Կենսագրություն
Միսաք Մանուշյան. Կյանքը եւ գործը. (1906-1944)
Միսաք Գեւորգի Ադիյաման (Արեւմտյան Հայաստան,1906-1944), հայ բանաստեղծ, ֆրանսիական Դիմադրության շարժման գործիչ: Ֆրանսիայի Կոմկուսի անդամ 1933-ից: Ծնվել է այգեգործի ընտանիքում: Ծնողները զոհվել են Մեծ եղեռնի օրերին: 1920-ական թթ. սկզբից ապաստանել է Լիբանանի Ճյունիա քաղաքի հայկական որբանոցում, որտեղ եւ կրթություն է ստացել: 1925-ին տեղափոխվել է Ֆրանսիա: 1932-ին Ա. Սեմայի հետ լույս է ընծայել «Ջանք» գրական-գեղարվեստական հանդեսը:
1933-ին դարձել է ՀՕԿ-ի, ապա` նրա կենտրոնական վարչության անդամ: Լայն գործունեություն է ծավալել ֆրանսահայությանը Խորհրդային Հայաստանի նվաճումներին ծանոթացնելու, գաղթավայրը Մայր Հայրենիքի հետ կապելու ասպարեզում:
1935-37թթ. խմբագրել է «Զանգու» շաբաթաթերթը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1939-1945) մասնակցել է Ֆրանսիայում գերմանական զավթիչների դեմ պայքարին: 1943-ի մարտին նշանակվել է «Ստալինգրադ» ջոկատի հրամանատար, մայիսից` Փարիզի ու Փարիզի շրջանի ազատ հրաձիգների եւ պարտիզանական բոլոր ինտերնացիոնալ ջոկատների հրամանատար: 1943-ի նոյեմբերի 16-ին ձերբակալվել է եւ երեք ամիս անց գնդակահարվել իր 22 մարտական ընկերների հետ:
1930-ական թթ. սկզբներից Մանուշյանի բանաստեղծությունները տպագրվել են սփյուռքահայ, մասնավորապես` ֆրանսահայ մամուլում:
Վաղ շրջանի ստեղծագործություններում իշխել են անձնական հույզերն ու ապրումները: Այնուհետեւ երգել է աշխատավոր մարդու ցավն ու դասակարգային մաքառումները, ներբողել Մայր Հայրենիքը, հայ ժողովրդի վերածնունդը:
1946-ին (ետմահու) Փարիզում լույս է տեսել նրա բանաստեղծությունների ժողովածուն, որը վերահրատարակվել է Երեւանում` «Իմ երգը» (1956) խորագրով: Պարգեւատրվել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանով (ետմահու):
Մանուշյանի խմբի անունով փողոցներ կան Փարիզում, Մարսելում, Մանուշյանի անունով փողոցներ` Առնուվիլ Լե Գոնեսում, Գառդանում, Բանյոյում (Ֆրանսիա՛), դպրոցներ` Երեւանում, Գյումրիում: