'’Նա մեկ վերագտնում էր հիշողությունը, խոսում, մեկ նորից մոռացության մեջ ընկնում ու լռում...
Ալո~, Արման...Լսում ե՞ս: Չե՞ս լսում մայրիկին: Ա~խ, որդիս, իսկ ես քեզ լավ եմ լսում: Մայրդ է որդիս, մայրդ...
Մի փոքր համբերիր, երկար պահիր լսափողն ականջիդ, մի՞գուցե սկսես լավ լսել: Արդեն լսում ես, այո՞...Ինչ լա~վ է...
Ինչպե՞ս ես որդիս: Լա՞վ է ամեն ինչ քո կյանքում, այո՞: Որքան կուզեի այս պահին մորդ մոտ լինեիր...Ես շատ եմ մենակ ու տեղս չեմ գտնում այստեղ:
Գիտե՞ս, հայրդ էր եկել: Պատկերացնո՞ւմ ես, մենակ չէր...Այո, այո մենակ չէր, մի զարմացիր: Օրը ցերեկով եկել էր ինձ այցի այն կնոջ հետ, դե այն լրբի: Ինչո՞ւ էր եկել, ինչո՞ւ էր բերել նրան: Որ միասին հետո ծաղրե՞ն, ծիծաղե՞ն ինձ վրա...Այդ անամոթն այնպես էր քսմսել երեսը, ասես ներկայացման մեջ ծաղրածուի դեր պետք է կատարեր: Ա~խ, գրողը տանի, ամոթ չունեն մարդիկ:
Անամոթնե~ր... Ես իմ աչքով տեսա, թե ինչպես մեկ տարի առաջ այդ լիրբը...Լավ տղաս, չեմ ուզում հոգիդ պղտորել, թեպետ արդեն տասնութ տարեկան ես, փոքր չես, ամեն ինչ ինքդ ես հասկանում...
Այս ի՞նչ ձայներ են աստիճանների վրա: Ինձ թվո՞ւմ է, թե` իրոք այդպես է: Խառնել եմ ամեն ինչ` իրականն ու անիրականը...Ա~, ոստիկաններն են: Մեր հարեւանների` Մարգարյանների բողոքով են նորից եկել: Բողոքում են, որ վերեւի հարեւանները ջուր են թափում իրենց գլխին: Առավոտյան կանչեցին ինձ, իբր տեսնեմ-համոզվեմ, որ իրոք այդպես է: Ոչ մի ջուր, ոչ մի հետք...Ոչինչ չհասկացա, բայց ստիպված էի ձեւացնել. «ծովի» ափին եմ: Դու ինքդ լավ գիտես նրանց տարօրինակությունները. իրենք միշտ ճիշտ են.
-Ամա~ն, այս ի՞նչ են արել, նավակով միայն կարելի է շարժվել այս տանը:
-Տեսնո՞ւմ ես, տեսնո՞ւմ ես Արուսյակ...Որքան լավ է, որ դու էլ քո աչքով այս ամենը տեսար,- ասաց տիկին Կլարան: Էլ ոչինչ չասացի, լուռ հեռացա, մտա տուն...Հեռու մնալ եմ ուզում այդ շիլաշփոթից, հեռո~ւ...
Վերեւի հարեւաններն անմեղ են, պետք չէ անմեղի հետ այդպես անարդարացի լինել: Ես էլ ճիշտ չվարվեցի...Ի՞նչ ես կարծում, պետք է չէ՞, գնալ ու ասել Մարգարյաններին, որ ես ստեցի...Կգնամ:
Լսո՞ւմ ես ինձ որդիս, թե` ուշ ես համարում եւ լսափողը ցած դնել ու բարի գիշեր մաղթել ես ուզում մայրիկիդ: Չէ՞, դեռ վաղ է քնելը: Ուրե՞մն... լսում ես ինձ, ուրախ եմ զավակս...Գիտես, որ մայրդ խոսել շատ է սիրում: Պատկերացնում եմ, երբ տեսնենք իրար, որքան շատ ասելիք կունենանք: Ծիծաղում ես: Ա~խ, տղաս, որքան եմ կարոտել ծիծաղդ, ժպիտդ...Դու ծիծաղիր, իսկ ես թող լաց լինեմ: Դա կարոտից է, ոչինչ: Կանայք սիրում են լաց լինել, իրենց հույզերն արցունքով դուրս հանել, թեթեւանալ:
Երկու օր առաջ զանգել էի հորդ, իրենց գալուց հետո էր դա: Լսափողը կախեց, չցանկացավ լսել: Անամո~թ, այդ լրբին ես ծոցդ քաշել ու ինձ դուրս մղել, անգամ լսել չես ուզում: Հուզվեցի նրա վարմունքից, սկսեցի լալ:
Լավ, դու ճիշտ ես, չարժե անարժանի համար արցունք թափել: Բայց ես քրոջդ մասին էի ուզում խոսել նրա հետ: Այն ժամանակ ծաղրածուի ներկայությամբ չցանկացա բերանս բացել` խուլ ու համրի նման պահեցի ինձ: Բացի այդ, ահավոր սառնություն էր փչում նրանցից, շունչս կտրվում էր: Մտածում էի, երբ պետք է դուրս գան ու գնան այս անկոչ հյուրերը...
Գոնե քեզ ասել է, ինչո՞ւ էին եկել: Չէ՞, չի ասել...Հասկանում եմ, նա ցանկացել է համոզվել վիճակիս մեջ...
Հիմա ասա` ինչպե՞ս է քույրդ: Շատ եմ կարոտում: Խնդրում եմ, մի թեթեւ, շատ հեռվից ակնարկ արա իմ մասին: Հարցրու, չի՞ ուզում ինձ տեսնել:
Երբ նրան տեսա Աբովյան փողոցի բացօթյա սրճարաններից մեկում մի տղայի հետ եւ ուրախացա, եւ վախեցա. տեսնես ո՞վ է, ի՞նչ ծնողների զավակ է: Հարցրեցի: Տեր Աստվա~ծ, ինչպես բռնկվե~ց...
Խոհանոցի սեղանի վրա ինչ կար-չկար գցեց գետին, ջարդուփշուր արեց: Չհասկացա, թե ինչո՞ւ: Մոռանում է, որ իր մայրն եմ ու անհանգստանում եմ:
-Քո ի~նչ գործն է` ո՞ւմ հետ եմ նստում, ո՞ւմ հետ եմ ընկերություն անում: Դու քո դեղերը խմիր ու հեռու մնա ինձնից,- գոչեց ու դուռը շրխկացնելով երեսիս, հեռացավ: Բայց ինչո՞ւ տղաս, ինչո՞ւ...
Մեր օրերում հավանաբար չի կարելի սեփական երեխայի համար անհանգստանալ, հարցրեր տալ. ներ ես խուզում նրա անձնական կյանք, ո՞ր իրավունքով: Չի կարելի: Հետաքրքիր է, այդ երբվանի՞ց...
Հասկանում եմ, նահապետական բարքեր են դեռ նստած մեջս, մինչդեռ պետք է առաջ գնալ: Իսկ այսօր առաջ գնալը նշանակում է նմանակել, կրկնել մեկ ուրիշի ստեղծած բարքերը, որոնք բոլորովին էլ մերը չեն: Մերը լավը չի, էն ուրիշինը հավանաբար ավելի լավն է, համով է...
Երբ վաղն այս ժամին նորից զանգեմ, ինձ կասե՞ս, թե ինչպես արձագանքեց խոսքիդ քույրդ: Լա՞վ: Շատ եմ կարոտում իմ փոքրիկ թագուհուն: Քեզ էլ եմ կարոտում...Մայրիկը ձեզ շատ է սիրում, անչափ, բայց քույրդ հավանաբար ամաչում է, որ ինձ նման մայր ունի: Ո՞ւր գնամ, որտե՞ղ թաքնվեմ: Միմիայն այստեղ...
Շուրջս այնպիսի քաոս է, խելագարվում եմ...Մարդիկ են գալիս -գնում, բերում-տանում...Օ~ֆ...Չեմ ուզում ոչ մեկի երեսը տեսնել, բայց...ստիպված եմ:
Գիտե՞ս, անցած օրը մորաքույր Լուսինեն էր եկել: Պատմում էր, թե ինչպես է հարեւանի թոռնիկն իր ու մյուս հարեւանի դռան շորերը փոխել: Մի քանի անգամ կրկնվել է այդ չարաճճի խաղը: Մորաքույրդ սկսել է հետեւել դռան անցքից ու բռնացրել է այն պահը, երբ շորը երեխայի ձեռքին է եղել:
-Վա~յ, տակս չիշիկ արեցի,- շփոթված ու վախեցած ասել է երեխան: Լուսինեն բարկացել է այդ չարուկի վրա, ձեռքից առել շորն ու տեղը դրել: Ես նրան ասացի, որ դա ինձ դուր չեկավ: Պետք էր պարզապես բացատրեր փոքրիկին ու նա այլեւս նման բան չէր անի: Ինչո՞ւ էր վախեցրել...
-Ի՞նչ ասեի այդ երես առածին, -ասաց մորաքույրդ:- Ախ, քույրիկս, թող քո մանկավարժական մեթոդները:
Նորից սխալ բան ասացի: Լռելուց լավ բան չկա: Էլ ոչինչ չեմ ասի: Կլռեմ:
Մի բան հիշեցի: Մի քիչ զավեշտական է, մի քիչ էլ տխուր:
Գնացել էինք տատիկիդ տուն կեռաս ուտելու: Տատիկդ բարձրացել էր ծառը, որ կեռաս հավաքի: Ութսուն տարին սկեսուրիս համար ի՞նչ տարիք է, եթե կարողանում է ծառ բարձրանա: Գնացի ու կանգնեցի ծառի տակ: Զարմացած նրան էի նայում: Հանկարծ սկսեց գոռալ.
-Հեռո~ւ մնա ծառից, այ խելագար: Մի թափահարի ծառը:
Ոչինչ չհասկացա: Ես միայն նայում էի: Ինչպե՞ս կարող էի այդ հսկայական ծառը թափահարել... Այդ ամենը նրան թվում էր...Իսկ մի՞գուցե իրոք թափահարել եմ: Չեմ հիշում: Միայն այն եմ հիշում, որ անցյալում ինձ միշտ վիրավորում էր` խելագար ես, խելագար ես...
Հայրդ, համոզված եմ նաեւ քույրդ, կուրախանան, որ ինձ այստեղ բերեցին, այս վանդակի մեջ գցեցին կենդանու նման: Մի հերքիր, տղաս, այդպես է, ես դա զգում եմ: Ես խանգարում եմ նրանց, նրանց երջանկությանը...
Մինչդեռ որքան էի հպարտանում իմ ընտանիքով: Իսկ մի՞գուցե մեղքն իմ մեջ պետք է փնտրել, ես լավ կին, մայր չեմ եղել:
Գլուխս ցավում է, ես ոչինչ չգիտեմ...
Ո՞վ է հիմա մեր տանը, որդիս: Հավանաբար հյուրանոցի են վեր ածել տունս: Գժվում եմ այն մտքից, որ ինչ որ մեկն իր կեղտոտ մարմնով մտնում է իմ տաքուկ ու մաքուր անկողինը, օգտվում իմ սպասքից, իմ տանը դրած ամեն ինչից, այն ամենից, ինչը միայն իմ ընտանիքինն է: Զզվելի է...Որտե՞ղ է սրա վերջը, չեմ տեսնում...Իսկ եթե հանկարծ չտեսնեմ...Վախենում եմ:
Այդ անամոթները պղծում են տունս: Հայրդ սիրուհուն իմ տուն բերելու փոխարեն թող ինքը գնար ու նրա ծոցում դարդերը լացեր:
Բոլորի աչքի փուշն եմ, ատում են ինձ...
Ասում ես` այդպես չէ, որդիս: Ասում ես` ես սխալ եմ...Մի՞թե ինձ սիրող ու սպասող կա: Մի՞թե...
Դու...Այո` միմիայն դու: Դրսում ոչ ոք չունեմ քեզնից բացի, բայց չէ որ ունեի: Ուրեմն սպասիր, ես կգամ մի օր ու մենք նորից միասին կապրենք, մեր տանը, այն տանը, որի հարեւանները բողոքում են` վերեւինները ջուր են լցնում իրենց գլխին եւ ես չգիտես ինչու` համամիտ եմ նրանց հետ: Անգամ այդ «կռիվներին» եմ կարոտում, զուտ կանացի բամբասանքին ու ասեկոսին: Չէ՞ որ դրանք նորմալ կյանքի փոքրիկ պահեր են, իսկ այստեղ նման բաներ չկան: Պատերը սառն են, մարդիկ` միմիայն իրենց աշխարհում...
Հուսով եմ մի օր կգամ, դուրս կպրծնեմ այս ամենից...
-Տիկին Արուսյակ, ձեր սրսկման ժամն է, ցած դրեք լսափողն ու մտեք ձեր սենյակ,- լսափողի մեջ լսեց Արմանը: Տղայի կոկորդում ինչոր բան ասես կանգնեց ու սկսեց խեղդել...