ԵՐԿՈՒ ԽՈՍՔ
Ստեփան Շահումյանը իր ամբողջ կյանքով ու գործով մեր աչքի առջեւ հառնում է որպես հայ ժողովրդին նվիրված ու հարազատ զավակ: Լինելով համառուսաստանյան ու եվրոպական միջավայրի ծնունդ, դառնալով կոմունիստական շարժման ականավոր գործիչ, երբեք չշեղվեց իր ընտրած ուղուց` ծառայել հայ ժողովրդի շահերին:
Մեր ոչ հեռու անցյալից կարելի է բազմաթիվ օրինակներ բերել այն մասին, որ մեկը որոշել է դառնալ հոգեւորական եւ այդ միջոցով օգտակար լինել իր ազգին, մյուսը դարձել է դաշնակցության անդամ եւ հարմար է գտել այդ կուսակցության շարքերում օգտակար լինել ազգին, պայքարել նրա երջանկության համար:
Այսպիսի մոտեցումը բնավ էլ դատապարտելի չէ: Նրանցից յուրաքանչյուրը համարվում է ազգային գործիչ:
Բայց ահա, հատկապես վերջին տասնամյակներին Հայաստանում, իսկ դրանից առաջ էլ արտասահմանյան հայկական մամուլում (հիմնականում դաշնակցական ուղղության) մեր բոլոր այն գործիչները, որոնք պատկանել են սոցիալ-դեմոկրատական կամ էլ կոմունիստական կուսակցությանը, իրենց նվիրել են կոմունիստական գաղափարների հաղթանակով իր ժողովրդին օգտակար լինելուն, ազգային գործիչ չեն համարվում: Եվ ոչ միայն դա: Նրանք վարկաբեկվում են, հաճախ ներկայացվում նույնիսկ մեր ազգային նպատակների թշնամի:
Տարօրինակ դիրքորոշում է: Եվ հարց է առաջանում, թե այդ ինչպես դաշնակցության որեւէ գործիչ համարվում է ազգային գործիչ, իսկ կոմունիստական կուսակցության գործիչը` ոչ: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է նաեւ Ստեփան Շահումյանին, որին դաշնակցական գաղափարախոսներն ու նրանց համախոհները չեն համարում ազգային գործիչ:
Ես այս խնդրի վրա հրավիրում եմ ընթերցողի ուշադրությունը հետեւյալ իրողությունը նկատի ունենալով:
Ըստ այդ գաղափարախոսների կոմունիստները, լինելով ինտերնացիոնալիստներ, անընդունակ են սիրել իրենց ժողովրդին, իրենց հայրենիքը:
Այսպես մտածողներին միայն կարելի է հարցնել. եթե կոմունիստները չեն սիրել իրենց հայրենիքը, ապա այդ ինչպես կարողացան իրենց իշխանության տասնամյակների ընթացքում ամբողջովին անգրագետ Հայաստանը վերածել գիտության ու լուսավորության երկրի: Վերջին հաշվով, այն ամենը, ինչ Հայաստանը ձեռք էր բերել սովետական իշխանության 70 տարիներին, միայն հայրենիքը ջերմորեն սիրող մարդկանց սխրանքի, անմնացորդ նվիրումի արդյունքն է:
Հիմա եկել է այն պահը, որ հարկավոր է ձեռք բերածը պահպանելով, դրա հիմքի վրա կառուցել, ստեղծել ավելի լավը, ավելի կատարելագործվածը: Իսկ դա հնարավոր է միայն հայրենիքն ու ժողովրդին անկեղծորեն սիրելով, նրանց նվիրվելով: Եվ այդ նվիրումը ոչ թե առատ խոսքերով ու խոստումներով, այլ իրական գործերով դրսեւորել:
Սա է մեր օրերի գլխավոր խնդիրը: Եվ իմ խորը համոզմամբ մեր ժողովրդի կյանքի բոլոր ասպարեզներում առաջացած գլխավոր խնդիրների մասին ոչ թե խոսողն ու փքուն ճառեր ասողն է, այլ դրանց իրականացնողն է իսկական ազգային գործիչը, որը հակառակ խոսողների, անկախությունը չի համարում նպատակ, այլ միջոց` ժողովրդի բարեկեցությունն ապահովելու համար:
Ես իմ առջեւ նպատակ չեմ դրել խորությամբ քննարկել կամ էլ վերլուծել Ստեփան Շահումյանի ժամանակ ապրած այլ կուսակցություններին պատկանած գործիչների հայացքները: Դա չի մտնում սույն աշխատության նպատակի մեջ: Ես միայն դրանց անդրադարձել եմ այնքանով, որքանով որ առնչվել են Ստեփան Շահումյանին:
Ես իմ առջեւ դրել եմ ավելի համեստ նպատակ. այսօրվա երիտասարդ ընթերցողին ներկայացնել Ստեփան Շահումյանի կյանքի պատմությունը եւ ցույց տալ, թե ինչպես էր նա, որպես կոմունիստական կուսակցության ականավոր գործիչ ու ինտերնացիոնալիստ, հանդես գալիս իր ժողովրդի շահերի պաշտպանությամբ, իր դավանած գաղափարախոսությունը դարձրել միջոց, լծակ` սեփական ժողովրդի ազգային խնդիրները, որոնց մեջ ազգի գոյատեւության ապահովվումն էր, իրականացնելու համար:
Միաժամանակ հարկ եմ համարում նշել հետեւյալը: Դաշնակցությունը սկզբում արեւմտահայերի փրկությունը կապում էր երիտթուրքական հեղափոխության հաղթանակի, իսկ հետո ամբողջ Հայաստանի փրկությունը` Եվրոպական տերությունների ու Ամերիկայի հետ, իսկ հայ սոցիալ-դեմոկրատ կոմունիստները եւ առաջին հերթին Ստ. Շահումյանը հայ ժողովրդի փրկությունը կապում էին ռուսական հեղափոխությամբ ցարիզմի տապալման, հետո նաեւ Սովետական Ռուսաստանի օգնության հետ:
Նրանցից յուրաքանչյուրը կարծում էր, որ պայքարում է իր ժողովրդի ապագայի համար: Միայն թե Հայաստանի ապագան նրանք դիտում էին ըստ իրենց տեսակետի: Դաշնակցությունը իր պարագլուխների կամքով որդեգրել էր օսմանյան ինտերնացիոնալի գաղափարը եւ դրան հավատարիմ է մնացել մինչեւ արեւմտահայության մեծագույն ողբերգությունը, երբ ցեղասպանության զոհ դարձավ մի ամբողջ ժողովուրդ:
Հայ բոլշեւիկները Շահումյանի գլխավորությամբ որդեգրել էին ռուս ժողովրդի հետ ինտերնացիոնալ բարեկամության գաղափարը եւ դրան հավատարիմ մնացին մինչեւ վերջ: Ի՞նչ տվեցին այս երկու ինտերնացիոնալները հայ ժողովրդին:
Հարկ չկա պատասխանել այդ հարցին եւ ասել, թե այս ուղղություններից որն էր պատմականորեն արդարացված: Պատմությունը վաղուց տվել է դրա պատասխանը:
Բայց հարց է առաջանում. այդ ինչպես է, որ երիտթուրքերի հետ դաշինքի արդյունքով բնաջնջվեց արեւմտահայությունը, Եվրոպան ու Ամերիկան էլ չօգնեցին, եւ այս քաղաքականության կրողները գնահատվում են որպես ազգային գործիչներ, իսկ Ստեփան Շահումյանը, որը հայ ժողովրդի փրկությունը կապում էր ռուսական հեղափոխության հաղթանակի եւ Սովետական Ռուսաստանի օգնության հետ, ազգային գործիչ չի համարվում
Մինչդեռ Ստեփան Շահումյանը իսկական ազգային գործիչ էր, իր ժողովրդի հավատարիմ զավակը եւ այդպիսին էլ մնաց մինչեւ իր կյանքի ողբերգական վախճանը: Ահա, թե ինչու մինչեւ օրս Ստ. Շահումյանի ունեցած հեղինակությունը, հմայքը հանգիստ չեն տալիս նրա հակառակորդներին, որոնք սերնդե-սերունդ փոխանցել են իրենց անզուսպ ատելությունը նրա նկատմամբ:
Ասվածի կապակցությամբ հարկ եմ համարում այստեղ հիշել ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի հետեւյալ դիտողությունը. «Ընդունված կանոն է ազգային սրբերի շարքը դասել նրանց, որոնք գործել ու մեռել են ազգի ընդհանրության համար, կամ նրանց, որոնց հայեցողության ու ներգործության ասպարեզը շրջագծվել է ազգային մեկուսացման սահմաններով:
Ստ. Շահումյանն այդ իմաստով մեր ազգային սուրբը չէ եւ ոչ անգամ հերոսը: Սակայն Շահումյանն ամենից առաջ հայ բանվորությանն է նվիրել իր երիտասարդական օրերն ու գործերը: Պատռելով ազգային մեկուսացման այն քողը, որ մթագնում էր հայ բանվորության գիտակցական հորիզոնը, նա հերոսացավ ամենից առաջ հայ բանվորական շարժման եւ հայ սոցիալիզմի պատմության մեջ»: (Ստեփան Շահումյանը ժամանակակիցների հուշերում, Եր. 1984, էջ 153-154):
Ստ. Շահումյանի մասին գրվել են շատ գրքեր, հիշողություններ, հրապարակվել են բազմաթիվ արխիվային փաստաթղթեր: Նրա մասին գրված աշխատությունները, հոդվածները, ինչպես նաեւ հեռուստատեսությամբ ու լրատվական մյուս միջոցներով առանձին անձանց հրապարակային ելույթները բաժանվում են երկու՝ իրար հակադիր տեսակետների:
Առաջին տեսակետի հեղինակներն կանգնած են Ստ. Շահումյանին ճիշտ, օբյեկտիվորեն ներկայացնելու դիրքերում եւ պատշաճորեն ու հարգանքով են գնահատում նրա կյանքն ու գործունեությունը: Այդ հեղինակների աշխատություններում, հիշողություններում ընթերցողի առջեւ իր ամբողջ վեհությամբ հառնում է ազնիվ ու սկզբունքային, ճշմարտասեր ու համեստ, աշխատավոր մարդու շահերի պաշտպանության համար պայքարող Ստ. Շահումյանի պայծառ կերպարը:
Այս առումով հարկ է նշել հետեւյալ հեղինակների աշխատություններն ու հոդվածները: Վարդան Ավետիսյանը 1953 թ. հրապարակած «Ստեփան Շահումյան» գրքում տվել է Շահումյանի կենսագրությունը, հատկապես անդրադարձել է նրա գործունեությանը 1905-1918 թվականներին:
Սուրեն Մովսիսյանը «Շահումյանը եւ Սպանդարյանը աճող սերնդի դաստիարակության մասին» (1953 թ. ) աշխատության մեջ քննարկում է մանակավարժության վերաբերյալ Շահումյանի հայացքները:
1957 թ. լույս տեսած Գ. Բաղդասարյանի «Ստեփան Շահումյանի պայքարն ազգային հարցի մարքս-լենինյան թեորիայի կենսագործման համար» աշխատությունը նվիրված է ազգային հարցի մասին Շահումյանի աշխատությունների վերլուծությանը:
Շահումյանի կյանքի եւ հեղափոխական գործունեության մասին արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Իլյա Դուբինսկի-Մուխաձեն 1957 թ. տպագրված «Շահումյան» փաստա-վավերագրական գրքում:
Ա. Բաբախանյանը 1958 թ. հրապարակած «Պատմական մատերիալիզմի մի քանի հարցերը Ստ. Շահումյանի աշխատություններում» գրքում առաջին անգամ խորությամբ քննարկել է այն խնդիրները, որոնք կապված են պատմական մատերիալիզմի տեսության հետ:
Լենդրուշ Խուրշուդյանը «Ստեփան Շահումյան» աշխատությունը (1959 թ. ) նվիրել է Շահումյանի պետական եւ կուսակցական գործունեությանը 1917-1918 թվականներին:
Ն. Մ. Գասպարյանը 1960 թ. հրատարակած իր «Ստեփան Շահումյանը մարքսիզմի ականավոր տեսաբան ու պրոպագանդիստ» մենագրության մեջ տվել է Շահումյանի հայացքների վերլուծությունը եւ քննադատում է այդ հարցում եղած սխալ պատկերացումներն ու մեկնաբանությունները: Աշխատության մեջ քննարկվում են նաեւ Շահումյանի գրական-էսթետիկական հայացքները:
Շահումյանի գործունեության լուսաբանման գործում լուրջ ներդրում է կատարել Արտաշես Ոսկերչյանը, որը 1962 թ. հրատարակած «Հայ մարքսիստական քննադատության հիմնադիրները. Ստեփան Շահումյան, Սուրեն Սպանդարյան» մենագրության մեջ Շահումյանի հասարակական քաղաքական գործունեությանը զուգահեռ լուսաբանել է նրա էսթետիկական հայացքները, հրապարակախոսական ժառանգությունը եւ այդ ամենը գնահատել որպես հայ հասարակական կյանքում, մտավոր ու էսթետիկական զարգացման պատմության մեջ առաջ եկած նոր փուլի արտահայտություն: Կարեւոր տեղ է տրվել հայ հասարակական-քաղաքական հոսանքների, ազգային-ազատագրական շարժման բնույթի, հայ եւ ռուս գրականության նշանավոր դեմքերի մասին Շահումյանի հայացքների լուսաբանմանը:
Երվանդ Սարգսյանը «Թուրքիան եւ նրա նվաճողական քաղաքականությունն Անդրկովկասում» աշխատության մեջ (1964 թ. ) հանգամանորեն բացահայտել է Շահումյանի դերը Բաքվի վրա թուրքական ագրեսիային դիմադրություն կազմակերպելու գործում:
Խիկար Բարսեղյանի «Ստեփան Շահումյան» (1968 թ.) գիրքը պարունակում է Շահումյանի կյանքի եւ գործունեության վավերագրական տարեգրությունը:
Հենրիկ Մելիքյանը իր «Հոկտեմբերյան հեղափոխությունը եւ կովկասյան բանակը» (1970 թ. ) աշխատության մեջ բացահայտել է Կովկասյան ռազմաճակատում ռուսական զորքերը պահելու գործում Շահումյանի ջանքերը:
Գեւորգ Ղարիբջանյանը «Լենինը եւ Անդրկովկասը» աշխատությունում (1975 թ. ) զգալի տեղ է հատկացրել Շահումյանի գործունեությանը:
Մակիչ Արզումանյանը «Ստեփան Շահումյան» աշխատությունը (1978թ. ) նվիրել է Շահումյանի հեղափոխական գործունեությանը:
Կարո Մելքոնյանը իր «Ռուսաստանի 1905-1907 թվականների հեղափոխությունը եւ Ստեփան Շահումյանը» գրքույկը (1986 թ. ) նվիրել է ռուսական առաջին հեղափոխության ընթացքում Շահումյանի գործունեությանը:
Շահումյանի գործունեությանը տարբեր առիթներով իրենց աշխատություններում անդրադարձել են Ծատուր Աղայանը, Գալուստ Գալոյանը, Զավեն Գրիգորյանը, Ղեւոնդ Դալլաքյանը, Ջոն Կիրակոսյանը, Արամայիս Մնացականյանը, Շմավոն Հարությունյանը, Ռաֆիկ Մովսիսյանը, Կամո Ուդումյանը, Նորայր Սարուխանյանը եւ այլ հեղինակներ:
Շահումյանը մասին հետաքրքիր տեղեկություններ է պարունակում «Ստեփան Շահումյանը ժամանակակիցների հուշերում» ժողովածուն (1984 թ. ):
Շահումյանի մասին հարուստ գրականություն է ստեղծվել նաեւ ռուսերեն, ինչպես օրինակ, ԸՍՏտ'վ թ. հՑպտՈվ ՄՈցՎ'վ, Ծ. 1972; ԸչՈՊՋՈվ'վ թ. հՑպտՈվ ՄՈցՎ'վ, ժՐ. 1958; ԸջՌջոպՍՏՉՈ կ. հՑպտՈվ ՄՈցՎ'վ, ըՈՍց, 1978; ըՈՐրպչ'վ ղ. հՑպտՈվ ՄՈցՎ'վ; թՈՐՌոՊՋՈվ'վ թ. ՀպՉՏս’ՓՌՏվվՈ' Պպ'ՑպսՖվՏրՑՖ հ. թ. ՄՈցՎ'վՈ ջՈ չՐՈվՌՓպռ 1902-1907չչ. , ժՐ. 1971; ԽՈսՑՈւփ'վ հ. ըՏՐՖոՈ հ. թ. ՄՈցՎ'վՈ ջՈ ՑպՏՐՌ’ Ռ ՑՈՍՑՌՍց սպվՌվՌջՎՈ, Ծ. 1956; ծպՐրպր'վ Ծ. ՄՈցՎ'վ հ. թ. Ծ. 1954; ԿՉրպտ'վ Կ. թՏրցՊՈՐրՑՉպվվՏ-տՐՈՉՏՉօպ Չջչս'Պօ հՑ. ՄՈցՎ'վՈ, ժՐ. 1969, թ. հ. ԸՍՏտ'վ. հՑպտՈվ ՄՈցՎ'վ, Ծ. 1973 եւ այլն:
Երկրորդ տեսակետի հեղինակներին հանգիստ չի տալիս Ստ. Շահումյանն իր կյանով ու գործունեությամբ, ժողովրդական զանգվածների մոտ ունեցած մեծ ու անժխտելի հարգանով: Նրանք մեր օրերում առիթը բաց չեն թողնում հրապարակավ վարկաբեկել Ստ. Շահումյանին, նրան վերագրելով շինծու մեղքեր, ամեն կերպ աշխատում են նրան հեղինակազրկել եւ այդ ամենը ներկայացնում իրականությանը չհամապատասխանող փաստարկներով, հատկապես նորից շրջանառության մեջ դնելով Շահումյանի գաղափարական հակառակորդների հուշերը, որոնք հրապարակվել են Շահումյանի ողբերգական մահից հետո եւ
մնացել են անպատասխան:
Ստեփան Շահումյանի կյանքն ու գործունեությունը կեղծիքով ներկայացնելու, նրան զրպարտելու մեջ աչքի են ընկնում հատկապես ադրբեջանցի հեղինակները: Նրանցից մեկն էլ պատմահեն Է. Իսմայիլովն է, որը իր ռուսերեն հրատարակված հՑպտՈվ ՄՈցՎ'վ-ՏոՐպփպվվօռ վՈ ջՈոՉպվՌպ. կՏՐՑՐպՑ սպչպվՊՈՐվՏչՏ ՍՏՎՎցվՈՐՈ ոպջ ՐպՑցՔՌ («Մոռացության դատապարտված Ստեփան Շահումյան: «Լեգենդար կոմունարի» դիմանկարն առանց ռետուշի») գրքում (2012 թ. ) գրում է, որ «խրոնոլոգիական հետեւողականությամբ ներկայացնում է ադրբեջանական ժողովրդի թշնամի, ադրբեջանական բնակչությանը ֆիզիկապես ոչնչացնելու նպատակ ունեցող Շահումյանի անցած ամբողջ կյանքի ուղին: Հետազոտության մեջ լուսաբանվում են նրա մանկությունն ու պատանեկությունը, ուսման տարիները, հեղափոխության մեջ նրա առաջին քայլերը, քաղաքական հայացքները, Շահումյանի գրագրությունը, հոկտեմբերյան հեղաշրջումից հետո նրա եռանդուն գործունեությունը»:
Է. Իսմայիլովի գրքի շնորհանդեսը մեծ աղմուկով կազմակերպվել է Մոսկվայի մի շարք ուսումնական ու գիտական հաստատություններում: Ցավալի է, որ դրանցում ադրբեջանցի մասնակիցների դրսեւորված հախուռն եւ հակահայկական գնահատականները ոչ միայն չեն ժխտվել, այլեւ դրանք գնահատվել են որպես «պատմական ճշմարտություն»:
Առավել ցավալի է, որ այդ շնորհանդեսների ժամանակ ելույթ ունեցած Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ետսովետական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ստանիսլավ Չերնաեւսկին, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր, կովկասագետ Ռուդոլֆ Իվանովը եւ ուրշներ, հայտնվելով Է. Իսմայիլովի սարքած գաղափարախոսական ծուղակում, առանց խորանալու, բացարձակապես անտեղյակ լինելով ոչ միայն Անդրկովկասի իրադարձություններին, այլեւ Շահումյանի գործունեությանը, նշում են «կեղծարարության եւ պատմական իրադարձությունների նենգափոխումներին հակազդելու եւ Ադրբեջանի պատմությունը ճիշտ հասկանալու տեսանկյունից» Է. Իսմայիլովի աշխատության կարեւորությունը:
Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, մեջլիսի պատգամավոր Յաղուբ Մախմուդովը Է. Իսմայիլովին խորհուրդ է տալիս իր աշխատությունը հրապարակել «Ստեփան Շահումյանը ադրբեջանական ժողովրդի սպանիչ» վերնագրով:
Ավելին, այս կեղծարար-տնօրենը նույնիսկ չի համաձայնվում Շահումյանի սպանության մասին Է. Իսմայիլովի բերած փաստի հետ եւ գրում է հետեւյալը. «Ես եւ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարությունը մասնակցել ենք Բաքու քաղաքի կենտրոնից «26»-ի հուշարձանի տեղափոխմանը: Մենք այնտեղ աշխատեցինք 3-4 օր: Այդ պրոցեսին մասնակցել են դատաբժշկական փորձագիտական հանձնաժողովի անդամները գլխավոր տնօրենի ղեկավարությամբ եւ Առողջապահության նախարարության պաթոլոգիական անատոմիայի մասնագետները:
Առաջին. Մենք ուզում էինք պարզել, թե որքան աճյուն է գտնվել: Հետազոտության ժամանակ պարզվեց, որ գտնվել է 23 աճյունի մնացորդ: Հիմա հնարավոր է, որ Էլդար Իսմայիլովը կասի, որ այնտեղ գտնվել է 26 աճույն, մեկ ուրիշը կասի այլ թիվ: Բայց պատմությունը հենվում է փաստերի վրա:
Երկրորդ. Դատափորձագիտական հանձնաժողովի անդամներն այնտեղ գտնված մարմինները դասավորել են ըստ տարիքի: Իրականացվել է հետազոտություն: Դատելով ըստ տարիքից, Շահումյանն այնտեղ չկար: Չկար Շահումյանի տարիքին համապատասխան աճյուն:
Երրորդ. Մենք կատարեցինք հետազոտություն եւ պարզեցինք, որ 26 կոմիսարների սպանությունից հետո Կրասնովոդսկում Ստեփան Շահումյանը, Անաստաս Միկոյանը եւ մյուսները 10 օրվա ընթացքում գտնվել են նույն խցում, նրանց տվել են չոր մթերաբաժին:
Այդ փաստաթղթերը մենք ունենք: Նմանապես կան այլ փաստաթղթեր: Նա, ով չի հավատում այդ փաստաթղթերին, թող հետաքրքրվեն Ռաշիդ Բեհբութովի ճակատագրով եւ Հնդկաստանի այն տեղով, որտեղ թաղված է Շահումյանը»:
Ոչինչ տարօրնակ չէ, որ ադրբեջանցի մեկ կեղծարար մրցում է մյուս կեղծարարի հետ:
Այստեղ տարօրնակն այն է, որ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտը, որն իր էությամբ պետք է չծառայի որեւէ կուսակցության գաղափարախոսությանը, ղեկավարում է մեկը, որը քարոզում է մուսավաթական գաղափարախոսություն:
Ստեփան Շահումյանին անվանարկելու եւ զրպարտելու գործում աչքի է ընկնում նաեւ Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը, որը մշտապես ռուսաց լեզվով եթեր է արձակում ստով ու կեղծիքով լի հաղորդումներ:
1993 թ. «Ռեսպուբլիկա Արմենիի» եւ «Հայաստանի Հանրապետություն» թերթերը տպագրել էին «ազգությամբ վրացի, Հայաստանի քաղաքացի, կոչումով պատմաբան, երկրաբանական գիտությունների թեկնածու» Գեորգի Խոմիզուրիի «26-ի առասպելը» հոդվածաշարը, որն ուղեկցող խոսքում Ռ. Պապայանն որակել էր իբրեւ «սխրանք»:
Վերոհիշյալ հոդվածաշարի կապակցությամբ 1993 թ. նոյեմբերի 25-ին եւ 27-ին «Հայաստան» թերթում տպագրվել է իմ «Ո՞վ է քար նետում ճշմարտությանը կամ` Ստեփան Շահումյանը պաշտպանության կարիք չունի» ծավալուն պատասխանը, որտեղ գրել եմ նաեւ հետեւյալը. «. . . Հենց սկզբից ասենք, որ «ազգությանբ վրացի, Հայաստանի քաղաքացի, կոչումով պատմաբան» Գ. Խոմիզուրիի հոդվածաշարը սկզբից մինչեւ վերջ նողկալի սուտ է: Ոչ ավելի, ոչ պակաս` նա կրկնում է վրաց մենշեւիկների, ադրբեջանական մուսավաթականների ու անգլիական գաղութարարների հերյուրանքները Ստ. Շահումյանի հասցեին, որն այնպես կրքոտությամբ պաշտպանում էր Անդրկովկասի ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման գաղափարը եւ մերկացնում վրաց մենշեւիկներին ու ադրբեջանական մուսավաթականներին այդ բարեկամությանը թիկունքից խփելու համար:
Վրաց մենշեւիկներն ու ադրբեջանական մուսավաթականները մինչեւ օրս չեն կարողանում հանգիստ մնալ Ստ. Շահումյանի այնպիսի դիպուկ մերկացումների բեռի տակ եւ ամեն անգամ առիթը բաց չեն թողնում Շահումյանին վարկաբեկելու համար, չխորշելով այդ անվայել գործում անգլիական գաղութարարների հետ համագործակցելուց եւ հաճախ էլ նույնիսկ նրանցից ավելի առաջ ընկնելով
:
Ստ. Շահումյանը պաշտպանության կարիք չունի: Նա իր բյուրեղյա մաքրությամբ կյանքը դրեց զոհասեղանին` հանուն հայ ժողովրդի անվտանգության, հանուն Անդրկովկասի եւ Ռուսաստանի կապի պահպանման»:
1997 թ. Մոսկվայում տպագրված իր «Սոցիալական ցնցումները ժողովուրդների ճակատագրում (Հայաստանի օրինակով)» գրքում Խոմիզուրին կրկնում է Շահումյանին վարկաբեկելու մարզանքները եւ գրում է հետեւյալը. «Երեք տարի առաջ ժամանակակից հայ կոմունիստները ինձանից շատ են վիրավորվել այն բանի համար, որ ես պոկել եմ Շահումյանի վրայից հերոսի լուսապսակը: «Ո՞վ է քար նետում ճշմարտությանը կամ` Ստեփան Շահումյանը պաշտպանության կարիք չունի»` այսպես է կոչվում ոմն Վ. Պետրոսյանի հոդվածը: 1937 թ. լեզվով գրված («Բաքվի հերոսական պրոլետարիատ», «լեգենդար կոմիսարներ եւ այլն»), բայց գերազանց վերնագրով, քանի որ իսկապես «Ստեփան Շահումյանը պաշտպանության կարիք չունի»,- պաշտպանել մի հայի, որը պատրաստ է իր տասնյակ հազարավոր հայրենակիցներին կորստի մատնել հանուն ինչ-որ «համաշխարհային հեղափոխության» եւ իր ընկերների իշխանության
իսկապես այդպիսի մարդը պաշտպանության կարիք չունի»: (էջ 127): Եթե մի պահ հավատանք Գ. Խոմիզուրիին, ապա ըստ նրա պարզվում է, որ Բաքվի 26 կոմիսարների սպանությունը չեն կատարել մենշեւիկներն ու էսէռներն իրենց անգլիական տերերի հետ միասին, այլ «26 կոմիսարների սպանության գործում խառն է Արտակարգ հանձնաժողովի (ՉԿ) մատը» եւ այլն, եւ այլն:
Ներողություն խնդրելով ընթերցողից նրա համբերությունը չարաշահելու համար, ինձ թույլ եմ տալիս «ազգությամբ. . . եւ այլն պատմաբանից» մի երկարաշունչ հատված եւս մեջբերել. «Իմ խնդիրը չէ «26-ի գործի» հետ կապված ողջ կեղծիքը վերլուծելը: Ես ցանկանում էի ապացուցել, որ Բաքվի կոմիսարների մասին մեզ հայտնի ամեն ինչ, ոտքից գլուխ, կեղծիք է, առասպել, լեգենդ: Ի դեպ, ինչպես ողջ խորհրդային պատմագրությունը»:
«Ուսումնասիրելով ինձ հասանելի նյութերը,- շարունակում է կեղծարարը,- ես չկարողացա պատասխան գտնել շատ, այդ թվում` սկզբունքային մի շարք հարցերի:
1. Վերջապես ինչո՞ւ գնդակահարեցին «կոմիսարներին». . .
2. Ո՞վ սպանեց «կոմիսարներին»:
3. Ո՞ւմ էր դա պետք: Անգլիացիների՞ն, հազիվ թե, Աշխաբադի կառավարությա՞նը, հազիվ թե: Անգամ բոլշեւիկներին դա պետք չէր: Ինչո՞ւ նրանք այս պատմության մեջ ամեն ինչ խառնեցին իրար:
Եվ կրկին (որպես մինիմում) երկու հարց.
4. Ինչո՞ւ բոլշեւիկները ոչինչ չձեռնարկեցին «կոմիսարներին» ազատելու համար:
5. Ինչո՞ւ Լենինն օգոստոսի 9-ից եւ հատկապես 1918 թվականի սեպտեմբերի 20-ից հետո ոչ մի բան չի խոսում Շահումյանի մասին, ասես վերջինս բնավ չի եղել: Իսկ չէ՞ որ նա Շահումյանին իբրեւ թե բարձր էր գնահատում. . . »:
Սույն աշխատության հաջորդ էջերում ընթերցողը կգտնի այս կեղծարարի համար չպարզված հարցերի իրական պատասխանը:
Մեր օրերում էլ, հերթական ստի ու կեղծիքի հեղինակներ խոմիզուրիները ղեկավարվելով Գեբելսի` «որքան սուտը մեծ լինի, այնքան դրան շուտ կհավատան» սկզբունքով, փորձում են նոր «սխրանք» գործել, կանգնելով անգլիական գաղութարարների ու նրանց կամակատար մենշեւիկների ու մուսավաթականների պաշտպանության ամրոցի խղճուկ փլատակների վրա:
Մենք խոմիզուրիների կեղծիքով շաղաղված չարամիտ ստին այսպիսի ուշադրություն դարձրինք, ելնելով նաեւ հետեւյալ նկատառումից: Մուսավաթական նացիոնալիզմի ջատագով, իր հայատյացությամբ հայտնի Զիա Բունիաթովը, որի գրքերը լեցուն են Ստ. Շահումյանին վարկաբեկելու եւ զրպարտելու էջերով, այդպես էլ չհաջողացրեց դրանք տարածել նաեւ միութենական ու հայկական մամուլի միջոցով: Իրենց արժանապատվությունը բարձր գնահատող թերթերն իրենց էջերն ամուր փակեցին այդ ստահակի առջեւ, դրսեւորելով խորագույն հարգանք թե՛ ընթերցողների եւ թե՛ Ստ. Շահումյանի ու պատմության նկատմամբ:
Սակայն զավեշտականն ու ցավալին նրանումն է, որ այն, ինչ չհաջողվեց փորձված պատմահեն Բունիաթովին, կարողացավ իրագործել մեկ այլ ստահակ`«ազգությանբ վրացի. . . եւ այլ պատմաբանը», որն ունենալով երեւանյան իր համախոհների աջակցությունը, հայերեն ու ռուսերեն տպագրվող հայկական երկու պաշտոնաթերթերում հրապարակել է Ստ. Շահումյանի հասցեին թխված զազրելի չարախոսությունն ու նողկալի զրպարտությունը:
Պետք է ցավով նշել, որ մեր իրականության մեջ նույնպես հայտնվում են ազգությամբ իրենց հայ կոչողներ, որոնք աշխատում են ետ չմնալ ադրբեջանցի կեղծարարներից եւ միացած նրանց, նույնիսկ հայկական առաջին հեռուստատեսությամբ իրենց մաղձն են թափում Շահումյանի հիշատակի վրա, անվանարկում նրա բարի անունը:
Ես նկատի ունեմ ինքնակոչ կերպով իրեն Հայաստանի անկախության հիմնադիր համարող մեկին, որը հայկական առաջին հեռուստատեսությամբ (Հ-1) ունեցած ելույթում Շահումյանին տվել է զրպարտիչ գնահատականներ, ինչի համար ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նորիկ Պետրոսյանն ու հասարակական գործիչ Գեղամ Գալստյանը դատի էին տվել
Վերոհիշյալ ստահակներից ետ չի մնում նաեւ մեկ այլ ընտանի կեղծարար Լեւոն Շիրինյանը, որը 2010 թ. հրապարակած «Հայ զինական ուժը Առաջին աշխարհամարտի վերջնափուլում» խորագրով լղարիկ գրքույկում (44 էջ) կրկնելով Խոմիզուրիին ու ադրբեջանական մուսավաթական կեղծարարներին, համարձակվում է անվանարկել Շահումյանին, արդարացնելով Բաքվի հայ բնակչության ողբերգության մեջ մեղավոր Ս. Մելիք-Յոլչյանին եւ Աբրահամ Գյուլխանդանյանին, վերջինիս անվանելով «հայոց ազգային կռվի տաղանդավոր ղեկավար»:
Լ. Շիրինյանի գրքույկին այսպիսի ուշադրություն դարձրեցի այն պատճառով, որ դրա հրատարակությունը երաշխավորել են Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի եւ ՀՀ ԳԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի գիտական խորհուրդները: Որքան ինձ հայտնի է, վերոհիշյալ գիտական խորհուրդներում կան գիտնականի հեղինակությունը պահող ու հարգող բազմաթիվ անդամներ, եւ միայն զարմանալ կարելի է, թե նրանց ուշադրությունից ինչպես է վրիպել Շահումյանին անվանարկելը եւ երաշխավորել են այդ գրքույկի տպագրությունը:
Բաքվում գտնվող Շահումյանի գերեզմանը բարբարոսաբար ավերող ադրբեջանական մուսավաթականների ժառանգորդներից ետ չի մնում նաեւ մեկը, որը նույնիսկ արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարիչի պատվավոր կոչմանը: Հետեւելով ադրբեջանցիների բարբարոսությանը, 2012 թ. փետրվարի 18-ին, Երեւանում լույս տեսնող բավական ազդեցիկ «Ազգ» թերթում հրապարակած «Մենք ենք, մեր սարերը» հոդվածում այդ նկարիչը գրել է. «Մնում է մի հուշարձան էլ, բոլշեւկներուն դրածը, որը պետք է տեղափոխվի, դա էլ Ստեփան Շահումյանի հուշաձանն է: Որովհետեւ Ս. Շահումյանը թեեւ ծագումով հայ է, բայց ոչ մի բան ըրած է հայ ազգին համար, որ արժանի ըլլար հուշարձան ունենալու պատվին»:
Նախ ասեմ, որ ինչպես հոդվածագիրը, այնպես էլ նրա հեեւորդները սխալվում են, որովհետեւ Շահումյանի հուշարձանը բոլշեւիկների դրած վերջին հուշարձանը չէ: Դեռ մնում են բոլշեւիկների դրած շատ հուշարձաններ, որոնց թվում նաեւ Ծիծեռնակաբերդում կառուցված Հայոց ցեղասպանության ու հայ ժողովրդի վերածննդի հուշարձանն է: Եթե հետեւենք նրանց դատողությանը, ապա այն ամենը, ինչ ստեղծվել է Սովետական Հայաստանի գոյության 70 տարիներին, ապա պետք է դրանցից հրաժարվել ու ոչնչացնել: Առաջին օրինակը հենց պետք է ցույց տար հոդվածագիրը եւհետո նրա հետեւորդները` հրաժարվելով Սովետական Հայաստանի բոլշեւիկյան ղեկավարությունից ստացած բազում պարգեւներներից ու կոչումներից:
Իմ ուշադրությունը գրաված հոդվածի հեղինակը Սովետական Հայաստանի բոլշեւիկյան ղեկավարության կողմից Սովետական Հայաստանի ժողովրդական նկարիչի եւ այլ պատվավոր կոչումների արժանացած Հակոբ Հակոբյանն է, որն այս տողերը գրելուց ամիսներ անց, 2013 թ. փետրվարին կնքել է իր մահկանացուն:
Դեռեւս 1931 թ. սեպտեմբերի 19-ին Երեւանում Շահումյանի հուշարձանի բացման առթիվ նշանավոր գրող Ալազանը գրել է «Արձան Ստեփան Շահումյանին» բանաստեղծությունը, որտեղ կան նաեւ հետեւյալ տողերը
«Մի՞թե միայն բազալտե պատվանդանով վեհանիստ,
Մի՞թե միայն քարեղեն խոյանքներով ամրակոփ-
Մենք դնում ենք հատուցման քո արձանը գրանիտ
Եվ ջերմացնում ենք նրան մեր սրտերի կրակով:
. .
Մենք արձան ենք դնում քեզ եւ Բազալտի եւ կամքի
Եվ կառուցման գրոհի պատվանդանով անխորտակ,
Մենք կռիվներ ենք մղում-հաղթանակի ու փառքի
Քո արնաներկ դրոշով, անմահ ընկեր Շահումյան»:
Այստեղ տեղին եմ համարում նաեւ ընթերցողի ուշադրությանը ներկայացնել Սիլվա Կապուտիկյանի «Ստեփան Շահումյանին» խորագրով քչերին ծանոթ բանաստեղծությունը, որով մեծ բանաստեղծուհին 1991 թ. սեպտեմբերի 13-ին, իր բողոքն է արտահայտել, երբ Երեւանում մի խումբ հհշականներ փորձում էին ավերել Շահումյանի հուշարձանը:
«Դու, կապույտ, կապույտ ծով աչքերով,
Ես դեռ պատանի ու դու ասպետ,
Գեղեցիկ, ինչպես վեպի հերոս,
Դու միշտ եղել ես, եկել ինձ հետ:
Եվ իմ ամրոցում միջնադարյան,
Ես փայփայել եմ պատկերդ սեգ,
Մինչ քեզ կանչել է ուրիշ կայան,
Ուրիշ մի պատրանք, ուրիշ մի սեր:
Ես քո այդ սերն եմ սիրել նաեւ,
Քո նվիրումն ատրուշանող,
Հպարտ եմ եղել քո անունով,
Քո ահեղ մահով սրբավայել:
Եվ հիմա, այս մութ տարաժամին,
Երբ խեւ խուժանն է բացել հանդես,
Չգիտեմ, ինչպես պահեմ ես քեզ,
Որ քեզ չփշրեն պատվանդանին:
Որ կյանքիս վերջին, երբ ամեն ուր,
Ամեն ինչ խառն է ու անհեթեթ,
Գոնե դու մնաս մեծ ու մաքուր,
Այդպես, քեզ այդպես տանեմ ինձ հետ»:
Նույն «Ազգ» թերթում 2012 թ. հուլիսի 14-ին հրապարակվել է Ժանետա Հակոբյանի «Ես համաձայն չեմ ձեզ հետ, հարգելի Հակոբ Հակոբյան» հոդվածը: Հեղինակը մեծագույն հարգանքով ու տակտով, չխախտելով վարվեցողության կանոնները, դիմում է նկարիչ Հակոբյանին եւ բավական զգուշությամբ նրան բացատրում է, թե ինչու չի ընդունում Շահումյանի հուշարձանը քանդելու պահանջը:
Դրան հակառակ, 2012 թ. օգոստոսի 25-ին «Ազգ» թերթում տպագրված «Մի տխուր նամակի առիթով» հոդվածի հեղինակ, բանասիրական գիտությունների դոկտոր Երվանդ Տեր-Խաչատրյանը պաշտպանության տակ վերցնելով նկարիչ Հակոբյանին, խախտելով վարվեցողության տարրական նորմերը, շուկայական անողոքությամբ հարձակվում է Ժ. Հակոբյանի վրա, նրան մեղադրում է «ապազգային, ամոթալի նյութեր գրելու» համար եւ կրկնում է Շահումյանի հասցեին մուսավաթ-մենշեւիկյան ստահակ հեղինակների ժառանգորդ Խոմիզուրիի տարածած բամբասանքն ու կեղծիքը, առանց որեւէ հիմքի պնդելով, թե Շահումյանը «զինվորագրված է եղել հրեա-մասոնական գաղափարներին»:
Այդ բանասիրության դոկտորը Շահումյանի խոսքերով ասած`«իր հոդվածով ոտքի տակ է տալիս ազնվությունն ու ճշմարտությունը եւ կրքից կուրացած, միակողմանիության մեջ է խրվում», եւ կրկնելով ադրբեջանցի ստահակ պատմահենների հնարած կեղծիքը, այն հայկական թերթի միջոցով ներկայացնում հայ ընթերցողին:
Վերոհիշյալ ստախոսներին ու կեղծարարներին է հասցեագրել Ստ. Շահումյանը 1918 թ. օգոստոսի 11-ին գրած «Անազնիվ զրպարտիչներ» վերջին հոդվածի վերջին տողերը. «ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ Է ԳԻՏԱԿԻՑ ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ԴԱՏԱՍՏԱՆԸ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՍՏԱՆԸ, ԵՎ ՆԱ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ՍՈՍԿԱԼԻ ԿԼԻՆԻ, ՔԱՆ ԱՄԲՈԽԻ ԻՆՔՆԱԴԱՏԱՍՏԱՆԸ, ՈՐԻՆ ԴՈՒՔ ԴԻՄՈՒՄ ԵՔ»: (Ստեփան Շահումյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. հինգերորդ, Եր. 1978, էջ 244):
Իհարկե, խոսքի ազատությունը սահմանափակվում է բարեկրթությամբ, բայց, դժբախտաբար, վերոհիշյալ հեղինակների դեպքում մենք գործ ունենք դրա կոպիտ խախտման փաստի հետ:
Այդպիսի հեղինակների գրվածքները Շահումյանի խոսքով ասած`«արատ են բերում մամուլի կոչմանը եւ միմիայն նպաստում են նրա բարքերի անկմանը»:
Ընթերցողին եմ թողնում դատել, թե ինչ տարբերություն կա ադրբեջանցի մուսավաթական բարբարոս կեղծարարների եւ իրեն «արվեստագետ» համարող ու նրա նման մտածող տնաբույս գերեզման ու հուշաձան քանդող «դոկտորների» միջեւ:
Բայց նաեւ հարց է առաջանում: Արդյոք պատահական զուգադիպությո՞ւն է, որ մեր ընտանի կեղծարարները հեռուստատեսությամբ եւ մամուլում հանդես են գալիս Շահումյանին վարկաբեկելու մոլուցքով, թե՞ դա ադրբեջանցի կեղծարարների հետ համաձայնեցված գործողությունների արդյունք է:
Ինչպես ասում է Հորացիոսը, ամեն ինչին կա սահման, ամեն ինչ ունի իր չափը: Ահա այս պահանջով ղեկավարվելով եւ խորը հարգանք ունենալով ընթերցողների նկատմամբ, կամենում եմ պատասխանել սովետական քաղաքակրթության դեմ վերոհիշյալ բանասիրության դոկտորի եւ նրա մյուս նմանների հարձակումներին, որոնք պարզապես կորցրել են չափի զգացումը: Նրանք իրենց մաղձը թափելով Շահումյանի վրա, այդ հանգամանքն օգտագործում են վարկաբեկելու սովետական քաղաքակրթությունը, սոցիալիզմը:
Իմ նպատակի մեջ չի մտնում այստեղ դիմել նրանց խղճին, քանի որ դա նրանք երբեք չեն ունեցել եւ ընդարձակորեն պատասխանել, թե ի՞նչ էր իրենից ներկայացնում սովետական քաղաքակրթությունը, ինչպիսի՞ն է այսօր նրա նշանակությունը, սովետական քաղաքակրթությունը ընդմիշտ մնացե՞լ է անցյալում, թե՞ նրան է պատկանում ապագան:
Գիտեմ, որ այս հարցերը շատերին է հուզում, ինչպես նրա կողմնակիցներին, այնպես էլ նրա հակառակորդներին:
Մեր կյանքում տեղի է ունեցել ոչ միայն հասարակական-քաղաքական կացութաձեւի փոփոխություն, այլ կատարվել է հասարակության նոր, մեծ պառակտում: Սկսած 1990-ական թվականներից մեր իրականության մեջ խառնվել է ամեն ինչ: Ստորն ու բարձրը փոխել են իրենց տեղերը: Երկրի ճակատագրի համար խոր, գաղափարական, հույժ կարեւոր եւ սկզբունքային դատողությունների փոխարեն ասպարեզում թելադրողի դիրքի են ձգտում ստորությունն ու զազրախոսությունը:
Հունից հանված ընթերցող հանրությունը դադարել է հասկանալ, որտեղ է կեղծիքը եւ որտեղ է ճշմարտությունը, այդ թվում եւ պատմական ճշմարտությունը, սկսվել է ամեն ինչի այլանդակ սեւացումը, եւ դա ընկալվում է որպես նորմ, ընդհանուր կանոն, ընդօրինակման համար որպես նմուշ եւ որպես ձեռքբերում, նվաճում:
Վերը հիշատակված հակառակորդները համառորեն երիտասարդ սերնդին սովետական ժամանակաշրջանը ներկայացնում են համատարած ողբերգություն, այնտեղից հանել են այն ամենը, ինչը մարդկանց ուրախացնում էր, ինչով մարդիկ իրավացիորեն հպարտանում էին:
Այստեղ ուզում եմ հիշել ռուս նշանավոր փիլիսոփա, այլախոհ Ալեքսանդր Զինովեւին, որը սովետական ժամանակաշրջանը անվանել է ռուս եւ մյուս ժողովուրդների պատմության գագաթը:
Այսօրվա երիտասարդները պետք է իմանանան ճշմարտությունը սովետական քաղաքակրթության մասին, նրա ունիկալ նվաճումները ուշադրությամբ ուսումնասիրեն եւ ապագայում լիաչափորեն ստեղծագործաբար օգտագործեն:
Մեր աչքի առջեւ աշխարհն արմատապես փոխվում է, խորտակվում են հին պատկերացումները, իրականացվում է ՆԱՏՕ-ի ագրեսիվ քաղաքականությունը, ԱՄՆ-ի ձեռքերով գլոբալիզացիան փորձում է ամբողջ երկրագնդին թելադրել իր կամքը:
Այսպիսի պայմաններում աշխարհում նշանակալիորեն մեծանում է հետաքրքրությունը սովետական քաղաքակրթության նկատմամբ: Դա կապված է աշխարհն ընդգրկած ճգնաժամի հետ, որի փոսում հայտնվել է ավելի քան 200 երկիր:
Համաշխարհային ճգնաժամից դուրս գալու միջոցների որոնումն անխուսափելիորեն ուշադրություն է դարձնում սովետական փորձի վրա:
Նույնիսկ ԱՄՆ-ի նախագահ Օբաման իր նախընտրական ծրագրում հարկադրված էր խոսել կյանքի առավել չափով մեծ սոցիալիզացիայի մասին, կապիտալը սանձելու գործում պետության դերի ուժեղացման մասին:
Խոր պրոբլեմների առջեւ է հայտնվել թվացյալ բարեկեցիկ Եվրոպան: Երբ գրվում էին այս տողերը, 2012 թ. սեպտեմբերի 8-ին արմատական եւ քաղաքական-տնտեսական վերափոխումների նախապատրաստմանը մասնակցած, ֆինանսների ասպարեզում համաշխարհային առաջատար մասնագետներից մեկը` Չեխիայի պրեզիդենտ Վացլավ Կլաուսը, Եվրոպայում կոմունիստական ռեժիմների անկումից հետո հիասթափված, գտնում է, որ այժմ Եվրոպան վերադառնում է կառավարման սոցիալիստական մեթոդին:
Չեխիայի նախագահն ընդգծել է, որ «այժմ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում հեղափոխական փոփոխություններից եւ կոմունիզմի անկումից հետո ամբողջ Արեւմտյան Եվրոպան վերադառնում է սոցիալիզմին եւ հասարակության պետական կառավարմանը»:
Կապիտալիզմի գոյության պատմության 150 տարվա ընթացքում, մասնագետների հաշվարկով, տեղի է ունեցել 12 խոշոր ճգնաժամ` ընդգրկելով աշխարհի մեծագույն մասը:
20-րդ դարի ընթացքում տեղի ունեցած երկու համակարգային ճգնաժամերն ավարտվեցին երկու համաշխարհային պատերազմով: Եվ Սովետական Միությունը աշխարհը դուրս բերեց այդ ճգնաժամից, մարդկությանը փրկեց կրախից:
Սովետական քաղաքակրթությունն ուներ իր բաղկացուցիչ մասը` աներեւակայելի հարուստ եւ ինքնատիպ մշակույթը:
Իմ կարծիքով սովետական ժամանակաշրջանի գլխավոր առանձնահատկությունը մարդու ներքին զգացողությունն էր: Մարդն ուներ վստահություն վաղվա օրվա համար: Որովհետեւ նա գիտեր, որ պետությունը նրան կրթություն կտա, կապահովի աշխատանքով ու բնակարանով, կբուժի:
Ահա այս վստահությունը վաղվա օրվա նկատմամբ, երբ մարդը զգում էր իր կյանքի լիակատար տերը` ամենից արժեքավորն է:
Սովետական տարիներին, ինչպես բոլորը, ես նույնպես շրջել եմ Սովետական Միության շատ վայրերով, հանդիպել եմ տարբեր ազգերի մարդկանց: Եվ իմ մոտ նույնիսկ միտք չի առաջացել, որ կարող է ինձ հետ ինչ-որ վատ բան կատարվել եւ այլն: Մենք այն ժամանակ թերագնահատում էինք, թե ինչ ժամանակ էինք ապրում: Իսկապես ճիշտ էր ասվում այն ժամանակվա երգերից մեկում. «Ես ելնում եմ իմ տանից, բայց կարծես մտնում եմ իմ տունը»:
«Սովետական մարդ», իսկապես բարձր էր հնչում: Հիշում եմ Հայաստան այցելած ցեյլոնցի մի պատմաբանի խոսքերը հետեւյալի մասին. «Սովետական Միությունը,- ասում էր նա,- իմ երկրին ցույց է տալիս օգնություն, որը շատ անգամ զիջում է ամերիկացիների եւ անգլիացիների ցույց տված օգնությունից: Բայց դրա փոխարեն ինչպիսի~ մարդիկ էին ՍՍՀՄ-ից մեզ մոտ գալիս, ինչպիսի~ հարաբերություններ: Ահա դա է, որ մենք չենք ստանում որեւէ մեկ այլ երկրից»:
1970-ական թվականների վերջերին Սովետական Միություն էր եկել հանրահայտ բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին: Վերադառնալով ԱՄՆ, նա գրել է. «Ես մի քիչ նյարդանում էի, երբ վայրէջք կատարեցի Մոսկվայում: Ես մտածում էի, որ կտեսնեմ ճմրթված մի երկիր` մռայլ մարդկանց ամբոխով` մտածող ռոբոտների եւ իմ սենյակը լսող հատուկ ծառայությունների գործակալների:
Բայց ես տեսա հարյուր ազգությունների մի երկիր, որոնք ապրում էին ներդաշնակորեն: Ես տեսա միայն մեկ ոստիկանի: Ոչ մի զենք: Ոչ մի հանցագործություն, ոչ մի պոռնիկ, ոչ մի հոմոսեքսուալիստ»:
Սովետական քաղաքակրթության նշաններից մեկն էլ այն էր, որ քաղաքացիները հուսալիորեն պաշտպանված էին վնասակար սննդամթերքից: Այժմ վախով ենք գնում միս, կաթ, միրգ ու բանջարեղեն, քանի որ չգիտենք, թե դրանք ինչ են պարունակում: Մենք հիմա չգիտենք, թե ինչ ենք ուտում:
Իմ համոզմամբ այսօր, երբ կոնյուկտուրայից ելնելով, անձնական մղումներով ղեկավարվող քաղաքագետներն ու հասարակագետները, նրանց հետեւող պատմաբաններն ու այլոք այնպես են կեղծում եւ սեւացնում Հայաստանի սովետական ժամանակաշրջանը, զանազան միջոցներով երիտասարդ ընթերցողին համոզելով, թե նրանում որեւէ լավ բան չի եղել: Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի նույնիսկ փորձ չանեն մտածել, թե Սովետական Հայաստանում եղել է ինչ-որ լավ բան:
Իրենց նպատակին վերջնականապես հասնելու համար, բոլորիս հայտնի միջոցներով առաջացած վերնախավն ու նրա հլու կամակատար քաղաքագետներն ու հասարակագետ-պատմաբանները սովետական ժամանակաշրջանը վարկաբեկելու հետ միասին հանրությանը ոչինչ չեն կարողանում մատուցել` բացի կեղծ ապրանքներով լցված խանութներով ապացուցել, թե Հայաստանում կապիտալիստական վերափոխումներն այլընտրանք չունեն:
Եվ այդ ամենն արվում է նրա համար, որպեսզի երիտասարդության մտքով չանցնի, թե սովետական ժամանակաշրջանում եղել են դրական պահեր:
Վերջապես ժամանակն է վերջ տալ մեր պատմությունն ամերիկացիների աչքերով մատուցելուն: Այնտեղ այնքան սուտ կա, որից ազատվելը դարձել է հրամայական պահանջ:
Մինչդեռ սովետական ժամանակաշրջանը հայ ժողովրդի պատմության մասն է, իր օրինական տեղն ունի հայ ժողովրդի պատմության մեջ:
Ես պատկերացնում եմ, թե իմ մտքերն ինչպես են ընդունելու այն հաստիքային քաղաքագետներն ու հասարակագետ-պատմաբանները, որոնք մասնագիտացել են ոչ վաղ անցյալի Հայաստանի բացասական կերպարը ստեղծելու մեջ եւ սովետական ժամանակաշրջանը սեւացնելուց բացի, ուրիշ ոչինչ արժեքավոր ու մնայուն գործ չեն ստեղծել:
Կանխազգալով նրանց բարձրացրած աղմուկը, ուզում եմ ասվածն ամփոփելով, նրանց պատասխանել, հիշելով մեր ժամանակի նշանավոր մտածող ու փիլիսոփա Ալեքսանդր Զինովեւի հետեւյալ խոսքերը: Երբ նրան հարցնում են. «Դուք պաշտպանո՞ւմ եք կոմունիզմը», նա պատասխանում է. «Ոչ, ես պաշտպանում եմ ճշմարտությունը կոմունիզմի մասին»:
Բավարարվեմ ասվածով եւ ընդգծեմ, որ բոլորովին չպետք է զարմանալ, որ Հայաստանի պայմաններում, մեր ընտանի կեղծարարները ոչ միայն անվանարկում են Ստեփան Շահումյանին, այլեւ իրենց տպագրված աշխատություններում ու հրապարակային ելույթներում (հատկապես գիտաժողովներում) ուղղակի նենգափոխում են Սովետական Հայաստանի պատմությունը, ծաղրի են ենթարկում տասնյակ սերունդների աշխատանքով ստեղծված արժեքները:
Այո, զարմանալու փոխարեն պետք է զայրանալ: Եվ եթե Ադրբեջանում են թույլ տրվում այդպիսի կեղծիքներ, ապա ինչ անուն տալ այն փաստին, որ Շահումյանին անվանարկելու մեջ մեր ընտանի կեղծարարները ձայնակցում են ադրբեջանական կեղծարարներին:
Ստ. Շահումյանին ապագայում էլ անվանարկելու փորձեր կլինեն: Բոլոր ներկա եւ ապագա փորձերի հեղինակներին կարծես նկատի ուներ Ստ. Շահումյանը, ասելով հետեւյալը, «Թուղթը, ճիշտ է, չի բողոքում ոչ մի բանի դեմ, ամեն ինչ տանում է, բայց պարոններ, հարկավոր է մի քիչ ամաչել»:
Այո, Ստ. Շահումյանը պաշտպանության կարիք չունի: Բայց մենք մեր պարտքն ենք համարում բռնել իսմայիլովների, խոմիզուրիների եւ նրանց ձայնակցող ընտանի կեղծարարների ձեռքը եւ թույլ չտալ կեղծել իրողությունը, թյուրիմացության մեջ գցել անտեղյակ ընթերցողին: Նրանց թխած «առասպելների» ետեւից երեւում են անգլիական գաղութարարների եւ նրանց կամակատարներ վրաց մենշեւիկների եւ ադրբեջանական մուսավաթականների պարագլուխների երկար ականջները:
Եթե սովետական տարիներին ադրբեջանցի հեղինակները հայ ժողովրդի պատմության առանձին հարցերի վերաբերյալ իրենց մեկնաբանությունները տալիս էին բավականաչափ զգուշությամբ, այն ներկայացնում էին ինտերնացիոնալիզմի փաթեթով, ապա այժմ չկա այդ զսպաշապիկը եւ նրանք բոլոր միջոցներով հարձակվում են Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության դեմ, կեղծելով ամբողջ ճշմարտությունը:
Ադրբեջանցի կեղծարարները իրենց հարվածի թիրախը հատկապես ուղղել են Սովետական Հայաստանի ամբողջ պատմության դեմ` այն աջ ու ձախ կեղծելով: Եվ դա զարմանալի չէ: Ադրբեջանում պետական մակարդակով տարվում է հզոր քարոզչական արշավանք հայ ժողովրդի պատմությունը կեղծելու համար:
Զարմանալին այն է, որ Հայաստանում, մեր ընտանի հեղինակներից ոմանք կարծես մրցության մեջ են մտել ադրբեջանցի կեղծարարների հետ եւ ամեն միջոցով կեղծում են Սովետական Հայաստանի պատմությունը, սեւացնում այն ու բացի ԳՈՒԼԱԳ-ից որեւէ լավ բան չեն տեսնում:
Հարկ չեմ համարում այստեղ հիշատակել ընտանի այդ հեղինակներին, բայց խնդրեմ, թող ընթերցողը ծանոթանա վերջին երկու տասնամյակի ընթացքում հրապարակված աշխատություններին, ապա դրանց մեծ մասի բովանդակությունից նրա համար պարզ կլինի կեղծիքի անչափելի սահմանները:
Այդ ընտանի ժխտողների մեջ նույնիսկ կան առանձին հեղինակներ, որոնք կեղծիքն հասցրել են զավեշտի, պնդելով, թե Սովետական Հայաստանը պետություն չի եղել: Այս կեղծարարները գոնե չեն ամաչում այդ տարիներին իրենց ստացած դիպլոմների վրա եղած Սովետական Հայաստանի պետական կնիքի մակագրությունից:
Այդ կեղծարարները, որոնք ետ չեն մնում ադրբեջանցիներից, բարոյական առումով այնքան փոքրհոգի ու սաղր են, որ իրենց հետ չհամաձայնվողների հետ գաղափարախոսական տարաձայնությունները իջեցնում են անձնական հարաբերությունների մակարդակին: Եվ դժվար չէ պատկերացնել դրա հետեւանքները, մանավանդ, երբ այդպիսի անձանց վստահվում է ինչ-որ պաշտոն:
Ստեփան Շահումյանի մասին շատ գրքեր ու մենագրություններ են գրվել ու հրապարակվել: Բայց դժվար է ասել, որ արդեն սպառիչ կերպով բացահայտվել եւ ուսումնասիրվել է նրա գրական-հրապարակախոսական ամբողջ գործունեությունը: Դրանում կհամոզվի ընթերցողը, նկատի ունենալով սույն աշխատության մեջ առաջին անգամ գիտական շրջանառության մեջ դրվող Շահումյանի մի շարք ելույթ եւ հոդված:
Համոզված եմ, որ ապագայում էլ անաչառ ուսումնասիրողները ժամանակին Կովկասում լույս տեսած հայերեն եւ ռուսերեն մամուլում կգտնեն տարբեր ծածկանուններով հրապարակված Շահումյանի հոդվածները:
Սույն աշխատությունը ձեռնարկելով, ես իմ առջեւ նպատակ եմ դրել ղեկավարվել պատմականության սկզբունքներով, եւ հենվելով բացառապես օբյեկտիվ տվյալների ու փաստերի վրա, լուսաբանել Շահումյանի կյանքի պատմությունը` մանկությունն ու պատանեկությունը, ուսման տարիները, հեղափոխության մեջ նրա առաջին քայլերը, քաղաքական հայացքները, Շահումյանի գրագրությունը, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նրա եռանդուն գործունեությունն Անդրկովկասի ժողովուրդների ինտերնացիոնալ բարեկամությունն ամրապնդելու, սովետական իշխանության հաղթանակի համար:
Եվ հիմա ընթերցողի դատին ներկայացնելով սույն աշխատությունը, հույս ունեմ, որ նա կհամոզվի, թե ադրբեջանցի պատմահեն հեղինակներն ու նրանց ձայնակցող ընտանի կեղծարարները ինչքան խորն են ընկել նացիոնալիստական ճահիճը, փորձելով այնտեղ տանել նաեւ ռուս ընթերցողին:
Միայն ափսոսում եմ, որ այս աշխատությունը ռուսերեն հրատարակելու հնարավորություն չունեմ, եւ այդ պատճառով այդ կեղծարարներին տրվող պատասխանը լիարժեք չի լինելու:
Իսկ ինչ վերաբերում է ընթերցողի ուշադրությանը ներկայացվող իմ այս աշխատությանը, ապա վստահաբար ուզում եմ կրկնել Ժան Ժակ Ռուսոյի հետեւյալ խոսքերը. «Իմ գործն է ասել ճշմարտությունը եւ ոչ թե ստիպել հավատալ նրանում ասվածը»:
Կարեւոր եմ համարում ասել նաեւ, որ ձգտել եմ աշխատության մեջ շոշափված բոլոր իրադարձություններին, դեպքերին եւ այլն, նայել այն ժամանակվա մարդկանց աչքերով, ինչը, որ կարծում եմ օգնում է տվյալ ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները հասկանալուն եւ գնահատելուն:
Վերջապես, հարկ եմ համարում ընդգծել, որ ժողովրդի մոտ ուժեղ է հետաքրքրությունը մեր արմատների, մեր անցյալի նկատմամբ: Բայց անտարբեր մարդիկ էլ քիչ չեն, եւ ես հույս ունեմ իմ այս գրքով նրանց բերել դեպի պատմության, անաչառ պատմության կողմը:
Աշխատությունը գրելու ընթացքում ինձ աջակցություն են ցույց տվել Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Հրանտ Ղազարյանը եւ Արտեմ Մուրադյանը, որոնց հայտնում եմ իմ շնորհակալությունը:
* * *
Սույն աշխատությունը գրելիս լայնորեն օգտվել եմ Հայաստանի, Մոսկվայի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի տարբեր արխիվներում պահվող նյութերից, որոնք առնչվում են Շահումյանի կյանքին ու գործունեությանը, ինչպես նաեւ նրա մասին հրապարակված գրքերից, մենագրություններից, հուշերի ժողովածուներից:
ՎԼԱԴԻՄԻՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ