Պատմություն պատմում են շատերը,
բայց ես արժեւորում եմ ոճ ունեցողին...
Քամյու
Ամառ էր...
Չնայած շոգին, տան վրա թեքված խաղողի որթերն ու ծեր ծառերի ճյուղերը, երանելի զովություն էին տվել մաքուր ու հարթ բակին: Միայն մի քանի չորացած տերեւ էր այստեղ այնտեղ երեւում:
Կեսօր էր, շուրջբոլորը` լռություն: Ոչ ոք չէր երեւում: Ու հանկարծ այդ լռության մեջ պայթեց մի ձայն, հետո` մյուսը: Հարեւաններն էին` հարս ու կիսուրի հերթական կռիվը:
-Ըհը, «թատրոնը» սկսվեց... Բայց սօր ուշ սկսեցին: Ոչ ամոթ ունեն, ոչ այիբ,- տնից դուրս գալով, ինքն իրեն սկսեց բարձրաձայն խոսել տատս:
-Էդ ի՞նչ էս ասըմ, ձալո ջան,- հարցրեց պատկից ապրող տեգոր հարսը, որն այդ պահին բակն էր ավլում:
-Է~, Սոնիկ ջան: Ի՞նչ պետք ա ասեմ: Մի տըրանց ծեները լսի: Ախր հարսին էլ ասա` հիմի իշխանությունն էլ ա քու ծեռին, փողն էլ, էլ ի՞նչ ես ուզում էդ խեղճ կընգյանից: Բոլ լավ, էլի~,- բացականչեց տատս:
-Է~, գիտե՞ս սաղ քու ու քու հարսների նմա՞ն են,- գործը շարունակելով` գլուխը կախ, ասաց Սոնիկը` մեզ համար Սոնիկ մաման:
-Վա~, մենք մեր ու աղջիկ ենք,- նեղսրտած ավելացրեց տատս ու մտավ հավանոց` թխսին կերակրելու:
Իմ եղեցիկ տատը, որին մենք Կեցիկ էինք կոչում, բարի, ժպտերես, խելացի ու գեղեցկատես մի կին էր` իր անվանն արժանի եւ նույնիսկ ութսունին մոտ տարիքում խիստ կանացի չափերով ու շարժուձեւով, վարդագույն այտերով, կապույտ աչքերով :
Այժմ որքան էլ փորփրեմ մանկությանս հուշերը, որքան էլ փորձեմ ուղեղիս ծալքերում մի փոքրիկ վեճ կամ բարձրաձայն խոսակցություն հիշել նրա ու իր հարսների միջեւ, չեմ գտնի: Միշտ ապրեցին հաշտ ու համերաշխ, հիմքում պահելով սերն ու հարգանքը միմյանց հանդեպ:
Նա հազվագյուտ մի մարդ էր` սիրված կին. մահից հետո, երբ զրույց էր գնում տատիս մասին, առանց ձայնի ու խոսքի, պապիս կնճիռներից ակոսված դեմքով սկսում էին դանդաղ հոսել մեծ ու տաք արցունքները...
Հոգատար մայր էր: Հասուն տարիքում անգամ իր երեխաներին նայում էր որպես փոքրերի. միշտ անհանգստանում` հու սովա՞ծ չեք: Հը՞, ոնց որ ցուրտ ա, տու էլ էնքան պարակ ես սօր հագած, դիմում էր նա իր հիսունն անց տղաներին:
...Ու սիրելի տատիկ:
Նա մեր` երեխաներիս, աստվածն էր, մեր վեճերի հաշտարարան ու դատավորը: Հաճախ էինք խաղերի պատճառով կռվում: Դա հատկապես իմ ու քրոջս` Լուսինեի, միջեւ էր լինում: Քույրս չէր հանդուրժում ընկերուհուս ներկայությունը, մեր «թաքուն» զրույցները: Ես ինձ շատ մեծ երեւակայելով, խույս էի տալիս նրանից ու չէի խաղացնում մեզ հետ: Սակայն նա միշտ պատճառ էր գտնում խանգարելու մեր խաղը: Դա ինձ կատաղեցնում էր:
Ամեն ինչ խաղաղվում էր տատիս խոսքից հետո.
-Ցավդ տանեմ, ոչինչ, նեղանալ մի, քու պուճուրն ա, մի քիչ խաղ արեք հետը, ես կկանչեմ, մի տեղ կտանեմ, տուք ծեր խաղը կշարունակեք,- խորհուրդ էր տալիս նա:
Կեցս անչափ սիրում էր իր թոռներին: Բայց կար մեկը, որին բոլորովին այլ կերպ էր սիրում, առանձնահատուկ: Դա ես էի, այդ տանը ծնված առաջնեկը: Այնքան էր սիրում, որ քույրս մշտապես մանկական խանդի տեսարաններ էր սարքում, կռվում:
-Նորից Շուշա՞նը, նորից Շուշանի՞ն,- այս կամ այն առիթով բողոքում էր Լուսինեն: Խռովում էր, հավաքում շորերը մի մեծ շալի մեջ, կապում բերանը, գնում նստում դարպասի դիմացի մեծ քարին, իբր Երեւան է գնում, ծնողների մոտ: Մի որոշ ժամանակ խռովված նստելուց հետո, խեղճ փոքրիկը, ետ էր գալիս տուն, քանդում կապոցն ու սուսիկ փուսիկ մտնում տատիս թեւի տակ:
-իդացեք, սաղիդ էլ սիրըմ եմ, իմ թոռներն եք, բայց Շուշանն ուրիշ ա, նա էս տանը ծնված մեծ թոռս ա: Կմեծանաք, թոռ կունենաք, ծեր ցավը տանեմ, նոր իմ խոսքերը կըհսկանաք:
Բայց ես հասկանում էի, որ միայն մեծ լինելը չէ, որ այդքան սիրելի էի: Ես իմ ֆիզիկական որոշակի պրոբլեմներով` անչափ փոքրիկ հասակով, տարբերվում էի մյուս երեխաներից: Դա նրան ահավոր վիշտ ու ցավ էր պատճառում: Եվ նա ուզում էր ինչոր տեղ իր սիրով մեղմացնել այն, պարզապես պաշպանել ինձ:
Դա նրան հաջողվում էր...
-Աղջիկը սիրուն հուլունք ա: Տափի վրա էլ, անկախ գույնից ու ձեւից նրան միշտ տենըմ են,-ասում էր Կեցը` իմ բարի ու նրբանկատ Կեցը:
Եվ անհնար էր, որ ես քնքուշ սեր ու ջերմություն չտածեի նրա հանդեպ: Վստահում էի նրան, բացում նրա առաջ ուրիշների համար միշտ փակ գաղտնիքներս: Այժմ էլ, երբ փակում եմ աչքերս, դեմս է գալիս ճերմակած, արձակ մազերով եւ փափուկ, բամբակե գիշերազգեստի մեջ փաթաթված նրա տեսքը: Մտնում էի ծոցը ձմեռվա գիշերներին, փաթաթվում տաք ու մի փոքր թմբլիկ մարմնին, առնում անուշ հոտը: Ստիպում էի հետաքրքիր պատմություններ հիշել: Հիշում էր, պատմում...Երբ քունը սկսում էր հաղթել, փակում էր աչքերն ու` դարդդ տանեմ, էգուց կպատմեմ մնացածը...
Տարիների հեռվից հիշելով նրան, սրտի ցավ եմ զգում, որ նա այժմ մեզ հետ չէ: Միաժամանակ ուրախանում, որ այդպիսի տատ ենք ունեցել, որ նա մերն է եղել: Չեմ հիշում մի օր, որ չհիշվի նա մեր տանը: Մահից հետո անգամ, անտեսանելիորեն ներկա է նրա սիրելի կերպարը` անչափ հումորով ու մի փոքր ծուռ ժպիտով:
Այս կամ այն ճաշը եփելով, համեմատում ենք Կեցի ճաշի հետ:
-Չէ~, էն չի~, - համտեսելով` ասում է հայրս: Մեր լռությունը համաձայնության նշան է: Կեցի ճաշերն ուրիշ էին...
Փոքր էինք վեց-յոթ տարեկան: Մի օր ինձ ու քրոջս ասաց` լավ չեմ, մի քիչ պառկեմ, հետո վեր կկենամ մի լավ բան կսարքեմ, կուտեք:
-Ձեր ցավը տանեմ, խելոք մնացեք, հիլարեք գլուխս դինջանա մի քիչ,- հետո չգիտես ինչու ավելացրեց,- էնա որ մեռնեմ, էս մատանըքերը ծեզ դեմ տալ,- ու ցույց տվեց մատնեմատի հին, բայց շատ գեղեցիկ մատանիները:
Փորձեց քնել: Ես ու քույրս մի փոքր սպասեցինք, հետո նայեցինք իրար, փսփսացինք ու շատ լուրջ դեմք ընդունելով` սկսեցինք ձգել մատանիները, փորձելով վերցնել խոստացածը:
-Էս ի՞նչ եք անում, այ րեխեք,- արթնանալով` նեղսրտած ու մի փոքր էլ բարկացած, հարցրեց Կեցը:
-Վա~յ, մենք էլ մտածեցինք մեռա~ր: Ուզում էինք մատանիները հանել,- զարմացած ու նեղացած, որ տատը չի մեռել, ասացինք մենք...
Տատիս բարությանը զուգահեռ, շատ բարկացկոտ ու հայհոյող էր պապս, բայց եւ անչափ աշխատասեր. տանել չէր կարողանում ծույլ մարդկանց:
-Էս հարեւանի տղեքը սաղ օրը ճամփա են չափում: Բա տրանց տանը մի գործ չկա՞,- տեսնելով այդ տղաներին ինքն իրեն ասում էր պապը:
-եղեցի~կ, լոբին հասել ա, խի՞ չես քաղըմ,- կամ էլ բարկացած հարցնում էր տատիս: Թեպետ գիտեր, որ ցանելուն զուգահեռ, հավաքելն էլ էր իր գործը:
- Այ մարդ, տենըմ չէ՞ս պարապ չեմ: Րեխանցս բրախեմ բաղը մտնեմ, ընդե՞ղ գործ անեմ,- իր հերթին հարցնում էր տատս:
Կեցն այգում չէր սիրում աշխատել: Նա շատ սիրում էր իր տունը, խոհանոցը: Ամռան հետ թուխս էր պահում, իր բազմաթիվ ճուտիկներով: Իսկ մենք ամեն մի նոր դուրս եկած ճուտի հետ ուրախանում էինք, բռնում, սեղմում այդ դեղին ու նուրբ արարածին մեր փոքիկ ափերում:«Զգուշ, րեխեք ջան, կսատկեն, ախր շատ են պուճուր», զգուշացնում էր նա:
Հաճախ էինք լսում տատիս հպարտ-հպարտ խոսքը.
- Աղի աղջիկ եմ լել, ձեր պապն էլ` մեր նոքարը:
Եվ դա ասում էր այն ժամանակ, երբ պապս նեղսրտում էր` քաղհանը մնաց, լոբին ճրիլու յա...
Այն, որ տատս աղի աղջիկ է եղել դա ճշմարտություն էր: Մինչ հեղափոխությունը տատիս հայրը` Խաչատուր պապը, գյուղի հարուստներից է եղել, ունեցել է բազմաթիվ անասուններ, հողատարածություններ: արեգին պապս` հարեւանի` երկու տարեկանից որբացած տղան, արդեն չափահաս տարիքում, սկսել է ծառայել նրանց տանը: Տեսնելով տղայի աչքաբացությունն ու աշխատասիրությունը, Խաչատուր պապը որոշում է ամուսնացնել իր գեղեցկուհի աղջկան ոչ պակաս գեղեցիկ, բարձրահասակ, խելացի, բայց աղքատ տղայի հետ:
Ստեղծել են ամուր ընտանիք, ունեցել երեխաներ...
Ամռանը, երբ հավաքվում էինք երեխաներով գյուղում, մեր ամեն ինչը պտտվում էր տատիս, նրա համեղ ճաշերի ու թխվածքների շուրջը: Նրա սարքած ձվաձեղի չափերն ու հաստությունը ոչ ոք չէր կարողանում ընդօրինակել: Այդ հասարակ թվացող ուտեստն անգամ յուրօրինակ էր ստացվում նրա ձեռքի տակ:
Հետագայում որքան էլ ուզում էի նրա բիսկվիտների նման բիսկվիտներ թխել` բարձր ու փխրուն, չէր ստացվում: Կարծես ամեն ինչ նույնն էր, բայց զուր էին անցնում ջանքերս: Էլ չեմ ասում ավելի բարդ խմորեղենների ու ճաշերի մասին...
Իսկ պատմությունները, որ պատմում էր իր մանկությունից ու ջահելությունից` անսպառ էին: Ու զարմանում էինք, ինչպես է նա կարողանում այդպես գեղարվեստորեն ներկայացնել նույնիսկ ամենաաննշան միտքը: Հեռու լինելով արվեստից, նա ապշեցնում էր մեզ իր արտիստիզմով: րագետ չլինելով, գեղեցիկ ու հետաքրքիր զրույցի վարպետ էր...Ու պատմելով պատմություններ` մեր մանկական հայացքների առջեւով անցնում էին մեզ անծանոթ մարդիկ, իրենց հետաքրքիր խոսքով, արտասովոր հագուկապով: Ասես կենդանի լինեին նրանք մեզ համար. այնքան լավ էր նկարագրում նրանց Կեցը:
Դիմացինի դարդով հուզվում ու տխրում էր , երբ մի վատ բան էր լսում նրանց ընտանիքների հետ կապված: Լավով ուրախանում էր, երբ փոքրիկի ծննդի կամ ջահելի պսակի լուր էր առնում` թող բախտավոր լեն...
Ոչ միայն մենք, այլ նաեւ բարեկամներն ու հարեւաններն էին Կեցիկի շուրջը պտտվում, ակնկալելով մի հետաքրքիր զրույց, հումորով թաթախված խոսք:
-Մի տարի հրսանիք ինք քյնըմ Սեւքար, մեծով ու պուճուրով, բարեկամներով: Ոտով ինք քյնըմ, էս մոտիկ սարով: Պակաս պռատ տարի էր, լավ շորեր քչերն ունին: Պատերազմը նոր էր պրծել: Մնից շալ ուզեցի, մնից փեշ ու չուստ: Էն էլ չստերը ոտիս մի քիչ մեծ ին, մտածեցի` դե ոչինչ, ի՞նչ անենք: Ուզում ի անպայման սիրուն շորեր հագած լեմ: Որ շորերն իմը չին, մենակ տեգորս աղջիկ Սուլթանը գիդեր ու մեկ էլ ծեր Նատո նանը, օղորմածիկ կիսուրս: Էդ քշեր էլ էնքան անձրեւ էր էկել, որ էլ կարալ չեմ ասեմ: Ճամփեն ցեխ-ցեխ էր: Շատ որ քընացինք, տենամ Սուլթանը, որ էդ վախտ պուճուր աղջիկ էր, ծեն ա տալի.
-Վա~յ, ձալո~, Աղավնիկի տված փեշի հետեւը ցեխ էս արել:
Էդքան մըրդկերանց միջին հըմանչեցի. գիդացան, որ փեշն ուրիշինն ա:
-Էդ անդեր չստերը, որ հագար տանը, տեհար վեչ, որ մեծ են: Խի՞ չի ետ ղըրգեցիր, որ հագար ու ճամփա ընգար,- վրես ծված ձեր Նատո նանը: Լացս եկավ, բայց ի՞նչ կարայի անեմ. հարսն ի...
Երբ քյնացինք-հասանք հըրսնքատուն, ցրտից կուչ եկած, մոտիկացա տաք փեչին: Հենց ուզըմ ի ծեռներս տըքցնեմ, մին էլ տենամ Նատոս եկավ ու թե` աղջի, խալխի շալի ծըպները վառըմ ես, հեռու նստի:
Արդեն բարեկամներից բացի, հըրսնքատան ժըղոուրդն էլ գիդացավ, որ շալն էլ չի իմը...
Ասա էդ խի՞ հագար, որ էսքան խոսա՞ն...
Էդ էր ու էդ: Բա ես` փիրմանց եղեցիկս, էդքանից եդը ուրիշի շոր հագնե՞մ, երբեք...
Նա պատմում էր, մենք ծիծաղից թուլանում էինք: Ամեն անգամ նորից ու նորից պատմելով, ավելացնում էր հուզմունքը, մենք` ծիծաղը...
Մեզ համար գյուղի կոլորիտը նրանով էր հարուստ ու հետաքրքիր: Իր էությամբ, հայացքներով երբեք չէիր մտածի, որ գյուղի կին է: Զարմանում էինք, որտեղի՞ց նրան այդքան հարուստ ներաշխարհ: Թեպետ, ապրելով Բաքվում, Թիֆլիսում` շատ պան եմ տեհել ու սըվերել... Այդ տարիներին գյուղում ոչ ոք պահածոներ եւ մուրաբաներ չէր սարքում, իսկ նա պատրաստում էր: Նրա մեծ շնորհներից էր նաեւ հիանալի գորգեր գործելը: Այնքան վարժ ու գեղեցիկ էր շարժում ձեռքերը, որ թվում էր, ոչ թե հյուսում է մատներով, այլ պարզապես` պարում ու այդ պարից ծնվում էին զարմանահրաշ նախշեր:
Նա յուրաքանչուրիս մի հրաշք գորգ թողեց.
-Վրեն ման կըկյաք, չափսոսաք ու ինձ կհիշեք, ձեր դարդը տանեմ...
Տատիս մեջ հրաշալի երգ էր նստած, եւ թախծոտ եւ ուրախ: Տխուր երգերը երգում էր, երբ մենակ էր հյուսում իր գորգը: Մեզ համար պահում էր ուրախներ` թաքցնելով հոգու վերքերը, պատերազմում երիտասարդ եղբայրների ու վաղուց կորցրած իր փոքրիկ տղայի ցավը...
Հաճախ էր երգում «Քամին զանան» : Մենք` շուրջը նստած հինգ բաղաձայններս, փորձում էինք ձայնակցել: Բայց միասին երգելու փոխարեն ստացվում էր շիլաշփոթ ու դրան զուգահեռ` երգի կեսից, պայթում էր մեր մանկական ծիծաղը...
-Է~, դե շնոքով երգեցեք,-ասում էր Կեցը:
Նա սիրում էր նաեւ, երբ մեզնից մեկն ու մեկը կամ մայրս մի որեւէ բան էր բարձրաձայն կարդում, մեկնաբանում իր համար: Նորությունների ու ֆիլմերի սիրահար էր: Անչափ սիրում էր հեռուստացույց դիտել: Եթե նույնիսկ չէր նայում, ապա լսում էր, որը պապիս խիստ զայրացնում էր.
-Այ կնիկ, տու նորից միացրած ես բրախել տելէվիզորն ու մտել բաղը,- բարկանում էր պապս, երբ հերթական անգամ տեսնում էր, որ կինը տանը չէ, իսկ հեռուստացույցը միացած է:
Իր հարցերով երբեմն խիստ զարմացնում էր մեզ.
-Արմիկ ջան, էս Անդրեասյանը յաման տխուր ա, հըլեի տխեքը լավ չեն խաղ անըմ, հա՞,- դիմում էր նա ֆուտբոլ նայող հորեղբորս:
-Այ մերա, Անդրեասյանին որտեղի՞ց գիտես,- զարմացած հարցնում էր հորեղբայրս:
-Տղա ջա՞ն, ուրեմն քու մերն անդամոնդա կնիկ ա՞, Անդրեասյանին ո՞վ չգիդի,- մի փոքր նեղսրտած պատասխանում էր տատս` զարմանահրաշ տատս:
Իրեն հատուկ հումորն ուներ նաեւ պապս: Մի օր այգում աշխատելով, քրտնել էր, երբ տուն եկավ, տատս թե` այ մարդ, փոխի շորերդ, թե չէ` կհիվընդանաս:
Խեթ խեթ նայլով կնոջն` ասաց.
-Վա~հ, ուրեմն արեգինն էդինչքա՞ն ա մեռել, որ կարըմ չի վրեն չորըցնի իրա հագինը...
Տատիս մեջ ամեն ինչ յուրահատուկ էր` խոսքը, կատակը, անգամ հյուրասիրությունը: Տանը համեղ բան չեղած ժամանակ, այնպես էր մատուցում եղածը, որ հյուրը գնում էր գոհ ու կուշտ, ասես աշխարհի ամենահամեղ ուտելիքներն էր համտեսել: Իսկ մեր պատվերն ու խնդրանքն օրենք էր նրա համար: Երբեք չէր զլանում այս կամ այն բարդ ու աշխատատար ուտեստը եփել: Միայն մեր սրտով լիներ, միայն մենք կուշտ լինեինք...
Երբեք արգելք չէր դնում մեր խենթ ու չարաճճի խաղերին: Երբեք ոչինչ չէր մերժում: Տան ու բակի ամբողջ տարածքը նրանն էր: Միայն այգին էր պապինը: Իսկ մենք, ինչպես ուզում խաղում էինք , քանդում ու սարքում` ինչպես բակի փոքրիկ ավազակներ: Միայն այգին ու նրան պատկանող իրերն էին անձեռնամխելի: Պապինն էին...
Բայց մի անգամ մի միջադեպ եղավ, խախտվեց ընդունված կարգը: Պապն անտառից կտրել ու բերել էր երկար ու բարակ փայտեր` սարիներ: Դրանք դարսել էր բակում, որ երբ ժամանակը գա, տնկի եւ լոբու բարձրացող ընձյուղները կապի: Մենք հինգ չարաճճի երեխաներս, որոշեցինք դրանցով մի հարմար տեղ տուն «կառուցել»: Այգուց գլորելով ու բակ բերելով նաեւ մի քանի կոճղեր, կառուցեցինք բավականին ամուր մի շինություն` տուն: Մենք, գոհ մեր սարքածից, տնակ տեղափոխեցինք փոքրիկ աթոռներ, սեղան, խաղալիքներ ու սկսեցինք մեծ ոգեւորությամբ խաղալ ներսում: Պապս, որ տանը չէր այդ ժամանակ, դրսից բակ մտնելով ու տեսնելով մեր արածն առանց իր թույլտվության (ցանկացած դեպքում «չէ» էր լինելու)` սկսեց գոռալ մեզ վրա` էս ի՞նչ եք արել: Մենք վախեցած ու շփոթված պապի հանկարծակի ձայնից` փորձեցինք դուրս գալ: Այդ ընթացքում չգիտես ինչու, ինքը փորձեց տնակ մտնել:
- Սրանց էլ հասա՞ք: Սաղ ձեր տատն ա մեղավոր,- բարկացած ասաց նա: Ու հանկարծ մի ձայն` վա~յ, ճակատս...
Ինչ կատարվեց այդ պահին, մենք չհասկացանք, միայն պապի հեռացող, տարօրինակ ձայնն էինք լսում...Դուրս եկանք: Իրար ետեւից շարված , վախեցած` չգիտեինք ինչ անել: Սպասում էինք Կեցին: Սովորաբար, նման դեպքերում նա գալիս ու մեզ տուն էր ուղեկցում: Բայց նա չկար: Ու մենք հետաքրքրությունից դրդված, որոշեցինք ինչ էլ լինի մտնել տուն: Տնակ մտնելու ցանկությունը վախից չքվել էր: Կամաց մոտենալով տանը, առաջին հարկի պատուհանից տեսանք, որ պապը պառկած է իր թախտին, դեմքի վրա արյան հետքեր, ճակատին թրջոց ու տատս` կողքին նստած:
-Ի՞նչ ին անըմ, որ ուզացար անպայման խընգարես: Ո՞ւր իր ուզըմ մտնես մեջը էդ երկար բոյովդ: Րեխեք են էլի, տուն ին սարքըմ իրանց հմար, խելոք խաղ անըմ: Չէ~, ոնց կլի~, փետերը կպակսեն րեխանց խաղից: Է՞դ իր ուզում: Ճակատդ տվիր պատռեցիր,- ամեն կերպ փորձելով մեզ արդարացնել, նեղսրտում էր տատս: Պապի տեսքը շատ տխուր էր, մեզ համար հազվադեպ մի վիճակ:
Ու հանկարծ այդ պահին հարեւան բակից մեր բակ մտավ Երեւանից երկու օր առաջ եկած Սեդան` Սոնիկ մամայի հարսը: Տեսնելով պապի արյունոտ դեմքը, շփոթվեց ու կարծելով պապը շատ ավելի արյուն է կորցրել, քան տեսնում է, ասաց.
-Վա~յ, բիձիկ ջան, շոկոլադ է պետք ուտել, արյուն ես կորցրել...
Դա բարկացրեց տատիս, մի կողմ քաշելով երիտասարդ հարսին` ասաց.
-Տնաշենի աղջիկ, փոխանակ ասես` մի պան էլ չկա բիձիկ ջան: Ասըմ ես` արին ես կորցրե~լ...Կրակին յուղ մի լցրու, րեխեքս մեղք են...
Այդ պահին անգամ, նա նորից մեր մասին էր մտածում:
Թվում էր, դրանից հետո պապը մեզ տուն չի թողնի, սակայն շնորհիվ դիվանագետ տատի` կարճ ժամանակ անց, ամեն ինչ խաղաղվեց...
Այժմ վերհիշելով այդ օրվա կատարվածը` մեր խուճապը, պապի վիրավոր ու տխուր տեսքը եւ անշուշտ Սեդայի խոսքը` բիձիկ ջան շոկոլադ կեր, բուռն ու անկեղծ, վարակիչ ծիծաղ է բերում...
Հաճախ էինք Կեցի հոգու հետ խաղում, ասելով` մեր պապն ուրիշ է, մենք մեր պապին ավելի շատ ենք սիրում:
-Հա~, բա ինչ կանեք, սաղ օրը ղարավաշի նման առաջերնուդ անեմ, սարքեմ, տուք էլ պապին սիրեք: Է~, բախտ բաժանող,- իբր նեղսրտած ասում էր տատս, բայց համոզված էինք, որ հոգու խորքում ինքն իրեն ասում է` թող պապին սիրեն, չըրչարվողը նա յա:- Էսա կըմեռնեմ, ղադըրս նոր կըգիդենաք: արեգին, այ մարդ, քեզ են սիրում թոռներդ, ես հե~չ,- շրջվում ու խոսքն ուղղում էր թախտին թիկն տված պապին:
-Վա~հ, էդ խի նորութին ա՞,- քթի տակ ժպտալով, հարցնում էր պապը:
Այդ ժամանակ մեզ էլ էր թվում, թե իրոք, չնայած պապի բնավորությանը, մենք նրան Կեցից շատ ենք սիրում...
Տարիների հետ հուշերը չկարծրացան, չանհետացան, այլ ավելի ու ավելի վառ դարձան: Վերհիշում ենք, մեկս մյուսին հերթ չտալով պատմում, ծիծաղում ու վերջում անշուշտ` հուզվում:
Մայիսյան մի գեղեցիկ օր` հենց մորս ծննդյան օրը (ճակատագրի ի~նչ խաղ), հանգավ մեր Կեցը: Հեռացավ մեզնից մեր հոգատար ու սիրելի տատը` ընտանիքի համն ու հոտը:
Չքվեց ընդմիշտ մեզ համար այն յուրօրինակ ու բարի աշխարհը, որտեղ իշխում էր Կեցիկս` շուրջն ունենալով ու պահելով իր սիրելի մարդկանց` զավակներին, թոռներին ու էլի շատ շատերի, ինչպես տաք ու ուշադիր մի թուխս...