Հոգիս տխուր, հոգիս տրտում,
Խոհերիս մեջ անդադրում...
Մութ է...
Տանն եմ. ծվարած` այս մեծ աշխարհի իմ փոքրիկ ու տաք անկյունում:
Բազմոցին նստած` ձեռքերիս օղակի մեջ են ծալած ոտքերս: Օրորվում եմ խոհերիս գրկում: Մտքերս իրար են հաջորդում: ալիս են նստում-մնում կամ էլ շուտ հանգչում...
Շուրջս լռություն է. անչափ հետաքրքիր վիճակ` անտեսանելի գույներ, անլսելի ձայներ: Ու այդ ամենը քո մեջ է նստած: Լռությունն էլ մտքի նման լցվում է ներսդ, ամբարվում, հետո շատ բան ասում ու տեսնում: Ուրեմն այն նաեւ խոսուն է, որը պահի մեջ դառնում է ավելի պերճախոս, քան ամենաճարտար զրույցը...Որքա~ն եմ սիրում այս վիճակը` այս շատախոս անդորրը, որը հեշտությամբ կտրում է քեզ իրականությունից:
Հասկանալ, սովորել ու պարզապես լսել է պետք լռության մեծ խորհուրդը...
Հեռախոսի զանգը հնչում է ու հնչում...
Մտքերով տարված, չլսելու եմ տալիս. պարզապես լսափողը վերցնելու ցանկություն չունեմ: Զանգը դադարեց: Փառք աստծո...
Անջատել է պետք, որ նորից չհնչի, հոգնեցնում է: Եվ ի՞նչ է ուզում այդ աներեսը: Անդորրս խախտեց...
-Ինչո՞ւ չվերցրիր լսափողը,- հանկարծ սենյակում հնչեց մի ձայն:
-Ո՞վ է,- զարմացած հարցրի ես:
-Դու,- եղավ պատասխան:
-Ի՞նչ: Ե՞ս:
-Դու:
-Է~, հետո՞,- անտարբեր ասացի ես, բոլորովին նշանակություն չտալով այդ տարօրինակ պատասխանին ու չգիտեմ ինչու, հավանաբար վախից, անսպասելի գոռացի: -Չքվի~ր...
Ձայնը լռեց: Կորավ: Մթության մեջ, նրա թեւերի օրորում մնացի միայնակ...
Մութն էլ շատ հետաքրքիր ու տարօրինակ է: Ոչինչ չես տեսնում: Խավարով ծածկված է ամեն ինչ, սկսած քեզնից: Եթե ձայն չհանես այդ անթափանց տարածությունում տարալուծված մի չգոյություն ես: Բայց սպասե~ք, չէ որ սրտիս զարկերը լսում եմ ...Կամ ի՞նչ չգոյություն: Պարզապես մթության մեջ եմ, խավարում: Եթե խարխափելով փնտրես ինձ` կգտնես ու կզգաս: Եթե փնտրես...
Լույսը պաշտում եմ, խավարն էլ` սիրում. հոգուս ոչ մի խորթ վարմունք, նայվածք ու շարժ չի երեւում նրա մեջ:
Լռություն ու մութ...
Հոգիս ճմլվեց միայն այդ մտքից:
Բայց չէ~, շատ տխուր է, իմը չէ...
Զանգը նորից հնչեց: Ի՞նչու են կտրում ինձ իմ մտքերից: Ստիպված վերցրի: լուխս սկսեց ցավալ այս զանգից...
-Ալո~,- երկարացնելով ասացի ես:
-Շո՞ւշ,- լսեցի ծանոթ, բայց եւ անծանոթ մի ձայն:
-Այո, ո՞վ է,-հարցրի:
-Մի՞թե չես ճանաչում սեփական ձայնդ: «Դու» ես, քո ձայնն եմ,- հիշեցի. տաս րոպե առաջ սենյակում հնչած մի փոքր կոշտ ձայնն է:
-Ասացի` չքվիր, ի՞նչու նորից հայտնվեցիր, հիմա էլ լսափողի մե՞ջ:
-Ուզում եմ խոսենք:
-Բայց ի՞նչից,- հարցրի զարմացած:
-Ինչից կուզես: Թեկուզ հենց նրանից, որ անհաշտ ես ինքդ քեզ հետ: Ինչո՞ւ ես այդպիսին:
-Մեծ ու նոր բա՞ն ասացիր:- հեգնեցի ես:-Եթե դու իրոք իմ «եսն» ես, ուրեմն գիտես, եւ այն քեզ վաղուց հայտնի է:
- Իմանալով` ես քեզ կօգնեմ:
-Ինչպե՞ս կարող ես օգնել, առավել եւս «եսս» լինել: նա~...
-Արի խոսենք, մի վանիր ինձ քեզնից:
-Իսկ դու ինձ կլսե՞ս,-զարմացած նորից հարցրի ես:
-Իհարկե, դու միայն ցանկացիր...
-Եթե իրոք կլսես, խոսենք... Ես այնքան կարոտ եմ դրան...
-Իսկ մի՞թե քեզ չեն լսում,-հարցրեց ձայնը:
-Ոչ, լսողը միշտ ես եմ: Չեմ հիշում, վերջին անգամ երբ են ինձ լսել...Խոսքս դեռ օդում` կիսատ է մնում, ձեռքի այնպիսի վախեցած շարժումով են ձայնս իրենց ականջից վանում, ասես խայթող մեղու են քշում: Ուրիշին լսելը հոգնեցնում է: Նրանք սիրով իրենց սեփական զրույցի կծիկն են իմ առաջ բացում, հյուսում: Հոգ չէ, որ այն կարող է անգամ խճճվել: Ինքդ այդ խառը վիճակից ծայրը գտիր ու կծկիր...
Հետո լռեցի...
Տեր աստված, ի~նչ հիմար վիճակ է, ինքս ինձ եմ զանգել ու սեփական ձայնիս հետ եմ խոսում, վիճում: Բայց մի՞թե մեկ չէ: Այսպես թե այնպես լսող, խոսքս ու միտքս կիսող չկա:
Առանց խոսքի լսափողը ցած դրի: Ավելի լավ է իմ ներսում եփվի միտքս: Կողքից տեսնեն, խենթ կհամարեն: Մա՞րդ էլ ինքն իրեն զանգի ու կիսվի:
Ա~յ քեզ վիճակ, քիչ էր մնում իրականություն դառնար...
Նորից հնչեց զանգը: Օ~, չեմ դիմանում...
-Դե հերի~ք եղավ,- բարկացած գոչեցի ես:
-Ալո, Շո՞ւշ,- լսեցի մանկությանս ընկերոջս իրական ձայնը,- ի՞նչ եղավ քեզ:
Կարկամեցի հանկարծակի հարցից:
-Հեչ, պարզապես մի երեխա էր զանգում ու չէր խոսում: Մի չարաճճի փոքրիկ էր,- հազիվ պատասխանեցի ես, զարմանալով հորինածս ստի վրա: Կարծես հավատաց, հարցեր չեղան...
-Ես քեզ տեսնել եմ ուզում: Մի հարցի շուրջ կիսվել է պետք: Հեռախոսային խոսակցություն չէ,- ասաց Արամը:
-Լավ, թեպետ ուշ է, բայց կարող ես գալ,- առանց ոգեւորության պատասխանեցի ես:
-Երկու ժամից կգամ-կգանք, ավելի շուտ չենք կարող,- ասաց նա ու հետո հեռախոսի ձայնը` տու, տու ,տու...
Նորից ուրիշին եմ լսելու, նորից ուրիշի խոսքին ու ապրումներին եմ միանալու: Բայց ինչո՞ւ նորից ես: Հեռացե~ք...
Ինչո՞ւ չկա մեկը, որ ինձ ասի` Շուշ բա դո՞ւ...Դու ինչո՞ւ չես կիսվում, խոսում: Ինչո՞ւ չես բացում փակ հոգիդ: Մի՞գուցե նրա էջերում մեզ համար մի հետաքրքիր բան ունես պահած: Ուրախություն, թե տխրություն, մենք կլսենք, կկիսենք այն քեզ հետ:
Ա~խ, հոգուս բանալին կորցրել եմ վաղուց: Իսկ որտե՞ղ է: Հավանաբար ծառից կախված մի մեծ սնդուկում, ինչպես հեքիաթներում է լինում: Վիշապն է հսկում, չեմ կարող հասնել բանալուն...
Ախր ինձ հերթ չի հասնում: Դե ե~ս... հասկացող մարդ եմ, միայն խորհուրդներ եմ տալիս ու կիսում նրանց մտքերը: Ես ունկնդիր, լսող, ականջ եմ... Հիմա էլ Արամը:
Կգա, իր հերթական ընկերուհու մասին կսկսի խոսել, պատմել: ովել կամ բողոքել: Չէ, նա չի բողոքում երբեք ընկերուհիներից: Նրանք բոլորն էլ լավն են կյանքում, սիրո խաղի մեջ` փորձված կամ անփորձ: Լավն են...
Ուրիշներն էլ իրենց ցավն ու դարդը կթափեն իմ առաջ: Մի մեծ սար կգոյացնեն...Բարձրանալ անգամ չես կարող, որ գոնե այնտեղից ձայն տաս ու ասես` հերիք է~, մեղք ե~մ...
Արամ տղա, ինչո՞ւ գոնե մի անգամ դու ինքդ ինձ ականջալուր չես լինում: Ե՞րբեւէ հարցրել ես.
-Շուշ, ինչո՞ւ չես կիսվում: Ինչո՞ւ քո հոգում նստածը ցույց չես տալիս:
ոնե մի անգամ հարցրե՞լ ես` իմ ինչպես լինելը կամ թե` ինչո՞ւ չեմ բացում սրտիս դուռն ու ներս թողնում ձեզ: Ա~խ, դուք ինքներդ չեք փորձում ինձ լսել, գոնե մի~ փոքր, շատ չեմ ուզում: Քո եւ մյուսների ականը լսելու համար չէ: Այն ներս չի թողնում ոչ մի ձայն, օտարի ցավ: Հենց բացում եմ բերանս, խոսքս մեռնում է ճանապարհին...
Չէ, վերջ, էլ չեմ թողի: Կգաս, սուրճ կխմենք , կգնաս...Լսող չկա: Հիվանդ եմ: Ականջս ցավում է: Խլացել եմ...
Ինչե~ր եմ խոսում: Մի թուղթ կգտնի ու կգրի:
Աչքերս էլ են ցավում: Լավ չեն տեսնում...Թղթիդ գրածն ինձ համար չէ...
Մի օր էլ կտեսնեն` չկամ...Է~, տխուր է, լսող էլ չկա: Շուշն էլ մեռավ...
Մեծ աշխարհի այս փոքրիկ անկյունում , իմ տանը, մթության մեջ միայն ես եմ ինձ զանգում ու փորձում ինքս ինձ հետ կիսվել: Ծիծա~ղ...
Շուրջդ եռուզեռ է, կյանքը եփվում է, իսկ դո՞ւ...
Սեփական խոհերս ինձ խեղդում են: Բողոքավոր եմ դարձել...Լավ չէ...
Հեռախոսը...Օ~ֆ...
-Ալո, Շուշ,-լսեցի նորից ձայնս:-Չե՞ս ուզում խոսենք:
-Շատ եմ ուզում, կարոտ եմ դրան...Բայց ես չգիտեմ ինչի՞ց սկսել, անկարող եմ կիսվել: Նեղվում եմ դրանից:
-Խոհեմ եղիր եւ հիշիր խոսքերս, նրանք թող կաթիլի նման չսառեն ու մնան օդում կախված, այլ մտնեն ներսդ ու լցնեն հոգուդ բոլոր անկյունները, տաքացնեն քեզ: Դու ահավոր ծանր մտքեր ունես: Հավասարակշռություն չկա քո ներսում: Երջանիկ կլինես, եթե ինքդ քեզ հետ հաշտ ու խաղաղ լինես:
Ետ ու առաջ ես նայում ու դիմացինիդ փորձում այդ ժամանակների մեջ տեսնել: Դա ոչ մեկին հետաքրքիր չէ: Մարդը խուսափում է նման վիճակներից: Նրանք պահով են ապրում: Դու էլ ապրիր: Ետ ու առաջ մի նայիր: Պահի մեջ է մարդու ուժը: Անցյալդ անցավ, ինչ կար` էլ չկա: Միայն այս պահն է քոնը, որն իր մեջ ապագայի հատիկ է ամփոփում: Բռնիր ամուր այն ու բաց մի թողնի:
Թող քո ձեռքում որքան հնարավոր է երկար մնա այս առավոտը, պահը: Չէ որ վաղը նա եւս հուշ կդառնա:
Արվեստ բանեցրու ու լսի~ր դիմացինիդ: Դա ամենամեծ գանձն է, որն ունի մարդը: Կգա նաեւ քեզ լսելու ժամանակը, միայն համբերիր...
-Մի՞թե այս ամենը ես եմ ասում,- բարձրաձայն խորհեցի ես:
-Այո, դու ես: Պետք է լսել մարդուն, ապրել նրա խոսքի ու խոհի հետ: Նա ուրիշի մոտ չի գնում, քեզ մոտ է գալիս, մի մերժիր նրան: Նա քեզ վստահում է ու կտեսնես, որ մի օր դու շատ ավելի երջանիկ ես: Սիրիր մարդուն, այդ ժամանակ աշխարհն էլ կփոխվի քո շուրջը: Նա կժպտա քեզ ու դու կզգաս կյանքի իրական համը...
«Եսիդ» հետ էլ համերաշխ կլինես, իսկ եթե դարձար` ամեն քար կփշրվի, ավազ կդառնա ոտքիդ տակ...
Սենյակում, որտեղ խաղաղություն էր ու մթություն, որտեղ միայն սրտիս զարկերն էին լսելի, ես ետ ու առաջ անելով, մտքերիս ծովում հասկացա, որ պետք է փոխել մտքիս ձեւը, արմատախիլ անել հնացած ու կաղապարված գաղափարները: Մենք երբեք չենք ուզում այդ անել, չենք էլ փորձում. սովորության ուժը մեծ է, շա~տ մեծ...
Հնչեց դռան զանգը...Դանդաղ քայլելով գնացի դեպի դուռը, բացեցի ու դռների մեջ տեսա Արամին` մի շատ հաճելի կնոջ հետ:
-Կարո՞ղ ենք ներս գալ, Շուշ,- հարցրեց Արամը:
-Իհարկե,- ժպտալով պատասխանեցի ես` անչափ ուրախացած նրանց գալստով...