|
Կայքը ստեղծվել է «Նոյյան Տապան» Ընկերության նախաձեռնությամբ որպես էլեկտրոնային գրադարան, նպատակ ունենալով ներկայացնել գրականասեր հանրությանը Հայաստանի եւ Սփյուռքի հրատարակչություններում հրատարակված եւ տպագրված գրքերը, պատմել հրատարակչական զարգացումների ու նորությունների մասին, կապեր ստեղծել հրատարակիչների, տպագրիչների, գրավաճառների եւ ընթերցողների միջեւ:
Ընթերցողները հնարավորություն կունենան կատարել գրքերի էլեկտրոնային գնումներ, պատվիրել հրատարակչական աշխատանքներ, ներկայացնել ապագա գրքերի ձեռագրեր եւ այլն:
Այս էջում Դուք հնարավորություն կունենաք հանդիպելու հայ գրողների հետ, տալ նրանց ձեզ հուզող հարցերը, տեղեկանալու, թե ինչի վրա է աշխատում հեղինակը: Կտպագրվեն ընթերցողների կարծիքներ, գրախոսություններ, առաջարկություններ:
Պարբերաբար կհրատարակվեն գրահրատարակչական վարկանիշներ` ամենավաճառվող գիրք, ամենաընթերցվող ստեղծագործություն, ամենաորակյալ տպագրություն եւ այլն:
Կայքը առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է պահելու հրատարակչություններն ու տպարանները. որտեղ ինչ է պատրաստվում հրատարակության, ինչ է առաջարկվում ընթերցողին, ինչ է տպագրվել եւ որտեղից կարելի է այն գնել:
Այս էջում կլինի առանձին բաժին` «Բուկինիստ» խորագրով: Դուք կարող եք տեղեկանալ, թե ինչ գրքեր կարելի է գտնել հնավաճառների մոտ, պատվիրել այս կամ այն հրատարակությունը նախկինում հրատարակված գրքերի ցանկից, ինչպես նաեւ պատվիրել արտերկրում հրատարակված նոր գրականություն:
Էջում կտեղադրվի նաեւ Հայաստանի գրադարանային ցանցում առկա գրքերի մասին տեղեկատվություն: Հարցազրույցներ կզետեղվեն գրադարանային ցանցի մասնագետների հետ:
Կտպագրվեն ուսանելի պատմություններ գրքերի պատմությունից, ճակատագրից եւ հրատարակման պատմությունից:
Կկազմակերպվի ամենամյա մրցանակաբաշխություն` լավագույն գրող, հրատարակիչ, տպարան, ընթերցող եւ մի շարք այլ անվանակարգերում:
Կխրախուսվեն այն կազմակերպություններն ու անհատ բարերարները, որոնք իրենց ցանկությունը կհայտնեն աջակցելու Հայ Գրքի պահպանման եւ հրատարակման դժվարին եւ ազգանպաստ աշխատանքին:
|