"Noyan Tapan" Publishing
Բուհական դասագիրք փիլիսոփայության առարկայի, մարդու և հասարակության կյանքում նրա դերի և աշխարհայացքի ձևավորման վերաբերյալ:
ԳԼՈՒԽ 1
ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՏԵՂՆ ՈՒ ԴԵՐԸ ՄԱՐԴՈՒ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ
« 1 ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔ
ա) Աշխարհայացքի ընդհանուր բնութագիրը
«Փիլիսոփայություն» բառը ծագել է հին հունական «փիլեո»-սիրել եւ «սոփիա»-իմաստություն բառերից եւ նշանակում է իմաստասիրություն: Որպես մարդկային հոգեւոր մշակույթի առանձին ձեւ այն առաջացել է Հին Հունաստանում մ. թ. ա. VI-V դարերում, շնորհիվ ստրկատիրական դեմոկրատիայի, որտեղ հաստատվել էր քաղաքական եւ zհոգեւոր կյանքի, այդ թվում մտքի ազատություն:
Փիլիսոփայությունը աշխարհայացքային գիտություն է: Իսկ աշխարհայացքը մարդու ընդհանուր հայացքներն են աշխարհի եւ իր՝ մարդու մասին: Լինելով բանական էակ, մարդը հնուց հետաքրքրվել է, թե ինչ է աշխարհը (բնությունը, տիեզերքը), իր հիմքում այն նյութական է թե հոգեւոր, ստեղծված է թե ոչ, վերջավոր է թե անվերջ ժամանակի եւ տարածության մեջ, ինչ է մարդը, ինչի համար է նա ապրում, նրա կյանքը իմաստ ունի՞ թե ոչ, ինչպես պետք է նա ապրի, որ նրա կյանքը մարդավայել լինի, կա՞ արդյոք երջանկություն, եթե այո, ապա ո՞րն է այն, հասանելի է, թե ոչ եւ այլն: Աշխարհայացքի հիմնական հարցը մարդու (սուբյեկտի) եւ աշխարհի (օբյեկտի) փոխհարաբերության հարցն է: Այս հարցի լուծումը թույլատրում է պարզել, թե ինչ նշանակություն ունի աշխարհը մարդկային կյանքի համար, ինչ տեղ ու դեր ունի մարդն աշխարհում, որն է նրա կոչումը, ինչպես պետք է նա վերաբերվի աշխարհին եւ այլն: Տվյալ հարցն աշխարհայացքի համար հիմնական է, որովհետեւ իր շուրջն է կենտրոնացնում մյուս բոլոր աշխարհայացքային հարցերը:
Աշխարհայացքի ձեւավորման համար մարդուն անհրաժեշտ են լայն գիտելիքներ աշխարհի, այսինքն՝ բնության ու հասարակության ամենաբազմազան երեւույթների եւ իրադարձությունների մասին: Սակայն դա բավական չէ: Նա պետք է գիտելիքներ ունենա նաեւ մարդկային արժեքների մասին, որոնց տեսանկյունից նա արժեւորում է այդ երեւույթներն ու իրադարձությունները: Դրական գնահատման դեպքում գիտելիքներն ընդունվում են մարդու կողմից եւ դառնում են նրա համոզմունքները: Հակառակ դեպքում դրանք մերժվում են: Համոզմունք դարձած գիտելիքներն էլ հանդես են գալիս որպես մարդու հայացքներ, իսկ ընդհանուր հայացքների ամբողջությունը՝ որպես աշխարհայացք: Այսպիսով, աշխարհայացքը աշխարհի մասին մարդու ընդհանուր գիտելիքների եւ արժեքների միասնությունն է: Այն խորապես թափանցում է մարդու էության մեջ, դառնում նրա կյանքի առավել ընդհանուր ուղենիշը: Մարդն ապրում է ու գործում է, ղեկավարվելով իր աշխարհայացքով: Մարդն իր բոլոր արժանիքներով ու թերություններով, իր արատներով այն է, ինչ նրա աշխարհայացքն է: Երբ հայրենասիրությամբ տոգորված ազատամարտիկները իրենց կյանքը զոհում էին Ղարաբաղի ազատագրման համար, դա աշխարհայացքի հարց էր: Իսկ երբ Թատերական հրապարակում «միացո՜ւմ, միացում» գոռացող ՀՀՇ-ականները ռազմաճակատ գնալու փոխարեն զավթեցին իշխանությունը եւ թալանեցին ու ավերեցին երկիրը, դա եւս աշխարհայացքի հարց էր: Այս երկու կողմերի վարքագծի հակադրությունը բխում է նրանց արժեքների հակադրությունից: Առաջինների համար հայրենիքը բարձրագույն արժեքներից է, իսկ երկրորդների համար թալանի ու հարստացման աղբյուր: Թալանչիները եւս «սիրում» են իրենց հայրենիքը, բայց ինչպես գայլը ոչխարին՝ որպես համեղ պատառ: Մարդկանց աշխարհայացքի մասին պետք է դատել ոչ թե նրանց ասածներից ու գրվածքներից, այլ արարքներից: Մարդկանց, ժողովուրդների ու պետությունների միջեւ կոնֆլիկտներն ու պատերազմները միշտ անմիջականորեն ծագում են նրանց աշխարհայացքների հակադրությունից: Օրինակ, Ադրբեջանի համար գերագույն արժեք է նվաճողականությունը, իսկ հայ ժողովրդի համար՝ իր