Հայաստան
Դու Հայաստան, հայրենիք մեր փառավոր,
արքայական մեր անցյալի պատմություն,
ավարայրված մեր ընդվզում լուսավոր
եւ հաղթության թռիչք անծիր ու անհուն:
Եվ մենք կանգնած քո սուրբ հողին աներեր,
լույս ենք պեղում բիբլիական քարերից,
որ ծավալվի առավոտդ բարեբեր
մեր ժպտացող երկնի կապույտ շուրթերից:
Եվ մեղրանուշ լեզվով հայոց հինավուրց,
միասնության մեր երազով առնական,
դարձել ենք մենք համահավաք մի բռունցք
ու գնում ենք դեպի գալիքը վառման:
Եվ չարի դեմ մարտնչում են քո որդիք,
սուրբ հավատքով արդարատենչ, անսասան,
արեգնածին դու մեր չքնաղ հայրենիք,
Արարչության ու փառքերի Հայաստան:
04.04.1988
ԻՄ ԲԱՂՁԱՆՔԸ
Թող Արտաշեսի անեծքը կրեմ,
քաջքերն ինձ նետեն վիհը Մասիսի,
Սասնա ծռերի խենթությունն առնեմ,
աղոթեմ անվերջ Մարութա սարին:
Թող վանքի շրթին խաչքար ես լինեմ,
պատարագ դառնամ Մշո արտերին,
Կաթնաղբյուրի պես գետեր ես ճեղքում,
օծվեմ սրբազան մեր երգ վերին:
Հայդուկների հետ լեռները չափեմ,
օջախիս ծուխը լինի ծխանի,
եւ Թուր-Կեծակին Դավթի պես բռնեմ,
կանգնեմ դեմառդեմ բոլոր չարերի:
Թող Մուսա լեռան արձագանք լինեմ,
դառնամ շառաչը Վանի, Զեթունի,
աշխարհին իբրեւ արեւ ես ծագեմ
Հրդեհամրրիկ ծովում անհունի։
15.10.1980
ՄԵՀԵՆԱԿԱՆ
Ցայգալույսի արեգնաշունչ ճաճանչները հրե, վառման,
ոսկեփրփուր աղոթքները Աստկղածին Նավասարդի,
բիլ երկինքը մեր երազի նաիրական,
իմ սրտում են:
Բագր—անդի հովերը զով ու մանանան երկնից առկախ,
բագինները Նեմրութաճեմ ու վեհապանծ աստվածների,
երկրագործի խոփից բուրած հորովելներ հատիկաշաղ
իմ սրտում են:
Զարկը կորով մարտաշառաչ մեր զորքերի,
Ամրոցների ոգին ամուր ու քարեղեն,
Լույսը անծիր սրբազնագույն մատյանների
իմ սրտում են:
Պարփակելով վեհաշարոց այս գանձերը իմ սրտի մեջ,
որպես փարոս՝ մուժ ու ամպին կանգնել եմ ես դարերի մեջ,
ու գալիս են, անց են կենում ժամանակներ հին ու գալիք,
ու՛ ժ եմ առնում իմ մայր հողից՝ Արարատն է իմ սրտի մեջ:
23.10.1980
ԳԻՇԵՐԱՅԻՆ ԽՆՋՈՒՅՔ
Ինձ ամեն գիշեր դուդուկն է կանչում
Մասիս սարի հետ նստելու քեֆի,
եւ գիշերային աստղաղողանջում
մորմոք է ցրում մի հին մեղեդի:
Եվ բորբ գինին է հորձանքներ տալիս,
ծեր Արարատն է դառնում թամադա,
ասում է՝ որդի՜ս, ամեն ինչ կանցնի,
դուդուկի երգը հավերժ կմնա:
Ապա մեկառմեկ, նահապետի պես
գալիս են հայոց լեռները բոլոր,
եւ թունդ է առնում մեր քեֆը անտես
գինու ժպտացող համբույրից բոսոր:
Մարութա լեռն է երգում Գորանի,
Նեմրութն Հայդուկի ասքերն է պատմում,
Գարահիսարն է բարձրացնում գինի,
հայոց փառքերի կենացը խմում:
Հետո Եփրատը հնչունով արծաթ,
նազուն ջրերի լույսն է նվագում,
Վանն իր երկնագույն շուրթերով ակաթ
Ս—անի բույրն է խմում կում առ կում:
Եվ գրկում ենք մենք իրար բաղձանքով,
հին աստվածների խնջույքն վառման,
մեր արքայական դարերն հոգեթով
հորդում- աննում են խինդով ոսկեման...
Հանկարծ ար—ն է աչքերը բացում,
եւ մոտենում է պահն առավոտի,
բոլորը իրենց տեղերն են գնում,
իսկ ես՝ մնում եմ գրկում կարոտի:
Եվ կանգնում եմ ես լուռ ու վշտալի,
դիմացս Մասիս սարն է դյութական,
Արաքսը՝ սահման՝ մեղքը աշխարհի,
«Վրե՜ժ» է գոչում բամբ, ահեղաձայն...
10.05.1982
ՐԱՖՖՈՒ ԳՐԻՉԸ
Քո գրիչով սրբազան, քո գրիչով հանճարեղ
գաղափարը պայքարի դարձավ հավատք մի անբավ,
եւ ճոխաբառ, մեծարվեստ տաճարի մեջ քո շքեղ
ազգակործան իր նիրհից ազատությունը հարեավ:
Եվ քո գրչի երկունքով նորից Վահագնը ծնվեց,
հրավառվեց վերստին մեր կորովը դիցական,
հայի ոգին շղթայված իր կապանքները կտրեց
եւ հաղթանակը հեռու դարձավ մոտ ու իրական:
Այն ոգորողը եղավ ֆիդայական ցասումի՝
նրան կորովը տալով ասպետական մեր նախնյաց,
եւ այն սուրը, որ զարկեց իր դավաճան ծնողին,
թշնամու դեմ ու չարի հաղթաբազուկ շողշողաց:
Քո գրիչը ծածանեց Անկախության դրոշներ,
եւ գաղափարը հաղթեց անասնական կեցվածքին.-
ավելի լավ է մի պահ ազատությունը շնչել,
քան ստրկաբար ձգձգել թշվառ օրերը կյանքի:
Քո գրիչով սրբազան, քո գրիչով հանճարեղ
մենք անապակ մնացինք դժոխածին օրերում,
ազատատենչ մեր ոգով եւ ինքնությամբ մեր զորեղ,
քո գրիչով օրհնված դեպի հավերժն ենք քայլում:
11.06.1983
ՖԻԴԱՅԻՆԵՐԸ
Ֆիդայիները հույսից են հառնում,
լույսից են ծնվում ֆիդայիները,
ու երբ հավատքը մարում է միգում,
տաճար են դառնում ֆիդայիները:
Վախի, սարսափի ու մահվան դիմաց
պատանք են կրում ֆիդայիները,
հարսնացուի տեղ հրացանը գրկած,
վառոդ են ծխում ֆիդայիները:
Ֆիդայիները տուն չեն ունենում,
երկիրն՝ անկողին, երկինքը՝ վերմակ,
հայոց ցասումն են ֆիդայիները,
առյուծի սիրտ է նրանց կրծքի տակ:
Հասարակ, անգամ աննկատելի,
մեր մեջ են ապրում ֆիդայիները,
եւ մեզ ընդվզման պահերին բոլոր
առաջ են մղում ֆիդայիները:
Ֆիդայիները հավատք են բերում,
ո՛ւժ են բաժանում ֆիդայիները,
ու երբ խավար է պատում երկնքում,
արեւ են դառնում ֆիդայիները:
29.04.1985
Ֆիդայու երդումը
Հանուն բաղձալի մեր ազատության,
մեր հազարամյա ոգու խոյանքի,
Ամրակուռ ու սուրբ մեր դավանանքի
եւ հայոց անկախ պետականության,
հանուն մեր ցեղի եւ տաճարների,
մագաղաթաշուրթ մեր սուրբ գրքերի,
մեզ անվերջ կանչող հող հայրենիի,
մեծ Հայաստանի հզոր գոյության
եւ լուսաճաճանչ մեր վառ գալիքի,-
ե՛ս՝ ֆիդայաբար երդում եմ տալիս՝
չընկրկել երբեք ու չերերալ,
տառապանքի դեմ միշտ հպարտ մնալ,
չհուսահատվել բանտ ու աքսորից,
անգամ մահացու ցավ ու վերքերից
եւ իմ ողջ կյանքում պայքարել միայն
հանուն հայրենյաց սուրբ ազատության:
Ու եթե խախտեմ երդումը իմ այս,
թող որ նզովված լինեմ ցեղովին,
ֆիդայու զորեղ ձեռքն ամենահաս
որպես դավաճան ինձ հանձնե մահին:
10.10.1989
Հայոց դատի մարտիկ քաջազուն
Մեր մառ օրերի դու մեծ հայտնություն,
անձնազոհորեն նվիրյալ ցեղին,
քեզնով է մեր նոր երթը առնանում՝
ապավինելով Հայկյան աղեղին:
Քո պատմությունը գրչով չի գրված,
արյամաբ է գրված պատմությունը քո,
եւ ամեն կաթիլ արյունի դիմաց
հառնել է հայոց մի օջախ ծխող:
Թե չլինեիր, չէր լինի եւ այս
Հայաստան կոչված տարածքը մի բուռ,
եւ ազատատենչ մեր ոգին անհաս
կմարեր անլուր ու ծանծաղ միգում:
Անցյալ եւ ներկա ժամանակներում
լոկ դու մնացիր ճակատով քո բաց,
եղար զորավիգ ու զոհաբերում՝
ցանելով փառքի սերմերը անանց:
Ու թեեւ եկավ մի սեւ ժամանակ՝
քեզ մեզնից անդարձ խլել փորձեցին,
բայց ժողովրդի սիրտը բովանդակ
հավատաց անվերջ քո վերադարձին,
քանզի դարձը քո գալուստ չէ միայն,
այլ վեր բարձրացած զորեղ պետություն,
որտեղ հավաքված հայությունն համայն
իր պապենական տունն է նորոգում:
Մեր Հայոց դատի մարտիկ քաջազուն,
օրհնյալ է ու վեհ քո բռնած ուղին,
շուտով կհնձենք արտերից բեղուն
մեր ազատության ցորենը դեղին:
Երիցս քեզ փա՜ռք պայքարի ավյուն,
հանապազօրյա մեր եռանդը քեզ,
հաղթանակներ են դեռ մեր առջ—ում,
խինդ ու ար—ի օրերը հրկեզ:
20.04.1980
Արաբոյի հրացանը
Հողի խորհուրդն ուներ իր մեջ ու գյուղացու մորմոքը ծոր,
ողբը տրտում ու ջարդոտված ասեղնագործ խաչքարերի,
թույլի համար դարձել էր այն հեքիաթային ոսկի խնձոր,
արդարության մեծ պաշտպանն էր հրացանը Արաբոյի:
Ու լեռներում թովիչ Սասնա առնացել էր այն իբրեւ բերդ,
որոտի մեջ հին կսկիծն էր Արարատի ալեխռիվ,
որոտի մեջ ծավալվում էր ազատության հզոր մի երթ,
որ հնչում էր սրբազնագույն Ավարայրի ահեղ ձայնիվ:
Սակայն մի օր լեռների մեջ պատեց խավար անասելի,
եւ հայդուկը անհավասար կռվում ընկավ հերոսաբար,
վիշտը մեծ էր, բայց չլռեց հրացանը Արաբոյի,
այլեւ դարձավ ֆիդայական բազմաձայնի մեծ խմբավար:
Ապա հետո ծովն այդ ձայնի ուրիշ գետեր առավ իր մեջ,
ողջակիզվեց ու ծավալվեց՝ շեփորելով Սարդարապատ,
ամենուրեք նորեն հառնեց մեր հաղթական ոգին անշեջ,
ու մեներգեց Մուսալեռը՝ ցուցանելով ոգին անպարտ:
Եվ քանի դեռ հայ հնչյուններ չեն համբուրվի մեծ Եփրատին,
բազմաբեղուն հորովելներ Վանա լիճը խենթ չի շոյի,
ու չի իջնի արդարություն հազարածեծ հայոց Դատին,
կըորոտա հերոսաբար հրացանը Արաբոյի:
23.11.1980
Սերոբի աղբյուրը
Սերոբի աղբյուրը լեռներից է բղխում,
ու թափվում է ներքեւ մեր երազից,
նրա ջուրը հսկա օվկիաններ է կտրում,
վճիտանում մաքուր մեր հավատքից:
Այն քաջության, ուժի խորհուրդն է մեր
ու պայքարի Կաթնաղբյուրը հզոր
եւ բերում է անվերջ արեգակներ,
խիզախություն անծիր ու փառավոր:
Ազատության աստվածուհին մեր հին
բնակվում է նրա փրփուրներում,
այն պահին ես տեսնում նրա լույսը վերին,
երբ զորնդեղ ջրին քո շուրթերն են հպվում:
Եվ դառնում ես հզոր, անպարտելի,
ամրանում է հոգիդ, փառավորվում,
եւ քո ներսում անցյալ հերոսների
արիության տիեզերքն է ծնվում:
Եվ բռնում ես ճամփան աստվածներին հասու,
քո աչքերն են առնում լաջվարդ երկնաբույրը,
լավ որոնի՛ր, գիտցիր՝ քո միջով է հոսում
Մեծ հայդուկի բացած Կաթնաղբյուրը:
15.06.1986
Սոսե մայրիկ
Ո՞նց դիմացավ սիրտդ Սոսե՜ անմարդկային ցավերին,
քո կրծքի տակ վեհ Նեմրո՞ւթն էր, թե՞ հավատքը մեր վերին:
Դու՞ փակեցիր աչքերը լույս քո Սերոբի դյուցազուն,
չպատռվե՞ց սիրտդ արդյոք, չանիծեցի՞ր Աստծուն:
Եվ ի՞նչ ուժ էր, որ քեզ պահեց քաջակորով աննկուն,
ասա, ինչպե՞ս չխենթացար, երբ մորթեցին քո որդուն:
Եվ ապրեցիր քո մեջ սեղմած վշտի գետերը վարար,
ֆիդայուհու քո զորությամբ հայոց ազգին եղար մայր:
Վիշտդ ծով էր, բայց քո կյանքը դարձավ ոգու հաղթանակ,
գուրգուրեցիր հայ որբերին, եւ քո սերն էր անհատակ:
Այս աշխարհում զենքը մնաց հավատարիմ քեզ ընկեր
եւ ողբի տեղ դու երգեցիր մարտնչելու օրորներ:
Քո կրծքի տակ, Սոսե մայրիկ, վեհ Նեմրութն է հառաչում,
դու զինավառ աստվածուհի մեր լուսաբաղձ պայքարում:
28.07.1986
Գ—որգ Չաուշին զորավիգ
Լեռներում բուք է ու քամի,
լեռներում ձյուն է ու խավար.
վխտում է դաժան թշնամին,
ոռնում է մոլի, դիվահար:
Մարտիկները սակայն լեռներում,
Գ—որգ Չաուշին զորավիգ,
մեր հայոց շեներն են հսկում,
թնդացնում երկիր ու երկինք:
-Զարկեցե՛ք, Գ—որգի կանչն է,-
զարկեցեք անվրեպ, անխնա,
թափեցեք անձր—ն արճճե,
քաջերին երբ—է մահ չկա:
Ու կռվում են նրանք ու զարկում,
Սլանում է Գ—որգը ուժգին,
եւ նրանց որոտից ահարկու
տապալվում է անվերջ թշնամին:
Արթնացի՜ր, ժամ չէ հանգստյան,
արթնացիր, ո՜վ հայոց պատանի,
աշխարհում հայերն են միայն
ազգովին գրվել ֆիդայի:
29.01.1990
Անդրանիկի սուրը
Թանգարանում մեր անցյալի եւ պատմության,
իբրեւ պայքարածին ազատության հուրը,
իբրեւ չասված Նարեկ մեր գոյության,
տառապում է անվերջ Անդրանիկի սուրը:
Ուրիշ իրերն այստեղ՝ թանգարանում բազմած՝
այցելուին հպարտ բար—ում են լռին,
լինել այնտեղ փա՜ռք է, չկա ոչ մի կասկած,
լոկ այս սուրն է, ավա՜ղ, որ խռով է հոգին:
Նա էլ այլոց նման՝ ի հեճուկս բախտի,
խաղաղվելու եւ անդորրի կարիք ունի,
սակայն պարտք է դարձյալ ծերուկ Արարատին
եւ իր երդման առաջ՝ իր բզկտված Հայքի:
Բայց օրերում մեր այս, երբ մեզ ոտքի հանեց
միասնության կոչող արցախաձայն լուրը,
թանգարանից ելավ, մեր ձեռքերում շաչեց
մեր երազով թրծած Անդրանիկի սուրը:
Եվ իմանան թող լավ գայլ ու արջի տեսքով
մեզ խոնարհել փորձող մեր թշնամիք,
չի մտնելու պատյան սուրն այդ հաղթակորով,
քանի Մուշն է գերի, քանի դեռ կա չարիք:
Եվ անդորրը նրա լոկ կլինի այնժամ,
երբ ժպիտներ թափվեն անկախության սեմին,
Հենց այդ պահից միայն կբար—ի անձայն
թանգարանը մտած այցելուին:
11.12.1988
Հայ ահաբեկիչներ
Մեր ասպետական դարերից եկած
առաքինության ավիշն եք վարար,
դավաճանության, կեղծիքի դիմաց
դատաստանն եք մեծ ահեղ եւ արդար:
Աշխարհիկ բոլոր հաճույքները զեխ
դուք խեղդում եք միշտ հանուն ձեր ազգի,
թաղում եք ձեր մեջ վայելքի պահեր՝
թողնելով միայն սերն հայրենիքի:
Եվ ամեն անգամ ձեր կյանքն եք դնում,
անհողդողդ գնում՝ վերջ տալու չարին,
Վիշապաքաղի հուրն է ձեր հոգում
եւ հեծեծանքը անմեղ զոհերի:
Սատանան անգամ չի կարող փախչել,
ազատվել աչքից ձեր ամենատես,
ձեր ձեռքն ամենքին կարող է հասնել
որպես Աստծու պատիժը անտես:
Դուք ուխտավորն եք մեր երջանկության
ու մեր պայքարի լույսը անհատնում,
ձեր աչքերի մեջ հավատք է միայն
եւ սխրանքներ են անդադար հորդում:
Աշխարհում չկա ձեզ պես սրբազան,
ձեզ պես բարեգութ, ձեզ պես կարեկից,
եւ քանի մարդը կմնա գազան, -
կրակ պիտ թափվի ձեր արդար զենքից...
23.05.1987
Բանկ Օտոմոն
Հարձակվեցին նրանք մահն աչքերում պահած
մահապարտի նման դյուցազնական ու վեհ,
եւ ռումբերից հուժկու դրամատունը թնդաց՝
Մարմարայից հասավ դեպի օտար ափեր:
Բանկը Օտոմոնյան գերվեց նրանց ձեռքում,
ահաբեկիչ խումբը վերջնագիր է հղել,
պահանջում է արդար՝ Հայոց հարցի լուծում,
թե ո՛չ ՝ որոշված է դրամատունը ջնջել:
Այնտեղ հսկա փողեր, գանձեր, փոխառություն,
տնտեսական շահեր ամուր խաչված իրար,
մեծ աղետ է, եթե բանկը ցնդի օդում,
դեսպանները բոլոր մնացել են շվար:
Չէր ընդունում լուրն այդ լոկ սուլթանը մռայլ,
զարմանում էր՝ մի՞թե հայերն են խեղճ,
չէ՞ որ ինքը թափեց արյան գետեր շռայլ
եւ սարսափը տիրեց տերության մեջ:
Եվ որպիսի ծաղր բախտի անգետ,
Հայոց փակված հարցն է կրկին բացվում,
նույնիսկ Ռուսիան համաձայնեց իր հետ
հայ չթողնել բնիկ Հայաստանում:
Իսկ Եվրոպան փորձեց համր մնալ,
եւ ամեն ինչ ճիշտ էր գնում կարծես,
սակայն Բաբկեն Սյունու խումբը զինյալ
որոտմունքով դամբան լռությունը խզեց:
Թրքապղծված Պոլսում ոչ մի անգամ
դեռ չէր եղել նման իրարանցում,
ու ապշահար զորքը հսկայական
անզորության մաղձից իր շուրթերն էր կրծում:
Նրանց առջեւ անզեն մարդիկ չէին արդեն,
որ ամբոխը արյամբ կրկին աներ թալան,
պայթում էին ուժգին ահասարսուռ ռումբեր,
եւ սարսափն էր վայում Պոլսում ահագնական:
Ընկավ Սյունին, սակայն իր ավյունը մնաց,
լա՛վ իմացեք, հոգուն միշտ անհաղորդ տերեր,
Հայոց հարցի անդարձ խեղաթյուրման դիմաց
դեռ կպայթեն բազում ահասարսուռ ռումբեր:
06.05.1989
Կամավոր խմբեր
Կամավոր խմբե՜ր, խմբեր հայկազուն,
հայրենիքն էլի ձեզ է սպասում,
ձեր երթը վեհ է, ձեր երթը արդար,
շտապեցեք քաջեր՝ մարտիկներ ուխտյալ:
Նորից ոռնում է մեր չար թշնամին
արյունի ծարավ բորենու նման,
դիապաստ արեք դաժան գազանին,
հասել է ժամը սուրբ Ազատության:
Գիտցե՛ք, չկա մեզ ոչ մի բարեկամ,
ուժեղի հետ են լոկ հաշվի նստում,
եւ ձեր վրա է մեր հույսը համայն,
կամավոր խմբեր, խմբեր հայկազուն:
Ուրեմն առա՜ջ, օն անդր, քաջեր,
աննահանջ գնանք դեպի հաղթություն,
փառաց պսակ է երկնքից իջել,
եւ հայրենիքը ձեզ է սպասում:
15.12.1989
Սարգիս Կուկունյանի մարտիկները
Դուք չէիք կարող մնալ անդորրում,
վայելել տաքուկ հաճույքը ունայն,
երբ եղբայրների արյունն էր թափվում,
եւ շղթայված էր հայոց ապագան:
Եվ դուք կամավոր ձեր խմբով արի,
որպես փոթորկուն ծովն ալեծածան,
աներկմտորեն ելաք պայքարի՝
ճեղքելու խուղը դժնդակ մահվան:
Բայց հավատակից ցարը սուլթանին
վաղուց հայտնել էր ձեր խմբի մասին՝
հրամաններ տալով իր շեկբեխ զորքին
ասքյարների հետ գործել միասին,
քանզի հայերից եւ այն էլ զինված
ուրույն պետության հոտ է միշտ փչում,
պետք է վերացնել, կորցնել նրանց
սարսափի, մահվան լաբիրինթոսում
եւ ուղեղի մեջ անվերջ պատվաստել,
թե առանց Ռուսիո Հայաստան չկա,
թուրք մոլեռանդով նրանց վախեցնել,
որ հայը առմիշտ ճորտամիտ մնա ...
Այսպես նենգավոր նրանք զարկեցին,
ու դուք զարմանքից սառեցիք մի պահ.
մի՞թե մեծ եղբոր գութն է անգամ սին
եւ նույն թրքական մղումն է ագահ:
Բայց երբ զոհվեցին կամավորներից
շրջափակության նենգոտ դարանում,
հրացանները ձեր թնդացին նորից
որպես անաչառ ու արդար պոռթկում...
Բայց վաստակեցիք ճամփան բանտերի
եւ լավ հասկացաք, որ մեր վիշտը ծով
չի հասնի երբեք օտարի սրտին,
անլուր է նրանց մեր ցավն հոգ—որ,
որ յուրաքանչյուրն իր շահը ունի,
ոչ ոք չի բաշխի մեզ ազատություն
եւ թե մեր հույսը մեզ վրա լինի
այդժամ կունենանք պետականություն:
Քաջ Կուկունյանի արի մարտիկներ,
դուք ցույց տվեցիք աշխարհին նորից,
որ ոչ ոք երբեք չի կարող զատել
ազատությունը հայոց արյունից:
20.03.1989
Խանասորի կռիվը
Բազմած վեր—ում իրենց գահերին,
հայաջինջ մորմոք ուղեղում վառած,
կրկին հանձնել են հային գայլերին
ցարն ու սուլթանը եղբայրներ դարձած:
Զինաթափ արած ժողովուրդ մի ողջ,
ահաբեկում են արյան գետերով,
շրջապատված են գավառներն ամբողջ
մահախրախճանք կարմիր զորքերով:
Եվ արդ, վեր—ում գահերին բազմած
դիվանագետի խաղեր են անում,
բարեպաշտության կեցվածք ընդունած,
մեր Հայոց դատի վախճանն են կնքում:
Ու թվում է, թե չկա ոչ մի ճար,
փակուղու մեջ է ապագան մեր լույս,
շղթայակապ է հայ ոգին հանճար
եւ խարխափում է խավարում անհույս ...
Բայց ընդամենը կամավոր մի խումբ
բռնկվեց ցասմամբ անըմբռնելի,
եւ Խանասորի դաշտը ծաղկածուփ
դարձավ ընդվզման պատմություն էլի:
Նիկոլ Դումանն էր մոլեգին զարկում
աջից Վարդանն էր, Իշխանը՝ ձախից,
հրոսակներ էին գետնին թավալվում,
փրկություն չկար քաջաց գնդակից:
Ընկավ թշնամին հարվածից հայկյան,
ցարասուլթանյան գահը երերաց,
կամավորների երգով հաղթաձայն
լեռների վրա իջավ լուսաբաց:
Եվ թե հարկ լինի կհառնեն կրկին
Վարդան ու Իշխան, դումաններ նոր-նոր,
եւ մահ տարածող թշնամյաց գլխին
կթափվի արյան մի նոր Խանասոր:
07.02.1989
Արամ Մանուկյան
Աչքերիդ խորքում շառաչն է Վանի,
մի խումբ հայերի պայքարը անհագ,
ուր բազմաքանակ ու գոռ թշնամին
ցիր ու ցան եղած ընկավ խայտառակ:
Մեր երազանքը վեցհարյուրամյա
քեզանով դարձավ մեծ իրողություն
քաջ ոգիների պայքարով զինյալ
ունեցանք գողտրիկ հանրապետություն:
Իսկ շուրջը մահ էր ու շուրջը արյուն,
թշնամիների տարափ ամեն օր,
եւ դու ունեցար առաքելություն
կերտելու հայոց պետությունը նոր:
Դու ոչնչացրիր ցնորքը այն սին,
թե հայն ինքնուրույն չի կարող ապրել
եւ եթե մնա ուրիշի հույսին
կմեռնի անօգ, հուսահատ, անտեր:
Եվ ազգն հասկացավ, որ ինքն էլ անշուշտ
կարող է կռվել ու կառավարել,
սահմանը պահել թշնամուց անկուշտ,
գիտության լույսով երկիր շենացնել:
Ու ցնծաց սիրտը մեր ժողվրդի,
ծփացին ոսկի դաշտերը բեղուն,
հայ շինականը գգվեց արտերին
որպես նեկտարն է համբուրում մեղուն:
Բայց ավա՜ղ, փառքն այդ երկար չտ—եց,
աղվեսությունը կործանեց նրան,
մեր երկրում լույսը կրկին մարմրեց,
բայց քո խոյանքը մնաց հավիտյան:
Մեր ոգու եռքը դու հանում ես վեր
վեցհազարամյա գինուց անցյալի,
մեր աչքերի մեջ ցողում ես լույսեր,
որ մեր բռունցքը միշտ հզոր լինի:
25.05.1989
Հայաստանի Առաջին Հանրապետություն
Մոխիրներից դու ելար ու հառնեցիր վեր,
երազեցինք անդադար քեզ երկար դարեր:
Ու բերեցիր դու մեզ փառք, սպասման ցնծություն
եւ արեգակը ծփաց մեր երակներում:
Եվ քո համար կռվեցին նախնիք մեր արի,
թափվեց արյունն հաղթածին հայոց քաջերի:
Դու եղար մեծ տքնություն ու պայքար դաժան,
բայց տվեցինք քեզ քամուն, ծախեցինք էժան:
Կարմիր հողմը ավիրեց սյունդ հիմնիվեր,
մենք արքաներ չունեանք բազում տարիներ:
Դեպի անդունդ քայլեցինք մեզնից օտարված՝
համայնական ծեսերով, ուղեղով սմքած:
Թեեւ գահին Նաիրյան նստեցին տերեր,
էլի մենք որբ ու ունայն՝ մնացինք անտեր,
ամեն մեկը մեզանից բաժինն իր քամեց
եւ ավյունը մեր անծիր անտեղի վատնեց:
Ու քո գլխին թափեցին անվերջ թույն ու մաղձ,
որ երբ—է չունենաս թռիչք, վերադարձ:
Բայց ժողովուրդը հայոց արարել է քեզ,
նժդեհաբոց երկունքով, պայքարով հրկեզ:
Եվ դարձել ես դու նորից խոյանք իրական,
Վահագնածին, լուսեղեն, Անկախ Հայաստան:
28.05.1989
Եռագույն դրոշ
Ծածանվի՜ր վեհորեն, փողփողա՜ լուսավառ,
ամրակուռ մեր ոգու դրոշ եռագույն,
կիլիկյան մեր փառքի հայտնություն դու պայծառ,
հավատքի ու կամքի մեր խորհուրդը անհուն :
Քո կարմիրը բոցե դարերով սրբացած
զորավոր հորձանքն է մեր արյան հոսքի,
կապույտը՝ ճախրազատ մեր երկինքն է բաց,
ծիրանին՝ բերքառատ մեր հունդերը ոսկի:
Եվ հայոց դիցական զորությունն է քո մեջ,
լուսածուփ հրաշքը սուրբ Ավարայրի,
Նաիրյան մեր երկրի երազներն են անշեջ
հուրքերում քո ներկա եւ պայծառ գալիքի:
Սրտերում դու բոլոր ծածանվիր եռագու՜յն
եւ հպարտ ծավալվիր Արցախից մինչեւ Վան,
քեզանով պիտի գա արդար հատուցում
եւ պիտի վառվի հուրը հաղթական:
27.05.1989
Դրոյի սիրտը
Դրոյի սիրտը սահմաններ չունի,
առասպելական սխրանք է այնտեղ,
ծով է քաջության ու հաղթանակի,
փառաց հանդես է լուսավոր, շքեղ:
Թշնամու դիմաց չի երերացել
Դրոյի սիրտը բորբ ու արծվենի,
որտեղ դժվար էր, այնտեղ է վառվել,
որ մեր երազը իրական լինի:
Այն կանգ չի առել թշնամու առաջ,
լոկ բաբախել է հանուն իր ազգի,
ահագնացել է ու դարձել շառաչ
ծիրանածովյան մեր նոր խոյանքի:
Անգամ թշնամու զարկած գնդակից
այն չի խաթարվել գեթ մի ակնթարթ,
հերոսություն է ժայթել այդ սրտից
ու քաջությունն է եղել միշտ առատ:
Եվ երբ քրիստոնյա հար—անը մեր
գրավեց Լոռին՝ օգտվելով պահից,
մռնչաց Դրոն, եւ մի խումբ հայեր
բամբ որոտմունքով ներս մտան Թիֆլիս...
Մեր նեղ պահերի նեցուկն է եղել
հայապաշտ ու մեծ սիրտը Դրոյի,
ազգի համար է միայն բաբախել,
որ մեր տան սյունը միշտ կանգուն լինի:
Սակայն ափերում հեռու եւ օտար,
իր մեջ անթեղած երկիրն հայրենի,
Դրոյի սիրտը սպասել է երկար,
թե երբ իր համար տունդարձ կլինի,
թե երբ կամփոփվի մայր հողում անուշ,
հիմն անկախության կցնծա նորեն,
անհուն կժպտան Սուրմանլու ու Մուշ,
մուշ-մուշ եւ անուշ կօրորեն իրեն:
11.07.1989
Հանրապետության վերջին սպարապետը
Բարձրուղեշ ծառը հանրապետության
ուներ արմատներ ամուր բերկրածին,
բայց մարդուկները մեր համայնական
կարմիր կացինով այն կտրտեցին:
Եվ ցած տապալվեց երազանքը մեր,
ընկավ ճռինչով եւ անագորույն,
մեր շուրջը անթիվ թշնամու զորքեր
եւ մեզ կուլ տալու ցանկություն անհուն:
Պիղծ եղբայրության քարոզով շվայտ
փորձեցին պոկել Սյունիքը Հայքից,
եւ մեր նորովի տերերը կավատ
նրան հանձնեցին լլկվելու նորից:
Բայց Լեռնահայքը չհնազանդվեց,
պարզեց դրոշը իր անկախության,
Նժդեհին Սյունյաց սպարապետ կարգեց՝
աշխարհին տալով դասեր քաջության:
Սյունիքին զենքը միայն պահեց հայ
եւ սպարապետի տաղանդը ռազմի,
ցեղապաշտ լույսը ոգին է անմահ
աշխարհից մերժված մեր հայոց ազգի:
Եվ դու՝ Սպարապետ, պիտի գաս նորից,
դու միշտ ապրում ես լեռներում հայոց,
մեր հավատամքն է դյուցազուն ոգիդ,
որ թ—ածում է շարքերում մեր հոծ:
Եվ բանակները մեր մարտագնա
Մեծ հայքում կելնեն հաղթահանդեսի,
ու կգան հայի օրերը վառման
հաղթանակների, արեւ ու լույսի:
17.06.1985
Անկախության Պայքարում
ընկած քաջամարտիկներին
Պայքարում ընկած մեր քաջ մարտիկներ,
բանտերում հոշված նենգամիտ վայրագ,
ազգափրկության կամովին զոհեր,
դուք մեր սրտերի բաղձանքն եք անհագ:
Ձեր սուրբ արյունը խառնել եք հողին,
որ մեր ոգեղեն բերքը քաղցրանա,
եւ երազանքը մեր ոսկեդեղին
բռնության ճանկում խեղված չմնա:
Դուք մեր պատմության տաճարն եք անհուն,
գոյատ—ության առեղծվածը մեր,
ձեզնով է հայոց գալիքը հառնում,
պայքարում ընկած մեր քաջ մարտիկներ:
Ձեր զոհաբերած կյանքով լուսավառ
ավետիս եկավ մեր քնած ազգին,
դեռ պիտի կերտենք հաղթության կամար
եւ ամբողջացնենք քարտեզը մեր հին:
Պայքարում ընկած մեր քաջ մարտիկներ,
բանտերում հոշված նենգամիտ վայրագ,
ազգափրկության կամովին զոհեր,
դուք մեր սրտերի բաղձանքն եք անհագ:
05.01.1986
Համազգային վրեժ
Գոթական փառքի Բեռլին քաղաքում,
փողոցների մեջ բանուկ ու մոլար,
հայ վրիժառու մարտիկն էր քայլում,
Թալեաթին փնտրում համառ ու երկար:
Եվ Թեհլերյանին՝ այդ հային անվախ
այստեղ էր բերել հետքը վրեժի,
սակայն պահվել էր Թալեաթը ճիվաղ,
քողարկել իրեն անվամբ ուրիշի:
Արդյոք ո՞վ պիտի ճանաչեր նրան,
Հայոց հարցն ինքը արյամբ է լուծել,
աշխարհում չկա արդեն Հայաստան,
եւ խլյակներ են միայն մնացել:
Եվ այստեղ՝ խաղաղ ու մեծ Բեռլինում
շքեղ օթոներ եւ կյանք ապահով,
թեեւ հաճույք է անվերջ վայելում,
բայց սրտում վախ կա՝ մաշող, ահավո՜ր...
Եվ մի օր բանուկ փողոցում հանկարծ
-Թալեա՛թ,- շառաչեց մի ձայն մոլեգին,
սարսափից շիկնած թալեաթին թվաց,
թե Արարատն է որոտում ուժգին:
Ու նրա դեմքը երկյուղից շիկնեց,
հայացքը դարձավ աղերսանք համակ,
վախից դողում էր մարմինը անվերջ,
փլվում էր միտքը ահի ոտքի տակ:
Բայց չտատանվեց ձեռքը հայդուկի,
ճարճատեց զենքը, կայծակնեց խրոխտ,
ընկավ արնախում հրեշը վայրի,
իր իսկ արյան մեջ գալարվեց դիվոտ:
Հայ վրիժառու զարկից անբեկուն
դուրս չի սպրդի ոչ մի մարդասպան,
թեկուզ թաքնվի քառսուն գազ հորում,
քաջի հարվածը կհասնի նրան:
29.12.1981
Արցախ
Քեզ չեն կարող ծնկի բերել, մնայուն ես, իմ Արցախ,
դու քաջերի բնաշխարհիկ արծվաբույն ես, հին Արցախ,
թշնամիներ կգան-կանցնեն, բայց չես ընկնի դու երբեք,
ինչ էլ լինի դու հայինն ես, հայագույն ես, իմ Արցախ:
01.01.1989
Մեր երթն արցախականչ
Եղբայրնե՛ր, մենք նորեն ցույց տվիք աշխարհին
մեր ոգու անթարգման զորությունը անհուն,
պարզեցինք գալիքին միության դրոշներ,
—՛ ցասման փոթորիկ, —՛ խորհուրդն ապրելու:
Եղբայրնե՛ր, այս պահին մեր զորեղ բռունցքով
պատմության փառավոր էջն ենք գրելու,
ամրացեք երկաթից ու քարից առավել,
միությամբ է միայն հատուցումը գալու:
Տարիներ մեր թմրած, թուլացած նյարդերում
ներարկվել է սարսափ եւ ոգու բթացում,
բուրգերի մգլահոտ տեսիլից ահաբեկ
միշտ լինել հանդուրժող եւ քայլել երերուն:
Թշնամին գորշ գայլի նույն ոհմակն է անկուշտ,
որ ուզում է լափել եւ ջնջել մեզ անլուր,
գործելով ճարպակալ սառցամիտ արջի հետ,
արյան սարսափն է տարածում ամենուր,
թալանում է մեզնից պատմություն եւ գալիք,
եղծելով անդադար մեր խոյանքն անցյալի,
անհագուրդ կոկորդում որոճում է անվերջ,
թե ինչպես լեռներից մեզ անդարձ վտարի:
Բայց արդեն բռունցք ենք մենք միասնացած,
չսանձվող խորհուրդ եւ հեղեղ վարար,
մեր մեջ հորդում է հուրը պայքարի,
եղբայրնե՛ր, առաջ, մեր երթն է արդար:
Եվ եթե ընկրկենք շարքերում մեր ազնիվ,
սրբազան շարքերում մենք հանկարծ երերանք,
կդառնանք մենք էլի անպատիվ տարագիր,
մայր հողից առհավետ վտարված, նզովյալ:
Եղբայրնե՛ր, մեզ կորով եւ պայքար լուսաբաղձ,
մեր Դատն այստեղ է իր սկիզբն առնելու,
հաղթանակներ են մեր առջեւ կանգնած,
ժամն է հատուցման, հերոսանալու:
10.04.1988
Շուշվա ազատագրման առթիվ
Պոռոտախոս, մեծաբերան,
Կոզբադնի պես լերան-լերան,
ժողված զորքեր տեսակ-տեսակ,
ասքյարներով գող, ավազակ,
դուրս թափելով մաղձն ու թույնը
ցանկանում են ծնկի բերել
իմ արցախյան Արծվաբույնը:
Եվ Մելիքը նստած Մըսըր,
հոխորտալով մինչեւ կեսօր,
մի մեծ տաշտ է ծնկին դրել,
գուլ ածելին ճակտին զարկել,
նավթը խառնել արյանը իր
թուրքի գրչով պիղծ ու նանիր
թուղթ է գրում ողջ աշխարհին,
արցունք թափում աղերսագին,
թե շուտ, հասե՜ք ինձ օգնության...
Եվ մինչ Համզա փահլ—անը
նորոգում է իր դիվանը,
Բաբը Ֆրենկը ժպտում է կեղծ
իր անհագուրդ երախով մեծ,
եւ շահերն են խաչվում իրար
ժողովներում անմխիթար,-
Արցախը մեր՝ վեհ, աննկուն,
իր Դավթին է երկնել նորից...
Եվ ամեն տեղ աչքալույս է ու ավետիս.
-Հա՜յ-հա՜յ փոխեց Արաքսն հունը,
ծխաց նորից Ազնաց տունը,
Եվ Դավիթը զրահ հագած,
Թուր-Կեծակին ձեռքում պարզած,
թամբած Քուռկիկ իր Ջալալին,
պատերազմի խաչը աջին,
անց է կենում օրհներգներով
Շուշվա ազատ փողոցներով,
եւ նա էլ չի հանգստանա,
թե չփրկի լիճը Վանա,
ու վա՜յ նրան, ով գողունի
Հայոց հառնած տուն կմտնի,
լինի Մելիք թե Կոզբադին,
չի դիմանա Դավթի զարկին:
10.05.1993
Եռաբլուրում
Փառքի օվկիան է Եռաբլուրում
սակայն երկինքն է այնտեղ փուլ եկել,
եւ շաղ են եկել աստղերը անհուն
լույսի ոսկեգույն հատիկներ դարձել:
Շուրջբոլորն ամբողջ շիրիմներ են սուրբ
ազգի հանճարն է այնտեղ անթեղված,
եւ մեղմակոհակ գիշերն ալեծուփ
օրոր է ասում մինչեւ լուսաբաց:
Վառվել է ահա խարույկը անհուն,
կապույտ խարույկը հավերժ խոյանքի,
ինչ-որ մի զինվոր զենքերն է մաքրում,
երգում մեղեդին իր երազանքի...
Ու ձայնի վրա այդ զորեղ ու հին
առաջ են գալիս մարտիկներն հայոց,
հաղթության հիմն է շառաչում ուժգին
նրանց աչքերում՝ քաջության հնոց:
Եվ պաշտպանները հայոց աշխարհի
գավերն են զարկում Եռաբլուրում,
եւ սասանվում են բերդերը չարի
նրանց սրբազան, խրոխտ գուպարում:
Ապա բացվում են դռները երկնի,
ձյան պես տեղում է լույսի մանանան,
քաջերը դարձյալ գնում են մարտի
դեպի բաղձալի լյառն Ազատության...
Հաղթության հուրն է Եռաբլուրում
երկինքը հույսի խարույկն է վառեել,
ու շաղ են եկել աստղերը անհուն
լույսի ոսկեձույլ հատիկներ դարձել:
22.04.1992
Մեկ ազգ, մեկ բռունցք
Մե՛կ ազգ, մե՛կ բռունցք,
մե՛կ սիրտ մե՛կ ոգի,
լոկ այս է ճամփան մեր հաղթանակի,
որի դեմ անգամ աղետն է անզոր,
որի դեմ թույլ են արքաներն հզոր,
որի դեմն առնել կարող են միայն
մեզ մասնատելով, դարձնելով բաժան:
Ու թեեւ ազգ ենք մենք փոքր եւ քիչ,
բայց զավակներն ենք մեր նախնյաց կտրիճ,
եւ արարչության հունդն է մեզ տրված,
մեր հոգու մեջ է բնակվում Աստված,
սակայն մեր հանճար խոյանքը վերին
ծառայեցրել ենք մենք օտարներին՝
մեզ ծնող ազգին միշտ պարտք մնալով...
Եվ ա՛րդ ժամն է մեր առաքելության,
հասել է պահը հայոց հարության,
ու թե մեր միտքը մենք ի մի բերենք,
աշխարհում հզոր եւ մեծ կլինենք:
Մե՛կ ազգ, մե՛կ բռունցք,
մե՛կ սիրտ, մե՛կ ոգի,
լոկ այս է ճամփան մեր հաղթանակի:
24.04.1989
Հանուն Հայ դատի բանտարկյալներին
Մարտիրոսի նման՝ հանուն լույսի
եւ հավատքի համար չանհետացող
եւ առնացող ֆիդայական ոգու,
մեր բռունցքի՝ հզոր, միասնացած
եւ ազգային զորեղ մեր զարթոնքի,-
զնդաններում զազիր զարհուրելի
հանցապարտ եք եւ տառապյալ անագորույն:
Ձեզ գամել են անվերջ զրպարտանքի սյունին,
եւ որտեղի՞ց այսքան պիղատոսներ,
զեռունների նման՝ շուրջը զենքեր ու զորք
եւ հնարքներ անթիվ, որ միայնակ, լքյալ
եւ վաստակած խարան դավաճանի՝
դուք օտարված լինեք մեր խոյանքից:
Եվ դուք, ահավասիկ, զազիր զնդաններում
ձեր ոգին եք պարզել տանջանքների դիմաց,
եվ ձեր բռնած ուղուց սրբություն է թափվում,
լեռնանում է կրկին հայոց ոգին անանց:
Չեք ընկրկի սակայն դուք փորձության ժամին,
երբ աղետներն անգամ ձեզ վրա են բարդվում,
արիությամբ տոկուն դուք հաղթել եք ցավին,
որ չլինի երբեք տխուր համահարթում:
Մենք բոլորս անվերջ ձեր դարձին ենք բաղձում,
եւ դեռ պիտի տանենք բազում հաղթանակներ,
ընտրյալներին բախտը հենց այս կերպ է փորձում,
մենք՝ կրակի կարոտ, իսկ դուք՝ պրոմեթ—սներ...