The Tailless Fox
Hovhannes Toumanian
Հովհաննես Թումանյան — «Պոչատ աղվեսը»
Լինում է, չի լինում մի պառավ։
Էս պառավը մի կով է ունենում, կովը կթում է, կաթը տանում է պահում։
Մի օր էլ գալիս է տեսնում՝ կաթը չկա։
Գնում է, դարան է մտնում, տեսնում է՝ մի աղվես եկավ, մտավ տուն, դնչիկը խոթեց կաթի ամանի մեջ, սկսեց լափել։ Պառավը վրա է հասնում, ավելով զարկում է, աղվեսի պոչը կտրում։
Աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում, ասում է․
— Տատի՛կ, տատի՛կ, պոչս տո՛ւր, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ «Պոչատ աղվես, ո՞րտեղ էիր»։
Պառավն ասում է․
— Դե գնա՛, իմ կաթը բե՛ր։
Աղվեսը գնում է կովի մոտ․
— Կո՛վ, կո՛վ, ինձ կա՛թ տուր, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ «Պոչատ աղվես, ո՞րտեղ էիր»։
Կովն ասում է․
— Գնա՛, ինձ համար խո՛տ բեր։
Աղվեսը գնում է արտի մոտ․
— Ա՛րտ, ա՛րտ, ինձ խո՛տ տուր, խոտը տանեմ կովին տամ, կովը կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ «Պոչատ աղվես, ո՞րտեղ էիր»։
Արտն ասում է․
— Գնա՛, ինձ համար ջո՛ւր բեր։
Աղվեսը գնում է աղբյուրի մոտ․
— Աղբյո՛ւր, աղբյո՛ւր, ինձ ջո՛ւր տուր, ջուրը տանեմ արտին տամ, արտը խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ «Պոչատ աղվես, ո՞րտեղ էիր»։
Աղբյուրն ասում է․
— Գնա՛, կժվոր աղջկանից կո՛ւժ բեր։
Աղվեսը գնում է աղջկա մոտ․
— Աղջի՛կ, աղջի՛կ, ինձ կո՛ւժ տուր, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ «Պոչատ աղվես, ո՞րտեղ էիր»։
Աղջիկն ասում է․
— Գնա՛, ինձ համար ուլո՛ւնք բեր։
Աղվեսը գնում է չարչու մոտ․
— Չարչի՛, չարչի՛, ինձ ուլո՛ւնք տուր, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ «Պոչատ աղվես, ո՞րտեղ էիր»։
Չարչին ասում է․
— Գնա՛, ինձ համար ձո՛ւ բեր։
Աղվեսը գնում է հավի մոտ․
— Հա՛վ, հա՛վ, ինձ ձո՛ւ տուր, ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ «Պոչատ աղվես, ո՞րտեղ էիր»։
Հավն ասում է․
— Գնա՛, ինձ համար կո՛ւտ բեր։
Աղվեսը գնում է կալվորի մոտ․
— Կալվո՛ր, կալվո՛ր, ինձ կո՛ւտ տուր, կուտը տանեմ հավին տամ, հավը ձու տա, ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ «Պոչատ աղվես, ո՞րտեղ էիր»։
Կալվորի խիղճը գալիս է, մի բուռ ցորեն է տալիս։
Աղվեսը ցորենը տանում է հավին, հավը ձու է տալիս, ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալիս, ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալիս, կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալիս, ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալիս, խոտը տանում է կովին, կովը կաթ է տալիս, կաթը տանում է պառավին, պառավը պոչը տալիս է, կցում է, կցմցում, վազում է գնում իր ընկերներին հասնում։