ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԴԱԴԻ ՎԱՆՔՈՒՄ
Արմեն Հախնազարյան
Էջ/ 6
Պատմություն
ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԴԱԴԻ ՎԱՆՔՈՒՄ
Արմեն Հախնազարյան
Օնլայն Ընթերցում
Էջ 1 / 6
Դադի վանքը գտնվում է Արցախի Վերին Խաչեն գավառում, Տրտու (Թարթառ) գետի ձախ ափից 500 մ վեր, Խոթ կամ Խութավան գյուղի եզրին (այժմ՝ ԼՂՀ, Քարվաճառի շրջան)։
Հիմնադրվել է առաջին դարում, քրիստոնեական քարոզչություն ծավալելու համար նահատակված Դադի (Թադեոս առաքյալի աշակերտներից էր) գերեզմանի տեղում։ Ճիշտ այս պատճառով էլ պատմական աղբյուրներում վանքը հաճախ կոչվում է Առաքելոց կամ Առաքելադիր։
Ներկա վանքի տեղում, հավանաբար, նույնիսկ ավելի վաղ քան IV դարը, շինություններ են եղել, բայց պահպանված կառույցները վերաբերում են հետագա շրջաններին։ Գրավոր աղբյուրներում վանքը հիշվում է միայն IX դարի դեպքերի առնչությամբ։
Տեղում մեծածավալ շինարարական աշխատանքներ իրականացվել են XII դարի վերջերից, բայց հատկապես XIII դարի ընթացքում։ Որոշ նորոգություններ էլ կատարվել են XVII եւ XIX-XX դարերում։
Վանական համալիրը բաղկացած է 10 պաշտամունքային կառույցներից, որոնցից 4-ը՝ եկեղեցի, 6-ը՝ մատուռ եւ բազմաթիվ այլ շինություններից։ Արցախյան ճարտարապետական դպրոցի հարազատ ու բնորոշ շենքերից են «Տաճարը» (1211թ.), Կաթողիկե եկեղեցին (1214թ.), ժամատունը (1224թ.), զանգակատունը (1283թ.), միանավ եկեղեցին եւ գավիթը (1283-1293թթ.), սրահը եւ խուցերը, սեղանատունը եւ խոհանոցը (1211-ից հետո,) հյուրանոցը, հնձանը, մառանը, իշխանական ապարանքը եւ մատուռը (բոլորն էլ XIIIդ.), սյունասրահը եւ գմբեթավոր փոքր եկեղեցին (XIII-XIVդդ.), շրջապարիսպը, դարպասները եւ այլ սենյակներ (XIII-XIVդդ.)։ Կառույցների հիմնական մասը մեզ են հասել կանգուն, բայց քայքայված, մինչեւ իսկ վթարային վիճակում։
Դադի վանքի ամբողջական համալիրը հայկական ճարտարապետության կարեւորագույն նմուշներից է եւ ունի ապագայում գործող դառնալու բոլոր հնարավորությունները։
Տարածքի ազատագրումից հետո, ինչպես պարզվեց, վանքի բազմաթիվ շինություններից մի քանիսը թեեւ կանգուն, սակայն քայքայված վիճակում էին, որոշները մինչեւ իսկ վթարային։ 1993-1996թթ. ընթացքում շատ անգամներ ականատես եղանք մի քանի շինությունների փլուզումներին (առաջնորդարան, սեղանատուն, գրատանը հարող միաբանության սենյակներ), որոնք արդյունք էին ծայրահեղ քայքայված վիճակի։ Ստեղծված կացությունը հուշարձանախմբի որոշ շինությունների վերաբերմամբ պարտադրում էր ձեռնարկել վերականգնողական հրատապ աշխատանքներ։ Իրավիճակի թելադրանքով, որպես առաջին միավոր, վերականգնելու առաջնահերթությունը տրվեց գմբեթավոր փոքր եկեղեցուն, որին ըստ էության, կանգուն վիճակում մնալու հաշված տարիներ էին մնացել։ Այս աշխատանքները 1998թ. ի վեր ստանձնեց «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» (RAA) հասարակական կազմակերպությունը։
1998թ. ընթացքում տեղում չափագրվեց գմբեթավոր փոքր եկեղեցին եւ կազմվեց վերականգնման նախագիծը, հեռացվեցին եկեղեցու շուրջ կուտակված հողն ու քարերը, իրականացվեցին ջրահեռացման աշխատանքներ։ Թաղերի բուսածածկ հողի շերտը հեռացնելուց հետո հայտնաբերվեցին կղմինդրածածկի մնացորդները։ Դրանցից մի քանիսը, որոնք անվնաս լինելով գործածելի էին, օգտագործվեցին որպես նմանատիպ ձեւերը թրծելու նմուշ։ Վերականգնվեց եկեղեցու արեւմտյան ճակատը։ Պարզ դարձավ եկեղեցու գմբեթատակ քար-աղյուսե շարվածք ունեցող ծայրահեղորեն վնասված կամարների վերականգնման բարդությունը։ Տարվա ընթացքում կատարված վերականգնման աշխատանքների հովանավորն էր Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանը։
Նորոգվող եկեղեցու ամրությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ էր կիրառել այն շինանյութերը, որոնք ժամանակին գործածվել էին այդ շենքում։ Գմբեթավոր փոքր եկեղեցու երկաթ-բետոնային նախագիծն ընդունելի չէր, ուստի պատրաստվեց քար-կիր-աղյուսե նախագիծ, որը քննարկումներից հետո հաստատվեց եւ ամռան ամիսներին գործադրվեց։ 1999թ. հունիսին ձեռք բերվեցին անհրաժեշտ շինանյութերը (աղյուս, կիր, փայտ) եւ փոխադրվեցին Դադի վանք։ Օգոստոսին պատրաստվեցին եկեղեցու արեւմտյան եւ արեւելյան թաղերը պահող կաղապարները։ Արեւմտյան աղյուսե թաղը եւ առագաստը հեռացվեցին։ Վերականգնվեցին արեւմտյան թաղն ու առագաստը։ Սեպտեմբերին կապվեց հարավային կողմի փայտամածը եւ վերականգնվեց հարավային թաղն ու նույն կողմի ճակատը։ Հոկտեմբերին կապվեցին հարավային եւ արեւելյան ճակատների փայտամածները, ամբողջությամբ վերականգնվեցին արեւելյան ու հյուսիսային ճակատները։ Նոյեմբերին Քարվաճառից փոխադրվեցին եկեղեցու հատակի սալապատման նպատակով անհրաժեշտ քարերը։ Ամբողջացավ խորանի վերականգնումը։
1999թ. իրականացված աշխատանքների հովանավորներն էին Գերմանիայի Բիլեֆելդ քաղաքում բնակվող Քարին ու Գուստավ Ուփմայեր ամուսինները եւ բոստոնաբնակ Ջոն Վարդանը։
2000թ. ընթացքում նորոգվեցին համալիրի արեւմտյան մասում գտնվող թաղածածկ խցերը։ Դրանք շինարարների համար ժամանակավորապես ծառայեցին որպես բնակարան։ Կղմինդրապատվեց եկեղեցու հարավային թաղը։ Վերաշարվեց գմբեթի քիվը, իսկ կորած քիվաքարերը լրացվեցին նոր տաշվածներով։ Կղմինդրածածկով ամբողջությամբ վերականգնվեց վեղարը։ Ներսում հեռացվեց պատերի քայքայված եւ սեւացած սվաղի շերտը եւ այն պատվեց նոր սվաղով։
Հաշվի առնելով սյունասրահի անմխիթար վիճակը, տարվա ընթացքում ձեռնարկվեցին նաեւ վերջինիս ամրացման աշխատանքները։ Թաղի ավելորդ ճնշումը վերացնելու նպատակով հեռացվեց տանիքում կուտակված հողի հաստ շերտը։
2000թ. իրականացված աշխատանքների մեկենասներ էին լոս-անջելեսաբնակ Շահեն եւ Մարթա Հարությունյանները։
2001թ. եկեղեցու վերականգնման աշխատանքները տեխնիկական պատճառներով հետաձգվեցին մինչեւ 2002թ. գարուն։
Ուրախ ենք հայտնելու, որ Դադի վանքի Կաթողիկե եկեղեցու վերականգնման աշխատանքների մեկենասությունը ստանձնել է ԱՄՆ-ի Նյու-Յորք քաղաքում բնակվող Էդիլ Հովհաննիսյանը։
ՀՀ Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության Գիտխորհրդի 14.12.2001թ. նիստում հաստատվեց Կաթողիկե եկեղեցու վերականգնման նախագիծը։ Նախագծի հեղինակ ճարտարապետ Սամվել Այվազյանը կազմակերպության կողմից վերահասու է լինելու եկեղեցու վերականգնման աշխատանքներին, որոնք կսկսվեն 2002թ. գարնանը։
Դադի վանքի վերանորոգման գործում մեծ է Արցախի թեմակալ առաջնորդի՝ Արքեպիսկոպոս Պարգեւ Սրբազանի հովանավորությունը։