'’-Նարեկ, փոքրիկս, քանի անգամ եմ ասել` չի կարելի մեծերի անկողին մտնել,- փորձելով տղային հանել անկողնուց, ասաց մայրը:
-Մայրիկ, այստեղ այնքան տաք է, ուզում եմ մնալ,- ասաց երեխան:
-Լավ, բայց երկար չեմ ուզում մնաս, սովորույթ է դառնում:
-Ուռա~,-հազիվ լսելով մոր վերջին բառերը, ուրախ բացականչեց Նարեկն ու մտավ հոր թեւի տակ:
Ժամանակի հետ այնուամենայնիվ մոր արգելքը չխանգարեց, որ տղան գիշերները նորից արթնանա ու կամաց, շատ կամաց սահի ծնողների անկողին, սեղմվի նրանց ու արդեն հանգիստ, մուշ-մուշ քնի:
Եվ այս բոլորն այն ժամանակ էր, երբ փոքրիկին թվում էր, թե ինքն ապրում է հեքիաթում: Իրականությունը, որը մոխրագույն էր ծնողների համար` քայլող, գունավոր հեքիաթ էր հնգամյա տղային թվում մեծերի գրկում, նրանց տաքուկ աշխարհում:
Բայց մի օր, մի գիշերվա մեջ տղան ասես մեծացավ, հասունացավ. լսեց ծնողների զրույցը, ցավը:
-Աբելը կանչում է: Նամակները ողողված են` «այստեղ աշխատանք կա, եկեք-եկեք» բառերով,- մի օր ասաց ամուսինը կնոջը: Նրան թվաց` իր թեւի տակ պառկած փոքրիկը քնած է. խոսքերի մեջ ազատ էր:
-Չգիտեմ, վախենում եմ: Օտար երկիր, օտար մարդիկ...Ախ, ինչո՞ւ այստեղ չենք կարողանում ապրել, աշխատել, մեր հացը վաստակել...-ասաց կինն ու մի խոր, շատ խոր հոգոց հանեց:
-Ֆրանսիան ավելի մեծ ու հարուստ երկիր է: Այնտեղ լավ աշխատանք կկարողանա մեզ համար գտնել Աբելը:
-Աբելը, Աբելը...-հանկարծ գոռաց կինը, -չեմ ուզում լսել այդ անունը, այն ինձ Կիպրոսից հեռանալ է նշանակում: Հասկացիր, չե մ ուզում...
-Այստեղ ենք ծնվել, այստեղ է մեր տունը, բայց աշխատանք չկա...Որքա՞ն ենք պարտք պարոն Անդրեասի խանութին, իսկ տիկին Էսթերի՞ն, իսկ մեր տան տիրո՞ջը` Պարոն Թանասիսին...Դե ասա, խոսի~ր...Ես մեկնում եմ, ճար չունենք,- մի փոքր մեղմելով զրույցի զայրացած տոնը, խոսքն ավարտեց ամուսինը:
-Ես կգամ քեզ հետ, բայց Նարեկին կթողնենք մեր ծնողների մոտ, մինչ ամեն ինչ կկարգավորենք այնտեղ: Նա շատ փոքր է, չեմ ուզում տեղից տեղ քաշքշել երեխային:
-Դու կմեռնես առանց նրա:
-Ես մեռնելով կդիմանամ...- տխուր ասաց կինը:
Իջնում էր երեկոն: Արդեն քանի ժամ էր, ինչ ծովափի ավազներին նստած մարդը հայացքը չէր կտրում ծովից: Անթարթ նայում էր ծովի ջրերին, առնում նրանց աղի բույրը: Ու քանի գնում ավելի խռովահույզ էր դառնում տղամարդու հոգին, իսկ աչքերն ավելի էին թախծում ու թանձրանում:
Ժամեր շարունակ այնպես էր նայում ջրերին, ասես ծովի մի մասնիկն է, կտրված նրա անսահմանությունից, մի պատառ, մի բուռ ջուր` լցված ավազների մեջ, անհասու նորից վերադարձի...
Նա խմում էր ծովի հոտը, լուծվում նրա մեջ մինչեւ վերջին բջիջն իր մարմնի: Ծովը նրա մեջ էր, նրա հոգում: Նա սիրում էր այդ անծայրածիր կապույտը: Այստեղ է նա մոտենում իր հեռավոր մանկությանը, երազներին: Ու միաժամանակ ատում է նրան. հենց ծովը տարավ իր երջանկությունը:
Երբեմն-երբեմն փոքրիկ քարեր գցելով ջրի մեջ` տղամարդը խախտում էր ծովի մակերեսի անդորրն ու փոքրիկ կոհակներ առաջացնում նրանում: Իր իսկ արածը` միայն մի ծուռ ժպիտ էր բերում դեմքին: Հետո ինչ-որ բան հիշելով, կես ճանապարհին նա նույն այդ ժպիտը սպանում էր...
-Արեւն էլ մայր մտավ, իսկ ես դեռ այստեղ եմ, - թմբիրից արթնացողի նման հանկարծ խոսեց նա ու նայելով արեւմուտքում թաքնվող արեւի վերջին, թույլ ճառագայթներին, վեր կացավ տեղից:
-Ո՞ւր էիր,- տուն մտնող ամուսնուն հարցրեց կինը:
-Ինչպես միշտ...-պատասխանեց ամուսինը:
-Ի՞նչ օր է այսօր,- հայացքը երկար պահելով ամուսնու վրա, նորից հարցրեց կինը:
-Հենց այն օրն է, օգոստոսի քսանմեկը,- պատասխանեց տղամարդը:
-Ախ սիրելիս, ինչպե՞ս կարող էի մոռանալ,- մեղավոր ձայնով ասաց կինն ու փարվեց ամուսնուն:
-Ընթրիքը վաղուց պատրաստ է, չե՞ս ուզում ընթրել,- քիչ անց, խախտելով լռությունը, հարցրեց կինը խոհանոցից:
Սկսեցին լուռ ընթրել: Օրը, նրանում եղած ցավն ամուսնուն ասես զրկել էր խոսելու ունակությունից: « Ինչպե՞ս, ինչպե՞ս կարող էի մոռանալ,-ինքն իրեն հարցնում էր կինը,-այսքան տարվա մեջ առաջին անգամ մոռացել էի այսօրվա օրը»:
-Ներիր խնդրում եմ, մոռացել էի,-բռնելով ամուսնու ձեռքը, ասաց նա:
-Ոչինչ, մի նեղվիր...
-Քանի՞ տարի է անցել այն օրից:
-Երեսուն տարի: Հինգ տարեկան էի,-պատասխանեց ամուսինը:
-Չեմ ուզում հիշես...
-Ուզես, թե չուզես, ամբողջ կյանքում ինձ հետ է այդ ամենը: Ժամանակը հեռանում է, իսկ իմ հիշողություններն ավելի են արթնանում:
-Փորձիր քնեցնել քո մեջ այդ ամենը,- ասաց կինն ու ինքն էլ զգաց, որքան անմիտ բան ասաց:
-Քնեցնե՞լ: Դու անշուշտ կատակում ես. հիմար կատակ է: Այսօրվա նման հիշում եմ ինչպես էր շորորալով հեռանում նավը: Նավամատույցից ինձ էին նայում ծնողներս: Նայում էին ու արցունքներիկ միջից ժպտում, հետո ավելի հեռանալով ձեռքերը սկսեցին թափահարել: Իսկ կողքիս կանգնած տատս ու պապս թաշկինակներով իրենց հոսող արցունքներն էին սրբում: Ես չէի կարողանում լաց լինել: Երբ հայրիկի ու մայրիկի նավն անտեսանելի դարձավ ծովի վրա` շրջվելով տեսա տատիս արցունքներից ուռած աչքերն ու նոր միայն հասկացա, որ դեռ շատ երկար չեմ տեսնի ծնողներիս...Սկսեցի ինքս էլ լալ: Իսկ երբ ետ եկանք տուն, մտա ծնողներիս սենյակ, պառկեցի մորս ձեռքով վերջին անգամ խնամքով հավաքած մահճակալին ու լրիվ ազատություն տվեցի հուզմունքիս...
-Ախր շատ փոքր ես եղել, ընդամենը հինգ տարեկան: Ինչպե՞ս կարող էին քեզ թողնել ու հեռանալ: Թեպետ...Թեպետ եթե դու էլ նրանց հետ լինեիր, Աստված մի արասցե, հիմա այստեղ, ինձ մոտ չէիր լինի...-ասաց կինն ու խոնարհեց արցունքոտ աչքերը:
-Այստեղ աշխատանք չունեին: Գնացին դրամի ու երազի ետեւից: Գնացին, բայց ավաղ...տեղ չհասան:
Թեպետ տատս ու պապս ինձ փոքրիկ արքայազնի պես էին վերաբերվում ու պահում իրենց սուղ միջոցներով, բայց դա ինձ քիչ էր, մորս կարիքն էի զգում, ծնողներիս տաք ու անուշահոտ անկողինն էի ուզում, երբ կեսգիշերին անխոս ու կամացուկ մտնում էի նրանց ծոցը...Ես կարոտում էի... Հիմա էլ կարոտում եմ եւ հավատա` ավելի շատ, քան այն ժամանակ, երբ մի փոքրիկ մանչուկ էի:
-Ինչո՞ւ ինձ երբեք քեզ հետ չես տանում ծովափ,- ասես ամաչելով իր իսկ հարցից, հարցրեց կինը. նա երբեք չէր հարցրել:
-Չգիտեմ: Հավանաբար պատճառն այն է, որ այդ պահերը միայն իմն են: Եվ ես մենակ եմ ուզում մնալ նրանց անտեսանելի կերպարների հետ: Քեզ չեմ տանում ինձ հետ, որովհետեւ դու ոչինչ չես կարող զգալ ու տեսնել այնտեղ: Իսկ մխիթարել ինձ այդ պահերին` պետք չէ: Մի նեղվիր, պարզապես փորձիր հասկանալ մենակ մնալուս պատճառը:
-Լավ, ինչպես ուզում ես ,-մեղմորեն ասաց կինը:
-Ամեն անգամ ափին նստած, թվում է, ահա նորից կերեւա նավն ու կտեսնեմ նրա նավամատույցին կանգնած ծնողներիս, ժպիտով ու թափահարող ձեռքերով:
-Մի՞գուցե էլ չգնաս, ախր այնքան հուզված ես գալիս,- ասաց կինը:
-Երբե ք, երբե ք նման բան չասես: Որքան կապրեմ, այնքան էլ կգնամ ու կսպասեմ...Ես միշտ կսպասեմ ու համոզված եմ մի օր կտեսնեմ նրանց...-ասաց ամուսինն ու վեր կացավ սեղանից:
Ընթրիքը մնաց կիսատ...
Ուղիղ մեկ տարի անց, նույն օրը` օգոստոսի քսանմեկին, ծովի ջրերում երիտասարդ տղամարդու դիակ գտան ձկնորսները: