հայության ինքնությունը, դրա պատմական անհրաժեշտությունը: Սակայն անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել, որ կրոնական հոսանքի գաղափարախոսները երբեք չեն մերժել ազգակերտիչ ու ազգապահպան մյուս գործոնների՝ լեզվի, մշակույթի, պետության, արժեքների եւ այլնի նշանակությունը: Պարզապես հաշվի առնելով հայության ու Հայաստանի պատմականորեն ձեւավորված իրավիճակը, նրանք գերակայում են Հայոց եկեղեցու դավանաբանության ու պաշտամունքի նշանակությունը՝ եկեղեցին համարելով այն համակարգիչ ուժը, որով հիմնական նպատակին պետք է ծառայեն մնացած բոլոր գործոնները՝ հնարավորություն ստեղծելով ազգային կյանքի համընդհանրության կազմավորման համար: Այս տեսակետից, կրոնական հոսանքի ներկայացուցիչները իրոք իրատես էին ու ճիշտ էին գնահատում պատմական իրավիճակը: Պետականության բացակայության պարագայում միայն Հայոց եկեղեցին էր, որ ուներ ազգային կազմակերպական հնարավորություններ, համընդգրկուն ճանաչում, դարերի փորձ եւ ի վիճակի էր իրականացնել ազգապահպանման խնդիրը: Եկեղեցին ժողովրդի հետ հաղորդակցման մեջ մտնելու, նրան համախմբելու, ներազգային հոգեւոր, բարոյական հարաբերությունները կարգավորելու, կրթական, մշակութային գործունեությունը իրականացնելու, ազգը աշխարհին ներկայացնելու միակ հնարավոր միջոցն էր: Հետեւաբար, այս դեպքում Հայոց եկեղեցի ասելով՝ պետք է նկատի ունենալ ոչ թե դա ինքնին վերցրած, մի բան, ինչը ընդգծում են կրոնական հոսանքի ու կրոնի քննադատները, այլ այն ամենը, ինչը եկեղեցու միջոցով ծառայում էր ազգապահպանման գերնպատակին իր աշխարհիկ ու կրոնական ամբողջության մեջ:
Նշված տեսակետից հասկանալի է նաեւ հայ մտածողների (կրոնական եւ աշխարհիկ) բացասական վերաբերմունքը ազգի ձեւավորման ու գոյության վերաբերյալ Եվրոպայում գոյություն ունեցող ըմբռնումների նկատմամբ: Այսպես, հայտնի է, որ եվրոպական քաղաքական մտքի մեջ մինչեւ օրս գոյություն ունեցող տեսակետներից մեկի համաձայն՝ ազգի կազմավորման ու գոյության հիմնական միջոցը պետաիրավական համակարգն է, եւ ազգ դառնալու նախապայմանը հատկապես ժողովրդի (նույնիսկ տարբեր ժողովուրդների) հավաքականությունն է որեւէ պետության մեջ: Այս տեսակետից երկրորդական է համարվում նաեւ այդ համակարգում քաղաքականապես համախմբված մարդկանց էթնիկ ու կրոնական տարբերությունները: Հայ տեսական միտքը քաղաքական այս մոդելը ավելի շատ ըմբռնում է որպես իդեալ, որը հնարավոր է իրականացնել ոչ թե ժամանակատարածային բոլոր պայմաններում ու բոլոր էթնիկ հանրությունների համար, այլ միայն որոշ դեպքերում:
Տեսնենք, թե այս մոտեցման նկատմամբ ինչպիսի վերաբերմունք ունի նշանավոր կրոնական, եկեղեցական ու մշակութային գործիչ, քրիստոնեաբան Մ. Օրմանյանը: Ազգայինի գոյության ու զարգացման տեսակետից՝ ինչպես ժամանակի այլ մտածողներ, օրինակ, Այվազովսկին եւ ուրիշներ, Օրմանյանը եւս բացասական վերաբերմունք է արտահայտում ազգի կազմավորման ու գոյության վերաբերյալ եվրոպական մտքում գոյություն ունեցող որոշ ըմբռնումների նկատմամբ: Նա, նկատի ունենալով նաեւ հայ ժողովրդի պատմական փորձը, նրա ստեղծած հարուստ մշակույթը, եկեղեցական կայուն համակարգը, շեշտը դնում է ազգին բնորոշ ինքնածին որակների ու հատկությունների վրա, հիմնավորում է, որ ազգի կազմավորման համար պետաքաղաքական գործոնը ավելի շատ ունի արտաքին նշանակություն: Ըստ նրա՝ Եվրոպայում «ազգ բառը պետության թէ ոչ հոմանիշ գոնե անոր միացյալ կըմբռնեն, եւ ազգություն անդ միայն կընդունին ուր եւ պետական առանձին դիրք մը կա. եւ ըստ այսմ բոլոր այն ժողովուրդք որք յուրաքանչյուր պետության էական կամ ամբողջացուցիչ մասերը կը կազմեն՝ համազգիք կանվանին, առանց խտրելու թե զանազան ժողովուրդ են, զանազան լեզու ունին եւ զանազան հատկություններ: Ինչչափ ալ այդ առումը ոմանց համար օրինավոր ըլլա եւ այլոց համար սովորական, ես բավական կը սեպեմ հիշեցնել միայն թե այդ չէ ընդհանուր եւ ճիշտ առումը, եւ ոչ այսու առմամբ վարեցավ եւ կը վարի բովանդակ քաղաքականացյալ աշխարհը
. ուստի օրեն է ինձ՝ որ երբ Հայության վրա կը խոսիմ եւ իրեն ազգության ձիրքերը կը հիշատակեմ, լռեմ բնավին յուր պետական կացության նկատմամբ, եւ ամենայն իրավամբ պնդեմ թե ինքն ազգային գոյության ամեն ձիրքերը ունի, թեպետ եւ պետականը չունենա»12:
Օրմանյանը հարցը քննում է նկատի ունենալով դրա քաղաքական, բարոյական, մարդաբանական յուրահատկությունը՝ հիմնված հայ ժողովրդի հազարամյա պատմության, նրա անառարկելի գոյության փաստի ու զարգացման միտումների վրա, որով հայը (հայ ազգը) իր գոյությամբ «քաղաքական ազգի մը սեպհական կատարելությունները կը ցուցնե», քանզի նա կա «ոչ իբր պատմական հիշատակ, այլ իբրեւ կենդանի եւ քաղաքական կյանքով ճոխացյալ ազգ մը»13: Հետեւաբար, հայ ազգը իր գոյությունը պահել է ոչ թե արտաքին գործոնների (պետություն, իշխանություն եւ այլն), այլ ներքին հատկությունների (արիություն, միաբանություն, զգացմունքներ, հոգեւոր կերտվածք եւ այլն) շնորհիվ, որի կրողն է նաեւ հայ անհատը: Որպես պետական, քաղաքական կառույցով ազգի գոյության հաստատման հակակշիռ, նույնիսկ ավելի կարեւոր հանգամանք, նա, ինչպես ժամանակի այլ մտածողներ, շեշտադրում է ազգային հատկությունների, գործոնների կարեւորությունը: Օրմանյանի քաղաքական մտածողությունն ու հայության պատմական փորձը հուշում են այն ճշմարտությունը, որ անգամ պետականության կործանումից հետո՝ ազգը կարող է գոյություն ունենալ եւ հավասարվել պետական կառույց ունեցող ազգերին, եթե ունի ազգի գոյության համար անհրաժեշտ մնացած էական հատկությունները՝ լեզուն, կրոնը, պատմություն-ավանդությունը, ազգակազման համար անհրաժեշտ մարդկության բազմությունը, սեփական հայրենիքը, ազգային ներքին էությամբ պայմանավորված հոգին, բնավորությունը, կազմակերպվածությունը:
Այս տեսակետից, Օրմանյանը հայակերտման հիմնական գործոնների համակարգում ընդհանրացնող նշանակություն է հատկացնում նաեւ «հայության հոգի» հասկացությանը: Փորձելով բացահայտել այդ հոգու էությունը, նա առանձնացնում է դրա որոշ հատկություններ, որակներ, ցույց տալով, որ այդ հոգին արտահայտում է հայությանը, հայ մարդուն բնորոշ ներքին կեցության ինքնատիպությունը, գոյության եւ ինքնադրսեւորման անկրկնելի ինքնությունը: Հայության հոգուն բնորոշ ընդհանուր իղձերի, զգացմունքների, ձիրքերի, կարողությունների համակարգում՝ նա առանձնացնում է հատկապես ձգտումը դեպի անհատականությունը, աշխույժ բնավորությունը, մտքի սրությունը ու սլացքը, արիությունը, որով դիմակայում է կյանքի դժվարություններին ու անակնկալներին, աննկուն հարատեւությունը, որով պահպանում է իր «ազգությունը եւ կրոնքը, լեզուն եւ սովորությունը», միաբանությունը, որով համախմբվում են ազգի անհատները՝ բարին եւ ընդհանրությունը պահպանելու, կատարելագործելու համար եւ այլն: Հայության հոգին համարելով հայության ու հայ մարդու ձեւավորման, համախմբման, հայկականության պահպանման պատմականորեն ձեւավորված ու ամրակայված որակը, հասունացման չափանիշը՝ Օրմանյանը նշում է. «Հայությունն ունի ուրեմն ազգության հոգին, վասն զի ունի պահանջված պայմանները»14:
Ինչպես տեսնում ենք, Օրմանյանը իրատեսությամբ է ըմբռնում ու քննում հայության գոյության ու պատմական առաքելության հարցը: XIX եւ XX դարերի սահմանագծում կարծես նա յուրովի ընդհանրացնում է նաեւ ազգի ու ազգայինի վերաբերյալ հայ կրոնական ու աշխարհիկ մտածողների հիմնական ըմբռնումները, ավելի որոշակի ընդգծելով, որ դրանց տարբերությունները հիմնականում շեշտադրումների մեջ է, եւ կարեւորը այն է, որ հայությունը իր գոյության բոլոր բնութագրումներով, գոյության ինքնածին գործոններով ու կրոնով գտնվում է քաղաքակրթության զարգացման բարձր աստիճանում եւ միայն քաղաքական գործոնով կամ եվրոպական չափանիշներով չէ, որ պետք է գնահատել ազգի գոյությունը:
Ազգագոյացման ու ազգապահպանման վերաբերյալ հայ մտածողների ըմբռնումները պատմաճանաչողական ու մեթոդաբանական նշանակություն ունեն նաեւ մեր օրերում: Հայաստանի անկախացման գործընթացը իրականանում է պատմական մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ աշխարհում ուժեղանում են տնտեսական, մշակութային, արժեքային ու քաղաքական համահարթեցման ու համընդհանրացման (գլոբալացման) ընդգծված միտումները: Սա մեծ վտանգ է ներկայացնում հատկապես փոքրաքանակ ազգերի, այդ թվում հայության ազգային ինքնության պահպանմանը: Եվ այստեղ ոչ մի նշանակություն չունի այն հանգամանքը, որ, ի տարբերություն XIX դարի, հայ ժողովուրդը ներկայումս ունի պետականություն: Իրականում չափազանց կարեւոր է այդ պետության մշակութային ու ազգային կողմնորոշվածության ամրապնդման խնդիրը, որը պետք է դառնա նրա հիմնական քաղաքականությունը ներազգային ու միջազգային ոլորտներում: Եվ այստեղ հատկապես կարեւորվում են ազգի էթնիկ որակների, նրա մշակութային դիմագծի պահպանումը, ազգային կրթության սկզբունքների մշակումն ու ամրապնդումը որպես ՀՀ պետական քաղաքականության հիմնական խնդիրների բաղադրիչներ: Այս դեպքում, թվում է եկեղեցին այլեւս անելիքներ չունի հասարակության մեջ, հատկապես ազգային խնդիրների ձեւավորման ու դրանց իրականացման բնագավառներում, ազգայինի պահպանման ու զարգացման գործերում: Բայց, իրականում, այս հարցում մեծ անելիքներ ունի նաեւ Հայոց եկեղեցին, որի կրոնական ու աշխարհիկ ռազմավարության մեջ նույնպես առանցքային պետք է մնան այդ խնդիրները: Վերջիններիս իրականացման շնորհիվ է, որ Հայոց եկեղեցին կարող է վերաիմաստավորել ու վերահաստատել իր գոյության պատմական անհրաժեշտությունը ազգային կյանքում ու պետության հետ ունեցած համադրության մեջ: Սա այն բնագավառն է, որում, ճիշտ մարտավարություն մշակելու դեպքում, չի կարող հակասություն առաջանալ եկեղեցու, պետության, ժողովրդի ու ազգայինով առաջնորդվող հայ առաջավոր մտավորականության միջեւ: Այստեղ անհրաժեշտ է իրականացնել միայն գաղափարախոսական ու կազմակերպական լայն աշխատանքներ, այն էլ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ամբողջ սփյուռքում:
Համազգային այս խնդրի իրականացման կարեւոր բաղադրիչներից է նաեւ այլածին աղանդների գործունեության դեմ պայքարի հարցը: Ներկայումս Հայոց եկեղեցու գերնպատակներից մեկը պետք է դառնա նրա վճռական պայքարը օտարամուտ ու հակազգային բոլոր կարգի ուժերի ու երեւույթների, արժեքների ու նորմերի, այդ թվում նաեւ աղանդների դեմ: Եվ այս խնդիրը իրականացնելու համար, եկեղեցին պետք է համագործակցի նաեւ հայ կաթոլիկ եւ բողոքական եկեղեցիների, համապատասխան համայնքների, հասարակական ու քաղաքական կազմակերպությունների, ժողովրդի լայն շերտերի հետ: Պատմական փորձը հուշում է այն մասին, որ բոլոր դարերում Հայոց եկեղեցու գերնպատակը եղել է ազգայինի պահպանումը եւ հավանաբար ոչ մի ժամանակ դրա վտանգը այնքան մեծ չի եղել, որքան ներկայումս, երբ տեղի են ունենում նաեւ ազգային արժեքների անկում, բարոյալքում, նյութապաշտության մեծացում, հասարակության ու հգեւոր կյանքի քաղաքականացում, ապամշակութայնացում, արտագաղթ: Նշված պայմաններում Հայոց եկեղեցու անելիքները ավելի կարեւոր են, քան երբեւէ, որովհետեւ ներկայումս հայ ժողովրդի համար նույնքան օրակարգային է ազգապահպանման խնդիրը, որքան դարեր շարունակ: Բայց սա նաեւ նշանակում է, որ եկեղեցին ուղղակի իմաստով պետք է շրջադարձ կատարի դեպի ժողովուրդն ու ազգային հիմնախնդիրները: Մինչդեռ, հավանաբար, ժամանակի ու ազգային կյանքի հիմնախնդիրների պահանջներին ամենեւին համահունչ չեն եկեղեցու քրիստոնեաբանական վերացական քարոզները, աստվածաշնչյան մեկնությունները, բացատրություններն ու բարոյախոսությունը եւ այլն, որոնք հաճախ ներկայացվում են նաեւ հասարակության լայն զանգվածներին՝ առանց հաշվի առնելու տեղը, ժամանակը եւ հանգամանքները: Իրականում, էականը դրանց ազգային երանգավորումն է: Իսկ ավելի որոշակի, ելնելով հայոց պատմության ու սեփական գործունեության փորձերից, Հայոց եկեղեցին պետք է վերականգնի ու իմաստավորի ազգայինը ներկայի չափանիշներով ու ներկա ազգային կյանքի պահանջներով: Այս տեսակետից, հայ ժողովրդի ու երիտասարդության համար ոչ այնքան կարեւոր են աստվածաշնչյան նշանավոր անձնավորությունների վարքն ու գործունեությունը, որքան հայ երեւելիների, սրբերի գործունեությունը, որոնք իրենց կրոնական գործունեությունը շաղկապեցին նաեւ ազգային գերխնդիրների հետ եւ որոնց մեջ քիչ չէին նաեւ մշակութային ու քաղաքական նշանավոր գործիչները:
Այս համատեքստում, կարեւոր խնդիր է մնում Հայոց եկեղեցու իրականացվող կազմակերպական ու գործնական աշխատանքների նպատակային իրագործումը, ինչը իր արդյունքի տեսակետից ունի զուտ ազգային նշանակություն: Այս կապակցությամբ կցանկանայի ներկայացնել հռետորական երկու հարց: Հայ ժողովրդի հավատի ամրապնդման, նրա, Հայոց եկեղեցու միջազգային հեղինակության բարձրացման, ազգային ինքնագիտակցության հասունացման համար, ի՞նչ դրական արդյունքներ տվեցին միլիոնների ծախսերով իրականացված այն միջոցառումներն ու տոնակատարությունը, որոնք նվիրված էին Հայաստանում քրիստոնեության հաստատման 1700-ամյակին: Հայկականի ու հայրենասիրության ամրապնդման տեսանկյունից ի՞նչ արդյունքներ կարող է տալ դպրոցներում կրոնի եւ Հայոց եկեղեցու պատմության առարկայի դասավանդումը, որը արդեն հաստատված է պետականորեն: Դա երբեք չպետք է դառնա ինքնանպատակ: Եվ եթե այդ գործընթացը չի ծառայելու ազգային գերխնդիրների իրականացմանը, ազգայինի պահպանմանն ու զարգացմանը, եթե մնալու է այն կաղապարայնության ու սխոլաստիկայի շրջանակներում, որոնք ներկայումս հատուկ են դասավանդվող մի շարք առարկաների ու դասագրքերի, ինչը, դժբախտաբար, վերաբերում է նաեւ հայոց պատմությանը, այդ աշխատանքը լինելու է աննպատակ եւ իր հետ բերելու է միայն բացասական հետեւանքներ:
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Արծրունի Գ., Տարրական մտքեր // «Մշակ», 1880, թիվ 106:
2. Նույն տեղում:
3. Չիլինկիրյան Գ., Հայություն եւ կրոնափոխություն // «Ծաղիկ», 1864, թիվ 86, էջ 254-255:
4. Աղաբեկյան Մ., Մտածմունք... // «Կռունկ հայոց աշխարհին», 1861, թիվ 9, էջ 601:
5. Իյնուս, Երկու կարեւոր խնդիր // « Մեղու Հայաստանի», 1879, թիվ 52:
6. Մամուրյան Մ., Այլաբուն հայեր // « Արեւելյան մամուլ» ,1872, թիվ 10, էջ 454:
7. Այվազովսկի Գ., Ազգություն եւ հավատք // « Մասյաց աղավնի», 1856, թիվ 4,էջ 15:
8. Չամուռճյան Հ., Սահմանադրություն եւ սահմանադրականք // « Երեւակ», 1861, թիվ 109, էջ 15:
9. Այվազովսկի Գ., Ազգություն եւ ազգային դավանանք // «Մասյաց աղավնի», 1862, թիվ 2, էջ 17:
10. Նույն տեղում:
11. Աղաբեկյան Մ., Նկատմունք // «Կռունկ հայոց աշխարհին», 1860, թիվ 10, էջ 838:
12. Օրմանյան Մ., Հայ ազգություն, Կ. Պոլիս, 1880, էջ12-13:
13. Օրմանյան Մ., Հայության Հոգին, Անթիլաս, 1955, էջ 10:
14. Նույն տեղում, էջ 23: