ԳԼՈՒԽ 1
ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՏԵՂՆ ՈՒ ԴԵՐԸ ՄԱՐԴՈՒ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ
« 1 ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔ
ա) Աշխարհայացքի ընդհանուր բնութագիրը
«Փիլիսոփայություն» բառը ծագել է հին հունական «փիլեո»-սիրել եւ «սոփիա»-իմաստություն բառերից եւ նշանակում է իմաստասիրություն: Որպես մարդկային հոգեւոր մշակույթի առանձին ձեւ այն առաջացել է Հին Հունաստանում մ. թ. ա. VI-V դարերում, շնորհիվ ստրկատիրական դեմոկրատիայի, որտեղ հաստատվել էր քաղաքական եւ zհոգեւոր կյանքի, այդ թվում մտքի ազատություն:
Փիլիսոփայությունը աշխարհայացքային գիտություն է: Իսկ աշխարհայացքը մարդու ընդհանուր հայացքներն են աշխարհի եւ իր՝ մարդու մասին: Լինելով բանական էակ, մարդը հնուց հետաքրքրվել է, թե ինչ է աշխարհը (բնությունը, տիեզերքը), իր հիմքում այն նյութական է թե հոգեւոր, ստեղծված է թե ոչ, վերջավոր է թե անվերջ ժամանակի եւ տարածության մեջ, ինչ է մարդը, ինչի համար է նա ապրում, նրա կյանքը իմաստ ունի՞ թե ոչ, ինչպես պետք է նա ապրի, որ նրա կյանքը մարդավայել լինի, կա՞ արդյոք երջանկություն, եթե այո, ապա ո՞րն է այն, հասանելի է, թե ոչ եւ այլն: Աշխարհայացքի հիմնական հարցը մարդու (սուբյեկտի) եւ աշխարհի (օբյեկտի) փոխհարաբերության հարցն է: Այս հարցի լուծումը թույլատրում է պարզել, թե ինչ նշանակություն ունի աշխարհը մարդկային կյանքի համար, ինչ տեղ ու դեր ունի մարդն աշխարհում, որն է նրա կոչումը, ինչպես պետք է նա վերաբերվի աշխարհին եւ այլն: Տվյալ հարցն աշխարհայացքի համար հիմնական է, որովհետեւ իր շուրջն է կենտրոնացնում մյուս բոլոր աշխարհայացքային հարցերը:
Աշխարհայացքի ձեւավորման համար մարդուն անհրաժեշտ են լայն գիտելիքներ աշխարհի, այսինքն՝ բնության ու հասարակության ամենաբազմազան երեւույթների եւ իրադարձությունների մասին: Սակայն դա բավական չէ: Նա պետք է գիտելիքներ ունենա նաեւ մարդկային արժեքների մասին, որոնց տեսանկյունից նա արժեւորում է այդ երեւույթներն ու իրադարձությունները: Դրական գնահատման դեպքում գիտելիքներն ընդունվում են մարդու կողմից եւ դառնում են նրա համոզմունքները: Հակառակ դեպքում դրանք մերժվում են: Համոզմունք դարձած գիտելիքներն էլ հանդես են գալիս որպես մարդու հայացքներ, իսկ ընդհանուր հայացքների ամբողջությունը՝ որպես աշխարհայացք: Այսպիսով, աշխարհայացքը աշխարհի մասին մարդու ընդհանուր գիտելիքների եւ արժեքների միասնությունն է: Այն խորապես թափանցում է մարդու էության մեջ, դառնում նրա կյանքի առավել ընդհանուր ուղենիշը: Մարդն ապրում է ու գործում է, ղեկավարվելով իր աշխարհայացքով: Մարդն իր բոլոր արժանիքներով ու թերություններով, իր արատներով այն է, ինչ նրա աշխարհայացքն է: Երբ հայրենասիրությամբ տոգորված ազատամարտիկները իրենց կյանքը զոհում էին Ղարաբաղի ազատագրման համար, դա աշխարհայացքի հարց էր: Իսկ երբ Թատերական հրապարակում «միացո՜ւմ, միացում» գոռացող ՀՀՇ-ականները ռազմաճակատ գնալու փոխարեն զավթեցին իշխանությունը եւ թալանեցին ու ավերեցին երկիրը, դա եւս աշխարհայացքի հարց էր: Այս երկու կողմերի վարքագծի հակադրությունը բխում է նրանց արժեքների հակադրությունից: Առաջինների համար հայրենիքը բարձրագույն արժեքներից է, իսկ երկրորդների համար թալանի ու հարստացման աղբյուր: Թալանչիները եւս «սիրում» են իրենց հայրենիքը, բայց ինչպես գայլը ոչխարին՝ որպես համեղ պատառ: Մարդկանց աշխարհայացքի մասին պետք է դատել ոչ թե նրանց ասածներից ու գրվածքներից, այլ արարքներից: Մարդկանց, ժողովուրդների ու պետությունների միջեւ կոնֆլիկտներն ու պատերազմները միշտ անմիջականորեն ծագում են նրանց աշխարհայացքների հակադրությունից: Օրինակ, Ադրբեջանի համար գերագույն արժեք է նվաճողականությունը, իսկ հայ ժողովրդի համար՝ իր հայրենի հողի ազատագրումը:
բ) Աշխարհայացքի հիմնական տարատեսակները:
Գոյություն ունի աշխարհայացքի 4 հիմնական տարատեսակ: Առաջինը առօրեական աշխարհայացքն է, որը հատուկ է բոլոր մարդկանց: Այն ծագում է տարերայնորեն մարդկանց կենսափորձից, ունի մակերեսային, անհամակարգ եւ փոփոխական բնույթ: Տարերային է, որովհետեւ ծագում է ինքնաբերաբար մարդկանց կյանքի ընթացքում, առանց որեւէ ուսումնասիրությունների, այդ պատճառով էլ մակերեսային, հակասական ու փոփոխական է: Մակերեսայնությունը չի նշանակում, որ այդտեղ չկան խոր աշխարհայացքային դրույթներ, որոնք մարդկության բազմադարյան փորձի ընդհանրացումներ են: Սակայն դրանք բացառություն են եւ արտահայտվում են ասացվածքների, ժողովրդական իմաստուն ասույթների կամ թեւավոր խոսքերի միջոցով: Դրանցից են, օրինակ, «ինչ կցանես, այն կհնձես», «մի լինիր ուրագի պես, միշտ դեպի քեզ...» եւ այլ ասացվածքները: Աշխարհայացքի տվյալ ձեւը ավելի շուտ համոզմունքների հավաքածու է, որտեղ առանձին դրույթներ երբեմն միմյանց հակասում են, եւ մարդու կենսափորձի փոփոխությանը զուգընթաց փոփոխվում են: Պարզ է, որ պատանու եւ տարեց մարդու աշխարհայացքները նույնական լինել չեն կարող, որովհետեւ նրանց կենսափորձերի միջեւ մեծ տարբերություն կա:
Երկրորդը դիցաբանական աշխարհայացքն է, որը տարածված է եղել տոհմատիրության ուշ շրջանում, ստրկատիրության եւ մասամբ էլ ֆեոդալիզմի ժամանակ: Դիցաբանականը կրոնական հավատալիքների ու գեղարվեստական պատկերների միաձուլման արդյունք է: Այն արտահայտվում է առասպելների ու լեգենդների ձեւով, որոնցից շատերը գեղարվեստի գլուխգործոցներ են եւ, հետեւապես, իշխել են մարդկանց հոգեւոր կյանքում ոչ միայն հավատի ուժով, այլեւ գեղեցիկի հմայքով: Այդպիսիք են առասպելները հին հունական, հռոմեական, հայկական ու մյուս ժողովուրդների աստվածների ու հերոսների մասին (Զեւսի, Աթենասի, Ափրոդիտեի, Յուպիտերի, Վահագնի, Անահիտի, Ծովինարի եւ այլ աստվածների մասին):
Երրորդը կրոնական աշխարհայացքն է, որը հիմնված է հավատի վրա: Կրոնը պատկերացումների մի ամբողջություն է բնական ու գերբնական աշխարհների, գերբնական բարի ու չար ուժերի՝ աստծու եւ սատանայի մասին: Միաժամանակ այն արժեքների մի ամբողջ համակարգ է, խստիվ կանոնակարգում է մարդու կյանքը ծննդյան օրվանից մինչեւ մահը: Ըստ կրոնի, բանականությունը թույլ եւ սահմանափակ է, ուստի պետք է ենթարկվի հավատին, որի առջեւ են միայն բացվում աշխարհի ու կյանքի գերագույն ճշմարտությունները եւ արժեքները:
Չորրորդը փիլիսոփայական աշխարհայացքն է, որն ունի տեսական բնույթ (տեսություն, հին հունարեն «թեորիա» նշանակում է մի որեւէ օբյեկտի ամբողջական ընկալում, ճանաչում) եւ ընդհանրապես տեսական ճանաչողության առաջին պատմական ձեւն է: Փիլիսոփայությունը հիմնված է բանականության, մտածողության վրա, մշակվում է փիլիսոփաների կողմից հատուկ ուսումնասիրությունների շնորհիվ, իր դրույթներն արտահայտում է համընդհանուր հասկացությունների՝ կատեգորիաների միջոցով, իր բովանդակությամբ խորն է եւ համակարգային: Լինելով բանական, տեսական ճանաչողության ձեւ, այն օգտագործում է մտածողության ողջ ապացուցողական ապարատը, ձգտելով ապացուցել իր դրույթները եւ հերքել այլ ուսմունքները: Դրա շնորհիվ այն ներկայանում է որպես փոխկապակցված կատեգորիաների, դրույթների համակարգ, թեեւ հետագայում քննադատները աշխատում են բացահայտել նրա մեջ թաքնված հակասությունները: Համենայն դեպս համակարգայնությունը փիլիսոփայության կարեւորագույն պահանջներից է, այն չի կարող լինել դրույթների պարզ հավաքածու, եթե ցանկանում է մնալ տեսական ճանաչողության ձեւ: Այդ պատճառով էլ ամեն մի փիլիսոփայական ուսմունքի քննադատությունը կատարվում է, բացահայտելով՝ ա) նրա հակասությունը իրականության հետ, երբ իրականությունը մի բան է ցույց տալիս, իսկ ուսմունքը մի ուրիշ բան է ասում, բ) նրա ներքին, տրամաբանական հակասականությունը, երբ նրա մի դրույթը ժխտում է մյուսին:
« 2. ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ
Փիլիսոփայությունը՝ որպես տեսական գիտություն, աշխարհայացքի հիմնական հարցը՝ մարդու եւ աշխարհի փոխհարաբերության հարցը դնում է տեսականորեն, ընդհանրացված ձեւով որպես հոգեւորի ու նյութականի կամ գիտակցության ու մատերիայի փոխհարաբերության հարց, որն ընդգրկում է ինչպես հոգեւորի ու բնականի, այնպես էլ մարդու հոգու եւ մարմնի փոխհարաբերության հարցը:
Փիլիսոփայության հիմնական հարցը՝ հոգեւորի եւ նյութականի փոխհարաբերության հարցն ունի 2 կողմ: Առաջին կողմը աշխարհի էության կամ հիմքի հարցն է: Փիլիսոփաները միշտ էլ ձգտել են պարզել, թե որն է աշխարհի էությունը, հիմքը՝ հոգեւորը, թե նյութականը, այսինքն՝ դրանցից որն է առաջնային եւ որը երկրորդային, ածանցյալ: Երկրորդ կողմը աշխարհի ճանաչելիության հարցն է, աշխարհի երեւույթների եւ մարդկային գիտելիքների հարաբերության հարցը:
Փիլիսոփայության հիմնական հարցի առաջին կողմն ունի լուծման 3 եղանակ՝ մոնիստական, դուալիստական եւ պլյուրալիստական:
Մոնիզմը («մոնոս» հունարեն մեկ, միակ բառից է առաջացել) պնդում է, որ աշխարհն ունի մեկ միասնական հիմք՝ նյութական կամ հոգեւոր: Ըստ այդմ, մոնիզմը բաժանվում է մատերալիզմի եւ իդեալիզմի: Մատերիալիզմը («մատերիալիս» հունարեն նյութ է նշանակում) աշխարհի հիմք է ընդունում նյութականը, մատերիան, իսկ հոգեւորը, գիտակցությունը համարում է դրա արգասիքը: Ըստ մատերիալիստների, մատերիան անստեղծելի ու անոչնչանալի է, հավերժական, անվերջ տարածության ու ժամանակի մեջ: Բոլոր երեւույթներն ու իրերը, ներառյալ նաեւ մարդն իր հոգեւոր կյանքով, գիտակցությամբ մատերիայի գոյության կամ դրսեւորման տարբեր ձեւեր են: Հետեւապես, չկան ու չեն կարող լինել որեւէ գերբնական հոգեւոր ուժեր, էակներ (աստվածներ, հրեշտակներ, մարդկային անմահ հոգիներ, սատանաներ եւ այլն), գերբնական աշխարհներ, ինչպես, օրինակ, դրախտ, դժոխք եւ այլն: Մի խոսքով, մարդը բնական էակ է, եւ բնությունը, որի մեջ նա ապրում է, միակ աշխարհն է: Հետեւապես, մարդը պետք է իր կյանքի հիմք ընդունի բնությունը, նյութականը, մարմնականը եւ դրանով առաջնորդվի:
Դրան հակառակ իդեալիզմը («իդեա» հունարեն նշանակում է գաղափար) պնդում է, որ աշխարհի հիմքը հենց այդ գերբնական հոգեւոր ուժերն ու էակներն են, մատերիական աշխարհը, բնությունը նրանց կողմից է ստեղծված: Որպես առաջնային, գերբնական հոգեւորն է անստեղծելի, հավերժական, անվերջ, անմահ եւ ամենակարող: Բնությունը լիովին նրա տիրապետության տակ է, մարդը եւս՝ նրա կողմից տրված իր նույնպես գերբնական ու անմահ հոգով: Այստեղից հետեւում է կյանքի մի այլ՝ մատերիալիզմին հակառակ ծրագիր, համաձայն որի մարդկային կյանքի հիմքն ու գլխավոր կողմնորոշիչը ոչ թե նյութականն է, այլ հոգեւորը:
Դուալիզմը (լատիներեն «դուո»-երկու բառից) գտնում է, որ աշխարհն ունի 2 իրարից անկախ հիմք՝ նյութական եւ հոգեւոր: Դրանցից ոչ մեկը մյուսից չի առաջացել: Դուալիստ է, օրինակ, XVII դ. ֆրանսիացի մաթեմատիկոս ու փիլիսոփա Ռ. Դեկարտը, ըստ որի աշխարհը բաղկացած է նյութական եւ հոգեւոր սուբստանցներից (լատիներեն «սուբստանց» նշանակում է հիմք): Բնությունը իր բուսական ու կենդանական աշխարհով նյութական է, իսկ մարդը՝ ոչ, որովհետեւ նա մարմնի եւ հոգու միասնություն է: Ներկայումս փիլիսոփայական դուալիզմը տարածված չէ:
Պլյուրալիզմ (լատիներեն «պլյուրում»-բազմաթիվ բառից) համոզված է, որ աշխարհի հիմքերը ոչ թե մեկը կամ երկուսն են, այլ բազմաթիվ են, չափազանց շատ են: Երեւույթների ամեն մի դաս՝ քարերը, մետաղները, բույսերը, կենդանիները եւ այլն, ունի իր սեփական, ինքնուրույն հիմքը: Այդ տեսակետին է հարում, օրինակ, ամերիկյան պրագմատիզմը: Պլյուրալիստական ուսմունքները փիլիսոփայության մեջ եւս տարածված չեն: Փոխարենը պլյուրալիզմը չափազանց լայն տարածում է ստացել հասարակության բոլոր ոլորտներում. քաղաքական կյանքում բազմակուսակցականության ձեւով, տնտեսական կյանքում սեփականության տարբեր ձեւերի տեսքով, գիտության եւ արվեստի մեջ տարբեր կարծիքների եւ ուղղությունների ազատության ձեւով: Դա վերաբերում է նաեւ փիլիսոփայությանը, որ այժմ էլ ամենատարբեր, այդ թվում հակադիր ուսմունքների հավաքածու է:
Մոնիզմը եւ պլյուրալիզմը որպես հակադիր սկզբունքներ ունեն իրենց դրական եւ բացասական կողմերը: Մոնիզմի դրական կողմն այն է, որ միավորում, բազմապատկում է ժողովրդի ուժերը, համախմբելով նրան մեկ ուսմունքի ու նպատակի շուրջը: Իսկ բացասականն այն է, որ ճնշում է մարդկանց ազատությունն ու ակտիվությունը, դարձնում նրանց «վինտիկներ», հասարակությանը դատապարտում լճացման եւ չի պաշտպանում սխալ ուսմունքների կործանիչ հետեւանքներից: Պլյուրալիզմի բացասական կողմը մեկ համախմբող ուսմունքի ու նպատակի մերժման պատճառով ժողովրդի ուժերի մասնատումն է, իսկ դրականը մարդկանց ազատության, նախաձեռնության ու տարբեր տեսակետների մրցակցության խրախուսումն է: Դա խթանում է հասարակության անկաշկանդ զարգացումը եւ սխալի դեպքում ապահովագրում է համընդհանուր կործանումից, ինչը կատարվեց ԽՍՀՄ-ի հետ: Հասարակության զարգացմանը զուգընթաց պլյուրալիզմի սկզբունքի դերը մեծանում է եւ այսօր այն առաջատար միտում է:
Փիլիսոփայության մեջ հետեւողական են մոնիստական ուսմունքները, որոնք բաժանվում են 2 հակադիր ուղղությունների՝ մատերիալիզմի եւ իդեալիզմի: Դուալիզմի եւ պլյուրալիզմի ուղղությունները միջանկյալ են, տատանվում են մատերիալիզմի եւ իդեալիզմի միջեւ: Կան նաեւ որոշ էկլեկտիկական ուսմունքներ: Էկլեկտիկան (լատիներեն էկլեգո-ընտրում եմ բառից) փորձում է հաշտեցնել մատերիալիզմն ու իդեալիզմը, միաձուլելով դրանք: Օրինակ, ավստրիացի Է. Մախը (XIX դ.) ստեղծել է «չեզոք» մոնիզմի ուսմունքը, ըստ որի աշխարհի հիմքը եւ նյութական է, եւ հոգեւոր:
Իր զարգացման ընթացքում մատերիալիզմն անցել է 3 գլխավոր պատմական փուլ: Առաջին փուլը անտիկ շրջանի, հատկապես հին հունական, միամիտ (նաիվ) մատերիալիզմն է, ըստ որի աշխարհն ունի կոնկրետ նյութական սկզբնապատճառ եւ որից էլ առաջացել է ամեն ինչ: Ոմանք այդպիսի սկզբնապատճառ են համարել ջուրը (Թալես), մյուսները՝ օդը (Անաքսիմեն), ուրիշները՝ կրակը (Հերակլիտ), ատոմները (Դեմոկրիտ) եւ այլն: Տվյալ միամիտ մատերիալիզմը օրգանապես կապված է եղել տարերային դիալեկտիկայի հետ (հունարեն դիալեգոմայբանավիճել բառից), որովհետեւ աշխարհը դիտել է շարժման ու փոփոխության մեջ:
Երկրորդ փուլը XVII-XVIII դդ. մեխանիկական, մետաֆիզիկական, հայեցողական մատերիալիզմն է, որի գագաթնակետը XVIII դ. ֆրանսիական մատերիալիզմն է (Դիդրո, Հոլբախ): Մեխանիկայի ազդեցության տակ աշխարհն ու մարդուն այն մեկնաբանել է մեխանիկորեն, ժխտել է երեւույթների համընդհանուր կապը, ուստի եւ բնորոշվել է որպես մետաֆիզիկական (հունարեն մետաֆիզիկա-«ֆիզիկայից հետո» բառից), եղել է հայեցողական, որովհետեւ մարդու ճանաչողությունը համարել է պասիվ հայեցողության պրոցես, կտրված մարդու ակտիվ, պրակտիկ գործունեությունից: Միաժամանակ այդ մատերիալիզմը եղել է կիսատ, անհետեւողական, քանզի մարդկային հասարակությունը մեկնաբանել է իդեալիստորեն, գտնելով, որ այդտեղ առաջնայինը, որոշիչը, մարդկանց գիտակցությունն է, նրանց գաղափարները, նպատակները, ցանկությունները եւ այլն:
Երրորդ պատմական փուլը XIX դ. երկրորդ կեսին Կ. Մարքսի ու Ֆ. Էնգելսի ստեղծած դիալեկտիկական եւ պատմական մատերիալիզմն է, որը վերստին միավորեց դիալեկտիկան ու մատերիալիզմը, այն տարածեց հասարակության վրա, ցույց տալով, որ որոշիչը մարդկանց կյանքի նյութական պայմանները, նյութական բարիքների արտադրությունն է, տնտեսությունն է, այլ ոչ թե նրանց գաղափարները, նպատակները, մի խոսքով հոգեւոր ուժերը: Դրա հիման վրա առաջացավ պատմական մատերիալիզմը: Սակայն Կ. Մարքսն ու Ֆ. Էնգելսը արմատապես սխալվեցին, փորձելով իրենց ուսմունքից բխեցնել կոմունիզմի անխուսափելի հաղթանակը, այսինքն՝ ապացուցել, որ կոմունիզմը հաստատվելու է ամբողջ աշխարհում:
Իդեալիզմը եւս անցել է զարգացման երկարատեւ գործընթաց: Դրա զարգացման հիմնական փուլերից են անտիկ շրջանի իդեալիզմը (Պյութագորաս, Սոկրատես, Պլատոն, Արիստոտել), միջնադարյան քրիստոնեական կրոնական փիլիսոփայությունը (Օգոստինոս Երանելի, Թոմաս Աքվինացի), որը կոչվել է սխոլաստիկա (հունարեն սքոլա-դպրոց բառից), այսինքն՝ դպրոցական փիլիսոփայություն, այնուհետեւ XVIII դ. անգլիական էմպիրիզմը (Ջ. Բերկլի, Դ. Հյում), XVIII-XIX դդ. գերմանական դասական փիլիսոփայությունը (Ի. Կանտ, Գ. Հեգել) եւ վերջապես XX դ. արեւմտյան փիլիսոփայությունը, հատկապես նեոթոմիզմը (Գ. Մարսել), նեոպոզիտիվիզմը (Բ. Ռասսել, Ռ. Կառնապ) եւ էկզիստենցիալիզմը (Կ. Յասպերս, Ժ.-Պ. Սարտր եւ այլք):
Սակայն իդեալիզմն ունի երկու գլխավոր տարատեսակ. օբյեկտիվ եւ սուբյեկտիվ իդեալիզմ:
Իդեալիզմի առաջին տարատեսակը օբյեկտիվ է կոչվում, որովհետեւ այն աշխարհի հիմք է համարում մի ինչ-որ գերբնական տիեզերական հոգեւոր ուժ, որը գոյություն ունի բնությունից ու մարդուց անկախ, հավերժորեն եւ արարում է ամբողջ աշխարհը, ներառյալ մարդուն: Այդ արարիչ հոգեւոր ուժը օբյեկտիվ իդեալիստները տարբեր ձեւով են անվանում. իդեաների, այսինքն՝ գաղափարների աշխարհ (Սոկրատես, Պլատոն), համաշխարհային ոգի կամ բացարձակ իդեա (Հեգել): Օբյեկտիվ իդեալիզմը շատ մոտ է կրոնին, քանզի կրոնն աշխարհի հիմք է ընդունում Աստծուն՝ մի գերբնական հոգեւոր արարիչ էակի: Օբյեկտիվ իդեալիզմն ըստ էության կրոնի փիլիսոփայական հիմնավորումն է, եւ պատահական չէ, որ դրանք միշտ միասնաբար են հանդես եկել մատերիալիզմի դեմ:
Սուբյեկտիվ իդեալիզմը աշխարհի հիմք է համարում մարդու (սուբյեկտի) հոգեւոր ուժը, մարդու գիտակցությունը: Սուբյեկտիվ իդեալիզմի ուղղություններից են էմպիրիզմը (լատիներեն էմպիրիա-փորձ բառից), վոլյունտարիզմը (լատիներեն վոլյունտարիս-կամք բառից) եւ ինտուիտիվիզմը (լատիներեն ինտուիցիո-սեւեռուն, ակնապիշ նայել բառից): Ըստ սուբյեկտիվ իդեալիստական էմպիրիզմի (Ջ. Բերկլի, Դ. Հյում, XVIII դ.), մարդու ճանաչողության աղբյուրը զգայական փորձն է, հետեւապես աշխարհը բաղկացած է մարդու (սուբյեկտի) զգայություններից եւ մարդուց անկախ գոյություն ունենալ չի կարող: Օրինակ, խնձորենին գոյություն ունի, որովհետեւ ես տեսնում (զգայում) եմ այն: Այսպիսով, խնձորենին տեսնելը դարձվում է նրա գոյության պատճառ: Վոլյունտարիզմը (Ա. Շոպենհաուեր, Ֆ. Նիցշե) աշխարհի արարիչ է համարում սուբյեկտի կամքը: Վոլյունտարիստները քարոզում են, որ բնությունն ու հասարակությունը չունեն իրենց սեփական օբյեկտիվ օրենքները, պատճառական կապերը, դրանք բոլորը կամքի օրենքներն ու պատճառներն են: Կամքը, մասնավորապես գերմարդու կամքն է ամեն ինչ թելադրողը: Ֆաշիստները համոզված էին, որ ֆյուրերի կամքն է վճռում աշխարհի ճակատագիրը:
Ինտուիտիվիզմը (Ա. Բերգսոն) պնդում է, որ աշխարհի ստեղծարարն է գերբնական, առեղծվածային ինտուիցիայի ուժը, որը մարդկային ինտուիցիայի հետ մեկտեղ ամենակարող արարիչ սուբյեկտ է:
Էմպիրիզմի հայրենիքը Անգլիան է, վոլյունտարիզմինը՝ Գերմանիան, իսկ ինտուիտիվիզմինը՝ Ֆրանսիան:
Սրանով ավարտում ենք փիլիսոփայության հիմնական հարցի առաջին կողմի՝ աշխարհի հիմքի, էության հարցի շարադրանքը: Այժմ անցնենք այդ հարցի երկրորդ կողմին՝ աշխարհի ճանաչելիության հարցին:
Փիլիսոփաների մեծ մասը, բոլոր մատերիալիստները եւ իդեալիստների մի զգալի մասը տվյալ հարցը դրականորեն են լուծում: Մատերիալիստների կարծիքով, նյութական աշխարհի բոլոր երեւույթները լիովին ճանաչելի են: Անճանաչելի երեւույթներ չկան: Մեր գիտելիքները երեւույթների զգայական եւ մտային պատկերներն են մեր գլխում: Ըստ վերը նշված իդեալիստների, աշխարհը եւս ճանաչելի է, բայց նրա իսկական ճանաչելիությունը նրա հոգեւոր հիմքի ճանաչելիությունն է:
Փիլիսոփաների փոքր մասը լիովին կամ մասնակիորեն աշխարհը համարում է անճանաչելի: Այս ուղղությունը փիլիսոփայության մեջ կոչվում է ագնոստիցիզմ (հունարեն ա գնոսիս-չեմ ճանաչում բառից), իսկ ներկայացուցիչները՝ ագնոստիկներ: Ագնոստիկներից չափազանց հայտնի է Ի. Կանտը, XVIII դ. գերմանացի մտածողը: Նա պնդում էր, որ մենք ճանաչում ենք իրերի միայն արտաքին կողմը, դրանց երեւույթները, այսինքն՝ թե ինչպես են դրանք մեր աչքին երեւում, իսկ դրանց էությունը, թե դրանք իրականում ինչ են, չենք կարող ճանաչել: Իրերը մեզ համար անճանաչելի ինքնին իրեր են, դրանք երբեք չեն դառնա իրեր մեզ համար:
Ագնոստիցիզմին շատ մոտ է սկեպտիցիզմը (հունարեն սկեպսիս-կասկած բառից), ըստ որի մարդը պետք է կասկածի իր ճանաչողության մեջ, որովհետեւ նա չի կարող իմանալ, թե արդյոք ինքը իրականում մի բան հաստատ ճանաչում է, թե ոչ: Սկեպտիկները (Պիռոն, Դ. Հյում, Բ. Ռասսել) ամենուրեք կասկած ու անվստահություն են տարածում: Օրինակ, հույն փիլիսոփա Պիռոնը (մ. թ. ա. III դ.) ասում էր, որ ուղեւորը նավաբեկությունից ու խեղդվելուց չպետք է վախենա, որովհետեւ նա չի կարող իմանալ, դա իր համար լավ է, թե վատ: Միգուցե ապագայում նրան ավելի վատ բաներ են սպասում: Ըստ անգլիացի մտածող Ռասսելի (XX դ.) մեր գիտելիքներն այնքան անորոշ են, որ մենք չգիտենք, թե ինչ գիտենք եւ ինչ չգիտենք:
« 3 ՄԵԹՈԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Փիլիսոփայությունը պարզում է ոչ միայն աշխարհի հիմքի, էության ու ճանաչելիության հարցերը, այլեւ մարդկային ճանաչողության ուղիների, միջոցների հարցը, այսինքն՝ ինչպե՞ս է մարդը ճանաչում աշխարհը: Այս հարցը փիլիսոփայության մեջ դրվում է որպես ճանաչողության մեթոդի հարց (հունարեն մեթոդոս-ուղի բառից): Հին հունական փիլիսոփաները գտնում էին, որ ճշմարտությանը հասնելու համար մարդու ճանաչողությունը պետք է ճիշտ ուղիով, մեթոդով ընթանա: Հակառակ դեպքում նա կընկնի մոլորության մեջ: Եվ այդ ժամանակ էլ ձեւավորվեցին 2 հակադիր փիլիսոփայական համընդհանուր մեթոդները՝ դիալեկտիկան եւ մետաֆիզիկան: Սկզբում դիալեկտիկան եղել է բանավեճի արվեստ, որի շնորհիվ միայն մարդկային միտքը, զարգանալով ու ճշգրտվելով, կարող է հասնել ճշմարտության: Ըստ տվյալ տեսակետի, ճշմարտության կայծը կարող է առաջանալ միայն 2 հակադիր կարծիքների բախման միջոցով: Սա ճանաչողության կամ սուբյեկտիվ դիալեկտիկան է, որի մեծագույն ներկայացուցիչները Սոկրատեսն ու Պլատոնն են (մ. թ. ա. V դ.): Իսկ բնության կամ օբյեկտիվ դիալեկտիկան զարգացրել է Հերակլիտը, որն ասել է, որ ամեն ինչ աշխարհում շարժվում ու հոսում է, եւ դրա պատճառը հակադիր կողմերի պայքարն է:
Դիալեկտիկական մեթոդը դիտում է աշխարհի երեւույթները համընդհանուր կապի, շարժման ու զարգացման մեջ, որոնց ներքին պատճառը հակադիր կողմերի միասնությունն ու պայքարն է:
Մետաֆիզիկական մեթոդը (հունարեն մետա թա ֆիզիկա - ֆիզիկայից հետո բառերից), ընդհակառակն, ժխտում է աշխարհի երեւույթների համընդհանուր կապը, շարժումը, զարգացումը եւ ներքին հակասականությունը:
Դիալեկտիկան իր զարգացման ընթացքում ունեցել է ոչ թե 4, ինչպես դա պնդում էր սովետական փիլիսոփայությունը, այլ 2 հիմնական ձեւ: Առաջինը անտիկ շրջանի, հատկապես հին հունական դիալեկտիկան է, որը եղել է տարերային, իսկ երկրորդը՝ գերմանական դասական փիլիսոփայության, հատկապես Հեգելի դիալեկտիկան (XIX դ.): Հեգելը ստեղծել է համապարփակ ուսմունք դիալեկտիկայի մասին, հայտնագործել է նրա հիմնական օրենքները, բայց նրա դիալեկտիկան իդեալիստական է, որովհետեւ դիալեկտիկորեն զարգացողը, ըստ նրա, համաշխարհային ոգին է եւ ոչ թե բնությունը, նյութական աշխարհը: Իսկ ռուս հեղափոխական դեմոկրատների, Գերցենի, Չեռնիշեւսկու եւ Դոբրոլյուբովի դիալեկտիկան չի կարելի համարել դիալեկտիկայի 3-րդ, ավելի բարձր ձեւ, ինչպես նաեւ մարքս-լենինյան դիալեկտիկան նրա 4-րդ՝ բարձրագույն ձեւ, առավել եւս գագաթնակետ: Դրանք երկուսն էլ հեգելյան դիալեկտիկայի տարբերակներն են: Օրինակ, Մարքսը վերցրել է Հեգելի դիալեկտիկայի սկզբունքներն ու օրենքները, բայց վերագրել է բնությանը, նյութական աշխարհին, այսինքն՝ դիալեկտիկային է տվել մատերիալիստական մեկնաբանություն: Ըստ մարքսիզմի, հեգելյան դիալեկտիկայի օրենքներով զարգացողը մատերիան, բնությունն է: Մետաֆիզիկան եւս իր զարգացման ընթացքում ունեցել է 2 հիմնական պատմական ձեւ: Առաջինը հին հունական, հատկապես էլեացիների մետաֆիզիկան է (Պարմենիդ, Զենոն, մ. թ. ա. V դ.): Պարմենիդը պնդում էր, որ կեցությունը, աշխարհը հավերժորեն անշարժ ու անփոփոխ են, իսկ Զենոնը փորձում էր ապացուցել, որ շարժումն ընդհանրապես անհնար է: Ըստ նրանց, բոլոր շարժումներն ու փոփոխությունները թվացող են: Երկրորդը XVII-XVIII դդ. մետաֆիզիկան է, որը սերտորեն կապված էր աշխարհի մեխանիկական ըմբռնման հետ, մեխանիցիզմի հետ: Այդ ժամանակ բնագիտությունը նոր էր սկսել զարգանալ եւ բնության հիմնական բնագավառների՝ ֆիզիկական, քիմիական, կենսաբանական եւ այլ երեւույթների միջեւ կապերը հայտնի չէին: Բացահայտված չէին նաեւ զարգացման գործընթացները: Դրա հետեւանքով մետաֆիզիկան նոր վերելք ապրեց, համաձայն որի բնության հիմնական բնագավառները փոխկապակցված չեն եւ զուրկ են զարգացումից: Երեւույթները լավագույն դեպքում մոլորակների պես մշտապես գծում են միեւնույն ուղեծրերը, այսինքն՝ շարժվում են շրջանաձեւ, մի խոսքով՝ պտտվում են:
Մետաֆիզիկային ծանր հարված հասցրին XIX դ. կեսերի բնագիտական մեծ հայտնագործությունները, հատկապես էներգիայի պահպանման օրենքը, կենդանի բջջի եւ Դարվինի էվոլյուցիոն տեսությունը, որոնք բացահայտեցին անկենդան ու կենդանի բնության երեւույթների փոխադարձ կապը եւ զարգացումը: Դրա շնորհիվ դիալեկտիկայի դիրքերն ամրապնդվեցին, քանզի պարզվեց, որ բնության մեջ ամեն ինչ, ի վերջո, կատարվում է դիալեկտիկորեն:
Դիալեկտիկայի մեթոդը փիլիսոփայության մեջ սերտորեն կապված է աշխարհի մեկնաբանման ու արժեւորման մեթոդների հետ, որոնց շնորհիվ իմաստավորվում է մարդու եւ աշխարհի փոխհարաբերությունը, այսինքն՝ աշխարհի, բնության դերն ու նշանակությունը մարդու համար, մարդու տեղն ու դերն աշխարհում, հետեւապես նրա վերաբերմունքը վերջինիս նկատմամբ: Մեկնաբանման մեթոդի միջոցով փիլիսոփայությունը որոշակի հիմքից (լինի դա նյութական, թե հոգեւոր) բխեցնում է մարդուն արդեն հայտնի՝ աշխարհի բոլոր երեւույթները եւ ստեղծում աշխարհի ամբողջական պատկերը: Ապա արժեւորման մեթոդի շնորհիվ այն արժեւորում է աշխարհը մարդու հետ իր հարաբերության մեջ եւ աշխարհի ամբողջական մեկնաբանական պատկերը միաձուլում է նրա արժեքային պատկերի հետ: Արդյունքում ստացվում է աշխարհի ու մարդու կապի իմաստավորում եւ մարդկային կյանքի համընդհանուր ուղենիշների ձեւակերպում ու առաջադրում:
Դրան պետք է ավելացնել, որ աշխարհի հիմքի որոնումների եւ այդ հիմքից ամեն ինչ բխեցնելու եւ աշխարհի ամբողջական պատկերը ստեղծելու գործում մեծ դեր են կատարում ինտուիցիայի, մտահայեցման եւ արտարկման մեթոդները: Փաստական նյութի անբավարարության պայմաններում ինտուիցիան օգնում է աշխարհի հիմքի ընտրություն կատարել, մտահայեցողությունը օգնում է մտքի, խելքի ուժով, այլ ոչ թե գիտափորձի ու դիտարկումների միջոցով, բխեցումներ կատարել, իսկ արտարկումը օգնում է ստացված եզրակացությունները տարածել աշխարհի բոլոր երեւույթների վրա:
Լինելով գիտություն համընդհանուրի մասին, փիլիսոփայությունը չի կիրառում բացատրության եւ կանխատեսման մեթոդները, որքանով որ դրանք կապված են մասնավոր գիտություններում կիրառվող կոնկրետ դիտարկումների ու գիտափորձերի մեթոդների հետ: Մարքսի սխալն այն էր, որ նա փորձեց իր փիլիսոփայության՝ դիալեկտիկական եւ պատմական մատերիալիզմի միջոցով կանխատեսել ողջ մարդկության ապագան՝ կոմունիզմը: Նա չհասկացավ, որ կանխատեսումները փիլիսոփայության գործը չեն, համաշխարհային կոմունիստական շարժում կազմակերպեց, որը մոտ հարյուր միլիոն զոհերի եւ մեկ միլիարդից ավելի մարդկանց դժբախտության պատճառ դարձավ, քիչ էր մնում արդի քաղաքակրթությունը կործաներ, բայց փոխարենը ինքը հանկարծակի փլուզվեց:
« 4 ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԿԱՊԸ ՄԱՍՆԱՎՈՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
Փիլիսոփայությունը իր ծագման հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը զարգացման չափազանց երկար, բարդ ու խճճված ուղի է անցել: Այդ ընթացքում պարբերաբար վերանայվել ու փոփոխվել, խորացվել ու ճշգրտվել են նրա ուսումնասիրության առարկան, պրոբլեմատիկան, բովանդակությունն ու գործառույթները, տեղն ու դերը հասարակության կյանքում:
Մինչ Արիստոտելը (մ. թ. ա. IV դ.) փիլիսոփայությունը եղել է միասնական, առանձին ճյուղերի չբաժանված գիտություն: Որպես աշխարհի բոլոր երեւույթների մասին տեսական գիտելիքների ամբողջություն այն տարբերել են, նախ, կենսափորձի վրա հիմնված առօրեական գիտելիքներից, ապա հավատի վրա հիմնված կրոնական գիտելիքներից եւ, վերջապես, ձեռքի աշխատանքի վրա հիմնված գործնական գիտելիքներից՝ արհեստից ու արվեստից: Փիլիսոփաների միջեւ մասնագիտացում չի եղել, նրանք եղել են համընդհանուր, ունիվերսալ մտածողներ, դատողություններ են արել ամեն ինչի մասին: Եվ այդ ունիվերսալիզմը փիլիսոփայության մեջ տիրապետող է եղել ընդհուպ մինչեւ XIX դ. կեսերը, թեեւ այդ ժամանակ փիլիսոփայությունից անջատվել էին բազմաթիվ գիտություններ եւ սկսվել էր գիտնականների մասնագիտացումը:
Արիստոտելը առաջինն էր, որ նկատեց միասնական փիլիսոփայությունն առանձին ճյուղերի բաժանելու անհրաժեշտությունը: Նա բաժանեց փիլիսոփայությունը բազմաթիվ ճյուղերի՝ ֆիզիկայի, պոլիտիկայի (ուսմունք հասարակության մասին), բուսաբանության, կենդանաբանության, պոետիկայի (ուսմունք արվեստի մասին) եւ այլն: Այդ ճյուղերի շարքում նա հատուկ տեղ հատկացրեց առաջին փիլիսոփայությանը, որը պետք է ուսումնասիրի աշխարհը որպես ամբողջություն, պարզի նրա սկզբնապատճառներն ու հիմքերը, այսինքն՝ լինի աշխարհայացք:
Սակայն բաժանման այս գործընթացն ընդհատվեց հին հունական հասարակության կործանման պատճառով եւ առանձին գիտությունները չհասցրեցին ձեւավորվել: Նրան հերթափոխի եկած ֆեոդալիզմը միջնադարում միակ գերիշխող աշխարհայացք դարձրեց քրիստոնեական կրոնը:
Նոր դարաշրջանը, որը պայմանավորված էր կապիտալիզմի զարգացմամբ, զարկ տվեց գիտությունների, հատկապես բնական գիտությունների բուռն աճին: Դա խթանեց այդ գիտությունների ձեւավորումը եւ միասնական փիլիսոփայությունից նրանց առանձնացումը: Եվ տվյալ գործընթացը դրական նշանակություն ունեցավ ոչ միայն այդ գիտությունների, այլեւ բուն փիլիսոփայության համար: Մի կողմից, փիլիսոփայության առարկան հստակեցվեց, ճշգրտվեց ու էապես նեղացվեց, որովհետեւ ազատվեց մասնավոր գիտությունների իրավասությանն անցած հազար ու մի մասնավոր հարցերից, կենտրոնանալով զուտ աշխարհայացքային հարցերի վրա: Համապարփակ, ունիվերսալ տեսական գիտելիքների համակարգից այն, այսպիսով, դարձավ տեսական աշխարհայացքային գիտություն: Մյուս կողմից էլ, մասնավոր գիտությունները, դուրս գալով փիլիսոփայության սահմաններից, հրաժարվեցին իրենց հարցերը լուծել զուտ փիլիսոփայական մեկնաբանման ու մտահայման մեթոդներով, այսինքն՝ մտքի, տրամաբանության ուժով, եւ դիմեցին դիտարկման ու գիտափորձի մեթոդներին: Դրա շնորհիվ նրանք ձեւավորվեցին որպես էմպիրիկ, փորձնական գիտություններ եւ հակադրվեցին փիլիսոփայությանը որպես տեսական մտահայեցողական գիտության: Սակայն սկզբնական շրջանում բնական գիտությունները շատ թույլ էին, տարբեր երեւույթների մասին հիմնականում փաստեր էին հավաքում, հետեւապես գտնվում էին իրենց զարգացման էմպիրիկ մակարդակում, անկարող էին այդ երեւույթների լայն փոխադարձ կապերը հայտնաբերել ու տեսական ընդհանրացումներ անել: Փոխարենը դա կարող էր անել եւ անում էր տեսական մշակումների վիթխարի փորձ ունեցող փիլիսոփայությունը: Եվ ահա փիլիսոփաները, մնալով ունիվերսալ գիտելիքների տեր մտածողներ, տեսական ընդհանրացումների միջոցով ստեղծում էին բնության ընդհանուր տեսական պատկերը՝ բնության փիլիսոփայությունը, որը վեր էր կանգնած բնական գիտություններից եւ որին վերջինները պետք է ենթարկվեին: Քանի որ բոլոր գիտությունները փիլիսոփայության ծոցից էին ելել, այն համարվում էր գիտությունների մայր, իսկ իր նշանակությամբ, ըստ Դեկարտի (XVII դդ.), գիտության ծառի արմատ, ըստ Լայբնիցի (XVIII դ.), գիտությունների թագուհի: Այլ կերպ ասած, փիլիսոփայությունը հռչակվեց գիտությունների գիտություն: Տիրապետելով տեսական մտածողության բազմադարյան փորձին եւ լինելով ունիվերսալ գիտնականներ, փիլիսոփաները գերազանցում էին նեղ մասնագետներին եւ ընդհանուր առմամբ արդարացնում էին փիլիսոփայության այդ բարձր կոչումը: Հիրավի, փիլիսոփա Դեկարտը միաժամանակ եղել է XVII դ. խոշորագույն մաթեմատիկոսը, ֆիզիկոսը, տիեզերաբանը, ֆիզիոլոգը եւ այլն: Լայբնիցը, դրանից բացի, եղել է տրամաբան, լեզվաբան, պատմաբան, իրավագետ եւ այլն: Նրանք հաճախ մեծ հայտնագործություններ են արել որպես մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ եւ այլն, բայց կարծել են, թե հանդես են գալիս որպես փիլիսոփաներ:
Տվյալ իրավիճակը տեւեց XVII դ. սկզբից մինչեւ XIX դ. կեսերը: Այդ ընթացքում մասնավոր գիտություններն այնքան զարգացան, որ այլեւս ունիվերսալ գիտնական լինել հնարավոր չէր: Մինչդեռ փիլիսոփաները շարունակում էին իրենց ունիվերսալ համարել: Փաստական նյութի եւ գիտելիքների իրենց պակասը լրացնելով փիլիսոփայական մտահայեցողության ուժով, նրանք փորձում էին լուծել այս կամ այն գիտության կոնկրետ հարցերը: Օրինակ, XIX դարում Ֆիխտեն էր լուծում թորած ջրի հաղորդականության հարցը, իսկ Հեգելը՝ դրական փոքրիկ մոլորակ Ցերերայի գոյության հարցը եւ իհարկե սխալվում էին: Պարզ էր դառնում, որ փիլիսոփայությունը գիտությունների գիտություն չէ, սակայն բոլոր գիտություններին առաջվա պես թելադրում էր իր կամքը: Դա հարուցում էր բնագետների մեծ դժգոհությունը, եւ նրանք ասում էին. «Եթե փիլիսոփայությունը չի օգնում, թող գոնե չխանգարի»:
Այդ դժգոհությանը XIX դ. կեսերին տեսական հիմնավորում տվեցին ֆրանսիացի Օ. Կոնտը եւ անգլիացի Հ. Սպենսերը: Ըստ նրանց, փիլիսոփայությունը ոչ միայն գիտությունների գիտություն չէ, այլեւ ընդհանրապես գիտություն չէ, որովհետեւ նրա հիմնական հարցը լուծելի չէ: Մարդը չի կարող զգայական փորձով, իր զգայարաններով, օրինակ, աչքով տեսնել բնության գոյությունը իրենից առաջ եւ իրենից հետո: Մասնավոր գիտություններն իրենք իրենց համար փիլիսոփայություն են, հետեւապես առանձին փիլիսոփայության կարիք չունեն եւ այն պետք է դեն նետվի: Այս ուղղությունը կոչվեց պոզիտիվիզմ (լատիներեն պոզիտիվ-դրական բառից), քանի որ ֆրանսերենում մասնավոր գիտություններն անվանվում են դրական գիտություններ:
Սակայն մարդկային մտքի պարադոքսն այն է, որ փիլիսոփայությունը վերացնող պոզիտիվիզմը եւս փիլիսոփայություն է, այն էլ սուբյեկտիվ իդեալիստական էմպիրիզմին հարող, որովհետեւ, բացարձակացնելով զգայական փորձը, աշխարհը հանգեցնում էր մարդու զգայություններին: Գիտությունները, ըստ պոզիտիվիզմի, ուսումնասիրում են այդ զգայությունները, ուրիշ ոչինչ: XX դ. այն հանդես եկավ նեոպոզիտիվիզմի ձեւով:
Փիլիսոփայության նկատմամբ պոզիտիվիզմի մերժողական տեսակետը հակառակ ծայրահեղությունն էր: Եթե փիլիսոփայությունը գիտությունների գիտություն չէ, ապա դրանից չէր հետեւում, որ այն ընդհանրապես գիտություն չէ: Բայց պոզիտիվիզմի քննադատությունն իր դրական դերն ունեցավ, նպաստելով փիլիսոփայության առարկայի ու գործառույթների էական ճշգրտմանը:
Փիլիսոփայությունը գիտություններից մեկն է, բայց յուրահատուկ բնույթի: Այն աշխարհայացքային գիտություն է եւ որպես այդպիսին մյուս գիտություններից, նախ, տարբերվում է իր ընդհանրության աստիճանով: Ամեն մի գիտություն ունի իր կոնկրետ առարկան, ուսումնասիրում է բնության կամ հասարակության երեւույթների որոշակի խումբ՝ մեխանիկական, ֆիզիկական, կենսաբանական, տնտեսական, սոցիալական, քաղաքական եւ այլն: Փիլիսոփայության առարկան աշխարհի համընդհանուր հատկություններն ու օրինաչափություններն են, այն գիտություն է համընդհանուրի մասին, տալիս է աշխարհի ամբողջական պատկերը: Երկրորդ, մյուս գիտությունները վերցնում են իրենց առարկան որպես օբյեկտ, մի կողմ թողնելով այն ճանաչող մարդուն, սուբյեկտին: Փիլիսոփայությունը, ընդհակառակը, վերցնում է մարդու եւ աշխարհի, այսինքն՝ սուբյեկտի եւ օբյեկտի փոխհարաբերությունը: Երրորդ, մյուս գիտությունները տալիս են մեզ սոսկ գիտելիքներ, իսկ փիլիսոփայությունը՝ նաեւ արժեքներ: Այն գիտելիքների ու արժեքների միասնություն է:
Այս տեսակետից միակողմանի եւ սխալ են այժմ տարածում ստացած ինչպես սցիենտիզմը (հունարեն սցիենտա-գիտություն բառից) եւ հակասցիենտիզմը: Սցիենտիստները, օրինակ նեոպոզիտիվիստները պնդում են, որ փիլիսոփայությունը պետք է դառնա մաթեմատիկայի ու ֆիզիկայի պես ճշգրիտ գիտություն, այլապես այն գիտություն չէ, հետեւապես, վերացման ենթակա ավելորդություն է: Հակասցիենտիստները, օրինակ վոլյունտարիստներն ու ինտուիտիվիստները, ընդհակառակն, այն կարծիքին են, որ փիլիսոփայությունը գիտություն չէ, բայց գիտությունից շատ ավելի բարձր է, որովհետեւ աշխարհի ու մարդկային կեցության խորագույն արմատական հարցերը մատչելի են միայն վերգիտական ինտուիցիային, կրոնական հավատին եւ այլն:
Փիլիսոփայությունը կատարում է 2 հիմնական գործառույթներ՝ աշխարհայացքային եւ մեթոդաբանական, որոնք իրենց հերթին բաժանվում են մի շարք ավելի կոնկրետ գործառույթների: Այսպես, աշխարհայացքայինը բաժանվում է՝ 1) գոյաբանական, 2) իմացաբանական, 3) արժեքաբանական, 4) մարդաբանական, 5) բարոյագիտական եւ 6) գեղագիտական գործառույթների:
Լուծելով աշխարհի հիմքի ու էության հարցը, պարզելով աշխարհն իր էությամբ նյութական է, թե հոգեւոր, կա՞ արդյոք գերբնական աշխարհ, փիլիսոփայությունը մշակում է աշխարհի տարբեր ընդհանուր պատկերները, որոնք կոչվում են ուսմունք գոյի մասին, գոյաբանություն (հունարեն օնթոլոգիա): Լուծելով աշխարհի ճանաչելիության հարցը, այն մշակում է ուսմունք մարդկային իմացության մասին՝ իմացաբանություն (հունարեն գնոսեոլոգիա կամ էպիստեմոլոգիա): Այն ստեղծում է նաեւ ուսմունք մարդկային արժեքների մասին՝ արժեքաբանություն (հունարեն ակսիոլոգիա): Պարզելով մարդու էությունը, նրա տեղն ու դերն աշխարհում, այն մշակում է փիլիսոփայական ուսմունք մարդու մասին՝ մարդաբանություն: Փիլիսոփայական մարդաբանության նշանաբանը դարեր շարունակ եղել է սոկրատեսյան սկզբունքը՝ «Ճանաչիր ինքդ քեզ»: Վերջապես, այն մշակում է ուսմունքներ մարդկային բարոյականության մասին եւ գեղեցիկի մասին, որոնք կոչվում են բարոյագիտություն (հունարեն էթիկա) եւ գեղագիտություն (հունարեն էսթետիկա):
Փիլիսոփայության մեթոդաբանական ընդհա
նուր գործառույթը եւս պարունակում է մի քանի կոնկրետ գործառույթներ: Նախ, այն մշակում է ուսմունք ճանաչողության մեթոդների մասին, այսինքն՝ ընդհանուր մեթոդաբանություն, այնուհետեւ համագիտական եւ մասնավոր գիտական, ինչպես նաեւ առանձին մասնավոր գիտությունների մեթոդաբանության յուրահատկությունների մասին եւ այլն:
Իր այս գործառույթները փիլիսոփայությունը կատարում է, սերտորեն համագործակցելով մյուս գիտությունների հետ, ընդհանրացնելով եւ իմաստավորելով նրանց նվաճումները, անելով աշխարհայացքային ու մեթոդաբանական եզրակացություններ: Դրանք իրենց հերթին կիրառվում են մյուս գիտությունների կողմից, որի շնորհիվ նրանք է՛լ ավելի են զարգանում եւ նոր փաստական նյութ տալիս փիլիսոփայությանը նոր ընդհանրացումների եւ իր հետագա զարգացման համար: Եվ այդպես համագործակցելով, փիլիսոփայությունը եւ մյուս գիտությունները զարգացում են ապրում: Իսկ երբ այդ կապը թուլանում կամ խզվում է, դա բացասաբար է ազդում երկու կողմերի վրա էլ: Նման պարագայում իրենց գիտությունների փիլիսոփայական՝ աշխարհայացքային ու մեթոդաբանական հարցերի մշակման ծանրությունը հաճախ ընկնում է այդ գիտությունների ներկայացուցիչների վրա: Եվ որքան մեծ է գիտնականը գիտության իր ճյուղում, այնքան մեծ է նրա հետաքրքրությունը փիլիսոփայական հարցերի նկատմամբ, նրա ավանդը փիլիսոփայության զարգացման մեջ: Դրանով է բացատրվում այն պատմական փաստը, որ խոշորագույն գիտնականները, օրինակ, մաթեմատիկոսներ Պյութագորասը, Դեկարտը եւ Լայբնիցը, ֆիզիկոսներ Նյուտոնը, Էյնշտեյնը, Բորը եւ Հայզենբերգը միաժամանակ խոշորագույն փիլիսոփաներ են:
« 5 ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՊԱՏՄԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԸ, ՆՐԱ ԴԵՐԸ ՄԱՐԴՈՒ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ
ա) Փիլիսոփայության կապը պատմական դարաշրջանի հետ
Փիլիսոփայական ուսմունքները ոչ թե հասարակությունից անկախ, հանկարծակի երկնքից են ընկնում, այլ իր զարգացման որոշակի փուլում գտնվող հասարակության հոգեւոր արգասիքն են: Փիլիսոփաները ստեղծագործում են որպես իրենց դարաշրջանի զավակներ, հենվելով իրենց անձնական ու հասարակական փորձի վրա, առօրեական ու գիտական գիտելիքների, ինչպես նաեւ մշակույթի ձեռքբերումների վրա: Միաժամանակ նրանք ընդհանրացնում եւ իմաստավորում են հասարակական արժեքները, արտահայտելով իրենց դարաշրջանի իղձերը, ձգտումներն ու նպատակները: Հեգելն ասել է. «Փիլիսոփայությունը դարաշրջանի հոգեւոր խտացումն է»: Փոխվում են դարաշրջանները, փոխվում է նաեւ նրանց աշխարհայացքն ընդհանրապես եւ փիլիսոփայական աշխարհայացքային ուսմունքները մասնավորապես: Նախնադարի ուշ շրջանում հին հույները լրջորեն հավատացել են Զեւսի եւ մյուս աստված-աստվածուհիների գոյությանը եւ այն բանին, որ նրանց նստավայրը Օլիմպոսի գագաթն է: Ստրկատիրական դեմոկրատիայի շրջանում առաջանում է աշխարհայացքի տեսական ձեւը՝ փիլիսոփայությունը՝ ի դեմս Թալեսի, Պլատոնի ու Արիստոտելի: Միջնադարում փիլիսոփայությունը ծառայության է դրվում կրոնին եւ կորցնում է իր ինքնուրույնությունը: Նոր դարաշրջանում, ֆեոդալիզմից կապիտալիզմին անցման պայմաններում ձեւավորվում է բուրժուական փիլիսոփայությունը, մասնավորապես XVII դ. անգլիական փիլիսոփայությունը ի դեմս Ֆ. Բեկոնի, Ջ. Լոկկի եւ մյուսների, XVIII դ. ֆրանսիական մատերիալիզմը ի դեմս Դիդրոյի, Հոլբախի եւ մյուսների, XVIII-XIX դ. սկզբի գերմանական դասական փիլիսոփայությունը ի դեմս Կանտի եւ Հեգելի, XIX դ. կեսերին մարքսիզմի փիլիսոփայությունը եւ այլն: Եվ պարզ է, որ Արիստոտելի ուսմունքն աներեւակայելի է Հեգելի ժամանակ, իսկ Հեգելը կամ Մարքսը Արիստոտելի դարաշրջանում: Ընդ որում, փիլիսոփայության վերելքներն ու վայրէջքները անմիջականորեն չեն համընկել հասարակության վերելքի ու վայրէջքի շրջանների հետ: Դա հետեւանք է այն բանի, որ փիլիսոփայական մտքի թռիչքները կախված են բազմաթիվ տարաբնույթ հանգամանքներից, նույն թվում հանճարեղ մտածողի ծնունդից: Մարքսիզմը խիստ միակողմանի ու սխալ է ներկայացրել այդ գործընթացները, փիլիսոփայության զարգացումն անմիջական կախման մեջ դնելով հասարակության զարգացումից: Իրականում փիլիսոփայությունը կարող է մեծ վերելք ապրել հասարակության անկման շրջանում եւ անկում ապրել հասարակության վերելքի շրջանում:
բ) Փիլիսոփայության հասարակական դերը
Լինելով իրենց դարաշրջանի հոգեւոր արդյունքը, փիլիսոփաները եւ նրանց ուսմունքները չեն կարող դուրս գալ դարաշրջանի շրջանակներից, հաղթահարելով նրա պատմական սահմանափակությունները: Օրինակ, Արիստոտելը մ. թ. ա. IV դարում ստրկատիրությունը բնական ու արդարացի էր համարում, ստրուկներին որակելով որպես խոսող գործիքներ, ոչ թե այն պատճառով, որ իր հանճարով զիջում էր XVIII դարում մարդկանց ազատությունն ու հավասարությունը հռչակած Ռուսսոյին, այլ այն պատճառով, որ նրանք ապրել են տարբեր դարաշրջաններում եւ սահմանափակված են եղել դրանցով: Այդ պատճառով էլ փիլիսոփաները դարեր շարունակ ավանդաբար առանձին երկրի, ժողովրդի, առավել եւս ողջ մարդկության ապագայի կանխատեսումներ չեն արել: Նրանք բավարարվել են միայն իրենց ժամանակների թերություններն ու արատները բացահայտելով եւ դրանց վերացման ուղիները նշելով: Հետեւապես, խոսքը վերաբերել է հասարակության բարեփոխումներին կամ էլ արմատական մոտեցման դեպքում իդեալական հասարակություն ստեղծելուն: Այդպիսին է եղել, օրինակ, Պլատոնի իդեալական պետության տեսությունը, որտեղ պետք է կառավարեն փիլիսոփաները, այսինքն՝ իմաստունները, ուտոպիական կոմունիզմի ուսմունքները, որտեղ պետք է տիրեն ազատությունը, հավասարությունը եւ արդարությունը:
Նույնիսկ XVIII դ. ֆրանսիացի փիլիսոփաները, որոնք, ըստ Ֆ. Էնգելսի, նախապատրաստեցին Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, բուրժուական կարգերի հաստատման հարցը դնում էին որպես բանական, իդեալական հասարակության հարց, որը պետք է տապալի անբանական ֆեոդալիզմը: Այստեղ խոսք անգամ չկար ապագայի փիլիսոփայական կանխատեսման մասին: Բուրժուական հարաբերությունները պարզապես վաղուց արդեն դարձել էին գերակշռող ուժ Ֆրանսիայում եւ մնում էր երկրի քաղաքական կառուցվածքը համապատասխանեցնել նրա սոցիալ-տնտեսական կառուցվածքին: Մի խոսքով, այդ փիլիսոփաները որպես նոր, անցումային դարաշրջանի զավակներ, իմաստավորում (մեկնաբանում եւ արժեւորում) էին նրա իղձերն ու իդեալները: Եվ պատահական չէ, որ հեղափոխության հաղթանակը խորտակեց դրանք, վիթխարի հիասթափություն առաջացնելով եւ սկիզբ դնելով հերթական՝ կոմունիստական իղձերի ու իդեալների լայն տարածմանը:
Մարքսը չհասկացավ փիլիսոփայության յուրահատկությունները, այն, որ փիլիսոփայությունը աշխարհը մեկնաբանող, արժեւորող եւ մարդկանց կյանքի ընդհանուր ուղենիշներ տվող ուսմունք է: Այդ յուրահատկությունները նա համարում էր ողջ նախորդ փիլիսոփայության գլխավոր թերությունները: Դեռ 1845 թ. Ֆոյերբախի մասին գրված թեզիսներից 11-րդում նա նշել է. «Փիլիսոփաները միայն տարբեր կերպ են մեկնաբանել աշխարհը, բայց խնդիրն այն փոխելն է»: Իսկ աշխարհը փոխելու համար պահանջվում էր կանխատեսել մարդկության ապագան: Եվ այսպես Մարքսը ձեռնամուխ եղավ մարդկության ապագան ու աշխարհը վերափոխող իր փիլիսոփայության՝ դիալեկտիկական ու պատմական մատերիալիզմի ստեղծմանը: Դա ըստ էության նշանակում էր փիլիսոփայությանը պարտադրել նրան խորթ, նրա ուժերից վեր խնդիրներ ու գործառույթներ: Համաշխարհային սոցիալիզմի անփառունակ կործանումը, նրա պատճառած անհամար զոհերն ու ավերածությունները ցույց տվեցին Մարքսի փիլիսոփայական սխալի ողջ խորությունը եւ վնասակարությունը: Այդ սխալից իր հերթին ծնվեց Մարքսի մի այլ նույնքան խոր եւ վնասակար սխալ, ընդ որում նաեւ իր՝ մարքսիզմի փիլիսոփայության համար: Վերջինս հռչակվեց միակ ճշմարիտ, բացարձակ ճշմարիտ, գոյության իրավունք ունեցող ուսմունք, որի առջեւ մյուս բոլոր ուսմունքները որպես կեղծ ու ռեակցիոն, շահագործող դասակարգերի շահերն արտահայտող ուսմունքներ պետք է վերացվեին: Աշխարհի մեկ երրորդը նվաճելուց հետո կոմունիստները մարքս-լենինյան փիլիսոփայությունը դարձրին տիրապետող, պաշտոնական ուսմունք, արգելելով մյուս ուսմունքները: Մարդկային պատմության մեջ դա առաջին դեպքն էր, երբ մոնիզմի սկզբունքը հաղթեց (այն էլ բռնությամբ) պլյուրալիզմի սկզբունքին: Թվում էր, թե ազատվելով ընդդիմադիր ուսմունքներից ու դպրոցներից, դառնալով միակ տիրապետող, արտոնյալ ուսմունք, իսկական մոնոպոլիստ, մարքս-լենինյան փիլիսոփայությունը պետք է բուռն վերելք ապրի: Սակայն կատարվեց հակառակը, որովհետեւ մտքի ազատության արգելումը, որն ընդհանրապես կործանարար է փիլիսոփայության համար, վերաբերվեց նաեւ իրեն: Այն վերածվեց կոմունիստ իշխանավորների ընթացիկ քաղաքականության ջատագովության, զրկվեց ոչ միայն մի որեւէ բան կանխատեսելու, այլեւ իրապես մեկնաբանելու կարողությունից եւ վերածվեց դոգմաների հավաքածուի, սխոլաստիկայի, որը որպես գերագույն փաստարկ սուրբ գրքերի փոխարեն վկայակոչում էր մարքսիզմ-լենինիզմի դասականների եւ խոշոր ու մանր իշխանավորների գրվածքները: Այսպիսով, շրջանը փակվեց. մյուս բոլոր ուսմունքներին զրկելով կյանքի իրավունքից, մարքս-լենինյան փիլիսոփայությունը իրեն եւս զրկեց կյանքից:
Մարքս-լենինյան փիլիսոփայության տխուր վախճանը մեկ անգամ եւս հաստատեց այն մեծագույն ճշմարտությունը, որ փիլիսոփայության համար օդի պես անհրաժեշտ է մտքի ազատությունը, պլյուրալիզմը: Ընդսմին, փիլիսոփայական պլյուրալիզմի պատճառները չափազանց խորն ու բազմազան են: Այն ունի անհատական հոգեբանա-մշակութային, ազգային հոգեբանական ու պատմա-մշակութային, իմացաբանական ու մեթոդաբանական, արժեքաբանական, սոցիալ-քաղաքական եւ այլ պատճառներ: Տարբեր են մարդկանց անհատական կենսափորձն ու խառնվածքը, ընդունակություններն ու հակումները, կրթությունն ու դաստիարակությունը, գիտելիքների ծավալն ու խորությունը, հասարակության զարգացման մակարդակն ու վիճակը, սոցիալական կառուցվածքը, մարդկանց սոցիալական կարգավիճակը եւ այլն: Դրա հետեւանքով էլ ծնվում են ամենատարբեր փիլիսոփայական ուսմունքներ, եւ ամեն դարաշրջան պատմությանը ներկայանում է իր բազմազան մեծ ու փոքր, ազդեցիկ ու ոչ ազդեցիկ փիլիսոփայական դպրոցներով եւ ուղղություններով: Նրանք տարածվել են կրթյալ, բարձր ու կառավարող խավերի միջեւ, որոնց միջոցով էլ ազդել են հասարակական գործընթացների վրա: Միայն 3 դպրոց է եղել, որ սկիզբ են տվել հասարակական շարժումների: Առաջինը պյութագորական դպրոցն է (մ. թ. ա. V դ.), որը ստեղծել է կրոնա-փիլիսոփայական ու քաղաքական ընկերություններ, որոնք 300 տարի փոփոխական հաջողությամբ պայքարել են իշխանության համար: Երկրորդը Դեկարտի դպրոցն է (XVII դ.), որը վերածվել է կրոնա-փիլիսոփայական շարժման: Երրորդը մարքսիզմն է, որ ամենալայն շարժումն է ծավալել հանուն կոմունիզմի, իրեն հռչակելով միլիոնավոր աշխատավոր զանգվածների աշխարհայացք: Այդ առումով Մարքսը, հիրավի, XX դարի ամենաազդեցիկ մտածողն է: Փիլիսոփայական ուսմունքներն անընդհատ բանավիճել ու քննադատել են միմյանց թերությունները եւ այդ ընթացքում զարգացել են: Եվ դա կատարվել է շնորհիվ պլյուրալիզմի:
Պլյուրալիզմի իմացաբանական հիմքերը կապված են փիլիսոփայության հիմնախնդիրների յուրահատկության հետ: Դրանք աշխարհի ու մարդկային կեցության համընդհանուր եւ արմատական հարցերն են, կամ, այլ կերպ ասած, կեցության հավերժական հարցերը, որոնց մարդկանց յուրաքանչյուր սերունդ, յուրաքանչյուր դարաշրջան, ելնելով իր գիտելիքների ծավալից, պատմական փորձից ու արժեքներից, որոշակի լուծումներ է տալիս:
Փիլիսոփայական պլյուրալիզմն ունի նաեւ իր մեթոդաբանական հիմքերը: Դա աշխարհի մեկնաբանման մեթոդն է, որը սահմանափակված է աշխարհի միայն հայտնի երեւույթների շրջանակով եւ բացառում է նոր, անհայտ երեւույթների կանխատեսումը եւ փորձնական ստուգումը: Իսկ նման դեպքերում, ինչպես գիտության մեթոդաբանությունն է պնդում, հնարավոր չէ պարզել, թե միեւնույն երեւույթները մեկնաբանող տարբեր տեսություններից, ուսմունքներից որն է ավելի ճիշտ, ավելի գերադասելի: Այստեղ միջամտում են վերը նշված բազմապիսի գործոնները, որոնց թվում նաեւ սոցիալ-քաղաքական, օրինակ, մարդու սոցիալական կարգավիճակն ու փորձը: Մարքսիզմն ուռճացրել ու բացարձակացրել է սոցիալ-քաղաքական գործոնների դերն ի վնաս մյուսների, փիլիսոփայությունը համարել է դասակարգային, անգամ կուսակցական գիտություն: Հակադիր, իրար դեմ պայքարող կուսակցություններ է հռչակել մատերիալիզմն ու իդեալիզմը, ըստ Լենինի, Դեմոկրիտի գիծը եւ Պլատոնի գիծը: Ընդ որում, մատերիալիզմը համարել է առաջադեմ հեղափոխական դասակարգերի, իսկ իդեալիզմը հետադիմական, մեռնող դասակարգերի շահերի արտահայտիչ: Դրանով փիլիսոփայության ողջ բարդ բազմադարյան պատմությունը, որը փիլիսոփայական ուսմունքների զարգացման պատմությունն է, մարքսիզմը միակողմանիորեն հանգեցրել է մատերիալիզմի եւ իդեալիզմի պայքարին, արհամարել այն, որ իդեալիզմը մեծապես նպաստել է փիլիսոփայական մտքի զարգացմանը: Խոսքն իդեալիզմի եւ ընդհանրապես փիլիսոփայության այնպիսի հսկաների մասին է, ինչպիսիք են Պլատոնը, Արիստոտելը, Կանտը, Հեգելը եւ մյուսները:
գ) Փիլիսոփայության դերը մարդու կյանքում
Փիլիսոփայությունը մեծ կարեւորություն ունի ոչ միայն հասարակության կյանքում, այլեւ առանձին անհատների կյանքում: Ուսումնասիրելով փիլիսոփայությունը, յուրաքանչյուր մարդ յուրացնում է մարդկության՝ բազում դարերի ընթացքում կուտակած փիլիսոփայական մտքի գանձերը, հաղորդակից լինում 2500 տարվա մարդկային եւ ազգային իմաստությանը, վեհ արժեքներին: Դա, նախ, չափազանց ընդլայնում է մարդու աշխարհայացքը, քանզի նա իր անհատական կենսափորձից անցում է կատարում մարդկության դարավոր փորձին, իր մտահորիզոնը հարստացնելով նրա պատմական նվաճումներով: Երկրորդ, այն ճշգրտում եւ հստակեցնում է մարդու առօրեական աշխարհայացքի դրույթները, որոնք, լինելով տարերային, աչքի են ընկնում իրենց աղոտությամբ եւ անորոշությամբ, մարդու խառնվածքի եւ ենթագիտակցական տարրերի (հակումների, մղումների) հետ իրենց անխզելի կապով: Արդյունքում հնարավորին չափով հաղթահարվում են այդ տարրերը, ուղղվում են սխալները, անճշտություններն ու սահմանափակումները, եւ մարդու աշխարհայացքը դառնում է ավելի գիտակցված ու բանական: Վերանում կամ թուլանում է հակասությունը մարդու աշխարհայացքի գիտակցական եւ ենթագիտակցական տարրերի միջեւ, երբ մարդը մի բան է մտածում իր հայացքների մասին, իսկ իրականում հետեւում է այլ հայացքների: Օրինակ, խորհրդային կոմունիստ ղեկավարներ Լենինը, Ստալինը եւ մյուսներն իրենց մատերիալիստներ էին կարծում, մինչդեռ իրականում իրենց քաղաքականությամբ վոլյունտարիստներ, այսինքն՝ սուբյեկտիվ իդեալիստներ էին, որովհետեւ բիրտ կամքի ուժով, միլիոնավոր զոհերի գնով, ժողովուրդներին քշում էին դեպի կոմունիզմ: Երրորդ, խորացնում է մարդու աշխարհայացքը, բարձրացնում այն հեղհեղուկ առօրեական մակարդակից տեսական մակարդակի, ազատելով այն առօրեականին հատուկ ներքին հակասականությունից եւ տալով նրան կուռ համակարգային բնույթ: Դրա շնորհիվ աշխարհայացքը դառնում է հետեւողական, ամբողջական եւ ներդաշնակ, իսկ դրանով ղեկավարվող մարդու կյանքն ու գործունեությունը լիարժեք ու իմաստալից:
դ) Փիլիսոփայության դերի աճը արդի դարաշրջանում
Ինչպես վերը նշվածից պարզ է, յուրաքանչյուր դարաշրջան մի դիտակետ է, որի բարձունքից մարդու առջեւ բացվում է աշխարհի, իր՝ մարդու եւ մարդկային արժեքների որոշակի տեսարան: Եվ մարդն աշխատում է ճանաչել այն, գտնել նրա գաղտնի իմաստը եւ իր կյանքի թարմացված համընդհանուր կողմնորոշիչները:
Այդ առումով ներկայիս դարաշրջանը բացառություն չի կազմում: Ընդհակառակն, փիլիսոփայական որոնումներն այժմ դարձել են ավելի ուժգին ու լայնածավալ: Դրա ընդհանուր պատճառը հասարակության աննախադեպ աճն է, որը մուտք է գործել իր զարգացման մի արմատապես նոր փուլ, լի բազմաթիվ ծայրահեղորեն սրված հակասություններով, որոնք քայքայում են բնությունը եւ սպառնում մարդկության հետագա գոյությանը: Մի կողմից, այն գիտատեխնիկական հեղափոխության ու բարձր տեխնոլոգիաների, տիեզերական տարածության, ատոմային էներգիայի ու ժառանգականության մեխանիզմների յուրացման, ինֆորմատիկայի դարաշրջան է: Սակայն, մյուս կողմից, նույն դարաշրջանը բնութագրվում է որպես միջավայրը արդյունաբերական թափոններով ու արտանետումներով, քիմիական ու ռադիոակտիվ նյութերով աղտոտելու, բնական ռեսուրսները, ներառյալ մաքուր ջուրը գիշատիչ կերպով օգտագործելու եւ սպառելու, երկրի կլիմայի տաքացման ու մթնոլորտի օզոնային պաշտպանական շերտի մաշման եւ այլ բնապահպանական ճգնաժամերի, մարդկությանը սպառնացող զանգվածային ոչնչացման զենքերի՝ միջուկային, քիմիական, բակտերիոլոգիական, էլեկտրոնային, երկրաֆիզիկական, օդերեւութաբանական եւ բազմապիսի այլ զինատեսակների արտադրության դարաշրջան:
Հետեւապես, մարդը պատրաստվում է երկրային քաղաքակրթությունից անցում կատարել տիեզերական քաղաքակրթության, երկրային էակից դառնալ տիեզերական էակ, մինչդեռ իր հարազատ բնօրրանը՝ Երկիրը դարձնում է անբնակելի, իրեն է ենթարկել բնության ամենահզոր ուժերը, ստեղծել ամենասարսափելի զենքերը, եւ թվում էր, թե նրա իշխանությունն ու անվտանգությունը պետք է հասնեին առավելագույնի, մինչդեռ կատարվել է ուղիղ հակառակը, մարդկության գոյությունը ահագնացող սպառնալիքների տակ է:
Այդ սպառնալիքներին, կամ, ինչպես քաղաքագետներն են ասում, մարտահրավերներին դիմագրավելու համար յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր պետություն եւ մարդկությունն ամբողջությամբ պետք է տիրապետեն նոր դարաշրջանին համապատասխանող նոր փիլիսոփայությանը, ձերբազատվելով անցյալի հնացած հայացքներից: Նոր փիլիսոփայությունն առաջին հերթին վերաիմաստավորում է աշխարհի ու մարդու կեցության եւ փոխհարաբերության հավերժական հարցերը, նորովի, ավելի լայն ու խորն է դնում բնության մեջ մարդու տեղի ու դերի հարցը: Այսպես, եթե այդ հարցն անցյալում դրվում էր առավելապես երկրի սահմաններում, ապա այժմ այն դրվում է շատ ավելի լայն՝ տիեզերքի շրջանակներում: Եթե անցյալում մարդը համարվում էր երկրային բնության արքա բացարձակ միապետի կարգավիճակով, իսկ բնությունը՝ անտրտունջ, իրավազուրկ, անսպառ հարստությունների տեր, բայց չափազանց ժլատ հպատակ, որից ամեն ինչ պետք է ուժով պոկես, ապա այժմ մարդու իշխանությունը, մի կողմից, էապես ընդարձակվել է, իսկ մյուս կողմից՝ խստորեն սահմանափակվել: Նա թերեւս մնում է բնության արքա, սակայն, պատկերավոր ասած, որպես սահմանադրական միապետ: Նա այժմ սկսել է հասկանալ, որ բնությունն անսպառ չէ եւ հանուն իր գոյատեւման ստիպված է բնության նկատմամբ անխոհեմ գիշատիչ սպառողական վերաբերմունքից անցնել խելամիտ բնապահպանական վերաբերմունքին: Նույն ձեւով վերաիմաստավորում են անցնում փիլիսոփայության բազմաթիվ այլ հարցեր:
Արդի փիլիսոփայությունը ձգտում է պատասխանել մեր դարաշրջանի կարեւորագույն, կարելի է ասել՝ ճակատագրական աշխարհայացքային հարցերին, ելնելով տիեզերականության, բնապահպանության, մարդասիրության (որը մարդկային կյանքը համարում է բարձրագույն անձեռնմխելի արժեք եւ մերժում է մահապատիժը), ժողովրդավարության, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության եւ պատերազմը լիովին բացառող խաղաղասիրության սկզբունքներից: Դրանից է կախված մարդկության ապագան: Այս առնչությամբ էլ աճել է փիլիսոփայության եւ, հետեւապես, փիլիսոփայական կրթության դերը ժամանակակից աշխարհում:
ԳԼՈՒԽ 2
ԱՇԽԱՐՀԻ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
« 1. ԿԵՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Փիլիսոփայությունը կատարում է իր գոյաբանական գործառույթը, կոնկրետ դարաշրջանի ողջ գիտելիքների ու արժեքների հիման վրա մեկնաբանելով աշխարհը, այսինքն՝ պարզելով նրա հիմքը, էությունն ու բնույթը եւ ստեղծելով նրա ամբողջական սիստեմատիկ պատկերը: Դա փիլիսոփայության մեջ դրվել է որպես կեցության հիմնախնդիր: «Կեցություն» փիլիսոփայական տերմինը ծագել է հայերեն «կենալ», «մնալ» բառերից եւ նշանակում է մնայուն, կայուն, հաստատուն լինել:
Հնագույն ժամանակներից փիլիսոփաները նկատել են, որ աշխարհը, լինելով փոփոխվող երեւույթների մի վիթխարի բազմազանություն, անընդհատ մնում է, միշտ կա, գոյատեւում է: Այստեղից էլ հարց է առաջացել, թե ինչ է իրենից ներկայացնում այդ կեցությունը, գոյությունը կամ գոյը: Տարբեր փիլիսոփայական ուղղություններ եւ դպրոցներ տարբեր դիրքերից, տարբեր կերպ են լուծել այդ հարցը: Իդեալիստներն ու մատերիալիստներն այն լուծում են թեեւ հակադիր, սակայն մոնիստական դիրքերից: Ըստ նրանց, աշխարհն ունի մեկ միասնական հիմք (նյութական կամ հոգեւոր), որով եւ պայմանավորված է նրա էությունն ու բնույթը: Դուալիստները պնդում են, որ աշխարհն ունի երկու հիմք՝ նյութական եւ հոգեւոր, իսկ պլյուրալիստները շեշտը դնում են աշխարհի հիմքերի բազմաթիվության վրա:
Կեցության գաղափարը փիլիսոփայության մեջ առաջինը մտցրել է էլեական դպրոցի հիմնադիր Պարմենիդը, ապա Զենոնը (մ. թ. ա. V դ.): Ըստ Պարմենիդի, ամեն ինչ կեցություն է, որովհետեւ գոյություն ունի: Կեցությունը մտային է, հոգեւոր է եւ կարող է մտածվել տրամաբանորեն անհակասական ձեւով: Այդ պատճառով կեցության հակադրությունը՝ չկեցությունը, չգոյությունը, ոչինչը հնարավոր չեն, քանզի պնդել չկեցության, ոչնչի գոյությունը, նշանակում է ասել, որ դրանք կեցություն են: Ուստի, պնդում են այն, ինչ ուզում են ժխտել: Նույն հակասությունն են պարունակում տարբեր լեզուներում, անգամ արեւելա- եւ արեւմտահայերենում «ոչինչ չկա» եւ «ոչինչ կա» արտահայտությունները:
Սոկրատեսի ու Պլատոնի օբյեկտիվ իդեալիստական դպրոցում իսկական կեցությունը հավերժապես անփոփոխ իդեաների աշխարհն է, իսկ նյութական իրերի աշխարհն իդեաների դժգույն ստվերն է, եւ այն փոփոխական եւ անցողիկ է: Ըստ Հեգելի (XIX դ. սկիզբ), կեցությունը բացարձակ իդեան կամ համաշխարհային ոգին է, իսկ նրա ստեղծած բնությունը, նյութական իրերի աշխարհը նրա անցողիկ այլակեցությունը: Սուբյեկտիվ իդեալիզմը, օրինակ, Բերկլին, կեցության հիմք է համարում մարդուն իր գիտակցությամբ հանդերձ: Նա ասում է. գոյություն ունեմ ես, իսկ աշխարհը բաղկացած է իմ զգայություններից: Հետեւապես, երեւույթների կեցության, գոյության չափանիշն իմ կողմից զգայվելն է: Էկզիստենցիալիզմը (լատիներեն՝ էկզիստենցիա-գոյություն, կեցություն բառից), որն իրեն անվանում է կեցության փիլիսոփայություն, ի դեմս Հայդեգերի, Յասպերսի ու Սարտրի (XX դ.), էկզիստենցիան համարում է աշխարհի հիմք եւ նույնացնում այն նրա գիտակցման հետ: Էկզիստենցիան եւ նրա գիտակցումը նույնն են,- ասում են էկզիստենցիալիստները: Էկզիստենցիան անիմաստ է, լի մահվան վախով, ցավով ու տառապանքով: Դրանց դեմ մարդը միայնակ ու անօգնական է: Նրա վիճակը թեթեւացնելու համար, ըստ աթեիստ էկզիստենցիալիստների, նրա կյանքը պետք է դիտվի որպես բարձրագույն արժեք եւ ամեն կերպ բարելավվի: Իսկ կրոնական էկզիստենցիալիստները մարդու միակ մխիթարությունը տեսնում են Աստծու հետ միավորվելու մեջ: Մարդը միշտ պետք է հիշի, որ Աստված միշտ իր հետ է:
Ի տարբերություն իդեալիստների, մատերիալիստները կեցությունը համարում են նյութական, մատերիական իր հիմքով, էությամբ եւ բնույթով: Օրինակ, հին հունական մատերիալիստները աշխարհի հիմքը պատկերացրել են որպես մի սկզբնապատճառ կամ սկզբնանյութ, որից առաջացել են աշխարհի բոլոր իրերն ու երեւույթները: Թալեսը գտնում էր, որ ամեն ինչ առաջացել է ջրից եւ, ի վերջո, վերածվում է ջրի, ըստ Հերակլիտի, ամեն ինչ ծագում է կրակից, ըստ Դեմոկրիտի՝ ատոմներից, ըստ Անաքսիմանդրեսի՝ ապեյրոնից, այսինքն՝ մի ինչ-որ անորոշ ու անսահման նյութից եւ այլն: Դա մատերիայի միամիտ, որպես կոնկրետ զգայական նյութի ըմբռնումն էր: XVII-XVIII դդ. նյուտոնյան մեխանիկայի ազդեցության տակ մատերիան պատկերացվում է որպես մեխանիկական սուբստանց (լատիներեն սուբստանցիա - տակը կանգնած, հենարան, հենք բառերից): Այդ սուբստանցն օժտված է մեխանիկական բոլոր հատկություններով. զանգվածով (խոսքը դադարի զանգվածի մասին է), իներցիայով, անթափանցելիությամբ եւ այլն: Մեխանիկական սուբստանցի վերջին անբաժանելի մասնիկներ էին համարվում ատոմները, որոնք տիեզերքի իսկական «աղյուսիկներն» են, քանզի նրանց միացություններից է ծնվում ամեն մի իր, ամեն մի առարկա, երեւույթ աշխարհում:
Մատերիայի մեխանիկական ըմբռնումն իշխող էր մինչեւ ֆիզիկայի հեղափոխությունը (1895-1905 թթ.), երբ հայտնագործվեցին էլեկտրոնը, ռենտգենյան ճառագայթները, ռադիոակտիվությունը, էներգիայի քվանտը եւ հարաբերականության տեսությունը: Սկզբում պարզվեց, որ էլեկտրոնը մեխանիկական զանգված չունի: Դրանից շատ ֆիզիկոսներ եւ փիլիսոփաներ եզրակացրին, որ էլեկտրոնը մատերիական չէ, հետեւապես հոգեւոր երեւույթ է: Ռենտգենյան ճառագայթների շնորհիվ պարզվեց, որ բոլոր առարկաները թափանցիկ են, ուրեմն դրանից հետեւում է, որ նրանք մատերիական չեն: Նույն ոգով էին մեկնաբանվում նաեւ քվանտը եւ հարաբերականության տեսությունը: Այստեղից ստացվում էր, որ այն մատերիան, որին դարեր շարունակ հավատացել են փիլիսոփաներն ու բնագետները, գոյություն չունի, նորագույն ֆիզիկան հերքում է մատերիայի գոյությունը, «մատերիան չքացավ»: Մինչդեռ հերքվել էր մատերիայի մեխանիկական, նեղ ըմբռնումը: Լենինը հաղթահարեց այդ ըմբռնման սահմանափակությունը: Նա ցույց տվեց, որ մատերիան համընդհանուր փիլիսոփայական հասկացություն է եւ չպետք է կապվի երեւույթների, առարկաների այս կամ այն մեխանիկական, ֆիզիկական, քիմիական եւ այլ կոնկրետ հատկությունների հետ, ինչպես զանգվածը, անթափանցելիությունը եւ այլն: Ըստ Լենինի սահմանման, մատերիան օբյեկտիվ ռեալություն է, որ գոյություն ունի մարդուց անկախ, ազդում է նրա զգայարանների վրա եւ արտացոլվում է նրա գլխում: Աշխարհի բոլոր երեւույթները մատերիայի գոյության կամ դրսեւորման տարբեր ձեւեր են:
Այս սահմանմամբ Լենինը, իրոք, վերացրեց մատերիայի մեխանիկական ըմբռնման սահմանափակությունը, բայց նոր ձեւով վերածնեց մատերիայի մասին հին աշխարհի փիլիսոփաների միամիտ պատկերացումները, հատկապես Անաքսիմանդրեսի պատկերացումն ապեյրոնի մասին: Հիրավի, ըստ Լենինի ստացվում է, որ կա ինչ-որ անորոշ, անվերջ ու անսահման մատերիա, որը, հավերժապես ձեւափոխվելով, առաջացնում է աշխարհի բոլոր կոնկրետ, որոշակի հատկություններով օժտված առարկաներ ու երեւույթներ:
Այսպիսով, մարքս-լենինյան փիլիսոփայությանը, դիալեկտիկական եւ պատմական մատերիալիզմին եւս չհաջողվեց մատերիային՝ իր ամենագլխավոր, ելակետային հասկացությանը տալ ճիշտ, բավարար սահմանում:
Ինչ վերաբերում է դուալիստներին ու պլյուրալիստներին, ապա առաջինները երկատում են կեցությունը, բաժանելով աշխարհը մատերիականի ու հոգեւորի, իսկ երկրորդները՝ բաժանում են այն բազմաթիվ իրարից անկախ ոլորտների: Կեցության միասնությունը ժխտող այդ ուսմունքները, ինչպես արդեն նշվել է, տարածված չեն:
« 2. ԿԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Կեցության հիմքը, էությունն ու բնույթը պարզելուց բացի փիլիսոփայությունը միշտ ձգտել է պարզել նաեւ նրա կառուցվածքի հարցը եւ մշակել աշխարհի ամբողջական պատկերը: Այդ հարցը փիլիսոփայությունը պարզում է, ելնելով մարդկության ողջ փորձից եւ բոլոր գիտությունների տվյալներից, ընդհանրացնելով ու ի մի բերելով դրանք: Ինքնին հասկանալի է, որ կեցության փիլիսոփայական պատկերն անփոփոխ չէ, ընդհակառակն՝ այն ժամանակի ընթացքում փոխվում, հարստացվում ու խորացվում է, որովհետեւ զարգանում ու հարստանում են մարդկության փորձն ու գիտելիքները:
Ներկայիս պայմաններում արդեն պարզ է, որ կեցությունն օժտված է չափազանց բարդ ու բազմաբնույթ կառուցվածքով, իր էությամբ անվերջ ու անսպառ է: Այն կարելի է տարբեր տեսանկյուններից բաժանել մի շարք հիմնական ձեւերի: Տվյալ հիմնական ձեւերից են նախ բնական կեցությունը կամ բնությունը եւ մարդկային կեցությունը կամ մարդկանց աշխարհը: Բնական կեցությունն իր հերթին բաժանվում է կուսական բնության եւ արհեստական բնության: Կուսական է համարվում այն բնությունը, որին մարդու ձեռքը չի դիպել եւ մարդու կողմից փոփոխության չի ենթարկվել: Իսկ արհեստական է մարդու կողմից փոփոխության ենթարկված բնությունը, օրինակ՝ բնակավայրերի միջավայրը, ճանապարհները, դաշտերը, հանդերը, ջրամբարները եւ այլն: Իրեն ենթարկելով բնությունը, մարդը միշտ աշխատել է իր համար ստեղծել հարմար արհեստական միջավայր եւ հարաբերականորեն մեկուսանալ վայրի բնության քմահաճույքներից ու արհավիրքներից: Տարբեր տեսանկյուններից բնական կեցությունը բաժանվում է նաեւ երկրային ու տիեզերական կեցության կամ տիեզերքի, ֆիզիկական, քիմիական, կենսաբանական եւ այլ ձեւերի: Դրանցից յուրաքանչյուրն իր հերթին բաժանվում է բազմաթիվ ենթաձեւերի: Այսպես, ֆիզիկական կեցությունը մասշտաբի, չափերի տեսակետից բաժանվում է միկրոաշխարհի, որը մոլեկուլների, ատոմների ու տարրական մասնիկների՝ էլեկտրոնների, պրոտոնների եւ այլնի աշխարհն է, ապա մակրոաշխարհի, որը երկնային չափսերի է, եւ, վերջապես մեգաաշխարհի, որը տիեզերական մարմինների՝ աստղերի, աստղային համակարգերի, գալակտիկաների ու մետագալակտիկայի աշխարհն է:
Կեցության կենսաբանական ձեւը կամ բիոսֆերան եւս բաղկացած է մեծ քանակի տարբեր մակարդակի ենթաձեւերից, որոնց թվին են պատկանում միաբջիջ օրգանիզմները, միկրոօրգանիզմները, բազմաբջիջ մակրոօրգանիզմները, բույսերը, կենդանիները, նրանց խմբերը, տեսակները, բիոցենոզները եւ այլն:
Իր ենթաձեւերի մակարդակների տարբերությամբ ու առատությամբ կեցության վերը նշված ձեւերից ետ չի մնում մարդկային ձեւը, որտեղ կարելի է առանձնացնել անհատական, ընտանեկան, կոլեկտիվների, դասերի ու դասակարգերի, ազգերի ու ազգությունների, պետությունների ու նրանց համակարգերի եւ, վերջապես, հասարակության՝ որպես ամբողջության կեցությունը: Մարդկային կեցությունն առավել լայն իմաստով ներառնում է ոչ միայն մարդկանց նյութական կյանքը, այսինքն՝ նյութական բարիքների արտադրությունը, ինչպես դա մարքսիզմ-լենինիզմն է պնդում, այլեւ նրանց հոգեւոր կյանքը: Եվ ինչպես նրանց նյութական կեցությունն է բաժանվում անհատականի եւ հասարակականի, նույն կերպ էլ հոգեւոր կեցությունն է բաժանվում: Անհատական հոգեւոր կեցությունը մարդկանց ներքնաշխարհն է նրանց մտքերով ու գաղափարներով, իղձերով ու ցանկություններով, երազանքներով ու պատրանքներով, իսկ հասարակական հոգեւոր կեցությունը ներառնում է հասարակության մեջ տարածում ստացած քաղաքական, իրավական, բարոյական, փիլիսոփայական, կրոնական եւ այլ գաղափարները, հայացքներն ու տեսությունները, այսինքն՝ այն ամենը, ինչ մարքս-լենինյան փիլիսոփայությունն անվանել է հասարակական գիտակցության ձեւեր, հակադրելով դրանք հասարակական կեցությանը:
Փիլիսոփայության ու գիտությունների զարգացման ընթացքում անընդհատ ընդլայնվում են կեցության մեր իմացության սահմանները, քանզի հայտնաբերվում են կեցության նորանոր ոլորտներ ու ձեւեր: XX դարում շնորհիվ կիբեռնետիկայի հայտնաբերվեցին ինֆորմացիոն պրոցեսները, որոնց լայն տեխնիկական կիրառումը մեր դարաշրջանի ամենաէական գծերից է եւ որի պատճառով էլ այն անվանվում է նաեւ ինֆորմացիոն դարաշրջան: Բացի դրանից, տեսական կանխատեսումներ են արվում կեցության հնարավոր ձեւերի մասին, ինչպես, օրինակ, 1 սմ3-ում մի քանի միլիարդ տոննա զանգված պարունակող գերխիտ նյութի, հակապրոտոններից, պոզիտրոններից ու այլ հակամասնիկներից բաղկացած այսպես կոչված հականյութի ու անգամ ամբողջ հակաաշխարհների մասին, որոնք սակայն մեր՝ սովորական մասնիկներից բաղկացած աշխարհին «հակա» են սոսկ ֆիզիկական, այլ ոչ թե փիլիսոփայական իմաստով, որովհետեւ նույն բնության մասն են կազմում: Վերջապես, կեցության ուսումնասիրությունների բազմադարյան փորձը վկայում է, որ նրա ձեւերը փոխկապակցված են, գտնվում են մշտական փոխներգործության մեջ, բայց միաժամանակ օժտված են հարաբերական ինքնուրույնությամբ, շարժվում ու փոփոխվում են իրենց յուրահատուկ ներքին օրենքներով:
« 3. ՇԱՐԺՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
Աշխարհի, կեցության ամբողջական փիլիսոփայական իմաստավորման, այսինքն՝ իմացական եւ արժեքային պատկերի ձեւավորման համար չափազանց կարեւոր է շարժման հիմնախնդրի լուծումը: Այն կարեւոր է, որովհետեւ խոսքը վերաբերում է աշխարհում կատարվող փոփոխությունների, գործընթացների բնույթին, էությանը, դերին, աղբյուրին, ձեւերին եւ ուղղվածությանը:
Ամենալայն իմաստով շարժումը մեկնաբանվում է որպես աշխարհում տեղի ունեցող ամեն տեսակի փոփոխություն: Մի դեպքում դա տարածական փոփոխություն է, մի այլ դեպքում որակի, քանակի, ձեւի, կառուցվածքի եւ այլ տիպի փոփոխություն: Շարժման մեջ են ոչ միայն կեցության նյութական, այլեւ հոգեւոր երեւույթները, մարդկային ճանաչողությունը, գիտությունը, արվեստը եւ ընդհանրապես մշակույթը:
Բոլոր փիլիսոփայական դպրոցները ընդունել են շարժման գոյությունը, բայց տարբեր կերպ են ըմբռնել նրա բնույթն ու էությունը: Օրինակ, ըստ էլեացիներ Պարմենիդի ու Զենոնի շարժումը գոյություն ունի, բայց իր էությամբ թվացող է: Քանզի ամեն ինչ կեցություն է, պնդում է Պարմենիդը, շարժումն ու փոփոխությունը հնարավոր չեն, միայն մեր աչքին են երեւում: Զենոնը շարժման դեմ առաջ է քաշել մի շարք ապորիաներ (հունարեն՝ ապորիա-դժվարություն բառից), որոնցից են «թռչող նետը» եւ «Աքիլլեսն ու կրիան»: Թռչող նետը, նրա կարծիքով, անշարժ է, որովհետեւ նախքան լրիվ տարածությունն անցնելը, այն պետք է անցնի կեսը, ապա կեսի կեսը, հետո այդ կեսի կեսը եւ այդպես անվերջորեն: Հատվածների այդ անվերջությունն անցնելու համար կպահանջվի անվերջ ժամանակ, որն անհնար է: Հետեւապես, թռչող նետն իրականում անշարժ է, եզրակացնում է Զենոնը: Նույն ձեւով արագավազ Աքիլլեսն անընդհատ կմոտենա դանդաղաշարժ կրիային, բայց երբեք չի հասնի ու անցնի:
Սոկրատեսն ու Պլատոնը շարժումն ու փոփոխությունը համարում են բնորոշ միայն նյութական իրերի աշխարհին, իսկ իդեաների աշխարհը հավերժորեն անփոփոխ է: Իդեաները կարող են միայն մտնել մի որեւէ նյութի մեջ եւ դարձնել այն մի կոնկրետ իր, ասենք, սեղան, քար, ջուր, մարդ եւ այլն, կամ էլ լքել ու դրանով քայքայման դատապարտել այն:
Ըստ Արիստոտելի, նյութական աշխարհը եւս իրականում շարժվում է, բայց նրա շարժման պատճառը, շարժիչ ուժը Աստվածն է, որին նա անվանում է առաջին շարժիչ, հավերժական շարժիչ: Նա համոզված էր, որ նյութը պասիվ ու իներտ, շարժմանը դիմադրող զանգված է: Ուստի, այն շարժելու համար պետք է արտաքին ուժ, եւ որքան ծանր է այն, այնքան մեծ պետք է լինի հրող ուժը: Վիթխարի տիեզերքի մարմինները շարժելու համար Աստված, ինքնին հասկանալի է, պետք է անսահման ուժի տեր լինի: Շարժելով ամբողջ տիեզերքը, Աստվածը, սակայն, ինքն անշարժ է, հետեւապես ուրիշ շարժիչի կարիք չունի: Դրա շնորհիվ նա ընդհատում է մի շարժիչից մյուսին անցնելու անվերջ շղթան:
Առօրյա փաստերի վրա հիմնված Արիստոտելի ֆիզիկայի՝ «շարժման պատճառը արտաքին ուժն է» սկզբունքը (XVII դ.) հերքեցին Գալիլեյն ու Նյուտոնը: Իներցիայի օրենքի շնորհիվ Գալիլեյը ցույց տվեց, որ մարմինները կարող են շարժվել նաեւ իներցիայով, այսինքն՝ առանց արտաքին ուժի: Իսկ Նյուտոնն ապացուցեց, որ արտաքին ուժը ոչ թե շարժման պատճառն է, այլ արագացման պատճառը:
XIX դ. սկզբին Հեգելն առաջադրեց հակառակ տեսակետը, ըստ որի հենց հոգեւոր ուժը՝ համաշխարհային ոգին է գտնվում շարժման մեջ, ավելի ստույգ՝ դիալեկտիկական ինքնաշարժման ու ինքնազարգացման մեջ: Իսկ բնությունը, լինելով համաշխարհային ոգու այլակեցությունը, սոսկ պասիվորեն արտացոլում է նրա շարժումը, բայց ոչ զարգացումը, քանզի նյութը զարգացման ընդունակ չէ: Բնության մեջ համաշխարհային ոգին ստեղծում է նյութական իրերի ու երեւույթների ողջ բազմազանությունն իրար կողքի, տարածության մեջ, որովհետեւ այն զուրկ է ժամանակից:
Ի տարբերություն իդեալիստական դպրոցների, մատերիալիզմի դպրոցները, ինչպես հայտնի է, մատերիան ու նրա դրսեւորման ձեւերը, այսինքն՝ կոնկրետ իրերն ու երեւույթներն են համարում միակ կեցություն, արմատապես ժխտելով գերբնական հոգեւոր կեցության գոյությունը: Ելնելով այդ հիմնական դրույթից, նրանք շարժումը վերագրում են մատերիային, պնդում են, որ մատերիան է շարժման միակ աղբյուրը: Հին աշխարհի, մասնավորապես անտիկ շրջանի տարերային դիալեկտիկ մատերիալիստները, ինչպես, օրինակ, Թալեսը, Հերակլիտը, Դեմոկրիտը եւ մյուսները աշխարհի սկզբնապատճառը՝ ջուրը, կրակը, ատոմները դիտում էին անվերջ շարժման ու փոփոխության մեջ: XVII-XVIII դդ. մետաֆիզիկ մատերիալիստների մի մասը, օրինակ հոլանդացի Բ. Սպինոզան (XVII դ.), շարժումը համարում էր մատերիայի գոյության մասնավոր ձեւ, այսինքն՝ մոդուս (լատիներեն մոդուս - չափ, եղանակ, ձեւ բառից): Այստեղ հիմք էր ընդունվում Գալիլեյի իներցիայի օրենքը, ըստ որի մարմինը կարող է գտնվել կամ դադարի, կամ էլ հավասարաչափ ուղղագիծ շարժման մեջ: Իսկ մատերիան ամբողջությամբ համարվում էր հավերժորեն անշարժ ու անփոփոխ: Ֆրանսիական մատերիալիստները (XVIII դ.) գտնում էին, որ բոլոր մատերիական մարմիններն ու երեւույթները շարժվում են, սակայն այդ շարժումները մեկնաբանում էին որպես մեխանիկական ու շրջանաձեւ: Նրանց համոզմամբ, մատերիան գտնվում է հավերժ շրջապտույտի մեջ, որտեղ ցերեկը միշտ հաջորդում է գիշերին, տարվա եղանակները՝ միմյանց, մոլորակները գծում են նույն ուղեծրերը, ցորենից ցորեն է բուսնում, մարդուց մարդ է ծնվում եւ այլն: Նրանք ժխտում էին աշխարհում որակապես նոր երեւույթների առաջացումը, զարգացումը: Եվ այդ իմաստով մատերիան մշտապես մնում է միեւնույնը, անշարժ ու անփոփոխ:
Մարքս-լենինյան դիալեկտիկական մատերիալիզմի տեսակետից շարժումը մատերիայի գլխավոր, անխզելի հատկությունը, այսինքն ատրիբուտն է (լատիներեն ատրիբուտիս-օժտել բառից): Ըստ Էնգելսի, չկա մատերիա առանց շարժման եւ չկա շարժում առանց մատերիայի, աշխարհը շարժվող մատերիա է: Շարժումը ոչ միայն շրջապտույտ է, այլեւ նոր երեւույթների առաջացում, նրանց զարգացում:
Դիտելով շարժումը որպես նորի առաջացման ու զարգացման գործընթաց, պետք է, սակայն, նկատի ունենալ նրա հարաբերակցությունը դադարի, անշարժության հետ: Տվյալ հարցում կա 3 հիմնական մոտեցում. 1. մետաֆիզիկայի, 2. ռելյատիվիզմի եւ 3. դիալեկտիկայի: Մետաֆիզիկան դադարը համարում է բացարձակ, գլխավոր, իսկ շարժումը հարաբերական, երկրորդական, որպես հավերժական դադարի կողմ կամ պահ, որովհետեւ այն շրջապտույտ է: Ռելյատիվիզմն ընդունում է միայն շարժումը եւ ժխտում է դադարը: Հերակլիտի աշակերտ Կրատիլը բացարձակացնում էր շարժումը, պնդելով, որ դադարը սոսկ մեր աչքին է երեւում, իրականում այն չկա: Աշխարհն իր առարկաներով ու երեւույթներով մի վիթխարի սրընթաց շարժում է, որտեղ նրանք ամեն մի ակնթարթ փոխվում են, այլեւս նույնը չեն: Դրա հետեւանքով նրանք անճանաչելի են: Մարդը կարող է միայն իրերը մատնացույց անել, ասելով «ահա», եւ այդ դեպքում էլ կուշանա, որովհետեւ այդ ընթացքում իրերը կփոխվեն: Ռելյատիվիզմը հանգեցնում է արկածախնդրության եւ անբարոյականության: Ըստ Բալզակի, մի այլասերված արիստոկրատ իր ուխտադրժությունը արդարացնում էր խոսքերով. «Ես այլեւս նույն մարդը չեմ, գտեք նրան, ով ձեզ խոստում է տվել»: Դիալեկտիկայի տեսակետից շարժումը բացարձակ է, իսկ դադարը հարաբերական, երկրորդական, ժամանակավոր: Դադարը շարժման մի կողմն է, նրա անհրաժեշտ պահն է, նրա ավարտը եւ չափը: Օրինակ, շարժման հավասարաչափ կամ անհավասարաչափ բնույթը նրա դադարի պահն է: Ապա, ամեն մի կոնկրետ շարժում ունի սկիզբ ու վերջ, եւ հանգչում է որոշակի արդյունքում: Օրինակ, ավտոմեքենայի արտադրության գործընթացն ավարտվում է պատրաստի ավտոմեքենայով: Վերջապես, նրա արտադրության հետ կապված բոլոր շարժումների բնույթը, ձեւը, քանակն ու որակը իր չափն է ստանում նրա մեջ: Դադարի վիճակը ժամանակավոր է, քանզի նոր շարժումներն ու փոփոխությունները հանում են մեքենան այդ վիճակից, մաշում ու քայքայում են այն: Դադարն, ըստ էության, շարժումն է հավասարակշիռ վիճակում: Շարժումը միատարր չէ, այն բաղկացած է անվերջ քանակի ամենատարբեր ձեւերից եւ ըստ այդմ էլ դադարի ձեւերը եւս չափազանց տարբեր են, որովհետեւ դադարն իմաստ ունի շարժման այս կամ այն ձեւի առնչությամբ, օրինակ՝ մեխանիկական, ջերմային, միջուկային, քիմիական եւ այլն:
Ձգտելով ստեղծել կեցության ամբողջական պատկերը փիլիսոփայությունը մեկնաբանել ու դասակարգել է շարժման ձեւերը: Օրինակ, Արիստոտելը (մ. թ. ա. IV դ.) որպես շարժման ձեւեր առանձնացրել է առաջացումը, ոչնչացումը, մեծացումը, փոքրացումը, որակի փոփոխությունը եւ տարածական տեղափոխությունը: Անգլիացի Ֆ. Բեկոնը (XVII դ.) առանձնացրել է շարժման բազմաթիվ ձեւեր, որոնց շարքում նաեւ հակակրանքը, տպավորությունը, տատանումը եւ այլն: Մի փոքր ավելի ուշ մեխանիկայի ազդեցության տակ Ռ. Դեկարտը շարժման բոլոր ձեւերը հանգեցնում է մեխանիկականին: Նա պնդում է, որ շարժման ամենաբարդ ձեւերը՝ բույսերի, կենդանիների ու մարդու կյանքը վերջին հաշվով հանգում են նյութերի տարածական տեղափոխությանը, մեխանիկական շարժմանը, օրինակ՝ արյան շրջանառությանը: Այս տեսակետը, որը սերտորեն կապված էր մատերիայի մեխանիկական ըմբռնման հետ, կոչվեց մեխանիցիզմ: Բնագիտության մեջ մեխանիցիզմն իշխեց մինչեւ XIX դ. 70-ական թվականները: Այդ ժամանակ ձեւավորվեցին ու զարգացան ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը, հասարակական գիտությունները, որոնք ուսումնասիրում են շարժման որակապես տարբեր ձեւեր: Ընդհանրացնելով գիտության նվաճումները, Ֆ. Էնգելսը շարժումը բաժանեց 5 հիմնական ձեւի՝ մեխանիկականի, ֆիզիկականի, քիմիականի, կենսաբանականի եւ հասարակականի, դասակարգելով նրանց ըստ բարդության աստիճանի: Բոլոր այդ ձեւերը փոխկապակցված են, անցնում են միմյանց, սակայն չեն հանգում մեկը մյուսին, որովհետեւ ամեն մի ձեւ ունի իր յուրահատուկ օրենքները: Ամեն մի բարդ ձեւ որպես ստորադաս կողմ պարունակում է պարզ ձեւերը, օրինակ, հասարակական ձեւը ներառում է մյուս ավելի պարզ ձեւերը: Որքան բարդ է շարժման ձեւը, այնքան փոքր է նրա մեջ պարզ ձեւի դերը: Օրինակ, մեխանիկականի դերը քիմիականում ավելի մեծ է, քան կենսաբանականում կամ հասարակականում:
Թեեւ այս դրույթները սկզբունքորեն ճշմարիտ են, արեւմտյան որոշ փիլիսոփաներ շարունակում են շարժման ձեւերը միմյանց հանգեցնելու փորձերը: Հատկապես տարածված են շարժման հասարակական ձեւը կենսաբանականին հանգեցնելու փորձերը, ապացուցելու, որ հասարակություն գործառնում ու զարգանում է կենդանի օրգանիզմների օրենքներով: Դրանցից են անգլիացի Հ. Սպենսերի ու նրա հետեւորդների օրգանական տեսությունը եւ սոցիալ-դարվինիզմը: Առաջինը հասարակությունը նմանեցնում է կենդանի օրգանիզմի, իսկ երկրորդը հասարակության հիմնական օրենք է համարում գոյության պայքարի կենսաբանական օրենքը:
Բնագիտության նորագույն նվաճումները փիլիսոփայությանը հնարավորություն են ընձեռում, մի կողմից, լրացնելու շարժման ձեւերի վերոհիշյալ պատկերը եւ մասամբ ուղղել այն, իսկ մյուս կողմից՝ առաջարկելու նրանց դասակարգման մի ուրիշ, ավելի լայն ու խոր հիմք: Այժմ շարժման հիմնական ձեւերի շարքին են դասվում երկրաբանական, մոլորակային եւ կոմպյուտերային (ավելի ճիշտ ինֆորմացիոն) շարժումները: Մեխանիկական շարժումը մտցվում է ֆիզիկական շարժման մեջ: Որքանով որ ֆիզիկայի ու տիեզերաբանության տվյալների հիման վրա պարզվել է, որ գոյություն ունեն 3 որակապես տարբեր աշխարհներ՝ միկրոաշխարհ, մակրոաշխարհ եւ մեգաաշխարհ, շարժման ձեւերը դասակարգվում են եւս 3 մակարդակի՝ միկրո, մակրո եւ մեգա շարժումների: Միկրոշարժումները մոլեկուլների, ատոմների, միջուկների եւ այլ տարրական մասնիկների, քվանտային մեխանիկական շարժումներն են: Մակրոշարժումները մեր սովորական, երկրային չափերի մարմինների ու երեւույթների շարժումներն են, այդ թվում նաեւ հասարակական շարժումը, որովհետեւ մարդը մակրոմարմին է: Մակրոշարժումները տիեզերական մարմինների՝ մոլորակների, աստղերի, գալակտիկայի եւ մետագալակտիկայի շարժումներն են: Մեծ փիլիսոփայական հետաքրքրություն է ներկայացնում հատկապես մետագալակտիկայի շարժումը, որը ընդարձակվում է: Դա նշանակում է, որ տիեզերքում գործում են ինչ-որ վիթխարի վանողական ուժեր, որոնք գերազանցում են ձգողական ուժերին եւ ստիպում են գալակտիկաներին իրարից հեռանալ լույսին մոտ, այսինքն մինչեւ 250-260 հազար կմ/վ արագությամբ: Դա թույլ է տալիս ենթադրելու, որ 14,4 մլրդ. տարի առաջ տիեզերքի ողջ զանգվածը կենտրոնացած է եղել մեկ կետում եւ մի այնպիսի գերխիտ վիճակում, որ անգամ տարրական մասնիկներ՝ էլեկտրոններ, պրոտոններ, նեյտրոններ եւ այլն գոյություն չեն ունեցել: Ապա այդ գերխիտ նյութը պայթել ու սկսել է ընդարձակվել, որն առայսօր էլ շարունակվում է: Բոլոր միկրոմասնիկները, մակրո եւ մեգամարմիններն այդ ընդարձակման փուլերն են: Ենթադրվում է նաեւ, որ մի քանի տասնյակ միլիարդ տարի անց ձգողական ուժերը կսկսեն գերազանցել վանողական ուժերին եւ տիեզերքը կսեղմվի-կվերադառնա իր նախկին գերխիտ վիճակին, որից հետո կսկսվի ընդարձակման մի նոր փուլ, եւ այդպես շարունակ: Դա «բաբախող» տիեզերքի տեսությունն է, ըստ որի տիեզերքը պարբերաբար սեղմվում եւ ընդարձակվում է:
Շարժման ձեւերի ճանաչողության բազմադարյան փորձը հիմք է տալիս ենթադրելու, որ այդ ձեւերն անվերջ են եւ ապագայում կհայտնաբերվեն նորանոր ձեւեր:
Շարժում եւ զարգացում: Շարժումը համընդհանուր ու բացարձակ է ոչ միայն իր համատարածությամբ եւ ձեւերի անվերջությամբ, այլեւ իր ուղղությունների անվերջ բազմազանությամբ: Շարժումների մի զգալի մասն անկանոն է, կատարվում է հազար ու մի ուղղությամբ, մյուս մասը շրջելի է, օրինակ՝ ջրի փոխակերպումը գոլորշու, հեղուկի ու սառույցի եւ հակառակը, երրորդ մասը շրջապտույտ, ցիկլաձեւ շարժումներն են, օրինակ՝ մոլորակային համակարգերի, գալակտիկաների շարժումները իրենց կենտրոնների շուրջը, եւ, վերջապես, գերակշռող ուղղություն ունեցող, անշրջելի շարժումները, օրինակ՝ էնտրոպիայի աճը փակ, վերջավոր ջերմային համակարգերում, որտեղ ջերմությունը փոխանցվում է տաքից սառը մարմիններին, մինչեւ որ նրանց ջերմաստիճանները հավասարվեն: Էներգիայի քանակը մնում է նույնը, բայց արժեզրկվում է, որովհետեւ աշխատանք կատարել չի կարող: Դրա հիման վրա XIX դ. վերջին առաջացավ տիեզերքի «ջերմային մահվան» տեսությունը, ըստ որի տիեզերքը ստեղծվել է նվազագույն էնտրոպիայով, որից հետո այն անընդհատ աճում է, մինչեւ որ աստղերը հանգչեն, տիեզերքի բոլոր մասերում ջերմաստիճանները հավասարվեն ու բոլոր գործընթացները մշտապես ընդհատվեն եւ, հետեւապես, այն հավերժորեն ընկղմվի «մահվան» մեջ: Սակայն այստեղ անտեսվել էր 3 հանգամանք: Առաջին, տիեզերքը ոչ թե փակ ու վերջավոր, այլ բաց ու անվերջ համակարգ է: Երկրորդ, էնտրոպիայի աճի օրենքը հատուկ է միայն ջերմությանը, բայց ոչ շարժման մյուս ձեւերին, որոնք գործում են տիեզերքում: Երրորդ, XX դ. սիներգետիկան պարզեց, որ աշխարհում կան նաեւ բաց, ոչ վերջավոր, անհավասարակշիռ համակարգեր, որոնք կարող են նյութ եւ էներգիա փոխանակել շրջապատի հետ, կուտակել դրանք, հետեւապես նվազեցնել էնտրոպիան, բարձրացնելով իրենց կառուցվածքի ու ակտիվության մակարդակը: Այդպիսի շարժումը կոչվում է զարգացում: Զարգացումը շարժման մի տարատեսակ է, որն ունի գերակշռող ուղղություն, անշրջելի է եւ ընթանում է պարզից դեպի բարդը, ցածրից դեպի բարձրը: Զարգացումը որակական փոփոխությունների վերընթաց շարք է, որտեղ անցում է կատարվում մի որակական փուլից մյուսին՝ ավելի բարձրին ու կատարյալին:
Ամեն մի համակարգ, երեւույթ կամ դրանց դասն ունի զարգացման իր չափանիշները, որոնց շնորհիվ կարելի է դատել, թե նրանցից որն է ավելի զարգացած, որն ավելի պակաս, որը զարգացման որ փուլում է գտնվում եւ այլն: Սակայն կան նաեւ զարգացման ընդհանուր չափանիշներ, որոնք 2 կարգի են՝ կառուցվածքային եւ գործառութային (ֆունկցիոնալ): Կառուցվածքային տեսակետից համակարգերի զարգացման մակարդակը որոշվում է նրանց մասերի կամ օրգանների դիֆերենցացման եւ ինտեգրացման աստիճանով: Բարձրակարգ կենդանի օրգանիզմները ցածրակարգերից առաջին հերթին դրանով են տարբերվում. նրանց կառուցվածքը շատ ավելի բարդ է: Նույնը նկատելի է նաեւ մարդկային հասարակության մեջ, սկսած նախնադարյանից մինչեւ ժամանակակից հասարակարգը: Գործառութային տեսակետից ավելի զարգացած է շրջապատի հետ նյութ եւ էներգիա ավելի լավ փոխանակող, հետեւապես ավելի լավ հարմարված համակարգը: Օրինակ, ԱՄՆ-ի տնտեսական զարգացման մակարդակի մասին կարելի է դատել այն բանից, որ, ունենալով երկրագնդի բնակչության 5 %-ը, օգտագործում է համաշխարհային հումքի 50 %-ը:
Զարգացումը հակասական է: Այն առաջադիմության եւ հետադիմության միասնություն է: Դրանք նախ հանդես են գալիս չբեւեռացված ձեւով, որտեղ առաջադիմությունն իր մեջ որոշակի հետադիմություն է պարունակում: Պատճառն այն է, որ ամեն մի փուլում իր զարգացման բազմաթիվ հնարավորություններից համակարգն իրագործում է մեկը կամ մի քանիսը, ժխտելով մյուսները: Առաջադիմության միակողմանիությունը դատապարտում է նրան հետադիմության: Ինչպես հայտնի է, գիտության ու տեխնիկայի վիթխարի առաջադիմությունն է ծնել արդի բնապահպանական ճգնաժամը, զանգվածային ոչնչացման զենքերը եւ քաղաքակրթության ոչնչացման վտանգը, մարդկության առողջության վատացումը կապված մի շարք հիվանդությունների ահագնացող տարածման հետ եւ այլն: Առաջադիմությունն ու հետադիմությունը հանդես են գալիս նաեւ բեւեռացված վիճակում, երբ զարգացման մի փուլում ակնհայտորեն գերիշխում է մեկը, իսկ հաջորդ փուլում մյուսը: Դրա հիման վրա առաջինն անվանում են առաջադիմական (պրոգրեսիվ), իսկ երկրորդը՝ հետադիմական (ռեգրեսիվ): Իսկ եթե հետադիմությունը շեշտակի է, ապա այդ փուլն անվանում են ռեակցիոն, իսկ գործընթացները՝ ռեակցիա:
Սակայն պետք է նկատի ունենալ, որ բացարձակ, համատարած, բոլոր ուղղություններով ո՛չ առաջադիմություն է լինում, ո՛չ էլ հետադիմություն, նրանք երկուսն էլ հարաբերական են:
Մարքսիզմ-լենինիզմում շնորհիվ Լենինի եւ Ստալինի տարածվել էր այն կարծիքը, թե զարգացումը շարժման պես համընդհանուր է, այսինքն՝ ամբողջ աշխարհը զարգացման մեջ է: Այս տեսակետը սխալ է: Զարգացումը, օժտված լինելով որոշակի գերակշռող ուղղությամբ, հատուկ է վերջավոր համակարգերին, որոնք ունեն սկիզբ ու վերջ, իսկ տիեզերքն անվերջ է: Զարգացման ամեն մի գործընթաց անցնում է 3 գլխավոր փուլ՝ առաջացում, հասունացում եւ անկում: Սրանք իրենց հերթին բաժանվում են վերընթաց եւ վարընթաց զարգացման շրջանների: Առաջին շրջանը հասնում է իր գագաթնակետին եւ սկիզբ տալիս երկրորդ շրջանին, որն ավարտվում է համակարգի քայքայմամբ ու կործանմամբ:
Այս առնչությամբ լուրջ փիլիսոփայական հետաքրքրություն է ներկայացնում մարդկության ապագայի հարցը: Ըստ Էնգելսի, մարդկությունը դատապարտված է կործանման, որովհետեւ այն, ինչ ունի սկիզբ, պետք է ունենա նաեւ վերջ: Մի ուրիշ տեսակետ ասում է, որ եթե անգամ հեռավոր ապագայում Արեւը հանգչի, Երկիրն ընկնի նրա վրա, մարդիկ մինչ այդ կկարողանան մի այլ աստղի շրջապատում մի հարմար մոլորակ գտնել եւ տեղափոխվել նրա վրա: Երրորդ տեսակետի համաձայն, միլիարդավոր տարիներ հետո տիեզերքի միջին էներգիայի մակարդակն այնքան կընկնի, որ կյանքը կդառնա անհնար, մարդն իր գիտակցությունը կմոդելավորի կատարյալ ռոբոտների վրա եւ կենսաբանական հիմքից կանցնի տեխնիկական հիմքին, կվերածվի տեխնիկական հասարակության: Այս 3 հեռանկարներից ամենահավանականը առաջինն է, որովհետեւ ավելի հարազատ է դիալեկտիկայի Հեգելի հայտնագործած 3 հիմնական օրենքներին, մասնավորապես քանակից որակին անցման, հակադրությունների միասնության ու պայքարի, բացասման բացասման օրենքներին:
Ըստ քանակից որակին անցման օրենքի, շարժումն ու զարգացումն սկսվում են աստիճանական քանակական փոփոխություններից, որոնք, անցնելով չափը, առաջացնում են որակական փոփոխություն: Չափն այն սահմանն է, որտեղ քանակի փոփոխությունն առաջացնում է որակի փոփոխություն: Օրինակ, նյութերի ագրեգատային վիճակը փոխվում է ջերմաստիճանի փոփոխության միջոցով (ջուրը 0 աստիճանում սառույց է, իսկ 100-ում գոլորշի՝ գազ): Անցումը մի որակից մյուսին կատարվում է թռիչքի միջոցով: Թռիչքները լինում են աստիճանական եւ կտրուկ (օրինակ, ուրանի միջուկների աստիճանական տրոհումն ատոմային ռեակտորում եւ կտրուկ տրոհումն ատոմային ռումբի պայթյունի դեպքում): Մանր աստիճանական թռիչքների ձեւով կատարվող զարգացումը կոչվում է էվոլյուցիա (լատիներեն էվոլյուցիո-ծավալվել բառից): Բույսերի ու կենդանիների զարգացումը եւ նոր տեսակների առաջացումը կատարվում է էվոլյուցիայի միջոցով, աստիճանաբար, առանց կտրուկ թռիչքների: Տիեզերքի ընդարձակման հետեւանքով տիեզերական մարմինների ու համակարգերի ձեւավորումը եւս անվանում են էվոլյուցիա, սակայն փոխաբերական իմաստով: Մարդկային հասարակության մեջ նկատելի է ինչպես աստիճանական, այնպես էլ թռիչքաձեւ զարգացումը: Աստիճանականը տեղի է ունենում տվյալ որակի, օրինակ, այս կամ այն հասարակարգի սահմաններում եւ նույնպես կոչվում է էվոլյուցիա, իսկ կտրուկ թռիչքաձեւը մի հասարակարգից մյուսին որակական անցման ժամանակ եւ կոչվում է ռեւոլյուցիա (լատիներեն ռեւոլյուցիո-հեղաշրջում, հեղափոխություն բառից): Հետեւապես, այստեղ էվոլյուցիան ունի նեղ իմաստ, նշանակում է զարգացման առաջին փուլը, իսկ ռեւոլյուցիան՝ նրա երկրորդ փուլը: Էվոլյուցիան նախապատրաստում է ռեւոլյուցիան, իսկ ռեւոլյուցիան ավարտում է էվոլյուցիան եւ հող ստեղծում նրա հետագա ծավալման համար: Հասարակության զարգացումը էվոլյուցիայի եւ ռեւոլյուցիայի, հեղափոխության միասնություն է: Հեղափոխությունները լինում են ոչ միայն հասարակության տնտեսական ու քաղաքական կյանքում, այլեւ գիտության, տեխնիկայի, արվեստի ու այլ բնագավառներում:
Հակադրությունների միասնության եւ պայքարի օրենքը բացահայտում է շարժման ու զարգացման ներքին աղբյուրը, ներքին պատճառը: Ըստ այդ օրենքի, որեւէ զարգացումն սկսվում է նրա ներքին հակասությունների առաջացման, ծավալման ու հաղթահարման, լուծման միջոցով: Հակասության առաջին՝ սաղմնային փուլը կոչվում է տարբերություն, երկրորդ՝ հասունացած փուլը հակադրություն եւ երրորդ՝ եզրափակիչ փուլը կոնֆլիկտ: Կոնֆլիկտը ծայրաստիճան սրված եւ հաղթահարման պատրաստ հակասությունն է: Կոնֆլիկտը լուծվում է կամ հակասության մի կողմի հաղթանակով մյուսի նկատմամբ եւ երեւույթի որակական փոփոխությամբ, կամ էլ 2 կողմերի կործանմամբ եւ որակապես նոր երեւույթի, հետեւաբար նոր հակադիր կողմերի առաջացմամբ, որպեսզի հետագայում այն եւս նույն ձեւով իր տեղը զիջի մի նոր երեւույթի եւ այդպես շարունակ: Առաջինի օրինակ է ստրկատիրությունից անցումը ֆեոդալիզմին, որտեղ ստրուկներին ու ստրկատերերին փոխարինում են ճորտերն ու ճորտատերերը, իսկ երկրորդի օրինակ՝ ֆեոդալիզմից անցումը կապիտալիզմին, որն ավարտվում է բուրժուազիայի հաղթանակով: Ֆիզիկայի պատմության մեջ առաջինի օրինակ է լույսի դասական մասնիկային ու ալիքային տեսությունների փոխարինումը քվանտային տեսությամբ, իսկ երկրորդի օրինակ՝ Էյնշտեյնի տեսության հաղթանակը Նյուտոնի տեսության նկատմամբ:
Բացասման բացասման օրենքը բացահայտում է զարգացման ուղղությունը: Այն ցույց է տալիս, որ զարգացումը կատարվում է նորի կողմից հնի բացասման, այսինքն՝ ոչնչացման միջոցով: Դա հաջորդական բացասումների մի երկարավուն շղթա է, որի ընթացքում նորը, ծագելով հնի ընդերքում, բացասում է այն, միաժամանակ վերցնելով նրա դրական տարրերը, որոնք անհրաժեշտ են նորի հաղթանակի ու հետագա զարգացման համար: Այստեղ առանձնանում է կրկնակի բացասումը, որովհետեւ դա երեւույթի կրկնակի վերածումն է իր հակադրության, որի հետեւանքով զարգացման երրորդ աստիճանը որոշ հատկանիշներով նմանվում է առաջին աստիճանին, այսինքն՝ բարձր աստիճանում կատարվում իբրեւ թե վերադարձ դեպի հինը: Ինչպես հայտնի է, 2 «ոչ»-ը մեկ «այո» է: Օրինակ, լույսի մասնիկային տեսությունը XIX դ. բացասվեց ալիքային տեսության կողմից, եւ թվում էր թե ընդմիշտ: Սակայն XX դ. մասնիկային տեսությունը մասամբ վերածնվեց լույսի քվանտային տեսության կողմից: Հետեւապես, զարգացումը ստանում է պարուրաձեւ, ցիկլաձեւ բնույթ, պարբերական վերադարձներով դեպի հինը, որտեղ կա 3 աստիճան՝ մի բանի հաստատում, նրա բացասում եւ բացասման բացասում: Հեգելը դրանք անվանել է թեզ, հակաթեզ, սինթեզ: Երրորդ աստիճանը, հիրավի, սինթեզ է, որովհետեւ իր մեջ միավորում է նախորդ 2 աստիճանների դրական տարրերը: Եռանդամությունը, ըստ Հեգելի՝ տրիադան կարող է լինել երեւույթների ոլորտում, երբ հստակորեն նշմարվում են զարգացման 3 աստիճանները, կամ էլ էությունների ոլորտում, որտեղ զարգացման ցիկլ կազմող երեւույթները 3-ից ավելի են, սակայն ըստ էության 3 մակարդակ են կազմում: Օրինակ, Մենդելեեւի աղյուսակի I պարբերությունը եռաստիճան է (ջրածին-հելիում-լիթիում), իսկ II պարբերությունը 9 աստիճան, որտեղից ձախից աջ անցում է կատարվում մետաղներից մետալլ ոիդներին եւ վերստին մետաղներին: Զարգացումը չափազանց բարդ ու խճճված է դառնում, երբ տեղի է ունենում արտաքին ազդեցությունների պայմաններում: Այդ ազդեցություններն այնպես են աղավաղում զարգացման ընթացքը, որ ցիկլերը դառնում են աննկատելի: Բնության եւ հասարակության մեջ որպես կանոն զարգացումներն ընթանում են ոչ մաքուր ձեւով, ոչ առանց արտաքին միջամտությունների, հետեւապես եռաստիճան ցիկլերը, տրիադաները հազվադեպ են:
« 4. ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
Կեցության փիլիսոփայական մեկնաբանման եւ արժեւորման համար հույժ կարեւոր է տարածության ու ժամանակի հիմնախնդիրը: Բավական է նշել, որ ինչպես բնական, այնպես էլ մարդկային կեցությունն աներեւակայելի են առանց տարածության ու ժամանակի: Մարդն իր կյանքի ամեն մի քայլափոխում տեսնում եւ զգում է տարածության ու ժամանակի գործոնների ազդեցությունը:
Եթե մի կողմ թողնենք տարբեր ենթադրություններն ու վարկածները, ապա տարածության ու ժամանակի մասին ներկայումս մեզ հայտնի է հետեւյալը:
Տարածությունը իրերի ու երեւույթների գոյակցության ձեւ է, եռաչափ է, համասեռ (իզոմորֆ) եւ հավասարորակ (իզոտրոպ): Այն օժտված է տարաձգությամբ կամ երկայնությամբ: Գոյակցության ձեւը նշանակում է, որ իրերն ու նրանց մասերը միմյանց հանդեպ դասավորված են որոշակի կարգով՝ աջից ու ձախից, վերեւից ու ներքեւից, առջեւից ու հետեւից: Եռաչափությունը նշանակում է, որ ամեն մի իր ունի 3 չափ՝ երկարություն, լայնություն եւ բարձրություն: Համասեռը կամ իզոմորֆը նշանակում է, որ տարածության բոլոր հատվածները հավասար են, միլիմետրը՝ միլիմետրին, մետրը՝ մետրին եւ այլն: Հավասարորակությունն էլ նշանակում է, որ նրա բոլոր կողմերը համարժեք են, որի շնորհիվ իրերը, մարդիկ կարող են ազատորեն շարժվել տարբեր ուղղություններով, օրինակ՝ գնալ մի տեղ եւ վերադառնալ:
Ժամանակը իրերի ու երեւույթների հաջորդականության ձեւ է, միաչափ է, համասեռ (իզոմորֆ) եւ ոչ հավասարորակ (անիզոտրոպ): Այն օժտված է տեւողությամբ: Հաջորդականության ձեւը նշանակում է, որ իրերն ու երեւույթները, նրանց տարբեր փուլերը դասավորվում են մեկը մյուսից առաջ կամ հետո: Միաչափ է, որովհետեւ մեկ ուղղություն ունի եւ չափվում է վայրկյաններով, րոպեներով, ժամերով եւ այլն: Միասեռ կամ իզոմորֆ է, քանի որ նրա համապատասխան հատվածները, օրինակ՝ րոպեն հավասար է րոպեին: Հավասարորակ չէ կամ անիզոտրոպ է, որովհետեւ հոսում է միայն անցյալից դեպի ներկան ու ներկայից դեպի ապագան եւ լիովին անշրջելի է: Ժամանակի անշրջելիության գաղտնիքը բացահայտված չէ: Կա 3 ենթադրություն: Առաջինը մեկնաբանում է այն պատճառական կապերի շղթայով, որտեղ պատճառները միշտ նախորդում են հետեւանքներին եւ ծնում են տվյալ անշրջելիությունը։ Երկրորդը` մեկնաբանում է էնտրոպիայի աճով կապում է այն տիեզերքի ընդարձակման հետ, որը, լինելով միակողմանի գործընթաց, միակողմանի բնույթ է տալիս ժամանակի հոսքին: Այս տեսակետից հետեւում է, որ երբ հեռավոր ապագայում տիեզերքը սկսի սեղմվել, ժամանակը կշրջվի եւ կսկսի հոսել հակառակ ուղղությամբ:
Միաժամանակ կարծիքներ կան, որ տարածության ու ժամանակի վերը նշված հատկանիշները համընդհանուր չեն: Դրանցից ամենահինը կրոնափիլիսոփայական տեսակետն է, որի համաձայն 3 չափը բնորոշ է միայն երկրային տարածությանը, որ կա նաեւ 4-րդ չափը, որը տանում է դեպի երկնային աշխարհ եւ ուր մարդն ընկնում է ետմահու: Գիտությունն այդ մասին ոչինչ չի կարող ասել, որովհետեւ դա գիտափորձով ստուգել հնարավոր չէ:
Գիտությունը, առանձնապես քվանտային ֆիզիկան, ելնելով տարրական մասնիկների մասնիկային ու ալիքային հատկությունների դուալիզմի հետ կապված տեսական դժվարություններից, ենթադրում է, որ տարածությունն ու ժամանակը իրենց այդ հատկանիշներով բնորոշ են միայն մակրոաշխարհին: Իսկ միկրոաշխարհում դրանք որակապես բոլորովին այլ են: Եվ առաջադրվում են տարբեր վարկածներ միկրոտարածության ու ժամանակի յուրահատկությունների մասին, օրինակ՝ դրանց քվանտային բնույթի մասին, այն մասին, որ կան տարածության եւ ժամանակի քվանտներ 10-13 սմ եւ 10-28 վ չափով, այսինքն՝ ատոմի միջուկի չափով եւ մյու-մեզոնի տեւողության չափով: Ենթադրություններ են արվում նաեւ բազմաչափ ու անիզոտրոպ տարածության մասին, որն օժտված է գերակշռող ուղղությամբ եւ անշրջելի է, ինչպես նաեւ երկչափ ու իզոտրոպ, շրջելի ժամանակի մասին: Բազմաչափ տարածության վարկածը կիրառվում է արդի տիեզերաբանության մեջ, որտեղ ենթադրվում է, որ նախնական գերխիտ նյութի մեծ պայթյունի պահին տարածությունն ունեցել է 11 չափ եւ հետագայում տիեզերքի ընդարձակման ընթացքում այդ չափերը կրճատվել են եւ այժմ հասել են 3-ի: Վերջապես կա եւս մի արմատական, ծայրահեղ տեսակետ, ըստ որի տարածությունն ու ժամանակը հատուկ են սոսկ մակրոաշխարհին: Միկրոաշխարհում ոչ տարածություն կա, ոչ էլ ժամանակ: Այնտեղ պետք է որ գոյություն ունենան բոլորովին ուրիշ տիպի կառուցվածքներ, որոնց հայտնաբերումն ապագայի գործ է:
Բոլոր վերը նշված մոտեցումների ու տեսակետների այս շատ համառոտ ակնարկը ցույց է տալիս, թե որքան բարդ ու խճճված աշխարհայացքային ու մասնավոր գիտական հարցեր են շաղկապված տարածության ու ժամանակի հիմնախնդրի հետ:
Փիլիսոփայության տարբեր ուղղությունները եւ դպրոցները, ելնելով կեցության տարբեր մեկնաբանություններից, տարբեր կերպ են մեկնաբանում նաեւ տարածությունն ու ժամանակը: Այսպես, իդեալիստները, ժխտելով կեցության օբյեկտիվ, մատերիական բնույթը, ժխտում են նաեւ տարածության ու ժամանակի օբյեկտիվությունը, ընդունում են նրանց կախումը որեւէ գերբնական կամ բնական հոգեւոր ուժերից: Օրինակ, Հեգելը գտնում էր, որ դրանք ստեղծված են համաշխարհային ոգու կողմից: Ըստ Հյումի, Կոնտի ու մյուս սուբյեկտիվ իդեալիստների, դրանք սոսկ մարդկային զգայությունների դասավորություն են եւ, ինչպես զգայությունները, կախված են մարդու գիտակցությունից: Կանտը տարածությունն ու ժամանակը համարում էր մարդու զգայական ճանաչողության նախափորձնական կամ ապրիորի (լատիներեն ապրիորի-փորձից առաջ բառից) ձեւ: Մարդը, նրա կարծիքով, ծնվում է այդ նախափորձնական ձեւերով եւ զգայական օրգանների միջոցով փորձից ստացած զգայությունների մեջ անգիտակցաբար մտցնում է տարածա-ժամանակային կարգ: Դրա շնորհիվ էլ առաջանում է աշխարհի տարածաժամանակային պատկերը: Հետեւապես, ըստ Կանտի, ոչ թե մարդն է գտնվում տարածության ու ժամանակի մեջ, այլ տարածությունն ու ժամանակն են գտնվում մարդու գլխում, այսինքն՝ նրա գիտակցության մեջ: Այստեղից Կանտն արեց իր հանրահայտ եզրակացությունը. երկրաչափությունը եւ առհասարակ մաթեմատիկան ապրիորի, նախափորձնական գիտություն է: Մարդն իր գլխից է հանում այն:
Իդեալիզմին հակառակ, մատերիալիզմի բոլոր դպրոցները տարածության ու ժամանակի մեկնաբանությունը բխեցնում են մատերիայից եւ մատերիայի պես համարում են օբյեկտիվ, այսինքն՝ մարդու կամքից ու գիտակցությունից անկախ գոյություն ունեցող: Մարդը կարող է փորձի միջոցով միայն ճանաչել դրանք: Մարդու գիտելիքները տարածության ու ժամանակի արտապատկերներն են նրա գլխում:
Այս տեսակետն ունի 3 տարբերակ: Առաջին տարբերակը սուբստանցիոնալ ըմբռնումն է, որը տարածությունն ու ժամանակը պատկերացնում է ամեն ինչից, նույն թվում մատերիայից, բացարձակապես անկախ գոյություն ունեցող սուբստանց, որպես մատերիական մարմինների համար զետեղերան, գտնվելու վայր: Սուբստանցիոնալ ըմբռնումը սկիզբ է առել անտիկ շրջանում Դեմոկրիտից եւ ապա անցել է Նյուտոնին: Ըստ Դեմոկրիտի, աշխարհում կան միայն ատոմներն ու դատարկ տարածությունը, որի մեջ ատոմները գտնվում ու շարժվում են: Դեմոկրիտի այդ դատարկ տարածությունը Նյուտոնն անվանել է բացարձակ տարածություն, որն «իր էությամբ, անկախ արտաքին ամեն ինչից մնում է մշտապես անշարժ ու միատեսակ»: Ժամանակը, ըստ Նյուտոնի, եւս բացարձակ է: Այն «ինքնին, բուն իր էությամբ, անկախ արտաքին ամեն ինչից հոսում է հավասարաչափ»: Այս փիլիսոփայական դրույթները նա այնուհետեւ օգտագործեց իր մեխանիկան ստեղծելու համար:
Երկրորդ տարբերակը ռելյացիոն (լատիներեն ռելյացիո-հարաբերություն բառից) ըմբռնումն է, ըստ որի տարածությունն ու ժամանակը հանդիսանում են իրերի ու երեւույթների որոշակի հարաբերություն, ուստի, դրանցից անկախ, դատարկ, մաքուր, զուտ կամ բացարձակ տարածություն ու ժամանակ չեն կարող լինել: Ռելյացիոն ըմբռնման կողմնակից էր Արիստոտելը, իսկ XVII դ. Լայբնիցը, որը քննադատել է Նյուտոնին տարածությունն ու ժամանակը նյութական մարմիններից կտրելու համար:
Երրորդ տարբերակը ատրիբուտային է: Տարածությունն ու ժամանակն այն շարժման պես հանգեցնում է մատերիայի ատրիբուտներին, այսինքն՝ անխզելի հատկություններին, համարելով դրանք մատերիայի գոյության հիմնական համընդհանուր ձեւեր: Սա մասնավորապես մարքս-լենինյան փիլիսոփայության տեսակետն է, որը մշակվել է Ֆ. Էնգելսի կողմից: Նա նշել է. չկա մատերիա առանց տարածության ու ժամանակի եւ չկա տարածություն ու ժամանակ առանց մատերիայի: Այստեղից եւս հետեւում է դատարկ, բացարձակ, զուտ տարածության ու ժամանակի անհնարությունը:
Ոչ էվկլիդյան երկրաչափությունները XIX դ. եւ հարաբերականության տեսությունը XX դ. առավելությունը տվեցին ռելյացիոն ըմբռնմանը: Սկզբում Լոբաչեւսկին ու Բոլյաին զուտ տրամաբանական եղանակով պարզեցին, որ բացի սովորական էվկլիդյան տարածությունից կարող են լինել նաեւ այնպիսի տարածություններ, որտեղ ուղիղ գծին կարելի է անցկացնել 2 եւ ավելի զուգահեռ գծեր եւ որտեղ եռանկյան ներքին անկյունների գումարը փոքր է 180 աստիճանից: Իսկ մի փոքր ավելի ուշ Ռիմանը ցույց տվեց նաեւ հակառակը. կարող են լինել նաեւ այնպիսի տարածություններ, որտեղ ուղիղ գծին չի կարելի մեկ զուգահեռ գիծ էլ անցկացնել եւ եռանկյան ներքին անկյունների գումարը մեծ է 180 աստիճանից:
Այսպիսով, ըստ Ռիմանի, ստացվեց, որ այդ տարածությունները կարելի է բաժանել 3 տիպի. զրո կորություն ունեցող մեր սովորական էվկլիդյան, բացասական կորության Լոբաչեւսկու-Բոլյաիի եւ դրական կորության ռիմանյան տարածությունների: Ընդ որում, վերջին 2 տիպերը երկար տարիներ համարվում էին այդ մաթեմատիկոսների երեւակայության արդյունքը: Մարդիկ չէին կարողանում հավատալ, որ դրանք կարող են իրական լինել: Բայց մոտ 60 տարի անց Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը հաստատեց Ռիմանի երկրաչափության ճշմարտացիությունը: Պարզվեց, որ մեծ տիեզերական զանգվածների, ուստի մեծ ձգողական դաշտերի դեպքում տարածությունը դրական կորություն ունի, հետեւապես ռիմանյան է, իսկ ժամանակի հոսքը դանդաղում է: Օրինակ, Արեգակի վրա 1 րոպեն ավելի երկար է, քան Երկրի վրա: Միաժամանակ պարզվեց, որ լույսային արագության դեպքում մարմնի տարածական չափերը կրճատվում, իսկ ժամանակի հոսքը դանդաղում է, եւ դրանք ձգտում են զրոյի: Մարմնի զանգվածն, ընդհակառակը, մեծանում ու ձգտում է անվերջության: Այստեղից եզրակացվեց զանգվածի շարժման, տարածության ու ժամանակի փոխադարձ կապի մասին, հատկապես շեշտվեց տարածության ու ժամանակի միասնությունը, այն, որ աշխարհը քառաչափ է, որտեղ 3 չափերը տարածական են, իսկ 4-րդը ժամանակային:
Տարածության եւ ժամանակի ռելյացիոն ըմբռնումը թույլ է տալիս ենթադրելու նաեւ կենսաբանական, հասարակական, մարդկային սուբյեկտիվ հոգեբանական տարածության ու ժամանակի մասին: Շատ բան այստեղ դեռ պարզ չէ, բայց աջի ու ձախի տարբերությունը, ասիմետրիան, օրգանների որոշակի տեղադրվածությունը (օրինակ, սրտինը ձախից, լյարդինն աջից, լեզվի կենտրոնինը ուղեղի ձախ քունքի մասում եւ այլն) հուշում է մեզ, որ կենդանի օրգանիզմների տարածությունը իզոտրոպ չէ, որովհետեւ նրա աջ եւ ձախ ուղղությունները համարժեք չեն: Ասում են նաեւ կենսաբանական ժամանակի, անգամ «ժամացույցի» մասին, մարդու սուբյեկտիվ ժամանակի մասին, որը հիշողության շնորհիվ շրջելի է, քանզի կարող է հոսել ներկայից դեպի անցյալը, հոգեբանական ժամանակի մասին, որը կարող է հոսել արագ կամ դանդաղ, կախված մարդու հետաքրքրության առկայությունից կամ բացակայությունից: Ձանձրույթի դեպքում հոգեբանական ժամանակի հոսքը դանդաղում է:
Էյնշտեյնի հայտնագործությունները, թեեւ հաստատում են տարածության ու ժամանակի ռելյացիոն եւ ատրիբուտիվ ըմբռնումները: Սակայն նյուտոնյան բացարձակ (դատարկ) տարածության հիմնախնդիրը դեռեւս վերջնական լուծում չի ստացել: Մի կողմից, ֆիզիկոսներին չի հաջողվում մի որեւէ անոթից պոմպով օդը լիովին հանել, իսկ հանելու դեպքում էլ միեւնույն է մնում են էլեկտրամագնիսական, ձգողական եւ այլ դաշտերը, որոնք անհնար է հանել: Կեցության այդ ձեւը համարվում է ֆիզիկական ռեալության մի յուրահատուկ տեսակ եւ կոչվում է վակուում (լատիներեն վակուում-դատարկություն բառից): Ֆիզիկայում մշակվել է վակուումի տեսությունը: Մյուս կողմից էլ տարածությունը կարծես թե կախում չունի նյութից, որովհետեւ անտարբեր է նրա խտության տատանումներից՝ 1015 գր/սմ3-ից մինչեւ 10-31 գր/սմ3-ի եւ ավելիի սահմաններում: Դա նշանակում է բազմաթիվ լույսային տարիներով չափվող աներեւակայելիորեն վիթխարի տիեզերական միջաստղային տարածությունները համարյա դատարկ են եւ դա նրանց վրա որեւէ կերպ չի ազդում: Միգուցե վերոհիշյալ ֆիզիկական դաշտերից անոթն ազատելու անհնարինությունը գործնական բնո՞ւյթ ունի, այսինքն՝ դեռեւս հայտնի չե՞ն ազատելու մեթոդները եւ ժամանակի ընթացքո՞ւմ հայտնի կդառնան:
Այս փաստերի ու հարցերի ճնշման տակ տարածության ու ժամանակի սուբստանցիոնալ ըմբռնումը որոշ չափով վերածնվում է, սակայն առաջատար, գերակշռող դեռ շարունակում է մնալ ռելյացիոն ըմբռնումը:
ԳԼՈՒԽ 3
ՀՈԳԵՎՈՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
« 1. ՀՈԳԵՎՈՐԻ ԷՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԸՄԲՌՆՈՒՄՆԵՐԸ
Հոգեւորի վաղնջական պատկերացումները մարդկանց մոտ գալիս են հազարամյակների խորքից: Ըստ կրոնական ուսմունքների, դրանք աստվածային հայտնության արգասիք են: Աստվածաշունչն, օրինակ, ասում է, որ Աստված է ստեղծել մարդուն, նրան պատգամներ է տվել, այնուհետեւ պարբերաբար անմիջականորեն հայտնվել է նրան իր կերպարանքով կամ էլ անուղղակիորեն զանազան նշանների (խաչի, լույսի եւ այլն) միջոցով: Շատ ավելի ուշ այդ պատկերացումներից սկիզբ են առել հոգեւորի կրոնափիլիսոփայական եւ իդեալիստական հայացքները:
Կրոնի ու իդեալիզմի տեսակետից հոգեւորը գերբնական, անվերջ ու հավերժական էություն է, օժտված ամենակարող տիեզերական արարիչ ուժով: Այն զուրկ է իրենց էությամբ վերջավոր ու անցավոր նյութական իրերի ու երեւույթների բոլոր հատկություններից, զանգվածից, կարծրությունից, առաձգականությունից, անթափանցելիությունից, գույնից, որոշակի չափից ու ձեւից, քիմիական ռեակցիաների մեջ մտնելու ունակությունից եւ այլն, բայց արարում է այդ ամենը: Տարածությունն ու ժամանակը նրա համար խոչընդոտ չեն, օժտված է անվերջ ուժով եւ բացարձակ թափանցելիությամբ, ոչ մի բան նրա համար պատնեշ չի կարող լինել: Այն ստեղծում է մարդկային հոգիներ իր նմանությամբ, որոնք եւս գերբնական են ու անմահ, սակայն խիստ սահմանափակ իրենց ուժով: Կրոններում այդ գերբնական հոգեւոր ուժն Աստվածն է, իսկ Սոկրատեսի ու Պլատոնի ուսմունքներում՝ իդեաների աշխարհը, Հեգելի մոտ բացարձակ իդեան կամ համաշխարհային ոգին, որը ոչ մի որոշակի կերպարանք չունեցող վերացական միտք է եւ այլն:
Մատերիալիստական ուսմունքներում հոգեւորի նկատմամբ երկու ընդհանուր մոտեցում է ձեւավորվել: Առաջինի համաձայն, աշխարհում ամեն ինչ բնական ու նյութական է, ոչ մի հոգեւոր բան, լինի այն գերբնական կամ բնական, գոյություն չունի: Այս արմատական տեսակետին է մատերիալիստների փոքր մասը: Նրա հիմքերը գտնվում են հին հունական ատոմիստական ուսմունքներում: Օրինակ, Դեմոկրիտի կարծիքով, ամեն ինչ ատոմներից է առաջանում, այդ թվում նաեւ հոգիները, որոնք կազմվում են ամենաթեթեւ, ամենակլոր եւ ամենաշարժուն ատոմներից: Հոգեւորի ժխտումը որոշ տարածում ստացավ XIX դ. կեսերին Շվեյցարիայում եւ Գերմանիայում, որտեղ մի շարք կենսաբաններ ու ֆիզիոլոգներ՝ Բյուխները, Ֆոգտն ու Մոլեշոտը սկսեցին պնդել, որ մարդկային ուղեղը նույն կերպ է միտք արտադրում, ինչպես վահանաձեւ գեղձը՝ հորմոն, լյարդը՝ լեղի: Միայն մի կարեւոր տարբերությամբ. հորմոնը, լեղին հեղուկ են, իսկ միտքը՝ գազից էլ ավելի նոսր ու թեթեւ անորսալի նյութ: Դրա հիման վրա մինչեւ XX դ. սկիզբը փորձեր են արվել մարդկային միտքն առանձնացնելու, խտացնելու եւ հեղուկացնելու ուղղությամբ: Բայց բոլոր փորձերն ապարդյուն են եղել:
Տվյալ ուսմունքն ստացել է գռեհիկ մատերիալիզմ անվանումը: Գռեհիկ մատերիալիզմը, ժխտելով հոգեւորի գոյությունը, փաստորեն իմաստազրկում է փիլիսոփայության հիմնական հարցը՝ հոգեւորի ու նյութականի փոխհարաբերության հարցը, հետեւապես բուն փիլիսոփայությունը: Հիրավի, եթե հոգեւորը գոյություն չունի, ապա անհետանում է նաեւ նրա փոխհարաբերությունը նյութականի հետ:
Մատերիալիստների մեծամասնությունն ընդունում է հոգեւորի իրական գոյությունը, սակայն համարում է այն բնական երեւույթ, որպես մատերիայի խիստ յուրատեսակ հատկություն: Այս տեսակետից մերժվում են հոգեւորի գերբնականությունը, ամենակարողությունը, անվերջությունը, հավերժությունը եւ այլն: Իսկ ինչ վերաբերում է մյուս կոնկրետ բնական հատկություններին, ինչպես, օրինակ, զանգվածի, կարծրության ու առաձգականության, գույնի եւ այլ ֆիզիկական, քիմիական, կենսաբանական հատկությունները, ապա դրանք եւս մերժվում են: Մատերիալիստները համամիտ են իդեալիստների հետ, որ հոգեւորը զուրկ է այդ կոնկրետ բնական, նյութական հատկություններից:
Հոգեւորի բնական գոյությունն ընդունելուց հետո մատերիալիստների առջեւ մի չափազանց դժվարին հարց է ծառացել. ամբո՞ղջ մատերիան է արդյոք օժտված հոգեւորի հատկությամբ, թե՞ նրա դրսեւորման միայն որոշ ձեւերը, այսինքն՝ սոսկ որոշ առարկաներ կամ մարմիններ: Մատերիալիստների մեծ մասը հակված էր այն կարծիքին, որ հոգեւոր հատկությունը բնորոշ է միայն մատերիայի դրսեւորման որոշ, բարդ ձեւերին, ինչպես, օրինակ, մարդուն, ինչ-որ չափով գուցե նաեւ կենդանիներին, անգամ բույսերին եւ այլն: Բայց նրանք չէին կարողանում բացատրել, թե ինչպես է դրանց մոտ հոգեւորն առաջանում: Այդ պատճառով մատերիալիստների մյուս մասը շրջանցում էր հոգեւորի ծագման հարցը եւ հայտարարում էր, որ այն այս կամ այն ձեւով հատուկ է ողջ մատերիային, մատերիայի համընդհանուր հատկությունն է: Տվյալ տեսակետը կոչվում է հիլոզոիզմ (հունարեն հիլե-նյութ եւ զոո-կենդանի բառերից): Խոշորագույն հիլոզոիստ է XVII դ. հոլանդացի փիլիսոփա Բ. Սպինոզան, որն աշխարհի հիմք է համարել սուբստանցը, իսկ սուբստանցի ատրիբուտներ, այսինքն՝ անխզելի հատկություններ տարածականությունը եւ մտածողությունը: Տարածականության շնորհիվ սուբստանցը նյութական է ու պասիվ, անշարժ: Մտածողության շնորհիվ այն հոգեւոր է ու ակտիվ, բնության մեջ ամեն ինչին կենդանություն տվող արարիչ ուժ, իսկական Աստված: Այսպիսով Սպինոզան տարրալուծում է Աստծուն սուբստանցի, իմա՝ բնության մեջ: Բնության եւ Աստծու նմանօրինակ նույնացումը կոչվում է պանթեիզմ (հունարեն պան-բնություն, թեոս-Աստված բառերից) կամ հայերեն ասած՝ բնաստվածություն: Ֆրանսիացի մատերիալիստ Դիդրոն XVIII դ. առարկում է Սպինոզային: Նրա կարծիքով, մտածողությունը բարդ հատկություն է եւ մատերիայի ատրիբուտը լինել չի կարող: Ատրիբուտն ավելի պարզ հատկություն է՝ դա զգացողությունն է: Ամբողջ մատերիան օժտված է զգացողությամբ, միայն անկենդան մարմինների մոտ այն պասիվ է, իսկ կենդանիների մոտ ակտիվ: Օրինակ, ձեռքում բռնած քարը զգում է մարդու մատների հպումը, բայց ակտիվորեն չի արտահայտում այն, իսկ հավի ճուտն արտահայտում է՝ ճչում ու թպրտում է, ձգտելով ազատվել: Մարդու մոտ զգացողության այդ ակտիվությունն առավելագույնն է եւ կոչվում է մտածողություն, գիտակցություն եւ այլն: Լենինը XX դարի սկզբին իր հերթին հայտարարում է, որ զգացողությունը եւս բավականին բարդ հատկություն է եւ բնորոշ է սոսկ կենդանի օրգանիզմներին: Հետեւապես, այն նույնպես մատերիայի համընդհանուր հատկություն չի կարող լինել: Ըստ նրա, մատերիայի ատրիբուտ, ուստի հոգեւորի համընդհանուր մատերիական նախադրյալ կարող է լինել արտացոլման հատկությունը:
« 2. ՀՈԳԵՎՈՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ
Արտացոլումը եւ նրա էվոլյուցիան
Խորհրդային փիլիսոփաները մշակեցին ու զարգացրին Լենինի այդ վարկածը: Նրանք պարզեցին արտացոլման բովանդակությունն ու կառուցվածքը, արտացոլման ձեւերի էվոլյուցիան, սկսած անկենդան աշխարհից եւ վերջացրած մարդկային, հոգեւոր ձեւով՝ գիտակցությամբ: Նրանց ըմբռնմամբ, արտացոլումն առաջանում է առարկաների փոխներգործության ընթացքում: Երբ Ա առարկան ներգործում է Բ առարկայի վրա, նրա մեջ առաջացնում է միշտ միատեսակ համապատասխան փոփոխություններ, որոնք հետքերի ձեւով որոշ ժամանակ մնում են: Այդ համապատասխանության շնորհիվ դրանք արտացոլում են Ա-ի ներգործությունը եւ ինֆորմացիա են պարունակում նրա մասին: Օրինակ, ջրի վրա առաջացած շրջանաձեւ տարածվող ալիքները ինֆորմացիա են պարունակում ջրի մեջ գցած առարկայի մասին, իսկ ավազի կամ ձյան վրայի ոտնահետքերը՝ տվյալ տեղով անցած մարդկանց մասին: Պատճառական տեսանկյունից Ա-ն ակտիվ է, իսկ Բ-ն պասիվ, որովհետեւ Ա-ն էներգիա է փոխանցում Բ-ին, իսկ արտացոլման տեսանկյունից Բ-ն է ակտիվ, քանզի Ա-ի ներգործությանը նրա պատասխան ռեակցիան կախված է նրա բնույթից, նրա յուրահատկություններից: Դրա ցայտուն օրինակներից է միեւնույն մարդու արտացոլումը տարբեր տիպի ծուռ հայելիների մեջ: Շնորհիվ Բ-ի այդ ակտիվության Ա-ն արտացոլվում է, իսկ Բ-ն արտացոլում է:
Արտացոլումը լինում է իզոմորֆ եւ հոմոմորֆ, պատկերային եւ ոչ պատկերային: Իզոմորֆը ճշգրիտ արտացոլումն է, օրինակ, մի որեւէ առարկայի արտացոլումը հայելու մեջ: Իսկ հոմոմորֆն առարկայի, մոտավոր արտացոլումն է, օրինակ, հղկված մակերեւույթի մեջ: Պատկերայինի դեպքում արտացոլումը կրկնօրինակում է առարկայի բնորոշ գծերը եւ այդ պատճառով կոչվում է արտապատկերում: Իսկ ոչ պատկերային արտացոլման դեպքում առարկայի սոսկ որոշ գծեր են հեռավոր ձեւով նմանվում: Ոչ պատկերային արտացոլում է, օրինակ, մարդու գիշերային ստվերը գետնի վրա:
Արտացոլման ձեւերի էվոլյուցիան:
Արտացոլման ձեւերը բազմազան են: Մատերիական երեւույթների զարգացման ընթացքում տեղի է ունենում նաեւ արտացոլման ձեւերի զարգացումը: Դրանք երկարատեւ ու բարդ էվոլյուցիա են ապրում, անցնելով 3 հիմնական փուլ եւ կազմելով 3 ընդհանուր մակարդակ:
Առաջին մակարդակը կազմում են անկենդանի աշխարհի արտացոլման ձեւերը. մեխանիկական, ֆիզիկական, այդ թվում օպտիկական, հատկապես հայելային, քիմիական եւ այլ ձեւերը: Երկրորդ մակարդակը ներառնում է արտացոլման կենսաբանական ձեւերը, որոնցից ամենակարեւորները՝ գրգռականությունը եւ զգայականությունը կամ հոգեկանն են: Երրորդ մակարդակն արտացոլման մարդկային կամ հասարակական ձեւերն են: Այստեղ է, որ առաջանում է զգայական ակնառու եւ վերացական ոչ ակնառու, իրական ու պատրանքային պատկերների մի ամբողջ աշխարհ, որը եւ բնութագրվում է որպես հոգեւոր աշխարհ: Մյուս 2 մակարդակներին պատկանող ձեւերը համարվում են արտացոլման նյութական ձեւեր:
Այդ առնչությամբ էլ ծագում է արտացոլման վերոհիշյալ նյութական ձեւերից մարդկային հոգեւոր ձեւերի առաջացման հիմնախնդիրը: Այստեղ հատկապես կարեւոր է արտացոլման կենսաբանական ձեւերից մարդկային հոգեւոր ձեւերին անցման խնդիրը:
Կենսաբանության տվյալներով արտացոլման կենսաբանական ձեւերն ունեն ակտիվ հարմարվողական բնույթ: Ընդ որում, գրգռականության դեպքում, որով օժտված են նյարդային համակարգ չունեցող պարզագույն օրգանիզմները, ինչպես, օրինակ, ամիոբան, նպատակահարմար վարքագիծ է դրսեւորում միջավայրի՝ իր համար կենսականորեն կարեւոր գործոնների նկատմամբ եւ դրանով պահպանում է իր կյանքը: Ամիոբան կլանում է սննդանյութերը, չի կլանում վնասակար նյութերը, սառը տեղից փոխադրվում է տաք տեղ, չոր տեղից՝ խոնավ տեղ, ուլտրամանուշակագույն սպանիչ ճառագայթների տակից դուրս է գալիս եւ այլն: Այն չի արտացոլում միջավայրի՝ իր համար չեզոք գործոնները՝ իրերի ու երեւույթների վիթխարի բազմազանությունը, որոնք նրա կյանքի համար ոչ մի նշանակություն չունեն: Հետեւապես, այն չափազանց նեղ է արտացոլում իր միջավայրը:
Պարզագույն օրգանիզմները զգայարաններ չունեն եւ դրանց գրգռականությունը պատկերային արտացոլում չէ: Նյարդային համակարգով օժտված բարձրակարգ օրգանիզմների առաջացմամբ անցում է կատարվում գրգռականությունից զգայականությանը, այսինքն՝ արտացոլման հոգեկան ձեւին: Միջավայրի արտացոլումը տվյալ դեպքում կատարվում է զգայարանների միջոցով եւ ունի արդեն պատկերային բնույթ: Այն տրվում է անմիջական ու ակնառու պատկերների միջոցով, որոնք արտապատկերում են իրերն ու երեւույթներն իրենց չափերով, ձեւերով, ջերմությամբ, գույներով, համերով, հոտերով, ձայներով եւ այլն: Այստեղ միջավայրի գործոնների արտացոլման շրջանակը զգալիորեն ընդլայնվում է: Կենդանիները միջավայրի իրենց կյանքի համար կարեւոր գործոններից բացի (խոսքը, ինչպես վերը նշվեց, սննդի, վնասակար նյութերի ու իրերի, թշնամիների, ջերմության, չորության ու խոնավության եւ այլնի մասին է) արտացոլում են նաեւ միջավայրի չեզոք գործոնների մի մասը, որոնք նրանց համար որեւէ նշանակություն չունեն: Դրանք այն չեզոք գործոններն են, որոնք տարածաժամանակային կայուն կապի մեջ են նրանց կյանքի համար կարեւոր գործոնների հետ եւ, հետեւապես, հանդես են գալիս որպես այդ կարեւոր գործոնների ազդանշաններ: Օրինակ, նապաստակի հոտը, հանած ձայները, ասենք, խոտի համարյա անլսելի խշխշոցը գայլերի համար նրա ազդանշաններն են եւ օգնում են նրանց բռնել ու խժռել նրան: Իր ազդանշանային բնույթի շնորհիվ ավելի լայն արտացոլելով միջավայրի գործոնները, զգայական կամ հոգեկան արտացոլումը բարձրակարգ օրգանիզմներին հնարավորություն է տալիս պարզագույն օրգանիզմների համեմատ շատ ավելի լավ ու ճկուն հարմարվել միջավայրին եւ դիմանալ գոյության պայքարին:
Կենդանիների հոգեկան արտացոլման անմիջական ֆիզիոլոգիական մեխանիզմը, ինչպես ակ. Ի. Պ. Պավլովն է պարզել, պայմանական ռեֆլեքսներն են, որոնք առաջանում են կենդանիների անհատական կյանքի ընթացքում: Նրա մշակած պայմանական ռեֆլեքսների մեթոդը թույլ տվեց կենդանիների հոգեկան արտացոլման մասին դատել ոչ թե սուբյեկտիվ, մարդկային չափանիշներով (իմա՝ «այս շունը խելոք է, այն մյուսը հիմար է, այս մեկը շատ բան է հասկանում, իսկ մյուսը՝ քիչ» եւ այլն), այլ օբյեկտիվ գիտական չափանիշներով: Տարբեր տոնի ու բարձրության ձայների, տարբեր ֆիգուրների ու նրանց ձեւափոխությունների, գույների ու նրանց երանգների ու շատ այլ գործոնների նկատմամբ ռեֆլեքսների գոյացման ու անհետացման արագությունը վկայում է, թե որ կենդանին է ավելի լավ արտացոլում միջավայրը եւ, հետեւապես, ավելի լավ հարմարված դրան: Օրինակ, պարզվել է, որ շունը մարդուց 3-4 անգամ ավելի սուր լսողություն ունի, լսում է ձայնի տոնի մինչեւ 1/16-ը: Թռչուններն, ընդհակառակը, շատ նուրբ են զգայում գույները, երանգները, սակայն վատ են լսում ձայները:
Պայմանական ռեֆլեքսները գոյանում են ոչ պայմանական ռեֆլեքսների հիման վրա, որոնք արտացոլում են կենդանու կյանքի համար կարեւոր միջավայրի գործոնները եւ փոխանցվում են ժառանգաբար: Եվ դա հասկանալի է, որովհետեւ դրանցից գեթ մեկի բացակայության դեպքում կենդանին մահանում է: Իսկ պայմանական ռեֆլեքսները ժառանգաբար չեն փոխանցվում, քանզի կենդանու կյանքի ընթացքում ազդանշանները բազմիցս փոխվում են: Կենդանին գոյատեւում է, եթե կարողանում է արտացոլել ազդանշանների այդ փոփոխականությունը: Իսկ ինչ վերաբերում է միջավայրի չեզոք գործոնների երկրորդ խմբին, որոնք ազդանշանների դեր չեն կատարում եւ այդ իմաստով զուտ չեզոք են, ապա կենդանիները դրանք ոչ մի կերպ չեն արտացոլում, հետեւապես այդ արտացոլումը եւս նեղ է: Այն բավարար է միջավայրին սոսկ հարմարվելու համար:
Մի փոքր առաջ անցնելով նշենք, որ մարդկային արտացոլումը, այսինքն՝ գիտակցությունը կարողանում է արտացոլել նաեւ միջավայրի զուտ չեզոք, մարդու կյանքի համար նշանակություն չունեցող գործոնների վիթխարի բազմությունը, եւ տվյալ իմաստով այն համընդհանուր բնույթ է կրում: Մի խոսքով, կարող է արտացոլել ամեն ինչ: Եվ դա կատարվում է աշխատանքի շնորհիվ:
« 3. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ (ՀՈԳԵՎՈՐԻ) ԾԱԳՄԱՆ ԵՎ ԷՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
Մարդը կենդանուց նրանով է տարբերվում, որ միջավայրն է հարմարեցնում իրեն: Դա չի նշանակում, թե նա ընդհանրապես չի հարմարվում: Որտեղ նա չի կարողանում միջավայրը հարմարեցնել, այնտեղ նա ստիպված է հարմարվել: Օրինակ, մինչեւ հիմա նա չի կարողանում իրեն ենթարկել բնության շատ ու շատ արհավիրքներ, ազդել դրանց վրա, վերափոխել ու կանխել դրանք: Սակայն նա այնքանով է մարդ, որքանով միջավայրն է հարմարեցնում իր նպատակներին: Միջավայրը, իմա՝ բնությունը մարդուն պատրաստի հաց, տուն, սայլ, ավտոմեքենա, գործարան եւ այլն չի տալիս: Նա ինքն է այդ բոլորը ստեղծում, վերափոխելով բնության տված նյութերը, առարկաները, երեւույթներն ու ուժերը: Այդ վերափոխումը նա կատարում է աշխատանքի շնորհիվ: Ուրեմն, աշխատանքը մի գործընթաց է մարդու եւ բնության միջեւ, որի միջոցով նա վերափոխում է բնության տվածը, դարձնում այն իր համար անհրաժեշտ նյութական բարիք: Աշխատանքի միջոցով մարդն իրագործում ու վերահսկում է նյութափոխանակությունն իր եւ բնության միջեւ: Ուղղակի թե անուղղակի, ի վերջո, դրան են նպատակաուղղված աշխատանքի բոլոր ձեւերը, անգամ նրանք, որոնք կարծես թե նյութական բարիքների արտադրության հետ որեւէ կապ չունեն (օրինակ, մանկավարժի աշխատանքը):
Աշխատանքն ունի 3 հիմնական տարր՝ աշխատող, աշխատանքի գործիք եւ աշխատանքի առարկա: Աշխատող սուբյեկտն իր գործիքների միջոցով փոփոխում է աշխատանքի առարկան եւ դարձնում այն նյութական բարիք: Նրա կապը գործիքի եւ առարկայի հետ անմիջական է, իսկ վերաբերմունքը շահախնդիր, քանզի թելադրողն այստեղ նրա պահանջմունքներն են: Մինչդեռ գործիքի ու առարկայի կապին նա անմիջապես չի մասնակցում, նրա պահանջմունքները դեր չունեն: Օրինակ, կացին սարքելիս պետք է արտացոլվի կացնի հատկությունների՝ ձեւի, ծանրության, կարծրության, սրության հարաբերությունը աշխատանքի առարկայի համապատասխան հատկությունների հետ: Եթե կացինը շատ փոքր է, թեթեւ է, փայտից փափուկ, բութ եւ այլն, ապա այն փայտ չի կոտրի: Հետեւապես, այդ հատկությունները նախ պետք է արտապատկերվեն ինքնին, իրենք իրենց, այլ ոչ թե մարդու պահանջմունքների տեսանկյունից, դրանցից անկախ, օբյեկտիվորեն, ինչպես որ կան: Դա կատարվում է վերացարկման շնորհիվ, այսինքն՝ սրությունն, օրինակ, մարդն արտապատկերում է, վերանալով իր պահանջմունքներից, ուստի վերացական ձեւով: Այնուհետեւ նա ամեն մի առարկա ու նրա հատկություն արտապատկերում է մյուսներից անկախ, վերանալով մյուսներից: Վերջապես, նմանության հիման վրա նա ընդհանրացումներ է կատարում: Այդ ընթացքում նա, վերանալով եզակի, իրարից տարբերվող հատկություններից, ստեղծում է նմանօրինակ հատկությունների ընդհանրացված պատկերները: Հիրավի, կացնի սրությունն ու փայտ կտրելը պետք է ընդհանուր լինի ամեն մի կացնի ու փայտի կտորի համար, այլ ոչ թե եզակի, միայն մեկ կացնի կամ փայտի կտորի համար: Միայն այդ դեպքում կարելի կլինի աշխատանք կատարել: Այսպիսով մարդն արտացոլում է իրերի այս կամ այն հատկությունը, կատարելով 2 տիպի վերացարկում. 1. վերանում է իր պահանջմունքներից, 2. մյուս հատկություններից, այդ թվում եզակիներից: Դրա շնորհիվ մարդու գլխում առաջանում է իրականության վերացարկված եւ ընդհանրացված պատկերը, որը նրա զգայարանների համար այլեւս մատչելի չէ. նա չի կարող այն կոնկրետ զգայական առարկայի տեսքով անգամ մտապատկերել: Օրինակ, յուրաքանչյուր ոք կարող է մտապատկերել մի եզակի մարդու, իսկ մարդուն ընդհանրապես չի կարող, այն զգայապես անորսալի է: Դա հնարավոր չէ թեկուզ մաշկի ու մազերի գույնի, հասակի ու կազմվածքի տեսակետներից: Հնարավոր չէ մտապատկերել մի հավաքական մարդ, որը միաժամանակ եւ՛ սպիտակամորթ, եւ՛ սեւամորթ, եւ՛ կարմրամորթ, եւ՛ դեղնամորթ լինի, եւ՛ թխահեր, եւ՛ շիկահեր, եւ՛ բարձրահասակ, եւ՛ կարճահասակ եւ այլն: Այդ վերացական եւ ընդհանուր պատկերները նշելու, արտահայտելու եւ հաղորդելու համար առաջանում է նշանների հատուկ համակարգ, որը լեզու է կոչվում: Լեզուն կարողանում է արտահայտել այդ վերացական պատկերները, որովհետեւ նրա պարզագույն տարրերը՝ հնչյունները եւս վերացարկման արդյունք են, արտասանվում են չափազանց հստակ, միմյանցից անկախ (ա, բ, գ եւ այլն): Տարբեր (32, 36) հնչյունների զուգակցումների միջոցով ստեղծվում են վիթխարի քանակությամբ բառեր, որոնք նշում եւ արտահայտում են համապատասխան քանակի առարկաներ եւ հատկություններ: Այդ պատճառով մարդկային լեզուն կոչվում է հոդաբաշխ, առանձին հնչյուններ ու բառեր արտասանող: Կենդանիների ձայնային ազդանշանները հոդաբաշխ չեն: Այդ պատճառով էլ մարդիկ չեն կարողանում դրանք արտաբերել: Աքաղաղի կանչը հայերեն արտասանվում է ծուղրուղու, ռուսերեն կուկարեկու, վրացերեն՝ կիկլիկո, անգլերեն՝ կոկլդուդլդու եւ այլն:
Լեզուն մարդու երկրորդ ազդանշանային համակարգն է: Այն ծագել է նրա զգայական պատկերներից կազմված առաջին ազդանշանային համակարգի հիման վրա: Բառերն, օրինակ, ազդանշանների ազդանշաններ են: Փողոցն անցնելիս «զգույշ, ավտոմեքենան» բացականչությունը բավական է, որ մտասույզ անցորդի գլխում ծագի իր վրա սուրացող ավտոմեքենայի մտապատկերը: Լեզուն ունի 2 գլխավոր գործառույթ՝ հաղորդակցման (կոմունիկատիվ) եւ մտքի արտահայտման (էքսպրեսիվ) գործառույթներ: Այն մարդկանց հաղորդակցման համընդհանուր միջոց է: Նրա օգնությամբ մարդիկ հաղորդակցվում են միմյանց հետ, արտահայտում ու միմյանց փոխանցում իրենց մտքերը:
Մարդու հոգեւոր աշխարհը, նրա գիտակցությունն իրականության ոչ միայն վերացարկված ու ընդհանրացված, այլեւ նպատակադիր արտացոլումն է: Նախքան բնության իրերն ու երեւույթները վերափոխելն ու նյութական բարիք դարձնելը մարդն այդ բարիքն ստեղծում է իր երեւակայության մեջ: Դա էլ հենց աշխատանքի նպատակն է: Այն որպես օրենք ուղղորդում է մարդու աշխատանքային գործունեությունը՝ աշխատանքի առարկաների ու գործիքների ընտրությունը, գործիքների միջոցով այդ առարկաների վրա ազդելու եղանակներն ու հերթականությունը եւ այլն: Աշխատանքի միջոցով նյութական բարիքներ ստեղծելու ընթացքում մարդն իրագործում է իր նպատակները:
Իր նպատակադիր բնույթի շնորհիվ մարդկային գիտակցությունն ստեղծում է մտացածին, երեւակայական առարկաների ու երեւույթների մի վերին աստիճանի բարդ ու հարուստ հոգեւոր աշխարհ, որը նյութական աշխարհում իր նմանը չունի: Լինելով ստեղծագործական ուժ, գիտակցությունը ոչ միայն արտացոլում, այլեւ կերտում է աշխարհը: Սա է գիտակցության գլխավոր առանձնահատկությունը: Սրանով է այն գլխավորապես տարբերվում կենդանիների զգայական, հոգեկան արտացոլումից:
Որպեսզի նպատակը հաջողությամբ իրագործվի, անհրաժեշտ է 3 պայման. 1. նպատակը պետք է լինի ճիշտ, այսինքն՝ չհակասի բնության եւ հասարակության օրենքներին, 2. միջոցները՝ առարկաները, նյութերը, գործիքները եւ այլն պետք է ճիշտ ընտրված լինեն, 3. միջոցների կիրառումը եւս ճիշտ պետք է լինի: Եթե նպատակը չի իրագործվում, ապա այս 3 պայմաններից առնվազն մեկում սխալ է թույլ տրվել: Օրինակ, հավերժական շարժիչ ստեղծելու նպատակը սխալ էր, որովհետեւ հակասում էր էներգիայի պահպանման օրենքին, եւ այն ձախողվեց: Քիմիական էլեմենտների փոխակերպման նպատակը թեեւ ճիշտ էր, բայց այն իրագործելու ալքիմիկոսների փորձերը ձախողվեցին, որովհետեւ սխալ էին միջոցները: Քիմիական ռեակցիաներով դա հնարավոր չէ: Դրա համար պետք է ռադիոակտիվ ճառագայթներ օգտագործվեն: Միջոցների կիրառման եղանակի սխալներից են տեխնոլոգիական խախտումները, որոնք փչացնում են արտադրանքը:
Հնուց նկատվել է, որ միեւնույն նպատակին կարելի է հասնել տարբեր միջոցներով, որտեղից էլ առաջացել է լավագույն, հեշտ, արագ եւ այլն միջոցների ընտրության խնդիրը: Դրա հիման վրա եզրակացրել են, որ նպատակները լիովին անկախ են միջոցներից եւ դրանք կարելի է իրագործել ցանկացած միջոցներով: Այստեղից էլ առաջացել է խորապես անբարոյական «նպատակն արդարացնում է միջոցները» բանաձեւը: Այն արդարացրել ու հիմնավորել է XVI դ. իտալացի նշանավոր քաղաքագետ Մաքիավելին: Ըստ նրա, իր նպատակին հասնելու համար միապետը կարող է դիմել ամեն տեսակի կեղծիքի, խաբեության, դավաճանության, սպանությունների եւ այլն: Սակայն այդ բանաձեւը սխալ է, քանզի նպատակների անկախությունը միջոցներից հարաբերական ու սահմանափակ է: Ազնիվ, արդար ու վեհ մարդկային նպատակներին հասնելու համար ստոր ու հանցագործ, անմարդկային միջոցները պիտանի չեն: Դրանք խեղաթյուրում են բուն նպատակները, լավագույն դեպքում պատրանք ստեղծելով նրանց իրագործման մասին: Նմանօրինակ սխալ կատարեցին մարքսիզմ-լենինիզմի առաջնորդները, որոնք ձգտում էին կոմունիզմի ամենավեհ նպատակն իրագործել զանգվածային բռնությունների եւ սպանությունների միջոցով: Արդյունքում, ազատության, հավասարության ու եղբայրության հասարակարգի փոխարեն ստեղծեցին բիրտ ամբողջատիրական բռնապետություն: Ընդ որում, միջազգային կոմունիստական շարժումը մարդկային պատմության մեջ միակ դեպքն է, երբ համաշխարհային մասշտաբի շարժումը սխալ է ոչ միայն իր միջոցներով, այլեւ իր նպատակով, որն ուտոպիական ու պատրանքային է, եւ իրագործման եղանակներով:
Ամփոփելով վերն ասվածը, գիտակցությանը կարելի է տալ հետեւյալ սահմանումը: Գիտակցությունը հոգեկան արտացոլման բարձրագույն, սոցիալական ձեւն է, որն ունի վերացարկված, ընդհանրացված, լեզվի միջոցով արտահայտվող, նպատակադիր եւ ստեղծագործական բնույթ:
« 4. ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Գիտակցությունն ունի 3 սերտորեն փոխկապակցված կողմ. բանականություն, հուզականություն եւ կամք: Բանականության շնորհիվ մարդը ճանաչում է աշխարհը: Դա նրա ճանաչողական կարողությունն է: Լայն իմաստով այն ներառնում է զգայական եւ տրամաբանական (մտածողական) պատկերների ստեղծման կարողություն: Բանականության դերը գիտակցության համար այնքան մեծ է, որ մարդն անվանվում է բանական մարդ, լատիներեն հոմո սապիենս, այսինքն՝ ցանկացած բան ճանաչելու, հասկանալու ընդունակ էակ:
Հուզականությունը մարդու զգացմունքների աշխարհն է: Նա ոչ միայն ճանաչում է շրջապատի աշխարհը, այլեւ զգացմունքներ, ապրումներ է ունենում: Նա վերապրում է աշխարհը, եւ շփվելով նրա հետ, ունենում է հաճույքի ու տհաճության, ուրախության ու տխրության, հպարտության, վախի, սարսափի, նողկանքի եւ բազմապիսի այլ զգացմունքներ:
Կամքը մարդու նպատակադիր գործունեություն ծավալելու կարողությունն է: Կամքի միջոցով նա հետեւողական գործողություններ է կատարում, հետապնդելով ու իրագործելով իր առջեւ դրված նպատակները: Մարդկանց կամքի ուժը չափազանց մեծ կարող է լինել. նրանք երբեմն երկար տարիներ, տասնամյակներ, անգամ իրենց ամբողջ կյանքը կարող են նվիրել մի որեւէ նպատակի: Կամային գործողությունների միջոցով է, որ մարդիկ վերափոխում եւ իրենց են ենթարկում ու ծառայեցնում ամբողջ աշխարհը՝ ինչպես բնության, այնպես էլ հասարակության երեւույթները: Մարդու մեծությունն ու վեհությունը չափվում են նրա՝ իր առջեւ դրած եւ իրագործած նպատակների մեծությամբ ու վեհությամբ: Ամեն մի մարդ, հատկապես նոր կյանք մտնող երիտասարդ, պետք է իր առջեւ դնի մեծ ու վեհ նպատակներ, ինչպես Հուլիոս Կեսարն է արել: Պատմում են՝ Կեսարը մի օր արտասվել ու ասել է. «20 տարիս արդեն բոլորել է, բայց անմահության համար դեռ ոչինչ չեմ արել»: Ոչ բոլորն են, իհարկե, ընդունակ անմահության, բայց, աշխարհ գալով, մարդը կոչված է առավելագույնս իրականացնել իր ձիրքերը եւ առավելագույնս օգուտ բերել ե՛ւ անձամբ իրեն, ե՛ւ իր հայրենիքին:
Ինքնագիտակցություն: Մարդը որպես գիտակցությամբ օժտված էակ մարդ-աշխարհ հարաբերության մեջ գիտակցող սուբյեկտն է, իսկ աշխարհը, այսինքն՝ այն ամենը, ինչին ուղղված է գիտակցությունը, կոչվում է գիտակցության օբյեկտ: Եվ տվյալ դեպքում նրա համար օբյեկտ է ոչ միայն արտաքին նյութական աշխարհը, այլեւ իր ներքնաշխարհը, իր սեփական հոգեւոր աշխարհը: Դրա հետեւանքով մարդկային սուբյեկտը տրոհվում է իր ներսում օբյեկտի եւ սուբյեկտի: Այսպես մարդը կարող է իր համար օբյեկտ դարձնել ե՛ւ իր մարմինը, ե՛ւ իր մտքերը, ձգտումները, նպատակները, զգացմունքներն ու կրքերը, կամքի դրսեւորումները եւ այլն: Այդ ընթացքում առաջացած մտքերն ու զգացմունքներն իրենց հերթին կարող են օբյեկտ դառնալ մի նոր մակարդակի մտքերի ու զգացմունքների համար եւ այդպես շարունակ մինչեւ անվերջություն: Մարդու այդ անվերջորեն ընթացող ինքնատրոհումը սուբյեկտի եւ օբյեկտի ոչ միայն ինքնավերլուծման, ինքնաճանաչման գործընթաց է, ինչպես Սոկրատեսն էր կարծում: Դա միաժամանակ սուբյեկտի ինքնաարժեւորման գործընթաց է: Ոմանք ինքնագոհ կամ ինքնասիրահարված են, մյուսները՝ դժգոհ, անգամ խոր կոնֆլիկտի մեջ են իրենց հետ, ոմանք գերագնահատում են իրենց, մյուսները՝ թերագնահատում եւ այլն:
Ինքնագիտակցությունը գիտակցության գագաթնակետն է: Մարդու որպես սուբյեկտի զարգացման աստիճանը պայմանավորված է նրա ինքնագիտակցության զարգացման աստիճանով: Փիլիսոփայությունն օգնում է մարդկանց զարգացնելու իրենց ինքնագիտակցությունը:
« 5. ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՈԳԵԿԱՆԸ
Ինչպես վերը նշվեց, գիտակցությունը կենդանիների հոգեկան արտացոլման բարձրագույն ձեւն է: Այն առաջանում է ոչ թե հոգեկան արտացոլման հաշվին, վերացնելով վերջինը եւ գրավելով նրա տեղը, այլ նրա հիման վրա, ներգործելով նրա վրա, բարձրացնելով մի նոր ավելի բարձր մակարդակի ու դարձնելով մարդկային: Դրա հետեւանքով մարդու հոգեկանը շատ ավելի լայն է իր բովանդակությամբ, քան գիտակցությունը, որովհետեւ գիտակցությունից բացի այն ներառում է նաեւ ենթագիտակցական եւ անգիտակցական հոգեկան երեւույթները:
Ենթագիտակցական երեւույթները մասամբ են գիտակցվում մարդու կողմից: Դրանք չափազանց բազմազան են: Դրանցից են, օրինակ, քայլելն ու վազելը, մարդ ճանաչելը, սովորությունները եւ աշխատանքային հմտությունները: Ենթագիտակցական գործողություններ մարդը կատարում է մեխանիկորեն: Պարզված է, որ մարդը մասնագիտական հմտություններ է ձեռք բերում եւ աշխատանքի բարձր արտադրողականություն է ցույց տալիս այն ժամանակ, երբ նրա շարժումները դառնում են ենթագիտակցական, մեխանիկական: Այդպիսին են հմուտ մեքենագրուհիների, կոմպյուտերային օպերատորների, օդաչուների, երաժիշտների եւ այլն շարժումները:
Ենթագիտակցականը միաժամանակ նաեւ մարդկանց դաստիարակության հոգեկան հենարանն է: Հակառակ խորհրդային ըմբռնման, դաստիարակությունն ամուր եւ հուսալի է դառնում, երբ ամրագրվում է մարդու ոչ թե գիտակցության, այլ ենթագիտակցության ոլորտում, հանդես գալով սովորությունների, վարժվածությունների, հմտությունների ձեւով: Ազնվությունը, շիտակությունը, պարտաճանաչությունը եւ մարդկային մյուս բոլոր արժանիքները պետք է դառնան սովորություն, բնավորություն, որպեսզի նույնիսկ ցանկության դեպքում մարդը դժվարանա ստել, խաբել, խոստումը չկատարելը, գողանալ եւ այլն: Ֆիզիոլոգիապես դա կատարվում է, երբ գիտակցության անմիջական կենտրոն հանդիսացող՝ ուղեղի թաղանթից այդ արժանիքներն անցնում եւ ամրագրվում են ուղեղի ենթաթաղանթում:
Հոգեկան երեւույթների երրորդ խումբը կազմված է անգիտակցական երեւույթներից, որոնք մարդը բոլորովին չի գիտակցում: Դրանք չափազանց բազմազան ու վերին աստիճանի բարդ, համարյա չուսումնասիրված երեւույթներ են: Դեռ ավելին, գիտությունը չի կարողանում անգամ ուսումնասիրության համապատասխան մեթոդներ գտնել եւ չգիտի, թե ո՞ր կողմից մոտենա դրանց: Որոշ չափով ուսումնասիրված են մարդկային բնազդները, երազները եւ շատ քիչ՝ լուսնոտությունը, հիպնոսը: Դեռ առեղծված են մնում տելեպատիան եւ կանխազգացումը:
Թեեւ հիպնոսը (հունարեն հիպնոս-քուն բառից) թույլ է ուսումնասիրված, սակայն մյուս անգիտակցական երեւույթների համեմատ ավելի լայն կիրառում է գտել բժշկության, մանկավարժության եւ կրկեսային արվեստում: Հիպնոտիկ ներշնչման միջոցով տարբեր, հիմնականում նյարդային հիվանդություններ են բուժում, օտար լեզուներ են սովորեցնում, կրկեսային ներկայացումներ են տալիս: Հայտնի են հիպնոսի մեկը մյուսից զարմանալի 4 տիպի երեւույթներ. երազկոտություն (որը նման է լուսնոտության), քարացածություն, գերհիշողություն եւ պարզատեսություն: Երազկոտության դեպքում հիպնոսացնողը հիպնոսացված մարդկանց տարբեր պատկերներ է ներշնչում եւ ստիպում կատարել իր հրահանգները, օրինակ, որ նրանք գետի ափին են եւ պետք է մերկանան ու լողանան: Քարացածության դեպքում մարդու մարմինը քարանում է եւ մարդը գերմարդկային ուժ է դրսեւորում: Գերհիշողության դեպքում մարդը կարող է անգիր ասել անգամ հեռավոր անցյալում կարդացած որեւէ գիրք, ըստ որում բառ առ բառ, կետ առ կետ: Պարզատեսության դեպքում մարդուց որեւէ բան թաքցնել հնարավոր չէ: Առանց որոնումների, անմիջապես նա գտնում է իրենից թաքցված ցանկացած առարկա, կարծես թե ինքն է թաքցրել:
Հիպնոսը կարող է լինել եւ հետաձգված: Հիպնոսացվածին առաջադրանք է տրվում հետագայում կատարելու համար, որը նա նշված օրն ու ժամին ինքնին ընկնելով հիպնոսի մեջ, կատարում է, իսկ հետո արթնանում եւ ոչինչ չի հիշում: Հիպնոսի վիճակում մարդուն կարելի է դրդել հանցագործության:
Հիպնոսը լինում է անհատական, կամ
երային հավաքական (կրկեսի կամ թատրոնի բոլոր հանդիսատեսներն են հիպնոսացվում) եւ բնական պայմաններում զանգվածային: Այս վերջինը հիպնոսի գագաթնակետն է:
Տելեպատիան կամ հեռազգացումը (հունարեն տելե-հեռավոր եւ պաթոս-զգացում բառերից) շատ հազվադեպ հոգեկան երեւույթներից է: Հատ ու կենտ մարդկանց մոտ նկատվում են մեծ հեռավորություններով մտքեր հաղորդելու եզակի դեպքեր: Մեկը զգացել է ընկերոջ մահը, մյուսը ննջելու ժամանակ ստացել (տեսել) է ռազմաճակատ մեկնող ամուսնու չուղարկած հեռագիրը եւ այլն: Հաղորդակցումը տեղի է ունենում մոտ հարազատների ու շատ մտերիմ մարդկանց միջեւ զգացմունքային առավելագույն լարվածության պայմաններում:
Տելեպատիայի մեխանիզմների մասին կա 2 ենթադրություն: Ըստ առաջինի, մտքերը հաղորդվում են ուղեղի ռադիոալիքների միջոցով: Մարդկային ուղեղներն այստեղ համարվում են ռադիոհաղորդիչներ եւ ռադիոընդունիչներ, որոնք արձակում են տարբեր երկարության ռադիոալիքներ: Հաղորդակցումը տեղի է ունենում սոսկ այն դեպքում, երբ ալիքների երկարությունը համընկնում է: Մյուս ենթադրության համաձայն, հաղորդակցումը տեղի է ունենում նեյտրինոյի ալիքների միջոցով, որոնք, ի տարբերություն ռադիոալիքների, օժտված են թափանցելու համարյա կատարյալ հատկությամբ:
Տելեպատիան լայն հնարավորություն է տալիս ազդելու մարդկանց անգիտակցական հոգեկան կենտրոնների վրա, հետեւապես նրանց գիտակցության վրա, եւ տիրապետելու նրանց: Խոսքը տելեպատիական սարքերի միջոցով մարդկանց եւ ամբողջ աշխարհին տիրապետելու մասին է, ինչպես դա նկարագրված է ֆանտաստ գրող Ա. Բելյաեւի «Աշխարհի տիրակալը» վիպակում: Ըստ որոշ տվյալների, հիպնոսի եւ տելեպատիայի տեխնիկան թույլ է տալիս ազդելու մարդկանց գիտակցության վրա եւ այսպես ասած «լվանալու նրանց ուղեղները»: Այժմ մի շարք երկրներում, հատկապես ԱՄՆ-ում, օրենքներ են ընդունված այդօրինակ ազդեցությունների դեմ: Քանի որ դա կարող է հզորագույն զենք լինել մարդկանց տիրապետելու համար։ Տվյալ բնագավառի բոլոր հետազոտությունները խիստ գաղտնիացված են:
Կանխազգացումը, այսինքն՝ ապագան կանխագուշակելու կարողությունը է՛լ ավելի առեղծվածային եւ հետազոտման համար առայժմ փաստորեն անմատչելի բնագավառ է: Այդ մասին հայտնի են ապշեցուցիչ դեպքեր: Օրինակ, կանխազգացվել է «Տիտանիկ» նավի խորտակումը: Անգլիական թերթերից մեկն է դա տպագրել: Կանխագուշակումներ է արել պառավ բուլղարուհի Վանգան:
Սակայն կանխազգացման երեւույթների խնդիրը մնում է այնքան բարդ, որ գիտնականների մեծ մասը դրանց գոյությունը չի ընդունում, հաջող դեպքերը համարելով պատահական զուգադիպության արդյունք:
Այս բոլորը վկայում է, որ մարդկային ուղեղը դեռ շատ եւ շատ գաղտնիքներ ունի, որոնց բացահայտումը թերեւս հեռավոր ապագայի խնդիր է:
« 6 ԿԻԲԵՌՆԵՏԻԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Կիբեռնետիկան, ձեւավորվելով (1948 թ.) որպես գիտություն ինֆորմացիայի եւ ավտոմատների մասին, կարողացավ ստեղծել ինֆորմացիոն մեքենաներ, ինֆորմացիա հաղորդող եւ ընդունող, փոխակերպող ու պահպանող, ինչպես նաեւ օգտագործող մեքենաներ, որոնք հայտնի են էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ կամ կոմպյուտերներ անվանումով: Այդ մեքենաները աներեւակայելի արագությամբ՝ վայրկյանում 8-10 մլրդ. տարբեր մաթեմատիկական, տրամաբանական գործողություններ են կատարում, մեքենայացնելով մարդկային մտածողության մի շարք գործառույթներ: Արեւմուտքում սկսեցին պնդել, որ մարդու եւ մեքենայի բանականությունների տարբերությունը զուտ քանակական է, որ մարդու ուղեղը բարդ ինֆորմացիոն մեքենա, իսկ մեքենայի ինֆորմացիոն բլոկը՝ պարզ մարդկային ուղեղ: Այնուհետեւ սկսեցին խոսել մարդու բանականությունը լիովին կրկնօրինակող արհեստական բանականություն, անգամ գերբանականություն ստեղծելու հեռանկարի մասին: Գերբանական կիբեռնետիկական մեքենաները, ըստ տվյալ կարծիքի, աստիճանաբար մարդկանց դուրս կմղեն ֆիրմաների եւ նույնիսկ ողջ հասարակության կառավարման ոլորտից: Կստեղծվեն կիբեռնետիկական պրեզիդենտներ, վարչապետներ, նախարարներ եւ այլն: Այդժամ կվերանան կապիտալիզմի բոլոր թերություններն ու արատները՝ արտադրության անարխիան, ճգնաժամերն ու գործազրկությունը եւ այն կդառնա համընդհանուր բարեկեցության հասարակություն: Լավատես ֆանտաստ գրողները սկսեցին նկարագրել մարդու ապագա դրախտային կյանքը, երբ ամեն ինչ կանեն մեքենաները, իսկ մարդուն կմնա միայն վայելել: Հոռետեսներն, ընդհակառակը, մարդկությանը խոստանում էին մռայլ ապագա, երբ այդ մեքենաները, լինելով մարդկանցից շատ ավելի խելոք, իրենց կենթարկեն նրանց, հետեւապես կառաջանա ստրկության մի նոր ձեւ: Եվ նրանք նկարագրում էին սարսափելի տեսարաններ, թե ինչպես են մարդիկ հուսահատ պատերազմում իրենց ստրկացնող մեքենաների դեմ:
Կիբեռնետիկայից արվող այս հետեւությունների պատճառով խորհրդային մարքս-լենինյան փիլիսոփաները խստորեն տրամադրվեցին նրա դեմ: Այն հայտարարվեց բուրժուական, ռեակցիոն իդեալիստական, մետաֆիզիկական կեղծ գիտություն, իմպերիալիզմի դարաշրջանի ծնունդ, որը մեխանիստորեն մարդուն նույնացնում է մեքենայի հետ, դրանով արդարացնելով աշխատավորների անմարդկային շահագործումը, ձգտում է վերացնել կապիտալիզմի արատները եւ հավերժացնել այն: Վերջին հանգամանքը դիտվում էր որպես կիբեռնետիկայի մեծագույն հանցանք, քանզի ժխտում էր կապիտալիզմի արատները վերացնելու մարքս-լենինյան դեղատոմսը, այն է՝ կապիտալիզմի ոչնչացումն ու կոմունիզմի կառուցումը: Եվ այդ պատճառով կիբեռնետիկան ԽՍՀՄ-ում արգելվեց, որի հետեւանքով այն մոտ 20 տարով ետ մնաց արեւմտյան երկրներից եւ որի դառը պտուղները մենք այսօր էլ ճաշակում ենք:
Խորհրդային փիլիսոփաները ամեն կերպ ընդգծում եւ չափազանցնում էին մարդու բանականության որակական տարբերությունը մեքենայի արհեստական «բանականությունից»: Հատկապես նշում էին, որ մարդու բանականությունը ծագել է կենսաբանական հիմքի վրա, իր էությամբ սոցիալական է, սերտորեն կապված է գիտակցության եւ ինքնագիտակցության հետ, հոգեւոր բնույթի զգայական, զգացմունքային եւ կամային երեւույթների մի ամբողջ աշխարհ է: Իսկ կիբեռնետիկական մեքենան իր հիմքով մեխանիկական է, իր էությամբ տեխնիկական սարք, հետեւապես կարող է սոսկ արտաքուստ նմանակել մարդու բանականության առանձին գործառույթներ, անկարող լինելով կրկնօրինակել նրա հոգեւոր ներքնաշխարհը:
Ներկայումս ավելի հիմնավոր է թվում եւ ավելի է տարածված երրորդ փոխզիջումային տեսակետը, ըստ որի կիբեռնետիկան կարող է մոդելավորել մարդու բանականությունը եւ գիտակցության ցանկացած գործառույթ, եւ այդ ուղղությամբ որեւէ սկզբունքային խոչընդոտ չի կարող լինել: Ժամանակի ընթացքում ինֆորմացիոն մեքենաները կմոդելավորեն դրանց նորանոր գործառույթներ, կլինեն դրանց ավելի ու ավելի կատարյալ նմանակները, իսկ որոշ տեսակետներից, օրինակ՝ գործողության արագությամբ, ծավալով եւ այլն, անգամ կգերազանցեն դրանց: Իսկ կատարելագործված մեքենաներն իրենց հերթին կդառնան նոր հզոր միջոց մարդկային հոգեւոր աշխարհի ավելի խոր ու բազմակողմանի ուսումնասիրության համար: Եվ այդ ուսումնասիրությունները, բացառված չէ, մարդկությանը կմատուցեն այնպիսի անակնկալներ, որոնք լուրջ, անգամ արմատական փոփոխություններ կմտցնեն ժամանակակից փիլիսոփայական աշխարհայացքում, ստիպելով վերանայել փիլիսոփայության բազմաթիվ հարցերի այժմյան լուծումները: Մարդկությունը հիմա գտնվում է այդ երկար ճանապարհի միայն սկզբում:
ԳԼՈՒԽ 4
ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Իմացության տեսությունը կամ իմացաբանությունը բխում է փիլիսոփայության հիմնական հարցի երկրորդ կողմից՝ աշխարհի ճանաչելիության հարցից:
Իմացության տեսությունն ուսումնասիրում է ճանաչողության ընդհանուր նախադրյալները, բնույթը եւ հնարավորությունները, պարզում է գիտելիքի հարաբերությունը իրականության հետ, գիտելիքի ճշմարտության եւ հավաստիության պայմանները:
« 1. ԶԳԱՅԱԿԱՆ, ԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԻՆՏՈՒԻՏԻՎ
ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ
Մարդիկ շատ հնուց նկատել են, որ շրջապատի իրերն ու երեւույթները իրենք ճանաչում են առաջին հերթին իրենց 5 զգայարանների միջոցով, այնուհետեւ բանականության կամ մտածողության եւ, վերջապես, անմիջական կռահման կամ ինտուիցիայի միջոցով: Ընդհանրացնելով մարդկային իմացության բազմադարյան փորձը, փիլիսոփաներն առանձնացրել եւ ուսումնասիրել են մարդկային ճանաչողական 3 հիմնական կարողություն՝ զգայական, բանական եւ ինտուիտիվ:
ա) Զգայական իմացությունը տեղի է ունենում մարդու զգայարանների միջոցով: Այն տալիս է իրերի ու երեւույթների մասին անմիջական, ակնառու, եզակի եւ մակերեսային գիտելիքներ: Զգայական գիտելիքներն անմիջական են, որովհետեւ ծագում են իրերի ու երեւույթների հետ զգայարանների ուղղակի շփման ընթացքում: Ակնառու են, քանզի այդ իրերն ու երեւույթները տրվում են իրենց կոնկրետ ձեւերով, չափերով, գույներով, ջերմությամբ, հարթությամբ, համով, հոտով եւ այլն: Աշխարհի ամբողջ գեղեցկությունն ու հմայքը, ինչպես նաեւ տգեղությունն ու այլանդակությունը մարդն ընկալում է իր գիտելիքների ակնառու բնույթի շնորհիվ: Դրանք մեր հույզերի ու զգացմունքների աղբյուրն են, մեր ապրումների՝ հաճույքի, զմայլանքի, կամ ընդհակառակը՝ տհաճության, նողկանքի, վախի ու սարսափի հիմքը: Դրանք գիտելիքներ են տալիս այս կամ այն եզակի իրերի ու երեւույթների մասին, օրինակ՝ տվյալ մարդու, տվյալ վարդի գույնի եւ բուրմունքի, տվյալ լեռան՝ Արարատի կամ Ֆուձիյամայի, կամ էլ մի այլ եզակի լեռան մասին: Այդ գիտելիքները միաժամանակ տալիս են իրերի արտաքին պատկերը: Հիրավի, մարդը հազարամյակներ շարունակ դիտել է Արեգակը, կայծակը, էլեկտրականությունը, բայց չի կարողացել եւ սկզբունքորեն չի էլ կարող տեսնել դրանց ներսում ընթացող պրոցեսները, այն, որ Արեգակի խորքում տեղի են ունենում ջերմամիջուկային ռեակցիաներ, կայծակը էլեկտրական լիցքերի պարպում է, իսկ էլեկտրականությունը՝ էլեկտրոնների հոսք: Մի խոսքով՝ մարդը չի կարող զգայապես ընկալել իրերի ու երեւույթների ներքին էությունը, նրանց ներքին օրենքները: Նա սահմանափակվում է միայն նրանց արտաքին կողմերով:
Զգայական իմացությունն ունի 3 ձեւ՝ 1) զգայություն, 2) ընկալում եւ 3) մտապատկեր:
Զգայությունն անմիջական եւ ակնառու գիտելիք է եզակի իրերի կամ երեւույթների առանձին արտաքին հատկությունների մասին: Օրինակ, նայելով կարմիր վարդին մարդը տեսողության միջոցով զգայում է նրա կարմիր գույնը, չափն ու ձեւը, ձեռքի միջոցով նրա ծաղկաթերթերի թավշությունը, փշի խայթոցը, իսկ հոտառության միջոցով՝ նրա բուրմունքը: Մարդու ականջը, քիթը եւ լեզուն մասնագիտացված են զգայելու իրերի ու երեւույթների միայն մեկ որոշակի հատկություն. ականջը միայն ձայները, քիթը՝ միայն հոտերը, իսկ լեզուն՝ միայն համը: Իսկ աչքն ու ձեռքը նմանօրինակ նեղ մասնագիտացում չունեն, նրանք զգայում են տարբեր տեսակի բազմաթիվ հատկություններ: Օրինակ, աչքը տեսնում է լույսը, գույները, չափերը, ձեւերը, հեռավորությունը: Ձեռքը զգայում է կարծրն ու փափուկը, ծանրն ու թեթեւը, տաքն ու սառը, չափն ու ձեւը, հարթն ու ոչ հարթը եւ այլն: Լույսի, գույների, համի ու հոտի, ձայնի զգայությունը նրանց համար անմատչելի է:
Ընկալումն իրերի ու երեւույթների մասին ամբողջական ակնառու գիտելիք է: Այն առաջանում է մարդու գիտակցության մեջ նրանցից ստացած զգայությունների միացման միջոցով: Հետեւապես, ընկալումը տարբերվում է զգայությունից այնպես, ինչպես ամբողջը մասից: Ընկալումները մարդու զգայարանների համատեղ գործողության արգասիքներն են: Օրինակ, իր տեսողության, շոշափելիքի եւ հոտառության շնորհիվ մարդն ընկալում է վարդը որպես տարբեր հատկությունների մի ամբողջություն:
Զգայությունները եւ ընկալումները շարունակում են գոյություն ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ զգայարանները կապված են իրերի ու երեւույթների հետ, քանի դեռ այդ իրերն ու երեւույթներն ազդում են նրանց վրա: Հենց որ այդ կապը, այդ ազդեցությունն ընդհատվում է, նրանք անմիջապես անհետանում են: Օրինակ, աչքերը փակելուն պես վարդի ընկալումն անհետանում է: Բայց ոչ լիովին: Այն անցնում է մարդու հիշողության ոլորտը եւ ամրագրվում է այնտեղ: Ցանկության կամ անհրաժեշտության դեպքում մարդը կարող է իր հիշողությամբ վերականգնել այն իր երեւակայության մեջ մտապատկերի ձեւով:
Մտապատկերը մարդու երեւակայության մեջ հիշողության ուժով վերականգնված նախկին զգայությունն ու ընկալումն է: Եթե հիշողության ուժը բավարար չէ, ապա դրանք անցնում են անգիտակցականի խոր շերտերը եւ ընդմիշտ մոռացվում: Մտապատկերների ձեւով դրանք կարելի է վերականգնել հիպնոսի միջոցով, սակայն այնքան վառ, կայուն ու կոնկրետ, որ հիպնոսացվածն այդ մտապատկերներն ընդունում է ռեալ իրերի եւ երեւույթների առաջացրած զգայությունների եւ ընկալումների տեղ: Հետեւապես, նա իր պատրանքները նույնացնում է ռեալ իրականության հետ: Զգաստ վիճակում նորմալ մարդու մտապատկերները դժգույն, անկայուն, նվազ հստակ ու կոնկրետ են եւ նա հստակորեն տարբերում է դրանք զգայություններից ու ընկալումներից:
Մտապատկերների շնորհիվ մարդկային իմացությունը դադարում է գամված լինել իրերին ու երեւույթներին, դառնում է հարաբերականորեն ինքնուրույն, կարողանում է մտապատկերներ կուտակել եւ դրանց հետ ազատորեն տարբեր մտային գործողություններ կատարել: Մարդը բաժանում է դրանք առանձին մասերի եւ հատկանիշների, այսինքն՝ վերլուծական աշխատանք (անալիզ) է կատարում, ապա վերացարկումներ է անում, զննում է այդ մասերից ու հատկանիշներից ամեն մեկը մյուսներից անջատ, ստանալով վերացական, միակողմանի գիտելիքներ: Այնուհետեւ, համեմատություններ անելով, դրանց միջեւ նմանություններ է գտնում եւ ըստ նման մասերի եւ հատկանիշների ընդհանրացումներ է անում: Դրանից հետո մարդը կարող է տարբեր մասերն ու հատկանիշներն իր ցանկությամբ, ազատորեն միացնել իրար եւ ստեղծել նորանոր, այդ թվում կամայական, ֆանտաստիկ մտապատկերներ, ինչպես, օրինակ, կենտավրոսը (մարդաձին), մեդուզա-գորգոնան, կամ էլ ցանկացած չափերի օդային ամրոցներ ոսկուց, ադամանդից եւ այլ թանկարժեք քարերից եւ այլն, որոնք կարծես թե լիովին կտրված են իրական աշխարհից: Սակայն դրանց հիմքն ի վերջո մնում է երկրային: Այդ պատճառով էլ մտապատկերների շնորհիվ մարդկային իմացության ձեռք բերած ազատությունը հարաբերական է, ունի իր որոշակի սահմանները:
Զգայական իմացության շուրջն առայսօր էլ չեն դադարում սուր վեճերը փիլիսոփայական տարբեր ուղղությունների ու դպրոցների միջեւ: Սուբյեկտիվ իդեալիզմի էմպիրիստական ուղղությունը զգայությունները նույնացնում է իրերի ու երեւույթների հետ: Օրինակ, Բերկլին ու Մախը պնդում են, որ ամեն մի իր տարբեր զգայությունների միակցություն է: Ասենք, դեղին, դեղնակարմիր, կարմիր գույնի, որոշակի չափի ու կլոր ձեւի, որոշակի քաղցր, կիսաքաղցր, թթու համի ու հոտի զգայություններից ստացվում է խնձոր, մի ուրիշ զգայություններից՝ տանձ, դեղձ, ծիրան եւ այլ մրգեր: Ըստ Հյումի եւ Կոնտի, զգայությունները մարդկային իմացության միակ օբյեկտներն են: Դրանցից այն կողմ մարդը ոչինչ իմանալ չի կարող: Հետեւապես, նրանք եւս զգայություններն ու իրերը փաստորեն նույնացնում են:
Ագնոստիկ Կանտի համոզմամբ, զգայությունները միակ ռեալությունը չեն: Դրանցից այն կողմ գոյություն ունեն աշխարհի իրերն ու երեւույթները, որոնք ազդում են մարդու զգայարանների վրա եւ առաջացնում զգայություններ: Իրերը զգայությունների պատճառներն են, բայց այդ զգայություններն իրերի հետ ոչ մի նմանություն չունեն, դրանց արտապատկերները չեն: Հետեւապես, իրերն ինքնին մնում են անճանաչելի: Մարդը կարող է ճանաչել միայն իրերի երեւույթները, այսինքն՝ թե ինչպես են դրանք երեւում իր աչքին:
Որոշ ագնոստիկներ զգայությունները համարում են իրերի ու երեւույթների պայմանական նշանները, սիմվոլները կամ հիերոգլիֆները: Այդ տեսակետին էին Մյուլերն ու Հելմհոլցը: Ըստ նրանց, զանազան իրեր առաջացնում են զանազան սիմվոլներ, որոնք բավական են այդ իրերը միմյանցից տարբերելու համար, բայց ոչ մի դեպքում դրանց հետ որեւէ նմանություն չունեն, դրանց պատկերները չեն:
Այսպիսով, վերոհիշյալ սուբյեկտիվ իդեալիստները, թեեւ հակադիր դիրքերից, ժխտում են արտացոլման սկզբունքը: Բերկլիականները ժխտում են այն, նույնացնելով իրերը զգայությունների հետ, իսկ կանտականները՝ կտրելով զգայություններն իրերից, չտեսնելով նրանց միջեւ որեւէ նմանություն կամ զգայությունները հանգեցնելով իրերի սիմվոլների, հիերոգլիֆների:
Մատերիալիստներն, ընդհակառակը, իմացության տեսության հիմք են ընդունում արտացոլման սկզբունքը: Նրանց համոզմամբ, մարդկային ամբողջ իմացությունը, այդ թվում նաեւ զգայականը, արտաքին նյութական աշխարհի իրերի ու երեւույթների արտացոլումներն են մարդկանց գլխում: Արտացոլման սկզբունքը, կարելի է ասել, մատերիալիզմի իմացության տեսության ամենագլխավոր սկզբունքն է:
Անտիկ շրջանի մատերիալիստական ուսմունքներում արտացոլման սկզբունքը պարզունակ (պրիմիտիվ) ձեւով է մեկնաբանվել: Օրինակ, ատոմիստ Դեմոկրիտը պնդել է, որ իրերը ճառագայթում են իրենց պատկերները, որոնք եւ ընկալվում են մարդու տեսողությամբ: Զգայությունները Արիստոտելը նմանեցնում էր մոմի վրա կնիքի թողած դրոշմին: Իրերն, ըստ Արիստոտելի, ազդում են մարդու զգայությունների վրա եւ թողնում են իրենց դրոշմները: Այս տեսակետից մարդկային գիտակցությունն ընդհանրապես մի բարդ հայելի է, որն արտացոլում է արտաքին աշխարհը: Հայելային արտացոլման սույն տեսակետը դարեր շարունակ իշխող է եղել մատերիալիստական իմացաբանության մեջ:
Մարքս-լենինյան մատերիալիստական իմացաբանությունը հրաժարվեց հայելային արտացոլման գաղափարից, ընդգծելով մարդկային իմացության բարդ դիալեկտիկական բնույթը, որը նշանակում է անցում օբյեկտիվ, նյութական իրից նրա սուբյեկտիվ, հոգեւոր, իդեալական զգայական պատկերին: Իսկ իրի պատկերը հայելու մեջ նույնքան նյութական է, որքան նույն այդ իրը: Մարքսիզմ-լենինիզմի համաձայն, զգայությունն օբյեկտիվ աշխարհի սուբյեկտիվ պատկերն է: Այդ բանաձեւը լիովին հասկանալի է այն իմաստով, որ զգայական պատկերներն առաջանում են մարդու, սուբյեկտի գլխում, այլ ոչ թե մի ինչ-որ ուրիշ տեղ: Բայց շատ քիչ բան է հայտնի սուբյեկտիվ պատկերի բնույթի եւ առաջացման մեխանիզմների մասին: Օրինակ, հայտնի է, որ որոշ երկարության էլեկտրամագնիսական ալիքներ, ազդելով մարդու տեսողության վրա, առաջացնում են գույների զգայություն, սակայն բոլորովին պարզ չէ, թե դրանց ո՞ր հատկությունը եւ ինչո՞ւ է առաջացնում այս կամ այն գույնի զգայությունը, այսինքն՝ սուբյեկտիվ պատկերը, եւ ի՞նչ է այդ պատկերն իրենից ներկայացնում: Նույնն է վիճակը նաեւ ձայնային ալիքների եւ շոշափելիքի ըմբռնման ոլորտում: Լիովին առեղծվածային են համը եւ հոտը: Այդ զգայություններն առաջացնող օբյեկտիվ պատճառները լիովին անհայտ են: Միանգամայն միամիտ է Դեմոկրիտի եւ նրանից 2100 տարի անց Դեկարտի կարծիքն այն մասին, թե տարբեր համերի պատճառը տարբեր ձեւի ատոմներն են: Օրինակ, քաղցի զգայությունը ծնում են կլոր ատոմները, իսկ կծվի զգայությունը՝ սեպաձեւ ատոմները, որոնք ծակում են լեզուն: Հոտի հարցում պարզ չէ, թե ո՞ր ատոմները ինչո՞ւ եւ ինչպե՞ս են ծնում հոտի զգայություն: Օրինակ, ո՞ր ատոմները եւ այդ ո՞ր հատկության շնորհիվ են բուրավետ եւ որոնք՝ ոչ: Ի վերջո, ընդհանրապես պարզ չէ, թե ինչով են այդ սուբյեկտիվ զգայական պատկերները տարբերվում օբյեկտիվ իրերից եւ դրանց նույնքան օբյեկտիվ հատկություններից:
Հետեւապես, «զգայություններն օբյեկտիվ աշխարհի սուբյեկտիվ պատկերներն են» բանաձեւը նշանակում է, որ դրանք իրերի ու երեւույթների անմիջական, ակնառու, եզակի եւ մակերեսային պատկերներն են մարդու՝ սուբյեկտի գլխում:
Զգայական իմացությունը հիմք է հանդիսանում բանական իմացության համար:
բ) Բանական իմացությունը, որը կոչվում է նաեւ ռացիոնալ իմացություն (լատիներեն ռացիո-բանականություն բառից), վերացական կամ տրամաբանական մտածողություն, ավելի բարդ եւ բարձր մակարդակի գիտելիքներ է ապահովում: Այն տալիս է մարդուն իրերի ու երեւույթների միջնորդավորված, վերացարկված, ընդհանրացված եւ խոր, այսինքն՝ նրանց էության պատկերը: Բանական պատկերները միջնորդավորված են, որովհետեւ նրանց եւ իրերի ու երեւույթների միջեւ ընկած են զգայական պատկերները: Բանականության միջոցով մարդը վերլուծության է ենթարկում իր զգայական պատկերները, մտովի բաժանում է դրանք առանձին մասերի ու հատկանիշների, համեմատում միմյանց հետ եւ առանձնացնում ընդհանուր հատկանիշները եզակիներից, կարեւոր հատկանիշները՝ ոչ կարեւորներից, անհրաժեշտ հատկանիշները պատահականներից: Այդ պատկերները վերացական են, որքանով որ նա վերանում է անմիջականորեն տրված ակնառու, եզակի, պատահական, ոչ էական, արտաքին հատկանիշներից, իր մտքում պահելով միայն ոչ ակնառու, ներքին, ընդհանուր, անհրաժեշտ եւ էական, այսինքն՝ կարեւոր հատկանիշները, ստեղծում է իրերի ու երեւույթների յուրատեսակ ամբողջական վերացական պատկերներ: Այնպիսի պատկերներ, որոնց իրական աշխարհում ոչ մի բան չի համապատասխանում, ինչպես, օրինակ, մարդու, սեղանի, բույսի, գեղեցկության, կարծրության ընդհանրական պատկերները: Մարդը կարող է ընկալել մի կոնկրետ, եզակի մարդու, բայց մարդն ընդհանրապես, մարդը որպես այդպիսին ընկալելի չէ: Չէ որ մարդը չի կարող միաժամանակ ե՛ւ սպիտակամորթ լինել, ե՛ւ սեւամորթ, ե՛ւ գեր, ե՛ւ նիհար, ե՛ւ թխահեր, ե՛ւ շիկահեր եւ այլն: Սեղանն էլ որպես այդպիսին չի կարող միաժամանակ եւ քառանկյուն, եւ եռանկյուն, եւ բազմանկյուն, եւ շրջանաձեւ լինել: Այդպիսի սեղան չկա, եւ մարդը ոչ միայն չի կարող ընկալել, այլեւ չի կարող երեւակայել այն:
Այստեղից պարզ է, որ բանական իմացությունն իր բնորոշ գծերով, իր բովանդակությամբ զգայական իմացության ճիշտ հակադրությունն է: Եթե զգայական իմացությունը մարդուն տալիս է իրերի ու երեւույթների անմիջական, ակնառու, եզակի, սակայն մակերեսային պատկերը, ապա բանական իմացությունն, ընդհակառակը, տալիս է դրանց միջնորդավորված, վերացական, ընդհանուր, սակայն ներքին, խոր պատկերը, այսինքն՝ արտացոլում է դրանց ներքին հիմքը, էությունը, ներքին օրենքները: Օրինակ, մարդը հազարամյակներ շարունակ դիտել է մոլորակների շարժումը, բայց չի կարողացել տեսնել դրա էությունը, իմա՝ այնտեղ գործող մեխանիկական ուժերը եւ ներքին օրենքները: Դա կարողացավ անել Նյուտոնն իր բանականության հանճարի ուժով:
Ստացվում է, զգայական պատկերները ձեւով շատ ավելի մոտ են իրականությանը, բայց բովանդակությամբ հեռու են, իսկ բանական պատկերներն, ընդհակառակը, ձեւով հեռու, անգամ կտրված են թվում իրականությունից, սակայն բովանդակությամբ շատ ավելի մոտ են:
Չնայած այդ հակադրությանը, զգայականը եւ բանականը միասնաբար գործելու դեպքում լրացնում են միմյանց, տալով աշխարհի համակողմանի ամբողջական պատկերը, որի մեջ արտացոլվում են իրերի ու երեւույթների բոլոր տեսակի կողմերն ու հատկանիշները՝ ե՛ւ անմիջական, ե՛ւ միջնորդավորված, ե՛ւ ակնառու, ե՛ւ վերացական, ե՛ւ եզակի, ե՛ւ ընդհանուր, ե՛ւ մակերեսային, ե՛ւ ներքին:
Բանական իմացությունը եւս ունի 3 հիմնական ձեւ, որոնք կոչվում են նաեւ մտածողության ձեւեր, կամ կարճ՝ մտքի ձեւեր: Դրանք են՝ հասկացությունը, դատողությունը եւ մտահանգումը:
Հասկացություն: «Հասկացություն» տերմինը ծագել է «հասկանալ» բառից: Այն պահանջում է մի որեւէ իր, երեւույթ կամ դրանց մի որոշակի խումբ բնորոշել այնպես, որ հասկանալի լինի, թե ինչ նկատի ունի ասողը: Դրա համար նա իր մտքում պետք է նշի այդ իրերի ու երեւույթների էական, ընդհանուր եւ անհրաժեշտ հատկանիշները, վերանալով մյուսներից, այսինքն՝ մի կողմ թողնելով ու անտեսելով դրանց ոչ էական, եզակի ու պատահական հատկանիշները, այն ամենը, ինչ դրանց գոյության համար անհրաժեշտ չէ: Օրինակ, մարդու համար մաշկի գույնը, մազերի գույնը, երկարությունը, սանրվածքը, հասակը, գիրությունը կամ նիհարությունը կարեւոր չեն: Առանց դրանց նա կարող է մարդ մնալ: Իսկ առանց այնպիսի հատկանիշների, ինչպես գիտակցությունը, բանականությունը, հոդաբաշխ լեզուն, աշխատելու ունակությունը, մարդը գոյություն ունենալ չի կարող:
Հետեւապես, հասկացությունը բանական իմացության կամ մտքի մի ձեւ է, որն արտացոլում է իրերի ու երեւույթների ներքին, էական, ընդհանուր եւ անհրաժեշտ հատկանիշները կամ կարճ ասած՝ էությունը:
Հասկացության բովանդակությունը բացահայտվում է սահմանման միջոցով: Սահմանման մեջ նշվում են իրերի ու երեւույթների վերոհիշյալ կարեւոր հատկանիշները: Եթե այդտեղ սխալ է թույլ տրվում, ապա պարզ չի դառնում, թե որ իրերն ու երեւույթները նկատի ունի հասկացություն սահմանողը: Եթե, օրինակ, մարդու հասկացությունը սահմանվում է հետեւյալ կերպ. «մարդը երկոտանի կենդանի է», ապա նա նույնացվում է թռչունների հետ: Եթե այն սահմանվում է որպես երկոտանի փետրազուրկ կենդանի, ապա նա նույնացվում է, օրինակ, փետրահան աքլորի հետ: Ճշմարիտ սահմանման մեջ պետք է արտացոլվեն միայն մարդկանց հատուկ էական եւ ընդհանուր հատկանիշները: Տվյալ առումով ճիշտ է մարդու հասկացության հետեւյալ սահմանումը. մարդը գիտակից (բանական) հոդաբաշխ լեզու ունեցող, արհեստական գործիքներ պատրաստող եւ այդ գործիքներով աշխատող էակ է:
Հասկացություններն ամփոփում ու խտացված ձեւով արտահայտում են մարդկային իմացության երկարատեւ, անգամ դարավոր զարգացման արդյունքները: Մենք արդեն տեսել ենք, թե ինչպես է մատերիայի միամիտ հասկացությունը ձեւավորվել հին աշխարհի, հատկապես անտիկ շրջանի փիլիսոփայության մեջ, ինչ փոփոխության է ենթարկվել նոր դարաշրջանում՝ մեխանիցիզմի տիրապետության ժամանակ եւ արդի դարաշրջանում: Նույն կերպ ֆիզիկայի ելակետային հասկացություններից մեկի՝ զանգվածի նյուտոնյան սահմանման եւ ժամանակակից սահմանման միջեւ ընկած է մոտ 300 տարի: Դեռեւս XX դ. 50-ական թվականներին ֆիզիկայի դպրոցական դասագրքերում անգամ զանգվածի հասկացությունը սահմանվում էր նյուտոնյան եղանակով՝ որպես մատերիայի քանակական չափ: Հետագայում պարզվեց, որ այդ սահմանման մեջ զանգվածի ֆիզիկական հասկացությունը շփոթվել է մատերիայի փիլիսոփայական հասկացության հետ: Արդյունքում զանգվածի ֆիզիկական հասկացությունը ճշտվեց, խորացվեց ու փոխվեց, ստանալով համապատասխան ֆիզիկական սահմանում, ըստ որի զանգվածը մարմնի իներցիայի եւ գրավիտացիայի չափն է:
Գիտական իմացության պատմական զարգացման ընթացքում, իրերի ու երեւույթների նորանոր ավելի խոր, էական եւ ընդհանուր հատկություններ հայտնաբերելու շնորհիվ ճշգրտվում, խորացվում, հարստացվում, փոփոխվում, իսկ երբեմն էլ արմատապես վերանայվում են գիտության բոլոր ճյուղերի հասկացությունները: Գիտության որեւէ ճյուղի հիմնական հասկացությունների պարբերական արմատական փոփոխությունն ու վերանայումը կոչվում է գիտական հեղափոխություն: Այդպիսին էր, օրինակ, XIX դ. վերջի - XX դ. սկզբի հեղափոխությունը ֆիզիկայում, երբ առաջացան հարաբերականության տեսությունը եւ քվանտային մեխանիկան:
Դատողություն: Դատողությունը մտքի ավելի բարդ ձեւ է, որն արտահայտում է 2 եւ ավելի հասկացությունների փոխադարձ կապը: Օրինակ, «Վարդը կարմիր է» դատողությունը կապ է արտահայտում «վարդ» եւ «կարմիր» հասկացությունների միջեւ: Իսկ «Վարդը, շուշանը, կակաչը գեղեցիկ ծաղիկներ են» դատողության մեջ ընդգրկված են 5 տարբեր հասկացություններ: Դատողությունը բաղկացած է սուբյեկտից, պրեդիկատից եւ տրամաբանական շաղկապից: Սուբյեկտը մտքի առարկան է, այսինքն՝ այն, ինչի մասին ասվում է: Պրեդիկատ մի որեւէ հատկություն, կամ մի որեւէ ուրիշ բան է, այսինքն՝ այն, ինչն ասվում է մտքի առարկայի մասին: Տրամաբանական շաղկապն արտահայտում է սուբյեկտի եւ պրեդիկատի միջեւ եղած կապը: «Վարդը կարմիր է» դատողության մեջ «վարդը» սուբյեկտն է, «կարմիրը» պրեդիկատն է, իսկ «է»-ն այդ երկուսն իրար հետ կապող շաղկապն է: Այդ շաղկապը հաստատում է, որ վարդն ունի կարմիր գույն: Իսկ «Վարդը դեռ թառամած չէ» դատողության շաղկապը ժխտում է վարդի թառամած լինելը:
Դատողությունները գիտելիքների արտահայտման ամենահարմար ձեւն են, որովհետեւ, միշտ մի որեւէ բան հաստատելով կամ ժխտելով, մարդկային մտքին տալիս են առավելագույն որոշակիություն:
Մտահանգում: Մտահանգումը մտքի առավել բարդ ձեւն է: Իր կառուցվածքով այն եռանդամ է, որովհետեւ բաղկացած է նախկինում ձեռք բերված դատողություններից (գիտելիքներից), մտածողության օրենքներից ու կանոններից եւ դրանց հիման վրա ստացած նոր դատողություններից, որոնք նոր գիտելիքներ են պարունակում: Առկա դատողությունները կոչվում են մտահանգման նախադրյալներ, մտածողության օրենքներն ու կանոնները՝ այդ նախադրյալներից նոր դատողություններ բխեցնելու տրամաբանական միջոցներ, իսկ նոր ստացված դատողությունները՝ եզրակացություններ:
Մտահանգման շնորհիվ մարդկային իմացությունը մտապատկերներից հետո ստանում է իր հարաբերական ինքնուրույնության երկրորդ աղբյուրը: Ինքնուրույնորեն շարժվելով, զուտ մտածողության ոլորտում բանական իմացությունը ձեռք է բերում մեծ ազատություն: Որպես նախադրյալներ օգտագործելով առկա դատողությունները եւ ղեկավարվելով մտածողության տրամաբանական օրենքներով ու կանոններով, մարդը նոր դատողություններ, այսինքն եզրակացություններ է անում իրերի ու երեւույթների մինչ այդ անհայտ հատկությունների ու կապերի մասին: Այնուհետեւ տվյալ եզրակացությունները դարձնելով նոր մտահանգման նախադրյալներ, նա նոր եզրակացություններ է անում, եւ այդպես շարունակ: Մտահանգումների միջոցով, օրինակ, Էյնշտեյնը եզրակացություն արեց զանգվածի եւ էներգիայի փոխադարձ կապի (E=mc2) օրենքի մասին, իսկ Դիրակը պոզիտրոնի եւ մյուս հակամասնիկների գոյության մասին, որոնք մտան ֆիզիկայի պատմության մեջ որպես խոշորագույն հայտնագործություններ:
Առկա դատողություններից բոլոր հնարավոր եզրակացություններն անելու կարողությամբ է չափվում մարդու մտածողության, բանականության ուժը: Ով միեւնույն նախադրյալներից ավելի շատ եզրակացություններ է անում, նրա մտածողությունն ավելի ուժեղ է: Մտահանգումների հիմքը մարդկային ճշմարիտ դատողությունների միջեւ եղած անհրաժեշտ կապն է, որն արտացոլում է իրերի ու երեւույթների, դրանց հատկությունների անհրաժեշտ կապերը: Դա է, որ թույլատրում է որոշ դատողություններից անհրաժեշտաբար բխեցնել այլ դատողություններ, հետեւապես ստանալ նոր գիտելիքներ: Եթե այդ կապը պատահական է, ապա նման բխեցումը հնարավոր չէ: Իսկ եթե բայց եւ այնպես բխեցվի, ապա սխալ կլինի: Օրինակ, եթե մի տեղ ամպամած է, ապա դրանից չի բխում, որ այնտեղ անձրեւ է գալիս, քանզի ամպերի ու անձրեւի միջեւ կապը պատահական է, այսինքն՝ ոչ ամեն մի ամպից է անձրեւ գալիս:
Մտահանգումները մարդուն հնարավորություն են տալիս ճանաչելու իրերի ու երեւույթների այնպիսի ոլորտներ, որոնք անմատչելի են զգայարանների, զգայական փորձի ու դիտարկումների համար, օրինակ՝ մանրագույն տարրական մասնիկների, մեծագույն տիեզերական օբյեկտների աշխարհը, պարզել Արեգակի ընդերքում տեղի ունեցող ռեակցիաների ջերմամիջուկային բնույթը, վերծանել կենդանի օրգանիզմների ժառանգական կոդը եւ այլն:
Գոյություն ունեն 3 տեսակի մտահանգումներ՝ ինդուկցիա, դեդուկցիա եւ տրադուկցիա:
Ինդուկցիան (լատիներեն ինդուկցիո-մակածում բառից) իմացության շարժումն է առկա եզակի ու մասնավոր դատողություններից դեպի ընդհանուր դատողությունները: Դա ընդհանրացման գործընթաց է: Օրինակ, երկաթալարի տարբեր կտորներ էլեկտրական հոսանքին միացնելուց հետո կազմում ենք եզակի դատողություններ այն մասին, որ լարի առաջին, երկրորդ, երրորդ եւ մյուս կտորները հաղորդիչ են: Այդ եզակի դատողությունները դարձնելով ինդուկցիայի նախադրյալներ, գալիս ենք ընդհանուր եզրակացության, որ երկաթը հաղորդիչ է: Ընդհանրացման այդ գործընթացը կարելի է շարունակել, փորձարկելով պղինձը, նիկելը եւ մյուս մետաղները եւ անել ավելի ընդհանուր եզրակացություն, որ բոլոր մետաղները հաղորդիչ են: Անցնելով ավելի ու ավելի ընդհանուր եզրակացությունների, մարդկային իմացությունը ի վերջո հասնում է առավել ընդհանուր կամ համընդհանուր եզրակացությունների, որոնցից են մարդկության ողջ պատմական փորձն ընդհանրացնող փիլիսոփայական կատեգորիաները: Եզրակացությունների ընդհանրության աստիճանն իմացության զարգացման կարեւոր ցուցանիշներից է:
Ինդուկցիան լինում է լրիվ եւ ոչ լրիվ:
Լրիվ ինդուկցիան կիրառվում է այն դեպքում, երբ ուսումնասիրման ենթակա որեւէ դասի իրերի ու երեւույթների քանակը սահմանափակ է եւ կարելի է դրանցից ամեն մեկը փորձարկել: Օրինակ, քննելով կուրսի յուրաքանչյուր ուսանողի, դասախոսը կարող է լրիվ ինդուկտիվ եզրակացություն անել այն մասին, որ ողջ կուրսը լավ գիտի իր առարկան: Եթե լրիվ ինդուկցիայի համար նախադրյալներ հանդիսացող եզակի դատողությունները ճշմարիտ են, ապա ճշմարիտ է նաեւ ընդհանուր եզրակացությունը: Հետեւապես, լրիվ ինդուկցիան տալիս է հավաստի գիտելիքներ:
Իսկ եթե այդ դասի իրերի ու երեւույթների քանակն անվերջ կամ վիթխարի է, ապա դիմում են ոչ լրիվ ինդուկցիային. ուսումնասիրում են դրանց մի փոքր մասը եւ ստացված գիտելիքները տարածում են տվյալ դասի բոլոր իրերի ու երեւույթների վրա: Ինքնին հասկանալի է, որ երկաթի ու մյուս մետաղների հաղորդիչ լինելու մասին ընդհանուր եզրակացությունն արվել է ոչ լրիվ ինդուկցիայի միջոցով, որովհետեւ հնարավոր չէ ստուգել դրանց բոլոր անթիվ-անհամար կտորները: Այդ պատճառով էլ ոչ լրիվ ինդուկցիայի ընդհանուր եզրակացությանը տալիս է հավանական գիտելիք, քանզի բացառված չեն տվյալ եզրակացությանը հակասող դեպքերը: Այդպես է տեղի ունեցել «բոլոր կարապները սպիտակ են», «փայտը ջրի մեջ չի սուզվում», «մետաղները չեն ճառագայթում» եւ այլ ինդուկտիվ ընդհանրացումների հետ, որովհետեւ պարզվել է, որ կան նաեւ սեւ կարապներ, ջրում սուզվող փայտատեսակներ եւ ռադիոակտիվ մետաղներ, ինչպես ուրանը, ռադիումը, պլուտոնիումը եւ մյուսները:
Ինդուկցիայի լրիվ եւ ոչ լրիվ ձեւերի տարբերությունը ցայտուն կերպով երեւում է մարդահամարներում եւ սոցիոլոգիական հարցումներում, որովհետեւ առաջին դեպքում հարցման են ենթարկվում երկրի բոլոր բնակիչները, իսկ երկրորդ դեպքում բնակիչների մի չնչին մասը եւ ստանում են մի դեպքում հավաստի, իսկ մյուս դեպքում հավանական ընդհանուր եզրակացություններ:
Ինդուկտիվ ճանապարհով ստացված եզրակացությունները, ինչպես նշվեց, ընդհանուր դատողություններ են: Դրանք իրենց հերթին նախադրյալներ են դառնում դեդուկտիվ մտահանգումների համար:
Դեդուկցիան (լատիներեն դեդուկցիո-արտածում բառից) բանական իմացության շարժումն է ընդհանուրից դեպի եզակին ու մասնավորը, ինչպես նաեւ ընդհանուրից դեպի ընդհանուրը: Պարզ դեպքում դեդուկցիան բաղկացած է 2 նախադրյալից՝ մեծ եւ փոքր: Մեծ նախադրյալը ինդուկցիայի միջոցով ստացված ընդհանուր դատողությունն է, օրինակ՝ այն մասին, որ բոլոր մետաղները հաղորդիչ են: Փոքր նախադրյալը եզակի դատողություն է այն մասին, որ ուրանը մետաղ է: Եթե, հիրավի, բոլոր մետաղները հաղորդիչ են եւ պարզվել է, որ ուրանը մետաղ է, ապա կարելի է եզրակացնել, որ ուրանը եւս հաղորդիչ է: Դեդուկցիայի եզրակացությունը, ինչպես տեսնում ենք տվյալ դեպքում, եզակի կամ մասնավոր դատողություն է:
Դեդուկցիայից ստացված եզրակացությունները հավաստի դատողություններ են: Դա նշանակում է՝ եթե նրա նախադրյալները ճշմարիտ են եւ մտածողության օրենքներն ու կանոնները ճիշտ են կիրառվել, ապա դրանցից բխող եզրակացությունը եւս ճշմարիտ է եւ ստուգման կարիք չունի: Հակառակ դեպքում եզրակացությունը կլինի սխալ:
Դեդուկտիվ մտահանգումները գիտական տեսություններ կառուցելու գլխավոր միջոցն են: Մեծ է նրանց դերը հատկապես մաթեմատիկայում, որտեղ որոշ փոքրաթիվ եւ պարզագույն նախադրյալներից, այսինքն՝ աքսիոմներից ու սահմանումներից բխեցվում են մեծ քանակի եզրակացություններ՝ թեորեմներ: Բավական է նշել, որ Ռասելը եւ Ուայդհեդն իրենց ընդունած աքսիոմներից բխեցրել են 200 թեորեմներ, որոնք եւ կազմում են մաթեմատիկական տրամաբանության տեսությունը: Նույն եղանակով են կառուցված նաեւ տեսական մեխանիկան եւ այլ գիտություններ:
Տրադուկցիան մի այնպիսի մտահանգում է, որը հիմնված է իրերի ու երեւույթների համանմանության վրա: Եթե 2 իրեր իրենց մի շարք հատկություններով միմյանց նման են, ապա կարելի է եզրակացնել, որ դրանք նման են նաեւ իրենց մյուս հատկություններով: Օրինակ, արեգակնային համակարգի մոլորակների միջեւ Երկրին ամենանմանը Մարս մոլորակն է: Երկրի նման Մարսի վրա կա մթնոլորտ, ջուր, տարվա եղանակների փոփոխություն, ջերմային մի փոքր խիստ ռեժիմ եւ այլն: Երկրի վրա կա կյանք եւ դա հիմք է տալիս ենթադրելու, որ Մարսի վրա եւս կարող են կենդանի օրգանիզմներ լինել:
Տրադուկցիայից արվող եզրակացություններն ունեն հավանական բնույթ, պահանջում են փորձնական ստուգում: Ուստի՝ տիեզերական կենսաբանությունը ձգտում է փորձնականորեն լուծել Մարսի վրա կենդանի օրգանիզմների գոյության հարցը:
Տրադուկցիայի եզրակացությունների հավանականության աստիճանը կարող է տարբեր լինել. որքան կարեւոր, էական ու բազմաթիվ են համեմատվող երեւույթների նման հատկանիշները, այնքան բարձր է այդ եզրակացությունների հավանականությունը, եւ հակառակը:
գ) Ինտուիցիան մարդու կարողությունն է անմիջականորեն, առանց զգայական փորձերի ու դիտարկումների ինդուկտիվ ընդհանրացումների, առանց դեդուկտիվ մտահանգումների թափանցելու հետազոտվող իրերի ու երեւույթների խոր էության մեջ եւ հայտնաբերել նրանց ներքին, թաքնված պատճառներն ու օրենքները: Այդ հայտնաբերմանը նախորդում է գիտնականի ոչ միայն մտքի, այլեւ հույզերի երկարատեւ գերլարում, երբ նա ոչ միայն գերազանցորեն ծանոթանում է իր խնդրի բոլոր մանրամասներին, կատարելապես տիրապետում է փաստական նյութին, այլեւ իր ամբողջ սրտով ձգտում է լուծել այն: Հույզերի գերլարումը բազմապատկում է գիտնականի բանականության ուժը, ծայրահեղորեն սրում է նրա միտքը: Սկզբնական շրջանում որքան նա շատ է խորանում խնդրի մանրամասների մեջ, այնքան այն ավելի է խճճվում ու ընկղմվում խավարի մեջ: Գալիս է մի պահ, երբ նրան համակում է հուսահատությունը, որովհետեւ սկսում է թվալ, թե խնդիրն ընդհանրապես անլուծելի է: Եվ ահա այդ պահին հանկարծ տեղի է ունենում մտաճառագում՝ գիտնականը միանգամից տեսնում է իրեն տանջող խնդրի լուծումը: Մ. Պլանկը, էներգիայի քվանտի հայտնագործողը, այդ մտաճառագումը նմանեցնում է կայծակի փայլատակմանը, որը խավարի մեջ միանգամից լուսավորում է ամեն ինչ: Այն լիովին անկանխատեսելի է, տեղի է ունենում ցանկացած պահի եւ ցանկացած վիճակում: Նյուտոնի ինտուիցիան, ինչպես հայտնի է, արթնացել է, երբ այգում հանգստանալու պահին խնձորը ծառից ընկել է նրա գլխին: Պլանկի եւ Ժուկովսկու մոտ դա տեղի է ունեցել դաշտում զբոսնելիս, Պուանկարեի մոտ՝ տրամվայ նստելիս, իսկ Մենդելեեւի մոտ՝ անգամ երազում: Դա վկայում է այն մասին, որ ինտուիցիայի մեխանիզմները գտնվում են մարդու անգիտակցական հոգեկան երեւույթների ոլորտում: Ըստ Էյնշտեյնի համոզման, լարված հետազոտական աշխատանքը դադարեցնելուց հետո գիտնականի ուղեղը չի դադարեցնում իր աշխատանքը: Այն շարունակում է աշխատել, թեեւ գիտնականը դա չի գիտակցում, եւ հանկարծակի տալիս է նրան իր արդյունքը:
Ինտուիցիայի անգիտակցական մեխանիզմները մինչեւ այժմ պարզ չեն: Ոմանք կարծում են, որ դա մտածողության, տրամաբանության օրենքներով, այսինքն՝ դատողությունների ու մտահանգումների միջոցով տեղի ունեցող բանական գործընթաց է, սակայն կատարվում է սղված ձեւով, կոմպյուտերի պես ակնթարթային արագությամբ եւ այդ պատճառով մարդը չի հասցնում գիտակցել այն: Մյուսները համարում են այն հակաբանական, առեղծվածային գործընթաց, որտեղ տրամաբանության օրենքներն ու կանոնները չեն գործում:
Ինտուիցիայի օգնությամբ ստացված նոր գիտելիքները տրամաբանորեն չեն բխում մինչ այդ կուտակված գիտելիքներից: Դեռ ավելին, հաճախ դրանք հաստատում են ուղիղ հակառակը, շրջելով եղած գիտելիքների ողջ համակարգը: Օրինակ, Էյնշտեյնն իր ինտուիտիվ հայտնագործությամբ ցույց տվեց, որ տարածությունն ու ժամանակը հարաբերական են, եւ այդպիսով հերքեց բացարձակ տարածության ու ժամանակի մասին ֆիզիկայում 220 տարուց ավելի իշխող նյուտոնյան պատկերացումները: Դա մի մեծ հեղաշրջում էր ֆիզիկայի ողջ պատմության մեջ: Նույն ձեւով վարվեց Պլանկը, հերքելով ֆիզիկայում բացարձակ ճշմարտություն համարվող դրույթն այն մասին, որ էներգիան արձակվում եւ կլանվում է անընդհատ: Էներգիայի քվանտի գաղափարի օգնությամբ նա ապացուցեց հակառակը եւ հեղաշրջեց էներգիայի մասին ֆիզիկական պատկերացումները:
Քանզի ինտուիտիվ հայտնագործությունները հարստացնում են եղած գիտելիքների պաշարը սկզբունքորեն նոր գիտելիքներով, կոչվում են սինթետիկ հայտնագործություններ: Իսկ այն հայտնագործությունները, որոնք ստացվում են եղած գիտելիքներից տրամաբանական բխեցման միջոցով, մտահանգումների օգնությամբ, կոչվում են անալիտիկ հայտնագործություններ: Դրանք, հիրավի, անալիտիկ են, որովհետեւ արվում են առկա գիտելիքների տրամաբանական անալիզի, վերլուծության շնորհիվ: Անալիտիկ է Էյնշտեյնի հայտնագործած՝ զանգվածի ու էներգիայի փոխադարձ կապի օրենքը (E=mc2), Դիրակի հայտնագործած հակամասնիկների աշխարհը: Դրանք մտահանգումների միջոցով բխեցվել են նրանց կողմից ընդունված հիմնադրույթներից:
Վերջապես, հարկ է նշել, որ ինտուիցիան, ինչպես եւ մարդկանց մյուս մտավոր կարողությունները, բնածին են: Մարդիկ տարբեր չափով են օժտված ինտուիցիայով, սակայն վարժությունների միջոցով կարող են զարգացնել այն: Հանճարներն օժտված են ոչ միայն հանճարեղ բանականությամբ, այլեւ հանճարեղ ինտուիցիայով:
Հայտնի է ինտուիցիայի 2 տեսակ՝ զգայական եւ ինտելեկտուալ (բանական):
Առօրյա կյանքում զգայական ինտուիցիան՝ իրերի բազմության մեջ ծանոթ իրը ճանաչելու մարդու կարողությունն է: Մարդն իր գլխում ծանոթ իրից ստացած ընկալումն ակնթարթորեն համեմատում եւ նույնություն է տեսնում դրա եւ իր հիշողության մեջ եղած այդ իրի մտապատկերի միջեւ: Զգայական ինտուիցիան հատկապես մեծ դեր է խաղում արվեստում: Գեղանկարիչը, քանդակագործը, բանաստեղծը եւ այլն ինտուիցիայի ուժով բազմազան ակնառու գեղարվեստական պատկերներ են ծնում իրենց երեւակայության մեջ եւ ապա իրագործում դրանք: Ինտելեկտուալ ինտուիցիան լայն կիրառում ունի գիտության մեջ, որի միջոցով գիտնականը վերացական պատկերներ է ստեղծում իր գլխում: Օրինակ, մաթեմատիկայի ու մեխանիկայի աքսիոմներն ինտելեկտուալ ինտուիցիայի արդյունք են:
դ) Սենսուալիզմ (էմպիրիզմ), ռացիոնալիզմ եւ ինտուիտիվիզմ: Դարեր շարունակ փիլիսոփաները ձգտել են բացահայտել մարդկային այդ 3 ճանաչողական կարողությունների դերը իմացության մեջ, պարզել, թե դրանցից որն է գիտելիքի գլխավոր աղբյուրը: Փիլիսոփաների մի մասն առաջնությունը տվել է զգայականին, մյուսները՝ բանականին, իսկ երրորդները՝ ինտուիտիվին եւ ըստ այդմ էլ բաժանվել են սենսուալիստների, ռացիոնալիստների եւ ինտուիտիվիստների:
Սենսուալիստները (լատիներեն սենսուս-զգացողություն, զգայություն բառից), ելնելով այն փաստից, որ մարդը ճանաչում է աշխարհն իր զգայարանների միջոցով, զգայական իմացությունը հայտարարում են գիտելիքների միակ աղբյուր: Իսկ բանականությունը, նրանց կարծիքով, սոսկ վերամշակում է զգայական գիտելիքները, ըստ էության ոչ մի նոր բան չավելացնելով: Սենսուալիզմը ծագել է Հին Հունաստանում, բայց մեծ զարգացում է ապրել նոր դարաշրջանում Անգլիայում: XVII դ. անգլիացի փիլիսոփաներ Բեկոնը, Լոկը, Բերկլին, Հյումը եղել են հետեւողական սենսուալիստներ: Անգլիան, կարելի է ասել, սենսուալիզմի հայրենիքն է:
Սենսուալիստների մեջ կան ինչպես մատերիալիստներ, այնպես էլ իդեալիստներ: Սենսուալիստներ են XVIII դ. ֆրանսացի մատերիալիստներ Դիդրոն, Հոլբախը, Հելվեցիուսը: Անգլիացի Բերկլին եւ Հյումը եղել են սուբյեկտիվ իդեալիստներ, որովհետեւ մարդու զգայությունները նույնացրել են իրերի ու երեւույթների հետ:
Գիտության մեջ սենսուալիզմը ճանաչողության միակ աղբյուր է համարում զգայական փորձը եւ դիտարկումը: Դրա հետեւանքով այն վերածվում է էմպիրիզմի: Էմպիրիստները, հետեւաբար, փորձնական գիտությունների ջատագովներ են: Նրանք թերագնահատում են բանականության դերը գիտական իմացության մեջ:
Ռացիոնալիզմն, ընդհակառակն, գերագնահատում է բանականության դերը մարդկային ճանաչողության մեջ ընդհանրապես եւ գիտական ճանաչողության մեջ՝ մասնավորապես: Ըստ ռացիոնալիստների, զգայարաններն ու զգայական փորձը ճանաչողության հուսալի աղբյուր չեն, որովհետեւ հաճախ են մարդկանց մոլորության մեջ գցում: Օրինակ, դալտոնիկները որոշ գույներ չեն տարբերում, տենդով հիվանդներին մեղրը դառն է թվում, հազարամյակներ շարունակ մարդիկ տեսել են, որ Արեգակը ծագում ու մայր է մտնում, եւ կարծել են, թե Արեգակը պտտվում է Երկրի շուրջը, թե Երկիրն անշարժ է եւ այլն: Հենց իրենց աչքերին վստահելու պատճառով են մարդիկ, եւ ոչ միայն հասարակ մարդիկ, այլեւ որոշ իմաստուն հռչակված փիլիսոփաներ, անընդհատ ընկել մեծ թյուրիմացությունների մեջ: Բանականությունն է ստիպված եղել ուղղելու զգայական իմացության սխալները եւ բացահայտելու ճշմարտությունը: Հուսալի, ճշմարիտ իմացության միակ աղբյուրը, հետեւապես, բանականությունն է:
Իրենց տեսակետը հիմնավորելու նպատակով ռացիոնալիստները վկայակոչում են մաթեմատիկան, որն առանց փորձերի ու դիտարկումների, միայն բանականության ուժով բացահայտում է այնպիսի անսասան ճշմարտություններ, որոնք հազարամյակների ընթացքում ոչ ոք չի կարողացել հերքել: Այդպիսի ճշմարտություններից են Պյութագորասի թեորեմը, էվկլիդյան երկրաչափության թեորեմները եւ այլն: Եվ պատահական չէ, որ ռացիոնալիզմի խոշորագույն ներկայացուցիչները մաթեմատիկոսներ են: Ռացիոնալիստ են եղել Դեկարտը՝ անալիտիկ երկրաչափության ստեղծողը, Լայբնիցը՝ դիֆերենցիալ եւ ինտեգրալ հաշվի ստեղծողը, ինչպես նաեւ Սպինոզան, որը թեեւ մաթեմատիկոս չի եղել, բայց փորձել է մաթեմատիկական աքսիոմատիկ դեդուկտիվ մեթոդի օգնությամբ փիլիսոփայությունը դարձնել մաթեմատիկայի պես ճշգրիտ գիտություն:
Ռացիոնալիզմը եւս տարածում է գտել եւ՛ մատերիալիստների, եւ՛ դուալիստների, եւ՛ իդեալիստների շրջանում: Դեռեւս Հին Հունաստանում ռացիոնալիստներ են եղել մատերիալիստ Դեմոկրիտը եւ օբյեկտիվ իդեալիստ Պլատոնը, որքան զգայական տվյալները համարել են սոսկ կարծիքներ, իսկ բանականության տվյալները ճշմարիտ գիտելիքներ, ինչպես նաեւ նոր դարաշրջանում՝ մատերիալիստ Սպինոզան եւ օբյեկտիվ իդեալիստ Լայբնիցը: Դուալիստ Դեկարտի ռացիոնալիզմը նույնիսկ եղել է ծայրահեղ: Նա ընդունել է մարդու մոտ զգայական փորձից անկախ տրված բնածին բանական ճշմարիտ գիտելիքների գոյությունը: Այդպիսի գիտելիքներ է նա համարել Աստծու, հրեշտակների, սատանայի, գերբնական աշխարհի՝ դրախտի, դժոխքի եւ այլ գաղափարներ:
Ինտուիտիվիզմը ճշմարիտ իմացության գլխավոր կամ միակ աղբյուր է համարում ինտուիցիան: Ինտուիտիվիզմի կողմնակիցները պնդում են, որ ո՛չ զգայական, ո՛չ էլ բանական իմացությունը չեն կարող տալ ճշմարիտ գիտելիքներ: Դա ունակ է անելու միայն ինտուիցիայի ուժը: Ըստ ֆրանսիացի Ա. Բերգսոնի (XX դ.) զգայականը եւ բանականը եւ դրանց վրա հիմնված գիտությունը ի վիճակի չեն ճանաչելու ճշմարտությունը, որովհետեւ ունեն անալիտիկ բնույթ: Ճանաչելու համար գիտությունն ստիպված է անալիզի միջոցով մասնատել միասնականը, սպանել կենդանին եւ արդյունքում ստանալ գիտելիքներ մեռյալ իրերի ու երեւույթների մասին: Այդ գիտելիքները բավական են սոսկ մի որեւէ օգտակար բան սարքելու, ընդհանրապես՝ գործնական օգուտ քաղելու համար, բայց ոչ աշխարհի ճշմարտությունը ճանաչելու համար: Դրան ընդունակ է միայն ինտուիցիան, որը ճանաչում է միասնականն իր միասնության, իսկ կենդանին իր կենդանության մեջ, եւ այսպիսով հայտնաբերում է ճշմարտությունը: Հետեւապես, Բերգսոնի պատկերացմամբ, ինտուիցիոն իմացությունն ի սկզբանե սինթետիկ գործընթաց է, բայց չի պարզաբանում, թե ինչպես է սինթեզը հնարավոր առանց անալիզի:
Նման կերպ բացարձակացված, զգայական ու բանական իմացությանը հակադրված ինտուիցիան Բերգսոնի մոտ հանդես է գալիս որպես մի խորհրդավոր, առեղծվածային գերբնական ուժ:
Ինտուիտիվիզմը, ինչպես եւ սենսուալիզմն ու ռացիոնալիզմը, լինելով միակողմանի ուսմունք, օբյեկտիվորեն դրական դեր է խաղացել մարդկային իմացության իրական բարդ գործընթացներն ուսումնասիրելու բնագավառում:
Գիտության բազմադարյա փորձը վկայում է, որ մարդկային իմացության զարգացման ընթացքում զգայականը, բանականը եւ ինտուիտիվը գտնվում են սերտ ներգործության մեջ, հանդես գալով միասնաբար:
« 2. ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
Ճշմարտությունը մարդկային իմացության անմիջական եւ ընդհանուր նպատակն է: Մարդը ճանաչում է աշխարհը հանուն ճշմարտության, ձգտելով պարզել, իմանալ ճշմարտությունը:
Սակայն, ի՞նչ է ճշմարտությունը:
Ընդհանուր առմամբ ճշմարտությունը մարդու մտքի, գիտելիքի համընկնումն է իրականության հետ: Օրինակ, եթե մեկն ասում է, որ մածունը սպիտակ է, ապա նրա միտքը ճշմարիտ է, որովհետեւ այն համընկնում է մածնի սպիտակության հետ: Եթե մի ուրիշ բան է ասում, եւ նրա միտքը չի համընկնում իրականության հետ, հակասում է իրականությանը, ապա, հետեւապես, ճշմարիտ չէ, սխալ է: Եթե մարդը չգիտի ճշմարտությունը, ապա նրա ոչ ճշմարիտ միտքը կոչվում է մոլորություն: Իսկ եթե նա գիտի ճշմարտությունը, բայց դիտավորյալ կերպով մի ուրիշ բան է ասում, ապա նրա միտքը կոչվում է կեղծիք:
ա) Ճշմարտության օբյեկտիվությունը:
Ճշմարտության հիմնախնդիրը մշտապես գտնվում է փիլիսոփայության հետաքրքրության կենտրոնում: Փիլիսոփաներին նախ հետաքրքրում է այն հարցը, թե արդյոք օբյեկտի՞վ է ճշմարտությունը:
Մատերիալիստներն ընդունում են օբյեկտիվ ճշմարտությունը, իսկ իդեալիստները ժխտում են այն: Ըստ մատերիալիստների, ճշմարտությունն օբյեկտիվ է, որովհետեւ արտացոլում է մարդու կամքից ու գիտակցությունից անկախ գոյություն ունեցող օբյեկտիվ իրականությունը: Դա նշանակում է, որ ճշմարիտ միտքն իր բովանդակությամբ կախված է ոչ թե մարդուց, այլ արտացոլվող առարկայից: Հետեւապես, ճշմարտությանը հասնելու համար մարդը ստիպված է իր միտքը համապատասխանեցնել արտացոլվող առարկայի հատկություններին: Օրինակ, եթե մենք ոսկին պատկերացնում ենք որպես դեղին, ծանր, չժանգոտվող, թանկարժեք մետաղ, ապա մեր միտքը ճշմարիտ է: Հակառակ դեպքում այն մոլորություն է: Այսպես, ամերիկյան հնդկացիները մոլորվել են, երբ պլատինն իր սպիտակ գույնի պատճառով խակ ոսկի են համարել եւ գետերի մեջ գտնելիս ետ ջուրն են գցել, որ հասունանա ու դեղնի:
Ճշմարտությունն օբյեկտիվ է իր բովանդակությամբ, բայց ոչ իր ձեւով: Իր ձեւով այն սուբյեկտիվ է, որովհետեւ ծագում է մարդու գլխում, նրա գիտակցության մեջ: Ձեւի տեսակետից մարդուց դուրս ճշմարտություն չկա: Մարդուց անկախ գոյություն ունեցող առարկան ոչ ճշմարիտ է, ոչ էլ կեղծ, այն օբյեկտիվ ռեալություն է: Ճշմարիտ ու կեղծ կարող է լինել առարկայի արտացոլումը մարդու գլխում: Դրա հետեւանքով առարկայի արտացոլման խորությունը, լրիվությունը, կոնկրետությունն ու ճշգրտությունը կախված են մարդու իմացության եւ հոգեւոր զարգացման մակարդակից: Այդ առումով վիթխարի տարբերություն կա Արիստոտելի, Նյուտոնի ու Էյնշտեյնի-Բորի ֆիզիկաների միջեւ:
Իդեալիստները, ժխտելով աշխարհի օբյեկտիվությունը, ժխտում են նաեւ օբյեկտիվ ճշմարտությունը: Նրանց կարծիքով, ճշմարտությունը կախված է գերբնական տիեզերական ուժերից կամ էլ մարդու գիտակցությունից: Ըստ Պլատոնի, մարդը հասնում է ճշմարտության, երբ նրա հոգին վերհիշում է իդեաների աշխարհը, ըստ Հեգելի՝ երբ նա ճանաչում է համաշխարհային ոգին: Սա օբյեկտիվ իդեալիզմի տեսակետն է: Ըստ սուբյեկտիվ իդեալիստների, ճշմարտությունը մարդու մտքերի համապատասխանությունն է նրա զգայություններին: Այդպես են կարծում, օրինակ, Բերկլին, Հյումը եւ Ռասելը: Ամերիկյան պրագմատիստներ Ջեմսը եւ Դյուին գտնում են, որ ճշմարիտ են այն գիտելիքները, որոնք հաջողություն են բերում եւ օգուտ են տալիս: Եթե, օրինակ, մի մարդու, ասենք՝ մի ոմն կորեացի Մունի հաջողվեց ԱՄՆ-ում նոր կրոնական աղանդ ստեղծել, ամերիկացիներին համոզելով, որ իր ուսմունքը ճշմարիտ է, ուրեմն այն իրոք ճշմարիտ է: Նրա քարոզած աստծո ռեալ գոյության հարցը չի դրվում, որովհետեւ այն, ըստ նրանց, անլուծելի է: Մարդը, նրանց կարծիքով, երբեք չի կարող պարզել, թե իրենից դուրս եւ իրենից անկախ մի որեւէ բան գոյություն ունի՞, թե՞ ոչ: Հետեւապես, ճշմարտության միակ գրավականը գիտելիքի տված օգուտն է: Ջեմսն ասել է. «Եթե ինձ հարցնում են՝ Աստված կա, թե ոչ, ես նախ պետք է պարզեմ նրա գոյությունն ինձ օգուտ է, թե ոչ: Եթե օգուտ է, ասում եմ՝ կա, եթե օգուտ չէ, ասում եմ՝ չկա»:
Այստեղ, սակայն, մի մեծ դժվարություն է ծագում: Ինչպե՞ս տարբերել իրականությունն արտացոլող ճշմարիտ զգայությունները մարդկանց երազներից, պատրանքներից ու զառանցանքներից: Այս դժվարությունից սուբյեկտիվ իդեալիստները գտել են հետեւյալ ելքը. ճշմարիտ են այն զգայությունները, որոնք բոլոր մարդկանց համար միատեսակ են, այսինքն՝ հանրանշանակ են: Օրինակ, եթե մեկը խնձորենի է տեսնում եւ մյուս մարդիկ դա հաստատում են, ապա նրա զգայությունը ճշմարիտ է: Իսկ եթե չեն հաստատում, ապա այն ճշմարիտ չէ: Հետեւապես, ճշմարիտ զգայությունները կոլեկտիվ, հանրանշանակ են, իսկ ոչ ճշմարիտները, լինեն դրանք մոլորություններ, երազներ, պատրանքներ կամ զառանցանքներ, զուտ անհատական են, զգայվում են միայն տվյալ անհատի կողմից:
Կոնվենցիոնալիզմը (լատիներեն կոնվենցիո-համաձայնություն բառից) մոտավորապես նույնն է պնդում գիտական ճշմարտությունների վերաբերյալ: Կոնվենցիոնալիզմի հիմնադիր Ա. Պուանկարեի համոզմամբ, գիտնականները պարբերաբար կոնֆերանսներ են հրավիրում եւ համաձայնության են գալիս, թե ինչը համարեն ճշմարիտ եւ ինչը՝ ոչ: Ընդ որում՝ նրանք ճշմարիտ են համարում պարզ, անհակասական եւ հարմար դրույթները: Հետեւապես, սուբյեկտիվ իդեալիզմի տեսակետից ճշմարտությունն այն գիտելիքն է, որի բովանդակությունը գոյություն ունի բոլորի համար: Մինչդեռ իրականում վիճակը հակառակն է: Ճշմարտությունն իր բովանդակությամբ գոյություն ունի բոլորիցս անկախ, որովհետեւ բոլորիցս անկախ գոյություն ունեցող աշխարհի արտացոլումն է մեր գիտակցության մեջ: Գիտության պատմության մեջ եղել են դեպքեր, անգամ ողբերգական դեպքեր, երբ մեկը, օրինակ՝ Գալիլեյը կամ Կոպերնիկոսը, ճիշտ է եղել, իսկ բոլորը՝ սխալ, եւ այդ մոլորյալ բոլորը տանջել կամ տանջամահ են արել նրան: Եթե ճշմարիտ լիներ բոլորի կողմից ընդունվածը, հանրանշանակը, ապա մարդկությունն այսօր էլ Երկրագունդը կհամարեր անշարժ, իսկ Արեգակը նրա շուրջը պտտվող: Ճշմարտության համար կարեւոր չէ, թե քանի մարդ է այն ընդունում: Կարեւոր է, որ այն ճիշտ արտացոլի իր առարկան:
բ) Բացարձակ եւ հարաբերական ճշմարտություն:
Ճշմարտության օբյեկտիվությունը պարզելուց հետո ծագում է մի այլ հարց. իսկ որքանով է այն լրիվ, սպառիչ, մանրամասն ու ճշգրիտ արտացոլում իր առարկան: Դա բացարձակ ու հարաբերական ճշմարտության հիմնախնդիրն է:
Բացարձակ ճշմարտությունն իր առարկայի լրիվ, սպառիչ, մանրամասն ու ճշմարիտ արտացոլումն է: Այն կատարյալ է եւ որեւէ փոփոխության ենթակա չէ, այն հավիտենական ճշմարտություն է: Հարաբերական ճշմարտությունն, ընդհակառակը, արտացոլում է իրականությունը ոչ լրիվ, ոչ սպառիչ, թերի ու մոտավորապես: Այն անկատար է, փոփոխական եւ ժամանակավոր:
Բացարձակ եւ հարաբերական ճշմարտության փոխհարաբերության վերաբերյալ ձեւավորվել են 3 տարբեր տեսակետներ:
Առաջինը դասական մետաֆիզիկայի տեսակետն է, որն ընդունում է բացարձակ ճշմարտությունը եւ ժխտում է հարաբերական ճշմարտությունը: Ըստ այս տեսակետի, մի որեւէ միտք կարող է կամ բացարձակ ճշմարտություն լինել, կամ էլ՝ բացարձակ մոլորություն: Միջինը չկա: Ճշմարտությունն ու մոլորությունը, հետեւաբար, բացարձակապես հակադիր են միմյանց: Այս տեսակետը տանում է դեպի ճշմարտության մոնիստական ըմբռնումը: Մոնիզմը պնդում է, որ ամեն մի իրի կամ երեւույթի մասին ճշմարտությունը մեկն է, միակն է: Երկու եւ ավելի ճշմարտություն չի կարող լինել: Առաջին հայացքից դա կարծես թե ճիշտ է, իսկ պարզագույն դեպքերում դա, իրոք, ճիշտ է: Օրինակ, մածնի սպիտակ կամ սեւ լինելու մասին 2 ճշմարիտ կարծիք չի կարող լինել: Բայց խնդիրը խիստ բարդանում է, երբ խոսքը գիտական, տեսական խոր ճշմարտություններին է վերաբերում: Այստեղ պարզ, միանշանակ «այո կամ ոչ» սկզբունքով լուծումները կիրառելի չեն, որովհետեւ տարբեր տեսություններ կարող են տարբեր առումներով ճշմարիտ լինել, այսինքն՝ մի տեսակետից ճշմարիտ լինել, մի այլ տեսակետից՝ ոչ: Այդ մասին ավելի մանրամասն կասվի մի փոքր հետո:
Տվյալ մետաֆիզիկական տեսակետն իշխող է եղել փիլիսոփայության մեջ մինչեւ XIX դ. սկիզբը, այսինքն՝ մինչեւ Հեգելը, իսկ բնագիտության մեջ, հատկապես մաթեմատիկայում եւ ֆիզիկայում՝ մինչեւ XIX դ. վերջը - XX դ. սկիզբը: Այդ շրջանում ամեն մի փիլիսոփա իր ուսմունքը համարում էր բացարձակ ճշմարտություն, իսկ մյուս ուսմունքները՝ մոլորություն: Նույն ձեւով բացարձակ ճշմարտություն էին համարվում էվկլիդյան երկրաչափությունը եւ նյուտոնյան մեխանիկան: Դրանցից էր, օրինակ, գերմանացի փիլիսոփա Դյուրինգը (XIX դ. 60-70-ական թթ.), որը բոլոր փիլիսոփաներին համարում էր կամ բթամիտ, կամ էլ խաբեբա: Բթամիտները չեն կարողացել տեսնել ճշմարտությունը, իրենք մոլորվել են եւ մոլորեցրել են մյուս մարդկանց: Խաբեբաները սուր մտքի տեր են, տեսել են, բայց չեն ասել ճշմարտությունը, ձգտելով մոլորեցնել մարդկանց եւ դրանից օգուտ քաղել: Նա իրեն հռչակեց միակ մտածող, որը եւ սուր միտք ունի, եւ ազնիվ է՝ տեսնում եւ բոլորին ասում է ճշմարտությունը: Սակայն, նրա ուսմունքի վերլուծությունից պարզվեց, որ նա այնուամենայնիվ բթամիտ ազնիվներից է, որովհետեւ նրա ուսմունքը հիմնականում մոլորություն է:
Բացարձակ ճշմարտության մետաֆիզիկական ըմբռնումը դոգմատիզմի իմացաբանական հիմքն է:
Դոգմատիզմը (հունարեն դոգմա-կարծիք, որոշում բառից) բացարձակացնում է ճշմարտությունը, կուրորեն հավատում եւ պաշտում է այն: Ըստ դոգմատիզմի, եթե մի որեւէ ուսմունք կամ տեսություն ճշմարիտ է, ապա ճշմարիտ է լիովին, այն անշարժ ու անփոփոխ հավերժական ճշմարտությունների մի հավաքածու է եւ չի կարելի այն ավելի խորացնել, հստակեցնել ու ճշգրտել: Դրա հետեւանքով ճշմարիտ գիտելիքները սկսում են քարանալ, ետ մնալ իրականությունից, կտրվել կյանքից եւ վերածվել մոլորության: Դոգմատիզմը սպանում է գիտելիքի մեջ եղած ճշմարտությունը: Եվ պատահական չէ, որ մարքսիզմ-լենինիզմի եւ առաջին հերթին գիտական կոմունիզմի տեսության դոգմատացումը դարձավ հզորագույն համաշխարհային կոմունիստական շարժման եւ ԽՍՀՄ-ի փլուզման գլխավոր պատճառներից մեկը:
Դոգմատիզմի ուղղակի հակադրությունը ռելյատիվիզմն է:
Ռելյատիվիզմը (լատիներեն ռելյատիվուս-հարաբերական բառից) ընդունում է միայն հարաբերական ճշմարտությունը եւ լիովին ժխտում բացարձակը: Ռելյատիվիստներն ասում են. մարդկային գիտելիքները զուտ հարաբերական ու փոփոխական են: Դրանց մեջ ոչ մի անփոփոխ, հավիտենական, հետեւապես բացարձակ ճշմարտություն չկա, որովհետեւ պատմական պայմանների արդյունք են: Ռելյատիվիզմը լայն տարածում ստացավ փիլիսոփայության եւ բնագիտության մեջ XIX դ. վերջին - XX դ. սկզբին, ֆիզիկայի հեղափոխության ժամանակ, երբ հարաբերականության տեսության եւ քվանտային մեխանիկայի շնորհիվ պարզվեց, որ նյուտոնյան դասական ֆիզիկան ամենեւին էլ բացարձակ ճշմարտություն չէ: Շատ փիլիսոփաներ ու բնագետներ ընկան հակառակ ծայրահեղության մեջ եւ սկսեցին պնդել, որ բացարձակ ճշմարտություններ առհասարակ չկան, որ բոլոր ճշմարտությունները զուտ հարաբերական են ու ժամանակավոր: Յուրաքանչյուր ժամանակաշրջան, ըստ նրանց, ունի իր ճշմարտությունները: Այն, ինչ տվյալ ժամանակաշրջանում ճշմարիտ է, հաջորդում՝ մոլորություն է, իսկ այն, ինչ հաջորդ շրջանում է ճշմարիտ, մյուս ժամանակաշրջանում է մոլորություն եւ այդպես շարունակ: Օրինակ, հին հույների համար ճշմարիտ էին իրենց առասպելները Զեւսի, Ապոլոնի եւ մյուս աստվածների մասին, հայերի համար՝ Արամազդի, Վահագնի եւ այլոց մասին: Միջնադարյան Եվրոպայում դիցաբանական ճշմարտություններին փոխարինելու են գալիս քրիստոնեության ճշմարտությունները, Արեւելքում՝ իսլամի ճշմարտությունները, եւ այլն: Նույն կերպ անտիկ շրջանում եւ միջնադարում ճշմարիտ էր համարվում Արիստոտելի ֆիզիկան, նոր դարաշրջանում՝ Նյուտոնի ֆիզիկան, իսկ մեր՝ նորագույն դարաշրջանում՝ Էյնշտեյնի ու Բորի ֆիզիկան: Այսպիսով, մարդկությունը մշտապես ձգտում է հեռանալ մոլորությունից եւ հասնել ճշմարտության, բայց անընդհատ հասնում է մոլորության: Մարդկային իմացության պատմությունը մոլորությունների մի երկարավուն պատմություն է:
Ռելյատիվիզմը տանում է դեպի ագնոստիցիզմ եւ սուբյեկտիվ իդեալիզմ՝ դեպի օբյեկտիվ ճշմարտության ժխտում: Իրոք, եթե մարդը պարբերաբար փոխում է իր կարծիքը միեւնույն իրերի ու երեւույթների մասին, եւ արդարանում է նրանով, որ իր բոլոր կարծիքները ճշմարիտ են իրենց ժամանակի համար, ապա ստացվում է, որ նա ըստ էության չի ճանաչում այդ իրերն ու երեւույթները: Իսկ ագնոստիցիզմին անխուսափելիորեն հետեւում է սուբյեկտիվ իդեալիզմը: Իսկապես, եթե մարդը գիտի, որ միեւնույն իրերի ու երեւույթների մասին իր այսօրվա ճշմարիտ գիտելիքները վաղը պետք է մոլորություն դառնան, ապա ի՞նչ հիման վրա է նա այսօր դրանք ճշմարիտ համարում: Այստեղ օգնության են հասնում մարդկանց համար այդ գիտելիքների հանրանշանակության օգուտ բերելու պրագմատիստական կամ գիտնականների համաձայնության՝ Պուանկարեի առաջարկած, կամ էլ մի այլ սուբյեկտիվ սկզբունք:
Այսպիսով, բացարձակ ճշմարտության ժխտումը ռելյատիվիստներին հասցնում է օբյեկտիվ ճշմարտության ժխտմանը, իսկ դա էլ իր հերթին ճշմարտության պլյուրալիստական ըմբռնմանը: Եվ այդ առումով նրանք հակադրվում են դոգմատիկների կողմից ճշմարտության մոնիստական ըմբռնմանը:
Բացարձակ եւ հարաբերական ճշմարտության հարցում երրորդ տեսակետը Հեգելի մշակած դիալեկտիկական տեսակետն է: Ի տարբերություն դոգմատիզմի եւ ռելյատիվիզմի, դիալեկտիկան ընդունում է եւ բացարձակ, եւ հարաբերական ճշմարտությունը, համարում է դրանք իրար հետ անխզելիորեն կապված: Ըստ դիալեկտիկայի, աշխարհն անվերջ է ոչ միայն տարածության եւ ժամանակի մեջ, այլեւ իր կառուցվածքով, որի հետեւանքով ամեն մի իր ու երեւույթ անվերջ քանակի եւ խորության բազմապիսի հատկությունների միասնություն է: Եվ ինքնին հասկանալի է, որ այն իր անվերջությամբ լիովին ու սպառիչ ճանաչել հնարավոր չէ: Հետեւապես, այդ իմաստով մարդը չի կարող ճանաչել ամբողջական բացարձակ ճշմարտությունը, այսպես ասած վերջին աստիճանի բացարձակ ճշմարտությունը:
Մարդկային բոլոր գիտելիքները հարաբերական ճշմարտություններ են, որովհետեւ ոչ լրիվ ու թերի են, մասնակի ու սահմանափակ են, ոչ ճշգրիտ ու մոտավոր են, պարունակում են թաքնված ու չբացահայտված մոլորություններ: Սակայն դա չի նշանակում, որ այդ հարաբերական ճշմարտություններում չկան բացարձակ ճշմարտության առանձին տարրեր կամ հատիկներ, որոնք լիովին ճիշտ են արտացոլում իրերի ու երեւույթների առանձին հատկություններն ու կապերը: Օրինակ, բացարձակ ճշմարտություն է, որ ջուրը բաղկացած է 2 ատոմ ջրածնից եւ մեկ ատոմ թթվածնից, աղը՝ մեկ ատոմ նատրիումից եւ մեկ ատոմ քլորից եւ այլն: Բացարձակ ճշմարտության այս տարրերը, այս մասնիկները հավերժական ճշմարտություններ են կոչվում, քանզի որքան էլ զարգանան ու փոփոխվեն մարդկային գիտելիքները տվյալ երեւույթների մասին, դրանք կմնան անփոփոխ: Այսպես, XX դ. պարզվեց, որ գոյություն ունի ջրի 2 տեսակ՝ թեթեւ ու ծանր, որ ծանր ջրից կարելի է ստանալ աներեւակայելի քանակի ջերմամիջուկային էներգիա, բայց ջրի բաղադրության մասին մեր գիտելիքները չփոխվեցին, միայն լրացվեցին:
Մարդկային իմացությունն աշխարհը ավելի լայն, ավելի խոր, ավելի ճշգրիտ ու հստակ ճանաչելու պատմական գործընթաց է: Այդ ընթացքում մարդկությունը ձգտում է վերացնել ծագող մոլորությունները, սխալները, անճշտություններն ու անորոշությունները, հասնել լիակատար, սպառիչ բացարձակ ճշմարտության: Սակայն նորից ու նորից այն մի հարաբերական ճշմարտությունից անցում է կատարում մի այլ հարաբերական ճշմարտության, որը բացարձակ, հավերժական ճշմարտության ավելի շատ հատիկներ է պարունակում եւ տվյալ առումով ավելի ու ավելի է մոտենում ամբողջական բացարձակ ճշմարտությանը, բայց երբեք չի հասնում վերջին սահմանին, որովհետեւ աշխարհն անվերջ է:
Բացարձակ եւ հարաբերական ճշմարտության անխզելի դիալեկտիկական կապից հետեւում է ճշմարտության կոնկրետությունը կամ կոնկրետ ճշմարտությունը:
Կոնկրետ ճշմարտություն: Դիալեկտիկան ասում է. վերացական ճշմարտություն չկա, ճշմարտությունը միշտ կոնկրետ է, այսինքն՝ կախված է որոշակի պայմաններից ու իրավիճակներից: Եթե դրանք փոխվում են, ապա պետք է փոխվի նաեւ ճշմարտությունը: Օրինակ, ատոմների անբաժանելիության մասին անտիկ շրջանի ատոմիստների պնդումը ճշմարիտ էր քիմիական ռեակցիաների տեսակետից, որովհետեւ այդ ռեակցիաներն անզոր են տրոհելու ատոմները: Մինչդեռ դրանք տրոհելի են միջուկային ռեակցիաների տեսակետից, որտեղից հետեւում է, որ այդ պնդումը մոլորություն է: Նույն կերպ էվկլիդյան երկրաչափությունը ճշմարիտ է Երկրի վրա եւ մոլորություն Արեգակի վրա, քանզի Երկրի տարածության կորությունն աննշմարելի է, իսկ Արեգակինը՝ զգալի: Դասական մեխանիկան եւս վերին աստիճանի ճշմարիտ է միայն մեծ զանգվածների ու փոքր արագությունների դեպքում: Միկրոզանգվածների դեպքում ճշմարիտ է քվանտային մեխանիկան, իսկ մեծ՝ լույսին մոտ արագությունների դեպքում՝ հարաբերականության տեսությանը:
Ճշմարտության կոնկրետությունը պահանջում է. մի որեւէ մտքի, դրույթի կամ գաղափարի ճշմարիտ լինելու կամ չլինելու հարցը լուծելիս պետք է հաշվի առնել այն պայմաններն ու իրավիճակները, որոնց սահմաններում դրանք ճշմարիտ են եւ որոնցից դուրս դառնում են մոլորություն: Ճշմարտության կոնկրետությունը սկզբունքային կարեւորություն ունի իմացության տեսության համար: Այն մի սկզբունք է, որն ուղղված է դոգմատիզմի եւ նրան ուղեկցող ամեն տեսակի սխեմատիզմի, շաբլոնի եւ մտքի քարացման դեմ:
« 3. ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏ ԵՎ ՕԲՅԵԿՏ
Պրակտիկան եւ նրա դերը մարդկային իմացության մեջ
Մարդկային իմացության գործընթացն ունի 2 կողմ, որոնք կոչվում են իմացության սուբյեկտ եւ օբյեկտ: Իմացության սուբյեկտն աշխարհը ճանաչող մարդն է, իսկ օբյեկտը՝ նրա կողմից ճանաչվող իրերն ու երեւույթները, նրանց որոշակի կողմերն ու հատկությունները: Այս տեսակետից ոչ ամեն մի իր կամ երեւույթ, ոչ ամեն մի կողմ կամ հատկություն է իմացության օբյեկտ, որովհետեւ աշխարհում կան անթիվ ու անհամար այնպիսի բաներ, որոնց գոյության մասին մարդը գաղափար անգամ չունի: Բնականաբար դրանք իմացության օբյեկտ լինել չեն կարող: Օրինակ, ատոմի կառուցվածքը, տարրական մասնիկների աշխարհը, գեները՝ ժառանգականության այդ մասնիկները, ջրի ջերմամիջուկային էներգիան եւ այլն, մինչեւ XX դ. իմացության օբյեկտներ չեն եղել: Դրանք պարզապես եղել են մարդուց անկախ, նրան անհայտ իրեր ու երեւույթներ: Իմացության օբյեկտների ոլորտը մարդուն շրջապատող աշխարհի անվերջ քանակի իրերի ու երեւույթների մի փոքր մասն է միայն: Իմացության զարգացման ընթացքում այդ ոլորտն անընդհատ ընդլայնվում է, բայց միեւնույն է՝ մնում է աշխարհի անվերջության մի փոքրիկ մասը միայն:
Իմացության օբյեկտից տարբերվում է իմացության առարկան: Վերջինն իմացության օբյեկտի մի մասը, մի կողմը կամ մի հատկությունը կարող է լինել: Օրինակ, մարդը որպես իմացության օբյեկտ բազմապիսի գիտությունների իմացության առարկան է: Նրան տարբեր կողմերից ուսումնասիրում են եւ փիլիսոփայությունը, եւ սոցիոլոգիան, եւ կենսաբանությունը, եւ հոգեբանությունը, եւ բժշկությունը, եւ բազմաթիվ այլ գիտություններ: Հետեւապես, այդ կողմերն էլ հանդիսանում են մարդուն ուսումնասիրող գիտությունների իմացության առարկաները:
Իմացության օբյեկտն ու առարկան պարզելուց հետո այժմ անդրադառնանք իմացության սուբյեկտին, որն իմացության գործընթացի գլխավոր կողմն է, քանզի նա է իրագործում աշխարհի ճանաչողությունը: Իմացության սուբյեկտը նախ եւ առաջ անհատն է իր ընդունակություններով եւ գիտելիքների պաշարով, ապա անհատների առանձին խմբեր, օրինակ, գիտահետազոտական ինստիտուտների կոլեկտիվներ, հասարակական խավեր ու դասակարգեր եւ, վերջապես, ամենալայն իմաստով՝ ամբողջ հասարակությունը: Ընդ որում՝ անհատական սուբյեկտի դերն իմացության մեջ ճիշտ ըմբռնելու համար, սակայն, պետք է խուսափել փիլիսոփայության մեջ չափազանց տարածված մի սխալից, որը մետաֆիզիկորեն կտրում է անհատին հասարակությունից եւ նրա իմացական կարողությունները համարում է նրան ի ծնե տրված հատկություններ: Այս տեսակետից հանճարը տեղ ու ժամանակ չի ճանաչում: Նա կարող է ծնվել որտեղ ու երբ պատահի, եւ իր ապշեցուցիչ հայտնագործություներով զարմացնել ողջ մարդկությանը: Եթե, օրինակ, Էյնշտեյնը ծնվեր Թալեսի կամ Արիստոտելի դարաշրջանում, ապա նա այն ժամանակ կստեղծեր հարաբերականության տեսությունը եւ մարդկությանը կազատեր տգիտության խավարի մեջ 2500 տարի խարխափելու հոգսերից:
Դա, իհարկե, ճիշտ չէ: Իմացությունը զարգացնելու համար անհատին, բացի բնածին ընդունակություններից, անհրաժեշտ են հասարակության կողմից դարերի ընթացքում կուտակած փորձն ու գիտելիքները, փորձարարական սարքերը: Այդ առումով նա հանդես է գալիս որպես իր դարաշրջանի, իր հասարակության ներկայացուցիչը, որը զինված է հասարակության ճանաչողական կարողություններով: Դա լավ հասկացել ու նշել են գիտության հանճարները: Նյուտոնը, ինչպես հայտնի է, ասել է. ինքն ավելի հեռուն է տեսել, որովհետեւ կանգնած է եղել հսկաների ուսերին: Իսկ Էյնշտեյնը նույնիսկ ներողություն է խնդրել Նյուտոնից այն բանի համար, որ կանգնած լինելով նրա ուսերին, ստիպված է եղել հանուն ճշմարտության հերքել նրա շատ եւ շատ դրույթներ:
Մարդկային իմացության գործընթացը տեղի է ունենում իմացության սուբյեկտի եւ օբյեկտի բազմաբնույթ բարդ փոխազդեցությունների շնորհիվ: Այստեղ առաջին հերթին նկատում ենք իմացության օբյեկտի նյութական ազդեցությունը ճանաչող սուբյեկտի զգայարանների վրա: Օբյեկտն ազդում եւ գրգռում է սուբյեկտի զգայարաններն իր մեխանիկական, ֆիզիկական, այդ թվում լուսային, ջերմային, էլեկտրական եւ այլն, ինչպես նաեւ քիմիական եւ մյուս հատկությունների շնորհիվ: Գրգիռների միջոցով այն էներգիա է հաղորդում սուբյեկտի զգայարաններին, որը եւ նրա ուղեղում վերածվում է գիտակցության փաստի, այսինքն՝ ընկալվում, ճանաչվում է:
Դրա հիման վրա մետաֆիզիկական մատերիալիզմը եզրակացրեց, որ իմացության գործընթացում ակտիվ կողմը օբյեկտն է, իսկ պասիվ կողմը՝ սուբյեկտը: Տվյալ տեսակետից մարդը համարվում է պասիվ հայեցող էակ, բավարարվում է սոսկ աշխարհը դիտարկելով ու ընկալելով: Այդ պատճառով տվյալ տեսակետի կողմնակիցները կոչվեցին հայեցողական մատերիալիստներ: Հայեցողական մատերիալիզմը, հետեւապես, անտեսում է սուբյեկտի ակտիվ նյութական գործունեության, այսինքն՝ պրակտիկայի դերը մարդկային ճանաչողության մեջ:
Դրան հակառակ, Մարքսն ընդգծեց նյութական այդ գործունեության, պրակտիկայի դերն իմացության գործընթացներում: Ըստ մարքսիզմի, մարդն այն չափով է ճանաչում աշխարհը, որ չափով նա նյութապես, ֆիզիկապես, պրակտիկորեն ազդում է նրա իրերի ու երեւույթների վրա եւ փոփոխում կամ վերափոխում է դրանք: Ամեն մի իր կամ երեւույթ դրսեւորում է իր թաքնված հատկությունները, իր ներքին էությունը եւ օրենքները, երբ մի որեւէ ուժի ազդեցության տակ փոփոխություն է կրում: Այդ փոփոխությունն իրի յուրատեսակ պատասխանն է տվյալ ուժի ազդեցությանը: Օրինակ, երկաթի հաղորդականությունը պարզելու համար այն պետք է ենթարկենք էլեկտրական հոսանքի ազդեցությանը: Իսկ ջրի ջերմամիջուկային հատկությունները պարզելու համար այն պետք է ենթարկենք մոտ 1 միլիարդ աստիճանի ջերմության ազդեցությանը: Ավելի ցածր ջերմաստիճանների դեպքում ջուրն իր այդ հատկությունները չի դրսեւորում, որովհետեւ ջերմամիջուկային ռեակցիաներ տեղի չեն ունենում:
Սկզբունքորեն նույն ձեւով է ճանաչվում մարդու էությունը: Իզուր չեն ասում՝ մարդուն լավ ճանաչելու համար հետը գնա արջի որսի: Մահացու վտանգի ազդեցության տակ նա անմիջապես ցույց կտա իր բնավորությունը՝ համարձակ է, թե վախկոտ, նվիրված, անձնազոհ ընկեր է, թե ոչ:
Այսպիսով, մարքսիզմի շնորհիվ նյութական պրակտիկան մտցվեց իմացության տեսության մեջ որպես նրա հիմք:
Սակայն ի՞նչ է պրակտիկան:
Ընդհանուր առմամբ պրակտիկան (հունարեն պրակտիկոս-գործունյա, գործունակ բառից) մարդու նյութական, առարկայական նպատակադիր գործունեությունն է, որի ընթացքում նա վերափոխում է աշխարհի իրերն ու երեւույթները, դարձնում է դրանք նյութական բարիքներ: Մի խոսքով, պրակտիկան մարդու վերափոխիչ գործունեությունն է, որի միջոցով նա հարմարեցնում է աշխարհն իր պահանջմունքներին: Մարդու ողջ անձնական եւ հասարակական կյանքն ունի պրակտիկ, գործնական բնույթ: Իր ձեւերով այն չափազանց բազմազան է, բայց առանձնանում են նրա 4 հիմնական ձեւերը:
Պրակտիկայի առաջին հիմնական ձեւը մարդկանց արտադրական գործունեությունն է արդյունաբերության, գյուղատնտեսության եւ արհեստների բնագավառում: Արտադրական պրակտիկայի շնորհիվ մարդիկ վերափոխում են բնության իրերն ու երեւույթները եւ դրանցից իրենց համար ստեղծում են գոյության միջոցներ: Գործարաններն իրենց հաստոցներով եւ այլ սարքավորանքով բնական հումքերը վերամշակելու խոշոր կենտրոններ են:
Պրակտիկայի երկրորդ հիմնական ձեւը մարդկանց հասարակական-պատմական գործունեությունն է: Այն նպատակ ունի վերափոխելու, բարելավելու հասարակական հարաբերությունները, հասարակական հիմնարկությունները, պետական կարգը, հասարակարգը: Տվյալ ձեւին են պատկանում ազգային ազատագրական շարժումները (օրինակ, Ղարաբաղյան շարժումը), հասարակական բարեփոխումները, հեղափոխությունները, պատերազմները եւ այլն: Այդ վերափոխությունների միջոցով ժողովուրդները ձգտում են հասարակական հարաբերությունները հարմարեցնել իրենց շահերին, այնպես անել, որ դրանք ավելի լավ, ավելի արդյունավետ ծառայեն իրենց բարեկեցությանը:
Պրակտիկայի երրորդ հիմնական ձեւը նյութական գործունեությունն է գիտության ու տեխնիկայի բնագավառում, մասնավորապես գիտափորձը եւ դիտարկումները: Գիտափորձի միջոցով գիտնականներն ազդում են իրենց իմացության օբյեկտների վրա, փոփոխությունների են ենթարկում նրանց եւ այդ փոփոխությունների շնորհիվ ճանաչում նրանց: Որքան ուժեղ է փորձնական սարքերի ազդեցությունն օբյեկտների վրա, այնքան խորն են նրանց առաջացրած փոփոխությունները, հետեւապես՝ այնքան մեծ են ճանաչողական հնարավորությունները: Դա է, օրինակ, պատճառը, որ տարրական մասնիկների կառուցվածքը ճանաչելու համար պետությունները վիթխարի ծախսերի գնով կառուցում են ավելի ու ավելի հզոր արագացուցիչներ:
Վերջապես, պրակտիկայի չորրորդ հիմնական ձեւը ստեղծագործական եւ կատարողական գործունեությունն է արվեստի բնագավառում: Դա գեղանկարչի, քանդակագործի, երգահանի, ջութակահարի, դաշնակահարի եւ մյուս արվեստագետների աշխատանքն է:
Պրակտիկան իմացության մեջ կատարում է եռակի դեր:
Նախ, այն իմացության հիմքն ու շարժիչ ուժն է: Դա նշանակում է, որ մարդը ճանաչում է աշխարհը պրակտիկայի միջոցով, ազդելով ու վերափոխելով շրջապատի իրերն ու երեւույթները: Աշխարհը զգայապես ընկալելու մարդկային կարողությունը պրակտիկայի պատմական զարգացման արդյունք է: Այդ ընթացքում են ձեւավորվել ու զարգացել մարդու զգայարանները, մարդու կարողությունը ընկալելու աշխարհը կոնկրետ, բազմակողմանի, գունեղ ու ճշգրիտ: Հայտնի է, օրինակ, որ մարդու զգայարանների սրությունը կախված է նրա մասնագիտությունից: Երաժշտագետների ականջը սովորական մարդկանց ականջից ավելի լավ է ընկալում ձայները, գեղանկարիչների աչքն ավելի լավ է ընկալում գույների երանգները, քան ոչ գեղանկարիչների աչքը: Ստուգված է, օրինակ, որ սեւ գույնի կտավ արտադրող ջուլհակները տարբերում են սեւ գույնի մինչեւ 38 երանգ, մինչդեռ ոչ մասնագետի աչքը՝ ընդամենը 5-6 երանգ:
Դեռ ավելին, հայտնաբերվել է չափազանց զարմանալի մի երեւույթ: Պարզվել է, որ շրջապատի իրերն ու երեւույթներն իրենց իսկական դիրքով ընկալելու ունակությունը ոչ թե կենսաբանական է, այլ հասարակական պրակտիկայի արդյունք է: Այսպես, փորձարկվողներին հագցրել են շրջապատը շրջված ցույց տվող հատուկ ակնոց եւ հետեւել են, թե ի վերջո ինչ կստացվի: Մոտ 3 ամիս անց շրջապատի նրանց ընկալումը լիովին ուղղվել է: Երբ ակնոցը հանել են, նրանք այս անգամ սկսել են ամեն ինչ շրջված տեսնել, իսկ որոշ ժամանակ անց՝ նորից նորմալ տեսնել: Այս փորձերը վկայում են պրակտիկայից մարդկային զգայական իմացության անմիջական կախման մասին եւ բանական իմացության՝ զգայականով միջնորդավորված կախման մասին, քանի որ բանականը կապված է զգայականի հետ:
Մարդկային իմացության կախումը պրակտիկայից, սակայն չի նշանակում, որ այն օժտված չէ հարաբերական ինքնուրույնությամբ եւ ընդհանրապես չի կարող պրակտիկայից անկախ զարգանալ: Իմացությունն օժտված է հարաբերական ինքնուրույնությամբ եւ որոշ սահմաններում կարող է կամ ետ մնալ, կամ էլ առաջ անցնել պրակտիկայից: Օրինակ, անհրաժեշտ գիտելիքների պակասի դեպքում մարդը դիմում է փորձի ու սխալի օգնությանը: Փորձեր է անում, սխալվում է, նորանոր փորձեր է անում եւ սխալներ գործում եւ ուղղում, եւ նայում, թե ինչ է ստացվում: Շոգեմեքենան, կտավ գործող մեքենան եւ բազմաթիվ տեխնիկական այլ գյուտեր արվել են փորձի ու սխալի միջոցով: Շրջապատը շրջված ցույց տվող ակնոցի հետ կապված փորձերը եւս նույն ձեւով են արվել: Բոլոր նման դեպքերում պրակտիկան առաջ է անցնում իմացությունից եւ խթանում է նրա զարգացումը: Ճանաչողության, հատկապես տեսական ճանաչողության, ետ մնալը պրակտիկայից հաղթահարելու, այն պրակտիկայի մակարդակին հասցնելու համար երբեմն պահանջվում են ոչ միայն տասնամյակներ, այլեւ հարյուրամյակներ եւ հազարամյակներ: Այսպես, շոգեմեքենայի տեսությունը մշակելու, այսինքն՝ նրա էությունը, գործողության ներքին օրենքներն ու մեխանիզմը ճանաչելու համար պահանջվեց մի քանի տասնյակ տարի, հավերժական շարժիչի, քիմիական միջոցներով ոսկի եւ արծաթ ստանալու անհնարությունն իմանալու համար պահանջվեց մի քանի հարյուր տարի, իսկ խմորման ու թթվեցման պատճառներն ու մեխանիզմները ճանաչելու համար պահանջվեց մի քանի հազարամյակ, թեեւ մարդիկ պրակտիկորեն օգտագործում էին այդ գործընթացները հաց թխելու եւ գինի պատրաստելու համար:
Իմացությունը կարող է նաեւ կտրվել պրակտիկայից, իրական կյանքից եւ վերածվել անառարկայական, դատարկ ու անպտուղ սխոլաստիկայի: Դա հատկապես բնորոշ է հասարակական գիտությունների համար, որոնց ուսումնասիրության առարկան վերին աստիճանի դինամիկ, փոփոխական է: Նման վիճակում է հայտնվել, օրինակ, մարքսիզմ-լենինիզմը, որը XX դ. հասարակական պրակտիկան, սոցիալիզմի պրակտիկան ուսումնասիրելու եւ ճանաչելու փոխարեն զբաղված էր իր հիմնադիրների մտքերի կրկնությամբ: Մարքսիզմի տեսաբանների համար ամենաուժեղը, ամենաանառարկելին «Մարքսն ասել է, Էնգելսն ասել է, Լենինն ասել է» փաստարկն էր: Եթե իմացության ետ մնալը ստիպում է պրակտիկային խարխափել խավարի մեջ, դանդաղեցնում ու կասեցնում է պրակտիկայի առաջընթացը, ապա նրա կտրվելը պրակտիկայից, հատկապես պրակտիկայի վրա բռնանալը հասցնում է պրակտիկայի խեղաթյուրմանն ու այլասերմանը եւ, ի վերջո, քայքայմանը: Մասնավորապես դա եղավ ԽՍՀՄ-ի ու համաշխարհային սոցիալիզմի սրընթաց փլուզման գլխավոր պատճառներից մեկը:
Իսկ երբ իմացությունն առաջ է անցնում պրակտիկայից, ապա լուսավորում է նրա ուղին ու մեծապես խթանում նրա հետագա զարգացումը: Առաջ անցնելու պատճառն այն է, որ իմացությունը զարգանում է ոչ միայն պրակտիկայի ազդեցության տակ, այլեւ իր ներքին օրենքներով, հատկապես ինտուիցիայի եւ մտածողության տրամաբանական օրենքներով: Այդ օրենքներն ապահովում են մարդկային մտքի հետեւողականությունը եւ հնարավորություն են տալիս թափանցելու աշխարհի այնպիսի ոլորտներ, հայտնաբերելու այնպիսի երեւույթներ ու գործընթացներ, որոնք պրակտիկայի համար կամ տվյալ ժամանակաշրջանում, կամ ընդհանրապես անմատչելի են: Դա կատարվում է գիտական կանխատեսումների շնորհիվ: Կանխատեսելով նոր, անհայտ իրեր ու երեւույթներ կամ ապագան, իմացությունը կարող է անգամ հարյուրամյակներով եւ ավելի առաջ անցնել պրակտիկայից եւ ցույց տալ նրա զարգացման հեռանկարները: Այսպես, 50 տարուց ավելի է, բայց հսկելի ջերմամիջուկային էներգիայի ստացման կանխատեսումը դեռեւս պրակտիկայում իրականացված չէ, եւ հայտնի չէ, թե երբ կիրականացվի: Ֆոտոնային շարժիչի կանխատեսման իրականացումը, մասնագետների կարծիքով, հեռավոր ապագայի խնդիր է: Որքան ճշգրիտ, կարեւոր, խոր ու հեռավոր են գիտական իմացության կանխատեսումները, այնքան ուժեղ է նրա խթանիչ ազդեցությունը պրակտիկայի զարգացման վրա:
Եվ այդպես, հաջորդաբար առաջ անցնելով մեկը մյուսից, փոխադարձաբար, խթանելով միմյանց, պրակտիկան եւ իմացությունը բարձրացնում են իրենց զարգացման տեմպերը:
Երկրորդ, պրակտիկան իմացության ոչ միայն հիմքն է, այլեւ նպատակը: Մարդկային իմացությունն ինքնանպատակ չէ: Մարդը մեծ դժվարություններով ու ծախսերի գնով ճանաչում է աշխարհը ոչ պարզապես ճանաչելու համար: Նա ձգտում է ճանաչել ճշմարտությունը պրակտիկայում այն կիրառելու, ճանաչված իրերն ու երեւույթներն իր պահանջմունքներին ծառայեցնելու եւ իր բարեկեցությունը բարձրացնելու համար: Պրակտիկայի շնորհիվ մարդն իրեն է ենթարկում աշխարհը, նրա նկատմամբ հասնում է տիրապետության: «Գիտելիքն ուժ է»,_ ասել է XVII դ. Ֆ. Բեկոնը եւ նշել է, որ նոր դարաշրջանի հիմքում ընկած են 3 խոշորագույն հայտնագործությունները՝ վառոդի, կողմնացույցի եւ գրքի տպագրության: Մեր դարաշրջանը կարելի է բնորոշել որպես ատոմային էներգետիկայի, ինֆորմատիկայի, տիեզերագնացության եւ գենետիկայի դարաշրջան:
Բայց պրակտիկան որպես իմացության նպատակ հանդես է գալիս ուղղակիորեն կամ անուղղակիորեն: Առաջին դեպքում իմացությունը ձգտում է հայտնաբերել այնպիսի ճշմարտություններ, որոնք կարող են անմիջապես նյութական օգուտ բերել, այսինքն՝ ստեղծել նոր տեխնիկա, տեխնոլոգիա, նորանոր նյութական բարիքներ, բարելավել մարդկանց կյանքը: Երկրորդ դեպքում իմացությունն անմիջականորեն հետապնդում է ճանաչողական նպատակներ, ձգտում է խորանալ աշխարհի էության մեջ, բացահայտել նրա կառուցվածքները, հայտնաբերել նորանոր իրեր ու երեւույթներ, մի կողմ թողնելով դրանց պրակտիկ օգտակարության հարցը: Այսպես, հարյուրամյակներ, հազարամյակներ շարունակ մարդիկ զուտ հետաքրքրությունից դրդված դիտարկել են երկինքը, աստղերը, մոլորակները եւ այլ տիեզերական մարմինները, սպեկտրալ անալիզի միջոցով պարզել են նրանց բաղադրությունն առանց պատկերացնելու նրանց պրակտիկ նշանակությունը: Էլեկտրականության օրենքների, ատոմի կառուցվածքի, ներատոմային էներգիայի ճանաչողության շրջանում գիտնականները չեն իմացել, թե ինչ գործնական նշանակություն կարող են ունենալ այդ գիտելիքները: Քանի դեռ նման տիպի գիտելիքների կիրառական նշանակությունը հայտնի չէ, դրանք հանդես են գալիս որպես զուտ տեսական գիտելիքներ: Միայն հետագայում, տարիներ կամ տասնամյակներ անց, սովորաբար անսպասելիորեն պարզվում են առաջին հայացքից պրակտիկ նշանակություն չունեցող տեսական գիտելիքների կիրառման ոլորտները եւ ուղիները:
Դրա հիման վրա ժամանակակից գիտության մեջ տարանջատված են 2 հարցեր՝ «սա ի՞նչ է» զուտ ճանաչողական հարցը եւ «սա ինչի՞ համար է» կիրառական հարցը: Համապատասխանաբար գիտությունն այժմ բաժանված է տեսական հիմնարար (ֆունդամենտալ) գիտությունների եւ կիրառական գիտությունների: Հիմնարար գիտություններով առավելապես զբաղված են ակադեմիական գիտահետազոտական ինստիտուտները, իսկ կիրառական գիտություններով՝ ճյուղային ինստիտուտները:
Արդի գիտատեխնիկական հեղափոխության դարաշրջանում նկատելի է տեսական ու կիրառական հետազոտությունների մերձեցման ուժեղ միտում, գնալով կրճատվում է ժամանակը գիտական հայտնագործությունների եւ նրանց կիրառման միջեւ: Եվ դա մեծապես նպաստում է գիտատեխնիկական բուռն հարաճուն առաջընթացին:
Երրորդ. պրակտիկան գիտելիքների ճշմարտության չափանիշն է: Ճշմարտության չափանիշի խնդիրը չափազանց կարեւոր է, որովհետեւ ճանաչողության ընթացքում մարդը հաճախ է սխալվում եւ ընկնում մոլորության մեջ, երեւույթը, այսինքն՝ իր աչքին թվացողն ընդունում է էության, իրականում կատարվողի տեղ: Այդ պատճառով էլ ծագել է ճշմարտությունը մոլորությունից տարբերելու խնդիրը: Փիլիսոփաներին հետաքրքրել է մի հարց. կա՞ արդյոք մի չափանիշ, որը թույլ տա մարդկանց հստակորեն պարզել, թե որ գիտելիքն է ճշմարիտ եւ որը՝ ոչ: Սկեպտիկները ժխտել են այդպիսի չափանիշի գոյությունը եւ դրա հիման վրա ճշմարտությունը մոլորությունից տարբերելու հարցը համարել են անլուծելի: Իսկ այն փիլիսոփաները, որոնք աշխարհը ճանաչելի են համարում, առաջարկել են մի շարք չափանիշներ: Ըստ ռացիոնալիստների, ճշմարտության չափանիշը մտքի պարզորոշությունն ու հստակությունն է, ըստ էմպիրիկների՝ մտքի համընկնումը զգայությունների հետ, կամ վերիֆիկացիան, այսինքն՝ անմիջական զգայական փորձով ստուգելը, ըստ ռելյատիվիստների՝ գիտելիքի հանրանշանակ բնույթը, ըստ պրագմատիկների՝ հաջողությունը կամ օգուտը եւ այլն:
Սակայն բոլոր վերը թվարկված չափանիշները հուսալի չեն, որովհետեւ սուբյեկտիվ են, գտնվում են գիտակցության, նրա ճանաչողության մեջ: Իսկ ճանաչողությունը, իմացությունը չի կարող ինքն իր իսկ ճշմարտության որոշակի չափանիշը լինել: Հիրավի, այն, ինչ մեկի համար պարզորոշ ու հստակ է, մյուսի համար կարող է բոլորովին էլ պարզորոշ ու հստակ չլինել: Զգայությունները, նրանց միջոցով գիտելիքի վերիֆիկացիան եւս բավարար չէ, որովհետւ, ինչպես արդեն պարզել ենք, զգայությունները հաճախ են խաբում մարդկանց եւ, դրանից բացի, ոչ ամեն ինչ է հնարավոր զգայապես ստուգել, հատկապես ընդհանուր տեսական դրույթները: Հանրանշանակությունը եւս պիտանի չէ, քանզի մարդիկ զանգվածաբար եւս կարող են սխալվել: Իսկ ինչ վերաբերում է հաջողությանը, ապա մարդիկ կարող են հաջողության հասնել եւ օգուտ քաղել նաեւ խաբեության միջոցով: Եվ, ցավոք, աշխարհում քիչ չեն խաբեությամբ ոչ միայն ապրողները, այլեւ բարգավաճողները:
Ճշմարտության չափանիշը պետք է օբյեկտիվ լինի, որովհետեւ ճշմարտությունն իր բովանդակությամբ օբյեկտիվ է, օբյեկտիվ աշխարհի արտացոլումն է: Այն պետք է ապահովի մարդկային իմացության ելքը դեպի արտաքին աշխարհ, հնարավորություն տա համեմատելու գիտելիքներն օբյեկտիվ իրերի ու երեւույթների հետ: Այդպիսի օբյեկտիվ չափանիշ կարող է լինել միայն պրակտիկան, մարդու նպատակադիր նյութական, առարկայական գործունեությունը: Պրակտիկան, լինելով օբյեկտիվ, միաժամանակ անմիջական ու համընդհանուր է, որովհետեւ նրա միջոցով է մարդն ուղղակի եւ համակողմանի ներգործության մեջ մտնում աշխարհի հետ:
Բնական իրերի ու երեւույթների մասին գիտելիքների ճշմարտությունն ստուգելու համար դիմում են գիտափորձին, դիտարկումներին, արդյունաբերությանը եւ գյուղատնտեսությանը, որոնց շնորհիվ մարդիկ արհեստական պայմաններում վերարտադրում են այս կամ այն իրերն ու երեւույթները: Օրինակ, կայծակի էլեկտրական բնույթը վերջնականապես պարզվեց, երբ լաբորատոր պայմաններում կայծակ առաջացրին: Կաուչուկի քիմիական բաղադրությունը վերջնականապես պարզվեց սինթետիկ կաուչուկ ստանալու շնորհիվ:
Գիտելիքի ճշմարտությունն ստուգելու համար երբեմն պահանջվում են հարյուրամյակներ: Այդպես, վերջնականապես ստուգվեց Կոպեռնիկոսի արեւակենտրոն համակարգը: Միայն 400 տարի անց Նեպտուն մոլորակի կանխատեսման ու հայտնաբերման շնորհիվ հաստատվեց Կոպեռնիկոսի ուսմունքի եւ դրա հետ մեկտեղ Նյուտոնի ձգողականության օրենքի ճշմարտացիությունը:
Ընդհանրապես գիտելիքի ճշմարտության ստուգումը կատարվում է նրանից արված կանխատեսումներն ստուգելու միջոցով: Երբ գիտափորձը հաստատում է տվյալ գիտելիքից արված կանխատեսումը երեւույթի փոփոխության մասին կամ այն արհեստականորեն ստեղծելու մասին, դրանով պարզվում է այդ գիտելիքի ճշմարտությունը: Նույն կերպ, կանխատեսումների միջոցով է ստուգվում դիտարկումներից ստացված գիտելիքի ճշմարտությունը: Դրա ցայտուն օրինակներից է Նեպտուն մոլորակի վերը նշված հայտնաբերումը: Իսկ եթե այդ կանխատեսումները չեն հաստատվում, դա նշանակում է տվյալ գիտելիքները ճշմարիտ չեն, մոլորություն են:
Գիտելիքների ճշմարտացիությունն ստուգելու առավել լայն ու հիմնավոր միջոցը արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն են:
Պրակտիկան բոլոր տեսակի մոլորությունների, կեղծիքների ու խաբեությունների լավագույն մերկացնողն է: Որքան էլ մարդիկ խորամանկորեն կեղծեն ու խաբեն, միեւնույն է՝ վաղ թե ուշ պրակտիկան կմերկացնի, անհաջողության կմատնի ու կպատժի նրանց, առաջացնելով մեծ ու փոքր վթարներ, այդ թվում պատճառելով մարդկային, մեծաքանակ մարդկային զոհեր: Այդ առնչությամբ բավական է վերհիշել Չեռնոբիլի ատոմակայանի վթարը եւ սոցիալիզմի փլուզումը ԽՍՀՄ-ում, որը կառուցվել էր տասնյակ միլիոնավոր մարդկանց կյանքի գնով: Շատ խրատական է այն փաստը, որ խորհրդային ղեկավարներին չօգնեցին ոչ միայն կեղծիքն ու խաբեությունը, այլեւ զանգվածային բռնություններն ու կոտորածները, միջուկային զենքով զինված վիթխարի բանակն ու ամենակարող ՊԱԿ-ը: Պրակտիկան ի վերջո կայացրեց իր անողոք պատմական դատավճիռը՝ գիտական կոմունիզմի այնքան փառաբանված մեծագույն ճշմարտություններն իրականում մեծագույն համաշխարհային պատմական մոլորություններ են:
Պրակտիկան մարդկային իմացության գերագույն եւ արտաքին չափանիշն է: Այն արտաքին է, որովհետեւ պահանջում է դուրս գալ իմացության, գիտելիքների սահմաններից դեպի արտաքին աշխարհի օբյեկտները: Իսկ այն դեպքերում, երբ գիտելիքներն իրենց խիստ վերացականության պատճառով կամ տարբեր տեխնիկական պատճառներով հնարավոր չի լինում անմիջականորեն պրակտիկայի միջոցով ստուգել, գործի են դրվում ներիմացական, ներգիտական չափանիշները:
Այդ ներքին չափանիշներից առաջինը տրամաբանական չափանիշն է:
Մարդկային մտածողությունը, ելնելով ճշմարիտ նախադրյալներից, մտահանգումների միջոցով կարող է ճշմարիտ եզրակացություններ անել: Դրանց ճշմարտացիությունն ստուգելու համար անհրաժեշտ է ստուգել մտահանգման ճշտությունը, այսինքն՝ նրա համապատասխանությունը մտածողության օրենքներին: Եթե որպես նախադրյալ վերցված գիտելիքները ճշմարիտ են եւ ճիշտ են կիրառվել մտածողության օրենքները, ապա նրանց հիման վրա ստացված նոր գիտելիքները եւս ճշմարիտ են: Հետեւապես, լրացուցիչ պրակտիկ ստուգումն ավելորդ է: Տրամաբանական չափանիշի շնորհիվ կատարվող ճշմարտության հաստատումը կոչվում է ապացուցում:
Այս չափանիշի դերը մեծ է, բայց անկախ չէ պրակտիկայից, որովհետեւ տրամաբանության օրենքներում կուտակված է մարդկության բազմադարյան պրակտիկայի փորձը: Այդտեղ անուղղակիորեն, միջնորդավորված ձեւով գործում է պրակտիկան:
Տարբեր գիտություններում նշված չափանիշների տեսակարար կշիռը տարբեր է: Էմպիրիկ գիտություններում, որոնք հենվում են զգայական փորձի վրա, կիրառվում են եւ պրակտիկ, եւ տրամաբանական չափանիշները, սակայն ընդհանուր առմամբ գերապատվությունը տալիս են պրակտիկ չափանիշին: Տեսական գիտություններում, օրինակ, մաթեմատիկայում՝ ընդհակառակն, առավելություն է ստանում տրամաբանական չափանիշը: Սովորաբար բավական է լինում մաթեմատիկական գիտելիքի տրամաբանական հետեւողականությունը, նրա անհակասականությունը, որպեսզի այն ճշմարիտ ճանաչվի: Այն լրացուցիչ ստուգում է անցնում, երբ կիրառվում է այլ գիտություններում, ասենք՝ մեխանիկայում, ֆիզիկայում, աստղագիտության մեջ եւ այլն, եւ դրա հիման վրա ստացված գիտելիքները պրակտիկորեն հաստատվում են: Բոլոր նման դեպքերում ճշմարտության չափանիշի իր դերը պրակտիկան կատարում է անուղղակիորեն, միջնորդավորված ձեւով: Այդպես անուղղակիորեն ստուգվեց Ռիմանի երկրաչափությունը, երբ պրակտիկան անմիջականորեն հաստատեց ընդհանուր հարաբերականության տեսության ճշմարտացիությունը:
Կան նաեւ ճշմարտության այլ, օժանդակ չափանիշներ, որոնք կիրառվում են այն դեպքերում, երբ պրակտիկայի չափանիշը չի կարողանում գործել, այսինքն՝ չի կարողանում որոշակի պատասխան տալ, թե 2 եւ ավելի մրցակցող տեսակետներից ո՞րն է ճշմարիտ: Դրա պատճառը կարող է լինել կամ պրակտիկայում առկա մի որեւէ սխալ, կամ էլ նրա չափազանց ետ մնալն իմացությունից: Նմանօրինակ իրավիճակներում օգնության են գալիս պարզության, տրամաբանական կուռ կառուցվածության, ներդաշնակության եւ անգամ նրբագեղության չափանիշները: Գիտական իմացության բազմադարյան փորձը վկայում է, որ պրակտիկան, որպես կանոն, հաստատում է այն տեսությունների ճշմարտությունը, որոնք օժտված են նշված հատկանիշներով: Այս օժանդակ չափանիշները եւս ներիմացական, ներգիտական են եւ վկայում են գիտական տեսության ավելի շուտ հնարավոր ճշմարտության, քան թե իրական ճշմարտության մասին: Դրանք օգնում են սոսկ ընտրություն կատարել մրցակցող տեսությունների միջեւ եւ ընտրել առավել հավանականը: Բայց այդ ընտրությունից է հաճախ կախված լինում, թե որքան ժամանակ կխլեն հետագա հետազոտություններն ու ստուգումները, ինչ ծախսեր կպահանջեն եւ ինչ արդյունքներ կտան: Ուստի՝ ճշմարտության վերոհիշյալ օժանդակ չափանիշների դերը չի կարելի թերագնահատել:
Ճշմարտության օժանդակ չափանիշներից է նաեւ ինտուիցիան, այսինքն՝ ճշմարտության ինտուիտիվ զգացողությունը, երբ մարդը զգում է, թե որն է ճշմարտությունը, եւ պրակտիկան հետագայում հաստատում է այն:
Պրակտիկան թեեւ ճշմարտության միակ օբյեկտիվ, հուսալի, գերագույն չափանիշն է, սակայն չի կարելի գերագնահատել նրա դերը եւ համարել ամենակարող, որովհետեւ այն ունի պատմական բնույթ, ժամանակի ընթացքում զարգանում է՝ ընդլայնվում, խորանում եւ ճշգրտվում է: Հսկայական տարբերություն կա նախնադարյան մարդու, միջնադարի, նոր եւ նորագույն դարաշրջանների հասարակական պրակտիկաների միջեւ: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր դարաշրջանի պրակտիկան պատմականորեն սահմանափակ ու, հետեւապես, հարաբերական է: Այն սահմանափակ եւ հարաբերական է, որովհետեւ չի կարող լիովին ընդգրկել աշխարհի երեւույթների անվերջությունը, անվերջորեն խորանալ նրանց անսպառ էության մեջ, հասնել անվերջ ճշգրտության: Զարգանալով, այն ավելի ու ավելի է ընդլայնվում, խորանում եւ ճշգրտվում, բայց միշտ ընդգրկում է անվերջ աշխարհի միայն մի մասը:
Այստեղից հետեւում է, որ պրակտիկայի չափանիշը միշտ հարաբերական է ու չի կարող մեկ անգամ եւ ընդմիշտ լիովին, իդեալական ճշտությամբ հաստատել կամ հերքել մի որեւէ գիտելիք: Իր զարգացման ընթացքում ընդլայնվելով, խորանալով ու ճշգրտվելով, այն պարբերաբար լրացումներ եւ ուղղումներ է մտցնում ձեռք բերված ճշմարտությունների մեջ, իսկ երբեմն էլ արմատապես վերանայում է դրանք: Այսպես, Նյուտոնի դարաշրջանից մինչեւ XIX դ. վերջը, երբ ֆիզիկայի պրակտիկան, այսինքն՝ գիտափորձը սահմանափակված էր լույսի համեմատ փոքր արագությամբ շարժվող մակրոմարմիններով, դրանց ժամանակի, տարածության եւ զանգվածի կախումն արագության մեծությունից այնքան չնչին էր, որ չէր դրսեւորվում: Այդ կախումը նկատելու համար 2 ուղի կար. կամ չափումների ճշգրտությունը պետք է միլիոնավոր անգամ բարձրացվեր, կամ էլ գիտափորձը պետք է ընդգրկեր լույսին մոտ արագությունները, որպեսզի մարմնի զանգվածի եւ տարածաժամանակային հատկությունների փոփոխությունները դառնային զգալի եւ նկատելի:
Առաջին ուղին այն ժամանակ անհնար էր, եւ այդ պատճառով ֆիզիկան ընտրեց երկրորդ ուղին, ձեռնամուխ լինելով մեծ արագությունների փորձնական ուսումնասիրություններին: Այդ նոր գիտափորձերի, նոր պրակտիկայի հիման վրա էլ ստեղծվեց եւ ստուգվեց հարաբերականության տեսությունը:
Պրակտիկայի չափանիշի հարաբերականությունն էլ պայմանավորում է գիտելիքի ճշմարտացիության հարաբերականությունը: Այլ կերպ ասած՝ հարաբերական պրակտիկան հաստատում է միայն հարաբերական ճշմարտությունները: Սակայն պրակտիկան ոչ միայն հարաբերական է, այլեւ բացարձակ, որովհետեւ նրա մեջ միշտ կան նաեւ բացարձակի տարրերը, կամ հատիկները: Բացարձակի այդ տարրերը, կամ հատիկները դրսեւորվում են հետեւյալ կերպ. եթե պրակտիկան մի որեւէ գիտելիք հաստատել է, ապա այն չի կարող լիովին մոլորություն լինել ու հետագայում լիովին հերքվել, որովհետեւ նրա մեջ կա բացարձակ ճշմարտության տարրը կամ հատիկը: Այսպես, հարաբերական տեսության պրակտիկան հերքեց նյուտոնյան մեխանիկայի սկզբունքները, բայց ոչ լիովին: Ինչպես անցյալում, այնպես էլ հիմա, փոքր արագությունների դեպքում նյուտոնյան մեխանիկան վերին աստիճանի ճշմարիտ է, քանզի նրանից շեղումները շատ չնչին են: Իսկ մեծ արագությունների դեպքում իրավիճակը փոխվում է. այդ շեղումները մեծանում, դառնում են էական, հետեւապես որակ են կազմում: Տվյալ պայմաններում Նյուտոնի մեխանիկան դադարում է ճշմարիտ լինել, իր տեղը զիջելով հարաբերականության տեսությանը:
Բացարձակի եւ հարաբերականի դիալեկտիկական միասնությունը պրակտիկայի եւ ճշմարտության մեջ իր կոնկրետ դրսեւորումն է գտել Բորի համապատասխանության սկզբունքում: Ըստ համապատասխանության սկզբունքի, նոր, ավելի ընդհանուր ֆիզիկական տեսությունը լիովին չի հերքում նախորդ տեսությունը. այն ներառում է նախորդին՝ որպես իր սահմանային, մասնավոր դեպքը: Իրոք, փոքր արագությունների դեպքում հարաբերականության տեսության բանաձեւերը եւ օրենքները սահուն կերպով փոխակերպվում են նյուտոնյան մեխանիկայի բանաձեւերի ու օրենքների: Նույն ձեւով էլ մեծ զանգվածների ու էներգիաների դեպքում սահուն անցում է կատարվում քվանտային մեխանիկայից նյուտոնյան մեխանիկային: Բորի սկզբունքը նորագույն ֆիզիկայի կարեւորագույն մեթոդաբանական սկզբունքներից է:
Անընդհատ զարգանալով, ընդլայնվելով, խորանալով ու ճշգրտվելով, պրակտիկան որպես ճշմարտության չափանիշ հաղթահարում է իր պատմական սահմանափակությունը, կատարելագործվում եւ ապահովում է մարդկային իմացության առաջընթացը հարաբերական ճշմարտություններից դեպի լիակատար բացարձակ ճշմարտություն, մաքրելով գիտելիքները բոլոր տեսակի մոլորություններից, սխալներից ու կեղծիքներից:
« 4. ԳԻՏԱԿԱՆ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պետք է նկատի ունենալ, որ վերն ասվածը վերաբերում է մարդկային իմացությանն ընդհանրապես: Մինչդեռ իրականում այն բաժանվում է մի քանի տեսակների: Դրանցից են առօրեական, գիտական, գեղարվեստական եւ այլ տեսակի իմացությունները: Այստեղ մենք քննարկելու ենք առօրեական եւ գիտական իմացության բնորոշ գծերն ու տարբերությունները:
Առօրեական իմացությունը ծագում է մարդու կենսագործունեության ընթացքում: Մարդն ապրում է, աշխատում է, շփվում է իր շրջապատի իրերի ու մարդկանց հետ եւ փորձ ու գիտելիքներ է ձեռք բերում: Այդ գիտելիքներն առաջանում ու զարգանում են տարերայնորեն, առանց հատուկ ուսումնասիրությունների ու հետազոտությունների, առանց հատուկ սարքերի ու մեթոդների, հիմնավորումների եւ ապացուցումների, մակերեսային են, որովհետեւ չեն խորանում իրերի ներքին էության, կառուցվածքի ու օրենքների մեջ, համակարգված չեն, զուրկ են ճշգրտությունից:
Գիտական իմացությունն օժտված է հակադիր գծերով: Նախ, այն աշխատանքի հատուկ բնագավառ է, գիտական աշխատանքի, որով զբաղվում են հատուկ մարդիկ՝ գիտնականներ եւ որոնք ունեն մեծ ընդունակություններ, տաղանդ ու հանճար: Բացի դրանից, այն առաջանում ու զարգանում է ոչ թե տարերայնորեն, այլ նախապես պլանավորված ուսումնասիրությունների ու հետազոտությունների միջոցով, հատուկ սարքերի ու մեթոդների օգնությամբ, տալիս է խոր գիտելիքներ, որոնք արտացոլում են իրերի ու երեւույթների ներքին էությունը, կառուցվածքը եւ օրենքները, որոնք հիմնավորված ու ապացուցված են, ունեն համակարգային բնույթ: Դրա շնորհիվ այն կարողանում է ճանաչել այնպիսի իրեր ու երեւույթներ, այնպիսի օբյեկտներ, որոնք առօրեական իմացության համար մատչելի չեն, ինչպես, օրինակ, մոլեկուլները, ատոմները, տարրական մասնիկները, գեները, այդ բոլորի կառուցվածքները, հատկություններն ու կապերը: Վերջապես, այն շատ ավելի ճշգրիտ է, ընդ որում՝ ունի ճշգրտության իր տեխնիկական չափանիշները:
Գիտական իմացության, հետեւապես գիտելիքի մեջ կա 2 մակարդակ՝ էմպիրիկ (փորձնական) եւ տեսական:
Էմպիրիկ իմացությունն իրագործվում է գիտափորձի, դիտարկման, չափման, համեմատության, համանմանության (անալոգիայի), մոդելավորման, ինդուկցիայի, վիճակագրական եւ այլ մեթոդների միջոցով:
Գիտափորձի մեթոդը կիրառելու դեպքում հետազոտողը ճանաչում է ուսումնասիրվող օբյեկտը, ներգործելով ու փոփոխելով այն կամ էլ արհեստական պայմաններում վերստեղծելով այն: Գիտափորձը էմպիրիկ իմացության ամենաարդյունավետ մեթոդն է, որովհետեւ հիմնված է իրերի ու երեւույթների ընթացքին հետազոտողի ակտիվ միջամտության վրա: Որքան ավելի խոր ու զորեղ է այդ միջամտությունը, այնքան խոր, լայն ու ճշգրիտ է նրա ճանաչողությունը:
Դիտարկման մեթոդն ուսումնասիրվող իրերի ու երեւույթների նպատակասլաց եւ սիստեմատիկ ընկալումների ամբողջությունն է: Դիտարկումներին դիմում են այն ժամանակ, երբ ուսումնասիրվող օբյեկտի վրա ինչ-ինչ պատճառներով ներգործել հնարավոր չէ: Օրինակ, դիտարկման մեթոդն առաջատարն է աստղագիտության եւ տիեզերաբանության մեջ, քանզի նրանց օբյեկտները, աստղերը, գալակտիկաները եւ մետագալակտիկան գտնվում են Երկրից անհասանելի հեռավորությունների վրա: Նման դեպքերում հետազոտողը դիտարկում է ուսումնասիրվող օբյեկտը տարբեր պայմաններում, հետեւում է նրա մեջ կատարվող փոփոխություններին, որսում է այն պահերը, երբ օբյեկտը դրսեւորվում է համեմատաբար մաքուր ձեւով՝ ազատ կողմնակի խանգարող եւ մթագնող հանգամանքներից: Այստեղ լաբորատորիայի դերը կատարում է ինքը բնությունը:
Դիտարկումներում գլխավորը մարդու զգայարաններն են, բայց, ինչպես հայտնի է, դրանք չափազանց սահմանափակ են: Այդ պատճառով էլ օգտագործվում են ամենատարբեր սարքեր, որոնք մեծապես բարձրացնում են զգայարանների ուժը, ինչպես, օրինակ, աստղադիտակները, միկրոսկոպները եւ այլն:
Չափման մեթոդի օգնությամբ գիտափորձերի ու դիտարկումների ընթացքում կատարվում են տարաբնույթ չափումներ: Չափվում են զանգվածները, տարածաժամանակային հատկությունները, էներգիաները, դրանց հետ կատարվող փոփոխությունները եւ այլն: Չափումների ճշգրտության բարձրացումը հնարավորություն է տալիս նկատելու այնպիսի երեւույթներ ու հատկություններ, որոնք մինչ այդ նկատելի չէին: Այսպես, ատոմային ժամացույցի աներեւակայելի ճշգրտությունը հնարավորություն տվեց չափել ժամանակի հոսքի դանդաղումն ինքնաթիռի արագության պայմաններում:
Համեմատության մեթոդը նպատակ է հետապնդում պարզել բազմազան իրերի ու երեւույթների միջեւ եղած նմանությունները եւ տարբերությունները, դասակարգել դրանք, բաժանելով առանձին դասերի, ենթադասերի եւ այլն: Համեմատության մեթոդն ուղի է բացում համանմանության (անալոգիայի) մեթոդի համար:
Համանմանության մեթոդն իր հերթին, ելնելով տարբեր իրերի ու երեւույթների որոշ նմանություններից, հնարավորություն է տալիս ենթադրելու նաեւ նրանց այլ նմանությունների մասին: Այդ ենթադրությունների պրակտիկ ստուգումը մեծ խթան է հանդիսանում իմացության հետագա զարգացման համար:
Համանմանության մեթոդի հիման վրա առաջանում ու կիրառվում է մոդելավորման մեթոդը:
Մոդելավորման մեթոդը գործի է դրվում այն ժամանակ, երբ իմացության օբյեկտը վերին աստիճանի բարդ եւ դժվար ուսումնասիրելի է, կամ անմատչելի է, ինչպես, օրինակ, տիեզերական մարմինները, կամ տնտեսապես շահավետ չէ եւ այլն: Այդ դեպքում ուսումնասիրման համար տվյալ օբյեկտի փոխարեն ընտրվում է դրան որոշ չափով նման մի այլ օբյեկտ, շատ ավելի պարզ ու դյուրին ճանաչելի, մատչելի ու տնտեսապես շահավետ, որը եւ մոդել է կոչվում: Մոդելի համեմատությամբ ուսումնասիրության օբյեկտը հանդես է գալիս որպես բնօրինակ: Մոդելավորման մեթոդի օգնությամբ բնօրինակն ուսումնասիրելու համար նախ պետք է հարմար մոդել ընտրել, հետո այն ուսումնասիրել, ապա ստացված գիտելիքները հարմարեցնել ու տարածել բնօրինակի վրա եւ, վերջապես, արդյունքները ենթարկել փորձնական ստուգման: Օրինակ, էլեկտրակայան կառուցելուց առաջ սկզբում նրա փոքր մոդելն են կառուցում եւ փորձարկում, այնուհետեւ ստացված արդյունքները տարածում են բնօրինակի, այսինքն՝ կայանի նախագծի վրա, տեղ գտած բացերն ու սխալներն են ուղղում եւ նոր անցնում կայանի շինարարությանը:
Երբեմն կիրառվում է նաեւ կասկադային մոդելավորման մեթոդը, երբ այդ կառուցված էլեկտրակայանը դիտվում է որպես մոդել ավելի խոշոր կայանի համար, իսկ այն իր հերթին՝ մոդել էլ ավելի խոշոր կայանի համար, եւ այդպես շարունակ:
Այստեղ խոսքը նյութական մոդելների եւ մեկ էլ երեւակայական, մտային ակնառու մոդելների կամ մտային գիտափորձի մասին է, մոդելներ, որոնք բնորոշ են էմպիրիկ ճանաչողության համար: Այդ մտային գիտափորձի ցայտուն օրինակներից է ձգողական դաշտից զուրկ տարածության մեջ 9,8 մ/վ2 արագացումով շարժվող վերելակի մոդելը: Տվյալ մոդելավորումը կարելի է միայն մտքում իրագործել, որովհետեւ ձգողական դաշտից զուրկ տարածություն չի կարող լինել: Նմանօրինակ մտային գիտափորձ է նաեւ ատոմի միջուկի տրոհման՝ կաթիլից ջրի մոլեկուլի գոլորշացման մոդելը:
Մոդելավորման մեթոդը կիրառվում է նաեւ գիտական իմացության տեսական մակարդակում, որտեղ, ինչպես հետագայում կպարզենք, ստեղծվում են վերացական՝ նշանային ու մաթեմատիկական մոդելներ:
Գիտական իմացության էմպիրիկ մակարդակը նպատակ ունի հավաքել ու նկարագրել էմպիրիկ փաստերը: Էմպիրիկ փաստերն այն ճշմարիտ զգայական գիտելիքներն են, որոնք ստացված եւ հիմնավորապես ստուգված են փորձի ու դիտարկումների միջոցով, ուստի ունեն հավաստի բնույթ: Փաստերն անհերքելի են եւ այդ պատճառով էլ համառ: Զուր չէ ասված. փաստերը համառ բան են, փաստերի դեմ գնալն իմաստ չունի: Փաստերի հավաստիությունը խիստ կարեւոր է, որովհետեւ դրանք ելակետ են ծառայում գիտական տեսությունների կառուցման համար: Եթե փաստերը հավաստի չեն, ապա դրանց հիման վրա ստեղծված տեսությունների ճշմարտացիության մասին որեւէ բան ասել հնարավոր չէ: Իզուր չի ասվում. փաստերը գիտության օդն են, առանց փաստերի գիտությունը շնչահեղձ է լինում:
Էմպիրիկ մակարդակում փաստերը ոչ միայն հավաքվում են, այլեւ ընդհանրացվում: Փաստերի ընդհանրացումն էլ կատարվում է ինդուկտիվ կամ վիճակագրական մեթոդներով: Ինդուկտիվ մեթոդից օգտվում են, երբ ուսումնասիրվող հատկությունը, օրինակ՝ էլեկտրահաղորդականությունը, բնորոշ է տվյալ խմբի բոլոր իրերի համար, օրինակ՝ մետաղների համար: Իսկ եթե հատկությունը բնորոշ է հետազոտված երեւույթների միայն մի մասին, ապա կիրառվում է վիճակագրական մեթոդը, որի միջոցով պարզվում է, թե դրանց որ տոկոսն է օժտված տվյալ հատկությամբ:
Փաստերի ինդուկտիվ կամ վիճակագրական ընդհանրացումները թույլ են տալիս հայտնաբերելու էմպիրիկ օրենքներ, որոնք սոսկ ցույց են տալիս, թե ինչպես են տեղի ունենում այս կամ այն երեւույթները, եւ չեն բացահայտում, թե ինչու են նրանք այդպես տեղի ունենում: Այսինքն՝ նրանք չեն բացահայտում երեւույթների պատճառներն ու ներքին մեխանիզմները, հետեւապես՝ էությունը: Նրանք պատասխանում են «ինչպես» հարցին եւ մի կողմ են թողնում «ինչու» հարցը:
Էմպիրիկ օրենքներից են Բոյլ-Մարիոտի, Օհմի եւ շատ այլ ֆիզիկական օրենքներ: Օրինակ, Բոյլ-Մարիոտի օրենքն ասում է, որ գազի ծավալը հակադարձ համեմատական է ճնշմանը, ուրիշ ոչինչ: Իսկ թե ինչու է դա այդպես, ինչ է կատարվում գազի ներսում, այդ մասին օրենքը լռում է: Հետեւապես, այդ օրենքը, ինչպես նաեւ մյուս էմպիրիկ օրենքները, սոսկ նկարագրում են երեւույթները եւ չեն խորանում նրանց պատճառների ու էության մեջ:
Քանի որ գիտական իմացության էմպիրիկ մակարդակը նպատակ ունի հավաքել ու նկարագրել փաստերը, խիստ կարեւորություն է ստանում նկարագրության լիակատարությունը, մանրամասնությունը եւ ճշգրտությունը: Հետազոտողից մեծագույն ուշադրություն է պահանջվում, որպեսզի նա աչքաթող չանի թեկուզեւ ամենաչնչին մանրուքը, որովհետեւ այդ փուլում դեռ հայտնի չէ, թե փաստերից որն է կարեւորը եւ որը՝ ոչ կարեւորը, եւ բացառված չէ, որ հենց մանրուք համարվողը հանդիսանա այն կարմիր թելը, որը կուղղի ճանաչողությունը դեպի այդ երեւույթների խորքը՝ պատճառները, մեխանիզմները, էությունը: Եվ երբ դա տեղի է ունենում, գիտական իմացությունն իր էմպիրիկ մակարդակից անցում է կատարում տեսական մակարդակին, որտեղ հայտնաբերված փաստերը բացատրվում են:
Տեսական մակարդակը գիտական իմացության բացատրական մակարդակն է: Այն նպատակ ունի բացատրելու իրերի ու երեւույթների մի որեւէ բնագավառ: Իսկ բացատրելու համար մշակվում է գիտական տեսություն, որը հայտնաբերված պատճառներից, նրանց գործողության մեխանիզմներից ու օրենքներից որպես հետեւանքներ բխեցնում է տվյալ բնագավառի բոլոր իրերն ու երեւույթները: Տեսությունը պատասխանում է «ինչու» հարցին, ցույց է տալիս, թե ինչու են այդ իրերն ու երեւույթները հենց այդպես տեղի ունենում: Տեսությունը գիտական իմացության ամենակատարյալ, ամենաբարձր ձեւն է: Այն ունի չափազանց բարդ կառուցվածք, հանդես է գալիս որպես հասկացությունների, սկզբունքների եւ օրենքների համակարգ, որն արտացոլում է իր օբյեկտների էությունը: Հասկացություններն արտացոլում են այդ օբյեկտների առանձին կողմերն ու հատկությունները, սկզբունքները՝ տեսության հիմնարար ելակետային դրույթները, իսկ օրենքները՝ դրանց էական, անհրաժեշտ ու էական կապերը: Յուրաքանչյուր գիտություն բաղկացած է մեկ եւ ավելի տեսություններից:
Տեսական իմացության մեթոդներից են վերլուծության ու համադրության, վերացարկման, վարկածի (հիպոթեզի) ու կանխատեսման, ինդուկցիայի ու դեդուկցիայի, ձեւայնացման, մոդելավորման, մեկնաբանման, վերացականից կոնկրետին վերընթացի, համակարգային եւ այլ մեթոդներ: Վերլուծության մեթոդի շնորհիվ բարդ ամբողջական օբյեկտը բաժանվում է առանձին մասերի ու հատկությունների, որը հեշտացնում է դրանց ուսումնասիրությունը:
Վերացարկման մեթոդը թույլ է տալիս մյուսներից առանձնացնել մի երեւույթ, մի կողմ կամ հատկություն եւ մնացածներից անկախ ուսումնասիրել: Արդյունքում՝ կոնկրետ օբյեկտի մասին ստացվում է միակողմանի վերացական գիտելիք: Վերացարկման ձեւերից են նույնացման, մեկուսացման, իդեալականացման եւ այլ վերացարկումները: Դրանց շնորհիվ երեւույթներն ու հատկությունները ներկայանում են մեզ մաքուր պարզեցված ձեւով, որը չափազանց հեշտացնում է վերջինների հետազոտությունը: Այսպես, նույնացման վերացարկման շնորհիվ էլեկտրոնների փնջում բոլոր էլեկտրոնները դիտվում են որպես նույնական, վերանալով նրանց տարբերություններից: Մեկուսացման միջոցով վերանում ենք երեւույթների մի խմբի վրա, օրինակ՝ քիմիական ռեակցիաների վրա, արտաքին, մեխանիկական ու ֆիզիկական ներգործություններից, որը պարզեցնում ու հեշտացնում է այդ երեւույթների ուսումնասիրությունը: Նույն ձեւով հատկությունները մտովի անջատվում են իրենց կրող առարկաներից: Դրա հիման վրա առաջանում են երկրաչափական ֆիգուրի, թվի, մեծության, ուժի, արագության, գեղեցկության, բարության, առաքինության, հերոսության եւ այլ վերացական հասկացությունները, որոնք անվանվում են նաեւ վերացական օբյեկտներ: Իդեալականացման շնորհիվ իրերի մի որեւէ հատկություն բացարձակացվում եւ վերցվում է մաքուր ձեւով, անտեսվում է հակադիր հատկության գոյությունը: Այդպիսով ձեւավորվում են բացարձակ պինդ մարմնի, բացարձակ սեւ մարմնի, իդեալական գազի, իդեալական հեղուկի եւ այլ վերացական հասկացությունները: Գիտության մեջ դրանք կոչվում են իդեալական օբյեկտներ: Ինքնին հասկանալի է, որ բացարձակ պինդ կամ սեւ մարմիններ իրականում գոյություն չունեն, որովհետեւ ամենապինդ մարմինն էլ որոշ չափով փափուկ է, առաձգական է, ամենասեւ մարմինն էլ բոլոր ճառագայթները լիովին կլանել չի կարող, բայց այդ իդեալականացումները մեծապես հեշտացնում են վերոհիշյալ հատկությունների ճանաչողությունը:
Վերացարկումներն ավարտելուց հետո գիտական իմացությունն անցնում է իր հաջորդ փուլին՝ սկսվում են ուսումնասիրվող օբյեկտների, նրանց հատկությունների առաջացման պատճառների, մեխանիզմների եւ օրենքների, մի խոսքով՝ էության որոնումները: Որոնումներն անխուսափելի են, որովհետեւ այստեղ տրամաբանական ուղի չկա, մտահանգումների միջոցով դրանք հայտնաբերել հնարավոր չէ: Ինչպես Էյնշտեյնն է ասել, դրանք հարկավոր է գտնել: Այստեղ օգնության են հասնում գիտնականի ինտուիցիան եւ վարկածի (հիպոթեզի) մեթոդը:
Ինտուիցիայի միջոցով այդ պատճառները, մեխանիզմներն ու օրենքները հայտնաբերվում են, իսկ վարկածի մեթոդի օգնությամբ դրանք ճշտվում, զարգացվում եւ ստուգվում են: Վարկածը մի որեւէ անհայտ բանի, իրի, երեւույթի, պատճառի, հատկության, օրենքի եւ այլնի մասին արված ենթադրությունն է: Սակայն ոչ ամեն մի ենթադրությունն է գիտական վարկած: Դրա համար, նախ, այն պետք է բացատրի եթե ոչ բոլոր փաստերը, ապա գեթ փաստերի մի մասը: Որքան այդ մասը մեծ է, այնքան վարկածի հավանականությունը բարձր է: Նույնիսկ բոլոր փաստերը բացատրելու դեպքում էլ վարկածը հավաստի գիտելիք չի դառնում, որովհետեւ չի բացառում մի ուրիշ մրցակից վարկածի հնարավորությունը: Երբեմն այդպես էլ լինում է. բոլոր փաստերը նույն հաջողությամբ կարողանում են բացատրել 2 եւ ավելի մրցակցող վարկածներ: Երկրորդ, այն չպետք է հակասի գիտության երկարատեւ ստուգում անցած ընդհանուր հիմնարար սկզբունքներին: Օրինակ, եթե ֆիզիկական մի որեւէ վարկած հակասում է էներգիայի պահպանման սկզբունքին, ապա այն անմիջապես մերժվում է: Երրորդ, այն պետք է կարողանա բացատրել ոչ միայն եղած, հայտնի փաստերը, այլեւ կանխատեսել նոր, անհայտ փաստեր: Ընդ որում, այդ նոր, կանխատեսված փաստերը պետք է լինեն պրակտիկայով, գիտափորձով կամ դիտարկումներով ստուգելի: Եթե վարկածը կանխատեսումների ընդունակ չէ, կամ նրա կանխատեսումները ստուգելի չեն, ապա այն չի կարող գիտական համարվել: Եթե այդ կանխատեսումները հաստատվում են, ապա վարկածը դառնում է հավաստի ճշմարիտ տեսություն, իսկ եթե՝ ոչ, ապա այն մերժվում է որպես մոլորություն: Դրանից հետո առաջադրվում են նոր վարկածներ, փաստերի նոր բացատրություններ, նոր կանխատեսումներ եւ նոր ստուգումներ, մինչեւ որ գտնվի ճշմարտությունը:
Եղած փաստերը վարկածի հիման վրա բացատրելու եւ նոր փաստեր կանխատեսելու համար գործի է դրվում դեդուկտիվ մեթոդը: Վարկածը վերցվում է որպես դեդուկտիվ մտահանգման մեծ նախադրյալ, իսկ եղած փաստերի պայմանները՝ որպես փոքր նախադրյալներ, ապա տրամաբանության օրենքների ու կանոնների օգնությամբ սկսում են եզրակացությունների ձեւով բխեցնել այդ փաստերը եւ, որոշակիորեն փոփոխելով պայմանները, կանխատեսել նոր երեւույթներ, որոնք հիմնական վարկածի պես եւս վարկածային, հավանական բնույթ ունեն: Այդ պատճառով էլ սկսում են կանխատեսված երեւույթների փորձնական ստուգումները: Դրական արդյունքի դեպքում հաստատվում է նաեւ հիմնական վարկածը, որից տվյալ կանխատեսումները տրամաբանորեն բխեցվել են:
Այստեղ միասնաբար կիրառվում են 3 գիտական մեթոդներ՝ վարկածի, դեդուկցիայի եւ կանխատեսման: Այս միացյալ մեթոդը կոչվում է հիպոթետիկ-դեդուկտիվ մեթոդ:
Հիպոթետիկ-դեդուկտիվ մեթոդի կիրառման խոշորագույն, ցայտուն օրինակներից են Էյնշտեյնի վարկածը տարածության եւ ժամանակի հարաբերականության, ձգողական դաշտում տարածության կորացման եւ ժամանակի դանդաղեցման մասին, Պլանկի վարկածը էներգիայի քվանտի մասին եւ դրանց հիման վրա նրանց կողմից կանխատեսված ու հետագայում գիտափորձերով հաստատված բազմաթիվ երեւույթներ:
Դեդուկտիվ մեթոդն ունի 3 հիմնական տարատեսակ՝ հիպոթետիկ-դեդուկտիվ, աքսիոմատիկ եւ գենետիկ:
Առաջինը՝ հիպոթետիկ-դեդուկտիվ մեթոդը մենք արդեն քննարկեցինք: Այն լայնորեն կիրառվում է հատկապես փորձնական գիտություններում՝ ֆիզիկայում, քիմիայում, կենսաբանության, երկրաբանության մեջ եւ այլն: Երկրորդը՝ աքսիոմատիկ մեթոդը կիրառվում է մաթեմատիկայում եւ տեսական մեխանիկայում: Որպես նախադրյալներ այստեղ առաջադրվում են որոշակի աքսիոմներ, որոնք ակնհայտ ճշմարտություններ են, եւ ապա դրանցից դեդուկցիայի միջոցով բխեցվում են եզրակացություններ՝ թեորեմներ, իսկ վերջիններից նորանոր ավելի ու ավելի բարդ թեորեմներ, մինչեւ ամբողջական տեսության ձեւավորվելը: Ճիշտ լինելու համար աքսիոմները պետք է բավարարեն հետեւյալ տրամաբանական պահանջներին. լինեն իրարից անկախ, չհակասեն միմյանց եւ լինեն լրիվ, այսինքն՝ բավական տեսության բոլոր թեորեմները բխեցնելու համար:
Աքսիոմատիկ մեթոդն օգտագործվում է գիտության զարգացման բարձր մակարդակում, երբ գիտելիքների մեծ բազմությունից հնարավոր է դառնում առանձնացնել այդ ելակետային, ակնհայտ ճշմարտությունները՝ աքսիոմները: Տրամաբանական առումով աքսիոմատիկ տեսություններն ամենազարգացած, ամենակատարյալ ու ճշգրիտ տեսություններն են: Եվ պատահական չէ, որ ամեն մի գիտություն ձգտում է օգտագործել աքսիոմատիկ մեթոդը եւ դառնալ աքսիոմատիկ տեսություն:
Երրորդը՝ գենետիկ մեթոդը կիրառվում է էվոլյուցիոն գիտություններում, որոնք ուսումնասիրում են զարգացող օբյեկտներ, օրինակ կենսաբանության մեջ: Այս դեպքում աքսիոմների փոխարեն որպես ելակետ վերցվում է կենդանի օրգանիզմների սկզբնական վիճակը, իսկ բխեցման տրամաբանական կանոնների փոխարեն դրանց զարգացման օրենքները: Այնուհետեւ այդ օրենքների հիման վրա սկսում են բխեցնել օրգանիզմների զարգացման հաջորդական փուլերը եւ ծավալել էվոլյուցիոն տեսության բովանդակությունը:
Դեդուկտիվ մեթոդի արդյունավետությունը մեծապես աճում է, երբ այն կիրառում են ձեւայնացման եւ վերացական մոդելավորման մեթոդների հետ մեկտեղ: Ձեւայնացումը մի մեթոդ է, որի օգնությամբ իրերի ու երեւույթների որոշակի դասի մասին գիտելիքների տարրերը, նրանց փոխադարձ կապերն արտահայտվում են նշանների միջոցով եւ այդպիսով ստեղծվում է արհեստական, գիտական լեզու: Բնական լեզվի համեմատ արհեստական, գիտական լեզուն ունի մի շարք առավելություններ: Բնական լեզուն մարդկանց հաղորդակցման տարերայնորեն առաջացած համընդհանուր միջոց է, այն երկար ու բարդ է, չափազանց հարուստ է, արտահայտում է ոչ միայն մտքեր, գիտելիքներ, այլեւ զգացմունքներ, իղձեր եւ հրամաններ, վերին աստիճանի ճկուն ու բազմանշանակ է, հետեւապես՝ ոչ ճշգրիտ: Դրա հետեւանքով այն հարմար չէ ճշգրիտ գիտական գիտելիքներն արտահայտելու եւ զարգացնելու համար: Գիտական լեզուն ստեղծվում է բնական լեզվի մի փոքր հատվածից, նրա որոշ բառեր ու արտահայտություններ հարմարեցվում են գիտության որեւէ ճյուղի պահանջմունքներին: Այդ բառերին տրվում է մեկ կոնկրետ նշանակություն եւ նրանց համար ընտրվում են հարմար նշաններ, ինչպես, օրինակ, ֆիզիկական զանգվածի համար «m», էներգիայի համար «E», թվերի համար «1, 2, 3...» արաբական նշանները, մաթեմատիկական գործողությունների համար «+, -, x, :» եւ այլ նշաններ: Գիտական լեզվի բառերը, քանի որ խիստ միանշանակ են, կոչվում են տերմիններ: Բառը բազմանշանակ է, իսկ տերմինը՝ միանշանակ: Գիտական լեզուն համընդհանուր հաղորդակցման համար ոչ պիտանի, նեղ ու աղքատիկ, ոչ ճկուն լեզու է, բայց փոխարենը շատ կարճ, պարզ, միանշանակ եւ ճշգրիտ: Գիտական լեզվի այդ առավելությունները հնարավորություն են տալիս ստեղծելու ուսումնասիրվող օբյեկտների ձեւայնացված, այսինքն՝ վերացական նշանային մոդելները, հետազոտել դրանք եւ ստացված արդյունքները փոխադրել օբյեկտների վրա: Մոդելների հետազոտությունը կատարվում է ձեւական տրամաբանական գործողությունների միջոցով, որոնք իրենց բովանդակությամբ մտահանգումներ են: Ձեւական եղանակով ձեռք բերված նոր գիտելիքները, կանխատեսումները եւս հանդես են գալիս ձեւական տեսքով: Նրանց ռեալ, էմպիրիկ բովանդակությունը պարզելու համար կիրառվում է մեկնաբանման մեթոդը: Այս մեթոդը ձեւայնացման մեթոդի ուղիղ հակադրությունն է, որովհետեւ գիտելիքի ձեւից մարդկային ճանաչողությունն անցում է կատարում նրա ռեալ բովանդակությանը եւ բացահայտում է, թե ինչ նոր ու անհայտ իրեր, երեւույթներ, հատկություններ ու կապեր են նրա տակ թաքնված: Երբեմն տարիներ ու տասնամյակներ են պահանջվում ձեւական գիտելիքի ռեալ բովանդակության մեկնաբանությունը գտնելու համար: Օրինակ, տարիներ անց հաջողվեց պարզել, որ Էյնշտեյնի E=mc2 բանաձեւի տակ թաքնված է ատոմի միջուկի էներգիան, իսկ Դիրակի՝ էլեկտրոնի լիցքին հակադիր լիցքով հանդես եկող մասնիկը պոզիտրոնն է: Կան նաեւ այնպիսի ձեւական արդյունքներ, որոնք մինչեւ հիմա մեկնաբանված չեն: Այդպիսին է Պլանկի՝ 10-33 սմ ստացած արդյունքը, որը 100 տարուց ավելի է մեկնաբանված չէ, հետեւապես՝ հայտնի չէ, թե ինչ է դրա տակ թաքնված:
Մեկնաբանությունը եւս առաջադրվում է վարկածի ձեւով: Նրանից կանխատեսումներ են արվում եւ գիտափորձերով կամ դիտարկումներով ստուգվում: Բացասական արդյունքի դեպքում այն մերժվում է եւ նոր վարկած է առաջ քաշվում: Այսպես, նախքան պոզիտրոնի վարկածը հերքվել են Դիրակի առաջ քաշած 2 սխալ վարկածները (էլեկտրոնի թողած խոռոչի եւ պրոտոնի մասին):
Տեսական իմացության մեջ շատ կարեւոր դեր են խաղում նաեւ վերացականից կոնկրետին վերընթացի եւ համակարգային մոտեցման մեթոդները: Այդ մեթոդներն օգտագործվում են բազմաթիվ ու բազմապիսի մասերից, կողմերից, հատկություններից ու մակարդակներից բաղկացած եւ բարդ կառուցվածք ունեցող համակարգերի ճանաչողության ժամանակ: Վերընթացի մեթոդի օգնությամբ սկսում են բարդ համակարգային օբյեկտի ամենապարզ, ամենավերացական կողմից կամ հատկությունից եւ աստիճանաբար անցնում են ավելի ու ավելի բարդ ու կոնկրետ կողմերին կամ հատկություններին մինչեւ օբյեկտի համակողմանի կոնկրետ տեսական պատկերի ստեղծումը: Այդ պատկերը հանդես է գալիս որպես հասկացությունների համակարգ, որն արտացոլում է օբյեկտի ամբողջական էությունը, այսինքն՝ նրա ներքին պատճառները, հատկություններն ու օրենքները: Հարկ է նկատել, որ վերացականից կոնկրետին վերընթացի եւ համակարգային մեթոդները նման դեպքերում կիրառվում են համատեղորեն:
Բացի դրանցից լայնորեն կիրառվում են նաեւ պատմական եւ տրամաբանական մեթոդները: Պատմական մեթոդի միջոցով վեր է հանվում պատմականորեն առաջացած եւ զարգացում ապրող օբյեկտների պատմությունը: Այն հետեւում է օբյեկտի պատմության ժամանակագրական ընթացքին, բացահայտում է իրադարձությունների հերթականությունը, բոլոր պատահականությունները, պատմական անհրաժեշտ, օրինաչափ ընթացքից նրանց առաջացրած շեղումները, նահանջները, ամեն տեսակի ելեւէջները եւ նրանց խորքոմւ թաքնված, նրանց միջով իրենց ուղին հարթող օրինաչափությունները: Պատմական գործընթացների ներքին օրինաչափությունների հայտնաբերման շնորհիվ մշակվում է օբյեկտի պատմության տեսական պատկերը: Տրամաբանական մեթոդը վերանում է օբյեկտի պատմությունից եւ ուսումնասիրում է նրա արդեն ձեւավորված կառուցվածքը: Դա կառուցվածքային մեթոդ է եւ կիրառվում է այն դեպքերում, երբ օբյեկտի պատմությունը բոլորովին հայտնի չէ կամ էլ հայտնի է, բայց չափազանց դժվար է այն ուսումնասիրել: Օրինակ, քանի որ մեզ հայտնի չէ, թե ինչպես են պատմականորեն ծագել զանգվածները, ձգողականությունը, էլեկտրականությունը եւ այլն, ֆիզիկան հրաժարվում է պատմական մեթոդից եւ դիմում է տրամաբանական մեթոդի օգնությանը: Այդ մեթոդը ձգտում է պարզել, թե ինչ է զանգվածը, ինչ է ձգողականությունը, էլեկտրականությունը, էներգիան, ատոմը, նրա միջուկը, ինչ հատկություններ ունեն դրանք, ինչպես են կապված միմյանց հետ, որոնք են դրանց օրենքները եւ այլն: Արդյունքում մշակվում է օբյեկտի կառուցվածքը եւ գործառնությունները արտացոլող տեսությունը: Մաթեմատիկական, ֆիզիկական, քիմիական եւ բազմաթիվ այլ տեսություններ տրամաբանական մեթոդով ստեղծված կառուցվածքային տեսություններ են:
Տրամաբանական մեթոդին են դիմում նաեւ այն դեպքում, երբ օբյեկտի պատմության ուսումնասիրությունը մեծ դժվարություն է ներկայացնում եւ դրա համար մի քանի տասնյակ տարիներ են հարկավոր: Նման դեպքերում վերանում են օբյեկտի կոնկրետ պատմությունից իր բոլոր պատահականություններով, շեղումներով ու նահանջներով հանդերձ, վերցնում են պատմական գործընթացները մաքուր ձեւով, նրանց զարգացման օրինաչափությունների տեսանկյունից: Այստեղ պատմության ընթացքն արտացոլվում է վերացական, ընդհանրացված ձեւով: Հասկացությունների տրամաբանական կապերն ու հաջորդականությունը տեսության մեջ ընդհանուր առմամբ արտացոլում են իմացության օբյեկտի համապատասխան կողմերի ու հատկությունների ծագման պատմական հաջորդականությունը: Օրինակ, տեսական կենսաբանությունը ձգտում է պարզել կենդանի օրգանիզմների էվոլյուցիան, սկսելով միաբջիջ օրգանիզմներից, հիմք ընդունելով էվոլյուցիայի օրինաչափությունները եւ դրանցից բխեցնելով բազմաբջիջ օրգանիզմների պատմական հաջորդականությունը ընդհուպ մինչեւ մարդը: Դրա օբյեկտիվ հիմքը ֆիլոգենեզի եւ օնթոգենեզի միասնությունն է: Նույն կերպ էլ միասնական են տեսական իմացության պատմական եւ տրամաբանական մեթոդները: Պատմական մեթոդը, փաստական նյութ հայթայթելով, հող է նախապատրաստում տրամաբանական մեթոդի կիրառման համար: Իսկ տրամաբանական մեթոդն իր հերթին, խորանալով պատմական գործընթացների ու իրադարձությունների ներքին էության, օրինաչափությունների մեջ, խթանում է պատմական ուսումնասիրությունների հետագա զարգացումը:
Գիտական իմացության հիմնարար ղեկավար սկզբունք է տեսության ու պրակտիկայի միասնությունը: Այդ միասնությունը նշանակում է, որ նրանք պետք է մշտապես սերտ կապի մեջ լինեն ու գործակցեն միմյանց հետ: Կապի խզումը խիստ բացասաբար է ազդում թե մեկի, թե մյուսի վրա: Պրակտիկան դառնում է կույր, խարխափում է մթության մեջ, ապավինելով նոր երեւույթների, նոր փաստերի պատահական հայտնագործություններին: Դրա հետեւանքով նրա զարգացումը խիստ դանդաղում է: Իսկ տեսությունը դառնում է առարկայազուրկ, դատարկ ու անպտուղ, նրա զարգացումն ընդհատվում է եւ այն վերածվում է մեռյալ դոգմայի:
Գտնվելով պրակտիկայի հետ սերտ կապի մեջ, տեսությունն ընդհանրացնում է նրա փաստական տվյալները, կանխատեսումներ ու հայտնագործություններ է անում եւ դրանով լուսավորում է պրակտիկայի հետագա զարգացման ուղին: Մյուս կողմից, պրակտիկան իր զարգացմամբ նոր երեւույթներ, նոր փաստեր է հայտնաբերում, որոնք դառնում են հիմք նոր տեսական վերլուծության եւ ընդհանրացման համար: Այդ ընթացքում մեկ պրակտիկան է առաջ անցնում տեսությունից, մեկ տեսությունը՝ պրակտիկայից եւ նրանց միջեւ պարբերաբար առաջանում է հակասություն, որի լուծումը մեծապես նպաստում է նրանց առաջընթացին: Այսպես, Ռեզերֆորդն իր գիտափորձերով հայտնաբերեց ատոմի մեջ կարծր միջուկի գոյությունը, որը հակասության մեջ մտավ ատոմի կաթիլային տեսության հետ, համաձայն որի էլեկտրոնները լողում են դրական լիցք ունեցող միջավայրում: Այդ հակասության լուծումից ծնվեց ատոմի միջուկային տեսությունը եւ հայտնաբերվեցին պրոտոնները: Տվյալ դեպքում պրակտիկան առաջ անցավ եւ հակասության մեջ մտավ տեսության հետ: Մի այլ դեպքում տեսությունն է առաջ անցնում եւ հակասում պրակտիկային: Օրինակ, տեսաբան ֆիզիկոսները, ելնելով երկաթի միջատոմային ձգողական ուժերի մեծությունից, հաշվեցին, թե ինչպիսին պետք է լինի երկաթի կարծրությունը: Պարզվեց, որ այն պետք է 1000-1500 անգամ ավելի կարծր լինի, քան պրակտիկան է ցույց տալիս: Այնուհետեւ պարզվեց, որ գերկարծր երկաթ կարելի է ստանալ քիմիական եղանակով՝ բյուրեղացման միջոցով: Եվ դրա առաջին նմուշներն արդեն ստացվել են:
Տեսական բոլոր կանխատեսումները, Պլանկի, Էյնշտեյնի, Դիրակի կանխատեսումները ցայտուն օրինակներ են այն բանի, թե ինչպես է տեսությունն առաջ անցնում եւ հակասության մեջ մտնում ետ մնացած պրակտիկայի հետ, ինչպես է նոր պրակտիկան հաղթահարում այդ հակասությունը եւ առաջ ընթանում:
Նոր պրակտիկայի, նոր փաստերի ճնշման տակ տեսության զարգացումը տեղի է ունենում 5 հիմնական ձեւով: Առաջին դեպքում տեսությունը որոշ փոփոխություն է կրում, կատարելագործվում, ընդլայնվում եւ կարողանում է բացատրել նաեւ նոր փաստերը: Դրա օրինակն է դասական մեխանիկայի տեսության կատարելագործումը մոտ 200 տարիների ընթացքում: Երկրորդ դեպքում մի տեսությունը փոխարինվում է մյուսով: Դրա օրինակ է լույսի մասնիկային տեսության փոխարինում ալիքային տեսությամբ: Երրորդ դեպքում գոյություն ունեցող տեսության կողքին առաջանում է նոր տեսություն, որովհետեւ պարզվում է, որ նոր փաստերը որակապես տարբերվում են մյուսներից եւ դրանք բացատրելու համար պետք է ստեղծվի որակապես նոր տեսություն: Դրա ցայտուն օրինակ է ռադիոակտիվության տեսությունը, որով ապացուցվեց, որ ռադիոակտիվ ճառագայթումը չի պատկանում մինչ այդ հայտնի ճառագայթումների շարքին, որ այն բոլորովին ուրիշ բան է: Չորրորդ դեպքում 2 հակադիր տեսություններ միակողմանի են ճանաչվում եւ սինթեզվում են մի նոր բարձր կարգի տեսության մեջ: Այդպիսի սինթեզի տիպական օրինակ է լույսի դասական մասնիկային եւ ալիքային տեսությունների միավորումը լույսի քվանտային տեսության մեջ: Հինգերորդ դեպքում առաջանում է ավելի խոր ու լայն տեսություն, որն ընդգրկում է նախորդ տեսությունը որպես առաջին մոտեցում եւ իր մասնավոր դեպք: Դր ա լավագույն օրինակներից է հարաբերականության տեսությունը, որն իր մեջ որպես մասնավոր դեպք պարունակում է դասական մեխանիկան:
ԳԼՈՒԽ 5
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԻ ՈՒ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
« 1 ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԻԴԵԱԼԻՍՏԱԿԱՆ
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մինչեւ XIXդ կեսերը փիլիսոփայության մեջ ամենատարածվածը եղել է հասարակության իդեալիստական մեկնաբանությունը:
Հասարակության մեջ իդեալիստներ են եղել ոչ միայն բոլոր իդեալիստները, այլեւ մատերիալիստները: Այդ պատճառով էլ մատերիալիզմը եղել է անհետեւողական , կիսատ-պռատ: Բնության ըմբռման հարցում նրա կողմնակիցները մատերիականը, նյութականը համարել են առաջնային, իսկ հոգեւորը, գիտակցությանը` երկրորդային, ածանցյալ: Իսկ ինչ վերաբերում է հասարակությանը, ապա նրանք այստեղ անցել են հակառակ դիրքերին, պնդել են, որ բոլոր մարդկային գործերում առաջնայինը, հիմնականը հոգեւորն է, այսինքն` մարդկանց մտքերը, գաղափարները, նպատակները, կամքը, իղձերն ու ցանկությունները եւ այլն: Եվ դա առաջին հայացքից հասկանալի է, որովհետեւ հասարակության մեջ գործում են գիտակցությամբ ու կամքով օժտված մարդիկ, որոնք նախքան մի որեւէ գործ ձեռնարկելը ինչ-որ մտքեր, գաղափարներ են հղանում, նպատակներ են դնում, ծրագրեր են կազմում եւ կամքի ուժով գործունեություն են ծավալում դրանք իրականացնելու համար:
Օբյեկտիվ իդեալիզմը հասարակության հիմք ու շարժիչ ուժ է համարում գերբնական տիեզերական ուժերը` աստվածներին: Ըստ Անտիկ շրջանի եւ միջնադարի պատմիչների, պատմության իրական կերտողները աստվածներն են: Ամեն ինչ հասարակության մեջ կատարվում է նրանց կամքով, նրանք են տնօրինում պետությունների ու թագավորների ճակատագիրը: Այս տեսակետին են եղել պատմության հայր Հերոդոտոսը, հռոմեացի պատմիչ Տակիտոսը, հայոց պատմության հայր Մովսես Խորենացին եւ մյուս պատմիչները:
Փաստորեն նույն ոգով է շարադրել իր պատմության փիլիսոփայությունը Հեգելը XIXդ. սկզբին: Նրա համոզմամբ, համաշխարհային ոգին իր զարգացման ընթացքում անցում կատարելով մի փուլից մյուսին, ավելի բարձրին, որպես իրագործող ընտրում է մի որեւէ ժողովուրդ, իսկ այդ ժողովրդի միջից առանձին անհատների: Հաջորդ փուլում նա ընտրում է մի ուրիշ ժողովրդի եւ անհատների: Օրինակ, գեղեցիկ անհատականության փուլն իրագործելու համար նա ընտրել է հույներին ու դրա շնորհիվ հույները հզորացել ու նվաճել են ամբողջ աշխարհը: Ասպետական քաջությունն ու հավատարմությունը մարմնավորելու համար ընտրել է եվրոպական ժողովուրդներին: Տեսնելով Նապոլեոնին, Հեգելը բացականչել է. «Ահա համաշխարհային ոգին սպիտակ ձիու վրա»:
Վոլյունտարիստները պատմության կերտող են համարում Համաշխարհային կամքը, որն իրագործում է իր ծրագրերը գերմարդկանց միջոցով: Դա Նիցշեի տեսակետն է, որը, ինչպես ասվեց, դավանել է գերմանական ֆաշիզմը եւ որն աշխարհի ճակատագիրը տնօրինող է հռչակել Հիտլերին:
Տեխնոկրատական իդեալիզմը հասարակության շարժիչ ուժ է համարում գիտատեխնիկական միտքը, հետեւապես, գիտության ու տեխնիկայի հանճարներին: Այդ ուսմունքի կողմնակիցները համոզված են, որ գիտատեխնիկական հեղափոխության դարաշրջանում գիտական հայտնագործությունները գնալով ավելի ու ավելի վճռական են դառնում հասարակության զարգացման մեջ, եւ դրան զուգընթաց գիտատեխնիկական առաջընթացի կառավարիչները եւ մենեջերներն են ղեկավարելու հասարակությունը: Արեւմուտքում գրում են անգամ մենեջերների հեղափոխության մասին:
Հասարակության իդեալիստական ըմբռնումը գերագնահատել ու բացարձակացրել է մեծագույն մտքեր, գաղափարներ ու նպատակներ առաջադրող, հետեւապես, հռչակավոր` հանճարեղ, տաղանդավոր մարդկանց, թագավորների, օրենսդիրների ու զորավարների դերը, համարելով նրանց պատմության իսկական կերտողները եւ նրանց անվամբ կոչելով ամբողջ դարաշրջաններ, օրինակ, Հուլիոս Կեսարի, Նապոլեոնի, Ստալինի, Հիտլերի եւ մյուսների: Դա հանգեցրել է անձի պաշտամունքին: Հարկ է նշել, որ անձի պաշտամունքի գաղափարախոսությունը չափազանց գայթակղիչ է: Մեծ մոլեռանդությամբ այն դավանել են հատկապես խորհրդային կոմունիստները, որոնք փաստորեն աստվածացրել են Լենինին ու Ստալինին: Եվ դա հակառակ այն բանին, որ մարքսիզմ-լենինիզմը, լինելով մատերիալիստական ու դետերմինիստական ուսմունք, արմատապես մերժել է անձի պաշտամունքը, պատմություն կերտող համարելով ժողովրդական զանգվածներին: Միաժամանակ թերագնահատվել, անտեսվել անգամ բացասական է գնահատվել ժողովրդական զանգվածների դերը պատմության մեջ: Դրա հիման վրա ձեւավորվել է ակտիվ հերոսի եւ պասիվ զանգվածի տեսությունը, որը լայն տարածում է ունեցել XIX դ. վերջի հեղափոխական շարժումներում, հատկապես ռուսական նարոդնիկների, հայ ֆիդաիններ եւ այլոց մոտ, որոնք ահաբեկչական գործունեություն են ծավալել, անձնազոհության են գնացել պասիվ ժողովրդին քաջալերելու եւ ոտքի հանելու համար: Այդ տեսության ծայրահեղ տարբերակներից է ռեակցիոն զանգվածի տեսությունը, ըստ որի մեծագույն անհատների ցանկացած վեհ գաղափար կամ նպատակ անմիջապես խեղաթյուրվում ու իր հակադրությանն է վերածվում հենց որ նրան դիպչում է մութ ու խավար զանգվածի ձեռքը: Տվյալ տեսակետից մարդկության ողջ պատմությունը մեծագույն հանճարների վեհ գաղափարների խեղաթյուրման պատմությունն է: Հասարակության իդեալիստական մբռնման բոլոր տարբերակների ընդհանուր թերությունն այն է, որ նրանք չեն խորանում մարդկանց, մտքերի ու գաղափարների, նպատակների ու կամային գործունեության պատճառների ու աղբյուրների մեջ, չեն հետաքրքրվում, թե ինչն է դրդում պատմական գործիչներին այս կամ այն գաղափարն ու պատակը հղանալ, իրենց կյանքը նվիրել դրանց իրագործմանը: Բավարարվում էին միայն նշելով, թե ինչպես են դրանք ծագել այդ գործիչների գլուխներում:
« 2 ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԵՏԵՐՄԻՆԻԶՄԸ
Աշխարհագրական դետերմինիզմը պատկանում է սոցիոլոգիայի նատուրալիստական (բնական) դպրոցին, որը հասարակության գոյության հիմք եւ շարժիչ է համարում աշխահագրական միջավայրի այս կամ այն կողմերը կամ գործոնները: Այն իր հերթին բաժանվում է մի քանի ուսմունքների:
Դրանցից ամենաազդեցիկը XVIII դ. ֆրանսիացի իրավագետ ու սոցիոլոգ Շ. Մոնտեսքիոյի ուսմունքն է: Մոնտեսքիոն նկատել է, որ երեք` ցուրտ, բարեխառն եւ շոգ կլիմայական գոտիներից մարդկային քաղաքակրթությունը զարգացել է բարեխառն գոտում: Այստեղից նա եզրակացրել է. ցուրտ գոտում կլիման իր խստությամբ ճնշում է մարդուն եւ չի թողնում, որ նա զարգանա: Շոգ կլիման իր շքեղությամբ մարդուն երես է տալիս: Նա կարողանում է հեշտությամբ ապահովել իր կյանքը, չունենալով հագուստի, օթեւանի ու սննդի մեծ պահանջներ: Մյուս կողմից, շոգը թուլացնում է աշխատելու նրա եռանդը, նրա կամքը: Այդ պատճառով էլ շոգ գոտու բնակչությունը հեշտությամբ հպատակեցվում եւ ստրկացվում է: Դրանով է Մոնտեսքիոն բաատրում հին արեւելյան` ասորական, բաբելական, եգիպտական եւ այն բռնապետությունների առաջացումը: Բռնապետական կարգերն իրենց հերթին էլ ավելի են խոչընդոտում հասարակության զարգացմանը:
Բարեխառն գոտում ամեն ինչ չափավոր է. թե շոգը, թե ցուրտը, թե ապրուստի միջոցները, եւ դա նպաստում է մարդու զարգացմանը: Մարդը ստիպված է աշխատել, այսինքն` պայքարել բնության դեմ, խլել նրա բարիքները եւ բարելավել իր կյանքը: Նա ազատասեր է եւ մեծ դժվարությամբ է ենթարկվում բռնությանը:
Աշխարհագրական դետերմինիզմի մյուս ուսմունքը հասարակության զարգացման որոշիչ գործոն է համարում ոչ թե կլիմայական պայմանները, այլ հաղորդակցության ճանապարհները: Այդ տեսակետից, սկզբում զարգացել են մեծ գետերի ափերին ապրող ժողովուրդները, ինչպես, օրինակ. Տիգրիսի ու Եփրատի, Նեղոսի, Դնեպրի ու Հռենոսի ափերին բնակվողները: Դրանք գետային քաղաքակրթություններն են: Այնուհետեւ զարգացել են ծովերի ափերին ապրող ժողովուրդները` փյունիկացիները, հույները, հռոմեացիները եւ մյուսները, որոնք եւ ստեղծել են ծովային քաղաքակրթությունները: Հաջորդ փուլում մարդիկ յուրացրել են օվկիանոսային ճանապարհները եւ ստեղծել օվկիանոսային քաղաքակրթությունը: Դրա շնորհիվ սկսել են առաջընթաց ապրել իսպանացիները, հոլանդացիները, անգլիացիները եւ մյուս ժողովուրդները:
Աշխարհագրական դետերմինիզմի հիման վրա XX դ. սկզբին ձեւավորվեց աշխարհաքաղաքականության (երկրաքաղաքականության) գիտությունը, որն ուսումնասիրում է աշխարհագրական միջավայրի եւ դիրքի դերը պետությունների քաղաքականության մեջ: Այն չափազանց կարեւոր է, քանզի պահանջում է պետության արտաքին քաղաքականությունը մշակելիս հաշվի առնել իր տարածքի բնական հարստությունները, ջրային ռեսուրսները, մերձավոր ու հեռավոր հարեւաններին, նրանց տնտեսական ու ռազմական ուժերը, քաղաքականության ուղղվածությունը, իր հնարավոր դաշնակիցներին ու թշնամիներին, չեզոք պետություններին եւ այլն: Մանրակրկիտ հաշվարկների հիման վրա մշակվում են ռազմավարական աշխարհաքաղաքական դաշինքներ: Եվ պատահական չէ, որ միջազգային ասպարեզում ամենատարածվածն ու ազդեցիկը աշխարհաքաղաքական բնույթի ռազմաքաղաքական դաշինքներն են` Հյուսիս-Ատլանտյան պակտը, Անկախ պետությունների համագործակցությունը, Ամերիկյան պետությունների կազմակերպությունը, Եվրահամանքը եւ այլն:
Աշխարհաքաղաքականությունը հատուկ կարեւորություն ունի Հայաստանի Հանրապետության համար, որն իր բնական հարստություններով, աշխարհագրական դիրքով եւ մերձավոր հարեւանների առումով գտնվում է վերին աստիճանի անբարենպաստ վիճակում: Լինելով դեպի ծով ելք չունեցող ցամաքային երկիր, Հայաստանը հեշտությամբ ենթարկվում է շրջափակման, որի մեջ էլ այժմ գտնվում է: Հետեւապես, շրջափակման մեջ չհայտնվելու համար պահանջվում է չափազանց ճկուն արտաքին քաղաքականություն, Հարավկովկասյան պետությունների կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կնքում:
Աշխահաքաղաքականությունը եղել է սուր վեճերի ասպարել: Ժամանակին ֆաշիստական երկրները դրա միջոցով են փորձել հիմնավորել իրենց ագրեսիվ քաղաքականությունը: Ֆաշիստական Գերմանիան, օրինակ, երկրորդ աշխարհամարտը սանձազերծեց, հենվելով «կենսական տարածություն» նվաճելու, «բնական սահմաններ» հաստատելու աշխարհաքաղաքական գաղափարների վրա: Ի պատասխան, ԽՍՀՄ-ում կտրակաանպես մերժում էին աշխարհաքաղաքականության գիտականությունն ընդհանրապես: Այն համարվում էր բուրժուական ռեակցիոն մի ուսմունք, որը ֆիզիկական ու տնտեսական աշխարհագրության տվյալների հիման վրա արդարացնում է իմպերիալիստական պետությունների ագրեսիվ քաղաքականությունը:
Իրականում այդ երկու ծայրահեղ մոտեցումներն էլ արմատապես սխալ էին: Աշխարհաքաղաքականության միջոցով ագրեսիան արդարացնելու փորձերը բացարձակացնում էին աշխահագրական գործոններ դեր պետությունների գոյատեւման եւ բարգավաճման մեջ, իսկ նրա գիտականության մարքս-լենինյան, խորհրդային ժխտումը նույնացնում էր նրա` ագրեսիվ նպատակներով կիրառությունը եւ նրա` որպես գիտության օբյեկտիվ բովանդակությունը: Ինչպես հայտնի է գիտության բովանդակությունը եւ նրա կիրառությունը նույնական չեն: Ատոմային ռումբի ստեղծումը չի կարող հիմք ծառայել ատոմային ֆիզիկայի գիտականությունը մերժելու համար: Պարտված Գերմանիայի ու Ճապոնիայի ետպատերազմյան աննախադեպ բարգավաճումն ապացուցեց, որ նրանց պետք չէին մինչեւ Ուրալ ձգվող «բնական» սահմանները: Դա միաժամանակ ապացուցեց մարքս-լենինյան ժխտողական տեսակետի սխալականությունը: Աշխարհաքաղաքականությունն այժմ ամենուրեք ճանաչված է որպես պետությունների արտաքին քաղաքականությունը հիմնավորող գիտություններից մեկը: Աշխարհագրական գործոնների անտեսումը կամ թյուր ըմբռնումը կարող է անգամ բախտորոշ նշանակություն ունենալ այս կամ այն պետության համար:
« 3 ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ (ՊԱՏՄՈՒԹՅԱՆ)
ՄԱՏԵՐԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԸՄԲՌՆՈՒՄԸ
Հասարակության մատերիալիստական ըմբռնումը կամ պատմական մատերիալիզմը ստեղծվել է Կ. Մարքսի կողմից: Մարքս-լենինյանները հռչակել են այն մեծագույն հեղափոխական հեղարջում փիլիսոփայության եւ սոցիոլոգիայի պատմության մեջ: ըստ Մարքսի ուսմունքի, հասարակության հիմքն ու շարժիչ ուժը ոչ թե մարդկանց մտքերը, գաղափարները, ձգտումները եւ նպատակներն են, այլ նյութական բարիքների արտադրությունը, որը նա անվանում է հասարակական կեցություն: Հակադրվելով իդեալիստերին, Մարքսը պնդում է. ոչ թե հասարակական գետակցությունն է որոշում մարդկանց հասարակական կեցությունը, այլ ընդհակառակը, հասարակական կեցությունն է որոշում հասարակական գիտակցությունը:
Նախքան մտքեր ու գաղափարներ հղանալը, նպատակներ առաջադրելը, քաղաքականությամբ, իրավագիտությամբ, փիլիսոփայությամբ ու կրոնով զբաղվելը մարդը պետք է ապրի, իսկ ապրելու համար նա պետք է ունենա տուն ու տեղ, հագուստ ու սնունդ, վառելիք եւ այլ նյութական միջոցներ: Այդ բոլորն ստեղծվում է արտադրության շնորհիվ: Արտադրության հիման վրա ծագում են հասարակական կյանքի մյուս ոլորտները. սոցիալական, քաղաքական, իրավական եւ հոգեւոր:
Ամեն մի հասարակություն ունի արտադրության իր եղանակը, որը բաղկացած է 2 կողմից. արտադրողական ուժերից ու արտադրական հարաբերություններից: Արտադրողական ուժերն իրենց հերթին բաղկացած են արտադրողներից (աշխատողներից) եւ արտադրության միջոցներից, որոնց մեջ մտնում են արտադրության գործիքները (գործարանները, ֆաբրիկաներն իրենց մեքենաներով եւ այլ սարքավորանքով) եւ հումքը: Արտադրության մեջ գլխավոր դեմքն աշխատող մարդն է, իսկ գործիքները նրա, այսպես ասած, ոսկրային եւ մկանային համակարգն է: Արտադրական հարաբերություններն ունեն 3 կողմ. սեփականության, փոխանակման եւ բաշխման հարաբերություններ: Սեփականության հարաբերությունները ցույց են տալիս, թե ումն են պատկանում արտադրության միջոցները, փոխանակման հարաբերություները ցույց են տալիս, թե ինչպես են բաժանված աշխատանքի տարբեր տեսակները եւ ինչպես են մարդիկ փոխանակում իրենց աշխատանքի արդյունքները, իսկ բաշխման հարաբերությունները` թե ինչպես, ինչ ձեւով եւ ինչ համամասնությամբ են բաշխվում արտադրության արդյունքները:
Գլխավորն այստեղ սեփականության հարաբերություններն են. ինչպիսին այդ հարաբերություններն են, այնպիսին էլ փոխանակման եւ բաշխման հարաբերություններն են: Օրինակ, ստրկատիրական արտադրաեղանակում տիրոջն են պատկանում ոչ միայն արտադրության միջոցները, այլեւ ինքն արտադրողը` ստրուկը: Որպես սեփականատեր ստրկատերը հանդես է գալիս որպես արտադրության կազմակերպիչ եւ հսկիչ: Այդ պատճառով նրան է պատկանում նաեւ արտադրանքը, որի հաշվին նա օթեւան է տալիս, կերակրում ու հագցնում իր ստրուկներին: Եվ տպավորություն է ստաղծվում, որ ստրկատերն է պահում ստրուկին, այլ ոչ թե հակառակը:
Կապիտալիստական արտադրաեղանակի պայմաններում բուրժուան միայն արտադրության միջոցների տերն է, աշխատողն ազատ է եւ, գոյության միջոցներ չունենալով, ստիպված է վարձվել սեփականատիրոջը: Դրա շնորհիվ կապիտալի տերը ստանում է իր եկամուտը շահույթի ձեւով, իսկ վարձու բանվորը` աշխատավարձի ձեւով:
Սեփականության հարաբերությունների մեջ տեղի ունեցած փոփոխություններն անմիջապես փոփոխություններ են առաջացնում փոխանակման եւ բաշխման հարաբերություններում:
Արտադրողական ուժերն արտադրաեղանակի շարժման, փոփոխական կողմն են, որովհետեւ արտադրողները ձգտում են կատարելագործել իրենց գործիքները, հեշտացնել ու արագացնել իրենց աշխատանքը, բարձրացնել իրենց հմտությունները: Ուստի, արտադրողական ուժերից են սկսվում բոլոր փոփոխությունները արտադրության մեջ: Արտադրահարաբերությունները, ընդհակառակն, արտադրաեղանակի հարաբերականորեն այուն, անփոփոխ կողմն են: Արտադրողական ուժերի հիման վրա, նրանց բնույթին ու զարգացման մակարդակին համապատասխան ձեւավորվում են արտադրահարաբերությունները, որոնք իրենց համապատասխանության շնորհիվ նպաստում են այդ ուժերի հետագա զարգացմանը: Եվ ահա գալիս է մի պահ, երբ նրանք առաջ են անցնում արտադրահարաբերություններից: Ետ մնալով այդ ուժերից, վերջինները դադարում են համապատասխանել նրանց եւ սկսում են արգելակել նրանց հետագա զարգացումը: Առաջանում է հակասություն նոր արտադրողական ուժերի եւ նրանց չհամապատասխանող հին արտադրահարաբերությունների միջեւ, որը ժամանակի ընթացքում վերածվում է սուր կոնֆլիկտի: Հետագա անկաշկանդ զարգանալու համար նոր արտադրողական ուժերը պահանջում են նոր` իրենց համապատասխանող արտադրահարաբերակցություններ, մինչդեռ տիրապետող դասակարգերը դիմադրում են, որովհետեւ հին արտադրահարաբերություններն են նրանց տիրապետության տնտեսական հիմքը: Այդ պատճառով էլ հասարակության ճնշող մեծամասնությունը ստիպված է լինում բռնի ուժով, հեղափոխության միջոցով հին արտադրահարաբերությունները փոխարինել նորերով եւ դրանով վերականգնել արտադրաեղանակի վերոհիշյալ 2 կողմերի համապատասխանությունը: Այդպիսով, հաստատվում է նոր ավելի բարձր արտադրաեղանակ:
Հաջորդ փուլում տվյալ ցիկլը կրկնվում է: Նոր արտադրողական ուժերին համապատասխանող արտադրահարաբերությունների խթանիչ ազդեցության տակ այդ արտադրողական ուժերը, շարունակելով զարգանալ, վերստին առաջ են անցնում արտադրահարաբերություններից: Վերջիններն սկսում են ետ մնալ, հնանւոմ են, դադարում են համապատասխանել նոր արտադրողական ուժերին եւ սկսում են արգելակել ու կաշկանդել դրանց հետագա զարգացումը:Նոր արտադրողական ուժերի եւ հնացած արտադրահարաբերությունների միջեւ առաջացած հակասությունը ի վերջո սրվում-վերածվում է կոնֆլիկտի, որը դարձյալ լուծվում է հնացած արտադրահարաբերությունները նորերով փոխարինելու եւ խախտված համապատասխանությունը վերականգնելու միջոցով: այս գործընթացը մարքսիզմը որակում է որպես արտադրողական ուժերի եւ արտադրահարաբերությունների զարգացման դիալեկտիկա, որը ենթարկվում է արտադրողական ուժերի բնույթին ու մակարդակին արտադրահարաբերությունների համապատասխանության օրենքին: Այդ օրենքի գործողությամբ են կատարվում հեղաշրջումներն արտադրության մեջ եւ նոր արտադրաեղանակի առաջացումը: Դրա հիման վրա եւ դրան համապատասխան տարբեր արագությամբ տեղի են ունենում հեղաշրջումներ հասարակության բոլոր մյուս ոլորտներում. սոցիալական, քաղաքական, իրավական եւ հոգեւոր կյանքում: Այսպես, ճորտատիրական արտադրաեղանակից կապիտալիստականին անցնելու հիման վրա հին դասակարգերն ու սոցիալկաան խավերը վերանում են, իրենց տեղը զիջելով նորերին, մասնավորապես, կապիտալիստներին, վարձու բանվորներին, ֆերմերներին ու մտավորականներին: Հասարակության սոցիալական կառուցվածքի փոփոխություններին զուգընթաց տեղի են ունենում քաղաքական ու իրավական կառուցվածքների փոփոխությունները: Ճորտատիրական պետությանը եւ իրավունքին հերթափոխի են գալիս բուրժուական պետությունն ու իրավունքը, քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները եւ այլն: Այդ փոփոխություններն իրենց հերթին սկիզբ են տալիս հասարակության հոգեւոր կյանքի փոփոխություններին: Փոխվում են մարդկանց բարոյական, փիլիսոփայական, կրոնական եւ այլ հայացքները: Ի վերջո, փոխվում է ողջ հասարակարգը, որը Մարքսն անվանում է հասարակական-տնտեսական ֆորմացիա:Արտադրական հարաբերությունների ամբողջությունը նա որակում է որպես ֆորմացիայի տնտեսական բազիս, իսկ նրա վրա հիմնված ու վեր խոյացող մյուս ոլորտները` քաղաքական, իրավական, բարոյական եւ այլ հայացքները եւ նրանց համապատասան հասարակական հաստատությունները, ինչպես, օրինակ, պետությունը, կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները եւ այլն, որպես վերնաշենք:
Ելնելով դրանից, Մարքսը նշում է, որ մարդկության պատմության մեջ եղել են 4 հասարակական-տնտեսական ֆորմացիաներ. նախնադարյան-համայնական, ստրկատիրական, ճորտատիրական եւ կապիտալիստական: Դրանից բացի նա կանխատեսեց 5-րդ, այսինքն` վերջին ֆորմացիայի` կոմունիզմի անխուսափելի հաղթանակը:
Ահա այսպիւսին է Մարքսի պատմական մատերիալիզմը, որը կոմունիզմ կառուցելու խոստումներով համաշխարհային կոմունիստական շարժման սկիզբը դրեց, մի քանի տասնյակ միլիոն զոհերի եւ վիթխարի ավերածությունների գնով նվաճեց մարդկության մեկ երրորդը եւ ի վերջո հանկարծակի կործանվեց: Նրա պարտությունն ամենեւին էլ պատահական չէր: Այն հետեւանք էր Մարքսի թույլ տված արմատական սխալների եւ տրամաբանական հակասությունների: Նախ, Մարքսը հիմնովին սխալ էր, արտադրողական ուժերը սոսկ նյութական ուժեր համարելով: Նա հաշվի չէր առնում, որ աշխատող մարդը, այդ գլխավոր արտադրողական ուժը ոչ միայն մարմնական էակ է, այլեւ հոգեւոր էակ, որ մարդու արտադրության միջոցներում, հատկապես գործիքներում, աշխատանքային ողջ գործունեության մեջ մարմնավորված են գիտական հայտնագործություններն ու գյուտերը, մտքերն ու գաղափարները, նպատակներն ու ծրագրերը, աշխատանքային փորձն ու հմտությունները, հետեւապես, ողջ նրա հոգեւոր ներուժը: Եվ ահա հակառակ իր տեսակետին Մարքսը սկսում է պնդել, թե ապագայում գիտությունը կդառնա արտադրողական ուժ, իսկ արտադրությունը գիտության տեխնիկական կիրառում: Շարունակելով նրա միտքը, մարքս-լենինյան փիլիսոփայությունն այժմ պնդում է, թե արդի գիտատեխնիկական հեղափոխության դարաշրջանում գիտությունը դարձել է իսկական արտադրողական ուժ եւ արդյունաբերության նորագույն ճյուղերը (ատոմային, տիեզերական, էլեկտրոնային եւ այլն) անվանում է գիտատար ճյուղեր: Երկրորդ, նույն կերպ Մարքսն սկզբում արտադրությունը հայտարարում է հասարակական կյանքի միակ հիմք եւ շարժիչ ուժ, իսկ այնուհետեւ հակառակ դրան պնդում է, որ այն միակը չէ, այլ սոսկ գլխավորն է, որ հասարակության մյուս ոլորտները օժտված են հարաբերական ինքնուրույնությամբ եւ հակադարձ ազդեցություն են ունենում հասարակության զարգացման վրա: Բայց այդ ազդեցրությունը, ըստ նրա, երկրորդային է: Հասարակության հոգեւոր ներուժի այդ թերագնահատումը, խորհրդային տարիներին նրա դեմ կիրառվող բռնություններն ու ազատության ճնշումներն անհետեւանք չանցան: Չնայած պատմական մատերիալիզմով ղեկավարվող կոմունիստական կուսակցությունների գործադրած վիթխարի ճիգերին, 5-ամյա, 7-ամյա եւ այլ պլաններին, սոցիալիստական երկրների տնտեսությունը դատապարտվեց մշտական հետամնացության եւ համատարած դիֆիցիտի, ի վերջո ընկավ լճացման մեջ եւ քայքայվեց: Այլ կերպ ասած, նյութականը սկսեց նվազել ու կտրվել այն երկրներում, որտեղ առաջնային հռչակվեց , եւ չկտրվեց, նորմալ զարգացավ ու բարգավաճեց այնտեղ, որտեղ չգայթակղվեցին կոմունիզմի գաղափարով եւ չընկան պատմական մատերիալիզմի որոգայթները:
Այսպիսով, Մարքսը հաշվի չառավ, որ հասարակության նյութական կյանքը, նյութական բարիքների արտադրությունն իր արտադրողական ուժերով եւ արտադրահարաբերություններով այնքան է հագեցած հոգեւոր ներուժով, հոգեւոր կյանքով, որ ոչ մի հիմք չկա դրանք միմյանց հակադրելու, մեկն առաջնային, իսկ մյուսը երկրորդային համարելու: Դեռ ավելին: Հոգեւոր ներուժով են ներծծված նաեւ հասարակության մյուս ոլորտները։
« 4. ԳՈՐԾՈՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
Գործոնների տեսությունն էապես տարբերվում է նախորդ 3 ուսմունքներից նրանով, որ հասարակական կյանքի կողմերը չի բաժանում առաջնայինի ու երկրորդայինի, հիմնականի ու ոչ հիմնականի, առավել եւս չի առանձնացնում մեկ-միակ առաջնային, հիմնական ու վճռորոշ կողմը: Ըստ այդ տեսության, հասարակությունը բազմաթիվ ու բազմապիսի կողմերի մի այնպիսի փոխկապակցված համակարգ է, որտեղ բոլոր կողմերը հավասարապես անհրաժեշտ ու կարեւոր են: Նյութական բարիքների արտադրությունը (տնտեսությունը), տեխնիկան, քաղաքական կառուցվածքը, իրավակարգը, բարոյականությունը, կրոնը, փիլիսոփայությունը, կրթությունը, դաստիարակությունը եւ այլն հավասարապես հասարակության զարգացման անհրաժեշտ ու կարեւոր գործոններ են: Հիրավի, եթե դրանցից մեկը վերցվում է որպես հասարակության զարգացման հիմնական պատճառ, ապա վերլուծության միջոցով պարզվում է, որ այն իր հերթին հետեւանք է մի այլ պատճառի կամ պատճառների, որոնք իրենց հերթին հետեւանք են այլ պատճառների եւ այդպես շարունակ: Ի վերջո ստացվում է պատճառների կամ գործոնների մի փակ շրջանաձեւ շղթա, որի բոլոր օղակները պայմանավորում են միմյանց: Եվ այդ գործոններից ոչ մեկն առավելություն չունի մյուսների նկատմամբ ոչ միայն պատճառական, այլեւ գործառութային տեսակետից, թեեւ նրանցից յուրաքանչյուրի տեղն ու դերը խիստ յուրահատուկ է: Օրինակ, նյութական արտադրությունը, հասարակության համար գոյամիջոցներ հայթայթելով, նյութական հիմք է ստեղծում նաեւ կրթության եւ դաստիարակության համար: Բոլոր ուսումնական ու կրթական հաստատությունների շենքերը, կահավորանքն ու սարքավորանքները կառուցում եւ ստեղծում է արտադրությունը: եվ տվյալ իմաստով արտադրությունն առաջնային է: Բայց, մյուս կողմից, ուսումը, կրթությունն ու դաստիարակությունն են ստեղծում արտադրության համար համապատասխան որակի եւ մասնագիտության կադրեր, որոնք անհրաժեշտ են նրա նորմալ աշխատանքի եւ զարգացման համար: Եվ այս իմաստով նյութական արտադրությունը մեծապես կախված է հասարակության ուսումնական ու կրթական համակարգից: Նույնքան կարեւոր է այդ համակարգի դերը հասարակության մյուս կողմերի` քաղաքական, իրավական, գիտական, արվեստի, մշակույթի, փիլիսոփայության, կրոնի եւ այլ ոլորտների ձեւավորման ու զարգացման գործում: Նույն կերպ հասարակության ամեն մի կողմ, ամեն մի գործոն համապարփակ փոխազդեցության մեջ է գտնվում բոլոր մյուս կողմերի ու գործոնների հետ:
Դա սակայն չի նշանակում, որ հասարակությունն իր բոլոր կողմերով զարգանում է համաչափ ու ներդաշնակ: Այդ կողմերից յուրաքանչյուրը միաժամանակ օժտված է իր ներքին օրենքներով եւ, հետեւապես, հարաբերական ինքնուրույնությամբ: Նյութական արտադրության մեջ գործում են հասարակության տնտեսական զարգացման օրենքները, քաղաքական համակարգում` քաղաքական զարգացման օրենքները, իրավակարգում, բարոյականության, գիտության, արվեստի եւ մյուս ոլորտներում` իրենց յուրահատուկ օրենքները: Այդ տարաբնույթ օրենքների գործողության շնորհիվ հասարակության տարբեր կողմերն ու ոլորտները կարող են զարգանալ իրարից հարաբերականորեն անկախ, տարբեր ուղղություններով, մեկը մյուսի համեմատ առաջ անցնել կամ ետ մնալ, որի հետեւանքով հասարակության զարգացումն ստանում է անհամաչափ, աններդաշնակ ու հակասական բնույթ:
Եվ այս պարագաներում սոցիալական փիլիսոփայության առջեւ, գործոնների տեսության համաձայն, ծառանում են 3 կարեւոր փոխկապակցված հարցեր:
Առաջին. ընդհանուր առմամբ ի՞նչ տեղ ու դեր ունի գործոններից յուրաքանչյուրը հասարակության զարգացման մեջ եւ որոնք են նրանց փոխազդեցության մեխանիզմները: Երկրորդ. ի՞նչ փոփոխություններ ու առանձնահատկություններ են առաջանում այստեղ հասարակության զարգացման տարբեր փուլերում եւ իրավիճակներում: Երրորդ. ո՞ր գործոներն են առաջ անցնում եւ որո՞նք են ետ մնում այս կամ այն փուլում, հետեւապես, դրանցից որո՞նք են դրական կամ բացասական իմաստով սկսում վճռորոշ դեր խաղալ հասարակության զարգացման մեջ: Օրինակ, միջնադարում վճռորոշ գոծոներից է եղել կրոնը եւ եկեղեցին: Արդի դարաշրջանում վճռորոշ ու առաջատար է գիտատեքնիկական առաջադիմությունը, պայմանավորված գիտատեխնիական հեղափոխությամբ:
Այս 3 առանձնահատկությունների շնորհիվ գործոնների տեսությունը մեծ առավելություններ ունի հասարակության մասին մյուս ուսմունքների նկատմամբ: Այն շատ ավելի մոտ է ճշմարտությանը եւ շատ ավելի արդյունավետ է, քան մյուս ուսմունքները:
ԳԼՈՒԽ 6
ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
« 1. ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«Բնություն» բառը բազմանշանակ է: Տարբեր փիլիսոփայական ուղղություններում, դպրոցներում եւ ուսմունքներում այն գործածվում է ամենատարբեր իմաստներով:
Ինչպես արդեն ասվել է, կրոնափիլիսոփայության տեսակետից բնությունն Աստծու արարչագործությունն է, Հեգելի համար` համաշխարհային ոգու զարգացման երկրորդ աստիճանը, նրա այլակեցությունը, Բերգսոնի համար ժամանակի ստեղծագործական էվոլյուցիայի մեռյալ թափոնների ամբողջությունը եւ այլն: Դրանց հակառակ, մատերիալիստական ուսմունքները բնությունը համարում են անստեղծելի ու անոչնչանալի, անվերջ ու հավերժական օբյեկտիվ ռեալություն: Սակայն չնայած այս տեսական աշխարհայացքային տարբերություններին, բոլոր փիլիսոփաները բնությունը բովանդակության տեսակետից ըմբռնում են միատեսակորեն: Բնություն ասելով, նրանք հասկանում են ողջ աշխարհն իր երեւույթների վիթխարի բազմազանությամբ հանդերձ իր միկրո-մակրո եւ մեգա-մակարդակներով, բուսական եւ կենդանական աշխարհներով: Այստեղ նկատելի են բնության լայն եւ նեղ ըմբռնումները: Լայն իմաստով բնության տակ հասկանում են ոչ միայն անկենդան եւ կենդանի աշխարհները, այլեւ լիովին կամ մասամբ մարդկային հասարակությունը, որը դիտում են որպես օրգանական աշխարհի` բիոսֆերայի բարձրագույն փուլ եւ անվանում են նոոսֆերա, այսինքն` բանական էակների աշխարհ (հունարեն նոոս- բանականություն բառից): Ընդսմին, այն բնության, թեեւ խիստ յուրատեսակ, բայց լիովին բաղկացուցիչ մաս են համարում մատերիալիստները, որոնք մարդուն ոչ միայն մարմնով, այլեւ հոգով համարում են բնության արգասիք, զավակ: Ըստ կրոնի եւ իդեալիզմի, այն սոսկ մարմնապես է բնությանը պատկանում, բայց ոչ հոգով, որովհետեւ հոգին գերբնական է: Նեղ իմաստով, բնություն ասելով, հասկանում են հասարակությունից դուրս գոյություն ունեցող հեռավոր եւ մերձավոր աշխարհն իր տարաբնույթ օբյեկտների անվերջ բազմազանությամբ: Այս նեղ իմաստով են սովորաբար բնությունը հակադրում հասարակությանը եւ ուսումնասիրում նրանց փոխհարաբերությունը:
Մերձավոր աշխարհը, որի հետ մարդիկ իրենց կյանքի եւ գործունեության ընթացքում անմիջականորեն շփվում են, հասարակության գոյության ու զարգացման բնական պայմանն է, որը կոչվում է բնական շրջակա միջավայր: Այն ներառում է աշխարհագրական միջավայրն իր կլիմայով, տեղանքի բնույթով` լեռներով, հովիտներով, դաշտավայրերով, գետերով ու ծովերով եւ այլն, ինչպես նաեւ կենսաբանական միջավայրն իր բույսերով, կենդանիներով, մանրեներով եւ այլն: Շրջակա միջավայրը մարդու համար պարունակում է 2 կարգի օգտակար երեւույթներ. 1) ապրուստի բնական միջոցներ, որոնցից են վայրի բույսերը, մրգերն ու բանջարեղենը, կենդանիներն ու ձկները եւ այլն, 2) բնական հարստություններ` նավթը, քարածուխը, մետաղները եւ այլն, որոնք աշխատանքի առարկաներ են հանդիսանում: Բնական հարստություններից մարդիկ պատրաստում են արտադրության միջոցներ, առաջին հերթին արտադրության գործիքներ` գործարաններ, ֆաբրիկաներ, մեքենաներ, սարքավորումներ եւ այլն:
Արտադրության եւ տեխնիկայի զարգացմանը զուգընթաց ընդլայնվում է մարդկության շրջակա միջավայրը, որովհետեւ նա թափանցում է Երկրագնդի հեռավոր ու դժվար մատչելի վայրերը, խոր ընդերքը, օվկիանոսների հատակը, մերձավոր ու հեռավոր տիեզերական տարածությունն իր երկնային մարմիններով, ինչպես, օրինակ, Լուսինը, Մարսը եւ մյուսները, աստիճանաբար յուրացնում է նրանց բարիքները:
Միաժամանակ մարդն իր համար ստեղծում է արհեստական միջավայր, այսպես կոչված «երկրորդ բնություն» աստիճանաբար ընդլայնում է այն, ավելի ու ավելի մեկուսացնելով ու ապահովագրելով իրեն բնության վնասակար երեւույթներից` ցրտից ու շոգից, անձրեւից ու ձյունից, տարբեր տեսակի բնական արհավիրքներից ու աղետներից: այդ նպատակով նա կառուցում է տներ, շենքեր, բնակարաններ իրենց բոլոր հարմարություններով, քաղաքներ, ճանապարհներ, արհեստական ջրավազաններ, ստեղծում է դաշտեր ու հանդեր, այգիներ ու պուրակներ եւ այլն: Սակայն որքան էլ ընդլայնվի մարդու շարջակա միջավայրը եւ «երկրորդ բնությունը», միեւնույն է դրանք ներառում են «առաջին», կուսական բնության մի փոքրիկ մասը միայն:
« 2. ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ
ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԸ ԵՎ ՆՐԱ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԸՄԲՌՆՈՒՄԸ
Բնության հետ մարդկային հասարակությունը գտնվում է ամենաբազմապիսի հարաբերությունների մեջ: Դրանցից են նախ նյութական հարաբերությունները, որոնց շնորհիվ մարդիկ, վերափոխելով բնությունը եւ օգտավործելով նրա առարկաները, երեւույթներն ու ուժերը, իրենց համար գոյամիջոցներ են հայթայթում, այնուհետեւ իմացական հարաբերությունները, որոնց շնորհիվ նրանք ճանաչում են բնության այդ առարկաների, երեւույթներիեւ ուժերի օգտակար ու վնասակար հատկությունները, էությունները, պատճառները եւ գործողության մեխանիզմները: Դրանցից են նաեւ բնության հետ հասարակության բարոյական եւ գեղագիտական հարաբերությունները: Այդ բոլորի հիման վրա ձեւավորվում են բնության վերաբերյալ մարդկանց արժեքային եւ լայն իմաստով աշխարհայացքային պատկերացումները: Նրանց վրա վճռորոշ ազդեցություն են գործում 2 կարեւոր հանգամանքներ: Առաջին. բնության հետ հասարակության հարաբերությունները խիստ հակասական են, քանզի հասարակությունը, մի կողմից, բնության, թեեւ չափազանց յուրահատուկ, բայց եւ այնպես մի մասն է, գտնվում է նրա գրկում, իսկ մյուս կողմից, հակադրվում է նրան, պայքարելով նրա հետ իր գոյությունը պահպանելու եւ բարելավելու համար: Երկրորդ. այդ հարաբերություններն ունեն պատմական բնույթ, հասարակության զարգացման ընթացքում զարգանում ու փոփոխվում են` խորանում, ընդլայնվում եւ ուժեղանում են, փոխվում է հասարակության ուժերի հարաբերակցությունը բնության ուժերի հետ, շատ բնագավառներում գերակշռություն է ստանում հասարակությունը: Դրա հետեւանքով բնության մասին մարդկանց աշխարհայացքային պատկերացումներն ստանում են վերին աստիճանի հակասական եւ պատմականորեն զարգացող ու փոփոխվող բնույթ:
Նախնադարյան շրջանում մարդիկ արդեն ունեին հարուստ գիտելիքներ բնության ամենաբազմազան իրերի ու երեւույթների, նրանց օգտակար, այդ թվում սննդարար, ու վնասակար, անվտանգ ու վտանգավոր հատկությունների մասին, օգտակարներից օգտվելու եւ վնասակարներից խուսափելու, անվտանգներից չվախենալու, իսկ վտանգավորներից վախենալու եւ պրիմիտիվ միջոցներով պատսպարվելու եւ պաշտպանվելու մասին: Բայց նրանց հայտնի չէին այդ իրերի ու երեւույթների ներքին էությունը, պատճառներն ու այդ պատճառների գործողության մեխանիզմները: Եվ մարդիկ ստիպված էին բնությունը, նրա իրերն ու երեւույթները նմանեցնել իրենց, նրանց վերագրել ցանկություններ, զգացմունքներ, կամք, մարդկանց լավություն ու վատություն անելու, պատժելու ունակություն: Մարդկային զոհեր ու ավերածություններ պատճառող բնական արհավիրքներն ու աղետները համարվում էին զայրացած բնության կողմից մարդկանց գլխին թափվող պատիժ: Մարդիկ բնությանը, նրա իրերին, երեւույթների եւ ուժերին իրենց նմանությամբ ոգիներ են վերագրել, ոգիավորել են դրանց: Զգալով իրենց ուժերի չնչինություն բնության ահռելի, գերմարդկային ուժերի դեմ, մարդիկ պաշտել ու երկրպագել են դրանց, կրակի շուրջն իրենց ծիսակարգային պարերով, երգերով եւ այլ գործողություններով (կենդանիների ու մարդկանց զոհաբերություններով) աշխատել են սիրաշահել դրանց ոգիներին, որպեսզի իրենց նկատմամբ բարի լինեն, օգնեն իրենց, վնաս չտան: Նմանօրինակ հայացքների ամբողջությունը կոչվում է ոգեպաշտություն, անիմիզմ (լատիներեն անիմա - ոգի, հոգի բառերից), որն իշխող է եղել նախնադարի ողջ ընթացքում: Նախնադարյան անիմիզմը բնության հանդեպ մարդու թուլության եւ անզորության հետեւանքն է:
Նախնադարյանից ստրկատիրական կամ ֆեոդալական հասարակությանն անցման շրջանում բնության երեւույթներն ու ուժերը մարդիկ սկսում են անձնավորել եւ դրա հիման վրա ձեւավորվում է դիցաբանությունն իր բազմաստվածությամբ հանդերձ: Յուրաքանչյուր աստված անձնավորել է բնւոթյան որոշակի երեւույթներ եւ ուժեր: Հունական Զեւսը միաժամանակ եղել է կայծակի մարմնավորումը, լայնակուրծք Գեյան` բոլոր էակներին սնող երկրի, հայկական Արամազդը` երկնքի եւ երկրի, Վահագնը` կրակի եւ ամպրոպի, Անահիտը` պտղաբերության ու մայրության եւ այլն: Այդ պատկերացումները հիմք են տալիս ենթադրելու, որ նախնադարյան մարդիկ փաստորեն տարրալուծված են եղել բնության մեջ եւ իրենց համարյա չեն տարբերել բնությունից:
Փիլիսոփայության առաջացմամբ ձեւավորվում են մարդկանց տեսական հարաբերությունները բնության հետ: Մարդկանց հայացքները բնության մասին երկատվում են։ Մի կողմից, մերձակա բնությունը մարդիկ մեկնաբանում եւ արժեվորում են ուտիլիտար, շահախնդիր տեսակետից որպես սպառողական արժեք, այսինքն` բնակատեղ, ապրուստի միջոցների, աշխատանքի գործիքների եւ բնական հարստությունների անսպառ աղբյուր: Դրա հիման վրա ծագել է բնության նկատմամբ սպառողական, գիշատիչ վերաբերմունքը, որն իշխող է եղել մինչեւ XX դ. կեսերը: Մարդիկ կարծեցել են, թե իրենք կարող են անվերջորեն վերցնել բնության անսպառ հարստություններն առանց որեւէ վնաս հասցնելու նրան: Վերցրու, որքան կուզես, չի վերջանա - չա է եղել սկզբունքը: Այդ սկզբունքին դասական ձեւակերպում է տվել ռուս ագրոկենսաբան ու այգեգործ Ի. Միչուրինը: XXդ. սկզբին նա ասել է. «Մենք բնությունից չպետք է ողորմություն սպասենք, մեր խնդիրն է վերցնել նրանից ամեն ինչ»:
Միաժամանակ բնությունն ամբողջությամբ մեկնաբանվում եւ արժեվորվում է որպես մարդուց անչափ մեծ ու զորեղ մի ուժ, որն անգերազանց է իր ներդաշնակությամբ ու կատարելությամբ, իր լոգոսով` իր աստվածային համընդհանուր բանականությամբ, իմաստնությամբ եւ օրինաչափությամբ: Առաքինի, բարեպաշտ ու երջանիկ կյանքով ապրելու համար մարդը պետք է ունկնդրի լոգոսի ձայնին եւ ապրի բնության, նրա օրինաչափությունների հետ համերաշխ: Բնության հետ համերաշխ, ներդաշնակ ապրելու սկզբունքը հատկապես ընդգծել են անտիկ շրջանի ստոիկ փիլիսոփաները (մ.թ.ա. III-Iդ.դ.):
Այս ուսմունքներին հակառակ որոշ փիլիսոփաներ, ուշադրություն դարձնելով պարբերաբար կրկնվող, մեծ ավերածություններ ու մարդկային զոհեր պատճառող բնական աղետների ու արհավիրքների վրա, բնությունը նմանեցրել են քաոսին, մեկուսի, ցաք ու ցրիվ իրերի մի անսահման հավաքածուին, որտեղ իշխում է պատահականությունը եւ քմահաճույքը, չկա եւ ոչ մի ներդաշնակություն, ոչ մի կազմակերպվածք, ոչ մի կատարելություն: Մարդը դատապարտված է ծանր գոյապայքար մղել նրա դեմ, պաշտպանվել նրա աղետաբեր քմահաճույքներից եւ ձգտել հնարավորին չափ իրեն ենթարկել այն:
Քրիստոնեության եւ քրիստոնեական փիլիսոփայության տեսանկյունից բնությունը Աստծո կողմից ստեղծված ցածր կարգի, նյութական կեցություն է, որտեղ, ի տարբերություն հոգեւոր, գերբնական հավերժական աշխարհի, ամեն ինչ փոփոխական ու անցողիկ, ունայն ու փուչ է: Դրանով իսկ հոգեւորը հակադրվում է նյութականին, երկրայինին որպես նրանից անհունորեն ավելի բարձր կարգի էություն:
Հետեւապես, մարդը պետք է ձգտի համերաշխվել, միաձուլվել ոչ թե նյութական բնության, այլ հոգեւոր աշխարհի հետ, մտածի ոչ թե իր մարմնականի, այլ հոգեւորի մասին:
Վերածննդի դարաշրջանում դարձյալ տարածում են ստանում բնության մասին անտիկ շրջանի պատկերացումներն ու նրա արժեւորումները: Բնությունը վերստին դիտվում է որպես տիեզերական վիթխարի անսահման ներդաշնակություն եւ կատարելություն, մարդը պետք է ձգտի ապրել նրա օրենքներով, աշխատի համերաշխ ապրել ու միաձուլվել նրա հետ: Այդ հայացքների հիման վրա նոր դարաշրջանում ձեւավորվում են երկու հակադիր տիպի ուսմունքներ:Դրանրիր առաջինը XVII դարում մշակել է անգլիացի փիլիսոփա Ֆ.Բեկոնը, որը դիտում էր բնությունը որպես ճանաչողության — գործնական տիրապետության օբյեկտ: Բեկոնն ասում էր. մարդը պետք է իրեն ենթարկի ողջ բնությունը, դառնա նրա տիրակալը: Իսկ դրա համար նա պետք է ճանաչի բնության իրերի — եր—ույթների հատկությունները, ծագման — փոփոխման օրենքները — ծառայեցնի այդ գիտելիքները հօգուտ իր շահերի: Գիտելիքը սոսկ մարդու հետաքրքրությունը բավարարելու համար չէ, «գիտելիքը ոժ է», կրկնում էր նա: Նա առաջինը դարաշրջանների փոփոխության հիմք ընդունեց գիտության ու տեխնիկայի հայտնագործությունները, այլ ոչ թե մեծագույն պատմական գործիչների գործունեությունը: Ըստ նրա համոզման, նոր դարաշրջանի սկիզբն են դրել 3 մեծագույն հայտնագործությունները. վառոդի, գրքի տպագրության եւ կողմնացույցի հայտնագործությունը:
Այս տեսակետին հակառակ մոտ 150 տարի անց, XVIIIդ. ֆրանսիացի փիլիսոփա Ռուսսոն արդեն տագնապ է հնչեցնում: նա պնդում եւ զգուշացնում էր մարդկանց, որ գիտությունների եւ արվեստների զարգացումը կործանում է ինչպես բնությունը, այնպես էլ մարդկանց, բարոյազրկելով նրանց: Նա կոչ էր անում. քանի դեռ ուշ չէ «ետ դառնալ դեպի բնությունը»: Մարդկության համար լավագույնը բնական վիճակն է, որի շնորհիվ միայն նա կարող է պահպանել իր գոյությունը: Դրա համար մարդիկ պետք է հրաժարվեն գիտություններից եւ արվեստներից: Ռուսսոյի հակառակորդները, ծայրահեղության հասցնելով նրա ուսմունքը, պնդում էին, որ նա քարոզում է մարդկանց ապրել չորեքթաթ, այսինքն` վերադառնալ կենդանիների ապրելակերպին: Չնայած այդ քննադատությանը, նրա հայացքները որոշ տարածում ստացան հատկապես Ֆրանսիայում: Սակայն XXդ. կեսերին, երբ գիտատեխնիկական հեղափոխութռյան ծավալման հետեւանքով ծագեց ու սրվեց բնապահպանական ճգնաժամը, ռուսսոյականությունը հանկարծակի վերածնվեց եւ լայն տարածում ստացավ Արեւմուտքում: Առաջացավ հիպիների շարժումը: Հիպիները ցուցադրաբար հրաժարվում էին քաղաքակրթությունից, գիտությունից, տեխնիկայից, արդյունաբերությունից եւ ընդհանրապես կրթությունից, համարելով այդ ամբողջը մարդկության համար կործանարար: Հարյուր հազարավոր մարդիկ ԱՄՆ-ից եւ Արեւմտյան Եվրոպայի երկրներից փոխադրվում էին Հնդկական օվկիանոսի ափերը, Խաղաղ օվկիանոսի կղզիները եւ ապրում էին բնական կյանքով: Նրանց քարոզիչները մարդկանց համոզում էին, որ տաք ծովերի ափերին տեղ կգտնվի բոլորի համար: Սակայն հետագայում այդ շարժումը թուլացավ: Պարզվեց, որ քաղաքակրթության քաղցր պտուղներից պրաժարվելն այնքան էլ հեշտ չէ: Հիպիները հաշվի չէին առնում, որ գիտության ու տեխնիկայի զարգացումը ոչ միայն ստեղծում է բնապահպանական ճգնաժամ, այլեւ միջոցներ է հայթայթում ճգնաժամը հաղթահարելու համար: Օգտագործելով գիտության եւ տեխնիկայի նորագույն նվաճումները, մարդկությունը գիշատիչ սպառողական վերաբերմունքից աստիճանաբար անցում է կատարում բնության նկատմամբ պահպանական վերաբերմունքին, մի կողմից, իր պահանջմունքները համեմատելով բնության հնարավորությունների հետ եւ չափավորելով դրանք, իսկ մյուս կողմից, ստեղծելով հատուկ սարքեր, տեխնոլոգիաներ ու միջոցառումներ, որոնք չեզոքացնում են բնության վրա մարդու գործունեության բացասական հետեւանքները: Բնապահպանական վերաբերմունքը պահանժջւմ է հասարակական գործընթացների կառավարումը զուգակցել բնության գործընթացների կառավարման հետ, դարձնել դրանք մեկ միասնական գործընթաց:
Քանի որ Երկիր մոլորակը համայն մարդկության օրրանն է, բնապահպանական բոլոր միջոցներն ու միջոցառումները պետք է կիրառվեն համամոլորակային մասշտաբով, միավորելով բոլոր պետությունների ջանքերը: Այդ նպատակով ՄԱԿ-ի շրջանակներում կնքվել եւ կնքվում են բազմաթիվ միջազգային պայմանագրեր, որոնք միջազգային իրավական մակարդակով կարգավորում են բնապահպանության համընդհանուր խնդիրները: Դեռ ավելին, տվյալ պայմանագրերի հիման վրա ձեւավորվել է միջազգային հանրային իրռավունքի մի նոր ճյուղ` միջազգային բնապահպանական իրավունքը: Վերջինիս հետ սերտորեն կապված է միջազգային տիեզերական իրավունքը, որը կարգավորում է պետությունների տիեզերական գործունեությունը, արգելելով տիեզերական տարածությունը եւ նրա օբյեկտները (օրինակ, Լուսինը) ռազմական նպատակներով օգտագործել եւ աղտոտել: Սակայն, չնայաց վերոհիշյալ բոլոր միջոցառումներին, բնապահպաիության ընդհանուր գործը չափազանց դանդաղ է առաջ ընթանում: Դեռեւս շատ ուժեղ են հին մտածողության դիրքերը: հատկապես Արեւմուտքի զարգացած երկրները եւ Ռուսաստանը չեն շտապում լիովին օգտագործել միջազգային բնապահպանական պայմանագրերի պահանջները: Օրինակ, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը, մթնոլորտն ամենաուժեղ աղտոտողները, մինչեւ հիմա չեն վավերացրել իրենց գործարանների ծխնելույզների արտանետումները մթնոլորտ 8 %-ով կրճատելու միջազգային պայմանագիրը, թեեւ ստորագրել են այն:
Բայց պետք է հուսալ, որ նշված դժվարությունները ժամանակավոր են, որովհետեւ խոսքը մարդկությանի գոյատեւման մասին է: Միջազգային հանրությունը վաղ թե ուշ ստիպված կլինի խթանել բնապահպանական գործը եւ վերացնել մարդկության գլխին կախված կործանման վտանգը:
« 3.ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
Հասարակության զարգացման վրա մեծ ազդեցություն ունի ազգաբնակչությունը, որի տակ հասկանում են մի որեւէ երկրում, աշխարհամասում կամ Երկրագնդի վրա ապրող մարդկանց ամբողջությունը: Վերջինս մենք անվանում ենք մարդկություն: Այդ ազդեցությունը կարող է լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական: Օրինակ ազգաբնակչության պակասի, նոսրության դեպքում հնարավոր չէ աշխատանքի հասարակական բաժանումը, մասնագիտացումը, նոր տարածքների ու բնական հարստությունների յուրացումը, հետ—ապես, տնտեսության — մշակույթի զարգացումը, մարդկանց բարեկեցության բարձրացումը: Բնակչության կենսամակարդակի վրա նույն ազդեցությունն է գործում մարդկանց ավելցուկը, նրանց չափից ավեի խտությունը, որովհետ— գիտության ու տեխնիկայի, արտադրական ուժերի զարգացման որոշակի մակարդակում հողն ի վիճակի չէ բոլորին կերակրելու: Այդ վիճակում են հատկապես զարգացող երկրները (Հնդկաստանը, Ինդոնեզիան, աֆրիկյան երկրները — մյուսները), որտեղ արտադրողական ուժերի զարգացման տեմպերը ետ են մնում ազգաբնակչության աճի տեմպերից:
Հասարակության անկաշկանդ զարգացման համար անհրաժեշտ է ազգաբնակչության որոշակի օպտիմալ քանակություն, որը, սակայն, փոփոխական է, կախված բնական պայմաններից, հողի բերրիությունից, ընդերի հարստություններից, կլիմայից — այլն, արտադրության ու տենիկայի զարգացման աստիճանից եւ բազմաթիվ այլ սոցիալական պայմաններից:
Բնական միջավայրի ու ազգաբնակչության փոխազդեցության խնդիրը չափազանց բարդ ու բազմակողմանի է, քանզի այդտեղ փոխհատվում են բնականը, կենսաբանականը եւ հասարականի: Դրանցից մեկի շեշտադրումը միշտ հանգեցրել է միակողմանի, ուստի եւ սխալ եզրակացությունների եւ լուծումների:
Մալթուսականության համար բնորոշ է, օրինակ, կենսաբանականի շեշտադրումը, իսկ մարքսիզմի համար` հասարակականը: Անգլիացի տնտեսագետ ու սոցիոլոգ Մալթուսը XVIIIդ. վերջին պնդում էր, որ ազգաբնակչության աճը տեղի է ունենում զուտ կենսաբանական հիմունքներով եւ ենթարկվում է երկրաչափական պրոգրեսիայի օրենքին (1, 2, 4, 8, 16, 32
) իսկ ապրուստի միջոցներն աճում են թվաբանական պրոգրեսիայով (1,2,4,6,8,10
): Դրա հետեւանքով էլ առաջանում ու սրվում են հակասությունները ինչպես բնության եւ հասարակության, այնպես էլ հասարակության տարբեր խավերի միջեւ: Այդ հակասություններից ազատվելու համար մալթուսականներն առաջարկում են սահմանափակել ազգաբնակչության աճը, առաջին հերթին սովից տառապող չունեւոր խավերի աճը, համապատասխանեցնելով այն ապրուստի միջոցներին: Արտադրության զարգացումը, ըստ նրանց, խնդրին լուծում չի տալիս, որովհետեւ գոյամիջոցների տեմպերի աճը հանգեցնում է սպառողների էլ ավելի մեծ աճին:
Նեոմալթուսականները XXդ. ահազանգում էին այն մասին, որ մարդկությունը չափից շատ ավելի է բազմացել եւ եթե շտապ միջոցներ ձեռք չառնվեն, ապա նրան կործանում է սպառնում սովից, համաճարակներից ու ավերիչ պատերազմներից: Նրանցից ոմանք նույնիսկ III համաշխարհային միջուկային պատերազմն էին անխուսափելի հաոմարում, պատերազմ, որը կոչված կլինի արմատապես կրճատել երկրի ազգաբնակչությունը:
Մարքսիստական ուսմունքի համաձայն, ազգաբնակչության աճը գլխավորապես կարգավորվում է հասարակական օրենքներով, հատկապես արտադրաեղանակով ու նրա զարգացման տնտեսական օրենքներով: Աղքատության, գործազրկության, ընդհանրապես բնակչուչթյաի հարաբերական ավելցուկի, բնության նկատմամբ գիշատիչ ու ավերիչ վերաբերմունքի պատճառն էր համարում կապիտալիզմն իր շահագործման համակարգով — զարգացման տարերային բնույթով: Մարքսիզմը խոստանում էր սոցիալիզմի օրոք վերացնել կապիտալիզմին հատուկ այդ բոլոր խոցերը եւ հիմնովին լուծել բնապահպանության ու ազգաբնակչության բոլոր հարցերը: Սակայն ԽՍՀՄ-ի եւ մյուս սոցիալիստական երկրների փորձը ցույց տվեց, որ սոցիալիզմը ոչ թե լուծում, այլ ավելի է խորացնում բնապահպանության եւ ազգաբնակչության խնդիրները: Բնության ավերումն էլ ավելի ուժեղացավ: Գործազրկությունն ընդունեց թաքնված բնույթ եւ հասավ մինչեւ 15 %-ի, աղքատությունը, կարիքը, դեֆիցիտը դարձան համատարած: Դա վկայում էր այն մասին, որ ազգաբնակչության խնդիրները ոչ միայն կապիտալիզմի, այլեւ սոցիալիզմի ծնունդ են, բնորոշ են ընդհանրապես զարգացած ինդուստրիալ եւ պոստինդուստրիալ հասարակություններին, ինչպես նաեւ հետամնաց երկրներին եւ ունեն համամարդկային բնույթ:
Համաշխարհային սոցիալիզմի փլուզմամբ, «սառը պատերազմի» եւ սպառազինությունների մրցավազքի վերացմամբ բարենպաստ պայմաններ ստեղծվեցին միջազգային հանրության ջանքերը միավորելու ազգաբնակչության եւ մյուս գլոբալ խնդիրների լուծման համար:
Ժողովրդական հետազոտությունների համաձայն ազգաբնակչության աճի դինամիկան միշտ էլ եղել է դրական եւ ժամանակի ընթացքում անընդհատ մեծացել է: Վաղ պալեոլիթի շրջանում Երկրի բնակչությունը հազիվ կազմել է 100-200 հազար մարդ, նեոլիթի վերջին` 50 մլն., մեր թվարկության սկզբին` 230 մլն., իսկ այժմ` 6 մլդ. մարդ: Եթե անցյալ հազարամյակի ընթացքում Երկրի ազգաբնակչության կրկնապատկման համար պահանջվել է 700 տարի, իսկ երկրորդ կրկնապատկման համար 150 տարի, ապա այժմ պահանջվում է մոտ 40-50 տարի: XX դ. վերջին ազգաբնակչության աջը կազմել է տարեկան 2%, որը հիմնականում տեղի է ունեցել զարգացող երկրներում եւ կոչվել է «դեմոգրաֆիական պայթյուն»: Աղքատության եւ սովի մասշտաբները փոքրացնելու համար այդ երկրներում ՄԱԿ-ի օգնությամբ սկսեցին օգտագործել բարձր բերքատու հացահատիկային սորտեր եւ նորագույն ագրոտեխնիկաներ, որոնց շնորհիվ դաշտերի բերքատվությունը բարձրացվեց 7-8 անգամ, մոտենալով զարգացած երկրների մակարդակին: Բերքատվության այդ կտրուկ աճը, որը, ցավոք, դեռ ոչ բոլոր զարգացող երկրներում է կատարվել, կոչվեց «կանաչ հեղափոխություն»:
Սակայն դա չի կարող լինել խնդրի լիակատար լուծում: Գյուղատնտեսության զարգացմանը զուգընթաց պետք է լուրջ միջոցների կիրառվեն ազգաբնակչության աճը սահմանափակելու եւ կարգավորելու նպատակով: Ինչպես հաշվարկները ցույց են տալիս, այժմյան պայմաններում Երկիրը կարող է կերակրել մոտ 12 մլրդ, մարդ, իսկ երկրային մասշտաբով ռացիոնալ տնտեսվարության դեպքում առավելագույնը 60 մլրդ. մարդ: Օպտիմալ 12 մլդ-ի սահմաններում մարդկանց թվաքանակը կայունացնելու համար ընտանիքի պլանավորումը պետք է նախատեսի յուրաքանչյուր ամուսնական զույգի համար 2,2-2,5 երեխայից ոչ ավելի: Այդ դեպքում կայունացումը տեղի կունենա XXI դ. վերջին: Միջազգային եւ ներպետական միջոցառումներից բացի ազգաբնակչության աճի տեմպերի իջեցմանը նպաստում է նաեւ մարդկանց մշակութային մակարդակի բարձրացումը, կապված արդյունաբերության, քաղաքների, կրթության զարգացման, կանանց հասարակական աշխատանքի բոլոր ոլորտներում ավելի լայն ընդգրկելու հետ: Զարգացած երկրների փորձը հաստատում է դա: Դեռ ավելին Արեւմուտքի շատ երկրներում նույնիսկ նկատվում է բնակչության նվազում, որ ստիպում է իշխանություններին խրախուսել կանանց ծնելիությունը:
Ընտանիքների պլանավորման գործօում այժմ կան զգալի հաջողություններ. եթե XXդ. սկզբին այն ընդգրկում էր ամուսնական զույգերի 8 %-ը, ապա ներկայումս մոտ 50%-ը: Հեռու չէ այն ժամանակը, երբ պլանավորման գործընթացի մեջ ընդգրկված կլինեն բոլոր ընտանիքները եւ Երկրի ազգաբնակչության տարերային բուռն աճին վերջ կտրվի: Դրա գրավականը գիտատեխնիկական առաջընթացի հետագա ծավալումն ու ժողովուրդների մշակութային մակարդակի աննախադեպ բարձրացումն է:
ԳԼՈՒԽ 7
ՄԱՐԴՈՒ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
(ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՄԱՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ)
« 1 ՄԱՐԴՈՒ ԷՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Դարեր շարունակ մարդը ձգտել է ճանաչել ու արժեքավորել ոչ միայն բնության երեւույթները, այլեւ ինքն իրեն, պարզել իր էության առեղծվածը: Այդ իմաստով մարդու համար իրենից ավելի հետաքրքրական օբյեկտ գոյություն չունի: Նա անընդհատ խորհել է այն մասին, թե ինչ է ինքն իրենից ներկայացնում, ինչպես է ծագել, որն է նրա կոչումը, կյանքի իմաստը եւ ապագան:
Մարդու մասին առաջին ամենապրիմիտիվ պատկերացումները ծագել են նախնադարյան կրոններում: Օրինակ, ըստ տոտեմիստների, մարդը ծագել է մի որեւէ կենդանուց կամ բույսից, որը եւ սրբացրել են: Մարդը պարտավոր էր պաշտպանել իր տոտեմին ու ծառայել նրան: Տաբու (արգելք) էր դրվել տոտեմին պոկելու (եթե բույս էր), սպանելու (եթե կենդանի էր), ուտելու կամ ընդհանրապես վնասելու վրա: Դա համարվում էր սրբապղծություն, որին հետեւելու էր սարսափելի պատիժ: Դիցաբանական կրոնների համաձայն մարդիկ ստեղծվել են աստվածների կողմից, որոնք հովանավորում եւ ուժ են տալիս նրանց: Իրենց աստվածների օգնությամբ են մարդիկ ապրում, պատերազմում, նորանոր տարածքներ ու ժողովուրդներ նվաճում, ստրուկներ ու հարստություններ ձեռք բերում: Փոխարենը մարդիկ պարտավոր էին պաշտել ու կատարել իրենց աստվածների պատգամները: Այդ պատճառով էլ ամեն մի ժողովուրդ ուներ իրեն հովանավորող աստվածները, հույները Զեւսին, հռոմեացիները Յուպիտերին, հայերը Արամազդին ու Վահագնին եւ այլն:
Դիցաբանական կրոններում հոգեւոր գերբնական ուժերը ծառայում էին մարդկանց մարմնական հզորությանը: Նրանք փաստորեն պաշտում էին մարմնական ուժը, հարստությունը, վայելքները, ցոփ ու շվայտ կյանքը, որոնք եւ հետագայում դարձան մասնավորապես հույների ու հռոմեացիների այլասերման եւ կործանման գլխավոր պատճառներից մեկը:
Անտիկ փիլիսոփայական ուսմունքներում մարդն առավելապես դիտվում էր որպես կոսմոսի բաղկացուցիչ մաս, որն իր հերթին մի փոքրիկ միկրոկոսմոս է եւ իր կյանքի ընթացքում ենթարկվում է ճակատագրին:
Ելնելով մարմնական ուժն ու վայելքները պաշտող անտիկ աշխարհի քայքայման ու հետագա կործանման դառը փորձից, քրիստոնեությունը եւ նրա փիլիսոփայությունը լիովին ոչնչացրին ողջ անտիկ մշակույթը՝ դիցաբանությունը, փիլիսոփայությունը եւ արվեստը: Դա մի փորձ էր համընդհանուր կործանումից փրկելու այն ժամանակվա քաղաքակիրթ աշխարհը, այլ ոչ թե քրիստոնյա քահանաների տգիտության արդյունք, ինչպես դա ներկայացնում են մարքսիստները: Այդ պատճառով քրիստոնեությունն անիծեց մարմնականը, համարելով այն ստոր կրքերի ու ցանկությունների աղբյուր, սատանայի կողմից մարդկանց ներշնչվող մեղքերի անոթ: Քաղաքեները որպես անառակության ու վարակների բներ ոչնչացվեցին, արգելվեց մարմնական գեղեցկության ցուցադրումը որպես գայթակղության աղբյուր: Ամուսնությունն ու ընտանիքը սրբագործվեցին, այսինքն՝ հռչակվեցին աստվածային գործ, ապահարզանն արգելվեց, որպեսզի ամրապնդվեին ընտանիքի բարոյական հիմքերը: Արհամարհելով մարմնականը, մարդը պետք է մտածեր միայն իր անմահ հոգու փրկության մասին: Դրա համար նա պետք է կատարեր Աստծու բոլոր պատգամները, բարոյական բոլոր պատվիրանները, որ մահվանից հետո նրա հոգին ընկներ դրախտ, միանար Աստծուն եւ հավերժական երջանկություն վայելեր:
Եվ, պետք է ասել, որ մարդկային արժեքների այս կտրուկ արմատական վերանայումը, բոլոր բարոյական խստությունները տվեցին իրենց դրական արդյունքները: Գյուղական առողջ կյանքը, հողագործի ծանր ֆիզիկական աշխատանքը մաքուր օդն, մաքուր մթերքներն ու ջուրը, ամուր բարոյական ընտանիքը վերականգնեցին մարդկանց առողջությունը:
Ինչպես տեսնում ենք, մարդու աստվածային ծագման եւ հոգեւոր էության կրոնափիլիսոփայական ուսմունքն իր մեջ մեծ բարերար մշակութաբանական եւ հումանիստական լիցք է պարունակում:
Նոր դարաշրջանի փիլիսոփայությունը, որը գլխավորապես իդեալիստական էր, քրիստոնեության ոգով, մարդուն դիտում էր նախ եւ առաջ որպես հոգեւոր էակ: Չափազանցնելով հոգեւորի դերը մարդու էության մեջ XIX-XX դդ. իդեալիստական փիլիսոփայությունը հանգեցնում էր այն կամ բնական, ռացիոնալ հիմքին, կամ էլ անբնական, իռացիոնալ հիմքին: Այսպես, գերմանական դասական փիլիսոփայության գլխավոր ներկայացուցիչը, Հեգելը, համաշխարհային ոգին համարելով բանական ուժ, մարդուն դիտում էր որպես նրա զարգացման երրորդ՝ բարձրագույն աստիճան: Ըստ նրա, լինելով բանական էակ, մարդը սոցիալ-պատմական գործընթացի անհրաժեշտ տարրերից է: Այդ գործընթացը տեղի է ունենում մարդկանց գործունեության եւ փոխազդեցության միջոցով, որտեղ կատարվում է մարդու հոգեւոր էության առարկայացումը եւ ստեղծվում է մարդուն շրջապատող առարկայական աշխարհը: Հեգելի համոզմամբ, մարդն այդ աշխարհի եւ՛ արարիչն է, եւ՛ արգասիքը:
Մարդու հոգեւոր էության իռացիոնալ ըմբռնմանը մենք հանդիպում ենք կյանքի փիլիսոփայության եւ էկզիստենցիալիզմի ներկայացուցիչների ուսմունքներում: Ըստ Բերգսոնի, մարդու էությունը բանական չէ, իռացիոնալ ու խորհրդավոր է, կարելի է ճանաչել միայն ինտուիցիայի միջոցով: Ըստ էկզիստենցիալիստ Յասպերսի, գոյություն ունի իռացիոնալ, ապատրամաբանական (ալոգիկ) մտածողություն, ավելի ստույգ, մտաճառագում, որն սկսում է գործել, երբ մարդը հայտնվում է սահմանային, իմա՝ ճգնաժամային իրավիճակներում:
Ի հակադրություն իդեալիզմի, մատերիալիստական ուսմունքները, հատկապես XVIII դարից սկսած մարդու ծագումն ու էությունը մեկնաբանել են մատերիալիստորեն, այսինքն՝ բնական պատճառների հիման վրա, մարդու էության մեջ գլխավորը համարելով մարմնականը, նյութականը, որը կարելի է ճանաչել միայն բանականության, մտածողության միջոցով: Մարդու էության մեջ, հետեւապես, ոչ մի խորհրդավոր, իռացիոնալ բան չկա: Մարդն ի վիճակի է ճանաչել ու տիրապետել ոչ միայն իր շրջապատի բնության երեւույթներին, այլեւ ինքն իրեն, իր մարմնին ու կենսագործունեությունը:
Սակայն փիլիսոփայության տարբեր ու հակադիր ուղղություններին բնորոշ է եղել նաեւ մի ընդհանուր գիծ: Ինչպես իդեալիզմն ու կրոնը, այնպես էլ մատերիալիզմն իր բոլոր դպրոցներով մարդու էությունը համարել են մշտապես կայուն եւ անփոփոխ: Դարերի պատմությունը ոչ մի փոփոխություն չի մտցրել մարդու էության մեջ: Նա ինչպես մարդ եղել է, այդպես էլ մնացել է: Այլ կերպ ասած, մարդու էությունն ըմբռնվել է մետաֆիզիկորեն որպես շարժումից ու փոփոխությունից զուրկ: Այս ըմբռնումը XIX դ. կեսերին գերմանացի փիլիսոփա Լ. Ֆոյերբախը զարգացրել ու ձեւակերպել է որպես անտրոպոլոգիական, մարդաբանական սկզբունք փիլիսոփայության մեջ: Անտրոպոլոգիական փիլիսոփայությունը մարդու էությունը նույնացրել է նրա ընդհանուր սեռային հատկանիշների հետ, այն բանի հետ, որ բոլոր մարդիկ էլ գիտակից, բանական, կամքով, բնավորությամբ ու զգացմունքներով օժտված, աշխատող ու բարոյական, այսինքն՝ բարու եւ չարի մասին գաղափար ունեցող, հասարակական հարաբերություններին ընդունակ էակ է:
Այստեղ անտեսվել է հասարակության պատմական զարգացման ազդեցությունը մարդու էության վրա, նրա սեռային հատկանիշների, իմա՝ նրա գիտակցության, բանականության, զգացմունքների, բարոյականության եւ այլնի վրա:
Մարքսիզմի փիլիսոփայությունը վերացրեց անտրոպոլոգիզմի այդ թերությունը, ցույց տվեց, որ մարդու էությունը հասարակության զարգացման ընթացքում պատմականորեն փոփոխվում է, մի հասարակարգից մի ուրիշին անցման հետեւանքով մարդը կորցնում է որոշ սոցիալական հատկանիշներ եւ ձեռք է բերում նորերը: Բայց մարքսիզմը եւս ընկավ միակողմանիության մեջ, գերագնահատելով այդ փոփոխությունները եւ թերագնահատելով մարդկային էության ընդհանուր գծերը: Դրանից էր բխում մարքս-լենինյանների ձգտումը ձեւավորելու նոր մարդու՝ կոմունիստական հասարակության մարդու կերպարը, որը պետք է էապես, որակապես տարբերվեր, դեռ ավելին, հակադրվեր բուրժուական հասարակության մարդուն: Սոցիալիզմի փլուզումը ցույց տվեց նաեւ նոր մարդ կերտելու կոմունիստական փորձերի սխալականությունը:
§ 2 ՄԱՐԴՈՒ ԾԱԳՄԱՆ (ԱՆՏՐՈՊՈՍՈՑԻՈԳԵՆԵԶԻ) ԱՌԵՂԾՎԱԾՔԸ
ա) Կրոնը եւ գիտությունը մարդու ծագման մասին
Մարդու ծագման հարցը փիլիսոփայության եւ կենսաբանության եւ հասարակագիտության ամենագլխավոր ու հրատապ հիմնախնդիրներից է: Դարեր շարունակ այն սուր վեճերի առարկա է եղել: Մինչեւ XIX դ. կեսերը իշխող է եղել մարդու աստվածային ծագման կրոնական ուսմունքը: Մարդու բնական ծագման մատերիալիստական ուսմունքները տարածված չեն եղել ոչ միայն կրոնի հակազդեցության, այլեւ համապատասխան բնական ու հասարակական գիտությունների՝ կենսաբանության, հնէաբանության, հնագիտության, մարդաբանության, մյուսների թույլ զարգացման պատճառով: Այդ իրավիճակում բեկում կատարվեց Չ Դարվինի էվոլյուցիոն տեսության շնորհիվ, որը մեծ քանակի կոնկրետ փաստերի օգնությամբ ապացուցեց, որ մարդն կենսաբանական էվոլյուցիոն սանդղակի ամենաբարձր աստիճանն է եւ անմիջականորեն հաջորդում է բարձրակարգ, այսպես կոչված մարդանման կապիկներին: Դրա հիման վրա էլ եզրակացվեց, որ մարդը ծագել է կապկից: Սակայն դա բայց եւ այնպես վարկած էր, որովհետեւ, նախ, պարզված չէր, թե կապկի որ տեսակից է մարդն առաջացել (ընդ որում դա այսօր էլ պարզ չէ), եւ, երկրորդ, ինչպես է առաջացել, այսինքն՝ որոնք են առաջացման մեխանիզմները: Գոյության պայքարի օրենքը եւ բնական ընտրության մեխանիզմը տվյալ դեպքում համարյա ոչինչ չի բացատրում: Այդ բացը փորձեց լրացնել Ֆ. Էնգելսը: Նա մշակեց մարդու ծագման աշխատանքային տեսությունը, ըստ որի մարդու ձեւավորման գործում վճռական դեր է կատարել կապիկների որոշակի տեսակի աստիճանական անցումը բնության տված բարիքները հավաքելուց աշխատանքի միջոցով այդ բարիքներն արտադրելուն: Աշխատանքն իր հերթին խթանել է կապկի նյարդային համակարգի զարգացմանը, որի ընթացքում ձեւավորվել է լեզուն որպես հաղորդակցման միջոց եւ գիտակցության, բանականության առաջացման լրացուցիչ խթան: Ըստ Էնգելսի, աշխատանքն ու լեզուն են կապկի ուղեղը դարձրել մարդկային ուղեղ: Բայց նա չի կարողացել պարզել, թե այդ ինչ բնական պայմաններում է տեղի ունեցել կապկի էվոլյուցիան դեպի մարդը: Խորհրդային մարդաբանների մի մասը, ձգտելով պարզել այս հարցը, պնդում էին, որ մարդու գոյացման համար դրանք եղել են չափազանց բարենպաստ պայմաններ, որոնք ստղեծվել են մեկ անգամ, որպես բացառություն եւ այլեւս կրկնվել չեն կարող: Դրա հետեւանքով մարդանման կապիկների ներկայիս տեսակներից եւ ոչ մեկը մարդ դառնալ չի կարող: Մյուս մասը, ընդհակառակն, համոզված էր, որ այդ պայմանները խիստ անբարենպաստ են եղել կապիկների համար եւ կործանումից փրկվելու համար նրանք բնական ընտրության շնորհիվ անցում են կատարել իրենց գոյամիջոցների արտադրությանը: Մի խոսքով ստացվում էր, որ լավ կյանքից կապիկը երբեք մարդ չէր դառնա: Այս վեճերը վկայում են, որ խնդիրը դեռ հեռու է իր լուծումից: Վիճակն ավելի է բարդանում, երբ որոշ մարդաբաններ մատնացույց են անում Էնգելսի տեսության մեջ թաքնված մի տրամաբանական արատավոր շրջան. աշխատել կարողանալու համար մարդը պետք է գիտակցություն ունենա, իսկ գիտակցություն ունենալու համար նա պետք է կարողանա աշխատել:
Այդ արատավոր շրջանը ճեղքելու համար որոշ մասնագետներ առաջադրել են մարդու ծագման մուտացիոն տեսությունը, ըստ որի մարդը ծագել է երկրագնդի՝ բարձր ռադիոակտիվություն ունեցող վայրերում, որտեղ ռադիոակտիվ ճառագայթների ազդեցության տակ միլիոնավոր տարիների ընթացքում կապիկների մի ինչ-որ տեսակ միլիարդավոր մուտացիաների է ենթարկվել: Այդ մուտացիաները կապիկների ժառանգականության մեջ առաջացրել են քաոսային փոփոխություններ, որոնց մեջ մի ճյուղ, ի վերջո հանգեցրել է մարդկային ուղեղի ձեւավորմանը, հետեւապես, մարդկային բանականության եւ աշխատանքի ունակության կազմավորմանը: Մուտացիոն վարկածի օգտին է անուղղակիորեն վկայում այն փաստը, որ մարդու ծագման 2 ամենահավանական օրրաններն էլ հարուստ են ուրանի հանքերով: Դրանք Կենտրոնական Ասիան եւ Հարավ Արեւմտյան Աֆրիկան (Նամիբիան) են:
Քանի դեռ գիտությունները զբաղված են նորանոր փաստեր կուտակելով, այդ փաստերի հիման վրա նորանոր վարկածներ առաջադրելով ու դրանց շուրջը բանավիճելով, քրիստոնեական փիլիսոփայության մեջ առաջացել է մի ուղղություն, որը ձգտում է միմյանց հետ համաձայնեցնել մարդու ծագման վերաբերյալ Աստվածաշնչի դրույթները եւ գիտությունների տվյալները: Այդ նպատակով Վատիկանում ստեղծվել է Սուրբ Թոմասի (Աքվինացու) անվան Պապական Ակադեմիան, որի անդամներ են Արեւմուտքի բազմաթիվ խոշոր գիտնականներ:
Տվյալ ուղղության ներկայացուցիչները, հիմնականում կաթոլիկ փիլիսոփաներից, գտնում են, որ Աստվածաշունչը պետք է հասկանալ ոչ թե ուղղակի, այլ փոխաբերական իմաստով, որովհետեւ Աստծո խոսքը մարդն ի վիճակի է հասկանալու իր մտավոր զարգացման աստիճանի համեմատ, այնպես, ինչպես փոքր երեխան է հասկանում մեծահասակի խոսքը: Այսպես, ելնելով իր հոգեւոր զարգացման ներկայիս մակարդակից, մարդը պետք է Աստծո արարչագործության ամեն մի օրը հասկանալու ոչ թե երկրային, այլ երկրաբանական իմաստով, որն ընդգրկում է մի քանի հարյուր միլիոն երկրային տարիներ: Դա նշանակում է, որ աստվածային 6 օրը հավասար է մարդկային 6 երկրաբանական տարիներին: Նույն ձեւով էլ բույսերի, կենդանիների ու մարդու արարումը կատարվել է ոչ թե մի անգամից, այլ կենսաբանական էվոլյուցիայի ճանապարհով: Աստված ստեղծել է կենդանի բջիջը՝ եւ այն օժտել է կենսաբանական էվոլյուցիայի օրենքներով, որոնց շնորհիվ ծագել են բոլոր տեսակի բարդ օրգանիզմներն ու, ի վերջո, մարդը: Հասարակության հոգեւոր զարգացման հետագա փուլերում, գիտությունների ու մշակույթի զարգացմանը համընթաց էլ՛ ավելի են ընդլայնվելու, խորանալու եւ ճշգրտվելու Աստծո Գործի մարդկային ըմբռնումները:
բ) Անտրոպոսոցիոգենեզի այժմյան պատկերացումները
Այդ տերմինն առաջացել է հունարեն անտրոպոս-մարդ, սոցիում-հասարակության եւ գենեզ-ծագում բառերից:
Ըստ անտրոպոսոցիոգենեզի տեսության կենսաբանական էվոլյուցիայի շնորհիվ ոչ թե սկզբում առանձին մարդն է ծագել որպես միայնակ Ռոբինզոն եւ հետագայում բազմանալով, վերածվել է մարդկային հասարակության, այլ մարդու եւ հասարակության ձեւավորումը տեղի է ունեցել միաժամանակ որպես մեկ միասնական գործընթացի 2 անխզելի կողմեր:
Այն պահից, երբ մարդանման կապիկների հոտն աստիճանաբար միլիոնավոր տարիների ընթացքում բնության բարիքները հավաքելուց անցել է բարիքների արտադրությանը, այդ հոտն սկսել է վերծավել մարդկային հասարակության: Անցման գործընթացում վճռական դեր է խաղացել սկզբում բնական գործիքների, իսկ այնուհետեւ արհեստական գործիքների կիրառումը: Կարելի է ասել. բուն իմաստով մարդկային աշխատանքն սկսվել է արհեստական գործիքներ պատրաստելուց եւ դրանք օգտագործելուց: Այն ի սկզբանե ունեցել է կոլեկտիվ բնույթ, կատարվել է համատեղ ջանքերով: Դրա համար ծագել է հաղորդակցման նոր միջոցի՝ լեզվի անհրաժեշտությունը: Լեզվի շնորհիվ առաջանում են հասարակական հարաբերությունները եւ կապիկների հոտն սկսում է վերածվել մարդկային հասարակության , որովհետեւ այն հնարավոր է դարձնում ինֆորմացիայի ու փորձի փոխանակում, կուտակում եւ փոխանցում հաջորդ սերունդներին: Հասարակական հարաբերությունների ձեւավորմամբ կենդանիների վարքի բնազդային կարգավորչիները իրնեց տեղը զիջում են որակապես նոր տիպի՝ հասարակական կարգավորիչներին, ավանդույթներին ու սովորույթներին, որոնց եւ ենթարկվում է մարդկային տոհմերի ողջ կյանքը: Նախ, ծագում են տաբուները՝ արգելքները, որոնք տոհմի անդամներին թույլ չեն տալիս վնաս հասցնել իրենց տոտեմին, որը նրանց առասպելական նախնին է համարվում: Այնուհետեւ արգելվում են ներտոհմական էնդոգամ (հունարեն էնդո-ներքին եւ գամոս-ամուսնություն բառերից), արյունակցական ամուսնություններն ու ընտանեկան կապերը: Առաջանում են էկզոգամ (հունարեն էկզո-արտաքին եւ գամոս-ամուսնություն բառերից) ամուսնական կապերն ու հետագայում նաեւ ընտանիքը: Դա վճռական, կարելի է ասել, հեղափոխական նշանակություն ունեցավ մարդկային ցեղի այլասերումը կանխելու եւ այն բարելավելու համար: Հարկ է նշել, որ կենդանիների ոչ մի տեսակի մոտ էկզոգամիա չի նկատվում, իշխում է էնդոգամիան: Կենդանական էնդոգամիայից մարդկային էկզոգամիային անցման պատճառները մինչեւ այժմ հստակորեն հայտնի չեն: Ըստ մի տեսակետի, մեր հեռավոր նախնիները նկատել են էնդոգամիայի այլասերիչ բնույթը եւ հրաժարվել դրանից: Ըստ մի այլ տեսակետի, դա արվել է էգերի համար արուների միջեւ կռիվները դադարեցնելու նպատակով, հանուն ներտոհմական խաղաղության, որը վերջապես հանգեցրել է տոհմի անդամների սպանության արգելմանը: Տոհմերի ձեւավորման հետեւանքով մարդիկ սկսում են իրենց տոհմը տարբերել մյուս տոհմերից եւ գիտակցել իրենց ազգակցական կապերը, հստակորեն օգտագործելով «հայր», «մայր», «քույր», «եղբայր», «պապ», «տատ» եւ այլն, առաջին լիարժեք հասկացությունները: Կենդանիների ոչ մի տեսակի համար ազգակցական կապեր գոյություն չունեն:
Ներտոհմական, արյունակցական ամուսնական կապերի, տոհմակցի սպանության արգելումը եւ նրան օգնելու պահանջը ընկան պրիմիտիվ նախնադարյան բարոյականության հիմքում: Շատ ավելի ուշ, հասարակության զարգացման ընթացքում, կապված նրա շերտավորման հետ, ծագում են մարդկանց սոցիալական, քաղաքական, իրավական եւ այլ հարաբերությունները: Այդ հարաբերությունները, սկսած տնտեսական, սոցիալական, քաղաքական, բարոյական եւ վերջացրած հոգեւոր հարաբերություններով հանդես են գալիս որպես «վերկենսաբանական» հարաբերություններ: Իրնեց ամբողջության մեջ դրանք արտահայտում են հասարակության էությունը եւ որակավորվում են որպես մշակույթ: Հասարական մարդու կյանքը մշակութային կյանք է, որովհետեւ նա կարող է ապրել միայն իր ստեղծած, իր մշակած աշխարհում: Այդ աշխարհից դուրս, այսինքն՝ բնական աշխարհում նա չի կարող ձեւավորվել եւ ապրել: Կենդանիների մեծացրած մարդկային երեխաները հասարակության լիարժեք անդամ դառնալ չեն կարող: Մաուգլիների սրտառուչ պատմությունները սոսկ գեղեցիկ հեքիաթներ են:
« 3 ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԸ ՄԱՐԴՈՒ ԷՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Դառնալով հասարակական էակ, մարդը չի կտրվում կենդանական աշխարհից, չի զրկվում իր կենսաբանական հատկություններից: Նա բարձրակարգ կաթնասունների մի տեսակ է, որը կոչվում է բանական մարդ (Homo sapiens): Որպես կենսաբանական էակ նա օժտված է որոշակի կայուն տեսակային հատկանիշներով, որոնք, սակայն, որոշ սահմաններում փոփոխվում են: Կենսաբանական են սեռերի տարբերությունները, կյանքի միջին տեւողությունը (80-90 տարի), ժառանգականությունը, քաշը, չափսերը, ուղղահայաց քայլվածքը, տարիքային բաժանումը, (մանկական, երիտասարդական, միջին, ծերունական եւ այլն) ընդունակությունները՝ տաղանդը, հանճարը, ընդ որում գործունեության տարբեր բնագավառներում (երաժշտության, գեղանկարչության, քանդակագործության եւ արվեստի մյուս ճյուղերի մեջ, ինչպես նաեւ տարբեր գիտություններում՝ մաթեմատիկայում, ֆիզիկայում, փիլիսոփայության, պատմության մեջ եւ այլն) եւ այլն: Կենսաբանական են նաեւ ռասայական տարբերությունները: Ըստ մարդաբանության նորագույն տվյալների, Homo sapiens-ը ծագել է մոտավորապես 2,5-3,5 միլիոն տարի առաջ, իսկ նրան նախորդել են, Homo-ի 2 տեսակ՝ Homo habilis-ը (կարող մարդը) եւ Homo erectus-ը (ուղիղ քայլող մարդը):
Կենսաբանական հատկանիշների ամբողության հիմքի վրա վեր է ծառանում մարդու սոցիալական հատկանիշների վիթխարի բազմությունը՝ կրթական, մասնագիտական, տնտեսական, քաղաքական, բարոյական եւ բազմաթիվ այլ հատկանիշներ: Այդ առնչությամբ էլ ծագում է կենսաբանականի եւ սոցիալականի փոխհարաբերության հարցը մարդու էության մեջ: Դեռ Արիստոտելն ընդգծել է կենսաբանականի եւ հասարակականի միասնությունը մարդու մեջ, անվանելով նրան «հասարակական կենդանի»: Ելնելով մարդու իր տված սահմանումից, Արիստոտելը ստրուկին մարդ չի համարել, որովհետեւ ստրուկը զուրկ է եղել քաղաքացիական իրավունքներից եւ միայն պարտավոր է եղել աշխատել իր տիրոջ համար: Ըստ նրա, ստրուկը խոսող գործիք է, հետեւապես, պատկանում է բանող ընտանի կենդանիների դասին:
Հետագայում հիմնախնդիրը դրվել է ավելի կոնկրետ. փիլիսոփաներն ու մարդաբանները ձգտել եւ ձգտում են պարզել, թե տվյալ 2 կողմերից ո՞րն է որոշիչը մարդու եւ հասարակության կյանքում, ինչ դեր են խաղում այստեղ մարդկանց միջեւ գոյություն ունեցող այս կամ այն կենսաբանական տարբերությունները: Երկար ու սուր բանավեճերի արդյունքում ձեւավորվել են 2 հակադիր ընդհանուր տեսակետներ, որոնցից մեկը որոշիչ է համարում կենսաբանականը, իսկ մյուսը՝ սոցիալականը:
Առաջին տեսակետը բաղկացած է մի շարք ուսմունքներից, որոնցից են սոցիալ-դարվինիզմը, օրգանական տեսությունը, բիոսոցիոլոգիան, ֆրեյդիզմը, ռասիզմը եւ այլն: Ըստ սոցիալ-դարվինիստների, հասարակության կյանքում որոշիչ են Դարվինի հայտնաբերած՝ գոյության պայքարի օրենքն ու բնական ընտրությունը, որոնցով նրանք բացատրում են եւ՛ մրցակցությունը, եւ՛ դասակարգային պայքարը, եւ՛ պատերազմները: Օրգանական տեսությունը, որը մշակել է XIX դ. անգլիացի սոցիոլոգ Հ. Սպենսերը, հասարակությունը նմանեցնում է կենդանի օրգանիզմին, հասարակական հիմնարկները համարելով կենդանու օրգաններ իրենց հատուկ գործառույթներով: Օրինակ, կառավարությունը համարում է հասարակական օրգանիզմի ուղեղ, կապը՝ նյարդեր, տրանսպորտը՝ արյունատար անոթներ, աշխատավորներին՝ ստամոքսաաղիքային համակարգ եւ այլն: Բիոսոցիոլոգիան հասարակությունը նույնացնում է կենդանիների հոտի, մրջյունների, մեղուների եւ այլ միջատների «ընտանիքների» հետ: Հիրավի, հատկապես միջատների մոտ նկատվում են որոշակի «սոցիալական» երեւույթներ. նրանք համատեղ աշխատում են, ձմեռվա համար պաշար են կուտակում, պորտաբույծներին սպանում են (մեղուները): Սակայն նրանց գործողությունները զուտ բնազդային են եւ նրանց հարաբերություններն ընտանիքում հասարական չեն, որովհետեւ նրանք զուրկ են բանականությունից, հոգեւոր կարողությունից: Ֆրեյդիզմը, XX դ. ավստրիացի հոգեբույժ Զ. Ֆրեյդի ուսմունքն առավելությանը տալիս է մարդու անգիտակցական հոգեկան ուժերին: Նա պնդում էր. մարդն ու հասարակությունն ենթարկվում են անգիտակցական հոգեկան ոլորտին, առաջին հերթին բնազդներին, որոնք միշտ հաղթող են դուրս գալիս գիտակցության, բանականության դեմ իրենց պայքարում: Հետեւապես, մարդու էության մեջ միշտ հաղթում է կենդանականը:
Ռասիզմը խտրականություն է դնում տարբեր գույնի մարդկանց միջեւ, որոշ ռասաներ համարում է լիարժեք ու բարձր, իսկ մյուսներին ոչ լիարժեք ու ցածր: Ռասիզմի արմատները ծագել են հին Հունաստանում եւ անցել հռոմեացիներին, որոնք իրենց որպես բարձր կարգի ժողովուրդ առանձնացրել են մյուս ժողովուրդներից, անվանելով նրանց բարբարոսներ: Որպես ամբողջական տեսություն այն մշակվել է Եվրոպայում XIX դ. կեսերին եւ սպիտակամորթ եվրոպացիներին հռչակել է բարձրագույն արիական ռասա: XX դ. ռասիզմը դարձել է ֆաշիստական Գերմանիայի պաշտոնական գաղափարախոսությունը, որը բարձրագույն է հռչակել արիացիների բաց շիկահեր կապուտաչյա նորդական (հյուսիսային) ցեղի մարդկանց, առաջին հերթին գերմանացիներին: Ֆաշիստների սանձազերծած 2-րդ աշխարհամարտը դա նորդական ռասայի պատերազմ էր հանուն համաշխարհային տիրապետության:
Մարդու էության կենսաբանական ըմբռնման օրինակ է նաեւ կանանց՝ որպես հասարակական էակների ընդունակությունների թերագնահատումը եւ դրա հիման վրա նրանց նկատմամբ խտրականությունը: Համարելով կանանց ցածր կարգի էակներ, հասարակության տղամարդկանց մասը խիստ սահմանափակել է նրանց աշխատանքի իրավունքը, ընտրական իրավունքը, հավասար վարձատրության իրավունքը եւ բազմաթիվ այլ իրավունքներ: Բավական է նշել, որ Անգլիայի պես քաղաքակիրթ երկրում կանայք ձայնի իրավունք են ստացել 1918 թ. միայն: Հանուն սեռերի հավասարության ծավալվել են ֆեմինիստական շարժումներ, որոնք երբեմն չափն անցել են, ձգտելով կանանց հավասարեցնել տղամարդկանց ոչ միայն դրական, այլեւ բացասական իմաստով, այսինքն՝ տղամարդկանցից ետ մնալու համար կանայք պետք է ընդօրինակեն նաեւ նրանց արատները՝ ծխելը, խմելը, զազրախոսելը եւ այլն: Կանանց հավասարության համար հատկապես կատաղի պայքար են մղել մարքսիստ-լենինիստները, խորհրդային կոմունիստները, որոնք իրենց իշխանությունը ցարական Ռուսաստանում հաստատելուց հետո հավասարության պատրվակի տակ խաբեցին կանանց եւ նրանց վրա բարդեցին նաեւ ամենածանր աշխատանքները. ճանապարհների, երկաթուղիների, բնակարանային եւ արդյունաբերական շինարարությունը, ամեն տեսակի ստորգետնյա գիշերային, ծանր ֆիզիկական աշխատանքները, ներառյալ հանքափորի աշխատանքը: Եվ այստեղ պարզվեց, որ տղամարդկանց ու կանանց հավասարության ամենավեհ ու մարդկային սկզբունքը կարելի է ծառայեցնել նաեւ ամենաստոր ու անմարդկային նպատակներին:
Հասարակությունը պետք է ոչ թե ամեն տեսակի հավասարություն, նման հավասարություն տղամարդու եւ կնոջ միջեւ չի կարող լինել, այլ այնպիսին, որ հաշվի է առնում կնոջ օրգանիզմի առանձնահատկությունները որպես թույլ եւ նուրբ էակի, որպես օջախի պահապանի եւ երեխաների մոր, եւ պաշտպանի նրա շահերը եւ դրանով իսկ ողջ հասարակության շահերը:
Մարդու էության սոցիալական կողմի ընդգծումը բնորոշ է մարքսիզմ-լենինիզմին: Մարքսը միշտ պնդել է, որ մարդն իր էությամբ սոցիալական էակ է, որովհետեւ մարդն այն է, ինչ հասարակությունն է: Նա գրել է. «
մարդու էությունը մի ինչ-որ վերացական բան չէ, որ հատուկ է առանձին անհատին: Իրականում այն բոլոր հասարակական հարաբերությունների ամբողջությունն է»: Առաջին հայացքից դա շատ խոր ու վեհ է հնչում, սակայն պարունակում է 3 արմատական տեսական սխալ, որոնք հետագայում, կոմունիստների իշխանության ժամանակ ժողովրդի համար ողբերգական հետեւանքներ են ունեցել: Նախ, մարդու կենսաբանական էությունն արհամարհվել է, երկրորդ, նա տարալուծվել է հասարակության մեջ եւ երրորդ, անտեսվել է նրա անհատականությունը, որը պայմանավորված է նրա միլիոնավոր տարիների էվոլյուցիայով, ժառանգականությամբ եւ այլ կենսաբանական գործոններով: Արդյունքում, խորհրդային տարիներին կոմունիստները տասնամյակներ շարունակ արհամարհել են ժողովուրդների ամենակենսական շահերը, խոստանալով դրախտային բարեկեցություն ստեղծել հեռավոր կոմունիզմի ժամանակ: Մարդկանց դարձրել են հասարակության «վինտիկներ», որոնց հետ իրենց ուզածի պես կարելի է վարվել: Վերջապես, անտեսել են մարդկանց անհատականությունը, ամեն մի մարդու համարել են փոխարինելի, ժխտել են անփոխարինելի մարդկանց գոյությունը: Արվեստագետների համամիութենական խորհրդակցության ժամանակ (1961 թ.) խորհրդային խոշորագույն կինոռեժիսյորների մեկի երեսին Ն. Խրուշչովը շպրտել է. «Դուք պետք է իմանաք, որ դուք ոչնչություն եք, ձեզ նման տարեկան 3 մլն մարդ է ծնվում ԽՍՀՄ-ում»:
Ճիշտ է, մարքսիզմի ուսմունքում նշվել է նաեւ մարդու բնական, կենսաբանական կողմը, բազմիսց նշվել է, որ մարդը բնական, կենդանի էակ է, բայց դրանից անհրաժեշտ տեսական հետեւություններ չեն արվել: Կենսաբանականի եւ սոցիալականի կարեւորությունը, միասնությունն ու փոխներգործությունը ըստ արժանվույն չի գնահատվել: Արդի գիտատեխնիկական հեղափոխությունը հնարավորություն է տալիս ավելի խորն ու կոնկրետ ըմբռել մարդու կենսաբանական էությունը, նրան սպառնացող վտանգները, կապված միջավայրի աղտոտման հետ, եւ այն բարեփոխելու հեռանկարները: Նյութական բարեկեցության աճը, առողջապահության զարգացումը, գենետիկան, մասնավորապես ինժեներային գենետիկան, եվգենիկան եւ այլն, խնդիր են դնում ամրապնդել մարդկանց առողջությունը, էապես երկարաձգել մարդկանց կյանքը (մինչեւ 180 տարի), պայքարել ժառանգական հիվանդությունների դեմ, հիվանդ գեները նորերով՝ առողջներով փոխարինելու միջոցով եւ ընդհանրապես վերակառուցել մարդկանց ժառանգական ապարատը: Դա ինժեներային գենետիկայի խնդիրն է: Եվգենիկան հնարավորություն է տալիս բարելավելու մարդկանց տեսակը տարբեր պարամետրերով, գենետիկական փոփոխությունների եւ անգամ կանանց արհեստական բեղմնավորման միջոցով կամ արհեստական պայմաններում երեխա ստանալու միջոցով եւ այլն:
Նորագույն գիտությունների ու տեխնիկայի ընձեռած այս վիթխարի հնարավորությունները, սակայն, պահանջում են մեծագույն զգուշություն: Հակառակ դեպքում մարդկությանը, նրա ժառանգականությանն ու տեսակին կարելի է անուղղելի վնաս հասցնել, անգամ վտանգի տակ դնել մարդկության հետագա գոյությունը:
« 4 ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԻ, ՄԱՀՎԱՆ ՈՒ ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Մարդկային կյանքի իմաստը եւ նրա հետ շաղկապված մյուս հարցերը որոշ իմաստով ունեն հանրագումարային, ամփոփիչ բնույթ, որովհետեւ փիլիսոփայության մյուս բաղկացուցիչ մասերը՝ ուսմունքները բնության, մարդու, ճանաչողության, հասարակության եւ այլնի մասին ի վերջո նպատակ ունեն մեկնաբանելու եւ արժեվորելու մարդու կյանքի իմաստը, պարզելու, թե ինչու է նա ապրում, որն է նրա կյանքի նպատակը, ինչպես պետք է ապրի, ինչին պետք է ձգտի, ինչից խորշի ու խուսափի: Այս հարցերը հատկապես սուր բնույթ են ստանում մահվան փաստի առնչությամբ: Եթե մարդը ծնվում է, որ մեռնի, ապա ինչ՞ի համար է նա ապրում, ինչո՞ւ է նա մահանում, ինչ՞ իմաստ ու նշանակություն ունի մահը:
Նշված բոլոր հարցերի ակունքները գտնվում են հին հունական փիլիսոփայության մեջ: Հինավուրց ժամանակներից սկսած մինչ այսօր փիլիսոփաները փորձում են գտնել դրանց պատասխանները: Նախ, նրանք քննարկել են կյանքի իմաստի գոյության կամ չգոյության հարցը: Կարծիքները բաժանվել են: Ոմանք պնդել են, որ կյանքն ընդհանրապես իմաստ չունի. մարդը մեկ անգամ ծնվում եւ կյանքի բնազդով մի կերպ ապրում է, ենթարկվելով շրջապատի հանգամանքներին: Այս տեսակետը լայն տարածում ունի մարդկանց առօրեական կյանքում, այն մարդկանց, որոնք չեն ուզում մտածել իրենց գոյության իմաստի մասին եւ ապրում են այնպես, ինչպես աշնանային քամու քմահաճույքով տարբեր կողմեր քշված ծառից պոկված տերեւ:
Նորագույն փիլիսոփայական ուսմունքներից նման տեսակետ է պաշտպանում XX դ. երկրորդ կեսին Ֆրանսիայում եւ Գերմանիայում տարածված էկզիստենցիալիզմը, որը ժխտում է կյանքի իմաստը, պնդելով, թե մարդկային կյանքը մի ակնթարթային կայծ է Տիեզերքում: Էկզիստենցիալիստական գեղարվեստի ստեղծագործություններում, ինչպես, օրինակ, ֆրանսիացի փիլիսոփա եւ գրող ու դրամատուրգ Ժ. Ժ. Սարտրի վեպերում եւ պիեսներում ցույց է տրվում մարդկային կյանքի ողջ անիմաստությունը:
Դրան հակառակ, փիլիսոփաների մեծ մասն ընդունում է կյանքի իմաստի գոյությունը: Բայց նրանք տարբեր կերպ են ըմբռնում նրա բնույթը: Այսպես, ըստ կրոնաիդեալիստական ուսմունքների, կյանքն ու նրա իմաստը տրված են մարդուն ի վերուստ, հետեւապես, այն ունի արտաքին բնույթ: Ստեղծված լինելով Աստծո, համաշխարհային ոգու կամ մի այլ գերբնական տիեզերական ուժերի կողմից, մարդն իր ողջ կյանքի ընթացքում պարտավոր է կատարել նրանց պատգամները, ծառայել նրանց եւ ետմահու ընկնել դրախտը, որպես հատուցում ստանալով հավերժական հոգեւոր երանությունը: Իսկ եթե մարդը խախտում է Աստծո պատգամները, սկսում է Սատանային ծառայել, մեղքեր գործել, ապա նա դժոխքում արժանանում է հավերժական պատժի, տանջանքների:
Մատերիալսիտական ուսմունքները ժխտում են կյանքի իմաստի արտաքին բնույթը, որովհետեւ ժխտում են արտաքին գերբնական ուժերի գոյությունը: Նրանց համոզմամբ, մարդու կյանքի իմաստը պետք է փնտրել նրա էության մեջ եւ ոչ թե նրանից դուրս: Այն ունի ներքին բնույթ: Սակայն դրանից հետո սկսվում են տարաձայնություններն այդ ներքին իմաստի կոնկրետ բովանդակության շուրջը, այսինքն՝ թե կոնկրետ ո՞րն է այն:
Որոշ փիլիսոփաներ, ինչպես օրինակ, հին հունական ատոմիստ Էպիկուրը, այդ իմաստը տեսել են վայելքների մեջ; «կեր, խմիր, ման եկ, խուսափիր ցավից ու տառապանքից , ահա կյանքի իսկական իմաստը»,-քարոզում են նրանք: «Դա կմնա»,-ասում են նրանց մեծաքանակ հետեւորդները, աշխարհի տարբեր ծայրերում եւ տրվում են խնջույքներին ու խրախճանքներին: Բայց, ցավոք, դա էլ չի մնում: Մինչդեռ այդ մարդիկ սկսում են նմանվել անասունների, որովհետեւ լիովին մոռացության են տալիս մարդկային վեհ հոգեւոր արժեքները: Վայելքների երկրպագուները կոչվում են հեդոնիստներ (հունարեն հեդոն-վայելք բառից), իսկ ուսմունքը՝ հեդոնիզմ:
Հեդոնիզմին հակադրվում է էվդեմոնիզմը (հունարեն էվդեմոնե-երջանկություն բառից), ըստ որի մարդկային կյանքի իմաստը երջանկությունն է: Էվդեմոնիստները պնդում են, որ մարմնական վայելքները վնասում են մարդկանց առողջությանը եւ ցավերի ու տառապանքների պատճառ դառնում: Մարդը պետք է ձգտի երջանկության, հաղթահարելով զգայական վայելքների ձգտումը, սահմանափակի իրեն, դադարի գերի մնալ արտաքին աշխարհի հանգամանքներին, ճակատագրի քմահաճույքներին եւ հասնի ներքին ազատության: Էվդեմոնիստ է եղել Սոկրատեսը հին Հունաստանում եւ Լ. Ֆոյերբախը Գերմանիայում XIX դ. կեսերին: Ըստ Սոկրատեսի, երջանկության հասնելու համար մարդը պետք է բարոյապես ինքնակատարելագործվի եւ դառնա առաքինի: Երջանկության միակ ուղին առաքինությունն է: Ֆոյերբախի կարծիքով, մարդը երջանիկ է, երբ բավարարված են նրա բոլոր նյութական եւ հոգեւոր պահանջմունքները: Իսկ դրա համար յուրաքանչյուր մարդ մյուս մարդկանց օգնության կարիքն ունի: Որպեսզի իրար օգնեն, մարդիկ պետք է իրար սիրեն: Հետեւապես, ըստ Ֆոյերբախի, սերն է մարդկանց ընդհանուր երջանկության արարիչը եւ որպես այդպիսին պետք է աստվածացվի: Այսպիսով, Ֆոյերբախն ստեղծում է սիրո կրոնը:
Կան նաեւ բազմաթիվ այլ ուսմունքներ, որոնք կյանքի իմաստն ու երջանկությունը տեսնում են ճշմարտությանն ու բարուն ծառայելու մեջ, կամ ժողովրդին ու հայրենիքին ծառայելու մեջ, կամ էլ ստեղծագործության մեջ եւ այլն:
Կյանքի իմաստի այս տարբեր ըմբռնումները ցույց են տալիս, որ այն ունի հարուստ ու բազմազան բովանդակություն եւ երեւան է գալիս մարդկային գործունեության բոլոր բնագավառներում. աշխատանքում, դաստիարակության եւ ընտանեկան կյանքի մեջ, գիտության ու արվեստի, հասարակական գործունեության մեջ եւ այլն: Այդ ընթացքում է մարդը դրսեւորում ու ծավալում իր ձիրքերը, տաղանդն ու հանճարը, ազատորեն զարգանում եւ իրականանում որպես ակտիվ ստեղծագործ անձ: Հատկապես նմանօրինակ բազմակողմանի հանրօգուտ գործունեությունն է արժանանում հասարակության, ժողովրդի ու կոլեկտիվի ճանաչմանը եւ մարդուն տալիս խոր գոհունակություն եւ անձնական երջանկության զգացում:
Կյանքի իմաստը ճիշտ հասկանալու եւ երջանկություն ճաշակելու համար մարդը պետք է կարողանա իսկական, ճշմարիտ մարդկային արժեքները տարբերել կեղծ ու սուտ արժեքներից: Հակառակ դեպքում մարդը երեւույթական եւ խաբուսիկ երջանկության զոհ է դառնում, որն ի վերջո վերածվում է դժբախտության: Օրինակ, երբ մարդն անհատապաշտ ու եսասեր է, միայն իր բարօրության մասին է մտածում, գռփում ու հարստանում է, նա ոչ միայն իր շրջապատում է դժբախտություն սփռում, այլեւ իրեն է դժբախտացնում, որովհետեւ սկսում է ցոփ ու շվայտ կյանք վարել: Որոշ ժամանակ անց կեր ու խումը հագեցնում ու հոգնեցնում են նրան, քայքայում են նրա առողջությունը եւ ահա գալիս է մի պահ, երբ նա սկսում է զգալ կյանքի անիմաստությունը եւ հիսթափվում է ամեն ինչից: Նրանք սկսում են քարշ տալ իրենց գոյությունը կամ էլ երբեմն ինքնասպան են լինում: Մի այլ դեպքում գռփած փողերով գնած մեքենայի զոհ են դառնում: Գնելու պահին իրենց թվում է, թե երջանիկ են: Բայց կուլտուրայից զուրկ լինելով, կարգին վարել սովորելու փոխարեն փողով գնում են վարորդական իրավունքը եւ ընկնում փողոցներն ու գազանավարի քշում: Արդյունքում կամ իրենք են զոհվում կամ էլ ուրիշները: Եվ այդ պահին պարզվում է, որ նրանց երջանկությունը շատ խաբուսիկ է եղել:
Կյանքի իմաստի ու երջանկության մասին խորհելիս հարկ է նկատի ունենալ, որ այն պատմական, փոփոխական բնույթ ունի, որովհետեւ մարդն ու հասարակությունը զարգացում են ապրում: Նախնադարյան, ստրկատիրական եւ մյուս հասարակարգերի մարդկանց կյանքի իմաստն էապես տարբերվում է ժամանակակից մարդու կյանքի իմաստից, որովհետեւ վերջինը իր մեջ է ներառնում մշակույթի բազմադարյան զարգացման պտուղները:
Դրանից բացի պետք է հաշվի առնել, որ մարդու կյանքի իմաստն ունի ոչ միայն ընդհանուր եւ օբյեկտիվ բնույթ, այլեւ օժտված է անհատական ու սուբյեկտիվ գծերով: Այն կախված է, նախ, անհատի կրթությունից ու դաստիարակույունից, մասնագիտությունից, ընտանեկան վիճակից ու հասարակական դիրքից, տարիքից ու ազգությունից եւ ընդհանրապես նրա հոգեւոր զարգացման մակարդակից: Նա ինքն է իր երջանկության կռողը: Անհատի նշված հատկություններից են կախված նաեւ նրա պատկերացումներն ու հայացքները իր կյանքի իմաստի եւ երջանկության մասին, որոնք շատ հաճախ ոչ միայն չեն համընկնում իրականության հետ, այլեւ ուղղակի հակասում են նրան, սակայն պայմանավորում են մարդու զգացողությունը: Ուրեմն, մի բան է անհատի կյանքի իրական իմաստն ու երջանկությունը եւ մի այլ բան նրա հայացքներն ու սուբյեկտիվ զգացողությունը: Որքան հարուստ է անհատի հոգեւոր աշխարհը, որքան բարձր է նրա կուլտուրական մակարդակը, այնքան խորը, հարուստ եւ ճշմարիտ են նրա այդ հայացքներն ու զգացողությունը, հետեւապես, այնքան լիարժեք է եւ՛ նրա կյանքը, եւ՛ այդ կյանքի վայելքը:
Մարդկային կյանքի իմաստով է պայմանավորված մահվան եւ անմահության ըմբռնումը: Կրոնաիդեալիստական տեսակետից մարդու կյանքը նրա մահվան նախապատրաստությունն է: Նա պետք է մտածի իր հոգու փրկության մասին, որովհետեւ մահվան միջոցով նա երկրային կյանքից անցում է կատարում հանդերձյալ, հոգեւոր հավերժական կյանքին: Մահվամբ կյանքը չի վերջանում, չի ավարտվում, այն շարունակվում է այլ, ավելի կատարյալ ձեւով: Դրա շնորհիվ հավատքը մարդկանց հույս է տալիս, լավատեսություն է ներշնչում, մեղմացնում է մահվան ողբերգականությունը, մարդկանց վախն ու վիշտը: Հավատացյալի համար շատ ավելի հեշտ է մահանալ, քան անհավատի համար: Ըստ Պլատոնի, այդ լավատեսության ցայտուն օրինակ է Սոկրատեսի մահը: Երբ մահվանից առաջ աշակերտներից մեկը Սոկրատեսին հարցնում է. «ինչպ՞ես կուզենայիր, որ Քեզ թաղենք», նա պատասխանում է հարցով. «Ի՞նձ» եւ շարունակում. «Է, սիրելիս, այդ ժամանակ ես շատ հեռու կլինեմ: Դու ուզեցիր ասել «իմ մարմի՞նը»»: «Այո, Սոկրատես», ուղղվում է աշակերտը: Սոկրատեսի մահը մի օրինակ է, թե որքան դրական բարոյահոգեբանական դեր է կատարում հոգու անմահության գաղափարը:
Մատերիալիստների տեսակետից կրոնաիդեալիստական ուսմունքների կողմից ներշնչվող հույսն ու մխիթարանքը կեղծ ու պատրանքային են: Մարդը բնական էակ է եւ նրա մահվամբ կյանքն ավարտվում է: Նա մեկ անգամ է աշխարհ գալիս եւ այն, ինչ անելու է, պետք է անի իր կյանքի ընթացքում: Այստեղից մոլի, մարտնչող մատերիալիստները գալիս են այն համոզման, որ քանի կենդանի են, կյանքից պետք է վերցնեն ամեն ինչ, իսկ իրենցից հետո, ինչպես Լյուդովիկ XV-ն է ասել. «թող լինի թեկուզ ջրհեղեղ», «թող աշխարհը կործանվի»: Նմանօրինակ մարդիկ, այլեւս կանգ չեն առնում ոչ մի բանի առջեւ, սկսում են իրենց կյանքը դարձնել խրախճանք ժանտախտի ժամանակ: Ի վերջո, նրանք վերածվում են մարդկային կերպարանքով հրեշների:
Մատերիալիզմի այդ ավերիչ ազդեցությունը մարդու բարոյականության եւ հոգեբանության վրա անասելի ուժով դրսեւորվել է Խորհրդային Միության բոլշեւիկյան, այսպես կոչված, լենինյան-ստալինյան ղեկավարության մոտ: Իբրեւ թե հանուն կոմունիզմի հաղթանակի, հրեշների այդ հանցախումբը ոչնչացրել է տասնյակ միլիոնավոր մարդիկ, չի խնայել ոչ միայն հասարակ բնակչությանը, մտավորականությանը, այլեւ իր կուսակիցներին (հատկապես լենինյան կադրերին), իր մերձավոր զինակիցներին (Բուխարինին, Կամենեւին, Զինովեւին եւ մյուսներին) եւ անգամ իր հարազատներին, հալածել է նրանց ազգականներին՝ մի քանի հարյուր միլիոն մարդու:
Մինչդեռ մահվամբ ոչ ամեն ինչ է վերջանում, որովհետեւ մարդը Տիեզերք նետված բացարձակապես մեկուսի ու միայնակ էակ չէ: Նա որոշակի տոհմի, ժողովրդի, մարդկության մի մասնիկ է: Լինելով իր նախնիների շարունակությունը, նա միաժամանակ իր ժառանգներին է փոխանցում նրանց գեները, նրանց ավանդույթներն ու հոգեւոր մշակույթը: Դրանով նա շարունակում է ապրել իր ժառանգների մեջ: Նա կենդանի է, քանի դեռ մնում է նրանց հիշողության մեջ: Մյուս կողմից, ավելի լայն իմաստով, մարդը հաղթահարում է մահն իր մեծ ու բարի գործերով, մարդկանց համար երախտապարտ օգտակար ու պիտանի գործունեությամբ, հավերժանալով հետագա սերունդների կյանքում եւ հիշողության մեջ:
Այստեղից հետեւում է, որ մահվան եւ անմահության հարցն ունի իր կենսաբանական եւ մշակութային տեսանկյունները: Անհատի ֆիզիկական մահը կարող է ուղեկցվել իր հակադրությամբ` նրա մշակութային անմահությամբ: «Գործն է անմահ, լավ իմացեք»,-ասել է Հ. Թումանյանը: Լինում է նաեւ այնպես, որ անհատի մշակութային մահը վրա է հասնում նրա ֆիզիկական մահից առաջ, դեռ նրա կենդանության օրոք, եթե նա իր կյանքի ընթացքում ոչ մի լավ գործ չի արել, եղել է լիովին անպտուղ եւ անպիտան:
Գնահատելով փիլիսոփայության դերը կյանքի եւ մահվան իմաստավորման հարցում, որոշ փիլիսոփաներ շեշտը դրել են մահվան, իսկ մյուսները` կյանքի վրա: Ըստ Սոկրատեսի եւ Էպիկուրի, ինչպես նաեւ Բուդդայի, փիլիսոփայությունը մարդկանց սովորեցնում է մեռնել, հետեւապես, չվախենալ մահից: Իդեալիստ Սոկրատեսը դա անում էր, ապացուցելով հոգու անմահությունը, հոգի, որն ազատվում է իր մարմնական բանտից եւ վերադառնում իրեն հարազատ իդեաների հավերժական աշխարհը: Մատերիալիստ Էպիկուրը նույնն անում էր, ապացուցելով, որ մարդը եւ մահը երբեք իրար չեն հանդիպում, որովհետեւ քանի դեռ մարդը կենդանի է, մահը չկա, իսկ երբ մահը գալիս է, մարդն այլեւս չկա: Ուրեմն, նա մահից չպետք է վախենա:
Սպինոզան ու Ֆոյերբախը, ընդհակառակն, փիլիսոփայության գլխավոր նպատակն էին համարում մարդուն ապրել սովորեցնելը: Ըստ նրանց, այն բացահայտում է կյանքի իմաստը, ցույց է տալիս, թե որն է երջանկությունը եւ ինչպես հասնել դրան: Մեր դարաշրջանում մեծ առաջընթաց է տեղի ունենում ապրելու արվեստի մեջ: Նախ, կյանքն ընդհանրապես եւ հատկապես մարդկային կյանքը որպես եզակի երեւույթ միջազգային հանրության մակարդակով հռչակվել է բարձրագույն արժեք եւ պաշտպանության տակ վերցվել: Յուրաքանչյուր ոք այժմ ունի կյանքի իրավունք: Դրա շնորհիվ արգելված է ամեն տեսակի ոտնձգություն մարդկային կյանքի դեմ, այդ թվում նաեւ մահապատիժը: Միջազգային կոնվենցիաներով պաշտպանվում են մարդու տնտեսական, սոցիալական, քաղաքական, իրավական, կրթական, էթնիկական եւ բազմաթիվ այլ իրավունքները, որոնք ուղղված են մարդկանց կյանքի բարելավմանը եւ երկարացմանը: Խոսքը նրանց կենսամակարդակի խիստ բարձրացման, առողջության ամրապնդման, բնական եւ հասարակական միջավայրի առողջացման, առողջ ու առաքինի ապրելակերպի արմատավորման եւ այդ բոլորի շնորհիվ հեռանկարում կյանքի տեւողությունը մինչեւ մոտ 180 տարեկանը հասցնելու մասին է: Կենսաբանությունը, գենետիկան եւ տեխնիկան ֆանտաստիկ հեռանկարներ են խոստանում: Կենդանի օրգանիզմների սառեցման արդի տեխնիկան հնարավորություն է տալիս մարդուն իր կյանքն ապրել մաս-մաս, տարբեր դարաշրջաններում: Կենդանիների վրա դա արդեն փորձարկվել է. մկանը, օրինակ, սկզբում սառեցնում են, իսկ հետո որոշ ժամանակ անց հալեցնում եւ կենդանացնում: Նույն կերպ սառեցման միջոցով մարդը կարող է քուն մտնել մի դարաշրջանում եւ արթնանալ մի ուրիշ դարաշրջանում, մի քանի տարի անց դարձյալ քուն մտնել եւ արթնանալ հաջորդ դարաշրջանում եւ այդպես շարունակ: Եվ վերջապես, որոշ գենետիկներ ենթադրում են, որ ապագայում գենետիկայի օգնությամբ մարդը կարող է ձեռք բերել նաեւ ֆիզիկական անմահություն: Նրանց կարծիքով, մարդու (նաեւ կենդանի օրգանիզմների) ժառանգական ապարատում մյուս գեների կողքին կա նաեւ ծերացման գենը, որի գործողության հետեւանքով նա ծերանում ու մահանում է: Եթե այդ գենը գտնվի եւ հանվի, ապա նա ոչ կծերանա, ոչ կմահանա: Այսպիսով մարդկությունը կնվաճի ֆիզիկական անմահություն: Յուրաքանչյուր մարդ կմնա իր այն տարիքում, որ տարիքում կհանվի նրա ծերացման գենը: Նոր սերունդներին կհասցնեն մինչեւ ամենալավ երիտասարդ տարիքը եւ, ծերացման գենը հեռացնելով, ընդմիշտ կթողնեն նույն հասակում, որ նրանք կարողանան լիովին ճաշակել կյանքի բերկրանքը:
Եթե այդ գենետիկների հույսերն իրականանան, ապա դա կունենա աներեւակայելի հետեւանքներ ոչ միայն մարդկային քաղաքակրթության զարգացման, այլեւ ողջ կենդանի եւ անգամ անկենդան բնության համար: Դա կլինի զարգացման մի այնպիսի փուլ, որը հիմնովին, արմատապես կփոխի մարդու եւ աշխարհի դեմքը, ինչպես նաեւ նրանց փոխհարաբերությունը: Այդ ընթացքում լիովին կփոխվի մարդու աշխարհըմբռնումը, նրա փիլիսոփայությունը:
Մարդկության գոյության զարգացման ու այս եւ ուրիշ անսահման հեռանկարները լավատեսություն են ներշնչում նրա ապագայի նկատմամբ:
ԳԼՈՒԽ 8
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Մարդկային հասարակությունն աշխարհի թերեւս ամենաբարդ կառուցվածքն ունեցող ինֆորմացիոն, դինամիկ ինքնակարգավորվող համակարգն է: Այն բաղկացած է վիթխարի քանակի տարբեր տիպի ու մակարդակի տարրերից ու ենթակառուցվածքներից, որոնք մի կողմից գտնվում են սերտ փոխկապակցության եւ փոխներգործության մեջ, իսկ մյուս կողմից, օժտված են հարաբերական ինքնուրույնությամբ եւ չափազանց լայն սահմաններում կարող են փոփոխվել ու զարգանալ իրարից անկախ, իրենց հատուկ ներքին օրենքների հիման վրա եւ, հետեւապես, կարող են խթանիչ կամ արգելակիչ ազդեցություն գործել մյուսների վրա:
Սակայն դրանք ընդհանուր առմամբ բաժանվում են 4 խոշորագույն ոլորտների` տնտեսական, սոցիալական, քաղաքա-իրավական եւ հոգեւոր: Քանի որ տվյալ ոլորտներն իրենց յուրահատուկ կառուցվածքներով ներթափանցված են միմյանց մեջ. կազմելով մեկ միասնական հասարակական օրգանիզմ, ապա դա հիմք է տալիս մեզ ասելու, որ հասարակությունն ունի տնտեսական, սոցիալական, քաղաքաիրավական ու հոգեւոր կառուցվածք:
« 1. ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
ա) Հասարակական արտադրության հասկացությունը
Ամենալայն իմաստով հասարակական արտադրությունը համընկնում է հասարակության կենսագործունեության հետ, որովհետեւ նրա գոյության ամենաընդհանուր հիմքը աշխատանքն է, որի շնորհիվ ստեղծվում են նրա կյանքի բոլոր տեսակի պայմանները: Այլ կերպ ասած, հասարակական արտադրությունը հասարակական մարդու եւ հասարակության արտադրությունը եւ վերարտադրությունն է ամբողջությամբ իր բոլոր կառուցվածքային տարրերով հանդերձ: Այն ընդգրկում է հասարակական կյանքի 3 գլխավոր ոլորտները. նյութական բարիքների, հոգեւոր բարիքների եւ մարդու` որպես հասարակական էակի արտադրությունը: Ընդ որում խոսքն այստեղ ոչ թե սոսկ մարդ ծնելու, կերակրելու եւ մեծացնելու, այլեւ նրան կրթելու եւ դաստիարակելու մասին է, այսինքն` նրան հազարամյակների ընթացքում կուտակված ողջ հասարակական փորձի, գիտելիքների ու մարդկային արժեքների հաղորդման մասին է: Միայն դրա շնորհիվ մարդը կարող է դառնալ հասարակության լիարժեք անդամ, հասարակական հարաբերությունների լիարժեք սուբյեկտ:
Մարքսիզմը սխալմամբ գերագնահատել է հասարակական արտադրության մեկ ոլորտի` նյութական բարիքների արտադրության դերը հասարակության գոյության ու զարգացման մեջ: Այն ժամանակ դա որոշ արդարացում ունեցել է, որովհետեւ հոգեւոր արտադրությունը թույլ զարգացած է եղել: Ուստի, Մարքսին թվացել է, թե մարդկանց առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ սնունդ, հագուստ, օթեւան եւ այլ նյութական բարիքներ, որպեսզի նրանք կարողանան ապրել: Բայց նա հաշվի չի առել, որ միայն նյութական պայմանների առկայությունը կարող է մարդկանց համար ապահովել միայն կենդանական կյանք: Իսկ մարդկային կյանքի համար խիստ անհրաժեշտ են հոգեւոր արժեքները: Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ մարքսիզմի ժամանակաշրջանից` XIX դ. երկրորդ կեսերից սկսած հոգեւոր արտադրությունն ավելի արագ տեմպերով է զարգացել, քան նյութական արտադրությունը: Այժմ այն արմատապես փոխվել է, ստանալով արդյունաբերական բնույթ: Իրավամբ ասում են հանգստի, ժամանցի, զվարճալիքների եւ այլ ինդուստրիաների մասին, մասնավորապես կինո ու հեռուստատեսային եւ տուրիզմի ինդուստրիաների մասին: Գիտությունը եւս իր գիտափորձնական բազայի տեսանկյունից ներկայումս ունի ինդուստրիալ բնույթ: Դա նշանակում է, որ հասարակության զարգացմանը զուգընթաց հոգեւոր արտադրության տեսակարար կշիռը մարդկանց կյանքում անընդհատ աճում է, գերազանցելով նյութական բարիքների դերն ու նշանակությունը:
բ) Պահանջմունքներն ու շահերը հասարակական արտադրության մեջ
Հասարակական կյանքը միլիոնավոր մարդկանց ամենօրյա գործունեության արգասիքն է: Իսկ մարդիկ միշտ գործում են, ղեկավարվելով իրենց պահանջմունքներով ու շահերով: Պահանջմունքը մարդու, մարդկային խմբի, սոցիալական շերտի կամ դասակարգի կարիքն է իր գոյության կամ զարգացման համար անհրաժեշտ բաների (իրերի, գործընթացների, արժեքների) նկատմամբ: Այն մարդկանց ակտիվության ներքին դրդապատճառն է: Գիտակցված, կայուն ու երկարատեւ պահանջմունքները հանդես են գալիս որպես շահեր: Իսկ իրենց շահերն իրագործելու, հետեւապես, պահանջմունքները բավարարելու համար մարդիկ առաջ են քաշում համապատասխան նպատակներ եւ սկսում են միջոցներ փնտրել այդ նպատակներին հասնելու համար:
Շահերի իրականացման գործընթացը պահանջում է ոչ միայն դրանց ճիշտ ըմբռնում, այլեւ արժեւորում եւ համապատասխան զգացմունքային վերաբերմունք, որովհետեւ առանց սիրո, նվիրվածության եւ այլ վեհ զգացմուքնների անհնար են կամքի, ջանքերի ու հնարամտության մեծ ու երկարատեւ լարումները:
Հասարակական արտադրությունը եւ հասարակական պահանջմունքները գտնվում են դիալեկտիկական փոխադարձ կապի մեջ: Մի կողմից, դրանք փոխպայմանավորում են միմյանց, քանզի արտադրությունը ձգտում է բավարարել մարդկանց պահանջմունքները, իսկ բավարարված պահանջմունքները ծնում են նորանոր պահանջմունքներ, որոնք խթանում են արտադրության հետագա զարգացումը եւ այդպես շարունակ: Նշված 2 կողմերի փոխներգործության մեջ առաջատարը մարդկանց պահանջմունքներն ու շահերն են, որովհետեւ դրանք ընդհանուր առմամաբ միշտ առաջ են անցնում արտադրությունից եւ խթանում են նրա հետագա զարգացում:
Սակայն պահանջմունքներն ու շահերը չափազանց բազմաթիվ եւ բազմազան են, որի հետեւանքով դրանց խթանիչ ազդեցությունը խիստ տարբեր է: Նախ, ընդհանրության աստիճանով առանձնանում են անհատական եւ հասարակական պահանջմունքները, այնուհետեւ խմբային, խավային, դասակարգային եւ այլն: Դրանք իրենց հերթին բաժանվում են ըստ հասարակության ոլորտների, տարբերվելով իրարից որպես տնտեսական, քաղաքական եւ հոգեւոր պահանջմունքներ, իսկ վերջինները` գաղափարական, բարոյական, գեղագիտական, գիտական, աշխարհայացքային, այդ թվում կրոնական եւ այլն: Ըստ հասարակության սուբյեկտի տարբերվում են ազգային, պետական, կուսակցական եւ այլ պահանջմունքները: Գիտակցվածության տեսակետից դրանք լինում են չծրագրավորված ու տարերային եւ ծրագրավորված ու կազմակերպված, օբյեկտիվ ուղղվածության տեսակետից` առաջադիմական ու հետադիմական, բարոյաիրավական տեսակետից` արատավոր, հանցավոր ու առաքինի, օրինապաշտ: Այդպիսիք են, օրինակ, ծխամոլությունը, թմրամոլությունը, հարբեցողությունը, անառակությունը, մարմնավաճառությունը, գողությունը, կաշառակերությունը եւ այլն: Այլասերված անհատների համար դրանք դառնում են իսկական պահանջմունքներ, իսկ հասարակության համար իսկական, չարիքներ: Առանց այդ չարիքների դեմ պայքարելու հասարակությունը չի կարող նորմալ գոյատեւել եւ զարգանալ: Վերջապես, պահանջմունքներն ու շահերը լինում են առարկայական կամ գործառութային, կամ էլ երկուսը միասին: Առաջին դեպքում մարդկանց հետաքրքրում է իրենց աշխատանքի արդյունքը, երկրորդ դեպքում` աշխատանքի գործընթացը, իսկ երրորդ դեպքում եւ՛ մեկը, եւ՛ մյուսը: Տվյալ դեպքում աշխատանքն արտաքին հարկադրանիքց վերածվում է ներքին պահանջմունքի, արվեստի:
Հասարակության պահանջմունքների ու շահերի այս բարդ կառուցվածքն ու բազմաբնույթ էությունը ցույց է տալիս, որ իրենց դերով, ազդեցության բնույթով, ուժով եւ ուղղությամբ դրանք չափազանց տարբեր են: Դրանց համակարգում գլխավորները հասարակական առաջադեմ հոգեւոր պահանջմունքներն ու շահերն են: Վերջինների ապահովման դեպքում է միայն հնարավոր հասարակության նյութական բարեկեցության ապահովումը: Հակառակ պարագայում, երբ հոգեւոր պահանջմունքներն անտեսվում են, երբ հասրակությունը հոգեպես աղքատանում ու քայքայվում է, նրա նյութական պահանջմունքների բավարարման բոլոր ջանքերն ապարդյուն են անցնում, ինչպես դա տեղի ունեցավ խորհրդային 70 երկար ու ձիգ տարիների ընթացքում եւ այժմ տեղի է ունենում մեր Հայաստանում ու ԱՊՀ մյուս երկրներում: Նյութական աղքատության վերացման գլխավոր ուղին ժողովրդի հոգեւոր աղքատության վերացումն է, նրա հոգեւոր առողջացումը: Հոգեպես աղքատ հասարակությունը նյութապես բավարարված, հարուստ լինել չի կարող:
Պահանջմուքնների ու շահերի կառուցվածքը, բնույթը եւ վիճակը հասարակության զարգացման մակարդակի եւ հոգեւոր առողջության օբյեկտիվ ու ճշգրիտ ցուցանիշն է:
գ) Արտադրության եղանակը
Ամեն մի արտադրություն ունի 2 կողմ. արտադրողական ուժեր եւ արտադրական հարաբերություններ: Արտադրողական ուժերն արտադրության բովանդակությունն են, իսկ արտադրահարաբերությունները` նրա ձեւը, կառուցվածքը: Արտադրողական ուժերն իրենց հերթին բաղկացած են արտադրողներից, այսինքն` մարդկանցից, որոնք աշխատանքի սուբյեկտներն են, եւ արտադրության միջոցներից: Արտադրողական ուժերի կազմում գլխավոր, վճռական ուժը արտադրողներն են, որոնք ներառնում են ոչ միայն գործիքներով կամ հաստոցների վրա աշխատող եւ անմիջապես արտադրանք տվող բանվորներին, գյուղացիներին եւ այլն, ինչպես դա մարքսիզմն է ներկայացնում, այլեւ արտադրության կազմակերպիչներին` ձեռնարկատերերին, վարչատեխնիկական ու տեխնոլոգիական աշխատողներին, բոլոր նրանց, ովքեր ապահովում են արտադրության գործընթացը:
Արտադրողական ուժերի սուբյեկտի նեղ, միակողմանի մարքսիստական ըմբռնումը, որի համաձայն արտադրողներ են միմիայն ֆիզիկական աշխատանքի մարդիկ, մեծ վնաս է հասցրել, միմյանց դեմ լարելով հասարակության տարբեր խավերին, հրահրելով գժտություններ, խռովություններ, այսպես կոչված սոցիալիստական հեղափոխություններ, հետեւապես արյունահեղություններ ու ավերածություններ:
Արտադրողներից բացի արտադրության համար անհրաժեշտ են նաեւ արտադրության միջոցներ` գործիքներ, հումք, շենքեր, տրանսպորտ, էներգիա, կապ եւ այլն, որոնց միջեւ գլխավորն արտադրության գործիքներն են: Այդ միջոցների համակարգն արտադրողական ուժերի առարկայա-էներգետիկ-ինֆորմացիոն մասն է կազմում եւ որպես այդպիսին հասարակության նյութատեխնիկական բազան է հանդիսանում:
Ժամանակակից արտադրողական ուժերի մեջ առանձնահատուկ տեղ է գրավում գիտությունը: Այն արտադրության հոգեւոր ներուժն է եւ կատարում է եռակի դեր. տեխնիկական, տեխնոլոգիական եւ կազմակերպչական-կառավարչական: Արտադրության ողջ տեխնիկան ու տեխնոլոգիան այժմ ունեն գիտական ծագում, գիտական հիքմի վրա են դրված նաեւ արտադրության կազմակերպումն ու կառավարումը: Արտադրողական ուժերը բնորոշում են մարդկանց հարաբերությունները բնության հետ:
Արտադրողական ուժերի զարգացման մակարդակի ցուցանիշ է աշխատանքի արտադրողականությունը, որը չափվում է ժամանակի միավորում ստեղծված արտադրանքի քանակով եւ որակով, աշխատուժի զարգացմամբ ու կատարելագործմամբ:
Սրանով ավարտում ենք արտադրողական ուժերի քննարկումը եւ անցնում ենք արտադրության մյուս կողմին` արտադրական հարաբերություններին:
Արտադրական հարաբերությունները, ինչպես արդեն նշվել է, մարդկանց հարաբերություններն են արտադրության գործընթացում, արտադրության միջոցների հետ նրանց կապի եղանակը, հետեւապես, ձեւը, կառուցվածքը: Արտադրահարաբերություններն ունեն իրենց կազմակերպչական-տեխնիկական եւ բուն տնտեսական կողմը: Կազմակերպչական-տեխնիկական կողմը կախված է տեխնիկայի բնույթից ու զարգացման աստիճանից, աշխատանքի բաժանումից տարբեր մասնագիտությունների, արտադրամասերի, կազմակերպիչների ու կատարողների միջեւ:
Արտադրահարաբերությունների տնտեսական կողմը ներառնում է մարդկանց միջեւ սեփականության, փոխանակման, բաշխման եւ սպառման հարաբերությունները: Դրանց համակարգում որոշիչը, գլխավորը սեփականության հարաբերություններն են, որովհետեւ սեփականության ձեւով են ընդհանուր առմամբ պայմանավորված փոխանակումը, բաշխումը եւ սպառումը: Այսպես, կապիտալիզմի օրոք արտադրության միջոցները պատկանում են ձեռնարկատիրոջը, որը կազմակերպում, կառավարում եւ վերահսկում է իր ձեռնարկության ողջ գործունեությունը` արտադրության ծախսերը, արտադրանքի թողարկումն ու իրացումը, եկամուտի ստացումը եւ բաշխումը եւ այլն: Դրա հետեւանքով ձեռնարկատերն իր բաժինը ստանում է շահույթի ձեւով, իսկ վարձու աշխատողները` աշխատավարձի ձեւով: Ֆեոդալական սեփականության դեպքում կալվածատերն իր եկամուտն ստանում է հողային ռենտայի ձեւով: Սակայն սեփականության ձեւից իրենց ընդհանուր կախվածության սահմաններում փոխանակումը, բաշխումը եւ սպառումն օժտված են հարաբերական ինքնուրույնությամբ: Դա հատկապես նկատելի է բաշխման եւ սպառման ոլորտներում: Օրինակ, զարգացած կապիտալիստական երկրներում արտադրանքի արժեքի մեջ կենդանի աշխատանքի, իմա` վարձու աշխատողների բաժինը կազմում է մոտ 65 %, մնացածը շահույթն ու ամորտիզացիոն ծախսերն են, իսկ Խորհրդային Միության մեջ, որտեղ սեփականությունը իբրեւ թե համաժողովրդական էր, աշխատողների բաժինը կազմում էր 22-27 %-ը: Մնացած երեք քառորդը տանում էր պետությունը, որի մեծ մասն այնուհետեւ հափշտակում էին իշխանավորները:
Արտադրահարաբերությունների այդ 4 տարրերը միմյանց հետ կապված են փոխադարձ անցումներով: Արտադրության ամեն մի ցիկլ ավարտվում է սպառմամբ, իսկ սպառումը դառնում է սկիզբ արտադրության հաջորդ ցիկլի համար, հատկապես մարդու` որպես հասարակական էակի, արտադրության համար: Այլ կերպ ասած, սպառման գործընթացը միաժամանակ արտադրության գործընթաց է եւ հակառակը, որովհետեւ նյութական բարիքների արտադրությունը կատարվում է հումքի, էլեկտրաէներգիայի, սարքավորանքների ծախսման միջոցով:
Արտադրահարաբերությունները ձեւավորվում են արտադրողական ուժերի հիման վրա, կախված նրանց բնույթից ու զարգացման մակարդակից: Նախնադարյան տոհմատիրական հասարակարգում, որտեղ արտադրողական ուժերի թույլ զարգացման պատճառով մարդիկ կարող էին գոյատեւել միայն համատեղ աշխատանքի շնորհիվ, սեփականությունն ընդհանուր տոհմային էր եւ բաշխումն ու սպառումը համընդհանուր ու հավասար: Հետագայում, երբ արտադրողական ուժերի զարգացման ընթացքում անցում է կատարվում քարե գործիքներից մետաղե, հատկապես երկաթե գործիքներին, հնարավոր է դառնում ապրել միայնակ կամ ընտանեկան աշխատանքով: Առաջանում է անհատական կամ ընտանեկան սեփականությանը եւ համապատասխան բաշխումն ու սպառումը: Աշխատանքի արտադրողականությունն այնքան է աճում, որ ծագում է հավելյալ արտադրանքը եւ ուրիշի աշխատանքի շահագործման հնարավորությունը: Դա հանգեցնում է ստրկատիրական կամ ճորտատիրական արտադրահարաբերությունների եւ, հետեւապես, արտադրաեղանակների ձեւավորմանը: Նույն կերպ շատ ավելի ուշ, արտադրողական ուժերի զարգացման ավելի բարձր մակարդակում, այսինքն` մանուֆակտուրայի ու արդյունաբերության պայմաններում ծագում են վարձու աշխատանքի վրա հիմնված բուրժուական կամ կապիտալիստական արտադրահարաբերությունները եւ արտադրաեղանակը:
Այս 3 արտադրաեղանակների հիմքում ընկած են մասնավոր սեփականության 3 գլխավոր ձեւերը` ստրկատիրական, ճորտատիրական եւ կապիտալիստական, որոնց համապատասխանում են շահագործման 3 գլխավոր պատմական ձեւերը, ուրեմն, նաեւ տիրապետման ու ենթարկման հարաբերությունները: Դրանցից բացի գոյություն ունեն սեփականության այլ ձեւեր. անձնական աշխատանքի վրա հիմնված գյուղացիական, արհեստավորական ու առեւտրական մանր մասնավոր սեփականությունը, կոոպերատիվ, համայնքային, բաժնետիրական եւ այլ տիպի սեփականությունները: Մարքսիզմը պնդել է, որ կարող է գոյություն ունենալ նաեւ հանրային համաժողովրդական, իմա` սոցիալիստական ու կոմունիստական սեփականություն, որը սեփականության ամենաբարձր, ամենաառաջադեմ, ամենավերջին, ամենահավասար ու ամենաարդար ձեւն է: Խորհրդային բոլշեւիկները ձգտում էին աշխարհին համոզել, որ ԽՍՀՄ-ում ստեղծել են զարգացած սոցիալիզմ, որտեղ հաստատվել է սոցիալիստական սեփականություն, եւ խոստանում էին կառուցել կոմունիզմ, որտեղ իշխող կլինի կոմունիստական սեփականությունը: Մինչդեռ ԽՍՀՄ-ում եւ նրա օրինակով բոլոր այսպես կոչված սոցիալիստական երկրներում հաստատվել էր պետական կապիտալիստական սեփականություն, որովհետեւ աշխատելու համար բանվորը պետք է վարձվեր պետությանը: Եթե, ինչպես պնդում էին բոլշեւիկները, արդյունաբերությունը համաժողովրդական սեփականություն է, եւ հետեւապես, պատկանում է նաեւ բանվորներին, ապա ստացվում էր, որ գործարանի կադրերի բաժնում նրանք իրենք իրենց են վարձում, Մյունխաուզենի սրամտությանն արժանի մի անհեթեթություն, ըստ որի նա հանել է իրեն ճահճից, ինքն իր մազերից քաշելով: Պետական սեփականությունը հազար ու մի տեսակի ճնշումների է ենթարկվել ամբողջատիրական բյուրոկրատիայի կողմից, որի հետեւանքով, ինչպես ԽՍՀՄ գլխավոր տնտեսագետ ակադեմիկոս Աբալկինն է 1990 թ. խոստովանել, հիմնական արտադրողական ուժը` բանվորական ուժը քայքայվել է : ԽՍՀՄ-ի փլուզումը ցույց է տալիս, որ այժմյան արտադրողական ուժերը պահանջում են մասնավոր սեփականության հիման վրա գործող ազատ շուկայական հարաբերություններ:
դ) Հասարակական-տնտեսական ֆորմացիայի հասկացությունը
Թեեւ սեփականության ձեւերը չափազանց բազմազան են, սակայն, ըստ մարքսիզմի, պատմության մեջ հաջորդողը հիմնական ու տիրապետող են եղել հետեւյալ 4 ձեւերը. տոհմային, ստրկատիրական, ճորտատիրական, կապիտալիստական, իսկ ապագայում նաեւ կոմունիստական, որոնց հիման վրա ձեւավորվել են հասարակության տնտեսական, սոցիալական, քաղաքաիրավական եւ հոգեւոր կառուցվածքները, հետեւապես, հասարակական-տնտեսական ֆորմացիաները:
Տվյալ տեսակետից, հասարակական-տնտեսական ֆորմացիան հասարակության որոշակի կոնկրետ-պատմական տիպ է, իրեն յուրահատուկ արտադրաեղանակով եւ նրան համապատասխանող սոցիալական, քաղաքաիրավական եւ հոգեւոր ոլորտներով (կառուցվածքներով): Կարճ ասած, այն մեկ միասնական սոցիալական օրգանիզմ է իր պատմական զարգացման որոշակի փուլում, որը, ինչպես բույսերի ու կենդանիների տեսակները, որակապես տարբերվում է մյուս սոցիալական օրգանիզմներից:
Ֆորմացիայի մարքսիստական գաղափարը, հետեւապես, հնարավորություն է տալիս տարբեր մայրցամաքներում, տարբեր աշխարհագրական ու պատմական պայմաններում ապրող ժողովուրդների անհատական, ակրկնելի պատմական իրադարձությունների մեջ նկատել ընդհանուրն ու կրկնելին, առանձնացնել նրանց զարգացման տարբեր փուլերը եւ աստիճանները: Բայց այդ ճիշտ գաղափարի իրագործման ընթացքում թույլ տրվեցին մի շարք սխալներ: Նախ, սխալ էր այն միտքը, թե ֆորմացիայի գոյացումն է սկսվում նոր արտադրահարաբերությունների, նոր արտադրաեղանակի ձեւավորման հիման վրա: Իրականում այն գոյանում է հասարակության ամբողջական զարգացման հիման վրա, որտեղ իրենց կարեւոր դերն ունեն ոչ միայն նյութական, տնտեսական, այլեւ հոգեւոր, ընդհանուր մշակութային գործոնները: Երկրորդ, ֆորմացիաները ոչ միայն հասարակության պատմական զարգացման փուլեր, աստիճաններ են, այլեւ ձեւեր: Օրինակ, այդպիսի ձեւեր են ստրկատիրությունը եւ ճորտատիրությունը, որովհետեւ որոշ ժողովուրդներ տոհմական կարգերից անցել են ստրկությանը, իսկ մյուսները, այն էլ նրանց մեծ մասը` ճորտատիրությանը: Հույներից ու հռոմեացիներից բացի, եվրոպական բոլոր ժողովուրդներն արտադրողական ուժերի թույլ զարգացման մակարդակում անցում են կատարել ճորտատիրությանը, ֆեոդալիզմին: Այդտեղ վճռական դեր են կատարել տվյալ ժողովուրդների ավանդույթները, հոգեկան կերտվածքը, հոգեւոր մշակույթն ընդհանրապես: Երրորդ, կոմունիստական ֆորմացիան, ինչպես սոցիալիստական երկրների փլուզումն է վկայում, հորինված ուտոպիական գաղափար է: Առավել եւս այն բարձրագույն, վերջին ֆորմացիան լինել չի կարող, որովհետեւ մարդկության պատմական զարգացումը չի կարող մի որեւէ աստիճանի վրա կանգ առնել: Չորրորդ, մարքսիզմի առանձնացրած 5 ֆորմացիաներից (տոհմատիրական, ստրկատիրական, ճորտատիրական, կապիտալիստական եւ կոմունիստական) իրականում մնում են 3-ը` տոհմատիրական, ստրկատիրական, (ճորտատիրական) եւ կապիտալիստական: Հինգերորդ, ֆորմացիաների այս մարքսիստական տեսությունը մշակվել է միայն Եվրոպայի պատմության ուսումնեսիրման հիման վրա, այսինքն` չափազանց նեղ պատմական նյութի հիման վրա, որը բավական չէ համայն մարդկության զարգացման ուղիների, ձեւերի, փուլերի ու աստիճանների մասին համընդհանուր եզրակացություններ անելու համար: Դեռեւս Մարքսը, ուսումնասիրելով հնդկական հասարակությունը, նկատել է, որ այն իր նախանշած ոչ մի ֆորմացիայի մեջ չի տեղավորվում, եւ առանձնացրեց այն ասիական արտադրաեղանակ անվան տակ, անորոշ թողնելով ոչ միայն նրա տեղի հարցը, այլեւ ֆորմացիա լինելու հարցը: Դրանից հետո մարքսիստ սոցիոլոգները տասնամյակներ վիճեցին այդ հարցերի շուրջը, բայց որեւէ արդյունքի չհասան:
Ֆորմացիաների մարքսիստական տեսությունից բացի մշակվել են նաեւ շրջապտույտի եւ տեղային (լոկալ) մշակույթների կամ քաղաքակրթությունների տեսությունները: Շրջապտույտի տեսության հիմքերը մշակել է XVIII դ. իտալացի սոցիոլոգ Ջ. Վիկոն, որը ցույց է տվել, որ մարդկության պատմությունն առանձին ժողովուրդների ծագման եւ կործանման պատմությունն է: Յուրաքանչյուր ժողովուրդ, ըստ Վիկոյի, իր գոյության ընթացքում անցնում է 3 փուլ. մանկության (աստվածային), պատանեկան (հերոսական) եւ հասունության (մարդկային), որից հետո քայքայվում ու կործանվում է: Նրան փոխարինելու է գալիս մի այլ ժողովուրդ, որը կրկնվում է այդ եռաստիճան ցիկլը եւ այդպես շարունակ:
Ցիկլաձեւ զարգացման Վիկոյի տեսությունը XX դ. լրացվեց տեղային մշակույթների կամ քաղաքակրթությունների տեսություններով: Գերմանացի փիլիսոփա Օ. Շպենգլերը եւ հատկապես անգլիացի պատմաբան ու սոցիոլոգ Ա. Թոյնբին պատմական շատ ավելի լայն նյութի հիման վրա եկան այն եզրակացության, որ հակառակ մարքսիզմի մարդկության պատմությունը մի ընդհանուր գիծ չունի, այն բաղկացած է տարբեր աշխարհամասերի, կլիմայական գոտիների եւ այլն, ժողովուրդների պատմություններից, ժողովուրդներ, որոնք ստեղծել են իրենց ուրույն մշակույթներն ու քաղաքակրթությունները: Շպենգլերը նշել է 8 մշակույթներ. եգիպտական, հնդկական, բաբելոնյան, չինական, հունահռոմեական, բյուզանդաարաբական, արեւմտաեվրոպական եւ ամերիկյան մայա: Թոյնբին առանձնացրել է 13 քաղաքակրթություններ, չհաշված երկրորդական, ածանցյալ եւ թերզարգացած քաղաքակրթությունները: Բոլոր դրանք ունեն իրենց սկիզբը եւ վերջը, որին հասնում են, ավարտելով զարգացման իրենց ցիկլը: Շպենգլերն առաջ է քաշել այն դրույթը, որի համաձայն Եվրոպա այժմ մայրամուտ է ապրում, գնում է դեպի կործանում, որ այժմ սկսում է ձեւավորվել ռուսասիբիրյան մշակույթն ու քաղաքակրթությունը:
Սակայն վերջին տարիների պատմական իրադարձությունները լուրջ հիմք չեն տալիս նմանօրինակ կանխատեսությունների համար: Արեւմտյան Եվրոպան այժմ ինտեգրացման բուռն գործընթացներ է ապրում, իսկ ռուսասիբիրյան տարածաշրջանն ընդհակառակը վարընթաց շարժման փուլում է գտնվում: Այդ հակադիր գործընթացները ցույց են տալիս, թե որքան բարդ ու անհուսալի են մարդկային պատմության ընթացքի փիլիսոփայական մեկնաբանությունները եւ առավել եւս կանխատեսումները:
« 2 ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
ա) Հասարակական դասակարգերի, խավերի ու շերտերի հասկացությունը
Հասարակության սոցիալական ոլորտն ու կառուցվածքը բաղկացած են արտադրաեղանակի վրա հիմնված` հասարակական տարբեր շերտերից, խավերից, խմբերից, դասակարգերից ու անգամ առանձին անհատներից, նրանց փոխադարձ կապերից եւ փոխազդեցություններից: Սոցիալական կառուցվածքի ամենախոր պատճառը աշխատանքի հասարակական բաժանումն է, որի շնորհիվ ժողովուրդը բաժանվում է աշխատանքի տարբեր տեսակներով զբաղվող, տարբեր դեր կատարող, տարբեր դիրք գրավող անհատներից, խմբերից, խավերից եւ այլն, որոնց միջեւ առաջանում են որոշակի փոխհարաբերություններ: Օրինակ, նախնադարյան արտադրաեղանակի հիմքի վրա ձեւավորվել է տոհմատիրական սոցիալական կառուցվածքը, որտեղ աշխատանքի բաժանումը եղել է բնական, այսինքն` սեռատարիքային: Կանայք զբաղվել են տնական աշխատանքով, պրիմիտիվ հողագործությամբ (բանջարաբուծությամբ), տղամարդիկ` որսորդությամբ, հետագայում անասնապահությամբ, իսկ երեխաներն օգնել են իրենց ծնողներին (աղջիկները` մայրերին, իսկ տղաները` հայրերին): Ավագները եղել են տոհմի առաջնորդները:
Մերձավոր տոհմերը միացել ու կազմել են ցեղեր, իսկ ցեղերը` ցեղախմբեր: Այդ իմաստով չափազանց ակտիվ են եղել անասնապահական ասպատակող ցեղերը: Օրինակ, Բաթու խանն իր արշավանքները դեպի Արեւմուտք սկսել է 12 հորդաներով` ցեղախմբերով, որոնցից յուրաքանչյուրը տվել է նրան 30-ից 60 հազար հեծյալ զինվոր: Ստրկատիրական ու ճորտատիրական արտադրաղենակների ժամանակ ձեւավորվում են համապատասխանաբար ստրուկների ու ստրկատերերի, ճորտերի ու ճորտատերերի դասակարգերը: Կապիտալիզմի պայմաններում այդ դասակարգերը վերանում են, իրենց տեղը զիջելով պրոլետարիատին ու բուրժուազիային: Միաժամանակ ծագում է մտավորականության խավը:
Դասակարգերը մարդկանց մեծ խմբեր են, որոնք իրարից տարբերվում են 3 հատկանիշներով.
1. արտադրության միջոցների նկատմամբ իրենց հարաբերությամբ,
2. իրենց դերով արտադրության հասարակական կազմակերպման մեջ
3. իրենց եկամուտի ձեւով ու չափով:
Այսպես, կապիտալիստն արտադրության միջոցների տերն է, արտադրության կազմակերպողը եւ իր եկամուտը շահույթի ձեւով ստացողը: Բանվորն, ընդհակառակն, արտադրության միջոցներ չունի, հետեւապես, ստիպված է վարձվել կապիտալիստին, իր ֆիզիկական աշխատանքով նյութական բարիքներ արտադրել եւ դրա դիմաց կապիտալիստից աշխատավարձ ստանալ:
Հասարակության մեջ սովորաբար լինում են գլխավոր եւ ոչ գլխավոր դասակարգեր: Գլխավոր դասակարգերը ծագում են տիրապետող արտադրաեղանակի հիման վրա: Օրինակ, ստրկատիրության օրոք գլխավոր են ստրկատերերը եւ ստրուկները, ֆեոդալիզմի օրոք ճորտատերերը եւ ճորտերը, կապիտալիզմի օրոք բուրժուաները եւ բանվորները: Իսկ ոչ գլխավոր դասակարգերը գոյություն ունեն ոչ տիրապետող արտադրաեղանակների բազայի վրա: Դրանք կարող են լինել կամ հին ֆորմացիաների տիրապետող արտադրաեղանակների մնացորդները, կամ նոր, գալիք արտադրաեղանակաի տարրերը: Օրինակ, գյուղացիները եւ կալվածատերերը կապիտալիզմի օրոք ոչ գլխավոր դասակարգեր են, որովհետեւ կապված են ֆեոդալական արտադրաեղանակի հետ: Իսկ բուրժուաները եւ վարձու բանվորները ֆոդալիզմի օրոք եւս ոչ գլխավոր դասակարգեր են, քանզի նրանք գալիք ֆորմացիայի` կապիտալիզմի ապագա գլխավոր դասակարգերն են:
Դասակարգերից բացի ամեն մի ֆորմացիայում կան նաեւ տարբեր բնույթի սոցիալական խավեր: Դրանք գոյանում են կամ դասակարգերի տարբեր շերտերից կամ էլ նրան առանձին խավերից` կապված աշխատանքի բնույթից եւ սեփականության նկատմամբ յուրատեսակ հարաբերությունից: Առաջինի օրինակ է բուրժուազիայի բաժանումը խոշորի, միջինի եւ մանրի: Բանվորների բաժանումը կադրային բարձր որակյալ ու ցածր որակավորման բանվորների: Կամ էլ դասակարգի բաժանումն ըստ տնտեսության բնագավառների` արհեստավորների, առեւտրականների եւ այլ խավերի: Ստրկատիրության ու ֆեոդալիզմի ժամանակ դասակարգերը հանդես են եկել կաստաների ու դասերի ձեւով: Հասարակության կաստայական բաժանումը եղել է Հին Եգիպտոսում, Պարսկաստանում, Հնդկաստանում եւ Ճապոնիայում, իսկ Հնդկաստանում այն որոշ չափով այժմ էլ դեռ գոյություն ունի: Կաստաները ժառանգաբար սերնդե սերունդ փոխանցվող մի որեւէ մասնագիտությամբ զբաղվող մարդկանց խմբեր են, որոնք ամրակայվում են ոչ միայն պետական օրենքով, այլեւ եկեղեցու կողմից: Դրանք բացարձակապես ներփակ խմբեր են, մի կաստայից մյուսն անցնել անհնար է, տարբեր կաստաների անդամների միջեւ խառն ամուսնություններն արգելված են, նրանց միջեւ հաստատված է խիստ ստորակարգություն, որտեղ ամեն մեկն ունի իր տեղը: Հնդկաստանում ամենաբարձր կաստան եղել են բրահմանները (հոգեւորականները), իսկ ամենացածր, ստորն ու կեղտոտը համարվել են աղբահանները: Արգելված է եղել շփումը նրանց հետ: Մարդկանց կաստայական բաժանումն եղել է այդ երկրների լճացման գլխավոր պատճառներից մեկը:
Ֆեոդալիզմի օրոք դասակարգային բաժանումն անմիջականորեն հանդես է եկել դասերի ձեւով, դասեր, որոնք ունեցել են իրենց օրենքները, իրավունքները, պարտականությունները եւ արտոնությունները: Քանզի դասային բաժանումն ունեցել է իրավական բնույթ, այն չի համընկել դասակարգային բաժանման հետ: Այսպես, Ֆրանսիայում ճորտատերերի դասակարգը բաժանված է եղել 2 դասի` հոգեւորականության եւ կալվածատիրության, որոնցից առաջինն անվանում էին խաչի ազնվականություն, իսկ երկրորդը` սրի ազնվականություն: Ամենաբարձրն ու ամենաարտոնյալը հոգեւորականությունն էր: Երրորդ` ստորին դասի մեջ մտնում էին բոլոր մյուս մարդիկ` արդյունաբերողները, առեւտրականները, արհեստավորները, բանվորներն ու գյուղացիները: Ցարական Ռուսաստանում բնակչությունը բաժանված էր 5 դասերի. ազնվականների, հոգեւորականների, առեւտրականների, քաղքենիների եւ գյուղացիների: Դասային բաժանումը զգալիորեն քողարկում էր մարդկանց դասակարգային բաժանումը: Կապիտալիզմը վերացրեց բոլոր կաստայական ու դասային տարբերությունները, մարդկանց հավասարեցնելով օրենքի առջեւ եւ ոչնչացնելով բոլոր արտոնությունները: Դրանով կապիտալիզմը պարզեցրեց հասարակության դասակարգային բաժանումը եւ հեշտացրեց մարդկանց անցումը մի դասակարգից, մի խավից, մի սոցիալական խմբից մյուսը:
Մարքսիզմ-լենինիզմը կոպտացրեց ու բացարձակացրեց մարդկանց դասակարգային բաժանումը, հայտարարեց այն ամենագլխավորը, բացարձակացրեց մարդկանց դասակարգային հակասությունները, մարդկային ամբողջ գրավոր պատմությունը հանգեցրեց հակամարտ, անհաշտելի դասակարգերի` պատրիկների ու պլեբեյների, ստրուկների ու ստրկատերերի, ճորտերի ու ճորտատերերի, վարձու բանվորների ու բուրժուաների պայքարի պատմությանը: Ստացվում էր այնպես, որ մարդիկ հազարամյակներ շարունակ հիմնականում ոչ թե ապրել, աշխատել, արտադրել, ստեղծագործել են, այլ կռիվ են արել: Ընդ որում, այդ դասակարգային պայքարն ունի 3 ձեւ` տնտեսական, քաղաքական եւ գաղափարական: Մարքսիզմ-լենինիզմն ընդգծել է, որ պայքրաի վերը նշված 3 ձեւերի միջեւ գլխավորը քաղաքական պայքարն է, որի միջոցով միայն բանվոր դասակարգը կարող է նվաճել իշխանությունը եւ կառուցել անդասակարգ, դեռ ավելին, սոցիալապես միատարր, կոմունիստական հասարակություն:
Հասարակության մեջ հիրավի եղել են տարերային դասակարգային պայքարի դեպքեր (ապստամբություններ, քաղաքացիական պատերազմներ եւ տարբեր տեսակի հուզումներ), կապված տարբեր պատճառներով երբեմն առաջացած ճգնաժամերի հետ, օրինակ, պատերազմների, երաշտների, սխալ կառավարման, պաշտոնների զանազան չարաշահումների հետ եւ այլն: Բայց դա երբեք էլ հիմք չէր կարող ծառայել ողջ պատմությունը դասակարգային պայքարին հանգեցնելու համար: Դա մարքսիզմ-լենինիզմի կողմից մարդկային պատմության գռեհկացում էր:
Լիովին անհիմն է դասակարգերը վերացնելու եւ սոցիալապես միատարր հասարակություն կառուցելու կոմունիստական գաղափարը, որովհետեւ այն հակասում է պատմության ողջ ընթացքին:
Ինչպես հազարամյակների պատմական փորձը վկայում է, քաղաքակրթության բոլոր նվաճումներ ձեռք են բերվել աշխատանքի հասարակական բաժանման եւ նորանոր մասնագիտությունների առաջացման շնորհիվ: Ընդսմին, որքան բարձր է հասարակության զարգացման մակարդակը, այնքան սրընթաց է մարդկանց մասնագիտացումը եւ վարպետացումը: Այժմ գոյություն ունեն մի քանի տասնյակ հազար մասնագիտություններ եւ նրանց քանակը շարունակում է բուռն կերպով աճել: Դա անհնար է դարձնում բոլոր մասնագիտություններին տիրապետելը եւ համակողմանի զարգացած մարդ դառնալը: Մինչդեռ Մարքսը պնդում էր, որ սոցիալապես միատարր կոմունիստական հասարակություն կառուցելու ընթացքում մի որեւէ մասնագիտության տեր մարդը, այսպես կոչված մասնակի մարդը կվերանա եւ փոխարենը կձեւավորվի համակողմանիորեն զարգացած մարդը, համընդհանուր, ունիվերսալ մարդը, որն իր մեջ կկենտրոնացնի ողջ մարդկության փորձն ու գիտելիքները կարողանա ամեն ինչով զբաղվել, ինչպես Մարքսն էր ասում, առավոտը ձուկ որսա, կեսօրին փականագործ աշխատի, երեկոյան փիլիսոփայական տրակտատ գրի եւ այլն եւ այդ իմաստով հավասար լինի մարդկությանը:
Գիտատեխնիկական հեղափոխության հետագա ծավալումը եւ դրա հետ կապված աշխատանքի հասարակական բաժանման հարաճուն խորացումն ու ընդլայնումը մեծ չափով խթանում են հասարակության շերտավորումը, տարբեր շերտերի, խավերի, խմբերի ու հանգեցում դասակարգերի տեսակարար կշռի ու դերի փոփոխության, որի հետեւանքով հասարակության սոցիալական կառուցվածքը է՛լ ավելի է բարդանում եւ նկատելի է դառնում դասակարգերի մարքսիստական տեսության միակողմանիությունն ու թերությունները, որը բացարձակացնում է տնտեսական, սեփականատիրական հարաբերությունները եւ արհամարհում է մյուս բոլոր հարաբերությունները` եկամուտների չափը, զբաղմունքի բնույթը, կրթությունը, կրոնը, սովորույթները, ազգությունը եւ այլն:
Կոմունիստների պատմական փորձը, ԽՍՀՄ-ի ու մյուս սոցերկրների փլուզումը ցույց տվեց, որ դասակարգերի մարքսիստական տեսության շատ ընդհանուր ու կոպիտ տեսություն է, որը բավարար է մարդկանց իրար դեմ լարելու, դավադրություններ, խռովություններ, ապստամբություններ ու քաղաքացիական պատերազմներ սարքելու, մեծ ավերածություններ գործելու համար եւ պիտանի չէ երկիրն արդյունավետ կառավարելու ու զարգացնելու համար: Որովհետեւ դրա համար անհրաժեշտ է շատ նուրբ ու մանրակրկիտ կերպով վերլուծել զանազան մեծ ու փոքր սոցիալական խավերի ու խմբերի վիճակն ու շահերը, ընդ որում ոչ միայն նյութական, տնտեսական, այլեւ հոգեւոր, մշակութային, ազգային եւ այլն, պարզել դրանց տարբերություններն ու հակասությունները, գտնել փոխզիջումնային տարբերակներ, համադրել դրանք եւ այլն:
Այդ նպատակով Արեւմուտքում մշակվել ու տարածվել է սոցիալական ստրատիֆիկացիայի, շերտավորման տեսությունը (լատիներեն ստրատուս-շերտ բառից), որը սոցիալական շերտերի, սոցիալական կառուցվածքի նկատմամբ այդպիսի բազմակողմանի ու կոնկրետ մոտեցում է պահանջում: Սոցիալական ստրատիֆիկացիայի տեսության հետ սերտ կապի մեջ է սոցիալական մոբիլության, շարժունության (ֆրանսերեն մոբիլ-շարժուն բառից) տեսությունը, որն ուսումնասիրում է սոցիալական շերտերի հոսունությունը, թե որքան արագ ու հեշտ են մարդիկ մի շերտից անցնում մյուսին: Դա հասարակության դինամիզմի, շարժընթացի կարեւոր չափորոշիչն է: Մարդկային պատմության փորձը վկայում է, որքան թույլ է այդ շարժունությունը, այնքան թույլ է հասարակության զարգացումը, շարժունության բացակայությունը վկայում է նրա լճացման մասին, ինչպես դա տեղի է ունենում հասարակության կաստայական կառուցվածքի ժամանակ:
բ) Հասարակության սոցիալական հանրույթի հիմնական պատմական ձեւերը
Սոցիալական հանրույթի այդ պատմական ձեւերն են տոհմը, ցեղը, ազգույթը, ազգը եւ ընտանիքը:
Տոհմը սոցիալական հանրույթի առաջին պատմական ձեւն է: Նախքան տոհմը մարդու ամենամերձավոր մարդանմաններն ապրել են հոտերով: Այն ծագել է մոտավորապես 50 հազար տարի առաջ, հին քարե դարում, երբ ձեւավորվել է մարդու այժմյան տիպը` հոմո սապիենսը: Նրա անդամները միավորված են եղել ընդհանուր ծագմամբ` արյունակցական-ազգակցական կապով, ընդհանուր լեզվով, հավատալիքներով, սովորույթով, ավանդույթներով, կենցաղով, մշակույթով, ընդհանուր տարածքով, կոլեկտիվ աշխատանքով ու ընդհանուր սեփականությամբ: Չափից ավելի բազմանալով, տոհմերը բաժանվել են, որի հետեւանքով առաջացել են բազմաթիվ մերձավոր տոհմեր: Դրանք իրենց հերթին միավորվել են, կազմելով ցեղեր, իսկ ցեղերն էլ՝ ցեղախմբեր: Ամեն մի ցեղախումբ ունեցել է իր առաջնորդները, զորավարները ու քուրմերը:
Աշխատանքի հասարակական բաժանման հետագա խորացումը, միջազգային տնտեսական, մշակութային կապերի ուժեղացումը, խառն ամուսնություններն ու բնակչության միգրացիան ի վերջո հասցրել են ցեղերի միախառնմանը եւ արյունակցական կապերի փոխարինմանը տարածքային կապերով: Արդյունքում ձեւավորվել է պատմական հանրույթի մի նոր տեսակ՝ ազգույթը:
Կապիտալիստական հարաբերությունների զարգացման ընթացքում նախորդ դարաշրջաններում իշխող բնատնտեսությունն իր տեղը զիջում է ապրանքային տնտեսությանը, որը ծայրահեղորեն աշխուժացնում եւ ուժեղացնում է տնտեսական կապերն ազգույթի տարբեր մասերի, հետեւապես, նրա տարածքի տարբեր շրջանների միջեւ, հանգեցնելով ընդհանուր շուկայի, ընդհանուր տնտեսական կյանքի ձեւավորմանը: Դա իր հերթին խթանում է ընդհանուր լեզվի, ընդհանուր տարածքի, ընդհանուր հոգեկան կերտվածքի ու մշակույթի գոյացումն ու ամրապնդումը: Այդ գործընթացների հետեւանքով առաջանում է մարդկանց հանրույթի մի նոր, ավելի խոշոր ու կայուն պատմական ձեւ՝ ազգը:
Հետեւապես, ազգի բնորոշ հատկանիշներն են լեզվի, տարածքի, տնտեսական կյանքի ընդհանրությունը եւ հոգեկան կերտվածքի ու մշակույթի յուրահատկությունը:
Ազգերի կազմավորման պատմական ուղիները եղել են չափազանց երկար, խճճված ու բազմազան: Մի դեպքում որոշ ազգույթներ դարձել են ազգեր: Մի այլ դեպքում մեկ ազգույթից առաջացել են մի քանի ազգեր, ինչպես, օրինակ, դա տեղի է ունեցել սլավոնների հետ, որոնցից ծագել են ռուսները, ուկրաինացիները, բելոռուսները եւ այլն: Երրորդ դեպքում ազգը ծագել է մի քանի ազգույթներից, ինչպես, օրյինակ, բելգիացիները, ֆրանսիացիները եւ այլն:
Թեեւ շատ ժողովուրդներ վաղուց ազգ են դարձել, անգամ բարձր զարգացման հասել, բայց այս կամ այն չափով պահպանում են անցյալի տոհմային կամ ցեղային ազգակցական, տեղային հայրենակցական կապերի մնացորդները, որոնք գործում են ոչ միայն կենցաղում, այլեւ տնտեսական, քաղաքական եւ ընդհանրապես հասարակական կյանքում: Դրանք այժմ կոչվում են կլանայնություն (կելտերեն կլան-տոհմ բառից), որը տարածված է շոտլանդացիների, իռլանդացիների, հարավային իտալացիների եւ այլոց մոտ: Նույն կլանային երեւույթներն իրենց զգացնել են տալիս նաեւ մեզ մոտ՝ Հայաստանում: Պատահական չէ, որ մեր հայկական կապիտալիզմն անվանում են կլանային, պետական ապարատը, կուսակցական ու մյուս հասարակական կազմակերպությունները զգալի չափով եւս կազմավորվում են խնամի, ծանոթ, բարեկամ (ԽԾԲ) սկզբունքով: Բավական է որ մեկը մի տեղ բարձր պաշտոն ստանա եւ անմիջապես իր թեւի տակ է սկսում հավաքել իր բոլոր ազգականներին, բարեկամներին, համագյուղացիներին, համաքաղաքացիներին եւ այլն: Դա ազգի թերզարգացածության նշան է, մեծ վնաս է հասցնում երկրի առաջընթացին, որովհետեւ լավագույնների փոխարեն առաջ են քաշվում անբան մերձավորները:
Ազգերի կազմավորման ու զարգացման ընթացքում երեւան են գալիս 2 հակադիր միտումներ: Մի կողմից սկսվում է ազգի համախմբման գործընթացը, ազգային կյանքի ու շարժումների զարթոնքը, ազատագրական պայքարը ոչ միայն ֆեոդալիզմի, այլեւ հարեւան ազգերի դեմ հանուն իր պատմական տարածքների ու սահմանների, եւ արդյունքում ազգային պետության ստեղծումը: Դա ազգերի տարանջատման պատմական երկարատեւ գործընթաց է: Իսկ մյուս կողմից, ապրանքադրամական տնտեսության զարգացման հիման վրա ազգերի միջեւ տնտեսական կապերն այնքան են սերտանում, որ ազգային շուկաների հետ մեկտեղ առաջանում են տարածաշրջանային (ռեգիոնալ) եւ համաշխարհային շուկաները: Դրա հետ—անքով ազգային շրջանակները դառնում են շատ նեղ եւ սկսվում է ազգերի մերձեցման ու սերտաճման գործընթացը:
Առաջին միտումից ծնվում ու աճում է ազգասիրությունը, նացիոնալիզմը, իսկ երկրորդից՝ ինտերնացիոնալիզմը: Նացիոնալիզմի ծայրահեղ ձեւը, որն ազգասիրությունը չափազանցնում ու զուգորդում է մյուս ազգերի նկատմամբ արհամարհանքով ու անբարյացակամությամբ, կոչվում է ազգայնամոլություն: Վերջինս կարող է իր հերթին ստանալ էլ՛ ավելի ծայրահեղ ձեւ, սեփական ազգը հռչակելով բարձրագույն, ընտրյալ ազգ, իսկ մյուսներին ստորակարգ, բարբարոս, ինչպես ֆաշիստներն էին ասում, կիսամարդ եւ քարոզում էին նրանց նվաճելու, ստրկացնելու ու ոչնչացնելու քաղաքականությունը: Այդ վայրագ մարդատյաց ուսմունքը ֆրանսիացի Շովենի անունով կոչվում է շովինիզմ:
Ինտերնացիոնալիզմը եւս կարող է գերագնահատվել կամ ծայրահեղացվել: Առաջին դեպքում մենք գործ ենք ունենում մարքսիստական, այսպես կոչված պրոլետարական ինտերնացիոնալիզմի հետ, որը թերագնահատում է ազգերի շահերը, ճնշում ազգայինը որպես ինտերնացիոնալիզմի հակառակորդի: Դա մեծ դժգոհություն էր առաջացնում ԽՍՀՄ ազգերի մոտ եւ պատահական չէ, որ հատկապես ազգային հարցը դարձավ ԽՍՀՄ-ի փլուզման գլխավոր պատճառներից մեկը: Ինտերնացիոնալիզմի ծայրահեղ դրսեւորումն է կոսմոպոլիտիզմը (հունարեն կոսմոպոլիտ-տիեզերքի քաղաքացի բառից), որը չարիք (թշնամանքի, գժտությունների, ընդհարումների ու պատերազմների պատճառ) է համարում ազգերի գոյությունը եւ պահանջում է, որ մարդիկ հրաժարվեն իրենց ազգությունից եւ դառնան աշխարհի քաղաքացի: Ըստ էության կոսմոպոլիտական է գիտական կոմունիզմի մարքս-լենինյան տեսությունը, որը քարոզում է ազգերի միաձուլում ու վերացում կոմունիստական հասարակարգում: Դա եւս կյանքից կտրված ուտոպիա է, ինչպես որ ուտոպիա են համակողմանի զարգացած մարդու եւ կոմունիզմի գաղափարները, որովհետեւ հաշվի է առնում սոսկ ազգերի մերձեցման միտումը եւ անտեսում է վերը նշված հակառակ միտումը:
Այդ 2 հակադիր միտումների զուգակցման փորձ են Եվրահամայնքի պես ռեգիոնալ միությունները, որոնք զուտ կամավորության սկզբունքով միավորում են իրենց զարգացման մակարդակով եւ մշակույթի բնույթով մոտ ազգերին: Իսկ աշխարհի բոլոր ազգերի ու ժողովուրդների միավորման, էլ չասած միաձուլման, մասին այժմ խոսք լինել անգամ չի կարող, որովհետեւ չափազանց տարբեր են նրանց զարգացման մակարդակները եւ մշակույթները, ներառյալ նրանց կրոնական հավատալիքները: Արեւմուտքի այժմյան կատաղի պայքարն իսլամական ֆունդամենտալիզմը եւ տեռորիզմի դեմ հիմք է տալիս խորհելու թե ին՞չ է սպասում ապագայում մարդկությանը. քաղաքակրթությունների երկխոսությու՞ն, թե համընդհանուր կործանարար պատերազմներ:
գ) Ընտանիքի տեղը հասարակության սոցիալական կառուցվածքում
Ընտանիքը հասարակության սոցիալական կառուցվածքի նախասկզբնական ելակետային տարրն է, նրա փոքր խումբը, որի գլխավոր դերը մարդկային սերունդը շարունակելն է: Ընտանիքը կազմվում է ավանդույթով, հավատքով կամ իրավունքով հաստատված՝ տղամարդու եւ կնոջ միջեւ ամուսնության շնորհիվ: Ամուսնություն, ուստի եւ ընտանիքի գերագույն բարոյական օրենքն ամուսինների փոխադարձ սերն է:
Ընտանիքը պատմական բնույթ ունի: Հասարակության զարգացման ընթացքում այն եւս զարգացել ու փոփոխվել է, կախված ֆորմացիայի բնույթի եւ մշակույթի տիպից: Այստեղ առանձնահատուկ դեր են խաղացել վայրենությունը, բարբարոսությունը եւ քաղաքակրթությունը, որոնց համապատասխանում են ընտանիքի զարգացման 3 գլխավոր փուլերը, հիմնված խմբային, զույգային եւ միամուսնության վրա: Այն մեծ չափով ինքնուրույն է սոցիալ-տնտեսական պայմաններից, որովհետեւ վերջիններն ազդում են նրա վրա մշակութային, հատկապես բարոյա-գեղագիտական եւ իրավա-քաղաքական գործոնները:
Ընտանիքի կյանքն ու հասարակական գործառույթները բազմազան են, քանզի կապված են ամուսինների ինտիմ կյանքի, սերունդը շարունակելու եւ դաստիարակելու, տնային տնտեսությունը վարելու, ընդհանուր կենցաղի եւ փոխօգնության հետ: Դրանով իսկ ընտանիքը հանդիսանում է հասարակության կարեւորագույն բջիջը, կարելի է ասել մի միկրոհասարակություն, որտեղ աճող սերունդները ձեւավորվում են որպես հասարակության անդամներ, ձեռք բերելով տարրական աշխատանքային հմտություններ, յուրացնելով վարքի հանրաճանաչ նորմերն ու արժեքները, տիրապետելով լեզվին ու մտածողությանը, հաղորդակից լինելով մշակույթի համամարդկային արժեքներին: Այդ բոլորի շնորհիվ նրանց մոտ ձեւավորվում է կյանքի որոշակի ըմբռնում:
Ամուր ընտանիքը, լինելով հասարակության կարեւորագույն նեցուկներից մեկը, պետության եւ մյուս հասարակական կազմակերպությունների օգնության կարիքն ունի: Եվ պատահական չէ, որ այն միշտ նրանց հովանավորությունն է վայելել: Պետությունից բացի նրան մեծ օգնություն է ցույց տալիս եկեղեցին, առաջին հերթին քրիստոնյա եկեղեցին: Անտիկ շրջանի պատմությունը վկայում է, որ հին Հունաստանի եւ Հռոմի կործանման գլխավոր պատճառներից մեկը եղել է ընտանիքի քայքայումը եւ անառակության տարածումը: Ըստ II դ. հռոմեացի պատմիչ Տակիտոսի, հռոմեացիների գենեֆոնդը ցոփ ու շվայտ, անառակության ու այն ժամանակ անբուժելի ու սերունդներին փոխանցվող սեռական հիվանդությունների պատճառով այնքան է քայքայվել, որ չեն կարողացել անհրաժեշտ քանակի առողջ երիտասարդներ զորակոչել: Շատ են եղել չբեր կանայք, ու հիվանդոտ, գենետիկական այլանդակություններով ծնված ու ոչ կենսունակ երեխաները, չափազանց բարձր է եղել երեխաների մահացությունը: Իր լայնատարած սահմանները պաշտպանելու համար Հռոմի կայսրությունն ստիպված է եղել վարձել գերմանացիների զինված ջոկատները, գերմանացիներ, որոնք այդ ժամանակ ունեցել են բարոյապես շատ մաքուր ընտանիք եւ առողջությամբ փայլող երիտասարդություն, հետեւապես, զինվորներ, որոնք ի վերջո նվաճել ու կործանել են այն: Հռոմի կայսրության ժողովուրդներին վերջնական այլասերումից ու ոչնչացումից փրկելու համար քրիստոնեությունը վճռական պայքարի է ելել Հռոմի՝ այդ համաշխարհային անառակի ողջ մշակույթի, այդ թվում նրա հեթանոսական կրոնի դեմ՝ ուժի, բռնության, մարմնական վայելքների, ցոփության եւ անառակության իր պաշտամունքով: Ողջ անտիկ մշակույթը, արվեստը, ոչնչացվել են ոչ թե քրիստոնեական հգեւորականների տգիտության պատճառով, ինչպես պնդում են մարքս-լենինյանները, այլ նրանց կործանարար բնույթի պատճառով: Մարմնականը, գեղեցկությունը հռչակվել են մեղքերի անոթ, գայթակղության ու այլասերման աղբյուր, անիծվել ու արգելվել են, մասնավորապես կանայք պարտավոր էին իրենց բարեմասնությունները թաքցնել ծանր ու երկար հագուստների տակ: Ամուսնությունն ու ընտանիքը սրբացվել են որպես Աստծո կամքով ստեղծված, ամուսնալուծությունն արգելվել է: Այդ բոլորի շնորհիվ միջնադարյան հազարամյակի ընթացքում ընտանիքն ու հասարակությունը բարոյապես եւ ֆիզիկապես առողջացել ու ամրապնդվել են: Սակայն Վերածննդի դարաշրջանից սկսած, երբ բուրժուական հարաբերությունների սկզբնավորման, գիտությունների ու արվեստի զարգացման հետեւանքով տարածում է ստանում լուսավորությունը, կրոնի եւ եկեղեցու ազդեցությունը թուլանում է: Մոռանալով անցյալի դասերը (իսկ մարդկության պատմական հիշողությունը թույլ է), նոր դարաշրջանի կրթված ու լուսավորված մարդիկ կրոնական կանոններն սկսում են համարել չափազանց խիստ ու կաշկանդող, տգիտության, հետամնացության եւ սնոտիապաշտության հետեւանք:
XVIII դ. ֆրանսիական մատերիալիստների (Դիդրոյի, Հոլբախի ու մյուսների), ապա XIX դ. մարքսիստական աթեիզմի տարածումը Եվրոպայում, եկեղեցու անջատումը պետությունից, ընտանիքի հարցերի կարգավորումը քաղաքացիական իրավունքով (ամուսնալուծության թույլտվությամբ), այսինքն՝ քաղաքացիական ամուսնությունն այսպես կոչված ԶԱԳՍ-երի միջոցով ուժեղ հարված հասցրին քրիստոնեական բարոյականությանը, հետեւապես, նաեւ ընտանիքին: Սկսվեց անառակության տարածման եւ ընտանիքի քայքայման մի նոր ահավոր փուլ, որին մեծ չափով նպաստեց բժշկության զարգացումը, իմա՝ սեռական հիվանդությունների դեմ արմատական դեղամիջոցների՝ անտիբիոտիկների հայտնագործումը, որոնք վերացրեցին նախկին սարսափն այդ հիվանդություններից: Ահռելի չափերի հասան ամուսնալուծությունները (2 ամուսնությանն միջին հաշվով ընկնում է 1-ից մի փոքր ավելի ապահարզան):
Ժամանակակից «ազատամիտներին» այժմ չեն բավարարում նաեւ ԶԱԳՍ-երում պետականորեն գրանցվող քաղաքացիական ամուսնությունները: Նրանք այժմ քաղաքացիական են անվանում անօրիանական ամուսնությունները, որոնք ամուսիններին ազատում են ընտանիքի հանդեպ որեւէ իրավական պատասխանատվությունից: Այսպես, Շվեդիայում ամուսնության մեջ է բնակչության 2/3-ը, որի 1/3-ը գրանցված չէ: Դրա հետեւանքով անհրաժեշտ խնամքից ու դաստիարակաությունից զրկված է երեխաների զգալի մասը: Իսկական չարիք են դարձել մարմնավաճառությունը, երեխաների ալյասերումը եւ միասեռ կապերը, կապեր, որոնք Եվրամիության կողմից օրինականացվել են եւ արդեն պարտադրվել են մեր երկրին, ինչպես նաեւ ԵՄ մեջ մտնող մյուս բոլոր երկրներին:
Ստացվել է մի չափազանց անհեթեթ իրավիճակ: Արեւմտյան երկրները, մի կողմից, ահազանգում են ընտանիքի գոյությանը սպառնացող ծանրագույն ճգնաժամի, իրենց բնակչության կատաստրոֆիկ կրճատման մասին (Ռուսաստանում վերջին 10-ամյակի ընթացքում այն կրճատվել է 5-7 մլն մարդով, իսկ մինչեւ 2020 թ. եւս 10 մլն-ով), իսկ մյուս կողմից, ամեն կերպ խրախուսում են ընտանիքը կործանող անառակության անգամ ամենավայրագ ձեւերը: Այժմ ընդունված է, որ ընտանիքը գտնվում է կործանման եզրին եւ եթե այդպես շարունակվի, այն կվերանա: Բայց ահա անառակության համար այդ իդեալական պայմաններում կարծես որպես Աստծո պատիժ ի հայտ են եկել 2 նոր սարսափելի սուր վարակիչ անբուժելի հիվանդություններ՝ ՁԻԱՀ-ը (ՍՊԻԴ-ը) եւ էբոլան, որոնք անխնա հնձում են ինչպես անառակներին, այնպես էլ նրանցից պատահականորեն վարակված բոլոր մարդկանց: Եթե մոտակա տարիներին դեղամիջոցներ չգտնվեն, ապա մարդկությունը դատապարտված է (20 տարվա ընթացքում հիվանդների ու վարակվածների թիվը հասել է 40 մլն-ի):
Սակայն կա շատ ավելի հուսալի ու բնական միջոց՝ արմատապես հրաժարվել անառակությունից եւ վերադառնալ առաքինի, բարոյական ապրելակերպին: Եվ այստեղ անփոխարինելի է քրիստոնեական բարոյականությունը, նրա 10 պատգամները, որոնք սրբացրել ու դարերի ընթացքում պահպանել են ընտանիքը: Այն առավել եւս անփոխարինելի է, քանզի բուրժուական եւ կոմունիստական բարոյականություններն իրենց չարդարացրին, որովհետեւ առաջինը վերածնեց Ոսկե Ցլիկի (փողի) պաշտամունքը, իսկ երկրորդը կոմունիստների օրոք արգելեց ու հալածեց կրոնը եւ դրանով զրկեց ընտանիքն իր դարավոր հոգեւոր բարոյական պահապանից, որի հետեւանքով հասարակության անբարոյականացումը հասավ աներեւակայելի չափերի: Այժմ մենք եւ մեզ հետ շատ այլ ժողովուրդներ ճաշակում են կոմունիստների այդ քայքայիչ գործունեության դառը պտուղները:
Այս ծանր ճգնաժամային վիճակում վերստին ամենայն սրությամբ մարդկության առջեւ ծառանում է ընտանիքի ապագայի հարցը:
Մարքսիզմը պնդում է, որ ընտանիքը պատմականորեն անցողիկ երեւույթ է: Այն կվերանա կոմունիզմի օրոք: Երեխաներին կպահի ու կդաստիարակի հասարակությունը: Մասնագետներից շատերի կարծիքով ընտանիքն այս ճգնաժամից կկործանվի: Մյուսները գտնում են, որ հասարակության, պետության ջանքերով կարելի է փրկել այն, եւ դա պետք է անել, որոհետեւ դարավոր փորձը ցույց է տալիս, որ երեխաներ մեծացնելու եւ դաստիարաելու, մարդկանց ու հասարակությունը վերարտադրելու լավագույն միջոցն այնուամենայնիվ ընտանիքն է:
« 3. ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
ա) Քաղաքաիրավական կառուցվածքի ծագումն ու էությունը
Քաղաքական կառուցվածքի տեղն ու դերը հասարակական կյանքում ճիշտ ըմբռնելու համար անհրաժեշտ է պարզել, թե ինչ է քաղաքականությունը, ինչպես է այն առաջացել եւ որն է նրա բովանդակությունը: «Քաղաքականություն բառը» հունարեն «պոլիտիկե» բառի հայերեն թարգմանությունն է, որը նշանակում է քաղաք-պետության, պոլիսի կառավարման արվեստ: Այն ծագել է պետության կազմավորման հետ մեկտեղ:
Նախնադարյան տոհմատիրական կարգերում քաղաքականությունը չի եղել, որովհետեւ չի եղել պետությունը: Տոհմերը ղեկավարել են ավագները, սկզբում մեծ մայրերը (մայրական տոհմերում), իսկ հետագայում մեծ հայրերը (հայրական տոհմերում), որոնք նահապետներ են կոչվել: Այդպիսի նահապետ է եղել, օրինակ, Հայկը: Տոհմն ապրել է դարերի ընթացքում ձեւավորված սովորույթներով, ավանդույթներով ու հավատալիքներով, որոնց մեջ կուտակվել է իր նախնիների փորձը: Տոհմի զինված ուժը զենք կրելու ընդունակ բոլոր տղամարդիկ էին:
Աշխատանքի հասարակական բաժանման խորացումը, հատկապես արհեստի ու առեւտրի նորանոր տեսակների առաջացումը վիթխարի փոփոխություններ մտցրեց տոհմերի կյանքում: Մասնագիտացումը մեծ չափով բարձրացրեց աշխատանքի արտադրողականությունը, որին հետեւեցին ազգաբնակչության աճը եւ տոհմերի տրոհումն առանձին ընտանիքների իրենց մասնավոր սեփականությամբ ու շահերով, այնուհետեւ տարբեր տոհմերի միախառնումը եւ հասարակության շերտավորումը տարբեր դասակարգերի, խավերի, ենթախավերի եւ այլն: Վերջապես ֆիզիկական աշխատանքից անջատվեց մտավոր աշխատանքը, որի զարգացումն ու ճյուղավորումը հնարավոր դարձավ այբուբենի գյուտի շնորհիվ:
Այդ բոլորի հետեւանքով տոհմերն իրենց նեղ, պարզունակ սոցիալական կառուցվածքով փոխարինվեցին մի այլ` շատ ավելի լայն ու բարդ սոցիալական կառուցվածք ունեցող հասարակությամբ, որտեղ տոհմերի կառավարման մարմիններն ու կարգավորիչները պիտանի չէին: Կառավարումն այնքան էր բարդացել, որ դարձել էր աշխատանքի հատուկ տեսակ եւ կարող էր իրագործվել կրթված ու մեծ գիտելիքներով զինված, համապատասխան ձիրքով ու տաղանդով օժտված մարդկանց կողմից, այլ ոչ թե արյունակից ավագների կողմից: Զինվորական գործը եւս դառնում է աշխատանքի հատուկ տեսակ, մասնագիտություն, եւ զինված ժողովրդին փոխարինելու է գալիս բանակը:Տոհմական սովորույթներն ու ավանդույթները իրենց տեղը զիջում են նոր տիպի կարգավորիչներին` իրավունքին ու դրա նորմերին, այսինքն` օրենքներին:
Վերը նշված խոր երկարատեւ պատմական փոփոխությունների ընթացքում ի վերջո ձեւավորվեց պետությունը, իսկ հետագայում հին Աթենքում նաեւ քաղաք-պետության կառավարման արվեստը, որը եւ կոչվեց քաղաքականություն:
բ) Պետության հիմնական հատկանիշները
Հասարակության տոհմատիրական կառուցվածքից պետությունը տարբերվում է 3 հիմնական հատկանիշներով:
Առաջին. պետությունը հատուկ տիպի, հրապարակային իշխանություն է, որը չի համընկնում զինված ժողովրդի հետ եւ իրագործվում է հատուկ մարդկանց` պաշտոնյաների կողմից, ունի զինված ուժեր, իրավապահ մարմիններ (ոստիկանություն, դատախազություն, դատարան), պատժավայրեր եւ այլն: Հրապարակայնությունը, բացահայտությունը խիստ կարեւոր է, քանզի կարող են լինել եւ կան իշխանության ոչ հրապարակային, գաղտնի, ընդհատակյա ձեւեր, որոնք հենց այդ պատճառով պետություն չեն: Դրանց երբեմն գործում են պետությունից անկախ եւ ընդդեմ, երբեմն էլ պետական իշխանության ներսում, դրա քողի տակ: Օրինակ, Աֆղանստանում ընդդիմադիր ուժերը փաստական իշխանությունն էին գավառներում, իսկ պետությունն իշխում էր միայն քաղաքներում, որոնք դարձվել էին զինված ամրոցներ: Այդ ընդդիմադիր, ապստամբ ուժերի իշխանությունը պետական չէր, որովհետեւ հրապարակային չէր, ընդհատակյա էր: Երբեմն էլ ոչ հրապարակային իշխանությունը կարող է գործել պետական իշխանության ներսում, որի ցայտուն օրինակն են մաֆիաները, որոնք մասամբ կամ լիովին կարող են իրենց ենթարկել այն:Նման դեպքերում պետությունը մասամբ կամ լիովին փաստորեն դառնում է ավազակապետություն, բայց խնամքով թաքցնում է իր էությունը: Դրա օրինակներից են Ալժիրի ծովահենների պետությունը XVIդ., խորհրդային պետությունը, ԽՍՀՄ նախկին հանրապետությունների զգալի մասը, օրինակ, Ադրբեջանը, Վրաստանը, անգամ Լիտվան սկսել էր դառնալ այդպիսին, քանզի ռուսական մաֆիայի դրածոն Պակսասն էր դարձել պրեզիդենտ: Ներկայումս ամենուրեք, այդ թվում նաեւ Հայաստանում, ծավալվող պայքարը կոռուպցիայի, ստվերային տնտեսության, զանգվածային օրինախախտումների դեմ ըստ էության պայքար է մաֆիայի ընդհատակյա իշխանության դեմ: Պայքարը չափազանց դժվարին է, քանզի հաճախ պետական բարձր աթոռներին նստած նույն մաֆիայի պարագլուխներն են իրենց հռչակում այդ պայքարի առաջամարտիկներ:
Երկրորդ. պետությունն իր բնակչությանը բաժանում է տարածքային սկզբունքով: Դա անխուսափելի էր, որովհետեւ տարբեր տոհմերն այնքան էին իրար խառնվել, որ այլեւս հնարավոր չէր նրանց արյունակցական-ազգակցական հատկանիշով բաժանել: Հետեւապես, կարեւոր չէր, թե ով ում տոհմակիցն ու ազգականն է, կարեւոր էր, թե ով որտեղ է բնակվում: Դրա հիման վրա պետության տարածքը ենթարկվում է վարչական բաժանման` նահանգների, մարզերի, գավառների, շրջանների իրենց տեղական իշխանության մարմիններով հանդերձ:
Երրորդ. պետական իշխանության ապարատը պահելու համար բնակչությունից հարկեր են գանձվում, որոնց հիման վրա կազմվում է պետական բյուջեն, եկամուտները եւ ծախսերը: Պետութունների զարգացման զուգընթաց հարկերն անընդհատ աճում են, երբեմն ծանր բեռ դառնալով բնակչության համար: Բավական է նշել, որ ԱՄՆ-ի բյուջեն կազմում է մի վիթխարի աստղաբաշխական գումար` 2,3 տրիլիոն դոլար:
գ) Քաղաքական հարաբերությունները եւ դրանց կառուցվածքային տարրերը
Հասարակության շերտավորումն ու տրոհումը տարբեր խավերի եւ պետության ծագումը հանգեցնում են դրանց միջեւ նոր տիպի հարաբերությունների առաջացման, որոնք կապված են պետական կառավարման հետ եւ քաղաք-պետության անունով կոչվել են քաղաքական հարաբերություններ: Այդ հարաբերությունների մեջ մտնող խավերը, դասակարգերը, այլ սոցիալական խմբերը եւ ազգերը գործունեություն են ծավալում պետական իշխանությունը նվաճելու, պահելու եւ օգտագործելու համար: Ամեն մի հասարակական հարց քաղաքական բնույթ է ստանում, եթե դրա լուծումն ուղղակի կամ անուղղակի շոշոփում է իշխանության խնդիրը:
Քաղաքականության էությունը շատ ավելի լայն է, քան Լենինն է պատկերացրել: Ելնելով պատմության մատերիալիստական ըմբռնումից, նա նշել է. «Քաղաքականությունը տնտեսության խտացված արտահայտությունը եւ ամփոփումն է»: Եվ որպես այդպիսին այն տնտեսության համեմատ առաջնային է, քանզի արտահայտում է տարբեր սոցիալական խմբերի արմատական, գլխավոր շահերը: Դա նշանակում է, որ բոլոր տնտեսական հարցերը պետք է քաղաքական լուծում ստանան, այսինքն` լուծվեն այդ գլխավոր շահերի տեսանկյունից: Մինչդեռ իրականում քաղաքականության էությունը շատ ավելի լայն է, այն ոչ միայն տնտեսության, այլեւ հասարակության մյուս կողմերի` մշակույթի, գիտության, արվեստի եւ այլ հոգեւոր բնագավառների խտացված արտահայտությունն է: Այդ պատճառով էլ գոյություն ունի ոչ միայն տնտեսական քաղաքականություն, այլեւ մշակութային, գիտության, կրթության, արվեստի, երիտասարդության, ընտանիքի եւ այլ բնագավառների քաղաքականություն, որոնք նույնքան կարեւոր են: Հետեւապես, քաղաքականությունը համապարփակ երեւույթ է, հասարակության բոլոր կողմերի ու շահերի խտացված արտահայտությունը:
Հասարակության տարբեր խավերի ու սոցիալական խմբերի քաղաքականությունն իրականացնելու համար ստեղծվում են համապատասխան կազմակերպություններ, հաստատություններ եւ հիմնարկներ, որոնք պարզում են դրանց շահերը, ձեւակերպում են մարտավարական ու ռազմավարական նպատակները, մշակում են այդ նպատակների իրագործման միջոցներն ու մեթոդները եւ կազմակերպում, իսկ անհրաժեշտ դեպքում, պայքար ծավալում վերջինների իրագործման համար:
Տվյալ կազմակերպությունները, հաստատություններն ու հիմնարկներն իրենց փոխադարձ կապերով հանդերձ կազմում են հասարակության քաղաքական կառուցվածքը: Այն կոչված է իրականացնելու եւ կարգավորելու սոցիալական խավերի, դասակարգերի, ազգերի ու պետությունների փոխհարաբերությունները: Սակայն պետք է նկատի ունենալ, որ քաղաքական կյանքի վերահիշյալ կառուցվածքային տարրերը հավասարազոր չեն: Ամենագլխավորն ու ամենաազդեցիկն այստեղ պետությունն է, այնուհետեւ քաղաքական կուսակցություններթ, արհմիությունները եւ ոչ կառավարական հասարակական կազմակերպությունները, որոնք չափազանց բազմազան ու մեծաթիվ են:
դ) Պետության գործառույթները, պատմական տիպերը եւ ձեւերը
Պետությունն ունի իր գործառույթները, որոնք նրա գործունեության գխավոր ուղղություններն են հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում: Այդ գործառույթների միջոցով պետությունը լուծում է իր առջեւ ծառացած խնդիրները:
Պետության գործառույթները բաժանվում են 2 մեծ խմբի` ներքին եւ արտաքին: Ներքին գործառույթներն իրենց հերթին բաժանվում են տնտեսականի, սոցիալականի, ֆինանսական վերահսկողության, իրավակարգի պահպանության, իսկ այժմ նաեւ բնապահպանականի:
Տնտեսական գործառույթը նպատակ ունի ստեղծելու առավել բարենպաստ պայմաներ երկրի տնտեսության զարգացման համար: Օրինակ, ազատ շուկայական տնտեսության դեպքում պետությունն աշխատում է ապահովել արտադրողների ազատ ու հավասար մրցակցությունը, որպեսզի տնտեսությունը կարողանա զարգանալ արագ ու անկաշկանդ:
Սոցիալական գործառույթի շնորհիվ պետությունն ապահովում է քաղաքացիների սոցիալական պաշտպանվածությունը, ձգտում է արժանավայել կյանքի պայմաններ ստեղծել թոշակառուների, հիվանդների, հաշմանդամների, երեխաների եւ ուսանողների, բոլոր նրանց համար, ովքեր չեն կարող լիարժեք աշխատել: Միաժամանակ այն հոգ է տանում առողջապահության, կրթության, արվեստի, մշակույթի, կապի, տրանսպորտի եւ մյուս բնագավառների զարգացման մասին:
Ֆինանսական վերահսկողության գործառույթի միջոցով պետությունն իրագործում է արտադրողների եկամուտների բացահայտումն ու հաշվաումը, պետբյուջեի կազմավորումն ու ծախսումը:
Իրավակարգի պահպանման գործառույթի օգնությամբ պետությունը պաշտպանում է օինակարգն ամեն տեսակի անօրինական ոտնձգություններից, անհատի օրինական շահերն ու իրավունքները, ինչպես նաեւ իր` պետության եւ ողջ հասարակության շահերը:
Բնապահպանական գործառույթն անցյալում զարգացած չի եղել, որի հետեւանքով մի շարք պետություններում, ինչպես, օրինակ, Ասորեստանում, Բաբելոնում, Արաբիայում եւ այլն, տեղի են ունեցել էկոլոգիական աղետներ (անտառների ոչնչացում, անապատացում, սարերի մերկացում, հողի էռոզիա եւ այլն): Պատությունները մեկ-մեկ բնապահպանական միջոցառումներ են ձեռնարկել (Խոսրով թագավորն հետագաում իր անունով կոչված անտառ է տնկել, անտառներ են տնկվել նաեւ Արցախում եւ այլն), բայց դրանք էական դրական ազդեցություն չեն ունեցել: Այժմ, բնապահպանական ճգնաժամի խորացման պայմաններում տվյալ գործառույթը դարձել է պետությունների գլխավոր գործառույթներից մեկը, այն էլ ոչ միայն ներքին, այլեւ արտաքին, քանզի բնապահպանությոան խնդիրներն ստացել են համընդհանուր մոլորակային բնույթ:
Պետության արտաքին գործառույթները միջազգային ասպարեզում նրա գործունեության հիմնական ուղղություններն են: Դրանք հիմնականում 2-ն են: Առաջինը այլ պետությունների հետ փոխշահավետ համագործակցության ապահովումն է:Տվյալ գործառույթը չափազանց լայն ու բազմակողմանի է եւ ներառնում է մի շարք ավելի կոնկրետ գործառույթներ քաղաքական, տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային եւ այլ բնագավառներում: Համագործակցությունն իրականացվում է ՄԱԿ-ի եւ տարածաշրջանային կազմակերպությունների, օրինակ, Եվրամիության, շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերի հիման վրա: Երկրորդ գործառույթը մյուս պետությունների հարձակումներից իր երկրի տարածքային ամբողջականության, ազատության եւ անկախության պաշտպանությունն է: Անցյալում, երբ պատերազմի իրավունք է գոյություն ունեցել, պետության արտաքին գործառույթների մեջ է մտել նաեւ ուրիշների տարածքները զավթելու եւ դրանց հաշվին իր տարածքն ընդլայնելու գործառույթը, որն անվերջ արյունահեղ պատերազմների պատճառ է եղել:
Պետության գործառույթներն իրենց բովանդակությամբ եւ կազմով ունեն պատմական բնույթ եւ կախված են հասարակության զարգացման աստիճանից ու պայմաններից, բայց հատկապես պետության պատմական տիպից, այն բանից, թե որ հասարակարգի, որ ֆորմացիայի պետությունն է այն:
Այստեղ հարկ է նշել, որ պետության բոլոր տեսությունները, իչպիսիք են նահապետական, աստվածային, հոգեբանական, աշխատանքի բաժանման, հասարակական դաշինքի (պայմանագրի) տեսությունները, մարքսիստականից բացի, պետության պատմական տիպի մասին գաղափար չեն ունեցել, քանզի չի եղել հասարակական ֆորմացիայի գաղափարը: Օրինակ, ըստ առաջինի, տոհմերի նահապետներն են ժամանակի ընթացքում դարձել թագավոր եւ պետություն ստեղծել, ըստ երկրորդի` Աստվածն է որոշ մարդկանց թագավոր կարգել, ըստ երրորդի` պետության արմատը մարդու` իշխելու եւ ենթարկվելու հոգեբանական հատկության մեջ է, ըստ չորրորդի` աշխատանքի բաժանման մեջ է, իսկ ըստ հինգերորդի` որը մանրամասն մշակել է XVIII դ. նրանսիացի փիլիսոփա Ժ. Ժ. Ռուսսոն, հասարակական դաշինքն է, որ մարդիկ կնքել են միմյանց միջեւ, որպեսզի պետության միջոցով պաշտպանեն իրենց ընդհանուր շահերը:
Մարքսը մշակել է պետության դասակարգային տեսությունը, որի համաձայն պետությունը ծագել է այն ժամանակ, երբ մասնավոր սեփականության առաջացմամբ հասարակությունը պառակտվել է հարուստ ու աղքատ, շահագործող եւ շահագործվող դասակարգերի, եւ հարուստներն ստեղծել են պետությունը աղքատներին ճնշելու եւ հնազանության մեջ պահելու համար: Հետեւապես, պետությունը դասակարգային տիրապետության գործիք է, որի շնորհիվ տնտեսապես տիրապետող դասակարգը դառնում է նաեւ քա-ղաքականապես տիրապետող, քանզի հաստատում է իր դիկտատուրան, այսինքն` իր անսահմանափակ, ուժի վրա հենվող իշխանությունը: Ըստ այդմ ստրկատիրական ֆորմացիայում պետությունը պատկանում է ստրկատերերին, ֆեոդալիզմի ժամանակ` ճորտատերերին, իսկ կապիտալիզմի ժամանակ` կապիտալիստներին: Դրանով էլ մարքսիզմը որոշում է պետության պատմական տիպը եւ պնդում է, որ պատմության մեջ եղել են շահագործողական պետության 3 հիմնական տիպեր` ստրկատերերի, ճորտատերերի եւ կապիտալիստենրի, որոնց ամենագխավոր ներքին գործառառույթն է համապատասխանաբար ստրուկներին, ճորտերին ու վարձու բանվորներին ճնշելը: Այդ 3 պատմական տիպերին մարքսիզմն ավելացրել եւ նաեւ 4-րդ տիպը` սոցիալիստական պետությունը, որը լինելու էր աշխատավորների պետություն, բայց դիկտատուրան պատկանելու էր բանվոր դասակարգին:
ԽՍՀՄ-ի պատմական փորձը, սակայն, ցույց տվեց, որ սոցիալիստական պետությունը հորինված բան էր եւ ոչ մի երկրում չի եղել: Այդ անվան տակ եղել է ֆեոդալիզմի եւ պետական կապիտալիզմի մի անբնական խառնուրդ: Ինչ վերաբերում է մյուս 3 իրական տիպերին, ապա մարքսիզմը դրանք մեկնաբանել է նեղ ու միակողմանի, համարելով սոսկ շահագործող դասակարգերի գործիք:
Ինչպես վերը նշվել է, պետությունը ծագել է հասարակության զարգացման այն փուլում, երբ հասարակությունը բաժանվել է տարբեր խավերի, խմբերի, դասակարգերի եւ այլն, եւ խնդիր է առաջացել լուծել նրանց շահերի միջեւ առաջացած հակասությունները, համադրել ու հաշտեցնել դրանք, հետեւապես, ապահովել հասարակության կայունությունն ու բնականոն գործառնությունը: Այս իմաստով պետությունն անտարբեր է առանձին խավերի ու դասակարգերի շահերի նկատմամբ, բայց խավերն ու դասակարգերը երբեք անտարբեր չեն եղել պետության նկատմամբ: Նրանք միշտ ձգտել են իրենց ձեռքը վերցնել ու իրենց շահերին ծառայեցնել այն: Այստեղ հարցի լուծումը կախված է նրանց ուժերի հարաբերակցությունից: Մենք այժմ էլ ականատես ենք, թե ինչպես են տարբեր սոցիալական խմբեր ու քաղաքական ուժեր մեր երկրում պայքարում պետությանը, նրա ապարատին տիրանալու համար: Վերը մենք տեսանք, որ պետությանը մասամբ եւ անգամ լիովին կարող են տիրանալ նաեւ մաֆիական խմբերը:
Վերջապես պետք է նկատի ունենալ, որ պետության վերոհիշյալ 3 հիմնական պատմական տիպերից բացի կան նաեւ բազմաթիվ անցումնային, խառը տիպեր, օրինակ, կիսաֆեոդալական եւ կիսակապիտալիստական պետություններ:
Պետություններն իրարից տարբերվում են նաեւ իրենց ձեւերով, որոնք բարդ հարաբերակցության մեջ են նրանց տիպերի հետ: Միեւնույն տիպի պետությունները կարող են ունենալ տարբեր ձեւեր, իսկ տարբեր տիպի պետությունները միատեսակ ձեւեր: Պետության ձեւը պարունակում է 3 տարր. կառավարման ձեւ, կառուցվածքի ձեւ ու վարչակարգի (ռեժիմի) ձեւ:
Կառավարման ձեւը պետության բարձրագույն մարմինների կառուցվածքը եւ նրանց միջեւ իրավասության բաշխման կարգն է: Այն բաժանվում է միապետականի եւ հանրապետականի: Առաջին ձեւը կապված է միանձնյա եւ ժառանգական իշխանության հետ, իսկ երկրորդը` կոլեգիալ եւ ընտրովի: Միապետության դեպքում պետության գերագույն իշխանությունը պատկանում է թագավորին, կայսրին կամ իշխանին: Այդ պատճառով այն կոչվում է բացարձակ միապետություն: Միապետության տարատեսակ է սահմանադրական միապետությունը, որտեղ միապետի իշխանությունը սահմանափակված է խորհրդարանի կողմից ընդունված սահմանադրությամբ:Հանրապետության ժամանակ պետության գերագույն իշխանությունը պատկանում է ժողովրդի կողմից որոշ ժամկետով ընտրված մարմիններին: Այն ունի 2 հիմնական տարատեսակ. խորհրդարանական եւ նախագահական:
Խորհրդարանական հանրապետությունում գլխավոր դերը պատկանում է խորհրդարանին, որն ընտրում է պետության գլխին` նախագահին, հաստատում է նրա կողմից նշանակված վարչապետի առաջարկած կառավարության կազմն ու ծրագիրը, վերահսկում է նրա գործունեությունը, զբաղվում է օրենսդրությամբ եւ ֆինանսական գործունեությամբ` ընդունում է պետական բյուջեն: Խորհրդարանական են Ավստրիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան եւ բազմաթիվ այլ պետություններ:
Նախագահական հանրապետությունում նախագահն ընտրվում է ժողովրդի կողմից եւ իր ձեռքոքւմ է կենտրոնացնում պետության եւ կառավարության գլխի (վարչապետի) լիազորությունները: Նա է նշանակում իր կառավարության կազմը եւ հսկում նրա աշխատանքը: Խորհրդարանը զբաղվում է օրենսդրական եւ ֆինանսական (բյուջեի հետ կապված) գործունեությամբ: Դրա տիպի օրինակ են Ամերիկայի Միացյալ Նահանգները:
Կան նաեւ կիսանախագահական հանրապետություններ, որտեղ կառավարությունը պատասխանատու է ինչպես նախագահի, այնպես էլ խորհրդարանի առջեւ: Պետական կառավարման տվյալ ձեւի օրինակ են Ֆրանսիան, Ռուսաստանի Դաշնությունը եւ Հայաստանի Հանրապետությունը:
Պետական կառավարման ձեւի 2-րդ տարրը պետության ազգային եւ վարչատարածքային կառուցվածքն է, որն արտահայտում է նրա բաղադրիչ մասերի, կենտրոնական եւ տեղական մարմինների փոխհարաբերությունների բնույթը: Այս տեսակետից պետությունները բաժանվում են 3 հիմնական խմբի` միատարր (ունիտար), դաշնային (ֆեդերատիվ) եւ համադաշնային (կոնֆեդերատիվ): Միատարր պետություններն ունեն մեկ ընդհանուր օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմիններ, որոնք ղեկավարում են տեղական իշխանության մարմիններին, եւ մեկ սահմանադրություն: Դաշնային պետությունը մի քանի պետությունների կամավոր միավորումն է մեկ միութենական պետության մեջ: Նրա մասերն օժտված են ինքնավարությամբ, ունեն իրենց բարձրագույն օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինները, իրենց սահմանադրությունը, բայց ենթարկվում են միութենական պետության գերագույն մարմիներին եւ սահմանադրությանը: Այն ունի ընդհանուր քաղաքացիություն, բանակ, դրամական համակարգ եւ այլն, իրականացնում է արտաքին քաղաքականությունը, սակայն իր սուբյեկտներին կարող է տրամադրել արտաքին քաղաքական գործունեության սահմանափակ իրավունքներ, իր հսկողության տակ պահելով դրանք:
Դաշնությունը կառուցվում է տարածքային եւ ազգային հիմունքներով: Առաջինի օրինակ են ԱՄՆ-ը, Բրազիլիան, Գերմանիան, իսկ իսկ երկրորդի օրինակ են անցյալում ԽՍՀՄ-ը, իսկ այժմ Ռուսաստանը: Համադաշնությունն ինքնիշխան պետությունների կամավոր միություն է, որն ստեղծվում է նրանց ընդհանուր շահերը պաշտպանելու համար: Այն չունի միասնական օրենսդիր, գործադիր ու դատական մարմիններ, միասնական բանակ, հարկեր եւ բյուջե, ինչպես նաեւ քաղաքացիություն: Համադաշնային պետական մարմինները լուծում են տնտեսական, ֆինանսական եւ պաշտպանության ընդհանուր խնդիրները, օրինակ, միասնական դրամական համակարգի, մաքսային կանոնների ստեղծման, միջպետական վարկային քաղաքականության մշակման, արտաքին քաղաքականության եւ պաշտպանության բնագավառներում գործունեության կոորդինացման հարցերը: Համադաշնային պետությունները, ինչպես պատմական փորձն է վկայում, երկարակյաց չեն: Դրանք կամ վերանում են, կամ էլ վերածվում են դաշնությունների: Այսպես, Ավստրո-Հունգարիան գոյատեւել է 1867-1918թ.թ., ԱՄՆ-ի Համադաշնությունը` 1781-1787թ.թ., Գերմանական միությունը` 1815-1867թ.թ., Շվեյցարիան` 1815-1848 թ.թ., իսկ ներկայումս համադաշնություն է Անկախ Պետությունների Համագործակցությունը (ԱՊՀ-ն):
Պետական կառավարման ձեւի 3-րդ տարրը վարչակարգի ձեւն է, ռեժիմը: Այն պետական իշխանության իրականացման միջոցների ու եղանակների ամբողջությունը է: Իր էությամբ այն ունի քաղաքական բնույթ: Պետական վարչակարգը լինում է հակաժողովրդավարական (ավտորիտար) եւ ժողովրդավարական:
Հակաժողովրդավարական վարչակարգը ճնշում է անհատին, ոտնահարում է նրա իրավունքները, վերահսկում է հասարակության բոլոր ոլորտները, համապետականացնում է բոլոր հասարակական կազմակերպությունները, հաստատում է պետության գերակայությունն իրավունքի նկատմամբ, գործադրում է կամայականություն, օրինականության զանգվածային խախտումներ եւ ահաբեկչություն: Դրա դրսեւորումներից են բռնապետությունը եւ ամբողջատիրությունը, որտեղ պետությունն լիովին բռնանում է հասարակության վրա եւ կլանում այն: Ամբողջատիրության օրինակ են հիտլերյան վարչակարգը Գերմանիայում եւ սովետական վարչակարգը ԽՍՀՄ-ում, որտեղ հասարակական ինքնագործունեությունն անգամ արգելված էր:
Ժողովրդավարական վարչակարգում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն իրականացնում է այն անմիջականորեն կամ իր կողմից ազատ ու հավասար ընտրությունների հիման վրա ստեղծված պետական մարմինների միջոցով: Այդ վարչակարգի դեպքում պետական իշխանության 3 գլխավոր ճյուղերը` օրենսդիր (խորհրդարանը), գործադիր (կառավարությունը) եւ դատական իշխանությունները տարանջատվում եւ հակակշռում են միմյանց, գոյություն ունի այսպես կոչված 4-րդ իշխանությունը` զարգացած զանգվածային լրատվության միջոցները, որոնք կազմավորում են հասարակական կարծիքը, որի միջոցով անհատները կարող են ազդել պետական քաղաքականության վրա, կա բազմակարծություն եւ բազմակուսակցականություն, հասարակական կազմակերպությունների զարգացած ցանց, մարդն օժտված է չափազանց լայն իրավունքներով եւ ազատություններով, որոք հուսալիորեն պաշտպանված են, հաշվի են առնվում ոչ միայն մեծամասնության, այլեւ փոքրամասնության շահերը, ստեղծվում են փոխզիջման մեխանիզմներ եւ ապահովում հասարակական կայունությունը: Ներկայումս ժողովրդավարությունը հատկապես Եվրամիության երկրներում հասել է իր զարգացման ամենաբարձր փուլին: Նախ, պետությունն ու նրա վարչակարգն ստեղծվում են ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված սահմանադրության հիման վրա, այսինքն` փաստորեն Ռուսսոյի հասարակական դաշինքի միջոցով: Սահմանադրությունը դիտվում է որպես պայմանագիր քաղաքացիների եւ պետության միջեւ, որտեղ կողմերը հանդես են գալիս հավասար իրավունքներով, ի տարբերություն նախորդ շրջանի ժողովրդավարությունների, որտեղ գերակշռությունը տրվում էր պետությանը որպես ընդհանուր հասարակական շահերի պաշտպանի: Դա նշանակում է, որ ցանկացած քաղաքացի կարող է դատարան քարշ տալ ցանկացած պաշտոնյայի եւ պետական մարմնի: մարդու իրավունքները պաշտպանված են ոչ միայն ներպետական, այլեւ միջազգային իրավունքով, որի հետեւանքով մարդու իրավունքների խախտման համար պետությունը կարող է քաղաքացիների կողմից միջազգային դատական պատասխանատվության երթարկվել: Նման պետության մեջ գերակայում է իարվունքը, կամ, ինչպես ասում են, հաստատվել է օրենքի իշխանությունը եւ այդ պատճառով այն անվանում են ժողովրդավարական իրավական պետություն:
Պետության տվյալ տիպը թեեւ ամենակատարյալն է այսօր, կարող է է՛լ ավելի զարգանալ եւ կատարելոգործվել: Այն կլինի, քանի դեռ գոյություն ունի քաղաքակրթությունը: Այս առնչությամբ լիովին անհիմն է պետության մահացման մարքսիստական կանխատեսումը, որի համաձայն հակամարտ դասակարգերից զուրկ, սոցիալապաս միատարր կոմունիզմի ժամանակ մի որեւէ խավի ճնշելու կարիքը կվերանա, հետեւապես, պետությունը` որպես դասակարգային ճնշման գործիք, կմահանա: Պետությունը կփոխարինվի կոմունիստական ինքնավարությամբ, մարդկանց կառավարումը` իրերի կառավարմամբ: Պետության մահացման մարքսիստական գաղափարը նույնքան ուտոպիական է, որքան եւ կոմունիզմի բուն գաղափարը:
« 4. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Հասարակության հոգեւոր կյանքը չափազանց հարուստ է իր բովանդակությամբ եւ բարդ իր կառուցվածքով: Այն ներառում է մարդկանց մտքերը, գիտելիքները, գաղափարները, գեղարվեստական պատկերացումները, մարդկային արժեքները, հույզերը, ձգտումները, իդեալները, հավատալիքները եւ այլն:Դա մի աշխարհ է, որը կենդանություն, շունչ ու հոգի է տալիս յուրաքանչյուր մարդու եւ հասարակությանն ամբողջապես:
Հասարակության հոգեւոր կյանքը բաղկացած է մի շարք մակարդակներից եւ ձեւերից: Մակարդակների մեջ մտնում են անհատական ու հասարակական, առօրեական-գործնական ու տեսական գիտակցությունը, հասարակական հոգեբանությունը եւ գաղափարախոսությունը:
Ձեւերն էրենց հերթին ներառնում են մարդկանց քաղաքական եւ իրավական, բարոյական, գեղագիտական, գիտական, փիլիսոփայական եւ կրոնական հայացքները:
ա) Հասարակության հոգեւոր կառուցվածքի մակարդակները
Մարդու հոգեւոր աշխարհը նրա գիտակցության անմիջական արգասիքն է եւ այդ պատճառով ունի անհատական բնույթ: Իր բոլոր դրսեւորումներով այն առանձին մարդկանց հոգեկան գործունեությունն է, օժտված է անկրկնելի հատկանիշներով ու յուրահատկություններով, քանզի կախված է յուրաքանչյուր մարդու անձնական կեսնափորձից: Նրա վրա որոշիչ ազդեցություն են գործում մարդու մտավոր կարողությունները, խառնվածքը, կրթությունը, դաստիարակությունը, հավատքը, շրջապատը եւ բազմաթիվ այլ գործոններ: Տվյալ գործոններից կախված անհատի հոգեւոր աշխարհը կարող է լինել ավելի կամ պակաս հարուստ, աղքատ կամ նույնիսկ աղքատիկ, կարող է լինել վեհ, իմա` հագեցած մարդկային բարձրագույն հոգեւոր արժեքներով ու իդեալներով, կամ էլ, ընդհակառակը, այդ արժեքներից ու իդեալներից զուրկ, նյութական արժեքներին ու շահերին գերի, հետեւապես, ստոր եւ ըստ էության հոգեւորից զուրկ, որը ռուսներն անվանում են «ոպջՊցւՏՉվՏրՑՖ»:
Ինքնին հասկանալի է, որ մարդկանց վեհ ու հարուստ հոգեկան աշխարհը բարերար ու խթանիչ ներգործություն է ունենում նրանց կյանքի եւ հասարակության զարգացման վրա: Հակառակ դեպքում նրա ազդեցությունը բացասական է, կասեցնում է հասարակության զարգացումը, ինչպես դա այժմ տեղի է ունենում մեր երկրում, որտեղ խստորեն զգացվում է հենց հոգեւորի պակասը:
Սակայն որքան էլ մարդու հոգեւոր աշխարհն անհատական լինի, որքան էլ այն տարբերվի մյուս մարդկանց հոգեւոր աշխարհից, միեւնույն է նարնց միջեւ կան նաեւ շատ ընդհանուր կողմեր ու գծեր, որոնք հետեւանք են կյանքի միատեսակ, ընդհանուր պայմանների, մասնավորապես ազգային, սոցիալական, կրթական ու դաստիարակչական, լայն առումով դարաշրջանի ու մշակույթի պայմանների: Պարզ է, որ նախնադարյան, միջնադարյան եւ ժամանակակից դարաշրջանների ու մշակույթների հոգեւոր աշխարհներից յուրաքանչյուրն ունի իր բազմաթիվ ընդհանուր գծերը եւ տվյալ իմաստով կազմում է մեկ միասնություն եւ զգալիորեն տարբերվում է մյուսներից:
Անհատականը եւ հասարակականը մարդկանց հոգեւոր կյանքում սերտ փոխադարձ կապի մեջ են, քանզի անհատական հոգեւոր աշխարհում միշտ կա հասարակական հոգեւոր աշխարհը, իսկ վերջինն իր հերթին գոյություն ունի եւ դրսեւորվում է անհատականի միջոցով: Դեռ ավելին, դրանք փոխադարձաբար անցնում են մեկը մյուսին: Այսպես, եթե մի որեւէ անհատի գլխում ծագած մի որեւէ հոգեւոր երեւույթ (միտք, գաղափար, իդեալ, ուսմունք եւ այլն) արտահայտում է հասարակության կամ նրա առանձին խավերի ու դասակարգերի իղձերը, իդեալներն ու ձգտումները, ապա այն ընդունվում է նրանց կողմից եւ անհատական հոգեւոր ձեւից վերածվում է հասարակական ձեւի: Եվ հակառակը. երբ դարաշրջանի փոփոխության հետեւանքով հասարակության իղձերն ու ձգտումները փոխվում են, նախորդ շրջանի հոգեւոր աշխարհն իր տեղը զիջում է նորին, ընդունում անհատական ձեւ, այսինքն` մնում առանձին անհատների հոգեւոր աշխարհում, եւ աստիճանաբար անհետանում է:
Քանզի հոգեւորի անհատական եւ հասարակական մակարդակները մարդկային գիտակցության արգասիքներ են, այժմ ընդունված է դրանք անվանել անհատական եւ հասարակական գիտակցություն:
Հասարակական գիտակցությունն իր հերթին կարելի է բաժանել առօրեական-գործնական եւ տեսական ձեւերի: Առաջինը ծագում է տարերայնորեն մարդկանց առօրյա կենսափորձից, իրականության հետ կապված է անմիջականորեն, բայց ունի մակերեսային եւ չհամակարգված բնույթ: Այն մարդկանց զգացմունքների, հույզերի, ապրումների, մտքերի, գաղափարների, իդեալների եւ այլ տիպի բազմապիսի գիտելիքների ամբողջություն է, նրանց ողջախոհության հիմքը, ողջախոհություն, որով նրանք առաջնորդվում են իրենց կյանքի բոլոր ոլորտներում եւ հատկապես մարդկային հարաբերություններում, քանզի տեսությունները, գիտություններւ այստեղ անզոր են: Հիրավի, ընտանեկան, ազգակցական, ընկերական, ներկոլեկտիվային եւ այլ հարաբերությունները դրանց հիման վրա չէ, որ հաստատվում են: Կյանքի ամբողջական ըմբռնողությունն ու զգացողությունը հիմնված են առօրեական-գործնական գիտակցության, ուստի եւ ողջախոհության վրա:
Երկրորդն, ընդհակառակը, ձեւավորվում է մարդկանց գիտակցված գործունեության շնորհիվ, որի ընթացքում նրանք կատարում են հետազոտություններ, բացահայտում են շրջապատի երեւույթների էությունը, ներքին օրենքները, ճշգրտում ու համակարգում են ստացված գիտելիքները եւ ստեղծում տեսություններ: Այսպիսով տեսական գիտակցությունը, ի տարբերություն առօրեական-գործնական գիտակցության, խոր համակարգված է, սակայն զիջում է վիրջինին իրական կյանքի հետ կապի անմիջականության տեսակետից:
Հասարակական գիտակցության առանձին մակարդակ է նաեւ հասարակական հոգեբանությունը, որը սերտորեն կապված է առօրեական-գործնական գիտակցության հետ:
Հասարակական հոգեբանությունն իրենից ներկայացնում է հասարակության մեջ իշխող ու տարածված հույզերը, զգացմունքները, գնահատականներն ու տրամադրությունները, ոչ գիտական ու գիտական հայացքների խառնուրդը, գեղագիտական ճաշակները, բարքերն ու ավանդույթները, հակումներն ու ձգտումները եւ այլն: Հասարակության տարբեր խավերը, դասակարգերը, պրոֆեսիոնալ խմբերը եւ ազգերն ունեն իրենց հոգեբանությունը: Հասարակական հոգեբանության խավային, դասակարգային, ազգային ու այլ ձեւերի միջեւ կարող են լինել ոչ միայն էական տարբերություններ, այլեւ հակասություններ: Այսպես, օրինակ, խորհրդային պետական սեփականությունը թալանածների ու մի անգամից հարստացածների հոգեբանությունը, իմա` հույզերն ու զգացմունքները, տրամադրություններն ու իղձերը բոլորովին այլ են, քան աղքատությունից տառապող ժողովրդինը: Հայաստանը նրանց դրախտ է թվում, նրանք կյանքից չափազանց գոհ են: Մինչդեռ ժողովրդի ճնշող մեծամասնությունը չափազանց դժգոհ է, ընկել է հոռետեսության ու հուսահատության մեջ, որից օգտվում են տարբեր տեսակի ընդդիմությունները, այդ թվում երկիրն այս թշվառ վիճակին հասցրած նախկին իշխանավորները:
Ազգային հոգեբանությունների հակասության օրինակ է հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների հոգեբանությունները, քանզի մենք` հայերս ձգտում ենք ազգային ինքնորոշման սկզբունքով հաշտ ու խաղաղ լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը, իսկ նրանք` դիմում են կացնին:
Հասարակական հոգեբանությունը մեծ զարգացում եւ ավարտուն տեսք է ստանում առաջավոր ժողովրդավարական երկրներում, հանդես գալով հասարակական կարծիքի ձեւով: Նշված երկրներում հասարակական կարծիքն այնպիսի մեծ ուժ է ձեռք բերում, որ հաճախ կառավարությունների ճակատագիրն է որոշում: Այդ պատճառով այն մանրազնին ուսումնասիրում են սոցիոլոգները, տարածում են ԶԼՄ-ները եւ նրա հետ ստիպված հաշվի են նստում իշխանավորները: Ոչ ժողովրդավարական կամ թույլ զարգացած ժողովրդավարական երկրներում, ինչպիսին Հայաստանն է, հասարակական կարծիքը կամ իսպառ բացակայում է, կամ էլ այնքան թույլ է, որ իրեն հասարակական կյանքում զգացնել չի տալիս:
Հասարակական հոգեբանությունից էապես տարբերվում է հասարակական գաղափարախոսությունը, որը ձեւավորվում է տեսական գիտակցության հիման վրա եւ նրա յուրահատուկ ձեւերից մեկն է: Գաղափարախոսությունը հիմնարար գաղափարների տեսական համակարգ է, որտեղ իրենց արտահայտություննե են գտնում դասակարգերի, ազգերի ու սոցիալական խավերի վիճակն ու էությունը, արմատական շահերը, իդեալները, ձգտումներն ու նպատակները:
Այն մշակվում է համապատասխան ընդունակություններով, գիտելիքներով ու փորձով օժտված մարդկանց` գաղափարախոսների կողմից եւ հանդես է գալիս որպես հասարակական գիտակցության ամենաբարձր մակարդակը: Նրա խորությունը, լայնությունը եւ հասարակության վրա ազդեցության ուժը կախված են գաղափարախոսների տաղանդից եւ հանճարից, հասարակության, նրա այս կամ այլ խավի շահերն ու նպատակներն արտահայտելու կարողությունից: Ընդհանրապես գաէափարախոսական ուսմունքների ազդեցությունը հասարակության վրա ամենաուժեղն է: Իսկ այդ ազդեցությոան ուղղությունը պայմանավորված է այն բանով, թե որ դասակարգերի, որ խավերի ու այլ սոցիալական խմբերի շահերն ու նպատակներն են դրանք արտահայտում: Այսպես, գոյություն ունի բուրժուական, մանր բուրժուական, պրոլետարական, ժողովրդավարական, բռնատիրական, ամբողջատիրական, ազգային, ազգայնամոլական, ռասիստական եւ այլ տիպի գաղափարախոսություններ: Ընդ որում, առաջավոր դասակարգերի ու խավերի գաղափարախոսություններն առաջադիմական են, քանզի նպաստում են հասարակության զարգացմանը, իսկ հետադիմական դասակարգերի ու խավերի գաղափարախոսությունները հետադիմական են, որովհետեւ խոչընդոտում են նրա առաջընթացին: Այս վերջինները ոչ միայն ռեակցիոն դեր են խաղում, այլեւ կարող են աղետաբեր լինել իրենց կրողների համար: Օրինակ, ֆաշիզմը, լինելով գերմանական գիշատիչ իմպերիալիստական բուրժուազիայի գաղափարախոսությունը, նախ եւ առաջ կործանարար եղավ հենց Գերմանիայի համար եւ հետո իր զոհերի` հարեւան ժողովուրդների համար: Սոցիալիստական երկրների եւ առաջին հերթին ԽՍՀՄ-ի համար կործանարար եղավ կոմունիստական սխալ ուտոպիստական գաղափարախոսությունը: Այս տեսակետից հատկապես վտանգավոր են պետական պաշտոնական կարգավիճակ ստացած գաղափարախոսությունները, որոնք հիմք են դառնում պետության ներքին ու արտաքին քաղաքականության համար:
Ազգերի ապագայի ու ճակատագրի համար չափազանց կարեւոր են ազգային գաղափարախոսությունները, որոնք կոչված են իմաստավորել ազգի անցած պատմական ուղին, նրա ներկա վիճակն ու ուժերը, աշխարհաքաղաքական դրությունը եւ բազմաթիվ այլ գործոններ, նախանշել նրա իրական, հասանելի խնդիրներն ու նպատակները, դրանք իրագործելու հերթականությունը, ինչպես նաեւ ռազմավարությունը եւ մարտավարությունը: Նման գաղափարախոսության մշակումը վերին աստիճանի բարդ ու դժվարին գործ է: Դրանով է բացատրվում այն, որ հայոց գաղափարախոսությունը` մշակելիս անցյալու թույլ են տրվել ճակատագրական սխալներ, որոնց հետեւանքով մեր ազգը ցեղասպանության է ենթարկվել, իսկ այժմ, անցյալի դառը փորձից խրատված, չեն շտապում այդպիսի գաղափարախոսություն մշակել, հետեւապես, ստիպված են լուծել ազգային ընթացիկ խնդիրներ:
Մինչդեռ ազգային գաղափարախոսության անհրաժեշտությունը խստորեն զգացվում է, որովհետեւ ներկայիս բեկումնային ժամանակաշրջանում միայն դա կարող է ժողովրդի ջանքերը կենտրոնացնել իր հիմնարար խնդիրների լուծման շուրջը:
Դասակարգային հասարակություններում տեղի է ունենում տարբեր դասակարգերի ու խավերի գաղափարախոսությունների մրցակցություն եւ պայքար, որնցից ամեն մեկը ձգտում է մարդկանց համոզել իր ճշմարտացիության մեջ եւ իր կողմը գրավել ժողովրդին: Այդպես են տիրապետող դարձել անգամ կոմունիստական եւ ֆաշիստական գաղափարախոսությունները: եվ միայն հետագայում նրանց պատճառած աղետներն են ստիպել մարդկանց տեսնել նրանց արմատական սխալականությունը:
Այս առնչությամբ ծագում է գաղափարախոսության ճշմարտացիության հարցը: Ավելորդ է ասել, որ դրանցից ամեն մեկն իրեն ճշմարիտ է հռչակում, կամ էլ, ինչպես կոմունիստականը, միակ ճշմաիտը եւ ոչնչացնում է մյուսներին որպես կեղծ, ռեակցիոն ու վնասակար: Մինչդեռ Մարքսն ու Էնգելսը բոլոր գաղափարախոսությունները համարել են կեղծ: Նրանց խորհրդային հետեւորդները ընդհակառակը, պնդել են, թե նրանք ի նկատի են ունեցել բուրժուական եւ ընդհանրապես ոչ մարքսիստական ուսմունքները: Իսկ կոմունիզմի գաղափարախոսությունը միակ ճշմարիտն է: Բայց սոցիալզմի անփառունակ վախճանը ցույց տվեց, որ այն եւս կեղծ է:
Պատմական փորձը վկայում է, որ բոլոր գաղափարախոսությունները կամ լիովին (ֆաշիզմը, կոմունիզմը), կամ էլ մասամբ կեղծ են, որովհետեւ նրանց հեղինակները 1. միակողմանի, որոշակի սոցիալական (դասակարգային, խավային) դիրքերից են իմաստավորում իրականությունը, 2. սահմանափակված են իրենց եւ դարաշրջանի գիտելիքների շրջանակներով եւ 3. ներկան գնահատում են միայն անցյալի չափանիշներով, քանզի ապագայի չափանիշներն անհայտ են: Մինչդեռ որեւէ հասարակական երեւույթ ճիշտ ըմբռնելու եւ գնահատելու համար անհրաժեշտ է ընկալել այն 2 կողմից` անցյալի եւ ապագայի տեսանկյունից: Քանզի դրանք միշտ միակողմանի են եւ թաքնված սխալներ են պարունակում, ապա դրանց նկատմամբ անհրաժեշտ է շատ զգույշ քննադատական վերաբերմունք, անհրաժեշտ է անընդհատ համադրել փոփոխվող իրականության հետ, բացահայտել եւ ուղղել թաքնված սխալները, ինչպես նաեւ պատրանքները, որոնք բնորոշ են հատկապես պատրանքային ուտոպիական գաղափարախոսական տեսությունների համար: Հակառակ դեպքում դրանք վերածվում են դոգմաների եւ հասցնում անհաջողությունների եւ անգամ աղետների, ինչպես դա տեղի ունեցավ մարքսիզմի եւ ֆաշիզմի պարագաներում:
Գաղափարախոսություններն ամբողջանում ու ավարտուն են դառնում, ուժեղացնում են իրենց ազդեցությունը հասարակության զարգացման վրա, երբ նրանց հիման վրա կուսակցություններն ու պետական մարմինները գործողության ծրագրեր են մշակում եւ կենսագործում: Այդ ընթացքում է հստակորեն պարզվում դրանց իսկական արժեքը, թե որ չափով են դրանք իրատեսական ու ճիշտ, լավ կամ վատ: Այլապես դրանք մնում են որպես տեսական դրույթների համակարգ:
Հոգեւորի գաղափարախոսական մակարդակն իր հերթին ունի չափազանց բարդ կառուցվածք եւ բաղկացած է 7 հիմնական ձեւերից, որոնցից են մարդկանց քաղաքական, իրավական, բարոյական, գեղագիտական, գիտական, փիլիսոփայական եւ կրոնական գիտակցությունը կամ հայացքները: Այդ ձեւերը բաժանվում են 2 խմբի: Առաջին խմբի մեջ մտնում է քաղաքական, իրավական ու բարոյական գիտակցությունը. հայացքները, որոնք արտահայտում են մարդկանց, սուբյեկտների հարաբերությունները, իսկ երկրորդ խմբի մեջ` գեղագիտական, գիտական, փիլիսոփայական եւ կրոնական հայացքները, որովհետեւ դրանք արտահայտում են ոչ միայն սուբյեկտների, այլեւ սուբյեկտների եւ օբյեկտների, իմա` մարդկանց եւ շրջապատի աշխարհի հարաբերությունները:
բ) Հասարակական գիտակցության ձեւերը քաղաքական
գիտակցությունը
Այն ծագել է դասակարգերի, սոցիալական խավերի ու խմբերի, ինչպես նաեւ պետությունների առաջացման հետեւանքով, բայց որպես հասարակական գիտակցության առանձին ձեւ կազմավորվել է անտիկ շրջանում: Նրա դերն ու նշանակությունը հասարակական կյանքում պայմանավորված է քաղաքական հարաբերությունների եւ ընդհանրապես քաղաքականության կարեւորմամբ, որն, ինչպես արդեն նշվել է, ոչ միայն տնտեսության, այլեւ հասարակական մյուս ոլորտների ու տարբեր խավերի շահերի խտացված արտահայտությունն է: Սակայն չափազանց զորեղ է նրա ազդեցությունը հասարակության քաղաքական կառուցվածքի, դրա գործառության վրա:
Քաղաքական գիտակցության հիմնախնդիրների շրջանակը չափազանց ընդարձակ է, քանզի ներառնում է պետական իշխանության, հասարակական կարգի, անհատի իրավական կարգավիճակի, դասակարգային պայքարի եւ հեղափոխությունների, ազգերի ու պետությունների հարաբերությունների, պատերազմի ու խաղաղության եւ բազմաթիվ այլ հիմնախնդիրներ: Հենվելով իրենց քաղաքական գիտակցության վրա, դասակարգերը, խավերն ու նրանց կուսակցությունները մշակում են իրենց նպատակներն ու խնդիրները, դրանց իրագործման ռազմավարությունն ու մարտավարությունը, մեթոդներն ու միջոցները: Իսկ իշխանության գլուխ կանգնած ուժերը նույն եղանակով որոշում են պետության ներքին ու արտաքին քաղաքականությունը:
Իրավական գիտակցությունը:
Հասարակական գիտակցության այս ձեւն արտահայտում է անհատների, սոցիալական խմբերի ու դասակարգերի հայացքները, գաղափարները, տեսությունները, գնահատականներն ու վերաբերմունքը իրավունքի, արդարադատության եւ օրինականության նկատմամբ: Գլխավորն այստեղ մարդկանց, սոցիալական խավերի պատկերացումներն են իրավունքի էության եւ հասարակական նշանակության մասին:
Ըստ համընդհանուր ճանաչում ստացած տեսակետի, իրավունքը պետության կողմից սահմանված եւ պետության ուժով պահպանվող համապարտադիր նորմերի (օրենքների) համակարգ է, որն արտահայտում է իր բնակչության ընդհանուր եւ անհատական շահերը, հանդես գալով որպես հասարակական հարաբերությունների կարգավորիչ: Այս տեսակետի հակադրությունն է իրավունքի մարքս-լենինյան ըմբռնումը, որի համաձայն տիրապետող դասակարգերն իրենց պետության միջոցով իրենց կամքին տալիս են բոլորի համար պարտադիր օրենքի բնույթ: Մարքսն ասել է. «Իրավունքը տիրապետող դասակարգերի կամքն է, բարձրացված օրենքի աստիճանի»: Միաժամանակ նա ստիպված նշել է, որ ստրկատիրական, ֆեոդալական եւ բուրժուական ֆորմացիաների պետություններն ապահովել են նաեւ հասարակության ընդհանուր շահերը, սակայն այնքանով, որքանով դրանք չեն հակասել տիրապետող դասակարգերի շահերին: Մինչդեռ վիճակը հակառակն է եղել. այդ դասակարգերը իրենց շահերն ապահովել են այնքանով, որքանով դրանք չեն հակասել ընդհանուր հասարակական շահերին: Այլապես հասարակությունը կքայքայվեր ու կկործանվեր:
Ստրկատիրական ու ֆեոդալական իրավունքների դասային բնույթը, ըստ որի ամեն մի խավ իր իրավունքն է ունեցել, զուտ կամայական չի եղել: Այն նպատակ է ունեցել ապահովել ստրկատիրական եւ ֆեոդալական տնտեսակարգերի բնականոն գործառնությունը, տնտեսակարգեր, որոնք ժամանակին պատմական անհրաժեշտություն էին: Միայն կապիտալիզմի օրոք է, որ դասական իրավունքի անհրաժեշտությունը վերանում է եւ հաստատվում է համընդհանուր իրավունքը, որտեղ տարբեր խավերի ու մարդկանց նկատմամբ կիրառվում են միեւնույն իրավական նորմերը (օրենքները): Խորհրդային կոմունիստները իրենց հաստատած իրավունքը հռչակել էին սոցիալիստական, աշխատավորական: Սակայն իրականում այն եղել է կապիտալիստական ու ֆեոդալական իրավունքների մի անբնական խառնուրդ: Հռչակվել է մարդկանց հավասար համընդհանուր իրավունքը, որը բուրժուական իրավունքի սկզբունքն է, եւ միաժամանակ այն խախտվել է, քանզի իշխանավորներն ստացել են տարբեր տեսակի բազմաթիվ արտոնություններ (բնակարանների, մեքենաների, խանութների, հիվանդանոցների, հանգստյան տների եւ այլն): Տվյալ տեսակետից խորհրդային իրավունքի մի քայլ ետ է եղել բուրժուական իրավունքից:
իրավական գիտակցությունը սերտորեն կապված է քաղաքական, բարոյական եւ կրոնական գիտակցությունների հետ, բայց ամենաուժեղ ազդեցությունը նրա վրա ունի քաղաքական գիտակցությունը:
ԲԱՐՈՅԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Բարոյական գիտակցությունը հասարակական գիտակցության հիմնական արժեքային ձեւն է, որն արտահայտում է մարդկանց պատկերացումները բարու եւ չարի, ազնվության եւ անազնվության, պարտքի ու պատասխանատվության եւ այլ բարոյական հասկացությունների մասին, որոնց շնորհիվ նրանք գնահատում են մարդկանց վարքը: Բարոյական գիտակցության հիման վրա տարերայնորեն կազմավորվում է հասարակության բարոյականությունը` մարդկանց վարքի եւ համակեցության նորմերը: Բարոյական նորմերը համապարփակ են ու շատ ավելի լայն, քան իրավական նորմերը, որովհետեւ դրանք ընդգրկում են ոչ միայն իրավական, այլեւ արտաիրավական բոլոր հարաբերությունները: Օրինակ, ոչ ամեն մի խաբեություն է հակաիրավական, բայց միշտ անբարոյական է: Բարոյականության նորմերը սովորաբար չգրված «օրենքներ» են: Փորձեր են արվել` իրավական կոդեքսի նմանությամբ կազմել բարոյական կոդեքս, բայց մեծ հաջողության չեն հասել: Որոշ հաջողություն ունեցել են կրոնական` քրիստոենական, իսլամի եւ բուդդիզմի բարոյական ուսմունքները: Դրանց նմանությամբ խորհրդային կոմունիստներն ստեղծել են կոմունիզմ կառուցողի բարոյական կոդեքսը, որը, սակայն, լիովին տապալվել է, որովհետեւ կազմվել է արհեստականորեն, իրականի կյանքից կտրված:
Մարքսիզմ-լենինիզմը մշակել է բարոյականության իր ուսմունքը, ելնելով հասարակության մատերիալիստական ըմբռնումից: Այն ընդգծել է բարոյականության կախումը հասարակության զարգացման աստիճանից, հատկապես ֆորմացիաներից, եւ նրա պատմական բնույթը, դասակարգերի ազդեցությունը նրա վրա: Միաժամանակ այն աղավաղել է բարոյականության էությունը, գերագնահատելով տնտեսակարգի դերը նրա ձեւավորման գործընթացում, ժխտել է հասարակության մեջ միասնական բարոյականության գոյությունը, պնդել է, թե ամեն մի դասակարգ ունի իր բարոյականությունը, թերագնահատել է համամարդկային բարոյականության նորմերը, համարելով դրանք պարզ ու հասարակ նորմեր: Լենինն առաջադրել է կոմունիստական բարոյականության իր էությամբ ոչ բարոյական սկզբունք, որի համաձայն բարոյական է այն, ինչ նպաստում է եւ անբարոյական է այն, ինչ խանգարում է կոմունիզմի կառուցմանը: Այդ սկզբունքը, լինելով կոնկրետ սոցիալական բնույթի, զրկում է բարոյական նորմերն ընդհանրությունից ու լայն ասպարեզ է բացում կամայական գնահատականների համար: Հիրավի, ով է որոշելու բարոյական է թե ոչ մարդու այս կամ այն վարքագիծը: Դա դառնում է իշխանավորների գործը, եւ նրանք իրենց հայեցողությամբ ցանկացած մարդու հայտարարում են անբարոյական, իմա` կոմունիզմի թշնամի եւ ոչնչացնում: Այդ եղանակով ստալինյան վարչակարգը բանտեր է նետել ու կոտորել տասնյակ միլիոնավոր անմեղ մարդիկ: Ոչ մի արդարացում չի ընդունվել:
Իսկական բարոյականությունը իր նորմերի համընդհանրության շնորհիվ կամայականության համար ոչ մի տեղ չի թողնում: «Մի սպանիր, մի գողացիր, մի շնացիր, կեղծ վկայություն մի տուր» եւ մյուս համամարդկային հիմնարար նորմերը ոչ մի բացառություն չեն անում եւ դրանով էլ մնում են անբասիր:
Բարոյականությունն ունի 2 կարգի պահապան. ներքին եւ արտաքին: Ներքին պահապանը մարդու խիղճն ու ամոթն է, իսկ արտաքինը` հասարակական կարծիքը: Պատահական չէ, որ ասում են. «Մարդու խիղճն ամենախիստ դատավորն է»: Զարգացած հասարակական կարծիք ունեցող հասարակություններում այն երբեմն ավելի ուժեղ է լինում, քան քրեական օրենսգիրքը:
ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Գեղագիտական գիտակցությունը բաղկացած է մարդկանց պատկերացումներից գեղեցիկի ու տգեղի, վեհի ու ստորի, ողբերգականի ու կատակերգականի մասին, արժեքներից եւ ճաշակներից: Նրա հիման վրա է ծագում արվեստն իր բոլոր ճյուղերով որպես գեղագիտականի բարձրագույն ձեւ: Այն ունի համադրող, սինթեզող բնույթ, որովհետեւ ոչ միայն կապված է հասարակական գիտակցության մյուս ձեւերի հետ, այլեւ թափանցում է նրանց մեջ: Այլ կերպ ասած, գեղագիտական գիտակցոկթյունն այն հոգեւոր նեցուկն է, որն ապահովում է մարդու եւ ողջ հասարակության կյանքի դրսեւորումների ներդաշնակ միասնությունը: Ճշմարտության եւ բարու հասկացությունները, ինչպես Հեգելն է նշել, առանց գեղեցկության չեն կարող լիակատար լինել:
Գեղագիտական գիտակցությունից ծնունդ են առել արվեստը եւ գեղագիտությունը որպես գիտության առանձին ճյուղ: Արվեստը ոչ միայն այդ գիտակցության բարձրագույն ձեւն է, այլեւ իրականության հոգեւոր-նյութական յուրացման եղանակ, որի կոչումը գեղեցիկը` գեղագիտական արժեքներ կերտելն է: Մի մարդ ասել է, թե ինքն ամենահանճարեղ նկարիչն է, որովհետեւ իր գլխում ունի Ռաֆայելի, Լեոնարդո դա Վինչիի եւ մյուս հանճարների նկարներից շատ ավելի հիասքանչ նկարներ: Նրան չեն առարկել, սակայն ավելացրել են, որ նա ամենահանճարեղն է, բայց միայն իր գլխում: Իրականում այդպիսին լինելու համար նա պետք է իր գլխի հիասքանչ պատկերները կտավին հանձնի, որպեսզի հասարակական ճանաչում ստանա:
Արվեստն ունի մի շարք գործառույթներ, որոնցից գլխավորներն են երեքը. գեղագիտականը, ճանաչողականը եւ դաստիարակչականը: Գեղագիտական գործառույթի նպատակը մարդկանց գեղեցիկ կերպարների ու ձեւերի միջոցով գեղագիտական հաճույք պատճառելն է: Համաշխարհային արվեստի գլուխգործոցների ազդեցությունը մարդկանց զգացմունքների ու բանականության վրա այնքան ուժեղ է, որ որոշ մտածողներ գեղագիտական գործառույթը համարել են արվեստի ոչ միայն գլխավոր, այլեւ միակ գործառույթը: Արեւմուտքում լայնորեն տարածված է XVIII դ. գերմանացի փիլիսոփա Կանտի «Արվեստն արվեստի համար» սկզբունքը, իսկ XIX դ. ռուս մեծ գրող Դոստոեւսկին ավելացրել է. «Գեղեցիկը կփրկի աշխարհը»: Դա, մի կողմից, արվեստի գործառույթների նեղացում է, իսկ մյուս կողմից, նրա դերի խիստ գերագնահատում: Արվեստն, իհարկե, ամենափրկիչ լինել չի կարող եւ այնուհետեւ չի կարելի անտեսել նրա մյուս եւս կարեւոր գործառույթները:
Արվեստի գեղագիտական գործառույթի հետ սերտորեն կապված է նրա ճանաչողական գործառույթը: Այն օգնում է մարդկանց ճանաչել աշխարհը եւ հասարակությունը, բայց ոչ թե, ինչպես գիտությունը, վերացարկումների եւ ընդհանրացումների, այլ կերպարների տիպականացման միջոցով: Ցույց տալ տիպականը տիպական հանգամանքներում եւ դրանով բացահայտել տարբեր սոցիալական խավերի ու խմբերի ընդհանուր էությունը- սա է արվեստի մեթոդը: Տիպը եզակի, ակնառու եւ զգայական երեւույթ է, բայց այնպիսի, որը ոչ թե մթագնում ու թաքցնում է, այլ լուսարկում է իր խորքում թաքնված ընդհանուրը, վերացականը եւ էականը:
Եզակիի եւ ընդհանուրի, զգայականի եւ վերացականի, երեւութականի եւ էականի այդ միասնությունը գեղարվեստական տիպական կերպարների մեջ հնարավոր է դարձնում ազդելու մարդկանց ոչ միայն բանականության, այլեւ զգացմունքների վրա, առաջացենլով համակրանք կամ հակակրանք, սեր կամ ատելություն դրական եւ բացասական տիպերի նկատմամբ, հետեւապես, դաստիարակում է մարդկանց զգացմունքները:
Այստեղից էլ բխում է արվեստի դաստիարակչական գործառույթը, որը դժվար է գերագնահատել: Այն իր դաստիարակչական դերը կատարում է իր արտահայտած գաղափարների շնորհիվ, սակայն ոչ թե անմիջական խրատական եղանակով, այլ իր կերպարների օգնությամբ։ Որքան բարձր են գեղարվեստական կերպարների միջոցով արտահայտվող բարոյական գաղափարները եւ մարդկային արժեքները, այնքան զորեղ է դրանց հոգեւոր դրական դաստիարակչական ազդեցությունը:
Իսկ գաղափարազուրկ կամ անբարոյական գաղափարներ արտահայտող ստորակարգ արվեստի նմուշների դաստիարակչական նշանակությունը կամ չնչին է, կամ էլ բացասական, այլասերող: Այդ պատճառով հասարակությունը պայքար է մղում նմանօրինակ արվեստի դեմ, ձգտելով չեզոքացնել նրա քայքայիչ ներգործությունն աճող եւ երիտասարդ սերունդների վրա: Արվեստի զգացմունքային ազդեցությունը մարդկանց վրա հետեւանք է հասարակական տարբեր երեւույթների նկատմամբ արվեստագետի ակտիվ քաղաքացիական դիրքորոշման, դրանց կրողների` մարդկանց որոշակի տիպերի նկատմամբ նրա վերաբերմունքին: Այդ պատճառով էլ արվեստի կերպարները օբյեկտիվի եւ սուբյեկտիվի միասնություն են:
Գեղագիտությունը, ուսումնասիրելով արվեստի զարգացման օրինաչափությունները, բացահայտել է նրա պատմական եւ սոցիալական բնույթը, տարբեր խավերի ու դասակարգերի զադեցությունը նրա վրա, հետեւապես, ազգային արվեստի մեջ բազմազան ուղղությունների եւ երանգների առկայությունը: Մարքսիզմ-լենինիզմը բացարձակացրել է այդ ազդեցությունը եւ հայտարարել արվեստի դասակարգայնությունը, ըստ որի ամեն մի դասակարգ ունի իր արվեստը: Կան ճորտատիրական, բուրժուական, պրոլետարական, այնուհետեւ սոցիալիստական արվեստներ, որոնք գտնվում են հակամարտության մեջ: Պատմական փորձը, սակայն, ցույց տվեց, որ պրոլետարական կամ սոցիալիստական արվեստը արհեստական բան է եւ ոչ մի արժեք չի ներկայացնում, որովհետեւ ծառայում էր խորհրդային կարգերի բացահայտ ջատագովությանը: Տարբեր հասարակարգերի արվեստները թեեւ պատմականորեն տարբեր են, բայց նրանց միջեւ կա նաեւ ժառանգորդում, որի շնորհիվ տարբեր դարաշրջանների եւ ազգերի արվեստի նմուշներն ունեն համաժողովրդական եւ համամարդկային բնույթ եւ արժեք: Ժողովրդականությունը իսկական արվեստի բարձրագույն սկզբունքն է:
ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
Գիտությունը հասարակության հոգեւոր կյանքի այն ձեւն է, որի գլխավոր նպատակն աշխարհը ճանաչելն ու վերափոխելն է: Գիտությունը բաղկացած է 3 փոխկապակցված կողմերից` գիտելիքների համակարգից, այդ գիտելիքների արտադրման հոգեւոր գործունեությունից եւ դրանց գործնական կիրառման գործունեությունից:
Ի տարբերություն արվեստից, որի գլխավոր ճանաչողական մեթոդը տիպականացումն է, գիտության գլխավոր մեթոդը վերացարկումն ու ընդհանրացումն է: Այն բանական իմացության ամենակատարյալ ձեւն է, իր բովանդակությունն արտահայտում է հասկացությունների, գիտական օրենքների եւ տեսությունների միջոցով: Եթե արվեստն իր կերպարներով օբյեկտիվ իրականության եւ սուբյեկտիվ վերաբերմունքի միասնություն է, ապա գիտությունը ձգտում է առավելագույն օբյեկտիվության, լիովին բացառելով գիտնականների վերաբերմունքը: Գիտական փաստերի, օրենքների ու տեսությունների բովանդակության մեջ դրանց հայտնագործողների ու մշակողների անձի եւ վերաբերմունքի հետքն անգամ չկա, որովհետեւ դրանք արտացոլում են իրականությունն այնպես, ինչպես որ կա, իմա` օբյեկտիվորեն: Օբյեկտիվությունը գիտության, թերեւս, ամենագլխավոր սկզբունքն է:
Պատմության տարբեր փուլերում տարբեր է գիտության զարգացման մակարդակը եւ ազդեցությունը հասարակության, հատկապես արտադրության վրա: Նրա տարրերը ծագել են դեռեւս հին աշխարհում (Միջագետքում, Եգիպտոսում եւ այլն), ապա փիլիսոփայության տեսքով ձեւավորվել է հին Հունաստանում, բայց հիմնականում ունեցել է հայեցողական բնույթ, հասարակական պրակտիկայի, արտադրության հետ շատ թույլ է կապված եղել: Վճռական բեկումը տեղի է ունեցել նոր դարաշրջանում, մասնավորապես XVIIIդ., երբ կապիտալիզմի օրոք ձեւավորվում է փորձնական բնագիտությունը: Այդ ժամանակներից սկսած գիտությունն աստիճանաբար դառնում է արտադրողական ուժ եւ մեծ թափ է տալիս արդյունաբերության զարգացմանը:
Գիտության կարեւոր օրինաչափություններից է նաեւ զարգացման կումուլյատիվ (գիտելիքների կուտակման) եւ հեղափոխական զարգացման փուլերի հերթափոխը: Առաջին փուլում տեղի է ունենում գիտելիքների կուտակման գործընթացը, իսկ երկրորդում` գիտության հիմքերի, հասկացությունների ու տեսությունների արմատական փոփոխությունը: Մինչեւ XXդ. կեսերը գիտության, արդյունաբերության եւ տեխնիկայի հեղափոխությունները միմյանց հետ թույլ են կապված եղել: Այսպես, Գալիլեյի ու Նյուտոնի անվան հետ կապված գիտական հեղափոխությունը, երբ ստեղծվեց փորձնական, մաթեմատիկական բնագիտությունը, հատկապես մեխանիկան, արդյունաբերական հեղափոխություն առաջացրեց 100 տարի անց: XIXդ. վերջի XXդ. սկզբի հեղափոխությունը ֆիզիկայում արդյունաբերական երկրորդ հեղափոխության պատճառ դարձավ XXդ. կեսերին: Դրանից հետո այդ 3 հեղափոխությունները միաձուլվեցին մեկ հսկայական գիտատեխնիկական ու արդյունաբերական հեղափոխության մեջ որպես դրա 3 անխզելի կողմեր, որի հետեւանքով այդ 3 կողմերի զարգացման տեմպերն աներեւակայելիորեն բարձրացան: Սակայն, ինչպես հայտնի է, գիտության, նրա հայտնագործությունների ու գյուտերի դերը հասարակության կյանքում հակասական է: Մի կողմից, մեծացնում են մարդու տիրապետությունը բնության ուժերի վրա, բարելավում նրա կյանքը, իսկ, մյուս կողմից, վնաս են հասցնում նրան: Այդ վնասը 2 տեսակի է: Մեկը, դրանց կողմնակի հետեւանքներն են` միջավայրի աղտոտումը, բնապահպանական ճգնաժամը, մարդկանց առողջության քայքայումը, հատկապես սիրտանոթային, ուռուցքային եւ ժառանգական հիվանդությունների աճը: Մյուսը, դրանց օգտագործումն է մարդու դեմ` նորանոր ավելի ու ավելի ավերիչ զարգվածային ոչնչացման զենքերի արտադրությունը, որն սպառնում է մարդկության գոյությանը: Այստեղ էլ ծառանում է գիտական ճշմարտության եւ արժեքի փոխհարաբերության խնդիրը: Գիտական ճշմարտության արժեքը որոշվում է մարդկությանը նրա տված հոգեւոր եւ նյութական օգուտներով: Տվյալ առումով այն համամարդկային բարձրագույն արժեքներից է: Որքան որակապես նոր ու անսպառելի բնական երեւույթներ, որքան վիթխարի ուժեր են հայտնաբերվում ու մարդկանց ծառայության տակ դրվում, այնքան խորանում ու ընդլայնվում են նրանց պատկերացումներն աշխարհի մասին, մեծանում է նրանց զորությունն ու բարեկեցությունը: Բայց, ինչպես հայտնի է, գիտության գլխապտույտ նվաճումները միշտ ունեն իրենց ստվերոտ կողմը, քանզի դրանք, մի կողմից, օգուտ են բերում, իսկ, մյուս կողմից, վնաս են հասցնում մարդկությանը: Այս առնչությամբ էլ ծավալվում է բանավեճը հակաստիենտիզմի եւ սցիենտիզմի կողմնակիցների միջեւ գիտական մեծագույն ճշմարտությունների դիմաց վճարվող գնի մասին: Հակասցիենտիստների համոզմամբ, այդ ճշմարտությունների գինը չափազանց թանկ է, որովհետեւ դրանք ծնում են կողմնակի եւ հեռավոր մի երկարավուն կործանարար շղթա: Սցիենտիստներն առայժմ, ի տարբերություն, XVIIIդ. լուսավորիչների, տեսնում են գիտության հետ կապված վտանգները, սակայն, դրանք համարում են հաղթահարելի: Ըստ նրանց, գիտությունն ինքը կարող է կանխել կամ վերացնել իր բացասական հետեւանքները, եթե ոչ լիովին, ապա գեթ ինչ-որ չափով վերականգնել հավասարակշռությունը մարդու եւ բնության միջեւ: Դրա համար գիտության եւ տեխնիկայի զարգացումը պետք է ենթարկվի մարդկային չափորոշիչին, իմա` գիտնականը կամ ինժեներն իր գործունեության մեջ չպետք է աչքաթող անի մարդուն, նրա առողջությունը եւ բարեկեցությունը: Բոլոր գիտատեխնիկական գյուտերը նա պետք է ծառայեցնի մարդուն: Այլապես գիտությունը բարիքից վերածվում է չարիքի եւ դրվում է գիտնականի, գյուտարարի բարոյական պատասխանատվության հարցը: Այժմ, գիտատեխնիկական հեղափոխության ներկա փուլում, երբ փաստորեն դրված է մարդկության ճակատագրի հարցը, գիտության բարոյական պատասխանատվության խնդիրը դարձել է ավելի քան հրատապ: Դրվում են գիտության վրա հասարակական հսկողություն սահմանելու, նրա հատկապես վտանգավոր ուղղությունների վրա ժամանակավոր արգելքներ հաստատելու կամ կամ ժամանակավորապես դրանք հետաձգելու խնդիրները: Միաժամանակ հարց է բարձրացվում այդ արգելքները խախտող գիտնականներին եւ գիտահետազոտական հիմնարկներին բարոյական եւ մարդկային չափորոշիչների հետազոտման խնդիրը: Սակայն մի բան արդեն պարզ է. մարդկային բանական ու անգամ քրեական պատասխանատվության կանչելու հարցը։ Հետեւապես, չափազանց հրատապ է դառնում գիտության բարոյականության եւ բարոյական արժեքների միջեւ հակասության առաջացման դեպքում գերապատվությունը պետք է տրվի բարոյական արժեքներին, որովհետեւ վերջիններն են մարդու բարօրության հուսալի երաշխիքները: Առանց բարոյական արգելակների բանականությունը կարող է գայթակղվել եւ դուրս գալ մարդու հսկողությունից իր բոլոր բացասական, աղետալի հետեւանքներով հանդերձ: Իր ծերության տարիներին Էյնշտեյնը նշել է. երիտասարդ ժամանակ նա առաջնությունը տվել է բանականությանը, իսկ հետագայում հասկացել է, որ բարոյականությունը բայց եւ այնպես վեր է նրանից, քանզի այն է հաղորդում գիտությանը մարդկային չափորոշիչներ եւ ապահովում գիտության հումանիստական դերը: Դա շատ ավելի մեծ չափով է ճիշտ հասարակական գիտությունների պարագայում, որոնք ունեն դասակարգային բնույթը եւ սոցիալական կյանքն արտացոլում են, ելնելով այս կամ այն դասակարգի կամ խավի դիրքերից, շահերից ու ձգտումներից:
Այդ պատճառով սոցիալական ճշմարտությունն ու արժեքն այստեղ, ի տարբերություն բնագիտական ճշմարտության ու արժեքի, հանդես են գելիս միաձուլված: Հետադիմական խավերի ներկայացուցիչներին դա հնարավորություն է տալիս ստեղծելու բռնություն, ահաբեկչություն, պատերազմ քարոզող ֆաշիստական, կոմունիստական, ռասայական եւ այլ մարդատյաց ուսմունքներ: Նման ռեակցիոն տեսությունների տարածումն այժմ նույնպես անվանվում է միջավայրի աղտոտում, բայց ոչ թե բնական, այլ հասարակական: Միջազգային հանրությունն ի դեմս ՄԱԿ-ի պայքարում է ինչպես բնական, այնպես էլ հասարակական միջավայրի աղտոտման դեմ: Այդ նպատակով ներկայումս ընդունված են մի շարք միջազգային կոնվենցիաներ, որոնք պաշտպանելով մարդու իրավունքները, արգելոմ են վերոհիշյալ մարդատյաց ուսմունքների քարոզչությունը: Սակայն արվածը դեռ բավարար չէ: Անհրաժեշտ է էլ ավելի ուժեղացնել գիտության բարոյականության ներգործությունը գիտատեխնիկական առաջընթացի վրա, այնպես անել, որ գիտության բարոյականությունը դառնա գիտության զարգացման գործուն առաջատար ուժ, առանց խոչընդոտելու ապահովելով նրա զարգացման հումանիստական ուղղությունը: Իսկ դա պահանջում է գիտության բարոյականության հիմունքների հետագա խորացված ուսումնասիրություն ու ճշգրտում եւ այդ բազայի վրա գիտական ստեղծագործության իրավական կարգավորման կատարելագործում: Խնդիրները չափազանց շատ ու բարդ են, սակայն միայն դրանց ճիշտ լուծման դեպքում է հնարավոր միաժամանակ եւ՛ հասարակության հսկողության տակ պահել գիտության ու տեխնիկայի բուռն զարգացումը, եւ՛ խուսափելով սպառնացող աղետներից, ապահովել հասարակության հարաճուն ու կայուն առաջընթացը:
ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՐՈՆԸ
Հասարակական գիտակցության տվյալ ձեւերն ըստ էության վերաբերում են հոգեւոր կյանքի միեւնույն ոլորտին. երկուսն էլ շոշափում են ընդհանուր հայացքներ, համոզմունքներ աշխարհի մասին, այդ աշխարհում մարդու տեղի ու դերի, նրա կոչման ու կյանքի իմաստի մասին: Միայն թե էապես տարբեր, նույնիսկ հակադիր են նրանց միջոցները, քանզի առաջինը հենվում է մարդկային բանականության, նրա մեթոդների վրա, հանդես է գալիս որպես համընդհանուր հասկացությունների, իմա` կատեգորիաների համակարգ, իսկ երկրորդը` հայտնության ու հավատի վրա:
Ըրքանով որ փիլիսոփայության ու կրոնի հարցերն արդեն լուսաբանվել են սույն ուսումնական ձեռնարկի I եւ հատկապես III գլուխներում, որտեղ ցույց է տրվել նրանց` որպես աշխարհայացքի հիմնական ձեւերի առանձնահատկությունները, հոգեւորի նրանց ըմբռնման յուրահատկությունները, այստեղ կշոշափվեն մի շարք լրացուցիչ հանգամանքներ: Նախ, որպես աշխարհայացքային ուսմունքներ, փիլիսոփայությունն ու կրոնը պատկանում են հասարակության հոգեւոր կյանքի ամենակայուն ոլորտներին, որոնց փոփոխությունը կատարվում է 100-ամյակների ու անգամ 1000-ամյակների ընթացքում: Բայց կրոնը գերազանցում է փիլիսոփայությանը, որովհետեւ վերջինը սերտորեն կապված է մասնավոր գիտությունների հետ եւ նրանց հետ մեկտեղ փոփոխվում է: Մինչդեռ կրոնն արտահայտում է մարդկայիտն կյանքի ամենաընդհանուր ու ամենագերագույն արժեքները: Եվ պատահական չէ, որ քրիստոնեությունը հարատեւում է ահա 2000 տարուց ավելի: Փիլիսոփայությունը, որպես կանոն, տարածում է ստացել կրթված, իշխող խավերի շրջանում եւ նրանց միջոցով է ազդել հասարակության վրա, իսկ կրոնը` ժողովրդական լայն զանգվածների շրջանում, անգամ թափանցել է նրանց կենցաղի մեջ: Այդ պատճառով էլ, ինչպես պատմական փորձն է վկայում, կրոնը, մասնավորապես քրիստոնեությունն է Եվրոպայում, ստեղծել ամենագործուն մարդկային, բարոյական համակարգը: Հետեւապես, մեր ժողովրդի, ինչպես նաեւ շատ այլ ժողովուրդների, բարոյական վերածնունդը կապված է նրա հոգու մեջ քրիստոնեական վեհ բարոյական արժեքները խորապես արմատավորելու հետ:
ԳԼՈՒԽ 9
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ, ՄՇԱԿՈՒՅԹԸ, ԱՐԴԻ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԳԱՆ
« 1. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
ա) Հասարակության զարգացման բնույթը
Հասարակական առաջադիմությունը ճիշտ ըմբռնելու եւ արժեւորելու համար անհրաժեշտ է քննարկել հասարակության զարգացման բնույթը: Փիլիսոփաներին միշտ հետաքրքրել է հասարակական իրադարձությունների ընթացքի ու զարգացումների օրինաչափությունների հարցը: Որոշ փիլիսոփաներ, հատկապես նեոկանտականները (XIX դ.) պնդել են, թե հասարակությունը, ի տարբերություն բնության, իր օրենքները չունի, քանզի պատմության մեջ գործում են գիտակցությամբ ու կամքով օժտված մեծաքանակ անհատներ, որոնցից յուրաքանչյուրը գործում է, ղեկավարվելով իր պատկերացումներով ու արժեքներով, նպատակներով ու ձգտումներով: Այդ պատճառով էլ պատմական ու մշակութային գիտությունները պետք է կիրառեն անհատականացնող, իդիոգրաֆիկ մեթոդը (հունարեն իդիոս-յուրատեսակ եւ գրաֆո-գրում եմ բառերից): Հակառակ դրան, բնական գիտությունները կիրառում են ընդհանրացնող, նոմոթետիկը (հունարեն նոմոս-օրենք եւ թետիկե-արվեստ բառերից) մեթոդը, որի միջոցով հայտնագործվում են բնության օրենքները: Ըստ էության, նույն տեսակետն է պաշտպանել XX դ. գիտության թերեւս ամենախոշոր մեթոդաբան, անգլիացի փիլիսոփա Կառլ Պոպերը: Հասարակության պատմությանը օրենքներ վերագրող ուսմունքները, նրա համոզմամբ, թյուրիմացություն են եւ պետք է կոչվեն պատմականություն կամ իստորիցիզմ: Պատմությունը, ասում է նա, այսօր ավարտվում է: Վաղն այն կարող է սկսվել երեկվա հետ ոչ մի կապ չունեցող նոր էջից: Դրանով Պոպերն ուզում է ասել, որ հասարակական իրադարձությունների միջեւ ոչ մի ներքին կապ չկա, մարդիկ են այդ կապը հաստատում, ղեկավարվելով իրենց գիտակցությամբ ու կամքով:
Հակադիր հայացքը հետեւողականորեն պաշտպանում է մարքսիզմ-լենինիզմը: Ելնելով օրենքի հեգելյան ըմբռնումից, մարքսիզմ-լենինիզմը սահմանում է օրենքը որպես երեւույթների էական, անհրաժեշտ, ընդհանուր եւ օբյեկտիվ կապ: Այն էականորեն տարբերում է բնության եւ հասարակության օրենքները: Ըստ նրա, բնության օրենքները գործում են առանց մարդկանց մասնակցության, բնության տարերային ուժերի փոխներգործությամբ, իսկ հասարակության օրենքները գործում են մարդկանց զանգվածային գործողությունների հիման վրա: Բնության օրենքները գործում են շատ երկարատեւ, հարյուրավոր միլիոն եւ անգամ միլիարդավոր տարիներ, իսկ հասարակության օրենքները՝ մի քանի տասնյակ հազար տարի, մարդկության ձեւավորման շրջանից: Իրենց յուրահատուկ օրենքներն ունեն հասարակության բոլոր ոլորտները՝ տնտեսական, սոցիալական, քաղաքական եւ հոգեւոր: Կան նաեւ հասարակության զարգացման ընդհանուր եւ մասնավոր օրենքներ: Ընդհանուր է, օրինակ, աշխատանքի հասարակական բաժանման օրենքը, իսկ մասնավոր են արժեքի, մրցակցության, պահանջարկի եւ առաջարկի օրենքները եւ այլն, որոնք գործում են մեկ կամ մի քանի հասարակարգերում: Հիրավի, մրցակցության օրենքը գործում է միայն կապիտալիզմի օրոք, իսկ մյուս օրենքները մի քանի հասարակարգերում:
Ըստ մարքսիզմի, հասարակության օրենքները, ինչպես եւ բնության օրենքները, օբյեկտիվ են, անկախ են մարդկանց գիտակցությունից ու կամքից: Դեռ ավելին, դրանք են որոշում մարդկանց գիտակցությունն ու կամքը: Այս տեսակետը հիմնավորելու համար մարքսիզմը մատնացույց է անում հասարակության հիմքն ու շարժիչ ուժը հանդիսացող արտադրողական ուժերը, որոնք իբրեւ թե լիովին նյութական եւ օբյեկտիվ են եւ մեկ էլ պատմության այսպես կոչված «իրոնիան», «հեգնանքը», երբ հասարակական շարժումների հետեւանքները ստացվում են նրանց նպատակների ուղիղ հակառակը: Դրա օրինակներից է ղարաբաղյան շարժումը, որի նպատակն սկզբնապես «միացումն» էր, բայց միացումը չստացվեց, իսկ փոխարենը ԽՍՀՄ-ը փլուզվեց, Հայաստանն անկախացավ, հայտնվեց շրջափակման մեջ, տնտեսությունը քայքայվեց եւ ժողովուրդն ընկավ սովի, ցրտի ու խավարի ճիրանները:
Ինչպես արդեն պարզել ենք, արտադրողական ուժերը ոչ միայն նյութական են, այլեւ հոգեւոր, որ հոգեւոր ներուժն է դրանց կենդանություն տալիս, հետեւապես դրանք ոչ միայն օբյեկտիվ են, այլեւ սուբյեկտիվ: Իսկ ինչ վերաբերում է պատմության «հեգնանքին», ապա այն հետեւանք է պատմական իրադարձությունների մեջ ամենատարբեր, անգամ հակադիր նպատակներ (խոսքը ոչ թե հռչակվող, այլ իրական, այդ թվում գաղտնի նպատակների մասին է) հետապնդող մարդկանց գործողությունների խաչաձեւման, որի արդյունքում ստացվում է մի այնպիսի բան, որը ոչ ոք չէր սպասում: Իրոք, ղարաբաղյան շարժման մեջ ոմանք՝ իսկական հայրենասերներն իրենց կյանքն էին զոհաբերում Ղարաբաղի համար, ոմանք իշխանական աթոռներն էին հափշտակում, ոմանք թալան էին անում, սննդամթերքով ամբողջ գնացքներ էին վաճառում, ոմանք (Լեւոնն ու Վանոն) նաեւ մահվան էսկադրոն (Հարավային Ամերիկայում այդպես են անվանվում կառավարության ստեղծած ահաբեկչական հանցախմբերը) էին ստեղծում իրենց խանգարողներին (Ղանդիլյանին, Գալստյանին, Յուզբաշյանին եւ մյուսներին) սպանելու համար, մյուսները հոսանքն էին կտրում, ժողովրդին ցրտի ու խավարի մատնելու եւ «ձախ» հոսանք վաճառելու միջոցով հարստանալու համար եւ այլն:
Իրադարձությունների նպատակների ու արդյունքների չհամընկնումը վկայում է ոչ թե այն մասին, որ այդ իրադարձությունները օբյեկտիվ են, կախում չունեն մարդկանց կամքից, այլ այն մասին, որ դրանք անմիջական կախում չունեն առանձին մարդկանց կամքից, բայց կախված են մարդկանց հավաքական կամքից, ավելի ճիշտ նրանց առանձնակի կամքերի հավասարազոր ուժից, որի մի մասն է նրանցից յուրաքանչյուրը:
Վերն ասվածից հետեւում է 4 կարեւոր եզրակացություն: Նախ, ի տարբերություն բնության, որտեղ գործում են եւ՛ դինամիկական, միանշանակ օրենքներ, ինչպես, օրինակ, մեխանիկայի օրենքները, եւ՛ վիճակագրական, բազմանշանակ օրենքներ, ինչպես, օրինակ, քվանտային մեխանիկայի օրենքները, որոնք ունեն հավանական բնույթ, հասարակության մեջ բոլոր օրենքները վիճակագրական են: Երկրորդ, այս օրենքները, լինելով հավանական, մեծ տեղ են թողնում պատահականությունների համար, լայն ասպարեզ բացելով առանձին անհատների ազատ գործողությունների համար: Այդ պատահական, ազատ գործողությունները, սակայն, հավասարակշռում են միմյանց եւ դրանց միջով իրենց ուղին են հարթում հասարակության զարգացման վիճակագրական օրենքները: Դա նշանակում է, որ մարդիկ պատմության խաղատիկնիկներ չեն, որոնց թելերից ձգում եւ ստիպում են գործել հասարակության օրենքները: Նրանք գործում են որպես գիտակցությամբ ու կամքով օժտված անհատներ, որոնք իրենց ըմբռնողության, նպատակների, իդեալների ու ձգտումների հիման վրա կերտում են իրենց պատմությունը: Այստեղից, երրորդ, հետեւում է, որ պատմության մեջ մեծ դեր է խաղում սուբյեկտիվ գործոնը: Հասարակության զարգացման այսպես կոչված օբյեկտիվ միտումներն ըստ էության սուբյեկտիվ են եւ իրականացվում են մարդկանց սուբյեկտիվ, գիտակցական գործողությունների միջոցով:
Սակայն, չորրորդ, սուբյեկտիվ գործոնն ամենակարող չէ, որովհետեւ հասարակության զարգացման ամեն մի փուլում այն սահմանափակված է մարդկանց հոգեւոր՝ ճանաչողական եւ նյութական կարողություններով: Մարդիկ ի վիճակի չեն մինչեւ վերջ թափանցելու իրադարձությունների չափազանց բարդ էության մեջ եւ կանխատեսելու նրանց հեռավոր հետեւանքները: Այդ պատճառով էլ պատմության մեջ գիտակցականը եւ անգիտակցականը, իմա՝ տարերայինը, սերտորեն կապված են: Պատմության ընթացքն այն չափով է գիտակցական ու պլանավորված, որ չափով մարդիկ կարողանում են կանխատեսել իրենց գործողությունների մերձավոր հետեւանքները, եւ անգիտակցական ու տարերային է այն չափով, որ չափով չեն կարողանում կանխատեսել դրանց հեռավոր հետեւանքները: Պատմության փորձը ցույց է տալիս, որ մեծ մասշտաբներով այն հիմնականում անգիտակցական ու տարերային է: Կոմունիստները փորձեցին սոցիալիզմի օրոք ԽՍՀՄ-ում ու այլ երկրներոմւ վերջ տալ պատմության տարերայնությանը եւ ենթարկել այն իրենց գիտակցված կամքին, սակայն ոչինչ չստացվեց: ԽՍՀՄ-ի փլուզմամբ մեկ անգամ եւս պարզվեց, որ դա մարդկանց ուժերից վեր է: Միաժամանակ պարզ է նաեւ, որ մարդկանց ճանաչողության եւ կազմակերպվածության աճին զուգընթաց գիտակցականի ոլորտը պատմության մեջ ընդլայնվում է:
բ) Էվոյուցիայի ու ռեւոլուցիայի փոխհարաբերությունը հասարակական զարգացման մեջ
Հասարակության զարգացումը ոչ միայն գիտակցական ու անգիտակցական, այլեւ էվոլյուցիոն ու ռեւոլյուցիոն, հեղափոխական գործընթացների միասնություն է: Էվոլյուցիայի ժամանակ տեղի են ունենում աստիճանական քանակական եւ մանր որակական փոփոխություններ հասարակության տարբեր ոլորտներում, որոնք հիմնականում ունեն գծային բնույթ: Դա աստիճանական փոփոխությունների կուտակման շրջանն է տնտեսական, սոցիալական, քաղաքական եւ հոգեւոր ոլորտներում, փոփոխություններ, որոնք կատարվում են տվյալ հասարակարգի սահմաններում ու, հետեւապես, չեն շոշափում նրա կառուցվածքը: Բայց ահա գալիս է մի պահ, երբ այդ կուտակված փոփոխությունները, անցնելով չափը, առաջացնում են հասարակարգի ընդհանուր, արմատական որակական փոփոխություն: Սկսվում է հեղափոխության շրջանը, որի ընթացքում անցում է կատարվում մի հասարակարգից մյուսին:
Իրեն հռչակելով աշխարհի ամենահեղափոխական ուսմունք, մարքսիզմ-լենինիզմը մշակել է սոցիալական հեղափոխության ամբողջական տեսությունը: Ըստ այդ տեսության, սոցիալական հեղափոխության ամենախոր ու ընդհանուր պատճառը տնտեսական բնույթ ունի՝ դա կոնֆլիկտն է նոր արտադրողական ուժերի եւ դրանց հետագա զարգացմանը խանգարող հնացած արտադրահարաբերությունների միջեւ: Հասարակության ճնշող մեծամասնությունը ձգտում է հին արտադրահարաբերությունները փոխարինել արտադրողական ուժերի զարգացումը խթանող նոր արտադրահարաբերություններով, հետեւապես՝ հաստատել նոր, առաջադիմական արտադրության եղանակ, իսկ տիրապետող դասակարգերն իրենց պետության ուժով ճնշում են ժողովրդի հեղափոխական շարժումը եւ պահպանում հին արտադրահարաբերությունը, հետեւապես՝ հին արտադրաեղանակը, որը նրանց իշխանության տնտեսական հիմքն է: Այսպիսով, թեեւ հեղափոխությունն սկսվում է տնտեսական խնդիրներ լուծելու համար, նրա գլխավոր հարցն է դառնում իշխանության հարցը: Հեղափոխական ուժերն աշխատում են նվաճել քաղաքական իշխանությունը եւ այն օգտագործել նոր արտադրաեղանակ ստեղծելու, դրա հիման վրա հասարակության մյուս ոլորտները վերափոխելու եւ արդյունքում նոր հասարակարգ, նոր ֆորմացիա հաստատելու համար:
Սակայն նախքան հեղափոխության սկսվելը երկրում պետք է առաջանա հեղափոխական իրադրություն, որը քաղաքագետներն անվանում են անկայունություն: Ըստ Լենինի, դա իշխող խավերի քաղաքականության ճգնաժամի վիճակն է, երբ «վերին» խավերը չեն կարողանում առաջվա պես կառավարել, իսկ «ներքին» խավերը չեն ցանկանում առաջվա պես ապրել, ժողովրդի տնտեսական դրությունը ծայրահեղորեն սրվում է եւ նրա քաղաքական ակտիվությունը շեշտակի աճում է:
Հեղափոխական իրադրությունը նրա օբյեկտիվ պայմանն է: Որպեսզի այն վերածվի հեղափոխության, պետք է լինի նաեւ հեղափոխության սուբյեկտիվ գործոնը, իմա՝ հեղափոխական ուժերի կազմակերպվածությունը, հեղափոխական կուսակցությունների առկայությունը, կուսակցություններ, որոնք ընդունակ են ղեկավարելու եւ հաղթանակի հասցնելու զանգվածների տարերային շարժումը: Այլապես հեղափոխություն չի լինի, կամ էլ կլինի, բայց կպարտվի: Լինում է նաեւ հակառակը, երբ հեղափոխական իրադրություն չկա, սակայն լավ կազմակերպված ընդհատակյա ընդդիմադիր խմբերը հանկարծակի հարվածով գրավում են իշխանությունը: Այդ գործընթացը դավադրություն է կոչվում: Դրանով զբաղվել է XIX դ. ֆրանսիացի հեղափոխական Օ. Բլանկին, որն անընդհատ կոմունիստական դավադրություններ է սարքել, բայց անհաջող, եւ համարյա իր ողջ կյանքը բանտերում է անցկացրել: Լենինը բազմիցս ընդգծել է. մարքսիզմը բլանկիզմ չէ: Բայց անցյալ դարի 60-70-ական թվականներին, երբ ԽՍՀՄ-ը հասավ իր հզորության գագաթնակետին, մարքսիզմ-լենինիզմը վերասերվեց բլանկիզմի: Բոլոր երկրների կոմկուսներն սկսեցին իրենց գործակալներին խցկել կառավարական բարձր մարմինների մեջ եւ դավադրություններ կազմակերպել: Այդպես նրանք հեղաշրջում են արել Պորտուգալիայում (բանակի գլխավոր շտաբի մի խումբ սպաներ), Եթովպիայում ու Լիբիայում (թագավորների թիկնազորների ծպտված կոմունիստ պետերը), Աֆրիկայի ու Հարավային Ամերիկայի բազմաթիվ երկրներում:
Իշխողները սովորաբար իրենց իշխանությունը հոժարակամ չեն զիջում, ուստի եւ հեղափոխական ուժերը բռնությամբ, զինված ապստամբության միջոցով տապալում են նրանց: Սակայն շատ հազվադեպ լինում է նաեւ այնպես, որ այդ ուժերի ճնշող գերակշռության տակ իշխողներն ստիպված հրաժարվում են իշխանությունից եւ հեղափոխությունը հաղթում է առանց արյունահեղության ու ավերածությունների: Նման հեղափոխություններն ստանում են խաղաղ կամ փայլուն անվանումը, որոնցից է, օրինակ, 1688 թ. անգլիական փայլուն հեղափոխությունը:
Այժմ երբեմն հեղափոխություն են անվանում պետական պաշտոնյաների չարաշահությամբ, կաշառակերությամբ ու թալանով ծայրահեղության հասած ժողովրդի զանգվածային շարժման հիման վրա կատարվող իշխանափոխությունները, ինչպես, օրինակ, վրացական «վարդերի հեղափոխությունը»: Բայց դրանք հեղափոխություն չեն, որովհետեւ չեն շոշափում հասարակարգի հիմքերը:
Հատկապես արյունահեղ ու ավերիչ են զինված ապստամբությամբ սկսվող եւ քաղաքացիական պատերազմով ընթացող հեղափոխությունները: Զինված ապստամբության տեսությունը մշակել է Լենինը: Ըստ նրա, այն պետք է սկսել մայրաքաղաքում, երբ իշխանությունների քայքայումը եւ հեղափոխական ուժերի վերելքը հասել է առավելագույնին, պետք է հարվածել հանկարծակի ու սրընթաց, թույլ չտալով, որ իշխողները ուշքի գան, գրավել հանգուցային կետերը (կայարանները, փոստը, հեռախոսակայանները), ձերբակալել, իսկ անհրաժեշտության դեպքում գնդակահարել կառավարության անդամներին եւ մյուս հեղինակավոր գործիչներին: Դանդաղկոտությունը ապստամբության մահն է: Համարձակություն, համարձակություն եւ դարձյալ համարձակություն, ասել է 1789 թ. ֆրանսիական մեծ հեղափոխության առաջնորդներից մեկը՝ Դանտոնը:
Սոցիալական հեղափոխության ամբողջական տեսությունը մշակելով, մարքսիզմ-լենինիզմը միաժամանակ թույլ է տվել մի շարք լուրջ սխալներ: Նախ, Մարքսն ու Լենինը հեղափոխությունը հայտարարել են պատմության ընդհանուր օրինաչափություն, ըստ որի մի հասարակարգից մյուսին անցումը միշտ տեղի է ունենում հեղափոխությունների միջոցով: Մինչդեռ հեղափոխության միջոցով անցում է կատարվել միայն ճորտատիրությունից կապիտալիզմին, այն էլ հատ ու կենտ երկրներում, օրինակ, Անգլիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում: Մյուս երկրներում այդ անցումը կատարվել է էվոլյուցիայի միջոցով:
Հեղափոխության ընդհանուր տնտեսական հիմքը ոչ թե նոր արտադրողական ուժերի կոնֆլիկտն է հին արտադրահարաբերությունների հետ, ինչպես դա մարքսիզմ-լենինիզմն է պնդում, այլ կոնֆլիկտը հին եւ նոր արտադրաեղանակների, տնտեսակարգերի միջեւ, կոնկրետ, ճորտատիրականի ու կապիտալիստականի միջեւ: Այսպես կոչված սոցիալիստական հեղափոխությունները ոչ վերը նշված կոնֆլիկտից են ծագել, որովհետեւ տեղի են ունեցել հետամնաց կիսաֆեոդալական երկրներում, ոչ էլ սոցիալիստական են եղել, որովհետեւ ստեղծել են ամբողջատիրական կարգեր: Դրանք արհեստականորեն սարքված հեղաշրջումներ են եղել, որ կոմունիստները կատարել են, օգտվելով տարբեր պատճառներով (պատերազմներից, իշխանավորների կոռուպցիայից ու չարաշահումներից եւ այլն) իրենց երկրներում ծագած քաղաքական ճգնաժամից: Դրա մեծագույն ողբերգական օրինակներից է առաջին աշխարհամարտի առաջացրած ճգնաժամի ժամանակ 1917 թ. հոկտեմբերյան հեղաշրջումը Ռուսաստանում, որ կատարեցին բոլշեւիկները, խոստումներով խաբելով ու 70-ամյա ստրկության դատապարտելով երկրի ժողովուրդներին:
Կոմունիստները միշտ գովերգել են հեղափոխությունները, ինչպես Մարքսը, անվանել են դրանք «պատմության շոգեքարշներ», լիովին անտեսելով դրանց բացասական կողմերը, այն, որ դրանք վիթխարի զոհեր են պատճառում, կոտորելով ժողովրդի ամենաակտիվ մասը, ավերում են երկրի տնտեսությունը, սովը, ցուրտը, խավարը, համաճարակներն ու մահացության շեշտակի աճը, զանգվածային բռնություններն ու սպանություններն ահաբեկում, բարոյազրկում, այլասերում ու վայրենացնում են կենդանի մնացածներին ու տասնամյակներով ետ են գցում երկիրը: Այսպես, ստուգված է, որ մեկ քաղաքացիական պատերազմը մի քանի անգամ ավելի ծանր է, քան մի քանի արտաքին պատերազմները: Լենինն առաջին աշխարհամարտը համարել է ժողովուրդների սպանդ, բայց պարզվել է, որ աշխարհամարտի 3 տարիների ընթացքում Ռուսաստանը զոհ տվել է 1,5 մլն. մարդ, իսկ քաղաքացիական պատերազմի 3 տարիների ընթացքում՝ 12 մլն. մարդ, չհաշված երկրի ավերումը: Երկրում եղել է 8 մլն. որբ եւ այն ծածկված է եղել որբանոցներով: Այժմ ընթերցողն ինքը կարող է դատել, թե ո՞րն է եղել ժողովուրդների իսկական սպանդը՝ աշխարհամա՞րտը, թե՞ Լենինի սանձազերծած քաղաքացիական պատերազմը: Պատահական չէ ասված. «Հեղափոխությունը հորինում են երազողները, կատարում են ֆանատիկոսները, իսկ պտուղները վայելում են սրիկաները»: Դանտոնը նկատել է. հեղափոխության ժամանակ հաղթում է նա, ով ավելի ոճրագործ է:
Պատմական փորձը վկայում է, որ եվրոպական երկրների ճնշող մեծամասնությունն անցել է կապիտալիզմին առանց հեղափոխական ցնցումների, էվոլյուցիոն ճանապարհով եւ գտնվում են ամենազարգացած երկրների շարքում, ինչպես, օրինակ, Գերմանիան, Շվեդիան, Նորվեգիան, Ավստրիան եւ բազմաթիվ այլ երկրներ: Հետեւապես, հասարակության էվոլյուցիոն զարգացումը շատ ավելի գերադասելի է հեղափոխական զարգացումից: Ժողովուրդները պետք է ամեն կերպ խուսափեն հեղափոխության արհավիրքներից:
գ) Ժողովրդական զանգվածների եւ նշանավոր անհատների դերը պատմության մեջ
Խոսքն այստեղ ոչ թե ընդհանրապես ժողովրդական զանգվածների ու անհատների, այլ այդ զանգվածների ու նշանավոր անհատների պատմական դերի մասին է: Դա պետք է ընդգծել, որովհետեւ իր ընդհանուր դրվածքով տվյալ հարցն անիմաստ է, քանզի այդ զանգվածները կազմվում եմ անհատներից, իսկ անհատների բազմությունից կազմվում են այդ զանգվածները: Հետեւապես, խոսքը նշանավոր անհատների՝ թագավորների, պետությունների մյուս ղեկավարների, զորավարների, օրենսդիրների, տաղանդավոր ու հանճարեղ գործիչների մասին է:
Ողջ նախամարքսյան փիլիսոփայությունը, ինչպես իդեալիզմը, այնպես էլ մատերիալիզմը (հասարակության ըմբռնման մեջ լինելով իդալիզմի դիրքերում) պատմության կերտողներ է համարել նշանավոր անհատներին, իսկ ժողովրդական զանգվածներին դիտել է որպես պատմության պասիվ ֆոն, կամ էլ բացասական ուժ, որը խեղաթյուրում ու ձախողման է ենթարկում նշանավոր անհատների հանճարեղ մտահղացումները: Մարքսիզմը, ելնելով պատմության մատերիալիստական ըմբռնումից վճռական ուժ հայտարարեց ժողովրդական զանգվածներին: Ընդ որում այն չկարողացավ հասնել միասնական կարծիքի, քանզի մարքսիստներից ոմանք ժողովրդական զանգվածներին համարում են պատմության միակ կերտող, իսկ ոմանք՝ գլխավոր կերտող, հետեւապես, որոշ տեղ հատկացնելով նշանավոր անհատներին: Ըստ մարքսիզմի, ժողովրդական զանգվածների վճռական դերը պայմանավորված է նրանով, որ ժողովուրդն է նյութական բարիքներ արտադրողը, պատերազմների ու հեղափոխությունների, ընդհանրապես քաղաքական շարժումների գլխավոր ուժը, նյութական ու հոգեւոր մշակույթի ստեղծողը, հատկապես բանահյուսության անմահ գլուխգործոցների հեղինակը: Անհատի դերը, մարքսիզմի տեսակետից, կախված է նրա ճանաչողական կարողություններից, արժեքային կողմնորոշումներից եւ կազմակերպչական ունակություններից: Նա է ավելի մեծ, ով իր տաղանդի կամ հանճարի շնորհիվ կարողանում է ավելի խորն ըմբռնել հասարակության զարգացման պահանջմունքներն ու միտումները, ավելի հեռուն է տեսնում, կարողանում է կազմակերպել ու առաջնորդել ժողովրդական զանգվածների պայքարը հանուն իրենց շահերի, ուստի եւ հասարակության զարգացման: Կարճ ասած, պատմական հերոսը նա է, ով մյուսներից ավելի խորն ու հեռուն է տեսնում, ավելի շատ է ցանկանում եւ անում հանուն ժողովրդի շահերն արտահայտող իր գաղափարների: Եթե անհատի գործունեությունը հակասում է ժողովրդական զանգվածների շահերին, հասարակության պահանջմունքներին, ապա նա ի վերջո պարտություն է կրում: Այսինքն՝ ստացվում է. եթե անհատը պատմության ընթացքը շեղում է իր օրինաչափ հունից, ապա վաղ թե ուշ նա պարտվելու է, իսկ պատմությունը վերադառնալու է իր հունին: Հետեւապես, անհատը չի կերտում պատմությունը, նա միայն իր անձնական կնիքն է դնում նրա վրա, նրան տալով կոնկրետ, անհատական տեսք: Դրա մասին է իբր վկայում այն, որ նշանավոր անհատի պատմական անհրաժեշտության դեպքում նա միշտ երեւան է գալիս. եթե Նապոլեոնը, Լենինը, Ստալինը կամ Հիտլերը չլինեին, ապա ուրիշները կլինեին:
Մարքսիզմի այս դատողությունները միակողմանի ու պարզունակ են: Հասարակության շահերի, ժողովրդական զանգվածների, ինչպես նաեւ տարբեր անհատների կողմից դրանց ըմբռնումները երբեք էլ միանշանակ չեն, որովհետեւ չափազանց բարդ գործընթաց են: Դրա համար էլ սուր պայքար է տեղի ունենում այդ ըմբռնումների շուրջը: Եվ չի կարելի ասել, թե զանգվածները միշտ էլ ճիշտ ընտրություն են կատարում: Օրինակ, առաջին աշխարհամարտի ավարտին մնացել էր մի քանի ամիս, երբ Լենինն «անհապաղ խաղաղություն ժողովուրդներին» կարգախոսով մոլորեցրեց ժողովրդին, երկիրը գցեց 3-ամյա ավերիչ քաղաքացիական պատերազմի մեջ եւ հիմք դրեց խորհրդային բռնատիրությանը: Նույնն էլ արեց Հիտլերը գերմանացիների հետ: Պատմությունը լի է նմանօրինակ փաստերով:
Վերն ասվածից հետեւում է, որ պատմության մեջ ժողովրդական զանգվածների ու անհատի դերի 2՝ իդեալիստական ու մատերիալիստական իրարամերժ հայացքները միակողմանի ու սխալ են: Իրականում նրանց փոխհարաբերությունը շատ ավելի բարդ է ու չի կարելի որոշել, թե դրանցից որն է պատմություն կերտում եւ որը՝ ոչ: Պատմությունը համատեղ ջանքերով կերտում են եւ՛ ժողովրդական զանգվածները, եւ՛ նշանավոր անհատները, միայն թե տարբեր դերակատարությամբ: Մեկը պատմական իրադարձությունների հիմնական ուժը, իսկ մյուսը՝ նրա գլուխն ու կազմակերպիչն է: Թեեւ նրանցից յուրաքանչյուր կողմի տեսակարար կշիռը պատմական այս կամ այն իրադարձության մեջ կարող է լինել տարբեր: Սակայն հասարակական կյանքի հոգեւոր ստեղծագործական ոլորտներում նշանավոր անհատների բացառիկ դերն անվիճելի է: Խոսքը գիտական հայտնագործությունների, տեխնիկական գյուտերի, գրական ու գեղարվեստական ստեղծագործության մասին է: Որքան բարձր է գործի ստեղծագործականության մակարդակը, այնքան մեծ է անհատի՝ որպես կերտողի դերը:
դ) Հասարակության եւ անհատի բարդ հարաբերությունների մասին գոյություն ունեն 3 տարբեր տեսակետներ: Դրանցից առաջինն ասում է, որ գլխավորը հասարակական, իմա՝ ընդհանուր շահերն են, հետեւապես, անհատն իր սեփական շահերով պետք է ենթարկվի ընդհանուրի շահերին, քանզի նա հասարակության մի մասնիկն է: Այս տեսակետը որդեգրել ու քարոզել են կոմունիստները ու տվյալ պատրվակով ճնշել են անհատին: Բայց քանի որ հասարակությունը բաղկացած է առանձին անհատներից, ապա նրանց ճնշելը վերածվում էր ողջ հասարակության ճնշման: Եվ պատահական չէր, որ խորհրդային տարիներին բոլոր մարդիկ ըստ էության իրավազուրկ էին: Մյուս կողմից, դա իշխանավորներին հնարավորություն էր տալիս հասարակական շահերի քողի տակ իրագործելու իրենց անհատական շահերը, հազար ու մի տեսակի արտոնություններ ապահովելով իրենց համար: Հաջորդ տեսակետը գլխավոր, անգամ միակն է համարում մարդկանց անհատական շահերը: Ըստ դրա, եթե անհատի շահերն ապահովված են, ապա ինքնըստինքյան ապահովվում են նաեւ հասարակության շահերը: Գոյություն ունի նաեւ տվյալ տեսակետի ծայրահեղ ձեւը, որի համաձայն միակ իրական շահերն անհատական են, իսկ այսպես կոչված հասարակական շահերը հորինված են տիրապետողների կողմից ժողովրդին խաբելու եւ ճնշելու նպատակով: Ուրեմն, ամեն մի անհատ պետք է մտածի միայն իր մասին: Դա ծայրահեղ եսասիրության կամ անհատապաշտության տեսական հիմքն է: Տվյալ տեսակետի չափավոր ձեւն է Ֆոյերբախի բանական եսասիրության տեսությունը, որի համաձայն կան 2 տեսակի շահեր՝ անբանական ու բանական: Առաջինները հակասում են հասարակական շահերին եւ բոլոր մարդկային դժբախտությունների պատճառն են, որովհետեւ հարվածելով մյուսների շահերին՝ դրանով իսկ նրանց կողմից հակահարված են ստանում: Երկրորդները, լինելով բանական, ընդհակառակը, համատեղելի են հասարակական շահերի հետ, քանզի ճիշտ հասկացված անհատական շահը չի կարող հակասել ընդհանուր շահին: Բանական եսասերները միայն համագործակցելով միմյանց հետ, ըստ Ֆոյերբախի, կարող են ապահովել ամեն մեկի եւ դրանով իսկ բոլորի բարեկեցությունն ու երջանկությունը:
Երրորդ տեսակետը ընդունում է անհատական եւ ընդհանուր, հասարակական շահերի ինչպես հակասությունը, այնպես էլ համատեղելիությունը եւ պնդում է անհատական եւ ընդհանուր հասարակական շահերի միջեւ ներդաշնակություն հաստատելու անհրաժեշտությունը: Այդ տեսակետի կողմնակիցները համոզված են, որ բազմապիսի անհատական շահերի միջեւ թեեւ չափազանց դժվար է ներդաշնակություն հաստատել, սակայն բայց եւ այնպես կարելի է դրան հասնել: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է զարգացնել ու կատարելագործել քաղաքացիական հասարակությունը, հասարակական կարծիքը, սոցիոլոգիական ծառայությունը, արդի ինֆորմացիոն տեխնիկան, իրավական դաշտը եւ այլն:
ե) Հասարակական առաջադիմության էությունը, հակասականությունը եւ չափանիշները
Հասարակության պատմությունը լի է բազմապիսի իրադարձություններով, ինչպես մեծ, այնպես էլ փոքր, բարի ու չար, պատերազմներով, թալանով ու կոտորածներով, առաջընթացներով ու ետընթացներով, ոլորապտույտներով ու շեղումներով: Փիլիսոփայական միտքն աշխատել է պարզել պատմության ընդհանուր ընթացքը եւ ուղղությունը: Մինչեւ Վերածննդի դարաշրջանը գերակշռել է պատմական հոռետեսությունը: Շատ փիլիսոփաներ պնդել են, որ անցյալն ավելի լավն է եղել, քան ներկան: Ըստ Հեսիոդոսի, մարդկությունն իր պատմության ընթացքում աստիճանաբար իջնում է ցած: Հեռավոր անցյալում եղել է ոսկեդարը, հետո արծաթե դարը, բրոնզե ու պղնձե դարերը, իսկ այժմ երկաթե դարը: Այդ 5 աստիճանների հերթափոխը պատմության մեջ նշանակում է մարդկության ետընթաց շարժումը, որովհետեւ ամեն մի հետագա աստիճանն ավելի վատն է, քան նախորդը: Եվ այդպես անցյալը, կոնկրետ նախնադարը եւ անտիկ շրջանը իդեալականացվել են:
Վերածննդի դարաշրջանից սկսած, գիտությունների, արվեստի ու արհեստների բուռն զարգացումը հանգեցրեց հասարակության զարգացման եւ առաջադիմության գաղափարին: Ձեւավորվեց ու տարածվեց պատմական լավատեսության սկզբունքը: XVIII դ. հասարակական առաջադիմության կենտրոնում դրվեց մարդկային բանականության անսահման վերընթացի գաղափարը, որն ամենահստակ ու բազմակողմանի ձեւով մշակել ու առաջադրել է ֆրանսիացի մտածող Կոնդորսեն: Առաջադիմության գաղափարի հետագա մշակման գործում մեծ ավանդ ունի Հեգելը: Պատմությունը նա դիտել է որպես մի միասնական օրինաչափ գործընթաց, որտեղ ամեն մի դարաշրջան մարդկության առաջադիմության անհրաժեշտ աստիճան է: Առաջադիմության չափանիշը, ըստ Հեգելի, ազատության գիտակցումն է մարդկանց կողմից:
Սակայն հասարակության զարգացման հետագա ընթացքը XIX դ. վերջին ցույց տվեց, որ հասարակական առաջադիմության այդ ըմբռնումները միակողմանի ու թերի են: Նախ պարզվեց, որ հասարակական առաջադիմությունը միասնական ու միագիծ չէ: Այն ընթանում է տարբեր ուղղություններով, ծնելով տարբեր քաղաքակրթություններ՝ Արեւմտյան (եվրոպական), Արեւելյան (ասիական), Աֆրիկյան, Ամերիկյան եւ այլն, որոնք գոյակցում են միմյանց հետ: Դրանից բացի, այն հակասական է, որովհետեւ ամեն առաջադիմություն պարունակում է որոշակի ետադիմություն: Օրինակ, գիտության եւ տեխնիկայի նվաճումները, մարդու տիրապետությանը հանձնելով բնության նորանոր ավելի ու ավելի զորեղ ուժեր, միաժամանակ ստեղծում են պատերազմի ավելի զորեղ միջոցներ, կատարելագործելով մարդ սպանելու, երկիր ավերելու արվեստը, աղտոտելով բնական միջավայրը եւ սրելով բնապահպանական ճգնաժամը: Այնուհետեւ, հասարակական առաջադիմությունը խիստ անհամաչափ է, ընդ որում երկակի իմաստով: Առաջին հերթին պատմության մեջ տարբեր դարաշրջանների առաջադիմության տեմպերը տարբեր են: Կան դարաշրջաններ, որտեղ այդ գործընթացը շատ դանդաղ կամ արագ է ընթանում, նույնիսկ լինում է, որ գերակշռում է ետադիմությունը: Բավական է համեմատել Միջնադարի եւ Վերածննդի շրջանները, որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը: Գերմանական ֆաշիզմը եւ խորհրդային կոմունիզմը, լինելով ամբողջատիրական համակարգեր, ընդհանուր առմամբ ետադիմություն էին տվյալ երկրների սոցիալ-քաղաքական եւ հոգեւոր կյանքում: Երկրորդ, հասարակության տարբեր ոլորտների առաջադիմությունը եւս տարբեր տեմպերով է ընթանում, որովհետեւ այդ ոլորտները թեեւ փոխկապակցված են, բայց եւ այնպես օժտված են հարաբերական ինքնուրույնությամբ: Մի ոլորտը կարող է առաջ անցնել մյուսից եւ օժանդակել նրա առաջադիմությանը: Օրինակ, տեխնիկայի կտրուկ առաջադիմությունը մեծապես նպաստել է արվեստի որոշ ճյուղերի առաջադիմությանը, նոր ճյուղերի առաջացմանը, ինչպիսիք են արվեստի նորագույն տեխնիկական ճյուղերը, օրինակ՝ հեռուստատեսությունը եւ այլն: Կարող է եւ այնպես պատահի, որ մի ոլորտի առաջադիմությունը ուղեկցվի մյուսի կամ մյուսների ետադիմությամբ: Օրինակ, երկրի ինդուստրացումը հանգեցնում է ուրբանիզացիայի, իմա՝ քաղաքների զարգացմանը, որ բացասական է ազդում քաղաքացիների կյանքի ու առողջության վրա, բժշկության զարգացումը՝ բարոյականության անկմանը, որովհետեւ թուլացնում է վախը սեռական հիվանդությունների հանդեպ:
Հասարակական առաջադիմության մասին ճիշտ պատկերացում կազմելու եւ այս կամ այն երկրի առաջադիմության աստիճանը եւ վիճակը ճիշտ գնահատելու համար պետք է պարզվեն առաջադիմության չափանիշները: Պետք է ասել, որ տվյալ հարցը չափազանց բարդ ու դժվար է: Այդ հարցի լուծման վրա վճռորոշ ազդեցություն է գործում հասարակության ընդհանուր փիլիսոփայական ըմբռնումը: Օրինակ, մարքսիզմ-լենինիզմը, ելնելով հասարակության մատերիալիստական ըմբռնումից, նրա առաջադիմության գլխավոր, անգամ ընդհանուր չափանիշ սկզբում համարում էր արտադրողական ուժերի զարգացման մակարդակը, իմա՝ աշխատանքի արտադրողականությունը: Քանի որ ԽՍՀՄ-ն այդպես էլ չկարողացավ հասնել կապիտալիզմի համեմատ աշխատանքի ավելի բարձր արտադրողականության, խորհրդային կոմունիստները նման չափանիշ հայտարարեցին արտադրահարաբերությունները, հետեւապես, արտադրության եղանակը: Ուստի եւ ստացվում էր, որ թեեւ աշխատանքի արտադրողականությամբ ԽՍՀՄ-ը ետ է մնում Արեւմուտքի զարգացած երկրներից, փոխարենը արտադրաեղանակով այն մի ամբողջ դարաշրջան նրանցից առաջ է անցել, որովհետեւ նրա արտադրաեղանակը սոցիալիստական է: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումը ցույց տվեց, որ հասարակության տնտեսական առաջադիմության ճշգրիտ չափանիշն աշխատանքի արտադրողականության մակարդակն է: Ընդ որում, այդ չափանիշն ընդհանուրը չէ, այլ չափանիշներից մեկն է: Հասարակության յուրաքանչյուր ոլորտ, այդ ոլորտի յուրաքանչյուր ճյուղ ունի իր չափանիշը: Օրինակ, քաղաքաիրավական ոլորտի չափանիշը ժողովրդավարության, մարդու ազատությունների եւ իրավունքների զարգացման մակարդակն է: Հոգեւոր ոլորտը եւս ունի իր չափանիշները գիտության եւ տեխնիկայի, բարոյականության եւ արվեստի բնագավառներում, որոնց զարգացման մակարդակը կախված է բազմաթիվ պայմաններից, այդ թվում տաղանդների ու հանճարների երեւան գալուց:
Սակայն հասարակության առաջադիմության բազմապիսի կոնկրետ չափանիշները կարելի է նաեւ ընդհանրացված ձեւով ներկայացնել: Այդ ընդհանուր չափանիշներից են հասարակության բանականության, արդարության եւ ազատության զարգացման մակարդակը, որոնք իրենց ամփոփումն են գտնում հումանիզմի մեջ: Սակայն ազատությունը պահանջում է համապատասխան պատասխանատվություն: Որքան մարդն ազատ է բնության ու հասարակության ուժերի նկատմամբ, որքան զորեղ են իր տրամադրության տակ գտնվող այդ ուժերը, այնքան զգույշ ու պատասխանատու պետք է լինի նա, որովհետեւ մի կոճակ սեղմելու միջոցով կարող է կործանել ամբողջ երկրներ ու աշխարհամասեր: Կարելի է ասել, որ հասարակական առաջադիմության ամենաընդհանուր չափանիշը հումանիզմը, մարդասիրությունն է:
§ 2. ՄՇԱԿՈՒՅԹԸ
«Մշակույթ» հասկացությունը սերտորեն կապված է մարդկային գործունեության վերափոխիչ բնույթի հետ: Լինելով գիտակից, բանական էակ, մարդը, ինչպես հայտնի է, չի կարող բավարարվել ու ապրել բնության տվածով: Նա ստիպված է աշխատել եւ աշխատանքի միջոցով վերափոխել բնության իրերը, դարձնել դրանք իր համար պիտանի նյութական բարիքներ եւ բավարարել իր պահանջմունքները: Մարդու այդ վերափոխիչ գործունեությունը շատ նման է բնական իրերը մշակելուն: Այդ պատճառով էլ ձեւավորվել է մշակույթի հասկացությունը (լատիներեն կուլտուրա - մշակել, կրթել, դաստիարակել բառից):
Մարդիկ վաղուց նկատել են, որ մարդկային խնամքի ու մշակման միջոցով բույսերը բարելավվում են, աճում է դրանց բերքատվությունը, համային, սննդարար հատկությունները եւ այլն: Նրանք նկատել են նաեւ, որ լավ խնամելու միջոցով կարելի է բարելավել ընտանի կենդանիների օգտակար հատկությունները, կաթնատվությունը, մսատվությունը եւ այլն: Մշակման հանգամանքը շատ ավելի է աչքի զարնում արհեստավորի գործում, երբ նա մեկ կամ մի քանի ոչ պիտանի իրերից կամ նյութերից ստեղծում է մի որեւէ պիտանի բան, նյութական բարիք, օրինակ՝ կոշիկ, հագուստ եւ այլն, ընդ որում ստեղծում է ոչ միայն օգտակարության, այլեւ գեղեցիկի օրենքներով: Հետագայում, արհեստի զարգացման չափազանց բարձր մակարդակում ծագում է արվեստը, որն իր ստեղծագործությունների օգտակարությունը տեսնում է գեղեցիկի մեջ, հետեւապես, գեղագիտական հաճույք պատճառելու մեջ, իմա՝ բավարարում է մարդու հոգեւոր պահանջմունքները:
Մշակման այդ համընդհանուր, անընդհատ բարդացող ու կատարելագործվող գործընթացում տեղի է ունենում մի խիստ կարեւոր եւ հետաքրքիր բան եւս. ինքը մշակողը եւս մշակման է ենթարկվում, հետեւապես, մշակույթ ստեղծելու հետ մեկտեղ ինքը եւս դառնում է մշակված, այսինքն՝ կուլտուրական մարդ: Էապես փոխվում, բարելավվում ու մարդկայնանում են նրա ֆիզիկական հատկությունները եւ հոգեւոր աշխարհը: Զարգանում ու նրբանում են նրա զգայարանները. աչքն ավելի մանրամասն է ընկալում իրերը, դրանց չափերը, գույները, մասերն ու ձեւերը (ինչպես արդեն ասվել է, սեւ կտավ արտադրողների աչքը կարողանում է տարբերել սեւ գույնի 30-ից ավելի երանգներ), լեզվի շնորհիվ մարդը կարողանում է ավելի նրբորեն ընկալել հնչյունները, երաժշտությունն էլ ավելի է սրում ու նրբացնում նրա լսողությունը, որեւէ գործում հմտանալու հետեւանքով՝ ճշգրտանում ու նրբանում են նրա ձեռքի շարժումները, շոշափելիքները, մարմնի կազմվածքը, կեցվածքը, քայլվածքը, շարժուձեւը եւ այլն: Նույն կերպ մշակում է անցնում ու բարելավվում մարդու հոգեւոր աշխարհը, նրա մտքերը, իդեալները, զգացմունքները, արժեքները եւ այլն: Մի խոսքով ձեւավորվում ու զարգանում է մարդու հոգեւոր մշակույթը:
Այսպիսով, մշակույթն իրենից ներկայացնոմւ է. 1. հոգեւոր նյութական արժեքների ամբողջությունը, 2. այդ արժեքների ստեղծման եղանակները, 3. օգտագործման կարողություններն ու հմտությունները, ինչպես նաեւ, 4. սերնդից սերունդ փոխանցելու միջոցները:
Մշակույթի մարդկային աշխարհը համապարփակ է, ընդգրկում է մարդկային կեցության բոլոր ոլորտները՝ մարդու եւ բնության, մարդու եւ հասարակության, մարդու եւ մարդու, մարդու եւ իր սեփական անձի հարաբերությունները: Բնությունը մարդուց անկախ ու մեկուսի է, կուսական բնությունը մշակույթի հակադրությունն է: Այն ընդգրկվում է մշակույթի ոլորտը, երբ ենթարկվում է մարդու ազդեցությանը եւ անցնում մշակման մի բարդ ու երկարավուն պրոցես: Դա արդեն մարդու կողմից մշակված, արհեստական, այսպես ասած «երկրորդ» բնությունն է: Եթե անցյալում այդ մշակումը հիմնականում նրա հարստությունները սպառելն ու նրան վնաս հասցնելն էր, ապա այժմ այն նաեւ բնությունը պահպանելն ու անգամ վերականգնելն ու բարելավելն է: Խոսքը վերաբերում է ոչ միայն անկենդան, այլեւ կենդանի՝ բուսական ու կենդանական աշխարհներին: Նպատակ է դրված փրկել ու բազմացնել անհետացման վտանգի մեջ գտնվող, հետեւապես, Կարմիր գրքի մեջ մտցված բույսերի ու կենդանիների հազվագյուտ դարձած տեսակները: Ներկայումս ձեւավորման գործընթացում է գտնվում գիտության մի նոր ճյուղ՝ բիոէթիկան, որը մշակում է միջոցներ ու նորմեր կենդանի օրգանիզմների նկատմամբ հասարակության վերաբերմունքը բարոյականացնելու, այսինքն՝ դրանց փրկելու, պահպանելու, խնայելու ու խնամելու համար:
Մարդ-հասարակություն հարաբերություններում մշակույթը դրսեւորվում է սոցիալական ու քաղաքական կյանքում, ներկուսակցական ու միջկուսակցական հարաբերություններում, անգամ Ազգային ժողովի գործունեության մեջ, որի մասին մեր ԶԼՄ-ները նշում են, որ հայ պատգամավորների քաղաքական կուլտուրան բավականին ցածր է: Կա նաեւ կենցաղային, աշխատանքային, արտադրության, կրթության ու դաստիարակության, հանգստի ու ժամանցի, ընտանեկան (օրինակ, երեխաների ու ծնողների փոխհարաբերությունների) եւ բազմաթիվ այլ ոլորտների մշակույթ: Այստեղ առանձին կարեւորություն ունի ազգային մշակույթը:
Նախնադարում ու Միջնադարում, որտեղ մշակույթի մակարդակը բավականին ցածր է եղել, մշակութային արժեքները սերունդներին փոխանցվել են ավանդույթների միջոցով: Գիտությունների ու արվեստների բուռն զարգացումը Վերածննդի ու Նոր դարաշրջանում մեծ չափով բարձրացրել է մշակույթի մակարդակը եւ կրթության ու դաստիարակության հատուկ համակարգի պահանջ է առաջացրել: Այդ պատճառով էլ ստեղծվել է դպրոցների ու բուհերի ցանցը: «Մշակույթ» տերմինի հատուկ գործածումը սկսվել է XVIII դարում եւ ըմբռնվել է որպես կրթության հոմանիշ: Մարդուն կուլտուրական ասել կամ կրթված ասել միեւնույնն էր:
Սակայն ավանդույթի դերը մշակույթի ժառանգորդման մեջ մինչեւ օրս էլ չափազանց մեծ է: Տվյալ իմաստով մշակույթը բավականին պահպանողական է: Դա ապահովում է մշակույթի կայունությունը, որը հատկապես հեռավոր անցյալում մարդկային կոլեկտիվների (տոհմերի, ցեղերի եւ այլն) գոյատեւման անհրաժեշտ պայման է եղել, որովհետեւ նրանց ապահովել է սերունդների փորձով ստուգված՝ գործունեության հուսալի շաբլոններով, հետեւապես փորձի կուտակումը եւ փոխանցում հետագա սերուդներին: Դրանց հեշտ փոփոխությունը չափազանց վտանգավոր էր, քանզի կարող էր աղետալի հետեւանքներ ունենալ նրանց համար: Այդ պատճառով էլ մշակութային ստեղծագործությունը, նորարարությունը շատ թույլ ու հազվադեպ են եղել:
Իսկ ներկայումս, հասարակության զարգացման տեմպերի աննախադեպ աճի հետեւանքով մշակույթի ավանդապահ տիպն իր տեղը զիջել է դինամիկ տիպին: Նորը մշակույթի մեջ այժմ ստեղծվում է ոչ թե հարյուրամյակների կամ նույնիսկ հազարամյակների, այլ տասնամյակների ընթացքում: Սակայն կտրուկ խզումն անցյալի հետ, ժառանգորդման ժխտումը չի խրախուսվում: Պրոլետկուլտի, ֆուտուրիզմի անհաջող փորձը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ մշակութային անցյալը լիովին ժխտող նորարարությունը ձախողման է դատապարտված, որովհետեւ դատարկ տեղում նոր մշակույթ ստեղծելն անհնար է: Հենվելով անցյալի մշակույթի լավագույն նմուշների վրա առանձին անհատներ ստեղծում են նորը, որը, ժամանակի քննությունը բռնելով, ճանաչում է ստանում առանձին կոլեկտիվների, ապա ամբողջ հասարակության, ապա ողջ մարդկության կողմից: Այստեղ նկատվում է մի կարեւոր օրինաչափություն. անհատականը մշակույթում դիալեկտիկորեն վերածվում է խմբային, համազգային եւ վերջապես համամարդկային արժեքի: Դա նշանակում է, որ մշակույթի լավագույն նմուշներն անհատական, ազգային եւ համամարդկային մակարդակներում անխզելիորեն կապված են միմյանց հետ, հարստացնում են միմյանց:
Թեեւ մարդկային ինչպես անհատական, այնպես էլ հասարակական կյանքը լիովին հագեցած է մշակույթով, դրա ընդհանուր ճանաչում գտած սահմանումը բացակայում է: Տարբեր մշակութաբաններ այն սահմանում են տարբեր ձեւով, շեշտադրելով նրա տարբեր կողմերը կամ գործառույթները: Բայց կարելի է համաձայնել մշակույթի գոյություն ունեցող հետեւյալ հակիրճ սահմանման հետ. «Մշակույթը մարդու մեջ մարդկայինի չափն է, մարդու զարգացման աստիճանի համակողմանի, ամբողջական բնութագրիչը»:
Մշակույթն ունի իր ներքին եւ արտաքին կողմերը, որոնցից առաջինը նրա ոգին է, իսկ երկրորդը նրա արտաքին դրսեւորումը, «մարմինը»: Մշակույթի ոգին մարդկային հոգեւոր արժեքների աշխարհն է, որը, սակայն, ստանում է այս կամ այն նյութական մարմնավորումը: Հետեւապես, մշակույթի նմուշները գնահատելիս ըստ էության հաշվի են առնվում դրանց մեջ իրենց մարմնավորումը գտած հոգեւոր արժեքները: Իսկ կախված այն բանից, թե ինչ տիպի մարդկային արժեքներ են մարմնավորված եւ ինչ բնույթի մարդկային պահանջմունքներ են բավարարում, դրանք բաժանվում են հոգեւոր եւ նյութական մշակույթի նմուշների:
Հոգեւոր մշակույթը բավարարում է մարդկային հոգեւոր, օրինակ՝ բարոյական ու գեղագիտական պահանջմունքները, իսկ նյութական մշակույթը՝ մարդկանց նյութական պահանջմունքները: Գործարանները, շենքերը, մեքենաները, կահույքն ու սպասքը եւ այլն, որպես մարդկային ոգու արգասիքներ, նյութական մշակույթի տարրեր են: Որքան էլ դրանց դերը մարդկանց կյանքում կարեւոր լինի, միեւնույն է, հասարակությունն առաջնությունը տալիս է հոգեւոր մշակույթի գլուխգործոցներին: Այսպես, ձգտելով պարզել Լեոնարդո դա Վինչիի Ջոկոնդայի գինը, փորձագետները եկել են այն եզրակացության, որ տվյալ գեղանկարը անգին է: Վատիկանի թանգարանի 2200 դահլիճներում հավաքված են անթիվ ու անհամար հարստություններ, որոնց հետ հնարավոր չէ համեմատել նյութական մշակույթի գլուխգործոցների արժեքը թեկուզեւ այն պատճառով, որ դրանց գինն իր ահռելիությամբ հանդերձ սահմանափակ մեծություն է:
Մշակույթի զարգացումը դարերի ընթացքում միշտ եղել է անհամաչափ եւ հակասական: Դա պայմանավորված է մասնավոր սեփականության առաջացմամբ եւ մտավոր ու ֆիզիկական աշխատանքների հասարակական բաժանմամբ: Կրթությունը, գիտությունն ու արվեստը եղել է հարուստ, տիրապետող դասակարգերի ու խավերի մենաշնորհը եւ նրանց մոտ է մշակույթը գլխավորապես զարգացել: Իսկ ֆիզիկական աշխատանքի մարդիկ խարխափել են տգիտության, խավարի, սովի ու կարիքի մեջ, դատապարտված լինելով մշակութային հետամնացության: Հարուստ եւ աղքատ խավերի մշակութային տարբերություններն այնքան մեծ են եղել, որ մարքսիզմ-լենինիզմը դա հիմք է դարձրել միասնական ազգային մշակույթի գոյությունը ժխտելու համար: Այն պնդել է, որ ամեն ազգային մշակույթի մեջ ըստ էության կա 2 մշակույթ: Դա չափազանցում ու գռեհկացում է: Իրականում, ամեն մի ազգի շրջանակներում մարդկանց մշակութային մակարդակի ու բնույթի անհատական տարբերությունները շատ մեծ են, երբեմն հասնում են ծայրահեղության: Օրինակ, մենք, հայերս, ընդունում ենք, որ ծայրահեղությունների ազգ ենք ինչպես բարոյական, այնպես էլ ընդհանուր մշակութային առմամբ: Բայց դա հիմք չի կարող լինել պնդելու, թե մեր ազգի մեջ կան բազմաթիվ մշակույթներ: Մեր լավն ու վատը, բարձրն ու ցածրը, անգամ ստորը եւս հայկական են:
Գիտատեխնիկական հեղափոխության ներկա պայմաններում, երբ ինֆորմացիայի աղբյուրների աննախադեպ զարգացման շնորհիվ համաշխարհային մշակույթի նվաճումները մատչելի են դարձել ամենալայն զանգվածների համար, նրանց մշակութային մակարդակի բարձրացման խնդիրը դարձել է անհատական կողմնորոշման ու ջանքերի խնդիր: Յուրաքանչյուր մարդ ինքը պետք է ջանք թափի բարձր մշակույթին հաղորդակցվելու համար, դրանով իր ներաշխարհը հագեցնելու համար: Պատմում են, որ Անգլիայի թագավոր Հակոբ I-ին (XVII դ.) իր ծծմայրը խնդրել է, որ իր որդուն դարձնի ջենտլմեն: Թագավորը պատասխանել է, որ ինքը դա անել չի կարող, որ ինքը կարող է նրան դարձնել կոմս, իսկ ջենտլմեն նա ինքն իրեն պետք է դարձնի: Դա մեծ խորհուրդ է բոլորին: Իրոք, յուրաքանչյուր մարդ, հատկապես երիտասարդ, ուսանող, ինքը պետք է մեծ ջանքեր թափի իր ներքին մշակույթը բարձրացնելու եւ կատարելագործելու համար, որպեսզի դառնա իսկապես բարձր մշակույթի տեր մարդ: Իսկ եթե դրսից են նրան ստիպում կուլտուրական դառնալ, ապա այդ կուլտուրան դառնում է արտաքին, մակերեսային, ինչպես մաշկին քսված ներկ: Այդպիսի մարդկանց մասին ասում են. բավական է նրանց մաշկը մի քիչ քերես եւ տակից կերեւա բարբարոսը:
Մշակույթի բարձունքներին մարդը կարող է հասնել աստիճանաբար իր երկարատեւ հոգեւոր ներքին համառ աշխատանքի շնորհիվ: Այդ պատճառով էլ այսպես կոչված մշակութային հեղափոխությունները որոշ դրական արդյունք տալիս են, բայց իրենց հիմնական նպատակին չեն հասնում, մարդկանց ներքին մշակութային մակարդակը շեշտակի չեն բարձրացնում, սահմանափակվում են խնդրի արտաքին կողմով: Այդ պատճառով էլ խորհրդային իշխանության կողմից տասնամյակներ շարունակ թմբկահարվող մշակութային հեղափոխությունից հետո էլ կոպտությունն ու բռիությունը չեն անհետացել: Դեռ ավելին՝ ամբողջատիրությունը ծանր հետեւանքներ թողեց ԽՍՀՄ ժողովուրդների բարոյական ու քաղաքական մշակույթի վրա: Մեր ժողովրդի դժվարին քաղաքական վիճակը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ընկած ժամանակաշրջանում նրա քաղաքական ցածր մշակույթի արգասիքն են: Նույնն է վիճակը նաեւ ժողովրդի բարոյական մշակույթի ոլորտում:
Ժողովրդի տարբեր խավերի մշակութային տարբեր մակարդակների հետեւանքով ժամանակակից տեխնիկական միջոցների շնորհիվ ստեղծվել ու լայն տարածում է ստացել այսպես կոչված զանգվածային մշակույթը, որի դրսեւորումներից են պոպ-արվեստը, պոպ-երաժշտությունը եւ այլն (անգլերեն պոպուլար - ժողովրդական, հանրամատչելի բառից): Զանգվածային մշակույթի թերությունն այն է, որ փոխանակ ժողովրդի մշակութային մակարդակը, նրա ճաշակը բարձր մշակույթի լավագույն նմուշների մակարդակին բարձրացնելը, ինքն է իջնում նրա մակարդակին եւ շահագործելով նրա մշակութային հետամնացությունը վիթխարի շահույթներ է կորզում: Պատահական չէ, որ Արեւմուտքում ստեղծվել է զանգվածային մշակույթի մի հզոր ինդուստրիա:
Մարդկության հետագա մշակութային զարգացումը պահանջում է, մի կողմից, խթանել տարբեր ազգային մշակույթների զարգացումը եւ դրանց փոխազդեցությունների ընդլայնումն ու խորացումը, որովհետեւ ազգային մշակույթներն իրենց լավագույն նմուշներով ունեն համամարդկային բովանդակություն, հարստացնում են համամարդկային մշակույթը: Մյուս կողմից, բարձրացնել ժողովրդական լայն զանգվածների մշակութային մակարդակը, նրանց ճաշակը, հաղորդակից անելով նրանց համամարդկային մշակույթի լավագույն նմուշներին, գլուխգործոցներին:
§ 3. ԱՐԴԻ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԳԱՅԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Խորհրդային տարիներին «քաղաքակրթություն» (լատիներեն ցիվիլիս - քաղաքացի, պետություն բառից) հասկացությունն էական նշանակություն չի ունեցել: Պատճառներից մեկը եղել է այդ հասկացության մերձավորությունը «մշակույթ» հասկացությանը: Այժմ էլ նշյալ հասկացությունները հաճախ օգտագործվում են որպես հոմանիշներ: «Մշակութային, կուլտուրական մարդ», թե «քաղաքակիրթ մարդ» ասել՝ միեւնույնն է: Մյուս պատճառը պատմական մատերիալիզմի տիրապետությունն էր, որի շրջանակներում մշակվել էր հասարակական-տնտեսական ֆորմացիայի հասկացությունը եւ որը քաղաքակրթության հասկացության համեմատ համարվում էր ավելի որոշակի, կոնկրետ, խոր եւ ճշգրիտ: Սակայն դա ճիշտ չէր, որովհետեւ քաղաքակրթության հասկացությունն ունի իր ուրույն եւ չափազանց կարեւոր բովանդակությունը: Նախ, մշակույթի հասկացության նկատմամբ այն երկակի հարաբերության մեջ է: Մի կողմից, այն «մշակույթի» համեմատ ավելի նեղ է, քանզի ընդգրկում է մարդկային մշակույթի զարգացման մեկ որոշակի փուլը, երբ տեղի է ունեցել աշխատանքի հասարակական բաժանում, հասարակության սոցիալական շերտավորում եւ ձեւավորվել է պետությունը: Այս առումով նախնադարյան հասարակարգը որակապես այլ մշակույթ է: Մյուս կողմից, այն իր ծավալով ավելի լայն է, քանզի ընդգրկում է հասարակության եւ՛ մշակութային, եւ՛ սոցիալական կյանքը: Հետեւապես, քաղաքակրթությունը սոցիալ-մշակութային հասկացություն է, բացահայտում է մշակույթի սոցիալական կեցությունը:
Քաղաքակրթության ուսումնասիրությունները միշտ էլ մեծ ուշադրություն են դարձրել տարբեր ժողովուրդների պատմության ու մշակույթի յուրօրինակություններին, իսկ պատմական մատերիալիզմի ֆորմացիաների տեսությունը, թերագնահատելով այդ յուրօրինակությունները, շեշտադրել է պատմության միասնությունը, միօրինակությունը եւ երազել է ապագա կոմունիստական հասարակարգում հաստատել լիակատար միօրինակություն, վերացնելով ժողովուրդների յուրօրինակության վերջին մնացորդները, այդ թվում բուն ազգերն իրենց լեզուներով ու մշակույթներով հանդերձ:
ԽՍՀՄ-ի փլուզումը, որը միաժամանակ կոմունիզմի ուսմունքի պատմական պարտությունն էր, մեկ անգամ եւս ցույց տվեց քաղաքակրթությունների տեսության կենսունակությունը, ապացուցելով, որ պատմությանը բնորոշ է քաղաքակրթությունների ու դրանց զարգացման հնարավորությունների ու հեռանկարների բազմազանությունը: Դրանց ուսումնասիրման համար ձեւավորվել է գիտության մի նոր ճյուղ՝ ֆուտուրոլոգիան (լատիներեն ֆուտուր - ապագա բառից), որը հայերեն կարելի է կոչել ապագայաբանություն:
Ֆուտուրոլոգիան ձգտում է պարզել արդի քաղաքակրթությունների էությունը, նրանց փոխհարաբերությունները եւ ապագան, այդ տեսանկյունից գլոբալ հիմնախնդիրների լուծման հնարավորությունները եւ ուղղությունները:
Մի կողմից, որոշ ֆուտուրոլոգներ հասարակության զարգացման գլխավոր ուղղություն են համարում այսպես կոչված ետինդուստրիալ հասարակությունը, որն ամերիկացի սոցիոլոգ Դ. Բելլի համոզմամբ հաջորդում է ինդուստրիալ հասարակությանը: Այլ սոցիոլոգներ, ինչպես, օրինակ, Զ. Բժեզինսկին, այդ հասարակությունն անվանում են տեխնոտրոնային, մյուսները, ինչպես Ա. Թոֆլերը, գերինդուստրիալ հասարակություն եւ այլն: Ետինդուստրիալ հասարակության համար բնորոշ է միկրոէլեկտրոնիկայի ու կոմպյուտերային տեխնիկայի զարգացման բարձր մակարդակը եւ անցումը գյուղատնտեսության ու արդյունաբերության շեշտադրումից սպասարկման ոլորտի շեշտադրմանը: Դա համընդհանուր սպառման ու բարեկեցության հասարակություն է:
Միաժամանակ տվյալ հասարակությունը հայտնվել է իրեն լրջորեն սպառնացող բազմաթիվ գլոբալ հիմնախնդիրների առջեւ, որոնք բաժանվում են 3 խմբի:
Առաջին խմբի մեջ մտնում են միջազգային սոցիալական հիմնախնդիրները՝ պատերազմների վերացումը եւ բոլոր ժողովուրդների առաջադիմության համար խաղաղ պայմանների ապահովումը, զարգացող երկրների հետամնացության հաղթահարումը, նոր համաշխարհային տնտեսական կարգի հաստատումը:
Երկրորդ խմբին են պատկանում հասարակության եւ բնության այդ փոխհարաբերությունից առաջացած հիմնախնդիրները՝ բնապահպանական, մարդկությանը անհրաժեշտ ռեսուրսներով՝ հումքով, էներգիայով ու պարենամթերքով ապահովելը, հետեւապես հարուստ «հյուսիսի» եւ աղքատ «հարավի» հակասության հաղթահարումը, օվկիանոսի ու տիեզերական տարածության յուրացումը եւ այլն:
Երրորդ խմբի հիմնախնդիրները ծագել են «մարդ-հասարակություն» փոխհարաբերությունից, որոնց մեջ մտնում են ազգաբնակչության բուռն աճը, գիտատեխնիկական հեղափոխության բացասական ազդեցությունը մարդու վրա, առողջապահության, կրթության եւ այլ հիմնախնդիրները:
Սոցիոլոգների զգալի մասը գտնում է, որ վերը նշված հիմնախնդիրների մեծամասնությունն անլուծելի է եւ մարդկության ապագան չափազանց մռայլ է, նրան սպասում են սարսափելի աղետներ: Այդ առնչությամբ էլ հիմնավորապես քննարկվում է քաղաքակրթությունների փոխհարաբերությունների ապագան: Հոռետեսները, ինչպես, օրինակ, ամերիկացի Հանթինգթոնը, պնդում են, որ քաղաքակրթությունների ընդհարում է սպասվում, որ իսլամական ֆունդամենտալիզմը եւ նրա ծավալած միջազգային ահաբեկչությունն ընդհարման առաջին ծիծեռնակն է: Լավատեսները հակառակ կարծիքին են: Նրանք գտնում են, որ մարդկությանը սպասում է քաղաքակրթությունների երկխոսություն, մշակույթների փոխադարձ հարստացում եւ ժողովուրդների բարգավաճում: Եվ դրան նպաստելու է գիտատեխնիկական հեղափոխությունը, հատկապես ինֆորմացիայի նորագույն միջոցների զարգացումը:
Բայց կոմպյուտերային տեխնիկայի կատարելագործումն ու ծավալումը, մի կողմից, աներեւակայելիորեն զորեղացնելով մարդու ինֆորմացիոն կարողությունները, մյուս կողմից մեծ վնաս է հասցնում նրան: Նախ, խիստ սահմանափակում է մարդու միջանձնային հարաբերությունները, աղքատացնում է նրա զգացմունքային աշխարհը, դարձնելով նրան ռոբոտ, ապա՝ ինֆորմացիայի վիթխարի ծավալները, գերազանցելով նրա մտավոր կարողությունները, վնաս են հասցնում նրա նյարդային համակարգին, այնուհետեւ էլեկտրոնային ճառագայթումը պատճառ է դառնում տարբեր տեսակի հիվանդությունների: Դրա հետեւանքով էլ ծագում է հասարակական առողջապահության կատարելագործման խնդիրը:
Մարդու, ժողովուրդների ու պետությունների առջեւ չափազանց լուրջ խնդիրներ է դնում գլոբալիզացիան, որը նոր համաշխարհային տնտեսակարգ հաստատելու կարեւոր միջոցներից է: Այն իրագործելու համար ստեղծվել է համաշխարհային առեւտրի կազմակերպությունը: Հարկ է նշել, որ այդ կազմակերպությունը նախագծվել է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, սակայն սոցիալիզմի եւ կապիտալիզմի ետպատերազմյան հակամարտության սրման, այսպես կոչված «սառը» պատերազմի պատճառով չի ստեղծվել: Միայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այն հնարավոր դարձավ եւ անմիջապես հանդիպեց միջազգային որոշ ուժերի դիմադրությանը: Եվ դա հասկանալի է, որովհետեւ գլոբալիզացիայի տնտեսական, սոցիալական ու մշակութային հետեւանքները պարզ չեն: Հակագլոբալիստները վախենում են, որ թույլ զարգացած երկրները չեն դիմանա արեւմտյան երկրների մրցակցությանը, տնտեսությունը կքայքայվի, մշակույթը կվերանա: Գլոբալիստներն, ընդհակառակը, գտնում են, որ, ենթարկվելով համաշխարհային տնտեսակարգին, ոչ միայն ուժեղ, այլեւ թույլ երկրները կկարողանան բարձր կարգապահություն մտցնել իրենց եւ՛ տնտեսական, եւ՛ պետական-հասարակական, եւ՛ մշակութային ոլորտներում, հաղթահարել հետամնացությունը, հասնել առաջավոր երկրների մակարդակին:
Գլոբալիզացիան ինչ-որ սկզբունքորեն նոր բան չէ: ՄԱԿ-ի շրջանակներում այն միջազգային իրավական կարգավորում է մտցնում տարերայնորեն երկար ժամանակ տեղի ունեցող գործընթացների մեջ, որոնք ավանդաբար անվանվում են ինտերնացիոնալիզացիա: Հետեւապես, խոսքն այստեղ պետք է լինի ամեն մի երկրի համար գլոբալիզացիայի համապատասխան պայմաններ նախատեսելու մասին, պայմաններ, որոնք հաշվի կառնեն դրանց տնտեսական զարգացման մակարդակն ու յուրահատկությունները: Գլոբալիզացիան նոր բարձր պահանջներ է դնում ոչ միայն երկրների, այլեւ նրանց քաղաքացիների, ձեռնարկատերերի ու աշխատողների առջեւ, պահանջում է, որ նրանք լինեն խիստ կարգապահ, բանիմաց ու նախաձեռնող, հարուստ գիտելիքների տեր, միջազգային ստանդարտներին համապատասխանող:
Այն եւս մի փորձ է դիմակայելու արդի դարաշրջանի աճող սպառնալիքներին: Մարդկությունը կարող է գոյատեւել ու բարգավաճել կազմակերպված, համատեղ ուժերով գլոբալ խնդիրները լուծելու շնորհիվ: