'’Ի՞նչ է կյանքը. մի ակնթարթ տիեզերքի անսահման ժամանակի մեջ:
Ծնվում ենք, ապրում, ինչ որ բան ստեղծում կամ չենք ստեղծում ու երբ գալիս է ժամանակը, մնաս բարով ենք ասում նրան ու հավերժական քուն մտնում: Իսկ թե ի՞նչ կա այդ քնից այն կողմ, չգիտե՞մ, չեմ էլ ուզում իմանալ: Ես իմ այս կյանքն եմ ուզում լիարժեք ապրել ու նրանում արարել: Բայց ինձ համար մի կյանքը քիչ է: Ինչո՞ւ չի կարող այնպես լինել, որ մարդ արարածս ոչ թե մի կյանք, այլ մի քանիսը միաժամանակ ունենա:
***
Քանի որ սեփական ընտանիք` զավակ, ամուսին չունեմ ու չգիտեմ էլ ինչպիսի՞նն է այդ ընտանիքը լինում (ի ցավ իմ սրտի), որ սիրեմ ու սիրեն, պահեմ ու շահեն, ապա ծնողներս են մնում իմ միակ ընտանիքը: Իսկ նրանց համար ես միշտ էլ մնում եմ երեխա, թեպետ վաղուց եմ անցել այն սահմանը, երբ միայն գուրգուրում են ու խրատներ տալիս: Պաշտելու չափ սիրում են, անգամ երես տալիս: Միջին չկա ու փոխել ոչինչ հնարավոր չէ. ուշ է: Երես առած մեծ երեխա է, ասում են շատերը:
Սեփական կամքով, սեփական ուժով բարդույթներս փորձում եմ անտեսել: Դա ցերեկները` առերեւույթ: Իսկ գիշերնե՞րը...Այդ պահերին անջատում եմ լույսն ու կորչում սենյակի խավարում, քաշում վերմակը գլխիս, արցունքներից խեղդվելով` փորձում քնել: Քնել, քնել. մոռանալ շատ ու շատ անլուծելի ու պատասխան չունեցող խնդիրներ:
Դա է պատճառը, որ սիրում եմ խավարը, գիշերը, որտեղ բոլոր երեւույթները` բարիք ու չարիք, ցավ ու ուրախություն միախառնվում են, դառնում նույնանման, դառնում անտեսանելի:
-Խավարի մեջ է ծաղիկը ծաղկում, -ո՞վ է ասել, չեմ հիշում: Ինչո՞ւ հիշեցի, դա ինձ հետ կապ չունի...
Երես առած մեծ երեխան միայնակ է ու ոչ ոք չգիտե, թե իրականում ո՞վ է եւ ի՞նչ կա նրա հոգում. ոչ ոք չի տեսնում նրա սրտի հատակը:
Սա իմ առաջին, իրական կյանքն է, այն կյանքը, որում ապրում եմ:
***
Երկրորդ կյանքում ապրեի անգլալեզու մի երկրում, շատ հեռու իմ երկրից, իմ սովորական միջավայրից: Ճանաչեի միայն այն մարդուն, որին նախկինում` իմ առաջին կյանքում, գրքերից ու ամսագրերից գիտեի:
Ընկերներ լինեինք, «դու» ով դիմեի, ոչ մի խորթություն, ոչ մի անկանոնություն հարաբերությունների մեջ:
Երեկոները մեծ քաղաքի հինգերորդ ավենյուի «Black jazz» բարում միշտ ջազ լսեինք, վիսկի խմեինք ու մեր սիգարեթի ծուխը խառնեինք այդտեղ տիրող մի քիչ անամոթ, մի քիչ կծու մթնոլորտին:
-Ինչո՞ւ նման անվանում այս բարին,- մի քիչ հիմար, մի քիչ միամիտ հարցիս եղավ շատ պարզ պատասխան:
-Սեւերի ջազնն է այստեղ միայն տիրում:
Ու այսպես, ջազը, վիսկին ու նա` շատ հայտնի գրողը, իմ շուրջն են:
Նա շատ հայտնի, ես` անհայտ:
Նա` հանգիստ, ես` կրակ, անհանգիստ:
Նա` առնական ու բարձրահասակ, ես` անշուք ու փոքրամարմին:
Նա` ակնոցով, ես` անականոց :
Նա` ժպտերես, ես` ծիծաղկոտ:
Նա` հասուն տարիքի, ես` երիտասարդ:
Բազմության մեջ ես` աննկատելի, ինքը` լույս ճառագող:
Ու այդ լուսավոր մարդն իմ կողքին է, եւ ոչ մեկ ուրիշի:
Իմ ընկերն է, իմ հարազատը...
Զարմանալի է, միայն ինքը նկատեց ինձ` անտեսանելիիս ու խենթիս, ինչպես սիրում է կրկնել հաճախ.
-Hey, baby, I love you! I love you, because with your crazniness you remind me of my youth! (1)
Շատ անգամ է դա ինձ ասել: Խենթությունս նաեւ այն է, որ այդ մեծ մարդու կողքին եմ ապրում անկախ բոլորի զարմացած, նաեւ նախանձոտ հայացքների: Իսկ ես կարողանում եմ դա չնկատելու տալ:
Նրա մեծ ստվերն է իմ աննշան կերպարի վրա: Այն ինձ մեծացնում ու ուժ է տալիս: Նրա հետ ինձ ճնշող բոլոր կապանքներից ազատ եմ: Շնչելը դառնում է հեշտ, թեթեւ... Շատ մոտ եմ, միաժամանակ շատ հեռու: Բայց քանի որ խենթությունս միշտ ինձ հետ է, ուստի ցանկացած պահի, առանց ետ նայելու ու մնաս բարով ասելու, կարող եմ թողնել ամեն ինչ ու հեռանալ: Բայց հեռանալով ինձ հետ տանել նրա մեծ աշխարհի մի մասնիկը: Հետո ամիսներ անց, հայտնվել ու նորից սկսել նույն պտույտը` գիշերային թափառումները փողոցներում, երգերը, որոնք նա երգում է միմիայն ինձ համար, նաեւ բարը, որտեղ ջազն է ու մեր սիգարեթների օձագալար ծուխը:
Տանը, որտեղ ապրում ենք, Արմստրոնգի խռպոտ, բայց քաղցր ձայնն է հաճախ տիրում: Երբ այդ մեծ մարդն այդտեղ է, ամբողջ տունը, բոլոր անկյունները լցվում են երաժշտությամբ ու իրենից դուրս հորդող էներգիայով: Առանց նրա ներկայության Առմստրոնգն ինձ համար չի երգում. աննկատելի եմ:
Պարուրված այս ամենի շղարշով, նկատելի ու աննկատելի, ապրում եմ նրա կողքին` որպես մի երջանիկ ու փոքրիկ խենթ:
Իսկ ժամանակը գնում է, այս կյանքն այսպես էլ հոսում է...
***
Երրորդ կյանքում գնչուհի եմ` քամու բերանն ընկած, ազատ ու անկախ, գեղեցիկ ու վայրենի մի էակ` իմ թափառախմբի մեջ...
Կարմիրն եմ սիրում ու նրան հակառակ սեւը` պաշտում: Ահա հագիս բազում-բազում ծաքերով սեւ կիսաշրջազգեստն է ու կարմիր, թեթեւ, ինչպես զեփյուռ` բլուզը, որը թափանցում է պիրկ կրծքերս իր մեջ առած` ժանեկազարդ կրծկալս:
Մազերս արձակ, մի վարդ նրանց մեջ, աչքերս` սուրմայած, շուրթերս` կարմիր ներկած:
Վայրի գազան եմ, տասնութ տարեկան...
Երազներ եմ հյուսում ու գնում նրանց ետեւից, որ հասնեմ, բռնեմ ու որպես գեղեցիկ շոր հագնեմ, նրանց մեջ ապրեմ:
Բաց երկնքի տակ եմ քնում:
Զեփյուռը վերմակ եմ անում:
Ծաղիկները գլխիս տակ որպես բարձ եմ դնում:
Արեւ եմ շնչում, արեւով` ապրում:
Առավոտ կանուխ` տերեւի ցողն եմ խմում,
Ծաղկի նեկտարն եմ անուշ անում:
Ու այսպես, վայրի գազանիկի նման բնության մի փոքրիկ մասն եմ, նրա մեջ, նրա հետ, նրանից անկախ...
***
Չորրորդ կյանքում ընտանիքի մայր լինեի: Օրս բացվեր մանկանս ճիչով, ամուսնուս քաղցր համբույրով ու ժպիտով: Կապրեի ու կշնչեի իմ այս փոքրիկ աշխարհում: Ամուր կբռնեի նրանց, այդ կյանքը, պահը, որ չմոլորվեն, երբեք ցավ չզգան, որ հանկարծ երազ չդառնան...
Կտրվեի, կտայի ամբողջ ջերմությունս, սերս, կիրքս: Սրտիս կսեղմեի փոքրիկիս ու փառք կտայի Աստծուն, որ ունեմ այն, ինչ ունեմ: Որքան եմ տանջվել հենց այս սրտիկի համար, մայրության համը բերանիս մեջ զգալու համար: Այժմն իմն է այս հրեշտակը, միմիայն իմը:
Իմ երազներից եկած, իրական կերպար ստացած բալիկն իմն է: Նշանակում է կապրեմ, կճյուղավորվեմ մյուսների նման. այսուհետ անիմաստ ու անպտուղ չի անցնի կյանքս ու կդադարեմ կրկնել ինքս ինձ.
-Ո՞ւմ է պետք այն կյանքը, որը միմիայն քոնն է...
Երեխա, զավակ, բալիկ...Ահա այն, ինչ ուզում եմ ունենալ, ինչը միշտ անիրական երազ էր: Ու այժմ փոքրիկիս շոշափում, սեղմում, լացացնում եմ: Չէ , իրական է, ի մն է, ի մ միս ու արյունիս ստեղծվածն է: Խանձարուրի մեջ տոտիկները շարժող, թաթիկներն ինձ պարզած ժպիտով բալիկն իմն է:
Առանց վարանելու կխառնեմ կյանքս նրա կյանքին: Կպահեմ, կպաշտեմ, կնվիրվեմ, երբեք չեմ ափսոսա, երբեք «ախ» չեմ անի: Կլինեմ նրա հետ, կապրեմ հանուն նրա:
Միշտ էլ եղել է պահանջը` հոգ տանելու ինչոր մեկի մասին, ունենալու այն միջավայրը, որտեղ չեմ զգա մենակ ու լքված լինելս:
Ուրեմն այսուհետ, անզավակ, քամուց քշված աշնան տերեւի նման չեմ ապրի:
Հետքս թողած կմեռնեմ, կհեռանամ...
***
Իսկ հինգերորդ կյանքում ուզում եմ ունենալ այս բոլոր կյանքերս միասին:
Այո` բոլորը, մի կյանքում...
Ծնողներիս գուրգուրանքն իրենց մեծ երեխային:
Գրողի սերը, միախառնված նրա սիրած ջազի հետ, որը կտաքացնի, կիմաստավորի իմ աշխարհը:
Հետո երեխա...Նա կդառնա կյանքիս ծաղիկը, արեւն ու օդը...
Եվ վերջապես` ազատությունս գնչուների թափառախմբում:
Նրանց մեջ, նրանց նման կապրեմ ազատ ու քամու պես չճանաչելով ոչ մի սահման, կսուրամ առաջ անապատներով ու օվկաններով, ծովերով ու երկրներով:
Բայց ցավոք, մարդիկ մի կյանք ունեն:
Նրանցից մեկն ինձ նման ապրում է առաջինում, մյուսը` երկրորդում, էն մյուսը` երրորդում, իսկ չորորդը` չորրորդում:
Բայց համոզված եմ` բոլորս էլ ուզում ենք ունենալ այն, ինչ կա այս չորսի մեջ` միահյուսված ու խտացված հինգերորդում, մի կյանքում` բազում ուրիշ կյանքերով:
Ուզում ենք, բայց չունենք: Չենք էլ ունենա...
Մի կյանքը քիչ է, իսկ ժամանակը հոսում է անվերադարձ...
_____________________
(1) Հեյ փոքրիկ, ես սիրում եմ քեզ: Սիրում եմ, որովհետեւ դու քո խենթությամբ` երիտասարդությունս ես հիշեցնում: