. . .
''Հոգին բանավեճի բռնվեց զսպվածության հետ: Ցավ եղավ: Արցունքներ թափվեցին քո աչքերից: Հավատացիր, թե դա օգնեց քեզ: Արցունքաթերապիա՞: Ոչ բոլորը գիտեն դրանց բուժիչ հատկությունների մասին: Իսկ ինչո՞ւ պետք է բոլորն իմանան:
Նրանը չէիր` ոչ մեկինը չլինելու համար: Հաշտվում էիր` հաջորդ վեճին նախապատրաստվելու համար: Վիճում էիր ... զիջելու նպատակով: Ընտրում էիր, իմանալով հանդերձ, որ չես ունենա: Կողք կողքի կանգնած՝ բաժանող հսկա տարածություն էր չափվում: Կողք՝ կողքի, բայց... բաժան: Ի՞նչ ես կամեցել նման պահերին: Համբյուր... Ապտակ... Թռիչք... Անշարժություն... Բարձդ ես գրկել: Թե բարձի ճերմակ երեսի վրա ամբողջը գրի առնվեր՝ մի ամբողջ գիրք կստացվեր: Աղաչել ես, որ անհնարինը հնարավոր դառնա: Որ անհնարինը հնարավոր դառնա: Անհնարինը՝ հնարավոր: Գտնել` փնտրելո՞ւ համար: Մի՞թե լինում է այդպես: Կորցնել, չիմանալով, որ այլեւս կգտնվի եւ չիմանալով, թե գտածն ի՞նչ է լինելու: ''Ո՞վ,-հուշում էին քեզ.- ոչ թե ի՞նչ, այլ ո՞վ'': Իսկ դու չէիր ընդհունում ուղղումը, որովհետեւ գիտեիր, որ քո հարցադրումն է ճիշտ ու որովհետեւ ... ոչ ոք մեղավոր չի: Ինչո՞ւ է այդ դեպքում ամբողջ աշխարհին մեղադրելու ցանկություն առաջացնում: Դրա մասին նամակի շարունակության մեջ կխոսենք....
******
Աշխարհն ընդհանրություն է, սակայն վեր է անձնական ամեն տեսակ պահանջների բավարարման ու անպատասխան մնացած խնդիրներից: Այդ դու ես տիեզերքի մի մասնիկը, մի ատոմը` քո միլիոնավոր բջիջներով : Դու ես, առանց սիրելու նույնիսկ, հակումդ սեր անվանում, կիրքդ կուռք դարձնում քեզ համար, իսկ երբ արձագանքը թույլ է, կամ ընդհանրապես չի լինում, շրջադարձ ես կատարում միանգամից: Սկզբից մտովի՝ քեզ ներքնապես նախապատրաստելու համար, հապա նաեւ՝ գործնական: Մի պատկեր է հիշողության ծալքերից մեկի մեջ պահեստավորվում, եւ մերթ ընդ մերթ ասես ալբոմի մի նկար դիտես՝ լուսաբացը դիմավորելու ժապավենի միջոցով անմահացրած գեղեցիկ պահը: Եվ շշնջոցները՝ ոչ մի բանի եւ ամեն ինչի մասին: Երանելի օր էր... Հրեշավոր օր էր... Մի տերեւ էիր բնության գրկից գողացել՝ ալբոմիդ էջերից մեկում չորացած, բայց պահպանված մի տերեւ, որ երբ զգուշորեն քո ձեռքդ ես վերցնում, միանգամից ինչ-որ պոետիկ տրամադրություն է վերարտադրվում ու ժպտում ես դու ու քառատողներ արտասանում հազիվ լսելի քո ձայնով, որից հետո ... հայհոյում: Միեւնույն է, թե ում: Հայհոյում ես, որովհետեւ ինքդ քեզ համար ես, բայց չգիտես՝ լա՞վ է դա արդյոք, թե վատ: Այսքանը այսօր: Վաղը կրկի՛ն կխոսենք:
Թվում էր, թե այլ է ամեն ինչ՝ ինչպես այլ է նաեւ քո դեպքը հավերժ զգացմունքների շարքում: Երեւալը լինե՞լ է նշանակում: Իսկ զուգահեռը միասին քայլելը չէ բնավ՝ երեւում ես, երեւում եմ, երեւում ենք ճանապահի այս ու այն հատվածներում, գուցե նաեւ ընթրում կամ համբուրվում միասին: Ես գնում էի: Դու մնում էիր: Մեկս մյուսին ազատություն էինք տվել, բայց իրականում մեկս մյուսից ... ազատ էինք: Երբեք չի հասկացվել, թե ինչպե՞ս է պատահում, որ գալը միաժամանակ նաեւ գնալու մասին է ազդարարում, որ ձեռքբերումը միեւնույն պահին վրիպումի է վերածվում, որ ընտրությունը ճակատագրական էլ է լինում, որ կարող է քոնը ուրիշինը դառնալ: Այդժամ կամաց-կամաց ճիշտ բառեր են ուղեղիդ մեջ դասավորվում, տեղը զիջելով խենթ խոսքերին: Եվ արատներն են այդժամ նկատվում ու ծանր ինքնահարցազրույցի հերթն է գալիս, որ ուղեղիդ ժապավենի վրա է տպավորվում անորակ մի ձայնագրությամբ՝ պարբերաբար ինքնընդհատվող, օտար շուրթերի արտաբերումներով եւ առանց մեղմ մի մեղեդիու ուղեկցության: Դարպասապահը հանկարծ մի պարզ դռնապահ է դառում, հարձակվողը պաշտպան է արդեն, թրթիռը փոխարինվում է նստած մարդու լրջության, եւ ամբողջ պոեմից մի քառատող է մնում ընդհամենը....
******
Կարող էր այլկերպ լինել: Ո՞վ է ասում, որ չէր կարող: Սակայն այդպես է ստացվել, ոչ թե այն պատճառով, որ ճակատագիրը չար է եւ կամ՝ բարի: Ինչ-որ մեկը շտապում է, ինչ-որ մեկն էլ՝ ուշանում: Ժամանակին լինելն է պայմանը՝ ճիշտ պահին հայտնվելը: Ափսոսում ես: Երբեմն էլ` նույնիսկ խղճում , առաջին հերթին ինքդ քեզ, ըմբոստանում ես, հաշտվում: Այլ հետաքրքություններով ես լիացնում օրդ, որն ինչո՞ւ սակայն չի լիանում: Հսկայական մի էներգիա է ապրում քո ներսում եւ ծախսվում է առանց հատուցման, առանց բավարարություն տալու: Սպառված տուն ես հասնում քո հանգիստը փնտրելու համար: Բայց եթե տանն էլ լինես ու դուրս չգաս քո տնից բնավ, դարձյալ այն տպավորությունն է, թե սպառված ես: Հրաժարվել մեկ օր ամեն-ամեն ինչից: Հեշտ է, բայց... Ի՞նչ կստանաս: Երկտող-քառատողնե՞ր, քեզ հասկացողների՞ն, ինքդ քեզ հանգստացնե՞լը: Տարօրինակ է կյանքը: Տարօրինակ ես դու: Տարօրինակ եմ ես: Եվ մյուսները: Եվ հանգամանքները: Դառնաս մտքերիս՝ գուցե իմաստուն, հնարավոր է՝ իմաստուն ընդունի՞չը: Քեզ պե՞տք է դա: Լցնեմ օրը խոսքերով՝ լսողությանդ համար հաճելի, գեղեցիկ տողերով, հրաշալի եզրահանգումներով ու ի՞նչ կստացվի: Կստացվեմ ես, որ իմ ունկնդրին եմ գտել, եւ դու, որ հիացած լսում ես ինձ: Կստացվեմ ես ու ... նորից ես: Հասկանո՞ւմ ես: Չի լինի մենքը: Երբե՛ք: Կստացվեմ ես, որ քո կարծիքով այդպիսի հոյակապ մտքեր եմ արտահայտում, նրբանկատ եմ այդքան ու ....հակասական այդքան...
*******
Մինչդեռ, երբ խոսում եմ, երբ ինչ-որ բան դու ես ասում, կարեւոր մի հաղորդագրություն է կորում՝ այնպիսինը, որ հայացքով է լոկ փոխանցվում, այնպիսինը, որ ճչուուուում է, այնպիսինը, որ պահի ծնունդ է եւ խորհրդավորություն է ծնում, այնպիսինը, որ ո՛չ իմն է, ո՛չ էլ քոնը՝ հին աստվածներն են չգիտեմ թե որքան ժամանակով պահ տվել: Եվ բառերը բոլոր, աշխարհիս լեզուները ամեն ... աղքատ են այդ նվիրաբերված եւ հղված հայացքի դիմաց: Իսկ ի՞նչ է կատարվում, գիտե՞ս: Խոսում ենք ու կորցնում հաղորդագրությունը, կորցնում սրտի լարերը շարժած մեղեդիները, որոնք հոգով են հավանում ու սիրում: Իմ ու քո արանքում իմաստուն մարդկանց ճիշտ խոսքերն են մնում, որոնց հետ ի՞նչ պետք է անենք: Քո եւ իմ միջեւ բանաստեղծություններն են մնում, որոնք ավելի շուտ տխրություն են առաջացնում: Եթե կամուրջ կա, ապա միայն բաժանող եւ ո՛չ միացնող: Եթե ներկայություն, ապա գեթ տեսք եւ ո՛չ բովանդակություն: Այս խոսքերը սպառել են ամեն ինչ, կամ էլ սպառում են: Լռության կարիքը կա հիմա: Լռության, որի մեջ կերկխոսեն հայացքները...
******
Ծաղկեփունջ, զարդ ու զգեստ նվեր ստանալը քեզ երջանկություն պարգեւող մի բան էիր պատկերացնում: Հիմա ես հասկանում, որ այդպես չէ դա: Որ դրանք նշաններ էին: Ընդհամենը՝ ուշադրության հաճելի նշաններ: Գեղեցիկ պահեր, որոնք հետո մոռացվում էլ էին նույնիսկ, կամ որոնց սովորում է աչքդ: Մտաբերում ես դրանք երբեմն ու ժպտում միշտ՝ մերթ բնական ժպիտով քո, իսկ ավելի հաճախ՝ տխրորեն: Եվ պահի պես է անցնում պահն այդ հիշողության: Իսկ երջանկությո՞ւնը ՝ զգացված, վերապրած, մշտապես պահանջված երջանկությո՞ւնը: Երբ պաղ եղանակին նախքան ափերիս մեջ պաղած մատները քո վերցնելու ու ջերմություն նրանց պարգեւելու... ջերմացնում էի սառած իմ ձեռքերը: Եվ ափերից իմ մի հոսանք էր փոխանցվում հանկարծ ու մի երազ էր թվում դա, որովհետեւ դու կայիր ահա, բայց այնպիսի տպավորություն էր, թե ... չկայիր բնավ՝ չգիտես թե ինչպես մի անհայտության մեջ էիր անհայտանում: Դու՝ դու էիր եւ ոչ մի կերպ դու չէիր: Գալիս ու դանդաղ քո ներսն էր թափանցում տիեզերքը ամբողջ: Ոչ թե դու, այլ տիեզերքն էր քո մեջ ներառվում, տիեզերքը` որն քեզանից հիմա ավելի զորեղ չէր թվում՝ ինքդ էլ գիտես այլեւս կյանքը քո մեջ տանելու հաճույքն ու... ցավը: Ինքդ էլ գիտես երջանկության մասին, որը այն ծաղկեփունջը չէր, ո՛չ,այլ ջերմացած ու ջերմություն պարգեւած ձեռքերն էին, իրար միաձուլված քսան մատներն էին ու այդ միաձուլումից ստացված ամենահզոր հոսանքը, որի դաշտը... ափերն էին մարդկային ձեռքերի...
******
Չէիր ուզում, որ հրապարակավ լիներ այս նամակը: Չէիր ուզում, ոչ: Որովհետեւ մտերմիկ չէ այդպես: Մտերմիկը` հասկացել ես մի բան, որ քոնն է եւ միմիայն քոնը: Որ չի կիսվում, չի բաժանվում, այլոց չի հրամցվում: Չէիր ուզում եւ ... ուզում էիր: Վիրավորվում ու անհամբեր սպասում էիր ... թե ե՞րբ պետք է շարունակություն լինի, ե՞րբ պետք է գիշերն անցնի ու նոր օրվա ընթացքում հայտվեն հին նամակի նոր տողերը: Քո էության մեջ քո կարիքներից մեկն է հիմա աղբյուրն այս խոսքերի: Թվում է թե... Գրի էի առել. եւ ո՞վ է այն երջանիկը, որ կարողացել է ինքն իր հոգու ցողն հավաքի: Չեմ ճանաչում նման մեկին: Քանզի հոգու ցողը նույն նեկտարն է՝ անմահություն տվող այն նեկտարը, որն աստվածներին էր տրվում: Իսկ ո՞վ եմ ես: Եվ ո՞վ ես դու: Հասարակ մահկանացուներ, որոնց տրված են եղել ժամերի մեջ պահեր եւ տարիների մեջ հաշված օրեր գեթ մեկ կամ մի քանի անգամ զգալու համար, թե ինչպես կարելի է հաղրդակից լինել երանության մի վիճակի, որ բնավ երկրային չի, որ համատիեզերական է, որ այնկողմ է ամեն ինչից: Կարծում ես, որ ես կարո՞ղ եմ հավաքել ցողը հոգուց: Դժվար բան է..ձուլումից ստացված ամենահզոր հոսանքը, որի դաշտը... ափերն էին մարդկային ձեռքերի...