ՆԱԽԱԲԱՆ
Խորհրդային հանրապետությունից դեպի անկախ պետականության ձեւավորման եւ կայացման «անցումային շրջանում» ստեղծված եւ խորացող սոցիալ-տնտեսական եւ քաղաքական ճգնաժամերը նորանկախ Հայաստանի Հանրապետության եւ ամբողջ հայության համար վերածվել են իսկական ազգային աղետի: Նման տեսակի աղետը վերացնելու համար անհրաժեշտ է բացահայտել աղետն առաջացնող գործոնները եւ թույլ տված սխալների բացառմամբ կազմել եւ անշեղորեն իրագործել սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարական իրատեսական ծրագիր (ՍՏԶՌԾ):
Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարական ծրագիրը.
- պետք է կազմված լինի տնտեսագիտորեն հիմնավորված, շուկայական օրենքների պահանջներին համապատասխան
- մանրամասն ներկայացնի երկրում առկա խնդիրները, բարեփոխումների սահմանները, փուլերը եւ սպասվելիք արդյունքները:
- նախանշի Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները, երկրում առկա ներուժի արդյունավետ կազմակերպման եւ կառավարման միջոցով բնակչության սոցիալական բարեկեցության աստիճանի բարձրացման ուղիները եւ պետության քաղաքական եւ տնտեսական անկախության ամրապնդումը համաշխարհային շուկայական համակարգում:
Այս ծրագիրը չի կարող ամբողջական լինել առանց հաշվի առնելու նաեւ ազգային առկա ներուժը, որը հատուկ մշակված մոտեցումների կիրառման դեպքում կարող է հզոր գործոն դառանալ ծրագրի իրական արդյունավետության համար:
Այսպես, պետք է հաշվի առնել.
- արդի Հայաստանի Հանրապետության վարչական տարածքից դուրս գտնվող հայության գոյությունը եւ նրա հետ բազմակողմանի համագործակցության հեռանկարները,
- Հայ ազգը միավորող եւ աշխարհում բարձր հեղինակություն վայելող Հայ Առաքելական Եկեղեցու պատմական դերը Հայկական պետականության ստեղծման գործում, եւ նրա հետ համագործակցության հեռանկարները,
- ազգային գաղափարախոսության եւ պետական քաղաքականության պատմականորեն չլուծված, սակայն անհետաձգելի հրամայականի՝ Հայոց ցեղասպանության եւ Արցախի ճանաչման գործընթացը,
- Հայաստանի ավանդական տնտեսական կապերը բարեկամ պետությունների հետ եւ նրանց հետ հարաբերությունների հազարամյա պատմական փորձը:
Նման կերպ կազմված ՍՏԶՌԾ-ի իրագործումը, մեր գնահատմամբ, կարող է իրապես ապահովել երկրի տնտեսական զարգացման բարձր աստիճան եւ նպատակասլաց ինտեգրում համաշխարհային տնտեսական եւ շուկայական համակարգերում: Այն հնարավոր է իրականացնել Հայաստանի, Արցախի եւ ամբողջ աշխարհի հայության մարդկային, կրոնական, մշակութային, գիտական, ֆինանսական, տեխնիկական եւ այլ ներուժի համախմբման եւ միասնականացման միջոցով:
Սույն հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել եւ վերլուծվել է Հայաստանի Հանրապետության՝ 1991-2013 թթ. միջազգային ազատ շուկայական համակարգ մտնելու ժամանակ տնտեսության զարգացման գործընթացը եւ այդ բնագավառում իրականացված կառավարման քաղաքականությունը:
Արվել են մի շարք եզրակացություններ եւ առաջարկություններ, խնդիրը դիտարկելով միասնականացված հայկական ազգային համակարգի տեսանկյունից: Միասնականացված հայկական ազգային համակարգ ասելով, պետք է հասկանալ.
- 1991 թ.-ից միջազգային իրավունքի սուբյեկտ Հայաստանի Հանրապետություն,
- ԼՂՀ, որը թեեւ դեռեւս միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյետ չէ, սակայն գնում է դեպի ճանաչում,
- արտերկրում ապրող հայությունը` կազմակերպված համայքներով եւ այլ կառույցներով:
Հայ ազգային գաղափարախոսության, պետականության, տնտեսության ռազմավարության մասին խոսելիս վերոհիշյալ եռամիասնությունը, մեր համոզմամբ, պետք է դիտարկվի որպես համահայկական տնտեսական ռազմավարության ելակետ:
Հետազոտության մեթոդաբանական ? գաղափարական ելակետներն են գիտելիքահենք տնտեսության ? տնտեսագիտահենք պետական կառավարման մեթոդների ու սկզբունքների մշակումն ու մշտական կատարելագործումը որպես երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական պայման:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍՈՒԲՅԵԿՏ
Հայոց պետականության պատմությունը սկսվում է առնվազն մ.թ.ա. երրորդ հազարամյակից: Հին աշխարհում այն եղել է միջազգային համբավ եւ հզոր տնտեսություն ունեցող պետություններից մեկը, ունեցել է զարգացած պետական կառավարման կառույցներ, բանակ, իրավունքի ինստիտուտներ` այդ թվում հարկային, ներտնտեսական եւ միջպետական օրենքների համակարգ, որոնք ճանաչվել են հարեւան պետությունների կողմից:
Հայկական նավատորմը, հայկական այրուձին (հեծելազորը) հանդիսացել են Հին աշխարհի ազդեցիկ գործոններ: Հայաստանը հայտնի է եղել իրբեւ առեւտրի եւ արհեստների երկիր, որի շնորհիվ տնտեսական ամուր կապեր են հաստատվել Արեւելքի եւ Արեւմուտքի, Հյուսիսի եւ Հարավի երկրների միջեւ: Հայաստանը աշխարհում եղել է առաջին պետությունը, որը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն (301 թ.), իսկ Հայ Առաքելական Եկեղեցին դարեր ի վեր համաշխարհային հանրության կողմից ճանաչված է որպես միեւնույն լեզուն եւ մշակույթն ունեցող հայկական լեռնաշխհարհում հազարամյակներ շարունակ ապրող բնիկ ժողովրդի ներկայացուցիչ: Հայ Առաքելական Եկեղեցին նաեւ համարվում է քրիստոնեության պատմական նախահայրը աշխարհում:
Մեծ է Հայ Առաքելական Եկեղեցու դերը հայոց պետականության ստեղծման, կայացման եւ գոյատեւման գործում: Տարբեր դարաշրջաններում Հայաստանը՝ պարբերաբար կորցնելով իր պետականությունը, շարունակել է ճանաչվել շնորհիվ Հայ Առաքելական եկեղեցու, քանի որ վեջինս փոխարինել է Հայոց պետությանը եւ եղել ազգի շահերի միակ պաշտպանը:
Հայաստան պետությունը զբաղեցրել է Հայակական լեռնաշխարհի (Մեծ Հայք, Փոքր Հայք եւ Կիլիկիա) շուրջ 400 հազար քառ.կմ տարածք եւ գտնվել է առեւտրական ճանապարհների խաչմերուկներում՝ հարեւան պետությունների «ազգային շահերի» էպիկենտրոնում: Այդ իսկ պատճառով, Հայաստանի տարածքի զգաի մասը պարբերաբար նվաճվել է եւ այսօր էլ հիմնականում գտնվում է Թուրքիայի կազմում, որը հետեւողականորեն իրականացրել է հայերի բնաջնջման քաղաքականություն: Այդ տարածքներում ապրող բնիկ ժողովրդի մեծ մասը ֆիզիկական բնաջնջումից փրկվելու համար ստիպված է եղել արտագաղթել աշխարհի տարբեր երկրներ: Տարածքների կորստի եւ ցեղասպանության հետեւանքով երկու ժամանակակից հայկական պետությունները` ՀՀ-ը եւ ԼՂՀ-ն, այժմ զբաղեցնում են Հայաստանի պատմական տարածքի 10 տոկոսից պակաս տարածք, որից Հայաստանի Հանրապետությունը՝ 29.740 քառ.կմ 3.02 մլն բնակչությամբ, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ 11.5 հազար քառ.կմ 146 հազար բնակչությամբ:
Այս է պատճառը, որ Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման հարցն այսօր Հայաստանի Հանրապետության եւ ամբողջ հայության համար հանդիսանում է հայ պետականության ամբողջականությունը վերահաստատելու տեսանելի ճանապարհ, որը ենթադրում է բռնազավթված տարածքների եւ բռնագանձված ազգային հարստության փոխհատուցումը:
Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունը մինչ այժմ որպես այդպիսին ժխտվում է Թուրքիայի կողմից, սակայն այն ճանաչել են աշխարհի 24 պետություններ: Հետաքրքրական է, որ պաշտոնական Անկարան, որը հանդիսանում է Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդը եւ կտրականապես ժխտում է ցեղասպանության բուն փաստը, ժամանակին առաջինն է ճանաչել այդ ցեղասպանությունը: Այսպես, 1919 թ. հուլիսի 5-ին հրապարակվել է Օսմանյան Թուրքիայի Առաջին ռազմական արտակարգ դատարանի վերդիկտը` Թալեաթին, Էնվերին, Ջեմալին, Նազիմին, Սայիդ Հալիմին, Շաքիր Բեհաէդդինին, Ազմիին՝ թվով 11 ոճրագործների, մահվան դատապարտելու վերաբերյալ: Հրապարակված մեղադրականում ասված է. «Հայերի տեղահանության ընթացքում` տարբեր ժամանակներում ? զանազան բնակավայրերում տեղի ունեցած հանցագործությունները ? դրանց քննությունները ցույց են տալիս, որ դրանք ոչ թե սահմանափակ կամ տեղական բնույթ են ունեցել, այլ կանխամտածված իրագործվել են «Հատուկ կենտրոնի» բանավոր հրահանգներով ? գաղտնի հրամաններով: Լիովին ապացուցված է, որ այդ կոտորածները տեղի են ունեցել Թալեաթ, Էնվեր ? Ջեմալ բեյերի անմիջական հրամաններով ? գիտությամբ»:
Ըստ էության, Օսմանյան դատարանի վերդիկտը հանդիսանում է Հայոց ցեղասպանության փաստի դե ֆակտո եւ դե յուրե ընդունումը` դատաիրավական մակարդակով, ? այդ վերդիկտը լեգիտիմ է առ այսօր: Եվ հետեւաբար, ըստ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Նիկոլայ Հովհանիսյանի, Հայաստանի Հանրապետությունը եւ ամբողջ աշխարհով սփռված հայկական Սփյուռքի կազմակերպությունները արդի Թուրքիայի կառավարությունից պետք է պահանջեն ճանաչել ոչ թե Հայոց ցեղասպանությունը, (այն արդեն ճանաչվել է 1919 թ.), այլ այն պատմական փաստը, որն արտացոլված է իր նախորդի` Օսմանյան պետության, կառավարության կողմից այդ հարցի վերաբերյալ դատաիրավական մակարդակով ընդունված որոշման մեջ:
Ցեղասպանությունից հետո, չնայած մի շարք միջազգային պայմանագրերի, Արեւմտյան Հայաստանը փաստորեն մնաց Թուրքիայի տիրապետության տակ, իսկ Արեւելյան Հանյաստանի մի մասի վրա սկզբում հաստատվեց Հայաստանի առաջին (1918 թ.), եւ ապա երկրորդ՝ Խորհրդային Հանրապետությունը (1920 թ.), որը հետագայում մտավ ԽՍՀՄ կազմի մեջ:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ 20-րդ դարի վերջին, սկսվում է Հայաստանի երրորդ Հանրապետության պատմությունը: 1990 թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ օրենքի հիման վրա եւ 1990 թ.-ի օգոստոսի 23-ի անկախության հռչակագրով 1991թ.-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը հռչակեց իր պետական անկախությունը եւ դարձավ միջազգային իրավունքի սուբյեկտ: Սակայն նորանկախ Հայաստանի Հանրապետությունը իր Հռչակագրում անորոշ է թողնում իր իրավահաջորդության հարցը:
Այսպիսով, ստացվում է, որ բազմադարյան պետականության պատմություն ? 301 թ. քրիստոնեությունն որպես պետական կրոն հռչակած Հայաստանը 20-րդ դարի վերջին միջազգային աշխարհակարգում ներկայացվում է որպես նոր պետություն:
Համաշխարհային հանրության կողմից Հայաստանի Հանրապետությունը որպես միջազգային իրավունքի նոր սուբյեկտ դիտարկելը, մեր գնահատմամբ, հակասում է միջազգային իրավունքի պատմական իրողությանը եւ տրամաբանությանը: Միեւնույն ժամանակ միջագգային հանրությունն ընդունում է, որ 4-րդ դարից ի վեր այս տարածքում բնակվում է նույն հայ ազգը իր նույն լեզվով եւ կրոնով, նույն մշակույթով եւ ավանդույթներով: Հայտնի է նաեւ, որ պատմության բոլոր այն ժամանակահատվածներում, երբ Հայաստանը զրկված է եղել իր պետականությունը ունենալու հնարավորությունից, պետականության գործառույթները ամբողջովին իրականացրել է Հայ Առաքելական Եկեղեցին, որն անգամ նվաճողների կողմից դիտարկվել է որպես Հայաստանի ժողովուրդը ներկայացնող միակ «լեգիտիմ» կառույց, որպես երկկողմանի` եւ քաղաքական, եւ տնտեսական միջազգային իրավունքի սուբյեկտ՝ միակ հարկահավաք եւ միակ հարկատու: Ժամանակակից Հայաստանում եւս Հայ Առաքելական Եկեղեցին համարվում է երկրի հիմնական կրոնական հաստատությունը:
Ներկայիս Հայաստանի Հանրապետությունը` որպես պետական կառույց, հանդիսանում է համաշխարհային քաղաքակրթության կողմից ճանաչված հնագույն պետական աշխարհագրական տարածաշրջանի մի հատվածը, որը պահպանել է նույն լեզուն, կրոնը, մշակույթը եւ ավանդույթները:
Ըստ էության, ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից Հայաստանի Հանրապետությունը պետք է դիտարկվի՝ ելնելով վերոշարադրյալ պատմական իրողության տրամաբանությունից:
Այս նույն տրամաբանությունն էլ, մեր համոզմամբ, պետք է դրվի համահայկական տնտեսական ռազմավարության հիմքում՝ հաշվի առնելով համահայկական միասնականացված ազգային գաղափարախոսությունը եւ քաղաքականությունը: Համահայկական միասնականացված տնտեսական ռազմավարության հաջող իրականացման պայմաններում Հայաստանը կհաստատի իր արժանապատիվ դիրքը եւ հաջողությամբ կինտեգրվի համաշխարհային տնտեսական եւ շուկայական համակարգերում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
ՈՐՊԵՍ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ԵՎ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍ
Նորանկախ Հայաստանի Հանրապետությունը ծնվեց տնտեսական եւ քաղաքական ոչ բարենպաստ իրավիճակում: 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը, որի ժամանակ ավերվեց երկրի տարածքի շուրջ 60%, առաջին իսկ վայրկյանում զոհվեց շուրջ 6500 մարդ: Հարյուր հազարավոր մարդիկ դարձան հաշմանդամ եւ հետագայում մահացան: Փրկվածները մնացին անօթեւան ձմռան բաց երկնքի տակ:
Դրան հաջորդեց Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ՀՀ տնտեսական շրջափակումը եւ Ղարաբաղյան պատերազմը: Երկիրը հայտնվեց բարդ տնտեսական ու քաղաքական իրավիճակում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանի Հանրապետությունն իր այս ծանր խնդիների հետ մնաց մեն-մենակ: ՀՀ-ի 3,5 մլն բնակչության զգալի մասն իր փրկությունն այդ ժամանակ գտավ արտագաղթի մեջ. 1990-1996 թթ. երկրից արտագաղթեց շուրջ 600 հազար մարդ, որոնց մեծ մասը` Ռուսաստան:
Պետական անկախություն ստացած Հայաստանի կառավարությունը՝ հրաժարվելով նախկին պետական կենտրոնացված սեփականության եւ բաշխման սկզբունքներից, կտրուկ շրջադարձ կատարեց դեպի շուկայական համակարգ` չունենալով շուկայական օրենքները տնտեսության մեջ կիրառելու տեսական գիտելիքներ եւ բավարար փորձ: Արդյունքում երկրի տնտեսական ամբողջ ներուժը քայքայվեց, որն անխուսափելիորեն ստեղծեց երկարատեւ եւ խորը ճգնաժամ: Քայքայվեցին ժամանակին բարձր արտադրողականություն ունեցող ծանր եւ թեթեւ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, էներգետիկան եւ ժողովրդական տնտեսության մյուս ճյուղերը: 1999-2006 թթ. Հայաստանի արդյունաբերական ներուժը կրճատվեց 4-5 անգամ: Հայկական ատոմակայանի փակման հետեւանքով երկիրը զրկվեց էլեկտրոէներգիայի արտադրության հիմնական աղբյուրից եւ էլեկտրոէներգիա արտահանող երկրից վերածվեց մեծ ծավալների էներգակիրներ ներկրող երկրի:
Քաղաքական իշխանությունը նվաճած ՀՀՇ-ն փաստորեն ժառանգեց ԽՍՀՄ-ի եւ կոմունիստական կուսակցության պետական կառավարմանը բնորոշ դասակարգային ատելության գաղափարը եւ կիրառեց այն նորանկախ Հայաստանի տնտեսական կառավարման մեջ` քայքայելով տասնամյակների ընթացքում ստեղծված ազգային տնտեսական պոտենցիալը եւ տնտեսական համակարգն ամբողջությամբ:
Հայաստանը հապճեպորեն շարժվեց դեպի համաշխարհային շուկայական համակարգ, չունենալով անցումային շրջանի համար նախապես մշակված ռազմավարական ծրագիր, շուկայական պայմաններում տնտեսավարման տեսական եւ գործնական փորձ, հմտություն, ինչպես նաեւ չպահպանելով ավանդական առեւտրա-տնտեսական կապերը: Արդունքում Հայաստանի Հանրապետությունը մի կողմից դարձավ հումքի աղբյուրներ եւ աշխատանքային ռեսուրսներ արտահանող երկիր, իսկ մյուս կողմից՝ ինքնիշխան պետության ամենաթանկ ռեսուրսը հանդիսացող ներքին ապրանքային շուկան իր ամբողջ տարողությամբ հանձնեց ներկրողներին: Այս պայմաններում երկիրը չունենալով արտադրությունը կազմակերպելու անհարժեշտ ռեսուրսներ, չստեղծեց բավարար շրջանառու միջոցներ գոյություն ունեցող արտադրական հզորությունները արդյունավետ շահագործելու համար: Դրա հետեւանքով Հայաստանում փաստորեն տիրեց զանգվածային գործազրկություն, աննախադեպ ծավալների արտագաղթ, որն իր առաջացրած բազմաթիվ բացասական հետեւանքներին ավելացրեց եւս մեկը՝ դարձավ բնակչության նորմալ վերարտադրությունը արգելակող էական գործոն:
Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը՝ չունենալով իր ժողովրդի սպառողական պահանջարկը բավարարելու համար անհրաժեշտ արտադրա-տնտեսական պոտենցիալ, ստիպված կիրառեց ազատ առեւտրի կամ «բաց դռների» քաղաքականություն, որը ոչ ճիշտ տնտեսագիտական հաշվարկների հետեւանքով երկրի տնտեսությունը եւ ներքին ապրանքային շուկան բերեց արտաքին շուկայից ստրկական կախվածության:
Ճգնաժամային վիճակում հայտնված են եղել բազմաթիվ երկրներ: ԱՄՆ-ն, օրինակ, անցյալ դարի սկզբին երկրում տիրած ճգնաժամային վիճակից դուրս գալու համար եւս սահմանել էր «բաց դռների» քաղաքականություն, սակայն հետեւողականորեն կիրառելով շուկայագիտության հիմնական սկզբունքներն ու մեթոդները, արագորեն դուրս էր եկել ճգնաժամից, իսկ հետագայում նաեւ՝ կարողացել հաստատել իր տնտեսական գերիշխանությունը ամբողջ աշխարհում: Դա հնարավոր էր դարձել միմիայն պետության կողմից ազատ շուկայական մրցակցության գործընթացի կառավարման եւ խիստ վերահսկողության, մոնոպոլիաների չարաշահող գործողությունների հետեւողականորեն սահմանափակման, լրացուցիչ բոնուսների միջոցով Եվրոպայի եւ աշխարհի առաջատար մասնագետների ներհոսքը ուժեղացնելու, գիտելիքատար տեխնոլոգիաներ արտադրության մեջ ներդնելու շնորհիվ:
Համաշխարհային տնտեսական ճգնաժամերի պատմության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջին 100 տարում գրեթե բոլոր զարգացած եւ զարգացող երկրները ունեցել են շուկայական էկոնոմիկայի անցումային փուլ, ճգնաժամեր եւ ճգնաժամերից դուրս գալու ուղիներ: Այդ փուլերում կարեւորագույն, առանցքային ռազմավարությունը պետությունները իրականացրել են հետեւյալ ուղղություններով.
Առաջին. Մասնավոր սեփականության իրավունքի բացարձակ գերակայության պայմաններում պետության կողմից ստեղծվել է ազատ տնտեսական մրցակցություն, որի կանոնների կատարումը խստորեն վերահսկվել է պետության կողմից:
Երկրորդ. Պետական խիստ վերահսկողություն է իրականացվել նաեւ տնտեսության մենաշնորհների նկատմամբ: Այս վերահսկողությունը խիստ կարեւոր է նախ եւ առաջ այն պատճառով, որ դրանով վնասազերծվում էր մոնոպոլիաների կողմից կիրառվող դեմպինգի քաղաքականությունը, քանի որ դեմպինգի կիրառումով վերանում էր ազատ մրցակցությունը, ոչնչացվում էին փոքր եւ միջին ձեռներեցությունը, իսկ դա արդեն հակասում էր ազատ շուկայական ձեռներեցությունը զարգացնելու եւ տնտեսական հզորությունը ուժեղացնելու պետության քաղաքականությանը: 1889 թ.-ին, օրինակ, ԱՄՆ կառավարությունն ընդունել էր հակամոնոպոլիստական պետական օրենսդրություն, որով 1891 թ.-ին հարված էր հասցվել ԱՄՆ-ում նավթային եւ քիմիական արտադրության 90 տոկոսի սեփականատեր Ռոքֆելլերին: Նրա մոնոպոլիան վերակառուցվեց, եւ ստեղծվեցին 30-ից ավելի մասնաճյուղեր եւ դուստր ձեռնարկություններ: Հակամոնոպոլիստական ԱՄՆ օրենսդրության շնորհիվ Մորգանի եւ մյուս մոնոպոլիստների գերշահույթի զգալի մասը օրենսդրությամբ մտավ պետական բյուջե, բուռն զարգացում ապրեց մանր եւ միջին բիզնեսը, եւ վերջինիս տված արտադրանքի ծավալը մեկ տասնամյակի ընթացքում կազմեց ԱՄՆ համախառն արտադրանքի 50 տոկոսը: Համեմատության համար նշենք, որ Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների արտադրանքի ծավալը չի գերազանցում Հայաստանի ներքին արտադրության ընդհանուր ծավալի 4 տոկոսը:
Երրորդ. Տնտեսապես զարգացած պետություններում տնտեսության վերակառուցումն իրականացվել է գիտատեխնիկական վերազինման եւ վերափոխման կտրուկ շրջադարձի միջոցով՝ ներքին արտադրական, տնտեսական, գիտատեխնիկական, կադրային եւ այլ ներուժի պահպանմամբ:
Չորրորդ. Տնտեսապես զարգացած պետությունները, որպես կանոն, հովանավորել են ուղիղ ներդրումների ավելացման քաղաքականությունը, ինչի շնորհիվ ընդլայնվել են գիտելիքահենք արտադրության ճյուղերը, մեծացել է երկրի գիտական արտադրանքի եւ դրա արտահանման ծավալը, որը նպաստել է պետական բյուջե մտնող կապիտալի ծավալի ավելացմանը, կասեցվել է «ուղեղների արտահոսքը»:
Վերոհիշյալ ուղղություններում հաջողությամբ կենսագործելով ներտնտեսական գիտելիքահենք կառավարման քաղաքականությունը, այդ երկրները պահպանել են իրենց ճյուղային, ապրանքային եւ տարածքային կայուն զարգացման գործընթացը, ինչը հզոր տնտեսական պատնեշ է հանդիսացել արտաքին տնտեսական ինտերվենցիայի դեմ:
Անհարժեշտ է նշել, որ համաշխարհային ճգնաժամերի պատմության մեջ անցումային փուլը երկար չի տեւել. ԱՄՆ-ում այն տեւել է 5-7 տարի, եվրոպական երկրներում՝ մինչեւ 10 տարի, իսկ Ռուսաստանում՝ միչեւ 13 տարի, մինչդեռ Հայաստանում ճգնաժամը շարունակվում է 22 տարի, որի ընթացքում երկրում փոփոխվել է միայն կառավարությունները, այն էլ 12 անգամ:
Հայաստանի մամուլում մշտապես խոսվում է այն մասին, որ Հայաստանի օրենսդիր, գործադիր եւ դատական կառույցներում աշխատում են մեծ թվով գործարարներ, մինչդեռ Հայաստանի ԱԺ պատգամավորներն, օրինակ, ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգի 9.1. հոդվածի եւ ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն` չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:
Հայաստանի տնտեսության վրա բացասաբար ազդող նման գործոնների շարքը կարելի է շարունակել: Հակառակ այն բանի, որ պետական անվտանգության ռազմավարության եւ պետական այլ ակտերի մեջ նշված է, որ օրենքը Հայաստանում ունի գերակա ուժ, սակայն իրականում այդ սկզբունքը այդպես էլ չի իրականացվում: Դրա հետեւանքով մոնոպոլիաների շահերը Հայաստանում գերակա ազդեցություն են ունենում օրենսդիր, գործադիր եւ դատական կառույցների գործունեության վրա: Երբ օրենքները իրենց կիրառության ընթացքում խեղաթյուրվելով ենթարկվում են մոնոպոլիստական շահերին, պետական կառավարման կառույցներն իրենց գործունեությամբ դառնում են մոնոպոլիստական շահերի կամակատար, ինչը երեւում է հայելու էֆեկտի օրինակով, որտեղ հայելու մեջ երեւույթը երեւում է պարզորեն, սակայն հակադարձ դիրքով:
Նկարում պատկերված հայելու էֆեկտը ցույց է տալիս, թե ինչպես գործող պետական կառույցները, մոնոպոլիաների շահերի ազդեցության տակ` մոնոպոլիստական կառույցներից ստորադաս դիրքում են հայտնվում:
Այսպիսով, իրականում պետական կառավարման նման մոդելը հանդիսանում է պետական քողարկված կոռուպցիայի բացահայտ դրսեւորում:
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ներկա պայմաններում ճգնաժամային իրավիճակը ոչ միայն չի հաղթահարում, այլեւ այն ավելի է խորացվում, իսկ Հայաստանի Հանրապետությունը միջազգային ֆինանսական եւ տնտեսական դաշտերում կորցնելով իր վարկանիշը, անխուսափելիորեն սահում է դեպի պետության քաղաքական ճգնաժամ:
Փաստորեն, Հայաստանի Հանրապետության մոնոպոլացված տնտեսության մեջ գոյություն ունի ճգնաժամերի պատմության մեջ աննախադեպ մի երեւույթ, երբ գործող մոնոպոլիաները շահագրգռված են ճգնաժամը երկարաձգելու մեջ` դրանով ապահովելով իրենց մոնոպոլ շահույթը: Իսկ պետական եւ հասարականան շահերը դառնում են այս երեւույթի ուղղակի պատանդը:
Մեր խորը համոզմամբ, ներքին ճգնաժամային իրավիճակից դուրս գալու եւ համաշխարհային ճգնաժամին դիմակայելու գլխավոր ուղին տնտեսության սեփական ներուժի բոլոր աղբյուրների հիման վրա սեփական արտադրանքով բնակչության հիմնական պահանջների բավարարումն է: Այս դեպքում երկիրը կարող է դառնալ ինքնաբավ, հզոր, արտաքին շուկայի ինտերվենցիային դիմակայող եւ համաշխարհային տնտեսական շուկայի հավասարազոր «խաղացող»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ (1991-2014թթ.),
ԱՌԿԱ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ
Հանրապետության սոցիալ-տնտեսական արդի վիճակը.
Տարբեր տվյալներով, հայերը աշխարհում 10-12 մլն. են: Հայ ժողովրդի գերակշռող զանգվածը 1375թ. Կիլիկիայի թագավորության կործանումից հետո ֆիզիկական բնաջնջումից խուսափելու նպատակով բնակություն է հաստատել աշխարհի 4 կողմերում, այդ թվում շուրջ 100 պետություններում՝ ստեղծելով կազմակերպված գաղթօջախներ: Այժմ սփյուռքի հայության թվաքանակը տարբեր տվյալներով կազմում է 7-9 մլն. մարդ:
2013թ. Հայաստանի Հանրապետության վիճակագրական տարեգրքի տվյալներով, պատմական Հայաստանի 400 հազ. ք.կմ. տարածքից Հայաստանի Հանրապետությանը մնացել է 29743 ք.կմ., որտեղ բնակվում է 3026,9 հազար մարդ: Մայրաքաղաք Եր?անում բնակվում է 1մլն 66 հազար մարդ կամ հանրապետության բնակչության 31.8%: Բնակչության խտությունը Երեւանում կազմում է 1 ք.կմ. վրա 4782 մարդ այն դեպքում, երբ հանրապետությունում միջին խտությունը կազմում է 102 մարդ 1 ք.կմ վրա: Անհրաժեշտ է նշել, որ Հայաստանի վիճակագրական տարեգրքում մարդկանց թիվը մեծ է իրականից, քանի որ ըստ պետական վիճակագրական ծառայության հաշվառման մեթոդիկայի, հաշվառման մեջ են մտնում նաեւ տվյալ պահի դրությամբ հանրապետությունից ժամանակավոր բացակայողները, որոնց բացարձակ թիվը տվյալ աղբյուրում չի նշված:
Հայաստանի Հանրապետությունում բնակչության կենսամակարդակը բնորոշող ցուցանիշ է անձնական սպառման մեջ պարենային ? ոչ պարենային ապրանքների հարաբերակցությունը: Վերջին տասնամյակում պարենային ապրանքները սպառման ապրանքների ընդհանուր ծավալի մեջ կազմում են 60-61%, ոչ պարենայինը` 39-40%: Ընդ որում պարենային ապրանքների սպառման մեջ հաց-հացամթերքի ? միս-մսամթերքի բաժինները կազմում են 20-ական տոկոս, որը վկայում է ժողովրդի սննդի սպառման ռացիոնի ցածր կալորիականության վիճակի մասին:
Հայաստանի բնակչությունը 1970-1989 թթ. եւ 1989-2013 թթ. ունեցել է հետեւյալ պատկերը.
Աղյուսակ 1
ՀՀ բնակչության թվաքանակը 1970-2013թթ.
(հազար մարդ)
Աղյուսակի տվյալներից երեւում է, որ 1970-1989 թթ. հանրապետության բնակչությունը աճել է 967 700 մարդով, իսկ 2013թ.-ին 1989 թ.-ի նկատմամբ նվազել է 421 700 մարդով:
1970-1989 թթ., որը հանդիսանում է Հայաստանի տնտեսական բուռն զարգացման ժամանակաշրջան, բնակչության թվաքանակը աճել է 956700 մարդով, կամ միջին տարեկան աճը կազմել է շուրջ 50350 մարդ: Եթե 1970-1989 թթ. բնակչության միջին տարեկան աճը տարածենք հաջորդ 14 տարիների վրա, ապա հանրապետության բնակչության թվաքանակը կավելանար եւս 700 հազար մարդով, մինչդեռ 1989-2013 թթ. բնակչության թվաքանակը հանրապետությունում ստեղծված իրավիճակում փաստորեն նվազել է 421700 մարդով: Միեւնույն ժամանակ, պաշտոնական տվյալներով, հայերի թվաքանակը 1989-2013 թթ. ՌԴ-ում աճել է ավելի քան մեկ միլիոն մարդով, ԱՄՆ-ում շուրջ 300 հազարով, Եվրոպայում` շուրջ 300 հազարով եւ այլն: Հայտնի է, որ երբ բնակչության արտահոսքի գործընթացը՝ կախված երկրի տնտեսական կամ քաղաքական ոչ բարենպաստ իրավիճակից, լինում է կարճաժամկետ, այն կարելի է որակել որպես պատահական երեւույթ, իսկ այն դեպքում, երբ ճգնաժամային իրավիճակը լինում է երկարատեւ եւ գնալով խորանում է, ապա այդ երեւույթը որակվում է որպես բնակչության դեպոպուլյացիա: Որպես կանոն, դեպոպուլյացիան տեղի է ունենում պատերազմների, համաճարակների, բնության աղետների հետ?անքով: Հայաստանի դեպքում դեպոպուլյացիան, մեր կարծիքով, տեղի է ունենում ներքին կամ արտաքին ուժերի ազդեցության տակ ազգաբնակչությունը նվազեցնելու քողարկված քաղաքականության հետեւանքով:
Արտադրություն. Տնտեսության բնականոն զարգացման վիճակը բնորոշում են սեփական արտադրության համեմատությամբ ներկրվող ապրանքների ծավալների հարաբերակցությունը, ինչպես նաեւ ներկրվող եւ արտահանվող ապրանքների ծավալների ցուցանիշները եւ միտումները: Ինչպես նշված է ՀՀ Կայուն զարգացման ծրագրում (ՀԿԶԾ), «անցումային ժամանակաշրջանում սեփական արտադրության ծավալները օբյեկտիվորեն կրճատվում են»:
Իրականում, բնակչության պահանջարկի բավարարման նպատակով ՀՀ-ը ստիպված է անշեղորեն ավելացնել ապրանքների ներկրումը: Այսպես, 2010թ. Հայաստանից արտահանվել է 1041.1 մլն ԱՄՆ դոլարի ապրանք ? ներմուծել՝ 3749.0 մլն ԱՄՆ դոլարի: Ներմուծումը գերազանցում է արտահանմանը ավելի քան 2708.0 մլն ԱՄՆ դոլարով կամ շուրջ 3 անգամ:
2012թ. դրությամբ, համապատասխանաբար, 13802.0, 42612.2 ? 2880.0, կամ ներմուծումը եղել է 2.3 անգամ ավելի, քան արտահանումը:
Ներկայացված թվերից երեւում է, որ Հայաստանի Հանրապետությունը արտաքին շուկայից տնտեսական մեծ կախվածության վիճակում է գտնվում:
ՀՀ-ում ներմուծվող ապրանքների ընդհանուր ծավալում գերազանցում է պարենային ապրանքների բաժինը, իսկ արտահանման ընդհանուր ծավալի մեջ գերազանցում են հումքը եւ հանքանյութերը: Նման իրավիճակից պարզ երեւում է, որ ՀՀ տնտեսությունը գտնվում է ծայրագույն ճգնաժամային վիճակում եւ երկրի արտաքին առեւտրական հաշվեկշռում եղած հարաբերակցությունը արմատապես փոխելը ՀՀ կառավարման քաղաքականության լրջագույն խնդիրն է: Հապաղումը օր օրի էլ ավելի է խորացնում առկա տնտեսական ճգնաժամը:
ՀՀ-ը արտաքին շուկայից տնտեսական կախյալ վիճակը ի վերջո բերելու է նաեւ քաղաքական կախվածության մեծացման` ընդհուպ մինչեւ երկրի անկախության կորստի:
Գյուղատնտեսություն. Հատկանշական է, որ կառավարության կողմից հաստատված Հայաստանի զարգացման ռազմավարական ծրագրում (ՀԶՌԾ) գյուղատնտեսությունը դիտարկվում է որպես Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղ, որի արտադրության ծավալը ներկայում ավելին է, քան արդյունաբերության ծավալը: Մինչդեռ մինչ անկախացումը Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղ էր համարվում արդյունաբերությունը, որի տեսակարար կշիռը ազգային ներքին արտադրանքի ծավալի մեջ կազմում էր շուրջ 60 տոկոս:
Հայաստանի Հանրապեստությունը մինչ անկախությունը, ԽՍՀՄ-ում եւ աշխարհում ուներ արդյունաբերական երկրի վարկանիշ: Օրինակ, Հայաստանը հաստոցաշինական արտադրանքի արտահանումով գրավում էր չորրորդ տեղը ԽՍՀՄ-ում եւ ապահովում էր ռաֆինացված պղնձի ԽՍՀՄ-ի արտահանման մոտ կեսը: Բնակչության մեկ շնչին ընկնող թեթեւ արդյունաբերության արտադրանքի առանձին տեսակների գծով Հայաստանը գերազանցում էր նույնիսկ ԱՄՆ-ն: Հայաստանը հանդիսանում էր նաեւ ԽՍՀՄ-ի գիտական եւ տեխնիկական մշակումների կարեւոր կենտրոններից մեկը:
Չթերագնահատելով գյուղատնտեսության առաջատար նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ, պետք է արձանագրել, որ այդ շրջանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը երկրի համախառն արտադրանքի ծավալի մեջ կազմել է ոչ ավելի, քան 40 տոկոս: Զարմանալի է, որ անկախության տարիների ընթացքում ՀՀ իրար հաջորդող կառավարությունները վարել են Հայաստանը գյուղատնտեսական երկիր դարձնելու քաղաքականություն:
Սակայն, խորը եւ երկարատեւ ճգնաժամից դուրս գալու հիմնական ուղին գյուղատնտեսության նկատմամբ արդյունաբերության ավելի բարձր զարգացումն է, եւ չնայած գյուղատնտեսությունը ավանդաբար Հայաստանի համար հանդիսացել է հիմնական տնտեսական ճյուղերից մեկը, սակայն այս ճյուղի գերակա զարգացումը արդյունաբերության նկատմամբ երբեք չի կարող առանցքային դառնալ հանրապետության տնտեսության երկարաժամկետ ռազմավարության տեսանկյունից: Առավել եւս այն դեպքում, երբ ՀՀ-ում, ուր գյուղատնտեսությունը համարվում է գերակա ճյուղ, հողի կուլտիվացման, վերարտադրության ուղղությամբ որեւէ ակնհայտ որակական տեղաշարժ եւ բարելավում դեռեւս չի դիտարկվում, այլ ընդհակառակը, այդ բնագավառում տեղի է ունեցել ակնհայտ անկում: Այսպես, 1995-2013 թթ. վարելահողերը նվազել են, որը երեւում է ստորեւ ներկայացված աղյուսակում.
Աղյուսակ 2
Գյուղատնտեսական նշանակության հողերը
Հայաստանի Հանրապետությունում 1995-2013 թթ.
(1000 հա)
Աղյուսակի տվյալներից երեւում է, որ 2013 թվականին 1995 թ.-ի նկատմամբ գյուղատնտեսական նշանակության հողերը ընդարձակվել են 47 տոկոսով, սակայն վարելահողերը նվազել են բացարձակ թվով 35.1 հազար հեկտարով, կամ 7.3 տոկոսով: 2013 թվականին վարելահողերը կազմել են գյուղատնտեսական նշանակության հողերի ընդհանուր ծավալի 21.9 տոկոսը 1995 թ.ի 34.8 տոկոսի դիմաց, կամ նվազել են 12.9 տոկոսային կետով:
Այսպիսով, գյուղատնտեսության մեջ վարելահողերի նվազումը վկայում է, որ անգամ այս ճյուղի նկատմամբ կառավարության կողմից վարվել է անբավարար քաղաքականություն:
Գիտություն. ՀՀ տնտեսության վերազինման հիմքը պետք է լինի գիտական նորամուծությունների ակտիվ ներդրումը, որտեղ առաջնային դերը պատկանում է գիտությանը եւ գիտական կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը:
Հայ տնտեսագիտական ժամանակակից գիտությունն ունի իր ավանդույթները, որոնք պահպանվել եւ ժամանակին օգտագործվել են համաշխարհային տնտեսագիտության մեջ: Այդպիսի գիտական օջախներ են հանդիսացել Միքայել Քոթանյանի անվան Հայաստանի Ազգային ակադեմիայի տնտեսագիտական ինստիտուտը, Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը եւ Երեւանի ժողովրդական տնտեսության համալսարանը, Մ.Ադոնցի անվան տնտեսագիտության եւ կառավարման ինստիտուտը եւ այլն:
Նախկինում Հայաստանի տնտեսության զարգացման պետական պլանների նախագծերը կազմվել են վերոհիշյալ գիտական հաստատությունների առաջատար տնտեսագետների, այդ թվում Հ.Թումանյանի, Ն. Մանասերյանի, Ա.Ավենեսյանի, Գ. Ղարիբյանի, Է. Օրդյանի, Յու. Սուվարյանի, Գ. Վարդանյանի, Թ. Մանասերյանի, Վ. Բոստանջյանի Ա. Դարբինյանի եւ շատ ուրիշների կողմից: Նրանց տնտեսագիտական աշխատությունների հիմնադրույթները Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարության իրական բանալիներ են, որոնք սակայն, չնայած մասնագիտական շրջաններում ունեցած ճանաչմանը, մեծամասամբ կիրառություն չեն ստացել:
Դիտարկվող շրջանում զգալի նվազել է տնտեսագիտական կադրերի թիվը, որը երեւում է ստորեւ բերված տվյալներից.
Վերը նշված աղյուսակի տվյալներից երեւում է, որ 2008-2012 թթ. ընթացքում գիտական մասնագետների ընդհանուր թիվը նվազել է 16.3%-ով, այդ թվում տնտեսագիտական մասնագետների թիվը նվազել է 44%-ով, սոցիալական մասնագետները` 30%, իսկ քաղաքական մասնագետների թվաքանակն աճել է 80%-ով:
Դիտարկվող ժամանակաշրջանում գիտական կադրերի նվազեցման հետ մեկտեղ նվազել է նաեւ գիտատեխնիկական աշխատանքների ընդհանուր ծավալը. 2008թ. 9422 մլն դրամի դիմաց 2012թ. այն կազմել է 5104.1 մլն դրամ: Գումարը նվազել է 4318.0 մլն դրամով, կամ 45%-ով, այդ թվում հետազոտությունների եւ մշակումների ծախսերը 2008թ. 8619.6 մլն դրամի դիմաց 2012թ. կազմել են 4966.4 մլն դրամ, կամ ծախսերը նվազել են 3653.2 մլն դրամով, կամ 40%: Այդ երեւույթը հանգեցնելու է ՀՀ-ում գիտության հիմքերի քայքայմանը, ինչն էլ իր հերթին ավելի է խորացնելու երկրի տնտեսական ճգնաժամը:
Բազմաթիվ երկրներ ճգնաժամային անցումային շրջանում ընտրում են գիտելիքահենք արտադրության կազմակերպման, տնտեսագիտորեն հիմնավորված կառավարման քաղաքական կուրս, որի շնորհիվ՝ լինելով երբեմնի թույլ զարգացած երկիր, կարճ ժամանակում հայտնվել են է տնտեսապես եւ սոցիալապես բարձր զարգացած երկրների շարքում:
Գիտելիքահենք տնտեսությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում տնտեսության բոլոր ճյուղերի արտադրողականության բարձրացման համար: Այն իր հերթին խթան է հանդիսանում միջազգային շուկայում ամենաբարձր պահանջարկ ունեցող գիտական արտադրանքի ծավալի մեծացման համար:
Եթե Հայաստանը իրապես վարի գիտելիքահենք տնտեսության եւ տնտեսագիտահենք կառավարման քաղաքականություն, ինչպես դա նույն Հայաստանում անում են օտարերկրյա ընկերությունները (400 ռուսաստանյան եւ հարյուրավոր այլ երկրների): Նրանք հաջողությամբ օգտագործելով Հայաստանում առկա գիտական եւ այլ ներուժը, արտահանում են Հայաստանում ստեղծված գիտելիքահենք արտադրանքը եւ դրանից ստացվող շահույթը: Եւ եթե ՀՀ կառավարությունը վարեր համապատասխան քաղաքականություն, ապա հայաստանյան ձեռնարկությունները եւս կդառնային շահութաբեր, զարկ կտրվեր տեղական արտադրությանը, որի հետեւանքով ՀՀ-ը ներկրող երկիրից կվերածվեր արտահանողի:
Ընդհանրապես, գիտելիքահենք տնտեսությունն առավելապես ճյուղային ուղղվածություն ունի, իսկ տնտեսագիտահենք կառավարումը՝ ընդհանուր տնտեսական ուղղվածություն: Այդ երկուսի սերտաճումը մի կողմից բերում է տեղական արտադրանքի արտահանման եւ վալյուտային մուտքերի ծավալների աճ, մյուս կողմից` երկրի բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացման: Այս դեպքում ճգնաժամային իրավիճակից դուրս գալու այս շրջադարձային գործընթացը վերածվում է տնտեսական վերելքի ելակետի:
Բազմաթիվ երկրների օրինակները հաստատում են, որ տնտեսագիտահենք կառավարումը՝ մենեջմենթը, հանդիսանում է հզոր մեխանիզմ երկիրը ճգնաժամից դուրս հանելու գործընթացում:
Ինչպես վերը նշվեց, Հայաստանի Հանրապետության վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի գիտության տարբեր ոլորտների մեջ պետական ֆինանսավորման ծավալը գնալով նվազում է, սակայն այս պայմաններում անգամ եղած գիտական ներուժը թույլ է տալիս ստեղծել գիտելիքահենք տնտեսություն: Սակայն այժմ, Հայաստանում գրեթե բացակայում են միջազգային մենեջմենթի մեթոդներին տիրապետող մասնագետներ, որը օբյեկտիվորեն նվազեցնում է Հայաստանի էկոնոմիկայի առաջընթաց զարգացման հնարավորությունները: Ի դեպ, համաշխարհային շուկայական մրցադաշտում միջազգային մենեջմենթի հայ մասնագետներն ունեն բարձր վարկանիշ եւ նրանց տնտեսավարման կառավարման հարուստ փորձը շատ օգտակար կլիներ Հայաստանի Հանրապետությունում:
Շուկայագիտությունը Հայաստանում
Հայ առեւտրի պատմությունն ավելի հին է, քան հայոց պետությունը, հայոց կրոնը, հայոց տառերը: Առեւտուրը հանդիսացել է մարդկային քաղաքակրթության առաջին գլոբալ մշակույթը: Առեւտուր իրականացնելու համար մարդը հաշվել է վաճառված եւ չվաճառված ապրանքը, կտրել է մետաղյա դրամանիշներ ապրանք գնելու համար, երկրից արտահանելու համար ստեղծել է ցամաքային, ջրային, հետագայում օդային փոխադրամիջոցներ, սովորել է ներմուծող երկրների ազգային սովորույթները, լեզուն եւ այլն: Առեւտրին պարտական են մաթեմատիկական, աստղաբաշխական, տեխնիկական ? հումանիտար գրեթե բոլոր գիտական հայտնագործությունները: Առեւտրականները եղել են մարդկանց պահանջմունքների եւ շուկաների մասին տեղեկությունների կրողներն ու տարածողները: Հայ վաճառականները եղել են հայոց թագավորության գանձարանի աղբյուրը, եկեղեցիներ, ճանապարհներ, կամուջներ կառուցողները, դպրոցների հիմնադիրները, ժողովրդի բարերարները, ինչպես նաեւ նվաճող սուլթանների ու խաների համար՝ ամենավստահելի հարկատուները: Այդ մասին են վկայում շուրջ 100 պետություններում հայերի կառուցած վաճառատներն ու հայ քրիստոնեական տաճարները, թագավորական պալատները, գործարանները, դպրոցներն ու հիվանդանոցները:
Այս բոլորը հատուկ ուսումնասիրության առարկա է, որին կանդրադառնանք հետագայում: Անցյալում հայ առեւտրական ընկերությունները ունեցել են շուկաների ուսումնասիրության եւ տնտեսավարման բազմադարյա հարուստ ավանդույթներ եւ հաստատություններ, որոնց կարծիքը եւ նշանակած գները հանդիսացել են չափանիշ միջազգային շուկաներում:
Խորհրդային Հայաստանում շուկայագիտության գիտահետազոտական երկու օջախներ ստեղծվել են դեռեւս 1968 թվականին` Հայաստանի Հանրապետության առեւտրի նախարարության եւ Սպառկոոպերացիայի (Հակոոպ) վարչության համակարգերում: Խորհրդային Միության փլուզումից եւ շուկայական տնտեսական համակարգի անցնելու փուլում Հայաստանի նորակազմ իշխանությունները թվում էր թե պետք է զարգացնեին գոյություն ունեցող շուկայագիտական այդ կարեւոր կառույցները, սակայն իրականում այդ հայ առաջին շուկայագիտական դպրոցները վերացրեցին:
Փաստորեն սեփականաշնորհման գործընթացները ՀՀ-ում ընթացան առանց լուրջ տնտեսագիտկան հիմնավորման եւ դրանց հնարավոր տնտեսական եւ հասարակական հետեւանքների վերլուծության եւ կանխատեսման: «Վայրի» սեփականաշնորհման ընթացքում երկրի արտադրական միջոցները արտահանվեցին թափոնների եւ մետաղական ջարդոնի գներով, իսկ որոշ ժամանակ անց այդ նույն հաստոցների վրա արտադրված արտադրանքը ներկրվեց հանրապետություն:
Ձեռնարկությունների ճնշող մեծամասնությունը դադարեց գործել շրջանառու միջոցների եւ իրացման շուկայի բացակայության պատճառով: Այս իրավիճակն իր հերթին առաջացրեց գործազրկություն, բնակչության կենսամակարդակի կտրուկ նվազում, սոցիալական լարվածություն, քաղաքացիական հասարակության դժգոություն եւ զանգվածային արտագաղթ:
Այս երեւույթը, իհարկե, բնորոշ էր նաեւ անցումային շրջանի այլ երկրներին: Ռուսաստանի Դաշնությունում, օրինակ, այդ փուլում՝ մինչեւ 2000 թ., փակվել էին ավելի քան 300000 խոշոր եւ միջին արդյունաբերական ձեռնարկություններ: Ռուսաստանից այդ շրջանում արտագաղթեց շուրջ 3 մլն մարդ (Ռուսասատնի բնակչությունը կազմում էր շուրջ 150 մլն մարդ): Սակայն սկսած 2000 թ. ՌԴ կառավարության ձեռնարկած կտրուկ քաղաքական շրջադարձի շնորհիվ երկրի տնտեսությունը զարգացավ պետական եւ հասարակական շահերի գերակայության ճանապարհով, որի հետեւանքով հանցագործ տարրերը աստիճանաբար դուրս մղվեցին պետական եւ տնտեսական կառավարման համակարգերից: Դրանից հետո ՌԴ-ն միջազգային շուկայում սկսեց կրկին հանդես գալ որպես տնտեսական եւ քաղաքական ինքնուրույն եւ կայուն դիրք ունեցող պետություն` հենված շուկայական տնտեսավարման միջազգային սկզբունքների եւ կանոնների վրա։
Հայաստանում իրավիճակը զարգացավ այլ կերպ: Արտահանումը եւ ներկրումը մոնոպոլացվեց, մոնոպոլացվեցին ՀՀ ներքին եւ արտաքին շուկաները, որի հետեւանքով առաջացած հարատեւ տնտեսական ճգնաժամը դարձավ մոնոպոլիաների գերհարստացման եւ ամրապնդման անխափան գործոն: Հասարակության աննախադեպ չափերի հասած բեւեռացման հետեւանքով փոքրաթիվ հարուստները տնօրինեցին ազգային հարստության գերակշռող մասը, իսկ ազգաբնակչության մեծ մասը կազմեց աղքատների եւ ծայրահեղ աղքատների խավը:
Նման իրավիճակում մոնոպոլիաների շահույթների զգալի մասը արտահոսում է արտասահմանյան բանկեր: Հանրապետության ռեսուրսների հաշվին ստեղծված շահույթը փաստորեն չի մասնակցում երկրի տնտեսական եւ սոցիալական խնդիրների լուծմանը:
Ստեղծված իրադրության մեջ ճգնաժամը, որը փաստորեն ձեռնտու է միայն մենաշնորհներին՝ դարձավ ոչ միայն ցավալի իրավիճակ, այլեւ երկրի ներքին որոշ ուժերի շահերից բխող «կառավարման քաղաքական կուրս»։ Նման իրավիճակը լիարժեք մանդատ էր տարբեր համաշխարհային միություններին անդամագրվելու համար, ինչը եւ արվեց երկիրը դարձնելով այդ միությունների երկարաժամկետ հումք արտահանող եւ սպառման ապրանքներ ներկրող շուկայական կցորդը։
Սոցիալական վիճակ. ՀՀ սոցիալական վիճակը բնութագրող ցուցանիշ է ծայրահեղ աղքատների ? աղքատների թիվը, որոնք ստանում են սոցիալական նպաստներ: 2008թ. նրանց թիվը կազմել է բնակչության 29.2%, իսկ 2012թ.՝ 35.2%, որը վկայում է բնակչության սոցիալական անպաշտպանվածության աստիճանի մեծացման մասին:
ՀՀ սոցիալական վիճակի մեկ այլ ցուցանիշ է հիվանդացության միտումները 100000 բնակչի հաշվով:
Աղյուսակ 4
Հիվանդացության միտումները ՀՀ-ում 2008-2012թթ.
100 հազ. մարդու հաշվով
Նշված հիվանդությունները դրսեւորվում են սոցիալական անապահովության եւ էկոլոգիապես անառողջ մթնոլորտի պայմաններում: Էկոլոգիական խնդիրները հանդիսանում են ՀՀ-ում էկոլոգիական անվտանգության անբավարար քաղաքականության արդյունք, որը առաջնահերթ լուծում է պահանջում:
ՀՀ-ում սոցիալական անապահովության պատճառով երիտասարդները ուշ են ամուսնանում, միաժամանակ աճում է ամուսնալուծությունը որը երեւում է ստորեւ բերված աղյուսակից:
Աղյուսակ 5
Ամուսնությունը ? ամուսնալուծությունը ՀՀ-ում 2008-2012թթ.
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ամուսնությունը «ծերանում է», իսկ ամուսնալուծությունը հիմնականում աճում է սոցիալական անապահովության պատճառով։
Մահացությունը աճում է պրոֆհիվանդությունների պատճառով` 100.000 բնակչի հաշվով:
Աղյուսակ 6
Մահացությունը ? նրա պատճառները ՀՀ-ում 2008-2012թթ.
Մահացության աճի պատճառներից են չարորակ նորագոյությունների եւ արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնք սոցիալական վատ պայմանների եւ անբավարար կամ անմատչելի բուժսպասարկման հետեւանք են։
Երկրի տնտեսության թույլ զարգացման մասին է վկայում պետական պարտքերի ցուցանիշի շարժը:
Հայաստանի Հանրապետության արատաքին պետական պարտքերը 2012թ. (3568.197 հազար ԱՄՆ դոլար), 2009թ.-ի (2966.677 հազար ԱՄՆ դոլար) նկատմամբ աճել են 26% ով, որի մարման ծանրությունը ընկնում է գալիք կառավարության վրա, իրականում հանրապետության հարկատուների` ըստ էության բնակչության վրա։
Ի հակառակ 2012-2025 թթ. Հայաստանի զարգացման ռազմավարական ծրագրի ակնկալիքի, որ Հայաստանի Հանրապետությունը ցածր տնտեսական զարգացման երկրների խմբից պետք է անցնի բարձր տնտեսական զարգացում ունեցող երկրների շարքը, իրականում անցած երկու տարների ընթացքում տնտեսության անկման միտումը ավելի է խորացել: Փաստորեն Հայաստանի տնտեսական զարգացման քաղաքականությունը ավելի է սրել երկրի ճգնաժամային իրավիճակը, որի հիմնական պատճառներն են.
ա. ներկրման ծավալների գերազանցումը արտահանման ծավալներից:
բ. արտահանման հաշվեկշռում հումքի եւ հումքանյութերի բաժնի գերակշռող լինելը եւ վերամշակվող արտադրանքի բացակայությունը:
գ. ներկրվող ապրանքների շարունակ աճող ծավալը
դ. ներկրվող ապրանքների շարունակ աճող ծավալի մեջ պարենային ապրանքների բաժնի գերազանցումը ոչ պարենային ապրանքների նկատմամբ,
Այս բոլորը միասին իրենից ներկայացնում է աղքատացող էկոնոմիկայի մոդել:
Մինչդեռ ակնկալվող զարգացում ունեցող տնտեսության իրական մոդելը ենթադրում է.
ա. արտահանման գերազանցումը ներկրումից: Այս դեպքում ապահովվում է բնակչության աշխատանքային զբաղվածությունը, որի հետեւանքով բարձրանում է բնակչության սոցիալական ապահովվածությունը, որն իր հերթին նպաստում է արդյունաբերական ապրանքների եւ վճարովի ծառայությունների նկատմամբ բարձր պահանջարկին:
Մյուս կողմից գերազանցող արտահանումը նպաստում է երկրի ֆինանսական ռեսուրսների էական աճին, եւ դրանց հետագա ներդրմանը արտադրության ընդլայնման եւ գիտատեխնիկական զարգացման մեջ:
բ. ներկրվող ապրանքների ընդհանուր ծավալի մեջ ոչ պարենային ապրանքների բաժնի գերազանցումը պարենայինի նկատմամբ, որը կապահովի բնակչության սոցիալական բարեկեցության բարձր մակարդակ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012-2025ԹԹ.
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱԿՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ
ՀՀ կառավարության կողմից հաստատված 2012-2025 թթ. ռազմավարության տնտեսագիտական ծրագրում առանձնացված է նպատակների հետեւյալ երկու խումբ.
1. «նյութական աղքատությունը դադարի երկրի տնտեսական զարգացման հիմնահարց լինելուց եւ ծայրահեղ աղքատությունը ընդհանրապես վերացվի,
2. ՀՀ-ն միջին զարգացման աստիճանի երկրների խմբից բարձր զարգացում ունեցող երկրների խումբը անցկացնելը եւ տարածքային առաջանցիկ աճի հաշվին տնտեսական անհամաչափ զարգացման զսպումը»:
Ըստ այդ փաստաթղթի, «Կայուն զարգացման ծրագիրը (ԿԶԾ) ունի հետեւյալ ուղղվածությունները՝ «Շրջանակային» քաղաքականություն` առանց պետական ֆինանսավորման եւ «Ուղղակի» կամ «Ներդրումային» քաղաքականություն` պետության ֆինանսավորման հաշվին։ «Ուղղակի» քաղաքականության այլ գերակայություն է համավրել պետական-մասնավոր գործընկերությունը, որը իրականացվում է օտարերկրյա ֆինանսավորմամբ` զարգացման տարածքային անհամաչափությունները մեղման նպատակով։ Ընդ որում, պետք է ապահովվի Կառավարության որոշումների թափանցիկությունը, դրանց մշակմանը քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության միջոցով»:
Մինչդեռ իրականում, եւ նույն այս փաստաթղթի վկայակոչմամբ օտարերկրյա ներդրումների հետեւանքով` այն ոլորտներում, ուր կատարվել են ներդրումներ, տեղական համանման ապրանքների արտադրությունը նախորդ ժամակահատվածում կրճատվել է, եւ փաստորոն պետության կողմից ուղղակի տնտեսական կառավարման հետեւանքով իրականացված ներդրումները առաջացրել են իրենց նպատակների ճիշտ հակադիր արդյունք:
Ինչպես նշված է ծրագրում, «Ճգնաժամին անմիջապես նախորդող տարիներին (2003-2008թթ.) Հայաստանում ձեւավորված տնտեսական աճի մոդելը հիմնված էր արտաքին ֆինանսավորման վրա (օտարերկրյա ուղղակի ներդրումների, պաշտոնական եւ ոչ պաշտոնական տրանսֆերտների), որի ծավալները տարեց տարի աճում էին: Դա պատճառ հանդիսացավ երկնիշ տնտեսական աճի պայմաններում ներմուծման առաջանցիկ աճի, տեղական արդյունաբերական արտադրանքի մրցունակության աստիճանի նվազմանը ներքին շուկայում, ոչ գյուղատնտեսական զբաղվածության (տերմինը իրենցն է) աճի բացակայությանը, ինչպես նաեւ արտահանման հարաբերական եւ բացարձակ կրճատմանը»:
Այս ծրագիրն ուսումասիրելիս կարելի է եզրակացնել, որ պետությունը ի վերջո ընդունել է, որ «ինչպես տնտեսական քաղաքականության, այնպես էլ դրա գործիքակազմի նկատմամբ» տեղի է ունեցել «տեսակետների փոփոխություն», «որը դրսեւորվել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ եւ շարունակվում է մինչ այժմ` հիմնականում շեշտադրելով պետության կարգավորիչ դերի եւ «ուղղակի» քաղաքականության նշանակության մեծացման կարեւորությունը»: Սակայն պետք է ընդգծել, որ բուն ռազմավարական ծրագիրը չի հենվում այս սկզբունքի վրա եւ այն լուրջ վերանայման կարիք ունի` ընդհուպ մինչեւ նոր ռազմավարություն մշակելը` սոցիալ-տնտեսական քաղաքականության մեջ պետության դերի գերակա բարձրացմամբ:
ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՐԸ
ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ,
ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Ինչպես վերը նշվել է, միջազգային ճգնաժամերի պատմության մեջ կան երկրներ, որոնք շնորհիվ կառավարման առաջադեմ մեթոդների եւ տնտեսագիտորեն հիմնավորված օրենքների ներդրման` ստեղծված բացասական գործոնները վերածել են դրականի: Այս առումով հաշվի առնելով Հայաստանի պատմական փորձը եւ հեղինակությունը միջազգային առեւտրում, մեր կածիքով, օգտագործելով հայտնի առաջադեմ մեթոդները, ինչպես նաեւ հայկական Սփյուռքի ներուժը, կարելի էր հմտորեն անցնել տնտեսական ճգնաժամից դեպի տնտեսության զարգացում:
Տարբեր գնահատականներով արժեքային արտահայտությամբ դարերի ընթացքում հայկական սփյուռքի կուտակած համահավաք ներուժը (նյութական, ֆինանսական, գիտական, տեխնիկական եւ այլ միջոցները, այդ թվում նաեւ մարդկային), բազմաթիվ անգամ գերազանցում են Հայաստանի Հանրապետության ազգային հարստության առկա ներուժը: Այն կարող է դառնալ երկրի տնետեսական վերազինման եւ համաշխարհային մակարդակի տնտեսություն կազմակերպելու համար անհրաժեշտ կապիտալ:
Վերջին հարյուրամյակի փորձը հաստատում է, որ Սփյուռքի կապիտալի մի մասը ներդրվել է Հայաստանում իբրեւ բարեգործություն եւ նվիրատվություն: Սակայն ֆինանսական մեծ ծավալի ներդրումների համար հոգեբանական եւ գաղափարական շարժառիթներից բացի Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտ է ունենալ կայուն օրենսդրական հիմք եւ տնտեսական բարենպաստ միջավայր, որը կապահովի երկրի ներդրումային գրավչությունը:
Ընդհանրապես աշխարհում կապիտալ ներդրումներն ունենում են երկու ուղղվածություն եւ նպատակ: Առաջինը` երբ այդ կապիտալը ներ է դրվում տնտեսության որոշակի ճյուղի (կամ տարածաշրջանի) մեջ, ստացած շահույթը հետագայում կրկին այդ ճյուղում (կամ տարածաշրջանում) շրջապտույտ կատարելու նպատակով: Երկրորդ ուղղությունը, երբ կապիտալ ներդրումները կատարվում են ստացված շահույթը այդ տնտեսական գոտուց հանելու նպատակով:
Հայաստանի համար անկախությունից մինչ այժմ բնորոշ է երկրորդ ուղղությունը, մինչդեռ Հայաստանի համար առաջին ուղղությունը տնտեսական եւ քաղաքական անկախության համար ունի գերակա ռազմավարական նշանակություն:
Իսկ որո՞նք են Հայաստանի համար նշված առաջին ուղղությամբ ներդրումներ ունենալու իրական ռեսուրսները: Այդ ռեսուսների հիմնական աղբյուրը, մեր կարծիքով հայկական սփյուռքն է:
«Հայաստանի Հանրապետության 2012-2025 թթ. ռազմավարական ծրագրի ակնկալումները» փաստաթղթում կարեւորվում է սփյուռքի գործոնը, սակայն, ինչպես նշված է այնտեղ, «Սփյուռքի ներդրումները Հայաստանում, եթե անկախության սկզբնական շրջանում աճման միտում ունեին, ապա վերջին տարիներին անշեղորեն նվազման միտում ունեն»:
Փաստորեն ակնհայտ է դառնում, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական կառավարման ներկա քաղաքականության մեջ բացակայում է Սփյուռքի նկատմամբ արդարամիտ եւ վստահություն ներշնչող հետեւողական քաղաքականությունը:
Որպեսզի Սփյուռքի ներուժը դառնա ՀՀ սոցիալ-տնտեսական ռազմավարական զարգացման իրական ռեսուրս, մեր կարծիքով, անհրաժեշտ է ստեղծել.
- Համահայկական միասնականացման ազգային գաղափարոսություն,
- Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ տնտեսագիտորեն հիմնավորված, փոխշահավետ եւ փոխհամաձայնեցված եւ ներդրումային ծրագրեր,
- այդ համատեղ ծրագրերի իրագործումը կազմակերպող եւ կառավարող կառույցներ,
- այդ համատեղ ծրագրերի աշխատանքը կարգավորող եւ Սփյուռքի հետ համաձայնեցված ՀՀ օրենքներ, որոնց պահպանման, կիրառման եւ բազմաստիճան վերահսկողության հարցում պետությունը հանդես կգա իբրեւ գլխավոր երաշխավոր:
Իսկ կա՞ն արդյոք Հայաստանի ճգնաժամից դուրս բերելու նպաստավոր պայմաններ եւ ֆինանսական աղբյուրներ:
Այդ հարցի դրական պատասխանը տալիս են արտասահմանյան ուղիղ ներդրումները, որոնց մեջ առանձնահատուկ դեր ու նշանակություն ունի միջազգային համահայկական կապիտալը, որը կարող է ձեւավորվել եւ ներդրվել Հայաստանի եւ ԼՂՀ-ի տարածքային եւ ճյուղային ռազմավարական ծրագրերում:
Մարդ էակն ի ծնե ունի երկու կարեւոր իրավունք՝ հայրենիքի եւ հավատի, որոնք համաշխարհային հանրության կողմից ընդունվում են որպես ազգային ինքնության առանցք: Հայ մարդն իր հայրենի տարածքում եւ այդ տարածքից դուրս հաճախ ստիպված է եղել ապրել տարբեր օտար կրոնական եւ պետական պատկանելիության դաշտերում: Սակայն նա պահպանել է իր ազգային գիտակցությունը, Հայրենիքի նկատմամբ սիրո զգացումը, որոնք եւ հանդիսանում են ինքնության առանձնահատուկ ուժի դրսեւորում` յուահատուկ «արյան կանչ»:
Հայրենիքի ներկայիս ճգնաժամի եւ դրա աղետալի հետեւանքների գիտակցման այսօրվա իրավիճակում իր ինքնությունը պահպանած յուրաքանչյուր հայի համար «արյան կանչը» վերածվում է ազգային կոչի, եւ ճակատագրական սխալ է չօգտագործել այս իրավիճակն ի նպաստ Հայկական պետականության զարգացման:
ՀՀ որպես ինքնիշխան պետության սոցիալ-տնտեսական ռազմավարական ծրագիրը պետք է հիմնված լինի համահայկական միասնականացման ազգային գաղափարախոսության եւ ամբողջ աշխարհի հայության ողջ ներուժի համակարգված օգտագործման քաղաքականության վրա:
Հայերի բնօրրանի 10 տոկսից էլ պակաս տարածքում հաստատված Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախը աշխարհում բնակվող բոլոր հայերի Հայրենիքի այն պատառիկներն են, որտեղ կա հայկական պետականություն, եւ աշխարհում ապրող յուրաքանչյուր հայ հայկական պետությունների մշտական սատարի կարիք ունի:
Սակայն այդ հայրենինքը պետք է անկախ լինի ոչ միայն հռչակագորվ, այլ նաեւ տնտեսական հզորությամբ, որպեսզի կարողանա լիարժեք պահպանել իր պետական, քաղաքական եւ տնտեսական անկախությունը համաշխարհային շուկայի մրցադաշտում եւ հետո միայն կարողանա սատար լինել աշխարհասփյուռ հայությանը: Հզոր տնտեսություն ստեղծելու համար պետք է ունենալ այն ստեղծելու համահայկական միասնական գաղափարախոսություն, որի հիմնադրույթներից մեկը պետք է լինի փոխադարձ շահը. «այն, ինչ շահեկան է աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի համար՝ օգտակար է հայոց Պետականությանը եւ ընդհակառակը»: Սա լիովին իրատեսական գաղափար է, նկատի ունենալով նաեւ ժամանակակից աշխարհի տրամաբանությունը, իրավական, տնտեսական եւ տեղեկատվական համակարգերը, նորագույն տեխնոլոգիաները եւ այլն:
Սփյուռքը Հայաստանի տնտեսական եւ հասարակական կյանքում մասնակցել է նաեւ անցյալ դարում: 40-ական թվականներին Հայաստան է հայրենադարձվել շուրջ 100 հազար սփյուռքահայ: Որոշ մեծահարուստ հայերի կողմից Հայաստանում կառուցվել են առանձին շինություններ եւ բնակավայրեր: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանները կառուցվել են սփյուռքահայ բարերարներ Նուբար Փաշայի եւ Ալեք Մանուկյանի կողմից: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սփյուռքի հանգանակությունների հաշվին պատրաստվել են տանկային շարասյուներ եւ էսկադրիլիաներ: Բազմաթիվ սփյուռքհայեր մասնավոր կերպով օգնություն են տրամադրել Հայաստանի մշակութային օջախներին եւ այլն: Սփյուռքահայերից շատերն իրենց անձնական մասնակությունն են բերել հայրենիքի կայացմանն ու պաշտպանունակության բարձրացմանը:
Հայաստանի անկախության առաջին իսկ տարիներին Սփյուռքի կողմից Հայաստանին օգնելու գործընթացը ակտիվորեն վերսկսվեց: Սփյուռքում գրեթե բոլորը ոգեւորված էին, որ հայկական պետությունը կրկին վերականգնել է իր անկախությունը: Նրանք այդ անկախության հետ կապում էին հայկական պետականություն ունենալու եւ ազգային պետություն կառուցելու իրենց բաղձալի երազանքը:
Սակայն արտասահմանում ապրող հայերի մոտ, հատկապես գործարար շրջանակներում հետզհետե առաջացավ անվստահություն եւ դժգոհություն, որոնց պատճառը ՀՀ-ում իշխող վերնախավի կողմից ստեղծվող արհեստական կոռուպցիոն բարդություններն էին, օրենքների անկատարությունը եւ փաստացի չգործելը: Սրան ավելանում է նաեւ ՀՀ-ում ներդրված կապիտալի ապահովության նկատմամբ պետական երաշխիքի բացակայությունը:
Այդ տարիներին կոռուպցիան Հայաստանում շատ բազմաշերտ եւ բազմաբնույթ էր: Անարդար սեփականաշնորհման պայմաններում շուկայականից անհամեմատ ցածր գներով սեփականաշնորհվում էին շինություններ, գործարաններ, հողատարածքներ եւ այլն: Սփյուռքի հայերի համար դրանք չափազանց հրապուրիչ էին, քանի որ Սփյուռքում ապրող միջին եւ միջինից ցածր ֆինանսական ապահովվածություն ունեցող քաղաքացին այդ ժամանակ ավելի գնողունակ էր, քան Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, որն ի տարբերություն սփյուռքահայերի, չէր կարող լիարժեք մասնակցել սեփականաշնորհման գործընթացին: Սակայն այդ գործընթացը հասանելի չէր նաեւ Սփյուռքի հայերին` Հայաստանում արդեն ծաղկող կոռուպցիայի պատճառով, որն առաջանում էր քիչ թե շատ լծակներին տիրապետող իշխանաավորների կողմից, որոնք քանդված տնտեսության եւ գործազրկության մեջ գտնվող Հայաստանում իրենց վարչական դիրքը դիտում էին իբրեւ իրենց անձնական բարեկեցության միակ աղբյուր: Ներդրում կատարող բազմաթիվ սփյուռքահայեր զոհ գնացին կոռուպցիային, կազմակերպված եւ հաճախ պետական պաշտոնյաների կողմից հովանավորվող ռեկետին, խաբեությանը, պետական չինովնիկների կողմից կազմակերպված ուրիշի սեփականության իրավունքի յուրացմանը, դատական մարմինների կողմից ուղղորդված եւ անարդար վճիռների կայացմանը եւ այլն:
Այս երեւույթը, որն իր տարբեր դրսեւորումներով եւ ձեւերով շարունակվում է առ այսօր, հանգեցրեց նրան, որ բազմաթիվ սփյուռքահայեր կորցրեցին իրենց ներդրած կապիտալը, հետագայում հրաժարվելով նոր ներդրումներից, ինչը բացասական ազդակ դարձավ նաեւ մյուս սփյուռքահայ գործարարների համար՝ հեռու մնալ Հայաստանում գործարարությամբ զբաղվելուց: Այս ամենը ձեւավորեց Հայաստանում կապիտալ ներդնելու հոգեբանական մեծ արգելք (անվստահություն եւ վախ), որը հզոր խոչընդոտ է հանդիսանում ազգային կարոտի մղումով գործնական քայլեր կատարելու համար:
Մինչդեռ ուղիղ ներդրվող հայկական կապիտալը մի մեծ առավելություն ունի այլ ուղիղ արտասահմանյան ներդրումների նկատմամբ: Այդ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն իր մեջ կրում է Հայրենիքը բարգավաճ դարձնելու նպատակ, որն իր էությամբ հանդիսանում է հայերին բնորոշ առանձնահատուկ վարքագիծ: Հայերի կողմից կատարված ներդրումների զգալի մասը անհատույց կամ գործընկերային ներդրումներ են: Այսպես օրինակ, Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում ավտոճանապարհների կառուցման եւ այլ խոշոր տնտեսական նշանակության ծրագրերի համար հարյուրավոր միլիոն դոլարներ են հավաքվել սփյուռքի կողմից եւ անհատույց ներդրվել: Այդ գործընթացը, թեեւ աստիճանաբար նվազող ծավալներով, այժմ եւս շարունակվում է` ինչը դրական երեւույթ է Հայաստանի տնտեսության զարգացման համար:
Գործընկերային հիմունքներով կատարվող ներդրումները Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ համար ունեն առավել լայն դաշտ եւ հեռանկարներ, սակայն պետական նշանակություն ունեցող նման միջազգային համահայկական համագործակցության վստահություն վայելող ծրագրեր դեռեւս բացակայում են, մինչդեռ դրանք կարող են հանդիսանալ Հայաստանի տնտեսությունը վերականգնելու եւ համաշխարհային շուկայական համակարգում ինտեգրվելու ամենաարդյունավետ ուղիներից մեկը:
Հայաստանում չկան բաժնեմասային սկզբունքով կապիտալի հավաքագրման ծրագրեր, որտեղ պետությունը հանդիսանա այդ ծրագրերի իրականացման եւ ներդրումների երաշխավորն ու վերահսկողը, մինչդեռ, ԱՄՆ բնակչության 70 տոկոսն, օրինակ, հանդիսանում է տնտեսության տարբեր ոլորտներում կատարված ներդրումների բաժնետեր:
Թե անհատույց, եւ թե գործընկերային ներդրումների երկու ուղղություններում էլ Սփյուռքի մասնակցությունն ունի գերակա նշանակություն եւ Հայաստանի, եւ ԼՂՀ համար, ընդ որում այս ուղղություններով ներդրվող ֆինանսական միջոցների իրացման եւ դրանց վերահսկողության հարցում պետության դերն առաջնային է:
Ուղիղ արտաքին ինվեստիցիաները իհարկե հանդիսանում են տնտեսությունն առողջացնելու, վերակառուցելու եւ վերազինելու կարեւորագույն աղբյուր, սակայն որպես կանոն ֆինանսական ինվեստիցիաների մեջ առկա է ներդրողի քողարկված շահը: Ուստի արտասահմանյան ներդրումները ոչ թե «ոսկեբեր անձրեւներ» են, այլ «ոսկետար գետեր»: Տնտեսության կառավարման կարեւորագույն խնդիրն է այդ «գետերի ջրերը» օգտագործել «սեփական հողերը ջրելու համար», այլ ոչ թե թույլ տալ, որ այն արտահոսի երկրկից, ինչպես. օրինակ, դա տեղի է ունենում Հայաստանում գործող բանկերի կողմից ցածր տոկոսադրույքով արտասահմանից ներգրավված եւ ՀՀ-ում բարձր տոկոսադրույքներով տրվող վարկերի դեպքում: Այդ բանկերի գերշահույթները երկրից դուրս են գալիս եւ չեն մասնակցում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին եւ իրականում հանդիսանում են Հայաստանի տնտեսության համար «բարբարոսական կապալ», որի բեռն ամբողջությամբ ընկնում է Հայաստանի բնակչության ուսերին:
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՒՄ
Խաչը տիրոջը զորավոր է դարձնում,
զենքը զինվորին՝ զորավար
Սփյուռքին համախմբելու եւ Հայկական պետությունների տնտեսական եւ այլ խնդիրների լուծմանը մասնակից դարձնելու առումով հսկայական դերակատարություն ունի Հայ Առաքելական Եկեղեցին: Հայ Առաքելական Եկեղեցու առաջատար դերը Հայոց պետականության կայացման եւ պահանման գործում պատմական մեծ անցյալ ունի:
Քրիստոնեությունը որպես դավանանք իր ստեղծման երեքհարյուրամյա պատմությունից հետո 301 թվականին աշխարհում որպես պետական կրոն առաջին անգամ ընդունվեց Հայաստանում` Հայոց Տրդատ թագավորի օրոք։
Գրիգոր Լուսավորիչը դարձավ Հայ Առաքելական Եկեղեցու առաջին Կաթողիկոսը, պետականորեն քրիստոնեության առաջին տարածողը Հայաստանում։ Նախկին հեթանոսական բազմաստված տաճարների տեղում կառուցվեցին նոր, քրիստոնեական եկեղեցիներ եւ վանքեր։ Հեթանոսական եկեղեցիների հարստությունը բաժանվեց ժողովրդին, իսկ կալվածքները դարձան քրիստոնեական եկեղեցու սեփականությունը։ Գրիգոր Լուսավորիչի թոռ Գրիգորիսը եղել է պատմական Հայաստանի Արցախի աշխարհի Հայ Առաքելական Եկեղեցու առաջին Կաթողիկոսը:
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը աշխարհի հայ քրիստոնյաների մայրաքաղաքն է՝ գլխավոր սրբատեղին ? Վեհափառ Հայրապետ Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի նստավայրը։
301թ. մինչ այսօր Սուրբ Էջմիածնի դռները միշտ բաց են եղել բոլորի համար։ Եթե Հայոց պետականությունը տարբեր դարերում նվաճող ցեղերի եւ պետությունների կողմից երբեմն կործանվել է, Հայ Առաքելական Եկեղեցին միշտ շարունակել է գործել` որպես հայ ազգի միակ հավաքական կառույց՝ պահպանելով իր առաքինի ու վեհաշուք կերպարը նույնիսկ տիրապետող խաների, սուլթանների ու թագավորների առաջ։ Այդ ժամանակահատվածներում Ամենայն Հայոց կաթողիկոսը, լինելով անթագավոր եւ անիշխան երկրի հովվապետը` անգամ օտար ծայրագույն իշխանավորների առաջ երբեք գլուխ չի խոնարհել եւ այդ պահվածքը ամրագրել է խաների, սուլթանների ու ցարերի հետ կնքված հատուկ պայմանագրերով:
Երկիրը նվաճողների կողմից Հայ Առաքելական Եկեղեցին ըստ արժանվույն գնահատվել է երկու հիմնական պատճառներով.
1. Ոչ մի նվաճողի չի հաջողվել անգամ Հայաստանը գրավելուց եւ երկրի պետականությունը վերացնելուց հետո բռնությամբ ստիպել հայ ազգին կրոնափոխ լինել։ Եթե այդպիսի պահանջ է ներկայացվել, ապա հայ Հովվապետը մի ձեռքում խաչը, մյուսում՝ սուրը, մահու եւ կենաց կռիվ է տվել եւ հաղթանակով շարունակել իր հավատացյալ ազգի հետ աղոթել միակ Աստծուն: Նրա օրհնությամբ Հայ Առաքելական Եկեղեցին իր հավատացյալների մեջ սերմանել է բարիության, ինքնազոհության, աշխարհի խաղաղության գաղափարները։
2. Հայ Առաքելական եկեղեցին, պետականության բացակայության պայմաններում եղել է իր ժողովրդի միակ կազմակերպված կառավաարման կենտրոնը եւ նվաճող պետությունների համար հանդիսացել է միակ հարկահավաքը եւ հարկատուն:
Հայության համար քրիստոնյա հավատքը դարձել է ինքնության պաշտպանության յուրահատուկ գործոն: Դրա շնորհիվ ժողովուրդը բազմաթիվ պատերազմներ է մղել հանուն հավատքի, եւ շնորհիվ իր ազգային ոգու հզորության եւ ազգի միաբանության տարել է բազմաթիվ հաղթանակներ:
Հայ Առաքելական Եկեղեցին է եղել ազգը միավորող եւ առաջնորդող այն հոգեւոր ուժը, որը նրան տարել է դեպի անվերապահ հաղթանակների: Ազգի ոգին եւ ազգի հավատքը դարձել են միաձույլ հզոր ուժ, որը հաղթահարելով բոլոր տեսակի սպառնալիքներ եւ վախ, տարել է վճռական հաղթանակներ:
Այժմ էլ անգնահատելի է Հայ Առաքելական Եկեղեցու դերը 7-9 մլն սփյուռքահայերի եւ Հայաստանի հայերի հոգուտ Հայոց պետականության միասնական համագործակցության գործում։
Սփյուռքի տարբեր գաղթօջախներում Հայ Առաքելական եկեղեցին մինչ այսօր շարունակում է մնալ ազգը միավորող, հայ ինքնությունը պահպանող ամենաազդեցիկ ուժը, եւ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարական ծրագիրը կազմելու եւ իրականացնելու գործում Հայ Առաքելական Եկեղեցու ներուժը հաշվի առնելը կունենա որոշիչ նշանակություն:
Հայ Առաքելական եկեղեցու ակտիվ մասնակցությամբ, ըստ էության, հնարավոր է ոչ միայն էականորեն բարձրացնել երկու Հայկական պետությունների տնտեսական զարգացման արդյունավետությունը, այլեւ որակապես մի նոր աստիճանի բարձրացնել Հայոց պետականություն-Սփյուռք-Հայ Առաքելական Եկեղեցի համագործակցությունը: Եկեղեցին, այսպիսով, կվերադառնա պետականաշինության եւ ազգի միավորման իր սուրբ առաքելության իրագործմանը:
ՄԵԾ ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԵՎ
ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետությունը 1991 թ. ստանալով քաղաքական անկախություն, իրավունք ստացավ մտնել համաշխարհային տնտեսական համակարգ: Ըստ էության, դրանով նա դարձավ համաշխարհային տնտեսության օրգանական մասը:
Հայաստանի տնտեսական զարգացման ռազմավարական ծրագիրը կազմելիս պետք է հաշվի առնել մեկ ամբողջություն դարձած եւ բազմաթիվ թելերով փոխկապակցված համաշխարհային շուկայի փոփոխությունների միտումները ու զարգացման վեկտորները:
Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունեցող եւ հարաբերությունների էլ ավելի սերտացման ձգտող Հայաստանը (ինչպես էլ որ հիմնավորվի այդ սերտացման անհրաժեշտությունը` տնտեսական, անվտանգության եւ այլն), ըստ էության ունի երեք հիմնական հնարավորություններ.
1. Գնալ դեպի Եվրոպական միության եւ ընդհանրապես Արեւմուտքի շուկա, որտեղ Հայաստանը դեռեւս չունի մրցակցային առավելություն, նյութական բազա, այդ շուկայի պահանջներին բավարարող եւ նրա չափորոշիչներին համապատասխանող ապրանքներ եւ ներկայումս այդ շուկայում կայուն սեգմենտ գրավելու իրական հնարավորություն:
2. ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարները կապել հիմնականում Ռուսաստանի եւ Մաքսային միության շուկայի հետ.
3. Ռուսաստանի եւ մաքսային Միությանը զուգահեռ գտնել տնտեսական համագործակցության զարգացման հնարավոր նոր վեկտորներ, հենվելով ավանդական եւ պատմական կապերի վրա:
3-րդ կետի առումով պետք է նշել, որ այդպիսի ուղղություններ կարող են դառնալ տնտեսական հարաբերությունների զարգացումը Իրանի եւ Չինաստանի հետ:
Այդ հարաբերությունները բնավ չեն հակասում, այլ ընդհակառակը լրացնում են դեպի ռուսաստանյան եւ Մաքսային միության շուկա կողմորոշումը, ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական առոմով: Նման կապերի զարգացումը ՀՀ տնտեսության համար կապահովի որոշակի դիվերսիֆիկացիայի հնարավորություններ: Առավել եւս, որ այս երկու երկրների հետ էլ Հայաստանը ունեցել է հազարամյա առեւտրական ակտիվ հարաբերությունների ավանդույթներ եւ պատմություն:
Եթե Իրանի հետ ՀՀ տնտեսական հարաբերությունների սերտացումն ու զարգացումը ներկայումս փոքր-ինչ բարդացած է Իրան-Արեւմուտք ոչ այնքան բարենպաստ եւ լարված հարաբերություւների պատճառով, որոնք առանձնակի սրվել են Իրանի Ատոմային էներգետիկ ծրագրի հետ կապված, ապա Չինաստանի պարագայում նման բարդություններ չկան:
Թողնենք հայ-իրանական տնտեսական հարաբերությունների հարցի քննարկումն առանձին հետազոտության եւ այժմ մի փոքր անդրադառնանք հայ-չինական առեւտրա-տնտեսական կապերի պատմությանը:
Հայաստանը դարեր շարունակ առեւտրական կապեր է ունեցել Չինաստանի հետ` Մետաքսի ճանապարհի դարաշրջանում եւ մեծ ավանդ ունի այդ ճանապարհի կայացման մեջ:
Մեծ Մետաքսի ճանապարհն իր սկիզբն է առել Չինաստանի Սիան քաղաքից, որտեղից այն ճյուղավորվել է հյուսիսային եւ հարավային ուղղություններով: Չինացիք իրենց երկիրն անվանում են Երկիր մոլորակի կենտրոն՝ Չժուն Գուո, որը չինարենից թարգմանվում է Կենտրոն եւ պետություն: Չինաստանը աշխարհում հայտնի է որպես մետաքսի, թղթի, վառոդի գյուտերի եւ թեյի հայրենիք։ Չինական պարիսպը աշխարհի յոթ հրաշալիքներից մեկն է, որը մինչ այսօր պահպանվել է իր սկզբնական տեսքով։ Ի դեպ, չինական պարսպի կառուցման սկզբունքը լայնորեն կիրառել են նաեւ հայ շինարարները:
Առեւտուրը Մեծ Մետաքսի ճանապարհով սկսվել է II դարում մ.թ.ա. իմպերատոր Ու-դիի ժամանակ։ Պալատական Չժան Ցյանը առաջարկում է իմպերատորին երկրից արտահանել մետաքս եւ փոխանակել այն ձիերի, մրգերի եւ գինու եւ այլ ապրանքների հետ։
Ասիայում շոգ եղենակին մետաքսը հարմար եւ գեղեցիկ գործվածք էր, որի շնորհիվ այն մեծ պահանջարկ ուներ։ Բացի մետաքսից Չինաստանից արտահանվում էր ճենապակի, մետաղյա ամենեղեն, բրինձ, թեյ, դիմահարդարանքի միջոցներ եւ այլն, իսկ Ասիայից եւ Կովկասից Չինաստանը ներմուծում էր ձիեր, ռազմական հանդերձանք, ոսկի, արծաթ, կիսաթանկարժեք մետաղներ, կաշի, բուրդ, բամբակյա արտադրանք, առյուծներ, վագրեր, որսորդական շներ եւ այլն։
Մեծ Մետաքսի ճանապարհը հզոր զարկ տվեց հայ առեւտրին. մեծացան ապրանքների շրջանառության ծավալները, ընդլայնվեցին շուկայի շրջանակները:
Հայոց Արքայից Արքա Արտաշեսը սեփական միջոցներով կառուցեց Մեծ Մետաքսի ճանապարհի մաս կազմող եւ դեպի Հայաստանի մայրաքաղաք՝ Արտաշատ տանող ընդարձակ մայրուղին, որը կոչեց «Արքայական ճանապարհ»։ Հայ առեւտրականների քարավանները մեծացան, ուղտերի թիվը քարավաններում հասավ մինչեւ 200-ի: Քարավաններին որպես կանոն ուղեկցում էին հայկական զինված ջոկատները` ճանապարհի անվտանգությունն ապահովելու նպատակով, ինչպես նաեւ վանականներ, երգիչներ, խոհարարներ, բժիշկներ, արհեստավորներ եւ այլ մասնագետներ, որոնք սպասարկում էին քարավանի անձնակազմին մինչեւ ապրանքների վաճառվելն ու փոխանակելը։ Ուղեկցող անձնակազմի մասնագետները Չինաստանում հիմնում էին իրենց «Փոքր բիզնեսը» եւ ստանում լրացուցիչ եկամուտներ։ Հայ առեւտրականները գործնական բոլոր բանակցությունները վարում էին հյուրասիրության սեղանի շուրջ, որը նրանց տալիս էր «մրցակցային առավելություն» ապրանքները վաճառելու եւ գնումներ կատարելու ընթացքում։ Սպասարկող անձնակազմը հաճախ մնում էր վաճառքի վայրերում՝ իրականացնելով բուն վաճառքը, իսկ առ?տրականները վերադառնում էին ապրանքների նոր խմբաքանակ բերելու նպատակով:
Այսպիսով վաճառքն իրականացնողներից զգալի մասը՝ հարմարվելով տեղի բնակիչների լեզվին, կենցաղային սովորություններին, նույնիսկ ամուսնանում էին տեղաբնակների հետ, ստեղծում էին բնակավայրեր իրենց ենթակառուցվածքներով, դպոցներ, մամուլի միջոցներ եւ այլն։ Տարիների ընթացքում հայ քրիստոնյա վաճառականների համար միայն Ավետարանը անբավարար էր, ուստի այստեղ եւս կառուցվում էին վանքեր։ Հայ պատմահայր՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» աշխատությունում (5-րդ դար) նշված է, որ հայերը կառուցում էին հայկական եկեղեցիներ եւ չինացիների շրջանում տարածում քրիստոնեությունը։
Հայ-չինական հարաբերությունների հազարամյա պատմությունն իր դրոշմն է դրել երկու հնագույն ժողովուրդների կյանքի տնտեսական, մշակութային, ազգային, կրոնական եւ այլ ոլորտներում:
Հայերենում բազմաթիվ բառերի ծագումնաբանությունը կապված է Չինաստանի հետ: Օրինակ, գեղեցկություն բառի հոմանիշն է հանդիսանում չնաշխարհիկ բառը: Ճենապակի բառը նշանակում է ապակի՝ բերված Չինաստանից: Հայաստանում երկու արքայական՝ Մամիկոնյան եւ Օրբելյան տոհմերն ունեն չինական ծագում: Ավետարանի չինարեն առաջին թարգմանությունը հայ առեւտրականների հովանավորությամբ կատարել է կանտոնաբնակ հայ հոգեւորական եւ չինարենի ուսուցիչ Հովհաննես Ղազարյանը:
Հայաստանի եւ Չինաստանի առնչությունները ձոնվել են երգերում, դրանց մասին գրվել են գեղարվեստական գործեր, որոնցից մեկը միջնադարյան ուզբեկ նշանավոր պոետ Ալիշեր Նավոյիի «Ֆահրադ եւ Շիրին» պոեմն է՝ նվիրված չինական արքայական տոհմի թագաժառանգ դյուցազն Ֆահրադի եւ հայ գեղեցկուհի Շիրինի սիրո պատմությանը։ Ֆահրադը հանուն իր սիրուհի Շիրինի հայկական լեռների մեջ բացում է ճանապարհ, կառուցում շատրվաններով եւ զարդաքանդակներով հրաշալի պալատ եւ այն նվիրում է իր սիրուհի Շիրինին։ Այդ պոեմը թարգմանվել է շատ լեզուներով։
Չինարեն «սիաո կան» հասկացությունը, որը նշանակում է «կյանքի միջին բարեկեցության մակարդակով ապրող հասարակություն» շատ համահոնչ է հայկական մտածելակերպին, որն արտահայտվում է «քչով չբավարարվողը` շատին չի հասնի» հայտնի ասույթի հետ:
Հայ-չինական հարաբերությունները այժմ էլ հանդիսանում են Հայաստանի գիտական աշխարհի ուսումնասիրության առարկա: Այսպես, 2011 թվականին Երեւանում, Հայաստանի Ազգային Ակադեմիայի Պատմության ինստիտուտը կազմակերպել էր Միջազգային համաժողով, նվիրված հայ-չինական քաղաքակրթական ներթափանցման հարցերին: Չինաստանի եւ Հայաստանի հարաբերությունների մասին բազմաթիվ գիտական աշխատություններ են հրատարակվել՝ սկսած 4-րդ դարից մինչեւ այսօր, որոնց մասին փաստաթղթերը պահպանվում են Երեւանի հին ձեռագրերի եւ փաստաթղթերի պահպանման եւ ուսումնասիրման կենտրոն Մաշտոցի անվան Մատենադարանում:
Հետաքրքրական է, որ անվանի գերմանական «Մաքսպլանկ» կազմակերպությունը եւ Օքսֆորդի համալսարանի դասախոս Գարեթ Գելենթալը 2014 թվականին հրապարակել են գիտական հետազոտություն եւ առցանց քարտեզ այն մասին, թե ինչ գենետիկ առնչություններ կան աշխարհի տարբեր ժողովուրդների միջեւ: Այս աշխատության մեջ ներկայացված տվյալներով, հայկական գենը չինացիների գենոֆոնդում կազմում է 3.9 տոկոս, մինչդեռ հարեւան ճապոնական գենը չինական գենոֆոնդի մեջ կազմում է ընդամենը 0.6 տոկոս: Ըստ այդ հետազոտության, հայկական գենը առկա է աշխարհի 33 ազգերի գենոֆոնդում, այդ թվում՝ լեզգինների մոտ ՝ 13.8 տոկոս, վրացինների մոտ՝ 12.4 տոկոս, թուրքերի մոտ՝ 9.9 տոկոս, իրանցիների մոտ՝ 7.5 տոկոս եւ այլն:
Մեծ Մետաքսի ճանապարհը մեծ դեր է խաղացել պետությունների եւ ազգերի միջեւ կրոնական, տնտեսական, կենցաղային, մշակութային հարաբերությունների ձեւավորման եւ միմյանց մեջ ներթափանցելու գործընթացին:
Մեծ Մետաքսի ճանապարհի ամենանշանավոր դերը կայանում էր նրանում, որ բոլոր այն երկրները, որոնց տարածքով անցնում էր այդ ճանապարհը, պարտադիր ապահովում էին առեւտրականների եւ նրանց ապրանքների անվտանգությունը՝ անկախ նրանց կրոնական եւ այլ պատկանելիության:
Սակայն հետագայում անգլիական Օստ-Ինդիա ընկերությունը՝ ցանկանալով նվաճել չինական շուկան, Չինաստան ներկրեց եւ այնտեղ տարածեց թմրանյութեր եւ այդ երկիրը երկու հարյուր տարուց ավելի պահեց ստրկական կախվածության մեջ:
Բարբարոս հրոսակների հարձակումների հետեւանքով Մեծ Մետաքսի Ճանապարհը որպես այդպիսին 15-րդ դարում դադարեց գործել: Սակայն հետագայում, 20-րդ դարի սկզբներին, կապիտալիզմի բուռն զարգացումն ապրող Օվկիանոսային երկրներ Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն էժան հումքի աղբյուրներ եւ նոր շուկաներ նվաճելու նպատակով ձգտեցին նվաճել բնական պաշարներով հարուստ եվրասիական երկրները: Այդ նպատակով 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Ռուսաստանի եւ եվրասիական երկրների վերաբերյալ հատուկ տնտեսագիտական հետազոտություններ կատարվեցին: Ռուս տնտեսագետ Վլադիմիր Ուլյանովը իր «Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում» եւ անգլիացի տնտեսագետ Զելֆորդ Մակինդերը «Պատմության աշխարհագրական առանցքը» աշխատություններում տնտեսագիտական գնահատական տվեցին աշխարհագրական այդ շրջանների տնտեսական ներուժի վերաբերյալ: Լենինը վերոհիշյալ աշխատության մեջ եզրակացնում է, որ Ռուսաստանն իր կապիտալի կենտրոնացման եւ արտադրության համակենտրոնացման մակարդակով Եվրոպայում գրավում է առաջին տեղը, իսկ Գերմանիան իր տեխնիկական պոտենցիալով կարող է առաջիկայում առաջ անցնել Անգլիայից, եւ միանալով Ռուսաստանի հետ, մոտ ապագայում կուլ կտա Անգլիային եվրոպական շուկայական մրցապայքարում:
Մակինդերն իր աշխատության մեջ նշում է, որ եվրասիական առանցքում, որը ձգվում է Եվրոպայից մինչեւ Չինաստան, տեղաբաշխված է աշխարհի մարդկային եւ բնական ռեսուրսների 30-35 տոկոսը: Այդ առանցքի կենտրոնական դերը պատկանում է Ռուսաստանին եւ, ըստ նրա, որ կտիրի Ռուսաստանին, նա էլ կիշխի Եվրասիական առանցքին, իսկ ով կիշխի Եվրասիական առանցքին՝ նա կդառնա աշխարհի տերը:
Նման հետեւություններից բխող հեռանկարը ԱՄՆ եւ Անգլիայի համար մահացու մարտահրավեր էր: Այն կանխելու եւ պատմության անիվը շրջելու համար Օվկիանոսային երկրներն ընդունում են 20-րդ դարի գլխավոր ռազմավարական ծրագիը: Անգլիան, որն այն ժամանակ իշխում էր համաշխարհային շուկայի 25 տոկոսին, ուներ հակասությունները տնտեսական մեթոդներով եւ էվոլյուցիոն ճանապարհով կարգավորելու հարուստ փորձ: ԱՄՆ եւ Անգլիան սկսեցին հսկայական միջոցներ ծախսել իրենց երկրում ստեղծված մարքսիստական տեսությունը Ռուսաստան արտահանելու համար, որը նրանց պատկերացմամբ պետք է քաոս մտցներ եւ թուլացներ իրենց գլխավոր մրցակցին: Ըստ մարքսիստական տեսության, պրոլետարիատը համաշխարհային հեղափոխության միջոցով կթոթափի ստրկական շղթաները եւ կհաստատի իր դիկտատուրան աշխարհում: Վլադիմիր Ուլյանովը «զարգացնելով» այս տեսությունը, եզրահանգեց, որ կարելի է պրոլետարիատական հեղափոխություն իրականացնել միայն մեկ երկրում, այն էլ՝ Ռուսաստանում: Այս գաղափարն ուղղված էր Ռուսական իմպերիայի կործանմանը:
Այսպիսով, 1917 թվականին Ռուսաստանում Անգլիան եւ ԱՄՆ Գերմանական բանկերի մասնակցությամբ իրականացրերին մի նախագիծ, երբ հեղափոխության հաղթանակի միջոցով Ռուսական կայսրությանը հասցվեց երեք հզոր հարված` քաղաքական, կրոնական եւ սոցիալ-տնտեսական: Քաղաքական հարվածի նպատակն էր երկրում պրոլետարիատի դիկտատուրայի հաստատումով վերացնել ցարական կառավարման համակարգը: Կրոնական հարվածը ուղղված էր Ռուս ուղղափառ եկեղեցուն, որը փոխարինվեց աթեիզմով` կտրելով ռուս ժողովրդին իր հոգեւոր եւ պատմական արմատներից: Սոցիալ-տնտեսական հարվածի նպատակն էր քաոս հաստատել Ռուսաստանի տնտեսական համակարգում` վերացնելով մասնավոր սեփականությունը արտադրամիջոցների եւ հողի նկատմամբ, ինչը պետք է կաթվածահար աներ ամբողջ տնտեսությունը:
1928 թվականին ԱՄՆ-ում տեղի ունեցավ կապիտալիստական աշխարհի ամենամեծ ճգնաժամը` «Մեծ դեպրեսիան»: Ճգնաժամից դուրս գալու համար անգլո-ամերիկյան ֆինանսական կապիտալը անցավ եվրասիական շուկան նվաճելուն ուղղված իրենց նախապես մշակված ռազմավարական ծրագրի նոր փուլի իրականացմանը` որի գլխավոր նպատակն էր երկու խոշոր պետությունների՝ Ռուսաստանի եւ Գերմանիայի միջեւ ստեղծել ռազմական հակամարտություն, որը կհանգեցներ այդ երկրների տնտեսապես թուլացմանը եւ կախվածությանը օվկիանոսային պետություններից:
1933 թ. ավստրիացի անհաջող նկարիչ, հետագայում քաղաքական շիզոֆրենիկ Ադոլֆ Շիկլգրուբերը ընդունում է Գերմանական քաղաքացիություն եւ որոշ ժամանակ անց դառնում է Գերմանական նացիզմի լիդերը` Ադոլֆ Հիտլեր անունով: Նացիզմի նպատակն էր հասնել համաշխարհային տիրապետության, բայց առաջնահերթ խնդիրը` պատերազմի միջոցով Ռուսաստանը գրավելը եւ նրա ողջ հսկայական ռեսուրսներին տիրանալն էր: Գերմանական էկոնոմիկան ռազմական ռելսերի վրա տեղափոխելու ամբողջ ծրագիրն իրականացվեց անգլո-ամերիկյան ուղղորդման` ֆինանսական եւ գիտա-տեխնիկական աջակցության միջոցով:
ԱՄՆ եւ Անգլիան գիտատեխնիկական եւ ֆինանսական մեծ աջակցություն ցուցաբերեցին նաեւ ԽՍՀՄ տնտեսությունը ռազմական ռելսերի վրա տեղափոխելու խնդրում՝ արդեն Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում:
Օվկիանոսային պետությունների կողմից երկու եվրոպական երկրներում հետեւողականորեն իրականացվեց գաղափարական թշնամության սերմանման քաղաքականությունը եւ 1941-45 թթ. Եվրոպայի ամենահզոր պետություններ Գերմանիան եւ ԽՍՀՄ-ը հայտնվեցին ռազմական դաշտում դեմ առ դեմ: Այդ պատերազմն իր մեջ ներքաշեց մոտ 1.5 մլրդ մարդ ամբողջ աշխարհից, որոնց կյանքը անգլո-ամերիկյան ֆինանսական իմպերիայի համար որեւէ արժեք չէր ներկայացնում:
Պատերազմի արդյունքում ԱՄՆ-ն, որը 1928-1933 թթ. ճգնաժամից հետո ուներ հսկայական պետական պարտքեր, Անգլիայի հետ միասին պատերազմից ստացված ֆինանսական օգուտների հաշվին լցրեցին իրենց պետական գանձարանները` Եվրոպայի եւ աշխարհի երկրների հաշվին, իսկ Գերմանիան եւ ԽՍՀՄ-ը, եվրոպակական մի շարք երկրների հետ մեկտեղ, ստացան ավերված եւ քայքայված տնտեսություն, տասնյակ միլիոնավոր մարդկային զոհեր:
Թողնելով պատմական իրադարձությունների գնահատակնները պատմաբաններին, տնտեսագիտական ուսումնասիրության տեսակետից կարելի է եզրակացնել, որ թե կոմունիզմը ԽՍՀՄ-ում, եւ թե ֆաշիզմը Գերմանիայում, համաշխարհային ֆինանսական իմպերիան օգտագործեց ի նպաստ իր շահերի: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ եւ Անգլիան ջանք չէին խնայում գաղափարախոսական տեսանկյունից համաշխարհային հանրության առաջ բացասական իմաստով հավասարության նշան դնել այդ երկու, ըստ էության հակադիր համակարգերի եւ երեւույթների միջեւ:
Քաղաքակրթության ամենամարդասիրական գաղափարները՝ սոցիալիզմը եւ կոմունիզմը, 1917 թ. հեղափոխությունից հետո նենգափոխվեց պրոլետարիատի դիկտատուրայի հաստատումով, որը ծնեց տեռոր, սով եւ քաղաքացիական պատերազմ: Ռուսաստանի հասարակության մեջ դասակարգային ատելութուն սերմանվեց եւ գործում էր «ով մեզ հետ չէ` մեր դեմ է» սկզբունքը: Մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմը սովից եւ աքսորից մահացան տասնյակ միլիոնավոր մարդիկ, իսկ առաջատար մտավորականների հսկայական զանգվածը արտագաղթեց ԱՄՆ եւ Եվրոպա, դառնալով այդ երկրներում տնտեսության զարգացման հզոր գործոն (ԱՄՆ-ի ստորջրյա նավատորմի, ավիացիայի, էկոնոմիկայի հզոր զարգացումը պարտական է Ռուսաստանից վտարված աշխարհահռչակ գիտնականներ Սիկորսկուն, Լեոնտյեվին, Կանտարովիչին եւ մյուսներին):
Պրոլետարիատի դիկտատուրայի գաղափարի ներդրնան հետեւանքով, ամբողջապես վերացվեվին շուկայական հարաբորությունները եւ շուկայական մեխանիզմները: Մասնավոր սեփականության տոտալ վերացման հետեւանքով նենգափոխվեցին եւ փաստացի ոչնչացան տնտեսության զարգացման իրական նախադրյալները: Նենգափոխված գաղափարախոսության իրականացման ընթացքը ծնեց իրեն իսկ ոչնցացնող հզոր մի հակազդող ուժ, եւ ինչպես ցույց տվեց պատմության հետագա ընթացքը, աշխարհի միջուկային գերտերություն հանդիսացող ԽՍՀՄ-ը իր գոյության 70 տարուց հետո տնտեսական անկարողության հետեւանքով փլուզվեց առանց որեւէ կրակոցի:
Պատմական միեւնույն ժամանակաշրջանում Չինաստանը, որը սոցիալիստական ճամբարի ամենահզոր պետություններից մեկն էր, ճիշտ գնահատելով մասնավոր սեփականության եւ շուկայի դերը, ժամանակին իրագործեց «սոցիալիստական շուկայի» գաղափարը՝ առավելագույն ձեւով օգտագործելով պատմականորեն կուտակված տնտեսական ներուժը եւ ազգային արժեքները, զարգացրեց մասնավոր սեփականության հիմնված վրա մանր, միջին եւ խոշոր ձեռներեցությունը եւ վերակառուցելով ողջ տնտեսությունը վստահորեն մտավ համաշխարհային շուկայական համակարգ եւ կարճ ժամանակ անց դարձավ համաշխարհային տնտեսության առաջատար: Չինաստանն այսօր արդյունաբերական արտադրության ծավալով եւ բնակչության մեկ շնչին ընկնող սպառման մակարդակով աշխարհում գրավում է առաջին տեղը:
Այժմ Չինաստանը վերակենդանացնում է նաեւ պատմական ներուժ հանդիսացող համաշխարհային ճանաչում ունեցող Մեծ Մետաքսի Ճանապարհը (ՄՄՃ), որը հանդիսացել է իր ժամանակի միջազգային ամենագլոբալ մշակույթը եւ դեռեւս չի կորցրել իր նախկին իներցիան: ժամանակակից Չինաստանը՝ համագործակցելով Ռուսասատնի, Հնդկաստանի եւ Ասիական պետությունների հետ, օգտագործելով դարերի ընթացքում մեծ ճանաչում ունեցած ՄՄՃ-ն որպես նախատիպ, այսօրվա պատմական իրադրության մեջ ստեղծում է Եվրասիական առանցք, որն իրականում կարող է հանդիսանալ հզոր տնտեսական պատնեշ Օվկիանոսային պետությունների ստեղծած ֆինանսական իմպերիայի ինտերվենցիայի դեմ: Եվրասիական առանցքը երրորդ հազարամյակում կարող է դառնալ աշխարհի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարության նոր էպիկենտրոն:
Փաստորեն, 20-րդ դարի վերջում ԽՍՀՄ փլուզումից հետո Չինաստանն առաջին երկիրն էր, որ ժամանակին գնահատելով մասնավոր սեփականության իրավունքի գերակա դերը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, հավատարիմ մնաց երկիրը սոցիալիստական սկզբունքներով կառավարելու քաղաքականությանը եւ առանց շոշափելի վնասներ պատճառելու երկրի տնտեսությանը, ղեկավարվելով չինական իմաստությանը հարիր սկզբունքներով, երկրի տնտեսական զարգացումը տեղափոխեց շուկայական ռելսերի վրա: Պահպանելով սոցիալիզմի ժամանակ ստեղծված տնտեսական ողջ պոտենցիալը, Չինաստանը ներդրեց նորագույն գիտելիքահեն տեխնոլոգիաներ, կառավարման միջազգային մենեջմենթի մեթոդներ եւ սկզբունքներ, վերակառուցեց երկրի տնտեսությունը եւ վստահորեն մտավ համաշխարհային շուկայական համակարգ:
Այսպիսով, աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը ոչ միայն չինական պարիսպն է, այլ նոր Չինաստանն է իր հնագույն եւ անընդմեջ պետականությամբ եւ պետական արդի տնտեսական քաղաքականությամբ:
Ռուսաստանը ներկայումս եւս իրականացնում է ազգային պետականության հզորացման կայուն քաղաքականություն եւ ակտիվորեն ինտեգրվում է համաշխարհային շուկայական համակարգում: Առկա համաշխարհային շուկայական մրցապայքարում Ռուսաստանը եւ Չինաստանը, օգտագործելով իրենց բնական, գիտական, տեխնոլոգիական, տեղեկատվական, դեմոգրաֆիկ ներուժը, պատրաստվում են ստեղծել «Մեծ Եվրասիական Միություն», որին ըստ ամենայնի կմիանա նաեւ Հայաստանը, իսկ «Մեծ Մետաքսի ճանապարհ» չինական ազգային ծրագիրը կարող է իր տնտեսական եւ քաղաքական նշանակությամբ ներդաշնակվել Եվրասիական առանցքի հետ եւ դառնալ դրա օրգանական մասը:
Նշված ծրագրի իրականացումը մոտ ապագայում աշխարհի այս երկու գերհզոր պետություններին, ինչպես նաեւ նրանց միացած այլ երկրներին կապահովի մրցակցային առավելություն, տնտեսական եւ քաղաքական լիիրավ անկախություն եւ սոցիալ-տնտեսական կայուն զարգացման հզոր երաշխիք:
Շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար Մեծ Մետաքսի Ճանապարհի վերականգնումը եւս նոր եւ լուրջ հեռանկարներ կբացի տնտեսության բոլոր ճյուղերի զարգացման համար: Հայ-չինական առեւտրական եւ բազմակողմանի այլ հարաբերություններն այս նոր իրավիճակում կարելի է փոխշահավետ ձեւով զարգացնել՝ հաշվի առնելով դարավոր դրական փորձը: Ինտեգրվելով Չինաստան-Ռուսաստան Եվրասիական առանցքի մեջ, Հայաստանը հնարավորություն կունենա զարգացնել իր գիտատեխնիկական եւ տնտեսական ներուժը, ընդլայնել իր շուկաները, որը եւ կարող է դառնալ ներկայիս սոցիալ-տնտեսական ճգնաժամից դուրս գալու կարեւորագույն ուղիներից մեկը:
ՎԵՐՋԱԲԱՆ
1991-2014 թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կառավարությունը փոխվել է 12 անգամ: Այդ կառավարությունների աշխատանքների, ինչպես նաեւ ՀՀ անցումային անժամկետ խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամերի պատճառների եւ այն հաղթահարելու ուղղությունների մասին լուրջ տնտեսագիտական վերլուծություններ եւ պետական գնահատականներ Հայաստանում դեռեւս չեն տրվել:
Ակնհայտ է, որ պետական եւ հասարակական շահերի նկատմամբ անձնական շահերի գերակայությունը եւ «անցումային շրջանում» ստեղծված եւ խորացող սոցիալ-տնտեսական եւ քաղաքական ճգնաժամերը նորանկախ Հայաստանի Հանրապետության եւ ամբողջ հայության համար վերածվել են իսկական ազգային աղետի:
Նորանկախ Հայաստանում կատարված կադրային տեղաշարժերը տնտեսական զարգացման բռնկում չեն ստեղծել հիմնականում այն պատճառով, որ
- Հայաստանի Հանրապետությունը համաշխարհային շուկայական համակարգ մտնելու ընթացքում թույլ է տվել շուկայագիտության հիմնական սկզբունքների եւ օրենքների էական խախտումներ, որոնց հետեւանքով ազատ շուկայական մրցակցությունը նենգափոխվել է մենաշնորհային քաղաքականության, ինչը հանգեցրել է հասարակության ծայրագույն բեւեռացմանը, ճգնաճամի երկարաձգմանը եւ խորացմանը,
- Հայաստանի տնտեսությունը մոնոպոլացված է, որը սպառնալիք է ստեղծում կայուն զարգացման համար, հանգեցնում է բնակչության դժգոհության, քաղաքական անկայունության, եւ որպես հետեւանք՝ Հայաստանից աննախադեպ չափերի հասած արտագաղթի: Հայաստանի տնտեսական եւ քաղաքական անկայունությունն իր հերթին ստեղծում է անվստահության մթնոլորտ պոտենցիալ ներդրողների շրջանում՝ այդ թվում նաեւ սփյուռքահայերի, որոնք դադարում են Հայաստանն ընկալել որպես հայրենի տուն,
- այդ ժամանակաշրջանում կարեւոր ղեկավար պաշտոններում նշանակումները կատարվել են՝ ելնելով ոչ թե պրոֆեսիոնալիզմի առկայության, այլ թիմային հավատարմության սկզբունքով, որն ըստ էության հանդիսանում է խորհրդային ժամանակաշրջանին բնորոշ դասակարգային սկզբունքի ուղղակի ժառանգությունը եւ ՀՀ-ում առկա պետական կոռուպցիայի աղբյուրը,
- բացակայում է, կամ չի գործում պետության տնտեսական քաղաքականության հիմքը հանդիսացող կոնկրետ ժամանակաշրջանի համար (կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ), սպասվելիք ցուցանիշներով շրջանակային եւ ճյուղային ուղղվածությունների սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարական ծրագիրը,
- 22 տարվա ընթացքում Հայաստանի տնտեսական կառավարումն ակնհայտ իրականացվել է լճացման մոդելով, որը պահպանում եւ ուժեղացնում է երկրի տեւական ճգնաժամի խորացման միտումը:
Հայաստանի տնտեսությունը ճգնաժամային վիճակից հանելու համար, մեր կարծիքով, անհրաժեշտ է.
- ստեղծել համահավաք, միասնական ազգային գաղափարախոսություն, որով որակապես նոր աստիճանի կբարձրացվի Հայաստան - Հայ Առաքելական Եկեղեցի - Սփյուռք սոցիալ -տնտեսական համագործակցությունը` համազգային նշանակության խնդիրների լուծման համար,
- սփյոռքի հետ համատեղ ստեղծել մշտական գործող կառույցներ եւ մեխանիզմներ, որոնք կկոնսոլիդացնեն ողջ ազգային ներուժը Հայկական պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարական ծրագրերի հաջող իրականացման համար,
- ստեղծել սոցիալ-տնտեսական զարգացման տնտեսագիտորեն հիմնավորված եւ արդյունավետ կառավարման ռազմավարական ծրագիր,
- մեծացնել պետության դերը մասնավոր սեփականության իրավունքի պաշտպանության եւ տնտեսական կառավարման գործընթացներում,
- լրիվ կամ մասնակի ազգայնացնել ռազմավարական նշանակության որոշ ոլորտներ՝ (հանքարդյունաբերություն, ատոմային էներգետիկա, ինչպես նաեւ ազգային անվտանգության նշանակության այլ ոլորտներ), որոնք հանդիսանում են երկրի տնտեսական հզորությունն ապահովող սեփական ներուժ,
- իրագործել պետական քաղաքականություն` տնտեսության ապամենաշնորհացման, փոքր եւ միջին ձեռներեցության խթանման, ինչպես նաեւ պետության մասնակցությամբ ռազմավարական նշանակության ձեռնարկությունների ստեղծման հարցում: Սա կապահովի ազգային տնտեսության զարգացում եւ ժողովրդի սոցիալական շահերի պաշտպանություն,
- անշեղորեն պահպանել ՀՀ Սահմանադրությամբ հաստատված օրենքների գերակայության սկզբունքը` կենսագործելով «օրենքը պարտադիր է բոլորի համար» բանաձեւը, որպես երկրում կոռուպցիայի վերացման հիմնական պայման:
- ազատել զբաղեցրած պաշտոններից պետական կառավարման՝ օրենսդիր, գործադիր, դատական մարմիններում աշխատող բացահայտ եւ քողարկված ձեռներեցներին, համաձայն ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածի:
Վերոհիշյալ առաջարկների հետեւողական եւ սկզբունքային իրականացումը կնպաստի.
- պետական մտածելակերպի՝ իբրեւ ազգային գաղափարախոսության եւ Հայոց միասնականցված պետականության կարեւորագույն հենքի ձեւավորմանը եւ արմատավորմանը,
- Հայաստանի Հանրապետությունում անձնական շահերի նկատմամբ պետական եւ հասարակական շահերի գերակայության հաստատմանը,
- հասարակության մեջ ստեղծված ծայրագույն բեվեռացման եւ ծայրահեղ աղքատության վերացմանը,
- Հայկական պետությունների նկատմամբ Սփյուռքահայ գործարարների վստահության եւ ներդրումներ կատարելու պատրաստակամության վերականգնմանը,
- դեմոգրաֆիկ հավասարակշռության հաստատմանը, որը կկասեցնի հայկական պետությունների ազգային անվտանգությանը սպառնացող արտագաղթը եւ կնպաստի արտագաղթած հայ բնակչության ներգաղթին:
Ազգային գաղափարախոսության եւ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարության առանցքային հիմնադրույթը հանդիսանում է այն, որ 1992 թվականից անկախ պետականություն հաստատած Հայաստանի Հանրապետությունը աշխարհին պետք է ներկայացվի ոչ միայն որպես Հայաստանի երրորդ Հանրապետություն (Հայաստանի Առաջին Հանրապետությունը ծնունդ է առել 1918 թ. մայիսի 28-ին, որի մասին նշված է Հայաստանի Անկախության Հռչակագրում), այլ որպես դարերից եկող եւ դարեր գնացող բաձրաստիճան քաղաքակրթության հզոր պետություն: