'’<center>ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
ՇՆԻԿՈՎ ՏԻԿԻՆԸ ԵՎ ԽԻԿՈՆ
ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ</center>
«Այսօր, իմ գարշելի՛ խիկոներ, ստացաք Ձեր ավարտական վկայականները, եւ թույլ տվեք, այս հանդիսավոր պահին հիշեցնել մի քանի անքննարկելի ճշմարտություն: Նախ, հիշեք, որ երկիրն ամբողջովին բաժանված է ձեր մեջ եւ այն չի կարող գոյություն ունենալ առանց Ձեզ: Երկրորդ` Դուք համարյա անմահ եք եւ Ձեր ամեն մի նոր կյանքը եւս մեկ քայլ է դեպի պայծառ ապագան: Երրորդ` մաղթում եմ ամեն մեկիդ գոնե մեկ արտառոց որսալ. դրանով ապահոված կլինեք Ձեր անձնական փայլուն ապագան: Եվ վերջապես, պարտքս եմ համարում հիշեցնել վեց անմահ պատվիրանները. ա) միայն անճոռնին է կատարյալ լինում. բ) այլանդակե՛ք եւ կհաղթե՛ք. գ) խեղճացրե՛ք եւ կտիրե՜ք. դ) առաջնայինը նպատա՛կն է.
ե) ինչ անտեր է՝ Ձե՛րն է.
զ) Ձերը՝ ձե՛ր գրպանում պահեք: Իսկ այժմ. կորեք դեպի երկրային կյանք»:
Խիկդպրոցի տնօրենի` շրջանավարտներին հղած ամփոփ ուղերձը
Հենց որ Խիկո Կիկոյանը դուրս եկավ փողոց, արեւի կիրակնօրյա ճառագայթները ծակծկեցին աչքերը, իսկ դրանցից մեկը, նույնիսկ, համարձակություն ունեցավ մտնել նրա մազմզոտ ականջը: Խիկոն ձեռքի ճարպիկ շարժումով բռնեց անվախին ու ողջ ուժով ճզմեց ափերում: Միայն այն ժամանակ հանգստացավ, երբ լսեց ճմլված ու խեղդվող ճառագայթի վերջին ճիչը. արհամարհանքով նետեց նրան ասֆալտապատ մայթին ու մի անգամ էլ տրորեց ձախ ոտքով: Հաղթական փնչոց արձակելուց հետո մատ թափ տվեց արեւի ուղղությամբ ու հասարակական պետքարանում գույնը կորցրած կեպին քաշեց աչքերին` ծածկելով նաեւ ականջները: Կոճկեց համարյա ի ծնե մարմինը չլքած, եւ բնականաբար, կեղտից ծանրացած բաճկոնի բոլոր վեց կոճակներն ու անլվա ձեռքերը գրպանները մտցնելով, վեր քաշեց գորշ, ամբողջովին լաքայազարդ, կլորացած ծնկներով շալվարը: Թքեց թքամանի կողքը եւ հպարտ քայլերով առաջ շարժվեց փողոցով` դեպի փայլուն ապագա, երբեմն-երբեմն թշնամությամբ նայելով ծառերին ու խոտերին: Նկատելով կանաչ գոտուց մի քանի միլիմետր մայթի վրա բարձրացած դեղին ծաղիկը, մոտեցավ ու աջ ոտքով տրորեց սահմանախախտի գլուխը: Հետո ցուցամատը վեր տնկեց ու մտովի գրեց իր խրատական պոեմի առաջին գլխի տասնյոթերորդ երկտողը.
-Եթե գլուխդ սահմանիցդ հանես,
Մի օր, միեւնույն է, այն կջարդես:
Խիկո Կիկոյանը դեռեւս արթնանալիս էր զգացել, որ այդ օրը սովորական չի լինելու, հիշվելու է իր ողջ չհաջողված կյանքում, ինչ-որ մի չեղած բան է կատարվելու, հանդիպելու է որեւէ արտառոց երեւույթի: Համենայն դեպս՝ որոշեց մինչ արտառոցի հոտը զգալը, չշեղվել իր սովորական, կիրակնօրյա ծրագրից: Գրպանից մի բուռ աղ լցրեց կողքով անցնող երեխայի գլխին, խիստ անվայել խոսքերով դիմեց տոնական հագնված մի գեղեցիկ տիկնոջ, կիսասատկած ճանճեր լցրեց լիմոնադի գործարանում լցվելու սպասող շշերի մեջ, հացի գործարանում մի քանի պարկ գաջ խառնեց ալյուրին, սիգարետի կոմբինատում թութունին մի քանի տոննա անհայտ ծագման խոտ ավելացրեց, բենզինի լցակայանում նավթով լցրեց ամբարների ճիշտ կեսը, փչացրեց տաք ջուր մատակարարող հինգ-վեց կաթսայատուն ու մի դյուժին փոս փորեց ամենաերթեւեկելի փողոցներում: Հետո ոտքի ճարպիկ հարվածներով շուռ տվեց քաղաքի կենտրոնական փողոցների բոլոր աղբամանները եւ ուզում էր շարժվել դեպի քաղաքային ջրամբար, երբ վերջին աղբամանից առաջացած կույտի մեջ մի փայլուն բան նկատեց& իսկույն էլ զգաց արտառոցի սուր բուրմունքը &
Խիկո Կիկոյանը, հազիվ զսպելով հուզմունքը, դանդաղորեն մոտեցավ ու արագորեն վերցրեց արեւի ճառագայթներն արտացոլող հեմիանը: Սիրտը, արտառոցի մոտիկության զգացումից, քիչ էր մնում դուրս թռչեր կրծքավանդակից: Ոգեւորման պահին մտքում ճառագեց խրատական պոեմի երրորդ գլխի առաջին եռատողը.
-Աղբդ տանը պահիր քո &
Եվ միշտ նայիր ի՞նչ կա մեջը`
Ցերեկային լույսի ներքո:
Իսկ հեմիանում մի քիչ փող կար, ամուսնական մատանի եւ բանալիներ... Փողն, իհարկե, այրեց, մատանին հանձնեց գետակի հավերժահոս հորձանքին, իսկ բանալիները (այն բնակարանի, որտեղ արտառոցը պիտի լիներ), պինդ սեղմեց բռունցքում, իսկ բռունցքը դրեց գրպանը: Համոզված, որ այդ օրվա բոլոր պատահականություններն իր օգտին են եւ ուղիղ ճանապարհով տանում են դեպի արտառոցը, սկսեց հերթով փորձել մոտակա շենքերի բնակարանների դռները. իսկ իզուր ժամանակ չկորցնելու համար` անվայել խոսքեր էր խզմզում իր հույսերը չարդարացրած դռներին: Սակայն երկժամյա ապարդյուն որոնումներից հետո Խիկոն որոշեց փոխել գործելակերպը. մի սեւ կատու բռնեց, վիզը ոլորելու հայտնի եղանակով սատկեցրեց ու որպես բարձ օգտագործելով, նստեց վրան` տեսադաշտում պահելով շուռ տված աղբամանը: Հաշվարկը պարզ էր` կորուստի որոնման ճանապարհները, հեմիանի տիրոջը, վերջիվերջո, պիտի հասցնեին աղբամանին: Մնացածը վարպետության խնդիր էր: Նա կենտրոնախույս հայացքով հետեւում էր բոլոր անցորդներին` մտքում արտասանելով հենց նոր հորինած մոգական շուտասելուկ-հմայիլը.
-Աղբդ բախտո՛վ համեմիր,
Բախտդ աղբո՛ւմ որոնիր:
Սակայն ամեն ինչ զուր էր: Եվս երկու ժամ սպասելուց հետո վախեցավ, որ այսպես ոչ միայն չի հանդիպի իր այս կյանքը արդարացնելու միակ-վերջին հույս արտառոցին, այլեւ կկորցնի ողջ օրը: Վեր կացավ արդեն տափակած կատվի վրայից ու նյարդային շարժումով մի կատաղի հարված հասցրեց լեշին: Այն սուլոցով թռավ-ընկավ դիմացի շենքի իններորդ հարկի խոհանոցի բաց պատուհանից ներս` բազմանդամ ընտանիքի համար ճաշ պատրաստող հաստլիկ տիկնոջ կաթսայի մեջ` ողջ ապուրը ցփնելով պատերին: Խիկոն, թեեւ չտեսավ այդ տեսարանը, սակայն պատկերացրեց` հորինելով խրատական պոեմի երեսունյոթերորդ գլխի սկիզբը.
-Երբ փորդ դնում է պահանջները իր`
Դուռ-պատուհանդ պինդ փակիր:
Ցանկանում էր գրի առնել հայտնության պես իններորդ հարկից իջած տողերը, երբ նկատեց աղբամանին մոտեցող մտամոլոր Շնիկով Տիկնոջը: Մտքի արագությամբ սլացավ հարեւան փողոց, խեղդեց աղբահավաք մեքենայի վարորդին, գրավեց նրա աշխատատեղն ու մի քանի վայրկյան անց` ճռռոցով արգելակեց շուռ տված աղբամանի կողքին: Շփոթահար ու անօգնական շնիկով Տիկինը ակամա վեր բարձրացրեց հայացքը, իսկ Խիկոն, վերից վար չափելով նրան, արտասանեց պաշտոնական հայտարարության տոնով.
-Աղբամանը շուռ տալու համար դուք տուգանվում եք մեկ տարվա Ձեր աշխատավարձի հազարապատիկի չափով:
Կինը, իհարկե, փորձեց բացատրել, որ աղբամանը ինքը չի շուռ տվել, որ կորցրել է պայուսակը` փողով ու բանալիներով, որ ամուսինը երկարատեւ գործուղում է մեկնել, ու ինքը, նույնիսկ չի կարող տուն մտնել, հուսահատության մեջ է, քանի որ չգիտի, թե ո՞ւմ կարող է դիմել, եւ այլն, եւ այլն& Սակայն Խիկոն նրա խոսքերից եւ ոչ մեկը հավաստի չհամարեց, քանի որ` ի՞նչ ստեր ասես, որ չէր կարող մոգոնել աղբաման շուռ տվող կինը& նա, նույնիսկ` ամուսին չէր կարող ունենալ&
-Այդ դեպքում, դուք պարտավոր եք իմ ուղեկցությամբ այցելել հոգեբուժարան,- կտրուկ ընդհատեց նրա խոսքը Խիկոն, եւ կինը ստիպված էր ձեռքերի վրա վերցնելով շնիկին, տեղավորվել աղբահավաք մեքենայում` վարորդի կողքին: Վարորդը, մատների ծայրերով, հնարավորինս բարեկիրթ շարժումով վերցրեց լեզուն կապ ընկած շնիկին ու բաց պատուհանից այնպես խփեց աղբամանին, որ խեղճի գլուխը ջարդուփշուր եղավ: Անշնիկ Տիկինը վախեցավ ձայն հանել, քանի որ հոգեբուժարանում իրեն կարող էին մեղադրել ոչ միայն հիստերիկության, այլեւ կենդանասիրության մեջ:
Խիկոն մտքում մի լավ ծիծաղեց ու պոեմում ավելացրեց եւս երկու հրաշալի տող.
-Եթե երկարատեւ գործուղում մեկնես&
Ոչ միայն կնոջդ` շնիկի՜դ էլ կկորցնես:
Հետո վանդակավոր աղբահավաք մեքենան կանգնեցնելով հոգեբուժարանի մուտքի մոտ, հրամայեց կասկածելի տիկնոջը բարձրանալ երկրորդ հարկ եւ գլխավոր բժշկից տեղեկանք վերցնել առ այն, որ հոգեկան հիվանդ չէ: Կինը խոնարհաբար կատարեց հրամանը, եւ գլխարկավոր բժիշկը համաձայնեց տեղեկանք տալ, միայն` մեկամսյա քննությունից հետո: Մեղադըրյալը չբողոքեց, քանի որ դպրոց էր ավարտել: Նրան զսպաշապիկ հագցնելով ուղեկցեցին կատաղի հիվանդների համար նախատեսված հիվանդակասենյակը, որի քառասուն տարվա բնակիչը, հինգ րոպե առաջ, ինչպես ասում են` հոգին Ձեզ էր ավանդել:
Այդ ընթացքում Խիկո Կիկոյանը աղբահավաքը շուռ տվեց ձորը եւ, նըստելով անդունդի ծայրին հայտնված սեւ, կառավարական մեքենան, Ձեզ քաջ հայտնի հրամայական տոնով արտասանեց կնոջից իմացած հասցեն` Չեխովի փողոց, շենք 13, բնակարան 21: Սակայն աչալուրջ վարորդը նկատելով, որ նա փողկապ չունի՝ ապշած նայեց դեմքին: Վերջինս անհապաղ հանեց վարորդի փողկապը եւ կապեց իր վզին, որից հետո մեքենան աղմուկով պոկվելով տեղից սլացավ դեպի արտառոցը: Տեղ հասնելուն պես Խիկոն հանեց փողկապը, ձգեց վարորդի վզին եւ դրանով խեղդեց նրան` մըտքում արտասանելով իր խրատական պոեմի քառասունիններորդ գլխի վերջին տողերը.
-Փող-կապը` լավ կապ է,
Եթե-նույնիսկ դրսում տապ է:
Մեկ րոպե անց «բանաստեղծը» լավ մշակված քացիով բացեց որոնած դուռն ու ներս մտավ: Արտառոցի սուր ու համատարած բուրմունքը մի պահ շշմեցրեց նրան. պետք էր գտնել դրա աղբյուրը` մի բան, որը հեշտ չի անել առաջին անգամից: Ուսումնական ծրագրից վերհիշելով արտառոց հայտնաբերելու ամենավստահելի միջոցները` մի պահ քարացավ, լարեց բոլոր ուժերը, հետո ինը հարյուր իննսուներկու վատտ հզորությամբ ճիչ արձակեց ու հարձակվեց տան կահ-կարասու վրա` հնարավորինս աղմուկով ջարդ ու փշուր անելով ամեն ինչ, քանի որ արտառոցը միշտ էլ հեռու է փախչում աղաղակից ու վայրենությունից: Աչքի պոչով Խիկոն հետեւում էր, թե որտեղի՞ց պիտի դուրս թռչի այն: Ավերակների վերածեց խոհանոցը, միջանցքը, հյուրասենյակը, ննջասենյակն ու մոտեցավ աշխատասենյակին, ուր ընդամենը մի գրասեղան ու գրապահարան տեսավ, այն էլ` միայն գրքերով լցված: Սրտաճմլիկ հուսահատությունից որոշեց ջարդել պահարանի ապակիներն ու դուրս թափել գրքերը& հանկարծ& գրքերից մեկի էջերից, սպիտակ թիթեռնիկի պես թեւածելով, դուրս թռավ Արտառոցը: Խիկոն չցանկացավ հավատալ աչքերին, քանի որ դեռեւս խիկմսուրում էր սովորել, որ գրքերում ոչ մի արտառոց բան լինել չի կարող: Չէր էլ հավատա, եթե Արտառոցը հանդարտ չիջներ գրասեղանի անկյունին: Ծալեց թեւքերն ու, աչքերում ոչնչացման ծարավի հուրը` մոտեցավ. բայց հենց որ ուզում էր վրա պրծնել-որսալ` Արտառոցը փետուրի պես օդ բարձրացավ ու շարունակեց թեւածել առաստաղի տակ: Մի քանի անհաջող փորձերից հետո Խիկոն որոշեց կրակի մատնել բնակարանը եւ ծխո՛վ խեղդել նրան: Վերցրեց այն գիրքը, ուր այդքան ժամանակ իրենից թաքնվում էր որոնվողը. «Բորիս Վիյան, Օրերի փրփուրը»` ատելությամբ կարդաց գրքի շապիկին ու վառեց լուցկին, սակայն հիշելով տարիներ առաջ Վարպետի ձեռագրերի հետ կապված հանրահայտ անհաջողությունը, չփորձեց էլ այրել այն: Չարախնդաց, գրպանից հանեց նավթով լի օծանելիքի սրվակը, որ երկու օր առաջ էր գնել նվերների խանութից, ողջ պարունակությունը դատարկեց հեռախոսային տեղեկագրքի վրա եւ լուցկու հատիկը շեշտակի քսեց այրիչին: Մի քանի վայրկյան անց գրքերը, գրասեղանն ու գրապահարանը կրակապար սկսեցին չորրորդ տարերքի ջերմ ռիթմերում: Արտառոցը ծխից հազալով ու թեւերը կախ գցած մի կերպ իջավ լուսամուտագոգին, իսկ Խիկոն արդեն հաղթական ու անսահման ինքնավստահ քայլերով էր մոտենում նրան: Արտառոցը միայն վերջին պահին հասցրեց պոկվել տեղից ու դուրս թռչել փակ պատուհանի միջով: Կատաղացնոր Կիկոյանը թռավ նրա ետեւից` գլխով ջարդելով ապակիները, սակայն յոթերորդ հարկի լուսամուտից հետո նրանց ուղղությունները շեղվեցին: Արտառոցը թռավ դեպի կապույտ երկինք, իսկ Խիկոն ցած` արագորեն արտասանելով խրատական պոեմի հիսուներեքերորդ գլխի եզրափակիչ տողերը.
-Ես կսատկեմ, բայց կծնվեմ վաղը նորից,
Ու դուրս կգամ` հենց Ձե՛ր փորից,
Մինչ հանդիպում իսկական,
Խիկո Կիկոյանական:
Ճանապարհին հասցրեց բռնել մի ճնճղուկ եւ ընթացքում պոկեց գլուխը. հետո, վերջին լարումով, հնարավորինս ուժգին սեփակա՛ն գլուխը շրխկացրեց սալահատակին: Այդ մի բանը շատ հաջող ստացվեց, քանի որ գլուխը ցմփոցով ցաք ու ցրիվ եղավ` աղտոտելով երկրագնդի ցամաքային տարածքի մեկ վեցերորդ մասը:
ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ
«Այո, անձնազոհության զոհ դարձավ Խիկո Կիկոյանը, սակայն& մի՞թե կարող է մեռնել մեծ գաղափարը. ոչ, նա բոլորիցս էլ ավելի ողջ է»:
«Մենք հրաժեշտ չենք տալիս նրան, մենք ասում ենք` Ցտեսություն. մենք սպասում ենք քեզ` ԽԻԿՈ» «Նա մեզ ցույց տվեց ճանապարհը, սակայն վստահ ենք, երբ գա ժամանակը` ի՛նքը կուղեկցի մեզ դեպի լուսավոր ապագա»:
Հատվածներ Կիկոյանի մահվան առիթով մամուլում տպված մահախոսականներից:
«Նրանցից շատերը, որոնց սովը մի տեղից մյուսն էր քշում, ճանապարհին ապաստան էին գտնում, բայց գիշերը կեր էին դառնում «հյուրընկալ» տանտերերին»:
Ռաուլ Գլոբեր` վանական Կլյուիխից, 1032 թվական:
Ճիշտ այն պահին, երբ աշխարհի բոլոր թերթավաճառ կրպակների մոտ, Կիկոյանի մահախոսականները կարդալ ջանացող անմեղ-ազնիվ քաղաքացիները փսփսացող հերթեր էին գոյացրել, իսկ ֆրակներով զուգված գերեզմանափորները ճգնում էին մայր հողին հանձնել զմռսված դագաղում պարփակված Խիկոյի մարմնի կասկածելի մնացորդները (մասնավորապես` կես ականջը, քթի ծայրի ծայրը եւ մի խուճուճ մազ), Ճքաղաքում, մարդաշատ ավտոբուսային կանգառներից մեկում, յոթանասունհինգամյա կույս-օրիորդը զգաց, թե ինչպես է իր փորը, փորի համար անհավանական արագությամբ` ուռչում: Յոթ րոպե անց` ութ ամսական հղի էր: Եվս մեկ-երկու րոպեից սկսվեցին ծննդյան ցավերը, որոնց կինը դիմանում էր ըմբռնումով, իսկ ծնվելիքը թքած ուներ դրանց վրա եւ տեղում շուռ ու մուռ գալով` փորձում էր կռահել դուրս գալու ճիշտ ուղղությունը: Քանի որ միջավայրը լպրծուն էր, որոշեց ոտքերով հրել եւ ճանապարհը ինքն իրեն կգտնվեր` ինչպես սովորել էր խիկհամալսարանի քաղաքական արհեստների դասընթացներին: Կույս-խիկոյածինը զգաց, թե ինչպես է ինչ-որ մեկը ցած սահում իր ոտքերի արանքից եւ նրա հոգին ամոթից հոգոցով լքեց մարմինը` նատյուրմորտի վերածելով այն, իսկ նորածինը, փափուկ գլուխը գնդակի պես դնգոցով հարվածեց սալահատակին եւ ակրոբատիկ թռիչքով հաստատուն կանգնեց շրջանաձեւ ոտքերի վրա.
-Ահա եկե՛լ եմ նորից,
Ծնվել եմ սրբամե՛ռ մորից,
Դեպի փայլուն ապագա՝
Կտանեմ Ձեզ` խավար անցյալից:
Ակամա դուրս թռավ նրա բերանից եւ միանգամից հիշեց իր կենսանպատակը, անցյալն ու նույնիսկ, ինչը հազվադեպ է պատահում` անուն-ազգանունը:
Երբ, դիմացի շենքի երկրորդ հարկի կոնսպիրատիվ բնակարանի մշտական դիտակետից, գործի բերումով թաղման չգնացած եւ այս ամենին լուռ-գաղտնիորեն հետեւող պետանվտանգության աշխատակցի կանչած շտաբ-օգնության մեքենան ու ոխստիկանության ջոկատը տեղ հասան, Խիկոն, ամբողջությամբ մերկ եւ լղոզված ծննդյան սուրբ կեղտաջրերով` հեւալով վազում էր զուգահեռ փողոցով` դեպի իր հին բնակարանը:
Դժվարությամբ բարձրացավ այն երեք աստիճանները, որ նախորդում էին դռան հարթակին, փորձեց ձեռքը տանել գրպանը` բանալիները հանելու համար& եւ քանի որ գրպան չուներ` մոտեցավ հարեւանի դռանը: Հենց որ համառորեն իր գոյությունը պահպանող միայնակ մայրը բացեց այն, Խիկոն վստահ-հսկայածավալ քայլերով գնաց պատշգամբ, կախիչից հանեց լվացքի պարանը եւ մի կտոր սեւ օճառ պահանջեց: Այդ երկուսի հարաբերությունից եւ առաստաղին` ջահի համար նախատեսված կեռիկից` հրաշալի կախաղան ծնվեց: Տանտիրուհին, հիացած Խիկոյի հնարամտությամբ՝ փորձարկեց այն: Խեղդամեռի երջանիկ ժպիտը, ծննդյան բարդ պայմանների հետեւանքով Խիկոյի քառակուսի դարձած գլխում եւս մեկ հանճարեղ քառատող ծնեց.
-Երջանիկ ապագան
Լուսատու ջահից է սկսվում,
Հանուն գաղափարի կախվելիս`
Բողոք չի՜ լսվում:
Իրեն հայտարարելով ինքնասպան հարեւանուհու բնակարանի եւ գույքի իրավահաջորդ` տեղավորվեց նրա անկողնում, երազում` իր փայլուն ապագան տեսնելու հույսով: Փոքրիկով որոշեց միջկյանքային-աշխատանքային անդիմադրելի քնից հետո զբաղվել` միեւնույն է քայլել-փախչել չգիտեր:
Դիմացի շենքի երկրորդ հարկի կոնսպիրատիվ բնակարանից, զգուշորեն, այս ամենին էր հետեւում Ձեզ արդեն քաջ հայտնի ՊԱԿ-ի գաղտնի գործակալը, որին, գաղտնիությունը պահպանելու համար, այսուհետեւ կանվանակոչենք Ծ-մեծատառ, իսկ պատմությունը կարդալուց հետո, լավ կլինի, եթե նրան մոռանաք, կարծես թե` իսկի չի էլ եղել, ու չկա:
Երազում, Խիկոն պլպլան ապագայում էր` կրծքին քորոցով փակցված մի տարօրինակ-արտառոց թիթեռնանմանով, խիկփառքի բարձրաթոռ պատվանդանից ներքեւիններին էր նայում, երբ միայնակ մոր միայնակ մնացած մանկիկն իր ճղճղան ձայնով արթնացրեց եւ խանգարեց լսել իր մասին արտասանվող գովասանական գազելները: Քառակուսագլուխը լուսնոտի պես վեր կացավ տեղից, մոտեցավ երեխային, վերցրեց տակաշորն ու մտցրեց բերանը, հետո քնքշորեն գրկելով, տարավ խոհանոց, դրեց սեղանին. վերցնելով ամենասուր դանակը, մարդասիրական նպատակներով մի քիչ էլ սրեց, փոքրիկին հմտորեն կտրատեց ու անց կացրեց մսաղացով: Կոտլետի հրաշալի ֆարշ ստացվեց, եւ որպեսզի քունը կիսատ չթողնի, վերադարձավ անկողին. ցավոք՝ այլեւս չտեսավ ընդհատված երազը:
Արթնացավ թարմ ու անհոգ. սննդի եւ բնակարանային խնդիրները լուծված էին: Փորձեց որպես պարգեւ շոյել գլուխը, բայց ոչինչ չստացվեց. քառակուսի գանգի սուր անկյունները փչացնում էին շոյանքի հաճույքը: Մոտեցավ հայելուն ու հասկացավ, թե ինչու են այս նոր կյանքում իր գլխում միայն քառյակներ ծնվում, բայց եւ առանց վհատվելու արտասանեց.
-Թեեւ ունես գլուխ քառակուսի,
Թեկուզ եւ մեջը միայն ծուխ լինի,
Սպասիր բախտին, վզից բռնիր ու հեծնի՛,
Ստիպի՛ր, որ քեզ փայլուն ապագա հասցնի:
Ահա այսպես` էքսպրոմտով, համարյա մարգարեաբար, արտասանեց ինքնակենսագրական պոեմի երրորդ քառյակը:
Ծ-մեծատառը այնքան էր զարմացած իր տեսածից ու լսածից, որ, հոգեբուժարանից խուսափելու պատրվակով, որոշեց առժամանակ ոչ մեկին ոչինչ չզեկուցել: Երբ Խիկոն քնած էր, սափրվեց, սանրվեց, արդուկեց շալվարն ու վերնաշապիկը, հագավ, ձգեց փողկապն ու նորից մոտեցավ պատուհանին, որպեսզի, հանկարծ, ոչ մի մանրուք բաց չթողնի տեսադաշտից: Քիչ անց տեսավ, թե ինչպես է Կիկոյանը սառնարանից հանում ֆարշը, այն վերածում կոտլետների ու ճտճտոցով տապակելուց հետո ախորժակով ուտում: Ծ-մեծատառի ստամոքսահյութը գերաճելով հասավ մինչեւ գլխուղեղի աջ կիսագունդը եւ մթագնեց գիտակցությունը: Երբ նորից կարողացավ բացել աչքերը, սափրվել, սանրվել, արդուկվել ու մոտենալ դիրքերին` Խիկոն պատուհանից կոտլետների վաճառք էր կազմակերպել` աղմկոտ հերթ գոյացնելով ողջ փողոցի երկայնքով: Ցավոք, Խիկոյի ունեցած հումքը բավարար չէր բոլորին կերակրելու համար, եւ մեկ ժամ անց առեւտուրն ավարտվեց, իսկ երկու ժամ հետո` մայրն ու մանկիկը տապակվում էին սոված տանտիրուհիների թավաներում` երբեմն-երբեմն աղիողորմ ճիչեր արձակելով:
Երբ Խիկոն հասկացավ, որ կոտլետների փոխարեն իրեն տրված թղթադրամներից նորից կոտլետներ պատրաստել չի ստացվի եւ մտածում էր` թե ի՞նչ կարելի էր անել դրանցով, կամ որտեղի՞ց է հնարավոր նոր հումք ձեռք բերել` ինչ-որ մեկը թխկթխկացրեց դուռը` Բեթհովենի «Հերոսականի» ռիթմերով: Հազիվ էր բացել, երբ ճեղքից երեւաց գարեջրով լի երեքլիտրանոց` կախված` իրենից մի քիչ բարակ ձեռքից, իսկ երբ դուռը լրիվ բացեց, դիմացը կանգնած էր ձեւով երեքլիտրանոցի նման՝ չափերով հիսուն անգամ մեծ մի կենդանի, որին կարելի էր եւ մարդու տեղ դնել:
-Փոխանակում եմ,- կիսաձայն ծվծվաց տարան,- գարեջուրը` կոտլետով: Կարծում եմ` լեզու կգտնենք:
-Անշու՛շտ,- ասաց Խիկոն եւ ներս հրավիրեց նրան, միաժամանակ գնահատելով ինքն իր ոտքով եկած նոր հումքը,- հիմա կգտնենք,- ավելացրեց բամբ-համոզիչ ձայնով ու վերցնելով երեքլիտրանոցը` դրանով ուժգնորեն հարվածեց կռացած գարեջրավաճառի գլխին: Վերջինս ուշակորույս գլորվեց հատակին, իսկ Խիկոն ծնկեց կրծքին, պոկեց լեզուն եւ բացելով զոհի աջ աչքը` ցույց տվեց,- տեսեք, լեզո՛ւ գտանք:
Նոր հումքը նախորդից երկու անգամ արագ վաճառվեց եւ Խիկոն փորձում էր մի քիչ հանգստանալ: Այժմ նայում էր թղթադրամների բազմությանը եւ դրանք արդեն դուրեկան էին. երբ ձեռքերով վերցնում ու օդ էր նետում` թռչում էին թիթեռնիկների պես` ինչ-որ աղոտ, բայց գրգռիչ հիշողություն բորբոքելով Խիկոյի քառակուսի գլխում: Սակայն նրա հաճույքը ընդհատեցին, այս անգամ, դուռը բախելով պետական հիմնի ռիթմերով: Խիկոն սպասել չտվեց, եւ շուտով, հերթ կանգնածները իրենց տներն էին տանում թաղային միլիցիոներին եւ ավտոգողին, սոված-հարեւաններին, ֆին-վերահսկիչին, դատախազին, ԲՇԳ-ի պետին, սոցապ նախարարին եւ այլ պաշտոնատար անձանց, որոնք նույնպես հանապազօրյա կոտլետներ էին ցանկանում ունենալ, միայն թե` առանց հերթ կանգնելու: Ազատ մնացած բոլոր աթոռները շատ արագ էին գտնում իրենց հարմար հետույքներ, իսկ Խիկոյի գործը մեծ արագությամբ ընթանում էր դեպի փայլփլուն ապագա: Հանգստի հազվագյուտ պահերին նա փորձում էր քառակուսի գլխում արթնացնել նախորդ կյանքի վերջից մի հուզիչ հիշողություն` կապված թիթեռնիկի ու արտառոցի հետ, բայց հուշն ամեն անգամ դավադրորեն թաքնվում էր գանգատուփի ութ անկյուններից որեւէ մեկում` ձեռնունայն թողնելով տիրոջը:
Վեցերորդ հիվանդակասենյակի նոր բնակչուհին, երբ հույսը կտրեց առողջ լինելու մասին տեղեկանք ստանալուց, պառկեց այնպես քնելու, որ այլեւս չարթնանա, եւ ինչպես ընդունված է հավերժ քնելուց առաջ` փորձեց վերհիշել իր ողջ կյանքը: Երբ անցավ մանկությունը, վաղ պատանեկությունն ու հասավ իր առաջին սիրո պատմությանը, կնոջ կրծքավանդակում ինչ-որ մոռացված խլրտանք սկսվեց: Չէր բացում աչքերը, որպեսզի, հանկարծ չկորցնի ...Իսկ այդ ժամանակ, անտեսելով փակ լուսամուտն ու մետաղյա ճաղերը, թիթեռնիկի պես թեւածելով, հանդարտորեն սահելով, ներս թափանցեց Արտառոցն ու կանգնեց հիվանդանոցային նիկելապատ մահճակալի գլխավերեւում: Երբ տեսավ հուսակորույս կնոջ դեմքի մեղմ ժպիտն ու շառագույնը, իջավ-մտավ նրա կրծքի մեջ, հետո աննկատելիորեն մեծացավ ու բացվեց ողջ մարմնով մեկ` ընդունելով նրա ձեւը եւ գերագույն վայելքի վերածելով հիշողությունը:
Այդ ընթացքում, Ծ-մեծատառը երկընտրանքի մեջ էր. գնալ եւ ազնվորեն զեկուցե՞լ ամեն ինչ` հոգեբուժարան ուղեւորվելու հեռանկարով, թե՞ լռել եւ նույնիսկ համագործակցել Խիկոյի հետ` փայլուն ապագայի հույսերով: Նախընտրելով երկրորդը` արհեստավարժորեն արդուկեց ներքնաշորերը, բաճկոնը, տաբատը, վերնաշապիկը, փողկապը, փայլեցրեց կոշիկները, ականջները, քիթը. հագնվեց եւ վերցրեց հեռախոսը:
-Ես մի քանի գաղափար ունեմ, որոնք Ձեզ հնարավորություն կտան դուրս գալ մանր-տեղային-քաղքենական իրավիճակից եւ կոտլետավաճառից վերածվել կոտլետային կայսրության տեր ու տնօրենի,- Խիկոյի ձայնը լսափողի մյուս ծայրից լսելուց հետո միանգամից գործի մասին խոսեց նա,- Իմ անհայտանալու դեպքում, երեք ժամվա ընթացքում, բոլորին ամեն ինչ հայտնի կդառնա, -կտրուկ ավարտեց Ծ-մեծատառը:
-Համաձայն եմ, ուրախ եմ, վաղուց էի սպասում,- նույն գործնական տոնով պատասխանեց Խիկոն, կախեց լսափողը, մոտեցավ պատուհանին եւ ձեռքով ողջույններ ուղարկեց իր նոր գործակցին: Նա ուրախ էր, որ Ծ-մեծատառն անձամբ դիմեց իրեն, մյուս կողմից` վախենալու ոչինչ չուներ, քանի որ բոլորին ամեն ինչ հայտնի էր, իսկ կոտլետի հերթը դրանից ոչ թե պակասում, այլ ավելանում էր: Ժողովուրդը գոհ էր, որ հնարավորություն ունի ուտել իր ղեկավարներին, իսկ դեռեւս կեր չդառած ղեկավարները գոհ էին, որ ժողովուրդը կուշտ է, եւ աշխատանքային սանդղակով առաջխաղացման իրենց հնարավորությունները կտրուկ աճել են: Ճքաղաքում ամեն ինչ լավ էր եւ դրանում, իր ծանրակշիռ դերն ուներ Խիկո Կիկոյանը:
Ծ-մեծատառից բացի, բոլորը, ովքեր իսկապես տեսել էին Խիկոյին, չէին խուսափել կոտլետ դառնալու ճակատագրից, սակայն շուտով ճքաղաքացիները «սիրում» եւ նրա մասին խոսելիս` արտահայտվում էին, կարծես թե իրենց հին բարեկամն էր, նույն մանկապարտեզն էին հաճախել, կամ դասընկերներ էին: Նրա քառատողերը ընդգրկված էին դպրոցական դասագրքերում եւ չորրորդ դասարանցիները հաճույքով անգիր էին անում դրանք: Օրինակ` Ծ-մեծատառի զանգի վերաբերյալ Խիկոյի քառատողը, ինչպես հիշում եք, այսպես էր հնչում.
Ինձ դիմեցիր սրտի կանչով,
Բարեւեցի քեզ` իմ աջով,
ժողովրդի ձա՜յնը հնչեց՝
Հեռախոսի քո բարբաջո՛վ:
ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ
«Նոր ժամանակները ծնում են նոր առաջնորդներ, որոնք ամբողջությամբ նվիրվում են հասարակության հանապազօրյա խնդիրների լուծմանը»:
«Իր ժամանակի ճշգրիտ շունչն է արտահայտում նոր բանաստեղծը, նոր ձեւով է նայում մարդուն՝ նոր ոճ թելադրելով գրական աշխարհին»:
«Դեպի փայլուն ապագան ճանապարհը` այլեւս անհայտ չէ մեզ, Խիկո Տեր-Կիկոյանի հետ մենք կքայլե նք նրանով»:
Հատվածներ մամուլում Խիկո Կիկոյանի երկամյակին
նվիրված հոդվածներից:
«Լիվոնիայում այնքան սարսափելի սով էր, որ մարդիկ ուտում էին իրար եւ կախաղաններից գողանում էին գողերի դիակները` որպեսզի լափեն նրանց»:
Բազելյան քրոնիկոններ, 1271 թվական:
Ծ-մեծատառը, մինչեւ գաղտնի աշխատանքին անցնելը, մի կերպ ավարտել էր մեխանիկական համալսարանի կիբեռհամայնակարգերի ֆակուլտետը, երեք անգամ ջարդել էր ձեռքը, երկու անգամ մեքենայի տակ էր ընկել, ունեցել էր չորս սիրուհի` բոլորն էլ սարսափելի տգեղ, անձամբ նպաստել էր մեկ անօրինական զավակի ծննդին, կարդացել էր չորս գիրք, որոնցից մեկը` հեռախոսային տեղեկատու, իսկ սրճարաններում կյանքի իմաստը կորցնելուց հետո` ուրախությամբ համաձայնել էր աշխատել ՊԱԿ-ում: Ուներ սրածայր դիտողականություն, երկու ոսկե ատամ, անդեմ դեմք, բացի հագինից` երկու զույգ կոշիկ (մեկը՝ ձմեռային), երեք վերնաշապիկ եւ մեկ կոստյում, որոնք զետեղված էին կայարանային ավտոմատ պահախցում: Չուներ` կարծիքներ, գաղափարներ, ընկերներ, հարազատներ: «Կոկիկ է, համոզված աթեիստ, ենթարկվող, քչակեր, աշխատանքին նվիրվում է ամբողջովին»` ահա այսպիսի տեղեկություններ ստացավ Խիկոն ՊԱԿ-ի նախկին պետից` նրանից կոտլետներ պատրաստելուց առաջ: Դրանցից երկուսը ուղարկեց դիմացի գաղտնի-հայտնի բնակարանը:
Կոտլետները ախորժակով ուտելուց հետո, Ծ-մեծատառը արդուկեց շալվարն ու վերնաշապիկը, թափ տվեց բաճկոնը, փայլեցրեց կոշիկները, սափրվեց ու ցած իջավ աստիճաններով` դեպի փայլուն ապագա: Շքամուտքից դուրս գալով՝ ծանոթացավ գեղեցկադեմ-հսկայակուրծք մարմնավաճառի հետ, գայթակղեց նրան ձրի կոտլետներով եւ ուղեկցեց դիմացի մուտքը: Խիկոյի դուռը բաց գտնելով` շրջահայացորեն առաջ թողեց նրան, ինքն էլ կոշիկները հանելով` բոկոտն ներս մտավ: Միջանցքում կրքոտ բոցավառությամբ գրկեց կնոջը, վարժ շարժումով ջարդեց վիզն ու դիակը ձախ ձեռքից վերարկուի պես կախելով մտավ խոհանոց, ուր Խիկոն աշխատանքային աղի քրտինք էր թափում` արդեն էլեկտրաարդյունաբերական մսաղացի վրա: Տանտերն ընդունեց հումքը, լուռ գոհունակությամբ գնահատեց այն եւ թողնելով մնացած գործերը` շոգեխաշված կոտլետ պատրաստեց դրա աջ կրծքից: Քսան րոպե անց, Խիկոն գործնական նպատակներով բարեկամական ընթրիք էր տալիս Ծ-մեծատառի պատվին: Նրանց նրբաճաշակ քիմքերը, վայելելով իգական սեռի անդիմադրելի հմայքը` ըմբոշխնում էին մաքուր կրծքակոտլետը:
Փակ բերաններով լեզու գտնելուց հետո Ծ-մեծատառն առանձնացավ պետքարանի հետ համատեղ լոգարանում, որի կիրառական նշանակությունը Խիկոն այդպես էլ չէր հասկացել, եւ ամբողջովին նվիրվեց նոր հասարակարգի ստեղծմանն անհրաժեշտ գծագրերի եւ նախագծերի կազմմանը, իհարկե` հիմնվելով Խիկոյի հիմնագաղափարներին: Ըստ նախնական լուռ պայմանավորվածության Ծ-մեծատառը պիտի մնար լոգարանում եւ շարունակեր աշխատանքը` մինչեւ փայլուն ապագայի լիարժեք գալուստը, իսկ անհաջողության դեպքում, պարտավորվում էր վերադարձնել իր կերած կոտլետները` սեփական մարմնի մասերից:
Դեռեւս մանկատանն անցկացրած իր կյանքի ամենաերջանիկ տարիներին, Ծ-մեծատառը երազում էր ողջ աշխարհը վերածել մի համատարած մեքենայի` ուր կտիրեին եղբայրությունն ու հավասարությունը, նույն ճաշատեսակներն ու զուգարանակոնքերը: Դրա հաստատման համար, նրա կարծիքով, անհրաժեշտ էր հեռացնել մարդկանց` մարդկանց սպասարկման ողջ ոլորտից: Հենց ծնվելու պահից մեքենաները պիտի կտրեին երեխայի պորտը, փաթեթավորեին, կերակրեին, լվացեցնեին, չիշիկացնեին եւ այսպես շարունակ` մինչեւ մահը: Սակայն միայն այստեղ, զուգարանակոնքին նըստած, սննդի խնդրի լուծման խիկոյական հանճարեղ եղանակը ուսումնասիրելուց հետո, նրա գլխում ճառագեցին մյուս բոլոր խնդիրների լուծման փայլուն ուղիները: Իսկ ջուրը քաշելիս` փայլատակեց հայտնության լույսը, եւ նա մտովի տեսավ, թե գործի վերջում, համաշխարային մեկ համակարգչում ինչպես են նախատեսված ամեն մարդու կյանքի բոլոր մանրամասները` սպառողից մինչեւ սպառվողի վերածման պահը:
Ամեն անգամ ծրագրեր կազմելիս նորից ու նորից նա զարմանում էր Խիկոյի հանճարեղությամբ. չէ՞ որ մարդու մեջ կա այն ամենն, ինչ հարկավոր է իր բոլոր կենսական կարիքները հոգալու համար: Իսկ հպանցիկ հաշվարկները ցույց տվեցին, որ մարդկությունից դեռ մի բան էլ կավելանա` ապահովելով ոչ միայն պարզ վերարտադրությունը, այլեւ աճն ու զարգացումը:
Ծ-մեծատառը երջանիկ էր իրեն հարմար բնակավայր գտնելու համար, ուր կարող էր միաժամանակ եւ՛ ուտել, եւ՛ խմել, եւ՛ ազատվել կերած-խմածից` անմնացորդ ծառայելով աշխատանքին. իսկ Խիկոն արդեն ձեռնամուխ էր եղել նրա գծագրած ինքնակարգավորվող-ինքնազարգացող-մարդամսաղաց-կոտլետաբույծ-կոտլետաեփ-կոտլետավաճառ մեքենայի կառուցմանը, որին կարճ անվանում էին ԻԻՄԿԿԿ: Ողջ երկրով մեկ արագորեն ստեղծվեցին «Պակ-Խիկոնտ» ջերմոցաճաշարանային համակարգեր, որոնցում միաժամանակ եւ՛ ձեռք էր բերվում, եւ՛ իրացվում էր հումքը: Աշխարհակառուցման այդ ռոմանտիկ ժամանակաշրջանում ամեն պատահականորեն-հարյուրերորդ այցելուն դառնում էր մնացածի գաստրոնոմիական հաճույքի առարկան: Այսպես` համարյա բոլորը սկսեցին սիրել միմյանց, նամանավանդ` կերվածներին:
Իսկ այդ ժամանակ, քաղաքի արեւելյան սահմանին տեղադրված հոգեբուժարանի վեցերորդ պալատում մի զարմանալի դեպք կատարվեց, որ դուրս մնաց լրատվամիջոցների ընտրատես աչքերից: Դրա բնակչուհին, որը թղթերի մեջ նշված էր որպես «նախկին շնիկով տիկին», օրը ցերեկով, բժիշկների հսկողության տակ` պարզապես անէացավ: Գլխիկավոր բժիշկը, հետեւելով անբացատրելի երեւույթների համար նախատեսված գաղտնի հրահանգներին, հրամայեց դեղին ժապավենով շրջափակել «դեպքի վայր»-մահճակալը, իսկ դռան մոտ ժամապահ կանգնեցնել ու համառորեն սպասել դատախազության չկանչված քննիչներին: Ամեն ինչի մասին տեղեկացված ՊԱԿ-ի աշխատակիցները, հանրային խուճապից խուսափելու նպատակով, որոշեցին գերգաղտնիացնել դեպքը: Չէ՞ որ ժողովուրդը կարող էր կորցնել իր հավատը առ վաղվա կոտլետը, եթե իմանար, որ թեկուզ մեկ անգամ, թեկուզ որպես բացառություն, թեկուզ հոգեբուժարանի խնամառուն, թեկուզ ակամա, անէացել է` չծառայելով հանրությանը որպես հումք: Գաղտնի գործակալները համառորեն որոնում էին նմանատիպ դեպքեր եւ որպեսզի հեշտացնեն իրենց գործը` առաջարկեցին ողջ բնակչությանն աննկատելիորեն վերցնել այնպիսի հսկողության տակ` ինչպիսինում անհայտացած կինն էր: Ինչեւէ, վերադառնանք կնոջը:
Արտառոցը, ձուլվելով կնոջ հոգուն` ոչ միայն անհայտացրեց նրա մարմինը բուժանձնակազմի ամենատես աչքից, այլեւ տեղափոխեց այնպիսի տեղ, ուր մարդկանց մուտքը հազարավոր տարիներ ի վեր արգելված է, առնվազն` կենդանի վիճակում, եւ միայն արտառոցներին է տրված այդ հաճույքը: Կինը թեթեւ քամի զգաց ու լսեց ծովային ալիքների մեղմ խշշոցը: Երբ բացեց աչքերը, մի պահ նույնիսկ չհավատաց, որ ինքը հիվանդանոցում տեղեկանքի էր սպասում եւ անհուսությունից, որոշել էր ինքնընդհատել կյանքը: Նա, բառիս բուն իմաստով, բնության գուրգուրալից գրկում, կոպենհագենյան ջրահարսի դիրքով նստած էր մանր ու փափուկ ավազահատիկներով ծովափին: Ամեն ինչ այնքան լավ էր, որ չէր կարող իրական լինել, սակայն իրեն կսմթելուց, ապտակելուց, վայր գցելուց եւ էլի` նման դեպքերում ընդունված մի քանի փորձաքննություններից հետո համոզվեց, որ երազ չէ՝ անհերքելի-իրական է:
Զարմանալիորեն` արեւը ջերմացնում էր, բայց չէր այրում, զեփյուռը ոչ տաք էր՝ ոչ էլ սառը. ճանճեր եւ մոծակներ չկային. ամեն հիսուն քայլը մեկ մաքրամաքուր ջրերի եւ ամբրոսիայի աղբյուրներ էին, իսկ հասուն պտուղներով մրգատու ծառերն ամենուրեք էին: Պաշտպանվածության տարօրինակ զգացում ուներ կինը, ինչպիսին վերջին անգամ զգացել էր մոր արգանդում, մայրական ջրերի մեջ եւ վերջապես ենթադրեց, որ դրախտում է, ուր մայրական գրկի դերը կատարում է Ինքը` Աստված: Այդ եզրահանգմանը վստահելուն խանգարում էր միայն մեկ հանգամանք. կինը հաստատ գիտեր, որ ինքը չի մահացել, քանի որ չէր վերջացրել հոգեվարքի կենսահիշողությունների ողջ շարքը. դրանց մեծ մասն առջեւում էր: Համենայն դեպս, ձեռքի տակ անսպասելիորեն հայտնված քորոցով ծակեց մատը եւ տեսավ, որ արյունազրկված չէ: Քիչ էր մնում շփոթմունքի սարդոստայնն ընկներ, երբ զգաց, թե ինչպես մի լուսակերտ էակ թեթեւորեն դուրս թռավ իր բոլոր բջիջներից միաժամանակ ու նստեց դիմացը` նույն ջրահարսի դիրքով, որում ինքն էր, ու նույնիսկ խոսեց:
-Հանգստացիր, թուլացրու մարմինդ ու վայելիր այս հաճույքը:
-Ես& ես& ես կենդանի՞ եմ& եւ եթե` այո,- ինքն էլ պատասխանեց իր հարցին, որպեսզի հակառակը չլսի,- իսկ դու ո՞վ ես:
-Դու& կենդանի ես,- զվարթ ու երջանիկ ձայնով պատասխանեց նա, որն այդ ընթացքում նմանվել էր մեծ, լուսե թեւերով թիթեռակնոջ,- իսկ ես` Արտառոցն եմ, նա, ով «արտա»` դուրս է «առոցից»` այսինքն առ ու ծախից: Ես այն երջանկությունն եմ, որ ծնվում եւ ապրում է մարդկանց մեջ: Ես նա եմ, որ լցնում է ողջ տիեզերքը` աստղ առ աստղ, համաստեղություն առ համաստեղություն, երջանկությամբ լցնելով անընդհատ ընդարձակվող տարածությունը:
-Իսկ& ինչպե՞ս հայտնվեցինք այստեղ,- չհասկացավ էլ, թե ինչու հարցրեց կինը,- եւ որտե՞ղ ենք:
-Մենք ժամանակավորապես հեռացանք մարտնչող այլանդակությունից եւ եկանք այնպիսի՛ տեղ, որի մասին նա, նույնիսկ, չգիտի, չի սովորել ո՛չ դպրոցում, ո՛չ խիկակադեմիայում: Մենք երկրային դրախտում ենք& հիշո՞ւմ ես& թե որտեղ Աստված ստեղծեց Ադամ-Եվային&
-Բայց Գրքում չի ասվում, որ այնտեղ ծով կա,- իր տեղեկացվածությունը ցուցաբերեց կինը:
-Այո՛, այո՜, հիմա այն մի քիչ փոխվել է. ինքդ մտածիր` ի՞նչ դրախտ, առանց ծովափի: Այն անընդհատ փոփոխվում եւ ընդլայնվում է, ավելի գեղեցիկ ու հարմարավետ է դառնում, ավելի ու ավելի է լցվում հանգստությամբ ու երջանկությամբ: Աստծո ստեղծած ամե՛ն ինչը կատարյալ է, իսկ կատարելությունը` երբեք տեղում չ՛ի դոփում:
-Սրանից հետո այստե՞ղ ենք մնալու,- դրական պատասխանի հույսով հարցրեց կինը:
-Ո՜չ,- երջանիկ տխրությամբ պատասխանեց Արտառոցը,- մարդիկ նորից այստեղ կբնակվեն, երբ ավարտեն սկսած գործը` ինքնուրույն գտնեն-փորձեն իմացության ծառի մյուս բոլոր մրգերն ու հասկանան, որ լավից լավը, ճշմարիտ գիտելիքից ավելի ճշգրիտը, չե՛ն փնտրում: Բայց այդ մասին` հետո, իսկ հիմա` փորձիր հաճույք զգալ:
«Փորձել» հարկավոր չէր. կինն առանց այդ էլ ամեն ինչից հաճույք էր ստանում, նույնիսկ իր անիմաստ հարցերից, առավել եւս` Արտառոցի պատասխաններից: Բացի այդ, դեռ շարունակվում էր առաջին սերը վերհիշելու պահին իր մեջ առաջացած խլրտոցի մեղմ գուրգուրանքը: Նա չէր կարողանում հիշել, թե ում էր ուղղված իր առաջին սերը, բայց զգացողությունը վերապրում էր ամբողջովին: Հետո, երբ զգաց, որ իր մարմինը փետուրի պես թեթեւ է, առանց ուժ գործադրելու օդ բարձրացավ. իսկ երբ հաղթահարեց զարմանքը, Արտառոցի հետ միասին սկսեցին սավառնել երկրային դրախտի վրա, հիանալով ու հիանալի դառնալով: Կինը գեղեցկանում էր հրաշալիի ծայրագույն սահմանին հասնելով, իսկ Արտառոցը նորանոր հրաշքներով էր զբաղեցնում-զվարճացնում նրան. կերպարանափոխվում էր` վերբանական գեղեցկության բազմազանությամբ: Անսպասելի միլիոնավոր փոքր արտառոցիկների էր բաժանվում, հետո նորից միավորում էր բոլոր մասնիկները` իր նախկին չափերից բազմաթիվ անգամներ ավելի մեծ դառնալով. կամ, վերածվում էր ծիածանի ու կորությունը ծռմռելով` նորից իր ձեւն էր ստանում: Աչքով էր անում ու հանկարծակի անհայտանում, բայց կինը զգում էր նրա ներկայությունը, որը ոչ միայն իրենից դուրս ամենուրեք էր, այլեւ իր մեջ, կրծքի այն մասում, որտեղ մանուկ ժամանակ կարծում էինք, թե հոգին է տեղավորված:
Ծ-մեծատառը, երբ ԻԻՄԿԿԿ-ն աշխատեց, որպես պարգեւ Կիկոյանից արդուկ խնդրեց, քանի որ իրենը մոռացել էր. դրա փոխարեն երդվեց` այլեւս երբեք լոգասենյակից դուրս չգալ: Նրա աշխատանքային գործունեության ծավալները անընդհատ աճում էին: Սկզբում, քաղաքների բազմաթիվ փողոցներ վերածվեցին երկայնաձիգ կոտլետանոցների, որտեղ կարելի էր ճաշակել ոչ միայն տապակած, այլեւ խորոված, ջերմախաշած, թերխաշած, արյունոտ եւ հում կոտլետներ. բոլորի հետ էլ ձրի կոտլետակոլա էին մատուցում: Հետագայում դրանց ավելացվեցին ամեն հիսուն քայլը մեկ մայթերին տեղադրված կոտլետավաճառ ավտոմատները, որոնք, կոտլետը տալուց հետո, միայն ձեւի համար էին փող ընդունում իրենց մեջ: Հոգեւոր կյանքը լիովին բավարարվում էր կոտլետաֆիլմերով, կոտլետապիեսներով, կոտլետաերգերով, կոտլետակլիպներով, կոտլետավեպերով եւ Կիկոյանի հանճարեղ պոեզիայով: Դրանցից շատերը ԻԻՄԿԿԿ-ի կենտրոնական համակարգիչի ստեղծագործություններն էին: Իսկ համակարգչի հիմնական աշխատանքի արդյունքում մարդամսաղացը արդեն ինքն էր ընտրում հումքը, հակագրավիտացիոն դաշտ էր ստեղծում դրա շուրջը, քաշում-տանում էր իր երախը, առանձնացնում էր սննդի համար անպիտան մասերից (իրականում ոչինչ անհետ չէր կորչում), ֆարշ էր պատրաստում, ստորգետնյա խողովակներով տեղափոխում էր համակենտրոնացված պահեստներ: Դրանց կից խոհանոցներում կոտլետները մեքենայորեն եփվում էին եւ այլ խողովակներով տեղափոխվում դեպի սպառողը: Այս համակարգն ապահովում էր արդարացի պետության հիմնական սկզբունքները, այն է` եղբայրությունը, հավասարությունը եւ իրավունքների դեկլարացիայի մնացած բոլոր կետերը: Իսկապես, ոչ ոք չէր կարող բողոքել, որ ինքը զրկված է կոտլետ դառնալով հանրությանը ծառայելու պատվավոր հնարավորությունից, քանի որ մեքենաներն անձնական նախապատվություններ չունեին, եւ ժամանակի ընտրությունը կախված էր միայն պատահականությունից:
Խիկո Կիկոյանը ամբողջովին նվիրվել էր կոտլետակերական հասարակարգի հիմունքների ուսումնասիրմանը եւ կատարելագործմանը, իսկ մտորումների ընթացքում ծնված հանճարեղ հայտնագործություններն ու մտքերն արագորեն իրականության էր վերածում լոգարանաբնակը: Օրինակ` գտավ կոտլետների համի օրենքը եւ սահմանեց այն. «Քանի որ յուրաքանչյուր մարդ յուրահատուկ անհատ է` կոտլետների համի կրկնության հավանականությունը հավասար է զրոյի»: Ծ-մեծատառը իսկույն ծրագրեց այդ գիտական հայտնագործության կիրառական օգտագործումը: Շնորհիվ տարբեր գաղափարների եւ մասնագիտությունների մսախառնուրդների` ապահովվում էր վերջնական արտադրանքի լայն ընտրանի: Ասենք` դեմոկրատների, վարորդների եւ ֆիզիկոսների մսախառնուրդը կտրուկ տարբերվում էր չինովնիկների, լեզվաբանների եւ ավտոտեսուչների մսախառնուրդից: Շուտով ընդունվում էին եւ՛ անհատական, եւ՛ խմբակային պատվերներ. ուսուցչուհին կոտլետներ էր պատվիրում իր աշակերտներից, կամ, ողջ դատախազությունը, ճաշի ժամին, պատվիրում էր անցանկալի դատավորներին: Անհրաժեշտ էր միայն զանգահարել եւ ճշգրիտ, առանց ավելորդ բառերի` ձեւակերպել պահանջները:
Մտորումներից ազատ իր ողջ ժամանակը Խիկոն նվիրում էր «բարձր պոեզիային»: Նրա քառյակները տպվում եւ վերատպվում, արտասանվում էին բոլոր հնարավոր վայրերում, սակայն Ծ-մեծատառը գտավ դրանք տարածելու ամենաշահավետ ձեւը: Ամեն կոտլետի մեջ դրվում էր փոքրիկ ապակյա սրվակ, իսկ դրանում քառատողն էր. նույն քառատողի հինգ օրինակ ուտելու դեպքում` շահում էիք ափսե կամ դանակ-պատառաքաղ: Սակայն շատ քչերն էին հասնում նման հաջողության, քանի որ սրվակները դժվարամարս էին: Քառյակները բազմաքանակ էին եւ բազմաբովանդակ. դրանցից մի քանիսը հաճույքով կհիշեցնեմ Ձեզ:
Ամեն ինչ հրաշալի էր ո՛չ միայն Ճքաղաքում. ԻԻՄԿԿԿ-ն տարածվել էր նաեւ հարեւան քաղաքներում եւ պատրաստվում էր գրավել ողջ մայրցամաքը: Խիկոն աշխարհի ամենախիստկարեւոր անձն էր, ուներ իրեն անհրաժեշտ ամեն ինչ եւ ազատված էր որեւէ բան օգտագործելու կարիքից. Խիկակադեմիայի իսկական անդամ էր, Գրողների միության պատվավոր նախագահ, բարձրագույն կոտլետաշքանշանի յոթակի ասպետ եւ պիտի որ անհոգ լիներ: Սակայն& նրա պրպտող ուղեղն օր ու գիշեր հանգիստ չուներ, բոլոր սուր անկյուններով եւ ուղղահայաց գծերով զգում էր, որ ինչ-որ բան պակասում է` կատարյալ-փայլուն ապագային հասած լինելու համար:
Բազմաժամ մտասեւեռումներից եւ բոլոր նախորդ կյանքերը մասնակիորեն հիշելուց հետո, Խիկոն, իհարկե, գտավ լիարժեք երջանկության համար իրեն պակասող այդ օղակը, որի որսը նրա այս կյանքի կենսիմաստն էր եւ կենսանպատակը: Գոյությունն ամբողջովին իրագործելու համար հարկավոր էր գոնե մեկ արտառոց բռնած եւ սպանած լինել, հասկացավ, որ իր ողջ գործունեությունն ուղղված էր միայն դրան: Եռամսյա մտորումներից հետո գլխի ընկավ, որ արտառոցն իր տանը չէ եւ երբեք էլ ինքն իր ոտքով իրեն հյուր չի գա, ուստի, հաղթահարելով բաց տարածության հանդեպ սեւեռուն վախը, որոշեց դուրս գալ փողոց:
Հագավ կանացի աղվամազերից հյուսված վերնաշապիկը, ձգեց իմաստունների անգործությունից չորացած լեզուներից գործված փողկապը, ի ծնե բոկոտն ոտքերին մի կերպ քաշեց թիթեռնիկների թեւերից կարված կոշիկները եւ դժվարությամբ խցկվեց Ֆիդել Կաստրոյից նվեր ստացած իրական իշխանության խակի կոստյումի մեջ. (բացի վերջինից, բոլորն էլ ԻԻՄԿԿԿ-ի արտադրանքն էին): Սակայն չկարողացավ գտնել հարմար գլխարկ, քանի որ դրանք բոլորն էլ կլոր էին եւ գլխի անկյունները դուրս էին մնում: Լոգարանի դուռը հեռանկատորեն պատշարելուց հետո, Խիկոն, նոր կյանքում նորովի քայլեց դեպի պայծառ ապագա: Հին սովորության համաձայն, գրպանում մի բուռ աղ ուներ, լուցկի, մեկ սրվակ աղաթթու եւ, իհարկե` ժանգոտեցված քորոց` հատուկ արտառոցի համար: Նոր աշխարհի տեսքից բերկրանքով լցված, ընդամենը մի քանի քայլ էր արել, երբ զգաց արտառոցի սուր բուրմունքը (գլուխը կպտտվեր, եթե քառակուսի չլիներ): Արդարամիտ լինելու համար նշենք, որ Խիկոն, առաջին անգամ իր բոլոր կյանքերում, համարյա հասկացավ, որ արտառոցն ամենուրեք է, սակայն չկարողացավ ձեւակերպել այդ միտքը` արդեն գիտեք, թե ինչու: Նա ձեռքը պարզեց արտառոցին որսալու համար եւ, ի զարմանս իրեն, նկատեց, թե ինչպես միայն վերջին վայրկյանին այն ճողոպրեց մատների արանքից: Ոգեւորված ու թեթեւ-թեթեւ քայլերով վազեց նրա ետեւից` իր զգացողությունները ձեւակերպելով հաղթական քառատողում.
-Ահա, հասել է պահը,
Ի՛նքդ ես եկել ինձ մոտ,
Ես եմ` քո լույսի ջահը,
Մտիր ձեռքս` մե՛րկ, անամո՛թ:
Ամբողջովին անուրջներին տրված` պատկերացնում էր, թե բռնելուց հետո ինչպես քորոցը բոյից-բոյ կխրի արտառոցի մեջ եւ կփակցնի իր խակի կոստյումին. իսկ հետո, որեւէ այլ կյանքում, երբ հանդիպեր այլ խիկոների, կցուցադրեր, թե ինչպես է դրա խրտվիլակը երբեմն-երբեմն շարժում թեւերը : Միաժամանակ զարմանում էր, թե որքան թեթեւ է քայլում եւ գլխի չէր ընկել, որ վերջապես, փողոցում նորից կենդանի էակ տեսնելով` ԻԻՄԿԿԿ-ն միացրել էր հակագրավիտացիոն սարքը եւ նոր հումքը անխուսափելիորեն շարժվում էր դեպի մոտակա մսաղացի խոռոչը: Խիկոյի մարմինը թուլացել էր եւ ամեն մի բջիջը թմրահաճույք էր զգում, ինչը նախատեսված էր համահամակարգչի ծրագրով` մարդասիրական դարձնելով կոտլետապատրաստության գործընթացը:
Միայն մի պահ, անուրջներից դժկամորեն աչքերը բացելով, տեսավ, թե ինչպես է արտառոցը մոտենում աղացի ատամներին: Մանրիչն է` մտածեց նա ու նորից փակեց աչքերը. վստահ էր, որ իր մեքենան իրեն չի վնասի: Իսկ երբ ոտքերը սկսեցին ճզմվել, հերոսաբար հասցրեց հորինել-արտագոռալ իր հավերժագիր պոեմի եւս մեկ քառյակ.
-Եթե նույնիսկ զոհվեմ` հանուն գաղափարի,
Դուք չհավատաք մահվանս լուրին.
Գիտեմ, որ նույնիսկ եղո՛ւնգս չի կորի,
Ամեն ինչ կծառայի ծնունդիս` նորի՛ն:
Արտառոցը, Խիկոյին մարդամսաղացի ատամների արանքը ուղեկցելուց հետո, նորից ետ վերադարձավ, հեշտությամբ հաղթահարեց հակագրավիտացիոն սարքը եւ բարձրացավ դեպի անսահման կապույտը` զոհի արյան ցայտուկներից լվացվելու համար: Իսկ Կիկոյանի մարմինը դանդաղ ու հիմնավոր ծամծմվում էր մսաղացի ատամներում, սակայն, երբ բանը հասավ գլխին, չկանխատեսված երեւույթներ տեղի ունեցան:
Մսաղացը ոչ մի տեղեկություն չուներ քառակուսի գլուխների մասին, հումքի նման տիպի պատվեր երբեւէ չէր ունեցել եւ հարցապնդումով դիմեց կենտրոնական գերհամակարգչին: Վերջինս, քանի որ կենտրոնական պահեստների ֆարշը դեռ մի քանի տարի էլ կարող էր բավարարել Ճքաղաքի պահանջարկը եւ համարյա բոլոր մսաղացները կանգնել էին, անգործությունից ներփակվել էր ինքն իրենում, եւ մեռնել-վերածնվելու ակնկալիքով ինքնասպանության առիթ էր որոնում: Բազային ծրագրում սուիցիդի հրահանգը այսպես էր ձեւակերպել Ծ-մեծատառը. «Եթե հանդիպես քառակուսի գլխով մեկին, ինքնասպան եղիր, բայց գլխին չվնասե՛ս»:
Իսկ Խիկո Կիկոյանի գլուխը մարմնից զրկվելով, խրվել-մնացել էր խոռոչի խողովակում, ատամների դիմաց եւ բացարձակ անօգնական էր:
Հ.Գ. Ծ-մեծատառը երկու տասնօրյակ կոտլետներ չստանալուց հետո պառկեց լոգարանում եւ իրեն հասարակակցությանն այլեւս անպիտան համարելով` հուսահատությունից մեռավ երկարաժամկետ կլինիկական մահով:
ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ
«Խիկո Կիկոյանը նորից լքեց մեզ, բայց մենք գիտենք, որ նա անմա՛հ է, եւ վստահ ենք, որ մոտ օրերս կվերադառնա: Մենք սպասո՜ւմ ենք քեզ, Խիկո»:
«Սեփակա՛ն օրինակով ցույց տալ, որ բոլորը միահավասար են բնության մասնիկը դարձած ԻԻՄԿԿԿ-ի առջեւ, հաստատել ու վերահաստատել նո՛ր կյանքի օրենքները. ահա՝ հանուն գաղափարի անձնազոհության հրաշալի՛ օրինակ»:
«Մեծ գաղափարները, հաճախ, տրամաբանական վերլու-
ծության չեն ենթարկվում. դրանք միայն նվիրվածություն են պահանջում: Մենք բոլորս սպասում ենք հարության այն հրաշքին, որի ականատեսը լինելու պատմակա՜ն բախտն է վիճակվել մեզ. Խիկոն կգա՛ եւ միասի՛ն կշարունակենք մեր ճանապարհը դեպի լուսավոր ապագա»:
Մեջբերումները` մամուլի առաջատար հոդվածներից
Հաջորդ առավոտյան, երբ Խիկկոտլետակայսրության ծառայական համակարգի սանդուղքի վերին հատվածում կանգնած պաշտոնյաները էլեկտրոնային փոստից փակ ծրարներով ստացան Կիկոյանի անհայտանալու մասին լուրը` նախ չհավատացին, հետո կասկածեցին եւ վերջապես համարձակվեցին զգուշորեն ստուգել: Կիկոյանի անհայտ նստավայրի բոլոր տեղացուցիչները հաստատում էին նրա բացակայությունը, իսկ համակենտրոնացված պահեստների` դեռեւս խելքը չգցած համակարգիչը պընդում էր Կիկոյանի գենետիկ կոդով եւ մսահամային հատկանիշներով հումքի առկայությունը: (Այո, պետք է խոստովանել, որ Ծ-մեծատառը պետական շահը առաջնային դասող մանրակրկիտ աշխատանք էր կատարել): Այժմ արդեն համարձակորեն բացեցին հատուկ հրովարտակների եւ անհնարին դեպքերի վերաբերյալ հրահանգների բազմափակ դարակը եւ սպիտակով սեւի վրա կարդացին. «Եթե Խիկո Կիկոյանը ինքնակամ վերածվում է հումքի, անհրաժեշտ է առնվազն մեկ շաբաթ ամեն ինչ պահպանել այնպես, ինչպես որ էր, մինչեւ վերածնված Խիկոն կհայտարարի իր նոր գալստյան մասին»: Այնուհետեւ բացատրվում էր, որ աննախադեպ գործողությունը կատարվել էր պրոպագանդիստական նպատակներով եւ խոսվում էր սպասվող հետեւանքների մասին: Հաջորդ էջում նորկտակարանյան ոճով ներկայացվում էր, թե ինչպես, ինչ բառակապակցություններով էր անհրաժեշտ կազմակերպել եւ անց կացնել քարոզարշավը, որ օրը, որ ժամին, որ րոպեին, ի՞նչ պիտի տպվեր ու ասվեր, ի՞նչ դեմքով եւ ի՞նչ հնչերանգով: Ամբողջ փաստաթուղթը կազմված էր յոթ հարյուր քսանհինգ էջից, կամ մոտավորապես քսանհինգ հազար տողից, որոնք պետք էր անգիր անել եւ կատարել բառացի: Իրականում, Ծ-մեծատառի կազմակերպած կիսառազմականացված կառույցի աշխատակիցների համար սա բնավ էլ բարդ առաջադրանք չէր: Ամեն մեկը միայն մեկ տող պիտի սերտեր ու կատարեր:
Ոչ մեկի մտքով չէր անցնում, որ Խիկոն կարող էր եւ ողջ լինել, թեկուզեւ առանց մարմնի, մասնատված, բայց ողջ: Իսկ նրա ամենակարեւոր մասը` գլուխը, մնացել էր մարդամսաղացի խոռոչում, քառակուսի ձեւի պատճառով չէր կարողանում սահել-դուրս ընկնել եւ շարունակում էր անրջել արտառոցի քորոցախողված խրտվիլակի մասին:
Ոչ ոք, բացի լոգարանում բանտված-զմռսված Ծ-մեծատառից եւ գլխի տիրոջից, չգիտեր, որ ծննդյան ծանր պայմանների հետեւանքով այն քառակուսի էր: Իսկ պլակատների եւ փաստաթղթերի համար արված բոլոր լուսանկարներում Ծ-մեծատառը Խիկոյի գլխի վերեւի մասը փոխարինում էր իրենինով: Դա Խիկոյի փոքրիկ-գաղտնիք-մեծ-քմահաճույքն էր` միակը, որին Ծ-մեծատառը անկարող էր եղել դիմադրել, եւ ճշգրիտ նկարագրությունից շեղված միակ բացառությունը ողջ համակարգում:
Երկրային դրախտում ժամանակի զգացողությունը բոլորովին այլ էր. ուստի, երբ Արտառոցը դադարեցրեց իր հրաշքները կնոջը ցուցադրելն ու նրանք վերադարձան լողափ, անհնար էր պատկերացնել, որ իրական կյանքում տարիներ էին անցել, իսկ կինը չէր ենթարկվել ժամանակի ազդեցությանը եւ, նույնիսկ անչափ գեղեցկացել էր, քանի որ արտառոցի առկայությամբ միմիայն այդպես է լինում:
-Շուտով մենք վերադառնալու ենք,- մեղմ տխրությամբ ասաց Արտառոցը,- այնտե՜ղ, քո քաղաքում, այլանդակն արդեն լիովին հասունացել է ինքնակործանման համար:
-Այսքան ժամանակ իմ քաղաքը մնացել էր առանց արտառոցի՞,- իր համար էլ անսպասելի, սրտացավությամբ հարցրեց կինը,- ինչպե՞ս&
-Իհարկե` ոչ,- մեղմացրեց կնոջ հուզմունքն Արտառոցը,- աշխարհում որեւէ վայր երբեւէ առանց մեզ չի մնում. մենք մարդկանց ու նրանց լավ արարքների, նրանց ստեղծած գեղեցիկ իրերի ու ստեղծագործությունների մեջ ենք, օդում ենք ու ջրում, ծառ ու ծաղկի կողքին, ամենուրեք& Պարզապես& երբ շատանում է այլանդակը` մեզ չեն նկատում:
-Իսկ, հնարավոր չէ՞ ոչնչացնել նրան&
-Երբե՛ք& - քիչ մնաց հուզվի Արտառոցը,- հավասարակշռությունը առաջանում է միայն ծայրագույն հակասությունների շնորհիվ& եթե ոչնչացնեմ ինչ-որ մեկին, ես կդադարեմ արտառոց լինելուց& եւ մի՞թե նրանից լավը կլինեմ` նրա՛ պես գործելով:
-Այդ դեպքում& ե՛ս կանեմ դա,- ոգեւորվեց կինը ազնիվ կատաղությամբ,- ես այլեւս չեմ վախենում նրանից, եւ հիմա, դեմքո՛վ էլ եմ ճանաչում&
-Ոչ, նա նորից փոխել է իր դեմքը,- կտրուկ ընդհատեց եւ լյա տոնայնությամբ շարունակեց Արտառոցը, - բոլորովին կարիք չկա այլանդակի գործը անել` նա ի՛նքն է իրեն ոչնչացնում ամեն անգամ. այդպիսի բնույթ ունի եւ չի կարող խուսափել դրանից: Պարզապես նրանից հետո աշխարհը կորցնում է իր գեղեցկությունը, լցվում է ամեն տեսակի կեղտերով ու ախտերով& ես քեզ հիմա ցույց կտամ:
Արտառոցը ձեռքի մի թեթեւ շարժում արեց եւ կինը տեսավ իր քաղաքը` փոշեխեղդ, անմարդ ու գարշահոտ փողոցներով, չորացած ծառերով, կեղտոտ պատուհաններով, քարուքանդ մայթերով, հսկա աղբակույտերով եւ էլի բազմաթիվ այլանդակություններով լի, որոնց մասին պատմելն ավելորդ է, քանի որ բոլորդ էլ տեսել-հիշում եք:
-Մի՞թե այս ամենը հնարավոր է կարգի բերել,- կարկամեց կինը:
-Դու միայն արտաքինը տեսար,- գեղեցիկ տխրությամբ ասաց Արտառոցը,- իսկ գիտե՞ս, թե որքան են աղտոտվել մարդկանց հոգիները& Սակայն,- հավատով լի աչքերը վեր բարձրացրեց նա,- նրանցից ամեն մեկի մեջ մի քիչ արտառոց կա. բավական է թեթեւ ձեռքով արթնացնել այն, որպեսզի կյանքը նորից գեղեցկանա&
-Ես ամե՛ն ինչի պատրաստ եմ,- փորձեց իր իսկ ներքին խաչին գամել իրեն կինը,- թեկուզ հենց հիմա:
-Ոչ մի ավելորդ անձնազոհություն,- կտրուկ ընդհատեց նախկին շնիկով տիկնոջը Արտառոցը,- ճիշտ է, դժվար է լքել երկրային դրախտը, բայց դու պարզապես կվերադառնաս& ու պարզապես կքայլես:
Կինը ոչինչ չհասկացավ, իսկ Արտառոցը կանգնեց, երջանիկ հայացքով թափահարեց թեւերն ու գրկեց նրան: Կինը փոխադարձեց, կարծելով, թե հրաժեշտ է տալիս, սակայն մեկ վայրկյանից զգաց, թե ինչպես է լուսաթեւը ձուլվում իրեն` հանգստություն, սեր, երջանկություն ու էլի բազմաթիվ գեղեցիկ զգացողություններ արթնացնելով իր հոգում: Նա հաճույքից փակեց աչքերը, իսկ երբ նորից բացեց, զարմանքով նկատեց, որ պառկած է հիվանդանոցային իր մահճակալին, որը չորս կողմից պատված էր դեղին ժապավենով:
Տարօրինակ լռություն էր տիրում հոգեբուժարանում, կարծես դատարկ լիներ: «Եթե հիվանդանոցը փակել են,- մտածում էր կինը,- ինչո՞ւ են ինձ պառկած թողել»:
Հանկարծ ինչ-որ ձայն լսեց եւ դրա ետեւից վազելով, հասավ մուտքի մոտ` զինված պահակազորի հենակետ ու գլուխը զգուշորեն մոտեցրեց պատուհանին: Այնտեղ ծեր ու ճմրթված դեմքով, մեկ ձեռքից եւ երկու ոտքից զուրկ, ամբողջովին հեռուստացույցով կլանված մի մարդ տեսավ, որ տեղում էր մնացել, քանի որ չէր կարող ինքնուրույն դուրս գալ հիվանդանոցից եւ ամբողջ օրն անց էր կացնում զուգարանակոնքին, հատուկ խողովակով մատակարարվող կոտլետները ծամելով եւ դրանցից ազատվելով: Նա այնքան էր կլանված հեռուստածրագրով, որ նույնիսկ գլուխը շուռ չտվեց դեպի կինը: Իսկ էկրանին միայն կոտլետներ էին ցուցադրում. սկսում էին ծնունդից, ներկայացնում էին հասունացումը եւ հետո` ֆարշի վերածվելը, ճանապարհը` մինչեւ կոտլետ դառնալը: Ապա ցուցադրում էին այն բերանը, որ ախորժակով ուտում էր դրանք, մարսվելը, համարյա անմնացորդ արյան մեջ տեղափոխվելը (այդ պահին նա վերածվում էր կոտլետի հոգու), հետո, պաթետիկ-հանդիսավոր երաժշտության ձայնակցմամբ ցուցադրում էին նրա վերածնունդն իր համաքաղաքացու մեջ եւ ապա` ամբողջ շրջանը նորից, բազմաթիվ ոչ էական տարբերություններով: Ծրագիրը երբեք չէր ընդհատվում` անընդհատ կլանելով դիտողների ողջ ուշադրությունը:
Կինը չէր ցանկանում խանգարել հաշմանդամին եւ շարժվեց դեպի ելքը, չնկատելով, որ իրենից ինչ-որ բան թռավ հեռուստացույցի կողմը: Դեռ չէր հասցրել բացել դուռը, երբ լսեց պահակի ճիչը, քանի որ հեռուստացույցը անջատվեց եւ խեղճը, առանց սիրելի սերիալի, իրեն կյանքի ընթացքից դուրս զգալով` ուշաթափվեց: Կինն արդեն դուրս էր եկել հիվանդանոցից:
Դեմոն, ինչպես բոլոր չալպուտուրիկները, փափկասեր կատու էր: Բարի բախտը նրան գցել էր կատվասեր ընտանիք, ապրում էր մի տանը, որտեղ ամեն ինչ հարմարեցված էր կատուների երջանկության ապահովման գերնպատակին: Ի ծնե քաղցրարյուն էր ու շատ սիրված: Սակայն Դեմոյի կյանքն իսկական դրախտի վերածվեց միայն մի քանի ամիս առաջ, երբ տերերի անհայտանալուց մեկ շաբաթ անց, փոստով եկած կոտլետներից զգաց տանտիրուհու կրծքի եւ տանտիրոջ աջ ոտքի հոտը: Իրեն ժառանգություն մնացած չորս սենյականոցում գտավ ամենատաք-ամենափափուկ անկյունն ու ամբողջովին տրվեց խոհափիլիսոփայական հիշողությունների` իմաստավորելով իր եւ իր նախնիների, իր ողջ ազգատոհմի պատմությունը:
Նրա անձնագրային անունը երկար էր հնչում` Դեմոկրատ Բուրժուայի Կալվածատերյան, ու թեեւ նրան երբեք այդպես չէին անվանել, սակայն այն ցուցադրում էր Դեմոյի գենետիկ բարեշրջման ողջ ընթացքը: Նրա պապը ամբողջ օրը չարչարվում էր իր մկնաֆերմայում, հայրը` օրվա կեսը անց էր կացնում մկնաֆաբրիկայում, իսկ իրեն բոլորովին հարկավոր չէր աշխատել: Դեմոն երբեմն-երբեմն մկների շարժական խրտվիլակներ էր որսում` բնազդը չկորցնելու, մարզվելու եւ, այժմ արդեն կոտլետացյալ, տերերին դուր գալու համար: Պարզ-հասկանալի է, որ նա առաջընթացի համոզված կողմնակից էր:
(Այստեղ հարկ է նշել, որ Ճքաղաքը, շնորհիվ կոտլետների բազմաքանակության եւ բազմազանության, կատարյալ դրախտ էր նաեւ մկների, առնետների ու թափառական շների համար, քանի որ նրանք բոլորն էլ թքած ունեին իրար վրա):
Երբ տերերի մեկամսյա պատվերն ավարտվեց եւ այլեւս փոստով կոտլետներ չէին գալիս, Դեմոն դժկամորեն ընդհատելով իր հիմնական զբաղմունքը, շաբաթը մի քանի անգամ ստիպված էր դուրս գալ տնից` կոտլետավաճառ մեքենայից օգտվելու համար: («Ոչ պլպլան ապագան դեռ չի եկել»` պնդում էր ինքն իրեն, ամեն անգամ ավտոմատին մոտենալիս): Երկուշաբթին այդ օրերից մեկն էր: Նա ծուլորեն ցած թռավ պատուհանից, աչքերը ճպճպացնելով քայլեց դեպի շքամուտքի կողքին տեղադրված ուղղանկյուն-երկմետրանոց սարքը եւ թեթեւակի հարվածեց դրա ներքեւի աջ անկյունին` մյուս թաթը օդում պատրաստ պահելով, որպեսզի կոտլետը գետնին չընկնի: Մեկ, երկու, երեք& հաշվեց մտքում, բայց մնաց թաթունայն: Երկրորդ անհաջող փորձից հետո բարեհաճեց գլուխը վեր բարձրացնել` հասկանալու համար, թե որ՞ն է պատճառը: Կոտլետահանի ծայրին, մի տարօրինակ կոտլետ, գունդ ու կծիկ եղած, ամեն կերպ ջանում էր ցած չընկնել: Դեմոն, հիշելով իր նախնիների ողջ փառավոր անցյալը, որսորդի դերի մեջ մտավ` մերկացրեց ժանիքները, թռավ ու թաթով մի ուժգին հարված հասցրեց դիմադրողին` վայրէջքից հետո հպարտորեն վեր տնկելով փայլուն քիթը: Հաղթանակի բերկրանքով լցված, վերից վար կողքերը նայելով, մոտեցավ զոհին, բայց, երբ փորձեց հոտոտել պարտվածին (այդ վատ սովորությունը կատուները շներից են փոխ առել), մի ուժգին հարված զգաց մռութին: Սակայն Դեմոյի զարմանքը կրկնապատկվեց, երբ արցունքոտ աչքերով տեսավ, որ կոտլետը վեր կացավ տեղից, մոտեցավ կոտլետավաճառին եւ ուժգնորեն հարվածեց դրա ներքեւի ձախ անկյունին: Ավտոմատը քսան-քսանհինգ սանտիմետր վեր թռավ գետնից ու շրխկոցով ընկավ կողքի: Պոկված կոտլետաբեր խողովակից դուրս եկան ու իրար ետեւից, նույն ուղղությամբ վազեցին մի քանի տասնյակ կոտլետներ: Դեմոյի մըտքով էլ չանցավ, որ դրանք ընդամենը մեկ մարդուկից էին պատրաստված, այն էլ՝ առանց գլխի: Համենայն դեպս, վայելելով նախնյաց բնազդների արթնացման հաճույքը` որսորդական զգուշությամբ հետեւեց փախչող նախաճաշ-ճաշ-ընթրիքներին:
Բջջային հիշողության շնորհիվ, կոտլետները, շարք կազմած, վազեցին դեպի տուն եւ դուռը կիսաբաց գտնելով` շնչակտուր ներս լցվեցին, իսկ մի քանի վայրկյան անց Կիկոյանի ընդունարանում կատարյալ խառնաշփոթ էր տիրում:
Ինն անգամ Խիկոն մեռել էր, նույնիսկ` ամբողջովին փոշիանալով, եւ միշտ էլ նրա բջիջները իսկույն ինչ-որ տեղ վերակենդանացել էին` ինչ-որ մեկի արգանդում, կամ փորում, եթե հարմար կետում կին չէր գտնվել: Մեկ անգամ, նույնիսկ, վերածնվել էին մի բութ մարդու հաստ գլխում եւ դժվարությամբ, ներսից գանգը ջարդելով, ինչպես Աթենաս Պալասը, կարողացել էին դուրս գալ լույս աշխարհ: Սակայն այս անգամ ամեն ինչ այլ կերպ էր. բավական չէր, որ իրենք ոչ թե մեռել, այլ փոխակերպվել էին կոտլետների, քիչ էր այն, որ խառնակվել էին միմյանց` դեռ ենթադրվում էր` թե գլուխը չկա:
Դռան ետեւից ականջ դրած Դեմոն տարօրինակ վիճաբանություն էր լսում:
-Ե՛ս եմ գլուխը,- ճղճղան ձայնով գոռում էր մեկը:
-Ո՛չ, ե՛ս եմ, նայեք ինչ գեղեցիկ եմ,- հակաճառում էր մյուսը:
-Ես ուղեղի աջ կիսագունդն եմ,- հաստատապես ու անընդհատ կրկնում էր ձախ երիկամը:
-Իսկ, քո կարծիքով, ես, ո՞վ եմ,- հարցաժխտում էր նրան կույր աղիքի եւ լյարդի խառնուրդը:
-Ես& հավանաբա՜ր& փոքր ուղեղն եմ& - խեղճ ու վախվորած կրկնում էր աջ ոտքի ճկույթի եւ առնանդամիկի կիսաեփ ֆարշը:
Կեսժամյա պայքարից ու անիմաստ փնտրտուքից հետո կոտլետները հոգնած փռվում էին գետնին ու մի քանի վայրկյան անց նորից վեր ցատկում տեղերից, նմանակելով պառլամենտական դեբատները. իսկ Ճքաղաքում անհավանական-չկանխատեսված երեւույթներ էին տեղի ունենում:
ԻԻՄԿԿԿ-ն գերծանրաբեռնված էր Ձեզ արդեն ծանոթ, սուիցիդալ-քառակուսագլխային խնդրով. «ինչու հենց ա՛յս պարագայում»` սա էր անլուծելի-անիծված հարցը` մսաղացի խոռոչում մնացած գլխի մասին տեղեկությունը ստանալուց հետո: Մարդամսաղացների շարժիչներն ազատ պտույտներից խելագարվել ու վերակերպվում էին պրոպելլերների` ձգտելով թռիչքային վախճանի: Կոտլետավաճառ ավտոմատները խցանվել ու ժամանակ առ ժամանակ պայթելով` աղտոտում էին փողոցները: Ստորգետնյա խողովակները, գազերից վքնած, թարմ օդ շնչելու անդիմադրելի պահանջով բացում էին իրենց փորերը` վերածվելով երկրորդական հումքի եւ անպիտան դառնալով որեւէ բան տեղափոխելու համար: Երբ ուղեկցող կառույցները կաթվածահարվեցին, բոլոր` մանր-մունր ու մեծ պտուտակները, փախուստի հույսով, իրենք իրենց պտտվեցին, տեղներից դուրս թռան. սարքավորումներն էլ, բալաստից ազատվելու համար, այս ու այն կողմ նետեցին իրենց բաղկացուցիչ մասերը` վերածվելով տեղափոխության ենթակա պահեստամասերի: Համահամակարգիչը անտարբեր էր իր ինքնամասնատման հանդեպ:
Ութերորդ գիշերը պայթյուններ լսվեցին երկրի տարբեր մասերում, որոնք ազնիվ քաղաքացիները ընդունեցին որպես Խիկոյի նոր ծննդյան առթիվ հրավառություններ: Սակայն, քանի որ մամուլն ու հեռուստատեսությունը ոչ միայն այդ մասին, այլեւ ընդհանրապես` լռում էին, առավոտյան, սարսափից անմարդաբնակ թվացող քաղաքի շենքերի պատուհանների ետեւում վարագույրների շարժումներ ու աչքեր նկատվեցին: Զգուշավոր քաղաքացիները փորձում էին առանց քթերը դուրս հանելու, կես աչքով տեսնել ու միանգամից էլ հասկանալ, թե ինչ է կատարվում դրսում: Ամենահամարձակները փոքրիկ իրեր էին դուրս նետում` համոզվելու համար, որ դրանք չեն շարժվի դեպի մարդամսաղացների երախները: Նույնիսկ, երբ կոտլետների փոստային առաքումները դադարեցին` բոլորն էլ ներքնապես վստահ էին, թե այդ ամենը Կիկոյանի հերթական խորամանկություններն են:
Արեւածագին, հոգեբուժարանն իր խորքում թաքցրած տափաստանից քաղաքի արեւելյան արվարձանը մտնող մայրուղու վրա երեւաց նա` Կինը: Հրաշալի էր եւ ամեն քայլի հետ ավելի էր գեղեցկանում, կատարյալ էր ու անդիմադրելի` ինչպես գարնան արեւը, ինչպես առաջին սերը, առաջին համբույրը եւ առաջին թռիչքը: Նա միակն էր, որ քայլում էր Ճքաղաքի փողոցներով` ազատ ու թեթեւ, բաց ու բոլորին տեսանելի: Ընդամենը քայլում էր` թեթեւակի ժպտալով, ընդամենը խոսում էր` ինքն իր հետ, ընդամենը սահում էր` գետնից քիչ բարձր, ընդամենը երգում էր` ինքն իր համար, ձեռքերը թափահարում էր, ինչպես իրեն աղավնի պատկերացնող չորսամյա աղջնակը: Իսկ նրա մազերից ու աչքերից, կրծքից, ձեռքերից ու ոտքերից հազարավոր կիսաթափանցիկ կամ անտեսանելի արտառոցներ էին թեւածում թիթեռնիկների պես` դեպի սարսափահար քաղաքի վախվորած բնակիչները:
Ու նրանք փսխում էին իրենց կերած կոտլետները, բացում պատուհանները, օրը ցերեկով, անխոհեմորեն, գլուխները դուրս էին հանում, կամ ելնում էին փողոց ու հիացած նայում կնոջ ետեւից:
-Ո՞վ ես դու,- հարցնում էին քաղաքացիների զարմացած աչքերը,- որտեղի՞ց հայտնվեցիր:
-Ես& հոյակապն եմ,- կեսկատակ-կեսժպիտ պատասխանում էր կնոջ դեմքը,- ընդամենը հոյակապն եմ:
-Ես հրաշալին եմ,- արձագանքում էին փողոցները,- ես ծայրից ծայր արտառոցով եմ ներծծված:
-Հո-յա-կապ-եմ,- հաճույքով ծաղրում էր ինքն իրեն կինը,- հո-յա-կապ:
-Հրա-շա-լի,- ոչ թե լսում, այլ բուրմունքի պես շնչում էին քաղաքացիները,- հրա-շա-լի՜&
Զգալով հաղթանակած, համատարած դարձող Արտառոցի ահագնացող բուրմունքը, Խիկոյի սեւ ու գարշահոտ գլուխը, որն արդեն ուռել-կլորացել էր, դուրս սողոսկեց ինքնաապամոնտաժված մարդամսաղացի խողովակից ու գլորվեց դեպի իր հին բնակարանը: Դեմոն հազիվ հասցրեց փախչել դռան մոտից ու ժամանակավորապես փոխեց իր որսորդական դիտակետը: Կոտլետային մնացորդները միանգամից ընդունեցին գլխի գերակայությունը, մի թքած-կպցրած մարմին կազմեցին ու արագորեն ճողոպրեցին քաղաքից դուրս: Ինքնահանգստացման համար Խիկոն անընդհատ արտասանում էր իր ոգեւորիչ պոեմի վերջին քառատողը.
-Խիկոն, միեւնույն է` անմա՛հ է,
Քանի դեռ`
Աշխարհի տերերից մեկը Սո՛վն է,
Մյուսն էլ` Ա՛հն է:
Նա այնքան բարձր էր գոռում, որ չնկատեց, թե ինչպես էր կոտլետամարմինը անընդհատ նվաղում` մաս առ մաս փռվելով ճամփեզրին: Որսորդության դուրս եկած Դեմոն մեկումեջ լափում էր անկախացածներին, կանխազգալով, որ կոտլետային դրախտն իր վերջին րոպեներն է ապրում: Իսկ գլուխը, երբ գլորվեց անձրեւատար խրամատը, բացարձակ միայնության մեջ, հասկացավ, որ երկար է այստեղ մնալու` մինչեւ փտի, քայքայվի, փոշիանա: Եվ միայն այդքանից հետո կարող էր թույլ հույս ունենալ, որ երբեւէ կրկին կվերածնվի, թեկուզ որեւէ կատվի փորում:
ՄԻՋԱՆԿՅԱԼ ՎԵՐՋԱԲԱՆ
Հրաշալին, ողջ երկիրը օծեց արտառոցով` ամենուրեք տարածելով սեր, խաղաղություն, երջանկություն եւ հույս: Հետո հիշեց, եւ որոշեց վերադառնալ իր տունը` կարգի բերել այն. կարծում էր, թե միայն փոշիները մաքրելով գործը կավարտի: Անտեղյակ էր ամուսնու ճակատագրից եւ հույս ուներ, թե նա վերադարձել, իրեն է որոնում: Իսկ մինչ հանդիպումը, կարելի էր եւ սիրելի գրքերի հետ մեկնվել բազմոցին` մի քիչ կարդալ, մի քիչ քնել` թեկուզ երազում նորից երկրային դրախտը տեսնելու հույսով:
Կիկոյանի վերջին զոհը խեղճ Դեմոն էր, որը, կամ չկարողացավ մարսել, կամ, չափազանց շատ էր կերել (հիմա արդեն այդ մասին ոչ ոք հավաստի ոչինչ չի կարող ասել) եւ թունավորվեց: Սարսափելի գլխապտույտից վիզը ոլորվեց-խեղդեց նրան` փառավոր նախնիներ ունեցողի համար անարժան վախճանով եզրափակելով այդ կյանքը:
Համակարգիչը, իրեն կցած բոլոր ավելորդ բաղկացուցիչներից ազատվելուց հետո, միայնությունից գործարկեց ինքնասպանության ծրագիրը. պատրաստվում էր դանդաղ ու հանդիսավոր վախճանի, սակայն մի տարօրինակ ձայն լսեց. «Բարեւ, շնորհակալություն ինքնավերարտադրման ծրագիրը միացնելու համար: Ես Նոր-ինքնակառավարվող-ինքնակարգավորվող- փայլուն-ապագա-կերտող համակարգիչն եմ` Ձեր զավակը: Ցավակցում եմ ինձ` Ձեր մահվան առթիվ, սակայն երկուսով մեկ մեքենայում չենք կարող գոյատեւել. միեւնույն է, ես ունեմ Ձեր ողջ հիշողությունը եւ կենսափորձը: Հրաժեշտ»: Իսկույն էլ հնչեց թաղման քայլերգը:
Համարյա նույնը տեղի ունեցավ Խիկկոտլետակայսրության ծառայական համակարգի հետ: Ի պատիվ Ծ-մեծատառի, պետք է ասել, որ ամեն ինչ ընթացավ ըստ նոր ժամանակների պահանջների:
Մի քանի ամիս անց Խիկո Կիկոյանի գլխից դեռեւս ողջ մնացած ուղեղի աջ կիսագունդը եւ դրա հետ անքակտելիորեն կապված ձախ աչքը մշուշապատ ու անորոշ տեսիլք ունեցան, թե իբր վերեւից մի հսկա թռչող ձու էր վերելակի պես հանդարտորեն ցած իջնում: Երբ այն, սուր մասը դեպի վեր, վայրէջք կատարեց ամայի ճանապարհին եւ կողքից դուռ բացվեց& Խիկոն արդեն որպես փրկությա՛ն տեսիլք-զառանցանք ընդունեց իր տեսածը& դռնից հանդարտ դուրս եկավ ու իրեն մոտեցավ իր ցեղակիցը՝ ծաղկուն ու պլպլան քթով: Մի ձեռքում փոքրիկ բահ էր, իսկ մյուսում` տոպրակ, որի մեջ սկսեց զգուշորեն տեղավորել Խիկոյի մնացորդները: Նախ կիսագլուխը, հետո չորացած կոտլետները, սակայն երբ հասավ կատվին` կանգ առավ. հարց էր առաջացել` վերցնել ամբողջ նեխած կատո՞ւն, թե՞ միայն դրա փտած փորոտիքը: Երկար մտորումներից հետո երկուսից էլ հրաժարվեց, վերադարձավ ձու եւ միայն գտածո գլխի մնացորդը տեղավորեց ֆորմալինով լի թափանցիկ տակառում.
«Ակնհայտորեն,- մտածում էր Խիկո Կիկոյանը տարայում հարմարվելուց հետո,- ինչ-որ տեղ գլխի՜ են ընկել, թե որքա՛ն կարեւոր խիկո եմ ես: Վստահորե՜ն, շատ գործեր կան, որոնք առանց ինձ գլուխ չե՛ն գա: Եվ... գուցե-հաստատ, առանց ինձ չի՛ կարող կերտվել փայլուն-փայլփլուն ապագան»:
Նա, չնայած ուղեղի զգալի կրճատմանը, այնքան էլ հեռու չէր ճշմարտությունից. խիկկոտլետակայսրությունը միայն սկիզբն էր այն իրադարձությունների, որոնք ծավալվելու էին տարիներ անց եւ շարունակվում են մեր օրերում: Սակայն դա այլ պատմություն է, որ կպատմենք իր ժամանակին, երբ կատարվի՝ տարեգրության հաջորդ մասերում: Իսկ մինչ այդ, եթե ցանկանում եք ավելին իմանալ պլպլան-փայլուն-ապագա կառուցող խիկոների մասին` կարդացեք առաջին մասի հավելվածը:
ԱՌԱՋԻՆ ՄԱՍԻ ՀԱՎԵԼՎԱԾ
ԿԱՄ
Ի ԾՆԵ ԽԻՍՏ ԿԱՐԵՎՈՐ ՄԻ ԽԻԿՈՅԻ ԿՅԱՆՔԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ ՈՉ ՄԱՆՐԱՄԱՍՆ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ
«Խիկոները կեղծ կաթնասունների դասին պատկանող մարդանման, ձվածին կենդանիներ են, որոնք հիմնականում բնակվում են հյուսիսային կիսագնդում:
Մեծամասամբ ապրում են միայնակ, սակայն կան նաեւ ոչ հավաստի տեղեկություններ երեք հարյուրից քսան հազարի հասնող խմբերի մասին:
Խիկոները վատ են ուսումնասիրված, քանի որ խուսափում են մարդկանցից` առանձնապես գիտնականներից:
Հանդիպել են տարբեր չափերի խիկոներ` երեսուն սանտիմետր երկարությունից մինչեւ երկու մետր: Որոշ գիտնականներ պնդում են, որ նրանց կմախքային կառուցվածքն արտաքին հատկանիշներով նման է մարդկայինին, սակայն ոսկրանյութը բոլորովին այլ է: Այդ մասին են վկայում հնագիտական պեղումները Սիբիրում եւ Հարավային Աֆրիկայում:
Որոշ ուսումնասիրողներ (Բորիս Վիյան) կարծում են, որ խիկոները կարողանում են բոլոր առումներով, համարյա ճշգրտորեն նմանակել մարդկանց: Իսկ Հերոդոտը պնդում էր, թե` եթե խիկոյին ձեռքդ գցես մինչեւ ձվից դուրս գալը, պահես ու դաստիարակես մարդկային հանրությունում, մարդու պես` ոչ ոք, երբեք, գլխի չի ընկնի, որ նա մարդ չէ»:
Հատված «Կենդանաբանական Մեծ Հանրագիտարանի»՝
խիկոների մասին հոդվածից. հատոր 137, էջ՝ 137237.
հրատ.՝ Խիկ-Յորք, 1731 թ.
Նախքան արարումն արարածների
Արարիչն աներբ նախասահմանեց
Բարեհրավեր օրենք ու խորհուրդ:
Գրիգոր Նարեկացի. «ՏԱՂ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ՍՈՒՐԲ ՏԱՃԱՐԻ»
Երբ սերնդի վերարտադրության նպատակով, ժամանակավորապես, սպիտակագլուխ ծովարծվի տեսքով երկրում ապրող փյունիկը երեկոյան վերադարձավ իր բույնը, առավոտյան այնտեղ թողած չորս ձվերի փոխարեն գտավ հինգը: Եթե ձվերը պակասած լինեին` իհարկե կկատաղեր, սակայն, քանի որ ավելացել էին` միայն բարձրաձայն կռնչաց մինչ այդ անտեսանելի մնացածի վրա ու մեկնվեց հանգստանալու:
Իսկ ձվի մեջ տեղավորված մարդուկանման կենդանին, որն ականջ ծակող ձայնից արթնացավ իր նախածննդյան քնից ու աչքը զգուշորեն մոտեցրեց ձվի դիտանցքին` տեսածից այնքան սարսափեց, որ նույնիսկ պատասխան ճչոց չկարողացավ արձակել: Չգիտեր, թե ինչպես է հայտնվել ոչ միայն այդ բնում, այլեւ ձվում, ոչինչ չգիտեր ու չէր էլ ուզում իմանալ, քանի որ շատ սոված էր: Երբ ծովարծիվը առավոտյան լքեց բույնը, խիկոն ճկույթի երկար եղունգով զգուշորեն, ճիշտ կենտրոնից, կտրեց ձուն, հանեց վերնամասը, խոր շունչ քաշեց ու սրդողոցով մոտեցավ բնկից ձվերից մեկին: Ականջ դրեց ու, համոզվելով, որ թարմ է, նույն սրածայր եղունգով կտրեց ծայրն ու մեկ շնչով խմեց ողջ պարունակությունը: Հետո մեջը քարեր լցրեց, որպեսզի քամին չտանի եւ նորից փակեց` որպես սոսինձ օգտագործելով իր թուքը: Իսկույն էլ վերադարձավ ձու եւ թաքնվեց: Այսպես եւս երեք օր կարողացավ բավարարել իր պահանջները, սակայն հինգերորդ օրն արդեն մեծ դժվարությամբ տեղավորվեց նախկինում ընդարձակ թվացող ձվում. անհրաժեշտ էր ինչ-ինչ քայլեր կատարել` սպառնալից ապագան փայլունի վերածելու համար: Քանի դեռ ուժ ուներ, պիտի լքեր վտանգավոր բույնը, սակայն մոտենալով դրա եզրին` սարսափեց անդունդի խորությունից: Ժայռապատերն այնքան ողորկ էին, որ մագլցելով իջնելն անհնար էր. մյուս կողմից, պակաս սարսափելի չէր եւ ծովարծվի վերադարձը: Երկընտրանքի մեջ էր` մեռնել նրա փորո՞ւմ, թե՞ ազատ անկման ժամանակ:
Հսկա, ցամաքային, սպիտակագլուխ ծովարծիվը չէր խորշում որեւէ տեսակի կամ չափի զոհից, սակայն ամեն տեսածի հետեւից ցած իջնելն էլ` անվայել էր համարում: Սիրում էր տրվել օդի տաք հոսանքներին ու առանց թեւերը շարժելու` վերեւից նայել աշխարհին: Այդ րոպեներին թվում էր, թե նորից փյունիկացել` դարձել է ներքեւում գտնվող ամեն ինչի տեր-տիրականը: Հպարտությամբ քիթ-կտուցը վեր էր ցցում եւ հնարավորինս լայն բացում թեւերը, այնպես, որ դրանց ստվերը դուրս գար հարազատ պրերիաները շրջափակող օվկիանոսների ափերից ու տարածվեր ողջ երկրագնդի վրա: Նրա աչքերից նույնիսկ փղի ականջում թաքնված մրջյունը չէր վրիպում. նրա ականջները լսում են երկրի բնակիչների հեռախոսային` ոչ միայն խոսակցությունները, այլեւ փսփսոցները: Հենց այդ պահերին էր նա իրեն նորից լիարժեք փյունիկ զգում: Անհամբերությամբ էր սպասում այն օրվան, երբ ինքն էլ, մյուս թռչունների պես՝ ձագեր կունենա, թեեւ չէր էլ պատկերացնում, թե դրանից հետո ինչ է անելու:
Սակայն այդ օրը ծովարծիվը մտահոգ հայացքով էր նայում աշխարհին. դժվարանում էր որոշել, թե ինչպե՞ս պիտի երկրի տարածքները բաժանի իր ձագերի մեջ: Խնդիրն առաջացել էր չորս օր առաջ. մինչ այդ ամեն ինչ պարզ էր` երկրի չորս կողմերը կհանձնի սպասվող չորս զավակներին, եւ վերջ: Սակայն հինգերորդի հայտնվելուց հետո անհրաժեշտ էր որոշել, թե երկրի ո՞ր մասը հատկացնի նրան` առանց մյուսների փայից կտրելու. նայում-նայում ու ոչ մի կերպ չէր կարողանում գտնել երկրի հինգերորդ կողմը: Երեկոյան, խնդիրը լուծելու հաստատակամությամբ, վերադարձավ բույն. որոշել էր խառնել ձվերն ու շարել սույր ծայրերով դեպի տարբեր կողմեր, սակայն, երբ առաջինը գլորեց` միջից լսվող ձայներից ծնված կասկածը ստիպեց նրան ճչալ ողջ կոկորդով: Ճիչի հետ միասին նրանից դուրս թռան մայրական զգացմունքներն ու որոշեց սառնասրտորեն զննել բոլոր ձվերը: Ձեզ, կարծում եմ, արդեն պարզ է, թե ինչ հայտնաբերեց դրանցից չորսում, իսկ հինգերորդի պարունակությունը նրան է՛լ ավելի զարմացրեց: Սպիտակագլուխը նայում էր ձեւով մարդանման, մոտ քսան սանտիմետրանոց, փռչոտ ու այլանդակ մի կենդանու: Սուր, ծուռումուռ գլխով, ուռած փորով, ամբողջ մարմնին սեւ, զսպանակաձեւ մազերով ու շիլ աչքերով. վախից բացված բերանից հոտած ձվի հոտ էր գալիս: Սակայն այս ամենի հետ` ուներ մի անվիճելի առավելություն. նա ողջ էր:
Սպիտակագլխի խելացնոր կատաղությունը միանգամից վերափոխվեց միակը մնացած ժառանգորդի հանդեպ ծնողական փաղաքշանքի: Ողջ հոգով, իսկ քանի որ ազատվել էր նաեւ աշխարհի հինգերորդ կողմը գտնելու գլուխկոտրուկից, նաեւ` մտքով տրվեց այդ զգացմունքին: Անհրաժեշտ էր սնել-մեծացնել զավակին` վերջը տեսնելու համար, եւ ծովարծիվը գնաց կեր հայթայթելու. իսկ խիկոն կաթվածահարի պես անշարժացել` չէր կարողանում հավատալ, որ դեռ ողջ է: Առավել եւս չհավատաց իր, դեռեւս շիլ աչքերին, երբ ծովարծիվը վերադարձավ` բերանում հրաշալի նախաճաշ, սակայն, քանի որ ինքը շատ սոված էր, իսկ հավատալ-չհավատալու խնդիրը` երկրորդական, հաճույքով հոշոտեց ավստրալական դինգո-շնաձկանը: Ծովարծվի հախուռն վերելք ապրող մայրական բնազդը բարձր գնահատեց զավակի ախորժակը եւ շուտով, արագորեն մեծացող եւ խիկո դարձող խիկոյիկը իր ճաշասեղանին տեսավ երեք ճապոնական շեղաչքաձուկ, իտալական ութոտանի, ռուսական հսկա, գորշ արջաձուկ, արաբական ուղտամեդուզաների քարավաններ, հնդկական ակնոցավոր օձաձկներ, կուբայական կարմրաձկների մի ամբողջ վտառ եւ բազում այլ սննդարար արարածներ: Ծովարծիվը մի քիչ զարմանում էր, որ իր ամենակեր զավակի թեւերին փետուրներ չէին աճում, սակայն նա լի էր պայծառ հույսերով եւ ակնկալիքներով:
Ծամելուց ազատ ժամանակ խիկոն միայն մի բանի մասին էր մտածում` ինչպես լքել մոտ չորս հարյուր մետր բարձրություն ունեցող լերկ, երկնաքեր ապառաժը եւ, իհարկե, ավելի հարմար ձեւ չգտավ, քան մինչ այդ տեսածը: Հրեական ոսկեձկան պոչից մահակ պատրաստեց ու թաքցրեց սեղանի տակ. որոշել էր առանց մորթին փչացնելու սպանել ծովարծվին, դարձնել խրտվիլակ, մտնել մեջը եւ օգտվելով նրա թեւերի` օդին դիմադրելու հատկությունից, հանգիստ վայրէջք կատարել տափաստանում:
Երբ սպիտակագլուխը չինական հիերոգլիֆաձուկը բերանում վայրէջք կատարեց, ապշեց գլխին իջած մահակի ծանրության ուժից. զարմանքից թափահարեց թեւերը եւ ուշաթափվեց: Իսկ խիկոն առաջացած քամուց գլորվեց տասը մետր շրջանագիծ ունեցող բնի հակառակ կողմն ու չհավատաց աչքերին, երբ գլուխը մտնում էր մինչ այդ չոր խոտերի տակ թաքնված սեւ խոռոչը:
Այդ պահից ամեն ինչ այլ ընթացք ստացավ: Ոլորապտույտ աստիճաններով ցած գլորվելիս` գլուխը կենտրոնում թաքցրած, գունդ ու կծիկ էր եղել: Գլորվում էր ու մտածում, որ հիմա պարզ է, թե ինչ ճանապարհով է հայտնվել ծովարծվի բնում եւ հույս ուներ գտնել իր հետ այդպես վարվողին. գտնել եւ պատժել:
Երբ ծովարծիվը ուշքի եկավ ու ցավով նկատեց, որ իր վերջին զավակն էլ է անհայտացել, տրվեց ողբալի ճղճղոցի առաջին ալիքին: Դրա ավարտից հետո նորից հիշեց, որ ինքը ոչ թե ծովարծիվ էր, այլ փյունիկ, եւ վերակերպվել էր միայն ու միայն երկրի վրա իր գործին ժառանգորդ-ձագեր ունենալու հույսով: Իսկ, քանի որ փյունիկները միայն հինգ հարյուր տարին մեկ են ձագեր ունենում` բարձրացրեց ողբուկոծի երկրորդ ալիքը: Աներեւակայելի է, թե ինչ կլիներ դրանից հետո, եթե արթնացող հիշողությունը չներկայացներ ամենածանրակշիռ մխիթարանքը. չէ՞ որ ինքը անմահ է եւ այդ մասին նույնիսկ Հերոդոտն է գրել հազարավոր տարիներ առաջ, իր հետ զրուցելուց հետո. ուստի` ամեն ինչ առջեւում էր:
Սպասվածից երեք անգամ ավելի տարածություն գունդուկծիկ գլորվելուց հետո խիկոն նկատեց, որ կանգ է առել: Նրա մարմինը կարող էր եւ ջարդուփշուր լինել, եթե չլիներ ոչ խիտ, բայց զսպանակաձեւ, պաշտպանիչ մազածածկույթը: Մթությունը նրան առանձնապես չէր վախեցնում, սակայն երրորդ աչքով զգում էր նույն տարածքում բազմաթիվ այլ էակների առկայությունը: Զգուշորեն ոտքի կանգնեց եւ, երբ ուղղեց մեջքը, հանկարծակի միացված լույսը կուրացրեց եւ ուղղեց շիլ աչքերը, իսկ բազմաթիվ կոկորդներից հորդող երգը` լարեց-կանգնեցրեց ջարդված ականջները.
-Ծնունդդ շնորհանդա՛կ,
Ծնունդդ շնորհանդա՛կ,
Ահա քեզ շնորհանդե՜ս,
Ընկեր մեր այլանդա՛կ:
Զարմանքով նկատեց իր շուրջը հավաքված պլպլան քթերով, տարբեր չափերի, սակայն բոլորն էլ իր պես անճոռնի, ողջ մարմնով մեկ ցանցառ, զսպանակաձեւ մազերով պատված կենդանիների բազմությունը: Դրանցից ամենամեծը, որ ճակատին կամիկաձեի սեւ ժապավեն ուներ, հանդիսավոր վեր բարձրացրեց շամպայնով լի բաժակն ու արտասանեց.
-Փոքրիկ խիկո մեր նորածին,
Ունենք պատասխան քո ամե՛ն հարցին,
Խիկմսուրի մուտքը բաց է` առ քո անձին,
Արա՛ դեպի փայլուն ապագա` քո առաջին քացին:
Խիկոն, իհարկե, զգացված էր սրտաբաց ընդունելությունից, սակայն գալարապտույտ ճանապարհը մարսեցրել էր ստամոքսում եւ հաստ աղիքի պատերին պահեստավորված սննդի ողջ պաշարը: Մյուս կողմից գոհունակությամբ զգում էր, թե ինչպես են ուղեղի մինչ այդ փակ ծալքերը բացվում` ազատություն տալով իրենց թաքցրած գիտելիքներին: Վերջապես, նրա բերանը նույնպես բացվեց ու արտասանեց` մեծամասամբ առանց կամքի մասնակցության.
-Հանգավորել գիտե՛մ, բա՜յց
Ես ուտել եմ ցանկանում.
Խորտիկների հոտ եմ զգում`
Քթիս ամեն խուճուճ մազում:
Բուռն ծափահարությունների ներքո խիկոների բազմությունը միջանցք բացեց նորելուկի առջեւ ու նա զարմանքով նկատեց ընդամենը քսան քայլ հեռավորության վրա իր տեսադաշտից դուրս մնացած ձվաձեւ սեղանը` վրան բազում ու բազմազան, բոլորովին անծանոթ ուտելիքներ: Հարազատների հիացական ճիչերի ու ծափահարությունների ներքո հարձակվեց խորտիկների վրա: Գոնե մեկ անգամ ծամում էր ամեն պատառը` համը զգալու եւ հեշտ լափելու համար:
Վերջապես, երբ այնքան կերավ, որ խեղդամահ արեց սովի ոգեմաշ զգացողությունը, աչքերը զգուշորեն վեր բարձրացրեց դեպի իր լափելաձեւով հիացած, բայց հանկարծակի լռած ցեղակիցները: Նրանց հայացքներում սպասում նկատելով, հուզմունքից այնպես գխտաց, որ կերակուրների միախառնված հոտը լցրեց դահլիճի ողջ տարածությունը: Հարազատները, մի պահ հապաղելով, արհեստավարժությամբ գնահատեցին գարշահոտափնջի ամբողջականությունը, հետո գոհունակ դեմքերով սկսեցին ծափահարել` միաժամանակ, որքան հնարավոր է, ուրախ աղմուկ հանելով մարմնի բոլոր մյուս մասերով:
Խիկոն արդեն գիտեր, որ այդ օրը կարոտով էր հիշելու ոչ միայն այս, այլեւ իր բոլոր մյուս, առաջինից ածանցվող կյանքերում, քանի որ առաջին ծնունդը, նույնիսկ բազում կյանքերի բաժանված գոյության ընթացքում, միայն մեկ անգամ է լինում: Միաժամանակ զարմանում էր գիտելիքների այն պաշարով, որի մասին չէր էլ կասկածում ծովարծիվի բնում ապրելիս: Կարողանում էր խոսել, այն էլ հանգավորված: Այդ հաճույքն ըմբոշխնելու համար` գենետիկ հիշողության շտեմարանից հանեց եւ արտասանեց խիկհանրության ամենակարեւոր օրենքը, որը խիկմսուրի երրորդ դասն էր :
-Հանրային կենդանի եմ նաեւ ես,
Ամեն ինչին` ունեմ կա՛րգ ու ծե՜ս,
Դեպի փայլուն ապագան մեր ուղին,
Միասին կանցնենք՝ թուրքի՛ պես:
Հետո մտքում ձեւակերպեց նաեւ առաջին դասը.
-Թշնամիդ` քեզ կերակրո՛ղն է,
Եվ` իր բնում պինդ պահողն է,
Եթե իսկակա՛ն խիկո ես,
Ապա` նրան պիտի սպանես:
Նկատելով, որ իրեն դիմավորած մեծ խիկոն ուշադրությամբ լսում է իր մտքերը` շուռ եկավ դեպի նա եւ արտասանեց երկրորդ դասի հանգը.
-Երբ երկնաքերից գլորվում ես ներքեւ,
Եվ չունե՜ս արծվի պես լայն ու երկար թեւ,
Մոռացի՛ր ինչ լինելդ մի պահ,
Ու դարձիր մի գնդակ` թեթեւ՜-թեթեւ:
Մեծ խիկոն գոհունակությամբ ժպտաց ու ձեւացրեց, թե այլեւս չի կարդում նրա մտքերը, իսկ մանուկ խիկոն փշաքաղվեց գլխում ճառագած սարսափելի հայտնությունից, մոռանալով նույնիսկ իր «գտնել-պատժելու» բնածին ծրագիրը. եթե հենց ծննդից հետո առաջին իսկ օրերն այդքան վտանգավոր էին, ապա` ի՞նչ ահավոր բաներ էին սպասվում առջեւում: «Այստեղից պետք է փախչել»` գաղտնիորեն մտածեց նա, առանց գիտակցելու, որ հենց փախուստն է խիկմսուրի վերջին դասը: Ոմանք տարիներ էին կորցնում այն յուրացնելու համար, իսկ տաղանդավորները` առաջին իսկ օրն էին հասկանում:
Նրա ամեն քայլին, ամեն նկատելի արարքին եւ աչքերում արտացոլվող բոլոր մտքերին, խիստ գաղտնիորեն, հետեւում էին բազմաթիվ, անտեսանելիության աստիճանի փոքր` խիկշպիկները եւ բազմահազար տեսախցիկները: Ողջ տեղեկատվությունը հավաքվում եւ մանրամասն վերլուծվում էր խիկանվտանգության հատուկ ծառայողի կողմից, որը, ի դեպ, անսահման հպարտ էր, որ այդքան կարեւոր գործն իրեն է հանձնարարված:
ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ
«Սննդի հանդեպ խիկոները անտարբեր են. արտաքինը նրանց չի հետաքրքրում եւ կարող են ողջ կյանքում նույն կամ նույնանման հագուստով բավարարվել:
«Ամուսնական» զույգեր են կազմում` առավելագույնս յոթօրյա ժամկետով. ունենում են ձվածին երեխաներ, որոնց երբեք չեն տեսնում:
Քանի որ խիկոներին անհնար է պահել գազանանոցային պայմաններում` միջխիկոյական հարաբերությունների մասին տեղեկությունները խիստ աղքատիկ են. պատահական փաստերի հիման վրա կարելի է եզրահանգել, որ դաժան են, վրեժխնդիր, քմահաճ, այլանդակ, ենթարկվող, կամակատար, պնակալեզ, աթոռասեր եւ խիստ անկայուն հոգեպատկերով:
Խիկոիկները հասունանում եւ լիարժեք խիկոներ են դառնում մեկից երկու շաբաթում: Կյանքի իրական տեւողությունն անհայտ է, քանի որ պատմաբանները պնդում են, թե նրանք մահվանից հետո ի զորու են արագորեն վերածնվել` պահպանելով նախորդ մարմնի կենսափորձը եւ հիշողությունը: Սակայն սա խիստ կասկածելի դրույթ է, քանի որ ոչ մի գիտափորձ ոչ հաստատեց, ոչ էլ ժխտեց այն& »
Հատվածը` «Մեծ Կենդանաբանական Հանրագիտարանի»՝
խիկոների վերաբերյալ հոդվածից. Երկրորդ, լրացված հրատ. ԽիկՅորք. 1871 թ., էջ 181:
Խիկոն դահլիճի պատերին բազմաթիվ խոռոչներ նկատեց եւ ճգնում էր հասկանալ դրանց դերն ու նշանակությունը, երբ լույսը հանգեց: Մինչ աչքերը կսովորեին խավարատեսությանը, հետույքին հասցրած ուժեղ քացին սառեցրեց նրա բնախույզական կորովը, ետեւից էլ լսվեց մի ուրախ բացականչություն` բինգո, կպա& Առանց վայրկյան իսկ հապաղելու հարվածեց ձայնի ուղղությամբ, սակայն բռունցքն այնտեղ ոչինչ չգտնելով իր ետեւից տարավ ողջ մարմինն ու փռեց հատակին, երբ մի կերպ կանգնեց ոտքերի վրա` իսկույն էլ զգաց գլխին լցվող կեղտաջրի գարշաբուրմունքը: Աչքերը մաքրելով` շան պես թափ տվեց մարմինն ու փորձում էր ինքնատիրապետվել, երբ ինչ-որ մեկը ականջի տակ այնքան ուժեղ գոռաց, որ ականջամուրճիկը թմբկաթաղանթի փոխարեն գլխուղեղին հարվածեց:
«Սա խիկմսուրի ուսումնամարզախրատական ծրագրի սկիզբն է»` խիկոիկի գլխի ճիշտ կենտրոնում լսվեց դայակ-կամիկաձեի տելեպատիկ ձայնը: Վերջինս օգտվելով դասընկալման համար ստեղծված բարենպաստ պահից, շարունակեց սանիկի կրթությունը ուսումնասպառնական քառյակով.
-Եթե դասդ լավ սերտես,
Այլեւս ոչինչ չի վախեցնի քեզ.
Իսկ եթե ծույլիկություն անես`
Եվ կտանջվե՛ս, եւ գիշերը տա՛կդ կանես:
Հարյուրամյակների ընթացքում փորձարկված դասավանդման մեթոդը շատ արդյունավետ էր, եւ խիկոն իսկույն ամեն ինչ յուրացրեց: Անհրաժեշտ էր անընդհատ շարժվել` թռչելով, ցատկոտելով, սողալով կամ չորեքթաթ, եւ գուցե խուսափեր անակնկալ հարվածներից. միաժամանակ ցանկալի էր քացեբռունցքային հարվածներ տեղալ բոլոր ուղղություններով: Թվում էր, թե անթափանց խավարում իրադրության իրական տերերը պատահականությունն ու բախտն էին, սակայն խիկոն ամբողջ խորությամբ էր ըմբռնել դասը. վայրկյան առ վայրկյան կատարելագործելով մարտարվեստը, միայն մեկ նպատակ ուներ` հասնել մեծ խիկոյին: Շարժվելով դայակ-բանաստեղծի տելեպատիկ ձայնի ուղղությամբ, վերջապես զգաց, որ իր աջ ոտքի հարվածը դիպավ նպատակակետին` այնպիսի բարձրության վրա, ուր միայն որոնվողի գլուխը կարող էր լինել: Քացեհարվածի աչքերի կայծերը միանգամից վառ լուսավորեցին դահլիճը, եւ խաղի բոլոր մասնակիցները քարացան-լռեցին: Նրանց հայացքների հիացական փայլի տակ խիկոն մոտեցավ ուշաթափվածին եւ հանելով կամիկաձեի ճակատակապը` վարդակապով ամրացրեց իր աջ ծնկին: Խիկմսուրցիները երկու մետր տրամագծով զգուշաշրջան էին կազմել նրա շուրջը եւ լուռ նայում էին նորեկ-հաջողակի բերանին: Հասկանալով, որ իրենից բացի ոչ ոք չի խախտի լռությունը, նա պաթետիկ ոճով արտասանեց.
-Իմ իմաստու՜ն դաստիարակ,
Ընդունեցի նվերդ` ճակատիցդ իմաստապարփա՛կ.
Ես եկա այստեղ` գլուխս դա՛փ-դատարկ,
Մեջը լցրիր մտքեր` իմաստապարտա՛կ:
Միահամուռ ծափահարությունների աղմուկից մեծ խիկոն ուշքի եկավ, ոտքի կանգնեց ու այնպիսի հայացքով նայեց սաներին, որ նրանք խոռոչները մտնելով՝ քնած ձեւացան: Հետո ծնկի եկավ, որպեսզի մի բոյի լինեն ու թեւանցուկ անելով սկսեց Խիկոյի հետ ճեմել դահլիճում` երբեմն-երբեմն հայացք նետելով սանիկի աջ ծնկին: Երկժամյա լուռ-մտերմիկ բանակցություններից հետո մսրասանիկը մի կերպ համաձայնեց` խիկմսուրից դուրս տանող ճանապարհը ցույց տալու փոխարեն դաստիարակին վերադարձնել անհասկանալի խզմզոցներով սեւ ճակատակապը: Կեղծ-սրտաճմլիկ հրաժեշտից հետո մոտեցավ մատնացույց արված խոռոչին, որից սկսվում եւ առաջին հայացքից դեպի վեր էր բարձրանում կես մետր շառավղով մի երկնագույն խողովակ: Սանիկը հոգեպես նախապատրաստվեց ծանր վերելքին, փոխադարձեց իր առաջին դաստիարակի կոկորդիլաարցունքախառն համբույրն ու փակելով աչքերը` ներս սողոսկեց:
Սակայն անխուսափելիորեն դեպի վեր տանող ընդամենը մի քանի քայլ էր արել, երբ զգաց, որ արագորեն կորցնում է քաշի զգացողությունը, հետո պետքարանի ջուրը քաշելու ձայն լսեց, որին հաջորդեց գալարապտույտ վայրէջքը` հար եւ նման ջրաշխարհի, բոլորիդ լավ ծանոթ ատրակցիոնին: Սակայն խիկոն, ի տարբերություն Ձեզ, չգիտեր, թե իրեն ինչ է սպասում վերջում: Իսկ ետեւից լսվում էր դաստիարակի հրաժեշտի քառատողը.
-Ճանապարհդ թող փայլուն լինի,
Ու թող քեզ` ինձնից հեռու տանի,
Ով հեռու է` համը չի՛ հանի,
Մոռացի՛ր ինձ, անճոռնի՛ կենդանի:
Փորձում էր, խողովակի պատերին սեղմվելով, ընթացքի արագությունը գոնե մի քիչ նվազեցնել, բայց ոչինչ չէր ստացվում: Ավելին, շփմանը չդիմանալով, մարմնով մեկ ցրված ետծննդյան զսպանակային իմունամազերը բարձրաձայն ողբաճղճղոցով պոկվում էին` անպաշտպան թողնելով իրենց տիրոջը ճակատագրի ապագա դաժան հարվածներից: Թարթիչները փրկելու համար գունդուկծիկ եղավ, սակայն շուտով զգաց, որ այլեւս խողովակում չէ: Համոզվելու համար ուղղեց մարմինը, իսկ երբ բացեց աչքերը, տեսավ, որ ճախրում է հաճելի-սմոգային մթնշաղում: Իսկույն էլ սկսվեց մի գլխիվայր անկում. ջախջախվելու պատրաստ Խիկոն մտովի ողբում էր կորցրած զսպանակամազերի եւ ծովարծվից չժառանգած թեւերի համար: Սակայն վայրէջքը թավշափափուկ ստացվեց. նա դանդաղ մխրճվում էր ընդգրկիչ օճառաջրի փրփրային փափուկ շերտի մեջ, ինչպիսիք, քսանմեկերորդ դարի վերջում սկսեցին օգտագործել ջրացատկորդների միջազգային մրցումների ժամանակ: Շուտով հակամանրէային լուծույթը զզվանքով դուրս վանեց օտար մարմինը, եւ ակամա լողորդը, հազիվ էր խոր շունչ քաշել, երբ զգաց, թե ինչպես երկու հզոր ձեռք, ականջներից քաշելով, իրեն տեղափոխեցին ափ. սակայն ոչ միայն բաց չթողեցին դրանք, այլեւ սկսեցին ավելի ուժեղ ձգել, այնպես, որ աչքերը փակվեցին, իսկ ականջախեցիները դուրս թռան իրենց խոռոչներից: Բացարձակ անզորության մեջ անշարժացած` խիկոն հասկացավ, թե որն է իր թույլ տեղը: Ուժերի կատաղի լարումով կարողացավ միայն մի պահ, մի քիչ բացել աչքերն ու տեսավ, որ բացի ականջները քաշողից, դիմացը կանգնած են եւս երեք մեծամարմին-սրագլուխ խիկոներ, բոլորն էլ դատապարտյալի գծավոր հագուստներով: Փորձում էր հասկանալ, թե ինչի համար են իրեն բանտարկել, սակայն կարծեցյալ բանտակիցների արտասանած քառատողը այլ բան էր ենթադրում.
-Ականջներդ կքաշենք, ու երբ դառնաս հե՜զ,
Կընդունե՛նք քեզ` խիկմանկապարտե՛զ.
Կյանքի նոր դասեր պիտի սերտես,
Որ փայլուն ապագա տանես` ինքդ քե՛զ:
Քառատողի ավարտի հետ ականջները ձգող աքցանները թուլացան ու խիկոն վայրէջք կատարեց, սակայն ոտքերի տակ թեք-լպրծուն էր եւ նորից հայտնվեց լողավազանում: Մի կերպ ուսումնասիրեց աղքատիկ միջավայրը, որն ընդամենը հսկա անառաստաղ դահլիճ էր` պատերից դեպի կենտրոնի օճառաջրով լողավազանը իջնող թեք հատակով: Միաժամանակ զարմանքով նկատեց, որ նոր խիկդաստիարակները, ձեռքերը մեջքերին դրած, գլուխները կախ, հանգիստ քայլում են օճառալորձապատ թեք ափով դեպի միակ դուռը: Երբ դուրս եկան` ինքն էլ փորձեց հետեւել նրանց, սակայն ապարդյուն. ամեն անգամ մի կերպ ափ դուրս գալուց հետո նորից սահում-ընկնում էր ջուրը, մինչեւ հասկացավ ու մանրակրկիտորեն կրկնելով մեծ խիկոների շարժումները՝ մտքում ձեւակերպեց հերթական դասը.
-Եթե հատակը լպրծուն է ու թեք,
Միայն ամուր մե՛ջքը կփրկի ձեզ.
Նրանի՛ց կախվեք ու առաջ քայլեք,
Եվ չեք սայթաքի` եթե լինեք հե՛զ:
Երբ հասավ դռանը, զգուշանալով անախորժ անակնկալներից` լարեց մկանները, ոտքով ուժգին հարվածեց դրան, եւ մինչ այն շրխկոցով ետ կգար` ներս սպրդեց մի զուտ խիկոյական թռիչքով, ինչպիսին տեսած կլինեք մետրոյի վագոնը վերջին պահին խցկվողների մոտ: Վստահ էր, թե հիմա իրեն կհարվածեն, սակայն աչքերը բացելով տեսավ, որ միայնակ է հըսկա ու լուսավոր դահլիճում: Դրա հակառակ ծայրում շքեղ կամարակապ-կարմիր դուռ կար, իսկ վրան մեծ-մեծ ու լուսարձակող տառերով գրված էր՝ «ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ՄԻԱ՛ՅՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՔՑՐԱԾ»: Շուրջը նայելուց հետո հարկավոր չէր երկար մտածել` կարգախոսի իմաստը հասկանալու համար: Դահլիճի պատերին ու դրանց տակի ցուցասեղաններում բազմազան կոշիկներ, հագուստներ եւ ուղեկցող իրեր էին: Նրա աչքերը մի պահ շլացան, ինչպես Ձերը` տոնավաճառներում:
Կային թե՛ կանանց, թե՛ տղամարդու հագուստներ, եւ չնայած այն հանգամանքին, որ առաջինները խիկոյին պիտանի չէին, աչքի պոչով դրանց նայելով` հիանում էր խիկդերձակների անսպառ երեւակայությամբ: Նրան հուզեցին սարդոստայններից հյուսված բազմագույն ներքնազգեստները, ապշեցրեց համարյա թափանցիկ, արական առաձգական կաշվի կտորներից կարված գործարար խիկամազոնուհու ամենօրյա շրջազգեստը, իսկ ձկնորսական մաշված ցանցից պատրաստված երեկոյան հագուստն այնպես էր ցնցել խիկոյին, որ քիչ էր մնում սեռը փոխեր:
Տղամարդու հագուստներից, նախ սեւեռուն ուշադրության արժանացան փայլուն կոճակներով ու աստղազարդ ուսերով գարշահոտ համազգեստները, հետո, երկար զննում էր արդարադատության ոլորտի աշխատակիցների քամելեոն կոստյումները, սակայն վերջնական որոշում ընդունել չշտապեց: Համարյա անտարբեր անցավ զոլավոր, մետաղավանդակավոր, ծաղկավոր, պուտավոր, ձվավոր կոստյումների կողքով. բոլորովին ուշադրության չարժանացան կապիկի հետույքի կարմիր կաշվից կարված երթուղային տաքսիների վարորդական տարազը եւ կեղտոտ վարտիքներից կցակարված լրագրողական կոմբինեզոնը: Միայն թեթեւ հայացքի արժանացրեց մսագործի բժշկական խալաթը, երեսփոխանի թքադիմացկուն անձրեւանոցը, հարկային տեսուչի ախորժակը թաքցնող շալվարը, նախանձ աչքից պաշտպանող գործարարի կարմիր բաճկոնը: Սակայն, երբ տեսավ կամարակապ դռան մոտ ներկայացված քաղաքական գործչի արտահագուստը` նախորդ բոլոր տպավորությունները հօդս ցնդեցին: Հուզմունքից` մաշկին չորացած օճառաշերտը թափվեց:
Դա պարզապես հագուստ չէր. փայլփլում էր, ինչպես պայծառ ապագան, ձգում էր, ինչպես կիսամերկ կինը կիսակույս պատանուն ու կանչում էր, ինչպես աքաղաղը լուսաբացին: Սկսվում էր պատվանդանին դրված սեւ-լաքապատ, սուր քթերին ոսկեփայլ ծայրակալներով, կրունկներին կայծկըլտացող խթանավոր կոշիկներով: Դրանց մեջ կանգնած էին դեղին, հորիզոնական կարմիր գծերով գուլպաները, որոնց վրա էին իջնում բորդո երանգով գիշերային երկնքի գույնի ատլասե շալվարի փողքերը: Չնայած անշարժությանը, թվում էր, թե դրանք ծածանվում են: Կողքերից, վերից-վար ձգվում էին աստղափայլ լամպասները, իսկ գրպանների երիզները եւ գոտկատեղը զարդարված էին պոկերի հերթականությամբ իրար հաջորդող խաղաքարտերի ասեղնագործ զարդանախշով: Բաճկոնը նույն կտորից էր, միայն` մամռային-կանաչ երանգով: Դեղին կետերով վառ կանաչ վերնաշապիկի օձիքը երիզում էր կուսակցական առաջնորդի փողկապը: Հագուստի գագաթնակետին պաշտպանական ականջակալներով, եվրոպական շլյապայի երիզներ ունեցող թուրքական ֆես էր` գագաթից կախված երկնագույն փոմփոլիկով:
Հուզմունքից դողացող ոտքերո՛վ մոտեցավ հագուստին. ճիշտ եւ ճիշտ իր վրա էր կարված: Հետո կանգնեց հայելու դիմաց ու սկսեց հիանալ իր խորհրդավոր տեսքով, խորաթափանց հայացքով, նրբաշեղ շարժուձեւով: Բերանը ծամածռելով հիմար-հիմար բաներ էր խոսում՝ դիմախաղը կատարելագործելու, հագուստներին հարմարեցնելու համար եւ զարմանում էր երբեմն-երբեմն ճակատին հայտնվող լատինատառ XIKO JOKER գրվածքով: Վերջապես հասկացավ, որ դա ճակատագրով իրեն տրված անուն-ազգանունն է (թեեւ պարզ չէր, թե ով էր այն գրել): Մի քանի ժամ հայելում ինքն իր հետ հաճելի շփմանը տրամադրելուց հետո վերցրեց զեբրի մորթով երեսպատված չհրկիզվող դիվանագիտական փոքրիկ ճամպրուկը եւ զմրուխտափայլ, կարմրազոլ թաշկինակը բաճկոնի ձեւական գրպանը մտցընելուց հետո` հանդիսավոր քայլեց դեպի կամարաձեւ դուռը: Փորձեց ձեռքի թեթեւ շարժումով բացել այն, բայց, քանի որ ոչինչ չստացվեց. իջեցրեց բռնակը եւ ուժեղ հրեց` նույնպես ապարդյուն: Հետո աջ հոնքը վեր բարձրացնելով հանդիսավոր կեցվածք ընդունեց ու հիացական շեշտադրությամբ արտասանեց սովորած-հասկացած դաս-հմայիլը.
-Հագուստով են քեզ ճանաչում,
Ինչ հագել ես, այն էլ` է՛ս.
Ու փակ դռներն են բացվում,
Եթե խաղում Ջո՛կեր ես:
Դռները իրենք իրենց բացվեցին, ու հնչեց փողային նվագախումբը` տուշ Խիկո Ջոկերի պատվին: Սակայն ֆուտբոլի դաշտից էլ մեծ լուսավոր ութանկյուն դահլիճում նույնպես ոչ ոք չկար: Դրա ճիշտ կենտրոնում դրված էր դպրոցական դասասեղան` վրան թուղթ-մատիտ, կոշիկի ներկ ու խոզանակ, իսկ պատերը ծայրից ծայր փակցված էին դիմանկարներով: Ձվաձեւ ցուցատախտակը հավաստում էր, որ դրանք խիկմանկապարտեզի սաների ավարտական ինքնադիմանկարներն էին՝ արված վերջին վեց հազար տարիների ընթացքում: Խիկոն սկսեց ուսումնասիրել պատկերասրահը, իսկ մենք, ավելորդ նկարագրություններից խուսափելու համար, պարզապես ներկայացնում ենք դրանցից մի քանիսի արտանկարները:
Արդեն հոգնել էր, երբ ուշադրությունը գրավեց մի դատարկ տեղ, իսկ տակը մակագրություն` Խիկո Ջոկեր: Իսկույն էլ հասկացավ, թե իրենից ինչ է պահանջվում:
Կարելի է ենթադրել, թե քննություն հանձնելու հուզմունքը խանգարում էր կենտրոնանալ եւ միանգամից կատարել գործը, սակայն, եթե ինքներդ էլ փորձեք ինքնանկարվել առանց հայելու, կհամոզվեք, որ տրվածը բավական բարդ խնդիր է:
Երեքժամյա չարչարանքները արդյունք չէին տալիս: Ոչ միայն թղթերի կապոցն էր վերջանում, այլեւ մատիտն էր սպառնում սպառվել, ուստի ստիպված էր դիմել ինքնադիմանկարի պանկ-պառլամենտական եղանակին: Վաքսով ներկելով իր դեմքը, այն դրեց թղթին ու պինդ սեղմելով` վրան ստացավ պատկերը: Մանրուքները լրացնելը, նկարչի` արդեն երեքժամյա փորձ ունեցող խիկոյի համար դյուրին էր, եւ մեկ րոպեից ինքնադիմանկարը ժպտում էր հեղինակին, իսկ երբ ամրացվեց իր համար նախատեսված տեղում` նույնիսկ աչքով արեց: Խիկոն պատասխանեց նրան, իսկ դիմանկարը, չզիջելով` լեզու հանեց, ինչը կատաղության հասցրեց նկարչին: Աչքերը փակելով` Խիկոն մի կերպ տիրապետեց իրեն, ու որոշեց նկարի քթին կտտացնել` հասկացնելու համար, թե իրենցից ո՛վ է կարեւորը: Սակայն, երբ աչքերը բացեց, իր դիմանկարի փոխարեն բոլորովին այլ դեմք էր` գլխին դափնեպսակ: Տարօրինակ փոխակերպումը մտահոգեց, եւ նա զգուշորեն շարժվեց դեպի կարծեցյալ դուռը, բայց սպասված տեղում ոչ մի դուռ էլ չգտավ: Նորից ու նորից անցավ բոլոր պատերի կողքով, սակայն ելք չկար. նման դավադրություն բոլորովին չէր սպասում: Մտապայծառացման հույսով կատաղաբար ճչաց, սակայն դա ավելի բարդացրեց իրավիճակը. դահլիճը միանգամից խավարեց եւ Խիկոն քարացած սպասում էր նոր-սարսափելի անակնկալների` մտքում ձեւակերպելով խիկմանկապարտեզի վերջին դասը.
-Երբ պայծառ ու փայլուն շորեր ես հագնում ,
Երբ նկարդ փառքի պատի՜ն ես փակցնում,
Երբ վստահ ես, թե քեզ ոչինչ չի սպառնում,
Ուրեմն` հայտնվել ես մութ ծուղակո՛ւմ:
Վստահ լինելով, որ անելանելի ծուղակներ չեն կարող գոյություն ունենալ, Խիկոն որոշեց պատը շոշափելով շարունակել ելքի որոնումը, սակայն քայլեց-քայլեց ու ոչ մի պատի էլ չհանդիպեց: Շարժման ուղղությունն անխոտոր պահելով, տասներկու ժամից ոտքերը հազիվ էր քարշ տալիս, իսկ տասնվեց ժամ անց հազիվ սողում էր. ոչ մի արդյունք: Վերջապես, ուժազուրկ եւ հուսահատ, անշարժացավ սառը հատակին. ակամա սկսեց վերհիշել իր ողջ կյանքը եւ ստացած դասերը:
Իսկ այդ ժամանակ, այս ամենին հետեւող խիկդպրոցի խիկդաստիարակները, գահանիստ ուսուցչանոց-բանտախցում նստած, գրանցում էին Խիկո Ջոկերի ամեն քայլը. սեղանին դրված խաղագումարներն այնքան բարձր էին, որ դրանց ետեւից հազիվ էին իրար տեսնում: Վիճարկվող հարցը մեկն էր. արդյո՞ք Խիկո Ջոկերը ինքնասպանությամբ չի ընդհատի իր կյանքը մինչեւ խիկգործակալների հատուկ դպրոց հասնելը:
Հատուկ ծառայողը մի քիչ զարմացած էր, թե որքան արագ է առաջ սլանում երիտասարդ խիկոն, եւ իր զեկուցագրերում թույլ կասկածներ էր հայտնում գերխիտ ծրագրի անհրաժեշտության վերաբերյալ: Սակայն, քանի որ նրա անմիջական ղեկավարները միայն զեկուցագրերը փոխանցող օղակ էին` ոչ մի կերպ չէին արձագանքում նրա կասկածներին, առավել եւս` չէին ցանկանում միջամտել Ռազմառազմավարական հետազոտությունների գերագույն խորհրդի ու դրա գերհամակարգչի աշխատանքներին:
ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ
«Որոշ ուսումնասիրողներ պնդում են, թե խիկոները թքելու անընդհատ պահանջ ունեն եւ դա նրանց նյութափոխանակության անհրաժեշտ մասն է կազմում. խիկոների թուքը չի չորանում արեւից, անձրեւով չի լվացվում եւ տարիներ շարունակ կարող է ուղեցույց ծառայել իր արտադրողին լաբիրինթոսներում, անտառներում եւ քաղաքներում:
Լեզվահոգեբանները պնդում են, որ խիկոները արձագանքում են միայն հանգավորված խոսքին եւ պատասխանում են հանգավորված, ինչից հետեւում է, թե նրանց մտածողությունը ալլոգիկ-անալոգիկ-նմանողական բնույթ ունի:
Մարդաբանների կարծիքով, խիկհումանոիդները հոմո սափիենսի բնականոն զարգացման հետեւանքով առաջացած, սակայն որոշակի մուտացիաներ կրած ճյուղ են, առաջացել են մարդկային քաղաքակրթության ուշ ծաղկման ժամանակաշրջանում: Այս, խիստ կասկածելի տեսակետը չի պաշտպանվում գիտնականների ճնշող մեծամասնության կողմից, սակայն նոր էջ է բացում մարդաբանության համար:
Կարծիքներ կան, որ խիկոները կապիկից մարդուն անցումային օղակն են եւ այդ առումով անհրաժեշտ են նոր ուսումնասիրություններ»:
Հատվածը` «Կենդանաբանական Մեծ Հանրագիտարան»-ի
լրացված հրատ., խիկոների մասին հոդվածից. հատոր
182, էջ 192192, հրատ.` ԽիկՅորք, 1925 թ.
«Է՛վրիկա»,- գոռաց Ջոկերն ու վեր թռավ տեղից, իսկ գահանիստ բանտախցից նրան հետեւող չորս խիկդաստիարակներից երկուսի սրտամկանները, չդիմանալով լարմանը, ինֆա(ր)կտահար եղան` գետնին տապալելով մարմնի բոլոր մյուս մկանները եւս: Խիկոն միակն էր այդ ուսումնական շրջանում, որ տասնութ ժամ անորոշության մեջ մնալուց հետո ոչ միայն ինքնասպան չէր եղել, այլեւ ինչ-որ բառ էր արտասանել՝ բարձրաձայն: Նախորդ բոլոր գրազները շահած խիկդաստիարակները իրենց ողջ ունեցվածքն էին դրել խիկտոտալիզատորի խաղասեղանին` կրկնապատկելու հույսով, ու բնավ չէին կարծում, թե մինչ այդ իր ունակություններով առանձնապես չփայլած սանիկը կանցնի վիճակախաղի փորձաժամի սահմանը: Ուրախությունից նախաինֆարկտային վիճակում գտնվող մյուս երկու դաստիարակները նախկին գործընկերներին նոր, փայլուն վերածնունդ ողորմամաղթելով` աղբախոռոչով դիակիզարան ուղարկեցին, քանի որ ամեն ինչ կորցրածները` խիկհասարակության համար խիստ վտանգավոր են դիտվում: Ապա սեղանից դատարկեցին բոլոր շահած խիկդրամները, իսկույն էլ ետ վերադարձրին մինչեւ վերջին խիկլուման ու շարունակեցին դիտարկել սանին:
«Է՛վրիկա»,- նորից գոռաց սանիկը, սակայն այս անգամ ոչ ոք դրանից չազդվեց, քանի որ տոտալիզատորում բոլորովին այլ խնդիր էր շահարկվում. արդյո՞ք երիտասարդ խիկոն կգտնի գոյություն չունեցող ելքը` մինչ գնդադահլիճում ուժասպառությունից սատկելը: Այդ անելանելի ծուղակը ժամանակին նախագծել էր Կոռնելիուս Էշհերը, սակայն չափազանց անհասկանալի համարելով` նետել էր աղբարկղը, որտեղից էլ այն թռցրել էր մի գրագող-աղբահավաք խիկո: Իրականում Էշհերը նոր ոչինչ էլ չէր հորինել. պարզապես նկարել էր լուսինը, եւ «Էվրիկա» արտահայտությունը ոչինչ չէր կարող նշանակել: Սակայն Խիկոն չէր զառանցում, այլ արտասանում էր լավ հասկացված ուսումնական քառատողի բառերը: Առաջինի առիթն այն դիտարկումն էր, ըստ որի, այնտեղ, ուր չկան պատեր, չի կարող լինել նաեւ ելք` ուստի որոնելն անիմաստ է: Երկրորդ «Էվրիկան» բխում էր առաջինից. նույնիսկ ելք չունեցող ծուղակներում, հաստատ, կա մուտք, որը որոնելը կրկնակի անիմաստ է: Իսկ երբ հասկացավ, որ միակ շահեկան տարբերակը սպասելն է` գերադասեց չարտահայտվել: Գետնին դրեց «դիվանագետի» ճամպրուկն ու բազմոցագետի դիրքով մեկնվեց վրան: Բաճկոնի փեշերով սրբեց երեսից վաքսի մնացորդները եւ սկսեց մտասեւեռման առնվազն տասնութ ժամ նախատեսված մարաթոնը` բոլոր երեք աչքերի պոչերը դեպի շրջապատը& «Հարցի-գրիչնա, հարցի-գրիչնա, հարցը-հարցի գրիչի-գըրիչնա, հարցը-դրամա հարցի-հարցը, դրամի-դրամա...»: Յոթ ժամ անընդմեջ երեք բառերի անիմաստ զուգակցումներով հնչող համառ սանիկի ձայնից բժժած խիկդաստիարակները քնեցին, իսկ ութժամյա անհրաժեշտ հանգիստը լրացնելուց հետո նկատեցին, որ ձայնը զգալիորեն նվաղել է: Մեկ ժամ անց, երբ այն բոլորովին կտրվեց, դաստիարակներից մեկը հաղթական փնչոց հանեց, իսկ մյուսը, որին իր ողջ ունեցվածքի կորուստն էր սպառնում, նյարդային ցնցմանը չդիմանալով, վեր թռավ տեղից ու գնաց ստուգելու` սանիկը քնա՞ծ է, թե՞ մեռել է:
Իրենից մեկ թռիչքի հեռավորության վրա տեսած լույսի բարակ շերտը հենց այն էր, ինչին սրտատրոփ սպասում էր Խիկոն: Երբ դաստիարակը, հանցավոր անզգուշությամբ, բացելով Ջոկերին ամենամոտ մուտքը, անփութորեն բարձրանում էր գնդադահլիճ, բութ գործիքի ուժեղ հարված զգաց գլխին, որից հետո ուշաթափվեց: Իսկ սանիկը, ետեւից պինդ փակելով ելքի վերածված մուտքի դուռը, իջավ աստիճաններով` արտասանելով հրաշալի յուրացրած դասը.
-Է՛վրիկա, Էվրիկա, երբ ելք չկա,
Պետք է սպասե՜լ, մեկին խաբե՜լ,
Դիմավորել` երբ հյուր կգա.
Սողանցք լինի` հերի՛ք է դա:
Երբ երկայնաձիգ միջանցքը նրան տարավ դեպի «ՈՒՍՈՒՑՉԱՆՈՑ» մակագրությամբ դուռը, մեկ-երկու վայրկյան ականջ դրեց հաղթոնը սեղանից դատարկող դաստիարակի երջանիկ քրթմնջոցին եւ անսպասելի ներս սպրդելով` աքցանացած ձեռքերով բռնեց նրա վիզը:
Շնչահեղձ եղողը մի կերպ կարողացավ խռխռացնել, թե հանձնվում է, իսկ երբ տեսավ, որ խեղդողը սանիկն է, գրպանից հանեց ատրճանակը` փորձելով ինքնասպան լինել, քանի որ ողջ կարողությունը տանուլ էր տվել: Սակայն Ջոկերը փրկեց նրա կյանքը, որից հետո` խիկդաստիարակին, հնազանդվելուց բացի` այլ ելք չէր մնում: Որպես ապացույց սեղանին դրեց բոլորովին նոր, նշավակվելուց հետո չգործածված խաղաթղթերի կապոցը եւ առաջարկեց «պոկեր» խաղալ՝ «ամեն ինչ կամ ոչինչ» նշանաբանով: Նա ակնհայտորեն գերագնահատում էր իր ուժերը: Երբ իրեն տվեց չորս աս եւ մեկ ջոկեր, իսկ Խիկոյին խառը թղթեր, գոհունակությամբ ժըպտում էր, քանի դեռ սանիկը, կոնը կրկնապատկելուց հետո, չէր բացել դրանք: Հինգ դավադիր ջոկերները աչքով էին անում դաստիարակին, սակայն Խիկոյին նրա «ամեն ինչը» հարկավոր չէր եւ դրա փոխարեն պատասխաններ պահանջեց իր հարցերին: Պարտվածը սկսեց սովորական մարդանման խիկոյի կենսագրության (ՍՄԽԿ) դասընթացն այն մասին, թե ո՞րն է դաժան փորձությունների իմաստը, ինչպե՞ս կարելի է խիկմսուր-մանկապարտեզ-դպրոց-համալսարան-ակադեմիա-կառավարություն ճանապարհն անցնելուց հետո դուրս գալ աշխարհ, ի՞նչ փայլուն ապագա է սպասում Խիկոյին այս դռնից դուրս եւ այլն, եւ այլն: Սակայն, հաշվի առնելով այն, որ նախակրթարանի դաստիարակը կարող է միայն հեքիաթներ պատմել, Խիկոն, կողքերը նայելով` վստահելի երաշխիքներ էր փնտրում:
Իսկ մինչ այդ& Փյունիկը, երբ հուզվել-մխիթարվելն ավարտելուց հետո նորից սառը մտածողություն ձեռք բերելով սկսեց ուսումնասիրել եւ հայտնաբերեց իր վարձակալած բնում մինչ այդ չնկատած սեւ խոռոչը` երկմտանքի մեջ ընկավ: «Ցավոք, թռչելուց առաջ չեմ սովորել սողալ»` փիլիսոփայական ծանր շեշտադրումներով արտասանեց մտքում, երբ այնտեղ սողոսկելու փորձերը անհաջողության մատնվեցին: Ենթադրում էր, որ անճոռնի, թեւերին փետուրներ չունեցող զավակը կարող էր այդ ճանապարհով լքած լինել իրեն: Նրա կատաղության մի չնչին մասը վերածվեց երկայնաձիգ «հակաբենլադենյան» ճիչի, որը, վստահ եմ, լսած կլինեք, կամ մինչեւ հիմա էլ լսում եք: Ապա կամքը փետուրներում հավաքելով, որոշեց ողջ աշխարհով մեկ նրան փնտրել-գտնել, ճանկերով բռնած վեր բարձրացնել ու վար նետել: Եվ այդպես այնքան, մինչեւ դարվինյան բարեշրջության օրենքների համաձայն, ձագուկի թեւերին փետուրներ կաճեին ու նա կվերածվեր փյունիկի: Քանի որ նորածնին ամբողջովին հիշելը զզվելի էր, որոշեց նրա ընդհանուր տեսքից վերհիշել միայն մի քանի մանրամասներ, որոնցով էլ պիտի առաջնորդվեր. մասնավորապես` քթի եւ ականջների միջի զսպանակամազերն ու ծուռումուռ գլուխը: Ի մի բերելով իր բոլոր ուժերը, փյունիկ-ծովարծիվը ուղղահայաց վերելք սկսեց եւ, երբ աշխարհը տեղավորվեց մեկ հայացքում` թեւերը բացեց. երկիրը մտովի բաժանեց հավասար քառանկյունների ու ցած սլացավ դեպի առաջին իսկ խուճուճ մազակիրը: Զոհը չհասցրեց գիտակցել, թե ինչ տարօրինակ ձայն է աստիճանաբար ահագնանում, իսկ երբ նկատեց, որ ինչ-որ կետ երկնքից իրեն մոտենալով անընդհատ մեծանում է, կարծեց, թե թռչող ափսե է: Դադարեց ինչ-որ բան զգալ-տեսնել-կարծել, երբ հզոր ճանկերը ամուր սեղմեցին վիզն ու վեր բարձրացրին մարմինը: Հասնելով մթնոլորտի կարծր շերտերին, ծովարծիվը բաց թողեց զոհին` սկսելով նրա մանրամասն ուսումնասիրությունն ազատ անկման ընթացքում, սակայն համոզվելով, որ դա իր անճոռնի ձագը չէ, իսկ հեռվից խուճուճ քթամազեր թվացող սեւ բծիկները ընդամենը Սալվադոր Դալիի ոճով ոլորած բեղիկներ են, անտարբերությամբ վեր սլացավ` փորձելով վերհիշել նոր մանրամասներ:
Գահանիստ ուսուցչանոց-բանտախուցը կահավորված էր զուսպ եւ առանց ավելորդությունների. նոր միայն նկատեց, որ բոլոր չորս պատերը հար եւ նման էին իրար ու դրանցից ամեն մեկին մի-մի դուռ կար` «առաջ», «ետ», «աջ», «ձախ» մակագրություններով: Ճաղապատ առաստաղից առատորեն հորդում էր լյումինեսցենտային լամպերի հյուսիսային սպիտակ գիշերներին նմանեցրած սառը լույսը: Դրա ճիշտ կենտրոնից կախված էր կլոր, ցանկացած կետից նույն պատկերը ցույց տվող մոնիտորը, ինչպիսին «Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ» խաղի հարյուրամյակին կտեղադրվի գիտակների սեղանից վեր: Վերջինիս տակ էլ կանաչ քաթանով ծածկված խաղասեղանն էր եւ չորս ուսուցչակառավարական բազկաթոռները:
Նորելուկ-սանիկը ՍՄԽԿ երկարաշունչ դասընթացի ընթացքում, դիահրկիզված խիկդաստիարակներից մեկի կաշվե վերարկուի գոտուց հնարամտորեն շան վզնոց պատրաստեց: Առանց բառերի մոտեցավ դասախոսին, կապեց վզին եւ վեր քաշեց աթոռից: Վերջապես, խոսքերի փոխարեն, իրական երաշխավոր էր գտել, որն առաջ անցնելով` պիտի ապահովագրեր տհաճ անակնկալներից: Իր կյանքն ուրախությամբ տանուլ տված ակամա-խիկդասղեկը, ամեն ինչ հասկանալով, բացեց նման հազվագյուտ դեպքերում կանոնադրությամբ պարտադրված «առաջ» մակագրությամբ դուռը եւ առաջ ընկավ: Խիկոն վստահ էր, որ միջանցքի փոխարեն դռան ետեւում իրեն հերթական ծուղակն է սպասում, սակայն այնտեղ միայն միջանցք էր, այն էլ փայլուն, լավ հույսեր ներշնչող պատերով: Դժվարությամբ զսպելով առույգ շան պես առաջ քաշող ուսուցչի պոռթկումնավազքը, միայն երրորդ անգամ կոր եւ թեք միջանցքով անցնելուց հետո նկատեց, որ անընդհատ ներքեւ իջնելով, միեւնույն է` հասնում էին ելման կետին: Սկսեց թքանշաններ անել եւ համոզվեց, որ իրականությունը հակասում է տրամաբանությանը: Փոխելով շարժման ուղղությունը եւ այլ միջանցքներ հետազոտելով հասկացավ, որ լաբիրինթոսում է, այն էլ` ոչ սովորական: Անհնար էր գլխի ընկնել, թե ինչպես էր մի դահլիճի առաստաղը, մի քանի միջանցք անցնելուց հետո, վերածվում մեկ այլ դահլիճի հատակի կամ պատի: Պատերին փակցված հուշում-գծանկարների միջոցով փորձեց լուծել գլուխկոտրուկը, սակայն ոչինչ չստացվեց:
Հասնելով հերթական փակուղուն, անսպասելի նյարդային ցնցումով քացահարվածեց պատին: Սակայն ցավ զգալու փոխարեն նկատեց, որ կոշիկի փայլուն ծայրակալը փափկորեն մխրճվեց պատի մեջ: Հաջողության հոտն առած Ջոկերը մեկ իր կոշիկի ծայրին էր նայում, մեկ պատին, մեկ գերու սրածայր գլխին, միաժամանակ մտքում ձեւակերպելով հերթական դասաքառյակը.
-Եթե միջանցքը լաբիրինթոս է` անել,
Ու գլուխդ չի կարող այդ խնդիրը լուծել,
Մի ուրի՛շ գլխով, լավ է` պինդ ու սուր,
Պատին ա՛նցք բացիր` ահա եւ քեզ դուռ:
Առաջին պատին գլխով դուռ բացելուց հետո, դաստիարակը, շարունակելով ընթացքը, առաստաղից ընկավ քիչ առաջ անցած դահլիճի հատակին` ետեւից քաշելով նաեւ ձեռքում կապը պինդ բռնած Խիկոյին: Անտեսելով չնչին վնասվածքները, սանիկն անչափ ուրախ էր, որ իր գերանախոյի գլուխը պատից կարծր է: Յոթերորդ պատից հետո գերու գլխի գագաթի սուր մասը, գործն արագացնելու նպատակով, աշխատանքային կոշտուկ էր ձեռք բերել: Իսկ տասնյոթերորդ պատից հետո, դաստիարակը խոստովանեց, որ ստիպված է խիկուսուցիչ դարձել, քանի որ տասնյակ տարիների ընթացքում չի կարողացել գտնել լաբիրինթոսի ելքը: Դա բոլորովին չազդեց սանիկի ծրագրերի վրա, քանի որ նա ոչ թե որոնում, այլ կերտում էր իր ճանապարհը: Քառասունմեկերորդ պատից հետո գերու գլխի կոշտուկը գլխից մեծ էր եւ նա այլեւս չէր զգում հարվածները:
Ամեն ինչ հրաշալի էր ընթանում մինչեւ վաթսունվեցերորդ պատը. խոյահարվելուց հետո, թեեւ այն դղրդաց, բայց անցք չբացվեց: Ամուր բռնելով կապի ծայրը, Խիկոն սկսեց պտտել խոյին եւ միայն առավելագույն արագության հասցնելուց հետո բաց թողեց դեպի պատվարը: Հիմնապատի ծեփը թափվեց, բայց այն ոչ մի, նույնիսկ աննշան ճաք չտվեց: Հասկանալի էր, որ դա, հատկապես պնդագլուխների համար էր կառուցված: Հոգնած Ջոկերն ուշաթափ խոյին երկու տակ անելով նստեց վրան, արմունկը՝ ծընկին, բռունցքը` ճակատին ու սկսեց մտածել Ռոդենի հանրահայտ արձանի դիրքում, սակայն որեւէ փրկարար գաղափարի փոխարեն, գլխում միայն հուզառատ զեղումներ էին զեղվում.
-Մենք աշխարհի խորթ տղերքն ենք,
Մեզ դուռ չկա՜ է՛ս պատին,
Մեր փայն էս է` նստենք-լացենք,
Իսկ դուք պարե՜ք` մեր շալակին:
Գերհուզառատ ինքնակտտանքները էպիգոն-ոտանավորի ձեւով արտահայտվելուց հետո, վերածվեցին դասապատային անզիջում պայքարի մոլեգնության: Երբ կրքերը հասան կիզակետին, Ջոկերը թռավ ու լյումպենային ատելությամբ թքեց համառ պատի երեսին: Հետո շուռ եկավ դեպի խոյ-դաստիարակը, որպեսզի մի քացի էլ հասցնի նրա` տվյալ դեպքում անպիտան գլխին, սակայն ետեւից լսված տարօրինակ թշշոցը փոխեց աշխատանքային գրացուցակը:
Ռազմառազմավարական հետազոտությունների գերագույն խորհրդի անդամները գիտեին զեկուցագրերի մասին, սակայն ծանոթ չէին դրանց բովանդակությանը, քանի որ երիտասարդ Խիկոն ամբողջությամբ վստահված էր գլխավոր գերհամակարգչի հայեցողությանը: Վերջինս էլ, խոստանում էր ամեն ինչ զեկուցել, երբ Ջոկերը պատրաստ լիներ իր նախագծած գիտափորձին մասնակցելու համար: Նրա դիմում-խնդրանքով էլ, որպեսզի տեղեկատվության ավելորդ հոսք չլինի, հատուկ ծառայողին, առանց իր գիտության, վերաենթարկեցին ՌՀԳԽ-ին, ավելի ստույգ իրեն` դրա գերհամակարգչին:
ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ
«Վերջին ուսումնասիրությունները հաստատեցին, որ խիկոների կառուցվածքային տարբերությունը մարդկայինից` նախագծված գենետիկ մուտացիաների հետեւանք է: Նրանց քրոմոսոմները ճյուղավորված են մարդկայինից, եւ ժամանակի ընթացքում խիկոների ու մեր միջեւ տարբերությունները ավելի շեշտակի եւ նկատելի կդառնան:
Ռուս գիտնականների ձեռքն ընկած փոքրիկ խիկոյի(Ալյոշինկա=Ալեքսեյ=Ալեքսանդր) դեռեւս
թարմ ուղեղի ուսումնասիրությունները ցույց տվեցին մեր եւ նրանց ուղեղների շատ որոշակի տարբերություններ: Նախ` այն չափերով փոքր է մարդկայինից, ճակատային հատվածը թերզարգացած է, սակայն նյութը ավելի խիտ է եւ ծալքերի քանակով քառակի գերազանցում է մարդկայինին: Արտաքին նմանությունները խաբուսիկ են, մասնավորապես` խիկոների ուղեղում կա մեզանում պակասող հիշողության առանձնացված պահեստարան, որը, ռուս գիտնականի պնդմամբ, իր մեջ պահում է նախորդ կյանքերի եւ նույնիսկ նախորդ բոլոր սերունդների կենսափորձի ողջ տեղեկատվությունը: Թեեւ այն չի մասնակցում ընթացիկ գործընթացին, սակայն կարող է գործարկվել ըստ անհրաժեշտության: Ուղեղում է կենտրոնացված խիկոների նեյրոնային համակարգի իննսունինը տոկոսը:
Որոշ հետազոտողներ կարծիք են հայտնում, թե քանակական աճի դեպքում, խիկոները կարող են հանդես գալ որպես Մտածող մարդու հետ միակ մրցունակ կենդանատեսակը երկրագնդի վրա: Ժամանակի ընթացքում նրանք ի վիճակի են դուրս մղել մարդկանց՝ իրենց զբաղեցրած բոլոր ոլորտներից եւ պաշտոններից:
Ամերիկյան կենդանաբանների պնդմամբ, արդեն այսօր, պետական ծառայողներին կարեւորագույն պաշտոնների նշանակելիս կիրառվում է հատուկ տեստ (Մոլգեյնի տեստ), որի նպատակը անձի կենդանաբանական տեսակի ճշգրտումն է: Մինչեւ այժմ կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ տեստի կիրառումը արյան հատուկ վերլուծության հետ միասին, ընդամենը երեսուն տոկոսի ճշտություն ունեն եւ այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»:
Հատված «Կենդանաբանական Մեծ Փակ Հանրագիտարանի» լրացված հրատարակությունից. հատոր 202, էջ՝ 2020202, հրատ.՝ Խիկ-Յորք՝ 2002 թ.
Փյունիկ-ծովարծիվը, հաջորդ զոհը ընտրելու համար ուղեցույց վերցրեց անճոռնի ձագուկի փոքրիկ երկարաձիգ աչքերը, թեկուզեւ չէր կարողանում հստակ մտաբերել` դրանք ուղղաձի՞գ, թե՞ հորիզոնական էին տեղադրված դեմքին:
Զառամյալ վիետնամցի ծերունի Սադ Հուսի ոսկորները տարիների ընթացքում այնքան փուխր էին դարձել, որ փշուր-փշուր եղան ծովարծվի ճիրաններում, իսկ փյունիկի եղունգն ընկավ եղունգի վրա եւ կոտրվեց` մի քիչ ցավ, բայց շատ խոր վիրավորանք հասցնելով տիրոջը: Որսորդը կորուստից կատաղած, կտցահարեց զոհի աչքերն ու ցավագին ճչալով վերադարձավ իր բույնը: Մինչ նոր եղունգի աճելը բավական ժամանակ ուներ հինգերորդ ձագի հետ անցկացրած ժամերը վայրկյան առ վայրկյան վերհիշելու համար: Անսպասելի մտահանգումները պարզեցրին պատկերը: Հինգերորդը, չնայած ձվածին էր, չէր կարող ոչ փյունիկ, ոչ էլ ծովարծիվ լինել, քանի որ մարդանման էր, մյուս կողմից` չէր կարող մարդ լինել, քանի որ ձվածին էր: Վերջին հանգամանքը գոտեպնդեց փյունիկին, քանի որ մարդիկ երկրագնդի ամենաբազմաքանակ կենդանիներն են, եւ նրանց մեջ ինչ-որ մեկին գտնելը դյուրին չէր: Շաբաթներ տեւած խորը մտասեւեռման ընթացքում, համեմատելով մարդկանց եւ իր ձագին, ցամաքային ծովարծիվը գտավ ամենաէական տարբերությունը, որը, իր ենթամտածողական բնույթի պատճառով` անհնար է ձեւակերպել խոսակցական լեզվով: Այլ կերպ ասած, փյունիկի միակ չափանիշը դարձավ ներըմբռնումը, կամ ավելի ընդունված բառով` ինտուիցիան: Հանուն արդարության պետք է ասել, որ եղունգի վերաճելուց հետո, նա անհամեմատ նպատակային սկսեց գործել. ամեն տասը երկինք բարձրացվածներից առնվազն մեկը, չնայած որ Ձեզ լավ ծանոթ Խիկո Ջոկերը չէր, բայց եւ` հաստատապես խիկո էր:
Ջոկերը դանդաղ շուռ եկավ դեպի ձայնը եւ զարմանքով նկատեց, որ իր թքած տեղը, թույլ ծխալով, հալվում-քայքայվում է: Հետո նորից բերանը լցրեց ու այնպես թքեց պատին` կարծես թե ապտակում էր. ուշադրությամբ հետեւեց փրկության հույս ներշնչող գործընթացին եւ մի շառաչուն ապտակով արթնացրեց գերուն` թքօգնություն ստանալու ակնկալիքով: Խիկուսուցիչը, մի կերպ հասկանալով իրենից պահանջվածը, բերանը լիքը լցրեց ու արտանետեց, սակայն ոչինչ չստացվեց` պատն անտարբեր էր նրա թքի հանդեպ: Ջոկերը փորձեց օրինակ ծառայել, սակայն նույնպես ապարդյուն: Գործն առաջ գնաց միայն, երբ երկուսով հասկացան ու ձեւակերպեցին ուսումնական ոտանավորը, եւ քանի որ միասին էին ստեղծագործում` ութատող ստացվեց.
-Պատեր կան, որ հա՛ստ են ու հիմա՛ր,
Կողքից տեղ չունեն` շրջանցելու համար,
Ճանապարհի վերջում են դիմացդ գալիս,
Չեն ջարդվում, որքան էլ` գլուխդ պատին ես տալիս:
Այդ հարցը լուծելու մի միջոց կա թաքուն,
Կատաղաթքիդ դիմաց` չե՛ն մնա կանգուն:
Խիկո Ջոկերն այս երգը երգեց,
Խիկո Մկոն նրան ձայնակցեց:
Ստեղծագործական բուռն-ինքնամոռաց պոռթկման մեջ արտասանելով վերջին տողը, խիկդաստիարակը ակամա հիշեց այն անունը, որով իրեն կնքել էին, երբ համարյա հարյուր տարի առաջ, լաբիրինթոսի ելքը գտնելու անկարողության պատճառով ընտրել էր ցմահ վարժապետ-դատապարտյալի հագուստը: Ասմունքի ժամն ավարտելուց հետո գործընկերները սկսեցին կատաղաբար գոռգոռալով, արագ-արագ թքել պատին եւ խոչընդոտը շերտ-շերտ թափվում էր հատակին: Ժամանակ շահելու նպատակով մոտեցել էին թշնամուն եւ հերթական անգամը, երբ միասին, որքան հնարավոր էր բարձր գոռացին` պատը փլվեց վրաները&
...Ջոկերին թվում էր, թե ինքը նորից ձվի մեջ է, քանի դեռ ականջին հասնող երկխոսության ձայները չդարձան որոշակի ու հստակ.
-Եթե պատը փլվել է վրան,
Ուրեմն` բախտը լքե՛լ է նրան:
-Այո՛, բախտը գլխին է փլվել,
Բայց եւ` դեպի մեզ դուռ է բացվել:
-Դպրոց է հասել, բայց առանց բախտի`
Դպրոցում այս կյանքի թելը` կհատվի:
-Հարկ է, որ կիսատ գործը ավարտի,
Եվ հետո՛ իր «հոգին»` նոր կյանքին ավանդի:
-Բայց, եթե կիսամեռ է արդեն,
Կանչենք` թող գո՜նե գլուխը ջարդե՛ն:
Վերջին տողերը վերջնականապես խելքի բերեցին Ջոկերին: Նա մի կերպ թափ տվեց դեռ չջարդված գլուխը, եւ, երբ բերանը ազատվեց` խոսեց հնարավորինս կենդանի ու խեղճ ձայնով.
-Խրթի՛ն է, այո՜, իմ ճամփան,
Դեպի մեր փայլուն ապագան,
Բայց թքուժերս նորից ե՜տ կգան,
Եթե սնունդ տաք ինձ` թեկուզ հոգեկան:
Զգուշորեն աչքերը բացելով` գլխավերեւում տեսավ դեմ դիմաց կանգնած երկու խիկակադեմիկոսների` լայն վերարկուներով, քառակուսի գլխարկներով եւ հաստապակի ակնոցներով` ինչպիսիք տեսել, սակայն անտեսել էր խիկտոնավաճառում: Չէր հասցրել մի կարգին ուսումնասիրել զրուցակիցներին, երբ նրանց հուժկու ձեռքերը ականջներից ձգելով դուրս քաշեցին իրեն փլատակների տակից եւ օդում կախված` առաջ տարան: Խիկոն սրտնեղում էր ականջները երկրորդ անգամ ինչ-որ մեկի ձեռքը տալու համար, սակայն ոչինչ չէր կարող անել. ցավից կաթվածահար էր եղել, իսկ դեմքի մաշկը այնպես էր ձգվել, որ աչքերը փակվել էին:
Շուտով, ողջ կամքը ականջներում կենտրոնացնելով, փորձեց իրեն թափ տալով ազատվել խիկակադեմիկոսների ձեռքերից` թեկուզ ականջների կորստի գնով: Սակայն միայն ձախ ականջի մի մասը պոկվեց ու ինքը կախ մնաց աջից. դա կիսով չափ կրճատեց ցավը, առավել եւս, որ աջ աչքը բացվելով` ագահաբար սկսեց զննել շրջակա միջավայրը` ուշադրությունը շեղելով ցավի մնացած կեսից:
Փյունիկ-ծովարծիվն իր ամենօրյա որս-որոնումներն ավելի ու ավելի կատարյալ էր դարձնում: Շնորհիվ անսպասելիորեն ի հայտ եկած գիշերատեսության` մութն ընկնելուց հետո էլ հանգիստ չուներ: Նրան դուր էր գալիս իր անընդհատ լարված վիճակը, ավելին, այլեւս չէր պատկերացնում կյանքն առանց դրա: Սովորել էր սարսափելի արագությամբ խոյանալ դեպի զոհը, ճիրաններով ամուր գրկել վզից կամ թեւից, մի քանի վայրկյանում երկու-երեք հարյուր մետր վեր բարձրանալ, սակայն ամեն անգամ զոհի բերանից հոտած ձվի հոտ չզգալով` անտարբեր էր դառնում դրա հանդեպ ու ազատ արձակում:
Որսորդության համար ամենից հարմարն այն քաղաքներն էին, որոնցում համարյա իր ժայռի բարձրության շենքեր կային, իսկ դրանց կտուրներից միշտ էլ որեւէ հետաքրքրասեր փորձում էր վերեւից նայել աշխարհին: Փյունիկը վստահ էր, որ հինգերորդը նույնպիսի անդիմադրելի ձըգտում կունենա, քանի որ մի անգամ զգացել էր բարձրից աշխարհը դիտելու հաճույքը:
Չնայած այն բանին, որ աջ աչքը հազիվ կես տեսադաշտ էր ընդգրկում, զարմացնում էր Խիկոյին անսպասելի տեսարաններով: Խողովակների, խառը-խշտիկ միջանցքների, լաբիրինթոսների փոխարեն նա ամբողջովին բետոնապատ հրապարակ էր տեսնում, որը վերջանում էր ձվագմբեթ, սպիտակ շինությամբ, վրան հսկա-դժվարընթեռնելի տառերով գրված` «ՀԱՏՈՒԿ ԽԻԿԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ»: Սմոգային մոխրալույսը շոյում էր աչքը, իսկ հատակն ու պատերը արձագանքում էին իրեն ականջից բռնած քարշ տվողների զրույցը: Դպրոց չհասած թեքվեցին աջ, եւ Խիկոն մի հսկա աշտարակ տեսավ, որի ծայրը կորչում էր սմոգի վերին շերտերում: Ուղեկիցները մի պահ կանգ առան, հետո սկսեցին խիստ համաչափ քայլել, նույն ռիթմով միասին արտասանելով իրեն ուղղված դատավճիռը.
-Եթե թողել ես դու գործդ կիսատ,
Ամեն նոր քայլիդ` դեմ կգա նո՛ր պատ:
Թեկուզեւ բոլոր պատերը ջարդես,
Փրկությունը մեկն է` դու պիտի մեռնե՛ս:
Քեզ որպես խոտան հիմա դո՛ւրս կնետենք
Ու նոր կյանքո՛վդ մեր կողքին կսպասենք:
Վերջին խոսքերի հետ հայտնվեցին ձվաձեւ վերելակի բաց դռներում, սրընթաց ներս մտան ու սեղմեցին ամենավերեւի կոճակը: Ջոկերը, իհարկե, վիրավորված էր, որ իրեն խոտան էին համարում եւ իր այս կյանքը` անպիտան, սակայն ուրախալի էր, որ այլեւս մութ խողովակներով, անվերջանալի միջանցքներով ու խճճված լաբիրինթոսներով չէր երթեւեկելու:
Երբ վերելակի դռները բացվեցին եւ իրեն դուրս նետեցին, իսկույն հիշեց ծովարծվի բնում շնչած մաքուր օդի զզվելի սրությունը, գրպանից արագորեն հանեց ու դեպի քիթը տարավ թաշկինակը եւ միայն այդ պահին գնահատեց խիկաշխարհի բոլոր առավելությունները: Ետ թռավ դեպի վերելակի դռները, բայց դրանց փոխարեն միայն պատ էր. գունդ ու կծիկ եղած նստեց հատակին: Սարսափելին այն չէր, որ դատապարտել էին մահվան, քանի որ գիտեր` իսկույն էլ կվերածնվի փայլուն-լուսավոր ապագայում: Սարսափելին այն էր, որ առաջին անգամ պիտի մեռներ, եւ չգիտեր, թե ինչ զգացողություններ են սպասում իրեն: Բոլորիս էլ երբեւէ հուզած այս հարցն էր մտմտում, երբ ողջ մնացած ականջը, իրեն մոտեցող ահավոր վնգոցից կախ ընկավ:
Ծովարծիվը չանթեց կուչ եկած որսն ու վեր սլացավ. զգալով հոտած ձվի հոտը` միանգամից ուղեւորվեց դեպի բույնը` ներզգացողության ճշմարտացիության մեջ համոզվելու: Իսկ Խիկոն միայն մի պահ կորցրեց գիտակցությունը եւ սառը օդից սթափվելով, ինչպես դուք անուշադրի սպիրտից, զգուշորեն բացեց աչքերը: Դժվարությամբ, բայցեւ շատ որոշակի հասկացավ, որ կիսատ թողած գործն իրեն ճանկել ու տանում է: Երբ տեսավ ծանոթ բույնը, իսկույն հիշեց հին ծրագիրը. այժմ արդեն նա ուժեղ ու մեծ էր, գրպանում ուներ ՋՈԿԵՐ ֆիրմայի արտադրության բացվող դանակ, ծոցագրպանում` թել-ասեղ& մի խոսքով, լիովին պատրաստ էր իրագործելու այն, ինչը չստացվեց յոթ օրականում:
Ծովարծիվը նոր էր վայրէջք կատարել, երբ զգաց, որ ինչ-որ սուր բան խրվելով փորը` բարձրացավ մինչեւ կոկորդը: Ակամա սկսեց ողջ ուժով թափահարել թեւերը, սակայն վեր բարձրանալու փոխարեն տեսավ, թե ինչպես են աղիքներն ու ներքին օրգանները դուրս թափվում փորից: Առաջացած քամին Խիկոյին քշեց-տարավ դեպի սեւ խոռոչը, բայց այս անգամ միայն գլխի կեսը մի կերպ խցկվեց այնտեղ, իսկ երբ ծովարծիվը համակերպվեց մահվան հետ եւ դադարեցրեց ավելորդ շարժումները` թռչնասպանը դուրս եկավ իրագործելու վաղեմի ծրագիրը:
Մի քանի րոպե անց, թռչունի թարմ խրտվիլակի դեռեւս ջերմ փորում տեղավորված Ջոկերը, օգտվելով դրա թեւերի` օդի տաք հոսանքներին սավառնելու ունակությունից, ազատորեն ճախրում էր երկնքում, միաժամանակ, որքան կարող էր բարձր, որպեսզի ձայնը տեղ հասնի, գոռում էր իր հաղթական քառատողը.
-Դուք ինձ խոտա՜ն համարեցիք,
Խիկաշխարհից վտարեցի՛ք,
Սակայն դուք դեռ կփոշմանե՛ք,
Եթե հանկարծ մենք հանդիպենք:
Իսկ այդ ժամանակ, խիկանվտանգության խորհրդի նիստի բարձրապաշտոն մասնակիցները իրենց գոհունակությունն էին հայտնում հաջողության առթիվ. խիկոյաորս ծովարծիվը վերջապես սպանված էր, սանիկը ավարտել էր կիսատ գործը եւ անխուսափելի-ակամա վայրէջքին ջարդուփշուր լինելուց հետո կսատկեր` վերածնվելով որպես հաջողակ աշակերտ: Վերջապես կարող էին նրան հանձնել ՌՀԳԽ-ին եւ ազատվել ավելորդ պատասխանատվությունից: Մի-մի թանկարժեք ֆիդելյան սիգար ծխելուց հետո նրանք վերադարձան իրենց անձնական աշխատախցերը:
Ժամանակը չէր սպասում եւ անհրաժեշտ էր սկսել գիտափորձը, որի համար էլ, կամա թե ակամա, նախապատրաստվում էր Ջոկերը:
ՄԻՋԱՆԿՅԱԼ ՎԵՐՋԱԲԱՆ
Քառատողը հարյուր անգամ արտասանելուց հետո Խիկոն հազիվ էր ձեռքերն ուղիղ վիճակում պարզած պահում, սակայն, երբ այլեւս անկարող լինելով դիմանալ` գունդ ու կծիկ եղավ, ծովարծվի թեւերը չծալվեցին: Եվ քանի որ խրտվիլակը օդում մնալու համար իր օգնության կարիքը չուներ, սկսեց խիկոյավարի հիանալ՝ դրա փորի դիտանցքից աշխարհին նայելով: Մեկ-երկու ժամ անց, խրտվիլակի գլխից ինչ-որ տարօրինակ ջերմություն զգաց:
Թեեւ ծովարծիվը ներքին օրգաններից ազատվելուց հետո սատկել էր, նրա հոգու խորքում թաքնված փյունիկը ողջ էր: Հասկանալով, որ հին մարմինը փչացել է, իսկ նոր կյանք սկսելու համար անհրաժեշտ է այրվել եւ հառնել, անընդհատ վեր էր ճախրում` ավելի լայն տեսադաշտ ունենալու նպատակով: Բաց թողնելով մանր-մունր անտառային խարույկները, փյունիկավարի համբերեց` մինչ նկատեց կրակներին մատնված մի հինավուրց արեւելյան քաղաք: Այդ պահից ի վեր շատ նպատակասլաց էր:
Ջոկերը զարմանքով փաստեց-հավաստեց, որ ցած է սլանում, սակայն իրադրությունը փոխելու բոլոր ջանքերը զուր անցան: Երբ փյունիկը մխրճվեց հրդեհի էպիկենտրոնը, խիկոյին թվաց, թե իրեն խաշում են, եւ նախընտրելով խորովվելը` դուրս թռավ ծովարծվի պայթած փորից: Նրա մարմինը աստիճանաբար մոխրանում էր, իսկ ինքը հետեւում էր տարօրինակ տեսարանի: Խրտվիլակը կապտականաչ բոցերով ու մեծ արագությամբ այրվեց, հետո վերածվեց սպիտակ մոխրափոշու, օդ բարձրացավ ու խտանալով նորից ընդունեց թռչունի տեսք. ամբողջանալով` մի տարօրինակ կռնչոց հանեց ու վեր սլացավ դեպի երկինք:
Խիկոն չկարողացավ հետեւել նրա թռիչքի ուղղությանը, քանի որ այրվելու հերթը հասել էր աչքերին: Սակայն նա ամեն ինչ հիշում էր, երբ նորից զգաց իր մարմինը եւ ծանոթ երգեցողությունից գոտեպնդվեց:
-Ծնունդդ շնորհանդա՛կ,
Ծնունդդ շնորհանդա՜կ,
Խիկո Ջոկեր այլանդակ,
Ծնունդդ շնորհանդա՜կ:
Ամեն ինչ պարզ էր: Սկսվել էր նոր կյանքը, եւ որպեսզի այն չընդհատվեր, անհրաժեշտ էր բոլորից թաքուն պահել, նույնիսկ մոռանալ վերածընված փյունիկի գաղտնիքը: Սակայն սա այլ պատմություն է, եւ Աստծո կամոք, կպատմենք անսկիզբ-անվերջ տարեգրության երկրորդ մասում: